Ղրղզստանում ժանտախտի վարակի օջախ դեղորայք ու ախտահանման միջոցներ են ուղարկվել

i (3)Իսսիկ-Կուլի մարզ հակահամաճարակային միջոցառումների նպատակով  վրաններ, անհատական պաշտպանության ու հակաժանտախտային պատվաստանյութեր են   ուղարկվել:

Հիմա մարզում հոսպիտալացվել է 132 մարդ, որոնք շփվել են ժանտախտից մահացած 15-ամյա պատանու հետ: Հոսպիտալացվածներից ոչ մեկի մոտ վտանգավոր հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն բժիշկները շարունակում են նրանց հսկողության տակ պահել: Մարզում կարանտին է: Ակ-սույսկի տարածքային հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի մոտ ոստիկաններ են:

Իչկե Ժերգեզ գյուղում բուժաշխատողները տնետուն զննումներ են կատարում: Բացի այդ, արտապլանային պատվաստումներ են կատարում ժանտախտի օջախում բնակվողների շրջանում, որսում են կրծողներին, հետազոտում նրանց:

Ինսուլտի վտանգը երևում է աչքերից

5216d4b6-37c3-c3d3-37c3-c3dc5ba55ba7.photo.0Զարմանալի է, բայց ինսուլտի վտանգը կարելի է գուշայկել աչքերով, ավելի ստույգ` ըստ աչքերի արյունատար անոթների վիճակի: Նման տեղեկություն է հաղորդում հետազոտողների միջազգային խումբը:

Որպեսզի անցկացվեն բոլոր հետազոտությունները, ընտրվել են տարեց մարդիկ, ավելի ստույգ` 50-75 տարեկան 2907 մարդ: Կատարվել են բոլոր կամավորների ցանցաթաղանթի արյունատար անոթների նկարներ, դրանից հետո 13 տարի շարունակ գիտնականները մանրազնին հետևել են հետազոտության մասնակիցներին: Այդ ընթացքում 165 հոգի ինսուլտ է ստացել: Պարզվել է, որ հենց այդ մասնակիցների անոթների նկարներում են նկատելի եղել ուժեղ փոփոխություններ, որոնք կապված են բարձր ճնշման հետ:

Փորձագետները պատմում են, որ գլխուղեղի անոթներում տեղի ունեցող գործընթացների մի զգալի մասն անմիջականորեն կանդրադառնա աչքի ցանցաթաղանթի արյունատար անոթների վիճակի վրա: Կարող են լինել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են արյունահոսությունը,  ուռչելը և այլն:

Ի դեպ, աչքի հատակի անոթների լուսանկարումը բուժհաճախորդների ախտորոշման անվտանգ, արագ և էժան միջոց է: Ուստի եթե հոգ եք տանում ձեր առողջության մասին, մի ծուլացեք, գնացեք լուսանկարեք և քննարկեք  նկարը մասնագետի հետ;

Հետազոտության արդյունքները հրապարակված են Hypertension հրատարակությունում:

Ըստ` http://mednovelty.ru

Հերպես. բուժումը

herpesԱյսօր բժշկագիտությանը հայտնի է հերպեսի վարակի ավելի քան 100 տեսակ, որոնցից 8-ը վտանգավոր են մարդկանց համար:

Հիվանդության հարուցիչը հերպեսի վիրուսն է: Հիվանդությունը սուր սկիզբ է ունենում, ուղեկցվում է քորով, երբեմն` ցավով: Վիրուսով վարակվելուց 1-2 օր հետո վարակված հատվածը կարմրում է, այտուցվում, որի վրա թափանցիկ պարունակությամբ բշտեր են գոյանում:

3-4 օր հետո դրանք չորանում են, առաջանում են կեղև ու փոքր-ինչ խոնավ վերք: Երբեմն նկատվում է ավշահանգույցների մեծացում: Որոշ հիվանդներ թուլություն են զգում, ցավ մկաններում, ջերմության մինչև 38-39 աստիճանի  բարձրացում: Հետո բշտերի վրա գոյացած կեղևները թափվում են: Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ: Սովորական հերպեսը սովորաբար հայտնվում է դեմքին, շուրթերին, ռունգերին, ծնոտին, եռվորյակ նյարդի երկայնքով, որը շատ ցավոտ է:

Մեծ մասը շուրթերի վրա առաջացած հերպեսը լուրջ չի ընդունում, համարում է, որ այն ինքնըստինքյան կանցնի: Հաշվի չեն առնում, որ արտաքին դրսևորման անհետացումն ամենևին չի նշանակում, որ վարակը նույնպես վերացել է: Իսկ վարակն օրգանիզմում ապրում է ողջ կյանքում: Այնպես որ, բուժում պահանջում է հերպեսի ցանկացած տեսակ:

Հերպեսն ախտահարում է բերանի լորձաթաղանթը, նշիկները: Դա բերան-քիթ-ըմպանային հերպեսն է: Նման հերպեսի ժամանակ բարձրանում է մարմնի ջերմությունը, կոկորդում ցավի զգացում է առաջանում, իսկ ցանը 2 շաբաթ պահպանվում է:

Հաջորդ տեսակը սեռական օրգանների հերպեսն է: Այն, բնականաբար, փոխանցվում է սեռական ճանապարհով: Հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, արտահայտված հիվանդագին ախտանշաններով, աճուկային լիմֆադենիտով, սեռական օրգաններից թարախային արտադրությամբ: Տղամարդկանց մոտ հիվանդության ընթացքը խիստ ցավոտ է, հատկապես, երբ միզուկում բշտեր են գոյանում: Այս հիվանդության դեպքում ժամանակին բժշկի չդիմելը կարող է հիվանդության խորացման ու քաղցկեղի վերածման պատճառ դառնալ:

Հերպես լինում է նաև նորածինների մոտ: Հաճախ երեխաները վարակվում են ծննդաբերության ժամանակ` հիվանդ մորից:

Հերպեսը կարող է ախտահարել նաև աչքը`  ծիածանաթաղանթը, լորձաթաղանթը: Այսօր բժիշկները նշում են, որ ծիածանաթաղանթի հիվանդությունների 60%-ը պայմանավորված է հերպեսով:

Բուժումը պետք է կատարվի համալիր, դեղամիջոցներով: Գոյություն ունեն նաև ժողովրդական միջոցներ, դեղաբույսերով պատրաստված բուժիչ խառնուրդներ:

Օրինակ` հոտավետ մանուշակի հյութով տրորել հերպեսը կամ  թուրմ պատրաստել և լվանալ ախտահարված հատվածները:

Բուժման ժամանակ հարկավոր է սահմանափակել գետնանուշի, շոկոլադի, չամիչի, ցորենի օգտագործումը:

Գոտևորող որքին. սա հերպեսի տարատեսակներից մեկն է, այն ջրծաղկի առաջացման պատճառն է: Սակայն եթե ջրծաղիկն անցնում է, ապա այս նենգ վարակն օրգանիզմում անցնում է քնած վիճակի ու «քնում» այնքան, քանի դեռ մարդն առողջ է: Եվ երբ առողջական խնդիրներ են առաջանում (ծանր հիվանդություն, իմունիտետի անկում, ավիտամինոզ, քրոնիկական սթրեսներ և հոգնածություն), վարակն «արթնանում» է ու մաշկի վրա արտահայտվում գոտևորող որքինի տեսքով: Մարդկանց 25%-ը մանուկ հասակում հիվանդանում է ջրծաղկով: Հիվանդությունը սովորաբար սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ: Առաջանում են գլխացավ, սրտխառնուք ու փսխում: Մարմնի վրա այն տեղերում, ուր հետո պետք է բշտեր գոյանան, առաջանում է ցավ: Երբեմն այն անտանելի է դառնում, սաստկանում է թեթևակի հպումից ու շարժման ժամանակ: Մեծանում են ավշահանգույցները: Երբ ցան է առաջանում, ցավը թուլանում է: Իսկ ցանը հիմնականում լինում է մեծ նյարդաբների ու դրանց ճյուղավորումների մոտ:

Սովորաբար հիվանդությունն ուժեղ իմունիտետ ունեցողները հաղթահարում են կես ամսից մինչև մեկ ամիս ժամանակահատվածում: Սա այնքան տհաճ հիվանդություն է, որ անգամ բուժումից հետո էլ, երբ մաշկը վերքերից մաքրվում է, ախտահարված հատվածում մի քանի ամիս հետհերպեսային նևրալգիա է սկսվում: Ժամանակին բուժվելու դեպքում և՛ ցավն է մեղմանում, և՛ տևողությունն ավելի կարճ է լինում: Հիվանդության դեպքում դեղորայքային բուժումից բացի կարելի է նաև ժողովրդական միջոցներ կիրառել, ասենք` ծովի ջրում լողալը: Օգնում է նաև ախտահարված հատվածը դաղձի թուրմով լվանալը:

Ինչպես կարելի է ազատվել հերպեսից

Սովորաբար հերպեսային բշտերն այնքան անհարմար ժամանակ ու անհարմար տեղում են առաջանում, որ ոչ միայն ֆիզիկական տհաճություն են պատճառում, այլև` գեղագիտական:

Մասնագետներն ասում են, որ երկրագնդի վրա բնակչության 95%-ը հերպեսի այս կամ այն տեսակն ունի կամ ունեցել է: Կան միջոցներ, որոնք եթե նույնիսկ չեն էլ բուժի, ապա գոնե կթեթևացնեն սրացումների շրջանը:

Ուրեմն. հերպեսը վարակիչ հիվանդություն է ու հերպեսից խուսափելու համար պետք է լավ իմունիտետ ունենալ: Դրա համար պետք է կենսակերպն այնպես կարգավորել, որ նպաստի իմունիտետի ամրապնդմանը: Իսկ այդ կանոնները պարզ ու հասարակ են, սակայն պետք է կատարել միշտ:

Սնվել «ճիշտ» սնունդով: Իզուր չեն ասում են. մենք այն ենք, ինչ ուտում ենք: Նախընտրությունը պետք է բնականի կողմը լինի, հարկավոր է հնարավորինս խուսափել ձևափոխված սննդամթերքից: Հրաժարվել կենդանական ճարպերից, շոկոլադից: Այս  դեպքում շատ օգտակար են սպիտակուցով հարուստ մթերքները` ձուկ, միս, կաթնաշոռ, պանիր, ձու, սոյա, ծլեցրած ցորեն:

Անգամ խմելու ջրի մաքրությանը պետք է հետևել. սա թերևս այն խնդիրն է, որին ամենաքիչն ենք ուշադրություն դարձնում:

Վիտամիններ. ցավոք, այսօր սննդի մշակման հետևանքով մթերքի վիտամինները քայքայվում են: Իսկ եթե հերպեսով հաճախ եք հիվանդանում, ապա պետք է վիտամիններ ընդունել` խորհրդակցելով համապատասխան մասնագետի հետ:

Կոփում. հանիրավի մոռացված միջոց, որը նույնպես կօգնի հերպեսից խուսափելու: Բոլորովին պարտադիր չէ կոփվելու համար սպասել ձմռան: Պարզապես կարելի է տաք-սառը հերթագայությամբ ցնցուղ ընդունել:

Հոգեկան հավասարակշռություն. այն, որ «բոլոր հիվանդությունները նյարդերից են», այդ թվում և` հերպեսը, կարելի է համոզվել` վերլուծելով հերպեսի առաջացմանը նախորդած հանգամանքները: Կարելի է վստահորեն ասել, որ հերպեսի առաջացմանը նախորդում են սթրեսը, բացասական հույզերը, սովորական պայմանների կտրուկ փոփոխությունը: Նյարդային համակարգի առողջությունն ընդհանուր առողջության գրավականն է:

Օրգանիզմի մաքրումը. ճիշտ է, նշվեց, որ հերպեսի վարակը, մեկ անգամ ներթափանցելով, «մշտական» բնակություն է հաստատում օրգանիզմում, այնուամենայնիվ, կարելի է դրա գոյության ու բազմացման համար նպաստավոր պայմանները քայքայել: Դրա համար բազմաթիվ միջոցներ կան, սակայն յուրաքանչյուրն իր բժշկի հսկողությամբ ու նշանակմամբ կարող է կիրառել այդ մեթոդներից որևէ մեկը:

Եվ, ավելորդ չէ ասել, որ անձնական հիգիենան հերպեսի կանխարգելման միջոց է: Հերպեսի վարակը հեշտությամբ փոխանցվում է հիվանդի ձեռքից, շուրթերից և այլ մարմնամասերից:

Հետաքրքիր տեղեկություններ շուրթերի մասին

Ամենահաստ ու արտահայտված շուրթերը բնորոշ են նեգրո-ավստրալոիդ ռասային: Բարակ շուրթերն էլ հատուկ են Հյուսիսային Եվրոպայի ու Ասիայի ժողովուրդներին:

Տարիքի հետ (25-ից հետո) շուրթերի հաստությունը նվազում է:

Սև-սպիտակ հեռուստատեսության դարաշրջանում հաճախ են կիրառվել կարմիր զտիչներ` շուրթերին կարմրություն հաղորդելու համար, որոնք էկրաններից պարզապես անգույն էին թվում: Այդ նպատակով հաղորդավարների ու դերասանուհիների շուրթերն ու այտերը կանաչով էին ներկում: Մարդու շուրթերը մատնածայրերից 100 անգամ ավելի զգայուն են: Իսկական համբույրը կարող է սրտխփոցի հաճախությունը հասցնել րոպեում 100 զարկի:

Նապաստակի շրթունքն ամենատարածված ու վիրաբուժական եղանակով շտկելի բնածին արատն է. 2,5 հազար նորածիններից մեկը լույս աշխարհ է գալիս նման արատով:

Աֆրիկյան մուրսի ցեղախմբի կանայք ձգում են ստորին շուրթն ու փայտե պնակ տեղավորում շուրթի մեջ: Դա նորաձև է համարվում ու գեղեցկության չափանիշ:

Սանկտպետերբուրգցի Քրիստինա Ռեյը 6000 դոլար է ծախսել շրթունքների մեջ սիլիկոն ներարկելու համար, ինչի արդյունքում նա համարվում է աշխարհում ամենամեծ շուրթերի տերը:

Շուրթերի վրա առաջացած հերպեսը ոչ թե մրսածության հետևանք է, ինչպես ընդունված է կարծել, այլ իսկական վարակ:

Համբույրի, ժպիտի, ծիծաղի ժամանակ շուրթերում մինչև 15 մկան է աշխատում:

Շատ կենդանիներ են համբուրվում շուրթերով, օրինակ` կապիկները, շները, ձիերը և նույնիսկ որոշ ձկնատեսակներ:

Սոցհարցման արդյունքների համաձայն` աշխարհում ամենագայթակղիչ շուրթերի տերը Անջելինա Ջոլին է:

Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը «ստեղծելու» համար Լեոնարդո դա Վինչին տքնել է 12 տարի:

Բերանի ու շուրթերի սահմանագծում գտնվող գեղձերը համբույրի ժամանակ մշակում են նյութեր, որոնք սաստկացնում են ցանկությունը:

Եթե ցավում է ականջը

ականջԵթե հանկարծ զգում եք, որ տհաճ, ծակող ցավ կա ականջում, որը երբեմն խփում է քունքին կամ ծոծրակային հատվածին, ջերմություն ունեք, վատացել է լսողությունը,  ապա հնարավոր է, որ ձեզ մոտ ականջաբորբ է ` օտիտ: Վերը թվարկվածներն ականջաբորբի ամենացայտուն արտահայտություններն են: Ճիշտ կլինի դիմել բժշկի` հետագա բարդություններից խուսափելու համար:

Այն սովորաբար ընդունված է երեք տեսակի բաժանել` ներքին, միջին ու արտաքին ականջի բորբոքում:  Սրանցից ամենաբարդը ներքին ականջի բորբոքումն է, որը կարող է վարակի ներթափանցման ուղի հանդիսանալ: Ներքին ականջի բորբոքումը կարող է նաև միջին ականջի բորբոքման հետևանք դառնալ: Սովորաբար այս հիվանդությունը կարող է զարգանալ գրիպի, անգամ հարբուխի անգինայի հետևանքով Այն կարող է մեկ անգամ լինել ու այլևս չկրկնվել ու նաև կարող է վերածվել քրոնիկ հիվանդության: Սուր ընթացքի դեպքում նաև թարախահոսություն է լինում: Այս դեպքում անպայման պետք է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը:

Արտաքին օտիտն առաջանում է գետում, լողավազանում լողալու հետևանքով, երբ ջուրն ամբողջությամբ չի դատարկվում ականջախեցուց, հետևաբար ականջը սկսում է ցավել: Ի դեպ, լողորդների մոտ արտաքին օտիտը մասնագիտական «ձեռքբերում» է համարվում: Այն այնքան էլ վտանգավոր չէ, սակայն դժվար թե  ինչ-որ մեկին հաճելի լինի, երբ բորբոքվում է ականջախեցու մաշկը: Հնարավոր է` առաջանան թարախապալարներ ու նույնիսկ էկզեմա: Բուժումն այնքան էլ բարդ չէ:Ականջախեցու մեջ պետք է նախապես 70%-անոց սպիրտով թաթախված թանզիֆե խծուծ դնել:

Ականջաբորբի ժամանակ կարելի է օգտվել տնաբույս ծաղիկներից (հալվե. կալանխոե, նույնիսկ խորդենի) պատրաստված խծուծից:  Խորդենին նույնիսկ ցավն է վերացնում, եթե թարմ տերևը խողովակաձև դնեք ականջախեցու մեջ: Իսկ հալվեն ու կալանխոեն պետք է մանրացնել, ապա թանզիֆի մեջ փաթաթել ու դնել ականջի մեջ:

Օգոստոսի 1-ից “Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում կմեկնարկի առողջապահական ակցիան

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից  31-ը  “Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի  բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա՝ հետևյալ ուղղություններով.

.սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն)

. գինեկոլոգիական  հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն)

. ՈՒՁՀ-ի միջոցով վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում

Ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել  սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:

Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծիրանը կորիզավորներից ամենաօգտակար պտուղն է ճանաչվել

51f28f81-ccc4-2d11-ccc4-2d1e9f3bf27e.photo.0Օգտակար հատկությունների հաշվառմամբ, ծիրանը կորիզավորների մեջ  ամենաօգտակարն է ճանաչվել:  Գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է ստամոքսաղիքային տրակտին, սիրտանոթային համակարգին ու նույնիսկ պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից: Ճիշտ է գաստրիտով ու խոցային հիվանդություններով , ինչպես նաև շաքարային դիաբետով հիվանդներին պետք է ծիրանը զգուշությամբ ու խիստ չափավոր օգտագործել:

Ծիրանի բաղադրության մեջ արծաթ, երկաթ, յանքային աղեր, ինսուլին ու А,  և В ու С խմբերի վիտամիններ կան, ինչպես նաև կիտրոնա- , սալիցիլա-, գինե- ու խնձորաթթուներ: Ծիրանի մեջ կարոտինի պարունակության բարձր մակարդակը  պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի, միզապարկի քաղցկեղից:

Հուլիսի 28-ը հեպատիտների համաշխարհային օրն է

mohՀեպատիտների համաշխարհային օրվան ընդառաջ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվեց մամուլի ասուլիս:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ բանախոսները ներկայացրեցին աշխարհում ու Հայաստանում տիրող իրավիճակը, իրականացվող աշխատանքները և հետագա անելիքները:

Վիրուսային հեպատիտներն աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները: Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1.4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` երկրագնդի բնակչության 2-7%-ի մոտ առկա է հեպատիտ Բ-ի վիրուսակրություն։ Նրանցից 240 մլն-ը հիվանդ են հեպատիտ Բ-ի քրոնիկ ձևերով: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ է մահանում սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետևանքներից: Հեպատիտ Բ-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, 2-րդ տեղում է ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 մլն-ից ավելին վարակված է հեպատիտ Ց-ով, և տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ է պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար:

2010-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի կողմից ընդունված վիրուսային հեպատիտների` մասնավորապես Բ-ի և Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ, և իր հետագա աշխատանքներն իրականացրել և իրականացնում է այդ համատեքստում:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2012-ին` 3.0: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:

Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2012-ին` 1.9: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում ` 98 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.1-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են հեպատիտների տարածվածության ընտրանքային հետազոտություններ ռիսկի խմբերում։ Պարզվել է, որ հետազոտված առողջ բնակչության շրջանում գրանցվել է հեպատիտ Բ-ով և Ց-ով վարակվածության ցածր մակարդակ: Համաձայն այդ հետազոտությունների` հեպատիտներով վարակվածության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել տուբերկուլոզով հիվանդների շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում հետագայում վիրուսային հեպատիտների կանխարգելումն և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով:

Հիվանդների սրտերին մահացածների խթանիչ սարքե՞ր են դրվել. նոր բացահայտումներ Ջամալյանի գործից

Smbat Jamalyan

Սմբատ Ջամալյան

«Անկախը» մի քանի անգամ արդեն անդրադարձել է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում վիրահատված 64-ամյա Հովհաննես Կաթրջյանի պատմությանը: Նրա սիրտը 1985-ից աշխատում է խթանիչ սարքով: Վերջին երկու անգամ` 2004 և 2008 թթ., Կաթրջյանին վիրահատել էր վերոնշյալ կենտրոնի հիմնադիր, այդ ժամանակվա տնօրեն, սրտաբան Սմբատ Ջամալյանը: 2008 թ., երբ Կաթրջյանին վիրահատել էին, հավաստիացրել էին, որ սարքն աշխատելու է մոտ տասը տարի, սակայն հիվանդը սարքն արտադրող ընկերության պաշտոնական կայքից տեղեկացել էր, որ այն նախատեսված է 5,5-6 տարվա համար: Փաստորեն, 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին սարքի ժամկետն ավարտվում է, իսկ Կաթրջյանը 2009-ից սկսած` պայքարում է իր իրավունքների համար` մեծ դժվարությունների գնով հասնելով նրան, որ փաստի առիթով քրեական գործ հարուցվի, Սմբատ Ջամալյանը գործում ներգրավվի` որպես մեղադրյալ, իսկ ինքը` որպես տուժող: Գործը քննվում է Էրեբունու քննչական բաժնում` քննիչ Բունիաթ Եղիազարյանի կողմից: Սակայն  Սմբատ Ջամալյանը Հայաստանից բացակայում է,  Դանիայում է, և չնայած նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրան բերման ենթարկել չեն կարողանում, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չբացակայելը, մինչդեռ նա արդեն իսկ բացակայում է երկրից:

Կաթրջյանի բազմաթիվ դիմումները Ջամալյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու վերաբերյալ` առայժմ ապարդյուն են: Քննիչ Եղիազարյանը կարծում է, որ խափանման միջոցը կալանքով փոխարինելու հիմքեր դեռևս չկան:  Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` գործի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է նշել, որ նոր փաստեր կան, որոնք քննության առարկա են դարձել, և նախաքննությունը շարունակվում է:

Որո՞նք են նոր փաստերը: Կաթրջյանը վերջերս ևս մեկ ցնցող բացահայտում է արել, որը վերաբերում է իր 2004 թ. վիրահատությանը: Որոշ կասկածներ ունենալով` նա հարցում է արել ամերիկյան Medntronic ընկերությանը` պարզելու, թե 2004-ին իր սրտում տեղադրված Prodigy DR 78 60 սարքի ծառայության ժամկետը ինչքան է եղել և արդյոք այն օգտագործված է եղել: Ընկերությունից պատասխանել են, որ սարքի ծառայության ժամկետը մոտ 12 տարի, 3 ամիս է: Ընկերությունից նաև հաստատել են, որ նրա սարքը պաշտոնապես վաճառված և տեղադրված է եղել ԱՄՆ մի քաղաքացու: Փաստորեն, դա է եղել պատճառը, որ 2004-ին տեղադրված սարքը ծառայել է ոչ թե 12 տարի, այլ 4 տարի: «Ստացվում է, որ ես ավելորդ վիրահատություն եմ տարել. եթե 2004-ին ինձ տեղադրեին նոր սարք, ապա վիրահատվելու և նոր սարք տեղադրելու անհրաժեշտություն կլիներ 2016 թվականին, մինչդեռ ինձ 2008-ին կրկին վիրահատեցին, այն էլ` խաբելով»,- ասում է Կաթրջյանը:

Հիվանդը դիմել է դատարան՝ բժշկական կենտրոնից առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար: Սրտաբանական կենտրոնի գույքի և հաշվեհամարի վրա կալանք դրվելու որոշում է կայացվել, սակայն ԴԱՀԿ ծառայությունից մեկ ամիս առաջ նա պատասխան է ստացել, որ սրտաբանական ընկերությունը որևէ աշարժ գույք չունի և հաշվեհամարի վրա էլ որևէ գումար չկա:

Բացում ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի պաշտոնական կայքը: Որպես կենտրոնի հիմնադիր տնօրեն` նշված է Սմբատ Ջամալյանը, իսկ տնօրեն` Մարինե Դանիելյանը: Երբ զանգահարեցինք վերջինիս, նա հայտարարեց, որ ինքն այդ ընկերության հետ որևէ կապ չունի, իսկ երբ հայտնեցինք, որ այդ տեղեկատվությունը կենտրոնի պաշտոնական կայքից է վերցված, նա ասաց, որ կայքը վաղուց չի թարմացվել: Ըստ Դանիելյանի` այս տարվա ապրիլի 23-ից կենտրոնը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Նշենք, որ մենք կայքից էինք վերցրել նաև հեռախոսահամարը և կապ հաստատել նույն Մարինե Դանիելյանի հետ, և զանգահարելու ժամանակ ինքնապատասխանիչը հայտնում էր, որ մենք զանգահարել ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն: Միգուցե հեռախոսահամարներն էլ դեռ չեն թարմացրել…Ինչևէ, Դանիելյանը մեզ լուսավորեց այն տեղեկատվությամբ, որ այժմ իրենք ոչ թե առանձին կենտրոն են, այլ մտել են «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ Մալաթիա բժշկական կենտրոնի մեջ` որպես սրտաբանական բաժանմունք: Ակնհայտ է, որ կենտրոնը մաքրել է իր անցյալի հաշիվները, որպեսզի ամեն կերպ խուսափի պատասխանատվությունից:

Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի մեկ այլ զոհ էլ 62-ամյա Արտյոմ Մելքումյանն է, որը նույնպես բացահայտել է, որ իր սրտին օգտագործված սարք են տեղադրել: Նա պատմեց, որ 2007 թ. նոյեմբերին այդ կենտրոնում տեղի է ունեցել իր առաջին վիրահատությունը Սմբատ Ջամալյանի ձեռքով: Իրեն ասել են, որ սրտի խթանիչ սարքն աշխատելու է 5 տարի: Վիրահատությունից հետո նա մեկնել է Մոսկվա և 2008-ի ապրիլին հերթական բուժզննումն իրականացրել այնտեղ: «Երբ հետազոտվեցի, ամսաթվերից պարզ դարձավ, որ սարքն իմ մարմնում տեղադրվելուց առաջ արդեն տուփից հանված է եղել: Մեջս կասկած մտավ,-պատմում է նա:- 2008 թ. վերջին եկա Հայաստան և կրկին գնացի հետազոտության: Ի զարմանս ինձ` Ջամալյանն ասաց, որ մյուս տարի պետք է ապարատը փոխվի: Հիշեցրի, որ 5 տարվա երաշխիք էին տվել:  Հերքեցին, որ նման բան են ասել: Ցավոք, մեր պայմանագրի մեջ սարքի ժամկետի մասին որևէ բան չի գրվել, ինչն, իմ կարծիքով, միտումնավոր է արվել: Ժամկետի մասին մեզ միայն բանավոր էին ասել, ու ես ոչինչ չկարողացա ապացուցել, չնայած սարքն արտադրող ընկերության կայքէջից պարզել էի, որ իսկապես այն ամենաքիչը 5 տարվա երաշխիք ունի»:

2010 թ. Արտյոմ Մելքումյանը կրկին վիրահատվում է, բայց արդեն Մոսկվայում: Այդ ժամանակ նա իր նախկին սարքն առաջրկում է հանձնել հետազոտման` պարզելու, թե ինչու է այն աշխատել ոչ թե 5 տարի և ավելի, այլ ընդամենը 2,7 տարի: Մեկ ամիս անց Շվեյցարիայից՝ ընկերության եվրոպական գրասենյակից  նրան տեղեկացնում են, որ սարքը 2005 թ. Ֆլորիդա նահանգում տեղադրվել է մի քաղաքացու: «Փաստորեն, սարքն օգտագործված է եղել և իսկապես հինգ տարվա երաշխիք է ունեցել. 2,3 տարի աշխատել է ուրիշ մարդու մեջ, 2,7 տարի էլ ծառայել է ինձ»:

Մելքումյանը ենթադրում է, որ այս ամենի հետևում մի հանցավոր խումբ է կանգնած, որը զբաղվում է մահացած մարդկանց սարքերը վերավաճառելով: «Դա մեկ-երկու դեպք չէ, դրանով մեծ գումարներ չեն աշխատի, հարյուրավոր մարդկանց հետ են այդպես վարվել, պարզապես մեզ հաջողվել է պարզել դա,- ասում է նա:- Իսկ երբ 2011 թ. հանդիպեցի Ջամալյանին և ասացի սարքի օգտագործված լինելու մասին, նա հիստերիայի մեջ ընկավ, ասաց, որ ինքը որևէ կապ չունի: Հետագայում նրա փաստաբանն ինձ պատասխանեց, որ իրենք ընդհանրապես ինձ նման սարք չեն վաճառել»:

Ըստ Մելքումյանի և Կաթրջյանի` Ջամալյանի կենտրոնը երկու հանցավոր ճանապարհով է գումար աշխատել. առաջին՝ մարդկանց տեղադրել է օգտագործած սարքեր, երկրորդ՝ բարեգործական ճանապարհով ստացած բազմաթիվ սարքեր է վաճառել հիվանդներին: Այս փաստերը կարող է հաստատել միայն հետաքննությունը: Առաջիկայում մենք կփորձենք համակողմանի տեղեկություններ հավաքել նաև բարեգործական ճանապարհով Հայաստան ներմուծված խթանիչ սարքրեի վերաբերյալ:

Մելքումյանն անցյալ տարի դիմել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին՝ կցելով բոլոր փաստաթղթերը և խնդրելով, որ Ջամալյանին գոնե զրկեն պրոֆեսիոնալ գործունեությունից: Նրա դիմումն առողջապահության նախարարությունն ուղարկել է Էրեբունու ոստիկանություն` քննիչ Եղիազարյանին:  Սակայն հիվանդները չեն վստահում քննությանը և գործը քննող Եղիազարյանին, որն արդեն իսկ պաշտոնապես փակել է նույն կենտրոնին վերաբերող երկու նմանատիպ գործ: Նրանք կարծում են, որ իրենք բավարար հիմքեր են ներկայացրել, որպեսզի Սմբատ Ջամալյանին կալանավորելու որոշում լինի, բայց դա տեղի չի ունենում:

Մինչդեռ Կաթրջյանի համար գործի բացահայտումը կենսական նշանակություն ունի, քանի որ նրա սրտի խթանիչի աշխատանքին հաշված ամիսներ են մնացել, և նա սեփական միջոցներով հերթական վիրահատությունն անելու հնարավորություն չունի: Ի դեպ, նախորդ վիրահատության գումարը վճարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, քանի որ Կաթրջյանի որդին այդ ժամանակ ծառայում էր բանակում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով գտնելով Սմբատ Ջամալյանի անձնական էջը` նամակով դիմեցինք` խնդրելով իր տեսակետը հայտնել այս փաստերի վերաբերյալ: Ցավոք, նրանից մինչ օրս որևէ արձագանք չկա:

Այս ամենի  խորապատկերում մի հետաքրքրական փաստ ևս. 2009 թ. Սմբատ Ջամալյանին շնորհվել է հանրապետության նախագահի մրցանակ` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:

Նույն թեմայով`

Սրտի խթանիչը կանգ կառնի երկու տարուց, մինչդեռ հիվանդը վճարել է ավելի երկար ժամանակահատվածի համար

Ոստիկանապետին հանդիպելու դիմումը մերժվում է, իսկ կյանքին մնացել են հաշված ամիսներ

 

 

 

 

 

Քթի վիրահատությունը զիջել է իր տեղը

աշոտՀՀ–ում առաջին պլաստիկ վիրահատությունները կատարվել են 1970-ականներին, բայց մասնագետներն այնքան էլ հմուտ չէին և  նման վիրահատությունները (մասնավորապես` քթի) հիմնականում կատարվում էին տեղային անզգայացմամբ: Իսկ թե այսօր ինչ վիճակում է պլաստիկ վիրաբուժությունը, պարզեցինք  «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Աշոտ Միքայելյանի (Լյուդվիգովիչ) հետ զրույցում:

– Պրն. Միքայելյան, 2013 թ. ի՞նչ փոփոխություններ են եղել պլաստիկ վիրաբուժության ասպարեզում: Դարձյալ քիթ «կտրելու» պահա՞նջ է նկատվում:

– Քթի վիրահատությունն իր տեղը սկսել է զիջել այլ վիրահատությունների: 2013 թ. կտրուկ աճել է ոտքերի ուղղումը՝ սրունքների իմպլանտացիան: Եթե առաջ նման վիրահատություն տարին մեկ  անգամ էլ  չէր լինում, այսօր այն 10 անգամ ավելացել է:

– Եվ լա՞վ է ստացվում;

– Գրեթե միշտ: Իհարկե, բոլոր վիրահատություններն ունենում են բացասական կողմեր, բարդություններ անկախ նրանից, թե ինչ ծավալի է վիրահատությունը: Օրինակ՝ սրունքների վիրահատության գործընթացը կարճ է տևում և կատարվում է նաև տեղային անզգայացման պայմաններում: Դեռևս ոչ մի բարդություն չենք ունեցել, սակայն չեմ կարող ասել, որ երբեք չի լինի:

– Որոշ պլաստիկ վիրաբույժներ կտրուկ դեմ են մինչև 18 տարեկան անձանց վիրահատելուն: Կա՞ն տարիքային սահմանափակումներ:

– Յուրաքանչյուր վիրահատության համար կա ցանկալի տարիք: Օրինակ` ականջների (լոշտակության) խնդիրը կարելի է շտկել նույնիսկ 5-6 տարեկանում: Իսկ  քթի վիրահատությունը աղջիկների դեպքում թույլատրելի է 16, տղաներինը` 18 տարեկանում: Սակայն, օրինակ՝ կրծքերի մեծացումը կատարվում է միայն 18 տարեկանից հետո, փոքրացումը կամ ձգումը, որովայնի միջամտությունները՝ հղիությունից հետո, անկախ տարիքից:

– Ձեզ մոտենո՞ւմ են արտառոց պահանջներով հիվանդներ:

– Անշուշտ, ամեն ինչ էլ պատահում է: Եղել են դեպքեր, երբ կասկածելի անձինք ինձ դիմել են յուրահատուկ պահանջներով կամ անճանաչելի դառնալու ցանկությամբ: Նման դեպքերում կտրականապես դեմ ենք վիրահատությանը:

– Մի քիչ խոսենք հետվիրահատական բարդություններից:

– Ամբողջ աշխարհում նման բարդությունների որոշակի տոկոս կա: Հիվանդը նախապես կլինիկայի հետ պայմանագիր է կնքում, որում նշված են բոլոր հնարավոր բացասական հետևանքները: Դրանց մասին հիվանդը նախապես տեղեկանում է: Սակայն, ցավոք, միշտ չէ, որ հիվանդն ընթերցում է պայմանագիրը: Այնուամենայնիվ, Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, որոնց աշխատանքին պետք է վստահել:

– Բայց քիչ չեն նաև մահվան ելքով վիրահատությունները:

– Այո, բայց ի տարբերություն Ռուսաստանի, մեզ մոտ վիրաբույժները շատ ուշադիր և աչալուրջ են: Հիմնականում խնդիրներ կարող են առաջանալ գերարյունությունից, ինֆեկցիաներից, վերքերի ոչ շուտ լավացումից և այլն: Օրինակ՝ քթի վիրահատությունից հետո կարող է այն մի փոքր թեքվել՝ առաջացնելով շնչառական խնդիրներ: Իսկ կրծքերի պլաստիկ վիրահատությունից հետո հաճախ հանդիպող բարդությունը հեմատոման է (արյան մի տեղում կուտակումը): Դեպքերը տարբեր են և անհատական:

– Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները վիրահատության վրա:

– Բոլոր հիվանդություններն ինչ-որ կերպ առնչություն ունեն վիրահատության հետ: Պետք է հաշվի առնել, թե անձը նախնական ինչ խնդիրներ է ունեցել: Եթե հիվանդն ասում է, որ իր կյանքում երկու անգամ եղել են ուշագնացության դեպքեր, պետք է հասկանալ, թե որն է պատճառը: Այդ պարագայում որոշում ենք՝ վիրահատե՞լ, թե՞ ոչ, կամ վիրահատել նարկոզո՞վ, թե՞ էպիգրալ անզգայացմամբ, որի ժամանակ փոխում ենք նաև նյութերը: Օրինակ՝ սրտի արատի ժամանակ վիրահատություն խուրհուրդ չի տրվում, քանի որ կյանքը կարող է վտանգվել: Սակայն դժբախտ պատահարների, օրինակ՝ ավտովթարի հետևանքով առաջացած խնդիրները շտկելու և կյանքը փրկելու նպատակով, անկախ լուրջ հիվանդություններից, կատարվում է վիրահատություն՝ մեծ ուշադրություն դարձնելով այդ հիվանդություններին: Պարզապես պետք է հասկանալ՝ որքանով են ռիսկերն արդարացված:

– Ինչո՞ւ եք վիրահատությունից առաջ հասակն ու քաշը չափում:

– Դա ավելի շատ հետաքրքրում է անեսթեզիոլոգին՝ դեղանյութերի չափաբաժինը որոշելու համար, քանի որ հասակ/քաշ գործակցից է կախված նյութերի ճիշտ որոշումը: Իսկ պլաստիկ վիրաբույժին այն հետաքրքրում է մարմին/դեմք համաչափության համար:

– Բժշկական էթիկան և գաղտնիությունը պահպանո՞ւմ եք:

– Շատ հաճախ մարդիկ իրենք են խնդրում գաղտնի պահել, որ վիրահատվել են, ինչը պետք է անպայման հաշվի առնել:

– Գուցե պատճառը հասարակության աչքին կատարյալ անձ երևա՞լն է:

– Հիմնականում` այո:

– Ինչպե՞ս եք ազատվում վիրահատական սթրեսից:

– Կարելի է ասել, որ սթրեսներ չեն լինում: Խուճապի չեմ մատնվում, որովհետև եթե վիրաբույժ ես, ի սկզբանե պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Այդուհանդերձ, երբեմն կարող են լարված պահեր լինել, բայց դրանք կապված չեն հիվանդի առողջական վիճակի հետ, չէ՞ որ մինչ վիրահատվելը հիվանդը մանրամասն հետազոտվում է` սկսած ՄԻԱՎ-ից և վերջացրած հեպատիտներով ու այլ հիվանդություններով:

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

Հայաստանում կստեղծվի ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն

10556_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի անունից` ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն էր տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, որին հաջորդել է վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը: Ըստ համաձայնագրի նախատեսվում է ստեղծել ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` միջազգային չափանիշներին համապատասխան: Վերոնշյալ կենտրոնի կառուցման համար «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ: Կենտրոնը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Կենտրոնի շահագործման արդյունքում կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ:
Որպես ՀՀ կառավարության կողմից ներդրում և մասնակցություն ծրագրին` նոր ընկերության կապիտալում կներդրվի հողամաս «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքից` շուրջ 1 հա չափով:

Շոգը մեղմելու տարօրինակ միջոցներ

777Արևմուտքի լրագրողներն առաջարկում են առաջին հայացքից ոչ ավանդական մեթոդներ կիրառել շոգը մեղմելու համար: Դրանցից են`

Կարրի. Պորտսմութի համալսարանի մարդու ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Մայք Տիլտոնը խորհուրդ է տալիս շոգին ուտել տաք կերակուր կծու համեմունքներով: Որքան էլ տարօրինակ է, դա օգնում է նվազեցնելու մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, նույն կարրիի մեջ կապսացին կա, որը նպաստում է քրտնարտադրությանը.”Որքան շատ խոնավություն եք կորցնում շոգի ժամանակ, այնքան լավ է դա ինքնազգացողության համար”,-ասում է գիտնականը:

Տաք ցնցուղ. եթե թվում է, թե շոգից կարելի է փրկվել սառը ցնցուղով, ապա խորապես սխալվում եք: Այդ դեպքում ձեր մարմինը ջերմակարգավորում կկատարի, որ պահպանի մարմնի ջերմությունը: Դրա համար պետք է ցնցուղի համար ջրի ջերմաստիճանը 200-ից բարձր լինի:

Բեդվինների ոճով հագուստ.կարծիք կա, որ շոգին պետք է հագնել սպիտակ կամ էլ բաց գույնի հագուստ: Սակայն, ինչպես ցույց տվեց 1980-ին եվրոպացի գիտնականների կատարած ուսումնասիրությունը, դա այդքան էլ այդպես չէ: Դրա համար, ամռանը հագուստ ընտրելիս ոչ թե պետք է գույնով առաջնորդվել, այլ դրա ձևով: Նախապատվությունը հարկավոր է տալ ազատ ձևվածքի հագուստին:

Օդը` միայն դեմքին. Եթե հովհար եք կիրառում կամ էլ  նստած եք զովացնող սարքի մոտ, ապա այնպես նստեք, որ սառն օդի հոսքը միայն դեմքին դիպչի: Բանն այն է, որ դեմքի վրա բազմաթիվ ռեցեպտորներ կան, որոնց հովացումը կստեղծի հաճելի զովի զգացում ողջ օրգանիզմի համար: Շատ օգտակար է նաև ձեռքերը սառը ջրի մեջ դնելը:

Խոնավ հագուստ.ֆիզիկոս Լիզա Ջարդին Ռայթը Քեմբրիջիհամալսարանից, խորհուրդ է տալիս տնից դուրս գալուց առաջ խոնավացնել հագուստը: Դա արժե անել այն նպատակով, որ մինչ հագուստի խոնավության գոլորշիացումը` ձեր մաշկը զովանա:

Ջերմային հարված. ախտանշանները

ջերմայինՄարդու մարմնում ներքին հսկայական ջերմություն է ստեղծվում:  Սովորաբար մարմինը հովանում է քրտնարտադրության շնորհիվ: Բարձր ջերմաստիճանի դեպքում, ֆիզիկական ինտենսիվ վարժությունների ժամանակ, բարձր խոնավության պայմաններում օրգանիզմի «հովացման» բնական համակարգը թուլանում է ու ներքին ջերմությունը բարձրանում է, երբեմն հասնում  վտանգավոր մակարդակի: Դրա հետևանքով հնարավոր է` օրգանիզմի գերտաքացում առաջանա, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ջերմային ցնցումների, ջերմահյուծման կամ էլ ջերմային հարվածի:

Ջերմային ցնցումներ

Կարող են առաջանալ ինտենսիվ մարզումների ժամանակ կամ հետո` էքստրեմալ բարձր ջերմության պայմաններում: Քրտնարտադրությունը ստիպում է օրգանիզմին աղ ու հեղուկ  դուրս հանել, ինչը հանգեցնում է մկանների կծկման:

Երեխաները, եթե բավարար քանակությամբ հեղուկ չեն խմում, ապա հնարավոր է` ջերմային ցնցումներ ունենան: Չնայած վիճակի ծանրությանը` ջերմային ցնցումները վտանգավոր չեն:

Ի՞նչ պետք է անել. ջերմային ցնցումների ժամանակ հիմնականում հատուկ բուժում չի պահանջվում: Պետք է պարզապես տեղափոխվել զով վայր ու ծարավը հագեցնել: Մկանների մերսումը նույնպես կարող է օգնել:

Ջերմահյուծում

Առաջանում է տապի ժամանակ, հեղուկի անբավարարության հետևանքով: Ախտանշաններից են` ջրազրկումը, հոգնածությունը, թուլությունը, կպչուն մաշկը, գլխացավը, սրտխառնուքը կամ փսխումը, հիպերվենտիլյացիան (արագացած շնչառությունը), գրգռվածությունը:

Ի՞նչ կարելի է անել: Եթե տուժածը երեխա է,ապա տեղափոխեք նրան զով վայր, հանեք հագուստը կամ քանդեք կոճակները, ուտելիք ու խմելու բան տվեք նրան: Երեխային գոլ ջրով լողացրեք (ոչ սառը): Եթե երեխան դեռևս թույլ է և հաց ուտել ու խմել չի կարողանում, ապա դիմեք բժշկի: Եթե վերը թվարկված միջոցները չձեռնարկվեն, ապա ջերմային հյուծումը կարող է վերածվել ջերմային հարվածի, որը, ցավոք, կարող է ճակատագրական լինել:

Այս շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Ճապոնիայում բաց երկնքի տակ սպորտային  մրցույթի մասնակցած 30 երեխա է հոսպիտալացվել ջերմային հարվածով: Նրանց մի մասը գտնվում է վերակենդանացման բաժնում: Ուստի աշխատենք չհասցնել այդ վիճակին:

Ջերմային հարված

Սա օրգանիզմի գերտաքացման ամենաբարդ ձևն է, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել կյանքի համար: Օրգանիզմը կորցնում է ջերմափոխանակության ունակությունը: Մարմնի ջերմությունը կարող է հասնել անգամ 41,10 և ավելի,  ինչը հանգեցնում է ուղեղի վնասման ու նույնիսկ մահվան, եթե մարմնի ջերմությունը  չկարգավորվի:

Ջերմային հարվածի առաջացման գործոններից են ավելորդ տաք հագուստը, շոգ եղանակին ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հեղուկի անբավարար քանակությունը: Երեխան ջերմային հարված կարող է ստանալ շոգին փակ ավտոմեքենայի մեջ:

Անցած տարի նման ողբերգական դեպք կատարվեց Մոսկվայում. ծնողները  նորածին երեխային փակել էին ավտոմեքենայում ու իրենք առևտրի գնացել: Վերադառնալով երեխային ավտոմեքենայում մահացած էին գտել: Երբ դրսում ջերմությունը 330 է, ավտոմեքենայի մեջ այն կարող է հասնել մինչև 520-ի: Նման պայմաններում ընդամենը 20 րոպեում մարմնի ջերմությունը կարող է բարձրանալ կյանքի համար վտանգավոր աստիճանի:

Ի՞նչ կարելի է անել

– եթե ձեր երեխայի մաշկը կարմրած է ու չոր, քրտնքի հետք  էլ չկա,

– եթե նրա մարմնի ջերմաստիճանը 400 ու ավելի է,

– եթե ծանր, սրտխփոցի նմանվող գլխացավ կա,

– թուլություն, գլխապտույտ, գիտակցության  մթագնում,

– թուլություն ու հոգնածություն,

– զգայնության կորուստ կամ էլ նվազում,

– գիտակցության կորուստ,

ապա հարկավոր է անմիջապես դիմել մասնագիտական օգնության:

Օրգանիզմի գերտաքացման դեպքում  առաջին բուժօգնությունը

Երեխային կամ  մեծին տեղափոխեք զով վայր կամ ստվերոտ տեղ, հանեք հագուստը, մարմինը տրորեք խոնավ սառը սպունգով:

Կանխարգելումը

Սովորեցրեք երեխային  մինչ ինչ-որ բան անելը կամ  ընթացքում անընդհատ շատ հեղուկ ընդունել, եթե անգամ խմել չեն ուզում:

Ինքներդ հագեք ու երեխային էլ հագցրեք բաց գույնի ու ազատ հագուստ:

Երեխայի ակտիվությունը կեսօրից հետո սահմանափակեք: Խաղի համար հարմար ժամեր են մինչ կեսօրն ու երեկոն` 6-ից հետո: Փորձեք նաև երեխաներին բացատրել, որ պետք է տուն կամ շենք մտնեն, երբ զգան, որ շոգում են:

Ամառ. հանգստի ու աղիքային վարակի սեզոն

Տաք օրեր, հանգիստ բնության գրկում, քաղաքից դուրս, օտար երկրներում, թարմ միրգ ու բանջարեղեն և աղիքային վարակներ, ինչը կարող է պարզապես փչացնել հանգստի համն ու հոտը: Տաք եղանակը նպաստում է  աղիքային վարակների բազմացման պայմանների ստեղծմանը:

Ի՞նչ բողոք ունեք

Թուլութուն, ջերմություն, ախորժակի բացակայություն, գլխացավ, պայծառ լույսի նկատմամբ սուր ռեակցիա: Սրանք ախտանշաններ են, որոնք հատուկ են շատ ու շատ հիվանդությունների: Եթե դրանք ուղեկցվում են սրտխառնուքով, փսխումով, փորլուծով, փորացավով, ապա  դա ավելի շուտ աղիքային ինֆեկցիա է: Դրա տեսակից կախված` ախտանշանները կարող են տարբեր լինել: Սակայն բոլոր աղիքային վարակների դեպքում մի ընդհանրություն գոյություն ունի` ջրազրկում:

Առողջ մարդու օրգանիզմում աղիքային վարակի հարուցիչը հայտնվում է  սննդի, ջրի ու կեղտոտ ձեռքերի միջոցով: Բացի այդ, ամռանը սննդի մեջ մեծ քանակությամբ հում բանջարեղեն ու թարմ միրգ է օգտագործվում, որոնց անլվա մակերեսին հսկայական քանակությամբ մանրէներ են բնակվում: Ամռանը կաթնամթերքի, ձկան, արգանակի մեջ հայտնվելով` այդ մանրէները հսկայական արագությամբ բազմանում են ու հասնում այն քանակի, որ «հաջողությամբ » կարող են վնասել ստամոքս-աղիքային տրակտի պաշտպանական պատնեշները: Որոշ դեպքերում այդ մանրէներն այնքան վտանգավոր չեն, որքան դրանց կենսագործունեության արգասիքները` տոքսինները: Ի դեպ, աղիքային վարակների գրեթե բոլոր հարուցիչները չափազանց կենսունակ են: Ցավն այն է, որ դրանցով վարակված սննդամթերքը չի փոխում գույնը, համը, տեսքը:

Սովորաբար հիվանդությունը սուր ընթացք է ունենում, առաջանում է փորացավ ու փորլուծ, սրտխառնոց, փսխում, թուլություն ու ջերմության բարձրացում: Այդ վարակների հետևանքով է, որ հիվանդանում ենք սալմոնելոզով, վիրուսային հեպատիտ А -ով, դիզինտերիայով. գաստորոէնթերոկոլիտով:

Դիզենտերիան հանդիպում է  բոլոր կլիմայական գոտիներում ու բոլոր սոցիալական խմբերում, սակայն ամենից հաճախ այն հանդիպում է կլիմայական շոգ գոտիներում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ անձնական հիգիենան չպահպանելը, դրա համար է,որ այս հիվանդությունն այլ կերպ անվանում են  «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»:

Սալմոնելոզը մանր շարժուն մանրէներ են, որոնք կենսունակ են նաև արտաքին միջավայրում: Վարակի ուղիները  բազում են, ամենահաճախ հանդիպում է  սննդային սալմոնելոզը, երբ սննդի մեջ օգտագործվում են վարակված մթերք, հաճախ` կենդանիների ու թռչունների միս, ձու, որոնք անբավարար մշակում են անցնում: Վարակում կարող է կատարվել նաև կեղտոտ ջրից, խմելու կամ անգամ լողանալու դեպքում:

Աղիքային հիվանդություններով չվարակվելու համար հարկավոր է հետևյալ կանոններին հետևել.

– Որտեղ էլ լինեք` տանը թե դրսում, առողջարանում թե հանգստյան վայրում, միշտ լավ, հոսող ջրով լվացվեք ու լվացեք միրգն ու բանջարեղենը, իսկ եթե դրանք նախատեսված են շատ փոքրիկների համար, հնարավորության դեպքում լվացեք եռման ջրով:

– Միշտ հետևեք գնված մթերքի պահպանման ժամկետին:

– Անհարմար մի զգացեք հարցեր ուղղել վաճառողին կասկածելի մթերքի վերաբերյալ, իսկ եթե այն ձեզ ինչ-որ բանով դուր չի գալիս, ապա հաստատապես հրաժարվեք դրանից:

– Կաթը, կաթնաշոռը, հատկապես մասնավոր անձանցից ձեռք բերած մթերքը լավ ջերմամշակման ենթարկեք:

– Շուտ փչացող մթերքը պահեք սառնարանում:

– Լողալիս ջուր մի կուլ տվեք (հատկապես  սա վերաբերում է երեխաներին):

– Մի գնեք կիսած ձմերուկ, սեխ:

Ամեն ինչ էլ վերահսկելի է

Երբեմն աղիքային վարակները լինում են տնից հեռու, հանգստավայրում որտեղ բուժօգնությունն այնքան էլ հասանելի չէ: Հետևաբար կարելի է 1-2 օր լրիվ հրաժարվել սննդից, սակայն շատ հեղուկ ընդունել, որպեսզի օրգանիզմում դրա պակասը լրացվի: Քանի որ փորլուծի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև օգտակար միկրոտարրեր, պետք է այդ պակասը ևս լրացվի:  Սակայն բացառեք թարմ հյութերն ու ցանկացած կաթնամթերքը:

Մանրէների դեմ պայքարելուն կօգնի, ասենք, երիցուկի եփուկը. դրա համար պետք է 1 թ/գդալ երիցուկի  հումքի վրա մեկ բաժակ  եռման ջուր լցնել ու խմել օրական 3-4 բաժակ:

– Բրձի թանձր եփուկ պատրաստեք ու այդ հեղուկը խմեք. այն հրաշալի պաշտպանում է ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը գրգռիչներից:

– Թույների ու մանրէների դուրսբերման համար պետք է սորբենտներ օգտագործել, ինչպիսին ակտիվացված ածուխն է:

2-3 օրից  ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե փորլուծը չդադարի, ապա անպայման դիմեք մասնագետի: Դա նշանակում է, որ աղիքային վարակը չափազանց լուրջ է ու ինքներդ չեք կարող այդ վիճակը կարգավորել:

Ամենակարևորը` մի հասցրեք ձեզ այդ վիճակին: Ամռանը հիգիենայի առումով ավելի լուրջ մոտեցում է պահանջվում:

Աղիքային վարակների հետևանքները կարող են ծայրահեղ լուրջ լինել: Ջրազրկումը, որ տեղի է ունենում վարակման հետևանքով, կարող է սրտի, երիկամների և ուղեղի գործունեության խանգարման հանգեցնել: Ամառը հանգստի շրջան է, ու աշխատեք, որ այդ հանգիստը չվերածվի վատ հիշողության:

 

Բուսակերությո՞ւն, թե՞մսակերություն

բուսակերությունԱշխարհում այսօր ավելի ու ավելի է ստվարանում բուսակերների բանակը, ու շատ հայտնի մարդիկ են դառնում երդվյալ բուսակեր:
Այնուամենայնիվ, որոշ սննդաբաններ պնդում են, որ միայն միսն է օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուներ պարունակում: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Ինչպե՞ս են ապրում Հնդկաստանում, որտեղ չեն օգտագործում ո՜չ միս, ո՜չ ձուկ և ո՜չ անգամ ձու: Ինչպե՞ս են առանց այդ ՙլիարժեք սպիտակուցների՚ ապրել Պյութագորասը, Լև Տոլստոյը, Էյնշտեյնը, Բերնարդ Շոուն, Լեոնարդո դա Վինչին, Պլուտարքոսը և շատ ու շատ պատմական ու ժամանակակից դեմքեր: Ինչպե՞ս է, որ կովը, օրական իր խոտը որոճալով, մեզ ապահովում է բարձրսպիտակուցային մթերքով` կաթով: Փորձենք հասկանալ:
Մասնագետների մեծ մասը կարծում է, որ միսն է անփոխարինելի ամինաթթուներով ու B12 վիտամինով ապահովում. առանց այդ ամինաթթուների մարդը կմեռնի կամ կհիվանդանա: Այդ մասնագետները տվյալ կարծիքը փաստարկում են նրանով, որ մարդու օրգանիզմում ամինաթթուներ (սպիտակուցների աղյուսները) չեն մշակվում, բուսական սննդի մեջ նույնպես դրանք բացակայում են: Իսկ առանց B12 վիտամինի, որը, ի դեպ, միայն մսի մեջ կա, մարդը կհիվանդանա այնպիսի բարդ ու լուրջ հիվանդությամբ, ինչպիսին անեմիան է: Ուստի կարծում են, որ միսը պարտադիր սնունդ պետք է լինի:
Իրականում այդ տվյալները հնացած են. միսը սպիտակուցների լավագույն աղբյուրն էր համարվում մինչև 1950-ականները: Այսօր արդեն բազմաթիվ ուսումնասիրություններով ապացուցվել է, որ բուսական սնունդն իր արժեքով էականորեն գերազանցում է մսեղենին: Սակայն ամեն ինչի մասին` հերթով:
Շվեդիայի ու Գերմանիայի համալսարանների մասնագետները կարողացան ապացուցել, որ բանջարեղենի, մրգի, ընկուզեղենի, հատիկավորների ու սերմերի մեծ մասը սպիտակուցների լիարժեք աղբյուր են: Բացի այդ, դրանք ավելի հեշտ են յուրացվում, քան կենդանական ծագում ունեցող սնունդը: Բուսականը, ի տարբերություն կենդանականի, դիաթույներ, աճի հորմոններ, ճիճուների ձվեր, խոլեստերին, հակաբիոտիկ, գունանյութ ու տրանսգեն չի պարունակում: Չմոռանանք նաև, որ որոշ բուսամթերքներում սպիտակուցները շատ ավելի են, քան կենդանականում: Այդպիսիք են սոյան, լոբին, ոլոռը, ընկույզը, կաթնաշոռը, ոսպը, արևածաղկի ու դդմի սերմերը:
1954-ին արդեն Հարվարդի համալսարանի գիտնականները կարողացան ապացուցել, որ միայն բուսական ծագման սնունդ օգտագործողներն են ամեն օր ստանում սպիտակուցի լրիվ նորմն ու դեռ մի բան էլ ավելին: Նրանք ապացուցեցին, որ բուսակերի համար այդ նորմը չգերազանցելը նույնիսկ փոքր ինչ դժվար է: Դա 1972-ին հետազոտությամբ ապացուցեց Ֆ. Սթեարը. նա պարզեց, որ բուսակերն օրական սպիտակուցի նորմը կրկնակի է ստանում. ավելի քան 20 տարի առաջ գիտնականները պնդում էին, որ օրգանիզմին հարկավոր սպիտակուցի օրական նորմը 150 գ է, իսկ հիմա ապացուցել են, որ այն չպետք է գերազանցի 45 գ, և այդ նորմի գերազանցումը ոչ միայն անիմաստ, այլև վտանգավոր է, կարող է քաղցկեղի, պոդագրայի, գիրության, հորմոնալ խանգարման ու սիրտ-անոթային հիվանդության պատճառ դառնալ: Այն վատ անդրադարձ է ունենում նաև աշխատունակության ու մտածողության գործընթացի վրա: Յեյլի համալսարանից Իրվինգ Ֆիշերը պարզեց, որ բուսակերներն ավելի դիմացկուն են, քան իրենց մսակեր ցեղակիցները:
Աշխարհում հաշվվում է ամինաթթուների 22 տեսակ, որոնցից 8-ը համարվում են հիմնական կամ անփոխարինելի, այսինքն` օրգանիզմում ինքնուրույն չեն մշակվում ու պետք է օրգանիզմ մուտք գործեն սննդի հետ: Դրանք են իզոլեցինը, լեցինը, լիզինը, տրեոնինը,տրիպոֆանը, ֆենիլալանինը, մեթիոնինը:
Մսակերության կողմնակիցները թերահավատ են. ստացվում է, որ խոտակերները, որոնց սնունդը կարծես թե բազմազանությամբ աչքի չի ընկնում, իրենց աղքատիկ կերից կարողանում են սինթեզել ամինաթթուներ, բայց մարդը` ո՞չ: Մասնագետները պարզեցին, որ բույսերի բաղադրության մեջ այդ 8 հիմնական ամինաթթուները կան: Այլապես ինչպե՞ս կարող էր կովն առնվազն օրական 15 լ բարձր սպիտակուցային մթերք տալ:
Հիմա` B12 վիտամինի մասին, որի անբավարարությունից մարդը հիվանդանում է սակավարյունությամբ` անեմիայով: Եթե այդ վիտամինը մարդու օրգանիզմում չի մշակվում ու բույսերի մեջ նույնպես չկա, ապա որտեղի՞ց է այն հայտնվում մսի մեջ:
Պատասխանն ավելի քան պարզ է. շատ այլ օգտակար տարրերի նման, B12 է մշակում աղիքային միկրոֆլորան, ու որքան այդ ֆլորան առողջ է, այնքան արդյունավետ է մշակում օգտակար նյութեր ու այնքան արդյունավետ ենք յուրացնում բուսական սնունդը:
Իսկ երբ է խախտվում այդ միկրոֆլորան.
– Անընդհատ մսի, ձկան, ձվի օգտագործման պարագայում, ինչը նեխում է առաջացնում աղիքներում:
– Միկրոֆլորան կարող է խախտվել մեծ քանակությամբ դեղամիջոցների` հատկապես հակաբիոտիկների ընդունման դեպքում:
– Կոֆեինի, թեյի, խթանիչների ու արհեստական ծագման մթերքների մեծ քանակության դեպքում:
– Աղիքների հաճախակի լվացման հետևանքով (հոգնաներ և այլ մաքրող պրոցեդուրաներ):
– Սննդի չարաշահում, անհամատեղելի մթերքների խառնում ու, որպես հետևանք` սննդի նեխում` թույների գոյացմամբ:
– Սառը մթերքի չարաշահում:
– Թթու մթերքի չարաշահում:
Արժե նշել, որ մարդուն B12-ի չնչին քանակ է հարկավոր, ընդ որում, մարդու օրգանիզմն ընդունակ է նույն նյութը կրկնակի կիրառել: Ուստի օրգանիզմում B12-ի նորմը պահպանելու համար ընդամենը հարկավոր է չքայքայել աղիքների միկրոֆլորան: Այսինքն` հետևել առողջ ապերլակերպին:
Ասվածից չի հետևում, որ պետք է կտրուկ անցում կատարել մսակերությունից բուսակերության: Եթե համոզված եք, որ դա է ձեզ հարկավոր, ապա կարելի է աստիճանաբար, հարթ ու սահուն անցնել, որ օրգանիզմը հասցնի վերակառուցվել ու ախտածին միկրոֆլորան առողջացնել:
Շատ հայտնի մարզիկներ, գրողներ, քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ են եղել ու հիմա էլ բուսակեր են:
Միլիոնավոր մարդկանց կուռքեր` բռնցքամարտիկներ Մուհամեդ Ալին ու Մայք Թայսոնը բուսակերներ են (բուսակեր դարձավ իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո):
Շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, առանց կանոնների մարտի աշխարհի չեմպիոն Մակ Դանցիգը ևս բուսակեր են:
Դերասաններից շատերն են հրաժարվել մսից, ձկից ու ձվից. Բրեդ Փիթը, Քիմ Բեսինջերը, Ռիչարդ Գիրը, Քլին Իսթվուդը: Երգիչներից բուսակեր են Մադոննան, Չելենտանոն ու Փոլ Մաքքարթնին:
Ականավոր քաղաքական դեմքեր Աբրահամ Լինքոլնը (ԱՄՆ 16-րդ նախագահը), Բենջամին Ֆրանքլինը (նա սկսել է բուսակերությամբ, սակայն անցել է պեսկետարիանության, այսինքն` սնվելու այն ձևին, որը բացառում է տաքարյունների միսը):
Լև Տոլստոյն ու Բերնարդ Շոուն նույնպես բուսակեր էին:
Կեռաս
Լինում է կարմիր, վարդագույն, դեղին, մուգ-կարմիր, քաղցր ու հյութեղ, հաճելի համով: Պտուղն ընտրելիս ուշադրություն դարձրեք կոթունին. այն պետք է կանաչ լինի: Գերհասած պտղի կոթունը դեղին է:
Կեռաս կարելի է օգտագործել օրական մի քանի անգամ փոքր չափաբաժիններով, որպեսզի փքվածության զգացում չառաջանա: Իսկ եթե աղիների անցանելության խնդիր ունեք, ուրեմն, ավելի լավ է առժամանակ հրաժարվեք կեռասից:
Օգտակար հատկությունները. կեռասի պտուղներում մեծ քանակությամբ շաքար, կալիում, կալցիում, երկաթ, պղինձ, մանգան, յոդ ու ֆոսֆոր, С, РР, В1, В3, В6, Е, К վիտամիններ կան, ինչը կարևոր է հղիության ու կրծքով կերակրման շրջանում: Ռետինոլը պատասխանատու է բոլոր հյուսվածքների առաջացման համար` սկսած ոսկրերից, մաշկից և վերջացրած աչքի ծիածանաթաղանթով:
B1 վիտամինը մասնակցում է նյութափոխանակությանը, B6-ը` սպիտակուցների սինթեզին, խթանում է լյարդի, սրտի, գլխուղեղի աշխատանքը, РР-ն` բջիջների շնչառությունը:
Կեռասը նպաստում է արյան մակարդելիության նվազմանը և կանխարգելում թրոմբների առաջացումը: Այն օրգանիզմն ազատում է նյութափոխանակության վնասակար արգասիքներից ու խոլեստերինի ավելցուկից: Մուգ գույնի սորտն օգտակար է արյան բարձր ճնշման դեմ: Իսկ կեռասի մեջ պարունակվող անտոցիաններն ամրացնում են մազանոթները: Կեռասի պտղակոթունի եփուկը կարելի է օգտագործել որպես սրտի հիվանդությունների դարման, պտուղները խթանում են երիկամների ու լյարդի աշխատանքը, բարելավում արյան շրջանառությունը, աղիքների աշխատանքը, օգնում արթրիտի ու ռևմատիզմի ժամանակ: Խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության դեպքում, քանի որ պտուղները պարունակում են երկաթ ու վիտամիններ: Օրգանիզմից շատ լավ դուրս է բերում խարամները, թույները, իսկ արյունից` վնասակար նյութերը:
Բարերար ազդեցություն է ունենում ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, բարելավում է մարսողությունը: Քաղցած փորին կերած կեռասը օգնում է փորկապության, փորացավի ժամանակ ու ախորժակ գրգռում: Խորհուրդ է տրվում նաև դիսբակտերիոզի դեպքում: Շաքարային դիաբետով հիվանդների համար նույնպես այն օգտակար է, քանի որ կեռասի ածխաջրերի 75%-ը հեշտ յուրացվող ֆրուկտոզա է: Պտղակոթունը կարելի է կիրառել որպես միզամուղ ու նիհարեցնող միջոց:
Հրաշալի օգնում է մաշկային զանազան հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են էկզեման, փսորիազն ու կորյակները: Կիրառում են նաև դիմակների տեսքով. հարկավոր է մեկ թ/գդալ թթվասերին ավելացնել տրորած, ճզմած կեռաս: Իսկ եթե այս խառնուրդին նաև ելակ ավելացվի, ապա, այս դիմակը կօգնի հեռացնելու մաշկի մահացած բջիջները, նեղացնել ծակոտիները: Այն նաև հրաշալի խորխաբեր միջոց է: Դրա համար հարկավոր է առանց շաքարի կոմպոտ եփել ու խմել տաք վիճակում: Իսկ հյութն օգտակար է ռևմատիզմի, փորկապության, մարսողության խանգարման դեպքում: Հարկավոր է խմել օրական մի քանի անգամ` կես բաժակ:
ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է նաև կեռասի ծաղիկների, տերևների եփուկը, որն օժտված է հակաբորբոքային ու հակասեպտիկ հատկությամբ, կիրառվում է մրսածության ու վարակիչ հիվանդությունների ժամանակ:

 

Վիտամիններ

VՎիտամիններ ( լատիներեն  vita  բառից, որ նշանակում է «կյանք»): Վիտամիններն օրգանական միացություններ են, որոնք մասնակցում են կենսաքիմիական բազում պրոցեսների` կատարելով   խթանող գործառույթ: Վիտամիններն օրգանիզմում մասնակցում են նյութափոխանակությանը: Վիտամինների օրական պահանջմունքը մեծ չէ, սակայն դրանց անբավարար քանակից օրգանիզմում  ախտածին փոփոխություններ են կատարվում: Վիտամիների մեծ մասն օրգանիզմում չի սինթեզվում: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք այդ պակասը սննդի, հանքանյութերի տեսքով ընդունել:

Օրգանիզմում, վիտամինների մուտքի խանգարումներով պայմանավորված, 3 հիվանդագին վիճակներ են առաձնացնում. հիպովիտամինոզ` վիտամինի  անբավարարություն, վիտամինի բացակայություն` ավիտամինոզ և վիտամինի ավելցուկ` հիպերվիտամինոզ:

Հիպովիտամինոզի դեպքում հիվանդագին վիճակ է առաջանում ծախսված ու օրգանիզմ մուտք գործած վիտամինների հարաբերակցության խախտման հետևանքով.առաջանում է վիտամինային անբավարարություն: Հիպովիտամինոզը զարգանում է աննկատ, գերգրգռվածություն, գերհոգնածություն, ուշադրության կենտրոնացման թուլացում, ախորժակի վատացում, քնի խանգարում,ահա այս նախանշանները կարող են հուշել հիպովիտամինոզի մասին: Վիտամինային սիստեմատիկ անբավարարությունը նվազեցնում է աշխատունակությունը ու որոշ օրգանների և հյուսվածքների  (մաշկ, լորձաթաղանթ, ոսկրահյուսվածք), օրգանիզմի համար  կարևորագույն գործառույթների վրա է ազդում(աճ, ինտելեկտուալ ու ֆիզիկական հնարավորություններ, սերնդատվություն, օրգանիզմի պաշտպանական ուժեր):

Ավիտամինոզը հիվանդություն է, որը զարգանում է ոչ լիարժեք, վիտամիններից զուրկ  սննդի օգտագործման հետևանքով: Մաշկը սկսում է քոր գալ, եղունգները դառնում են շերտատվող ու փխրուն,մազաթափություն է առաջանում, թուլանում է իմունիտետը: Ավիտամինոզը կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ու տեսողության վատացման:

Հիպերվիտամինոզը սուր խանգարում է, որն առաջանում է  մեկ կամ մի քանի վիտամինների գերչափաբաժնի  կամ չարաշահման հետևանքով (սննդում կամ էլ վիտամին պարունակող դեղամիջոցներում): Հաճախ հիպերվիտամինոզ է առաջանում А և D վիտամինների չափաբաժիների կտրուկ ավելացման հետևանքով: Բուժման նպատակով առաջարկվում է մեծ քանակությամբ հեղուկ ընդունել կամ էլ, բժշկի ցուցմամբ`  թույնը չեզոքացնող, օրինակ`ակտիվացված ածուխ ընդունել:

Պատմություն

Սննդի որոշ տեսակների կարևորությունը որոշակի հիվանդությունների կանխարգելման դեպքում հայտնի է վաղուց: Հին եգիպտացիները գիտեին, որ լյարդն օգնում է հավկուրության դեպքում: Այժմ հայտնի է, որ հավկուրություն կարող է առաջանալ A վիտամինի անբավարարության դեպքում: 1330-ին Պեկինում Հու Սիհուեյը հրատարակեց եռահատոր «Սննդի ու ըմպելիքների կարևորագույն սկզբունքները» գիրքը, որում համակարգել է սննդի թերապևտիկ նշանակությունը և համոզում է, որ առողջության համար պետք է համադրել տարատեսակ սնունդ:

1747-ին շոտլանդացի Ջեյմս Լինդը երկարատև նավարկության ժամանակ յուրօրինակ փորձ կատարեց հիվանդ նավաստիների վրա: Նրանց սննդաբաժնում  տարբեր թթու մթերք ներմուծելով` նա բացահայտեց ցիտրուսների` ցինգան կանխարգելելու հատկությունը: Սակայն բոլոր այդ բացահայտումներն անմիջապես չընդունվեցին: Այնուամենայնիվ, Ջեյմս Կուկը պրակտիկայում ապացուցեց ցինգան կանխարգելելու գործում բուսական սննդի դերը: Արդյունքում ցինգայի հետևանքով նա ոչ մի նավաստի չկորցրեց. չլսված արդյունք այդ ժամանակների համար: 1795-ից կիտրոնը և մյուս ցիտրուսազգիները նավաստիների սննդաբաժնի պարտադիր մաս էին կազմում: Դա իհարկե հանգեցրեց նավաստիների ծայրահեղ վիրավորական մականվան` լիմոնակեր: Հայտնի են անգամ նավաստիների շրջանում կիտրոնային բունտերի մասին, երբ նրանք նավից դուրս էին նետում կիտրոնահյութով տակառները:

1889-ին հոլանդացի գիտնական Էյքմանը հայտնաբերեց, որ  խաշած սպիտակ բրնձով կերակրվելու դեպքում հավերը  հիվանդանում են բերի-բերիով, մինչդեռ, եթե նրանց կերի մեջ ավելացվում է բրնձաթեփը, նրանք լավանում են: Չմաքրված  բրձնի դերը բերի-բերի հիվադության դեպքում բացահատվել է 1905-ին, Ուիլյամ Ֆլետչերի կողմից, իսկ 1906-ին Ֆրեդերիկ Հոփկինսը բացահայտեց, որ սպիտակուցներից, ճարպերից ու ածխաջրերից բացի, գոյություն ունեն ինչ-որ նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդկային օրգանիզմին: 1911-ին լեհ գիտնական Կազիմիր Ֆունկը, որն աշխատում էր Լոնդոնում, կարողացավ ստանալ մի բյուրեղանյութ, որը բուժում էր բերի-բերի հիվանդությունը: Դեղամիջոցը կոչվեց «Վիտամայն»` vita կյանք և անգլերեն amine` ազոտ պարունակող միացություն բառերի համադրությունից: Նա ենթադրեց, որ մյուս հիվանդությունները` ռախիտը, պելագրան, նույնպես կարող են որոշակի նյութի անբավարարությունից առաջանալ:

1920-ին Ջոն Սեսիլ Դրամոնդն առաջարկեց «vitamine»-ից հեռացնել  «e»-ն, քանի որ դրանից առաջ հայտնաբերված C  վիտամինը չէր պարունակում ամինային բաղադրիչ: Այդպես «վիտամայնները» դարձան «վիտամիններ»:

1923-ին Գլեն Քինգը պարզեց C վիտամինի կառուցվածքը, իսկ 1928-ին կենսաքիմիկոս Ալբերտ Սենթ-Դյորդին առանձնացրեց C  վիտամինը` այն անվանելով հեքսուրոնաթթու, իսկ 1933-ին շվեյցարացի գիտնականները C  վիտամինին նույնական վիտամին սինթեզեցին, որն այսօր հայտնի է  որպես ասկորբինաթթու:

1929-ին Հոփկինսն ու Էյքմանը վիտամինների բացահայտման համար ստացան Նոբելյան մրցանակ, իսկ  այդ դժվարին ճանապարհի նախակարապետները չստացան: Այդ հայտնագործության մեջ նրանց ներդրումը  երկար ժամանակ մոռացվեց:

Դրանից հետո, 1910- , 1920- և 1930-ականներին, հայտնագործվեցին մյուս վիտամինները: 1970-ին Լայնուս Պոլինգը ցնցեց աշխարհն իր առաջին «C   վիտամինը, սովորական մրսածություն ու գրիպ» վերնագրված աշխատությունով, որում փաստաթղթերով ապացուցում էր C   վիտամինի արդյունավետությունը: Մասնագետները նկարագրել են այդ վիտամինի ավելի քան 300 կենսաբանական գործառույթ: Կարևորն այն է, որ մարդը, ի տարբերություն կենդանիների, չի  կարող  սինթեզել այդ վիտամինը, ուստի անհրաժեշտ  պաշարը հարկավոր է լրացնել ամեն օր:

Ակտիվացված ածուխ

1Ակտիվացված ածուխը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ որպես ունիվերսալ  դեղամիջոց, որը չեզոքացնում է օրգանիզմում թունավոր նյութերի ազդեցությունը: Այն պատրաստում են բնական հումքից` բարձր ջերմաստիճանի տակ (մինչև 10000С):Ստացված նյութը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ածխածնից, ունի արտահայտված ծակոտկենություն ու հրաշալի ադսորբացնող ու խթանող հատկություն:

Կիրառումը

Բոլոր դեղերի նման, ակտիվացված ածուխը ևս ունի մի շարք ցուցումներ, հակացուցումներ ու կողմնակի ազդեցություն:

Ակտիվացված ածուխ  (ա/ա) խորհուրդ է տրվում օգտագործել փորլուծի, գազառաջացման ու այն  հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են աղիքներում խմորման պրոցեսով, ասթմայով ու ատիպիկ դերմատիտով: Ա/ա-ն օգտագործում են նաև դեղամիջոցներով,ալկալոիդներով, սննդային ու արդյունաբերական թույներով թունավորումների դեպքում:

Ա/ա ընդունում են 10 կգ-ին 1 հաբ հաշվարկով (1 հաբը` 25 գ) : Ընդունման առավելագույն  տևողությունը 10 օր է:

Քանի որ ա/ա-ի սորբենտ հատկությունը կարող է նվազեցնել մյուս դեղամիջոցների ազդեցությունը, խորհուրդ է տրվում այն ընդունել մյուս դեղամիջոցներից զատ, գոնե մեկ ժամ ընդմիջում տալով ընդունման արանքում: Ա/ա-ի  չափաբաժինը և ընդունման  տևողությունը պետք է բժիշկը նշանակի: Այս դեղամիջոցի կողմնակի երևույթներից են փորկապությունը կամ  հակառակը` լուծը: Երկարատև կիրառման դեպքում օրգանիզմում վիտամինի, հորմոնների, ճարպերի ու սպիտակուցների պակաս է դիտվում , իսկ արտաթորանքը գույն է ստանում: Ա/ա-ը հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի, հատկապես` արյունահոսությամբ ուղեկցվող  խոցային հիվանդությունների դեպքում:

Նիհարելու միջո՞ց

Ա/ա- ի օգտագործումը, ի դեպ, ոչ մի ազդեցություն քաշի վրա չի ունենում, այսինքն` բռերով ածուխ կուլ տալով` երբեք կամ գրեթե անհնար է նիհարել: Սակայն ա/ա-ն կարող է հրաշալի մաքրել աղիքներն ու օրգանիզմից դուրս բերել զանազան թույներ: Ուստի սննդակարգերի կողքին նշվում է նաև ա/ա միջոցով նիհարելու մեթոդը (թյուրիմացաբար): Համեմատաբար վերջերս` 10 տարի առաջ,   սկսեցին ա/ա կիրառել  որպես սննդակարգի բաղկացուցիչ: Սակայն վաճառքում հայտնված ամենատարբեր սորբենտների պատճառով մոռացան ա/ա-ի մասին: Չնայած հատկապես ա/ա-ն է լավագույն զտող միջոցը, իսկ դրա կիրառման ոլորտը լայն է: Կենցաղում հիմնականում փայտածուխ  է կիրառվում  ջրի ու օդի մաքրման համակարգերում, իսկ դեղագործական նպատակով կիրառվում է նաև տորֆ ու քարածուխ, ինչպես նաև բուսական այլ հավելիչներ:

Իր ծակոտկեն մակերեսի  շնորհիվ ա/ա-ն կլանում, հավաքում է թունավոր նյութերն ու դուրս բերում օրգանիզմից,այդ իսկ պատճառով էլ այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ: Արդեն հասկանալի է, որ ա/ա-ն նիհարելու գործում անմիջական ազդեցություն չունի, այլ ընդամենն օգնում է մի քանի կգ գցել զուտ օրգանիզմը խարամներից ու անպետք նյութերից մաքրելու եղանակով: Ա/ա-ն դուրս է բերում խարամները, նվազեցնում մետեորիզմը: Մասնագետներն այն առաջարկում են կիրառել որպես սննդակարգին օգնող միջոց:

Ա/ա-ի կիրառման դեպքում պետք է բացառել ալկոհոլը, աղը, շաքարը, ալյուրից պատրաստված մթերքն ու կոնֆետը: Սննդակարգի համալիրում ճիշտ է նաև մաքրող  հոգնաներ անելը: Այսինքն` սննդաբաժնից հանելով վերը նշված մթերքները, ընդունելով ա/ա-ն և մաքրող հոգնաներ անելով` կարելի է լավ արդյունքի հասնել:

Եթե որոշել եք սննդակարգին զուգահեռ օգտագործել նաև ակտիվացված ածուխ, ապա կուրսը պետք է տևի 10 օր, դրանից հետո հարկավոր է անպայման 10-օրյա դադար տալ:

Պետք է հիշել, որ ակտիվացված ածուխը խոչընդոտում է աղիքներում որոշ վիտամինների ու հանքանյութերի ներծծումը: Հետևաբար դրա երկարատև կիրառումն անթույլատրելի է. այն կարող է թունավորման պատճառ դառնալ, սրտխառնոց  ու ավիտամինոզ առաջացնել:

Ինքնաներշնչումը հզոր ուժ է ու շատ մարդիկ նիհարում են` անկեղծորեն հավատալով  ընտրված միջոցի ազդեցությանը: Ընդ որում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ միջոց է այն:

Իհարկե, ակտիվացված ածուխը իսկապես էլ օրգանիզմը խարամներից մաքրելու լավ միջոց է: Սակայն  այն նիհարելուն չի օգնում. դրա համար հարկավոր է քաշը գցելու լուրջ մարտավարություն մշակել. այն ժամանակ ածուխը հուսալի օգնական կդառնա: Եթե որոշել եք ածուխ ընդունել, ապա դա կատարեք բանաձևին համապատասխան` 10 կգ-ին` մեկ հաբ:

Ինչպես դիմակայել շոգին. խորհուրդներ առողջապահության նախարարությունից

շոգՕդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,

• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

• օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մոտ 3 լիտր/ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`

• ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ

• կաթնամթերք, մասնավորպես թան ու մածուն, դրանք պարունակում են սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ, որոնց շնորհիվ հրաշալիորեն հագեցնում են ծարավը,

• օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին (գոլ) կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այդպես ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,

• չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

• հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետևել ձեռքերի հիգիենային, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,

• արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

• ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,

• պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

• այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,

• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

• խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքից, լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:

Շատ հաճախ թմրամոլ դառնում են տեղեկացված չլինելու պատճառով

arm134069851261“Թող քո նոր թմրամիջոցը դառնա առողջ ապրելակերպ”.ահա այս կարգախոսի ներքո է այս տարի անցկացվում թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը:

1987 թ.-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի որոշման համաձայն` ամեն տարի հունիսի 26-ին նշվում է այս օրը:Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից մոտ 200.000-ը մահանում է:

Մեր երկրում գործում է “Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի՚” 2010-2012 թթ. ազգային ծրագիրը:ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` ՀՀ-ում կա 4332 հաշվառված թմրամոլ, որոնցից 52-ը կին է:

ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի խոսքով` մարդիկ, շատ հաճախ,  թմրամոլ դառնում են տեղեկացված չլինելու պատճառով, հաճույք ստանալու համար:

“ՀՀ-ն` ի տարբերություն հարևան երկրների`որտեղ վիճակը սարսափլի է,բարվոք վիճակում է՚”,-նշեց Պետրոս Սեմերջյանը:

Ինչպես նշեց բանախոսը, ՀՀ առողջապահության նախարարությունը կանխարգելիչ ծրագիր է իրականացնում խոցելի խմբերի հետ` նրանց մատուցելով բժշկական համապատասխան ծառայություններ:

ԱՆ-ն վստահեցնում է, որ կշարունակի առավել հաստատակամությամբ զբաղվել թմրամոլության կանխարգելման, հասանելի և որակյալ ծառայություններ տրամադրելու եւ թմրամոլության հասցրած վնասները նվազեցնելու գործով:

 

 

Մերի Բալասանյան

 

Տասը հիմնական մթերքներ,սրտի օգնականները

Омега-3 жирными кислотамиՄեր սիրտը աշխատում է օրը  24 ժամ, շաբաթը 7օր, մենք պարտական ենք նրան ամեն մի շնչելու և արտաշնչելու համար: Ամենակարևոր օրգանը երբեք չի կանգ առնում: Ինչպիսի  մթերքներ են սրտի համար  օգնում պահպանել  ” սիրո խորհրդանիշը” ամբողջովին:

1. Ցուցակի առաջին տեղում ձուկն է: Այն սրտի աշխատանքի գլխավոր օգնականն է: Կարմիր  ձուկը հարուստ է Օմեգա -3 ճարպային թթուներով, որոնք պակասեցնում են սրտի ռիթմի խափանումների ռիսկը, և նվազեցնում տրգլիցերիդների մակարդակը: Այդ տեսակետից լավ է սողմոնը: Պակաս օգտակար չէ թունան  (սակայն լավ կլինի վերցնել ֆիլեն կամ առանց յուղի պահածոն): բացի դրանից Օմեգա -3 ճարպային թթուներ կան նաև սկումբրայի, սելդի, լճի իշխանի, սարդինայի և անչոուսների մեջ: Սրտի համար անհրաժեշտ  ճարպային թթուներ և վիտամիններ կարելի է ստանալ վիտամինների կոմպլեքսներից:

2. Ընկույզներ (առաջին հերթին  սովորական ընկույզը, կաղինը և նուշը) պարունակում են արգինին ամինոթթու, որը պաշտպանում է արյան անոթները  և կատարում է բավականի շատ դրական էֆեկտներ մարդու օրգանիզմի համար: Շաբաթը մի քանի անգամ ընկույզ ուտելը կնվազեցնի սրտի նոպայի ռիսկը  30 — 50%-ով: Ավելացնենք, որ արգինինը մասամբ արտադրվում է մարդու օրգանիզմում, բայց մեզ  այն հաճախ չի բավարարում:

3. Ոչ միայն կարմիր, նաև սպիտակ գինին պարունակում է սրտի համար անհրաժեշտ անտիօքսիդանտներ: Բոլորին հայտնի ռեսվերատրոլը պարունակվում է բոլոր տեսակի խաղողների կեղևի մեջ: Հասկանալի է, որ ալկոհոլային խմիչքի օգտագործումը պետք է չափավոր լինի, հակառակ դեպքում բացասական էֆեկտները կգերազանցեն դրականին: Լավ կլինի ուտել սովորական խաղող, չէ որ նրա մեջ էլ  են  պարունակվում նույն պոլիֆենոլները և սրտի համար անհրաժեշտ վիտամիններ:

 

4.Սրտի և անոթների համար համար շատ օգտակար է սառը քամվածքի  ձիթայուղը, նրա մեջ շատ  կան մոնոչհագեցված ճարպեր: Կարագի փոխարեն ձիթայուղ օգտագործելով բավականին իջնում է խոլեստիրինը, այդ մթերքի մյուս օգտակար բաղադրիչները պոլիֆենոլներն են, որոնք պաշտպանում են արյունատար անոթները:

5. Լոլիկ− գերազանց բնական միջոց սրտի ռիթմը լավացնելու համար  (մերցատելային առիթմիայի, տախիկարդիայի, էկստրասիստոլիայի ), կանխելու հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունները: Ինչքան կարելի է հաճախ պետք է ուտել լոլիկ, այն խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնց ներվային համակարգը բռնկվելու հակում ունի, ինչը բերում է հիպերտոնիայի:Լոլիկի գլխավոր “կոզրը” լիկոպին անտիօքսիդն է, որը պաշտպանում է ատերոսկլերոզից: Այս նյութը գերազանց յուրացվում է օգտակար ճարպերի հետ:  Ի միջի այլոց տաք վերամշակումը աննշան ավելացնում է լիկոպինի խտությունը տոմատի մեջ:

6. Եթե ալերգիա չունեք ցիտրուսային բույսերի նկատմամբ, կերեք նարինջ:  Այդ պտուղը  պարունակում է պետկին`նյութ, որը նպաստում է  օրգանիզմից խոլեստերինի դուրս գալուն:  Բացի դրանից նարինջի մեջ կա մեծ քանակության  կալիում, որը օգնում է վերահսկել արյան ճնշումը: Նաինջը օգնում է անոթներին աշխատել ավելի լավ և շնորհիվ գեսպերիդին անտիօքսիդի  իջեցնում է արյան ճնշումը:

 

7. Բազուկի  կոճը կամ այսպես կոչված մանգոլդը:    Այդ “սալաթը” հարուստ է կալիումով և  մագնիումով, նաև միներալներով, որոնք կարգավորում են ճնշումը: Բջջանյութը, Вխմբի վիտամինները և անտիօքսիդները, լյուտեինը, զեակսանտինը. բոլոր այս բաղադրիչները սրտի հիանալի օգնականներ են:

 

8. Սրտին խոլեստերինից պաշտպանում է ծիրանի չիրը: Այն հարուստ է կալիով և բնական անտիօքսիդներով, որոնք օգնում են պաշտպանել սիրտը և անոթները ազատ ռադիկալներից: Բժիշկները  կարծում են, որ օրը  մի քանի հատ ծիրանի չիրը կարող է մարդուն պաշտպանել երկրորդ ինֆարկտից:

9.Եթե սիրում եք  վարսակ, ապա սովորեք պատրաստել այն:  Բայց չարժե վերցնել պատրաստի  շիլա`կոնսերվատներով և շաքարով, ավելի լավ է ձեռք բերել հայտնի “Հերկուլես” , որը ավելի հեշտ է պատրաստել: Վարսակի մեջ շատ բջջանյութ կա, որը իջեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը; Բացի դրանից, վարսակը պարունակում է կալիում և  ֆլավոնոիդներ, որոնք սնում են սրտամկանը: Կարելի է շիլայի մեջ ավելացնել ընկույզ,չիր և հատապտուղներ:

10.Եվ վերջապես  մեր ցուցակում ամենահաճելին`  սև շոկոլադը:  Այն օգտակար է բարձր ճնշման դեպքում, քանի որ այն պարունակում է արյան անոթները լայնացնող  ֆլաոնոիդներ: Առանց հիպերտոնիայի սրտի հիվանդություններից մահվան դեպքերը երկու անգամ  պակաս են , իսկ կաթվածի և ինֆարկտի ռիսկը նվազում է մոտ  20%-ով: Հետաքրքիր է, որ նորմալ ճնշում ունեցող մարդկանց վրա սև շոկոլադը չի ազդում:

Վերջում ավելացնենք, որ կան նաև սրտի համար վնասակար մթերքներ: Եթե ունեք սրտանոթային խնդիրներ հրաժարվեք կիսաֆաբրիկատներից, ծխեցվածներից, համբուրգերներից, երշիկից , պատրաստի լցուկներից, սուր և աղի կերակուրներից:Հարկավոր է հրաժարվել շատ յուղոտ մսից: Գերադասելի են հորթի միսը, ճագարը , հավը, հնդուհավը: Նաև խուսափեք թարմ թխվածքներից:

 

Ռոզացեա.կարմիր քիթ

rozaceaՉնայած գեղեցիկ հնչողությանը` այս հիվանդությունը կապ չունի  գեղեցկության  հետ: Այս հիվանդության ժամանակ հիվանդի քիթն ու այտերը հագեցած կարմիր գույն են ստանում: Սակայն  չպետք է մաշկի առողջ վարդագույնը շփոթել այս  հիվանդությանը հատուկ կարմրության հետ, որն առաջանում է արյունատար անոթների աշխատանքի խանգարման հետևանքով:

Հիվանդությունը համեմատաբար ուշ է բժիշկների հետաքրքրությանն արժանացել: 1812-ին, երբ Նապոլեոնի բանակը շարժվեց դեպի Ռուսաստան, անգլիացի բժիշկ Թոմաս Բեյթմանը հրապարակեց սենսացիոն հոդված, որում խոսվում էր մաշկի հանելուկային հիվանդության մասին. մարդու քիթն ու այտերը կարմրում, ապա ծածկվում են պզուկներով: Ինչի հետևանքով է այն առաջանում ու ինչով կարելի է բուժել` անհայտ է:

Մինչ Բեյթմանը, ռոզացեան ոչ ոք լուրջ չէր ընդունում: Այն ընդամենը տհաճ կոսմետիկ թերություն էին կարծում, որն առաջանում էր չափից ավելի հարբեցողության հետևանքով: Ֆրանսիացիներն այն անվանում էին «գինու պզուկներ»,իսկ անգլիացիները գերադասում էին «կելտերի անեծք» սահմանումը: Այն ժամանակներում ռոզացեայի դեմ կիրառում էին սառը թրջոցներ ու արյուն  էին բաց թողնում: Դժբախտ հիվանդները ժամեր էին անցկացնում սառցե թրջոցներով կամ դեմքներին փակցրած տզրուկներով, թույլ էին տալիս կտրվածքներ անել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Փոփոխություն չէր լինում: Միայն XIX դարում բժիշկները համոզվեցին, որ ալկոհոլն այստեղ «մեղք չունի»: Իսկ XX դարում վերջապես պարզեցին հիվանդության մեխանիզմն ու կարողացան ինչ-որ կերպ բարելավել հիվանդի վիճակը:

Ցավոք, մինչ օրս գիտնականները չգիտեն ռոզացեայի առաջացման պատճառները: Միակ բանը, որ նրանց հաջողվեց ապացուցել, այն է, որ այդ հիվանդության նկատմամբ հակումը կարող է փոխանցվել ժառանգաբար:

Ռոզացեան հիմնականում պատահում է 30-ն անց մարդկանց մոտ, հատկապես`  մաշկի ու աչքերի բաց գույն ունեցողների հետ: Վիճակագրության համաձայն` կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:

Հիվանդությունն աննկատ է սկսվում: Սկզբում թվում է, թե  մաշկի անոթները բուռն կերպով են արձագանքում նույնիսկ աննշան թվացող ազդակներին: Բավական է, ասենք, մեկ գավաթ տաք թեյ խմել կամ էլ կծու բան ուտել, բաղնիք գնալ կամ էլ նյարդայնանալ և, քիթն ու այտերն իսկույն կարմրում են: Ու որքան հիվանդությունը խորանում է, այնքան այդ կարմության տևողությունը երկարում է: Այս փուլում լուրջ հիվանդություն նկատել կարող է  միմիայն մաշկաբանը:

Ժամանակի ընթացքում ռոզացեան խորանում է: Մաշկի նորմալ, բնական  գույնն այլևս չի վերականգնվում, ախտահարված հատվածները ծածկվում են վարդագույն կորյակներով ու կապտավուն անոթներով: Դեմքը կարգի բերել օգնում են սպիտակեցնող դիմակները կամ էլ պզուկների դեմ միջոցները: Ամեն օր մաշկի թերությունը տոնային քսուքով քողարկելու անհրաժեշտություն է առաջանում: Այս շրջանում է, որ հիվանդները լրջորեն անհանգստանում են առողջության համար ու  դիմում մասնագետի:

Եթե հիվանդությունը չբուժվի, անուշադրության մատնվի, ապա մաշկը կդառնա անհարթ, ընդգծված ծակոտիները լայնանում են, բազմաթիվ պզուկները սկսում են բորբոքվել, անգամ թարախակալել: Բարեբախտաբար, այսօր նման բարդություններ հազվադեպ են պատահում, բժիշկներին հաջողվում է հիվանդությունը կանխել վաղ շրջանում:

Ռոզացեա ախտորոշելը դժվար չէ: Եթե բացի կարմիր քթից ու այտերից մարդուն այլ բան չի անհանգստացնում, ապա դա հենց ռոզացեա հիվանդությունն է: Գլխավորն այս հիվանդությունը սովորական կորյակների հետ չշփոթելն է,որոնք սովորաբար հայտնվում են դեռահասության շրջանում: Ավելի լուրջ հիվանդություններից ռոզացեային նման է համակարգային կարմիր գայլախտն ու կարցինոիդային համախտանիշը:Նման հիվանդներին անմիջապես պետք է դիմել ռևմատոլոգի կամ ուռուցքաբանի:

Մաշկը կարմրում է, երբ  լայնանում են մակերեսային արյունատար անոթները: Ռոզացեայի դեպքում նույնն է լինում, սակայն մի տարբերությամբ. այդ անոթները ժամանակին չեն նեղանում:

Քանի որ քթի ու այտերի համար պատասխանատու է նույն նյարդը (եռորյակ), գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հենց այդ նյարդի սխալ աշխատանքն է հիվանդության պատճառ դառնում: Վերահսկողությունից դուրս մնացած անոթները սկսում են  տարօրինակ վարքագիծ դրսևորել:

Իսկ ինչո՞ւ է նյարդը նման կերպ պահում իրեն: Ահա այս հարցն է, որ մինչ օրս անպատասխան է մնացել: Դրա փոխարեն հայտնի են, այսպես կոչված, այն նպաստող գործոնները, որոնք  ժամանակի ընթացքում հանգեցնում են ռոզացեայի, իսկ եթե ռոզացեա արդեն կա, ապա` արագացնում  զարգացումը:

Դրանցից են`

– սուրճի , թեյի ու կոֆեինի բարձր պարունակությամբ ըմպելիքների հաճակի կիրառումը,

– շատ տաք, կծու, ապխտած ու համեմված ուտելիքների օգտագործումը (վրացական կամ չինական խոհանոց),

– ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը (արև կամ սոլյարի),

– ալկոհոլի չարաշահումը,

– հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումը,

– շատ տաք կամ էլ ցուրտ վայրերում երկարաժամկետ  գտնվելը:

Բացի այդ, բժիշկները հայտնաբերել են, որ ռոզացեային սովորաբար նախորդում են նյարդային խանգարումները (դեպրեսիա, նյարդային վիճակ), իմունիտետի խանգարումը, անոթային (մազանոթների շեղումներ), ստամոքս-աղիքային (ցածր թթվայնությամբ գաստրիտներ) կամ էլ ներզատիչ (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի կամ էլ մակերիկամների) գեղձերի հիվանդություններ,  խանգարումներ:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում

Ռոզացեայի թիրախը դեմքն է: Ոչ մի օրգան ու մարմնի այլ մաս այդ հիվանդությունից չի տուժում, սակայն դրանից հիվանդի վիճակը չի թեթևանում: Հիմնականում այս հիվանդությունը դառնում է դեպրեսիայի ու լուրջ բարդույթների պատճառ: Ուստի չարժե հիվանդությունը հասցնել ծայրահեղ վիճակի: Առաջին ախտանշանների դեպքում իսկույն դիմեք բժշկի:

Մինչ բուժում սկսելը պետք է ստուգվել ներզատաբանի, գաստրոէնտերոլոգի ու նյարդաբանի մոտ: Ուղեկցող հիվանդությունները կարող են արգելակել կամ բարդացնել բուժման ընթացքը: Եթե ամեն ինչ կարգին է, ապա կարելի է բուժումը սկսել:

Առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգը. ռոզացեայի դեպքում արգելվում է այն ամենը, ինչը կարող է նպաստել անոթների լայնացմանը, այսինքն` տաք, ապխտած ու կծու սնունդը: Որոշ ժամանակով հարկավոր է հրաժարվել նույնիսկ  կոֆեին պարունակող ըմպելիքներից:

Երկրորդ` պահանջվում է հատուկ խնամք: Ոչ մի կոսմետիկա, որի բաղադրության մեջ ալկոհոլ, յուղ, ացետոն ու հորմոնալ հավելիչներ կան: Տվյալ դեպքում շատ օգտակար են սպիտակուցային ու բանջարեղենա-մրգային դիմակները: Լվացվելու ջուրը նույնպես պետք է գոլ լինի, մաքրող փրփուրները` «զգայուն մաշկի համար» մակնշմամբ:

Արևի դեպքում դուրս գալուց առաջ պետք է անպայման արևապաշտպան, իսկ սառը եղանակին` ցրտից պաշտպանող քսուք կիրառել:

Հարկավոր է վիտամինային թերապիա անցնել. արտաքին տեսքը բարելավելուն կօգնեն К, РР, В2, В6 վիտամինները, ասկորուտինը: Մաշկի ավելորդ յուղայնության ու վարդագույն կորյակների դեմ կարելի է կիրառել վիտամին А պարունակող նյութեր,օրինակ` իզոռետինոյին:

Հարկավոր է ախտահարված մաշկի հատուկ մշակում: Սկզբում` ռոզացեայի նախնական փուլում, օգտակար է մաշկը 1-2%-անոց բորաթթվով, 1-2% ռեզորցինի լուծույթով ու դեղաբույսերի եփուկով շփելը (եղեսպակ, երիցուկ): Մաշկի լիակատար վերականգնման համար օգտակար են ֆիզիոթերապևտիկ միջոցառումները.

– կրիոմերսում, արվում է հեղուկ ազոտի միջոցով` օրումեջ, բուժման կուրսը` 15-20 օր,

– դերմաբրազիա. սա մաշկի մշակումն է հատուկ հղկանյութերով, որ կատարվում է տեղային անզգայացմամբ դեպքում,

-էլեկտրակոագուլացիա, լայնացած անոթների այրում հոսանքի միջոցով (պահանջվում է 20 սեանս):

Եվ վերջապես, հակամանրէ դեղամիջոցների կիրառում: Ինչպես փորձն է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ միջոցներն արդյունք տալիս են: Ռոզացեայի դեպքում առաջարկվում են տետրացիկլինային հակաբիոտիկներ ու մետրոնիդոզոլ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով

Taron-MargaryanՍիրելի բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական ​​տոնի առթիվ: Դուք՝ պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով, ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաև կյանք: Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անում եք ամեն ինչ՝ հիվանդին փրկելու ու մարդկանց առողջությունը վերականգնելու համար:

Քաղաքային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով շոշափելի գումարներ տրամադրվեցին բժշկական նոր սարքավորումների ձեռքբերման ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերազինման նպատակով:

Տարեցտարի արդիականացող մեր բուժհաստատությունները, մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված փորձի փոխանակման տարբեր, այդ թվում նաև միջազգային ծրագրերը, ավելի ու ավելի են բարձրացնում ձեր մասնագիտական հմտություններն ու, դրանով իսկ, մեր բնակչությանը մատուցվող բուժծառայությունների որակը: Հետզհետե ավելի շատ բուժհաստատություններ են ընդգրկվում քաղաքապետարանի կողմից իրականացվող նորոգման ու հիմնանորոգման  ծրագրերում: Ու վստահեցնում եմ, որ առողջապահության ոլորտն այսուհետ նույնպես լինելու է Երևանի քաղաքպետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա  կապակցությամբ, քաջառողջություն, բարեկեցություն  ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ