Վանաձոր – Ալավերդի ճանապարհն արդեն երթևեկելի է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և  կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է,  որ  հունիսի  19-ին՝  ժամը 23:00-ի սահմաններում,   Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական  ավտոճանապարհի 26-րդ կմ-ում (Վահագնի համայնք ) հորդառատ  անձրևների հետևանքով տեղի է  ունեցել  հողային պաստառի ներքին  շեպի ողողում:

«Լոռու  ՃՇՇ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների ձեռնարկած  անվտանգության  միջոցառումների շնորհիվ  ճանապարհը  երթևեկելի է:

 

«էդ մեր «այ քյուն» ե՞ք ստուգել…». Շարմազանովը` Ռուբեն Հակոբյանին

. Շարմազանով,Ռուբեն ՀակոբյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, քաղաքական մեծամասնությանը մեղադրեց ինքնասիրահարվածության, տարրական թվաբանության հետ խնդիրներ ունենալու, սեփական սխալների համար օտարներին մեղադրելու, թուլության և այլ բաների մեջ` հորդորելով հանրապետականներին փոխել աշխատաոճը և դուրս գալ ինքնասիրահարվածությունից: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ ընդդիմադիր գործընկերոջը «տեղը դնելու» գայթակղությանը: Անդրադառնալով նախ կուտակայինի հետ կապված փոփոխություններին` նա համոզմունք հայտնեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բարեփոխված է, և փաստացի մասնավոր սեկտորում պարտադիրը երեք տարով հետաձգվում է: «Այստեղ անհեթեթ բաներ են հնչում: Ուզում եք տարանջատել կառավարությանը քաղաքական մեծամասնությունից, մինչդեռ դա նույն քաղաքական ուժն է, որն էլ հուլիսի մեկից ավելացնելու է շուրջ 200 հազար քաղաքացիների աշխատավարձերը: Ինչ վերաբերում է պարտադիրին, ապա դա դառնում է նպատակային սոցիալական վճար»: Ինչ վերաբերում է ելույթի բուն նպատակին` նա հայտարարեց, որ իր տպավորությամբ, իրենք գտնվում են ոչ թե հայոց խորհրդարանում, այլ տարրական դպրոցում, որտեղ կան բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն աշակերտներն են: «Մեզ դաս մի´ տվեք: Մի´ խոսեք էդ տոնայնությամբ, չի կարելի,-հորդորեց Շարմազանովը,-մենք որևէ մեկի չենք վիրավորում և դասեր չենք տալիս, երբ ձեր կարծիքը մեր կարծիքի հետ չի համընկնում: Քաղաքական բազմակարծությունը պառլամենտարիզմի բաղկացուցիչ մասն է, և մենք դրան նորմալ ենք վերաբերում: Բայց գալ այս ամբիոնից մեզ դասեր տալ, մեզ խելք ցույց տալ, ասել, որ կարդացած չենք… էդ մեր «այ քյուն» ե՞ք ստուգել, որ որոշել եք` կարդացած ենք, թե կարդացած չենք: Կամ ի՞նչ է նշանակում` քաղաքական մեծամասնության մեջ Արծվիկ Մինասյանի նման 5 հոգու չեք գտնի: Արդյոք ձեզ հարի՞ր է նման ձևով խոսելը»: Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով հանրապետական խմբակցությանն, ասել էր, որ եթե իրենց 70 հոգանոց խմբակցությունից պեղեն և գտնեն գոնե հինգ պատգամավորի, որ իր աշխատասիրությամբ, բանիմացությամբ ու պետության հանդեպ մտահոգ վերաբերմունքով կարող է համեմատվել Արծվիկ Միանսյանի հետ, այն ժամանակ իրավունք կունենան խոսելու: Նա առաջարկել էր անգամ հասարակության շրջանում պարզ սոցիոլոգիական հարցում անցկացնել` պարզելու համար մարդկանց վերաբերմունքը Արծվիկ Մինասյանի և հանրապետականի տասնյակ պատգամավորների նկատմամբ: Ինչ վերաբերում է հանրապետականի «մոտալուտ կործանման մասին» ընդդիմադիրների կանխատեսումներին, ապա Շարմազանովը շտապեց հիասթափեցնել նրանց` ասելով, որ այդ լուրերը իրականությանը չեն համապաստասխանում: «Եվ ամենակարևորը` մի´ նյարդայնացեք: Միգուցե ձեր երեկվա քաղաքական ծրագրերը ձախողվեցին, երբ քաղաքական մեծամասնությունը կարողացավ բնականոն հունով աշխատել, և դա խախտեց ձեր ծրագրերը, դրա համար էլ հիմա եկել եք այստեղ մեզ մեղադրում ու վիրավորում եք: Բայց ապակե տան մեջ ապրողն ուրիշի վրա քար չի նետում, որովհետև, եթե նետեք, այդ տունը կփլվի»: ԱԺ փոխխոսնակն ընդդիմադիր գործընկերներին հիշեցրեց, որ որևէ երկրում քաղաքական փոքրամասնությունը որոշումներ չի ընդունում: «Եթե ուզում եք ձեր կետերն 12, 24 կամ 150 կետերն իրականանան, պետք է նախ հաջողության հասնեք ընտրություններում: Ընտրությունները կգան, բարին էլ հետը: Այսօր պետք է համակերպվեք այս արդյունքների հետ,-ամփոփեց նա` մեկ անգամ ևս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին հորդորելով լինել կոռեկտ, սահմանները չանցնել և դասեր չտալ,- դուք վարժապետ չեք, մենք էլ` աշակերտ»:

Անկախ

Աստանայում մենք պետք է պատասխան տայինք. Գառնիկ Իսագուլյան

Գառնիկ Իսագուլյան«Վերջին շրջանում Հայաստանի և´ ներքին, և´ արտաքին կյանքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են հետաքրքիր թվալ, սակայն ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին դրանք սպասելի էին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` առանձնացնելով Քեսաբի դեպքերը, Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը և Աստանայում` Նազարբաևի կողմից կատարած հայտարարությունները:

Գառնիկ Իսագուլյանը սխալ է համարում մարտին պատգամավորներ Քեսաբ ուղարկելը. «Մենք ունենք Սփյուռքի նախարարութոյւն, Արտաքին գործերի նախարարություն, որոնք պետք է զբաղվեին այդ խնդրով մինչև այդ իրադարձությունները: Եթե մինչ այդ Սփյուռքի նախարարությունը համապատասխան աշխատանքներ տաներ, նման հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել: Քեսաբը խիստ կարևոր ռազմավարական նշանակություն ունի, սակայն ես կասկածում եմ, թե Սփյուռքի նախարարությունը երբևէ այդտեղ աշխատակիցներ ուղարկել է», – ասաց նա:

Ըստ Իսագուլյանի` Հայաստանը միջազգային ասպարեզում իր հնարվորությունները լիարժեքորեն չի օգտագործում. «Աստանայում Նազարբաևը նման հայտարարություններ արեց, քանի նման դեպք եղել էր նաև Մինսկում, սակայն հայ դիվանագետերը չէին պատասխանել: Հայաստանը աշխարհագրական դիրքի առումով մեծ առավելություններ ունի և գտնվում է Ռուսաստանի նման գերտերության քաղաքական շահերի գոտում: Մյուս կողմից, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ չի պատրաստվում կորցնել մի թիզ հող, իսկ մենք` չենք կարող: Այնպես որ մենք Աստանայում պետք է պատասխան տայինք: Ցանկացած պատասխան ճիշտ կլիներ, իսկ լռությունը սխալ էր:

Իսագուլյանի խոսքով`  հայ դիվանագետների սխալների պատճառը հիմնականում այն է, որ համապատասխան գերատեսչությունները չգիտեն, թե ինչ դիրքորոշում ունեն քաղաքական հարցերի վերաբերյալ:

 Անկախ

 

Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

11395_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում: «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,– ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է ավանդական դարձած ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում մասնակից ընկերություններին ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլև նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա: «Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը շրջել է ֆորումին մասնակից ընկերությունների տաղավարներով՝ ծանոթացել նրանց արտադրանքին, ծառայություններին, առաջարկություններին ու նոր գաղափարներին:
Ֆորումին ներկայացված 64 ընկերություններից 13-ն օտարերկրյա են: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցում է նաև ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը, որը ՌԴ-ում մեծ համբավ ունի և համագործակցում է բոլոր խոշորագույն կազմակերպությունների հետ: Ֆորումի շրջանակներում կկայանա նաև երկու միջազգային համաժողով: Հայ-հոլանդական եւ հայ-ռուսական համաժողովները նվիրված են լինելու ոլորտի համագործակցությանը ու փորձի փոխանակմանը:

***

Վարչապետը Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող մի քանի հարցերի: Մասնավորապես, խոսելով ստվերի կրճատման մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազագույնի հասցնելու համար: «Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել փոքր և միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, և տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում: Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք ՓՄՁ-ների ուղղությամբ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը՝ ստվերով աշխատելու ուղղությամբ: Մեր նպատակն է, որպեսզի բոլորն աշխատեն հարկային դաշտում»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց է նկատվում: «Մենք լինելու ենք հետևողական և կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,– հավելել է վարչապետը:
Անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի և Զվարթնոցի շուրջ վերջին օրերին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցով լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի հետ և պահանջել, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ու պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության: «Այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այսուհետ պետք է բացառել նման պայմանավորվածությունները և այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ նոր օրինագծով սահմանվող պարտադիր սոցիալական վճարը հուլիսի 1-ից նախատեսվում է կիրառել պետական հատվածի 200 հազարից ավելի աշխատողների համար, որոնց աշխատավարձերը կառավարությունը շուտով բարձրացնելու է: Մասնավորապես, այդ նպատակով հատկացվել է 38 միլիարդ դրամ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական հաստատությունների աշխատողների սոցիալական վճարը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, կատարելու է կառավարությունը՝ պետական բյուջեից:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը ներկայացված 12 առաջարկություններին՝ վարչապետը նշել է, որ դրանց մեծ մասն արտացոլված է Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ և ընդունել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն:

«Երևանյան ամառը»՝ Աջափնյակ վարչական շրջանում

004Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկնարկող «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը:

Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» ՀԲԿ-ին հարակից զբոսայգում անցկացվել է «Ողջույն Աջափնյակից» խորագրով միջոցառումը։ «Ուրախ ամառ, երջանիկ մանկություն» համերգային ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու սիրված մուլտհերոսների և ծաղրածուների հետ, հետևել  աճպարար-ձեռնածուի հնարքներին: Մանկական շոու-ծրագիրն ուղեկցվել է նաև երաժշտական և պարային կատարումներով:

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործությունների կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Լավագույնները պարգևատրվել են պատվոգրերով:

Երեխաների ծնողները  շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության և երևանյան ամառային հանգիստը հետաքրքիր ու լիարժեք կազմակերպելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայտնի է «Ոսկե Ծիրան 2014»-ի ֆիլմերի արտամրցութային ծրագիրը

ոսկե ծիրանԱյս տարի «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ  միջազգային կինոփառատոնի ֆիլմերի արտամրցութային ծրագրում ընդհանուր թվով կներկայացվի մոտ 100 ֆիլմ: Արտամրցութային բաժնում ներկայացված են արդեն ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, «ֆիլմեր առանց սահմանների» ծրագրերը, ինչպես նաև` «Հայեր ` հայացք ներսից և դրսից» և այս տարի առաջին անգամ իրականացվող Սոցիալական փոփոխությունների կինո խորագրի ներքո կայացող լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաիանական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագիրը:  Այս ծրագրերին ավելի մանրասմն անդրադարձան փառոտնի կազմակերպիչները: Կինոքննադատ Միաքայել Ստամբոլցյանը, մասնավորապես, նշեց, որ իրեն ամեն տարի փորձում են համեստ լինել, սակայն ամեն անգամ երբ խոսքը վերաբերում է արտամրցութային ծրագրին նրանք միշտ Հայաստան են բերում լավագույն ֆիլմերը և աշխատում են` դրանք լինեն որքաքն կարել է շատ:

 

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղություն ստացած մի շարք ֆիլմեր: Մասնավորապես` ծրագիրը կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն»-ը , որի ռեժիսորը Նուրի Բոլգի Ջեյլանն է Թուրքիայից, Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից «Երկու օր, մեկ գիշեր»: Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակակած «Բարբարոս երկիր» և Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված  «Գիրքը» ֆիլմը:

 

Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես ` կներկայացվեն աշխարհահռչակ կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային կորեա) , Ցզյա Չժան-կեի (Չինաստան), Օթար Իոդելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայի (Իսրայել) ֆիլմերը: «Ցզյա Չժան-կեն ներկայումս Չինաստանի լավագույն ռեժիսորն է, սակայն անհայտ է հայ կինոսերին: Այդ պատճառով մենք  նրանից միանգամից 7-8 ֆիլմ ենք ներկայացնելու», – նշեց Ստամբոլցյանը:

«Ոսկե Ծիրանը» « Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրի Կիմ Կի-դուկին, Ցզյա Չժան-կեին, Օթար և Ամոս Գիտային, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես Հարգանքի տուրք ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի;

 

Ուկրաինական պոետիկ կինո ծրագիրն այս տարի կիրականացվի առաջին անգամ` որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս, քանի որ Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց ուկրաինակիան կինոյի այս ժանրը: Կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված 10 ֆիլմեր` Ալեքսանդր Դովժենկոյից մինչև մեր օրերը:

 

Ֆիլմեր առանց սահմանների արտամրցութային ծրագրում ավանդաբար կներկայացվեն Արևելյան գործընկերության երկրների արտադրության ֆիլմեր: Կներառվի շուրջ 16 ֆիլմ, որոնք ստեղծված են մշակութային երկխոսության և արվեստի աշխարհում սահմանների հաղթահարման ընդհանուր գաղափարախոսությամբ:

 

Արդեն երրորդ տարին կիրականացվի «Հայեր` հայացք դրսից և ներսից ». կցուցարվի 18 ֆիլմ:

Կլինի հատուկ ծրագիր նվիրված գերմանական նոր կինոյին:

 

Լեհական կողմի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ կանցկացվի լեհական ֆիլմերի ցուցադրություն` Սոցիալական փոփոխությունների կինո նշանաբանի ներքո:

Անկախ

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը

11396_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է գիտաժողովի անցկացումը ժամանակակից տնտեսության զարգացման հեռանկարների քննարկման և նոր ուղիների բացահայտման առումով: «Ոգևորիչ է, որ Հայկական տնտեսագիտական միությանն այս տարիների ընթացքում հաջողվել է համախմբել տարբեր երկրներից և համալսարաններից գիտնականների, դասախոսների, ուսանողների և պետական մարմինների ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են իրենց նպաստը բերել Հայաստանի տնտեսական և սոցիալական ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը:
Հատկապես ուրախ եմ, որ նման գիտական ֆորումներին իրենց մասնակցությունն են բերում սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր արտասահմանյան հեղինակավոր գիտական կենտրոններում ձեռք բերած հարուստ գիտելիքներն ու փորձը սիրով փոխանակում են մեզ հետ: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև Հայկական տնտեսագիտական միության գիտաժողովների կենսունակությունը»,
 – նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայկական տնտեսագիտական միության, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մեծ ավանդը և լիարժեք ներգրավվածությունը մեր երկրի գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում:
Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ նոր կառավարության գործունեությանը՝ մասնավորապես, ընդգծելով. «ՀՀ կառավարությունը գալիք տարիների համար ակնկալում է տնտեսական շարունակական աճ: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը հասնելու լավագույն ճանապարհը տնտեսության, հատկապես մասնավոր հատվածի զարգացումն է: Հայաստանի կառավարության գործունեությունը նպատակաուղղված է լինելու ինովացիոն տեխնոլոգիաների և լայնածավալ ներդրումային ծրագրերի վրա հիմնված տնտեսության զարգացմանը:
Այս գիտաժողովի ծրագիրն առնչվում է առևտրի, արդյունաբերության, ֆինանսների, աշխատաշուկայի, հանրային հատվածի, կրթության և այլ ոլորտների մարտահրավերներին: Դրանք ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի տնտեսության հիմնախնդիրներին, և ես վստահ եմ, որ քննարկումների արդյունքներն օգտակար կլինեն համապատասխան ոլորտներում մարտավարության մշակման արդյունավետության բարձրացմանը»:

Վարչապետ Աբրահամյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ մթնոլորտը` նպաստավոր նոր գաղափարների առաջացման համար:
Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանցի տնտեսագետներ, քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացմանը և մրցունակությանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային առևտրին, ֆինանսատնտեսական հատվածին և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշներն աճել են

մթերքԸստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հանրապետությունում 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 160.8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.4 %-ով:
2014 թվականի մայիս ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 49.5 մլրդ դրամ, որը գերա­զանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.6 %-ով, իսկ ընթացիկ տարվա մայիս ամսվա արտադրանքը գերազանցել է ապրիլ ամսվա արտադրանքի ծավալները 38.3 %-ով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանելու. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արած հայտարարությանը, թե ՛՛ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն՛՛: Նա, մասնավորապես, թե ՀՀԿ-ն խոսելու իրավունք կունենա, եթե իր 70 հոգիանոց խմբակցությունում պեղի և գտնի գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ:

Աղվան Վարդանյանի ելույթից հետո նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց նշել. ՛՛Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանելու: Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթեխոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել՛՛:

Անկախ

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը կվաճառի՞ իր բաժնետոմսերը

կարմիր գծեր “Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲ ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավվելով հանրապետության լավագույն մասնագետները և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվակատ տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը: Համաձայն՝ 04 ապրիլի 2013թ. Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի, ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում:  Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014թթ. ընթացքում  “Փարկինգ Սիթի Սերվիս”ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվությններում և զեկույցներում:

 “Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժանանակշրջանում ընկերության գործունեությանը  վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը,  բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գեր շահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին:  “Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով:

 

 

“Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ

Տնօրեն                           Վազգեն Հարությունյան

 

Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ԼՂՀ Մարդակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի շնորհանդեսը

շնորհանդեսՍույն թվականի հունիսի 20-ին,Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին տարբեր խավերի ներկայացուցիչներ`Երևանի քաղաքապետարանի ներակայացուցիչներ,քաղաքագետներ,պատմաբաններ,նկարիչներ և այլք:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ պատմաբան ,լրագրող Գևորգ Յազըճյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց տպագիր մամուլի անցած ուղին ու հեռանկարները,իսկ այնուհետև խմբագրությանն  առաջարկեց սերտոորեն համագործակցել մտավորական խավի , սփյուռքի ,ինչպես նաև տեղի մտավորականության հետ`թերթը պարբերաբար հասցնելով նրանց: Նա նաև մեծ մտահոգություն հայտնեց,որ այսօրվա դժվար ու ինտերնետային պայմաններում քչերին է հաջողվում ծանոթանալ օրվա մամուլի ու լրատվության հետ,իսկ վերջում հույս հայտնեց,որ սերտորեն համագործակցելու է թերթի հետ`պարբերաբար իր աշխատություններն ու դրանց մասին նորություններն ուղարկելով խմբագրություն:

Այնուհետև ելույթ ունեցավ Իսահակյան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն,ով բարի երթ մաղթեց թերթին ու շնորհավորեց անձնակազմին,նշելով ,որ այսուհետև գրադարանի ու խմբագրության միջև կապերն ավելի կսերտանան ,գրադարանի մամուլի բաժնում թերթի յուրաքանչյուր համարի համալրումով:

Հետո խոսեց Հայաստանի Առևտրա-Արդյունաբերական պալատի մամուլի բաժնի պետ Վրեժ Սարուխանյանն,ով իր խոսքում նշեց,որ հարկավոր է թերթում տեղադրել ինչպես տեղի ,այնպես էլ Հայաստանի բոլոր մտավորականների մասին տեղեկություններ:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ թերթի Հայաստանի արտահաստիքային թղթակից Գարիկ Ավետիսյանն,ով երախտագիտություն հայտնեց բոլորից ու հույս հայտնեց,որ այսուհետ կշարունակվեն խմբագրության  կապերը մտավորական խավի ու գրադարանի միջև:

Մի քանի խոսքով ներկայացնենք թերթը` ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» վարչակազմի պաշտոնաթերթը լույս է տեսնում 1932-ից (մինչև 1966-ը՝ «Սոցիալիզմի» ուղիով,1966-86-ին՝ «Բարեկամություն», 1986-ից «Ջրաբերդ):1992-93-ին բռնագաղթի պատճառով թերթը լույս է տեսել որոշակի ընդհատումներով:Թերթի էջերում լուսաբանվել են շրջանի սոցիալ-տնտեսական,կրթական, մշակույթային խնդիրները:«Արցախյան պատերազմի» տարիներին և հետագայում տպագրվել է նյութեր ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի,զոհված ազատամարտիկների,հերոսների, հրամանատարների, բռնագաղթի,շրջանի բնակավայրերի վերաբնակեցման, տնտեսության վերականգման և այլնի մասին:

Թերթի գլխավոր խմբագիրն է Լուսինե Զաքարյանը ,ով ջանք չխնայելով նպաստում  է նրա կատարելագործելու ու զարգացնելու ուղղությամբ: Նա այնպիսի փութաջանությամբ ու եռանդով է աշխատում թերթի վրա,որ կարծես յուրաքանչյուր էջ տեղադրելիս մոտենա սրտացավով ու եռանդով:

«Ջրաբերդ» պաշտոնաթերթի գործունեությունը գաղափարական, հասարակական եւ քաղաքական ուղղվածություն   ունի, որն իր ուշադրության կենտրոնում է պահում շրջանի քաղաքային եւ գյուղական համայնքների ու բնակիչների խնդիրները եւ նպատակները: Որպես շրջվարչակազմի պաշտոնաթերթ` «Ջրաբերդ»-ը յուրահատուկ խոսափող է շրջանի ղեկավարության եւ հասարակության համար:

Խմբագրի խոսքերով ձգտում են թերթը դարձնել շրջանի կյանքը լիարժեք արտացոլող ավելի բարձրորակ տպագիր արտադրանք, որը սպասելի կլինի ընթերցողների համար: Կարծում ենք թերթն արդեն սպասելի է ընթերցողներին, որովհետեւ տպագրության օրերին թե Հայսատանի Հանրապետությունից, թե´ Ստեփանակերտից եւ թե´ մեր շրջանից հաճախակի են զանգահարում խմբագրություն եւ հետաքրքրվում թերթի հերթական համարի լույս ընծայումով: Այս տարվանից  թերթի գլխամասը տպագրվում է գունավոր, որը կարծում ենք, դրական փոփոխություն է տալիս թերթի որակին` արտաքին տեսքի առումով:

Աշխատանքներ են տարվել ստեղծագործական կազմի ունակությունները համապատասխանեցնելու ժամանակակից լրագրողին ներկայացվող պահանջներին,  տեխնիկական միջոցներին կատարելապես տիրապետելով, լրատվամիջոցի թողարկման գործընթացի տեխնոլոգիային կամ «խոհանոցին» տեղյակ լինելով եւ գործընկերների աշխատանքն անաչառ գնահատելով:

Աշխատակազմը  ձգտում է  հասնել նրան, որ ընթերցողը հնարավորություն ունենա արագ եւ առանց որեւէ խնդրի գտնել այն, ինչ իրեն հետաքրքրում է, կարծում  ենք` դա  հաջողվում է:

Այսպիսով եկեք բարի երթ մաղթենք թերթին`ցանկանալով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Գարիկ Ավետիսյան

 

Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում է

պնՀունիսի 17-19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:
«ՆԱՏՕ և Գործընկերներ» խորագրով համաժողովը, որը նախագահել է ՆԱՏ-ի Վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է ինչպես ՆԱՏՕ-ի և Գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցերի քննարկմանը, այնպես էլ միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 42 հայտ

մրցույթՀունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 21 անվանակարգում ներկայացվել է 42 հայտ։

Նշենք, որ այս մրցույթում ավելացել են բնապահպանության ոլորտին առնչվող անվանակարգեր։ Նվազեցվել է ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերի համար հատկացվող գումարի չափը՝ 5 միլիոն դրամից դառնալով մինչև 2,5 միլիոն դրամ։ Հատկացվող գումարի առավելագույն չափը սահմանվել է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ուղղված անվանակարգերում՝ 3 միլիոն դրամ։

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան հանձնաժողովի անդամների կողմից հայտերն ուսումնասիրելուց հետո։

Նշենք, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ոլորտային գերատեսչությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անցած տարի Թուրքիան Ադրբեջանին վաճառել է կրակի ռեակտիվ համակարգեր և հրթիռներ

32013 թվականին Թուրքիան Ադրբեջանին կրակի ռեակտիվ համակարգեր և հրթիռներ է վաճառել: Այդ մասին նշված է Թուրքիայի՝ ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստր ներկայացրած հաշվետվությունում, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ անցած տարի Անկարան Ադրբեջանին է տրամադրել 122 մմ տրամաչափի “Sakarya” T-122 կրակի ռեակտիվ 3 համակարգ: Բացի այդ, Ադրբեջանին է վաճառվել 122 մմ տրամաչափի TR-122 1000 հրթիռ, որոնք օգտագործվում են այդ հրետանային համակարգերում:

“Sakarya” T-122 կրակի ռեակտիվ համակարգը և դրա հրթիռներն արտադրում է “ROKETSAN” ընկերությունը: Այդ հրթիռների հեռահարությունը 40 կիլոմետր է: Դա երկու անգամ ավելի է ադրբեջանական բանակի մոտ առկա “Գրադ” 9К51 համակարգերում օգտագործվող հրթիռների հեռահարությունից։

Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել Վաղարշակ Մխիթարյանը

10494128_709360835790532_413591768_oԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ստորագրել, Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում Վաղարշակ Արամայիսի Մխիթարյանին նշանակվելու մասին:

Վաղարշակ Արամայիսի Մխիթարյան
Ծնվել է 1960թ. օգոստոսի 6-ին, Գյումրի քաղաքում: 1979-1984թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1976-1979թթ. աշխատել է Գյումրու «Տաքսոմոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունում»
1984-1986թթ. աշխատել է Արթիկի շրջանի դատախազությունում
1986-1991թթ. աշխատանքի է անցել Շիրակի մարզի Լենինական քաղաքի դատախազությում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1991-1993թթ.՝ Գյումրի քաղաքի ավագ քննիչ:
1993-1994թթ. աշխատել է Գյումրի քաղաքի դատախազի օգնական,1994-1999թթ.՝ Գյումրի քաղաքի դատախազի տեղակալ, իսկ 1999-2013թթ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
Ամուսնացած է՝ ունի երկու զավակ և երկու թոռ:

Ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք Արծվիկ Մինասյանի հետ համեմատվելիք 5 պատգամավոր.Աղվան Վարդանյան

Աղվան ՎարդանյանԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արած հայտարարությանը, թե ՛՛ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն՛՛:

Աղվան Վարդանյանը կոչ արեց քաղաքական մեծամասնությանը սոցհարցումների միջոցով պարզել հասարակության կարծիքն ու վերաբերմունքը և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ ՀՀԿ-ական պատգամավորների մասին, ապա հավելեց. ՛՛Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսելու՛՛:

 

Անկախ

Խորհրդակցություն Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրների մասին

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունԱյսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության  հիմնական թեման Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրներն էին: Նախարարության պատասխանատուներից և համապատասխան ծառայությունների մասնագետներից բացի, խորհրդակցությանը մասնակցում էին նաև բնապահպանության ոլորտում գործող հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանն էին ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, անտառային տնտեսության վարման արդի վիճակի և խնդիրների, 2014 թվականի առաջին կիսամյակում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի կողմից կատարված աշխատանքների արդյունքների մասին հարցերը:

Վերջիններիս վերաբերյալ ՀՀ ԳՆ անտառաբուծության բաժնի պետ Արթուր Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանի ներկայացրած զեկուցումների շահագրգիռ քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները դրականորեն արձագանքեցին  հասարակական կազմակերպությունների հետ նման հանդիպումներ կազմակերպելու միջոցով ոլորտային խնդիրներին լուծում տալու ՀՀ գյուղատնտեսության նախարարության որդեգրած քաղաքականությանը:

ՀՀ անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու  լրացումները գնահատվեցին որպես հիմնավորված և անհրաժեշտ:

Ամփոփելով անտառային տնտեսության վարման արդի վիճակի մասին  հնչած կարծիքներն ու տեսակետները, նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ չնայած վերջին մի քանի տարիներին  որոշակի աշխատանքներ են կատարվել անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ, մասնավորապես կրկնակի նվազել են ապօրինի անտառահատումնրը,  սակայն այս բնագավառում դեռ շատ են օրախնդիր հարցերը, որոնց  լուծման  գործում ակնկալվում է հասարարակական կազմակերպությունների գործուն աջակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Դոլարի գինը բորսայում`409,07 դրամ

դոլարՀունիսի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:

NASDAQ OMX Armenia

Եթե երեկ լիներ, պետք է հարցնեի՝ գիշերները լա՞վ քնում եք, թե՞՝ ոչ, բայց, քանի որ այսօր է, հարցերիս քանակը մեծացել է. Արծվիկ Մինասյանը՝ Արտեմ Ասատրյանին  

Արծվիկ ՄինասյանԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: ՛՛Պարտադիր՛՛ տերմինին փոխարինած ՛՛նպատակային՛՛ տերմինը օրվա թեժ թեման է: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, իր հարցը հենց այս դրույթի վրա կառուցեց. ՛՛Եթե երեկ լիներ, մի հարց ունեի ընդամենը, պետք է հարցնեի՝ գիշերները լա՞վ քնում եք, թե՞՝ ոչ, բայց, քանի որ այսօր է, հարցերիս քանակը մեծացել է: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ, եթե պարտադիր կուտակային վճար բառը փոխվել է սոցիալական նպատակային վճար բառով, դրանից պարունակությունը փոխվում է: ՍԴ-ի որոշման համաձայն իրավական դիրքորոշումներում շատ հստակ ամրագրված է, որ կայուն սոցիալական պաշտպանության համակարգը անրաժեշտություն է ձևավորում պետություն, գործատու, աշխատող եռամիասնությամբ ապահովել անձի կենսաթոշակային իրավունքը: Այս փաթեթում բացի նվազագույնի դեպքից, որտե՞ղ է գործատուն մասնակցում և ինչ պարտավորություններ ունի՛՛:

Արտեմ Ասատրյանը որոշեց պատասխանն սկսել հանգիստ քնելու մասին հարցից. ՛՛Պետք է ասեմ, որ մեր աշխատանքը օրվա ընթացում տևում է 8-10 ժամ և դրանից հետո իսկապես դժվար է լինում չլուծված խնդիրների պատճառով հանգիստ քուն ունենալ: Ինչ վերաբերում է պարտադիր և նպատակային սոցիալական վճարի տարբերությանը, ասեմ, որ, եթե մարդիկ չեն ուզում տեսնել ադ երկու նախագծերի տարբերությունները, երբեք չեք տեսնի, իսկ եթե ցանկություն կա, ապա ես ևս մեկ անգամ կբացատրեմ: Պարտադիր կուտակային վճարը գանձվում էր անհատի աշխատավարձից և առանց պետական բյուջե մտնելու գնում էր ակտիվները կառավարողին: ՍԴ-ի որոշումը հենց այս դրույթին է անդրադարձել, որ այն փոխանցումը, որը չի մտնում պետական բյուջե չի կարող դիտարկվել, որպես պարտադիր սոցիալական վճար և այդ առումով սահմանադրությանը հակասում է, քանի որ սեփականության իրավունքի նկատմամաբ տեղի է ունենում տնօրինման սահմանափակում: Նոր նախագծով ամեն ինչ համապատասխանեցվել է ՍԴ-ի որոշմանը՛՛:

Արծվիկ Մինասյանը իրոք չհասկացավ, թե այդ ինչ համապատասխանության մասին է խոսքը, և նախարարը թեթևակի նշեց, որ քննարկումներից հետո կարող է առանձին զրուցել պատգամավորի հետ:

 Անկախ

Մեկնարկեց 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Մեկնարկեց 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը   Այսօր` հունիսի 20-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Այս տարի Ֆորումին մասնակցում են և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում:

Միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից և սեմինարներից, պլենար նիստերից: Ֆորումի շրջանակներում կկայանան նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ և այլն: Ֆորումների օրակարգին ծանոթանալու համար կարող եք հետևել այս հղմանը:

Բիզնես Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:30-18:00: Ֆորումը կտևի 2 օր` հունիսի 20-21-ը: Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:

Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է Լրատվական ռադիոն, գործընկերներն են` telecom.arka.am, itechnology.am, armef.com, panorama.am, panarmenian.net, ittrend.am, mwnews.am, network.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, Yerevan Events հավելվածը: