ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել Թուրքիային. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Անդերս Ֆոգ Ռասմուսեն      ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, խոսելով իրաքյան ճգնաժամի մասին, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը առանց վարանելու միջոցներ կձեռնարկի հնարավոր վտանգից Թուրքիային պաշտպանելու համար: Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն մտահոգված է Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: «Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր բոլոր դաշնակիցներին, այդ թվում նաև Թուրքիային»,-ընգծել է Ռասմուսենը՝ հիշեցնելով թուրք-սիրիական սահմանին «Patriot» զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման մասին:

 

Պայքարը կշարունակեն Արգենտինայի և Նիգերիայի ֆուտբոլի հավաքականները

լմLionel-Messi-Getty-45068094Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում F խմբի ներկայացուցիչներն անցկացրին վերջին տուրի խաղերը: Պայքարը կշարունակեն Արգենտինայի և Նիգերիայի հավաքականները:

Դուբլի հեղինակ դարձան արգենտինացի  Լիոնել Մեսին և նիգերիացի Ահմեդ Մուսան: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մեսին:

Բոսնիայի ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Իրանի թիմի նկատմամբ:

Արգենտինայի հավաքականը  վաստակեց 9 միավոր և խմբում առաջինն է: 4 միավոր հավաքած նիգերիացիները երկրորդն են:  Բոսնիացիներն  ունեն 3, իրանցիները՝ 1 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

F խումբ (երրորդ տուր)

 

Նիգերիա – Արգենտինա՝ 2:3

Ահմեդ Մուսա, 4, 47 – Լիոնել Մեսի, 3, 45+1, Մարկոս Ռոխո, 50

 

Բոսնիա և Հերցեգովինա – Իրան՝ 3:1

Էդին Ջեկո, 23, Միրելեմ Պյանիչ, 59, Ավդիա Վրսաևիչ, 83 – Ռեզա Գուհանեյադ, 82

Դեսպան Սարգսյանի հանդիպումները Սինգապուրում

Դեսպան Սարգսյանի հանդիպումները ՍինգապուրումՀունիսի 24-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մասնակցեց Սինգապուրի նախագահ Թոնի Թան Քեն Յամի կողմից կազմակերպվող ամենամյա դիվանագիտական ընդունելությանը:

Միջոցառման ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Սինգապուրի նախագահի հետ: Դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և վերահաստատեց Հայաստան այցելելու ՀՀ նախագահի հրավերը:

Ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահի այցը Սինգապուր՝ նախագահ Թոնի Թանը վստահեցրեց, որ նա մեծ ցանկություն ունի Հայաստան այցելելու և հույս հայտնեց, որ այցը կկայանա: Նա նույնպես խնդրեց փոխանցել ՀՀ նախագահին իր ողջույններն ու լավագույն մաղթանքները:

Դեսպան Սարգսյանը կարճատև առանձնազրույց ունեցավ նաև Սինգապուրի վարչապետի պաշտոնակատար Թեո Չի Հիանի հետ:

Սինգապուրի ԱԳ նախարար Կ.Շանմուգամի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները և Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը:

Թուրքիայում PKK-ի զինյալները 7 մարդու են առևանգել

 pkk  Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաքի վիլայեթում PKK-ի զինյալները Ուլուդերի յոթ բնակիչ են առևանգել: Նախնական տվյալներով՝ յոթ հոգուց հինգը մեկ ընտանիքի անդամներ են, որոնք զբաղվում են վառելափայտի մշակմամբ: Թուրքիայի անվտանգությւան ուժերը լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել տարածքում, այն բանից հետո, երբ կորածների հարազատները ոստիկանությանը հայտնել են առևանգման մասին: Նշենք, որ անցած շաբաթ Թունջելի-Էրզինջան ճանապարհի վրա  PKK-ի զինյալները երկու հոգու էին առևանգել, որոնց այնուհետև ազատ էին արձակել:

Ո՞վ է ավելի համառ՝ «աֆրիկյաննե՞րը», թե՞ Լևոն Վարդանյանը

MHM88883Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված երևանյան ամենագեղեցիկ ու յուրօրինակ շենքերից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի ճակատագիրը դեռևս անհայտ է:

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են, որ շենքի ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար հիմք է ծառայում ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության կողմից ներկայացված գրությունը՝ ուղղված «Միլենիում քոնստրաքշն» ընկերության տնօրեն Թադևոսյանին: Գրության մեջ նշված է, որ շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել, իսկ ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանի պահպանությունը: Ուստի, գործակալությունն անհրաժեշտ է  համարում անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները մինչև համապատասխան փաստաթղթերի առկայության ապահովումը:

Ըստ նախաձեռնության անդամների, շենքի ապամոնտաժման աշխատանքների դադարեցման համար հիմք է նաև այն, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբան լաբ Երևան» քաղաքաշինական հասարակական կազմակերպությունը համատեղ հայցադիմում են ներկայացրել դատարան, որով վիճարկում են Աֆրիկյանների շենքի օտարման և տեղափոխման մասին Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի որոշումները:

Հայցը վարույթ ընդունելու  կամ մերժելու ժամկետը՝ օրեքով տրված դատարանին, լրանում է ուրբաթ օրը` հունիսի 27-ին:

AVetiq_IshkhanyanՀայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հայցի հիմքում ընկած փաստերը. «Մեր իրավական դիրքորոշումն այն է, որ 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը: Մենք նաև բազմաթիվ այլ փաստեր ենք ներկայացրել՝ այդ թվում մշակույթի նախարարության համապատասխան գործակալության գրությունը, ըստ որի քանդման աշխատանքները պետք է դադարեցվեն, մինչև համապատասխան փաստաթղթերի ներկայացումը»,-ասաց Իշխանյանը:

Այս ամենից հետո, ըստ իրավապաշտպանի, շենքի քանդման աշխատանքները շարունակելը նույնիսկ քրեական հանցագործություն է: «Փաստորեն, քաղաքացիները Հայաստանում պաշտպանում են օրինականությունը, մինչդեռ ոստիկանները` ոչ, նրանք կատարում են անօրինական հրաման՝ դեմ գնալով քաղաքացիների օրինական պահանջին և իրենց գործողություններով նպաստելով Հայաստանում անօրինականությանն ու հանցագործությանը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի պնդմանը, որ իրենց գործողություններին օրինական են, նախագիծն իրականություն է դառնալու, և Աֆրիկյանների շենքը նույնությամբ վերակառուցվելու է «Հին Երևանի» տարածքում, Իշխանյանը հակադարձում է. «Ինչ տեսակետներից են իրենք այդ քայլերն իրականացնում՝ անձնական շահերից ելնելով, թե «ճարտարապետական լուծումներից», դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է երկու հարց՝ Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանումը և օրենքի կիրառումը Հայաստանում: Փաստորեն, այդ գործընթացը կատարվում է անօրինական ձևով, իսկ մնացած ամեն ինչ մտավարժանքներ են»:

Եթե դատարանը չվաբարարի հայցը, ո՞րն է լինելու հասարակական կազմակերպությունների հաջորդ քայլը: Իշխանյանը պատասխանում է. «Շարունակելու ենք պայքարը՝ դատական մյուս ատյաններ դիմելով և աջակցելով քաղաքացիական հասարակության շարժումներին: Համենայնդեպս, երբ մենք դիմում ենք, չենք մտածում՝ տեսնենք` ինչ կստացվի, մենք դիմում ենք հաղթելու նպատակով»:

Նրա համոզմամբ՝ տեղի ունեցողն անօրինականություն է, իսկ մշակույթի նախարարությունը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, այնպես էլ այս հարցում, անիմաստ կառույցի դեր է կատարում, քանի որ չի կարողանում, որպես կարևոր գերատեսչություն, իր ֆունկցիաները կատարել:

Լևոն Վարդանյան«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որի նախաձեռնությամբ է ապամոնտաժվում Աֆրիկյանների շենքը, հակադարձում է իրենց ընդդիմախոսներին: Մեզ հետ զրույցում նա ևե մեկ անգամ հայտարարեց, որ իրենց գործողություններն օրինական են: Ավելին, նա որպես ճարտարապետ՝ վստահ է, որ Երևանում երբևէ պատմամշակութային այլ շենքերի ապամոնտաժման աշխատանքներն այսքան օրինական, ճշգրիտ ու պրոֆեսիոնալ ձևով չեն իրականացվել, որքան այս շենքի դեպքում:

Ինչ վերաբերում է հնչող այն տեսակետին, թե չի կատարվում մշակույթի նախարարության պահանջը, ճարտարապետը հիշեցնում է, որ գրության հեղինակը ոչ թե նախարարությունն է, այլ մշակույթի նախարարության գործակալությանը՝ նշելով, որ նախարարությունը չի կարող դեմ լինել իր իսկ կողմից ժամանակին հաստատված նախագծին: «Շենքի ապամոնտաժման և «Հին Երևան»-ի տարածքում վերակառուցվելու նախագիծը հաստատվել է նախ մշակույթի նախարարության կողմից, ապա ուղարկել Երևանի քաղաքապետերան, իսկ վերջինս շինարարության թույլտվություն է տվել: Հիմա մշակույթի նախարարության ինչ որ գործակալության պետ՝ Արմեն Աբրոյանը, հայտարարում է, որ թերի փաստաթղթեր կան: Հո իր ասելո՞վ չի: Այդ մարդն ինքնագործունեությամբ է զբաղված, և դրա մասին թող իր նախարարը մտածի»,-ասում է Վարդանյանը:

Ճարտարապետը նաև չի ընդունում այն փաստարկը, որ եթե հայց է ներկայացվել դատարան, նշանակում է՝ ապամոնտաժման աշխատանները պետք է դադարեցվեն. «Երբ դատարանը որոշում կկայացնի, որ պետք է դադարեցնել, խնդրեմ, թող որոշումը տանեն քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ եթե ասի՝ դադարեցրեք, դադարեցնենք: Երևանի տարածքում մի մարդ իրավունք ունի դադարեցնել շինարարությունը՝ դա Երևանի քաղաքապետն է: Իսկ քանի դեռ նման որոշում չկա, մենք մեր աշխատանքը շարունակելու ենք»:

Լևոն Վարդանյանը ակտիվիստներին կոչ է անում մտածել իրենց գործողությունների իրավաչափության մասին, թե արդյոք հասարակական կարգն ու հարակից բնակիչների անդորրը խանգարելը որքանո՞վ է օրինական:  «Գալիս են, աղմկում, խփում դարպասներին, իրենց թվում է՝ դա թատերաբեմ է: Բնակիչներն էլ ինձ են բողոքում, ասում են՝ հիվանդներ կան, փոքր երեխաներ,-ասում է Վարդանյանը,-ինչ վերաբերում է ինձ՝ ես խնդիր չունեմ, ես իմ աշխատանքը շարունակելու եմ և իմ ճարտարապետական նախագծի տերն եմ, իսկ Աբրոյանը մշակույթի նախարարի խնդիրն է, մարդկանց հանգիստը խանգարողներն էլ՝ ոստիկանության խնդիրը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակն ուրախ է, որ դատարան այդ հարցով հայց է ներկայացվել, քանի որ ինքը՝ որպես նախագծող, կարող է բոլոր հարցերի պատասխանները տալ և ապացուցել, որ ինքը ճիշտ է:

Բայց արդյոք դատարանը կարո՞ղ է որոշել՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, դա էլ հարց է, քանի որ Հայաստանում հույս դնել դատարանների վրա, մեղմ ասած, միամտություն կլինի:

Հարցի միակ պատասխանը թերևս կարող է տալ «Հին Երևան» նախագծի իրականացումը, որին այդպես համառորեն չեն հավատում ակտիվիստները, և որը տարիներ ի վեր համառորեն առաջ է քաշում ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Փաստն այն է, որ այսօր նախագծի իրականացումը դեռևս տեսանելի չէ:

 

Անի Գասպարյան

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

7115Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:

 

Արսեն Խոջոյաննը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտությանը

արսենԱդրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով և վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար՝ դրական դինամիկայով:

Հաղթահարվել են թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռևս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա,  ինչի համար նշանակվել է դեղորայք և անհրաժեշտ քսուքներ, նշանակվել է նաև արևի դեմ պաշտպանվելու նպատակով քսուքներ: Բուժմասնագետները Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Արսեն Խոջոյանն ունի բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ: Հաշվի առնելով Արսեն Խոջոյանի հիվանդության պատմությունը, առողջական վիճակը 15-օրյա ժամկետում Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բուժզննության:  Անհրաժեշտության դեպքում բուժզննությունը կիրականացվի նաև ըստ կարիքի ցանկացած ժամանակ:   Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Ահմեդ Դավութղօլուն և Ջոն Քերին հանդիպելու են Բրյուսելում

davutglu_kerryԲրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի արգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպումը, որոնք այնտեղ մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին: Երկկողմ հանդիպման սկզբում Քերին նշել է, որ Թուրքիան ռազմավարական կարևոր դաշնակից է հանդիսանում: Նրա խոսքերով ՝ երկու երկրների քննարկման հիմնական թեման Իրաքում և Սիրիայում ստեղծված վիճակն ու Կիպրոսի հարցն է: Քերին նաև նշել է, որ մոտ ժամանակներում պատրաստվում է այցելել Կիպրոս:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Դավութօղլուն իր հերթին ընդգծել է Թուրքիայի և նրա հարևանների միջև առաջացած իրավիճակի լրջությունը: Նա նշել է, որ այս գործընթացը պահանջում է ռազմավարական դաշնակիցների միջև կապերի ակտիվացում և համատեղ միջոցների ձեռնարկում:

 

Վերջին 20 օրվա ընթացքում Իրաքում 1078 մարդ է զոհվել

irak (1)   Իրաքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների հետևանքով զոհերի թիվն  օրեցօր աճում է: Այս մասին հայտարարել է Իրաքում մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարության անդամ Մասրուր Ասվադը: Վերջինիս խոսքերով՝ անցած 20 օրվա ընթացքում Մոսուլում, Սալահադդինում, Դիյալեում և Ալ Անբարեում ընդհանուր առմամբ 1078 մարդ է զոհվել, 1200 հոգի վիրավորվել է, որոնք մեծամասամբ ոստիկաններ ու զինվորականներ են: «Մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքելու իր տունը, նրանց մեծ մասը բնակվում են վրանային քաղաքներում և հարևան շրջաններում: Ամենից վատ վիճակում գտնվում են կանայք և երեխաները»,-նշել է Ասվադը՝ կոչ անելով միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել իրաքցիներին:

Գողացել է զոքանչի հեռախոսը

գողությունՀունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Ջահուկյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս:
Պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ռադիկ Ծ.-ն հյուրընկալվելով կնոջ մոր տանը` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Վնասի չափը պարզվում է:
Հեռախոսն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Գլխավոր դատախազը խոստանում է, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի

Գևորգ ԿոստանյանՀուլիսի 7-ին Դատախազության օրվան ընդառաջ այսօր ընթացիկ տարում առաջին անգամ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նա, ամփոփելով վերջին ամիսներին կատարած աշխատանքը, տեղեկացրեց , որ դատախազությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. «Վերջին 9 ամիսներին դատախազության համակարգից դուրս է եկել 80-ից ավելի դատախազ, որոնց մի մասի գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատանքային չափորոշիչներին: Համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ», – ասաց գլխավոր դատախազը, ընդգծելով, որ համակարգում սերնդափոխության անհրաժեշտությունն ակնհայտ էր, իսկ այժմ դատախազության համակարգը համալրվել է նոր, երիտասարդ, գիտական մտածելակերպ ունեցող և գիտական ասպարեզում իրենց դրսևորած մասնագետներով: «Փոխվել է դատախազության գրեթե 1/3-ը: Սերնդափոխությունը և նոր մտածելակերպը ինքնին կհանգեցնի նաև դատախազի նոր կերպարի ձևավորմանը», – հույս հայտնեց Գևորգ Կոստանյանը:

Փոփոխություններ են կատարվել նաև համակարգի կառուցվածքում, որի նպատակն է` կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանան ըստ դատախազական լիազորությունների, ի տարբերություն նախկինում սահմանված կարգի, որտեղ կառուցվածքային միավորները բաժանված էին ըստ հանցատեսակների: Աշխատանքի կազմակերպման այս մեխանիզմը դատախազին հնարավորություն է տալիս մասնագիտանալու ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ՝ ըստ դատախազական լիազորության:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին, գլխավոր դատախազը անդրադարձավ նաև վերջերս Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ էր կիրառվել.
« Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի կիրառումը նրա գործառույթի մեջ է մտնում: Ֆիզիկական ուժի չգործածումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանը մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, որպեսզի իր պարտականությունները կարողանա պատշաճ կատարել»,- ասաց նա՝ հավելելով, որ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ նյութեր են պատրաստվում, ընդ որում` հայցեր կան երկու կողմից:

 

Խոսելով վերջին շրջանում հանրապետությունում հնչած կրակոցների դեպքերի աճին, դատախազը նշեց, որ իրականում ոչ թե միջադեպերն են շատացել, պարզապես սկսել են դրանից ավելի շատ խոսել.« Չեմ կարծում,  թե աճ կա. ես դա  վերագրում եմ նրան, որ ավելի շատ է դրա մասին խոսվում: Ցանկացած բան այսօր տեսանելի է: Վստահ եմ` ոստիկանության կողմից լուրջ աշխատանք է կատարվում դա կանխելու համար: Այսօր արդեն լուրջ արդյունքներ ունենք, օպերատիվ և պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվում»:

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի, և ինքը դրա համար  անձամբ պատասխանատվություն է կրում:

 

Անկախ

 

Ֆրանսիայի օդային երթևեկության վերահսկիչների գործադուլի պատճառով ուղևորներին 14,000 ժամ ուշացումներ են սպասվում

airtrafficՀազարավոր ճանապարհորդների երկար ուշացումներ և հետաձգումներ են սպասվում, քանի որ Ֆրանսիայում օդային երթևեկության վերահսկողների գործադուլն  ինտենսիվանում է՝ կաթվածահար անելով Եվրոպայի չվերթերը:

Չորեքշաբթի օրը՝ ավիացիայում կրճատումների համար կազմակերպված գործադուլի երկրորդ օրը, Եվրոպայում օդային անվտանգության մարմինը՝ Eurocontrol-ը, իրավիճակը գնահատել է անկայուն:

Եվրոպական առաջատար ուղևորափոխադրողները՝ ներառյալ British Airways-ը, EasyJet-ը և Ryanair-ը,  հետաձգել են իրենց թռիչքները:

Eurocontrol-ն  ավելի վաղ հայտնել էր, որ գործադուլի հետևանքով սպասվում են մինչև 14,000 ժամ ուշացումներ: Չորեքշաբթի օրն  արդեն մոտ 4,400 ժամ ուշացումներ էին գրանցվել:

Ավիաուղիները խորհուրդ են տալիս եվրոպական օդանավակայաններից մեկնող և ժամանող բոլոր ուղևորներին ստուգել իրենց չվերթի կարգավիճակը՝ նախքան օդանավակայան ժամանելը:

ԵՄ-ի օրենսդրությամբ հետաձգումների համար ուղևորներին պետք է փոխհատուցել կամ այլընտրանքային տոմս առաջարկել:

Սիրիայի ռազմական ինքնաթիռները հարձակվել են Իրաքի վրա

isis-outside-baghadadԵրեքշաբթի օրը Սիրիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի Անբար նահանգի որոշ հատվածներ, որի հետևանքով զոհվել է Իրաքի 57 խաղաղ բնակիչ, ավելի քան 120-ը վիրավորվել են:

Իրաքի Անբար նահանգի խորհրդի ղեկավարը հայտնել է, որ հարձակումների թիրախ են դարձել շուկաները և վառելիքի լցակայանները:

Խորհրդի ղեկավարը նշել է, որ իրենց կարծիքով դրանք սիրիական ռազմական ինքնաթիռներ են եղել, քանի որ դրանց վրա Սիրիայի դրոշ էր պատկերված:

Տեղական պաշտոնյաների տեղեկություններով՝ բնակիչները հեռադիտակով և այլ սարքերով ուսումնասիրել են ռազմական ինքնաթիռների վրա եղած նշանները:

Իրաքի ուժերը շարունակում են պայքարել Իրաքի և Սիրիայի իսլամական պետության սունի արմատական զինյալների դեմ:

Վերջին շաբաթների ընթացքում վերոնշյալ խմբավորումը գրավել է Իրաքի հսկայական տարածքներ՝ փորձելով ստեղծել Սիրիայից Իրաք ձգվող իսլամական պետություն:

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

IMG_9404 copyՀունիսի 25-ին Հայաստանի Հանարպետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:

Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում կքննարկվի քաղբանտարկյալների հարցը

4 (2)ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում, որը հունիսի 28-ից հուլիսի 2-ը տեղի կունենա Բաքվում, կընդունվի “քաղբանտարկյալներ” հասկացությունը սահմանող բանաձև:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի բանաձևում ԵԱՀԿ անդամ-երկրներին կհորդորեն ամբողջությամբ իրականացնել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը հետևելու իրենց պարտականությունները:

Բացի այդ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը բանաձև կընդունի Ադրբեջանում և Ուկրաինայում ԵԱՀԿ դաշտային առաքելության կարգավիճակի վերաբերյալ:

Երևանում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը

0001Երևանի Մանկական զբոսայգում տեղադրված «Խաղաղության քար» հուշաքարի բացման պատիվը վերապահված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար  Միչիկո Ումեմոտոյին։

Ներկայացնելով հուշաքարի ծագումը՝ Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից է, որոնցից 188-ը ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների  ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են յուրօրինակ հուշաքարերի։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր այստեղ հնարավորություն ունենք Հիրոշիմայի քաղաքացիների սրտի մասնիկը հասցնել հայ ժողովրդին, որը միջազգային հանրության շրջանակներում իր հետևողական անխոնջ ներդրումով նպաստում է խաղաղությանը։ Հիրոշիմայի բնակիչների ձեռքով յուրաքնաչյուր քարի վրա փորագրվել են խաղաղության համար աղոթող գթության աստվածուհի Կաննոնի պատկերը և «Հիրոշիմայի կողմից» («FROM HIROSHIMA») բառերը։ Քաղաքացիների մտահղացմամբ՝ 1991թ. քարերն սկսեցինք նվիրաբերել աշխարհի առաջնորդներին։ Այս սալաքարերը՝ միջուկային աղետի համր վկաները, կարծում ենք, յուրաքանչյուր երկրում կդառնան մարդկության համընդհանուր իղձերի ներդաշնակության, եղբայրության և խաղաղության ուղերձի ինքնատիպ կրողներ։ Շնորհակալ ենք ՀՀ նախագահին, ում հավանությամբ և աջակցությամբ  Հիրոշիմայի խաղաղության քարը հայկական հողում՝ Երևանում սկսում է ապրել նոր կյանքով»,- նշել է Հիրոշիմայի «Խաղաղության քար»  ասոցիացիայի ղեկավար  Միչիկո Ումեմոտոն։

Հուշաքարի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ՀՀ  նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳՆ ԱՕԱ վարչության պետ Աշոտ Ոսկանյանը և Հիրոշիմայի խաղաղության քար ասոցիացիայի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամները, քաղաքացիներ։

ՀՀ  նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ջերմորեն ողջունել է ճապոնական պատվիրակությանն ու ներկաներին և հատկանշել, որ 2012 թվականին ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած այցի արդյունքում առավել ամրապնդվել են հայ-ճապոնական հարաբերությունները, ապա նախանշել է դրանց էլ ավելի զարգացման միտումները՝ մասնավորապես ընդգծելով, որ 2015 թվականի սկզբին Երևանում նաև Ճապոնիայի դեսպանություն  կբացվի։

«Այս զարգացումներն արդեն իսկ մեծ և դրական ազդեցություն են ունենում մեր երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ շփումների ակտիվացման վրա։ Խաղաղության  քարի բացումը ևս մի խորհրդանշական քայլ է՝ ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը»,- նշել է ՀՀ նախագահի օգնականը։

Աշխարհի տարբեր երկրներ ուղարկվող հուշաքարերից մեկն ընդունելու և հատկապես Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում տեղադրելու համար Հիրոշիմայի քաղաքապետի շնորհակալական ուղերձին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել մեծ խորհրդով այս քարերից մեկը Երևան ուղարկելու համար։

«Ուրախ եմ, որ Երևանը նույնպես այդ մայրաքաղաքների, քաղաքների շարքում է։ Հայ ժողովուրդն իր կենսագրության ընթացքում բազմաթիվ կորուստներ է ունեցել, արհավիրքներ տեսել, ողբերգություններ ապրել և առավել քան գիտի խաղաղության գինն ու արժեքը։ Այսօր էլ հայ ժողովուրդը իր ջանքերն է ներդնում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Միջոցառումն ավարտվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ ճապոնական հանրահայտ «Հայրենիք» երգի կատարմամբ։

Խաղաղության քարին երեք լեզուներով գրված է Հիրոշիմայի բնակիչների խորհրդանշական պատգամը, որտեղ ասված է. «…Դասեր քաղելով մեր տառապանքից և առաջնորդվելով մեղքի զգացումով, որ մենք ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքն անցած այլ ազգերի հանդեպ՝ մեր սահմանադրությամբ հավաստեցինք այսուհետ երբեք այլ երկրների նկատմամբ ագրեսիա չիրականացնելու մեր վճռականությունը։ Մենք նվիրաբերում ենք այս սալաքարերն աշխարհի ժողովուրդներին՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի անպատերազմ աշխարհում ապրելու մեր ընդհանուր իղձը, աչքի առաջ ունենալով Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությունը՝ որպես հիշեցում խաղաղության կարևորության մասին»։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ուկրաինայում անջատողականները ռազմական ուղղաթիռ են ցած գցել

ukraine- helicopterԵրեքշաբթի կեսօրին արևելյան Ուկրաինայում զինյալները կրակելով վայր են գցել ուկրաինական ռազմական ուղղաթիռ: Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հրադադարի հայտարարումից օրեր անց:

Սլավյանսկի մոտակայքում ընկած ուղղաթիռի բոլոր ինն  ուղևորները մահացած են համարվում:

Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների պաշտոնական ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնևը հայտնել է, որ ուղղաթիռի ուղղությամբ կրակել են դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգից: Ուղղաթիռը ցած գցելուց հետո զինյալները թաքնվել են մոտակա Բիլբասովկա գյուղում:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուրբաթ օրը ռուսամետ անջատողականների հետ բախումներում հրադադար էր հայտարարել՝ նշելով, որ ռազմական ուժերը կպատասխանեն միայն հարձակման ենթարկվելու դեպքում:

Էլինա Դանիելյանը «Գրան պրիում». 5-րդ տուր

ֆիդե34782Վրաստանի Կվարելի քաղաքում շարունակվող շախմատիստուհիներին «Գրան պրի» մրցաշարում խաղացված 5 տուրից հետո Էլինա  Դանիելյանը չի ուրախացնում:

Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին 5-րդ տուրի պարտիաներում.

Կոստենյուկ Ա.- Դանիելյան` ½ : ½
Հոու Յիֆան -Ստեֆանովա` 1 : 0
Յու Վենջուն -Ժաո Սյու` 1 : 0
Ձագնիձե -Կոներու` 1 : 0
Դրոնավալի -Խոտենաշվիլի` ½ : ½
Մուզիչուկ -Ա. Մումինովա` 1 : 0

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

1. Հոու Յիֆան 4.5
2. Յու Վենյուն 4
3. Ձագնիձե 4
4. Դրոնավալի 3.5
5. Մուզիչուկ Ա. 3
6. Կոներու 2.5
7. Դանիելյան 2.5
8. Ստեֆանովա 2.5
9. Կոստենյուկ Ա. 1
10. Խոտենաշվիլի 1
11. Ժաո Քսյու 1
12. Մումինովա 0.5