ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանն ու Ղազախստանը զենք են գնել Հյուսիսային Կորեայից՝ չնայած միջազգային էմբարգոյին. գրում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը՝ հղում կատարելով Eurasia.net-ին։
ՄԱԿ-ի զեկույցը հրապարակվել է Associated Press գործակալության կողմից։ Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանը Հս. Կորեայից “երկիր-երկինք” տիպի զենիթային հրթիռներ է գնել։
Արդյունքում ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել հյուսիսկորեական Hesong Trading Corporation-ի նկատմամբ, որը 2012թ.-ի հուլիսին Ադրբեջանին վաճառել է 70 հրթիռային համակարգ։ Սակայն հայտնի չէ՝ արդյոք այդ հրթիռները հասել են Ադրբեջանին, թե ոչ։
Լոնդոնի դատարանում ուսումնասիրվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ գործարքները։ Դատարանն այդ մեղադրանքը բավարար է համարել: Հնչել են նաև փաստեր, որոնք վկայել են Ղազախստանի և Հյուսիսային Կորեայի միջև զենքի առքուվաճառքի մասին։
Մայիսի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների շրջանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը։ Մասնակցում էր Երևանում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների 9 թիմ՝ յուրաքանչյուրում 6 անդամ։ Խաղի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են Գիտակների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
Խաղն անցկացվեց 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 12 հարց։ Ինտելեկտուալ խաղում հաղթեց Երևանի պետական հումանիտար քոլեջը, երկրորդ հորիզոնականում էր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը։ Մրցույթում հաղթող թիմը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր։
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանը նշեց, որ խաղ-մրցույթը ևս մեկ հնարավորություն է ինտելեկտուալ առումով միմյանց հետ մրցելու, իրար ճանաչելու և հետագայում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։ «Էական է, որ այս խաղ-մրցույթի անցկացման գաղափարն առաջարկել են հենց իրենք՝ ուսումնական հաստատությունների սաները, ովքեր էլ մասնակցել են ծրագրի կազմակերպման աշխատանքներին»,- նշեց Սասուն Համբարձումյանը։
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը, որ վարում էր խաղը, նշեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի նպատակը գիտելիքի զարգացումն է, այդ իսկ պատճառով աստիճանաբար կատարվում են խաղի հայաֆիկացման աշխատանքներ՝ ինտելեկտուալ խաղին ներգրավելով նաև հայալեզու գիտակների։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Շները, կատուները, ձիերը և այլ ընտանի կենդանիներ նույնպես ունեն Facebook-ի էջեր:
Facebook-ն այժմ ունի մեկ միլիարդ օգտատեր, սակայն, ըստ հետազոտությունների, նրանց տասը տոկոսը մարդիկ չեն:
Ամսվա կտրվածքով Facebook-ի առնվազն 100 միլիոն ակտիվ օգտատերերը ընտանի կենդանիներ են, բրենդներ և ընկերություններ. Մարկ Ցուկեբերգի Բիստ անունով շունը ևս ունի իր էջը, որին հետևում է 1,5 միլիոն մարդ:
Ըստ ինտերնետային հետազոտություններ իրականացնող eMarketer ընկերության՝ մեկ միլիարդ օգտատերերից միայն 889,3 միլիոնն են իրական մարդիկ:
Quartz-ի տեղեկություններով՝ Facebook-ը հայտարարում է, որ այժմ ունի 1,11 միլիարդ օգտատեր՝ ավելացնելով, որ միայն մարդ օգտատերերի թիվը վերոնշյալ թվին կհասնի միայն 2014թ-ին:
Այժմ Facebook-ի օգտատերերի թվի ամենամեծ աճը նկատվում է Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Միջին արևելքում և Աֆրիկայում:
Այս շրջաններում սպասվում է, որ այս տարվա ընթացքում Facebook-ի օգտատերերի թիվը կաճի 30 տոկոսով:
Սրան հակառակ` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և արևմտյան Եվրոպայում Facebook-ի օգտատերերի թիվը դանդաղ է աճում: Ինչևէ, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բնակչության կեսն ակտիվ օգտվում է ցանցից, սակայն նրանց ակտիվությունը նախկինի համեմատ նվազել է:
Մինչև 2017 թ-ը Facebook-ի օգտատերերը կկազմեն սոցիալական ցանցերի համաշխարհային օգտատերերի 69,5 տոկոսը:
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
Լոնդոնում տեղի կունենան Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լորդերի պալատի խոսնակի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Օքսֆորդի համալսարանում։

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Նոյեմբերյանի ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին հարազատները հետ են տարել գյուղ հողին հանձնելու:
Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Գասպարյանը հանդիպել են զոհվածի ծնողներին, խոսել նրանց հետ, հավաստիացրել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն:Նրանք նաև մասնակցելու են զոհվածի հուղարկավորությանը:
Այսօր պետք է կայանար սպանված զինվորի հուղարկավորությունը, սակայն, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, նրա հարազատները` որպես բողոքի նշան, որոշել էին որդու դին դագաղով բերել Երևան` Կառավարության շենքի դիմաց։ Երևան-Սևան մայրուղին քիչ առաջ խցանված էր. սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ աշխատակիցները չէին թույլատրում գալ Երևան, բայց վերջիններս փորձում էին ամեն կերպ հասնել Կառավարության շենքի մոտ և հանդիպել Սեյրան Օհանյանին:
Զովածի հարազատներին վրդովեցրել է ՊՆ-ի եւ իրենց որդու հրամանատարների անտարբերությունը. որդու զորամասի հրամանատարությունից եւ պաշտպանության նախարարությունից ոչ միայն որեւէ ներկայացուցիչ չի եկել հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ նույնիսկ ցավակցություն չեն հայտնել: Հանգուցյալ զինծառայողի տուն է այցելել միայն նրա վաշտի հրամանատարը եւ ծնողներին առաջարկել 300 հազար դրամ օգնություն` իրենց կողմից:
Երեւան-Սեւան մայրուղում անգամ բախում էր տեղի ունեցել ոստիկանների ու սպանված զինվորի հարազատների միջև:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել նաև խաղաղ պայմաններում զովհած այլ զինվորների հարազատներ:
Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին
Մայիսի 17-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի 10 ՏՕ 972 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Նազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
ՃՏՊ Երևան-Մասիս ավտոճանապարհին
Մայիսի 17-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդկմ-ին «Հոնդայի» մակնիշի 33 OP 387 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիերթևեկելի հատվածից (մոտ 20 մետր) և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Կ.Գուլաբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1980 թ. ծնված Ա. Վարդանյանը տարբեր աստիճանիմարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել հովացմանաշխատանքներ:
***
Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել
Մայիսի 17-ին, ժամը 21.21-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտ, բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շահումյան գյուղի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 25 ՍՏ 394 և «ԳԱԶել» մակնիշի 35 ՏՏ 254 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1995 թ. ծնված Ք. Հովակիմյանին: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Վերջին հետազոտությունների համաձայն` հին եգիպտացիները սեքսով զբաղվել են հիմնականում ամռան ամիսներին:
Սիրով զբաղվելու հիմնական ամսիները եղել են հուլիսը և օգոստոսը: Սա նշանակում է, որ մարտ և ապրիլ ամիսներին մյուս ամիսների համեմատությամբ 20 տոկոսով ավելի շատ երեխաներ են ծնվել: Հետևաբար, ծննդաբերության ժամանակ կանանց մահացությունների թիվը ևս մեծ է եղել հենց այս ամիսներին:
Եգիպտոսի Դախլե օազիսում գտնվող գերեզմանոցում պեղումներ իրականացնող հնագետները՝ բացել են 765 գերեզման, որոնք բոլորն էլ ուղղված են եղել դեպի ծագող արևը, և կարողացել են պարզել տվյալ անձանց մահվան ամիսը:
Live Science-ի տեղեկություններով՝ 124 երեխաների գերեզմանների բացումից հետո պարզվել է, որ նրանք մահացել են արգանդում իրենց կազմավորումից 18-45 շաբաթ անց: Գիտնականները, համադրելով ստացված փաստերը, կարողացել են պարզել սիրով զբաղվելու հիմնական ամիսները:
Կարծում են, որ կոնկրետ այս ամիսների ընտրությունը կապված է հին Եգիպտոսում պտղաբերության վերաբերյալ մարդկանց ունեցած պատկերացումների և Նեղոսի ջրի մակարդակի բարձրացման հետ:
Դախլե օազիսի բնակիչները հավատում էին, որ գետը իրենց հողի պտղաբերության հիմքն է, իսկ երբ ամռան ամիսներին գետը ափերից դուրս էր գալիս, մեծ տոնակատարություններ էին սկսվում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատարանից խնդրել, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանավորման որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանի նկատմամբ, ով ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը, իսկ ոստիկանությունն էլ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժինը ձեռք է բերել հիմնավոր ապացույցներ, որ նա մայիսի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ է մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին։ Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր։ Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ սպանված Թ. Մաթևոսյանը աշխատում էր Մոտկորի անտառապետ և հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդին էր, ով ուներ 2 անչափահաս երեխա։ Այս օրերին սպանությունը կատարած ու փախուստի դիմած հանցագործի մտերիմներն ու ընկերները սուտ տեղեկություններ են տարածում, թե իբրև Թ. Մաթևոսյանն է դանակով հարվածել իր սրտին, սակայն մոռանում են, որ ոստիկանությունը դեպքի ականատես անձանցից արդեն ցուցմունքներ է վերցրել, ովքեր հայտնել են, որ Թ. Մաթևոսյանին նա հարվածել է սպանելու նպատակով, և եթե Տ. Մելիքյանը հայտնաբերվի, ապա նրանք այդ ամենը կհայտնեն առերեսման ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Մելիքյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատարանը, ծանոթանալով ավագ քննիչի միջնորդությանը, այն համարել է հիմնավորված և խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
«Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ»: Այս մասին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
Սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ աշխատակիցները չէին թույլատրում գալ Երևան, բայց վերջիններս փորձում են ամեն կերպ հասնել Կառավարության շենքի մոտ և հանդիպել Սեյրան Օհանյանին:
Երեւան-Սեւան մայրուղում անգամ բախում էր տեղի ունեցել ոստիկաններւ ու սպանված զինվորի հարազատների միջև:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ, և սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական, ավելին` ազգային անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Հայտնի է, որ ՌԴ իշխանություններն երբեք էլ չեն թաքցրել, որ գազը ռուսական քաղաքականության մեջ արտաքին սուբյեկտների հետ հարցեր լուծելու գործիք է և այդ գործիքն արդեն որերորդ անգամ կիրառվում է Հայաստանի նկատմամբ։ Վստահ ենք, որ այս անգամ էլ ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար։
Գազի սակագնի թանկացումը բացասական հետևանքներ է թողնելու ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալ–տնտեսական վիճակի վրա, այն շղթայական ազդեցություն է ունենալու շուկայում և կբերի նոր թանկացումների, ինչն էլ մեր երկրի համար արտագաղթի արդեն իսկ գոյություն ունեցող աղետալի տեմպերի կտրուկ աճի պատճառ կհանդիսանա։ Նկատենք, որ այստեղ չի օգնի անգամ ՀՀ կառավարության կողմից առաջարկված 30 տոկոս սուբսիդավորումը, քանզի դա էլ է իրականացվելու ՀՀ բյուջեից` այսինքն կրկին ՀՀ քաղաքացիների հաշվին։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը։ Ավելին` ՀՀ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել Հայաստանում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման և ապահովման ուղղությամբ։
Ներկայիս իրավիճակը մարտահրավեր է մեր պետության համար և անհրաժեշտ է օր առաջ ստեղծել այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կապահովի բիզնեսի և քաղաքականության տարանջատում, կձևավորի նոր տիպի հարկային և օրենսդրական դաշտ, ինչն էլ հնարավորություն կտա ունենալ գիտատեխնիկակական առաջընթացի վրա հիմնված մրցունակ տնտեսություն և կբացառի կախվածությունը այլ երկրների քաղաքական և տնտեսական շահերից։
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ընդլայնման և հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, Բելառուսի փոխարտգործնախարարը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարարը:
Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Ելույթ ունենալով նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, նշեց. «Արևելյան գործընկերությունը Եվրամիության հետ մեր հարաբերությունների ամրապնդման արդյունավետ մեխանիզմ է դարձել, այն փոխել է ԵՄ հետ մեր համագործակցության որակն ու բնույթը։ Մեր փոխգործակցության օրակարգը համապարփակ է. այն ներառում է քաղաքական երկխոսությունը, մարդու իրավունքները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, տնտեսությանը, արդարադատությանը, շարժունակությանը, միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր»:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ ավարտական փուլում գտնվող բանակցությունների արդյունքները:
Եզրափակելով խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնն անցկացնում է բատիկայի դասընթացներ անապահով երիտասարդների համար։
Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ: Բացի այդ, կան շատ շնորհալի երիտասարդներ, ովքեր սոցիալապես անապահով են և հնարավորություն չունեն մասնակցելու այս կամ այն դասընթացի` ֆինանսական խնդիրների պատճառով: Ծրագիրը նպատակ ունի օգնել հատկապես անապահով ընտանիքների երիտասարդներին՝ ստանալու նոր մասնագիտություն, որը պահանջարկ կունենա ոչ միայն տվյալ մարզում, այլև ցանկացած քաղաքում:
Բատիկայի դասընթացներն անցկացվում են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ անվճար հիմունքներով։ Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու օր պարբերականությամբ, յուրաքանչյուրը` 2 ժամ տևողությամբ: Մասնակիցները ծանոթանում են բատիկայի տեսակներին, գործիքներին և տեխնիկային: Ծրագիրն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս:
Դասընթացի ավարտից հետո կկազմակերպվի երիտասարդների աշխատանքների ցուցահանդես:
Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք այն առաջնորդ կանանց, որոնք այս կամ այն առումով առաջին վարչապետ կամ նախագահ են եղել աշխարհում:
Բնականաբար, ավելի մեծ թիվ են կազմում այն կանայք, որոնք առաջինն ու միակն են եղել իրենց երկրում: Նրանց մեջ, սակայն, առանձնահատուկ տեղ են գրավում Գոլդա Մեիրը (Իսրայելի չորրորդ, առաջին և միակ կին վարչապետը), Ինդիրա Գանդին (Հնդկաստանի երրորդ և վեցերորդ վարչապետը, առաջին կին վարչապետն իր երկրում և երկրորդն աշխարհում) և Մարգարետ Թետչերը` Երկաթե լեդին (Մեծ Բրիտանիայի առաջին և միակ կին վարչապետը) , որոնց կյանքին ու գործունեությանը բավական մանրամասն «Անկախն» արդեն անդրադարձել է անցած տարիներին:
Նրանք հզոր կանայք էին բառի բուն և բոլոր իմաստներով և հրաշալի դասեր են թողել աշխարհի քաղաքական գործիչ կանանց: Եվ ինչո՞ւ միայն կանանց: Նրանցից սովորելու շատ բան ունեն նաև տղամարդիկ: Եվ սովորում են:
Գոլդա Մեիրն էր, որ իր կյանքով ստիպեց արձանագրել պատմաբաններին, որ «եթե Բեն Հուրիոնը Իսրայել պետության հայրն է, ապա Գոլդա Մեիրը` մայրը»: Շատերն են համոզված արձանագրել, որ եթե չլիներ Գոլդա Մեիրը, այդ խիզախ, լավատես ու համառ կինը, գուցեև չկայանար Իսրայել պետությունը: «Ռուսական էմիգրանտը, որ ընդամենը մեկ տարի է սովորել քոլեջում, ստորագրեց Իսրայելի անկախության հռչակագիրը, դարձավ Իսրայելի առաջին դեսպանը Ռուսաստանում, աշխատանքի ու սոցապ առաջին նախարարը, առաջին արտգործ նախարարը, և, վերջապես, երկրի առաջին և միակ կին ղեկավարը: Նրա ոգին, համառությունն ու համոզմունքն օգնեցին ստեղծելու Իսրայել պետությունը և դառնալու նրա առաջնորդը: Նա օրինակ էր Մարգարեթ Թետչերի, Ինդիրա Գանդիի համար, նա ոգեշնչման աղբյուր էր իշխանության համար պայքարող յուրաքանչյուր կնոջ համար»,- իրավամբ գրում է նրա կենսագիրը:
Հնդկաստանում Ինդիրա Գանդիի անունը մինչ օրս անձնահատուկ ակնածանքով ու հուզմունքով են հիշատակում: Նա առաջին կինն էր Հնդկաստանում, որ հասել էր քաղաքական օլիմպոսին և արդարև մինչ օրս մնացել է ամուր կամքի, աննկուն ոգու և իր ժողովրդի հանդեպ անսահման սիրո օրինակ: Իր մահից կարճ ժամանակ առաջ, երբ բոլորը նրան հորդորում էին զգույշ լինել, նա լայնորեն բացեց իր տան դռները բոլոր կարիքավորների առջև. ժողովուրդը գնում էր նրա դուռը, որպեսզի պատմի իր հոգսերի ու կարիքների մասին: Այդ փխրուն, բարեկիրթ կինը մայր դարձավ մի ամբողջ երկրի համար` զոհաբերելով իր անձնական երջանկությունն ու, ի վերջո, իր կյանքը:
Իսկ Թետչերը կառավարության գլուխ անցավ, երբ երկիրը ծանր հիվանդ էր: ԱՄՆ-ն, մայրցամաքային Եվրոպան և արագ զարգացող ասիական պետությունները հետևողականորեն դուրս էին մղում բրիտանացիներին նախկինում նվաճած առևտրատնտեսական դիրքերից: Ավելի ու ավելի էր խորանում անվերջանալի վառելիքային ճգնաժամը: Արժեզրկումը հասել էր 20-25 տոկոսի: Երկրի խոշորագույն քաղաքներում անգամ սկսել էին աղբը չհավաքել, և ամենուր առնետների բանակներ էին վխտում:
Այն դարմանը, որ Թետչերը նշանակեց իր ժողովրդին, չափազանց պարզ ու հասարակ էր, բայց միանգամայն անվրեպ. մի եղիր խնամառու, անհրաժեշտ կրթություն ստացիր, ազնվորեն աշխատիր և ազնվորեն վճարիր աշխատանքի դիմաց, վերմակիդ չափով մեկնիր ոտքդ, հարգիր օրենքը, վճարիր հարկերը, պարտք մի վերցրու, քանի դեռ չես մարել արդեն վերցրած պարտքդ, խնայողություն արա հիվանդության դեպքերի և ծերության համար: Ահա և խաղի պարզ կանոնները: Բայց տնտեսության մեջ դրանք ներդնելու համար նա ստիպված էր պայքարել այնպիսի խիստ, փաստորեն ռազմական մեթոդներով, որ լրագրողներն ու հետազոտողներն այդ տարիների իրադարձությունները որակում էին պատմական ճակատամարտ հանուն Բրիտանիայի:
Թետչերի մեթոդները բնավ կանացի չէին: Բայց հենց նրա դաժանությունը, վերլուծական միտքը և վճռականությունը հանգեցրին նրան, որ 1984 թ. արժեզրկումն իջավ մինչև 4 տոկոս: Այդ ճանապարհին քիչ չէին զոհերը: Իրար հետևից ձեռնարկություններ էին սնանկանում, որոնք նախկինում գոյատևում էին պետական սուբսիդիաների շնորհիվ: Գործազուրկների բանակը սպառնալից չափերի հասավ: Տնտեսական դրության մեծ անջրպետ առաջացավ երկրի տարբեր շրջանների միջև: Գաղտնիք չէ, որ հատկապես միջին խավի առկայությունն է օբյեկտիվորեն ցույց տալիս երկրի տնտեսության առողջական վիճակը, իսկ Երկաթյա լեդիի կառավարման տարիներին այն էապես մեծացավ և հասավ բնակչության 40 տոկոսին: Հաղթահարելով հիմնական հիվանդությունը` արժեզրկումը, և ամենայն խստությամբ վերահսկելով դրա շարժընթացը` Թետչերը կարողացավ հաղթահարել նաև կողմնակի հետևանքները: 1984-ից Մեծ Բրիտանիան սկսեց առաջընթաց ապրել և աստիճանաբար դարձավ այն երկիրը, ինչպիսին որ գիտենք նրան այսօր:
Բոլորովին վերջերս աշխարհը հրաժեշտ տվեց բարոնուհուն և արձանագրեց, որ նրա հետ մի ամբողջ դարաշրջան հեռացավ: Այսպես թե այնպես, առայժմ տիպար իդեալական կին կառավարիչ է համարվում «Երկաթե լեդին»:
Արդեն մի քանի տարի է, ինչ աշխարհի հեղինակավոր հաստատությունների վարկանիշային ցուցակներում առաջին հորիզոնականներից չի իջնում մի այլ ազդեցիկ կին` Անգելա Մերկելը` տևտոնական Մարգարետ Թետչերը, Գերմանիայի առաջին կին կանցլերը: Կարճ ժամանակում նրան հաջողվեց հազվագյուտ բարձր հեղինակության հասնել. 2006 թ. փետրվարին` փաստորեն, ընտրվելուց մի քանի ամիս անց, նրա քաղաքականությունից գոհ էր գերմանացիների 80 տոկոսը: Կոալիցիոն կառավարությունը մի շարք դրական տեղաշարժեր ունեցավ տնտեսության մեջ, մասնավորապես կրճատվեց գործազրկությունը:
Իր կանցլերության 7 տարիների ընթացքում նա ամեն կերպ ջանում է չնմանվել Մարգարետ Թետչերին, բայց իրականում ավելի ու ավելի է նմանվում: Մերկելը, իհարկե, պատերազմ չի սկսել, բայց այն խիստ միջոցները, որ առաջարկում է նա Եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու համար, համարյա թե պատերազմ են:
Հարվարդի համալսարանի հոգեբան Սթիվեն Կինկերն իր «Մեր դարաշրջանի լավագույն հրեշտակները» գրքում ապացուցում է, որ «երկաթե կանայք» իշխանության ղեկին նախկին «տղամարդկային» դարաշրջանի վերապրուկ են, որտեղ գնահատվում էին տղամարդկային հատկությունները: Հիերարխիկ աշխարհում ոչ մեծ թվով կանանց հաջողվել է ինքնուրույն իշխանության գալ, բայց նրանց կառավարումը ոչնչով չի տարբերվել տղամարդկանց կառավարումից: Նրանց ամբողջ կյանքը պայքարի մեջ է անցել: Բայց ժամանակակից աշխարհը պահանջում է ղեկավարի միանգայն այլ տեսակ: Տեղեկատվական ընկերակցության ցանցերը գալիս են փոխարինելու հիերարխիային: Նման պայմաններում շատ ավելի ցանկալի է աշխատել այն կանանց հետ, որոնք բնազդաբար զգում են համոզելու և խորհուրդ լսելու անհրաժեշտությունը, ոչ թե տղամարդկանց, որոնք միշտ էլ հակված են կառավարման կոշտ հրամայական ոճին:
ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն ԱՄՆ 500 քաղաքներում ուսումնասիրել է քաղաքապետների գործունեությունը, և եկել այն եզրակացության, որ կին քաղաքապետների կառավարումը ոչնչով չի տարբերվում տղամարդկանցից: Բոլոր ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: Ավելին` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց համերաշխությունը քաղաքականության մեջ բնավ չի ողջունվում. եթե անգամ որևէ տարածաշրջան կին է ղեկավարում, ապա դա բնավ չի նշանակում, որ մյուս կանայք ավելի հեշտ կբարձրանան պաշտոնեական աստիճաններով: Մի հանգամանք կա միայն. իշխանության ղեկը գեղեցիկ սեռի կանայք ավելի երկար են պահում, քան տղամարդիկ: Կանայք ավելի հաճախ են երկրորդ ժամկետով ընտրվում, քան տղամարդիկ: Եվ հետազատողների կարծիքով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանանց մեջ քաղաքական և դիվանագիտական հմտություններն ավելի զարգացած են:
Սրանք տեսակետներ են, որոնք, անշուշտ, գոյության իրավունք ունեն այնքանով, որքանով ցանկացած այլ վարկած: Ժամանակը, ավելի ստույգ ներկայիս գործող կին ղեկավարների գործունեության վերլուծությունը կգա հաստատելու այս վարկածները կամ կառաջադրի նոր եզրահանգումներ:
Շարունակությունը հաջորդիվ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով:
Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
Նախարար Նալբանդյանը շնորհավորեց անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած վեց ամիսների ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջ մղման ուղղությամբ:
Ժիլբերտ Սաբոյա Սունյեն շնորհակալություն հայտնելով իր երկրի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վստահեցրեց, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից։
Զրուցակիցները քննարկեցին Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։
Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական որակեց այն Հայաստանի համար և հույս հայտնեց, որ Եվրախորհրդի հայաստանյան նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։
Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։
Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպեց նաև Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ:
Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանի և Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարևորվեց երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարևոր խթան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար:
ԵԽ-ում Հայաստանի նախագահության համատեքստում նախարարներն անդրադարձան կազմակերպության օրակարգային հարցերին, ԵԽ բարեփոխումների գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնեց, որ առաջին անգամ նախագահությունը ստանձնող Հայաստանը իր կարևոր ներդրումը կունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությամբ զբաղվող համաեվրոպական կազմակերպության դերակատարության բարձրացման մեջ:
Զրուցակիցները անդրադարձան հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։
Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրեց երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։
Մայիսի 16-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:
«Հայաստանը բարձր լեռների երկիր է, և բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձևով զարգացել է դարեր ի վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Մայիսի 17-ին, ժամ 09.55-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Աղբերք գյուղում փլուզվել է Ալվինա Աղասարյանին պատկանող տունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ երկարատև անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է Ա. Աղասարյանին պատկանող մեկհարկանի հողաշեն տան հյուրասենյակի պատը` 4,9×5,8 մ մակերեսով:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:
Մեքենաները դուրս են բերվել ցեխից
Մայիսի 17-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Սոճիներ» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը և թիվ 37 ՀՓՋ-ի «Ուրալ» ամենագնացը:
Հրշեջ-փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում գտնվող մոտակա անտառից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34ՍP270 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Միշա Եգանյան):
***
Մայիսի 18-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանում գտնվող հուշարձանի մոտ երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` «Ուրալ» ամենագնացով:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 09UU929 պ/հ (վարորդ` Սերգեյ Վարդանյան) և «Ջիպ» մակնիշի 31SO751 պ/հ (վարորդ` Հակոբ Շմավոնյան) ավտոմեքենաները:
Այրվել են թափոններ
Մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի շենքում հրդեհի նշաններ են նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել` 13.28-ին:
Տարբեր օջախներում այրվել են պլաստմասե թափոններ` մոտ 30 քմ մակերեսով:
Ահազանգ երկաթուղուց
Մայիսի 17-ին, ժամը 10.59-ին «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Վանաձորի գծային ուղեմասից տեղեկություն է ստացվել, որ երկաթգծի Սպիտակ-Նալբանդ հատվածում առկա է թունելի փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ Սպիտակ-Նալբանդ հատվածում` երկաթգծի 2676 կմ-ի 10-րդ պիկետում, տեղումների հետևանքով քայքայված ժայռաբեկորների փլուզման պատճառով, թունելի ներսի պատերի մեջ առաջացել են ճեղքվածքներ:
Անհրաժեշտ է կատարել վերանորոգման և ամրացման աշխատանքներ, ինչը հնարավոր է իրականացնել քարաթափման աշխատանքներից հետո:
Բախվել են մեքենաներ
Մայիսի 17-ին, ժամը 11.59-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զորաց քարեր» կոչվող հատվածից 10 կմ դեպի Գորիս, ավտոմեքենաներ են շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Հարժիս գյուղի մոտակայքում, տեղացած կարկտի և վատ տեսանելիության պատճառով բախվել են «Մերսեդես» մակնիշի 18ՍՕ181 պ/հ (վարորդ` Արթիկի բնակիչ, 1988 թ. ծնված Գևորգ Էլբակյան), «Մերսեդես» մակնիշի 33ՏD031 պ/հ (վարորդ` Գորիսի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Օհանջանյան) և «ԳԱԶ-24» մակնիշի 19ԼՕ989 պ/հ (վարորդ` Արարատի բնակիչ, 1966 թ. ծնված Մայիս Մակարյան) ավտոմեքենաները։
Գ. Էլբակյանը տեղափոխվել է Գորիսի բ/կ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր:
***
Մայիսի 17-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 46 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2697Լ պ/հ (վարորդ` Սաշա Սարգսյան) և «Պրադո» մակնիշի 27ԼM777 պ/հ (վարորդ` Անուշավան Մկրտչյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով Ա. Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
***
Մայիսի 17-ին, ժամը 21.19-ին շտապօգնությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Շահումյան գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 25ՍՏ394 պ/հ և «ԳԱԶել» մակնիշի 35ՏՏ254 պ/հ ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1995 թ. ծնված Քրիստափոր Հովակիմյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի բ/կ:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Օգնում են փրկարարները
Մայիսի 17-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 28 շենքի 130-րդ բնակարանի բնակիչը չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է բացել դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1963 թ. ծնված Սամվել Մուրադյանը` անօգնական վիճակում։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բ/կ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր:
Հայտնաբերվել են ականներ
Մայիսի 17-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ղարսի խճուղում հայտնաբերվել է նռնականման առարկա:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը։
Հրշեջ-փրկարարները «Սևերսկի» կոչվող թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում հայտնաբերել են 7 հակատանկային ական:
Դեպքի վայրում են գտնվել Շիրակի կայազորի ՌՈ սակրավորները և Գյումրու ոստիկանության բաժնի աշխատակիցներ:
Տեղում պարզվել է, որ գտածոն ուսումնական («У-ТМ-62П3» տեսակի) հակատանկային ականներ են, որոնք տեղափոխվել են ոստիկանության բաժին:
Թունավորումներ
Մայիսի 17-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 15.41-ին դեղորայքայի չարաշահումից թունավորման նշաններով «Արմենիա» բ/կ է տեղափոխվել Երևանի բնակչուհի` 1974 թ. ծնված Թ. Կյուրեղյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
***
Մայիսի 17-ին, ժամը 18.25-ին դեղորայքայի չարաշահումից թունավորման նշաններով «Արմենիա» բ/կ է տեղափոխվել Երևանի Նորագավթի բնակչուհի` 1983 թ. ծնված Ն. Կարապետյանը:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Մայիսի 18-ին, ժամը 03.34-ին քիմիական թունավորման նախանշաններով «Արմենիա» բ/կ է տեղափոխվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 24 տան բնակիչ, 1973 թ. Հ. Վարդանյանը:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Կարկուտ Արագածոտնում
Մայիսի 17-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 700 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և այգիներ:
Լուսակն գյուղում կարկտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 70 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և այգիներ:
Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Վնասներ սելավից
Մայիսի 17-ին, ժամը 17.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հորդառատ անձրևների հետևանքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։
Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սելավաջրերը լցվել են 3 տների նկուղ և ողողել մոտ 15 հա հողատարածք:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:
Վնասվել դպրոցի տանիքը
Մայիսի 17-ին, ժամը 17.52-ին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցից տեղեկություն է ստացվել, որ վնասվել է դպրոցի տանիքը և անձրևաջրերը լցվում են դասասենյակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դպրոցի շենքի տանիքը գտնվում է անմխիթար վիճակում և ունի վերանորոգման կարիք:
Մեքենան շրջվել է ձորը
Մայիսի 17-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակա ձորն ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-52» մակնիշի առանց պ/հ (վարորդ` Վալեր Գրիգորյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորը, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:
Բազե` մայրաքաղաքում
Մայիսի 17-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Սահյան 5 տան բակում հայտնաբերվել է բազե, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը։
Ժամը 20.35-ին փրկարարների ուժերով բազեն բռնվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
Շրջվել է մեքենա
Մայիսի 17-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան–Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան–Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Հոնդայի» մակնիշի 33OP387 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մետր) և շրջվել։
Պատահարի հետևանքով վարորդ` 1971 թ. ծնված Կարեն Գուլաբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1980 թ. ծնված Արթուր Վարդանյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բ/կ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել հովացման աշխատանքներ:
Մեքենան բախվել է պատնեշին
Մայիսի 17-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 10ՏՕ972 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդ Ասատուր Նազարյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բ/կ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր:
Հրդեհ տանը
Մայիսի 18-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.24-ին, մարվել` 03.07-ին:
Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքը` 120 քմ, հատակը` մոտ 100 քմ մակերեսով և գույքը` մասամբ:
Այրվածքներ հրդեհից
Մայիսի 18-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան 15 շենքի 1-ին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.24-ին, մարվել` 07.45-ին:
Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանում մասամբ այրվել է ննջասենյակի գույքը:
Հրդեհի հետևանքով 1925 թ. ծնված Նելլի Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մոլորվածը հայտնաբերվել է
Մայիսի 18-ին հրշեջ-փրկարարները վերսկսել են մայիսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թալին քաղաքի «Թալինի դաշտ» կոչվող հանդամասում մոլորված` 1958 թ. ծնված Քնար Կարապետյանի որոնողական աշխատանքները:
Ժամը 09.00-ին պարզվել է, որ մառախլապատ եղանակի պատճառով Ք. Կարապետյանը հայտնվել է հարևան Աշնակ գյուղում և ժամը 06.00-ի սահմաններում հայտնաբերվել է հարազատների կողմից՝ ողջ և անվնաս:
Աշխարհի 14 մուսուլման առաջնորդներ հաջորդ շաբաթ կայցելեն նախկին նացիստական Գերմանիայի մահվան ճամբար Աուշվից, որը գտնվում է հարավային Լեհաստանում:
Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի Քոննեկտնիկուտ նահանգում միմյանց են բախվել երկու գնացքներ:Արդյունքում 60 մարդ հոսպիթալացվել է: Նրանցից հինգը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
ԱՄՆ-ն ու Եվրոպան Իրանի դեմ պետք է կիրառեն ավելի վճռական պատժամիջոցներ միջուկային ծրագրի դադարեցման համար, ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: