Ի՞նչ հարցեր է քննարկել Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպման ժամանակ
Այսօր կառավարությունում ՀՀ Հանրային խորհրդի անդամները` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի պաշտոնական կայքից, ՀԽ նախագահը նշել է, որ թեև Հանրային խորհուրդը տարբեր մակարդակներում համագործակցում է կառավարության հետ, այնուամենայնիվ, նման ձևաչափով հանդիպումները նույնպես կարևոր են:
Վարչապետի հետ հանդիպմանը ՀԽ անդամներն անդրադարձել են հանրությանը հուզող մի շարք հարցերի` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության կայացման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ:
Քննարկելով Մաքսային միությանն անդամակցելու հարցը` խորհրդի անդամները հետաքրքրվել են Հայաստանի համար ստեղծվելիք նոր հնարավորությունների ու խնդիրների, երկրի զարգացման հեռանկարների մասին:
Ընդգծելով Մաքսային միությանը միանալու կարևոր բաղադրիչները, որոնք բխում են երկրի տնտեսական, անվտանգության և այլ շահերի տեսանկյունից` կողմերը միաժամանակ կարևորել են Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով հաջորդ հարցին` կապված արտագաղթի հետ, կողմերը քննարկել են դրա պատճառներն ու հետևանքները, այդ ուղղությամբ լուրջ համալիր քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Որպես արտագաղթի կանխման կարևորագույն գործոններ` առանձնացվել են աղքատության հաղթահարումը, երկրի տնտեսական զարգացումը, ապագայի տեսլականի ստեղծումը, անվստահության մթնոլորտի վերացումը, քաղաքացիական հասարակության կայացումը և այլն:
ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն անդրադարձել է Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին:
Առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ է բարձրացրել ՀԽ անդամ Արա Մինասյանը` մասնավորապես կարևորելով հանրապետությունում վիրաբույժների սակավության, որակյալ վիրաբույժների պատրաստման և հին սերնդին նոր մասնագետներով փոխարինելու հարցը:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի կողմից բարձրացվել է Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման հարցը: Նա նաև հանդես է եկել առաջարկությամբ Երևան ՋԷԿ-ի և «Նաիրիտ» ՓԲԸ-ի հենքի վրա «Հարավային արդյունաբերական հանգույց» ստեղծելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Արտուշա Ղուկասյանին հետաքրքրել է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ կրթական համակարգում գործող Բոլոնյան սկզբունքների կիրառման ընթացքի վրա դրա հնարավոր ազդեցությունը:
Հայաստանում ժամանակակից մատչելի հեռախոսակապի ծառայություն ստեղծելու հարցն է բարձրացրել ՀԽ անդամ Արշակ Սադոյանը` կարևորելով դրանում նաև աշխարհասփյուռ հայությանը մեկ համակարգի շուրջ համախմբելու և ինքնակազմակերպվելու հնարավորությունը:
ՀԽ անդամ Յուրի Ջավադյանն, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին, մասնավորապես առանձնացրել է գյուղացիական կոոպերացիաների զարգացման խնդիրները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համակողմանիորեն պատասխանել է Հանրային խորհրդի անդամների կողմից հնչեցրած հարցերին` կարևորելով դրանց բարձրաձայնումն ու հետագա համագործակցության շրջանակում համատեղ լուծումներ գտնելու հնարավորությունները:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և կառուցողական քննարկման համար և պայմանավորվածություն ձեռք բերել նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնելու ուղղությամբ:
Հանրային խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ վարչապետի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրներն ու հնարավոր մարտահրավերները:
Այդ համատեքստում, կողմերը մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես, Հայաստան-Մաքսային միություն, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով հնարավոր զարգացումների շուրջ:
Վարչապետ Սարգսյանը պատասխանել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական քաղաքականությանը, արտագաղթի խնդրին, կառավարման, արդարադատության և տարբեր բնագավառներում նախատեսվող բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության զարգացմանը ու բազմաթիվ այլ հարցերի:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական:
«Եթե շարժման դրական էներգիան ճիշտ օգտագործվեր, մենք հիմա ավելի մեծ արդյունքների հասած կլինեինք». Վազգեն Մանուկյան (տեսանյութեր)
Այսօր տեղի ունեցավ «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հերոսներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ Վազգեն Մանուկյանը:
Գրքում զետեղված է 20-ից ավելի հարցազրույց այն մարդկանց հետ, որոնք կանգնած են շարժման ակունքներում և կարևոր դերակատարում են ունեցել դրանում: «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը նկատեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին, իսկ գքում ի մի են բերված այն փաստերը, որոնք ներկայացվել են շարժման մասնակիցների կողմից` նրանց խոսքերով:
Վազգեն Մանուկյանը, խոսելով ոչ հեռու անցյալի մասին, նույնպես նշեց, որ ժամանակը շատ բան մոռացության է տվել, իսկ որ ամենացավալին է` 25 տարվա պատմությունը ոչ միշտ է ներկայացվում ճիշտ:
Մանրամասները` տեսանյութում:
Խոսելով շարժման մասին` Վազգեն Մանուկյանը նշեց, թե որոնք էին այն ազդակները, որոնք հանգեցրին զանգվածային ցույցերի: Նրա խոսքով` ղարաբաղյան շարժումը օրինակ ծառայեց մյուս ժողովուրդների համար: Մանուկյանն ընդգծեց, որ նման միասնություն ու համախմբվածություն երբևէ չէր եղել, և եթե այն դրական էներգիան, որն այդ ժամանակ կար, ճիշտ օգտագործվեր, ապա Հայաստանը հիմա շատ ավելի մեծ արդյունքների հասած կլիներ.
Մանրամասները` տեսանյութում
Վազգեն Մանուկյանը ղարաբաղյան շարժումը կարևորեց նաև այն տեսակետից, որ այն իր մեջ ատելության էներգիա չվերցրեց և ճեղք չառաջացրեց` նշելով, որ հիմա, շարունակելով պայքարել մեր երկի համար, պետք է օրինակ վերցնենք դրանից` նվազեցնելով ատելության էլեմենտները:
Մանրամասները` տեսանյութում3
Լրագրողներից մեկի հարցին, թե որն էր ամենամեծ կորուստը, որ Անկախությունից հետո ունեցանք, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ Հայաստանում առկա թերությունների արմատը ոչ ազատ և արդար ընտրություններն են: Նրա խոսքով` 1995-96 թվականներին Հայաստանը լիովին պատարստ էր արդար ընտրություններ անցկացնել, և եթե դ ատեղի ունենար, ապա ներկայիս թերությունների մեծ մասը չէր լինի:
Մանրամասները տեսանյութում`
Լրագրողներից մեկն էլ հարցրեց,թե արդյոք մենք ունեցանք այն , ինչի համար պայքարում էինք: Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ մեծ հաշվով “այո”:
Մանրամասները տեսանյութում`
«Փոստանջյանը շատ յուրօրինակ կին է». Աղվան Վարդանյան
Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն հանդես գա դատապարտող հայտարարությամբ, ասաց. «Չեմ կարծում, որ դա այն հարցն է և նա այն անձն է, որ կուսակցությունը հանդես գա հատուկ հայտարարությամբ, սակայն տեսակետներ ասվել են»:
Համենայնդեպս, Աղվան Վարդանյանը չի կարծում, որ այդ հարցն այդ տեղում տալը ճիշտ էր: Միաժամանակ Աղվան Վարդանյանը համաձայն էլ չէ, որ Փոստանջյանը «թուրք է», ընդհակառակը նա հայ կին է և շատ յուրօրինակ կին, որի տարբեր գործողությունները բոլորն առիթ են ունեցել տեսնելու:
ՀՅԴ պատգամավորը գտնում է, որ երկրի ներքին խնդիրներին վերաբերող ծանր հարցեր պետք էր տալ, բայց այդ բնույթի, անապացուցելի հարց տալ պետք չէր։
Աղվան Վարդանյանը նաև հիշեց, որ 1990-ականներին, երբ դաշնակցական տղաները բանտերում էին, և դրսից գալիս էին և փորձում նրանցից բողոք լսել, նրանք ասում էին, որ մեր ներքին խնդիրները մենք պետք է լուծենք:
Ազատամարտիկներին թոշակ նշանակելը ձեռնտու չէ պետության համար
Արդեն ինչքան ժամանակ է, ինչ ազատամարտիկները դուրս են եկել փողոց: Նրանք դուրս են եկել հացադուլով, նստացույցով, բողոքի ակցիաներով` իրենց սոցիալ–կենցաղային խնդիրների վրա մեր երկրի ղեկավարության ուշադրությունը գրավելու համար: Ընդ որում, այն ղեկավարության, որի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն իրենք էլ են պարծենում ազատամարտիկ լինելու հանգամանքով… Սակայն նույնիսկ «յուրայինների»` ղեկավար լինելու հանգամանքը չի օգնում ազատամարտիկներին, որ ոչ թե քաղաքական, տնտեսական, այլ ընդամենը սոցիալ–կենցաղային վիճակին վերաբերող պահանջները բավարարվեն:
Փող չկա, որ ազատամարտիկներին տան
Ու եթե բոլորն էլ տրամաբանական ու տեղին են համարում, որ ազատամարտիկների բարձրացրած այդ հարցերը պետք է բավարարվեն, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչու, վերջիվերջո, այդ պարզ, տրամաբանական, հասկանալի ու ընդունելի պահանջները չեն բավարարվում:
Նայենք հարցին մեկ այլ տեսանկյունից: Ազատամարտիների բարձրացրած պահանջները, հատկապես թոշակների պահանջը, առաջիկա գոնե մի քանի տարիներին չի բավարարվի: Դրա համար կան «օբյեկտիվ» թվացող պահանջներ: Դժվար չէ հասկանալ մի քանի թվերի համադրությունը: Օրինակ` թերևս ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանում քանի ազատամարտիկ կա: Համենայն դեպս, ԱԺ-ն միայն այս տարի համապատասխան օրենք ընդունեց, որով պետք է սահմանվի, թե ովքեր են ազատամարտիկ, ովքեր` պատերազմի մասնակից և այլն: Ու դրանից հետո միայն պետք է կարգավորվի ու հստակեցվի, թե քանի ազատամարտիկ կա Հայաստանում: Ողջ մնացածներին նկատի ունենք: Մի խոսքով,ոչ պաշտոնական թվերով, Հայաստանում այսօր ապրում է մոտ 50-60 հազար ազատամարտիկ, ներառյալ` եռամսյա հավաքների շրջանակներում արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցները:
Ընդունենք, թե նրանց թիվը նվազագույն է`50 հազար հոգի: Նրանց, բնականաբար, չեն նշանակի զինվորական նորմալ թոշակներ, այլ ենթադրենք` կառավարությունը կորոշի նրանց ամեն ամիս, որպես թոշակ, վճարել զինվորական նվազագույն թոշակի չափով թոշակ` 60 հազար դրամ: Այդ դեպքում կստացվի, որ միայն ազատամարտիկներին մեկ ամսում պետբյուջեից պետք է վճարվի 3 մլրդ դրամ գումար, իսկ մեկ տարում` 36 մլրդ դրամ: Դա մոտավորապես 88 մլն 235 հազար դոլար է կազմում: Հաջորդ տարվա բյուջեն, ըստ օրերս ԱԺ-ին ներկայացված բյուջեի նախագծի, կկազմի 1,15 տրլն դրամ, և կունենանք մոտ 130 մլրդ դրամի դեֆիցիտ: Այսինքն` ազատամարտիկների թոշակային բավարարումը կազմակերպելու համար պահանջվող ծախսերը բավականին լուրջ մեծություն են: Տրամաբանությունը պարզ է` փող չկա…
Բայց հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Այս մարդիկ` ազատամարտիկները, իրենց կյանքի ու արյան գնով ձեռք են բերել անկախություն, ազատագրել են տարածքներ, ու նրանց ինքնազոհությամբ ապահովել են մեր` պետություն ունենալու իրավունքը` իր բոլոր բաղադրիչներով հանդերձ: Այսինքն` այս երկիրն ինչ չափելի ու անչափելի արժեք ունի, դրա համար պարտական ենք հենց ազատամարտիկներին:
Փո՞ղ չկա, թե՞ փող գտնելու ցանկություն
Հարցին նայենք ևս մեկ կողմից: Սովորաբար երկրներն իրենց այս կամ այն կառույցի արդյունավետությունը կամ նրա գոյության անհրաժեշտությունն արդարացնելու համար այդ կառույցների ստեղծած արժեքը վերածում են չափելի մեծության` եկամտի, ու նշվում է, թե այս կամ այն կառույցը պետությանը որքան օգուտ է տվել:
Հիմա Հայաստանում ամենաբարձր վարձատրվող պետական աշխատանքներից են պատգամավորների, նախարարների, դեսպանների, դատավորների աշխատավարձերը: Օրինակ` Հայաստանն ամբողջ աշխարհում այս պահին ունի առնվազն 37 դեսպան, որոնք աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են կամ պետք է ներկայացնեն ՀՀ-ն. չհաշված միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հյուպատոսներին և այլն: Այժմ նայենք, թե ինչքան օգուտ են նրանք տվել Հայաստանին չափելի մեծությամբ: Դա անհնար է, քանի որ Հայաստանում երբեք նման հաշվարկ, վերլուծություն, հաշվետվություն չի իրականացվել: Ու եթե մի քանի դեսպաններ իրոք շատ լավ ու արդյունավետ են աշխատել, կարողացել են Հայաստանի համար ապահովել վարկեր, դրամաշնորհներ, նվիրատվություններ, ներդրումներ, կարողացել են այնպես անել, որ Հայաստանն ավելի քիչ ծախսի և այլն, ապա շատերն էլ այդքանը չեն արել: Բայց նրանք շարունակում են բարձր վարձատրվել, իսկ դիվանագիտական ծառայության վերջանալուն պես էլ կստանան բարձր թոշակներ:
Ու եթե դիվանագիտական ծառայություն անցկացնողների աշխատանքը դեռ արդարացված ու թեկուզ անտեսանելի, բայց հույժ կարևորներից է, ու եթե նրանք ֆինանսական կամ չափելի օգուտ էլ չեն տալիս երկրին, գոնե անուրանալի է, որ ինչ-որ օգուտ, այնուամենայնիվ, տալիս են, ուրեմն նայենք մեր «փառապանծ» դատական համակարգին:
Ամենավերջին` 2012 թ. տվյալներով` Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ավելանում են: ՄԻԵԴ-ը մեկը մյուսի հետևից վճիռներ է կայացնում ընդդեմ Հայաստանի: Դատավորների սխալի պատճառով պետբյուջեից մոտ կես մլն եվրո տուգանք կվճարվի: Ըստ ՄԻԵԴ-ի 2012 թ. հաշվետվության` Հայաստանից ուղարկվել է շուրջ 800 գանգատ: Մինչ օրս ընդդեմ Հայաստանի կայացվել է 42 վճիռ, որից 15-ը` միայն 2012 թ. ընթացքում: Ըստ կայացված 42 վճիռների` մեր կառավարությունը պարտավորվել է իր քաղաքացիներին վճարել, ընդհանուր առմամբ, 440 հազար եվրո տուգանք, որից 225 հազար եվրոն արդեն վճարվել է:
Իհարկե, ԱԺ-ին նոր բյուջեի նախագիծը ներկայացնելիս ԱԺ պատգամավորներին Վաչե Գաբրիելյանը հավաստիացնում էր, որ այդ միջոցները հատկացվում են արտաբյուջետային միջոցներից, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. բոլոր դեպքերում մինչ այժմ դեռ ոչ մի դատավոր սխալ վճիռ կայացնելու ու դրանով հանդերձ ՀՀ-ին ֆինանսական վնաս պատճառելու կապակցությամբ չի պատժվել: Ավելին` դատավորները, դատախազները, հանգիստ պաշտոնավարում են, հետո հանգիստ անցնում են թոշակի, հետո էլ, առավել հանգիստ, ստանում իրենց բարձր աշխատավարձին համապատասխան բարձր թոշակ:
Ստացվում է, որ անգնահատելի օգուտ տվածների հարցերը մնում են օդում, իսկ պետությանը վնաս հասցրած մարդիկ անհոգ շորունակում են օգտվել այդ նույն պետության միջոցներից: Իսկ ազատամարտիկները նստացույց են անում, հացադուլ, բողոքի ցույցեր են կազմակերպում, այնուհետև քրեական հետապնդման ենթարկվում, իսկ նրանց բարձրացրած խնդիրներն էլ մնում են օդում, հավանաբար` մինչև հաջորդ պատերազմ:
Հասկանալի է` ազատամարտիկների կենսաթոշակային հարցերը լուծելու համար պետությունը միջոցներ չունի` ի տարբերություն դիվանագետների, դատավորների ու պատգամավորների «կարիքները հոգալու» համար պահանջվող միջոցների: Բայց գոնե կարո՞ղ են լուծվել այնպիսի կոմունալ-կենցաղային հարցեր, ինչպիսիք են կոմունալ վճարների զեղչերի կիրառումը, նրանց երեխաների ուսման վարձը փոխհատուցելը, բժշկական ապահովագրությունը, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելը և այլն: Վերջին երկուսը, իհարկե, պաշտոնապես գործում են, սակայն միայն պաշտոնապես, քանի որ հասարակական տրասնպորտի այն ուղեգծերը, որոնք սպասարկում են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ազատամարտիկի վկայականին ուշադրություն չեն դարձնում, իսկ անվճար բուժօգնությունից օգտվելու համար ազատամարտիկից այնքան թղթեր, տեղեկանքներ, ջանքեր ու միջոցներ են պահանջվում, որ նույնիսկ առողջ մարդն այդ ամբողջը ապահովելու համար կհիվանդանա, իսկ բուժօգնության կարիք ունեցող ազատամարտիկը, մինչև այդ ամբողջ բյուրոկրատական քաշքշուկի միջով անցնի, արդեն ոչ թե բուժօգնության, այլ բոլորովին ուրիշ ծառայության կարիք կունենա. ցավոք սրտի` հետմահու…
Չմոռանանք, որ Հայաստանի համար պատերազմը դեռ ավարտված չէ, հիշենք, որ հիմա ընդամենը հրադադար է, որն ամեն վայրկյան կարող է խաթարվել, ու այդ դեպքում կռվող մարդկանց կարիք նորից կզգացվի…
Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում`Հոկտեմբերի 4-6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Սյունիքում սպասվում են տեղումներ, 5-6-ին լեռնային շրջաններում` թաց ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կբարձրանա 3-4, 4-ի ցերեկը և 5-8-ին կնվազի 10-12 աստիճանով:Հոկտեմբերի 4-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, 7-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.10C (1981թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.30C (1941թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 16.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «միջազգային հանրության առաջ կրկին խոստովանել է, որ նա ագրեսոր երկրի ղեկավար է և մինչև հիմա անցկացնում է տարածքային հավակնությունների քաղաքականություն հարևան երկրների հանդեպ»՝ հաղորդում է 1in.am-ը`վկայակոչելով APA գործակալությանը:
Նա նման հայտարարությամբ հանդես է եկել՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից:
Դիվանագետի խոսքերով՝ «սպառնալով Ադրբեջանին՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»:
«Հայաստանի նախագահը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը, կրկին փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը… Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելը և ամեն տեսակի արդարացումները՝ ուղղված հակամարտության կարգավորման ձգձգմանը, շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, մասնավորապես՝ Հայաստանի:
Չգիտեմ՝ ինչպես է Սարգսյանը հասկանում ժողովրդավարությունը, սակայն միանշանակորեն ժողովրդավարության նրա ընկալումները և ըմբռնումն էականորեն տարբերվում են նրանից, ինչպես այն հասկանում է միջազգային հանրությունը»,- կարծում է Աբդուլաևը:
Համաներումը կտարածվի 1300 դատապարտյալի վրա, որից շուրջ 500-ը ազատ կարձակվի
Խորհրդարանն այսօր ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:
Որոշման օգտին քվեարկեց 102 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ ձայներ չգրանցվեցին:
Համաներումն անմիջապես տարածվելու է շուրջ 1300 դատապարտյալի վրա, որից շուրջ հինգ հարյուրը կհայտնվեն ազատության մեջ:
Համաներման գործընթացը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը:
Պատժից կազատվեն մինչև 3 կամ 5 տարով դատապարտված անձիք, 60 տարին լրացած անձիք, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա խնամող անձիք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձիք վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:
Առաջարկվել էպատժի կրումից ազատել նաև Հայրենական Մեծ պատերազմի , ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցողներին, ովքեր նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն և այլն :
Առաջարկվել էր նաև պատժի չկրած մասը 6 ամսով կրճատել որոշ ծանր հանցագործությունների՝ թրաֆիկինգի, մարդկանց շահագործման, ոչ դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս հասցնելու, ՄԻԱՎ-ով այլ անձանց վարակելու համար դատապարտված անձանց պատժաչափերը:
Համաներումը չի տարածվելու ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված անձանց վրա՝ սպանություն, բռնաբարություն, մինչև 16 տարեկան անձանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարում, իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, լրտեսություն, բանդիտիզմ, ահաբեկչություն, դիվերսիա, ցեղասպանություն և այլ, մարդկության դեմ ուղղված, ծանր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա:
Եվրոպայի Խորհուրդը, Հայաստանի և Եվրոպայի գործընկերությունը և Հայաստանի խայտառակությունը` ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը
ՀՀ նախագահն ասաց այն, ինչ սպասում էինք
Երեկ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցեց ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես եկավ ելույթով ու պատասխանեց վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:
Անշուշտ նախագահի այս այցն ու ելույթը կարևոր իրադարձություն էին, ուստի թեʹ հայաստանցիները, թեʹ այլ երկրների քաղաքական ուժերը ուշի ուշով հետևում էին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի անցուդարձին: Կարևոր երկու պատճառով: Նախ` Հայաստանն առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի նախագահությունը, երկրորդ` այս իրադարձությունը չէր կարող չդիտվել վերջերս նույն Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարության համատեքստում, որով Հայաստանն ընտրություն կատարեց ոչ թե Եվրոպական գործընկերության, այլ Մաքսային միության օգտին: Բայց հենց այդ հայտարարության ժամանակ էլ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա չի նշանակում, թե խզվում է գործընկերությունը Եվրոպայի խորհրդի հետ: Ընդհակառակը: Բնական է, որ բոլորին հետաքրքրում էր, թե ինչ է ասելու նա հիմա, Խորհրդարանական վեհաժողովում: Եվ նա ասաց այն, ինչ ուզում էինք:
«Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք»,- մասնավորապես ասաց նա:
Այնուհետև համառոտ անդրադառնալով մեր անկախ պետության անցած 22-ամյա դժվարին ուղուն, նա շեշտեց, որ «անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր»:
Ընտրությունները
Թվարկելով անցած 22 տարիներին մեր ունեցած ձեռքբերումները և մանավանդ վերջին երեք ընտրությունները, նա հիշեցրեց, որ բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով: Նախագահական և խորհրդարանական ընտրությունների դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: «Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ թեʹ Խորհրդարանական վեհաժողովի, թե միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, և առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:
Նախագահն անդրադարձավ նաև մեր խնդիրներին ու առաջնահերթություններին. գործազրկություն, աղքատություն, կոռուպցիա, իրավունքի գերակայություն, հավասարություն օրենքի առջև: «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ»,- ասաց նա:
Անկախ այն հանգամանքից, արվում է դա, թե ոչ, և եթե նույնիսկ հակառակն է արվում երկրում, ցանկացած երկրի քաղաքացի ուզում է, ոի իր երկրի նախագահը նման բարձր ամբիոնից վերահաստատի այդ արժեքները: Այլ հարց է, որ վերադարձից հետո կարելի է շարունակ «կռիվ» տալ նրա հետ, հիշեցնել և պարտավորեցնել տարբեր քաղաքական ու քաղաքակիրթ միջոցներով, որ այդ ամենը սոսկ խոսք չլինի, այլ նաև գործ:
Բանախոսը հատուկ անդրադարձավ դատական ոլորտի բարեփոխումներին` հավաստիացնելով, որ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Հղում անելով Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրին` նա վստահեցրեց, որ արդյունքում ունենալու ենք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: «Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ»,- ասաց նա: Բացի այդ ընդգծեց, որ հենց ինքը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, «որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը»:
ԵՄ Արևելյան գործընկերությունը
Հավանաբար այս հարցին էին ամենից շատ սպասում բանախոսի ելույթին հետևողները: «Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու»:
Սա էինք ուզում, և ասվեց:
«Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ,- այնուհետև շարունակեց նա:- Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը»:
Ղարաբաղի հիմնախնդիրը
Բնականաբար, նախագահն անդրադառնալու էր նաև մեր հարցերի հարցին` Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: «Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: …Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ»:
Սա էլ, կարծում ենք, հաղթանակած երկրի նախագահի զուսպ ու կշռադատված խոսք է, ուստի և` ընդդիմախոսություն չընդունող:
Նախագահն իր խոսքը տպավորիչ դարձնելու համար արժանի համարեց հիշատակել երջանկահիշատակ Սոս Սարգսյանի վերջին հրապարակային խոսքը` ուղղված Ադրբեջանի մտավորականներին, «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել: Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից: Ինչո՞ւ: Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»:
Եվս մեկ անգամ հաստատելով, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները, նախագահը կարևոր համարեց թվարկել Լեռնային Ղարաբաղի ձեռքբերումներն այս ասպարեզում` հղում անելով հենց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եզրակացություններին: «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»,- ամփոփեց նա:
Ցեղասպանությունը
Բանախոսը հիշեցրեց, որ որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի ներկայացուցիչ, չի կարող չկարևորել նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը: «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում»,- ասաց նա:
Սիրիան
Անդրադառնալով Սիրայի իրավիճակին, Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ այնտեղ ունենք բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում: Ուստի Հայաստանը ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրերս ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Զարուհի Փոստանջյանը` սպասելի ու անսպասելի
Որտեղ Զարուհի Փոստանջյանը, այնտեղ սկանդալ: Միշտ էլ բոլորն էլ սպասում են նրա հերթական անակնկալին: Բայց այս անգամ նա գերազանցեց իրեն և արեց մի բան, որ ոչ ոքի մտքով չէր անցնի: Կարելի է ցանկացած մակարդակով ցանկացած հարթակ ու ամբիոն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար, բայց անել պատշաճ, քաղաքակիրթ ու կշռադատված: Բայց երբ դուրս ես գալիս բարոյականության ու քաղաքավարության սահմաններից ու հանուն տվյալ բանակռվում հաղթելու նվաստացնում ես հակառակորդիդ` ձեռքի հետ ոտնատակ տալով ժողովրդիդ արժանապատվությունն ու պետությանդ հեղինակությունը, արդեն քստմնելի բառից բացի, մտքիդ ուրիշ բան չի գալիս: Մեր տանը, մեր մեջ ամեն ինչ կարող ենք ասել, և ամենախիստ ձևով, բայց դրսում, մանավանդ երբ մեջտեղ ես բերում խոհանոցային բամբասանքի մակարդակի չստուգված աղբ, ուղղակի սահմռկեցուցիչ է: Չգիտենք` ինչ նպատակ ուներ այս պատգամավոր աղմկարար կինը, բայց ակնհայտ է, թե ինչի հասավ: Նա ընդամենը ջուր լցրեց մեր հակառակորդների ջրաղացին և վարկաբեկեց այն քաղաքական ուժը, որին ներկայացնում է: Մնում է կարեկցել այն բոլոր հայրենակիցներին, որոնք ձայն են տվել «Ժառանգություն» կուսակցությանը և այդպիսով պատգամավոր դարձրել Զարուհի Փոստանջյանին:
Հասկանում ենք, որ այս կինը քաղաքական խիզախությունն ու արդարամտությունը շփոթում է լաչառության հետ: Բայս խայտառակությունը, ինչպես տեսնում ենք, միջազգային կշիռ է սոտանում:
Շվեդիայի ֆեմինիստները պատրաստվում են համարժեք վրեժ լուծել անպատիժ մնացած բռնաբարներից
Շվեդիայում 15 տարեկան աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող 15-16 տարեկան 6 երիտասարդ դատարանի կողմից անմեղ են ճանաչվել և ազատ արձակվել՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Քաղաքացիները, դժգոհ մնալով դատարանի որոշումից, բողոքի ստորագրահավաք են կազմակերպել՝ հավաքելով մոտ 70 հազար ստորագրություն:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի անարդար որոշման դեմ անձայն չեն մնացել նաև ֆեմինիստները: Նախ նրանցից երկուսը իրենց հատուկ տեսքով հայտնվել են դատարանի դահլիճում: Անվտանգության ծառայությունը դժվարությամբ է կարողացել դուրս բերել կանանց: Բացի այդ ֆեմինիստները սոցիալական կայքերում իրենց դժգոհությունը այսպես են հայտնել. «Եթե դատարանը չպատժի բռնաբարներին, ապա մենք կպատժենք՝ նրանց բռնաբարելով»:
Սպարապետ Վազգենի օրինակին հետևելը ժամանակի հրամայականն է
Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում հերթական գժությունն է արել` նախագահ Սարգսյանին հարցրել է, թե արդյոք նա տարվել է կազինոյում 70 միլիոն եվրո, և արդյոք նա չի կարծում, որ ողջ հայ ժողովրդին չի ներկայացնում, քանի որ իշխանության է եկել արյունալի իրադարձությունների միջոցով: Րաֆֆի Հովհաննիսյանի լեգենդար զինակցուհու հերթական նոպայի առիթով կուզենայի արտահայտել մի քանի նկատառում։
Առաջին. տիկին Զարուհու արածը տարրական պրիմիտիվիզմ է, հավի ուղեղի մակարդակի, քանի որ եթե նա իսկապես ուզում էր պարզել իրեն հուզող հարցերի պատասխանն ու դրա ճշմարտացիությունը, դա կարող էր անել Երևանում, գրավոր կամ բանավոր, դիմելով թե՛ նախագահին, թե՛ նրա վարորդներին ու թիկնապահներին (որոնք տեղյակ են նախագահի ամեն քայլի մասին), թե՛ նորանշանակ գլխավոր դատախազին: Սակայն Զարուհին դա արել է Ստրասբուրգում, հետևաբար, նրան բնավ չեն հետաքրքրել իր հարցերի պատասխանները։ Նա առաջնորդվում է միայն մեկ նպատակով` սկանդալ, սկանդալ և նորից սկանդալ, ՀՀՇ լեզվով ասած` սկանդալ, սկանդալ մինչև վերջ:
Երկրորդ. չեմ կարող խոսել եվրոպացի պատգամավորների կարծիքի մասին, քանի որ չկան հրապարակված տեղեկություններ, բայց մի բան հստակ է` եվրոպացիները Րաֆֆիի Զարայի հարցից հետո հայերի մասին քիչ բան կունենան մտածելու, այդ քիչ բաներից են` հայերը ստրուկ են և համբալ, գժության հակումներ ունեն և կարող են իրենց անձնական շահի համար վերացնել հայրենիքը (ինչպես դա տեղի ունեցավ 1920թ. կամ վեց դար առաջ), հայերը հուսալի գործընկերներ չեն, և նրանց փլավին աղ չի գցվում:
Երրորդ. կատարվածը պետք է դաս լինի Մուկուչյանի և
ընտրություններով զբաղվող այլ անձանց համար, որպեսզի հաջորդ անգամ ընտրություններն այնպես կեղծեն, որ ոչ մի Զարա, ոչ մի այլ գիժ պառլամենտ չանցնի: Դա է պահանջում պետության բարձրագույն շահը, իսկ այդ շահին հասնելու համար ընդունելի են բոլոր միջոցները: Ընդհուպ մինչև խայտառակ կեղծիքներ: Հայ ժողովուրդը, որն իր մեծամասնությամբ գիժ չէ, կհասկանա Մուկուչյանի և մյուսների կատարած աշխատանքի արժեքը և չի ըմբոստանա, եթե անգամ մեկը իշխանությունից, հետևելով անմահ սպարապետ Վազգենի օրինակին, հրապարակավ ասի, թե՝ Զարա՛ ու Րաֆֆի՛, եթե 100 տոկոս էլ հավաքեք, ձեզ պառլամենտ ներս թողնող չկա, դուք արդեն վտանգավոր եք ազգի և պետության համար։
:
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Արմեն Աշոտյանն էլ է շատ ջերմ հիշում իրենց դպրոցի հավաքարարներին ու պահակներին, բայց…
Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Կառավարության որոշմամբ դպրոցի հանրակրթական հաստատություններում հսկայական թվով հաստիքների կրճատմանը: «Արդյունքում ստեղծվել է ոչ միայն նոր գործատուների բանակ, այլև լարվածություն հանրակրթական հաստատություններում: Եվ փաստացի, իրավիճակը առանձին աշխատողների՝ տնօրեններից մինչև մանկավարժներ, ստիպում է, որպեսի նրանք կատարեն այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են հավաքարարությունը, պահակությունը, դռնապանությունը և այլն: Ի՞նչ տրամաբանությամբ, նպատակով ու ակնկալիքով է իրականացել այդ գործընթացը»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, տարիներ շարունակ բոլորս հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ պետական բյուջեում դրված հաշվարկային միավորները, հաստիքներն ու դրույքները և փաստացի զբաղեցրած հաստիքներն ու դրույքներն իրար չեն համապատասխանում:
«Պետական բյուջեում ամրագրված է շուրջ 10 000 տնտեսական հաստիք, այն դեպքում, երբ փաստացի աշխատում է 18 հազար մարդ: Այսինքն, պետության կողմից տրամադրված աշխատավարձն ինչ որ կերպ կիսվում է 18 000 հոգու մեջ՝ իջեցննելով աշխատանքի արդյունավետությունն ու մոտիվացիան: Մենք ընդամենը բանաձևել ենք մոտեցում մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների համար հաստիքացանկ, 100-200 և 300-ից ավելիների համար համապատասխան հաստիքացանկ, որտեղ, ելնելով դպրոցի կարիքներից, հստակ ֆիքսել ենք, թե ինչպես ենք պատկերացնում համապատասխան դրույքների բաշխումը: Որևէ կրճատման մասին խոսք լինել չի կարող»:
Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իր ձեռքի տակ կան որոշ ցուցանիշներ, ըստ որի հաշվի առնված չէ դպրոցի տարածքը. «Պատկերացնում եք՝ 20 000 քմ տարածք ունեցող դպրոցն, օրինակ, ունենա 2 հավաքարար: Դա ոչ միայն ֆիզիկապես հնարավոր չէ անել, այլ եթե ուսուցիչներն էլ սկսեն հավաքարարություն անել, էլի չեն կարողանա»:
Արծվիկ Մինասյանը նաև հարցրեց, թե ինչու այս քայլերը ձեռնարկվեցին հենց այսօր՝ սոցիալական այս լարված վիճակում, երբ աշխատանք գտնելը չափազանց բարդ է:
«Ամենևին պարտադիր չէ, ր այդ բարեփոխումը տեղի ունեն ի հաշիվ այն օժանդակ անձջնակազմի, որն ըստ էության նաև դպրոցական միջավայր է ստեղծում»,-նկատեց պատգամավորը:
Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ես էլ եմ շատ ջերմ հիշում մեր դպրոցի հավաքարարներին ու պահակներին, բայց այնուհանդերձ պատասխանատու եմ կոնկրետ համակարգի գործունեության արդյունավետության համար: Զարմանալի է, որ դուք այս տարիների ընթացքում չեք պահանջել, որ պետական բյուջեով հաշվարկված միավորները, դրույքաչափերն ու հաստիքները իրար մոտ լինեն: Զարմանալի է, որ ընդդիմությունը երբևէ նման հացր չի բարձրացրել: Իսկ այսօր ընդամենը կրճատումների նախաշեմին 5-6 հազար հոգու սիրտը շահելու համար մենք խոսում ենք այս թեմայի մասին: Արդյունավետության բարձրացման, աշխատուժը ստվերից հանելու խնդիր կա: Դպրոցներում եղել են և կան այսպես կոչված մեռյալ հոգիներ, երբ ձևակերպված են մարդիկ, հավաքարարներ, պահակներ, որոնք աշխատանքի չեն գալիս և այդ գումարը, ըստ մամուլի, ինչ որ տեղ է հոսում: Բա չկճատե՞նք այդ հաստիքները, չդադարեցնե՞նք պետական բյուջեի մսխման այդ տարբերակը,-հարցրեց նախարարը:
Կասպյան ֆորումում քննարկվելու է Ղարաբաղյան հարցը
Կասպյան ռազմավարական ինստիտուտի (HASEN) գլխավոր քարտուղար Հալդուն Յավաշը այսօր Ստամբուլում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվող Կասպյան ֆորումում քննարկվելիք թեմաներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Նման կոնֆերանս արդեն անցկացվել է Ստամբուլում և Նյու Յորքում, սակայն ինստիտուտը պլանավորում է այն կազմակերպել նաև Բրյուսելում, Մոսկվայում և Բաքվում, ինչպես նաև կրկնել Ստամբուլում և Նյու Յորքում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Ղարաբաղյան հարցը կոնֆերանսի ընթացքում քննարկվելու է տարածաշրջանային անվտանգության խնդիրների շրջանակներում: «Մենք մեր բոլոր ֆորումների ժամանակ ներկայացնում ենք Ադրբեջանում նախաձեռնվող էներգետիկական ծրագրերը, որոնք ավելի կուժեղացնեն նրա դիրքերը միջազգային ասպարեզում՝ բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի կարգավորմանը»,-նշել է Յավաշը:
Նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում և ելույթ ունեցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստում

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովում
Պարո՛ն նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Ուրախ եմ 800 միլիոն եվրոպացիների ներկայացնող մեր կառույցի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին դիմելու այս հնարավորության համար:
Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին: Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար: Գործելով այլ պետությունների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանություններն ու մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ են հատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում: Մենք դիտարկում ենք Եվրոպայի Խորհրդին մեր անդամակցությունը և եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն:
Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար:
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները:
Բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով. առաջին երկուսի դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք: Այս առումով նշեմ, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ ինչպես Խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ մեր միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, դրանք ամենայն ուշադրությամբ դիտարկվում են ընտրական գործընթացների կատարելագործման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կողմից և համապատասխան ընթացք են ստանում: Առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում:
Մյուս առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է: Հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ: Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաև մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այն կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը: Հատկապես երիտասարդ ժողովրդավարությամբ երկրների դեպքում դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում: Այս առումով, կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում այս տարվա հուլիսին անցկացված՝ իրավունքի գերակայության և իշխանությունների հայեցողության սահմաններին նվիրված խորհրդաժողովը համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն էր՝ շարունակելով Մեծ Բրիտանիայի նախագահության նախաձեռնությամբ սկսված գործընթացը:
Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:
Հաջորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորացումն է: Ձեռքբերումների թվում նշեմ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ, որոնք ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Դատավորների լիարժեք անկախության ապահովման տեսանկյունից շարունակվում են ուշադրության կենտրոնում մնալ նաև նրանց նշանակման հետ կապված իրավական հարցերը: Արդիականացվում են քրեակատարողական հիմնարկները, ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն: Մենք մշակել և իրականացնում ենք Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում, վստահ եմ, կունենանք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ:
Մենք ունենք հաջողություններ, սակայն եղածով չենք բավարարվելու: Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը: Մենք երախտապարտ կլինենք, եթե Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը բերի այս գործընթացին:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են: Կարևոր նախաձեռնություն եմ համարում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արևելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը և դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքները՝ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով:
Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու:
Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը:
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է և կմնա մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգավորման: Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ:
Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել և արտաքսել երկրից: Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, և լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը:
Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ:
2 օր առաջ իմ ժողովուրդը մեծագույն ցավով հողին հանձնեց իր հանճարեղ դերասաններից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Վարպետի վերջին հրապարակային խոսքը Ադրբեջանի մտավորականներին ուղղված նրա բաց նամակն էր, որն իրականում խաղաղության, արդարության ու սթափության կոչ էր. «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»,- իր նամակում պնդում է մեծ մտավորականը։ Այո՛, մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում: Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, և սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները։ Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել և շարունակական զարգանում են ժողովրդավարական կառույցները։ Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդըմ Հաուսի», ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիորեն առաջ է իր որոշ հարևաններից։
Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում:
Հարգելի՛ բարեկամներ,
Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:
Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված՝ պետությունների հանձնառությունների մասին:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեր հասարակություններն այսօր լուրջ փոխակերպումներ են ապրում և բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած: Որո՞նք են մեր արժեքները 21-րդ դարում, ո՞ր արժեքներն են այսօր տարածում գտնում առավել, քան մյուսները, ինչու են թափ առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսևորումները, ինչո՞ւ է տեղի տալիս սոցիալական համերաշխությունը, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ, որ Եվրոպայի խորհուրդը ձեռնարկի համացանցում ատելության խոսքի ու դրսևորումների դեմ պայքարի երիտասարդական արշավը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար է ձևակերպել մի քանի նախադասությամբ: Սրանք մերժելի երևույթներ են, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում վայրկյանական տարածում են գտնում միլիոնավոր մարդկանց շրջանում, ուստի պետք է ստանան արագ և համարժեք պատասխաններ: Մենք պարտավոր ենք ամրապնդել կամուրջները ազգերի միջև, մեր քաղաքացիների, հասարակությունների, մշակույթների և կրոնների միջև, որպեսզի մեզանից հետո եկողներին թողնենք շատ ավելի խաղաղ և անվտանգ մոլորակ:
Այս օրերին մեր հայացքները հառած են Սիրիային: Մենք խորապես մտահոգ ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով, որոնց արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրեր առաջ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Մեր բոլորիս պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի: Եվ, հատկապես, մեր երիտասարդ սերունդներին պետք է ներգրավենք մեր ապագայի կերտման գործում: Նրանք երիտասարդ են, համարձակ, ավյունով լի, եթե մենք նրանց ճիշտ գաղափարներով սնենք, ճշմարիտ արժեքներով դաստիարակենք, ազատության ու ժողովրդավարության բերկրանքը հրամցնենք, ձերբազատենք նախապաշարումներից՝ մեր հասարակությունները կունենան լավ ապագա:
Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում նորմեր ստեղծող և տարածող բացառիկ կառույց, կարևորագույն դերակատարություն ունի այս գործում, և այն պետք է առավելագույն դերակատարում ունենա մեր համընդհանուր նպատակներին հասնելու գործում:
Շնորհակալություն:
Փոստանջյանի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ հարցը Սերժ Սարգսյանին Ստրասբուրգում
Փրկե՛ք մեզ. Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ պահանջում են ազատել իրենց «մարդակեր» բժշկից
Տավուշի մարզի Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ «Փրկեք մեզ» խնդրանքով նամակ են ուղարկել Tert.am-ին, որով բողոքում ու պահանջում են` փրկել իրենց «մարդասպան», «հանցագործ», Բերդի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի ճիրաններից:
Նամակում նշված է, որ բնակիչները նրա հանցանքների մասին բազմիցս տեղեկացրել են իշխանություններին, պատասխանատու մարմիններին, սկսել են դատական գործընթացներ, սակայն մարդասպանը անպատիժ ու հանգիստ խղճով դեռ զբաղեցնում է իր պաշտոնը` հովանավորվելով իր հանցակից վերնախավի կողմից: Բնակիչները հանդես են գալիս փաստերով ու ապացույցներով, որոնք դատարանները, ըստ նրանց, կոծկում են Արամ Հարությունյանի կաշառքների շնորհիվ:
«Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Արամ Հարությունյանը անպատժելիորեն յուրացրել է սահմանամերձ բնակավայրերին ու հայրենիքի պաշտպաններին ուղարկվող օգնությունները: Պատերազմի տարիներին նա վիրավորների մեծ մասին անդամալույծ դարձրեց` անհարկի կտրելով նրանց վնասված ձեռքերն ու ոտքերը, քանի որ դա ավելի հեշտ ու էժան էր, քան վերջույթը փրկելու համար նախատեսվող բուժումը:
Ունենալով հոգեկան լուրջ շեղումներ` նա Բերդի հիվանդանոցում ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որ բոլոր լավ մասնագետները հեռացան:
Այս` գրեթե 30 տարիների ընթացքում Հարությունյանը չի իրականացրել մի վիրահատություն, որ չանցնի առանց բարդությունների ու հավելյալ վիրահատության անհրաժեշտության: Տավուշի մարզի քաղաքացիները ունեն փաստեր, թե ինչպես է նա հրամայում իր աշխատողներին կեղծել անալիզների արդյունքները և ստեղծել անհրաժեշտ վիրահատության պատրանք` անհարկի հեռացնելով իրեն դիմած հիվանդների 12-մատնյա աղիքի որդանման հավելվածները` «կույր աղիքները», չամուսնացած աղջնակների առողջ ձվարաններից մեկը: Բնակիչները տարիներ շարունակ աղաղակում են, որ նա իր հիվանդների օրգանները գողանում է:
Հիվանդանոցի ներսում ունի դեղատուն, որտեղ դեղերը առնվազն 5 անգամ թանկ են երկրի մնացած բոլոր դեղատներից (ՀԴՄ կտրոններն առկա են` որպես ապացույց): Սակայն հաշվեհարդար է սպառնում այն հիվանդին, ում հարազատները կփորձեն խուսանավել և դեղերը գնել քաղաքի այլ դեղատնից:
Բերդի տարածաշրջանի շտապօգնությունը վեր է ածվել Արամ Հարությունյանի գերշահութաբեր բիզնեսի: Շտապօգնության երեք մեքենաներից յուրաքանչյուրն ունի իր արժեքը` «Ուազը»` 20 հազար դրամ, «Գազելը»`50 հազար, «Ֆորդը»` 100-150 հազար: Իսկ անհետաձգելի համարվող դեպքերում կանչը մնում է անտեսված, քանի որ հիվանդանոցը ստիպված կլինի պետպատվերով բուժել»,- գրված է նամակում:
Բնակիչները նաև տեղեկացնում են, որ Նավուր գյուղից 14-ամյա Սարինե Մադոյանի անալիզները կեղծելով` նրան «կույրաղիքի» վիրահատության ենթարկեցին, երկրորդ անգամ անհարկի հեռացրին ձվարանը, առաջացած բարդությանը հետևեց երրորդ վիրահատությունը: Երեխան մահացավ, իսկ հետո պարզվեց, որ նրա կույրաղիքը հանված չէ, Հարությունյանն ուղղակի կտրել ու կարել էր` գումարները գռփելով:
Tert.am-ի հետ զրույցում աղջկա հայր Կոլյա Մարդանյանը հաստատեց այս ամենը՝ ավելացնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2003թ.-ին և մինչ այսօր իր երեխայի մահվան պատճառը հայտնի չէ, աղջիկը փաստաթղթերով դեռ ողջ է:
Մովսես գյուղի բնակիչ Ալվարդ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր որդին՝ 32-ամյա Սոս Ղուկասյանը մեքենայով ձորն էր ընկել 2004թ-ի հուլիսի 24-ին, ոչ մի կոտրվածք չէր ստացել, իր ուժերով դուրս էր եկել ձորից: 130 հազար դրամ արժեցած շտապօգնությունը Սոսին տեղափոխել էր Բերդի հիվանդանոց: Արամ Հարությունյանը նրան անհարկի վիրահատություն է արել, հանել փայծաղը` հարազատներին հավատացնելով, թե առանց հանելու կմահանար: Մի քանի ժամ հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, Հարությունյանը նորից վիրահատել է, իսկ նրա հանցակից Արմեն Գալստյանը որովայնից արտահոսած արյունը նորից ներարկելով` հիվանդին հասցրել է ծայրահեղ վիճակի:
Սոսի հարազատները որոշել են տանել նրան այլ հիվանդանոց: Զգալով վտանգը` Արամ Հարությունյանը երրորդ վիրահատությունն է արել` կարելով հիվանդի աղիքները ստամոքսին, որ հետո մեղքը գցի այլ բժշկի վրա: Բերդի հիվանդանոցից Սոսին հանելու ժամանակ Արամ Հարությունյանը, եկամտի աղբյուրը կորցնելուց կատաղած` խլել է պատգարակը, տակից վերցրել բարձն ու վայրենաբար քաշելով` բերանից հանել զոնդը: Էրեբունու հիվանդանոց հասցնելուց հետո Սոսը մահացել է, այնտեղ պարզել են, որ նա ոչ մի կոտրվածք չունի, մահը վրա է հասել սխալ վիրահատությունների արդյունքում առաջացած որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ):
Նամակում նշվում է, որ ծննդկան Կարինե Աթոյանին պտուղն արգանդում սպանեցին` նրան սխալ դեղեր ներարկելով, ինչը հաստատված է դատաբժշկությամբ: Կարինեի մայր Սվետա Աթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 30-ին աղջկա մահվան տարելիցն է, ինքն չի խոսի, բայց շուտով անհերքելի փաստեր կներկայացնի բժշկի արարքների մասին:
«Եվ սրանք մի քանիսն են այն բազում դեպքերից, երբ Հարությունյան Արամը մորթում ու սպանում է` մնալով անպատիժ, հովանավորվելով պետական վերնախավի կողմից»,- գրված է նամակում:
Այս ամեն մասին Tert.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղից ասացին, որ մարզային հիվանդանոցները գտնվում են մարզպետարանների ենթակայության ներքո:
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, թե ո՞ւր են այդ նամակները, ինչո՞ւ մարզպետարան չի եկել որևէ բողոք, որևէ նամակ. «Փաստերը բերեք, տեսնենք էդ ինչ մահեր են եղել, որ մենք ոչ մի բանից տեղյակ չենք»:
Բողոքողների անուններն իմանալուց հետո ասաց. «Էդ բոլոր դեպքերը վաղուց փակվել են, դատարանները որոշել են, ի՞նչ անենք, լավ, փակենք էդ հիվանդանոցը, ի՞նչ անենք, էդ բոլոր դեպքերի հետ կապված բոլորն իրենց պատիժները կրել են»:
Իսկ բժշկի գործողությունների մասին մարզպետարանի առողջապահության վարչության պետի պատասխանը հետևյալն էր. «Միանշանակ, նման բան չկա և լինել չի կարող, և մարզպետարանը տեղյակ կլինի, եթե այդպիսի բարձիթողի վիճակ լինի, իսկ հիմա չկա նման բան, մարզպետարանը տեղյակ է, իրավիճակը վերահսկվում է»:
Բժշկի՝ դեղատուն ունենալու և հիվանդներին միայն այնտեղից դեղեր գնել տալու մասին էլ Կարինե Դովլաթբեկյանն ասաց. «Դեղատուն բացելը մարդու իրավունքն է, ո՞ւմ ինչ գործն է, ով կարա հիմա ապացուցի, որ Հարությունյան Արամի անունով դեղատուն կա: Էդ մարդու մոտ էս պահին ոչ մի «չե պե» չկա, իսկ եթե էդ մարդիկ չեն կարում մոռանան իրենց ցավն ու մորմոքը, դա իրենց պրոբլեմն ա, ի՞նչ եք ուզում մեզնից»:
Դիտարկումներ հայ, ադրբեջանական և թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ
Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ.
— Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է: Մինչև այժմ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման որպես թեկնածու խոսում էր դրա մասին. «եթե ես ստանձնեմ նախագահի պաշտոնը` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ դառնալուց հետո նա ամբողջովին անտեսեց դա: Այնպես որ, առկա է դինամիկ քաղաքական խաղ, որը մի քիչ կեղծավոր է», հավաստիացրեց Կիրակոսը:
— Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած ընտրություններում գերմանական Բունդեստագում` երկրի խորհրդարանի ստորին պալատում ընտրվել են թուրքական ծագում ունեցող տասնմեկ օրենսդիրներ՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ օրենսդիր մարմնում ունեցած իրենց թվաքանակը: Հայերը չպետք է կուրորեն քննադատեն այս տասնմեկ պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք` լինեն թուրք կամ քուրդ, հնարավոր է համակիր լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
— Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային տուգանել է ավելի քան 200 հազար դոլարով` մի թուրք ընտանիքի տունն առանց փոխհատուցման օտարելու համար: Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է ընտանիքի սեփականության իրավունքը: Այս ընտանիքը սպառել էր թուրքական դատարաններում իր բոլոր բողոքարկումները՝ մինչ ՄԻԵԴ դիմելը: Մի ընթերցող հետևյալ հեգնական դիտողությունն է տեղադրել Turkish Daily News-ի կայքէջում. «Թվում է, թե քրիստոնյա Եվրոպայի դատարանն ավելի հարգանքով է վերաբերվում մահմեդական թուրք ժողովրդին, քան մահմեդական դատարանները Թուրքիայում»:
— Եվրամիության հետ կապերի գծով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «Թուրքիան, հավանաբար, երբեք չի դառնա Եվրոպական Միության անդամ` այդ դաշինքի ներկայիս անդամների կոշտ դիմադրության և կանխակալ վերաբերմունքի պատճառով»: Ինչպես միշտ, Բաղիշը սխալվում է: Թուրքիային չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ, ոչ թե արևմտյան նախապաշարումների, այլ` իր երկրի օրենքները եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելուց հրաժարվելու համար:
— Սիրիայում «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների կողմից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում հայեր, առևանգվել, սպանվել կամ խեղվել են, սակայն մինչև օրս եվրոպական կամ ամերիկյան որևէ պաշտոնյայի կողմից դատապարտման ոչ մի խոսք չի հնչել: Դեռ ավելին, արևմտյան ղեկավարները մահաբեր զենք են մատակարարում ծայրահեղականներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի շատ անմեղ մարդկանց կյանք խլել: Վաղուց ժամանակն է, որ արևմտյան աշխարհի հանրությունն իր զայրույթն արտահայտի զանգվածային բողոքի ցույցերով և սուր հանդիմանություններով: Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է արգելի զենքի մատակարարումը Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա զինյալներին: Անցյալ շաբաթ Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիները պղծվել և կողոպտվել էին: Ջիհադականներն անամոթաբար մագլցել էին հայկական եկեղեցու գմբեթի վրա և խաչի փոխարեն տեղադրել իրենց սև դրոշը:
— Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևն անընդհատ և ակամա աջակցում է Հայ դատին` ատելի հայտարարություններ անելով, որը բացասական տպավորություն է ստեղծում միջազգային հանրության մոտ նրա երկրի մասին: Ալիևի վիրավորական հայտարարությունը, թե «Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են» և «կգա ժամանակը ու մենք այնտեղ կապրենք», մտային խանգարում ունեցող մարդու զառանցանք է: Սպասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ալիևը երրորդ անգամ նախագահ կընտրվի, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել նրա «օգտակար» հայտարարություններից ևս մի քանի տարի:
— Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճը սրվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան միմյանց հակասող հայտարարություններով: Ստորեւ ներկայացված են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատվածներ, որոնցում նա մեղադրում է Ադրբեջանի հետևյալ գործողությունները.
ա/ «ռազմատենչ և հակահայ ատելություն սերմանող հռետորաբանության օրեցօր ավելացում»,
բ/ «լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակում»,
գ/ «տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների օգտագործում»,
դ/ «կացնահարող մարդասպան Սաֆարովի փառաբանում Ադրբեջանի ղեկավարության կողմից»:
Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին… Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Սպասվում է փոփոխական եղանակ
Հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին` լեռնային շրջաններում թաց ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ին հատկապես ցերեկը կնվազի 12-15 աստիճանով:

· Օդի առավելագույն ջերմաստիճան 32.80C (1945թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -2.90C (1941թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 16.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Համաներումը չի վերաբերի ցմահ ազատազրկման դատապարտվածներին
Ազգային ժողովն այսօր քննարկեց ՀՀ նախագահի առաջարկած համաներման նախագիծը: ՛՛Համաներումը սովորաբար կիրառվում է ազգային,
պետական տոների կապակցությամբ: Այս դեպքն էլ բացառություն չէ՛՛, – նախագիծը ներկայացնելիս իր խոսքում նշեց գլխավոր զեկուցող՝ ՀՀ
արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ շեշտելով, որ, ինչպես միշտ, այնպես էլ հիմա համաներման գլխավոր մեկնաբանությունը
մարդասիրությունն է, սակայն ոչ բոլորը կարող են օգտվել նախագահի մարդասիրությունից. ՛՛Համաներումը չի տարածվի պատիժը կրելու
կիրառման ժամանակահատվածը չարամտորեն խախտող ազատազրկվածների վրա: Նաև չի վերաբերվի նրանց, ում պատժի
չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ պետք չէ մարդասիրություն ակնկալել: Փոխարենը
համաներման պատմության մեջ առաջին անգամ այն կառնչվի ծանր հանցագործություն կատարած անձանց, որոնց պատժաչափը կկրճատվի
մի քանի ամսով: Սակայն համաներումը չի վերաբերի ցմահ ազատազրկման դատապարտվածներին՛՛, – տեղեկացրեց նախարարը:
Հրայր Թովմասյանը դեռևս չի կարող ասել, թե հատկապես քանի ազատազրկման դատապարտված անձի կվերաբերի համաներման
ծրագիրը, միայն պնդում է, որ մոտ 400-500 անձ ազատ կարձակվեն համաներման նախագիծն
ընդունվելուն պես: Համաներման շերտերը տարբեր են. ոմանք ազատ կարձակվեն, ոմանց պատիժը կփոխարինվի պատժի մեկ այլ
տարբերակով, ոմանց պատժաչափը կկրճատվի այս կամ այն տոկոսով:
—
Լարա Առաքելյան






