Գազան եւ իբրեւ ցեղասպան փոխամբաստանությունները

շահանԳազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը զինվորական գործողությունների հունավորումը ուղղում է դեպի բնակչությունը: Ի վերջո, պատերազմը եւս ունի իր օրինաչափությունները, երբ հասկացությունը վերաբերում է զինյալ ուժերի միջեւ արձանագրվող բախումներին: Այս դեպքում այդպես չէ։ Երեխա զոհերն ու վիրավորները ցնցել են աշխարհն ու հանրային կարծիքը: Այդ ցնցումը սակայն չի առարկայանում` վայրագությունները սանձելու առումով միջազգային համապատասխան կառույցների կողմից սպասվող միջոցառումներով: Հրադադարը ուշանում է, սպառնալիքները շարունակվում են, հեռակա եւ օդային ռմբակոծումները վերածվում են ցամաքային ներխուժումների եւ զոհերի թիվը բազմապատկվում է:

Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:

Այս բոլորի մեջ հերթական անգամ իրադրությունները վերլուծելու պահին, ազգային ոսպնյակները լարելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Նախ իհարկե, տարածաշրջանի բռնկվածության նոր տարողության ի տես, եւ ապա նկատելու, որ միեւնույն տարածաշրջանում խալիֆայություն հաստատողները, որոնք անհանդուրժող են այլադավանության նկատմամբ նույն կատաղությունը չունեն իսլամ բնակչություն ոչնչացնող Իսրայելի նկատմամբ: Եւ հիշել պարզապես, որ Մուսուլի քրիստոնյա ազգաբնակչության հեռացման հետ հեռանում էին նաեւ այնտեղ մնացած վերջին մի քանի հայերը:

Դիտակետերի այս արագ անցումի ընթացքում կենտրոնանանք Ցեղասպանության խաղաթղթի հանգամանքի վրա: Առաջին անգամ չէ, որ Թուրքիայի վարչապետը Իսրայելին ամբաստանում է Գազայում ցեղասպանություն իրագործելու հանցանքով: Առաջին անգամ էլ չէ, որ Թել Ավիւից իրեն հիշեցնում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այս խաղաթուղթը Անկարայի կողմից շահարկվում է վարչապետի մակարդակով, մինչ Թել Ավիվի կողմից` նախարարի։ Առաջին հայացքից նախարարով հիշեցում կատարելը դիվանագիտական ոճով սպառնալ է Անկարային, որ եթե շարունակի նման բնութագրումներ տալ Գազայի պատահարներին, ապա իրենք եւս կբնութագրեն 1915-ի դեպքերը: Իրատեսական չէ ակնկալելը, որ նման պաշտոնական եւ իրավական բնութագրումներ կատարվեն. այսուհանդերձ իբրեւ ցեղասպան այս փոխամբաստանությունները կարող են որոշ ժամանակի համար շարունակվել, ընդհատվել եւ վերստին բարձրաձայնվել: Չմոռանանք, որ էրդողանը նախընտրական փուլում է եւ հայտարարությունները ինչպես արտաքին, այնպես ներքին սպառման համար իսլամական կարեւոր շրջանակներ կարող են  ներգրավել: Ի վերջո, Անկարա-Թել Ավիվ պատերազմը հայտարարողական մակարդակի վրա է, մինչեւ այն պահը, որ  ուժի մեջ է մնում երկու երկրների միջեւ կնքված ռազմավարական դաշինքը:

Իհարկե այս բոլորը հայկական կողմի համար խանդավառիչ տվյալներ ունենալու պատճառ չունեն: Վերընդգծելը կարեւոր է սակայն, որ շուրջ 100 տարի առաջ գործադրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հետեւանքների վերացումը անհրաժեշտություն է` կանխարգելելու համար այսօր Գազայում եւ այլուր արձանագրվող զանգվածային ջարդերն ու պատերազմական ոճիրները: Կրկնակիորեն անհրաժեշտ` երբ ցեղասպանը ի՛նքն է ցեղասպանությամբ ամբաստանում զանգվածային սպանդների պատասխանատուներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Անհայտ անձինք Բրուքլինի կամրջի վրա սպիտակ դրոշներ են կախել

New York WeatherՆյու Յորքի ոստիկանությունը որոնում է անհայտ անձանց, ովքեր հանրահայտ Բրուքլինյան կամրջի վրայի ամերիկյան դրոշները փոխարինել են սպիտակ դրոշներով:

Հսկայական 2  ամերիկյան դրոշները փողփողում են կամրջի 2 հենաշտարակների վրա, որոնք Նյու Յորքի Բրուքլին ու Մանհեթն շրջաններն են  միացնում  իրար: Սակայն, երեկ, հուլիսի 22-ին, ի զարմանս բոլորի, դրանց փոխարեն 2 սպիտակ կտոր է հայտնվել: Ողջ աշխարհին է հայտնի, որ սպիտակ գույնը հաշտեցման ու հրադադարի կոչ է:

Տարօրինակն այն է, որ Բրուքլինի կամուրջը Նյու Յորքի  ամենահսկվող օբյեկտներից է : Այնտեղ միշտ ոստիկաններ են հերթապահում ու կառույցը գտնվում է  տեսախցիկների  տեսադաշտում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիմա այդ խցկների տեանկարահանումներն են ուսումնասիրում իրավապահ մարմինների աշխատակիցները, որպեսզի գտնեն մեղավորներին:

Նյու Յորքի ոստիկանական վարչության պետի տեղակալի խոսքով, կատարվածը կորակվի որպես ուրիշի տարածք անօրինական ներթափանցում ու մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ ակցիայի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Հեծանվային լոբբի» կազմակերպությունը: Իբր սպիտակ դրոշները նշանակում են` Բրուքլինյան կամրջի հեծանվային հատվածի հանձնում հետիոտնին, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:

Բրուքլինի կամուրջն ԱՄՆ-ի  թռիչքային կամուջների մեջ ամենահին կառույցներից է, որի երկարությունը 1825մ է: Այն կառուցվել է ինժեներ Ջոն Ռեբլինգի նախագծով: Կամրջի կառուցման համար պահանջվել է 15 մլն դոլար ու 13 տարի: Այն երթևեկության համար բացվել է 1883-ի մայիսի 24-ին:

Այս կամուրջը մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջության տեսանկյունից, քանի որ կամրջից հրաշալի տեսարան է բացվում. երևում են Մանհեթնի ներքին հատվածում տեղակայված  երկնաքերները:

Չինաստանում ժանտախտի պատճառով կարանտին է

ժանտախտՉինաստանի Յույմեն հնագույն քաղաքի 30 հազար բնակիչներից ոչ ոք չի կարող հեռանալ իր բնակավայրից: Այդպես իշխանությունները փորձում են կանխել մահացու հիվանդության տարածումը, հայտնում է թայվանյան South China Morning Post  հրատարակությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Բոլոր մարդկանց ու տրանսպորտաին միջոցներին արգելվել է հեռանալ բնակավայրից: Իշխանությունները շրջափակել են քաղաքն այն բանից հետո, երբ անցած շաբաթ տեղի հիվանդանոցում  մահացավ բնակիչներից մեկը: Բժիշկների խորհրդով  9-օրյա կարանտին է հաստատվել:

Տեղեկություն է ստացվել, որ 38-ամյա տղամարդը սատկած արջամուկ է  գտել, որին մորթել է` իր շանը կերակրելու համար: Սակայն, նույն օրը ևեթ, նա  տենդ է ունեցել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, 2 օր անց նրա վիճակը վատացել է:

Մարզկենտրոնում հաստատել են, որ տղամարդը վարակվել է թոքային ժանտախտով:  Ու ամենավտանգավորն այն է, որ սա ժանտախտի միակ տեսակն է, որ փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով:

Բարեբախտաբար, այլ դեպքեր առայժմ չեն արձանագրվել:

Օրացույցի այս օրը

դելֆինԱյսօր Կետերի ու դելֆինների համաշխարհային օրն է: 1986-ին Միջազգային կետորսական հանձնաժողովը  ծովային կաթնասունների 200 տարվա  անխնա ոչնչացոմից հետո արգելեց կետորսությունը: Արգելքը գործում է մինչ օրս ու նշանակում է, որ ողջ աշխարհում կետորսությունն ու կետամսի առևտուրն արգելված է: Սակայն դա միակ սպառնալիքը չէ այդ կենդանիների համար: Կետերի, դելֆինների ու ծովային կաթնասունների ոչնչացման կարևորագույն գործոն է նաև նրանց որսը` դելֆինարիումների, կրկեսների, օվկիանոսարիումների համար:

Նիդեռլանդներում հուլիսի 23-ը սգո օր է հայտարարված

o_983933Նիդեռլանդներում հուլիսի 23-ը սգո օր է հայտարարվել «Բոինգի զոհված ուղևորների կապակցությամբ: Այդ օրը սգալու է ողջ երկիրը:

Հենց այդ օրն է Հոլանդիա տեղափոխվելու ավիաաղետի զոհերի մարմիներով առաջին ինքնաթիռը: Հիմնական սգո արարողությունը տեղի է ունենալու անմիջապես  օդանավակայանում: Ներկա է լինելու թագավոր Վիլլեր-Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման, վարչապետ Մարկ Ռյուտեն, ու զոհվածների հարազատները,  նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները նույնպես  զոհվել են այդ աղետում:

Ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո լռության րոպե կհայտարարվի: Թագավորության արտասահմանյան բոլոր պետհիմնարկների  ու դիվանագիտական ու առևտրային ներկայացուցչությունների դրոշները կիջեցվեն:

Այժմ, երբ դատական գործերը ավարտված են, եկե՛ք կառուցենք Ցեղասպանության հուշահամալիրը

Հարութ-Սասունյան1Հուլիսի 15-ին ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի դատարանի 2011 թվականի վճիռը՝  հրահանգելով, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» վերադարձվեն այն շենքերը, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր կառուցելու համար Վաշինգտոնում:

 

Վերաքննիչ դատարանի դատավորներ Գառլանդը, Ուիլկինսը և Գինսբուրգն ահա այսպես ամփոփեցին դատական գործերի և հակընդդեմ հայցերի շարքը, որ վիճարկող կողմերը ներկայացրել էին վերջին յոթ տարիների ընթացքում.

 

Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը, այդ թվում` Հրայր Հովնանյանը և Ջերարդ Գաֆեսճյանը, «ապահովել էին խոշոր ֆինանսական ներդրումներ և ստեղծել շահույթ չհետապնդող ընկերություն` «Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրը»: Նրանք նաև համաձայնության էին եկել և գնել մի պատմական շենք թանգարանի համար` Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: Սակայն տարիներն անցնում էին, իսկ նրանք չէին կարողանում համաձայնության գալ շատ հարցերի շուրջ: Առաջխաղացումը դանդաղում էր, լարվածությունը՝ աճում:  Աննշան հաջողություններ ձեռք բերվեցին: Ի վերջո, ծրագրի գլխավոր հիմնադիրներից և բարերարներից մեկը՝ հանգուցյալ Ջերարդ Գաֆեսճյանը, որոշեց հեռանալ խմբից և հրաժարական տվեց Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի նախագահի իր պաշտոնից: Պառակտումը հեռու էր բարեկամական լինելուց: Եվ այսպես, սկսվեց իրադարձությունների մի երկար շղթա, որի գագաթնակետն այս խճճված դատավարությունն է: Մի քանի տարվա դատական վեճերից հետո կողմերն ի վերջո դիմեցին շրջանային դատարան: Բացի մի հարցից, բոլոր մյուս պահանջները համարվեցին չապացուցված: Դատաքննություններից հետո առաջ եկան բազմաթիվ խնդիրներ, և առաջին ատյանի դատարանի բազմաթիվ որոշումներից հետո դրանք բողոքարկվեցին մաս-մաս, իսկ հիմա բողոքարկման մասնատված գործերը համախմբվել և ներկայացվել են մեզ որոշում կայացնելու համար»:

 

Իրենց կայացրած որոշման վերջին էջում վերաքննիչ դատարանի դատավորները հիասթափություն և անհանգստություն էին արտահայտել անիմաստ դատավարությունների շարքի համար: Ցասումով լցված նրանք գրել էին.

 

«Այս իրավական ոդիսականը երկարաշունչ էր: Այն սկսվեց որպես մեկ եզակի դատավարություն` չվճարված մուրհակները հավաքելու համար, և արագորեն վերածվեց իրավական վեճերի ճահճի: Ավելի քան յոթ տարիների ընթացքում իրավաբանական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո, կողմերի հսկայածավալ աշխատանքն իրենց երազած թանգարանն իրագործելու համար, թվում է թե ապարդյուն էր, որը շատ ցավալի է: Ինչ էլ որ լինի հետագայում, մենք հուսով ենք, որ այսօրվա մեր որոշումը կարող է առնվազն վերջակետ դնել այս ձգձգված դատական վիճաբանությանը»:

 

Անցյալ շաբաթ ես բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստացել ընթերցողներից, որոնք ցավով նշում էին այն փաստը, որ երկու հայտնի հայկական կազմակերպությունները բազմամիլիոն դոլարներ վատնեցին միմյանց դեմ դատական քաշքշուկներում, փոխարեն իրենց վեճը լուծեին դատարանից դուրս և կառուցեին Ցեղասպանության թանգարանը, որը նախատեսված էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ: Ցավոք, թանգարանի բացումը, որը գտնվելու էր Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու, կարող է ընդհանրապես չկայանալ…

 

Շատ ցավալի է, որ երկու կողմերն էլ մերժել էին երրորդ կողմերի բոլոր առաջարկները` միջնորդելու նրանց վեճը: Դատական հայցերի վրա վատնված միլիոնավոր դոլարները կարող էին օգնել Ցեղասպանության թարգարանի ֆինանսավորմանը: Սա ևս մեկ ցավալի օրինակ է, թե ինչպես են հայերը ոտնահարում իրենց սեփական շահերը:

 

Դեռևս կարող է հրաշք տեղի ունենա… Թեև պարոն Գաֆեսճյանը  վախճանվել է անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն նա բազմիցս հայտարարել էր, որ իր ջերմ փափագն է եղել կառուցել Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրն Ամերիկայի մայրաքաղաքում: Աշխարհասփյուռ ողջ հայությունը ցանկանում է, որ նրա ժառանգորդները և «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները հարգեն Ջերարդ Գաֆեսճյանի նվիրվածությունն այս վեհ գաղափարին և իրականացնեն նրա անմար երազը:

 

Հայաստանի ղեկավարները, Սփյուռքի կազմակերպությունների առաջնորդները և համայնքի անդամները պետք է տեղեկացնեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուներին, որ իրենք լիովին պատրաստ են ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի իրականություն դառնա պարոն Գաֆեսճյանի երազանքը: Թանգարանը պետք է հավերժական հարգանքի տուրք լինի Ջերարդ Գաֆեսճյանին, ով տասնյակ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել մարդասիրական ծրագրերի համար Հայաստանում և Միացյալ Նահանգներում:

 

Այժմ, երբ այս տհաճ դատական գործն արդեն ետևում է, ժամանակն է ամերիկահայ համայնքի համար` «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուների հետ միասնաբար, համախմբվել և ստեղծել համահայկական հանձնախումբ, ներառյալ Հայկական համագումարը, և սկսել այս հույժ կարեոր կառույցի ձեռնարկումը Վաշինգտոնում:

 

Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»:

 

Եթե «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները և ամերիկահայ համայնքը կիսեն այս տեսլականը, ապա հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ Հայոց հուշահամալիրի ապագա տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին…

 

 

 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի