Ֆրանսահայ. «Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է»

ԹամարԹամար Անդրեասյանն իր երեք  երեխաների հետ ամառային հանգիստն անցկացնում է Հայաստանում: Շուտով նրանց կմիանա նաև ամուսինը:

Ֆրանսիայում ապրող Անդրեասյանների ընտանիքը հնարավորության դեպքում նախընտրում է ամառային հանգիստը Հայաստանում անցկացնել: Եթե նախկինում Հայաստան այցելելու որոշումը ամուսիններով էին կայացնում, ապա այժմ երեխաներն են անհամբեր սպասում, թե երբ կգա ամառային արձակուրդը, որ Հայաստան գան:

Թամար Անդրեասյանը ծնվել է Լիբանանում: 15 տարի Բեյրութում ապրելուց հետո, Լիբանանում սկսված պատերազմի պատճառով ընտանիքով Ֆրանսիա են տեղափոխվել: Այստեղ էլ Թամարը ծանոթացել է իր ապագա ամուսնու` Վազգենի հետ:  Ամուսնանալուց հետո` 1993-ին, զույգը Հայաստան է գալիս, ուր ամուսինը 1,5 տարի ծառայություն է անցնում ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատանը:

Այժմ ապրում են Ֆրանսիայի Վիրոֆլե բնակավայրում, ունեն երեք երեխա. ավագը 18, կրտսերը 14 տարեկան է: Տիկին Թամարը տեղի հայկական դպրոցում երեխաներին հայերեն է դասավանդում:

«Անկախը» զրուցել է տիկին Թամարի հետ Հայաստանի մասին նրա տպավորությունների և Ֆրանսիայում հայապահպանության խնդրի մասին:

-Տիկին Թամար, գիտեմ, որ Ձեր տանը միայն հայերեն եք խոսում: Երեխաները չե՞ն ընդդիմանում:

– Երբ որ ֆրանսերեն խոսած են, ասել ենք` հայերեն խոսեցեք: Մեր տանը միշտ բացատրել ենք, թե ինչու կուզենք, որ հայերեն խոսին: Ամեն տարիքին իրենց մակարդակին բացատրել ենք, թե ինչու մեզի համար կարևոր է, որ իրենք հայերեն խոսին: Մեր կեցվածքն  ալ  գուցե իր կարևորությունն ունեցել է: Մենք միշտ խոսել ենք հայերեն, նույնիսկ դուրսը` ֆրանսիացիների դիմաց:  Երբ երեխային դպրոց տարել եմ կամ դպրոցեն առել եմ, ես միշտ իմ երեխայիս հետ ուսուցչուհուն ալ դիմաց հայերեն եմ խոսել, երբեք չեմ ամաչել հայերեն խոսելեն: Կրնա ըլալ, որ երեխաները տեսնելով, որ ես այնքան վստահ և հանգիստ եմ թե՛ իմ ինքնությանս, թե՛ լեզվիս մեջ, իրենք էլ խոսել են:

Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է: Եթե մենք հայերեն չխոսինք, ո՞վ պիտի խոսի: Իսկ եթե չես խոսիր, ուրեմն կզիջես, ուրեմն դուն ալ պատասխանատվություն մը ունիս լեզվին նահանջին մեջ:

Հայերեն խոսելն առավելություն և հպարտություն է դիտվել:

Հայ ըլլալը միայն  լեզուն չէ, բայց առանց լեզվին էլ մշակույթը չեմ գիտեր, թե ինչպես կփոխանցենք: Եթե լեզուն հանենք, շատ բան չի մնա:

– Իսկ հայերեն խոսել պարտադրելուց  բացի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երեխաներին հայ մեծացնելու համար:

– Ֆրանսիայի մեջ դժվար է, որովհետև համայնքի դրվածքը տարբեր է հոն, քան Լիբանան: Ասում են` 400-500 հազար հայ կա Ֆրանսիա, բայց կրնանք ըսել, որ թույլ համայնք է: Այնուամենայնիվ, կարևոր էր մեզի համար, որ երեխաները հայկական միջավայր ալ ունենան:

Երեխաներս 10 տարի  շաբաթօրյա դպրոց  եմ տարել,  որ հայերեն խոսին, սորվին և հայկական շրջանակի մեջ ըլլան: Ադկե ետք, երբ այդ դպրոցը ձգեցինք,  երեխաներին խնդրեցինք, որ ըստ նախասիրության անդամակցեն հայկական միության մը: Երկու մեծերն ընտրեցին սկաուտությունը, իսկ փոքրն ուզեց  հայկական պարի երթալ:

Միշտ շեշտը դրել ենք  տարբերվելու վրա, դա հատուկ քաղաքականություն է մեր ընտանիքում: Օրինակ` եթե Ֆրանսիացիները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, մենք` հունվարի 5-ի գիշերը, չնայած որ հատուկ հավատացյալ չենք: Կաղանդ պապան  31-ին կուգար, երբ երեխաներս փոքր էին: Ֆրանսիայում այդպես չեն անում:

Տոնում ենք  Բարեկենդանը,Վարդավառը,  ամեն տոները, որոնք, եթե Հայաստանում լինեի, կարող էի չտոնել: Բայց ֆրանսիայում ըրել եմ, որ մեր տոները իմանան:

– Ձեր երեխաները չե՞ն ընդդիմանում  իրենց հասակակիցներից տարբերվելուն:

– Ոչ, որովհետև այդ տարբերությունն առավելություն է մեզի համար: Պատահած է, որ երեխաներն ըսեն` մենք ֆրանսացի ենք: Բացատրած ենք, որ ճիշտ է, Ֆրանսա ծնած եք, Ֆրանսիայի քաղաքացի եք, բայց եթե մենք հոս ենք այսօր, պատճառ մը կա, բացատրություն մը, որուն պետք է անդրադառնալ: Մեր մեծ հայրերը, մայրերը Արևմտահայաստանեն ջարդված, տեղահանված են, մեր Ֆրանսիա գտնվիլն անխուսափելիորեն կապված է այդ դեպքին:

Պզտիկ տղաս ինձի միշտ կըսե` դուն լիբանանցի ես: Կըսեմ` չէ, հայ եմ:  Ֆրանսիայի մտքերը ինձ ամենեն մոտիկն են, Ֆրանսիա ինձ լավ կզգամ, բայց ես այնուամենայնիվ  հայ եմ, ոչ ֆրանսիացի: Իմ կարծիքով, երեխաները չեն կրնար հանգիստ ըլլալ իրենց ինքնության մեջ, եթե դուրս ձգենք իրենց հայկական բաժինը, իրենց արմատները:

Պիտի ուրախանամ և կարծեմ, որ հաջողած  եմ կյանքիս մեջ, եթե երեխաներս հայու հետ ընտանիք կազմեն: Այդ պարագային  ձուլումը քիչ մը կհետաձգվի: Որովհետև, եթե օտարության մեջ կապրիս, ուզես թե չուզես, կձուլվիս:  Օտարության  մեջ  ձուլումը ժամանակի հարց է:

-Իսկ ինչո՞վ է դժվար Ֆրանսիայում երեխային հայ պահելը և մեծացնելը:

– Ֆրանսիային մեջ շատ դժվար է հայ մնալը, որովհետև ադիկա այլևս բնական վիճակ  չէ, այլ պայքար: Եթե հատուկ ջանք չթափենք հայ մնալու համար, հետզհետե հետընթաց կունենանք: Երեխաները   24 ժամ  ֆրանսիական միջավայրի մեջ են, ֆրանսիական դպրոց կերթան, ունին իրենց ֆրանսիական շրջապատը և այլն: Հարկավոր է անընդհատ հակակշռել, որպեսզի հայերենը մնա:

Ցավոք սրտի,  միջոցառումները քիչ են, ամեն ինչով պակաս է հայերենը: Նույնիսկ ամենօրյա դպրոցը  չի կարող ապահովել հայերենի լավ մակարդակ  Ֆրանսիային մեջ: Խնդիրն անիկա է, որ հայկական դպրոցներում  հայերենն այլևս միայն  նյութ մըն է, օրը մեկ կամ մեկուկես ժամ, ինչպես անգլերենը պիտի դասավանդվեր ուրիշ տեղ: Պետք է նաև ընդունինք,  որ նույնիսկ հայկական դպրոցներում երեխաները  հայերեն չեն խոսում, հայկական որևէ մեկ ամենօրյա դպրոցում ֆրանսերենն է, որ կլսեք:  Եթե բակ իջնեք, ֆրանսերեն կլսեք:

– Ո՞րն է պատճառը, որ անգամ հայկական դպրոցում ֆրանսերեն են խոսում:

– Եթե ատիկա գտնենք, եթե գտնենք ադոր պատասխանը, արդեն հարցին լուծումը  կունենանք: Շատ մտածեր եմ աս հարցին շուրջ, և մեկ պատասխան չկա, պատճառները շատ են:

Պետք է խոստովանիմ, որ անզոր կզգամ, չեմ գիտեր` ինչպես դիմադրել: Ձեզի օրինակ մը կրնամ տալ: Մանկապարտեզի դասարանս ես միայն հայերեն կխոսիմ:  Աշակերտներուն մեջ կան հայախոս երեխաներ, կան նաև ոչ հայախոս երեխաներ: Ստիպված եմ անդրադառնալ, որ երբ երեխաները իրար մեջ կխաղան, հայախոսները կսկսին ֆրանսերեն խոսիլ  և ոչ  հակառակը: Չեմ գիտեր` ինչ պետք է ընենք, որ պզտիկները իրարու  հետ հայերեն խոսին: Եթե որևէ մեկը լուծումը ունի, շատ մեծ ուրախությամբ կհետևեմ:

-Իսկ  ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հայ:

– Իրականության մեջ այս հարցին մասին երբեք  չեմ մտածած Լիբանան, հոն հայ էի, ու վերջ: Հարցն ավելի դրվեցավ Ֆրանսա, ուր հայ մնալու հարցը առաջացավ:  Հետևաբար, եթե կխոսինք  հայ մնալու մասին, ուրեմն պետք է նախ ըլլանք հայ…

Ուրեմն ինձի համար հայ ըլլալը լեզուս` հայերենը խոսիլն է, մշակույթս պահել` ինձի փոխանցված ընտանեկան արժեքները, վարքը,  մեր պատմությունը  գիտնալ և ադ ամենը կարենալ փոխանցել:

Ջարդը  հայ ըլլալը զրկեց բնական վիճակեն, հայ ըլլալը դարձուց պայքար, ամենօրյա գիտակցություն: Մեր քովը, եթե այդ հարցը չդնենք, թե ինչ է հայ ըլլալը և ինչու կխոսինք այդ լեզուն, կդառնանք ֆրանսիացի: Եվ վերջ:

– Երբևէ մտածե՞լ եք Հայաստանում հաստատվելու մասին:

– Մտածել ենք և երթալեն ավելի կմտածենք: Մեզի համար ըսած ենք` եթե Ֆրանսիայեն տեղ մը պիտի տեղափոխվինք, ապա միայն Հայաստան: Միտքը կա: Վերջը պետք է գտնենք, թե ինչ պիտի ընենք հոս: Մանեն (ավագ դուստրը-Հ.Բ.) այս տարի պիտի սկսի բժշկություն ուսանել: Երեխաների մեջ այդ միտքը կա, որ բան մը ընենք, որ եթե երթանք Հայաստան, բանի մը ծառայե մեր ուսումը:

– Առաջին անգամ Հայաստան եք եկել 1993-ին` ծանր ժամանակաշրջանում: Երբևէ զղջացե՞լ եք դրա համար և ի՞նչ հուշեր  ունեք այն տարիներից:

– 93-ին, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը բացվեց, ամուսինս դիմեց դեսպանատանը աշխատելու համար:  Ֆրանսիայում, եթե որոշակի կրթություն ունես, կարող ես բոլորի պես ծառայել բանակում  կամ որոշ կազմակերպություններում աշխատել:

Ու 1993-ին փոխադրվեցանք Հայաստան: Այդ դժվար պայմաններուն  մեջ հոս էինք, և պետք է ասել, որ շատ կարևոր շրջան էր, մանավանդ ինձի համար: Հոն էր, որ ծանոթացա Հայաստանի, երկրի հետ, մինչև այդ Հայաստանը վերացական գաղափար մըն էր: Չմնացի օտարների շրջանակին մեջ միայն, կարողացա խառնվիլ, ծանոթանալ, կրցա հայաստանցիներու հետ շաղվիլ:

Սկիզբը ծանր էր, նոր ամուսնացած էինք, Լիբանանի պատերազմեն փախեր  էինք, այստեղի  պայմանները  Լիբանանեն շատ ավելի ծանր էին, ցուրտ էր, լույս չկար, ջուր չկար, վառելանյութ գտնելու դժվարությունները կային, բայց երբևէ չեմ զղջացել: Եթե պայմանները ծանր էին, մարդկային հարաբերությունները շատ ավելի ջերմ էին, հույսերու պահ էր:

– Իսկ այն ժամանակվա և ներկայիս Հայաստանը ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

– Այն ատեն պայմանները շատ դժվար էին, հիմա էլ պայմանները շատ դժվար են, բայց տարբեր դժվարություններ են: Եթե այն ատեն հոսանք չկար, ջուր չկար, մարդիկ այդ բաներու հետևեն էին, հիմա հոսանքը կա, ջուրը կա, բայց ուրիշ շատ մեծ դժվարություններու մեջ են մարդիկ, դժգոհ մարդիկ շատ կան, աղքատությունը շատ է:

Առանց մեծ քաղաքական վերլուծումների մեջ մտնելու` ինձ կթվի,  որ  եթե  Երևանում  կյանքի  պայմանները հիմա ավելի լավ են, քան 93-ին (գյուղերում վիճակն  ավելի ծանր է),  ապա մարդիկ հիմա կորսնցուցեր են իրենց հույսը  ապագային մեջ:

«Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»

հայկան«Դու միշտ կմնաս մեր հիշողություններում, Աստված հոգիդ լուսավորի…», «Ի՞նչ ենք անելու առանց մեր արևի, առանց մեր խելառի, առանց մեր հրեշտակի…», «Հրեշտակները երկրի վրա չեն մնում, երևի դրա համար էլ աստված քեզ իր մոտ տարավ, գեղեցկուհիս, կկարոտեմ…», «Իմ սրտում ես, իմ աղոթքներում, իմ մտքերում…», «Ճակատագիրն անկանխատեսելի է, և այն մարդիկ, ովքեր նախատեսված են քեզ համար, ինչ էլ լինի, քեզ հետ կլինեն… նույնիսկ այն դեպքում, երբ դու համոզված ես, որ էլ երբեք չես հանդիպելու նրանց…»:

Սրանք մի կենսախինդ, գեղեցիկ ու լուսավոր աղջկա` Հայկան Սիմոնյանի ընկերների ֆեյսբուքյան գրառումներն են` արված հուլիսի 2-ի չարաբաստիկ օրվանից հետո, երբ նրանք ստիպված եղան ընդունել այն փաստը, որ այլևս երբեք չեն տեսնելու իրենց սիրելի ընկերուհուն: Այդ օրը Հայկանը Երևանից տուն էր գնում` Սպիտակ, բայց Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարը խլեց նրա երիտասարդ կյանքը: Սեպտեմբերի 12-ին նա կդառնար 19 տարեկան…

1001609_288534481290200_1721033512_n

Ձախից՝ Արմենուհին, աջից՝ Հայկանը

Ընկերներից մեկը` Արմենուհի Այվազյանը, դեռ երկար ժամանակ կամ գուցե երբեք  չհամակերպվի այն մտքի հետ, որ Հայկանն այլևս չկա, քանի որ, ինչպես ինքն է ասում, Հայկանն իր կեսն էր: «Ամեն ինչ կանցնի ու կգնա, միայն կմնա ԿԱՐՈՏԸ, որն անվերջ ցավ կպատճառի»,- գրել է Արմենուհին:

Հայկանի հետ մանկության ընկերներ էին: Նույն դասարանում էին սովորել, հետո միասին ընդունվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ: Ամեն օր միասին էին:

«Ինքը հրեշտակ էր, իր նման մարդիկ շատ քիչ են աշխարհում,- ասում է Արմենուհին,- նա մարդամոտ էր, ընկերասեր, նվիրվող: Շատ ուժեղ մարդ էր: Ամեն վատ բանի մեջ էլ մեծ հույս էր տեսնում: Միշտ խորհուրդներ էր տալիս: Եթե մի սխալ բան էի արած լինում, ելք էր փնտրում ինձ հետ միասին»:

Արմենուհին պատմում է, որ Հայկանը շատ տաղանդավոր էր` դաշնամուր ու կիթառ էր նվագում, երգում էր, երգեր գրում: «Մատներով սեղանին նվագում էր, մի ձեռքով ծափ էր տալիս,- հիշում է ընկերուհին,- շատ էր սիրում նաև պարել, միշտ պարում էր: Առանց երգ ու երաժշտության կյանք չուներ: Վերջերս երաժշտություն էր գրել, ցավոք, չենք կարողանում գտնել: Միշտ ասում էր. «Ժողից» դուրս եմ գալիս, գնամ կոնսերվատորիա»:

Վերջին անգամ Արմենուհին Հայկանի հետ խոսել էր դեպքից մեկ ժամ առաջ, իմացել էր` որտեղ է, անհամբեր նրան էր սպասում: Իսկ մահվանից մոտ տասը րոպե առաջ նրանից sms էր ստացել. «Ես Սպիակում էի: Պիտի գար, որ միասին տեղ գնայինք: Բայց գրեց, որ հոգնած է, ասաց, որ ես գնամ իրենց տուն: Կարոտել էինք իրար, տասը օր էր` իրար չէինք տեսել ու էդպես էլ չտեսանք…»:

Արմենուհին ասում է, որ համարյա միշտ միասին էին Երևանից Սպիտակ գնում: Այդ անգամ Հայկանը մի քիչ գործեր ուներ, իր հետ չէր գնացել: Հիշում է, որ երբ միասին Սպիտակ էին գնում, և ճանապարհին հանկարծ ինչ-որ աննշան վթարային իրավիճակ էր լինում, ինքը ծիծաղելով ասում էր` պատկերացնո՞ւմ ես, որ միասին մահանանք: «Ասում էր` սուս մնա,  կատակով էլ նման բան չասես: Վախենում էր էդ մտքից»:

1044547_291795014297480_166517867_n

Հայկանը գեղեցիկ ժպիտ ուներ, իր ժպիտով լուսավորում էր բոլորին: Կատակասեր էր: Որքան էլ փորձեին նրա հետ վատ վարվել, միևնույնն է, ոչ ոքից չէր նեղանում, չէր վիճում: Բայց ինչքան էլ ուրախ լիներ ու ժպտար, միևնույնն է, նրա մեջ ինչ-որ տխրություն կար, որի պատճառն անգամ ամենամտերիմ ընկերուհին չէր հասկանում: «Երազանքների մասին չէր խոսում, շատ բան միայն իր մեջ էր պահում»:

Արմենուհին հիշում է, որ նա հաճախ էր ասում, թե շուտ է մահանալու, իսկ իրենք կատակի էին տալիս, լուրջ չէին վերաբերվում: Ինչո՞ւ պետք է գեղեցիկ ու երիտասարդ աղջիկը մահվան մասին մտածեր: Արմենուհին կարծում է, որ նման մտքերի պատճառը հավանաբար այն էր, որ նա կրում էր իր մահացած քրոջ անունը, որը 17 տարեկանում դարձել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհը: Ի դեպ, նրա 17-ամյա քույրն այդ արհավիրքի միակ զոհը չէր. երկրաշարժը խլել էր նաև նրա մյուս քրոջ` 19-ամյա Գայանեի կյանքը: Բարեբախտաբար, կենդանի էր մնացել եղբայրը, և դրանից վեց տարի անց` 1994 թ., ծնողներն ուժ էին գտել, դուստրերի ցավը սրտում, լույս աշխարհ բերել ևս մի աղջիկ և նրան անվանել Հայկանդուխտ` Հայկան, ի հիշատակ մահացած քույրերից ավագի:

Արմենուհին հիշում է, որ երբ վերջերս նրանց տանն էին և հին լուսանկարներն էին նայում, Հայկանը ուշադիր, մեծ հետաքրքրությամբ մահացած քրոջ` Հայկանի լուսանկարին էր նայում ու եղբորը հարցեր տալիս նրա մասին:

Արմենուհին չի ուզում ընկերուհուն տխուր հիշել, ուզում է պահել իր սրտում ամենալուսավոր ու խենթ պահերը, իսկ այդպիսիք շատ-շատ էին: «Ոչ ոք չի կարող փոխարինել նրան, նրա նման ընկեր էլ երբեք չեմ ունենա: Հիմա ինձ լրիվ մենակ եմ զգում, նա մի ուրիշ աշխարհ էր ինձ համար: Մոտ երկու ամիս առաջ մեր տանն էր մնացել, ինձ ասաց` խոստացիր, որ միշտ միասին ենք լինելու: Խոստացա…»:

Հիմա էլ է խոստանում ու համոզված է, որ Հայկանի հոգին էլ երբևէ իրեն չի լքի: Ֆեյսբուքյան իր պատին Արմենուհին գրել է. «Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»:

 

 

«Չեմ կրնար ինձի համոզել, որ պետք է մոռնամ ամեն ինչ և կյանքս հոս շարունակեմ»

սիրիահայՋորջ Քեոշկերյանի պապը Հալեպում եղել է գորգավաճառ, հետո հայրը շարունակել է պապի գործը, սակայն 80-ականներին, երբ կառավարությունը տեղական գորգերի վաճառքը խթանելու համար արգելել է պարսկական գորգերի վաճառքը Սիրիայում, հայրը ստիպված փոխել է հորից ժառանգած գործը` զբաղվելով արծաթյա զարդերի վաճառքով:

1995 թ. Ջորջն արդեն հոր կողքին էր և երիտասարդական խանդավառությամբ ու նոր գաղափարներով անցնում է գործի` արդիականացնելով հոր բիզնեսը:

Նրանց արծաթյա զարդերը Հալեպում մեծ պահանջարկ ունեին, գործը հիանալի էր: Ջորջը նոր էր խանութը վերանորոգել ու թարմացրել, երբ երկրի ներսում սկսվեց խառնաշփոթը: Հետաքրքիրն այն է, որ անգամ այդ ժամանակ գործը շարունակում էր ծաղկել: «Ճիշտ է` մի պահ ժողովուրդը վախեցավ, քաշվեցավ, բայց ատկե վերջը վարժվեցավ. վերջիվերջո կյանքը պիտի շարունակվի` պսակ է, հարսնիք է, ծնունդ է, կնունք է…»:

Անգամ այն ժամանակ, երբ նրա խանութից 20-30 մետր այն կողմ գտնվող մի խանութ պայթեցրին, Ջորջը չմտածեց խանութը փակելու մասին: Ինչպես ասում է, այդ օրը նեղվեցին, բայց հաջորդ օրը կրկին կյանքը շարունակվեց իր հունով:

Ջորջի խանութի հարևանությամբ միշտ բախումներ էին լինում: Օրեր կային, երբ նա գնում էր խանութ, բայց զինվորները խորհուրդ չէին տալիս խանութը բացել. «Տանկեր կուգային, տանկեր կերթային, մենք էդպիսի բաներ չէինք տեսած…»,- ասում է նա:

Սակայն գնալով իրավիճակը սրվում էր, և Ջորջին մտահոգում էր ընտանիքի վիճակը` հղի կինը, չորսուկես տարեկան աղջիկն ու 85-ամյա հայրն ամեն վայրկյան կարող էին վտանգի ենթարկվել: Որոշում է նրանց տեղափոխել Հայաստան:

«Նրանց տեղափոխեցի, իսկ ես մի երկու ամիս հետո` 2012-ի հոկտեմբերին եկա, որից մեկ շաբաթ անց կինս ծննդաբերեց, իսկ տարեմուտին արդեն  օդանավակայանը փակվեց, և մնացինք հոս»:

սիրիահայ28-9 ամիս սպասողական վիճակում անցկացնելուց հետո հասկանալով, որ Հալեպ վերադառնալ առայժմ հնարավոր չէ, Ջորջը որոշում է որևէ բան ձեռնարկել. արծաթյա զարդերի իր խանութն է բացում Ամիրյան 27 հասցեում` «Հալեպ» խանութի նույն բրենդով` «Դը սիլվեր գիֆտս» (The silver gifts): Արդեն 3 ամիս է` խանութը գործում է: Առաջխաղացում կա, բայց շատ դանդաղ: «Հալեպի պարագայում էսպես չէ, հոն ավելի դյուրին և արագ է ամեն ինչ լինում: Բնակչությունը շատ է` կես միլիոնից ավելի, և եթե 200-300 հազար մարդ էլ քովդ մտնի, բավական է: Հոս նախ բնակչությունն է քիչ, բացի այդ` սոցիալական վիճակն այն չէ»:

Այնուամենայնիվ, եթե այստեղ գործը լավ լինի, բայց Հալեպ վերադառնալ էլ հնարավոր լինի, Ջորջը կնախընտրի վերադառնալ` միաժամանակ պահելով երևանյան խանութը:

Ջորջի ընտանիքը Երևանում վարձով է ապրում, ինչը բոլոր սիրիահայերի գլխավոր խնդիրն է: Վարձով է վերցրել նաև խանութը: Մինչդեռ Հալեպում են թողել սեփական տունը, սեփական խանութը և որ ամենակարևորն է. «Մեր հաճելի կյանքը, հոն մենք շատ լավ կապրեինք, որևէ դժգոհություն չունեինք, քանի որ ամեն ձևով ազատ էինք, ամեն մարդ իր սեփական խանութն ուներ»:

Չնայած այդ դժվարություններին` Հայաստանն իրեն դուր է գալիս, Երևանն էլ շատ գեղեցիկ քաղաք է: «Բացի այդ, օրենքի տեսակետից էլ հոս լավ է: Գիտեմ, որ հիմա այս բանը հայաստանցուն ասեմ, կզարմանա, բայց իսկապես հոս ավելի օրինավոր է, քան Սիրիա: Հոն օրենքներ կան, բայց գործադրող չկա, և մարդիկ դրանից ավելի հանգիստ ու հեշտ կապրեն: Խանութդ ուզածդ վայրկյանին բաց, ուզածդ վայրկյանին գոցե, մեկը քեզի բան մը չըսեր: Հարկային դաշտ նույնպես հոն շատ հեշտ է: Բայց ինձ դուր է գալիս հոս եղած օրենքները: Եթե օրենքով աշխատես, հեչ մեկը քեզ բան մը չըսեր: Երանի լավ ըլլա, որ մնանք»:

Ջորջը Հայաստանում մի բան էլ է սիրել. մարդիկ շատ հոգատար են ծերերի ու երեխաների նկատմամբ. «Օրինակ` ճամփան պիտի կտրենք, վայրկյանեն ավտոները կկենան` համեցեք կըսեն, կամ եթե հայրս հոս պիտի գա, աստիճաններով կդժվարանա բարձրանալ, անմիջապես մեկը կմոտենա, որ օգտակար դառնա: Ես անկեղծ կըսեմ, սիրեցի Հայաստանը»:

Միակ տանջող բանն այն է, որ չեն հարմարվում ամեն ինչ թողնելու և նոր կյանք սկսելու ճակատագրի պարտադրանքին: Երբ սիրիահայ ընկերներով հավաքվում են, զրույցի հիմնական նյութը Սիրիան է` ինչ նորություն կա, ով ում հետ է խոսել, ում խանութն ինչ վիճակում է և այլն: Ջորջի խոսքով` բոլորն էլ սպասողական վիճակում են և ցանկանում են հետ գնալ իրենց ծննդավայր: Կարոտը խեղդում է. «Ամեն ատեն, որ Հալեպ բառը կլսեմ, Սիրիա բառը կլսեմ, սիրտս կնեղվի, ինչ-որ մի բան կըլլա հետս,- ասում է նա,- եթե Հայաստան գալը մեր որոշումը լիներ, դա ուրիշ բան է, բայց հիմա ես չեմ կրնար ինձի համոզել, որ պետք է մոռնամ ամեն ինչ և կյանքս շարունակեմ հոս: Ճիշտ է` Հայաստանը լավն է, վերջիվերջո մեր հայրենիքն է, բայց մեզի համար օտար տեղ է»:

Սիրտը կտոր-կտոր է լինում, երբ փոքրիկ աղջիկն է հիշում  իր տունը, իր ննջասենյակը, իր անկողինն ու իր խաղալիքները. «Հայրիկ, ե՞րբ նորից պիտի ետ երթանք,- հարցնում է փոքրիկը,- մի խոսքով` դժվար է մոռնալը, դժվար է, դժվար»:

 

 

Ջասթին Թիմբերլեյքի մերկ տեսարաններ պարունակող հոլովակը չի հանվի YouTube-ից

HT_Justin_Timberlake_music_video_Ջասթին Թիմբերլեյքի նոր տեսահոլովակը՝ «Tunnel Vision»-ը, ըստ տեղեկությունների՝ պետք է որ հանվեր YouTube կայքից նրանում հանդես եկող մերկ կանանց պատճառով, սակայն ABC News-ը հաստատում է, որ այն կմնա կայքում:

Նախքան տեսահոլովակը կմիանա Ջասթին Տիմբերլեյքի  VEVO ալիքով՝ YouTube-ի օգտատերերի էկրանին հայտնվում է իրենց չափահաս լինելը հաստատելու համար վանդակ և նախազգուշական տեքստ:

Google-ը սովորաբար չի ցուցադրում մերկ տեսարաններ պարունակող տեսահոլովակներ, սակայն կայքի ներկայացուցիչը ABC News-ին տեղեկացրել է, որ տեսահալովակի դեպքում իրենք բացառություն են արել՝ նախքան դրա սկսվելը նախազգուշական տեքստ տեղադրելով:

Google-ը մարտին հանել էր Ռոբերտ Թիքի «Blurred Lines» տեսահոլովակը մերկ կանայք ցուցադրելու պատճառով, սակայն կայքը որևէ այլ մեկնաբանություն չի արել, թե ինչու է բացառություն արել «Tunnel Vision»-ի համար:

Թիմբերլեյքի տեսահոլովակի պրիեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 2-ին MySpace էջում: Երգչի պաշտոնական կայքում և YouTube-ում այն հայտնվել էր հուլիսի 3-ին՝ այս ընթացքում այն դիտվել է 1,1 միլիոն անգամ:

Գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա..

ՀրանտՄեր զրույցը քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ Հայաստանի քաղաքակական համակարգի և դրա կարգավորման շուտափույթ ելքեր գտնելու թեմայի մասին է:

– Պրն. Շահնազարյան, ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական համակարգն այսօր:

– Այն բարեփոխումների փուլում է: Քաղաքական ազատությունները` որպես մեխանիզմ, վերջին երկու-երեք տարվա ընթացքում բավական ազատականացվել են` նոր հնարավորություններ ընձեռելով ավելի քիչ պոտենցիալ ունեցող քաղաքական ուժերին: Դա պայմանավորված է նաև նրանով, որ նախկինում ընդդիմության գործունեությունը, որն այնքան էլ քաղաքական չէր և հիմնականում հիմնված էր քննադատության վրա, տարիների ընթացքում իրեն սպառեց, ու հասարակությունը սկսեց քաղաքական դաշտում բևռներ փնտրել: Այդ ուժը  կարծես ձևավորվում էր նախագահի ընտրությունների ժամանակ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ հետևողական քայլերը վերջին հաշվով հանգեցրին հասարակության հիասթափության:

– Հատկապես ո՞ր քայլերն էին անհետևողական:

– Նա մտել էր քաղաքականության մեջ առանց հստակ ծրագրի: Ր. Հովհաննիսյանի ծրագիրն ավելի լոզունգային էր և իրականացման համար մեխանիզմներ չուներ: Նրա երկրորդ բացթողումը քաղաքական թիմի բացակայությունն էր, ինչն էլ հանգեցրեց մարդկանց անվստահության:

– Ասացիք, որ բարեփոխումներ են կատարվում: Հատկապես  ո՞ր ոլորտներում:

– Իրավական, արդարադատության, իրավապահ մարմինների, սոցիալական (օրինակ՝ աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում), նաև տնտեսության ոլորտներում: Իհարկե, դեռևս անհաջող, բայց առաջընթացի ձգտումներ երևում են: Այդ բարեփոխումների վառ ապացույցը վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններն են, ինչը կարծես օլիգարխիայի հիմքերը թուլացնելու միտում ունի: Չեմ ժխտում, որ պետությունը չունի բավարար ռեսուրսներ ավելի արագ առաջընթացի համար, կամ գուցե լավ չի կարողանում  դրանք տնօրինել, քանի որ ունենք ստվերային տնտեսություն, օլիգարխիկ իրավիճակ, ամենաթողություն, հարկերից խուսափելու, նույնիսկ` բյուջեի մսխումների դեպքեր, բայց և շարժ տեսնում եմ:

– Այսինքն՝ ներկայիս ՀՀ քաղաքական  համակարգն ավելի շատ ռեֆորմիստական բնույթ ունի: Իսկ լավ քաղաքական գործիչների պոտենցիալի պակաս նկատո՞ւմ եք:

– Իրականում նոր դեմքեր ձևավորվում են: Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում ուշ թե շուտ կտեսնենք կա՛մ նոր քաղաքական ուժերի ձևավորում, կա՛մ եղածների արմատական վերափոխում: Կարծում եմ` այդ գործընթացները կսկսվեն այս աշնանը, քանի որ նախադրյալներ կան, սակայն մարտավարության խնդիր կլինի:

– Ընդդիմության դե՞րն ինչպես կգնահատեք:

– Քաղաքական ընդդիմությունը` որպես այդպիսին, ջախջախված է: Նրանք իրենք իրենց սպառեցին: Այդուհանդերձ, ընդդիմադիր տրամադրությունները հասարակության մեջ բավական մեծ են և լուրջ ազդեցություն ունեն երկրի ներքին զարգացումների վրա: Այսօր քաղաքական դաշտում մնալու բավարար պոտենցիալ ունի օրինակ՝ «Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես նաև ԲՀԿ-ն, որը դեռևս կարողանում է բարեհաջող խուսանավել իշխանության և ընդդիմության միջակայքում: Ընդդիմությունը հայտարարում էր, որ պետք է պայքարի բռնապետության դեմ, բայց դա քաղաքական պայքար չէ, քանի որ բռնապետությանը հնարավոր չէ քաղաքական մեխանիզմներով հաղթել, այլ պետք է հեղափոխության դիմել: Ուստի, եթե ընդդիմությունը շարունակի գործել նախկին մեթոդներով՝ իշխանությանը հայտարարելով չարիք և նրան չընդունելով որպես քաղաքական մրցակցի, կարժանանա նույն ճակատագրին, ինչ ժամանակին Լևոն-Տեր Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց եթե քաղաքական գործընթացներն ուղղված լինեն մեխանիզմներ մշակելուն և խնդիրներ լուծելուն, ապա տարբեր հատվածական ձևավորվող «բջիջներ» կկարողանան միավորվել՝ հանգեցնելով դրական արդյունքի, անկախ այն հանգամանքից, թե ով կգա իշխանության:

– Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ քաղաքական համակարգի ընդդիմությունը: 

– Այն պետք է գործի քաղաքականության շրջանակներում՝ խուսափելով լոզունգային ուժ լինելուց: Անհրաժեշտ պահին նաև համագործակցի իշխանությունների հետ՝ քաղաքական լուծումներ գտնելու և երկրին իսկապես օգուտ տալու ուղղությամբ: Միայն քարկոծելով հարց չի լուծվի, քանի որ այդ կերպ այլընտրանք չես թողնում՝ հանգեցնելով հասարակության հիասթափության:

–Մեր հասարակությունը պատրա՞ստ է հեղափոխության:

– Իհարկե ոչ: Հեղափոխության պատրաստ չէ նաև իշխանությունը: Իրականում հայ հասարակությունը, որքան էլ դժգոհ լինի իշխանությունից, այն բռնապետություն չի համարում: Այսօր մեր հասարակությունը պայքարելու այլ միջոցներ է գտել՝ ազատ խոսք, արտահայտման հնարավորություններ և այլն: Պետք է հասկանալ, որ հայ ժողովրդի պատմության մեջ երբեք չի եղել քաղաքացիական պատերազմ և կարծում եմ՝ երբեք չի լինի:

– Ի՞նչը միանգամից կքանդի օլիգարխիկ «սարդոստայնը»:

– Հեղափոխությունը, որին խիստ դեմ եմ: Խնդիրն այն է, որ օլիգարխիան մեծ կապիտալներ է տնօրինում և շատ աշխատատեղեր ստեղծում: Իսկ դա միանգամից քանդելը կհանգեցնի կապիտալի արտահոսքի, աշխատատեղերի փակման՝ էլ ավելի բարդացնելով առկա սոցիալական խնդիրները: Ուստի թույլ տնտեսություն ունեցող և ռազմական իրավիճակում գտնվող պետություններում ցանկացած փոփոխություն պետք է լինի փուլային, և ամեն ինչ հարթվի ժամանակի ընթացքում՝ օլիգարխներին օրենքի դաշտ բերելու ռազմավարությամբ:

– Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը հինգ տարի անց:

– Դժվար է կանխատեսել, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այնքան արագ է փոփոխվում, որ նույնիսկ դժվար է ասել՝ պատերազմ կլինի՞ Ադրբեջանի հետ, թե՞ ոչ: Սակայն, եթե տրամաբանությամբ զարգանա, ապա նոր տեխնոլոգիաների կիրառմամբ միջին շերտ կձևավորվի: Դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է առաջնային խնդիրների շուտափույթ լուծում, ինչպիսին է, օրինակ՝ արտագաղթը և այլն:

– Հայաստանի ծաղկումը որքանո՞վ ձեռք կտա գերտերություններին:

– Ամուր Հայաստանը ձեռնտու է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին: Ռուսաստանի համար տարածաշրջանում դաշնակից ունենալու, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու, իսկ Արևմուտքի համար՝ Թուրքիայի տարածաշրջանի ակտիվացման նպատակով: Հայտնի է, որ Թուրքիան ակտիվ աշխատում է հարևան երկրների հետ, և Հարավային Կովկասում քաղաքական ակտիվությունը բացառապես Հայաստանի գործոնով է զսպվում: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բացի արցախյան խնդրից, գերտերությունները համաձայնեցնում են իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, և Հայաստանի պատճառով Թուրքիան մուտք չունի: Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ ընկալվում է որպես Հարավային Կովկասում խաղաղության և կանխատեսելիության պահպանման հիմնական երաշխիքներից մեկը, հետևաբար ՀՀ-ում կայունությունը ձեռնտու է բոլոր գերտերություններին, ինչպես նաև Իրանին:

– Իսկ վերջերս գազի բարձրացումն ի՞նչ նշանակություն ուներ:

– Ռուսաստանը վաղուց փոխել է իր էներգետիկ քաղաքականությունը բոլորի, այդ թվում նաև Ուկրաինայի, Բելառուսի նկատմամբ: Հայաստանի համար գազի գինը միջին շուկայականից ավելի ցածր է: Այլ հարց է, որ պատերազմական և սահմանափակման մեջ գտնվող երկրի համար դա ուժեղ հարված է, որը ռազմավարական գործընկերն իրավունք չուներ անելու, հատկապես այն ժամանակ, երբ ինքն էլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում: Այդուհանդերձ, գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա, քանի որ նույն Ռուսաստանը հայկական ռազմական ուժերին բավական լուրջ տեխնիկա է նվիրաբերել: Այդ հանգամանքին դիմակայելու համար պարզապես նոր մեխանիզմներ են անհրաժեշտ, ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնել:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

Ռասել Քրոուն ներողություն է խնդրել իր երկրպագուներից, երբ հաքերը իր Twitter-ի էջում մերկ կնոջ լուսանկարներ է տեղադրել

russell croweՌասել Քրոուն պնդում է, որ ինքը կապ չունի ինտերնետային իր էջում մերկ կնոջ նկար տեղադրելու հետ:

Դերասանը երեքշաբթի ներողություն է խնդրել Twitter-ի իր էջին հետևողներից իր էջում կնոջ ինտիմ հատվածների լուսանկարների հրապարակումից հետո:

Ռասելը պնդում է, որ իր կայքը ջարդել են:

49-ամյա դերասանը լուսանկարները ջնջելուց հետո գրել է, որ ինքը պարզապես նամակ էր գրում, երբ իր կայքում այդ նկարները հայտնվեցին և ներողություն խնդրել դրա համար:

Աստղի աշխատակազմը ևս պնդում է, որ նրա էջը կոտրել են:

Քիմ Քարդաշյանը Կանյե Ուեսթին նվիրել է Սթիվ Ջոբսի ստորագրությամբ Apple-ի մկնիկ

HT_kanye_west_mouse_jef_130701_33x16_608Այս առավոտ ռեպեր Կանյե Ուեսթը tweeter-ում տեղադրել է հայրերի օրվա կապակցությամբ որպես նվեր ուշացումով ստացած Apple-ի հիմնադիրների` Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի ստորագրությամբ երկու համակարգչային, գովազդային մկնիկները:

Նկարի տակ մեկնաբանություններում նա գրել էր, որ դրանք իր ընկերուհու նվիրած նվերներից մեկն են:

Kim Kardashian and Knye WestԱնցած ամիս Ուեսթը և Քիմ Քրդաշյանը Նորֆ Ուեսթ անունով աղջիկ էին ունեցել: Հայտնի չէ, թե Քարդաշյանը որքան է վճարել այդ նվերի համար` չնայած միաժամանակ երկու հիմնադիրների ստորագրությամբ իրեր շատ քիչ են հանդիպում: eBay-ում Սթիվ Ջոբսի ստորագրությամբ իրերի գները տատանվում են 200-6,000 դոլարի սահմաններում:

Ըստ երևույթին Ուեսթին հետաքրքրում են  ոչ թե այդ գովազդային, առանց կոճակների սարքերը, այլ նա Apple-ի համահիմնադիր Ջոբսի մեծ երկրպագու է:

«Իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում». Րաֆֆի Էլլիոտտ

raffiՐաֆֆի Էլլիոտտը 24 տարեկան է: Նրա իռլանդացի հայրն ու սիրիահայ մայրը սիրահարվել ու ամուսնացել են  Մոնրեալում, որտեղ հայրն իրավաբանություն էր սովորում, մայրը` ատամնաբուժություն: Հայրը շատ հայ ընկերներ ուներ, և մի հավաքույթի ժամանակ ծանոթանում է մոր հետ: Վերջինս ակնարկում է, որ դեղնավուն մազերով ու կարճահասակ տղաների չի հավանում, սակայն ճակատագիրն այնպես է անում, որ ամուսնանում է հենց այդպիսի տղայի հետ: Ազգային պատկանելությունը նրանց ամուսնությանը չի խանգարում, քանի որ երկուսի համար նույնն էին ընտանեկան արժեքները: Միայն թե հայրը սկսում է հայերենի դասերի հաճախել, և հիմա հայերեն ավելի լավ գիտի, քան սիրիահայ մայրը:

Րաֆֆին նրանց առաջնեկն է և միայն արտաքինով է տարբերվում սովորական հայից: Նա ունի նաև քույր ու եղբայր: Հայրը երեք երեխաներին էլ հայկական դպրոց է ուղարկել: Րաֆֆին հիշում է, որ հայրն էր դասերը պարապում, ուղղում իրենց հայերենի սխալները: «Մենք տիպիկ սփյուռքահայի կյանքով էինք ապրում»,- ասում է նա:

Միգուցե շատերին տարօրինակ թվա, որ իռլանդացի հայրն իր երեխաների մեջ ջերմեռանդորեն  հայություն էր սերմանում, սակայն Րաֆֆին դա հետևյալ կերպ է բացատրում. «Նախ` հայրս մորս շատ էր սիրում, բայց կար նաև այլ պատճառ. հայրս հասկանում էր հայոց պայքարը, որ մենք ցեղասպանության սերունդներն ենք, և եթե մենք էլ հայ չմեծանանք, ապա դրանով ցեղասպանությունը կշարունակվի»:

Ամեն կիրակի հայրը ստիպում էր, որ երեխաները գնան հայկական եկեղեցի, հաճախեն հայկական խմբակներ: Սակայն Րաֆֆին խոստովանում է, որ սկզբում դա իրեն դուր չէր գալիս. մտածում էր` ինչո՞ւ պիտի իր ընկերներն անգլերեն, ֆրանսերեն սովորեն, իսկ ինքն այդ դժվար հայոց լեզուն:

Րաֆֆիի մայրը 88-ի երկրաշարժից հետո սերտ կապեր է հաստատում Գյումրիի հետ, զբաղվում բարեգործությամբ և հաճախ էր Րաֆֆիի հետ այցելում Գյումրի: Պատահական չէ, որ Րաֆֆիի ֆեյսբուքյան էջի անձնական տվյալներում նշված է, որ ինքը ոչ թե Կանադայից է կամ Երևանից, այլ Գյումրիից: Ի դեպ, ֆեյսբուքում նա իր ազգանվանը նաև «յան» է ավելացրել`դարձնելով Էլլիոտտյան:

2006-ին, երբ 14 տարեկան էր, Հայաստան է գալիս ընկերների հետ և երեք շաբաթ մանկատներից մեկում կամավորական աշխատանք կատարում: Վերադառնալով Կանադա` զգում է, որ այս այցն իր մեջ շատ բան է փոխել: «Ես միշտ զգում էի, որ Կանադայում անհանգիստ եմ, բայց պատճառը չէի հասկանում»,- ասում է նա ու բացատրում,- հայրս արմատներով իռլանդացի է, բայց մենք մի քանի սերունդ արդեն Կանադայում ենք և խորը արմատներ ենք գցել այնտեղ: Հորս քեռին Կանադայի վարչապետն է եղել 1983-93 թվականներին, և մեզ համար որևէ բարդություն չի եղել: Սակայն ես չէի հասկանում` ո՞րն է կանադացին, ինձ համար անընդունելի էր, որ մի քանի սերունդ այնտեղ ապրողը և մի քանի օր առաջ եկածը նույն կանադացին են:  Իսկ Հայաստանում ուրիշ է`մի ազգ է, մի մշակույթ, մեզ միավորում են նույն ցավերը, նույն նպատակը, և դա ինձ ավելի հոգեհարազատ է»:

Րաֆֆին սկսում է պայքարել Հայաստանի համար: Բոլոր հայկական նախաձեռնություններին արդեն մասնակցում է ոչ թե պարտադրաբար, այլ մեծ ցանկությամբ: Ավելին, քոլեջում և համալսարանում հայ ուսանողական միություն է հիմնում: Երկու տարի առաջ նա մի ծրագրով գալիս է Հայաստան աշխատելու և որոշում է մնալ: Այժմ արդեն սեփական բիզնեսն է հիմնել բարձր տեխնոլոգիաների ծառայությունների ոլորտում, որը գտնվում է Գյումրիում: Ասում է, որ մարզերը պետք է զարգացնել, այնտեղ նույնպես ներուժ կա: Աշխատում է նաև իր մասնագիտությամբ` քաղաքական տնտեսագիտությամբ` խորհրդատվություն իրականացնելով տարբեր կազմակերպությունների համար:

Րաֆֆին սիրում է Հայաստանը և անկեղծորեն զարմանում, որ մարդիկ այստեղից հեռանում են: Մյուս կողմից`  խիստ քննադատաբար է վերաբերվում իշխանություններին և հասկանում, որ լուրջ քայլեր են անհրաժեշտ երկրի վիճակը փոխելու համար: Ինչ վերաբերում է հայկական մտածելակերպին, ապա շփվելով հայերի հետ աշխարհի տարբեր վայրերում` նկատել է, որ նրանք  ամեն տեղ նույնն են` սիրում են տխուր հոգեվիճակը. «Երբ հային հարցնում ես` ո՞նց ես, երբեք չի ասում` լավ, միշտ ասում է` ոչինչ, վատ կամ շատ վատ: Հայերն իրենց մեջ մտցրել են, որ չի կարելի լավ կյանք ունենալ, և եթե հայ ես, ուրեմն պիտի դժգոհ լինես: Շատերը նույնիսկ մտածում են, որ օտար երկիր գնալուն պես իրենց կյանքը կփոխվի: Ոչ, էդպես չի»,- ասում է նա:

Նաև նկատել է, որ հայերը սիրում են ուրիշին մեղադրել, բայց երբեք սեփական սխալները չեն ընդունում: Օրինակ, երբ տաքսի է նստում, վարորդը հարցուփորձ է անում և երբ իմանում է, որ Կանադայից է եկել, զարմանում է, ասում, թե այստեղ ի՞նչ կա, բոլորը խաբում են, սուտ են խոսում և այլն. «Բայց վերջում նույն վարորդը մինիմալ ճանապարհի համար ինձանից 2000 դրամ է ուզում… և կարծում է, որ եթե գնա Կանադա, ապա իր բոլոր խնդիրները կլուծվեն: Ոչ, որովհետև ինքն է անառողջ, նախ ինքն իր մեջ պետք է խնդիրները լուծի»:

Րաֆֆին նաև զարմանում է, որ բոլորը դժգոհ են, բայց չեն պայքարում իրենց իրավունքների համար, մինչդեռ Կանադան հեշտությամբ ձեռք չի բերել այն, ինչ այսօր ունի. մարդիկ 200 տարի պայքարել են դրա համար: Այնուամենայնիվ, նա երիտասարդների մեջ ներուժ տեսնում է և հավատում, որ երիտասարդությունը պիտի փոխի հայաստանյան իրավիճակը. «Վախը միայն այն է, որ շատերը գնացել են և կարող է` այդ մի փոքր առողջ հատվածն էլ գնա»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է իրեն, ապա իր համար Հայաստանը լավ երկիր է, և կնախընտրեր իր զավակներին այստեղ մեծացնել: «Ես հարգում եմ իմ իռլանդական, կանադական արմատները, բայց իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Իսկ իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում»,- ասում է նա:

 

 

Էդգար Հովհաննիսյան. Արամ Մանուկյանն ըստ արժանվույն գնահատված չէ

էդգար հովհաննիսյանԱյսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, ով իր խոսքում նշեց, որ 95 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության անկախացումը տեղի ունեցավ մեծ ջանքերի շնորհիվ:

«Թեև ներքաղաքական դաշտում այսօր կան խնդիրներ, բայց արտաքին խնդիրների լուծման առումով միասնականության պակաս չկա: Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի, Գարեգին Նժդեհ` ահա այս նվիրյալների շնորհիվ կերտվեց մեր առաջին հանրապետությունը»,- նշեց Էդգար Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի` չնայած  Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում մեծ դեր է ունեցել, նրան այսօր քիչ են հիշում և նա ըստ արժանվույն գնահատված չէ:

Ազգային արխիվը առաջին հանրապետության ղեկավարների և նրանց գործունեության մասին պարբերաբար հրատարակում է աշխատություններ: Առաջին հանրապետության փաստաթղթերի մեծ մասը Բոստոնում է:

Բանախոսն, անդրադառնալով Գարեգին Նժդեհին, ասաց, որ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղում են նրա ուսմունքի մասին պատկերացումները` դրանք ներկայացնելով  որպես ազգայնամոլական:

Բալասանյան Մերի

Քաղաքացին բողոքում է իր “ապօրինի” հարևաններից

ոստիկան1Մայիսի 26-ին, ժամը 18.00-ին քաղաքացի Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ ինքը Երևանի Մադոյան փողոցի թիվ 24 տան բնակիչ է և նույն հասցեում, ապօրինի, բնակվում է ևս հինգ բնակիչ, ովքեր դատարանի վճռով չեն կարող բնակվել նշված հասցեում:

Վերջիններս իր հանդեպ պարբերաբար ցուցաբերում են անձը և արժանապատվությունը վիրավորող գործողություններ:

Գրանցված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վերահսկողության վարչության պետ Ռ. Մինասյանին:

Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բակում բացվեց նրա կիսանդրին

հուշարձան2Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բակում այսօր բացվեց մեծն գիտնականի  կիսանդրին և ցայտաղբյուր:

Բակ մտնող  աշակերտներին  դպրոցն այսօր դիմավորում էր «Սիրելի փոքրիկ, քո մայրենին քո պապերի 5000-ամյա հնագույն լեզուն է» գրությամբ:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանի խոսքով`  գրությունը պատահական չէ. հենց Ռաֆայել Իշխանյանն էր, որ դժվարին ժամանակներում բարձրացրեց  հայոց լեզվի անաղարտության պահպանման խնդիրը:

«Ռաֆայել Իշխանյանն իբրև մահկանացու չկա այսօր, սակայն այս կրթօջախի և հայ դպրոցի հարակայությամբ  նա մնալու է անմահ: Այսօրվա  հուշակոթողի բացումը,  և նաև հուշաղբյուրը իբրև հավերժության խորհուրդ ջրի առումով,  շատ մեծ իմաստ ունի իր մեջ,- ասաց  Սարգսյանը:-   Այսօր մեր կրթօջախը հպարտորեն կրում է մեծ գիտնականի, բանասերի, լեզվաբանի, հրապարակախոսի, մատենագետի, պատմաբանի անունը:  Նրա թողած բազմաշերտ ժառանգությունն անսպառ աղբյուր է դասագրքին զուգահեռ հայ երեխային, աշակերտին հայ դաստիարակելու ճանապարհին»:

Հուշակոթողի բացման իրավունքը տրվեց Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանին: «Գիտեք, չէի հավատում, բայց երազում էի, որ մի  օր ըստ արժանվույն կգնահատվի Ռաֆայել Իշխանյանը: Եվ այսօր անչափ երջանիկ եմ, որ նա գնահատվեց և այսպիսի հրաշալի դպրոց է կոչվում Ռաֆայել Իշխանյանի անունով»,- բացելով հուշակոթողն` ասաց տիկին Բյուրակնը:

Ցերեկույթին ներկա բանասեր Թամարա Ալեքսանյանը, ով  Ռաֆայել Իշխանյանի ուսանողն է եղել,  ևս ելույթ ունեցավ` նշելով, որ Իշխանյանի շնորհիվ է դարձել ուսուցիչ ու նաև մասնակցում է դասագրքերի ստեղծման գործընթացին. « Մարդու կյանքում լինում է ուսուցիչ, լինում է դասախոս, որը նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Ռաֆայել Իշխանյանը մեզ համար այդպիսի մեկն էր: Ես ինձ համարում եմ շատ երջանիկ, քանի որ եղել եմ Ռաֆայել Իշխանյանի ուսանողը: Այսօրվա ողջ միջոցառումը, և կիսանդրին տպավորիչ է և իրեն արժանի, շատ համեստ, բայց նաև շատ գեղեցիկ»:

Ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները ներկաներին հիշեցրեցին Ռաֆայել Իշխանյանի` մատաղ սերնդին ուղղված լեզվի մասին կոչերի,  նրա գործերի ու ավանդի մասին:

Beatles-ի կիթառը աճուրդի է հանվել

4Beatles-ի կիթառը աճուրդի է հանվելՎեց լարանի էլեկտրական կիթառը, որի վրա նվագել են Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը, վաճառվել է 408 000 դոլարով, կիրակի ասել է Julien’s Auctions-ը:

Julien’s աճուրդային ընկերությունը կիթառի  նախնական արժեք  էր սահմանել 200 000- 300 000 դոլարը:

Նախքան աճուրդի հանվելը կիթառը ցուցադրվել է մի քանի ցուցահանդեսների ժամանակ:

Կիթառը Ջոն Լենոնի նվերն էր  Apple Records-ի ինժեներ Ալեքս Մարդասին, ով խմբի ընկերն է եղել 1967թ-ից:

Հարիսոնը օգտագործել է կիթառը “I am the Walrus” երգի փորձերի ժամանակ: Լենոնը դրանով նվագել է “Hello, Goodbye” անունը կրող տեսահոլովակի ընթացքում:

Աճուրդի ընթացքում վաճառվել է նաև Էլվիս Փրեսլիի անդրավարտիքը, Դեյվիդ Քասսիդիի լողազգեստը, Դեյվիդ Բոուի և Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը:

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը…

Arshavir_ShirakyanՀայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:

Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ հեղափոխական դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր: Այնտեղ հաճախ էին հավաքվում հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ` քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը: Այս քննարկումներին մասնակցում էր նաև պատանի Արշավիրը: Առաջին աշխարհամարտի սկզբից ևեթ Պոլսում ծանր ու լարված իրավիճակ էր: Չնայած երիտթուրքերի հավաստիացումներին` հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում: Վիճակն ավելի ծանրացավ, երբ սկսված պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն հրաժարվեց ընդդեմ Ռուսաստանի համագործակցել թուրքական իշխանությունների հետ:

Այս պարագայում պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին:

Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի. նա զենք-զինամթերք է հայթայթում և տեղավորում պահեստներում:

Սակայն, ցավոք, ՀՅԴ նախապատրաստական միջոցառումներն այլևս ժամանակավրեպ էին, և երիտթուրքերը կարողացան ի կատար ածել մեծ ոճիրը:

Փրկվելով թուրքական յաթաղանից` Արշավիր Շիրակյանը գործի անցավ: Նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակը հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումն էր:

Եվ ահա Արշավիրը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը` շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ` հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին: Մինչ այդ նա Պոլսում արդեն իսկ ահաբեկել էր մի քանի թուրք ոստիկանների և ձեռք բերել մարտական մկրտություն: Եվ ահա «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին:

Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան` Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում:

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թ. ամռանը հայտնվում Երևանում: Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում: Հենց Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու արժանավոր հայորդիների` Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում:

Նրանց հանդիպումը պատահական չէր: Ռուբեն Տեր-Մինասյանն իր բնակարան էր հրավիրել վրիժառու երիտասարդներին` կարևոր առաջադրանքով: Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ ի կատար ածեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը: Սակայն նրանց վիճակված չէր ի կատար ածել Ռուբենի հրահանգները: Վրիժառուները, բնականաբար, Բաքու կարող էին հասնել միայն Վրաստանով: Այդպես էլ անում են, սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում: Բարեբախտաբար` կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի:

Պոլսում Շիրակյանը երկար չմնաց: Նա շուտով ուղևորվեց Հռոմ` ի կատար ածելու հայոց «Նեմեսիսի» մյուս առաջադրանքը` գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում:

Երկար ժամանակ չպահանջվեց Շիրակյանից Հռոմում հայտնաբերելու երիտթուրք պարագլուխներին: Նա այնտեղ հանդիպեց անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չէին` ի կատար ածելու ոսոխի մահապատիժը:

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ին պատուհասեց նրան: Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում: Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել հերոսին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:

Շահան Նաթալու կողմից նոր կարգադրությունը չի ուշանում. 1922 թ. փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին` պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան` թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին:

Շատ չանցած` խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան: Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին` Հրաչ Փափազյանը: Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է: Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին շանսատակ անել այնտեղ: Սակայն այս պլանը ձախողվում է: Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ պլանը: Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը` նշելու նրա սպանության տարելիցը: Պլանի համաձայն` այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար: Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է:

Սա հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում: Այնուամենայնիվ, վճռականությունը հաղթեց: 1922 թ. ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը: Կեսգիշերից առաջ ավարտվեց խնջույքը, և թուրքերը խմբերով հեռացան հյուրընկալի տնից:  Նրանց մեջ էին Թալեաթի կինը` Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին` իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ:

Հետևի կողմից մոտենալով խմբին` Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվեցին նրանց վրա: Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին, մի կրակոցով գետին տապալեց նրան: Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպեց: Գնդակը մտավ այտի մեջ, դուրս եկավ մյուս այտից: Այդ պահին չուշացավ Արամ Երկանյանի կրակոցը, որը գլխի թափանցիկ կրակոցով վերջ տվեց ճիվաղի կյանքին:

Երբ իրենց առաքելությունը ավարտած հայորդիները սկսեցին նահանջել, Թալեաթի այրին փորձեց խանգարել Արշավիրին: Վերջինս ատրճանակը պահեց նրա կրծքին, սակայն վեհանձնաբար չկրակեց: Վախեցած այրին հետ քաշվեց, և Արշավիրը հեռացավ դեպքի վայրից: Սակայն չդիմանալով գայթակղությանը` նա քիչ անց հետ վերադարձավ` հիանալու իր և Արամի աշխատանքի արդյունքով. երկու հայասպանները և մեկ թիկնապահ թավալգլոր սատակած էին Ուհլանդ փողոցի մեջտեղում, իսկ նրանց ուղեկցող կանայք և տղամարդիկ խելակորույս վայնասուն էին բարձրացրել:

Իմանալով, որ թուրք պարագլուխներին հանդիսավոր ու պատվավոր թաղում են նախապատրաստում, Շահան Նաթալին միտք հղացավ հենց թաղման օրը սպանդ սարքել և միանգամից լուծել հայության վրեժը երիտթուրքերից: Սակայն հետախուզությունը հաղորդեց, որ Գերմանիայի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել և տասնյակ հայեր են արդեն ձերբակալվել: Իրենց գործը փառահեղ ավարտած` հայ վրիժառուները հեռացան Բեռլինից:

Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Բուլղարիայում նրան փորձություն էր սպասում: Վառնայի «Բալկան» հյուրանոցի սրճարանում թուրքերը ծուղակ են պատրաստում Արշավիրի համար և մի քանի հոգով շրջապատում են նրան առևանգելու և հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ: Այս ծանր պահին քաջ հայորդին չի կորցնում իրեն: Ուղղակի գրպանից հանում է ատրճանակը, պահում թուրքերի վրա և սպառնում գնդակահարել ավելորդ շարժում անողին: Ապահովելով իր կյանքը` նա սրճարանի աշխատակիցներից պահանջում է ոստիկանություն կանչել:

Մոտեցած ոստիկանը պարզաբանում է, որ Արշավիրի պատանդները թուրք գաղտնի ոստիկաններ են, որոնք ուզում են վրիժառուին ձերբակալել և Պոլիս տանել հաշեհարդարի: Արշավիր Շիրակյանը ստիպված խոստովանում է բուլղարացի ոստիկանին իր ով լինելը. նա ասում է, որ ինքն է Հռոմի և Բեռլինի սպանությունների հեղինակը, ՀՅԴ անդամ է և բուլղարների պես պայքարում է թուրքական բռնապետության դեմ: Ոստիկանը Արշավիրին ոչ միայն չի հանձնում թուրքերին, այլև իր պաշտպանության տակ է առնում:

Նույն 1922 թ. Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում` ամուսնանալով  վաղուց սիրած աղջկա` Գայանեի հետ: Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է: Այլևս անելիք չունենալով Եվրոպայում` Արշավիր Շիրակյանը 1923 թ. ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը: Նա հաստատվեց Նյու-Յորքում, որտեղ զբաղվեց արևելյան գորգերի առևտրով:

Մեծ հայորդին ու վրիժառուն վախճանվեց 1973 թ. ապրիլի 12-ին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Մուբարաքը կրկին դատարանի առջև կկանգնի

1Մուբարակը կրկին դատարանի առջև կկանգնիՇաբաթ Կահիրեում կմեկնարկի Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարակի հերթական դատավարությունը 2011թ ցույցերին ցուցարարներին սպանելու մեղադրանքով:

Մուբարաքը, նրա օրոք ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլին և վեց անվտանգության աշխատակիցներ մեղադրվում են 2011թ հունվարի 25-31 հարյուրավոր խաղաղ ցուցարարների սպանության մեջ ներգրավված լիենլու և կանխամտածված սպանություն իրականացնելու համար:
Մուբարաքը պաշտոնանկ է եղել 2011թ: Նրան հաջորդել է Մուհամեդ Մուրսին:
Այսօր Եգիպտոսում տիրում է խառնաշփոթ վիճակ: Մուրսիի նախագահության օրոք երկրում ավելացել է քաղաքական երկբևեռությունը, կրկնվող բռնությունները և տնտեսական ճգնաժամը:

Մայքլ Ջեքսոնի դիմահարդարը զգուշացրել էր, որ երգիչը կարող էր մահանալ թմրանյութերի կախվածության հետևանքով

4Մայքլ Ջեքսոնի դիմահարդարը զգուշացրել էր, որ երգիչը կարող էր մահանալ ÕՄայքլ Ջեքսոնի դիմահարդարը 1990-ականներին նախազգուշացրել էր, որ աստղը կարող էր մահանալ թմրանյութերից կախվածության հետևանքով: Սրա մասին նա հայտնել է ուրբաթ օրվա իր վկայության մեջ:

Փոփ աստղի համար 27 տարի աշխատող Քարեն Ֆայեն ասել է, որ ինքն իր մտահոգությունը հայտնել է նրա թերապևտին նախքան նրա 1990-ականների շրջագայությունը, որի ընթացքում երգիչը ապաքինման փուլում էր:
Ֆայեն վկայությունը տվել է Լոս Անջելեսի դատարանում, որտեղ երգչի 82-ամյա մայրը հայց որ հարուցել ընդդեմ AEG-ի: Ջեքսոնի մայրն մեղադրում է գործակալությանը երգչի համար բժիշկ Կոնրադ Մարրիին վարձելու համար:
Հիշեցնենք, որ Մարրին 2011թ մեղադրվում էր անկանխամտածված սպանության մեջ:

304 մետր բարձրություն ունեցող կռունկի վրա քայլող ռուս երիտասարդի կյանքը իր ձեռքերում է (տեսանյութ)

b3Համացանցում տարածված հոլովակի մեջ ռուս պատանին քայլում է 304 մետր բարձրություն ունեցող ամբարձիչ կռունկի վրայով:

Երիտասարդը կռունկի վրայով քայլում է առանց վախի մի նշույլի:

Առանց անվտանգության որևէ միջոցի՝ նա վստահ կերպով քայլում է և նույնիսկ ցատկում երկար կռունկի վրա:

Youtube-ում տեղադրված երեք րոպե տևողությամբ հոլովակում ցուցադրվում է նրա զարմանալի քաջությունը:

16-17 տարեկան տղան քայլելուց հետո մեկ ձեռքով կախվում է կռունկից:

b1Այդ բարձրությունից փողոցի մեքենաները փոքրիկ խաղալիքների տեսք ունեն:

Ամեն դեպքում հոլովակի ավարտին էկրանի վրա հայտնվում է «վտանգավոր է կյանքի համար» գրությունը:

Հոլովակը դիտվել է տասնյակ հազարավոր օգտատերերի կողմից: Օգտատերարից մեկը մեկնաբանություններում գրել էր, որ այդ երիտասարդը հավանաբար պատասխանատու է եթե ոչ իր, ապա բազմաթիվ ողբերգական մահերի համար:

ԱՐՇԱԿ ՏԵՐ- ՂՈՒԿԱՍՈՎ` քաջ, հմուտ զինվորական և ազնվագույն անձնավորություն

լեյտենանտ Արշակ (Արզաս) Հարությունի Տեր-Ղուկասով,մեծԴեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ  ասաց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:

Հայ զինվորական միտքը փայլատակել է հազարամյակներ շարունակ: Ցավոք, ոչ միշտ է հայ զորականը զենք բարձրացրել հայոց պետականության համար: Հանգամանքների բերումով հազարավոր հայեր ծառայել են օտար բանակներում: Սակայն անգամ օտար դրոշի տակ բարձր են պահել հայի ու հայ զինվորականության պատիվը:

Այդ երախտավորներից է ռուսական կայսերական բանակի զորավար, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշակ (Արզաս) Հարությունի Տեր-Ղուկասովը:

Փառապանծ է նրա ուղին:

Ապագա զորավարը ծնվել է 1819 թ. հունվարի 8-ին Թիֆլիսում: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի հայության կրթական դարբնոցում` Ներսիսյան վարժարանում: Ավարտելով դպրոցը` նա տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել ճանապարհային հաղորդակցության ինստիտուտը և ավարտել 1839 թ.: Ստանալով ճարտարագետի որակավորում` Արշակ Տեր-Ղուկասովը վերադառնում է Կովկաս և աշխատանքի անցնում Ռազմավիրական ճանապարհի շինարարությունում: Շուտով նրա պաշտոնը բարձրացնում են, և շնորհալի ճարտարագետը նշանակում է ստանում Կովկասի հաղորդակցության վարչությունում որպես երկրորդ վարչության կառավարիչ:

Սակայն Արշակ Տեր-Ղուկասովը, չնայած հաջող աշխատանքին և գրավիչ հեռանկարին, թողնում է ամեն ինչ և 1850 թ. անցնում զինվորական ծառայության: Այս բնագավառում էլ շնորհալի հայորդին արագ աչքի է ընկնում և վեր սլանում ծառայողական սանդղակով:

Արշակ Տեր-Ղուկասովի ծառայությունն անցնում է Կովկասում` Բաքվում: 1852 թ. նա արդեն գումարտակի հրամանատարի պաշտոն էր ստացել Ապշերոնյան գնդում` մայորի զինվորական կոչումով: Այս պաշտոնում նա Դաղստանում մասնակցեց Կովկասի լեռնականների դեմ պատերազմին և աչքի ընկավ Բուրդալա և Դիլիմ աուլների մարտերում:

Մարտերում ցուցաբերած խիզախության և հմտության համար Տեր-Ղուկասովը շուտով (1859 թ.) նշանակվում է գնդի հրամանատար: Հենց նրա առաջնորդությամբ ռուսական բանակը գրավեց Շամիլի ապաստարանը` Գունիբ քաղաքը: Այս օպերացիայի համար Արշակ Տեր-Ղուկասովը պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով:

1865 թ. Արշակ Տեր-Ղուկասովն արժանացավ գեներալական ուսադիրների և նոր նշանակում ստացավ` 19-րդ հրետանային դիվիզիայի փոխհրամանատար` միաժամանակ ստանձնելով Թերեքի մարզի կառավարչի պաշտոնը: Մեկ տարի անց նա նշանակվում է 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, իսկ 1874 թ. արժանանում գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման:

1877 թ. սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, որը նոր հորիզոններ է բացում գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի համար:

Նա ստանձնեց Երևանյան զորաջոկատի հրամանատարությունը և մարտի դաշտ նետվեց: Նրա սուրը փայլեց հատկապես Բայազետի ճակատում: Դեռևս ապրիլ ամսին նրա զորախումբը, առանց դիմադրության, մտավ թուրքերից դատարկված Բայազետ` հին հայկական Դարոյնք քաղաքը: Արշակ Տեր-Ղուկասովի զորաբանակի առաջին իսկ հարվածներից հետո Ալի Քեմալ փաշան փախուստի դիմեց: Տեր-Ղուկասովը, այստեղ թողնելով սակավաթիվ բերդապահ զորք, ճակատի հրամանատար կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ շարժվում է Էրզրումի (Կարին) ուղղությամբ` ճանապարհին գրավելով Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտի հովիտը:

Այստեղ` հունիսի 4-ին Դրամդաղի ճակատամարտում, Արշակ Տեր-Ղուկասովը ջախջախիչ հարված հասցրեց Մուխտար փաշայի մեծաքանակ զորքերին և շարունակեց հաղթական երթը դեպի Էրզրում: Սակայն Արշակ Տեր-Ղուկասովին վիճակված չէր մասնակցել Էրզրումի ազատագրմանը:

Տեսնելով ռազմաճակատում թուրքական բանակի անհուսալի վիճակը` Վանի Իսմայիլ փաշան, 25000-ոց բանակով հարավից շրջանցելով ռուսական բանակը, հայտնվեց նրա թիկունքում ու արշավեց Բայազետի վրա` պաշարելով ամրոցը: Բայազետի ամրոցը պաշտպանում էին 1600 ռուս զինվորներ ու մոտ 20000 հայ բնակիչներ: Թուրքերը մեծաքանակ բանակով պաշարեցին այն ու գրոհի անցան: Ամրոցի պաշտպանները  հերոսաբար դիմադրում էին: Սակայն զենք-զինամթերքի և սննդամթերքի միջոցները սուղ էին: Բայազետի անկումով ռուսական բանակը կհայտնվեր շրջապատման վտանգի տակ: Եվ ահա ռազմաճակատի հրամանատար կոմս Լոռիս-Մելիքովի հրամանով Արշակ Տեր-Ղուկասովը օգնության է շտապում պաշարյալներին: Դեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ արտասանեց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:

Ութ օրում անցնելով 200 վերստից ավելի ճանապարհ` նա արագ երթով իր զորաջոկատը հունիսի 28-ին հասցրեց Բայազետ, հարվածեց թշնամուն, նահանջի մատնեց նրան և ազատեց պաշարյալներին, որոնք արդեն 27 օր հերոսաբար դիմադրում էին ասկյարներին: Այս սխրանքի համար ռուսական կայսերական կառավարությունը Արշակ Տեր-Ղուկասովին պարգևատրեց «Սպիտակ արծիվ» և Սուրբ Գեորգիի երրորդ աստիճանի շքանշաններով, իսկ հետագայում օտարազգի ռազմագետները Տեր-Ղուկասովի այս արշավանքը համեմատեցին մ.թ.ա 400 թ. հույն զորավար և պատմիչ Քսենոֆոնի նշանավոր նահանջի հետ:

Այս իրադարձությունները հետագայում տեղ գտան մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպում:

Բայազետից հետո Արշակ Տեր-Ղուկասովը դարձյալ զորաշարժ է կատարում դեպի արևմուտք և հոկտեմբերի վերջին Դևեբոյնի վճռական ճակատամարտում ջախջախում է Մուխտար փաշայի թվական գերակշռություն ունեցող բանակը:

1878 թ. հունվարին Արշակ Տեր-Ղուկասովը նշանակվեց Ախալցխայի զորախմբի հրամանատար: Իսկ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո նշանակվեց Անդրկասպյան զորքերի հրամանատար,  որոշ ժամանակ անց` Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար:

Նրա ժամանակակիցները և զինակիցները, առանց բացառության, գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին նկարագրում են որպես քաջ, հմուտ զինվորական և ազնվագույն անձնավորություն:

Արշակ Տեր-Ղուկասովը շատ արագ զինվորական կարիերա ապահովեց իր համար: Սակայն դա նրա առողջության վրա թանկ նստեց: 1880 թ. նրան շնորհվեց գեներալ-համհարզի (գեներալ-ադյուտանտ) զինվորական կոչում: Բայց դա այլևս չէր կարող ուրախացնել շնորհալի և քաջ հայորդուն: Նրա առջողությունը քայքայվում էր: Արշակ Տեր-Ղուկասովը մեկնեց արտասահման բուժվելու: Սակայն բուժումը արդյունք չտվեց: Կիսատ թողնելով` նա վերադարձավ Թիֆլիս, իջևանեց Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում,  ուր անցկացրեց կյանքի վերջին օրերը: 1881 թ. հունվարի 8-ին քաջարի գեներալը 62 տարեկան հասակում կնքեց մահկանացուն:

Ռուսական կառավարությունը ստանձնեց գեներալի թաղման ծախսերը: Աճյունն ամփոփեցին Թիֆլիսի սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Տեր-Ղուկասովի թաղմանը ներկա էր ողջ Թիֆլիսը` արհեստավորից մինչև ազնվական: Նրա դագաղը տանողների մեջ էր Կովկասի փոխարքան` կայսեր եղբայր Միխայիլ Նիկոլաևիչ Ռոմանովը:

Ժամանակագիրները նշում են, որ թաղման ավարտին Արշակ Տեր-Ղուկասովի շիրմաթումբը զարդարված էր երկու ծաղկեպսակով` «Ալաշկերտի հայ գաղթականների կողմից» և «Թիֆլիսահայության կողմից»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

«Ինչո՞ւ ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին». աշխատակիցները տարակուսած են

կոնտինենտեքս22012 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Կոմիտաս 15 հասցեում գտնվող 4368 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, որտեղ տեղակայված է ՀՀ ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը, ուղղակի ձևով վաճառվել է «ԿԱԷՌ քընսթրաքշըն» ՍՊԸ-ին:

«Կոնտինենտտեքսի» աշխատակիցները, որոնցից մի մասն այդ ընկերությունում է աշխատում արդեն 35-40 տարի, խիստ անհանգստացած են, քանի որ իրենց որևէ տեղեկություն չի տրվել այդ գործարքի մասին, այժմ էլ պարզաբանում չի տրվում իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

Ոստիկանությանը պատկանող կարի ֆաբրիկան շուրջ կես դարի պատմություն ունի: Տասնամյակներ շարունակ այստեղ են կարվել ոստիկանության համազգեստները: Սակայն այսօր, ըստ աշխատակիցների, տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս են աշխատում, քանի որ պատվեր չկա:  Եղած աշխատանքի դիմաց էլ արդեն չորրորդ–հինգերորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, իսկ շենքի վաճառքի մասին իմացել են պատահաբար:  «Օրերից մի օր էլի աշխատավարձի կռիվ եղավ, որ գործ չունենք, պարապ ենք, և երբ կրքերը բորբոքվեցին, իմացանք, որ շենքը վաճառված է: Մեզ էլ ասացին, որ եթե տեղ տան` կգնանք, կաշխատենք, եթե չէ` բոլորիս հաջողություն, ֆաբրիկան էլ կլուծարվի»,- ասում է արտադրամասի վարպետներից մեկը:

Բանն այն է, որ ժամանակին կարի ֆաբրիկան ոստիկանության համազգեստները կարելու մենաշնորհ ուներ, իսկ նոր օրենքների ընդունումից հետո, որոնք պարտադրում են մրցակցային դաշտի ապահովում, ոստիկանությունը պարտավոր է մրցույթ հայտարարել: Սակայն զարմանալին այն է, որ բազմամյա տարիների փորձ ու հմուտ աշխատողներ ունեցող պետական ֆաբրիկան մրցույթներում չի հաղթում, այլ հաղթում են մասնավոր, փոքր ընկերությունները:

Աշխատակիցները նշում են, որ նախկինում իրենք այդ մրցույթներին մասնակցում էին և ինչ-որ ծավալի աշխատանք շահում, սակայն ներկայիս տնօրենի գալուց ի վեր գրեթե գործ չունեն. «Տնօրենն ասում է` տենդերը չենք շահում: Բայց ո՞նց է, որ առաջ շահում էինք, հիմա՝ չէ: Էնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ուզում են հիմնարկը սնանկացնել և լուծարել»,- դժգոհում են աշխատակիցները:

2013-04-17 15.52.11Ֆաբրիկայի աշխատակիցները հպարտությամբ ցույց են տալիս այդ տարիների ընթացքում ստեղծած համազգեստների նմուշները, որոնք մանեկենների վրա ցուցադրված են հատուկ սենյակում: Լաբորատորիայի աշխատակիցն ասում է, որ համազգեստի նմուշների վերջնական տեսքի ստացման համար հատուկ մասնագիտական խումբ էր աշխատում,  իսկ այսօր իրենց մոդելները «գողանում են» մասնավոր ընկերություններն ու բազմացնում: «Մասնավորները գնում, անորակ կտորը Թուրքիայից բերում են, կարում, տալիս ոստիկանությանը, իսկ էս հսկայական հիմնարկն անգործության է մատնված: Ոստիկանները միշտ մեզ ասում են` ձեր կարի նման կար չկա, խի՞ դուք չեք կարում»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Ընկերության տնօրեն Սամվել Բեկչյանը չցանկացավ այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն տալ` առանց ոստիկանության համապատասխան մարմինների հետ համաձայնեցման: Փոխարենը բավականին պարզ խոսեց արտադրության պետ Աշոտ Հովհաննիսյանը. «Սա շահույթ հետապնդող ձեռնարկություն է, պետք է մասնակցի այդ մրցակցությանը: Դա նորմալ է: Բայց տնօրենները մի տեսակ ուրիշ (պետական չինովնիկի) հոգեբանությամբ են գալիս էստեղ, և բավարար կոմպետենտության բացակայության դեպքում առաջանում են դժվարություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են անհաղթահարելի:  Ինչպես ասում են` տնօրենները գալիս ու գնում են, բայց ոչինչ չի փոխվում»:

Ըստ Հովհաննիսյանի` ընկերությունը մրցակցությանը չի դիմանում ոչ միայն տնօրենի աշխատաոճի պատճառով, այլև մի շարք օբյեկտիվ պատճառներով. «Մեր հաստատուն ծախսերը` կոմունալ ծախսեր, սոցապ վճարներ, կրեդիտորական պարտքեր և այլն, գերազանցում են մեր արտադրանքի իրացումից եկած գումարները: Դրան գումարած` ամսական մոտ 650 հազար դրամ հարկային պարտավորությունների գումար ենք տալիս, պարզ է, որ եկամուտ չունենալու դեպքում ոչ միայն այդ վճարները չենք կարողանա փակել, այլև պարտքերի տակ կհայտնվենք»,- ասում է նա:

Բանն այն է, որ աշխատողների մեծ մասի հետ անժամկետ պայմանագրեր են կնքվել, և ստացվում է, որ հիմնարկն այդքան պատվեր չունի, բայց ունի անթիվ-անհամար աշխատողներ (մոտ 200), որոնց համար առաջանում են պարտադիր սոցիալական վճարներ: Ըստ Հովհաննիսյանի, եթե պայմանագրերը ժամանակավոր լինեին, ապա դրանց ժամկետները լրանալուն պես նրանց մի մասին այլևս աշխատանքի չէին վերցնի, իսկ այս դեպքում նաև պետք է լրացուցիչ ծախսեր անեն և նրանց ազատեն աշխատանքից:

Կարճ ասած՝ արտադրության պետն իրավիճակն այսպես է ձևակերպում. ապրանքն արտադրելու համար ծախսում ես, ենթադրենք, 5000 դրամ, հետո այն վաճառում 4000-ով:

կոնտինենտեքսՍակայն նա դեռ հույսը մեռած չի համարում. «Պետք է վերը նշված անիմաստ ծախսերը կրճատվեն, այդ թվում նաև ավելորդ կադրերը, որոնք պարտադրվել են տնօրենին, իսկ ընկերությունը պետք է ղեկավարվի լիազոր մարմնի մասնակցությամբ և կոմպետենտ ձևով: Էստեղ շատ լավ մասնագետներ կան, որոնք պատրաստ են և ունակ աշխատելու, խնդիրը միայն պատվերների բացակայությունն է: Եթե լիազոր մարմինը մեզ հնարավորություն տա, կարող ենք վերականգնվել և մրցունակ դառնալ»,- ասում է նա:

Նշենք, որ Կոմիտաս 15 հասցեում գտնվող շենքի տեսքն ու դիրքն այնքան գրավիչ են, որ հավանական է թվում աշխատակիցների առաջ քաշած վարկածներից մեկը, թե շենքի վրա շատերն աչք ունեին, և խանգարողն իրենք էին, հիմա ուզում են իրենցից ազատվել և շենքն առավել «նպատակային» օգտագործել:

«Մենք շատ վիրավորված ենք մեր ղեկավարության նման վերաբերմունքից. որոշ ժամանակ առաջ բողոքի ակցիա արեցինք, լրագրողներ հրավիրեցինք, բայց ոստիկանության արձագանքն այդպես էլ չլսեցինք»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ ավելացնում է. «Մեր շենքի ցուցանակի վրա գրված է` «ՀՀ ոստիկանության Կոնտինենտտեքս ՓԲԸ»: Էդ ինչի՞ են կախել, եթե ոստիկանության վերնահագուստը մենք չենք կարում, եթե ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին»:

Ի դեպ, կառավարությունը գնորդին նաև պարտավորեցրել է, որ շենքի առաջին հարկում գտնվող 116,250 քմ տարածքն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության միջոցով) օտարի ՀՀ քաղաքացի Արտակ Մակարյանին:

Այդ տարածքում այժմ հարմարավետորեն տեղակայվել է ՀՀԿ Արաբկիրի գրասենյակը, որի դիմացի հատվածն էլ քաղաքապետարանը խնամքով բարեկարգել ու ծաղկապատել է:

Աշխատակիցների բարձրացրած հարցերի պատասխանները ստանալու համար «Անկախը» գրավոր դիմեց ՀՀ ոստիկանությանը` փորձելով պարզել` ինչպե՞ս է լուծվելու  ընկերության հետագա գործունեության հարցը, ինչո՞ւ չեն վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, ո՞վ է դրա համար պատասխանատու և, ի վերջո, եթե ընկերությունը չի կարողանում շահել համապատասխան մրցույթներն ու պատվեր ապահովել, նպատակահարմա՞ր է այդքան մեծ թվով աշխատողներ պահելը:

Ամենօրյա հիշեցումներից հետո ոստիկանության լրատվական ծառայությունից 8 օր անց «պատասխանեցին», որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն մեզ կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Հավանաբար, այդ հարցերի պատասխաններն այս պահին ոստիկանությունն էլ չունի կամ էլ ունի, պարզապես դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ դժգոհության նոր ալիք կբարձրանա: Մնում է սպասել ու տեսնել, թե 30 օրվա մեջ ինչ դատավճիռ կկայացնի ոստիկանությունը սեփական ընկերության նկատմամբ:

Բրիտանացին դատապարտվել է ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար

2Բրիտնացին դատապարտվել է ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար Բրիտանացի միլիոնատերը հինգշաբթի դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Իրաքի  և այլ երկրների կառավարություններին ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար:
Ջեյմս Մքքորմիքը 50 միլիոն եվրոյի եկամուտ է ունեցել կեղծ սարքերի վաճառքից:
Համաձայն քննիչների սարքերը չունեն ոչ մի գիտական հիմք:
Վճիռը կարդալու ժամանակ դատավոր Ռիչարդ Հոնը ասել է, որ նրա հնարքի հետևանքով հավանաբար շատերն են մահացել:
Մքքորմիքը Իրաքին վաճառել է 37 մլն եվրոյի արժողության ապրանք: Բացի Իրաքից նա նաև առևտրային հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Նիգերի, Բելգիայի և նույնիսկ ՄԱԿ-ի հետ:
Բիզնեսմենը նաև դատարանին ասել է, որ սարքեր է վաճառել նաև եգիպտական բանակին, Քենյայի ոստիկանությանը, Հոնգ Կոնգի բանտային ծառայությանը և թայլանդական սահմանային  վերահսկողության մարմնին:

Ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի

25965Մենք հարգում ենք մամուլի ազատ գործունեությունը, սակայն խոչընդոտել ոստիկանության գործունեություններին համարում ենք ոչ հարիր: Վարդան Ղուկասյանը՝ Դոկը,  պաշտպանել է ծառայություն կատարող ոստիկանին, ով ճնշումների էր ենթարկվում hetq.am-ի լրագրող  Անի Հովհաննիսյանի կողմից՝պաշտպանելով  փողոցային երաժիշտ, կիթառահար Գևորգին, որը , ըստ բնակիչների բողոքի, խանգարում էր պողոտայի անդորրը:

Կարելի է ենթադրել, որ ամեն սադրիչ լրագրող , ցանկության դեպքում կարող է աշխատանքից ազատել երկար տարիներ ազգին ծառայող ցանկացած պաշտոնյայի:

2010 թվականից անձամբ ճանաչում եմ  Վ.Ղուկասյանին (ով այն ժամանակ դեռ Ռազմական Ոստիկանության աշխատակից էր) և փորձում էինք մի շարք ազգօգուտ ծրագրեր էինք իրականացնել: Ցանկանում էինք նաև իրագործել սփյուռքահայության զինապարտությունը Հայաստանում: Տեղափոխվելով ոստիկանական համակարգ նույնպես մեր շփումը շարունակվեց: Մի շարք իրանցի և իրանահայ գործարարներ, ովքեր խնդիրների առաջ էին կանգնել Հայաստանում, Վ.Ղուկասյանի կողմից ջանք չի խնայվել իր հարևաններին գոհ ճանապարհելու և խնդիրներին լուծում տալու:

Վարդան Ղուկասյանը հայ-իրանական բարեկամությունը տածելու և պահպանելու համար ստացել է պատվոգրեր իրանի ոստիկանության և մի քանի այլ իրանահայ միությունների կողմից:

Անդրադառնանք այն  հարցին, թե ինչպե՞ս կարելի է փոքր միջադեպի պատճառով աշխատանքից ազատվեր պետական կառույցի աշխատակիցը, ով ոչ միայն ոստիկան էր, այլ մարդ, ով վերականգնում էր մեր հարևան երկրի քաղաքացիների խախտված իրավունքները: Կո՛չ ենք անում ՀՀ ոստիկանապետին և հասարակությանը, որ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեն նման միջադեպերին և աշխատանքից ազատելու դեպքում հաշվի առնեն այս ամենը:

Իրան-Հայաստան բարեկամության միության քարտուղար՝ Հովսեփ Ավագյան 

Ես Մուհամեդ Ռահբարին մի քանի իրանցի հայտնի գործարարների անունից նույնպես,  տալիս եմ իմ աջակցությունը Վարդան Ղուկասյանին այն բանի համար, որ տարիներ շարունակ մեզ օգնել է և այժմ մտածում եմ ինչու՞ այսպիսի փոքր միջադեպի պատճառով աշխատանքից ազատվեց երկար տարներ  մեզ աջակցության տրամադրած ոստիկանը:

«Հայաստան-Քուրդստան» բարեկամական միության փոխնախագահ ՝ Մոհամմադ Ռահբարի