Համերգ` նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին

Արամ ԽաչատրյանՀՀ անկախության օրվա միջոցառումների շրջանակում 2013թ. սեպտեմբերի 18-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էին՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ Բելառուսի «Միասին» երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պետական կոնսերվատորիայի եւ Բելառուսի հայազգի բարերարների աջակցությամբ:

Համերգին ելույթ են ունեցել Հայաստանից ժամանած,
միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը եւ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար Ալեքսանդր Պոլյակովը:

Հնչեցին Ա.Խաչատրյանի, Ա.Բաղդասարյանի, Կոմիտասի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:

Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված գեղանկարչական ցուցահանդես Թբիլիսիում

501.Exhibition on the Armenia's independence 22nd anniversary 19.09.2013Սեպտեմբերի 17-ին Վրաստանի Ազգային գրադարանի սրահում Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված` հայ եւ վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես էին կազմակերպել Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնը` Վրաստանի հայ նկարիչների եւ Վրաստանի հայ երաժիշտների միությունների կազմակերպական աջակցությամբ:

 

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «1991թ. հռչակված հայկական պետության անկախությունը թերեւս վերջին մի քանի դարերի ընթացքում մեր ժողովրդի   ամենանշանակալից ձեռքբերումն է: Սա այն տոնն է, որի մասին դարեր շարունակ երազել են մեր ազգի լավագույն ներկայացուցիչները եւ հանուն որի արել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարինը»:

 

«Հայատառ տանգո»` հայ-արգենտինական մշակույթների խաչմերուկին

DSCN4954«Հայատառ տանգո» երեկոն, որ վկայակոչումն էր հայ-արգենտինական համագործակցությունն ու բարեկամությունը,  ընթացավ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի արգենտինական տանգո «EXPRESSIA» ստեղծագործության հնչյունների ներքո:

DSCN4940Կազմակերպիչները շեշտեցին, որ երկու ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Բացման խոսքում Ալիս Տեր-Ղևոնդյանը շեշտեց երեկոյի կարևորությունն ու  ներկայացրեց օրվա հերոսներին` շնորհանդեսի երկու գրքերը` հայազգի արգենտինացի պոետ Աննա Արզումանյանի «Իմ անունը Հիմա է» բանաստեղծական ժողովածուն և Բուենոս Այրեսում իսպաներենով լույս տեսած հայ ժամանակակից 20 պոետների ստեղծագործությունների հավաքածուն: Երեկոյի ընթացքում հայ պոետների գործերը իսպաներեն ընթերցեց Աննա DSCN4943Արզումանյանը, ով նաև շատ լավ տիրապետում է հայերեին: Իր գրքի շնորհանդեսից առաջ նա կիսվեց զգացողություններով. «Այսօր հարսանիք է ինձ համար, ես ամուսնանում եմ հայ հողի հետ: Պետք է նշեմ, որ ինձ համար սեփական գրքից առավել ուրախալի է շնորհանդեսի մյուս գիրքը: Արգենտինահայ համայնքի  համար այն անգնահատելի է, քանի որ այնտեղի հայերս հիմնականում մահվան՝ ցեղասպանության մասին են հիշում, իսկ այս գիքրը կյանք է», – ասաց Աննա Արզումանյանը:

 

«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին

եվրատեսիլ«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

  1. Մերի Վարդանյան – «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)
  2. Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան)
  3. Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15տարեկան)- «Լուսավորական»  (քաղաք Ստեփանակերտ)
  4.  Պետրոս Ղազարյան -«Դու-դու»  (12տարեկան, քաղաք Երևան)
  5. Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12տարեկան, քաղաք Երևան)
  6. Կարեն Օհանյան -«Share and Like»  (12տարեկան, քաղաք Երևան)
  7. Կարապետ Կարապետյան -«Miracles», (13տարեկան, քաղաք Երևան)
  8. Գայանե Ղազարյան- «We Are Young» (13տարեկան, քաղաք Երևան)
  9.  Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13տարեկան, քաղաք Երևան)
  10. Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13տարեկան, քաղաք Վանաձոր)
  11.  Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15տարեկան, քաղաք Երևան)
  12. Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (12տարեկան, քաղաք Իջևան)

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:

Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:

 

Առաջին ալիքի

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

Աշունը Զանգեզուրը կդիմավորի Երեւանի կրկեսի հետ

Երևանյան կրկեսԵրևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայություն է սկսում Սյունիքի մարզում: Սեպտեմբերի 17-ին թատերախումբը ելույթներով հանդես կգա Քաջարանում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում և Գորիսում:

Էկվիլիբրիստների, ծաղրածուների, ձեռնածուների և աճպարարների ելույթներով  հագեցած բազմաժանր ծրագրում ընդգրկվել են նաեւ 4 նոր համարներ, որոնք պատրաստել են  Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի սաները` Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ: Նրանց համարները ընտրվել են ստուդիայի ընդունելության քննության արդյունքում: Ի դեպ` Երևանի կրկեսային ստուդիան շարունակում է ընդունելությունը և հրավիրում շնորհալի երիտասարդների: Նրանք, ովքեր կառաջարկեն հետաքրքիր, նոր կրկեսային համարներ, նույնպես կմասնակցեն հուրախաղերին:

Մինչ կառուցվում է կրկեսի շենքը, Երևանյան կրկեսի թատերախումբը տարբեր մարզերում կազմակերպում է արտագնա համերգներ: Այս տարի օրինակ` կրկեսն իսկական տոն մատուցեց Լոռվա, Շիրակի, Տավուշի եւ Արարատի բնակիչներին: Երևանի կրկեսի դերասանները նաև առաջին անգամ ելույթներով հանդես եկան Արցախում:

Պատերազմն անավարտ թողեց բոլորի երազանքները

պապիկՇատ դաժան եղավ ցեղասպանությունից մազապուրծ սերնդի ճակատագիրը. անհիմն քաղաքական հալածանքներ, Հայրենական մեծ պատերազմ: Բաղձալի հաղթանակը ձեռք բերվեց բազմաթիվ շնորհալի երիտասարդների կյանքի գնով:

91-ամյա գեղանկարիչ Արմեն Աթայանը հիշում է.

–       1936 թ. ես 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Գեղարվեստի տեխնիկում: Ինձ առաջին կուրսում դասավանդում էր Կորյուն Սիմոնյանը, հետո նրան փոխարինեց Վահրամ Գայֆեճյանը: Չորրորդ կուրսում դարձյալ Կորյունն էր դասավանդում: Հիշում եմ` նա «Կոմունիստների գնդակահարումը Տաթևում» դիպլոմային աշխատանքն էր անում Կոնդում: Մենք տղաներով հաճախ էինք գնում նայելու: Կորյունին մենք կարծես ավելի լավ էինք հասկանում, քան մյուսներին: Հինգերորդ կուրսի կեսից մենք դիպլոմային աշխատանքներ էինք անում և չհասկացանք` ինչու Կորյունը չդասավանդեց: Նրան փոխարինեց Բաբկեն Քոլոզյանը: Նա ևս լավ դասատու էր, կիրթ, լավ էլ սովորեցնում էր: Մեր կուրսի տղաները չէին համակերպվում, ուզում էին, որ Կորյունը դասավանդեր: Նրանք ինձ խնդրեցին. «Դու լավ ես սովորում, խոսի’ր, մենք բոլորս կմիանանք քեզ, մենք սովորել ենք Կորյունին և դիպլոմի  ժամանակ ուրիշ դասատու չենք  ուզում»: Ես բացատրեցի  տղաներին, որ չարժե, Քոլոզյանն էլ լավն է: Սակայն տղաներն անդրդվելի էին: Ես մեր խնդրանքը հայտնեցի Բ.Քոլոզյանին և նստեցի տեղս: Տղաները լռեցին, ոչ ոք ելույթ չունեցավ: Հետո ես բարկացա նրանց վրա, որ այդպես վարվեցին:

Կապը Կորյունի հետ պահում էինք: Մեր գործերը ցույց էինք տալիս իրեն: Նա շատ էր զբաղված և մեզ մոտ հազվադեպ էր լինում: Մենք պիտի ավարտեինք 1941 թ. հունիսի 20-ին, խնդրեցինք, որ մի 5 օր ավելացնեն, քանի որ չէինք հասցնում: Ես և՛ աշխատում էի, և՛ սովորում, որովհետև հորս` Արշակ Աթայանին գնդակահարել էին 1937-ին, չնայած հետո արդարացրեցին:

Դիպլոմի պաշտպանության ժամանակ ներս խուժեց մեր պահակը (վանեցի, բեղերով մարդ էր, «պապաշա» էինք ասում) և ասաց.

– Տղանե՛ր, գերմանացի ֆաշիստները հարձակվել են մեր երկրի վրա, պատերազմ է:

Զարմացանք, ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան:  Սկսեցինք հետևել լուրերին, դրանք սովորականի նման էին, մտածեցինք, թե սխալ է հասկացել: Հետո ժամը 12-ին Լևիտանի ձայնը հայտարարեց, որ պատերազմ է: Գլուխներս կախ հավաքվեցինք տեխնիկումի ամենամեծ դասարանում և նստեցինք պատերի տակ, հենց հատակին: Մտածում էինք` կարճ կտևի, կվերջանա:

Դիպլոմները պաշտպանեցինք: Պաշտպանելու ժամանակ եկավ քիմիայի դասատուն` Սարգիս Ալիմյանը և ասաց.

– Տղանե՛ր, եթե ես որևէ մեկիդ նեղացրել եմ, ներեցե՛ք ինձ, խնդրում եմ վատ չհիշեք:

Դիպլոմի պաշտպանությունը դարձավ մի հանդիսավոր հայրենասիրական դաս: Ալիմյանին ճանապարհեցինք, իսկ ոգին մնաց: Դեռ չգիտեինք, որ առաջիկա գիշերը մեր դասատուներից շատերին տանելու էին ռազմաճակատ, իսկ մեր տղաներին էլ դիպլոմի պաշտպանությունից հետո տարան: Ինձ չէին տանում, բայց գցել էին մի զորամաս, որտեղ մորզե էինք անցնում, սովորում էինք պարաշյուտով իջնել, մեզ պիտի գցեին թշնամու թիկունքը: Ընկերներս բանակում էին, նամակագրական կապը պահում էի, շուտով ինքս էլ կամավոր գրվեցի:

Մեր տղաներից շատ-շատերը զոհվեցին, 22 հոգուց մնացել էինք 4-ը: Երբ վերադարձա, Սարգիս Առուշյանն աշխատում էր թատրոնի նկարիչ, նա վտանգավոր տեղերում էր ծառայել, հրաշքով կենդանի էր մնացել: Մինչև հիմա սիրտս մղկտում է, որ շատ տաղանդավոր տղաներ չվերադարձան` Սևաչերյան Վանիկը, Գևորգյան Համլետը, Ալթունյան Զազիկը, նա իմ ամենամոտ ընկերներից էր, Լևոն Թոթովենցը, Ավագյան Սուրենը, որ տիկնիկային թատրոնում էր աշխատում: Հիշում եմ` թատրոնը Չարենցի դպրոցի տեղում` «Անաստված» կինոթատրոնում էր տեղավորված, իսկ դրա տեղում եկեղեցի էր եղել:

Շատ եմ մտածում, տանջվում ու ափսոսում, որ լավագույն տղաները գնացին, զոհվեցին` Կորյուն Սիմոնյանը, Վանիկ Կարապետյանը, Լևոն Տոնականյանը, Սարգիս Ալեքսանյանը, Անդրանիկ Մարկոսյանը, շատ-շատերը: Հիշում եմ Լևոնին, Լենինգրադում նա ամուսնացել էր Ելենա Տաբակովայի հետ: Տաբակովան հոյակապ նկարիչ էր: Նկարել էր  կոլտնտեսականներին հանգստանալիս, տարել էր ցուցահանդես:  Առաջինը նայել էր Ստալինը և հարցրել աշխատողին. «Այդ ե՞րբ աշխատեցին, որ հիմա էլ հանգստանում են»: Այդքանը հերիք էր, որ նրա նկարը հանեին ցուցադրությունից:

Հետագայում ես ուսումս շարունակեցի Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտում, ինձ Ալ.Օսմյորկինն էր դասավանդում, նա աշխատում էր նաև Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: Նա ինձ շատ բան սովորեցրեց, չտեսնված մարդ էր: Պատմեց, որ 1937-ին Թ.Չորեքչյանը Կորյունի դիպլոմը փչացրեց, պաշտպանության ժամանակ վեր կացավ և հայտարարեց, որ նա օգտագործել է դաշնակցական դրոշի գույները: Այդ պաշտպանությունը չընդունեցին, հաջորդ տարի Կորյունն աշխատում էր իր դիպլոմի վրա, դրա համար էլ մեզ դաս չէր տալիս: Օսմյորկինը շատ էր գովում Կորյունին, ասում էր. «Նա հոյակապ զգում էր լույսը, նա շատ լավ ուսանող էր, դիպլոմային աշխատանքն էլ հոյակապ էր, ափսոս, այդ տականքը փչացրեց»:

Իմ սիրելի ուսուցիչը` Կորյունը, քչախոս էր, զուսպ, շատ տպավորիչ էր բացատրում, ավելի շատ շարժումներով էր ցույց տալիս, երկու բութ մատերով, կարծես ծեփում էր նկարը: Նա գույնը չտեսնված լավ էր զգում: Նրա «Ինքնանկա՜րը» հոյակապ գործ է: Իհարկե, երիտասարդ նկարիչը դեռ պիտի հղկվեր, շատ փորձ ունենար, հետո գտներ իր սիրած ուղղությունը: Կորյունը ցավոք չհասավ դրան իր կարճ կյանքում, պատերազմն անավարտ թողեց բոլորի երազանքները:

 

Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Տեղի կունենա երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համատեղ համերգը

AsulisԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ Այն նվիրված էր երիտասարդական նվագախմբի կողմից անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին և փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 15-ին երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համատեղ համերգին։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրել է, որ վաղը կայանալիք համերգում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը կներկայացնի մեծանուն կոմպոզիտորի Հանդիսավոր պոեմը: Դիրիժորը նշել է նաև, որ սա համատեղ առաջին համերգը չէ. 2011 թվականին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Խոսելով Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մասին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ այն հեղինակի երաժշտության քարոզման առաքելություն ունի. «Երիտասարդական նվագախումբը բազմաթիվ հրավերներ ունի Եվրոպայից, և բոլոր այդ համերգների ժամանակ բացառապես Ա. Խաչատրյան է հնչելու»:

Նա նաև ընդգծել է, որ հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն քարոզը հենց ջութակահար Սերգեյ Խաչատրյանի անձնվեր աշխատանքն է, ով աշխարհի տարբեր բեմերում ներկայացնում է Ա. Խաչատրյանի երաժշտությունը:

Սերգեյ Խաչատրյանը, խոսելով իր հայաստանյան ելույթների մասին, նշել է, որ սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ մի զգացողություն է, որն ուրիշ բեմերում զգալ հնարավոր չէ։ «Երբ Հայաստանում բարձրանում եմ բեմ, գիտեմ, որ իմ ժողովրդի համար եմ նվագում։ Ուրախ եմ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ առաջին անգամ նվագելու ենք Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է շատ առանձնահատուկ։ Եվ ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ տարբեր երկրներում ներկայացնում է հայկական երաժշտությունը՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, ինչը շատ լավ է ընդունվում դրսի հանդիսատեսի կողմից։ Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ պատճառն այն է, որ հայկական ֆոլկլորը խորն է ու յուրահատուկ։

Լրագրողների այն հարցին, թե որն է ճանաչված դառնալու գաղտնիքը, Սերգեյ Խաչատրյանը պատասխանել է՝ շատ պարապել է պետք. «Բացի այն, որ պետք է շատ աշխատես, պետք է նաև շատ սիրել այն գործը, ինչ անում ես»։

Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740թ-ի Ջ.Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան սիրով տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը:

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին

SAMSUNG DIGITAL CAMERAՍեպտեմբերի 12-ին Փարիզում տեղակայված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ նորանշանակ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր նշանակման հայտագիրը հանձնեց կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

 

Պարոն Դիուֆը, բարձր գնահատելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, շնորհավորեց դեսպան Ստեփանյանին նշանակման կապակցությամբ եւ հույս հատնեց, որ նրա նշանակումը կնպաստի կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:

Զրույցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ ՖՄԿ հետագա ծրագրերի վերաբերյալ` գոհունակությամբ արձանագրելով Ֆրանկոֆոն երկրների ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն հաջորդած ՀՀ-ՖՄԿ հարաբերությունների զարգացումը: Կողմերը հատուկ ընդգծեցին Հայաստանի եւ ՖՄԿ միջեւ ստորագրված լեզվական ծրագրի իրականացման ապահովման, ինչպես նաեւ Հայաստանյան բուհերի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջեւ հաստատված հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերի հաջողությունը եւ դրանք շարունակաբար ամրապնդելու կարեւորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ֆրանսիայի Նիս քաղաքում այս պահին ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն ու արդեն արձանագրած հաջողություններին:

 

 

Ջուլիա Զիլբերքվիթ.«Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս»

1-1Սեպտեմբերի 10-ին հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը։ Հնչեցին Սերգեյ Սլոնիմսկի, ՙՀրեական ռապսոդիա՚. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։

Համերգին նախորդած մամուլի ասուլիսում Ջուլիա Զիլբերքվիթը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է և տպավորված է Երևանով։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթներ ունեցել է անցած տարի Օդեսայում։ ՙՆվագախումբն ուղղակի հրաշալի է, մենք կատարել ենք շատ բարդ ստեղծագործություններ։ Ես շատ լավ կապեր ունեմ մաեստրո Սմբատյանի հետ։ Ելույթ եմ ունեցել շատ դիրիժորների հետ. կան դիրիժորներ, ովքեր այնքան էլ շատ չեն սիրում նվագել մենակատարների հետ, սակայն Սերգեյ Սմբատյանը միշտ մեր կողքին է։ Երիտասարդական նվագախումբը շատ լավ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ է և շատ աշխատասեր։ Երբեք չեն նեղսրտում, երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան ևս մեկ անգամ կրկնել։ Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս՚,- նշեց դաշնակահարուհին։ Նա նաև տեղեկացրեց, որ կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկին շատ ուրախ է ՙՀրեական ռապսոդիայի՚ հայաստանյան պրեմիերայի համար։ Սա հեղինակի դաշնամուրային առաջին կոնցերտն է և նվիրած է հենց Ջուլիա Զիլբերքվիթին։

Ջուլիա Զիլբերքվիթը լրագրողների հետ զրույցում ասաց նաև, որ ծանոթ է հայկական երաժշտությանը, շատ է սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը. ՙԱրամ Խաչատրյանի ստեղծագործությունները մեր ռեպերտուարի մասն են կազմում, այնպես, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը։ Ես չգիտեմ որևէ երաժշտի, որ ստանալով մասնագիտական կրթություն դպրոցում, կոնսերվատորիայում՝ չնվագի Խաչատրյանի գործերը՚։

Դաշնակահարուհին տեղեկացրեց նաև, որ Նյու Յորքում բազմիցս է մասնակցել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին, որոնք արդեն ավանդույթ են դարձել և 10-15 տարի անցկացվում են աշնան ամիսներին։ Ըստ դաշնակահարուհու՝ երկու ազգերի այդ մեծ վիշտը համախմբում է մարդկանց։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ուրախալի է, որ այն մենակատարները, ում հետ նվագախումբը մեկ անգամ աշխատում է, ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը։ Սա, ըստ Սերգեյ Սմբատյանի, մեծ ձեռքբերում է։ Նա նաև տեղեկացրեց, որ 2013-14թթ. համերգաշրջանը լինելու շատ բովանդակալի՝ լի անակնկալներով. կան միջազգային պայմանավորվածություններ, Հայաստան կժամանեն հանրահայտ մենակատարներ։ Բացի այդ, նոր համերգաշրջանում երիտասարդական նվագախումբը հրավիրված է լավագույն փառատոների ու գործակալությունների կողմից։

Նվագախմբին համերգաշրջանի բացման առթիվ շնորհավորելու էր եկել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով նշեց, որ նվագախմբի ելույթները երիտասարդական ոգի են բերում մեծ արժեքներին. «Ես շատ ուրախ եմ մեր երիտասարդների աշխատասիրության, նվիրվածության համար»:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

«Շատ համեղ ջուր ունեք, հենց տեսնում եմ, խմում եմ». «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնի չեխական խմբի ղեկավար

PHOTO-~1«Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Իտալիայում օգոստոսին կայացած «Ֆոլկլորը խաղաղության համար» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող «Տոնացույցը» զբաղեցրել է առաջին տեղը: «Հաղթանակը չափազանց անսպասելի էր, թեև մենք մանրամասն պատրաստել էինք յուրաքանչյուր մանրուքը,  Ազգագրության ինստիտուտի հետ էինք համագործակցել: Եվ արդյուքնում ժյուրին գտավ, որ խոհանոցի, ազգային երհի ու պարի լավագույն և ամբողջկան մատուցումը հենց մերն էր», – իր խոսքում շեշտեց Հասմիկ Բաղրամյանը և  տեղեկացրեց, որ շատ շուտով Հայաստանում կմեկնարկի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցելու համար արդեն Հայաստանում են Լիտվայի, Չեխիայի ու Իտալիայի ֆոլկլորային խմբերը:  Իտալիայի «Սամուգեո»  խմբի ղեկավարներից մեկը` Սարա Օլլան վստահ է, որ Իտալիան ու Հայաստանը չափազանց շատ մշակութային նմանություններ ունեն, զորօրինակ լավաշը: «Մեզ հետ Հայաստան ենք բերել Իտալիայի մի փոքրիկ կտոր և ուզում են  ծաղկեցնել այն այստեղ», -ասաց Սարա Օլլան: Իսկ Չեխիայից «Վալասկե Վոյովոդու» ֆոլկլորային խմբերի ղեկավարները արդեն ծանոթ էին առանձին հայ մշակութային գործիչների, հատկապես տպավորված էին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով: Նրանցից մեկը նաև առանձնացրեց հայկական ջրի յուրօրինակ համը. «Շատ համեղ ջուր ունեք, հենց տեսնում եմ, խմում եմ»:

Երիտասարդական նվագախմբի ելույթները Musica Riva փառատոնում մեծ հաջողությամբ են ընդունվել

995760_456438394451873_980696842_nՍեպտեմբերի 6-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Իտալիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Բրունո Սկապինիի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն ամփոփեցին Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը, որին այս տարի որպես հրավիրյալ պաշտոնական նվագախումբ մասնակցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Իտալիայում միջազգային հեղինակավոր այդ փառատոնին մասնակցելը մեծ պատիվ էր: Նա ընդգծեց որ արտասահմանյան բոլոր ելույթների ընթացքում երիտասարդական նվագախումբը կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, և Musica Riva-ն բացառություն չէր։ Փառատոնի շրջանակներում, ի թիվս այլ համերգների, հանդիսատեսին է ներկայացվել նաև «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ Երիտասարդական նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդին), հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։ «Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելը մեզ նոր ազդակ տվեց: Փառատոնին մի շարք հայտնի անուններ էին մասնակցում, և բնականաբար, նվագախումբը նաև հրավերներ և առաջարկներ է ունեցել։ Փառատոնի պաշտոնական նվագախումբ դառնալու հրավերը մենք ստացել ենք փառատոնի կազմակերպիչներից, ովքեր մեր մասին իմացել էին մենակատարների ջերմ կարծիքի շնորհիվ, որոնք ավելի վաղ համագործակցել են մեզ հետ»,- նշեց Ս. Սմբատյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր աջակցում են դասական երաժշտությանը։ Մասնավորապես, երիտասարդական նվագախմբի մասնակցությունը Musica Riva միջազգային փառատոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի («Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ), «Ինեկոբանկի» շնորհիվ։ Աջակցություն են ցուցաբերել նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը, Երևանի ոսկերչական գործարանը և «Կոնվերս բանկը»:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի և նշանավոր այլ երաժիշտների հետ, ովքեր իրենց հիացական վերաբերմունքն են արտահայտել երիտասարդական նվագախմբի վերաբերյալ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն ընդգծել է, որ հայերը շատ երաժշտական են. «Հայաստանում ես շատ ընկերներ ունեմ, մասնավորապես, Տիգրան Մանսուրյանը: Ես շատ ուրախ էի այստեղ հանդիպել Հայաստանի երիտասարդական նվագախմբին: Նրանք շատ երաժշտական, վառ և մեծ ոգևորությամբ են նվագում: Նրանք այնքան երաժշտական էներգիա ունեն, որ ցանկություն է առաջանում՝ որքան հնարավոր է երկար նվագել նրանց հետ: Հայաստանի երիտասարդական նվագախումբը շատ պրոֆեսիոնալ է: Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար»:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին էլ բարձր գնահատեց դեսպանատան համագործակցությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ «Չնայած հայ-իտալական կապերը շատ ամուր են, սակայն սա շատ լավ սկիզբ էր` հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման համար, և ես պատրաստ եմ աջակցել երիտասարդական նվագախմբին` ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- ասաց դեսպանը: Նա առանձնացրեց նաև բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնք դեսպանատան աջակցությամբ անցկացվել են Հայաստանում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Գիրք, որ ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է կարդա

ռաֆայել իշխանյանԼույս է տեսել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի նոր հրատարակությունը: Մինչև սեպտեմբերի կեսը գիրքն արդեն գրախանութներում կլինի:

«Անտարես» հրատարակչությունը եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրավիչ արտաքին, որակյալ թուղթ, ընթերցելու համար հարմար  տառաչափ և հնագիտական գտածոների ու պատմական դրվագների  բազմաթիվ նկարներ: Գիրքն առաջին անգամ ձեռքը վերցնելիս այս հատկանիշներն են աչքի զարնում:

Իսկ մի  քանի էջ կարդալուց  հետո ընթերցողը կհասկանա, որ հենց այս գրքով է պետք կրթել աճող սերնդին: Սա գիրք է, որից կարող են օրինակ վերցնել ժամանակակից դասագիրք գրողները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում լուծել գիտականության և մատչելիության համատեղելիության խնդիրը:

Երեք մասից կազմված գրքում  մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը` սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների թագավորության անկումը:

Գրքի առաջին մասում ներկայացված են հայ ժողովրդի ծագումը, հայոց հնագույն պատմությունն ըստ այլալեզու վկայությունների, Վանի Արարատյան թագավորության, Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերի պատմությունը:

Երկրորդ գրքում հեղինակը ներկայացնում է քրիստոնեության ընդունումը, Արշակունիների հարստության անկումը, հայ դպրության սկզբնավորումը և հայոց պետականության անկումը:

Երրորդ գրքում արդեն ներկայացված են Պարսկաստանին ենթակա Մարզպանական Հայաստանի պատմությունն ու ազատագրական պայքարները, արաբական տիրապետությունը Հայաստանում և Բագրատունիների կողմից հայոց պետականության վերականգնումը, ապա դինաստիայի անկումը:

Ցավոք սրտի, հեղինակը չի հասցրել գրել գրքի չորրորդ հատորը, որում պետք է ներկայացներ Կիլիկյան Հայաստանի պատմությունը: 90-ականների դժվարին օրերին հեղինակն ասում էր, որ գրքի 4-րդ մասը մտքում պատրաստի ունի, մնում է միայն շարադրել: Բայց չէր շտապում, քանի որ  նրա գրքերը սովորաբար երկարատև պայքարի արդյունքում էին հրատարակվում, իսկ գրքի 2-րդ և 3-րդ հատորները դեռևս տպագրված չէին:  Մինչդեռ, ըստ նախնական գաղափարի, գիրքը պետք է վեցհատորյակ լիներ:

պատկերազարդ պատմություն հայոցՀետաքրքիր զուգադիպությամբ գիրքն առաջին անգամ հրատարակվել է Արցախյան շարժման տարիներին և կոչված  էր հայ մանուկին ու երիտասարդին ոչ միայն սովորեցնել իր պատմությունը, օգնել խուսափելու պատմական սխալների կրկնությունից:

Այսօր ևս Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, երբ անընդմեջ երկընտրանքի առջև ենք: Եվ մեծից փոքր հասկանում ենք, որ հարկ է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի դարերի խորքից մինչև XXI դարը հասած հայությունը կարողանա պահպանել պետականությունը: Վերահրատարակված գիրքը  ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին, որ արևմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ` նախ պետք է լինել հայամետ: Եվ սա արվում է ոչ թե քարոզով, այլ պատմական փաստերը կողք կողքի դնելով:

Իշխանյանը պատմական օրինակներով ընթերցողի մեջ սերմանում է այն միտքը, որ պետք է հավասարակշռված  անկախ քաղաքականություն վարել հարևանների հետ` հօգուտ հայրենիքի և պետականության:  Նա հիշեցնում է, որ «քաղաքականության  մեջ միևնույն կրոնը դավանելը նշանակություն չունի, որ ամեն պետություն իր շահն ունի, և հայերի գեղեցիկ աչքերի համար ոչ ոք նրանց չի օգնել և չի օգնի»:

Ասվածի ապացույցը Արշակունիների հարստությունից Արշակ Երկրորդի և նրա որդու` Պապի վախճանն է: «Հայրը զոհ գնաց մի հակառակորդի` պարսիկների, իսկ որդին մյուսի` Հռոմի դավերին: Հայքը թուլանում էր»,- գրում է հեղինակը:

Գրքի ամենակարևոր յուրահատկությունն այն է, որ  հեղինակը կարողացել է հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները ներկայացնել մատչելի լեզվով: Գիրքը հավասարապես ըմբռնելի ու գրավիչ է  թե՛ դպրոցահասակ փոքրիկի համար, որը նոր-նոր է սկսում պատմության ուսումնասիրությունը,  թե՛ գիտակ  մեծահասակի համար:

Հեղինակը աշխատության սկզբում բացատրում է ընթերցողին պատմական տերմինները և մի շարք բառեր, որոնք ներկայիս դասագրքերը չեն բացատրում, և բեռը մնում է ծնողի ուսերին, մինչդեռ ամեն ծնող չէ, որ ունի բավարար գիտելիք կամ ժամանակ այդ ամենը երեխային բացատրելու համար: Օրինակ` սովորեցնում է, թե ինչ է «մ.թ.ա»-ն և «մ.թ.»-ն, ինչպես հաշվել, թե օրինակ` մ.թ.ա. 95 թվականը մեզանից քանի տարի առաջ է եղել, ինչպես որոշել, թե տվյալ թվականը որ դարն է: Նա անհրաժեշտ է համարել նաև տեղեկացնել ընթերցողին, թե ինչ են պապիրուսը, մագաղաթը, ինչպես են պատրաստվել և կիրառվել: Ավելին, ընթերցողը գիտելիք է ստանում նաև, թե մեր պատմության մասին  տեղեկություններն ինչ աղբյուրներից ենք ստանում, ինչպես է պատմությունը գրվում:

Այս ամենը ժամանակին տողերիս հեղինակին բացատրել են ծնողները, քանի որ դասագիրքը նման գիտելիքներ չէր տալիս: Այս աշխատությունը, փաստորեն, լուծում է երեխայի` դասն ինքնուրույն սովորելու խնդիրը,  թեպետ այն դպրոցական դասագիրք չէ:

Աշխատության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ մշտապես կարևորվում է լեզվի` որպես ազգ կերտող և պահող գործոնի դերը: «Զուտ հայկական ամեն առանձնահատկություն իր հիմքում ունի հայոց լեզուն,- բացատրում է Իշխանյանն իր ընթերցողին:- Իրոք, դարերի ընթացքում հայերի գլխավոր ու վճռական առանձնահատկությունը, որը միայն հայերինն է եղել, և որը չի ունեցել ու չունի ուրիշ որևէ ժողովուրդ, լեզուն է` հայոց լեզուն»:

Իշխանյանը հմտորեն կապակցում է հայոց լեզուն և հայոց պատմությունը, ընթերցողին բացատրում, որ չկա հայ առանց հայոց լեզվի,  և չկա հայոց լեզու առանց հայի, քանի որ այն լեզուն, որով չեն խոսում, մեռած է:

Ցավոք, այսօր դպրոցում միջառարկայական կապն այնքան էլ հստակ չէ: Մինդեռ ներկայիս դասագրքերի հեղինակները կարող են Իշխանյանից օրինակ վերցնել, թե ինչպես է պետք մատուցել միջառարկայական կապը:

Կասկած չկա, որ «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը կարդացած աշակերտն իր գիտելիքներով կփայլի ոչ միայն պատմության, այլև մայրենիի դասաժամին:

«Պատկերազարդ պատմություն հայոց»-ը գիրք է, որ ամեն հայ գեթ մեկ անգամ պետք է կարդա, որպեսզի ներսում խլրտա ազգասիրության ոգին, հպարտությունը, որպեսզի երբևէ հանկարծ չարտաբերի օտարների կողմից հայերի մեջ սերմանված այն միտքը,  թե հայոց պատմությունը պարտությունների շարան է, թե հայերը եկվոր են կամ իրենց մեջ ամփոփում են ամենայն վատը: Սա գիրք է, որ ամեն օր պետք է աչքի առաջ ունենալ, իսկ կարդացած ամեն մի տողն էլ ականջին օղ անել:

 

 

Հայաստանը Լոկառնոյի միջազգային կինփառատոնում

SAMSUNG CSCԼոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-ից 13-ը տեղի ունեցավ «Բաց դռներ»  հատուկ ծրագիրը:  «Բաց դռներ» -ի շրջանակներում  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրեց նաև վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի. այդ թվում` Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Թամարա Ստեփանյանի «Անթեղ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» , Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Վարդան Հովհաննիսյանի «Պատմություներ պատերազմի և խաղաղության  օրերից» ֆիմերը:

«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում  է որևէ տարածաշրջանի վրա և այս տարի ծրագիրը նվիրված էր Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին:
«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էին լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել  էին 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլն հաղթահարել էին 12-ը:
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Օքսանա Միրզոյանի «Անդունդ» նախագիծը հինգ մրցանակակիրների թվում էր:

ՀՈՎԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ – 100. շնորհանդես բռնչենու տակ

Փաթիլ-փաթիլ մաղելով

Ձյուն էր գալիս դաշտերում.

Փաթիլները խաղալով

Իջնում էին ու պարում:

 

ՀՄԱյս բանաստեղծությունը Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղական թաղամասում 1912թ. ծնված Հովիկ Մուրադյանը գրել է 14 տարեկան հասակում: 1938թ. բանասեր Արամ Շահենը (Հայրյան) տարվա եղանակներին նվիրված իր կազմած ժողովածուում դրել է այս բանաստեղծությունը Ղազարոս Աղայանի բանաստեղծության կողքին:

Օրերս Ակների մենավոր բռնչենու հովանու հերքո, որտեղ բազալտե մահարձանի տակ ամփոփված է վաղամեռ տաղանդավոր լրագրող, բանաստեղծ Հովիկ Հարությունի Մուրադյանի շիրիմը, տեղի ունեցավ նրա՝ վերջերս հրատարակված «Բերքի երգը» գրքի շնորհանդեսը:

Երիտասարդ Հովիկ Մուրադյանի երազանքն է եղել՝ «Գոնե իրենից հետո տպագրված ունենալ մի գրքույկ»:

Եվ ահա, նրա մահից 80 տարի անց, պոետի բաղձանքը իրականություն են դարձրել թատերական արվեստին նվիրյալներ, համագյուղացիներ Ռուբեն Հակոբյանն ու Ռուսլան Սադաղյանը, դրանով իսկ իրենց հոգու պարտքը կատարել 1912 թվականին ծնված և 1934 թվականին կյանքին հրաժեշտ տված պոետին:

Եվ, ինչպես մանկագիր Սուրեն Մուրադյանն է գրքի առաջաբանում գրում, «Հովիկ Մուրադյանը շնորհալի բանաստեղծ էր: Տպագրվում էր շրջանային «Պղնձի ֆրոնտ»-ում, «Պիոներ կանչ»-ում, «Պիոներ ղեկ»-ում…»: Նրան մտերիմ են եղել մեծանուն գրողներ, լրագրողներ: Երբ մահացել է, գրչակից ընկերներ Սերոբ Սարգսյանը, Արմո Հարենցը, Հայրապետ Հայրապետյանը, Նեմրութը, Էդուարդ Իսաբեկյանը, Սուրեն Հարությունյանը, Վարդգես Բաբախանյանը և Սարգիս Դարբնին են Երևանից տեղափոխել դին Ակներ ու համագյուղացիների հետ հողին հանձնել գյուղի մենավոր բռնչենու տակ:

Եվ մահարձանին փորագրված 1912-1934թթ. հետ նաև գրվել են Հովիկի՝ մահվանից երկու օր առաջ ընկերներին ասված խոսքերը. «Դուրյանն եմ ես, նա էլ այս հասակում մեռավ»:

Նրա շիրիմին միշտ այցի են գնացել ահել ու ջահել, թարմ ծաղիկներ դրել մահարձանի պատվանդանին: Գրքի շնորհանդեսի օրն էլ ծաղկեփնջեր դրվեցին, կատարվեց մոմավառություն:

…Ժողովածուն կազմողների և տպագրության ծախսերը հոգացած «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների հասցեին ջերմ խոսքեր ասաց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Սիրո և հարգանքի սրտաբուխ խոսքեր ասացին «Մանես» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավետիք Թամազյանը և Ակների դպրոցի տնօրեն Անահիտ Ծատինյանը: Շուտով Ակների կրթօջախը կունենա Հովիկ Մուրադյանին նվիրված անկյուն, որտեղ նրա կյանքը և ստեղծագործական ժառանգությունը բնութագրող նյութերի կողքին տեղ կգտնի նաև նրա «Բերքի երգը» ժողովածուն: Գրքույկում ոչ միայն նրա բանաստեղծություններն են, այլև պատմվածքները, մի փունջ նրա թղթակցություններից, ինչպես նաև նրա նամակները, նրա մասին ասված խոսքերը և հարազատների մոտ որպես սրբացած մասունքներ պահվող նրա փաստաթղթերի կրկնօրինակները:

Լրագրող Արմենուհի Սադաղյանը արտասանեց պոետին նվիրված բանաստեղծությունը:

Հովիկ Մուրադյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան «Ասմունքի թատրոն»-ի սաներ Վիկտորյա Կոնինյանը, Մարգարիտ Մուրադյանը, Լուսինե Սադաղյանը, Ալլա Ծատինյանը, Լուսինե և Ալինա Շավինյանները:

Աշուղ Ջիվանու և ժողովրդական երգերի կատարմամբ հանդես եկավ ակներցի երգիչ-երաժիշտ Ջիվան Կոնինյանը:

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Կոպենհագենը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2014»-ը

Eurovision-logoԴանիական ազգային հեռարձակող DR  հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից:

Այդ օրերին B&W Hallerne համերգասրահը և դրան հարող տարածքը կփոխակերպվեն Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կրում է  «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:

Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը:

2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժին

Տղամարդիկ ամոթ են համարում դիտել այս ֆիլմը

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկ ամիս է՝ վերջացել է, սակայն շատերը դեռ շարունակում են խոսել այդ մասին: Ներկայացնում ենք «Անկախի»  բացառիկ հարցազրույցը «Երկու հոգու միջև» ֆիլմի ռեժիսոր Լորանս Պերիգոյի հետ:

– Լորանս, ինչի՞ մասին է ֆիլմը:

– Այն մենեջմենթի դասախոս Քրիսի մասին է, որն իրականում իրեն ո՛չ տղամարդ է զգում, ո՛չ էլ կին, այլ ավելի շուտ զույգ սեռերի միջև: Քրիսը, 60-ը բոլորելով, կատարում է իր կյանքի ամենամեծ և պատասխանատու քայլը` սեռափոխման վիրահատություն Թաիլանդում, որի շնորհիվ դառնում է Քրիստա:

– Ինչո՞ւ ֆիլմի համար ընտրեցիր հենց այդ թեման:

– Ուսանելով մարդաբանություն, սոցիոլոգիա` ինձ հետաքրքրում էին գենդերային, սեռային հարցերը: Սովորելու տարիներին հասկացա, որ գենդերային խնդիրները, մարդիկ տարբեր երկրներում տարբեր կերպ են ընկալվում և ներկայացվում: Ուստի ֆիլմի միջոցով փորձեցի ճանաչել աշխարհն ու կոտրել կարծրատիպերը:

– Ինչպե՞ս գտար ֆիլմի հերոսին:

– Երբ դեռ ուսանող էի, հանդիպեցի հայրիկիս ընկերոջը՝ Քրիսին, որը շշուկով ինձ ասաց. «Մի քանի օրից մեկնելու եմ Բանգկոկ` սեռս փոխելու»: Ես անմիջապես դիմեցի համալսարան, որտեղ սովորում էի, գումար և տեսախցիկ ստանալու համար, և Քրիսի հետ մեկնեցի Թաիլանդ: Բացի այդ,  դա իմ մագիստրոսական թեզն էր:

– Հետաքրքիր է: Իսկ ինչպիսի՞ն էր Քրիսի/Քրիստայի արձագանքը ֆիլմում նկարահանվելուն:

– Նա ինքն էր ցանկանում ներկայացնել սեփական պատմությունը, որպեսզի աշխարհն իմանա այդ խնդրի մասին:

– Սեռափոխություն… Մի տեսակ խորթ է մեր երկրի համար: Ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը ֆիլմը դիտելուց հետո:

– Երևանում, օրինակ` մարդիկ հետաքրքրությամբ էին դիտում, սակայն շատ հաճախ, հատկապես` տղամարդիկ,  ամոթ էին համարում և հրաժարվում էին այն դիտել:

– Անգամ եթե ֆիլմի գլխավոր դերակատարը խիզախ է, այնուամենայնիվ նրա աչքերում նկատելի էր խորը քողարկված թախիծ: Նա երբևէ զղջացե՞լ է արած քայլի համար:

– Քրիստան երբեք այդպիսի բան չի ասել: Ընդհակառակը, նա միշտ ցույց է տվել, որ երջանիկ է, հատկապես` վիրահատությունից հետո:

– Ֆիլմից կարելի է դատել, որ Քրիստայի ընկերներն ու մտերիմները նրան ընդունել են:

– Իրականում մարդիկ հաճախ թաքցնում են իրենց կասկածներն ու կարծիքները: Այնպես որ, չենք կարող իմանալ՝ ինչպես են նրանք վերաբերվում այդ խնդրին և Քրիստայի արած քայլին:

– Որքանո՞վ է գեղագիտական և բարոյական նկարահանել իրական վիրահատությունը:

– Վիրահատություն նկարահանելն այդքան զզվելի չէ, որքան թվում է: Իրականում տեսախցիկը չի արտացոլում պատկերի ամբողջ ազդեցությունը՝ կարծես պաշտպանելով մեր հոգեկանը:

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց ֆիլմի նկարահանման համար:

– Քրիստի կյանքին հետևել եմ մեկ տարի, որի ընթացքում իր բժշկին նա համոզում էր վիրահատությունից հետո հորմոններ ընդունել:

– Կպատմե՞ս քո կարիերայի մասին: Ինչպե՞ս դարձար կինոռեժիսոր:

– 19 տարեկանում մեկնեցի Փարիզից` Նյոշատելի (Շվեյցարիա) համալսարանում մարդաբանություն, Rec Pruductions կինոընկերությունում նկարահանում և մոնտաժ սովորելու, այնուհետև՝ Canal Onex-ում աշխատելու համար: 2006-ին երկու ամսով ուղևորվեցի Հնդկաստան որպես Պոլ Ռոնյոնիի «Աստվածների պարը» ֆիլմի ռեժիսորի ասիստենտ, իսկ 2008-2009 թթ. նկարահանեցի Քրիստա Մութի սեռափոխման ընթացքը «Երկու հոգու միջև» վավերագրական ֆիլմում: Իսկ 2010-ին աշխատանքի անցա RTS-ում, որտեղ էլ դարձա ուղիղ եթերով հեռարձակվող շոուների և լուրերի թողարկման ռեժիսոր:

– Կարո՞ղ ես երեք բառով նկարագրել քո անձը:

– Հմմ՜, փորձեմ… Նախ և առաջ հետաքրքրասիրությունը, որի շնորհիվ ծանոթանում եմ տարբեր մարդկանց հետ, կատարելության անվերջ ձգտումը, որը երբեմն ինձ ուժասպառ է անում և, վերջապես, զգացմունքայնությունը, որի շնորհիվ կարողանում եմ ֆիլմեր նկարահանել:

– Նոր ծրագրեր կա՞ն:

– Այո: Ցանկանում եմ անկախ ծրագիր ունենալ հեռուստատեսությունում: Ապագան ցույց կտա:

– Իսկ ե՞րբ կարող են մարդիկ դիտել «Երկու հոգու միջև» ֆիլմը:

– Պետք է սպասել մոտ մեկ-երկու տարի: Այդ ընթացքում ֆիլմը պետք է վաճառեմ DVD-ի տեսքով, այնուհետև տեղադրեմ համացանցում:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 

Վախճանվել է Նոբելյան դափնեկիր Շեյմաս Հինին

pic_830af7b8efc0fa0727e871b916287efbԱյսօր առավոտյան Դուբլինում,  75 տարեկանում մահացել է բանաստեղծ, գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Շեյմաս Հինին:

Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է “Նատուրալիստի մահը”: Նա  բանաստեղծություների 10 ժողովածու է լույս ընծայել, մի շարք էսսեների ու թարգմանությունների հեղինակ է:

1995-ին արժանացել է Նոբելյան մրցանակի “պոեզիայի քնարական գեղեցկության ու գեղագիտական խորության համար, որը մեր առջև բացում է  զարմանահրաշ առօրյան ու կենդանացնում անցյալը”: Նա նաև Թ.Ս.Էլիոթի ու Դևիդ Կոենի մրցանակների դափնեկիր էր:

Սթիվ Ջոբսի սննդակարգը Կատչերին հիվանդանոց է գցել

52202779-30f2-a2db-30f2-a2d4ef8c8623.photo.0Սթիվ Ջոբսի կերպարի մեջ մտնելու համար, դերասան Էշթն Կատչերն ուսումնասիրել է ոչ միայն Ջոբսի խառնվածքը, այլև իր վրա է փորձել նրա կենսակերպը:

Հայտնի է, որ Ջոբսն ինքն իրեն հսկում էր ամբողջ կյանքում: Նա խստիվ հետևում էր սննդակարգին:

”7 օր” ամսագրին տված հարցազրույցում Կատչերը պատմել է.”Ինձ թվում էր, որ բնական խաղալու համար պետք է ոչ միայն այդ մարդու մասին իմանամ, այլև փորձեմ այն ամենը, ինչ նա է արել: Հակառակ դեպքում` մարդուն չես կարող զգալ, եթե նրա մաշկի մեջ չես մտնում: Կարդացի այն գիրքը, որը Ջոբսը համարում էր իր սնդդակարգի սուրբ գիրքը: Այն հիմնված է մի գաղափարի վրա, որ  միայն խաղողաշաքարն է օգտակար առողջությանը”:

Որոշ ժամանակ Էշթնը հետևեց այդ սննդակարգին, սակայն հետևանքն անմխիթար էր.”Երևում է` այդ գրքի հեղինակը ճիշտ չէ: Պատկերացրեք, մեկ շաբաթ ես կերա միայն խաղող, հաջորդ շաբաթ` գազար: Հետո վերջնականապես վերածվեցի բուսակերի: Ու… հայտնվեցի հիվանդանոցում”:

Դերասանի օրգանիզմը չդիմացավ նման փորձարարությանը: Նա պատմել է, որ հետազոտությունով պարզվել է, որ նրա մոտ շաքարի մակարդակն արյան մեջ փոփոխվել է, իրեն տանջել են ենթաստամոսագեղձի ցավերը.”Բժիշկներն ապշած էին: Փորձն իհարկե չստացվեց, դրա փոխարեն ես հիմա ավելի եմ հիանում Սթիվի կամքի ուժով”:

Երևանում բացվել է «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» ցուցահանդեսը

cucahandesԱյսօր Երևանի Նորարար փորձարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացման արարողությունը, որը իրականացվել է Հրանտ Դինքի Հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ ջանքերով: Հանդիսատեսի դատին ներկայացվեցին ծրագրի մասնակիցների արած լուսանկարները՝ Կարսում և Գյումրիում:

Փակվելով 1993 թվականին` թուրք-հայկական սահմանը շարունակում է բաժանել մարդկանց, գյուղերը, երկաթուղին, երեխաների ծիծաղը և հիշողությունները: «Սպասումից վեր» ցուցահանդեսը պատկերում է Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը:
Բացի լուսանկարներից, ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան դիտելու հինգ փաստագրական ֆիլմ, որոնք հանդիսանում են Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիօղլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ աշխատանքը: Ֆիլմերը նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է Նիդեռլանդների Թագավորության Գլխավոր Հյուպատոսարանի և Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատան կողմից: Ցուցահանդեսը, որը Ստամբուլից հետո տեղափոխվեց Երևան, հանդիսատեսի համար բաց կլինեն մինչև սեպտեմբերի 7-ը:

 

Գերադասելի է կինը միկրոֆոնով, քան թե տղամարդը կանացի զգեստով

Lianna Zurabyan«Ասմունքի եւ խոսքի իմացության տեր մարդը պետք է անցկացնի հանդիսություններ Ուրախ հանդիսությունն ասոցացվում է թամադայության հետ: Թամադա խոսքն անցել է, դա արդեն հետին էտապում է, կարեւոր է լինել գիտակ, իմացությամբ հարուստ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնիներն ու անհայտները հանդիսավար, հանդիսավարություն, թե՞ թամադայություն թեմայի շուրջ նշեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը:

Նրա խոսքով ինքն ունի շնորհ ասմունքելու, նա պարտավոր է ծառայել իր ժողովրդին.

«Կենացը կյանք է, յուրաքանչյուր մարդու համար բաժակ բարձրացնելով մենք պետք է ներկայացնենք նրա կյանքը, ներկան, անցյալը եւ ապագան, շատ կարեւոր է ունենալ մեծ բառապաշար: Մենք բոլորս ապրում ենք այս ժամանակավոր հյուրանոցում եւ ունենք առաքելություն»:

Հանդիսավարը կարծում է, որ խոսքը ուժ է, իսկ կին հանդիսավար ընտրում են այն մարդիկ, ում մտահորիզոնը ավելի զարգացած է: Կենացը գովք է, բայց ռեստորաններում կուլտուրան պակասում է, մատուցողներին, օպերատորներին եւ անգամ երաժիշտներին պակասում է ներքին կուտուրան:

Հանդիսավար Նարինե Զուրաբյանի համոզմամբ հարսանեկան արարողությունը նման է մեծ լսարանի, նա էլ իրեն մանկավարժ է զգում, անհրաժեշտ է հյուրերի հետ անցկասցնել լուրջ կյանքի դաս.

«Խոսքի հետ միաժամանակ կարեւոր է իմպրովիզ հասկացությունը: Ցանկացած հարսանիք տարբեր է լինում, կան դասական մարդիկ, կան ռաբիսներ, կան կլասիկներ: Մենք փորձում ենք ելակետ գտնել, համեմել նրանց եւ ուրախացնել»:

Նրա պնդմամբ կան նաեւ տարօրինակ պահանջներով պատվերներ, արտասահմանից եկած հայերի մի մասի համար միեւնույն է, թե ինչպես կանցնի միջոցառումը: Գերադասելի է կինը միկրոֆոնով, քան թե տղամարդը կանացի զգեստով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ