Պիլինգ. մաշկի բարելավման ժամանակակից միջոց

sCp9hQoWVDYcrOB2ks1sY7EUIHՉոր, թոշնած, գունատ կամ էլ յուղոտ մաշկ: Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ…
Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի բիոլոգիական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի մեռած բջիջները, կորյակները, մաքրվում ու նեղանում են ծակոտիները, բարելավվում է դեմքի գույնը, բարձրանում մաշկի տոնուսը:
«Պիլինգի ծառայությունը մեծ պահանջարկ է ստանում, հատկապես, ամռանը, քանի որ մաշկն ավելի շատ է աղտոտվում ու փոշոտվում»,-ասում է կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը:
Ըստ ազդեցության միջոցների, մասնագետները պիլինգը բաժանում են 3 մասի.
1. մեխանիկական-(ձեռքերի միջոցով և տարբեր հղկանյութերով` սկրաբ, քսուքներ, գելեր, ընկույզի մանրացված կեղև, ծովային աղ, ավազ, շաքարեղեգ և այլն)
2. սարքի միջոցով (ուլտրաձայնային և լազերային պիլինգ)
3. քիմիական:

Պիլինգը տարբերակում են նաև ըստ ազդեցության աստիճանի. մակերեսային, միջին և խորը: Կոսմետոլոգն է որոշում, թե տվյալ մաշկին, որն է անհրաժեշտ:

«Երիտասարդ մաշկին բավական է մակերեսային պիլինգը, -ասում է Բեկնազարյանը, – Միջին և խորը պիլինգն իրականացնում են մաշկի տարիքային փոփոխությունների, խորը կնճիռների, սպիների, մաշկի չորության և պիգմենտացիայի դեպքում»:

khimicheskijj-pilingԿոսմետոլոգն ասում է, որ խորը պիլինգն, ի տարբերություն մակերեսայինի, ավելի ժամանակատար է և մաշկի ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Երիտասարդ մաշկի դեպքում այն ցանկալի չէ, եթե իհարկե, լուրջ պատճառներ չկան: Օրինակ, Շվեյցարիայի լեռնային, բարձրադիր գոտիներից մեկում կա կլինիկա, որտեղ խորը պիլինգի միջոցով մաշկն ամբողջությամբ փոխում են: Այդ վայրը հատուկ է ընտրված, որպեսզի մաշկի վերականգնման շրջանում, որն այդ դեպքում մոտ 1-2 ամիս է տևում, մթնոլորտը լինի անթերի, և ինֆեկցիա չանցնի:

Մեխանիկական պիլինգ.
Պիլինգի ամենագործածական ձևն է: Այն ամեն տարիքում էլ թույլատրվում է և կարելի է կիրառել նաև տնային պայմաններում:
Բժիշկ-կոսմետոլոգները վստահեցնում են, որ մեխանիկական պիլինգն առանց ցավի է, և բացառվում է ինֆեկցիան: Տնային պայմաններում մեխանիկական պիլինգ կատարելու համար Բեկնազարյանը խորհուրդ է տալիս.

«Դեմքը մաքրեք, թրջեք, ապա սկրաբով մոտ 10-15 րոպե մերսեք պիլինգի համար նախատեսված խոզանակով` ընթացքում մաշկն անընդհատ թրջելով, վերջում սառը ջրով շփեք: Այդ պրոցեսը ոչ միայն մաքրում ու բարելավում է մաշկը, այլև բարձրացնում է դեմքի մկանային տոնուսը: Պրոցեդուրան միանգամայն անվնաս է և կարելի է շաբաթական մեկ անգամ կատարել»:

Մասնագետներն ասում են, որ պիլինգի էֆեկտիվությունն առաջին պրոցեդուրայից էլ ակնհայտ է, սակայն ավելի ամբողջական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է որոշակի պարբերականություն` կախված մաշկի պրոբլեմներից ու առանձնահատկություններից:

lazernyyi_piling_kozhiՈւլտրաձայնային և լազերային.
Իրականցվում է պիլինգ սարքի միջոցով: Այն համարվում է մաշկի բարելավման «ամենաագրեսիվ» միջոցներից մեկը, սակայն կոսմետոլոգները վստահեցնում են, որ դրա միջոցով կարելի է հասնել տպավորիչ արդյունքների:
«Այն վերացնում է մեռած բջիջները, սպիները, բարելավում արյան շրջանառությունը,-ասում է Բեկնազարյանը,-արդյունքը կարելի է տեսնել 7-ից 10 օր հետո: Սակայն լազերային պիլինգի միակ թերությունն այն է, որ լազերն աշխատում է միայն մաշկի ամենավերին շերտում և չի հեռացնում խորը կնճիռներն ու պիգմենտացիաները: Լազերային պիլինգն արգելվում է, եթե մաշկի վրա կան բորբոքային մասեր կամ առկա են մաշկի թարախային հիվանդություններ: Այն արգելվում է նաև շաքարային դիաբետի, էպիլեպսիայի և մի շարք այլ հիվանդությունների դեպքերում»:

Քիմիական պիլինգ.
ոչ վիրահատական միջամտությամբ երիտասարդացման ամենատարածված մեթոդներից մեկն է, բացի այդ` ամենաէֆեկտիվը:
Քիմիական պիլինգն ավելի շատ է ներթափանցում մաշկի խորքերը և ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Մաշկի մեռած բջիջները մաքրվում են տարբեր քիմիական թթուների` առավել հաճախ` օրգանական թթուների միջոցով: Քիմիական պիլինգն իրականացնում են միմիայն կոսմետոլոգիական սրահներում:
«Դրա շնորհիվ բուժվում են կորյակներն ու ցանը, պիգմենտային բծերը, փոքր սպիները, որոնք մնում են ջրծաղիկի ու կորյակների բուժումից հետո, հարթվում են կնճիռները, վերականգնվում է մաշկի առաձգականությունը, նեղանում են ծակոտիները, նվազում է մաշկի յուղոտությունը,-թվարկում է կոսմետոլոգը,- քիմիական պիլինգը, սակայն, կարող է ալերգիա առաջացնել, ուստի պրոցեդուրայից առաջ ձեռքի մաշկի վրա կատարում են փորձնական պրոցեդուրա: Սակայն հաճախ, դա ևս խաբուսիկ է լինում. ձեռքի մաշկն ընդունում է, իսկ դեմքի մաշկը` ոչ»:
Այդ դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս դեմքը շտապ լվանալ սոդայաջրով, որպեսզի փոխազդեցությունը չհասցնի ներթափանցել մաշկի խորքերը:

yy8QFjMaJi6voWX3dfp3iqIEfaՄարմնի պիլինգ
մարմնի էսթետիկ խնդիրների լուծման հիանալի տարբերակ է` առանց վիրահատական միջամտության: Այն ոչ միայն լուծում է մաշկի խնդիրները, այլև թեթևություն ու թարմություն է հաղորդում մարմնին, բարձրացնում տրամադրությունը: Հայաստանում այնքան էլ տարածված չէ, սակայն Եվրոպայում ու Ամերիկայում վաղուց է մտել կանանց կենսակերպի մեջ:
«Պիլինգի համար ինձ դիմում են ամեն տարիքի կանայք, անգամ իրենց երեխաներին են բերում,-ասում է Բեկնազարյանը,-Չի կարելի վախենալ պիլինգից, այն կարելի է կիրառել` սկսած 10 տարեկանից: Պարզապես մասնագետը պետք է լինի փորձառու և բարեխիղճ, հաշվի առնի մաշկի առանձնահատկությունները, սեզոնը, տարիքը և այլ հանգամանքներ` նախքան պիլինգի տեսակն ու ազդեցությունը որոշելը: Օրինակ, ամռանը քիմիական պիլինգ խորհուրդ չի տրվում անել, քանի որ արևի ճառագայթները փոխազդեցության մեջ կարող են մտնել քիմիական նյութի հետ և բորբոքում առաջացնել: Ձմռանը ևս ցանկալի չէ, քանի որ մաշկի վերականգնման շրջանում պետք է դեմքը չսառեցնել»:

Բարդություններից խուսափելու և պիլինգի արդյունավետությունը մեծացնելու համար մասնագետները նախազգուշացնում են` անհրաժեշտ է պիլինգից հետո լրջորեն խնամել մաշկը: Օրինակ, պիլինգի պրոցեդուրայից հետո արգելվում է արևահարվել, քանի որ մաշկի խորը շերտերը բաց են, խոցելի և ի վիճակի չեն ինքնուրույն դիմակայելու արտաքին գործոնների ազդեցությանը: Մաշկի վերականգնողական փուլում խորհուրդ չի տրվում ակտիվ ֆիզիկական աշխատանք ու լարվածություն ունենալ, քանի որ քրտնարտարդությունը կարող է դանդաղեցնել մաշկի վերականգնումը:

nԻնչպես ցանկացած թերապիա, պիլինգը ևս ունի հակացուցումներ:
«Պիլինգը խորհուրդ չի տրվում զգայուն մաշկ ունեցողներին, -զգուշացնում է կոսմետոլոգը, – շատ կոսմետոլոգներ դա հաշվի չեն առնում, սակայն ամենամակերեսային պիլինգի դեպքում էլ պրոցեդուրան կարող է հակառակ էֆեկտ ունենալ, իսկ հղիության, կրծքով կերակրելու, հերպեսի սուր վիճակի և ջերմության դեպքում այն պարզապես արգելվում է»:
Կախված պիլինգի տեսակից ու ազդեցության աստիճանից` կան մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում ևս պիլինգը հակացուցված է, ուստի, Բեկնազարյանը խորհուրդ է տալիս նախքան մաշկը բարեփոխելու վերաբերյալ որոշում կայացնելը, ճշտել` արդյո՞ք ձեր օրգանիզմը պատրաստ է ընդունել պիլինգի այդ տեսակն ու աստիճանը:

 

Անկախ

Մաշկը ոչ թե թանկարժեք կոսմետիկայի, այլ վիտամինների կարիք ունի

загруженноеՎիտամինների  պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա:

Որպեսզի հասկանանք, թե գեղեցիկ ու առողջ տեսք ունենալու համար ինչ վիտամիններ են անհրաժեշտ մեր օրգանիզմին, կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը  թվարկում է մի քանի ախտանշաններ:

«Մաշկի վրա կորյակային ցանը, կարմիր բծերը B և A վիտամինների խմբերի պակասի հետևանք են, մաշկի հաճախակի բորբոքումները վկայում են B2, B3, B6 վիտամինների անբավարարության մասին, թեփն առաջանում է B վիտամինների խմբի և սելենի (քիմիական տարր) պակասից, շուտ թափվող, թույլ, կոտրատվող մազերն ու եղունգները B վիտամինների խմբի և C վիտամինի անբավարարության հետևանք են, իսկ չոր, ճաքճքած, թեփոտ մաշկը կարող է A վիտամինի պակասից լինել»:

Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս վիտամինների պակասն առաջին հերթին լրացնել ճիշտ սննդակարգով և ապա` մաշկը սնուցել կոսմետիկ կամ բնական դիմակներով, քանի որ շատ հաճախ մաշկի ու մազերի խնդիրներն առաջանում են ներքին օրգանների  խաթարված աշխատանքից:

Մաշկի առողջ ու գեղեցիկ տեսքն ապահովող վիտամիններն են.

загруженное (1)Վիտամին  C

Ամենակարևոր վիտամիններից է, որի անբավարարությունն առաջին հերթին ազդում է օրգանիզմի դիմադրողականության վրա: Այն շատ կարևոր է նաև ճիշտ նյութափոխանակության  համար: Ըստ մասնագետների` C վիտամինի պակասն օրգանիզմում կարող է պիգմենտացիա առաջացնել: Այս վիտամինը նաև բարձրացնում է աշխատունակությունը, թարմացնում  ողջ  օրգանիզմը: Կարևոր է իմանալ, որ C վիտամինն արագ օքսիդանում է, ուստի այն մրգերն ու բանջարեղենը, որոնք  պարունակում են այն, պետք է հնարավորինս թարմ վիճակում օգտագործել: Ըստ կոսմետոլոգի` կանանց  անհրաժեշտ է օրական այս վիտամինից ընդունել առնվազն 55-85 մգ: Շատ գիտնականներ էլ կարծում են, որ դրա օրական քանակն օրգանիզմում պետք է կազմի 200-500 մգ:

C վիտամինի քանակը մրգերում և բանջարեղենում (100գ չափաբաժնում) կազմում է. չորացրած մասուր-1200 մգ, թարմ մասուր-400 մգ, կարմիր պղպեղ-250 մգ, կարտոֆիլ-200 մգ, կանաչ պղպեղ-150 մգ, մաղադանոս-150 մգ, սամիթ-100 մգ, ծաղկակաղամբ-70 մգ, նարինջ-60 մգ, կաղամբ-50 մգ, լոլիկ-35 մգ, կարմիր հաղարջ-25 մգ, բալ-15 մգ, խնձոր-13 մգ, սոխ-10 մգ, բազուկ-10 մգ, սալոր-10 մգ, վարունգ-10 մգ, սխտոր-10 մգ, ծիրան-10 մգ, գազար-10 մգ:

vitamin-a-skin-care-benefitsՎիտամին A

Պարունակում է կենդանական ծագումով սնունդը. ձկան յուղ, կարագ, պանիր, կաթնաշոռ, ձվի դեղնուց, լյարդ, երիկամ: Բույսերի մեջ A պրովիտամինն է` կարոտինը, որն օրգանիզմում վերափոխվում է նույն վիտամին A-ի: Կարոտին պարունակող բույսերն են գազարը, սոխը, դդումը, սեխը, մասուրը, ծիրանը, կարմիր պղպեղը և այլն:

Կոսմետոլոգը բուսակերներին կամ դիետա պահողներին զգուշացնում է. «Ճարպերից, կենդանական յուղից հրաժարվելու դեպքում մաշկը չորանում է, թեփոտվում, կորցնում նրբությունը, ծածկվում եղջերաթաղանթով, մազերը կորցնում են փայլը, թուլանում են»:

Չոր մաշկի և մազերի դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել երկու ճաշի գդալ ձկան յուղ կամ 100 գ լյարդ, 300 գ գազար և 100 գ ծիրանաչիր:

загруженное (2)Վիտամին B

«Մաշկի թարմությունն ապահովող ամենաանհրաժեշտ վիտամիններից է: Շատ կարևոր է ճիշտ նյութափոխանակության համար, որն էլ մաշկի երիտասարդ և առողջ տեսքի գրավականն է»,-ասում է կոսմետոլոգը: Առավել արդյունավետ է, եթե այս վիտամինն ընդունում ես օրական 60-100 մգ: B վիտամինի աղբյուր են արևածաղկի սերմը, բուսական յուղը` հատկապես եգիպտացորենինը, ցորենի ածիկի յուղը, նուշը և այլն:

B խմբի վիտամիններ.

Վիտամին B 1

Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, աղեստամոքսային տրակտը, որոնք անմիջականորեն ազդում են մաշկի ու մազերի վրա: «Եթե մազերը ժամանակից շուտ թափվում են, մաշկը ծերանում է կամ նյարդերը գերլարված են, ապա ձեր սննդի մեջ մտցրեք անհրաժեշտ քանակությամբ B 1 վիտամին»,- խորհուրդ է տալիս կոսմետոլոգը: B 1վիտամին պարունակում են կաթը, աշորայի հացը, ոլոռը, լոբին, հնդկացորենը, լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը:

Վիտամին B 2

«Առանց այս վիտամինի խոսք լինել չի կարող գեղեցիկ ու առողջ մաշկի մասին»,- ասում է Արևիկ Բեկնազարյանը,- այն տեսողության համար շատ կարևոր վիտամին է: Եթե, օրինակ,  մթնշաղին կամ վառ լույսի տակ սկսում եք վատ տեսնել, կկոցում եք աչքերը, ինչն էլ դրանց շուրջ կնճիռներ է առաջացնում»:

Եթե աչքերը սկսել են վատ տեսնել, բերանի անկյուններում առաջացել են փոքրիկ ճեղքեր, դեմքին հայտնվել է կորյակային ցան, նշանակում է` ձեր օրգանիզմում B վիտամինի պակաս կա: Այս վիտամինի պահանջն օրգանիզմում օրական կազմում է 2-3 մգ: B վիտամինով հարուստ է կաթնամթերքը` հատկապես կեֆիրը, ինչպես նաև հավի, տավարի միսը, ձուկը, ոլոռը, կանաչ սոխը, սամիթը:

Վիտամին  B 3

Այս վիտամինի անբավարարության դեպքում մազերը շուտ են ճերմակում: Այն գտնվում է բոլոր բուսական և կենդանական հյուսվածքներում:  B 3 վիտամին  պարունակում են տավարի լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը և այլն:

Վիտամին B 9

Այս վիտամինով հարուստ են սպանախը, ձմերուկը, խնձորը, կաղամբը, գազարը, տավարի լյարդը, կաթը, կաթնաշոռը և այլն: Այս վիտամինի բավարար քանակն անհրաժեշտ է ինչպես օրգանիզմի բոլոր օրգանների նորմալ գործունեության, այնպես էլ մաշկի համար: B 9 վիտամինի անբավարարությունն , առաջին հերթին, ազդում է մազերի աճի վրա:

 

Անկախ

Ամազոնուհիներ. աշխարհի ամենախորհրդավոր կանայք

2468690«Ամազոնուհի» բառը հին հունարենից թարգմանած նշանակում է անստինք կին: Ըստ հին հունական առասպելի՝ ամազոնուհիները միակուրծք կանանցից կազմված ցեղ էր, որն աչքի էր ընկնում իր ռազմատենչությամբ։ Կա վարկած, որ ամազոնուհինները բնակվել են Սև ծովի արևելյան կամ հյուսիսային ափամերձ շրջաններում, Կովկասում կամ Կասպից ծովի մոտ: 1928 թվականին Սև ծովի ափին իշխանի գերեզման գտան. այն զրահապատ էր՝ վրան դրված նետ ու աղեղ և կացին: Ավելի մեծ էր գիտնականների զարմանքը, երբ պարզեցին, որ զինվորը կին է եղել…

Ենթադրվում է, որ նրանք հրաշալի նետաձիգ էին, վարժ կռվում էին կացնով:

Ամազոնուհիների մասին հիշատակումներ կան դեռևս Հոմերոսի կողմից: Ամազոնուհիների հովանավոր Աստվածուհին համարվել է Արտեմիսը:

Ըստ հին ավանդապատումների` ամազոնուհիները կտրում էին իրենց աջ կուրծքը` աղեղից ու նետից ավելի հեշտ օգտվելու համար: Չնայած դրան, որևէ նկարի կամ ճարտարապետական կոթողի մեջ պատկերված չէ առանց կրծքի ամազոնուհի:

gallery_1_37_13466Նրանք վարժ ու քաջ հեծյալներ էին: Տարեկան մի անգամ ամազոնուհիները կապ էին հաստատում տղամարդկանց հետ` սերունդ ունենալու նպատակով: Տղա ծնվելու դեպքում սպանում էին կամ տալիս հորը, իսկ աղջկան պահում, վարժեցնում զինվորական գործին:

Լեգենդար ամազոնուհիները հավանաբար եղել են սովորական կանայք, որոնց կենսակերպն էլ նրանց տղամարդկային և ուժեղ է դարձրել: Ընդհանուր ռամամբ ամազոնուհիներին գերբնական ծագում չի վերագրվել: Լեգենդները  նրանց մասին տեղեկություն են հայտնում  որպես լիարժեք իրական ցեղի:

Պատմությունը վկայում է, որ ամազոնուհիներն իսկապես գոյություն են ունեցել: Ճիշտ է, միշտ չէ, որ նրանք եղել են  նետ ու աղեղավորներ կամ էլ կտրել են աջ կուրծքը. մարդկության հիշողությունը չի պահպանել անուններ, ուստի ավանդաբար, մարտնչող կանանց համայնքը, որոնք ապրում էին առանձին, առանց տղամարդկանց, անվանուն են ամազոնուհիներ:

103306867_1361787477_3Սովարաբար դրանք եղել են ոչ մեծ խմբեր՝ հազվադեպ ցեղախմբի չափի հասնող, որի ի հայտ գալու համար երկու պայման է եղել. տղամարդկանց անհետացումը և կանանց՝ տղամարդկային պարտականություններ իրենց վրա վերցնելու պատրաստակամությունը:

Երբ տարբեր ցեղախմբեր հարձակվում էին մեկը մյուսի վրա, հաղթողն առաջին հերթին ոչնչացնում էր հակառակորդ տղամարդկանց: Կանայք, մնալով երեխաների հետ անպաշտպան, կա՛մ մահանում էին, կա՛մ միավորվում այլ ցեղախմբի հետ, երրորդ տարբերակը ամազոնուհի դառնալն էր, որը նշանակում էր վերցնել տղամարդկանց զենքերը և ինքնուրույն պաշտպանվել: Նահանջի տեղ չկար, և դրա համար էլ նրանք այդքան փայլուն մարտիկներ էին::

Բայց ինչ էլ որ լեգենդն ասի, ամազոնուհիների կյանքը չի սահմանափակվել միայն մարտով. նրանք պետք է սնվեին, դաստիարակեին երեխաներին, կազմակերպեին կենցաղը:

da2847232f26b3ecee58525d9c49cc0cԻնքնաբերաբար ի հայտ է եկել պարտականությունների բաժանման սխեմա: Աղջիկներին սովորեցնում էին ռազմարվեստ: Ավելի մեծ աղջիկները ներառվում էին գործող բանակում և սննդի ջոկատներում: Հաունանալով՝ նրանք ծնունդ էին տալիս, իսկ որոշ ժամանակ անց սկսում կռվել: Որոշ ժամանակ հետո անցնում էին սպասարկող անձնակազմ: Իհարկե, այս փուլերից յուրաքանչյուրում ամեն ամազոնուհի կարող էր զոհվել: Քառասնամյա ամազոնուհին համարվում էր խոր ծեր՝ չնայած որ հազմադեպ  կարող էր որևէ մեկը հասնել այդ տարիքի:

Կանանց այս ցեղի կառուցվածքը, կենսակերպը, սննդի աղբյուրները, տղամարդկանց հետ շփման ձևը՝ այս ամենը մեծ հաշվով կախված է եղել միջավայրից:

Պատահական չէ, որ ավելի հաճախ հանդիպում են տափաստաններում ապրող ամազոնուհիների մասին լեգենդներ:

Գրեթե բոլոր տափաստանային ամազոնուհիները հետևել են իրենց նախնիների ավանդույթներին: Նրանք ձիեր են բուծել, քնել թեթև վրաններում, սովորեցրել իրենց դուստրերին ապրել ծանր պայմաններում, հարևանների հետ ռազմական բախումներից չխուսափել, սակայն ինքնակամ ոչ ոքի վրա չհարձակվել:

Amazonki-2Ֆիզիկական ուժը, տոկունությունը, ռազմարվեստը նրանց մեջ ամենաբարձրն է գնահատվել: Դրա համար էլ թագուհուն ընտրել են ծիսական մրցույթների հաղթողներից: Այդ մրցույթների մեջ մտել են նետաձգությունը, ձիավարությունը, մենամարտը:

Պլուտարքոսը գրել է, որ ամազոնուհիները կրել են կարճ, մինչև ծնկները հասնող զգեստ, բաղեղի տերև հիշեցնող վահան և սաղավարտ բռնել:

Երեխայի ծնունդը նրանց համար ցեղը բազմացնելու միջոց էր: Իրենց նախնիների նման, նրանք էլ առևանգում էին իրենց զուգընկերոջը հակառակորդ ցեղախմբերից և նրանց «գործնական նպատակով» օգտագործում:

8955a65b02532fbdfa37517dd9ed1effՏարբերությունն այն է, որ հարսնացուների փոխարեն փեսացուներ էին առևանգվում, սակայն ոչ ընտանիք կազմելու նպատակով, այլ կարճաժամկետ բեղմնավորման նպատակով: Կա նաև վարկած, որ այդ գործընթացից հետո գերիներին սառնասրտորեն սպանում էին՝ նրանց հանդեպ չզգալով ո՛չ սեր, ո՛չ ատելություն:

Ամազոնուհիների ողջ կյանքը՝ և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակներում, ղեկավարվում էր բանակի կողմից: Այն մեծ չէր, կազմում էր ցեղախմբի մոտ մեկ քառորդը, ուստի զինվորների վրա չափազանց մեծ պարտականություններ էին դրված. նրանք պարտավոր էին մշտապես սնունդ հայթայթել, պաշտպանել ցեղախումբը թշնամիներից, լինել մարտունակ և իհարկե, շարունակել սերունդը:

загруженноеՍակայն աստիճանաբար կույս-մարտիկները սկսում էին օգտագործել վեճերի լուծման խաղաղ եղանակներ: Գարնանը նրանք հարևան ցեղախմբերից ընտրված  տղամարդկանց հետ մեկ ամսով անցնում էին զեչոք գոտի, իսկ սահմանված ժամկետից հետո երջանիկ հայրերին էին տալիս նորածին տղաներին՝ աղջիկներին թողնելով իրենց: Հայտնի է, որ ամազոնուհիների թագուհի Ֆալեստրան գնացել է Ալեքսանդր Մակեդոնացու մոտ և ասել. «Ես այստեղ եմ հասել, որ քեզ որդի պարգևեմ, իսկ եթե աղջիկ ծնվի, վերցնեմ ինձ, որովհետև կանանց մեջ չկա ինձանից ավելի ուժեղն ու համարձակը , իսկ տղամարդկանց մեջ՝ քեզանից ավելի փառահեղը»:

 

Անկախ

Մարինե Ասատրյան. «Ամեն մի կին պետք է կանոնավոր պարապի ֆիզկուլտուրայով, մարզվի, նաև զբաղվի սպորտով»

սպորտ-կին (1)Հայաստանում շարունակվում է կանանց նվիրված միամսյա տոնը: Ինչպես մեր երկրի տարբեր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ակտիվ դերակատարություն ունեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Զրուցեցինք դոցենտ Մարինե Ասատրյանի հետ: Նա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական խորհրդի և ռեկտորատի պատասխանատու քարտուղարն է, գլխավորում է ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնը, հեղինակ է մի շարք գիտական ուսումնասիրությունների, հոդվածների, ուսումնական ձեռնարկների, որոնք հիմնականում նվիրված են մարզումների ընթացքում օրգանիզմում կատարվող կենսաքիմիական փոփոխություններին:

– Երբվանի՞ց եք սկսել սպորտով զբաղվել:
– Դպրոցում սովորելու, հետո էլ բուհում ուսանելու տարիներից. վոլեյբոլի կանոնավոր մարզումների եմ հաճախել: Բարձրակարգ մարզուհի դառնալ չհաջողվեց, բայց խաղացել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականում: Հայրս` Ռոլանդ Ասատրյանը, 1974-1981 թթ. աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ: Տարիներ ի վեր մարզիկների, սպորտի ոլորտի մարդկանց կողքին եմ:

– Դժվա՞ր է նրանց հետ ընդհանրություններ գտնելը, հաղորդակցվելը:
– Ինձ համար այդպիսի պատնեշ չի եղել, քանի որ շփվելու առիթներ շատ եմ ունեցել և ծանոթ եմ եղել առանձնահատկություններին: Կան մարզաձևեր, որոնց ներկայացուցիչները տարբերվում են: Պարզապես անհրաժեշտ է համապատասխան մոտեցում դրսևորել: Նկատի ունեմ բռնցքամարտի, կարատեի և մի շարք մենապայքարային այլ մարզաձևերի ներկայացուցիչներին, որոնք առանձնանում են, մի փոքր ավելի դյուրաբորբոք են, բռնկուն:

– Սպորտը մարզվողներից շատ ժամանակ է խլում` պարապմունքներ, ուսումնամարզական հավաքներ, մրցումների մասնակցություն և այլն: Դա խանգարո՞ւմ է, մտավոր զարգացումը հետին պլա՞ն է մղում: Հնարավո՞ր է, որ սպորտին նվիրված մարդը համակողմանի զարգանա:
– Մարդու ներդաշնակ զարգացմանն ավելի շատ կարող է օգնել ֆիզկուլտուրան: Անգամ այն ամենը, ինչ անում է մեր մարզիկների մեծ մասը, չի կարող հետ պահել մարդուն ընդհանուր զարգացած լինելուց, ազդել առողջության վրա: Միայն մեծ սպորտը գուցե որոշ բացասական հետևանքներ ունենա: Շարունակական, ծանրաբեռնված մարզումները փոփոխություններ են առաջացնում մարդու օրգանիզմում, նաև հանգեցնում կենսաքիմիական շեղումների: Ընդ որում, դրանք նպաստում են, որ մարզիկները բարձր, նաև գերմարդկային արդյունքների հասնեն: Ինչ խոսք, հնարավոր է, որ նաև առողջական խնդիրներ առաջանան: Սակայն մտավոր զարգացման առումով խանգարող որևէ բան չկա: Պարզապես մարզիկները, իրենց սպորտին նվիրելով, ակամա հետ են մնում կյանքի շատ բաներից:

– Հնարավո՞ր է ուժեղ մարզիկ լինել ու նաև խելացի:
– Անհատականություններ եղել են և կան: Օրինակ` մեր առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանն այդպիսին էր: Նրա հետ անձամբ ծանոթ եմ եղել, շփվել և միշտ հիացել, զարմացել եմ, թե այդ վառ անհատականությունն ինչ բազմակողմանի գիտելիքներ ունի: Ներկայումս առանձնանում են մեր որոշ առաջատար շախմատիստներ: Այդուհանդերձ, չի կարելի անվերապահորեն ասել, թե շախմատը նպաստում է այդ մարզաձևով զբաղվողների մտավոր զարգացմանը, ինտելեկտուալ աճին: Մեր բուհում նաև շախմատիստներ են սովորում, և նրանք իրենց զարգացման մակարդակով էականորեն չեն տարբերվում մյուս մարզաձևերով զբաղվողներից:

– Ֆիզկուլտուրան և սպորտը կանանց կյանքում ի՞նչ դեր ունեն:
– Ֆիզկուլտուրան շատ օգտակար է: Սպորտով զբաղվելն էլ դրական է: Սակայն կան մարզաձևեր, որոնք, իմ կարծիքով, կանանց համար չեն: Նկատի ունեմ ծանրամարտը, բռնցքամարտը, մենապայքարի մի շարք մարզաձևեր: Խրախուսելի է, որ հայուհիներից ոմանք իրենց կարողությունները փորձում են, հաջողությունների են հասնում նաև այդ մարզաձևերում: Ընդ որում, մարզուհիներին հաջողվում է պահպանել գեղեցկությունը, նրանք նաև ամուսնանում են, մայր դառնում: Այդուհանդերձ գերադասելի է, որ այդ մարզաձևերով միայն տղամարդիկ զբաղվեն: Մեծ սպորտն էլ կանանց կյանքում դրական ազդեցություն չի կարող թողնել: Կյանքը ցույց է տալիս, որ սպորտը խլում է ժամանակը, իսկ դա շատ դեպքերում խանգարում է, որ կինը կին մնա, ունենա ընտանիք, երեխա, առտնին հոգսեր և այլն:

– Մեր մարզուհիներից ովքե՞ր են, հիացրել ձեզ:
– Սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը, հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը: Նրանք սպորտում համաշխարհային փառքի են հասել, հարստացրել Հայաստանի մարզական տարեգրությունը: Ուշագրավն այն է, որ երկուսն էլ հայկական ծագում չունեն: Խորհրդային ժամանակներում, չգիտես ինչու, հայուհիների մեծ մասը խուսափում էր սպորտով զբաղվելուց: Իսկ այժմ համաշխարհային փառքի են հասել մեր ծանրորդուհիները:

– Նրանք ակնառու հաջողությունների են հասել, բայց Հայաստանում ներկայումս ծանրամարտով զբաղվող կանանց թիվը մեծ չէ: Ի դեպ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մայր դառնալուց հետո կրկին մրցահարթակ է վերադարձել: Փաստը խոսուն է և վկայում է, որ անգամ այդ դժվարին մարզաձևով զբաղվելը կանանց համար խնդիր չէ:
– Այնուամենայնիվ, հայկական մենթալիտետի համար դա տիպական չէ: Սամբոյի, ձյուդոյի խմբերում, երբ մարզուհիների եմ հանդիպում, մտածում եմ, որ այդ մարզաձևերը նրանց համար չեն: Ամեն մի կին պետք է կանոնավոր պարապի ֆիզկուլտուրայով, մարզվի, նաև զբաղվի սպորտով: Պարտադիր չէ, որ նա դառնա աշխարհի չեմպիոն, դա կարող է օգնել ամբողջ կյանքում: Ինչ վերաբերում է Խուրշուդյանին, փորձը ցույց է տալիս, որ եթե մայր դառնալուց հետո մարզուհիները վերադառնում են մեծ սպորտ, ավելի մեծ հավանականություն կա, որ նրանք կրկին կարող են հաջողությունների հասնել: Բանն այն է, որ առանց սպորտի նրանք այլ կյանք չունեն: Ընդհանրապես մարզիկները կարգուկանոնը սիրող, կազմակերպված մարդիկ են: Եվ մարզուհիներին էլ դա օգնում է, որ ոչ միայն սպորտում, այլև կյանքում իմանան, թե ինչ են ցանկանում, ինչպես հասնեն դրան: Խուրշուդյանն էլ, մեծ սպորտ վերադառնալով, քաջ գիտակցում է, թե ինչ է իրեն պետք:

– Սպորտային բժշկության գիտելիքներն ինչո՞վ կարող են օգտակար լինել:
– Նախ` Հայաստանի բոլոր հավաքական թիմերը պետք է ունենան սպորտային բժիշկներ: Մեր բուհում սպորտային բժշկություն է դասավանդվում և այն ամենահետաքրքիր առարկաներից է: Ընդ որում, դասավանդում են Հայաստանի ճանաչված մասնագետները, մեծ մասը գիտությունների դոկտորներ, թեկնածուներ են, պրոֆեսորներ: Շատ կարևոր է, որ դասավանդողները ոչ միայն բժիշկ լինեն, այլև սպորտին մոտ մարդիկ: Եվ ապագա մանկավարժները` ֆիզկուլտուրայի մասնագետները, նաև մարզիչները պետք է տեղյակ լինեն սպորտային բժշկության առանձնահատկություններին: Ի դեպ, երբեմն մեր մասնագետների օգնությանն են դիմում նախկինում տղամարդկանց թիմերի հետ երկար ժամանակ աշխատած, սակայն այժմ մարզուհիների հետ պարապող մարզիչները: Բանն այն է, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր են և մի շարք նրբություններ կան` կապված մարզումները կազմակերպելու, բեռնվածության հետ:

սպորտ-կին (2)– Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում դասավանդող մասնագետների թվում տղամարդի՞կ են շատ, թե՞ կանայք:
– Տղամարդիկ գերակշռում են, բայց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը այն եզակի ղեկավարներից է, որոնք գեղեցիկ սեռի մասնագետների կարծիքը հաշվի են առնում, նրանց մեծ տեղ են հատկացնում: Բուհում դեկաններից մեկը և ամբիոնի վարիչներից հինգը կին են: Ընդամենը 18 ամբիոն ունենք:

– Դժվա՞ր չէ սպորտում կին մնալը, կանանց յուրահատուկ գրավչությունը պահպանելը:
– Դժվար է: Մեր ամբիոնում ուսուցանվում են նաև առողջ ապրելակերպը, ճիշտ սնվելու առանձնահատկությունները: Ընդ որում, այդ ամենի իմացությունը կարող է օգտակար լինել ոչ միայն կանանց:

– Այժմ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար պահքի շրջան է: Մարզիկները պե՞տք է որոշակի ռեժիմ պահպանեն:
– Պահքի ժամանակ միայն սնվելու խնդիր չէ, պետք է հոգով դրան պատրաստ լինել: Մարզիկ-մարզուհիների մեծ մասը նախապաշարումներ ունի, մրցումների ժամանակ էլ հույսը ոչ միայն իր ուժերի վրա է դնում, այլև սպասում է, որ Աստված օգնի: Մարզիկն ինքը պետք է որոշի` պատրա՞ստ է պահքի, թե՞ ոչ: Ընդհանրապես սպորտով զբաղվելը չի խանգարում նաև սննդամթերքի սահմանափակումներին: Այնուամենայնիվ, որոշ սպիտակուցներ միայն մսամթերքում կան, և առանց դրանց ընդունման` մարզիկը չի կարող լիարժեք պարապել, մրցումների հաջողությամբ մասնակցել:

Ճանաչված կանայք, որոնք ինչ որ ժամանակ տղամարդ են եղել

Իսկական տրանսսեքսուալները տառապում են այն պատճառով, որ ուրիշ մարմնի մեջ են ապրում…

Հոգեբանների ու հոգեբույժների բուժումն էլ օգուտ չի տալիս: Միակ տարբերակը հոգեկան ու ֆիզիկական հակասության վերացումն է վիրաբուժական միջամտությամբ: Իհարկե, բոլոր տառապյալները չեն, որ այդ քայլին են դիմում. շատերը շարունակում են  ապրել այդպես`  սեփական եսի հետ մշտական հակասության  մեջ:

Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կայացրել են դժվարին որոշումը,  արդյունքից գոհ են: Նման դեպքերը քիչ չեն:

էյփրիլ էշլիՍեռափոխված  ամենահայտնի հայտնին` Էյփրիլ Էշլին է: Նա ծնվել է արական սեռական օրգանով, դաստիարակվել   որպես Ջորջ Ջեյմսոն անունով տղա, սակայն հոգեկան բնութագրերով  աղջիկ էր, այսինքն` տրանսսեքսուալ:Նա   տառապում էր  դրանից ու 1960-ին վիրահատության ենթարկվեց` արական սեռի  տեսանելի դրսևորումներից ազատվելու համար: Դա սեռափոխության նպատակով արված վիրահատություն չէր, այլ ձերբազատում  սեռային «ավելորդությունից»: Դրանից հետո, սակայն, օրենքով նա  էլի տղամարդ էր համարվում:

1970-ին Էյփրիլ Էշլիի  ամուսնությունն Արթուր Կորբեթի հետ չեղյալ համարվեց  այն պատճառով, որ կենսաբանորեն Էշլին երբեք նրա կինը չի եղել, քանի որ նա իրականում տղամարդ էր ու տղամարդը չէր կարող ինչ-որ մեկի կինը լինել: Դատավորը հայտարարել է.«Կենսաբանորեն նա տղամարդ է համարվում ու տղամարդ եղել է ծննդյան օրից»:

Էշլիի համար դատարանի որոշումն  անձնական աղետ էր, ողբերգություն: Չնայած նա կայացել էր որպես մոդել, դերասանուհի, բարձրաշխարհիկ տիկին, այնուամենայնիվ, ծանր տարավ  դատարանի որոշումն ու  իր ընտրության հանդեպ հասարակության անհանդուրժողականությունը: Դա չխանգարեց նրան դառնալու դերասանուհի, մոդել: Հակառակ որոշ բժիշկների պնդման, որ տրանսսեքսուալները կարճ կյանք ունեն, Էյփրիլն այսօր 76 տարեկան է:

Սեռափոխության վիրահատություն աշխարհում առաջին անգամ կատարել է  դանիացի Լիլի լիլիԷլբեն: Մինչ վիրահատությունը նրա անունը Էյնար Վեգեներ էր: Նա և կինը` Գերդեն, նկարիչներ էին: Գերդեին բնորդելու ժամանակ Էյնարը  հասկացավ, որ իրեն դուր է գալիս կանացի հագուստը: Ու տեսքից էլ նա շատ նուրբ էր: Նա կանացի հագուստ էր կրում Կոպենհագենում պարահանդեսների ժամանակ ու հանդես գալիս Լիլի Էլբե անունով, իսկ Փարիզ տեղափոխվելուց հետո կանացի հագուստից գրեթե չէր հրաժարվում ու հավատացնում էր, որ իր մարմինը կանացի ուրվագծեր է ստանում: Նույնիսկ երբ տղամարդու հագուստ էր հագնում, նրան տղամարդու հանդերձով կնոջ տեղ էին դնում:

Բժշկական թեստերը ցույց տվեցին, որ Վեգեների օրգանիզմում կանացի հորմոնները գերազանցում են նորմը: 1927-ին նա որոշեց, որ եթե  մեկ տարում իրեն չհաջողվի բժշկական օգնություն  ստանալ, ապա ինքնասպանություն կգործի: Ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ նա հանդիպեց կանանց կլինիկայի բժիշկ Վերներ Կրոյցին, որը, ուսումնասիրելով Վեգեներին, հաստատեց, որ իրոք  նրա մոտ ձվարաններ են ձևավորվում, ու առաջարկեց հեռացնել արական տեսանելի  օրգանները ու երիտասարդ առողջ կնոջ ձվարան փոխպատվաստել: Առաջին վիրահատությունից հետո (1930-ին Գերմանիայում այն ժամանակների համար փորձարարական վիրահատություն կատարեցին`  հեռացնելով  արական օրգանները) նրա ձայնը  տենորից վերածվեց սոպրանոյի: Անգամ ձեռագիրն արտահայտիչ  կանացի դարձավ, իսկ մի քանի ամիս անց նրան ձվարաններ պատվաստեցին: Էլբեին սեռը հաստատող  նոր անձնագիր տվեցին, իսկ երրորդ վիրահատությունն արդեն կերպարանափոխման դժվարին ճանապարհին վերջինն էր, որից հետո Լիլին Գերդայի հետ վերադարձավ Կոպենհագեն, իսկ հոկտեմբերին փոխադարձ համաձայնությամբ նրանք ամուսնալուծվեցին: Գերդան ամուսնացավ իրենց ընդհանուր ծանոթներից մեկի հետ, իսկ Լիլին կապ ուներ ֆրանսիացի հին ծանոթներից մեկի հետ: Դրանից հետո նա մեկ անգամ ևս վերադարձավ Դրեզդեն` վիրահատության, որը նրան թույլ կտար երեխա ունենալ, սակայն այս վիրահատությունն անհաջող էր: Նա մահացավ հետվիրահատական բարդություններից: 1931-ին լուրեր էին շրջանառվում, թե մահը ևս նա է սարքել, որպեսզի հանգիստ կարողանա կյանքը վայելել նոր կերպարանքով:

կոչինելԿոչինելը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է` զատիկ) Ֆրանսիայի առաջին տրանսաստղն էր: 50-ականների վերջին նա ելույթ էր ունենում հայտնի «Կարուսել» գիշերային ակումբում: Երեք անգամ ամուսնացել է, պայքարել տրանսսեքսուալների իրավունքների համար, իր կերպարանափոխման մասին գիրք է գրել ու նկարահանվել ֆիլմում:

Անժելա Մորլին ծնվել է 1924-ին որպես Ուելլի Սքոթ: 70-ականներին նա փոխեց սեռը և դարձավ հաջողակ կոմպոզիտոր ու դիրիժոր: Հեռուստահաղորդումների համար գրած իր  երաժշտության համար 3 «Էմմիի» է արժանացել:

Ամանդա լիրԱմանդա Լիրը` հայտնի երգչուհին ու Սալվադոր Դալիի մուսան, թաքցնում է իր տղամարդկային անցյալը: Դա բացահայտվել է Դալիի կենսագիր  Գիբսոնի փնտրտուքների արդյունքում: Նա գտել է մարդկանց, որոնք Ամանդային դեռևս հիշում էին գիշերային ակումբի պարող  Ալան Տեպ անունով: Դալին հիանում էր Ամանդայով, որն իր համար  կատարյալ հերմոֆրոդիտի մարմնացում էր:

Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

Բացի խոհանոցից, կանայք այլ ոլորտներ էլ լավ կղեկավարեն

ԳՐԱՖԻԿԱՕրերս հին բարեկամուհիներիցս մի օրիորդի` բուհերից մեկի կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Շուշանիկ Ա.-ին առաջիկա տոների կապակցությամբ բարեմաղթանքներ ուղղեցի. «Առաջիկա տոներդ շնորհավոր, Շուշանիկ ջան, ուսմանդ մեջ հաջողություններ, իսկ հետագա ծրագրերիդ` կատարում. մի օր վարչապետ դառնաս ու երկրի տնտեսությունը նորմալ կառավարես»:

Շուշանիկն էլ, քաղաքավարությունից ելնելով, շնորհակալություն հայտնեց, բայց նաև չմոռացավ ավելացնել. «Մեր երկրի նորագույն պատմության մեջ քանի՞ կին վարչապետ ես տեսել, որ ես էլ հնարավորություն ունենամ վարչապետ դառնալու: Երկրի կառավարումը, բարձրագույն իշխանության համակարգը տղամարդկանց մոնոպոլիան է: Իսկ կանանց թողել եք տնային գործերը կառավարելու սրբազան պարտականությունը»:

Չօգնեց անգամ իմ այն փաստարկը, թե կին նախարարներ, պատգամավորներ էլ ունենք: Շուշանիկի մեկնաբանությամբ` մի երկու պաշտոն ձևի համար տղամարդկանց իշխանության կողմից ուղղակի թողնվել է կանանց:
«Չե՞ս հավատում, շուրջդ նայիր, ուսումնասիրիր, թե երկրի բարձրագույն իշխանությունների կազմում քանի կին կա, ու ինչպիսի համամասնությամբ են ներկայացված իշխանության տարբեր ճյուղերում»,- խորհուրդ տվեց բարեկամուհիս:

Հայաստանում հստակ արտահայտված «հայրիշխանություն» է

Հետաքրքիր «առաջադրանք» էր, որոշեցինք հաշվել: Իրավիճակը, մեղմ ասած, Շուշանիկի «կողմից էր» ու ստացվեց հետևյալ պատկերը:
Երկրի գործադիր մարմնում` կառավարությունում, 18 նախարարներից ու 1 կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից միայն 2-ն են կին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այսինքն` տոկոսային հարաբերակցության առումով կառավարության կազմում կանայք կազմում են նախարարների 10.5 տոկոսը:
Փոխնախարարների շրջանում համատարած հայրիշխանություն է: 62 փոխնախարարներից միայն 7-ն են կին` աշխատանքի ու սոցիալական հարցերի 2 փոխնախարարները, էկոնոմիկայի, ԿԳՆ-ի, մշակույթի, քաղաքաշինության և ֆինանսների 1-ական փոխնախարարները: Այսինքն` փոխնախարարների մեջ կանայք կազմում են 12.3 տոկոս: Կառավարությանն առընթեր 8 մարմիններից վարչություններից ու ծառայություններից և ոչ մեկը կին չի ղեկավարում: Նույնիսկ դրանց ղեկավարների տեղակալների մեջ էլ, ըստ կայքերում հրապարակված տեղեկատվության, կանայք բացակայում են:10 մարզերն ու մայրաքաղաքն էլ են 100 տոկոսով տղամարդիկ ղեկավարում: Ինչ վերաբերում է տեղակալներին, ապա Երևանի քաղաքապետի 4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ, ՀՀ 25 փոխմարզպետներից էլ ընդամենը 2-ը կամ 8 տոկոսն են կանայք` Արմավիրի ու Արագածոտնի 1-ական փոխմարզպետները:

Ինչ վերաբերում է երկրի օրենսդիր իշխանությանը` Ազգային ժողովին, ապա այստեղ մի քանի տարի առաջ, ինչպես հիշում ենք, հայ օրենսդիրները գնացին կանանց թվաքանակի քվոտավորման ճանապարհով: Այսինքն` պատգամավորների որոշակի տոկոսը պետք է լինեն կանայք: Նայենք ներկա ԱԺ-ին:131 պատգամավորներից միայն 12-ը կամ 9.16 տոկոսն են կանայք: Մասնավորապես` ՀՀԿ խմբակցության 70 պատգամավորներից կանայք 8 հոգի են և կազմում են խմբակցության մոտ 11.43 տոկոսը, ԲՀԿ 36 պատգամավորներից 2-ն են կանայք և կազմում են խմբակցության մոտ 5.5 տոկոսը, ՕԵԿ 6 պատգամավորներից միայն 1-ն է կին, ինչի արդյունքում խմբակցութան մոտ 17 տոկոսն է կազմում իգական սեռի ներկայությունը, ՀՅԴ-ի 5 պատգամավորներից և ոչ մեկը կին չէ, «Ժառանգությունում» էլ Զարուհի Փոստանջյանի հեռանալուց հետո կանայք բացակա են: Խումբ-խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավորներն էլ տղամարդիկ են: ԱԺ կին պատգամավորներից 1-ը` ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, փոխխոսնակ է, 1 կին խմբակցության ղեկավար է` Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), մեկ կին էլ խմբակցության քարտուղար է` Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):
Եթե անուններով նշենք, ԱԺ կին պատգամավորներն են` ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մարինե Մարաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանն ու Կարինե Պողոսյանը: ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը և ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Միայն անուններին նայելով` արդեն իսկ պարզ է, որ ԱԺ կին պատգամավորները հիմնականում ակտիվ են, մշտապես մամուլի ու հասարակության ուշադրության գոտում են, շատ դեպքերում ԱԺ իրենց գործընկերներից շատ ավելի ակտիվ են ու արդյունավետ են աշխատում:

Դատական իշխանություններում էլ գրեթե նույն պատկերն է. սահմանադրական դատարանի 9 անդամներից միայն 1-ն է կին, արդարադատության խորհրդի 11 անդամներից միայն 2-ն են կանայք, իսկ դատարանների նախագահների խորհրդի 23 անդամներից և ոչ մեկը կին չէ: Այսինքն` իշխանության այս ճյուղում ևս հայրիշխանություն է. ոլորտի բարձրագույն կառավարման օղակներում 43 հոգուց ընդամենը 3-ն են կանայք:

Այսպիսով ստացվում է, որ հանրապետության իշխանության 3 ճյուղերի ղեկավար օղակներում 303 բարձրաստիճան պաշտոնյաներից ընդամենը 26-ն են կանայք:

(այստեղ պետք է լինի գրաֆիկը)

Նայելով համաշխարհային պատմությանը` տեսնում ենք, որ հռչակավոր կին առաջնորդների օրինակներ, թեկուզ քիչ, բայց կան: Օրինակ` Ժաննա Դ’Արկը, Մարգարետ Թետչերը, Ինդիրա Գանդին և այլք: Ներկայումս էլ կան երկրներ, որոնց ղեկավարները կանայք են: Օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ աշխարհաքաղաքական գործընթացներում բավական ազդեցիկ գործիչ է, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբգաուսկայտեն, որ նույնպես բավականին հանրաճանաչ ղեկավար ու ակտիվ գործիչ է, և այլն:

Իսկ Հայաստանում ղեկավար պաշտոններում կանանց քիչ հայտնվելը հոգեբաններն ու սոցիոլոգները, ինչպես նաև բազմաթիվ ուսումնասիրողներ ու վերլուծաբաններ ազգային մենթալիտետի հետ են կապում: Հայերիս մոտ ավանդաբար ձևավորված մոտեցում է` կինը պետք է տան հոգսը հոգա, իսկ տղամարդը աշխատի, կռվի, ղեկավարի տունը, երկիրը և այլն:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կանայք հատկապես իրենց հեռատեսության, արագ կողմնորոշվելու շնորհիվ (որը կենսահոգեբանների պնդմամբ` մայրական բնազդ է) ինքնադրսևորվում են որպես բավական հաջողված ղեկավարներ: Բազմաթիվ հաջողակ կին գործարարներ կան մեր կողքին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Բայց քաղաքականության մեջ կանայք իրենց ուղին դեռ չեն հարթել: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ տղամարդիկ քաղաքական կուսակցությունները, իշխանական պոստերը վերածում են տղամարդկային ակումբների ու ամեն ինչ անում են, որ կանայք այդ ակումբներ հնարավորինս քիչ մուտք գործեն: Սա առաջին հերթին պայմանավորված է տղամարդկանց` կանանց հետ մրցակցությունից վախենալով, քանի որ կանայք, լինելով ավելի գրավիչ, ավելի կոռեկտ, միշտ էլ ավելի լավ այլընտրանք են եղել տղամարդ թեկնածուների համար: Ուստի տղամարդիկ ամեն ինչ անում են, որ կանայք քիչ հայտնվեն քաղաքական գործընթացներում: Տղամարդ քաղաքական գործիչները մեխանիկորեն փոքրացնում են իրենց մրցակիցների զուտ ֆիզիկական թվաքանակը:

Ամեն դեպքում, բացի որոշ հաջողված ու խոստումնալից օրինակներից, հայաստանյան քաղաքական գործընթացներում, վարչական բարձր պաշտոններում կանայք դեռ շատ փոքր թիվ են կազմում:

Սա իր օբյեկտիվ պատճառն էլ ունի. նույն մենթալիտետից ելնելով, ինչպես նաև տնային բազմաթիվ հոգսերով ծանրաբեռնված լինելով, կանայք ավելի քիչ ժամանակ ու ցանկություն են ունենում քաղաքականությամբ զբաղվելու, հետևաբար, նաև ավելի դժվար են վեր բարձրանում քաղաքական կարիերայի սանդուղքով: Տարբեր կուսակցությունների ու քաղաքական միությունների ներկայացուցիչների հետ մեր ունեցած զրույցներից դատելով էլ կարելի է ասել, որ քաղաքականապես պատրաստված ու շատ ակտիվ կանայք շատ չեն` միայն անհատներ են: Արդյունքում ունենք վերոհիշյալ պատկերը:

Ինչևիցե, շնորհավոր բոլոր կանանց, աղջիկների, մայրերի ու քույրերի միամսյակը, ու թող ղեկավար պաշտոններում նշանակվել-չնշանակվելու հարցերն այլևս պայմանավորված չլինեն քնքուշ սեռի հետ մրցակցելուց վախենալու հանգամանքով:

Մարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը

կինՄարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը: Նախաձեռնությունը Կանանց ռեսուրսային կենտրոնինն է:

ՀՀ-ում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության ներկայիս իրավիճակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առանջորդության կենտրոնի արտաքին և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրան Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի կանանց միամսյակի շրջանակներում ավելի շատ պետք է բարձրաձայնել կանանաց իրավունքների մասին:

«Չեն կարող միանշանակ ասել, որ Հայաստանում մենք այսօր ունենք համապետական կանանց շարժում, սակայն կան բազմաթիվ շարժումներ, միավորումներ, որոնք զբաղվում են կանանաց իրավունքներով, նրանց նկատմամբ բռնությունների դեպքրի բացահայտմամբ և դրանց դեմ պայքարով: Կանանց 94 %-ն աշխարհում գենդերային անհավասարության զոհ է, ահա թե ինչու  ամբողջ աշխարհում հենց կանայք են պայքարում իրենց իրավունքների համար»,- ասաց Սիրան Հովհաննիսյանը:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանի խոսքով` ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ կան գենդերային կարծրատիպեր, որոնք անդրադառնում են կանանց և տղամարդկանց հարաբերությունների վրա: Շատ կարծրատիպեր կան նաև սեռադերային փոխհարաբերություններում:

«Հայաստանում ամենատարածվածը ընտանեկան բռնություններն են, որոնք հիմնականում մնում են փակ դռների հետևում, լինի հոգեբանական ճնշման, թե ծանր ֆիզիկական բռնության դեպքեր: Հաճախ կինը նույնիսկ իր կյանքով է վճարում լռության դիմաց: Այս տարի մարտ ամսին միայն 4 կին է մահացել ընտանեկան բռնությունից:

Բռնության դեմ պայքարելու հիմնական միջոցը այդ դեպքերի մասին բարձրաձայնելն է: Շատ քիչ է խոսվում նաև սեռական բռնության դեպքերի մասին: Աշխատաշուկայում կանայք ևս գենդերային անհավասարության զոհ են դառնում, կամ ցածր աշխատավարձեր են ստանում, կամ էլ բարձր պաշտոններ չեն զբաղեցնում: Քաղաքականության մեջ, իհարկե, ունենք կին գործիչներ, բայց դրանց թիվը շատ քիչ է: Նրանք էլ չեն բարձրաձայնում կանանաց իրավունքների մասին»,- ասաց բանախոսը` հավելելով, որ որքան շատ կանայք գիտակցեն իրենց իրավունքները, այնքան ավելի առողջ ընտանիքներ կունենանք:

«Կինը խաղաղության համար» լուսանկարների մրցույթ հայ և թուրք կանանց համար

foto«Հասարակություն առանց բռնության» հիմնադրամը հայ և թուրք կանանց մասնակցությամբ «Կանայք խաղաղության և հաշտության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է լուսանկարների մրցույթ «Կինը խաղաղության համար» խորագրով: Մրցույթի արդյունքում ժյուրիի կողմից ընտրված լուսանկարները կցուցադրվեն Ստամբուլում և Երևանում: Ցուցահանդեսից հետո մասնակից կանայք կհանդիպեն Վրաստանում և կքննարկեն խաղաղության մասին իրենց պատկերացումները: Նրանք կփորձեն երկու երկրների միջև առկա խնդիրները դիտարկել կանանց տեսանկյունից և հանդես կգան «խաղաղության կոչով»:

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր կանայք Հայաստանից և Թուրքիայից: Հայտերն  ընդունվում են մինչև մարտի 15-ը: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 1-ից մայիսի 1-ն  ընկած ժամանակահատվածում, իսկ հուլիս ամսին Վրաստանում կանցկացվի մրցանակաբաշխություն:

Անկախ

Միայնակ մայրն ու մեկամյա փոքրիկը ձմեռվա ցրտին` առանց ջերմության

goharՆերս եմ մտնում Գոհարի մեկսենյականոց բնակարան: Այնքան ցուրտ է, որ վերարկու հանելն անիմաստ է: Ինքը` տանտիրուհին, տնային հագուստով է, հավանաբար, հարմարվել է «կլիմային»:
Հյուրասենյակից անցնում ենք փոքրիկ ննջասենյակ, որտեղ նրա մեկ տարեկան դուստրն է քնած` համարյա դրսի հագուստով: Ասում է, որ այսօր տանը դեռ տաք է, որովհետև հոսանք ունի և կարողացել է գոնե երեխայի սենյակում էլեկտրական վառարան միացնել: Իսկ մի քանի օր առաջ երեխային վերարկուով քնեցնում էր, վերարկուով արթնացնում, քանի որ հոսանքն անջատված էր:

Գոհարը միայնակ մայր է: 37-ամյա կնոջ պատմությունը տխուր է, զայրացնող ու անհեթեթ:
Հայրական ջերմ ու ապահով ընտանիքում մեծացած աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվի այս վիճակում: Իսկ ամեն ինչ սկսվեց նախ ծնողների վաղաժամ մահից: 2002 թ. մահացավ մայրը, նրանից մի քանի օր անց` հայրը: Երկուսն էլ` մոտ 50 տարեկան:

gohar-eghbor hetԱյդ օրվանից Գոհարն ու եղբայրն ապրում էին միայնակ: Եղբայրն աշխատում էր էլեկտրացանցում, և վաստակած գումարով կարողանում են քիչ թե շատ նորմալ ապրել: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր էր, բայց եղբայրը չէր թողնում, որ աշխատի, ասում էր` ի՞նչդ է պակաս, ես աշխատում եմ` հերիք է:

2010 թ. եղբայրն ամուսնանում է: Նրա ընտրությունը Գոհարի սրտով չէր, բայց դե ոչինչ անել չէր կարող: Իսկ երբ մեկ-երկու ամիս անց նորահարսը տանը գրանցվելու խոսակցություններ է բացում, դա արդեն Գոհարին հունից հանում է. «Իմ ստորագրությունն էր պետք, բայց ես համաձայն չէի: Գիտե՞ք ինչ, եթե դեռ եկած-չեկած էդ հարցը չբարձրացներ, դեմ չէի լինի: Բայց եթե ինքը եղբորս սիրող էր, էդ խոսակցությունը չպիտի բացեր: Ես զգացի, որ ինքն իմ եղբորը չի սիրում, տան համար է եկել, ու պրինցիպի ընկա: Էդպես հարաբերությունները լարվեցին: Եղբորս հետ էլ արդեն լավ չէինք»:

Երբ քրոջ ու եղբոր միջև հարսի պատճառով սև կատու է անցնում, հարցը լուծելու միակ ճանապարհը մնում է տունը վաճառելը, գումարը կիսելն ու առանձնանալը: Հենց այդ ժամանակ էլ Գոհարը պարզում է, որ ծնողների տան ժառանգորդը միայն եղբայրն է, ինքը ոչինչ չունի: Ծնողների մահից հետո եղբայրը գնացել էր նոտարական գրասենյակ և որպես միակ ժառանգորդ ներկայացել, բայց Գոհարը չի կարծում, թե եղբայրն այդ քայլը դիտավորյալ է արել:

Ինչևէ: Իր իրավունքները վերականգնելու համար նա դիմում է դատարան, դատարանը բավարարում է պահանջը:

gohar-yntanirov

Երբեմնի ընտանեկան ջերմ բնակարանը, որտեղ ընտանիքը հաշտ ու համերաշխ ապրում էր, վաճառում են, բաժանում երկու հավասար մասի: Գոհարն իրեն բաժին հասած գումարով կարողանում է մեկսենյականոց բնակարան գնել Զեյթունում և եղբոր ընտանիքին հրաժեշտ տալ` այլևս նրանց հետ չշփվելու որոշմամբ:

Դժվար էր համակերպվել միայնությանը: Բայց պետք էր կյանքը շարունակել, անձնական կյանք կառուցել, արդեն 30-ն անց էր: Ցավոք, այդ հարցում էլ բախտը չի բերում. պարզում է, որ տղամարդը, որի հետ ոչ օրինական ձևով ամուսնացել էր, հարբեցող է, թմրամոլ, անգամ հոգեկան խնդիրներ ունի: Այդ ամենն իմանալուն պես` Գոհարը հեռանում է նրանից, բայց արդեն հղի էր:

Երբ փոքրիկ Ռոզին ծնվում է, Գոհարի միակ ուրախությունն ու սփոփանքն է դառնում այս կյանքում: Բայց ուրախության հետ մեկտեղ առաջ են գալիս սոցիալական ծանր խնդիրներ, որոնք լուծելու համար ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ հարազատ, ո՛չ օգնող: Դա դեռ քիչ է, ծննդաբերությունից հետո էլ պարզում է, որ առողջական խնդիրներ ունի (արգանդի միոմա) և պետք է վիրահատվի: Նորածին երեխան ձեռքին կրկին հիվանդանոց է ընկնում: Մի կերպ այդ դժվարությունն էլ է հաղթահարում:

Գոհարի միակ նեցուկը մի հասարակական կազմակերպություն էր, որը մեծ միջոցներ չունենալով` կարողացել էր 37 000 դրամ տրամադրել նրա հոսանքի պարտքի մի մասը վճարելու համար, որպեսզի մինչ մայրն ու երեխան հիվանդանոցից վերադառնան` հոսանքը միացված լինի: Գոհարի խոսքով` կազմակերպության նախագահն անձամբ է գումարը տվել տեսուչին, որը, սակայն, վճարում չէր կատարել, այլ գումարը յուրացրել էր: Կազմակերպության նախագահն անգամ ոստիկանություն էր դիմել, բայց քանի որ գումարը տրվել էր առձեռն` առանց որևէ փաստաթղթային հավաստագրի, գործ չէր հարուցվել:

Այդպես Գոհարն ու նորածինը շուրջ վեց ամիս անց են կացնում առանց էլեկտրականության: Ասում է, որ երեխային լողացնում էր գազի վրա ջուրը տաքացնելով: Բայց եթե գարնանն ու ամռանը կարելի է փոքրիկ գազօջախով մի կերպ կենցաղային հարցերը լուծել, աշնանն ու ձմռանը վրա է հասնում ցուրտը: Այս ցրտաշունչ ձմռանը բնակարանում հոսանք չմիացնել, նշանակում էր մահվան դատապարտվել:

Գոհարի ողջ եկամուտը 21 000 դրամ նպաստն է, որից մի կերպ խնայողություն է անում, մաս-մաս հոսանքի պարտքը մարում: Բայց հունվարի վերջին տեսուչը կրկին հոսանքն անջատում է` ասելով, թե իբր կրկին մեծ պարտք է գոյացել: Գոհարը կասկածներ ունի, որ տեսուչն իր հոսանքի գումարն ավելի է գրում, որպեսզի վրեժխնդիր լինի իր դեմ ոստիկանություն բողոք ներկայացնելու համար: «Ախր ես ո՛չ սառնարան եմ միացնում, ո՛չ հեռուստացույց, միայն մի թույլ պլիտա է, որտեղի՞ց է էդքան գումար հավաքվում»:

Նրա էլեկտրաէներգիայի հարցն անգամ Հանրային խորհուրդ է հասնում: Նման հարցերով, իհարկե, խորհուրդը չի զբաղվում, բայց ՀԽ համապատասխան հանձնաժողովները կամ ՀԽ աշխատակազմը փորձում են հնարավորության սահմաններում պետական կառույցներին դիմել ու խնդիրներին լուծում տալ: Հենց նույն օրը ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը փորձում է պարզել էլեկտրաէներգիայի անջատման իրական պատճառն ու էլեկտրիկի հետ կապված պատմությունը: «Բայց այստեղ հարցն ավելի խորքային է,- ասում է Բարխուդարյանը,- եթե մի բնակարանում կա նորածին երեխա ու անօգնական միայնակ մայր, ապա նրանց թողնել առանց գազի ու էլեկտրաէներգիայի, պարզապես չի կարելի, ինչքան էլ որ պարտքի խնդիր լինի: Պարտքը մարելու տարբեր եղանակներ կան, որոնք վաղուց նորմալ երկրներում կիրառվում են սոցիալապես ծանր վիճակում գտնվողների համար: Պետք է դրանք սովորել, ոչ թե միայնակ կնոջը փոքր երեխայի հետ ձմեռվա կեսին թողնել առանց ջերմության»:

Սակայն այս պատմության մեջ Հանրային խորհրդի աշխատակցին ամենաշատը զայրացրել է Զեյթունի էլեկտրացանցի մի աշխատակցուհու լկտի պահվածքը: «Երբ զանգեցի էլեկտրացանց և աշխատակցուհուն հարցը ներկայացնելուց հետո խնդրեցի միացնել իր ղեկավարի հետ, նա միանգամից հարձակվեց ինձ վրա մոտավորապես հետևյալ տոնով. «Լավ ենք արել` անջատել ենք, որտեղից ուզում եք զանգեք, մենք ոչ մեկից չենք վախենում»: Հավանաբար գործավարուհի էր, անգամ չներկայացավ ու այդպես էլ հեռախոսը վայր դրեց` առանց իր վերադասին միացնելու: Ես չգիտեմ, այդ կառույցում նմա՞ն որակի մարդիկ են աշխատում»:

ՀԽ աշխատակազմի ղեկավարն ավելի ուշ կապվում է հայէլեկտրացանցերի հյուսիսային մասնաճյուղի փոխտնօրենի հետ, որը խնդիրը լսելուց հետո հրահանգում է Գոհարի բնակարանի հոսանքը միացնել` խոստանալով պարզել նաև տեսուչի հետ կապված պատմությունը, սակայն հաջորդ օրը զանգահարում և ասում է, որ չի կարծում, թե դա նրա ձեքի գործն է, քանի որ «տեսուչը շատ լավ տղա է»: Այնուամենայնիվ նշում է, որ եթե մի տոկոս էլ կասկած ունենա, ապա «կաշին կքերթի»:

Գոհարի բնակարանի հոսանքն այս պահին անորոշ ժամկետով ու անորոշ կարգավիճակով միացված է: Հայտնի չէ, թե ինչպես է նա կարողանալու այդ 21 000 դրամ նպաստից և՛ իր ու երեխայի ծախսերը հոգալ, և՛ 60 000 դրամ հոսանքի պարտքը մարել:
Հանրային խորհուրդը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան` խնդրելով որևէ կերպ աջակցել միայնակ կնոջը: Ի՞նչ օգնություն կտրամադրվի կամ կտրամադրվի՞ արդյոք` դեռևս հայտնի չէ: Բայց որ նրանց այդ վիճակում թողնել չի կարելի, ակնհայտ է:

Գոհարն այսօր ի վիճակի չէ աշխատելու: Նախ` երեխային խնամող չկա, մանկապարտեզ տանելու համար էլ դեռ շատ շուտ է, բացի այդ, կեսարյան հատումով ծննդաբերությունը լուրջ հետևանքներ է թողել նրա առողջության վրա: Ասում է, որ մեջքի ցավից չի կարողանում կռանալ, գործ անել և ժամանակ առ ժամանակ այնպիսի ցավեր է ունենում, որ հազիվ է դիմանում: Ենթադրում է, որ դա կեսարյան հատման ժամանակ ողնաշարի սխալ ներարկման հետևանք է:

Փետրվարի 13-ին Ռոզին դարձել է մեկ տարեկան: Մորից բարեհամբույր բնավորություն ժառանգած մարդամոտ փոքրիկը հյուրերին ընդունում է ժպիտով: Նրա ժպիտը մոր միակ ուրախությունն է ճակատագրի այս դառը փորձությունների հերթագայության մեջ: Գոհարն ասում է, որ եղբայրը եկել է իր տուն, տեսել երեխային, շատ է սիրել, փոշմանել է ամեն ինչի համար, փորձել է հաշտվել, բայց իր սիրտը կոտրված է, չի կարողանում մոռանալ տեղի ունեցածը, ասում է` արդեն ուշ է…

 

Հ.Գ.

Նյութի տպագրման հաջորդ օրը “Հայաստանի էլեկտրական ցանցերի” լրատվական բաժնից զանգահարեցին Անկախի խմբագրություն և հայտնեցին, որ ուզում են Գոհարի հետ զրուցել և նրանից պարզել հոդվածում բարձրացված խնդիրները: Այնուհետև Գոհարի հետ կապ հաստատելով` “Հայաստանի էլեկտրական ցանցերի” աշխատակիցները նրան խոստացել են աջակցել, բացի այդ` պարզել, թե իրականում տեսուչը նման քայլեր կատարել է թե ոչ: Անկախ-ը հույս ունի, որ ընկերությունը կաջակցի միայնակ կնոջը և հետամուտ կլինի այդ հարցի լուծմանը:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

Մորուքով աղջիկը չի ուզում փոխվել, քանի որ իրեն սեքսուալ է համարում

moruqԹուրքական «Ռադիկալը» պատմում է Անգլիայում բնակվող 23-ամյա ուսանողուհի Հարնամ Կաուրի մասին, որի մարմինն ու դեմքը պատված է մազածածկույթով: Դրա պատճառը դարձել է կանացի օրգաններում առաջացած հիվանդությունը: Աղջիկը հանդիսանում է հնդկական ծագում ունեցող սիկհ կրոնի հետևորդը, որն  արգելում է մարդուն կտրել մազերը: Հարնամը 11 տարեկանից ի վեր մազոտ մարմին ու դեմք է ունեցել և այդ պատճառով շատ է ամաչել և նույնիսկ ցանկացել է ինքնասպան լինել: Նա բազմիցս փորձել է ազատվել մազածածկույթից տարբեր տեսակի քսուքների օգնությամբ, սակայն հասկանալով, որ դա նրան չի հաջողվում, փոխել է իր մտածելակերպը: «Որպես մորուքավոր կին ինձ ավելի սեքսուալ եմ համարում: Արդեն շրջազգեսներ և զարդեր եմ կրում, շպարվում եմ, հաճախում եղունգների հարդարման սրահ: Հույս ունեմ, որ իմ այս արարքով կոգեշնչեմ բոլոր այն կանանց, որոնք ամաչում են իրենց մարմնից և ուզում փոխել այն»,-նշել է մորուքավոր աղջիկ Հարնամը:

Ճապոնուհիները սեքս- գործադուլ են արել

Tokyo gubernatorial electionՃապոնիայի բնակչուհիները դժգոհ են Տոկիոյի նոր նահանգապետից ու դրա համա սեքս-գործադուլ են կազմակերպել: Նման կերպ են որոշել վրեժ լուծել Յոիթի Մասուձոեի համար քվեարկած տղամարդկանցից:  Առողջապահության, աշխատանքի ու բարեկեցության նախկին նախարարը դեռևս 1989-ին հայտարարել էր, որ կանայք կառավարությունում տեղ չունեն:

Իր դիրքորոշումը նա բացատրել է այն բանով, որ իբր կրիտիկական օրերին կանայք կարող են ոչ ադեկվատ լինել: Բնականաբար, այդ հայտարարությունը նա արել է տղամարդկանց ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, ինչը բուռն վրդովմունք է առաջացրել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում:”Կանայք դաշտանի շրջանում դառնում են անորմալ: Այդ ժամանակ նրանց չի կարելիկարևորագույն որոշումներ վստահել, ասենք` պատերազմ սկսել, թե ոչ”:

Ընտրություններից առաջ “թվիթերում” քարոզարշավ է սկսվել նրա դեմ` “Մուսուձոեին ձայն տված տղամարդկանց սեքսում մերժելու կանանց ասոցիացիայի” կողմից: Այդ ակցիային նախորդ շաբաթ միացել են մի քանի հազար կանայք:  Ակցիայի անանուն կազմակերպիչները գրել են.”Մենք դեմ ենք Մսուձոեին ընտրվելուն, որը կանանց նկատմամբ  իրեն թույլ է տալիս  այդիսի վիրավորական արտահայտություններ անել”:

Մեկ ուրիշ խումբ էլ կայք է թողարկել, որտեղ ներկայացված միջնորդագիրը ստորագրել է գրեթե 3000 օգտատեր: Նրանք գրում են.”Մասուձոեն կանանց թշնամին է: Նա չի սիրում Ճապոնիան: Նա միայն ինքն իրեն է սիրում”:

Սակայն այդ ամենը չխանգարեց, որ Մասուձոեն երեկ հաղթի ընտրություններում: Բարձր պաշտոնի համար 16 թեկնածու էր առաջադրվել: Ճապոնիայի կառավարող կուսակցությունը պաշտպանել էր 65-ամյա Մասուձոեի թեկնածությունը: Նախնական հաշվարկով, նա հավաքել է 2 մլն ձայն (30%), ինչն էականորեն ավելի էր մրցակիցների  ձայներից: Ի դեպ, կանայք ձայն չեն տվել:

Մասուձոեն հանդիպել է լրագրողներին ու իր կողմնակիցներին և խոստացել”Տոկիոն թիվ մեկ քաղաք դարձնել աշխարհում”: Նրան ողջունել է նաև վարչապետ Սինձո Աբեն:

Անկախ

Սիրիացի կանանց դաժան կյանքը թուրք տղամարդկանց մերօրյա հարեմներում

kanayqՍիրիական պատերազմից փախած և Թուրքիայում ապաստանած սիրիացի կանանց ողբերգությունը շարունակվում է թուրքական միջավայրում: Արյան վրեժ, մանկահասակ հարսներ, բազմակնություն: Դարեր շարունակ նման երևույթների հետ առնչվող հասարակության մեջ սիրիացի կանայք վերածվել են սովորական ապրանքի: Թուրքական «Միլիյեթի» թղթակիցը պատմում է թուրքերի մեջ ապրող սիրիացի կանանց դաժան ճակատագրի մասին:

Մի շարք թուրք տղամարդիկ, օգտվելով սիրիացի կանանց անելանելի վիճակից, նրանց կնության են վերցնում՝ որպես երկրորդ կամ երրորդ կին: Հաճախ թուրքերը սիրիացի ընտանիքներից պարտքի դիմաց գնում են երիտասարդ աղջիկներին, որոնց տարիքը չի գերազանցում 14-15-ը: Սա շահավետ գործարք է համարվում, քանի որ ֆինանսական տեսանկյունից նման ամուսնությունները ծախս չեն պահանջում: Հարկադրված հարս գնացած կանայք հիմնականում դառնում են տան աշխատող, զբաղվում տնտեսությամբ: Տեղացի մի վարպետ սիրիացի կանանց մասին խոսում է, ինչպես ապրանքի. «Կարտոֆիլի կիլոգրամը երբեմն 2 արժե, երբեմն էլ 5»,-ասում է մարդը կանանց արժեքի մասին: Իսկ սիրիացի կանայք էլ վստահեցնում են, որ թուրք տղամարդկանց մեծամասնությունը խաբեբա է և կնոջը հասնելու համար ինչ սուտ ասես, որ չի հորինի:

Ահա, թե իշխանության համար ընթացող սիրիական պատերազմը ինչպես է փոխել հազարավոր մարդկանց ճակատագրերը:

Անկախ

 

Հետազոտության արդյունքում պարզվել է տղամարդկանց և կանանց միջև վարքային տարբերությունների իրական պատճառը

տղամարդն ու կինըՏղամարդիկ անկարող են կռահել կանանց իրական զգացմունքները, անուշադիր են երեխայի լացի ձայնի նկատմամբ և ի վիճակի չեն միանգամից մեկից ավելի գործ կատարել:

Կանայք միշտ չափազանց էմոցիոնալ են, վատ են ընթերցում քարտեզները և զուգահեռ ավտոկանգառի ժամանակ վթարների պատճառ են դառնում:

ուղեղ,տղամարդ, կինՏղամարդիկ և կանայք շարունակ բողոքում են հակառակ սեռի թերություններից, սակայն այժմ գլխուղեղի մասնագետները պարզել են տղամարդկանց և կանանց վարքի կարծրատիպային տարբերությունների իրական պատճառը:

Նյարդաբանները մագնիսառեզոնանսային պատկերման միջոցով ուսումնասիրել են գրեթե 1000 կամավորների գլխուղեղներ և պարզել, որ կանանց ու տղամարդկանց գլխուղեղի կենտրոնների միջև կապերը հիմնովին տարբեր ձևով են հաստատվում:

Սեռերի միջև տարբերությունները այնքան խորքային են, որ տղամարդիկ ու կանայք կարող էին նույնիսկ առանձին տեսակներ համարվել:

Տղամարդկանց գլխուղեղում ավելի շատ կապեր են առկա յուրաքանչյուր կիսագնդի ներսում և գլխուղեղի առաջնամասի ու հետնամասի միջև: Սա նշանակում է, որ տղամարդիկ ավելի տրամաբանող են, լավ են կոորդինացնումից և տարածական իրազեկումից:

Կանանց մոտ ավելի շատ կապեր կան երկու կիսագնդերի միջև, ինչը վկայում է նրանց առավել ինտուիտիվ բնույթի, ավելի շատ էմոցիոնալ բանականության և դեմքեր ու բառեր ավելի լավ հիշելու կարողության մասին:

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences թերթում: Հետազոտությունը ղեկավարած Պենսիլվանիայի համալսարանի դասախող Ռագինի Վերման նշում է, որ տղամարդկանց գլխուղեղը առավել հակված է ընկալումը կապել կատարման հետ, այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի լավ են օրինակ՝ նոր սպորտաձև սովորում:

Իսկ կանանց գլխուղեղը ստեղծված է սրտի և մտքի հետ կապված հարցեր լուծելու, ինտուիցիայի ու վերլուծության միջոցով այլոց պահվածքը ուսումնասիրելու և մեկնաբանելու համար:

 

«Յուրաքանչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ». Ջեմմա Հասրաթյան

 

Jemma-Hasratyan-2«Ինձ բախտ է վիճակվել ապրելու երկու հազարամյակների խաչմերուկում,- ասում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական ակտիվ գործիչ Ջեմմա Հասրաթյանը,- անցումը նոր հասարակարգին շատ բարդ իրավիճակ ստեղծեց կանանց համար: Մի մասը, հատկապես` միջնակարգ կրթությամբ, հարմարվեց նոր իրավիճակին, սկսեց զբաղվել առևտրով և այլն: Իսկ բարձրագույն կրթությամբ շատ կանայք իրենց տեսնում էին միայն պետական համակարգում, դպրոցում և իրենց տեղը չգտնելով նոր համակարգում` հաճախ ընկճվում էին, մեկուսանում»:

Եվ քանի որ նախորդ տարիների փորձը նրան սովորեցրել էր, որ եթե ինչ-որ բանով կարող ես օգտակար լինել, ապա պիտի անես, սկսում է գործել:

1995 թվականն էր: Ջեմմա Հասրաթյանն այդ ժամանակ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր, և նրան` որպես փորձառու կին գործչի, հրավիրում են մասնակցելու Անդրկովկասի կանանց երկխոսության խմբի աշխատանքներին: Այդ ժամանակ Պեկինի խորհրդաժողովի շրջանակներում տեղի էր ունենալու նաև ՀԿ-ների համաժողով, և Անդրկովկասի կանանց երկխոսության հայաստանյան խումբը որոշում է Պեկին գործուղել հենց նրան:

5«Խորհրդային տարիներին կանայք երբեք դժվարություն չեն ունեցել, որովհետև նրանց միշտ առաջ են քաշել, իսկ նոր ժամանակահատվածում կանայք պետք է պայքարեին իրենց տեղն ու դերը հաստատելու համար, և մասնակցելով համաժողովին` ես հասկացա, թե ինչ մեծ ռեսուրս է իրենից ներկայացնում բնակչության կանանց խումբը, համոզվեցի, որ հիմա էլ կանայք կարող են լուրջ դերակատարում ունենալ երկրի կայացման գործում»:

Վերադառնալուց հետո Ջեմմա Հասրաթյանն իր շուրջն է համախմբում աշխատավայրի պայծառ դեմքերին, և 23 հոգով համախմբվելով` 1995 թ. դեկտեմբերին հիմնում են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, որի նպատակը բարձրագույն կրթությամբ կանանց օգնելն էր ու նրանց ռեսուրսը երկրի կայացման գործին ծառայեցնելը:

Շատ արագ նրանց միանալու ցանկություն են հայտնում մարզերի կանայք, ստեղծվում են մասնաճյուղեր նաև մարզերում, որոնց թիվն այսօր հասել է 35-ի:

gender_discrimination«Մենք օգնում ենք կանանց ձեռք բերելու հմտություններ և առաջընթաց ունենալու: Գյուղական վայրերում կանանց մեծ ռեսուրս կա, որը պետք է ճիշտ օգտագործել: Դա նույնպես մեր գլխավոր խնդիրներից է»:

Խնդիրներն ու անելիքները դեռ շատ են, որոնք ծագել են նաև ժողովրդավարությունը սխալ հիմքերի վրա դնելուց: «Մենք ժողովրդավարությունը սկսեցինք վերևից ներքև: Դա սխալ է, Ժողովրդավարությունը պետք է սկսվի ներքևից` բարձրանալով վերև»,- ասում է նա:

Կանանց իրավահավասարության հարցերում էլ դեռ շատ անելիքներ կան, պետական համակարգում կանանց ներգրավվածության տեսանկյունից անգամ հարևան պետություններից` Վրաստանից ու Ադրբեջանից ենք հետ մնում, ինչը, կին գործչի կարծիքով` երկրի ղեկավարության քաղաքականության հետևանք է:

«Նախ և առաջ մարդուն պետք է սովորեցնել լինել քաղաքացի, պահանջկոտ քաղաքացի, ակտիվ քաղաքացի: Մասնակցային ժողովրդավարությունն ամենակարևորն է, որը մեզ մոտ դեռևս կայացած չէ: Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր կին, թեկուզև տանը նստած, ապուր եփելիս տեսնի, որ դրսում ինչ-որ բան են քանդում, անտարբեր չմնա, համարձակորեն բարձրացնի հարցը, պայքարի, մասնակցի»:

Ակտիվ կին լինելը կարևոր է ոչ միայն կնոջ, այլև ողջ հասարակության համար, իսկ Ջեմմա Հասրաթյանը դեռևս դպրոցական տարիներին է եղել ակտիվ: Հիշում է` 9-րդ դասարանում արդեն ջոկատի ղեկավար էր, որը նրան կազմակերպչական հմտություններ էր տալիս: Հետո նրան ավագ ջոկատավարի աշխատանք առաջարկեցին: Համալսարանի պատմության ֆակուլտետի վերջին կուրսերում դպրոցում դասավանդում էր:

Jemma Hasratyan d shkoleԱմենևին պատահական չէր, որ 24 տարեկանում Ջեմմա Հասրաթյանին ընտրեցին Կոմերիտմիության կենտկոմի քարտուղար: Հենց նրա երիտասարդական ավյունի շնորհիվ էր, որ այդ տարիներին կազմակերպվեցին համապետական մի շարք լուրջ միջոցառումներ, ներդրվեց և հետագայում խորհրդային մյուս հանրապետություններում տարածվեց ամառային բակային ճամբարների մոդելը: Նա եղել է նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահը, զբաղվել միջազգային կապերով և հենց այդ ժամանակ է սփյուռքահայ երեխաների առաջին խումբն այցելել հայրենիք: Աշխատել է նաև կոմկուսի Կենտկոմի կուսակցական կազմակերպչական աշխատանքների բաժնում, որը, ինչպես ինքն է ասում, կենտկոմի սիրտն էր: Դա մեծ դպրոց էր նրա համար, որովհետև աշխատում էր գրեթե միայն տղամարդկանց հետ: Ջեմմա Հասրաթյանը զբաղեցրել է նաև  Օրջոնիկիձեի կուսակցության շրջկոմի (Երևանի էրեբունու համայնք) առաջին քարտուղարի պաշտոնը:

Խոստովանում է, որ այդ շրջանում կին նշանակելը մի քիչ անհավանական էր թվում, քանի որ դա ամենաբարդ շրջանն էր. երբեմն կատակով ասում էին «յոթ հրաշալիքների շրջան», որտեղ կա երկու գերեզմանոց, աղբավայր, երկաթգիծ, երկու դատախազություն և այլն: Սակայն դա չէր ամենակարևորը. Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի մեկ երրորդն այդ շրջանում էր, և դա ստեղծել էր նաև որոշակի կրիմինալ բազա:

6

1965 թ. ՀԽՍՀ կոմերիտմիության կենտկոմի քարտուղար Ջեմմա Հասրաթյանը դիմավորում է անվանի տիեզերագնացներին. ձախից աջ` Յ. Զարուբյան, Վ. Տերեշկովա, Ն. Անդրիանով, Ջ. Հասրաթյան

Դժվար էր, բայց նրան հաջողվում է արդյունավետ աշխատանքի եզրեր գտնել բոլորի հետ, այդ թվում նաև երկաթգծի պետի` Համբարձում Ղանդիլյանի, որն իր ոլորտում անփոխարինելի էր, սակայն հայտնի էր իր չափազանց կոպիտ վարքով:

«Երկու սեռերը տարբեր մոտեցումներ ու պատկերացումներ ունեն այս կամ այն  ոլորտի նկատմամբ, և այդ երկու սեռերի կարծիքների բախումից էլ ճիշտ ու գրագետ որոշում է կայացվում»,- ասում է նա:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո սխալներ շատ եղան, և դրանցից մեկն էլ այն էր, որ հին սերնդի փորձառու պաշտոնյաներին դուրս թողեցին երկրի կերտման բարդ գործընթացից, մինչդեռ նա կարծում է, որ անցումային յուրաքանչյուր ժամանակահատվածում հին ու նոր կադրերը պետք է համագործակցեն, իսկ անփորձ կադրերի մուտքը կառավարման համակարգ կարող է մեծ ցնցումներ առաջացնել:

Ինչևէ, նա ընտրեց հասարակական գործունեության ոլորտը և հավատում էր, որ իր և գործընկերների փորձն ու գիտելիքները կարող են ծառայել Անկախ Հայաստանի կայացմանն ու զարգացմանը: Բարդ էր, քանի որ նոր հասարակարգը ենթադրում էր նոր սկզբունքներ. մասնակցային ժողովրդավարությունը դառնում էր այն անկյունաքարը, որի շուրջ պետք է կառուցվեր աշխատանքը: Բարդ էր, բայց գործընթացը կայանում է, և Ջեմմա Հասրաթյանը 1995-ից ի վեր կատարած այդ հասարակական գործունեությունը արդյունավետ է համարում:

3 (1)

Ջեմմա Հասրաթյանը, Մարտիրոս Սարյանն ու Հենրիկ Սիրավյանն այցելում են Մարտիրոս Սարյանի անվան դպրոց

Վաղ երիտասարդ տարիներից ակտիվ պետական, քաղաքական ու հասարակական գործունեության մեջ ներգրավված կինը ոչ մի վայրկյան իրեն չի կտրել ընտանեկան, անձնական կյանքից և կարողացել է ներդաշնակորեն համադրել դրանք. «Կարծիք կա, որ կին հասարակական գործիչներն ինչ-որ թերություն ունեն,- ծիծաղում է նա,- ոչ, ես զերծ եմ այդ թերությունից: Ամուսնացել եմ, երկու շատ լավ զավակներ ունեցել, հիմա էլ չորս թոռ ունեմ և հպարտ եմ իմ ընտանիքով ու երեխաներով, քանի որ կարողացել եմ առաջին հերթին լավ քաղաքացիներ դաստիարակել»:

Տիկին Ջեմմայի տնայնագործական բարձր վարպետության մասին իր բոլոր ընկերներն ու ծանոթները գիտեն: Անգամ անեկդոտներ են պատմում, թե ինչպես է կարողանում այդքան ծանրաբեռնվածության պայմաններում չրեր ու պահածոներ պատրաստել:

«Տղաս ասում է` ինչո՞ւ ես սարքում, հիմա խանութներում ամեն ինչ կա: Այո, կա, բայց ինձ համար դա հաճույք է»,- խոստովանում է նա:

Ասում է, որ միշտ խուսափել է իր տնային գործերը մեկ ուրիշին հանձնելուց, որովհետև դրանով իրեն լիարժեք մայր, տանտիրուհի, ամուսին չէր կարող զգալ: «Երբեք չի եղել, որ ժամը 6-ին աշխատանքն ավարտվեր  ու ես գնայի տուն: Անգամ պատահել է, որ ամուսինս զանգել ու ասել է` անկողինդ ուղարկե՞նք քեզ: Բայց երբ վերադարձել եմ, չի էլ նախատել: Գիտակցել է, որ դա իմ ընտրությունն է, իմ սիրած գործն է, և եթե ինձ կտրեն դրանից` ինչ-որ բան իմ մեջ կպակասի: Դա ճիշտ փոխհարաբերությունների արդյունք է, ամուսինները պետք է գտնեն միմյանց փոխլրացնելու ձևը»:

Ի դեպ, նա դեմ է տարածված այն կարծիքին, թե հայ տղամարդիկ սիրում են իրենց կողքին ունենալ միայն լավ տնային տնտեսուհի: «Ոչ, այդպես չէ, լավ էլ սիրում են, որ իրենց կինը լինի ակտիվ, խելացի, գործունյա: Անգամ հպարտանում են դրանով: Ուղղակի կանայք պետք է չափի մեջ լինեն»:

g_imageՋեմմա Հասրաթյանն արդեն 80 տարեկան է, և նրա տարիքը չիմացողը երբևէ չի էլ ենթադրի, որ նա պատկառելի տարիքում է. ուժը, եռանդը, էներգիան անսպառ են, և այսօր էլ, ինչպես երիտասարդ տարիներին, կարողանում է համադրել աշխատանքային գործունեությունն ու ընտանիքը` լիովին բավարարված լինելով երկուսից էլ:

Չնայած դրան` աշխատանքում արդեն իրեն փոխարինողներ է պատրաստում.  «ժամանակն է, որ կառույցը ղեկավարեն ավելի երիտասարդ կանայք»,- ասում է նա: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ինքը նստելու է տանը և կտրվելու է աշխատանքից: Ոչ, շարունակելու է աշխատել և իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր մասնագետներին: «Երբ ուզում ես մարդկանց պատրաստել որպես լիդերի, պետք է ինքդ օրինակ ծառայես, պետք է օրինակելի լինես: Մարդու մշակութային, քաղաքական, սոցիալական որակները ձեռբերովի են, որոնք ձևավորվում են սոցիալականացման պրոցեսում: Ես կարծում եմ, որ յուրաքաչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ: Պետք է բացահայտել դա ու զարգացնել»:

 

ՎԱԼԵՐԻ-ԱՇԽԵՆ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ. «ԱՍՍԱԼԱ-ն հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը»

ԱշխենՔիչ են պատահում մարդիկ, որոնք դառնում են լրագրողների սիրելի կերպարը: Այդ քչերի շարքում է երևի  «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին հիմնադիր-սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

Սփյուռքահայ կինն իր բարեհամբույր վերաբերմունքով միշտ էլ պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ հարցադրումները կարող են բազմազան լինել՝ քաղաքականությունից մինչև բիզնես, ընտանեկան հարաբերություններից մինչև Հայաստան-Սփյուռք կապեր:

Ավելի քան 17 տարի Վալերին ապրեց ու աշխատեց Հայաստանում: Իր ասելով` կատարվեց երազանքը: Աբովյան փողոցում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանին էլ հարազատի պես էր նվիրված, բայց կյանքի բերումով ստիպված էր վաճառել ու հեռանալ Հայաստանից՝ իր ապագա ծրագրերը կապելով հայրենի Ֆրանսիայի հետ:

Վալերին արդեն բավական ժամանակ է, ինչ ապրում է Փարիզում՝ իր ընտանիքի հետ: Նա թաքուն հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, հաճախ էլ զարմանքն ու զայրույթը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում:

 – Աշխեն, այնուամենայնիվ, Դուք նախանձելի կյանք եք ապրել. այն եղել է շքեղ, հարուստ, հետաքրքիր:

– Այո՛, համաձայն եմ: Ես լավ եմ ապրել ու ապրում եմ, իմ կյանքը հարուստ է, լեցուն է վառ հիշողություններով, սիրով: Հիշո՞ւմ ես, մի անգամ պատմել եմ Աֆրիկայի սքանչելի հիշողությունների մասին, պատմել եմ, որովհետև շատ սիրուն էր և տպավորիչ: Վաղ երիտասարդության տարիներն էին, Եգիպտոսում էինք և հաճախ Ալեքսանդրիա էինք գնում ու հիանում այնտեղի մշակույթով: Եկավ ամուսնանալու ժամանակը: Ինձ հարս տարավ Առնո Բաբաջանյանը: Արա Բաբաջանյանի հետ ամուսնացա ու չորս տարի սիրով ապրեցինք մի հարկի տակ՝ Առնոյի երաժշտության տակ: Այդ տարիներն իմ երիտասարդության սքանչելի տարիներն էին. պատիվ ունեցա հանդիպելու շատ ու շատ հայ և ռուս արվեստագետների հետ: Անգամ ռուսերենին էի լավ տիրապետում: Հետո ամուսնացա լիբանանահայի հետ, որ ինձ ծանոթացրեց Բեյրութի պատերազմական խնդիրներին, պաղեստինյան պայքարին: Այս անգամ էլ, բնականաբար, ամուսնացա հայի հետ: Տհաճ հիշողություններ ունեմ այս առիթով: Բայց ես ուզում էի գալ Հայաստան ու աշխատատեղեր հիմնել, օգնել: 17 տարի ապրեցի Հայաստանում, ու աչքովս շատ բան տեսա, շատ բան հասցրեցի սովորել:

– Ձեր ամուսինները կարծես մի բանով էին միայն իրար նման. նրանց երակներով հայի արյուն է հոսում…

– Այո՛, երեքն էլ հայ են եղել: 16 տարեկան էի, զբոսաշրջիկի կարգավիճակով եկա Հայաստան,  սիրահարվեցի Հայաստանին: Երբ Արային հանդիպեցի, մտածում էի, որ Հայաստանում պիտի ապրեմ, դա ինձ համար շատ կարևոր էր: Դժբախտաբար, Մոսկվայում ապրեցի: Իսկ երկու տղաներիս հորն էլ պայքարի մեջ հանդիպեցի: Դրանք այն տարիներն էին, երբ հայկական բանակը պայքարում էր: Հիանում էի տղաներով, նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել: Ես էլ իրենց հետ միասին պայքարում էի: Երրորդ ամուսնուս միամտորեն հավատացի, թե սիրում է ինձ: Ես արդեն որոշել էի Հայաստանում գործ դնել: Ինքն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր, հետո եկավ Փարիզ, ու չնայած համաձայն չէր` ես Հայաստանում գործ դրեցի ու սխալվեցի:

– Լսել եմ, որ եղել եք նաև Հայկական գաղտնի բանակի՝ ԱՍՍԱԼԱ–ի անդամ, ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:

– Ես գործում էի Փարիզում և իրականում հայկական պայքարի անդամ էի: Մի օր ինձ նամակ տվեցին, մարդ չկար, որ այն Բեյրութ հասցներ, ես այն տարա, և այդպես մտա ԱՍՍԱԼԱ: Դա արդեն դարձել է պատմություն: Գիտես, այդ շրջանն իմ կյանքում ճիշտ պայքար էր և ինձ հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը: Այդ ժամանակ ես հանդիպեցի Մոնթե Մելքոնյանին, Ալեք Ենիգոմշյանին, Մարտիրոս Ժամկոչյանին և այլ մարդկանց, որոնք պայքարում էին միմիայն հայության համար: Սա ես երբեք չեմ կարող մոռանալ: Նրանք են ինձ ուժ տվել:

– Աշխեն, նորություններ ունեք, բայց չեք ցանկանում բարձրաձայնել: Ֆեյսբուքում գրել էիք, որ Ձեզ հաջողվել է հանդիպել այն տղամարդուն, որը Ձեզ քաջալերում է: Ի վերջո, ո՞վ է նա:

– Այո՛, ճիշտ է: Ես ընկեր ունեմ, որ ինձ համար ճիշտ տղամարդու սիմվոլն է: Երբ նա ինձ հաճոյախոսություններ է անում, գիտեմ, որ հաստատ սուտ չի ասում: Ես ինձ գեղեցիկ կին եմ զգում: Նա ինձ միշտ ուժ է տալիս, միշտ քաջալերում է: Նա միշտ ասում է` դու այն կինը չես, որ տղամարդու միջոցով է կին, այլ դու կին ես՝ հենց քո ուժերով: Նա ինձ կարող է պաշտպանել, երբ դրա կարիքը լինի: Նա իդեալական տղամարդ է ինձ համար:

– Հետաքրքիր է իմանալ՝ ինչով են զբաղվում Ձեր երկու զավակները:

– Մեծ տղաս մենեջմենթի կրթություն է ստացել և աշխատում է մի ընկերությունում, որը 80 երկրների գազ է մատակարարում: Իսկ կրտսեր որդիս` Վահագնը, աշխատում է Փարիզի հյուրանոցներից մեկում, բայց շուտով, եթե Աստված կամենա, իր սեփական սրճարանը կհիմնի:

– Ժամանակն ինչպե՞ս է անցնում սիրո քաղաքում:

– Պետք է անկեղծ խոստովանեմ, որ իրականում բավականին դժվար էր Փարիզում  նորից դասավորվել: 17 տարի ապրել եմ Երևանում, հասկացեք: Բայց արդեն մտել եմ իմ նորմալ կյանքի մեջ, հանդիպում եմ ընկերներիս հետ, փնտրում եմ այն դերը, որով Փարիզում պետք է գործեմ, շարունակում եմ իմ հայկական կյանքը` մասնակցելով տարբեր բարեգործական միջոցառումների:

– Կարծիք կա, որ կինը պետք է լինի խոհանոցում ու չզբաղվի բիզնեսով: Հայկական լրագրերից մեկը վերջերս հրապարակման մեջ տեսակետ էր ներկայացրել, թե կին գործարարները վաղ թե ուշ տապալում են բիզնեսը…

– Քանի տարի է` կինն անդադար պայքարում է իր սահմանադրական իրավունքների համար: Այո՛, ցանկանում է վերականգնել իր խախտված իրավունքները, բայց մեկ է, չի հաջողվում: Եվրոպայում բավականին առաջ են գնացել այս առումով, բայց դեռևս ամեն ինչ արդար չէ: Հայաստանում կինը երկար ճանապարհ պետք է անցնի, որ կարողանա իր գիտելիքներով, արժանիքներով հավասարվել տղամարդուն, չնայած միշտ նկատել եմ, որ այդտեղ կինն ավելի շատ է աշխատում, քան տղամարդը:

Հայ կինը նախևառաջ պետք է իրեն հարգի, որ կարողանա առաջ գնալ: Շատ կարևոր է, որ այն սխալ սովորությունները, որոնք հասարակության մեջ կան, վերանան, որ առողջ հասարակություն լինի, և կինն իրեն մարդ զգա:

 – Աշխեն, հիշում եմ՝ երբ գնում էիք Հայաստանից, ասացիք. «Ես հեռանում եմ, պարոն պետություն, ես չեմ ենթարկվում ձեր ճնշումներին»:

– Հայաստանի մեջ եթե իրենց օրենքներով չլինես, չես կարող գործել: Եթե իրենց պես կաշառակեր չլինես կամ կաշառակերությամբ չզբաղվես, չես կարող աշխատել: Գիտես, Հայաստանում շատ դժվար է այդ օրենքներով աշխատելը: Ես չգիտեմ ու չեմ կարող կաշառել մարդկանց, ոչ էլ ուզում եմ, մտքովս անգամ չի անցել:

– Երբ դեռ Հայաստանում էիք, շատ ակտիվ մասնակցում էիք ֆեյսբուքյան քննարկումներին: Մեկնաբանություններ էիք անում և հիմա էլ շարունակում եք անել՝ թիրախ ընտրելով քաղաքական զարգացումները…

– Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր էլ ցավալի վիճակում է: Եվ դրա մեղավորը քաղաքական մարդիկ են: Այն օլիգարխներն են, որոնք երկրի հարստությունը մոնոպոլ են դարձրել և ուրիշ երկիր սարքել:

Եթե մարդ ինձ նման հայասեր է և պայքարում է հայության համար, նրան օգտագործում են ուրիշ նպատակներով: Ուղղակի զզվելի է, հոգնել եմ արդեն: Եթե հարցազրույց են ուզում, ու զրուցում եմ, հետո հայկական լրատվամիջոցները վատաբանում են ինձ: Կա՛մ երևի ես անչափ կարևոր մարդ եմ նրանց համար, կա՛մ էլ չգիտեմ…

 – Դուք պայքարում էիք նաև այն ժամանակ, երբ Առնո Բաբաջանյանի հա՞րսն էիք:

– Երբ Առնո Բաբաջանյանի հարսն էի, պայքար չկար: Բայց պայքարողներ եղել են, ես էլ եղել եմ նրանց կողքին: Եվ դա բոլորը գիտեն: Չպետք է մտածել, որ ես հայ եմ դարձել այն ժամանակ, երբ եկել եմ Հայաստան: Ես եկա Հայաստան, որովհետև հայասեր էի, թե չէ Փարիզում շատ ավելի լավ էի ապրում: Երանի չգայի: Այդքան փող չէի կորցնի, իմ կյանքս կշարունակեի, ոչ էլ այդքան մարդու կհանդիպեի, որ ինձ «քցեին» ու դավաճանեին:

Մաշկը խնամեք ցրտերն ընկնելուն պես. հետաքրքիր խորհուրդներ և դիմակներ

Autumn Woman. Beautiful creative makeupԱրդեն աշուն է, և ցրտերն ընկնելուն պես մաշկը կսկսի չորանալ ու ջրազրկվել: Իսկ չոր մաշկը, ինչպես գիտեք, կնճռոտվելու և թոշնելու նախապայմանն է: Ուստի, հենց այսօրվանից պետք է լրջորեն մոտենալ մաշկի խնամքին:

Պիլինգը հիանալի միջոց է մաշկի մեռած բջիջները վերացնելու համար: Սակայն հիշեք, որ աշնանը խորհուրդ չի տրվում խորը պիլինգ կատարել: Տնային պայմաններում կարելի է բավարարվել շաբաթը մեկ-երկու անգամ դեմքը սկրաբով մաքրելով:

Աշնանը մաշկի վրա բացասական ազդեցություն է թողնում խիստ հակադիր եղանակը` ցերեկային կիզիչ արևն ու երեկոյան ցուրտը:

Քանի որ աշնանը մաշկի խոնավությունը նվազում է, ապա խորհուրդ է տրվում սպիրտ պարունակող լոսյոններից հրաժարվել:

Անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող, վերականգնող, պաշտպանիչ քսուկներ, որոնց յուղայնությունը բարձր է:

lips2Մաշկին զուգահեռ չպետք է մոռանալ շրթունենքրի մասին. աշնանը շուրթերը ևս ճաքճքում և պլոկվում, ուստի անհրաժեշտ է նաև հետևել շրթներկի բաղադրությանը: Ցանկալի է, որ այն լինի յուղային: իսկ եթե յուղային շրթներկի սիրահար չեք, ապա երեկոյան կամ մինչ դիմահարդարումը օգտագործեք շրթունքների համար նախատեսված բալզամ:

Ձմռանը նույն խնդիրներն է´լ ավելի են սրվում: Արևի ճառագայթների բացակայության հետևանքով օրգանիզմում D վիտամինը նվազում է, որի հետևանքով մաշկը թոշնում է, եղունեգները` թուլանում, կոտրատվում, մազերը` կորցնում փայլը: D վիտամինի պակասն անհրաժեշտ է լրացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին սնուցման միջոցով:

Աշնանն այդ խնդիրը հեշտ է լուծել, թարմ մրգերը կապահովեն բոլոր անհրաժեշտ վիտամինները, անգամ դիմակների կարիք հաճախակի չի զգացվի: Սակայն ձմռանը, երբ մրգերի ու բանջարեղենի ընդունումն օրգանիզմում նվազում է, խորհուրդ է տրվում մաշկն անհրաժեշտ վիտամիններով ապահովել սնուցող դիմակների միջոցով:  Կարելի է և՛ ինքնուրույն պատրաստել բնական դիմակներ, և՛ օգտվել հատուկ ձմեռվա խնամքի համար նախատեսված պատրաստի դիմակներից: Սնուցող դիմակները չեն թողնում, որ մաշկը թոշնի, երիտասարդացնում են, պաշտպանում չոր օդի վտանգավոր ազդեցությունից:

Ձմռանն անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող քսուքներ, սակայն հիշեք, որ խոնավեցնող պրոցեդուրան պետք է կատարել կամ գիշերը` քնելուց առաջ, կամ տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ: Ուշադրություն դարձրեք, որպեսզի քսուկի բաղադրության մեջ անպայման լինի լեցիտին, կոլլագեն, հիալուրոնային թթու, ազուլեն, պրոպոլիս և իհարկե, վիտամիններ:

1321466178_116Գիշերային լվացումները խորհուրդ է տրվում կատարել կաթնային բաղադրությամբ և բուսական յուղ պարունակող խոնավեցնող քսուքներով: Կարելի է պարզապես գոլ ջրի մեջ մի քանի կաթիլ բուսական յուղ լցնել և դեմքը լվանալ: Իսկ եթե դուք հակում ունեք կուպերոզի նկատմամբ, ձեր արյունատար անոթները թույլ են կամ «անոթային աստղեր» են դեմքին երևում, ընտրեք վիտամին k-ի պարունակությամբ քսուքներ: Այն նպաստում է անոթների ամրացմանը:

Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լվացվել լորենու ծաղիկներից պատրաստված թուրմով: Իսկ յուղոտ մաշկ ունեցողների համար օգտակար են եղեսպակի (շալֆեյ) թուրմով լվացումները:

Ձմռանը օճառը ցանկալի է փոխարինել կաթիկով (молочко): Սակայն եթե չեք ցանկանում փոխել օճառը կամ գելը, ապա խորհուրդ է տրվում ձեռք բերել ձեր մաշկին համապատասխան սնուցող քսուկ և մաշկը լվանալուց հետո անմիջապես այն քսել դեմքին:

imagesՇատ կանայք աշնանն ու ձմռանը բարդույթավորվում են` փորձելով կոծկել չաքճքած ու կոշտ ձեռքերը: Սակայն դրա փոխարեն կարելի է մի քանի խորհուրդ լսել ու կատարել, իսկ ձեռքերն ի ցույց դնել հպարտորեն: Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ ձմռանը ձեռքերին օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոնավեցնող ու սնուցող քսուքները, որոնց բաղադրության մեջ մտնում են A և E վիտամիններ: Ամեն ինչ շատ պարզ է. տնից դուրս գալուց կես ժամ առաջ ձեռքերին քսեք խոնավեցնող կամ պաշտպանիչ քսուք, իսկ դրսում անպայման ձեռնոցներ կրեք: Ձեռքերը լվացեք գոլ ջրով: Օգտակար է նաև կաթնային լվացումը: Նույնն արեք քնելուզ առաջ:

 Չոր մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք հեշտ են ու արդյունավետ

images (1)Հանքային ջուրը մաշկը թարմացնելու, սնուցելու և խոնավեցնելու հիանալի միջոց է:

  1. 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը և 1 թեյի գդալ հանքային ջուրը լավ խառնեք իրար: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք դեմքը եռացրած-հովացրսծ ջրով:   Սակայն զգուշացնենք, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մեղրի պարունակությամբ դիմակներ նրանց, ովքեր դեմքին ունեն մանր արյունատար անոթներ (կուպերոզ):
  2. 74274969_58Պատրաստեք թուրմ բույսերի խառնուրդից (անանուխի տերևներ ու ծաղիկներ, եղեսպակ (շալֆեյ). 1 թեյի գդալ բույս և 1 բաժակ եռացրած ջուր համադրությամբ: Թուրմը հովացրեք, քամեք, ապա վրան ավելացրեք ½ բաժակ կաթ կամ սերուցք և 1 թեյի գդալ հանքային ջուր:Ստացված զանգվածը լցրեք սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ  և դրեք սառցախցիկի մեջ: Առավոտյան ջրով լվացվելու փոխարեն սառցե կտորներով դեմքը մերսեք՝ կլորավուն շարժումներով: Այնուհետև, դեմքը չչորացնելով, քսեք սնուցող քսուք՝ չոր մաշկի համար: 10-15 րոպե անց անձեռոցիկով մաքրեք քսուքի ավելցուկը:

загруженноеՁվի դեղնուցով դիմակները ևս շատ օգտակար են չոր մաշկին:

  1. 1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:
  2. 2 հատ միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար, և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով:
  3. Քերեք գազարը, ավելացրեք 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, ապա լավ խառնեք: Խառնուրդը քսեք դեմքին, պահեք 20 րոպե և դեմքը լվացեք գոլ ջրով:
  4. 1 ձվի դեղնուցը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաեւ սեւ հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց դեմքը լվացե գոլ ջրով եւ քսեք մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացրեք թղթե անձեռոցիկով։

«Կանանց իրավունքների առումով մենք շատ ավելի առաջ ենք եղել, քան Եվրոպան»

Anahit HarutyunyanՎերջին շրջանում գենդերային հավասարությանը վերաբերող հարցերի շուրջ հանրության շրջանում ծավալված բուռն քննարկումների համատեքստում «Անկախը» զրուցել է բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունանի հետ, որի հեղինակությամբ 2005 թ. լույս է տեսել «Երևելի տիկնանց դարը» գիրքը: Այդ աշխատությունում ներկայացված է XIX դարի և XX դարասկզբի հայ կանանց հասարակական գործունեությունը: Գրքի շնորհիվ շատ ու շատ կարծրատիպեր են կոտրվում Հայաստանում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ավանդական պատկերացումների վերաբերյալ:

– Տիկին Հարությունյան, ե՞րբ եք առաջին անգամ առնչվել գենդերային հավասարության եզրույթին և ինչպե՞ս եք այն ընդունել:

– Գենդերային ուսումնասիրություններին առնչվել եմ 1997 թ., երբ գործող լրագրող էի: Այդ ժամանակ ՄԱԿ-ը լրագրողների համար կազմակերպել էր սեմինար, թե ինչպես պետք է լուսաբանել գենդերային թեմաները: Սեմինարի ընթացքում շատերն էին դեմ արտահայտվում այդ երևույթին, ասում, թե դա արևմուտքից է ներխուժել, որպեսզի քայքայի մեր ավանդական ընտանիքը, և այլն: Ես շատ հանգիստ էի լսում, և երբ դասավանդողներն ինձ հարցրին, թե ինչ եմ մտածում, ասացի, որ ինձ համար դեռևս նոր բան չի ասվել: Ասացի` միգուցե բառն է նոր` գենդեր, բայց գաղափարներն ու մտքերը վաղուց եմ կարդացել մեր  անցյալի մամուլում, քանի որ նախկինում գիտական գործունեությամբ եմ զբաղվել և քաջ գիտեմ մեր մամուլը: Դասավանդողները զարմացան: Հետագա շփումներից հետո ինձ հրավիրեցին միջազգային գիտաժողովի: Ես ներկայացրի  մեր ամենափայլուն թերթերից մեկի` «Մշակի» հիմնադիր և խմբագիր Գրիգոր Արծրունու գործունեությունը: Այդ ժամանակ էլ  առաջարկ ստացա և սկսեցի զբաղվել այդ թեմայով, որի արդյունքը եղավ «Երևելի տիկնանց դարը» աշխատությունը:

– Ի՞նչ կարծրատիպեր են կոտրվում այդ գրքով:

– Այն, որ ասում են, թե իբր մեր ազգային մենթալիտետը ուրիշ է, տղամարդը կնոջը պետք է իշխի, կինը ենթարկվի, և այլն: Պատմական փաստերով  ցույց տվեցի, որ դա ճիշտ չէ. մեզ մոտ միշտ հավասարություն է եղել, կինը երբեք ստորադաս վիճակում չի եղել, ընդհակառակը` շատ պատվավոր տեղում, և հայ ընտանիքում շատ ճիշտ դերաբաշխում է եղել, որի շնորհիվ էլ ընտանիքն ամուր էր:

Ինձ համար շատ կարևոր էր, որ այդ ամենը իմանան հատկապես Արևմուտքում, որովհետև, երբ այնտեղից մեզ մոտ գալիս էին այդ թեմաներով սեմինարներ անցկացնելու, մեզ  նայում էին որպես հետամնաց, նոր զարգացող ցեղախմբի, իսկ ես ուզում էի ցույց տալ, որ կանանց իրավունքների առումով մենք շատ ավելի առաջ ենք եղել, քան Եվրոպան:

– Այսինքն` մեր կանանց իրավունքները շատ ավելի պաշտպանված էին, քան եվրոպացի կանանց իրավունքնե՞րը:

– Փաստը մնում է փաստ, որ ամբողջ Արևմուտքի պատմությունը եղել է նաև կանանց իրավունքների պայքարի պատմություն, և այն իրավունքները, որ Արևմուտքի կանայք այսօր ունեն, բառի բուն իմաստով, արյան գնով են նվաճել: Իսկ Հայաստանում կանայք չեն պայքարել իրենց իրավունքների համար, բայց ոչ այն պատճառով, որ շատ կրավորական կամ ստրկամիտ են եղել, այլ առիթ չեն ունեցել պայքարելու: Ինչո՞ւ պայքարեին, եթե դա իրենց տրված էր: Մի հետաքրքիր փաստ. երբ որոշ զարգացած եվրոպական երկրներում մինչև XX դարի կեսերը նույնիսկ կանայք դեռ ընտրելու իրավունք չունեին, Հայաստանում առաջին հանրապետության ստեղծման ժամանակ` 1918 թ., նույնիսկ հարց չի ծագել` կանայք ունե՞ն ընտրելու իրավունք, թե ոչ: Այդ ժամանակ մեր կանայք և՛ ընտրել են, և՛ ընտրվել, և երեք հոգի մտել է խորհրդարան:  Սա է մեր մտածողությունը: Եթե այդպիսին չլինեինք, ամբողջ XIX դարում մեր մամուլում չէր իշխի կանանց հարցը:

– Ի՞նչ էր նշանակում այդ ժամանակ կանանց հարցը մեր` հայերիս համար:

– Այդ ժամանակ Եվրոպայում «մոլեգնում» էր ֆեմինիզմը` այն էլ արմատական, և այդ ագրեսիան բնական էր, որովհետև ինչքան ճնշված ես, այնքան ագրեսիվ ես: Բայց այդ ալիքը Հայաստան չհասավ, կողքով անցավ-գնաց, թեպետ մեր մամուլի մշակները քաջատեղյակ էին Եվրոպայի զարգացումներին: Հայաստանում «կանանց հարցն» ուրիշ բովանդակություն ուներ: Երբ մեր ազգի մեծերն ազգային-ազատագրական պայքարի ծրագիր մշակեցին, անմիջապես  առաջ եկավ լուսավորության խնդիրը, առանց որի ազգին հնարավոր չէր համախմբել:  Եվ հենց այդ ժամանակ էլ առաջ քաշվեց կանանց հարցը: Որոշեցին, որ կրթության հարցը լավագույնս կարող են լուծել կանայք, ուստի առաջին հերթին մտածեցին կրթել կանանց: Եվ ամբողջ Արևմտյան և Արևելյան Հայաստանում սնկի պես սկսեցին իգական դպրոցներ բացվել: Դա մի հզոր շարժում էր, որն արդարացրեց իրեն: Երբ աղջիկներն ավարտում էին դպրոցը, սկսում էին կազմակերպություններ հիմնել, որոնց 90 տոկոսը զբաղվում էր կրթական հարցերով: Այդ կանայք հայ կրթության պատմության մեջ խոր հետք են թողել: Փաստորեն, ինչպես հայ ընտանիքներում, այնպես էլ համազգային մակարդակով էր ճիշտ դերաբաշխում կատարված: Մեր մեծերը բացահայտ ասում էին` առանց կանանց մենք ոչինչ ենք: Արծրունին ասում էր` իմացեք, եթե որևէ գաղափար կանայք ընդունեն, կկատարվի, եթե ոչ, ապա ձեռք քաշեք, չի կատարվի:

– Կանանց իրավունքների հարցերը հայ մամուլում, բացի Արծրունուց, էլ ովքե՞ր են այդ ժամանակ բարձրացրել:

– Մեսրոպ Թաղիադյանը, Հովհաննես Հիսարյանը, Ստեփանոս Նազարյանցը, Միքայել Նալբանդյանը, Ստեփան Ոսկանը, Սրբուհի Տյուսաբը, Մատթեոս Մամուրյանը… Ո՞ր մեկն ասեմ: Րաֆֆին, օրինակ, մի հոյակապ աշխատություն ունի` «Հայ կինը»: Կամ Ավետիք Արասխանյանը` «Մուրճի» խմբագիրը, որ թեպետ չի զբաղվել կանանց հարցով, ինչպես մյուս մտավորականները, բայց մի ապշեցուցիչ հոդված ունի` «Կինը հասարակության մեջ», որում կան գաղափարներ, որոնց միջազգային հանրությունը հասավ XX դարի երկրորդ կեսին` կանանց հարցերին նվիրված չորս համաշխարհային խորհրդաժողովներից հետո միայն: Արասխանյանն ասում էր. հիշեք` սա նախ և առաջ մարդու իրավունքի հարց է, ոչ թե կնոջ և տղամարդու առաջնության կամ արժանիության: Ասում էր` նայեք, եթե որևէ պետություն կամ ազգ զարգացող ու հարատևող է, ուսումնասիրեք և կտեսնեք, որ այնտեղ կինը լավ վիճակում է, և այն պետությունը, որտեղ կինը լավ դիրքում է, իրավունքները ոտնահարված չեն, այդ պետությունն իր ապագայի մասին է մտածում, նայում է առաջ:

– Ի՞նչ են ասում այսօրվա ուսումնասիրողները:

– Այսօրվա ուսումնասիրողներն ասում են` ամենաթանկ բանը մարդկային կապիտալն է, և պետք է հավասարապես օգտագործել մարդկության կեսի` կանանց ռեսուրսները, ոչ թե կրթել, դաստիարակել, փող ծախսել, հետո էլ ասել` գնա նստիր տանը և միայն ճաշ եփիր ու երեխա պահիր: Այն էլ այս մրցավազքի դարում: Մեր նոր քաղաքակրթության նպատակն այն է, որ ինչ օրենքներ ընդունվում են, հավասարապես հաշվի առնվեն երկու սեռերի շահերը` և՛ տղամարդու, և՛ կնոջ: Հիմա, օրինակ, ուսումնասիրողները զբաղված են տղամարդկանց խնդիրներով: Ուզում են հասկանալ` ինչո՞ւ են կանանցից 10-12 տարով պակաս ապրում: Պարզվում է` նրանք հոգեկան տառապանքների են մատնվում, երբ չեն կարողանում ներկայիս պայմաններում իրացնել ավանդաբար իրենց վերապահված ընտանիքը կերակրողի դերը, չեն արդարացնում հասարակության սպասումները:

– Այսօր հենց միայն գենդեր եզրույթը հանրության որոշ շերտերում սվիններով է ընդունվում: Ի՞նչն է պատճառը, և ի վերջո, ո՞րն է այդ բառի ճիշտ բացատրությունը:

– Գենդեր նշանակում է սեռ: 1969 թ. ամերիկացի գիտնական Ստոլլերն առաջարկեց այդ տերմինը` փոխ առնելով անգլերենի քերականությունից, որպեսզի մենք անընդհատ չկրկնենք, որ խոսքը ոչ թե կենսաբանական էակների մասին է, այլ կնոջ ու տղամարդու մասին`  որպես հասարակական էակների, հասարակության մեջ նրանց դիրքի, փոխհարաբերությունների մասին: Գենդերը մշակութային  հարացույց է: Ավանդաբար ազգերի մեծ մասի մշակույթներում, օրինակ` տղային ասում են` դու տղա ես, ուրեմն ուժեղ ես, իսկ աղջկան ասում են` դու պետք է հեզ լինես, խոնարհ լինես և այլն: Բայց պարզվում է, որ ինչ-որ մի իրավիճակում, ինչ որ մի ժամակաշրջանում դա սկսում է խանգարել կողմերից մեկին: Իհարկե, ավանդույթները պետք է պահպանել, բայց կան բաներ, որոնք ժամանակի ընթացքում  իմաստազրկվում են: Օրինակ` մեր ուսանողության տարիներին համալսարանում տաբատ հագնելն ընդունված չէր, նույնիսկ ներքին կարգադրություն կար, որ աղջիկները տաբատով համալսարան չմտնեն: Տաբատ հագնելը խռովարարության հասնող մի բան էր: Բայց հետո կյանքը ցույց տվեց, որ դա շատ պրակտիկ հագուստ է, հիմա նաև տատիկներն են հագնում:

– Շատերի մտավախությունն էլ հենց այն է, որ գենդերային հավասարությունը կարող է աստիճանաբար նոր ձևակերպումներ ու սահմանումներ ստանալ, ընդհուպ` սեռափոխության իրավունք և այլն:

– Ինչպե՞ս կարելի է գենդերը կապել միասեռականության, սեռափոխության և նման բաների հետ:  Կրկնում եմ` գենդեր նշանակում է սեռ, այսինքն` կին և տղամարդ: Դրանք շեղումներ են, որոնցով առանձին մասնագետներ պետք է զբաղվեն: Իսկ գենդերային հավասարությունը ենթադրում է այնպիսի իրավիճակ, որտեղ կնոջ և տղամարդու բնականոն հարաբերությունները խաթարված ու շեղված չեն, որտեղ հավասարակշռություն կա, ներդաշնակություն կա: Եթե կուզեք` գենդերը, փաստորեն, միասեռականության դեմ է, որովհետև պայքարում է, որ որևէ ոլորտում չլինեն միայն տղամարդիկ, կամ միայն կանայք, որովհետև այդ դեպքում ոչ բնականոն, հիվանդագին վարքագծեր են առաջանում: Վերջապես, գաղտնիք չէ, քաղաքականությունը  մեր երկրում տղամարդկային դեմք ունի, բոլոր առանցքային տեղերում տղամարդիկ են: Է, լա՞վ է, գո՞հ ենք:

Միգուցե օրենքում ոմանց կարծիքով անհաջող կամ երկիմաստ ձևակերպումներ կան, որոնք ճիշտ չեն ընկալվում: Քննարկենք: Բայց դրա պատճառով չի կարելի հարձակվել դրանով զբաղվող կազմակերպությունների վրա, որոնց մի մասը, ի դեպ, գիտական մակարդակով է զբաղվում:  Կարծում եմ` այս ընդվզման հիմքը օրենքը չէ, այն ընդամենը պատրվակ է ծառայում: Որտե՞ղ էին այդ պայքարողները, երբ գենդերային քաղաքականության պետական հայեցակարգ էր ընդունվում: Դրա հիման վրա նույն մեր կառավարությունը կազմել է ռազմավարական ծրագիր, որի մեջ մտնում է նաև օրենքի ընդունումը: Դեռ 1993 թ., երբ դեռ Հայաստանում գենդեր բառն էլ չգիտեին, մեր երկիրը վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն այս ամենի հիմնաքարն է: Էնպես որ` գնացքը վաղուց է գնացել:

Ի դեպ, երբեք չեմ նկատել, որ մեր ժողովուրդն ինչ-որ բանի դեմ պայքարելիս նման ավերիչ, կործանիչ ու ագրեսիվ կոչերով հանդես գա: Ես շատ լավ հասկանում եմ, թե քամին որտեղից է փչում,  հարկ էր, որ այս պահին ժողովրդի ուշադրությունը շեղվեր շատ ավելի լուրջ խնդիրներից, և նկատի ունենալով մեր ազգային մտածելակերպը` ընտանիքի պաշտամունքը, պատվեր տվողները ճիշտ հաշվարկ են արել:  Սակայն մի կարևոր բան հաշվի չեն առել` ճշմարտությունը երկար ժամանակ պարկում չես թաքցնի: Բայց սա արդեն ուրիշ խոսակցության նյութ է: Ամեն ինչ` իր ժամանակին:

Կանայք ուժեղ սեռ են ճանաչվել

ol3001377765067Ավանդաբար կանայք համարվում են թույլ սեռի ներկայացուցիչներ, սակայն, եթե խոսքն առողջության առանձնահատկությունների մասին է, ապա ուժեղ սեռ են կանայք:

Փաստ է, որ կանանց օրգանիզմը շատ ավելի արդյունավետ է պայքարում մաշկի քաղցկեղի` հատկապես մելանոմայի դեմ, որից տղամարդիկ ավելի հաճախ են մահանում: Պրոֆեսոր Պիտեր Ջոնսոնի կատարած հետազոտությունը այն մտքի հանգեցրեց, որ տղամարդկանց մոտ  հիվանդության ռիսկը գուցե պայմանավորված է արական` տեստոստերոն հորմոնով, որն ասես “արգելակում” է իմունային համակարգի աշխատանքը:

Ուսումնասիրության հեղինակի կարծիքով, տեստոստերոնը կարող է խանգարել տղամարդու իմունային համակարգի աշխատանքին նաև այլ հիվանդությունների դեպքում: Դրա հետ կապված էլ նույն հիվանդությունների նկատմամբ  կանանց օրգանիզմն ավելի արագ ու արդյունավետ է պայքարում, քան տղամարդկանց օրգանիզմը: Բնականաբար, դա կարող է տարածվել նաև սովորական մրսածության վրա, որը տղամարդկանց ավելի շատ  տհաճություն է պատճառում, քան կանանց:

Կարմիր գույնն ու կինը

ol3001376909610Գիտնականները կարծում են, որ կնոջ զգեստապահարանում կարմիրի առկայությունն անմիջականորեն մատնացույց է անում այն փաստը, որ կինը որս է սկսել, ու  կողակից ընտրելու և  երեխա բեղմնավորելու լավագույն շրջանում է գտնվում:

Պարզվում է, որ կանայք կարմիրի ու վարդագույնի երանգներն են  նախընտրում ձվազատման շրջանում և, ենթագիտակցորեն օգտագործում են  վառ  գույնը շրջապատի տղամարդկանց գրավելու համար: Հոգեբանները վստահեցնում են, որ այդ գույնն իսկապես գրգռում է տղամարդու պարզագույն, այդ թվում` բազմանալու բնազդը: Ընդ որում, պարտադիր չէ, որ կարմիր կամ էլ վարդագույն տարրը էրոտիկ լինի, քանի որ տղամարդու ուղեղի վրա ազդում է նաև այդ գունային երանգն ունեցող հասարակ շապիկը:

Նման եզրահանգման են եկել Ռոչեսթրի, Հարավային Բրետանի ու Բրիտանական Կոլումբիայի   համալսարանների մասնագետները, որոնք իրենց  գիտական ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել են «Medical Daily» հանդեսում:

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

116-670x446Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղիցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության սրահներում դառնում է խիստ պահանջված:

Ժամանակակից պեդիկյուրն իր մեջ ներառում է ոչ միայն պիլինգ (մաշկի մեռած բջիջների հեռացում, հարթեցում), այլև ռեֆլեքսոթերապիա (հատուկ մերսում, որ խթանում է տարբեր օրգանների, նյարդերի և գեղձերի աշխատանքը), անտիսեպտիկա (հականեխիչ միջոցներ) և, ի վերջո, նեյլ-արտ` եղունգների դիզայն: Ուստի, պեդիկյուրի մասնագետը պետք է լինի ոչ միայն լավ ոտնահարդար, այլև գիտակ կոսմետոլոգ, որպեսզի հասկանա ոտքի, հատկապես ոտնաթաթի մաշկի առանձնահատկությունները և հաճախորդին օգնելու փոխարեն խնդիրներ չստեղծի:

Պեդիկյուրի դասական գործընթացը տևում է մեկ-մեկուկես ժամ` ներառելով ոտքերի լոգանքը, կոշտուկների և ավելորդ մսերի հեռացումը, եղունգների հարդարումը, ոտքերի վերջնական մաքրումը սկրաբով, լվացումը, սնուցող քսուքներով մերսումը և վերջում` եղունգների ներկումը:

images (1)Սեզոնին գոնե ամիսը մեկ խորհուրդ է տրվում պեդիկյուր անել: Իսկ եթե հնարավորություն կամ ժամանակ չունեք, ապա առաջարկում ենք ոտքերն ինքնուրույն` տնային պայմաններում խնամելու ամենահին, պարզ ու էժան տարբերակներից մեկը, որը խորհուրդ է տալիս ոտնահարդար Արաքսյա Պետրոսյանը.«Ոտքերի կոշտուկները փափկեցնելու և հոգնածությունը վերացնելու համար պետք է ոտքերը դնել տաք ջրի մեջ` նախապես ջրի մեջ լցնելով մեկ ճաշի գդալ հեղուկ օճառ, մեկ ճաշի գդալ անուշադրի սպիրտ (1 ճաշի գդալը` երկու լիտր ջրին), 15-20 րոպեից հանել և հինգ րոպե դնել սովորական տաք ջրի մեջ, ոտքերը հերթով հանել, թեթևակի չորացնել, քերիչով հեռացնել մեռած բջիջներն ու մաքրել սկրաբով, հետո նորից լվանալ, չորացնել, վերջում փափկեցնող կամ սնուցող քսուքով մերսել»:

Ըստ ոտնահարդարների` ձեռքի, մարմնի կամ դեմքի համար նախատեսված քսուքները ոտքերի համար կիրառելը ճիշտ չէ և օգուտ չի տալիս ոտքերին (կանանց շրջանում դա շատ տարածված է), ուստի խորհուրդ է տալիս օգտագործել ոտքի համար նախատեսված քսուքներ:

pedikyur_spa_v_domashnih_usloviyah_2ՍՊԱ-պեդիկյուր

Այս ծառայությունն այժմ առաջարկում են շատ գեղեցկության սրահներ: ՍՊԱ-պեդիկյուրն, ըստ մասնագետների, շատ չի տարբերվում դասականից: Այս պրոցեդուրայի ընթացքում հաճախորդը լիակատար հանգիստ է վայելում ու թուլանում է: Օգտագործվում են փափկեցնող ու սնուցող բարձրորակ միջոցներ, լոգանքի կամ մերսման համար` ծովային բաղադրամասեր և այլն:

Պեդիկյուր սարքի միջոցով

Սա ևս համարվում է նորարարություն: Այն ունի մի քանի առանձնահատկություններ: Ջրի փոխարեն կիրառվում է հատուկ փափկեցնող միջոց, որը հիանալիորեն առանձնացնում է կենդանի ու մեռած բջիջները: Եթե դասական պեդիկյուրի դեպքում երբեմն վնասվում են նաև կենդանի բջիջները, ապա այս դեպքում դա բացառվում է: Սակայն, մատնահարդարներից ոմանք թերահավատորեն են վերաբերում այս մեթոդի արդյունավետությանը` կարծելով, որ այն լիարժեք չի կատարում գործողությունը:

fish-pedikiurՁկնային պեդիկյուր

Սա պեդիկյուրի ոլորտի ամենավերջին նորույթն է և մեծ մասսայականություն է վայելում հատկապես ասիական երկրներում: Garra rufa կոչվող փոքրիկ ձկները, որոնք հայտնի են որպես «բժիշկ-ձկներ», սիրում են ուտել մեռած մաշկ: Պրոցեդուրայի ընթացքում կանայք իրենց ոտքերը դնում են ձկներով լի ջրի մեջ, և 30 րոպեի ընթացքում ձկները «խժռում են» ոտքերի մեռած բջիջներն ու կոշտուկները: Ասում են` պրոցեդուրայից հետո ոտքերը նորածնի մաշկի պես նուրբ ու հարթ են դառնում:

Այն Ասիայից մուտք է գործել նաև Եվրոպա ու Ամերիկա: Սակայն, ըստ «Wall Street Journal»-ի տվյալների, 14 ամերիկյան նահանգներ արգելել են այդ կոսմետիկ գործընթացի կիրառումը: Պրոբլեմն այն է, որ հիգիենան հսկելը դժվար է, և որոշ մասնագետներ կարծում են, որ ձկները կարող են վարակի աղբյուր դառնալ: Շատերի կարծիքով էլ հատուկ լողավազաններում աճեցնելու դեպքում այդ ձկները կարող են ավելի մաքուր լինել, քան պեդիկյուրի գործիքները: Հայաստանում այս նորույթը դեռևս չի կիրառվում:

Պեդիկյուրի սրահների հիգիենան լուրջ խնդիր է: Ըստ մաշկաբանների` կանայք պետք է սալոնային այս ծառայությունն ընդունելիս հաշվի առնեն` նախ ոտնահարդարի որակավորումը, առաջարկվող կոսմետիկ միջոցների բուժական նշանակությունը, ապա հետևեն սրահի, սարքավորումների, գործիքների մաքրությանը:

Կան մի շարք չափանիշներ, առանց որոնց չի կարելի այս ծառայությունն իրականացնել, օրինակ, սրահը պետք է առանձնացված լինի գեղեցկության սրահի մյուս բաժիններից, այնտեղ պետք է լինեն ձեռքերի և ոտքերի համար նախատեսված առանձին լվացարանակոնքեր` տաք և սառը ջրով, սարքերի ստերելիզատոր, առաջին օգնության դեղատուփ` հատկապես արնահոսությունը կանխող միջոցներով, իսկ մատնահարդարը պրոցեդուրայից առաջ պետք է հագնի բաց գույնի ստերիլ հագուստ` ամբողջությամբ ծածկելով անձնական հագուստը, լվանա և սպիրտով մաքրի ձեռքերը, ունենա կարճ կտրած եղունգներ և այլն:

Սիրելի կանայք, ամռանն օգտվեք պեդիկյուրի ծառայությունից` չխնայելով գումար ու ժամանակ, քանի որ այն էականորեն բարելավում է ձեր արտաքին տեսքն ու պահպանում հիգենան: