Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի ստուգման միջոցով, իսկ որպես գնահատվող սուբյեկտ կդիտարկվի կառուցապատողը, որի գնահատականը կձևավորվի իր և տվյալ օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնող մնացած սուբյեկտների գործունեության գնահատականներից, կձևավորվի տվյալների շտեմարան` ստուգման օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ նշված հարցերը հանգամանորեն քննարկվել են, և այժմ կառավարության հաստատմանն են ներկայացվել դրանց լրամշակված տարբերակները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօր ևեթ: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Բարելավվում է զինապարտության պիտանիության ցուցանիշը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որը միտված է նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավմանը: Առաջին օղակում լիարժեք բժշկական հետազոտության անցկացումը հնարավորություն կտա հայտնաբերված հիվանդությունը բուժել մինչև զորակոչային տարիքը, ինչի շնորհիվ բանակը կհամալրվի առողջ կադրերով:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են այն հանգամանքով, որ միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտներից, իսկ գործատուն նպաստը վճարում է տվյալ ամսվա եկամտային հարկի գումարի հաշվին:
Կառավարությունը սահմանել է արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող գնահատման ընթացակարգերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին պարտավորեցրել սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը:
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունը ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկություն են տրամադրում նախորդ տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ, ինչի շնորհիվ կստեղծվեն տարածական տվյալների լիարժեք և արդիական շտեմարան, ինչպես նաև մշտապես թարմացվող մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներ:
Ղեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն: Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Համաձայնագրի և պայմանագրի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. մայիսի 14-ի կոնվենցիայի, դրան կից 1999թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: Չորս տարին մեկ պետությունը զեկույց է ներկայացնում նշված կոնվենցիայի և արձանագրության իրականացման վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը: Որոշման ընդունումը թելադրված է «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, վերջինս` գործատուին: Գործատուն կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից պարտավոր է հաշվարկել և վճարել կուտակային վճարը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:

Օրենսդրական նախաձեռնություններ

Նիստում հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Առաջարկվում է սահմանել, որ գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, եթե գույքի օտարումը կատարվում է տվյալ գույքի` երկրորդ և ավելի անգամ ձեռք բերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում, ինչպես նաև չկատարված հարկային պարտավորությունների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով նախկինում տրամադրված արտոնությունները տարածել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հանգամանորեն հիմնավորել է իր բացասական եզրակացությունը:
Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ հարցեր

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Անկախ

Եղանակը Հայաստանում. մեկնաբանում են Հիդրոմետի մասնագետները

եղանակը հայաստանում2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում և Մեղրու հատվածում դիտվել է մառախուղ, ջինջառ և մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց և ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին` Արարատյան դաշտում և դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-200C, ցերեկը` -14…160C: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային առանձին շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, հատկապես ցերեկը, 15-200C-ով ավելի բարձր էր, քան Արարատյան դաշտում: Վերջապես դեկտեմբերի 27-ին Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվեց ցիկլոն, որը հունվարի 1-ի գիշերն Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում պայմանավորեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում 7-90C-ով: Հունվարի 3-ից, երբ ցիկլոնային դաշտն իր տեղը զիջեց անտիցիկլոնին, դիտվեց մառախուղի ուժգնացում և ջերմաստիճանի որոշակի նվազում:

Հերթական էական փոփոխությունը դիտվեց հունվարի 14-ի գիշերը, երբ Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք ներթափանցեց ցիկլոնային դաշտ, դիտվեց ձյուն, քամիների ուժգնացում և օդի տուրբուլենտականության զգալի մեծացում` ցրելով մառախուղը:

Օգտվելով առիթից փորձենք ներկայացնել ինչ է եղանակը և վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում Արարատյան դաշտում և Երևան քաղաքում դիտված եղանակային պայմանները:

Եղանակը ձևավորվում է մթնոլորտի գլոբալ շրջանառության արդյունքում, հորիզոնական ուղղությամբ ընդգրկելով հազարավոր կիլոմետրեր, ուղղահայաց տարածվելով մինչև 15-20 կմ բարձրություն: Եղանակի ձևավորման վրա էական ազդեցություն են ունենում արեգակնային ճառագայթումը, ջրային և ցամաքային մակերևույթների դասավորությունը, օվկիանոսային հոսանքները, տեղանքի ռելիեֆը և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը:

Սովորաբար միջին օրական ջերմաստիճանի անցումը 00C-ից ցածր ընդունված է համարել ձմեռվա սկիզբ: Երևան քաղաքի սահմաններում այն տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին: Ձմեռվա տևողությունը կազմում է 75-85 օր: Ձմեռը Երևանում չափավոր ցուրտ է: Միջինը 55 օր ցերեկը լինում է դրական ջերմաստիճան, չափավոր ցուրտ եղանակը տևում է 36 օր, իսկ օրերի 8 տոկոսի ընթացքում դիտվում են զգալի սառնամանիքներ:

Ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 2-2.50C ցրտի, հունվարը ամենացուրտ ամիսն է, սակայն դիտարկումների ամբողջ ընթացքում դեպքերի 42 տոկոսում ամենից ցուրտ եղել է փետրվարը: Մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունների և Արարատյան դաշտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից ելնելով միջին ամսական ջերմաստիճանը կարող է զգալիորեն շեղվել բազմամյա միջին մեծությունից: Այն դեպքում, երբ ջերմաստիճանի շեղումները բազմամյա միջինը չեն գերազանցում 1.50C-ով, համարվում է միջին ձմեռ: Դրանց քանակը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը: Ցուրտ և տաք ձմեռները (շեղումը` 1.50C-ից մինչև 4.60C) կազմել են համապատասխանաբար` 25 և 29 տոկոս, շատ ցուրտ և շատ տաք ձմեռները (շեղումը` 4.70C և ավելի)` միջինում 7 տոկոս: Ձմռանը Երևանում լավ արտահայտված են լինում ջերմաստիճանային ինվերսիաները, այսինքն, երբ ըստ բարձրության ջերմաստիճանները ոչ թե իջնում են, այլ` բարձրանում: Ինվերսիայով պայմանավորված` քաղաքի բարձրադիր մասերում հաճախ ավելի տաք է լինում, քան հարավային ցածրադիր մասերում, և այդ տարբերությունը հասնում է 5-70C:

Ձյան ծածկը Երևանում սովորաբար առաջանում է դեկտեմբերի կեսերին և վերանում մարտի սկզբներին: Սակայն կայուն ձնածածկ լինում է միայն ձմեռների 50 տոկոսի դեպքում: Դրա առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմել է 58 սմ:

Ձմեռների ցուրտ լինելու աստիճանը զգալիորեն պայմանավորված է ձնածածկույթի առկայությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ ձմռան սկզբին կամ դրա առաջին կեսում դիտվում է զգալի ձնածածկ, այն բավական հաճախ բերում է մնացած ամբողջ ժամանակահատվածում ցուրտ եղանակի: Ձնածածկույթը նաև պայմաններ է ստեղծում Հայկական լեռնաշխարհի տարածքում լոկալ անտիցիկլոնի առաջացման համար, որը միջլեռնային գոտիներում առաջացնում է ցուրտ օդի լճացում և մառախուղ:

Ձմեռային մառախուղները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված լոկալ անտիցիկլոնի կենտրոնական հատվածներում դիտվող բավականին լավ արտահայտված ջերմաստիճանային ինվերսիաներով: Այն է` գետնամերձ շերտում առաջանում է ավելի ցածր ջերմային ֆոն, քան մթնոլորտի 1500-3000 մ բարձրություններում: Արդյունքում` առաջանում է ջրային գոլորշու խտացում և ցածր ամպամածություն ու մառախուղ: Դրանք սովորաբար պահպանվում են 7-10 օր, առանձին դեպքերում` 15-20 օր, հազվադեպ` ավելի երկար:

Ինվերսիայի ձևավորման առաջին երկու օրերին մառախուղը հիմնականում ընդգրկում է Արարատյան դաշտի ամենացածրադիր` 850-900 մ բարձրությունները: Այնուհետև` ջերմային հաշվեկշռի բացասական լինելու պատճառով օր օրի ջերմաստիճանը նվազում է 1-20C, և ինվերսիայի ստորին սահմանը սկսում է բարձրանալ, որն ուղեկցվում է մառախուղի ստորին սահմանի բարձրացմամբ: Ինվերսիայի ձևավորման 4-5-րդ օրը մառախուղի ստորին սահմանը տարածվում է մինչև 1300-1500 մ բարձրությունները, Արարատյան դաշտի ցածրադիր հատվածների համար դառնալով արդեն բարձրացած մառախուղ: 850-1500 մ բարձրությունների վրա դիտվում է հոմոթերմիա (անփոփոխ ջերմաստիճան), իսկ 1500 մետրից բարձր` ջերմաստիճանի աճ: Նման պայմաններում առաջանում է ջինջառ և մերկասառույց, որի տրամագիծը հաճախ հասնում է 3-4 սմ: Ինվերսիան և մառախուղը պահպանվում են այնքան ժամանակ, մինչև հանրապետության տարածքով անցնում են զարգացած ճակատային կտրվածքներ, որոնք ուղեկցվում են քամիներով և տեղումներով:

Այն թյուր կարծիքը, որ կարելի է հրավառության կամ այլ ներգործությունների միջոցով ցրել մառախուղը, առաջացնել եղանակի տաքացում, մեղմ ասած` զառացանք է: Հրավառությունը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ 300 կմ հորիզոնական և 800 մ ուղղահայաց ձգվածություն ունեցող մառախուղային ամպի վրա: Ավելին` այն միայն բացասական ազդեցություն է ունենում, քանի որ իրենից ներկայացնում է քիմիական նյութերի արտանետում դեպի մթնոլորտ:

Անկախ

Արվեստի գործ` հարսանիքից. հաջողության գրավականն ըստ Գևորգյանների

Խորեն և Գոռ Գևորգյաններ

Խորեն և Գոռ Գևորգյանները

 «Royal Gor studio»-ն Լոս Անջելեսում գործող տեսա- և լուսանկարահանումների ոլորտում մասնագիտացված ընկերություն է: «Մենք հավատում ենք հավերժական և ողջ կյանքում իմաստավորված  տեսա- և լուսանկարահանմանը». ընկերության կայքում այսպես են ներկայացված իրենց գործունեության նպատակները: Իսկ հարցազրույցի շարժառիթը վերջերս  ամերիկյան FOX ընկերությանը պատկանող hotlist.com-ի կողմից   «Royal Gor Studio»-ին շնորհված «Լավագույն տեսանկարահանող 2013» մրցանակն է:

–Պարոն Գևորգյան, ընկերության կայքում նշվում է, որ դեռ Խորհրդային Միությունում լուսանկարչությամբ եք զբաղվել, սակայն ստուդիա հիմնել եք միայն ԱՄՆ մեկնելուց հետո: Ինչո՞ւ եք գործունեության համար նախընտրել ԱՄՆ–ն, ոչ թե Հայաստանը:

Խորեն Գևորգյան – 1991-ին անկարելի էր պահանջներին  համապատասխան պայմաններով ստուդիա հիմնել և սարքավորումներ   ձեռք բերել Հայաստանում: Ուստի ես որոշեցի մտահղացումս Միացյալ Նահանգներում իրագործել: Ասեմ, որ չափազանց դժվար էր ինձ համար, բայց իմ ու ընկերներիս շնորհիվ դա ստացվեց, և այսօր մենք առաջատարն ենք ոլորտում:

– Ինչո՞ւ հենց հարսանյաց միջոցառումներում  մասնագիտացաք:

Խորեն Գևորգյան – Մի երկրից մյուսը տեղափոխվելիս շատ դժվար է սեփական տեղը գտնելը: Քանի որ ես դեռ Հայաստանում հարսանյաց  հանդեսներ նկարահանելու 10 տարվա փորձ ունեի, ԱՄՆ-ի իմ պատվիրատուները, տեսնելով նախկին աշխատանքներիս որակը, ինձ էին վստահում իրենց հարսանյաց միջոցառման  նկարահանումը:  Աշխատանքիս արդյունքը տեսնելով` ինձ սկսեցին վստահել ու մեկը մյուսին տեղեկություններ փոխանցել իմ մասին: Հայերի միջավայրում մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Աստիճանաբար սկսեցի շփվել նաև ամերիկյան հասրանյաց միջոցառումներ նկարահանողների հետ: Մինչև օրս էլ դասընթացների եմ հաճախում` ձգտելով ներկայիս նկարահանման նոր հնարավորություններն  ու գիտելիքները կիրառելով  գոհացնել պատվիրատուներին:

–  Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում «Royal Gor studio»  ընկերությունը:

gor studio (4)Խորեն Գևորգյան – Հարսանյաց միջոցառումները շատ տարբեր են, քանի որ մարդիկ են տարբեր, ամեն ընտանիք  ուրիշ է, չես կարող բոլորի համար նույնն անել: Իմ կարծիքով` հարսանիքը մի իրադարձություն է, որը կատարվում է 15-18 ժամերի ընթացքում: Պետք է միշտ զգոն լինես, որ տեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում, նկարահանման  փորձառությունիցդ ելնելով` տեսագրես կամ լուսանկարես այն, ինչ կարևոր է: Իհարկե, եթե կան պահեր, որ կարող ես թելադրել ավելի լավ արդյունք ստանալու համար, ինչու չէ, կարելի է: Բայց պատվիրատուն չպետք է թելադրի քեզ, թե ինչը պետք է նկարահանվի կամ ինչպես ճիշտ նկարահանել: Դա իմ խնդիրն է տվյալ օրվա համար, և այդ խնդիրը ճիշտ պետք է լուծվի, որ նախ և առաջ ինքդ քո արած աշխատանքից գոհ մնաս, իհարկե, պատվիրատուն էլ` իր հերթին: Եվ մեր կարգախոսն է աշխատանքն այնպես անել, որ ինքնդ գոհ լինես արդյունքից:

– Ո՞րն է հաջողության գրավականը Ձեր աշխատանքում:

Գոռ Գևորգյան – Հաջողության գրավականը հենց տարիների ընթացքում ճիշտ կատարված գործի արդյունքն է: Տարիներ շարունակ հորս` Խորեն Գևորգյանի կողքին են իր ընկերներ և լավ մասնագետներ Արտյոմ Ղազանչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Միշա Խաչատրյանը, չմոռանամ նշել վիդեոմոնտաժողներ Մանուկ Մարգարյանին և Տարոն Ղազարյանին:

Անձամբ ինձ համար ամենակարևոր գրավականը հնարավորինս բարձր որակն է և յուրաքանչյուր նկարահանումից, լինի դա հարսանիք թե համերգ, արվեստ  ստանալու մեծ ցանկությունը:

gor studio (2)Հավատացեք, անգամ հարսանիքը կարելի է այնքան գեղարվեստորեն ներկայացնել, որ դիմացինդ այն ընկալի որպես յուրահատուկ աշխատանք: Եվ հենց դա էլ տարիներ շարունակ մեր ընկերության հաջողության գրավականն է:

–Ի՞նչն եք համարում ընկերության ամենամեծ ձեռքբերումը :

Գոռ Գևորգյան:  2013-ի ամենամեծ ձեռքբերումն, իմ կարծիքով, FOX ընկերության սահմանած «# 1 Videographer 2013»  մրցանակն է, որին արժանացավ մեր ընկերությունը: Իսկ եթե տարիների կտրվածքով նայենք, ապա, կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը մարդկանց վստահությունն է և հարգանքը մեր աշխատանքի նկատմամբ: Շատ կարևոր է, երբ անում ես մի գործ, որը շատ ես սիրում, մարդիկ էլ դա նկատում ու գնահատում են: Այդ պարագայում քեզ գործի մեջ երջանիկ մարդ կարող ես համարել:

–  Ովքե՞ր են Ձեր հաճախորդները, հիմնականում հայե՞ր են:

Խորեն Գևորգյան – Այո, մեր պատվիրատուները մեծ մասամբ հայեր են, բայց նաև  այլ ազգերի ներկայացուցիչ պատվիրատուներ ունենք: Մենք բոլորի համար սիրով աշխատում ենք:

–  Իսկ Հայաստանից պատվերներ ստանո՞ւմ եք:

gor studio (1)Գոռ Գևորգյան – Իհարկե, առաջարկներ և հրավերքներ լինում են, տարին գոնե 1-2 անգամ` պարտադիր: Այդ ամենը հորս տարիների աշխատանքի շնորհիվ է և իհարկե որակի, որը մեր գործում չափազանց կարևոր է: Նման առաջարկներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, օրինակ` Ռուսաստանից: Մենք պատվերն ընդունելուց առաջ փորձում ենք հասկանալ, թե որքանով է դա մեզ հարմար, քանի որ հարսանիք նկարահանելու համար մեզ հետ միասին օվկիանոսը կտրում անցնում է մի մեծ նկարահանող խումբ: Երևանում մասնակցել ենք տարբեր բարձրաստիճան մարդկանց միջոցառումներին: Միացյալ Նահանգների տարածքից դուրս աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է:

–  Նախատեսվո՞ւմ է Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնել:

Գոռ Գևորգյան – Իմ կյանքում առաջնորդվում եմ «Երբեք մի ասա երբեք» կարգախոսով: Ես և հայրս դժվար թե կարողանանք դա անել ժամանակի սղության պատճառով: Բայց եթե լինեն նման առաջարկներ, լինի դա Երևանում, Մոսկվայում, Դուբայում թե որևէ այլ տեղ, մենք պատրաստ ենք և բաց նման բանակցությունների համար:

Հարցազրույցը վարեց Հայկուհի  ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Անկախ

 

Հայոց միջնաբերդ Քարվաճառի ազատագրման 21-ամյա ոդիսականը

Քարվաճառ

 

1993 թ. մարտի 27-ին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները երեք ուղղությամբ սկսեցին Քարվաճառի (Շահումյանի շրջան)ռազմական հենակետերի ոչնչացման օպերացիան: Օրեր անց` ապրիլի 1-ին, հայ ազատամարտիկներն արդեն ազատագրեցին Քարվաճառ քաղաքը, որի երկրագիտական թանգարանում ցուցադրված հայ մշակույթի մի շարք արժեքներից ազատամարտիկներն առանձնացրին Քարվաճառի ազնիվ քարից պատրաստված, «916 թվական» և «ՀԿԵ»դաջվածքներով մի խաչքար, որը երկար ժամանակ պահվում էր Գանձասարում: Ապրիլի 5-ին հայկական զինված ուժերը դաժան մարտերից հետո դուրս եկան Օմարի լեռնանցք:Ադրբեջանական բանակը մեծ կորուստներով անցավ Մռավի լեռնաշղթան` թողնելով շրջանը:Մեր ուժերը Քարվաճառ մտան միայն այն ժամանակ, երբ վերջին բնակիչը դուրս եկավ քաղաքից: Բայց հեռացող խաղաղ բնակչության մեջ, այնուամենայնիվ, նշմարվում էին կնոջ  զգեստով փախչող թուրք ասկյարները: Թող փախչեն, գող` սիրտը դող…

 

Քարվաճառ1Քարվաճառ

Պատմական Վայկունիք` գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքում գտնվող այդ բնակավայրը ժամանակին հայտնի է եղել իր հանքային ջրերով: Այնտեղ կառուցվել է «Բաղնիք արքունականք», որը հետագայում կոչվել է Իսթիսու: Պատմական տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը հիրավի ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչներն ու հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը:

 

Փառք ու պատիվ բոլորին: Եթե այդպիսի ռազմավարություն չիրականացվեր, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության գոտին երբեք հուսալի չէր լինի: Չմոռանանք, որ «Խոջալուի սպանդի» թևերով իշխանության եկած Էլչիբեյը Վարդենիսով Սևան հասնելու և լճում ոտքերը թրջելու կայծակնային պլան-օպերացիա էր մտմտում: Եվ ոչ միայն: Քարվաճառի ազատագրմամբ էր, որ անվտանգ դարձան Լաչինի (Քաշաթաղ) միջանցքը, Մարտակերտի, Գորիսի թիկունքը: Էլ չեմ խոսում պատմական արդարությունը վերականգնելու մասին: Չգիտեմ, թե ով է ասել, բայց լավ է ասել, որ մեր խաչքարերը, եկեղեցիները Աստծո կնիքն են հային պատկանող հողատարածքներում: Հենց միայն 1-ին դարի ծնունդ Դադիվանքն այդ տարածքի հայկականության ծննդյան վկայականն ու լուռ վկան է: Այնպես որ Շուշիից ոչ պակաս անհրաժեշտություն էր նաև Քարվաճառի ազատագրումը, և ամեն կասկածից վեր էր, որ մեզանում երբևէ մի հայ մարդ կգտնվի, որը ծանրութեթև կանի այդ իրողությունը:

 

Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, նման մի մարդ եղել է, և նա, ոչ ավելի, ոչ պակաս, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ինչպես ժամանակը ցույց տվեց` Արցախի թևերով իշխանության եկած մարդու ոչ միայն սրտովը չէր, այլև նա Արցախի իշխանություններին ստիպում է հանձնել այն: Հավաստիացնելու համար փաստեմ 2008 թ. նախագահական ընտրությունների շեմին` փետրվարի 17-ին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պակաս անսպասելի գաղտնազերծումը հայաստանյան մի շարք հեռուստաընկերությունների եթերով: Թեև շատ բան ասվեց, բայց միայն Քարվաճառին վերաբերող մասն արձանագրեմ: «…Ամենամեծ հակասությունը, որ լուրջ կոնֆլիկտներ էր առաջացնում, վերաբերում էր ռազմական գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը: Մենք համոզված էինք, որ Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը բոլորովին այլ էր: Առաջին մեծ կոնֆլիկտը եղավ 1993 թ. հունիսի 12-ին: Գորիսում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: Մեզ պարտադրում էին հանձնել Քարվաճառը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը խոստացել է, և սա է միակ հնարավոր լուծումը…Պնդում էր, որ եթե Քարվաճառը չհանձնենք, Հայաստանը կկործանվի»,- հայտնեց նախագահ Քոչարյանը:

 

Քարվաճառը չհանձնվեց, իսկ եթե Հայաստանն էլ ինչ-որ բան կորցրեց, ապա մինչև Քարվաճառը, երբ 1992 թ. օգոստոսի 8-ին հանձնվեց Արծվաշենը: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք ու խոստովանենք, որ եթե հայաստանյան իշխանությունները պատվախնդրություն ունենային, ապա Քարվաճառի ազատագրումից հետո, երբ արդեն կոտրվել էր թշնամու ողնաշարը, կազատագրվեր նաև Արծվաշենը, եթե ցանկություն լիներ:

 

Այդ կարծիքին էր նաև Վազգեն Մանուկյանը, որի հետ հանդիպեցի տարիներ առաջ` Արծվաշենի անկման 15-ամյակի առիթով: «Արծվաշենը պահելու համար հարկավոր էր առաջ գնալ, վերցնել Ադրբեջանի մի հատվածը` լեռնաշղթան, որպեսզի ապահովեինք արծվաշենցիների խաղաղությունը: … Սարսափելին այն էր, որ մինչև վերջին պահը ժողովրդին ասվեց, որ մենք ձեզ պաշտպանելու ենք: Տեղաբնակների համար Արծվաշենի հանձնումը անսպասելի էր: Մինչդեռ ազնվորեն պետք է ասվեր. կա՛մ մենք առաջ ենք գնում, կա՛մ մեր ուժերից վեր է Արծվաշենը պահելը… Երբ ես ՀՀ պաշտպանության նախարար էի, Քարվաճառը վերցրեցինք, ու մեր բանակն արդեն առաջ` դեպի Աղդամ էր շարժվում, և ադրբեջանական բանակի ողնաշարն արդեն կոտրվել էր, այդ ժամանակ շատ խնդիրներ, այդ թվում նաև Արծվաշենը վերցնելու հարցը կարող էինք լուծել և քննարկում էինք այդ օպերացիան, բայց խոսքը միայն Արծվաշենի մասին չէր, այլ ավելի առաջ գնալու…»,- պարզաբանում է Վազգեն Մանուկյանը:

 

Ավելի առաջ գնալ նշանակում էր վերցնել Ադրբեջանին պատկանող լեռնաշղթան, ինչն էն գլխից, բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի սրտովը չէր, գուցե նաև շահեկան էլ չէր, երբ փոխարենն արդեն քոսոտ Քյարքին ունեինք` մոռանալով, որ հայրենիքի մի հատվածը մյուսով չեն փոխանակում…

 

Հայրենի իշխանությունների այդ չար խաղը ոչ միայն հայրենիքի մի հատվածի կորուստի պատճառ դարձավ, այլև բազմաթիվ կյանքերի: Նրանցից 12-ը Կիրովականի 016 մոտոհրաձգային, դեսանտային վաշտի փոխհրամանատարն ու իր զինվորներն էին: Շատերի 20 տարին դեռ չէր բոլորել, իսկ այդ տարիքում մահվան մասին գրեթե չեն մտածում, այլ ապրում են երազներով:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Կիևյան կոտլետներ

Կիևյան կոտլետներՍա նորություն չէ ու ամեն մեկն իր բաղադրատոմսով է պատրաստում այն: Ահա մի տարբերակ ևս:

 Բաղադրությունը

2-3 կտոր հավի փափկամիս

200 գ կարագ

պաքսիմատ

70 գ սամիթ, մաղադանոս (ըստ ցանկության)

4-5 ձու:

Պատրաստման եղանակը

Հավի  փափկամիսը կտրել, սննդի համար նախատեսված թաղանթի մեջ փաթաթել ու տրորել թեթևակի, որպեսզի միսը չպատռվի: Ապա կարագը փափկացնել ու  կտրտած կանաչու (սամիթ, մաղադանոս) հետ խառնել: 1 կգ փափկամսին հարկավոր է 200 գ կարագ, 70 գ կանաչի:  Ստացված զանգվածից հարկավոր է երշիկանման կտորներ պատրաստել դնել սառնարանը, որ սառչի:

Միսը համեմել աղով ու պղպեղով,  մեջտեղում դնել կարագից պատրաստված «երշիկները»: Շարունակությունը կարդալ հետևելով հղմանը:

Անկախ

2013 թվականի ամենաազդեցիկ 10 կանայք` ըստ «Ֆորբս»-ի

Angela MerkelԱնգելա Մերկել

Նախորդ տարվա ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև միակ կին գործիչն է` ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի ամենաբարձր տեղերում` եզրափակելով պատվավոր հնգյակը:

Աշխարհի ամենաազդեցիկ 59-ամյա կին գործիչը շարունակում է մնալ Եվրամիության քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում ամենաառանցքային կերպարներից մեկը:

Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում է 2005 թվականից ի վեր: «Ֆորբս»-ի` աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում Մերկելը վերջին 10 տարում 8 անգամ վերև է բարձրացել:

 

Foto Oficial Presidenta Dilma Rousseff.  Foto: Roberto Stuckert Filho.Դիլմա Ռուսսեֆ

Բրազիլիայի 65-ամյա նախագահը, ըստ «Ֆորբս»-ի, 2013 թվականի աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ կինն է:

Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2011 թվականին և այսօր համարվում է աշխարհում կարևորագույն դեր խաղացող կանանցից մեկը: Նրա ղեկավարած երկրի տնտեսությունն աշխարհում 7-րդն է:

Ռուսսեֆի գլխավոր նպատակն է արագացնել երկրի տնտեսական աճը և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը:

Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն այժմ ամուսնալուծված է: Երկրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր, որը 2010-ին նրան թոռնիկ է պարգևել:

 

melinda-gates-will-save-thousands-of-lives-with-birth-controlՄելինդա Գեյթս

48-ամյա Մելինդան, ըստ «Ֆորբս»-ի, աշխարհի երրորդ ամենաազդեցիկ կինն է Անգելա Մերկելից և Դիլմա Ռուսսեֆից հետո: Նա ամերիկացի է, «Բիլ և Մելինդա Գեյթսերի» հիմնադրամի համանախագահը:

«Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ հիմնադրամը նախորդ տարի նախաձեռնել է հումանիտար ծրագրերի մի ողջ շարք, այդ թվում նաև պատասխանատվություն վերցրել մինչև 2018 թվականը վերջ դնել աշխարհում պոլիոմելիտ հիվանդությանը:

Բարեգործական նպատակով իրականացված ընկերության ծախսերը կազմել է 3,4 միլիարդ դոլար, որից մեծ մասը` առողջապահական ծրագրերի ուղղությամբ: 2000 թվականին` հիմնադրամի ստեղծման պահից սկսած, Բիլլ և Մելինդա Գեյթսերը բարեգործական նպատակներով շուրջ 26 միլիարդ դոլար են ծախսել:

Մելինդա Գեյթսը երեք երեխաների մայր է:

 

Michelle-obama-hosts-us-womens-soccer-team-at-wh-sports.yahoo.com-1317977818Միշել Օբամա

ԱՄՆ 49-ամյա առաջին տիկինը 2012 թվականին վարկանշային նույն աղյուսակում գրավում էր 7-րդ տեղը, սակայն նախորդ տարի նա բավականին մեծ քայլ է կատարել` հասնելով 4-րդ տեղին: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կինը, որը երկու դուստրերի մայր է, ոչ միայն նախագահի տիկնոջ դեր է կատարում, այլ ինքն իր հերթին հանդիսանում է ազդեցիկ կերպար քաղաքական-հասարակական դաշտում: Նա իր ղեկավարության տակ է առել մանկական գիրության դեմ պայքարն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը:

Բարաք Օբամայի իմիջին քիչ չի նպաստում նաև այն փաստը, որ ամերիկացիների գրեթե 70 տոկոսը դրական է տրամադրված նրա կնոջ հանդեպ: Իսկ անձամբ նախագահի վարկանիշը ակնհայտ պակաս է` 47 տոկոս: Նման տարբերությունը հասկանալի է, եթե հաշվի առնենք Միշել Օբամայի հաճախակի հայտնվելը հանրաճանաչ հեռուստաշոուներում:

scarle01Հիլլարի Քլինթոն

ԱՄՆ 65-ամյա նախկին պետքարտուղարը, ըստ «Ֆորբս»-ի, 2013-ին գրավում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` չնայած որ սա նրա համար հետընթաց է. Հիլլարին 2012-ին աղյուսակում 2-րդն էր:

Դա ինչ որ տեղ նաև հասկանալի է, քանի որ Քլինթոնն այսօր հանգստանում է քաղաքական «ճակատամարտերից»: Սակայն «Քվեարկիր Հիլլարիի օգտին» նախագահական «կոմպանիայի» սպասումն ամենևին էլ անհիմն չէ. դեմոկրատների 65 տոկոսը պատրաստ է սատարել էքս-պետքարտուղարին` որպես կուսակցության միակ թեկնածու: Այո, Հիլլարի Քլինթոնի ռեզյումեն ավելի, քան ազդեցիկ է` առաջին տիկին, պետության ղեկավարի թեկնածու, պետքարտուղար:

 

 Facebook's Chief Operating Officer (COO) Sandberg attends a session at the World Economic Forum (WEF) in DavosՇերիլ Սենբերգ

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում 6-րդ տեղը զբաղեցնող 43-ամյա Շերիլը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործառնությունների գլխավոր տնօրենն է:

Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Նախորդ տարվա մարտ ամսին Սենդբերգը թողարկել է ֆեմինիզմի իր հռչակագիրը. «Ներսից. կանայք, աշխատանքը և առաջնորդությունը»: Գրքի 150 000 օրինակը վաճառվել է առաջին մեկ շաբաթվա ընթացքում և մինչ օրս չի լքում բեսթսելլերների ցուցակները:

«Ֆեյսբուք»-ի թոփ մենեջերի առանցքային հաջողությունը 2012-ին, այնուամենայնիվ, կապված է իր գլխավոր աշխատանքի հետ. սոցցանցի բջջային տարբերակի լուրերում գովազդային բլոկի ավելացումից ընկերության եկամուտը բջջայինների գովազդից նոր ռեկորդ սահմանեց:

Ի դեպ, նա նաև այն կանանցից է, որոնք կարողանում են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու կարիերան:

 

wom12Քրիստին Լագարդ


Վարկանշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար ֆրանսիացի 57-ամյա Քրիստին Լագարդն է: Նա ամուսնացած չէ, սակայն երկու երեխա ունի: Պատմության մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին կին ղեկավարն արդեն երկու տարի է` իրեն նվիրել է Եվրագոտում երկարատև ճգնաժամի դեմ պայքարին և համակարգում է տնտեսական կայուն աճի խթանմանն ուղղված միջազգային հանրության ուժերը: Մինչ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը ստանձնելը Լագարդը Միացյալ նահանգներում փաստաբանի հաջող կարիերա է կառուցել և հասցրել ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցնել հարազատ Ֆրանսիայում: 2013-ին զանգվածային միջոցներում լուրեր սողոսկեցին, թե իբր ԱՄՀ-ի ղեկավարը կարող է մասնակցել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին:

 

homeland-security-secretary-janet-napolitano-is-leaving-the-departmentՋանեեթ Նապոլիտանո

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարը, որը սակայն, նախորդ տարվա հուլիս ամսին հրաժարվել է իր պաշտոնից, 55  տարեկան է և 2012 թվականի համեմատ նա ազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում բարելավել է իր դիրքերը` 9-րդ տեղից բարձրանալով 8-րդ տեղը: Սակայն հայտնի չէ, թե նրա հրաժարականը ինչ ազդեցություն կունենա այս վարկանիշի վրա:

Նապոլիտանոն ղեկավարել է ամերիկյան քաղաքական համակարգի երրորդ ազդեցիկ գերատեսչությունը` 48 միլիարդ դոլարով, 240 000 աշխատողով, 22 դուստր գործակալությունների ցանկով` ներառյալ հատուկ ծառայությունները:

Նախկին նախարարի կառավարչական կարգախոսը հետևյալն էր. «Մտածիր հեռանկարի մասին, մինչ զբաղված ես ամենօրյա հոգսերով»:

«Ֆորբս»-ի մայիսյան գագաթաժողովին Նապոլիտանոն նշել է. «Երկրի համար այս ճգնաժամային պահին կանայք քաղաքական գործընթացներում կարևոր են ավելի, քան երբևէ»:

Այժմն նա Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարն է:

 

sonia-gՍոնյա Գանդի

«Ֆորբս»-ի վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբեղեցնող 66-ամյա Սոնյա Գանդին, որը Հնդկաստանի հայտնի վարչապետ Ինդիրա Գանդիի հարսն է, ղեկավարում է Հնդկական ազգային կոնգրեսը:

Նա այրի է, ունի երկու երեխա: Գանդին Հնդկաստանի իշխող կուսակցությունը ղեկավարելու երկարաժամկետության ռեկորդակիր է: Նա իր ձեռքերում է պահում աշխարհում բնակչության թվով երկրորդ, իսկ տնտեսությամբ` 10-րդ տեղում գտնվող երկրի ղեկավարման լծակները: Ըստ լուրերի, նա սառը հարաբերությունների մեջ է Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխի հետ:

 

 indrayd3Ինդրա Նույի

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց տասնյակը եզրափակում է 57-ամյա Ինդրա Նույին: Այս բիզնես լեդին Միացյալ նահանգների ամենաազդեցիկ հնդկուհին է: Նա աշխարհում ըմպելիքների արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի` «ՊեպսիԿո»-ի գլխավոր տնօրենն է:

Նույյի` ընկերություն ոտք դնելուց հետո ընկերության եկամուտն էականորեն ավելացել է` 1,2 միլիարդ դոլարից հասնելով  13 միլիարդի:  «Ես այնքան շատ ժամանակ եմ կորցնում մանրուքների վրա, որ դա կարող է անգամ անմտություն թվալ, սակայն հենց մանրուքներն են կարևոր կազմակերպության կառավարման համար»,-մի անգամ նշել է նա:

Բիզնես աշխարհում առաջադիմական ու նորարարական հայացքներով առաջնորդվող Ինդրա Նույին անձնական հարցերում ազգայինի կրողն է: Դա է պատճառը, որ նա ամուսնանալիս սկզբունքորեն ընտրել է իր ազգակցին, որի հետ ապրում է մինչ օրս և որից ունի երկու դուստր: Նա այսօր էլ երբեմն կրում է հնդկական ավանդական տարազ` սարի, որը նրան առավել հմայիչ ու նրբագեղ է դարձնում:

«Ես զգացի նրա միայնությունը». ավստրիահայ կինոռեժիսորի բացառիկ հուշերը Փարաջանովի մասին

6713Parajanov

Որոշակի կրճատումներով ներկայացնում ենք վիեննաբնակ հայ պատմաբան, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանի հուշերը աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին:

«Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց նրա «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձևով և այդ պատճառով շատերի համար անհասկանալի էր: Ֆիլմի տեսարանները նման էին կտավների և կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային և խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը և մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին համակցված, որ փոխլրացնում էին իրար: Նա  անհասկանալի էր սահմանափակ կուսակցական գործիչների համար, այդ իսկ պատճառով անընդունելի մանավանդ Հայաստանում, որովհետեւ հայերը միշտ  ծայրահեղական են եղել այն ամենի հանդեպ, ինչ վերաբերել է Մոսկվայից եկող հրամաններին:

 

«Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունից հետո իմ գործընկերն ասաց, որ Փարաջանովը ձերբակալվել է: Պատճառները մեզ համար անհասկանալի էին, նա մեղադրվում էր համասեռամոլության, ԱՄՆ դոլարով և անտիկվարիատով առևտուր անելու և նման բաների մեջ: Արևմուտքում շատ էին գրում Փարաջանովի և նրա ճակատագրի մասին, նրա ֆիլմերը ցուցադրվում էին տարբեր հեռուստատեսություններով և բազմաթիվ մրցանակներ էին շահում կինոփառատոններում: Արտասահմանի, ինչպես նաև ՍՍՀՄ-ի իր գործընկերների ջանքերով Փարաջանովին ժամկետից շուտ ազատեցին բանտից, և նրան թույլ  տրվեց ապրել Թիֆլիսում: Փարաջանովին այցելում էին ֆիլմարվեստի հայտնի անհատականանություններ, ինչպիսիք էին Մաստրոյանին կամ Տարկովսկին: Տասնհինգ տարվա ընդմիջումից հետո Փարաջանովը իրավունք ստացավ նկարահանելու: Նրա «Աշուղ Քերիբ/Ղարիբ» ֆիլմը նկարահանվել է Թիֆլիսում, Վրաստանի պետական կինոստուդիայում:

 

Ինչքան շատ էի նայում Փարաջանովի ֆիլմերը, այնքան համոզվում էի, որ այդ մարդը հանճար է: Երբևէ նրա հետ կծանոթանա՞մ` մտածում էի այն ժամանակ:

 

Երբ արևմուտքից մանիպուլացված Գորբաչովը սկսեց իր պերեստրոյկան, մուտքը Սովետական Միություն հեշտացավ, և 1988թ. աշնանը մի քանի ավստրիացի գործընկերների հետ կարողացա առաջին անգամ այցելել Հայրենիք: Այնուհետև հաճախ էի Թիֆլիսով ճամփորդում Հայաստան, քանի որ Վիեննայից ուղիղ թռիչք չկար Երեվան: Այդ ժամանակ Ավստրիական հեռուստատեսությունը ցուցադրում էր Փարաջանովի ֆիլմերը, և ես առաջարկեցի հեռուստատեսության իմ գործընկերներին Թիֆլիսում Փարաջանովից հարցազրույց վերցնել: Առաջարկն ընդունվեց, և 1989թ. գարնանը Հայասատան գնալիս Թիֆլիսում իմ ծանոթներից մեկը տարավ ինձ նրա մոտ:

Փարաջանով,ՓարաջանՅԱՆ,Արտեմ Օհանջանյան

Արտեմ Օհանջանյանը` Փարաջանովի հետ

Նա ինձ սիրալիր ընդունեց, իսկ երբ իմացավ, որ ես Վիեննայի նրա համերկրացին եմ և դրա հետ մեկտեղ նաև ֆիլմեր եմ նկարահանում ավստրիական հեռուստատեսության համար, նա ակնհայտորեն ուրախացավ: Ցավոք, Փարաջանովը հայերեն համարյա  չէր խոսում, և իմ ծանոթը ստիպված էր թարգմանել: Ես նրան ասեցի, որ իր ֆիլմերը ցուցադրվում են ավստրիական հեռուստատեսությամբ, և որ ես կուզենայի նրանից հեռուստատեսության համար հարցազրույց վերցնել: Նա համաձայնեց, բայց անմիջապես հարցրեց, թե արդյոք ընդհանրապես ծանո՞թ եմ իր ֆիլմերին: Իհարկե` պատասխանեցի ես: «Այդ դեպքում ես քեզ ցույց կտամ իմ վերջին ֆիլմը` «Աշիկ Քերիբը»»,- ասաց նա:

 

Հաջորդ օրը մենք միասին դիտեցինք նրա վերջին ֆիլմը կինոստուդիայում: Ֆիլմը շատ լավն էր, դե փարջանովյան էր: Երբ մենք հետո խոսում էինք ֆիլմի և ֆիլմերի մասին, ես նրան անմիջականորեն հարցրեցի, թե արդյոք նա պատրա՞ստ է մի ֆիլմ կնկարահանել Վիեննայում: «Շատերն են ինձ առաջարկել ֆիլմ նկարահանել արտասահմանում, բայց ես կարող եմ և ուզում եմ միայն Թիֆլիսում աշխատել: Բացի այդ, ես շուտով սկսելու իմ իմ «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները: Մնա այստեղ, եղիր իմ ասիստենտը, ի՞նչ ունես Վիեննայում,-ասաց նա,-ավելի մեծ մշակութային քաղաք քան Թիֆլիսն է, ոչ մի տեղ չկա»:

 

Ես, շնորհակալություն հայտնելով, մերժեցի: Փարջանովից հարցազրույց վերցրեցի Թիֆլիսի պանթեոնում, որտեղ հայտնի մարդիկ են թաղված: Նկարահանումների ժամանակ, ի զարմանս ինձ, նա ասաց, որ հետաքրքիր կլիներ ֆիլմ նկարահանել Մոցարտի և Սալիերիի մասին` ըստ Պուշկինի, և որ Վիեննան հիանալի կուլիսներ կծառայեր: Նաև ասաց, որ Ֆորմանի ֆիլմը, որտեղ Մոցարտը ծաղրածուի նման է ներկայացվում, իրեն ընդհանրապես դուր չի գալիս: Եվ ահա մի քանի օր անց մենք Վիեննայում Մոցարտի մասին ֆիլմ նկարահանելու պայմանագիր էինք ստորագրել:

 

Մի օր, երբ ես գնացել էի նրան այցի, եկավ «Աշուղ Քերիբի» գլխավոր դերակատարը` Յուրան: Նա մի շատ գեղեցիկ քուրդ էր, որն ապրում էր Փարաջանովից մի քանի տուն հեռու: Յուրայի մայրը` միջին տարիքի հմայիչ մի կին, Փարաջանովին հաճախ ուտելիք էր բերում: Փարաջանովը ապրում էր մենակ, քանի որ նրա գեղեցիկ ուկրաինուհի կինը որդու հետ ապրում էր Կիևում: Փարաջանովի մոտ ես ծանոթացա Թիֆլիսի և Երևանի շատ արվեստագետների և կինոգործիչների հետ, գրեթե ամեն երեկո նրանք այցելում էին նրան` իրենց հետ հաճախ բերելով ուտելիք և խմիչք: Փարաջանովը համարվում էր Վրաստանի արվեստագետների ոչ պաշտոնական նահապետը: Թեև նրա բնակարանը միշտ լի էր արվեստագետներով և ընկերներով, ես զգացի նրա միայնությունը, քանի որ նա ուներ ընտանիք, որը օտարացել էր իրենից: Այդպես էր նաև Վիլյամ Սարոյանը: Շրջապատված լինելով բազմաթիվ ծանոթներով և երկրպագուներով` նա միայնակ էր: Դա է հանճարների ճակատագիրը:

 

Իր ազատ ժամերին Փարաջանովը նկարում էր և կոլլաժներ պատրաստում, այնպես որ նրա բնակարանը լի էր նկարներով և կոլլաժներով: Մի օր նա ինձ հարցրեց, թե ես որդի ունե՞մ: Պատասխանեցի` այո:  Հարցրեց անունը: Ասացի` Ալբերտ: Նա վերցրեց մի «Մոնա-Լիզա» կոլլաժ, հետևի մասում գրեց «Ալբերտի համար», ստորագրեց և ասաց. «Տուր սա որդուդ»: Ես այնքան զարմացած էի, որ միայն շնորհակալություն կարողացա ասել: Հետո իմացա, որ Փարաջանովը շատ հաճախ էր իր ընկերներին նկարներ կամ կոլլաժներ նվիրում: Հետո նա նկարեց ինձ, և ես զարմացած նայեցի նկարին ու մտածեցի` սա ե՞ս եմ: Տարիներ անց նոր նկատեցի, որ նա ինչքան ճիշտ էր նկարել իմ դիմանկարը:

 

Նրա մոտ ես հանդիպեցի հայտնի հայ նկարիչ Ալբերտ Դիլբարյանին: Ես մեկնեցի Երևան և մի շաբաթ անց Վիեննա վերադարձիս նորից Թիֆլիսում էի: Գնացի Փարաջանովին այցի: Երբ նրա սենյակ մտա, այն սովորականի նման լիքն էր մարդկանցով: Նա  ինձ ներկայացրեց իր ընկերներին և ասաց. «Նայիր, այնտեղ իմ նոր աշխատանքներն են»: Ես մոտեցա և սկսեցի գնահատել նրա նոր գործերը, որոնք նա արել էր «Խոստովանություն» ֆիլմի համար` ֆիլմի հերոսների կեցվածքն և խարակտերները: Հանկարծ նա կանչեց ինձ և ասաց` նստի´ր: Ես հնազանդորեն տեղ գրավեցի սեղանի մոտ: Նա ինձ տվեց իր «Խոստովանության» սցենարը` ասելով` նայի´ր: Բացեցի սցենարը և հմայվեցի այն բազմաթիվ էսքիզներով, որոնք նա արել էր որպես ֆիլմի դրվագներ և մարդկային բնավորություններ: Ես թերթում էի սցենարը, երբ նա հանկարծ ասաց` տո´ւր գիրքն ինձ: Զարմացած մեկնեցի նրան գիրքը: Գրի´չ` ասաց նա: Ինչ որ մեկը գրիչ տվեց: Առաջին էջին գրեց. «Արտեմին Փարաջանյանից» և սցենարը նետեց իմ կողմը: Առաջին անգամ նա ստորագրեց Փարաջանյան և ոչ թե Փարաջանով: Սենյակում միանգամից լռություն տիրեց: Ես նայեցի նրան, նա վեհաշուք նստած էր իր տեղում և դիտում էր ինձ: Ես շփոթված շնորհակալություն հայտնեցի, իսկ ինքը շուռ եկավ և շարունակեց խոսել, կարծես ոչինչ չէր պատահել: Այդպիսին էր Փարաջանովը, որն անչափ ուրախանում էր, երբ կարողանում էր որևէ մեկին ուրախություն պատճառել: Երբ ուզում էի հրաժեշտ տալ, ասաց, թե ինչու ես Վիեննայից իրեր չեմ բերում: Ի՞նչ իրեր` հարցրի ես զարմացած: Միևնոււյն է, ես ամեն ինչ էլ կծախեմ, դու միայն բեր: Ես ծիծաղեցի և հրաժեշտ տվեցի նրան:

 

Փարաջանովն սկսեց իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները, բայց նկարահանումների երկրորդ օրն իրեն անսպասելիորեն այնքան վատ էր զգացել, որ այլևս չէր կարողացել շարունակել աշխատել: Նկարահանումներն ընդհատվել էին, և նրան տարել էին հիվանդանոց, ախտորոշումը` թոքերի քաղցկեղ: Նրան անմիջապես Մոսկվա էին տեղափոխել և այնտեղ վիրահատել, բայց արդեն ուշ էր: Նա վերադարձավ Թիֆլիս, բայց աշխատել այլևս չկարողացավ: Ամռանը ես նորից գնացի Թիֆլիս, այցելեցի նրան և իմացա նրա ցավալի ճակատագրի մասին: Թույլ և հոգնած` նա նստած իր կատակներն էր անում, բայց բոլորիս համար էլ պարզ էր, որ նրա օրերն արդեն հաշված են: Նույն տարվա աշնանը կնոջս հետ մեկնեցի Թիֆլիս նրան այցելելու: Սովորականի նման նստած էր պատշգամբում իր աթոռին և դիտում էր ներքևի անցուդարձը: Երբ մեզ տեսավ, բացականչեց. «Արտեմն իր դստեր հետ  գալիս է: Արտեմն իր դստեր հետ է եկել»: Մի քանի նվեր ունեի նրա համար, և նա ուրախացավ երեխայի նման: Յուրան էլ եկավ: Փարաջանովը հարցրեց, թե ի՞նչ եմ բերել Յուրայի համար: Ես շփոթված պատասխանեցի` ոչինչ: «Դու գեղեցիկ սվիտր ունես հագիդ, տուր այն Յուրային»: Ես հանեցի սվիտրս և տվեցի Յուրային: «Հագի´ր,- ասաց Փարաջանովը, և Յուրան այն հագավ,- լավ է»:

Կինս հավանաբար շատ դուր եկավ Փարաջանովին, քանի որ հրաժեշտ տալիս նա ասաց. «Վաղը կեսօրից առաջ եկեք ինձ մոտ»: Հաջորդ օրը, երբ թակեցինք նրա դուռը, նա քնաթաթախ նայեց վարագույրի հետևից և բացեց դուռը:  Հազիվ էինք մտել սենյակ, երբ նա մեզ իսկույն տարավ իր ննջասենյակն  ու ասաց. «Մնացեք այստեղ»: Ինքը հեռացավ: Մենք զարմացած իրար նայեցինք և մնացինք այնտեղ կանգնած: Հետո վերդարձավ, տարավ մեզ ընդհանուր սենյակ և նորից ասաց. «Կանգնեք այստեղ»: Ինքը գնաց դեպի պատը և բացեց մի «Մոնա-Լիզա» կոլլաժ:  Գիշերն էր այդ կոլլաժը պատրաստել: «Սա քոնն է»,-ասաց նա կնոջս և նկարի հետևում գրեց. «Նասրինին`  Փարաջանովից»:

Այդպիսին էր նա…

 

Փարաջանովն մի հետաքրքիր հին կարպետ ուներ, որն ուզում էր ինձ նվիրել: Ես հրաժարվեցի այն վերցնել, իսկ նա վիրավորված կնոջս հարցրեց` արդյոք այս կարպետը վատ՞ն է: Կինս պատասխանեց, որ կարպետը հոյակապ է: Փարաջանովն ասաց. «Տես, Նասրինը նույնպես հավանեց այս կարպետը»: Ասացի, որ այս կարպետը չեմ կարող դուրս տանել, մաքսատունը թույլ չի տա: « Ի՞նչ,-բացականչեց նա,-հիմա կգրեմ որ ես` Փարաջանովը, նվիրում եմ այս կարպետը Արտեմին: Ո՞ր մի հիմարն իրավունք կունենա քեզ անհանգստեցնել»: Նա վերցրեց իր մի նկարը և հետևում  գրեց, որ ինքը` Փարաաջանովը, նվիրում է այս կարպետն ինձ և ստորագեց: Այդ կարպետն այսօր իմ տանն է…

 

Երբ Փարաջանովին հրաժեշտ էինք տալիս, նա կնոջս ասաց. «Նասրին, հաջորդ անգամ, երբ գաս, ես էլ չեմ լինի»: Այդպես էլ եղավ: Կինս նրան էլ երբեք չտեսավ: Փարաջանովին ուղարկեցին Փարիզ, բայց իզուր, բժիշկներն այլևս ոչինչ չկարողացան անել: Նրան տարան Երևան: Նա այնքան վատ էր, որ գրեթե ոչ ոքի չէր ճանաչում: Մի երեկո նրան տարան Հայաստանի կիրառական արվեստի թանգարան: Երբ նրան թանգարան բերեցին, միայն մի քանի հոգու կարողացավ ճանաչել: Բոլորս լաց էինք լինում, Փարաջանովը նույնպես:

 

Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը իշխանություններից հասավ այն բանին, որ Երևանում Փարաջանովի տուն-թանգարան հիմնի: Փարաջանովի ցուցումով Զավենը նրա բոլոր աշխատանքները և կահույքի որոշ կտորներ Թիֆլիսից բերեց Երևան:

Վիեննա հասնելուց հետո ես կարդացի, որ հայ մեծ ռեժիսոր Փարաջանովը հուլիսին Երևանում մահացել է: Նրան հուղարկավորել էին Երևանի պանթեոնում:

Փարաջանովի տուն-թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է:

Մի անգամ Վիեննայում եվրոպական մի հեռուստաալիքով Փարջանովի մասին վավերագրական մի ֆիլմ տեսա: Ես բարկացած և հիասթափված էի: Ինչպե՞ս կարելի է Փարաջանովի մասին այդպիսի մակերեսային հաղորդում պատրաստել` իրար կցած սիրողական նկարահանումներ, իր ֆիլմերից հատվածներ, հարցազրույցներ և հետո` հիվանդ Փարաջանովին, որը հազիվ էր կարողանում խոսել: Եվ ես որոշեցի նրա մասին մի խաղարկային-վավերգրական-կենսագրական ֆիլմ նկարահանել: Իմ առաջարկն ընդունվեց Ավստրիական հեռուստատեսության կողմից, և 1999-ի վերջերին Երևանում և Թիֆլիսում հայ դերասանների և հայկական խմբի հետ   (օպերատորն Ալիկ Յավուրյանն էր),  նկարահանեցի Փարաջանովի մասին ֆիլմը: Այն պատրաստվեց հայերենով և գերմաներեն տիտրերով: 2001թ. Ավստրիական հեռուստատեսությունն այն ուղարկեց Չիկագո` ֆիլմերի և հեռուստատեսության միջազգային փառատոնին, որտեղ այն ստացավ «Silver –Screen» մրցանակը:

Տարիներ անց Երևանում Փարաջանովի ընկերներին և ծանոթներին հրավիրեցի իմ ֆիլմի ցուցադրությանը: Երբ ֆիլմն ավարտվեց, բոլորիս աչքերին արցունքներ կային:

Ես կատարել էի իմ պարտքը Փարաջանովի առաջ…»

Անկախ

 

 

 

Հանրությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը

նիստ2Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա, Սուրբ ծննդի կապակցությամբ և բոլորիս ցանկանում, որպեսզի 2014 թվականը լինի աշխատանքային հաջողությունների տարի: Մեզ լարված աշխատանք է սպասվում, և առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. մենք հաստատել ենք 2014թ. գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների: Խնդրում եմ ձեր գերակա խնդիրների և տարվա ծրագիրը զանգվածային լրատվական միջոցներով ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հանրությունը 2014 թվականին հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը ըստ նախարարությունների և ըստ գերատեսչությունների»:
Օրակարգի առաջին իսկ հարցով գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը և 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները:

Օրենսդրորեն կարգավորվում են հատուկ հաշիվները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է ապահովել հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտը:
Կառավարության հավանությունն է ստացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի ապահովել նշված օրենքների դրույթների համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև ոլորտի կարգավորումը և առկա խնդիրների վերացումը:
Նիստում հավանության է արժանացել «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին», «Շուկայի վերահսկողության մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և միտված է շուկայի վերահսկողության իրավական և կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի շնորհիվ ակնկալում է կարգավորել և հստակեցնել ուսանողների հրամանագրման, կլինիկական օրդինատորի ուսուցման ժամկետների, ինչպես նաև բուհերի հավատարմագրման գործընթացները:
Նիստում հավանություն է տրվել «Համապատասխանության գնահատման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում վտանգավոր սննդամթերք հայտնաբերելիս անմիջապես կկասեցվի դրա իրացումը:
Կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով նախագծի ընդունմամբ կվերացվի քրեակատարողական օրենսդրության մեջ առկա օրենքի և ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությունը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Իրականացվում են պետական աջակցության ծրագրերը

ՀՀ կառավարությունը որոշել է արդյունաբերության զարգացման հիմնադրամը ճանաչել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետ կապված աշխատանքների և ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա` պետական աջակցության ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի գլխավոր օպերատոր: Նույն որոշման երկրորդ կետով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ): Որոշմամբ սահմանվում է, որ Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենքի շինարարության ավարտից հետո` նախքան շենքի գրանցումը, նշված անշարժ գույքի պահպանությունն իրականացվելու է ՁԻՀ-ի կողմից, իսկ Գյումրու տեխնոպարկի գործունեության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված մոտ 70 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը օգտագործելու նպատակով նվիրվել է ՁԻՀ-ին:
2012թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքով 2014թ. հունվարի 1-ից վերացվում է նվազագույն շահութահարկի համակարգը, ուստի ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով որոշակի գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված էին նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի նվազեցման արտոնություններ:

Կտրամադրվի անվճար իրավական օժանդակություն

ՀՀ կառավարությունը սահմանել է`
-հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձին իրավական օժանդակություն տրամադրելու կարգը,
-Հայաստանում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու որոշման փոփոխություններն ու լրացումները, որոնց նպատակն է այդ տեսակներով մատուցված ծառայությունների պարզեցումը,
-միջազգային առողջապահական կանոնների հարցերի ազգային համակարգող մարմնի գործառույթների լրացումները համընդհանուր լաբորատոր ցանցի տեսակետից, ինչը կնպաստի այդ կանոնների կիրառման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների, ինչպես նաև համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորման գործողությունների արդյունավետ համակարգմանը:
Գործադիրը հավանություն է տվել անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործառույթների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում հեռաբժշկության ցանց ստեղծելու փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Գործադրի որոշումներով Երևանի «Ցիտո ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր, իսկ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ:

Արմեն Մազմանյանի բաց նամակը իր նախկին կնոջը

Արմեն ՄազմանյանԱրմեն Մազմանյանն առողջական խնդիրներով գտնվում էր Գերմանիայում։ Սակայն նա հետևյալ  նամակն էր ուղարկել hayeli.am–ին՝ ի պատասխան իր նախկին կնոջ`Լիլիթ Սիմոնյանի  hayeli.am–ին տված հարցազրույցի։

“Պարտադրված պատասխան երկար լռությունից հետո. Արմեն Մազմանյան

Ափսոսանք եմ ապրում, որ ստիպված եմ բարձրաձայնել մի հարց, որը միշտ համարել եմ անձնական խնդիր և անձնական ողբերգություն: Վերջերս Լիլիթ Սիմոնյանը՝ իմ որդու կենսաբանական մայրը, հարցազրույց է տվել (տպագրված՝ hayeli.am կայքում, մայիսի 26, 2013թ.) իրենց քաղաքական տվայտանքների և իր հայրիկի, իրենց դիսիդենտ լինելու և իմ՝ ոչ հայր լինելու մասին:

Ստիպված եմ այս ամբողջ ընտանեկան անկողնային կեղտը բարձրաձայնել հենց այն գիտակցությամբ, որ հիմա կանգնած եմ մի փաստի առաջ և չգիտեմ՝ վաղը ինչ կլինի:Կուզենամ՝ գոնե որդիս իմանա ճշմարտության երկրորդ կողմը:

Սկսենք պատմությունից:

Կարեն Սիմոնյանը երբեք հալածված չի եղել Հայաստանում. եղել է Մամուլի կոմիտեի նախագահ՝ դրան գումարած ես իմ մասնավոր միջոցներով ստեղծել եմ հրատարակչություն, որպեսզի Կարեն Սիմոնյանն ունենա հավելյալ վաստակ… Այլ բան է, թե նա ինչպես կազմակերպեց և աշխատեց, որ այդ գումարները փոշիացան, և ոչինչ չստեղծվեց:

Սիմոնյանների ՝ Հայաստանից Ֆրանսիա տեղափոխվելու իրական պատճառը  այն գիտակցությունն է, որ իրենց նման «էլիտարների» համար նվաստացուցիչ է մեզ նմանների կողքին ապրել և մնալ այս երկրում. նրանք նվազագույնը պիտի ապրեին Փարիզում:

Սա իրենց կարծիքն է իրենց մասին, բայց արդյունքում փչացնել պատմություն՝ առավել ևս մի երիտասարդի հոգին ու միտքը ստի վրա կառուցել, որն, այո, իմ բիոլոգիական որդին է, ես թույլ տալ չեմ կարող:

Ինչ վերաբերում է հալածանքներին. «Գոյ» թատրոն, Լիլիթ, դու խցկվեցիր քո անտակտությամբ և անդաստիարակ կեցվածքով, ես երբեք քեզ չեմ հրամանագրել այդ թատրոնում որպես դերասան, որովհետև մինչ այսօր էլ այն համոզմունքին եմ, որ ամուսինները նույն հիմնարկում՝առավել ևս թատերական մթնոլորտում, պիտի չաշխատեն. միգուցե ես սխալ եմ, բայց դա իմ կարծիքն է:Այնուհանդերձ խցկվեցիր, այնուհանդերձ խաղացիր և կանգնեցրիր թատրոնը կործանման եզրին, որովհետեւ բոլորին իրար էիր խառնել:

Ի՞նչ և ինչպե՞ս եղավ մեր զավակի պատմությունը:Այո, մենք ունեինք խնդիրներ, բայց ես երդվել էի, և բոլորը դա գիտեն, որ միայն զավակիս պատճառով պատրաստ եմ մինչև կյանքիս վերջը համարվել ամուսին և հանդուրժել քեզ:Նորից եմ կրկնում՝ միմիայն հանուն որդուս:

Ի՞նչ եղավ արդյունքում:Ես հստակ գիտեմ որոշակի աղբյուրներից, որ երեխայիս գիտակցական կյանքի առաջին իսկ պահից նրա մեջ սերմանել եք ատելություն ու զզվանք դեպի իմ անձը՝ ասելով, որ ես նրա ծնվելու պահից հրաժարվել եմ իրենից և նույնիսկ հացի խնդիրը չեմ հոգացել:Հիշեցնեմ, տղաս, հատուկ քեզ համար, որ այդ ընտանիքի բոլոր անդամներն աշխատել են իմ մասնավոր համակարգում և աշխատավարձ ստացել իմ մասնավոր համակարգից:Այն բարդ շրջանում, երբ մենք մորդ հետ միասին այլևս չէինք ապրում, տղաս, դու հիշել չես կարող, ես շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելել եմ այդ տուն՝ ոչ դատարկ ձեռքով և դրա դիմաց իրավունք եմ ստացել երկու-երեք ժամ քեզ հետ միասին այգում զբոսնելու և կարոտն առնելու:

Առաջինը Երևանից մեկնեց «քաղվտարանդի» Կարեն Ա. Սիմոնյանն իր կնոջ հետ, երկրորդը՝ Լիլիթ Սիմոնյանը, բայց այս ժամանակային տարբերության հետ կապված ուզում եմ հիշել մի շատ հետաքրքիր դիպված, երբ դեռ այդքանից հետո իրենք են խոսում նյութականից, փողից, մարդկությունից …

1995 թ.-ին հենց Կարեն Ա. Սիմոնյանի ընկերները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը ինձ նման «չարաճճի» անձին որոշեցին դաստիարակել՝ խուլիգանության հոդվածով ուղարկելով Երևանի բերդ:

Ոչինչ, ամեն ինչ հարթվեց, բայց որքան մեծ էր իմ զարմանքն ու ապշանքը, երբ ես վերադարձա Մասիվ թաղամասում գտնվող իմ տունը, որտեղ, ինչ ստեղծված և դրված էր իմ աշխատավարձով, իմ քրտինքով՝ կոպեկ առ կոպեկ (իսկ դա գույք էր, ռադիո ժամանակակից սարքավորումներ էին, մի խոսքով` ամեն ինչ, ինչ անհարժեշտ է ընտանիքին, ուղղակի այն տարբերությամբ, որ այդ ամենը դեռ չէր էլ օգտագործվել), ամբողջությամբ դատարկված էր: Լիլիթ Սիմոնյանի պատասխանը, ուղղված հարցին, թե ուր է գույքը, այս էր՝ վաճառել եմ, բա հո երեխան սոված չէր մնալու:

Իրականում գուցե տոմսի գումար էր պետք, բայց չսպասել անգամ սեփականատիրոջը, որ վերադառնա և նրանից դա ստանալ՝ կարծելով, որ, վերջ, էս մարդը արդեն գնաց, մազ պոկելը «քյար» է՝ ծախենք- ուտենք… Գնահատականը թողնում եմ ձեզ և իմ զավակին:

Գնանք առաջ:Խնդրեցիր ապահարզան: Ես քեզ բացատրում էի, որ պատրաստ եմ չտալ ապահարզան, միշտ համարվել ընտանիքի ամուսին և երեխայիս հայր, պարտավորվում եմ նրան մեծացնել, կերակրել և կատարել հայրական պարտավորություններս:Պատասխան՝ ոչ, ապահարզան:Ստացար ապահարզան, բերեցիր մի գրություն, որտեղ խնդրում էիր ինձնից թույլտվություն (որը, ինչպես նշում ես հարցազրույցում, աչքի լույսի պես պահում ես), մի քանի ամսով երեխային որպես զբոսաշրջիկ թույլ տալ մեկնել, քանի որ տատիկն ու պապիկը ( շատ լավ եմ հիշում խոսքերդ) վատ են, մահամերձ են և երեխան հնարավոր է՝ չհասցնի տեսնել պապիկին ու տատիկին:Զազրախոս սուտ:

Արդյունքում ստանալով զբոսաշրջիկի կարգավիճակով Մազմանյան Աղասիին երկրից ժամանակավորապես դուրս հանելու իրավունքը՝ իրականում քրդավարի (քյոլեցիր) գնացիր, և այնտեղ սկսեցիք մի էպոս խաղալ, որ դու և հայրդ քաղաքական վտարանդիներ եք, որ ձեզ այստեղ ճնշում են, ձեզ այստեղ աշխատանք չեն տալիս և այլն, և այլն:

Փաստում եմ և պատրաստ եմ կրկնել հազար անգամ՝ բացարձակ սուտ:Ոչ ոք ոչ ճնշել է, ոչ էլ առավել ևս վռնդել է ձեզ այստեղից, ուղղակի դուք ուզում էիք ուտել շագանակներ և տրյուֆելներ Փարիզում , իսկ հայրենիք, որտեղ չկար լույս, գազ և հաց, ձեզ նման հայրենիքը պետք չէր:Սա ձեր գործն էր:

Իր հարցազրույցում Լիլիթ  Կ. Սիմոնյանն ասում է, որ, եթե ես խաբել էի իրեն, թող դիմեր դատարան: Այո, ես մեկ տարի մտածում էի դիմել Ֆրանսիայի դեսպանատան միգրացիոն ծառայություն և պահանջել զավակիս, բայց իմ էգոիզմը, այնուհանդեձ, չգերիշխեց որպես հայր, քանի որ ես գիտակցում էի, որ խաղալու եմ իմ որդու, նրա մտային, հոգեկան աշխարհի հետ և այս քաշքշուկի մեջ երեխան մեծանալու էր թերարժեք, հիվանդոտ և բարդութավորված:

Միայն այս պատճառով է, որ ես չեմ դիմել, օրենքով հասանելի արհեստական միջոցներին, ըստ որի, քեզ և զավակիս  էլ էմիգրացիոն ծառայություններն ուղղակի դուրս կվռնդեին Ֆրանսիայից:

Գնանք առաջ:

Նույն հարցազրույցում ասում ես՝ եթե ուզում էր, թող գար, տեսներ երեխային:Ինչպե՞ս չես ամաչում, ինչու՞ ես ստում:Տարիներ շարունակ, և ոչ մեկ անգամ, ես եղել եմ Փարիզում, հեռախոսով զրուցել եմ անձամբ Կարեն Ա.-ի և Անիկ Ղազարյանի հետ, խնդրել եմ՝ թույլ տվեք երեխայիս տեսնել, ես նաև գումար եմ բերել, որովհետեւ պարտավորված եմ զգում իմ որդու կենցաղը հոգալու համար:Պատասխան՝ մյուս օրը բոլոր հեռախոսները անջատված: Դուք անգամ բնակարանն եք փոխել, որ ես հանկարծ ձեզ չփնտրեմ ու գտնեմ այնտեղ, ընդ որում՝ ոչ թե Փարիզում, այլ Փարիզի արվարձանում՝ Արֆորվիլում:Դուք նույնիսկ փարիզեցի կամ փարիզաբնակ չեք, դուք արվարձանում ապրող «new ախպարներ» եք:

Երկրորդ անգամ լինելով Փարիզում` փորձել եմ իմ շատ հարգելի ընկերոջ Կարոյի և իր տիկնոջ՝ Նանայի միջոցով կապի մեջ մտնել և, այնուհանդերձ, վերջապես տեսնել երեխային:Ապարդյուն…

Բոլոր քո ազգականներին՝ և քրոջդ, և հորաքրոջդ, և եղբայրներիդ՝ Վաղարշակին, Աղասուն, երբ որ եղել են Երևանում, խնդրել եմ անընդհատ մի բան՝ այնպես անեն, որ թույլ տաք որդուս հետ մտնեմ կապի մեջ…Այո, այո, վերջում՝ ինչ անենք, չի ուզում Լիլիթը:

Իրական պատկերը, զավակս, ես չգիտեմ՝ քեզ այդտեղ ինչ անուն են տալիս և ինչ ազգանուն, սա է՝ առ այսօր ես երազում եմ տեսնել քեզ, երազոմ եմ քեզ հետ երկու բառ խոսել և լսել քեզ:

Ինչ վերաբերում է իմ և իմ ընտանիքի վերաբերմունքին Աղասի Մազմանյանի հանդեպ, կարող եմ բերել միայն մի փաստ, տղաս, դու փոքր եղբայր ունես ՝Դավիթ Մազմանյանը, որը 4 տարեկանից առ այսօր իր սեղանի վրա պահում է քո նկարը և ամեն տարի, երբ մենք մեկնում էինք հանգստանալու, ասում էր՝ արի գնանք Փարիզ, որ իմ եղբորը տեսնեմ կամ կանչի, բեր Երևան…Պատասխանները փուչ էին՝ հնարավոր չի, փող չունենք. առ այսօր իմ որդին չգիտի իրական պատկերը՝ ինչու է նա զրկված իր եղբոր հետ շփվելու և եղբայրություն անելու  հնարավորությունից, և առ այսօր նրա սեղանին 6 տարեկան Աղասի Մազմանյանի նկարն է:

Ուզու՞մ եք մանրանանք…Մանրանանք ավելին:Դուք այնքան էիք մոլեռանդ երեխայի ազգանունը Մազմանյանից Սիմոնյան դարձնելու ձեր ատելության մեջ, որ երբ ձեզ մոտ հյուր էին գալիս Երևանից, առաջին պայմանը, որ դնում էիք այն էր, որ ձեր տանը Արմեն Մազմանյանից խոսել չի կարելի, որ դա տաբու է:

Անգամ, երբ որ տալիս էիր նկարներ, Լիլիթ, զգուշացնում էիր, որ դրանք ինձ չգան-չհասնեն…Բոլորն էլ հասել են ինձ, և ես շատ նկարներ ունեմ Աղասուկից:Առ այսօր իմ կարոտը քաշում եմ այդ նկարներին նայելով:

Ամենաանհեթեթն այն է, տղաս, որ քո մայրը և Սիմոնյաններն ատել են ինձ այն րոպեին, երբ քեզ դուրս էին բերում ծննդատնից և իմացան՝ քեզ անվանակոչել եմ իմ հայրիկի անունով՝ Աղասի, այլ ոչ թե Կարեն Ա. Սիմոնյանի:Մայրդ այդ պահին արտասվելով բարոյական հայհոյանքներ էր հնչեցնում Մազմանյանների հասցեին:

Կարծում եմ՝ բարդույթներն սկսվել են այդ րոպեից, և այդ չի ներվել ինձ մինչև վերջ, քանի որ Սիմոնյաններն ունեն կարծիք, որ աբսոլյուտ ինչ-որ արժեքային համակարգ են, որին պետք է ծառայեն և ենթարկվեն բոլորը:

Իրականում սովորական մահկանացուներ՝ ձեր «չարաճճի» բարդույթներով հանդերձ, որի արդյունքում ինձ զրկել եք իմ զավակից, իսկ զավակիս իր հոր հետ շփվելու հնարավորությունից:

Ինչևէ…Անդրադառնամ նաև վերջին իրադարձություններին. լսել եմ (քանի որ ինքս սոցիալական ցանցերից չեմ օգտվում՝ համարելով անօգուտ գործիք), որ Լիլիթ Կ.Սիմոնյանի կողմից քաղաքական և հասարակական գերակտիվություն կա՝ խորհուրդներ, մտքեր ուղղված դեպի հայրենիք:

Սիրելիներս, լքել հայրենիքը սոված ու դժբախտ ժամանակ ու տրյուֆել ուտելով դասեր տալը շատ հեշտ է. այստեղ ձեր այդ մտքերի, կարծիքների կարիքը ոչ ոք չունի:Եթե այդքան քաղաքացի եք ու այդքան ազատ եք Ֆրանսիայում, միասին ստեղծեք ֆանտաստիկ- դեմոկրատների մի կուսակցություն և ինտեգրվեք ֆրանսիական, եվրոպական քաղաքական գործառույթների մեջ:Առավել ևս, որ փտող և այլասերված Եվրոպայի արժեքային համակարգը մեր հայրենիքում, մեր ժողովրդին բոլորիովին պետք չեն:Եվրոպայից պետք է ինտեգրել ընդամենը մշակույթ և պատմություն, ինչը բոլորն անում են:

Որպես ավելացում՝ մյուս զավակս՝ Դավիթը, եվրոպական արժեքներին ինտեգրված է ոչ պակաս, որովհետև 4 տարեկանից տարին մեկ երկու անգամ եղել է Եվրոպայում, այցելել տարբեր թանգարաններ, եղել թատրոններում և նա ավելի եվրոպացի է, քան դուք՝ բոլորդ միասին:Բախտ է ունեցել հանդիպել և լսել այնպիսի մեծությունների խորհուրդները, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Տոնինո Գուերան, Էնրիկա Անտոնիոնին, Քշիշտոֆ Զանուսսին և այն մեծանուն հայերը, ովքեր շարունակել են ապրել եւ ստեղծագործել Հայաստանում:Այսօր արդեն սովորում է Չինաստանում:

Որպես վերջաբան՝ մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս ամենը բարձրաձայնել, բայց վերջիվերջո իմ զավակը պետք է ունենա նաեւ այլ կարծիք այս մասին:

Այն անեծքներից, այն հայհոյանքներից, որ ասվել են իմ հասցեին Փարիզում ամեն հանդիպածի մոտ, քաջ տեղյակ եմ: Շարունակեք նույն մաղձն ու անեծքը, բայց մի պղտորեք երիտասարդի հոգին, մի սպանեք նրա մեջ հավատը, սերը դեպի հայրենիքը, իսկ այդ «լոլոները», որ դուք լքել եք հայրենիքը, որովհետեւ ձեզ այստեղ հալածում էին, խաբեության մեջ է դնում տղայիս:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Կանադայի թուրքերը պետք է դատապարտեն և ոչ թե արդարացնեն Ցեղասպանության ժխտումը

Հարութ ՍասունյանԿանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:

Այս ստորագրահավաքը մաս է կազմում թուրք ժխտողականների երկարատև ջանքերի՝ փոխելու համար Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհրդի (TDSB) 2008 թվականի որոշումը, որի համաձայն աշակերտներին դասավանդում էին Հայոց, Հրեական և Ռուանդական ցեղասպանությունների մասին: TDSB-ի որոշումը հաջորդեց 2002 թվականին Կանադայի Սենատի և 2004 թվականին Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, 2006 թվականից Կանադայի վարչապետները հաջորդաբար հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման տարեկան պաշտոնական հայտարարություններով՝ չնայած թուրքական կառավարության կողմից բուռն քաղաքական ճնշման ու տնտեսական շանտաժի:

Դեռևս 2008 թվականին թուրքական մեկ այլ նմանատիպ ստորագրահավաքով չհաջողվեց ստիպել TDSB-ին փոփոխելու ցեղասպանության ուսումնական ծրագիրը՝ ավելի քան 11 հազար ստորագրություն հավաքելուց հետո, հիմնականում Թուրքիայից: Իսկապես, Անկարայի կառավարությունը և Տորոնտոյում նրա թուրքական կամակատարները վերջին յոթ տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն ինչ այս ուսումնական ծրագիրը խափանելու համար:

Ստորև մեջբերված են թուրքական դիմումնագրով ներկայացված անհիմն բողոքները TDSB-ի ցեղասպանության ուսումնական ծրագրի դեմ՝ դրանց հաջորդող իմ հերքումներով.

— Թուրքական դիմումնագիր . «Որպես Տորոնտոյի դպրոցներ հաճախող աշակերտների թուրքախոս ծնողներ, մենք խորապես մտահոգված ենք «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ ներկայիս ուսումնական ծրագրի և 2008 թվականից TDSB-ի կողմից ընդունված ուսումնական նյութի բացասական ազդեցությամբ»:

Իմ պատասխանը. Տորոնտոյի դպրոցներում ՈՉ մի բռնություն կամ ճնշում չի կիրառվել որևէ թուրք աշակերտի նկատմամբ, չնայած որ ցեղասպանության ուսումնական ծրագիրը մի քանի տարի դասավանդվում է: Պատճառն այն է, որ հայերն այսօրվա անհատ թուրքերին պատասխանատու չեն համարում այն ոճրագործությունների համար, որոնք Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրագործվել են գրեթե հարյուր տարի առաջ, բացառությամբ նրանց, ովքեր ժխտողականությամբ իրենց շաղկապում են այդ ոճիրների հետ: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետությունը որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքների համար: Ցեղասպանության փաստերի ժխտումը շատ ավելի լուրջ բացասական հոգեբանական ազդեցություն ունի հայերի վրա, քան ուսումնական ծրագրում դրա ընդգրկումը՝ թուրքերի վրա: Ավելին, ճշմարտությունը չի կարելի թաքցնել միայն այն պատճառով, որպեսզի այն չվիրավորի նրանց զգացմունքները, ովքեր ուզում են քողարկել պատմական իրողությունները: Կարելի՞ է արդյոք պաշտպանել հրեական Հոլոքոստի ջնջումը պատմության դասագրքերից ժամանակակից գերմանացիներին չվիրավորելու համար:

— Թուրքական դիմումնագիր. «Հայերի Ցեղասպանության վերաբերյալ դասագիրքը և այլ գրքեր, ինչպիսին է Բարբարա Քոլորոսոյի «Արտասովոր չարիքը», անընդհատ վարկաբեկում են մի համայնքի նկարագրությունը մյուսների նկատմամբ և բացասական ազդեցություն ունենում Տորոնտոյի դպրոցների թուրքական ժառանգությամբ աշակերտների վրա»:

Իմ պատասխանը. Չի կարող երկու տարբերակ կամ երկու վարկած լինել Հայոց ցեղասպանության ապացուցված փաստերի վերաբերյալ: Կա միայն մեկ ճշմարտություն:

— Թուրքական դիմումնագիր. «Մենք խորապես համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և խաղաղ գոյակցության արժեքները կարող են ձեռք բերվել պատմության մասին ազնիվ և բաց երկխոսության միջոցով: Ավելին, արդար և անաչառ ուսուցումը պիտի հիմնված լինի պատմական փաստերի, այլ ոչ թե միայն ընտրյալ համայնքների պատումների վրա, անտեսելով մյուսներին: Պետք է նաև նշել, որ այս պատմական պնդումներից որևէ մեկի վերաբերյալ դատավճիռ գոյություն չունի, իսկ պատմաբանների կարծիքները տարբերվում են այս իրադարձությունների մանրամասների և սահմանումների առնչությամբ»:

Իմ պատասխանը. «Փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և խաղաղ գոյակցությունը» չեն կարող ձեռք բերվել խեղաթյուրումների և կեղծիքների միջոցով: Միայն ճշմարտությունն ընդունելուց և համապատասխան հատուցումից հետո Կանադայի թուրքերը կարող են խոսել նման վեհ գաղափարների մասին: Բացի այդ, հակառակ թուրքական պնդումներին, կան մի քանի դատավճիռներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սկսած 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների վճիռներից մինչև արգենտինական, շվեյցարական և ամերիկյան դատարանների վճիռները: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնախումբը 1985 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին զեկույց է ընդունել: Ցանկացած ցեղասպանության ամենաճիշտ  ատյանը Միավորված ազգերի կազմակերպությունն է, քանի որ Ցեղասպանության կոնվենցիան ՄԱԿ-ի փաստաթուղթ է:

Ամփոփելով՝ նշենք, որ այս վերջին թուրքական դիմումնագիը լիակատար ձախողման է դատապարտված, քանի որ դրա նախաձեռնողը՝ Կանադայի թուրքական միությունների ֆեդերացիան, առայժմ հավաքել է 2 հազարից էլ պակաս ստորագրություն, երբ պնդում են, թե Կանադայում ունեն 200 հազար անդամ: Հետաքրքիր է, որ ստորագրողների մեծ մասը ոչ թե Կանադայից է, այլ Թուրքիայից, որտեղ դիմումնագիրը լայնորեն տարածվել է կայքէջերում:

Կանադայի թուրքերի համար ավելի արժեքավոր նախաձեռնություն կլինի մի այլ  դիմումնագիր ձեռնարկել, կոչ անելով թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում կատարել այս հրեշավոր ոճրագործության զոհերի ժառանգներին Ցեղասպանության հարյուրամյակի առիթով:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Դիմահարդարման անօգուտ միջոցներ. ինչի վրա գումար չարժե ծախսել

միջոցԼավ տեսք ունենալու համար շատերս ենք պատրաստ մեծ գումար ծախսել ու դիմահարդարման պարագաների մի ամբողջ զինանոց ձեռք բերել, սակայն, չնայած գովազդին ու խոստացված արդյունքին, հաճախ հասկանում ենք, որ քսուքին կամ տարբեր միջոցներին վերագրվող որակներն ու հատկությունները, մեղմ ասած, չափազանցված են, եթե չասենք` ընդհանրապես չեն համապատասխանում: Բացի այդ, հաճախ ենք մոռանում, որ մաշկի ու ընդհանրապես արտաքին խնդիրների արմատները շատ ավելի խոր շերտերում են թաքնված: Չէ՞ որ կոսմետիկ միջոցները չեն կարող թափանցել խնդրահարույց օջախ ու թերությունը վերացնել:
Գոյություն ունեն մարմնի, դեմքի ու մազերի խնամքի 6 տեսակ միջոցներ, որոնց կիրառումը բացարձակ զուրկ է իմաստից, հետևաբար` գնելն անօգուտ ու ծախսն էլ` չարդարացված: Թվարկենք.
1. Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների դեմ միջոցները

Ոչ մի քսուք չի կարող վերացնել այդ բծերը, դրանք ընդամենը կարելի է քողարկել: Երբեմն աչքի տակի կապտավուն երանգը բնածին առանձնահատկություն է` պայմանավորված արյունատար անոթների մակերեսայնությամբ: Այդ դեպքում տրամաբանենք` ինչով կարող են քսուքները մեզ օգնել: Իհարկե` ոչնչով: Իսկ եթե դրանք անքնության կամ վատ քնի հետևանքով են առաջանում, բնականաբար կանհետանան լավ քնելուց հետո:

2. Երիտասարդացնող միջոցներ

Գովազդը հաճախ խոստանում է, որ «առաջարկվող միջոցը հրաշքներ կգործի, որ այն «երիտասարդություն պարգևող իսկական ոգեթուրմ է». պարզապես հարկավոր է որոշակի քանակությամբ այդ քսուքից օգտագործել, ու ով հրաշք, այն երկար սպասեցնել չի տա, կտեսնեք, թե ինչպես եք «երիտասարդանում մի քանի տարով»:
Մաշկն այնպիսի կառուցվածք ունի, որ ոչ մի քսուք ու միջոց չի կարող թափանցել խորը շերտեր: Որոշ տեսանելի արդյունք ստացվում է, այն էլ մաշկի խոնավացման շնորհիվ: Եթե քսուքներն իսկապես երիտասարդացնեին ու հավերժական երիտասարդություն պարգևեին, ապա կոսմետիկ վիրաբույժները պարզապես անգործության կմատնվեին:

3. Մարմնի փիլինգի միջոցներ

Փիլինգի բոլոր միջոցները բնական մրգերի կորիզների կամ արհեստական մասնիկների ու գելի խառնուրդ են:
Ամենասովորական լոգարանային ճիլոպը լրիվ նույն փիլինգ-արդյունքն է տալիս, ինչ և ամենաթանկարժեք միջոցը:

4. Հակացելյուլիտային միջոցներ

Ինչքա~ն շատ է գրվում, թե ցելյուլիտն առաջանում է մի ամբողջ փունջ պատճառներով, որում հիմնականը հորմոնալ խանգարումն է, չհավասարակշռված սնունդը, ֆիզիկական նվազ ակտիվությունը և, վերջապես, գենետիկական նախատրամադրվածությունը: Այդուհանդերձ, կանայք ողջ աշխարհում գնել ու գնում են մի շարք միջոցներ, որոնք իբր օգնելու են ոչ թե դրա առաջացման պատճառի, այլ հետևանքի վերացմանը: Այնուամենայնիվ ասենք, որ բոլոր միջոցներն էլ ինչ-որ արտաքին արդյունք տալիս են, քանի որ խոնավացնում են մաշկի արտաքին շերտը: Սակայն դեռևս ոչ մի միջոց չի կարող կանխել կամ լրիվ վերացնել ցելյուլիտը:

Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

Անկախ

Ձմռանը մաշկը խնամեք ողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց

մաշկՋերմաստիճանի ամեն փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա` դարձնելով այն չոր, զգայուն ու գրգռված:
Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռանը հենց առավոտից զբաղվել մաշկի խնամքով, որի ճիշտ կիրառման դեպքում կձերբազատվեք այդ խնդիրներից:
Ճիշտ խնամքն առաջին հերթին ենթադրում է մաշկի խոնավեցում և սնուցում:
Ձմռանը օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, բջիջները գրեթե չեն թարմանում, հետևանքը լինում է այն, որ մաշկը կորցնում է փայլը: Այն վերականգնելու համար անհրաժեշտ է կենսունակություն:

Ի՞նչ անել: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ձմռանն ավելի հաճախ օգտագործել խոնավեցնող քսուք: Սակայն հիշեք, որ այն պետք է դեմքին քսել տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ:

Խոնավությունը լավագույն միջոցն է կնճիռների դեմ: Այն բարելավում է բջիջների վերարտադրողականությունը, ամրապնդում մաշկը, ստեղծում արհեստական պատնեշ` միաժամանակ պահպանում եղած խոնավության քանակը: Որպեսզի խոնավեցնող քսուքի փայլը չմնա դեմքին, մի քանի րոպե անց այն չորացրեք անձեռոցիկով:
Ցերեկը, որպես կանոն, մենք սովորաբար անցկացնում ենք աշխատավայրերում, որտեղ միացված են տաքացնող օդորակիչներ, և օդը շատ չոր է: Նման պայմաններում մաշկն արագ ջրազրկվում է: Ոմանք պնդում են, որ ջրազրկումից տուժում է միայն չոր մաշկը, սակայն դա այդպես չէ. չոր մաշկն առաջին հերթին զգում է խոնավեցնող միջոցների և ճարպայուղերի պակաս, իսկ ահա ջրազրկումը խոնավության պակասի նշան է, որը ճարպի քանակի հետ բոլորովին կապ չունի:

Տեսականորեն, այս խնդիրն ի հայտ է գալիս տարբեր ձևերով` կախված մաշկի տեսակից: Այսպես, չոր և խառը տիպի մաշկը թոշնում է, կոշտանում և արագ սկսում է թեփոտվել: Այն կարող է դառնալ գերզգայուն և գրգռված: Իսկ յուղոտ և ջրազրկված մաշկի ծակոտիները լայնանում են և ստանում մոխրագույն երանգ: Տեղ-տեղ կարող են նաև ճաքճքել` չնայած որ յուղոտ մաշկն ունի մեծ քանակությամբ ճարպ և փայլուն տեսք:
Եվս մեկ նրբություն. համակարգչի դիմաց երկար նստելը վատ է անդրադառնում կոպերի մաշկի վրա:

Ի՞նչ անել: Խոնավության պակասը կարելի է լրացնել վիտամիններով: Հզոր հակաօքսիդանտ է Վիտամին Ե-ն, մաշկի կոլլագենը վերականգնող հիանալի միջոց` վիտամին Ց-ն, միկրոէլեմենտներ ցինկն ու սելենիումն օգնում են մաշկի նորմալ կենսագործունեությանը:
Հիշեք` Ձեր աշխատանքային սեղանին միշտ պահեք երկու բան` ջերմային ջուր (այն հանքանյութերով հարուստ ստորգետնյա ջուր է` 20 աստիճանից բարձր, որն ունի բացառիկ բնական որակ և պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, նատրիում, մանգան, երկաթ և այլ օգտակար տարրեր) և խոնավեցնող գել կամ քսուք հատուկ կոպերի համար: Սրանց կարելի է ավելացնել նաև խնամող քսուքը շրթունքների համար:

Երեկոյան գալիս է մաշկի մաքրման շրջանը: Ձմեռային եղանակին մաշկը շատ է հոգնում, ուստի արագ թոշնում է: Շաբաթը մեկ-երկու անգամ մաշկը կարելի է լրացուցիչ սնուցել ինչպես խոնավեցնող, այնպես էլ մաքրող դիմակներով` օրինակ, կավի բաղադրությամբ: Նման միջոցներն օգնում են կարգավորել մաշկի թարմացման և նորացման գործընթացը: Ուշադիր ուսումնասիրեք մաշկը. եթե նկատեք անոթային աստղիկներ, ուրեմն Դուք ունեք թույլ մազանոթներ:

Շարունակությունը կարդացեք ` հետևելով հղմանը:

Անկախ

Լուրջ մարդիկ աստղագուշակությանը լուրջ չեն վերաբերվում

Areg M.Աստղագիտությունն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ աստղաբանությունը` տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:  Բայց թե ինչ ազդեցություն ունեն մոլորակները մարդու օրգանիզմի վրա, դրա վերաբերյալ զրուցեցինք Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:

–        Ի՞նչ տարբերություն կա աստղաբանության, աստղագուշակության և աստղագիտության միջև:

–           Աստղագիտությունը բնական գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ դրա ժամանակակից ամենակարևոր բաժինը` աստղաֆիզիկան, ուսումնասիրում է տիեզերական երևույթների ֆիզիկան: Ներկայումս առաջանում են աստղագիտության նորանոր ճյուղեր` աստղակենսաբանություն, աստղաքիմիա: Ապագայում թերևես բոլոր գիտություններն են համագործակցելու աստղագիտության հետ: Մյուս կողմից գոյություն ունի «աստրոլոգիան», և չնայած այն հայերենով թարգմանվում է աստղաբանություն կամ աստղագուշակություն, ես, այնուամենայնիվ, տարբերում եմ դրանք: Աստղաբանությունն ուսումնասիրում է, ինչպես ասացիք, տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Եվ չնայած մեզ մոտ այն չի զարգանում, շատ կարևոր է: Սակայն աստղագուշակությունն արդեն կեղծ գիտություն կամ սնահավատություն է: Այդտեղ որևէ լուրջ բան չկա:

–        Իսկ աստղագուշակությունը և աստղաբանությունը նո՞ւյնն են:

–           «Աստղաբանություն» տերմինը պատմականորեն է առաջացել որպես աստղագիտության այլընտրանքային տերմին` աստրոնոմիա և աստրոլոգիա: Չգիտեմ՝ ով է հայերենում առաջինը կիրառել «աստղագուշակություն» բառը, բայց այն շատ դիպուկ է աստղաբանների մեծ մասին նկարագրելու համար: Իրականում մեր աստղաբանները զբաղվում են ոչ թե մարդու և այլ կենդանի օրգանիզմների վրա տիեզերական մարմինների ազդեցույթունն ուսումնասիրելով, խոսքը հատկապես ֆիզիկական ազդեցության մասին է և այն հատկապես ուժեղ է Լուսնի, Արեգակի և մոլորակների դեպքում, այլ բոլորովին անհիմն կերպով փորձում են նկարագրել մարդկանց բնավորությունները և գուշակել ապագան: Ընդ որում, յուրաքանչյուր աստղաբան դա անում է յուրովի: Այստեղից էլ պարզ է, որ դա լուրջ գիտություն չի կարող լինել:

–        Աստղաբանությունը կամ աստղագուշակությունն ի՞նչ հիմքերի վրա է իր գոյությունը պահպանել:

–           Աստղագուշակությանը թերևս երկինքն ու տիեզերքը թերի հասկանալու արդյունք է: Հայտնի է, որ նախկինում փարավոններն ու թագավորներն աստղագիտական գիտելիքներն օգտագործել են ժողովրդին զսպելու նպատակով: Օրինակ՝ երբ եգիպտական քուրմ-աստղագետները հաշվարկների միջոցով կանխատեսում էին Արեգակի խավարումը կամ մոտեցող գիսավորի պայծառացումը, դա օգտագործում էին աստվածների բարկությունը փոխանցելու և հասարակ ժողովրդին վախեցնելու համար: Մարդիկ հակված են անհասկանալի երևույթների հանդեպ սնահավատության, վախի, այդ պատճառով շատերին հնարավոր է դառնում գրավել աստղագուշակությամբ, մանավանդ որ մարդիկ սիրում են իրենց ապագայի մասին կանխատեսումներ անել: Լուրջ մարդիկ չեն կարող լուրջ վերաբերվել աստղագուշակությանը:

–        Ինչպե՞ս են աստղերն ազդում մարդու օրգանիզմի, բնավորության և հետագա քայլերի վրա, որովհետև կան մասնագետներ, որոնք հակառակն են պնդում:

–           Տիեզերական մարմիններն իհարկե ազդում են մարդու օրգանիզմի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակի վրա: Երկրի վրա տիեզերական մարմինների կողմից ամենամեծ ազդեցություններից և դրանց ամենավառ դրսևորումներից են Լուսնի ազդեցության տակ առաջացող մակընթացություններն ու տեղատվությունները: Մարդը` որպես զգալի չափով ջուր պարունակող օրգանիզմ, նույնպես պետք է էական կախվածության մեջ լինի Լուսնի փուլերից: Օրինակ` հայտնի է, որ շատ մարդիկ վատ են զգում լիալուսնի ժամանակ: Արեգակնային բռնկումների հետևանքով առաջացող երկրամագնիսական փոթորիկները նույնպես ազդում են մարդու և նրա գործունեության վրա: Արեգակի բարձր ակտիվության փուլերում հաճախակի են դառնում սրտի կաթվածները, մահացությունները: Որոշակի ազդեցություն ունեն նաև մոլորակները: Սակայն տարբերենք այս ամենը աստղերի թվացյալ ազդեցությունից: Աստղերն այնքան հեռու են, որ նրանց ազդեցությունը միլիարդավոր անգամ ավելի թույլ է և գործնականում բացակայում է:

–        Իսկ որքա՞ն հավանական է կենդանակերպ–մոլորակներ կապը և ինչի՞ վրա են հիմնվում աստղագուշակ–աստղաբաններն անհատի բնավորությունը, նաև ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս:

–           Դրանք հորինված «տեսություններ» են: Նկատեք, որ տարբեր հորոսկոպներ տարբեր մեկնաբանություններ են տալիս: Առավել ևս, կան տարբեր ժողովուրդների հորոսկոպներ: Իսկ մենք, փաստորեն, այնքան ենք տարվել դրանցով, որ միաժամանակ կիրառում ենք բոլորը միասին. հայկականը (եվրոպականը)` ամիսների համար, արևելյանը` տարիների համար, դրուիդներինը` ծառերի տեսակների համար և այլն: Դրանք իրար հետ կապ չունեն և նույնիսկ պատմականորեն միասին կիրառելի չեն եղել: Անհատի բնավորությունը կամ ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս աստղագուշակներից ոմանք հիմնվում են այդ ժամանակահատվածում ծնված հայտնի մարդկանց բնավորությունների միջին վիճակագրականի վրա: Սակայն այստեղ էլ որևէ գիտական հիմք չկա:

–        Այնուամենայնիվ, պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն…

–           Եթե խոսքը կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված մարդկանց բնավորությունների մասին է, ապա իհարկե, պատահականություններ հնարավոր են: Մյուս կողմից` մարդիկ հակված են նկատելու և հիշելու միայն համընկնումները, իսկ դրանց խախտումները, որպես կանոն, մոռացվում են: Արդյունքում ստացվում է, որ աստղագուշակները կարծես բավական լավ էին գուշակել ապագան:

–        Շուտով Ամանոր է և 2014 թվականը «հյուընկալվելու» է յուրաքանչյուրիս տանը: Ե՞րբ ենք ստույգ ներխուժելու այդ տարեթիվ:

–           Տարին Երկրի մեկ պտույտն է Արեգակի շուրջ: Թե որ կետից այն կհաշվարկվի և ինչը կհամարվի տարվա սկիզբ, լիովին պայմանականություն է և տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել: Այժմ մենք կիրառում ենք այսպես կոչված նոր կամ գրիգորյան տոմարը, որը բավական լավ է նկարագրում Արեգակի շուրջ Երկրի պտույտի իրական տևողությունը: Մոլորակների և երկնային մյուս մարմիններից շատերի շարժումները պարբերական բնույթ ունեն և անընդհատ կրկնվում են: Երկրագունդն իրականում միլիարդավոր պտույտներ է կատարել Արեգակի շուրջ և տարատեսակ տոմարների գոյությունն ունի ոչ թե աստղագիտական, այլ պատմական հիմքեր: Դրանցից մեկն է հենց մեր տոմարը` Քրիստոսի ծնունդից հաշվարկը, ըստ որի՝ այդ պահից անցել է 2014 տարի:

–        Տոնական սեղանն առատ է և գրեթե անհնար է քաղցած վեր կենալ: Ինչպե՞ս կարելի է սնվել տվյալ ժամանակահատվածում, որպեսզի չվնասենք առողջությունը:

–           Տվյալ ժամանակահատվածը զուտ պայմանական է, հետևաբար Նոր Տարին ոչ մի կապ չպետք է ունենա սննդակարգի հետ: Այստեղ ավելի շատ պետք է գործեն եղանակային ազդեցությունները: Պարզապես, ձմռանը գործում են սնվելու որոշակի առանձնահատկություններ, ինչի մասին շատ ավելի մանրամասն կբացատրեն համապատասխան մասնագետները: Բոլորովին չեմ արդարացնում մարդկանց, հատկապես հայերի ճոխ սնվելու մոլուցքը, պարզապես անհեթեթություն է:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 Անկախ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ. Առասպե՞լ, թե՞ իրականություն

Գրիգոր-Լուսավորիչը-մկրտում-է-Տրդատ-Արգային1Համաձայն Մովսես Խորենացու` դեռ Տրդատ Գ արքայից շատ առաջ` I դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորի օրոք հայերը քրիստոնեություն են ընդունել: Պատմաբանները, մեկնաբանելով Խորենացու հաղորդումը, նրա մեջբերումներն ավանդապատում են համարել: Չնայած պատմությանը հայտնի է Եդեսիայում Աբգար անունով քրիստոնյա թագավոր (Աբգար 9-րդ, 179 – 214), սակայն այս Աբգարն ապրել է Հիսուսի մահից շատ անց, և Խորենացու հաղորդումը նրան չէր կարող վերաբերել:

Քերթողահոր մեջբերումը կարող է վերաբերել թերևս Եդեսիայի Աբգար 5-րդ Ուքամ (Սև) թագավորին, որ ապրել ու թագավորել է I դարում:

Վաղնջական ժամանակներից հյուսիսային Միջագետքը եղել է հայաբնակ և հայոց քաղաքական ոլորտում: Այն սկզբնաղբյուրներում հայտնի է Միջագետք հայոց անվամբ, որի կենտրոնական գավառն էր Արվաստանը` Մծբին կենտրոնով: Այստեղ դեռ մ.թ.ա. III դարից իշխում էր հայ Երվանդունիներից սերված Աբգարյանների տոհմը:

Համաձայն Խորենացու` Աբգար թագավորը այցելում է իր ազգակից պարթև Արշակունիներին և այնտեղ ծանր հիվանդանում: Չկարողանալով բուժվել` թագավորը որոշում է դիմել Պաղեստինում քարոզող Հիսուսին: Համաձայն ավանդույթի` Աբգարը Հիսուսի մասին լսել էր Աղձնիքի բդեշխից և Ապահունյաց նահապետից: Նրանցից լսելով Հիսուսի գործերի մասին`  արքան ասում է. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն աստված»:

Ապա Աբգար արքան նամակ է ուղարկում Հիսուսին. «Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով  առանց դեղերի ու արմատների… Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքում դրեցի այս երկուսից մեկը.  կա՛մ դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, այս բաներն անում ես, կա՛մ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզնից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել: Բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է…»:

Աբգարի սուրհանդակները Աբգարի նամակը Անդրեաս և Փիլիպոս առաքյալների միջոցով հանձնում են Հիսուսին:

Խորենացին մեջբերում է նաև Հիսուսի խոսքը Աբգարին, որ նրա հանձնարարականով գրի է առել Թովմաս առաքյալը. «Երանի նրանց, ովքեր ինձ հավատում են, ինձ տեսած չլինելով… Իսկ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ: Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ… Քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին…»:

Հիսուսը Աբգարի սուրհանդակ Անանի հետ պատասխան նամակի հետ ուղարկում է նաև իր պատկերը:

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները:

Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք է գործում անգամ հայոց արքունիք, թագավորական ընտանիք և ազնվականության դասը:

Բագրատունի իշխաններն ավանդաբար քրիստոնեության դրոշակակիրներն էին (հավանաբար այդ է պատճառը, որ հետագայում քերթողահայր Խորենացին նրանց հրեական ծագում է վերագրել):

II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը:

III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):

Ավանդույթը պատմում է Տրդատի` քրիստոնյաներին հալածելու, Գրիգոր Պարթևին բանտարկելու, արքայի այլակերպության և նրա քրիստոնեական դարձի մասին:

Իրականում, քրիստոնեության ընդունումը որևէ աղերս չէր կարող ունենալ նշված ավանդույթի հետ: Այն ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: Մինչ 301 թվականն էլ քրիստոնեությունը Հայաստանում առկա էր և պետության կողմից այն ուժեղ հալածանքի չէր ենթարկվել: Վկան` Հայաստանի տարածքում գործած քրիստոնեական համայնքները, Դարանաղում, Դերջանում, այլուր հաստատված եպիսկոպոսությունները:

II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական կացության նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը: Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերը, հասարակական հարաբերությունները: Այս համապատկերում էլ Հայաստանի ավատատիրական էլիտան նոր կրոնի մեջ տեսնում էր իր շահերի պաշտպանին ու հենարանին:

Իսկ հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու հետ: Գրիգոր Պարթև. ո՞վ էր նա:

226 թ. Հայաստանի հարևան և բարեկամ երկրում ռազմական հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է, սպանվում է Արտավան Ե արքան, և գահ է բարձրանում Արտաշիր Պապականը` հիմք դնելով Սասանյանների հարստությանը:

Բնականաբար, այս հեղաշրջումը չէր կարող անարձագանք մնալ Հայաստանում, որտեղ իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյան Պարսկաստանին և երկար տարիներ ավերածությունների ենթարկում Իրանը:

Միաժամանակ Սասանյանների դեմ պատերազմ են սկսում Միջին Ասիայի քուշանները, Մազքութաց Արշակունիները:

Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը: Խոսրովը երկու պատճառ ուներ Անանկին ընդունելու համար: Նախ` Շապուհի «թշնամին» էր, ապա` Սուրենյան Պահլավի տոհմը ազգակից էր Արշակունիներին:

Եվ Անանկ ստահակը կատարում է իր սև գործը. երեք տարի հայոց արքայի հյուրընկալությունը վայելելուց հետո նա դավադրաբար սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները, բնականաբար, ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին ստնտուները փախցնում են արտասահման: Ահա այս Գրիգոր Պարթևն է, որ հայոց աշխարհում շատ խառնակությունների և դարակազմիկ իրադարձությունների պատճառը պիտի դառնար:

Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկուց նա քրիստոնյա համայնքի մեջ էր, իսկ երբ չափահաս դարձավ, Դավիթ անունով մի հավատացյալ (հավանաբար հրեա) նրան պսակեց իր Մարիամ անունով դստեր հետ: Սակայն երեք տարի անց Գրիգորը լքում է կնոջն ու ընտանիքը և գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ III-ի արքունիքում: Հավանաբար Գրիգոր Պարթևի Հայաստան գալու բուն նպատակը հենց քրիստոնեություն քարոզելն էր, այլապես քիչ հավանական է, որ նա իր կյանքը վտանգի ենթարկեր` Տրդատի արքունիք գալով: Ամեն դեպքում, նախնական շրջանում նա ծպտված էր հանդես գալիս, և ոչ ոք չգիտեր, որ նա Անանկ ստահակի որդին է:

Սակայն հայկական ավանդույթը պատմում է, որ Անահիտ աստվածուհու Երիզայում գտնվող սրբավայրում ծիսակատարության ժամանակ Տրդատ արքան հրամայում է Գրիգորին, որ երկրպագի աստվածուհուն: Գրիգորը հրաժարվում է կատարել հրամանը, և ահա պարզվում է Գրիգորի ոչ միայն քրիստոնյա լինելը, այլև` ծագումը:

Երբ զայրացած արքան հարցաքննում է Գրիգորին, վերջինս իրեն ավելի անսանձ ու անպարկեշտ է պահում` արքային անվանելով «ապուշ, ձի, ջորի» , «մտքով եզից ու էշից պակասամիտ»:

Տրդատ արքան ստիպված էր տանջանքների ենթարկել ամբարտավանին և նետել Խոր Վիրապ կոչվող արքայական զնդանը: Համաձայն առասպելի` Գրիգորն այս զնդանում մնաց 13 տարի: Նույն առասպելը պատմում է, որ մի կին, երազում հրաման ստանալով, ամեն օր մեկ նկանակ է նետում, որպեսզի բանտարկյալը կարողանա ուտել և գոյատևել: Սա, իհարկե, միայն առասպել է: Ոչ մի կին չէր կարող անգամ մոտենալ արքայական զնդանին, ուր մնաց` այնտեղ հաց նետեր:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Սոճի

1525R-52971Սոճին ապրում է միջինում 350 տարի` հասնելով 35-ից 75 մետր բարձրության, բայց նրանց մեջ կան երկարակյացներ: Օրինակ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում քիստոտ սոճին   (Pinus aristata) ապրում է  մինչև  6000 տարի և երևի  աշխարհի  ամերնաերկարակյաց ծառն է:

Բացի այդ , սոճին  տարբերվում է  իր  թեփուկանման  կեղևով և հզոր արմատներով, որոնք ուղղահայաց  խորը խրվում են հողի մեջ և իրենց կողքի արմատները  լայնորեն  տարածում: Դրա շնորհիվ   սոճու արմատներըի կառուցվածքը  կարելի է անվանել անտառի  սկիզբ, քանի որ նա կարող է աճել  տարբեր տեղերում` փշատերև անտառում, ավազում, լեռների վրա  և անդունդի եզրին: Սոճու շատ տեսակներ չեն վախենում ոչ  ձնից, ոչ սառնամանիքից, ոչ երաշտից և ոչ էլ քամիներից: Բայց այդ գեղեցիկ   փշատերև ծառը  իր հարթ և բարակ  ցողունով  շատ զգայուն է  փոշով և գազերով կեղտոտված օդի նկատմամբ, ինչը  սահմանափակում է  նրանով քաղաքները կանաչապատելու հնարավորությունը :

Հիմնականում սոճին տարածված է սառը և բարեխառն կլիմա ունեցող հյուսիսային կիսագնդում, որտեղ  նա ձևավորում է անտառներ և բացատներ լավ դրենաժով հողերի և  լեռնոտ թեքությունների վրա: Երևի  սոճիների բնակության վայրի շնորհիվ է բույսի  անունը «pinus» դրվել, որ լատիներեն նշանակում է  «լեռների վրա աճող»:

Բարեխառն գոտիներում ընդամենը հաշվում են սոճու 100 տեսակ  և ավելի քան 20 տեսակ` արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, որոնցից շատերը օգտագործում են տնամերձերի կանաչապատման, լանդշաֆտների կառուցման ժամանակ: Այդ դեպքում սոճու որոշ տեսակներ գնահատվում են  իրենց գեղեցիկ պսակի  և բազմազան կառուցվածքների համար, իսկ ուրիշները փշատերևի  բուրմունքի և գեղեցիկ կոների համար:

Դեկորատիվ այգեգործության մեջ հաճախակի օգտագործում են սիբիրյան սոճին  (Pinus sibirica), Վեյմուտովի սոճին (Pinus strobus), ռումելյան սոճին (Pinus рейсе), Բանկսի սոճին (Pinus banksiana) և սոճու փռվածքը (Pinus mugo var. mughus)` Ալպերից, որը ձևավորում է ցածր թփանման բուսականություն: Ղրիմի սարերում  և  Սև ծովի  հյուսիսային ափերին  հաճախ հանդիպում է Պալլասի սոճին կամ  ղրիմյանը  (Pinus Pallasiana), դա 30 մետրանոց ծառ է , որը իր երկար և մուգ կանաչ փշերի շնորհիվ  շատ դեկորատիվ տեսք ունի: Այդ  տեսակը  հրաշալի է  օգտագործվում հարավային այգեգործության մեջ  տնամերձների ձևավորման  ժամանակ:

(Pinus silvestris)Ռուսաստանում  ամենատարածվածը  սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda)  և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է : Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում  Վեյմուտովի սոճին (Pinus strobus) , դեղին սոճին (Pinus ponderosa) և խեժոտ սոճին (Pinus resinosa):  Ավելի քիչ  հայտնի տեսակներից են  եռափուշ Սաբինա սոճին (Pinus sabiniana) ` Կալիֆորնիայից, որն ունի   15-25սմ երկարությամբ և արտահայտիչ ոտքեր ունեցող կոներ,  և  Օրեգոնի  հարավ արևմուտքից ու Կալիֆորնիայից  բարակ սոճին (Pinus attenuata) իր երկու կարճ հաստ ասեղներով  և մանր,  ծուռտիկ կոներով, որոնք տարիներով չեն բացվում:  Ճապոնիայում  սոճու հիմնական տեսակներն են Տուբերգի սոճին  (Pinus thunbergii) և խտածաղիկ սոճին (Pinus densiflora), որոնք  հաճախ կիրառում են բոնսայիների համար (գաճաճ  բույսեր աճեցնելու արվեստ):

Որոշ սոճիների պտուղները արժեքավոր ընկուզեղեն են և ուտելի: Իսկ սերմերը հարուստ են յուղով: Օրինակ Միջերկրականի սոճիներից ամենաօրիգինալը իր տեսքով իտալականն է կամ Պինեան (Pinus pinea), որը նույնպես արժեքավոր  ուտվող պինոլա ընկույզ տվող ծառ է : Նաև  մեծ, համեղ և օգտակար ընկույզ է տալիս Ժերարդա սոճին, այն աճում է Հիմալայներում, և մայրի  սոճիները (մայրու փռվածք, սիբիրյան մայրի,մանչժունյան մայրի), որոնք  հսկայական  տարածություն են զբաղեցնում  Ռուսաստանի հյուսիս արևելքում: Սոճիների որոշ տեսակներ  վերանում են և այդ պատճառով հայտնվել են կարմիր գրքում: Դրանք են  Պիցունդայի սոճին  (Pinus pithyusa), կավճյա սոճին (Pinus sylvestris)   և մի քանի ուրիշ  տեսակներ:

(Pinus pithyusa)Պետք չէ թերագնահատել այն օգուտը, որ այս բույսը տալիս է մարդուն: Միասեռ փափուկ սոճու փայտը հրաշալի մշակվում է , սոսնձվում, փայլեցվում  և ներկվում, այդ պատճառով նա անփոխարինելի շինանյութ է :

Լինելով դեկորատիվ փայտատեսակ , սոճին լայնորեն բազմացվում է շատ երկրներում և ունի տարբեր տեսակներ:

Դիտվել է 1919 անգամ:

Շախմատի և նարդու առաջացման պատմությունը

նարդիՇախմատն ու նարդին հայերի ամենասիրած խաղերն են: Պատմական վկայությունները փաստում են, որ հայերը շախմատով ու նարդիով հրապուրվել են դեռ միջնադարից: Այս խաղերը, սակայն, հայկական ծագում չունեն:

Շախմատը ծագում է Հնդկաստանից: Շախմատ բառը պարսկերեն է և նշանակում է մահ արքային: Միջնադարյան Հայաստանում խաղը հայտնի էր ճատրակ անունով, որ առաջացել է սանսկրիտ չատուրանջայից և նշանակում է քառակողմ:

Նարդին ամենազանգվածային խաղն է Հայաստանում և տարածված է ոչ միայն տղամարդկանց, այլև` կանանց շրջանում: Եվ լավ նարդի խաղալը հաճախ սնափառության և պարծանքի տեղիք է տալիս:

Շախմատի և նարդու մասին միջնադարյան աղբյուրները հաճախ են հիշատակում: Հայտնի, նաև հավաստի աղբյուր է X դարի պարսիկ անվանի բանաստեղծ Ֆիրդուսու գլուխգործոցը` «Շահնամեն»: Ըստ Ֆիրդուսու մատյանի` շախմատը ստեղծել է Հնդկաստանի թագավոր Գովը, որպեսզի դրանով սփոփի վիշտ ապրող իր մորը: Արքայի մայրը, հրապուրվելով խաղով, մոռանում է իր վիշտը:

Ավանդույթի համաձայն` Հնդկաստանի արքան պարսիկների բանականությունն ու իմաստությունը ստուգելու համար մեծ պատվիրակություն է ուղարկում Իրան, պատվիրակության հետ բազում ակնեղեն և գանձեր, ինչպես նաև` մի շախմատ: Պարսից շահին գրած նամակում Հնդկաստանի արքան ասում է. «Քանզի դուք շահնշահ եք կոչվում և բոլորիս արքան եք, ուստիև հարկ է, որ ձեր իմաստուններն էլ մերոնցից առավել իմաստուն լինեն, հետևաբար, եթե այս շախմատի իմաստը չբացահայտեք, պետք է հարկ ուղարկեք ինձ»:

Շահնշահը հավաքում է Իրանի բոլոր իմաստուններին, որոնք ամբողջ երեք օր խորհում են և չեն կարողանում բացատրել շախմատի իմաստը: Երբ Իրանի շահը հուսահատության մեջ է ընկնում, նրա մեծ վեզիր Բոխտակը ոտքի է կանգնում և ասում. «Թագավորն ապրած կենա, ես մինչ այժմ այս խաղի իմաստը չեմ բացահայտել, որ ձերդ մեծությունը իմանա` ես եմ Իրանի ամենաիմաստուն մարդը իր հպատակներից: Այժմ, երբ համոզվեցիր, որ ոչ ոք չի կարողանում բացահայտել այս խաղի գաղտնիքը, ես ինքս կբացահայտեմ և մի խաղ էլ կհորինեմ, որ ուղարկես Հնդկաստան և դրանով կարողանաս հարկ առնել հնդկաց թագավորից»:

Հաջորդ օրը արքունիքի և իմաստունների ներկայությամբ Բոխտակը հրավիրում է Հնդկաստանի դեսպանին և այսպես բացատրում շախմատի իմաստը. «Քո արքան այս խաղը ճակատամարտի նմանությամբ է հորինել: Կենտրոնում արքան է, շրջապատված իր զորավարներով և վեզիրներով: Փիղը պահակազորի հրամանատարն է, ձին` հեծյալների, զինվորը մարտի ժամանակ առաջին շարքում կանգնած զինվորներն են»: Այնուհետ Բոխտակը տասներկու անգամ խաղում է Հնդկաստանի դեսպանի հետ և  ամեն անգամ հաղթում նրան:

Հաջորդ օրը վեզիր Բոխտակը հորինում է նարդին և այն նվիրում է երկրի պահապան Սպանդարամետ աստծուն: Նա խաղի գաղտնիքը բացահայտում է շահին:

«Տախտակը  երկիրն է, իսկ նրա մեջ երեսուն քարերը` ամսվա երեսուն օրերն են: Սպիտակ քարերը խորհրդանշում են ցերեկը, սևերը` գիշերը: Զառերը խորհրդանշում են աստղերի և երկնակամարի պտույտը:

Զառի մեկ թիվը խորհրդանշում է այն, որ աստված մեկն է: Երկու թիվը խորհրդանշում է հոգեղենն ու աշխարհիկը: Երեք թիվը խորհրդանշում է միտքը, խոսքը և գործը:

Չորս թիվը խորհրդանշում է բնության չորս տարրերը` կրակը, հողը, ջուրը և օդը, ինչպես նաև երկրի չորս կողմերը` հարավը, հյուսիսը, արևելքն ու արևմուտքը:

Հինգ թիվը խորհրդանշում է հինգ լուսատուները` արև, լուսին, աստղեր, կրակ, կայծակ:

Վեց թիվը խորհրդանշում է աշխարհաստեղծումը, քանի որ աստված վեց օրում ստեղծեց աշխարհը:

Զառերի ուղղորդած քարերի պտույտը խորհրդանշում է այն, որ մարդկային հոգիները կապված են անմիջապես երկնային մարմիններին:

Երբ զառերի պտույտի հետևանքով բոլոր քարերը դուրս են գալիս, դա խորհրդանշում է, որ բոլոր մարդիկ, ի վերջո, հեռանում են երկրից…»:

Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

Վահե Անթանեսյան

Անկախ

 

Կենդանակերպի ինքնազգացողությունը 2014-ին

ձիու տարի2Վիշապի ինքնազգացողությունը (1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)

Մշտական անհանգստությունը հարազատների  առողջության համար լավ չի անդրադառնա սեփական ինքնազգացողության վրա: Խորհուրդ է տրվում գտնել հարազատների, երեխաների, սիրած մարդու և սեփական անձի մասին հոգսերի ոսկե միջինը: Հիմա կարևոր է մտերիմներին էմոցիոնալ աջակցություն ցուցաբերել, այդ դեպքում նրանք էլ նույն կերպ կպատասխանեն ձեզ:

Օձի (1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013) հետաքրքրասիրությունը միշտ չէ, որ լավ հետևանքներ է ունենում: Չարժե գնել վերջերս թողարկված դեղամիջոցներ, եթե չգիտեք, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ ձեր օրգանիզմի վրա: Հիմա փորձարարության ժամանակը չէ, եթե անգամ այդ հրաշք-դեղամիջոցի մասին կարդացել եք հեղինակավոր հանդեսներում: Զգոն եղեք, դեղամիջոցների հարցում կասկածամտությունը չի խանգարի. գովազդվող ապրանքը միշտ չէ, որ հարմար է ձեզ:

Ձիու (1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014) անհանգստությունն ու կասկածները կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեր առողջության վրա ու հանգեցնել անգամ սթրեսի: Հիշեք, որ օրգանիզմն էլ իր համբերության բաժակն ունի: Երբ զգաք, որ սթրեսի մակարդակը թույլատրելի սահմանն անցնում է, ապա խնդիրներից խուսափել չեք կարողանա: Ինչո՞ւ ձեր տագնապները չեք հնչեցնում: Ավելի լավ է խոսեք դրանց մասին, քան լռեք: Դիմեք մասնագետի կամ մտերիմ հոգու, որը կլսի ձեզ: Հիվանդությունը կանխելը շատ ավելի հեշտ է, քան բուժելը:

Այծի (1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015) ինքնազգացողությունը. դեպրեսիան, վախը կամ էլ զայրույթը սանձելու անընդունակությունը լուրջ վնաս կարող է հասցնել առողջությանը: Նման բացասական զգացումը անհրաժեշտ է վանել գլխից: Փորձեք ձեզ անհանգստացնող նյութի շուրջ խոսել  ընկերների կամ հարազատների հետ, հակառակ դեպքում հետևանքները կարող են լուրջ բնույթ ստանալ:

Կապիկ (1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016), հարազատների հանդեպ հոգատարությունն ու սերը տարբեր հասկացություններ են: Դուք կարող եք սիրել հարազատներին, սակայն դրա հետ մեկտեղ, սեփական ժամանակը հանուն նրանց չվատնել: Հիշեք, որ երբեմն բավարար է անգամ հեռախոսային մեկ զանգը կամ էլ չնախատեսված այցելությունը, որ ձեր հարազատները զգան ձեր հոգատարությունն ու սերը: Ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին ու կզարմանաք, թե որքան շոշափելի ու էական արդյունք կստացվի դրանից:

Առնետ (1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008), հիշեք, որ հոգնածությունը չի կարող նպաստել ձեր ամենացանկալի երազանքների իրականացմանը: Հակառակ դեպքում դուք վտանգում եք առողջությունը, ինչը, սովորաբար լինում է ամենաանպատեհ ժամանակ: Հանգստին ու ուժերը վերականգնելուն, ինչպես նաև ճիշտ սնվելուն  ժամանակ հատկացրեք, որպեսզի բարձր ջերմությամբ անկողնուն չգամվեք:  Հոգ տարեք ձեր առողջության մասին:

Աքլոր (1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017). հաջողություններ սպորտում. դա հիանալի է, սակայն շատ մի տանջվեք: Ցանկացած ծանրաբեռնվածության դեպքում մի մոռացեք չափի մասին: Ժամանակ հատկացրեք քնին ու սննդին: Դուք ստիպված կլինեք տարբեր խոչընդոտներ վերացնել ձեր հաջողության ճանապարհին, դրա համար պինդ առողջություն է պետք, դրական տրամադրություն ու էներգիայի մեծ լիցք: Շատ լավ կլինի, որ ձեր պարապմունքը սպորտով ծառայի այդ նպատակին:

Ցուլ (1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009). քնի պակասը կարող է հանգեցնել կենտրոնացման կորստի ու ամենօրյա հոգսերից գլուխ հանելու անընդունակության: Փորձեք խուսափել նման սցենարից ու ժամանակին նախաձեռնեք նորմալ օրակարգի համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Չպետք է ամաչել կամ էլ վախենալ մտերիմներից  օգնություն խնդրելուց, եթե զգում եք, որ չեք կարողանում ձեզ վրա ծանրացած հոգսերից գլուխ հանել:

Շուն (1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018), չի կարելի կասկածամիտ լինել հիվանդության ու յուրաքանչյուր ախտանշանի հարցում, հակառակ դեպքում երբեք չեք կարող կազդուրվել: Սկսեք վայելել կյանքը: Սա այնքան էլ հաջող ժամանակ չէ բժշկական ամսագրեր թերթելու համար, այդպիսով ավելի կխորանաք ձեր մտածմունքների մեջ:

Վագր (1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010), չափազանց յուղոտ սնունդն ու սխալ օրակարգը կարող են վնասել իմունային համակարգը: Բարեբախտաբար, երբ որոշեք լրջորեն զբաղվել բացթողումը շտկելով (ճիշտ սնունդ, կոֆեինի պարունակությամբ ըմպելիքներից հրաժարում), ապա ձեր ինքնազգացողությունը կլավանա: 2014-ին ձեր տրամադրությունը հաճախակի կփոփոխվի, երբեմն էլ անվերահսկելի կդառնա: Հնարավոր է, որ մտերիմներն այդ փոփոխությունը զգան: Մտածեք, փորձեք հասկանալ, թե ինչը կարող է նման վարքագծի պատճառ դառնալ:

Խոզ (1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019). չի կարելի չափազանց յուղոտ կամ էլ չափազանց համեմված սնունդ ընդունել, եթե մանավանդ խնդիրներ ունեք լյարդի ու մաշկի հետ կապված: Մի մոռացեք ջրի կարևորության մասին. օրական առնվազն 2 լ ջուր` առանց հավելումների: Առողջության համար օգտակար են խոտաբույսերից պատրաստված թեյերը:

Կատու(1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011), սովորեք աշխատանքային ծանր օրից հետո լավ հանգստանալ: Հակառակ դեպքում հնարավոր է` ախորժակի բացակայություն, կրծքավանդակում ցավ ու անքնություն առաջանան: Ցանկացած անհանգստության դեպքում դիմեք բժշկի ու մի հետաձգեք բուժումը: Հետևանքները կարող են ձեզ լուրջ անհանգստություն պատճառել:

 

ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ

White horse in the new yearԱմանորը հայոց դիցարանի աստվածներից է, որը հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, որ իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս: Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավելի է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը:

Հայերը երեք անգամ են նոր տարի նշել. առաջինը մարտի 21-ն է` Վահագնի ծնունդը: Դա գարնանամուտի տոն էր միաժամանակ: Վահագնի ծնունդը տոնել են բոլորը` արքայից շինական: Տոնը սկսել է արևագալին, երբ ողջ հայությունը լուսաբացն է դիմավորել տաճարների մոտ, ապա կեսօրին, երբ արևը կիզակետում է, քրմերը ծես են կատարել: Այն համայնքներում, ուր չկային տաճարներ, ծեսը կատարվել է թոնրի կամ խարույկի շուրջը: Մարտի 21-ը Վահագն հուր աստծու ծնունդն էր խորհրդանշում, որ աշխարհ եկավ, հաղթեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից:

Մյուս ամանորը  Նավասարդի 1-ն էր, որ համընկնում է օգոստոսի 11-ին: Նավասարդը խորհրդանշում է Հայոց ձորի ճակատամարտում Հայկ նահապետի տարած հաղթանակը Տիտանյան Բելի դեմ: Այն միաժամանակ հայի ինքնության ծնունդն է խորհրդանշում, քանզի Նավասարդի 1-ով հայի ինքնության և հայոց պետականության սկիզբը դրվեց:

Նավասարդը նշվել է պետականորեն: Այդ օրը Նպատ լեռան լանջին են հավաքվել հայոց ավագանին, զորքը, քրմական դասը, ազնվազարմ ու շինական: Տոնակատարությունն ուղեկցվել է Նավասարդյան խաղերով, որոնք ուղղված էին Վահագն աստծու փառաբանմանը: Նավասարդյան խաղերին մասնակցել են բոլորը` առանց դասային սահմանափակման: Այն հայոց մեջ ամենասիրված տոնն էր համարվում: Տոնն ուղեկցվել է խրախճանքներով:

Եվ, վերջապես, XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարային բարեփոխումների արդյունքում ամանորը սկսեցինք նշել հունվարի 1-ին: Քանի որ այն Սուրբ ծննդի տոնին է նախորդում, համաձայն եկեղեցական օրացույցի` նոր տարին պահուց է: Սա ինչ խոսք, որպես այդպիսին, չի ընկալվում մինչ օրս, և հայերն ամանորյա սեղանները ճոխ են զարդարում` համադամ ուտեստներով լի:

Հայոց սրբազան տոմարի համաձայն` տարին բաժանված էր 12 ամիսների, յուրաքանչյուր ամիս ուներ 30 օր:  Ինչպես նաև կար հավելյալ ամիս` Ավելյաց օրեր, որ բաղկացած էր 5 կամ 6 օրից:

Տարվա ամիսներն էին` Արեգ, Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց,Մեհեկան, Մարգաց, Հրոտից:

Օրերի անուններն են` Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեզ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրօն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար:

Տեսնում ենք` օրանունները նվիրված են հայոց աստվածներին, արքաներին, հայոց սրբազան լեռներին:

Հունվարի 1-ը համապատասխանում է Մեհեկան ամսվա Մասիս օրվան:

Սա` հայոց սրբազան տոմարով: Իսկ համաձայն չինական օրացույցի` 2014 թվականը Ձիու տարի է:

Ձիու տարին մեր բազմահազարամյա պատմության ընթացքում աչքի է ընկել մի շարք կարևորագույն իրադարձություններով:

Ձիու տարում` մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա արքան կառուցեց Էրեբունի ամրոցը` Երևան-Արիավանը:

Սակայն Ձին միշտ չէ որ հաջողություն է բերել հայերին:

Ձիու տարին` մ.թ.ա. 590 թ. կործանվեց Վանի Արարատյան թագավորությունը: Ռուսա Երրորդը նրա վերջին արքան էր, որի սպանությունից հետո այս պետությունը սոսկ հիշողություն և պատմություն դարձավ:

Բայց, թագավորը մեռավ, կեցցե թագավորը. Ձիու տարին` 370 թ. գահ բարձրացավ  հայոց պատմության հզորագույն գահակալներից մեկը` Պապ թագավորը: Ափսոս, շնորհաշատ ու արի երիտասարդ գահակալը կարճ կյանք ու թագավորություն ունեցավ: Նա դավերի զոհ գնաց: Հետևաբար 2014 թ. գահ բարձրացողները, պաշտոն ստացողները գուցե մտորելու տեղիք ունեն:

Եթե չինական Ձիուն հեծած ճամփորդենք Հայոց պատմության ուղիներով, մեզ անհանգիստ տարի է սպասում, քանզի հենց Ձիու տարում` 850 թ. Հայաստանում հակաարաբական հզոր ապստամբություն ծագեց: Ճիշտ է, ապստամբությունը ճնշելու համար Հայաստան արշավեց ազգությամբ թուրք Բուղան, բայց խայտառակ պարտություն կրեց և փախավ մեր երկրից:

Ձիու տարում` 862 թ. հայոց իշխանաց իշխան դարձավ Աշոտ Ա Բագրատունին, որ հետագայում անկախացրեց Հայաստանն ու հիմքը դրեց Բագրատունիների թագավորության:

Ձիու տարին բարեբեր էր ևս մեկ Բագրատունու` Աշոտ Բ Երկաթի համար, որ 922 թ. արաբական խալիֆի կողմից ճանաչվեց արքայից արքա` շահնշահ հայոց:

Ձիու տարին` 1042 թ. գահ բարձրացավ նաև Բագրատունյաց վերջին գահակալը` Գագիկ Բ Կրտսերը:

Չինական ձիեր հեծած սելջուկ-թուրքերը 1054 թ. արշավեցին Հայաստանի վրա, սակայն Կարսի տակ Թաթուլ Վանանդեցի հայոց զորավարը սոսկալի ջարդ տվեց նրանց: Սա լավ կանխանշան է:

1186 թ. Զաքարե Զաքարյանն ու իր եղբայր Իվանեն առանձնակի շնորհների արժանացան Վրաստանում և իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ իշխանությունը:

1222 թվականը ծանր էր հայության համար: Մոնղոլական հետախուզական արշավանքը կազմալուծեց հայոց բանակն ու ցնցեց Զաքարյանների պետության հիմքերը:

Ձիու տարի էր նաև բախտորոշ 1918 թվականը Մայիսյան հերոսամարտերով, Հայաստանի առաջին հանրապետության ծնունդով:

Եվ, վերջապես, Ձիու տարում` 1990 թ. ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրն ու սկսվեց ՀՀ անկախության գործընթացը:

Ուրեմն եկեք լավ տրամադրությամբ սկսենք չինական Ձիու տարին ու լավ տրամադրությամբ ավարտենք:

Բարի Ամանոր:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

 

 

Հանրապետության ճանաչված մարդիկ էլ են սպասում Ձմեռ պապին…

Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը (Ք.ա. 46 թ.), իսկ Նոր տարվա տոնակատարությունները սկիզբ են առել Բաբելոնում Քրիստոսից 4 հազ. տարի առաջ: Հին հայերը Նոր տարին նշել են օգոստոսի 11-ին, որը համընկնում էր Ք.ա. 2492 թ. Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան: Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, ապա Քրիստոնեության ընդունումից հետո, եվրոպական բանահյուսության մեջ, այդ  կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս Սուրբ Նիկողայոսի (270-345 թթ.) վարքին, որը, ըստ ավանդության, օգնում էր չունևորներին: Ժամանակի ընթացքում  այն փոխվել ու վերածվել է երեխաների ամենասպասված հյուրի:

Իսկ մեր հանրապետության ճանաչված մարդիկ ի՞նչ են ցանկանում`  2014 թվականին բերի Ձմեռ պապը: Հարցրինք նրանց:

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյան

Areg M.Անձամբ ինձ շատ բան չեմ ցանկանում՝ աշխատել ու նոր արդյունքների հասնել Տիեզերքի ուսումնասիրության բնագավառում, քանի որ դա է իմ կոչումը և կյանքի հետաքրքրությունը: Մարդկությանը և հատկապես հայությանը կցանկանայի նախ և առաջ խաղաղություն և բարեկեցություն: Շատ կուզենայի, որ հայերը վերագտնեին իրենց նախկին դրական արժանիքները և ոչ թե այդքան շատ կարևորեին նյութականն ու գործնականը: Ցանկանում եմ՝ առաջին տեղում լինեն հոգևոր արժեքները` ազնվությունը, բարոյականությունը, ստեղծագործականը, գեղեցիկը…

 Թարգմանիչ, իրավաբան Իգոր Անիսիմով

Ամենագեղեցիկ և դրական տոնն Ամանորն է: Եվ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես ունեմ երազանքներ: Կարծում եմ՝ բոլոր երազանքներն իրականանում են, եթե շատ ես ցանկանում: Թերևս առողջությունն ամենակարևորն է, առանց որի չես կարող լիաթոք ուրախանալ և վայելել իրագործված երազանքներդ: Ուստի իմ սիրելիներին և համայն աշխարհին ցանկանում եմ առողջություն և շատ երջանիկ պահեր, թեպետ երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր է: Ոմանց համար այն նյութականն է, այլոց համար՝ սերն ու առողջությունը: Ինձ համար երջանկությունն այդ բոլորը միասին է:

 Կինովավերագրող, ռեժիսոր Էդուարդ Համբարձումյան

Կցանկանայի, որ 2014 թվականը ոչ թե բերի, այլ տանի: Տանի այն բաժանումը, որը կա և՛ իմ, և՛ մեր հայության միջև, որը, ավաղ, սկսում է վերածվել մշտական կարոտի, քանի որ հնարավորություն չեմ ունենում երկար ժամանակ անցկացնել տանը` Երևանում: Թող որ 2014-ը տանի այդ կարոտի զգացումն ինձնից և հայաստանաբնակ հայերից, որոնց հարազատներից շատերը, ցավոք, նույնպես բնակություն են  հաստատել հայրենիքից դուրս: Թող որ 2014 թվականին հնարավորություն ունենանք միասին լինելու և, այո, միասնական: Իրականում մենք` հայերս, բարի ժողովուրդ ենք, դրանից էլ հաճախ ուրիշներին թվում է, թե միամիտ ենք: Արիությունն ու սերը մեզ կարող են միավորել: Ամրությո՛ւն մեզ բոլորիս: Կարծում եմ` դրա կարիքը հայերս շատ ունենք:

 Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դասախոս Արթուր Աթանեսյան

Arthur Atanesian2014 թվականը, իբրև տարեթիվ, հիշեցնում է 100 տարի առաջ սկսված Առաջին Համաշխարհային պատերազմը, որի հետևանքով էապես փոխվեց Եվրասիայի քաղաքական քարտեզը, փոխվեց եվրոպական պետությունների ռազմաքաղաքական և տնտեսական վիճակը, վերացավ ցարական Ռուսաստանը, նորաստեղծ Խորհրդային Միությունն իր մեջ առավ այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այժմ այդ բոլոր տերություններն ու քաղաքական իրողությունները պատմության գիրկն են անցել, բայց մարդկությունը դեռ շարունակում է մտածել ռազմաքաղաքական բախումների հրահրման տերմինաբանությամբ: Գալիք տարի լրանում է Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, մեկ տարի հետո, 2015-ին` Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված առաջին ամենածավալուն ցեղասպանությունը: Այսօր Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելով` Եվրոպայում իր ներկայությունն ու իր խաղի կանոնները կիրառելու պահին է սպասում: Ինչ կցանկանայի գալիք տարո՞ւմ.. Որ 100 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այլևս չկրկնվեն, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր ազգ և ժողովուրդ, դիտելով համաշխարհային հակամարտությունների, սպանությունների և մահվան մասին բազում հաղորդումներ, կարդալով գրքեր և այցելելով թանգարաններ, հստակ պատկերացնի պատերազմի սարսափն ու մերժի այն, սովորի մտածել հասուն անձի պես և այլևս պատերազմ չխաղա:

Քաղաքագետ, «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դիզն

Իմ սիրած մեջբերումներից մեկն առաջնորդության վերաբերյալ է և պատկանում է Դոնալդ Հ. Մակգեննին. «Ղեկավարությունը գործողություն է, ոչ թե պաշտոն»: Ցանկանում եմ, որ 2014 թվականը լինի գործողության տարի: Թող որ կարողանանք թարմացնել մեր մեջ եղած սերը, վերահաստատենք մեր պարտավորություններն ու վերագտնենք կենսաէներգիան մեր համայնքները, շրջանները և երկրները բարելավելու համար: Թող որ 2014-ը երջանիկ և մեծ ձեռքբերումների տարի լինի:

 Հրապարակախոս, գրող Արթուր Հայրապետյան

Իմ ազգին մաղթում են առողջություն և բազում հաղթանակներ, առանց մարդկային կորուստների: Թող 2014 թվականին Աստված մեզ հեռու պահի երևույթ և աներևույթ թշնամիներից: Շնորհավոր նոր տարի:

 Ասմունքող, հաղորդավար, գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյան

հրաչուհիՈւզում եմ հոգու և մտքի առողջություն, խաղաղություն յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրա համար պետք է մի քիչ աշխատել, անընդհատ մեղավորներ չփնտրել և ամեն ինչ սեփական անձի ներսում փորձել կարգավորել: Եթե քո մեջ ներդաշնակության հասնես, ամեն ինչ իր տեղը կընկնի: Տարիների հետ հասկանում եմ, թե ինչքան կարևոր է առողջ լինելը: Մեկ էլ այնքա՜ն հաճելի է, երբ  հաջողությունը ժպտում է:

Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ  սեքսալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյան

Եթե անկեղծ, ապա կուզենայի, որ 2014 թվականին երրորդ երեխաս տղա լիներ: Հայությանն էլ ցանականում եմ առողջ ընտանիքներ, միջանձնային լիակատար հարաբերություններ՝ իր բոլոր ասպեկտներով, երեխաների ճիչ բոլոր ընտանիքներում: Առողջ ընտանիք, առողջ պետություն:

 Միջազգային սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնթերոլոգ Վարդանուշ Պետրոսյան

Իմ ցանկությունները գաղտնի եմ պահում, թղթի վրա գրում և այդպես թողնում մինչև իրագործվելը: Իսկ ընդհանրապես ուզում եմ, որ մեր երկիրը բարգավաճի, լուսավորվի, յուրաքանչյուր մարդ իր տեղում և սրտացավ լինի: Այդպես ամեն ինչ լավ կլինի:

Իհարկե ամեն ինչ լավ կլինի, եթե մանավանդ Ամանորի տոնածառը չպակասի մեր տնից և զարդարվի մեծ սիրով ու ապագայի նկատմամբ հույսով: Չէ՞ որ, ի վերջո, բոլորս, լինենք մասնագետ, թե ոչ, մեծ երեխաներ ենք և ցանկանում ենք նվերներ ստանալ: Ուրեմն եկեք մի պահ մոռանանք անցած գժտություններն ու տխուր պահերը և երազանք պահենք: 2014 թվականը անպայման կկատարի այն:

Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Ելենա Չոբանյան

Անկախ

Ձին` երազանքների և սիրո տարի. Նոր տարին` նոր ձեռքբերումներով

2013- ը  ոմանց համար ձեռբերումների տարի էր,  շատերի համար էլ` ոչ այնքան: Նրանք, ովքեր չհասցրին իրականացված տեսնել իրենց նպատակներն ու նախաձեռնությունները, ակնկալում են դրանք իրագործված տեսնել գալիք տարում: Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց համար տարին բարենպաստ էր: Նրանցից մի քանիսն այս տարի ստեղծագործական հաջողություններ ունեցան, հանդես եկան նոր անակնկալներով, իսկ ոմանք գտան իրենց երկրորդ կեսին և դասավորեցին անձնական կյանքը: Մի քանի երգիչ-երգչուհիներ և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ խոսեցին մեզ հետ այս տարվա ընթացքում ունեցած հաջողությունների, ակնկալիքների, ինչպես նաև` ամանորյա ծրագրերի մասին: Հետաքրքիր էր իմանալ, թե որքանով են նրանք կարևորություն տալիս տարվա կենդանակերպին, հետևում աստղագուշակների խորհուրդներին և ինչպես են սովորաբար դիմավորում ամանորը:

Հռիփսիմե Ելինյան

Hripsime Yntanik2013 թվականը բավականին բեղուն տարի էր: Նշեմ, որ բացի այն, որ դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանդիսանում եմ նաև «Trio» էստրադային-վոկալ ստուդիայի ղեկավարը, և այս տարի մեր ստուդիան բավական մեծ հաջողություններ ունեցավ: Ունեցանք մեծ համերգ, որին հաջորդեցին մի շարք այլ համերգային ծրագրեր: Ես և Գրիգորը նկարահանեցինք նոր տեսահոլովակ, որը կհեռարձակվի հունվար ամսին: Ակնկալիքները բավական մեծ են,  և հուսանք, որ Փայտե ձիու տարին իր հետ կբերի ավելի մեծ հաջողություններ:

Ամանորը սովորաբար տանը չեմ դիմավորում: Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել Նոր տարին քաղաքից դուրս անցկացնելը: Քանի որ ես և ամուսինս՝ Գրիգորը, դեկտեմբերի 31-ի գիշերը լինում ենք աշխատավայրում, հազվադեպ  ենք Ամանորը դիմավորում ընտանեկան միջավայրում: Մեզ մոտ ամանորյա հանգիստը սկսվում է հունվարի 1-ից:

Երբ փոքր էի, կարևորում էի տարվա կենդանակերպը և հետևում էի աստղագուշակին: Այժմ դա համարում եմ սնահավատություն և հավատում եմ միայն Աստծուն:

Նվերների հետ կապված ինձ համար առաջնային է իմ բալիկի նվերը, նա արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին (Ձմեռ հայրիկին), Ձմեռ պապիկն էլ խոստացել է, որ անպայման կբերի նրա նվերը: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և մաղթում, որ 2014-ին մեր հայրենակիցները լինեն առողջ, իսկ երջանկությունը թակի բոլորի դռները, անկախ նրանից` տանը մարդ կա, թե ոչ:

Լայանա  (Լիանա Թևոսյան )

Layana 2Սովորաբար Ամանորը դիմավորում էի տանը` ընտանիքիս հետ, բայց վերջին երկու տարին այն դիմավորում եմ աշխատավայրում, ընտանիքս էլ` հետս: Այն անցնում է  ուրախ միջավայրում: 2013-ը ինձ համար անցումային տարի էր, քանի որ ամեն ինչ նախատեսում ենք իրականացնել գալիք տարում: Ունեմ բազում անակնկալներ հենց տարվա սկզբի համար: Ակնկալիքներս շատ շատ են գալիք տարվանից: Նվերների հարցում չեմ ուզում ինչ-որ բաներ առանձնացնել, կարևորը` կարողանում եմ ուրախացնել մտերիմներիս, հատկապես` ամուսնուս:

Կցանկանայի մարդկանց ավելի բարյացկամ տեսնել միմյանց նկատմամբ, ներողամիտ: Թող ժպիտը միշտ անպակաս լինի բոլորի դեմքից: Շնորհավոր բոլորի Ամանորը:

Գևորգ Մարտիրոսյան

gevorg martirosyan 1Շատ կուզենայի Ամանորը դիմավորել տանը` ընտանիքիս անդամների հետ, բայց չեմ կարողանում, քանի որ մենք` երգիչներս, այդ օրերին բազմապիսի հրավերքներ ենք ստանում` մասնակցելու տոնական միջոցառումների: Կարող եմ ասել, որ  այս տարի 90 տոկոսով հասցրեցինք անել այն, ինչ պլանավորել էինք այս տարվա ընթացքում: Ասում են` Ձին երազանքների, մեր լեզվով ասած` մուրազի տարի է, և բոլորս էլ սպասում ենք այդ երազանքի կատարմանը: Իսկ անակնկալների համար մի բան կարող եմ ասել` եթե այն իսկապես անակնկալ է, ուրեմն պետք է գաղտնի մնա: Բոլորին ցանկանում են, որ գալիք տարում լինեն առողջ, անհոգ ու երջանիկ, սիրեն և սիրված լինեն: Շնորհավոր Ամանոր:

Եվա

Ամանորը գրեթե միշտ անցկացնում եմ աշխատավայրում, սակայն հասցնում եմ ժամը 24:00-ին տանը լինել, այնուհետև աշխատավայր մեկնել: Կենդանակերպերի այդ նշանակությանը, անկեղծ ասած, առհասարակ չեմ հավատում, ինձ կարող են  հետաքրքրել միայն յուրաքանչյուր տարվա նորաձևությունը, գույները և այլն: Ինչքանով հասցրեցի իրականացնել ծրագրե՞րս: Ասեմ, որ գրեթե միշտ ինչ պլանավորում եմ, ստացվում է: Կարողացել եմ այս տարվա ընթացքում նկարահանել 3 տեսահոլովակ, մասնակցել եմ տարբեր համերգների, մասնավորապես` Best contemporary singer of the year միջոցառմանը: Սիրում եմ այնպիսի նվերներ մատուցել, որոնց կարիքը տվյալ մարդիկ ունեն: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ մարդիկ ավելի բարի լինեն ու կամեցող: Թող բոլորի դեմքից միշտ ժպիտն ու ուրախությունն անպակաս լինեն: Բոլորին մաղթում եմ, սեր, սեր ու էլի սեր:

Արմո (Արմո Հովեյան)

nkar armoՎերջին 5 տարիների ընթացքում, աշխատանքի բերումով տանը չեմ լինում և մասնակցում եմ տարբեր երեկույթների և միջոցառումների: Միայն առավոտյան եմ տուն վերադառնում: Սակայն այս տարի իրավիճակը փոխվել է, և Ամանորն անցկացնելու եմ ընտանիքիս հետ, քանի որ իմ ու իմ սիրելի  կնոջ առաջին նոր տարին է: Այս տարին իմ կյանքում ամենահիշարժանն էր, քանի որ գտա իմ կեսին, ընտանիք կազմեցի: Աստված լրիվ փոխեց իմ կյանքը, դարձա ճշմարիտ քրիստոնյա: Այսինքն` վերածնվեցի այս տարվա հուլիսի 16-ին: Այդ օրվանից մինչ այսօր ապրում եմ Աստծո ներկայությամբ և վայելում Աստվածային սերը, որն իշխում է իմ ընտանիքում: Ոչինչ չեմ կարող ասել գալիք օրերի մասին և որոշակի ոչ մի ակնկալիք չունեմ, պարզապես կաշխատեմ` մնացածն արդեն Աստված ինձ կտա:

Կարծում եմ` Ամանորին ես և կինս միմյանց զարմացնելու միայն մի բան ունենք. ամեն օր կնոջս սիրում եմ նախորդ օրվանից ավելի շատ, ու այդ սերն օր օրի ավելի ու ավելի է մեծանում: Երբ ինձ հաճախ հարցնում են, թե ինչից է, որ իմ ընտանիքում մի տեսակ ամեն ինչ լավ է, ես պատասխանում եմ` սերը շատ է:

Իսկ նվերների հարցում նախապատվությունը տալիս եմ Աստվածաշնչին, և կարծում եմ, որ այն ամենաթանկ և օգտակար նվերն է ցանկացած մարդու համար: Ստեղծագործական կյանքում կան մի քանի անակնկալներ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և մաղթում սեր, բայց ոչ պարզապես սեր: Այն ժամանակավոր է ու սահմանափակ; Խնդրեք Աստծուց աստվածային սեր և աստվածային իմաստություն և այն կստանանք: Երջանիկ եղեք:

 Սոնա Շահգելդյան

Թեպետ սնահավատ չեմ, բայց կարևորում եմ տարվա կենդանակերպը: 2010-ից իմ կյանքում հաջող տարիներն են թե՛ գործնական առումով, թե՛ առհասարակ: Հուսով եմ` գալիք տարին էլ ավելի բարենպաստ կլինի: Ամանորը դիմավորելու եմ և՛ աշխատավայրում, և՛ ընտանիքիս հետ, և՛ իհարկե կողքիս է լինելու նաև իմ սիրած էակը: Նվերներ իհարկե սիրում եմ ստանալ, նաև ինքս եմ նվիրում, բայց միայն ամենամոտ մադկանց: Դեռ չեմ մտածել` այս տարի ինչ եմ նվիրելու, սպասելու եմ նաև ինձ մատուցվող անակնկալներին: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում եմ, որ նախորդ տարում մնան բոլոր անցանկալի իրադարձությունները, և մարդիկ իրենց կյանքը սկսեն նոր տարվանից: Բարեմաղթելու շատ բաներ կան: Կցանկանամ, որ բոլոր մարդկանց կենսակերպը բարելավվի, անհոգ լինեն և հաջողակ: Տարին լինի երջանիկ, խաղաղ և, գումարային առումով` առատ տարի: Ես սովորաբար ինչ կամենում եմ, կատարվում է: Նույնն էլ կցանկանամ մեր հայ ժողովրդին: Թող ամեն մարդ իր սրտի չափով իրեն երջանիկ զգա: Ի դեպ, բարին եմ կամենում բոլորին, անկախ նրանից` ինչպիսին են: Շնորհավոր Ամանոր:

  Վարդան Ամիրյան

Անկախ նրանից` որ կենդանակերպի տարին է, միշտ ուրախանում եմ Նոր տարվա գալուստով և սկիզբ եմ դնում նոր ծրագրերի, նոր երազանքների: Կենդանակերպի խորհրդանիշը կարևորելը  սնահավատություն չեմ համարում, ոչ էլ պաշտամունք, որովհետև դա գիտություն է, որով զբաղվում են այդ բնագավառի մասնագետները: Ինչպես երկար տարիներ, այս Ամանորն էլ կլինի աշխատանքային: Այսինքն` ելույթներով հանդես կգանք տարբեր բեմերում: Իսկ ընտանիքս ինձ հետ է, որովհետև ելույթ ենք ունենում միասին: Ձին իմ ամենասիրելի կենդանիներից է, և սպասելիքներս միայն դրական են, հավատում եմ, որ սա կլինի հաջողությունների և սիրո տարի: Այս տարվա ձեռքբերումներից մեկը Հայ աճպարարների միության հիմնադրման միամյակն էր, որի շնորհիվ բազում հրավերներ ստացանք` մասնակցելու ամենատարբեր փառատոների: Դրանք անցկացվեցին Ուկրաինայում, Ռումինիայում, և միության անդամները մեծ հաջողություններով վերադարձան Հայաստան` բարձր պահելով մեր երկրի աճպարարների պատիվը:  Ինչ վերաբերում է նվերներին, ապա մեր ընտանիքում ընդունված է մեկս մյուսին անակնալներ մատուցելը: Ես ինչ նվիրում եմ, նվիրում եմ մեծ սիրով, որպեսզի այն միմիայն ուրախություն և երջանկություն բերի:

Մեր ամբողջ մոլորակին մաղթում եմ խաղաղություն, անսպառ սեր, իմաստություն, հավատք և համատարած բարություն: Եվս մեկ քայլով մոտենանք Աստծո առաքելությանը:

 Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյան

abelԻնչ եմ ցանկանում 2014 թվականի՞ն… Բոլորին առողջություն, ուրախություն և երջանկություն: Ինձ նույնպես առողջություն և հաջողություն, քանի որ շատ ու շատ ծրագրեր ունեմ:

Լ.Ն

Անկախ