Համագործակցություն գինեգործության զարգացմանը նպաստող ծրագրերում

գյուղնախՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Վիեննայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Ռայներ Շտեպանին և Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի գլխավոր տնօրեն, միջազգային փորձագետ Սեպուհ Բաղդոյանին:

Պարոն Շտեպանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ համագործակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ և ներկայումս նպատակ ունի իրականացնել Հայաստանի գինեգործության զարգացմանը նպաստող ծրագիր, և, որ նախատեսում է նաև հետագայում Հայաստանում հիմնել գինու ակադեմիա: Որպես առաջին քայլ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել ճանաչողական այցով Հայաստան ժամանող փորձագետների այցի կազմակերպմանը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվի ծրագրի մշակումն ու իրականացումը:

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ևս կարևորեց այդ ծրագրերի իրականացումը և  նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ամեն կերպ կաջակցի այս ծրագիրը կյանքի կոչելու համար, հաշվի առնելով հայկական գինեգործության զարգացման հեռանկարները:

Սերգո Կարապետյանը որպես համագործակցության հեռանկարներ ունեցող ուղղություններ կարևորեց  կոոպերատիների ձևավորումը, անասնապահությունը և անտառային տնտեսությունը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն Աժ նախագահի թեկնածուի վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն վաղը

132707

Ազգային ժողովի նախագահի թեկնածուների վերաբերյալ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը՝ քվեարկությունից առաջ: Այս մասին ասացին ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նաև ավելացրեց, որ քառյակը միասնական թեկնածուով հանդես գալու հարց չի քննարկել, և իրենց համար անակնկալ էր Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը:

ԲՀԿ դիրքորոշումը այս ընտրության վերաբերյալ այն է, որ երկրի առջև ծառացած խնդիրները խորհրդարանում և Աժ նախագահի ընտրությամբ չեն լուծվում:

 

Անկախ

«Աստված ձեր ձայնը լսեր, ես էլ ունենայի բիզնես և բաժնեմաս». Գալուստ Սահակյան

Galust-Sahakyan2Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ից՝ Գալուստ սահակյանը, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Կենացները քաղցրանում են…»,-նշեց նա։

Գալուստ Սահակյանի ելույթից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նրան խնդրեց վերջապես պարզաբանել իր անվան շուրջ բիզնեսի հետ կապված լուրերը, բացի այդ, հանրությանը բացատրություններ տալ, թե արդյոք նա համարո՞ւմ է, որ որևէ պատգամավոր իրավունք ունի խախտել Սահմանադրությունը և համատեղել ձեռնարկատիրական գործունեությունը պատգամավորական մանդատի հետ:

Գալուստ Սահակյանն ասաց, որ կողմնակից է, որպեսզի պատգամավորներն ավելի ակտիվ լինեն և օրուգիշեր զբաղվեն պատգամավորական գործունեությամբ: Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, ապա նա նման օրինակներ չգիտի. “Կարող են բաժնետերեր լինել, դա օրենքով չի արգելվում: Իսկ ես դեռևս 1992 թվականին եմ արձագանքել այդ հարցին: Աստված ձեր ձայնը լսեր, ես էլ ունենայի բիզնես և բաժնեմաս: Ես որևէ բիզնեսից չեմ օգտվում, որովհետև դրանից բան էլ չեմ հասկանում: Բայց եթե հնարավորություններ ունենայի, ինչ որ տեղ ես էլ բաժնեմաս կունենայի:”:

Զուրաբյանն էլ հարցրեց, թե այդ օրինապաշտ օրինակով ինչո՞ւ չի օգտագործում իր ազդեցությունը նշված փաստերն ուսումնասիրելու համար. “Եթե կան նման խոսակցություններ, հրապարակումներ, պնդումներ, արդյոք չե՞ք գտնում, որ շատ առողջարար էֆեկտ կունենա բոլոր այդ փաստերի ուսումնասիրման նախաձեռնումը”:

Գալուստ Սահակյանը կրկնեց, որ ինքը բիզնեսով չեմ զբաղվում, սակայն նրա առաջարկն ընդունում է և կփորձի իր համեստ միջոցներով պեղել, թե խոսքը որ պատգամավորին և որ բիզնեսին է վերաբերում:

ԱԺ նախագահի մյուս թեկնածու Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով բիզնեսմեն պատգամավորների խնդրին, ասաց, որ դա հարվածում է խորհրդարանի ողնաշարը:

Միաժամանակ, նա ասաց, որ չի մեղադրում այն գործարարներին, որոնք գալիս են խորհրդարան. “Նրանք ստիպված են դա անում, ուրիշ ճար չունեն, գալիս են, որովհետև բիզնես աշխարհը օրենքի դաշտում չի գործում, և եթե մանդատն իրենց չպաշտպանի, կտան իրենց գլխին”:

Ռուբեն Հակոբյանը նաև հայտարարեց, որ պետությունը պետք է այդ գործարարների գործունեությունն ապահովի, որպեսզի խորհրդարանում էլ աշխատեն պրոֆեսիոնալները:

Ավելի ուշ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հանում է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը:

Աժ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 29-ին:

Անկախ

ԵՊՀ 95-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց գիտաժողովով

04-28-2014 UG gitajoxovՄեկնարկեց ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանը, որտեղ ներկայացվելու է շուրջ 400 գիտական զեկուցում:

Արդեն ավանդույթ դարձած երիտասարդական նստաշրջանի կազմակերպիչն է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը: Այսօր Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ` 3 օրերի ընթացքում աշխատանքները կընթանան 18 թեմատիկ բաժանմունքներում:

«Ուսանողական գիտական աշխատանքների չափորոշիչներն ու պահանջները հետևողականորեն բարձրացվում են: Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 4-րդ գիտական նստաշրջանն է, որ կազմակերպվում է այսպիսի մեծ ծավալով: Վերջին տարիներին հաջողվել է վերականգնել այս ավանդույթը, և մեզ համար շատ ուրախալի է, որ այսպիսի միջոցառումները դառնում են մեր առօրյայի անբաժանելի մասը: Այստեղ մեծ է ոչ միայն մեր ՈՒԳԸ ղեկավարների, այլև պրոֆեսորադասախոսական կազմի դերը, ովքեր աշխատում են ուսանողների հետ»,- նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Հոբելյանական գիտական նստաշրջանում զեկույցներ են ներկայացնելու շուրջ 400 ուսանող, ասպիրանտ և երիտասարդ գիտնական ԵՊՀ 19 ֆակուլտետներից, ՀՀ և ԼՂՀ շուրջ երկու տասնյակ բուհերից (այդ թվում՝ մարզային) և ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտներից: Չնայած այն հանգամանքին, որ գիտաժողովը հանրապետական բնույթ է կրում, այնուամենայնիվ կան նաև մի քանի մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից:

«Մասնակցության հայտերի ընդունման գործընթացին զուգահեռ` մենք հավաքել ենք նաև զեկուցման ամբողջական տարբերակները՝ հետագայում դրանց տպագրության գործընթացը կազմակերպելու համար: Գիտական նստաշրջանի ավարտից հետո մասնակիցներին տրվելու է մեկ շաբաթ ժամանակ՝ աշխատանքներում լրամշակումներ կատարելու համար: Տպագրվելու են միայն այն աշխատանքները, որոնք կերաշխավորեն ֆակուլտետների գիտխորհուրդները»,- ընդգծեց ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը:

95-ամյա ԵՊՀ-ի ամենահին ֆակուլտետներից մեկի՝ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ ողջունեց գիտության ուղին բռնած երիտասարդներին՝ ընդգծելով, թե ինչքան կարևոր են նրանց համար այսպիսի միջոցառումները: «Գիտաժողովը գիտական աշխատանքների հանրագումարային ստուգատես է, որտեղ երևում են ուսանողի գիտելիքներն ու գիտական աշխատանք կատարելու հմտությունները: Այն միաժամանակ հետագայում գիտության մեջ լուրջ հաջողությունների հասնելու հնարավորություն է տալիս: Մենք բոլորս էլ ժամանակին եղել ենք Ուսանողական գիտական ընկերության անդամներ և աստիճանաբար հասել որոշակի հաջողությունների»,- ասում է պարոն Մինասյանը:

Անակնկալ այց ՀՀ զինված ուժերի զորամաս

պնԱպրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:

Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը:

Անկախ

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի օրը Պանթեոնը մարդաշատ էր

Շիրազ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Հովհաննես Շիրազիծննդյան 100–ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն՝ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Հոբելյանական միջոցառումներընախապատրաստողկառավարականհանձնաժողովի անդամները, բազում արվեստագետներ, արվեստասերներ։

Հանձնաժողովի անդամներն ու ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել բանաստեղծի շիրիմին։

Դպրոցականներն ասմունքել են, ապա ներկաները ունկնդրել են նաև հեղինակի ընթերցմամբ ձայնագրություններ։

Հովհաննես Շիրազի 100–ամյակի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվելու Երևանի հանրակրթական և արվեստի դպրոցներում։ Տարին ամփոփվելու  է հոկտեմբերին՝ հոբելյանական երեկոյով։

Հոբելյանական տարին նշանավորվելու է Հովհաննես Շիրազի որոշ ստեղծագործությունների վերատպագրմամբ։

Հոբելյանական միջոցառումներընախապատրաստողկառավարականհանձնաժողովի անդամ է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

 Անկախ

Կայացել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարԱպրիլի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.05 դրամ:

 Անկախ

Այսօրվա երեխայի մոտ բացակայում է վախի զգացումը. ուսուցչուհի

Լաուրա Ավետիսյան,Տիգրանուհի Ղազարյան«Բազմաթիվ պայմաններ կարող են դառնալ երեխայի ոչ կառավարելի վարքի համար: Կան տարիքային ճգնաժամի մի քանի փուլեր, որոնք տեղի են ունենում հետևյալ հասակներում` մեկ տարեկան, երեք տարեկան, յոթ տարեկան և դեռահասության շրջան», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հոգեբան՝Լաուրա Ավետիսյանը: «Երեք տարեկանը կարևորագույն շրջան է երեխայի զարգացման համար, քանի որ հենց այդ տարիքում է ձևավորվում անձի «եսը», անհատականությունը. Եթե այդ տարիքում խնդիրները չլուծվեն, ամբողջ կյանքում նա չի փոխվի»,-ընդգծեց հոգեբանը:

 

Երևանի թիվ 115 ավագ դպրոցի ուսուցչուհի՝ Տիգրանուհի Ղազարյանը գտնում է, որ երեխան սկսվում է դաստիարակվել ներարգանդային վիճակից մինչև մահ և , թե, որ տարիքում է նա դառնում անկառավարելի, կախված է հանգամաքներից. «Դաստիարակությունն այսօր բոլորը յուրովի են հասկանում: Գողացողի համար գողանալը անդաստիարակություն չէ, իսկ երեխան, որ ստանում է նման դաստիարակություն վաղվա նախագահն է, վարչապետը, պատգամավորը, ով կարող է աշխատանքում իրեն դրսևորել այնպես, ինչպես դպրոցում»,- նշեց ուսուցչուհին, հավելելով, որ երեխան պետք է դառնա ընտանիքի լիիրավ անդամ. չպետք է նրանից թաքցնել որևէ բան, չպետք ասենք` չէ, նա երեխա է , թող նա չխառնվի խնդիրներին:

 

Ե´վ հոգեբանը, և´ ուսուցչուհին համաձայն են այն մտքի հետ, որ ժամանակակից սերունդը ավելի ազատ է դարձել. «Երեխաները ներկայումս ունեն  ինֆորմացիայի ավելի մեծ պաշարներ, և շատ են տարբերվում այն սերունդից, որ մեծացել է խորհրդային տարիներին»,- ասաց հոգեբանը:

«Այսօրվա երեխայի մոտ բացակայում է վախը, նա ավելի ըմբոստ է, դարձել է ավելի մեծ անհատականություն: Եթե նախկինում երեխան ասում էր` «մենք կարծում ենք», այժմ ասում է`« ես կարծում եմ»: Կարծում եմ` այսօրվա դպրոցը հպարտանալու տեղ ունի»,- նշեց Տիգրանուհի Ղազարյանը

Անկախ

Վարդան Այվազյանը գյուղացիների դարդն է լացու՞մ, թե՞ իր արդյունաբերության. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԻնչու է կառավարությունը հանդես գալիս Սևանա լճից 70 միլիոն խմ մետր հավելյալ ջուր բաց թողնելու առաջարկով: Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, որովհետև Արարատյան դաշտավայրի ջրային մակերեսը կրճատվել է ավելի քան 67 տոկոսով: Իսկ թե ինչու է նման բան տեղի ունեցել, պատգամավորը բացատրեց. «Որովհետև ձկնաբուծական ընկերությունները կառավարության թողտվությամբ անվերահսկելի կերպով խորքային հորեր են բացել, այդ հորերից ջրերը լցրել իրենց անբարները և այդ ամբարներում ձուկ են աճացրել, ձուկը վաճառել, շահույթ ստացել, իսկ ջուրը թափել դրենաժային համակարգերը, որն էլ հոսելով գնացել է: Այսինքն, տեղի է ունեցել  մի քաղաքականություն, որ մեր ջուրը արտեզյան ջրամբարներից հանվել է և լցվել Կասպից ծովը»: Փաշինյանը, հակադարձելով Վարդան Այվազյանի խոսքը, թե գյուղացին ջուր չունի, ասաց. «Դուք եք գյուղացու ջուրը վերցրել, լցրել էստեղ-էնտեղ, ձուկ արտադրել, շահույթ ստացել: Ո՞վ է մեղավոր, դուք եք մեղավոր»: Պատգամավորը համեմատում է, որ Սևանա լճից 5 տարում 350 միլիոն խմ հավելյալ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծ ներկայացնելը նույնն է, որ բանկի սեփականատիրոջը գան ասեն՝ բանկիցդ 350 միլիոն դոլար է կորել, ասի՝ ոչինչ, դոշակի տակ պահած փողերից տարեք-դրեք տեղը: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, նորմալ սեփականատերը պետք է նախ իրավական գնահատական տա այդ ամենին, դիմի իրավապահ մարմիններին և հետաքննություն կանցկացնի պարզելու համար, թե որտեղ է կորել այդ գումարը: «Հակառակ դեպքում, էն, ինչ որ դրվում է տեղը, մի քանի տարի հետո նույն ձևով կանհետանա»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ջրային պաշարների նվազման հարցին իրավական գնահատական տրվի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ մի քանի տարի հետո կարող է Սևանն էլ չորանալ: «Մամուլում շրջանառվում է ձկնաբուծության ոլորտում շատ լուրջ ազդեցություն ունեցող անձանց անուններ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյան, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյան, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյան, ես չգիտեի, բայց անցած քառօրյայում Հովիկ Աբրահամյանն ինձ ասաց, որ Վարդան Այվազյանն էլ է այդ լուրջ գործով զբաղվում: Հիմա հետաքրքիր է ՝ Վարդան Այվազյանն էդ ինչի է գյուղացիների դարդը լացում: Գյուղացիների դարդն է լացու՞մ, թե՞ իր արդյունաբերության»: Պատգամավորի խոսքով՝ այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս ժամանակակից հայկական տնտեսական հրաշքի սնամեջ լինելը: Բանն այն է, որ Հայաստանից որևէ այլ գյուղատնտեսական արտադրանք արտահանման նման ծավալ չի ունեցել, ինչ որ ձկնամթերքը: Ընդ որում՝ արտահանման մեծ մասը բաժին է հասնում Ռուսաստանին, որ տեղակայված է 2 օվկիանոսների, տասնյակ ծովերի ափերին և իր տարածքում մի քանի տասնյակ նավարկելի գետեր ունի: Հարց է ծագում. ո՞րն է հայկական ձկի՝ Ռուսաստանի շուկայում մրցունակության գաղտնիքը»: Ըստ Փաշինյանի, ամեն ինչ շատ պարզ է՝ արտահանողները արտահանել են, միլիոնավոր դոլարների շահույթ ստացել, իսկ դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը վճարել է իր ազգային հարստությամբ՝ ի դեմս Արարատյան դաշտի արտեզյան ավազանի:

Անկախ

Վարդան Այվազյանն առաջարկեց կտրել իր ձեռքը, եթե ինքն է գողանում Սևանի ջուրը

g_imageՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանում  “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” հարցի քննարկման ժամանակ շտապեց պաշտպանել Սևանից հավելյալ 70 խմ ջուր բաց թողնելու նախագիծը:

«Կարծես՝ հիշողության կորուստ է: 2006 թվականի դեկտեմբերին ՀՀԿ-ն ընդունեց պատմական որոշում՝ էներգետիկ նպատակով Սևանա լճից ջրի բացթողումն արգելելու մասին: Ցանկացած գաղափար կարելի է սևացնել՝ ինչպես ուզում եք: Հերի՛ք է բառախաղով զբաղվեք: Էդ գյուղացիքին ջուր որտեղի՞ց եք տալու: Խոսում եք արտագաղթից ու ասում եք՝ եկեք ջուր չտանք: Էս ի՜նչ մի սկսեցիք կասկածել ադրբեջանական համագործակցության մեջ: Միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք, պրծնեք: Խոսելով հո չի՞, էդ անտեր լեզուն ոնց ուզում, պտտվում ա: Բայց որ արդեն թվեր են խեղաթյուրվում, դա է ինձ անհանգստացնում»,-վրդովվեց Վարդան Այվազյանը:

Նա ասաց, որ համամիտ է Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների անխնա օգտագործման հետ, երկու ձեռքով կողմ է ավելի խիստ չափանիշներ դնելուն: Պատրաստ է նաև միանալ Սևանա լճիից ջրի կորուստների ստուգման հարցով զբաղվելուն. «Եկե՛ք նայենք, որ մի խորանարդ մետր ջուր չգողանան: Եթե ես եմ գողանում, իմ ձեռքը կտրենք, մեկ ուրիշն է գողանում, նրա ձեռքը կտրենք: Անխնա օգտագործողներին եկեք պատժենք»,-առաջարկեց Այվազյանը:

Նա կառավարությանը քննադատողներին  հիշեցրեց, որ այս «շատ վատ կառավարության» գալուց հետո Սևանը հասցվել է 1960 թվականի մակարդակին: «Իսկ էն մի իշխանությունը, որը շատ լավն էր, ջուրն իջացրեց ամենացածր մակարդակի»,-ակնարկեց նա ՀԱԿ-ին:

 

Անկախ

Եգիպտոսում մահապատժի դատապարտվածների թվը հասել է 683-ի

եգիպտոս     Եգիպտոսում 2013 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հակառակորդ լինելու մեղադրանքով մահվան դատապարտվածների թիվը հասել է 683-ի: Վերջիններիս թվում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության մի շարք անդամներր, ինչպես նաև ղեկավար կազմից Մուհամեդ Բադիան: Նշենք, որ սկզբնապես մահապատժի էին դատապատվել 528 հոգի, սակայն այն կիրառվել էր միայն 37 հոգու նկատմամբ, մյուս 491 հոգին ցմահ ազատազրկում էին ստացել:

Անկախ

Արամ Մանուկյանը կոչ է անում հետաքննել Սևանից ջուր բաց թողնելու իրական դրդապատճառները և իրական ծավալը

123416ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Սևանից հավելյալ 70 միլիոն խմ ջրի բացթողումը համարում է չհիմանվորված և Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների անթույլատրելի քանակի օգտագործման հետևանք:

Նա հիշեցրեց, որ վերջին 60 տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 16 մետրով, և դա էկոլոգիական լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ: “Անգամ լույս չեղած տարիներին կառավարության այդքան ջուր դուրս չի եկել”,-ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ կառավարությունը նպատակային ձևով վերջին 3-4 տարվա ընթացքում դադարեցրել է Սևանա լճի մակարդակի բարձրացումը:

Ի դեպ, նա նաև նշեց, որ 2011 թվականին, երբ Հայաստանը միացել է Բալթյան համակարգին, թղթի վրա 20 սմ-ով Սևանի մակարդակը արհեստականորեն բարձրացվել է:

Արամ Մանուկյանը կարծում է, որ ոռոգման խնդրով պայմանավորված չէ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու խնդիրը, այլ դրանով իրականում այլ խնդիրեր են լուծվում՝ այդ թվում նաև Սևանա լճի շուրջ հավելյալ կառույցների պաշտպանվածության հարցը:

Բացի այդ, պատգամավորը հաշվարկել է, որ ջրի բացթողումը տարեկան միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում: “Մեր չինովնիկները և Սևանը պահելու համար են փող աշխատում, և Սևանից ջուր բաց թողնելով: Կրկնակի բիզնես է”,-ասաց նա:

Մանուկյանը հիշեցրեց երկրի նախագահի և կառավարության հայտարարությունները, որ պետք է 3 ջրամբարներ կառուցվեն: Մինչդեռ պատգամավորը դիմել է կառավարություն և ստացել է պատասխան, որ այդ ջրամբարների կառուցման համար դեռևս նախագծեր չկան: “Այդ խնդիրը չլուծելու համար առնվազն պետք է կառավարությանը դատի տալ”,-ասաց նա:

Պատգամավորը հարց բարձրացրեց՝ եթե կառավարությունը ջրամբարների կառուցման հարցը չի կարողանում լուծել, այդ դեպքում ինչո՞ւ վաճառեց Որոտանի չորս կասկադները և այն էլ իր արժեքից այդքան պակաս գնով: Ընդ որում, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այդ չնչին գումարն էլ դեռևս չի փոխանցվել:

Դիմելով լրագրողներին՝ նա կոչ արեց հետաքննություն անել, քանի որ իրենք տեղեկություն ունեն, որ Սևանից բաց է թողնվելու օրենքի նախագծով առաջարկվող 70 միլիոն խմից ավելին՝ ջրառը հասնցենլով ընդհուպ 500 խմ-ի:

Նրա ձեռքին է նաև էկոլոգների դիմումը, որով խնդրում են Սևանի հետ կապված քվեարկությունը չիրականացնել:

“Ամոթ է, որ Հայաստանում կան գիտնականներ, որոնք պնդում են, թե Սևանի բարձրացումը կարող է վնասել լճին՝ առաջացնելով էկոլոգիական վտանգ”,-հավելեց նա:

 

Անկախ

Գողական հասկացությունը Հայաստանում լղոզվել է. Սերգեյ Գալոյան

սերգեյ գալոյան«Այն երկրներում, որոնք մասնակցել են պատերազմին, հսկայական քանակությամբ  զենք է ներմուծվել: Եթե մի տեղ զենք կա, ապա դա կրակելու է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը` հավելելով. «Այսօր իրեն գողական կարող է համարել 3-րդ մասի շուկայում կանգնած մի ջահել տղա, որն իր գրպանում ունի կիսատ, ժանգոտած մի դանակ, քանի որ այդ հասկացությունը մեզ մոտ լղոզվել է»:

Նա քրեական աշխարհի վերջին կարևոր նորությունն է համարում Արտյոմ Սարգսյանի ձերբակալությունը: Գալոյանը տեղեկացրեց, որ Արտյոմ Սարատովսկի անունով հայտնի անձը ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է կնքվել «օրենքով գող». «Արտյոմ Սարատովսկու ձերբակալությունը շատ սովորական սխեմայով գնաց, նրա մոտ հայտնաբերեցին թմրանյութ, որը մարդուն ձերբակալելու լավագույն ձևն է: Հետո մեղադրեցին սպանություն կազմակերպելու և իրականացնելու մեջ: Ինչի՞ ձերբակալվեց նա: Այս տղան շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա, այս մարդը բավականին ուժ ունեցող մարդ է »,- ասաց նա:

Սերգեյ Գալոյանը նշեց, որ, եթե որևէ մեկի մտքով անգամ կանցնի, որ կրիմինալ աշխարհը որևէ երկրում իշխանությունների հետ կապ չունի, կսխալվի. «Ազգային ժողովի պատգամավորները ասում են` օրենքը ես եմ գրել (թեև այն նրանց  փոխարեն մի խելոք մարդ է գրել), ես էլ կխախտեմ այն»,-ասաց քրեագետը, ընդգծելով, որ պատգամավորի անձեռնմխելիության կարգավիճակը ևս նպաստում է  օրինազանցությանը:
Սերգեյ Գալոյանը այժմ գրում է մի գիրք Գյումրիում կատարվող հանցագործությունների մասին. «Սարսափելի հանցագործություններ են կատարվում այդ քաղաքում: Գյումրիում կրակոցները սովորական են դարձել»,-նշեց նա:

Անկախ

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԱպրիլի 27-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Միցուբիշի Աերթրեք» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 54/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արագած-Ծաղկալանջ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասսատ» և «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն Պասսատ»-ը բախվել է Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Մոնտեռո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Ստեփանավան ճանապարհի 122-րդ կմ-ին «ՈւԱԶ Հանտեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել գետը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 40-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններու, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 15.30-ին, Մեղրի-Ալվանք ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՅՈւՄԶ-6» մակնիշի էքսկավատորի:
«Օպել»-ի ուղևորուհին աջ քունքային շրջանում կտրած պատռած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 26-ին, ժամը 13.50-ին, Բերդ-Տավուշ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը

Անահիտ ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն աշխատանքային պայմանագիր է կնքել Ձեզ հետ ու անցած 2,5 տարիների ընթացքում հասցրել է թ.70 ՊՈԱԿ-ի կնիքով իրականացնել տարբեր անօրինական ֆինանսական գործարքներ, որոնք հակացուցված են ուսումնական հաստատության տնօրենի համար:

Տնօրենի անօրինական գործողությունները ոչ միայն չեն բացահայտվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և ֆինանսական վարչությունների կողմից, այլև ԶԼՄ-ների հրապարակումներից, դատարանի վճռից և իմ կողմից հանցագործության մասին հաղորդումից հետո, երբ մինչև վերջ բացահայտվեց արկածախնդիր, կրթօջախի տնօրենին հակացուցված կերպարը, նրան առնվազն աշխատանքից ազատելու փոխարեն տվեցին սուս-փուս դիմում գրելու ու գնալու հնարավորություն:

Չեմ կարող զուգահեռ չանցկացնել Երևանի թ.17 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու և այս տնօրենին իր դիմումի համաձայն ազատելու դեպքերի միջև: Առաջինի դեպքում տնօրենը, ըստ Ձեր հայտարարության, հարվածել էր մի աշակերտի, որն, իհարկե, երբեք խրախուսելի չէ,  պարզվեց՝ Մհեր Սեդրակյանի հովանավորյալն էր, երկրորդն էլ ոտնձգություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ, սակայն Ձեր կողմից թույլ տրվեց իր դիմումի համաձայն ազատվել, որովհետև, թույլ տվեք եզրակացնել, որ այս դեպքում էլ տնօրենն էր հովանավորված նույն Մհեր Սեդրակյանի կամ չգիտեմ ում կողմից:

Հասարակությունն այս ամենը տեսնում և հասկանում է, ինչպես նաև  պահանջում է, որ բոլոր պետական պաշտոնյաները  օրենքին և օրինականությանը հետևելու օրինակ  ծառայեն, իսկ այս դեպքը ճիշտ հակառակի մասին է վկայում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

խորհրդակցություն քաղաքապետի մոտԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը: Հանձնարարվել նաև բակերի բարեկարգման աշխատանքների ժամանակացույցն այնպես կազմակերպել, որ բնակիչներն օր առաջ հնարավորություն ունենան իրենց հանգիստը կազմակերպելու հենց հարակից բակերում. «Երևանի համաչափ զարգացումն ունենալով որպես գերակայություն՝ մենք այս տարի ևս շարունակում ենք բակերի բարեկարգման ծրագրերի իրականացումն ու այս տարի շուրջ 600 բակեր կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Եվ հաշվի առնելով, որ բակերում տեղադրվող խաղային ատրակցիոնների և մարզական գույքի առաջին խմբաքանակն արդեն մեր տրամադրության տակ է, նախաձեռնեք դրանց տեղադրման աշխատանքները՝ այդ ամենը համաձայնեցնելով տարածքի բնակիչների հետ ու նաև խստորեն հետևեք, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակով և ավարտվեն սահմանված ժամանակացույցի համաձայն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բացի այս, երևանցիների կարծիքներն ու առաջարկները ընդհանուր քաղաքի մասով մեկտեղելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է մայիսի 1-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առավել մարդաշատ վայրերում կրկին տեղադրել առաջարկությունների արկղերը:

Հիմնանորոգվող փողոցների մասով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով տվյալ աշխատանքների ավարտից հետո ասֆալտի շերտի քանդման թույլտվություններ տրամադրելու բացառման պահանջը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին մեկ անգամ ևս տեղեկացնել, որ  նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկն ավարտեն հաղորդուղիների հետ կապված նորոգման և հիմնանորոգման նախատեսված աշխատանքները. «Արդեն իսկ հստակ է հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի, այն տրամադրեք նաև «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլևս քանդման անհրաժեշտություն չառաջանա: Բացի այդ, խստորեն հետևեք նաև, որ վերոնշյալ ընկերությունները վթարների վերացման նպատակով իրականացվող աշխատանքները կատարեն սահմանված ժամկետներում և պատշաճ որակով: Ընդ որում, խստորեն վերահսկեք, որ մեր կողմից տրված թույլտվության շրջանակում ասֆալտի շերտի քանդումը իրականացնեն հենց վթարի հատվածում, այլ ոչ թե ամբողջ փողոցը վերածեն խրամատների»- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ընթացիկ տարում նախատեսված կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է նաև մշտական հսկողության տակ պահել սիզամարգերի խնամքը, ծաղկապատման գործընթացը և ոռոգման համակարգի ընդլայնմանն ու շահագործմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Սևանի վտանգը չի գիտակցվում. Կարինե Դանիելյան

բնապահպաններ“Այս տարի սակավաջուր տարի է, Արարատյան դաշտավայրի ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, իսկ ջրի պահանջարկը մեծ է”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սակավաջրության պատճառներից կարող են լինել ձկնաբուծարանները, տեղումների քանակը և այլ գործոններ:

Իսկ “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ, իսկապես, Արարատյան դաշտի հետ կապված խնդիր կա. այն կանգնել է անապատացման վտանգի առջև, սակայն խնդրի լուծման այլ տարբերակներ է պետք մտածել, քանի որ միջազգային փորձագետները փաստում են, որ լճի մակարդակի բարձրացման արդյունքում  են միայն բարելավվում Սևանի բոլոր ցուցանիշները` քիմիական, կենսաբանական, սանիտարական: Նա նշեց, որ մասնագետները վկայում են, որ Սևանի ինքնամաքրման ներուժը շատ բարձր է և մակարդակի բարձրացումը կանգնեցնել նշանակում է մեծ հարված հասնել Սևանին, ուստի, անընդունելի է Սևանա լճից 5 տարի ժամկետով մինչև 240 մլն խմ ջրառի թույլտվությունը:  “Մեզ հատկապես լճի մակարդակի բացասական բալանսի հնարավորությունն է հետաքրքրում”,-նշեց Կարինե Դանիելյանը:

Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ Սևանի մասին օրենքը, իհարկե, նախատեսում է ռիսկային տարում սահմանված չափից ավելի ջուր վերցնել, սակայն ինչո՞ւ 5 տարով: “Կառավարությունն ու Ազգային ժողովը չեն փախչի: Այսօր վստահություն չկա, որ հինգ տարի շարունակ մեզ այդքան ջուր է հարկավոր”-նշեց Կարինե Դանիելյանը: Նաև հավելեց, որ 2007-2013թթ. Արարատյան դաշտում արտեզյան ավազանից թույլատրելի քանակից 2 անգամ ավել ջուր է վերցվել, և  իշխանությունն  այսօր այդ սխալը փորձում է լուծել մեկ այլ սխալով, և Սևանի իրական վտանգը պարզապես չի գիտակցվում:

Իսկ “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը 5 տարի ժամանակահատվածը բացատրեց նրանով, որ այս ժամանակահատվածում աշխատանքներ են տարվելու ` կառուցվելու են ջրամբարներ, Եղվարդի  ջրամբարն է վերականգնվելու, նաև կառուցվելու է Վեդու ջրամբարը և այլն:

Հիշեցնենք, որ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 5 տարվա ընթացքում Uևանի ջրի բացթողնման տարեկան չափաքանակ է սահմանվելու 240 մլն խմ՝ ներկայիս 170 մլն-ի փոխարեն:

 

Ամեն ինչի համար կվճարի Սևանը. խորհրդարանում քննարկվում է վիճահարույց օրինագիծը

imagesԱյս պահին խորհրդարանը քննարկում է “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” հարցը:

Նախագծով նախատեսվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով: Օրենքի նախագծի դեմ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ բնապահպաններ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ 2001 թվականից ի վեր՝ “Սևանի մասին” օրենքն ընդունվելուց հետո, կառավարությունն ընդամենը երկու անգամ է դիմել խորհրդարանին ջրառը ավելացնելու համար, սակայն դա արել է ստիպված:

“Արդյոք մենք իրավունք ունե՞նք Արարատյան դաշտավայրին ջուր չտալու ոռոգման համար, բոլորն էլ համամիտ են, որ ոչ: Մյուս կողմից , մենք թույլատրել ենք տնտեսության և ձկնարտադրության զարգացման համար օգտագործել Արարատյան դաշտավայրի ջրերը”,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ձկնարտադրության հարցը պետք է լուծել 3-4 տարվա մեջ՝ ձկնարտադրողներին աստիճանաբար հանելով Արարատյան դաշտավայրից և թողնելով, որ ջրային պաշարները վերականգնվեն:

Խոսելով Ախուրյանի ջրամբարի ջրառի հետ կապված հարցի մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ Թուրքիան արդեն Արաքսի վտակների վրա հինգերորդ ջրամբարն է կառուցում, մինչդեռ, ըստ բոլոր միջազգային պայմանագրերի, այն պետք է օգտագործվի համատեղ:

“Այսինքն, Թուրքիան արդեն մեկուկես միլիարդ խմ վերցնում է, իսկ ինչ մնում է՝ կիսում է մեզ հետ: Մենք այստեղ լուրջ խնդիր ունենք և պետք է ռեսուրսներ չխնայենք ջրամբարներ կառուցելու համար: Բացի այդ, պետք է շարունակենքնաև Սևանա լճի բարձրացման մակարդակը”:

Ինչ վերաբերում է Սևանից հավելյալ ջուր հանելուն, ապա Հակոբ Հակոբյանը այս պահին դրան այլընտրանք չի տեսնում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ հայտարարեց, որ իրենք անընդունելի են համարում այս օրինագիծը: “Ակնհայտ է, որ սա լուրջ խնդիրներ է առաջացնելու՝ հակասելով 2001 թվականին ընդունված “Սևանա լճի մասին օրենքին”, վտանգելու է լճի էկոհամակարգը, նպաստելու է լճի ճահճացման գործընթացին”:

Նա նաև դեմ արտահայտվեց արհեստական կերով 50 գազար տոննա ձկան աճեցումը Սևանում:

Փոխարենը առաջարկեց ձեռնամուխ լինել “Սևանա լճի մասին” օրենքով սահմանված գործառույթներին:

Խոսելով Արարատյան դաշտավայրի սակավաջրության և դրա հետևանքով առաջացած իրավիճակի մասին՝ նա ասաց, որ այս ծանր իրավիճակն առաջացել է ջրային պաշարների անխնա օգտագործման հետևանքվո՝ մասնավորապես ձկնաբուծարանների շահագործման հետ կապված:

“Ո՞վ է այդ ամենի համար պատասխան տվել,-հարցրեց պատգամավորը,-կառավարությունը հիմա գտել է ամենահեշտ լուծումը՝ ամեն ինչի համար կվճարի Սևանը: Այս վիճակի գլխավոր պատճառը ոչ արդունավետ կառավարումն է, կոռուպցիան, ամենաթողությունն ու սեփական բիզնես շահերի սպասարկումը”:

Հարցը քննարկումը շարունակվում է:

Անկախ

 

Մեծամասնությունը մերժեց 4 ուժերի առաջարկը, ՕԵԿ-ն իրեն ընդդիմություն հռչակեց

nkar aj1Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյան, որը բավականին հագեցած է: Այս քառօրյայում քվեարկության են դրվելու ոչ միայն մի շարք խնդրահարույց օրինագծեր, այլև կատարվելու է ԱԺ նախագահի փակ, գաղտնի ընտրությունը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այսուհետ ՕԵԿ-ը խորհրդարանում հանդես կգա որպես ընդդիմություն:

Շարմազանովը տեղեկացրեց, որ ԿԸՀ որոշմամբ՝ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակից ԱԺ պատագամավոր են գրանցվել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը և Վահրամ Մկրտչյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի անունից 20 րոպես ընդմիջում խնդրեց՝ քննարկելու լրացուցիչ վճարների, տուրքերի և տուգանքների, արագաչափերի, նկարահանող սարքերի, վճարովի ավտոկայանատեղիների, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձանժողով ստեղծելու հարցը:

Հիշեցնենք, որ ամսի 23-ին խորհրդարանում այդ հարցով կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ, որի վերաբերյալ, սակայն Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Քսան րոպե անց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հարցը քննարկվել է խմբակցությունում, և իրենք դեմ են քվեարկելու նախաձեռնությանը, քանի որ, ըստ էության բոլորը՝ այդ թվում նաև կառավարությունն ու իշխող ուժը, համամիտ են, որ օրենքում փոփոխություններ անելու կարիք կա, և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ փաստորեն, մեծամասնության դիրքորոշումն այն է, որ այս նախագծի ընդունումը կնշանակի անվստահությւն կառավարության նկատմամբ: “Սա վկայում է շատ ապակառուցողական դիրքորոշման մասին”,-ասաց նա:

ԲՀԿ անունից հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը. “Այո, մենք գնացինք կոմպրոմիսի՝ մտածելով, որ խորհրդարանական լսումերը կարող են որոշակի լուծում տալ, սակայն մենք մնում ենք մեր համոզմանը, որ հարցը պետք է լուծվի այստեղ ՝ խորհրդարանում, քանի որ մեր տպավորությամբ պատկան մարմինների դիրքորոշումն այն է, որ որ նրանք, որոնք զբաղված են այդ արագաչափերով, օժտված են աննախադեպ անձնազոհությամբ: Այնպես որ, մենք կողմ ենք այդ հանձնաժողովի ստեղծմանը:”:

Հարցը դրվեց քվեարկության և չընդունվեց՝ 51  կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այս պահին խորհրդարանը քննարկում է “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով:

Օրենքի նախագծի դեմ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ բնապահպաններ:

Անկախ

Հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՈստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 24-ին, ժամը 18.10-ին, Շիրակի մարզի Մայիսյան գյուղից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Կարեն Կ.-ն, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: