ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍ. ողջ կյանքում նյութական միջոցներ հայթայթեց տարագրյալ հայության համար

Լեփսիուս3Հայ ժողովուրդը թշնամիներ շատ է ունեցել, բայց բարեկամների պակաս էլ չի զգացել: Այդ բարեկամներից է գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի վկայությունները հայության ցեղասպանության մասին այսօր մեծ արժեք են ներկայացնում հայոց դատի հետապնդման համար:

Մեծ հայասերը ծնվել է 1858 թ., գերմանական Պոտսդամ քաղաքում` բողոքական հոգևորականի ընտանիքում:
Լեփսիուսի կատարած աշխատանքը առավել գնահատելի է այնքանով, որ նա սոսկ ուսումնասիրող չի եղել, այլ հենց ցեղասպանության տարիներին մաքառող մարտիկ, որ Եվրոպայով մեկ թմբկահարում էր հայերի հետ կատարվող դժբախտություններն ու օգնություն ցուցաբերելու գործնական քայլեր կատարում:

1895 թ. նա Ֆրիզդորֆում ստեղծեց «Գերմանա-հայկական առաքելությունը»` նպատակ ունենալով Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի շրջանում լուսավորություն տարածել, ինչպես նաև` տարածել ավետարանչական եկեղեցու դրույթները:
Դեռևս Աբդուլ-Համիդ Բ սուլթանի տիրապետության օրոք կազմակերպված հայկական ջարդերի ժամանակ` 1896 թ., նա շրջագայեց Արևմտյան Հայաստանում, ուր հարուստ նյութ հավաքեց ականատեսներից Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների վերաբերյալ: Այս շրջագայության արդյունքները հետագայում եվրոպական մամուլում երկար հոդվածաշար դարձան, որում նկարագրվում էր հայության կրած սարսուռները 1894-1896 թթ.: Հոդվածաշարը` «Ճշմարտություն Հայաստանի մասին», ցնցեց Եվրոպան: Կարճ ժամանակամիջոցում այն թարգմանվեց և վերահրատարակվեց մի քանի անգամ:
Լեփսիուսը, հրապարակախոսությունից զատ, եվրոպական քաղաքներում ակտիվորեն մասնակցում էր հայկական հավաքներին, բողոքի ցույցերին, հանգանակություններ էր կազմակերպում համիդյան բռնություններից տուժած հայերի համար:
Հետագայում` 1914 թ., նա ստեղծեց Գերմանա-հայկական ընկերությունը, որի նպատակը հայությանը հումանիտար աջակցություն ապահովելն էր և հայության շահերի պաշտպանությունը: Նա այս ընկերության նախագահն էր մինչև իր կյանքի վերջը: Գերմանա-հայկական ընկերությունը հայանպաստ մեծ գործունեություն ծավալեց: Նա բազում աշխատություններ տպագրեց, բայց այդ շարքում իր առանձին տեղն ունի, անկասկած, «Մեսրոպ» երկլեզու հանդեսը:
Լեփսիուսի գործունեությանը խանգարում էր Գերմանիան, որ իր հաշիվներն ուներ աշխարհի քաղաքական խաղերում: Սկսվում են մեծ հումանիստի հանդեպ հալածանքները: Յոհաննես Լեփսիուսը հաստատվեց Հոլանդիայում, որ պատերազմի ժամանակ չեզոքություն էր հայտարարել, ու այնտեղից ծավալեց իր գործունեությունը:
Ցեղասպանության տարիներին նա ամեն ինչ արեց` կանխելու հայության գլխին կախված սպառնալիքը: Այդ նպատակով անգամ հանդիպեց Էնվերի հետ:
Բազմիցս եղավ հայ աքսորյալների ճամբարներում` ուսումնասիրելով նրանց վիճակը, փորձելով օգնություն հասցնել սովյալներին:
Արդեն 1919 թ. նա հրատարակեց «Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թվականներին» աշխատությունը, որում բազում անհերքելի ապացույցներ են բերված երիտթուրքերի կատարած ոճիրների մասին: Լեփսիուսի զեկուցագրերը, հրապարակած աշխատությունները ականատեսի թարմ վկայություններ էին հենց դեպքի վայրից: Իր զեկուցագրերից մեկում Լեփսիուսը նշում է.

«Ինչպես Դանթեի «Դժոխքի» դարպասին էր գրված, այնպես էլ համակենտրոնացման ճամբարների մուտքերին կարելի է գրել. «Ովքեր մտնում են այստեղ, թող ոչ մի հույս չունենան փրկվելու»։ «Այստեղ խոսել «Հազար ու մի գիշերների» մասին, նշանակում է ոչինչ չասել։ Թվում էր` իրոք քայլում եմ դժոխքի միջով։ Այն քիչ տեղահանությունները, որոնք ուզում եմ վերարտադրել, պատահական են և շտապ ի մի բերված։ Դրանք կարող են տալ միայն թույլ պատկերացում այն սարսափելի և դաժան պատկերների մասին, որոնք տեսել եմ իմ աչքերով։ Ամենուրեք, ուր էլ որ ուղևորվել եմ, տեսել եմ նույնը, բարբարոսության սարսափելի իշխանություն, որի նպատակը հայ ազգի պարբերաբար բնաջնջումն է։ Դահիճների նույն անմարդկային գազանությունը, դժբախտ զոհերին տանջելու նույն խոշտանգումները։ Մեսքենեից մինչև Դեյր Էլ-Զոր նույն հրեշավորության վկաներն են»։

«Այն տեսարանները, որոնց ես ականատես եղա, վեր են հնարավոր դաժանության ամեն տեսակի պատկերացումից։ Այնտեղ, ուր կանգ առավ իմ կառքը, տեսա կանանց, որոնք կառքի մոտենալուն պես նետվեցին դեպի ձիերի թրիքը, սկսեցին քթթել ու հանել այնտեղ գտնվող չմարսված գարու հատիկները, որպեսզի ուտեն։ Հաց տվեցի նրանց։ Սովյալ շների նման հարձակվեցին հացի վրա և ատամներով, սարսափելի ագահությամբ, պատառոտեցին այն՝ դողդողալով ու էպիլեպտիկ ցնցումներով»։

«Միանգամայն ակնհայտ է, որ հայերին աքսորելը կապված չէ միայն ռազմական նկատառումների հետ։ Վերջերս ներքին գործերի մինիստր Թալեաթ բեյն առանց քաշվելու հայտարարել է կայզերական դեսպանության աշխատակից դոկտոր Մորդմանին, որ «Բարձր դուռը ձգտում է օգտագործել համաշխարհային պատերազմը, որպեսզի հիմնովին արմատախիլ անի իր ներքին թշնամիներին (տեղական քրիստոնյաներին), առանց հարուցելու դիվանագիտական միջամտություն արտասահմանից»:

Շուտով նա կազմակերպեց Հայերի օգնության միջազգային լիգան` հումանիտար օգնություն հայթայթելով հազարավոր հայերի համար: Լիգայի կենտրոնակայանը Ժնևում էր, սակայն գործում էր Եվրոպայի ողջ տարածքում:
1921 թ. նրա ցուցմունքները կարևոր ազդեցություն ունեցան Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ, երբ գերմանական դատարանն անմեղ ճանաչեց Թալեաթին սպանած հայ հերոսին:

Դատավարության ժամանակ նա մերկացրեց երիտթուրքերի կառավարությանը հայաջինջ քաղաքականության համար. «Համընդհանուր տեղահանության որոշումը կայացրել էր երիտթուրքական կոմիտեն, այդ հրամանը տվել էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան (ռազմական նախարար Էնվերի հետ համատեղ): Հայերի բռնագաղթն իրականացվեց երիտթուրքերի հատուկ կազմակերպությունների միջոցով…
Անատոլիայի ողջ հայ բնակչությունը, վերևից ստացած հրամանի համաձայն, աքսորվեց Միջագետքի անապատի հյուսիսային և հարավային շրջաններ` Դեր Զոր, Ռաքքա, Մեսիենե, Ռաս ուլ Այն, ընդհուպ մինչև Մոսուլ: Տեղահանվեցին մոտավորապես 1.400.000 հայեր:
Ի՞նչ էր նշանակում այդ տեղահանումը:
Թալեաթ փաշայի ստորագրած հրամանում կան այսպիսի բառեր. «Տեղահանումը բնաջնջում է»:

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամը վախճանվեց 1926 թ. փետրվարի 28-ին, Հարավային Տիրոլում` Իտալիայի Մերանո քաղաքում, 68 տարեկան հասակում:

Յոհաննես Լեփսիուսը ողջ կյանքում նյութական միջոցներ հայթայթեց տարագրյալ հայության համար, բայց իր համար դրամ ու նյութական միջոցներ չկուտակեց: Եվ նրա մահից հետո նրա սիրեցյալ ու հավատարիմ կինը` Ալիսա Լեփսիուսը, հայտնվեց նյութական ծանր կացության մեջ:

Այդ ժամանակ նրան օգնության շտապեց երախտապարտ հայությունը: Սփյուռքահայության տարբեր oջախներում շարունակական հանգանակություններ կազմակերպվեցին` Յոհաննես Լեփսիուսի այրուն օգնություն ցույց տալու համար: Եվ Ալիսա Լեփսիուսը մինչև իր կյանքի վերջը` 1969 թ., նպաստ ստացավ երախտապարտ հայ ժողովրդից:

Փառք Յոհաննես Լեփսիուսին` հայ ժողովրդի իսկական բարեկամին:

 

 

ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

ռուբեն տեր մինասյանԱռաջին աշխարհամարտից առաջ ռուսական կառավարությունն առաջարկեց հայ ազատամարտի առաջատար Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ համաժողովրդական ապստամբություն բարձրացնի Թուրքիայում: Գրեթե նույն առաջարկն արեցին թուրքերը. ՀՅԴ-ն պետք է ապստամբեցներ արևելահայությանը:

Դաշնակցությունը, մերժելով երկու կողմին էլ, ընդունեց իր պատմության մեջ թերևս ամենասխալ ու վնասակար որոշումը. արևմտահայերը պետք է հավատարմորեն ծառայեն Թուրքիային, արևելահայերը` Ռուսաստանին: Ոչ ոք չլսեց անգամ Ռուբեն Տեր-Մինասյանի խորհուրդը, որ էր` խաբել Թուրքիային, զինվել նրա զենքով ու այդ զենքը շրջել հենց թուրքի դեմ: Իդեալական ծրագիր: Հիմա պատմությունն այլ կերպ կընթանար:
Այս առթիվ հետագայում Ռուբենը գրել է. «Դաշնակցությունը, դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականությանը, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողով) հորդորել հայ ժողովուրդին՝ կռվի դեպքում անթերի կատարել իր պարտականությունը Թուրքիո հանդեպ:
Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունն այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, և այս մոռացումը, անշուշտ, մեծ ճակատագրական սխալ էր: Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000 հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին, նաև ռուսական հսկա օժանդակությունները զորքով, սնունդով և ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունն ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվելուց` մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ»:

Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է 1882 թ., Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում: Ծնողների ցանկությամբ շուտով մեկնում է Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան: Սակայն նրա ձգտումը հոգևորական դառնալը չէր. Տակավին պատանի` Ռուբենը զգաց իր հոգու փոթորիկն ու իր կոչումը` ազատամարտ:
Եվ ահա, լքելով ճեմարանը, նա մեկնում է Մոսկվա և ընդունվում Լազարյան ճեմարան: Այստեղ էլ տիրող հեղափոխական մթնոլորտի ազդեցության տակ անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Իր եռանդուն ու փոթորկոտ բնավորությամբ Ռուբենը շատ արագ ներգրավվեց կուսակցական գործունեության մեջ և արագ աչքի ընկավ:
1903 թ. նա Թիֆլիս ժամանեց Արևմտյան Հայաստան մեկնելու հաստատակամությամբ: Սակայն մինչ Երկիր հասնելը նա հաստատվեց Կարսում և ինչպես հետագայում իր հուշերում գրեց, Կարսի հնոցի մեջ ոչ միայն զարգացրեց իր գիտակցությունը, այլև կոփվեց կամքով և գաղափարապես: Ավելորդ չէ նշել, որ այդ օրերին ՀՅԴ Կարսի Կենտրոնական կոմիտեի ղեկավարն էր Արամ Մանուկյանը, որ մեծ դեր ունեցավ Ռուբենի` որպես հեղափոխականի ձևավորման մեջ:

Կարսում շուրջ երկու տարի անցկացնելուց հետո, Ռուբենը 1905 թ. անցնում է Վան` Լեռնապարի կոմիտեություն, ուր Վանա Իշխանի հետ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով: Շուտով Վանում է հաստատվում նաև Արամ Մանուկյանը, իսկ Ռուբենը Սասուն մեկնելու հանձնարարություն է ստանում, ուր Վարդան Շահբազը մարտական պարապմունքներ էր անցկացնում անփորձ դաշնակցականների և նորաթուխ ֆիդայիների համար:

Սասունում Ռուբենը Գևորգ Չաուշի հետ գործի անցավ և ձեռնամուխ եղավ շրջանի ինքնապաշտպանական ուժերի կազմակերպմանն ու ամրապնդմանը: Նա իր առաջ խնդիր դրեց նախ և առաջ կարգ ու կանոն հաստատել ֆիդայիների հարաբերություններում, սրբագրել ներքին չգրված կանոնակարգը: Իր ծրագիրն իրագործելու համար երիտասարդ Ռուբենը կանգ չէր առնում ծայրահեղ միջոցների առաջ. անգամ զինաթափեց մեծ անուն ու համբավ ունեցող տարեց ֆիդայուն` Սպաղանաց Մակարին:
Սասունում եղած ժամանակ Գևորգ Չաուշի ղեկավարությամբ էլ նա մարտական մկրտություն ստացավ, բազում մարտերի մասնակցեց և թրծվեց իբրև քաջ ու անվեհեր մարտիկ:

Ռուբենը մասնակցեց նաև 1907 թ. մայիսի 27-ի Սուլուխի տխրահռչակ կռվին, որտեղ զոհվեց Գևորգ Չաուշը: Ռուբենը մի քանի մարտիկների հետ հազիվ կարողացավ ճեղքել պաշարման շղթան ու բարձրանալ սարերը:

1908 թ. հռչակվեց Օսմանյան սահմանադրությունը: Այս գործի մեջ ուրույն մասնակցություն ուներ նաև ՀՅԴ-ն, որի գործիչներից շատերը, շլացած այս «փառահեղ հաղթանակով», ցրեցին ֆիդայական խմբերը: ՀՅԴ գործիչներն ամենուր «սիրախաղի» մեջ էին երիտթուրքերի հետ: Ռուբեն Տեր-Մինասյանն այն եզակիներից էր, որ կոչ էր անում չհավատալ ու չվստահել երիտթուրքերին, չկորցնել զգոնությունը:
Ավաղ, նրան լսող գրեթե չկար:

Գուցե թե հենց հիասթափությունն էր պատճառը, որ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Ռուբենը որոշ ժամանակ հեռացավ կուսակցական գործունեությունից և ուղևորվեց Եվրոպա, ուր 1913 թ. ավարտեց Ժնևի համալսարանի քիմիական ֆակուլտետը:

Սակայն իրադրությունն աշխարհում լարված էր, արդեն ուրվագծվում էր առաջիկա պատերազմը, և 1913 թ. ՀՅԴ բյուրոյի հրահանգով Ռուբենը դարձյալ հայտնվում է Սասունում և անցնում կազմակերպչական աշխատանքների: Նրան է վստահվում Դուրան-Բարձրավանդակի և Սոլնո ձորի կոմիտեությունների պատասխանատվությունը: Իսկ դա շատ պատասխանատու պաշտոն էր, քանզի այդ կոմիտեությունն ընդգրկում էր ողջ Սասունը և Տարոնը. այդ շրջանը երկար ժամանակ հայ ազատամարտի հնոցն է եղել:
Գևորգ Չաուշի եղերական մահից հետո տարածաշրջանում շատ բան կար անելու: 1915 թ. Ռուբենը գլխավորեց Տարոնի ինքնապաշտպանությունը, որի եղերական տապալումից հետո անցավ Կովկաս:

Այստեղ ևս Ռուբեն Տեր-Մինասյանը ակտիվ հասարակական կյանքով է ապրում: Դառնալով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամ` նա մասնակցեց Անդրկովկասյան սեյմի աշխատանքներին:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Ռուբենն ընտրվում է Հայաստանի խորհրդարանի անդամ, ապա նշանակվում զինվորական նախարար, զորավար Արարատյանի օգնական, ներքին գործերի նախարար, իսկ Խատիսյանի կառավարության օրոք` Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար: Ռուբեն Տեր-Մինասյանը նաև մինչև իր կյանքի վերջը ՀՅԴ Բյուրոյի անդամ էր:
Մեծ է Ռուբենի` որպես զինվորական նախարարի ներդրումը հայկական բանակի կազմավորման գործում: Բանակը, որ կազմավորվեց` հիմք ունենալով նախկին ցարական բանակում ծառայած զինվորականներին և կամավորական խմբերին, ուներ պարենավորման, հանդերձավորման դժվարություններ, ինչն ամբողջությամբ պետական միջոցների հաշվին անելը գրեթե անհնարին էր, քանզի Հայաստանի Հանրապետությունը ծանր դրության մեջ էր: Եվ Ռուբենը, ով անցել էր շարքային հայդուկից մինչև ռազմական նախարարի պաշտոն դժվարին ճանապարհը, պատվով լուծեց այդ խնդիրները: Նա նաև ձեռնամուխ եղավ Հայաստանում ռազմական ուսումնարանի ստեղծմանը, սակայն վերահաս ռուս-թուրքական ներխուժումը վիժեցրեց այդ ծրագիրը:

Դեռ մինչև նախարար դառնալը նա աչքի ընկավ Արարատյան դաշտավայրի թուրքական գյուղերի ապստամբությունները ճնշելով և այդ բնակավայրերը կառավարությանը ենթարկեցնելով:

Նա նաև հիանալի վարչարար էր: Պատերազմի հետևանքով դատարկված շատ բնակավայրեր Ռուբենը բնակեցրեց գաղթական ընտանիքներով:

ՀՀ անկումից հետո Ռուբեն Տեր- Մինասյանն անցավ արտասահման: Նա բնակություն հաստատեց նախ Իրանում, ապա` Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում:

Կյանքի մայրամուտը Ռուբեն Տեր-Մինասյանն անցկացրեց Ֆրանսիայում, որտեղ էլ մահացավ 1951 թ. նոյեմբերի 27-ին:

Սակայն Ռուբեն Տեր-Մինասյանը սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն որպես ազատագրական շարժման կամ ռազմական-վարչական գործիչ: Սփյուռքում ապրած տարիներին նրա զենքը գրիչն էր: Իր երկար թափառումների ու մաքառումների տարեգրությունը Ռուբենը թղթին հանձնեց և լույս ընծայեց «Հայ յեղափոխականի մը հիշողությունները» բազմահատոր աշխատությունը, ինչը մեծ արժեք է ներկայացնում պատմագիտության համար ոչ միայն ՀՅԴ պատմության, այլև առհասարակ. ժամանակաշրջանի հայոց պատմության ուսումնասիրության համար:

 

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը…

1937 թ. սեպտեմբերի 26-ին Գրիգոր Հարությունյանի թիֆլիսյան բնակարանի դուռը թակեցին ՆԳԺԿ-ի աշխատակիցները: Այն թվականներին նման անսպասելի այցն անգամ Թբիլիսիի քաղխորհրդի գործկոմի քարտուղարի համար էր սարսափազդու: ՆԳԺԿ աշխատակիցները հայտնեցին, որ իրենց հրամայված է Հարությունյանին ուղեկցել երկաթուղու կայարան:

Կայարանում` կառավարական վագոնում, նրան էին սպասում Գեորգի Մալենկովն ու Անաստաս Միկոյանը: Վագոնում Անաստաս Միկոյանը հայտնեց Հարությունյանին, որ նշանակվելու է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար:
Մինչ այդ կալանավորվել էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Հայկ Ամատունին, և այդ պաշտոնը թափուր էր: Իսկ Հարությունյանի թեկնածությունն առաջ էր քաշել անձամբ Լավրենտի Բերիան:

Չնայած Հարությունյանը ստալինյան ռեժիմի հլու-հնազանդ ծառան էր, նրա և Բերիայի հարաբերությունները լարված էին: Նույնիսկ երբ Բերիայի ջանքերով գործ հարուցվեց Հարությունյանի մտերիմ ընկերոջ` Գևորգովի նկատմամբ և վերջինս ինքնասպան եղավ, Հարությունյանը չվախեցավ որդեգրել Գևորգովի դստերը: Բերիան էլ գնդակահարության դատապարտեց Գր. Հարությունյանի եղբորը` Սերգոյին…
Ուղարկելով Հարությունյանին Երևան` նա ասել է իր նշանավոր խոսքերը. «Թող գնա Երևան. հայերը նրան ողջ-ողջ կուտեն»: Երևի ուզում էր հող նախապատրաստել Հարությունյանի հետ հաշիվները մաքրելու համար:

Բերիան իրավացի էր: 1920-ից մինչև 1936 թ. Հայաստանում 13 ղեկավար էր փոխվել: Նրանցից վեցը գնդակահարվել են:

Եվ ահա ՀԿԿ Կենտկոմի պլենումը, առանց Գրիգոր Հարությունյանի մասնակցության, նրան «ընտրում» է Կենտկոմի առաջին քարտուղար: Գ. Հարությունյանն այդ մասին իմացավ Միկոյանից և Մալենկովից, որոնք հետդարձի ճանապարհին դարձյալ հանդիպեցին նրան Թիֆլիսում և շտապեցրին` ասելով, որ Երևան մեկնող գնացքը կժամանի կես ժամից…

Հարությունյանների ընտանիքը Թելավ քաղաքից էր: Իսկ այնտեղ նրանց նախնիները հաստատվել էին Պարսկահայքից, Հերակլ Երկրորդի ժամանակ:

Գրիգոր Արտեմի Հարությունյանը ծնվել է 1900 թ. նոյեմբերի 7-ին: Դեռ գիմնազիայում ուսանելու տարիներին Գրիգորը տարվել է հեղափոխական շարժումներով: Նրան ձերբակալել է Վրաստանի կառավարությունը: Հարությունյանը փրկվեց, երբ 1921 թ. փետրվարին Վրաստանում խորհրդային իշխանություն հաստատվեց: Ազատվելով բանտից` նա անմիջապես գործի է անցնում և նշանակվում Թելավի շրջկոմի քարտուղար: Աշխատելուն զուգահեռ Հարությունյանը սովորում էր: Նա ավարտեց Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտը: Մի քանի պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, 1934 թ. ընտրվեց Թիֆլիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
Կարճ ժամանակում նա իր աշխատասիրությամբ աչքի ընկավ, անգամ Ստալինի կողմից պարգևատրվեց Լենինի մեդալով: Գրիգոր Հարությունյանը Թիֆլիսի վերջին հայ քաղաքապետն էր:

Երևանում այդ տարիներին հակակրեմլյան տրամադրություններ էին: Եվ Գրիգոր Հարությունյանին էլ բոլորը որպես Կրեմլի դրածո ընկալեցին ու սվիններով ընդունեցին: Հարությունյանի գործը բարդացնում էր նաև նրա ռուսախոս լինելը, ինչը նույնպես նրա դեմ շատերին տրամադրեց:
Սակայն, զբաղեցնելով առաջին քարտուղարի պաշտոնը` Հարությունյանի առաջին գործը եղավ դիմել լեզվաբանների` հայերենը յուրացնելու նպատակով: Հայտնի լեզվաբան Սիմակը սիրով հանձն առավ դասավանդումը և օրական երեք ժամ պարապում էր երկրի ղեկավարի հետ: Շատ չանցած` Գրիգոր Հարությունյանը բոլորի հետ շփվում էր մաքրամաքուր մայրենիով:

Նրա հաջորդ խնդիրը կադրային քաղաքականությունն էր: Բոլոր հին, փորձառու կադրերը բանտում էին և մեկուսացած: Ստալինյան ռեժիմն իր սև գործն արել էր: Եվ Հարությունյանն իր կադրերն ընտրեց գյուղական երիտասարդության շրջանում` հնարավորություն տալով երիտասարդներին աչքի ընկնելու նոր ասպարեզներում:
Հարությունյանը պաշտոնավարեց երկրի համար ամենածանր շրջանում: Երկրում եռում էր տեռորը: Նա, բնականաբար, չէր կարող Հայաստանում խոչընդոտել ստալինյան ռեպրեսիաները, սակայն փորձեց գոնե մեղմացնել դրանք և փոքր-ինչ կարգ ու կանոն հաստատել: Բանն այն է, որ ԽՍՀՄ ՆԳԺԿ Եժովի կադրերից Հայաստան էր գործուղվել ոմն Խվորոստյան, որ առանց դատ-դատաստանի գնդակահարության էր ուղարկում մարդկանց:
Հարությունյանի և Խվորոստյանի հարաբերություններն ի սկզբանե վատ էին: Եվ Գրիգոր Հարությունյանը կարողացավ ի վերջո այդ ճակատամարտը շահել, Խվորոստյանը հայտնվեց կառափնարանում:
Ամեն դեպքում, այդ ծանր տարիներին Հարությունյանը կարողացավ դատաստանից փրկել Վարդան Աճեմյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին… Շատ ու շատ այլ մտավորականների: Հարությունյանն արվեստի սիրահար էր և ինքն էլ ստեղծագործում էր. հաճույքով ազատ ժամանակը տրամադրում էր գեղանկարչությանը:

Չնայած այս ամենին` Գրիգոր Հարությունյանը Կրեմլի կամակատարն էր և նրա հրահանգով հազարավոր անմեղներ ձերբակալվեցին ու գնդակահարվեցին: Հատկանշական է Էջմիածնի կաթողիկոսության գործը. Հարությունյանի ձեռքի թեթև շարժումով տասնյակ հոգևորականներ ձերբակալվեցին 1938 թ. գանձերը թաքցնելու մեղադրանքով և շատերը գնդակահարվեցին:

Մեծ էր Հարությունյանի ավանդը Մեծ հայրենականի տարիներին: Անձամբ նրա ղեկավարությամբ սկսվեց սփյուռքահայերի հանգանակությունը «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար, նրա ղեկավարությամբ Հայաստանում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին հայկական ազգային դիվիզիաները:

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը Ստալինին առաջարկեց խորհրդա-թուրքական պատերազմ սկսել և առիթից օգտվելով` Խորհրդային Միությանը կցել Արևմտյան Հայաստանը: Ավաղ, Կրեմլի ծրագրերի մեջ դա չէր մտնում:
Մեծ էր Հարությունյանի ավանդը նաև սփյուռքահայերի հայրենադարձման գործում:
Նա անգամ համարձակվեց Ստալինի առջև բարձրացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը: Սակայն խնդիրը լուծում չստացավ Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովի միջամտության հետևանքով:

Շուտով սև ամպեր կուտակվեցին Հարությունյանի գլխին: Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները Կրեմլի առաջնորդին կարողացան համոզել, որ Հայաստանում ազգայնականության մեծ ալիք է բարձրացել: Հայաստան ժամանեց անձամբ ԽՍՀՄ ՆԳԺԿ Սերգեյ Կրուգլյովը, որ Հարությունյանի հետ համատեղ կազմեց շուրջ 14000 հոգուց բաղկացած հայ «ազգայնականների» ցուցակ` Ալթայի երկրամաս աքսորելու համար: Նրանցից շատերը այլևս չվերադարձան…

Հետպատերազմյան շրջանում բացահայտվեցին Գրիգոր Հարությունյանի իսկական տաղանդները: Նա լավ կազմակերպիչ էր. լավ նախաձեռնող ու ղեկավար: Երկիրը ծաղկում էր, երկրի տնտեսությունը դեպի ինդուստրացում էր գնում, և մեծ ջանքեր էին անհրաժեշտ ամեն ինչ պատշաճ կազմակերպելու համար: Հայաստանի արդյունաբերական շատ հսկաներ կառուցվեցին կամ նախագծվեցին հենց Գրիգոր Հարությունյանի իշխանության տարիներին:

Երևանում մեծ թափ առավ շինարարությունը, որի ջատագովը հենց Հարությունյանն էր: Ավ. Իսահակյանը նրան կնքեց Գրիգոր Շինարար մականվամբ:
Նրա իշխանության տարիներին են նախագծվել և կառուցվել «Սասունցի Դավիթ» կայարանը, կառավարության այսօրվա շենքերից արտգործնախարարության և էներգետիկայի նախարարության մասնաշենքերը, Մատենադարանը, խորհրդարանի շենքը, կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը:
Երևանում մեծածավալ շինարարությանն օգնում էր այն, որ Հարությունյանը վայելում էր անձամբ Ստալինի մտերմությունն ու վստահությունը: Հարությունյանին աջակցում էր նաև Անաստաս Միկոյանը, որ, ի դեպ, նրա խնամին էր, քանզի Հարությունյանի որդեգրած դուստրը` Նամին, ամուսնացել էր Միկոյանի որդու` Ալեքսեյի հետ:
Ստալինի մահից հետո Ն. Խրուշչովը, որ անձնական հաշիվներ ուներ Հարությունյանի հետ, հաշվեհարդար տեսավ: 1953 թ. նոյեմբերյան պլենումում ՀԽՍՀ կոմկուսի Կենտկոմի պլենումը ազատեց Գ. Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից: Զավեշտ էր. Հարությունյանը մեղադրվում էր Ղարաբաղի հարցն առանց ՀԿԿ համաձայնության Կրեմլում բարձրացնելու մեջ:

Ամեն դեպքում, Հարությունյանին չձերբակալեցին: Նրան ուղարկեցին նոր աշխատանքի` որպես Էջմիածնի շրջանի Կալինինի անվան խորհտնտեսության տնօրեն: Շուտով, սակայն, Գ.Հարությունյանը տեղափոխվեց Թիֆլիս և հաստատվեց Սոլոլակում: Նրա առողջությունը քայքայված էր: Երկու տարվա մեջ նա չորս անգամ ինֆարկտ տարավ:

1957 թ. նոյեմբերի 9-ին, 57 տարեկան հասակում Գ. Հարությունյանը կնքեց մահկանացուն: Նրա թաղմանն անգամ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն չմասնակցեց: Նա մնաց պատմության մեջ որպես ամենահակասական կերպարներից մեկը: Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը: Կարծիքներն առայսօր իրարամերժ են:

Անկախ 

 

Նապոլեոն Բոնապարտ

PORTRAIT OF THE EMPEROR NAPOLEONԿարծիք կա, որ անհատները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Սակայն համաշխարհային պատմության մեջ եղել են անհատներ, որոնք դարակազմիկ գործեր են արել: Նրանցից է զորահրամանատար, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Ընդամենը 157 սմ հասակ. կանացիակերպ կազմվածք, թույլ մարմին, բայց ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն…

Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թ. օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո փոքրիկ քաղաքում: Նա աղքատ ազնվական Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի բազմանդամ ընտանիքում (13 երեխա են ունեցել) երկրորդ երեխան էր: Նապոլեոնի հայրը իրավաբան էր, Կորսիկայի պառլամենտի անդամ և Կորսիկայի պառլամենտի կողմից դեսպանորդ է նշանակվել Ֆրանսիայում: Նա իր հետ տարավ նաև ավագ որդիներին, որոնք Ֆրանսիա մեկնեցին ուսում ստանալու բաղձանքով:

1779 թ. Նապոլեոնն ընդունվում է Բրիենի կադետական դպրոցը: Նրա առաջադիմությունը դպրոցում ակնառու էր հատկապես մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Սակայն դպրոցում երիտասարդ կադետը մեկուսի կյանք էր վարում, քանզի սովորող ազնվազարմ ֆրանսիացիներն այնքան էլ բարեհաճ չէին հայրենասեր կորսիկացու նկատմամբ:

Շուտով աչքի ընկած առաջադիմության համար Նապոլեոն Բոնապարտին տեղափոխում են Փարիզի կադետական թագավորական դպրոց: Այստեղ երիտասարդ կորսիկացին նոր ոգևորությամբ է շարունակում ուսումն ու հարստացնում իր գիտելիքները: Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները, 1785 թ. նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ:

Բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը, սակայն, ընկնում է Նապոլեոնի ուսերին, և երիտասարդ զինվորականը լավ վարձատրվող աշխատանք որոնելով` իր ծառայություններն է առաջարկում ռուսական բանակին:
Ռուսական բանակի շտաբում Նապոլեոնին ասում են, որ կարող է ծառայության անցնել իրենց մոտ պայմանով, որ պետք է մեկ աստիճանով կոչումազրկվի. այդպիսին էին ռուսական օրենքները: Եվ զայրացած Նապոլեոնը, դուրս գալով գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի մոտից, ասում է. «Ես իմ սուրը կվաճառեմ պրուսական թագավորին»:
Սակայն օտար երկրում ծառայություն անցնելու հարկը չեղավ:

1789 թ.` Ֆրանսիական հեղափոխության եռուն շրջանում, նա մեկնեց հայրենի Կորսիկա: Այստեղ շարժում էր սկսվել կղզին Ֆրանսիայից անկախ հռչակելու համար: Նապոլեոնը գրավիչ առաջարկ է ստանում` միանալ ազատագրական պայքարին: Սակայն ֆրանսիական հեղափոխությամբ խանդավառված երիտասարդ զինվորականը մերժում է և անմիջապես վերադառնում Ֆրանսիա` հեղափոխության բոցերի մեջ գտնելու իր բախտը:

Եվ բախտը նրան ժպտաց: Ֆրանսիան հեղափոխության բոցերի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ էր: 24-ամյա Նապոլեոնը Տուլոն քաղաքի պաշտպանության համար ստանում է բրիգադի գեներալի զինվորական կոչում:
Սակայն սև ամպեր են կուտակվում Նապոլեոնի գլխին: 1794 թ. հուլիսի 23-ի Տերմիդորի հեղաշրջումից հետո նրան պաշտոնաթող են անում: Մահապատժի է ենթարկվում Նապոլեոնի հովանավորը` Մաքսիմիլիան Ռոբեսպիերը: Դատ է բացվում նաև երիտասարդ գեներալի նկատմամբ: Բայց Նապոլեոնը կարողանում է պաշտպանվել և խույս տալ գիլյոտինից: Շատ չանցած` նրան վերականգնում են բանակում, որից հետո նա ճնշում է միապետականների խռովությունը:

1796 թ. գարնանը Նապոլեոնը մեկնում է Իտալիա որպես ֆրանսիական բանակի հրամանատար: Սա թերևս փրկություն էր երիտասարդ հրամանատարի համար, քանզի անընդհատ ներքաշվում էր ներքին դավադրությունների մեջ: Իտալիայում Նապոլեոնը փառքի է արժանանում: Մի քանի փայլուն ճակատամարտերում նա ջախջախում է ավստրիական ու սարդինական թագավորության բանակները և Իտալիայում հաստատում Ֆրանսիայի գերիշխանությունը:

Իտալական արշավանքի արդյունքում Նապոլեոնի հեղինակությունը կտրուկ աճեց, նա դարձավ Ֆրանսիայի քաղաքական առանցքային դերակատարներից մեկը: Սակայն նրան ծանր փորձություն էր սպասում: Չկարողանալով Եվրոպայում հարված հասցնել Անգլիայի տիրապետությանը` Փարիզը որոշեց դա անել գաղութներում: Եվ Նապոլեոն Բոնապարտին հանձնարարվում է ձեռնարկել եգիպտական արշավանքը:
Սկսվում է ծանր ու հոգնատանջ արշավանքը: Արդեն Եգիպտոսում ափհանման պահին ֆրանսիական բանակը քայքայվել էր ժանտախտի և մալարիայի պատճառով: Այսուհանդերձ, Նապոլեոնը տպավորիչ հաղթանակ տարավ Բուրգերի ճակատամարտում` ջախջախելով մամլուքների զորաբանակը: Բայցևայնպես, եգիպտական արշավանքը կատարյալ ձախողում էր Նապոլեոնի համար և օգտվելով առիթից, որ Ֆրանսիայում դարձյալ իշխանափոխություն է եղել, նա լքեց բանակն ու 1799 թ. հոկտեմբերին վերադարձավ Փարիզ:

Փարիզում նա ձեռնամուխ եղավ պետական հեղաշրջման և նոյեմբերի 10-ին տապալելով Դիրեկտորիայի իշխանությունը` դարձավ Ֆրանսիայի կոնսուլ և իր ձեռքում կենտրոնացրեց երկրի իշխանությունը: Եվրոպայում սկսվեց Նապոլեոնի դարաշրջանը:
Նա շարունակ պատերազմներ էր վարում Եվրոպայում և մեկը մյուսի հետևից ծնկի բերում Ֆրանսիայի թշնամիներին: Հատկապես տպավորչ հաղթանակ տարավ Մարենգոյի (1800 թ.) ճակատամարտում: Կարճ ժամանակում նա ամրապնդեց իր իշխանությունը` 1802 թ. դառնալով ցմահ կոնսուլ, իսկ 1804 թ. հռչակվեց Ֆրանսիայի կայսր:
Շարունակելով հաղթական ճակատամարտերը Եվրոպայում, 1805 թ. Աուստերլիցի, 1806 թ. Էնայի և 1809 թ. Վագրամի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ տանելով` Նապոլեոնը նվաճեց ողջ կենտրոնական Եվրոպան: Սա Նապոլեոնի և Ֆրանսիայի փառքի գագաթնակետն էր:
Նապոլեոնին մնում էր ծնկի բերել իր գլխավոր ախոյանին` Անգլիային, որի տիրապետությունը ծովում անհաղթահարելի էր թվում: Այդ նպատակին հասնելու համար Նապոլեոնը ձգտում էր դաշինք կնքել Ռուսաստանի հետ: Դաշինքը կայացավ, սակայն Նապոլեոնի ծրագրերը Անգլիայի հարցում հօդս ցնդեցին: Դեռևս 1805 թ. Տրաֆալգարի ծովամարտում անգլիական ծովակալ Հորացիո Նելսոնն ուղղակի ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը, ինչը ստիպեց Նապոլեոնին փոխել մարտավարությունն Անգլիայի դեմ:

Եվ ահա 1807 թ. հուլիսի 7-ին Տիլզիտի պայմանագրով Նապոլեոնը կարողացավ Ռուսաստանի հետ հակաանգլիական ռազմական դաշինք կնքել: Ռուսաստանը միացավ ցամաքային բլոկադային, որ նախաձեռնել էր Նապոլեոնն Անգլիայի դեմ, և խզեց հարաբերությունները Ֆրանսիայի թշնամու հետ:

Տիլզիտը նապոլեոնյան փառքի գագաթնակետը եղավ: Նա տիրապետում էր գրեթե ողջ Եվրոպայում: Իր ընկերներին և հարազատներին բազմեցրել էր եվրոպական գահերին, այդ թվում և իր փեսային` հայազգի Յոհակիմ Մյուրատին, որին բաժին էր հասել Նեապոլիտանիայի թագը: Բացառությամբ Անգլիայի` նրա հետ հաշվի էր նստում ողջ աշխարհը: Անգլիան մնաց այն ոսկորը, որն այդպես էլ խրվեց Նապոլեոնի կոկորդում:

Ռուս-ֆրանսիական հարաբերությունները հետզհետե սրվում են, և Նապոլեոնը որոշում է կատարյալ դարձնել իր տիրապետությունը եվրոպական մայրցամաքում, նվաճել նաև Ռուսաստանը:

1812 թ. ֆրանսիական 650 -հազարանոց մեծ բանակը` Նապոլեոնի հրամանատարությամբ, մտավ Ռուսաստան: Չնայած նախնական հաջողություններին և Մոսկվայի գրավմանը` Նապոլեոնի ռուսական արշավանքը տապալվեց: Մեկ տարի անց նրա բանակի մնացորդները` 30 հազար հոգի, խելակորույս փախան Ռուսաստանից:

Կայսրն արագ նոր բանակ հավաքագրեց և մի քանի տպավորիչ հաղթանակներ տոնեց ռուս-գերմանական միացյալ զորքերի դեմ: Սակայն պատմության անիվն այլևս անշրջելի էր: Ալեքսանդր Առաջին կայսեր գլխավորությամբ դաշնակից բանակները մտան Փարիզ:

Ստորագրելով գահից հրաժարվելու մանիֆեստը` Նապոլեոնը թույն ընդունեց: Բայց տարիների ընթացքում պահված թույնը կորցրել էր իր ազդեցությունը: Գալարվելով ողջ գիշեր` նա ողջ մնաց:
Դաշնակիցները, պահպանելով Նապոլեոնի կայսերական տիտղոսը, նրան որպես տիրույթ տվեցին Էլբա կղզին, իսկ Ֆրանսիայում վերահաստատվեց Բուրբոնների հարստությունը:

Սրանով Ֆրանսիայում հակասությունները չավարտվեցին: Հեղափոխական Ֆրանսիան չէր հանդուրժում Բուրբոնների վերադարձը, և հանձին Նապոլեոնի` շատերը տեսնում էին Ֆրանսիայի փառքը: Ահա 1815 թ. մարտի 1-ին Նապոլեոնը կրկին ափ դուրս եկավ Ֆրանսիայում և իր կողմը գրավելով ֆրանսիական բանակը` արագ երթով շարժվեց Փարիզ ու վերահաստատվեց գահին: Գրավելով կայսերական գահը` նա սուրհանդակներ ուղարկեց եվրոպական արքունիքներ` առաջարկելով խաղաղություն և դաշնակցություն: Սակայն եվրոպական գահակալները վախենում էին Նապոլեոնից ինչպես ժանտախտից: Նրանք միավորվելով` արշավեցին կայսեր վրա: Մի քանի հաղթանակներից հետո Նապոլեոնը 1815 թ. հունիսի 10-ին Վաթեռլոյի ճակատամարտում պարտվեց և գերեվարվեց անգլիացիների կողմից: Գահը գրավելուց 100 օր անց` 1815 թ. հունիսի 22-ին, նա կրկին հրաժարական տվեց և աքսորվեց Սուրբ Հեղինե կղզի:

Նապոլեոնը մահացավ 1821 թ. մայիսի 5-ին (շատ ուսումնասիրողների կարծիքով` թունավորումից)` իր հետ տանելով նաև Ֆրանսիայի փառքը: Նապոլեոնի աճյունն ամփոփված է Փարիզի Հաշմանդամների տանը:

Lինելով փառավոր զորահրամանատար` Նապոլեոն Բոնապարտը աշխարհին հայտնի է նաև իր տարօրինակություններով: Նա օպերային արվեստի մեծ սիրահար էր, բայց երբեք չէր ծափահարում օպերայում և ուրիշներին էլ արգելում էր: Նա գերտոկուն անձնավորություն էր. օրական քնում էր երկու-երեք ժամ: Սակայն կյանքի մայրամուտին արդեն հոգնում էր հաճախ և քնկոտության պահեր էր ունենում:

Մեր օրերում Նապոլեոնի կյանքն ուսումնասիրողներն այն համեմատեցին մեկ այլ պատմական դեմքի` Ադոլֆ Հիտլերի հետ և գտան ուշագրավ զուգադիպություններ. այսպես, Նապոլեոնը ծնվել է 1760 թվականին, Հիտլերը՝ 1889-ին: Տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնի կառավարման տարիները սկսվեցին 1804-ին, Հիտլերինը` 1933-ին, տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնը մտավ Վիեննա 1812-ին, Հիտլերը՝ 1941-ին: Տարբերությունը ՝ 129 տարի: Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա, երբ 52 տարեկան էին: Երկուսն էլ պատերազմում պարտություն կրեցին, երբ 56 տարեկան էին:
Շատ է խոսվել նաև Նապոլեոնի կանանց մասին: Այդ վտիտ, փոքրամարմին միապետը նախանձելի հաջողություն ուներ կանանց շրջանում: Բայց Նապոլեոնի մեծ սերը Ժոզեֆինան էր, որի հետ ամուսնացավ և նրան կայսրուհու տիտղոս շնորհեց: Ժոզեֆինան չկարողացավ զավակ և գահաժառանգ պարգևել Նապոլեոնին, և նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիական արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որը գահաժառանգ պարգևեց Ֆրանսիային: Բայց դա ընդամենը դիվանագիտական ամուսնություն էր` առանց սիրո և կրքի:
Նապոլեոնի մյուս մեծ սերը լեհուհի Մարիա Վալևսկայան էր, որ 1810 թ. որդի պարգևեց կայսրին:

Ֆրիտյոֆ Նանսեն

նանսեն«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են»

Ֆրիտյոֆ Նանսեն

Հայ ժողովուրդն իր ցավի, տառապանքի ճանապարհին շատ սրտակից բարեկամներ է ձեռք բերել: Նրանցից է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, ճանապարհորդ և հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը:

Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է 1861 թ. հոկտեմբերի 10-ին, Օսլոյի մոտ գտնվող Ստորֆռոն փոքրիկ քաղաքում` փաստաբանի ընտանիքում:

Մանկության և պատանեկության տարիներին հրապուրվել է սպորտով` լող, չմշկավազք, դահուկային սպորտ: Ապա իր հնարավորությունները փորձել է նկարչության ասպարեզում: Սակայն Նանսենի իրական ձգտումը ճամփորդությունն էր:

Միանգամայն պատահաբար 19-ամյա Նանսենը մասնակցում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հինգ ամիս տևած դժվարին ճանապարհորդությանը: Սա թերևս վճռեց նրա ճակատագիրը, և ծնվեց ապագա բևեռախույզը: Նանսենը ճամփորդության ավարտից հետո ընդունվում է Քրիստիանա համալսարանն ու տրվում գիտական հետազոտություններին, որտեղ էլ 1897 թ. ստանում է կենդանաբանության պրոֆեսորի կոչում: Ուսումնառությունից հետո նա որպես կենդանաբան աշխատանքի է անցնում Բերգենի կենդանաբանական այգում:

Սակայն շատ չանցած` թողնում է պաշտոնն ու դարձյալ տրվում գիտական հետազոտությունների Պարմայի համալսարանում, որտեղ աշխատել է անվանի պրոֆեսոր Գոլջիի մոտ, Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական այգում: Այդտեղ աշխատելու տարիներին էլ` 1886 թ., Նորվեգիայի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվում է ոսկե մեդալով:

Նանսենի երազանքն էր Գրենլանդիա կղզու մանրամասն ուսումնասիրումը: Նա կազմակերպում է փոքրիկ` հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր` արևելքից արևմուտք:

Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին: Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ`  դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ:

Ավարտելով նախադեպը չունեցող արշավանքը` Նանսենը դրա արդյունքները ամփոփեց մի քանի գրքում:

Շատ չանցած` 1890 թ. նա իր իսկ կառուցած «Ֆրամ» նավով հասավ Հյուսիսային բևեռ, որի համար դարձավ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ:

Արշավանքից անմիջապես հետո նա գտավ իր մեծ սիրուն` Եվա Սարսին` անվանի գիտնական Միքայել Սարսի դստերը և ամուսնացավ: Եվան մասնագիտությամբ երաժշտագետ էր և դաշնամուրի մասնավոր դասեր էր տալիս: 1893 թ. ծնվում է նրանց առաջնեկը` դուստրը, որին Լիվ անունն են տալիս: Հետագայում Նանսենը Եվայի և Լիվի պատվին Ֆրանս Իոսիֆի արշիպելագում կղզի անվանակոչեց:

Նանսենը և Եվան հինգ երեխա ունեցան: Բայց նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց: 1907 թ., երբ Նանսենը Լոնդոնում Նորվեգիայի թագավորության դեսպանի պաշտոնն էր վարում, Եվա Նանսենը մահացավ հիվանդությունից:

Սակայն գիտությունը չէր Նանսենի մղումը: Չթողնելով գիտական ուսումնասիրությունները` նա անցավ դիվանագիտական ծառայության:

1905 թ. Նորվեգիան անկախացավ Շվեդիայի թագավորությունից: Նանսենը Նորվեգիայի անկախության համար պայքարի առաջամարտիկներից էր, և մի քանի հանձնարարականներ կատարելուց հետո, Նորվեգիայի կառավարությունը նրան վստահեց Մեծ Բրիտանիայում Նորվեգիայի դեսպանի պաշտոնը, որը նա զբաղեցրեց 1906-1908 թթ.:

Անգլիայից Նանսենը վերադառնում է հայրենիք և դարձյալ զբաղվում գիտությամբ` մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Աշխարհավեր այս պատերազմում մեծ հումանիստը կեղեքվող ժողովուրդների կողքին էր: 1918 թ. նա ստանձնեց ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպանի պարտականությունները:

Ապագա մեծ հումանիստը, որպես դիվանագետ, Նորվեգիայի կառավարության կողմից նշանակվում է Ազգերի լիգայի ներկայացուցիչ: Սկզբնական շրջանում` 1920-1922 թթ. նա աշխատում էր Ռուսաստանում, որտեղ էլ հղացավ Նանսենյան էմիգրանտների անձնագրի գաղափարը: Նա Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատարն էր: Ռուսաստանում աշխատելու տարիներին էլ` 1921 թ., նա Միջազգային Կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության հանձնաժողովը»:

1922 թ. Ֆրիտյոֆ Նանսենը Ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: Հենց այս պաշտոնում էլ նա իրականացնում է իր առաքելությունը Հայաստան և անգնահատելի նպաստ բերում ցեղասպանությունից մազապուրծ հայ բնակչության գոյատևման գործին:

Նանսենի խաղաղասիրական, մարդասիրական առաքելությունը աննկատ չի մնում և նույն 1922 թ. նա արժանանում է Նոբելյան մրցանակի` անօգնական մարդկանց օժանդակելու ջանքերի համար: 1938 թ. նրա՝ Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի, «Նանսենյան անձնագրերի» ստեղծման համար:

1925 թ. Նանսենը Ազգերի լիգայի հանձնարարությամբ ուսումնասիրում է հայ փախստականների իրավիճակն ու կազմում հանձնաժողով` նրանց կարիքները հոգալու համար: Այցելելով Հայաստան` նա ոչ միայն զբաղվում է փախստականների խնդիրներով, այլև փորձում է որոշ սոցիալական խնդիրներ լուծել երկրում, մասնավորապես ուսումնասիրում է Հայաստանի շրջաններում արհեստական ոռոգման ցանցի ստեղծման հնարավորությունները: Նա մասնակցել է Շիրակի ջրանցքի բացման արարողությանը:

Նանսենին փառավոր ընդունելություն ցույց տվեցին Հայաստանում: Նրան Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհեցին: Եղավ Հայաստանի տեսարժան վայրերում, այցելեց Մարտիրոս Սարյանին, որը նկարեց մեծ մարդասերի դիմանկարը:

Նանսենը շատ է ջանք թափում, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայ փախստականները հավաքվեն Խորհրդային Հայաստանում: Նրա ջանքերը մասամբ են հաջողություն ունենում  խորհրդային վարչակարգի պայմաններում և Ազգերի լիգայի անգործության հետևանքով:

Հայ ժողովրդի ցավին ծանոթանալով որպես Ազգերի լիգայի հանձնակատար` նա ընդմիշտ մնաց հայերի բարեկամը: «Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը` առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը, հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան, հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ»։ «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»։

1928 թ. նա մասնավոր այցով մեկնում է ԱՄՆ, ուր վճարովի դասախոսություններ  կարդում և ողջ հասույթը տրամադրում հայ ժողովրդի խնդիրների լուծմանը, որի արդյունքում շուրջ 7000 գաղթական հայրենադարձվեց Հայաստան:

Նա հրատարակեց  բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ` նվիրված Հայաստանին: 1927 թ. նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդը»:

Կյանքի մայրամուտին Ֆրիտյոֆ Նանսենը նորից գիտությամբ է զբաղվում: Նա նախապատրաստեց երկրորդ` համեմատաբար ավելի մեծ արշավախմբի այցելությունը Արկտիկա, սակայն այդ իղձը իրականություն դարձավ միայն բևեռախույզի մահից հետո:

Մեծ հումանիստը մահացավ 1930 թ. մայիսի 13-ին, Լյուսակերում` իր տան պատշգամբում, թոռնուհու հետ խաղալիս:

Նրա մահից 8 տարի անց Նորվեգիայի Լիլիհամեր քաղաքում բացվեց Նանսենյան ակադեմիան:

«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են», – ահա մեծ մարդասերի կյանքի հավատամքը:

 

 

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին

Արամ-մանուկյան-21«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսե՛ք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:

Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:

Աղբալյանի խոսքերն ուղղված են նրանց, որոնց ձեռքերում է երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Ցավոք, մերօրյա գործիչներից շատերն անգամ չեն էլ գիտակցում այդ խոսքերի իմաստը, որովհետև դա գիտակցելու համար նախ և առաջ պետք է բացահայտեն ու արժևորեն Արամին: Իսկ դրա համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պահանջարկ: Մերօրյա գործիչներին Արամներ պետք չեն, որովհետև նրանք անհամատեղելի են այսօրվա արժեհամակարգի հետ:

Ո՞վ է Արամը

1879 թ. Սյունյաց լեռներում ծնված Սարգիս Հովհաննիսյանն ապրեց ընդամենը 40 տարի և դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության և հայոց անկախության կերտման դարբինը: 1904-ին նա կնքեց իր հեղափոխական անունը` Արամ Մանուկյան և այդպես էլ մնաց պատմության մեջ:

Մի մարդ, որի համար «ես» գոյություն չուներ, կար միայն «մենք»: Մի գործիչ, որն իր երկիրն ու ժողովրդին դիտում էր  իբրև բարձրագույն արժեք և նրանց անվտանգությունն ու ապահովությունը դարձնում ամենագլխավոր խնդիրը:

Արամ

Ձախից աջ` Հարությունյան, Արամ Մանուկյան, Իշխան, Սողո

Այդ նվիրումուվ էր, որ նվաճեց Վասպուրականը: 1915-ին, կազմակերպելով  և ղեկավարելով Վանի ինքնապաշտպանությունը, մեծ հաղթանակ տարավ` նշանակվելով Վասպուրականի նահանգապետ: Ցավոք, նահանգապետությունը գոյատևեց ընդամենը 70 օր, քանի որ ռուսական զորքերն անակնկալ հեռացան:

1916-17 թթ. Մանուկյանը Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ էր և զբաղվում էր արևմտահայ գաղթականության հարցերով: 1917-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանում է Երևան, գլխավորում նորաստեղծ Հատուկ կոմիտեն, իսկ 1918-ին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվում դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ):

Դիկտատոր, սակայն ոչ ընդունված կարծրատիպերով, դիկտատոր, որն ամեն օր ժողովրդի հետ էր, ժողովրդի կողքին, կարիքավորներին ու հիվանդներին նեցուկ:

Նրա կոչերը՝ կազմակերպված պայքար մղել, սեփական ուժերին ապավինել, օտարի օգնության վրա հույս չդնել, տալիս էին դրական արդյունք երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար: Առջևում  1918 թ. Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերն էին, որոնց ժամանակ Արամն ապահովում էր թիկունքի անվտանգությունը:

800px-Armenian_army_1918թ

Վեհափառ կաթողիկոսը օրհնում է կամավորներին։ 1918 թվական

1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Մինչ Թիֆլիսում ստեղծված կառավարության ժամանումը` հուլիսի 23-ը, նա Երևանում էր և ղեկավարում էր երկիրը: Նոր կառավարության մեջ Արամը ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը:

Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվում է հայոց պետականությանը վտանգ սպառնացող մահմեդականներից: Նրա ջանքերով մեղմվում է հանրապետությունում պարենային ճգնաժամը, գրագրությունը հայացվում է, հնարավորինս բարելավվում հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը:

Պատահական չէր, որ 1919 թ. հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացավ բծավոր տիֆից. նա անձամբ էր հոգ տանում գաղթական հիվանդների մասին, շփվում նրանց հետ՝ վտանգելով իր կյանքը…

«Նա այն կերպարն է, որը մեզ համար օրինակ է»

IMG_2931ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը, երբ տարիներ առաջ անցել է երիտասարդ դաշնակցականների շարքերը, ոգեշնչվել է Արամ Մանուկյանից՝ կարդալով դաշնակցական մեկ այլ գործչի` Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերն իր մտերիմ ընկերոջ՝ Արամի մասին:

«Ռուբենի հուշերում մի հատված կա իր և Արամի զրույցից: Արամը Սյունիքի ծնունդ էր, սակայն դպրոցական տարիներն անց էր կացրել Շուշիում, իսկ Ռուբենը կենտրոնական շրջաններից էր` Կարս, Գյումրի: Այդ զրույցի ժամանակ Ռուբենն Արամին ասում է, թե նա ավելի երջանիկ է, քանի որ երկրի հեռավոր լեռնային շրջաններից է, որտեղից ծնունդ առած հայորդիներն ավելի ուժեղ են, պայքարող, քան դաշտավայրերում ապրողները: Ռուբենը բերում է ընկույզի օրինակը` լեռնցիներին համեմատելով ընկույզի կեղևի հետ, որն իր ամրությամբ պաշտպանում է միջուկը: Սակայն Արամը նկատում է, որ երբեմն ամուր կեղևով ընկույզի միջուկն էլ է փչացած լինում»:

Անիի համար անձնազոհության վառ օրինակ է Արամ Մանուկյանի մահը. «Երբ նրան առաջարկում են հիվանդության դեմ պատվաստանյութ, նա հրաժարվում է` ասելով, որ քանի դեռ Հայաստանում կա մի երեխա, որը դրա կարիքն ունի, ինքը չի կարող այն ընդունել: Նա անձամբ էր գնում հիվանդանոց և սանիտարի դեր կատարում: Ես այսօր չեմ պատկերացնում, որ մեր որևէ պետական-քաղաքական գործիչ պատրաստ լինի նման անձնազոհության: Արամն ինձ  համար իդեալ է, նման կերպարների մասին մենք միշտ կարդացել ենք արտասահմանյան գրականության մեջ, այնինչ մենք ունենք Արամ` չարժևորված Արամ…»:

ՀՅԴ երիտասարդական կառույցը տարիներ առաջ բողոքի ակցիա է իրականացրել` պահանջելով Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Հանրապետության հրապարակում` որպես Հայաստանի Առաջին  Հանրապետության հիմնադրի: Պահանջը չի ընդունվել, փոխարենը 2009 թ. Արամ Մանուկյանի կիսանդրին տեղադրվել է ՀՀ ոստիկանության շենքի դիմաց: Նույն տարում Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում նույնպես տեղադրվել է Մանուկյանի կիսանդրին: Երիտասարդ դաշնակցականը, սակայն, դա բավարար չի համարում` նշելով, որ  դա արժևորման մի ձև է, բայց ոչ լիարժեք:

tun-1 Արամ Մանուկյանի կիսավեր, աղբանոցի վերածված տունը

Արամի 9 հասցեում գտնվող հանրապետական նշանակության շենքում Արամ Մանուկյանն ապրել է  1917-1919 թթ., և այդ կիսաքանդ կառույցն այսօր նրանից մնացած միակ ամենաառարկայական հիշողությունն է:

tun-2Շենքը կառուցվել է 1910 թ.  ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն պատկանել է Ֆադեյ Քալանթարյանին:

Ի դեպ, 1837-ից Արամի փողոցը կոչվել է Ցարական՝  ի պատիվ Երևան ժամանած Նիկոլայ Առաջինի: Առաջին Հանրապետության ժամանակ այն վերանվանվել է Ազատության, սակայն Արամ Մանուկյանի մահից հետո՝  Արամ Մանուկյանի փողոց: Բոլշևիկները 1922 թ. փոխել են փողոցի անունը՝ դարձնելով Սպանդարյան: Խորհրդային իշխանության փլուզումից հետո փողոցը կրկին վերանվանվել է Արամի:

Ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է, որ դեռևս 1990-ականների կեսերին այն արդեն համարվում էր վթարային, և այդ ժամանակ ինքը շենքի վերակառուցման նախագիծ է ներկայացրել իշխանություններին, որն այդպես էլ չի իրականացել:

Levon VardanyanԱյսօր շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը նույնպես Լևոն Վարդանյանն է: «Մի շրջան կար, երբ քաղաքի տարբեր հատվածներում հուշարձան-շենքերը քանդում էին՝ անունը դնելով ապամոնտաժում-տեղափոխում, և ոչ ոք պատասխան չէր տալիս դրա համար»,- ասում է նա՝ պատմելով, որ 2005 թ. իր կողմից առաջարկվել է ապամոնտաժված շենքերը Երևանի մի հատվածում վերակառուցել՝ վերակենդանացնելով հին Երևանի մի հատվածը, որը կլինի նաև սիրված վայր երևանցիների համար: Ծրագրի համար նա առաջարկել է Արամի փողոցից մինչև Մաշտոցի  այգի ընկած հատվածը, որի երկարությունն  ընդհանուր առմամբ մոտ 320 մետր է:

Գաղափարը հավանության է արժանացել, և մշակվել է «Հին Երևան» ծրագիրը: Տարածքը բաժանվել է հինգ հողակտորի՝ լոտերի և հանվել աճուրդի: Հայտնվել են գնորդներ՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն և «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են Երևան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Տարածքի հինգ հողակտորից չորսը գնել է «Գլենդել Հիլզը»: Գնորդներին ներկայացված գլխավոր պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է իրականացնեն ծրագիրը՝ կատարելով համապատասխան ներդրումներ:

maket

Լևոն Վարդանյանի հեղինակած “Հին Երևան” ծրագրի նախագծային մակետը

Սակայն ծրագիրը կանգ է առել. քաղաքապետներ են փոխվել, երկրի նախագահ է փոխվել, վրա է հասել ֆինանսական ճգնաժամը և այլն: Ծրագիրը կենդանության նշույլներ է ցույց տվել 2010-ին: Վերանայվել ու թարմացվել են բոլոր որոշումներն ու նախագծերը, սակայն`  նորից դադար:

Լևոն Վարդանյանի խոսքով՝ օրեր առաջ իր արվեստանոց են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները, դիտել իր կողմից տարիների ընթացքում  կառուցված մանրակերտը և հավանության արժանացրել: Շուտով պետք է ճշտվեն նաև ծրագրի իրավական կողմերը: Ճարտարապետը հույս ունի, որ վերջապես այս տարի շինարարությունը կմեկնարկի, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա «Հին Երևանը» կյանքի կկոչվի 3-5 տարվա ընթացքում:

Ըստ նրա՝ ծրագրի իրականացման համար մոտ 100-150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ:

Tun-maketԻնչ վերաբերում է Արամ Մանուկյանի տանը, եթե անգամ ծրագրի իրականացման շրջանակներում  տունը վերակառուցվի, ապա ճարտարապետը չի կարող ասել, թե դա որքանով կդիտարկվի որպես Արամ Մանուկյանի տուն. «Կարող է ընդամենը Արամ Մանուկյանի հուշատախտակը մնա, կարող է տուն-թանգարան դառնա, դժվարանում եմ ասել, դա պետք է պատկան մարմինները որոշեն»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տարի առաջ իրենք հանդիպել են «Գլենդել Հիլզի» սեփականատիրոջ հետ, որը խոստացել է շենքը վերակառուցելուց հետո մի հարկը տուն-թանգարանի համար տրամադրել և շեշտել է, որ ինքը նույնպես բարձր է գնահատում Արամ Մանուկյանին:

Սակայն «Անկախի» տեղեկություններով՝ «Գլենդել Հիլզը» պատրաստվում է վաճառել իր գնած տարածքները: Նոր գնորդը մոսկվաբնակ հայտնի գործարար Սերգեյ Համբարձումյանն է, որի միջոցներով կառուցվել է նաև Մատենադարանի նոր մասնաշենքը: Առքուվաճառքը բանավոր մակարդակում կայացել է, մնում է, որ այն վերածվի փաստաթղթային տարբերակի:

Իսկ թե նոր սեփականատերն ինչ մոտեցում կունենա Արամ Մանուկյանի տան հարցում, ցույց կտա ապագան: Փաստորեն, ամեն ինչ կախված է սեփականատիրոջ ցանկությունից:

Մինչ ծրագիրը կյանքի կկոչվի և վերակառուցման հերթը կհասնի Արամ Մանուկյանի տանը, մեծ հայորդու հիշատակն ամփոփող կիսավեր տանը կգիշերեն թափառական շները, և այն կծառայի իբրև աղբանոց ու անպետք իրերի հանգրվան:

Aram ManukyanՀունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակն է: Հիշատակի ղողանջներ թերևս հնչեն, սակայն այնքան թույլ, որ անգամ չեն տարածվի քաղաքով մեկ ու չեն հասնի մարդկանց ականջին ու հոգուն:

«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»: Այս խոսքերը գրվել են  մի ժամանակահատվածում, երբ պետական քարոզչամեքենայի կողմից Մանուկյանի անունը հետևողականորեն մոռացության էր տրվում, հեղինակը խորհրդային պատմաբան, գրող Հարություն Թուրշյանն է:

Այսօր ոչ միայն  իրավիճակն է բարենպաստ, այլև ժամանակի հեռավորությունն է բավարար տեսնելու նրա մեծությունը: Ընդամենը գիտակցում ու ցանկություն է պետք:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության. Արտավազդ Սահակյանը` բժիշկներին

արտավազդ սահակյանՄիկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հայաստանյան հանրությունը ճանաչում է որպես հրաշագործ բժշկի. նրա առօրյան է բնականոն կյանքի վերադարձնել ավտովթարից կամ այլ  պատահարներից  ու հիվանդություններից անդամախեղված անձանց: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող էր չունենալ իր գլխավոր միկրովիրաբույժին, եթե ժամանակին չլիներ ճակատագրի նախախնամությունը կամ էլ պատահական դիպվածը:

Սահակյանը դպրոցական տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: 1969-ին, սակայն, հոր պնդմամբ քննություն է հանձնում` բժշկական համալսարան ընդունվելու համար: «Բժշկականում մի քննություն հանձնեցի հույսով, որ «երկու» կստանամ ու կպրծնեմ հորս բաղձանքներից, բայց 5 ստացա»,- հիշում է Սահակյանը: Ավարտելուց հետո Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ  քաղաքում աշխատանքի է անցնում որպես ընդհանուր վիրաբույժ, մեծ փորձ կուտակում ու լայն ճանաչում ձեռք բերում: 1982-ին, սակայն, ամուսնանալուց հետո որոշում է հաստատվել Հայաստանում: «Դիմեցի Միքայելյան  ինստիտուտի տնօրենին: Նա համաձայնեց ընդունել ինձ պայմանով, որ զբաղվեմ պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությամբ: Չէի  պատկերացնում իմ կյանքն առանց ընդհանուր վիրաբուժության.  որովայնի խոռոչում  և կրծքավանդակում վիրահատություն էի  կատարում, ինչպես ձուկը ջրում է լողում: Բայց այլ ելք չկար, ստիպված համաձայնեցի, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և ամեն ինչ զրոյից սկսեցի»,- պատմում է Սահակյանը`  հավելելով, որ չի զղջում իր անցած ուղու համար:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը ԵրՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարն է, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ: Սահակյանը Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրն է,  ՀՀ «Հերացու անվան», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալակիր է, նաև Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի:

1985-ին Սահակյանը կատարում է առաջին տրանսպլանտացիան` ոտքի մատը տեղափոխում է ձեռքին, սակայն մինչ վիրահատությունը` մեկ տարի պայքարում է այդ իրավունքի համար: Երբ ԽՄ գլխավոր միկրովիրաբույժը կշտամբում է Սահակյանին, թե ինչու տրանսպլանտացիոն վիրահատություններ չի կատարում, պատասխանում է`  ե՞րբ թույլ տվեցին, որ չկատարեցի: Երկու ամիս անց արդեն համապատասխան թույլտվությամբ պատրաստվում էր  առաջին վիրահատությանը, սակայն խնդիր էր օգնականներ գտնելը. ոչ ոք չէր համարձակվում:

«Առաջին 8 ժամը Սուլթանյան Տիգրանն օգնեց, վերջին 4 ժամը` ԳյուլումյանԴերենիկը,  և 12 ժամ հետո վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Դարձա հերոս, ինչպես Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը հաղթանակից հետո: Այդ տարի 12 հաջող տրանսպլանտացիա արեցինք, 86-ին մեր կենտրոնում 40 տրանսպլանտացիա կատարվեց, որոնցից հաջողությամբ` 39-ը: Մոսկվայի կենտրոնը 33 վիրահատություն կատարեց, հաջողությամբ պսակվեցին 17-ը»:

1990-ին Սահակյանը 6 ամսով վերապատրաստվում է Ֆրանսիայում, որից հետո Հայաստանում դնում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմքերը, դրան գումարվում է նաև պատերազմական փորձը:

«Մինչ պատերազմը միութենական մակարդակով  միկրովիրաբուժության ոլորտում առաջիններից էինք: Բայց պատերազմը նույնպես շատ նպաստեց մեր փորձի կուտակմանը, որպեսզի  ծայրահեղ իրավիճակներում կարողանանք  լավագույն արդյունքի հասնել»,- ասում է նա:

Սահակյանը հիշում է, որ պատերազմի տարիներին վիրահատության հազիվ նվազագույն պայմաններ կային, ռազմական  հոսպիտալներում  կարողանում էին անոթավորված մաշկալաթեր տեղափոխել` բաց մնացած ոսկորներին սնուցում ապահովելու համար:

Պատմում է, որ պատերազմի տարիներին բուժական հարցերում ազգային պատկանելությունը հաշվի չի առել, բոլորին հավասարապես որակյալ օգնություն է ցույց տվել: Անգամ մի ադրբեջանցի աղջկա է վիրահատել` վերականգնելով կուրծքը: Վերջինս Քարվաճառի ազատագրումից հետո  վիրավոր վիճակում  մոր հետ գերի էր ընկել: Աղջիկը հայտարարել էր, որ նահանջելիս իր վրա ադրբեջանցիներն են կրակել: «15 տարեկան աղջիկ էր: Ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմ է»,- բացատրում է Սահակյանը:

Խոսելով իր հաջողության հիմքերի մասին`  ասում է. «Միշտ դատել եմ սթափ ուղեղով, ծայրահեղ ռիսկի գնալիս անգամ  իմ հաշվարկով ակնկալիք հաջողության շանսն ավելի շատ է եղել, քան անհաջողության: Երբեք չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության»:

Հաջող վիրահատության նախապայմաններից խոսելով` Սահակյանը նշում է, որ ինչքան կարևոր է բուն վիրահատությունը, նույնքան էլ` նախավիրահատական ճիշտ պատրաստությունը և հետվիրահատական ճիշտ խնամքը:

Ներկայացնելով միկրովիրաբուժությունը` Սահակյանն ասում է, որ սա շատ ավելի լուրջ գիտություն է, քան ընդունված է ժողովրդի մեջ. «Հասարակ ժողովրդական զանգվածը սա ընկալում է որպես ինչ-որ կոսմետոլոգիական միջամտություն` քթի ռինոպլաստիկա, դեմքի գեղեցկացում, իրականում այս գիտությունը ներառում է համարյա բոլոր վիրաբուժական մասնագիտությունները, նաև որոշակի թերապևտիկ միջամտություններ, այն հետապնդում է մարմնի կորսված մասերը վերականգնելու նպատակ ` կիրառելով արհեստական իմպլանտներ, կիրառելով անոթավորված մաշկա-ոսկրա-մկանալաթ, որը նպատակ ունի վերականգնելու ոչ միայն անատոմիական ամբողջականությունը, այլև ֆունկցիան»:

Իսկ էսթետիկ բժշկությունը շատ ավելի լայն տարածում ունի, այն առողջ մարդուն երիտասարդացնելու կամ առավել գեղեցկացնելու նպատակ է հետապնդում:

Սահակյանն ասում է, որ  Կովկասի մասշտաբով էսթետիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի պլաստիկան է: Հայաստանում երիտասարդները  պլաստիկ վիրահատության դիմում են   նաև  լոշտակության  կամ բնածին արատների դեպքում, օրինակ` գայլի երախ, նապաստակի շուրթ և այլն: Դիմում են նաև ճարպի և մաշկի ավելցուկ ունեցողները,  ճաղատության հարցերով: Շատ են  կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ֆիքսման հարցերով դիմումները: Ավելի հասակավոր տարիքում դեմքի կնճիռների վերացումն է պահանջված:

«Էսթետիկ վիրաբուժությունն ավելի շատ շոուբիզնես է հիշեցնում, սա  ավելի շուկայական, ավելի ագրեսիվ, բավականին վուլգար մասն է, երբ հակամարտող տարբեր կենտրոններ սկսում են և՛ գովազդի գնալ, և՛ դիմացինին վատաբանել, բայց սա չէ հիմնական պլաստիկ վիրաբուժությունը, սա պլաստիկ վիրաբուժության երևացող շահավետ մասն է,- ասում է Սահակյանը:- Բուն պլաստիկ վիրաբուժությունը  վերականգնողական ծանրագույն վիրաբուժությունն է` ընդգրկելով միկրովիրաբուժական բոլոր տրանսպլանտացիաները, անդամահատված վերջույթների վերականգնումը: Այստեղ է, որ իրոք շատ դժվարին և անձնվեր աշխատանք պետք է կատարել»:

Ասում է, որ ավարտող յուրաքանչյուր նոր սկսնակ պլաստիկ վիրաբույժ  ձգտում է քթեր կամ կուրծք վիրահատել,  որ գումար աշխատի, ինչի հետևանքով  «լուրջ պլաստիկ վիրաբուժությամբ, հատկապես միկրովիրաբուժությամբ զբաղվող մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել»:

Անդրադառնալով Հայաստանում միկրովիրաբուժության ներկայիս վիճակին` Սահակյանն ասում է, որ բժշկությունն առանձին օազիս չէ, որ ինքնուրույն աճի, ամեն ինչ փոխկապակցված է երկրի գիտատեխնիկական բազայի հետ. «Վատ չենք, բայց չենք կարող պարծենալով ասել, որ Ամերիկային հավասար ենք, կարծում եմ` ուղեղներով չենք զիջում, ինտերնետն էլ  թույլ է տալիս, որ մեզ մոտ ուսուցման գործընթացը չզիջի»:

Խոսելով դիակից մարմնամասերի փոխպատվաստման մասին, որը փորձարկվում է զարգացած երկրներում` աղմուկ առաջացնելով ԶԼՄ-ներում,  ասում է, որ նման վիրահատություններ կատարելու համար մեզ մոտ համապատասխան օրենսդրական դաշտ չկա. «Հայաստանի պայմաններում, եթե նույնիսկ դիակից երիկամ չենք կարող տեղափոխել, էլ ուր մնաց խոսք լինի մարմնամաս, քիթ, դեմք տեղափոխելու մասին. կգան աչքներս կհանեն»: Հարցին, թե կա արդյոք  օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասում է, որ սա որոշակի վտանգ է ներկայացնում նմանատիպ ասիական երկրներում. շատ դժվար է վերահսկել գործընթացը (օրինակ, եթե  որևէ մեծահարուստ կամ մաֆիոզ որևէ մարմնամասի կարիք ունենա):

Ապագա բժիշկներին Սահակյանը խորհուրդ է տալիս տոկուն լինել. «Եթե աշխատում են, ապա աշխատեն խղճով, չարությամբ չլցվեն և երբեք չմտածեն միայն գրպանի մասին: Ճիշտ է, իրենց ընտանիքին պիտի ապահովեն, բայց պետք է հիշեն, որ ապրում են մի երկրում, որտեղ ազգաբնակչության մեծ մասն աղքատ է: Եթե կայանան արտասահմանում, ապա երբեք չմոռանան, որ այս երկրից են և ամեն ինչով աջակցեն հայրենիքի բարգավաճմանը և հզորացմանը: Ու իհարկե զինվեն գիտելիքներով,  ամբողջ կյանքը պիտի լինի ուսման գործընթաց, լճացումը տանում է կործանման»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

անօթևաններ (2)«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է: Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»:

Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:

Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:

Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:

2001 թվականից գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կարգախոսն է` «Օգնություն ինքնաօգնության համար»: Կենտրոնն ի սկզբանե հիմնվել է 20 տարեկանից բարձր սոցիալապես անապահով անձանց համար անվճար վարսահարդարում, խոհարարություն, համակարգչային հմտություններ, կավագործություն, փայտամշակում, էլեկտրաեռակցում, կոշիկի և կաշվե իրերի պատրաստում և այլ դասընթացներ տրամադրելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն աշխատանք գտնել և ապրել: Սակայն հետագայում հիմնադրամն իր գործունեությունն ընդլայնել է` զբաղվելով նաև անօթևանների խնդիրներով:

2004-ին մեկնարկած անօթևանների ծրագիրն այսպիսին էր. ձմռան ամիսներին կենտրոնի միկրոավտոբուսը տաք թեյնիկներով, սուրճով, քաղցրավենիքով և տաք հագուստով շրջում էր փողոցներում, գտնում անօթևաններին, նրանց հետ փորձում կապ հաստատել, հասկանալ նրանց խնդիրները և փորձել օգնել:

անօթևաններ (3)Հիմնադրամի տնօրենն ասում է, որ երբ պետությունը մի քանի տարի առաջ Չորրորդ գյուղում ծերանոցին կից ստեղծեց անօթևանների կացարան, դա նաև իրենց համառ ջանքերի շնորհիվ էր: 2011-ից, քաղաքապետարանի  համաֆինանսավորմամբ, նաև հիմնադրամն էր անօթևաններին կացարան տրամադրում: Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն: Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ  տեղափոխել այստեղ:

Դեռևս այդ ժամանակ «Անկախը» պարզաբանում ստացավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանից,  թե պետությունը նպատակահարմար է գտել այդ միջոցներն ուղղել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:

անօթևաններ (1)Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:

Մեր շրջայցը կացարան սկսվեց մեկուսարաններից, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն էին՝ կույրեր, կաթվածահարներ, անդամալույծներ և այլն: Հետո անցանք 7-8 հոգանոց սենյակներով, ապա 14 հոգանոց մի ընդարձակ սենյակ մտանք, որտեղ տեղավորված էին տղամարդիկ:

«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»:

Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:

Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան:

Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են,  չնայած դրա իրավունքը չունեն:

Մեր այցի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից կացարան էին բերել մի անօթևանի` մի ոտքը կտրած: Փորձեցինք զրուցել հետը, գլուխը շրջեց, չցանկացավ խոսել: Տնօրենն ասում է, որ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները ժամանակի ընթացքում են կարողանում նրանցից որևէ տեղեկություն ստանալ, այն էլ` դժվարությամբ:

Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես  կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է:

անօթևաններԻ դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի:

Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, իսկ նրանց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»:

Կառավարությունը  հիմնադրամին այս տարվա համար 58 միլիոն դրամ է հատկացրել: Դանիական գործընկերներն էլ են որոշակիորեն աջակցել` 8 միլիոն դրամի չափով: Ընդհանուր գումարը մեծ չէ, մանավանդ որ դրա մեջ մտնում են  նաև 28 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նման բյուջեի պայմաններում նվազագույն են, սակայն հիմնադրամի ղեկավարն այս ծրագրով սահմանափակվելու մտադրություն չունի: Ապագա ծրագրերից է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց աջակցելը, որոնք որոշակի բուժման շնորհիվ հաղթահարել են հիվանդությունը, սակայն հասարակության մեջ կրկին ինտեգրվելու խնդիր ունեն:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Արվեստի գործ` հարսանիքից. հաջողության գրավականն ըստ Գևորգյանների

Խորեն և Գոռ Գևորգյաններ

Խորեն և Գոռ Գևորգյանները

 «Royal Gor studio»-ն Լոս Անջելեսում գործող տեսա- և լուսանկարահանումների ոլորտում մասնագիտացված ընկերություն է: «Մենք հավատում ենք հավերժական և ողջ կյանքում իմաստավորված  տեսա- և լուսանկարահանմանը». ընկերության կայքում այսպես են ներկայացված իրենց գործունեության նպատակները: Իսկ հարցազրույցի շարժառիթը վերջերս  ամերիկյան FOX ընկերությանը պատկանող hotlist.com-ի կողմից   «Royal Gor Studio»-ին շնորհված «Լավագույն տեսանկարահանող 2013» մրցանակն է:

–Պարոն Գևորգյան, ընկերության կայքում նշվում է, որ դեռ Խորհրդային Միությունում լուսանկարչությամբ եք զբաղվել, սակայն ստուդիա հիմնել եք միայն ԱՄՆ մեկնելուց հետո: Ինչո՞ւ եք գործունեության համար նախընտրել ԱՄՆ–ն, ոչ թե Հայաստանը:

Խորեն Գևորգյան – 1991-ին անկարելի էր պահանջներին  համապատասխան պայմաններով ստուդիա հիմնել և սարքավորումներ   ձեռք բերել Հայաստանում: Ուստի ես որոշեցի մտահղացումս Միացյալ Նահանգներում իրագործել: Ասեմ, որ չափազանց դժվար էր ինձ համար, բայց իմ ու ընկերներիս շնորհիվ դա ստացվեց, և այսօր մենք առաջատարն ենք ոլորտում:

– Ինչո՞ւ հենց հարսանյաց միջոցառումներում  մասնագիտացաք:

Խորեն Գևորգյան – Մի երկրից մյուսը տեղափոխվելիս շատ դժվար է սեփական տեղը գտնելը: Քանի որ ես դեռ Հայաստանում հարսանյաց  հանդեսներ նկարահանելու 10 տարվա փորձ ունեի, ԱՄՆ-ի իմ պատվիրատուները, տեսնելով նախկին աշխատանքներիս որակը, ինձ էին վստահում իրենց հարսանյաց միջոցառման  նկարահանումը:  Աշխատանքիս արդյունքը տեսնելով` ինձ սկսեցին վստահել ու մեկը մյուսին տեղեկություններ փոխանցել իմ մասին: Հայերի միջավայրում մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Աստիճանաբար սկսեցի շփվել նաև ամերիկյան հասրանյաց միջոցառումներ նկարահանողների հետ: Մինչև օրս էլ դասընթացների եմ հաճախում` ձգտելով ներկայիս նկարահանման նոր հնարավորություններն  ու գիտելիքները կիրառելով  գոհացնել պատվիրատուներին:

–  Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում «Royal Gor studio»  ընկերությունը:

gor studio (4)Խորեն Գևորգյան – Հարսանյաց միջոցառումները շատ տարբեր են, քանի որ մարդիկ են տարբեր, ամեն ընտանիք  ուրիշ է, չես կարող բոլորի համար նույնն անել: Իմ կարծիքով` հարսանիքը մի իրադարձություն է, որը կատարվում է 15-18 ժամերի ընթացքում: Պետք է միշտ զգոն լինես, որ տեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում, նկարահանման  փորձառությունիցդ ելնելով` տեսագրես կամ լուսանկարես այն, ինչ կարևոր է: Իհարկե, եթե կան պահեր, որ կարող ես թելադրել ավելի լավ արդյունք ստանալու համար, ինչու չէ, կարելի է: Բայց պատվիրատուն չպետք է թելադրի քեզ, թե ինչը պետք է նկարահանվի կամ ինչպես ճիշտ նկարահանել: Դա իմ խնդիրն է տվյալ օրվա համար, և այդ խնդիրը ճիշտ պետք է լուծվի, որ նախ և առաջ ինքդ քո արած աշխատանքից գոհ մնաս, իհարկե, պատվիրատուն էլ` իր հերթին: Եվ մեր կարգախոսն է աշխատանքն այնպես անել, որ ինքնդ գոհ լինես արդյունքից:

– Ո՞րն է հաջողության գրավականը Ձեր աշխատանքում:

Գոռ Գևորգյան – Հաջողության գրավականը հենց տարիների ընթացքում ճիշտ կատարված գործի արդյունքն է: Տարիներ շարունակ հորս` Խորեն Գևորգյանի կողքին են իր ընկերներ և լավ մասնագետներ Արտյոմ Ղազանչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Միշա Խաչատրյանը, չմոռանամ նշել վիդեոմոնտաժողներ Մանուկ Մարգարյանին և Տարոն Ղազարյանին:

Անձամբ ինձ համար ամենակարևոր գրավականը հնարավորինս բարձր որակն է և յուրաքանչյուր նկարահանումից, լինի դա հարսանիք թե համերգ, արվեստ  ստանալու մեծ ցանկությունը:

gor studio (2)Հավատացեք, անգամ հարսանիքը կարելի է այնքան գեղարվեստորեն ներկայացնել, որ դիմացինդ այն ընկալի որպես յուրահատուկ աշխատանք: Եվ հենց դա էլ տարիներ շարունակ մեր ընկերության հաջողության գրավականն է:

–Ի՞նչն եք համարում ընկերության ամենամեծ ձեռքբերումը :

Գոռ Գևորգյան:  2013-ի ամենամեծ ձեռքբերումն, իմ կարծիքով, FOX ընկերության սահմանած «# 1 Videographer 2013»  մրցանակն է, որին արժանացավ մեր ընկերությունը: Իսկ եթե տարիների կտրվածքով նայենք, ապա, կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը մարդկանց վստահությունն է և հարգանքը մեր աշխատանքի նկատմամբ: Շատ կարևոր է, երբ անում ես մի գործ, որը շատ ես սիրում, մարդիկ էլ դա նկատում ու գնահատում են: Այդ պարագայում քեզ գործի մեջ երջանիկ մարդ կարող ես համարել:

–  Ովքե՞ր են Ձեր հաճախորդները, հիմնականում հայե՞ր են:

Խորեն Գևորգյան – Այո, մեր պատվիրատուները մեծ մասամբ հայեր են, բայց նաև  այլ ազգերի ներկայացուցիչ պատվիրատուներ ունենք: Մենք բոլորի համար սիրով աշխատում ենք:

–  Իսկ Հայաստանից պատվերներ ստանո՞ւմ եք:

gor studio (1)Գոռ Գևորգյան – Իհարկե, առաջարկներ և հրավերքներ լինում են, տարին գոնե 1-2 անգամ` պարտադիր: Այդ ամենը հորս տարիների աշխատանքի շնորհիվ է և իհարկե որակի, որը մեր գործում չափազանց կարևոր է: Նման առաջարկներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, օրինակ` Ռուսաստանից: Մենք պատվերն ընդունելուց առաջ փորձում ենք հասկանալ, թե որքանով է դա մեզ հարմար, քանի որ հարսանիք նկարահանելու համար մեզ հետ միասին օվկիանոսը կտրում անցնում է մի մեծ նկարահանող խումբ: Երևանում մասնակցել ենք տարբեր բարձրաստիճան մարդկանց միջոցառումներին: Միացյալ Նահանգների տարածքից դուրս աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է:

–  Նախատեսվո՞ւմ է Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնել:

Գոռ Գևորգյան – Իմ կյանքում առաջնորդվում եմ «Երբեք մի ասա երբեք» կարգախոսով: Ես և հայրս դժվար թե կարողանանք դա անել ժամանակի սղության պատճառով: Բայց եթե լինեն նման առաջարկներ, լինի դա Երևանում, Մոսկվայում, Դուբայում թե որևէ այլ տեղ, մենք պատրաստ ենք և բաց նման բանակցությունների համար:

Հարցազրույցը վարեց Հայկուհի  ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Անկախ

 

Այդպես էլ չի նշմարվում աղքատության եզրագիծը

«Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվող, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն իսկ միացել են`

1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչության կողմից – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
8. «Գոլոլեան Հիմնադրամ», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ Վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում բնակվող մի շարք ընտանիքների ապրելակերպի և նրանց վառելափայտի տրամադրման, «Շիրակ կենտրոնի» ձեռնարկի մասին հերթական տեսանյութը` առանց մեկնաբանության:

Ժայռ-մարդը. Վլադիմիր Մովսիսյանն ազերիների կացնի հարվածի տակ, անգամ, չստորագրեց փաստաթուղթը

Վլադիմիր ՄովսիսյանՆշանավոր պետական, քաղաքական, հասարակական գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապակցված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման գործում, վառ անհատականություն, ժայռ…

Այս վերջին բնութագրումը տվել է երջանկահիշատակ Սոս Սարգսյանը` հայոց լեզվի բառագանձից ընտրելով ամենադիպուկ ու լակոնիկ բառը: Այո, ժայռի պես աներեր ու իմաստուն:

Ավագ և միջին սերնդի համար գուցե ավելորդ լինի ներկայացնել Վլադիմիր Մովսիսյանին, քանի որ այդ սերունդն իր աչքով է տեսել նրա կատարած աշխատանքները: Սակայն երիտասարդ սերնդին իսկապես արժե ներկայացնել նրա կենսագրությունը, որպեսզի մտորելու առիթ ունենա: Մեր իրականության մեջ, երբ շատ արժեքներ աղավաղված են ու ստորադասված,  նման մարդկանց կյանքի օրինակը խիստ կարևոր է ճշտելու համար  նորօրյա չափանիշներն ու մոտեցումները: Նման մարդկանց օրինակը խիստ անհրաժեշտ է նաև մերօրյա բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք սովորելու  շատ բան ունեն:

Ես նույնպես երիտասարդ եմ ու շատերի պես Վլադիմիր Մովսիսյանի անունը հաճախ լսել եմ Սևանա լճի հետ կապված խոսակցություններում, գիտեմ, որ նրա դերն անգնահատելի է համազգային արժեք հանդիսացող և ռազմավարական նշանակություն ունեցող մեր լճի վերականգնման ու պահպանման գործում: Սակայն նրա կենսագրության էջերը հետ թերթելով` ապշում  ու հիանում եմ` հայտնաբերելով նորանոր փաստեր, նաև զարմանում, որ այս մարդն իր գործունեության սկզբից մինչ օրս ոչ մի վայրկյան չի դադարել, անընդմեջ աշխատել է ամենադժվարին ու պատասխանատու ոլորտներում:

Նոյեմբերի 12-ին Վլադիմիր Մովսիսյանը դարձավ 80 տարեկան, սակայն եռանդուն ու երիտասարդ ավյունով լի գործիչը կարծես թե ամենևին էլ մտադիր  չէ թուլացնելու տեմպը և վաստակած հանգստի գնալու: Միգուցե պատճառը պատասխանատվության այն մեծ զգացումն է, որ քանի դեռ կա, պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին:

Հոբելյանական ցերեկույթին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված երկու գրքի շնորհանդես, ներկա էին պաշտոնյաներ ու գործիչներ գրեթե բոլոր ոլորտներից` պետական, քաղաքական, հասարակական, մշակութային: Դա պատահական չէ, քանի որ ինչպես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, Վլադիմիր Մովսիսյանն ամենուր է, քանի որ ամենուր նրա կարիքը կա:

1975-1990 թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում, որոնց մասին մանրամասն ներկայացված են Ֆելիքս Բախչինյանի և Վլադիմիր Պետրոսյանի գրքերում: Ամենահետաքրքրաշարժ և Հայաստանի  համար ճակատագրական դրվագներից մեկն էլ այն է, որ Վլադիմիր Մովսիսյանի շնորհիվ 1984 թ. Հայաստանին է վերադարձվել Ադրբեջանի կողմից զավթված 14 451 հեկտար հող:  Ինչպես Վազգեն Մանուկյանն է ասում, առանց զորքի ազատագրել է հողը:

Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային արոտավայրերի վեճի մասին է, որը սկիզբ է առել դեռևս 1920-ականներին և նոր փուլ մտել 1941 թ. սկսված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ ժամանակավորապես Հայաստանից Ադրբեջանին է տրվել 160 հազար հեկտար ամառային արոտավայր` ռազմաճակատին մսամթերքով ապահովելու նպատակով: Պատերազմի ավարտից հետո Հայաստանի` Ադրբեջանի կողմից արոտավայրերն այլևս չօգտագործվելու և վերադարձվելու պահանջը տարբեր պատճառաբանություններով մերժվել է, հետագայում արոտավայրերը մաս-մաս վերադարձրել են, սակայն ոչ ամբողջությամբ, և վեճը ժամանակ առ ժամանակ սրվել է: Խնդիրը, ի վերջո, լուծվել է ՀԽՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի համառ ջանքերի գնով, նա անգամ մահից է փրկվել: Ադրբեջանական պաշտոնյաների հրահրմամբ կատաղած ամբոխը հարձակվել է նրա ու մի քանի հայ պաշտոնյաների վրա, որոնք Մովսիսյանի գլխավորությամբ գնացել էին կանխելու հայկական հողերի վրա իրականացվող ջրատարի ապօրինի շինարարությունը: Ամբոխը նախ շրջել է նրանց ավտոմեքենան, հետո դուրս քաշել նրանց, մահակներով հարվածել, քարեր նետել, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո` բռնությամբ տարել Քյամառլու գյուղ, որի ակումբում սեղանին դրել թուղթ ու գրիչ և կացնի սպառնալիքի տակ ստիպել Մովսիսյանին և մյուսներին արնաշաղախ բարձրանալ բեմ և ստորագրել այդ հողերն Ադրբեջանին պատկանելու մասին փաստաթուղթը: Շուրջ երեք ժամ տևած տանջալի իրադրության պայմաններում Մովսիսյանն անընդհատ հրաժարվել է ստորագրելուց, և նրա ամեն խոսքից հետո ազերիները բարձրացրել են սեղանին դրված կացինն ու սպառնացել, որ կկտրեն վիզը: Ի վերջո Մովսիսյանին հաջողվել է սթափեցնել գազազած ազերիներին և նրանց կազմակերպիչներին, երբ հայտարարել է, որ այս ամենը սադրող պաշտոնյաների մասին կզեկուցի ՍՄԿԿ կենտկոմին: Այդպես հայ պաշտոնյաների խումբն ազատվել է մարդասպան ամբոխի ճիրաններից` առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Պատահական չէ, որ 1990 թ.` Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում, Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ լավ գիտեին, թե իրեն ուր են ուղարկում, ինչ ծանր ու պատասխանատու գործի, և եթե դա լիներ ավելի խաղաղ ժամանակներում, իրեն երբևէ հերթ չէր հասնի, ուզողներ շատ կլինեին: Նույն տարին նա ղեկավարել է ՀՀ պաշտպանության արտակարգ հանձնաժողովը պատերազմի առաջին գծից: 1991-96 թթ. ղեկավարել է նաև ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը: Պատմում է, որ լինում էին օրեր, երբ օրական մինչև 300 մարդ էր ընդունում և  մեկ առ մեկ լսում բոլորի ահասարսուռ պատմությունները Ադրբեջանում կատարված ոճիրների մասին: Մխիթարում էր բոլորին, կարեկցում ու աջակցում ոչ միայն ի պաշտոնե, այլև մարդկայնորեն:

Մեծ է նրա ավանդը նաև 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, անօթևաններին և տուժածներին աջակցելու գործում: 1992-94 թթ. Լեռնային Ղարաբաղում հենց նա է կազմակերպել 2837 տների ու բնակարանների վերականգնումն ու կառուցումը և շուրջ 40 հազար փախստականների Հայաստանից ԼՂՀ վերաբնակեցումը:

Վլադիմիր Մովսիսյանը եղել է նաև Գեղարքունիքի մարզպետ, գյուղնախարար, 1999-2004 թթ.` ՀՀ վարչապետի խորհրդական: 2004-ից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն է, 2008-ից` ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը: ՀՀ Հանրային խորհրդի ստեղծման օրվանից խորհրդի անդամ է, ամենաակտիվ անդամներից մեկը:

Հոբելյանական ցերեկույթին նրա բազմաթիվ շքանշաններին ավելացան ևս մի քանիսը, իսկ հոբելյարը լոռեցու պարզ ու անկեղծ խոսքով ներկաներին ասաց. «Արել եմ այնքան, ինչքան ուժերս ներել են: Հավատացեք` կանեի ավելին, այդքանն եմ կարողացել: Ավել-պակասի համար ներողամիտ եղեք»:

Վազգեն Մանուկյանը Վլադիմիր Մովսիսյանի մասին խոսելիս ասում է, որ նման դժվարին, պատասխանատու և ծանր աշխատանք ուսերին տանելու համար նախ և առաջ պետք է սիրես քո երկիրը, քո հողն ու ջուրը. «Վլադիմիր Մովսիսյանի սերն իր հող ու ջրի նկատմամբ անվերջ է»,- ասում է նա:

Իսկ Սոս Սարգսյանը պատահաբար չի ասել, որ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն գործիչներին, որոնք ոչ միայն եղել են բոլոր բնակավայրերում, այլև հանդամասերում, արոտավայրերում, այգիներում և անուն-ազգանունով, տոհմով են ճանաչում մարդկանց: «Անունները հանրահայտ են` Անտոն Քոչինյան, Վլադիմիր Մովսիսյան, Ալեքսան Կիրակոսյան»,- նշել է նա:

Երբ վերջին շրջանում Մովսիսյանն այցելել է հիվանդանոց` Սոս Սարգսյանին տեսակցելու, վերջինս այդ այցից հետո տպավորված գրել է. «Պառկած նայում եմ նրան. թիկնեղ, բարձրահասակ, առնական, լայն դեմքին խոշոր, իմաստուն աչքեր, խոր կնճռի երկու ակոս և հզոր ծնոտ… Էն տղամարդկանցից է, որ եթե կինը սիրահարվեց, ապա մինչև կյանքի վերջը: Կարծում եմ` իմ սիրելի քույրիկ, նրա տիկին Մառլենան լռելյայն ինձ հետ կհամաձայնի»:

Տիկին Մառլենան մեզ հետ զրույցում, խոսելով համբերատար, ներողամիտ, ազնիվ, զիջող, հոգատար ու չափազանց բարի ամուսնու մասին, նաև հիշեց, թե ինչպես են ծանոթացել. «1958 թվականն էր: Նա որպես կրտսեր գիտաշխատող եկավ աշխատելու Կալինինոյի փորձարարական տնտեսության բազայում, որի տնօրենը հայրս էր: Ես այդ ժամանակ ուսանող էի, սովորում էի Երևանում, իսկ ամռան ամիսներին մի փոքրիկ աշխատանք էի կատարում հայրիկիս մոտ: Հիշում եմ` պետք է կուրսային գրեի, չգիտեի` որ կողմից սկսեմ, հայրս խորհուրդ տվեց դիմել Վլադիմիրին` որպես խելացի, երիտասարդ աշխատողի: Մոտեցա, ասացի` կարո՞ղ եք օգնել ինձ, ասաց` խնդրեմ: Երկու ժամ հետո հսկայական պրոյեկտը բերեց, հանձնեց ինձ»,- պատմում է նա:

Այդ ծանոթությունից անցել է ուղիղ 55 տարի, բայց մինչ օրս տիկին Մառլենան հպարտանում է նրանով և ասում, որ ոչ մի վայրկյան չի նեղսրտել, երբ ամուսինն իր ժամանակի մեծ մասը նվիրել է պետական, քաղաքական ու հասարակական աշխատանքին: Ավելին` նրան օգնել է, ընտանեկան հոգսերից ազատել, որպեսզի նա իր գործն անի անմնացորդ նվիրումով:

 

Երվանդ Լալայան

լալայանԱզգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը...

Երվանդ Լալայանին իրավամբ կարելի է համարել հայ ազգագրության հիմնասյունը: Իսկապես անգնահատելի է նրա վաստակը Հայաստանում ազգագրության` որպես գիտության զարգացման գործում: Նրա մեծածավալ հետազոտությունները, ուսումնասիրությունները Հայաստանում գիտության այդ ճյուղի հիմքը դրեցին:

Ապագա գիտնականը ծնվել է 1864 թ. մարտի13-ին Ալեքսանդրապոլում, բանվորի ընտանիքում:

Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա 1885 թ. ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Նա շատ էր ցանկանում շարունակել ուսումը, սակայն նյութական միջոցների սակավությունը ժամանակավորապես հետ պահեցին այդ մտքից:

Դպրոցն ավարտելուց հետո, Լալայանն աշխատանքի է անցել նախ Ախալքալակում և Ախալցխայում, ապա` հայրենի Ալեքսանդրապոլում: Այս տարիներին նա ամուսնանում է Հասմիկ Հալայանի հետ` երիտասարդ ու ուսումնատենչ մի հայուհու, որի հետ 1890 թ. մեկնում է Եվրոպա` կյանքի կոչելու ուսման բաղձանքը:  Լալայանն ու կինն ընդունվում են Ժնևի համալսարան: Կինը սովորում է բնագիտական բաժանմունքում, Լալայանը` Ժնևի ինժեներական համալսարանի հասարակագիտության բաժնում:

1894 թ. Երվանդ Լալայանը ավարտում է համալսարանը` ստանալով սոցիալական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սակայն նրա կոչումը սոցիոլոգ դառնալը չէր:

1895 թ. նա աշխատանքի է ընդունվում Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, ինչը նրան հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Մխիթարյանների  հարուստ գրադարանին ու արխիվին: Այնտեղից նա շուտով տեղափոխվում է Փարիզ և աշխատանքի անցնում Մարդաբանական դպրոցում: Շուտով, սակայն, Լալայանը թողնում է այս աշխատանքը ևս ու վերադառնում հայրենիք: Նա հաստատվում է Արցախում և դասավանդում  Շուշիի թեմական դպրոցում:

Հենց Շուշիում աշխատելու տարիներին Երվանդ Լալայանը հղացավ «Ազգագրական հանդեսի» լույսընծայումը: Այդ գործում նրան մեծ աջակցություն ցույց տվեցին Թորոս Թորոմոնյանը, Մանուկ Աբեղյանը, Սերգեյ Զելինսկին, Լևոն Մելիքսեթ-Բեկը, Ստեփան Լիսիցյանը, Հրաչյա Աճառյանը, Խաչիկ Սամուելյանը, այլ անվանի գիտնականներ:

Եվ 1896 թ. լույս տեսավ «Ազգագրական հանդեսի» առաջին համարը, որը հայ գիտական մտքի նոր խոսք էր: «Ազգագրական հանդեսը» նվիրված էր հայ ազգագրությանը, բանահյուսությանն ու պատմությանը: «Ազգագրական հանդեսի» առաջին համարում Լալայանը գրում է. «Րոպեական ազդեցության տակ չենք վճռել մի այդպիսի հանդեսի հրատարակության ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այն: Եվ մեզ ճանաչողները գիտեն, թե որքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքան արգելքներ ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար։ Այսօր մենք հանդես ենք գալիս ոչ թե միայն մեր ուժերի վրա վստահացած, այլ ազգի ինքնաճանաչության զգացման։ Թերթերի մեջ սփռված և աոանձին լույս տեսնող ազգագրական հոդվածներն արդեն ա֊պացուցանում են, որ հայոց ազգն էլ վերջապես զարթել է խոր քնից և ցանկանում է կատարել գիտության ամենիմաստ խոսքը»:

 

Հանդեսի  մատչելի և ուրույն ոճն այն սիրելի  դարձրեց հասարակական լայն խավերին: Տարիների ընթացքում «Ազգագրական հանդեսի» էջերում տպագրվեցին հազարավոր նյութեր հայոց ազգագրության, պատմության, ճարտարապետության, կենցաղի, սովորույթների մասին: Այդ առումով «Ազգագրական հանդեսը» հարուստ շտեմարան դարձավ ժամանակի և հետագայի ուսումնասիրողների համար, քանզի հայոց կենցաղում կորչող և վերացող բարքերն իսպառ անհայտ կմնային, եթե չլիներ Երվանդ Լալայանի այդ հրաշալի նախաձեռնությունը:

Իր խոսքում նա գրում է, որ ազգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը, և կոչ է անում հայ մտավորականությանը ձեռնամուխ լինել բանահավաքչության:

«Ազգագրական հանդեսը» տպագրվեց շուրջ 26 տարի (20 գիրք):

«Ազգագրական հանդեսում» տարբեր տարիներին լույս տեսան «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառե», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ»  աշխատությունները: Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես», առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք», «Հոբոս», «Մոլլա-Նասրէդոինը», «Պառավաշունչ», «Մարգարիտներ հայ բանահյուսության»  գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ: Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Կոտայք):

Երվանդ Լալայանը 1900 թ. Թիֆլիսում կազմակերպում է «Ազգագրական հրատարակչական ընկերությունը», որի նպատակը հայ ուսումնասիրողների նորահայտ նյութերի տպագրությունն ու տարածումն էր: Շատ չանցած` 1906 թ., նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնադրվում է «Հայոց ազգագրական ընկերությունը»: Ըստ կանոնադրության` այս նոր ընկերության նպատակն էր ուսումնասիրել Կովկասը, կից երկրներր և հայկական գաղութները, մասնավորապես` ազգագրական և ընդհանրապես մարդաբանական գիտությունների տեսակետից: Այս ընկերությունը կարճ ժամանակամիջոցում արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն ծավալեց: Ընկերության հովանավորն անվանի հայ գործարար, բարեգործ Միքայել Արամյանցն էր, որ առատորեն բացում էր իր քսակը ընկերության գործունեությանը սատարելու համար: Ընկերությունը հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարեց Հայաստանի տարբեր վայրերում, իսկ նրա կատարած ամենաշնորհակալ աշխատանքն, ինչ խոսք, Անի մայրաքաղաքում հնագիտական պեղումներն ու ուսումնասիրություններն են:

Լալայանը մեծ ավանդ ունի ոչ միայն հայագիտության, այլև առհասարակ կովկասագիտության զարգացման բնագավառում: 1907 թ. նա Թիֆլիսում կովկասագիտական մեծ գրադարանի հիմքը դրեց, որը հետագայում մեծացավ և հարուստ գիտական կենտրոնի վերածվեց: Նա տարբեր ամբիոններից  դասախոսություններ է կարդացել հայերի, վրացիների, քրդերի, թուրքերի ծագումնաբանության և մշակույթի մասին:

Լալայանը նաև նկարազարդ ալբոմներ հրատարակեց Հայաստանի պատմական հուշարձանների վերաբերյալ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Իր հետազոտությունների արդյունքում հավաքած արձանագրությունները հրատարակեց առանձին գրքով:

Կարճ ժամանակ անց Հայ ազգագրական ընկերությունն արդեն Թիֆլիսում բավական մեծ թանգարան էր ստեղծել: Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմակերպվեց 1913 թ. ապրիլի 24-ին Թիֆլիսում:

Հայաստանում և Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հենց Երվանդ Լալայանի ջանքերով թանգարանը Թիֆլիսից տեղափոխվեց Երևան, որի հիմքի վրա էլ ձևավորվեց Հայաստանի պատմության պետական թանգարանը, իսկ Լալայանը դարձավ նրա առաջին վարիչ-տնօրենը:

Նա նաև արժեքավոր գիտական թարգմանություններ է կատարել ռուսերենից և ֆրանսերենից:

Վաստակաշատ և երախտավոր գիտնականը մահկանացուն կնքեց 1931 թ. փետրվարի 24-ին, Երևանում: Ինչպես նշել է խաչիկ Սամվելյանը Լալայանին նվիրված մահախոսականում, թե՛ արտասահմանում, թե՛ Ռուսաստանում Լալայանի կատարած աշխատանքը կարող էին կատարել միայն հսկա ընկերություններ, գիտական մեծ հաստատություններ, մինչդեռ ականավոր նվիրյալը գրեթե միայնակ հիմքը դրեց հայ ազգագրության:

Ռուս բոդիբիլդերը մրցման ժամանակ ցուցադրել է իր պարային կարողությունները (տեսանյութ)

russia-bodybuilder-Vadim Skornyakov3Մարզասրահների սիրահարներին հիմնականում ագրեսիվ են համարում:

Սակայն խոսքը այս բալետային շարժումներով բոդիբիլդերի մասին չէ:

russia-bodybuilder-Vadim SkornyakovԻր մարմինը ցուցադրելու ժամանակ Վադիմ Սկորնյակովը նաև ցույց է տալիս, որ  ժամանակ է հատկացրել որոշ պարային շարժումներ սովորելու համար:

Նա իր կարողությունները ցույց է տվել Ռուսաստանում կազմակերպված բոդի բիլդինգի մրցույթի ժամանակ:

Սանկտ Պետերբուրգի գավաթի 25-րդ առաջնության ժամանակ Սկորնայկովը բեմ է բարձրացել բոլորի համար պարտադիր դիրքեր ցուցադրելու համար:

Սակայն մրցման մասնակիցները և նրանց ընտանիքների անդամները զարմացել են, երբ նա սկսել է պարել:

Նա իր ելույթի ընթացքում ցուցադրել է նաև հնդկական ավանդական պարի շարժումներ:

Նա պարելու ընթացքում հասցնում է նաև բոդի բիլդինգի դիրքեր ցուցադրել:

Սկորնյակովը իր ելույթը ավարտել է լուսնային քայլքով՝ նախքան հանդիսատեսի ծափահարությունների ներքո հեռանալը:

Ռուսական տեսահոլովակը դիտել են ամբողջ աշխարհում՝ հիանալով Սկորնյակովի տեխնիկայով:

Հաղորդավարը նրա ելույթից հետո, իր աչքերին չհավատալով, շարժում է գլուխը և հայտնում, որ Վադիմը անհավանական դրական լիցքերով մարդ է:

YouTube-ի օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել էր, որ նրա ելույթը շատ ոգևորող էր, իսկ մեկ այլ օգտատեր հույս է հայտնում, որ նա հաղթած կլինի:

Կյանքը` դիպուկահարի նշանառության տակ. սահմանապահ Բերքաբերի առօրյան

բերքաբեր

Բերքաբեր` գյուղ Տավուշի մարզում: Ունի 548 բնակիչ: Բարձրությունը ծովի մակարդակից` 700 մետր: Հեռավորությունը Երևանից` 161 կմ, մարզկենտրոն Իջևանից` 25,5 կմ, ադրբեջանական դիրքերից` 750-1000 մետր:

Գյուղը գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, բայց ջրամբարից օգտվել չի կարողանում: Գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջուր չունի, գազաֆիկացված չէ:  Համայնքապատկան 1131 հա հողատարածքից 830 հեկտարը մշակում են ադրբեջանցիները. տարածքն այժմ նրանք են վերահսկում: Գյուղի բնակիչներին մնացել են տնամերձ հողերը և ջրամբարի ափին գտնվող 301 հեկտարը, որը մշակում են ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ:

Արթուր Մադաթյան

Արթուր Մադաթյան. «Անգամ բանկերը մեզ վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»

Գյուղի տարեկան բյուջեն 8,6 մլն դրամ է, աշխատավարձերը և հարկերը մուծելուց հետո` մնում է 1,5 մլն դրամ, որով էլ ողջ տարին պետք է համայնք պահեն ու բարեկարգեն:

Չնայած այս ամենին, գյուղի բնակիչները լավատեսորեն են տրամադրված, խնդրում են միայն իրենց ապահովել խմելու ջրով և աշխատանքով:

«Մեր գյուղը շատ պինդ գյուղ է: Չնայած  չունենք աշխատատեղեր, նորմալ ապրելու միջոցներ, ամեն դեպքում մեր գյուղի ժողովուրդը` մեծից փոքր, ձիգ է, դիմանում են դժվարություններին»,- ասում է գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Գյուղապետը դժգոհում է, որ ձեռներեցները, բարերարները և առհասարակ, բոլորն իրենց գյուղի մասին մոռացել են: Խորհրդային տարիներին գյուղում 7-8 արտադրամաս է եղել, այժմ ոչ մեկը չկա: «Մարդիկ վախենում են, որ գան մեր գյուղում  մի գործ անեն:  Հիմա անգամ բանկերը մեզ  վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»,- դժգոհում է Մադաթյանը:

Գյուղում ջրի  միակ աղբյուրը գյուղապետարանի հարևանությամբ է գտնվում. ողջ գյուղը բարակ հոսող աղբյուրից է գալիս ջուր տանում: Խորհրդային տարիներին գյուղը խմելու ջուր ունեցել է, սակայն խողովակները քայքայվել են: Հարկավոր է 16-17 կմ երկարությամբ խողովակները փոխել կամ նոր գիծ անցկացնել: Մադաթյանն ասում է, որ վերջերս գյուղ կատարած այցելության ժամանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել է հարցին լուծում տալ, այժմ լիահույս ողջ գյուղը սպասում է խոստման կատարմանը:

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Գյուղն ունի երկու խանութ կամ ավելի ճիշտ` կրպակ: Խանութներից մեկը Վազգեն Գևորգյանինն է, որն արդեն գործում է  7 տարի: Գևորգյանը նշում է, որ առևտրի ակտիվ սեզոնը ամառն է, երբ մարդիկ հանդ են գնում ու ստիպված խանութից ուտելիք են գնում: Մնացած ժամանակ առևտուրը պասիվ է` մի օր կարող է լինել, մի օր էլ` ոչ: Ապրանք գնելուց էլ հիմնականում պարտքով են տանում, մինչև թոշակը կամ նպաստը կստանան: «Աշխատանք չկա, մարդիկ փող չունեն, որ աշխատանք ունենան, առևտուր էլ լինի»,- ասում է Գևորգյանը:

Դպրոց` 37 աշակերտով և 5 դասարանով

Գյուղը, շնորհիվ «Սահման» ՀԿ-ի, ունի նաև գործող մանկապարտեզ. հին և չգործող մանկապարտեզի սենյակներից մեկը վերանորոգվել է, կահավորվել և հոկտեմբերի 25-ին իր դռները բացել մանուկների առջև: Ակնկալվում է, որ մանկապարտեզը կունենա մոտ 25 սան:

Գյուղի 37 աշակերտներն էլ շուտով իրենց ուսումը կշարունակեն հիմնովին վերանորոգված դպրոցում. այժմ ընթանում են ներքին հարդարման վերջին աշխատանքները: Դպրոցում կգործի նաև 7 համակարգիչներով և ինտերնետ կապով ապահովված ինֆորմատիկայի դասարանը:

Դպրոցի փոխտնօրեն Փաշիկ Աղամյանը,  մեզ հետ զրուցելով, շրջում է 182 աշակերտի համար նախատեսված երկհարկանի վերանորոգված դպրոցով ու լույսերն անջատում` բանվորներին զգուշացնելով, որ դպրոցը  հոսանքի վարձը վճարելու միջոցներ չունի, ուստի կարիք չկա, որ լույսը զուր տեղը միացված մնա:

աղամյան

Աղամյանի խոսքով` երեխաներն օգտակար զբաղմունք կունենան, եթե սպորտային խմբակներ գործեն

Աղամյանը հիշում է, որ խորհրդային տարիներին  ամեն դասարանում գոնե 15 աշակերտ կար, մինչդեռ այժմ ողջ դպրոցում 5 երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարան է գործում, և ընդամենը 14 ուսուցիչ է դասավանդում:

Անցած տարի 46 աշակերտ են ունեցել, այս տարի, սակայն, ընտանիքի հետ  3 երեխա է Ռուսաստան տեղափոխվել, 2-ը` Վանաձոր, մեկը` Իջևան: «Ամեն օր կրակոց, աշխատանք չկա, դրա պատճառով էլ ընտանիքներով գնում են»:

Աղամյանն ասում է, որ քիչ թե շատ սովորող երեխաներին ծնողներն այլ դպրոցներ են ուղարկում կամ 9-րդ դասարանն ավարտելուց հետո Իջևանի տեխնիկում են տանում. «Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանում երեխան ի՞նչ պիտի սովորի, դրա համար ում երեխան որ մի քիչ սովորում է` այլ դպրոց են տանում»:

Վերջին տարիներին դպրոցի շրջանավարտներից երևանյան բուհերի դիմորդներ չեն եղել: Լավագույն դեպքում Իջևանում են ուսում ստանում, այն էլ, ըստ Աղամյանի, դա իմաստ չունի. միևնույն է, ավարտելուց հետո աշխատանք չեն ունենա:

Գյուղի միակ գրադարանը դպրոցում է գործում, սակայն, ըստ Աղամյանի, գիրք կարդացող չկա. հա՛մ գրականությունն է հնացած, հա՛մ էլ մերօրյա երեխաներին ավելի շատ իրենց հեռախոսներն են հետաքրքրում:

Կարծում է, որ եթե դպրոցում սպորտային խմբակներ գործեն, երեխաների առօրյան բազմազան կդառնա, հետաքրքրությունն էլ մեծ կլինի: Մանավանդ, որ վերանորոգված սպորտդահլիճում իրատեսական կլինի խմբակներ կազմակերպելը:

Աղամյանը նշում է, որ մինչև վերանորոգումը դպրոցի տանիքը ծակոտկեն էր դարձել ադրբեջանցիների գնդակներից, պատուհանների վրա էլ վնասված մասեր կային: Թե ինչպիսին է վիճակը վերանորոգումից հետո` չգիտի, դեռ ուսումնասիրելու առիթ չի եղել:

Նշում է, որ կրակոցներից պաշտպանվածության առումով  առաջին հարկի դասարաններն ավելի ապահով են, աշակերտներն էլ գիտեն, որ կրակոցների դեպքում պետք է հեռու քաշվեն պատուհաններից, անկյուններում սպասեն մինչ կրակահերթը դադարի:

«Չէի ուզենա, որ երեխաներս  էս կրակոցների տակ մեծանան»

Դպրոցի 37 աշակերտներից 4-ը Աղբալյանների ընտանիքից են: Սա գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկն է: Ընտանիքը վեց երեխա ունի` երեք աղջիկ և երեք տղա.  ավագը 13 տարեկան է, կրտսերը` 4:

աղբալյանՍամվել Աղբալյանը բանակում ծառայելուց հետո 10 տարի Ուկրաինայում է ապրել: Սակայն 80-ականների վերջին, երբ  իրավիճակը լարված էր, հայրենիք է վերադարձել. ծնողները  մենակ էին սահմանի վրա: Այստեղ էլ ընտանիք է կազմել ու այժմ հայրենական տնից հեռանալու որևէ մտադրություն չունի: Դժգոհում է, որ աշխատանք չկա,  արտագնա աշխատանքի մեկնել էլ չի կարող. «Էրեխեքին ո՞նց բրախես գնաս, մեկ էլ ու կրակոցը սկսեց, ո՞նց անեն: Վախում են, գոնե որ կողքին ես, հույս ես տալիս»:

Ութ անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 60 հազար դրամ նպաստով,  ուլերի վաճառքից ստացած եկամտով և հողագործությամբ ստացված բերքով:  Սամվելի կինը` Իրինան, նշում է, որ երեխաները սոված չեն մնում, օրվա հացն ապահովել կարողանում են, սակայն խնդիր է երեխաներին հագուստով ապահովելը (մեր այցելության ժամանակ, երբ բավականին ցուրտ էր անգամ տաք հագուստով,  երեխաները թաց բակում ոտաբոբիկ էին վազվզում): Դժվար է նաև երեխաներին գրքերով ու գրենական պիտույքներով ապահովելը: Չորս  դպրոցականներից երկուսը դեռ տարրական դասարաններում են սովորում և գրքերն անվճար են ստանում: Սակայն երկու ավագների  դասագրքերի համար ստիպված է վճարել:

իրինաԻրինան ասում է` լավ կլիներ, եթե նպաստը մի քիչ ավելի լիներ, որ կարողանային ծայրը ծայրին հասցնել: Իսկ Սամվելն ասում է` եթե աշխատատեղ լիներ…

Խոսելով երեխաների ապագայի մասին` թե նրանց ապագան գյուղում է պատկերացնում,  Սամվելը ասում է. «Եթե սենց շարունակվի` ամեն օր կռիվ, չէ: Եթե խաղաղություն լինի, որ գոնե չեն կրակի` հա: Ես կյանքիս մեծ մասն ապրել եմ, սենց էլ կապրեմ, բայց չէի ուզենա, որ երեխաներս էս կրակոցների տակ մեծանան»:

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

Երբ կրակոցների մասին է խոսք լինում, երրորդդասարանցի Արսինեն սկսում է պատմել, որ կրակոցների ժամանակ մայրիկն  իրենց արագ-արագ տուն է ուղարկում` խորքի սենյակում թաքնվելու. ծնողների կարծիքով դա տան ամենաապահով մասն է:

Բերքաբերում լավ բաներ էլ են կատարվում

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Օրերս Բերքաբերում բացվեց նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցին: Սփյուռքահայ բարերարների` Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների աջակցությամբ եկեղեցի է կառուցվել հին` խորհրդային տարիներին քանդված  եկեղեցու վայրում:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում  Բերքաբերի ազգագրական թանգարանը, որը գործում է արդեն 35 տարի: Գյուղապետի աջակցությամբ վերանորոգվել է շենքի տանիքը և թարմացվել է արտաքին հարդարանքը: Այստեղ պահվում են գյուղի հետ առնչություն ունեցող հնությունները` կահ-կարասի, գործիքներ, ձեռագործ աշխատանքներ և այլն:

«Սահման» ՀԿ-ի աջակցությամբ գյուղում հիմնվում են նաև ջերմոցային տնտեսություններ: Գործող երկուսից բացի, առաջիկայում կհիմնվեն ևս 4-ը:

Գյուղապետի խոսքով` այս տարի գյուղացիները 3 տոննա մեղր են ստացել: Եթե բնակիչներին օգնեն փեթակների ձեռքբերման և մեղրի իրացման հարցում` գյուղում մեղվաբուծությունը մեծ թափ կստանա:

Եվ ամենակարևոր ու դրական լուրը` այս տարի Բերքաբերում 6 երեխա է ծնվել. սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար:

Սպանեց սիրելիին՝ կուսությունը պահպանելու համար

բանտԲացառիկ հարցազրույց երիտասարդ տարիները բանտում անցկացրած աղջկա հետ

 Մարդը ծնվում է ազատ, բայց ծնված պահից ի վեր սկսում է պայքարել հանուն ազատության… Մեր հերոս Մարիաննա Սարգսյանը (անուն-ազգանունը փոխված է իր խնդրանքով,- հեղ.) պայքարել է իր ազատության համար ու թանկ վճարել: Դժվար է դեմ գնալ ցանկությանը, երբ սիրահարված ես, բայց կյանքը, հասարակության մեջ կարծրացած մտածողությունը երբեմն մարդուն դրդում է, այսպես ասած, «ակամա» հանցագործության:

Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Մարիաննան սպանել է սիրած էակին: Դեպքից րոպեներ առաջ զույգը դեռ երազում էր իդեալական ընտանիք ու պետությանը արժանի զավակներ տալու մասին:

25-ամյա նուրբ աղջկան կոփել է բանտում անցկացրած ժամանակը: Նա անազատության մեջ է անցկացրել դատարանի նշանակած գրեթե ամբողջ ժամկետը:

«Անկախ» շաբաթաթերթի զրույցը Մարիաննա Սարգսյանի հետ բավական երկար ստացվեց. նա  խոսեց իր անցյալից, անդրադարձավ իր մեղավորությանն ու մեղադրանքի պատճառներին, անազատության տարիներին և իր ներկա վիճակին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ

Մարիաննան, դպրոցի կարմիր ատեստատը ձեռքին, որոշում է մասնագիտանալ լեզուների գծով: Գործերը տալիս է երևանյան համալսարաններից մեկի անգլերեն-ֆրանսերեն բաժինը:

– Մայրս և հայրս երազում էին, որ ես լավ կրթություն ստանամ: Մաթեմատիկայի մեծ սեր ունեի, բայց քանի որ հասկացա՝ աշխատանք չեմ ունենալու, մտածեցի գնալ լեզուների գծով,- ասում է Մարիաննան:

Աղջկա ծնողների  եկամուտը բավարար չէր. ստիպված էր ինքնուրույն պատրաստվել ընդունելության քննություններին:

– Իմ որոշումը վճռական էր, ու հիշում եմ՝ օր ու գիշեր պարապում էի համալսարան ընդունվելու համար:

Նա լավ է հիշում հենց ուսանողական  առաջին սեպտեմբերի 1-ը: Օրը ոչ միայն հիշարժան էր ուսանողական կյանք մտնելու առումով, այլև` առաջին հայացքից սիրահարվելու…

– Երբ ինձ ասում էին` գոյություն ունի սեր առաջին հայացքից, չէի հավատում: Դե, պարզ է, որ լեզուների գծով գնացող աղջիկներից շատերն իրենց արտաքին տվյալներով ավելի համոզիչ են, չէ՞, լինում, ու տղաները հենց այդ պատճառով են խմբվում համալսարանի առաջ՝ տեսնելու` ֆակուլտետը լի՞քն է գեղեցիկ աղջիկներով: Հենց առաջին օրն ինձ մոտեցավ մի տղա ու սկսեց խոսացնել: Ես որևէ բան չէի խոսում, որովհետև էդ երևույթը ինձ համար շատ խորթ էր, անսովոր:

Տղան սկսում է «հետապնդել» աղջկան, հետևում է՝ տեսնելու ուր է գնում, ում հետ է հանդիպում: Այսինքն՝ անում է այն ամենը, ինչ հատուկ է առաջին հայացքից հրապուրված յուրաքանչյուր հայ երիտասարդին:

– Հիշում եմ՝ շատ երկար վարդեր բերեցին համալսարան իմ անունով, զարմացա: Բացիկում նշված էր. «Ես քեզ սիրում եմ. Արմեն» (տղայի անունը նույնպես փոխված է- հեղ.): Միանգամից հասկացա, որ դա այն տղան էր, որն ինձ հետևում էր, խոսացնում, գալիս-գնում: Նա արդեն հասցրել էր մտերմանալ մեր ֆակուլտետի տղաների հետ ու համակուրսեցիների հավաքույթներից մեկի ժամանակ նկատեցի, որ նա ևս ներկա է: Եկել էր համեստ հանդերձանքով ու շատ լուրջ դեմքով: Ես էլ, բնավորությանս համաձայն, սիրում եմ կատակներ անել, ծիծաղել, անեկդոտներ պատմել: Այդ օրը, կարելի է ասել, իմ ու Արմենի առաջին պաշտոնական հանդիպումն էր:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ

Մարիաննան, խորհրդակցելով ընկերների հետ, հասկանալով ու գիտակցելով, որ ինքը ևս զգացմունք ունի այդ տղայի նկատմամբ, թույլ է տալիս Արմենին անել առաջին քայլերը: Անակնկալներ՝ մեկը մյուսի հետևից:

Մեկ շաբաթ անց նրանք դառնում են ընկեր-ընկերուհի:

– Արմենն ամեն օր պարտաճանաչ գալիս էր ինձ ուղեկցելու՝ տնից համալսարան և համալսարանից տուն: Մենք այդ ընթացքում հասցնում էինք զրուցել, ճանաչել մեկս մյուսին: Բայց մեզ արդեն չէր բավարարում էն ժամանակը, որ անցկացնում էինք միասին, ու հանդիպումները սկսեցին հաճախակիանալ:

Մարիաննան ու Արմենը իրար հետ ընկերություն են անում մոտ մեկուկես տարի ու ծրագրում են միասին կառուցել իրենց ապագան:

Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ է գալիս:

– Դեպքից մի քանի շաբաթ առաջ, Արմենն ինձ հարցնում էր իմ դիրքորոշումը մինչամուսնական կապերի մասին: Երբ իմացավ իմ բացասական վերաբերմունքը, զգացի, որ իմ հանդեպ բացասաբար է տրամադրվել: Մի տեսակ ինքն իր նման չէր: Գնացել էինք ամառանոց: Այդ օրը Արմենը շատ վճռական էր, իր համար սովորական դարձած համբույրներին ուշադրություն անգամ չէր դարձնում, մտքին այլ բան կար: Հետո ականջիս շշնջաց. «Քանի որ մենք միասին ենք, կարող ենք մեզ այլ բաներ էլ թույլ տալ»: Ասածը դուրս չեկավ, ու հակադարձեցի` այսի՞նքն: Ասաց՝ դե կարող է այսօր մեր առաջին ամուսնական գիշերը լինել, ասացի՝ չէ, չի կարող, երբ կամուսնանանք` կլինի: Ու մի քանի րոպե վիճեցինք: Նա ինձ ամուր գրկեց ու խնդրեց. «Այսօր, գոնե մի անգամ»: Բայց իմ պատասխանը վերջնական էր:

Նա չէր էլ կարող պատկերացնել, որ սովորական սիրային խոսակցությունը՝ զուգորդված վեճ ու կռվով, կարող է ողբերգական ավարտ ունենալ:

– Նա ուզում էր բռնաբարել ինձ, կուսազրկեր (Մարիաննան չզսպեց արցունքներն ու լաց եղավ), իսկ ես չէի կարող նման բան թույլ տալ, սեղանին դանակ կար, ասացի՝ չգաս մոտիկ, կսպանեմ, ասաց՝ սպանիր ու մոտ եկավ, ես էլ չհասկացա` ինչպես ստացվեց, դանակով մի քանի հարված հասցրի: Մտածեցի՝ դե մարմնական վնասվածք կլինի, մենք կբաժանվենք, բայց երբեք չէի էլ կարող մտածել, որ դա կլինի մեր վերջին հանդիպումը:

 ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ  

Մարիաննային քրեականի աշխատակիցները ոստիկանին հատուկ առաջին հայացքից ասել են, որ դաժանաբար սպանություն է տեղի ունեցել:

– Դա ծանր ողբերգություն էր: Անգամ նրա թաղմանը չկարողացա մասնակցել, իմ կյանքը վտանգված էր, քանի որ նրա քույրն ու եղբայրը, անկախ ամեն ինչից, սպառնացին վրեժ լուծել: Գործով քննիչը, ծանոթանալով ոստիկանի արձանագրությանը, զարմացել էր: Ասաց՝ քեզ սպառնում ա 15 տարի կամ գուցե ցմահ:

Դատարանը որոշում է խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

– Ասես խելագար լինեի: Ոչինչ չէի հասկանում: Դատապարտված անձի կամ էլ կալանքի մասին միայն ֆիլմեր էի դիտել, որոշ բաների ծանոթացել թերթերից: Դա ինձ համար շատ խորթ միջավայր էր: Ես նստած էի իմ իրավունքների համար: Ես այդպես եմ դա ընկալում: Հիմա ցավ եմ ապրում, որ նա, ում հետ կապել էի ամբողջ կյանքիս գիծը, նա, ով պետք է իմ կյանքի ընկերը լիներ ու զավակներիս հայրը, չկա, չկա ֆիզիկապես, բայց նրա ձայնը, նրա կերպարը անընդհատ ասես հետևում է ինձ: Սկզբնական շրջանում մտածում էի, որ կյանքս կործանվեց ու ես կխելագարվեմ:

Կալանավայրում տեսակցություն թույլատրվում էր, բայց Մարիաննայի սրտով չէր. ինչպե՞ս էր նայելու հարազատ մոր ու հոր աչքերին, ինչպե՞ս էր նայելու Արմենի ծնողների աչքերին:

– Միայն սա կասեմ. շատ բան իրականում չեմ ուզում հիշել ու պատմել, քանի որ վերհիշելով դեպքերը` ծանր ապրումներ եմ ունենում: Մի անգամ ինձ այցի եկավ Արմենի հայրը: Եկավ ու խոսեց, ասես սեփական հայրս լիներ: Ես միայն լսում էի նրան, ոչինչ չէի կարող ասել, նա էլ չգնահատեց արարքս: Միայն հիշում եմ` ասաց. «Աղջիկս, գուցե դու ճիշտ ես վարվել, բայց կարող էիր ոստիկանություն դիմել, ի վերջո, նախքան դեպքն էլի էիք, չէ՞, քննարկել այս թեման, գայիր ինձ ասեիր, ու չէր լինի էս ողբերգությունը: Հասկացիր, այս ողբերգությունը երկկողմանի ա: Մի կողմում մենք ենք, մյուսում` դու: Ուզես թե չուզես` խիղճն ու տառապանքը քեզ ուղեկցելու է ամբողջ կյանքիդ ընթացքում»:

ՄԱՐԻԱՆՆԱՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ   

Արածն ու չարածը Մարիաննան այսօր չի վերլուծում, ուզում է մոռանալ ամեն ինչ, ու նորից սկսել: Չի հաջողվում, քանի որ սիրում էր, ու կատարվածն էլ որակում է ավելի շատ ինքնապաշտպանություն, քան այն, որ ուրիշի կյանքին դիտավորությամբ մահ է պատճառել:

– Հիմա ես ապրում եմ հոգևոր կյանքով, հիմնականում կարդում եմ հոգևոր գրականություն, ու գրեթե նույն մեկուսացված հոգեվիճակում են անցնում օրերս: Հավատացեք, մարդկանց հետ չեմ ցանկանում շփվել: Ընկերուհիներիցս մեկն ասաց` ինչ եղել, եղել է, պետք է առաջ նայես: Չեմ կարողանում, իսկապես չեմ կարողանում: Գուցե ապագայում վերանայեմ կյանքիս արժեքները ու փոխեմ կյանքի նկատմամբ գնահատականները, բայց այսօր, այս պահին դա անել չեմ կարող: Ընդհանրապես ես դարձել եմ տխուր մարդ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ: Երևի նրանից է, որ կյանքում ինձ ամեն ինչ շա՜տ դժվար է տրվել, կյանքն ինձ շատ բան է սովորեցրել:

Մարիաննան հիմա մտածում է նաև երկրից որոշ ժամանակով բացակայելու մասին` պատճառաբանելով, որ Երևանում իր տեղը չի կարողանում գտնել:

 

 

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Լուսանկարը` yerkir.am-ի

Լուսանկարը` yerkir.am-ի

Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

– Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

– Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

-Տիկի’ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

– Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

– Ինչի՞ կարիք ունեք:

– Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

– Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

– Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

– Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

– Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

– Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

– Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

– Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

– Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 Շարունակությունը կարդացեք Yerkir.am-ում

28-ամյա կինը սկսել է տղամարդու վերածվել

cendy   Լոնդոնում բնակվող 28-ամյա Սենդի Արմստրոնգը լրագրողներին պատմել է, որ որոշ ժամանակ հորմոններ օգտագործելու հետևանքով աստիճանաբար սկսել է տղամարդկային հատկություններ ձեռք բերել: «Daily Mail»-ի փոխանցմամբ՝ կնոջ մոտ փոքրիկ առնանդամ է աճել, նա կորցրել է կրծքերը, սկսել է մկանոտվել, մազակալել, մազածածկույթ է առաջացել նույնիսկ դեմքին:

Նման սարսափելի վիճակում հայտնված Արմստրոնգը դադարել է օգտագործել հորմոնային դեղերը, սակայն նա առայժմ չի կարողանում վերականգնել իր նախկին տեսքը: Մի հաբով կանացիությունը կորցրած նախկին բարմեն Սենդիի պատմությունը վավերագրական ֆիլմի թեմա է դարձել:

Բրիտանացիները` այլասերված սեքսի դասընթացների դեմ

o_699497Բրիտանական Թամփինգթոն քաղաքի բնակիչները սարսափահար են եղել, երբ տեղի հասարակական կենտրոնում սեքս խաղալիքների կիրառման, էրոտիկ հիպնոսի դասընթացներ են բացվել: Դրանից առաջ 108-ամյա շինությունն օգտագործվել է բացառապես բոյսքաութների ու բինգոյի սիրահարների հավաքների անցկացման համար:

Տվյալ էրոտիկ դասընթացի տոմսն արժե ընդամենը 16 դոլար: Կազմակերպիչները խոստացել են իրենց հաճախորդներին սովորեցնել “անկողնում ոչ ավանդական շփման” ,տեր ու ծառա խաղերը, ինչպես նաև` կիրառել սադոմազոխիստական հարմարանքներ: Տեղի իշխանությունները ցնցվել են, իմանալով,  թե ովքեր են վարձակալել շենքը:

Քո լեգենդը, մա’յր. քառասուն տարի անց

Դու չկաս արդեն աշխարհում այս մեծ,

Բայց զուր է մահը քեզ ինձնից խլում,

   Մայր, ես կրում եմ քեզ հիմա իմ մեջ,

Ինչպես դու էիր ինձ քո մեջ կրում…

 Մորիս Քարեմ

 New Picture (1)Քառասուն տարի է արդեն, ինչ մայրս` Քնարիկ Վախթանգի Մելիքսեթյանը, որ հպարտությամբ էր կրում հորս ազգանունը, չկա այս մեծ աշխարհում: Իսկ ապրածը բազում հոգսերով ու դառնություներով լի 43 տարիներ էին ընդամենը, նաև համառության, կամքի դռսևորման, ծնողական սիրո ու մայրական հոգածության, նվիրումի օրինակելի տարիներ:

Շատ անգամ եմ հիշել կորստի առիթով հորեղբորս խոսքը մորս մասին. «Նա էլ մի ղուշ էր, որ իջավ մեր օջախին ու թռավ գնաց»:

Բոլորի պես մայրս էլ ուներ իր համոզմունքները: Ընդգծված առաքելությունը, որ մնացել է մերձավորների ու ճանաչողների հուշերում, նվիրումն էր օջախին, աշխատանքին ու ինքնամոռաց ծառայելը շրջապատին:

Մայրս հարգում էր ուսումը, գիրը, գրականությունը: Չգիտես ինչու, որոշել էր, որ ես ինժեներ եմ դառնալու: Սովորաբար չէր երգում (բնատուր շատ շնորհքներ ուներ, բայց այդ մեկը չուներ, կամ էլ գուցե ճակատագիրը երգելու տրամադրություն չէր թողնում), բայց այդ ժամանակ շատ տարածված «Ինժեներ բալա» երգի տողերը հաճախ էր արտասանում: Մորս այս ցանկությունը ես չկատարեցի, բայց ոչ նրա համար, որ դա չէր իմ ճանապարհը, այլ ուզեցի գնալ հենց նրա կիսատ թողած ճանապարհով: Նա ժամանակին ընդունվել էր մանկավարժական ինստիտուտ ու կիսատ թողել ընտանիքի ու նաև առողջական խնդիրների պատճառով:

Մանկավարժության մեջ իմ վարած նաև ունկնդրած ամեն մի դաս մորս տված «դասերն» էր հիշեցնում: Գերիշխում էր համոզման ու նվիրումի մեթոդը:

Հավերժ պարտք մնալով քեզ, մայր, շնորհակալ եմ իմ կյանքն իմաստավորելու, դասեր տալու համար: «Ուրիշի գործ չկա»,- սիրում էիր կրկնել: Հավատա մայր, որ դա ինձ համար ևս համոզմունք է:

Շատ բան տվեց աշխարհին մայրս, վայելքներ գրեթե չտեսավ: Հայրս դեռ կենդանի էր, երբ կիսակառույց մեր գյուղական տանը Վարդավառի առիթով մորթված ուլի  մսին մորաքույրս աղի փոխարեն շաքարավազ էր խառնել, ծիծաղը չէր դադարում: Մորս շատ ուրախ այդ օրն եմ տեսել ու մեկ էլ իմ և քրոջս օրագրերը թերթելիս, նաև ծնողական ժողովների օրերին:

Ինը տարի խնամել է հիվանդ հորս, հետո առանց նրա տասը տարի միայնակ իր հոգնած ուսերին առել մեր հոգսը: Երբ նայում էր հորս լուսանկարին, ու աչքերը սկսում էին թրջվել, մի պատրվակով առանձնանում էր մեզնից:

Հիմա ներողություն եմ ուզում խնդրել մորս, թող լինի ուշացած, թող լինի հիշատակի խոսք ու զղջում, բայց կոկորդս կչորանա, եթե չասեմ: Մորս միշտ ասում էի, որ հորս եմ շատ սիրում: Այդ անիմաստ հարցի իմ հստակ ու նույնքան անիմաստ պատասխանը այսօր էլ ճնշում է հոգիս: Ես կրկնակի եմ շնորհակալ ճարտարապետության դոկտոր, իմ համագյուղացի Գառնիկ Շախկյանին, որ շնողեցիներին նվիրված կենսագրական հանրագիտարանում հայրիկիս հետ նաև մորս  նկարն է ներկայացրել ու նրան, որպես հարգանքի տուրք, պարուրել իր չտեսած թոռնիկներով: Իմ Աղասին այնպես լիաթոք է ասում` «Քնարիկ տատիս արևը», որ ինձ թվում է, ահա դուռը կբացվի և տատ ու թոռ կգրկախառնվեն:

Ինչո՞ւ քեզ չխնայեցիր, մայր, նաև դրա համար: Առավոտյան դաշտ էիր գնում աշխատանքի, երեկոյան գալիս, ուսից գցում խոտի խուրձն ու տարվում ընտանեկան հոգսերով` այգի, բակ, անասուն… Ծխախոտագործ էր մայրս, այգեգործ, խոհարար, մի բառով` հրաշագործ: Ավարտել էր Օձունի գյուղատնտեսական տեխնիկումը, բայց չինովնիկ չէր ու չէր էլ ուզում դառնալ: Նրան նկատում էին, գնահատում: Գյուղական խորհրդի, շրջխորհրդի պատգամավոր էր, օղակավար…

Դեպքից դեպք ասում էր` հոգնել եմ: Ուզում էին օգնել, գյուղխորհրդի նախագահ էր լինելու: Տրտնջում էր, հրաժարվում, բայց համոզել էին կարծես:

Ես չեմ սիրում ոչ մի ընտրություն, քանզի մորիցս հավերժ բաժանումը ընտրական օրվա հետ է կապված: Նախախնամությունը մորս մեզնից խլեց Պարույր Սևակի մահվան օրը: 1971-ի այդ օրը նրա այգում տապալվեց հսկա ծիրանենին, իսկ 1973-ին երկփեղկվեց իմ սիրտը: Ու այդ օրից հոգիս շշնջում, մեկ-մեկ էլ հրաբխի նման ժաթքում է:

…Աստվածային էր օրհնանքը նրա,

Որ զգացել եմ ես ինձ վրա,

Իմ ամեն գործում, իմ ամեն քայլում

Մորս ուղեկից հայացքն է փայլում:

…Դու նախանձ չունեիր մայր ու դրա սաղմն անգամ իմ մեջ չկա, բայց բարի նախանձով եմ նայում նրանց, ովքեր հարազատ գյուղ ու հայրական տուն են գնում` մոր մերած մածունը կտրելու կամ տնական հավի ձվածեղը համտեսելու, կամ էլ  պարզապես բարի լույս ասելու նրան, ով արդեն արժանացել է հարևանների աչքալուսանքին:

Տոն չէր քեզ համար մարտի 8-ը, մայր, կապված հորս կորստյան սև օրվա հետ, իսկ ապրիլի 7-ն այն ժամանակ չէր նշվում: Հիմա թույլ տուր շնորհավորել բոլոր մայրերին ու նաև այդպես փարատել կարոտս…

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

 

ՅՈՀԱՆԵՍ ԲՐԱՄՍ` հանճարեղ և սրամիտ երգահանը

brahmsԲրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր:

Աշխարհահռչակ երգահան Յոհաննես Բրամսը հայտնի է ոչ միայն իր փայլուն ստեղծագործություններով, այլև` սուր հումորով:

Մեծ երգահանը ծնվել է 1833 թ. մայիսի 7-ին Արևմտյան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Գայնգեֆիերթել թաղամասում, երաժիշտ Յոհան Յակոբսի ընտանիքում: Բրամսը զտարյուն գերմանացի չէր. նրա մայրը` Յոհաննա Հենրիքա Քրիստինա Նիսսեն, հոլանդական ծագում ուներ և տիրապետում էր երաժշտական մի շարք գործիքների: Երաժշտության սերը Բրամսին է անցել ծնողներից: Ընդ որում,  նրա մայրն ամբողջ 16 տարով մեծ էր ամուսնուց, բայց դա չի խանգարել, որ Բրամս ամուսինները հաշտ ու համերաշխ ապրեն միասին և լույս աշխարհ բերեն վեց երեխա:

Բրամսի հայրը կաբարեի երաժիշտ էր և հաճախ էր որդուն իր հետ աշխատանքի տանում: Ապագա երգահանը դեռ մանուկ հասակում սկսեց ջութակ նվագել, սակայն շուտով փոխեց մտադրությունն ու հանրահայտ ուսուցիչներ Օտտո Ֆրիդրիխ Վիլլիբարդ Քոսսելի, ապա Էդուարդ Մարքսենի մոտ դաշնամուրի դասեր առավ:

Նա իր առաջին ստեղծագործությունը գրեց դեռ 11 տարեկան հասակում:

Պատանի Բրամսը շատ էր աշխատում. սովորելուն զուգընթաց` օգնում էր հորը` ապրուստի միջոցներ հայթայթելու: Դա շուտով նրան հյուծեց, և բժիշկների խորհրդով մեկնեց ճամփորդության` հանգստանալու և վերականգնելու առողջությունը: Ալպերում հանգստանալիս նա գտնում է իր նոր սերը` գրականությունը, որ հետագա ողջ կյանքի ընթացքում ուղեկցեց նրան: Հանգստավայրում բուժվելուց հետո նրան է մոտենում բժիշկը և հարցնում.

– Դուք գո՞հ եք բուժումից:

– Շնորհակալ եմ, ամեն ինչ տեղում է… Բոլոր հիվանդությունները, որ բերել էի ինձ հետ, տանում եմ հետս…

Առհասարակ, Բրամսը զարգացած անհատականություն էր և քաջատեղյակ էր ժամանակի գրական անցքերին:

Պատանի հասակում Բրամսը, աշխատանքից և երաժշտությունից բացի, մեծ «թուլություն» ուներ` անագե զինվորները, որոնցով նա կարող էր ժամերով խաղալ: Հետագայում` արդեն հասուն տարիքում, աշխարհահռչակ երգահանը  շարունակում էր խաղալ անագե զինվորներով: Մի օր ընկերներից մեկը նրան դիտողություն է անում.

– Մաե՛ստրո, ինչպե՞ս կարելի է այդքան տարվել այդ խաղալիք զինվորներով:

– Դուք ոչինչ չեք հասկանում ո՜չ արվեստից, ո՛չ անագե զինվորներից: Բավական է միայն կառուցեմ իմ հավատարիմ բանակը և հրամայեմ` առաջ, անմիջապես ոգեշնչվում եմ, և երբ իմ զինվորները սկսում են գրոհել, ես գնում եմ դեպի ռոյալ…

1852 թ. Յոհաննես Բրամսը հունգարացի ջութակահար Էդուարդ Ռեմենյիի հետ սկսում է իր առաջին համերգային շրջագայությունը Հունգարիայում: Համերգներից զատ նա ուսումնասիրում է տեղացիների երաժշտական արվեստը: Այս ուղևորությունը շատ գոհարներ պարգևեց Բրամսին, և նա իր ձեռքբերումները հետագայում մշակեց և ներկայացրեց հանրությանը:

Այդ ուղևորության ընթացքում նա ծանոթանում է վիրտուոզ ջութակահար Յոզեֆ Յոախիմի հետ, և այդ ծանոթությունը դառնում է ընկերություն ողջ կյանքի ընթացքում: Հետագայում Յոզեֆ Յոախիմը Բրամսին բնութագրել է. «Նրա նվագը լի է կրակով, մեծագույն էներգիայով և ռիթմիկ ճշգրտությամբ: Նրա ստեղծագործություններն ունեն այնպիսի հետաքրքիր և բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել այս տարիքի երիտասարդ կոմպոզիտորների մոտ»: Բրամսը պարտքի տակ չմնաց և իր շատ ստեղծագործություններ նվիրեց սիրելի ընկերոջը:

Հենց Յոզեֆ Յոախիմին է պարտական Բրամսը Ռոբերտ Շումանի և նրա կնոջ` ոչ պակաս տաղանդավոր երաժիշտ Կլարա Շումանի հետ իր ճակատագրական ծանոթության համար: Երբ ամոթխած Բրամսը երաշխավորական նամակը ձեռքին ոտք է դնում Շումանների բնակարան, հիացնում է երգահանին իր կատարմամբ: Այդ օրը Շումանն իր նոթատետրում գրում է. «Պարոն Բրամսի ժամանումը. հանճար»: Սակայն Շումանը սրանով չսահմանափակվեց և իր հիմնած «Նոր երաժշտական ամսագրում» հոդված գրեց երիտասարդ հանճարի մասին.

«Եկավ ընտրյալը, որին օրորոցում արդեն տրվել էին տաղանդն ու հերոսական ոգին: Նրա անունը Յոհաննես Բրամս է, և նա եկել է Համբուրգից:

Երբ նստում է դաշնամուրի առջև, մեզ տեղափոխում է չնաշխարհիկ վայրեր և մտցնում իր իդեալական աշխարհը: Իր հիանալի նվագի շնորհիվ նա դաշնամուրը վերափոխում է վշտալի և հաղթական նվագախմբի: Նրա մատների տակ սոնատը դառնում է սիմֆոնիա, երգը դառնում է մի ամբողջ պոեմ: Նրա սոնատները և լարային կվարտետներից յուրաքանչյուրը տարբեր են և կարծես ունեն ամբողջովին նոր և ուրիշ հիմք:

Երբ նա իր կախարդական փայտիկն ուղղի նվագախմբի և երգչախմբի կողմը, և նրանք իրենց հզորությամբ կարողանան արտահայտել Բրամսի ամբողջ տաղադը, իդեալական աշխարհի գաղտնիքներից շատերը կհամարվեն բացահատված»:

Շումանի հոդվածը հնարավորություն տվեց Գերմանիայի երաժշտասեր հասարակությանը բացահայտելու Բրամս երաժշտին: Նա անմիջապես համբավավոր դարձավ ողջ Գերմանիայում և Եվրոպայում: Հոդվածին հետևեցին ելույթների և համերգային շրջագայությունների բազում հրավերներ: Մի շքեղ ընդունելության ժամանակ կազմակերպիչները Բրամսին գոհացնելու ակնկալիքով նախապես տվեցին հրավիրյալների ցուցակը և առաջարկեցին ջնջել այն անձանց անունները, որոնց Բրամսը չէր ուզի տեսնել: Հոգոց հանելով Բրամսը ջնջեց իր անունը… Մեկ այլ ընդունելության ժամանակ տանտիրուհին Բրամսին թխվածք է մատուցում, որի վրա նրա մի ստեղծագործության նոտաներն էին: Կտրելով թխվածքը` երգահանը նկատում է.

– Տիկի՜ն, Դուք ինձ ոչ միայն նվագում եք, այլև` թխում…

Շումանի ընտանիքում էլ Բրամսը գտավ իր կյանքի միակ սիրուն` երգահանի կնոջը` Կլարային, որին նվիրված են նրա բազմաթիվ ստեղծագործություններ…

Բրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր: Մի առիթով, երբ Բրամսին հարցրին, թե ինչու օպերա չի գրում, այլայլված պատասխանեց. «Օպերայի և ամուսնության մասին ինձ հետ ոչ մի խոսք…»:

Բրամսը մտերիմ էր Շտրաուս ընտանիքի հետ: Մի անգամ «Վալսերի արքայի» կինը` Յոհաննա Շտրաուսը, երգահանին խնդրեց ընտանեկան ալբոմում գրություն թողնել: Բրամսը չմերժեց և ալբոմում գրեց Շտրաուսի «Սքանչելի, երկնագույն Դանուբի վրա» վալսի առաջին տակտերը, վերջում ավելացնելով. «Ափսոս, հեղինակը ես չեմ»:

Յոհաննես Բրամսը մահկանացուն կնքեց 1897 թ. ապրիլի 3-ին, Վիեննայում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ