Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին

կարեն պետրոսյանՏավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանի տխուր հայացքն անտառի ուղղությամբ է, որտեղից որդուն` 32-ամյա Կարենին, օգոստոսի 7-ին առևանգեց ադրբեջանական կողմը: 20 օր է անցել, արցունքն աչքերին ցամաքել է, բայց անդառնալի ցավը տանջում է հոգին, «իրեն էլ, մորն էլ չլսեց, գնաց ձմռան վառելիք բերելու»:
60684_791554010867190_7829524209730247799_nԱմառվա արևոտ օրը Պետրոսյանների ընտանիքում մթնեց դեռ չբացված: Առավոտ կանուխ Կարենին ճանապարհեցին աշխատանքի, մի քանի ժամ անց մայրը` տիկին Լենան, դիմացի բարձունքից ուժգին պայթյուն լսեց, վազեց հարևանի տուն. «Ոնց որ ական պայթեց, Կարենս չեկավ»:
Կարենի մասին գույժը ժամը 11:00-ին մոտ լսեցին: Հիմա որդու` Կարենի դպրոցական լուսանկարը սև շրջանակի մեջ է, կողքին տիկին Լենան, վիշտը սրտում սեղմած, լուռ արտասվում է:
10616275_791553864200538_2586674523193588382_nԱռավոտ շուտ, մայրը` տիկին Լենան, իր սովորության համաձայն, կոկիկ մաքրել էր տունն ու բակը, աքլոր մորթել, սառնարանում պահել, որ Կարենը անտառից վերադառնա, միասին ընթրեն …
«Բոլորը տեսել են էդ օրը Կարենին, մենակ ես չեմ տեսել, Սամվելի կինը` Օլյան…»,- արցունքն աչքերին օգոստոսի 7-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը հիշում է Կարեն Պետրոսյանի հորաքույրը` Ռոզա Պետոսյանը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի կինը` Օլյա Սաղոյանը, առավոտյան 7:30-ին ճանապարհին հանդիպել է Կարենին, հարցրել` ուր է գնում: Կարենն ասել է, որ կացինը տանում է սրի ու փայտի գնա: «Ես ժամը 8-ին գնացի եղբորս տուն, որ Կարենին ասեմ` գնանք խոտը հնձենք, որ կարտոֆիլը հանենք, ասեցին` Կարենը գնաց փայտի… Եթե կես ժամ շուտ գնայի, կտենայի էրեխուս, կկանխեի, Կարենս փայտի չէր գնա, ղոչաղ, ղոչաղ…»,- պատմում է Կարենի հորաքույրը:
Տիկին Ռոզան նշում է, որ Կարենը չափազանց աշխատասեր էր, մի րոպե հանգիստ չուներ, որպես օրինակ մատնացույց է անում տան դիմացի հացահատիկի դաշտը. Կարենը մեն-մենակ ցորենի 2000 մետր արտը գերանդիով հնձել էր, այնուհետև կալսել, բերքը բերել տուն, ամբարել: «Գրել են սրտի անբավարարություն, Կարենը անգամ անկետա չի ունեցել, 32 տարեկան տղա էր, երբևէ առողջությունից չի գանգատվել: Դեպքից երկու օր առաջ դարձյալ մենակ, առանց օգնականի, քրոջ` Սոնայի սկեսրոջն է օգնել, մի մեքենա փայտը ջարդել, դարսել, հիվանդ տղան կարո՞ղ էր անել էդքան գործը: Էնքան ջիգյարով էր, հինգ տարեկան երեխան էլ` Կակո ջան, Կակո ջան…»,- Կարենի հետ անցկացրած ամեն վայրկյանն է հիշում հորաքույրը: Թե՛ համագյուղացիների և թե՛ հորաքույրների հետ Կարենի վերջին օրվա զրույցի բոլոր մանրամասները դարձել են նրա մասին հուզիչ հիշողություններ: Տան հյուրասենյակում այժմ ծաղիկների մեջ, Կարենի մեծադիր լուսանկարի մոտ մեկլիտրանոց ջրով լի պլաստիկ շիշն է նաև, որը Կարենն անտառ գնալիս վերցրել էր, որ ամռան տապին ծարավի, ջուր խմի, բայց չէր հասցրել մեկ կում անգամ խմել: «Գտել ենք գոգնոցը` կտորից փեշը, շիշը գոգնոցի մեջ ու էշը… Ասացինք` Կարեն ջան, ինչի՞ ես էշով գնում, մեքենայով մի ռեյս փայտ կբերես, էլի, ասեց` չէ, հորքուր ջան, էդ փողը կտանք, ալյուր, ձեթ կառնենք»,- հիշում է Կարենի մյուս հորաքույրը` Լիդա Պետրոսյանը:
Կարենի հարազատները մի րոպե անգամ չեն կասկածում, որ Կարենին ադրբեջանական կողմը առևանգել ու գերեվարել է, իսկ նրանց կողմից ներկայացվածն ամբողջությամբ հերթական ապատեղեկատվություն է, անհաջող բեմականացում, թե իբր Կարենի բջջայինում զինվորական լուսանկարներ էին, ինքը դիվերսանտ էր: «Ո՛չ հրացան ա եղել, ո՛չ զենք ա եղել, անզեն էրեխա, կացինը, ջուրն էլ տարել էր, որ խմի, մի՞թե էդքան անմարդկային կարող էին լինել, գերի էր, գերու նման վարվեիք: Էշը մեր սահմանին կապել ա, կացինն առել, գնացել մոտ 25 մետր, որ փայտ կտրի, բերի, էն էլ առաջին կացնահարվածից էրեխուն տարել են»,-արցունքախառն աչքերով նշում է Կարենի հորեղբոր կինը:

Անդրադառնալով Կարեն Պետրոսյանի գերեվարության ու սպանության հանգամանքներին` այս տարվա մարտի 7-ին մառախուղի պատճառով մոլորված ու հայ-ադրբեջանական սահմանը հատած վերինկարմիրցի Արսեն Խոջոյանը նշում է, որ ադրբեջանական անխախտ ձեռագիր է Կարենին դիվերսանտ կոչելն ու սցենար պատրաստելը: «Ինձ որ բռնեցին, տարան, սկզբից տարան Ղազախ, մի պատի տակ կանգնեցրին, նկարեցին ու ադրբեջանցի մի աղջկա հետ ֆոտոշոփ արեցին, իբր նրանից սնունդ եմ խնդրում, նույն սցենարն ա, նրանք ընդունակ են ամեն ինչի»,-մտաբերում է Արսենը:
Կարենի աշխատասիրության մասին ամբողջ Չինարին հիացմունքով է խոսում: Աստիճանների տակ նրա կտրատած ու դարսած ձմռան ցախն է: Գյուղացիները պատմում են, որ Կարենը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում կարիք ունեցողին: Չինարին օգոստոսի 7-ից առ այսօր` քսան օր անց, շարունակում է սգալ երիտասարդ բնակչի դաժան մահը, սպասում Կարենի «վերադարձին»: «Պաշտպանության նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ միասին ամենաբարձր մակարդակով, նաև հանրապետության նախագահի մակարդակով ամեն ինչ անում է` բանակցելու ադրբեջանական իշխանությունների հետ, որ վերադարձնի Կարեն Պետրոսյանի դին»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ գյուղը ցնցված է կատարվածից, համագյուղացիներն ամեն օր այցելում են Կարեն Պետրոսյանի տուն, վշտակցում հարազատներին ու լուռ սպասում…
Կարենն աշխատում էր հարևան գյուղի` Այգեձորի գյուղմթերքի վերամշակման գործարանում, եղբոր հետ ժամանակին մեծ աշխատանք է կատարել ընկերության ստեղծման համար: Պարզ, շիտակ, բնությունից իմաստնացած երիտասարդն օրինակելի էր , սահմանապահ գյուղի ամենավտանգավոր հատվածում ապրելով էր իր բաժին պայքարը մղում գրեթե ամեն օր ծննդավայրի հանդեպ ոտնձգություն անող հակառակորդի դեմ: «Կարենը գյուղական պարզ միամտություն ուներ, բարի էր: Մեղրիում զինծառայության ժամանակ շարք էին կանգնել զինվորները, երբ ինձ տեսավ, անմիջապես դուրս եկավ շարքից, եկավ փաթաթվեց»,- պատմում է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր, չինարեցի Անդրանիկ Մակարյանը:
Սահմանապահ Չինարին գիտի` զգույշ պետք է լինի դարանակալած թշնամուց: Կարենի դեպքը ամրապնդեց այդ գիտակցումը: Չինարեցի Նարեկ Աղասյանը գնում է Կարենի անցած ճանապարհով, երբ սևակնած երկինքն արտասվում է, իսկ հատուկենտ աստղերը լույս են տալիս:
Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին…
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոյեմբերյանում ադրբեջանցիները ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել. լրացված

դիվերսիաԱդրբեջանական լրատվական կայքերի տեղեկություններով՝ այսօր երեկոյան, Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները դեռևս հայտնի չեն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տեղեկությամբ՝ մեկ հոգի մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողներին, հանդես եկել ՝ որպես ոսկևանցի, խոսել ոչ ճիշտ հայերեն շեշտադրումներով, խնդրել մոտենալ մեր սահմանապահներին: Մեր դիրքապահների հարցուփորձից հետո նա չի կարողացել պատասխանել, փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ: Անմիջապես ստուգվել են սահմանամերձ տարածաշրջանի բոլոր գյուղերն ու տները՝ ճշտելու՝ արդյոք հայ գերու մասին ադրբեջանական տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Բարեբախտաբար, այս պահի դրությամբ, սահմանը հատած, ադրբեջանական գերության մեջ հայտնված որևէ տավուշցի բնակչի անուն-ազգանուն չի բացահայտվել: Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը Անկախ-ին ասել է, որ լուրը իրենց գյուղին չի վերաբերում: «Ով ա ասում՝ նման բան ա եղել, կապվել եմ բոլոր անասնապահների հետ, բացակա չունենք, մեկը չկա, որ ասեմ էսինչյան էսինչը չկա»:

Եվ քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ղազախի շրջանում սահմանն անցած քաղաքացին, ում մասին որպես սկզբնաղբյուր դեռևս հայտնել է ադրբեջանական միայն մեկ լրատվամիջոց, զինծառայող չէ և որևէ կապ չունի զինված ուժերի հետ՝ հակառակ Ադրբեջանում արդեն հնչող այն պնդումներին, թե «վնասազերծվել է հակառակորդի հերթական դիվերսանտը»։

 

Անկախ

Բերդում կբացվի գնդապետ Վազգեն Ղավալյանի հուշարձանը

1610804_790658974290027_1922542906785323677_nՏավուշը հարգանքի տուրք կմատուցի արցախյան ազատամարտի մասնակից, ծնունդով  վերինկարմիրաղբյուրցի Վազգեն Ղավալյանի հիշատակին:

Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեծ հանդիսավորությամբ տեղի կունենա Վազգեն Ղավալյանի հուշարձանի բացման արարողությունը: Գաղափարը մտահղացել է Բերդի թանգարանի տնօրեն, ավագանու անդամ Արթուր Երկանյանը: Ծրագիրն արդեն կյանքի է կոչվում, Բերդի նորակառույց Սուր Հովհաննես եկեղեցուն հարող հրապարակում, որն ի դեպ անվանակոչվելու է Վազգեն Ղավալյանի անունով, այժմ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

10516835_790659107623347_2945877505972022856_nԾնունդով Չինարի գյուղից, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գենարալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Անկախի թղթակցի հետ զրույցում, ներկայացնելով  Վազգեն Ղավալյանի մարտական ուղին, նշեց, որ նա, չնայած իր 62-ամյա տարիքին, ինչպես նաև թողնելով  խաղաղ կյանքը, զինվորական հանգիստը, եկավ հայրենի շրջան` Շամշադին` մասնակցելու մարտական գործողություններին: <<Ոչ միայն մասնակցելու, այլև համախմբեց բոլորիս և դարձավ Տավուշի շրջանի զինվորական հավաքական ուժի ղեկավարը: Լինելով որպես կադրային զինվորական, ավարտելով Թբիլիսիի բարձրագույն զինվորական հրետանային ուսումնարանը՝ նա իր ամբողջ ուժն ու եռանդը ներդրեց հայրենի երկրի ու շրջանի պաշտպանության համար: Այդ պատճառով, մենք բոլորս, բոլոր զինվորականներս, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին,  մեր միահամուռ ուժերով որոշեցինք  իր անունը կրող հրապարակում այս տարվա սեպտեմբերի 30-ին՝ նրա ծննդյան 84-րդ տարեդարձին, կանգնեցնենք մեր սիրելի գնդապետի հուշարձանը>>:

10629804_790658934290031_2952179343533825898_nԳեներալ Անդրանիկ Մակարյանը նաև հավելեց, որ այս ամենն իրենք համախմբել են կարևոր գաղափարի` Սուրբ Երրորդության մեջ: <<Առաջինը, որ  մենք գտնվում ենք մեր եկեղեցու կողքին, երկրորդը, որ մենք շրջանում ունենք երեք գետ, երրորդը, որ նա ծնվել է 30.09.30-ին, և որ ամենակաևորն է՝ նա դարձել է մեր այսօրվա զինուժի հիմնադիրը, և այսօր մեր տարածքում ունենք երեք զորամաս: Այս ամենքը երեքների մեջ է>>:

Անդրանիկ Մակարյանի խոսքով, որոշվել է Շամշադինում տարին մեկ հավաքվել շրջանի բոլոր կռվող և պատերազմի մասնակից տղաների հետ: <<Հիշենք  մեր անցյալը, դրանով ստեղծենք բարենպաստ հոգեբանական տվյալներ` հետագա արհավիրքներին պատրաստվելու և մեր զենքի ուժը հերթական անգամ թշնամուն ցույց տալու համար>>,- նշեց նա:

10502532_790658870956704_862365988591567843_nՀուշարձանը պատրատվելու է գրանիտից, պատվանդանին լինելու է նաև Շամշադինի քարտեզը, գրված է լինելու.<<Վազգեն Ղավալյան` Տավուշի շրջանի զինվորականության և պաշտպանության հիմնադիր>>:

Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ Կամսարն է, որի գործերից է նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը:

Կբարեկարգվի նաև քաղաքապետարանին հարող փողոցը, որի երկայնքով կտեղադրվեն արցախյան ազատամարտին Տավուշի գյուղերի մասնակցությունը փաստող հուշաքարեր: Իսկ գնդապետ Ղավալյանի հուշարձանի և նրա  անվան հրապարակի բացման օրը Բերդում նախատեսված  է զորահանդես:

 

Անկախ

Սահմանապահ մեղուների բերքը ներկայացվեց Բերդի փառատոնում (լուսանկարներ)

10464217_787311627958095_3353688434822727310_nՏավուշի մարզի Բերդ քաղաքում այսօր կրկնակի տոն էր: Խաղողօրհնեքի օրը տեղի ունեցավ նաև ավանդական դարձած Մեղրի և հատապտուղների փառատոնը, որն անցկացվեց երրորդ անգամ: Այն կազմակերպել էին <<Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման>> ՀԿ-ը, <<Տավուշի հոգևոր վերածնունդ>> հիմնադրամը` Բերդի քաղաքապետարանի աջակցությամբ: Ամենաքաղցր տոնը Բերդ քաղաքի <<Սորան ազգային պարկում>> էր համախբել ոչ միայն տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի մեղվաբույծներին ու բնակիչներին, այլև Երևանից ու արտասահմանից ժամանած հյուրերին ու զբոսաշրջիկներին:

10625015_787311047958153_7794969952044193556_nՄեղրի և հատապտուղների տավուշյան փառատոնին իր մեղրի տաղավարն ունեին նաև Վարագավան գյուղի բնակիչներ Համլիկ և Գայանե Կարապետյանները:

<<Առաջին անգամ ենք մասնակցում փառատոնին, յուրահատուկ ապրանք է մեղրը: Շամշադինի մեղրը բազմերանգ ծաղիկներից է, մեր մեղուների բերած մեղրը շատ համեղ է: Հինգ տարի է` զբաղվում ենք, մեղրը քամելը յուրահատուկ երևույթ է: Այդ օրը մեր ընտանիքը շատ է սիրում: Այս տարի քամել ենք 120 կիլոգրամ մեղր տասը ճանճից: Անցյալ տարվա համեմատությամբ քիչ է: Մեղրն օգտակար է ճնշման, ստամոքսի խանգարման համար>>,-ասաց վարագավանցի Գայանե Կարապետյանը:

Նրա ամուսինը` Համլիկ Կարապետյանն էլ նշեց, որ շամշադինյան մեղրը բազմատարր է, գույնը մուգ դեղին, սիրուն, հոտը անուշ, կարող եք համտեսել, հալալ մեղր է>>:

10552514_787312624624662_7569131851763193615_nՏավուշի մարզի Հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով, փառատոնի նպատակն է նպաստել Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը: «Փառատոնը շատ անհրաժեշտ է տարածաշրջանի համար, որովհետեւ հաղորդում է դրական լիցքեր՝ եւս մեկ տարի, այսինքն մինչեւ հաջորդ փառատոնը ամուր կանգնելու իրենց հողի վրա, արարելու եւ ներկայանալու փառատոնին: Ես շատ ոգեւորված եմ, որովհետեւ շատ եմ մասնակցել տարբեր փառատոնների, բայց կարող եմ ասել, որ սա շատ ակտիվ, ոգեղեն փառատոն է եւ նշանակալից է նաև այն առումով, որ անցկացվում է սահմանի վրա: Մայրաքաղաքից հեռու, բայց Հայաստանի կենտրոնում է այն: Ընդունված է ասել, որ հայրենիքը սկսվում է սահմանից, եւ նաեւ երեւի այստեղ ապրողը լրացուցիչ պատասխատվություն ունի իր վրա եւ պատիվ ունի»,- նշեց Հայկ Չոբանյանը:

1043960_787311757958082_7256134728989284213_nՓառատոնին, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս ներկա էր  նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա ասաց, որ գնելու է 15 կգ մեղր: Դեսպանի խոսքով` 10 կիլոգրամն ուղարկելու է կնոջը, նա այժմ ԱՄՆ-ում է, իսկ ևս  5 կիլոգրամն իր  համար է, քանի որ ինքը ևս սիրում է հայկական մեղրը:

Համաշամշադինյան տոնին ներկայացված էին ոչ միայն տեղական արտադրության մեղրը, այլև հատապտուղներ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ, տարբեր

10612941_787311387958119_4264384234865227807_n

ապրանքատեսակներ: Օրինակ, առանձին տաղավար ուներ Մովսես գյուղը: Սահմանամերձ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքները ևս ցուցադրվեցին փառատոնի ժամանակ:

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը Անկախ-ի թղթակցի հետ զրույցում, ընդգծելով փառատոնի անցկացման կարևորությունը, նշեց, որ սահմանագոտում իրականացվող ցանկացած նման իրադարձություն ոգևորում և ներշնչում է տեղի բնակիչներին, իսկ Մեղրի ու հատապտուղների փառատոնն ավանդական է ու արդեն իսկ դարձել է սահմանապահ տարածաշրջանի բրենդը:

10509684_787312691291322_6001686501598905313_n

Քաղաքապետը նշեց, որ Բերդում այժմ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 14-ին նախատեսված է Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությունը:

Մեղրի փառատոնը հյուրընկալեց նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ու խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին, որոնք արդեն երկու օր է` այցելել են սահմանամերձ գյուղեր, զրուցել բնակիչների հետ:

Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեքշաբթի կքննարկեն բոլոր խնդիրները, որոնք առաջ են քաշել գյուղացիները և կփորձեն լուծումներ ներկայացնել:

10553622_787312027958055_8761714551174468655_nՄեղրի և հատապտուղների փառատոնին իր քամած անարատ մեղրն էր ներկայացնում նաև արծվաբերդցի Վոլոդյա Գրիգորյանը: Նա ասաց, որ տարին երաշտ էր, ուստի մեղրն այս տարի մի քիչ պակաս էր: Կինը` Ռոզա Գրիգորյանն էլ ուրախությամբ նշեց, որ թեև քիչ, բայց ամենահամեղ մեղրը Շամշադինի մեղրն է: <<Մեր մեղուները գնում են անգամ սահմանից այն կողմ, հավաքում տարածաշրջանի բազմագույն ծաղիկների նեկտարը և բերում: Այնպես որ, սահմանապահ մեղուներ են>>:

 

 Անկախ

 

 

«Տավուշցի» ճնճղուկները հնարավոր է՝ չվել են հակառակորդի կրակոցների պատճառով

10614005_785889654766959_774540619_nՏավուշի մարզի գյուղերում արդեն երկար ժամանակ է՝ թռչուններ չեն երևում: Բերդի տարածաշրջանի մի շարք գյուղերում այս տարվա հունվարից բնակիչները նկատել են, որ իրենց այգիներից ու անտառներից թռչունների ծլվլոցներ չեն լսվում: <<Ճնճղուկները, որոնք անգամ ցուրտ ձմռանն էին բնակվում այստեղ, այս տարի չեն երևացել:

<<Երեկ մեր այգու սերկևիլի ծառին թռչնի բույն ենք գտել, բայց, ցավոք, դատարկ էր: Կարծում եմ՝ ուտելու բան չի եղել, սատկել են>>,-մեր թղթակցի հետ զրույցում նշեց Տավուշ գյուղի բնակիչ Ասյա Օհանյանը:

10609004_785889658100292_1706371529_nՍակայն, չի բացառվում, որ <<տավուշցի>> թռչուններն անհետացել են վերջին շրջանում հակառակորդի ակտիվ կրակոցների պատճառով: <<Հնարավոր է, քանի որ կրակոցները ևս խանգարող հանգամանք են: Այս պահին առանց ուսումնասիրելու դժվար է ասել՝ որոնք են պատճառները, դրանք կարող են լինել եղանակային պայմանները, մարդկային գործոնը: Կարող է կատունե՞րն են շատացել, միանշանակ ասել չեմ կարող, պետք է տեղում ուսումնասիրվի>>,-ասաց կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Մամիկոն Ղասաբյանը:

Ըստ մասնագետի, ձմռանը ցուրտ է եղել, հիմա էլ շոգ է, չի բացառվում, որ հենց բնակլիմայական պայմաններն են պատճառը, որ Տավուշից <<արտագաղթել են>> ճնճղուկները, կաչաղակները, ագռավները և մյուս թռչնատեսակները: <<Հնարավոր է՝ գարնանային անձրևները վնասել են թռչունների բներն ու ձվերը>>,-ասաց Մամիկոն Ղասաբյանը:

Ամեն դեպքում, բացառված չէ, որ Տավուշի՝ անտառներով շրջապատված գյուղերում ծիտիկները վախեցել ու չվել են հակառակորդի կրակահերթերի պատճառով: Գյուղացիների պատմելով՝ վաղուց նաև տաք երկրներից եկող երամներ չեն տեսել:

 

Անկախ

 

Հակառակորդի կրակոցներից տներն այրված այգեպարցիներին բնակարան են տվել

10537168_784998098189448_2442819822149409741_nOգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչներին Տավուշի մարզպետարանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ բնակարաններ է հատկացրել Այգեպար գյուղում:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ բնակարանները տրամադրվել են գույքով: «Թե’ Վարդազարյանների, թե Գևորգյանների’ ընտանիքին Այգեպարի բազմաբնակարան շենքում տրամադրել են երեք սենյականոց բնակարաններ, որոնցից մեկին նաև ավտոտնակ է պատկանում»:

10603280_784996874856237_7091441163111472040_nԱյգեպարցի տուժած բնակիչներից Արշալույս Գևորգյանը մեր թղթակցին ասել է, որ այժմ փաստաթղթային հարցերն են լուծվում, ինչից հետո իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: «Ջուրը, հոսանքն էլ միացնենք, կտեղափոխվենք: Քիչ-քիչ ամեն ինչ հունի մեջ է ընկնում»,-ասել է Արշալույս Գևորգյանը:

10615658_784996344856290_1985185821_nՄինչև այդ, Արշալույս Գևորգյանը, կինն ու նրանց որդին գիշերում են հարևանի տանը: Ի դեպ, հենց հարևաններն են գնդակոծության օրը այլ համագյուղացիների հետ միասին փորձել օգնել Արշալույս Գևորգյանին, մարել հրդեհը: «Ես էի, բազմաթիվ այգեպարցիներ, նաև գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, դուրս եկանք, որ դույլով ջուր տանենք, էնքան ուժգին խփեցին դիմացի ծառին, որ չկարացինք մոտենանք»,-պատմում է Լյուդվիգ Խաչատրյանը:

10609301_784996494856275_874462292_nՆշենք նաև, որ Արշալույս Գևորգյանն ասել է, որ  հրդեհի հետևանքով իր ձեռքերի և որդու պարանոցի այրվածքներն աստիճանաբար ապաքինվում են, ընտանեկան բժիշկն ամեն օր այցելում, մշակում վերքերը:

 

Անկախ

Սահմանամերձ Մովսեսում գյուղի տոնը չեն նշի

10271609_783617668327491_748326690412800668_nԱմեն տարի օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է` որպես Մովսես գյուղի տոն: Վաղը` օգոստոսի 10-ին, սակայն, սահմանապահ համայնքը տոնակատարություններ չի կազմակերպի` վերջին օրերին սահմանային լարվածության պատճառով:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Անկախ-ի թղթակին հայտնեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով` մեծ միջոցառում տեղի չի ունենա: <<Անվտանգության նպատակով հետաձգվել է տոնախմբությունը>>,-նշեց նա:

10389084_783617458327512_4873690891779681900_nՄովսեսի <<տոնացույցում>> գյուղի օրը կարմիրով է արդեն մի քանի տարի` գյուղի հովանավոր, գործարար Վազգեն Վանեսյանի նախաձեռնությամբ, ում աջակցությամբ էլ կառուցվել է Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Վաղը գյուղի հոգևոր տաճարում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի մատաղի մատուցման արարողությունը:

10563193_783616524994272_8573578556107934465_nԳյուղի օրվա առիթով ելույթ կունենա մշակույթի տան երգի ու պարի խումբը, որն արդեն մի քանի օր է` փորձեր է կատարում: Երգչախումբը կկատարի <<Խիո խիո>> ստեղծագործությունը:

 

 

Անկախ

Հակառակորդը քիչ առաջ կրակել է դաշտում աշխատող մովսեսցու ուղղությամբ

10482657_782183738470884_9154102776959938587_nՄոտ մեկ ժամ առաջ հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի հայտնի «Խաչի» բարձունքի ուղղությամբ, որտեղ աշխատելիս է եղել մովսեսցի Սլավա Պապյանը:

Այդ բարձունքում են գտնվում գյուղի հեռուստահաղորդիչ արբանյակները:

Կրակահերթի հետևանքով հրդեհվել է բարձունքի խոտածածկ հատվածը, սակայն մովսեսցիները կարողացել են մարել կրակը` կանխելով տարածումը:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս պահին Մովսես գյուղի այդ տարածքն ամբողջությամբ ծխապատ է:

 

Անկախ

«Վեչ գային ա կըղնըցնըմ, վեչ էլ ԱՊՊԱ եմ անըմ…». տավուշցի Դարչոն՝ իր ավանակի մասին

10588988_781491505206774_2084535961_nՏավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Դարչո Իսրայելյանն այն եզակի բնակիչներից է, որոնց համար փոխադրամիջոցը շարունակում է մնալ ավանակը: <<Վեչ գային ա կղնըցնըմ, վեչ տեխասմոտր եմ անըմ, վեչ էլ ԱՊՊԱ, վեչ էլ արագաչափն ա ազդըմ, վեչ էլ բենզին ա պետք, վեչ էլ` պրավա: 7 տարի ա` մեզ ծառայըմ ա>>,-իր հավատարիմ բարեկամի մասին հիացմունքով է պատմում տավուշցի Դարչոն:

Նա 1992-ի թեժ կռիվների ժամանակ նախկին Թովուզ, այժմ` Տավուշ գյուղում բարեկամի տանը օղի թորելիս հակառակորդի գնդակից վիրավորում է ստացել, ինչի հետևանքով ձախ աչքը վնասվել է: Այդ օրվանից Դարչոն կիսով չափ կորցրել է տեսողությունը: Բազմազավակ հայրը շատ կատակասեր է ու կազմակերպված: <<Ամեն օր ես իմ պլանը կազմըմ եմ, առավոտ 6–ին իշով քյնալ դեմ փետի, հետո 10–ին կյամ տուն, քյընամ խաղողի բաղը, տենամ` ինչ կա չկա, սրկսեմ, հետո իմ իշով բերած փետը կտրտեմ, հետո էլ քյնամ գյուղամեջ զրից անեմ դեսից -դենից: Պարտադիր ծրագիր ա , եթե չըլի, օրըս կկորչի>>:

Նա ասում է, որ երբեմն քանի որ ընտանիքը սերիալ է դիտում, չի հասցնում լուրեը դիտել, բայց մեծ մասամբ աշխարհի անցուդարձին Դարչոն տեղեկանում է հենց հեռուստատեսութունից: Դարչո Իսրայելյանը օրինակելի կերպար է բոլոր նրանց համար, որոնք գյուղում, հողին մոտ, չեն գտել ճիշտ ապրելու բանաձևը: Հողի մշակը զարմանում է բոլոր այն մարդկանց վրա, որոնք վարկեր են վերցրել ու չեն կարողանում տակից դուրս գալ: <<Ես երբեք վարկ բառը գիդըմ չեմ ինչն ա, մենք մեր պահուստային փողն ունենըմ ենք>>:

Վերջերս Դարչոյի համագյուղացիներից մեկը սրտի լուրջ խնդիր է ունեցել, նրան օգնելու համար գյուղացիները գումար են հավաքել: Դարչոն, գումարով չի կարողացել օգնել, փոխարենը մի քանի օր հարևանի անասունները տարել է հանդ` արածացնելու` այդպիսով իր օգնությունը ցուցաբերելով համագյուղացուն: Հիմա էլ, երբ ակտիվացել են սահմանային միջադեպերը, և թեև հակառակորդը լրջորեն վնասել է նրա առողջությունը, Դարչոն էլի հաստատակամ է` անհրաժեշտության դեպքում կգնա դիրքեր` զինվորների հետ պաշտապնելու հայրենի գյուղը:

Դարչոն ձմեռվա վառիլքն արդեն իր եզակի փոխադրամիջոցով բերել, կտրտել, դարսել է: Գյուղում նրա բարձած ֆայտոնը կարելի է տեսնել ներքևից վերև բարձրանալիս: Կատակով ավելացնում է` <<եթե վերևի քոլիցը փետը պիրեմ, լավ չի ըլի, արգելակները չեն պահի>>:

Դարչոն բոլոր ծույլերին իր նոր դևիզն է փոխանցում` <<աշխատանքը ոչ միայն գեղեցկացնում, այլև պնդացնում ա, մի ալարեք, հող մշակեք>>:

 

Անկախ

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները գիշերել են թաքստոցներում (լուսանկարներ)

10348359_781479471874644_6005468434951655375_nՀակառակորդն ամբողջ գիշեր գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներով անընդմեջ կրակել է Բերդի տարածաշրջանի այս բնակավայրերի ուղղությամբ, կրակոցների ձայները լսելի են եղել գրեթե ամբողջ տարածաշրջանում:

10593044_781480468541211_5273003718838130979_nԱնկախ-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ կրակոցները սկսվել են օգոստոսի 3-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, և շարունակվել մինչև լուսաբաց՝ ժամը 5-ը: Թեև Չինարիում կրակահերթեր չեն հնչել, բայց ամբողջ գյուղը, նաև իմանալով, թե ինչքան լարված է շփման գծում իրավիճակը, ողջ գիշեր զգոն է գտնվել, պատրաստ ցանկացած ժամի հակահարված տալ հակառակորդին:

Հակառակորդն առավել ինտենսիվ կրակի տակ է պահել Ներքին կարմիրաղբյուրն ու Այգեպարը, բնակիչները գիշերել են թաքստոցներում: <<Հարևանի անասնագոմում ենք անցկացրել գիշերը, որն ամենաապահով տեղն է: Ահավոր էին էս անգամ կրակըմ>>,-ասաց մովսեսցի բնակիչներից մեկը: Նրա խոսքով, համագյուղացի երիտասարդները պատրաստ են և զգոն` արժանի հակահարված տալու հակառակորդին:

10406548_781479721874619_6581523075415262655_nԱյգեպարի բնակիչ Անահիտ Հովսեփյանն ասաց, որ կրակոցները հիմնականում սկսվում են գիշերը 21:00-ից հետո: <<Եթե այդքան երկար են կրակում, անհնար է` մերոնք չպատասխանեն: Մերոնց ուժգին պատասխանից հետո նրանք լռում են>>:

10390394_781479571874634_3171560215909971822_nԱյգեպարի մանկապարտեզը հենց նրանց հարևանությամբ է գտնվում, շենքը վերջին կրակոցներից դարձյալ տուժել է: Մանկապարտեզի պաշտպանիչ պատի վերաբերյալ, որը նախատեսում են կառուցել, այգեպարցիները վերապահում ունեն: <<Պատն ավելի վտանգավոր է, նախ հակառակորդի դիպուկահարները բարձունքում են նստած, կրակում են, գնդակը վերևից ընկնում ա մանկապարտեզի վրա, պատը վտանգավոր է հարևան շենքի համար, քանի որ փամփուշտը պատին դիպչում, ռակաշատ ա անում, հետ գալիս, մեր տուն ընկնում>>:

10590562_781479625207962_7992538453199181777_nՍահմանամերձ գյուղերում նույնիսկ սկսել են ծառերը հատել, որոնք շատ մոտ են տներին, քանի որ կրակահերթերը, դիպչելով ծառին, հետդարձով հայտնվում են բնակիչների տներում: Անահիտ Հովսեփյանի բնակարանում հայտնված գնդակներից մեկը դեռևս պատի մեջ է: Նախօրեին շենքի բնակիչները, որոնք ընդամենը մի քանի հոգի են, կրակոցները սկսելուն պես գնացել են Բերդ:

10526188_781479945207930_3509590305299842100_nՏիկին Զոյան, որի երկու որդիներն այս պահին էլ դիրքերում հերթապահություն են իրականացնում, մնացել է միայնակ շենքում: <<Ինձ թողել եք մենակ, գնացել>>,-կես կատակ ասում է տիկին Զոյան` արցունքն աչքերին աղոթելով ու խաղաղություն մաղթելով սահմանում կանգնած բոլոր զինվորներին:

Բարեբախտաբար, երեկ ամբողջ գիշեր շարունակված գնակոծության հետևանքով տուժածներ չկան: Բերդի 1-03 ծառայությունից մեր թղթակցին փոխանցել են, որ գիշերը որևէ դեպքի չի գրանցվել:

 

Անկախ

«Չորաթանցիների նախարարը Սեյրան Օհանյանն է»

չորաթանԱրցախյան գոյապայքարի տարիներին գյուղի զոհված չորս տղաներին այս օրերին Տավուշի մարզի Չորաթան գյուղում ավելի հաճախ են հիշում. Արթուր Ուդումյան, Մելիքսեթ Ասատրյան, Մանվել Պապյան, Յուրի Ուդումյան: Նաև նրանց շնորհիվ էր, որ հայոց պատմության մեջ գրվեց հաղթանակի փառահեղ էջը: Նրանցից երեքը զոհվեցին Շամշադինում, մեկը` Ղարաբաղում: Չորաթանի դպրոցում լավ գիտեն՝ իրենց գյուղի չորս տղաները, այդ թվում՝ Արթուր Ուդումյանը, կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի: Կրթօջախն անվանակոչել են Արթուրի անունով: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի գերազանցիկ շրջանավարտը դասավանդում էր և 90-ականների թեժ մարտերի ժամանակ կռվում գյուղի մարտական դիրքերում՝ ղեկավարելով նաև Չորաթանի երկրապահների ջոկատը: Եվ արդեն 20 տարի գյուղի դպրոցի առաջին դասը Արթուրի խիզախ և սխրանքներով լի կենսագրությունն է բացում:
Չորաթանցի հերոս տղաների ընտանիքներն այժմ էլ իրենց որդիների ազատագրած հողի վրա են ապրում ու արարում` հայրենի Չորաթանում, որի Ներքին շեն կոչվող հանդամասի հանդեպ ադրբեջանական հավակնությունները հրադադարից 20 տարի անց էլ չեն սպառվել: Ներքին շենի ուղղությամբ կրակահերթերը հնչում են ամեն օր, հատկապես` հիմա, երբ գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է: Բոլորովին վերջերս ադրբեջանական դիպուկահարները կրակեցին խաղողի այգում աշխատող Զարգարյան եղբայրների ուղղությամբ (նրանցից Վազգեն Զարգարյանը, ի դեպ, Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրենն է): Երջանիկ պատահականությամբ գնդակը մի քանի սանտիմետրով շրջանցել է այգում աշխատողներին և դիպել ծառին. «Ղարադաշ` Սև քար կոչվող բարձունքից է կրակում հակառակորդը, որտեղից մեր այգիները տեսանելի են»:
Վերջին օրերի սահմանային լարվածությունն էականորեն խանգարում է չորաթանցիներին մշակել հողը: Ճիշտ է, փոքր տրամաչափի զենքերի գնդակները Չորաթան չեն հասնում, բայց Ներքին շենն ամբողջությամբ կրակի տակ է: «Եթե գյուղացին չկարողանա հողը մշակել, ո՞նց կարող է ապրի: Մեր գյուղի հիմնական բերքը Ներքին շենից է լինում: Գյուղացին հիմնականում վարձակալական հիմունքով է մշակում հողը` ակնկալելով, որ բերքը կհավաքի ու կվճարի աշնանը, բայց եթե այսպես կրակոցները շարունակվեն, լուրջ խնդիրներ կառաջանան»:
Ներքին շենում չորաթանցիներն ունեն 30 հա խաղողի այգի, այնտեղ նաև նրանց վարելահողերն են, որտեղ ցանում են բանջարեղեն: Գյուղին պատկանող Քարափ կոչվող հողերը հիմա, ըստ գյուղապետի, ադրբեջանցիների ձեռքին են ու ականապատված:
«Որոշ ժամանակ առաջ այգիների, ավտոմեքենաների ուղղությամբ, բայց հիմա նպատակային մարդկանց ուղղությամբ են կրակում»:
Չորաթանցիները հրաժարվել են մշակել այն հողամասերը, որոնք ուղիղ թշնամու նշանառության տակ են, բայց ապահով ու անվտանգ տարածքները վարել, ցանել են, ամբարել ցորենի բերքը:
«Քանի որ գյուղը սահմանամերձ է, կառավարության որոշմամբ մեր համայնքում ևս հանվել է հողի հարկը, սա ես համարում եմ պետության կողմից մեծ օգնություն: Փաստացի 300 հեկտար հող է մշակվում, հիմնականում` հացահատիկ»,- նշում է Վարուժան Բաղմանյանը:
Նախորդ շաբաթ` հուլիսի 25-ին, ադրբեջանցիները հրդեհել են Չորաթանի այգիները, կրակն ընդգրկել է մոտ 300 մետր տարածք: Վարուժան Բաղմանյանի խոսքով` գյուղացիների և զինվորականների օգնությամբ հնարավոր է դարձել մարել կրակը և փրկել խաղողի 30 և խնձորի 4 հեկտար այգիները:
Սահմանամերձ գյուղում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրը գյուղը հարևան համայնքներին միացնող 5 կմ երկարությամբ, նաև ներհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհների բարեկարգումն է: Հրետակոծված համայնքային կենտրոնն ու մշակույթի տունը ևս վերակառուցման իրենց հերթին են սպասում: «Ճանապարհ չունենք, ոչ մի անգամ ասֆալտ չի եղել, սակայն հիմա անտանելի վիճակ է: Խոսքը Նորաշենից Չորաթան ճանապարհի մասին է: Գյուղապետարան չունենք, գնդակոծված է, կուլտուրայի տունը ևս հրետակոծված է»: Վարուժան Բաղմանյանը հավելեց նաև, որ համայնքային կենտրոնի նորոգման հարցը ներկայացվել է, որպեսզի կառավարության հրատապ ծրագրերով լուծվի:
Լուծված խնդիրներից Չորաթանում նշում են գյուղտեխնիկայի, հատկապես` կոմբայնի ձեռքբերումը, որն այս օրերին օգնում է հնձել նաև հարևան համայնքների, այդ թվում` Չինարիի արտերը: Որպեսզի գյուղում վարի գինը չբարձրանա, գյուղապետ Վարուժան Բաղմանյանն իր անձնական միջոցներով ևս մեկ տրակտոր է գնել, ինչի շնորհիվ հողը հերկելու արժեքը չի փոխվել: Չորաթանցիների խոսքով` իրենց գյուղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, ինչի պատճառով ներդրողներ էլ չեն լինում:
«Պաշտպանության նախարարն է մեզ շատ օգնել, մեր նախարարից մենք անչափ գոհ ենք: Դեռ չի եղել որևէ դեպք, որ մենք աջակցություն խնդրենք` նա մերժի: Դպրոցի դասասենյակների նորոգման համար նա տրամադրել է 5 մլն դրամ: Պաշտպանության նախարարն աջակցել է նաև գյուղտեխնիկայի արդիականացման, գյուղացիներին վառելիք տրամադրելու հարցում, մի խոսքով, մեր ամեն ինչի նախարարը Սեյրան Օհանյանն է»,- կես կատակ հավելում է համայնքի ղեկավարը: Գյուղին աջակցություն է ցույց տվել նաև տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը: Նա գումար է հատկացրել մանկապարտեզի վերանորոգման ու հարևան համայնքից ջրագծի անցկացման նպատակով:
Վարուժան Բաղմանյանը արագ լուծում պահանջող հարցերից կրկին առանձնացնում է Նորաշեն-Չորաթան մոտ 6 կիլոմետրանոց ճանապարհի վերակառուցումը, նաև ոռոգման ջրի խնդիրը:
Չորաթանում հաշվառված է 1050 բնակիչ, դպրոցում սովորում է 106 երեխա: Այս տարի դպրոցն ավարտել է 5 երեխա, որոնցից մեկն ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Աշակերտների թիվը նվազել է, մինչդեռ ժամանակին Չորաթանն ամենաինտելեկտուալ գյուղերից էր:Դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի գյուղի ու նրա «Մի բուռ ծիծաղի» մասին շատերը գիտեն, այստեղ հպարտանալու շատ բան ունեն: Չորաթանում են հյուրընկալվել հայ գրականության բազմաթիվ երախտավորներ` Հրաչյա Հովհաննիսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Գևորգ Էմինը, Պարույր Սևակը: Այստեղ հիշում են` երբ Սևակը գալիս էր գյուղ` ընկերոջ տուն, անգամ փարախի գործն էր ձեռքն առնում:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոքրիկ Վիկտորյայի թիկունքին սահմանամերձ Չինարին ու Չորաթանն են

10590555_779172908771967_1208158691839929230_nՀակառակորդը րոպեներ առաջ դարձյալ գնդակոծել է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանային բնակավայրերը:

Մովես գյուղից Անկախի թղթակցին տեղեկացրել են, որ ոչ ինտենսիվ, բայց օրվա ընթացքում պարբերաբար կրակահերթեր հնչել են:

Մովսեսում հինգշաբթի հարսանիք է նախատեսված, մարդիկ աղոթում են, որ պսակադրությունը խաղաղ անցնի: Վերջին օրերին լարված է իրավիճակը նաև Չինարիում: Սամվել Սաղոյանը մեր թղթակցին ասել է, որ մի կերպ իրենց հաջողվել է հնձել մոտ երեք հեկտար հացահատիկ: <<Շորերով քնում եմ, շորերով արթնանում, լվացվելու ժամանակ էլ չունենք, ոչ ժամ ունենք, ոչ պատարագ, գիշերն ու ցերեկը խառնվել են իրար>>,-ասել է Չինարիի գյուղապետը:

Ըստ նրա, նախորդ օրերի կրակահերթերն ուղղված են եղել գյուղի տներին` քարուքանդ անելով տան տանիքներ, դարպասներ, գնդակները դիպել են սառնարաններին, լվացքի մեքենաներին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

10309476_779172948771963_7841844604560216941_n

Տավուշի սահմանային լարվածությունը վերաբերում է նաև Չինարիի հարևանությամբ գտնվող Չորաթան գյուղին, որի դպրոցի տնօրենը մի քանի օր առաջ խաղողի այգում աշխատելիս հրաշքով է փրկվել հակառակորդի կրակոցից: Փամփուշտը, անցել նրա գլխավերևով, հինգ սանտիմետրի տարբերությամբ դիպել է ծառին:

Դպրոցի տնօրենը՝ Վազգեն Զարգարյանը, ունի հինգ երեխա, որոնցից մեկն էլ երկամյա Վիկտորյան է:

Փոքրիկ աղջնակի թիկունքում սահմանամերձ10526046_779172995438625_3031893482613341477_n

Չորաթանն է ու Չինարին, որոնց սահմանապահը ոչ միայն դիրքերում հերթապահող մեր բազմաթիվ զինվոր

տղաներն են, այլ նաև երկու տարեկան Վիկտորյան…

 

Անկախ

Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են գնդակոծվել

ՉինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են կրակի տակ լինել: Ադրբեջանական զինուժն արդեն մի քանի ժամ է` նախ մերթընդմերթ, ապա ինտենսիվ սկսել է գնդակոծել այս գյուղերի ուղղությամբ:

Չինարի-3

Չինարիի գյուղապետն Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղն ուժգին գնդակոծվում է, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, բարեբախտաբար, տուժածներ չկան: Սամվել Սաղոյանն ասել է նաև, որ նոր է հացահատիկի դաշտից դուրս եկել, հենց սկսել են հնձել, հակառակորդը կրակահերթ է բացել: <<Հազիվ մեկ հեկտար հնձեցինք, սկսեցին կրակել: Տենում ես` ինչ են անում>>,-ասել է Չինարի գյուղապետը, որի հետ հեռախոսազրույցում պարզ լսելի են եղել գնդակոծության ձայները:

Մեր տեղեկություններով` գնդակոծվել են նաև Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Այգեպարից մեզ փոխանցել են, որ այնքան ինտենսիվ են կրակում, որ գյուղի լույսերն անջատել են, և մարդիկ չեն համարձակվում տներից դուրս գալ:

10588921_778252668863991_909348174_nՄովսես գյուղի բնակիչների խոսքով` վերջին շրջանում հակառակորդը նման զինատեսակներից դեռ չէր կրակել: <<Նոր ենք ապաստարաններից դուրս եկել, մոտ տասը րոպե կլինի` հարաբերական անդորր է: Ասում են` ադրբեջանցիք պոստերը փոխել են, այդ պատճառով կրակի տակ է հայտնվել հենց գյուղամեջը: Առավոտյան պարզ կլինի` վնասները որքան են>>,-ասել են մովսեսցիները:

Չինարի-1Ըստ նրանց` հակառակորդը կրակել է գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որտեղ նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

 

Անկախ

Հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղությամբ (լրացված)

загруженноеԼարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Մովսեսի բնակիչները ևս Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ այս պահին ադրբեջանական զինուժը կրակում է սահմանապահ գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ. “Դրա վախտը չի, գյուղս քանդեցին”,-հուզված ասել է գյուղապետն ու անջատել հեռախոսը:

10357592_776848232337768_4203251466397025938_nԱդրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Գյուղի բնակիչերը չեն կարողանում դուրս գալ տներից: Ներքին կարմիրաղբյուրի բնակչուհի Ռիտա Գալստյանը և նրա ամուսինը` Նելսոն Գալստյանը, ասել են, որ այնքան ուժգին են կրակոցները, որ վախենում են անասնագոմից դուրս գալ և տուն գնալ: Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը ևս հաստատել է տեղեկությունը, որ հակառակորդը գնդակոծում է գյուղը, կրակահերթերը ուղղված են բնակելի տների, գյուղի փողոցների վրա, և ինքն այս պահին աշխատանքի վայրում է, և մի քանի ժամ տևող կրակոցների պատճառով չի կարողանում տուն գնալ:

 Լրացված

65983_776848112337780_6522325107036315614_nՄովսեսի ուղղությամբ հակառակորդը կրակում է նռնականետերով: Գյուղացիների խոսքով, ադրբեջանական դիպուկահարների անկանոն կրակահերթերն ուղղված են կոնկրետ նպատակի` տների ուղղությամբ: <<Ուղղությունը փոխել են, մի ժամանակ շփման գծին ավելի մոտ <<Հոնուտ>> կոչվող թաղամասի վրա էին կրակում, հիմա փոխել են ուղղությունը, կրակում են գյուղի կենտրոնական հատվածի վրա: Հիմնական նպատակներից մեկն էլ ցորենի բերքահավաքին խոչընդոտելն է, երևի չեն էլ թողնի հնձենք արտերը>>,-նշել է Մովսես գյուղի բնակիչներից Անուշ Անոնյանը: Նա ասել է, որ կրակահերթերից մեկը դիպել է իրենց հարևանությամբ տներից մեկին, վնասել պատերը, դարպասները:

1908377_776848265671098_4728771033523872518_nԻ դեպ, հուլիսի 25-ին սահմանամերձ գյուղերում պետք է իրականացվեր հացահատիկի բերքահավաքը, որի անվտանգության ապահովման համար Մովսեսն ու Չինարին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` պահանջելով ներկա գտնվել տարածաշրջանում և ապահովել անվտանգության երաշխիքներ: Մինչդեռ ադրբեջանական կողմը այդ նույն ժամանակահատվածում սկսել է գնդակոծել գյուղերը:

 

Անկախ

Լավ կլինի, որ Պավելն ընտանիք կազմի, թեկուզ «կրակող սարերի» տակ

Երբ կրակում են դիրքերի վրա, միայն ձայնն ենք լսում, իսկ երբ սկսում են գյուղի վրա կրակել, տեսնում ենք, որ մեկի տանը կպավ, մեկին մի բան եղավ, մեկը գոռում է, որ այսինչ տեղին կպավ,- իրենց գյուղի «նորմալ» առօրյան է պատմում չինարեցի 22-ամյա Պավել Պետրոսյանը:- Գիշերը կրակոց, ցերեկը կրակոց` 50-50 էլի, հիմի ստեղ կանգնած ենք, հաստատ չգիտենք` կապրենք, թե չենք ապրի»:

Չինարին Տավուշի մարզի սահմանամերձ, ավելի ճիշտ` սահմանապահ գյուղերից է: Գյուղի գլխին` իշխող բարձունքներից երկուսի վրա հակառակորդը կրակակետեր ունի, այդտեղից գյուղի, առանց բացառության, բոլոր տները գտնվում են ադրբեջանական զինվորների կրակի գոտում: Հակառակորդի այդ վտանգավոր կրակակետերից ընդամենը 600-700 մ հեռավորությունից էլ սկսվում է գյուղը, իսկ գյուղացիների խոսքով` Հայաստանը:

«Ինչպե՞ս եք ապրում նման պայմաններում»,- հարցնում եմ Պավելին, որ այս միամիտ հարցիս պատասխանում է պարզ, բայց ոչ միանշանակ` «շատ դժվար»:
Ոչ մի կերպ չեն պատկերացնում, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը. «Ի՞նչ կա` որ ինչ պատկերացնենք»: Որ ադրբեջանցին գյուղի վրա չկրակի, համոզված է երիտասարդը, կյանքը գյուղում, իհարկե, կփոխվի: «Առաջ չէին կրակում, ու մարդիկ արխային իրենց գործերը տեսնում էին, մի ձևով իրենց ընտանիքը պահում էին, հիմա ի՞նչ, հիմա ուզում ես մի բան ձեռնարկել… Հեն ա անասուն ենք պահում, ո՞ւմ համար է. գիշերը գնացել ենք խոտ ենք բերել: Գիշերը, որ հանգստանալու համար ա, մարդիկ պիտի քնեն, որ հանգստանան, մարդ ստեղ չի կարըմ հանգստանա, կա՛մ կրակոց ա ըլնըմ, կա՛մ պիտի էթա աշխատի, որ կարողանա իրա ընտանիքը պահի, ինչ ասեմ»,- ասում է Պավելը:
Հետաքրքրվում եմ` ամուսնացա՞ծ է: Գլխով բացասական նշան է անում: Հարցնում եմ` չի՞ ուզում ամուսնանալ: Պավելը, մանկական խորամանկությամբ ժպտալով, թե «ամուսնանաս, որ ի՞նչ անես, ընտանիքդ ո՞նց պահես»: Երևի անվտանգությունն է հարցը, մտածում եմ բարձրաձայն, Պավելը լսում է ու. «Իհարկե, նաև էդ է պատճառը, բայց էստեղ, չնայած երեխա էլ չկա, որ ուզես: Եթե գնաս ուրիշ տեղից էլ բերես, ո՞նց պահես, ասա, ո՞ւմ երեխուն բերես գցես գյուլլի բերան»: Լռում եմ:
Ընթացքում Պավելն ինձ ուղեկցում է մոտակա տունը, որը մեր զրույցից երկու օր առաջ է ընդամենը նոր սպիներ ստացել հակառակորդի «ԴՇԿ»-ից. տան վերքերը դեռ թարմ են:

Տանտերերը գյուղի դպրոցի ուսուցիչներ են` ֆիզիկայի ուսուցիչ Ալբերտ Պապյանն ու մաթեմատիկայի ուսուցչուհի Ռեգինա Նազարյանը: Նրանք մայրաքաղաքի որոշ պճնամոլ ու գոռոզ, աշակերտների ծնողներից ամեն առիթով ու անառիթ դրամ պլոկող, ոսկյա հաստ շղթաներով պարանոցը զարդարած ուսուցիչների նման չեն: Մշակ են, շինական, սահմանապահ, երկրապահ ու սերունդ են կրթում: Նրանց զարդարանքն էլ պատերազմին ու կրակոցների ջիգրու բակում աճող վարդերն են:

Ալբերտ Պապյանն էլ կարծես շարունակում է Պավելի միտքն ու ասում. «Առաջ շատ չէին կրակոցները, վերջին շրջանում, ճիշտն ասած, շատացել են: Բայց դե ապրում ենք, արդեն մեզ համար կրակոցները սովորական են դարձել, մեր գործերն էլ ենք անում կրակոցների տակ: Էս կրակոցներն ամենաշատը երեխաների վրա են ազդում, երեխաներն արդեն ամեն մեկը մի հիվանդություն է ձեռք բերում վախից»:

Չորս երեխա ունի Ալբերտ Պապյանը, ոչ մեկն իր մոտ չի ապրում, ու կրակոցները չեն դրա պատճառը: Գյուղում աշխատանք չկա: «Եթե կրակոցները չլինեին,- ասում է ֆիզիկայի ուսուցիչը,- Չինարին Բերդի տարածաշրջանի ամենահարուստ գյուղը կլիներ»: Ալբերտ Պապյանի կինն էլ` տիկին Ռեգինան, նշում է, որ գյուղում երեխաներ քիչ են մնացել, ափսոսում է, որ երբեմնի ծաղկող գյուղը դարձել է ծերացող:

Ես ու Պավելը թողնում ենք ուսուցիչների տունը: Ճանապարհին դեռ լուռ ենք: Այդ լռությունը խախտելու համար հարցնում. «Իսկ պատկերացնում ե՞ս, թե երեխաներդ ոնց պետք է մեծանան Չինարիում»: Պավելը վճռական է պատասխանում. «Քանի էս վիճակն ա, ես որ ամուսնանալու մասին հաստատ չեմ ուզում մտածեմ, գյուղից էլ չեմ գնա, երբ հարցերը կլուծենք` էն ժամանակ էլ կմտածեմ»:

Շնորհակալություն եմ հայտնում Պավելին ուղեկցելու համար և քայլերս ուղղում գյուղամեջ: Այնտեղ` տաղավարում, մեկ այլ չինարեցի երիտասարդ է նստած` Դավիթ Ապերյանը: 24 տարեկան է Դավիթը. ժպտալով ասում է, թե հարմարվել են արդեն կրակոցներով «համեմված» կյանքին, այդ ապրուստին: «Ինչո՞վ եք զբաղվում» հարցին էլ պատասխանում է. «Կարելի է ասել` հողագործությամբ»: Իսկ թե ինչու «կարելի է ասել», պարզաբանում է. «Կրակոցների պատճառով հաճախ աշխատել չի լինում, ժամանակը գիտի»:

IMG_1170Հողագործությամբ չեն կարողանում զբաղվել, ուրիշ աշխատանք էլ գյուղում չկա: Իսկ թե ոչնչով ինչպես են գոյատևում, Դավիթն ասում է. «Դե մի կերպ, բա ուրիշ ի՞նչ անենք»:

Դավիթն էլ, Պավելի պես, ամուսնացած չէ: Կրակոցները չէ, որ նրան խանգարում են կյանքի ամենավճռական քայլերից մեկը կատարել, ուղղակի չի ամուսնանում:
«Կուզե՞ս` ամուսնանալուց հետո երեխաներդ այս գյուղում ապրեն-մեծանան»,- հարցնում եմ: Դավիթն էլ վստահ պատասխանում է. «Բա իհարկե, այո: Մենք որ կրակոցների տակ ենք մեծացել, ի՞նչ է եղել, որ… Որ տենց մտածենք ու թողնենք գնանք, ո՞ւր կհասնի: Քանի՞ գյուղ տենց պիտի թողնենք»:
Ի դեպ, Չինարին ոչ մի չինարեցի չի ցանկանում ու չի պատրաստվում լքել, համենայն դեպս, ես այդպիսի մեկին չհանդիպեցի գյուղում: Զարմանում եմ այս մարդկանց կամքի, քաջության, վճռականության ու համբերության վրա: Դժգոհ են, որ իրենց «սարերը կրակում են», բայց նվիրված են այդ սարերին, նշում են, թե չեն ամուսնանա, քանի դեռ կրակոցներ են, բայց այլ տեղում ընտանիք կազմելու մասին էլ չեն մտածում:

Երեկոյան թողնում եմ Չինարին ու համեստ, աշխատասեր, կրակոցների տակ անվախ ու աննկուն ապրող չինարեցիներին: Համոզված եմ` քանի նրանցից յուրաքանչյուրը կա ու ապրում է Չինարիում առանց վախի ու առանց փախչելու մտքի, գիշերներն ու երբեմն էլ ցերեկները կրակոցներից քունը կորցրած, մնացյալ Հայաստանը կարող է հանգիստ գլուխը բարձին դնել: Բայց Չինարիից դուրս գալուց առաջ մի անգամ ևս հայացք ձգելով գյուղի ու սարին թառած հակառակորդի մահաբեր դիրքերին` մտածում եմ` լավ կլինի, այնուամենայնիվ, որ Պավելն ընտանիք կազմի:

Գ.Ա.

 

Սահմանապահ Մովսեսի վանքերն ու արտերը վտանգված են

movsesՄովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ: Բայց սա չէ միայն, որ սահմանապահ մովսեսցիներին մտահոգում է:
Գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին` Ջավահիր Բադալյանը, իր աշակերտներին արդեն պատմել է այն պատմամշակութային ու հոգևոր վայրերի մասին, որոնք հիմա ադրբեջանական տիրապետության տակ են, գերեվարված ազերի դիպուկահարների կողմից:
Մովսեսի դպրոցի մուտքի մոտ ամենավտանգավոր տեղն է` հակառակորդի դիպուկահարների աչքի առաջ, հենց այդ կետից է երևում այն բարձունքը, որտեղ Երեցի խաչն է, նրանից արևելք` VII դարի Սուրբ Հակոբյաց վանքը, որը մինչև նախորդ դարի կեսերը, մովսեսցիների խոսքով, հաստատ կանգուն է եղել: Ավելի ուշ, ըստ մովսեսցիների, վանքերն ավերվել են, կանգուն են մնացել միայն խաչերը: «Ազերիները հիմա քանդած կլինեն: Դրանից դեպի հյուսիս-արևելք գտնվել են երկաթահանքեր, որոնք XVIII-XIX դարերում շահագործել են ֆրանսիացիներն ու անգլիացիները: Իհարկե, երբ XX դարասկզբին Հայաստանը խորհրդայնացվել է, այդ հանքերը փակվել են, իսկ անգլիացիներն ու ֆրանսիացիները` հեռացել»,- պատմում է Ջավահիր Բադալյանը:
Մովսեսի դպրոցականները չեն հասցրել տեսնել իրենց գյուղի տարածքի վանական համալիրներն ու դիտարժան վայրերը, հակառակորդն այնտեղ բույն է դրել, բայց դա չի խանգարել, որ նրանք անգիր անեն հայրենի գյուղի պատմությունն ու պահանջատեր լինեն: Ահա թե ինչու գյուղի կրթական հաստատությունն ավարտած գրեթե բոլոր տղաները վճռական են իրենց հողը թշնամուց պաշտպանելու գործում: «Երեքին արդեն բանակ ենք ճանապարհել, երեքին էլ շուտով կճանապարհենք, մեկի բանակի ուրախ հավաքը նախատեսված էր հուլիսի 23-ին»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Մովսեսի միջնակարգ դպրոցն ունի 147 աշակերտ, այս տարի ունեցել է 15 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմել են բուհեր, հաջողությամբ հանձնել միասնական քննությունները և ընդունվել: Նրանք ընդունվել են ԵՊՀ լրագրության, բանասիրության ֆակուլտետներ, մանկավարժական և գյուղատնտեսական համալսարաններ: «Դե որ սահմանից գնացել, ընդունվել են, պետք է ամեն գնով սովորեն,- ասում է Ջավահիր Բադալյանը` անդրադառնալով սահմանամերձ մարզի երեխաների` ուսման հետ կապված խնդիրներին, ուսման վարձավճարների փոխհատուցման հնարավորություններին:- Վերջին շրջանում կրակոցները հաճախակի են դարձել, դասերն անընդհատ ընդհատվել են հակառակորդի արձակած կրակահերթերի պատճառով, երեխաներին տուն ենք ուղարկել»:
գյուղ ՄովսեսՋավահիր Բադալյանի խոսքով` հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը վերջին շրջանում ավելի է լարվել, այնպես որ, Մովսեսի կիրակնօրյա դպրոցն իր դռները ժամանակից շուտ փակել է: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի օրհնությամբ, Մովսես գյուղի կիրակնօրյա դպրոցի 19 սաները ուսուցիչների հետ հուլիսի 22-ին ճանաչողական այցով մեկնել են Սանահին ու Հաղպատ:
Ի հեճուկս հակառակորդի, տիկին Ժանետան խանութի դուռը երբեք չի փակում, եթե անգամ «անհաջող հարևանը» սկսում է գնդակոծել գյուղը: Գյուղի կենտրոնում գործող առևտրի սրահը զերծ չի մնացել գնդակոծությունից, փամփուշտները նաև այստեղ են հասել, ծակծկել պատերը: «Մենք էլ չենք վախըմ, սըվերել ենք: Սկզբնական շրջանում շատ ինք վախըմ, պադվալն ինք մտնըմ, հիմա չէ, ցավդ տանեմ, չէ, չէ, չէ, էրեխեքն են մի քիչ վախըմ»,- ասում է տիկին Ժանետան: Նա ասում է, որ գյուղում թեև շատ խանութներ կան, բայց հաճախորդներն են քիչ: «Օրը եթե 10 հազար դրամի առևտուր եմ անում, շատ գոհ եմ լինում: Մովսեսցիները հագուստին ուշադրություն չեն դարձնում, մեծ է սննդի պահանջարկը»: Ապրանքափոխանակությունն այստեղ դեռևս առևտրի ընդունված ձև է, հիմնականում հավկիթներով է փոխանակումն իրականացվում:
Մովսեսցիների գլխավոր անհանգստությունն այս պահին ակտիվացած հակառակորդն է, որն ամեն ինչ անում է գյուղատնտեսական աշխատանքները խափանելու համար: Սահմանամերձ գյուղի ցորենի ցանքատարածությունների զգալի հատվածը թշնամու հետ անմիջական սահմանի վրա է: Հասկերն արդեն հնձելու ժամանակն է, սակայն ադրբեջանցի դիրքապահները չեն թողնում իրականացնել բերքահավաքը: «Մենք նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` մեզ տրամադրելու անվտանգության երաշխիքներ, որպեսզի կոմբայնավարը ազատորեն մտնի դաշտ, առանց վախենալու, որ կարող է հակառակորդի թիրախում հայտնվել»:
Մովսեսցի կոմբայնավար Արթուր Վարդանյանն ասաց, որ կոմբայնը վտանգավոր տարածքից հանելուց հետո էլ «Ճոճեր»-ի ցորենի դաշտ չեն մտել: «Ո՞վ ռիսկ կանի, մտնի, կրակի տակ ա: Հիմա մենք մյուս դաշտում ենք հնձում, որտեղ կրակոցներ չկան: Բայց ադրբեջանցիների դիրքերի մոտ մոտ 30 հեկտար դեռ ունենք, որ պետք ա հնձենք: Կոնկրետ ես 8 հեկտար ունեմ, չգիտեմ` դա ոնց պետք ա լինի: Կարմիր խաչը թող նրանց մոտ կանգնի, մեր կողմից կրակոց չի լինում: Մենք վախենում էինք, որ մեր նոր ստացած կոմբայնի շարժիչը վնասած կլինեն, բայց լավ էր` փամփուշտը թիթեղին էր կպել, սարքել ենք»,- անդրադառնալով հացահատիկի բերքահավաքի անվտանգ կազմակերպման նպատակով սահմանամերձ համայնքներից Կարմիր խաչին ուղղված նամակներին` ասաց Մովսես գյուղի կոմբայնավարը: Նա պատմեց, որ գյուղում ամեն մի շարժի դեպքում ազերի դիրքապահները կրակում են, լինի կոմբայն թե ուղևորատար ավտոմեքենա: Գյուղացիների տեղեկություններով` ԿԽՄԿ-ն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Մինչև այդ, Արթուր Վարդանյանի տեղեկացմամբ, հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է գյուղի ու բնակիչների ուղղությամբ` Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ մշտապես լարվածություն պահելով:
Մայա Խաչատրյան

Մինչ մեր պատկան մարմինները քնած են էշի ականջում, ադրբեջանցիներն աննկատ իրենց նպատակին են մոտենում

Haykuhi-Barseghyan1Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ զով վայրում հանգստանալու մասին, ապա գյուղացու համար սա նախ և առաջ բերքահավաքի ժամանակաշրջան է, երբ պիտի քաղի իր ողջ տարվա չարչարանքների պտուղները:

Բայց արի ու տես, որ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների համար բերքահավաքը «շքեղություն» է. ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ գյուղացուն աշխատել իրեն մնացած մի թիզ հողի վրա:
Գրեթե ամեն օր լրատվամիջոցները հաղորդում են հանդում աշխատողների ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի մասին: Մարդկային կորուստներ Տավուշում բարեբախտաբար չունենք (ցավոք, ունենք Արցախում. հուլիսի 14-ին Ասկերանում ադրբեջանցի դիպուկահարները սպանեցին դաշտում հերկ անող քաղաքացուն), բայց նյութական և բարոյական վնաս` որքան ասես:
Բոլորը գիտեն` սահմանամերձ գյուղերը սոցիալապես շատ խոցելի են. չկա աշխատանք, իսկ եկամտի միակ աղբյուր հողերը հիմնականում զավթված են ադրբեջանցիների կողմից, ականապատված են, եղածն էլ ցանքսի և բերքահավաքի ժամանակ շարունակական կրակահերթերով չեն թողնում մշակել: Էլ ինչո՞վ պետք է գյուղացին պահպանի իր գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությունը սահմանամերձ բնակավայրերին միայն երբեմն արվող հայտարարություններով է ուշադրության արժանացնում, իսկ լուրջ գործուն քայլեր, որոնք երկրի դարպասները պահող գյուղացու մատից փուշ կհանեին, այդպես էլ չեն արվում (Մովսես գյուղին կառավարությունը հազիվ մի կոմբայն էր նվիրել, այն էլ մի քանի օր անց վնասվեց ադրբեջանցիների կրակոցներից):
Այժմ բարոյական վնասների մասին: Անկասկած է, որ հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ապրող ամեն ոք անչափ սիրում է իր երկիրը, եթե պատրաստ է կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ դնել, զրկվել վաղվա օրը պլանավորելու հնարավորությունից, հարսանիք, քեֆ և ուրախությունն անել գիշերով, որպեսզի ադրբեջանցիները չհարամեն, դաշտում աշխատել գիշերով` էլի նույն ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանվելու համար: Բայց հայրենիքի հանդեպ սերն էլ իր սահմաններն ունի: Այո, գուցե քաղաքացին իր ընտրությունը կատարել է և որոշել իր կյանքը նվիրել հայրենի բնակավայրին, բայց վստահաբար նա նման ապագա չի ցանկանում իր երեխաների համար: Այս պարագայում արդեն գործում է իսահակյանական հանրահայտ արտահայտությունը, որի մասին երբեմն կարելի է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներից լսել. «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ մեկի դեմ չմեղանչեցի»: Բայց բոլորիս է հասկանալի` առանց այն էլ ծերացող գյուղերում նման մտայնությունը կործանարար է: Ստացվում է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար իրենց ուզածին հասնում են` հայկական բնակավայրերը դատարկվում են:
Ի՞նչ են անում մեր հակառակորդները: Այո, մասշտաբային լայնածավալ պատերազմ չի ընթանում, բայց որ պատերազմական վիճակում ենք, փաստ է: Ու գուցե այս վիճակն ավելի վատ է, քանի որ հակառակորդն աստիճանաբար շահեկան վիճակում է հայտնվում, իսկ մենք դա կարծես չենք էլ նկատում: Ադրբեջանական մտայնությունը հետևյալն է. եթե ես չեմ ապրում այդ հողերում, ուրեմն դու էլ չես ապրի: Իսկ տրամաբանական շարունակությունը պարզ է` դու հեռացար այդ հողերից, ուրեմն դրանք իմը կլինեն: Հասկանալի է, որ սահմանը պահող զինվորին հոգեպես ամուր է պահում այն միտքը, որ իր թիկունքում մարդիկ, բնակիչներ կան: Իսկ գյուղերի դատարկվելու հետ նաև դեմքով դեպի թշնամին կանգնած զինվորի թիկունքն է թուլանում: Ադրբեջանն ինտենսիվորեն հայերին բարոյալքելու գործընթաց է տանում: Եվ առայժմ միայն հաջողություններ է արձանագրում: Իսկ պատմությունից գիտենք, որ բարոյալքված հանրությունը, բանակը պայքար մղել չի կարող (հիշենք, թե ինչպես Կարսի բերդը հանձնվեց առանց որևէ կրակոցի):
Ադրբեջանական վերջին դիվերսիան Քարվաճառում ևս վստահաբար հայերին բարոյալքելու, սարսափի մեջ պահելու քաղաքականության մի մասն էր: Դիվերսանտների ներթափանցումը և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ուղերձ էին հայությանը, որ անկախ այն բանից, թե որքան հեռու են ապրում սահմանից, միևնույն է, ոչ ոք ապահովության մեջ չէ, որ մեր սահմանները հուսալի չեն:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունն այս լուռ պատերազմում. գոնե բացահայտ` ոչ մի քայլ: Ծանրության ողջ բեռը դրված է բանակի ուսերին, բայց սա էլ մասշտաբային որոշման իրավունք չունի, որը կբարելավեր վիճակը:
Հետաքրքիր է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությանը պետք արտաքին գործերի նախարարություն. անիմաստ ու անարդյունք հանդիպումներ կազմակերպելու ու դեպի երրորդ աշխարհի երկրներ այցելություններ իրականացնելու համա՞ր: Դժվար թե:
Տրամաբանական կլիներ, որ մեր ԱԳՆ-ն երբեմն, չեմ ասում կոշտ, բայց գոնե ադրբեջանական քայլերի մասին հայտարարություններով հանդես գար, դատապարտեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր ադրբեջանական ագրեսիայի վրա: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ամեն սուտ առիթով վայնասուն բարձրացնել, բոլորի ուշադրությունը հրավիրել իր կամակորությունների վրա, իսկ մենք անգամ կենսական հարցերում ծպտուն չենք հանում: Գուցե ավելի շահեկան կլիներ, եթե ԱԳՆ-ին հատկացվող անիմաստ գումարն ավելի իմաստալից ծախսվեր` ուղղվելով դեպի սահմանամերձ բնակավայրեր:
Զինվորականների հետ զրույցներում հաճախ է ասվում, թե մեր բանակը մի քանի ժամում կարող է Տավուշում մեր դիրքերն այնպես բարելավել, որ հակառակորդն այլևս չկարողանա մեր բնակավայրերը նշանառության տակ պահել:
Այսքանից հետո ինչո՞ւ մեր պետական համապատասխան այրերն այնքան համարձակություն չունեն, որ նման հրաման արձակեն: Մի՞թե չգիտեն, որ ուժն է ծնում իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ քանի Հայաստանը «քաղաքակիրթ» ու համեստ կերպարի մեջ է, միայն և միայն կորցնելու ենք: Լավ է, որ գոնե 90-ականների սկզբին կային մարդիկ, որոնք հայության շահերը գերադասում էին այսպես կոչված միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ ձևանալուց: Բայց նման մարդիկ նույնքան անհրաժեշտ են և հիմա, երբ հայության և Հայաստանի շահերն ամեն վայրկյան ոտնահարվում են հանուն ինչ-որ կողմնակի կարծիքի, որը մեզ ոչինչ չի տալիս:

 

Իջևանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

10566277_734369099934921_825408099_nՍահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Գրիգոր Մուրադյանը հուլիսի 21-ին այցելել են Իջևան քաղաք:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցել են մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ներկայում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարդուն, նրա իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: «Հայաստանը նույնպես պետք է համահունչ քայլի միջազգային իրողություններին ու սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքից` Գևորգ Դանիելյանը նշել է, որ նախապատվությունը տրվում է համայնքների խոշորացմանը, սակայն դրա համար պետք է հստակ նպատակներ սահմանել. արհեստականորեն խոշորացնել հնարավոր չէ:

10555199_734364343268730_510965596_n (1)«Այժմ քննարկվում է շրջանային համայնքների վերականգնման տարբերակը, իսկ գյուղական համայնքներն ունենալու են վարչական շրջանի կարգավիճակ, սակայն սա դեռևս հստակ չէ և վերջնական որոշումը պարզ կդառնա հանրային քննարկումների արդյունքում ստացված առաջարկներից հետո»,- տեղեկացրել է բանախոսը:

Գևորգ Դանիելյանը կարևորել է նաև Սահմանադրությամբ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հանրաքվեի ինստիտուտի ներդրման հարցը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, խոսելով կառավարման ձևի փոփոխությունից, նշել է, որ անցում պետք է կատարվի պառլամենտական ձևին, որի պարագայում քաղաքական կոնֆլիկտների ռիսկը կնվազեցվի: «Դատական իշխանության գործունակությունը պետք է բարձրացվի, և Արդարադատության խորհուրդը պետք է դառնա դատավորների անկախության երաշխավորը` որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Նա, կարևորելով դատական համակարգի աստիճանակարգության խնդիրը, ընդգծել է, որ երկաստիճան դատական համակարգին անցնելու դեպքում կկրճատվի մարդկանց անհարկի սպասելու պրակտիկան, և մարդն ավելի արագ կսպառի դատական ինստանցիաները:

Ընտրական համակարգից խոսելիս` Գրիգոր Մուրադյանը ներկայացրել է  համամասնական ընտրական համակարգին անցնելու տարբերակը, սակայն դա, ըստ նրա, պետք է լինի ոչ թե կուսակցության լիդերի որոշմամբ ցուցակների կազմման տարբերակով, այլ` «փրայմերիզի» (նախնական ընտրություն) սկզբունքով:

Քննարկման ավարտին հարց է բարձրացվել կուսակցությունների և ՀԿ-ների ֆինանսավորման մասին, իշխանության ճյուղերի տարանջատման ու զսպման մեխանիզմների ամրագրման, համայնքների խոշորացման կիրառման սկզբունքների վերաբերյալ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Տավուշի մարզի խաղողի այգիները «հիվանդացել են»

գյուղատնտեսությունՏավուշի մարզի խաղողի այգիներում տարածված է «օիդիում» կոչվող հիվանդությունը, որի պատճառը, մասնագետների խոսքով, շոգ եղանակն է, ոռոգման ջրի սակավությունը:

Հուլիսի վերջին կսկվի խաղողի ողկույզների պտղալիցքը: Հիվանդությունն արտահայտվում է նրանով, որ ողկույզը ճաքում է: Բերդի տարածաշրջանն ունի մոտ 700 հեկտար խաղողի այգի:

Տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանն այգեգործներին հորդորում է ժամանակին կատարել սրսկումներ, իրականացնել ծերատում, կանաչների հատում, միջշարային տարածքների մաքրում, նաև ջրել այգիները:

Ի դեպ, խաղողը նախկին Շամշադինի տարածաշրջանում եկամտի գլխավոր աղբյուրն է: «Արարատ» գինու, կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը տարեկան մթերում է մոտ 4000 տոննա խաղող:

 

Անկախ

Ներքին Կարմիրում գիտեն ինչպես խլացնել հակառակորդի կրակահերթի ձայնը

10555157_771517426204182_1230814253_nՕլիմպիական չեմպիոնների գյուղն ամեն օր սեփական մաշկի վրա է զգում թիկունքից հակառակորդի հարվածները: 2012 թ. օլիմպիական չեմպիոն, ձյուդոյիստ Արսեն Գալստյանի լուսանկարով վահանակը սահմանապահ համայնքի կենտրոնական հատվածում է: Նրա հաղթանակն է նաև, որ ոգևորում է սահմանամերձ գյուղի փոքրիկ բնակիչներին, գյուղով լրացուցիչ հպարտանալու առիթ տալիս: Ներքինկարմիրցի երեխաներից շատերն են ցանկանում մարզական աշխարհում Արսենի նման հաջողությունների հասնել: Մինչև այդ, սակայն, հասկանում են, որ պետք է լավ սովորեն, շատ պարապեն: Գյուղի միակ կրթօջախը հակառակորդի դիպուկահարների թիրախներից է, բայց, բարեբախտաբար լավ վիճակում է:
Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի շենքը բարերարների հատկացրած միջոցներով այս պահին վերանորոգվում է: Մոտ մեկ ամիս առաջ գյուղի մանկապարտեզի համար հենապատ է կառուցվել, որպեսզի հնարավոր լինի երեխաներին պաշտպանել հակառակորդի արձակած կրակահերթերից: Նախադպրոցական այս հաստատությունը նախատեսված է մոտ 50 երեխայի համար, 25 երեխա արդեն հաճախում է մանկապարտեզ, որի բակում ստեղծվել է նաև խաղահրապարակ:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքով` մինչև նոր համայնքային կենտրոնի կառուցումը գյուղապետարանը ևս տեղակայված էր մանկապարտեզի շենքում: «Հակառակորդը բազմիցս կրակել է մանկապարտեզի, երեխաների ուղղությամբ: Այդ պատճառով մենք պատնեշ ենք կառուցել, մանկապարտեզի նորոգումն էլ ընթացքի մեջ է: Այս մանկապարտեզը մեր գյուղի նախկին դպրոցի շենքն է եղել, որտեղ ավարտել են Ներքին Կարմիրի առաջին շրջանավարտները»,- ասաց Մանվել Կամենդատյանը:
1990-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հրետակոծվել և հրկիզվել է համայնքային կենտրոնը, որտեղից գյուղացիները հրաշքով փրկել են գրադարանը` մոտ 5 հազար կտոր գրականություն: Գյուղի գրական հարստությունն այնուհետև ի պահ է տրվել մանկապարտեզին, որտեղից էլ այն տեղափոխվել է վերջերս բացված նոր համայնքային կենտրոն: «Ներքինկարմիրցիները նախընտրում են կարդալ մեծ մասամբ պատմական գրքեր, շատ են սիրում Րաֆֆի, Հրանտ Մաթևոսյան, Սերո Խանզադյան, Ստեփան Զորյան, Վախթանգ Անանյան, Վահանգն Դավթյան, Համո Սահյան, Ավետիք Իսահակյան, Շահան Շահնուր: Պատմական գրականության ընթերցումը որոշակիորեն ազդում է երեխաների կերպարի ձևավորման վրա: Համոզված եմ, որ սահմանին ապրող երեխայի մեջ հայրենասիրական զգացումներն ավելի ընդգծված են: Դպրոցականները վերցնում են առավելապես ծրագրային գրականություն: Մեր ամենատարեց ընթերցողը 70 տարեկան է, շատ է սիրում պատմական երկեր»,- ասում է գրադարանի ղեկավար Հասմիկ Դարբինյանը: Նրա խոսքով` գրքերը հիմնականում խորհրդային շրջանի են, դրանք համարում է թանգարանային նմուշներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազիվ են փրկել ադրբեջանական գնդակոծությունից:
10485980_771517712870820_543504168_nԳյուղի գրադարանավարը շատ կցանկանար համալրել գրադարանը ժամանակակից գրականությամբ, բայց այս պահին որևէ ծրագիր որևէ հրատարակչության կամ անհատի հետ չկա: Վերջին համալրումը եղել է վերջերս, գրադարանը նվեր է ստացել տավուշցի Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն:
6-րդ դասարանցի Մերի Շառյանը գրադարանի ակտիվ ընթերցողներից է, հիմա ձեռքին «Չարաճճի մկնիկի արկածներն» են: «Մոխրոտիկը» շատ եմ սիրում և կցանկանայի, որ բոլոր պատմությունները նման ավարտ ունենային: Չեմ ուզում, որ կռիվ լինի, մեր գյուղի վրա կրակեն: Մեր տանը մեկ սենյակն է մի քիչ ապահով տեղում, երբ սկսվում են կրակոցները, տեղափոխվում ենք այնտեղ, մյուս սենյակները նայում են հակառակորդի դիրքին»,- ասում է փոքրիկ Մերին: Ներքինկարմիրցի փոքրիկի երազանքն է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալ և դասավանդել հայրենի կրթօջախում: «Մեր դպրոցի ուսուցիչները շատ լավն են, լավ են սովորեցնում, մենք լավ հասկանում ենք, դրա համար էլ ուզում եմ նրանց նման լավ մասնագետ դառնամ»:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը հպարտ է դպրոցի բոլոր աշակերտներով: Կյանքի ու մահվան սահմանագծին ապրող համայնքի դպրոցահասակները մշտապես իրենց լավագույն ձևով են դրսևորում: Թեև դպրոցը ադրբեջանական սահմանից հեռու է ընդամենը 600-700 մետր, և երբեմն դասերն ընդհատվում են հանկարծակի կրակոցների վերսկսման պատճառով, ներքինկարմիրցի աշակերտները սովորում են բարձր առաջադիմությամբ: «Մեր շրջանավարտները այս տարվա բուհական ընդունելության քննություններին հավաքել են բարձր միավորներ, այդ փաստը չափազանց ոգևորող է: Երեխաներ, որոնց օրն անցնում է տուն-դպրոց-ապաստարան ճանապարհին, ամենաբարձրն են ստացել, դա մեզ համար մեծագույն հպարտություն է: Վստահաբար կարող եմ ասել, որ նրանք ընտրել են այնպիսի մասնագիտություն, որը պետք է մեր հանրապետությանը», – անթաքույց հպարտությամբ ընդգծում է գյուղապետը:
10526621_771517722870819_417654512_nՄանվել Կամենդատյանն ասաց, որ այս պահին գյուղում բնակվում է 1150 մարդ: Որպես սահմանամերձ բնակավայր` Ներքին Կարմիրաղբյուրն ունի որոշակի արտոնություններ, գյուղացիներն ազատված են հողի հարկից, ոռոգման ջրի օգտագործման համար էլ գործում է 50 տոկոս զեղչ: «Հավատացեք, դա որոշակիորեն ամրացնում է գյուղացու բազուկները, հողի հարկը կազմում է 4 մլն դրամ, կառավարությունը հատկացնում է դոտացիա: Հողի հարկի հետ կապված արտոնությունը սահմանված է կառավարության որոշմամբ, այն տրամադրվեց հանրապետության նախագահի մեր մարզ կատարած այցից հետո»:
Մանվել Կամենդատյանը նաև նշում է, որ ոչ միայն մշակովի այգետարածքները, այլև ամբողջ գյուղն է հակառակորդի նշանառության տակ, հետևաբար ոչ միայն հողի մշակումն է ռիսկային, այլև անգամ ապրելն այս սահմանագծին: Գրեթե օր չկա, որ սահմանին կրակոցներ չհնչեն: «Կրակոցներ են հնչում օրվա տարբեր ժամերին: Վնասները, լինեն տանիքի թիթեղներ, պատեր ու դարպասներ, այնքան շատ են, բայց և ոչ կարևոր: Խնդիրը հոգեբանական ազդեցությունն է, որ ունենում է հակառակորդի` հայկական կողմին ուղղված յուրաքանչյուր փամփուշտ»:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե հակառակորդի կողմից նկատելի են զինտեխնիկայի կուտակումներ, Մանվել Կամենդատյանը նշեց, որ սահմանին ապրողի համար դա նորություն չէ: «Պարբերաբար թե՛ մեր, թե՛ նրանց կողմից լինում են զորավարժություններ, դա նաև այդ նպատակով է: Այդ փաստը չէ, որ մեզ անհանգստացնում է, այլ այն, որ դիպուկահարները շարունակում են գտնվել շփման գծում»:
Ադրբեջանական դիպուկահարների ու դիրքապահների արձակած կրակահերթերի ձայները ավագ ու կրտսեր հայ սահմանապահները խլացնում են` ընթերցելով, հող մշակելով, պարզապես ապրելով պատերազմի ու խաղաղության միջև…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ