Ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

երթ1ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից Անկախին հայտնեցին, որ ապրիլի 24-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և “STR” ավտոսիրողների ակումբ” հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:

երթԺամը 13.00-ին Հանրապետության հրապարակը լի էր սպորտային մեքենաներով, մոտոցիկլետներով և նրանց վարորդներով, ովքեր այս երթի միջոցով շնորհակալություն էին հայտնում Հայոց մեծ եղեռնը ճանաչած և դատապարտած երկրներին ու կոչ անում մյուսներին նույնպես ճանաչել և դատապարտել 20-րդ դարասկզբի այդ մեծագույն ոճիրը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց. “Մենք երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանը և կստիպեն Թուրքիային առերեսվել պատմության հետ: Այս ավտո-մոտո երթով ևս մենք ուզում ենք ի լուր աշխարհի ցույց տալ, որ պահանջատեր ենք Հայ դատի և շարունակելու ենք բարձրացնել հարցը միջազգային ատյաններում՝ դրան իրավական լուծում տալու համար: Ճանաչում և հատուցում` սա է մեր պահանջը Թուրքիայից: Թուրքիայի կողմից վերջին հայտարարություններն էլ ևս վկայում են, որ իրենց հեշտ տարի չի սպասվում”:

Հանրապետության հրապարակից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սևանի թերակղզի: Սևանավանքում նրանք կմասնակցեն մոմավառությանը: Կմատուցվի նաև պատարագ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին:

Անկախ 

Վախճանվել է Կոնստանտին Օրբելյանը

կոնստանտին օրբելյան86 տարեկանում վախճանվեց ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը:Ստորև Անկախը ներկայացնում է տաղանդավոր երաժիշտի կենսագրությունը:

Կոստանտին Աղապարոնի Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում: Կոստանտինի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան դեռևս վաղ մանկուց: Կոստանտինի ավագ եղբայրը` Գարին, հաճախ ստեղծագործում էր դաշնամուրով և լսողությամբ կատարում էր այն ժամանակ արդիական համարվող երգերի մեղեդիները: Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ հնգամյա կրտսեր եղբայրը հեշտությամբ նվագում էր Գարիի կատարմամբ հնչած երաժշտությունը:

Ընդունակ տղային ընդունեցին Բաքվի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների դպրոց: Սակայն Կոստանտինին վիճակված չէր երկար ուսանել: 1936 թվական… երկրում տիրող արյունալի հալածանքները հարվածեցին նաև Օրբելյանների ընտանիքին. ձերբակալվեց, այնուհետև գնդակահարվեց հայրը` Աղապարոն Սուլթանի Օրբելյանը, երկու տարի անց` 1938 թվականին, ձերբակալվեց և 5 տարով ստալինյան ճամբարի դատապարտվեց մայրը` Սոֆյա Միքայելի Աթարբեկովան: Նրան արդարացրին միայն 1953 թվականին: Գարին և Կոստանտինը մնացին միայնակ` միաժամանակ դառնալով հասարակության աքսորյալներ,«ազգի թշնամիների զավակներ»:

Կոստանտինին անմիջապես հեռացրեցին «հեղինակավոր» երաժշտական դպրոցից: Սակայն անհրաժեշտ էր որևէ կերպ գոյություն պաշտպանել: Գարին ընդունվեց դպրոց` որպես ուսուցիչ, իսկ 11 ամյա Կոստանտինը գումար էր վաստակում` մարզային «Буревестник»-ի մարմնամարզիկներին նվագակցելով: 1940-ին Գարիին զորակոչեցին բանակ: Մեկ տարի անց սկսվեց պատերազմը: 1942 թվականին Կոստանտինին` որպես դաշնակահար և ակորդեոնահար ընդունեցին 8-րդ օդաչվական կորպուսի ջազային բաժին, ուր ձևավորվեց այն ժամանակահատվածի համար լավ երաժշտական խումբ: 14 ամյա երաժիշտը դարձավ զինվորական նվագախմբի սանը: Մի օր հյուրախաղերով ժամանեց Երևան: Հայ ջազ երաժիշտներն իրենց համար «բացահայտեցին» երիտասարդ ստեղծագործողին: Տաղանդավոր երաժշտի վրա ուշադրություն դարձրեց և որոշեց իր խումբ հրավիրել Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադիր և ղեկավար Արտեմ Այվազյանը: Իրենց համատեղ աշխատանքի սկզբն Օրբելյանը միշտ հումորով է մտաբերում:

Հեռուստածրագրով հենց իր` Այվազյանի կողմից կանչվելով` Կոստանտինը շտապեց մաեստրոյի մոտ այնպես, ինչպես կար` ոչ այնքան ներկայանալի տեսքով: Հանդուգն բնավորությամբ հանդերձ, նա մի միանգամից մի քանի քննադատական դիտողություն արեց Հայաստանի նվագախմբի վերջին ելույթի վերաբերյալ: Այվազյանը, լսելով երիտասարդին, յուրովի ընդունեց մարտահրավերը և առանց նախնական փորձերի և նախապատրաստության, Օրբելյանին անմիջապես «դուրս բերեց» էստրադա հերթական համերգի ժամանակ: Սակայն Կոստանտինը ոչ միայն չշփոթվեց, այլև ապացուցեց, որ ունակ է նվագել և ստեղծագործել բավական բարդ իրավիճակներում: Օրբելյանին հրավիրեցին նվագախումբ: Այդ տարիներին Հայաստանի էստրադային նվագախումբը համարվում էր խորհրդային լավագույն անսամբլներից մեկը, որն աչքի էր ընկնում պրոֆեսիոնալիզմով, ելույթների վառ թատերականությամբ և հայկական ազգային երաժշտության կողմնորոշմամբ: Ինչպես կարծում է Օրբելյանը, հենց այդ ժամանակ հաստատվեց իր հետագա գործունեության հիմքը:

1945 թվականից ի վեր Կոստանտին Օրբելյանը սկսում է փորձարկել իրեն ոչ միայն որպես դաշնակահար, այլև` կոմպոզիտոր: Նվագախմբի համար նա կատարում է ժողովրդական երգերի մշակումներ և ստեղծագործում սեփականը, որոնցից առաջինն է «Օրորոցայինը»: Որպես ջազի լավագույն կատարող` Կոստանտինը հռչակ է ձեռք բերում ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում: 1948 թվականին Մոսկվայում նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ Օրբելյանին աջակցեցին այն ժամանակվա երաժշտական աշխարհի աստղեր Ա. Ցֆասմանը և Վ. Լյուդվիկովսկին, որը հետագայում դարձավ Կոստանտինի ընկերը: Նույն թվականին Օրբելյանն ստանում է հանրահայտ Ուտյոսովի ջազային գործունեության մեջ ընդգրկվելու առաջարկը: Որքան էլ որ հեռանկարները գայթակղիչ էին թվում, Կոնստանտինը հրաժարվեց` հօգուտ Այվազյանի առաջարկի` ստանձնել Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Չնայած այդ տարիներին ԽՍՀՄ-ը փակ էր ջազի համար, վերջինիս մասին որոշակի հոսք այնուամենայնիվ տեղի էր ունենում: Կոստանտինը, ինչպես և այդ տարիների երաժշտամոլները, սպառնալով իր իսկ ազատությանը, ապօրինի կերպով արևմտյան երաժշտության սկավառակներ էր ներկրում:

Կոստանտինը կատարեց նաև Ա. Խաչատրյանի «Գարուն Երևան» երգի ջազային մշակումը և ամբողջովին ջազի վերափոխեց Ա. Խաչատրյանի «Սուսերով պարը»: Ցնցող էր Ֆրանսիայից Օրբելյանի կողմից հրավիրված տաքարյուն երգիչ Ժակ Դուվալյանը: Արդյունքում նվագախմբի նոր ծրագիրը փայլուն հաղթանակով ավարտեց հյուրախաղերը Մոսկվայում, Թբիլիսիում և Բաքվում:

1956 թվականը նշանակալի տարի էր Կոստանտինի համար: Երիտասարդ երաժիշտը դարձավ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: Առաջինն իրականացրեց ժամանակակից ջազի և ազգայինի միահյուսման սկզբունքները: Նույն թվականին հյուրախաղերի ժամանակ Օրբելյանը ծանոթացավ Միշել Լեգրանի հետ: 1957 թվականին իր ծննդյան օրվա առթիվ Կոստանտինն ստացավ իր կյանքի ամենաթանկ նվերը. զարմանալի կերպով գտնվեց նրա եղբայր Գարի Օրբելյանը, որին զոհված էին համարում:

1960 թվականի վերջին Օրբելյանը վճռեց որոշ ժամանակով թողնել նվագախումբը, որի հետ առնչվող ծանրաբեռնվածությունը թույլ չէր տալիս ավարտել ուսումը: Դիմպլոմային աշխատանքի համար տրամադրված տարվա ընթացքում Օրբելյանը գրեց սիմֆոնիա: Յուրաքանչյուր երաժշտի համար դա ստեղծագործական կյանքի գագաթնակետն է, և Կոստանտինի կոմպոզիտորական կյանքում դարձավ ամենաերջանիկ իրադարձությունը: Օրբելյանին հատուկ տաքարյուն ու միաժամանակ մեղմ երաժշտությունը զմայլեց ինչպես երաժիշտներին, այնպես էլ` ունկնդիրներին: Օրբելյանի սիմֆոնիան բազմիցս հնչել է Երևանում և Մոսկվայում: 1962 թվականին շնորհեցին Մոսկվայում կայացած երիտասարդ կոմպոզիտորների Համամիութենական մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգև: Այնուհետև սիմֆոնիան ձայնագրվեց և կատարվեց Պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից` Յուրի Արանովիչի ղեկավարությամբ: Հետագայում այն հնչեց նաև բազմաթիվ այլ երկրներում:

1961 թվականին Կոստանտին Օրբելյանը կոնսերվատորիան ավարտելուց հետո վերադարձավ նվագախումբ: Հայկական ջազը դուրս եկավ միջազգային բեմահարթակ: 1966 թվականին Չեխոսլովակիայում Խորհրդային Միության մշակութային ծրագրի շրջանակներում կայացավ նվագախմբի առաջին հյուրախաղն արտերկիր: Հաջորդ տարի նվագախմբին ջերմ ընդունեցին Լեհաստանում: Այն ժամանակ Օրբելյանը գրում էր գործիքային «նորարար» ջազ երաժշտություն: Նրա «Պոլիֆոնիկ պրելյուդը»` 4 տրոմբոնների և ալտ – սաքսոֆոնների համար, ընդգրկվեց մեծ ջազ – նվագախմբերի երգացանկում, այդ թվում` հանրահայտ Չեխական նվագախմբում` Կարլ Վլախի ղեկավարությամբ: Օրբելյանի պիեսն արժանացավ մրցանակի 1968 թվականին Չեխոսլովակիայի ռադիոյում անցկացված ջազային կոմպոզիցիաների մրցույթի ժամանակ: Կոստանտին Օրբելյանը զուգահեռաբար չէր մոռանում նաև լուրջ երաժշտության մասին: 1968 թվականին ծնվեց սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Տոնական նախերգանքը», որը հետագայում արժանացավ մրցանակի սիմֆոնիկ լավագույն ստեղծագործությունների Համամիութենական մրցույթի ժամանակ: 1969 թվականին Օրբելյանը գրեց «Անմահություն» բալետը (Խորեոգրաֆիկ սիմֆոնիա)` ջազային կոմպոզիցիաների հեղինակի համար անսպասելի ողբերգական ստեղծագործություն` պատում պատերազմի մասին: Բալետը բեմադրվեց 2 կատարմամբ` Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի բեմում (ք. Երևան) 1969 թվականին (դիրիժոր Ա. Ոսկանյան, խորեոգրաֆիան` Մ. Մարտիրոսյանի) և 1975 թվականին (դիրիժոր Ա. Քաթանյան, խորեոգրաֆիան` Ա. Ասատրյանի): Երկրորդ կատարումը նվիրված էր Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 30 ամյակին` առ այսօր պահպանվելով թատրոնի երգացանկում: Բեմադրությունը թատրոնի հյուրախաղերի ժամանակ ջերմորեն ընդունվեց մոսկովյան և պետերբուրգյան հանդիսատեսի կողմից: Երևանյան ներկայացումը, ներառյալ իր բոլոր ստեղծողներն և երաժշտության հեղինակը, արժանացավ 1-ին մրցանակի Հաղթանակի 30ամյակին նվիրված երաժշտական ներկայացումների Համամիութենական մրցույթի ժամանակ (1975թ.): 1978 թվականին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնը նույնպես իրականացրեց ՙԱնմահություն¦ ստեղծագործության սեփական բեմադրությունը:

70 ականներից ի վեր Հայաստանի նվագախումբը հռչակ ձեռք բերեց ԽՍՀՄ-ում և արտերկրում: Նվագախումբը ելույթ ունեցավ աշխարհի լավագույն բեմերում հանրահայտ ջազ նվագախմբերի հետ համատեղ: Ելույթները հաճախ մրցակցային բնույթ էին կրում: Հայ երաժիշտներն առաջին անգամ այդպիսի փորձություն անցան 1973 թվականին ԳՖՀ-ում Խորհրդային մշակույթի օրերի ժամանակ: Նրանք ստիպված էին վեց ժամվա ընթացքում հերթով նվագել ամենահանրահայտ նվագախմբերից մեկի` Քյոլնի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի հետ Վերներ Մյուլլերի ղեկավարությամբ: Հանդիսատեսն ու մամուլը համակարծիք էին. հայ կատարողները գերազանցեցին արտերկրյա գործընկերներին:

1975թ.-ին Հայաստանի էստրադային նվագախումբը խորհրդային ջազային նվագախմբերից առաջինն էր, որ մեկնեց ջազի հայրենիք` ԱՄՆ: Հայ ջազմենները 25 համերգներով հանդես եկան Ամերիկայի խոշորագույն քաղաքներում: Եզրափակիչ համերգը կայացավ Նյու Յորքի «Լինքոլն-Սենթր»-ում: Առաջին իսկ համերգից հետո նվագախմբի մասին լուրերն անմիջապես տարածվեցին ողջ երկրով: «Հայկական նվագախումբը հերքում է խորհրդային ջազի արգելումն ու ստվերային գոյությունը» (Նյու Յորք Թայմս): Կ. Օրբելյանի ղեկավարությամբ նվագախումբը մենակատարների հետ ցուցադրեց երաժշտական բարձրակարգ ներկայացում սեփական ստեղծագործության հարուստ երգացանկով, ինչպես նաև կատարելով համաշխարհային հռչակ վայելող ջազային այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Դյուկ Էլինգթոնը, Ռեյ Չարլզը և այլք: «Բիգ-բենդ-ջազի ինքնատիպ գործիքավորումները բոլոր առումներով չեն զիջում այն լավագույններին, որոնց հետ մշտապես առնչվում են Վուդի Հերմանի, Սթեն Քենթոնի, Քաունթ Բեյսիի կամ Թեդ Ջոնսոնի – Մել Լյուիսի նվագախմբերը» («Սան Ֆրանցիսկո էկզեմիներ»): Հանրահայտ ջազ քննադատ Ջոն Վասերմանը, հայ երաժիշտների ելույթն անվանելով «արևելյան հմայքով համեմված ջազ», նշեց, որ «մշակութային առումով ելույթը նույնքան կարևոր, եթե ոչ առավել նշանակալից էր, քան օրինակ, Մեծ Թատրոնի կամ Լենինգրադի կիրովյան բալետի ելույթները»: Ամերիկյան հյուրախաղերը եզրափակվեցին հսկայական հանդիսավոր մեծարմամբ: Ի պատիվ հայկական ջազի` կայացավ ընդունելություն Միավորված ազգերի կազմակերպությունում, որին ներկա էին ամերիկյան ջազի աստղերը:

1976 թվականին Հայաստանի ջազը հրավիրվեց Ֆրանսիա: Նիցա – Մարսել – Լիոն հյուրախաղերը եզրափակվեցին 11 համերգներով Փարիզի այնպիսի հեղինակավոր համերգային դահլիճներում, ինչպիսիք են «Պլիել»-ը և «Ելիսեյան դաշտերի թատրոն»-ը: Օրբելյանական ջազի ՙարևելյան¦ կոլորիտն իրեն մեծ հռչակ ապահովեց նաև Արևելքում: Նվագախումբն այցելեց արևելյան գրեթե բոլոր տարածաշրջանները: Եվ բազմաթիվ երկրներում հանդես եկավ ավելի, քան մեկ անգամ: Նվագախումբը բուռն ընդունեցին Հնդկաստանում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, Աֆղանստանում, Իրաքում, Քուվեյթում, Սիրիայում, Լիբանանում (միայն Բեյրութում` 44 համերգ լեփ լեցուն դահլիճներում): Նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել նաև Աֆրիկայում` Քենիայում և Եթովպիայում: Հաշված ժամերի ընթացքում ցանկացած ազգային մշակույթի երաժշտական համար պատրաստելու Օրբելյանի շնորհը, ընդհուպ մինչև եվրոպական ջազի համար բավական բարդ եթովպիական մեղեդիների մշակումները, հիրավի, հիացմունքի էին արժանի: Եթովպացիները երկար բաց չէին թողնում հայկական ջազը` անթաքույց զմայլվելով, թե ինչպես էին երաժիշտները վերարտադրում եթովպացիներին դեռևս օրորոցից ծանոթ երգերը: Նվագախումբը բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել նախկին սոցիալիստական երկրներում, ինչպես նաև մասնակցել է մի շարք փառատոնների. ԳԴՀ Բալթիկ երկրներ, «Ոսկե Օրփեոս» Բուլղարիայում: 11 տարի շարունակ Կոստանտին Օրբելյանը «Ոսկե Օրփեոս»-ի ժյուրիի անդամ էր: Հայկական ջազը փայլուն արդյունքներով հանդես եկավ նաև 1977 թվականին Բելգրադում կայացած ջազ փառատոնի ժամանակ: Հայ երաժիշտների մրցակիցներն էին ամերիկյան ամենահանրահայտ խմբերը` շեփորահար Ֆրեդի Հաբբարդի և դաշնակահար Ջորջ Դյուկի ջազ-անսամբլները: Օրբելյանի նվագախմբի ելույթները վերածվեցին սենսացիայի: Արդյունքում Հայաստանի պետական էստրադային նվագախմբին Բելգրադում շնորհեցին Գրան-պրի մրցանակ: Եվ ևս երեք անգամ նվագախումբը դարձավ Լեհաստանում, ԳԴՀ-ում և ԳՖՀ-ում կայացած միջազգային ջազ փառատոնների դափնեկիր:

Հայաստանի պետական էստրադային նվագախումբը 36 տարի ղեկավարելու ընթացքում Կոստանտին Օրբելյանը ոչ միայն պահպանեց երկարակյաց-նվագախումբը: Անցած տարիների բիգ բենդից Հայաստանի նվագախումբը վերածվեց ջազային ժամանակակից նվագախմբի` մշտապես նրբորեն զգալով այնպիսի անորսալի և փոփոխական ուղղությունը, ինչպիսին ջազն է: Եվ այս ամենը` շնորհիվ Օրբելյանի կողմից նվագախմբի ներսում ժամանակին իրականացված բարեփոխումների, գործիքային կազմի ձևափոխումների, երգացանկի մշտական թարմացման և կատարողականության փոփոխման, ինչպես նաև` ջազային իմպրովիզացիաների ոգին որսացող կատարողների բծախնդիր ընտրության: Կոստանտին Օրբելյանն անբացատրելի կերպով կարողանում է զգալ շնորհալի կատարողներին: Զուր չէ նվագախմբի մասին «տաղանդների գանձարան» բնութագրումը: Այդ ընթացքում նվագախումբը համաշխարհային հռչակ ձեռք բերեց: Ընդլայնվեց երգացանկը. ժողովրդական երգերի պարզ մշակումներից և պարերից ընդհուպ մինչև ամենաժամանակակից և ամենաբարձրակարգ գործիքային կատարումները:

Երաժիշտները կատարում էին Բադ Րիչի, Քաունթ Բեյսիի, Թեդ Ջոնսոնի, Ա. Խաչատրյանի, Ա. Այվազյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի և այլոց ստեղծագործությունները: Նվագախումբը հյուրախաղերով հանդես եկավ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններում և տարածաշրջաններում. Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Մերձբալթյան երկրներում, Պովոլժյեում, Անդրկովկասում, Կենտրոնական Կովկասում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մոլդովայում և այլուր: Միայն Մոսկվայի «Ռոսիա» Կենտրոնական համերգասրահում Օրբելյանի նվագախումբը ելույթ է ունեցել 14 անգամ անընդմեջ: Արտերկրյա հյուրախաղերն, այսպիսով, դարձան նվագախմբի գործունեության անբաժանելի մասը: Հայաստանի էստրադային նվագախումբը հանդես եկավ մոլորակի ամենատարբեր ծայրերում, ելույթ ունեցավ աշխարհի 40 երկրներում:

Համերգային գործունեությունից զատ, Կոստանտին Օրբելյանն արդյունավետ աշխատանքներ էր ծավալում նաև որպես կոմպոզիտոր: 1972 թվականին հայտնվեց Բադ Րիչի «Ընկնող աստղերի» պարաֆրազը (այլ անվանումը` «Արևամուտ»): Նույն ժամանակ Օրբելյանը փորձարկում էր ջազային զանազան ոճերում, այդ թվում` նոր ուղղություն համարվող ջազ-ռոքում` «Սևանյան արևածագ», «Եկեք Զանգեզուր» (հայկական ոճով կոմպոզիցիաներ, 1981թ.), «Օլիմպիական Մոսկվա» (19802.), «Երազ» (իմպրեսիոնիստական ջազ, 1982թ.), «Վոկալիզ» (այլ անվանումը` «Վարիացիաներ ձայնի համար նվագախմբի հետ», 1982թ.)` «բիբոպ» ոճի ջազային կոմպոզիցիան, «Սրընթաց շարժիչ» (ամերիկյան «թեժ ջազ», 1986թ.): Այս բոլոր ստեղծագործությունները, անխոս, խորհրդային ջազային գործիքային երաժշտության նվաճումների շարքում են: Դա լուրջ ջազ է: 1989 թվականին` ավելի քան 30 տարի հետո, Օրբելյանը` ի հարգանս Ա. Այվազյանի, հիշողությամբ (պարտիտուրան չէր պահպանվել) վերականգնեց Ա. Այվազյանի «Հայկական ռափսոդիան»: Այդուհետ վերջինս սկսեց կրկին հնչել համերգների ժամանակ: Հայաստանի նվագախմբի երգացանկում առաջին անգամ հնչեց Ա. Բաբաջանյանի` «Նոկտյուրն» նոր ստեղծագործությունը, որի կատարումն ամեն անգամ բուռն հիացմունք էր առաջացնում ունկնդիրների շրջանում:

Կոմպոզիտորի կողմից փորձված երաժշտական ուղղությունների շարքում նշանակալի տեղ է գրավում նրա ստեղծագործական երգային գործունությունը: Տարբեր ժամանակահատվածներում հանրահայտ հեռուստատեսային մրցույթի դափնեկիր դարձան Օրբելյանի «Երջանկության հարյուր ժամ», «Կեչու շրշյունը», «Արևիկ», «Գալիս ես» ստեղծագործությունները: Միջազգային մրցանակների արժանացան «Սիրում եմ քեզ, իմ Մոսկվա» (Հունգարիա), «Գալիս ես» (ԳԴՀ-ում և Չեխոսլովակիայում կայացած հանրահայտ երգերի փառատոնի դափնեկիր): Չեխոսլովակիայում թողարկվեց պոպուլյար երգերի «Կեչու շրշյունը» ձայնասկավառակը: Ֆրանսիական հանրահայտ «Շարլ դյու Մոն» ընկերության կողմից թողարկվեց «Իմ Երևան», «Երևանը և գարունն իմ սրտում» երգերի ձայնասկավառակը: Օրբելյանին են պատկանում «Սիրահարների և պարողների աշխարհ», «Երգել, նշանակում է ապրել», «Երջանկության հարյուր ժամ», «Կեչու շրշյունը», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու նա չես, ով ինձ պետք է», «Հիշեցեք» և որոշ այլ ստեղծագործություններ: Առանձնահատուկ դասակարգման կարելի է հատկացնել նաև կոմպոզիտորի` «Ճանապարհ դեպի կրկես» և «2-Լեոնիդ-2» կինոֆիլների համար գրված երաժշտությունը: Կոստանտին Օրբելյանը հանդիսանում է բազմաթիվ համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր: Նա բազմիցս հրավիրվել է միջազգային ջազ մրցույթների` որպես ժյուրիի անդամ:

1979 թվականին խորհրդային երաժշտական մշակույթում ունեցած նշանակալի ներդրման համար` Կոստանտին Օրբելյանին շնորհեցին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում: Կոստանտին Օրբելյանը` ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ (1956թ.-ից), ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության վարչության անդամ, Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության քարտուղար (1983թ.-ից), ԽՍՀՄ Պետհամերգի էստրադային երաժշտության Միության նախագահ (1987թ.), էստրադային երաժշտության վարպետների Ասոցիացիայի նախագահ, Համամիութենական երաժշտական ընկերության վարչության փոխ-նախագահ, ԽՍՀՄ Մշակույթի նախարարության էստրադայի գծով Գեղարվեստական խորհրդի անդամ: Կոստանտին Օրբելյանին շնորհվել է Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո Նշան», Կիրիլ և Մեֆոդիա բուլղարական և հայկական Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշաններ: 2006թ.-ին հայկական և խորհրդային մշակույթի զարգացման խնդրում ունեցած իր ներդրման համար` Կոստանտին Օրբելյանին շնորհվեց Ոսկե Խաչ Ռուսաստանում Հայերի Խորհրդի գերագույն շքանշանը:

Դժվար էր աշխատել 90-ականներից սկսած…. Կան հանգամանքներ, որոնց դեմ դյուրին չէ պայքարել: Փլուզվեց ԽՍՀՄ-ն, Երևանում իսկ հոգսախեղդ մարդկանց համար երաժշտությունն արդեն առաջնային չէր. տնտեսական ծանր դրություն, գոյություն առանց հոսանքի և ջրի: 1992 թվականին Կոստանտին Օրբելյանը մեկնեց Սան Ֆրանցիսկո: վերջին տարիներին նա  աշխատում և բնակվում էր Լոս Անջելեսում: Վերջին ժամանակներս նա գրել է գործիքային և վոկալ ջազային ստեղծագործություններ: Օրբելյանը «կարոտել» է նաև մեծ երաժշտությունը` այն անվանելով «մարդկային տրամադրության ամենօրյա, ամենժամյա տեղեկագիր»: Վերջին տարիներին Լոս Անջելեսում թողարկվել են  նոր խտասկավառակներ` ներառյալ ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար, հանրամատչելի և ջազ երաժշտություն:

Անկախ

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել իր կատարած ոճրագորությունների համար

ծիծեռնակաբերդԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն  այսօր Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ կոնգրեսականը կոչ արեց Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը և ներողություն խնդրել իր կատարած ոճրագորությունների համար։

«Շատ կարևոր է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային անմիջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել»,-ասել է Սիսլինը։

«Մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ գտնվել՝ ոգեկոչելու հայ զոհերի հիշատակը։ Սա նաև հնարավորություն է հիշեցնել աշխարհին նախորդ դարում եղած պատմական իրադարձությունների մասին և երաշխավորել, որ նման ոճրագործություններ ապագայում այլևս չեն կրկնվի»,-ասաց Դեյվիդ Սիսիլինը։

ԱՄՆ կոնգրեսականը նշեց, որ իրենք հետևողականորեն բարձրացրել են ամերիկահայությանը հուզող, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող կարևորագույն խնդիրներ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների ու քրիստոնյա համայնքների ունեցվածքի վերադարձի հարցերը։

Դեյվիդ Սիսիլինն այժմ ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին «Ճշմատության և արդարության» բանաձևի աջակիցներից է։

«Բույն քանդողը` բույն չի ունենա: Բռնության դաշտում `բռնություն է աճում».

 T20-րդ դարի թուրքական գրականության «անդրադարձը» ցեղասպանության թեմային

 Հայտնի է, որ գրականության կարևոր խնդիրներից  մեկն է` գեղարվեստի նյութ դարձնել տվյալ պահին հասարակությանը հուզող, արդիական հարցադրումները: Համաժամանակ, հարկ է նշել, որ երկրում և հասարակության շրջանում տիրող մթնոլորտը նույնպես դերակատարություն է ունենում գրական թեմաների ընտրության խնդրում:

ցեղասպանությունՀայոց ցեղասպանության հարցում Թուրքիայում տարածված ժխտողական վերաբերմունքը, փաստերի խեղաթյուրման, լռության մատնելու միտումները ամբողջությամբ արտացոլվել է ժամանակի թուրքական գրականությունում: Ավելին` հայկական թեմատիկան 20-րդ դարի թուրքական գրականությունում առավելապես «ներկայացված» է բացասական հերոսների, դավաճանների, թշնամիների կերպարների միջոցով:

ցեղասպանությանՓորձենք ներկայացնել 20-րդ դարի թուրքական գրականության «անդրադարձները» Հայոց ցեղասպանության թեմային: Շատ հաճախ թուրքական արձակի լավագույն ստեղծագործություններ համարվող վեպերում մեջբերվել են ցեղասպանությանը վերաբերող ընդամենը մեկ կամ երկու նախադասություն, որով էլ սահմանափակվել է այդ «անդրադարձը»:

1915թվականին նախորդած տարիներին Օսմանյան կայսրությունում ծայր առած ազգայնամոլական հիստերիան իր արտահայտությունը գտավ նաև ժամանակի թուրքական գրականությունում:

 Պանթյուրքիստ գրողներ Զիյա Գյոքալփը (1876-1924), Մեհմեթ Էմինը (1869-1944), Հալիդե Էդիփ Ադվարը (1884-1964), Աքա Գյունդյուզը (1886-1958) իրենց ստեղծագործություններում ատելություն էին սերմանում հայերի, ընդհանրապես քրիստոնյա ազգերի ներկայացուցիչների հանդեպ:

Անցյալ դարի 30-ական թվականներից թուրքական գրականությունում ձևավորվող ձախ, սոցիալիստական ուղղվածությունը հատկապես բուռն ծաղկում ապրեց  1940-ական թվականներին: Քննադատական և սոցիալիստական ռեալիզմի ուղղության շրջանակներում ստեղծագործող, անգամ մարդկանց տարատեսակ իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող, սոցիալական, սեռական անհավասարությունը քննադատող մի շարք ստեղծագործություններում հայկական խնդիրներին անդրադարձեր հազվադեպ են հանդիպում, այն էլ` հպանցիկ, ավելի հաճախ` անուղղակի: Թուրքական իրականության համար սա, միգուցե, արդարացում ուներ. պայմանները թույլ չէին տալիս կամ կար նաև անտեղյակության խնդիր: Ի դեպ, անտեղյակության խնդրին է անդրադառնում թուրք հայտնի ձախ դիրքորոշման գրող  Վեդաթ Թուրքալին:  Նա Հրանտ Դինքի հետ զրույցում, պատասխանելով վերջինիս հարցին, թե ինչու՞ թուրքական գրական ձախ շարժումը որևէ կերպ չի արձագանքել Հայկական հարցին, ասել էր.«Մեր սերունդը չգիտեր, թե ինչեր են եղել»,-  և հավելել. «Ես անձամբ Հայկական դեպքի մասին մի շարք մանրամասներ ավելի ուշ եմ իմացել»:

ցեղասպանությունԱնցյալ դարի թուրքական արձակի նշանավոր դեմքերից մեկը` Ֆաքիր Բայքուրթն (1929-1999) իր սերնդակից գրողներին պատասխանատվության հարցի մասին ուշագրավ դատողություններ է կատարել . «Մեր սերունդն այնպիսի մի սերունդ է, որ պատասխանատու է և՛ անցյալի, և՛ ապագայի համար… Գրողին հազարավոր մարդիկ են կարդում: Եթե քեզ հարյուր հազար մարդ է կարդում, դու ուրիշ կերպ չես կարող լինել, ուզես էլ` չես կարող: Այդ պատճառով էլ պատասխանատու ես ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար: Սա էլ բավարար չէ, անցյալի համար էլ  պատասխանատու ես: Արտերկրում ապրողները լավ գիտեն, որ նույնիսկ Օսմանյան կայսրության ղեկավարության կատարած սխալների պատասխանը մեզանից են պահանջում, Ընկե’ր, նրանք օսմանցի էին, մենք օսմանցի չենք,-չես կարող ասել: Պետք է տաս պատասխանը»,- պարզաբանել է նա:

Հայոց ցեղասպանության խնդրին անուղղակի անդրադարձների ենք հանդիպում նաև թուրքական արձակի մեկ այլ խոշոր ներկայացուցչի` Յաշար Քեմալի տարբեր ստեղծագործություններում: Օրինակ` «Աքչասազի աղաները» եռագրության կերպարներից մեկին` Մուալլիմ Ռոթեմին, գրողը հետևյալ կերպ է ներկայացնում. «Նա էր, որ գիշերվա մթին արծվի նման հարձակվում էր  այն հայերի վրա, ովքեր փորձում էին փախչել ու փրկվել: Բոլորին կտոր-կտոր անելով, կամուրջից նետելուց հետո` նրանց ոսկիները, զարդեղենը խուրջիններն էր լցնում և տանում հանձնում էր Ադանայի փաշային»: «Անձրևի թռչուն» վեպում, խոսելով հայերի լքյալ հողերի մասին, Յաշար Քեմալը նկարագրում է գավառապետի պաշտոն ստացած Իսմայիլի  և նրա մոր զրույցը պաշտոնավորման գավառ մեկնելուց առաջ: Մայրը Իսմայիլ աղային այսպես էր խրատում. «Մեկ էլ`  խնդրանքս  քեզ, որդի՛ս, եթե գնաս այդ գյուղաքաղաք, հայերից մնացած տները, դաշտերը չվերցնես: Այն բնում, որի տերը փախել է, այլ թռչուն չի կարող ապաստան գտնել: Բույն քանդողը բույն չի ունենա: Բռնության դաշտում բռնություն է աճում»:

20-րդ դարի թուրքական գրականությունը մեծապես կրել է Հայոց ցեղասպանության ժխտման, ուրացման քաղաքականության ազդեցությունը: Թուրք գրողները, մեծ մասամբ, անտեսել են Հայոց ցեղասպանության խնդիրը, իսկ նրանցից համեմատաբար առաջադեմերն այդ թեմային անդրադարձել են տողատակերում կամ ենթատեքստերում: Այնուամենայնիվ, այս մակերեսային անդրադարձներն անգամ փաստում են, որ թուրքական հասարակության տարբեր շերտերում Հայոց ցեղասպանության մասին պահպանվել են հիշողություններ, որոնք կարող են որոշակի դեր խաղալ ցեղասպանության հարցին անդրադառնալու շուրջը Թուրքիայում ստեղծված տաբուն ճեղքելու համար:

 Անկախ

«Այն, որ մենք Հայաստանում ենք, արդեն վկայում է, որ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը». ԱՄՆ կոնգրեսական Էդ Ռոյս

Էդ ՌոյսԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Եղեռնի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանությունը ճանաչվել է իրենց նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, այդ կարևորությունը նշվել է, խնդրի մեծությունը նրա կողմից առանձնացվել է:

«Այն, որ մենք Հայաստանում ենք, արդեն վկայում է, որ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ դասագրքերում հիշատակված է, ամերիկացի աշակերտները տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել: Նրանք հիշում են հայերի Ցեղասպանության, հայերի բնաջնջման մասին: Մենք այստեղ գտնվելով՝ ճանաչում և ընդունում ենք Ցեղասպանությունը»,- ասաց Էդ Ռոյսը: Կոնգրեսականը նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել, որպեսզի Հայաստանի հետ քննարկեն ավելի խորն  առևտրային և ներդրումային հարաբերությունների հնարավորությունները: Էդ Ռոյսը նշեց, որ ամերիկահայերի ջանքերով ու նրանց ներգրավմամբ պետք է կարողանան այնպես անել, որ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա առավել տեսանելի լինի ու նշանակալի տեղ զբաղեցնի:

«Մենք նաև փորձում ենք այնպես անել, որ փոխայցելությունները երկու երկրների միջև ավելի շատ լինեն, ավելի շատ գործարար կապեր հաստատվեն: Այսօր առավոտյան մենք խոսեցինք առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մասին, որը կամրապնդի առևտրային և ներդրումայյին հարաբերությունների խորացման հիմքերը»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը` հավելելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի  կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսականները մեծ պատվիրակությամբ կայցելեն Հայաստան:

 

Մեծ եղեռնը հաղթանակ էր, ոչ թե մահ….

լևոնՀայագետ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքյանը Հայոց ցեղասպանության, ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման պահանջների վերաբերյալ ունի ինքնատիպ մոտեցումներ, որոնք դուրս են բոլոր կարծրատիպերից և գործընթացներն առաջ մղելու կարևոր, հստակ ուղեգծեր են: «Մեծ եղեռնի 100-ամյակ` հիշողություն և մարտահրավեր» թեմայով երևանյան հանդիպման ժամանակ կարդացած դասախոսությամբ նա անդրադարձավ հայ ինքնության ու կենցաղի մեջ ցեղասպանության նշանակությանը, հիշողության ընկալմանը, նահատակների սրբադասման կարևորությանը և անցյալի հիշողությամբ ապագայի հայացքն ուրվագծելու փորձին. «Մեծ եղեռնը հաղթանակ էր, ոչ թե մահ: Ինչպես պատերազմի ընթացքում շատերն են զոհվում, երբեմն զոհվում է բանակի կեսը: Երկրորդ համաշխարհային պատերազմում, հայտնի է, որ միլիոններով մարդիկ զոհվեցին, մանավանդ սովետական տարածաշրջանի ժողովուրդները, միլիոններով զոհ տվեցին և հաղթանակով դուրս եկան: Այնպես որ մահը հաղթանակի դեմ չէ, մանավանդ որ մահը կյանքի սկիզբն է: Քրիստոնյա հայրերից մեկն է ասել, որ նահատակների արյունը նոր կյանքի սերն է»:

Այս համատեքստում պրոֆեսոր Զեքյանը հայոց պատմության մեջ հայի ինքնությունը կերտող և կոփող երկու երևույթ է առանձնացնում` Վարդանանց պատերազմը և Մեծ եղեռնը: «Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ ցեղասպանությունը մեր ինքնության և էության կենտրոնն է: Այստեղ կա երկու խորհուրդ` ողբերգական և հարության: Կարծում եմ` ժամանակն է, որ առաջինի հանդեպ մտասևեռումը դադարեցնենք: Այդ մտասևեռումն է, որ թակարդ է դարձել գործընթացի առաջմղման համար: Ես մեկ օր բժշկի էի այցելել: Երբ իմացավ, որ հայ եմ, ասաց` խեղճ հայ, խեղճ ժողովուրդ, կոտորվել է, ջարդվել է, մորթվել է: Երբ ավարտեց, ասացի` շնորհակալ եմ, դոկտոր Ձեր համակրանքի, զորակցման համար, բայց կցանկանայի նշել, որ պատմության ընթացքում միայն չենք կոտորվել, այլ բաներ ևս արել ենք: Ճարտարապետություն ունենք, որ ոչ թե հայ մարդը, այլ ռուս մեծ մտավորականը` Անատոլի Յակոբսոնը համարել է համաշխարհային քաղաքակրթության ամենացնցող երևույթներից մեկը: Մանրանկարչություն ենք ստեղծել, որ իտալացի մասնագետները, համեմատելով ժամանակակից իտալական նկարչության հետ, բարձր են գնահատել: Ասացի նաև, որր ձեռագրական ժառանգություն ենք թողել, որ հավանաբար գերազանցում է անգամ աշխարհի մեծագույն բյուզանդական կայսրության ձեռագրերին: Մարդը ափիբերան մնաց: Ես ասացի, որ իմ ազգակիցներիս սխալն է, որ չգիտեք: Ահավասիկ, այս է մտասևեռումը»: Հովհաննես Թումանյանի` 1916 թ. գրած «Հոգեհանգիստը», Լևոն Զեքյանի խոսքով, հոյակապ գլուխգործոց է, և կասկածից վեր է, որ նախորդ դարասկզբի ջարդերը Ամենայն հայոց բանաստեղծի համար ևս հայեցակարգի կենտրոնն էին:
«Հետո եկավ օտար պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը Ուրուգվայն էր: Ճանաչման գործընթացն, անշուշտ, կարևոր է, բայց չպետք է մտասևեռումի վերածել: Մարդակեր գազան մարդը դեռ երկար այսպես կմնա»,- Հովհաննես Թումանյանի վերջին տողն է: Այս տողը հակադրվում է հենց այն տարածված «խոսելով բացառել ցեղասպանությունների կրկնությունը» կարգախոսին: XX դարի երկրորդ կեսին տեղի են ունեցել ահավոր ցեղասպանություններ: Ինձ չափազանց տպավորել է Բիաֆրայի ցեղասպանությունը, ամեն օր 5000 մարդ էր մահանում: Հետևաբար` խոսելով խնդիրը չի լուծվի: Հարցադրումները պետք է լինեն քաղաքական: Օրինակ` ո՞վ կհամարձակվի այսօր քննադատել Սիրիայում Արևմուտքի քաղաքականությունը»:
Լևոն Զեքյանի խոսքով` Մեծ եղեռնի ամենաահավոր ծրագիրը բնօրրանից հայերին արմատախիլ անելն էր: «Այս է ահավոր, նույնիսկ հրեաների ողջակիզումն այդպես չեղավ: Իսրայելի մշակույթի օրրանը չէր: Մեծ ուրախությամբ կցանկանայի նշել ցեղասպանության քրիստոնյա նահատակների սրբադասման վերաբերյալ Մայր աթոռի որոշումը: Վեհափառ հայրապետին ասացի, որ որոշումը Աստծո մեծագույն պարգևն է մեր ժողովրդին եղեռնի 100-ամյակի կապակցությամբ,- ասաց նա:- Կարծում եմ, որ ինքնությունը չուրանալը մեծ առաքինություն է, դա է պատճառը, որ քրիստոնյա մարտիրոսներին միշտ սրբադասել են, որ իրենց մահով կապրեցնեն, հակառակ դեպքում քրիստոնեությունը կվերանար, նույնն է մեր ժողովրդի դեպքում»:
Հայագիտության սերմնացանը հայության հարություն առնող կյանքի մասին խոսում է աշխարհի տարբեր անկյուններում ու Վենետիկում իր ղեկավարած հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացին հրավիրված հինգ տասնյակից ավելի ուսանողներին, որոնց շարքերում լինում են ոչ միայն սփյուռքահայեր, այլև արտասահմանցիներ: Հայագիտության նվիրյալն ամեն տարի հայերենի հանդեպ սիրով է վարակում բազմաթիվ ուսանողների: Պրոֆեսոր Լևոն Զեքյանի հիմնած դասընթացն արդեն 27 տարվա պատմություն ունի: 2014-ի օգոստոսին ևս սպասվում է արտասահմանցի մեծ թվով ուսանողների մասնակցություն: Վենետիկյան դասընթացը կարևոր դեր ունի Արևմուտքում հայագետների նոր սերնդի պատրաստման գործում: Հայագիտության սերմնացանի «ծիլերն» այժմ մոլորակի առաջատար բուհերում ղեկավարում են հայագիտական ամբիոններ…

 

Մայա Խաչատրյան

Անկախ

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ

սողոմոն թեհլերյանՀայը հերոսների պակաս երբեք չի ունեցել: Սակայն երբեք նախահարձակ չի եղել: Բայց նրա վրիժառու բազկի հարվածը դիպուկ է, նրա դատն արդար ու հարվածը` անսասան: Հայ վրիժառության առաջին և թերևս ամենամեծ գործիչը Սողոմոն Թեհլերյանն է, որի գործն այսօրվա չափանիշներով ահաբեկչություն ու սպանություն էր, սակայն եզակի էր նրանով, որ դատավարության ժամանակ մարդասպանը զոհ էր, տուժողը` հանցագործ: Փառք Սողոմոն Թեհլերյանին ու իր գործին:

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում, ատրճանակից արձակված կրակոցով սպանվեց երիտթուրքական կուսակցության պարագլուխներից Թալեաթ փաշան, Հայոց ցեղասպանության թերևս գլխավոր մեղավորը: Նրան պատուհասող վրիժառուն` Սողոմոն Թեհլերյանը, չնայած հնարավորությանը, փախուստի չդիմեց, այլ հանդարտ ու սառնասիրտ հայացքով նայում էր իր զոհի դիակին, մինչև վրա հասած գերմանական ոստիկանությունը կձերբակալեր իրեն:
Ապա հետևեց երկարատև դատավարությունը, որ իր ուշադրության կենտրոնում պահեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Դատի ժամանակ Թեհլերյանը մանրամասն պատմեց իր և իր ընտանիքի, համայն հայության ողբերգության մասին, ներկայացրեց Թալեաթին սպանելու պատճառները:
Առհասարակ, հայոց «Նեմեսիսից» զատ, Թալեաթը ևս երկու անգամ մահապատժի էր դատապարտվել: Առաջին անգամ 1915 թ. մայիսի 24-ին, Թուրքիայի դեմ պատերազմող Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որ պատերազմի հաղթական ավարտից հետո հակամարդկային հանցագործությունների համար դատապարտվելու են Թուրքիայի ղեկավարները: Սակայն, անգլիական հրամանատարությունը հետագայում, ձերբակալելով Թալեաթին ու նրա գործակիցներին, ընդամենն աքսորեց Մալթա կղզի, որտեղից նրանք անգլիացիների լուռ համաձայնությամբ ճողոպրեցին:
1920 թ. Թուրքիայի կառավարությունը երիտթուրք պարագլուխներին դատապարտեց մահապատժի` Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայկական կոտորածները կազմակերպելու մեղադրանքով: Սակայն այս դատավճիռն էլ կյանքի չկոչվեց:
1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության դատավորը կարդաց վճիռը: Հայությունը ցնծության մեջ էր: Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց:
Դատավոր – Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար:
Ատենակալ – Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ:
Թեհլերյանի դատապաշտպանի գործն իր վրա էր վերցրել Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսոր, դոկտոր Թեոդոր Նիմայերը, որ փայլուն կատարեց իր գործը: Դատարանում որպես վկա հանդես եկավ նաև գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի ցուցմունքներն էապես ազդեցին Թեհլերյանի դատավարության արդյունքների վրա: Որպես վկա հանդես եկան նաև թուրք գեներալ Շերիֆը, դոկտոր Նիպագեն, որ Հալեպի գերմանական ռեալական դպրոցի ավագ ուսուցիչ էր, իսկ դատախազը Գերմանիայում հայտնի Գոլնիկն էր: Գեներալ Շերիֆը դատի ժամանակ հասարակ թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրեց Թեհլերյանից ու հայությունից` իր երկրի կառավարության իրականացրած մեծ ոճրի համար: Դատավարությունից հետո գերմանական մամուլը պահանջեց դատ հարուցել Թուրքիայում 1912-15 թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության և գերմանական կառավարության անգործության համար:
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թ. ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Դարանաղի գավառի Ներքին Բագառիճ գյուղաքաղաքում` շինական Խաչատուրի և բողոքական քահանայի դուստր Հնազանդի ընտանիքում: Պատանի Սողոմոնը նախնական կրթությունը ստացել է հենց հայրենի գյուղում: Շատ չանցած` նա տեղափոխվում է Երզնկա քաղաք և ուսումը շարունակում տեղի Կենտրոնական վարժարանում, որն էլ ավարտել է 1912 թ. և տեղափոխվելով Թիֆլիս` ուսումը շարունակել Ներսիսյան դպրոցում:
1913 թ. Սողոմոն Թեհլերյանը տեղափոխվում է Սերբիա սովորելու: Սակայն այնտեղ երկար չի մնում: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Սողոմոնը վերադառնում է հայրենիք ու զինվորագրվում կամավորական շարժմանը: Նա մտնում է հայկական կամավորական առաջին գունդ և մասնակցում մարտերին զորավար Անդրանիկի հրամանատարությամբ: 1918 թ. մարտերից մեկի ժամանակ նա վիրավորվում է ու տեղափոխվում Թիֆլիս, ապա` Հյուսիսային Կովկաս` կազդուրվելու:
Վրա հասած արհավիրքը` Հայոց մեծ եղեռնը, Սողոմոնին զրկեց ողջ ընտանիքից ու հարազատներից: Ինքը` Սողոմոնը, փրկվում է ցեղասպանությունից` պատսպարվելով ծանոթ քրդի ընտանիքում: Նրանց բազմամարդ` 85 հոգանոց գերդաստանը համարյա իսպառ կոտորվեց: Արհավիրքից փրկվեց միայն երեք հոգի:
1919 թ. Սողոմոն Թեհլերյանը դառնում է ՀՀ բանակի հատուկ ստորաբաժանման անդամ: Նա անդամագրվեց Շահան Նաթալու նախաձեռնած «Նեմեսիս» վրեժի գործողությանը, որի նպատակը Հայոց ցեղասպանության մեղավորներին պատժելն էր: Այդ նպատակով 1919 թ. Թեհլերյանն ընկերների հետ մեկնում է Կոստանդնուպոլիս:
«Նեմեսիսի» հանձնարարությամբ Թեհլերյանն ընկերների հետ սկսում է Թալեաթի որոնումները: Շուտով լուր է հասնում, որ ոճրագործը Բեռլինում է: Թեհլերյանը շտապում է Գերմանիայի մայրաքաղաք: Երկար որոնումներից հետո, վերջապես հայտնաբերում է Թալեաթին: Կենդանաբանական այգու մոտակայքում զբոսնելիս նա պատահաբար լսում է ինչ-որ մեկի արտաբերած փաշա բառը: Շրջվելով` տեսնում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին: Ապա Թեհլերյանը հետևում է Թալեաթին ու գտնում նրա բնակության վայրը: Թալեաթի սպանության ծրագիրը արագ կազմվում է:
Դարանակալելով ոճրագործին տան մոտ` նա սպասում է նրա վերադարձին: Շուտով երևում է Թալեաթը: Թեհլերյանը մոտենում է հետևի կողմից, բարձր արտասանում նրա անունը: Ոճրագործը շրջվում է: Սարսափը նրա վերջին զգացումն էր, որ Թալեաթն ապրեց: Դիմահար կրակոցով Թեհլերյանը տապալում է թուրքին: Չնայած հնարավորություն կար փախուստի դիմելու, նա լուռ կանգնում է իր զոհի կողքին: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը պետք է հայության ցասումի ու երիտթուրքերի դատապարտման դատավարությունը դառնար:
Դատի ժամանակ նա հենց այդպես էլ ասաց, որ փախուստի չի դիմել, որպեսզի ողջ աշխարհն իմանա ճշմարտությունը: Նա հերքեց նաև դատախազի` իր ահաբեկիչ լինելու մեղադրանքը, ասելով, որ ահաբեկիչը կատարում է մի փոքր խմբավորման կամքը, իսկ ինքը իրականացրել է ողջ հայության ցանկությունը և վրեժը:
Թալեաթին պատուհասելուց և դատավարությունից հետո. հերոսը մինչ 1945 թ. բնակություն հաստատեց Հարավսլավիայում` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` Դելմատինսկա փողոցում: Պատերազմի ավարտից հետո մինչ կյանքի մայրամուտը նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Մեծ հայորդին հոգին ավանդեց 1960 թ. մայիսի 23-ին:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

6201

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկելը։

Նախագահը ողջունել է պատվիրակությանը մեր երկրում և ընդգծել, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ ունի: Սերժ Սարգսյանի խոսքով, դա առաջին հերթին ակներև վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը միայնակ չէ իր համազգային ողբերգության մեջ, ինչը մեր ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամներին, այդ թվում՝ Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի օրը անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը հայ ժողովրդի կողքին լինելու և 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը և ամրապնդմանը տարիներ շարունակ աջակցելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանմանը նպաստելու, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ակտիվ ներգրավվածության համար: ԱՄՆ կոնգրեսականներին Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու խորացնել և զարգացնել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե պատմության դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց ջանքերը ի նպաստ Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Անկախ

«Եթե նայում ենք դեպի առաջ, պետք է նաև ընդունենք անցյալի փաստերը». ԱՄՆ կոնգրեսական Էլիոթ Էնգել

Էլիոթ ԷնգելԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Էլիոթ Էնգելն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև իրենց հանձնաժողովում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են ընդգրկված, սակայն Հայոց ցեղասպանության հարցում բոլորը միասնական են:

«Բազմիցս բանաձևեր են ընդունվել, ամերիկյան ժողովուրդը ճանաչում է այս ցեղասպանությունը, և կարծում եմ՝ Թուրքիան ևս պետք է ընդունի այս փաստը»,- ասաց նա:

ԱՄՆ կոնգրեսականը շեշտեց, որ ԱՄՆ-ում կա ակտիվ ու կենսունակ ամերիկահայ համայնք, և ամերիկահայերը պարբերաբար բարձրաձայնում են խնդրի մասին: Էլիոթ Էնգելը նշեց, որ իրենք այսօր Հայաստանում են որպես բարեկամ`  հայ ժողովրդին իրենց զորակցությունը ու համերաշխությունը հայտնելու:

«Եթե նայում ենք դեպի առաջ, դեպի ապագա, պետք է նաև ընդունենք անցյալի փաստերը, այս ցեղասպանության փաստը չենք կարող չընդունել»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը:

Ծիծեռնակաբերդում Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

սարգսյանը ծիծեռնակաբերդումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի ծիծեռնակաբերդումզոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ես մտածում եմ իմ ժողովրդի մասին, որ ի վերջո ցեղասպանությունը ճանաչվի

հայկ ղազարյանՀարցազրույց պատմաբան Հայկ Ղազարյանի հետ
– Պարոն Ղազարյան, հայ ժողովրդի ցեղասպանության պրոցեսը սկիզբ է առել 1890 թ. և ավարտվել 1922 թ., իսկ ցեղասպանության իրականացման գագաթնակետը եղել է 1915 թ. ապրիլի 24-ը: Կատարվեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջում, մենք կորցրեցինք մեկուսուկես միլիոնից ավելի խաղաղ բնակչություն և շուրջ 300 հազ. քկմ տարածք` մեր պատմական հայրենիքը, տասնյակ միլիարդների հասնող ազգային հարստություն: Եվ մեր ամբողջ աշխարհասփյուռ հայ ազգի գերնպատակն է ժամանակակից Թուրքիայից պահանջել այն, ինչը մեզ է պատկանում: Հնարավո՞ր է դիվանագիտական ուղիներով, դատական միջազգային ատյաններով լուծում տալ մեր պահանջատիրությանը:
– Ցեղասպանության 90-ամյակի տարեդարձից սկսած` Հայաստանի և հատկապես սփյուռքի պատմաբանները, գիտական աշխատողները, քաղաքագետները հսկայական աշխատանք ծավալեցին և լույս տեսան մի շարք արժեքավոր մենագրություններ: Մոսկվայում Յուրի Բարսեղովը հրատարակեց իր եռահատոր «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը: Փաստաթղթեր և մեկնաբանություններ» ռուսերեն ժողովածուն: Նա, լինելով իրավաբան, փաստաթղթերին տվել է այն արժեքն ու ուղղությունը, որով կարելի է դիմել Հաագայի միջազգային դատարան և քննել հայկական դատը:
Սփյուռքում պատմաբաններն ավելի շատ զբաղվում են պատմագրությամբ, հատկապես` ամերիկահայ պատմաբանները: Վահագն Դադրյանը, որ հանդիսանում է Վաշինգտոնի հայկական ցեղասպանության ինստիտուտի տնօրենը, հրատարակեց հայկական ցեղասպանության պատմության վերաբերյալ մի շարք աշխատություններ` անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն: Հրատարակած աշխատություններ ունի նաև Ռիչարդ Հովհաննիսյանը, որ Կալիֆոռնիայի հայագիտության ամբիոնի վարիչն է: Բաց է մնում հայալեզու գրականությունը: Ժամանակին աշխատանքներ են հրատարակել պրոֆեսորներ Մկրտիչ Ներսիսյանը, Ջոն Կիրակոսյանը, Երվանդ Սարգսյանը, Լավրենտի Բարսեղյանը և շատ-շատերը:
– Դուք անմասն չեք այդ մեծ գործին և ունեք ձեր մենագրությունները: Ի՞նչ եք ներկայացրել ձեր գրքերում, որ առավել նշանակություն ունեն մեր արդար դատը շահելու գործում:
– Իհարկե, որոշ ծառայություններ ես էլ ունեմ, սկսած դեռևս 1959-ից` զբաղվել եմ Արևմտյան Հայաստանի պատմությամբ: 1967 թ. լույս տեսավ «Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ.» ծավալուն մենագրությունս, որ ես համարում եմ իմ աշխատությունների հիմքը: Գիրքը ստեղծվեց Երևանի, Մոսկվայի, Բաքվի պահոցներում քնած փաստաթղթերի, արխիվային նյութերի հիման վրա: Զարմանալին այն էր, որ այդ գրքին հավանություն տվեց երբեմնի ՀԿԿ գլխավոր քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը: Նրա գիտելիքների առատ պաշարից ես շատ եմ օգտվել, իմ դոկտորական թեզը հրատարակվեց ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ: Գրախոսականը գրվել էր Բեյրութում հրատարակված «Բագին» ամսագրում ՀՀԴ բյուրոյի ղեկավար Սիմոն Վրացյանի խմբագրությամբ:
Հետագայում` 2000 թ., հրատարակեցի «Արևմտահայությունը ցեղասպանության նախօրյակին» աշխատությունը: Եղա Մոսկվայում, Փարիզում, Շվեյցարիայում, Գերմանիայում և կարողացա կուտակել արխիվային նյութեր, որոնք հիմք ծառայեցին հետագայում ստեղծելու իմ կապիտալ աշխատությունը: 2005 թ. լույս տեսավ «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» երկհատորյակը:
Ժամանակին Սիմոն Վրացյանը Բեյրութում, Փալանջյան վարժարանում ինձ ասաց. «Գիտե՞ս, բոլորը հրատարակում են հայերենով, ռուսերենով, պետք է ցեղասպանության պատմությունը հրատարակել նաև օտար լեզուներով»:
Եվ ես երկհատորյակը հրատարակեցի 5 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, թուրքերեն: Այն դրվեց գիտական շրջանառության մեջ: Գիրքն իմ օգնությամբ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի միջոցով հասավ աշխարհի 16 երկրների նախագահներին:
Բնության և հասարակության մասին գիտությունների Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, որի անդամներից եմ նաև ես, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք ակադեմիկոսների` Սերգեյ Սարինյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արտեմ Սարգսյանի և շատերի միահամուռ ջանքերով գիրքը ներկայացվեց Նոբելյան մրցանակի: 2008 թ. փետրվարի 10-ի առավոտյան իմացա, որ գրականության և խաղաղության մրցանակը տրված է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալֆրեդ Գոռին:
Դրանից հետո ինձ հետաքրքրում էր Կարսի պայմանագրի խնդիրը: Հայաստանի ղեկավարությունը, նախագահ Ս.Սարգսյանի գլխավորությամբ, որդեգրեց մի քաղաքականություն, որը պատմության մեջ մտավ որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»: Ս.Սարգսյանի թուրքերի հետ բանակցության արդյունքում հրատարակվեց այսպես կոչված «Ճանապարհային քարտեզը»: Երբ Հրանտ Դինքը Երևանում էր, իմ թուրքերեն գիրքը տարավ և խմբագրեց: Ինձ ուղարկեց նաև «Սաբահ» թերթում տպագրված «Ճանապարհային քարտեզը»: Դրա 5 կետերից նշեմ երկուսը. «1.Հայաստանի ղեկավարությունը և Թուրքիայի ղեկավարությունը ճանաչում են Կարսի պայմանագիրը. 2. Պետք է ստեղծել հանձնաժողով և քննարկել` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ»: Ընդ որում, այդ հանձնաժողովի կազմում պետք է մտնեին հայեր, թուրքեր և եվրոպական երկրների ներկայացուցիչներ:
Ս.Սարգսյանը Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտությունով» ուզում էր սահմանները բացել: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերի 13-ին, որով Թուրքիային էր հանձնվում Կարսը, Արդահանը, Իգդիրը, Սուրմալուն: Նախքան Ազգային ժողովի հաստատումը փաստաթղթերն ուղարկվեցին Սահմանադրական դատարան, որը մերժեց և գտավ, որ դրանք չի կարելի ստորագրել:
Ես հրատարակեցի մի մենագրություն` «Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերն ու դրանց ողբերգական դերը հայ ժողովրդի ճակատագրում»: Գիրքը մակագրած ուղարկեցի Ս. Սարգսյանին, ստացա պատասխանը, որում գրված էր. «Պ-ն Ղազարյան, ինչպես ես, այնպես էլ նախագահի ամբողջ անձնակազմը խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նման կապիտալ աշխատություն ստեղծելու համար և Ձեր դիտողությունները մենք անպայման հաշվի կառնենք»:
Եվ ահա, Ս. Սարգսյանը նամակով դիմեց Ազգային ժողով, հետ վերցրեց այդ արձանագրությունները: Փաստորեն, սառեցրեց: Մենք միշտ պարտվել ենք թուրքերից, մոնղոլներից, թաթարներից, սելջուկներից, միակ հաղթանակը Արցախյան փայլուն հաղթանակն է, որի արդյունքում 5-6 հազար քկմ տարածք ազատագրվեց, և դա թուրքերը դարձրել են վեճի առարկա: Խնդիրը հետևյալն է մենք կորցրել ենք 325 հազ. քկմ,
Նախիջևանն էլ Հայաստանի անբաժան մասն էր, Կարսի պայմանագրով այն հանձնվեց Ադրբեջանին, բոլոր փաստաթղթերը կան իմ գրքում:
Այնուհետև հրատարակեցի «Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ» երկհատորյակը: Սա իր տեսակի մեջ եզակի աշխատություն է: Աշխատության մեջ դրված է Սևրի պայմանագիրը, որը ոսկե գրիչով ստորագրել է Ավետիս Ահարոնյանը 1920 թ. օգոստոսի 10-ին նշելով, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է:
Գրքում առաջին անգամ Սևրի պայմանագիրը շրջանառվում է թուրքերենով, տեղադրել եմ նաև ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն տարբերակներով:
1. Սևրի պայմանագրով դաշնակից 14 տերությունները Սուլթանական Թուրքիայի հետ պայմանագիր են ստորագրում և վերընձյուղում ազատ, անկախ և միացյալ ընդարձակ Հայաստան պետությունը:
2.Առաջին աշխարհամարտում հաղթանակած տերությունների միակամ համաձայնությամբ և հանձնարարությամբ` ԱՄՆ 28-րդ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռ է արձակում և միացյալ Հայաստանի նոր պետության սահմանները բաժանում երբեմնի Սուլթանական բռնապետությունից:
Առաջին հատորը գրելուց հետո չբավարարվեցի, որովհետև Սևրի պայմանագրի օրգանական շարունակությունն էին Վիլսոնյան փաստաթղթերը: Վիլսոնն Ամերիկան դարձրեց Ամերիկա: Վիլսոնն առաջին նախագահն էր, որ չեղյալ հայտարարեց Մոնրոյի դոկտրինան: Այդ հրաշալի մարդու կենսագրությունը խորությամբ հրատարակել եմ գրքում: Վիլսոնը Ժան Ժորեսից հետո երկրորդ մարդն էր աշխարհում, որ ձգտում էր խաղաղության: Վիլսոնն առաջադրեց իր 14 կետերը, որոնք համաշխարհային պատմության մեջ մտել են որպես խաղաղության ամենամեծ ծրագիր: Վիլսոնը կարծում էր, որ Հայաստանը պետք է ստանա իր կորցրած տարածքները և ի տարբերություն Սևրի պայմանագրի` դրեց իր` վիլսոնյան քարտեզը, որի վրա ստորագրել է և դրել կնիքը: Քարտեզը` արված անգլերենով, հայերեն զետեղված է գրքում: Վիլսոնը համարում էր, որ Տրապիզոնի վրայով հայերին ճանապարհ պիտի տան դեպի ծով, դեպի Եվրոպա: Նա ճանաչում էր հայոց անկախ պետությունը մոտավորապես 160 հազ. քկմ տարածքի վրա: Վիլսոնյան փաստաթղթերը, դժբախտաբար, պատշաճ ուշադրության չարժանացան: Պատճառն այն էր, որ Ռուսաստանում հաղթանակել էր սոցիալիստական հեղափոխությունը, և այդ ալիքը հրդեհի նման տարածվում էր: Սևրի պայմանագրից հետո Վիլսոնը վերադարձավ Ամերիկա, որ դիմի Կոնգրեսին: Ցավոք, նա կաթված ստացավ: Վատ վիճակում անգամ նա գնացքով գնում էր ամերիկացիներին բացատրելու, որ մի քրիստոնեական ժողովուրդ տառապանքի մեջ է: 1919 թ. փետրվարի 26-ի բոստոնյան ելույթում հնչում է Վիլսոնի հայտնի կոչը. «Զորակցե՛ք, որ այլևս հայերը երբեք չտառապեն»: Վիլսոնը չկարողացավ հասնել իր նպատակին, 68 տարեկանում մահացավ, փաստաթղթերն էլ դրվեցին մի կողմ:
– Իսկ ի՞նչ գործնական քայլեր են անում մեր հայ պատմաբանները, որպեսզի ցեղասպանության թեման հասանելի լինի նաև թուրք ժողովրդի այս սերնդին:
– Ես կարծում եմ, որ հարկավոր է ստեղծել մի միջազգային մարմին և չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը: Եթե դա արվի` մենք կստանանք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Իգդիրը, Անիի ավերակները և Արարատ լեռն իր հարակից շրջաններով: Գոյություն ունի դիվանագիտական ճանապարհ: Փաստաթղթերով, միջազգային ատյանների միջոցով Թուրքիայից կարելի է ստանալ այն, ինչ հնարավոր է: Հարկավոր է հրատարակել փոքրիկ գրքույկներ եվրոպական լեզուներով և, հատկապես թուրքերենով: Այսօրվա թուրք ժողովուրդը նախկինից մի քիչ տարբերվում է: Ճիշտ է, նրանք Հրանտ Դինքին սպանեցին, նացիոնալիզմը, պանթուրքիզմը խեղդում է նրանց, բայց թուրքերի մեջ կա մի սերունդ, որը չգիտի ցեղասպանության մասին: Հարկավոր է` իմանան, որ իրենք ցեղասպան ազգ են և մեղքն իրենց ուսերին է: Այդ մեղքը թոթափելու համար կա երկու ճանապարհ. 1. Թուրքիան պիտի ընդունի իր մեղքը և ճանաչի հայերի ցեղասպանությունը. 2. 325 հազ. քկմ տարածքից, ինչքան հնարավոր է, վերադարձնի Հայաստանին:
Գերմանիան կարողացավ այդ մեղքն իր ուսերից թոթափել, թուրքերն էլ կարող են:
Ես մտածում եմ իմ ժողովրդի մասին, որ ի վերջո ճանաչվի ցեղասպանությունը, և տեր դառնանք մեր հայրենիքին:
Հարցազրույցը` Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆԻ

Անկախ

Ժխտման և պահանջատիրության պայքար. թուրքերն ու հայերը մրցում են, որ հետ չմնան 2015-ի պատրաստություններում

ծիծեռնակաբերդի հուշահամալիրՑեղասպանության 99-րդ տարելիցը նորից առիթ դարձավ, որ ակտիվանան քննարկումները, թե ինչ փուլում է ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, հայկական կողմը որքանով է արդյունավետ հակազդում թուրքական ժխտողականությանը, և ի վերջո, կարողանո՞ւմ ենք հայերս մեր պահանջները հստակ ներկայացնել միջազգային հանրությանը:

Հարցերի պատասխանն «Անկախը» փորձել է պարզել` զրուցելով հայտնի թուրքագետների հետ:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` ամեն ինչ իր հերթն ունի. նախ պետք է լինի ճանաչումը, ապա նոր հատուցումը: Իսկ մինչ այդ, հատկապես ներկայիս արտագաղթի տեմպերի պայմաններում, ըստ Չաքրյանի, վաղ է հողային հատուցման պահանջների մասին խոսելը:
«Քանի դեռ Միացյալ Նահանգները չի ճանաչել, գործընթացը լիարժեք չէ, բայց ԱՄՆ-ում էլ գործընթացը հասունացել է, նահանգների մեծ մասն արդեն ճանաչել է»,- ասում է Չաքրյանը` հավելելով, որ ակնկալում է` 1915-ին ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ նոր թափ կհաղորդի միջազգային ճանաչմանը:
«Այն երկրները, որոնք պատրաստ էին ճանաչելու Ցեղասպանությունը և հակադրվելու Թուրքիային, արեցին: Մնացածը դեռ պատրաստ չեն: Բայց ԱՄՆ-ի ճանաչումից հետո մյուս երկրներն էլ, մասնավորապես Մեծ Բրիտանիան ու Իսրայելն էլ կճանաչեն»,- ասում է Չաքրյանը:

Հակոբ Չաքրյան

Հակոբ Չաքրյան

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` ժամանակն է ավելի լուրջ քայլերի դիմելու և հարցը իրավական հարթություն տեղափոխելու, մանավանդ որ դա Թուրքիայի թույլ կողմն է:
Համակարծիք է նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ասում է, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը համատեղ ուժերով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգիծն են տարել: Այժմ հստակություն մտցնելու պահն է: «Միայն ճանաչմամբ ու դատապարտմամբ չէ, որ հարցը պետք է ընթանա, քաղաքականին զուգահեռ նաև իրավական հարթությունում քայլեր պետք է իրականացվեն,- ասում է Հովսեփյանը:- Քաղաքական հարթությունում հաճախ գործ ենք ունենում այլ պետությունների շահերի, ուստի նաև քաղաքական շահարկումների հետ, իսկ իրավական հարթությունում ավելի հստակ կլինի»:
Հովսեփյանի կարծիքով` մինչ հարցն իրավական հարթություն տեղափոխելը պետք է նախ մանրակրկիտ պլանավորվի, թե միջազգային որ դատարան ենք դիմելու, ինչ մեխանիզմներով, ինչ պահանջով և այլն: Այս գործընթացում, նրա կարծիքով, պետք է ներգրավվեն նաև միջազգային իրավունքի օտարերկրյա մասնագետներ:
Խոսելով ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից` Հովսեփյանն ասում է, որ ցանկացած երկիր, ճանաչելով կամ չճանաչելով, առաջնորդվում է իր շահերով: Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե այս տարի Օբաման ծանրակշիռ հայտարարություն է անելու, ասում է, որ ԱՄՆ-ի կողմից իրական քայլը կլինի ցեղասպանության իրավական գնահատական տալը և ճանաչումը:
«Ես լավատես չեմ, քանի որ պետք է առաջինը հաշվի առնենք տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան, որ այսօր ունենք: Թուրքիան այլևս 15-20 տարի առաջվա պետությունը չէ, որ կախված էր ԱՄՆ-ից, հիմա Թուրքիան որոշակի աստիճանի ինքնուրույնություն ունի,- ասում է Հովսեփյանը ԱՄՆ Սենատի ընդունած բանաձի հնարավոր ճակատագիրը մեկնաբանելով:- Որքան էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքն Արևմուտքում է, դրան զուգահեռ արտաքին քաղաքականության ոլորտում այլընտրանքային մոտեցումների զարգացման հնարավորություններ են ստեղծվել. Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ, տարածաշրջանում դերակատարություն: Այսինքն` ցանկացած խնդիր լրջորեն կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները, իսկ այս կոնֆիգուրացիայում Թուրքիան բավականին մեծ անելիքներ

Լևոն Հովսեփյան

Լևոն Հովսեփյան

ունի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական շահերի ու գործընթացների առումով. սիրիական և իրաքյան հիմնախնդիրներ, Ռուսաստանի հետ դիմակայություն` պայմանավորված ուկրաինական ճգնաժամով: Այս պարագայում ԱՄՆ-ի համար տրամաբանական չի լինի Թուրքիային կորցնելը, ուստի ենթադրելի է, որ բարձր մակարդակով բանաձևը կկասեցվի»:
Չաքրյանն ասում է, որ թուրքական ժխտողականությունն աստիճանաբար ավելի ագրեսիվ է դառնում, քանի որ, չնայած մեծ ներդրումներին ու ջանքերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է:
Ըստ Չաքրյանի, անտեղի են նաև Թուրքիայի փոխվելու մասին խոսակցությունները. շարունակում են իրենց նույն հակահայ քաղաքականությունը, ինչը հարյուր տարի առաջ էր:
Հովսեփյանը ևս կարծում է, որ ժխտողականությունը չի փոխվել, ընդամենը մարտավարությունն է որոշակի խմբագրումների ենթարկվել` կոշտից դառնալով այսպես ասած` փափուկ, որն ավելի վտանգավոր է:
Հովսեփյանը, խոսելով թուրք հասարակության և պետության փոփոխության մասին, ասում է, որ հասարակությունը պայմանական հասկացողություն է և շատ բազմաշերտ. գերակշռում են պահպանողական-ազգայնականները, որոնք ցանկացած հայկականությունը դիտարկում են որպես վտանգ ազգային անվտանգությանը, մի փոքր շերտ էլ ազատական մտածողություն ունի: Մտավորականության այս շերտը, սակայն, չի կարողանում ազդել ընդհանուր հասարակական կարծիքի վրա և մնում է մեկուսացված, մարգինալ վիճակում: Բայց, ըստ նրա, միևնույն է, առաջընթացը նկատելի է. ամեն դեպքում կա ազատական հատված, երիտասարդություն` նոր մոտեցումներով ու նոր աշխարհընկալմամբ:
«Թուրքական պետության էությունը մեծ հաշվով չի փոխվել, թուրքական պետությունը հենվում է ազգայնական-պահպանողական հատվածի վրա, որը գերակշռում է: Ցանկացած ուժ, որը ձգտում է կամ գալու է իշխանության Թուրքիայում, պետք է հենվի այդ ազգայնական-պահպանողական հատվածի վրա, իսկ դրա համար պետք է լինի կոնսոլիդացնող գործոն, որն է Հայոց ցեղասպանությունը և թշնամիներով շրջապատված լինելը»,- ասում է Հովսեփյանը` հավելելով, որ թուրքական պետության էությունը չի փոխվում, քանի որ ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմություն, իսկ դա պետք է ունենա հանրության մեծ շերտի վրա հիմնվելու արդյունքում, և այդ մեծ շերտն ազգայնական-պահպանողական հատվածն է. չես կարող հիմնվել այդ հինգ տոկոս ազատականների վրա:
Հովսեփյանը նշում է, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն ակտիվ պատրաստվում են 2015-ին: Թուրքական կողմը նոր չի սկսել պատրաստությունները, դեռ 2010-11-ից ակտիվ գործողություններ ու քննարկումներ են իրականացվում: Ընդ որում, եթե Հայաստանում մատնանշում են Թուրքիայի պատրաստությունները, ապա այնտեղ էլ հակառակն է, քննարկում են, թե ինչ մեծ թափով է հայկական կողմը պատրաստվում 2015-ին և ինչ պիտի անեն, որ հետ չմնան:

Արևմտյան Հայաստանի ատլասը

10299441_731716323517626_1321808194_nՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տեղանվանագետ Ջուլիետա Եսայանը հրատարակության է պատրաստում Արևմտյան Հայաստանի ատլասը:
Նախադեպը չունեցող քարտեզի հեղինակը նախընթաց տարիներին տպագրել է Հայոց ցեղասպանության մասին պատմաաշխարհագրական տվյալներն ընդգրկող երկու աշխատություն: Ցեղասպանության ատլասը ներառելու է Արևմտյան Հայաստանի վեց նահանգներն ու Տրապիզոնը, ևս մեկ քարտեզ կնվիրվի Կիլիկիային: Բացառիկ քարտեզը համառոտ տեղեկություններ կտա նաև Պատմական Հայաստանի պատմամշակութային արժեքների, եկեղեցիների ու վանական համալիրների մասին, որոնք կողոպտվել են, ավերվել, դարձել հրո ճարակ:
Տեղանվանագետ Ջուլիետա Եսայանն արդեն չորս տասնամյակ մտովի ճամփորդում է Պատմական Հայաստանի բոլոր վեց նահանգներով` չշրջանցելով որևէ բնակավայր, անգամ փոքրիկ գյուղակները, որոնք մինչև 1915 թվականի դեպքերը բնակեցված են եղել հայերով: «Մեկ օրինակ բերեմ. Եփրատ գետն է` Երզնկա քաղաքի մոտ, Էրզրումի նահանգի, Կարնո աշխահի, որտեղ այս բարձրությունից մարդկանց գլորել են: Ամբողջ տարին հայոց աշխարհի գետերը կարմիրով էին ներկված: Երբ գտնում ես թղթե մի փոքրիկ պատառիկ, որը մասունք դարձած վերցնում ես ձեռքդ, սկսում ես փնտրել այդ գյուղը, մտածել` որտեղից են եկել, որ ճանապարհին է, չեմ ուզում որևէ բան կորչի, չէ՞ որ պատմություն է»,- անթաքույց հուզմունքով նշում է Ջուլիետա Եսայանը:
ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ատլասգիտաշխատող Ջուլիետա Եսայանը փնտրել, գտել ու իր հեղինակած քարտեզի ձեռագիր տարբերակում է զետեղել Պատմական Հայաստանի բնաջնջված, ավերված ու հրկիզված մոտ երեք հազար բնակավայր: Առայժմ նախադեպը չունեցող քարտեզն ընդգրկելու է Արևմտյան Հայաստանի վեց նահանգների, նաև Տրապիզոնի ու Կիլիկիայի մասին պատմական հսկայածավալ տեղեկություններ` մոռացումից փրկելով հայկական հարուստ տարեգրությունից պոկված այդ էջի անավարտ դրվագները: Պայմանական նշաններով կառանձնացվեն ամայացած, հրկիզված գյուղերն ու քաղաքները, գաղթի ճանապարհներն ու դեմոգրաֆիական կազմը: Պատմաաշխարհագրական բացառիկ քարտեզը կպատմի նաև հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերի մասին` Զեյթունից մինչև Մուշ ու Վան, Ուրֆա, Խոտորջուր: «Բոլոր բնակավայրերը նախ թալանվել են, ընդհուպ մինչև մարդկանց վրայի կերպասե գեղեցիկ հագուստները, որովհետև թուրքերը չէին կարող այդքան գեղեցիկ հանգնվել»,- նշեց Ջուլիետա Եսայանը:
Շատ անգամ մի գյուղի պատմության վերհանման, տվյալների ճշգրտման համար հեղինակից պահանջվել են ամիսներ: Նրան հուզել են Հայոց ցեղասպանությանն առնչվող բոլոր վավերագրերը, փրկվելու որևէ հույս չունեցող, անապատը նետված երիտասարդ կնոջ ու նրա մանկան ճիչը:
10287090_731716310184294_934898063_nՔարտեզի բաժիններից մեկն էլ նվիրված է Պատմական Հայաստանի պաշտամունքային վայրերին` եկեղեցիներին, վանքերին ու մատուռներին, որոնց անուններն աղավաղվել են, ստացել թուրքական անհեթեթ ու իմաստազուրկ անվանումներ: «Սուրբ Լույս լեռը կամ Սուրբ Բարսեղը դարձրել են Սիպիլուս, Սիլպուս, Սուրբ Գրիգոր լեռնաշղթան դարձրել են Սիպիկոր: Բայց մեկ է, արմատը հիմքում մնում է, և եթե ուզես վերականգնել, դժվար չէ, մանավանդ որ բերդեր, ամրոցներ չեն կառուցել: Նրանք այդ բառերը վերցրել են արաբներից, օրինակ` Հասան կալա: Վարդապետի կամուրջը` Համիդի: Համիդն ի՞նչ կապ ունի: Կամ Հովվի կամուրջը… Ապացուցվելիք բաներ այլևս չկան, բոլորն ապացուցված են, փաստերը երկմտանքի տեղ չեն թողնում»:
Ցեղասպանությանը նվիրված 11 քարտեզից կազմված բացառիկ ատլասն ունենալու է նաև անգլերեն տարբերակը:
Կորսված հայրենիքի քարտեզագրման հսկայածավալ աշխատանքն արդեն ավարտված է: Երկլեզու ատլասն անցել է համակարգչային մշակման և պատրաստ է տպագրության, որի համար հեղինակն ակնկալում է ֆինանսական աջակցություն: Ջուլիետա Եսայանը ատլասի տպագրության համար դիմել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հայկ Դեմոյանի խոսքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը խթանելու, 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովը նման 200 առաջարկ ունի օրակարգում, որոնք պետք է ներկայացվեն քննարկման: Ջուլիետա Եսայանի հեղինակած ատլասը պետական հանձնաժողովի կազմի քննարկմանը կներկայացվի հավանաբար այս տարվա հունիսին:

Մայա Խաչատրյան

Անկախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Բակո ՍահակյանՍիրելի հայրենակիցներ,

Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին:
1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:
Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, եւ հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետեւ լավ ենք սերտել պատմության դասը, եւ օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է:

 

ք.Ստեփանակերտ, 24 ապրիլի 2014թ.

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըԱպրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։

Նախարար Նալբանդյանը ողջունեց Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորեց նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասաց, որ խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ կոնգրեսականները ընդգծեցին, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին և վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սերժ Սարգսյան   Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով իրականացվում էր հայությանը, որպես քաղաքական գործոն, պատմության թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրեշավոր նախագիծը:

Այսօր, գրեթե հարյուր տարվա հեռավորությունից դիտելիս, ակնհայտ է, որ մենք՝ որպես ազգ, պատրաստ չենք եղել դիմակայելու նման հարվածի՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ կազմակերպվելու առումով: Հայ ժողովրդի բոլոր հատվածները և բոլոր սերունդները շարունակում են մինչև այսօր իրենց ճակատագրի վրա զգալ այն հարվածի հետևանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Սա փաստ է: Բայց նաև փաստ է այն, որ մենք ստեղծել ենք մեր պետությունը և այսօր, ի տարբերություն անցյալի, և՛ հոգեբանորեն, և՛ կազմակերպականորեն պատրաստ ենք դիմակայելու նման աղետների՝ մանավանդ հայրենի հողի վրա: Աշխարհում հայի համար չի կարող լինել ավելի ապահով տեղ, քան սեփական պետության հովանու ներքո:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիվ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:

Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից:

Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք սա:

Մենք երախտագիտությամբ ենք լցված նաև այն երկրների ու ժողովուրդների հանդեպ, որոնք ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին: Հայ ժողովուրդը դա միշտ է հիշելու, իսկ մեր քույրերն ու եղբայրները տասնամյակներ շարունակ պատասխանել ու պատասխանում են իրենց մեկնած ձեռքին՝ դառնալով այդ հյուրընկալ երկրների նվիրված քաղաքացիներ:

Այսօր Սիրիայի հայության համար շարունակվում է փորձության շրջանը, որը մեր բաց վերքն է ու մեր ամենօրյա առաջնային մտահոգությունը: Եվ մեր բոլոր քայլերն ու գործողությունները Սիրիայի ժողովրդին ու սիրիահայ մեր հայրենակիցներին բաղձալի խաղաղությունը վերադարձնելու համար են:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով և պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն համայն հայության հայրենիքն է, որը, չնայած տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ – ոչ խաղաղություն» իրականությանը, շարունակում է իր առաջընթացը:

2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում:

Անկախ

Հայ նահատակ բժիշկները և նրանց դահիճ թուրք բժիշկները

բժիշկներ (1)1915 թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ նահատակվել է 64 բժիշկ: Թուրքական բանակում և հիվանդանոցում տիֆով վարակվել և մահացել է 52 բժիշկ, սպանված կամ տիֆով վարակված ատամնաբույժները 14-ն են, նահատակվել է 15 ուսանող բժիշկ, նահատակված, տիֆով վարակված և մահացած դեղագործների թիվը 73 է: Այսպիսով, նախորդ դարասկզբին թուրքական յաթաղանին զոհ գնացած հայ բժիշկների ընդհանուր թիվը 218 է:
Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին ընդառաջ` այս փաստերն առանձնացրել է գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը: «1919 թ. Պոլսի հայ բժշկական միությունը, որի նախագահն էր բազմավաստակ բժիշկ, բանասեր Վ.Հ. Թորգոմյանը, լույս ընծայեց ֆրանսերեն մի գրքույկ «Մեծ եղեռնի նահատակ հայ բժիշկների և ջարդարար թուրք երդմնադրուժ արվեստակիցների» մասին, որում նշվում էր, որ Կայսերական բժշկական վարժարանի առաջին դասախոսները հայ և հույն բժիշկներ էին, որոնք կրթություն էին ստացել եվրոպական բժշկական համալսարաններում: Եվ սպանված հայ բժիշկների մասին տվյալները ներկայացվել են Հայ բժշկական միության պատրաստած վիճակագրության համաձայն: Թուրք բժիշկներից շատերը մասնակից եղան և իրենց ձեռքերը լվացին հայ գործընկերների արյունով: Հայկական ջարդերի կազմակերպիչներն էին իթթիհատի ջարդարարական ծրագիրն իրագործող հետևյալ ուխտադրուժ բժիշկները՝ Նազիմը, Բեհաթթինը, Շաքիրը, Րեշիտ Բեյը, Համիտ Սուատը, Թևֆիք Սալիմը, Մեհմետ Րեֆին, Սուլեյման Նոման փաշան:
Սիլվա Սուքիասյանն ընդգծեց, սակայն, որ վերոհիշյալ տեղակագիրն ամբողջական չէ: Հայոց ցեղասպանության տարիներին նահատակված հայ բժիշկների, նրանց նկատմամբ թուրքական բռնությունների մասին հրատարակություններ էլի կան, որոնք լրացնում են դժնդակ պատմությունը: 1940-ին Թուրքիայում Ա.Ն.Մեզպուրյանը հրատարակեց «Հայ և ծագումով հայ բժիշկները» վերնագրով գիրքը: Տասը տարի անց այս գրքի վերահրատարակությունը լուրջ, երկարամյա քրտնաջան աշխատանքի արդյունք էր:
բժիշկներ (3)«1957-ին Բոստոնում բժիշկ Գասպար Կարոյանը լույս ընծայեց «Մեծ եղեռնի նահատակ հայ բժիշկները» վերտառությամբ գիրքը, որում տրված են ոչ միայն բժիշկների անվանացանկերը, այլև ներկայացված են նրանց կենսագրությունը, ճակատագրի մանրամասները, եղերական մահը: Պետք է նշել, որ հայկական տեղահանությունները, Պոլսո հայ մտավորականության ջարդերը կազմակերպող հատուկ հանձնախմբի (Թեշքիլաթի Մահսուսե) մասնակիցներից մեկն էր բժիշկ Նազիմը, որն ավարտել էր Պոլսի կայսերական վարժարանը: Նա վայրագությամբ իրականացնում էր ականավոր հայ բժիշկների սպանությունները, որովհետև հայ բժիշկները ոչ միայն առավելություն, այլև մեծ համբավ էին վայելում, քան թուրք բժիշկները: Ջարդարար, գազանասիրտ թուրք բժիշկը ձերբակալել, բանտարկել և աքսորել է տվել տաղանդավոր բժիշկներից շատերին, որոնցից էր նաև Օսմանյան կայսրության պառլամենտի անդամ, բազմավաստակ բանասեր, երկրագործ Նազարեթ Տաղավարյանը: Նրա գրչին է պատկանում «Բնական պատմություն», «Ծագումն հայ տառից», «Մանրէաբանություն», «Ուսումնասիրություն միզային քարերու», «Տիեզերք և իր կազմություն», «Ծննդական գործարք», «Մարդկային սաղմնախոսություն», «Հայոց հին կրոնքները» և բազմաթիվ այլ աշխատություններ»,- ընդգծեց Սիլվա Սուքիասյանը:
Նազարեթ Տաղավարյանը ծնունդով սվազցի էր (1862-1915), ավարտել է Փարիզի երկրագործական վարժարանը, այնուհետև կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի և բժշկական համալսարաններում: Նա, որպես լավագույն ուսանողներից մեկը, բժշկական վկայական է ստանում և վերադառնում Բերիա, որտեղ բացում է իր բժշկական կլինիկան: Չնայած իր մատուցած ծառայություններին` տարաբախտ բժիշկը նահատակվում է Ուրֆայի մոտ:
Սիլվա Սուքիասյանը շարունակում է հայ մտավորականների, բժիշկների ու հոգևորականների մասին պատմությունները, որոնք, ցավալիորեն, շաղկապված են 1915-ի հայոց սև էջի հետ:
«Նազիմի զոհերից էր նաև ազգային երեսփոխան Կարապետ Փաշայան խանը, որը ոչ միայն բժիշկ էր, այլև գրող, գրականագետ, հասարակական գործիչ: Նա ծնվել է Պոլսում (1864-1915): Ավարտել է կայսերական վարժարանը: Որպես բժիշկ հաստատվել է Տիվրիկում, որտեղ առանց ցեղի և կրոնական դավանանքի խտրության, բարեխղճորեն և հավատարմությամբ է ծառայել իր մասնագիտությանը: Նա մասնակցել է նաև ազգային, մշակութային և կրթական գործերին: Հեղինակ է բազմաթիվ նովելների և պատմվածքների: Հիշատակման է արժանի «Մարիա թե Հայկանուշ» սիրավեպը և «Աղջկան մը հիշատակարանը» նովելը: Կարապետ Փաշայան խանը նահատակվել է Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին:
Նազիմը նաև երիտասարդ բժիշկ, բանաստեղծ Ռուբեն Սևակի եղերական մահվան պատճառ դարձավ: Թուրքերը, Ռուբեն Սևակին և հինգ արվեստակիցներին կողոպտելով, մերկ մարմինները կախեցին Գալեճիկ գյուղի ձորի ծառերից: Բեհաթթին Շաքիրը դասավանդում էր կայսերական վարժարանում: Նա Իթթիհատի կենտրոնական վարչության ղեկավարներից էր և բժիշկներ (2)Թեշքիլաթի Մահսուսեի անդամ, որը ծրագրել ու գործադրել է հայ ցեղի բնաջնջումը Անատոլիայում և Հայկական բարձրավանդակում: Նա, մոռանալով իր բժշկական երդումը, 1915-ին դարձել էր ամբողջ հայ ազգի, մասնավորապես հայ բժիշկների ամենամեծ ջարդարարը: Երբ ռուսական բանակը մոտենում է Կարին քաղաքին, նա հրամայում է ամբողջ բնակչությանը քշել դեպի Երզնկա: Եփրատ գետի ափին դարանակալ քրդերը, տեղեկանալով այդ մասին, թուրք զինվորականների հետ կողոպտում, առևանգում են անպաշտպան ժողովրդին և հանձնում գետի հոսանքին: Ռուսական բանակը, գրավելով հայաշատ Կարինը, այնտեղ գտնում է 16 հայ ծերունիների և տարեց կանանց:
Եվս մեկ դրվագ. Դիարբեքիրի կուսակալ բժիշկ Րեշիտ Բեյը 1915-ի ապրիլյան այս օրերին հրամայում է ձերբակալել Դիարբեքիրի ազգային վարչական մարմիններին, առևտրականներին, հայ բժիշկներին, եկեղեցականներին, ուսուցիչներին, մի խոսքով` հայության ընտրանին՝ մոտ 635 հոգի: Նրանց տանում, գազանաբար սպանում են Բեզվանի ձորում արյունարբու թուրք և քուրդ զինվորականները: Ավելին, Պոլսի Րեսիմլի Թարիհ հանդեսը 1953-ին հրատարակել է մի հարցազրույցի պատմություն բժիշկ Րեշիտ Բեյի մասին: «Դուք բժիշկ էիք և որպես բժիշկ՝ Ձեր պարտականությունն է մարդուն փրկել: Ինչպե՞ս եղավ, որ այսքան անմեղներու գունդ առ գունդ ձերբակալելով մահվան գիրկը նետելուն պատճառ եղաք»: Եվ ահա պատասխանը. «Բժիշկ ըլլալս չէր կրնար մոռցնել տալ ազգությունս: Րեշիտ բժիշկ մըն է, բայց իբրև թուրք մը աշխարհ եկած է: Թրքությունս հաղթանակեց բժշկութեանս: Համոզված եմ, որ յօգուտ ազգիս կը շարժիմ»:
Դարեր ի վեր բժշկական գիտաժողովներում խստիվ դրված է այն հարցը, որ մարդկանց վրա գիտափորձեր կատարելն արգելվում է: Սակայն դա չէր վերաբերում թուրք, Մյունխենի բժշկական համալսարանում կրթություն ստացած, կայսերական բժշկական վարժարանի պրոֆեսոր Համիտ Սուատին և նույն վարժարանի պրոֆեսոր Թևֆիք Սալիմին: Նրանք հազարավոր հայ զինվորների ներարկում էին ոչ ճիշտ, գիտականորեն չհաստատված տիֆի դեմ պատրաստված շիճուկը, որով հազարավոր հայերի մահվան դատապարտեցին:
Տիկին Սիլվան հավելում է, որ Երզնկայում ապաստանած հայերի հետ վարվում էին այնպես, ինչպես ծովախոզուկների, ճագարների, մկների հետ: Նրանց ուժով նետում էին Երզնկայի հիվանդանոց և ենթարկում գիտական փորձերի: Այդ մասին վկայել է բժիշկ Օբերաթոր Հայատար Ճեմալը՝ բաց նամակ ուղարկելով ներքին գործոց նախարարությանը: Նա աշխատել է այդ հիվանդանոցում, ավելին՝ մասնակցել այդ գիտափորձերին:
Ցավալիորեն, այս պատմությունները վերջ չունեն: Իթթիհատի կարկառուն դեմքերից Էնվեր փաշայի մտերիմ ընկեր Սուլեյման Նոման փաշան թուրքական բանակի առողջապահական քննիչն էր, նրա պատճառով նաև հարյուրավոր հայեր նահատակվեցին: Նա հովանավորել է ջարդարար թուրք բժիշկներին: Հայ բժիշկների արյունով են իրենց ձեռքերը ներկել Տրապիզոնի առողջապահական տնօրեն Ալի Սայիպը, Երզնկայի զինվորական հիվանդանոցի բժիշկ Շևքեթ Ֆերիտունը, Համտի Սուլեյմանը, Ֆայիք Զիան, Հասան Ֆուատը:

 

Մայա Խաչատրյան

Անկախ

Այսօր ջերմաստիճանը կբարձրանա, իսկ վաղը սպասվում է կարճատև անձրև

եղանակը հայաստանում
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում  են, որ հանրապետության տարածքում`
 Ապրիլի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 26-ին նույնքան կնվազի:

Երևանում՝
 Ապրիլի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.30C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.80C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.90C

Համաշխարհային մամուլի արձագանքը Թայիփ Էրդողանի ուղերձին

ցեղասպանություն   Այսօր Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով ուղերձը, որով նա իր ցավակցություններ է հայտնել հայ ժողովրդին, մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում: «Associated press» գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանը չի օգտագործել ցեղասպանություն բառը՝ այն անվանելով տեղահանություն: «Reuters»-ը Էրդողանի ուղերձը անսպասելի է համարել: Իսրայելական «Jerusalem Post»-ը իր հոդվածը հետևյալ կերպ է վերնագրել՝ «Էրդողանը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, սակայն ընտանիքներին ցավակցություն է հղում»: Ֆրանսիական «Le Parisien» թերթը գրել է. «Թուրքիայում սա քաղաքական երկրաշարժ է: Վարչապետ Էրդողանը պաշտոնապես Թուրքիայի ցավակցությունը հայտնեց 1915 թվականին սպանված հայերի ընտանիքներին: Սա առաջին նման դեպքն է այս երկրի պատմության մեջ»: Թուրքական լրատվամիջոցները նկատել են նաև, որ հայ պաշտոնյաների, ինչպես նաև հայկական մամուլի կողմից Էրդողանի հայտարարությունը բուռն արձագանք չի գտել:

Անկախ