Սևանի հանրային լողափերը նախապատրաստվել են հանգստի շրջանի բացմանը

լողափ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վ. Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝  հուլիսի 1-ին նախատեսված բացման  նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ  կատարված աշխատանքներին:  Լողափերում անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը քննարկում է անցկացրել տարածքային ոստիկանական, փրկարար և բժշկական ծառայություն իրականացնող մարմինների պատասխանատուների հետ: «Սևան» ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն՝  հանգստյան ժամանակահատվածին լողափերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ:

լողափ   Աշխատանքային այցի շրջանակներում «Սևան» ազգային պարկ են ժամանել նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները, Սևանից լրացուցիչ ջրառի պատճառների հիմնավորումները, կլիմայական փոփոխությունների հետևանքով նկատվող սակավաջրությունը: Թեմայի շուրջ հանդես են եկել  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:

Արամայիս Գրիգորյանն, իր ելույթում կարևորելով արտագնա նիստերի ձևաչափով անցկացվող հանդիպում-քննարկումները,  նշել է. «Սևանը մեր հարստությունն է,  յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը պետք է լինի «Սևան» ազգային հարստության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Սևանա լճի հիմնախնդիրը մեր երկրի ռազմավարական նշանակության խնդիրներից է, և պատասխանատու բոլոր գերատեսչությունների ջանքներն ուղղված են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչը մեզ հաջողվել է և այսօր մենք ունենք նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշ: Սա մեծ ձեռքբերում է, որը պետք է կարողանանք պահպանել: Ինչ վերաբերում է Սևանից լրացուցիչ ջրառի խնդրին, ապա պետք է նշեմ, որ ցավալի է, որ մենք ստիպված ենք նախատեսվածից ավել ջուր բաց թողնել Սևանից, սակայն այս բացթողումը մասնագիտորեն հիմնավորված է` կապված կլիմայական փոփոխություններով պայմանավորված սակավաջուր տարվա հետ»: Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Սևան» ազգային պարկի աշխատակազմը, իրականացնելով համապատասխան հանձնարարականները, ՀՀ ԱԻՆ, ոստիկանական ծառայության և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լիարժեք պատրաստվածության  են բերել ծառայությունների մատուցմամբ 3 հանրային լողափերը, որոնք հուլիսի 1-ից կընդունեն հանգստացողներին: Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ  նախատեսվում է առաջիկայում ավելացնել ծառայությունների մատուցմամբ հանրային լողափերի թիվը:

Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում այցելուների համար ապահովել առավելագույն հարմարավետություն:

 

 

 

 

Հ.Գ.

Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է Հանրապետության Նախագահի հանձնարարականով և ներկայում գործում է 11 լողափ /3-ը ծառայությունների մատուցմամբ/: Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի  իրականացրած «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողափերի հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: Այս տարի նույնպես հանրային լողափերում գործելու  են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, նորաբաց էկոանկյունը: Առաջիկայում նախատեսվում է բացել նոր հանրային լողափեր: Հանրային  լողափերում գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն:

 

 

 

 

«Երևանյան բարդ»՝ «Երևանյան ամառ»-ում

001 (1)Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» միջոցառումների եռամսյա ծրագրի հերթական մեծ միջոցառումը «Կասկադ» համալիրում էր։ «Երևանյան բարդ» խորագրով համերգին ելույթ են ունեցել  հեղինակ կատարողներ Էդվարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս Շիբոյանը, Գագիկ Շիբոյանը, Կարեն Մամիկոնյանը։

«Երգի այս տեսակը քաղաքային ֆոլկլորի անբաժանելի մասն է։ Մենք մեր հանդիսատեսի հետ ավելի շատ ակումբներում ենք հանդիպում, որտեղ տարածքը սահմանափակ է. քաղաքապետարանի շնորհիվ այսօր այստեղ ենք հավաքվել, և որքան շատ լինեն նման ձեռնարկումները, այնքան հաճախ երեկոն տոն կդարձնենք երևանցիների համար»,- նշել է հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանը։

Բացօթյա համերգին ներկա հարյուրավոր քաղաքացիները համակարծիք էին՝ նման նախաձեռնությունը ոչ միայն անակնկալ տոն է հեղինակային երգարվեստի սիրահարների համար և լավագույն հնարավորություն՝ ունկնդրելու սիրելի կատարողների հին ու նոր երգերը, այլ նաև մայրաքաղաքի մշակութային այս անկյունին ինքնատիպ կոլորիտ է հաղորդել։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Ագրարային թեմայով կլոր սեղան` ՀԱԱՀ-ում

հաահԸնդամենը 1.5 տարվա պատմություն ունի ՀԱԱՀ ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը, որը իր փոքրաթիվ աշխատակիցների միջոցով իրականացնում է գլխավոր առաքելությունը` կապը գիտության եւ արտադրության միջև, ոլորտի` լուծման կարոտ խնդիրներն էլ անընդհատ ուշադրության, դիտարկումների ծիրում են գտնվում: Հուլիսի 27-ին հրավիրված կլոր-սեղանի թեման ինքնին խոսուն էր. «ՀՀ ագրարային ոլորտի պետական կարգավորման գործիքների և կառուցակարգերի կատարելագործում» ծրագրի շրջանակներում օրվա բանախոսը` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը ներկայացրեց իր դիտարկումները:

Ողջունելով կլոր սեղանի հյուրերին ՀԱԱՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Դանիել Պետրոսյանը կարևորեց կենտրոնի նախաձեռնությունը: Գոհունակություն հայտնեց, որ ներկաների թվում կան երիտասարդներ` մագիստրանտներ, ասպիրանտներ, պատկան մարմինների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ:

ՀԱԱՀ ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն, ագրարային քաղաքականության և տեղեկատվության ամբիոնի վարիչ Աշոտ Ոսկանյանը դիմելով ներկաներին շեշտեց. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տնտեսությունը, հատկապես՝ ագրարային հատվածը, ենթարկվում է պետական կարգավորման ու պետական աջակցության: Հայաստանը ևս որդեգրել է ագրարային ոլորտի պետական կարգավորման և գյուղատնտեսության, պետական աջակցության քաղաքականությունը: Դրա ակնհայտ դրսևորումը ՀՀ բյուջեից գյուղատնտեսությանը և ագրարային հատվածի ենթակառուցվածքներին՝ ոռոգման համակարգեր, հակակարկտային տեղակայանքներ և այլն, ֆինանսական միջոցների հատկացումն է:

Բացի ֆինանսական աջակցությունից, ագրարային ոլորտի կարգավորման կարևոր ուղղություններ են նաև իրավաօրենսդրական դաշտի հստակեցումն ու  հարկային բեռի թեթևացումը, դրանց շնորհիվ ոլորտի ներդրումային գրավչության ու արտադրության մրցունակության մակարդակի բարձրացումը»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Բանախոսը, որ քաջատեղյակ է ու հրաշալի գիտե ագրարային ոլորտը, մանրամասն ու շատ առարկայական ներկայացրեց խնդիրները, որոնց շուրջ ծավալվեց մտքերի շահագրգիռ ու արդյունավետ քննարկում: Արված առաջարկությունները ամփոփ կերպով կներկայացվեն պատկան մարմիններին: Իսկ այսպիսի քննարկումները կլինեն շարունակական և գիտնականների համոզմամբ իրենց նպաստը կբերեն լավագույն ուղիները ընտրելիս:

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը

MHM88993 copyՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին:
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի կարգադրությամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Այն կարելի է համարել իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք, որը նպատակ ունի ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված և միջազգային պայմանագրերով մեր պետության ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծրագրի մշակման գործում ակտիվորեն ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում այս տարվա փետրվարի 27–ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են պետական տարբեր մարմիններին վերաբերող մի շարք միջոցառումներ: «Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ:
Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում` միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը», 
– ընդգծել է վարչապետ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ ծրագիրն էապես կնպաստի մեր պետությունում մարդու իրավունքների հուսալի պաշտպանության երաշխավորմանը:

ԿԺԴՀ-ի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են վերջ դնել թշնամությանը

1374-390x290 (1)Հյուսիսային Կորեայի պաշպանության պետական կոմիտեն հարավկորեական իշխանություններին առաջարկել են վերջ դնել փոխադարձ ագրեսիային, հաղորդում է  Lenta.ru-ն:

Կոմիտեի տվյալներով, Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրվանից պատրաստ է դադարեցնել Հարավային Կորեայի  դեմ քարոզը: Ընդ որում, ԿԺԴՀ-ն Սեուլից սպասում է համարժեք գործողություններ: Բացի այդ, Փհենյանը կոչ է արել դադարեցնել հրաձգությունը Դեղին ծովում վիճելի տարածքի շուրջ:

Սակայն, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է կորեական ժողովրդական բանակի պաշտպանական ուժերի ամրապնդումն արագացնելու անհրաժեշտության մասին: “Ամուր խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե մի կողմն այնքան ուժեղ է, որ ոչ ոք չի համարձակվի սադրանքի դիմել»,-հայտարարել է նա:

Հյուսիսային ու Հարավային Կորեաները պատերազմական դրության մեջ են 1950-ից: Վերջին ակտիվ մարտերն այս տարածաշրջանում տեղի են ունեցել 1953-ին:

Անկախ

Ջուրը մեկ անգամից ավելի եռացնելը վտանգավոր է

ջրի եռացում

Ջուրը կյանքի աղբյուր է, որ կազմում է մեր օրգանիզմի 80%-ը /երեխաների մոտ 90%/.այս է պատճառը, որ դրա որակին պետք է ներկայացվեն առանձնահատուկ խիստ պահանջներ։

Ցավոք սրտի, այն ջուրը, որ հասնում է մարդկանց բնակարաններ ջրամատակարարման համակարգերի միջոցով,  իր բաղադրության մեջ պարունակում է ոչ միայն օգտակար հատկություններ, այլ նաև քլոր, զանազան բարդ միացություններ և վտանգավոր նյութեր, որոնք անգամ ժամանակակից զտիչները չեն հեռացնում։ Իսկ ստորգետնյա աղբյուրների ջրերը, ըստ մասնագետներ,  հողի ներկա աղտոտման պայմաններում չեն երաշխավորում  այն բյուրեղային մաքրությունը, որով օժտված է ջուրը։

Ջրի  վնասազերծման, դրա որակի կատարելագործման հիմնական մեթոդներից է եղել ու մնում այն եռացնելը, որի շնորհիվ մանրէները սպանվում են, քլորի պարունակությունը նվազում է, ջուրը դառնում է  ավելի փափուկ։ Սակայն… եռացված ջրի բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ ծանր մետաղները չեն ոչնչանում ջրի նման մշակման արդյունքում, իսկ քլորի որոշ մասնիկներ կարող են շփման մեջ մտնել այլ տարրերի հետ՝ վերածվելով խիստ վտանգավոր նյութերի։

Իսկ եթե նույն ջուրը մի քանի անգամ եռացնել, ինչը հաճախ անում են հատկապես  գրասենյակներում և միջոցառումների ժամանակ, ապա այդ վտանգավոր նյութերի կոնցետնտրացումը մեծանում է ամեն անգամ, իսկ թթվածնի օգտակար միացությունների քանակը նվազում՝ հասնելով նվազագույնի։ Այլ կերպ՝ “կենդանի” և օգտակար ջուրը վերածվում է “մեռած” և վտանգավոր ջրի։

Բնությանը 1,54 մլն դրամի վնաս է հասցվել

1 (1)ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար նշանակել է 1.43մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք և հաշվարկվել է 1.54մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 23-28.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 1.54մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Կոտայքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության  արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  84.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  9.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատումների  գործերի քննության  արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է  1,07մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Բնապահպանական պետական տեսչության կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար երկու  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ և հաշվարկվել է  220.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:    Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքների որոշումներ:

   Արագածոտնի և Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար     Գեղարքունիքի  տարածքային ստորաբաժանման  կողմից  տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:        Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 7.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է  նաև տիրազուրկ  ձկնորսական 7 ցանց: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի  որոշում:                                 

      Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.67մլն.դր. գումար:

Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

2Ադրբեջանական բանակում՝ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ զինծառայողներ Յաշար Ահադզադեի և Իլքին Մուսթաֆաևի միջև վեճ է առաջացել, որի հետևանքով Ահազադեն երկաթի  կտորով հարվածել է Մուսթաֆաևին: Վերջինս ստացած հարվածից մահացել է:

Փաստի առնչությամբ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այլ մանրամասներ միջադեպի վայրի և պատճառների մասին  չի հաղորդվում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

հովիկ աբրահամյանՄեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն:
Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության և Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում և պետական շինարարության մեջ:
Ձեր կյանքը և գործունեությունը Դուք ի սպաս եք դրել Հայրենիքի կերտման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ապահովման վեհ գործին: Դուք կանգնած եք եղել նոր Հայաստանի կերտման և Արցախի ազատագրական հաղթական պայքարի ակունքներում՝ Հայրենիքի նկատմամբ Ձեր անմնացորդ նվիրվածությամբ օրինակ ծառայելով գալիք սերունդների համար:
Հայաստանի Հանրապետությունն այսօր կարևոր քաղաքական գործոն է տարածաշրջանում: Ձեր ղեկավարությամբ մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Այսօր ևս Դուք շարունակում եք իրականացնել հայոց պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, մեր հայրենիքի տնտեսական վերելքի ապահովմանը միտված քաղաքականություն: Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ և անմիջական ջանքերով մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ:
Պարոն Նախագահ, կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ այն համոզմունքով, որ Ձեր գիտելիքներն ու կենսափորձը այսուհետ ևս Դուք ծառայեցնելու եք Հայաստանի Հանրապետության շենացման նվիրական գործին՝ ի շահ համայն հայության:

Բազմաթիվ միայնակ տարեցներ ծերերի տուն-ինտերնատի անունն անգամ լսել չեն ցանկանում

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով Գյումրու վագոն-տնակներում պատսպարված բազմաթիվ միայնակ տարեցներ մեկուսացած կյանքն ու անօգնական վիճակը գերադասում են ծերերի տուն-ինտերնատից: Անկեղծ ասած` այս երևույթը անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար մնում է անհասկանալի:
Կարծում ենք խոնավ ու ցուրտ վագոն-տնակներից փոքրիշատե տանելի պայմաններ ունեցող ծերերի տուն-ինտերնատ, միայնակ տասնյակ տարեցների տեղափոխվելու հարցի լուծումը այլևս անհետաձգելի է դարձել, որում առաջին հերթին պետք է մասնակցություն ունենան սոցիալական ծառայությունները: Ներկայացվող տեսանյութը ութսունն անց միայնակ տարեց կնոջ մասին է, ով նույնպես չի ցանկանում դուրս գալ իր խարխուլ տնակից:

Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

1Հունիսի 29-ին՝ ժամը 22:36-ին, Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալայի շրջանից 15 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական ծառայությանը, երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:

Ըստ “Հագին” կայքի՝ երկրաշարժի պատճառով Զագաթալայի շրջանում որոշ տներ մասամբ քանդվել են, ավելացել են երկու տարի առաջ երկրաշարժից տուժած տների  ճաքերը: Տուժածներ չկան: Սակայն շատերը , վախենալով երկրաշարժի կրկինվելուց,  գիշերել են դրսում:

 

Դոնեցկում հրաձգության մեջ են ընկել LifeNews-ի ու РЕН-ТВ-ի լրագրողները

74ca3d914ee2f8c2f00001e5c78ae5d0Դոնեցկում հրաձգության  ժամանակ զոհվել է Առաջին ալիքի օպերատոր  Անատոլի Կլյանը:

Լրագրողները Դոնեցկ էին մեկնել  ռեպորտաժ նկարահանելու. «Երբ մենք մեկնեցինք մարտական գործողությունների ակտիվացման վայր, այնտեղ ոչ մի արգելանշան ու  բրիգադ չկար: Քաղաք մտնելով, բառացիորեն, մեր մեքենայի անիվների տակ գցվեց ինքնահռչակ հանրապետության կողմնակիցներից մեկն ու խնդրեց կանգնեցնել ավտոմեքենան:Մենք հասցրեցինք դուրս թռնել ու թաքնվել»,-պատմել է  «МИР-24»-ի մեկնաբան Ալեքսանդր Լեոնենկոն:

LifeNews-ի տվյալներով, սկզբում զինվորականները կրակ են բացել ինքնաձիգներից, իսկ հետո ուժայինները ծանր հրազեն են գործի դրել:

Ավելի վաղ տեղեկություն է եղել, որ Անատոլի Կլյանը վիրավորվել է փորից, ապա, հիվանանոցի ճանապարհին մահացել է: Բացի նրանից, վիրավորվել է նաև լրագրողների ավտոբուսի վարորդը:

Անկախ

Արցախում նկարահանել են “Happy” երգի տեսահոլովակը

Ֆարել Ուիլիամսի հանրահայտ “Happy” երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է յութուբում: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում:
Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ՝ շուրջ 120 մարդու մասնակցությամբ: Իր մասնակցությունն է բերել նաև Արցախի բազմամյա բարեկամ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի Բարոնուհի Քերոլայն Կոքսը՝ պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների և աշխատակիցների հետ միասին:
Դրա հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն՝ իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ:

Աֆրիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1368-390x290Աֆրիկայի ափերից 1000 կմ հեռավորության վրա երկրաշարժ է եղել, հաղորդել է Росбалт.-ը:

Ռուսական երկրաբանական ծառայության տվյալներով, ցնցումները գրանցվել են 05:46-ին: Էպիկենտրոնը գտնվել է Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայից դեպի խաղաղօվկիանոսյան ջրային տարածէ 993 կմ հեռավորության վրա:

Ծաառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղում նշել են, որ ցնցումները ծայրահեղ սուր ինտենսիվություն են ունեցել:

Անկախ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

վաղարշապատՎաղարշապատը համեմատաբար կարճ ժամանակամիջոց է եղել Հայաստանի մայրաքաղաք, սակայն շնորհիվ հոգևոր-մշակութային նշանակության, հայության համար մայրաքաղաքից հետո դարձավ երկրորդ քաղաք:

Պատմական Վաղարշապատը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում` Արարատյան դաշտում, որ հազարամյակներ շարունակ հայության քաղաքական-տնտեսական կենտրոնն է հանդիսացել:
Վաղարշապատի շրջակայքը հարուստ է հնավայրերով: Այն բնակեցված է եղել դեռևս նոր քարե դարում: Մասնավորապես, հայտնի բնակավայրեր էին Մեծամորը, որ տվյալ ժամանակամիջոցում Արարատյան դաշտի քաղաքական, տնտեսական և հոգևոր կենտրոնն էր, Մոխրաբլուրը, Թեղուտը, Հրեշ բլուրը…. Այս հնավայրերից հնագիտական պեղումների ժամանակ բազում գտածոներ են հայտնաբերել, որոնք վկայում են վաղնջական ժամանակներում զարգացած սոցիալ-տնտեսական հարաբերությունների մասին:
Մովսես Խորենացին հաղորդում է, որ քաղաքը տարածված էր Քասախ գետի և Շրեշ բլրի (ներկայումս` Ղուգոյի կոնդ) միջև: Այն հայտնի էր իր ամուր բերդով, և քանի որ գտնվում էր առևտրական ճանապարհներին, նաև` հարուստ առևտրով:
Միջնադարում Վաղարշապատը դարձավ Հայաստանի զարգացած քաղաքներից մեկը: Կառուցված էր հայկական քաղաքաշինական դասական` եռաքաղաք մոդելով: Քաղաքի վրա իշխող դիրք ուներ առանձին պարսպապատ միջնաբերդը, ապա նրա շուրջ սփռված էր շահաստանը` բուն քաղաքը` դարձյալ պարսպապատ, իսկ նրանից դուրս` արվարձանները:
Քաղաքի կենտրոնը շուկան էր համարվում, ու կենտրոնում էին տեղակայված քաղաքային կարևորագույն հաղորդակցությունները` քարավանատներ, իջևանատներ, խանութներ և այլն:
Բուն քաղաքում բնակչության տեղաբաշխումը մեծ մասմաբ կատարվում էր մասնագիտական կողմնորոշումից ելնելով` արհեստավորական թաղերով: Հայաստանում վաղնջական սովորույթ էր մասնագիտությունը փոխանցել հորից որդուն, հետևաբար, շատ են հայոց բնակավայրերում հանդիպում Պայտագործների փողոց, Զինագործների փողոց և այլն: Արհեստավորները շատ ժամանակ արհեստանոցի են վերածել իրենց տան փողոցին հարող հատվածն ու հենց տեղում նաև իրացրել իրենց արտադրանքը:
Վաղարշապատի մասին առաջին գրավոր վկայություններից մեկը վերաբերում է Արարատյան թագավորության գահակալ Ռուսա Բ-ին (մ.թ.ա. 685-645), որ այնտեղ ոռոգման համակարգ է կառուցել, այգիներ տնկել և ծաղկեցրել շրջապատը: Ռուսա Բ-ն իր արձանագրություններում Վաղարշապատի շրջակայքը կոչում է Կուտուրլինի:
Հետագայում քաղաքն այլ անվանումներ ստացավ` Արտեմիդ, համաձայն Մովսես Խորենացու, Վարդգեսավան, Նոր քաղաք Վաղարշապատ, ապա և Էջմիածին:
Չնայած այստեղ բնակավայր եղել է վաղնջական ժամանակներից, որպես քաղաք Վաղարշապատը հիմնադրվել է մ.թ.ա. VI դարում` հայոց Երվանդ Ա Սակավակյաց արքայի (մ. թ. ա. 570–560 թթ.) փեսայի` Մանուկ Վարդգեսի կողմից:
Խորենացին Վաղարշապատի կառուցման մասին գրում է. «Սա պարսպով պատեց նաև Վարդգեսի հզոր ավանը, որի մասին առասպելներն ասում են. «Գաղթական գնաց Վարդգես մանուկը Տուհաց գավառից, Քասախ գետի մոտ, եկավ ու նստավ Շրեշ բլրի մոտ, Արտեմիդ քաղքի, Քասախ գետի մոտ, Երվանդ արքայի դուռը թակելու»: Այս Երվանդ առաջինն է, Սակավակյացը, Հայկազունիներից, որի քրոջը Վարդգեսը կին առնելով` այս ավանը շինեց, որտեղ և Արշակունի Տիգրան միջինը նստեցրեց հրեա գերիների կեսը, որ և վաճառաշատ քաղաքագյուղ դարձավ: Այժմ Վաղարշը պատեց պարսպով և ամուր պատվարով և կոչեց Վաղարշապատ, որ (կոչվում է նաև) Նոր քաղաք»:
Վաղարշապատը, փաստորեն, Վաղարշ Ա-ի ժամանակներից (191-211) դարձել է հայոց մայրաքաղաք և ընդմիջումներով մայրաքաղաքի իր կարգավիճակը պահել մինչև IV դարի կեսերը: Քանի որ 301 թ. քրիստոնեության ընդունումից հետո Վաղարշապատը դարձավ հայության հոգևոր կենտրոնը, անգամ երբ կորցրեց մայրաքաղաքի կարգավիճակը, պահպանեց իր նշանակությունը որպես պետության երկրորդ քաղաք:
Համենայն դեպս, Տրդատ Գ արքայի գահակալման շրջանում հենց Վաղարշապատն էր հայոց մայրաքաղաքը, այդ պատճառով այն դարձավ նաև հայոց հոգևոր կենտրոնը, այստեղ հաստատվեց ամենայն հայոց կաթողիկոսարանը:
303 թ. հենց այստեղ` արքունիքի տարածքում Տրդատ Գ Արշակունի արքան (287-331) և Գրիգոր Ա Պարթևը կառուցեցին առաջին քրիստոնեական եկեղեցին` կործանելով մինչ այդ նրա տեղը կանգնած հեթանոսական տաճարը: Հետագայում, երբ Արտաշատը դարձյալ ստանձնեց հայոց մայրաքաղաքի դերը, Վաղարշապատի Արշակունիների արքայական պալատը վերածվեց վեհարանի:
405 թ. Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ Արշակունի արքայի հրամանով հենց այստեղ բացեց առաջին դպրոցը: Ավելի ուշ` V դարի 80-ական թթ., Ղազար Փարպեցի պատմիչը հենց Վաղարշապատում հիմնադրեց մատենադարանը:
Որպես մայրաքաղաք Վաղարշապատը ականատեսն էր թե՛ հայոց փառքին` մշակութային վերելքին, թե՛ նրա քաղաքական անկմանը: 387 թ.` Արշակ Գ Արշակունի արքայի օրոք, Վաղարշապատն էր հայոց մայրաքաղաքը, երբ Հայաստանը բաժանվեց Սասանյան Իրանի և Հռոմի միջև:
Մինչ այդ 364-368 թթ. հայ-պարսկական պատերազմների հետևանքով քաղաքը հիմնահատակ ավերվեց պարսից Շապուհ Բ Երկարակյաց արքայի (327-372) կողմից:
Հետագայում քաղաքը մեծապես տուժեց 450-451 թթ. Հայաստանում ծայր առած քաղաքացիական պատերազմի հետևանքով: Սակայն հետո հայոց սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանը քաղաքը մաքրում է ավերակներից, վերականգնում, նոր շինություններ կառուցում այնտեղ:
Բագրատունիների թագավորության շրջանում Վաղարշապատի կյանքում դարձյալ քիչ թե շատ աշխուժություն է նկատվում: Սակայն հայոց երբեմնի մայրաքաղաքն արդեն չուներ իր նախկին փառքը: Քաղաքը զրկվել էր նաև հայոց հոգևոր կենտրոնի կարգավիճակից, քանզի հայոց կաթողիկոսները, հետամուտ իրենց փառքին և քաղաքական նկատառումներին, իրենց աթոռը որպես կանոն հաստատում էին հայոց քաղաքական կենտրոններում կամ նրանցից ոչ հեռու: Շուտով հայոց կաթողիկոսությունը առհասարակ հեռացավ պատմական Հայաստանի տարածքից և հաստատվեց Կիլիկիայի հայոց թագավորությունում:
Զաքարյանների տիրապետության կործանումից հետո մոնղոլական արշավանքների ժամանակ Վաղարշապատը դարձավ աննշան գյուղակ:
Միայն 1441 թվականից, երբ դարձյալ հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից վերահաստատվեց Հայաստանում` Վաղարշապատում, երբեմնի հայոց ոստանը նոր շունչ ստացավ:
Աստիճանաբար վերանորոգվեցին եկեղեցիները, վանքերը, երբեմնի քաղաքում ակտիվություն նկատվեց: Վաղարշապատում 1771 թ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բացեց Հայաստանում և տարածաշրջանում առաջին տպարանը, հինգ տարի անց` թղթի գործարանը: Հոգևոր կենտրոն լինելուց զատ, Վաղարշապատն աստիճանաբար վերածվեց նաև մշակութային կենտրոնի:
Մինչև ռուսների կողմից Արևելյան Հայաստանի գրավումը Վաղարշապատը և հայոց կաթողիկոսությունը, ըստ էության, նաև քաղաքական կենտրոնի դեր էին կատարում:

Վաղարշապատի ներկայիս հատակագիծը կազմել է Ալեքսանդր Թամանյանը 1925 թ.:

 

 

Ամերիկացի գործարարը քաղաք է հանել վաճառքի

pic_34a605e8dc8d99b79f20255868a8d625Ամերիկացի գործարարը  Սվեթ քաղաքը հանել է  վաճառքի, որի միակ տերն ինքն է: Հարավային Դակոտայում գտնվող այդ բնակավայրը Բենսոնը գնահատել է 400 հազար դոլար: Քաղաքի վաճառքից ստացված գումարը նա մտադիր է իր կոնցեսիոն գործի  վրա ծախսել, հաղորդում է  Associated Press-ը:

1940-ականներին Սվեթում բնակվում էր 40 մարդ: Քաղաքը փոստային բաժանմունք ուներ մի քանի տուն ու մթերային խանութ: Տարիների ընթացքում բնակիչների թիվը  գնալով նվազում էր: 1998-ին Բենսոնն այն գնեց, ապա  տվեց կնոջը, իսկ 2012-ին սեփականության նկատմամբ իր  իրավունքը վերականգնեց:

Հիմա քաղաքի միակ բնակիչը Բենսոնն է իր ներկայիս կնոջ հետ: Քաղաքն ունի բար, արհեստանոց, ու 3 կցորդներ ու տներ: Ընդ որում, բարը սիրված վայր է տեղի ֆերմերների համար, քանի որ 15 կմ շառաղով տարածության վրա միակ վայրն է, որտեղ սպիրտային խմիչք են վաճառում:

Անկախ

Իրաքի իսլամիստները հայտարարել են, թե խալիֆայություն են ստեղծել

pic_86f0489a79ed7bf56a90e8770bd27e6c«Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»արմատական խմբավորումը, որը գրավել է Իրաքի ու Սիրիայի մի հատվածը, այտարարել է  խալիֆաթ ստեղծելու մասին, հաղորդել է  Reuters-ը:

Իսլամական կայքերում ու թվիթերյան ըքաունթներում տեղադրած հայտարարության մեջ խմբավորման ներկայացուցիչները ողջ աշխարհի իսլամիստներին կոչ են արել հավատարմության  երդում տալ խալիֆաթին: Այսուհետ  «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» մտադիր է կոչվել «Իսլամական պետություն»: Խալիֆաթը պետք է  կառավարի խմբավորման առաջնորդ  Աբու Բաքար ալ-Բաղդադին:

Անկախ

Դավթաշեն վարչական շրջանում կայացավ սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի մրցաշարը

Samvel Gevorgyani anvan hushamrcashar 2Հունիսի 29-ին Դավթաշեն վարչական շրջանում կայացավ Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն հեծանվորդները: Մրցաշարից առաջ հեծանվորդները ծաղկեդրում կատարեցին Սամվել Գևորգյանի կիսանդրու առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքին իր կյանքը նվիրաբերած հերոսին:

Խճուղային հեծանվավազքի այս մրցաշարին, որը արդեն մեծ հնչեղություն է ստացել նաև արտերկրում , այս անգամ մասնակցեցին 50-ից ավելի մարզիկներ, որոնք հաղթահարեցին 48 կիլոմետր տարածությունը:

Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը, 2-րդը Սևակ Սիմոնյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց Լևոն Լավչյան: Երիտասարդների պայքարում հավասարը չուներ Պավել Ստեփանյանը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Հակոբ Սահակյանն ու Էդգար Սարգսյանը: Մեծահասակների պայքարում լավագույնը Էդգար Ստեփանյանն էր, ով տարածությունը հաղթահարեց 46.9 րոպեում: 49.29 րոպե արդյունքով Դավիթ Մկրտչյանը 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը 50.10 րոպե արդյունքով եզրափակեց Հարություն Բարսամյանը:

 Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար. թուրք նախարար

Մևլյութ Չավուշօղլու  Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ավելի ակտիվ մասնակցության դեպքում հակամարտությունն արդեն ավարտված կլիներ: «Հակամարտությունը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ»,-ասել է նախարարը` նշելով, որ Ուկրաինայում առաջացած վիճակը նրա հետևանքն է, որ Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները չեն լուծվել: «Հիմա Ղրիմի հարցն է առաջ եկել: Նման սառեցված կոնֆլիկտները վտանգ են ներկայացնում Եվրոպայի կայունության համար»,-նշել է Չավուշօղլուն:

 

Անկախ

Աշխարհահռչակ մրցավարը շախմատի Հայաստանի ակումբային առաջնության, նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

Աշոտ Վարդապետյան 1-ին նյութՔանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր մրցավարի, գլխավոր մրցավարի տեղակալի կարգավիճակով աշխարհի առաջնության մրցամարտեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադաներ սպասարկած միջազգային կարգի մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին:

– Շախմատի ակումբային առաջնություն չանցկացնելու ցավալի փաստի մասին նախկինում շատ է խոսվել: 2014-ին էլ հույս էր հայտնվել, որ դեռ ժամանակ կա և հնարավոր է, որ այն անցկացվի: Թերևս կարևորն այն է, որ սպասելիքներն արդարացան, բարձրաձայնված հարցը լուծում գտավ: Մասնակից թիմերը շատ էին: Այն կարծիքին եմ, որ առաջին անգամ այս ստուգատեսում գերիշխում էր ակումբային մրցումների մթնոլորտը: Փաստորեն, հնարավորություն էր ստեղծվել, որ տարբեր` սիրողական, կիսասիրողական, պրոֆեսիոնալ ակումբներ խաղան մեկ մրցաշարում և ամեն մեկն ունենա իր առջև դրված խնդիրները: Այդ է պատճառը, որ մրցաշարը մասսայական էր և հետաքրքիր: Նպատակը միայն այն չէր, որ որոշվեր, թե որոնք են երկու լավագույն թիմերը, որոնք պետք է իրավունք ստանան հանդես գալու Եվրոպայի ակումբային առաջնությունում: Իհարկե, խաղարկվում էր այդպիսի երկու ուղեգիր, բայց կարևորվում է, որ մեր երկրում զարգանա ակումբային շախմատը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը մեծ ջանքեր է թափել, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացվի: Դա հաջողվեց, և կարելի է սպասել, որ հաջորդ տարի կունենանք ավելի մեծ թվով, նաև ուժեղ մասնակից ակումբներ:

– Ի՞նչ կասեք առաջնության թիմերի պատրաստականության մակարդակի մասին:
– 6-7 թիմ առանձնանում էր, ուժեղ կազմ ուներ և պայքարում էր բարձր տեղերի համար: Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին «Փյունիկը», ԲԿՄԱ-ն և Շախմատի հանրապետական դպրոցի թիմը: Ապա հաջորդեց ՖԻՄԱ-ն: Ուշագրավ է, որ Շախմատի հանրապետական դպրոցի և ՖԻՄԱ-ի մի շարք ուժեղ խաղացողներ համալրել էին այլ ակումբներ: «Փյունիկը» վարկանիշով ամենաբարձրն էր, և օրինաչափ է, որ այն առաջին տեղը գրավեց: Սա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, որը Հայատանի շախմատի ֆեդերացիային աջակցել էր այս ստուգատեսն անցկացնելու հարցում, օգնությամբ կազմավորված թիմ է և կարող է Հայաստանը պարզ ճակատով ներկայացնել սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, թեև այդ թիմի կազմում չկա Հայաստանի հավաքականի ոչ մի շախմատիստ: Հնարավոր է, որ նա հետագայում ուժեղացնի իր կազմը:
Նույնը կարելի է ասել նաև ԲԿՄԱ-ի մասին: ԲԿՄԱ-ի առաջին խաղատախտակը գլխավորում է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Խաղում էր նաև վերջերս գրոսմայստերի նորմա լրացրած Ռոբերտ Աղասարյանը: Ի դեպ, երկրորդ տեղի համար լարված մրցավեճ էր ծավալվել մի քանի թիմերի միջև: Առանձնանում էր նաև 6-րդ տեղը գրաված «Պոլիտեխնիկը», որը գլխավորում է մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը: Ինչպես հայտնի է, Երևանի ճարտարագիտական համալսարանում Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակումբ է գործում, և Վահանյանը թիմում խաղալու էր հրավիրել Հայաստանի տարբեր տարիների չեմպիոններին: Մեր վետերաններից խաղում էին Վանիկ Զաքարյանը, Սլավա Մովսիսյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Վահանյանը: Թիմը համալրել էր նաև Հայաստանի 2014-ի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը: Թերևս արդյունքն ավելի ցածր ստացվեց, քան սպասվում էր: Պատճառն այն է, որ շախմատիստների մեծ մասը վերջին տարին պաշտոնական մրցումներում գրեթե հանդես չի գալիս, զբաղվում է մարզչական, կազմակերպչական աշխատանքով, և խաղային փորձի պակասը զգացնել տվեց:
Սուրճի արտադրության «ԼԵԲՕ» ֆիրման շախմատիստուհիների թիմ էր մրցասպարեզ հանել, որն առաջին տուրում, հանդիպելով ՖԻՄԱ-ի հետ, հաղթեց: Ընդ որում, 12-րդը ճանաչված այդ թիմի կազմում չէր ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի ոչ մի անդամ: Այնպես որ, չի բացառվում` հետագայում այդ անունով ավելի ուժեղ թիմ խաղա Եվրոպայի առաջնությունում: Արվեստագետներից կազմված «Զարթոնք» թիմի կազմում, որը զբաղեցրեց 16-րդ տեղը, խաղում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ճանաչված նկարիչներ և այլն: Ընդ որում, Սաթյանը հաղթեց Հայաստանի մինչև 18 տարեկան շախմատիստուհիների չեմպիոն Սուսաննա Գաբոյանին: Սիրողական թիմ էր նաև «Ծաղկաձորը», որի 7-րդ տեղը զբաղեցնելը հաջողություն կարելի է համարել:

– Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Քոթանջյանի անունը նշեցիք, իսկ մեր ճանաչված բարձրակարգ գրոսմայստերներից ովքե՞ր էին նույնպես խաղում:
– «Փյունիկը» գլխավորում էին մեր երիտասարդ շնորհալի գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը: Այդ թիմի պատիվն էր պաշտպանում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին` գրոսմայստեր էլինա Դանիելյանը:

– Դուք շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրենն եք: Ինչո՞ւ այն գերադասեց մնալ խաղից դուրս:
– «Միկան» ֆինանսական հնարավորություններ չունի, որ ցանկալի թիմ ձևավորի և մեծ ակնկալիքներով գործուղի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Իսկ հենց այնպես հանդես գալ պարզապես հարիր չէր: Եթե կարիք զգացվեր մասնակցելու, «Միկան» թիմ կներկայացներ, բայց ոչ ուժեղ կազմով խաղալը պարզապես ինքնանպատակ կլիներ:

– Բացի երկու ուղեգրից, ի՞նչ պարգևներ էին նախատեսված:
– Պարգևատրման հիմնադրամը 600 հազար դրամ էր: Հաղթողը ստացավ 300 հազար դրամ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին տրվեց 200 հազար և 100 հազար դրամ: 6 խաղատախտակների առջև իրենց լավագույնս դրսևորած
շախմատիստները հարստացան 25-հազարական դրամով: Կազմակերպիչները մրցանակ էին սահմանել նաև 9-րդ տեղը գրավողի համար` 100 հազար դրամ: Այն հանձնվեց վետերանների հավաքականին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 9-րդը կարող է լինել երկրորդ կեսի հավաքականների պայքարին մասնակցած լավագույն թիմը: Նախապես էր այդ մասին հայտարարվել:

– Հայաստանի շախմատի ֆեդերացիան կաջակցի՞ մեր երկու թիմերին, որ մասնակցեն ակումբային թիմերի Եվրոպայի առաջնությանը:
– Հայաստանի շախմատի ֆեդերացիան վաղուց որդեգրել է այն սկզբունքը, որ ակումբները պետք է իրենք հոգան բոլոր ծախսերը:

– Շախմատը և ֆուտբոլն ամենից շատ մասսայականություն վայելող մարզաձևերն են: Շախմատիստները սիրում են ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլիստները` շախմատ: Քանի որ այժմ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է ընթանում Բրազիլիայում, հետևո՞ւմ եք այդ ստուգատեսին:
– Իհարկե, ոչ մի խաղ բաց չեմ թողել: Առաջնությունում գրավիչ և դիտարժան հանդիպումներ են ընթանում, մրցակցությունն անզիջում է: Մեկ-երկու խաղ է, որ նվազ հետաքրքիր է ընթացել: Ուրախալի է, որ դեռ ակնհայտորեն կոպիտ խաղ ցուցադրողներ չկան: Վառ վկայությունն այն է, որ դեղին և կարմիր քարտերի արժանացողներ, վնասվածք ստացողներ քիչ կան: Նախկինում, դա շատ է խանգարել ֆուտբոլին: Թերևս Հոնդուրասի հավաքականն է բացառություն, որը ֆրանսիացիների դեմ կոպիտ խաղաց:

– Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն:
– Գերմանիայի հավաքականի ներուժը մեծ է, և իմ սիրելի թիմն է: Հոլանդիայի հավաքականի խաղը եթե ստացվում է, անկասելի է: Ամեն դեպքում, այդ թիմը մեդալների համար պայքարի հիմնական հավակնորդներից է: Մեծ են Բրազիլիայի հավաքականի չեմպիոն դառնալու հնարավորությունները, մանավանդ որ նա հանդես է գալիս տանը:

-Ի տարբերություն նախկինի, խաղերի հեռարձակմանը հետևելու մեծ հնարավորություններ կան: Տեղեկատվության ո՞ր միջոցով եք հետևում առաջնության ընթացքին:
– Գերադասում եմ խաղերը դիտել ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով: Կարծում եմ, որ ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան մերոնց: Երբեմն ռուսաստանցի մեկնաբանները հիմարություններ են դուրս տալիս, բայց ավելի հաճելի է նրանց լսել, քան մերոնց, որոնք ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ են մեկնաբանում: Հիմնականում: Իհարկե, ունենք մեկնաբաններ, որոնք նորմալ են վարում հեռուստառեպորտաժները, բայց կան նաև այնպիսիները, որոնց պարզապես չես ցանկանում լսել: Հասկանալի է, որ ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, մերոնք ոչ թե մրցավայրից, այլ հեռուստատեսության տաղավարից են մեկնաբանում, և նրանց համար դժվար է: Ի դեպ, խաղերի հեռարձակման մենաշնորհը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որը հարկատուների միջոցներով է աշխատում, սակայն քայլ չի արվել, որ խաղերի, դրանց շուրջը կատարվող իրադարձությունների մասին տեղից որևէ գործուղված մասնագետ պատմի: