«Շարժվող Երևան»` հայկական պարարվեստը քաղաքի ռիթմին ներդաշնակ (լուսանկարներ, տեսանյութ)

2 (12)Հունիսի 24-26-ը Երևանում նկարահանվեց «Շարժվող քաղաքներ» (“Moving Cities”) կարճամետրաժ, արտիստիկ ժանրի ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է բրիտանական “Wind & Foster” շահույթ չհետապնդող ընկերության հիմնադիր Ջիվան Քոուդհարին, ով 2014 թվականից իրականացնում է «Շարժվող քաղաքներ» նախագիծը: Վերջինս իրենից ներկայացնում է մի ֆիլմաշար, որը պատմում է տարբեր մարդկանց մասին: Նրանք շարժվում են, աճում, փոփոխվում, զարգանում իրենց իսկ քաղաքներում: Նախագիծը նպատակ ունի ներկայացնել պատմամշակույթային արժեքներ ունեցող որոշ քաղաքների դինամիկայի և պարողների շարժման ներդաշնակությունը:

4 (4)Լոնդոնի, Փարիզի, Լիոնի և Բրյուսելի ազգային բալետի պարողների մասնակցությամբ ֆիլմերի նկարահանումից հետո ռեժիսոր Ջիվան Քոուդհարը որոշեց իր հաջորդ ֆիլմում ներկայացնել Երևանը: Այդ նպատակով ընտրվեցին 47 պրոֆեսիոնալ պարողներ Երևանի պարարվեստի մասնագիտացված գրեթե բոլոր կենտրոններից, ինչպես նաև միջազգային մրցաշարերում հաջող հանդես եկած մարմնամարզիկներ, ակրոբատներ: Նկարահանման համար ընտրվեց երևանյան 23 տեսարան: Ռեժիսորի կարծիքով` նախագծի երևանյան տարբերակը առանձնանում է մյուսներից, քանի որ Հայաստանը շատ ավելին ունի ներկայացնելու աշխարհին: Նա ֆիլմում ներառել է հայկական ազգային հագուստը, պարերը, որոնք հետաքրքիր ներդաշնակության մեջ ներկայացնում են զարգացող հնամյա քաղաքը:

3 (9)Անկախ-ի լրագրողը «Շարժվող Երևան» նախագծի մասին զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Նարէ Աղաբաբյանի հետ: «Նկարահանումից դեռ երկու ամիս առաջ անհավանական բան էր, որ կկարողանանք իրականացնել այս նախագիծը: Ես կարճ ժամանակում շրջեցի Երևանի պարարվեստի բոլոր կենտրոններով, ընտրեցի ֆիլմի ձևաչափին համապատասխանող պարողների: Բոլորը սիրով համաձայնեցին մասնակցել նախագծին, ինչը զարմանալի էր, քանի որ այս ոլորտում աշխատող մարդիկ սովորաբար շատ զբաղված են լինում: Այնուհետև քաղաքի մի շարք հասարակական վայրերում, պատմամշակույթային հուշարձաններում նկարահանումներ անցկացնելու թույլտվություն ստացա և այդ մասին հայտնեցի Ջիվանին, որն էլ շտապեց Երևան գալ: Բավական դժվար աշխատանք էր 3 օրում 23 տարբեր տեսարաններ նկարահանել երևանյան 40 աստիճան շոգի պայմաններում: Սակայն մենք աշխատել ենք մեծ սիրով ու ոգևորությամբ` մշտապես ունենալով բարձր տրամադրություն: Ֆիլմը ինքնին մեծ ասելիք ունի, մենք աշխարհին ներկայացնում ենք մեր մշակույթը, պատմությունը, պարարվեստը, մեր քաղաքը, որը լույս է շնչում: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա իմ մասնակցությունն ու ներդրումը ունենալ այս նախագծում` աշխատելով Գոռ Սահակյանցի (ռեժիսորի օգնական, երկրորդ օպերատոր) և Ալեքսանդր Բաղդասարյանի (ֆիլմարտադրության օգնական) նման երիտասարդ և հաջողակ մասնագետների հետ»,-նշում է ֆիլմի պրոդյուսերը:

1 (12)Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Քոուդհարը, մոր կողմից ունենալով հայկական արմատներ, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է իրականացրել ֆիլմի նկարահանումները, քանի որ միշտ երազել է լինել Երևանում: Նա նշել է, որ շատ բախտավոր է իրեն համարում Երևանում ֆիլմ նկարահանելու հնարավորություն ստանալու համար: «Ես մեծապես շնորհակալ եմ բոլոր արտիստներին, որոնք իրենց ժամանակն ու տաղանդը ներդրեցին այս նախագծում: Սա ինձ համար հերթական ֆիլմը չէ, այլ բացահայտումն է իմ ժառանգության և այն ժողովուրդի, որին այսքան մոտ դեռ երբեք զգացել ինձ: Հուսով եմ, որ ֆիլմը հանդիսատեսին հուզում է այնպես, ինպես ինձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր մաստակիցներին և Նարէ Աղաբաբյանին, առանց որի անհնար կլիներ այս նախագիծը: Մենք կարճ ժամանակում հասցրել ենք անել ահռելի մեծ աշխատանք: Ես հպարտ եմ իմ երկրորդ հայրենիքով և հուսով եմ, որ աշխարհը կգնահատի այն»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

5 (2)Նշենք, որ “Moving Cities” նախագիծն արդեն ընտրվել է Փարիզում, Լոնդոնում, Հռոմում և Սան Կարլոսում որպես ֆիլմերի փառատոնի պաշտոնական ծրագրերի մաս: Մասնավորապես “Moving Brussels” ֆիլմը կհեռարձակվի որպես Բրյուսելի հեռուստատեսային միջազգային ծրագիր, կներկայացվի մի շարք միջազգային փառատոներում: «Շարժվող Երևանը» նույնպես կմասնակցի մի շարք միջազգային կինոփառատոների, ինչպես նաև կհեռարձակվի հայկական և եվրոպական հեռուստաալիքներով:

 ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տաթևիկ Սարգսյան

Անկախ

Խոսք ընթերցողի. Նա մի աշխարհ է աշխարհի վրա

girqԻմ առջև բանաստեղծությունների մի ժողովածու է. գրական ծովին մի կաթիլ էլ ավելացավ: Եվ եթե իր մաշկի վրա զգաց այդ փոքրիկ կաթիլի հայտնությունը, նշանակում է ծնունդ է եղել, արաշալույսն անպտուղ չի ծագել: Մի ձայն, մի գույն, մի շող, մի ցող պիտի նստի մեր երկնագույն երազին, մեր բազմադարյան գրական կաղնու մշտադալար թերթերին:

Իմ այս խոհերը պատմական վավերագրեր չեն , այլ նոր ծնված մի լավ գրքից ստացած թարմ տպավորություն, զվարթ, պայծառ զգացում, որ առաջանում է այն շահագրգռությունից, թե հայ գիրը, հայ գրական անդաստանը պիտի միշտ թարմանա, գարնանաբույր հնչի ամենուր և՛ այսօր, և՛ վաղը:
«Հայաստան» հրատարակչությունը պետական աջակցությամբ կյանքի է կոչել «Վերջին ժպիտ» բանաստեղծությունների ժողովածուն, որի հեղինակն է ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար, 2006-ից Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը:
Հեղինակը սկսնակ գրող չէ (նրա 4-րդ ժողովածուն է ). ունի իր գնահատանքն ու վաստակը, բայց այս ժողովածուով ընթերցողին տեղափոխում է մի նոր, հետաքրքիր աշխարհ, որտեղ կյանքը ցոլանում է իր ամեն տեսակ շերտերով ու ծալքերով: Գրքի էջերում բանաստեղծուհու ժպիտն է, հոգու ճիչը, տագնապները, մեզանից թաքուն արտասուքը: Այստեղ նաև հայոց բնաշխարհն է` լեռնակողերի մեջ աճած ծառերով, ծննդավայրի և հայրենիքի ինքնատիպ զգացողություններով:
Լենա Անթառանյանի պոեզիան նաև ինքնախոստովանություն է, ինքնաբացահայտում.
Դու քո աշխարհների մեջ՝
Աշխարհների աշխարհ:

Կամ թե.
Հոգնած իմ քայլերը
Էլ ոչ մի մոլորում չեն բերելու
Մինչև մայրամուտ:

Լենա Անթառանյանն իր բանսատեղծություններով բարության մայրապետի նման իր նպաստն է բերում, որ բարությունը իշխի աշխարհում.
Պաղ քարերի բութ դեմքերց
Ջերմություն եմ հավաքելու,
Բարությունը՝ հանած ինձնից,
Աշխարհով մեկ եմ փռելու:

«Արևն իրոք ծննդավայրից է ծագում», – համոզում է բանաստեղծուհին և հյուսում իր չխամրող հեքիաթն Օձունի ձորում.

Արարիչը արարեց ու նվիրեց աշխարհին
Ճերմա՜կ-ճերմակ աղջկան ու երազի հրաշք ձին:

Այս գրքի էջերում Լենա Անթառանյանը տառապում է կարոտից, նրա փխրուն սիրտը փշրվում է կարոտի հարվածներից.
Իմ կարոտներից
Ճանապարհները երազ են հյուսում:

Կարդում եմ գիրքը և տեսնում, որ նորից հավաքվել ենք պոեզիայի կանչով և ունկնդիր ենք մուսաների ձայնին, ուրեմն կյանքից դժգոհելու առիթները նվազում են, ուրեմն մեր հոգում երազներ կան և ապրելու, երջանկանալու, հարատևելու հույսերը ծաղկում են մեր սրտում: Ուրեմն հայոց գարունը կրկին բացվելու է ժամանակին, և այսօր այդ գարնան ավետաբերը Լենա Անթառանյանն է: Նա մի պաղ աղբյուր է պոեզիայի աշխարհում, աշխարհ է աշխարհի վրա:
Ուրախալի է, որ նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ռումիներեն, անգլերեն և այլ լեզուներվ, ու նրա վաստակը գնահատվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալուվ, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով: Մնում է սպասել նրա հոգու նոր պոռթկումներին և բեղուն գրչի նոր առկայծումների:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Կինոփառատոները միացնում են աշխարհի մարդկանց . Ռիչարդ Պենյա

Ռիչարդ ՊենիաԻսպանական ընտանիքում հասակ առած կինոքննադատ Ռիչարդ Պենյայի վրա մեծ ազդեցություն է ունեցել սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Լուիս Բունյուելը, նրան ոգեշնչել և հավատ է ներշնչել, որ արվեստը փոփոխության հասնելու համար հզոր գործիք է: 1988 թ. Ռ. Պենյան դարձավ «Լինքոլն» կենտրոնի կինոընկերության ծրագրերի մշակման տնօրենը:

«Անկախը» ներկայացնում է Ռիչարդ Պենյայի հետ հարցազրույցը:
– Պարոն Պենյա, այսօր ի՞նչ է փոխվել կինոարտադրության ոլորտում:
– Շատ բան, սակայն ամենամեծ փոփոխությունը թերևս այն է, որ տեխնոլոգիապես կինոն առաջ անհասանելի արվեստ էր, դժվար էր ֆիլմ նկարահանել, մինչդեռ այսօր յուրաքանչյուր հասուն մարդ կարող է կինո նկարել, որովհետև տեխնիկան մարդկանց համար դարձել է մատչելի և բավականին էժան:

– Հաճախ ծնողներն են որոշում, թե իրենց երեխան ինչ մասնագիտություն կընտրի: Ձեր մասնագիտության ընտրության հարցում է՞լ են ծնողները դեր ունեցել:
– Ոչ, նրանք հարգել են իմ ընտրությունը և երբեք չեն պարտադրել, օրինակ, իրավաբանի, բժշկի կամ տնտեսագետի մասնագիտություն ընտրել: Երջանիկ եմ, որ կարողացել եմ շարունակել ընտրածս ուղին: Իրականում կինոքննադատ լինելն ինձ համար աշխատանք չէ, այլ հաճույք:

– Ի՞նչ դրույթների, սկզբունքների հիման վրա եք որոշում` այս կամ այն ֆիլմը լավն է, թե վատը:
– Շատ բարդ է բացատրել, թե ինչ չափանիշներով եմ առաջնորդվում ֆիլմերը որակելու հարցում: Երբ մարդիկ ֆիլմ են դիտում, առաջին արձագանքը ավելի շատ ներքին է և արագ, այնուհետև, հաշվի առնելով ֆիլմի պատմության և այլ գիտելիքներ, ինքներս մեզ փորձում ենք բացատրել, թե ինչու է այս կամ այն ֆիլմը մեզ դուր գալիս կամ ոչ, իսկ վերջում փաստարկ ենք բերում, թե ինչու ենք այն այդ կերպ որակել: Կինոն որակելիս փառատոնի որոշ պատասխանատուներ պետք է վստահ լինեն` արդյոք քեզ վրա ոչ մի ազդեցություն չկա՞, և ֆիլմը դիտում ես բացառապես արվեստի ընկալման քո չափանիշներո՞վ:

– Ի՞նչ են առհասարակ կինոփառատոները բերում մարդկանց, կինոարտադրողներին ու աշխարհին:
– Կարող եմ խոսել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրինակով: Այն մի քանի գործառույթ ունի, որոնցից մեկն ինձ նման արտերկրից եկած մարդկանց համար այս տարածաշրջանի` Կովկասի կինոնկարներ դիտելու հրաշալի հնարավորություն է: Այս տարածաշրջանի մարդկանց համար նույնպես լավ առիթ է, օրինակ` Կիմ Կի Դուկի, Ամոս Գիտայի, Ցզյա Չժանկեի նման աշխարհահռչակ կինոգործիչների աշխատանքները տեսնելու համար: Այսինքն` կարելի է ասել, որ սա մի վայր է, որտեղ աշխարհը հանդիպում է Կովկասին, Կովկասը` աշխարհին:

– Բավականին երկար ժամանակ` 1988-2012 թթ. եղել եք Նյու Յորքի կինոփառատոնի տնօրենը: Այն ի՞նչ առավելություն ունի մյուս կինոփառատոների համեմատ:
– Ամեն տարի նոր կինոփառատոներ են ծնվում, սակայն Նյու Յորքի կինոփառատոնում կարծես ընդգրկվում է լավագույն ընտրանին, և այն հեռու է ավելորդ գլամուրից: Ի դեպ, այնտեղ մի քանի անգամ քննարկվել է հայկական կինեմատոգրաֆի ցուցադրություն կազմակերպելու հարցը: Հուսամ` մի օր այն կիրականացվի, քանզի հայ ռեժիսորները մեծ ավանդ են ունեցել համաշխարհային կինոյում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Հայաստանի և Չինաստանի միջև նմանություններ կան

jia-zhangkeԱշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն անմոռանալի հետք թողեց Երևանի 11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում` արժանանալով «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի:
1970 թ. Չինատանում ծնված Չժանկեին ֆիլմը սկսել է հետաքրքրել 90-ականներից, երբ դեռևս Շանհայի համալսարանի արվեստի ուսանող էր: Ռեժիսորը սկսեց ֆիլմեր նկարել 1998-ից, երբ Չինաստանը մեծ փոփոխությունների ժամանակահատվածում էր: 1994 թ. նա նկարահանել է «Մեկ օր Պեկինում», 1995-ին` «Գնում եմ տուն», 1997/98-ին` «Գրպանահատը» ֆիլմերը: Վերջինս հաջողություն ունեցավ Նանտի, Բեռլինի և Վանկուվերի փառատոներում: 2000 թ. նկարահանած «Բեմահարթակ» և «Անիմանալի հաճույքներ» ֆիլմերը ներկայացվել են Վենետիկի ու Կաննի կինոփառատոների մրցույթներում, իսկ 2006-ին «Նատյուրմորտը» Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի: 2001- 2013 թթ. Չժանկեն նկարահանել է «Շների պայմանը», «Աշխարհը», «Անօգուտը», «Մեր տասը տարիները», «24 քաղաք», «Սև նախաճաշ», «Կուզեի իմանալ», «Մեղքի հպում» ֆիլմերը: Վերջինս անցած տարի մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում «Լավագույն սցենար» անվանակարգում:
Ներկայացնում ենք «Անկախի հարցազրույցը» Ցզյա Չժանկեի հետ:

– Ձեր ֆիլմերում Չինաստանը հիմնականում նկարագրված է հուսահատ երանգներով, անդրադառնում եք չինական հասարակության, սոցիալական անհավասարության և այլ խնդիրներին: Ինչո՞ւ:
– Իմ ֆիլմերի առանցքային թեման այսօրվա Չինաստանի արագ փոփոխվող հասարակությունն է: Մեծ ուշադրություն եմ դարձնում փոփոխություններին և դրանց ազդեցությանը չինացի հասարակության վրա: 1970 թ. իմ հայրենիքը թևակոխել էր մշակութային հեղափոխությունը, այն միտված էր հասարակության մեջ անհետացնելու ավանդական, կապիտալիստական և մշակութային տարրերը: Չինաստանն աղքատ երկրից վերածվեց հարուստ երկրի, ինչը հանգեցրեց արժեքների փոփոխության: Ինձ համար ֆիլմում ամենից կարևորը գեղեցկությունն է, որն առկա է այն ժամանակ, երբ արտացոլում ես իրական աշխարհը: Սակայն հաճախ դժվար է վավերագրությամբ ճշմարիտ իրականությունն արտացոլել: Ինձ համար ամենակարևորը աշխարհը, մարդկանց հասկանալն ու հարգելն է:
– Առհասարակ մշակույթն ու ֆիլմերը կարող են փոխել աշխարհը, մարդկանց, թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Ձեզ դա որքանո՞վ է հաջողվում:
– Միայն մեկ ռեժիսորն իր արվեստով, աշխատանքով չի կարող մի ամբողջ հասարակություն և մտածելակերպ փոխել:
– Չինաստանի կինոհամակարգն իրո՞ք արգելում է որոշ ֆիլմերի ցուցադրությունը:
– Այո: Իմ հայրենիքում դեռ կա ցենզուրա ասվածը, և շատ ռեժիսորներ չեն կարողանում ամեն ինչ նկարահանել և ցույց տալ: Ավանդույթներն են զսպում դա: Բայց չինական ռեժիսորները միշտ ցանկացել են ազատվել այդ «զսպաշապիկից»: Հուսանք` մի օր դանդաղորեն կհասնենք այդ ազատությանը: Իրականում փոփոխությունների համար համբերություն է պետք: Հավատում եմ մշակույթի հզորությանը: Համենայն դեպս, այսօրվա Չինաստանն ավելի բաց է, քան առաջ:

– Ձեր ֆիլմերի մեծ մասի գլխավոր դերակատարը հենց ձեր կինն է` Չժաո Թաոն: Ուրա՞խ եք դրա համար:
– Այո, շնորհակալ եմ նրան: Բայց կարծում եմ` նա ուրիշների ֆիլմերում ավելի լավ է խաղում, քան իմ (ժպտում է):

– Ի՞նչ նմանություն կա Հայաստանի և Չինաստանի միջև:
– Ավանդույթներն ու դուդուկը, մելանխոլիկ երաժշտությունը: Շատ նմանություններ կան, բայց և տարբեր են: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայերի և հայկական մշակույթի հետ:

 

Ելենա Չոբանյան

Տավուշը կմեծարի արձակագիր Մաթևոս Դարբինյանին

10268515_748473278508597_449937820610795378_nՏավուշի մարզի Տավուշ գյուղում` վաղուց արդեն լուռ ջրաղացի հարևանությամբ, փայտե, սև, նախշազարդ պատշգամբով, հնաոճ փոքրիկ երկհարկանին լքված է: Հուշատախտակ, որի վրա գրված լինի, թե այս տանն է ապրել «Կիկոսի» կամ «Ջրաղացպան Անտոնի» հեղինակ Մաթևոս Դարբինյանը, չկա: Տան մեջ ու շրջակայքում երբեմն սարսռեցնող լռությունը չի էլ հուշում, որ նախորդ դարի սկզբներին այս տանն են մեծացել Կարապետյանների ինը զավակները, որոնցից ավագը Մաթևոսն էր: Գյուղում արդեն գրեթե մարդ չի մնացել, որ կարող է հիշել ու պատմել Մաթևոս Դարբինյանի հետ իր ապրած օրերի, նրա ստեղծագործությունների մասին: Անգամ հայտնի չէ` որտեղ է գրողի շիրիմը: Գյուղի ակումբի գրադարանում գրողի մեծադիր լուսանկարն է, գզրոցներում` սև շապիկով գիրքը:
Արձակագրի քույրը` Լուսյա Դարբինյանը, շատ բարեկիրթ կին էր, բանիմաց, հայոց լեզվի գանձարանին փայլուն տիրապետող: Նրա «ելարանը», «դույլը», «ծորակը», «սալորն» ու բացառիկ գրական հայերենով հաղորդակցումը շատ դեպքերում անհասկանալի էին մնում շամշադինյան բարբառով խոսող համագյուղացիների համար: Դպրոցում տիկին Լուսյան երգեցողություն էր դասավանդում, շրջապատում առանձնանում իր համեստ կերպարով: Դպրոցահասակներով տունն անմիջապես դահլիճի էինք վերածում, նստարանները շարում ու վայելում Մեծ լոռեցու «Անուշը»` Լուսյա Դարբինյանի կատարմամբ: Մենք գիտեինք, տիկին Լուսյան առանձնահատուկ ընտանիքում է մեծացել, ավագ եղբոր` անհատի պաշտամունքի տարիներին զոհ գնացած Մաթևոսի մասին տիկին Լուսյան միշտ լուռ էր: Խորհրդային երկաթե վարագույրը խանգարեց Մաթևոսին ազատ ստեղծագործել: Միայն լսել էինք, որ Մաթևոս Դարբինյանը Եղիշե Չարենցի հետ միևնույն բանտախցում է անազատությունն անցկացրել, ավելին չգիտեինք:
2014 թ. հուլիսի 14-ին կլրանա հայ գրող, արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մաթևոս Դարբինյանի ծննդյան 125-ամյակը: Նա ծնվել է Տավուշի մարզի Թովուզ, ներկայիս Տավուշ գյուղում: 1908-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և հայկական տարբեր դպրոցներում զբաղվել ուսուցչությամբ: 1918-ին ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմա-լեզվաբանական համալսարանը, սակայն չի ավարտել համալսարանը փակվելու պատճառով: Նրա առաջին ստեղծագործությունները` մանկական պատմվածքները, տպագրվել են 1908-ին «Հասկեր» ամսագրում, երգիծական պատմվածքները` «Խաթաբալա»-ում: 1915-ից աշխատակցել է սոցիալ-դեմոկրատական թերթերին, իսկ 1921-ին «Կարմիր աստղ»-ին, «Մարտակոչ»-ին և «Կարմիր ծիլեր»-ին: Գրել է գլխավորապես պատմվածքներ գյուղական կյանքից, առակներ, ֆելիետոններ, հեքիաթներ, պատմվածքներ: 1921-ին Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթօրյա հանդեսը: Առաջին պատմվածքը` «Արամի տնակն ու Հայկանուշի տիկնիկը», լույս է տեսել 1907-ին, «Հասկեր»-ում: Թիֆլիսում բեմադրվել է նրա «Մինիստրներ» կատակերգությունը: Բեմադրվել են նաև «Ջրաղացպան», «Ոճիր», «Լեյլի և Մաջնուն» պիեսները:
Մաթևոս Դարբինյանի ստեղծագործության գլուխգործոցը «Կիկոս» վիպակն է, որի հիման վրա 1932-ին «Հայֆիլմում» ֆիլմ է նկարահանվել, որում խաղացել է նաև ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյանը:
Մաթևոս Դարբինյանը մահացել է 1937-ին, աքսորում: Բերդի թանգարանն այժմ մտադիր է գրողի հոբելյանի առիթով համախմբել գրողի ազգականներին, համագյուղացիներին ու ստեղծագործության երկրպագուներին:
«Կիկոսը» վիպակում պահպանվել է մեկ դար առաջվա Թովուզ գյուղը, նրա կենցաղը, ապրելակերպը, մարդկանց խոսակցական լեզուն, որոշակի լեզվական մտածողությունը, նույնիսկ բնության պատկերները: Գրքում պատկերված գյուղամիջյան վշշացող առուն հիմա չկա: Նկարագրված են գյուղի տոհմերը, գերդաստանների պատմությունները` համեմված գեղարվեստական պատկերներով: Բերդի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը, որ պատրաստվում է նախաձեռնել գրողի հոբելյանին նվիրված մեծարման ցերեկույթ, նշում է, որ Մաթևոս Դարբինյանի «Կիկոսը» մեծարժեք գործ է: «Առաջաբանում գրողը հերոսին համեմատում է Հաշեկի Շվեյկի հետ, և իրականում շատ նմանություններ ունեն Կիկոսն ու Շվեյկը: Կիկոսի կերպարը մեր գյուղերին տիպական կերպար է, մտածողությունը, փիլիսոփայությունը: Ես իմ մայրիկից եմ լսել, որ Թիֆլիսում Մաթևոս Դարբինյանը պատահական հանդիպել է Բերիային, միամտաբար ու անզգուշաբար նրան ասել, թե մի քանի օր առաջ հրացանը ձեռքիդ այստեղ վազվզում էիր, հիմա դարձել ես տերուտիրական: Եվ տեղում վերացրել են Մաթևոս Դարբինյանին»,- ասում է թանգարանի տնօրենը, որի մայրը գրողի հեռավոր ազգականն է:
Մաթևոս Դարբինյանի «Կիկոսը» ժամանակի հոգևոր դասի ու գյուղական վերնախավի բացասական գծերն է նաև ի հայտ բերում, թե ինչ նեղություն են պատճառել դրանք գյուղացիներին: «Շատ տիպիկ մի հատված էլ կա արձանագրված, որ բնորոշ էր Թովուզին. կապը Բաքվի հետ, Թիֆլիսի, մեծ քաղաքների հետ: Հետաքրքիր է, որ գրողը մեծ թշնամությամբ չի հիշում գյուղի զոռբաներին, ներողամիտ է: «Ջրաղացպան Անտոնի» մեջ էլ կա, Անտոնին զենքը տալիս են, ասում` սպանիր, չի սպանում, իր տունը քանդողին, ունեցվածքը խլողին չի սպանում: Հեղինակը ցանկացել է ասել, որ ոխակալությունը շամշադինցիներին բնորոշ չէ»:
Մաթևոս Դարբինյանի գրականությունն անմահացրել է շամշադինյան բառուբանը և հասցրել այսօրվա սերունդներին: Կան տիպիկ բառեր, որոնք միայն այդ շրջանին են բնորոշ, արտահայտություններ կան, որոնք այսօր էլ պահպանել են իմաստը, սակայն օգտագործված բառերից շատերը մոռացվել են, գյուղացիները չեն էլ կիրառում: «Մաթևոս Դարբինյանը երևում է, որ շատ կիրթ անձնավորություն է եղել: Հայկական Շվեյկի կերպարի հեղինակը գրքում չի մոռացել էշին, որը գրքում առանձին կերպար է: Հետաքրքրականը դարձյալ ասեմ, որ բարբառների, լեզվամտածողության պահպանումն է, որը հետագայում ևս տարբեր սլենգների մեջ չի անհայտացել»:
Մաթևոս Դարբինյանի ստեղծագործական ժառանգությունը միայն Շամշադինի համար չէ, որ մեծ արժեք է ներկայացնում: Գյուղագիրը ստեղծել է գրականություն, որի վրա սոցռեալիզմի ազդեցությունը գրեթե չկա: «Կիկոսի» մեջ մի շատ կարևոր առանձնահատկություն էլ կա` մեր ժողովրդի ռուսասիրությունը, ռուս ժողովրդի հանդեպ մեծ վերաբերմունքը, թե Հայաստանի համար որքան կարևոր է Ռուսաստանը»:
Բերդում նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով, որը կզբաղվի գրողի ծննդյան 125-ամյակի միջոցառումների կազմակերպմամբ: Մեծարման միջոցառման առիթով կազմկոմիտեն կոչ է անում գրողի բարեկամներին, ազգականներին, բոլոր ցանկացողներին համախմբվել և աջակցել Մաթևոս Դարբինյանի մոռացված էջերը ընթերցողին վերադարձնելու գաղափարի շուրջ:
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ասիական կինոյի գլուխգործոցները կցուցադրվեն Երևանում

Կադր Ցզյա Չժանկեի «Բեմահարթակ» ֆիլմից

Կադր Ցզյա Չժանկեի «Բեմահարթակ» ֆիլմից

«Ոսկե ծիրան»-ի Հետահայաց ցուցադրությունների շնորհիվ այս տարի հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալ ասիական կինոյին:

Կիմ Կի-դուկի  18-րդ`«Պիետա» ֆիլմի ցուցադրությամբ երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը: Հարավկորեացի կինոռեժիսորը, ներկայացնելով ֆիլմը, նշեց, որ այստեղ տեղ են գտել իր մտորումները մոր, նրա բնույթի մասին:

«Ֆիլմը քաղցր մոր մասին չէ, այլ դաժան ու վախենալու մոր մասին: Այն մայրական վրեժի մասին է»,- ասաց Կիմ Կի-դուկը:

Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են Կիմ Կի-Դուկի վեց ֆիլմեր`«Պիետա», «Դատարկ տունը», «Կղզին», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն», «Հասցեն անհայտ է», «Առափնյա պարեկ»:

Հետահայաց ցուցադրություններ ծրագրով հայ հանդիսատեսին կներկայացվեն նաև իսրայելական կինոռեժիսոր Ամոս Գիտայի «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի» և «Ավետյաց երկիր» ֆիլմերը, ինչպես նաև չինացի հանրահայտ կինոռեժիսոր  Ցզյա Չժանկեի «Քաղաք 24», «Կուզեի իմանալ», «Հասարակկան վայրեր», «Գրպանահատը», «Բեմահարթակ», «Նատյուրմորտ» և «Աշխարհը» ֆիլմերը:

«Գայլային բիզնեսը սկսում է մուտք գործել արվեստի միջազգային առևտրի մեջ». Մովսես Հերկելյան

Movses_Herkelian_hartsazrou1Լիբանանահայ արվեստաբան, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի), որը 2000-ից ի վեր միջազգային հայտնի ցուցահանդեսներում ներկայացնում է հայ կերպարվեստը իր «Նոյան տապան» ցուցասրահի միջոցով, այս տարվա ցուցահանդեսների շարքը սկսել է Բեյրութից: Ցուցահանդեսը բարեգործական է, Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ, որից ստացված ողջ հասույթը տրամադրվել է սիրիական ճգնաժամի հետևանքով ծննդավայրը լքած և Բեյրութում հանգրվանած սիրիահայ աշակերտների հիմնադրամին:

Այնուհետև հայ նկարիչների աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում՝ հին դղյակներից մեկում, որի սեփականատերը հայաստանցի Հրայր Հակոբյանն է: Արվեստաբան Հերկելյանը կարևորում է այդ ցուցահանդեսը, քանի որ հնարավորություն է ունեցել տեղի հասարակությանը ներկայացնելու ժամանակակից հայ գեղանկարիչների արժեքավոր գործերը:

Ապրիլ ամսին գալերիստն իր ավանդական մասնակցությունն է բերել Մոնակոյի ամենամյա միջազգային ցուցահադեսին, որն աշխարհում ամենահեղինակավորներից է: Ինչպես միշտ, հայ նկարիչների աշխատանքները շատ բարձր են գնահատվել:
Նրա խոսքով՝ այդ ցուցահանդեսին մասնակցել է ևս երկու հայկական ցուցասրահ՝ Երևանի «Բարձր արվեստը» և Բեյրութի «Էսքիզը»:

IMG_4575Փայլուն հաջողություն է ունեցել «Բարձր արվեստը», որի կողմից ներկայացված աշխատանքներից մեկը՝ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի «Խաչելություն» կտավը, արժանացել է ցուցահանդեսի բարձրագույն մրցանակին՝ աշխարհից ներկայացված շուրջ 4000 նկարների մեջ համարվելով լավագույնը: Այդ հաջողությունը կարևոր է նաև նրանով, որ կտավը խորհրդանշում է Հայոց մեծ եղեռնը, և ցուցահանդեսի ժամանակ դա նույնպես շեշտվել է՝ մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Հայոց ցեղասպանության խնդրի վրա:

Մոնակոյին հաջորդել է Սինգապուրի միջազգային ցուցահանդեսը, որին «Նոյան տապանն» առաջին անգամ է մասնակցել՝ ներկայացնելով տասը ժամանակակից հայ նկարչների աշխատանքներ: Այս ցուցահանդեսն իր չափորոշիչներով տարբեր էր մյուսներից. նախ` նկարների հեղինակները պետք է ողջ լինեին, բացի այդ, կտավի արժեքը չպետք է գերազանցեր 10 հազար դոլարը: Ցուցահանդեսի նպատակը եղել է արվեստասերի, հավաքորդի համար մատչելի գնով բարձրարվեստ նկարներ գնելու հնարավորության ընձեռումը: Ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվել է՝ «Մատչելի արվեստ»:

securedownloadՈրպես արվեստաբան՝ Մովսես Հերկելյանը կարևորում է այս ցուցահանդեսը, քանի որ այնտեղ արվեստասերը՝ գնորդը, շատ ավելի պաշտպանված է: Բանն այն է, որ այժմ աշխարհում արվեստի գործերի գները հաճախ արհեստականորեն բարձրացվում են, և հավաքորդները, արվեստասերները կանգնում են լուրջ խնդրի առջև: Բացի այն, որ կտավի գինն է շատ բարձր, գնորդը նաև վստահություն չունի՝ տվյալ ստեղծագործությունն իսկապես արժեքավո՞ր է, թե ոչ: Իսկ ահա վերոնշյալ սկզբունքներով ու չափորոշիչներով զսպվում է գներն արհեստականորեն բարձրացնելու միտումը:
«Արվեստի առևտուրը պետք է իր բարոյականությունն ունենա, այժմ այն չոր, գայլային բիզնեսի վերածվելու միտում ունի, որն արդեն չափն անցնում է»,- ասում է արվեստաբանը,-մինչդեռ արվեստի առևտուրն այն բնագավառն է, որտեղ ցանկացած խաբեություն վաղ, թե ուշ բացահայտվում է»:

Դրա համար էլ առավել մեծ հաջողություն ունեն այն գալերիստները, որոնք համապատասխան որակավորում ունեն և իրենց փորձով ու հեղինակությամբ վստահություն են ներշնչում:

Հերկելյանին շատ է օգնում այն հանգամանքը, որ ինքն արվեստաբանության դոկտոր է, գործից հասկանում է, կարողանում է գնորդին հավուր պատշաճի տեղեկություն հաղորդել ստեղծագործության և ընդհանրապես արվեստի մասին: Հերկելյանը համագործակցում է նաև միջազգային այնպիսի հեղինակավոր ամսագրերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքում հրատարակվող «Ֆայն արտ մագազինը», Մոնակոյում և Ֆրանսիայում հրատարակվող եռալեզու «Լյուքս իմմոնը», «Լի Արտը» և այլն, իր մասնագիտական հոդվածներով նույնպես ներկայացնելով հայ կերպարվեստն աշխարհին: Երբեմն նաև նրան է վստահվում միջազգային ցուցահանդեսների կատալոգների առաջաբանը գրելու պատիվը: Օրինակ՝ Բուենոս Այրեսի «Արտդեկլասիկա» (2007), «Լա գազետ դե զԱր» (Մոնակո, Կրիմալտի ֆորում 2012), «Փոստ սովիեթ փեինթինգ» և այլն:

Խոսելով միջազգային ասպարեզում հայ նկարիչների ներկայության մասին՝ նա նշում է, որ հայերն ունեն այդ ռեսուրսը, որակը, սակայն չունեն համապատասխան կապեր ու փորձառություն, որով կարողանան դուրս գալ հայաստանյան սահմաններից:
Այդ հարցում նա կարևորում է ոչ միայն արվեստագետի դերը, այլև արվեստաբանի: Որպես միջազգային ոլորտում բարձր հեղինակություն և փորձ ունեցող գալերիստ-արվեստաբան՝ նա լավ գիտի, թե արվեստաբանն ինչ ազդեցություն ունի սեփական երկրի վարկը միջազգային հարթակներում բարձրացնելու, երկրի արվեստը ներկայացնելու և երկրի շահերը նման բարդ ու բազմաշերտ ոլորտում պաշտպանելու գործում:

securedownload-3-1024x685Ցավոք, եթե նկարիչների դեպքում մենք ունենք միայն ներկայացման խնդիր, ապա արվեստաբանների դեպքում՝ որակյալ մասնագետների:
Հայաստանում Հերկելյանը մշտական համագործակցության մեջ է 5 նկարիչների հետ՝ Վահրամ Դավթյան, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան, Էդիկ Բերդյան և Վահան Ռումելյան, որոնց ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեն դրսում: Վահրամ Դավթյանը, օրինակ, 2000 թ. Ժնևում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում ժյուրիի կողմից ընդգրկվել է աշխարհի ժամանակակից 40 նկարիչների ցանկում, ապա այդ 40-ի մեջ ճանաչվել լավագույնը: Սակայն Վահրամ Դավթյանին Հայաստանում գրեթե չեն ճանաչում:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հերկելյանը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսված երեք ցուցահանդեսների կազմակերպումը Բեյրութում, Եվրոպայում և աշխարհի մի շարք կարևոր քաղաքներում: Հերկելյանը սիրով է ընդունել երեք առաջարկներն էլ` պայմանով, որ ներկայացված աշխատանքներն իրենց որակով լինեն մրցունակ և խորհրդանշեն ոչ միայն ցեղասպանությունը, այլև հայ ժողովրդի զարթոնքն ու վերածնունդը:

Արվեստի գործերի կեղծում. հանցանք, որ Հայաստանում և Լիբանանում դեռևս պատժելի չեն

 

Հայտնի արվեստագետների աշխատանքները կեղծելն ու դրանց միջոցով մեծ գումարներ աշխատելը հին արհեստ է: Պարզվում է՝ դրանով անգամ հանճարներն են երբեմն զբաղվել: Հերկելյանը բերում է օրինակներ՝ Միքելանջելո, Գոյա, Ռոդեն…

Այո, անհավատալի է, բայց հանճարեղ Միքելանջելոն, երբ ապրելիս և աշխատելիս է եղել Ֆլորենցիայի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի դղյակում, որտեղ հին հունական քանդակներ կային, մի օր որոշել է նմանատիպ մի քանդակ էլ ինքը պատրաստել և իբրև հելլենիստական դարաշրջանի նմուշ վաճառել: Հետագայում այդ քանդակը Ֆլորենցիայից տեղափոխվել է Հռոմ, ապա վերավաճառվել և ի վերջո հանգրվանել Վատիկանի թանգարանում: Տարիներ անց, երբ Միքելանջելոն արդեն հռչակավոր էր, Վատիկանի կարդինալներից մեկը, որը հասկանում էր արվեստից, զգացել է, որ այդ քանդակը տարբերվում է հելլենիստական դարաշրջանի քանդակներից և շատ է նման Միքելանջելոյի ոճին: Նա գնացել է Միքելանջելոյի մոտ և հարցրել, թե դրա հեղինակը նա՞ է: Միքելանջելոն չի ժխտել: Այդ ժամանակ, սակայն, նրա քանդակները շատ ավելի արժեքավոր էին, քան հելլենիստական դարաշրջանի որևէ քանդակ:

Նույնն էլ Ռոդենը: Տեսնելով, որ իր ուսուցչի քանդակներն ավելի լավ են վաճառվում, քան իրենը, որոշել է ուսուցչի անունից քանդակներ պատրաստել ու գաղտնի վաճառել: Հիմա մասնագետները փորձում են Ռոդենի` ուսուցչի անվամբ ստեղծած քանդակները գտնել և վերականգնել իբրև ռոդենյան գործեր:

Գոյան էլ, որը դիմանկարների շատ պատվերներ էր ստանում և չէր հասցնում պատվերները կատարել, երբեմն իր աշակերտներին էր հանձնարարում, որ իր փոխարեն նկարեն, իսկ վերջում կամ դիպչում էր դրանց, կամ ոչ:

Հերկելյանն ասում է, որ գրեթե ամեն տարի հոդված է գրում արվեստի կեղծարարների մասին: Քանի որ երևույթը հնարավոր չէ իսպառ վերացնել, կարծում է, որ գոնե պետք է պայքարել այն հնարավորինս նվազեցնելու համար: Որպես լիբանանահայ արվեստաբան՝ նա հատկապես շատ է հանդիպում Հայաստանում ու Բեյրութում կատարվող կեղծումների, ինչը, նրա խոսքով, վնասում է հայ արվեստի զարգացումն ու տարածումը: «Ում ասես չեն կեղծում, Սուրենյանց, Բաշինջաղյան, Սարյան, Մինաս, Փոլ Կիրակոսյան: Կեղծում են նաև երկրորդական արվեստագետներին, նույնիսկ՝ ժամանակակից նկարիչներին, որոնք ողջ են: Օրինակ` Բեյրութում ես Վահրամ Դավթյանի կեղծ կտավը բռնեցի: Կեղծում են նաև Գևորգ Եղիազարյանին, Վահան Ռումելյանին, Սուրեն Ոսկանյանին: Պետք է ասեմ, որ այս գործում էլ մերոնք վարպետ են»:

Դրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն այս պահին արվեստաբանը համարում է համապատասխան օրենքի մշակումն ու կիրառումը: Ասում է՝ Հայաստանն ու Լիբանանը չունեն ոլորտը կարգավորող օրենք, մինչդեռ միջազգային օրենքներով արվեստի ստեղծագործությունը կեղծելը հավասարազոր է դրամ կեղծելուն, ինչը համարվում է ծանր հանցագործություն:

Հայաստանում այդ երևույթն առայժմ անվերահսկելի է:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հեղինակի հետ հանդիպում

BanerՀունիսի 25-ին՝ ժամը 18:30-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում (Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած` «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում, «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն կկազմակերպի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հանդիպում ֆիլմի հեղինակ, թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի հետ: Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում, և հանդիսատեսի հարցերին կպատասխանի ֆիլմի հեղինակը:

Հիշեցնենք, որ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմն անցյալ տարի արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոնում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը

սպասված վերադարձ 15 տարվա բացակայությունից  հետո Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով  աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանը կրկին  հանդես  կգա հայրենիքում:

«Սպասված վերադարձ» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 28-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և նվիրված կլինի դիրիժոր Ջորջ  Փեհլիվանյանի 50-րդ տարեդարձին: Հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի գլուխգործոցները:

Ջորջ Փեհլիվանյանն ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայական: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «Պրո Մյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991 թվականի սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Նա առաջինն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ  արժանացել է   այդ  պատվավոր  մրցանակին:

Ֆրանսիական «Լը Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:

Ջորջ  Փեհլիվանյանի  ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերը կատարել են  Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի, ինչպես նաև Կոմիտաս ու Խաչատրյան:

«Սպասված վերադարձ» համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսեր գնելու դեպքում` կկազմակերպվի անվճար առաքում: Լրացուցիչ հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 095 90 90 08 կամ 010 526718:

Թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում կնվագի 18-րդ դարի թավջութակով

posterՖրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին ժամը 19.00-ին առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» ստեղծագործությունը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը» (փոխադրումը` Դոմինիկ դե Վիլենկուրի) և Դոմինիկ դե Վիլենկուրի «EMTO» թավջութակի և լարայինների համար ստեղծագործությունները:

 «Լինելով նրբաճաշակ և բարձրարվեստ վիրտուոզ՝ Դոմինիկ դե Վիլենկուրն իր համերգներում աչքի է ընկնում անկեղծությամբ, թավջութակի թավշյա հնչյուններով և կատարման նրբագեղությամբ», երաժիշտի մասին գրել են քննադատները:  2000 թվականից ի վեր Դոմինիկ դե Վիլենկուրը նվագում է Յոզեֆ Գալիանոյի 1754 թվականին պատրաստված բացառիկ թավջութակով և Ֆրանսուա Տուրտի 1825 թվականին աղեղով: Հայաստանում ևս նա կնվագի իր գործիքներով՝ հնչեցնելով բառաիկ նրբության և մաքրության հնչյուններ:

Դոմինիկ դե Վիլենկուրը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան քառասուն երկրներում: Միայն վերջին մի քանի տարիներին ելույթ է ունեցել Ավստրիայում, Կոլումբիայում, Հարավային Կորեայում, Ռումինիայում և Ռուսաստանում: Մասնակցել է այնպիսի հեղինակավոր փառատոներին, ինչպիսիք են Կուհմոյի (Ֆինլանդիա), Պորտոգրուարոյի (Իտալիա), Յոկոհամայի և Կիոտոյի (Ճապոնիա) փառատոները:

Բորոդինի անվան կվարտետի հիմնադիր անդամ Վալենտին Բեռլինսկին Դոմինիկ դե Վիլենկուրին հրավիրվել է հանդես գալու Մոսկվայի ֆիլհարմոնիայում, ինչպես նաև որպես ժյուրի ներկա գտնվելու Շոստակովիչի անվան մոսկովյան միջազգային մրցույթում:

Սահարա, Եմեն, Կովկաս, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան կատարած ճանապարհորդությունները ոգեշնչել են Վիլենկուրին ստեղծագործելու հայկական և տիբեթյան թեմաներով:

«Մեցցո» հեռուստաալիքի համար Դոմինիկ դե Վիլենկուրը պատրաստել է վավերագրական ֆիլմ՝  ներկայացնելով ստեղծագործական այն բացահայտումները, որոնք նա կատարել է անապատներում իր գործիքով շրջելու ընթացքում: Թողարկվել է թավջութակահարի ստեղծագործությունների առաջին մենագրային ձայնասկավառակը, ինչպես նաև «Բախն անապատում» վերնագրով տեսասկավառակը, որը ներկայացնում է նրա շրջագայությունները Սահարայի սրտում:

Թավջութակահարը նաև հանդիսանում է Europe & Art երաժշտական ընկերության գեղարվեստական ղեկավարը և 1994 թվականից ի վեր կազմակերպում է երաժշտական շրջագայություններ այնպիսի մեծանուն երաժիշտների հետ, ինչպիսիք էին Լորդ Յեհուդի Մենուհինը, Յուրի Բաշմետը:

Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան

6Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:
«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:

5«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:

– Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
– Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:

1– Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:

– Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:

2– Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե …

– Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:

3– Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:

– Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:

– Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:

– Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:

4– Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
– Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:

– Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:

– Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:

 

 

«Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել…»

10477091_722554547805377_838313244_n«Ես անկեղծ նկարում եմ՝ չմտածելով` դա դուր կգա մարդկանց, թե ոչ: Կտավի վրա մի ուրվագիծ եմ անում և նախապես չպլանավորված «սցենարով» սկսում աշխատել: Կտավում արտացոլվում է իմ հոգեվիճակը, իմ տրամադրությունն ու ասելիքը»,-այսպես է նկարագրում իր ստեղծագործական վիճակը գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանը:

Երիտասարդ նկարչուհին գտնում է, որ արվեստի մեջ ամենակարևորը անկեղծությունն ու ազատությունն է. արվեստը չի սիրում պարտադրանք, պատվեր ու սահմանափակում: «Երբ առանց մտածելու ես նկարում, կարծես գույներն իրենք էլ իրենց տեղը գտնում են, ինչպես բնության մեջ, որտեղ ամեն ինչ իր կատարյալ տեղն ու դերն ունի: Ստեղծագործող մարդու համար սահմաններ չպետք է լինեն՝ հատկապես հոգևոր առումով: Իսկ ստեղծագործությունը պետք է լինի ինքնաբուխ ու անկեղծ»:

IMG_4380Հասմիկը ստեղծագործելիս երաժշտություն է լսում՝ հիմնականում դասական և ռոք: Խոստովանում է, որ դա ազդում է նկարի վերջնական արդյունքի վրա, և հետո, երբ նայում է կտավին, այնտեղից կարծես այդ երաժշտությունն է լսում:

Ի՞նչ է պետք արվեստագետին անկաշկանդ ու անկեղծ ստեղծագործելու համար: «Արվեստանոց, մեկուսացում, հոգեվիճակ, նաև դժվարություններ, խնդիրներ, կենսափորձ…»,-թվարկում է նա:

Իսկ թե ինչն է խոչընդոտում արվեստին, ասում է. «Լճացած վիճակը: Արվեստը սիրում է կտրուկ քայլեր, փոփոխություններ: Կարևորը՝ չվախենալն ու առաջ գնալն է: Չպետք է վախենալ մարդկանց կարծիքից»:

IMG_4357Հայաստանում արվեստագետի համար, այն էլ այնպիսի արվեստագետի, որն իր աշխատանքից ֆինանսական օգուտ չի ստանում, լուրջ խնդիր է սոցիալական բարեկեցության ապահովումը:  Խնդիր է նաև հասարակության անտարբերությունը արվեստի նկատմամբ. նկարչուհին այդ ամենը սեփական կաշվի վրա է զգում, բայց այնուամենայնիվ, նշում է, որ իր համար դրանք առաջնային խնդիրներ չեն և չեն կարող խոչընդոտել իր ստեղծագործական աշխատանքին: «Ինձ համար ավելի կարևոր է ստեղծագործության մեջ նորանոր բարձունքներ նվաճելը՝ մնալով, իհարկե, իմ ոճի մեջ: Իսկ կատարելագործվելու տեղ միշտ կա, դա անվերջանալի պրոցես է, ու ես այդ պոտենցիալը զգում եմ իմ մեջ: Ինձ պետք է միայն լիարժեք մեկուսացում ու կենտրոնացում իմ աշխատանքի վրա»:

IMG_4370Հասմիկ Գասպարյանի ինքնատիպ կտավներն այսօր կախված են Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրդարանի դահլիճում: Հունիսի 14-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը:

Նկարչուհու ստեղծագործություններն արվեստանոցի պատերից դուրս հանելու և արվեստասեր հանրությանը ներկայացնելու գործն իր վրա է վերցրել «Այլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը: «Շատերն ասում են՝ արվեստ չկա: Համամիտ չեմ,-ասում է կազմակերպության նախագահ, բանաստեղծ Վահե Արսենը,-կա, պարզապես կապն է կտրված: Մենք փորձում ենք վերականգնել արվեստ-հասարակություն այրված կամուրջը»:

Ինչ վերաբերում է Հասմիկի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմանը, ապա ընտրությունը պատահական չէ. նրանց գլխավոր նպատակը ստվերում գտնվող տաղանդավոր արվեստագետներին ներկայացնելն է:

10371517_248249592041150_2903744938787430287_n«Չնայած որ Հասմիկի նկարները դեռ հանրայնացված չեն, իրեն շատերը չեն ճանաչում, սակայն նա շատ լուրջ է վերաբերում իր արվեստին: Հետաքրքիր է, որ նա տարիներով մի նկարի վրա աշխատում է, փորձում է ամբողջացնել: Հասմիկի կտավներում անձնականն ու անանձնականը խառնվում են իրար: Նա ներքին ապրումը կարողանում է տրանսֆորմի միջոցով փոխանցել կտավին: Զգում ես ապրումը, ներքին եռը, վակումը և իրականության բեկումն ընկալում ես անմիջապես, սակայն նա ներքին ապրումները պատկերում է լիովին  այլ իրավիճակում»:

Վահե Արսենը նույնպես Հասմիկի արվեստի մեջ բարձր է գնահատում ինքնատիպությունն ու անկեղծությունը: Նա նշում է որ այն պահին, երվ արվեստը վերածվում է ապրանքի, ինչ որ մի վատ բան է կատարվում դրա հետ, ու ամեն չափանիշ սկսվում է փոխվել: «Եթե նկարիչը սկսում է «կոպյա» անել ու վաճառել մեկ անգամ լավ վաճառված կտավը, այն այլևս արվեստ չէ: Հասմիկի մոտ որևէ կտավ չի կրկնվում, քանի որ նրանում դրված ապրումն ու հոգեվիճակն էլ չի կրկնվել»,-ասում է նա:

10472181_722571504470348_759913585_nՆկարչուհի Մարիամ Մուղդուսյանը Հասմիկի կտավների մասին ասում է. «Նրա աշխատանքներում ժամանակի կանգն է, տպավորություն է, որ շարժումն ու գործողությունն այդ պահին կանգնել-մնացել են: Հետո ժամանակն իր մեջ սկսում է ներսուզում ունենալ, և կարող ես անվերջ խորանալ աշխատանքի մեջ: Դիտելիս տպավորություն եմ ստանում, որ կարող եմ ուղիղ խորանալ, հենց ուղիղ, ոչ լայնությամբ կամ երկարությամբ: Նրա աշխատանքները տանում են խորացման և կենտրոնացման»:

Հասմիկ Գասպարյանի կտավներն Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում կցուցադրվեն մոտ մեկ ամիս: Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է՝ չնայած որ նա իր նկարները կարող էր հանրությանը ներկայացրած լինել շատ ավելի վաղ:

IMG_4374Ինչևէ, նա արվեստագետի այն տեսակն է, որն առաջին հերթին ստեղծագործում է ինքն իր համար: Իսկ մնացածը, ինչպես ասում է, ժամանակի ու հանգամանքների խնդիր է: «Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել,-նկատում է նա՝ խոստովանելով, որ շատ ուրախ է, որ իրեն  նկատել ու գնահատել է «Այլ Արտը», որի շուրջ համախմբված մարդիկ արվեստի իսկական նվիրյալներ են, և իրենց համագործակցության հիմքում չկա որևէ նյութական, ֆինանսական շահագրգռվածություն, կա միայն մի բան՝ արվեստը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան. Աշխունջ Պողոսյան

23159«Պատմական Հայաստանը գորգագործության մշակույթի խոշորագույն բնօրաններից է: Սա հռետորական հայտարարություն չէ. կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են այս պնդումը: Մասնագետները ամենահինը համարում են մ.թ.ա 3-րդ դարում ստեղծված գորգը, որը պատրաստվել է Հայաստանում, հավանաբար Վանա լճի ափին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը:

Գորգագործությունը մեր երկրում հատկապես զարգացած է եղել միջնադարում մինչև 13-14 դարերը և նորից սկսել է վերելք ապրել 1820-ականների վերջին.սա ուղիղ կապ ունի պատմական իրադարձությունների հետ:

«Միջնադարյան օտարալեզու, հատկապես արաբալեզու աղբյուրները գրում են, որ ամբողջ Արաբական խալիֆաթի տարածքում հռչակված էին հայկական գորգերը: Այժմ մենք ի՞նչ ունենք. հասկանալի է, ոչինչ չունենք, նման բան գոյություն չունի», -ասաց գորգագետը:

Նա հայտնեց, որ ներկայումս Հայաստանում գորգագործության 3 խոշոր ձեռարկություն կա, որից մեկը` Արցախում: «Որոշ բաներ արվում է այդ երեք ձեռնարկությունների միջոցով: Տեխնիկական, տեխնոլոգիական առումով այդ գործարանները առաջնակարգ են, արտադրանքի մեծ մասը գործվում է բնական ներկանյութերով»,- նշեց մասնագետը` շեշտելով, որ մեզ մոտ գորգի ինքնարժեքը չափազանց բարձր է. այդ պատճառով արտերկրում դրա վաճառքի կազմակերպումը շատ դժվար է, իսկ մեր երկրում առավել ևս չափազանց սահմանափակ է պահանջարկը:

«Ամբողջ աշխարհում ընդունված է տարանջատել գորգերը `կովկասյան, թուրքական, ադրբեջանական, սակայն հայկական գորգի մասին հայ ժողովուրդը՝ որպես գորգագործության մշակույթի  կրող ազգ, շատ հազվադեպ է հիշատակվում: Հայաստանի իշխանությունները  պետք է որ շահագրգռված լինեին, որպեսզի գորգագործությունը զարգանար, սակայն, ինչպես տեսնում ենք, այն մեր իշխանությունների խելքի բանը չէ, սակայն անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան»,- ասաց պարոն Պողոսյանը` փաստելով, որ անգամ Առաջին Հանրապետության օրոք գորգագործության ավանդները պահպանելու համար ավելի լուրջ քայլեր էին անում, քանի հիմա:

Իրանում հնարավոր է ցուցադրվեն Պաբլո Պիկասոյի, Վան Գոգի, Կլոդ Մոնեի կտավները

picassoԹեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակիցները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հնարավոր է թանգարանում ցուցադրվի 1,5 մլրդ ֆունտ ստերլինգ արժողությամբ արևմտյան վարպետների նկարների հավաքածուն, եթե Իրան-«Վեցնյակի» միջուկային ծրագրի շուրջն ընթացող բանակցությունները հաջող հանգուցալուծում ունենան:
Հավաքածուն ներառում է Պաբլո Պիկասոյի, Վինսենտ Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Ջեքսոն Պոլոկի և այլ նկարիչների աշխատանքներ:
Ուշագրավ է, որ համաշխարհային հսկայական արժեք ունեցող այդ բացառիկ աշխատանքները թանգարանի պահեստում պահվում են իսլամական հեղափոխությունւց հետո (1979):
«Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացումը թույլ կտա թանգարանին ավելի շատ հովանավորչական միջոցներ ստանալ: Մենք կցանկանայինք ցուցադրել արևմտյան արվեստը և պատրաստ ենք տրամադրել այդ աշխատանքները միջազգային թանգարաններին»,- նշել են թանգարանի աշխատակիցները:
Այս մասին տեղեկացնում է անգլիական «The times» լրատվական գործակալությունը:

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

մրցույթՀայաստանի մշակութային կյանքում սկսվում է մեծ իրադարձություն։ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողությունը։

Այս տարի մրցույթը հոբելյանական է՝ այն անց է կացվում արդեն 10-րդ անգամ։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Կհնչի Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։

Հոբելյանական մրցույթն ուղղված է «դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը։

Այս տարի մրցույթին մասնակցության աշխարհագրությունն  ավելի է ընդլայնվել. նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն։

«Այս տասը տարիների ընթացքում մրցույթը զարգացել է թե՛ աշխարհագրության, թե՛ մասնակիցների թվի քանակի առումով։ Բարձրացել է նաև մրցույթի հեղինակությունն  ամբողջ աշխարհում»,- լրագրողների հետ հանդւպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը։

Դաշնակահար Արմեն Բաբախանյանը նշեց, որ իր համար Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը միանշանակ տոն է. «Դա կարևորագույն մշակութային մրցույթ է  դասական երաժշտության ոլորտում Հայաստանում։ 10-րդ հոբելյանական մրցույթը շատ յուրահատուկ է։ Կան մեծ փոփոխություններ. աճել է պրոֆեսիոնալ առումով, փոխվել են ծրագրերը և կանոնները։ Մենք փորձել են 10 տարիների փորձառությունն  ի մի բերել այս տարի»։

Նա նաև ընդգծեց, որ այս տարի ծրագիրը փոխվել է, դարձել է ավելի ազատ, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայանալ լավագույն կողմերից։ «Մենահամերգային ոճով կկատարվեն մի քանի ստեղծագործություններ, որպեսզի մենք երաժիշտներին ծանոթանանք բոլոր կողմերից։ Ամենակարևոր նորությունն այն է, որ եզրափակիչ փուլում կատարվելու են արդեն երկու դաշնամուրային կոնցերտ. ամեն մի ֆինալիստ երկու կոնցերտ է կատարելու, մեկը պարտադիր Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը կամ ռափսոդիան, և երկրորդը՝ մասնակցի ընտրությամբ», – հայտնեց ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը։

«Միասին ապրի՛ր և պարի՛ր» հայ-թուրքական պարային նախագիծը Դիարբեքիրից շարժվում է դեպի Երևան (տեսանյութ)

parԹուրքիայից և Հայաստանից մի խումբ երիտասարդներ երկու երկրների միջև երկխոսության կամուրջ կառուցելու նպատակով որոշել են պարել: «Միասին ապրի՛ր և պարի՛ր» անունը կրող նախագիծն  օրերս մեկնարեց Դիրարբեքիրում: Յուրաքանչյուր երկրից տասական երիտասարդ սովորում և ներկայացնում են ազգային պարեր: Առաջին համերգը, որը տեղի է ունեցել Դիջլեի համալսարանի համերգասրահում, հանդիսատեսի կողմից մեծ հավանության է արժանացել: Համերգին մասնակցել են նաև ուդահար Երվանդ Բոստանջըն և դիարբեքիրցի դենգբեժները (աշուղ):

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ հայ-թուրքական պարային խումբը փոքրիկ շրջագայություն կունենա Թուրքիայում և Հայաստանում: Մասնավորապես նրանք համերգ են ունեցել Դիրաբեքիրում, Մուշում, այսօր հանդես կգան Վանում, հունիսի 8-ին՝ Դողուբայազիտում, հունիսի 10-ին՝ Գյումրիում, հունիսի 11-ին՝ Վանաձորում և Սպիտակում, հունիսի 12-ին՝ Դիլիջանում: Համերգաշարը կեզրափակվի հունիսի 13-ին Երևանում: Նախագծի համակարգող Զեքերիա Դունդարը, խոսելով ծրագրի մասին, նշել է. «Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Մենք մշակույթային բազմազանություն ենք ներկայացնում: Ցուցադրում ենք Հայաստանի և Թուրքիայի ժողովրդական պարերի մի ընտրանի: Ծրագրի մասնակցիներից ոչ մեկը պրոֆեսիոնալ պարող չէ»:

«Գրքարվեստ 2014»-ում Հայաստանը վաստակել է 5 առաջին մրցանակ. նախկինում որևէ երկիր նման ցուցանիշ չի ունեցել

միլիտոնյան1Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը 5 առաջին մրցանակ է շահել: Մրցույթին Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել ընդհանուր 8 մրցանակի, որոնցից 5-ն առաջին մրցանակներ են, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի («Համագործակցություն» անվանակարգ, «Հայոց Երևելիներ», հեղինակ` Ալբերտ Միքայելյան), մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի ( «Գրան պրի» անվանակարգ, «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ», կազմող` Յ. Պետրոսյան ) և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի («Իմ երկիրը» անվանակարգ, «10 հայ ականավոր թագուհիներ», հեղ. ` Արտակ Մովսիսյան):
Առաջին մրցանակի են արժանացել Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ («Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգ), Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը («Մշակույթների երկխոսություն» անվանակարգ), Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը («Գիտություն և կրթություն» անվանակարգ), Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» («Արվեստի գիրք» անվանակարգ), Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը («Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգ) :
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը մրցանակակիր գրքերից հատկապես կարևորում է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»-ը` որպես մեծն հայագետի աշխատանքի գնահատանք, և Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», որը, նրա խոսքով, առաջին ամբողջական աշխատությունն է հայ գորգի մասին:
Մրցույթի արդյունքների և նշանակության մասին «Անկախը» զրուցել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
պատկերազարդ-պատմություն-հայոց– Պարոն Միլիտոնյան, մրցույթին ինը գիրք ենք ներկայացրել և վաստակել ութ մրցանակ: Ինչո՞վ է պայմանավորված նման բարձր ցուցանիշը:
– Իհարկե, մեր գրահրատարակչական ասպարեզի զարգացման, տպագրական տեխնոլոգիաների նորացման միտումներով եմ դա պայմանավորում: Վերջին տարիներին մեզանում իսկապես որակով ու բազմազան գրքեր են հրատարակվում: Գրքի միջազգային ցուցահանդեսներում մեր գրքերն անպայման ապահովում են բարձր մակարդակ: Եվ դա այն հրատարակիչներն են ապահովում, որոնք ամեն տարի նման ցուցահանդեսների են մասնակցում:
Սա նշանակում է մի բան, որ այսօր ունենք գրահրատարակչական շատ լավ հնարավորություններ, ունենք կայացման փուլում գտնվող հրատարակիչներ: Եթե Սովետական Միության տարիներին հիմնականում մեկ-երկու հրատարակչություն կար, որոնք կենտրոնացված էին պետության ձեռքին, ապա այսօր 40-ից ավելի հրատարակչություն կա, որոնք գործում են ասպարեզում, գրքեր են հրատարակում և ջանք են ներդնում նոր, հետաքրքիր գրքերի լույսընծայման համար:
Եթե մեզանում կարողանանք նկատել և գնահատել կատարված աշխատանքները, դրանով իսկ կնպաստենք ոլորտի հետագա զարգացմանը:
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ցուցահանդեսն էլ մի խթան է, որպեսզի ամեն տարի ավելի հետաքրքիր գրքեր տպագրվեն ու ներկայացվեն:
Մրցույթին ներկայացված գրքերը նախ «Հայաստանի գրքարվեստ» մրցույթում են հաղթող ճանաչվել, ապա միայն միջազգային մրցույթին ներկայացվել: Այդ գրքերը միջազգային մրցույթում ներկայացնելով` վստահ էի, որ մրցանակներ կունենանք, բայց որ այդքան շատ` ինձ համար էլ անակնկալ էր:

– Նախորդ տարիներին «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում Հայաստանն ի՞նչ ցուցանիշներ է ունեցել:

– Մենք մասնակցել ենք 11 տարի և տարբեր ցուցանիշներ ենք ունեցել. ամեն կարգի մրցանակներ էլ ունեցել ենք, բայց որ այս տարվա պես 5 առաջին մրցանակ լինի… Ոչ միայն մենք, որևէ այլ երկիր նախկինում նման ցուցանիշ չի ունեցել:

– Ձեր կարծիքով` մասնակցությունը միջազգային մրցույթներին մեզ ի՞նչ է տալիս: Ո՞րն է մասնակցության բուն նպատակը:

– Նպատակն է խթանել գրքի քարոզչությունը: Սեպտեմբերին մրցանակները կհանձնվեն Մոսկվայի Գրքի ցուցահանդեսի շրջանակներում: ԱՊՀ և այլ երկրների լրատվական խողովակներով լուրը կտարածվի: Սա արդեն մեծ հնարավորություն է հայ գիրքը աշխարհին ներկայացնելու, քարոզելու համար: Բացի այդ, մրցանակ ստանալուց հետո հրատարակիչն ինքն էլ է պարտավորված զգում և փորձում ավելի լավ, որակյալ գրքեր հրատարակել:

– Ամփոփելով վերջին տարիների ցուցանիշները` գրահրատարակչության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք, և ո՞րն է առաջխաղացման հիմնական գործոնը:
գրքարվեստ– Մեր գրահրատարակչական դաշտն անկախության 23 տարիների ընթացքում ամենակայացած ոլորտներից է: Նախ` հիմնականում պահպանվեցին ավանդական տպարանները և հրատարակչությունները, որոնք ավանդաբար ուժեղ էին: Նաև նորերն ի հայտ եկան` նոր մտահղացումներով ու գործունեությամբ, և, փաստորեն, դաշտում առողջ մրցակցություն եղավ: Այդ առողջ մրցակցության շնորհիվ Հայաստանում ներկայումս տարեկան 2200 անուն գիրք է հրատարակվում` մանկականից մինչև հանրագիտարանային: Դրան շատ է նպաստում նաև պետական աջակցության հնարավորությունը: Այդ ներդրումը զգալի է: Լավագույն գրքերի մի մասն այդ աջակցությամբ է հրատարակվում:

– Շատ է խոսվում է, որ պետպատվերի շրջանակներում տպագրված գրքերը հաճախ զիջում են որակային առումով: Համամի՞տ եք այս կարծիքին:

– Բնականաբար, չեմ կարող համամիտ լինել, որովհետև, նախ, ասողը պիտի մանրամասնի, թե ինչով է զիջում` թղթի որակո՞վ, բովանդակությա՞մբ: Այն գրքերը, որոնք ընդգրկվում են պետական պատվերի և աջակցության ծրագրերում, բնականաբար, և՛ իրենց որակով, և՛ բովանդակությամբ աչքի ընկնող գրքեր են այդ բնագավառներում:
Անհատ հեղինակը կարող է մեծ գումարներ ներդնել իր գրքի հրատարակության համար, ուստի պարտադիր չէ, որ պետական պատվերով գիրքը տպագրական որակով ավելի բարձր լինի, որովհետև այդ գրքերի վրա այնքան էլ մեծ գումարներ չեն ծախսվում, և հիմնականում ինքնարժեքից ցածր են վաճառվում, հատկապես` մանկական գրքերը:
Նշեմ, որ մրցանակակիր գրքերից 3-ը պետական միջոցներով են հրատարակվել:

– Վերջին տարիներին Երևանում գրախանութների թիվն ավելանում է: Ի՞նչ է սա, գրքի պահանջարկը մեծանո՞ւմ է:

– Սովետմիության ժամանակ երևանում մոտավորապես 80 գրախանութ կար, անկախացման ժամանակ և հետո մեծ մասը փակվեց, դարձան այլ տիպի խանութներ: Հիմա որոշ չափով վերադարձ է նկատվում: Տարբեր տեղերում փոքրիկ գրախանութներ են բացվում, տարբեր սուպերմարկետներում են վաճառում, փոստատներում են գրքերի անկյուններ բացվում: Եթե առաջ կար գիրք վաճառելու մի հնարավորություն` գրախանութը, ապա այսօր ընգրկվել է ցանցի ըմբռնումը. գիրքը կարող է վաճառվել սրճարան-գրախանութներում, տարբեր հաստատություններում: Գրքի նկատմամբ պահանջարկի աճ հիմնականում կա: Բայց նաև նկատելի է, որ դա մեծ որակ չի կազմում:
Խոստովանենք, որ այս ամենը պատճառաբանվում է նաև նրանով, որ մեր զանգվածային լրատվամիջոցները շատ քիչ են տեղ հատկացնում գրքին, հրատարակչին, ստեղծագործողին, գրախանութին:

– Ունենք լավ որակով գրքեր, որոնք դրսում գնահատվում են, իսկ ներսում դրանք գնահատվա՞ծ են պատշաճ կերպով:

– Հիմա ով սիրում է գիրք կարդալ, կարդում է: Պահանջել բոլորից միատեսակ բան` անցած ժամանակներին էր հատուկ, երբ բոլորը ցուցադրության համար գրքեր էին բաժանորդագրվում, տանը մեծ գրադարաններ ունեին: Սովետական Միության տարիներին գիրքը հրատարակվելուց մի քանի օր անց սպառվում էր: Հիմա նույն հեղինակի գիրքը տարիներով չի սպառվում, ուրեմն մենք կայուն ընթերցողական դաշտ չենք ունեցել: Այնպես որ, այսօր գիրք կարդում են նրանք, ովքեր ուզում են կարդալ և պահանջ ունեն կարդալու:
Եվ մյուս կողմից, եթե ընթերցողը ծանոթ չէ ժամանակակից հեղինակներին ու հրատարակիչներին, այդ մարդը ո՞նց պիտի գնահատի գրողին, նրա աշխատանքը:

– Գրադարանների համալրվածության մասին. Հայաստանում տարեկան 2200-ից ավելի գիրք է հրատարակվում, բայց մեր գրադարանները համալրվածության խնդիր ունեն, չեն կարող ընթերցողին մատուցել նրա պահանջած ժամանակակից հրատարակությունները, ինչո՞ւ, և այս հարցի ի՞նչ լուծում եք տեսնում:

– Նայած թե ում են պատկանում գրադարանները: Մշակույթի նախարարությանը պատկանող գրադարանները տարեվերջին համալրվում են վերջին երեք տարում պետպատվերով և աջակցությամբ հրատարակված ու վաճառքում մնացած գրքերով: Դրանք բաշխվում են գրադարաններին: Պետականորեն այս գործն արվում է, բայց Հայաստանում շատ գրադարաններ կան: Ինչո՞ւ համայնքներում որևէ մեկը չի մտածում որոշակի գումար հատկացնել գիրք ձեռք բերելու համար: Եթե ամեն ինչ թողնել, թե վերևից մեկը պետք է գա ու մեզ գիրք նվիրի` չի լինի: Պետությունն իր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է: Բայց մենք էլ մի քիչ պիտի մտածենք, հնարավորություններ գտնենք:

Առանց անցյալի հնարավոր չէ կառուցել ապագան. լուսանկարների ցուցահանդես` նվիրված Երևանին

ասուլիսԵրևանի կամերային թատրոնի «Երկաթ» մշակութային ակումբում մայիսի 6-ին տեղի կունենա լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը կլինի նախորդ տարի անցկացված «Երևանի երեք սահմանները» ցուցահանդեսի գաղափարական շարունակությունն ու ամփոփումը: Այն կներկայացնի, թե  ցուցահանդեսից հետո ինչ փոփոխություններ են կատարվել մեկ տարում, ինչ դրական արդյունքներ կամ բացասական հետևանքներ են եղել այդ ընթացքում։

Կցուցադրվի Մարիաննա Մելիքսեթյանի հեղինակած «Երևանի բակերը» շարքը` մայրաքաղաքի հին տները` նորակառույց շենքերի ֆոնին։

Ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, կներկայացվի 120 լուսանկար:

Ինչպես և մեկ տարի առաջ տեղի ունեցած ցուցահանդեսն, այս մեկը ևս նպատակ ունի ներկայացնելու մայրաքաղաքում առկա խնդիրները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցեցին ցուցահանդեսի կազմակերպիչները` լուսանկարիչ, լրագրող Մարիաննա Մելիքսեթյանն ու լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանը:

«Մեր անցյալից շատ փոքր քանակի շենքեր են մնացել քաղաքում, իսկ առանց անցյալի հնարավոր չէ կառուցել ներկան և ապագան», – նշեց Մարիաննա Մելիքսեթյանը: «Մենք անընդհատ համապատասխան մարմիններից պահանջում ենք պատասխաններ, սակայն հարց չենք տալիս: Այս ցուցահադնեսը կփորձի տալ այդ հարցը»:

Լուսակարչուհուն անհանգստացնում է այն փաստը, որ հինը ոչնչացվում է առանց նորը կառուցելու.  «Անընդհատ խոսում ենք, որ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, սակայն մենք դա այսօր չենք տեսնում: Այն պատշգամբը , որտեղից Արամ Մանուկյանը 1918 թվականին կարդացել է  անկախության դեկլարացիան, համարյա թե գոյություն չունի այլևս: Մի պահ կանգ առեք և տեսեք` ինչ է կատարվում քաղաքում: Ես չեմ խոսում միայն ծայրամասերից: Սա վերաբերում է նաև Կենտրոնին: Լուսանկարելու ժամանակ միայն նկատեցի, որ փլատակներում, կիսաքանդ շենքերում մարդիկ, երեխաներ են ապրում»,-ասաց նա:

Մելիքսեթյանը գտնում է, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններ կնկատվեն միայն այն դեպքում, երբ ամեն ոք վերաբերվի Երևանին այնպես, ինչպես իր տանը:

Փաշինյանը կարևորեց նման ցուցահանդեսների և ակցիաների կազմակերպումը: Նա նշեց, որ նախորդ ցուցահանդեսից հետո նկատել է դրական փոփոխություններ և հույս ունի, որ դա տեղի կունենա նաև այս տարի:

ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՄՈՒԹԸ «ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ»

kazm2«Հրաշալի է, որ իջնում են ձյան ճերմակ փաթիլները: Ու սպիտակով է ծածկվում ամեն-ամենը: Եվ սպիտակում են մեր բոլոր մտքերը»:

Տոնինո Գուերա

Այս բնաբանն է ընտրել արձակագիր Լևոն Ջավախյանը այս տարվա սկզբին լույս ընծայած «Վերնիսաժ» ժողովածուի 55-րդ էջում սկսվող «Անդրադարձ» պատմվածքի համար: «Հիսունհինգ». սա 2005 թ. հրատարակված նրա երրորդ գիրքն էր: Եվ զուգադիպության ուժով էլ առաջինն այդ էջը բացեցի ու սկսեցի կարդալ հենց այդ պատմվածքը:

– …Չինգիզ խանի նման ես էլ դեպի չարն եմ գնում, որ բարին արարեմ: Իհարկե բնավորությանս որոշ գծեր նույնն են մնացել: Դրանք ողնաշարիս այն կարծր ողերն են, որոնց վրա դեռևս երևում է նախամարդը: Միշտ անդավաճան իմ ուղեկիցներն են փնթիությունը, անկեղծությունը, հետաքրքրասիրությունը, կենսախնդությունը, զարմացկոտությունը, բերանբացությունը, ճշմարտախոսությունը: Պարզապես ես չեմ կարող ստել: Օղորմածիկ Հովհաննես Մելքոնյանն ինձ ասում էր.
– Լևոն, գրականության հենքը սուտն է: Ես էլ եմ մեկ-մեկ ստում… Իսկ դու սուտը մեջից հանում ես:
«Եվ ի՞նչ: Սուտը մեծերին թողած` ես ճշմարտությունն եմ գրի առնում ու տարին տարվա վրա մեծանում», – գրում է Լևոն Ջավախյանը, ինքը դառնում իր քննադատը` հավատարիմ մնալով իր առաջին ժողովածուում («Ամենաանկեղծ մարդը») ինքնաներման ու ինքնահաստատման իր իսկ սահմանած չափորոշիչներին:

…Ահա «Վերնիսաժի առավոտ»-ը` անկախությունը եկավ և ինձ դուրս շպրտեց վերնիսաժ` արծաթ ծախելու:
Այստեղ են Աբոն, Նապոն, Վահագնը, Ջեման, Շինպիոն …մենք:

Առավոտը լույսն է: Օրը` կյանքը «Վերնիսաժ» պատմվածքում: Այստեղ երազային մեկնարկ է ու մտքում մանրածախ առևտրի խոսակցական-բացատրական բառարանը, որը, ըստ հեղինակի, ամբողջական չէ, բայց միանգամայն օգտակար է առօրյա առուծախում:
Հանրահայտ մեկնաբանությունների կողքին կարդում եմ «Դիվիդի անել»,- էլեկտրոնային կշեռքի ձեռնտու հարմարեցումը օգտագործողին, որը, ըստ ցանկության թերակշռում է կամ գերակշռում: Վայ միամիտներիս, ինձ նման քանի-քանիսներն են հավատացել այդ էլեկտրոնային սարքի անմեղությանը:
Ամենաանկեղծ, ամենամաքուր ու ճշմարիտ մարդը հենց այդպես պիտի լինի և հենց այդ են մեզ ուսուցանում իմ հայրենակից, ավագ ընկեր Լևոն Ջավախյանի պատմվածքները ու «Ժամանակի շունչը» խորագրված հրապարակախոսական հոդվածները, ակնարկները, նամակները:
Վերնիսաժ` մի կողմում Ավարայրում մարտնչած Վարդան Մամիկոնյանի ջղաձիգ արձանն է, իսկ մյուսում` պատմության թանգարանը: Սրանք Վերնիսաժի արժետիպերն են: Իսկ Վերնիսաժում մեր կյանքի լույսն ու մութն են: Այստեղ գալիս են մուրացկաններ, գնորդներ, դիտորդներ` և՛ հայազգի, և՛ օտարազգի: Շուկայում նրանք անգամ տուփերով օդ են գնում, որ տանեն որպես հուշ: Եվ անգամ դառնում են թալանչիների և գրպանահատների զոհ: Ու ծնվում է Լևոն Ջավախյանի «Ախ, վերնիսա՛ժ, վերնիսաժ»-ը` ոստիկանությանը հասցեագրված «Ի՞նչ է, նրանք, չե՞ն ճանաչում գողին» հարցադրումով ու «Գործեք, եթե գործունյա եք» կոչով:
Գրքի էջերում նաև Լևոն Ջավախյանի «Գրչեղբորս` Էքրեմ Էյլիսլիին» նամակն է` «Քարե երազներ» վիպակի համար ադրբեջանական լայն շրջանների հալածանքին արժանացած ադրբեջանցի գրողին, որի ավարտին կարդում եմ.
«Լևոն Ջավախյան (2010 թ. մայիսի 23-ին Հարավային Կովկասում հանդուրժողականություն և խաղաղություն քարոզելու անվանակարգում «Քիրվա» պատմվածքի համար արժանացել է Բաքվի հանդուրժողականության կենտրոնի մրցանակին) 07.02.2013 թ.»:
Ուզում եմ ավելացնել, որ Ջավախյանի ժողովածուն բացվում է հենց «Քիրվա» պատմվածքով, որը կյանքի մի փոքրիկ դրվագի ճշմարիտ նկարագրից այն կողմ չի անցնում: Չեմ ուզում այս թեմայով նոր քննարկում սկսել, ժամանակին դրանով ողողված էր մամուլն ու հեռուստատեսությունը:
Ոչ այս պատմվածքի հետ կապված, ուզում եմ ասել, որ ճշմարտությունը ներկայացնելու համար հաճախ նաև ծայրահեղ մոտեցումներ են պահանջվում: Լևոն Ջավախյանի տողերում մի կարևորեք դրանք: Նա դրա փոխարեն համարձակ գնահատականներ ու հարցադրումներ ունի, բնապահպանության, խաղաղության թեմաներով լուրջ մտահոգություններ: Ունի մամուլի հրապարակումների արձագանքման իրեն բնորոշ ոճը, ազատագրման իր տարբերակը, երջանկության իր բանաձևը, ճակատագրի նկատմամբ իր հավատը, նույնիսկ նիհարելու իր դեղատոմսը: Այս ամենը կգտնեք ժողովածուի էջերում, որտեղ նաև եզրահանգումներ կան` «Սիրեցե՛ք զմիմեանս», «Հայրենասիրությունը մի մարդու «գործ» չէ»: Նա չի մոռացել անգամ իր փոքրիկ թոռնիկի` Նելսոնի ծննդյան օրը (23.04.2012 թ.) բերել գրքի 63-րդ էջ ու «Համբարձում» պատմվածքով մերը դարձնել իր մանկության օրերը` ճառագելով սեր ու հավատ հայրենի եզերքի հանդեպ, մանկացնելով մեծերիս ու մեծացնելով, պաշտպանելով մանկանց:
Ես գրքի մասնագիտական գնահատականները թողնում եմ գրականագետներին, բայց ընթերցողին կոչ եմ անում, որ չսպասեն դրանց, այլ կարդան նրա գրքերը:
Որքան էլ հզոր լինեն ձյան փաթիլները ու ծածկեն ամեն-ամենը, մի օր ձնհալ է լինելու, և բաց ճակատով բոլորս մնալու ենք մեր դավանած ճշմարտության հետ: Հեռու չէ 2015 թվականը, Լևոն Ջավախյանը դառնալու է 65 տարեկան: Սպասենք նրա մտքի ու գրչի նոր առկայծումներին ու հավատանք, որ մեծ եղեռնի 100-ամյակի տարում արդար լուծում է ստանալու հայ դատի հիմնախնդիրը: Հնարավոր է նույնիսկ, որ մի գրքում տեսնենք «Քիրվա» պատմվածքն ու «Քարե երազներ» վիպակը ոչ միայն հայերենով: Ոչ ոք թող չկասկածի, որ ես կամ Լևոն Ջավախյանը ուրիշ որևէ մեկ հայից պակաս ենք ատում թուրք եղեռնագործներին, քնած սպային կացնահարող ադրբեջանցուն, ադրբեջանական կողմից կրակոցներ արձակողներին ու պատվիրողներին:
Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհերի ու կորուստների հիշատակին, բայց դեռևս չեմ պատրաստվում իմ գրադարակից դեն նետել խորհրդային տարիներին ադրբեջանցու ընծայագրով ստացած ռուսալեզու գիրքը: Հավատում եմ, որ առնվազն գրականության ու մշակույթի համար սահմանները մի օր բացվելու են:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Հունիսի 3-ից հուլիսի 3-ը կանցկացվի «Երևանյան ամառ» լուսանկարների մրցույթը

Yerevan Summer photo«Երևանյան ամառ 2014» միջոցառումների շրջանակում հունիսի 3-ից մեկնարկում է  «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակացել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն (JPEG, 72-300dpi, 1200px-3000px) ուղարկելով tourism@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջով: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով:

Նկարները կարող եք ուղարկել մինչև հուլիսի 3-ը: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն