Աբդուլլահ Օջալանը շուտով ազա՞տ է արձակվելու

karayilanԳերմանական «Die Welt» թերթը խոսել է PKK-ի Քանդիլի առաջնորդ Մուրադ Քարայըլանի հետ Քրդական հարցի լուծման գործընթացի մասին: «Այս գործընթացը բոլորի համար ազատությամբ կավարտվի: Դա վերաբերվում է նաև մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,-նշել է Քարայըլանը:
Լրագրողի այն հարցին, թե «արդյո՞ք ուզում եք, որ Օջալանը մոտ ժամանակներում ազատ արձակվի», Քարայըլանը պատասխանել է. «Դա կախված է այն բանից, թե ինչպես կզարգանա լուծման գործընթացը: Հիմա կարևորն այն է, որ նա կարողանա ավելի ակտիվ դեր խաղալ և մեզ հետ ավելի հեշտ շփվելու համար բանտում լավ պայմաններ ապահովվեն: Եթե լուծման գործընթացի երրորդ փուլը հաջողվի, բոլորի նման Աբդուլլահ Օջալանն էլ ազատ կլինի»:

 

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում և Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

obama_erdoganԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Զրուցակիցները հիմնականում քննարկել են սիրիական հարցը, Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը, Թուրքիայի ու ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը և սիրիական ընդդիմությանը օգնելու հարցը:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ բացի սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրներից երկու պետությունների առաջնորդները խոսել են տարածաշրջանային հարցերի մասին, քննարկել են Մեծ ութնյակի գագաթաժողովի արդյունքները և Սիրիայի հարցով Ժնևյան 2-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Էրդողանը Օբամային տեղեկություններ է հաղորդել նաև վերջին դեպքերի հետ կապված Թուրքիայում տիրող իրավիճակի մասին:

Գեզի այգու իրադարձությունների ժամանակ վիրավորվել է ամենաքիչը 28 լրագրող

3Թուրքիայի լրագրողների արհմիությունը Արդարադատության պալատի առջև մամուլի ասուլիս է կազմակերպել: Արհմիության տվյալների համաձայն` Ստամբուլի “Գեզի” այգու շուրջ ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվել է ամենաքիչը 28 լրագրող, խոչընդոտվել է 22 լրագրողի աշխատանքը, ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 14 լրագրող, իսկ 4-ը բերման է ենթարկվել ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում, հաղորդում է “Բիանեթ” կայքը:

Թուրքիայի լրագրողների արհմիության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Գյոքհան Դուրմուշը ասել է, որ այս ամոթալի պատկերի մեղավորը Թուրքիայի քաղաքական իշխանությունն է և  նրանից կախված ոստիկանական ուժերը: Միաժամանակ Թուրքիայի լրագրողների արհմիությունը պահանջել է Ստամբուլի նահանգապետի, Ստամբուլի անվտանգության ծառայության պետի և բռնության գործադրման մեջ պատասխանատու այլ պաշտոնյաների հրաժարականը:

Թուրք հայտնի գրող, լրագրող Մուրատ Բելգեն հեռացել է “Բանիմացների հանձնաժողովի” շարքերից

1Հունիսի 26-ին Թուրքիայում տեղի կունենա քրդական հարցի լուծման նպատակով ձևավորված “Բանիմացների հանձնաժողովի” վերջին նիստը: Նիստի չի մասնակցելու թուրք գրող, լրագրող Մուրատ Բելգեն, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս”թերթը`հղում կատարելով “Թարաֆ”-ին:
Բելգեն հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Նման որոշման պատճառ է դարձել Գեզի այգու ցույցերի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ դիրքորոշումն ու գործելակերպը:
Բելգեն “Թարաֆ” թերթում գրել է, որ չպետք է ասել` Գեզին այլ է, խաղաղության գործընթացը` այլ, քանի որ հասարակության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Բելգեն գրել է նաև, որ չի մասնակցի հանձնաժողովի եզրափակիչ նիստին և չի հանդիպի վարչապետ Էրդողանի հետ:

 

Հյուրեմ սուլթանը հայ աղջկա դե՞ր է խաղալու

serialԹուրքական «Աքշամ» պարբերականը լուր է տարածել այն մասին, թե «Հրաշալի դար» սերիալի դերակատար, հանրահայտ դերասանուհի Մերյեմ Ուզերլին մեկ այլ նշանավոր թուրք դերասան Քըվանչ Թաթլըթուղի հետ շուտով նկարահանվելու է նոր սերիալում: Հետաքրքրական է, որ «Ay yapım» սերիալարտադրող ընկերության նոր նախագիծը պատմելու է հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո մասին: Նախատեսվում է սերիալի նկարահանումները սկսել փետրվար ամսին: Եթե ամեն ինչ պլանավորվածի պես անցնի, ապա այս ուշագրավ սերիալը հեռուստադիտողի դատին կհանձնվի արդեն 2014 վականի սեպտեմբերին:
Նշենք, որ յուրատեսակ սցենարով սերիալի մասին լուրեր են հայտնվել նաև ադրբեջանական մամուլում՝ դառնալով քննարկման առարկա:

 

Ադրբեջանում թմրամոլների թիվն աճել է

1 (4) Ադրբեջանում 2012թ-ին թմրանյութ օգտագործելու հետևանքով մահացել է 34 մարդ, հաղորդում է ադրբեջանական պետական “ԱՊԱ” գործակալությունը:

Թմրանյութերի դեմ պայքարի ազգային գրասենյակը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, որ 2012թ. Ադրբեջանում թմրամոլների թիվը, 2011թ-ի համեմատ, աճել է՝ 26  717-ից հասնելով  27  910-ի:

Կենտրոնի տնօրեն Մազահիր Էֆենդիևը հավելել է, որ վերոհիշյալ թմրամոլներից 21 999-ը հաշվառված են հոգենյարդաբանական կենտրոններում, 5911-ն էլ կանխարգելիչ հաշվառման մեջ են:

“Թմրամոլների 17 տոկոսը երիտասարդներ են: Համաձայն պաշտոնական տվյալների՝ թմրամոլների տարքիային ցենզը վերջին 5 տարվա ընթացքում անկում է արձանագրել՝ 30 տարեկանից հասնելով 17-ի:  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի որոշ շրջաններում, հատկապես հարավում, արձանագրվել են թմրանյութերի օգտագործման դեպքեր 14-15 տարեկան դեռահասների շրջանում, ինչը առանձնակի մտահոգության տեղիք է տալիս”,-նշել է Էֆենդիևը:

Վերջինս հայտնել է նաև, որ 2012թ. Ադրբեջանում առգրավվել և ոչնչացվել է 1371 տոննա թմրամիջոց:

«Գեզի» այգու ցույցերի ամենահայտնի լուսանկարի «սև զգեստով աղջիկը» ավստրալացի Քեյթն է

gezi«BBC Türkçe»-ն զրուցել Թաքսիմի «Գեզի» այգու համար պայքարի առաջին օրերից հայտնի դարձած լուսանկարի «սև զգեստով աղջկա» հետ, ով դարձավ մի յուրատեսակ խորհրդանիշ հազարավոր ցուցարարների համար: Քեյթ Մուլենը, որը ձեռքերը պարզած կանգել էր ջրցան մեքենայի առաջ և իր վրա ընդունել ջրաշիթի հարվածը, պատմել է իր և ցույցերին մասնակցելու սովորության մասին:

Քեյթը ավստրալացի է, սովորում է Սիդնեյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, Թուրքիա է եկել ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում: Քեյթը պատմել է, որ Ավստրալիայում ևս մի քանի ցույցերի է մասնակցել: Օրինակ՝ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել երկրում փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ, քանի որ Ավստրալիա եկած փախստականներին իսկույն ձերբակալում են: Մեկ այլ ցույցի ժամանակ էլ բողոքում էին Իրաքի պատերազմի դեմ:
Հետաքրքիր է, որ Քեյթը, տեսնելով ջրցան մեքենաներին և մոտակայքում կանգնած լուսանկարիչներին, հատուկ է կանգնել մեքենայի դիմաց և իր վրա ընդունել ջրաշթի հարվածը, որպեսզի ֆոտոխցիկները ֆիքսեն այդ պահը: Այն մասին, թե իր լուսանկարը դարձել է «Գեզիի» ցուցարարների խորհրդանիշը, Քեյթը նշել է. «Այդ լուսանկարը արդեն իմը չէ, ինձ հետ կապ չունի: Եթե ավելի գլոբալ մտածենք, իմ ցույցը ոչինչ է այն հազարարվոր խիզախ ցուցարարների արածների համեմատությամբ: Սև զգեստով աղջիկը արդեն ես չեմ: Այդ աղջիկը հակակապիտալիստ մուսուլմանն է, կաթսաների և թավաների ձայն հանող գլխաշորով տարեց կինն է և իր համուզմունքների համար ոտքի կանգնած ու փողոց դուրս եկած յուրաքանչյուրը:»

Ստորագրի՛ր Մուշի հայկական պատմական տների քանդման դեմ

mushԹուրքիայում ստորագրահավաք է կազմակերպվել, որի նպատակն է կանխել Մուշի հայկական պատմական տների քանդումը թուրքական կառավարության կողմից: Կայքում նշվում է, որ Թուրքիայում այսօր էլ շարունակվում է 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը, որն այժմ վերածվել է մշակութային և տնտեսական ցեղասպանության: «Մշակույթ ոչնչացնելը նշանակում է մարդկությունը ոչնչացնել: Սա պատմական մի կոտորած է: Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությունով կանխիր այս կոտորածը»,-գրում է կայքը:

Նշենք, որ երեկ Թուրքիայում գործող «Այքըրըդողրուլար» կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը լուր է տարածել, թե Մուշի քաղաքապետարանը որոշել է քանդել քաղաքի հայկական տները, որոնք պատմական նշանակություն ունեն: Դրանց փոխարեն կառուցելու են պետական վարչական շենքեր:
Ստորագրահավաքին մասնակցելու համար այցելեք հետևյալ կայքը:

 

Թուրք-գերմանական հարաբերություններին ոչինչ չի սպառնում. Անադոլու

germanyԱյն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, թե թուրք-գերմանական հարաբերություններում լարվածություն է նկատվում, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը շտապել է տարածել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի այն հայտարարությունը, թե Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամական սերտ հարաբերություններ են: Զայբերտի խոսքերով՝ Գերմանիայում մոտ 3 միլիոն թուրք, որոնք երկու երկրների միջև յուրատեսակ կամուրջ ռն հանդիսանում: Նա նշել է, որ Թուրքիան այժմ դժվար ժամանակներ է ապրում, սակայն դա չի ազդում երկկողմ հարաբերությունների վրա:

Այնուհանդերձ Գերմանիայի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ գերմանական կողմը աշխատում է այն առաջարկության վրա, ըստ որի պետք է քննարկվի Թուրքիայի Եվրամիության անդամագրման 22-րդ կետը, որը վերաբերում է Թուրքայի տարածաշրջանային քաղաքականությանը:

 

«Գեզի» այգու շարժումը մշակութային նոր գիծ է բերել (լուսանկարներ)

1Ստամբուլում սկսված «Գեզի» այգու համար պայքարը հենց առաջին օրերից ստեղծեց իր մշակութային առանձնահատկությունները: Երիտասարդները սկսեցին երգեր գրել պայքարի, դիմադրության ոգին բարձրացնելու համար, իսկ մյուս կողմից էլ քաղաքի պատերին հարյուրավոր ծաղրանկարներ հայտնվեցին, որոնք արտահայտում էին ցուցարարների պահանջներն ու գաղափարները:

«Գեզիի» բերած մշակույթային շարքից են նաև նկարազարդողների աշխատանքները: Ահա «Ռադիկալը» ևս հրապարակել է «Գեզիի» դեպքերը յուրովի ներկայացնող մի քանի նկարներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Թուրքիայում ոստիկանները արդեն ծեծում են «կանգնած մարդկանց»

mard 2Թուրքական մամուլում հայտնվել է մի նկար, որտեղ հստակ երևում է, թե ոստիկանները ինչպես են քաշքշում «կանգնած մարդուն»: Օրերս «Թաքսիմի դիմադրությունը» համանուն հրապարակում ցույց էր կազմակերպել, որի ընթացքում հրապարակում մեխակներ են դրել: Երբ ոստիկանությունը սկսել էր միջամտել ակցիային, հրապարակում հայտնվել էր մի երիտասարդ մատուցողի շորերով և սկուտեղը ձեռքին սկսել էր բոլորին հայտնի դարձած «կանգնած մարդ» ակցիան:

«Ռադիկալը» հայտնում է, որ երբ ոստիկանությունը ցուցարարների վրա ջրաշիթեր է արձակել և խառնաշփոթ է առաջացել, ոստիկաններից մեկը սկսել է ապտակել և ոտքով ու բռունցքով հարվածել «կանգնած մարդուն»: Այսօր պարզ է դարձել, որ լրագրողական տեսախցիկներից մեկը ֆիքսել է այդ պահը:

 

Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցության պատգամավորին և պահանջում է 100 հազար լիրայի փոխհատուցում իրեն ահաբեկիչ անվանելու համար

dat (1)Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեին Այգյունին և պահանջել է իբրև փոխհատուցում վճարել 100 հազար լիրա բարոյական վնաս հասցնելու համար: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Էրդողանը իր ներկայացրած հայցում պատգամավորին մեղադրում է իրեն վիրավորելու մեջ, որոնք նա իրեն թույլ է տվել գրել իր «Twitter»-յան էջում:

Այսպես ԱԶԿ-ի գրասենյակում և արդարադատության նախարարությունում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո պատգամավոր Այգյունը իր «Twitter»-յան էջում մի հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ Էրդողանին անվանել էր Թուրքիայի գլխավոր ահաբեկիչ: Էրդողանը դատարանին հայտնել է, որ Այգյունի արտահայտությունները ամբողջությամբ զրպարտանք ենք, խախտում են իր իրավունքները և ուղղակի վիրավորում են թուրքական կառավարության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը:

 

DADP-ի նախագահը հերքել է Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը առաջադրելու մասին տեղեկությունը

4Ադրբեջանական “Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ” կուսակցության (DADP) նախագահ Փաթմա Ալիևան հայտարարել է, որ օրեր առաջ տարածված այն տեղեկությունը, թե DADP-ը գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը, չի համապատասխանում իրականությանը, և այն որակել է որպես սադրանք:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև ռուսական պետական հեռուստատեսություններից մեկը տեղեկություն էին տարածել, որ իշխանամետ DADP կուսակցությունը  գալիք ընտրություններում առաջադրելու է Ադրբեջանի առաջին տիկնոջ թեկնածությունը: Լրատվամիջոցները գրել էին, որ որոշումը միաձայն ընդունվել է կուսակցության նիստի ժամանակ:

“Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ” կուսակցության նախագահ Փաթմա Ալիևան հայտարարել է, որ Ալիևայի թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացրել են “մի խումբ ինքնակոչ անձինք՝ ոմն Սևդա Խուրշուդովայի գլխավորությամբ, որոնք կուսակցության հետ որևէ առնչություն չունեն”: Վերջինս նշել է, որ այդ անձիք Վրաստանի քաղաքացիներ են:

“Սևդա Խուրշուդովան, ով հայտարարել էր Մեհրիբան Ալիևայի թեկնածությունն առաջադրելու մասին, այժմ մեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի: Նա Վրաստանի քաղաքացի է, և նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիություն չունի: DADP-ի նախագահի պաշտոնում իմ ընտրվելուց առաջ Սևդա Խուրշուդովան, կարելի է ասել, որ միանձնյա ղեկավարում էր կուսակցության  բոլոր գործերը՝ հանդիսանալով կուսակցության աշխատակազմի ղեկավարը: Սակայն նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ես նրա հետ գործնական հանդիպում եմ ունեցել ու պաշտոնապես տեղեկացրել եմ, որ նա պետք է վերջ տա միանձնյա ղեկավարմանը: Հենց այդ ժամանակ էլ նրան հիշեցրել եմ, որ քանի որ նա Ադրբեջանի քաղաքացի չէ, ուստի, օրենսդրության համաձայն, քաղաքական կառույցի անդամ, առավել ևս դրա ղեկավար մարմնի ներկայացուցիչ լինելու իրավունք չունի: Սակայն նա շարունակում է չարաշահել մեր կուսակցության անունը”,-հայտարարել է DADP-ի նախագահը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ. հոկտեմբերին:

Ադրբեջանը 5 ամսվա ընթացքում արտադրել է 1.1 մլրդ դոլարի նավթամթերք

3 (1)2013թ. հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանը նավթամթերքների արտադրությունից 1,1 մլրդ դոլար շահույթ  է ստացել: Ի համեմատություն 2012թ. նույն ժամանակահատվածի տվյալների` ցուցանիշը գերազանցում է 11,5%-ով, վկայում են Ադրբեջանի պետական վիճակագրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, հաղորդում է ադրբեջնական “1նյուզ” կայքը:

Շահույթի ընդհանուր աճն ապահովել է ավտոմոբիլային բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի արտադրությունը:

Ադրբեջանում արջը մասնակցել է հարսանիքին

2 (4)Ադրբեջանում` Շամախում, արջը հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, հունիսի 23-ի ուշ երեկոյան արջը հարսանիքի ժամանակ հարձակվել է հյուրերի վրա: Չնայած հյուրերի ջանքերին` արջը վիրավորել է նրանցից մեկին: Այնուհետև հարձակվելով կովի և էշի վրա`արջը կերել է նրանց:

Սակայն այդ ամենով արջը չի բավարարվել: Ավելի ուշ գազազած կենդանին գյուղի մոտակայքում հարձակվել է հովվի վրա: Տուժածը ծանր վնասվածքներով հասցվել է հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը կրիտիկական է:

Ադրբեջանում խոչընդոտում են “Ազատություն” ռադիոկայանի հեռարձակմանը

1 (3)Ադրբեջանում “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայանի ձայնը խլացնելու փորձեր են կատարվում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան միջազգային կորպորացիան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի տարածքում “Ազատություն” ռադիոկայանի՝ արբանյակների միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ արհեստական խոտաններ են ստեղծվում: Այս ամենը հակասում է միջազգային հեռահաղորդակցության օրենքներին:

“Վերջին շրջանում “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության,  մասնավորապես “Տարբերվող նորություններ” հեռուստածրագրի հեռարձակման ժամանակ ձայնի և պատկերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս հեռուստահաղորդումը թուրքական հայտնի TurkSat արբանյակի միջոցով հեռարձակում է Medya TV հեռուստաալիքը: Խոտանները սկսվում էին հաղորդման մեկնարկից 4-5 րոպե անց և ավարտվելուն պես անհետանում էին: Այս խնդիրները նկատվել են մայիսի 28-ից՝ երեք շաբաթ շարունակ: Դրանից խուսափելու համար նույնիսկ փոխվել է հեռարձակման հաճախականությունը և հեռարձակողը: Սակայն ամեն անգամ ԱՄՆ-ի միջազգային հեռարձակման բյուրոյի աշխատակիցներն արձանագրում էին հեռարձակման խափանմանն ուղղված էլեկտրոնային միջամտության փորձեր: Վերջին անգամ այսպիսի միջամտություն նկատվել է  հունիսի 16-ի հեռարձակման ժամանակ”,-ասվում է հայտարարությունում:

“Վերջին տարիներին դադարեցվել է մեր հեռարձակումը տեղական ալիքների հաճախականություններով, մեր լրագրողների վրա ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այս միջամտությունը նույն այդ քաղաքականության շարունակությունն է: Դեպքերի նման զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին կոչ ենք անում հետաքննել այդ դեպքերը”,- նշել է “Ազատ Եվրոպա-Ազատություն” ռադիոկայան կորպորացիայի ղեկավար Քևիզ Քլոզը:

Վերջինս ընդգծել է, որ կորպորացիայի ղեկավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել “Ազատություն ռադիոկայանի” ծրագրերի հեռարձակման գործընթացը:

Ընտրությունները ցույց կտան, թե ով ով է. Թայիփ Էրդողան

erzurumԱրդարություն և զարգացում կուսակցության նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում ելույթ է ունեցել իր գլխավորած կուսակցության կազմակերպած «Հարգանք ժողովրդի կամքի հանդեպ» կարգախոսով հանրահավաքի ժամանակ: Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվածների առաջ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքը ամեն դեպքում ընտրություններն են դառնալու, որոնք տեղի կունենան ութ ամիս անց: Ըստ վարչապետի՝ հենց ընտրությունները ցույց կտան, թե ով ով է:

«Անադոլու» գործակալությունը գրում է,որ Էրդողանը նշել է, թե «Գեզի» այգու պաշտպանությունը միայն պատրվակ էր բողոքի ցույցերի համար: «Այս ամենը քաղաքական խաղ է, քանի որ ԱԶԿ-ի կառավարման ժամանակ վերջ դրվեց գողությանն ու ավազակությանը: Ժողովուրդն  այլևս թույլ չի տա անել դա: Մենք շարունակելու ենք մեր երկխոսությունը մինչև ընտրություններ: Հենց դրանք կտան բոլոր հարցերի և պահանջների պատասխանները»,-հայտարարել է Էրդողանը:

 

Թյուրքալեզու երկրները միավորվում են հայկական սփյուռքի դեմ

ErmeniԱդրբեջանական սփյուռքի հարցերով զբաղվող պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը, Ղազախստանը և Ղըրղըզստանը միավորվելու և կանգնելու են Թուրքիայի կողքին պայքարելու համար հայկական սփյուռքի դեմ: «Մեկ ազգը չի կարող երկու խնդիր ունենալ, մեր խնդիրները նույնն են: Հայկական պնդումների հետ կապված խնդիրները, որոնց առջև կանգնել է Թուրքիան, միևնույն ժամանակ մեր խնդիրներն են: Ղարաբաղյան հարցում ևս թուրքական սփյուռքը աջակցում է Ադրբեջանին և համաշխարհային հանրությանը այս հարցում առողջ տեղեկատվություն է տալիս»,-նշել է Իբարհիմովը:

«Internet haber» կայքը գրում է, որ Թյուքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ հանդիսացող Ղազաղստանն ու Ղըրղըզստանը ևս աջակցում են թուրքական թեզերին և այսուհետ ավելի սերտ են համագործակցելու: Իբրահիմովը նշել է, որ այս չորս երկրները արտասահմանում միասին են գործելու: «Սա կրկնապատկելու է մեր ուժը և մենք գործելու ենք թյուրքական աշխարհի դեմ ուղղված ցանկացած անօրենության դեմ»,-ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան:

Վրաստանի խորհրդարանը Սահակաշվիլուն անվստահություն կհայտարարի

51c75b56-f41b-97bf-f41b-97b032e3fa41.photo.0Հաջորդ շաբաթվա ընթացքում Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը պլանավորում է  երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նկատմամբ  սկսել իմպիչմենտի գործընթացը. դրա մասին ”Ինտերֆաքսին” հայտնել է պատգամավոր Գիա Ժորժոլիանին:”Կարծում եմ`  ավելի քան  բավարար հիմքեր կան, որ խորհրդարանում Սահակաշվիլուն իմպիչմենտ հայտարարվի”: Նրա խոսքով հունիսի 26-ին խորհրդարանական նիստի ընթացքում կձեռնարկվեն համապատասխան պրոցեդուրայի առաջին պաշտոնական քայլերը: Նա համոզված է, որ իր ձեռնարկը կպաշտպանի խորհրդարանական մեծամասնությունը: “Դա չի արվում, որ Սահակաշվիլին նախագահ չլինի: Առանց դրա էլ դա տեղի կունենա հոկտեմբերին, այլ արվում է նրա համար, որ մեր հասարակությունը գիտակցի երկրի համար կործանարար վարչակարգի գործունեությունը ու հեռացնի այն մարդուն, ով այդ վարչակարգի ճարտարապետն է”,- պարզաբանել է Ժորժոլիանին:

 

Անկարայում ցուցարարները հարձակվել են լրագրողների վրա

ankaraԱնկարայում մի խումբ ցուցարարներ երեկ երեկոյան կրկին փողոց դուրս գալով բարիկադներ են սարքել և փակել են երթևեկությունը, այսպիսով շարունակելով արտահայտել իրենց աջակցությունը «Գեզի» այգու համար պայքարին:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը, փորձելով ցրել ցուցարարներին, հանդիպել է նրանց քարերով դիմադրությանը: Այնուհետև ցուցարարները հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել փորձող լրագրողների վրա: Մասնավորապես տուժել են «Անադոլու» գործակալության ֆոտոթղթակիցը, «Դողան» գործակալության օպերատորը և «Իհլաս» լրատվականի թղթակիցը: Նրանք թեթև վնասվածքներ են ստացել, իսկ օպերատորից նույնիսկ նրա հեռախոսն են խլել: Լրագրողներին բժշկական օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց: