«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 7-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11 տոննա 107 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 15 դեպք:
Տնամերձ 73 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 702.5 կգ կանեփի բույս:
Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Daily Archives: August 7, 2014
Իրադրությունն առաջնագծում
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:
—
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
2014թ.-ի ընթացքում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր. “Դոկտրինա”
2014թ.-ի հունվարից մինչև օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր: Եվս 108 անձ վիրավորվել է կամ ստացել մարմնական վնասվածքներ: Այս մասին ասվում է “Դոկտրինա” լրագրողական հետազոտությունների կենտրոնի հաշվետվության մեջ, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին տեղեկացնում է, որ 24 զինվոր զոհվել է մարտական գործողությունների հետևանքով, 3-ը պայթել է ականի վրա, իսկ 41-ը զոհվել են ոչ մարտական իրավիճակներում: Ըստ ադրբեջանական կայքի`նրանցից 14 զինծառայող մահացել է հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է ոչ մարտական պայմաններում Ադրբեջանի կրած զինվորական կորուստներին, ապա 10 զինծառայող մահացել է ավտովթարի հետևանքով, մեկը` անհայտ պայմաններում, 6 զինծառայող մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 2-ը` դժբախտ պատահարներից, 8-ը`հիվանդություններից, 14 զինծառայող էլ ինքնասպանություն է գործել:
Վրաերթեր Երևանի Մարգարյան, Կիևյան, Օհանովի փողոցներում և Արշակունյաց պողոտայում
Օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 22/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.45-ին, «Համեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը պարզվել է, որ վրաերթի ենթարկված տղամարդը 1955 թ. ծնված Արմիկ Ս.-ն է:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 14.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուօգնության է դիմել թիվ 19 պոլիկլինիկա:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 13.45-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետևանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացրել «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները՝ անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը և թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաև դրենաժային համակարգ`ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորելու համար: Ներկայում, կոմունիկացիոն աշխատանքներին զուգահեռ, ընթանում են նաև փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախնական աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Չինական քաղաքում արգելել են մահմեդական հագուստով կամ երկար մորուքով մարդկանց մուտքը ավտոբուսներ
Չինաստանի ապստամբ արևմտյան շրջանի քաղաքներից մեկում արգելել են գլխակապերով, քողերով և երկար մորուքներով մարդկանց մուտքը ավտոբուսներ՝ այս կերպ փորձելով պայքարել անկարգությունների դեմ:
Սինցզյան քաղաքը, որտեղ բնակվում է մահմեդական ույգուր ժողովուրդը, տարիներ շարունակ բռնությունների մեջ է եղել, ինչի համար կառավարությունը մեղադրում է իսլամիստ զինյալներին կամ անջատողականներին:
Կարամայ քաղաքում իշխանությունները պատրաստվում են արգելել հինգ տեսակի ուղևորների մուտքը ավտոբուսներ՝ ներառյալ քողերով, լայն հագուստով, լուսնի մահիկի և աստղի պատկեր կրող հագուստով, ինչպես նաև երկար մորուքով ուղևորների:
Հուլիսին իշխանությունները Ուրումքիում արգելել էին ավտոբուսի ուղևորներին, ձեռքներին կրակվառիչ, յոգուրտ կամ ջուր ունենալով, բարձրանալ ավտոբուս՝ փորձելով պայքարել բռնի հարձակումների դեմ:
Արտաքսված ույգուրական խմբերը և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները հայտնում են, որ կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունը ապստամբության պատճառ է հանդիսացել, ինչը Պեկինը ժխտում է:
Լիբերիայում, Էբոլայի տենդի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` Էբոլայի տենդի համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է РБК-ն:
«Մեր կառավարությանն ու ժողովրդին արտակարգ միջոցառումներ են անհրաժեշտ մարդկանց կյանքը պահպանելու համար: Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Լիբերիայի հանարապետության ողջ տարածքում, 2014-ի օգոստոսի 6-ից սկսած` 90 օր», -ասել է նա:
Վերջին տվյալներով, տարվա սկզբից, Էբոլայի տենդից մահացել է 932 մարդ: Ավելի վաղ Լիբերիայի իշխանությունները սահմանները փակելու որոշում կայացրին` վարակի տարածումը կանխելու համար:
Ներկայում այս հիվանդության դեմ դեղորայք գոյություն չունի: Սակայն, Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտը հայտարարել է 2015-ի կեսին Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ մշակելու հավանականության մասին:
Ճապոնական կղզիներին հերթական` «Հալոնգ» թայֆունն է մոտենում
Ճապոնական Կյուսյու կղզում փոթորկի նախազգուշացում է արվել մոտեցող «Հալոնգ» թայֆունի պատճառով, հաղորդում է Росбалт-ը:
Հիմա այն գտնվում է Օկինավա կղզու արևելքում ու շարժվում է դեպի հյուսիս: Քամու արագությունը էպիկենտրնում կազմում է 40մ/վրկ, իսկ տեղ-տեղ` 55մ/վրկ-ի է հասնում: Շրջանում, որտեղ թայֆունն է մոտենում, ալիքների բարձրությունը հասնում է 10 մ:
Ճապոնիայի օդերևութաբանական վարչության տվյալներով, թայֆունի հարվածը ուրբաթ է սպասվում: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել ջրհեղեղի ու սողանքի վտանգի պատճառով առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ:
Հզոր ջրամրրիկը պատուհասել է մեքսիկական քաղաքին
Մեքսիկական Սան-Քրիստոբալ-դե-լաս-Կասաս քաղաքում մթնոլորտային սառը և տաք ճակատների բախման հետևանքով ջրամրրիկ է առաջացել:
Տուժած քաղաքը Չյապաս նահանգում է: Տեղի քաղաքացիական պատշտպանության ինստիտուտի տվյալներով, մրրիկը պոկել է տանիքները, արմատահան արել ծառեր: Բացի այդ, քաղաքի շատ շրջաններ հոսանքազրկվել են:
Ականատեսներն ասում են, որ ջրամմրիկը շատ լավ տեսանելի էր քաղաքի տարբեր կետերից: Շատերն են հասցրել լուսանկարել ու տեսանկարել բնական երևույթը: Տուժածներ, բարեբախտաբար չկան:
Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ է սկսվել
Տեղատարափ անձրևները Սերբիայի արևմուտքում, Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ են առաջացրել: Բանյա-Լուկայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հեղեղվել են հարյուրավոր տներ, բնակիչների տարհանում է կատարվում, հոսանքի մատակարարման խաթարումներ են լինում: Սողանքներ են արձանագրվել, դադարեցվել է գնացքների տեղաշարժը Սարաևո-Զագրեբ երթուղով, որը միացնում է Բոսնիայի, Հերցեգովինայի ու Խորվաթիայի մայրաքաղաքները, որոնց արևելյան հատվածը նույնպես վատ եղանակից տուժել է:
Մի քանի տասնյակ կամուրջներ են փլուզվել ու մայրուղիներ քանդվել: Օգոստոսի 6-ին փրկարարները ստիպված էին հեղեղված տներից ազատել բնակիչներին ու 2 ավտոբուսների ուղևորներին:
Բոսնիայում մեկ մարդ անհետ կորած է համարվում: Նա ավտոմեքենայում էր, որը ափերից դուրս եկած գետը քշել է:
Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները չեն դադարի մինչև շաբաթվա վերջ: 2014-ի մայիսին Սերբիայում ու Բոսնիայում տեղի ունեցած ջրհեղեղից, որը վերջին 120 տարում ամենաուժեղն էր, զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, տարհանվել էր Բոսնիայի 30հազար քաղաքացի:
Տարերային աղետի հետևանքով տնտեսական վնասը բալկանյան երկրներում գնահատվում է 3,6 մլրդ վրա:
Սպասելիքներ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում
Չինաստանի Նանջինգ քաղաքը օգոստոսի 16-28-ը կհյուրընկալի ամառային պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակիցներին: Հաշված օրեր են մնացել մինչև այդ ստուգատեսի սկիզբը: Պայքարի ոլորտ կներգրավվի 204 երկրների 15-18 տարեկան 3808 մարզիկ-մարզուհի: Խաղերի ծրագրում 34 մարզաձևի 228 մրցաձև է :
Հայաստանը նույնպես իր ներկայացուցիչները կունենա ստուգատեսում: Այդ պատվին են արժանացել ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթևոսյանը ( 54 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ), ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը (77 կգ ), Սիմոն Մարտիրոսյանը (+ 85 կգ), Սոնա Պողոսյանը (63 կգ), մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, լողորդ Վահան Մխիթարյանը (50 մ, 100 մ ազատ լողաոճ և 50 մ բատերֆլայ), ջրացատկորդ Լև Սարգսյանը, բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանը (81 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (օդամղիչ հրացան, 10 մ), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ) և ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը (66 կգ ):
Այսպիսով, ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում Հայաստանը 8 մարզաձևերում ունենալու է 14 մասնակից:
Ստուգատեսում հանդես գալու իրավունք տվող ուղեգրերը մերոնք ձեռք են բերել վարկանշային միջազգային մրցաշարերում: Դրանց ժամանակ համառ մրցակցություն է ծավալվել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների տեղերը սահմանափակ են:
Ի դեպ, մայիսի 30-ից հունիսի 1-ը Բաքվում կայացել է աթլետիկայի Եվրոպայի օլիմպիական վարկանշային պատանեկան (1997-1998 թթ. ծնվածներ) մրցաշարը, որում խաղարկվել են ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրեր, և միաժամանակ այս մրցաշարը թեստային էր համարվում եկող տարի՝ 2015 թ. Բաքվում կազմակեպվելիք Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերի համար:
Վարկանշային այդ մրցաշարում հանդես են եկել աշխարհամասի 38 երկրների 690 աթլետներ՝ 333 աղջիկ և 387 պատանի: Ստուգատեսի մասնակիցները 18 մրցաձևերում խաղարկել են օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր. աղջիկները՝ 108, պատանիները՝ 82: Բայց մերոնք գերադասել են բաց թողնել այդ ստուգատեսը:
Մինչդեռ օրերս Հայաստանում անցկացվեց Եվրոպայի նետաձգության առաջնությունը, որում խաղարկվում էին նաև 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի ուղեգրեր, և ադրբեջանցի նետաձիգները Էջմիածնում կրակագծում էին: Նրանք Հայաստան էին եկել, որպեսզի Եվրոպայի օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնեն, քանի որ այդ մրցումներում կարող են մեդալների հավակնել:
Ինչ վերաբերում է Չինաստանի պատանեկան խաղերի հետ կապված սպասելիքներին, ապա մեդալների տիրանալու հույսեր կան: Ցավալի է, որ հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանշային մրցումներում մերոնք խաղերի երկրորդ ուղեգիրը չկարողացան նվաճել, մինչդեռ Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները ևս մեծ ներուժ ունեն: