Հայոց լեզվի և գրականության գնահատականը բողոքարկել է դիմորդների 1,4 տոկոսը

DSCN2227Հայոց լեզվի և գրականության քննության արդյունքներն ընդամենը 122 դիմորդ (1,4 տոկոսը) է բողոքարկել: Միասնական քննությունների առաջին փուլի ավարտից հետո` հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում,  ԳԹԿ մասնագիտական հանձնաժողովները կքննեն բոլոր առարկաների բողոքարկումները և կհրապարակեն  որոշումները:

Հայոց լեզվի և գրականության քննության համար նման հանգիստ մթնոլորտը մի փոքր արտառոց է. սովորաբար դժգոհությունների մեծ ալիք է լինում: Այս անգամ ուսուցիչներն ու դիմորդները բողոքի մեծ ակցիա իրականացրեցին շտեմարանների 1-ին և 2-րդ հատորների հրապարակումից հետո` դժգոհելով արհեստական բարդությունից, առաջադրանքներից, որոնք կոչված են ընդամենը մեխանիկական հիշողություն ստուգելու:

Անի Պողոսյանը ԵՊՏՀ դիմորդ է, ապագա ապրանքագետ: Հայոց լեզվի և գրականության քննությունից 19 է ստացել, իր գնահատականից գոհ է, չնայած քննությունից առաջ վերջին պարապմունքին լրացված թեստից 20 էր հավաքել:

«Թեստը միջին բարդության էր, համենայնդեպս, ավելի տանելի էր, քան շտեմարանի 1-ին և 2-րդ հատորների առաջադրանքները»,- ասում է նա:

Նշում է, որ մեկ միավորն էլ անարդարացի է կորցրել` կարճ պատասխան ենթադրող հարցերից: «Առաջադրանքները 70-90 տոկոսով կատարել էի, բայց գնահատման կարգն այնպիսին է, որ մի թիվ էլ պակաս նշես` միավոր չես ստանում»:

Գնահատման համակարգն անարդարացի է համարում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արդարացի չէ, երբ դիմորդը առաջադրանքի գերակշիռ մասը կատարել է, բայց միավոր չի վաստակում, ինչպես և դիմորդը, ով հարցին չի անդրադարձել ընդհանրապես: Եվ թեստում նման  շուրջ 20 հարց կա:

Այդուհանդերձ, Կարապետյանն ասում է, որ շտեմարաններին կողմ է` դրանցով քննություններն ավելի կանխատեսելի են, դիմորդը քննասենյակում անակնկալի չի գալիս: Բայց նաև նշում է, որ թեստերը կարող էին ավելի որակյալ լինել:

«Թող բարդ լինի, բայց ոչ խճճող»,- ասում է նա` հավելելով, որ ներկայիս շտեմարաններն ու թեստերը մասամբ են գիտելիք ստուգում: Դժգոհում է հատկապես շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից. «Բառապաշարը խրթին է, երևի անգամ հեղինակներն  այդ բառերը չգիտեն, բառարանից են արտագրել: Կամ փոխանակ ստուգեն, թե որքանով է աշակերտը բանաստեղծության գաղափարական բովանդակությունը հասկացել, պահանջում են, որ իմանա, թե քանի տողից է այն բաղկացած»:

Հիշեցնենք, որ այս տարի  Հայոց լեզվի և գրականության միասնական քննության մասնակցել է 8648 դիմորդ: Միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Հրապարակվել են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության քննությունների գնահատականները

Picture 032Հրապարակվել են հունիսի 7-ին տեղի ունեցած երեք առարկաների միասնական քննության գնահատականները: Վաղը ժամը 9-18-ը քննակենտրոններում դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

«Աշխարհագրություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 340 դիմորդներից 330-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 19 դիմորդ կամ ընդհանուրի 6 տոկոսը:  7,5-12,75 է ստացել 101 դիմորդ կամ 30 տոկոսը, 13-16,75 է ստացել 102 դիմորդ կամ 31 տոկոսը, 17-20 է ստացել 108 դիմորդ կամ 33 տոկոսը: Առավելագույն` 20 միավոր է ստացել 12 դիմորդ (4 տոկոսը):

Նշենք, որ 2012-ին աշխարհագրության միջին միավորը  2,2 նիշով ցածր էր` 12,3 էր,  դիմորդների 9,7 տոկոսն անբավարար էր ստացել, իսկ հիմնական մասը` 47,1 տոկոսը ստացել էր նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25:

«Ընդհանուր պատմություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 224 դիմորդներից 214-ը:

Միջին գնահատականը 11,5 է:  Ընդհանուր պատմությունից կտրվել է դիմորդների 20 տոկոսը (43 դիմորդ), 7,5-12,75 է վաստակել 95 դիմորդ` 44 տոկոսը, 13-16,75` 42 դիմորդ` 20 տոկոսը, 17-20 միավոր է ստացել 34 դիմորդ` 16 տոկոսը: 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Նախորդ տարի «Ընդհանուր պատմության» միջին գնահատականը ավելի բարձր էր`  12,2 էր,  ավելի փոքր էր նաև անբավարար ստացած  դիմորդների  թիվը` 14,8 տոկոսը: 2012-ին «Ընդհանուր պատմություն»-ից 20 միավոր էր ստացել 2 դիմորդ:

«Կենսաբանություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 1687 դիմորդներից 1643-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 199 դիմորդ` 12 տոկոսը: Նվազագույն դրական միավորներ` 7,5-12,75 է հավաքել 392 դիմորդ` 24 տոկոսը, 13-16,75 միավոր է ստացել 364 դիմորդ` 22 տոկոսը, 17-20` 688 դիմորդ` 42 տոկոսը: Այս տարի կենսաբանությունից 20 միավոր է ստացել աննախադեպ թվով` 182 դիմորդ` 10 տոկոսը:

2012-ին «Կենսաբանության»  միջին միավորը 11,4 էր`3,1 նիշով ցածր այս տարվա միջինից: Անբավարար էր ստացել դիմորդների 19,9 տոկոսը, իսկ մեծ մասը` 45,7 տոկոս, ստացել էր նվազագույն դրական միավորներ`  7,5-13,25:   20 միավոր էր ստացել ընդամենը մեկ դիմորդ:

«Let’s do it! World համաշխարհային շարժման ձեռքբերումները աշխարհում և Հայաստանում» թեմայով կոնֆերանս

let«Ժողովրդական դիվանագիտական առաքելություն՝ բոլորը ուղևորվում են Երևան» միջոցառման շրջանակներում «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և ՀԱՀ «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում է «Let’s do it! World համաշխարհային շարժման ձեռքբերումները աշխարհում և Հայաստանում» թեմայով կոնֆերանս: Ժողովրդական առաքելության կապակցությամբ Հայաստան են ժամանելու հարյուրավոր էստոնացիներ, այդ թվում` Let’s do it! շարժման հիմնադիրները:

Կոնֆերանսի ընթացքում շարժման հիմնադիրները կներկայացնեն աշխարհում Let’s do it!-ի կատարած աշխատանքը և հետագա քայլերը, ինչպես նաև կներկայացվի 2012թ.-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված «Հայաստանն առանց աղբի 2012՚ նախաձեռնության ձեռքբերումները և արդյունքները: Կոնֆերանսի ընթացքում ելույթներով և ցուցադրություններով հանդես կգան շարժման մասնակից կազմակերպությունները` ներկայացնելով իրենց գործունեությունը` ուղղված Հայաստանում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարի տարածմանը:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու և լուսաբանելու կոնֆերանսը: Կոնֆեըանսը տեղի կունենա ս/թ հունիսի 13-ին ժ. 15:00-16:45` Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուգեան դահլիճում /40 Բաղրամյան, Երևան/:

Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»:

Ցանկում ընդգրկված են Արմավիր, Ալաշկերտ, Արևիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ համայնքները:

Դիմորդները 2 րոպե ունեն մաթեմատիկայի ամեն առաջադրանքը լուծելու համար

մաթեմատիկաԱյսօր ՀՀ 30 քննակենտրոններում 6951 դիմորդներ միասնական քննություն են անձնում «Մաթեմատիկա» առարկայից:

Երևանի ԵՊԲՀ քննակենտրոնում 198 դիմորդներից քննությանը ներկայացել էին 186-ը: Քննության մեկնարկից վայրկյաններ առաջ քննասենյակ հասցրեց մտնել վերջին  դիմորդը` Մայիս Ղազարյանը, ով պատճառաբանեց, թե զարթուցիչի ժամն է սխալ դրել, այդ պատճառով էլ ուշացել է:

Քննակենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը մի քանի անգամ ուսանողներին բարձրախոսով ներկայացրեց քննության կարգը և ձևաթուղթը լրացնելու կանոնները, ինչպես նաև կոչ արեց հանձնել բջջային հեռախոսները, եթե հանկարծ մոռացել ու հետները ներս են բերել:  9:40 քննության մեկնարկը տրվեց:

Դիմորդները 3 ժամ ունեն 80 հարցերին պատասխանելու համար, այսինքն մեկ մարցին միջինը պետք է 2 րոպե հատկացնեն: Թեստերը կազմված են շտարամանային առաջադրանքներից:

Մարիաննա Ասատրյանը Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտերամանային առաջադրանքները տարբեր բարդության են` պարզից մինչև շատ բարդ, ուստի թեստի բարդությունը կախված կլինի նրանից,թե որ հարցերն առավել շատ ընդգրկված կլինեն: Մարիաննան նշում է, որ ինքը մի փոքր դանդաղ է առաջադրանքները լուծում ու չգիտի, թե ինչպես է անելու, որ հասցնի ողջ թեստը լրացնել:

Լիանա Անտոնյանն էլ Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է, երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտեմարանը փորձել է յուրացնել, ոչ թե անգիր անել և հույս ունի, որ լավ կգրի:

ծնողներՔննության մեկնարկից հետո քննակենտրոնի անցուդարձին ծնողները հետևում են քննակենտրոնի բակում դրված մեծ էկրանի միջոցով` դահլիճում 4 տեսախցիկ է տեղադրված:

Էկրանի մոտ խմբված ծնողներից յուրաքանչյուրը փորձում է իր երեխային գտնել, իսկ երբ չի կարողանում, հայտարարում է, թե հաջորդ քննությանը վառ գույնի զգեստ պետք է երեխան հագնի, որ հեշտ լինի գտնելը:

Տիկին Աննան իր աղջկան էկրանի վրա գտնելով հանգստանում է: Սա ապագա տնտեսագետի  երկորդ քննությունն է: Հայոց լեզվի քննությունից 12 է ստացել, բայց դժգոհ չեն` աղջիկը նախորդ քննությունից առաջ գիշերը չէր քնել, քննության ժամանակ էլ չի կարողացել կենտրոնանալ իր գրավորի վրա: Տիկին Աննան հույս ունի, որ այս անգամ պատմությունը չի կրկնվի և աղջիկը լավ կգրի:

Տիկին Մարիամի աղջիկն այսօր ևս երկրորդ քննությունն է հանձնում: Նա պահանջում էր, որ մի քանի ծնողների թույլ տան հետևել քննության ընթացին ներսից, ինչը քննակենտրոնի ղեկավարը մերժեց: Տիկին Մարիամն ասում է, որ իր դուստրը հայոց լեզվի քննությունը ևս ԵՊԲՀ քննակենտրոնում է հանձնել ու այն ժամանակ քննության վերջին ժամվա ընթացքում էկրանի վրա հստակ եսել են, թե ինչպես են որոշ դիմորդների օգնում. «Իրար խառնվեցինք, մտքովս չանցավ, որ նկարեմ տեսածս: Փորձ չունեինք»:  Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ նույնը կկրկնվի: Ուստի էկրանին չէր մոտենում` սպասելով, մինչև քննության կեսը անցնի, որպեսզի այս անգամ հեռախոսի տեսախցիկը միացրած հետևի քննությանը:

 

Բորիս Մակիչյան. «Կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ»

մակիչյան Հայաստանում տարեցտարի նոր` միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր են արվում կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Հայաստանյան ուսումնական հաստատություններում արտասահմանյան փորձի ներդրման, ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացի և կրթության որակի բարելավմանն ուղղված աշխատանքների մասին են այսօր խոսել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ  Բորիս Մակիչյանը:

Ըստ Մակիչյանի` վերջին քսան տարում բուհական համակարգում բարեփոխումների գործընթաց է իրականացվում և բոլոր բուհերը անկախ իրենց կարգավիճակից գնում են պետական հավատարմագրման.   «Փորձի փոխանակում կա`  կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ, մեր նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային գիտական կենտրոն»:

Ինչ վերաբերվում է ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացին, ապա Անուշավան Մակարյանը նշեց, որ այս նոր կարգը դեռևս ոչ մի բուհում չի կիրառվել, սակայն այդ ուղղությամբ փորձնական աշխատանքներ իրականացվում են: Ըստ նրա` գործընթացի նպատակն է, որպեսզի մասնագիտական փորձագիտական խումբը գնահատի բուհի մատուցած ծառայություններն ամբողջությամբ:

Հավատարամագրման նախկին կարգը միայն արդյունքն էր գնահատում, իսկ նոր կարգով ամբողջ ուսուցման մեխանիզմների, դասախոսական կազմի, բուհի հնարավորություններն են գնահատվելու:

Նոր պետական հավատարմագրման չափանիշները կառավարության որոշմամբ են հաստատվել, որոնք նույնն են և´ պետական, և´ ոչ պետական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

 Լուսինե Ասատրյան

 

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է, 80 դիմորդ էլ 20 է ստացել

հայոց լեզուՀրապարակվել են Հայոց լեզվի և գրականության միասնական քննության գնահատականները: Քննությանը մասնակցել է հայտագրված 8975 դիմորդներից  8648-ը, 327-ը չեն ներկայացել քննության:

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Այսօր ժամը 9-18-ը դիմորդները կարող են բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

716998Հունիսի 9-11-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Ա. Թարվերդյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը, աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Կքննարկվեն կրթական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր: Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Արցախի գիտամանկավարժական շրջանակների հետ: Պատվիրակությունը Արցախի դպրոցներին կնվիրաբերի ուսումնական ֆիլմերի  և էլեկտրոնային ձեռնարկների շուրջ 2000 սկավառակ և 50 միավոր համակարգչային տեխնիկա:

Պարգևներ երիտասարդ գիտնականներին

74775Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, բուհերի ռեկտորներ, գիտության բանագավառի ներկայացուցիչներ: Շնորհավորելով երիտասարդ գիտնականներին` ՀՀ ԿԳ նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. “Հայաստանի գիտական մտքի ապագան բաբախելու է ոչ միայն այսօր, այլև ի դեմս Ձեզ` ապագայում: Երիտասարդ գիտնական արտահայտության մեջ այսօր ավելի գերակա է երիտասարդության, քան գիտությանն կամ գիտնականի  բաղադրիչը, թեև ես վստահ եմ, որ տարիների ընթացքում այդ հարաբերակցությունը կփոխվի` շնորհիվ ձեր աշխատասիրության, տաղանդի և համառ ջանքերի` ապահովելով գիտականության բաղադրիչի գերկայություն”: Նախարարը շեշտել է, որ ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող այս բացառիկ նախագիծը բացահայտում է երիտասարդ գիտնականների կարողությունները և ընձեռում ինքնակազմակերպման հնարավորություն.  “Այս  ծրագրի իրագործմամբ երիտասարդներն ապացուցեցին, որ իրենք կարող են ինքնակազմակերպվել, խնդիրներ լուծել, ինչպես նաև կուռ և համախմբված գործունեություն ծավալել”,- իր խոսքում նշել է նախարարը: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի կողմից ՀՀ կրթության և գիտություն նախարարությունը հանձնարակական է ստացել 2014 թվականի բյուջեի նախագծում միջոցներ գտնել այս ծրագրի ֆինանսավորումն  ավելացնելու համար: “2014 թվականի բյուջեի նախագծում ներառված կլինի 150 մլն դրամ հավելյալ գումար` երիտասարդ գիտնակնների աջակցությոն ծրագրի համար: Շարունակեք աշխատել նույն ոգևորությամբ և հետևողական ջանասիրությամբ”,- կոչ է արել Ա. Աշոտյանը: Երիտասարդ գիտնականներին շնորհավորել է  նաև ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը և շեշտել, որ երիտասարդ գիտնականների կատարած աշխատանքը խրախուսելի է. “Մեր գիտական ինստիտուներում կա երիտասարդ գիտնականների երկու խավ` ակտիվ կազմակերպիչներ և ակտիվ գիտական աշխատողներ: Կցանկանայի, որ ակտիվ գիտաշխատողների ներգրավման ցուցանիշը այս նախաձեռնության մեջ բարձրանար”: Միջոցառման ավարտին երիտասարդ գիտնականների մրցութի հաղթողները ՀՀ ԿԳ նախարարի և ԳԱԱ նախագահի կողմից ստացել են պատվոգրեր և դրամական մրցանակներ:
Երիտասարդ գիտնականների մրցույթին մասնակցել է  մինչև 35 տարեկան 112 գիտնական: Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում` առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Մրցութային 5 անվանակարգերում մրցանակային երրորդ տեղերը թափուր են մնացել` մրցույթին ներկայացված աշխատանքների սահմանված նվազագույն չափանիշներին չհամապատասխանելու համար:

Այս պահին դիմորդները ընդունելության միասնական քննություններ են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից,լուսանկարներ

DSCN4025Այսօր ՀՀ և ԼՂՀ   14 քննակենտրոններում  1687 դիմորդ միասնական քննություն պետք է հանձնի «Կենսաբանություն», 340 դիմորդ` «Աշխարհագրություն» և 224 դիմորդ` «Ընդհանուր պատմություն» առարկաներից:

Այս պահին ԵՊՀ քննակենտրոնում քննություն է անցկացվում «Կենսաբանություն» առարկայից: Քննակենտրոնի 319 դիմորդներից քննության է ներկայացել է 304-ը:

Քննակենտրոնում գործում  են  բջջային կապի խլացուցիչներ, ծնողները քննության ընթացքին հետևում են էկրանների միջոցով: Նրանք ներս են մտնում 5-ական խմբերով և շտապում էկրաններին գտնել իրենց երեխաներին:

Տիկին Սաթենիկը, ով ներս մտավ երրորդ խումբ ծնողների հետ, առաջինն էր, որ գտավ իր երեխային և անմիջապես սկսեց լուսանկարել նրան: «Արմինես բնավ էլ չի լարվում, շատ լավ պարապել է և վստահ ենք, որ շատ լավ կհանձնի: Անցյալ տարի մեծ աղջիկս է միասնական ընդունելության քննություններ հանձնել, դրա համար էլ այս ձևը Արմինեին ծանոթ է` չի շփոթեցնի», – ասաց տիկին Սաթենիկը:

Գնահատականները ԳԹԿ-ն կհրապարակի քննություններից չորս օր անց:

ԵՊՀ եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

387.MoU between YSU and Bucharest University 06.06.2013Հունիսի 6-ին Բուխարեստում ստորագրվեց Երեւանի պետական համալսարանի եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխըմբռնման հուշագիր եւ կից լրացուցիչ համաձայնագիր: Հայկական կողմից նախապես ստորագրված համաձայնագրերը կնքվեցին Բուխարեստի համալսարանի ռեկտոր Միրչա Դումիտրուի կողմից, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ներկայությամբ:

Երկու կրթական հաստատությունների միջեւ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման մասին համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի ապրիլին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի Բուխարեստ կատարած այցի ընթացքում, Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ գործուն միջամտությամբ:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Գասպարյանը եւ դոկտոր Միրչա Դումիտրուն պայմանավորվեցին առաջիկայում համալսարանների ղեկավարների միջեւ փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ Ռումինիայում համալսարանական մակարդակով հայերենի ուսուցումը խորացնելու շուրջ:

Տեղեկանք. Հուշագիրը նախատեսում է ԵՊՀ եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխանակման ծրագրեր պրոֆեսորա-դասախոսական եւ վարչական կազմերի համար, ուսանողների փոխանակման ծրագրեր` 6-12 ամիս տեւողությամբ, համատեղ հետազոտություններ եւ գիտական հրատարակություններ, փոխադարձ մասնակցություն կազմակերպվող ամառային դպրոցներին, գիտաժողովներին եւ լեզվի դասընթացներին:

Համաձայնագրերի ստորագրումը նպատակ ունի խորացնելու երկու երկրների մայր բուհերի միջեւ առկա գործակցությունը: Վերջին տասնամյակում միջպետական ծրագրով Բուխարեստի համալսարանում բուհական եւ հետբուհական կրթություն են ստացել տասնյակ հայ ուսանողներ: 2011 թվականից Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները, պատրաստվել եւ տպագրության է հանձնվել դոկտոր Աիդա Մարկոսյանի՝ հայոց լեզվի ուսուցման դասագիրքը ռումինախոսների համար:

Բուհերում կրթության գինը մինչև 200 հազար դրամով բարձրացել է, իսկ որա՞կը…

Տիկին Կարինեի որդին ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, ապագա ծրագրավորող: Ասում է, որ մասնագիտություն ընտրելիս փորձել են այնպիսին ընտրել, որ հեռանկարային լինի և ավարտելուց հետո անգործ չմնա: Տիկին Կարինեն մանկավարժ է, աշխատում է դպրոցում: Եթե որդին ընդունվի, կդառնա ընտանիքի երկրորդ ուսանողը, իսկ դա արդեն մեծ հոգս է ընտանիքի համար: «Ծնողի համար շատ դժվար է, բայց կաշվից էլ դուրս գալով փորձում ենք այնպես անել, որ երեխաներն ապագա ունենան»,- ասում է նա` հավելելով, որ ուսման վարձավճարներն ու ծնողների աշխատավարձերն անհամատեղելի են:

Կարինեի հույսն այն է, որ  որդին անվճար կընդունվի, և հարկ չի լինի մտածել վարձավճարը հայթայթելու մասին:  Իսկ եթե վճարովի համակարգում ընդունվի, ապա կգնա,  բանակում կծառայի, կվերադառնա, նոր կշարունակի ուսումը. մինչ այդ ավագ քույրն արդեն ավարտած կլինի:

Տիկին Նաիրան էլ մեզ հետ զրույցի պահին որդու հետ փորձում էր որոշում կայացնել, թե ԵՊՀ որ ֆակուլտետն ընտրեն. մաթեմատիկայի՞, թե՞ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի: Ասում է, որ Հայաստանում աշխատավարձերը և ուսման վարձերը սարի ու ձորի տարբերություն ունեն, ուստի չեն էլ մտածել վճարովի համակարգում ուսանելու տարբերակի մասին. հույս ունեն, որ որդին, ինչպես և ավագ եղբայրը, անվճար համակարգում կսովորի:

եպհ1Այս տարվա առաջինկուրսեցիները ստիպված կլինեն մինչև 150 հազարով ավելի վճարել իրենց ուսման համար:

Վարձավճարները կտրուկ են բարձրացել ԵՊՀ-ում. այստեղ բոլոր ֆակուլտետներում նախորդ տարվա համեմատ վարձավճարն ավելացել է 100 հազար, իսկ որոշ ֆակուլտետներում էլ 150 հազար դրամով: Այսպես, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում վարձավճարն այս տարի կլինի 500 հազար` ի տարբերություն նախորդ տարվա 300 հազար դրամի, Սերվիս   ֆակուլտետում` 450 հազար  նախորդ ուսումնական տարվա 300 հազարի փոխարեն: Այժմ  ԵՊՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 400 հազար դրամն է:

Թանկացումներով հաջորդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը,  որտեղ  վարձավճարները բարձրացել են 60-140 հազար դրամով: Այստեղ, օրինակ` «գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը յուրացնելու համար ուսանողները ստիպված կլինեն վճարել 560 հազար դրամ նախորդ տարվա 420 հազար դրամի փոխարեն: Վարձավճարների նվազագույն շեմը 450 հազար դրամն է:

Երրորդ տեղում  է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ  բոլոր ֆակուլտետներում վարձավճարներն ավելացել են 100 հազար դրամով, և այս բուհում վարձավճարների նվազագույն շեմը 500 հազար դրամն է:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսումը թանկացել է 60-70 հազար դրամով: ՀՊՃՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 2013-2014 ուսումնական տարվա համար 402 հազար դրամն է:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանում ուսումը թանկացել է  60 հազար դրամով,  վարձավճարների նվազագույն շեմը 360 հազար դրամ է:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վարձավճարներն ավելացել են  10-40 հազար դրամով` 240 հազար դրամ նվազագույն շեմով:

Ուսումը 100-200 հազարով թանկացել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 50-70 հազար դրամով` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

ginՎարձավճարներն այս ուսումնական տարում անփոփոխ են մնացել Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանում (580-800 հազար դրամ), Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (բոլոր ֆակուլտետներում ուսման վարձը 400 հազար դրամ է), Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (նվազագույն շեմը` 260 հազար):

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` ուսման վարձի թանկացումն ինքնապատակ չէ, կրթությունն ունի իր գինը, իսկ  վերջին երեք տարիներին ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձից.  «Ուսման վարձի թանկացումը նպատակ է հետապնդում բարձրացնել դասախոսների աշխատավարձերը։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում որպես հասարակություն, եթե ուզում ենք, որ դասախոսի աշխատավարձը բարձր լինի, պիտի պատրաստ լինենք ուսման վարձի թանկացմանը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության մշակույթի,  երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանն էլ, անդրադառնալով ուսման վարձերի և աշխատավարձերի տարբերությանը, ասում է. «Գիտենք,որ հուլիսի 1-ից լինելու է նվազագույն աշխատավարձի բարձրացում  շուրջ 30 տոկոսի չափով: Կասեք, թե դա բավարար չէ, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուր աշխատանք ունի իր գինը»:

Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի խոսքով. «Որակյալ կրթությունը  թանկ է, բայց… բայց , և այդ բայցերը պետք է հաշվի առնել»: Ղուկասյանն ասում է, որ վարձերի այդչափ բարձրացումը կարող է մատչելիության առումով խնդիրներ ստեղծել և դիմորդները պակասեն:

Նա կարծում է, որ ստեղծված պայմաններում սոցիալական  ծրագրեր, համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի կրթությունը շարունակի մատչելի մնալ հանրության լայն շերտերի համար: «Որակյալ կրթության համար պետք է թանկ վճարել,  այլ հարց է`  ի վիճակի՞ է արդյոք ՀՀ քաղաքացին վճարել դրա համար,- ասում է Ղուկասյանը:-  Ամեն դեպքում 100 հազարով  թանկացումը մեծ գումար է,  հույս ունեմ, որ կրթության որակն էլ կլավանա»:

Բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովելու համար նախագահի նախաձեռնությամբ գործում է ուսանողական վարկերի նախագիծը: Առևտրային բանկերն առաջարկում են ուսանողական վարկեր առավելագույնը 1 800 000 դրամի չափով: Ըստ այդմ` բանկը կարող է   4 տարվա ընթացքում 4 անգամ փոխանցում կատարել բուհի հաշվեհամարին առավելագույնը 450 հազար դրամի չափով` կախված վարձավճարից: Վարկի հատկացման համար հարկավոր են երկու երաշխավորներ, որոնցից մեկը պետք է ուսանողի ծնողը լինի: Վարկը հատկացվում է մինչև 10 տարի ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, ուսման տարիներին վճարվում են միայն տոկոսադրույքները, իսկ ուսումնառության ավարտից հետո սկսվում է վարկի մայր գումարի  մարումը:

Ծրագիրը ենթադրում է, որ պետբյուջեից կսուբսիդավորվի վարկի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմության դեպքում` 3 տոկոսը: Նմանատիպ պայմաններով  ուսանողական վարկեր  են տրամադրում, օրինակ, «Անելիք», ՎՏԲ,  «Արարատ», «Կոնվերս» բանկերը:

Ուսանողական վարկերին, սակայն, ծնողները թերահավատորեն են վերաբերվում, քանի որ վստահ չեն, որ իրենց երեխան բուհն ավարտելուց հետո աշխատանք կկարողանա գտնել: Ստացվում է, որ կրթության մատչելիության խնդիր ունեցող ուսանողները, օրինակ, ստիպված կլինեն ընտրել մանկավարժական համալսարանը, մինչդեռ ԿԳ նախարարը պարբերաբար հայտարարում է, որ մեր երկրին նոր մանկավարժներ պետք չեն. կադրերի ավելցուկ կա:

 

 

Ռուսերենի միջին միավորը` 11,08 է, երկու դիմորդ էլ 20 է ստացել

դիմորդԳԹԿ-ն հրապարակել է հունիսի մեկին  կայացած Ռուսերենի միասնական քննության գնահատականները:

Ռուսերենից քննություն է հանձնել  հայտագրված 1209 դիմորդներից 1139-ը: Միջին գնահատականը 11,08 է:

Այս տարի ռուսերենից առավելագույն` 20 միավոր է ստացել 2 դիմորդ կամ 0,2 տոկոսը:

Այս տարի ռուսերենից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը, 7,5-12 միավոր է ստացել դիմորդների 46 տոկոսը, 13-17 միավոր` 27 տոկոսը, 18-20 միավոր` 12 տոկոսը:

Վաղը ժամը 9-18-ը դիմորդները քննակենտրոններում կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

Նշենք, որ նախորդ տարի` 2012-ին ռուսերենի միասնական քննության միջին միավորը  10,3 էր: Նախորդ տարի որևէ դիմորդ 20 բալ չէր ստացել, իսկ 17,5-20 բալ էր ստացել դիմորդների ընդամենը 2,7 տոկոսը: Նախորդ տարի ավելի շատ էր նաև անբավարար ստացողների թիվը` 22 տոկոս:

Հայաստանի բուհերը «Տեմպուսի» շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել “Տեմպուս” ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է: “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում ծրագրի մոնիթորինգի միջանկյալ փուլի դիտարկումները կատարելու նպատակով, դրական է գնահատել հատկապես այն հանագամանքը, որ ծրագրում ընդգրկված ՀՀ բուհերի ներկայացուցիչներիմեջ մեծ է հատկապես երիտասարդ դասախոսների ընդգրկվածությունը: Քննարկման ժամանակ կողմերը նշել են, որ Հայաստանի բուհերը “Տեմպուսի” շրջանակում  մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի:

Ա.Աշոտյան. “Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ”

Լուսանկարը` news.am-ի

Լուսանկարը` news.am-ի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղեկայված քննական կենտրոնում մասնակցել է “Հայոց լեզվի և գրականության” միասնական քննությանը:

Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն. ” Հավատացնում եմ ձեզ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Նախապես մի շարք խնդրահարույց  առաջադրանքներ շտեմարաններից հանվել են, և եթե այդ ամենից հետո թեստերում լինեն երկիմաստ առաջադրանքներ կամ, այսպես, կոչված քննական ծուղակներ, հավատացած եղեք, որ այդ հարցը լուծում է ստանալու հօգուտ ձեզ”,- դիմելով դիմորդներին՝ ասել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:

Նախարարը նաև նշել է, որ ինքն եկել է ծանոթանալու քննական պայմաններին, հանգստացնելու  և քաջալերելու դիմորդներին և նրանց ծնողներին. “Կառավարությունն իր քաղաքականությամբ ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ուսանողների և դիմորդների համար, և քննությունն ընդամենը փոքրիկ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարել”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:

Անդրադառնալով “Հայոց լեզվի և գրականության”  քննությանը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այն բուհական ընդունելության ամենազանգվածային քննություն է և հանրային ընկալման մեջ ամենասպասվածն ու անհանգստացնողը, որի հետ կապված մասնագիտական վեճերը, սովորաբար անխուսափելի են լինում, քանի որ մասնագիտական հանրույթը դժվարությամբ է գալիս ընդհանուր հայտարարի:

“Ինչպես գիտեք, մասնագիտական վեճ էր ծավալվել, տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից: Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Քննական թեստը գաղտնի է և բացի խոստումից ու հավաստիացումից, այս պահին այլ բան վստահաբար հավաստելը դժվար է”,- նշել է նախարարն ու հավելել, որ քանի դեռ քննությունը չի ավարտվել, իր համար նույնպես պարզ չէ, թեստն իրականում որքանով է հաջողված:

Ա. Աշոտյանը նշել է, որ հունիսի 1-ին տեղի ունեցած “Ռուսաց լեզվի” քննության միջին գնահատականը եղել է 11 միավորի շրջանակում, և դժգոհություններ կամ բողոքներ դեռևս չկան: Նախարարը զրուցել է նաև դպրոցի բակում հավաքված դիմորդների ծնողների հետ, պատասխանել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման, շտեմարանների առաջադրանքների ու այլ մտահոգությունների հետ կապված  հարցերին:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ “Հայոց լեզվի և գրականություն”  առարկայի քննություն հանձնում են շուրջ 9000 դիմորդներ, քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում: Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում:

Ներդրումների հնարավորություններ` կրթության ոլորտում

աՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Վերջիններս Հայաստան են ժամանել  մեր երկրի կրթական համակարգին, առաջարկվող ծառայություններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով: Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել տվյալ բուհի գործունեությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել հայաստանյան բուհերի հետ` ընդհուպ մինչև բուհական կամպուս ստեղծելու հնարավորություն:
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման, մեր երկրի  բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու գործում: Որպես համագործակցության լավ օրինակ` Արմեն Աշոտյանը մատնանշել է հայկական որևէ տեխնիկական բուհի հետ կրկնակի դիպլոմներ կիրառելու հնարավորությունը` հավելելով, որ նշված  բուհերն ակտիվ համագործակցում են խոշոր ընկերությունների հետ` Սինոֆսիս, Վիվա–Սել և այլն: Ըստ նախարարի`  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում նախարարական գագաթաժողովի անցկացման խնդիրներին:

Դիմորդները դեռևս չեն դժգոհում հայոց լեզվի և գրականության թեստերից

DSCN2237Երևանի պեական տնտեսագիտական համալսարանում  տեղակայված քննակենտրոնում այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն է հանձնել 213 դիմորդ:

Քննության մեկնարկից 1  ժամ 45 րոպե անց առաջին դիմորդը ուրս եկավ քննասենյակից (քննության համար հատկացված է 3 ժամ):

Առաջինը դուրս եկածը  ԵՊՀ հոգեբանությանֆակուլտետի դիմորդ Մարիամ Թորոսյանն էր: Նրա խոսքով`  թեստը հեշտ էր, կողքից իրեն չեն խանգարել, ինքն էլ կենտրոնացել ու գրել է: Ասում է, որ 75 հարցն էլ շտեմարանից էին, թե հեշտ, թե դժվար հարցեր կային, բայց հասցրել է բոլոր հարցերին պատասխանել ու ակնկալում է, որ կստանա առնվազն 18,5-19 միավոր:

Առաջինը դուրս եկողներից էր նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դիմորդ Գոհար Հայրապետյանը: Մեկ տարի կրկնուսույցի մոտ պարապած դիմորդը իր աշխատանքը միջին է գնահատում, բայց չի դժգոհում. «Մեր անցածն էր, շտեմարանից: Հիմնականում հեշտ էր,  բայց հարցեր էլ կային, որ մի քանի անգամ ես կարդում, որ հասկանաս: Բայց ժամանակը հերիքել է»:

DSCN2239Քննասենյակից դուրս եկող դիմորդներին մանրակրկիտ հարցուփորձ էին անում հավաքված ծնողները: Վերջիններս անհանգիստ սպասում էին քննության ավարտին: Ծնողների զրույցներից պարզ էր, որ չնայած շտեմարանի առկայությանը` վախենում են հայոց լեզվի և գրականության քննությունի` այն համարելով ամենաբարդը բոլոր քննություններից:

Դիմորդներն այսօր քննություն են հանձնում հայոց լեզու և գրականությունից· ծնողները բարձր գնահատականի ակնկալիք չունեն

DSCN2227Այսօր ՀՀ և ԼՂՀ   36 քննակենտրոններում 8975  դիմորդներ քննություն են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ( այս տարվա դիմորդների ընդհանուր թիվը 14 345 է):

ԵՊՀ քննակենտրոնում քննությանը ներկայացել են 318  դիմորդներից  298-ը: Քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանն ասում է, որ ինչպես և ամեն տարի, գործում  են բջջային կապի խլացուցիչներ, դիմորդներին էլ կոչ են արել քննասենյակ մտնելուց  հանձնել բջջայինները:

Ծնողները քննության ընթացքին հետևում են էկրանների միջոցով: Ամեն մեկը փորձում է էկրանին գտնել իր երեխային, կռահել, թե ինչ հոգեվիճակում է, գիտի արդյոք հարցերի պատասխանները:

Թամարան, ով մասնագիտությամբ բանասեր է, էկրանին գտնելով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դիմորդ եղբորը,  շտապում է լուսանկարել նրան: Ասում է, որ վախենում են հենց հայոց լեզվի քննությունից, չնայած որ մեկ տարի պարապել է թե կրկնուսույցի մոտ, թե ինքն է հետը պարապել: Նրա խոսքով այս տարվա թեստերն արհեստական բարդացված են ու չնայած շտեմարանով են, միևնույն է, բարձր գնահատական ակնկալելը դժվար է:

Վախեցած իր տղային է փնտրում նաև տիկին Արմինեն· նրա որդին Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է: Ասում է, որ մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել, թեստերից մշտապես  18-19  ստացել, սակայն միևնույն է, քննությունից վախենում են, կոնկրետ գնահատականի ակնկալիք էլ չունեն· «Միշտ էլ հայոց լեզվի քննության ժամանակ մի անակնկալ լինում է: Երեք տարի առաջ ավագ որդիս էլ է հայոց լեզվից քննություն հանձնել,նրա  փորձով գիտեմ»:

Հայոց լեզվի քննության տևողությունը երեք ժամ է: Գնահատականները ԳԹԿ-ն կհրապարակի քննություններից չորս օր անց:

“Միջին տարիքի գիտնականների պակաս ունենք”. Գևորգ Վարդանյան

big_88032730dԱյսօր “Հայացք” մամուլի ակումբում Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ , Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը խոսելով գիտության մեջ սերնդափոխության խնդիրների մասին, արձանագրեց, որ ուղեղների ամենամասսայական արտահոսքը եղել է 90-ական թվականներին, և երկիրը հիմա միջին տարիքի գիտնականների պակաս ունի::

“Գիտությունը այնպիսի ոլորտ է, որը պահանջում է մեծ ներդրումներ, որոնց արդյունքը հնարավոր է լինում տեսնել 5-10 տարի հետո: Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր գիտնականների  սոցիալական վիճակն այնքան էլ կայուն  չէ, սակայն տասը տարի առաջ նույնիսկ “երիտասարդ գիտնական” կարգավիճակը առանձնացված չէր, իսկ այսօր նրանց նկատմամբ լուրջ մոտեցում է ցուցաբերվում երկրի  նախագահի և վարչապետի կողմից: Ձեռնարկվում են ռեալ քայլեր, ինչը ողջունելի է”, – ասաց Գևորգ Վարդանյանը  և ոլորտին պետության աջակցությունը նորմալ գնահատեց` շեշտելով, որ հիմնական ֆինանսական ծրագրերը պետությունը կազմում է հենց երիտասարդ սերնդի գիտնականների համար, որոնք էլ երկու, երեք տարի հետո կլրացնեն միջին տարիքի գիտնականների ներկայիս բացը:

 

Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է. Արմեն Աշոտյան

 Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2013-ի հունիսի 1-ի խորհուրդը: Ըստ նախարարի` Խորհրդանշական է, որ այսօր` Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մեկնարկել են միասնական քննությունները:

«Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է: Նախարարությունը հետևելու է քննությունների ընթացքին և իր լիազորությունների շրջանակում արձագանքելու է դիմորդներին հուզող հարցերին: Հաջողություն եմ մաղթում բոլոր դիմորդներին, համբերություն` իրենց ծնողներին և ուսուցիչներին: Բոլոր խնդիրները լուծելի են», – գրել է Արմեն Աշոտյանը: