Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

4012

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, Նախագահի բնորոշմամբ, այնքան խորը, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն:

Սերժ Սարգսյանի խոսքով, հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարևորել է ս.թ. հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

«Նիսան»-ի վարորդը և երեք ուղևորները մահացել են

ավտոպատահարՀոկտեմբերի 1-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 13 հասցեի մոտ բախվել  է «ԿԱՄԱԶ»  ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և երեք ուղևորները տեղում մահացել են, իսկ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բրիտանացի պատգամավորը Ադրբեջանին «հանդուրժող» երկիր է անվանել

bob    Բրիտանիայի խորհրդարանի անդամ Բոբ Բլեքմանը Եվրոպա-Ադրբեջան միության հետ զրույցում Ադրբեջանին «հանդուրժող» է անվանել: «Ադրբեջանը հարավկովկասյան երկրների շարքում բոլորովին այլ դիրք ունի իր ազգային և կրոնական հանդուրժողականությամբ: Այս երկիրը ողջունում և աջակցում է բոլոր կրոնական և էթնիկական փոքրամասնություններին: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում սկսել է լայնորեն տարածվել ռադիկալ իսլամիզմը, իսկ Եգիպտոսում ճնշում է գործադրվում քրիստոնյաների վրա»,-ասել է Բլեքմանը՝ նշելով, որ չնայած Հայաստանը, լինելով քրիստոնյա երկիր, «օկուպացրել է ադրբեջանական հողերի 20 տոկոսը, այնուհանդերձ Ադրբեջանը իր երկրում պայմաններ է ստեղծում քրիստոնեության և հրեականության զարգացման համար»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»՝ բրիտանացի պատգամավորը, շարունակելով անհիմն գովերգել Ադրբեջանին, նշել է, որ «օկուպացված» տարածքները առանց որևէ մտավախության կարելի է «վերադարձնել» Ադրբեջանին, քանի որ վերջինս ցույց է տվել իր «հանդուրժողականությունն ու աջակցությունը» բոլոր կրոնների նկատմամբ:

Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածությունը հաստատվեց. կողմ` 103, դեմ` 3

A4F0E2B2-EF14-4FC1-934D-4BD06004B76B_mw1024_n_sԽորհրդարանում հենց նոր հայտարարվեցին ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված գլխավոր դատախազի թեկնածուի փակ, գաղտնի քվեարկության արդյունքները. Գևորգ Կոստանյանի թեկնածության օգտին է քվեարկել քվերակությանը մասնակցած 108 պատգամավորներից 103-ը, դեմ` 3-ը, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Նշենք, որ ԱԺ խմբակցություններից երկուսը` Ժառանգությունն ու ՀԱԿ-ը հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն քվեարկելու էր ազատ ձևաչափով, ԲՀԿ-ն մինչ քվեարկությունը դիրքորոշում չէր արտահայտել, ՀՀԿն ու ՕԵԿ-ը պաշտպանելու էին Կոստանյանի թեկնածությունը:

Մինչ քվեարկությունը Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իր համար չափանիշն այն է, որ ընտրվելու է ոչ թե անձ, այլ թե կարո՞ղ է այդ անձը փոխել դատաիրավական համակարգը:

Նրա կարծիքով` Անկախությունից ի վեր դատախազությունը ռեպրեսիվ մուրճ է քաղաքական դաշտում: Նա հիշեց 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերը և նշեց, որ այդ ժամանակ պարզ աարձավ, որ սա համակարգ է, որը թույլ չի տալիս պետության մեջ արդարություն իրականացնել:

“Պարոն Կոստանյանի դեմ ոչինչ չունեմ, հրաշալի հանդիպում տեղի ունեցավ` ճշգրիտ բառամթերքով, նորմալ եզրույթներով, պրոֆեսիոնալ կեցվածքով, և ուրախ կլինեմ, որ եթե իսկապես նորմալ պետություն լինենք, սերնդափոխությունը էս տեսակով կատարվի: Բայց էդքան միամիտ չենք, որ հավատանք, թե անհատը կարող է արմատապես փոխել իրավիճակը: Իրական կյանքում մի ծաղկով գարուն չի գալիս` գոնե մեզ մոտ»:

Նա կասկած էր հայտնել, որ այդ “հրաշալի երիտասարդը” կարող է պայքարել համակարգի դեմ:

Ռուբեն Հակոբյանը պատրաստակամություն էր հայտնել սխալվելու դեպքում գալ և խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել: Միաժամանակ Հակոբյանը վստահեցրել էր, որ Ժառանգությունը կլինի գլխավոր դատախազի կողքին, եթե հանկարծ քաղաքական իշխանությունը պատվեր բերի նրա մոտ, և ինքը դիմի իրենց օգնության խնդրանքով:

ՀՅԴ խմբակցության տեսակետն արտահայտել էր խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նույնպես նշել էր, որ Կոստանյանի հետ հանդիպումից հետո դրական տպավորություն են ստացել և միայն ուրախ կլինեն, եթե նա իր պաշտոնավարման ընթացքում առաջնորդվի իր իսկ հայտարարած սկզբունքերով և կարողանա նաև փոխել իր նկատմամբ հանրային ընկալման այսօրվա վիճակը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել էր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` թեկնածուն խորհրդարան է եկել ծանր ժառանգությամբ, որը թողել է «դռնապաշտ» նախկին դատախազը: Այդ ժառանգությունն այժմ Կոստանյանի ուսերին է` շուրջ 20 աղմկոտ չբացահայտված սպանություններ, քաղաքական ակտիվիստների, քաղաքական ուժերի դեմ պայքար, բանակում տեղի ունեցած սպանություններ և այլն:

ՀԱԿ պատգամավորը համոզմունք էր հայտնել, որ Գևորգ Կոստանյանը չի կարողանալու լուծել այդ խնդիրները, քանի որ դրանք համակարգային են:

Այնուամենայնիվ, նրանք նոր գլխավոր դատախազի առջև կդնեն իրենց հուզող որոշ խնդիրներ`մարտի 1-ի դեպքերի բացահայտում, քաղբանտարկյալների խնդիր. «Կլուծեք, կլուծեք, ոչ, մեր վերաբերմունքը չի փոխվի: Բայց կարծում ենք` դուք չեք կարողանա այդ խնդիրները լուծել»:

ՀՀԿ խմբակցության կողմից ելույթ էր ունեցել Գալուստ Սահակյանը և նշել, որ ակնհայտորեն  թեկնածուն դրականորեն է դիտարկվում բոլոր խմբակցությունների կողմից, և տպավորությունը բավականին արժանահավատ է: «Թեկնածուին պետք է տեսնել էնպես, ինչպես կա: Ես որսացել եմ բարեկրթությունը և բարեկրթությանն էլ ձայն եմ տալու»,-ասել էր նա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որևէ լուրջ հիմնավորմամբ բացասական ելույթ տեղի չունեցավ, բացի մաղձից. «Դուք շատ լավն եք, ասելիք չունենք, բայց դեմ ենք քվերակելու: Ինձ համար անհասկանալի է այս մոտեցումը: Դեմ եք, որովհետև նախագա՞հն է ներկայացրել, թե՞ որ մեծամասնությունը պաշտպանելու է»:

Նա կոչ էր արել ճիշտ գնահատել երևույթները և հնարավորություն տալ ապագա գլխավոր դատախազին, որպեսզի մեր երկրում իշխի օրենքը, և բոլորը օրենքի առջև լինեն հավասար. «Այո, հնարավոր է, որ անձը համակարգում վճռական փփոխություներ կատարի, գերատեսչության ղեկավարից շատ բան է կախված»,-ամփոփել էր նա:

Գևորգ Կոստանյանն իր եզրափակիչ շնորհակալություն էր հայտնել պատգամավորներին կառուցողական քննարկումների համար և ասաց, որ իր առջև նաև անձնական խնդիր է դրված, որպեսզի իր երեխան, անկախ նրանից, ինքը դատախազ կլինի, թե ոչ,  որևէ տարբերություն հասարակության կողմից իր նկատմամբ չզգա:

«Սկզբում մենք կսկսենք թռիչքներ իրագործել, հետո կերևա…»

AdbashyanՍտեփանակերտի օդանավակայանի գործարկման համար նշվում էր, որ դա տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի կեսերին: Ու թեև արդեն վերջանում է սեպտեմբերը, օդանավակայանն այդպես էլ չի գործարկվել: Հիշեցնենք, որ նախկինում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը նախատեսվում էր 2011 թ. մայիսի 9-ին, ու առաջին թռիչքի ուղևորն էլ պետք է լիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Հետագայում ևս մի քանի անգամ տեխնիկական պատճառաբանությամբ հետաձգվեց օդանավակայանի գործարկումը: Այս անգամ էլ, փաստորեն, օդանավակայանի գործարկումը հետաձգվեց` պատճառաբանությամբ, թե ձեռք բերած ինքնաթիռները, որոնք պետք է թռիչքներ իրականացնեն, տեխնիկական վերազինման կարիք ունեն:

Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական վիճակի մասին «Անկախի» հարցերին պատասխանում է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

 – Պարո՛ն Ադբաշյան, Դուք բազմիցս նշել եք, թե Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է գործարկման, բայց չի գործարկվում: Ներկայացրեք խնդրեմ, թե ինչպիսի տեխնիկական վիճակում է այն այսօր:

– Օդանավակայանն այսօր նորմալ տեխնիկական վիճակում է, թռիչք-վայրէջքի ուղին նորմալ վիճակում է, բոլոր աերոնավիգացիոն միջոցները նորմալ սպասարկվում են և աշխատում են, օդանավակայանի կազմը` աշխատողները, բոլորը ավարտել են հատուկ կուրսեր, ստացել են միջազգային սերտիֆիկատներ և իրավունք ունեն աշխատելու օդանավակայանում տեղադրված սարքավորումներով:

 – Օդանավակայանի նախնական` տեխնիկական փորձարկումներ իրականացվե՞լ են արդեն: Օդանավակայանի աշխատանքները գործի մեջ ստուգելու համար տեխնիկական թռիչքներ իրականացվե՞լ են:

– Ունենք ICAO-ի նորմատիվներ, և այդ ցուցանիշներով օդանավակայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նաև երկու անգամ ստուգվել է Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից: Տեխնիկական թռիչքներ դեռ չեն իրականացվել: Փոքր ինքնաթիռներ մենք ունենք, որոնք թռչում են, սակայն դրանք շատ փոքր են, որպեսզի համարենք, թե փորձնական թռիչքներ ենք իրականացրել: Տեխնիկական թռիչքը կատարում է այն օդանավը, որը նախատեսվում է, որ պետք է հետագայում շահագործվի` աշխատի այդ օդանավակայանում: Օրինակ` եթե Airbus A-320-ն ուզի մեզ մոտ վայրէջք կատարել, օդանավը մեզ մոտ պետք է կատարի տեխնիկական թռիչք մի քանի անգամ, որից հետո եզրակացություն  արվի` հնարավո՞ր է արդյոք այդպիսի վայրէջք ու անվտա՞նգ է այդ օդանավակայանում նման ինքնաթիռ շահագործելը: Այդ թռիչքները կատարվում են, որ բացահայտվեն բոլոր այն խնդիրները, որոնք մինչ այդ աննկատ են եղել:

 – Կխնդրեի անդրադառնալ օդանավակայանը սպասարկող անձնակազմի տեխնիկական պատրաստվածությանը, անձնակազմը պատրա՞ստ է իրականացնելու օդանավակայանում վայրէջք կատարող ու օդանավակայանից թռչող ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը:

Stepanakert-airport– Airbus A-320 տեսակի օդանավից փոքր ինքնաթիռները կարող են մեզ մոտ իջնել:  Մենք ունենք կարճ կանգառների ժամանակ սպասարկումն իրականացնելու համար պատրաստված մասնագետներ: Խորը տեխնիկական սպասարկումներ նույնիսկ «Զվարթնոցում» չեն անում, այլ Եվրոպայի ու այլ երկրների  հատուկ տեխնիկական կենտրոններում:

 – Վերջերս  տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ քաղավիացիան հենց Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու համար ինքնաթիռ է գնել, որը, սակայն, տեխնիկական վերազինման  կարիք ունի, ո՞ր փուլին եք հասել:

– Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սպասում ենք մինչև օդանավակայանի գործարկումը: Հետո պետք է օդաչուական կազմը պատրաստվի, որովհետև մենք չենք գնի օդանավ, որը գա ու կանգնի մեզ մոտ միայն այն պատճառով, որ համապատասխան կադրեր չունենք: Մենք պետք է պատրաստենք որակյալ օդաչուական կազմ: Չեմ կարող ասել, թե քանի օդանավ ենք պատրաստվում ձեռք բերել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է:

 – Ստեփանակերտի օդանավակայանն ինչպիսի՞ օդանավակայան է, ռեգիոնա՞լ նշանակություն ունի, թե՞, այնուամենայնիվ, կառուցված է հետագայում միջազգային օդանավակայանի վերածվելու հաշվարկներով:

– Օդանավակայանը միանգամից հիսուն հոգու թռիչքային սպասարկման համար է նախատեսված: Բայց եթե 100 հոգանոց ինքնաթիռ իջնի, բոլորն էլ, իհարկե, հանգիստ կարող են սպասարկվել: Այսինքն` օդանավակայանն իր չափերով ու տեխնիկական հնարավորություններով հանդիսանում է ռեգիոնալ թռիչքների համար նախատեսված օդանավակայան: Այն նախատեսված է Airbus A-320-ների ու դրանցից չափերով փոքր մոդելի ինքնաթիռների համար: Այսինքն` տեղական գծերի, Երևան հասնելու համար:  Պլանավորում ենք սկսել երևանից, որից հետո, իհարկե, կարող ենք զարգացնել այլ ուղղություններ: Դա կարող է լինել կես, մեկ կամ մի քանի տարի հետո. կյանքը ցույց կտա: Երևանը կարող ենք օգտագործել որպես տրանզիտային կետ: Հետո պարզ կդառնա` տնտեսական տեսանկյունից հնարավո՞ր է կամ արժե՞ նոր չվերթներ զարգացնել, թե՞ ոչ:

 – Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանից բացի, այլ ուղղություններով թռիչքներ կունենա՞ք, արտասահմանյան երկրների ընկերություններից դեպի Ստեփանակերտ ու, Ստեփանակերտից թռիչքների պահանջարկի ցանկություն հայտնե՞լ են:

-Այո, այո, շատերն են նման ցանկություն հայտնել` Իտալիայից, Ռուսաստանից, եվրոպական մի քանի այլ երկրներից արդեն որոշ ընկերություններ կապվել են մեզ հետ ու ցանկություն հայտնել մեր օդանավակայան թռիչքներ իրականացնել: Ու բոլոր նման ցանկություններ հայտնողներին ես ասել եմ, որ եթե ուզում են թռիչքներ իրականացնել դեպի Ստեփանակերտ, ապա  թող գնան, իրենց թռիչքնեը ձևակերպեն ու թռչեն, քանի որ մեր օդանավակայանը բաց է: Բայց ընկերություններն էլ իրենց խնդիրներն ունեն, քանի որ ICAO-ում մեր օդային տարածքը դեռ ճանաչված չէ:

 – Իսկ այդ խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն, որպեսզի այդ ընկերությունները կարողանան օրինական գրանցվել ու թռիչքներ իրականացնել:

– Սկզբում մենք կսկսենք թռիչքներ իրագործել, հետո կերևա, որովհետև ինչպես ԼՂՀ անկախությունը ճանաչված չէ, նույնպես էլ մեր օդային տարածքը միջազգային մարմինների կողմից ճանաչված չէ: Իսկ քաղաքացիական օդանավերն իրավունք չունեն մուտք գործել չճանաչված օդային տարածքներ:

 – Այսինքն` օդանավակայանի տնտեսական, քաղաքական, կապի ու հաղորդակցության առումներով  նշանակությունն այնքան մեծ է, որ մեզ պե՞տք է Ստեփանակերտում օդանավակայան ունենալ:

– Իհարկե, շատ է պետք: Եթե օդանավակայանը գործի, թռիչքները կարողանանք լավ կազմակերպել, ամբողջ ԼՂՀ-ի ազգաբնակչությունը կկարողանա օգտվել իր ազատ տեղաշարժվելու միջազգային իրավունքից: Գործարար մարդիկ կկարողանան իրենց բեռները տեղափոխել, մարդիկ կարող են ավելի արագ հասնել Արցախ և այլն, և այլն: Օդանավակայանը բեռնատար ինքնաթիռների համար էլ է նախատեսված: Իհարկե, առաջնային նշանակությունը տրված է ուղևորափոխադրումներին, բայց մենք պլանավորում ենք, ու ոչինչ չի խանգարում օդանավակայանը կիրառել նաև բեռնատար ինքնաթիռներ ընդունել-ճանապարհելու համար:

 – Այսօրվա դրությամբ, եթե լինի համապատասխան քաղաքական որոշումը, կարո՞ղ եք հենց վաղվանից թռիչքներ իրականացնել:

– Ես չեմ պատասխանի քաղաքական հարցերին, քանի որ դրանք իմ իրավասությունների շրջանակներից դուրս են: Ինչ վերաբերում է օդանավակայանին, մի քանի փոքրիկ խնդիրներ դեռ ունենք շտկելու, ու քանի դրանք լիովին հաղթահարված չեն, ես չեմ կարող 100 տոկոս վստահությամբ ասել, որ հենց վաղն օդանավակայանից կարող են թռիչքներ կատարվել: Դրանք մանրուքներ են, օրինակ` ԼՂՀ-ի ձեռք բերվելիք ինքնաթիռի վրա որոշ տեխնիկական սարքերի համալրումներ պետք է իրականացվեն, չեկեր լրացվեն և այլն. այդ գործընթացները ընթացքի մեջ են ու շուտով կհարթվեն: Դրանք, ճիշտ է, օդանավակայանի հետ այնքան էլ կապ չունեն, խանգարում են 100 տոկոսով ասելու, թե հենց վաղն էլ կարող ենք մեր մոտից թռիչքներ իրականացնել: Այսինքն` ինչպես նշեցի, օդանավակայանը պատրաստ է թռիչքներ սպասարկելուն:

 

Հարցազրույցը` Գևորգ ԱՎՉՅԱՆԻ

Ի՞նչ քայլեր է իրականացնելու Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում

A4F0E2B2-EF14-4FC1-934D-4BD06004B76B_mw1024_n_sԱյսօր խորհրդարանում իր թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Նա ներկայացրեց գլխավոր դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված այն միտումներին ու նպատակներին հասնելու միջոցները, որոնք, ըստ նրա, կարող են իրականացվել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Առաջին հերթին դա Հայաստանի Հանրապետությունում` հատկապես դատախազական համակարգում, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն է և ոչ պրոֆեսիոնալ դատախազներից ազատվելը. «Ոչ պրոֆեսիոնալ դատախազն, իմ կարծիքով չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են ընդմիշտ խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ կոռուպցիան ու ոչ պրոֆեսիոնալիզմը տեղ չունեն դատախազական համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա համակարգում, սա քննարկման առարկա հանդիսանալ չի կարող»,-ընդգծեց նա:

Կոստանյանն իր պաշտոնավարության կարևորագույն խնդիրներից է համարելու նաև այն, որ դատախազը չի կարող լինել կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքականությամբ: Նման ցանկություն ունեցող դատախազներին կտրվի հնարավորություն քաղաքականությամբ զբաղվելու, բայց մի պայմանով` լիազորությունները վայր դնելուց հետո:

Անդրադառանլով անպատժելիության մթնոլորտի մասին առկա տեսակետին, նա ասաց, որ համաձայն չէ, որ դա համատարած բնույթ է կրում, սակայն համարում է, որ մեկ դեպքն իսկ բավական է նման տրամադրությունների վրա ազդելու համար, հետևաբար իր կարևորագույն նպատակներից մեկն է դարձնելու այն, որ ապահովվի օրենքի առջև բոլորի հավասարությունը, հանցագործները ստանան համարժեք պատիժ, և հարգվեն գործին առնճվող բոլոր կողմերի դատավարական իրավունքները:

Անդրադառնալով պետության համար գլխավոր դատախազությանը վերապահված հույժ կարևոր լիազորություններին` քրեական հետապնդում հարուցելը, հետաքննության և նախաքննության օրինականությանմ նկատմամբ հսկողությունը, մեղադրանքի պաշտպանումը դատարանում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումը դատարան, դատարանների վճիռների, դատավճիռների որոշումների բողոքարկումը և պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, նա ասաց, որ դրանց թվարկումն, անգամ, բավական է, որ նույնիսկ ոչ իրավաբան մասնագետը պատկերացնի, թե իրեն վերապահված լիազորություններից ցանկացածի իրականացման ժամանակ թույլ տրված թեկուզ աննշան թերությունն ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ողջ համակարգի և պետության համար:

Կոստանյանը նաև ընդգծեց, որ քաղաքակիրթ հասարակության մեջ մեկ անձի նկատմամբ կատարված հանցանքը հանցանք է բոլորի նկատմամբ` նշելով, որ այս գաղափարի պաշտպանության վրա է կառուցվում ցանկացած երկրի դատախազական համակարգը. «Այլապես, մենք ունենում ենք մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրն ինքնուրույն է պաշտպանվում հանցագործութնուններից, ինչն էլ իր հերթին բերում է մի իրավիճակի, որտեղ գործում է ուժեղի իրավունքը, ինչը հարիր չէ քաղաքակիրթ հասարակությանը և բացարձակ անընդունելի»,-ասաց նա:

Կոստանյանը նաև արձանագրեց, որ մեր պետության առջև այսօր ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս ունենալ այնպիսի պետություն, որտեղ բոլորն ապրում են ապահով և բարեկեցիկ կյանքով` նշելով, որ դա որոշ դեպքերում կախված է օբյեկտիվ պատճառներից: Սակայն, ըստ նրա, արդարադատության համակարգում հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից, և այստեղ բոլոր խնդիրները սուբյեկտիվ են: «Այս հարցում մեր առջև չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, ոչ ոք մեզ չի խանգարում, պատասխանատուն միայն մենք ենք և պետք է պահանջենք միայն և միայն մեզանից»,-ասաց նա

Նա համոզմունք հայտնեց, որ խստագույնս պահպանելով օրինականության սկզբունքը` կարելի է կարճ ժամանակահատվածում հասնել այնպիսի արդյունքների, որոնք ոչ միայն կարտացոլվեն վիճակագրութան մեջ, այլև տեսանելի կլինեն հասարակության համար և կփոխեն արդարադատության նկատմամբ հասարակական ընկալումը:

Զինդատախազն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդրին և նշեց, որ անհրաժեշտ է որդեգրել պատժի նկատմամբ նոր` քսանմեկերորդ դարին հարիր մոտեցումներ: «Հանցագործություն կատարած անձին պատժելու իմաստը սոցիալական արդարության վերականգնումն է, պատժի ենթարկված անձի ուղղումն ու նոր հանցագործութնունների կանխումը, ոչ թե այդ անձին հասարակությունից մկուսացնելն ու որոշ ժամանակ անց նրա մասին մոռանալը»:

Ամփոփելով խոսքը` նա հայտարարեց, որ իրավական պետության կառուցման, օրենքի առաջ բոլորի հավասարության, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրակամացվող գործընթացը ՀՀ դատախազությունն ի զորու չէ կատարել միայնակ, և որ այս գործընթացում մեծ կարևորություն ունեն ողջ արդարադատության համակարգն ու արդարադատությանը նպաստող բոլոր օղակների համակարգված և քրտնաջան աշխատանքը` առաջին հերթին դատական համակարգը, առանց որի պատշաճ աշխատանքի իրավական պետության կառուցման հնարավորությունը վտանգված է:

 

«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը

1009512_408088129300234_1114367913_oՍիրիահայերի Հալեպն արդեն չկա, այն դարձել է անցյալի հիշողություն` պատված սև մոխրի քուլաներով: Հարազատ քաղաքից հեռացած սիրիահայերին կամաց-կամաց լքում է ծննդավայր վերադառնալու հույսը, ու Հալեպն ավելի ու ավելի հեռավոր երազանք է դառնում: Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա եկող տարվա ավարտին Հայաստանում կյանքի կկոչվի Նոր Հալեպը, որը թեև չափազանց տարբեր կլինի իրական Հալեպից, սակայն սիրիահայերին կհամախմբի մեկ վայրում և կդառնա նրանց նոր օրրանը:

Նոր Հալեպի գաղափարը սփյուռքի նախարարությանն է: Նպատակն է ստեղծել թաղամաս, որտեղ սիրիահայերը հնարավորություն կունենան բնակարաններ ձեռք բերելու շատ մատչելի պայմաններով: 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:

Սակայն հողատարածքի անվճար տրամադրումով խնդիրը չի լուծվի, քանի որ ծրագիրը բավականին մեծ է ու ծախսատար, ուստի աշխատանքներ են տարվում հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասը, այնուամենայնիվ, վճարելու են սիրիահայերը, սակայն նախնական կոպիտ հաշվարկներով` դա կազմելու է բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը:

EfLGEJkZuw0gFssF3z3hqk2GhwՍիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանի խոսքով` դիմողների թիվն անսպասելիորեն մեծ է: Այս պահին Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու նպատակով կենտրոնին է դիմել շուրջ 550 ընտանիք, և ամեն օր նոր դիմումներ են ստացվում: Անգամ Սիրիայից են դիմումներ ստացել:

Հալաջյանը նշում է, որ սկզբում տարածքի ընտրության երեք տարբերակ կար` Աշտարակ, Մասիս և Էջմիածին: «Մի խումբ սիրիահայերի հետ գնացինք երեք տարածքները դիտելու, և նրանք ընտրեցին Աշտարակի հողատարածքը»,- նշում է նա:

Նախատեսված է եղել նաև կառուցել մոտ տասը չորսհարկանի շենք, բայց քանի որ դիմումները շատ են եղել, որոշվել է չորսահարկանի շենքերը դարձնել հինգհարկանի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` յոթ:

Այս պահին ծրագրի համար հավաքվել է շուրջ 60 միլիոն դրամ: «Ունենք 1000 դրամի նվիրատու և 100 000 դոլարի նվիրատու, բոլորն էլ մեզ համար հավասարապես ողջունելի են, որովհետև կաթիլ-կաթիլ կարող է ծով դառնալ»,- ասում է կենտրոնի սիրիահայ ղեկավարը:

Հայաստանում ներկայումս շուրջ 10 000 սիրիահայ կա, և թվում է, թե արվում է հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները հոգալու, նրանց աջակցելու և ամենակարևորը՝ Հայաստանում պահելու համար: Սակայն, ինչպես իրավացիորեն նշում են որոշ սիրիահայեր, Հայաստանում մնալու առաջին պայմանն աշխատանք ունենալն է: Եթե դա չկա, ամեն ինչ ապարդյուն է: Լենա Հալաջյանի խոսքով՝ իրենց կենտրոնում գրանցված 5000 սիրիահայ կա, որոնցից մոտ հազարին իրենք օգնել են տեղավորվել աշխատանքի: Կան նաև գործարարներ, որոնցից շատերին բանկերը ցածր տոկոսով (5 տոկոս) վարկեր են տրամադրել, և արդեն 49 բիզնես է դրվել:

Ինչ վերաբերում է որոշ սիրիահայերի կողմից արտահայտած դժգոհությանը, որ պետության կողմից գործնական քայլեր չեն արվում, այլ այդ ամենն ընդամենը գովազդային բնույթ է կրում, Հալաջյանը համամիտ չէ: Նրա խոսքով՝ մարդիկ երբեմն սիրում են ճիշտը չասել: Անգամ թարմ օրինակ է բերում, որ նախօրեին հեռուստատեսությամբ մի սիրիահայ կին բողոքել է, թե իբր եկել է իրենց կենտրոն Նոր Հալեպ թաղամասում բնակարան ձեռք բերելու համար գրանցվելու, սակայն իրենից կանխավճար են պահանջել, և նա հրաժարվել է ծրագրից: «Մինչ օրս մենք որևէ մեկից մեկ լումա անգամ չենք ուզել,- ասում է Հալաջյանը,- այո, երբ քառակուսու արժեքը հստակեցվի, կանխավճար պետք է ուզենք, առանց դրա հնարավոր չի լինի ծրագիրն իրականացնել»:

Ի դեպ, կենտրոնի աշխատակիցներից մեկը նույն պահին իմ ներկայությամբ զանգահարեց այն կնոջը, որը հեռուստատեսությամբ նման բան էր հայտարարել, և վերջինս արդարացավ, որ ինքը նկատի է ունեցել ապագայում պահանջվելիք կանխավճարը: Ինչևէ: Եթե անգամ այդ կինը ստում է, դրա պատճառներից է նաև այն, որ նա ինչ-որ բանից դժգոհ է: Իսկ դժգոհողները քիչ չեն:

Մի սիրիահայ երիտասարդ էլ, որը կնոջ ու երկու փոքր երեխաների հետ Հայաստանում է արդեն մեկ տարի և ապրում է վարձով՝ ծայրը ծայրին հասցնելով (կաշվե իրեր է նորոգում), մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ծրագրին, սակայն չի դիմում, որովհետև չի հավատում, որ այն իրականություն կդառնա: «Այդքան տեղ դիմեցինք, արձանագրվեցինք, ոչինչ դուրս չեկավ,- ասում է նա,- երբ նոր էինք եկել, մեզ Գրողների միության շենքում հավաքեցին, արձանագրեցին բնակարանի համար, կարծեմ «Օգնիր եղբորդ» կազմակերպությունն էր: Բայց անցել է շուրջ մեկ տարի, որևէ արդյունք կամ լուր չկա: Հետո մեզ Դաշնակցության շենք կանչեցին, էլի արձանագրեցին բնակարանի համար, նորից ոչ մի բան: Էնպիսի տպավորություն է, որ իրենց միայն անուն է պետք: Հիմա որ այս նոր ծրագրի մասին իմացանք, այլևս չդիմեցինք՝ մտածելով, որ նորից պիտի անձնագիր ուզեն, գրանցեն, ու վերջ»:

Մեկ ուրիշ սիրիահայ էլ ասում է, որ իրենք դիմել են ծրագրին, սակայն որևէ տեղեկություն չունեն թե՛պայմանների, թե՛ ժամկետների մասին. «Երբ արձանագրվեցանք, մեզի ըսին, որ ժողով պիտի կանչեն և պայմանները տեղեկացնեն: Տակավին չեն կանչել, սպասում ենք: Անցել է արդեն երեք ամիս»:

Հալաջյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, պետք է միայն մի փոքր համբերել. ներկայումս հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում, որը կավարտվի երկու շաբաթից, և եզրակացությունը կներկայացվի Ճարտարագիտական համալսարան, որն իր կողմից անվճար իրականացնելու է շենքերի նախագծումը: «Երբ երկրաբանական տեղեկանքը պատրաստ լինի, բնակարանների արժեքը կհստակեցվի, և հայտ ներկայացրած սիրիահայերին կկանչեն ժողովի, կներկայացնեն պայմանները, կկնքվեն նոտարական պայմանագրեր»,- ասում է Հալաջյանը:

Այդ ժամանակ սիրիահայերը նաև կանխավճար կտան՝ ամբողջ գումարի մեկ երրորդի մասով, իսկ ամբողջական գումարը կարող են վճարել երեք մասով: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի քառակուսու արժեքը մոտ 500 դոլար կարժենա:

Այն դիտարկմանը, որ միևնույն է, սիրիահայերի մեծ մասը Հայաստանում ապագա չի տեսնում և ձգտում է երրորդ երկիր տեղափոխվել, Հալաջյանը նույնպես համամիտ չէ. «Առաջ կհամաձայնեի Ձեզ հետ, բայց այսօրվա դրությամբ` ոչ: Մեկ տարի առաջ այդ միտումը կար, և դա որոշ անձանց վրա շատ թանկ նստեց: Նախ` շատերը Եվրոպա վիզա ստանալու համար ամեն անձի համար 6-7 հազար դոլար ծախսեցին, սակայն նրանց խաբեցին և վիզաները չտվեցին: Բացի այդ, երրորդ երկիր տեղափոխվածների լուրերն այնքան էլ հուսադրող ու վարդագույն չեն: Երրորդ երկիր տեղափոխվելու մտքից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն արդեն ադապտացվել են նոր պայմաններին, աշխատանք գտել: Իսկ ամենամեծ փաստը, որ Հայաստանում մնալ ցանկացողների թիվը մեծ է, այն 500-ից ավելի ընտանիքներն են, որոնք բնակարան ձեռք բերելու հայտ են ներկայացրել»:

Հալաջյանը վստահեցնում է, որ այս ծրագիրը լուրջ է, և կոչ է անում բոլորին՝ Հայաստանում ու Սփյուռքում իրենց ներդրումն ունենալ թեկուզ ամենաչնչին գումարով: Լրատվամիջոցներին էլ խնդրում է ճիշտ լուսաբանել, որովհետև նաև դրանից է կախված ծրագրի հաջողությունը. «Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2014-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»:

Ավելին, եթե Նոր Հալեպն իրականություն դառնա, ապա ծրագիրը կլինի շարունակական, և նման թաղամասեր կկառուցվեն նաև Մասիսում ու Էջմիածնում:

Հանրայինը սերիալ կցուցադրի, բայց…

theme_1Խորհրդարանն այսօր շարունակեց նախորդ քառօրյայում ընդհատված հարցի քննարկումը` կապված Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման հետ, որը ներկայացնում էր խորհրդի նորանշանակ նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց նոր եթերաշրջանում սերիալային քաղաքականության մասին: Վերջինս պարզաբանեց. «Պատրաստվելու է մեկ` ոչ թե սերիալ, այլ 12, 16, 18 կինոմասերից բաղկացած սերիալներ: Սցենարներն այնպես են գրված, որ եթե դուք նայեք 8-րդ մասը, դա ձեզ չի խանգարի, որ առաջին յոթը չեք նայել: Կարծում եմ` դրանք ավելի պատրաստված են այն մոտեցումներով, որ Հանրայինը որդեգրել է, այսինքն դրան կլինեն ավելի հայրենանվեր»:

Այնուհետև հարակից ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա կիսեց գործընկերների այն մտահոգությունը, որ սերիալները դառնում են կրկնօրինակման աղբյուր հատկապես դեռահասների շրջանում` ազդելով նրանց մտածելակեպրի, բառախաշարի, վարքի վրա և դառնալով խնդիր իրական կյանքում:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի բարձրացրած հարցը` կապված սերիալաներում բռնության տեսարանների բավականին մեծ տոկոսի հետ, Հայկ Բաբուխանյանը նույնպես օրակարգային համարեց` նշելով, որ ցանկացած ֆիլմ և հաղորդում պետք է դաստիարակչական էֆեկտ ունենա. «Ժամանակին «Աննա»սերիալ կար, որտեղ մի ընտանիքի դժբախտությունը, որ միգուցե բնորոշ էր մեր հասարակության 5 տոկոսին, ողջ հանրությունը ստիպված էր դիտել, միչդեռ դա բնորոշ չէ բոլոր ընտանիքներին, և չպետք է դա պարտադրել բոլորին»,-ասաց Բաբուխանյանը:

Մհեր Շահգելդյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնական մոտեցումներից մեկը պետք է լինի եթերում ազգային հերոսի ձևավորումը: «Այո, հեռուստատեսությամբ պետք է դաստիարակել այն քաղաքացուն, որին մենք ուզում ենք տեսնել` նախ և առաջ իհարկե հասկանալով, թե մենք ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ»,-արձագանքեց Բաբուխանյանը:

Վերջինիս խոսքով` սերիալ ցուցադրելը համաշխարհային միտում է, և օրինակ, ռուսական հեռուստատեսության մեջ շատ են նպատակային, դաստիարակչական նշանակություն ունեցող սերիալները. «Օրինակ, տվյալներ կան, որ բժիշկների մասին մի հեռուստասերիալի ցուցադրումից հետո շատ երիտասարդներ որոշել են դառնալ բժիշկ: Իսկ ռուսական մեկ այլ սերիալում քարոզվել է շատ երեխաներ ունենալը, որը ժողովրդագրական խնդիր լուծելու նպատակ ունի»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հանրային հեռուստաընկերությունը նպաստել է գաղջ մթնոլորտի ձևավորմանը: Բաբուխանյանը նշեց, որ ցանկացած լրատվամիջոց ազդում է հանրային կյանքի վրա, և հանրայինը ևս բացառություն չէ:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հայտարարեց, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխումների միջոցով և հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես, պատգամավորն առաջարկելու է, որպեսի օրենքով սահմանվեն, թե  կոնկրետ որ հաղորդումները ողջ հեռուստահաղորդումների քանի տոկոսը պետք է կազմեն, և դա պետք է բխի պետական պատվերի պահանջից: Պատգամավորը օրենքով կարգավորման խնդիր է դիտում նաև վերահսկող մարմնի ստեղծումը, որը պետք է վերահսկի Հանրային հեռուստաընկերության քաղաքականության իրականացումը:

Առաջարկներից մեկն էլ վերաբերում է հեռուստատեսության գործունեության համար չափորոշիչների և գնահատման մեխանիզմների ստեղծմանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կարդարացնի ոլորտը բարելավելու հանրության սպասումները և վերջինիս հորդորեց այս բարի ցանկությունը դիտել նաև իբրև պահանջ:

 

 

Հանդիպում Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի հետ

Bako-Sahakyan-Caroline-CoxԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:
Արցախին եւ նրա ժողովրդին մատուցած ծառայությունների համար Նախագահ Սահակյանը Քերոլայն Քոքսին պարգեւատրել է “Մեսրոպ Մաշտոց” շքանշանով:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու ավանդը մեր հանրապետության զարգացման, արցախյան հիմնախնդիրը միջազգային տարբեր ատյաններում արդարացի ներկայացնելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ եւս Քերոլայն Քոքսը նույն եռանդով կշարունակի իր մարդասիրական առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
260913Cox(1)

Նախագահն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:

Կենտրոնի վերաասֆալտապատումը չի նպաստում մարզերի զարգացմանը

Management expert Harutyun Mesrobyan guest in Friday press clubՀՀ կառավարությունը բազմիցս կարևորել է ՀՀ–ում տարածքների համաչափ զարգացումն ու մայրաքաղաքի բեռնաթափումը: Այս նպատակով տարաբնույթ միջոցառումների և ծրագրերի մասին էլ է հայտարարել: Սակայն մեր կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում, որոնք կարծես չեն համադրվում այս կարևոր խնդրի լուծման տրամաբանության հետ: Օրինակ` կառավարությունն անցած շաբաթվա նիստի ժամանակ իր պահուստային ֆոնդից բավական գումարներ «բաժանեց» Երևանին ու մարզերին. մոտ 9 մլրդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին, որից մոտ 7.5 մլրդ դրամն ուղղվելու է Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանը, և մեկ այլ որոշմամբ էլ 500 մլն դրամ ուղղվեց Հայաստանի մարզերին, յուրաքանչյուրին` 50  մլն դրամ: 

Այս երևույթը հասկանալու համար «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի օգնությանը` արդյունավետ կառավարման տեսանկյունից մեկնաբանելու կառավարության որդեգրած տրամաբանությունը.

– Պարո՛ն Մեսրոբյան, կառավարությունը հայտարարում է մարզերի զարգացման  ծրագրերի մասին, բայց 7,5 մլրդ տրամադրում է մայրաքաղաքի կենտրոնի ասֆալտապատմանը և 50-ական մլն դրամ` մարզերին: Մի՞թե այդ քայլը բխում է տարածքների համաչափ զարգացման ծրագրի էությունից:

– Ընդհանրապես,  բոլոր ծախսերը, լինեն դրանք մարզերի թե մայրաքաղաքի մակարդակով, բյուջեից ֆինանսավորվեն թե ոչ, միշտ պետք է բաժանվեն ըստ նախապատվությունների: Այսինքն` կարևորագույնները և հետո մնացածները` ըստ կարևորության, իջեցման կարգով: Կարևորագույններն ընտրվում են հետևյալ սկզբունքով. որո՞նք են անհետաձգելի լուծում պահանջող  հարցերը, և որոնք` միտված զարգացմանը, բուն զարգացմանը, եթե կա զարգացման ռազմավարական ծրագիր:

Հայաստանում իշխանական մակարդակով զարգացման ծրագիր չունենք. կան լոզունգներ, միջնաժամկետ պլանավորում և այլն, որոնց անունը դնում են զարգացման ծրագիր: Քանի որ մենք, կիրառական իմաստով, չունենք զարգացման ծրագիր, բնական է, որ ծախսային մասը չի լինի արդյունավետ: Որովհետև այդ դեպքում չգիտես, թե ինչպիսի ապագայի համար, ինչպիսի ծրագրերի շարունակականության համար ես ինչ-որ ֆինանսավորում ուղղում: Ինչ վերաբերում է անհրաժեշտ մասին, ապա այստեղ, այո’, եթե նայում ենք երևանի կենտրոնին,  ապա վերջին 10 տարիներին պարբերաբար այն ուղղակի ձախից աջ, աջից ձախ վերակառուցում են, փոխում են, դնում-հանում են, բայց քանի գնում է, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է և դառում շատ ավելի անընդունելի ապրելու համար: Սա նշանակում է, որ այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ:

– Ուրեմն կարո՞ղ ենք փաստել, որ այսօր կառավարության կողմից որպես անհետաձգելի հարց ընկալվում է քաղաքի կենտրոնի կառուցապատումը կամ վերանորոգումը, իսկ մարզերը երկրորդական–երրորդական պլան են մղվում:

– Երևի` այո: Որովհետեև մարզերն էլ տարբեր են: Կան մարզեր, որոնք սահմանամերձ երկար գիծ ունեն, որտեղ բոլորովին այլ քաղաքականություն պետք է վարվի, կան մարզեր, որոնք արագ դատարկվում են, մարդիկ թողնում գնում են, ու այնտեղ ավելի շատ  պետք է սոցիալական ու ենթակառուցվածքային խնդիրներ լուծել: Իսկ այսպես հավասարաչափ գումար բաժանելն ու ամենաշատը Երևանի կենտրոնին գումար հատկացնելը նշանակում է, որ խնդիրը տարածքների զարգացման հետ կապ չունի, նախապատվությունների հետ կապ չունի, ուղղակի ինչ-որ սկզբունք է վերցված և արվում է:

– Իսկ Ձեր կարծիքով, ո՞րը կլիներ միջոցների ավելի օպտիմալ բաշխումը զարգացման ծրագրերի տեսանկյունից:

– Առաջին` եթե մենք պետություն ենք, ապա պետք է լինի ռազմավարական զարգացման ծրագիր, որը պետք է երկու ուղղություն ունենա` ժամկետների և տարածքային: Այսինքն` ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով օժտված լինի: Որից հետո պետք է դրա հիման վրա մշակվի մարտավարություն` ելնելով ռազմավարությունից, պետք է դրվեն կշիռների գործակիցները, որոնցով և կորոշվեն նախապատվությունները, թե որ ուղղությամբ ինչ տոկոսային հարաբերակցությամբ միջոցներ պետք է ուղղվեն: Համենայն դեպս մարդկությունը մինչ այժմ, եթե զարգացել է, հենց այս կերպ է զարգացել. ուրիշ ձևով չի զարգացել:

– Ենթադրենք, թե Ձեր նշած բոլոր նկատառումները դրված են կառավարության գործողությունների հիմքում. արդյոք Երևանի կենտրոնի վերակառուցման նպատակների համար այդքան գումարներ հատկացնելը կարո՞ղ է հանգեցնել գոնե Երևանի կենտրոնի զարգացմանը:

– Հստակ ու վստահ ասելու համար պետք է  բուն ծրագիրն ուսումնասիրել: Բայց կարելի է չդնել «ենթադրենք սա» կամ «ենթադրենք մյուսը» հարցադրումները շատ պարզ պատճառով: Եթե լիներ ռազմավարական ծրագիրն ու մնացած-մնացածը, ապա մեզ մոտ արտագաղթը չէր շատանա: Բայց հակառակն է տեղի ունենում. Հայաստանում ապրելն ավելի դիսկոմֆորտային իրավիճակ է ստեղծում` սկսած սոցիալական հարցերից և վերջացրած արդարության զգացումով, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ մարդիկ թողնում-գնում են: Այստեղից բխում է, որ չունենք ռազմավարական զարգացման ծրագիր:

– Ձեր կարծիքով` մարզերին տրամադրված գումարները բավարա՞ր են թեկուզ տեղական առաջին նշանակության խնդիրների լուծման համար:

arm137658003197– Բնական է, որ ոչ. 50 մլն դրամն ի՞նչ թիվ է, մոտ 110 հազար դոլար. դա մեկ հատ միջին կարգի էլիտար ավտոմեքենայի արժեք է: Այսինքն` դա նույնն է, որ յուրաքանչյուր մարզի տրվի մեկական էլիտար ավտոմեքենա, մի՞թե դա հերի՞ք է, որ մարզը զարգանա. իհարկե՛ ոչ:

– Բայց կառավարությունը կարող է ասել և ասում է, որ ծրագրեր էլ, ռազմավարություն էլ ունի և այլն:

– Այդպես չէ, նախադասությունների ամեն մի շարան ծրագիր չէ: Ծրագիրը ենթադրում է ենթարկվել որոշակի օրենքների ու օրինաչափությունների, որպեսզի պարզ լինի, որ սա ծրագիր է, սա էլ ելույթ է, սա վերլուծություն է, սրանք լոզունգներ են, սրանք բաժակաճառեր են… Մեզ մոտ այս ամենը շիլա-փլավ է, ու ստացվում է  մի փաստաթուղթ, որը, ըստ էության, նվազագույն պահանջներով անգամ չի համապատասխանում ծրագիր կոչվող փաստաթղթի պահանջներին: Բերեմ օրինակ. մեզ մոտ քանի անգամ է, որ ընդունվում են կոռուպցիայի դեմ պայքարի փաստաթղթեր, սակայն արդյունքը զրոյական է: Եթե փաստաթուղթը չի իրագործվում, ուրեմն  երկու պատճառ կա. և՛ փաստաթուղթը փաստաթուղթ չէ, և՛ իրագործման նպատակ չկա: Նույնն էլ այստեղ է:

 

Զրույցը վարեց Գևորգ ԱՎՉՅԱՆԸ

Հոր գերեզմանը գտել է մահվանից 68 տարի անց

հոգեհանգստի արարողությունըԱյս տարի նշվում է «Կուրսկի աղեղ» օպերացիայի 70-ամյակը: 50 օր տևած այս մարտը Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ գործողություններից է: Հենց այստեղ է տեղի ունեցել պատմությանը հայտնի ամենախոշոր տանկային մարտը, որին մասնակցել  են 2 միլիոն մարդ, 6 հազար տանկ և 4 հազար ինքնաթիռ:

Այս մարտում մասնակցություն են ունեցել նաև հայերը: «Անկախը» զրուցել է փոխգնդապետ Մկրտիչ Միխայելյանցի դստեր հետ, որը 1943-ին եղել է Վորոնեժյան ճակատի հրետանային գնդի հրամանատարը և հենց այդ մարտերում էլ զոհվել է:

75-ամյա Լյուսյա Միխայելյանցը պատմում է, որ հոր հետ կապված հուշերն իրեն հիմնականում հասել են մոր միջոցով: 1912-ին ծնված մեղրեցի Մկրտիչը, որ վաղ տարիքում կորցրել էր մորը, 13 տարեկան հասակում փախչում է տնից ու ոտքով ճանապարհվում Տաշքենդ: Լսել էր, որ այնտեղ հարուստ մեղրեցիներ են ապրում, և հույս ուներ, որ իրեն կօգնեն գտնել իր տեղը կյանքում:

Հրաշքով Տաշքենդ հասած որբ տղան ընդունվում է Սուվորովյան ռազմական ուսումնարան, ավարտում է գերազանցությամբ, նաև դառնում է Ուզբեկստանի չեմպիոնը ծանրամարտից:

Գերազանց առաջադիմության ու լավ տվյալների շնորհիվ Մկրտիչին Մոսկվայի հրետանային ակադեմիայում ուսանելու են ուղարկում: Ակադեմիան ավարտելուց ու զինվորական  կոչում ստանալուց հետո 25-ամյա երիտասարդը հայրենիք է վերադառնում` գտնելու իր կյանքի կեսին: Փնտրում ու գտնում է Աստղիկին, որի հետ Մեղրու դպրոցում նույն նստարանին էին նստում: Ամուսնանալուց հետո  մեկնում են Մոլդովա, որտեղ էլ ծառայության է անցնում: 1938-ին գործուղվում է Հեռավոր Արևելք, որտեղ մարտեր էին ընթանում Ճապոնիայի դեմ: Այստեղ էլ ծնվում է նրանց առաջնեկը` Լյուսյան:

Զինվորականի ընտանիքի շրջագայությունները շարունակվում են ըստ ռազմական գործողությունների վայրերի` Ֆինլանդիա, ապա Մոլդովա: Երբ վրա է հասնում Հայրենական մեծ պատերազմը, Մկրտիչ Միխայելյանցի բազմանդամ ընտանիքը Մոլդովայում  էր. ունեցել էր երկվորյակ տղաներ, իսկ կրտսեր դուստրն էլ 4 ամսական էր: Այդ ժամանակ Մկրտիչ Միխայելյանցն արդեն գնդի հրամանատար էր:

Հունիսի 22-ին կինն ամուսնուն գտնում է հեռախոսի մոտ արցունքախեղդ: Կնոջն ասում է, որ պատերազմ է սկսվել և  սպասում է հարձակման հրամանի, բայց ինչպես պիտի հարձակվեն` չգիտի. շատ քիչ զենք ունեն:

Հրամանատարությունից խիստ հրահանգ է գալիս` ոչ մի դեպքում ողջ-ողջ չհանձնվել: Խաղաղ բնակչության տարհանման հրահանգ էլ, սակայն զինվորականների ընտանիքներին տարհանել թույլ չեն տալիս: «Ո՞ր մի հայրը կնահանջի, երբ գիտի, որ իր ընտանիքը դեռ տեղում է: Արյան գնով պահել են, մինչև բոլորին կտարհանեն»,- պատմում է տիկին Լյուսյան:

Բնակչությանը ռազմական գործողությունների վայրից 50-60 կմ հեռացնելուց հետո տարհանում են նաև զինվորականների ընտանիքներին: Այդուհետ բոլորը ստիպված ոտքով են առաջ գնում:

«Մայրս փոքր քույրիկիս բարուրը  գցել է սետկայի մեջ ու կախել մի թևից: Երկու եղբայրներիս գրկել է, ես էլ, որ արդեն 3,5 տարեկան էի, ձեռքս պինդ կապել է իր փեշին, որ հանկարծ չկորցնի: Քայլելով ու դադարներով մարդիկ հասել են մինչև Դոնբաս: Այնուհետև դեպի Միջին Ասիա գնալու հրաման է եկել: Մայրս, սակայն, խնդրել է, որ թույլ տան իր երեխաների հետ Հայաստան գնա, որտեղ հարազատներ ունի»,- պատմում է տիկին Լյուսյան:

Ոտքով մայրը և չորս երեխաները ամիսներ շարունակ քայլել են դեպի Հայաստան: Ուշ աշնանը Թիֆլիս են հասել, որտեղից էլ գնացքով պետք է Հայաստան հասնեին: Կանգառներից մեկում, մինչ տիկին Աստղիկը ջուր կբերեր երեխաներին, մի ծեր կին լացող երկվորյակ տղաներին պատուհանից դուրս է նետում: Երբ մայրը նկատում է երեխաների բացակայությունը, գնացքն արդեն շարժվել էր: Հետագայում իր 1,5 տարեկան փոքրիկներին գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Ամիսներ տևած թափառումից հետո տիկին Աստղիկը երկու դուստրերի հետ Երևան է հասնում, ընդ որում, կրտսեր դստեր մաշկը` ոչ հիգիենիկ պայմաններից  քայքայված, քիթը` պայթյունի արկից վնասված: «Այնքան էինք ոջլոտել, որ մեզ  լողացնում էին, թասի մեջ ոջիլները լող էին տալիս»,- հիշում է տիկին Լյուսյան:

Երևանում փախստական ընտանիքին սենյակ են հատկացնում մետաքսի գործարանում: Վերջապես վերահաստատվում է կապն ընտանիքի և հոր միջև, վերջինս ամիսներ շարունակ փնտրել էր ընտանիքին ու նամակներ գրել կնոջ քրոջը` հարցուփորձ անելով նրանց մասին:

1942-ից գնդի հրամանատար Միխայելյանցը կանոնավոր կերպով իր աշխատավարձը կնոջն էր ուղարկում, որ կերակրի երեխաներին: Հնարավորության դեպքում ուղարկում էր նաև իրեն հատկացված կտորեղենը և այլ պարագաները: «Մայրս այդ ամենը շալակած գյուղից գյուղ էր անցնում` ապրանքը սննդի հետ փոխանակելու համար»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը:

Այդ ժամանակ արդեն տիկին Աստղիկի հույսին էին 8 երեխաներ` իր երկու դուստրերից բացի, նաև պատերազմի մեկնած ու աքսորավայրում գտնվող հարազատների երեխաները: «Սև հացը որ ձեթի մեջ տապակում էր, խրթխրթան էր դառնում, դա մեր ամենահամեղ ուտելիքն էր: Իսկ եթե որևէ օր կարտոֆիլ էինք ուտում, դա իսկական տոն էր»,- այդ օրերն այսպես է բնութագրում տիկին Լյուսյան:

1943-ին ընտանիքը գրություն է ստանում, որը գուժում էր հոր մահը. «Ձեր ամուսինը մահացել է Կուրսկի դուգայում: Պինդ եղեք: Մենք ձեզ հետ ենք: Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի»: Նամակում որևէ այլ տվյալ չկար:

Պատերազմի ավարտից հետո պետությունը հոգում է զոհված զինվորականի ընտանիքի կարիքները: Երեխաները զբաղվում են երաժշտությամբ, սպորտով, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն տարիներ շարունակ հոր գերեզմանը գտնելու բոլոր ջանքներն ապարդյուն են անցնում: Տիկին Լյուսյան անգամ Պոդոլսկ է մեկնում, որտեղ կենտրոնացրել էին Հայրենական պատերազմի ողջ արխիվը:

Երբ թվում էր, որ Մկրտիչ Միխայելյանցի գերեզմանը գտնելու բոլոր հույսերը մարել են, հանկարծ այն գտնվում է: Միխայելյանցի կրտսեր դստեր թոռները որոշում են իրենց տատիկին անակնկալ մատուցել ու ամիսներ շարունակ համացանցով արխիվներն են փորփրում` իրենց ուզած անուն-ազգանունը գտնելու համար:

2011-ին պարզվում է, որ փոխգնդապետ Միխայելյանցը հուղարկավորված է ՌԴ Կուրսկի մարզի Պոգոժեե գյուղում:

Տիկին Լյուսյան, որ ամուսնու մահից հետո Մոսկվա է տեղափոխվել` որդու մոտ, անմիջապես նշված գյուղ է շտապում: Լուսաբացին մայր ու որդի Պոգոժեե են հասնում:

Եղբայրական գերեզմանը և հուշարձանը Պոգոժեե գյուղում«Փնտրեցի ու հորս ազգանունն իսկույն գտա: Ինչքա~ն եմ լացել, իսկ երբ տղաս դուդուկի նվագով երաժշտություն միացրեց, երկուսով սկսեցինք լացել: Մի քանի ժամ էդպես նստած էինք, երբ մարդկանց անցուդարձը սկսվեց»,- պատմում է Լյուսյա Միխայելյանցը: Հոգեհանգստի փոքրիկ արարողություն են անցկացնում: Ապա հանդիպում ու շնորհակալության խոսքեր են ասում դպրոցականներին, որոնք էլ խնամում ու մաքուր են պահում հուշարձանը:

Այսքան տարիներ անց էլ, արցունքները կոկորդում խեղդելով, տիկին Լյուսյան ասում է, որ գոնե լավ է, հոր գերեզմանը գտնել կարողացան, բայց, ցավոք, հոր մահվան մասին որևէ տվյալ իմանալ չեն կարողացել. մսաղաց է եղել, հազարավոր մարդիկ են մահացել:

 

Միս Ֆիլիպինները ճանաչվել է միս աշխարհ

Miss Philippines crowned the new Miss WorldՇաբաթ օրը նոր միս աշխարհ է ճանաչվել միս Ֆիլիպինները:

23-ամյա Մեգան Յանգը, որը ցանկանում է կինոռեժիսոր դառնալ, հաղթել է Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացված մրցույթի ժամանակ:

Միս Ֆրանսիան և միս Գանան զբաղեցրել են պատվավոր երկրորդ և երրորդ հորիզոնականները:

Յանգը ծնվել է Միացյալ նահանգներում և 10 տարեկան հասակում տեղափոխվել Ֆիլիպիններ:

Այժմ նա սովորում է համալսարանում, իսկ 15 տարեկան հասակից հանդես է եկել որպես դերասանուհի և հաղորդավարուհի:

Ինդոնեզիայում՝ աշխարհի մահմեդականներով ամենախիտ բնակցված երկրում, միջոցառման կապակցությամբ բողոքի ցույցեր էին կազմակերպվել:

Հաշվի առնելով կրոնական խնդիրները՝ գեղեցկության մրցույթի լողազգեստներով մրցույթը փոխարինվել էր ծովափնյա զգեստների մրցույթով:

Վերադարձ Շվեդիայից Հայաստան. «Սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում»

Samson1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում:  Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:

Եվրոպան հրապուրիչ է, հնարավորություններով լի, սակայն Սամսոնը միաժամանակ զգացել է, որ այնտեղ դժվար է հարմարվել, իսկ եթե չհարմարվես, ապա  կարիերայում էլ մեծ հաջողություններ մի ակնկալիր. «Լավ կարիերայի համար պետք է իրենց պես լինես, հայությունդ մի կողմ դնես, իսկ ինձ համար դա դժվար էր, չնայած որ փոքր տարիքում էի գնացել»:

Սամսոնը ֆինանսիստ է, «Arrow Global» ֆինանսական ընկերության գործադիր տնօրենն, ինչպես նաև AInsights.com կայքի հիմնադիրը: Ոլորտը, որով զբաղվում է, Հայաստանում շատ թույլ է զարգացած` ֆինանսական ներդրումներ և խորհրդատվություն: Ուստի մինչ Հայաստան գալը լավ ուսումնասիրած լինելով հայաստանյան շուկան, մշակել է մի բիզնես մոդել, որով հնարավոր կլիներ, ապրելով Հայաստանում,  գործունեություն իրականացնել ողջ աշխարհում: Դա էր պատճառը, որ իր ընկերությունը հիմնեց դրսում, և պատվիրատուների մեծ մասն էլ դրսից է:

Խոստովանում է, որ եթե աշխատանքն այնպիսին լիներ, որ ստիպված լիներ մնալ արտերկրում, միգուցե չվերադառնար: «Հայաստանում պետք է ստեղծվի այն բիզնես միջավայրը, որ մարդիկ հետ գան, հակառակ դեպքում շատ քչերն իրենց կարիերան կզոհաբերեն»:

Ի դեպ, Սամսոնը նաև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է եղել: Նրա կարծիքով` հիմնադրամը բավականին լավ արդյունքներ է ունեցել այն առումով, որ սովորածների զգալի մասը հետ է վերադարձել, բայց կարծում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բոլորը հետ գան. «Եթե դու գնում ես, ստանում այն դիպլոմն ու կրթությունը, որը Հայաստանին այս պահին պետք չէ, ապա անիմաստ է վերադառնալը: Դրա համար էլ պետք է պետությունը բիզնես սեկտորի հետ համագործակցի, հասկանա` ինչ մասնագետներ են պետք և այդ ուղղությամբ մասնագետներ պատրաստի դրսում»:

Չնայած Եվրոպայում ապրելը մշակութային առումով դժվար է հայերի համար, հատկապես, եթե ուզում ես հայությունդ պահպանել, այնուամենայնիվ, աշխատանքային առաջընթաց ապահովելու հնարավորությունը շատ մեծ է:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու Եվրոպայից: 18 տարի դրսում ապրելուց և Հայաստան վերադառալուց հետո է միայն հասկացել, թե որքան արդյունավետ էին այն քայլերը, որ տարվում էին այնտեղ պետական կառավարման ոլորտում: «Երևանը Նյու Յորք կամ Լոնդոն չէ, հնարավորությունների առումով համեմատելի չէ, բայց սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում, և ամեն մի լավ քայլդ, որ անում ես, նպաստում է քո ժողովրդին, քո երկրին: Այդ առումով Հայաստանն անփոխարինելի է: Երեխաների համար էլ է այստեղ լավ, կարծում եմ` ուսումն էլ բարձր մակարդակի վրա է դրված, կան լավ դպրոցներ, համալսարաններ»:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանը փոքր երկիր է, զարգանալու տեղ շատ ունի, և երիտասարդ հայրենադարձը կարծում է, որ տնտեսական, քաղաքական, սոցիալական, կառավարման մշակույթի առումով մեր երկիրը պետք է օրինակներ վերցնի զարգացած երկրներից, սակայն հասկանալով, թե որ երկրից որ օրինակն է վերցնում:

Անդրադառնալով վերջին շրջանում ամենամեծ քննարկումների առիթ դարձած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` Սամսոնը կարծում է, որ Հայաստանի համար այս պահին օբյեկտիվ որոշում կայացնելը դժվար էր, ուստի ընտրվեց այդ ճանապարհը: Իսկ օբյեկտիվ որոշում կայացնել չկարողանալը, ըստ նրա, հետևանք է վերջին 20 տարիների տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականության. «Ցավոք, անկախությունից հետո մենք չկարողացանք մեր տնտեսությունն այնքան զարգացնել ու հզորացնել, որ կարողանայինք անկախ որոշում կայացնել»:

Արտագաղթի մասին խոսելիս ժամանակին այդ ճանապարհը բռնած ծնողների զավակը չի մեղադրում հեռացողներին, քանի որ իր ընտանիքի փորձից գիտի, թե որքան դժվար է հեռանալը. «Ոչ ոք չի ուզում դա անել, ստիպված է անում, որովհետև չկա որևէ երկիր, որտեղ դու քեզ զգաս բուն երկրի քաղաքացի, երկրի մի մաս: Դու դա կարող ես զգալ միայն քո երկրում, պարզապես պետք է քո երկիրը բարենպաստ միջավայր ստեղծի դրա համար»:

Նա համոզված է, որ ամենակարևոր բանը, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը, հույսն է: Եթե մարդիկ տեսնեն, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է առաջ գնում, ճիշտ որոշումներ են կայացվում, ապա նույնիսկ սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվելով` կհամբերեն ու չեն հեռանա: «Ցավոք, վերջին շրջանում որոշ քայլեր արվեցին, որոնք հարցականի տակ դրեցին այդ հույսը»,- նկատում է նա:

Միակ տարբերակը, որպեսզի արտագաղթը կանխվի, և գնացածները հետ գան, Հայաստանում բարենպաստ միջավայրի ստեղծումն է: Ավելին, այդ ժամանակ Հայաստան կգան նաև Սփյուռքի կարող ուժերը, իսկ մարդկային ռեսուրսն ամենակարևոր ներդրումն է երկրի զարգացման գործում. «Եվ եթե իսկապես Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, ստեղծվի այդ հույսը, և Սփյուռքի ներուժը գա Հայաստան, ապա մեր երկիրը հսկայական թռիչք կարող է ունենալ: Փակ սահմաններ, պատերազմ և այլ խնդիրներ ունեն բոլոր երկրները: Կարելի է այնպիսի ոլորտներ զարգացնել, որոնք կախված չեն այդ խնդիրներից»:

Սամսոնի առաջնեկը ծնվել է Հայաստանում, և Հայաստան գալիս նա հույս է փայփայել, որ իր երեխան կմեծանա այստեղ ու իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: Բայց մի ցավոտ հեռանկար, այնուամենայնիվ, նրան հետապնդում է. «Եթե գա մի պահ, որ զգամ` մենք ավտորիտար երկրների օրինակն ենք վերցնում, բարեփոխումներ չեն արվում, չէի ուզենա, որ իմ երեխան հայտնվեր այն իրավիճակում, որում ես ու իմ ընտանիքը հայտնվեցինք 90-ականների սկզբին և ստիպված եղանք լքել Հայաստանը»:

Սամսոնը հույս ունի, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ Հայաստանում տեսնելով երիտասարդ առողջ սերունդ` հավատում է, որ հնարավոր է պայքարել և երկիրը բարեփոխել: «Երկիրը լքելը մի տեսակ պարտվողական քայլ է, դա պետք է լինի ամենավերջին տարբերակը, երբ ամեն ինչ փորձել ես ու սպառել պայքարի բոլոր ձևերը: Միգուցե օր գա, որ ես էլ նման որոշում կայացնեմ, բայց այսօր բոլորս պետք է ազդենք, որ Հայաստանում դրական փոփոխություններ լինեն, դա ոչ ոք երկնքից մեզ չի տալու: Ես այստեղ եմ, որպեսզի ազդեմ…»:

 

FEMEN-ի կիսամերկ ակտիվիստները աղմուկ են բարձրացրել Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ, տեսանյութ

o_829526Ֆեմեն շարժման ակտիվիստուհիները ներխուժել են փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակում  տեղի ունեցած նորաձևության  ցուցադրություն: Երկու աղջիկներ  փորձել են  խանգարել  Nina Ricci նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Կիսամերկ նրանք բարձրացել են անմիջապես պոդիումի վրա և սկսել են զանազան լոզունգներ գոչել, հաղորդում է  NY Magazine-ը:

Մինչև գոտկատեղը մերկ երկու աղջիկներբարձրացել են բեմ գերմանուհի մոդելի դուրս գալու ժամանակ և սկսել են գոռալ .”Моdel dоn’t go to brothel” (“Մոդել մի մտի բորդել, “) և”Fashion – dictaterror” (“Նորաձևությունը  – դիկատորական ահաբեկչություն է”): Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է պարզել աղջիկների ինքնությունը: Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ  Յանա Ժդանովան և Ալեքսանդրա Շևչենկոն են: Օգոստոսին նրանք լքել են երկիրը`պնդելով, որ իշխանությունները իրենց նկատմամբ ահաբեկչության գործ են սարքել:

Ինչպես միշտ,  FEMEN -ի ակցիան չեն թողել երկարի: Միքանի վայրկյանում նրանց կոպտորեն իջեցրել են բեմից և տարել անվտանգության աշխատակիցների սենյակ:

Ֆեմինիստուհիները կարծում են, որ այժմյան նորաձևության արտադրությունը սեքսիզմ է քարոզում և աղավաղում կանացի գեղեցկությունը: Ավելի վաղ  FEMEN ներկայացուցիչները փորձել են խանգարել սուպերմոդել Հայդի Կլումի հեռուստաշոուն:

Բրազիլացի ընտանիքը դատական գործընթացների մեջ է հայտնվել իրենց ընտանի վագրերին պահելու համար

Borges- the tigerԲրազիլացի կենդանասերը, որը շարժական կրկեսից երկու վագր էր փրկել, այժմ վագրերին հանձնելու վերաբերյալ վեճի մեջ է հայտնվել պաշտոնյաների հետ, որոնք պնդում են, որ կենդանիները վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Արի Բորխեսը 2005թ-ին Դեն և Թոմ եղբայրներին փրկել էր դաժան կյանքից և տարել հարավային Բրազիլիայի Մարինգա քաղաքի իր բնակարան:

Borges -the tiger 2Վագրի ձագերը քնել էին նրա դուստրերի անկողիններում և այգում վազվզել նրանց մյուս ընտանի կենդանիների՝ երկու առյուծների, կապիկի հետ:

Այդ պահից ի վեր նա վագրերին բուծել է, և այժմ ինը վագրեր են ապրում Բորխեսի և նրա ընտանիքի հետ:

Սակայն այժմ կենդանի բնության պաշտոնյաները պնդում են, որ 317կգ կշռող կենդանիները չափազանց վտանգավոր են բնակելի միջավայրում պահելու համար, իսկ Բորխեսը նրանց անօրինական կերպով է բազմացրել:

Այնուամենայնիվ՝ Բորխեսը հայտնել է, որ կենդանաբանական այգիներում բազմաթիվ կենդանիներ են սատկում և ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին, իսկ իր կենդանիների հետ անասնաբույժների թիմ է աշխատում և իրենք լավագույն կերպով են նրանց կերակրում, սակայն իրենց դատապարտում են դրա համար:

Borges -the tiger  1Պաշտոնատար անձինք ցանկանում են կենդանիների հետ միասին վերցնել նաև կենդանիների սիրահարի խնամակալության լիցենզիան, ուստի Բորխեսը բողոք է ներկայացրել և գործը այժմ դաշնային դատարանում է:

Տղամարդու դուստրերից մեկը նշել է, որ իր հայրը կմահանա կամ ինքնասպան կլինի, եթե վագրերին վերցնեն, քանի որ նրանք ամեն ինչ են իրենց համար՝ նրանք իր եղբայրներն են:

 

Մաշկը խնամեք ցրտերն ընկնելուն պես. հետաքրքիր խորհուրդներ և դիմակներ

Autumn Woman. Beautiful creative makeupԱրդեն աշուն է, և ցրտերն ընկնելուն պես մաշկը կսկսի չորանալ ու ջրազրկվել: Իսկ չոր մաշկը, ինչպես գիտեք, կնճռոտվելու և թոշնելու նախապայմանն է: Ուստի, հենց այսօրվանից պետք է լրջորեն մոտենալ մաշկի խնամքին:

Պիլինգը հիանալի միջոց է մաշկի մեռած բջիջները վերացնելու համար: Սակայն հիշեք, որ աշնանը խորհուրդ չի տրվում խորը պիլինգ կատարել: Տնային պայմաններում կարելի է բավարարվել շաբաթը մեկ-երկու անգամ դեմքը սկրաբով մաքրելով:

Աշնանը մաշկի վրա բացասական ազդեցություն է թողնում խիստ հակադիր եղանակը` ցերեկային կիզիչ արևն ու երեկոյան ցուրտը:

Քանի որ աշնանը մաշկի խոնավությունը նվազում է, ապա խորհուրդ է տրվում սպիրտ պարունակող լոսյոններից հրաժարվել:

Անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող, վերականգնող, պաշտպանիչ քսուկներ, որոնց յուղայնությունը բարձր է:

lips2Մաշկին զուգահեռ չպետք է մոռանալ շրթունենքրի մասին. աշնանը շուրթերը ևս ճաքճքում և պլոկվում, ուստի անհրաժեշտ է նաև հետևել շրթներկի բաղադրությանը: Ցանկալի է, որ այն լինի յուղային: իսկ եթե յուղային շրթներկի սիրահար չեք, ապա երեկոյան կամ մինչ դիմահարդարումը օգտագործեք շրթունքների համար նախատեսված բալզամ:

Ձմռանը նույն խնդիրներն է´լ ավելի են սրվում: Արևի ճառագայթների բացակայության հետևանքով օրգանիզմում D վիտամինը նվազում է, որի հետևանքով մաշկը թոշնում է, եղունեգները` թուլանում, կոտրատվում, մազերը` կորցնում փայլը: D վիտամինի պակասն անհրաժեշտ է լրացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին սնուցման միջոցով:

Աշնանն այդ խնդիրը հեշտ է լուծել, թարմ մրգերը կապահովեն բոլոր անհրաժեշտ վիտամինները, անգամ դիմակների կարիք հաճախակի չի զգացվի: Սակայն ձմռանը, երբ մրգերի ու բանջարեղենի ընդունումն օրգանիզմում նվազում է, խորհուրդ է տրվում մաշկն անհրաժեշտ վիտամիններով ապահովել սնուցող դիմակների միջոցով:  Կարելի է և՛ ինքնուրույն պատրաստել բնական դիմակներ, և՛ օգտվել հատուկ ձմեռվա խնամքի համար նախատեսված պատրաստի դիմակներից: Սնուցող դիմակները չեն թողնում, որ մաշկը թոշնի, երիտասարդացնում են, պաշտպանում չոր օդի վտանգավոր ազդեցությունից:

Ձմռանն անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող քսուքներ, սակայն հիշեք, որ խոնավեցնող պրոցեդուրան պետք է կատարել կամ գիշերը` քնելուց առաջ, կամ տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ: Ուշադրություն դարձրեք, որպեսզի քսուկի բաղադրության մեջ անպայման լինի լեցիտին, կոլլագեն, հիալուրոնային թթու, ազուլեն, պրոպոլիս և իհարկե, վիտամիններ:

1321466178_116Գիշերային լվացումները խորհուրդ է տրվում կատարել կաթնային բաղադրությամբ և բուսական յուղ պարունակող խոնավեցնող քսուքներով: Կարելի է պարզապես գոլ ջրի մեջ մի քանի կաթիլ բուսական յուղ լցնել և դեմքը լվանալ: Իսկ եթե դուք հակում ունեք կուպերոզի նկատմամբ, ձեր արյունատար անոթները թույլ են կամ «անոթային աստղեր» են դեմքին երևում, ընտրեք վիտամին k-ի պարունակությամբ քսուքներ: Այն նպաստում է անոթների ամրացմանը:

Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լվացվել լորենու ծաղիկներից պատրաստված թուրմով: Իսկ յուղոտ մաշկ ունեցողների համար օգտակար են եղեսպակի (շալֆեյ) թուրմով լվացումները:

Ձմռանը օճառը ցանկալի է փոխարինել կաթիկով (молочко): Սակայն եթե չեք ցանկանում փոխել օճառը կամ գելը, ապա խորհուրդ է տրվում ձեռք բերել ձեր մաշկին համապատասխան սնուցող քսուկ և մաշկը լվանալուց հետո անմիջապես այն քսել դեմքին:

imagesՇատ կանայք աշնանն ու ձմռանը բարդույթավորվում են` փորձելով կոծկել չաքճքած ու կոշտ ձեռքերը: Սակայն դրա փոխարեն կարելի է մի քանի խորհուրդ լսել ու կատարել, իսկ ձեռքերն ի ցույց դնել հպարտորեն: Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ ձմռանը ձեռքերին օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոնավեցնող ու սնուցող քսուքները, որոնց բաղադրության մեջ մտնում են A և E վիտամիններ: Ամեն ինչ շատ պարզ է. տնից դուրս գալուց կես ժամ առաջ ձեռքերին քսեք խոնավեցնող կամ պաշտպանիչ քսուք, իսկ դրսում անպայման ձեռնոցներ կրեք: Ձեռքերը լվացեք գոլ ջրով: Օգտակար է նաև կաթնային լվացումը: Նույնն արեք քնելուզ առաջ:

 Չոր մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք հեշտ են ու արդյունավետ

images (1)Հանքային ջուրը մաշկը թարմացնելու, սնուցելու և խոնավեցնելու հիանալի միջոց է:

  1. 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը և 1 թեյի գդալ հանքային ջուրը լավ խառնեք իրար: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք դեմքը եռացրած-հովացրսծ ջրով:   Սակայն զգուշացնենք, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մեղրի պարունակությամբ դիմակներ նրանց, ովքեր դեմքին ունեն մանր արյունատար անոթներ (կուպերոզ):
  2. 74274969_58Պատրաստեք թուրմ բույսերի խառնուրդից (անանուխի տերևներ ու ծաղիկներ, եղեսպակ (շալֆեյ). 1 թեյի գդալ բույս և 1 բաժակ եռացրած ջուր համադրությամբ: Թուրմը հովացրեք, քամեք, ապա վրան ավելացրեք ½ բաժակ կաթ կամ սերուցք և 1 թեյի գդալ հանքային ջուր:Ստացված զանգվածը լցրեք սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ  և դրեք սառցախցիկի մեջ: Առավոտյան ջրով լվացվելու փոխարեն սառցե կտորներով դեմքը մերսեք՝ կլորավուն շարժումներով: Այնուհետև, դեմքը չչորացնելով, քսեք սնուցող քսուք՝ չոր մաշկի համար: 10-15 րոպե անց անձեռոցիկով մաքրեք քսուքի ավելցուկը:

загруженноеՁվի դեղնուցով դիմակները ևս շատ օգտակար են չոր մաշկին:

  1. 1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:
  2. 2 հատ միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար, և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով:
  3. Քերեք գազարը, ավելացրեք 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, ապա լավ խառնեք: Խառնուրդը քսեք դեմքին, պահեք 20 րոպե և դեմքը լվացեք գոլ ջրով:
  4. 1 ձվի դեղնուցը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաեւ սեւ հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց դեմքը լվացե գոլ ջրով եւ քսեք մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացրեք թղթե անձեռոցիկով։

Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը

3996

3991

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի սահմանային ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների, միջազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին:

Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

Ս.թ. հուլիսի 22-ին Նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ ՀՀ Նախագահի կարգադրությամբ մեկնարկել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը:

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ…

1380211_451888968264118_1116865737_nՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր  և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.

«Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի  և համաշխարհային մշակույթի համար:

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝ հավերժ մնայուն:

Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից պատիվ ունեցավ Սոս Սարգսյանի հետ կիսելու հանրային կյանքը վերափոխելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու մեր նպատակն ու գործունեությունը, որը նոր որակ և ուժ ստացավ ազդեցիկ մտավորականի ճշմարտախոսության ու իմաստության շնորհիվ:

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:

Վստահ ենք, որ Մեծ մարդու և վառ անհատականության անունն ու գործը հավերժ կապրեն մեր պատմության էջերում և բոլորիս սրտերում»:

 

Մահացել է Սոս Սարգսյանը

Սոս Սարգսյանը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։

1954 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։

1997-2006թթ. Եղել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։

2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում եւ ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։