Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետն իր կողմից երեխաների համար նախատեսված նվերներ է հանձնել ճամբարին, դիտել մանուկների պատրաստած պարային երաժշտական ելույթները: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով երեխաներին, հորդորել է նրանց միասնական լինել և պահպանել ձեռք բերած ընկերությունը: «Սիրելի երեխաներ, մեր պետության ապագան կապում ենք ձեզ հետ, և ամեն տարի կառավարությունն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ճամբարներում ձեզ համար բարեկեցիկ պայմանների ապահովմանը», – նշել է երկրի վարչապետը:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են սահմանվել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակների ներկայացումը, ինչպես նաև նրանց տեղափոխումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
2014 թ. ճամբարային ծրագրով կհանգստանա շուրջ 4500 երեխա՝ 3 հերթափոխով, 20-ական օրով, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1500 երեխա: Այս տարի 1-ին հերթափոխին ԼՂՀ-ի երեխաների համար հատկացվել է 200 տեղ, ջավախահայ երեխաների համար՝ 150 տեղ, իսկ 2012 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման շնորհիվ ծրագրում ընդգրկվել են նաև սիրիահայ
երեխաներ:
Անկախ
Daily Archives: July 2, 2014
Քառյակը աշնանը հակահարված կտա իշխանություններին. Ռուբեն Հակոբյան
ԱԺ-ի ոչ իշխանական ուժերը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին իրենց դիրքորոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ ընդունած որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ-ը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ըստ որի՝ բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով:
Քառյակի անդամները հայտարարեցին, որ այդ որոշումը քաղաքական էր: Ըստ նրանց` դա երկիրը տնտեսական աղետների առջև է կանգնեցնելու, և Քառյակը պատրաստակամ է պայքարել այդ որոշումը չեղյալ համարելու համար:
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը իր դերի մեջ չէ. նա չի կատարում օրենքով նախատեսված քայլերը: Գերակա պետք է համարվեն ժողովրդի շահերը, սակայն սա երբեք չի իրականացվում», – ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության փլուզված լինելը ակնհայտ է, սակայն իշխանություններին դա քիչ է հետաքրքրում. «Իշխանությունները ունեն ֆինանսների կարիք: Դրա աղբյուր կարող են լինել 2-ը. կորզել ժողովրդից և երկրորդը` դրսից պարտքեր վերցնել: Վերջին տարիներին արտաքին պարտքը մեծ չափսերի է հասել», -ասաց նա:
«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված»,- իր հերթին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով քառյակի ծրագրերին: «Այս թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու: Գուցե անհույս լավատեսություն է, որ փորձենք համոզել իշխանություններին հետ կանգնել այդ քայլից, բայց փորձելու ենք»,- նշեց նա` հավելելով, որ իրենք արդեն մի քանի միջոցներ քննարկել են, որոնցից մեկը Սահմանադրական դատարան դիմելն է:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ աշնանը իրենք իշխանություններին արժանի հակահարված կտան:
Իրաքի մասնատման ծրագրերը կազմվել են Թուրքիայում. իրանական մամուլ
Իրաքում առաջացած ճգնաժամի պայմաններում Նուրի ալ Մալիքի կառավարությանը աջակցող Իրանի պետական լրատվամիջոցները անդրադարձել են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի` անկախանալու վերաբերյալ հայտարարությանը: Ըստ իրականական մամուլի` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության` Ւրաքի հյուսիսային շրջանների վրա հարձակում գործելով Բաղդադը գրավելու ծրագրերը կազմվել են Թուրքիայում: «Իրաքի մասնատման ծրագրերից տեղյակ են Սաուդյան Արաբիան և Քաթարը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Անգլիան և հենց Բարզանին»,-գրում է իրանական մամուլը:
Հաշվի առնելով անցյալում տեղի ունեցած իրադարձությունները` իրանցիների բերած վերոնշյալ պնդումը բավական իրատեսական է: Բանն այն է, որ 1988 թվականի մարտին, երբ Սադամի ռեժիմը քիմիական հարձակում իրականացրեց Իրաքի քրդական և մի քանի այլ շրջանների վրա, Բարզանին Իրաքի հյուսիսային 3 շրջանների վրա հարձակում գործելու համար համագործակցության մեջ էր մտել ԻՇԻՊ-ի և Բաաս կուսակցության հրամանատարների հետ:
Մոսկվայում հեռակա ձերբակալել են ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկուն
Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա Իգոր Կոլոմոյսկուն ձերբակալելու վերաբերյալ վճիռ է ընդունել: Կոլոմոյսկին զբաղեցնում է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետի պաշտոնը, հաղորդում է Lenta.ru.-ն:
Կոլոմոյսկին մեղադրվում է ծանր հանցագործությունների`լրագրողների աշխատանքին խոչընդոտելու, Ուկրաինայի տարածքում մարդկանց առևանգման ու սպանության մեջ: Սակայն, նրա փաստաբան Ա.Ֆոմինը հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մասին:
Ավելի վաղ ՌՔԿ-ն գործ էր հարուցել Կոլոմոյսկու ու Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արդեն Ավակովի դեմ, ապա նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց:
Հոլանդիայի ամենատարեց մարդը 108-ամյա դիարբեքիրցի Սերոբ Միրզոյանն է
Հոլանդիայի ամենատարեց մարդը ծնունդով Դիարբեքիրից հայազգի Սերոբ Միրզոյանն է: Վերջինս ծնվել է 1906 թվականին Դիարբեքիրում, ապրել է Իրաքում` զբաղվելով հողագործությամբ: 1996 թվականից ի վեր Հոլանդիայի Ամերսֆուրտ քաղաքում ապրող Միրզոյանը իր 108-րդ ծննդյան օրը նշել է ընտանիքի հետ միասին: Նա ծննդյան տոնին սպասում էր նաև Ամերսֆուրտի քաղաքապետի այցին:
Պարոն Սերոբն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 8-ին, նախաճաշին ուտում է թերխաշ ձու, կես բաժակ օղի է խմում և քնում է ժամը 21:00-ին: Ըստ Միրզոյանի` երկարակեցության գաղտնիքը գենրեն են ու մարդու ապրելակերպը: Նրա մորաքույրը 110 տարի է ապրել:
ՀՀ սպորտի և եիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհահավանքը մարզական լրագրողներին
Այսօր մարզական լրագրողների միջազգային օրն է: Ինչպես հայտնի է, գործում է մարզական լրագրողների միջազգային ֆեդերացա: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ևս նպատակադիր գործունություն է ծավալել: Այն գլխավորում է Յուրի Ալեքսանյանը:
Այսօր Հայաստանի մարզական լրագրողներին էր ընդունել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա մասնավորապես ասաց.
«Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն: Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար, մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ այդ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ես` որպես մեր երկրի գործադիր իշխանության անդամ, դուք` որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ: Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում ձեր անաչառ վերաբերմունքը մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»:
Թուրքիան նախագահի երեք թեկնածու ունի
2014 թվականի օգոստոսի 28-ին ավարտվում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը ընտրվելու է քաղաքացիների քվեարկության միջոցով: Վերին ընտրական խորհուրդը նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակել է օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների կեսից ավելին, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրական երկրորդ փուլը:
Ինչ վերաբերվում է նախագահի թեկնածուներին, ապա դրանք երեքն են: Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը երեկ առաջադրեց վարչապետ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ընդդիմադիր երկու կուսակցությունները` Ժողովրդա-հանրապետականը և Ազգայնական շարժումը, հանդես եկան իրենց միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուի առաջադրմամբ: Իսկ ահա Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտպանելու է քուրդ քաղաքական գործիչ Սելահադդին Դեմիրթաշի թեկնածությունը: Նախագահի թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 3-ն է: Ամենայն հավանականությամբ նոր առաջադրում չի լինի և պայքարը կծավալվի վերոնշյալ երեք թեկնածուների միջև:
Երուսաղեմում գտնվել է առևանգված 16–ամյա պաղեստինցի տղայի մարմինը
Երուսաղեմում գտնվել է պաղեստինցի դեռահասի մարմինը, որին հրեաները երեկ առավոտյան առևանգել էին: Իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ իրենք հայտնաբերել են տղայի մարմինը առևանգման մասին հաղորդագրությունից մեկ ժամ անց: Այժմ ոստիկանությունը հետաքննում է առևանգման և սպանության միջև կապը: Սպանվածի ինքնությունը պարզվել է, նա ազգությամբ արաբ 16-ամյա Մուհամեդ Աբու Քադիրն է: Սպանությունից հետո Երուսաղեմի Սաֆաթ թաղամասում բախումներ են տեղի ունեցել պաղեստինյան և իսրայելական ոստիկանության միջև: Արևելյան Երուսաղեմում դադարեցվել է տրամվայների և ավտոբուսների աշխատանքը:
Նախնական վարկածի համաձայն` պաղեստինցի տղային սպանել են կրոնական դպրոցի երեք հրեա աշակերտների սպանության վրեժը լուծելու համար: Նշենք, որ սպանված աշակերտների մարմինները գտնվել էին երկու օր առաջ Հորդանան գետի ափին 18 օր տևած որոնողական աշխատանքներից հետո:
«Այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից…». Արման Մելիքյան
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես չեմ գտնում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ և անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց:
Առավելագույնը ինչ կարող է այս պահին արվել մեր արմատական շահերին հակառակ, դա այն է, որ մեր հակառակորդին կխոստանան չճանաչել Արցախի անկախությունը կամ Հայաստանի հետ նրա հնարավոր վերամիավորումն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կպահպանի ռազմաքաղաքական չեզոքությունը Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանի ԵԱՄ անդամ դառնալու պարագայում վերջինս կարող է ակնկալել, որ անորոշ ապագայում Ռուսաստանի օգնությամբ հարցը կարող է լուծվել իր օգտին, և այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից: Գուցեև արդեն կորզել է»:
Նայրոբի.բեռնատար ինքնաթիռն ընկել է շենքի վրա
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում բեռնատար ինքնաթիռն ընկել է շենքի վրա, հաղորդում է РИА Новости-ն: Աղետը տեղի ունեցել ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո:
Fokker 50-ը ընկել է առևտրային շինության վրա, որի հարևանությամբ անձնակազմի մարզադպրոցն է գտնվում: Դեպքի վայր է մեկնել շտապօգնության բրիգադը: Տեղեկություններ զոհերի ու տուժածների մասին դեռևս չկան, բայց հայտնի է, որ ինքնաթիռում 4 մարդ է եղել:
Մահվան ելքով վրաերթ կատարած անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը որոնվում է
Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
«Առասպել է, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը». Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առասպել է, անիրական առասպել, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց «Սմերչ» համակարգեր, Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող մեր տունը ադրբեջանական ուղիղ նշանառության տակ է՝ Նախիջեւանից: Էլ չեմ ասում, որ Մովսեսից Երեւան երեք ժամվա ճանապարհ է, Երասխավանից՝ մեկ ժամվա: Եւ ուրեմն՝ Մովսեսի, Այգեպարի, Կիրանցի, Ոսկեպարի, Ասկերանի, Մարտակերտի, Երասխավանի ուղղությամբ հնչած ամեն կրակոց մեզնից յուրաքանչյուրին ուղղված մարտահրավեր է: Այդ մարտահրավերը ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանից Հայաստանո՞ւմ է գտնվում նա, թե արտերկրում: Այդ մարտահրավերը ուղղված է յուրաքանչյուր սփյուռքահայի՝ անկախ նրանից նա երբեւէ Հայաստանում եղե՞լ է, թե ոչ: Ու մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Մենք շատ սխալներ ենք գործել վերջին 23 տարում, վերջին 230 տարում, վերջին 2300 տարում: Շատ ենք ձախողվել, բայց դա չի նշանակում, թե մարտահրավերը մերը չէ: Մեզ թալանել են մեր սեփական երկրում, սպանել ու նվաստացրել, բայց դա չի նշանակում, թե հայրենիքը մերը չէ: Մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերը, որովհետեւ չգիտեմ, թե մենք էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում, կամ որտեղ ենք ապրում, բայց մեր երեխեքը պետք է ապրեն Ազատ, Հպարտ եւ Երջանիկ Հայաստանում: Սա է մեզնից յուրաքանչյուրին ուղղված ամենամեծ մարտահրավերը»:
Մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է
Հուլիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1.7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1950 թ. ծնված Ավագ Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը սխալ է»
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը սխալ է բոլոր կողմերից: Սխալ է այն առումով, որ հակամարտությունը սկսվել ու տարածվել է նաև ՀՀ սահմաններից, սխալ է հիմա ձևակերպել այդպես, որովհետև ՀՀ սահմանները պակաս պատերազմական իրավիճակում չեն, քան Արցախինը, սխալ է «ղարաբաղա-ադրբեջանական» անվանել, որովհետև ադրբեջանցիներն ուզում են ոչնչացնել հայերին, ոչ թե մենակ ղարաբաղի հայերին, սխալ է, որովհետև մոլորեցնում է, կոնֆլիկտի մասշտաբների տեսանկյունից, սխալ է, որովհետև կարող է մեզանում տպավորություն ստեղծել, թե «ղարաբաղա-ադրբեջանական» կոնֆլիկտը կլուծվի Ղարաբաղի շրջանակներում կամ Ղարաբաղի հարցի լուծումով, իսկ իրականում դրանից հետո գալու է Սյունիքի հարցը, հետո Երևանի…, սխալ է, որովհետև թյուր պատկերացումներ է ստեղծում կոնֆլիկտի իրական բնույթի վերաբերյալ, քանի որ մենք գործ ունենք «հայ-թուրքական» կոնֆլիկտի ադրբաջանական դրսևորման հետ, որը չի սկսվել ու չի ավարտվի Արցախի թեմայով, սխալ է մեր զգոնության բթացման առումով և….:
Դե հա, քանի որ ժամանակին ՀՀՇ-ն որդեգրեց այդ հիմար քաղաքականությունը, իսկ նրանից հետո ըստ էության արտաքին քաղաքականությունը «ջրի հոսքով է գնացել», հիմա ստիպված հարմարվում ենք այդ թյուրիմացության հետ, բայց հայ-ադրբաջանական/թուրքական էթնիկ կանֆլիկտը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը շատ ավելի բացասական կողմեր ունի մեզ համար, քան դրական, բացի այդ ուղղակի սխալ է, պատճառներն արդեն նշեցի»:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 1-ին, ժամը 03.20-ին, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-33022» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մելքումովի փողոցի թիվ 20 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 05.50-ին, Երևանի Խ. Դաշտենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 13.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 16.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեխափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, Երևանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին` Արևաշող գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի երկու ավտոմեքենա:
Մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 1-ից 2-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 6 և կաշառակերության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետևանքներ է թողել
18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:
Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ և վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով : «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս օրերս «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Գոլոլեան հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա), www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանի ցուցաբերած աջակցությունը տրամադրելու նպատակով հերթական անգամ այցելեցինք նրանց բնակարան:
Ներկայացնում ենք Տիգրանի միայնակ ու ծանր ապրելակերպի մասին պատմող մեր տեսանյութը:
Անկախ
Նորվեգիացիները Բաքվում կրկին բարձրացրել են քաղբանտարկյալների հարցը
Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Այս հարցը արծարծել է Նորվեգիայի պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” կայքը:
Նորվեգիացի խորհրդարանականը նշել է, որ Մամեդլին ապօրինաբար է ձերբակալվել և հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար:
Բացի այդ, նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալին:
Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերին: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին “խղճի բանտարկյալ” է ճանաչել:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մայիսի 26-ին Անար Մամեդլիին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել:
Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ հասցրած կինը կալանավորված է
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել էր, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Նույն օրը, ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում տուժողը մահացել էր:
Հունիսի 30-ին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում պարզվել է, որ Կարոն 1969 թ. ծնված Կարեն Մկրտչյանն է:
Հուլիսի 1-ին Կարինե Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Կարինե Ս.-ն կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հուլիսի 7-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Արարատյան փողոց՝ Արարատյան և Շիրակի փողոցների խաչմերուկից դեպի Արարատյան և 5-րդ փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Բագրատույաց պողոտա՝ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկից դեպի Բագրատունյաց պողոտայի և Ե.Թադևոսյան փողոցի խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: