«Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:
Իրականում, ըստ նախարարի, այս որոշումը կարող է որպես նմուշ-օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլև մասնագիտացված սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար: Հ.Թովմասյանի դիտարկմամբ` որոշումն իրականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ պատճառաբանական մասում ներկայացված իրավական գնահատականներն և վերլուծությունները կառավարության համար հանդիսանալու են ուղղորդող քաղաքականություն:
«Այս գործընթացն ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը և քաղաքացիական հասարակությունը գտնվում է որակական նոր փուլում»,-նշել է նախարարը:
Նշվել է նաև, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և կառավարությունը հնարավորություն ունի մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական:
Tag Archives: իրավունք
Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը
Քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանելուց դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցներին, որոնց գործին մասնակցող մյուս անձինք օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակն ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Մանկավարժը հացադուլ կհայտարարի` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար
31 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Գալստյանը 1983 թվականից աշխատում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, դասավանդում է քիմիա և կենսաբանություն: 1987-2000 թթ. Գալստյանը նաև եղել է դպրոցի փոխտնօրեններից մեկը: Այժմ, երբ լրացել է Գալստյանի 55 տարին և օրենքով սահմանված կարգով նա կարող է մասնակի կենսաթոշակի անցնել, խնդիրներ են առաջացել:
Փետրվարի սկզբին Գալստյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն շուտով մերժում է ստացել. փոխտնօրեն աշխատելու 13 տարիները մասնագիտական ստաժ չեն համարել ու մերժել են:
Ըստ 2010-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն կրթության ոլորտի որոշ կատեգորիաների աշխատողներ, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից գոնե 12-ը` մասնագիտական: Իսկ մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել մասնակի կենսաթոշակի համակարգում, սահմանել է կառավարությունը 2011-ի 665-Ն որոշմամբ: Ըստ ցուցակի` նման իրավունք ունեն դպրոցական համակարգից ուսուցիչը, դասվարը, զինղեկը, մանկավարժ դաստիարակը, դաստիարակ-ղեկավարը, ջոկատավարը և ավագ ջոկատավարը, հրահանգիչը, խուլ-համրերի, կույրերի մանկավարժները, լոգոպեդը, լսողական կաբինետի վարիչը, ուսումնական և դաստիարակության գծով տեղակալները, տնօրենը:
Մինչ 2010 թ. մասնակի կենսաթոշակի անցնելուց բավարար է եղել տեղեկանքը դպրոցից, որ փոխտնօրենը կամ կազմակերպիչը նաև զուգահեռաբար դասավանդել է` օրենքով թույլատրված ժամաքանակով: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքում հստակ նշվում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
Ըստ այս տրամաբանության` Գալստյանը զրկվել է 13 տարվա մանկավարժական ստաժից, իսկ փոխտնօրենի ստաժն էլ հրաժարվում են դիտարկել` պատճառաբանելով, որ ցանկում «կազմակերպիչ» տերմինը չկա:
«Տառակերությամբ են զբաղվում: Այն ժամանակ փոխտնօրենը կոչվում էր կազմակերպիչ, հիմա` դաստիարակության գծով տեղակալ: Ընդամենը հաստիքի անվանումն է փոխվել: Ինչո՞ւ պետք է զրկվեմ ինձ հասանելիք կենսաթոշակի իրավունքից, ինչ է թե հաստիքի անունը փոխվել է»,- ասում է Գալստյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվում են արդեն տարիներ շարունակ: Նրա խոսքով` հիմնավորող իրավական փաստաթուղթ չկա, որ կազմակերպչի հաստիքը վերանվանվել է դաստիարակության գծով տեղակալ: «Խորհրդային տարիներին դպրոցի տնօրենը երկու տեղակալ է ունեցել` ուսումնական գծով տեղակալ և կազմակերպիչ: Այն ժամանակ էլ ուսումնական գծով տեղակալը մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցել է, կազմակերպիչը` ոչ: Բոլորը չէ, որ այդ իրավունքը ունեն»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` Գալստյանին մասնակի կենսաթոշակի իրավունք չտալը օրենքի սահմաններում է, եթե, իհարկե, Գալստյանը չկարողանա իրավական փաստաթուղթ ներկայացնել, որը կհիմնավորի, որ կազմակերպիչը և դաստիարակության գծով տեղակալը նույն հաստիքն են:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ հաստիքի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է իրավական փաստաթղթով, բացառություն չէ նաև այս դեպքը: Մակյանը նշեց, որ 1987-ին Գալստյանի հաստիքի ամբողջական անվանումն է եղել արտադասարանական ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Նրա խոսքով` խառնաշփոթի պատճառն այն է, որ Գալստյանի աշխատանքային գրքույկում պաշտոնի անվանումն ամբողջական չի գրվել:
Մակյանի խոսքով` խնդիրը կլուծվի, եթե Գալստյանի աշխատանքային գրքույկում դպրոցի ներկայիս տնօրինությունը, հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերը, ուղղում կատարի:
Գալստյանը, սակայն. արդեն հուսահատվել է հիմնարկությունների դռնից դուռ անցնելուց ու մերժումներ ստանալուց:
«Բա որ հանկարծ ուղղում կատարվի, հիմա էլ ասեն, թե կեղծում եմ արել, էդ ժամանանակ ի՞նչ կլինի: Վախենում եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ»,- ասում է նա:
Ինչպե՞ս է կատարվում քրեական գործի արձանագրումը
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի համաձայն` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:
Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում: Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ,
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
Դատավարական գործողություններն արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններy ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:
Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների, կամ առողջական վիճակի, կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:
Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ինչպիսի՞ իրավունքների շրջանակներում են գործունեություն իրականացնում կրոնական կազմակերպությունները
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
- Հայաստանյաց Առաքելական եկեղեցին (կրճատ` Հայ եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով,
- կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:
Ճիշտ է, կրոնական կազմակերպությունների գործունեությունը հիմնականում կապված է մարդու խղճի հետ, որն առանձնահատուկ երևույթ է, սակայն օրենքով կանոնակարգվում է:
Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունն իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին,
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը,
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով: Մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով,
դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները,
ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով,
զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում,
է) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր,
ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից` օրենքով սահմանված կարգով,
թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով,
ժ) զբաղվել բարեգործությամբ:
Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ: Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու պահից:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները փակման վտանգի տակ են
2006 թվականից գործող 10 «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոնները յոթ տարի շարունակ աշխատել են ավելի քան 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունքներ: Իսկ հիմա ԱՄՆ Միջազգային զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորումը դադարեցվել է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը նշեց, որ այս 7 տարիների ընթացքում կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնների կողմից տարված աշխատանքի ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել, ոստիկանությունը փորձեր է անում հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի վերջիններիս ֆինանսավորմամբ շարունակական լինի աշխատանքը:
Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով` զուտ ծախսարդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, որ համայնքներում երեխաների հետ աշխատեն ցերեկային ծրագրերով: Ըստ նրա՝ այդպես ավելի նպատակահարմար է, որովհետև նմանատիպ կենտրոնների ստեղծման դեպքում միշտ մի օր կանգնում են ֆինանսավորման խնդրի առջև:
«Լավ կլիներ, որ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը գտնեին այն ձևաչափը, որով կարելի է աշխատել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ»,- ասաց Միրա Անտոնյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն էլ նշեց, որ նախարարության մոտեցումն այս կենտրոնների աշխատանքին միշտ եղել էլ դրական:
«Բյուջետային հայց գուցե ներկայացվի՝ հետագայում այս կենտրոնների աշխատանքը շարունակելու համար: Այս պահին քննարկվում է Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը, և կենտրոնները շարունակեն իրենց աշխատանքները: Քննարկել ենք նաև արտաբյուջետային միջոցներով կենտրոնների ֆինանսավորումը, սակայն այս պահին հստակ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չենք կարող տալ»,-ասաց Արամ Օրբելյանը:
Ինչպե՞ս է կանոնակարգվում հերքման և պատասխանի իրավունքը ԶԼՄ-ներում
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:Հերքման պահանջը կարող է ներկայացվել 1-ամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:
Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:
Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով: Պատասխանը չպետք է հակասի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ:
Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը:
Պատասխանը հրապարակվում է անվճար:
Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Վերսկսվում է Արամի փողոցի բնակարանների խարդախության գործով կասեցված դատավարությունը
Դատարանը որոշում է կայացրել, այսպես կոչված, «Գապբնակշին»-ի գործից առանձնացված Սիմոն Աղազարյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսելու և քրեական գործով դատաքննություն նշանակելու մասին: Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Նշենք, որ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի: Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում և վիրահատություն։
Կանանց և երեխաների առողջության պահպանումը առողջապահության նախարարության քաղաքականության գերակա ուղղություն է: Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ կանանց առողջության միամսյակի կազմակերպումը նպատակ ունի հոգ տանելու կանանց և նրանց ընտանիքների առողջության համար:
Որո՞նք են պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը
Նշված իրավահարաբերությունը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածով: Այսպես, պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝
1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո,
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Լիցենզիաների ինչպիսի՞ տեսակներ կան
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (Օրենքն ընդունվել է 2001թ. մայիսի 30-ին¤24 հոդվածի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար կարող են տրվել լիցենզիաների հետևյալ տեսակները՝
1) պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ,
2) բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ:
Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:
Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:
Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար հիշյալ օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:
Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով: Բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան: Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
«Բուդաղյանների գործով քննիչին ուղղորդում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը». Ժաննա Ալեքսանյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը մեծ ջանքեր գործադրեց ապացուցելու համար անապացուցելին: Որից հետո էլ ստանձնեց գլխավոր դատախազի պաշտոնը և, բնական է, որ նա «տեր է կանգնելու» այս գործին մինչև վերջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Նրա խոսքով` զավեշտալի է, որ Բուդաղյանների գործով քննիչն ինքն է որոշում գործի քննության նյութերը ներկայացնե՞լ դատարան, թե՞ ոչ: Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե քննիչներն ինչ դեր ունեն: Մասնավոր զրույցներում քննիչները շատ են բողոքում իրենց ստրկական վիճակից:
«Իսկ հիմա Գևորգ Կոստանյանի ուղղորդմամբ հայտնվել է մի քննիչ, ով թույլ չի տալիս բացահայտել հանցագործությունը: Բնական է, որ նման դեպքում նախկին մարզպետն էլ կընտրվի ԵԿՄ վարչության անդամ: Նրանք բոլորը մի թիմ են` Սերժ Սարգսյանի գլխավորոթյամբ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Նրա կարծիքով` Բուդաղյանների գործին տեղյակ Սերժ Սարգսյանն ի պաշտոնե պարտավոր էր հադես գալ հայտարարություններով, ոչ թե ԵԿՄ համագումարի պարտադրող ելույթներով: Բնական է, որ քննիչին հովանավորում է նախագահը:
«Եթե արդար դատաքննություն լիներ, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեր առնվազն երեք հոգի` դեպքի հետ կապված և ևս մի քանի հոգի, ովքեր կոծկել են այս գոծը: Գործի նախաքննության ողջ ընթացքում եղել են մարդիկ, ովքեր փորձել են շեղել նախաքննության ընթացքը»,- ասաց բանախոսը:
«Առաջին ատյանի դատարանը փոխարենը քննիչից պահանջի գործի նյութերը, պահանջում է բողոքի քննությունը կասեցնել». Հայկ Ալումյան
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս անդրադարձել է գործով նախաքննության հանգամանքներին` ներկայացնելով, թե ինչ պայմաններում է ընթացել նախաքննությունը, ինչ խախտումներով են կայացվել քննիչի որոշումները Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
«Դիմելով դատարան և բողոքարկելով քննիչի որոշումները, մենք հույս ունեինք, որ դատարանը կիրականացնի արդար որոշում: Ճիշտ է, մենք պատկերացնում էինք, թե ինչ ճնշումներ կլինեն դատարանի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, դիմեցինք դատարան: Դատարան դիմել ենք հոկտեմբեր ամսին և չորս ամիսների ընթացքում տեսանք, որ դատարաններից նույնպես դժվար է ակնկալել արդարադատություն, եթե խոսքը վեաբերում է այնպիսի անձանց, ովքեր որոշակի հովանավորչություններից են օգտվում: Մեր բողոքի քննությունը կասեցվեց: Դատարանը որոշեց, որ մեր բողոքը կքննի այն ժամանակ, երբ քննիչն ինքը ցանկություն կհայտնի դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը, իսկ քննիչը նման ցանկություն արդեն մի քանի ամիս է չի հայտնում: Դատարանը փաստում է, որ բողոքի քննությունն անհնար է առանց քննիչի կողմից գործի նյութերը ներկայացնելու և փոխարեն քննիչից պահանջի գործի նյութերը, պահանջում է բողոքի քննությունը կասեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով` քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ նյութերում կան այնպիսի տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում տեղեկացնել դատարանին, Բուդաղյանների հարազատներին և հասարակությանը: Դա ակնհայտ է, հակառակ դեպքում քննիչին ոչինչ չէր խանգարի:
«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որ վերանայի Առաջին ատյանի դատարանի որոշումը: Իհարկե, նման որոշումները սովորաբար նախապես համաձայնեցված են լինում և’ Վերաքննիչ, և’ Վճռաբեկ դատարանի հետ: Մենք որոշեցինք անցնել բոլոր դատարաններով, որպեսզի հետագայում կարողանանք դիմել Եվրադատարան»,- ասաց փաստաբանը:
Հարցին` ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի ԵԿՄ վարչության անդամ դառնալու փաստը, Հայկ Ալումյանը նշեց, որ հարցն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, և ինքը չի ցանկանում հարցի քաղաքական մասը մեկնաբանել, բայց, ըստ նրա, այդ հարցի մեջ կա նաև մի փոքր իրավաբանական բաղադրիչ: ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, հետևապես ոչ ոք չի կարող որոշել, թե ո՞վ կլինի այդ կազմակերպության վարչության անդամ կամ ղեկավար, բացի միության անդամներից: Իսկ թե միության անդամները ի՞նչ չափորոշիչներ են հաշվի առնում, միգուցե անցած ուղին, անբասիր վարքը, նրանց ներքին խնդիրն է:
Որո՞նք են ՀՀ արտաքին գործերի նախարարության գործառույթները
ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1245-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը, որի 2-րդ բաժինը վերաբերում է նախարարության գործառույթներին: Ըստ Կանոնադրության 8-րդ կետի` Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները, որոնցից կթվարկենք մի մասը`
- Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնելը,
- Հայաստանի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարության իրագործումը,
- միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության համակարգումը,
- «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը,
- Հայաստանի Հանրապետության գործունեության և միջազգային կազմակերպություններում, կոնֆերանսներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում մասնակցության ապահովումը,
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ օտարերկրյա պետություններում պաշտոնական տեղեկությունների տարածմանն աջակցելը,
- Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանումը,
- միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելը,
- Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողության իրականացումը,
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապի իրականացումը և նրանց գործունեությանն աջակցելը,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրականացումը,
- հյուպատոսական գործունեության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի,
- դիվանագիտական ու հյուպատոսական փոստի առաքման և ստացման իրականացումը,
- Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելուն և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելություններին աջակցելը և անհրաժեշտության դեպքում` դրանք կազմակերպելը:
Պատրաստեց` Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Վանաձորցիները բողոքի ցույց են անում Լոռու մարզի դատախազության առաջ`արդար դատաքննության պահանջով
Այսօր բազմաթիվ վանաձորցիներ բողոքի ցույցի էին դուրս եկել ի պաշտպանություն 2012 թվականին «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվողներ Սամվել Դիլոյանի, Արտակ ու Արեն Վերանյանների:
Նշենք, որ այսօր Լոռու մարզի Առաջին ատյանի դատարանում, շարունակվում էր Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դատաքննությունը: Բողոքի ցույցին միացել էին նաև մեղադրյալների հարազատները` արդար դատաքննության պահանջով: Բացի այդ բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիները սպասում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով պետք է գար Լոռու մարզ: Ցույցի մոտ հարյուր մասնակից Լոռու մարզի դատախազության մասնաշենքի մոտ հավաքված` պահանջում էին դատախազի հետ հանդիպում:
ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, այդպես էլ չժամանեց Լոռի: Փոխարենը մեղադրյալների հարազատները և գործով փաստաբան Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ:
Դատախազը խոստացավ խնդիրը հնարավորինս շուտ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին:
Փաստաբանի խոսքով` իրենց մտահոգությունները կապված են դատական նիստերի երկարաձգվելու հետ: Մեղադրող կողմը չի կարողանում ապահովել վկաների ներկայությունը:
«Ճանապարհային ոստիկանները հաճախ կեղծում են մեքենայի արագությունը». Էդուարդ Հովհաննիսյան
Ավտովարորդների կողմից տրվող դիմում-բողոքների և դրանց շուրջ ծավալվող դատական գործերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները շատ հաճախ կարողանում են կեղծել մեքենայի արագությունը: «Երբեմն վարորդը վստահ է լինում, որ չի գերազանցել թույլատրելի արագությունը, իսկ ոստիկանը նրան ցույց է տալիս սարքի գրանցած թիվը, որը շփոթության մեջ է գցում անգամ վարորդին: Երբ վարորդը չի տիրապետում կանոններին, չի կարող իրեն պաշտպանել, բայց, պետք է նկատել, որ նախորդ տարիների հետ համեմատած փոխվել է իրավիճակը: Դրան մեծապես նպաստում է տեսախցիկների առկայությունը, որ վարորդներն ավելի զգոն լինեն և հետևեն կանոններին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի` նման խնդիրներից խուսափելու համար կա միայն մեկ լուծում. վարորդները չպետք է հրաժարվեն ստորագրել ոստիկանի ներկայացրած թղթերը: Եթե նրանք վստահ են, որ խախտում չեն կատարել, բայց ոստիկանը խախտում է գրանցել, պետք է պահանջեն գործին կցել նաև տեսագրությունը:
«Նման կերպ հնարավոր է շահել դատական այն գործերը, որտեղ ոստիկանը խախտում է գրանցել, բայց չի ցանկանում ներկայացնել տեսագրություն` ասելով, որ այն ջնջվել է»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանը նաև նշեց, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ լիազորագրերով վաճառել են իրենց մեքենաները, բայց դեռ նրանց վրա տուգանքներ են գալիս, ինչը ևս մտահոգում է վարորդներին:
«Տաքսու վարորդները, օրինակ, բողոքում են, որ դիմում են ապահովագրական ընկերություններին, սակայն իրենց չեն ապահովագրում: Մենք հորդորում ենք վարորդներին, որպեսզի բողոքների դեպքում մեզ ոչ թե ուղղակի ահազանգեն, այլ դիմեն գրավոր, որպեսզի մենք կարողանանք գործին ընթացք տալ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ դատական գործերի մեծ մասը իրենք շահում են:
Կադաստրային չարաշահումներ Արմավիրի մարզում
Երբեմն լրագրողական հետաքննության ընթացքում փաստը բոլոր կողմերի տեսանկյունից ճշտելու ճանապարհին, անաչառության նկատառումներից ելնելով, չես ցանկանում մտածել` ով է մեղավոր, ով` անմեղ, սակայն կողմերից մեկը սովորաբար իր վարքագծով մատնում է իրեն:
Նման դեպք եղավ օրերս, երբ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Արտուրիկ Գասպարյանից ստացանք ահազանգ այն մասին, որ տեղի է ունեցել կադաստրային չարաշահում, և ինքը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել որևէ պետական մարմնում: Գործն այս պահին դատարանում է, սակայն բազմաթիվ մերժումներից հետո Արտուրիկ Գասպարյանը հույս չունի, թե իր հայցը կբավարարեն:
Խոսքը Փարաքար գյուղում գտնվող երկու տների` Արտուրիկ Սարգսյանի` Վազգեն Սարգսյան առաջին փողոցի տուն 6-ի և Ասյա Աբասյանի` Վազգեն Սարգսյան առաջին փողոցի տուն 5-ի միջև ընկած 56,4 ք. մ տարածքի մասին է: Արտուրիկ Գասպարյանի հավաստմամբ` երկու հարևանների տարածքների միջև ընկած այդ հատվածը գյուղապետարանինն է: «Այդ տարածքը մտցվել է քարտեզի մեջ, տրամադրվել գյուղապետին: Կադաստրը վերցրել է այն ու տվել իմ հարևանին` Ասյա Աբասյանին: Տանս պատից սկսած` այդ հատվածը տրամադրել են, բայց ես այդ կողմից մուտք ունեմ, ուստի ինձ օրենքով երեք մետր հող է հասնում, բայց հիմա ստացվում է, որ հարևանս կարող է, մուտքս փակելով, այնտեղ ինչ-որ բան կառուցել», – մեզ հետ զրույցում նշեց Արտուրիկ Գասպարյանը: Նա ասաց, որ կադաստրում հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ գյուղապետարանը ևս բողոքում է, քանի որ գյուղապետարանին պատկանող տարածքը, առանց նրա համաձայնության ու գծագրի, կադաստրը տվել է գյուղացիներից մեկին: Գյուղապետարանի տեսակետը ճշտելու համար զանգահարեցինք Փարաքար գյուղի գյուղապետ Սամվել Վարդանյանին: Նա հայտնեց, որ վիճահարույց տարածքը, փաստորեն, ինքնակամ զբաղեցրած տարածք է, կադաստրում հաշվի չեն առել որոշ հանգամանքներ ու կատարել են ոչ ճիշտ գրանցում:
Սկզբում թվում էր, թե ինչ-որ խնդիր կա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԿԱԱԳԿՊԿ) աշխատակազմի «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակում, սակայն դրա պետ Զորիկ Կոստանյանը բացատրեց, որ իրենց գրասենյակն ընդամենը հաստատում է այն որոշումներն ու գծագրերը, որոնք կայացվում են մարզային ստորաբաժանումում: Նա խորհուրդ տվեց հարցի մանրամասների մասին տեղեկանալ ՀՀ ԿԱԱԳԿՊԿ աշխատակազմի Արմավիրի մարզային ստորաբաժանման ղեկավար Կարեն Մանուկյանից: Հենց այստեղ էլ պարզվեց, թե որտեղ է թաղված շան գլուխը:
Կարեն Մանուկյանի աշխատակազմի ներկայացուցիչները նախ ասացին, որ նա արձակուրդում է, բայց երբ տեղեկացրեցինք, որ խոսքը վերաբերում է կադաստրային չարաշահումների մեղադրանքին, պարզվեց, որ նա բնավ էլ արձակուրդում չէ: Կարեն Մանուկյանը ասաց. «Ես որևէ պարզաբանելու բան չունեմ: Գործը դատարանում է, և այնտեղ էլ կպարզվի` ով է ճիշտ, ով` սխալ»: Այն պնդմանը, թե, փաստորեն, ինքը հրաժարվում է պարզաբանումներ տալուց, ասաց` «Գրեք ինչ ուզում եք, եղա՞վ: Եվ ընդհանրապես էլ ինձ չանհանգստացնեք»: Այնուհետև Կարեն Մանուկյանը կախեց խոսափողն ու այլևս չպատասխանեց զանգերին:
Իմանալով նրա նման պահվածքի մասին` Արտուրիկ Գասպարյանը չզարմացավ. «Ի՞նչ պիտի ասեր: Ասելու բան չունի»:
Լարա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ի՞նչ ձևով է դրսևորվում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը
Տեղական ինքնակառավարման իրականացման նպատակն է հանդիսանում տեղական նշանակության հարցերի լուծումը` մունիցիպալ կազմավորման բնակիչների կենսագործունեության անմիջական ապահովումը: Սույն նպատակը ՏԻՄ-երից պահանջում է մշտապես կապի մեջ լինել բնակիչների հետ, նրանց տեղեկատվություն հաղորդել մունիցիպալ իշխանության գործունեության մասին:
Հրապարակայնությունը հասարակության և պետության կառավարման ժողովրդավարական համակարգի կարևոր տարրն է: Հրապարակայնության շնորհիվ ապահովվում է կառավարչական գործունեության ժողովրդականությունը, դրա վերահսկողությունը հասարակության կողմից, ինչպես նաև քաղաքացիների` իրենց շահերը, իրավունքներն ու ազատությունները շոշափող որոշումների մշակման գործընթացի վրա ներգործելու հնարավորությունը:
ՏԻՄ-երի աշխատանքում հրապարակայնության սկզբունքի իրագործումն ընդգծում է նրանց գործունեության բաց բնույթը, այդ գործունեության մասին բնակչության կանոնավոր իրազեկումը:
Հրապարակայնության ապահովման եղանակներն իրավական տեսակետից ամրագրված են մունիցիպալ իրավունքի նորմերում, տեղական ինքնակառավարման պրակտիկայում:ՏԻՄ-երը պետք է ապահովեն իրենց աշխատանքի մասին ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը քաղաքացիներին: Այդ կարևորագույն պահանջի իրականացումը ենթադրում է`
1.տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների նիստերի, տեղական ինքնակառավարման ընտրովի և այլ մարմինների կողմից լուծվող հարցերի մասին բնակչության իրազեկումը,
2.ՏԻՄ-երի կողմից իրենց ընդունած որոշումների բովանդակության մասին բնակչության իրազեկումը:
Ստանալով օբյեկտիվ տեղեկատվություն տեղական գործերի վիճակի մասին, իրենց մասնակից համարելով այդ գործերի լուծմանը` քաղաքացիներն առաջարկություններով, դիմումներով և բողոքներով կարող են դիմել ՏԻՄ-երին:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 331 հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
գ համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության),
գ ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար,
գ համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում և (կամ) ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։ Այս մասին Անկախը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության կայքից:
Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ ՄԻԵԴ դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և Վահե Գրիգորյանը։
Ֆիլիպ Լիչը ներկայացնելով գործը՝ ասաց, որ Մինաս Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետև հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։
Ինչպես նշեց Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ և այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝ Իլասկուն ընդդեմ Մոլդովայի գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։
Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։
Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։
Սագսյանների կողմը՝ հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ և 9-րդ հոդվածների վրա՝ կրոնի ազատություն, բողոքում է Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ վանդալիզմից և ոչնչացումից։
Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաև Գյուլիստաում գտնվող հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝ գերեզմաններն ավիրվել և վանդալիզմի են ենթարկվել։
«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի, խախտվել է նաև կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ այն է խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ և Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաև հայկական գերեզմանների ոչնչացման համար։
Հայցվորները պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։
ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։
Ինչպես նշեց ՀՀ կառավարության ներկայացուցիչը, հայկական եկեղեցիները և գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում և պատասխանող կողմն այս առումով որևէ հակափաստարկ չի ներկայացրել։
Գևորգ Կոստանյանը դատարանին առաջարկեց այս առումով իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։
Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում և որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։
ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիասցող Արբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։
Նշենք, որ Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ բերվել է 2006թ-ի օգոստոսի 11-ին։
Հատուկ քննչական ծառայությունում մոտ 20%-ով աճել է քրեական գործերի թիվը
Օրերս Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն և ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
Նա դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ, որոշակի աշխատանքներ է կատարել իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ»:
Անցած տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերի ընդհանուր պատկերը հետևյալն է. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ:
«Եղել են նաև խախտումներ՝ ուղղված մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ»,- իր ելույթում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:
Նա տեղեկացրեց, որ ավարտված քրեական գործերով ձերբակալվել է 38 անձ, ձերբակալումից ազատվել են երկուսը: Նրանցից մեկը ձերբակալումից ազատվել է արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
«Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ տվյալ քրեական գործը հարուցվել է ոստիկանության տարածքային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Կարեն Հարությունյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Բակուր Ավետիկյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Նշված արարքը կատարելու կասկածանքով Կարեն Հարությունյանը ձերբակալվել է, և նկատի ունենալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր ընդունվելիս վերջինիս մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն,- ասաց Ա. Նադիրյանը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ իրականում Կարեն Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, ընդհակառակը` Բ. Ավետիկյանը նրանից կաշառք է վերցրել նրա հարևանի օգտին ակնհայտ անգործության համար, իսկ այնուհետև պահանջել է ավելացնել կաշառքի գումարը, և նրանց միջև առաջացած վիճաբանության ժամանակ Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ ու բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարությանը, թե Կ. Հարությունյանը չի ենթարկվել իր օրինական պահանջին և բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Կարեն Հարությունյանն ազատվել է ձերբակալումից, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց քննված քրեական գործերի վիճակագրությունը. «ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերի քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, փաստորեն քննված քրեական գործերի թիվը 2012-ի համեմատ աճել է 17 տոկոսով»:
ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է, և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաև հետագայում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանն էլ արձանագրեց ՀՔԾ-ում
ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Ըստ Հովհաննիսյանի` պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, իրավաբանական անձանցը՝ 154 մլն դրամ և ֆիզիկական անձանցը՝ մոտ 300 մլն դրամ: «Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 95,9 տոկոսը, իրավաբանական անձանց պատճառված վնասի` 100 տոկոսը, ֆիզիկական անձանց վնասի` 40,5 տոկոսը»,- նշեց Ա. Նադիրյանը:
Հատուկ քննչական ծառայության պետն արձանագրեց, որ իրենց վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ` կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են: 2012-ին ՀՔԾ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, հետևաբար 2013-ին նման դեպքերի բացահայտումներն ավելացել են 31-ով: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից 15-ը եղել են ոստիկանության, 5-ը` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից, 2-ը` մարզպետարանի վարչության պետ, 2-ը` ՀՀ ԱԻՆ աշխատակից` փրկարարական ծառայության վարչության բաժնի պետ և հրշեջ-հրահանգիչ, ինչպես նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայազորային քննչական բաժնի բաժանմունքի պետը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը:
Շահինյանը հատուկ ընդգծեց, որ հաշվետու տարում ՀՔԾ-ում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի աճը պայմանավորված է ոչ թե այդ բնույթի հանցագործությունների, այլ դրանց բացահայտման աճով, ինչը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքով և վերջիններիս ու հատուկ քննչական ծառայության համագործակցության ամրապնդմամբ:
Դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձ եղավ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի թերություններին ու չլուծված խնդիրներին: Ա. Նադիրյանը չլուծված խնդիրների շարքում ընդգծեց ծառայությունը փորձառու և որակյալ կադրերով համալրելու խնդիրը: «Դեռևս չի լուծվել ՀՔԾ ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին` 2013-ին, չունենալով վարչական շենք, գործել ենք անբարենպաստ պայմաններում, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ քննության որակի վրա»,- ասաց Նադիրյանը՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ գոհունակությամբ պետք է նշել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է խնդրին և ջանքեր է գործադրում հարցը լուծելու ուղղությամբ:
Արման ԲԱԲԱՅԱՆ