Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է ապամոնտաժվի. ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողով

նիստՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործմանխնդիրների ենթահանձնաժողովում ս.թ. օգոստոսի 27-ին տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը:

Նիստին մասնակցել են ենթահանձնաժողովի անդամներ, անվանի ճարտարապետներ: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտվել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու անհրաժեշտությունն ու առանց համապատասխան նախագծի և մասնագիտական քննարկման այն ձևափոխելու

անթույլատրելիությունը: Մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել սալիկապատման գործընթացի նկատմամբ պատկան մարմինների ոչ համարժեք գնահատականի և քայլերի վերաբերյալ:

Ենթահանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված մասի սալիկները հեռացնելու առաջարկով ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մտավորականների բաց նամակի վերաբերյալ:

Ենթահանձնաժողովը գտնում է, որ 350 ստորագրությամբ բաց նամակը և Գանձասարի պարսպի պատմությունը  ենթակա չեն քննարկման, քանի որ հստակ է, որ.

1. Պատմամշակութային բարձր արժեք հանդիսացող Գանձասարի վանքային համալիր-հուշարձանի նկատմամբ տարվում է աղավաղումների և պատմական կեղծիքների իրականացման գործընթաց, որի կասեցման պահանջով հանդես է եկել Հայաստանի մտավորականությունը` պաշտպանելու իր ազգային- պատմական հուշարձանը, ժառանգություն ստացած իր սրբավայրն ու իր պատմությունը:

2. 13-րդ դարում (կամ ավելի վաղ) կառուցված Գանձասարի շրջապարիսպը մշտապես մնացել է

կանգուն մինչև այժմ: Կառուցումից հետո վերանորոգվել է մի քանի անգամ, այն էլ միայն վերին շերտերը` պահպանելով նախկին`միջնադարյան պատմական տեսքը: Վերջին «վերանորոգման» ժամանակ  աղավաղվել է պարսպի թե´ որակը, թե´տեսքը, թե´ միջնադարյան ճարտարապետական կառուցվածքը, դրանով իսկ աղավաղվել ու կեղծվել է վանքային համալիրի ամբողջականության պատմությունը, որոնք փաստեր են, և որի մասին հայ մտավորականությունը ներկայացրել է «Բաց նամակում»:

3. Մասնագիտական ուսումնասիրությունները, եզրակացությունները, առաջարկություններն ու պահանջները ենթակա չեն այլոց (ոչ մասնագետ ղեկավար, բարերար, մեծահարուստ, հոգևորական և այլն) կողմից ուսումնասիրման կամ վերլուծության (քննարկման), իսկ բաց նամակը գրված և ստորագրված է բացառապես մասնագետների  մեծամասնությամբ (220-ից ավելի).

70  ճարտարապետ և հնագետ,

50  պատմաբան,

25  աստվածաբան, վիմագրագետ, ազգագրագետ,

75  արվեստի գործիչներ (մշակութաբաններ, նկարիչներ, քանդակագործներ…),

մատենադարանի, ակադեմիայի (և այլ) գիտաշխատողներ,

ինչպես նաև`

55  գրողներ, բանաստեղծներ, բանասերներ,

32  հասարակական-քաղաքական կազմակերպություններ:

Բաց նամակի ստորագրողներից 60-ից ավելին ակադեմիկոսներ և դոկտոր – պրոֆեսորներ են:

4. Քանի որ 350 ստորագրությամբ նամակն ուղղված է ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին` հաշվի առնելով իրավիճակի լրջությունն ու խնդրի անհապաղ լուծման կարևորությունը, ուստի նամակի պատասխանն էլ ենթահանձնաժողովն ակնկալում է ստանալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանից և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:

Ենթահանձնաժողովն անընդունելի է համարում ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության

վարչության պետ Ս. Շահվերդյանի 2013 թ. հուլիսի 10-ի գրությունը, որն ընկալվում է իբրև ձևական և հասարակությանն ապակողմնորոշելու միտում ունեցող, քանի որ նույն վարչությունը նույնաբովանդակ գրություն հրապարակել է դեռևս 2012 թ. դեկտեմբերի 14-ին` Գանձասարի պարսպի երեսպատումը Լևոն Հայրապետյանի կողմից վերսկսելուց երեք շաբաթ անց` մասնագետների և հասարակայնության պահանջով և կրկնվել է դեկտեմբերի 26-ին, երբ երեսպատումը շարունակվում էր և դադարեցվել էր մարտ-ապրիլ ամիսներին` մասնագետների և հասարակայնության պահանջով:

Ենթահանձնաժողովը գտնում է, որ նշված գրության մեջ նկատելի է արհամարհանք մտավորականության նկատմամբ` 350մտավորականներին անվանելով «մի խումբ», իսկ երեսպատման գործընթացն արդարացնող անտրամաբանականպատճառաբանությունները հաստատում են, որ եզակի կառույցը գտնվում է կա՛մ մշակույթից, ազգային արժեքներից, հուշարձանից, պատմությունից ու պատմական ժառանգությունից, առավել ևս` քաղաքականությունից հեռու մարդկանց տնօրինության տակ, կա՛մ միջնադարյան հայկական ճարտարապետությունն ու սրբավայրի պատմությունն

աղավաղելու, խեղաթյուրելու գիտակցված գործընթաց է սկսված:

Ուստի, կարևորելով Գանձասարի վանքային համալիրի ամբողջականությունը կեղծարարությունից զերծ պահելու հանգամանքը, ինչպես նաև բարձր գնահատելով հայ մտավորականության դերը և արտահայտած հստակ դիրքորոշումն այս հարցում`  ենթահանձնաժողովը որոշում է.

Դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` հետևյալ խնդրանքով.

ընդունել «Բաց նամակ»-ի պահանջները և բարձր հսկողության ներքո.

ա) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անհապաղ կայացնել Գանձասարի շրջապարսպիերեսպատված մասը ապամոնտաժելու և պատմական իմաստին,  ոճին  ու որակին  համապատասխան լիարժեք  վերականգնելու որոշում:

բ) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անմիջապես հրավիրել մասնագետ-հնագետների,գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների և հուշարձանագետների` մասնագիտորեն կազմակերպելու և սկսելու  շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ

քարե սալիկների հեռացման աշխատանքները` ապահովելով մասնագիտական

խիստ հսկողություն, որից հետո կվերացվեն համալիրում գոյություն ունեցող թերությունները, կկատարվեն վերանորոգման  աշխատանքներ, և  հուշարձանին կվերադարձվի իր պատմականորեն

անաղարտ տեսքն  ու  խորհուրդը` որպես  Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:

 

ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովն իր պատրաստակամությունն է 

հայտնում նշված բոլոր աշխատանքներում ապահովել  բարձրակարգ մասնագետների 

մասնակցությունը` ապամոնտաժման գործընթացը  պահելով իրուշադրության  ներքո, 

անհրաժեշտության դեպքում հրավիրելով նիստեր և անցկացնելով հանրային քննարկումներ:

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների,

հուշարձանների պահպանության, պատկանելության

և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողով

Ընկերության մեջ Ազատի չափն անչափելին էր

AZAT SILVA 2Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է  նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:

– Մեծ արտիստի հետ մեր ծանոթությունը 30 երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Առաջին անգամ նրան տեսա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում. բուլղար դրամատուրգ Պանչո Պանչևի «Չորս նմանակ եղբայրները» պիեսում մարմնավորում էր չորս եղբայրներին: Ցնցվել էի… Այդ օրվանից ուղղակի փնտրում էի այդ դերասանին, դա 1975 թվականն էր. հետո «Երջանկության մեխանիկան» ֆիլմի Ռուբենը, որ յուրաքանչյուր հայի սիրելին դարձավ, այնքան հմայիչ էր, էլ չեմ ասում հեռուստաթատրոնում նրա անձնավորած բազմաթիվ դերերը` Շոշիան, հատկապես Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսում, որ նրա դերասանական տաղանդի մասին շատ բան էր ասում: Չգիտեմ` որ մեկը թվեմ…

Ազատ Գասպարյանը պոեզիայի գիտակ էր և բեմից հրաշալի էր ներկայացնում Չարենցի, Սևակի պոեզիան: Հատկապես երբ բեմադրիչները նրան չէին ուզում նկատել, այդ պարապը նա լցնում էր չափածո տողով, էստրադան նրան հնարավորություն էր տալիս շփվելու հանդիսատեսի հետ:

Ինքս էլ սկսել էի բեմերից արտասանել և պատճառը հենց դա էր, որ իմ սիրած արտիստի հետ միևնույն բեմերում հայտնվելու բարեբախտություն ունեցա` թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում: Անշուշտ, բեմադրիչները մեղքի իրենց բաժինն ունեն, այդպիսի հզոր դերասանին պարապ թողնելը, իհարկե, մեղք էր, նրա համար պիտի ռեպերտուարային պիեսներ բեմադրեին, որ տոմս գնեինք և գնայինք հատուկ վայելելու նրան… Բարեբախտաբար, կինոն շռայլ եղավ, հրաշալի կերպարներ արձանագրեց Ազատ Գասպարյանը հայ կինոյի պատմության էջերում, փայլուն դերակատարումներ: Նա հազար մարդ էր, կարող էր հանճարեղ կերպով ամենատարբեր բնավորությամբ մարդկանց կաշվի ու էության մեջ մտնել ու անճանաչելի վերափոխվել: Դրա համար, իհարկե, բնածին տաղանդ է պետք: Ես խենթանում եմ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գյումրեցի միլիցիոներ Մեսրոպի համար, նա գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին այդ դերում չի զիջում, նույնքան սիրելի է, միայն քայլվածքը բավական է: Էլ չեմ խոսում հանճարեղ Չարենցի` վերամարմնավորման մասին, որ դարձավ նրա ոգու և տարերքի կրողը: Ավելի լավ ասել է մեծն Հրանտ Մաթևոսյանը.«Չարենցիանան գտել է իր պատվախնդիր ու քանքարավոր տիրոջը` Ազատ Գասպարյանին, ում հայացքով ենք տեսնելու Չարենցի աշխարհը, ինքը մեր նոր ու նորոգ վերաբերմունքի, հիացումի ստեղծիչը եղավ և լինելու է…»:

– Փաստորեն Ազատ Գասպարյանը Չարենցի լավագույն մեկնաբաններից էր:   

– Այո:  Նա պատմում էր, որ 10-րդ դասարանում է իմացել, թե ով է Չարենցը: Ասում էր՝ այդքան ուշացումով: Պատմում էր, որ 1963-ին ձեռքն էր ընկել Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին», այն էլ առաջին հրատարակությունը:

Ինստիտուտում՝ սովորելու տարիներին նրա երազանքն էր Չարենց խաղալ, և այդ մասին գիտեին բոլորը. դա գիտեր նաև իր կուրսի ղեկավարը՝ Վարդան Աճեմյանը: Ազատն ասում էր. «Ես այն ժամանակ չգիտեի էլ, թե ինչ-որ նմանություն ունեմ նրա հետ: 1967-ին Չարենցի 70- ամյակի տոնակատարության ժամանակ Վարդան Աճեմյանը ծիծաղելով ինձ ներկայացրեց Նորենցին ու ասաց. «Սրան տես, ուզում է Չարենց խաղալ»: Նորենցը բաց արեց ծոցատետրը ու կարդաց. «Հասակը 1 մ 64 սմ»: Ես էլ գոռալով ցատկոտեցի՝ համընկնում էր, հետո էլի ինչ-որ բաներ ճշտեց, ասաց, որ արտասանեմ: Իմ արտասանությունն էլ նրան դուր եկավ, ասաց. «Կարող ես խաղալ»: Դրանից բավական անց ինձ կանչեցին «Հայֆիլմ»՝ «Երկունք» ֆիլմի փորձնական նկարահանումներին»:

Ազատն այն ժամանակ չգիտեր էլ, թե ինչ է վերցնում ուսերին: Առաջին անգամ ամբողջ ուժգնությամբ զգաց, երբ արդեն ընտրված էր Չարենցի դերակատար և նստած էր գրիմանոցում: Ասում էր. «Նայեցի հայելու մեջ, ու սարսուռ անցավ մարմնովս, առաջին անգամ նա երևաց ինձ իր ողջ խորությամբ, կարծես հոգուս աչքերով տեսա»:

Մահից մի քանի օր առաջ ասաց, որ ուզում է գալ և ֆոնդի համար ձայնագրվել, ասացի` եթե հրաշքով բարձրանա 2-րդ հարկ, որտեղ ստուդիաներն են, ռադիոյի ղեկավարությունն իր ոտքերի տակ գորգ կփռի: Բարեբախտաբար, ռադիոյի ոսկե ֆոնդում ունի բավական կտորներ պահված… Եթե պոեզիայի երեկո էր լինում, ինչքան էլ ցանկությունդ մեծ լիներ Չարենց հնչեցնելու, Ազատի ներկայությամբ քաշվում էիր, ինձ երբեմն ինքն էր առաջարկում, միևնույն է, Չարենցը իր տարածքն էր…

– Կա՞յին դերեր, որոնք նա կցանկանար մարմնավորել, բայց...

ազատ գասպարյան– Իհարկե, կային: Երազում էր Սարոյանի Վեսլի Ջեքսոնը խաղալ, բայց չի իրականացել, տարիքն անցել էր, ինքը շատ նման էր մարդկային նկարագրով Վեսլիին, Վեսլիի նման ինքն էլ մարդկային զգացումների շռայլություն էր` խիղճ ու բարություն, ուրախություն ու ցավ: Թվում էր` Ազատը արտաքուստ ամենաուրախ մարդն է, բայց տխուր լինելու բազմաթիվ պատճառներ ուներ հոգու խորքում… Մի առիթով գրել է. «Ոզում էի Վեսլի Ջեքսոն խաղալ, չեղավ, Սիրանո դը Բերժերակ խաղալ` չեղավ»:

– Ինչպիսի՞ ընկեր էր Ազատը:

– Հայ մարդու, երկրի, ընկերոջ, ընտանիքի բախտով հրճվող ու տառապող էր, միաժամանակ անսպառ հումորի տեր, կատակող, իմաստուն սեղանակից էր: Կարծես ազգային մշակութային արժեքները պահող շտեմարան էր, ե՞րբ էր հասցրել այդքան կարդալ, հրաշալի գրում էր, նկարում, նստում դաշնամուրի առջև, քայլող բանահյուսություն էր: Վստահ եմ ասում` որտեղ հայտնվեր, տոն էր, շենացնող, հավերժ երիտասարդ, միշտ մանուկ… Ես նրա հետ շփվելիս միշտ Համո Սահյանի տողերն էի հիշում. «Երանի նրան, ով մեծացել է ու երեխա է մնացել դեռ…»:

Իր մեջ ամբարված  սիրո հսկայական պաշարից լիուլի հասցնում էր բոլորին և ամեն մեկը մտածում էր, թե ինքն է նրա ամենասիրելին: Ընկերության մեջ նրա չափն անչափելին էր: Ե՛վ նվիրումն էր շատ մեծ, և՛ հավատարմությունը, դա մի քիչ դժվար է, գիտե՞ք, երկուսը միասին հազվագյուտ մարդիկ ունեն, ավաղ՜…

 

– Հիվանդության մասին գիտե՞ր:

– Մեջքը ցավում էր: Կես տարի առաջ գնացել էինք Լատինական Ամերիկա, հայ համայնքին հյուր, այնքան առույգ էր, կենսախինդ, դե, հանդիպումներ, ելույթներ, հյուրասիրություններ, պտույտներ, ես տրտնջում էի և այդ ռիթմին չէի դիմանում, ինքը հանդիմանում էր, չնայած իր թևը ցավում էր: Ասում էր, որ թատրոնի բեմում ներկայացման ժամանակ վայր է ընկել փոսի մեջ և ժամանակ առ ժամանակ ցավը զգացնել է տալիս: Այս ձմռանը մեկ ամիս չէի տեսել, հեռախոսով ասաց, որ այդ թևի պատճառով գնում է մերսումների, բայց վիճակը նույնն է, հիմա էլ մեջքն է ցավում: Մայիսի 31-ին միասին Կամերայինի դահլիճում ելույթ ունեինք, ասաց, որ հաջորդ օրը բժշկական զննության է գնալու…

Հունիսի 1-ին իմացանք իր անբուժելի հիվանդության մասին: Ինքը չգիտեր, որ թոքի քաղցկեղ ունի և տարածված է, նույնիսկ խորհուրդ չտվեցին տեղափոխել արտասահման: Հիմա ես կարծում եմ, որ ինքը գիտեր, գլխի էր ընկել, մենք իր կողքին, կարելի է ասել, կապիկություն էինք անում, բայց ավելի շատ ինքն էր զվարճացնում ընտանիքին, ընկերներին:

Ի դեպ, վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց առաջ, որտեղ օրուկես մնաց, ես և նկարիչ Հաղթանակ Շահումյանը իր տանն էինք, 100 տարվա կոնյակ մեզ հետ խմեց, կատակեց, երգեց, ոտքի վրա, երբեք անկողնում չպառկեց, ես հրաժեշտ տալիս շատ ուրախ փաթաթվեցի և ասացի Վեսլիի խոսքերը. «Ապրի՛ր Ազատ ջան, քանի դեռ չի ընդհատվել շնչառությունը, մտիր վարդերի պարտեզը, շնչիր բույրը….»:

Շատ էր սիրում այդ խոսքերը: Հիվանդանոց երկու օրն էլ գնացի, ներս չմտա, պատմեցին, որ վարչապետ Սարգսյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այցելել են, այդ պահին արթուն է եղել,  երգել  ու արտասանել է: Նա երգելով գնաց այս աշխարհից, համոզված եմ` հիմա դրախտում է… 

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943-ին, Երևանում:

1970 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը:

1969-ից սկսած`  խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի, Երևանի դրամատիկական թատրոններում, Հայկական հեռուստաթատրոնում, «Մետրո» թատրոնում, Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1984 թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976 թ.), «Մեր մանկության տանգոն», (1984 թ.), «Կարոտ» (1990 թ.) «Հեղնար աղբյուր» (1970 թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում:

1999 թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն:

2000-2004 թթ. եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980-ից` վարչության անդամ: 2005 թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

2006 թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008 թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009 թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների:

2003 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սևակի և այլոց երկերը:

2011 թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում: Մահացել է Երևանում:

«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են».Փարավոն Միրզոյան

Paravon-Mirsoyan-1024x682«Նկարիչների միության կեսից ավելին Բեքարյանի ձեռքի տակով է անցել: Ստեղծագործությունները բանաստեղծություններ են, նա գեղանկարչության Վահան Տերյանն է: Նա մշակույթի գիտակ էր, հանրագիտարանային գիտելիքներով լցված մարդ: Նկարները լավատեսական են, գեղեցիկ, բարի, ազնիվ: Նա սիրահարված էր իր աշխատանքներին, իր փոքրիկ Հայաստանն անհամեմատելի էր»,- այսօր ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ նշեց գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը:
Նրա խոսքով Բեքարյանը ազգային հարստություն էր՝ ազգային արժեք: Այսօր խոնարհման օր է:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի պնդմամբ բազմաթիվ ուսանողներ ցանկանում էին սովորել միայն Բեքարյանի արվեստանոցում: Հայ գեղանկարչության մեջ նա ինքնատիպ էր:
«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են, բայց այն ժամանակ նկարչության մեջ կային մի քանի պրոֆեսորներ, որոնցից մեկը Արա Բեքարյանն էր»:
Ազգագրագետ Քնարիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նկարիչը քնարական պատումի նուրբ բանաստեղծական աշխարհում է ապրել: Նա ներկայանում է բնության ներդաշնակության մեջ: Արա Բեքարյանը բանաստեղծական նրբանկատ խառնվածքի եւ խոր աշխարհայացքի տեր անձնավորություն էր, խստապահանջ եւ բարի: Արա Բեքարյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցասրահներում՝ Լիբանան, Ֆրանսիա, Կանադա, Բելգիա: Պահպանվում են հայաստանյան եւ մի շարք երկրների թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Ռաֆայել Իշխանյան. «Պատկերազարդ պատմություն հայոց»

14305«Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Ներողություն եմ խնդրում, թե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ»:

Բոլոր նրանք, ովքեր 1980-ականներին են դպրոց գնացել, ու հատկապես նրանք, ովքեր բաժանորդագրված էին «Պիոներ» ամսագրին, անկասկած, կհիշեն ամսագրի ամեն համարում տպագրվող «Զրույցներ հայ ժողովրդի պատմությունից» շարքը՝ Ռաֆայել Իշխանյանի հեղինակությամբ: Վստահ եմ, որ շատ շատերն ինձ պես անհամբերությամբ են սպասել «Պիոների» նոր համարին՝ Իշխանյանի՝ արտաքուստ պարզ ու մատչելի, բայց իրականում փաստառատ ու հայոց պատմության գրեթե բոլոր կարևոր իրադարձություններն ընդգրկող, վերլուծող, նոր մոտեցումներ առաջադրող զրույցը կարդալու համար:

Այն ժամանակ հատկապես դպրոցականներիս համար այդ զրույցները դասագրքի կաղապարներից դուրս գալու, մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու գրեթե միակ այլընտրանքն էին, մեր ուսուցիչներին ոչ դասագրքային գիտելիքներով զարմացնելու գրեթե միակ հնարավորությունը: Ու Կորյուն, Ագաթանգեղոս, Խորենացի, Բուզանդ, Եղիշե ու Փարպեցի կարդալուց շատ առաջ Իշխանյանի զրույցների շնորհիվ արդեն գիտեինք, թե մեր պատմության որ դրվագներն են հենց նրանք վկայագրել:

Հիշում եմ, թե ինչպես մի օր ես՝ 4-րդ դասարանցի երեխաս, ապշեցրի մեր շրջկենտրոնում Հայոց պատմություն առարկան մասնավոր պարապող մի տասներորդցու: Ու երբ նա իմացավ, թե որտեղից ինձ այդ գիտելիքները, խնդրեց վերցնել «Պիոների» համարների հավաքածուն: Հետո նա ընդունվեց համալսարան, կարծեմ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ու իմ հավաքածուն անհետ տարավ իր հետ: Հիշում եմ՝ ես հուսահատության մեջ էի, որովհետև Իշխանյանի զրույցներից զատ ինձ համար թանկ ու կարևոր էին նաև նկարները, որոնց շնորհիվ ես դեմքով գիտեի Տրդատ Մեծին ու Գրիգոր Լուսավորիչին, Պապ թագավորին ու Փառանձեմ թագուհուն, Արշակ Երկրորդին ու Վռամշապուհին, գիտեի, թե հատկապես ինչ իրադրության մեջ են ձերբակալում Մուշեղ Մամիկոնյան սպարապետին կամ ինչպիսի շարժումով է Դրաստամատը դանակն իր սիրտը մտցնում…

Ու հանկարծ գրախանութում տեսնում եմ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի առաջին հատորը, որը մասամբ կվերականգնի  կորուստս: Ասում եմ՝ մասամբ, որովհետև իմ սիրած նկարներով զրույցներն այդ հատորում չկային… Այդ ընթացքում Իշխանյանը ամսագրում հրատարակում էր նորանոր զրույցներ, և շարունակեց արդեն անկախությունից հետո, երբ «Պիոները» «Աղբյուր» էր դարձել: Բայց մի հերթական համարում էլ հանկարծ հայտարարեց, որ դադարեցնում է զրույցները, հիշում եմ՝ Գրերի գյուտին նվիրված զրույցի վերջում, ու երևի այդ պատճառով է, որ ես ինքս հայոց պատմությունը մինչև 5-րդ դար շատ ավելի լավ գիտեմ, քան 5-րդ դարից հետո…

Արդեն ուսանող էի, երբ լույս տեսավ «Պատկերազարդ պատմություն հայոց»-ի երկրորդը հատորը՝ առաջինից մոտ 7 տարի հետո, իմ սիրած նկարներով: Ինձ համար մեծ անակնկալ էր այն, որ ամսագրում դադարեցնելով զրույցների հրապարակումը, Իշխանյանն այնուամենայնիվ շարունակել է գրել դրանք ու հասցրել Բագրատունյաց թագավորության անկում: Երկրորդից ևս 7 տարի հետո լույս տեսած երրորդ հատորը, սակայն, նախկինների պես լայն տարածում չունեցավ, վստահ եմ, որ մինչև հիմա էլ քչերը գիտեն դրա մասին: Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ հետաքրքրություններով դպրոցականներ, հայոց պատմության՝ գեղեցիկ նկարներով դասագրքեր կան: Միջնադարյան մեր գրիչների ոգով ու ոճով գրված Իշխանյանի հիշատակարանը երրորդ հատորի վերջում նույնպես ցավագին, նույնիսկ՝ ողբերգական զգացողությունների ծնունդ է. «Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Հայ խոսքի ու ձեր ծառա Ռաֆայել Իշխանյանս ներողություն եմ խնդրում, եթե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ: Մի աղոթքով հիշեք անկատարիս»:

Եվ ահա լույս է տեսել 3 հատորները մեկտեղող «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը,  իմ պատանեկան երազանքներից մեկը, մանավանդ որ նկարները շատ ավելի որակյալ ու գունեղ են…

Թող որ հայոց պատմության բազմաթիվ փաստեր պատմաբաններն այսօր ուրիշ կերպ են մեկնաբանում, թող որ պատմական շատուշատ փաստերի մեկնաբանություններ Իշխանյանի սուբյեկտիվ հայացքների ու պատմության ընթացքի նրա ընկալման դրոշմն են կրում, այս գիրքը, այս հրաշալի «Պատկերազարդ պատմություն հայոցը» այսօր էլ մնում է բացառիկ ու օգտակար բոլորիս համար: Ու առաջվա պես հատկապես դպրոցականների համար մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու հրաշալի այլընտրանք է:

Վիլնյուսում կայացավ Ջիվան Գասպարյանի եւ Հասմիկ Գրիգորյանի համերգը

459.Concert in Vilnius 15.08.2013Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ:

Համերգի սկզբին կազմակերպվեց ընդունելություն, որին ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը:

Նա, մասնավորապես նշեց, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների մերձեցման ամենակարեւոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարեւորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրեւ հայ եւ լիտվացի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության, եւ փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:

Միեւնույն ժամանակ դեսպանն առանձնացրեց 2013 թվականի կարեւորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի եւ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաեւ հսկայական պատասխանատվություն: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արեեւլյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ եւ փոխշահավետ գործակցության նոր փուլ:

Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգին հնչեցին հայկական, լիտվական եւ եվրոպական կատարումներ:

ՙԲազե՚, օր 4-րդ. հայտնի են միջճակատային մրցույթների առաջին հաղթողները,լուսանկարներ

 

6Օգոստոսի 15-ին ՙԲազե՚ երիտասարդական հավաքում հայտնի դարձան ֆուտբոլի, լողի, շախմատի, նկարչության միջճակատային մրցույթների հաղթողները։ Հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ տարեցտարի ավելանում է մարզված, ինտելեկտուալ և մշակութային պատրաստվածություն ունեցող երիտասարդների թիվը։ Նա նկատում է, որ հավաքի նախընտրական փուլերում բավականին բարդ է եղել մասնակիցների ընտրությունը, քանի որ շատ են ակտիվ ու պատրաստված երիտասարդները։ Հովհաննես Գաբրիելյանը գնահատում է այդ ակտիվությունը՝ նշելով, որ նախաձեռնող երիտասարդները մեր ապագան են։

Մարզամշակութային մրցույթներին զուգահեռ բազեականները հանդիպումներ են ունենում պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Հովհաննես Գաբրիելյանը նկատում է, որ այդ հանդիպումների ընթացքում երիտասարդներն անկաշկանդ մթնոլորտում բարձրացնում են իրենց հուզող հարցերը և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնում այն տրամադրություններն ու խնդիրները, որոնք կան երիտասարդության շրջանում։ Մասնավորապես այս օրերին հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Իսկ վաղը բազեականները հյուրընկալելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

ՙԵրևան-1՚ ջոկատը ներկայացնող Գրիգորի Սահակյանը հավաքում մասնակցել է պարանի ձգման, բազկամարտի մրցույթներին և իր ջոկատի ընկերների հետ բավականին հաջողություններ ունի։ Մայրաքաղաքը ներկայացնող երիտասարդը նշում է, որ ՙԲազեն՚ երիտասարդությանը համախմբող ծրագրերից մեկն է, ինչը նաև իրենց ինքնադրսևորման, առաջին քայլերը կատարելու հանարավորություն է տալիս։

Երիտասարդների մշակութային ելույթներն ու սպորտային մրցույթները գնահատում են մարզական ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները և պրոֆեսիոնալ ժյուրին։ Մասնավորապես, երգի մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ժյուրիի կազմում են Նադեժդա Սարգսյանը, Աննա Մայիլյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատմամբ՝ երգի մրցույթում շատ լավ, շնորհալի երգիչ-երգչուհիներ կան։ Լեյլա Սարիբեկյանը նշում է, որ առաջին հերթին գնահատում է հոգին, որ ներդնում են կատարողները ստեղծագործության մեջ։ ՙԻսկ եթե հոգու հետ միանում է նաև գեղեցիկ ձայնը, տեմբրը, ասելիքը, ապա կարող ենք ասել, որ մարդը ոչ թե պարզապես կատարում է, այլ երգում։ Ես կարևորում եմ ճաշակով երգի ընտրությունը՚,- ասում է Լեյլա Սարիբեկյանը։ Աննա Մայիլյանն էլ նկատում է, որ իր համար շատ կարևոր է կատարողի արտաքինի, ձայնի, երաժշտականության, երգի մեկնաբանման համադրումը։ ՙԲազե՚ հավաքում, ըստ երգչուհու, կան այդպիսի երիտասարդներ։

Հիշեցնենք, որ ՙԲազե՚ հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։

 

Միշտ պատրա՛ստ եղեք ատելության… Մարգարեթ ֆոն Թրոթան` կին ռեժիսորներին

MԿինոռեժիսոր Մարգարեթ ֆոն Թրոթան Երևանում էր իր յուրահատուկ պատմական դիմանկարով, որը պատմում է մի հրեա փիլիսոփայի` Հաննա Արենդտի մասին: Նա ֆիլմի վրա աշխատել է 2004-ից: Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը Մ. ֆ. Թրոթայի հետ:

– Մարգարե՛թ, ինչո՞ւ որոշեցիք հենց այդ թեմայի` հրեա փիլիսոփայի մասին ֆիլմ նկարահանել:

– Գերմանիայում ապրող հրեուհին` Հաննան, շատ հետաքրքիր կենսագրություն է ունեցել: Նա ինձ շատ էր գրավում իր մտածելակերպով: Այդ փիլիսոփան դարձել է կուսակցության անդամ, ամուսնացել Վոլթեր Բենջամինի հետ և միասին գաղթել Ամերիկա: Փորձեցի նկարահանել նրա կյանքն ու հատկապես միտքը:

– Բայց ինչպե՞ս կարելի է նկատել և նկարահանել միտքը…

– Հետաքրքիր հարց էր: Քանի որ միտքն անտեսանելի է, այն նկատելի կարելի էր դարձնել միայն Ադոլֆ Էյխմանի, այսինքն` Հաննայի դատավարության միջոցով, որը տեղի է ունեցել 1960-1964-ին:

– Ինչպիսի՞ն էր նախագծի վրա աշխատելու ընթացքը:

– Խոստովանում եմ` բարդ էր: Սկզբից իմ պրոդյուսերները չէին հասկանում` ինչո՞ւ եմ ընտրել հենց այս հերոսուհուն և ոչ թե այլ փիլիսոփայի: Նրանք ամեն ինչ կոմերցիոն տեսանկյունից էին դիտում:

– Հետաքրքիր է: Ուրեմն գեղարվեստական ֆիլմի Բարբարա Ջուկովայի հրաշալի և երկարատև ճառն իր մեջ ինչ–որ բան թաքցնում է:

– Այն շատ լավ ներկայացնում է Հաննայի մտքերը:

– Համաձա՞յն եք Հաննայի` «Մտածելը կարող է մարդուն պաշտպանել» մտքին:

– Հաննան այնքան էլ իրավացի չէ այդ տեսանկյունից: Ֆիլմում Հայդեգերի կարևոր դերի նպատակն էլ հենց մեզ ցույց տալն էր, որ մտածող մարդն էլ է սխալվում: Միաժամանակ չեմ մոռացել ներկայացնել հերոսուհու անձնական կյանքը:

– Ինչպիսի՞ն էին արձագանքները Գերմանիայում և Իսրայելում ֆիլմին ու հատկապես կերպարին:

– Իսրայելցի իմ գործընկերները սիրում են Հաննային, դրա համար էլ ֆինանսավորել են ֆիլմը, իսկ Իսրայելի պաշտոնական դիրքորոշման դեմ յուրաքանչյուր գործողություն, կարծիք Գերմանիայում դիտվում է որպես հակասեմականություն, ինչը սխալ է: Այդուհանդերձ, Քլոդ Լանզմանը չի սիրում ո՛չ իմ ֆիլմը, ո՛չ էլ Հաննային, քանի որ նա Բովուարի սիրեկանն էր, մինչդեռ Հաննան չէր սիրում Բովուարին, և այդկերպ շղթան շարունակվում է: Հաննային չհամակրողներ կարելի է գտնել նաև Նյու Յորքում:

– Ասում են` ֆիլմ նկարահանելը, ռեժիսուրան կնոջ գործ չէ:

 

– Այո՛: Կնոջ ճանապարհը կինոաշխարհում բնավ հեշտ չէ: Երբ նոր էի ասպարեզ ներխուժել, ուզում էի հասկանալ` արդյոք ուզո՞ւմ եմ ռեժիսոր դառնալ, թե՞ ոչ: Իհարկե, սկզբից հանդես եկա որպես դերասանուհի, այնուհետև նկարահանվելով, հարցեր տալով, ինքնակրթությամբ կատարելագործվեցի և սկսեցի ֆիլմեր նկարահանել:

– …Եվ դերասանական փորձը Ձեզ օգնեց ընդհանուր լեզու գտնելու Ձեր ֆիլմերի դերասանների հետ…

– Միանշանակ: Մինչ կինո նկարելը պետք է մտնել դերասանի մաշկի տակ:

– Բացի դրանից, ի՞նչ պետք է հաշվի առնեն ռեժիսորներն իրենց ամենօրյա աշխատանքում:

– Եթե նրանք տեսնում են գեղեցիկ մայրամուտ, պետք չէ այն միանգամից նկարահանել, այնուհետև մտածել` ինչպես կարելի է այն ֆիլմում օգտագործել: Կին ռեժիսորներին էլ կասեմ հետևյալը. պատրա՛ստ եղեք ատելության, տարբեր հարվածների, քննատական կարծիքների… Իսկ մյուսներին խորհուրդ կտամ շատ ֆիլմ դիտել և դրանք ինքնուրույն վերլուծել` չհետևելով ուրիշների համոզմունքներին:

– Ի դեպ, դա բոլոր ռեժիսորներն են ասում:

– Դե, ռեժիսորներս պե՞տք է, չէ, մի ընդհանուր հատկանիշ ունենայինք…

Ելենա Չոբանյան

Եռաչափ նկարներ` Ազատության հրապարակում

001<<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում առաջիկա օրերին հերթական հետաքրքիր անակնկալն է երևանցիներին մատուցվելու: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով Երևանում է Գերմանիայից ժամանած աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: Եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան և առաջին անգամ է պատկերվում: Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Զուգահեռ, Ազատության հրապարակում, Նիկոլայ Արնդտի խորհուրդներով, եռաչափ նկարներ են ստեղծվում երիտասարդ հայ նկարիչների ձեռքով:

Օգոստոսի 10-ից մեկնարկած աշխատանքները վերջնական տեսք կստանան երկու օրից: Նշենք, որ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան լուսանկարվել և եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերջը խեր է…

tatron(Ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից Գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել էր. «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»: Ձեռակերտ և անձեռակերտ բազմաթիվ հուշարձաններով հարուստ Լոռին իրոք չնաշխարհիկ է նաև իր անտառներով, իսկ անտառի պահպանության թեման բոլոր ժամանակների համար էլ արդիական է ու հրատապ: Հենց այդ խնդիրներն է քննարկում արձակագրի «Խեր, շառ, Աստված» դրամատիկական գործը, որն Ալավերդու քաղաքային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է հեղինակի հոբելյանի առթիվ` դառնալով շնորհալի երիտասարդ ռեժիսոր, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Արթուր Սիմոնյանի դիպլոմային աշխատանքը` ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ղեկավարությամբ:

… Վերջերս այն կրկին բեմ բարձրացավ որոշակիորեն փոփոխված և նոր դերասանական կազմով: Ռեժիսորն այս անգամ նաև Անտառապահի դերակատարն է: Պարզ ճշմարտություն է, որ գրական ամեն մի ստեղծագործություն պարունակում է իրականի, երևակայականի և հուշապատումի տարրեր, հաճախ նաև` ապագայի ծրագրեր, ու քիչ ճիգեր չեն պահանջվում ճիշտ մեկնաբանության համար: Բեմադրության ավարտին հնչած ծափերը և հիացական դեմքերը գալիս էին հավաստելու, որ ճիգերն այս դեպքում իզուր չեն անցել: Տարեգիր ծերունու` Ալավերդու թատրոնի հնաբնակ Ռուսլան Սադաղյանի ուսանելի խոհերին և ահազանգին ականջալուր է Անտառապահը: Անհրաժեշտ պահին գործին միջամտում է Ոստիկանը: Սերժանտը( Տիգրան Զարգարյան) որոշել է ԳԱՅ-ի պոստ դնել: Կյանքի վայելքներից չի ուզում հետ մնալ Պատգամավորը (Գագիկ Բաբլումյան): Նա որոշել է օլիգարխ դառնալ և ակնկալում է օգնություն ոչ ավելի, ոչ պակաս` Ամերիկայից, անձամբ` Բուշից: Ամերիկուհին դա նրան խոստանում է:

…Բեմի ձևավորումն էլ ինքնանպատակ չէ, ամեն ինչ ունի իր որոշակի գործառույթը, խնդիրն ու նպատակը:

Սատանան (Լիլիթ Երեմյան) հսկում է, հաճախ միջամտում և սպասում է. «Լույսը բացվի, կերևա` ով ով է…»

Ով ով է

Իսկ հանդիսատեսի համակրանքին վաղուց արժանացած Անահիտ Բեգջանյանը այս անգամ նախկին կոլխոզի նախագահ է` իր ազդու գործով ու խոսքով: Ներկայացմանը խիստ համահունչ են Զավեն Օհանյանի երաժշտական ձևավորումը, պարուսույց Լեյլի Հովհաննիսյանի բեմադրած պարերը և սկսնակ դերակատարներ, Արթուր Սիմոնյանի ղեկավարությամբ գործող նորաստեղծ ստուդիայի սաներ` Վարդիթեր Ստեփանյանի (Անառակ կին), Նունե Ասլիկյանի (Ամերիկուհի) կերտած կերպարները:

Նպատակ չունենալով մասնագիտական գնահատականներ տալու ներկայացման սցենարին և նկարչական ձևավորմանը (նկարիչ` Վարդան Տիտանյան), ռեժիսորական մեկնաբանությանը, դերասանական խաղին, դա թողնելով մասնագետներին, միայն ընդգծենք, որ ներկայացումը հաջողված էր և առանձնակի կարևորել ավարտը: Վերջը խեր է` բահերով զինված «Վալեքս» խմբի ընկերության գովազդային շապիկներով երիտասարդները գալիս են անտառ տնկելու: Լուսավոր այս ձեռնարկման նոտայով էլ դահլիճը լուսավորվում է:

Ներկայացման ավարտին բեմ բարձրացավ հեղինակը` մեղմ ժպիտով իր գոհունակությունը հայտնելով: Նրան և բեմադրության մասնակիցներին ողջույնի ու գնահատանքի սրտաբուխ խոսքեր ասացին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և գրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

ՀՀ Ազգային գրադարանի խնդիրները` վարչապետի ուշադրության կենտրոնում

10613_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան և շրջայց կատարել շենքում: Վարչապետին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը, հետամուտ լինելով ՀՀ նախագահի հանձնարարականին, ծանոթացել է գրադարանի խնդիրներին: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել մի շարք ուսումնասիրություններ շենքի ընդհանուր վիճակի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում իրականացնել բոլոր ուսումնասիրությունները և ներկայացնել արդյունքները:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարական է տվել նաև Ազգային գրադարանի շենքի մուտքերը ապահովվել թեքահարթակներով՝ այն հարմարեցնելով նաև հաշմանդամների համար:

«Ֆոլկլորը վերանում է». Հասմիկ Բաղրամյան

988681_551571111545465_1052155301_nՍեպտեմբերի 7-12-ը տեղի կունենա Երկրորդ Միջազգային ֆոլկլորային փառատոնը «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ճանաչումն ու զարգացումը, գյուղական համայքներում մշակութային կյանքի ակտիվացումն ու հայկական ազգային մշակույթը աշխարհում տարածելը:

«Ցանկանում ենք ստեղծել միջմշակութային կամուրջ երկրների միջեւ, աշխարհին ներկայացնել մեր հայկական մշակույթը: Մեր նպատակն է ներկայացնել հայկական ժողովրդկան տոներն ու ծեսերը, ազգային պարերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իտալիայում միջազգային փառատոննների և Պրահայում հայկական համայնքի կազմակերպած համերգին մասնակցության մասին  նշեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը:

Նրա խոսքով ֆոլկլորը մահացող մթնոլորտ է, աշխարհում այն գնալով վերանում է: Փառատոնը մեր ժողովրդի պատիվն է: Հայ ժողովրդի անունը նրանք բարձր են պահում: Աշխարհում եւ Հայաստանում այսօր ժողովրդական երգն ու պարն այնքան էլ ճանաչում չունի, քանի որ շատ հարուստ է, այն ինչին տեղյակ ենք, միայն մի մասն է: Ահռելի արխիվներ կան, որոնց ծանոթ չենք:

PR մենեջեր Սերգեյ Ումրոյանի պնդմամբ ֆոլկլորը յուրքանչյուր ազգի հիմքն է: Առաջնայինը սա պետք է լինի, առաջ ֆոլկլորը, հետո մնացածը: Հարեւան պետությունները դարեր շարունակ գողացել են մեր ազգային արժեքները, որովհետեւ մենք տեր չենք կանգնում մեր մշակույթին: Ֆոլկլորը պահանջված է շատ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

«Բարին հաղթել է». Հայդուկ Շամլեան

images (4)«Սիրտն ու հոգին նա նվիրում է բոլորին: Մարդկային եւ բարոյական հոգատարություն է: Մեծատառով մարդ է, հայրենասեր: Իբրեւ գրող իր ստեղծագործություններում հազար ու մի պատգամ կա, հոգեւոր ուղղվածություն, խորհուրդ,  կա կոչ, դեպի համախմբվածություն: Ուշացած հայրենասիրական կենացները թող իրականություն դառնան եւ մենք անցնենք գործնականի»,-այսօր մեզ հետ զրույցում Հայդուկ Շամլեանի «Շ» գրքի շնորհանդեսի մասին նշեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

«Մենք 1000 տարվա ծանոթներ ենք, գիրքը շատ հարազատ է: Այն Շուշիում ապրող մարդկանց եւ երեխաների համար է: Նրանք ունեին առաքելություն, եւ դա հենց Շուշիում էր, նրանք ապրում ու արարում էին»:

Գիրքը նվիրված է Շուշիին՝ նրա բոլոր կողմերով հանդերձ: Հայդուկ Շամլյանը փորձել է ներկայացնել այդ գողտրիկ քաղաքն իր լուսավոր իրականության մեջ: Հայդուկ Շամլյանը մասնագիտությամբ իրավաբան է, նաև հրապարակագիր: Ունի հրապարակված երեք գրքեր, որոնցից երկուսը բանաստեղծությունների ժողովածուներ են, դրանցից մեկը հրատարակվել է Ստեփանակերտում: Հայդուկ եւ Աիդա Շամլյանները դեռևս 2004թ.-ին այցելել են Արցախ և սիրահարվել այդ հողին ու ջրին: Աիդա Շամլյանի նախաձեռնությամբ Շուշիում հիմնադրվել է «Արամ Մանուկյան» ճամբարը, որոնց մասնակից երեխաների թիվը տարեցտարի աճում է՝ հասնելով 400-ի:

Գրող Հայդուկ Շամլեանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր «Շ» գրքից 600 օրինակ կա.

«Շուշի քաղաքը վատ վիճակի մեջ էր, ուրվականների եւ փլատակների քաղաք էր: Ես զորեղ կերպով զգացի նրա հմայքն ու գեղեցկությունը, այդ երեւույթական խավարից այն կողմ կար ներքին գեղեցկություն: Նա արցախյան պատերազմի խորհրդանիշ էր հանդիսանում, հաղթանակի հանգրվանն էր: Թուրքերն էլ երեւի զգացել էին այդ քաղաքի առանձնահատկությունը: Բոլորը կարծում էին, թե սեւ, մռայլ, մթին գիրք պետք է գրեմ, բայց առանց խաբկանքի եմ գրել: Տիրապետողը լույսն էր, հավատը, ապահովությունն եւ վստահությունը: Մարդկային ձեւով է մաքրվել Շուշին, մեկ թուրք անգամ այնտեղ գոյություն չունի: Բարին հաղթել է»:

Նարեկ Հարթունյանի խոսքով Հայդուկն առաջին հերթին բանաստեղծ է, իբրեւ մարդ շնորհված է բացառիկ առավելություններով: Ունի մեծ սեր, իսկ ընտանիքը ամենավեհն է: Խստապահանջ է, պարկեշտ, բարի, վեհ: Կանադայում ամբողջ տարին աշխատելով, իրենց չարչարանքի արդյունքը բերում ու նվիրում են Շուշիի բնակիչներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

«Հեռուստասերիալներով մարդիկ բթանում են». Լիանա Զուրաբյան

Liana4_ts1323257311 (1)«Ըստ իս` այժմ մարդիկ ավելի մոտ են կանգնած ասմունքին և թյուր է այն կարծիքը, որ տարիների ընթացքում նրանք հեռացել են պոեզիայից: Ասմունքի աշխարհում ամիսը երկու անգամ պոեզիայի երեկոներ են լինում ու դահլիճը լեփ-լեցուն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդները որքանով են մոտ կանգնած ասմունքին եւ պոեզիային թեմայի շուրջ նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը:

Բանախոսի համոզմամբ եթե նա լսող չունենա, այլեւս չի ասմունքի: Պոեզիան ավելի մտերմիկ լսարաններ եւ փոքրիկ կոլորիտ է սիրում:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով մեր երկրում քիչ ասմունքողներ կան, ովքեր գնահատում են խոսքը: Շատ են նրանք, ովքեր նույն ինտոնացիայով միապաղաղ ասմունքում են կամ գոռում.

«Մի թերություն կա ևս. Շեշտը դրվում է մեծամասամբ Պարույր Սևակի, Համո Սահյանի, Չարենցի պոեզիայի վրա: Ես կարծում եմ, որ ասմունքողն արհամարհում և խուսափում է ժամանակակից պոեզիայից: Ամենասարսափելին այն է, որ այսօր երկուսից մեկը գրում է»:

Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ ասմունքը պետք է ունենա ուսուցելու մշակույթ, կրթելու, զարգացնելու միտք: Խնդիրը մատուցման մեջ է. ասմունքողները պետք է կարդան, ոչ թե դերասանություն անեն: Կա մարդկանց մի մաս, ով գրավվում է այսօրվա ասմունքով, իսկ մի մասն ամբողջովին խուսափում է դրանից: Ասմունքողների մասին ասելը, որ ավելորդ են, դա ապուշություն է համարում: Գրականությունը թռիչքի մեջ է,  կարծում է, որ ասմունքի դպրոցը չի ուզում թռչել:

Ասմունքող Լիանայի պնդմամբ պետք է ասելիքով գործն ընտրել: Շատ բարդ է հանդիսատեսի ուշադրությունը երկու ժամ պահելը, երգելը ավելի հեշտ է, երաժշտությունն ունի գործիքավորում: Երաժշտությունը տալիս է հագուստ խոսքին, իսկ խոսքը մերկ է՝ պետք է այնպես ասմունքել, որ այն հոգի ներթափանցի ու հուզի.

«Մենք` ասմունքողներս, գրի և գրիչի միջնորդներ ենք: Ես կարդում եմ ժամանակակից բանաստեղծություն, միայն այն պարագայում, երբ այն հանգավորված է: Ժամանակակից գրողների գրածը խուճուճ է: Ես կարող եմ այն զգալ, բայց, եթե գործը չհասկացա, չեմ կարող մատուցել: Եթե մարդը սիրում է գիր-գրականություն, նա չի կարող չլսել ասմունքը»:

Լիանա Զուրաբյանը նշեց, որ դեմ չէ պաթետիզմին և ավելորդ տոնայնությանը: Նրանք ասմունքը չեն երգում և չեն թողնում մարդիկ բթանան: Հեռուստատեսությունը եթեր չի տալիս ասմունքը և թողնում է, որ հեռուստասերիալներով մարդիկ բթանան: Ամեն մարդ պոեզիա չի լսում, իսկ նրանք, ովքեր լսում են, երբեք Արմենչիկ չեն լսի:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Նոր ձևաչափ գործարար մարդկանց շփման համար

9Երևանում այս տարվա մայիսին ստեղծվեց Ֆրայդեյ Երևան (Fryday Yerevan) համայնքային կազմակերպությունը, որն առաջարկում է գործարար մարդկանց շփման շատ ազատ և ոչ ֆորմալ ձևաչափ: Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ անգամ այս բարձր տեխնոլոգիաների դարում, երբ գոյություն ունեն բազմաթիվ առցանց հարթակներ, որտեղ կարելի է ձեռք բերել նոր ընկերներ, և նույնիսկ գործընկերներ, ոչինչ չի կարող փոխարինել անձնական շփմանը՝ նոր կապերի, իրական համագործակցության և վստահության ձևավորմանը համար:

Ֆրայդեյ ցանցը ստեղծվել է Ուկրաինայում Անդերս Օստլանդի և Գուստավ Հալթգրենի կողմից: Ֆրայդեյը միավորում է մասնագետների ԱՊՀ բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաև մի շարք եվրոպական մայրաքաղաքներում՝ Սոֆիա, Պրագա, Բուդապեշտ, Բուխարեստ:

Երևանում Ֆրայդեյը ներկայացնում են Զարա Օհանջանյանը, ով հանդիսանում է Մարքեթ Ռիսրչ էնդ Քոնսալթինգ կազմակերպության փոխտնօրենը և Արմենուհի Բուրմանյանը` Մարքեթ Ռիսրչ էնդ Քոնսալթինգ կազմակերպության ծրագրերի համակարգող:

Օգոստոսի մեկին տեղի ունեցավ հաշվով չորրորդ Ֆրայդեյը Երևանում, որին ներկա էին տեղական և միջազգային ընկերությունների միջին և բարձր օղակի մենեջերներ, մասնագետներ: Այս անգամ Ֆրայդեյը թեմատիկ էր և թեման ներկայացրեց Սամվել Բարեյանը, ով հանդիսանում է ֆինանսական ոլորտի բարձրակարգ մասնագետ:

Ֆրայդեյը ստեղծում է բոլոր պայմանները շփվելու և ծանոթանալու համար: Այս միջոցառումը, ինչպես և բոլոր նախորդներն ուներ հովանավորներ, որոնք սովորաբար պատրաստում են նվերներ հյուրերի համար: Գլխավոր հովանավորն էր Ռոստելեկոմ ընկերությունը, որը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար օպերատորներից մեկը: Ավելի մանրամասն տեղեկատվություն այս միջացառման և ընդհանրապես Ֆրայդեյ Երևանի մասին կարող եք գտնել Ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Ֆրայդեյի կայքում`

Տեխնոլոգիաները մեզ կենդանու են վերածել…

gfԷքսպերիմենտալ վավերագրական կինոյի հիմնադիր, ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն 14 տարեկան հասակում հասկանում է, որ միայն վանքում մարդ կարող է կատարյալ դառնալ և որոշում է թողնել աշխարհիկ կյանքն ու 14 տարի անցկացնել եկեղեցում: Սակայն, արի ուտես, տարիներ անց հասկանում է, որ այնուամենայնիվ կինոն է իր ուղին: Հայտնի ռեժիսորի ֆիլմերը բնավ նման չեն այն ֆիլմերին, որոնք սովոր ենք տեսնել: Օրինակ՝  «Քաթսի» (Qatsi) եռապատումը հենց այդօրինակ ֆիլմերից է, որով կինոռեժիսորը փորձում է մտքի նոր հարթություններ ստեղծել:

– Ձեր ֆիլմերը նոր շունչ են հաղորդում՝ երբեմն զարմացնելով, երբեմն էլ զայրացնելով հանդիսատեսին, սակայն ոչ մի դեպքում անտարբեր չեն թողնում:

– Ոմանք նույնիսկ չեն խորասուզվում ֆիլմի մեջ, որովհետև այն չեն ընկալում: Իմ ֆիլմերն իրականում հետևում են հանդիսատեսին և  թերի են, միայն հանդիսատեսը կարող է դրանք լրացնել: Պետք է հասկանալ, որ ֆիլմը խորաթափանց է, երբ անցնում է մակերեսից՝ կինոյից այն կողմ, բայց այն կարող է խոր լինել, եթե հանդիսատեսն այն նկատի: Իմ ֆիլմերը  որոշակի իմաստ չունեն և ստեղծված են դիտողի ազատ մտածելու համար:

–  Ձեր ֆիլմերն աչքի են ընկնում մերթ դանդաղ, մերթ արագ ռիթմով: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Դրանք փորձում են սովորականն անսովոր ձևով ընկալելի դարձնել: XXI դարում բոլորս շարժվում ենք մեծ արագությամբ, իսկ այդ արագության մեջ շատ բաներ չենք էլ նկատում: Դա ինձ համար ողբերգություն է:

– Ձեր «Քաթսի» ֆիլմում նկատելի են այդ ողբերգության որոշ տարրեր:

– Համամիտ եմ: Բոլորի պես, ես էլ ունեմ ներքին ձայն, որին հաճախ ուշադրություն չենք դարձնում շրջապատող աղմուկի պատճառով: Որքան հանգիստ և անաղմուկ է անձը, այնքան զգացմունքային է աշխարհի նկատմամբ: Այդ ամենը ես վանքում եմ սովորել: Այսօրվա պատերազմը արտոնված ագրեսիա է կյանքի նկատմամբ, որում մենք դարձել ենք բանտարկյալ:

–Ձեր ֆիլմերի հիմքում ընկած է տեխնոլոգիայի առեղծվածը, այդպե՞ս է:

– Այո, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին բացասական կարծիք ունեմ:  Մենք տեխնոլոգիաներն օգտագործելու փոխարեն շնչում ենք դրանցով և նմանվում կենդանիների: Այսօր մարդիկ ամբողջ օրը մտածում են, թե ինչպես գումար կուտակեն՝ կարծելով, որ այդ կերպ երջանիկ կդառնան: Բայց չարաչար սխալվում են:

–  Ձեր ֆիլմի դերակատարների դեմքի արտահայտությունից կարելի է դատել, որ մենք վերահսկվո՞ւմ ենք:

– Հաստատ: Բայց, ցավոք, դեռևս լուծման տարբերակներ չեմ կարող առաջարկել:

  – Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

– Ցանկանում եմ ստեղծել մի նախագիծ, որով վերափոխեմ աշխարհը: Այսօրվա կրթությունը մեզ չի նախապատրաստում կյանքին: Զարմանում եմ, թե ինչպես Հայաստանը, մեկուսացված լինելով, չի կարողանում վերստեղծել սեփական աշխարհը՝ չներառվելով համահարթեցման (մեկ գաղափար, մեկ մշակույթ) և տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ: Ցավոք, ձեր հրաշալի երկիրը զարգանալով կորցնում է իր դիմագիծն ու ինքնատիպ մշակույթը, այն ինչ նկատելի չէր մի քանի տարի առաջ:

–  Այնուամենայնիվ, ո՞րն է կյանքի իմաստը:

– Ստեղծելն ու ստեղծագործելը: Դրանք ամենակարևորն են, քանի որ  դրանց միջոցով յուրաքանչյուրս աշխարհի համար կարող ենք լավ գործ անել:

 

 

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ

1

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել անվանի դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Խոր վշտով տեղեկացանք Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան, հայ կինոյի ու թատրոնի փայլուն ներկայացուցիչ Ազատ Գասպարյանի մահվան մասին:

Նրա կերտած վառ կերպարները երբեք չեն ջնջվի ժողովրդի հիշողությունից, իսկ նրա անունը հավերժ կմնա հայ կինոյի ու թատրոնի պատմության ամենալուսավոր էջերում:

ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից վշտակցում եմ մեծանուն դերասանի ընտանիքին, հարազատներն, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին”:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

Կբացվի «Արարումների սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը

մշակույթի նախՎաղը` օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի և ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունների «Արարումների սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

«Զեյթունցյանի մոտ չկան պետական ծառայողներ եւ բանվորներ». Պերճ Զեյթունցյան

download«Նա բերեց նոր հայացք, դեպի լույս, դեպի այլ արժեքներ: Հազվադեպ են այն անհատականությունները, որոնց անունները այցեքարտ են: Պերճ Զեյթունցյանը ձեւավորվել է սեփական ժամանակը, յուրատեսակ ձեւերն ու մեթոդաբանությունը»,-այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75 ամյակին նվիրված երեկոյի ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ Լեւոն Մութաֆյանը:
Թատերագետի պնդմամբ Զեյթունցյանի գրականությունն արեւմտյանի եւ արեւելյանի սինթեզն էր: Նրա հայտնությունը մեխանիկական չէ, նա համաշխարհային սերնդի առաջնորդ է: Նա ճանապարհ բացեց համաշխարհային գրականության մեջ, գլխիվայր շրջեց ամեն ինչ.
«Անհատն է ծնում ժամանակի մոդելը, փիլիսոփայական սիմվոլը գրականության մեջ: Գեղարվեստի ուսումնասիրման նյութ է մարդն ու աշխարհը: Ժամանակը բոլորին տանում է դեպի ինքնաստուգում: Նրա գրականությունն ոչ այնքան ազգայինից սնվող, այլ արեւմտյանից սնվող ինքնություն է: Զեյթունցյանի մոտ չկան պետական ծառայողներ եւ բանվորներ»:
Հայ արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի խոսքով Հայաստանի մշակույթը շատ մեծ ուժ ունի.
«Մշակույթը մեր ինքնության վկայականն է, մենք նավթ չունենք, մեր մշակույթն է մեր նավթը: Մարդն այնքան տարեկան է, որքան իրեն զգում է, դա ճիշտ է ասված հենց իմ դեպքում: Պետք է ապրել քո իսկ տարիքի օրենքներով, գործնական հայրենասիրությունով»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված երեկո՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում

4Հուլիսի 30-ին՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում հայկական երաժշտության տոն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։

Հանդիսատեսով լեփ-լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկոն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։ Երիտասարդական նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ ՙՍպարտակ՚ և ՙԳայանե՚ բալետներից։ Հայկական երաժշտության համերգին ներկա էին Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Ռիվա դել Գարդայի քաղաքապետը։ Երկու ժամ տևած համերգը ցնծության մեջ պահեց ամբողջ Ռիվա դել Գարդան։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրված է որպես Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Մասնակցությունը երաժշտական այդ տոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, և նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:

Փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաև աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ (դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի)։ Հուլիսի 27-ին՝ նվագախումբը կատարել է Վերդիի և Վագների ստեղծագործությունները (դիրիժոր՝ Մարկո Բոեմի), մենակատարներ՝ Միշելա Սբուրլատ (սոպրանո), Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Յունգ Կվանգ Լի (բարիտոն)։

Օգոստոսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը (ջութակ), իսկ օգոստոսի 3-ին նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը», դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի, մենակատարներ՝ Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Աննա Վիկտորովա (սոպրանո), Խաչատուր Բադալյան (տենոր), Եվգենի Ստավինսկի (բաս)։

Նշենք, որ 30-ամյա պատմություն ունեցող իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնն ամեն տարի իր տանիքի ներքո է համախմբում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի նշանավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր ծայրերից։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Արդիականացման ծրագիր՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։ Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երևանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։

«Միգուցե դուք այս պահին Երևանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչևէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ և միասին մտածենք, թե ինչպես  Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաև՝ Երևանի հյուրերին»,- նշել է արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը։

Երևանի քաաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երևանի քաղաքապետարանի ծրագիրը։

«Մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հանդես եկավ հետաքրիր այս նախաձեռնությամբ՝ «Էրեբունի» հնագիտական ամրոցի միջնաբերդում ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից որոշակի օրերի երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը, որով Էրեբունին ավելի ներկայանալի կլինի մեր քաղաքացիների ու մեր մայրաքաղաքի հյուրերի համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն