Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 08.15-ին, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն, որը ապրիլի 12-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Շենգավիթի բաժին:
Վերջապես ե՞րբ են լուծվելու անօթևան միայնակ տարեցների կացարանային խնդիրները
Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:
Առնվազն մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաև տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաև պետության կողմից երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան չճանաչված ընտանիքների և հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը:
Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
«Աշխատողների իրավունքները դժվար կլինի պաշտպանել, քանի դեռ մեր ձեռնարկությունները չունեն արհմիություններ». Կարեն Թումանյան
1856 թվականի ապրիլի 21-ին Ավստրալիայում մի շարք հասարակական կազմակերպություններ սկսեցին պայքարել, որպեսզի օրական աշխատանքային 16 ժամը դառնա 8: Իսկ Հայաստանում այսօր գրեթե ոչ ոք չի կարող փաստել, որ ինքն օրական 8 ժամ է աշխատում: Մեր երկրում աշխատողների իրավունքները միջազգային նորմերի համաձայն պաշտպանված չեն: Աշխատավորների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Աշխատավորների շահերի պաշտպանություն» շարժման ղեկավար Կարեն Թումանյանը:
Վերջինիս խոսքով` կարելի ասել, որ մարդն աշխատում է իր պայմանագրի համապատասխան, համապատասխան վարձավճարով: Բայց առաջնային խնդիրը այն է, որ Հայաստանում ձեռնարկությունների մեծ մասը չունեն արհմիություններ, եղածներն էլ ձևական բնույթ են կրում: Աշխարհի ամենահայտնի ընկերություններն ունեն արհեստակցական միություններ:
«Պետական մոտեցման բացակայություն կա մեր երկրում: Մինչև արհեստակցական միությունների մասին օրենքում փոփոխություններ չկատարվեն, չմտցվի պարտադիր բաղադրիչը, դժվար կլինի ինչ-որ բան փոխել աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցում: Ձեռնարկությունը գրանցվելուց պետք է ներկայացնի հայտ, որ ունի գրանցված արհեստակցական միություն: Այսօր բոլոր խոշոր ձեռնարկությոններն իշխանական խավի ձեռքին են և գործում են ամենթողության սահմաններում: Եվ եթե չկան արհեստակցական միություններ, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ սեփական հիմնարկների վրա»,-ասաց Կարեն Թումանյանը` հավելելով, որ իրենց կազմակերպությունը օրենքում փոփոխություններ կատարելու խնդրանքով դիմել է ՕԵԿ-ին, վերջինս խոստացել է ԱԺ-ում առաջ քաշել այդ խնդիրը:
Գողություն աշխատանքի վայրում
Ապրիլի 30-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին և հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկի աշխատակցուհի Շ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:
Անկախ
Հերթը մուլտֆիլմերինն է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ռուսական «карусель» հեռուստաալիքով բացառապես ռուսական մուլտֆիլմերի հեռարձակման գաղափարին:
ՌԴ մշակույթի նախարարը գտնում է, որ այդ հեռուստաալիքին կարելի է տալ նաև սովետական մուլտֆիլմերի ողջ հավաքածուն:
«Եկե՛ք քննարկենք սա: Համոզված եմ, որ և՛ կառավարությունը, և՛ վարչակազմը մեզ կաջակցեն»,- հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը:
«Շատ երկրներ իրենց նմանատիպ ապրանք արտադրողներին տրամադրում են որոշակի արտոնություններ»,-նկատել է Պուտինը:
«Ռուսական հեռուստաալիքը մեկն է՝ “Карусель”-ը, և այն ներկայացնում է ոչ միայն հայրենական անիմացիաներ, այն նաև արտասահմանյան: Մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի, որ “Карусель”-ը վերածվի բացառապես հայրենական անիմացիայի ալիքի»,-առաջարկել է նախարարը:
Հիշեցնենք, որ Պուտինի այս «քաղաքականությունը» չի սահմանափակվում միայն անիմացիայի ոլորտով. դեռ մի քանի օր առաջ Պուտինը առաջարկել էր արտասահմանյան արագ սննդի ցանցերի, օրինակ՝ Մաքդոնալդսի փոխարեն զարգացնել սեփական՝ ռուսական արագ սննդի ցանցը և ընդհանրապես ռուսական ազգային խոհանոցը, որն ըստ Պուտինի՝ բավականին բազմազան է ու համեղ:
Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին. Գագիկ Մակարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի աշխատաշուկան բավական տարբերվում է այլ երկրների աշխատաշուկաներից, այն շատ առանձնահատկություններ ունի:
«Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին: Կարող ենք ասել, որ այն ավելի հանգիստ է ու քիչ աղմկոտ, քան նախկինում», – ասաց բանախոսը:
Նա ուշադրություն հրավիրեց այն խնդրի վրա, որ մեր աշխատաշուկայում այսօր զբաղվածության հարցի հիմնական բեռն ընկած է փոքր բիզնեսի ուսերին. «Թվում է, թե մեծ ձեռնարկությունները պետք է լուծեն զբաղվածության խնդրի հիմնական մասը, այդպես է գոնե այլ երկրներում, բայց ոչ Հայաստանում»:
Գագիկ Մակարյանը կարծում է, որ խոշոր բիզնեսից առավելագույն օգուտ ստանալու համար պետք է գոնե հասնել այն բանին, որ հարկային հիմնական բեռը դրվի խոշոր ձեռնարկատերերի վրա, որոնց տված հարկերն էլ հիմնականում համալրեն բյուջեն:
Սպառնալիքի միջոցով 1100 դոլար պահանջողները հայտնաբերվել են
Ապրիլի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ազատի և Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատը 1979 թ. ծնված Ազատ Վ.-ն է, իսկ Համոն` 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն: Վերջիններս ներկայացել են բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Առանց այդ էլ հարկերից ճռռացող տնտեսվարողներին GPRS-ով համակարգն էր պակաս
Մի անգամ պապս, որ վաստակաշատ մանկավարժ էր ու լրագրող, նաև համոզված կոմունիստ, ինչ-որ պետական հիմնարկից գալով, իր գեղեցիկ դարչնագույն ցիլինդրն ու ձեռնափայտը ջղային շարժումով միջանցքի կոմոդի վրա նետելով, շուռ եկավ դեպի ինձ, որ այդ պահին հասել էի նրան, ու բարկացած, խիստ տոնով վրա բերեց` «Սովետը, որ քանդվեց` բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»: Շատ փոքր էի, որպեսզի հասկանայի, թե ինչ նկատի ուներ հասակ առած ու կյանքի բովում եփված պապս, բայց օրերս պապիս այս փոքրիկ «դասը» հիշեցի, երբ ծանոթացա բյուրոկրատական խոչընդոտների ու կամայականությունների հերթական պատմությանը:
Օրերս մեր խմբագրությանը դիմեց մի բավականին պատկառելի խանութ-սրահի տնօրեն. դժգոհում էր պետական կառույցների կամայականություններից: Ի թիվս նրա մատնանշած բազմաթիվ խնդիրների, մեկը խիստ ուշագրավ էր, հատկապես` պապիս խոսքերը հիշելուց հետո:
Մեզ դիմած Ա.Մ-ն պատմեց, որ ըստ կարգի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող օբյեկտները պետք է որոշակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության չափանիշներ ապահովեն: Տվյալ դեպքում` հակահրդեհային անվտանգության համակարգեր ունենան: Բնականաբար, որպես այս հարցում գլխադասային մարմին, ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումներն էլ, այս առումով, ներկայացնում են տեխնիկական անվտանգության պահանջների չափանիշները,համապատասխան «հսկողություն» են իրականացնում, թե ինչպես են պահպանվում այդ անվտանգության կանոնները, ինչպիսի սարք-սարքավորանք է անհրաժեշտ այս նորմը պահպանելու համար և այլն: Եվ մեզ դիմած Ա.Մ.-ն պատմեց, թե իրականում ինչ է կատարվել իր ղեկավարած խանութ-սրահում:
ԱԻՆ-ի համապատասխան կառույցի ներկայացուցիչները այցելել են նրա ղեկավարած խանութ-սրահ, ներկայացրել, թե ինչ տեխնիկական պահանջներ կան, որ պետք է ապահովի օբյեկտի տնօրինությունը: Հետո մատնանշել են խանութ-սրահում առկա հակահրդեհային անվտանգության համակարգն ու ասել, որ դա հին է, չի համապատասխանում սահմանված կարգով ամրագրված պահանջներին, ապա ներկայացրել են իրենց պահանջները: Նաև նշել են, թե կոնկրետ ինչ սարքավորումներ, գույք ու համակարգ է պետք տեղադրել` մատնանշելով կոնկրետ ապրանքանիշի կոնկրետ ապրանք: Երբ Ա.Մ.-ն ցանկացել է ձեռք բերել այդ համակարգը, պարզվել է, որ դա շատ թանկ արժի` մոտ 300 հազար դրամ` չհաշված հարակից ծառայությունների արժեքը: Ու որոշել է հրաժարվել այդ համակարգը տեղադրելուց: Իր ծանոթ գործընկերեներից տեղեկացել է նաև, որ նրանց էլ են այցելել համապատասխան մարդիկ ու ներկայացրել հակահրդեհային անվտանգության համակարգերի «անհրաժեշտությունն» ու պահանջվող համակարգերի տեխնիկական բնութագրերը` դարձյալ նշելով կոնկրետ ապրանքանիշ ու ապրանքատեսակներ:
Ինչպես հիշում ենք հանրահայտ ու բոլորին հուզած նոր ՀԴՄ-ների պատմությունից, այդ հակահրդեհային անվտանգության համակարգերը, բնականաբար, Հայաստան է ներկրում կոնկրետ մեկ մարդ, և այլ տեղից հնարավոր չէ ձեռք բերել այդ համակարգերը: Ու քանի որ Ա.Մ.-ն ու նրա ծանոթ գործընկերները հրաժարվել են ձեռք բերել ու տեղադրել այդ համակարգերը, քանի որ համարել են, որ իրենց ունեցած համակարգերը լիովին բավարարում են անվտանգության ապահովման պահանջները, հիմա նրանց առջև ծառացած է տուգանվելու խնդիրը: Իսկ տուգանքների հարցը Հայաստանում, բոլորս գիտենք` ինչպես է դրված…
Փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը:
Ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետով` 2012 թ. հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը արձակել է N 263-Ն հրամանը հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին: «Հրդեհային անվտանգության կանոններ» կոչվող փաստաթղթի 81-րդ կետով էլ սահմանվում է. «Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի»: Այդ հավելվածով թվարկվում են, թե որքան տարածք ունեցող ու ինչպիսի օբյեկտներում են հակահրդեհային անվտանգության համակարգերը պարտադիր և այլն: Կանոնների այս կետը սահմանում է նաև, որ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Iոterոet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն): Ընդ որում 3000 քմ և ավելի տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:
Ամեն ինչ կարծես պարզ ու հստակ է, և ավելացնելու կամ զարմանալու ոչինչ չկա: Համենայն դեպս, ԱԻՆ-ի աշխատակիցները, երբ այցելում են համապատասխան օբյեկտներ ու ներկայացնում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջ, դա ինքնագլուխ չեն անում, այլ սահմանված կարգին համապատասխան:
Բայց ուշագրավ է նույն փաստաթղթի հաջորդ` 82-րդ կետը, որում, մասնավորապես, նշվում է. «Հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների, հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի տեսակը, շիջման ձևը, կրակմարիչ միջոցները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` կախված պաշտպանվող շենքերի ու կառույցների տեխնոլոգիական, կառուցողական և ծավալա-հատակագծային առանձնահատկություններից»:
Այս կետով, փաստորեն, հակահրդեհային անվտանգություն իրականացնողին կամ համակարգը նախագծողին, որը Հայաստանում պարտադիր ԱԻՆ-ն է, տրվում է լայն հնարավորություն ներկայացնելու իր նախընտրած կամ պատկերացրած ու իր մատնանշած անվտանգության համակարգ տեղադրելու պահանջ:
Դե ԱԻՆ-ում հո չեն հաստատի, թե իրենք ինչ-որ կանխամտածված կամ կանխակալ որոշում են ընդունում այս առումով ու զարկ տալիս իրենց նախընտրելի տնտեսվարողի կամ կառույցի ներկրած կամ արտադրած համակարգերի վաճառքին` հակահրդեհային անվտանգության համակարգեր տեղադրելու պահանջի ներքո գործող օբյեկտների տնօրինողներին «ուղղորդելով» դեպի կոնկրետ համակարգ: Անգամ այդ դեպքում նրանք արդարացում ունեն. մասնագետն իրենք են, հետևաբար իրենք են որոշում, թե որ օբյեկտում ինչպիսի տեխնիկական չափանիշներին համապատասխան համակարգեր պետք է տեղադրված լինեն, ուրեմն իրենք իրավունք ունեն ասելու, թե այդ չափանիշներին հատկապես որ համակարգն է համապատասխանում:
Միգուցե սա արդար է, չենք փորձում ինչ-որ մեկին մեղադրել, բայց հաշվի առնելով հայաստանյան իրականության փորձը, երբ պետությունն ավելի շահագրգիռ է ինչ-որ կազմակերպության կամ ընկերության բիզնես շահերը պաշտպանելու հարցում, քան հասարակ քաղաքացիների, արդեն ակամա սկսում ենք մտածել, որ այս դեպքում ևս պետական կառույցն առաջնորդվում է նույն սկզբունքով, ինչ նոր ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջի, ճանապարհային տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը մասնավոր ընկերության տնօրինմանը հանձնելու ու տուգանքներ նշանակելու, կարմիր գծանշումներով բոլորի սեփականությունը համարվող փողոցից մասնավոր ընկերության համար տարածք առանձնացնելու ու վճարովի ավտոկայանատեղ դարձնելու և մնացած այլ համանման դեպքերում: Նման գործելաոճի պարագայում համապատասխան իրավական ակտերը` թղթի վրա գրված կանոնները, հրամանները, նորմերն ու օրենքները միշտ պետության կամ պետության կողմից հովանավորվող ընկերությունների շահերից են ելնում:
Եվ նման դեպքերում հիշում եմ պապիս` արդեն ինձ հանճարեղ թվացող խոսքերը. «Սովետը, որ քանդվեց, բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»:
«Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ». Բորիս Խառատյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնել այն մասին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:
«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա բավարարել իր և ընտանիքի պահանջները, իսկ ավելացած գումարը կուտակել»,- ասաց Բորիս Խառատյանը:
Հարցին` երբևէ բարձրաձայնե՞լ եք, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական զամբյուղին, Բորիս Խառատյանը նախ փորձեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր սպառողական զամբյուղի մասին է խոսքը, ապա ասաց. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ: Հաշվարկում են տարբեր մեթոդաբանություններով և ստացվում են տարբեր թվեր: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանն էլ նշեց, որ սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի: Շուշանիկ Բարսեղյանը նաև նշեց, որ Գործատուների հանրապետական միությունը այն կարծիքին, է, որ Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը:
Անդրադառնալով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությանը` Բորիս Խառատյանը նշեց, որ կոնֆեդերացիան դատարաններ է դիմում հիմնականում վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հարցերով:
«Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնելու պահանջով: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում դրանք շտկել, օգնում ենք աշխատողին դիմել դատարան»- ասաց Բորիս Խառատյանը:
Խուլիգանություն խաչմերուկում
Ապրիլի 30-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, վիճաբանություն կատարելու համար, բաժին են հրավիրվել 1958 թ. ծնված Հարություն Հ.-ին և 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ին:
Պարզվել է, որ նշված խաչմերուկում, երթևեկելու ընթացքում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագած վիճաբանություն ժամանակ, Դավիթ Մ.-ն ձեռքով հարվածել է Հարություն Հ.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Կատարվում է հետաքննություն:
Վրաերթեր Երևանում
Վրաերթ Պարոնյան փողոցում
Ապրիլի 30-ին. ժամը 09.25-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Անահիտ Ա.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Ապրիլի 30-ին, ժամը 08.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` ժամը 16.40-ին բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Խաչատուր Հ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
3 ՃՏՊ մեկ օրում
Պատահար Թբիլիսյան խճուղում
Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Մերսեդես-Բենց»-ը Մեղրի-Գորիս ճանապարհին ընկել է ձորը
Ապրիլի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Գորիս ճանապարհի 130-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Օպել»-ը հայտնվել է առվում
Ապրիլի 30-ին, ժամը18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախի 1-ին փողոցում ընկել է առուն, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Ա. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Սերյոժա Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել /ԼՐԱՑՎԱԾ/
Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել է նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ապրիլի 29-ին ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողների պահանջով Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի 30 հաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է նախաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 29-ից 30-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 5, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:Նոր քաղաքական իրողություն. ՀՀԿ-ն մնաց հպարտ միայնության մեջ
Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ այդպես արագ հրաժեշտ կտանք նախկին վարչապետին, որ նոր վարչապետի աթոռին կտեսնենք Հովիկ Աբրահամյանին ու դեռ ավելին` ԱԺ ամբիոնի կենտրոնական աթոռին էլ կբազմի Գալուստ Սահակյանը: Եթե սրան էլ գումարենք «տարած-հետ բերած» ընդդիմադիրի` ՕԵԿ-ի նոր կարգավիճակը, ապա համապատկերն առավել գունագեղ ու հետաքրքիր է դառնում…
Մեր միշտ հին ու նոր կառավարությունը
Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո որոշակիորեն ակտիվացան այն տեսակետները, թե նոր վարչապետն իր անձնական որակների` ամենատարբեր մարդկանց և քաղաքական ուժերի հետ «լեզու գտնելու» կարողության շնորհիվ դրական փոփոխություններ կմտցնի ներքաղաքական միապաղաղ կյանքում, նույնիսկ աշխույժ շրջանառվում էին տարբեր ձևերով ու դասավորություններով կոալիցիաների կազմման կանխատեսումներ: Բայց արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ոչ միայն նոր կոալիցիոն գործընկեր ձեռք չբերեց, այլև կորցրեց իր կոալիցիոն միակ դաշնակցին` ՕԵԿ-ին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ ապրիլի 28-ի նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրելով, տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն այսուհետ ընդդիմադիր ուժ է: Հաջորդ օրը` ապրիլի 29-ին Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին անգամ իբրև ընդդիմադիր հանդես գալով` նշեց, որ իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը:
Բայց առավել ուշագրավ էր ՕԵԿ պատգամավորի մեկ այլ հայտարարություն: Անդրադառնալով ՕԵԿ-ի հասցեին հնչող քննադատություններին` Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ժողովուրդը կտա ամեն ինչի արժանի գնահատականը, քանի որ ժողովուրդն է ամենաիմաստունը, իսկ ժամանակը` արդար դատավոր:
«Երկիրը փոքր է, բոլորը բոլորին լավ ճանաչում են, և ինչքան էլ հանդես գան ոմանք որպես աղավնի և իրենց բերնում դնեն ձիթենու պտուղ, միևնույն է, տեսանելի է, որ բորենին երբեք աղավնի չի դառնում»,- ասաց նա:
Իսկ նոր կառավարությունն էլ, պարզվեց, այնքան էլ նոր չէ: Կառավարության 18 նախարարներից ու աշխատակազմի ղեկավար-նախարարից 9-ը վերանշանակվեցին: Ընդ որում, եթե ուշադիր նայենք, վերանշանակվեցին, պայմանականորեն ասած, առավել ծանրակշիռ դիրք ունեցող նախկին ու արդեն իսկ նոր նախարարները: Այսինքն` պարզ է, որ կառավարության ծրագրերի, ռազմավարության ու մարտավարության մեջ էական փոփոխություններ չեն լինի: Նոր նշանակված չորս նախարարների ու աշխատակազմի ղեկավար-նախարարի անունները նույնպես ամենևին էլ թարմություն չեն խոստանում: Մասնավորապես, նոր կառավարության կազմում նոր պաշտոններ ստացան ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը կբռնի ֆինանսների նախարարի պորտֆելը և կառավարությունում նոր մարդ չէ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որին Երևանը «քաղաքաշինելուց» հետո հիմա էլ վստահեցին ամբողջ Հայաստանի քաղաքաշինության գործը, նոր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի նոր պորտֆելն էլ վերցրեց Կարեն Ճշմարիտյանը` նախկին նախարար, մինչև նշանակումն էլ նույն «հին» ՀՀԿ-ի անդամ ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր: «Միշտ հին ու նոր» կառավարության կազմում միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է հայտնություն: Մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին էլ մամուլում նշվում են անուններ, որոնք, մեղմ ասած, նոր ոչինչ չեն ասում, բացի հին վերքերը բորբոքելուց;
Մի խոսքով, կառավարությունը թարմացնել չհաջողվեց, կամ ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Հայաստանի ներքին քաղաքականությունը նման է թատերական ներկայացման, որտեղ դերասանները չեն փոխվում, փոխվում են նրանց դերերը»: Մեսրոբյանը հավելեց նաև, որ Հայաստանում ձևավորված է օլիգարխիկ պետական համակարգ, որն ամբողջ աշխարհում համարվում է հետամնաց համակարգ, հետևաբար անիմաստ է սպասել որևէ առաջընթացի, այս պայմաններում Հայաստանը ապագա չունի:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը վարչապետի փոփոխությունից հետո կառավարության ձևավորման գործընթացում կարևորում է ընդդիմության և իշխանության դերակատարումները: Քաղաքագետն օրերս կայացած մամլո ասուլիսում առանձնացրեց վարչապետի հրաժարականից հետո երեք սցենար, որով կարող էին գնալ ՀՀԿ-ն և ընդդիմությունը: Ըստ նրա` առաջին սցենարը հիմնական դերակատարների` ՀՀԿ-ի ու ընդդիմության շրջանակներում կառավարություն ձևավորելն էր, երկրորդ սցենարը` գտնել տարբերակ նվազագույն կոալիցիայի պահպանման համար և երրորդ սցենարը` եթե օրակարգում եղել է լայն կոալիցիայի ձևավորման հարց` փորձել ձևավորել այդ լայն կոալիցիան: Այս իրադարձություններին ընդդիմադիր դաշտի արձագանքը, ըստ քաղաքագետի, ցույց տվեց, որ նրանք պատրաստ չէին նման զարգացումների: «Փաստորեն, ըստ էության կատարվեց առաջին սցենարը, այսինքն` մեկ քաղաքական ուժի պայմաններում ստեղծել կառավարություն»,- ասաց նա:
Այսպիսով, մենք ունենք նոր վարչապետ, նոր կառավարություն, և բացառությամբ տնտեսական բլոկի մի մասի, մնացած բոլոր նախարարները շարունակում են մնալ իրենց պաշտոններում: Ապրիլի 29-ին քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այդ փաստը բացատրեց այն հանգամանքով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարճաժամկետ քաղաքական ապագայում` առնվազն մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի սկիզբը, նպատակ ունի ավելի կայուն քաղաքական հենարան ստեղծել: Նա կարծում է, որ այդ պատճառով նպատակ էր դրված նոր վարչապետի շուրջ համախմբել որոշ քաղաքական ուժերի, սակայն դա չստացվեց: Այս կառավարությունը, ըստ Մարգարովի, ցույց տվեց այն, ինչի մասին խոսվում էր անցյալ տարի. շատ բարդ է գտնել նոր կադրեր, գտնել այն նոր սերունդը, որը կարող է մտնել բարձր էշելոնի կազմ և հանդես գալ որպես նոր ղեկավարների սերունդ:
Ո՞վ Գրիգորիչի համար ապահովեց երկրի երկրորդ դեմքը լինելու տիտղոսը
Ինչ վերաբերում է կադրերի հարցին, ապա արժե անդրադառնալ նաև ԱԺ նոր նախագահի ընտրության թեմային: Ապրիլի 29-ին կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Դեռ շատերն են հիշում Գալուստ Գրիգորիչի «շուլուխները», տարբեր ուշագրավ արտահայտություններն ու հայտարարությունները, բայց նա ԱԺ նախագահ ընտրվեց 101 կողմ ձայներով: Նրա միակ մրցակիցն էր ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը, որը ստացավ 3 ձայն: Քվեարկությանը 131 պատգամավորներից մասնակցել են 106-ը, գրանցվել է 2 անվավեր թերթիկ: Այդ նիստից բացակայում էր 10 պատգամավոր, ԱԺ նախագահի ընտրությունը բոյկոտել էր 15 պատգամավոր. «Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Հիշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված է ընդամենը 70 պատգամավոր, 2 պատգամավոր, ինչպես գիտենք, ազատ են համարվում, որոնցից մեկը` Էդմոն Մարուքյանը, բացակայում էր նիստից, բայց Գալուստ Սահակյանը ստացավ 101 քվե:
Ստացվում է, որ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի նախագահ ընտրվեց իրեն ընդդիմություն հայտարարած ՕԵԿ և այլընտրանք համարվող ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների շնորհիվ: Թեև ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունները մինչ քվեարկությունը հայտարարել էին, որ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության հարցում, փաստորեն, այն պատգամավորները, որոնք նախընտրել են մասնակցել քվեարկությանը, իրենց ձայնը տվել են մեծամասնական խմբակցության թեկնածուին: Իսկ իրենց պատգամավորներին «ազատություն» տալու մասին ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի խոսքերը վաղուց հայտնի են քաղտեխնոլոգիային: Այդպես վարվում են այն ուժերը, որոնք վախենում են իրենց իրական դիրքորոշումն ուղիղ հայտնելուց և դա անում են անհատներին «ազատություն» տալով:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը նշել էին, որ քվեարկել են հօգուտ Բագրատյանի: Բագրատյանի ստացած 3-րդ կողմը, ըստ ամենայնի, քվեարկել է ինքը` պատգամավորը:
Անդրադառնալով Աժ խոսնակի առաջադրմանը` Մարգարովը նկատեց, որ ընդդիմադիր ուժերը կրկին չկարողացան պատրաստ ու համախմբված գործել և առաջարկել միասնական թեկնածու: Խորհրդարանական չորս ուժերը, ինչպես ասաց քաղաքագետը, կորցրին ԱԺ նախագահի հարցում միասնաբար հանդես գալու հնարավորությունը: «Ընդդիմադիր դաշտն այսօր ուներ հնարավորություն` փորձել հանդես գալ միասնական ճակատով, գուցե հայտնի արդյունքով, բայց փորձել հանդես գալ մեկ միասնական ճակատով: Եվ մենք տեսնում ենք, որ դա կա՛մ չհաջողվեց, կա՛մ ցանկություն չեղավ»,- ասաց բանախոսը:
Իսկ արդյունքներ, ըստ նրա, այդ քայլը կունենար. մի կողմից` կարող էր ցույց տալ նրանց համախմբվածության աստիճանը, մյուս կողմից` նրանց որպես ուժ հանդես գալու ունակությունը, որը կարող է պայմանավորվել իր ներսում, իր համար ավելի նպատակահարմար թեկնածուի շուրջ, ինչն ի ցույց կդներ քառյակի բանակցային ներուժը:
Իսկ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում, նշեց քաղաքագետը, անակնկալ եղավ որոշ ուժերի համար, քանի որ ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում արդեն պառակտում կա:
Ովքե՞ր կարող են դիմել վարչական դատարան
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով,
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն,
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
Կազմեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Դերասանի տանը ՙՙկախված էր՚՚Դորիան Գրեյի դիմանկարը
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Թատերական գործիչների միությունը 2014թ.ապրիլի 25-29-ը անցկացրեց մոնոներկայացումների ՙՙԱրմմոնո՚՚ միջազգային թատերական 12-րդ փառատոնը:
Փառատոնին մասնակցում էր երիտասարդ ռեժիսոր Արուս Գյունաշյանը ՙՙԴորիան Գրեյի դիմանկարը՚՚ հոգեբանական դրամայով, գլխավոր դերում Վարազդատ Փանոյան:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում երիտասարդ ռեժիսորը պնդեց, որ իրեն, որպես ռեժիսորի հետաքրքրում են հոգեբանական դրամաները ու այն թե ինչպիսի հոգեվիճակներ է ունենում տվյալ գրական նյութի հերոսը: Ներկայացման միտքը վաղուց կար, բայց երկար ժամանակ փնտրում էր համապատասխան ստեղծագործություն ու ի վերջո գտավ այն ինչ փնտրում էր: Օսկար ՈՒայլդի ՙՙԴորիան Գրեյի դիմանկարը՚՚ վեպը միշտ ակտուալ է.
ՙՙՄիգուցե ակտուալ է, որովհետև մեր հասարակությունում ևս կգտնվեն մարդիկ ովքեր կցանկանային լինել Դորիան Գրեյի կարգավիճակում, միգուցե պարզապես կարեկցում են տվյալ կերպարին: Միանշանակ չեմ կարող ասել, բայց այս ստեղծագործությունից կարելի է շատ բան սովորել, սա այն գիրքն է, որ ես դեռ երկար տարիներ կվերընթերցեմ ու նոր բացահայտումներ կանեմ ինքս ինձ համար: Բավականին ծավալուն և բազմապլան ստեղծագործություն է, որտեղ Դորիան Գրեյը ներկայացված է տարբեր տեսանկյուններից: Բայց ես որոշեցի նրան ներկայացնել հերոսի, այսինքն Դորիան Գրեյի տեսանկյունից: Թե ինչպիսին է եղել նա, ինչ կյանքով է ապրել և ինչպիսի ապրումներ է ունեցել, որոնք ոչ ոքի հայտնի չեն եղել՚՚:
Ի սկզբանե Արուս Գյունաշյանն ու դերասան Վարազդատ Փանոյանը մտադրություն ունեին համատեղ աշխատանք ներկայացնել Արմմոնո միջազգային փառատոնին, ուստի մնում էր միայն գտնել այնպիսի ստեղծագործություն, որում շոշափվող խնդիրները և կերպարի հոգեբանությունը երկուսին էլ հետաքրքրեին: Մեծ պատասխանատվություն է ներկայացնել դասական համարվող ստեղծագործություն, որը բոլորին ծանոթ է: Պատասխանատվություն է ինքդ քո, դերակատարի և իհարկե հանդիսատեսի առաջ: Ելնելով հանդիսատեսի արտահայտած կարծիքներից՝ ռեժիսորը կարծում է, որ ներկայացումն ընդունվեց: Մինչ այդ երկու բեմադրություն է արել՝ Ժան Պոլ ՍարտրիՙՙԴռնփակ՚՚ պիեսն էր եւ Պետեր Տուրրինիի ՙՙՎերջ, վերջապես՚՚ ստեղծագործությունը: Արուս Գյունաշյանը սիրում է թատրոնը, որովհետև նախ բոլոր արվեստների սինթեզն է, բացի դա թատրոնը չունի ոչ մի սահմանափակում: Թատրոնում կարելի է ներկայացնել բոլոր դարաշրջանները, ամեն տեսակի մարդկային բնավորության գծեր, կյանքից վերցված իրավիճակներ, այդ իրավիճակների միջոցով հանդիսատեսի խնդիրներին տալ պատասխաններ: Թատրոնի միջոցով կարելի է բարձրաձայնել ամեն տեսակի խնդիրներ, պարզապես այդ ամենը պետք է անել գեղարվեստորեն: Բոլոր ժամանակներում էլ եղել են թե լավ, թե վատ ներկայացումներ և այսօր էլ այդպես է ու կարծում է դա ճիշտ է: Չեն կարող բոլոր ներկայացումները լավը լինել կամ ընդհակառակը, քանի որ թե աշխարհում, թե կյանքում և թե արվեստում ամեն ինչ կառուցվում է հակադրության վրա, և եթե չլինի վատը չենք իմանա նաև, թե որն է լավը: Թատրոնին միշտ պետք են որակյալ ներկայացումներ, գրագետ և տաղանդավոր դերասաններ, իսկ դերասանին տաղանդ, բանիմաց բեմադրիչներ և հավատարիմ հանդիսատես, ովքեր չեն խնայի և կշռայլեն դերասանին իրենց ծափահարությունները:
Դերասան Վարազդատ Փանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ Դորիան Գրեյի կերպարը հանրությանը ծանոթ էր, թե ֆիլմերից, թե ներկայացումներից որին մարմնավորել են բազմաթիվ տաղանդաշատ դերասաններ: Հետաքրքիր էր մարմնավորել մի կերպարի, որը ներկայացման ընթացքում հանդես է գալիս տարբեր հոգևիճակներում: Սկզբում լարվածություն կար, բայց երբ զգաց հանդիսատեսի ջերմությունը, հուզմունքն անցավ և ներկայացումն ընթացավ իր բնականոն հունով.
ՙՙՓորձում էի միջնորդ հանդիսանալ հեղինակի, ռեժիսորի և հանդիսատեսի միջև, որպեսզի հեղինակի խոսքը, ռեժիսորի մտահղացումները վերարտադրեի դերասանական խաղի և իմ զգացողությունների միջոցով և փոխանցել հանդիսատեսին: Վերջում քննությունը հաջող հանձնած ուսանողի պես թեթևություն զգացի՚՚:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Հ Հ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ը միացել է ֆինանսների նախարարությանը
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:
2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի քաղաքներում
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Իտալիայի Պեզարո քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Գրադարիի» պալատում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպվել էր տեղի փոքրաթիվ հայ համայնքի ջանքերով: Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները, և Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Անահիտ Թովմասյանը:
Միքելե Վեգները խոսեց հոր` Արմին Վեգների կյանքի ու գործունեության` որպես Հայոց ցեղասպանության ականատեսի վկայությունների, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը նրա նվիրվածության մասին և անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:
Անահիտ Թովմասյանը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի անունից ողջունեց ցուցահանդեսի բացումը և այն կարևորեց որպես հարգանքի տուրք 99 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ահավոր ոճրագործության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր ելույթում նա, մասնավորապես, նկատեց, որ Թուրքիան, բազում զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին, իր ժխտողական քաղաքականությամբ այժմ էլ փորձում է հայերին զրկել հիշողության իրավունքից: Նա ընդգծեց, որ այդ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը շարունակում է ապրել և իր անկախ պետականությամբ ու սփյուռքով հաստատակամորեն հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:
Միլան
Իտալիայի Միլան քաղաքի Սուրբ Ամբրոջիո եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հայր Թովմա Խաչատրյանի կողմից, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, մատուցվեց պատարագ: Պատարագի սկզբին ելույթ ունեցավ Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը: Ներկա էին նահանգային և քաղաքային իշխանությունների, տարբեր եկեղեցական համայնքների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը:
Ապրիլի 28-ին Միլանի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, խորհրդի անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Բարի
Իտալիայի Բարի քաղաքում տեղակայված հայկական խաչքարի մոտ, տեղի բնակիչ Ռուբեն Թիմուրյանի նախաձեռնությամբ, Մխիթարյան միաբանության հայր Գրիգորիս Սիրանյանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն կատարվեց: Ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Բարիի և Կազամասսիմա քաղաքների բնակիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Այնուհետև քաղաքապետարանի դահլիճում ընթերցվեց Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, որից հետո ցուցադրվեց Արտույտների ագարակը ֆիլմը:
