Թուրքիան Մոսուլի հարցով դիմել է ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին

natoԹուրքիան ՆԱՏՕ-ին է դիմել արտահերթ խորհդակցություն հրավիրելու համար Մոսուլում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն արձագանքել է այս դիմումին և նախատեսում է խորհրդակցություն անցկացնել արդեն մոտ ժամերին: Թուրքիան Մոսուլի իրադրության վրա հրավիրել է նաև ՄԱԿ-ի ուշադրությունը:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Իրաքի և Շամի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված թուրքերի թիվը հասել է 80-ի, որոնց շարքում են նաև Թուրքիայի հյուպատոսն ու դիվանագիտական առաքելության աշխատակիցները:

Անկախ

Ադրբեջանում իրավապաշտպանը ճաղերի հետևում է հայտնվել

4Ադրբեջանում Սալյանի շրջանային դատարանը չի փոխել տեղի իրավապաշտպան Էմիլ Մամեդովի կալանքի ձևը փոխելու վճիռը: Վերջինս “Աջակցություն ժողովրդավարությանը” հասարակական կազմակերպության ղեկավարն է:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը` վկայակոչելով իրավապաշտպանի հարազատներին, դատարանը մերժել է կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը:  Մամեդովը ձերբակալվել է մայիսի 13-ին`դրամաշորթության մեղադրանքով:

“Աջակցություն ժողովրդավարությանը” հասարակական կազմակերպությունը Ադրբեջանի հարավային շրջանում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կառույցներից մեկն է: Դրա ղեկավար Մամեդովը բազմիցս հրապարակել է շրջանային իշխանության կառույցներում կոռուպցիայի դեպքեր, ինչպես նաև հանդես է եկել տեղի բնակչության քաղաքացիական իրավունքի պաշտպանությամբ:

Անկախ

Սաուդյան թագավորական ընտանիքի հերթական սկանդալային պատմությունը ավարտվեց անգլիական դատարանի որոշմամբ

saud1968 թվականին Անգլիայի քաղաքացի 19-ամյա Ջանա Հարբը գաղտնի կերպով ամուսնացել էր Սաուդյան Արաբիայի այն ժամանակվա թագավոր Ֆահդի հետ: Սակայն նրանց ամուսնությունը երկար չէր տևել: Քանի որ աղջիկը չէր համապատասխանում թագավորական ընտանիքին, երկու տարի անց նրան հետ էին ուղարկել Անգլիա՝ լռության համար խոստանալով 12 մլն սթերլիգ և երկու բնակարան: Այնուհետև թագավորական ընտանիքից ոչ մի գումար չստացած աղջիկը պատերազմ հայտարարեց նրանց և սաուդ արքայազն Աբդուլ Ազիզը, որպես թագավորի ներկայացուցիչ, ներքաշվեց դատական գործընթացներում:

2003 թվականին Ջանա Հարբին առաջարկեցին վճարել  խոստացված 12 միլիոնն ու Լոնդոնի կենտրոնում երկու բնակարան տալ: Սակայն այս անգամ էլ խոստումը չկատարվեց, քանի որ Աբդուլ Ազիզը, օգտվելով իր անձեռնմխելիությունից, չենթարկվեց դատարանի որոշմանը և հրաժարվեց վճարել փոխհատուցումը: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ տարիներ տևած դատական գործը երեկ ի վերջո ավարտվել է: 11 տարի անց Ջանա Հարբին հաջողվել է հաղթել այս պայքարում: Նա նշել է, որ եթե արքայազնը որոշի բողոքարկել և գործը տեղափոխվի բարձրագույն դատական ատյաններ, ապա նա ֆիլմի կվերածի սաուդյան պալատում անցկացրած տարիների մասին իր գիրքը, որը ներկայումս շարադրում է:

 Անկախ

«Մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք չլուծված հակամարտության խնդիր ունենք». Սեյրան Օհանյան

137531Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց վերջին շրջանում երկրի սահմաններում տիրող անհանգստության հարցը, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունեցավ:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ այդ հարցի քննարկումն ինչ է տվել և հնարավոր չէ՞ արդյոք մեր սահմաններն այնպես կահավորել, որ հնարավորինս զերծ մնանք նման գործողություններից և խուսափենք մարդկային կորուստներից:

Սեյրան Օհանյանի խոսքով` եթե վերլուծենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը և սահմանային իրադրությունը, ապա կգանք այն եզրակացության, որ սահմանին այսօր կայուն լարված իրավիճակ է, ինչը նորություն չէ մեզ համար: «Մենք և մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք ունենք չլուծված հակամարտության խնդիր, ուստի մեր հակառակորդի ռազմատենչ եռանդը պետք է լուծենք հակագործողությունների և կանխարգելիչ գործողությունների միջոցով»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով` հակառակորդի գործողությունները մեզ ստուգելու դիտավորյալ բնույթ են կրում: «Հարցի լուծման համար մենք պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, իսկ դա կայանում է նրանում, որ զերծ պետք է մնանք դիպուկահարների կրակոցներից, հրադարի ռեժիմը խախտելուց, պետք է կանխվեն դիվերսիոն հետախուզումները և ամենակարևորը` միջազգային հետաքննություն անցկացնել, որի մասին ես խոսել եմ նաև Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ: Ցավոք, համանախագահները նշում են, որ այսօր պատարստ չեն միջազգային հետաքննություն իրականացնել` կապված ֆինանսական, նյութատեխնիկական, մասնագիտական ռեսուրսների ներդրումների հետ»:

Ինչ վերաբերում է վերջին օրերի ընթացքում Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած դեպքերին, Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են այն բանին, որ թույլ չտան լարվածության նոր օջախի ստեղծմանը:

Սահմանին տիրող լարվածությանն անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Նա հետաքրքրվեց, թե նախարարը Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին բարձրացրե՞լ է արդյոք հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը:

Սեյրան Օհանյանն ասաց, որ նման հանդիպումները շատ անգամ անցնում են փակ ընթացակարգով և ձեռք է բերվում պայմանավորվածություն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առումով:

Այնուամենայնիվ, նա ասաց, որ այդ նիստի ընթացքում մի շարք կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական ընդհանուր մեխանիզմների ձևավորմանը: «ՀԱՊԿ-ից մեր ցանկությունն այն է, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում,-ասաց նախարարը:

 

Անկախ

Մոսուլում 48 թուրքեր պատանդ են դարձել ահաբեկիչների ձեռքում, իրավիճակը լարված է

mosulԹուրքիայի ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Մոսուլում տեղակայված Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակման և Թուրքիայի 48 քաղաքացու պատանդ վերցնելու հետ: Հայտնի է դարձել, որ ԻՇԻՀ-ին տեղեկություն է տարածել, թե թուրքերին ոչ թե պատանդ են պահում, այլ նրանց տեղափոխել են անվտանգ մի վայր հարցաքննելու նպատակով:

Նշենք, որ վարչապետ Թայիփ Էրդողանը հարցի շուրջ խորհրակցություն է հրավիրել, որին մասնակցել են փոխվարչապետ Բեշիր Աթալայը, փոխարտգործնախարար Նաջի Քորունն, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն  հետաձգել է իր բոլոր հանդիպումները Նյու Յորքում և շտապ վերադառնում է Թուրքիա: Հայտնի է դարձել նաև, որ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող թուրքերի առողջական վիճակը լավ է և նրանց վտանգ չի սպառնում, սակայն թուրքական կառավարությունն  ամեն ինչ անում է իր քաղաքացիների ազատության համար:

 

 

Ադրբեջանում ` կահույքի գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ

3Ադրբեջանում` Նիզամի շրջանում տեղակայված “Օջախ” ընկերությանը պատկանող կահույքի գործարանի արտադրական բաժնում,  պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառով հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով “Ազնյուզ”-ին:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել չորս աշխատակիցներ, ովքեր հոսպիտալացվել են:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային ծառայության աշխատակիցների ջանքերով հրդեհը մարվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ

6758Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ:

Զրուցակիցները քննարկվել են հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը Նախագահ Սերժ Սարգսյանի և Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր գրավականներից է: Զրուցակիցները մեծապես կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման գործում և այդ համատեքստում ընդգծել խորհրդարանների միջև կապերի զարգացման, համագործակցության խթանման ուղղությամբ երկկողմ ջանքերի անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ բարեկամության վրա հիմնված հայ-ավստրիական միջպետական հարաբերություները հաջողությամբ զարգանում են, ինչի վկայությունն է նաև իր ներկայիս այցը բարեկամ Ավստրիա: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման գործում զրուցակիցները կարևորել են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ու տնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնումը:

Ավստրիա պաշտոնական այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Վիեննայում «Հայաստան» բամզագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացման արարողությանը: Այն կառուցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև 2013թ. ապրիլի 30-ին Երևանում կնքված Մտադրությունների մասին հուշագիրը: Կենտրոնը հանդիսանում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մասը և օգտվում է Վիեննայի կոնվենցիայով և դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակը կարգավորող երկկողմ միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ

6753Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Հանրապետության Նախագահը քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել քաղաքապետին և հանդիպման բոլոր մասնակիցներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիեննայի քաղաքապետարանում

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում է եվրոպական քաղաքակրթության զարկերակ: Հիրավի, Վիեննան այն եզակի քաղաքներից է, որտեղ լավագույնս ներդաշնակվում են անցյալն ու ներկան, ավանդույթն ու առաջընթացը: Քաղաք, որն ամփոփում է կայսերական դարաշրջանի անջնջելի դրոշմը, միևնույն ժամանակ աչքի ընկնում՝ իր ներդաշնակությամբ, նրբաճաշակությամբ ու մարդասիրությամբ:

Այսօր հնարավորություն ունեմ նաև այստեղ վայելելու Ձեր մայրաքաղաքի հարուստ պատմության վկան հանդիսացող գոթական ոճի այս կառույցի անկրկնելի ճարտարապետությունը:

Եվ վերջապես, հարգելի պարոն քաղաքապետ, այսօր պատիվ ունեմ հանդիպելու ի դեմս Ձեզ՝ հմուտ և փորձառու քաղաքական գործչի, ում երկարամյա իմաստուն ղեկավարությամբ վերջին 20 տարիների ընթացքում Վիեննան շարունակել է ծաղկել՝ պահպանելով և ամրապնդելով իր առաջատար դիրքերն աշխարհի լավագույն քաղաքների շարքում։

Այս ամենին միահյուսվում է այն փաստի գիտակցումը, որ քաղաքակրթությունների այս խաչմերուկում՝ Վիեննայում, ամեն քայլափոխի հանդիպող պատմամշակութային ժառանգության կողքին, զգում ես նաև հայկական ներկայությունը՝ եկեղեցիների, կրթամշակութային հաստատությունների ու հուշակոթողների տեսքով, ինչը, կարծում եմ, վիեննական մշակույթին հաղորդում է յուրօրինակ երանգ:

Անգնահատելի է Վիեննայի գողտրիկ անկյուններից մեկում հանգրվանած Մխիթարյան միաբանության դերը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների պահպանման գործում: Իսկ Վիեննայի կենտրոնում՝ Հայկական հրապարակում, Ֆրանս Վերֆելի արձանը միջազգային այս քաղաքը դարձնում է մեզ համար էլ ավելի հարազատ:

Ուրախ եմ, որ որպես մեր կապերի շարունակականության խորհրդանիշ՝ այսօր Վիեննայում մասնակցելու ենք ևս մեկ հայկական կառույցի՝ «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը, և ուզում եմ այս առիթով Ձեզ շնորհակալական խոսք ասել:

Մշակութային երկխոսության զարգացման գործում մենք տեսնում ենք անձամբ Ձեր և Վիեննայի քաղաքապետարանի դերակատարությունը, որի համար մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, քաղաքապետարանի ողջ անձնակազմին: Եվ լիահույս եմ, որ Ձեզ հետ մեր համագործակցությունը կլինի շարունակական, և Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կշարունակեն ծառայել Երևանի և Վիեննայի միջև համագործակցության ընդլայնմանը:

Իսկ այդ համագործակցության համար մենք արդեն ունենք դրական օրինակներ: Շուրջ 8 տարի է, ինչ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Վիեննայի 4-րդ թաղամասի միջև հաստատվել են բարեկամական կապեր: Տարիներ առաջ Ձեր հովանավորությամբ Երևանում անցկացվել է «Վիեննան ողջունում է Երևանին» խորագիրը կրող հայ-ավստրիական առաջին երաժշտական փառատոնը, իսկ դրանից մեկ տարի անց` 2-րդը՝ նվիրված Ռոբերտ Շումանի 200-ամյակին և Գուստավ Մալլերի 150-ամյակին:

Համոզված եմ, որ համագործակցության հիշյալ հաջողված օրինակները լավ նախադրյալ են ստեղծում ապակենտրոնացված մակարդակով ինչպես մեր մայրաքաղաքների, այնպես էլ այլ վարչատարածքային միավորների միջև փոխգործակցություն ծավալելու համար: Այսօր քաղաքները մեծ դեր ունեն երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում, և հանրային դիվանագիտությունը գնալով ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում երկկողմ հարաբերություններում:

Վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև կա համագործակցության մեծ ներուժ և ուզում եմ վստահություն հայտնել, պարո՛ն քաղաքապետ, որ ապագայում ևս Վիեննան իր հնարավորությունները կներդնի տարբեր տարածաշրջաններում եղած կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործում: Եվ , անշուշտ, շնորհակալ եմ անցած տարվա վերջին այդպիսի հնարավորություն ընձեռելու համար ինձ և Ադրբեջանի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ վարելու ուղղությամբ:

Ես բազմաթիվ անգամ եմ հյուրընկալվել Ավստրիայում և ամեն անգամ հայրենիք վերադառնալիս ինձ հետ տանում եմ բազմաթիվ տպավորություններ: Եվ բնական է, որ ամենահարուստ տպավորությունները տանում եմ Վիեննայից: Վիեննայում մի տեսակ հպարտություն ես զգում մարդկային այն տեսակի կատարած գործերի համար, որն իր ջանքերն ուղղում է ապագա սերնդին՝ ավելի բարեկեցիկ և ավելի քաղաքակիրթ ապրելու պայմաններ ստեղծելու համար:

Շնորհակալություն:

Որմնանկար ընդդեմ բռնության

Kathy Leach and UNԱյս շաբաթ Լոնդոնում ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարար Ուիլիամ Հեյգն ու ՄԱԿ ՓԳՀ ի հատուկ դեսպանորդ Անջելինա  Ջոլին հյուրընկալում են «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնությանը» համաժողովը, որի նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել այս կարևոր և հաճախ անտեսված խնդրին:

Հայաստանը՝ աշխարհի այլ 147 երկրների հետ միասին, անցյալ տարվա սեպտեմբերին Ժնևում ստորագրել է այս նախաձեռնությանը միանալու հռչակագիրը և ի դեմս Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանի այժմ ներկայացել է միջազգային համաժողովին:

Այսօր Երևանում Բրիտանական դեսպանատունը՝ համաժողովին զուգահեռ,  իր շենքի պատի վրա ներկայացրեց  որմնանկար (Սթրիթ արթ), որը խորհրդանշում է Լոնդոնում ընթացող «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնությանը» համաժողովի գաղափարը, մեկ անգամ ևս ազդարարելու և ներկայացնելու խնդրի լրջությունը: ՄԹ դեսպան Քեթի Լիչը բացման արարողության ժամանակ նշեց.

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ջանքեր է գործադրում վերջ դնել այս չարիքին: Որպես երկիր, որն ուղարկում է իր խաղաղապահներին միջազգային առաքելությունների, շատ կարևոր է Հայաստանի դերը այս պայքարում, քանի որ խաղաղապահները չափազանց մեծ գործ են կատարում խաղաղ բնակության պաշտպանության և բռնությունների կանխարգելման առումով: Եվ բացի դա հայերը նույնպես տարբեր տեղերում՝ վերջերս ներառյալ Սիրիայում, նման բռնությունների զոհ են դարձել:

Ուստի, դեսպանատան պատին խորհրդանշական այս որմնանկարը  պատկերելով մենք փորձում ենք մեկ անգամ ևս կոչ անել մարդկանց պայքարել հակամարտություններում սեռական բռնության դեմ»:

Բրիտանական դեսպանատան նախաձեռնությանը միացավ նաև Հայաստանում  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ջենիֆեր Յիփ Հեուգ Վին, ով նշեց, որ Հայաստանում իրենց գրասենյակը պարբերաբար աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ, մասնավորապես սիրիահայ համայնքի հետ:

Արա Հարությունյանը և ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են ԼՂՀ բյուջեի կատարողականը

Արա ՀարությունյանԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առնչվող որոշ հարցեր:

Վարչապետը ողջունել է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև պարբերական շփումները՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հիմնախնդիրների վերհանման համատեքստում: Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը:

Ա. Հարությունյանը կարևորել է խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում՝ ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ հանրապետության բյուջեն ուղղված է գլխավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և դրա պլանավորումն ու իրագործումը պետք է ելնեն այդ տրամաբանությունից:

Քննարկվել են նաև կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը շեշտադրել է տնտեսությունում որակյալ կադրերի սղության խնդիրը և կարևորել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նշված ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Շուշիի արհեստագործական ուսումնարանի նշանակությանը և նախատեսվող աշխատանքներին, որոնք սկսելու են սույն թվականի սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ֆրանսիական մոդելով աշխատող ուսումնարանն ի վիճակի է լինելու պատրաստել շինարարության բնագավառի որակյալ մասնագետներ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

«Մայր բուհն անընդհատ բարձրացնում է նշաձողը». Գալուստ Սահակյան

photo (6)ԵՊՀ գիտնականները պարգևատրվեցին ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալներով:

Հունիսի 10-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԵՊՀ հիմնադրման 95-ամյա հոբելյանի կապակցությամբ գիտության, կրթության ոլորտներում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրեց կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներին: ԱԺ նախագահը հանդիսավոր պայմաններում հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալները և ԱԺ նախագահի շնորհակալագրերը:

ՀՀ ԱԺ Պատվո մեդալներով պարգևատրվեցին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռոլանդ Ավագյանը, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ Ալեքսան Բաղդասարյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտես. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ Հրանտ Ժամհարյանը:

ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերին արժանացան ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Պողոսյանը, ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռաֆիկ Վարդանյանը, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Մարգարյանը, ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Համլետ Կարայանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց պարգևատրվածներին և նշեց, որ հաշվի առնելով արդեն ավելի քան 9 տասնամյակ շարունակվող ԵՊՀ ավանդույթները՝ Մայր բուհի պրոֆեսորադասախոսական այսօրվա կազմը ևս դրանց արժանի շարունակողն է:

«ԵՊՀ-ի հիմնադրմամբ 95 տարի առաջ Հայաստանում սկիզբ դրվեց ժամանակակից բարձրագույն կրթությանը: Ինքս շատ հպարտ եմ, որ այս բուհի շրջանավարտ եմ և կրկնակի հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ ինչպես իմ ուսանելու տարիներին, այնպես էլ այսօր Երևանի պետական համալսարանը իսկապես Հայաստանի մայր բուհն է՝ մնալով առաջատարը թե՛ գիտելիքների մատուցման, թե՛ կրթության որակի, թե մասնագետներ պատրաստելու, և, իհարկե, պրոֆեսորադասախոսական կազմի առումով: Ինձ համար Մայր բուհը միշտ երիտասարդ է, չնայած 95 տարեկան է: Սա պատկառելի տարիք է, միաժամանակ տարիք, որը հնարավորություն է տալիս երիտասարդական եռանդով և նախաձեռնողականությամբ ձգտելու դեպի ապագա, նախանշելու նոր նպատակներ և հասնելու դրանց, որովհետև բուհն ամեն տարի ուսանողական այնպիսի էներգիա և ավյուն է ստանում, որ նրա զարկերակը միշտ տրոփում է աշխույժ ու ակտիվ»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հավելեց, որ այս մեդալներն ու շնորհակալագրերը համալսարանական գիտնականները կարող են համարել իրենց արժանապատիվ աշխատանքի համեստ գնահատականը:

«Համոզված եմ, որ հաջորդ հոբելյանին ԵՊՀ-ն արձանագրած կլինի ավելի մեծ հաջողություններ, որոնցում, անշուշտ, ձեր աշխատանքով կշարունակեք էական ներդրում ունենալ նաև դուք, հարգելի՛ բարեկամներ»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

 

 

 

Գորիսի քաղաքապետի թեկնածուների նախընտրական հիմնադրամների փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել

կըհԱյսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ս.թ. հունիսի 8-ին Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի տեղեկանքը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:

 ԿԸՀ մամուլի ծառայություն

Բոլոր շնորհավորանքներն ուղղված էին 95-ամյա ԵՊՀ-ին

MAG_7404ԵՊՀ 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բացառապես շնորհավորանքներ ու պարգևատրումներ:

ԵՊՀ մեծ դահլիճում անցկացված հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայ առաքելական եկեղեցու արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ, տարբեր բուհերի ռեկտորներ, արտասահմանյան հյուրեր, ԵՊՀ պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, աշխատակիցներ ու ուսանողներ:

Հանդիսավոր նիստի սկզբում ՀՀ և ԵՊՀ օրհներգերին հաջորդեց Տերունական աղոթքը՝ այդ կերպ ազդարարելով նիստի բացումը: Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մայր բուհին ուղղված շնորհավորական ուղերձը ներկայացրեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձն էլ ընթերցեց փոխվարչապետը:

«Համալսարանը, հանդիսանալով հայոց նորագույն պատմության առաջին բարձրագույն գիտակրթական հաստատությունը, Հայաստանի արդի բուհական համակարգի հիմքերն է դրել: Բազմաբնույթ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր արհեստավարժությամբ, միջազգայնացման գործընթացի ընդլայնվող միտումների շնորհիվ համալսարանն անվերապահորեն համարվում է մեր երկրի գիտական, մշակութային համակարգի ձևավորման գլխավոր դարբնոցը»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ-ի ստեղծման պատմությունը, անցած ուղին, երկու՝ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում  ունեցած մասնակցությանը, հաղթահարած դժվարությունները, կորուստներն ու ձեռքբերումները: Խոսեց նաև բուհի այսօրվա գործունեության մասին՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին և դրանց արդյունքներին: ԵՊՀ ռեկտորի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Հետադարձ հայացք գցելով Մայր բուհի անցած ուղուն՝ փաստենք, որ հիմնադրված լինելով մի շատ բարդ ժամանակաշրջանում՝ համալսարանն իր ողջ կենսագրության ընթացքում եղել է մեր ժողովրդի հավատարիմ ու զորավիգ ուղեկիցը, մտավոր հարուստ զինանոցը, հայրենասեր ու մրցունակ մասնագետների պատրաստման դարբնոցը»,- նշեց պարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօր ԵՊՀ-ն ունի շուրջ 20.000 սովորող, 1.500-ից ավելի դասախոս, որոնցից ավելի քան 170-ը պրոֆեսոր են, 560-ը՝ դոցենտ: ԵՊՀ-ում մանկավարժական գործունեություն են իրականացնում նաև 10-ից ավելի ակադեմիկոսներ և 20-ից ավելի թղթակից անդամներ:

Ինչպես ընդունված է ծննդյան տոնակատարություններ նշելիս, շնորհավորական խոսքերին հետևեցին նվերները, այս դեպքում՝ պետական պարգևները: ԵՊՀ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ արժանացան ՀՀ նախագահի, վարչապետի, Կրթության և գիտության նախարարության և ԵՊՀ-ի տարբեր աստիճանի պարգևների՝ մեդալներ, վաստակավոր գործչի կոչումներ և շնորհակալագրեր:

«Շնորհակալ եմ համալսարանի ուսանողներին ու դասախոսներին, որ նրանք եղել են ու կան մեր պատմության մեջ: Ես համալսարանական չեմ, սակայն, կարծում եմ, որ յուրաքանչյուր կիրթ և հայրենասեր մարդ իրեն պիտի մի քիչ համալսարանական զգա: ԵՊՀ ուսանողական խորհուրդը առաջարկություն էր ներկայացրել մայիսի 16-ը ներառել պետական տոների շարքում և հռչակել երիտասարդության ու ուսանողների օր: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ այդ առաջարկն ընդունվել է, և ՀՀ Կառավարությունը ԱԺ-ին է  ներկայացրել մի օրինագիծ, որով տոների ցանկում առաջարկվում է ամրագրել նաև Մայր բուհի հիմնադրման օրը»,- շնորհավորական ելույթում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

 

 

«Երիտասարդ Եվրասիա». մեկնարկեց եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը

քննարկումՀունիսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։

ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրներից և Վրաստանից ժամանած շուրջ 150 երիտասարդների ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը։ Գալուստ Սահակյանը նշեց, որ կարևորում է երիտասարդների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ձևաչափը կնպաստի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկմանը և դրանց նպատակային ու համակարգված իրականացմանը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երիտասարդական կառույցները կենսունակ են այսօր և այդպիսին կլինեն նաև ապագայում. «Մենք բոլորս նույն գիտամշակութային, կրթական ժառանգության կրողներն ենք, ինչը կարող է Եվրասիական ինտեգրման կարևոր գործոն դառնալ։ Հուսով եմ, որ այս համաժողովը նույնպես կնպաստի մեր կապերի ամրապնդմանը, տեղեկատվական դաշտի ձևավորմանն ու համագործակցության խորացմանը»։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ Ծաղկաձորում հավաքված է տարբեր երկրների ամենահզոր ներուժը, երկրների ապագան, ովքեր կարող են առաջարկել նոր լուծումներ, հետաքրքիր, կենսունակ գաղափարներ, ուղղություններ՝ տարբեր խնդիրները լուծելու համար։ Նա ընդգծեց, որ այս օրերին տեղի են ունենում աշխարհաքաղաքական կարևորագույն իրադարձություններ, և շատ կարևոր է, որպեսզի երիտասարդները կարողանան ճիշտ կողմնորոշվել այդ շրջափուլերում։

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ներկայացրեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում մասնավորապես առանձնացվում էր այն փաստը, որ համաժողովն անցկացվում է Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո. «Մեր ժողովուրդները կոչված են համատեղ ստեղծելու տնտեսական զարգացման հզոր կենտրոն, խոշոր տարածաշրջանային շուկա, որը կհամախմբի ավելի քան 170 միլիոն մարդու։ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար նույնպես։ Այս միության անդամ պետությունների համար ստեղծվում են սեփական տնտեսությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ»։ Իր ուղերձում Ս. Նարիշկինը կարևորում էր երիտասարդների դերն ինտեգրացիոն գործընթացներում։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ոչ միայն ունեն ընդհանրություններ, այլև իրենց ազգային մշակույթների  կրողներն են։ «Մենք հետաքրքիր ենք միմյանց այնքանով, որքանով տարբեր ենք։ Եվ այդ պատճառով եվրասիական ինտեգրումը ոչ թե ուծացման, միաձուլման հարթակ է, այլ մի վայր, որտեղ Եվրասիական աշխարհամասում ապրող, արարող ցանկացած երկրի ժողովուրդ կարող է ստանալ ինքնաարտահայտման լրացուցիչ հնարավորություն։ Ես ուրախ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորվում է որպես իրավահավասար պետությունների միավորում, չնայած այնտեղ ներկայացված երկրների քաղաքական, տնտեսական կշիռները տարբեր են։ Հուսով եմ, որ համաժողովի բոլոր մասնակիցներն իրենց հետ կտանեն ոչ միայն բարի հիշողություններ, այլև նոր գաղափարներ ու ծրագրեր»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը։

Եվրասիական երիտասարդական հնգօրյա համաժողովի ընթացքում անցկացվում են սեմինարներ, գործնական աշխատանքներ «Россия сегодня» միջազգային ինֆորմացիոն գործակալության առաջատար լրագրողների և ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի փորձագետների կողմից։ Նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետդումայի, ՀՀ ԱԺ պատգամավորների հետ։ Քննարկվելիք թեմաներն են՝ «Երիտասարդ լրագրողներ», «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Եվրասիական անվտանգություն»։ Այս ամենին զուգահեռ ծրագրի մասնակիցներին սպասվում են նաև հետաքրքիր էքսկուրսիաներ։ ԱՊՀ, Մերձբալթյան տարածաշրջաններից, Վրաստանից ժամանած հյուրերը կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, կծանոթանան Հայաստանի մշակույթի հետ, կկազմակերպվեն մարզական, մշակութային ծրագրեր («Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և այլն)։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դոլարը իջնում է

դոլարՀունիսի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ:

Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհն ակնկալվում է բացել հունիսի 14-15-ը

լարսՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից մշտապես ստանում է տեղեկատվություն Վրաստանի տարածքում` Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի ունեցած փլվածքի հատվածում տարվող աշխատանքների վերաբերյալ:

Հունիսի 11-ի դրությամբ՝ Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ճանապարհը դեռևս փակ է:

Կատարվում են համապատասխան աշխատանքներ այն վերաբացելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում առաջանում են որոշակի դժվարություններ, տեղի են ունենում նոր փլուզումներ, որոնք խոչընդոտում են ավտոճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքներին:

Վրացի գործընկերների հաղորդմամբ՝ աշխատանքների ավարտն ակնկալվում է հունիսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում, եթե նոր խոչընդոտներ ի հայտ չգան:

Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհը բացվելուն պես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի տեղեկատվություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ

Սերժ Սարգսյանը Վիեննա,Ավստրիա, Հայնց Ֆիշեր Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:

Այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

 

***

Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Նախագահ Հայնց ՖիշերՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է:

Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Վերահաստատեցինք բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ավստրիական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկությունը:

Մեզ համար Ավստրիան բարեկամ պետություն է և վստահելի գործընկեր և հենց այդ ոգով են զարգացել Հայաստանի և Ավստրիայի 22-ամյա միջպետական հարաբերությունները: Քաղաքական կանոնավոր երկխոսություն, առևտրատնտեսական զարգացող համագործակցություն, մշակութային և կրթական բազմաթիվ ծրագրեր, Ավստրիայի կողմից արդյունավետորեն իրականացվող օժանդակության ծրագրեր, փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, պարբերաբար հարստացվող իրավապայմանագրային դաշտ՝ սա է մեր կառուցողական համագործակցության արդյունքը, որի բազմապատկման համար պատրաստ ենք շարունակելու հետևողական աշխատանքը, և այդ նպատակին են ուղղված նաև այս այցի ընթացքում ձեր ներկայությամբ ստորագրված համաձայնագրերը:

Այցիս առաջնային նպատակներից է երկկողմ համագործակցության տնտեսական ուղղության խթանումը, և վաղը մենք Նախագահ Ֆիշերի հետ կբացենք հայ-ավստրիական տնտեսական համագործակցության համաժողովը: Ակնկալում ենք, որ այն կծառայի գործարարների միջև երկխոսության ծավալմանն ու նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:

Համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի կառավարության կողմից իրականցվող սոցիալական քաղաքականության կատարելագործման համար:

Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն Նախագահին օժանդակելու մեզ այս հարցում:

Նախագահ Ֆիշերի հետ, իհարկե, քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը, և ես վստահ եմ խորապես կրկին քննարկելու ենք: Այստեղ՝ Վիեննայում է գտնվում նաև ԵԱՀԿ կենտրոնակայանը, մի կազմակերպություն, որ տարիներ ի վեր ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Վերահաստատեցի այս խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է:

Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:

Անշուշտ, Ավստրիայի հետ հարաբերություններում անհնարին է չանդրադառնալ մեր ժողովուրդների պատմամշակութային կապերին: Մենք շնորհակալ ենք Ավստրիայի կառավարությանը, ժողովրդին՝ մեր համայնքի նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի համար, և այդ բարեհաճ վերաբերմունքի արդյունքում է նաև, որ Վիեննան դարձել է հայագիտության և հայապահպանության կենտրոններից մեկը՝ ի դեմս Մխիթարյան միաբանության: Եվ պատահական չէ, պարոն Նախագահ, որ Ֆրանց Վերֆելը ծնվել է հենց Ավստրիայում:

Շնորհակալություն: Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:

 

Կարևորվեց «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքի մասին հանրության պատշաճ իրազեկման ապահովումը

unnamedՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հունիսի 11-ին հանդիպեց  «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության և շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» և «Սաֆեժ-էպտիսա» ընկերությունների պատասխանատուները ներկայացրին ծրագրի շրջանակներում կատարված և կատարվող աշխատանքների մասին զեկույց։

Նշվեց, որ շատ կարևոր է, որպեսզի  Տրանշ 1-ի Արտաշատ-Աշտարակ հատվածը շահագործման հանձնվի բարձր որակով և  պայմանագրով սահմանված ժամկետներում։

Արթուր Առաքելյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց գործել առավելագույնս թափանցիկ,  որպեսզի «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի մասին իրազեկված լինեն շահագրգիռ բոլոր կազմակերպությունների պատասխանատուներն ու հանրությունը։

Տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերությանը հանձնարարվեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ աշխատանքների որակի հսկողությունը սահմանված կարգով ուժեղացնելու ուղղությամբ։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 

լրատվական ծառայություն

Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

11369_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները:
Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրա արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթևանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով:
Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:
Հաջորդ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ:
Մասնավորապես, մինչ 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Միրումյանը նշել է, որ կատարվել է տարանջատում, որպեսզի ՓՄՁ-ների վրա այդ ազդեցությունը ցավոտ չլինի:
Ծրագրվում է 2015թ.-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Այսինքն, 2016թ.-ի հունվարի մեկից եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում:
Զուգահեռաբար ներմուծվելու է «օրինապահ հարկատու» համակարգը, ինչը նշանակում է, որ ՓՄՁ-ն կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյկեկտների վերաբերյալ: Այս պարագայում կհամարվի, որ ՓՄՁ-ն հիմնավորել է տվյալ ապրանքի մասով փաստաթղթի առկայությունը: Տվյալ դեպքում հարկային մարմնի գործողություննեն ուղղված կլինեն խոշոր բիզնեսին:
Ուժեղացվելու են նաև խոշորի նկատմամբ գործողությունները՝ փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ:
Նախատեսվում է՝ ՀՀ ֆինանսնների նախարարության և ՓՄՁ-ների միջև ձևավորել միասնական խորհուրդ, որն արագորեն կարձագանքի հնարավոր սուբյեկտիվ դրսևորումներին՝ առկա խնդիրները կարգավորելու համար:
Այնուհետև հանդիպմանը ներկա ՓՄՁ և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է կառավարության և մասնավոր հատվածի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքները և հանձնարել հնչեցված առաջարկությունները քննարկել և օրենսդրական լուծումները ներկայացնել Ազգային ժողով:
«ՓՄՁ-ները և խոշոր բիզնեսը պետք է օժանդակեն տնտեսության զարգացմանը, իսկ կառավարությունը սատարի ձեզ՝ աշխատելու համար, որպեսզի կարողանաք հարկեր վճարել: Մեր քննարկումները, հանդիպումները պետք է լինեն շարունակական: Կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»,- ամփոփելով նիստը՝ նշել է կառավարության ղեկավարը:

Հուլիսի 1-ից 20 տոկոսով կբարձրացվեն “Արցախկապ” ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերը

աշխատավարձ

ԼՂՀ վարչապետը այսօր ներկա է գտնվել “Արցախկապ” փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է 2013թ. կատարվածաշխատանքների և կառավարության` 2008թ. հաստատած ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն:

Հաշվետու տարում ընկերությունը հիմնական աշխատանքներն ուղղել է հեռուստահաղորդիչ կայաններում տեղադրված սարքավորումների շահագործմանն ու սպասարկմանը, ինչպես նաև ԼՂՀ ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման և թվային համակարգի ներդրման իրականացմանը:

2014թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում տեղադրվել և շահագործվում է 43 լրակազմ DVB-S վերահաղորդիչ կայան, բաժանորդային արբանյակային կցորդների քանակը ներկայումս կազմում է 6450 լրակազմ:

Ընկերության գործադիր տնօրենի խոսքով` թվայնացման ծրագիրը կարելի է ավարտել մինչև 2015թ.` ներգրավելով լրացուցիչ 120-130 մլն. դրամ: Այդ գումարը և ընկերության շրջանառու միջոցները թույլ կտան 2014-2015թթ. մի շարք աշխատանքների հետ մեկտեղ հիմնական կայաններում ավարտել թվային DVB-T2 հեռուստահաղորդիչների տեղադրման գործընթացը, սպասարկել ռադիոծածկույթից դուրս գտնվող բնակչությանը, վճարովի բաժանորդների թիվը հասցնել մինչև 8500-ի, թվային հեռուստատեսության բաժանորդներին առաջարկել վճարովի 1-2 փաթեթ ևս և այլն:

Ի տարբերություն որոշ մասնագետների կողմից հնչեցվող թերահավատ կածիքների` ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ առկա համակարգը կայուն է ևարտաքին ազդեցությանը դիմակայող, հավելելով, որ առաջիկա տարիներին դրա վերանայման անհրաժեշտություն չի լինի:

Կառավարության ղեկավարը ողջունել է գործող համակարգի նոր սերնդի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նա մի շարք հանձնարարականներ էտվել ոլորտի պատասխանատուներին` հատկապես կարևորելով հանրապետության ողջ տարածքում տեղական հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ապահովումը ևպահանջելով մինչև տարեվերջ սոցիալական փաթեթով բնակչության մի մասին ևս ապահովել կցորդներով:

Վարչապետը հանձնարարել է վերանայել համակարգի աշխատակիցների աշխատավարձերըը, որոնք ներկայումս ցածր են հանրապետական միջինից: Նա առաջարկել է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից այն բարձրացել 20 տոկոսով և երեք տարվա ընթացքում հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:

Ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս, մասնավորապես, ընդգծել է մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, գնահատվել էընկերության գործադիր մարմնի խնայողաբար ծախսելու աշխատելաոճը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին