ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախումբը դատապարտում է

ՀՅԴՍուրիոյ քաղաքացիական պատերազմի սկիզբէն իսկ, Հալէպի հայկական համայնքը, գտնուելով կառավարական եւ ընդիմմութեան ուժերուն ընդհարումի գօտիին միջեւ, մինչեւ այսօր կ’ապրի ծանր օրեր, տալով տասնեակներով զոհեր, հարիւրաւոր վիրաւորներ, ինչպէս նաեւ կրելով հսկայական վնասներ համայնքային եւ սեփական կառոյցներու: Վերջին շրջանին կացութիւնը վատթարացած է, քանի շրջանին մէջ, կառավարութեան դէմ հակադրուող ուժերը, Ալ Քայիտայի հետ կապակցութիւն ունեցող ուժերն են:

Կասկածէ վեր է թէ ծայրայեղական ընդիմադիր այս ուժերը, զինուած Թուրքիոյ  կողմէ եւ մուտք գործած Թուրքիայէն, իբրեւ իրենց հիմնական թիրախը ընտրած են յարձակումները անզէն ժողովուրդին վրայ, քաղաքներու եւ գիւղերու մէջ: Կարճ ժամանակ առաջ, մուտք գործելով Թուրքիայէն, յարձակեցան հայաբնակ Քեսապին վրայ, պատճառ դառնալով որ ամբողջ բնակչութիւնը տեղահանուի եւ ապաստան գտնէ Լաթաքիիոյ մէջ: Վերջին օրերուն նոյն ուժերը, մուտք գործելով նորէն Թուրքիայէն, սկսած են անդադար հրթիռակոծումը Հալէպի հայկական թաղամասերուն եւ յատկապէս Նոր Գիւղի շրջանը:

Ինչպէս կը տեղեկացնեն մամլոյ սպասարկութիւններ եւս, Նոր Գիւղի անդադար այս հրթիռակոծումը, ծայրայեղական ուժերուն կողմէ, վտանգի ենթարկած է բնակչութեան կեանքը իսկ մեծ վնասներ հասցուցած՝ հայկական եկեղեցիներու, դպրոցներու, ակումբներու, բնակարաններու եւ գործատուներու, որոնք ամբողջութեամբ կամ մասամբ քանդուած են, պատճառելով անզէն եւ խաղաղ բնակչութեան տեղահանումը եւ ապաստան գտնելը Լաթաքիա, ուր արդէն խճողուած են Քեսապի փախստականները:

Նկատի ունենալով ստեղծուած կացութիւնը, Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգման Մարմինը, յայտարարած է Հալէպի հայկական թաղամաս Նոր Գիւղը իբրեւ ԱՂԷՏԵԱԼ ԳՕՏԻ:

Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը, կը դատապարտէ շարունակական այս յարձակումները Սուրիոյ հայ ազգաբնակչութեան դէմ: Անկասկած՝ ծայրայեղական այս ուժերը կը նկատեն այժմ, իբրեւ իրենց հիմնական թիրախը կը նկատեն հայաբնակ շրջանները եւ որոնք անտարակոյս կը քաջալերուին երրորդ երկիրներու կողմէ եւ յատկապէս Թուրքիայէն, ուր եւ կը զինուին այս ուժերը եւ ունին արտօնութիւնը մուտք գործելու Սուրիոյ սահմաններէն ներս, հակառակ Թուրքիոյ անհիմն պնդումներուն որ ինք ոեւէ մեղսակցութիւնը չունի:

Կոչ կ’ուղղենք Եւրոպական Միութեան, որ այլեւս ժամանակն է փոխելու իր որդեգրած կեցուածքը մինչեւ այսօր եւ դատապարտելու բուռն կերպով այս յարձակումները եւ ճնշելու Թուրքիան որ դադարեցնէ ոճրագործ այս ուժերու զինումը եւ ուղարկումը Սուրիա, յարձակումներ կատարելու համար հայաբնակ շրջաններու վրայ: Կոչ կ’ուղղենք բոլոր պետութիւններուն եւ յատկապէս անոնց որոնք կը սատարեն ընդիմութեան ուժերուն, որ միջամտեն եւ պահանջեն ծայրայեղական այդ ուժերէն, դադարեցնելու իրենց յարձակումները հայաբնակ շրջաններուն վրայ: Այն պետութիւնները, որոնք պիտի չառնեն նման նախաձեռնութիւններ պիտի կրեն բարոյական պատասխանատուութիւնը հակահայ այս գործողութիւններուն եւ բոլոր ոճիռներուն որ կը կատարուին ծայրայեղական այս ուժերուն կողմէ:

Կոչ կ’ուղղենք Սուրիոյ իշխանութիւններուն, որ դիմեն անմիջական միջոցառումներու, ապահովելու անզէն ժողովուրդին ֆիզիքական ապահովութիւնը, որուն տենչանքն է իր գիւղերուն եւ թաղամասերուն մէջ ապրելու խաղաղութեամբ եւ կեանքի ու ինչքի ապահովութեամբ:

Հայ ժողովուրդը որ ենթարկուած է ցեղասպանութեան թուրքիոյ կողմէ, դիմագրաւած է մեծ աղէտներ, սակայն այսօր ոտքի է եւ կենդանի, պիտի չ’արտօնէ ոեւէ նոր զանգուածային յարձակումներու ծրագրի իրագործումը Սուրիոյ մեր հայրենակիցներուն դէմ, եւ պիտի հակազդէ համապատասխանօրէն ամբողջ աշխարհի մէջ, ապահովելու համար Սուրիոյ հայութեան անվտանգութիւնը:

Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակ    

ՀՅԴ-ն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանելԱնաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը

ՀՅԴՍույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։ Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ։ Արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլեւ այն ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ, որոնք առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում պետականության ամրապնդման ու զարգացման համար։ Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը  վնասելու է  մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները։

Նկատի ունենալով վերոհիշյալը, ՀՅ Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել կայացված որոշումը, հետագայում ձեռնպահ մնալով առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպից։

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Երեւանի Քաղաքային կոմիտե

20 Մայիս 2014

100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ՀՅԴ նախագիծը մերժվեց

ՀՅԴ

53 կողմ, 66 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու վերաբերյալ:

Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան՝ հայտնելով, որ հանրապետականը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ խնդիրը լրացուցիչ քննարկման կարիք ունի, և որ առաջիակյում Սահմանադրական բարեփոխումների գործընթացն է:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ ավելի վաղ տառացիորեն նույն նախագիծը ներկայացրել էին իրենք, երբ դե Սահմանադրական բարեփոխումների մասին խոսք չկար: “Ավելի շատ Սահմանադրական փոփոխությունները շահարկվում են, որպեսզի հարցը մղվի երկրորդ պլան”,-ասաց նա:

 

Անկախ

Խորհրդարանն արտահերթ քննարկում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցը

ԱՐմեն ՌուստամյանԽորհրդարանում արտահերթ կարգով քննարկվում է ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու վերաբերյալ:

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ հարցն իր ակտուալությունը չի կորցրել, քանի դեռ խնդիրը ուծված չէ: «Այս հարցի շուրջ արդեն բազմաթիվ քննարկումենր են եղել, սա այսօրվա խորհրդարանում «կոնսենսուս մինուս 1» կարգավիճակ ունեցող հարց է: Ոչ իշխանական բոլոր ուժերը կողմ են սրան, բացի ՀՀԿ-ից: Պարզ է, որ իշխանությունները մեծամասնականից որևէ կերպ չեն ուզում հրաժարվել, քանի որ դա ապահովում է իրենց վերարտադրման գործընթացը: Սակայն այդպես մենք չենք կարող երաշխավորել ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորությունը: Ով գալիս է իշխանության, պահպանում է այն մինչև վերջ»:

Ռուստամյանի խոսքով՝ 41 բոնուսային մանդատները միանգամից իշխանությունն իր գրպանում է պահում, և որ անգամ համամասնականով 60 տոկոս ձայն ձեռք բերելու դեպքում էլ խորհրդարանում հնարավոր չէ ունենալ մեծամասնություն:

«Սա աբսուրդ է: Սա չի կարող ժողովրդավարական ընտրության մասին խոսել, իսկ իշխանությունը երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Եվ քանի դեռ մենք չենք հրաժարվել այս համակարգից, չենք կարող խոսել հավասար, մրցակցային ընտրապայքարի մասին: Դա նույնն է, որ երկու հոգի դորս գան վազքի, մեկը սկսի սկզբից, մյուսը 40 մետր առջևից: Ինչո՞ւ չենք ուզում այս աննորմալ վիճակը փոխել»,-հարց բարձրացրեց պատգամավորը:

 

Անկախ

ՀՅԴ-ը կողմ է իշխանափոխությանը որոշակի պայմանների դեպքում

Արմեն ռուստամյան«Առկա կիսանախագահական համակարգը չի նպաստում արդյունավետ կառավարում իրականացնելուն: Այս համակարգը մեծամասնությանը հնարավորություն է տալիս որոշել ամեն ինչ և թելադրել: Երբ ասում ենք, որ խորհրդարանական համակարգի պետք է անցնել, մենք խրվելու ենք դրա մեջ մասնագիտական առումով, որը ամենաարդյունավետ համակարգն է մեր կարծիքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ինչին  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելեց. «Միևնույն է առաջիկա նախագահական ընտրություններում նախագահը փոխվելու է, իշխանափոխություն լինելու է, բայց եթե նոր նախագահը նույն համակարգով ղեկավարի, ով էլ լինի, նման լիազորություններ ունենալով, շահ չի ունենա փոխել համակարգը»:

Նա նշել է, որ կուսակցությունը կողմ է իշխանափոխությանը, սակայն որոշակի պայմանների առկայության դեպքում: «Մենք դառը փորձ ունենք, որ մարդիկ փոխվել են, բայց համակարգը չի փոխվել: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, բայց պետք է երաշխիք լինի, որ դա կբերի իրական համակարգային փոփոխությունների. քանի դեռ այդ երաշխիքը չկա, մենք կողմ չենք զուտ մարդկանց փոփոխություններին»,- նշել է  Ռուստամյանը:

Խմբակցության անդամը անդրադարձել է նաև իշխանության հետ կոալիցիա կազմելու խնդրին, նշելով, որ եթե ՀՅԴ կողմից երկրի նախագահին ներկայացված յոթ կետերը իրականություն դառնային, իրենք պատրաստ կլինեին ստանձնել կառավարության ամբողջական պատասխանատվությունը, ոչ միայն մասնակի. «Մենք մտադիր չենք անիմաստ մտնել կոալիցիա, եթե չեն որդեգրվել մեր առաջարկած կետերը: Այս պահին, այդ կետերը չեն ընդունվել, մենք չենք մտնում կոալիցիա, բայց պահանջելու ենք այդ կետերի իրականացում»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը, հավելելով, որ ՀՅԴ-ն կարող է վերանայել իր դիրքորոշումը, եթե կառավարությունն ընդունի իրենց` ապրիլի 17-ին առաջարկած կետերը:

Անկախ

Համակարգային փոփոխություններ իրականացնելու ՀՅ Դաշնակցության յոթ առաջարկները

հյդՀՅԴ-ն հրապարակել է իր 7 առաջարկները, որոնք անհրաժեշտ են համակարգային փոփոխության համար: Ստերև ներկայացնում ենք դրանք.

  1. Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի: Ձևավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ` բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը և պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը:
  2.  Անցում կատարել կառավարման խորհրդարանական ժամանակակից համակարգի:
  3. Օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ ձևավորելով իշխանություն-ընդդիմություն միասնական պետական կառավարման համակարգ: Ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն, որի ղեկավարի, ինչպես նաև Վերահսկիչ պալատի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:
  4. Հստակ արտահայտված կամք դրսևորել և գործուն մեխանիզմներով տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը,  դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Կադրային քաղաքականության մեջ առաջնորդվել անձի արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներով, պետական կառավարման համակարգում հրաժարվել համատարած կուսակցականացման արատավոր գործելաոճից:
  5. Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեն, միջսերնդային և ներսերնդային համերաշխությունը: Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ և արդյունավետության գնահատման չափանիշ դարձնելով տնտեսական զարացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը, աղքատության կտրուկ նվազեցումը, միջին խավի տեսակարար կշռի մեծացումը և ատագաղթի կասեցումը:
  6. Երկրում արդարության ու վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով ապահովել արդար բիզնես միջավայր, բացառել քաղաքական շարժառիթներով հասարակական և տնտեսական կյանքին միջամտությունը, ոչ բնական մենաշնորհները, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին, քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների ընդունմանը:Արագ լուծում տալ լայն հնչեղություն ստացած և ժողովրդին հուզող հրատապ խնդիրներին (օրինակ` պարտադիր կուտակային վճարներ, արագաչափեր, կարմիր գծեր, տրամսպորտի փոխադրավարձ, ԱՊՊԱ սակագին, գյուղատեսության վնասներ, փոքր ու միջին բիզնեսի հարկային դրույքաչափեր և այլն):
  7. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է բխի ազգային անվտանգության ռազմավարությունից՝ չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը: Ետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:Ամրագրել, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ մասնակցությունը, կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը: Հարկ եղած դեպքում ԼՂՀ-ի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք:

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 

ՀՅԴ-ն կոալիցիա չի մտնի և կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում

ՀՅԴԳիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը  ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:

ՀՅ Դաշնակցությունը ձեւակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը  երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետեւողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:

Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետեւյալ մոտեցումները.

1.- Մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը:

 2.- Հետեւել իշխանության  եւ կառավարության գործողություններին,  նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման  աստիճանով:

3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:

Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին:

                                                                                     ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

«Մի նախարար կունենաս, թե տասներկու, միևնույն է, այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես լինի». Արմեն Ռուստամյան

Armen-Rustamyan48-e1354281632331Այսօր կրկին խորհրդարանական քառյակը հրավիրել էր նիստ: Այս անգամ հրավիրող կողմը Դաշնակցությունն էր: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում, բայց էդ ամբողջապես ընդունելը նշանակում է, որ ամբողջապես պետք է կատարի նա, ով դա առաջարկում է: Հիմա չունենք էդ վիճակը, մեր վարչապետը չի, ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա արդեն խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա:  Իսկ եթե չկա, ապա հարց է առաջանում՝ ինչ որակի և չափի կլինի իշխանությունների կողմից այդ ընկալումը և հատկապես որ կետերը կընդունվեն»:

Նրա խոսքով, իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, Մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց Ռուստամյանը:

Մի խոսքով՝ Ռուստամյանը գտնում է, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

«Մենք իհարկե ակնկալում էինք, որ մեր յոթ կետերը չէին կարող լիարժեք ընդունվել, քանի որ դա նշանակում է իշխանության ռեսուրսների թուլացում»,-ասաց Ռուստամյանը՝ հայտարարելով, որ իրենք էլ մասնակիորեն չեն կարող կառավարության մաս կազմել,-կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»:

Ռուստամյանը նաև ասաց, որ եթե անգամ իրենց առաջարկները մասնակիորեն ընդունվեն, միևնույն է՝ իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք ընդունվեն:

Ռուստամյանը հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Նա հայտնեց, որ քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ արդեն ելնելով ՍԴ որոշումից և փորձելու է հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները:

Հնարավոր է, որ քառյակն այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջի արտահերթ նիստ հրավիրել:

Նաև ավելացրեց, որ քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չար գուշակողների: «Մենք շարունակում ենք աշխատել արդյունավետ»,-ասաց նա:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Անկախ

Վարչապետի փոփոխությունը կպատռի բոլորի դիմակները

Hovik-ABrahamyan-Tigran-SargsyanԱպրիլի 3-ը, հիրավի, բեկումնային օր էր Հայաստանի համար: Անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիրան Սարգսյանը, որ վերջին շրջանում դարձել էր հանրության թիրախը, մարդ, որին էին վերագրվում Հայաստանի բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները, և որի հրաժարականն էին պահանջում չորս կողմից:

Եվ ահա այդ անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ, բայց հանկարծ քաղաքական ու հասարակական ընդդիմադիր դաշտը լցվեց դատարկությամբ, անորոշությամբ ու աննպատակ դեգերումներով, ինչպես լինում է ցանկացած երկար սպասված երազանքի հասնելուց հետո:

Այդ դատարկությունը քաղաքական կուսակցությունները փորձեցին լցնել քաղաքական համաձայնության նոր մարտավարության սցենարով, որը, սակայն, մինչ օրս, մաքրագրված չէ: Իսկ հանրությունը սկսեց զբաղվել ապագա վարչապետի անվան շուրջ գուշակություններ ու վերլուծություններ անելով՝ բացառելով ու հանդուրժելով որոշ անուններ:

Եվ այսպես, ապրիլի 13-ին հայտարարվեց ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Հովիկ Աբրահամյան՝ ոմանց համար սպասելի, ոմանց համար երկար սպասված, ոմանց համար էլ անսպասելի ու միանգամայն անցանկալի անուն:

Հենց նույն օրը ֆեյսբուքյան հանրությունն իր գրառումներում խոր հիասթափություն ու տագնապ արտահայտեց: Այն նույն ֆեյսբուքահայությունը, որ օրեր առաջ դաժանորեն գնդակոծում էր Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությունը, մեկ մարդու պես սկսեց քննադատել դեռևս կառավարության մեջ ոչինչ չարած Հովիկ Աբրահամյանին: Ֆեյսբուքում մոտավորապես տիրում էր ՙՄրից ելանք, մրջուրն ընկանք՚ կամ ՙԱնձրևի տակից դուրս եկանք, կարկուտի տակ ընկանք՚ մտայնությունը:

ՙՉեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարկը կգտնի ինքն իրեն: Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է: Բայց մեկ է, այս քայլով վերջնական ներդաշնակություն դեռ չի լինի. մեկ-երկու նախարարներ էլ կան, որոնք պահանջվածից շատ են կարդացած ու մտածած. նրանց էլ եթե պաշտոնազրկեն, ամեն ինչ կընկնի իր տեղը՚,- գրել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

ՙԴեմ եմ՚ շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր վարչապետի հետ առանձնապես հույսեր չի կապում. ՙԵս հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի հետ, այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահմանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ՚:

Երիտասարդ ակտիվիստը նոր վարչապետին խորհուրդ տվեց դասեր քաղել նախորդների սխալներից և փորձել մոտ լինել հանրությանը, ձեռքը պահել հանրության զարկերակի վրա ու առաջնորդվել ոչ թե նեղ խմբակային, այլ ՀՀ քաղաքացիների շահերով: ՙԱստված լուսավորի նրա միտքը՚,- մաղթեց նա՝ հույսը դնելով Աստծո վրա:

ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր վարչապետի նշանակմամբ կանխատեսեց, որ այն բացասական գործընթացները, որոնք կային երկրում, ավելի խորացված կընթանան, քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտնի է իր ստվերային կապերով, ընտրություններ կեղծելու մեծ կազմակերպչական ջիղով և որպես օլիգարխիայի ներկայացուցիչ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, հստակ հայտարարեց. ՙՀովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը՚:

Նախագահը նաև նշեց, որ Աբրահամյանին անկեղծորեն ներկայացրել է բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ իրենց թիմակիցների շրջանում՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ իրենց հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ, ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել ՀՀԿ-ի շարքերում առկա հնարավոր մտահոգություններն  իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և որ ամենակարևորն է՝ աշխատանքի շոշափելի արդյունքներով:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը, գովաբանելով հանդերձ նորանշանակ վարչապետին, նաև ակնարկեց, որ նրա նկատմամբ անգամ թիմի ներսում վերաբերմունքը միանշանակ չէ:

ՙԱյնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրան և անձամբ ամեն ինչ անելու եմ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը՚,- հայտարարեց նախագահը:

Քաղաքական մեծամասնությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հովիկ Աբրահամյանին նաև կադրային քաղաքականություն վարելու լայն ազատություն շնորհեց:

Իսկ նոր կառավարության կազմն այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի այս քայլը շատերը համարում են խորամանկ կոմբինացիա, որի նպատակներից մեկն էլ ԲՀԿ-ի չեզոքացումն էր՝ որպես ընդդիմադիր դաշտում քաղաքական լուրջ գործոնի: Սակայն, ինչպես ցույց տվեցին ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները, այս կուսակցությունը կոալիցիայի մաս կազմելու մտադրություն չունի: Իսկ գուցե մասնակիորե՞ն մասնակից լինի երկրի կառավարմանը, ինչը, թերևս, նույն կոալիցիան է՝ ձևական ալիբիով: Ոչ և դարձյալ ոչ: Սա արդեն ասում է ԲՀԿ-ի ՙծանր հրետանի՚ Նաիրա Զոհրաբյանը, որը ստալինյան ոճով հայտարարեց. ՙՆույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը՚։

Նոր կառավարության կազմում ՀՅԴ-ի մասնակցության հարցն էլ դեռևս հստակ չէ: Ճիշտ է, այս կուսակցությունն ամենից շատ է հակված ներգրավվելու իշխանական համակարգում և պորտֆելներ ձեռք բերելու, սակայն դաշնակցականներն էլ են հայտարարել, որ կոալիցիայի մեջ մտնելու հարց իրենց օրակարկում չկա:

Դե իսկ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚ ի սկզբանե էին հայտարարել, որ իշխող կուսակցության հետ որևէ ձևաչափով չեն համագործակցի:

Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն այսքան ոգևորված Տիգրան Սարգսյանի հրաժարականից և ի՞նչ շահեցին դրանից, եթե միևնույն է՝ իշխող համակարգում որևէ լուրջ տեղաշարժ չեղավ, այլ ընդամենը հանրապետականի թիմից մեկը փոխարինվեց մյուսով: Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ինչ շահեցին Սերժ Սարգսյանն ու հանրապետականը այս փոփոխությունից, եթե միևնույն է՝ ԲՀԿ-ն ցանկություն չունի ներգրավվելու կոալիցիայի կազմում, իսկ հակատիգրանսարգսյանական հանրույթը է՛լ ավելի դժգոհ է նոր նշանակումից:

Իրավիճակն իսկապես անհասկանալի ու անհեթեթ է: Եվ եթե նոր վարչապետը չկարողանա արդարացնել իշխանության ու ընդդիմության հաշվարկները, մյուս կողմից էլ՝ ավելանա հանրության դժգոհությունը, ինչն  ըստ ամենայնի հնարավոր է, ապա այս իրավիճակը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման բոլորովին նոր սցենարի, որտեղ արդեն բաց տեքստով հանդես կգան իրական խաղացողները:

 

Անի Գասպարյան

Անկախ

Ով էլ լինի նոր վարչապետը…

իսկանդարյանԱյս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:

Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:

Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում

Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:

«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:

Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:

քառյակՍակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:

Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ

Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:

Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:

Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

Ի՞նչ է մտադիր անել «հրաշալի քառյակը». նոր քննարկում չորս կողմերի մասնակցությամբ

IMG_3700Շաբաթներ առաջ երկարատև քննարկումներից հետո ի վերջո Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», համաձայնության եկան մեկ հարցի շուրջ և ձևավորեցին քաղաքական մեկ միասնական օրակարգ, այն է` ապրիլի 28-ին պահանջել կառավարության հրաժարականը: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, և «հրաշալի քառյակը» կանգնեց ծանր կացության առջև: Ի՞նչ պահանջել հիմա, ինչի՞ շուրջ համախմբվել և վերջապես ու՞մ դարձնել գլխավոր թիրախ:

Վարչապետի հրաժարականը շատերի խաղաքարերը խառնեց: Սակայն ինչպես երևում է, քաղաքական չորս խմբակցություններն ամեն կերպ փորձում են չեզոքացնել այն մտայնությունը, որ իրենց համագործակցությունը սպառվել է: Նրանք շարունակում են քաղաքական կոնսուլտացիաները, հանդես են գալիս համատեղ հայտարարություններով:

Հենց այսօր ՀԱԿ խմբակցության հրավերով տեղի ունեցավ քառյակի նիստ, որի օրակարգում վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի քննարկումն էր: Նիստին մասնակցում էին ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Իսկ ՀԱԿ-ը ներկայացնողը  միայն Լևոն Զուրաբյանն էր, որն էլ վարում էր նիստը:

Շուրջ երեք ժամ տևողության քննարկումն ի վերջո ավարտվեց, սակայն պարզվեց, որ այն ոչ թե ավարտվել է, այլ պարզապես ընդմիջվել է Ազատության հրապարակում «Ժառանգության» կողմից անցկացվելիք հանրահավաքի պատճառով:

Ինչպես տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը, քննարկումն այսօր դեռ պետք է շարունակվի, քանի որ վերջնական հայտարարի կողմերը չեն եկել, իսկ ժամանակ շատ չկա:

Զուրաբյանը, սակայն, շտապեց փարատել այն միտքը, որ կողմերը նոր իրավիճակում չեն կարողանում նոր օրակարգ մշակել: «Մեր բանակցությունները շատ կոնստրուկտիվ և արդյունավետ մթնոլորտում են անցնում, համաձայնության դաշտն ենք փորձում լայնացնել և այդ ուղղությամբ բավականին լավ շարժ ունենք»:

Միաժամանակ նա խոստովանեց, որ դիրքորոշումներում ակնհայտ տարբերություններ կան, ինչով էլ պայմանավորված էր քննարկման տևողությունը:

«Կան տարբեր մոտեցումներ, և մենք հիմա փորձում ենք ստեղծել ընդհանուր մարտավարություն: Ի սկզբանե չորս քաղաքական ուժերն ունեցել են տարբեր պատկերացումներ Հայաստանում փոփոխությունների և իշխանության փոփոխության վերաբերյալ, սակայն վերջին շաբաթների ընթացքում մենք կարողացանք այդ մարտավարությունների շուրջ հասնել որոշակի համաձայնության գոնե առաջին քայլերի առումով, դրա համար էլ դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և որոշվեց ապրիլի 28-ին անցկացնել շուրջօրյա հանրահավաքներ: Հիմա ստեծվել է նոր իրավիճակ, որտեղ հետագա քայլերի շուրջ կան տարաձայնություններ: Մենք նորից պետք է մարտավարությունների միասնականություն ապահովենք: Հիմա զբաղված ենք այդ գործով: Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն:»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզված է, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված էր ապրիլի 28-ին տեղի ունենալիք իրադարձություններով, և հենց այդ սպառնալիքն էլ ստիպեց իշխանությանը նահանջել և առաջ ընկնելով` կատարել քառյակի պահանջը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականով մատ արեց «հրաշալի քառյակին», Զուրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, թե դա ասողները որքանով են տիրապետում շախմատին, բայց եթե շախմատային տերմինալոգիայով խոսենք, ապա Սերժ Սարգսյանը հիմա գտնվում է ցուգցվանգային վիճակում»:

Նա կարծում է, որ վարչապետի հրաժարականը չի վտանգել քառյակի համագործակցությունը, և որ չպետք է իրավիճակը ողբերգական համարել:

Ի դեպ, նույն կարծիքին է նաև ՀՅԴ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` իրենք շարունակելու են պահանջել կառավարության հրաժարականը ապրիլի 28-ին:

Զուրաբյանը այս հայտարարությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դե եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն»:

Վարչապետի հրաժարականը, ըստ Զուրաբյանի, անակնկալ չէր, դա միակ քայլն էր, որ իշխանությունը կարող էր անել այն պահին, երբ ակնհայտ էր, որ ոչ իշխանական չորս ուժերը ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հավաքելու են մարդկային այնպիսի հոծ բազմություն, որը մի քանի անգամ գերազանցելու էր մարտի 1-ին հավաքած զանգվածը:

«Նա արեց այն միակ քյալը, որը կմինիմալիզացնի իր վտանգները, հիմա մենք էլ կանենք մեր քայլերը»:

Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ի պահանջը հետևյալն է` նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:

Հետաքրքիր է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր վերջին հարզազրույցում վարչապետի հրաժարականը կապել է միմիայն քառյակի գործունեության հետ: Այնինչ, շատերն այդ կարծիքին չեն: Միաժամանակ այդ հայտարարությամբ, փաստորեն, Տեր-Պետրոսյանը նսեմացրեց քաղաքացիական հասարակության դերը` մասնավորապես «Դեմ եմ» շարժման, որն իր ցույցերի ժամանակ ավելի շատ մարդ է հավաքում, քան քաղաքական կուսակցությունները:

«Անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Իսկ քառյակն այսօր կշարունակի կիսատ մնացած քննարկումը` ձգտելով հասնել համաձայնության գոնե առաջիկա քայլերի շուրջ:

 

Անկախ

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները ՍԴ որոշման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

քառյակԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», հանդես են եկել հայտարարությամբ` կապված «Կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝

1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը եւ անվավեր են,

2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները,

3.օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը  սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ եւ հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:

Այսպիսով, մի կողմից Սահմանդրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը եւ հակասահմանադրական ճանաչել  հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի եւ երկիմաստ ձեւակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը:

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից եւ միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձեւափոխված եւ իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար:

Ելնելով վերոհիշյալից`

Պահանջում ենք իշխանություններից.

1.դադարեցնել  Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը,

2.ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,

3.խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում,

կոչ ենք անում

1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել,

2. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ,

3. գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,

4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին:

Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար:

 

 

ՀՀ ԱԺ խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»

«Հայ Ազգային Կոնգրես»

«Ժառանգություն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 

 

Անկախ

«Իրատես de facto».Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա

իրատես«Իրատես de facto»-ն գրել է. «Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի և համալրումներ լինեն: Պորտֆելներ կարող են ստանալ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ապագա կոալիցիոն կառավարությունը շատ ավելի բազմաշերտ է լինելու, և այսօրվա ընդդիմադիրներից ոմանք ևս կարող են պաշտոններ ստանալ: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա «հին, բարի ժամանակների» հանգույն: Այս տարբերակը կարող է իրականանալ, եթե վերջիններիս համար, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, վարչապետի թեկնածուն «ընդունելի լինի»: Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, բացառվում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության մաս կազմեն»:

Անկախ

«ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր». նամակ ՄԱԿ-ին

ՀՅԴՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները, սիրիահայերը և Երիտասարդ ուսանողների միության ներկայացուցիչները այսօր նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` ի պաշտպանություն քեսաբահայության և ի դատապարտում Թուրքիայի ագրեսիայի: Ակցիայի մասնակիցների ձեռքին  «Թուրքիա դուրս արի Քեսաբից», «ՄԱԿ մի՜ լռիր» գրառումներով պաստառներ կային: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Քեսաբ հայահոծ տարածքի վրա Թուրքիան երեք անգամ ոտնձգություն է կատարել՝ 1909, 1915 թվականներին և հիմա:

«Թուրքիայի այս երեք գործողությունները միտված են ոչնչացնելու Քեսաբի հայ բնակչությանը: Թուրքիան շարունակում է հայերի ցեղասպանությունը: Միջազգային հանրությունն իր կրավորական կեցվածքով, անտարբերությամբ, լռությամբ սատարում է Թուրքիայի հակահայ քաղաքականությանը, խրախուսում է Թուրքիային՝ շարունակելու ցեղասպանությունը: ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր»,- ասաց Գերասիմ Վարդանյանը՝ պահանջելով միջազգային հանրությունից համապատասխան գնահատական տալ, միջամտել և պահանջել Թուրքիայից՝ զերծ մնալ պատերազմի հրահրումից, հակահայկական գործողություններից: Ելույթով հանդես եկան նաև քեսաբահայ երիտասարդներ և շահագրգիռ այլ անձինք, որից հետո նակամը հանձնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնյային:

Մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակում է սկսվել Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Քեսաբի հայաթափությունը համախմբել է համայն աշխարհի հայության ջանքերը:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև ցույց տեղի կունենա` ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի գործողություններին Քեսաբում

աղբալյան միությունՀայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավ…որումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից և ապաստանել Լաթակիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից և 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության: Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով և թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները և ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան և միջոցներ ձեռնարկել քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ։ Որպես հայ երիտասարդ մենք զորակցություն ենք հայտնում սիրիահայությանը և հաստատակամություն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու և նեցուկ կանգնելու մեր հայրենակիցներին։

Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թևերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն ՀՅԴ Երիտասարդական միություն

Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

ՀՅԴԱյսօր, այստեղ իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները եւ թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակիցներ։

Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։

            ՀՅԴ Մամլո Դիվան

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար». քաղտեխնոլոգ

ԱԺ-չորս-ոչ-իշխանական-ուժերՔաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նկատեց, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար: Փոխարենը իշխանական և ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:

<<Այնպես չէ, որ չորս ոչ իշխանական ուժերը միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Նրանք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց գործընթաց կա>>,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ բոլոր ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը դառնա ԲՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ բավական ժամանակ կա, կարող է մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվել:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ չորս քաղաքական ուժերը չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ հանուն լավի, թե հանուն իշխանության գալու:

«Նրանք հիմնվում են սոցիալական խնդիրների վրա, բայց պարզ չէ, թե ինչպե՞ս են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանության հետ գալու են փոխհամաձայնության վարչապետ ընտրելու հարցում, ինչո՞ւ չի երևում Հանրապետական կուսակցության փոխզիջման պատրաստակամությունը: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է <<ԴԵՄ ԵՄ>> քաղաքացիական նախաձեռնությունը, որին չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ չորս ոչ իշխանական ուժերից  որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, քաղտեխնոլոգը պատասխանեց. « Ինձ համար լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է, որն ապացուցել է իր աշխատանքը բոլոր իրավիճակներում: Այսօր, իհարկե, թույլ է, քան 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս. ԲՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են: Նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է, այն օրը, երբ իշխանություն չեղավ, կուսակցությունում մի բուռ մարդիկ են մնալու»:

 Անկախ

Ավստրիայում Հայ դատի գրասենյակ է հիմնվել

ANC Austria launching 1Ռումինիայից ու Լեհաստանից հետո  տեղի ունեցավ  Հայ Դատի հանձնախմբի ստեղծումը  Ավստրիայում: Այս առթիվ,  սույն թվականի մարտի 18-ին, մայրաքաղաք Վիեննայում կազմակերպված միջոցառմանը, որպես հրավիրյալներ ներկա  էին Ավստրիայում եւ Հունգարիայում  ՀՀ  արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի հոգեւոր  հովիվ  Տեր Անդրեաս Քահանա Իսախանյանը, Ավստրիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով,  Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբի  նախագահ Գասպար Կարապետյանը նախ անդրադարձավ ներկայումս հայ ժողովրդի դիմագրաված  հիմնախնդիրներին, Թուրքիայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցին, Թուրքիա Հայաստան հարաբերություններին, Արցախի հարցի ներկա հոլովույթին եւ մեր անելիքներին, ջավախահայությանը օժանդակելու խնդրին, Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացի շարունակմանը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության  որոշման պայմաններում, Սիրիայում հայության դիմագրաված  հիմնահարցերին:

Գասպար Կարապետյանը շեշտեց, որ Եւրոպայի տարածքում  Հայ Դատի աշխատանքների ծավալման առումով իր  կարեւորությունն ունի Ավստրիան: Նա  պաշտոնապես հայտարարեց,  որ ձեւավորվել  է եւ այսուհետ Վիեննայում կգործի Հայ Դատի հանձնախումբը: Ներկայացնելով, որ հանձնախումբն ունի երիտասարդ եւ որոշակի պատրաստվածություն ունեցող կազմ, ելույթ ունեցողը ներկաներին կոչ արեց  օժանդակել  Հայ Դատի աշխատանքներին,  քանի որ դրանք ուղղված են հայության ազգային հիմնախնդիրների հետապնդմանը:

Վերջում ելույթ ունեցողը  շնորհակալություն հայտնեց դեսպան Կիրակոսյանին՝ ներկա գտնվելու համար եւ շեշտեց, որ այնտեղ, ուր  գործում են  Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունները,  Հայ դատի գրասենյակները  վերոնշյալ խնդիրների ուղղությամբ  համագործակցում են վերջիններիս հետ:

Խոսք առնելով,  պարոն դեսպանը  գոհունակությունը  փոխանցեց  հանձնախմբի ստեղծման  առթիվ եւ պատրաստակամություն հայտնեց  սերտորեն համագործակցելու հանձնախմբի հետ:  Արման Կիրակոսյանն առաջարկեց անմիջապես հանդիպել՝ քննելու համար գալիք ապրիլի քսանչորսի հետ կապված միասնական անելիքների օրակարգը, ինչպես եւ  հետագա համատեղ աշխատանքները ծրագրելու նպատակով:

Այնուհետեւ  Հայ Դատի նորաստեղծ հանձնախմբի ատենապետ Կարո Շատոյանը ներկայացրեց հանձնախմբի կազմը, եւ իր հերթին նշեց, թե առաջին օրվանից  անհրաժեշտ է համագործակցել դեսպանության, ինչպես նաեւ տեղի բոլոր հայկական կառույցների հետ՝ ծրագրելու եւ համատեղելու նպատակով  աշխատանքները, որոնք  ուղղված են  լինելու հիմնականում ավստրիացի հանրությանը,  ակադեմիական շրջանակներին եւ  քաղաքական գործիչներին՝  ովքեր գործում են, թե երկրի ներսում եւ,  թե միջազգային հաստատություններում: Միջոցառման ավարտին  տեղի ունեցավ զրույց եւ կարծիքների փոխանակում, համայնքային կառույցներ ներկայացուցիչների  հետ:

 

Եվրոպայի  և Ավստրիայի  Հայ Դատի հանձնախումբ

 

«Իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը». Աղվան Վարդանյան

Aghvan-Vardanyan23-e1344442118308Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, և ներքին բոլոր ձախողումներն ու հետընթացները, վստահության, հույսի  բացակայությունը պայմանավորված են այս իշխանություններով և այս կառավարության գործունեությամբ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ավելացրեց, որ ոչ իշխանական չորս ուժերը ոչ միայն պարզապես պահանջելու են կառավարության հրաժարականը, այլև ներկայացնելու են, թե ինչ քայլեր ու բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նախորդի սխալները չկրկնի:

Պատգամավորի խոսքով` իրենք չեն ելնում միայն հեռացնելու, վատը տեսնելու, թշնամանքի տեսանկյունից, այլ ելնում են երկրի վիճակից ու երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից, և հենց դա է պատճառը, որ հիմա աշխատում են մշակել ու համաձայնեցնել հետագա գործողությունների ծրագիր:

“Մենք ելնում ենք նաև խելամտության կանխավարկածից և կարծում ենք, որ գիտակցությունը և դժգոհության հնարավորությունը կարող է նաև քաղաքական շրջանակներից դուրս այնպիսի զարգացումների բերել, որ իշխանությունները պետք է լրջորեն մտածեն”:

Աղվան Վարդանյանը տեսնում է, որ այսօր հասարակության մեջ, իշխանությունն ընդունի թե ոչ, կա մեծ ընդվզում, դժգոհություն և բողոք. «Իրենք էլ թարսի նման ամեն քայլով ավելացնում են այդ դժգոհությունը: Քիչ էր, իբր, կուտակայինը, գազի հարցը, Մարտի մեկ-ի հարցը, մյուս խնդիրները, վերջերս պոլիկլինիկաներում փորձեցին համավճարի ինստիտուտ մտցնել, որը խելամտորեն մի քանի ամսով հետաձգեցին, կամ էլ հիմա հետքայլ են անում, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդն են թույլատրում հեռուստատեսությամբ, այսինքն, իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը»:

Աղվան Վարդանյանը նաև վստահ է, որ առանց հասարակության աջակցության, քաղաքական ուժերի միավորումն արդյունք տալ չի կարող:

Անդրադառնալով իշխանական կուսակցության ներկայացուցչի այն հայտարարություններին, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը կարող են գնալ խոշորացման` միավորվելով ԲՀԿ-ին, նա ասաց, որ պատրաստվել է արձագանքել այդ մենկաբանությանը, սակայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցել է իրեն և ասել, որ թյուրիմացություն է եղել, և որ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել այդ միտքը` ինքը դաշնակցության հասցեին նման բան չի ասել: Երբ Աղվան Վարդանյանը կոնկրետ լրատվամիջոցի օրինակով ներկայացրել է նրա խոսքերը, Շարմազանովը նույն օրը հերքում է տվել, որ Դաշնակցությանը նկատի չի ունեցել:

 

Անկախ

ԱԺ ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին վիճահարույց օրինագծի քվեարկությանը

arm138779401010Խորհրդարանը վավերացրեց Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ ընդհանուր առմամբ իրենք դեմ չեն նախագծի կոնցեպցիային, սակայն քվեարկելու են ձեռնպահ այն պատճառով, որ հեռուստատեսային գովազդի շուկայում տիրում է մեկ մարդու մենաշնորհ` Միքայել Մինասյանի մենաշնորհը:

Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը:

Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև քվեարկության դրվեց «Գովազդի մասին» և «Հեռուստատեսութան և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծի փաթեթը, որից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հեռուստաընկերություններում վերականգնել թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը որոշակի ժամերի (ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը արգելվում է՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի): Նախագծի հեղինակները կարծում են, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ գովազդատուների կողմից գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը:

Սակայն այս փոփոխությանը երեկ խորհրդարանում դեմ արտահայտվեցինՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները:

Քսան րոպե ընդմիջումից հետո ձայների 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վիճահարույց օրինագիծն ընդունվեց, իսկ Աժ ոչ իշխանական ուժերը, ըստ Արծվիկ Մինասյանի, չեն մասնակցել քվեարկությանը:

ՀՀԿ խմբակցությունից օրինագծերին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ քվեարկածները ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն են:

 

Անկախ