ԵՐԳՈՒՄ Է ՏԻՐՈՒՀԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

տիրուհիՄասնագիտական տոների ցանկը հետզհետե մեծանում է, ընդարձակվում է նաև տոների աշխարհագրությունը: Հունիսի 21-ը նշվում է որպես երաժշտության համաշխարհային օր: Այդ օրվանն էր նվիրված Ալավերդու մշակույթի կենտրոնի «Լազուր» ժողգործիքների համույթի համերգը:

Միջոցառմանն իր օհնությունն էր բերել Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը:
Համերգային ծրագիրը բացեց Սարահարթի մշակույթի տան պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Աննա Շախպազյան)` կատարելով «Կժերով պարը»: Հետո դահլիճի ծափերը հասցեագրվեցին համույթի մեներգիչ, ունկնդիրների կողմից «Լոռվա սոխակ» կոչմանն արժանացած Նազիկ Աղաջանյանին: Համույթի հետ իր համագործակցությունը սիրով շարունակելու էր եկել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Նանե Խեչիկյանը` համույթի ակորդեոնահար Մարտին Խեչիկյանի դուստրը: Նրան ևս սպասում են մեծ բեմեր և մրցույթներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ երիտասարդացող համույթին Վանաձորից իր մասնակցությունն է բերում Անգելինա Իսրայելյանը, որ այդ օրը ծափերի ու ծաղիկների հետ շնորհավորանքներ ստացավ նաև ծննդյան օրվա առիթով:
Բավականին երկար ժամանակ արվեստասեր ալավերդցիների և ոչ միայն նրանց ուշադրության կենտրոնում էր «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» 4-րդ նախագիծը, նաև` Տիրուհի Մելիքսեթյանի (Լոռու մարզ, գյուղ Շնող) հաջող ելույթի շնորհիվ:
«Երգում է Տիրուհի Մելիքսեթյանը» ազդագիրն էր ցանկանում տեսնել նախագծի ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը (նրա կատարողական արվեստի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքով է պայմանավորված հոդվածիս վերնագրի ընտրությունը):
Հանդիսատեսը նախապես իմանալով, որ Տիրուհին հոժարակամ ընդունել է տոնական համերգի մասնակցության հրավերը, սպասում էր: Ու եկավ «Շանթի» բեմի տիրուհու հերթը: Նա «Իմ ուղին» երգեց եղբոր` շնորհալի կատարող Պերճ Մելիքսեթյանի դուդուկի ուղեկցությամբ: Հետո ծափերի արժանացավ նաև համույթի նվագակցությամբ իր մյուս կատարումների համար: Օրվա հայտնությունը դարձան տոնահանդեսի կրտսեր մասնակիցները` դպրոցական, երգիչ Արեն Դավթյանը, ջութակահար, քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սան, «Ոսկե կարապ» մրցույթի դափնեկիր Սյուզաննա Գասպարյանը և 10-ամյա երգիչ Սոս Խառատյանը, որ առաջին անգամ էր բեմում: Իր գեղեցիկ կատարումներով օրը տոն դարձրեց նաև համույթի մեներգիչ Ռաշիդ Կոստանդյանը:
Երկրորդ անգամ բեմ ելավ Նազիկ Աղաջանյանը ու սեր երգեց, Տիրուհի Մելիքսեթյանն էլ իր երգով բարձրաձայնեց Գուսան Աշոտի հարցադրումը` «Ասա, ինչո՞ւ դու լուռ ես», Արեն Դավթյանը բեմ բերեց սիրո ամառը, Սոս Խառատյանը` Սայաթ-Նովայի ինքնատիպ կատարումով նվեր արեց նրա հոբելյանին: Երաժշտական կատարումները մեծ մասամբ ուղեկցվում էին պարի համույթի ինքնատիպ կատարումներով:
Երկարատև ծափերով ուղեկցվող համերգի հանդիսավարներ Նունե Ասլիկյանը և Արտակ Հովասափյանը ներկայացրին երաժիշտներին: Բոլոր կատարողները ծաղկեփնջեր ստացան, իսկ Տիրուհի Մելիքսեթյանը նաև հուշանվեր` ի նշան առաջին համագործակցության: Ներկաներին օրվա խորհուրդով շնորհավորական խոսքեր հասցեագրեց մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը` շնորհակալություն ուղղելով համույթի գեղարվեստական ղեկավար-քանոնահար Լուսինե Հովասափյանին և համույթի հիմնադիր և երկարամյա ղեկավար, «Ալավերդու պատվավոր քաղաքացի» Լազր Խեչիկյանին: Ունկնդիրների անունից շնորհակալական խոսք ասաց Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը:
Սովորականից դանդաղ էր դատարկվում դահլիճը, ես ժպիտների հետ ներկաների աչքերին նաև արցունքներ տեսա` ուրախության արցունքներ ու մտածեցի, որ հոդվածիս վերնագիրը կարող էր լինել «Երգում ու տոնում է Ալավերդին»:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հանրային քննարկում Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ

հանրային քննարկում-Աֆրիկյանների տուն

Այսօր տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քննարկումը Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, պատմական հուշարձանների պահպանմամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցինչներ:

«Թրանսփարենսի Ինթերնեշն» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Այվայզյան Սոնան հանդիպումը որակեց գուցե ինչ-որ չափով ուշացած, քանի որ վերջին շրջանում Աֆրիկյանների տան հետ են կապում իրավիճակը, սակայն խնդիրը միայն Աֆրիկյանների տանը չէ, որ վերաբերում է: Խնդիրներն, ըստ նրա, գուցե սաստկացել են դեռ 2000-ական թթ.-ններին, երբ պատմամշակութային հուշարձանների ցուցակը ճանաչվել է ուժը կորցրած, նոր ցուցակ չի կազմվել և դա հանգեցրել է տարիներ շարունակ բազմաթիվ հուշարձանների ոչնչացմանը:  Եվ ինչ՞ հիմքով է խախտվում միջազգային կոնվենցիան, որով արգելվում է հուշարձանների տեղափոխումը:

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը բերեց փաստեր՝ ապացուցող, որ խախտումն իրականացնում են իշխանությունները՝ հանձինս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության : 2006թ.-ին ՀՀ դատախազության կողմից նրա փաստերով նամակ է ուղարկվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ներկայացնելով պատմամշակութային հուշարձանների ցանկի բացակայության մեղավորներին. «Սա նշանակում է, որ 2000-2004թթ.-ին այս հուշարձաններն ծառայել են որպես օբյեկտներ: Իսկ սա հնարավորություն տվեց Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ ոչնչացնել այդ տարածքի հուշարձանները»,-նշեց Սեդրակ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ 2004թ.-ին Կառավարության կողմից ընդունվեց պատմամշակութային հուշարձանների ցանկը, որին կից կար նաև հավելված 2. դրանում նշած էին տեղափոխման ենթակա  14 հուշարձաններ: Այդ 14 հուշարձաններից բացի, սակայն, քանդվել են նաև այլ հուշարձաններ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լենա Նազարյանը ներկայացրեց պատմամշակութային հուշարձանների հետ կապված ուշագրավ տվյալներ. մասնավորապես, ըստ դրանց՝ Երևանի կենտրոնում կա պատմամշակութային արժեք ներկայացնող մոտ 200 շենք, որից 80-ի վերաբերյալ կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարել. 80 շենքերից 38-ը ներառված են Երևան քաղաքի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ենթակա են պահպանման: 14-ը ենթակա են տեղափոխման, 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետների պնդմամբ՝ ունեն պատմամշակութային նշանակություն: Ապամոնտաժված 23 շենքերից վերականգնվել է 11-ը, սակայն կազմակերպության անդամների պնդմամբ՝ դրանց արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը խաթարված է:

Ապամոնտաժված և դեռ չվերականգնված շենքերի վերաբերյալ Քաղաքապետարանի  պարտավորագրերը չի հաջողվել սակայն ձեռք բերել. ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի տվյալների՝ դրանք բացակայում են կամ թերի են, իսկ քանդված քարերը գտնելու ճիգերը մեծմասամբ անհաջող են եղել, քանի որ ապամոնտաժումն իրականացնող կառույցները հրաժարվել են ցույց տալ քարերը կամ պատճառաբանել, որ դրա համար Մշակույթի նախարարության գրավոր թույլտվությունն է անհրաժեշտ, որը հնարավոր չի եղել ձեռք բերել:

«Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանն էլ խոսեց խնդրի իրավական կողմի վերաբերյալ: Ըստ նրա՝ Աֆրիկյանների դեպքը ցույց տվեց, որ օրենքը կիրառող մարմինները կամ չեն պատկերացնում իրենց իրավական պարտավորությունները կամ այն բովանդակ ճիգը չեն գործադրում, որպեսզի փրկեն հուշարձաններ. «Որոշ մասնագետների կողմից արտաբերվող «օտար միջավայր» հասկացությունը չեմ կարողանում հասկանալ. նույն տրամաբանությամբ, հնարավոր է, Օպերայի շենքը շրջապատող սրճարանները ևս  օտար միջավայր ստեղծող հանդիսանան, նշանակում է պիտի քանդե՞ն Օպերան»,-նշեց  Նարեկ Աշուղաթոյանը:

Նարեկ Աշուղաթոյանը բերեց այն իրավական հիմքը, որով Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը համարվում է անօրինական. մասնավորապես՝ 2009թ.-ին ԱԺ-ում վավերացվել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահանության մասին կոնվենցին, որի 5-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող յուրաքանչյուր հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը՝ բացի այն դեպքերից, երբ այդ հուշարձանների նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել:Օրենսդրության շրջանակներում միջազգային կոնվենցիան ներպետական ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, որ հստակ արգելում է հուշարձանների տեղափոխումը:  Այս կոնվենցիան Օրենսդրության անբաժանելի մասն է, իսկ բացառությունները տվյալ շանքերին չեն առնչվում:

«Հին Երևան»  նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ 1975 թվականից մինչ այսօր ընթանում է այս գործընթացը և դեռ Խորհրդային տարիներից է սկսվել: Ըստ նրա՝ սա ոչ սիրողական մակարդակի, այլ լուրջ մասնագիտական-ճարտարապետական քննարկման խնդիր է, իսկ Աֆրիկյանների տունը գտնվում է կառուցապատման կարմիր գծից 4 մետր երթևեկելի մասում: «Տերյան 11-ը միակ հուշարձան-շենքն է, որի ապամոնտաժման գործից սկսած բոլոր փաստաթղթերը լիովին տեղում են»,-ասաց  Լևոն Վարդանյանը :

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Լևոն Վարդանյանին խորհուրդ տվեց  ներկաներին չմեղադրել պատվեր կատարելու մեջ: «Իմ թշնամիներն են բոլոր նրանք, ովքեր հուշարձան են ոչնչացնում, ով էլ լինի, երբ էլ լինի: Ճոռոմ բաներ չեմ ասում. հուշարձան ոչնչացնողը պետության թշնամին է: Ճարտարագետ-մասնագետները թող կանգնեին Փակ Շուկայի քանդման օրերին ակտիվիստների կողքին, իսկ գիտե՞ք քանի ճարտարագետ է հերթ կանգնել  Շուկայի նոր դիզայնը անելու համար»,-նշեց Մանուկյանը: Այս չարիքի աղբյուրը, ըստ Արամ Մանուկյանի, դեռ 2001թ.-ից է գալիս, երբ ավելի բաց հարթակ հանդիսացող ԱԺ-ից հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը փոխանցվեց Կառավարությունը:

«Երբ էլ լինի Ռոբերտ Քոչարյանին դատի եմ տալու թեկուզ միայն նրա համար, որ հայկական շարժական հուշարձանների մեկ բեռնատար Թուրքիայով տեղափոխեց Գերմանիա. 11-րդ դարի ավետարաններ կային, ձեռագրեր և այլն»,-նշեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց նաև, որ բացերը փակելու եղանակ կարող է լինել հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը ԱԺ-ին վերադարձնելը:  Արամ Մանուկյանը խոստացավ լինել նախաձեռնողների կողքին, իրավիճակը փրկող յուրաքանչյուր նախագիծ քննության առնել հանձնաժողովում՝ կատակով ավելացնելով. «Այս առումով ես ձեր պատվերը կկատարեմ»:

«Ոսկե Ծիրանի» շրջանակներում տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ ֆորումը

 

Ոսկե Ծիրան-2014«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում այս տարի ևս կանցկացվի  «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը:

Այն հիմնադրվել  է 2011 թվականի հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ  հարթակում: «Նման ծրագրերը, արտադրական հարթակները կարևոր են ցանկացած փառատոնի համար: Վերջին տասնամյակում հեղինակավոր բոլոր փառատոնները ստեղծել են նման արտադրական հարթակներ, քանի որ մեծացել է փառատոնների՝  կինոարտադրությանը խթանելու դերը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե  Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում: Մասնավորապես, հուլիսի 15-17 –ին  տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության  երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությանը: Մասնակցության համար  ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգամցան  երեք դրամաշնորհների համար : «Այս տարի հայկական վեց ֆիլմ  է ներկայացվել,  վրացական` չորս: Կան ֆիլմեր Գերմանիայից, Ուկրաինայից, Շվեդիայից: Թեմաները տարբեր են:  Հայկական ֆիլմերից երկուսը վերաբերում են արցախյան հակամարտությանը», – տեղեկացրեց նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:

Որպես դասավարներ հրավիրված են Eastern Europe German films-ի ներկայացուցիչ և  Saxonia Entertainment -ի Producer Documentaries ղեկավար՝ Սիմոնա Բաումանը, ARTVIVA –ի նախագահ և Film TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդրա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի ֆրանսիացի պատվիրակ  Ջուլիեն Էզզանոն:

Ֆորումի ժյուրիի  կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր  Դան Բուրլաքը,  Ռուսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի խորագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը:

Այս տարի նախագիծը կրկին կներկայացնի նաև ֆիլմեր առանց սահմանների կինոծրագիրը; Ծրագրում կներկայացվեն 17 ֆիլմ՝ ստեղծված Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջին տարիներին: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին ուկրաինացի ռեժիսոր Վիկտորյա Տրոֆիմենկոյի «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Անկախ

Երրորդն, ով սատար եղավ մեր գործին, պոլսեցի Հրանտ Դինքն էր. Ռագըբ Զարաքոլու

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակը ներկայացվում է աշխարհին:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

Թուքիայում օրերս հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանությունը: Բացառիկ ժողովածուն ընդգրկում է 1916-1917 թթ. վկայություններ:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

Հսկայական հետազոտական նյութը լրագրողներին ներկայացրին ու դրա պատմաքաղաքական և իրավական նշանակության մասին խոսեցին  «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանության հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուն,   Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Վան» ՀԿ պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը:

“Այս գիրքը օպերատիվ աշխատանքի արդյունք է, կատարվել է տաք-տաք` Ցեղասպանությունից անմիջապես հետո հավաքված փաստերից և դրանում առկա են գիտակցորեն բարձրացված բազում հարցեր: “Կապույտ գրքից” հետո այս գիրքը ամենակարևորներից է, քանի որ նրանում զետեղված են 1916թ.-ի  վկայությունները”,-նշեց Ռագըբ Զարաքոլուն:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

 

1500 օրինակով լույս տեսած թուրքերեն տարբերակը ներկայացվելու է ողջ աշխարհին, իսկ Ռագըբ Զարաքոլուն կարծում է մերժողականության էությունը հետևյալն է.  երբ ինչ-որ բան կեղծում են, ստում են, այն դառնում է շարունակական, ստիպված են լինում կեղծել ամեն ինչ, նոր փաստեր հնարել, այլ կերպ` ջնջել բոլոր հնարավոր տեղերից հայի անունը:

“Այս ամենն ինձ հիշեցնում է Ջորջ Օրուելի “1984” կոչվող վեպը, որտեղ խոսվում է մասնագետների մասին, ում աշխատանքը փաստաթղթեր ոչնչացնելն է ու նորերի ստեղծումը` նոր իրադրությանը համապատասխան”,-նշեց Ռագըբ Զարաքոլուն` ավելացնելով.

“Սա պայքար է որ սկսել ենք 1990-ականներից կնոջս հետ: Պայքարի սկզբում թուրքական հասարակության մեջ միայնակ էինք և 1993թ.-ին, երբ առաջին գիրքը հրատարակեցինք, մեր դռնից ներս մտնելու քաջություն ունեցան միայն երկու տարեց հայ: Գիրքն անմիջապես արգելվեց, հոտո նորից տպագրեցինք, իսկ երրորդն, ով հետաքրքրվեց մեր գործով, պոլսեցի Հրանտ Դինքն էր, ով իր վրա վերցրեց անօրինական ձևով 1000 գիրք տարածելու գործը”,-պատմեց Ռագըբ Զարաքոլուն:

“Անկախ”-ի այն հարցին, թե, որպես Թուրքիայի քաղաքացի,  գիտակցաբա ՞ ր է գնում այս պայքարին, եթե Հայոց Ցեղասպանության ճանաչումը և պատմական արդարության վերականգնումը հետևանքներ է ունենալու Թուրքիա պետության համար, Զարաքոլուն պատասխանեց.

“Իհարկե, ընդունելը ամենահեշտ գործն է, իսկ Թուրքիա պետությունը գիտակցում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո այլ փուլեր են գալու, իսկ դրանցից խուսափելու համար ուզում է խնդիրը այսօրվա վիճակի մեջ պահպանած լինի: Սակայն միայն Թուրքիա պետությունը չէ, նաև մեծ պետություններն էլ պատասխանատվություն ունեն այստեղ: Ամերիկայում ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված գործը չեզոքացվեց, իսկ պատճառաբանությունն այն էր, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չէր ճանաչել Ցեղասպանությունը: Բոլոր նահանգապետերը, ղեկավարները` այդ թվում Օբաման, Փելոզին, խոսում են Ցեղասպանության մասին, ընդունում այն, բայց երբ հարցը կոնկրետանում է,  հասնում իրենց պետություններին, բոլորն էլ մոռանում են դրա մասին”:

Նշենք նաև, որ վաղը` հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին, “Առնո Բաբաջանյան” ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում  տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը:

Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը

«Իմ Հայաստան»,փառատոնՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը:
Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: «Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի կրողներ, հավաքվել եք Հայաստանում՝ ձեր մասնակցությամբ հատուկ շունչ և ջերմություն հաղորդելով այս գեղեցիկ միջոցառմանը: Համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ ապրելով սփյուռքում դուք մեծ առաքելություն եք իրականացնում՝ արվեստի շնորհիվ ոչ միայն պահպանելով ձեր ազգային նկարագիրը, այլև հարստացնելով ձեր բնակության երկրի մշակութային խճանկարը:
Ձեր մասնակցության շնորհիվ այս դահլիճում համախմբվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի արվեստասեր հանրությունը: Այս եռամիության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Միայն միասնության շնորհիվ մենք ի զորու ենք հաղթահարելու համայն հայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները»,
 – նշել է կառավարության ղեկավարը:
«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնԸնդգծելով, որ այս փառատոնը հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու վառ դրսևորում է, վարչապետը հորդորել է մասնակիցներին շարունակել հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված նվիրական գործունեությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ողջ հայությունը մեծ ջանքեր է գործադրում պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Դուք ձեր ուրույն նպաստն եք բերում այդ գործընթացին՝ բարձր պահելով հայի անունն ու պատիվը, մասնակցելով ազգային միջոցառումներին, տարածելով ազգային հարուստ մշակութային ավանդույթները», -հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայ ազգի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելու համար:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության ընդլայնումը, երիտասարդ հայ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, ժամանակակից հայ արվեստի զարգացումն ու տարածումը: Փառատոնի շրջանակում մայր հայրենիքում ցուցադրական ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայկական պարախմբերն ու երգչախմբերը, հայ դուդուկահարներն ու անհատ կատարողները, լրագրողները:

 

Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գիրքը

Քեսաբ.գիրքՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրապարակել է «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» խորագրով գիրք: Հեղինակն է Րաֆֆի Քորթոշյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: «Քեսաբին նվիրված առաջին գիրքն է: Այն Մեծ Հայքից դուրս գտնվող  հուշարձաններին նվիրված երկրորդ գիրքն է: Մինչ այս Պատմական Հայաստանի տարածքն է հիմնականում ուսումնասիրվել: Առաջին նման ուսումնասիրությունը «Հալեպի պատմական հուշարձաններ» գիրքն էր», – ասաց նա` տեղեկացնելով, որ  այժմ արդեն հրատարակության են հանձնվել հինգ գիրք Կոտայքի մարզի հուշարձանների վերաբերյալ:

Հեղինակը` Րաֆֆի Քորթոշյանն պատմեց, որ գրքի դաշտային ուսումնասիրությունը սկսվել է 2010 թվականին: Քեսաբի շրջանի հուշարձանաները չափագրվել և լուսանկարվել են; «Մարտին տեղի ունեցած բռնագրավումից հետո, երբ սպառնալիք առաջացավ, որ այդ կոթողները այլևս  նույն վիճակում չեն մնա, մենք որոշեցինք, որ ժամանակն է մեր ուսումնասիրությունները հրատարակելու», – ասաց նա, հավելելով, որ այն օրը , երբ գիրքը հրատարակության հանձնվեց` իրենք տեղեկացան , որ Քեսաբը ազատագրվել է. այդ պատճառով գիրքը նվիրել է նրանց, ովքեր «պայքարեցին քեսաբցիների` հայրենի բնօրրան վերադառնալու արդար իրավունքի համար»:

Րաֆֆի Քորթոշյանը նշեց, որ իր ունեցած տվյալների համաձայն Քեսաբի հուշարձանները զինյալների և թուրքերի հարձակումների հետևանքով մեծ վնասներ են կրել. «Եկեղեցիներ և անգամ գերեզմաններ են վնասվել, կան գերեզմանափորության դեպքեր թալանի նպատակով, ինչն ակնհայտորեն թուրքերի ձեռագիրն է, քանի որ ես երբեք արաբ ժողովորդի կողմից նման գործողությունների մասին չեմ լսել», – ասաց նա:

Նրա խոսքով` Սիրիայի այլ շրջաններում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ևս մեծ վտանգի տակ են: Հալեպի ռմբակոծությունների ժամանակ ռումբ է ընկել հայկական գերեզմանոցի վրա: Ավիրվել են տապանաքարերը, որոնց վրա գրված էին, թե որտեղից էին այդ մարդիկ եկել Սիրիա, իսկ դա հիմնականում Արևմտյան Հայաստանն էր:

 

Անկախ

Հուշարձան շենքերի շահագործումը ներկայիս վիճակով վտանգավոր է. Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ

5375f59cf0012_medium«Ով շենքը գնել է, նա պարտավոր է բոլոր քարերը հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ չափագրել, համարակալել, տեղափոխել, համապատասխան տարածքում պահել ծածկի տակ, որպեսզի հետ բերվեն և հավաքվեն իրենց տեղում»,- պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ է պատասխանատու Երևանի ապամոնտաժված հուշարձան շենքերի քարերի պահանման համար՝ ասաց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
«Եթե շենքը հուշարձան է, հուշարձանների պահպանության գործակալության հետ կնքվում է պարտավորագիր. օրինակ` Արամի փողոցի շատ շենքերի հետ կապված մենք ունեցել ենք այդ պարտավորագրերը, որ նա պարտավորվոմ է պահպանել և պատասխանատու է հուշարձանի հետագա կյանքի համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ 2005 թվականին, երբ ՀՀ կառավարությունն ընդունեց պահպանվող և տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը, իսկ Երևանի քաղաքապետարանը դրա հիման վրա հաստատեց տեղափոխվող հուշարձան շենքերը, «Հին Երևան» նախագծով քաղաքի կենտրոնում վերականգնելու ծրագիրը, հենց Սամվել Դանիելյանն էր զբաղեցնում քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
«Հայտարարվել էր մրցույթ, որում հստակ նշվել են պայմաններ: Մրցույթի հիմքում դրված էր էսքիզային նախագիծ»,- հիշում է Սամվել Դանիելյանը` հավելելով. «Երբ սեփականատերը գնել է շենքը, մենք այդ էսքիզային նախագիծը տվել ենք իրեն, ասել` դու սա պիտի սարքես, և ինքն էլ ասել է` հա, ես սա եմ սարքելու: Եվ դա արվել է նրա համար, որ ինչ-որ մեկի մտքով, այսպես ասած, օազիսներ չանցնեն, թե բնակելի դարձնեն, վաճառեն և այլն: Դա մեկ միասնական տարածք է՝ պայմանականորեն բաժանված տարբեր գնորդների միջև, բայց կար նաև մեկ միասնական նախագիծ, և յուրաքանչյուրը գիտեր, որ դրա այս մի հատվածն ինքն է իրականացնելու»:
Ի դեպ, նախագծերի համար հայտարարված մրցույթում հաղթել է ճարտարապետ Լևոն Վարդանյանի էսքիզային նախագիծը, որը և հիմք է ընդունվել՝ այսօր իրականացվող «Հին Երևան» նախագծի համար: Սամվել Դանիելյանը դժվարացավ գնահատել, թե որքանով է այսօր կատարվող աշխատանքը համահունչ շուրջ 10 տարի առաջ ընդունված նածագծին` պատճառաբանելով, որ ծանոթ չէ ներկայիս աշխատանքներին, բայց և հավելեց, որ հիմնականը ճարտարապետական այն միջավայրն է, որի պահպանմանը պետք է ուղղված լիներ բուն նախագիծը: Դրանք են կանաչ տարածքները, ոչ բնակելի, հասարակական կոռույցները, բակային կանաչ տարածքները, հայ արհեստագործական տաղավարների առկայությունը:
«Եթե սա չի պահպանվել, ապա ինչ «Հին Երևանի» մասին կարող ենք խոսել, դա արդեն ոչ թե «Հին Երևան» է, այլ՝ չգիտեմ ինչ»,- ասաց Սամվել Դանիելյանը:
Այսօր հնչող տեսակետին, թե ապամոնտավելուց հետո այդ շենքերն այդպես էլ չեն վարակառուցվի, Սամվել Դանիելյանը հակադարձում է կոնկրետ օրինակներով:
«Այդպես հավաքվել է Աբովյան 1/3 շենքը, Հանրապետության 51, 53 շենքերը, Արամի փողոցի վրայի շենքերը` Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ: Սրանք միայն մի քանի օրինակներ են: Այն, որ ապամոնտաժում են ու հետո չեն հավաքում, դրանք ուղղակի խոսակցություններ են»,- ասաց նախկին գլխավոր ճարտարապետը:
Իսկ ինչ վերաբերում է ապամոնտաժվող շենքերը հենց իրենց տեղում պահպանելու խնդրին, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, թե հուշարձանը պահպանելու համար այն նախ հարկ է ամրացնել, իսկ տեղում, թե՝ այլ տեղ, դա արդեն քաղաքաշինական լուծումների խնդիր է:
«Շատ տեղերում քարերը վնասված են, պատի շերտերը հեռացած են իրարից, ամեն դեպքում դրանց պետք է միջամտել: Նոր, նորմալ հիմքերի վրա դնել, արտաքին շերտը պահել, հետևի շերտերը բետոնացման աշխատանքներով ամրացնել, որովհետև այս վիճակում դրանց շահագործումն ուղղակի վտանգավոր է»,- նշեց Սամվել Դանիելյանը:

«Ոսկե Ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը դեսպանությունների հետ

Ոսկե Ծիրան 2014«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ։ Մասնավորապես՝ փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության և Իսրայելի Պետության դեսպանության աջակցությամբ։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիրը, որի շրջանակում ներկայացվելու է գերմանական արտադրության վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը՝ «Ջեքը», «Աշխարհների միջև», «Սիրո բիֆշտեքսներ»: Այս ծրագրի մեկնարկը տրվելու է հուլիսի 16-ից:

«Այս կինոփառատոնը մեծ իրադարձություն է ոչ միայն Երևանում, Հայաստանում. այն ճանաչված է դրա սահմաններից դուրս։ Ժամանակակից կինոաշխարհում դա մեծ  ձեռքբերում է։ «Ոսկե Ծիրանի» շնորհիվ Հայաստանը մեծ հեղինակություն է ձեռքբերել աշխարհում։ Ես շատ ուրախ եմ, որ գերմանացի ռեժիսորները հենց սկզբից մասնակցել են այս միջոցառմանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը։

«Կինոյի միջոցով ամուր կապեր են հաստատվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,- իր հերթին նշեց  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ընդգծելով, որ իր համար՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, մեծ ուրախություն է, որ փառատոնը այս տարի համընկել է Ֆրանսիայի ազգային տոնի հետ։

Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչներ կմասնակցեն  երևանյան փառատոնին։ Մասնավորապես, դեսպանության աջակցությամբ  դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին և պրոդյուսեր Ռոն Դյենը հրավիրված են ներկայանալու փառատոնի միջազգային խաղարկային, Հայկական համայնապատկեր, և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում համապատասխանաբար։ Մեր հանրապետություն կժամանեն միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակից ռեժիսոր Ջիովանի Դոնֆրանչեսկոն , Ֆրանսիայի կինոկենտրոնի համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ժուլիեն Էցանոն, պրոդյուսեր և համատեղ արտադրությունների մասնագետ-դասախոս Դան Բուրլաքը և պրոդյուսեր Ալիս Օրմիերը, ով նաև հանդես կգա «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի ժյուրիի կազմում։ Բացի այդ, ֆրանսիական արտադրության և համատեղ արտադրության 10 ֆիլմ կներկայացվի մրցութային տարբեր ծրագրերում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կինոփառատոնի շրջանակներում իրականացվելու է Հայաստան-Թուրքիա պլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ը: Ծրագրի օրակարգը բաղկացած կլինի և անհատական, և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից: Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է տասը նախագիծ՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար դոլարի համարժեք դրամական պարգևի: Ժյուրիի կազմում են լինելու սցենարիտ և ռեժիսոր Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), սցենարի հեղինակ, ռեժիսոր և գրող Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Նաիրա Սուլթանյանը և Հայաստանում Եվրասիա հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ փառատոնի համագործակցությունն այս տարի նշանավորվելու է հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» միցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երևանյան պրեմիերայով: ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին նշեց, որ փառատոնը բավականին հեղինակություն ունի կինոաշխարհում և նա դրա մասին լսել էր մինչև Երևան ժամանելը. «Քշիշտոֆ Զանուսին Լեհաստանի ամենահայտնի կինոգործիչներից է, ով 70-80-ականներին պայքարել է խորհրդային կարգերի դեմ։ Նա կինոփառատոնի երկար տարիների բարեկամն է: Ռեժիսորին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը», – ասաց խորհրդականը:

 

 Անկախ

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

երաժշտական դպրոցԵրևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։

Երևանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել և պատվոգրերը հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Մրցակարգով  սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը։ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի մրցութային 2-րդ տեղում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 3-րդում՝ Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը։ Լավագույն եռյակում ընդգրկված դպրոցները, բացի պատվոգրերից, ըստ մրցութային տեղերի ստացել են նաև դրամական պարգևներ։

Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Խաչիկ Անդրեասյանը, ով Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան է։

Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, ազգային նվագարանների համույթներ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն։ Մայիսի 5-ից 25-ը անցկացված մրցութային լսումներին մասնակցել է շուրջ 2000 աշակերտ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի բոլոր 25 դպրոցներից։ Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովը նախագահել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։

«Ընտրված էր բավականին հեղինակավոր ժյուրի, խորապես վստահելի անհատներ։ Նրանց մասնագիտական ճշգրիտ գնահատականներում, վստահ եմ, անաչառորեն արտահայտված է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներից յուրաքանչյուրի մասնագիտական տարեկան առաջադիմությունը, որակն ու ինքնությունը։ Առաջին տասնյակում թեև քիչ, բայց առկա փոփոխությունը արտացոլում է դպրոցների՝ տարեցտարի առավել ներկայանալի դառնալու ձգտումը։ Քաղաքապետարանն այս իմաստով բացի մրցութայինը, շատ այլ եղանակներով է խրախուսում այս դպրոցներին։ Քաղաքապետարանն այսօր մեծ ներդրումներ է անում նաև երաժշտական ու արվեստի դպրոցներում՝ բարելավելով շենքային պայմանները վերանորոգումներով, գույքի համալրումով և այլն։ Քաղաքապետարանը նաև հետևողական է և պատրաստակամ  լավագույն երեխաներին աջակցելու հարցում, ինչպես օրինակ միջազգային մրցույթների մեկնելիս և այլն»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ դպրոցների առաջընթացին զուգահեռ՝ ամրապնդվում է նաև մրցույթ-փառատոնի հեղինակությունը. այս մրցույթի արդյունքները ծանրակշիռ են նաև երաժշտարվեստի զարգացմանը սատարող հիմնադրամների համար։

Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ վերջին շրջանում ակնհայտ է դարձել առանձնահատուկ մոտեցումը ազգային նվագարաններին և նկատել, որ մրցույթը նաև դասական երաժշտության ինքնատիպ քարոզչություն է, որը շատ ծնողների կողմնորոշում է դպրոցահասակ երեխաներին ուսման տալ երաժշտական կրթօջախներում։

Գալա-համերգը, ինչպես ամեն տարի, ամփոփվել է Երևանի օրհներգով, որը կատարել են երաժշտական դպրոցների երգչախմբերի սաները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մշակույթի նախարարությունը դիմել է դատարան՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարեցնելու պահանջով.Tert.am

աֆրիկյաններՄշակույթի նախարարությունը դատարանի միջոցով կփորձի ստիպել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին դադարեցնել Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։

«Այսօր դիմել ենք դատական մարմիններին, որպեսզի դատական վճռով ստիպենք դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ մեր ներկայացրած պահանջը չի իրականացվում։ Երեկ դադարեցրել էին, այսօր առավոտյան շարունակում են շինաշխատանքները»,-նշեց նա։

Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունըհայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախարարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները, սակայն որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը։ Ակտիվիստները շինարարներին են ներկայացրել համապատասխան փաստաթուղթը՝ ուղղված «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Թադևոսյանին, որտեղ նշվում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող հուշարձան շենքի ապամոնտաժման աշխատանքների նկատմամբ գործակալության մասնագետները իրականացնում են շենքի ապամոնտաժման հսկողական աշխատանքներ։

«Հայտնում ենք, որ տեղում շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, բացակայում են ապամոնտաժման աշխատանքների վարման մարտյանը, հեղինակային և տեխնիկական հսկողության, գիտական ղեկավարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների հրահանգը չի կատարվել։

Ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանների պահպանությունը։ Մինչ համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայությունն ապահովելն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները»,-նշված է պահանջում։

Նշենք նաև, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ այս պահին երթով շարժվում են նախարարություն։

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հեղինակի հետ հանդիպում

BanerՀունիսի 25-ին՝ ժամը 18:30-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում (Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած` «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում, «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն կկազմակերպի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հանդիպում ֆիլմի հեղինակ, թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի հետ: Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում, և հանդիսատեսի հարցերին կպատասխանի ֆիլմի հեղինակը:

Հիշեցնենք, որ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմն անցյալ տարի արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոնում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները

որոշումՄշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան, որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը:

Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Փահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:

Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի

տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:Այսինքն՝ ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն  իրականացվում է ՀՀ կառավարության  7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀՍահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային  պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց  համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը  տրամադրել է անօրինական  ապամոնտաժման թույլտվություն։

Ելնելով վերնշյալից՝ Պահպանենք Աֆրիկյանների տունը  քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և  «Ուրբանլաբ Երևան»   ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել ` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը:

Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնություն

Հաղթողների անուններն արդեն հայտնի են. ԱՄՆ դեսպանատուն

Հաղթողների անուններն արդեն հայտնի են.  ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մեզ հայտնեցին «Զարգացող տաղանդ» վավերագրական ֆիլմերի մրցույթի հաղթողների անունները:

«Շնորհավորու՜մ ք բոլորին: Ահա և հաղթողները. Արամ Կիրակոսյանի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմը հաղթեց լավագույն պատմություն անվանակարգում, Ավետիս Ավետիսյանի «Հայրենիքը, որը սկսվում է իմ տնից» ֆիլմը հաղթեց լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում, իսկ Սոնա և Մարինե Քոչարյաններնների «Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմը հաղթեց լավագույն ֆիլմ անվանակարգում», – տեղեկացրել է դեսպանատունը:

 

Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է 30-ի. Սարհատ Պետրոսյան

Աֆրիկյանների_ակումբ_1«Երկու շաբաթ  է, ինչ Աֆրիկյանների տանը ակտիվ կերպով տեղի է ունենում ապամոնտաժում, այլ կերպ ասած` քանդում: Շաբաթ օրը Մշակույթի նախարարության մի քանի անդամներ եղան շենքի բակում և արգելեցին աշխատանքեր կատարելը, սակայն այսօր քանդման աշխատանքները վերսկսվել են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը` ընդգծելով, որ շենքը տեղափոխելու մասին Կառավարության 2004 թվականի որոշումը անօրինական է, քանի որ 2008 թվականին Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, ըստ որի,  յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը սպառնալիքի տակ է:

Պատմամշակութային հուշարձանների շարքում ընդգրկված Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է  30-ի:

Սարհատ Պետրոսյանը չի հավատում պատկան մարմինների հայտարարությանը ,թե շենքը տեղափոխվելու է  «Հին Երևան» թաղամասում վերականգնելու նպատակով. «Այդ թաղամասը 2005 թվականից կառուցվում է և դեռ հույս չկա, թե կավարտվի դա: Վերջին 15 տարվա ընթացքում ոչ մի տեղափոխված շենք մեկ այլ վայրում չի կառուցվել: Պատմամշակութային արժեք ունեցող 29 շենք է ավերվել: Աֆրիկյանների շենքը վերջին մոհիկանների շարքում է», -ասաց նա:

Իրավաբան Անի Վարդանյանը տեղեկացրեց, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ուրբանլաբ Երևան ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, դատարան Հաստատել` Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարության որոշումների առ ոչինչ լինելը:

Իրավաբանը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը դադարեցվեն շենքի ապամոնտաժման աշխատանքները:

 

Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը

սպասված վերադարձ 15 տարվա բացակայությունից  հետո Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով  աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանը կրկին  հանդես  կգա հայրենիքում:

«Սպասված վերադարձ» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 28-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և նվիրված կլինի դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանի 50-րդ տարեդարձին: Հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի գլուխգործոցները:

Ջորջ Փեհլիվանյանն ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայական: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «Պրո Մյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991 թվականի սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Նա առաջինն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ  արժանացել է   այդ  պատվավոր  մրցանակին:

Ֆրանսիական «Լը Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:

Ջորջ  Փեհլիվանյանի  ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերը կատարել են  Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի, ինչպես նաև Կոմիտաս ու Խաչատրյան:

«Սպասված վերադարձ» համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսեր գնելու դեպքում` կկազմակերպվի անվճար առաքում: Լրացուցիչ հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 095 90 90 08 կամ 010 526718:

Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

 Շահեն ՆազարենկոԱյսօր երեկոյան Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Բացման օրը համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալը: Փառատոնի բացումը կմեկնարկի հենց Խոր Վիրապից: Անտեղից կամավորների կողմից պատրաստված 2000-ից ավելի խորհրդանշական մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղթոքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները կստանան որպես հուշանվեր:

 

Բացման արարողության ժամանակ կներկայացվի կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Մեծ Հեքիաթ» ստեղծագործությունը, որը գրվել է  հատուկ «Ֆրեսկո» փառատոնի համար

«Սա ավելի շատ քննարկման փառատոն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Շահեն Նազարենկոն: Նա պատմեց, որ փառատոնը ստացել է  մոտ 400 ֆիլմ, որից փառատոնի 17 օրերին ցուցադրելու են մոտ վեց տասնյակը: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ, որից միայն մեկն է  հայկական արտադրության` Արա Երնջակյանի «Խավարում»-ը: Ամենաշատ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից: Ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն կինոդահլիճներում ու բացօթյա տարածությունում, այլև Հայաստանի գեղատեսիլ վայրերում` Ախթալայի և Օձունի եկեղեցիների մերձակայքում:

Փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ ժյուրին չի գնահատելու մնացած փառատոնների կանոնների համաձայն`  ֆիլմերի ռեժիսորի, օպերատորի աշխատանքը, դերասանական խաղը. «Գնահատելու ենք լավագույն սեր պատգամով, լավագույն խաղաղություն քարոզող, լավագույն երկխոսություն, հանդուրժողականություն ձևավորող ֆիլմերը: Գլխավոր մրցանակը ձևակերպել ենք՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա»: Խոսքը վնասված արժեքների մասին է»:

Փառատոնին կմասնակցեն բազմաթիվ օտարերկրացի կինոարտադրողներ: Նրանիցից մեկը` իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը: «Փառատոնն առաջին հերթին ինձ գրավեց իր ինքնատիպությամբ: Քիչ կան փառատոներ, որտեղ շեշտը դրված է այն ֆիլմերի վրա, որոնք խաղաղություն, սեր, համերաշխություն են քարոզում»,- ասաց նա: Փառատոնում ներկայացված է Ջանլուկա Սոդարոյի «Աստված երկնքում է» 14 րոպեանոց ֆիլմը

Կլինի  նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը

Մրցանակաբաշխությունը կանցկացվի  հունիսի 29-ին:

Անկախ

Դադարեցվել է պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալական հիմունքներով տրամադրումը

загруженноеՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

“Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների  վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը”:

 

Անկախ

 

Հայտնի է «Ոսկե Ծիրան 2014»-ի ֆիլմերի արտամրցութային ծրագիրը

ոսկե ծիրանԱյս տարի «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ  միջազգային կինոփառատոնի ֆիլմերի արտամրցութային ծրագրում ընդհանուր թվով կներկայացվի մոտ 100 ֆիլմ: Արտամրցութային բաժնում ներկայացված են արդեն ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, «ֆիլմեր առանց սահմանների» ծրագրերը, ինչպես նաև` «Հայեր ` հայացք ներսից և դրսից» և այս տարի առաջին անգամ իրականացվող Սոցիալական փոփոխությունների կինո խորագրի ներքո կայացող լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաիանական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագիրը:  Այս ծրագրերին ավելի մանրասմն անդրադարձան փառոտնի կազմակերպիչները: Կինոքննադատ Միաքայել Ստամբոլցյանը, մասնավորապես, նշեց, որ իրեն ամեն տարի փորձում են համեստ լինել, սակայն ամեն անգամ երբ խոսքը վերաբերում է արտամրցութային ծրագրին նրանք միշտ Հայաստան են բերում լավագույն ֆիլմերը և աշխատում են` դրանք լինեն որքաքն կարել է շատ:

 

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղություն ստացած մի շարք ֆիլմեր: Մասնավորապես` ծրագիրը կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն»-ը , որի ռեժիսորը Նուրի Բոլգի Ջեյլանն է Թուրքիայից, Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից «Երկու օր, մեկ գիշեր»: Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակակած «Բարբարոս երկիր» և Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված  «Գիրքը» ֆիլմը:

 

Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես ` կներկայացվեն աշխարհահռչակ կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային կորեա) , Ցզյա Չժան-կեի (Չինաստան), Օթար Իոդելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայի (Իսրայել) ֆիլմերը: «Ցզյա Չժան-կեն ներկայումս Չինաստանի լավագույն ռեժիսորն է, սակայն անհայտ է հայ կինոսերին: Այդ պատճառով մենք  նրանից միանգամից 7-8 ֆիլմ ենք ներկայացնելու», – նշեց Ստամբոլցյանը:

«Ոսկե Ծիրանը» « Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրի Կիմ Կի-դուկին, Ցզյա Չժան-կեին, Օթար և Ամոս Գիտային, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես Հարգանքի տուրք ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի;

 

Ուկրաինական պոետիկ կինո ծրագիրն այս տարի կիրականացվի առաջին անգամ` որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս, քանի որ Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց ուկրաինակիան կինոյի այս ժանրը: Կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված 10 ֆիլմեր` Ալեքսանդր Դովժենկոյից մինչև մեր օրերը:

 

Ֆիլմեր առանց սահմանների արտամրցութային ծրագրում ավանդաբար կներկայացվեն Արևելյան գործընկերության երկրների արտադրության ֆիլմեր: Կներառվի շուրջ 16 ֆիլմ, որոնք ստեղծված են մշակութային երկխոսության և արվեստի աշխարհում սահմանների հաղթահարման ընդհանուր գաղափարախոսությամբ:

 

Արդեն երրորդ տարին կիրականացվի «Հայեր` հայացք դրսից և ներսից ». կցուցարվի 18 ֆիլմ:

Կլինի հատուկ ծրագիր նվիրված գերմանական նոր կինոյին:

 

Լեհական կողմի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ կանցկացվի լեհական ֆիլմերի ցուցադրություն` Սոցիալական փոփոխությունների կինո նշանաբանի ներքո:

Անկախ

«Զվարթնոցում» փարթի կազմակերպելու համար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է խիստ նկատողություն եւ ազատել աշխատանքից.NEWS.am

«Զվարթնոց»Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների  ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողությունհաղորդում է NEWS.am:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զվարթնոցի տաճարի տարածքում հունիսի 14-ին «ընտրյալների խնջույք» էր կայացել: «Հաստատությունը» վարձակալել էր «Տեմպ վենչուրս» ընկերությունը, մասնակցել էին հայ եւ ռուս գործարարներ, կայացել էր մրցույթ, վերջում էլ ֆուրշետ:  Սակայն, ըստ մամուլի. Կազմակերպիչը եղել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի ՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վճարովի հիմունքներով պատմամշակութային  հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացումը: Հուշարձանի վարձակալման վճարը մեկ օրվա համար կազմում է 200-ից 700 հազար դրամ:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում կնվագի 18-րդ դարի թավջութակով

posterՖրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին ժամը 19.00-ին առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» ստեղծագործությունը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը» (փոխադրումը` Դոմինիկ դե Վիլենկուրի) և Դոմինիկ դե Վիլենկուրի «EMTO» թավջութակի և լարայինների համար ստեղծագործությունները:

 «Լինելով նրբաճաշակ և բարձրարվեստ վիրտուոզ՝ Դոմինիկ դե Վիլենկուրն իր համերգներում աչքի է ընկնում անկեղծությամբ, թավջութակի թավշյա հնչյուններով և կատարման նրբագեղությամբ», երաժիշտի մասին գրել են քննադատները:  2000 թվականից ի վեր Դոմինիկ դե Վիլենկուրը նվագում է Յոզեֆ Գալիանոյի 1754 թվականին պատրաստված բացառիկ թավջութակով և Ֆրանսուա Տուրտի 1825 թվականին աղեղով: Հայաստանում ևս նա կնվագի իր գործիքներով՝ հնչեցնելով բառաիկ նրբության և մաքրության հնչյուններ:

Դոմինիկ դե Վիլենկուրը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան քառասուն երկրներում: Միայն վերջին մի քանի տարիներին ելույթ է ունեցել Ավստրիայում, Կոլումբիայում, Հարավային Կորեայում, Ռումինիայում և Ռուսաստանում: Մասնակցել է այնպիսի հեղինակավոր փառատոներին, ինչպիսիք են Կուհմոյի (Ֆինլանդիա), Պորտոգրուարոյի (Իտալիա), Յոկոհամայի և Կիոտոյի (Ճապոնիա) փառատոները:

Բորոդինի անվան կվարտետի հիմնադիր անդամ Վալենտին Բեռլինսկին Դոմինիկ դե Վիլենկուրին հրավիրվել է հանդես գալու Մոսկվայի ֆիլհարմոնիայում, ինչպես նաև որպես ժյուրի ներկա գտնվելու Շոստակովիչի անվան մոսկովյան միջազգային մրցույթում:

Սահարա, Եմեն, Կովկաս, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան կատարած ճանապարհորդությունները ոգեշնչել են Վիլենկուրին ստեղծագործելու հայկական և տիբեթյան թեմաներով:

«Մեցցո» հեռուստաալիքի համար Դոմինիկ դե Վիլենկուրը պատրաստել է վավերագրական ֆիլմ՝  ներկայացնելով ստեղծագործական այն բացահայտումները, որոնք նա կատարել է անապատներում իր գործիքով շրջելու ընթացքում: Թողարկվել է թավջութակահարի ստեղծագործությունների առաջին մենագրային ձայնասկավառակը, ինչպես նաև «Բախն անապատում» վերնագրով տեսասկավառակը, որը ներկայացնում է նրա շրջագայությունները Սահարայի սրտում:

Թավջութակահարը նաև հանդիսանում է Europe & Art երաժշտական ընկերության գեղարվեստական ղեկավարը և 1994 թվականից ի վեր կազմակերպում է երաժշտական շրջագայություններ այնպիսի մեծանուն երաժիշտների հետ, ինչպիսիք էին Լորդ Յեհուդի Մենուհինը, Յուրի Բաշմետը: