Սիրիայի Հոմս քաղաքում հզոր պայթյունի հետևանքով մոտ քառասուն մարդ է զոհվել: Շուկաներից մեկում օդ է բարձրացել ականապատված ավտոմեքենան: Որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն բոլոր զոհվածները Սիրիայի ազատ բանակի զինյալներ են, որոնց թվում կան դաշտային հրամանատարներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Սիրիական ընդդիմությունը ձեռք չի տվել Քեսաբի եկեղեցիներին».խորհրդարանական
Սիրիական թուրքմենների մեջլիսի ներկայացուցիչ Իզեթ Զոհթան հայտարարել է, որ այն լուրերը, թե սիրիական ընդդիմությունը վնաս է հասցրել Քեսաբում գտնվող եկեղեցիներին, իրականությանը չեն համապատասխանում: «Արտասահմանյան որոշ լրատմամիջոցններ գրում են, թե Քեսաբի եկեղեցիները թալանվել են: Այդ պնդումները բացարձակ սուտ են: Ընդդիմադիր ուժերը ձեռք չեն տվել նույնիսկ եկեղեցիների գորգերին: Ով որ կասկածում է, կարող է գնալ և իր աչքով տեսնել»,- նշել է Զոհթան: Վերջինիս խոսքով` Քեսաբում 3 եկեղեցի կա, և Սիրիայի ազատության բանակի ու ընդդիմության ուժերը անում են հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանեն դրանք: «Որպես ապացույց մենք կարող ենք եկեղեցիների ներկայիս վիճակը ներկայացնող լուսանկարներ ցուցադրել»,- ասել է մեջլիսի ներկայացուցիչը:
ՀՅԴ Հայ դատի մի պատվիրակություն որպես դիտորդ Վանում հետևել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին
Մարտի 27- 31-ը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորութեամբ եռանդամ պատվիրակությունը Վանում որպես դիտորդ մասնակցել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Պատվիրակության մաս էին կազմում Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուպյանը և Հայ դատի Պելճիքայի հանձնախմբի ատենապետ Պետիկ Պետրոսյանը։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը որպես դիտորդ մասնակցության հրավեր էր ստացել Թուրքիայի Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցության (BDP) Եվրոպայի ներկայացուցչությունից։
Դիտորդական պատվիրակություններ կային նաև Ֆրանսայից, Իտալիայից և Գերմանիայից։
Ընտրության նախօրեին, ՀՅԴ Հայ դատի պատվիրակությունը Վանում այցելեց պետական, ընտրական և կուսակցական կենտրոններ, հանդիպումներ ունեցավ թեկնածուների և հասարական կազմակերպությունների հետ, մասնակցեց ընտրական հավաքներին։ Ընտրության օրը՝ մարտ 30-ին, պատվիրակությունն ամբողջ օրը շրջեց տարբեր ընտրատեղամասերում և ականատես եղավ ընտրությունների ընթացքին։
Մարտ 31-ին պատվիրակությունը հրապարակեց իր եզրակացությունը, որ պիտի տրամադրվի նաև եվրոպական համապատասխան կազմակերպություններին։ Եզրակացության մեջ հատուկ նշում կա իշխող AKP կուսակցության, գործակատարների և ընտրական հանձնաժողովների պատասախանատուների կատարած լուրջ օրինախախտումների մասին: Վան քաղաքի, ինչպես նաև նահանգի 13 շրջաններից 11-ում ընտրվեցին BDP կուսակցութեան պաշտպանած թեկնածուները:
Շարունակությունը կարդացեք այստեղ`
Գերի ընկած իրանցի սահմանապահները ազատ են արձակվել
Պակիստանն ազատ է արձակել գերի ընկած իրանցի սահմանապահներին:
Փետրվարի 6-ին 5 իրանցի սահմանապահներ գերի էին ընկել իսլամական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը իրանապակիստանյան սահամանում: Ավելի ուշ ծայրահեղականները հայտարարել էին , որ պատանդներից մեկին գլխատել են:
«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ-Քաիդային»: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության տվյալների` գերի ընկած 5 սահմանապահներն էլ վերադարձվել են Պակիստանում գտնվող իրանական ներկայացուցչությանը:
Սահմանապահների առևանգումը ավելի է վատթարացրել Թեհրանի և Իսլամաբադի հարաբերությունները: Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ֆազլին դեռևս փետրվարի կեսերին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է զորքեր մտցնել իրանապակիստանյան սահմանամերձ գոտի, եթե Իսլամաբադը «չվերացնի» այնտեղ գործող ահաբեկիչներին:
Սա իրանապակիստանյան սահմանագծում տեղի ունեցող առաջին դեպքը չէ: Անցյալ տարի հոկտեմբերի 25-ին «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սպանել է 14 իրանցի սահմանապահի, վիրավորել` 6-ին:
ԱՆԿԱԽ
Հրանտ Դինքը «Արարատ» ֆիլմը չէր հավանել. Ատոմ Էգոյան
Աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում` «Սատանայի հանգույցը» իր նոր ֆիլմով մասնակցելու Ստամբուլի կինոփառատոնին: Թուրքական «Ռադիկալի» լրագրողը հանդիպել և զրուցել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր Էգոյանի հետ՝ նրա հետ խոսելով ինչպես նոր ֆիլմի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների և Հրանդ Դինքի հետ նրա զրույցների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները:
– Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր հաստատվեցին, երկխոսություն սկսվեց: Դուք ի՞նչ զգացիք:
– Երկխոսություն սկսելը շատ կարևոր զարգացում է, ես շատ հարգում եմ երկու ժողովուրդների՝ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը, հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն: Հաջորդ տարի 100-ամյակն է լրանալու, և բոլորս հետաքրքրությամբ սպասում ենք, թե ինչ կլինի: Կապ հաստատելը լավ է: Իհարկե, սիրելի Հրանտ Դինքի սպանությունը, ցավոք, մեծ կորուստ էր, մարդիկ շատ ազդվեցին: Մյուս կողմից էլ այն մեծ փոփոխություն առաջ բերեց: Հրանտը հիանալի և անսովոր կերպար էր: Երբեմն կինոյից էլ էինք խոսում:
– Ի՞նչ էիք խոսում:
– Օրինակ՝ «Արարատը» չէր հավանել, բավական բանավիճել ենք: Կարծում էր, որ ֆիլմը չի նպաստում ոʹչ երկու կողմին, ոʹչ էլ հարցին: Սակայն այսքան տարի անց, երբ նայում եմ ֆիլմին, մտածում եմ, որ այն տեղի ունեցածի մասին խոսելու առաջարկ եղավ կողմերին: Իմ կարծիքով՝ այն արժեքավոր առաջարկ էր: Եվ ի վերջո երկխոսություն սկսվեց, ինչը շատ լավ բան է: Սակայն մարդիկ չհավանեցին վերացական մոտեցումը «Արարատին»: Այնուհանդերձ, կարծում եմ, որ այն մնայուն ֆիլմ է:
Լիբանանում սիրիացի փախստականների թիվը անցել է 1 միլիոնը
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը անցել է 1 միլիոնը՝ կազմելով երկրի բնակչության մեկ քառորդ մասը:
Գործակալության տվյալներով՝ Լիբանանը սիրիացի փախստականների թվով աշխարհում առաջին պետությունն է:
Սիրիացի փախստականների թիվը ամբողջ աշխարհում 2,58 միլիոն է: Մեծ թվով սիրիացի փախստականներ կան նաև Հորդանանում և Թուրքիայում:
Լիբանանում երկու տարի առաջ սիրիացիների թիվը կազմում էր 18,000:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ 2011թ-ի հայտնի քաղաքացիական պատերազմի սկսվելուց մինչ այժմ ավելի քան 100,000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը քաղաքացիական անձիք:
Լիբանանում ՄԱԿ-ի աշխատակիցները յուրաքանչյուր օր 2,500 սիրիացի փախստական են գրանցում:
Քեսաբում կատարվում է տեղահանություն, ինչը ցեղասպանության մաս է կազմում. Ռուբեն Մելքոնյան
«Քեսաբում, ըստ էության, ստեղծվեց սիրիական ճգնաժամի ևս մեկ օջախ` նոր ճակատ, ինչը կարող է շատ երկարատև լինել, քանի որ գյուղաքաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանին, որը նա բացել է զինյալ ահաբեկիչների համար, և նրանց հոսքը շատ երկար է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Դավիթօղլու այն հայտարարությունը, թե պատրաստ է օգնել հայերին, բացահայտ ցինզիմ է: Համաշխարհային մակարդակով ցինիզմ, որը ուղեկցվում է արևմտյան երկրների լուռ աջակցությամբ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Քեսաբում վերջին օրերին ընթացող դեպքերը լայն արձագանք գտան թե´ հայկական և թե´ միջազգային լրատվադաշտում: Սիրիայի ճգնաժամը աշխարհաքաղաքական հարց է, սակայն, երբ դա իրականցնում է Թուրքիան, նա փորձում է գործել նաև հակահայկական քայլեր: Թուրքագետը գտնում է, որ սա մի պետության կողմից բացահայտ ռազմական գործողություն է մյուսի նկատմամբ, քանի որ ոչ միայն ահաբեկիչների համար բաց է թուրքական սահմանը, այլև թուրքական կողմը կործանել է սիրիական ինքնաթիռ: Այնտեղ ոտնահարվել են փոքրամասնությունների միջազգայնորեն ճանաչված բոլոր իրավունքները: Հայ համայնքը զրկվել է կենսագործուեության հնարավորությունից:
«Թուրքիայի քայլերը ցեղասպանությունից հարյուր տարի անց կրկնվում են: Քեսաբում վերանում է հայ համայնքը, տեղի է ունենում հայ գույքի թալան: Այն տեսնյութերը, որտեղ հայ համայնքի բնակիչներ իրենց տունը թողած փախել են, պատսպարվել են եկեղեցում, ցույց է տալիս, որ դա տեղահանում է: Իսկ տեղահանությունը ըստ ՄԱԿ-ի կոնվեցիայի ցեղասպանության մաս է », – հայտարարեց Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա` Ռուսաստանը իր շահերից ելնելով, փորձում է այդ հարցը միջազգային ասպարեզ հանել, և դա հնարավորություն է, որ Հայաստանը նույնպես դիվանագիտական մեծ խաղում իր քայլերը կատարի:
Թուրքագետը կասկածելի համարեց քեսաբցիների իրենց համայնք վերադառնալու հնարավորությունը, քանի որ նրանք արդեն հասկացել են, որ այն երկար ժամանակ մնալու է որպես ռազմական գոտի:
Անկախ
Քեսաբը դարձավ խաղաքարտ
Հայությանը համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց մարտի 21-ից հետո Քեսաբում ծավալվող իրադարձություններին համաշխարհային հնչեղություն տալ ու քննարկման առարկա դարձնել: Հատկապես վերջին օրերին ոգևորվում ենք այս կամ այն աշխարհահռչակ անձի կամ որևէ երկրի կողմից Քեսաբի ու քեսաբահայության խնդիրների արծարծումից: Բայց մի պահ պետք է մտածել` արժե՞ ուրախանալ ու ոգևորվել, գուցե պետք է սթափ մտածել ծավալվող իրադարձությունների շուրջ:
ԱՄՆ-ն մեղադրում է իր աջակցությունը վայելողների՞ն
Սկզբում Հայաստանի մի խումբ պատգամավորներ մեկնեցին Քեսաբ, հանդիպումներ ունեցան թե՛ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի, թե՛ Սիրիայի իշխանությունների հետ: Սա, ինչպես նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, դրական քայլ էր, քանի որ ակտիվորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլով, հարցի վրա կենտրոնացրեց միջազգային հանրության ուշադրությունը, ոգևորեց քեսաբահայերին, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադից հայերին պաշտպանելու և Քեսաբն ազատագրելու խոստում ստացվեց:
Դրանից բացի, մարտի 31-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ հղեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Նա մասնավորապես կոչ էր անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու, թե հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես` Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Քեսաբի դեպքերը Հաագայում դատապարտեց ՀՀ նախագահը: Կարծես այս հարցի շուրջ աշխարհի հայերի համախմբումը տվեց իր արդյունքները:
Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Քեսաբի հարցում ոգևորության մեծ ալիք բարձրացավ, երբ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը մարտի 27-ին հանդես եկան Սիրիայի հայաշատ Քեսաբի վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն առընթեր ծայրահեղական իսլամիստների հարձակումները դատապարտող հայտարարությամբ:
Այս կոնգրեսականները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայամետությամբ ու ԱՄՆ Կոնգրեսում հայամետ դիրքորոշմամբ: Ու երբ նրանց միացավ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը` դատապարտելով Քեսաբում տեղի ունեցած դեպքերը, իսկ համատեղ հայտարարությանը միացան Ֆրանկ Փելլոնը, Մայքլ Գրիմմը, Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆֆը, Բրեդ Շերմանը և Ջեյմս Մակգավերնը, արդեն, ինչպես ասում են, «կենացները քաղցրացան»:
Վերջին շրջանում, դատելով համաշխարհային մամուլում տեղ գտնող անդրադարձներից, միջազգային հանրության ու հատկապես Արևմուտքի հասարակությունների դժգոհություններից ընդդեմ Արևմուտքի կողմից Սիրիայում կռվող ծայրահեղականների աջակցության, արդեն որոշակիորեն զգացվում էր, որ Արևմուտքն այնքան էլ ջանասիրաբար չի կպել Սիրիան քանդելու գործին: Ու տպավորություն ստեղծվեց, որ ԱՄՆ-ն իր հերթին փորձում է Սիրիայի ապստամբներից «ձեռք քաշել»` հատկապես հաշվի առնելով ապստամբների շարքերում ակտիվ դերակատարություն ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների, ծայրահեղականների հանդեպ արևմտյան հասարակությունների անհանդուրժողականությունը:
Ուստի սպասելի էր, որ Սիրիայում փոքրամասնությունների դեմ ծայրահեղականների քայլերը առիթ էին հանդիսանալու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար` իրենց «դժգոհությունը» հայտնելու: Այդ դիրքորոշումը չուշացավ. «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը` դրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը` շարունակելով:- Այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում
են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»:
Պետքարտուղարության խոսնակը նաև հիշեցրել է գրոհայինների տարածած մի շարք հաղորդագրությունների մասին, որոնցում վերջիններս հավաստիացնում են, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն հանդիսանում: «Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կպահպանվեն: Իսկ Միացյալ Նահանգներն էլ կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում` հայերին: Մենք վաղուց տագնապած ենք դաժան ծայրահեղականներից բխող վտանգից, և հայ բնակչության առջև ծառացած վերջին սպառնալիքները միայն ընդգծում են մեր մտահոգությունը», – ասել է Մարի Հարֆը:
Հենց նա հայտնեց, որ Քեսաբի հարցն իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև նախագահ Օբաման և Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սա, ի դեպ, կարող է հիանալի առիթ լինել Արևմուտքի համար, որպեսզի «տեռորի ենթարկվող» սիրիահայերին «պաշտպանելու» պատրվակով հայտնի Սիրիա «խաղաղապահ» կոնտինգենտ գործուղելու մասին:
Քեսաբի դեպքերը լավ առիթ էին նաև Ռուսաստանի համար
Քեսաբի հարցում մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ ի հայտ եկավ: Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումը վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, վերջին օրերին Սիրիայի Քեսաբ բնակավայրի և քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ արեցին թե՛ պաշտոնական Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան:
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին մարտի 29-ին տարածած հայտարարությունում, մտահոգություն հայտնելով Սիրիայի` Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հրետանու և ծանր զինտեխնիկայի օժանդակությամբ իրականացված հարձակման կապակցությամբ և վճռականորեն դատապարտելով ահաբեկչությունն ու խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, հստակորեն նշում է, որ տանկերը գործի են դրվել հենց Թուրքիայի տարածքից:
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայաբնակ Քեսաբի հետ կապված իրավիճակը: «Վերջին օրերին իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի ու անօրինական զինված խմբավորումների միջև հակամարտության կտրուկ սրմամբ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: Ինչպես նշում է աղբյուրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արևմուտքում, մարտի 21-ին «Ալ Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Թուրքիային սահմանամերձ հայաբնակ Քեսաբի վրա: Նշվում է նաև, որ սիրիացի զինվորականները գրոհայիններից հետ են վերցրել ռազմավարական կարևորության դիրքերը և մտադիր են մոտ ժամանակներս վերականգնել վերահսկողությունը Քեսաբի սահմանային անցակետի վրա:
«ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն քննադատում է ահաբեկչական և այլ բնույթի հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծությունները: Այնպիսի տպավորություն է, որ գրոհայինների ակտիվացման նպատակն է թույլ չտալ միջսիրիական բանակցությունները, խափանել քիմիական զենքի չեզոքացումը, ինչն անթույլատրելի է: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ Սիրիայում ներքին արյունահեղ հակամարտության դադարեցման համար 2012-ի հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեի իրականացման հիման վրա»,- ասվում է մեկնաբանությունում:
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ նման սցենարն անթույլատրելի է, և ՌԴ-ն առաջվա պես պատրաստ է Սիրիայում արյունահեղությանը վերջ դնելուն ուղղված իր և իր գործընկերների փոխգործակցությանը:
Ակնհայտ է` Քեսաբի վրա զինված հարձակումն առաջին հերթին ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, որը Լաթաքիայի շրջանում ռազմաբազա ունի: Ու եթե զինված միջադեպեր են տեղի ունենում Ռուսաստանի շահերի տիրույթում, բնական ու տրամաբանական է, որ Ռուսաստանն էլ իր հերթին է հող նախապատրաստում հալածյալ քեսաբահայերի «անվտանգությունն ապահովելու» պատրվակն օգտագործելու բուն Սիրիայում իր ռազմական ներկայությունը լեգիտիմորեն օգտագործելու համար:
Ընդ որում` Ռուսաստանը ոչ թե պաշտոնական, այլ անհատական մակարդակով, հայտնի լրագրող Սոլովյովի, Չեչնիայի նախագահ Կադիրովի բերանով նաև որոշ ուղերձներ էլ է հնչեցնում` ակնարկելով Արևմուտքի անպատասխանատվությունը Քեսաբի հարցում այն դեպքում, երբ Ղրիմում նույն Արևմուտքը դատապարտում է Ռուսաստանին: Բացի այդ, Ռուսաստանը Քեսաբի հարցով իսկական տեղեկատվական պատերազմ է սկսել Արևմուտքի դեմ` փորձելով շահարկել սիրիահայերին սպառնացող վտանգի հարցը:
Ինչ վերաբերում է բուն Սիրիային, ապա իշխանությունները տարբեր մակարդակներով հավաստիացրել են, որ իրենք կպաշտպանեն քեսաբահայերի անվտանգությունը: Սա էլ հայերի «սիրուն աչքերի» համար չէ: Ուղղակի Քեսաբը, ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, փակում էր Թուրքիայի ակտիվ աջակցությամբ Սիրիա մտած գրոհայինների մուտքը Լաթաքիա` նախագահ Բաշար Ասադի ծննդավայր ու հիմնական հենակետ: Եվ պաշտպանելով Քեսաբը` Սիրիայի իշխանություններն առաջին հերթին պաշտպանում են Լաթաքիան:
Բայց իրադարձություններն ու հարցի հնչեղությունը հուշում են, որ Քեսաբի իրադարձությունները սիրիական զարգացումներում անկյունաքարային դեր են ունենալու:
Եգիպտոսում ֆերմերին բանտարկել են ավանակին երկրի բանակի նախկին ղեկավարի անունով կոչելու համար
Եգիպտացի ֆերմերին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել իր ավանակին երկրի բանակի նախկին ղեկավարի անունով կոչելու համար:
Օմար Աբուլ Մագիդին՝ իր ավանակին Աբդել Ֆատահ ալ Սիսիի անունով Սիսի անվանելու համար մեղադրել են զինվորականներին վիրավորելու մեջ: Աբդել Ֆատահ ալ Սիսին գլխավորել էր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելու գործընթացը, իսկ այժմ Եգիպտոսի նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը:
31-ամյա Մագիդը ավանակի գլխին զինվորական գլխարկ էր դրել, նրան ծածկել ալ-Սիսիին պատկերող պաստառով և կենդանու հետ շրջել գյուղով՝ այս կերպ բողոքելով Մուրսիին հեռացնելու որոշման դեմ:
Ոստիկանությունը Մագիդին ձերբակալել էր սեպտեմբերին, որին վեց ամիս հարացաքննելուց հետո մեղադրանք է ներկայացվել կիրակի օրը:
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը քննադատել են դատավճիռը:
Սիրիայում սպանվել է ևս երկու ադրբեջանցի զինյալ
Սիրիայում շարունակվող պատերազմի ընթացքում Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ևս երկու զինյալ է սպանվել, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը՝ ծայրահեղական խմբավորումների կայքերին հղում կատարելով։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ սպանվածներն Ադրբեջանի քաղաքացիներ են, “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 զինյալները հայտնի են եղել “Հասան Ազերի” և “Աբդուլ Մեթին” անուններով։
Մոջահեդները կայքում տեղադրել են զինյալների լուսանկարները։
Նշվում է, որ “Աբդուլ Մեթինը” ծնունդով Սումգայիթից է, իսկ “Հասան Ազերին”` Բաքվից։
“Չի բացառվում, որ առաջիկա մի քանի ամիսներին Քեսաբը կշարունակի կռվախնձոր լինել Թուրքիայի ու Սիրիայի միջև”. թուրքագետ
Թուրքագետ Արտակ Շաքարյանի կանխատեսմամբ` առաջիկա մի քանի ամիսներին Քեսաբը կշարունակի կռվախնձոր լինել Թուրքիայի ու Սիրիայի միջև:
“Ուզում եմ նախազգուշացնել, որ Էրդողանը մեծ հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրություններում, օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում ներքին դաշտում կարծես ապահովեց հաղթանակ, այժմ նրան պետք է հաղթանակ արտաքին դաշտում: Այդ հաղթանակը ապահովելու ամենահնարավոր եղանակը Սիրիայի դեմ պատերազմում կարճատև բախումների մեջ ներքաշվելն է: Սիրիայում կա երկու տարածք, որտեղ իբր Թուրքիան կարող է միջազգային իրավունքով արդարացնել իր ներկայությունը, մեկը Սուլեյման շահի դամբարանն է, մյուսը, ցավոք, Քեսաբն է”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը` կոչ կանելով զգոն լինել, քանի որ չի բացառվում, որ առաջիկա մի քանի ամիսներին Քեսաբը դեռ լինի կռվախնձոր երկու երկրների միջև:
Արտակ Շաքարյանը նկատեց, որ Քեսաբը թուրք-սիրիական միակ սահմանն էր, որ չէր վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից, բայց վաղ, թե ուշ այն պետք է անցներ գրոհայինների հսկողության ներքո, քանի որ Լաթաքիան և Քեսաբը Ասադի ընտանիքի ուժի աղբյուրն էին: Ուստի Ասադին հաղթելու համար տրամաբանական է, որ վերցվի ռազմավարական հենակետ Լաթաքիան, որն սկսվել է Քեսաբը գրավելով:
“Քեսաբի դեպքերի հետևանքով միջազգային հանրության աչքում Թուրքիան այնքան էլ բան չկորցրեց: Պաշտոնական Թուրքիան հերքում է ամեն առնչություն Քեսաբի խնդրի հետ: Միակ բացասականը Թուրքիայի համար այն եղավ, որ Հայոց ցեղասպանության մասին նորից հիշեցին, բայց, իրականում, Թուրքիան դրանից այնքան էլ բան չկորցրեց”,-ասաց Արտակ Շաքարյանը:
“Դեռ Քեսաբում մոտ 30-40 մարդ կա, որոնց ճակատագիրն անհայտ է, պարզ չէ, նրանք կենդանի են մնացել, թե ոչ”. քեսաբահայ եղբայրներ
Մարտի 21-ի առավոտյան բոլոր քեսաբահայերն արթնացան զենքերի ձայներից, որոնք տարածվել էին Քեսաբում և Սիրիայում, որովհետև առաջին անգամն էր, որ նման ուժեղ զինամթերք էր օգտագործվում: Քեսաբի ինքնապաշտպանական զորքը տեղյակ պահեց ժողովուրդին, որպեսզի տեղափոխվեն այլ բնակավայր: Բայց տեսնելով, որ հանդարտվելու հույս չկա, քեսաբցիներն ապաստան գտան Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Քեսաբի դեպքերը` ասացին քեսաբահայ եղբայրներ Սերժ և Արամ Քալուկյանները:
Նրանց խոսքով` Քեսաբում մարտերը մինչ օրս շարունակվում են: Հիմա կառավարության և բանակի կողմից մեծ ջանքեր են գործադրվում Քեսաբը ետ վերադարձնելու ուղղությամբ:
“Վերջին տվյալներով` բանակն ուժեղ հակահարված է հասցրել զինյալներին, որոնք թուրքական բանակի օգնությամբ ներխուժել էին Քեսաբ և այն խլել մեզանից: Սուրբ Աստվածածին եկեցեում 670 ապաստանած ընտանիք կար, որոնց այս մեկ շաբաթվա ընթացքում ապրելու տեղ են տվել, բավարարել են նրանց պահանջները: Դեռ Քեսաբում մոտ 30-40 մարդ կա, որոնց ճակատագիրն անհայտ է, պարզ չէ, նրանք կենդանի են մնացել, թե ոչ”,- ասաց Սերժ Քալուկյանը:
Անդրադառնալով համացանցում տարածված վերջին լուսանկարներն ու տեսահոլովակներին` Սերժ Քալուկյանը նշեց, որ այդ կադրերը Քեսաբից չեն, դրանք հավանաբար եղել են Սիրիայի տարածքներում, բայց ոչ Քեսաբում:
“Մարտի 21-ի առավոտյան որքան հնարավոր է բնակչությանը տեղահանեցին, որպեսզի խուսափեն երկրորդ ջարդից: Եղել է մեկ-երկու վիրավոր, բայց ջարդեր չեն եղել: Կան միայն մի քանի նկարներ, թե ինչպես են տներ այրվում: Կեղծ լուրերի տարածումը մեծապես վնասում է քեսաբցիներին”,- ասաց Սերժ Քալուկյանը` հուսալով, որ կկարողանան Քեսաբը ետ վերադարձնել ու դարձյալ այնտեղ բնակվել:
Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-27-ին
Եգիպտական մամուլը, մեջբերելով նախագահական ըտրությունների հանձնաժողովի հայտարարությունը, տեղեկացրել է, որ Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-27-ին:
Բանակի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կհրաժարվի իր պաշտոնից՝ ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու համար: Եգիպտոսի պաշտպանության նախարար 59-ամյա ալ-Սիսին կլքի բանակը նախագահ ընտրվելու համար:
Պաշտոնյան մեծ ճանաչում ունի Մորսիին իշխանությունից հեռացնելու բանակի որոշմանն աջակցող եգիպտացիների շրջանում, որոնք ալ-Սիսիին համարում են ուժեղ անհատականություն, որը կարող է վերացնել 2011թ-ի հեղաշրջումից հետո երկրում հաստատված անկարգությունները:
Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը. Արտակ Շաքարյան
Թուրքագետ Արտակ Շաքարյանը վստահ է, որ Քեսաբի դեպքերը պարզապես հակաասադական հերթական քայլերն էին և հայերի այնտեղ բնակվելը չէ բախումների պատճառը. ՛՛Պարզապես, ի դժբախտություն մեզ, այնտեղ ապրում էին հայեր, ովքեր ևս տուժեցին: Ակնհայտ է, որ թուրքերը օգնում են Սիրիայի գրոհայիններին, բայց նպատակ ունեն վերցնել Քեսաբը, ոչ թե սպանել հայերին: Քեսաբի գրավումը նպատակային էր, քանի որ այն գտնվում է Աթաքիա տանող ճանապարհին, իսկ այն ստրատեգիական կարևոր կետ է: Մեր ԶԼՄ-ների բարձրացրած այս աղմուկը այսօր թուրքական մամուլում քննարկվում է այնպես, թե ՛՛հայերը փորձում են օգտվել առիթից և բարձրաձայնել իրենց ցեղասպանության մասին՛՛ ՛՛, – ասում է Արտակ Շաքարյանը: Ըստ նրա՝ իրատեսական չեն նաև խոսակցությունները, թե պետք է հայկական ջոկատներ ուղարկվեն Քեսաբ. ՛՛Սիրիական մեծ բանակ կա, որը պաշտպանելու է Քեսաբը, չի պաշտպանելու հայերի սիրուն աչքերի համար, նա իր պատճառներն ունի: Ինչ վերաբերում է մեզ, եթե ունենք մարտունակ զանգված, ավելի լավ է Շամշադին ուղարկենք այն: Իհարկե, Քեսաբում էլ են հայեր ապրում, բայց նրանց պաշտպանող կա, բավական է նաև մեր հոգեբանական աջակցությունը: Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը՛՛:
Հայտնի է դարձել Սիրիայում սպանված ևս երկու ադրբեջանցի զինյալների ինքնությունը
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարզվել է Սիրիայում Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերում սպանված ևս երկու ադրբեջանցիների ինքնությունը:
Ըստ “ԱՊԱ” լրատվական գործակալության` “Աբդուլվահիդ” մականունով հայտնի Զահիդ Նասիրովը և “Րաբբանի” մականունով Թամերլան Մամեդովը Սումգայիթից են: Երկուսն էլ սպանվել են “դիպուկահարի գնդակից գլխին ստացած հրազենային վնասվածքից”։
Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ ինքնակամ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ավելի քան 100 ադրբեջանցի զոհվել է: Նրանցից շատերի լուսանկարները տարածվել են մոջահեդների կայքերում:
Սիրիական զորքերն ազատագրում են Քեսաբը

Սիրիական զորքերը սկսել են Թուրքիային սահմանակից Քեսաբի ազատագրումը, որը Լաթաքիայից 65 կմ հեռավորության վրա է գտնվում, հաղորդում է vesti.ru-ն:
Մարտի 30-ին սիրիացի զինծառայողները կրկին իրենց հսկողության տակ վերցրին 45 ռազմավարակն բարձունքն ու ընդհուպ մոտեցսն Նասրին, որտեղից դեպի գրավյալ տարածք անցում է բացվում: Ոչնչացվել են սահմանային շերտում տեղակայված հրթիռային սարքավորումները:
Ինչպես հայտնել է Սուրիա ալ-Էն լրատվական գործակալությունը, Քեսաբի ճակատում հսկողությունը լրիվ կառավարական ուժերի ձեռքն է անցել: Քաղաքի մոտ զինվորական ստորաբաժանումներ են տեղակայվել, որոնք Կալյամուն լեռնային տեղանքում կռվելու փորձ ունեն:
Վերջին 2 օրում Հիրբեթ-Սալուսում ու Սամրայում հարյուրավոր գրոհայիններ են ոչնչացվել Սուրիա ալ Էնը թուրք բժիշկների տվյալներն է բերում, որոնց համաձայն, սպանված ծայրահեղականների թիվ 2695 է,իսկ Թուրքիայի տարածքում հիվանդանոց է տեղափոխվել 5635 մարդ` Սիրիայից:
ИТАР-ТАСС -ի տվյալներով, Յաբրութի ճակատում (Դամասկոսից 70 կմ հեռավորության վրա) սիրիական զորքերը հետապնդում են հակառակորդին, որը նահանջել է հարավային ուղղությամբ` դեպի Ռանկուս ու Զաբադանի:
Մարտեր են գնում է քրիստոնեական Մահալյուլա քաղաքի մատույցներում; Լիբանանի հետ սահմանային տեղանքում սիիական զինծառայողներին հաջողվել է 18 լեռնանցք փակել, որոնք օգտագործվել են զորք ու վարձկաններ հասցնելու համար: Հարևան Դերաա նահանգում զորքերին 500 զինված ընդդիմադիր է հանձնվել:
Սիրիայում կրկին ադրբեջանցի զինյալներ են սպանվել

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները`Սիրիայում սպանվել են ևս երկու ադրբեջանցի զինյալ: Բաշար Ասադի կողմնակիցների ուժերի դեմ մարտնչող “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 զինյալները հայտնի են “Իբրահիմ Սումգայիթլը” և “Սեյֆուլլահ Շեքիլի” մականուններով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Սումգայիթի բնակիչ “Իբրահիմ”-ի իսկական ունունը Ռուֆաթ Աշուրով է, իսկ Շեքիի շրջանի բնակիչ “Սեյֆուլլահ”-ինը`Ռուսլան Մամեդով:
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` օրերս Սիրիայում սպանվել էր ևս երկու ադրբեջանցի զինյալ, իսկ ավելի վաղ` ևս 12 ադրբեջանցի:
Քեսաբը հայերի համար կարևոր օջախ է Թուրքիայի դեմ…
Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի երեք սահմանային կետերից «Ալ Նուսրա» և «Իսլամի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվեցին Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա:
Քեսաբը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ առաջին հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1861 թ. Անտոնյան միաբանության հայերի կողմից: Մինչև Առաջին աշխարհամարտն այստեղ 4760 հայ էր բնակվում: Քեսաբին կից 9 գյուղերում ընդհանուր առմամբ մոտ 4000 հայ կար: Այսօր Սիրիայի Լազիկիե նահանգի կազմի մեջ մտնող Քեսաբի բնակչության մեծամասնությունը հայեր են: Քեսաբի և շրջակա գյուղերի հայ բնակչության թիվը մոտ 2 հազար է:
Սիրիական բանակին հաջողվեց վերագրավել այն դիրքերը, որոնք Քեսաբի վրա հարձակված զինյալների վերահսկողության տակ էին անցել, բայց հաջորդ օրը կրկին սկսվեց զինյալների հարձակումը: Իսկ ահաբեկիչների դեմ դուրս եկած սիրիական ռազմական ինքնաթիռը խոցվեց թուրքական կործանիչների կողմից: Քեսաբն ամբողջությամբ տարհանվեց. բնակիչները վտանգից հեռու մնալու համար տեղափոխվեցին Լաթաքիա և մոտակա Էքիզոլուք շրջանը: Փաստորեն, հայաբնակ Քեսաբը հայաթափվում է…
Քեսաբի վրա հարձակման վտանգը, ինչպես նշեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, գոյություն ուներ պատերազմի սկզբից: Իսկ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Թուրքիայից Քեսաբի ուղղությամբ զինյալ ջոկատներ ուղարկվելու և Քեսաբի հայաթափման կապակցությամբ ասում է, որ Քեսաբը մեծ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետության համար կրկնակի կարևորություն է ստանում: Թուրքիան փորձում է և՛ հարվածել Ասադի դիրքերին, և՛ թուլացնել սիրիահայ համայնքը:
Գևորգ Պետրոսյանի խոսքով` նախկինում ևս անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, թե Թուրքիան Սիրիայում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայ համայնքին, Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող պետության համար կարևոր է, որ հարևան երկրում վերջնականապես թուլացնի հայկական հզոր համայնքը: Եվ արդեն 130 տարի է, ըստ Գևորգ Պետրոսյանի, Թուրքիան ուզում է հայերից մաքրել այս ամբողջ տարածաշրջանը` ընդհուպ մինչև Հաթային կից հայկական բնակավայրերը, որոնք սահմանակից են Թուրքիային:
Այսպիսով Թուրքիայի ակտիվ միջամտությունը Սիրիայի ներքին խնդրին կապված է Անկարայի` հարևան երկրում ազդեցությունը մեծացնելու ցանկության հետ, և այս համատեքստում Քեսաբը, որը նաև աշխարհագրորեն մոտ է Թուրքիային, Անկարայի համար ավելի ձեռնտու կլինի տեսնել առանց հայերի: Որովհետև, ինչպես պարզաբանեց թուրքագետը, Սիրիայի հայերը մեծ հաշվով Ասադի կողմնակիցն են, Ցեղասպանության ուղիղ պահանջատեր են, քանի որ շատերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են, որոշակիորեն փակում են Լաթաքիայի մուտքը Թուրքիայի համար, իսկ Լաթաքիան համարվում է Բաշար Ասադի հենակետը: Վերջապես, այստեղ գործում է «չկա հայ, չկա Եղեռն, չկա խնդիր, չկա հակաթուրքական զանգված» սկզբունքը:
«Թուրքիան այս ամենի համար օգտագործում է ոչ միայն սեփական ուժերը, այլև Սիրիայում պատերազմող իսլամիստներին, վարձկաններին: Հերթական նման դեպքին ականատես եղանք Քեսաբում, որտեղ զինյալները փորձում են առավելություն ստանալ թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ: Հետաքրքիր է, որ հենց այս վայրում թուրքական F-16-երը վայր գցեցին Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-23 կործանիչը, ինչը հերթական անգամ վկայում է Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին,- նշեց Գևորգ Պետրոսյանը և հավելեց:- Խիստ կարևոր է, որ Սիրիայի կառավարական ուժերը հնարավորինս շուտ իրավիճակն իրենց վերահսկողության տակ առնեն, քանի որ հակառակ դեպքում ժամանակը գործելու է թուրքական կողմի օգտին»: Այսինքն` շատ կարևոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման և զինուժի տրամադրման հանգամանքների վրա և ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը:
Իսկ թե ինչու Թուրքիան հենց հիմա որոշեց այս ուղղությամբ հարձակվել, Շահան Գանտահարյանը երկու հանգամանք է նշում: Առաջին` սա պատասխան է վերջին շրջանում Սիրիայի տարբեր քաղաքներում կառավարական ուժերի արձանագրած առաջխաղացմանը: Երկրորդ` այս գործողությունները հետաձգվում էին կամ չէին մեկնարկում` նաև նկատի ունենալով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը: «Չմոռանանք` այժմ Ռուսաստանն ավելի կենտրոնացած է Ուկրաինայի և Ղրիմի հարցերի վրա: Սա կարող է ավելի հարմար պահ լինել Թուրքիայի համար իր տարածքներից զինյալ խմբավորումներ բաց թողնելու»,- գրում է Շահան Գանտահարյանը:
Նա համոզմունք է հայտնում, որ ամբողջ հայությունը` պետություն, Սփյուռք, իր ուշադրության կիզակետում պետք է պահի քեսաբահայության խնդիրը և համապատասխան միջոցների դիմի: Պետություն-սփյուռք կառույցների համակարգված աշխատակարգի անհրաժեշտություն կա: Շահան Գանտահարյանը նշում է նաև բայց մեկ այլ խնդիր. անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվեն ճգնաժամերի բերումով տարհանվող կամ հեռացող հայրենակիցներին հայրենիք ուղղորդելու աշխատանքներ:
Քեսաբի առնչությամբ Հայաստանի «պատասխանը» Թուրքիային
Ակնհայտ է, որ Սիրիայի այս հայկական բնակավայրին նույնպես դարավոր թշնամու ջանքերով սպառնում է վերանալու վտանգը,: Ու հարց է առաջանում` ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում կամ պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու համար:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Քեսաբի դեպքերից 3 օր հետո նշել է, որ ԱԳՆ-ի կողմից անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են, որոնք, սակայն, հրապարակման ենթակա չեն: Փաստորեն, ոչ միայն Քեսաբի հայաթափվելու ընթացքում, այլև արդեն հայաթափվելուց հետո անգամ հայտնի չէր, թե ինչով է զբաղված ԱԳՆ-ն, ինչ քայլեր է անում քեսաբահայությանն օգնելու ուղղությամբ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի քայլերը, օրինակ, տեսանելի ու հասկանալի էին: Նա դեպքերի ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել, առավոտյան շուտ էլ տեղում իրավիճակին ծանոթանալու և անհրաժեշտ օգնության քայլեր ձեռնարկելու համար պատվիրակություն է ուղարկել Լաթաքիա, ուր ապաստան էին գտել քեսաբահայերը, հանդիպել է Լիբանանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին: Իսկ ԱԳՆ-ի քայլերը «հրապարակման ենթակա չեն»:
Սփյուռքի նախարարությունից էլ հայտնեցին, որ նախարարությունը պարբերաբար կապի մեջ է հայ համայնքի հետ, ուշադիր հետևում է Քեսաբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:
Ուշագրավ էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը Քեսաբում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հարցը ԱԺ-ում քննարկելու վերաբերյալ ԱԺ պատգամավորներից մեկի առաջարկին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հղում արեց «այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքին` շեշտելով, որ պաշտոնական արձագանքի կարիք չկա:
Լավ է, որ գոնե ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ` որում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս նողկալի դեպքերի վերաբերյալ` ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ` փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը` միավորել ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:
Սա, իհարկե, բավականին կոշտ հայտարարություն է, բայց ոչ թե պաշտոնական, այլ մի քանի պատգամավորների կողմից: Այս ամենով պարզ է դառնում, որ Հայաստանը` որպես պետություն, պատրաստ չէր անմիջապես ու հստակ դիրքորոշում հայտնելու կամ որոշակի քայլեր ձեռնարկելու: Ցավոք սրտի: Այնինչ Թուրքիան, անգամ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, երբ բոլորն ու ամենուր աղաղակում են Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու կամ դրանք ուժեղացնելու վերաբերյալ, շատ հանգիստ կարողանում է իրագործել իր համար ոչ ցանկալի հայկական գաղութները վնասազերծելու խնդիրը:
Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը հնչեց ավելի ուշ` Հաագայում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասաց նա:
Հանրապետության նախագահը հիշեցրել է 1909 և 1915 թվականներին քեսաբահայերին պատուհասած տեղահանություններն ու կոտորածները Թուրքիայի կողմից և ընդգծել. «Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության XXI դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ` բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»:
Ուշագրավ էր այն, որ նախագահը շնորհակալություն հայտնեց Սիրիայի իշխանություններին այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար: «Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Սա, անշուշտ, արդեն բավականին ուշագրավ գնահատական ու դիրքորոշում էր, որը նաև որոշակի քայլեր ու հետևանքներ պետք է բխեցնի: Միգուցե հաջորդիվ Հայաստանն ավելի պատրա՞ստ լինի նման իրադարձություններին, որոնք, հատկապես Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, քիչ չեն լինելու, ինչպես երևում է Թուրքիայի վարքագծից:
Եգիպտոսը կարող է ազատ առևտրի պայմանագիր ստորագրել Մաքսային միության հետ
Եգիպտոսը կարող է ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Մաքսային միության հետ: Այս մասին հաղորդում է «Հաբերլերը»՝ վկայակոչելով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հայտարարությունը՝ արված ռուս-եգիպտական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստի ժամանակ: «Մենք հնարավորություն ունենք ընդլայնելու փոխադարձ ներդրումները, ինչը կարելի է իրականացնել Մաքսային միության երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ճանապարհով»,-հայտարարել է Ֆյոդորովը: Իր հերթին Եգիպտոսի առևտրաարդյունաբերության և նեդրումների գծով նախարարը նշել է, որ եգիպտական կողմը ևս հետաքրքրված է այս գաղափարով և նպատակ ունի ռուս-եգիպտական համատեղ արտադրական ընկերություններ ստեղծել:
«Mavi Marmara»-ի գործով փոխատուցման թուրք-իսրայելական համաձայնագիր կստորագրվի
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև «Mavi Marmara»-ի գործով փոխհատուցման մասին համաձայնագիր հավանաբար կստորագրվի մարտի 30–ին սպասվող ՏԻՄ ընտրություններից հետո: Արընչի խոսքերով` փոխհատուցման վճարման մասին համաձայնագրի տեքստը Իսրայելը փոխանցել է անցած ամիս, որը կվերանայի թուրքական կառավարությունը, այնուհետև ընտրություններից հետո այն կհաստատվի երկու պետությունների կողմից: Փոխվարչապետը նշել է, որ համաձայնագրի ստորագորումից հետո երկու պետությունների հարաբերությունները վերջնականորեն կկարգավորվեն դիվանագիտական մակարդակով, հետևաբար կնշանակվեն դեսպաններ:
Նշենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում ճգնաժամի պատճառ հանդիսացավ 2010 թվականի մայիսին իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակումը Գազայի հատված ընթացող թուրքական «Mavi Marmara» նավի վրա, որի հետևանքով զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի:
