Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են

загруженноеԻնչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:

Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

Դեպքի այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:

 

Անկախ

Ինչպե՞ս լավ հանգստանալ և աշխատանքի վերադառնալ առանց սթրեսների. խորհուրդներ հոգեբանից

անուշ ալեքսանյանԱմառ է, արձակուրդների բուռն սեզոնը, երբ ամեն ոք կա՛մ արդեն արձակուրդում է, կա՛մ էլ ծրագրում է իր առաջիկա հանգիստը: Այս սեզոնին շատ է խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ հանգստանալ: Հանգստի մեկնողներս, որպես կանոն, գիտենք, որ արևի տակ ցերեկային ժամերին չպետք է մնալ, որ ծովափ մեկնելիս արևապաշտպան քսուքները, արևային ակնոցը պարտադիր են, որ պետք է խուսափել շուտ փչացող սննդամթերքից, ինչպես նաև անծանոթ մթերքներից: Այս ամենն ապահովում են ֆիզիկական առողջությունը: Իսկ ինչպե՞ս հանգստանալ, որ ֆիզիկականից բացի կարողանանաք պաշտպանել նաև հոգեկան առողջությունն ու արձակուրդից վերադառնալիս չլինենք շատ ավելի հոգնած ու ուժասպառ, քան արձակուրդի մեկնելուց առաջ էինք:

Այս թեմայով «Անկախը» զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

– Անուշ, ի՞նչո՞ւ են բոլորը ցանկանում ամռանը հանգստի գնալ, սա կարծրատի՞պ է:

– Չեմ կարծում, որ ձևավորված կարծրատիպ է, ավելի շատ եղանակային փոփոխությունների հետ է կապված, շոգ եղանակին մարդկանց աշխատունակությունն ընկնում է, և մարդիկ ձգտում են հանգստանալ: Նաև կապված է ծովափնյա սեզոնի հետ:

– Ինչպե՞ս պետք է հանգստանալ, որ հանգստից վերադառնալիս ավելի շատ հոգնած չլինենք:

– Հանգստի մասին թյուր պատկերացումներ կան, որոնք ևս խանգարում են, որ ճիշտ կազմակերպենք մեր հանգիստը: Օրինակ` շատերը կարծում են, որ ամառային հանգիստը պետք է պարտադիր ծովափին լինի կամ միայն ծովափնյա հանգիստն է հանգիստ: Իրականում այդպես չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն հետևի և հասկանա, թե ինչպես կկարողանա հանգստանալ: Մարդիկ կան, որոնք գեղարվեստական գրքեր կարդալով են հանգստանում: Այս պարագայում կարելի է արձակուրդն անցկացնել հանգիստ և անտառաշատ մի վայրում, որտեղ հնարավոր է ժամերով պառկել ծառի տակ ու կարդալ:
Այն մարդիկ, որոնք պասիվ աշխատանքային գրաֆիկով են ապրում, գուցե նախընտրեն ակտիվ հանգիստը, ոչ թե պասիվը:

Մարդու խառնվածքից էլ է կախված, թե ինչ հանգիստ կնախընտրի: Չկան ընդհանուր հանձնարարականներ կամ խորհուրդներ բոլորի համար, բայց կան անհատական առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հասկանալ և հաշվի առնել: Խորհուրդս այն է, որ չհետևեն հանգստի գովազդվող տեսակներին, չակնկալեն, որ հանգիստը յուրաքանչյուրի համար նույնը լինի:

Հանգիստ կարող է լինել գործունեության տեսակի, բնակության վայրի, տարածքի փոփոխությունը: Ցանկալի է, որ մարդաշատ, խոշոր քաղաքներում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն հանգիստ միջավայր, որտեղ աղմուկը քիչ է: Օրինակ` ցանկալի չէ, որ մեծ քաղաքում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն մարդաշատ և աղմկոտ հանգստի վայր, եթե անգամ դա ծովափ է: Նման պարագայում միջավայրը կարող է փոխվել, բայց ազդակները, որոնք արտաքին աշխարհից գալիս են, չփոխվեն, այսինքն` հանգստանալ պետք է նաև արտաքին ազդակները փոխելով:

– Իսկ ինչպե՞ս մարդ կարող է կողմնորոշվել, թե իրեն հանգստի որ տեսակն է հարկավոր:

– Փորձելով, հանգստի համար ընտրելով այնպիսի միջավայր, որը լրիվ տարբերվում է իրենից: Մարդ կարող է գնալ Լաս Վեգաս հանգստի, որտեղ լիքը էմոցիոնալ զբաղմունքներ կան, ատրակցիոններ, խաղեր, ժամանցի վայրեր, սա կարող է շատ ծանրաբեռնել մարդուն և հոգնեցուցիչ լինել, չնայած միջավայրի փոփոխություն է: Էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը ևս շատ հոգնեցնող է: Սեփական ոճը գտնելու համար մարդ պետք է փորձի վերլուծել և հասկանալ, թե ինչն է իրեն շատ հոգնեցնում: Մարդիկ հաճախ նախընտրում են ընտանիքի հետ հանգիստը, բայց երբեմն ընտանիքի հետ հանգիստը կարող է հանգստացնող չլինել, որովհետև մարդիկ իրենց ընտանիքից, ընտանեկան հարաբերություններից, նույն մարդկանց հետ անընդհատ լինելուց և շփվելուց ևս հոգնում են: Տարվա ընթացքում կարելի է մեկ շաբաթ տրամադրել մենակ հանգստին, ինչը, կարծում եմ, հայկական միջավայրում մի քիչ խորթ կարող է թվալ: Հայերս դժվարանում ենք հանգստանալ, ժամանց կազմակերպել և լիարժեք գոհանալ այդ հանգստով և հանգստյան տնից իսկապես հոգնած ենք գալիս:

– Շատ մարդիկ փորձում են տանն իրենց հանգիստը կազմակերպել, որտեղ չկա միջավայրի փոփոխություն: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հանգստանալ:

– Իսկապես, կան մարդիկ, որոնք հանգստանում են իրենց տանը, այսինքն` կարող են լիարժեք թուլանալ, հանգստանալ իրենց իսկ միջավայրում: Օրինակ` շատ մաքրասեր մարդիկ, որոնք կարևորում են հիգիենայի կանոնները, կարող են հյուրանոցում, որտեղ իրենք չեն ապահովում մաքրությունը, լրացուցիչ լարվածության և անհանգստության մեջ լինել: Նման մարդիկ ավելի լավ է` տանը հանգստանան, իրենք իրենց ժամանակ տրամադրեն: Կարող են ընտանիքի անդամներին ուղարկել հանգստի, իսկ իրենք մնալ տանը և հանգստանալ տան միջավայրում: Սա արդեն անհատական առանձնահատկություն է:

– Իսկ կա՞ հանգստի օպտիմալ ժամանակահատված, որի ընթացքում մարդը վստահաբար կկարողանա ազատվել կուտակված բացասական լիցքերից և դրական էներգիայով լեցուն աշխատանքի վերադառնալ:

– Չկա այդպիսի օպտիմալ ժամանակահատված: Դրանք ավելի շուտ աշխատանքի նկատմամբ հիգիենիկ պահանջներն են, որոնք սահմանվում են աշխատանքային օրենսգրքով: Տարբեր երկրներում տարբեր աշխատանքների համար սահմանվում է հանգստի տարբեր ժամանակահատված: Բայց առհասարակ մարդը ողջ հանգիստը չպիտի թողնի արձակուրդին, այլ աշխատանքային ժամանակահատվածում` ազատ և հանգստյան օրերին, երեկոները կարողանա լիարժեք օգտագործել և հանգստանալ: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանքային ժամանակահատվածում ապահովել իրենց փոքր հանգիստը, սովորաբար չեն կարողանում նաև արձակուրդի ժամանակ հանգստանալ:

Հանգիստը պետք է ոչ միայն արձակուրդի ժամանակ լինի, այլ ամբողջ տարվա ընթացքում: Սա անձնային որակ է, որը մարդ պետք է զարգացնի:

– Իսկ մարդն ինչպե՞ս պետք է զարգացնի այդ կարողությունը: Ընդհանրապես հանգստի մշակույթ ասվածն ինչպե՞ս պետք է ձևավորվի մարդու մեջ:

HOlidays– Այդ մշակույթը ձևավորվում է և՛ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, և՛ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքով ու հարգանքով: Երբ մեր աշխատանքը գերագնահատում ենք, իսկ մեզ թերագնահատում, կարող ենք չափից դուրս մեծ պահանջներ ունենալ մեզնից, սպառել մեր էներգիան մինչև վերջ և հանգստին ժամանակ չտրամադրել ո՛չ աշխատանքային օրվա, ո՛չ շաբաթվա և ո՛չ էլ արձակուրդի ժամանակ: Արձակուրդը և հանգիստը նաև մեր անձի նկատմամբ մեր վերաբերմունքն են: Եթե բավարար չափով հարգում ու սիրում ենք մեր անձը, անպայման ժամանակ կհատկացնենք հանգստի համար, իսկ եթե այդ պահանջմունքին ուշադրություն չենք դարձնում, նշանակում է` բավարար չափով ուշադիր չենք մեր նկատմամբ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք չեն կարող ամուսնուն, երեխաներին թողնել ու գոնե մի քանի օր տրամադրել մենակ հանգստին:

– Մեր մշակույթում ընդունված չէ օգնել մայրերին երեխաների խնամքի հարցում: Սովորաբար, եթե ծնողների հետ են ապրում, նրանք օգնում են կենցաղային հարցերում: Մայրը, իհարկե, պետք է զբաղվի երեխաների խնամքով, բայց այդ հարցում էլ օգնության կարիք ունի: Օրինակ` մայրն ինչ-որ ժամանակ կարիք է ունենում իր երեխաներից հանգստանալու: Չեմ ասում բոլորը, չեմ ասում ռեժիմի նման պետք է լինի, բայց ինչ-որ պահի, եթե մայրը կարիք կունենա հանգստանալու, պիտի լինեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ ընթացքում:

Օրինակ` մի օր տատիկն ու պապիկը կամ հայրիկը կարող են զբաղվել երեխայի խնամքով: Եթե դա սովորություն լինի, օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր հայրը զբաղվի երեխաներով, որպեսզի մայրն իրեն կարողանա ժամանակ հատկացնել, այդ դեպքում գուցե մայրն այդ չափով չհոգնի երեխաների խնամքից: Իսկ հանգստի ժամանակ կարելի է պայմանավորվել հայրիկի հետ, որ մասամբ կամ որևէ կոնկրետ ժամանակահատված նա զբաղվի երեխաների խնամքով: Հանգստի ժամանակ մի փոքր էլ հայրը պետք է իր երեխաներով զբաղվի: Այնպես է ստացվում, որ հաճախ արձակուրդի ժամանակ էլ հայրերը չեն ուզում իրենց երեխաներով զբաղվել: Իրականում նրանց հանգիստն էլ մի քիչ այդպես պետք է կազմակերպվի, որ երեխայի հետ խաղալով, վազվզելով հանգստանան: Դա էլ արդեն մշակույթի խնդիր է: Եթե հայրն ուզում է հանգստանալ երեկոները, շաբաթ և կիրակի, արձակուրդի ժամանակ, այդ դեպքում մայրը ե՞րբ պետք է հանգստանա: Սա էլ արդեն գենդերային անհավասարության խնդիր է:

– Հանգստից հետո, երբ աշխատանքի ենք վերադառնում, առաջին օրերն ամենաբարդն են: Ինչպե՞ս մեղմել այս վիճակը, ի՞նչ անել, որ հանգստից հետո աշխատանքին վերադառնալն ավելի հեշտ լինի:

– Նախ` դա որոշ չափով բնական երևույթ է, որովհետև ցանկացած փոփոխություն մեզ համար սթրեսային է: Որպեսզի այս անցումը հեշտ լինի, ցանկալի է արձակուրդի վերջին օրերը դարձնել աշխատանքին վերադառնալու նախապատրաստական շրջան: Օրինակ` կարելի է գնալ գնումների, որոնք պետք են աշխատանքի գնալու համար, դա կարող է լինել նոր հագուստ, աշխատանքային օրագիր, այլ իրեր, որոնցով կնախապատրաստվենք աշխատանքին, կարելի է առաջիկա աշխատանքային շաբաթը պլանավորել, զանգել գործընկերներին: Եթե մինչև արձակուրդի վերջին օրն ուզում ենք մեզ տրամադրել հանգստին, լրիվ աշխատանքից կտրվելուն, ապա աշխատանքի գնալու առաջին օրը շատ հոգնեցնող կարող է լինել:

 

Սերբիայում Հայաստանի 9 մարզիկներից 6 կանգնեցին պատվո հարթակին

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ Սերբիայում ավարտվեց ,,Ոսկե ձեռնոցներ,,  անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 32 երկրի մոտ 250 երիտաասարդ բռնցքամարտիկներ: Բավականին ներկայացուցչական և ուժեղ  կազմ հավաքած այս մրցաշարում Հայաստանի 9 մարզիկներից 6 կանգնեցին պատվո հարթակին : Իր բոլոր մրցակիցներին հաղթեց և վստահորեն չեմպիոնի տիտղոսը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով եզրափակչում առավելության հասավ հնդկուհի Կանու Կոնտհոուջամիի նկատմամբ: 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանն ու 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 56կգ քաշային Սպարտակ Թամարյանը,64 կգ քաշային Արմեն Մխիթարյանը և գերծանր  քաշային Գնել Մուրադյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին: Տեղեկացնենք, որ այս մրցաշարը ուժերի լավ ստուգատես էր հատկապես Անուշ Գրիգորյանի և Նարեկ Մանասյանի համար, ովքեր օգոստոսին մեր երկիրը պետք է ներկայացնեն պատանեկան օլիմպիական խաղերում:

 

 Անկախ

 

Մի ծաղկով գարուն. Անհատը փորձում է տուրիստական կենտրոն դարձնել Հայաստանի չբացահայտված գանձը

Տիգրան 2Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհով ամեն օր էլ զբոսաշրջիկների ավտոբուսներ անցնում են, հազվադեպ որոշ մեքենաներ կանգ են առնում Սելիմի քարավանատան մոտ, որտեղ զբոսավարը ներկայացնում է մոտակայքում գտնվող մի քանի հուշարձաններ, ու ճանապարհը շարունակում են: Մարտունու չբացահայտված գանձերը զբոսաշրջիկներին ներկայացնելու փորձեր է անում Տիգրան Բաղիշջանյանը: Պատմում է, որ 6 տարեկան հասակից ամռանը սար է գնացել` տատիկին օգնելու: Այստեղից էլ սերն ու կապվածությունը բնության հանդեպ:
Տարիներ առաջ Բաղիշջանյանը տուրիստական մի խմբի է ուղեկցել` դժվար երթուղին դյուրացնելով: Այդ օրվանից արդեն տասը տարի է` Մարտունի այցելած զբոսաշրջիկների հույսը Տիգրան Բաղիշջանյանն է, որ մանրամասն ներկայացնում է ոչ միայն ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանների պատմությունը, այլև պատմում ճանապարհին հանդիպող ամեն կենդանու, քար ու թփի մասին:
«Սարերն ու ձիերն ինձ համար ազատության ու անկախության խորհրդանիշ են: Ու ես որոշեցի անել այն, ինչ ոչ ոք չէր արել Մարտունիում. որոշեցի տուրիզմը զարգացնել»,- պատմում է նա:
Բաղիշջանյանը տուրիստական խմբերի համար իրականացնում է հեծյալ տուրեր, ինչպես նաև քայլարշավներ Արգիճիի սարահարթում, դեպի Արմաղան լեռան գագաթը, ինչպես նաև Սև քարի աստղադիտարան, Սարի սուրբ և Սուրբ Վարդան սրբատեղիներ: Եվ ոչ միայն:
Արգիճիի սարահարթը Հայաստանի տարածքում ամենաբարձրադիրներից է, գտնվում է Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաների անցման վայրում, դեռ ամբողջությամբ չի ուրբանիզացվել, ուստի բնության տեսարաններն այստեղ անկրկնելի են:
Բաղիշջանյանը պատմում է, որ մինչև հուլիսի վերջը Արգիճիի սարահարթը կանաչ դրախտ է հիշեցնում, իսկ խոտհունձից հետո այստեղ թռչնադիտումներ կարելի է կազմակերպել. բազեներն ու արծիվներն ակտիվորեն որսում են խոտհունձից հետո հեշտ որսվող մկներին:
Տուրիստների համար հաջորդ սիրելի վայրը Սև քարի աստղադիտարանն է: «Մեծ սալաքարի վրա պատկերված է արեգակնային համակարգը: Հնում քարերը որոշակի դասավորվածություն են ունեցել, այժմ դրանք տեղափոխել են, խառնել: Բայց հնագետների համար հսկայական գիտական աշխատանք կա այստեղ: Քարերը սկսել են քայքայվել: Վերջին այցելության ժամանակ նկատեցի, որ քարտեզով սալաքարը ճաք է տվել: Եթե լուրջ գիտական ուսումնասիրություններ չկատարվեն այս վայրում, մեր հինգհազարամյա պատմության մի կարևոր էջ կկորցնենք»,- ասում է նա:
Դժվարհասանելի, բայց անկրկնելի վայր է Սարի սուրբ կոչված սրբատեղին: Սա Հայաստանի ամենաբարձրադիր սրբավայրն է, գտնվում է Աստղոնք լեռան գագաթին` 3470 մ բարձրության վրա: Բաղիշջանյանը պատմում է, որ ամեն օր ժամը 15-ից հետո սրբավայրի այցելուները հայտնվում են ամպերից վեր` Զևսի կարգավիճակում: «Դա աննկարագրելի տեսարան և զգացողություն է»,- ասում է նա:
Սև քարի աստղադիտարանԶբոսաշրջիկների սիրելի վայրերից է նաև Արմաղանը` 2829 մ բարձրություն ունեցող լեռը, որի գագաթին կա խառնարանային լիճ, իսկ կողքին էլ` հին մատուռ, որի տեղում 2009-ին նոր եկեղեցի կառուցվեց:
Դիտարժան վայրեր են նաև Ներքին Գետաշենում գտնվող Կոթավանքի վանական համալիրը, որը կառուցվել է IX դարում, Վանեվան վանքը` կառուցված X դարում հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու և նրա քույր Մարիամի կողմից, Ծակքարի բնական կամուրջը, Ձորագյուղի և Ներքին Գետաշենի խաչքարերը, երեք ջրվեժները, որոնք գտնվում են Մարտունի գետի ակունքում ու սկիզբ տալիս գետին, Թեյշեբա աստծուն նվիրված բերդի ավերակները, որ կառուցել է Ռուսա Առաջին արքան, սեպագիր արձանագրությունը և այլն:
Բաղիշջանյանն ասում է, որ Մարտունիում տուրիզմի զարգացմանը խանգարող մի շարք գործոններ կան: Հիմնականը ենթակառուցվածքների բացակայությունն է. չկան ճանապարհներ, հանրային զուգարաններ, հյուրանոցներ ու հյուրատներ:
«Այսօրվա և 10 տարի առաջվա տուրիստը տարբեր են, այժմ ուզում են ջերմ կոնտակտ ունենալ, տեսնել բնակչի կենցաղը, իսկ այդ կուլտուրան դեռ նոր-նոր դուռն է թակում, կենցաղ էլ չի մտել»:
Մյուս խոչընդոտող հանգամանքը անգլերենի ոչ բավարար իմացությունն է բնակչության շրջանում: Ասում է` պատահել է, որ ավտոստոպով շարժվող զբոսաշրջիկը ժամերով հարցրել է, թե ինչպես կարող է Վարդենիս հասնել:
Իսկ հիմնական խոչընդոտը, ըստ Բաղիշջանյանի, աղտոտվածությունն է: Ասում է` սարսափով է լսում, որ այս կամ այն հուշարձանի հարևանությամբ «բիսետկա» են սարքել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հանգիստը «քաղաքակիրթ» պայմաններում վայելել: Որպես կանոն, դա նշանակում է, որ այդ վայրը դրանով վերածվում է աղբանոցի:
«Ամեն անգամ Արմաղան խմբեր տանելիս ողջ ճամփին սարսափով մտածում եմ` Աստված ջան, տեսնես վերջին օրերին Արմաղանի գագաթին հանգստացողներ եղել են, թե ոչ»,- ասում է ՏիգրանԲաղիշջանյանը և նշում, որ հանգստացողներն իրենց տարած ողջ աղբը թողնում են բնության գրկում: Այս դեպքում հաջորդ այցելուներն ականատես են լինում աղբանոցի վերածված խառնարանի` պատված քամուց ցաքուցրիվ պոլիէթիլենային տոպրակներով ու մեկանգամյա օգտագործման սպասքով:
Ասում է, որ հարևան համայնքի համայնքապետարանը պարբերաբար տարածքը մաքրում է աղբից, բայց դա էլ չի օգնում, երբ մեկը մաքրում է, իսկ հազարավորները` կեղտոտում:
«Մեր ժողովրդի սիրած առաջին կենացն է` բնությունից անպակաս լինենք, բայց իրենց հետևից թողնում են բնությանն անպիտան իրերի կույտ` աղբ, ու վերադառնում են բնությունից անպակաս լինելու և հաջորդ անգամ նորից այնտեղ գնալու ցանկությամբ»,- ասում է նա:
Բաղիշջանյանի խոսքով` Հայաստանն արկածային տուրիզմի մեծ հնարավորություններ ունի, սակայն աշխարհին այս առումով քիչ է հայտնի, քանի որ չի գովազդվում. «Հայաստան գալիս են հիմնականում տարեցները, որոնք քայլելու քիչ հնարավորություն ունեն, նրանց համար ձի նստելը կամ երկար քայլելը դժվար է: Այստեղից էլ մեր տարածաշրջանի չբացահայտված լինելու պատճառը»:
Իսկ ով էլ դեպքերի բերումով տեղանքում է լինում, առաջին արձագանքը հետևյալն է. «Դուք դրախտում եք ապրում»:
Իր փորձն ամփոփելով` Բաղիշջանյանն ասում է, որ օտարերկրացիներին հատկապես շատ է հետաքրքրում, թե սարերում ինչպես է ապրում հնագույն քաղաքակրթության ներկայացուցյիչ հայ մարդը, ինչպես է մեղր քամում, անասուն պահում, կթում, կաթ զտում, հող մշակում: Ասում է, որ մի քանի տուրիստական ընկերությունների առաջարկել է այս ուղղությամբ աշխատել, բայց ապարդյուն:
Իսկ Մարտունի հիմնականում գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից և Հոլանդիայից, նաև Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Այս տարի Մարտունիով սկսել են հետաքրքրվել նաև ռուսները:
Բաղիշջանյանն ասում է, որ հատկապես հեծյալ տուրերի մասնակիցների աչքերում վերադառնալու ցանկություն է տեսնում: Ու տարիների ընթացքում պատահել է, որ զբոսաշրջիկները երկրորդ անգամ են Մարտունի եկել: Կրկնայցելուների պնդմամբ` Հայաստանում փոքր տարածքի վրա կտրուկ փոփոխություններն այնքան շատ են, այնքան տեսնելու բան կա, որ անընդհատ ուզում ես նորից վերադառնալ: Բայց Հայաստան գալու ցանկությունը սկսում է աստիճանաբար նվազել, երբ տուրփաթեթի արժեքն են լսում:
Հարցին, թե տարածաշրջանի հուշարձաններից հատկապես որն է հավանում, Բաղիշջանյանը պատասխանում է, որ Մարտունու տարածաշրջանը սիրում է իր ամբողջության մեջ` ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձաններով, բնությամբ ու ռելիեֆով. «Սա մեր հոգու քարացած ճիչն է: Մեր բնությունն է մեզ կերտել այնպիսին, ինչպիսին կանք»:
Նա հուսով է, որ իր ջանքերը մի օր արդյունք կունենան, և Մարտունին կդառնա տուրիստական կենտրոն, կգան ոչ միայն օտարերկրացիներ, այլև Հայաստանի բնակիչներ, չէ՞ որ հայրենասիրությունը հենց հայրենաճանաչությունից է սկսվում:

Խալերն առողջության նշան են, բայցև մաշկի քաղցկեղի վտանգ

խալերՈմանց խալերը կարող են գեղեցկացնել, ոմանց մոտ փչացնել այն: Կուբացի գիտնականների բացահայտմամբ, որքան շատ են կանանց մարմնի խալերը, այնքան ավելի մեծ հաճույքով են սեքսով զբաղվում: Դա բացատրում են խալերում ժառանգական ինֆորմացիայով: Իսկ Մեծ Բրիտանիայի քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր մարմնի վրա 100-ից ավելի խալ ունեն, շատ ավելի ամուր ոսկորներ, ավելի քիչ կնճիռներ, զարգացած մկաններ, առողջ աչքերը և առողջ սիրտ ունեն: Սակայն, մյուս կողմից, խալերը նպաստում են մաշկի քաղցկեղի առաջացմանը:

Պարզվում է` խալերն առաջանում են մելանոցիտ հորմոնի (պիգմենտների հատիկներ պարունակող մաշկային բջիջներ) կուտակման հետևանքով, որոնք ավելանում են արևայրուքի ժամանակ: Խալերը լինում են բնածին և ձեռք բերովի, տարբեր գույնի (մոխրագույն, սև, մուգ շագանակագույն և մարմնագույն), չափի, հարթության և վրայի մազերը վտանգավոր չեն։ Դրանք տարիքի հետ կարող են մգանալ և մեծանալ: Խալերը հաճախ առաջանում են մաշկի` արևի ներգործությանը ենթարկված հատվածներում, բայց պետք է հիշել, որ դրանց վտանգը չարորակ նորագոյացությունների` մելանոմայի վերածվելու հատկությունն է։ Կարծիքներ կան նաև, որ մարմնի վրա խալերի քանակը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

«Մելանոման արագ զարգացող ուռուցք է։ Դրա համար ամռանը անհրաժեշտ է պաշտպանվել արևի ճառագայթներից, հրաժարվել լողափին երկար պառկելուց, կիրառել արևապաշտպան քսուքներ, արևային ակնոց, հովանոց կամ գլխարկ, և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից զգուշանալ հատկապես ժամը 12:00-16:00-ին: Վտանգի տակ են հատկապես շիկահերները, բաց գույնի աչքեր ունեցողները և ալբինոսները (գունագարները)» , – մեզ հետ զրույցում ասել է ռումիանցի բժիշկ-մաշկաբան Անկա Էնեն:

Նրա խոսքով` պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ նկատում ենք, որ խալերի չափերը մեծացել են, շատացել են, գույնը փոփոխվել է, անհամաչափ են դարձել, ճաքեր, թեփուկներ, հեղուկի հոսք, արյունահոսություն է առաջացել: Խալերի սահմանների մոտ գունավոր բծերը չարորակ ուռուցքի նշաններ են, որի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի (ուռուցքաբանի, մաշկաօնկոլոգի)։

Որոշ մասնագետներ ուղղակի դեմ են խալերի հեռացմանը, մինչդեռ այլ բժիշկներ դա անհրաժեշտ են համարում: «Իրականում խալի հեռացումը վտանգավոր չէ, պարզապես պետք է հասկանալ, թե այն ինչ մեթոդով կարելի է հեռացնել: Պետք է կատարել նախնական հետազոտություն, որից հետո նոր որոշել, թե որ մեթոդով է անհրաժեշտ խալը հեռացնել, կամ չհեռացնել: Վտանգավոր խալերը կարելի է հեռացնել ռադիոալիքային հոսանքով, որն առավել արդյունավետ միջամտություններից մեկն է, քանի որ կանխվում է արյունահոսությունը, էլեկտրոագուլացիայով, կրիոդեստրուկցիայով, լազերով (բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խալը շերտ առ շերտ ոչնչանում է) և վիրահատական ճանապարհով: Խալը հեռացնելուց հետո էլ անհրաժեշտ է զերծ մնալ արևի երկարատև ներգործությունից», – հավելել է Ա. Էնեն և շարունակել, որ խալերը խորհուրդ չի տրվում հեռացնել 18 տարեկանից շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ խալը խանգարում է երեխային: Բոլոր դեպքերում վերջնական որոշումը որակյալ բժշկինն է:

Ռաուֆ Միրկադիրովը առաջին անգամ ցուցմունքն է տվել և հերքել իրեն ներկայացված մեղադրանքները

3Պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հուլիսի 11-ին՝ ապրիլ 19-ի իր կալանավորումից տևական ժամանակ հետո, առաջին անգամ ցուցմունք է տվել, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Ժամը 11.00-18.00-ն իր երկու փաստաբանների հետ նա ցուցմունք է տվել քննչական մարմնին և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները:

“Քննության գաղտնիության պատճառով Ռաուֆ Միրկադիրովի ցուցմունքը չենք կարող հրապարակել”,- հայտարարել է փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է Բաքվում ապրիլի 19-ին` Թուրքիայից արտահանձնվելուց անմիջապես հետո: Միրկադիրովին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ,

 

Ձերբակալվել են պաշտոնատար անձիք

 ձերբակալությունԶորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովաննիսյանը:

Անկախ

Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտի արձակած կրակոցից հայ սպա է զոհվել

Diversant-4Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի: Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր

218760Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր:

Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ՌԴ կառավարության անունից՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար:

unnamed_3ՌԴ կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Աբրահամյանը ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սոչիի օլիմպիական ավան՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
Անկախ

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

dirqerԱյսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Մ. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Անկախ

«Հարցը չափազանց կարևոր է». արդարադատության նախարարը՝ բանկային հաշիվների արգելափակման մասին

news_0508977925681_18_b

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ,

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և իմ անմիջական հսկողության ներքո:

Հարցը չափազանց կարևոր է անձանց իրավունքների անհիմն սահմանափակում թույլ չտալու և մարդկանց համար կենցաղային դժվարություններ չստեղծելու տեսանկյունից: Այն ուսումնասիրվել է խորությամբ և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ խնդիրն արագ կարգավորելու համար: Նշված դեպքերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածում է բացառապես այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, և դա ակնհայտ երևում է կատարողական ցանկացած փաստաթուղթ ուսումնասիրելիս:

Ավելին, ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: Խնդրո առարկան պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով: ՀՀ արդարադատության նախարարությունը, համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ճանապարհներ է փնտրում նշված խնդիրը կարգավորելու համար:

Հավաստիացնում եմ, որ հարցը գտնվում է իմ և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարողի ուշադրության կենտրոնում և շատ կարճ ժամկետներում խնդիրը կստանա դրական լուծում՝ մեր քաղաքացիների իրավունքների վերականգնման և հետագա գործընթացներում նման բարդություններից զերծ մնալու տեսանկյունից»:

 

Անկախ

Օբաման Սենատին է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը.Լրագիր

 Ռիչարդ Մ. ՄիլսՍպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Ռիչարդ Մ. Միլսի թեկնածությունը: Եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա Միլլսը Հայաստանում կփոխարինի ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին: Ներկայում Միլսը Լիբանանում ԱՄՆ փոխդեսպանն է, որտեղ աշխատում է 2012 թվականից: Մինչ այդ, 2010-2011 թվականներին Միլսը եղել է Մալթայում ԱՄՆ փոխդեսպան:

 

Միլսը դիվանագիտական ծառայության է 1988 թվականից: Նա եղել է հյուպատոս Փարիզում, հետո վերադարձել է Վաշինգտոն, որտեղ եղել է անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով հյուպատոսական բաժնում: Հետո Միլսը դիվանագիտական ծառայություն է իրականացրել Սանկտ-Պետերբուրգում ամերիկյան հյուպատոսարանում: Միլսը տարբեր տարիներին դիվանագիտական ծառայություն է իրականացրել Դուբլինում, Իսլամաբադում, իսկ 2006-2009 թվականներին եղել է Լոնդոնում ԱՄՆ դեսապանատան քաղաքական խորհրդական:

 

Միլսը դիվանագիտական ծառայության Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է: Նա նաեւ Տեխասի համալսարանի շրջանավարտ է, ունի միջազգային անվտանգության եւ ազգային պաշտպանության մագիստրի աստիճան:

 

Միլսը ամուսնացած է, նրա կինը՝ Լի Քարտերը դիվանագիտական նախկին ծառայող է: Ռիչարդ Միլսը տիրապետում է երկու օտար լեզվի՝  ֆրանսերենին եւ ռուսերենին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է գերեվարված ադրբեջանցիների զենքերը

դիվերսանտդիվերսանտՔանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և դիվերսանտ..մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին:

Հակառակորդի գնդակոծությունից Բրուտյանները փրկվել են ազատամարտիկ հայրիկի հնարամտության շնորհիվ

պառավաքարՎեց-յոթ տարի կլիներ` հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարի ուղղությամբ կրակոցներ չէր արձակել, ավելի ճիշտ` բնակավայրի ուղղությամբ, քանի որ այս գյուղի հայկական դիրքերի կողմը երբեմն-երբեմն կրակոցներ հնչել են: Բայց պառավաքարցին միշտ էլ զգուշացել է` գիտակցելով, որ քանի դեռ ապրում է պատերազմի ու խաղաղության սահմանագծին, պետք է մշտապես զգոն լինի, չվստահի դարանակալած հարևանին:

Երբ հունիսի 28-ին ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ինտենսիվ կրակ բացեց նախկին Շամշադինի շրջանի սահմանապահ գյուղերի ուղղությամբ, գնդակոծությունից զերծ չմնաց նաև Պառավաքարը: Երեկոյան ժամը 5:00-ի առաջին կրակոցից հետո Պառավաքարի խաղողի այգիներում գրեթե մարդ չմնաց: Բրուտյանները չհասցրին փախչել: Հովհաննեսն էր, հայրը` Լևոն Բրուտյանը, մայրը` Գայանեն, քույրը` Ալինան: Նրանք էտելիս ու ծերատելիս են եղել այգին, երբ սկսվել են կրակոցները: «Երևի 5-անց կես- 6-ն էր, ժամ չկար մոտներս, այգում աշխատում էինք, սկսվեցին կրակոցները, մենք իմաց արինք Լևոնին, որ գա մեզ տուն բերի, մաշինը բերեց, մտցրեց այգու արանքը, որ մեզ փրկի, էն էլ ավելի ուժեղ կրակեցին ու խփեցին մեքենայի կուզովին, էրեխեն վիրավորվեց: Լևոնին թողեցինք, մենք ուրիշների այգիների միջով փախանք, վազանք արանքներովը թաքնվելով`փախել ենք, որ մեզ չտենան, արյունը հոսելով փախել ենք»,- պատմում է Հովհաննեսի մայրը` Գայանեն:

Դեպքի պահին մայրը զավակների հետ իրենց բեռնատար ավտոմեքենայի մոտ է եղել: Տիկին Գայանեն պատմում է, որ ինքն այդ պահին դստեր հետ զրուցելիս է եղել, որդին էլ` մեքենայի վարորդի հատվածի բաց դռան մոտ կանգնած: Գնդակը դիպել է մեքենայի խցիկին, բեկորներն էլ թռել, վնասել են Հովհաննեսի ձեռքն ու ոտքը: «Մենք գիդացինք, թե մենակ ձեռքն ա վիրավոր, տաք ա եղել, չի զգացել, բայց փախչելիս ճամփի կեսին ասեց` մամ, էլ ոտքս չի պառավաքար3աշխատում»,- շաբաթ օրվա մղձավանջն է հիշում տիկին Գայանեն: Հակառակորդն ամբողջ ընթացքում հետևել է նրանց գործին ու փախուստին` հետապնդելով և փորձելով վնասել: Գայանեն, Հովհաննեսն ու Ալինան, սողալով, վեր կենալով, մի կերպ տուն են հասել մոտ երկուսուկես ժամում ու տղային տեղափոխել Բերդի հոսպիտալ: «Հիմա ցավեր չունեմ, լավ եմ, գնում եմ, վիրակապը նայում են, գալիս եմ տուն»,- ասում է 16-ամյա Հովհաննես Բրուտյանը:

10544421_769778009711457_3145928548885983353_nՀովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը, արցախյան ազատամարտի մասնակից է: 1990-ականների թեժ կռիվների ժամանակ գյուղի կամավորներից է եղել, վիրավորվել է Պառավաքարի Խաչի քարի վրա տեղակայված հայկական դիրքում: «Գյուղն էինք պահըմ: Հըմի իբր թե հրադադար ա, բայց ոնց ա հրադադար, որ օրական կրակըմ են: Շաբաթ օրը բաղըմն ինք, հենց ուզըմ ինք գործ անենք` խփըմ ին: Ով էր տեսած բանվորի վրա կրակեն: Հիմա էլ քյնամ կաղնեմ` խփըմ ա: Բայց դե կարո՞ղ ա չքյնամ, քշերը քյընըմ ենք բաղը սրսկըմ: Ռուբիկը (հարևանն է ու նաև 1990-ականներին նրա հրամանատարն է եղել- Մ. Խ.) որսորդական հրացանով ինձ պահըմ ա, ես էլ սրսկըմ եմ: 30-40 տոննա խաղող եմ վեր ունըմ, հանձնում կոնյակի գործարան, բա հո թողիլ չդեմ իրանց: Էրեխեքիս բա ոնց պահեմ: Էրեխու դեպքից հետո մի հատ կրակեցին, վազանը կպավ, քիչ մնաց աչքս հանի: Ես տեսա, որ թիրախում մեքենան ա, որովհետև հակառակորդին թվաց, թե մենք բեռնախցիկում ենք, սկսեց մաղել, ավտոն տարա կանգնեցրի էնտեղ, որտեղ խփում էր, էրեխեքը փախան»,- ասում է Հովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը:
1992 թ. սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիները հասել են մինչև Պառավաքարի բարձունք` մինչև գյուղացիներին հայտնի Խաչի թաղ, որտեղ էլ Լևոնը վիրավորվել է: «Մենք այդ պահին Լևոնի կողքին չենք եղել, լսեցինք, որ վիրավոր է, իջեցրել ենք գյուղ, տեղափոխել Բերդի հիվանդանոց»,- հիշում է Ռուբիկ Գասպարյանը:

Հայկական դիրքից իջնելուց հետո Լևոն Բրուտյանն այնուհետև զորակոչվել է բանակ, ծառայել սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ նույնպես վիրավորվել է: Իսկ այս տարվա հունիսի 28-ի դեպքի վերաբերյալ Լևոն Բրուտյանն ասաց, որ իր բեռնատարն ամբողջութամբ գնդակոծվել է, մեքենան մի քանի տեղից վնասվել է, տեղափոխվել է Բերդ, որտեղ էլ պետք է իրականացվի փորձաքննություն:
«Ես թուրքից վախըմ չեմ, պետք լինի, կմտնեմ Քյոնաշ թաղ (Պառավաքարի հարևան ադրբեջանական բնակավայրն է – Մ.Խ.), կկռվեմ: Բայց դե ես կուզեմ, որ դրա կարիքը երբեք չլինի, խաղաղություն լինի, ապրենք, աշխատենք, ստեղծենք: Դեմ եմ, որ հողերը չբեջարենք: Մեր վազնուտը հենց թուրքի ըռխըմն ա, ամենասահմանը, բայց դե պետք ա մշակենք, լիքը էրեխեք ունեմ, եկամուտս հիմնականում դրանից ա»,- ասում է Լևոնը, որ ութ երեխա ունի: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Դուստրերից մեկն ամուսնացել է, մյուսը` Ալինան, որը կրակահերթի ժամանակ ևս այգում է եղել և հրաշքով անվնաս դուրս եկել ադրբեջանական դիրքապահների կրակային շրջափակումից, այս տարի ավարտել է 12-րդ դասարանը: Նա ցանկանում է վարսահարդար դառնալ, սովորելու հարցում սահմանամերձ գյուղի աղջկան պատրաստ է աջակցել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:
պառավաքար2Հունիսի 28-ին հակառակորդի կողմից վիրավորում ստացած Հովհաննես Բրուտյանի առողջական վիճակը Բերդի հոսպիտալի պետի անմիջական հսկողության տակ է: Բժիշկ Էդվարդ Գրիգորյանի խոսքով` տղայի վիճակն արդեն լավ է, մոտ մեկ շաբաթից կհանեն նաև ձեռքի գիպսը, որից հետո Հովհաննեսն ազատ կքայլի և կշարժի ձեռքի մատները: Բերդի հոսպիտալի պետը վստահեցնում է, որ հետագայում սպիներ չեն լինի:

Ի դեպ, այս դեպքի օրը բանակից վերադարձել է ավագ որդին` Սուրենը, որը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում: Բրուտյանների բազմանդամ ընտանիքը փառք է տալիս Աստծուն, որ ավագ որդին բարեհաջող բանակից տուն է վերադարձել, նրա զորացրման ու Հովհաննեսի հետ տեղի ունեցած դեպքի հետ կապված` Պառավաքարում պատրաստվում մատաղ անել:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Եվրադատարանը կարևոր որոշում է կայացրել գերմանաբնակ թուրքերի օգտին

emԵվրադատարանը որոշում է կայացրել Գերմանիայում ապրող թուրք ներգաղթյալների վերաբերյալ: Այսպես, գերմանական կառավարությունը իրավունք չունի պահանջելու գերմաներենի իմացությունը այն թուրք ներգաղթյալներից, որոնք ցանկանում են վերամիավորվել Գերմանիայում ապրող իրենց ամուսինների հետ: Դատարանը բավարարել է ազգությամբ թուրք քաղաքացու հայցը, որը 1998 թվականից բնակվում է Գերմանիայում: Նրա կնոջը հրաժարվել էին վիզա տրամադրել` պատճառաբանելով, որ նա գերմաներեն չի խոսում: Դատարանը որոշում է կայացրել, որ գերմանական կառավարության նման դիրքորոշումը հակասում է եվրոպական իրավունքին:

Գերմանական իշխանությունները 2007 թվականից պահանջում են, որպեսզի ԵՄ տարածքից դուրս բնակվող ներգաղթյալները, որոնք ուզում են միավորվել իրենց ամուսիններին, պետք է պատրադիր տիրապետեն գերմաներենի հիմունքներին: Այս որոշումը ներկայացվել էր որպես պայքար հարկադրված ամուսնությունների դեմ և ինտեգրացիայի հեշտացման միջոց:

Անկախ

Ադրբեջանի հետախուզադիվերսիոն խումբը հայտնաբերվել է, անդամները ձերբակալված են

պբԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նոր խալիֆաթի սպասելիս կամ Մերձավոր Արևելքում «կենացները քաղցրանում են»

ահաբեկիչներՄերձավորարևելյան նոր զարգացումները կարելի է բնութագրել որպես քաոսային. նոր պետությունների ու պետական միավորումների առաջացումով ուրվագծվում է

մերձավորարևելյան աշխարհաքաղաքական նոր պատկեր:
Իրավիճակը, հատկապես Իրաքում, կտրուկ սրվեց հունիսի սկզբին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ծայրահեղական խմբավորման զինյալները վերահսկողություն հաստատեցին Իրաքի հյուսիսային մի շարք բնակավայրերի վրա: ԻԼԻՊ խմբավորումը, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն, ակտիվ գրոհներ է սկսել այս տարվա հունիսին:

Այնուամենայնիվ` ծայրահեղականները խալիֆաթ հռչակեցին

Արդեն հունիսի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հայտարարություն տարածեց Սիրիայի և Իրաքի` իրենց կողմից գրավված տարածքներում իսլամական խալիֆաթ կամ իսլամական պետություն ստեղծելու մասին: Խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին Ռամադանի օրը նշեց, որ խմբավորման խորհրդատվական խորհուրդը, ղեկավարությունը և անդամները որոշել են հայտարարել Իսլամական խալիֆաթ կազմավորելու և Աբու Բաքր ալ Բաղդադիի խալիֆաթի ղեկավար դառնալու մասին:

Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ ԻԼԻՊ-ը բավականին հզոր է և ի վիճակի է թելադրելու խաղի նոր կանոններ: Նրա կարծիքով` այս նոր կառույցը բավական ներուժ ունի մարտահրավեր նետելու գոյություն ունեցող կարգերին:

Խմբավորումը նույնիսկ քարտեզներ է հրապարակել, որտեղ ներկայացված են իսլամիստների նկրտումները. վերականգնել երբեմնի Արաբական խալիֆաթն իր սահմաններով: Իսլամական խալիֆաթն իր այսօրվա սահմաններով հյուսիսից սահմանակից է Թուրքիային, Իրաքյան Քրդստանին, Սիրիայի հյուսիսային շրջաններին: Բավական հսկա տարածքներ արդեն իսկ խմբավորման իշխանության տակ են, ու կարծես ոչինչ չի խանգարում, որ նրանց հռչակած խալիֆայությունը իրականություն դառնա: Առավել ևս, որ Սիրիայի ու Իրաքի տարածքներում նավթով հարուստ շրջաններում նավթի արդյունահանումն ու վաճառքն իրականացնում է հենց ԻԼԻՊ-ը, ու ըստ մամուլի հրապարակումների` կազմակերպությունն արդեն իսկ իր հաշիվներում մոտ 2.5 մլրդ դոլար միջոցներ է կուտակել:

Հուլիսի 2-ին ԻԼԻՊ խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ արեց մուսուլմաններին գալ և բնակություն հաստատել Իսլամական խալիֆաթում` խոստանալով պաշտպանել նրանց: Իսկ արդեն հուլիսի 6-ին տարածված տեղեկատվության համաձայն` խմբավորումը պլանավորում է տրամադրել իր իսկ կողմից հռչակված Իսլամական խալիֆաթի անձնագրեր: Խմբավորման անդամները Twitter-ում տեղադրել են խալիֆայության անձնագրերի լուսանկարներ: Դրանց վրա գրված է «Իսլամական խալիֆաթ» և նշված. «Եթե այս անձնագրի սեփականտիրոջը վնաս պատճառվի, ապա մենք հանուն նրա կգործարկենք մեր զորքերը»:

Մերձավորարևելյան զարգացումների «ճարտարապետը» սկզբում Արևմուտքն էր, մասնավորապես` ԱՄՆ-ն: Բայց այսօր նրանք էլ, ինչպես հավաստում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, խուճապի մեջ են, քանի որ շատ լավ հասկանում են, որ ծայրահեղական խմբավորումների գլխացավանքը նաև իրենց տուն է հասնելու, այլապես այս տարվա փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից չէր հայտարարվի ահաբեկչական:

Որ նախկին ԻԼԻՊ-ն ակնհայտորեն խառնեց անգամ իր երբեմնի հովանավոր ԱՄՆ-ի խաղաքարտերը, ակնհայտ էր դեռևս անցյալ ամսվա վերջին: Հենց այդ ժամանակ` հունիսի 24-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանեց Բաղդադ, ուր բանակցություններ էր վարում Իրաքի վարաչպետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Այցի նպատակն Իրաքի իշխանություններին օգնելն էր` կապված ազգային միասնության նոր կառավարության ձևավորման հետ, որում մեծ թվով ներկայացուցիչներ պետք է ունենար սուննի փոքրամասնությունը: Բաղդադից Քերին անմիջապես ուղևորվեց Իրաքի Քրդստան, ուր հանդիպեց քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: «Իրաքի տարածքում գործող զինյալները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- դեռևս Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում հայատարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Որպես խալիֆաթի հակակշիռ քրդերը Իրաքի Քրդստան կունենան

Ակնհայտ էր` իր համար անկանխատեսելի «հրեշի» դեմն առնելու համար ԱՄՆ-ն ստիպված պետք է որոշակի քայլեր ձեռնարկեր: Եվ ԱՄՆ պետքարտուղարի` Իրաք ու Իրաքի Քրդստան այցերի արդյունքները երկար չսպասեցրին: Իրաքի Քրդական ինքնավարությունում, ինչպես օրերս հայտարարեց ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, մի քանի ամիս անց անկախության հանրաքվե է անցկացվելու:
«Այս պահից սկսած` մենք չենք թաքցնում, որ դա մեր նպատակն է»,- հայտարարեց Բարզանին` հավելելով, որ քուրդ ժողովրդի անկախ լինելու իրավունքը բնական է ու անբաժանելի:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ սատարում են քրդական պետության ստեղծման գաղափարին:
Այսպես թե այնպես, Իրաքի Քրդական ինքնավարությունն արդեն մոտ 10 տարի է` կիսանկախ վիճակում էր, և նրա ենթակայությունը պաշտոնական Բաղդադին սոսկ ձևական բնույթ ուներ: Եվ երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սկսեց մեկը մյուսի հետևից գրավել իրաքյան քաղաքները և պատրաստվում էր գրոհել Բաղդադ, քրդերը որևէ կերպ չէին ենթարկվում Իրաքի կառավարությանը: Քիրքուկի նավթով հարուստ հանքավայրերն իրենց ձեռքը վերցնելով` քրդերը փորձում են ամուր հենարան ստեղծել ապագա Քրդստանի համար, որի ստեղծումը զուտ ժամանակի հարց է:

Քրդերն արդեն բավական լուրջ զորամիավորումներ ունեն, որոնք պահպանում են թիկունքը, բավական երկար սահմանագիծ ունեն իսլամական խալիֆայության հետ և մարտական են տրամադրված: Հայտարարում են, որ իրենց ներկայությունն այս տարածքներում վերջնական է և քննարկման ենթակա չէ:

«Թեև քրդերի մեջ կան լուրջ տարաձայնություններ, բայց երբ գործը վերաբերում է ազդեցության տարածմանը, ապա նրանք մի կողմ են դնում այդ տարաձայնությունները և միասնաբար պայքարում են, որ այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ անցնեն: Այսպիսով, այն, որ քրդերը դարձել են տարածաշրջանի ազդեցիկ գործոններից, միանշանակ է»,- ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նոր պետականության` Քրդստանի ստեղծումն այս պահին կարծես «Իսլամական պետության» դեմն առնելու միակ արդյունավետ գործիքն է դառնում: Իսկ թե նման պայմաններում ինչ հետագա զարգացումներ կունենան մերձավորարևելյան գործընթացները, դժվար է պատկերացնել:

Սակայն կարևոր է հասկանալ, որ Իրաքի ու առհասարակ Մերձավոր Արևելքի իրադարձությունները խիստ կարևոր են Հայաստանի համար, քանի որ Իրաքը Հայաստանից բաժանվում է ընդամենը մեկ երկրով, որի որոշ տարածքներ` Քրդստանին հարող, մեր պատմական հայրենիքի տարածքներն են: Հայաստանի ու Իրաքի Քրդստանի միջև հեռավորությունը` ուղիղ գծով, ընդամենը 300 կմ է` համարյա նույնքան, որքան Երևանից Գորիս: Հետևաբար, մեր հարևանությամբ իսլամիստական խալիֆաթի առկայությունը մտորելու տեղիք է տալիս, եթե մանավանդ հաշվի առնենք, որ նորաստեղծ խալիֆաթն ընդլայնում է իր սահմաններն ու նավթային բիզնես ծավալում, ինչի հաշվին ավելանում է ոչ միայն նրա անդամների թիվը, այլև ազդեցությունը տարածաշրջանում:

Դա տարածաշրջանում, ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, կստեղծի բոլորովին նոր իրավիճակ, և Հայաստանն անտարբեր չի կարող մնալ, պետք է ուշի ուշով հետևի այդ իրադարձություններին: Իրաքում, Սիրիայում ու առհասարակ Մերձավոր Արևելքում «Իսլամական խալիֆաթի» ակտիվացումը, ըստ Մանոյանի, բավական մտահոգիչ է, եթե ոչ ընդհանուր Մերձավոր Արևելքում, ապա գոնե Իրաքում ու Սիրիայում հայ համայնքների իրավիճակի ու կարգավիճակի առնչությամբ. «Որովհետև այն, թե նման ուժերը, որոնք արդեն հռչակել են խալիֆայություն, ինչպես են վերաբերվելու կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին, պարզ չէ ու մտահոգությունների տեղիք է տալիս»:

Անձնագրերի գումարները հօգուտ Հայաստանի՞

Ինչպես մարդիկ, այնպես էլ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտները լի են բազում թերություններով, նախ և առաջ` մարդկային գործոնի պատճառով: Պարզելու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները նոր անձնագրեր (կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ) ստանում, այս անգամ այցելեցինք Ներքին Շենգավիթի անձնագրային բաժանմունք:

Ժամը մոտավորապես 15:00 էր: Ամառվա շոգին կուտակված մարդիկ առավոտից կանգնած սպասում էին իրենց հերթին: Մթնոլորտն ավելի քան լարված էր, իսկ քաղաքացիները բողոքում էին, որ ընդամենը մեկ աշխատող էր իրենց սպասարկում, այն էլ դանդաղ: Մի քանի րոպե անց մարդկանց աղմուկից մոտեցավ վերադասներից մեկն ու հարցրեց, թե ինչ է պատահել, սակայն իրարանցումն այդպես էլ չդադարեց: Քաղաքացիներին վստահեցնում էին, որ երկու անձնագրերի միաժամանակ ձեռքբերումը պարտադիր է, իսկ վերջում, բացի նվազագույնը 25.000 և 3.000 ՀՀ դրամներից, «Տանդեմ Փեյմինթս» կոչվող մի ընկերություն յուրաքանչյուր անձնագրի դիմաց 300 ՀՀ դրամ էր գանձում` որպես սպասարկման գումար: Մինչդեռ սպասարման որակի մասին խոսքերն ավելորդ էին:

Պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվում`խոսեցինք «Տանդեմ» ընկերության հետ, որի գլխավոր հաշվապահ Լիաննա Մանուկյանը մեզ հավաստիացրեց, որ ընկերությունը ՀՀ ոստիկանության հետ կնքած պայմանագիր ունի և այն օրինական է գործում, իսկ գանձվող գումարները (մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում` 100 դր, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում` 300 դր) ընդամենը միջնորդավճար են և միտված են քաղաքացիների գործը հեշտացնելուն:

«Ոստիկանությունը տեղյակ է այդ մասին և մենք ոչ մի անօրինական գործ չենք անում: Իսկ մեր ընկերության գումար գանձելու սարքերը տեղադրված են բոլոր շրջանների անձնագրային բաժանմունքներում, և ոչ միայն», – մեզ հետ զրույցում ասաց Լ. Մանուկյանը: Մեր հարցին, թե ո՞ւր են ուղղվում գանձված գումարները` գլխավոր հաշվապահը մի փոքր մտորելուց հետո պատասխանեց. «Այդ փողերը գնում են մեր ընկերություն…»:

Հարցի իրողությունն ավելի լավ հասկանալու համար` փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այնտեղի աշխատակիցներից մեկը չցանկացավ պատասխանել մեր հարցերին և ասաց, որ զանգահարենք ոստիկանության թեժ գիծ: Թեժ գծի աշխատակիցն էլ իր հերթին հավաստիացրեց, որ այդօրինակ հարցերին միայն պատասխանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության   հետ կապերի վարչությունը: Մեր խիստ հարցարդրումից հետո ստիպված փոխանցեցին ՀՀ  ոստիկանության  լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի հեռախոսահամարը, որից անմիջապես հետո կապ հաստատեցինք տվյալ վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանի հետ:

Ըստ համապատասխան վարչության` անձնագրային ծառայություններում վճարային տերմինալների նախատեսումը քաղաքացիների տեղում վճարումները կատարելու համար են: Սակայն դա չի նշանակում, որ դիմումատուն պարտավորված է կատարել վճարումը նշված եղանակով: Վճարման եղանակի ընտրությունը պատկանում է քաղաքացուն՝ այն իրականացնել համապատասխան բանկերի՞, թե՞ տերմինալների միջոցով:

«Վճարումներ կատարելու սպասարկման դիմաց գանձվող լրացուցիչ գումարի տնօրինման  և ծախսման ուղղությունների որոշումը դուրս է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավասությունից: Առաջարկվում է նշված խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու համար դիմել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է նույնականացման քարտին` որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա այն նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար: Նույնականացման քարտ ստանալու համար չի պահանջվում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի առկայություն: Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է  16 տարին լրանալու օրվանից», – տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը:

 Անկախ

ՀԿԼ վարչության փոխանցմամբ` ի  տարբերություն նույնականացման քարտի` կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը հիմնականում օգտագործվում է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու համար: Նշված անձնագիրը քաղաքացուն տրվում է անկախ տարիքից: 16 տարին լրացած անձանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու համար հիմք է նույնականացման քարտի առկայությունը: Վարչարարությունը պարզեցնելու նպատակով, այն դեպքում, երբ անձը չունենալով նույնականացման քարտ ցանականում է ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, երկու դիմումները ընդունվում են միաժամանակ:

Մեր հարցին` ո՞ւր են ուղղվում նորատեսակ անձնագրերի գումարները և ինչպե՞ս վստահ լինի քաղաքացին, որ այդ գումարները գնում են պետբյուջե` ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից պատասխանեցին. «Նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համար նախատեսված վճարները սահմանված են «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով և որպես գանձվող պետական տուրք, համապատասխան նախահաշիվների համաձայն` ծախսվում են պետական կարիքների համար»:

Եթե Հայաստանում օրենքը չի գործում հօգուտ քաղաքացիների, ապա յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամեն քայլ կատարելիս պետք է նյարդերի ամբողջ լարվածությամբ պաշտպանել  սեփական իրավունքները:

 

Ելենա Չոբանյան

Տեխասում հայրը սպանել է իր երեխաներին

1143-390x290ԱՄՆ-ում,Հյուսթոնում հայրը սպանել է իր երեխաներին: Առավոտյան լուր ստացվեց, որ Հյուսթոնում անհայտ անձը սպանել է 6 մարդու, որոնցից 5-ը` երոխաներ են: Սպանվածների դիակները հայտնաբերել են հարևանները, կրակոցները լսելուց հետո: Տղամարդու հարձակումից տուժել է նաև մեկ կին ու երեխա:

Երբ հանցանքը կատարողին բռնեցին, պարզվեց, որ նա սպանված երեխաների հայրն է: Ճշտված տվյալների համաձայն, նա սպանել է երկու որդիներին, երկու դուստրերին ու 2 բարեկամներին: Կենդանի մնացած դուստրը հայտնել էր, որ հայրը հաշվեհարդար տեսնելուց հետո, տատիկի տուն էր ցանկանում գնալ` նրան սպանելու,սակայն ոստիկանությունը հասցրեց ձերբակալել մարդասպանին:

Անկախ

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման պահանջին նոր մոտեցում ցուցաբերվեց

hdmԿառավարությունը հուլիսի 3-ին որոշեց, որպես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շարունակություն, այդ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը` 2014 թ. հուլիսի 1-ը, հետաձգել և սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ: Այսպիսով, սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ները պետք է տրամադրվեն անվճար, իսկ մյուս գյուղերում` տարբերակված գներով` արժեքի 50 տոկոսի չափով: Կառավարության որոշմամբ` 2013 թ. հարկային տարվա արդյունքներով 30-58,35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների ներդրման ժամկետ սահմանվեց 2014 թ. օգոստոսի 1-ը, ՀԴՄ արժեքը` 150 հազար դրամ, իսկ 10-30 մլն դրամ հասույթ ունեցողների համար` 2014 թ. հոկտեմբերի 1-ից,ՀԴՄ գինը` 120 հազար դրամ, 5-10 մլն դրամ հասույթ ունեցողների համար` ժամկետը 2015 թ. հունվարի 1-ը, ՀԴՄ գինը` 80 հազար դրամ, և մինչև 5 մլն դրամ հասույթ ունեցող հարկ վճարողների համար ժամկետը սահմանվեց 2015 թ. հունվարի 11-ը, իսկ ՀԴՄ արժեքը` 60 հազար դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ կարևորեց կառավարության այս ձեռնարկը և հատուկ շեշտեց, որ այս զիջումները շատ թանկ են նստելու կառավարության վրա, քանի որ դրանց հետևանքով առաջացած կորուստների բեռը մնում է բյուջեի վրա: «Սա հարկավոր է հանրությանը ներկայացնել, որ ընդհանուր 4 մլրդ 380 մլն բեռ է ավելանում կառավարության վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ներին աջակցելու այս գործընթացին»,- ասաց նա:

Սա, ինչ խոսք, կարևոր որոշում էր, քանի որ բազմիցս դժգոհություններ ու մտահոգություններ էին արտահայտվել` կապված ինչպես նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետների, այնպես էլ դրանց արժեքի հետ: Այս որոշումով, փաստորեն, կառավարությունը փորձում է մի քիչ ավելի փոքր ծախս ստեղծել ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, ինչը ողջունելի է:

Ի դեպ, այս որոշումից ընդամենը մի քանի օր առաջ նույն կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման պարտադրանքը հանել` ազատելով նրանց լրացուցիչ ծախսերից: Այդ ժամանակ կառավարությունն իր եզրակացության հիմնավորման մեջ նշեց, որ ավելի լավ է օժանդակել ՓՄՁ-ներին` ավելի ուշ ու ավելի մատչելի գներով նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերել:

Չկա բարիք` առանց չարիքի

Հասկանալու համար, թե ինչու է կառավարությունը նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջ դրել, արժե դիտարկել մի քանի հանգամանք:
Ինչպես հիշում ենք, կառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի փաթեթ, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտարկվելու կառավարությունորպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3,5 տոկոսից դարձրեց 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառությունը, բացառությամբ բիզնեսի որոշ տեսակների, ազատեց հարկերից: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր:

Փաստորեն, ՓՄՁ-ների հարկային բեռը թեթևացվում է կամ հանվում` փոխարենը նրանից պահանջելով փաստաթղթավորում, ինչը խոշոր ձեռնարկություններին ստվերից թափանցիկ դաշտ բերելու հնարավորություն պետք է տա: Հիշենք նաև, որ
ՓՄՁ-ների աջակցության առաջին փաթեթի ընդունման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՓՄՁ-ների հարկային բեռի նվազման հետևանքով պետբյուջեի եկամուտները մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: «Բայց մենք այս քայլով, բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան»,- նշեց վարչապետը:

Այս փաթեթի ներդրման ժամանակ, ի դեպ, հայտարարվեց նաև հարկային վարչարարության պարզեցման ու ռիսկերի վրա հիմնված ստուգումների մասին: Իսկ նման պայմաններում պահանջվում է նյութատեխնիկական լուրջ բազա և նորարարական ծրագրեր ու մոտեցումներ: Հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրի ծավալների, շրջանառության վերաբերյալ տեղեկություններն անընդհատ ու պարբերաբար հասնեն տվյալների բազա, ու բավականին արագ ու դինամիկ հսկողության միջոցով պարզեն ռիսկերն ու այդ ռիսկերի «հասցեները»: Հայաստանում ներդրված են հարկային համակարգի աշխարհի ամենաառաջադիմական տեղեկատվական տեխնոլոգիաներ: Պակասում էր միայն նոր սրենդի ՀԴՄ-ների տեղադրումը, որը հնարավորություն կտար անխափան գործելու ամբողջ համակարգին: Ուստի, նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, թերևս, կարևոր որոշումներից է, ու միգուցե դրական արդյունքներ ունենա:

Բայց չմոռանանք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով` 3.85 դրամով թանկանալու է: Այս թանկացումը, ինչպես հուլիսի 4-ին նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, կազդի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա, հետևաբար` փոքր բիզնեսն անկում կապրի:
Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով սպառողական շուկայում գնաճ է տեղի ունենալու: Իսկ թե գնաճը ինչպես կազդի տնտեսության ամենազգայուն հատվածի`ՓՄՁ-ների վրա, դժվար չէ պատկերացնել: Սա նշանակում է, որ պետությունն ավելի շատ հարկեր կհավաքի ու որոշ չափով կթեթևացնի վերոհիշյալ ծրագրերի իրագործման հետևանքով սպասվող ծախսային բեռը:

Ստացվում է, որ կառավարությունը մի ձեռքով տալիս է, մյուսով` վերցնում: Եվ մնում է մխիթարվել, որ գոնե նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու բեռն ամբողջությամբ չընկավ ՓՄՁ-ների ուսերին, չնայած անգամ փոքր ծախսերը նրանց մի մասի համար էական նշանակություն կունենան: Այնպես որ, ինչպես «չկա չարիք առանց բարիքի» ասացվածքն է կենսունակ, այնպես էլ հակառակը` «չկա բարիք առանց չարիքի» տարբերակը: