Ջրի խնդիրը մեր դռանն էլ է չոքելու

ջուրԸստ հոռետեսական կանխատեսումների` հաջորդ դարում Երկիր մոլորակի վրա ամենաթանկ ապրանքը կհամարվի ջուրը: Իսկ իրականում մեր մոլորակն այսօր իրոք կանգնած է ջրային ռեսուրսների սպառման խնդրի առջև. չկրկնենք օվկիանոսների անպիտան ու քաղցրահամ` պիտանի ջրերի հարաբերակցության մասին  հազար անգամ հնչած թվերը:

 Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է զարգացած, բայց  ոչ միատարր հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն: Հայաստանի Հանրապետություն տարեկան միջին հոսքը կազմում է 7190 մլն խորանարդ մետր, ներառած անդրսահմանային վտակները` Արաքսը և Ախուրյանը: ՀՀ–ում այս գետերից տարեկան սպառվում է 940 մլն խմ ջուր: Բացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա  շոգ եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբար, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խորանարդ մետր ջուր: Բայց այս ամենով հանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու: 

Եթե ջրային պրոբլեմը չենք լուծում, չենք լուծում պարենային, վառելիքաէներգետիկ և բնապահպանական պրոբլեմները:

Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդը, կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32 տոկոսը: Մնացած ջրերը հոսում են Հայաստանից դուրս:  Մեր 79 արհեստական ջրամբարներում  ընդամենը 1 մլրդ խմ ջուր  կա, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Փաստորեն, ունենք ամբարված ընդամենը 750-760 մլն խմ ջուր: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշարներ, և  ուզում ենք  դրանք հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի  հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, մենք ունենալու ենք երկու խոշորագույն պրոբլեմ: Առաջինը գլոբալ տաքացումն է, որը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման, տեղումների որոշակի նվազման և գոլորշիացման  ավելացման, և այն 7.3 միլիարդը, կդառնա 5.4 միլիարդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որոնք կհանգեցնեն Արաքսի պաշարների կրճատման:

«2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ-ի և չի բարձրացվելու: Ամեն տարի 300 մլն-ով Սևանի ջրերը թարմացվելու են, միաժամանակ 300 մլն խմ-ով բաց է թողնվելու: Հիմա եթե այդ բաց թողնված ջուրը «չբռնվի», գումարվելու է Արաքս լցվող ջրերին, այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացնելուց հետո, կդառնա 1.1 մլրդ խմ: Այսինքն` առաջանում է ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր: Ջրի կռիվը նոր է սկսվում, բերեք այս գլխից չպարտվենք, որովհետև գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ջրային ռեսուրսների խիստ կարիք կարող է առաջանալ. մեկը կամբարի ու կվաճառի, մյուսը` չի ունենա»,- Հանրային խորհրդում Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցման հարցի քննարկման ժամանակ նշել է Վլադիմիր Մովսիսյանը:

Իսկ ո՞վ պետք է լուծի մեր ջրային անվտանգության հարցերը: Պարզվում է`  Հայաստանում գոյություն ունի «Ջրի ազգային ծրագիր»: Ավելին` կա նաև «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենք, որի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման և օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, ՀՀ ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:

2002 թ. հոկտեմբերի 17-ից, կառավարության որոշմամբ, ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Այս կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2008-2012 թթ. առաջնահերթ միջոցառումներից և ոչ մեկը չի վերաբերում ջրամբարաշինությանը: Կոմիտեի կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն` իրականացվել կամ դեռևս ընթացքի մեջ են 24 վարկային ծրագրեր, որոնցից միայն երկուսն են ուղղված պատվարների անվտանգության բարձրացմանը, և մեկը Կապսի ջրամբարի վերանորոգման ծրագիր է: Մնացածը համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր են: Կառավարության այս տարվա ծրագրում  նույնպես որևէ դրույթ չկա, որը հիշեցնի Հայաստանում ջրային ռեսուրսների վերոհիշյալ խնդիրների մասին և դրանց ուղղությամբ իրականացվելիք որևէ ծրագիր նախանշի:

Թերևս միակ ծրագիրն այս հարցերի ուղղությամբ կարելի է համարել Սևանի մակարդակի բարձրացումը: Սևանից այժմ տարեկան մոտ 150 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում: Միջինը: Ըստ «Սևանի մասին» օրենքի` թույլատրվում է բաց թողնել մինչև 170 մլն խմ ջուր: Բայց Սևանի մակարդակը մինչև 3.5 մ բարձրանալու դեպքում, ինչպես նշեցինք,  տարեկան հնարավոր կլինի մինչև 300 մլն բաց թողնել: «Այս տեսանկյունից փոխանակ ջուրը տանենք լցնենք Արաքս և ուղարկենք թուրքերին… Էլեկտրաէներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ է Էներգիա արտադրելուց հետո կուտակել այդ ջուրը, միշտ ունենալ կուտակած, որպեսզի հետագայում օգտագործվի  հազարավոր հեկտարների ջրապահովվածության մակարդակը բարձրացնելու համար», – ՀԽ քննարկումներից մեկի ժամանակ նշել է Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը:

Իհարկե, ունենք նաև ստորգետնյա ջրերի պաշարներ` մոտ 3.3 մլրդ խմ: Բայց վերջին տարիներին այդ ստորգետնյա ջրերն այն աստիճանի են օգտագործվել, որ մինչև վերջին 1,5 տասնամյակն Արարատյան հարթավայրում մարդիկ տուն կառուցելիս նկուղային հարկ չէին նախատեսում ջուր հավաքվելու պատճառով: Այսօր նկուղներով տներ կառուցում են` առանց վախենալու ջրերից: Հետևություն անելը դժվար չէ:

Հայաստանում, իհարկե, կան մի քանի նոր ջրամբարներ կառուցելու ծրագրեր: Այդ մասին նույնիսկ իր նախընտրական ելույթների ժամանակ նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց թե երբ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն, հայտնի չէ, քանի որ մինչ օրս այս ուղղությամբ ընդամենը մեկ իրական ծրագիր է ներկայացվել` Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցումը, որն այդպես էլ մնացել է որպես ծրագիր: Հաջորդիվ կանդրադառնանք այդ հարցին ևս:

 

 

Գիշերը երկրացիները կարող են դիտել սուպերլուսնին

լուսինԱյս գիշերԵրկրի բնակիչները կարող են հազվագյուտ տեսարանի ականատես լինել`սուպերլուսնի: Մեր մոլորակի բնական արբանյակը կհասնի պերիգեյին, այդպես է կոչվում  լուսնի ուղեծիրի ամենամոտ կետը Երկիր մոլորակին: Լուսնի և Երկրի միջև հեռավորությունը կկազմի 357 հազար կմ է, դա մոտ  27 հազարով կարճ է սովորական օրերի համեմատ: Արդյունքում արբանյակը ավելի մեծ կերևա քան տարվա մյուս օրերին:Իհարկե դա անզեն աչքով դժվար է նկատել: Սոպերլուսինը հաջորդ անգամ երկնակամարին կերևա   2014 թ. օգոստոսին, հաղորդում է  “Россия 24“:

“Ավելի մաքուր Երևան” նախաձեռնության մեկնարկը` Հրազդանի կիրճում

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում “Ավելի մաքուր Երևան” նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

“Ավելի մաքուր Երևան” նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին աջակցել են նաև ավելի քան 400 կամավորներ՝ բուհերի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ։
Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ այս կերպ հնարավոր կլինի մաքրել Երևանի ամենամարդաշատ կանաչ տարածքները, հատկապես այն, որոնք բնակիչները վերածել են հանգստի վայրերի, որտեղ այդ պատճառով աղբի մեծ քանակություն է կուտակվում։
“Ավելի մաքուր Երևան” ը ծրագիր է, որի միջոցով, նաև կամավորների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականցվելու Երևանի հանրային օգտագործման կանաչ զանգվածներում։ “Ավելի մաքուր Երևան” ծրագիրի հաջորդ հավաքը հունիսի 29–ին է`” Հաղթանակ”զբոսայգում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թեժ գծերի միջոցով բարձրացված բոլոր հարցերին համապատասխան ընթացք է տրվում

001Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով բարձրացվող հարցերի ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացվում:
Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել: Քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ: Եղել են նաև դեպքեր, երբ, կախված հարցի բովանդակությունից, քաղաքացիներն ուղորդվել են տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն:
Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նշված ժամանակահատվածում ստացվել է 518 հեռախոսազանգ: Արագ արձագանքման շնորհիվ՝ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծին ստացված շուրջ 7500 զանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված 157 հարցերն անմիջապես ընթացք են ստացել:
Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտադիտարկումներ են անցկացվում հեռախոսազանգերի, դրանց տրվող պատասխանների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հանրային խորհուրդը քննարկել է Արմեն Աշոտյանի «խիստ նկատողությունը» ԲՈՀ-ի նախագահին

SAM_1862Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերն էին` գազի սակագնի բարձրացման և գազամատակարարման այլընտրանքային ուղղությունների, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի` այդ թվում նաև արտագաղթի, մշակույթի ոլորտում քաղաքականություն մշակելու, կրթության ոլորտի խնդիրների, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին լրջորեն սպառնացող վտանգի և այլ հարցերի վերաբերյալ:

Օրակարգային հարցերից էր նաև Հանրային խորհրդի անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված “խիստ նկատողություն” կարգապահական տույժին:

Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, և իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է նաև ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և Քաղծառայության խորհրդի նախագահին:

Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ:

Համազգային կարճատեսություն. պատճառը թողած հետևանքն ենք քննադատում

haykuhiԵրթուղայինում պատահաբար լսեցի երկու այլ անձանց խոսակցությունն ու անմիջապես զղջացի, ավելի լավ էր ոչ լսեի, ոչ էլ նյարդայնանայի:

Մի երիտասարդ աղջիկ` 4-5 տարեկան երեխան գրկին, հպարտ հայտարարում էր, որ իր տղային չի թողնելու, որ գնա ու բանակում ծառայի: Պատճառաբանում էր, թե բանակում կատարվող դեպքերը տեսնելով հաստատ որոշել է` տղային բանակ չի ուղարկելու:

Քաղաքակիրթ  եսս հաղթեց ու ինձ թույլ չտվեցի միջամտել այլոց խոսակցությանը, որը պետք է լսած չլինեի: Փոխարենը սկսեցի մտածել, թե արդյո՞ք դա լուծում է, ու ինչպե՞ս են մարդիկ մտածում, որ տեսնում են մեդալի միայն մի երեսը, այն էլ ոչ  ամբողջությամբ` միայն մի փոքրիկ հատվածը, տեսնում են հետևանքը, բայց չեն մտածում պատճառների մասին:

Լավ, ասենք թե տղայիդ բանակ չուղարկեցիր, դրանով խնդիրը լուծվ՞եց: Իհարկե ոչ:

Նույն սկզբունքին հետևելով նախ պետք է տղայիդ մանկապարտեզ չուղարկես. տեսե՞լ եք, թե մանկապարտեզում երեխաներն ինչ խաղեր են խաղում: Երեկոյան ինչ սերիալ տեսնում են, հաջորդ օրը նույնն էլ խաղում են: Ամռանը, երբ հանկարծ տանն եմ լինում ու հետևում հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների խաղին, սարսափում եմ`գողական-գողական են խաղում,  կրակում են իրար, իբրև թե հարց են լուծում` իրար քաշքշելով ու այդպես շարունակ` մի խոսքով կրկնում են այն ամենը, ինչ երեկոյան տեսել են սերիալներով:

Նույն սկզբունքով շարունակելով` երեխային նաև չդպչոց չպետք է ուղարկել: Տեսել եք, թե դպրոցում աշակերտներն ինչ դաժանությամբ են իրար ծեծում, պարբերաբար նման դաժան հոլովակներ են հայտնվում համացանցում: Նախորդ տարի 9-ամյա ազգականս մեկ շաբաթ շարունակ դպրոցից կապտուկներով էր տուն գալիս: Չնայած 3 դասարանցի էր, բայց պարզվեց դասարանում մի քանի հոգով կռիվ են տալիս այսպես կոչված գողականի դիրքի համար:

Երբ դպրոցական էինք, մեր հասակակից տղաներից ոմանք, որ իրենց «լավ տղա» էին համարում, հեշտ ապրուստի միջոց էին գտել` գյուղերից եկող երիտասարդներին դանակի սպառնալիքով ու ծեծով սպառնում էին` պարտադրելով գումար վճարել քաղաքում անվնաս քայլելու համար: Վստահաբար նույն վիճակը շարունակվում է նաև հիմա, եթե իհարկե, ավելի սարսափելի չէ: Այսինքն տան դռնից դուրս երեխայի համար ապահով միջավայր չկա:

Ստացվում է,  մանկապարտեզից սկսած մենք հանցագործների ենք մեծացնում, բայց բանակ ուղարկելիս ակնկալում ենք, որ այնտեղ պիտի վերափոխվեն ու այլ մարդ դառնան: Այդ ինչպե՞ս: Որքան գիտեմ, կախարդական փայտիկ ասվածն իրականում գոյություն չունի:

Վերջերս քրեակատարողական հիմնարկներում անչափահասների հետ աշխատողներից մեկը փաստում էր, որ 10-20 տարի առաջ, երբ անչափահասները քրեակատարողական հիմնարկ էին գալիս, գողական ենթամշակույթի կանոնները բանտում  էին յուրացնում, հարմարվում, հիմա արդեն անչափահասները քրեակատարողական հիմնարկ են մտնում արդեն ձևավորված գողական ենթամշակույթով:

Այսինքն, հանրությունը պետք է հասկանա, որ հետևանքը քննադատելով պատճառը չի վերանում, որքան էլ քննադատենք բանակային դեպքերը, մեր երեխաներին դաստիարակենք բանակում չծառայելու ոգով, միևնույն է, ոչինչ չի փոխվի, այդ երեխան, որ բանակից խուսափել է, միևնույն է, ապահով չէ, տան դռնից դուրս նրան սպառնում է ինչ-որ դանակավոր սուտ գողական: Ուստի պետք է սկսել այլ արժեհամակարգով երեխաներ դաստիարակելուց: Ու երբ նորմալ արժեհամակարգով երիտասարդների խմբում նման դեպք տեղի ունենա, արդեն հանգիստ կարող ենք քննադատել ու պահանջել շտկել խնդիրը:

Ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հունիսի 22-ի գիշերը Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-25-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում`

Հունիսի  22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան  39.00C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  7.10C   (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  22.30C

Տերով անտերություն

պռոշյան (1)6000 հազար բնակիչ ունեցող Պռոշյան համայնքն  առավել հայտնի դարձավ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ օրը ցերեկով գյուղապետարանի մոտ սպանեցին   ազատամարտիկ գյուղապետին: 40 օր անց  պանթեոնի հուշակոթողին, որտեղ թաղված է գյուղի 7 ազատամարտիկ, այդ թվում նաև  գյուղապետը, ստահակը թողեց իր արյունոտ`«ավարտվեց հանդեսը» ուղերձը:

Ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնելը  թուրքին բնորոշ ձեռագիր է, ուստի ոչ միայն պռոշյանցու,այլև բոլորիս ողբերգությունն է:  Պռոշյանցիները սիրում էին իրենց գյուղապետին, ուստի լարված իրավիճակը  միանգամայն հասկանալի է: Այն էլ ավելի սրվեց, երբ մարզպետ Շահգալդյանը դպրոցի խորհրդի անդամ, բուժքույր Արմինե Մելիքյանին գյուղապետի նոր պաշտոնակատար նշանակեց, որին գյուղացիները մեղադրում են դպրոցի տնօրենի ընտրություններն  արդեն 3-րդ անգամ բոյկոտելու մեջ:

Համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը լավ գիտի, որ «ՏԻՄ-երի մասին» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` մարզպետը 40-օրյա ժամկետով ժամանակավոր պաշտոնակատար պիտի նշանակի` մինչև նոր ընտրությունը: Իսկ այն նշանակված էր հուլիսի 14-ին:

Առանց այն էլ անչափ ծանր իրավիճակում հայտնված և  7 ամիս էլ  անտնօրեն մնացած դպրոցի և դրա շուրջ ծավալվող իրոդարձություններն ամեն պռոշյանցի իրենն է համարում, որովհետև   իրենց զավակներն են այնտեղ սովորում: Թեև քիչ չեն մայրաքաղաք հաճախողները:  Մի կերպ ուսումնական տարին փակեցին հույսով, որ, ի վերջո, տնօրեն կընտրվի, ամառային արձակուրդին էլ զուգարանների չգոյության խնդիրը կլուծեն: (Բնական պահանջը բավարարելու համար աշակերտը հաճախ տուն է վազում կամ  դասամիջոցը հերթում անցկացնում):

«Անչափ նեղվածք է, բավական չէ 350 տեղանոց մասնաշենքում 700 աշակերտ է սովորում,- սրտնեղում է 43 տարվա մանկավարժ Արմեն Խաչատրյանը,- դպրոցի 12 զուգարանից ընդամենը 4-ն է աշխատում, այն էլ սեփական նախաձեռնությամբ, նախկին գյուղապետի աջակցությամբ մի կերպ կարգի ենք բերել այս տարի: Դպրոցի վատթար վիճակից է, որ 100 աշակերտ Երևան է հաճախում: Այո, դժվար չէ պատկերացնել, թե 700- աշակերտանոց դպրոցի 5-10 րոպեանոց դասամիջոցները ի~նչ «էֆեկտիվ » են անցնում: Այս դեպքում «կարգի» բերելն էլ հարաբերական է, քանզի դպրոցը կոյուղի չունի և 700 աշակերտի կեղտաջրերն անարգել բակ են դուրս գալիս` ոչ միայն գարշահոտություն, այլև հազար տեսակ վարակ տարածելով շուրջբոլորը»:

Թերևս չէր խանգարի, որ կոճակ սեղմող մեր այդ պատգամավորները, մանավանդ նրանք, որ կողմ են քվեարկել  Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցին հարկային արտոնություն տալու օգտին,  սեփական աչքերով տեսնեին այս «գորշ» իրավիճակն ու հետևություն անեին:  Եթե գնալու քաջություն ունենան, չմոռանան իրենց հետ տանել նաև մարզպետին ու նախարարին, որոնց համառ ջանքերով էլ, ըստ կառավարման խորհրդի նախագահ Խաչատրյանի, բոյկոտվում են տնօրենի ընտրությունները:

Իսկ դպրոցի խառնաշփոթը ստեղծվեց  2012 թ. նոյեմբերի կեսից, երբ նախկին տնօրեն, հայոց լեզվի և գրականության մասնագետ Մարիամ Պետրոսյանը ֆինանսական խախտում թույլ տվեց և սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից` 60 հոգանոց կոլեկտիվին ու բնակիչներին կրակի մեջ գցելով: Տնօրենի ժամանակավոր պարտականությունը դրվեց Աննա Մկրտչյանի վրա, նա էլ բացեց  փակագծերը: Ըստ նրա,  60 աշակերտի առկայության դեպքում միայն տնօրենը  3 դասարան  պահելու իրավունք ունի, պակասի դեպքում` 2:  Թեև հունվարից  աշակերտների թիվը պակասել էր, բայց դասարանների թիվը Պետրոսյանը 3-ն  էր թողել:

պռոշյանԸստ կանոնակարգի` երեք ամիս անց նոր տնօրեն պիտի ընտրվեր: Ճակատագրական այդ օրը հունվարի 17-ը դարձավ, որ շարունակվում է մինչ օրս: Եթե ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մկրտչյանը  3 ընտրությունների ձախողումը մարզպետարանի ներկայացուցչի և նախարարության փորձագետի բացակայությամբ պայմանավորեց, ապա այդքանից հետո տարօրինակ էր նրա  լավատեսությունը. «Հուլիսի 8-ին  երրորդ ընտրությունն է նշանակվել: Այս պահին մայրաքաղաքից երկու թեկնածու ունենք: Երկուսն էլ` մեր դպրոցից:  Չգիտեմ` 10 տարի այս դպրոցի տնօրեն աշխատած Դավիթ Դավթյանն իր թեկնածությունը կդնի, թե ոչ: Մեկն էլ մեր տնօրենի տեղակալն է (մասնագիտացված աջակցությունների գծով), որ նոր է հավաստագիրը վերցրել: Մեր միջոցներով նորոգած 4 սանհանգույց ունենք, այնպես չէ,որ չունենք, ինչպես ներկայացնում են…»:

Տիկին Մկրտչյանի` Դավիթ Դավթյանի թեկնածությունը դնել չդնելու մտահոգության առնչությամբ արժե հիշել, որ հունվարի 17-ի ընրությամբ  Դավթյանն արդեն ընտրվել է,  սակայն ընտրության արդյունքը ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ մարզպետարանը չեն ընդունել: Հիմա Դավթյանը արդարություն է փնտրում դատարանում: Ի դեպ, հունվարյան ընտրությանը մասնակցել է նաև Տաթևիկ Կյուրեղյանը, որը 1 ձայն է ստացել, իսկ Դավթյանը` 4:  «Քանի որ ընտրական կանոնակարգի 28-րդ կետը  երկրորդ ընտրություն անցկացնելու հնարավորություն տալիս է, որին կարող են մասնակցել  2 և ավելի ձայն ունեցողները, ապա  Տաթևիկը հաջորդ օրվա ընտրությանը չմասնակցեց, քանի որ 1 ձայն էր հավաքել: Իսկ Դավիթ Դավթյանը 5 ձայնի առավելությամբ տնօրեն ընտրվեց»,- պարզաբանում է մաթեմատիկայի ուսուցիչ պրն Խաչասրյանը: Քվորումն ապահովված էր,որովհետև 8 անդամն էլ մասնակցել են ընտրությանը: Բայց մարզպետն այդպես էլ չհաստատեց,որովհետև մարզպետի և նախարարության ներկայացուցիչները հատուկ կարծիք  էին հայտնել` իբր փոքր տարածքում է ընտրությունը կատարվել, ինչի պատճառով էլ ընտրության գաղտնիությունը չի ապահովել:

Ի վերջո, նախարարությունում երկու հանձնաժողով  է ստեղծվել: Դավթյանն էլ որոշել է իր իրավունքը  դատարանի միջոցով վերականգնել:

Հանելուկ է մնում, թե ինչո՞ւ ընտրվածին չեն ընդունում, մյուս ընտրություններն էլ բոյկոտում են: Ո՞րն է նախարարության ու մարզպետարանի կողմից բեմադրված երեք արարանոց այդ ներկայացման տրամաբանությունը:

Ի վերջո, 43 տարվա մանկավարժի նյարդերը տեղի տվեցին, ու նա խոստովանեց ողջ ճշմարտությունը.

Պարզվում է՝ առաջին անգամ ընտրված Դավիթ Դավթյանին մարզպետը չի հաստատել, որովհետև երկրորդ ընտրությամբ ուզում էին  տնօրեն ընտրել Ռուզան Վարդանյանին, որը  մինչ այդ հավաստագիր չուներ: Այդ ընթացքում նա դասընթացների է հաճախել, քննություններ հանձնել:Հավաստագիրը մայիսի 20-ից հետո է ստացել: Բոյկոտել են այնքան ժամանակ, մինչև մարզպետի ներկայացուցիչը` Ռուզաննա Խաչատրյանը, հավաստագիր ստանա:

Մարտ ամսին 262 ծնողի ստորագրությամբ մի նամակ են ուղարկել նախագահին,վարչապետին, թե ինչ վիճակում է Արցախում զոհված հերոսի  անվան դպրոցը: Խիստ են գրել: «Գրել ենք` պ-ն նախագահ, Դուք նրա հետ միասին խրամատում եք եղել, ճանաչում եք  Պետրոս Ղևոնդյանին, մի՞թե անհնար բան ենք խնդրում,- դառնացած ներկայացնում է բազմավաստակ մանկավարժն ու հիշեցնում, որ 1000 ստորագրությամբ մի նամակ էլ նոր պիտի ուղարկեն:-  Մենք ի՞նչ անենք, ինչպե՞ս  յոլա տանենք, երբ 15 միլիոն դրամ է անհրաժեշտ  հարցը կարգավորելու համար:  Հասկացանք` 350 տեղանոց դպրոցում 700 աշակերտ  մի կերպ խցկել ու յոլա  ենք տանում, երբ դպրոցի մասնաշենքերը, 1 հա ուսումնա-փորձնական հողամասը պ-ն մարզպետի թեթև ձեռքով վաճառված է: Թեև բալանսով մերն է, բայց սեփականության վկայականները տրված են ուրիշներին: Տարին երկու անգամ մարզպետը կարմիր կնիքով հաստատում է, որ մենք  9960 քմ. այգի ունենք, բայց իրականում այդ այգին մասնատված ու բաժանված է մարդկանց միջև: Քանի անգամ բարձրաձայնել ենք, գլխավոր դատախազին գրել, բայց ձայն բարբառո հանապատի: Ո՞վ է հաշվի առնում: Ո՞վ է տերը»:

Երբ գյուղամիջում զրուցեցի նաև մի քանի պռոշյանցիների հետ, համոզվեցի, որ դպրոցի  կարգավիճակը նրանց ոչ թե հոգնեցրել,այլ «զզվեցրել» է: Նորիկ Քոչարյանի ցավն էլ նույնն է, որի թոռնիկը նույնպես այդ դպրոցի սան է:«Երեք անգամ դպրոցի ընտրություն է եղել, բայց 7 ամիս է` այն անտեր է: Տնօրեն չի ընտրվել, որ դպրոցին տիրություն անի: Միակ ելքը երեխաներին դպրոց չթողնելն է, որ մեր կառավարությունը խելքի գա»: Նորիկի խոսքը մեկ այլ համագյուղացի կտրեց. «Ամեն օր փափուկ բարձ էին դնում գլխներիս տակ, թե այսօր, վաղը կանենք, ու չարին,իսկ հարևան Քասախում նոր դպրոց են կառուցում: Ոչինչ, սեպտեմբերի 1-ը յոթը սարի հետևում չէ, այն դասադուլով կսկսվի, նոր խելքի կգան»:

Որպեսզի նյութը միակողմանի չլիներ, ցանկացա նաև գուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինեին հանդիպել: Սակայն  նա ինձ հետ հանդիպել չցանկացավ փաստելով, որ «ծախու լրագրողների հետ հանդիպելու ցանկություն չունի»: Որոշեցի արձանագրել տ-ն Արմինեի պաշտպան մի երիտասարդի տրտունջը: Նա խնդրեց ձայնագրիչն անջատել, անունն էլ չասաց: Մատնացույց արեց գյուղի՝ Շահումյանում անհայտ կորած Կարոտ Մկրտչյանի անվան մշակույթի պալատի շենքը՝ ասելով, որ 700 միլիոնը կերան, շենքն այդպես էլ անավարտ մնաց: Չհավատացի, այդքա~ն գումար փոքրիկ շենքը վերականգնելու համար: Ինչպես հետո իմացա, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Վովա Սահակյանից, ոչ թե 700, այլ` 60-70 մլն:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ, հունիսի 17-ից Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Մնացականյանը, որը մարզպետի օգնականն է: Այս նշանակումից հետո, ինչպես ասում են, համայնքում հարաբերական հանգիստ է:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Թուրքիան մարդկանց թրաֆիքինգի տարանցիկ երկիր է. պետդեպարտամենտ

1ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված 2013թ.-ի` մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում Թուրքիան բնորոշվել է որպես մարդկանց թրաֆիքինգի տարանցիկ երկիր, հաղորդում է “Ֆըրաթ” գործակալությունը:

“Թուրքիան կանանց, տղամարդկանց և երեխաներին սեռական թրաֆիքինգի և ապօրինի շահագործման ենթարկելու նպատակով հավաքման, այլ երկրներ փախանցման տարանցիկ երկիր է”,-նշվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ օտարերկրացի կանայք Թուրքիա են գալիս որպես սպասուհի կամ երեխաների դայակ աշխատելու համար, սակայն նրանց ձեռքից անձնագրերը խլում են, ստիպում են հյուրանոցներում, դիսկոտեկներում և տներում մարմանավաճառությամբ զբաղվել`կիրառելով հոգեբանական ճնշման և սպառնալիքների տարբեր մեթոդներ:

ԿԳ նախարար. Մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ է լինելու և անցողիկ միավորները բարձրանալու են

DSCN8343Այսօր հանրապետության տարածքում  ձևավորված  19 քննակենտրոններում 2457 դիմորդ քննություն է հանձնում ՛՛հայոց պատմություն՛՛ և 1302 դիմորդ ՛՛քիմիա՛՛ առարկաներից:  Սա միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրն է:

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում ՛՛հայոց պատմության՛՛ քննությանը ներկայացել է 235 դիմորդներից 211-ը, 24-ը բացակայում են:

Ռեինա Գևորգյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդ է, ՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 18,25 է ստացել, ՛՛անգլերենից՛՛`19,5: Ասում է, որ քննությունների ընթացքից գոհ է և նմանատիպ գնահատական էլ այսօրվա քննությունից է ակնկալում: Ռեինան նշում է, որ թեստերը դժվար չեն, եթե շտեմարանները լավ սերտել ես:

Մարիամ Վարդանյանն էլ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դիմորդ է: Քննությունների ընթացքից գոհ է, նախորդ երկու  քննություններից`՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 19,5, իսկ ՛՛անգլերենից՛՛`20 է ստացել: Չնայած բարձր գնահատականներին`ասում է, որ կրկնուսույցի մոտ ընդամենը 6 ամիս է պարապել: ՛՛Ինձ թվում է, որ այսօրվա քննությունը հեշտ կլինի: Նախորդ երկու քննություններն էլ ավելի հեշտ էին, քան մտածում էինք՛՛,- ասում է նա:

DSCN8349Քննակենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նախ հարցուփորձ արեց դիմորդներին, թե գոհ են արդյոք քննությունների ընթացքից, ապա պատասխանեց նաև ծնողների հարցերին(մանրամասները տեսանյութում):

Աշոտյանն ասում է, որ միասնական քննությունների առաջին փուլն ավարտում ենք հաջողությամբ:  ՛՛Հաջողությունը պայմանավորում եմ այս գործընթացի դրական և բարձր հանրային ընկալումներով, բացասական լրահոսի, խոսակցությունների չնչին տոկոսով և մեր երեխաների  ցուցաբերած բարձր առաջադիմությամբ,- ասում է Աշոտյանը:-  Իհարկե, այս մեդալը երկրորդ երես էլ ունի, որովհետև շատ են բարձր  գնահատականները, հատկապես հումանիտար առարկաներից ունենք չափից շատ բարձր գնահատականներ, դա նշանակում է, որ մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ  է լինելու և անցողիկ միավորները բարձրանալու են, հատկապես անվճար ուսուցման համար՛՛:

Աշոտյանի խոսքով`թեստերի հեղինակները հիմա էլ այլ ծայրահեղության մեջ են ընկել և քննական առաջադրանքների զգալի մասը ավելի հեշտ են, քան կարող էին լինել, մինչդեռ   չափից ավելի բարդ և չափից ավելի հեշտ թեստերը խոչընդոտում են գործընթացը:

ԿԳ նախարարը նշեց,ո ր հաջորդ տարվա համար ԳԹԿ հետ  աշխատելու են շտեմարանների բազան ավելացնելու ուղղությամբ. ՛՛Առաջադրանքների քանակը պետք է ավելանա, որպեսզի անգիր անելու հավանականությունն նվազի, երկրորդը`թեստերի կառուցվածքում կլինեն փոփոխություններ, որոնք կդժվարացնեն առանց հասկանալու ճիշտ պատասխանը որոնելու և գտնելու հնարավորությունը՛՛:

Հուլիսի 15-ին բուհերը կամփոփեն արդյունենքերը և կփակցնեն ընդունվածների ցուցակները:

Նախորդ տարվա պես  որևէ տեղ չընդունված, բայց դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան լրացուցիչ դիմել առկա թափուր տեղերի համար:

՛՛Այս հնարավորությունը  վերաբերելու է բացառապես թափուր տեղերի առկայությամբ մասնագիտություններին և ֆակուլտետներին: Այսինքն, եթե թափուր տեղի խնդիր չլինի և մրցույթն ավարտված լինի, լրացուցիչ տեղեր չեն հատկացվի՛՛,- ասում է Աշոտյանը`հավելելով, որ արդեն իսկ ակնհայտ է, որ նման մասնագիտություններ են լինելու, օրինակ, իրավագիտությունը,  միջազգային հարաբերությունները, տնտեսագիտական ողջ բլոկը ԵՊՀ-ում և ԵՊՏՀ-ում, ԵՊԲՀ բոլոր մասնագիտությունները:

Աշոտյանի խոսքով`ոչ թե բոլոր դիմորդները կընդունվեն, այլ բոլոր դրական գնահատական ստացած դիմորդները ընդունվելու հնարավորություն կունենան:

Փարիզի՝ որպես աշխարհի ամենակոպիտ քաղաքներից մեկը իմիջը վերացնելու համար տուրիզմի ոլորտի պաշտոնյաները լավ վարվեցողության կանոնների վերաբերյալ բուկլետներ են բաժանում

paris2Որպես կոպիտ քաղաք իմիջից անհանգստացած՝ Փարիզը ցանկանում է լավացնել իր համբավը և տուրիստների սպասարկումը:

Էթիկայի կանոնների բուկլետներ բաժանող տուրիզմի ոլորտի ղեկավարները, հայտնում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի մատուցողները, տաքսիի վարորդները և սպասարկող անձնակազմը անքաղաքավարի են, անհրաժեշտության դեպքում օգնության չեն հասնում և չեն կարողանում խոսել օտար լեզուներով:

Վեց էջից բաղկացած և «Իսկ դուք խոսու՞մ եք տուրիստերեն» վերնագրով բուկլետը պարունակում է ողջունելու բառեր ութ լեզուներով՝ ներառյալ գերմաներեն, չինարեն և պորտուգալերեն, ինչպես նաև որոշակի դրույթներ տարբեր ազգերի որոշ սովորույթների և մշակութային կոդերի վերաբերյալ:

Զբոսավարը բացատրում է, որ բրիտանացիները սիրում են, երբ իրենց անունով են դիմում, իտալացիներին դուր է գալիս, երբ իրենց ձեռքով բարևում են, իսկ չինացիներին լիովին բավականացնում է իրենց լեզվով բարևելը և ժպտալը:

Ֆրանսիանparis1 աշխարհի հիմնական տուրիստական ուղղություններից է, որտեղ տարեկան այցելում է 29 միլիոն մարդ:

Փարիզի առևտրի պալատը և տարածքային տուրիզմի խորհուրդը զգուշացրել են, որ իրենք պետք է շատ աշխատեն առավել ընկերասեր քաղաքների՝ օրինակ Լոնդոնի հետ մրցակցելու և այցելուներ գրավելու համար:

Տուրիստական շրջաններում ընկերական վարվեցողության կանոններ սովորեցնող 30,000 բուկլետներ են բաժանվել մատուցողներին, տաքսիների վարորդներին, հյուրանոցների մենեջերներին և վաճառողներին:

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարցին

Shavarsh-QocharyanՀարց.

Օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։

 

Պատասխան.

Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի Նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել:

 

 

Զենք-զինամթերքի հայտնաբերում Արցախում

Զենք-զինամթերքՀունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Ս. Վանյանը տնամերձ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (1 միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):

***
Հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Օրբելի 1 տան մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ նռնակ և մեկ ինքնաձիգի պահունակ) վնասազերծել են:

 

18 վիրահատություն անցնելուց հետո ծծմբաթթվով հարձակման զոհ դարձած Մեծ թատրոնի բալետի ղեկավարը գրեթե ամբողջովին կույր է մնացել

Sergei Filin1Մեծ թատրոնի  բալետի գեղարվեստական ղեկավարը 18 վիրահատություն անցնելուց հետո այժմ գրեթե ամբողջովին կույր է, քանի որ դրանք արդյունք չեն տվել:

42-ամյա Սերգեյ Ֆիլինը աչքերի և դեմքի շրջանում լուրջ այրվածքներ էր ստացել, երբ իր տան մոտակայքում հունվարի 17-ին դիմակավոր մարդիկ նրա վրա ծծմբային թթու էին լցրել:

Նա մարտին Մոսկվայից տեղափոխվել էր Գերմանիա և չնայած լավատեսական պնդումներին` նա կորցրել է իր տեսողության 95 տոկոսը, իսկ աջ աչքը ամբողջովին կուրացել է:

Մեծ թատրոնի խոսնակը երեկ The Times-ին հայտնել է, որ թթուն շարունակական վնաս է հասցնում`ավելացնելով, որ Ֆիլինի դեմքի այրվածքները արդեն գրեթե ամբողջովին բուժվել են: Նա նաև նշում է, որ Ֆիլինը անընդհատ կապի մեջ է Գալինա Ստեպանենկոյի հետ, որը այժմ այդ պաշտոնում փոխարինում է նրան:

Sergei Filin2Ռուսաստանի հայտնի մշակութային խորհրդանիշ Մեծ թատրոնը  երկու անգամ նկատողություն է արել բալետի մենակատար Ցիսկարիձեին չթույլատրված հարցազրույցներ տալու համար: Մենակատարը Ֆիլին Ախենի համալսարանի կլինիկայում այցելելուց հետո հայտնել էր, որ գեղարվեստական ղեկավարը հավատում է, որ իր տեսողությունը կվերականգնվի և նա հետ կվերադառնա Մոսկվայի հայտնի թատրոն:

Սակայն, ինչպես երևում է, այդ հարցում դրական փոփոխություններ չեն լինում, իսկ նրա տեսողության վերաբերյալ կանխատեսումները այնքան էլ հուսադրող չեն:

 

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հունիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 2-3, 22-ի ցերեկը և 23-24-ին կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան    37.10C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       7.20C   (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  22.30C

FEMEN ակտիվիստուհիները “սեքս մահափորձ” կազմակերպեցին Օբամայի դեմ, տեսանյութ

o_789657Ամերիկյան իշխանությունները չէին հասցրել ձերբակալել Բարաք Օբամային սպանել ցանկացող հանցագործներին, երբ ԱՄՆ նախագահի դեմ հաջորդ «մահափորձը» կատարվեց: Ազգի լիդերի Գերմանիա այցի ժամանակ  նրա շարասյան վրա հարձակվեցին կիսամերկ     ֆեմինիստները` պահանջելով Թունիսի  բանտից ազատել իրենց համախոհուհուն, հաղորդում է  Stern-ը:

Այնպիսի տպավորություն է, որ վերջերս    FEMEN ակտիվիստները որդեգրել են  “ոչ մի օր առանց ակցիայի” սկզբունքը: Միայն հունիսին նրանք փորձեցին շրջափակել Բեռլինում Բարբիի տունը, ձախողել հայտնի հեռուստաշոուն և ցույց անել Անգելա Մերկելի տան առջև:

Այժմ հերթը Բարաք Օբամայինն է: Շարժման ակտիվիստները կանգնել էին նրա շարասյան դիմաց և գոռում էին. “Free our sister!” (“Ազատեք մեր քրոջը”)` նկատի ունենալով Ամինա Սբոուին, որը ձերբակալվել է Թունիսում տոպլեքս ակցիայի ժամանակ: Բացի այդ, արտասահմանում ձերբակալված են գերմանուհի Ժոզեֆին Մարկմանը և ֆրանսուհիներ Մարգարետ Շտերն ու Պոլին Հիլերը, որոնք եկել էին պաշտպանելու իրենց ընկերուհուն:Աղջիկների մարմինների վրա գրված էր “Օբամա փրկիր  մեզ”:

Բացահայտումները պետք է իրավական գնահատական ստանան

10487_am_1 (1)ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի ձևավորումից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։
«Առաջին քաղաքական հայտարարությունը.
Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան։
Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Սա առաջինը։
Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային Ժողովում։ Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են։
Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդը. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը։
Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. հանձնարարում եմ բոլորիդ և պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որևիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են և դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»։

Իրանը նոր նախագահ ունի, միջազգային հարաբերությունները` նոր հույսեր

RohaniՇաբաթ օրը Իրանում կայացած նախագահական 11-րդ ընտրությունների արդյունքում ընտրողների 50.7 տոկոսի վստահության քվեով  ընտրվեց բարեփոխական ուժերի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի նախկին բանագնաց Հասան Ռոհանին:

 Իրանի նորընտիր նախագահին արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ: Գերտերություններից Իրանի նախագահին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԱՄՆ-ն շնորհավորել է Իրանում անցած ընտրությունները: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, իհարկե ոչ նախագահի, ոչ էլ պետքարտուղարի, այլ Սպիտակ տան ներկայացուցչի մակարդակով հույս է հայտնել, որ բարեփոխական թեկնածուի հետ հետագա երկխոսությունը կստացվի և առաջարկել Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մեջ ընդունված կանոնների համաձայն` սա նոր փուլ կարող է նախանշել մերձավորարևելյան, մասնավորապես` Իրանի շուրջ ձևավորված խնդրի կարգավորման հարցում:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ գրանցվեց այս ընտրությունների արդյունքում, այն է, որ հետընտրական զարգացումներ չկան, իսկ երկրի բնակչությունը, հատկապես` ընդդիմադիր հատվածը, ցնծության մեջ է, քանի որ Ռոհանիին վստահության քվե տվել են նաև Իրանի այն քաղաքացիները, որոնք համարվում են ընդդիմադիր: Ինչպես հեռուստատեսությամբ նշեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը, չի կարելի ասել, թե բարեփոխական նախագահն ընդդիմադիր է, նա ավելի շատ չափավոր պահպանողական է: Իսկ փորձագետն աննախադեպ է համարում այն, որ բոլորը սպասում էին, թե հիմնական պայքարը կընթանա պահպանողականների ու նախագահի աջակցած թեկնածուների միջև, իսկ Ռոհանին երրորդն էր, բայց հաղթեց հենց նա, այն էլ բավական մեծ տարբերությամբ:

Այն, որ հաղթանակ տարավ բարեփոխական ուժի ներկայացուցիչը,  նշանակում է, որ հետընտրական ցույցեր ու զարգացումներ չեն լինի, սա էլ իր հերթին նշանակում է, որ Իրանի դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջուկային խնդրով տարվող բանակցություններում կամրապնդվեն, քանի որ նորընտիր նախագահը վայելում է հասարակության աջակցությունը:

«Դրական փոփոխությունների ակնկալիքը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե նախագահն ինչ քաղաքականություն կորդեգրի այն հիմնական խնդիրների ու հիմնախնդիրների առնչությամբ, որոնք համաշխարհային հանրության մտահոգությունների առարկան են: Դրանք են` իրանա-սիրիական հարաբերությունները, լիբանանյան «Ֆաթխ» կազմակերպության հետ հարաբերությունները և միջուկային հիմնախնդրի առնչությամբ Իրանի դիրքորոշումը: Ահա եթե այս երեք կետերի շուրջ Իրանի նորընտիր նախագահը կտրուկ կամ էական փոփոխություններ իրականացնի, հնարավոր կլինի Իրան-Արևմուտք հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրել, ինչն էլ մեծ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա: Քանի որ, իմ խորին համոզմամբ, Իրանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրը երկրի ներքին տնտեսական իրավիճակն է, ոչ թե արտաքին սպառնալիքները»,- այս առումով նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Սակայն տարբեր փորձագետների համոզմամբ` նորընտիր նախագահը վերոհիշյալ հարցերի առնչությամբ նույն քաղաքական կուրսը կտանի, ինչ նախորդ ղեկավարությունը, ուղղակի  շեշտադրումները փոքր-ինչ կմեղմանան:  Հազիվ թե իրանցիները լիովին հրաժարվեն իրենց դիրքրոշումից, քանի որ, ինչպես տեսնում ենք, պահպանողական ուժերի կողմից արդեն շնորհավորանք կա նորընտիր նախագահին,  հետևաբար այնպես չէ, որ Իրանում լիովին ընդդիմադիր ուժ է գալիս իշխանության: Ուղղակի` ավելի մեղմ քաղաքականություն վարող քաղաքկան ուժ, որն ավելի նուրբ, ոչ այնքան կտրուկ հայտարարություններով կմոտենա խնդիրներին: Հնարավոր է նաև, որ միջուկային խնդրում որոշ առաջընթաց նկատվի, քանի որ Հասան Ռոհանին նախկինում ազգային անվտագության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր, և նա այդ պաշտոնում մեծ հաջողությամբ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Այսինքն` ակնկալվում է, որ միջուկային ծրագրի շուրջ լուրջ առաջընթաց կլինի: Բայց դժվար է ենթադրել, թե Ռոհանին  կհրաժարվի նախկին իշխանությունների որդեգրած հիմնական քաղաքականությունից: Որովհետև նախընտրական շրջանում բոլոր 8 թեկնածուներն էլ հայտարարել են, որ իրենք շարունակելու են Իրանի` միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքի իրականացումը:

«Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն տարածաշրջանում` Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում: Այսինքն` Թեհրանը այնտեղ ծավավող իրադարձություններից բխող որոշումներ կկայացնի: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողություններ կլինեն այդ երկրներում և ինչ զարգացումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ Իրանը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ Իրաքում, թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում, ամեն դեպքում մինչ այժմ նրա ազդեցությունը կա, և դա էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը:

Իհարկե` այն, որ բարեփոխիչների թեկնածուն դարձավ Իրանի նախագահ, մի քիչ, շատ քիչ Իրանի շուրջ լարվածությունը կարող է թեթևացնել: Բայց սա ավելի շատ ուղղված է  ներքին լսարանը հանգստացնելուն: Քանի որ տնտեսական պատժամիջոցներից որոշակի անհանգստություններ, դժգոհություններ կային, ժողովուրդն էլ այդ հաղթանակը ընդունեց, շատ կարևոր փաստ է, որ նախկին նախագահներ Ռաֆսանջանին ու Խաթամին նույնպես աջակցեցին Ռոհանիին: Եվ այստեղ ոչ թե Ռոհանիի անձն է կարևոր, այլ բարեփոխական ուղղվածությունը»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Մի՞թե Ռոհանին խաղաղության հրեշտակն է լինելու

Փաստորեն, Ռոհանին խորհրդանշում է նաև Իրանի հասարակական միասնականությունը, որը վերջին 4-5 տարիներին բացակայում էր Իրանում, և եթե այդպես շարունակվեր, արդեն լուրջ մարտահրավերներ կնետեր արդեն բուն իսլամական համակարգին: Ռոհանիի ընտրությունն Իրանի  ներքին կայունության ամրապնդմանը միտված քայլ էր, և որքան երկրի ներքին կայունությունը կուռ լինի, այնքան մեր հարևաններն արտաքին հարաբերությունները կարող են հօգուտ իրենց ծառայեցնել:

«Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում. Իրանին բոլորը մեղադրում էին հակաժողովրդավարության մեջ, սակայն այսօր նկատում ենք, որ Թեհրանի փողոցներում ցնծում են նախագահական ընտրությունների արդյունքներից, իսկ Ստամբուլի փողոցներում իշխանությունները ցուցարարներին` ընդդիմադիրներին ճնշում են, բռնություններ կիրառում: Սա քարոզչական առումով էլ Իրանի համար շատ լավ հարթակ էր իր դերը բարձրացնելու համար, և արդեն իրանական մամուլից երևում է, որ նրանք անպայման կօգտագործեն այս հանգամանքները: Բնականաբար, դա հանգեցնելու է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման, սակայն էական փոփոխություններ չեն լինելու», -պարզաբանեց իրանագետը` հավելելով, սակայն, որ նախկին փորձը փաստում է, որ բարեփոխական նախագահները կարողանում են ընդհանուր լեզու գտնել Արևմուտքի հետ: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ որոշ վերաձևակերպումներ կարող են ի հայտ գալ` նախկինում կարևորվում էր Իրանի կողմից իսլամական երկրների, Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների խորացումը, սակայն ներկայումս հնարավորություն կա շեշտադրումների փոքրիկ փոփոխություններով փորձել հարաբերությունները լավացնել նաև Եվրոպայի հետ, ու Թուրքիայի ուսերից պոկել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում միակ ու անփոխարինելի առաջատարը լինելու ձգտումն ու շապիկը:

«Շատ հետաքրքրական են Իրանում համեմատաբար բարեփոխիչ նախագահի ընտրությունները, ինչը նշանակում է, որ Իրանն ավելի հստակ երկխոսության կգնա, բանակցությունների կգնա արտաքին աշխարհի հետ, իսկ դա` իր հերթին, նշանակում է, որ Թուրքիայի դերը հակաիրանական ճամբարի առումով, ավելի կիջնի»,- այս հարցի կապակցությամբ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Իրանում  բարեփոխիչ ուժի ներկայացուցչի հաղթանակը նոր սպասումներ է բերում մեր տարածաշրջանային զարգացումներում: Մասնավորապես` ամբողջ աշխարհը տեսավ, որ Թուրքիան, որպես Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության մոդել, արդեն կաղում է, և շատերն են խոսում Թուրքիայի «տհաս» ժողովրդավարության մասին: Ու ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ներքին գզվռտոցով, այնքան ավելի քիչ ժամանակ ու էներգիա կունենա արտաքին աշխարհի, միջազգային քաղաքական հարաբերություններում:

 

Ո՞ւմ ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը

13199631_news_bigpicՌուսաստանը վերսկսել է  Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը`  ներառյալ տանկեր, մարտական մեքենաներ, ծանր հրետանի, հրթիռահրետանային նորագույն զինատեսակներ և այլն: Այս մասին տեղեկատվությունը հայտնվեց հենց ռուսական լրատվամիջոցում` «Վեդոմոստի»-ում` ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին հղում անելով: Ընդ որում, մատակարարման գործը, ինչպես նշում է պարբերականը,  սկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն–ից մինչև 1 մլրդ դոլար:

 Ադրբեջանը Ռուսաստանից գնել է հարձակողական պայքարի միջոցներ

Ճիշտ է` պաշտոնապես ո՛չ «Рособоронэкспорт»-ը և ո՛չ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա մասին մեկնաբանություններ չեն արել, բայց հանդես չեն եկել նաև հերքմամբ:

Նշվում է, որ  պայմանագրով նախատեսվում է  Ռուսաստանից գնել  94 հատ Տ- 90-Ս  տանկ, մոտ 100  ՀՄՄ-3 հետևակի  մարտական  մեքենաներ, 18  «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային  համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր,   նույնքան  «Վենա» տիպի  հրետանային համակարգեր  և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետների  վեց համակարգեր : Ընդ որում,  այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները, իսկ  Տ-90Ս տանկերը` լրիվ կոմպլեկտավորմամբ:

Այս ամբողջը համարվում է հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում Ադրբեջանն անընդհատ որ երկրին է սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այս ամբողջ զենքն ու զինամթերքը:

Ճիշտ է` խոսակցություն արդեն կար, որ ռուսական կողմն Ադրբեջանին զինամթերք  է վաճառել, մասնավորապես` T90 տանկեր, բայց որ այդ քանակությամբ նման տեխնիկա են վաճառել, անսպասելի էր:

Ուշագրավ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ու մեր հակառակորդ Ադրբեջանը վաղուց են պայմանավորվածություն ունեցել և արդեն վաճառել են, ոչ թե նոր պիտի վաճառեն և գնեն  նշված սպառազինությունը: Ու բացի տանկերից, նաև` մյուս բոլոր զինատեսակները:

«Սմերչ» համակարգերի մասով կարող եմ ասել, որ ադրբեջանցիները վաղուց էին առնում, մենք գիտեինք, որ նրանք նման համակարգեր ունեն: «Սմերչ»-ները գաղտնի չեն պահվել: Այստեղ խնդիրն այն է, որ «ՄՍՏԱ-Ս» համակարգերը խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային  համակարգեր են, որոնք բավականին արդիական են, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն «Ուրագան»-ների, որոնցից նույնպես գնել են, «ՄՍՏԱ»-ները սպառազինության մեջ են մտել 1989 թ. վերջերին, այսինքն` խորհրդային զինտեխնիկայի վերջին նմուշներից են և բավական արդյունավետ են, մանավանդ լեռնային պայմաններում»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` նշելով, որ այդ կարգի ու քանակի սպառազինություն Ադրբեջանի կողմից գնվելն ուղղակի սպառնում է մեր անվտանգությանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ռուսական կողմն Ադրբեջանին վաճառելով  նման սպառազինություն, կարծես ուժերի հարաբերակցությունը թեքում է հօգուտ Ադրբեջանի: Նման սպառազինության վաճառքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին անհասկանալի է. ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հանդեպ նման կերպ վարվել:

«Այն հանգամանքը, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, դրանով ադեն մոտենում է այն պահը, որ սպառազինություններն օգտագործելով` Ադրբեջանն ինչ-որ պահի արդեն կդիմի լայնածավալ մարտական գործողությունների, եթե մենք շատ ակտիվ հակամիջոցներ ու քայլեր չձեռնարկենք: Եթե համեմատվենք Ադրբեջանի հետ, մեր հնարավորությունները շատ ավելի սուղ են, ու մենք պետք է փորձենք դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ քայլեր անել: Բայց Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում անընդմեջ բարձրացնում է հարցը, որ Ադրբեջանն ակտիվ զինվում է, և սպառազինությունների մրցավազքի սահմանափակման հռչակագրի դրույթներն անընդհատ խախտում է, բայց միջազգային հանրությունը ոչ մի քայլ, առավել ևս` կոշտ քայլեր,  չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ: Այսինքն` հույսը դնել միջազգային հանրության վրա սխալ է: Մնում է երկրորդ տարբերակը. մենք պետք է մեր բանակը զինենք տեխնիկայով ու միջոցներով, որոնք Ադրբեջանին ուղղակի կստիպեն ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից»,- ասաց Հրաչ յա Պետրոսյանցը:

Ռուս-ադրբեջանական սպառազինությունների հարցի առնչությամբ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կոնցեպտուալ առումով որևէ փոփոխություն Ռուսաստանի ռազմատեխնիկական քաղաքականության մեջ, որը նա վարում է վերջին մոտ 2 տասնամյակներում, չի տեսնում:

«Ռուսաստանը, ինչպես մինչ այժմ, շարունակում է զենք և զինամթերք վաճառել Ադրբեջանին շուկայական գներով և Հայաստանին գրեթե ձրի կամ շատ մատչելի գներով տրամադրել համապատասխան զենք-զինամթերքը, որը հնարավորություն է տալիս բալանսավորել ղարաբաղյան կոնֆլիկտի գոտին և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Խնդիրն այն է, որ նույն զենքն ու զինամթերքն Ադրբեջանը նույն հաջողությամբ կարող է գնել նաև այլ երկրներից: Եվ երբ Ադրբեջանը զենք գնեց Իսրայելից անցյալ տարվա մեծ կոնտրակտի ժամանակ, Ռուսաստանը պարտավորված չէր զգում համապատասխան քանակի զենք ու զինամթերք տրամադրել Հայաստանին` կոմպենսացնելու այդ փոփոխությունը: Այս պահին, երբ Ռուսաստանն ինքն է վաճառում այդ զենք-զինամթերքը Ադրբեջանին, ռազմավարական դաշնակցի պարտավորություններից ելնելով, ստիպված է և պարտավորված  Հայաստանին մատակարարել այդ զենքն ու զինամթերքը: Վերջիվերջո, եթե Ադրբեջանը չգնի այդ զենքը Ռուսաստանից, ապա կարող է դա անել յուրաքանչյուր այլ երկրից: Եվ  գուցե զարմանալի թվա, բայց Հայաստանին   ավելի է ձեռնտու, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական առումով համագործակցում է Ռուսաստանի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Այս տեսակետը, այն էլ ոչ մեկ անգամ, հնչել է նաև ռուս վերլուծաբանների շրջանակներում: Մասնավորապես Կովկասյան գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը հենց այս գործարքի կապակցությամբ նշել էր,  թե ռուսական զենքի մատակարարումներն  Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում. «Ադրբեջանին Ռուսական զենքի յուրաքանչյուր մատակարարում, նույնսիկ կոմերցիոն հիմքերով, Հայաստանում նյարդային ու հիվանդագին է ընդունվում ոչ միայն հասարակության կողմից, այլև էլիտայի: Բայց հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում ռուսական ներքին գներով, և դեպի Հայաստան զենքի մատակարարումները բալանսավորում են դեպի Ադրբեջան ռուսական զենքի վաճառքը»,- ասել է նա Vedomosdti.ru-ին:

Իսկ ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն էլ նշել է, թե այս իրավիճակի առումով կարելի է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Այս երկրների կախվածությունը մեկ մատակարարից հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ու Արևմուտքին զսպելու երկու հաճախորդների միջև առաջացած կոնֆլիկտը:

Ճիշտ է` Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, ու հավանաբար սա էլ են հաշվի առնում վերլուծաբանները: Բայց եթե ռազմական գործողություննե՞ր սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները, Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն. այս հարցը շատ լուրջ հարց է, որը պայմանագրով չի երևում:

Բացի այդ, ենթադրենք, թե Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով նույն Ռուսաստանից: Սակայն հնարավոր է, չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու անհրաժեշտության դեպքում. չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք…

Բացի այդ, ռուս վերլուծաբանների նշած պատճառաբանությունը չի կարող հիմնավոր համարվել. Ադրբեջանը չի հայտնվի ռուսական մատակարարումներից կախվածության վիճակում, քանի որ մեր թշնամիները հանգիստ կարող են սպառազինություն ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից ու Իսրայելից, ինչի օրինակն արդեն կա: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության էությունը հուշում է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքը հաստատ սպառնում է:

 Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  հայտարարությամբ հանդես եկավ. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:

Բոլիվուդի աստղ Շահ Րուխ Խանի նկատմամբ հետախուզում է սկսվել, երբ լուրեր են տարածվել, որ դերասանը գիտի սուրոգատային մորից սպասվող, իր ապագա երեխայի սեռը

Khan and his wifeՀնդկաստանի առողջապահության նախարարությունը տեղեկանալով, որ բոլիվուդյան դերասանը և նրա կինը գիտեն իրենց երեխայի սեռը հետախուզում են սկսել նրանց նկատմամբ:

Առողջապահության նախարարությանը բողոք է հասել, որ Շահ Րուխ Խանը և նրա կինը՝ Գաուրին, գիտեն, որ իրենք տղա են ունենալու:

Հնդակաստանում երեխայի սեռը նախօրոք իմանալը արգելվել է՝ երեխայի սեռի պատճառով իրականացվող հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար:

Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Խանը տանը չի եղել, երբ առողջապահության նախարարության աշխատակիցները այցելել են նրան՝ նրանց երեխայի սուրոգատային մոր վերաբերյալ հարցեր տալու համար:

16 և 13 տարեկան երկու երեխայի հայր Խանը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:

Հնդկաստանի ռադիոլոգիայի ասոցիացիայի բժիշկներից մեկը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը կցանկանար իմանալ, թե ինչպես է այդ խիստ գաղտնի ինֆորմացիան տարածվել, քանի որ դրա մասին իմանում է միայն բժիշկը՝ ավելացնելով, որ երեխայի սեռի գաղտնիությունը պահելու վերաբերյալ օրենքին չենթարկվող բժիշկների ու հիվանդների դեմ քայլեր պետք է ձեռնարկվեն:

2011թ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հնդկաստանում 6 տարեկանից ցածր 1,000 տղային բաժին է հասնում 914 աղջիկ: Դա տեղի է ունեցել տղա երեխաներին նախապատվություն տալու և աղջիկ երեխայի պարագայում հղիությունը ընդհատելու արդյունքում:

Բացի Հնդկաստանից՝ երեխայի սեռը ցույց տվող թեստերը արգելվել են նաև մի շարք այլ ասիական երկրներում, որտեղ նախապատվություն են տալիս տղաներին:

Երեխայի սեռի վերաբերյալ հիվանդին տեղեկացրած բժշկին սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ հինգ տարով բժշկական լիցենզիայի կասեցում:

Ծնողներին ևս սպառնում է հինգ տարվա ազատազրկում: