Բաքվում զբաղվում են մարդու օրգանների վաճառքով

3Բաքվում կարելի է գնել և վաճառել ամեն ինչ, ու ինչքան էլ որ սարսափելի չի հնչում` նույնիսկ մարդու օրգաններ:

Սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են հայտարարության լուսանկարը, որի հետ քաղաքի բնակիչները բախվել են հունիսի 7-ին, հաղորդում է “Մինվալ” կայքը:
“Գարա-Գարաև” մետրոյի կայարանի ելքի մոտ երկու հայտարարություն է կախված: Առաջինը՝ “Վաճառվում է երիկամ, առաջին խումբ՝ 40 հազար մանաթ (մոտ 48.000 դոլար)” գրությամբ, երկրորդը՝ “Վաճառվում է երիկամ, երկրորդ խումբ՝ 50 հազար մանաթ (մոտ 60.000 դոլար)”:
Ընդ որում, երկու հայտարարության մեջ տարբեր բջջային համարներ են նշված:

Անկախ

Մաքսային միությունում մենք ցանկալի չենք. Վազգեն Մանուկյան,տեսանյութ

վազգեն մանուկյան«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, այսօր կրկին մեր քաղաքական օրակարգում է երկրի մայր օրենքը. սահմանադրական նոր հայեցակարգ է դրվել շրջանառության մեջ, և քաղաքական ուժերը կրկին տարակուսած են, թերահավատ, գտնում են, որ ստեղծված իրավիճակում պատեհ չէ քննարկել սահմանադրական այս նոր փոփոխությունների փաթեթի հարցը:

– Չեմ կարծում, որ որևիցե պահ պատեհ չէ որևիցե օրենք կամ սահմանադրություն քննարկելու համար: Հարց է առաջանում` սահմանադրական փոփոխություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա՞ր, թե՞ ոչ: Ընդհանրապես, տարիների ընթացքում և՛ ընդդիմության, և՛ նախագահի թեկնածուների կողմից այդպիսի խոսակցություններ միշտ եղել են: Եվ երբ նախագահական այս ընտրություններից հետո մենք` Հանրային խորհրդով հանդիպեցինք նախագահին, խորհրդի կողմից ես էի ներկայացնում հարցը: Ես ողջունեցի նախագահի առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանին` ստեղծելու օրենքների, Սահմանադրության փոփոխությունների մի մարմին, և Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա այդ մարմնի ղեկավարը: Մենք գտնում էինք, որ հասարակության մեջ բազմաթիվ հարցեր են առաջացել, թե ուր ենք մենք գնում, ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, և մենք առաջարկեցինք, որ Սահմանադրության փոփոխության հարթակը շատ հարմար հարթակ է, որպեսզի բոլոր ուժերը` իշխանական, ընդդիմադիր, հասարակական, իրար հետ միասին քննարկեն: Կբերի՞ դա սահմանադրական փոփոխության, թե՞ ոչ` ուրիշ հարց է: Դրանից հետո նախագահի հրամանագրով ստեղծվեց մասնագիտական այս խումբը, որը չէր լուծում այն խնդիրը, որը մենք էինք բարձրացնում: Այլ բան է ընդդիմադիր կուսակցություններով, իշխանությունով միասին քննարկել երկրի ապագան ու տեսնել այդ ապագայի համար սահմանադրական ինչ փոփոխություններ են պետք, մեկ այլ բան է, երբ մասնագիտական խումբ ես ստեղծում, և հետո ես սկսում քննարկել:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների առաջարկությանը, պետք է ասեմ, որ Հանրային խորհրդի մեծամասնությունը ընդհանրապես կողմ չէ պառլամենտական հանրապետությանը, նամանավանդ նրանք, ովքեր երկար ժամանակ աշխատել են կոմունիստական երկրում և շատ են գնահատում, որ բուրգի գագաթում անձ պետք է կանգնած լինի` առավել ևս, որ պատերազմը չի վերջացել: Ես և էլի մարդիկ, ովքեր դուրս են եկել քաղաքական դաշտից` Արշակ Սադոյանը, և մյուսները, կողմ ենք պառլամենտական հանրապետությանը, մեզ մոտ տարակուսանք է առաջանում այս պահին դրան անցնելու հարցում: Եթե տեսականորեն խոսենք, ապա պառլամենտականը իսկապես ավելի լավ է, քան նախագահականը կամ կիսանախագահականը, ավելի հավասարակշռված է, սովորաբար չի բերում հեղափոխությունների, հեղաշրջումների, բայց տվյալ պայմաններում իշխանությունն ընտրվում է երկու ուղղություններով,- տեղական ընտրությունները մի կողմ դնենք,- ընտրվում է Ազգային ժողով և ընտրվում է նախագահ: Ըստ որում` ԱԺ ընտրությունը ժողովրդի մոտ մեծ հետաքրքրություն չի առաջացնում, նախագահի պաշտոնի հետ են կապում երկրի ապագան, և պատահական չէ, որ համարյա միշտ կիսահեղափոխական վիճակ է ստեղծվում նախագահի ընտրություններից հետո: Հիմա այս նոր առաջարկությամբ, փաստորեն, այդ մի ինստիտուտը վերանում է: Այսինքն` մարդկանց մի խումբ` կուսակցություն, եթե հաջողացնի պառլամենտը վերցնել իր ձեռքը, ապա նա կունենա նախագահ, կառավարություն, որը տվյալ պահին, հաշվի առնելով հենց կոնկրետ քաղաքական ուժերին, կարծում եմ` վտանգավոր է, և դա լրացուցիչ քննարկման առարկա պետք է լինի:

– Այդ դեպքում այն քննարկումը, այն դիսկուրսը, որ այսօր կա հանրության մեջ, այդ թվում` նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը, որը ընդհանուր առմամբ մի որոգայթի նկարագրություն էր` ուղղված իշխանությանը, ուղղված Սերժ Սարգսյանին, որ իրականում սա երկրի կործանման «ճանապարհային քարտեզ» է, և նույնիսկ փաստաբանի դեր էր կարծես ստանձնել…

– Չէ՛, եկեք 2 հարց իրարից տարբերենք: Այն պնդումը, որ հիմա ժամանակը չէ Սահմանադրություն քննարկելու, և դա շեղում է ավելի կարևոր հարցերից, այդ պնդման հետ ես համաձայն չեմ: Ես գտնում եմ, որ միշտ էլ Սահմանադրությունը պետք է քննարկել, միշտ էլ սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե ապացուցվի, թե ինչ թերություններ կան, ինչ խնդիրներ չի լուծում այս Սահմանադրությունը, և ինչու է պետք փոփոխություն մտցնել` ինչպես աշխարհի ցանկացած երկրում: Ինչ վերաբերում է կոնկրետ այս Սահմանադրությանը, ես վիճելի եմ համարում այդ անցումը, բայց ես դեմ չեմ քննարկելուն, քննարկումը կարող է ինչ-որ բան տալ: Հայաստանի վտանգն այն է, որ, օրինակ, Հայաստանի տնտեսության մեջ ընկերություններ չկան: Մեզ մոտ դեռ սովորություն կա, որ սա կամ իմն է, կամ իմը չէ: Մաքսիմում երկու ընկերով տնտեսական ձեռնարկություն են ստեղծում, և վերջում հաստատ մեկը մեկին գցում է: Նույնը քաղաքականության մեջ է: Քաղաքականության մեջ մեծամասնությամբ քաղաքական ուժն ուզում է պառլամենտը վերցնել ամբողջությամբ և դիմելով հնարավոր բոլոր ձևերին: Ցանկացած երկրում երբեք քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվում պառլամենտն ամբողջությամբ վերցնել` բացի երկկուսակցության համակարգերից, օրինակ` Անգլիայում, ԱՄՆ-ում: Եվ այդ դեպքում առաջարկվող այս Սահմանադրությունը կարող է օգտակար լինել, որովհետև եթե մեծամասնությունը կազմվում էր 2-3 ուժերի կոալիցիայով, դա մի նոր մշակույթ էր տալիս, և հետո չէիր կարող ասել, որ նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը մի խմբի ձեռքում են…

– Կարծես թե այն, ինչ նախագահը ՀՀԿ համագումարի իր ելույթում էր ասում` երկկուսակցական…

– Ես ուշադրություն չեմ դարձրել, երկկուսակցականը Հայաստանում ընդհանրապես չաշխատող տարբերակ է: Կարող է ստացվել, բայց մեզ մոտ ես այդպիսի երկու կուսակցություն չեմ տեսնում, որ իրար փոխանցեն իշխանությունը:

– Երկրի նախագահն ինքը, ըստ էության, դեմ էր այս փոփոխությունների հիմնական կետերին, բայց, այնուամենայնիվ, նախաձեռնեց և հանրությանն առաջարկեց քննարկել այն դրույթները, որոնք այսօր շրջանառվում են: Ինչո՞ւ դեմ լինելով` այսպիսի քննարկում նախաձեռնել:

– Այստեղ երկու մոտեցում կա: Մի մոտեցումն այն է, որ այստեղ կա քաղաքական դրդապատճառ, այսինքն` Սերժ Սարգսյանը հաջորդ ընտրություններից հետո չի լինելու վարչապետ, չի լինելու նախագահ, ինչպես ինքն էր հայտարարել, բայց առանց իր հայտարարելու էլ նախագահ լինելը բացառվում էր, և կասկածներ կան, որ քանի որ սահմանադրական այդ փոփոխությունով կարող է մեծանալ Ազգային ժողովի դերը, ինքն արդեն Ազգային ժողովի նախագահ է ուզում լինել: Ես կասկածում եմ, որ այդպես է, բայց դա տեսակետ է, որն արժե քննարկել: Մյուս տեսակետն այն է, որ եթե իսկապես քաղաքական դաշտում Սահմանադրության փոփոխության խոսակցություններ են գնում, ինչու դեմն առնել, բացենք, թող քննարկեն: Հիմա Սերժ Սարգսյանն առաջի՞ն մոտեցումով է գնացել, թե՞ երկրորդ մոտեցումով` ինձ համար նույնիսկ կարևոր չէ: Ես ուզում եմ տեսնել Հայաստանի` մեր պետության համար օգտակար կլինի՞ այս փոփոխությունը, թե՞ ոչ:

– Այն քաղաքական ուժերը, որոնք 2017-2018 թվականներին իրենց համար վտանգ են տեսնում, կարծես այսօր նպատակահարմար չեն համարում սահմանադրական այս փոփոխությունները կյանքի կոչել կամ դրանք ընդհանրապես…

– Քաղաքական այն ուժերի համար, որոնք ընդդիմության մեջ են և պայքարելու են իշխանության համար, դա գերխնդիր է, դա ցանկացած երկրի է բնորոշ, և քանի որ իրենք կասկած ունեն, որ սա մի ծուղակ է իրենց համար, չեն ուզում շեղվել դրա վրա: Եվ հետո ընդդիմությանը միշտ ձեռնտու է ներքին քաղաքական կյանքը ներկայացնել սև ու սպիտակ` անկախ նրանից, թե ինչպիսին է կյանքը: Ամեն մի նոր երանգ` սահմանադրության փոփոխություն կամ ուրիշ մի բան, շեղում է մարդկանց ուշադրությունը: Ֆիզիկայում այսպիսի խնդիր կա. երբ երկու մարմին պտտվում են իրար շուրջ, օրինակ` արևը և երկրագունդը, նյուտոնյան օրենքով հեշտությամբ հետագիծը հաշվվում է, իսկ երեք մարմնի խնդիրն անլուծելի է, դիֆերենցիալ խնդիրներ են ստացվում, որ միայն մոտավորապես կարող ես լուծել: Ընդդիմության համար միշտ երկու մարմնի խաղը ճիշտ է` սև ու սպիտակ: Իշխանության համար երկու մարմնի խաղը երբեմն ճիշտ է` այս կուսակցությունը, թե այն կուսակցությունը, բայց իշխանությունը կասկած կա, որ կարող է բազմաբևեռային խաղեր ստեղծել, որ շփոթեցնի դիմացինին:

– Դուք ամենափորձառու, հիմնարար և ինստիտուցիոնալ ընդդիմություն լինելու համարում ունեք: Ինչպե՞ ս եք գնահատում այսօրվա քաղաքական ներկապնակը:

– Բավականին վատ, բավականին բացասական, երկար ժամանակ անցավ, մինչև դաշտն այսպիսին եղավ: Ես առաջին կամ երկրորդ անգամ չէ, որ ասում եմ` դա սկսվեց 1995-1996 թվականներից: Մենք ունեինք ողջ պոտենցիալը, մենք էապես տարբերվում էինք հետխորհրդային բոլոր երկրներից, մենք ամենամեծ շանսերն ունեինք, մենք ունեինք շարժում, որտեղ ներգրավված էր նաև բավականին մեծ ինտելեկտուալ ուժ, այսինքն` այդ ամեն ինչը հեչ արվեց պարզ իշխանություն պահելու համար, որն ինձ համար անհասկանալի է, իսկ այդ մարդկանց ճանաչելով` ես զարմանում եմ` արժե՞ր թնդանոթով ճանճ խփել:

– Կարծես թե զղջումի զգացում էլ չկա:

– Զղջումի զգացում էլ չկա, իսկ քաղաքական դաշտում հայտնի է, որ եթե դու քաղաքականությամբ ես զբաղվում. երիտասարդ է, մտել է քաղաքական կուսակցություն, ինքը ինչպես գիտնականը մտնում է գիտության մեջ, ինչքան էլ անկեղծ ես վերաբերվում քո գործին, բայց ուզում ես քո գործում առաջ գնալ` զինվորականն ուզում է գեներալ դառնալ, գիտնականն ուզում թեկնածու դառնալ, դոկտոր, Նոբելյան մրցանակ ստանալ, երիտասարդն էլ, որ մտնում է քաղաքական կուսակցություն, ուզում է դառնալ պատգամավոր, նախարար, քաղաքապետ, վարչապետ, նախագահ: Պարզվում է, որ նախարար և այլն դառնում են լրիվ ուրիշ մարդիկ: Նայենք այժմյան կառավարության ցուցակը, նախորդ կառավարության ցուցակը, պարզվում է` քաղաքական դաշտով չէ, որ դու պետք է գաս այդտեղ, և դա բերում է որոշ ցինիզմի: Երիտասարդության մի մասը, որ ուզում է մտնել քաղաքական դաշտ, կամ ետ է քաշվում, կամ մտնում է կարիերիստական ուղղության մեջ, և կուսակցությունները, որոնք գաղափարական կուսակցություններ են, իրար հետևից սկսում են քանդվել: Դա ամենամծ վտանգն է, որ մենք կանգնած ենք փլատակների կողքին:

– Խոսեցիք կառավարությունից, Դուք եղել ենք Հայաստանի առաջին վարչապետը, և Ձեզ ևս հավանաբար կհրավիրեն վարչապետների հայտնի ակումբ, որի հետ գործող վարչապետը հույսեր է կապում: Պատրաստվո՞ւմ եք մաս կազմել դրան, թե՞ ոչ, որովհետև Արամ Սարգսյանը, օրինակ, արդեն հայտարարել է, որ չի լինելու այդ ակումբում:

– Հովիկ Աբրահամյանը զանգահարեց ինձ, ասաց, որ այսպիսի մտադրություն ունենք, ոնց եք դուք վերաբերվում դրան, ես ասացի, որ ինչքան երկրներում ես եղել եմ, միշտ շփվել եմ տարբեր երկրների նախկին պաշտոնյաների հետ, որոնք լոբբիզմով են զբաղված եղել իրենց պետության համար, ես գտնում եմ, որ դա անհրաժեշտ ինստիտուտ է, կաշխատի, թե չի աշխատի` ուրիշ բան է, բայց այդ մշակույթը, օրինակ, ԱՄՆ նախորդ նախագահները միշտ աշխատում են հօգուտ գործող նախագահի: 1997 թվականին ես հինգ սենատորի հրավերով Արգենտինայում էի, առավոտյան ինձ նախաճաշի հրավիրեցին, բոլորը նախկին պաշտոնյաներ էին: Արգենտինան սկսել էր ատոմային ռեակտորներ կառուցել, և նրանք ինձ համոզում էին, որ քանի որ Հայաստանին ատոմային էներգետիկա է պետք, ամենաճիշտը կլինի, որ մենք ռեակտորը գնենք Արգենտինայից: Ես պաշտոնյա չէի, ընդդիմադիր էի, իրենք նախկին պաշտոնյա էին, բայց հասկանում էին, որ ես կարող եմ ազդեցություն ունենալ, իրենք էլ այնտեղ ազդեցություն ունեին, իրենք փորձում էին իրենց երկրի գործն առաջ տանել: Ես գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում է:

– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս կազմը, ձևավորման այն հիմքերը, որոնք մղեցին նախագահին գնալու այսպիսի ռադիկալ քայլի:

– Ես որոշել եմ իմ մեջ և ասել եմ, որ նույնիսկ 100 օրն է քիչ, 4-5 ամիս ժամանակ թող անցնի, որ կառավարության աշխատանքը գնահատենք: Քանի որ ես այս տարիների ընթացքում ճանաչում եմ բոլորին, ամեն մեկի մասին կանխավ կարծիք ունեմ, ոմանց էլ չեմ ճանաչում, թերթերից, մամուլից գիտեմ, դրանից ելնելով` եզրակացություն անել, թե իրենք ինչպիսին պետք է լինեն, չեմ ուզում:

– Օլիգարխները կարո՞ղ են պայքարել օլիգարխիայի դեմ:

– Բնական է, որ ոչ:

– Կառավարության կազմում կա՞ն օլիգարխներ, պարոն Մանուկյան:

– Ցանկացած երևույթի դեմ կարելի է պայքարել, կարելի է օգտագործել: Ես միշտ օգտագործման կողմն եմ: Ես օրինակ բերեմ Ֆինլանդիայից: Ֆինլանդիայում եղավ մի պահ, երբ կառավարությունը հրավիրեց օլիգարխներին և գիտնականներին ու խնդիր դրեց, որ երկիրը գիտատեխնիկական բրենդ ունենա, և ստեղծվեց Nokia-ն: Այսինքն` Ֆինլանդիայի իշխանությունները ոչ թե իրենց առջև հարց դրեցին, որ օլիգարխներին ջարդենք, իրենք ասացին, որ կա պատրաստի մի բան, դնենք այն շրջանակի մեջ, որ իրենք օգտակար լինեն երկրին: Ես միշտ կողմնակից եմ օգտագործելուն, ոչ թե ջարդելուն:

– Բայց դրա համար իտելեկտ, խելք, գիտելիք, երազանք…

– Այո, նպատակներ եթե ունենաս, միշտ էլ կգտնես մարդկանց: Օրինակ` վարչապետը պետք է լուծի խնդիրներ կապված գիտության հետ, կրթության հետ, տնտեսության հետ, ռազմական գործի և ամեն ինչի հետ: Ոչ մի մարդ չի կարող այդ ամեն ինչն իմանալ: Բայց ինքն այնքան լայնախոհ պետք է լինի, այնքան շատ բան իմանա աշխարհի մասին, որ նաև իմանա, թե ում միջոցով ինչ հարց կարելի է լուծել, այսինքն` ինքը հասկանա, որ ինքը պետք է իմանա ամեն ինչ, բայց ամեն մի ասպարեզում իրենից տասնապատիկ ավելի շատ իմացողներ կան, ու եթե այդ մարդիկ չներգրավվեն աշխատանքի մեջ, այդ գործը կտապալվի:

– Պարոն Մանուկյան, Դուք նաև Հայաստանի պաշտպանության նախարար եք եղել: Մենք լրջագույն խնդրի առջև ենք հայտնվել` մի կողմից Աստանա, երեկ էլ երկու դիպուկահարների կրակոցներից երկու պայմանագրային զինվոր ենք կորցրել, և համացանցում, հանրության շրջանում նորից տագնապ է: Եվ սա այն գործընթացներին զուգահեռ, որ տեղի են ունենում նաև ԼՂ կարգավորման հանգրվանում, այն հայտարարությունից հետո, երբ Շվեյցարիայի արտգործնախարարը, ԵԱՀԿ գործող նախագահը խոստացան նոր փուլ կարգավորման գործընթացում, որը կմեկնարկի նախագահների հետ հանդիպման…

– Եկեք իրարից երկու բան անջատենք: Երբ դու վերք ունես, եթե վերքիդ ձեռք չտաս, կամաց-կամաց կսպիանա, կփակվի, էլ վերքը չի լինի: Եթե դու ուզում ես վերքը չփակվի, դու պետք է անընդհատ քորես: Հիմա այս իրավիճակը, երբ զինադադար է, ձեռնտու էր հայկական կողմին, ոչ թե ադրբեջանական: Ադրբեջանական կողմի համար կարևոր էր, որովհետև ինքը պարտվում էր: Զինադադարը խախտվի, էլի կպարտվի: Բայց ադրբեջանական կողմը հասկանում է, որ բանակցություններով հնարավոր է հարցը լուծել միայն այդ դեպքում, եթե նա ընդունի Ղարաբաղի անկախությունը: Այդ դեպքում կարող է լուրջ բանակցություններ գնան տարածքների վերաբերյալ, փախստականների վերաբերյալ:

– Բայց Ղարաբաղի շուրջ չի կարող լինել:

– Դրա շուրջ չի կարող գնալ: Հետևաբար, հետ բերելու միակ ճանապարհը պատերազմն է, այսինքն` ժողովրդին դու պետք է միշտ լարված պահես, որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի, որովհետև եթե սպիանա վերքը, ոչ մեկին այդ պատերազմին մղել չես կարող: Ոնց որ մենք հիշենք, որ մոնղոլները եկել էին Հայաստանի վրա և սկսենք պատերազմ մոնղոլների դեմ: Դա վաղուց սպիացած, հին վերք է: Դրա համար Ադրբեջանին միշտ ձեռնտու է այդ ճանապարհով վերք քորել: Դա մեզ ձեռնտու չէ:

– Եվ կարծես ձեռնտու է, որ չլինի պատերազմ, լինի այսպիսի աշխատող…

– Պատերազմ ինքն ուզում է անել այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրան: Հիմա այդ ժամանակը չէ: Դրա համար անկախ մեր քաղաքական գործընթացներից` մենք Եվրոպայի հետ ինչ հարաբերություն ունենք, Ռուսաստանի հետ ինչ հարաբերություն ունենք, կամ մյուսների հետ, դա լինելու է, դա անխուսափելի է, որովհետև դա է Ադրբեջանի քաղաքականությունը մինչև այն պահը, որ ինքը որոշի, որ անիմաստ է և Ղարաբաղից հրաժարվի: Այդ դեպքում այդ բոլոր հարցերը կլուծվեն:

Ինչ վերաբերում է Աստանային` դա արդեն ավելի լուրջ խոսակցություն է, ոորվհետև անալիզ է պետք անել: Ես հեռվից կսկսեի, որովհետև իմ շատ ընկերներ էլ գտնում են, որ ամենասկզբից, հաշվի առնելով Ղարաբաղի հարցը, հաշվի առնելով, որ մենք 1990-ական թվականների սկզբին արդեն պայմանագիր ունեինք Ռուսաստանի հետ բազայի վերաբերյալ, սահմանների պաշտպանության վերաբերյալ, ավելի լավ է փորձել ոչ ասոցացված անդամ լինել, ոչ էլ Ռուսաստանի, այսինքն` պահել չեզոքությունը, և երկու կողմին էլ բացատրել, թե դա ինչու եղավ: Եթե երկու կողմն էլ դա ընդունի, ես կարծում եմ, որ դա մեզ համար լավագույնը կլիներ:

– Եթե մենք այնտեղ չլինեինք, գուցե ընդուներ մյուս կողմը…

– Եկեք վերցնենք առաջին տարբերակը` երկու կողմում էլ չլինեինք` երկու կողմին էլ բացատրելով: Վերջիվերջո, Եվրամիության նախորդ պրոցեսներին մեր մոտեցումը Ռուսաստանը լավ էր ընդունում մինչև ինչ-որ մի պահ: Որոշ մարդիկ, ովքեր ավելի շատ են մասնակից բանակցություններին, ինձ ասում են, որ դա հնարավոր չէր անել, չգիտեմ, բայց եթե դա հնարավոր լիներ անել, ես կհամարեի, որ դա այս պահին ճիշտ է:

– Դե գոնե Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ իսկապես հնարավոր չէ, Եվրոպան իսկապես պնդում էր…

– Մենք արդեն գալիս ենք երկրորդ քայլին, երբ արդեն որոշեցինք` այստեղ, թե այնտեղ: Ու մի քիչ անբնական բան է: Եթե դու անվտանգության հարցը, ստրատեգիական գործընկերությունը լուծել ես մի երկրի հետ, դու կարող ես տնտեսականը ուրիշ երկրի հետ ստորագրել միայն այն դեպքում, եթե այդ երկու երկիրն իրար հետ շատ մոտիկ են: Բնական հակասություններ էին առաջացել Եվրամիության և Ռուսաստանի միջև: Եվ այդ դեպքում եթե ընտրեիր, պետք է այնտեղ ընտրեիր: Եվ դրա համար այդ քայլը` դեպի այն կողմ գնալ, ես ընդունում եմ: Ես ինչին եմ դեմ` այդ քայլի իրականացման ձևին: Մենք հիմա գործ ունենք այն որոշումներ հետ, որոնք ազդելու են ոչ միայն մեր, այլ մեր ապագա սերունդների վրա, մեր ազգային երազանքների վրա և այլն: Եվ դա միայնակ որոշել` լինի դա նախագահ, լինի դա կուսակցություն, հնարավոր չէ: Կան հարցեր, որոնք ամբողջ հասարակությունով քննարկելը ևս ճիշտ չէ, որովհետև կոնֆիդենցիալ էլեմենտներ կան: Ես կարծում եմ, որ նախագահը մի քանի անգամ պետք է հրավիրեր անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ հրավիրեր նախկին բոլոր նախագահներին, վարչապետների մի զգալի մասին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, ընդդիմադիր խոշոր կուսակցությունների,- գոնե պառլամենտում ներկայացված,- ղեկավարներին: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ, որ անցել են այդ ուղին, այնքան պատասխանատվություն են զգում երկրի նկատմամբ, որ չէին օգտագործի դա, հետո դուրս գային թղթակիցներին ինչ-որ բաներ ասեին միավորներ հավաքելու համար: Այդ դեպքում այդ որոշման ետևում արդեն կանգնած կլիներ հասարակությունը, եթե ոչ ամբողջ հասարակությունը, ապա հասարակությանը տանող այդ ուժը կլիներ: Դա մեկ:

Երկրորդ` երբ մենք որոշեցինք մաքսային մտնել, ես չգիտեմ, թե ինչպես է դա իրականում տեղի ունեցել, բայց ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ Եվրամիության հետ հանդիպումների սկզբում բացատրել, թե մենք այսպիսի քայլ ենք ուզում անել, դա է պատճառը` մեկ, երկրորդ` մենք ոչ միայն Ռուսաստանի հետ պետք է խոսեինք, այլ նաև պետք է Բելառուսի և Ղազախստանի հետ խոսեինք, որ մենք մտնում ենք ձեր ընկերության մեջ, ոչ թե Ռուսաստանն է մեզ մտցնում, այլ մենք ենք ուզում մտնել ձեր ընկերության մեջ: Այսինքն` պրոցեսը կարող էր երկարել, բայց մենք պետք է խոսեինք նաև Բելառուսի և Ղազախստանի հետ: Ես շատ կարևորում եմ ռուսների դերը, բայց ես չեմ գերագնահատում այնպես, ինչպես մարդկանց մի մասն է անում: Ըստ որում` մարդկանց մոտ նաև մի սխալ պատկերացում կա, որ ղարաբաղյան պատերազմը լուծեն ռուսների միջոցով: Ինձ համար զարմանալի է: Հայերն այնքան են սովոր, որ չեն հաղթելու, որ…

– Նույնիսկ այդ իրական հաղթանակն են վերագրում…

– Իրապես իրենք են հաղթել, ոչ թե ռուսներն են հաղթել, ոչ ռուս զնիվոր է եղել, ոչ ռուսների եզակի զենքերն են եղել, ընդհակառակը` 10 անգամ ավելի շատ զենք ու զինամթերք Ադրբեջանն է ստացել, քան Հայաստանը, և դա է բերել նրան, որ հայերի նկատմամբ մեծ հարգանք է առաջացել ռուսների մոտ և նույնիսկ Թուրքիայում: Ես խոսել եմ թուրք որոշ պաշտոնյաների հետ, իրենց մոտ հաղթողի նկատմամբ միշտ հարգանք է: Եվ այս դիրքերից ելնելով, ինչքան էլ մեզ համար կարևոր է Ռուսաստանը, ես կարծում եմ, որ կարելի էր պրոցեսները մի քիչ ավելի հանդարտ տանել: Աստանան ինչ-որ իմաստով դրա հետևանքն էր: Նազարբաևի հայտարարությունը մի կողմից անսպասելի էր, որովհետև իր ասածի մեջ կարծես հարձակում կար, ըստ որում` միգուցե ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ռուսաստանի…

– Եվ նույնիսկ որ մենք ցանկալի չենք:

– Կպատասխաներ Սերժ Սարգսյանը, թե չէր պատասխանի, երևի ճիշտ էր պատասխանելը, բայց կարևորն այն է, որ Դուք ասացիք` մենք գտնվեցինք մի ճամբարում, որտեղ ցանկալի չենք: Ըստ որում` ես մի բան էլ ասեմ, որը շատ վիճելի է: Ես չեմ գտնում, որ Եվրասիական միությունը երկար կյանք ունի կամ արդյունավետ միություն է լինելու: Ինչո՞ւ: Միություններն ինչպե՞ս են առաջանում` պատմությունից կարող եմ ասել. երբ մի երկիր գրավում է ուրիշ երկրներ, ոչ թե դարձնում է իր տարածք, այլ դարձնում է միություն: Դա մի ձև է, որն այստեղ չկա: Ռուսաստանը չի գրավել Ղազախստանը:

Երկրորդ ձևը գաղափարականն է: Սովետական Միությունը ամենածայրահեղ գաղափարականն էր` գաղափարի շուրջ համախմբվել էին ինչ-որ ժողովուրդներ: Ճիշտ է, Ռուսաստանը դոմինանտ էր, բայց գաղափար կար: Եվրամիությունն առաջացավ առևտրի շուրջ, բայց այն գաղափարական բան է: Նրա մոտ ազատության գաղափարը, ժողովրդավարության, մարդու իրավունքների դաղափարն է և բավականին մեծ արժեքներ եկել են քրիստոնեությունից, քրիստոնեությունը ինքը չի վերցրել որպես դոմինանտ, բայց քրիստոնեությունից դուրս եկած որոշ արժեքներ վերցրել է: Եվ մենք գործ ունենք գաղափարական ուժի հետ, որի մեջ կրկնակի ստանդարտներ կան, ամեն ինչ կա, բայց գաղափարի շուրջ է:

Հիմա այստեղ երեք պետություններ են միացել իրար հետ` երեքն էլ իրենց էգոիզմով: Բելառուսը կուզենա Ռուսաստանի շուկայից օգուտներ քաղել, Ղազախստանը ոչ միայն ուզում է օգտվել, այլև կուզենա իր ընկերներին` Ադրբեջան, Թուրքիա, մտցնելով սրա մեջ` Ռուսաստանին էլ խեղդած վիճակում պահել: Այսինքն` ինքը ուժ ունենա:

– Գումարած մի քիչ էլ վախենում է Ուկրաինայի այս դեպքերից:

– Չէ, Ղազախստանում այդպիսի դեպքեր չեն լինի: Ղազախստանը շատ կայուն պետություն է այդ տեսանկյունից, ոչ մի ուժ չի կարող խառնվել Ղազախստանում…

– Բայց Նազարբաևը հավերժ չէ:

– Բայց ոչ ոք չի հասկանում, որ նա հավերժ չէ: Բոլորը մտածում են, որ իրենք հավերժ են: Խոսքն ուրիշ բանի մասին է: Նազարբաևն ինքն է այդ գաղափարը 1990-ական թթ.. առաջինը տարել, ինքը գտել է, որ դրա անհրաժեշտությունը կա: Տվյալ դեպքում ինքը կուզենա և Ռուսաստանից օգտվել, և մյուս կողմից էլ իր ընկերներին մտցնելով այս դաշինքի մեջ` «վերխ» չասեմ, կոպիտ կհնչի, բայց կարողանա Ռուսաստանին զսպող ուժ դառնալ: Այդ տեսանկյունից Հայաստանն իրեն բացարձակ պետք չէ…

– Այո: Որովհետև մենք լինելու ենք ռուսների հետ:

– Ուշ, թե շուտ լինելու է մի պետություն, մի ձայն: Հայաստանի փոքր լինելը քվեարկելու ժամանակ արդեն նշանակություն չունի: Ինչու ձայն տալ Ռուսաստանին, որովհետև Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի գործընկեր և ոչ թե ընդհանուրի, որը շատ վտանգավոր է մեզ համար:

– Ղարաբաղի առումով կարո՞ղ են վտանգներ լինել այստեղ: Ռուսները համառորեն պնդում են, որ չեն կարող Ղազախստանին և Բելառուսին հասկացնել, որ մաքսակետ չպետք է դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև:

– Այս խնդիրները ի սկզբանե նախատեսված են: Հայաստանը մի քանի տարբերակ ունի: Հիմա այդ տարբերակները չքննարկեմ, բայց վերջիվերջո` ես կարծում եմ, որ մեր տնտեսությունն այն վիճակում է, որ մեզ ո՛չ Ռուսաստանի շուկան, ո՛չ Եվրամիության շուկան չեն օգնելու: Նախ մենք պետք է մեր ներսում եղած հարցերը լուծենք: Այնպես չէ, որ մեր շուկաները լցվել են, գերարտադրություն ունենք, ու մենք հիմա փնտրում ենք դրսի շուկաներ և այլն, և այլն: Մենք այդ վիճակում չենք գտնվում, մենք բավականին ազատ ենք, ինքնուրույն, մենք կարող ենք խռովել, մեզ վեր պահել, ազատության աստիճան բավականին ունենք: Բազմաթիվ ձևեր կան «ոտքերը սեղմելու տոռմուզի վրա», ուր ենք շտապում:

– Այսինքն` սպասել և տեսնել, թե ինչ է լինում:

 

ԳՊՄԻ-ում բացվեց Վահան Չերազի անվան լսարան

չերազ 004Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լսարաններից մեկը անվանակոչվեց   ֆիզկուլտուրայի եւ սպորտի պատմության մեջ անգնահատելի վաստակ ունեցող հայտնի հայ մարզիկ, Հայաստանում սկաուտական շարժման հիմանդիր Վահան Չերազի անունով: Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի լսարաններից մեկը Չերազի անվամբ անվանակոչելու նախաձեռնությամբ Շիրակի մայր բուհում հանդես էին եկել դեռ տարիներ առաջ, այսօր նախաձեռնությունը կյանքի կոչվեց բուհի գիտխորհդի որոշմամբ ու նշանավորվեց նաև քանդակագործ Արտուշ Պապոյանի եւ նրա որդու հեղինակած կիսանդրու բացմամբ: Միջոցառմանը ներկա էին Չերազի հարազատներն ու ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը: Չերազի կյանքի ու հատկապես ալեքպոլյան որբանոցում ծավալած գործունեության մասին խոսեցին, պատմեցին ու Չերազ մարդու կերպարը բացահայտեցին ինչպես Շիրակի մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այնպես էլ Չերազի դուստրը՝ Բյուրակն Չերազն ու թոռը՝ Ավետիք չերազ 002Իշխանյանը: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ Չերազի անվան լսարանում կծավալվի լուրջ գիտական աշխատանք՝ Չերազ ուսուցչի, դաստիարակի, հասարակական գործչի ու մարդու մասին դեռեւս անհայտ էջերի բացահայտումներով:

Հայաստանի երեք բռնցքամարտիկ հանդես կգա Չեխիայի միջազգային մրցաշարի եզրափակչում

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՉեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում անցկացվող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը եզրափակչում հանդես գալու իրավունք են ստացել:

Կիսաեզրափակչում   Երիցյանը տեխնիկական նոկաուտով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Սաղաթելյանին, Դարչինյանն առավելության է հասավ իտալացի Ալֆոնսո Դի Ռոսսոյի,  Հովիկյանը` իռլանդացի Կոնոր Կոյլի նկատմամբ:

56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը կիսաեզրափակչում զիջեց Հոլանդիան ներկայացնող Էնրիկո Լա Կրուզին և բրոնզե պարգև կստանա:

Միսակ Մարտիրոսյանը 6-րդ դիմումն է հղել՝ պահանջելով քրեական գործ հարուցել քննիչների ու հսկող դատախազի դեմ

07.06.34 (1)ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը  թվով 6-րդ դիմումն է հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով  քրեական գործ հարուցել իր վերաբերյալ գործը քննող քննիչների ու հսկող դատախազի նկատմամբ: Նույն այս խնդրանքով Միսակ Մարտիրոսյանն ավելի վաղ թվով  5 դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազին՝  սկսած 09.01.2014 թվականից:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, իր պաշտպանյալն այս պահանջը հիմնավորում է նրանով, որ «քննիչների կողմից գործարքների արդյունքում ձեռք բերված կեղծ և շինծու ցուցմունքներն ստեղծագործաբար մոտենալով» Մ.Մարտիրոսյանին ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ

Արևայրուքը մեծացնում է երեխաների մաշկի քաղածկեղի ռիսկը

262298_10151156355537416_1885392179_nՄաշկի քաղցկեղի ամենամահացու տեսակի զարգացման ռիսկը կարող է սերտորեն կապված լինել երիտասարդության ժամանակ արևարհարման հետ, պնդում են գիտնականները:

Նոր հետազոտությունը պարզել է, որ կանայք, ովքեր պատանեկության տարիներին առնվազն հինգ անգամ արևահարվել են, նրանց մոտ մաշկի քաղցկեղի երեք հիմնական ձևերի զարգացման հավանականությունը մեծ է: Բայց վտանգը հատկապես բարձր է մելանոմայի զարգացման համար, որը տարեկան մոտ 8,800 ամերիկացիների կյանք է խլում:

Կանայք, ովքեր պարբերաբար ենթարկվում են բարձր քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, նրանց մոտ չի արձանագրվել մելանոմայի զարգացման ռիսկը, սակայն մեծանում է մաշկի քաղծկեղի կրկնակի ռիսկը:

«Ծնողները պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց երեխաներին` այրվածքներից խուսափելու համար, որը հետագայում չվերածվի մաշկի տարբեր տեսակի քաղծկեղի», – ասել է Բրաուն Համալասարանի դոկտոր Աբրար Ա. Քուրեշին:

Նրա խոսքերով, չենք կարող նվազեցնել արևի ազդեցությունը ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի խուսափենք մելանոմայից, սակայն պետք է վաղ տարիքում արևայրուքը կամ արևահարումները վտանգը մեծացնում են:

Գիտնականների հավաստիացմամբ, արևայրուքից կամ արևի երկարատև ազդեցությունից պետք է զգուշանան հատկապես բաց գույնի մաշկ, մազեր, աչքեր և շատ խալեր ունեցող անձինք: Պետք է անհանգստանալ անհամաչափ, գունափոխված կամ մեծացած խալի ժամանա: Դա կարող է մելանոմայի նշան լինել։

Եգիպտոսում ևս 10 հոգի մահապատժի է դատապարտվել

egiptosԵգիպտոսում ռազմական հեղաշրջման ևս 10 հակառակորդ մահապատժի է դատապարտվել: Նրանց թվում է նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամներից Աբդուրահման ալ Բիրը: Շիբրա ալ Հայմայի քրեական դատարանը քննել է 48 ամբաստանյալի գործ, որոնք մեղադրվում են բռնության գործադրման մեջ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ 10 ամբաստանյալի մահվան դատավճիռները ուղարկվել են Եգիպտոսի մուֆթիի հաստատմանը: Մինչև հուլիսի 5-ը պարզ կդառնա հաստատման հարցը:

2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջումից հետո դրա հակառակորդները արգելափակեցին դեպի Ալ Քալյուբ քաղաք տանող մայրուղին: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով 2 մարդ էր զոհվել, 35-ը՝ վիրավորվել:

 

Սուտ ցուցմունք տալու մեղադրանքում արդարացվել է

07.06.30Դատարանը ճանաչել և հռչակել է Արտաշատ քաղաքի բնակիչ Խորեն Հովհաննիսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացվել է:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 26-ի ժամը 00:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում գտնվող գիշերային ակումբի մոտ Վանիկ Պողոսյանի կողմից դանակով դիտավորությամբ իր առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննիչի՝ 30.01.2013թ. որոշմամբ Խորեն Հովհաննիսյանը, ճանաչված լինելով որպես տուժող և քննիչի կողմից նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ 30.01.2013թ. հարցաքննության ժամանակ դեպքի հանգամանքների վերաբերյալ դիտավորությամբ, տվել է սուտ ցուցմունք` իբր իրեն դանակով չեն հարվածել և մարմնական վնասվածքներն ստացել է երկաթե ձողի վրա ընկնելու հետևանքով:
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետքերով

downloadՀունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել:
Հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, իսկ Ժամը 00.50-ին թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վերքով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

 

Սուտը և ստեղծագործական ունակությունը միևնույն երևույթներն են

1 (17)Սուտը և ստեղծագործական ունակությունները նույնն են: Այդպիսի եզրակացության են եկել գիտնականները: Ըստ վերջին հետազոտությունների` այս կամ այն գործողության կատարման հետ կապված սուտը կարող է մեծացնել ստեղծագործական ունակությունները` ստիպելով մարդկանց ավելի քիչ պարտավորված լինել սովորական կանոնների նկատմամբ:

«Ընդհանրապես, «կանոնները նախատեսված են խախտելու համար» արտահայտությունը նույն արմատներն ունի ստեղծագործության ունակության հետ: Այսինքն` թե´ ստեղծագործելը, թե´ ստելը իրականուն կանոնների խախտում են», – ասել է Հարվարդ բիզնես դպրոցի հետազոտության ղեկավար Ֆրանչեսկա Ջինոն: Անազնվության և ստեղծագործության միջև կապը ուսումնասիրելու համար Ջինոն և իր գործընկեր Սկոտ Ուիլթերմութը մի շարք փորձեր են կատարել, նույնիսկ խրախուսել մարդկանց ստել: Մասնակիցներին ասել են, որ կփոխհատուցվեն մի շարք մատրիցաների հիման վրա, որոնք կարողանան լուծել: Մասնակիցները ներկայացրել են երեք բառ, օրինակ` ցավ, ուս, քրտինք, այնուհետև նրանց խնդրել են չորորդ բառն արտահայտել, օրինակ` ցուրտ:

Ջինոն և Ուիլթերմութը պարզել են, որ մասնակիցների մոտ 59 տոկոսը ստել են փորձի ժամանակ, այդպիսով խաբելով մատրիցաներին կարծես ասոցացվել են ստեղծագործական մտածողության խթանի հետ: Լրացուցիչ տվյալները վկայել են, որ ստելը կարող է խրախուսել հետագա ստեղծագործական ունակությունները և ավելի շատ խախտել կյանքի կանոնները: Սակայն խնդիրն այն է, որ դա կարող է հանգեցնել ոչ բարոյական վարքագծի: Ավելի վաղ հետազոտության ժամանակ Ջինոն պարզել է, որ խրախուսելով կաղապարային մտածելակերպը կարող է հանգեցնել մարդկանց ավելի անազնիվ որոշումներ կայացնելուն և բախվել բարոյական երկընտրանքին:

«Այդ երևույթի ուսումնասիրությունը կենտրոնանում է ավելի շատ անազնվության հետևանքների վրա` մեծացնելով ստելու հնարավորությունը: Գուցե դա է պատճառը, որ անազնվությունն այդքան տարածված է մերօրյա կյանքում և մարդիկ դառնում են ավելի ստեղծագործող, իսկ ստեղծագործական ունակությունները շատ հարմար պատճառաբանություն են մեր անբարոյական վարքի համար», – նշել է Ֆ. Ջինոն:

Այժմ գիտնականները շարունակում են հասկանալ, թե մարդիկ  ինչպես են արձագանքում այն ժամանակ, երբ անազնվությունն ու ստեղծագործականությունը համակցվում են:

 

Վարչապետն ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը

13178Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ և երախտագիտություն հայտնել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ նրանց սերտ համագործակցության համար: Ա. Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջև՝ աշխատանքների արդյունավետ համակարգման և մասնագիտական վերապատրաստման համատեքստում:
Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից և հետագա միտումներից: Նա նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում:
Ռ. Նազարյանը, ընդգծելով երկու հանձնաժողովների միջև համագործակցության բարձր մակարդակը, շեշտադրել է դրա խորացման ուղղությամբ առկա իրենց պատրաստակամությունը:
Վերջում վարչապետ Արա Հարությունյանը հյուրերին է ներկայացրել «Արցախֆոն»-ի առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մասնակցության հրավեր. «ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբար

YBA1.jpg1«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ընդունում է հայտեր «ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբարի մասնակցության համար: Վրանային ճամբարը տեղի կունենա ս.թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձրիստան գյուղի տարածքում, վրանային պայմաններում: Կեցության (վրան և քնապարկ), սննդի և մասնակիցների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մասնակիցների տեղափոխությունը կատարվելու է Երևան քաղաքից: Մասնակիցները ապրելու են դաշտային պայմաններում:

Ճամբարի նպատակն է խթանել էկոկրթությունը և առողջ ապրելակերպը Արցախում, կատարել հաջողված փորձի փոխանակում և Հայաստան-Արցախ երիտասարդական կազմակերպությունների համագործակցության զարգացում: Ճամբարին կարող են մասնակցել  Հայաստանի և Արցախի 18-30 տարեկան երիտասարդ բնապահպաններ, բնապահպանության և հարակից ոլորտների ուսանողներ և մասնագետներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ և այլն:

Ճամբարի ընթացքում Հայաստանից և Արցախից շուրջ 60 մասնակիցների համար կիրականացվեն տեսական և գործնական դասընթացներ բնապահպանության, էկոտուրիզմի, առողջ ապրելակերպի, օրգանական սննդի և կամավորական աշխատանքի վերաբերյալ: Ճամբարի շրջանակներում կիրականացվեն ճանաչողական արշավներ, խաղեր,  մրցույթներ, խմբային վարժանքներ և այլն: Նախատեսվում է նաև Հայաստանի և Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների գործունեությունը, երիտասարդների համար առկա տեղական և միջազգային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը՝ https://docs.google.com/forms/d/10ahf3r1bNB-3HErR4p63EGXisVxrCgZ_6geVdTlomkY/viewform

Նախիջևանի սահմանին տեղի ուենցած միջադեպում կա Թուրքիայի գործոնը. Վարդան Դևրիկյան

DSC09039«Որքան Ցեղասպանության հարյուրամյակը մոտենա, այնքան Թուրքիան Ադրբեջանին օգտագործելու է որպես երկրորդ ճակատ՝ ուշադրությունը շեղելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց  ազատամարտիկ, գրականագետ Վարդան Դևրիկյանը` անդրադառնալով Հայաստան-Նախիջևան սահմանագոտում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, ինչի արդյունքում 2 պայմանագրային զինծառայող է զոհվել:

Ըստ նրա` դեպքում կա Թուրքիայի գործոնը. «Նախիջևանի սահմանի վրա տեղակայված ադրբեջանական համազորային կայազորը խառնված է թուրքական բանակի հետ»,- ասաց Դևրիկյանը:

Ըստ Դևրիկյանի` սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել, որ ինքը բանակցային գործընթացում հանդես է գալիս ուժի դիրքերից և Մինսկի խմբի երկրների մոտ ցույց է տալիս, որ դժգոհը, անզուսպը ինքն է:

Նրա բնութագրմամբ՝ այս անգամ իրավիճակի տարբերությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ Նախիջևանում, քանի որ այդտեղ միշտ հարաբերական անդորր է եղել, ինչն էլ գուցե դարձավ այս կորուստների պատճառը. «Սրանով կարծես հենց ադրբեջանցիները մեզ սթափեցրին»:

«Երևանը պատերազմի շունչը զգաց, որովհետև կրակոցները շատ մոտ էին»,- նկատեց գրականագետը:

Նրա կարծիքով`  զոհերը բանակում կնվազեն երեք դեպքում: Առաջին` եթե վերանան միջանձնային հարաբերությունները, որոնք հասարակությունից գնում են բանակ, երկրորդ` եթե հերթապահության ժամանակ քնելու դեպքերը վերանան, և երրորդ` եթե անվտանգության տեխնիկայի կանոնները պահպանվեն:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, թե մենք սովորույթի պես ընդունել ենք, որ ադրբեջանցին կարող է Տավուշում սահմանը խախտել. «Մենք փաստորեն սովորութային իրավունքի նման ընդունել ենք, որ Տավուշի, Շամշադինի և  Նոյեմբերյանի սահմանների անդորրը պետք է  խախտվի: Դա առօրյա ենք ընկալում, որովհետև իշխանությունը իրավական կամ քաղաքական դիրքորոշումով չի դրել այդ հարցը: ԵԱՀԿ և ԵԽ հարթակներում դա չի դարձել օրակարգային հարց, ինչպես անում է Ադրբեջանը»,- ասաց նա:

Նրա խոսքով` այն հանգամանքը, որ  Հայաստանը չի պատասխանում ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությանը, տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն իրեն մեղավոր է զգում, որ կարողացել է դիմադրել և թույլ չտալ խաղաղ բնակչությանը սեփական տներից դուրս հանելը:

«Մենք իրավունք ունենք ԼՂՀ-ի մասին խոսել միջազգային իրավունքի տերմիններով: Չպետք է գլուխներս կախ գցենք, երբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ անգրագետ քաղաքական գործիչ նամակ է ուղարկում, և նույնքան անգրագետ մեկ այլ քաղաքական գործիչ ընթերցում է այն»,- ասաց նախկին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, թե այնպես, ինչպես Ուկրաինայում և Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել և մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից. «Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների օրինակով»,- ասաց նա:

 Անկախ

Սամվել Բալասանյանն ընդունեց «Սպորտը հանուն հաջողության» ծրագրի մասնակիցներին

IMG_4558Այսօր՝ հունիսի 7-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն  ընդունեց  հատուկ կարիքավորների խնդիրներով  զբաղվող «Ագաթ» կենտրոնի,  MIUSA ամերիկյան կազմակերպութան  և  «Փյունիկ»  միության  ներկայացուցիչներին,  որոնք Գյումրիում էին «Սպորտը հանուն  հաջողության»  ծրագրի շրջանականերում:

Քաղաքապետը նախ ողջունեց Գյումրի ժամանած հյուրերին և շնորհակալություն հայտնեց քաղաքի հատուկ կարիքներ ունեցող անցած ցուցաբերվող նյութական և բարոյական հսկայական աջակցության համար, ինչպես նաև կարևորեց հաշմանդամ երիտասարդների ներգրավումը սպորտային կյանքում, ինչի ուղղությամբ արդեն իսկ արված են գործնական քայլեր:

Պատասխան խոսքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին  քաղաքապետին ընդունելության և իրենց ծրագրերին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց  տարբեր սպորտաձևերում ներգրավվելու ամերիկյան փորձը և դրանց հնարավոր ներգրավումը Հայաստանում: Բանախոսները տեղեկացրին նաև, որ այդ նպատակի համար հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան:  Տեղեկացվեց նաև, որ սեպտեմբերի 17-28-ը Հայաստանյանից 10 հոգանոց պատվիրակություն կմեկնի ԱՄՆ փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին  հուշանվերներով:

 

Թայիփ Էրդողանի սկանդալային խոսակցության ձայնագրությունը մոնտաժի արդյունք է

montajԹուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի փորձագիտական քննության արդյունքների համաձայն՝ ամիսներ առաջ «Youtube» կայքում հայտնված վարչապետ Թայիփ Էրդողանի խոսակցության ձայնագրությունները մոնտաժի արդյունք են: Այս եզրակացությունը խորհուրդը ուղարկել է Անկարայի գյխավոր դատախազություն:

Փորձագետները արձանագրել են, որ Թայիփ Էրդողանի խոսակցությունը որդու՝ Բիլալ Էրդողանի հետ տարբեր ժամանակներում հնչած արտահայտություններից մոնտաժված մի ձայնագրություն է: Ընդ որում, օգտագործվել են ոչ միայն Էրդողանի կողմից հնչեցված բառեր և արտահայտություններ, այլև վանկերի համադրման եղանակով ստեղծվել են նոր բառեր:

Բաշար Ասադին հաղթանակի առիթով երեք նախագահ է շնորհավորել

asadՍիրիայում ներքաղաքական պատերազմի երրորդ տարում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: Բաշար Ասադը, հավաքելով ընտրողների ձայների 88,7 տոկոսը, վերընտրվեց Սիրիայի նախագահ: Վերջինիս այս կապակցությամբ շնորհավորել են միայն երեք պետության նախագահ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրը և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը զանգահարել և շնորհավորել են Բաշար Ասադին: Բացի այդ, Ասադին շնորհավորել է նաև լիբանանյան «Հզբալլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը:

Հունիսի 3-ին Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները քննադատության արժանացան ՄԱԿ-ի, ինչպես նաև միջազգային հանրության կողմից՝ դրանք համարելով անօրինական:

ՀՀ նախագահի հրամանագիրը Կ. Մինասյանին ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին

734434Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.

Կարինե ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:

2014 թ. Հունիսի 7, Երևան

Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

30 (1)Հունիսի 2-ից 7-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը:

Այցի արդյունքներն ամփոփելու և փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն իրականացվելու է մինչև 2015թ․ ավարտը և նպատակաուղղված է անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման, սպառնալիքների չեզոքացման եղանակների բացահայտման, անհրաժեշտ ռեսուրսների պլանավորման և դրանց գործադրման ուղիների որոշման միջոցով մինչև 2020թ․ ՀՀ պաշտպանության և անվտանգության համակարգի կայուն զարգացմանը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

կրակոցՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հնդկաստանում ցույցեր են սկսվել էլեկտրականության անջատման պատճառով

India SummerՀյուսիսային Հնդկաստանում հազարավոր մարդկանց զայրացրել է արտակարգ շոգ եղանակի պատճառով էլեկտրականության անջատումը:

Աղքատ Ուտար Պրադեշ նահանգը երբեք բավականաչափ էլեկտրականություն չի ունեցել 200 միլիոն բնակչությանը ապահովելու համար: Այդտեղ սովորական պայմաններում բնակչության միայն մի մասն է օրվա ընթացքում մի քանի ժամով էլեկտրականություն ստանում, իսկ մնացած 63 տոկոսը ընդհանրապես էլեկտրականություն չի ստանում:

Սակայն վերջին շրջանում մինչև 47 աստիճան բարձր ջերմաստիճանի պայմաններում էլեկտրականության պահանջարկը մեծացել է, ինչի պատճառով անջատվել է քաղաքային ջրային պոմպերի և օդորակիչների էլեկտրականությունը:

Ուրբաթ օրը հազարավոր մարդիկ ներխուժել են նահանգի մայրաքաղաք Լակհնաուի էլեկտրակայաններ կողոպտել գրասենյակները և 18 ժամ պատանդ վերցրել աշխատակիցներին մինչև շաբաթ առավոտյան ոստիկանների ժամանելը:

Գոնդայում զայրացած ամբոխը հրդեհել է էլեկտրակայանը: Հրշեջներից երեք ժամ է պահանջվել այն մարելու համար:

Նահանգի պաշտոնատար անձիք փորձում են էլեկտրականություն փոխառել այլ նահանգներից, չնայած այլ տեղերում ևս էլեկտրականության սղություն է նկատվում: