Վրաստանի նախագահը և Ադրբեջանի ՊՆ նախարարը մի շարք հարցեր են քննարկել

Վրաստան,ադրբեջանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտներում երկկողմանի հարաբերությունների խորացման օգտին են արտահայտվել:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես՝ էներգատրանսպորտային ենթակառույցներին վերաբերող հարցերին:

Տարածաշրջանի էներգատրանսպորտային ենթակառույցների անվտանգության ապահովման նպատակով քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների պլանավորման ու անցկացման վերաբերյալ հարցեր:

 

 Անկախ

Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել

Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել   Անցյալ գիշեր Վրաստանի Գարդաբանի շրջանում վրացի և ադրբեջանցի երիտասարդների  միջև զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Տեղական կազմակերպություններից մեկի` Միացյալ ազգային շարժման առաջնորդ Ռամին Բայրամովի խոսքով` կազմակերպության չորս ակտիվիստների նկատմամբ հարձակում է իրականացվել: Նախ նրանց վրա հարձակվել են փողոցում, հետո էլ` քաղաքի կենտրոնում գտնվող թեյարանի մոտ: Բայրամովի խոսքով` ակտիվիստները ոստիկանություն են կանչել, սակայն շուտով թեյարանի շուրջ մահակներով զինված հարյուրից ավել մարդիկ են հայտնվել: Նրանց են միացել նաև Միացյալ ազգային շարժման անդամները:

Շուտով շուրջ 200 մարդու մասնակցությամբ զանգվածային ընդհարում է սկսվել: Հարձակումները դադարեցնելու նպատակով իրավապահները ստիպված են եղել օդ կրակել նախազգուշացման համար: Ինչպես շարժման, այնպես էլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ երկու ազգություններ ներկայացնող երիտասարդների միջև ընդհարումը քաղաքական, այլ ոչ թե էթնիկ բնույթ է կրել: Այն կապ ունի մայիսի 15-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:

Ըստ կայքի` Գարդաբանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախումները շարունակվում են:

Մայիսի 29-ին քաղաքում բնակվող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել` պահանջելով պատժել նախօրեին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին: Հավաքվել է մոտ 300 ադրբեջանցի: Տեղեկություններ կան, որ մի քանի ընդհարման փորձ է եղել, և իրադրությունը կրկին թեժանում է:

Քաղաքի կենտրոն է եկել նաև Քվեմո Քարթլիի նահանգապետը` հայտարարելով, թե պատրաստվում է իրադրությունը լիցքաթափելու նպատակով անձամբ բանակցություններ վարել հակամարտող կողմերի հետ:

 

 Անկախ

 

 

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցը Վրաստան

Հասմիկ ՊողոսյանՄայիսի 20-ին երկօրյա այցելությամբ Վրաստանում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարի առանձնազրույցն ու երկու երկրների համապատասխան պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Քննարկվեցին երկու երկրների համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում նախագծային և վերականգնողական աշխատանքերի ընթացքը, ինչպես նաև հստակեցվեցին երկկողմ մշակութային համատեղ միջոցառումների, մասնավորապես՝ կինոյի, թատրոնի, կերպարվեստի, գրականության, բնագավառներին առնչվող ծրագրերը:

Նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վրաստանի ազգային պատկերասրահ, ինչպես նաև թատրոնի, երաժշտության, կինոյի և խորեոգրաֆիայի թանգարան: Վրաստան կատարած այցելության ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը ծաղիկներ դրեց Թբիլիսիի հին թաղամասում գտնվող Սերգեյ Փարաջանովի հուշարձանին:

Մայիսի 21-ին նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանի ուղեկցությամբ, այցելեց Թբիլիսիում գտնվող Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիներ` տեղում ծանոթանալով եկեղեցիների վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունն այցելեց նաև Թբիլիսիի Էթնոգրաֆիկ բացօթյա թանգարան:

Այցի շրջանակներում կայացավ նաև ՀՀ մշակույթի նախարարի հանդիպումը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի ադմինիստրատիվ կազմի հետ:

Վրաստանում ուժի մեջ մտավ սեքսուալ ու մնացած փոքրամասնություններին ճնշելն արգելող օրենքը

Fuel_Station_McDonalds_hqroom_ru_1Փաստաթուղթը կոչվում է «Խտրականության բոլոր տեսակներն արմատախիլ անելու մասին»: Օրենքն ապահովում է պաշտպանություն ռասայական, մաշկի գույնի, լեզվի, սեռական, ծագման, բնակության վայրի, ունեցվածքի, ազգության, էթնիկ կամ էլ սոցիալական պատկանելության, կրոնական ու մյուս հատկանիշներով  հետապնդումներից: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, խտրականության դեպքերի մասին բողոքները կքննարկի ժողովրդական պաշտպանի ապարատը:

Անկախ

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

3Թբիլիսիի գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունները` նախագահների ղեկավարությամբ, քննարկվել է ռազմական ոլորտում այդ երկրների միջև եռակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, այդ մասին տեղեկացրել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

“Մենք ռազմական ոլորտում համագործակցում ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ, բայց դրանք երկկողմ համագործակցություններ են: Այժմ խոսքը եռակողմ համագործակցության անցում կատարելու մասին է”,- նշել է վրացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի է ունեցել “Թբիլիսյան գագաթնաժողով-2014”-ը, որին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային հարցեր:

Անկախ

Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության հեռանկարներն աշխարհաքաղաքական հակադիր (ՄՄ-ԵՄ) դիրքորոշումների պայմաններում

ալիկ Էրոյանց  «Վրաստանի գործող իշխանությունները շարունակում են ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսը և այս ուղղությամբ շարունակում են ակտիվ քայլեր ձեռնարկել: Թեև Վրաստանի ներսում կան բազմաթիվ  խնդիրներ, ներքաղաքական կյանքը շարունակում է անկայուն մնալ, այսուհանդերձ, Վրաստանի`Եվրոպական ինտեգրացման հարցում նախկին և ներկա իշխանությունները համակարծիք են: Իսկ Հայաստանը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, անցյալ տարի սեպտեմբերին հայտարարեց, որ պատրաստվում է անդամակցել Մաքսային Միությանը: Այս գործընթացներն  ավարտին չեն հասցվել, այսինքն` Հայասատանը դեռ չի դարձել ՄՄ անդամ և Վրաստանը դեռևս նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը և դրա վերջնական ստորագրումը նախանշված է հունիսին»,-այս մասին լրագրողներին հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Ըստ վրացագետի`Արևմուտքը շահագրգռված է, որ Վրաստանը որքան հնարավոր  է շուտ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը. սա կապված է նաև ուկրաինական իրարձությունների շուրջ զարգացումների հետ, քանի որ Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, իսկ Վրաստանն ու Մոլդովան բռնել են այդ համաձայնագիրը հնարավորիս շուտ ստորագրելու ուղին:

Խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն  ինտեգրվելու, իսկ Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում Հայստան-Վրաստան հարաբերությունների հնարավոր դասավորվածության վերաբերյալ՝  վրացագետը նշեց. «Իհարկե, նոր իրավիճակ կլինի. լիովին հակադիր համաձայնագրեր ստորագրած` ՄՄ անդամ և Եվրոպական ասոցացման պայմանագիր կնքած Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում  որոշակի հակասություններ կլինեն` հակադիր պայմանագրերի դրույթներով պայմանավորված, օրինակ ապրանքաշրջանառության, առևտրի ոլորտներում, սակայն ընդհանուր առմամբ փաստել, որ   ՀՀ-ի կամ Վրաստանի տնտեսությանը  սա կարող է լուրջ վնաս հասցնել, չենք կարող: Երկկողմ համագործակցությունը, կարծում եմ, կմեղմի հնարավոր խնդիրները»:

Վրացագետը կանխատեսեց, որ հնարավոր է որոշ ապրանքներ թանկանան, որոշները՝ հակառակը:  «Սա կախված է նրանից, թե ինչ դրույթներ կկիրառվեն, ինչ համաձայնությունների կգան երկու երկրները»,-նշեց վրացագետը:

Մեկնաբանելով այսօր Թբիլիսիում «Թբիլիսյան գագաթաժողով-2014»-ի շրջանակներում տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի հարցերի քննարկմանն ուղղված Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը` Էրոյանցը փաստեց. «Գաղտնիք չէ, որ Սահակաշվիլիի նախագահության օրոք այս 3 երկրների միջև համագործակցությունն ընդլայնվեց՝ տնտեսական, էներգետիկ խնդիրների լուծման համատեքստում, քանի որ Վրաստանը դեռևս չի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և այս փուլում, չնայած որոշ տարաձայնություններին, այսպես թե այնպես, Վրաստանը ստիպված է շարունակել որդեգրած բարձր մակարդակի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:

Իլհամ Ալիևը Վրաստանում է

1Ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան։ Աշխատանքային այցի նպատակն է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների՝ Թբիլիսիում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

“Թբիլիսյան գագաթնաժողով- 2014” անվանումն ստացած միջազգային միջոցառումը տեղի է ունենալու Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շենքում։

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում 20-ամյա համագործակցության արդյունքները։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկելու են նաև ընթացիկ և պլանավորված նախագծերը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումներ։

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահները

Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիա, Վրաստան, ԱդրբեջանՄայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում “Թբիլիսյան գագաթաժողով 2014” խորագրով միջազգային համաժողով կանցկացվի: Միջոցառումը կբացեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կընդունի Իլհամ Ալիևեին և Աբդուլլա Գյուլին:

Գագաթաժողովին կքննարկվեն վերջին 20 տարիներին երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկական համագործակցության արդյունքները:

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամները կքննարկեն ընթացիկ ու հետագայի համար նախատեսված նախագծեր: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում են նախագահների եռակողմ և երկկողմ հանդիպումներ:

“Թբիլիսյան գագաթաժողով 2014”-ի անցկացումը պլանավորվել է Գեորգի Մարգվելաշվիլիի` Բաքու և Անկարա կատարած այցերի ընթացքում:

 Անկախ

Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով

3Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Աբդուլլահ Գյուլի և Գեորգի Մարգվելաշվիլիի մասնակցությամբ գագաթնաժողով: Այս մասին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալքալիանին, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

“Գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն վերոնշյալ երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկու երկրները մեզ համար կարևոր են: Մենք ունենք հետաքրքիր Էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ թեմաները կլինեն հանդիպման հիմնական հարցերը”,- նշել է  Զալքալիանին:

Հանդիպումները տեղի կունենան եռակողմ ձևաչափով: Այս ձևաչափով արդեն տեղի է ունեցել արտգործնախարարների երկու և երեք երկրների ղեկավարների մեկ հանդիպում:

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական խնդիր չկա. փորձագետ

Ջոնի Մելիքյան«Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու Հայաստան այցից հետո պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքական խնդիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով փորքագետ Ջոնի Մելիքյանը` նշելով, որ հայերը վիզային ռեժիմի խնդիր չեն ունենալու և կկարողանան հեշտությամբ գնալ Վրաստան:

Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում հարևան երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին: Նախ` նա առանձրացրեց խտրականության դեմ օրենքը, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:  Այդ օրենքին դեմ է դուրս եկել Վրաստանի Ուղղափառ եկեղեցին, որը մեծ կշիռ ունի այդ երկրում. եկեղեցու և պետության միջև կա կնքված սահմանադրական պայմանագիր, որով պետությունը ճանաչում է ուղղափառ եկեղեցու ուրույն դերակատարությունը երկրի ներքին կյանքում:  Ըստ եկեղեցու` այդ օրենքի ընդունումը հարվածելու է ավանդական ընտանիքներին: Սակայն,  Վրաստանի կառավարությունը  կարծես թե գտել է ելքը:  «Նոր Սահմանադրության մեջ մի կետ կմտցվի, որով կհաստատվի, որ ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միջև կարող է լինել»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Վերջին շրջանի հետաքրքրական իրադարձություններից վրացագետն առանձնացրեց ռուս-վրացական հանդիպումը, որը երկու անգամ հետաձգվել էր ուկրաինական դեպքերի պատճառով:

Ջոնի Մելիքյանը խոսեց նաև ապրիլի 14-ին տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հանդիպման մասին, որտեղ հայտարարվեց, որ Վրաստանն ու Մոլդովան կարող են ժամանակին դառնալ Եվրամիության երկրներ: «Այս պահի դրությամբ՝ Վրաստանը պատրաստվում է հունիսին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց  Ջոնի Մելիքյանը:

 

Վրաստանի նախագահը Զատիկի առիթով համաներում է շնորհել 95 բանտարկյալի

Գեորգի Մարգվելաշվիլի   Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ համաներում է շնորհել 95 բանտարկյալի: Նախագահի կարգադրությունը ուղարկվել է քրեակատարողական հիմնարկներ: Համաներում ստացած անձինք ազատ կարձակվեն մինչև երկուշաբթի: Նշենք, որ համաներման հանձնաժողովը նախատեսել էր ազատել 100 բանտարկյալի:

 Անկախ

Վրաստանն ու Թուրքիան կհամագործակցեն արխիվային ոլորտում

արխիվՎրաստանի ազգային արխիվի գլխավոր տնօրեն Թեոնա Իաշվիլին և Թուրքիայի ազգային արխիվի տնօրեն Ուգյուր Ունալը արխիվային բնագավառում համագործակցության հուշագիր են ստորագրել: Միջոցառումը տեղի է ունեցել Թբիլիսիում արխիվային նյութերի ցուցասրահում: Ցուցահանդեսին ներկայացված էին օսմաներեն լեզվով փաստաթղթեր, ինչպես նաև գրավոր նյութեր Թուրքիա- Կովկաս, Վրաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա է գտնվել նաև Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Զեքի Լևենթը: Ստորագրված հուշագիրը նախատեսում է արխիվային նյութերի փոխանակություն, ինչպես նաև արխիվների վերականգման փորձի փոխանակում: Կողմերը նաև պայմանավորվել են անցկացնել մի շարք համատեղ գիտական աշխատանքներ:

 Անկախ

Օբամայի հայտարարությունը Վրաստանում զարմանք է հարուցել

Բարաք ՕբամաԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, մեկնաբանելով Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալու  փորձերը, հայտարարել է, որ Վրաստանը, ինչպես և Ուկրաինան , կանգնած չէ  դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի հայտատարությունը, նշել է, որ Վրաստանը մի օր անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և կշարունակի իր այդ ուղին: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նախագահը ի նկատի չուներ, որ Վրաստանը և Ուկրաինան  դեպի ՆԱՏՕ-ն տանող ճանապարհին չեն: Եվ նախարարը ակնկալում է, որ այս տարի սպասվող ՆԱՏՕ-ի  գագաթաժողովում պատշաճ կերպով կգնահատվի այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցել է վերջին երկու տարիների ընթացքում:

Իսկ խորհրդարանի նախկին ղեկավար  Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով Օբամայի հայտարարությունը, կոչ է արել իր հայրենակիցներին գիտակցել իրականությունը. “Վրաստանը այլընտրանք չունի, և եթե մենք չենք պատրաստվում երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, ապա ո ՞վ է պաշտպանելու մեր երկրի անվտանգությունը”:

Անկախ

Ադրբեջանի ՊՆ նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության փոխնախարարի հետ

Վրաստան,Ադրբեջանի,ՊՆ Մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարա, գեներալ-գնդախետ Զաքիր Հասանովի հանդիպումը Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխեիլ Դարչիաշվիլու հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը, ինչպես նաև Ադրբեջանում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն։

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության, ռազմական կրթության ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության շուրջ հարցեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը ՝ նշելով, որ “Հայստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը տարածաշրջանի կայունության հիմնական սպառնալիքն է, և այն պետք է լուծվի միջազգային օրենքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի շրջանակներում”։

 Անկախ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահները մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում

Ադրբեջան, Վրաստան,Թուրքիա, նախագահներ, Թբ   Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի, Գևորգի Մարգվելաշվիլիի և Աբդուլահ Գյուլի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Ավելի վաղ այս երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումները տեղի են ունեցել էկոնոմիկայի, ապա և արտգործնախարարների մակարդակով, իսկ այժմ որոշում է կայացվել եռակող հանդիպում կազմակերպել նախագահական մակարդակով: Հանդիպման ամսաթիվն ու օրակարգը կորոշվի երեք երկրների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ:

Նշենք, որ այս երկրների միջև եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ Գյանջայում (Գանձակ) հանդիպեցին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները:

Անկախ

Հայ քաղկեդոնական եկեղեցիները` թուրք-վրացական «եղբայրության» սակարկագին

1361253759_avaԹուրքիայում հայոց մշակութային ժառանգությունն իրական տերերից զրկելու հետևողական քաղաքականությունը եղել և մնում է այդ երկրի պետական, քաղաքական և հասարակական ուղեգիծը: Սակայն վերջին շրջանում այդ քաղաքականության մեջ նոր երևույթներ են ի հայտ եկել: Թուրքիան հայկական մշակութային կոթողների միջոցով իր անձնական հարաբերություններն է բարելավում հարևան երկրների, մասնավորապես` եղբայրական Վրաստանի հետ:
Հայ քաղկեդոնական եկեղեցիները հերթով նվիրաբերվում են վրացիներին. իհարկե փոխշահավետ պայմաններով:

Վրաստանի և Թուրքիայի միջև միջպետական համաձայնագիր կա մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ, որի շրջանակներում 2012 թ. թուրքական կառավարությունը 1 մլն լիրա է տրամադրել Տայքի հայ Բագրատունյաց շրջանի ժառանգություն համարվող Իշխան և Օշքի եկեղեցիները վերականգնելու համար: Այդ հայկական եկեղեցիները նույնպես համարվել են վրացական:

Margvelashvili_Erdogan

Այս տարվա հունվարի 21-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու այցելությունները Իշխանի և Օշքի հայկական եկեղեցիներ արդեն իսկ պետական մակարդակով ընդգծեց դրանք վրացականացնելու իրողությունը:
Ավելին, Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ բաց տեքստով հայտարարեց, որ Թուրքիան հիացած է հայոց ցեղասպանության հարցում վրացական դիրքորոշմամբ և հույս հայտնեց, որ այդ դիրքորոշումը կպահպանվի` չխաթարելով երկու երկրների հարաբերությունները: Թերևս երկու հայկական եկեղեցիները վրացիներին նվիրելը նաև այդ դիրքորոշման պատասխանն է, որը թուրքերը ցանկանում են ամեն գնով պահպանել:
Սակայն հայերի հաշվին նման թանկարժեք ընծաներ անելու գործընթացը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով:

levon_hovsepyan_1392116913Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Մարգվելաշվիլու հունվարյան այցը Թուրքիա և նրա այցելությունները այդ եկեղեցիներ համարում է նախորդ գործընթացների նոր, ավելի հրապարակային փուլ: «Սա հին պատմություն է: Թուրքական պետությունն այս ուղեգիծը միշտ պահել է, ինչը վառ դրսևորվեց վրացական նախկին իշխանությունների օրոք, թուրք-վրացական ջերմ հարաբերությունների ներքո, երբ Սահակաշվիլին բավական լայն բացել էր դռները Թուրքիայի առջև: Այդ ժամանակվանից սկսած` նման խնդիրներ աստիճանաբար ի հայտ էին գալիս, և թուրքական կողմը դա փորձում էր օգտագործել մի կողմից վրացիներին սիրաշահելու, մյուս կողմից` զրկելով հայերին այն արժեքներից ու ժառանգությունից, որոնք այսօր Թուրքիայում կան»:

Բացի այդ, թուրքական կողմը նաև Վրաստանում թուրքական մզկիթների վերաբացման, վերանորոգման և կառուցման հետ կապված հավակնություններ ունի, և ըստ որոշ տեղեկությունների` Թուրքիայի ու Վրաստանի կառավարությունների միջև գաղտնի համաձայնություն է եղել, ըստ որի` վրացականացման այս գործընթացին զուգահեռ` թուրքական կողմը պետք է վրացական տարածքում` Ախալցխայում, մզկիթ կառուցի:
«Ջավախքում թուրքական մզկիթի կառուցումը բավական մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար` հաշվի առնելով այն գործընթացը, որը մինչ օրս կարծես թե անորոշությամբ, բայց, այնուամենայնիվ, ընթանում է` թուրք մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախ»,- ասում է թուրքագետը:

Ruben SafrastyanՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի անդամ է և ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ հարցը բարձրացվել է հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սահակյանի կողմից և քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նիստում: Որոշվել է խնդիրն առավել մանրամասն ու համակողմանիորեն ուսումնասիրել հանձնաժողովի մշակութային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում համապատասխան մասնագետների, եկեղեցու, արտգործնախարարության, սփյուռքի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Փաստորեն, մեր հոգևոր և մշակութային արժեքները թուրքերը ոչ միայն իրենք են յուրացնում, այլև որոշում են դրանց հետագա ճակատագիրը: Սա պետք է արժանանա և՛ մեր հասարակության, և՛ պատկան մարմինների հատուկ ուշադրությանը, և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի նախ նման երևույթները դատապարտվեն, ապա բացառվի դրանց կրկնությունը»,- ասում է Սաֆրաստյանը:

Նա ցավով է արձանագրում, որ նմանատիպ երևույթներ Թուրքիայի կողմից բազմիցս են եղել, և հայկական կողմը գրեթե միշտ ուշացել է կամ թերացել համարժեք արձագանքելու հարցում: «Օրինակ` անցյալ տարի Թուրքիայի ակտիվությունը ՄԱԿ-ի գրասենյակների մի մասը Ստամբուլ տեղափոխելու հարցում, և կրկին մենք արձանագրեցինք, որ մեր պատկան մարմինները հետևողական չեն և համապատասխան քայլեր չեն ձեռնարկում»:

oshkvanq

Օշքի եկեղեցի

Գործուն քայլերի անցնելու անհրաժեշտության մասին է խոսում նաև Լևոն Հովսեփյանը: Նա կարծում է, որ բացթողումը մեր կողմից է: «Օրինակ` անհերքելի է, որ այդ երկու եկեղեցիները հայ քաղկեդոնական եկեղեցիներ են, և մենք արդեն իսկ պետք է գիտական մակարդակով դա ամրագրած լինեինք որպես հայկական և ներկայացրած լինեինք միջազգային համապատասխան կառույցներին` ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուսներին, որոնք էլ իրենց հերթին պարտավորություններ կդնեին Թուրքիայի վրա` դրանք վերանորոգելու և պահպանելու որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մաս: Նույնը նաև ողջ Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության առումով»:

oshqvanq-2Թուրքագետը կարծում է, որ այս հարցը պետք է մեր կողմից բարձրացվի և տարվի համակարգված եղանակով գիտական, հասարակական և պետական մակարդակներում: Նա նաև փաստում է, որ Հայաստանը Թուրքիայի վրա ներազդման որևէ լծակ չունի, և հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու միակ հնարավորությունն ու երաշխիքը մնում են միջազգային պարտավորությունները:

Ishkhan-1

Իշխան

Այդ երկու եկեղեցիների հետ կապված` թուրքագետին ամենից շատ զարմացրել է ոչ թե պետական կառույցների կողմից չարձագանքելը, այլև մշակութային հասարակական կազմակերպությունների անտարբերությունը, որոնցից որևէ մեկն այդ հարցի վերաբերյալ չի հայտնել իր դիրքորոշումը և բողոքի ալիք չի բարձրացրել:

 

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը բացում է բոլոր փակագծերը


Նրա խոսքով` սա չափազանց լուրջ խնդիր է և շատ հին նախապատմություն ունի, սակայն այսօր այն ուղղակի ահագնացել է: «Բանն այն է, որ հայ քաղկեդոնական մշակույթի ուղղությամբ հայկական կողմը ոչ միայն այսօր, այլ արդեն մեկուկես դար մատը մատին չի տվել: Մենք ընդհանրապես միշտ աչք ենք փակել և կարծես մեզնից վանել ենք հայ քաղկեդոնական մշակույթը: Եվ այս տևական ծուլությունը, անտարբերությունն ու գործի կարևորությունը չգիտակցելը հասցրել են մի տեղ, որ մենք հիմա էապես բոբիկ վիճակում ենք, ինչը լավագույնս օգտագործել և օգտագործում են մեր հարևանները»,- ասում է նա:

Ի դեպ, վրացիները ոչ միայն Գուգարքի և Տայքի շրջանում գտնվող հայ քաղկեդոնական հուշարձանների նկատմամբ են պահանջատիրություն ներկայացնում, այլև հենց Հայաստանի Հանրապետությում գտնվող եկեղեցիների` այդ հիմքի վրա նաև հողային պահանջներ ներկայացնելով:

Specialist of monuments Samvel Karapetyan guest in Tesaket press club

Սամվել Կարապետյանը նշում է, որ վրացիները, ի տարբերություն մեզ, այդ ուղղությամբ, XIX դարից սկսած, լրջագույն աշխատանքներ են իրականացնում. «Հարյուրավոր գրքեր ու հոդվածներ են հրատարակում, Լոռվա կարոտն են քաշում: Օրինակ` հոդված են հրատարակել մեր Խուճապի վանքի մասին, որը նույնպես հայ քաղկեդոնական եկեղեցի է և գտնվում է Լոռվա մարզում, և գրել են, որ այդ վանքին սատանաներն են տիրապետում: Սատանաներ ասելով էլ մեզ նկատի ունեն»:

Հուշարձանագետը վրացիներին չի մեղադրում, մեղադրում է մեզ: Հիշում է, որ տարիներ առաջ իրեն զանգահարեցին Հուշարձանների պահպանության գործակալությունից: Պարզվեց` այդ ժամանակվա նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, զանգահարել էր ակադեմիայի նախագահին, որ Ֆադեյ Սարգսյանն էր, և հարցրել էր, թե որտեղ է գտնվում Խուճապի վանքը: Ակադեմիայի նախագահն էլ իր հերթին զանգել էր գործակալություն, որտեղ նույնպես հարցի պատասխանը չէին իմացել և զանգել էին Կարապետյանին: «Այսինքն` մենք նույնիսկ հայ քաղկեդոնական եկեղեցիների տեղը չգիտենք,- ասում է Կարապետյանը,- դրա համար էլ ես այսօր լուրջ չեմ համարում Արևմտյան Հայաստանի տարածքի հուշարձանների նկատմամբ վրաց պահանջատիրությանը ինչ-որ դիմադրություն ցույց տալը, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համանման կարգավիճակում գտնվող հուշարձանների նկատմամբ ինքներս այդքան անտարբեր ենք»:

Ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը
Եթե իսկապես այսօր սկսել ենք գիտակցել, որ խնդիրը կարևոր է, որ ոչ միայն մշակութաբանական ու հայագիտական է, այլև քաղաքական, ապա հուշարձանագետը հարցի լուծման մի ճանապարհ է տեսնում` օր առաջ, ժամ առաջ լծվել հայ քաղկեդոնականության պատմության ուսումնասիրման գործին:

Սամվել Կարապետյանն իր կողմից այդ ուղղությամբ աշխատանքներ վաղուց արդեն իրականացնում է, իսկ անցած տարի նաև մի ծավալուն նախագիծ է մշակել ու ներկայացրել մշակույթի նախարարին: Սակայն նախագիծը ո՛չ մեկ հոգու գործ է, ո՛չ էլ մեկ կառույցի: Այն ահռելի աշխատանք պահանջող գործընթաց է, որին պետք է պետական նշանակություն տրվի: «Պետք է ամբողջ ուժով կենտրոնանալ այդ նախագծի վրա: Մասնագիտական ռեսուրսների պահանջ չկա, մեր գրասենյակում կան մասնագետներ, որոնք կարող են դա իրականացնել, սակայն նախագիծը նաև մի քանի լուրջ գիտարշավներ է ենթադրում, չենք կարող գրասենյակային պայմաններում կույրի պես նստած դա անել, երբ հակառակ կողմը, XIX դարի վերջերից սկսած, տասնյակ գիտարշավներ է իրականացրել»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Պետք է թարգմանել և ուսումնասիրել նաև օտարալեզու, մասնավորապես` այդ ուղղությամբ վրացիների վիթխարի գրականությունը և այլն:

Ցավոք, այդ նախագծի ճակատագիրն էլ այսօր անորոշ է, չնայած մշակույթի նախարարն անձամբ է կարևորել դա և իր մեծ ոգևորությունը հայտնել հուշարձանագետին:
Եվ մինչ մենք ոգևորվում ու մնում ենք ոգևորության սահմաններում, մեր հարևանները գործնական քայլերով հետևողականորեն յուրացնում են հայ քաղկեդոնական հարուստ ժառանգությունը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

 

Վրաստանի քաղաքացի Հովհաննեսը Ռոստովի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության ծառայողները Դավթաշեն թաղամասից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1983 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որը 2011 թ. հուլիսի 29-ից ՌԴ Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Անկախ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը հետաձգվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ավարտը դեռևս տեսանելի չէ: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել երկաթգծի շինարարության համակարգող խորհդի հերթական 18-րդ նիստը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի մասնակցությամբ: Մամեդովը հայտարարել է, որ երկաթգծով փորձնական գնացքը Թուրքիայի սահման կհասնի միայն այս տարվա ավարտին, իսկ երկաթուղուն լիարաժեք շահագործման մասին հնարավոր կլինի խոսել միայն 2015թ. երկրորդ կեսին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

 

Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են երկաթուղու՝ Մարաբդա-Կարցախի հատվածում շինարարության ընթացքը և այլ հարցեր: Զիա Մամեդովի խոսքով՝ շինարարական աշխատանքները Թուրքիայի տարածքում ընթանում են արագացված տեմպերով: Հիմնական խնդիրները կապված են վրաց-թուրքական սահմանին 400 մետրանոց թունելի կառուցման հետ: Սակայն այստեղ էլ աշխատանքները արագացել են:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նպատակը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթգծերը միմյանց կապելն է և ոչ միայն երեք, այլև Եվրոպա-Կովկաս-Ասիայի միջանցքով բոլոր երկրների տրանսպորտային և տնտեսական կապերը ամրապնդելը:

 

Երկաթուղու շինարարական աշխատանքերը Թուրքիայի և Վրաստանի տարածքում ընթանում են սկսկած 2007թ.-ից: Նախատեսված  է, որ այդ երկաթուղով տարեկան բեռնափոխադրումները կկազմի 25 մլն տոննա:

 

Երկաթուղու երկարությունը Ախալքալաքից մինչև Կարս կազմում է 98 կմ: Դրանից 30 կմ-ը բաժին է ընկնում Վրաստանին, մնացածը՝ Թուրքիային: Նախագծի շրջանակներում նախատեսված է վերանորոգել նաև Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի որոշ տարածքներ:

Անկախ

Վրաստանի նախագահը վաղը կայցելի Հայաստան

Գեորգի ՄարգվելաշվիլիՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում նա կհանդիպի երկրի ղեկավարության, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին 2-րդի հետ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին երկկողմ հանդիպումից հետո լրագրողների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Անկախ

ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական սահմանի բացմանը. Ահմեդ Դավութօղլու

unnamedԱդրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո կայացած մամլո ասուլիս ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Դավութօղլուն նշել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քան դեռ «օկուպացված են ադրբեջանական տարածքները»:

Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի բացմանը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ հանդիպման ավարտին երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ամփոփիչ հուշագիր են ստորագրել: Այնուհետև արտգործնախարարները մասնակցել են Գյանջայում Վրանստանի հյուպատոսության բացման արարողությանը:

 

Անկախ