Նկարիչների միությունը երիտասարդացել է

DSC_9221Նոյեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ ներկայացված ստեղծագործությունների քանակը և որակն ապացուցում են, որ ստեղծագործական կյանքը մեր երկրում զարգացում է ապրում։ «Մենք ունենք հզոր երիտասարդական ներուժ։ Նրանք սիրում են ստեղծագործել, հանդես են գալիս նոր մտքերով ու գաղափարներով, ընդ որում՝ արվեստի բոլոր բնագավառներում։ Պատվաբեր է ներկայացված լինել նկարիչների միությունում, և այսօր երիտասարդներին այդ հնարավորությունը տրված է»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շեշտեց, որ միության դռները միշտ բաց են երիտասարդ ստեղծագործողների առջև։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր այսօր ձեռք են մեկնում երիտասարդներին՝ աջակցելով նրանց ստեղծագործական ճանապարհին։

Մուշեղ Պետրոսյանը ցուցահանդեսում ներկայացրել է «Տարածական ճեղքում» վերնագրված իր քանդակը։ Այդ ստեղծագործությամբ նա ցանկացել է պատկերել անցումը մի հարթությունից դեպի մյուսը։ Հեղինակը խոստովանում է, որ քանդակը ստեղծելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվել, սակայն շատ երկար օրեր են պետք եղել գաղափարը հղանալու ու դրա շուրջ մտածելու համար։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը։ Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Լուսահոգի Հովհաննես Գրիգորյանն ասում էր` մանեական բառեր ես հորինում ու գլխիվայր շարում»

MANE GRIGORYAN 3Փոփոխությունները գրող Մանե Գրիգորյանի կյանքի անբաժան մասն են: Տարիներ առաջ նրա անդրանիկ ստեղծագործությունները գնահատեց Գրողների միությունը: Նախ միության «Մուտք» մատենաշարով տպագրվեց «Սխալված աղավնիները», այնուհետև նա դարձավ Գրողների միության անդամ: Մանեն դեռ դպրոցական էր, երբ իր ստեղծագործությունները տպագրվում էին գրական «Ցոլքերում»: Գուցե հենց «Ցոլքերն» էլ բացեց գրական աշխարհի դռները: Մանեի ստեղծագործությունները հաճախ տպագրվում են «Գրեթերթ» երիտասարդական–գրական թերթում, «Գրական թերթում», տարբեր մշակութային հանդեսներում: Մանեն մրցանակներ է ստացել իր ստեղծագործությունների համար, սակայն չի սիրում խոսել գրական պարգևների մասին:

Մանե Գրիգորյանի հետ զրույցի առիթը նրա օրերս լույս տեսած երկրորդ` «Ցուրտ կին» ժողովածուն է:

– Մանե, նախ շնորհավորում եմ ձեզ` նոր լույս տեսած գրքի կապակցությամբ: «Ցուրտ կին» վերնագրով գիրքը, եթե չեմ սխալվում, արձակ ժանրի երկրորդն է:

– Գիտեք, ավելի քան 6 տարիների ընթացքում շատ ջրեր դարձան գետեր, լճերից մի երկուսը ցամաքեցին ու ճահճացան, օվկիանոսներում ձկներ մեռան և ծնվեցին նորերը. շատ բան փոխվեց: Առաջին գիրքս աշխարհը միամտորեն բացահայտողինն էր, մեկինը, որ գիտեր` մարդը ցավով է ծնվում, բայց դեռ չէր համարձակվում մոտիկից շոշափել և պայթեցնել ցավի բշտիկները: Առաջին գիրքս պարան էր նետում դեպի Աստված, երկրորդ գիրքս խոսում է պարանի ճակատագրի մասին ու կռիվ տալիս բռնողի  և այն բաց թողնողի հետ:

– Առաջին գիրքը կարծես թե այցեքարտ է, իսկ երկրո՞րդը: Ի՞նչ զգացողություններ ունեք:

– Առաջին գիրքս  մի քիչ ձախողվեց,  և  կարծում եմ` կիսատ ձևավորված պտուղ մնաց: Իհարկե, լավ նայելու դեպքում` մարմնի տարբեր  մասերը տեսանելի են, բայց ոչ այնքան ձևավորված` ինքնուրույն ապրելու համար: Երկրորդին, կարծում եմ, հաջողվում  է մենակ ապրելը: Երբ տպարանից վերցրեցի, ոնց որ ձեռքումս կենդանի սիրտ պահած լինեի:

Երբ գիրքս նոր էր տպվել մոտեցումս հիվանդագին խանդոտ էր, չէի ուզում սենյակից հանեն, շատ թերթեն, վախենում էի նրա ճակատագրի համար, դրա համար ուզում էի տեսադշատումս պահել: Նման այն մայրերին, որ անընդհատ պատշգամբից նայում են, տեսնեն ինչպես է իրենց երեխան, հո չի ընկել, հո չեն նեղացրել: Նույնն էլ գրքի դեպքում. մտածում ես` բա որ գնեն ու անփույթ վերաբերվեն. իսկ գիրքը հեղինակի համար  զուտ ֆիզիկական ներկայություն չէ:

Բայց հետո քիչ-քիչ հանդարտվեցի, քանի որ գիտեմ` տպվելուց հետո նա արդեն առանձին ոտքեր, ձեռքեր, ականջներ ու մարմին ունի, ու կարող է քայլել այն ժամանակ, երբ ես նստել եմ ուզում:

– Մանե, Ձեր առաջին գրքի խմբագիրը լուսահոգի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն էր, ով իր խմբագրականում գրել էր. «Մանեի գրածները պետք է ոտքից գլուխ շրջել», բայց հետո անկեղծացել. «Ո՛չ, Մանեի գրածները պետք է թողնել նույնությամբ, քանի որ դա է նրա բանաստեղծությունների գրավչությունը»: «Ցուրտ կին» գիրքը խմբագրել է Հուսիկ Արան: Ո՞ւմ հետ էր հեշտ աշխատել:

MANE GRIGORYAN 4– Առաջին գրքի դեպքում երևի խնդիր ունեի ասելու, որ ես եկել եմ ու եկել եմ այսպիսին: Հովհաննես Գրիգորյանն ասում էր` մանեական բառեր ես հորինում ու գլխիվայր շարում. գրում էս էնպես, ինչպես քայլում ես:

Երկրորդի դեպքում այդ մասին խոսելու խնդիր արդեն չկա ու ինքս էլ ավելի պատասխանատու եմ գրածիս հանդեպ:

– Մանե, խորհրդային ժամանակահատվածում գրական ստեղծագործությունները քննարկվում, քննադատվում էին սալոններում, այսօր` գրադարաններում, ակումբներում: Մասնակիցներն էլ հիմնականում երիտասարդներ են: Սերունդների բախում կա՞: Մի՞թե ավագները չեն գնահատում երիտասարդներին:

– Չգիտեմ, գուցե ես մեկուսացած եմ ու պասիվ եմ շփվում: Այդ իսկ պատճառով բախումների առանձնապես չեմ հանդիպել: Այսինքն` գուցե մեկ-երկու դեպք եղել է, բայց քանի որ էն, ինչ ինձ պետք չէ ու ոչինչ չի տալիս, հեշտ ու արագ եմ մոռանում, դեպքեր չեմ կարող հիշել: Կարող եմ վստահ ասել, որ ավելի հաճախ հանդիպել եմ առողջ համագործակցության և անառողջ բախման: Առաջինի դեպքում երկուստեք քայլ կա իրար մոտենալու, երկրորդի դեպքում` քայլ չկա, որովհետև քայլն ինքնին շարժում է ենթադրում:

– Ի՞նչ է ձեզ համար գրականությունը:

– Գրականությունը ցավի հաղթահարման պատրանքն է, որը ավելի քան անհրաժեշտ է: Եթե անգամ գիտես, որ, միևնույն է, դատապարտված ես պարտության:

– Ներկայացրեք խնդրեմ այսօրվա գրականության խնդիրները…

– Ինձ թվում է` մենք մեր մեջ շատ ենք փակված, այսինքն` ներսում մեր հայացքը մեր նկատմամբ այնքան ազատ չէ, որքան կուզեի լիներ: Դա փակ շրջան է ստեղծում, որն առողջ ելք չունի, և շատ հաճախ մեր ներսի հայացքը մեր արածի նկատմամբ կարող է իր ազդեցությունն ունենալ դրսում դրա ընկալման վրա: Մենք ինքներս մեզ կաղապարի մեջ ենք դնում, չգիտեմ, գուցե դա մեզ համար հարմարավետության տարածք է, բայց ես այդ տարածքում չեմ ուզում լինել:

– Ո՞վ է ձեր գրական հերոսը, ո՞ր գրողի գործերն են ձեզ առավել ներշնչում:

– Իմ գրական հերոսը մարդն է, որը սխալվում է և անպայման չէ, որ այդ սխալներից հետևություններ անի ու ճանապարհը փոխի, իմ հերոսն աընդհատ սխալվող մարդն է, որովհետև սխալվել նշանակում է ճանպարհ գծանշել, մնացյալ բոլոր գծանշված ճանապարհները ուրիշների սխալներն են, իսկ քայլել ուրիշի սխալների վրայով նշանակում է` հագնել ուրիշի պատռած տաբատը:

– Մանե, ճամպրուկային տրամադրություն ունեք, ո՞ւր եք գնում:

– Երկիրը ձևավորում է մարդուն: Հայաստանում բոլորը նյարդային են, ապրել մեր երկրում նշանակում  է ամեն օր պայքարել դրա համար: Մեր եղունգները երկար են, ատամները` սրած, մեզ մոտ ինքնապաշտպանական բնազդը շատ սուր է, այնքան, որ ամեն տեղ վտանգ ենք տեսնում, կորցնելու վախ:

Գերմանիայում մտքերս մի տեսակ խաղաղվել են, մարդիկ հանգիստ են, ու անընդհատ զարմանում ես` ոնց կարելի է էսքան խաղաղ ապրել: Մենք սովոր ենք բարդացնել մեր կյանքը, բոլոր հասարակ բաները բարդ եղանակով վերաձևակերպելու կարիք ունենք… Մեր կենսակերպը մեզ էդպիսին է դարձրել, դժվարությունն արդեն սովորույթի ուժ ունի: Մեզ պետք է ինչ-որ բան, որ հաղթահարենք կամ հարմարվենք: Երեկոյան հեծանվով  կգնամ գրադարան, կգրանցվեմ, կվերցնեմ ինչ-որ գիրք, հետ կդառնամ, իսկ գերմանացի Կլաուսը կասի` հրաշալի գաղափար  է  չիմացածդ լեզվով գրքեր կարդալը:

– Մանե, շնորհակալություն, հարցազրույցի համար:

– Շնորհակալ եմ նաև ձեզ, ձեր թերթին:

Հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների էստրադային երգերը

DSC_9090Նոյեմբերի 12-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առանձնացրեց այս միջոցառումը, քանի որ ընտրված ձևաչափը (երիտասարդ կոմպոզիտորների գործերը ներկայացնում են երիտասարդ կատարողները) ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, մեծ բեմում հանդես գալու հնարավորություն է տալիս։ «Կատարողների և կոմպոզիտորների բավականին լուրջ ընտրություն է կատարվել մասնագետների կողմից, և մեր ցանկությունն է, որպեսզի այս նախաձեռնությամբ ստեղծագործողների նոր սերնդին ազդակներ հաղորդվեն հետագա գործունեության համար»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց այն երգիչ-երգչուհիներին, ովքեր անշահախնդրորեն պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների էստրադային երգերը։ Կատարումներով հանդես եկան ինչպես սկսնակ, այնպես էլ ճանաչված երգիչ-երգչուհիներ (Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Լեյլա Սարիբեկյան և այլք)։

Ըստ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ով նաև համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր՝ երիտասարդ կոմպոզիտորները մեր ապագան են, և ժամանակը կորոշի, թե որ գործը կսիրվի ունկնդրի կողմից։ «Որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործեր առաջին անգամ են հնչում նվագախմբային կատարմամբ։ Ժամանակին մեզ էլ են հնարավորություն տվել հանդիսատեսին ներկայանալու, հիմա էլ մենք տանք այդ առիթը մեզնից հետո եկողներին։ Սա քայլ է դեպի մեծ աշխարհ։ Բարի երթ մեր երիտասարդներին»,- մաղթեց Արամ Սաթյանը։

Էդմոնդ Մակարյանը երիտասարդ կոմպոզիտոր է, ում էստրադային գործերը հնչեցին երեկոյի ընթացքում։ Նա հեղինակել է բազմաթիվ կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, գրել է ավելի քան 50 էստրադային երգեր։ «Լինելով կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչ՝ բոլորի անունից վստահորեն կարող եմ ասել, որ սա նոր ճանապարհ է երաժշտական աշխարհ մուտք գործող հեղինակների համար»,- ասաց Էդմոնդ Մակարյանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։ Համերգն ուղեկցվում էր Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան)։ Երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կմեկնարկի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը

Հայաստանի_նկարիչների_միություն_3Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13.00, Հայաստանի նկարիչների միությունում կմեկնարկի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, գրաֆիկական գործերը, լուսանկարներն ու քանդակները։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը։

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոների առթիվ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կայացավ Վ. Սպիվակովի երևանյան համերգը. նա Հայաստանին նվիրեց Ա. Խաչատրյանի նամակի բնօրինակը

սպիվակովՆոյեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։

Համերգը նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Ինքը՝ Վլադիմիր Սպիվակովը, իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ կայացավ Զարեհ Սահակյանցի հոբելյանին նվիրված երեկոն։ Լրագրողների հետ զրույցում մաեստրոն նշեց. «Այսօրվա համերգը նվիրված է ինձ շատ հարազատ մարդու՝ կնոջս հայրիկին, երեխաներիս պապիկին։ Ես նրան շատ լավ եմ ճանաչել։ Նա հրաշալի երաժիշտ էր, Հայաստանի իսկական նվիրյալ։ Նա շատ սիրում էր իր հայրենիքը, իր ծննդավայրը։ Նա սիրում էր արվեստը՝ գեղանկարչություն, գրականություն, հայկական պոեզիա։ Նա շատ լավ տիրապետում էր հայերենին։ Գիտեք, որ լեզուն նույնպես կյանքի որոշակի արտացոլումն է։ Այնպես որ՝ ես շատ ուրախ եմ, որ այս համերգը կազմակերպվեց հենց այս օրերին, երբ պետք է լրանար Զարեհ Սահակյանցի 80-ամյակը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իմ ընկերներից մեկը՝ Էրմիտաժի տնօրեն Բ. Պիոտրովսկին, ում կինը նույնպես հայուհի էր, անունը՝ Հռիփսիմե, ամեն անգամ հանդիպելիս կատակում էր՝ դե, հայերի փեսաները հավաքվեցին»։

Երևանյան համերգի ընթացքում հնչեցին Սերգեյ Ռախմանինովի, Ժորժ Բիզեի, Վինչենցո Բելլինիի, Կամիլ Սեն-Սանսի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Հայ հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ էր ընդունում և՜ Վ. Սպիվակովին, և՜ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, և՜ մենակատարներին՝ Ալեքսանդր Ռոմանովսկի (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկ (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյան (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Հասմիկ Պապյան (սոպրանո, Հայաստան)։

Համերգի ավարտի մաեստրո Սպիվակովը ՀՀ մշակույթի նախարարին փոխանցեց 1975թ. Արամ Խաչատրյանի նամակի բնագիրը՝ ուղղված հայտնի մի նեյրոֆիզիոլոգի։ Նամակում Խաչատրյանը նկարագրում է, թե ինչպես է ինքը ստեղծագործում։ ՙՊետք է հոգ տանել ունկնդրի համար և սեփական երաժշտությունը լսել ունկնդրի ականջներով։ …Պետք է սիրել թեման, հերոսներին, պետք է նրանց հետ վերապրել իրադարձությունները։ Ընդհանրապես պատմել արվեստի մասին անհնար է։ Կարող եմ ասել, որ ստեղծագործելիս ես գտնվում եմ էքստազի մեջ։ Ես երջանիկ եմ, միաժամանակ նաև՝ չար, չար՝ կենտրոնացվածության և լարվածության առումով՚,- իր ստեղծագործական պահերն այսպես է բնութագրել Արամ Խաչատրյանը։

Նշենք, որ Վ. Սպիվակովի գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում է «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում։ Նոյեմբերի 11-ին նվագախումբը հանդես կգա Գյումրիում։

Վ. Սպիվակովի հայաստանյան համերգները տեղի են ունենում ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Համերգների կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

 

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Վաղը «Հայ գիրք» գրախանութում կկայանա երկու նոր գրքերի շնորհանդեսը

գիրք-եփրեմյանՆոյեմբերի 9-ին, ժամը 16:00-ին «ՀԱՅ ԳԻՐՔ» գրախանութում (հասցեն՝ Իսահակյան 16/ա) տեղի կունենա ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆԻ «Վարք. սևագրություն» և ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆԻ «Բնագիր և մեկնություն» ժողովածուների շնորհանդեսը:

Ավագ և Վաչե Եփրեմյան եղբայրները ժամանակակից հայ գրականության ու գրականագիտության լավագույն ներկայացուցիչներից են: Ավագ Եփրեմյանի պոեզիան հատկանշվում է դասական բանաստեղծության ավանդույթների ու նորարարական միտումների հմուտ խաչաձևմամբ, որի արգասիքը նրա հրաշալի բանաստեղծություններն են:

Վաչե Եփրեմյանը գրականագիտական ու մշակութաբանական նոր չափումներով և բոլորովին այլ հայացքով քննեց հայ գրականության բազմադարյան ընթացքը՝ սահմանելով հայոց մշակութակերպի էությունը: Ցավոք, Վաչե Եփրեմյանը նոր գիրքը լույս տեսավ նրա մահից հետո, և շնորհանդեսը նաև հարգանքի տուրք է վաղամեռիկ տաղանդավոր գրականագետին:

Նարեկ Սարգսյանի հերթական անիմաստ գաղափարը

հրապարակ (1)Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթն ի վերջո ամփոփվեց:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին ու չափորոշիչներին, և քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ (խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները):

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մայիսին հայտարարել էր Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ, որի նպատակն էր ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված  կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին: Մասնավորապես պետք է հաշվի առնվեր այն հանգամանքները, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի`  դրանից բխող հետևանքներով, անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները, հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է Հյուսիսային պողոտան և, ի վերջո,  հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ` Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման  հետևանքով այն որոշ դժվարությունների է հանգել զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:

Երբ հայտարարությանը հետևեցին տարատեսակ դժգոհություններ ու մտավախություններ, Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ վերոնշյալ մրցույթի անցկացումն ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նման քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը, ըստ նրա, մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում


հրապարակ (2)

առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելը, հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը, մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելը՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում:

Փաստորեն, կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվել էին անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու:

Մնում է հասկանալ, թե ինչու են նման անիմաստ մրցույթներով ավելորդ տեղը գրգռում հանրության` առանց այն էլ Երևանի քաղաքաշինական խնդիրների նկատմամբ զգայուն նյարդերը:

Ամիսներ առաջ ՀՀ նախագահի հետ Հանրային խորհրդի հանդիպման ժամանակ այս հարցին հարցով պատասխանել էր Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Ինչո՞ւ եք արգելում ճարտարապետներին մտածել»:

Այս մրցույթի խայտառակ արդյունքները, հավանաբար, հենց այդ անարգել մտածողության արգասիքն էին:

Ի դեպ, մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը զրուցել էինք «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ, որը չթաքցնելով իր վրդովմունքը հայտարարված մրցույթի մասին, ասել էր, որ այդ մրցույթի ընդհանրապես անիմաստ էր: «Ամեն ինչ պետք չի, որ մենք էսօր վերցնենք, փոխենք, դեռ գալու են սերունդներ, իրենք էլ են քաղաքը գեղեցկացնելու»,- կարծում է ճարտարապետը:

Ինչ վերաբերում է Լենինի հանված արձանին, որի դատարկ մնալը հանրության կողմից հաճախ է քննարկվում, ապա Գրիգոր Ազիզյանն այն կարծիքին է, որ շատ ավելի լավ կլինի, եթե դրա տեղը ոչինչ էլ չդրվի: «Հիմա շատ սիրուն է` կանաչ զանգված, այդ ճանապարհով գնում ես դեպի Շահումյանի հրապարակ` արձանով, հետո` Մյասնիկյանի հրապարակ` նորից արձանով, դուրս ես գալիս քաղաքապետարան, շատ գեղեցիկ պուրակ է: Ոչինչ էլ պետք չի դնել, մենք, ուղղակի մեր հիշողության մեջ պահած լինելով Լենինի արձանը, մի տեսակ անսովոր ենք համարում, որ այդ մասը դատարկ է: Բայց երիտասարդ սերունդը նման բան չի տեսել ու չի  հիշում»:

Իսկ եթե նպատակ կա լուծելու քաղաքի տրանսպորտային խնդիրները, ապա «Հայնախագծի» տնօրենը կարծում է, որ այլ տեղերում ավտոկայանատեղիներ ստեղծելով` հրապարակը լիովին կազատվի տրանսպորտային հանգույց լինելուց: «Հրապարակը չպետք է կայանատեղի դարձնել: Ինչ վերաբերում է հրապարակի ստորգետնյա հատվածին, ապա դրան ընդհանրապես ձեռք տալ պետք չէ: Մի խոսքով, լրիվ անիմաստ էր նման մրցույթ անցկացնելը, իսկ մրցույթին ներկայացված աշխատանքները դրա վառ ապացույցն են»,- ամփոփեց նա:

Երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ներկա իրավիճակում նման մրցույթի անցկացումը վտանգավոր էր համարել մի շարք առումներով. «Դեռ Հյուսիսային պողոտան չմարսած, երբ քանդվում է Ծածկած շուկան, ու պետությունը չի կարողանում սևով սպիտակի վրա ամրագրված պարտավորությունները կատարել, ցանկացած նոր քայլ հուշարձանների շրջապատում հղի է վտանգներով, իսկ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ հուշարձան է, որի մասին «թյուրիմացաբար» մոռացել էին մրցույթի կազմակեպիչները, քանի որ այդ մասին չկար որևէ նշում մրցութային փաթեթի մեջ»։

հրապարակ

Ճարտարապետը նկատում է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը, միամտաբար չտեսնելով մեր ժամանակների մարտահրավերները, ցանկություն ունենար մասնակցելու մրցույթին, միայն թերի մրցութային փաթեթը բավական էր, որ իրեն հարգող մասնագետը հրաժարվեր մասնակցելուց։

Սարհատ Պետրոսյանը մրցույթին ներկայացված աշխատանքների վերաբերյալ ասել էր, որ դրանք լավագույնս բնորոշում են մեր օրերի ճարտարապետական իրականությունը։ Ներկայացված նախագծերը նա բաժանել էր 3 խմբի` մանկամիտ ու ոչ պրոֆեսիոնալ, պսևդոթամանյանական-նարեկսարգսյանական,  գավառական, ինտերիերային ճարտարապետական, բայց ոչ քաղաքաշինական գրագետ մոտեցումներով նախագծեր:

Նրա կարծիքով` ցանկացած ճարտարապետ ու անհատ կարող է հղանալ մտքեր ու գաղափարներ, բայց եթե դրանք չեն դիտարկվում հասարակական առկա համատեքստում, ապա դառնում են կա՛մ արժեզուրկ, կա՛մ վտանգավոր։ «Ես կարծում եմ` վերջին մեկուկես տասնամյակի իրողությունը մեզ պետք է հուշի, որ հանգիստ թողնենք քաղաքի կենտրոնը, քանի որ մեզ նորմալ կառուցապատում, հասկանալի պատճառներով, չի հաջողվում»,-ասել էր նա:

 

Դանիայում կայացել է «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գրքի շնորհանդեսը

612. Book presentation in Denmark 07.11.2013 Նոյեմբերի 6-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դանիացի գրող Քեյթ Ղոյստայի «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը՝ նշելով, որ շնորհանդեսի համար ընտրված օրը պատահական չէ. ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը  դանիացի մարդասեր և «հայ որբերի մայրիկ» Մարիա Յակոբսենի 130-ամյակն էր և այդ նույն օրը Կոպենհագենի Թագավորական գրադարանում բացվել էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցադրությունը:

Դեսպանն իր խոսքում հիշատակեց, որ վերջերս Դանիայի հեղինակավոր «Kristeligt Dagblad» թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված մի քանի հոդվածներից մեկը կրում էր «Հայոց պատմությունը մեր պատմությունն է» վերնագիրը` հավելելով, որ Մարիա Յակոբսենի և Կարեն Յեփփեի միջոցով է, որ հայ ժողովրդի պատմությունը շատ դանիացիներ համարում են նաև իրենց սեփական պատմության մի մասը: Դեսպանն ավելացրեց, որ նրանց նվիրումը հայ ժողովրդին անսահման է եղել և նրանց մասին նոր վկայությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս ծանոթանալու նրանց գործունեության անծանոթ էջերին:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի խոսքից հետո իր գրքի և այն գրելու մտահղացման մասին խոսեց հեղինակը` Քեյթ Ղոյստան:  Նա պատմեց, որ, լինելով Սիրիայում, տեղեկացել  է Կարեն Յեփփեի գերեզմանի մասին, սակայն  չի հասցրել այցելել նրա շիրիմին և այդ նպատակով երկրորդ անգամ է մեկնել Սիրիա: Նա սկսել է ուսումնասիրել Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը, այցելել է նրա ծննդավայր` Գյուլինգ և ծանոթացել տեղական արխիվի, ինչպես նաև Դանիայի Թագավորական գրադարանում առկա Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերին: Գրողը մեկնել է նաև Գերմանիա` Յոհանես Լեփսիուսի և Կարեն Յեփփեի միջև նամակագրական նյութերն ուսումնասիրելու համար:

Շնորհանդեսի վերջում ներկա գտնվողները բազմաթիվ հարցեր և շնորհակալության խոսքեր ուղղեցին Քեյթ Ղոյստային:

Տեղեկանք: «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գիրքը տպագրվել է 2013թ. մայիսին դանիերեն լեզվով:

Այն պատմում է Կարեն Յեփփեի կյանքի և գործունեության մասին: Նախորդ դարասկզբում Դանիայում գործող «Հայերի դանիացի բարեկամներ» մարդասիրական կազմակերպությունից լսելով սահմռկեցուցիչ պատմություններ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հալածանքների ու կոտորածների մասին՝  Կարեն Յեփփեն որոշում է գնալ  և օգնել կոտորածներից ողջ մնացածներին: 1903թ. Կարեն Յեփփեն ժամանում է Ուրֆա և զբաղվում որբ երեխաների խնամքով և ուսուցմամբ: Նա մնում է Ուրֆայում և Հայոց ցեղասպանության ականատեսն է լինում: 1921 թվականին նա տեղափոխվում  է Հալեպ` Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաներին խնամելու և գերության մեջ գտնվող կանանց  ազատագրելու համար և այնտեղ է մնում մինչև իր կյանքի վերջը: 

Հալեպում Կարեն Յեփփեի հիմնած և իր անունը կրող ազգային ճեմարանում ուսում են ստացել հազարավոր հայորդիներ: 

Յարոսլավ Նադրզիցկին հանդես եկավ Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում

նվագախումբՆոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Վերջինս 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։

Երիտասարդ ջութակահարը երեկոյի ընթացքում կատարեց Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը: Իսկ համերգի երկրորդ բաժնում հնչեց  Պյոտր Իլյիչ Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6-ը (սի մինոր):

Յարոսլավ Նադրզիցկին իր առաջնելույթն ունեցել է 12 տարեկանում Մոսկվայի Կոնսերվատորիայի նվագախմբի հետ Չայկովսկու անվան Մեծ դահլիճում: 2007թ-ից նա սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում` պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկու դասարանում: Բազմաթիվ միջազգային մրցույթներում արժանացել է բարձր մրցանակների, այդ թվում` 1-ին մրցանակ Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթում (Բուխարեստ, 2009թ.), 1-ին մրցանակ «Վալսեսիա Մուզիկա» ջութակահարների միջազգային մրցույթում (Վարալլո, Իտալիա), 1-ին մրցանակ «Հավերհիլլ Սինֆոնիա» մենակատարների մրցույթում (2008թ.) և 1-ին մրցանակ Յաշա Հեյֆեցի անվան ջութակահարների միջազգային մրցույթում (Վիլնյուս, 2001թ.):

Յ. Նադրզիցկին ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում:

Յ. Նադրզիցկին հանդես է եկել Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Սլովակիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Լեհաստանի ռադիոյի կամերային «Ամադեուս», Լիտվայի ազգային, «Տրանսիլվանիա» պետական ֆիլհարմոնիկ, Ջորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Նոյեմբերի 7-ին կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը

Հարություն-ԽաչատրյանՆոյեմբերի 7-ին, ժամը` 18:00-ին, Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում տեղի կունենա   Հարություն  Խաչատրյանի  «Անվերջ փախուստ,  հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի  առաջին  ֆիլմի`  «Հայկ.փախուստի» ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին տարիներ շարունակ հետաքրքրել է այն  մարդկանց ճակատագիրն ու կենսակերպը, որոնք տարբեր պատճառներով  լքել են հայրենիքը կամ ընդհակառակը,  ծնվելով և կյանքի զգալի մասն ապրելով տարբեր երկրներում, հետ են վերադարձել  Հայաստան:

«Անվերջ փախուստ,  հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի մասին՝ թատերական ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի…

«Հայկ. փախուստ» Ֆիլմի նյութը ընդգրկում է 1987-ից մինչև մեր օրերը  նկարահանված տեսանյութեր:  Ֆիլմի պատումը թատրոնի ռեիսոր  Հայկի մասին է. նրա նախաձեռնությունների, ձեռքբերումների, պայքարի ու անվերջ ձգվող փնտրտուքների: Թվում է` 20 տարիների ընթացքում նրա  խնդիրները չեն լուծվել. նրա հակասություններով լի խոսքը  գրեթե չի փոխվել….

Ֆիլմն այս տարի Հայակ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»  անվանակարգերի գլխավոր մրցանակներին:

Մուտքը հրավիրատոմսով է, որը կարելի է ձեռք բերել Մոսկվա կինոթատրոնում, ցուցադրությունից 30 րոպե առաջ:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր

Monica Avanesyan_Armenia«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր՝

    1. Հայաստան- Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»
    2. Բելառուս- Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»
    3. Վրաստան-  Սմայլ Շոփ, «Give your smile»
    4. Մոլդովա- Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»
    5. Մակեդոնիա – Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»
    6. Մալթա- Գայա Կոչի, «The Start»
    7. Նիդերլանդներ- Միլենե և Ռոզանե, «Double Me»
    8. Ռուսաստան- Դայանա Կիրիլովա, «Dream on»
    9. Սան Մարինո- Միշելե Պերնիոլա ,  «O-o-O Sole intorno a me»
    10. Շվեդիա- Էլիաս, «Det är dit vi ska»
    11. Ուկրաինա- Սոֆիա Տարասովա, «We Are One»
    12. Ադրբեջան- Ռուսթամ Կարիմով,  «Me And My Guitar»

«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:

«Մեր կարծիքով «Be Creative» նշանաբանը շատ համահունչ է Puzzle Man  տարբերանշանի հետ: Մեր աշխատանքային թիմը ոգեշնչվել է այս թեմայով եւ  օգտագործել այս կոնցեպտը բեմի ձևավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն մեզ հեքիաթային մթնոլորտ ստեղծել եւ  կենդանություն տալ հիմնական կոնցեպտին»,- նշում է Ուկրաինայի  Ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովը:

Մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի մրցույթի բացմանը նվիրված պաշտոնական խնջույքի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 25-ին:

          Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի մաքսիմալ թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը:

Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն Փազլմեն գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրատեսիլ 2014-ին:

Հատուկ հյուրը կլինի Մանկական Եվրատեսիլ- 2012»-ի հաղթող մասնակից  Անաստասիա Պետրիկը:

Այս տարի ելույթից առաջ ցուցադրվող հեռուստաբացիկի տևողությունը կլինի 50 վայրկյան՝ նախորդ 40-ի փոխարեն:

Մրցույթը կվարեն Եվրատեսիլ-2013-ի մասնակից Զլատա Օգնևիչը և հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն:

Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպի նոր հրատարակությունն` արդեն գրախանութներում

զոլաԼույս է տեսել Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպի նոր հրատարակությունը: Գիրքը  վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:
գիրքը հայերենով առաջին անգամ հրատարակվել էր 1964-ին: Նոր հրատարակության մեջ կատարվել են խմբագրական և ոճական անհրաժեշտ միջամտություններ, իսկ վեպի ֆրանսերեն երկրորդ հրատարակության համար Զոլայի գրած առաջաբանը հայերեն հրատարակվում է առաջին անգամ:

Գիրքը կարելի է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից:

Բրիտանիան նշում է Վիվյեն Լիի 100-ամյակը

o_844429Այսօր դերասանուհու երկրպագուները նշում են այդ հիշարժան օրը:  2013-ի նոյեմբերի 5-ին  ողջ Բրիտանիայում հոբելյանական կինոցուցադրություններ ու ցուցահանդեսներ են կազմակերպվելու:

Վիվյեն Լին ճանաչված դարձավ “Քամուց քշվածները” ֆիլմով, որտեղ նա կատարում էր Սքարլեթ Օ’ Հարայի դերը: Այդ ֆիլմի համար նա 1940-ին է “Օսկարի” արժանացել: Երկրորդ “Օսկարը” ստացել է ““Ցանկություն” տրամվայ” ֆիլմի համար:

Դերասանուհու 100-ամյակի առթիվ Ամերիկայում ստեղծվել է “Քամուց քշվածների”  նոր ֆորմատը: Մեծ Բրիտանիայում այն կցուցադրվի նոյեմբերի 22-ին:

Այստեղ ֆիլմ է նկարահանվում նաև Վիվյենի ու նրա ամուսնու` Լոուրենս Օլիվյեի  փոխհարաբերությունների մասին: Լիի սիրային նամակներն ամուսնուն կկարողանան տեսնել Լոնդոնում` Վիկտորիայի ու Ալբերտայի թանգարանում: Ցուցադրվելու են նաև դերասանուհու անձնական օրագիրն ու լուսանկարներ:

Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

ավագ պետրոսյանՎաղը`  նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա օպերային արվեստի մեծ երախտավոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Այս մասին տեղեկացնում են Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Youtube-ը երաժշտական մրցանակներ է բաշխել

o_792836Երեկ  Նյու Յորքում տեղի է ունեցել Google ընկերությանը պատկանող Youtube տեսահոսթինգի  մրցանակաբաշխությունը: Հաղթող են ճանաչվել այն կատարողները, որոնք վերջին տարում ամենաշատ դիտումներն են ունեցել:

Հանդիսավոր արարողությունը վարել են Ջեյսոն Շվարցմանն ու երաժիշտ Ռեգգի Շոթսը: Մրցանակը  կարմիր Play կոճակի է նման, որն օգտատերը սեղմելով` միացնում է տեսահոլովակը:

“Տարվա կատարող” անվանակարգում հաղթող է ճանաչվել հայտնի ռեփեր Էմինեմը, “Տարվա տեսանյութ” անվանակարգում հարավկորեական Girls Generation  է դարձել մրցանակակիր` I Got a Boy երգի համար:” Youtube-ի հայտնություն” անվանակարգում  I Knew You Were Trouble երգով հաղթող է ճանաչվել ամերիկյան քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը:

Սիրահարների այգին առաջիկա օրերին կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»

DSC_8521Նոյեմբերի 1-ին Սիրահարների այգում մեկնարկեց ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նոյեմբերի 1-3-ն անցկացվող «Բացօթյա ընթերցանության փառատոնի» նպատակն է միավորել երիտասարդությանը, ամրապնդել ընթերցելու մշակույթը և սերը գրքի հանդեպ:

«Բացօթյա ընթերցանության փառատոն» ծրագրի համակարգող Էդուարդ Լևանյանը նշեց. «Ծրագրի նպատակն է խրախուսել ընթերանությունը, ապահովել երիտասարդների կապը գրքի հետ: Փառատոնից փառատոն մասնակիցների թիվն աճում է: Իսկ ՀԵՀ-ի հետ համագործակցությունն իր դրական ազդեցությունն է բերում փառատոնի աշխատանքներին, քանի որ ինչքան շատ կազմակերպությունների հետ համագործակցենք, այնքան ավելի մեծ կլինի փառատոնի դերն ու կարևորությունը»:

Այսօր Սիրահարների այգում երիտասարդները տեղադրում էին գրապահարաններ, այգու տարբեր այցելուներ ծանոթանում էին ցուցադրված գրականությանը: Վաղը` նոյեմբերի 2-ին, ժամը 14.00-ից կմեկնարկի գրքի բացօթյա ցուցահանդես, իսկ երեկոյան սպասվում են երիտասարդ կատարողների համերգ, մանկական ներկայացումներ: 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայտարարվել են «ՌեԱնիմանիա»-ի հաղթողները

01 My Mother in AmericaԵրեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա»  5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթային ծրագրում հաղթող ֆիլմերը: 

–         Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացավ Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից

–         Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լեւ Ատամանովի Հատուկ Մրցանակին արժանացավ Նաիրա Մուրադյանի «Բալետը»:

–         Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Ռիո 2096` Սիրո եւ Ցասման Պատմություն»:

–         Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Իմ Մայրիկը Ամերիկայում է եւ Նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին»:

–         Լավագույն Անիմացիոն Կերպար ճանչվեց Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից

–         Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Կռիվ» ֆիլմը

–         Ռուբեն Գեւորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնեց Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար:

–         Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ճագարաստանը»:

–         Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթեց «Անտոնը»:

–         Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող ճանաչվեց «Գլորվող Սաֆարի» հոլովակը

–         Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվեց` «Շփոթված Երեխան»:

–         Կոնվերս բանկի հատուկ մրցանակին արժանացավ Զաքար Դեմիրճյանը:

–         Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացավ Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը:

Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց  իր  հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:

Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև  նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը  փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ: 

«Մի փոքր էլ համբերենք և կտեսնենք, թե ովքեր էին սկսել այս ողջ պատմությունը». Ռոբերտ Ամիրխանյան

e8d34fd8f959ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այսօր մեկնում է Մոսկվա: Ոչ, պատճառն ամենևին էլ Կոմպոզիտորների միության վերջին համագումարի և միության ղեկավարի ընտրությունների արդյունքը չէ, այլ բնականոն ստեղծագործական ընթացքը. վերջին շրջանի թոհուբոհի մեջ մաեստրոն հասցրել է նաև երաժշտություն գրել` նվիրված Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Առաջարկը եղել է Մոսկվայի հայ համայնքի ղեկավարության կողմից: Երաժշտության բառերի հեղինակը մոսկվայաբնակ հայտնի երգահան Կարեն Կավալերյանն է, իսկ ստեղծագործությունը կատարելու են Ռուսաստանի շուրջ 20 հայտնի երգիչներ` Կոբզոն, Պուգաչովա, Լեոնտև, Դոլինա, Բիլան և ուրիշներ: Երգն առաջին անգամ կհնչի Մոսկվայից` երկրաշարժի տարելիցի օրը:

Վերջին իրադարձությունները չեն խանգարել կոմպոզիտորի ստեղծագործական գործունեությանը, սակայն լուրջ մտորելու տեղիք են տվել: Իր ողջ կյանքը երաժշտությամբ չափող երաժշտի համար համագումարային վերջին չափագրությունը հետևյալն է.  այն երբեք այդքան դրամատիկ տեսք չի ունեցել. «25 տարիների ընթացքում տեղի ունեցած համագումարների մեջ երբևէ չենք ունեցել էսպիսի իրավիճակ, երբ միության ընտրական գործընթացին խառնված լինեն դրսից ներմուծված անձիք. օրինակ` փաստաբան, որն, ի դեպ, ինձ վրա բղավեց` ասելով, թե իբր  խանգարում եմ գործընթացը, հեռու կանգնեմ քվեատուփի մոտից և այլն, մինչդեռ ես էլ բոլորի պես կանգնած էի այնտեղ, որտեղ սովորաբար կանգնում էի: Մեր միության մեջ նման բան չէր էլ կարելի երևակայել: Հասկացա, որ միությունն արդեն ճաք է տվել»,-ասում է նա:

Ամիրխանյանն այդ համագումարը չի համարում ստեղծագործական դիալոգ, այլ համարում է բռնության արդյունքում միության ղեկավարությունը փոխելու լավ սցենար, որը միտված էր միայն վարկաբեկելուն: Հասկացել է նաև, որ գլուխ են բարձրացրել այնպիսի ուժեր, որոնց համար ստեղծագործությունն էական չէ:

Սովորաբար նախորդ ընտրություններում հարաբերակցությունը եղել է 50-ից ավելի` հօգուտ Ամիրխանյանի: «Այս անգամ հանկարծ ընդամենը 1-2 ձայնի տարբերություն` ընդ որում այն պարագայում, երբ իմ դեմ մի ամբողջ հեռուստաընկերություն պարբերաբար ու հետևողականորեն դավեր էր նյութում, իմ դեմ էր մի ամբողջ կուսակցություն, տարբեր մարդիկ, ինտերնետային կայքեր և այլն: Եվ այդքանից հետո իրենք ընդամենը 2 ձայնով հաղթեցին: Սա նույնպես մտորելու առիթ է»:

Մտորելու առիթ է նաև, թե ի՞նչ անելիք ունեն այդ ուժերը կոմպոզիտորների ստեղծագործական գործունեության մեջ: «Պատճառը մեկն է` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան հետաքրքրությունն իրենց կողմից,-ասում է Ամիրխանյանը,-ա´յ մի փոքր էլ համբերենք և կտեսնենք, թե Դիլիջանում ինչ աշխուժություններ են սկսվում: Էն ժամանակ կերևա, թե ովքեր էին սկսել այս ողջ պատմությունը»:

Կոմպոզիտորը կես կատակ կես լուրջ ասում է, որ իր հասցեին այս ընթացքում այնքան  անմիտ բաներ են ասվել, որ նույնիսկ սկսել է կասկածել` կարո՞ղ է  Չեռնոբիլի աղետն էլ է իր կազմակերպածը: Այնուամենայնիվ նա հանգիստ է նայում այդ ամենին, քանի որ, ինչպես ասում է`  կարևորը փոսն ընկնելը չէ,այլ փոսից դուրս գալը:

Կարևոր է նաև այս պատմության շարունակությունը, թե ի վերջո ինչ կշահի այս ամենից միությունը, կպահպանվի՞ թե կտապալվի: «Ես համագումարի ժամանակ երկար մտորում էի, թե երբ է մարդը սուտ խոսում: Եկա այն եզրակացության, որ սուտ է խոսում, երբ շահ ունի: Մարդը կդադարի  սուտն առաջ տանել, երբ շարժվի գաղափարով: Հակառակ թևում ես չտեսա այդ գաղափարը: Իսկապես կուզենամ, որ նորընտիր ղեկավարությունը որոշակի քայլերով ապացուցի, թե այս ամբողջ պատերազմն ինչի համար էր»:

Ցավոք, Ռոբերտ Ամիրխանյանն իր հակառակորդի ծրագրում չի նկատել որևէ նոր բան, ավելին. նրան անհանգստացրել է ծրագրում  առաջնային համարվող սոցիալական կողմը: Նա կարծում է, որ սոցիալական խնդրի շահարկումը մի կազմակերպության մեջ, որը չունի որևէ ֆինանսական բազա, կարող է նշանակել մի բան, որ  այս ամենի հետևում կան ուժեր, որոնք իրենց ֆինանսական ռեսուրսներով ուղղորդելու են նոր ղեկավարի  ճանապարհը:

Խիստ մտահոգիչ է նաև այն, որ այս ամենի հետևանքով Կոմպոզիտորների միության վարկանիշն ընկել է: «Ընկավ այդ մարդկանց չարության և անհեռատեսության հետևանքով: Մինչդեռ հասարակությունն ուզում է կոմպոզիտորին տեսնել իր բարձրության վրա և իր երաժշտությամբ, ոչ թե այդ սկանդալների մեջ: Ինչո՞ւ նրանք չմտածեցին, որ իրենց նեգատիվիզմով վարկաբեկում են ոչ միայն ինձ ու իրենց, այլև մեր երկրի միասնության ընդհանուր դաշտը»:

Հիասթափության մի օրինակի ականատես է եղել հենց համագումարի օրը. մեկ տարուց ավելի է` Ամիրխանյանը միության տարածքում երիտասարդ լարային քառյակին տրամադրել էր տարածք, որպեսզի նրանք պարապեն` առանց որևէ գումարային խնդրի: Պայմանը մեկն է եղել` նվագել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Քառյակը կայացել է, փայլուն համերգներ ունեցել: Սակայն համագումարի ժամանակ Ամիրխանյանը լսել է, թե ինչպես է երիտասարդներից մեկը մյուսին ասում. «Դե արի ու էսքանից հետո մնա էս երկրում…»: «Այ սա է ինձ տխրեցրել,-ասում է նա` նշելով, որ արվեստագետը չպիտի այդքան իջնի, պետք է պահի իր պատիվը, մինչդեռ իր գործընկերներից ոմանք անգամ գայթակղվել են այն առաջարկներով, որ իրենց գաղտնի արվել է: Ամիրխանյանը կոչ է անում այդ մարդկանց վերադառնալ դեպի իրենց գաղափարը, քանի որ շահով երկար առաջ չեն կարող գնալ: «Միության անդամներից մեկն ինձ խոստովանեց, որ իրեն առաջարկել են 400 հազար դրամ: Բայց նա, լինելով շատ սկզբունքային մարդ, բնականաբար մերժել է, անգամ վիրավորվել»:

Ինչևէ…կոմպոզիտորը, որը սիրում է կյանքում ամեն բան տեսնել տարբերության մեջ, այս ամենը համեմատում է դաշնամուրի ստեղնաշարի հետ, որը բաղկացած է սև և սպիտակ ստեղներից: «Երբ նվագում ենք, միայն մեկով չենք նվագում, և որևէ մեկը չենք կարևորում: Կարևորը այդ սևի ու սպիտակի համանվագն է: Ես սպասում եմ այդ համանվագին և պատրաստ եմ կանգնել նրանց կողքին ու օգնել, որպեսզի մեր երաժշտական մթնոլորտն առողջանա, ինչը, ցավոք, շատ վտանգվեց այս օրերին»:

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII փառատոնը` որպես նոր շունչ, շարժում

Հայաստանի թատերական գործիչների միություն  Հայաստանի թատերական գործիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնը, որին այս տարի կմասնակցեն Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Թիբիլիսիից` ընդհանուր թվով 16 ներկայացում:

 Փառատոնին մասնակցում են մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում, իսկ ահա Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը ներկա գտնվելով ներկայացումներին` կընտրեն դրանցից մեկը Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրին մասնակցելու համար: Նշված ծրագրի շրջանակում փառատոնը կկայանա 2014 թ.-ի ամռանը` Մինսկում:

Ներկայացումների քննարկումներն անցնում են երիտասարդ թատերագետների, մասնագետների, ինչպես նաև հանդիսատեսի մասնակցությամբ, իսկ քննարկումների վերջնական ամփոփումը կկատարի ՌԴ-ի ժող. արտիստ, Չեխովի անվ. ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվ. մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

Ըստ թատերագետ Լևոն Մութաֆյանի փառատոնը այս ութ տարիների ընթացքում ունեցավ իր պատմությունն ու հետագիծը. <<Շնորհիվ փառատոնի թատերական կյանքում նկատվում է նոր շունչ, շարժում>>:

 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոնն առաջին անգամ կայացել է 2006 թ.-ին` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

 

Լուսինե Ասատրյան

 

Հոկտեմբերի 29-ը “Վերադարձի” օրն է

Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ ՓառատոնԱրդեն ավանդական դարձած Վերադարձի Դասական Երաժշտության Յոթերորդ Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Փառատոնի հիմնադիրներ, “Արվեստների Պատկերասրահ”մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը,հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը և փառատոնի մասնակիցները:

Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, կներկայացնեն երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, Ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաև Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Փառատոնի մեկնարկը կլինի հոկտեմբերի 29-ին` Արամ Խաչատրյան Համերգասրահում, որը կսկսվի Մերի Մովսիսյանի կատարումով:Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով` 5 համերգ Երևանում, 1 համերգ Աբովյանում,  և կեզրափակվի նոյեմբերի 20-ին:

“Երբ ես փոքր էր հայրիկս ինձ պատմում էր Կովկասի և Հայաստանի մասին և իմ երազանքն էր լինել Հայաստանում, որովհետև ես շատ հայ ընկերներ ունեմ Եվրոպայում:Ես զգում եմ մարդկանց յուրահատուկ ջերմությունը: Շատ ուրախ եմ ,որ հանդիպելու եմ տեղի մարդկանց հետ և տեսնելու եմ, թե ինչպես է Հայաստանի իսկական կյանքը”,- ասաց Տոմոկո Ակասական:

“Մենք մեր առջև խնդիր ենք դրել  Վերադարձի փառատոնի շրջանակում այսպիսի համատեղ ծրագրի ընթացքում մասնակիցներին  ծանոթացնել հայ մշակույթին”,-նշեց  Մարիամ Շահինյանը:

 

Մերի Բալասանյան