ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական և քրդական համայնքների ՀԿ-ներին: Խորհրդի նույն նիստի որոշմամբ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ հաշվեհամարին՝ 1 մլն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով: Այս հատկացումները ևս հաստատվել են կառավարության նույն որոշմամբ: Իրավական ակտն ընդունվում է ամեն տարի: Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման համար:
Մանկական երկաթուղու տարածքում տեղադրվում են տեսախցիկներ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին:
Զեկուցվել է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ:
Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել անվանի քանդակագործ Արա Շիրազի մահվան կապակցությամբ:
«Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը:
Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:
Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն:
Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական: Նա այն մարդկանցից էր, որոնք իրենց գոյությամբ լույս են պարգևում, իսկ հեռանալով` իրենց հետ տանում մի կարևոր մասնիկ մեզանից:
Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-ասվում է ցավակցագրի մեջ:
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
Սթիվ Ջոբսը հայերեն գիտեր
Պարզվում է, որ Սթիվ Ջոբսը շատ լավ հայերեն է խոսել: Այդ մասին տեղեկանում ենք http://armenianeyes.com և khabararmani.com արաբական կայքերից: Պատասխանը պետք է փնտրել նրա ինքնակենսագրության մեջ:
Apple-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955 փետրվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում: Նրան որդեգրել են Փոլ և Կլարա Ջոբսերը (Հակոբյանները): Նշված կայքերի հավաստմամբ` Սթիվը մեծացել է հայկական ընտանիքում (մայրը Կլեր, Վիկտորյա Արթինյան, հայրը՝ Լուիս Հակոբյան): «Քլեր Հակոբյանը` որդեգրող մայրը, նշանակալի դեր է ունեցել հանճարի դաստիարակության գործում և հենց նա է Սթիվին հայերեն սովորեցրել», – տեղեկանում ենք արաբական կայքից: Սակայն Ջոբսը երբեք չի ցանկացել խոսել իր կենսաբանական ծնողների և ընտանիքի մասին: Նրա երեխաները հաճախ էին բողոքում, որ Սթիվը շատ ժամանակ չի անցկացնում իրենց հետ: Նա հպարտությամբ էր արտահայտվում իրեն մեծացնող ծնողների, հատկապես մոր մասին, բայց համացանցում այդպես էլ չկարողացանք գտնել նրա հայերենով զրույցը և հայ ծնողների մասին փաստող տեսանյութեր:
Նորարարի հայերենի իմացության մասին և նման այլ կարևոր տեղեկությունները գուցե պարզ դառնան այն ժամանակ, երբ կհրատարակվի նրա պաշտոնական` Apple-ի հավաստագրած կենսագրությունը՝ Apple-ի գործունեության մասին առաջին գիրքը` «iSteve: The Book of Jobs» (հեղինակ՝ CNN-ի նախկին գլխավոր տնօրեն և British Times-ի նախկին խմբագիր Ուոլթեր Իսաակսոն):
Ջոբսն ունեցել է բազմաթիվ և բազմաբնույթ նախասիրություններ մինչ Ս. Վոզնյակի հետ Apple Computers-ը սկսելը: Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ և չի բավարարվել ձեռք բերած հաջողություններով։ Վոզնյակի հետ նրա առաջին համատեղ աշխատանքն ավելի շատ նման էր հաքերության: Երկու ընկերներով պատրաստել էին մի սարք՝ Blue Box, որը հնարավորություն էր տալիս անվճար զանգահարելու հեռավոր տարածքներ, իսկ հետագայում սկսեցին աշխատել դրա վաճառքով։ Առաջին կիսամյակից հետո Սթիվն ընդհատել է ուսումը, բայց հաճախել է գեղագրության դասընթացների, ինչը շատ է օգնել նրա Macintosh համակարգչի՝ MacOS համակարգի ստեղծմանը։ 1970-անների վերջին Ջոբսը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ ստեղծեց առաջին առևտրային հաջողություն ունեցած անհատական համակարգիչներից մեկը, 1985 թ. տնօրենների խորհրդի հետ պայքարում կորցրեց իր տեղը Apple-ում և առանձին ստեղծեց NeXT ընկերությունը: 1997 թ. նա վերադարձավ և Apple-ը դարձավ աշխարհի ամենաթանկ IT ընկերությունը, այնուհետև նրա գլխավորությամբ Apple-ը թողարկեց զարմանալի սարքեր` iPad պլանշետ, ամենաբարակ նոութբուքը՝ MacBook Air, iPhone հեռախոսներ և iPod երաժշտական փլեյեր:
Ջոբսն իսկապես զարմանալի էակ էր, որ փոխեց աշխարհընկալումը՝ թևակոխելով XX-XXI դարերի թվայնացված կենսակերպ: Նա զարմացնում էր ոչ միայն իր անընդհատ առաջ գնալու ձգտումով, այլև հետաքրքրասիրությամբ և այլ սովորություններով: Դրանցից էր, օրինակ՝ Թուրքիա կատարած այցը, որի մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել նրան ուղեկցող գիդը՝ Ասիլ Թունչերը: Գիդի խոսքով` տաճարի քրիստոնեական անցյալի մասին հիշատակելիս Ջոբսը սկսել է նրան հարցեր տալ Թուրքիայի քրիստոնյաների մասին: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սթիվը մեծացել է հայկական ընտանիքում, իսկ իրեն դաստիարակած ծնողները Հայոց ցեղասպանությունից ցրված հայերից էին:
Ս. Ջոբսը մահացավ 2011 թ. հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում քաղցկեղից և թողեց շատերին անհայտ մի շարք փաստեր: Բայց մի բան հստակ էր. Սթիվը մինչև վերջ սիրեց իրերի արտաքին տեսքը, դիզայնը և նույնիսկ իր կյանքի վերջին րոպեներին չցանկացավ կրել թթվածնի դիմակը, քանի որ այն անտանելի տեսք ուներ:
Ելենա Չոբանյան
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը իրազեկման ավտոերթ կիրականացնի
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը:
Երթևեկման կարգը՝
Հարգելի՛ ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 20-ին, ժ. 12:30-ին (ոչ շուտ և ուշ) մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 13:30-ը։
Ժամը 13:30-ին մեքենաները շարասյունով կշարժվեն դեպի Աբովյան պուրակ (պլանի գլուխ), որտեղ կշարունակվի ակցիան մինչև ժամը 14:30-ը, որով և կավարտվի ավտոերթը։
Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ կամ Աբովյան պուրակ (պլանի գլուխ) մտնելու համար։
Երթի ողջ ընթացքում տեղի կունենա քաղաքացիների իրազեկում բարձրախոսներով և մեքենաներին փակցված թռուցիկներով։
Ցանկալի է ունենալ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կամ ՀՀ դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը:
Ինպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մարտի 18-ին որոշ քաշային կարգերում հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: 46 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Արսեն Աբգարյանը, Ժիրայր Սարգսյանը, Վաղարշակ Սարգսյանը և Վահե Դավոյանը: 48 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և կիսաեզրափակիչ դուրս եկան Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վահե Բադալյանը, Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Բարեյանը, ինչպես նաև Վանաձորի մարզադպրոցի ներկայացուցիչներ Տիգրան Սարիբեկյանն ու Արեն Հարությունյանը:
52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն դինամոյական Գարիկ Վարդանյանն ու Պոլիտեխնիկ մարզական ակումբը ներկայացնող Զոհրաբ Ղազարյանը: Այս քաշային կարգում կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Մնացական Հարությունյանն ու Աշոտ Մխիթարյանը:
57 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Կարեն Մարգարյանը, Արտուշ Վաթյանը, Գևորգ Հարությունյանը և Հարություն Պապիկյանը: 66-ում՝ Դավիթ Արաբյանը, Փայլակ Ղազարյանը, Դավիթ Թարոյանը և Գուրգեն Մադոյանը: 75 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին Վան Մելքումյանը, Կարեն Հակոբյանը, Ժորա Ղազարյանը և Գևորգ Զաքարյանը: 80 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Էդիկ Մաղաքյանը, էմիլ Հովհաննիսյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Ալյոշա Ստամբոլցյանը :
Մարտի 19-ին հայտնի կդառնան նաև 50 կգ, 60 կգ , 63 կգ , 70 կգ , +80կգ քաշային կարգերի կիսաեզրափակչի մասնակիցները: Մրցումների սկիզբը ժամը 13:00-ին:
Քննարկվել են սեփականատերերի կողմից տարածքների մաքրության ապահովման հետ կապված հարցեր
Սեփականատերերի կողմից իրենց պատկանող, սակայն ինչ-ինչ պատճառներով չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքրության և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ համապատասխան աշխատանքների և դրանց առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված խորհրդակցությանը: Խորհրդակցությունը վարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:
Խորհրդակցության շրջանակում մասնավորապես ներկայացվել և քննարկվել են համապատասխան ծանուցումներից հետո սահմանված ժամկետում իրենց պարտավորությունները չկատարած սեփականատերերի նկատմամբ վարչարարության իրականացման հետ կապված հարցեր:
Առանձին քննարկվել են նաև սեփականատեր հանդիսացող, սակայն ներկա պահին ՀՀ-ից բացակայող քաղաքացիների նկատմամբ վարչարարության իրականացման միջոցներն ու տեսակները, ինչպես նաև օրենքով սահմանված համապատասխան այլ միջոցների ձեռնարկման հարցը:
Անդրադարձ է եղել նաև օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը Ժնեւում հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահի հետ
Մարտի 18-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովը շարունակեց քննարկումները «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով:
Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Փաստելով հայ-լատվիական համագործակցության ներկա բարձր մակարդակը` կողմերը շեշտեցին, որ անհրաժեշտ է առաջ շարժվել` օգտագործելով բոլոր հնարավորությունները եւ առկա մեծ ներուժը: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները զարգանում եւ խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Նրա խոսքով` վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար:
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, միջազգային վերջին զարգացումներին: Կարեւորվեց բոլոր խնդիրների եւ հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այն չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:
Լատվիայի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւոր համարեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումը` բարձր գնահատելով Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա հայ-լատվիական միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ սերտացման առումով: Տիկին Աբոլտինան կարեւոր համարեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու եւ ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում: «Լատվիան պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը»,- ընդգծեց Սոլվիտա Աբոլտինան:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ
Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման, ընթացիկ տարվա խնդիրների քննարկման, մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Տեղի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, որտեղ նախարարը, ամփուփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի, հանգամանորեն ծանոթացել է նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին` խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը:
Նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անհանգստացնող այն իրողության վրա, որ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշն ամենացածրն է հանրապետությունում: «Եթե հանրապետությունում օգտագործվում է վարելահողերի 72 տոկոսից ավելին, ապա Վայոց ձորի մարզում նույնքան է չօգտագործվող վարելահողերի տոկոսը: Անհրաժեշտ էլրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշի բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին:Մանավանդ, որ առջևում գարնանացանն է, և ներկայումս ընթանում են հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուների և պարարտանյութերի բաշխման աշխատանքները»,- հանձնարարել է նա:
Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացված մթերումների խնդրին` նախարարը նշել է, որ անցյալ տարի, հիմնականում պայմանագրային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում: Սակայն, այդ ոլորտում դեռևս թերություններ կան, որոնց լուծման ճանապարհներից մեկը նախարարը մարզում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է:
Հատկապես կարևորվել է խաղողագործական կոոպերատիվի ստեղծումն Աղավնաձոր համայնքում: « Առաջիկայում մարզպետի հետ մենք անդրադառնալու ենք այդ խնդրին»,- ասել է Սերգո Կարապետյանը;
Անդրադարձ է եղել նաև պետական միջոցներով մարզում կառուցված սպանդանոցի կարևորությանը, որը շահագործման կհանձնվի առաջիկայում:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Ռինդ և Վերնաշեն համայնքների այգեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
«Ղրիմն իր խաղը խաղացել է». Ալ. Իսկանդարյան
Ակնհայտ է, որ Ղրիմը չի ցանկանում ենթարկվել Կիևին և քաղաքական հեռանկարում Ուկրաինայի կազմ չի վերադառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի` Ղրիմն իր խաղը խաղացել է, այնտեղ ամեն ինչ ավարտվել է, իսկ թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը, քիչ թե շատ հայտնի է:
«Ուկրաինան թուլացել է, և Ռուսաստանը նրանից մի կտոր է ուզում: Չեմ կարծում, որ Արևելքը հեշտ կհամաձայնի սրան, հավանաբար առճակատումը կշարունակվի: Իսկ թե ի՞նչ կլինի հետագայում, ինչպե՞ս իրեն կպահի Ռուսաստանը, շատ բարդ է ասել: Միայն ակնհայտ է, որ Ռուսաստանը տանուլ է տալիս ինֆորմացիոն արտաքին պատերազմում, մինչդեռ ներսում միայն շահում է: Այլ կերպ ասած՝ նրան ավելի կարևոր է, թե ինչ կմտածեն, ասենք, Տամբովում, քան աշխարհի այս կամ այն երկրում»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ կոշտ պատժամիջոցների կիրառմանը` քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանի նկատմամաբ հնարավոր չէ կիրառել, ինչպես կիրառվում է աշխարհի շատ երկրների դեպքում, քանի որ խոսքը գերտերության մասին է: Ինչ վերաբերում է Ուկրաինայի նոր իշխանություններին, ապա նրանք անկարող են ընդունել որոշումներ, որոնք կգործարկվեն երկրի ողջ տարածքում:
Անդրադառնալով Ղրիմի հարցում հայաստանյան իշխանությունների կեցվածքին՝ քաղաքագետը նշեց, որ հավասարակշռություն պահելն ամենաճիշտ տարբերակն է:
«Հայաստանը սպասում է. ինչո՞ւ կողմերից մեկին պաշտպանել. դա միայն կվնասի մեզ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Ղրիմի հարցը լրջագույն խնդիր է, իսկ նրա համար խաղադրույքները՝ անասելի մեծ:
Գյումրիում սկսել են նորմալ հարկեր հավաքագրել
Գյումրու ավագանին հաստատեց 2013թ. քաղաքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ բյուջեի եկամուտների պլանը շատ մոտ է եղել 100 տոկոսանոց ցուցանիշին, մի բան, որ Գյումրիում երբեք չի եղել: «Բյուջեի եկամուտների պլանը կատարել ենք 99.1%-ով. կարելի է ասել՝ հանրապետությունում ամենափայլուն ցուցանիշն է: Փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 113 մլն 295.5 հազար դրամ: Պլանավորած ծախսերն ամբողջովին չենք կատարել, ունենք նույնիսկ տնտեսում, որի արդյունքում ունեցանք ազատ միջոց, որը տեղափոխել ենք 2014թ. բյուջե»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ բյուջեի կատարողականի առումով այս տարին ևս շատ լավ է սկսվել Գյումրիում. «Փայլուն արդյունք ունեցանք: Եռամսյակը լրանալուց նույնպես փայլուն արդյունք ենք ունենալու՝ 100 տոկոս կատարելու ենք, նույնիսկ գերակատարելու ենք: Այսպիսի նախադեմ Գյումրիում երբեք չի եղել»: Իսկ թե ինչու նախորդ տարվա բյուջեն ևս հարյուրտոկոսանոց կատարում չի ստացել՝ քաղաքապետը դա կապում է մի քանի խնդրի հետ. «Ավելի շատ կկատարեինք, եթե իհարկե կարողանայինք ավտոկայանատեղիների հետ կապված հարցը լուծել, այն հիմա դատական պրոցեսում է: Նաև՝ որոշ տրանսպորտային գծեր պետք է մուծումներ կատարեին՝ չկատարեցին»:
«Օդի մեջ փող չենք տալիս». Սամվել Բալասանյանը` քաղաքային բյուջեից նվիրատվություններ կատարելու մասին
Գյումրու ավագանին այսօր կայացած նիստում մի շարք դրամական նվիրատվություններ է կատարել: Մասնավորապես, 1 մլն դրամ է նվիրաբերվել կինոռեժիսոր Արեմն Գասպարյանի «Վերջին քաղաքը» փաստավավերագրական ֆիլմի համար: Ֆիլմը պատմելու է Գյումրու մասին՝ երկրաշարժ, հետերկրաշարժյան խնդիրներ և այլն:«Քանի որ մենք մշակութային քաղաք ենք, ես գտնում եմ, որ պետք է ամեն մի կարևոր ծրագիր, հանձինս Վերածնունդ փառատոնը, որը շատ քննադատվեց, օգնենք: Այսօր մեր խնդիրն է որպես մշակութային մայրաքաղաք վերջնական ձևավորվել, հավերժ մշակութային մայրաքաղաք լինելու վերսիան: Մենք օդի մեջ փող չենք տալիս. չենք կարող ասել՝ էստի համեցեք, ձեզ նվեր ենք տալիս: Տեսեք, թատրոնի միջազգային օրն է, մենք նվեր ենք տալիս: Բայց այդ, թատրոնը մեզ վարձակալման գնի 50 տոկոսով միշտ դահլիճ է տրամադրել: Մեկ տարվա ընթացքում իրենք են արել, հիմա, մեկ օր էլ մենք անենք: Այնպես որ ուղղակի, օդի մեջ գումար տալ հնարավոր չէ. ես լումա-լումա հավաքում եմ, որպեսզի կարողանանք ասֆալտապատման, լուսավորման, աղբի հեռացման աշխատանքներ իրականացնել», – մեկնաբանեց Սամվել Բալասանյանը:
«Գեղեցիկ չէ». Բալասանյանը հանձնարարել է լուծարել Ղուկասյաններին պատկանող զբոսայգին
Այսօր կայացած Գյումրու ավագանու նիստում երկու հարց էր ընդգրկված՝ «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ-ն լուծարելու մասին:«Ինչպես գիտեք, մեր քաղաքի գերակա ուղղություններից է կանաչ տարածքների վերականգնումը, պահպանումը և ըստ նպատակային օգտագործումը: Ներկա դրությամբ զբոսայգիները շատ վատ վիճակում են գտնվում, և անհրաժեշտություն կա կանոնակարգելու օգտագործման առումով: Դրա համար նպատակահարմար ենք գտել ստեղծել նոր կազմակերպություն՝ համայնքային ենթակայության, «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ», որի վրա պարտականություն է դրվում վերականգնել մեր զբոսայգիները, պուրակները, հանրային օգտագործման կանաչ տարածքները, և միևնույն ժամանակ իրականացնել որոշակի գործունեություն: Վերահսկողություն սահմանել», – նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Հենրիկ Գասպարյանը:
Ավագանու մի քանի անդամներ ձեռնպահ մնացին լուծարային հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկմանը, սակայն ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց:
Արմեն Աշոտյանը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալասրանում /Պոլիտեխնիկում/ հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորոդասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:
ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Ա. Ավետիսյանին՝ աշխատանքի համար: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին՝ Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի: “Հայաստանի բուհական համակարգում Պոլիտեխնիկը մշտապես առաջատարների շարքում է եղել և ունի կայուն ավանդույթներ ու մշակույթ, որի անբաժանելի մասն է պոլիտեխնիկցի կոչումը: Ես գիտեմ, որ այդ կոչումը բուհում հպարտությամբ են կրում և պահպանում: Մեր ակնկալիքները պոլիտեխնիկից մեծ են, և բուհը, ինչպես տարիներ առաջ, պետք է դառնա տնտեսության առաջատար կադրերի պատրաստման դարբնոցը: Իմ պահանջն է՝ լինել ավելի նպատակային ծրագրերի զարգացման և նախաձեռոնության գործընթացում: Բուհական համակարգի ամենահզոր ուժը ուսանողությունն է, շատ կարևոր է, որ կրթության զարգացման միասնական քաղաքականությունը ուսանողների կողմից աջակցություն ստանա “,- իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
«Գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել երկխոսություն հայրենաբնակ հայության և Սփյուռքի միջև». Ա. Ենիգոմշյան
Այսօր «Նախախորհրդարանի» գրասենյակում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները» թեմայով կազմակերպված հանրային ներկայացում-քննարկման ժամանակ «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ հայ ազգի գերագույն նպատակը մնում է համախմբումը պատմական հայրենիքում, հստակ է նաև մի բան. ցանկացած հարցի լուծում պահանջում է ներքին և արտաքին հանգամանքների առկայություն, ուժերի հավասարակշռություն, հանգրվանային լուծում:
Նրա խոսքով` հայ ժողովուրդը հասնելու է իր նպատակի իրականացմանը` հաշվի առնելով նաև տարածքում բնակվող ժողովուրդների շահերը:
«Հայաստանն այսօր լուրջ վտանգների առաջ է կանգնած, հայ ժողովրդի առաջնահերթ պարտականությունն է մեր այսօրվա հայրենիքը դուրս բերել վտանգից, դարձնել առողջ, իսկական հայկական պետություն, որտեղ ժողովուրդը օտարված չէ իր հայրենիքից, այսօրվա Հայաստանը հզորացնել, արդարություն, օրինականություն հաստատել: Այս ճանապարհին հայ ժողովուրդն իրավունք չունի կատարել քայլեր, որ կվնասեն նպատակի իրականացմանը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ մերժելի է ցանկացած կեցվածք, երբ գերագույն նպատակի իրականացման ճանապարհին, կայացման, անվտանգության համար Հայաստանը պետք է զիջումների գնա:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով` այսօրվա Հայաստանի անվտանգությունը պահանջում է անզիջում կեցվածք, մենք այսօր իրավունք չունենք պարտվողական կամ հաշտվողական վերաբերմունք ցուցաբերել: Արցախ-Նախիջևանի խնդիրները, ըստ «Նախախորհրդարանի» անդամի, կազմում են մեկ ամբողջություն, դրանք իրավունքների խնդիրներ են, որոնցից զրկվելու պատճառը Ցեղասպանությունն է:
«Ցանկացած երկրի համար Սփյուռքի առկայությունը դրական հանգամանք է. այն տվյալ երկրում ազգերի շահերի պաշտպանության գրավական է, մշակույթի ներթափանցման հնարավորություն, սակայն դա դրական է միայն թվային օպտիմալ համամասնության պայմաններում, երբ ինչ-որ տոկոսից այն կողմ չի անցնում: Հայաստանն ու հայերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ խեղաթյուրված համամասնությունը փոխվի: Ուծացման վտանգ կա, ուստի այս ժողովրդագրական պատկերը պետք է փոխենք, բացի արտագաղթի բացասական հետևանքներից, նաև ծնելիության նվազում կա, որ ժողովրդագրական պատկերը վտանգում է»,- ասաց նա` նշելով, որ ներկայումս գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել երկխոսություն հայրենաբնակ հայության և Սփյուռքի միջև:
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ հարկավոր է ռուսական արքունիք ուղարկել բանագնացների` նախապատրաստելու Արցախի հանրաքվեն
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքով` Ղրիմի հանրաքվեն շեփորահարեց էվոլյուցիոն առումով նոր միության հաղթարշավի սկիզբը: Ինչքան էլ Եվրամիությունը և ազգերի խառնարան ԱՄՆ-ն վայնասուն բարձրացեն, ոչ ոք ի զորու չէ կանգնեցնել դա, ինչպես չկարողացան կանգնեցնել Քրիստոսի հաղթարշավը Երուսաղեմ:
Անդրադառնալով վերջին 23 տարիների մեր արտաքին քաղաքականության բացթողումներին` մարքսիստը նկատեց, որ 25 տարի շարունակ ՀՀ արտաքին քաղաքականությունը սպասարկող դիվանագիտությունը եղել է պարտադրված ու պարտվողական:
«Հատկապես երկու գահերեց զորավարները Արցախի հարցը տարան ԵԱՀԿ Միսկի խումբ ու դարձրին տարածքային վեճ: Սա պլանավորել էր Եվրոպան` ԱՄՆ-ի հեգեմոնիայով, որ յոթ գավառները, որպես գրավյալ տարածքներ, հետ վերադարձվեն: Մեր դիվանագիտությունը գաղտնի, ժողովրդի թիկունքում սպասարկող դիվանագիտություն է: Արցախյան հարցը հայկական հարցի բաղկացուցիչ մասն է: Եվ երբեք այդ հարցը չի կարելի դիտել որպես ղարաբաղյան կոնֆլիկտ` ինչպես դա դարձրին Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որտեղ կոնֆլիկտի տակ հասկացվում է էքստրեմիզմ, տեռորիզմ, սեպարատիզմ: Հարցը վաղուց պետք էր տեղափոխել Մինսկի խմբից»,-ասաց Դավիթ Հակոբյանը` առաջարկելով Հայաստանին դուրս բերել բանակցային գործընթացից` տեղը զիջելով Արցախին:
«Մինսկի խմբից դուրս գալուց առաջ, Հայաստանը Ազգային Ժողովի միջոցով պետք է չեղյալ հայտարարի 21 թվականի 3 անեկսյոն պայմանագրերը: Հրատապ պահանջում եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերին համաժողովի` Արցախի հարցի նոր դոկտրինը քննարկելու: Ժամանակը հիմա հօգուտ մեզ է աշխատում և մենք պետք է շտապենք: Հարկավոր է ռուսական արքունիք ուղարկել բանագնացների` նախապատրաստելու ռեֆերենդումը: Երբեք հույսեր չփափագեք, որ Արևմուտքից մենք կստանանք ինքնորոշման իրավունք, հենց նրանք են վիժեցրել հայկական հարցը»,-ասաց մարքսիստը:
Անդրադառնալով Ղրիմին չշնորհավորելու մեր կեցվածքին՝ Դավիթ Հակոբյանն նշեց, որ պետք է արագ ճանաչել Ղրիմի անկախությունն ու շնորհավորել նրանց:
Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում անպատժելիներ չկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»». Ալեքսանդր Մանասյան
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չպետք է դեպքերի այս կամ այն ընթացքով պայմանավորել արցախյան հարցի լուծումը, մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները չպետք է որևէ դեպքում կապել Արցախի հարցի հետ։ Խնդիրն այն է, որ ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով։
«Եթե հիշում եք, Կոսովոյի դեպքում մենք ոգևորության մեջ էինք, բայց Արևմուտքը հասկացրեց, որ Կոսովոն բացառիկ դեպք է։ Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»,-նկատեց Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, որ ուրիշի հետ հույսեր չպետք է կապել։
Ըստ քաղաքագետի՝ պետք է միշտ պատրաստ լինել ավելի վատ դեպքերի ընթացքի, քանի որ տարածաշրջանն այնքան բազմավեկտոր է, որ դժվար է ասել, թե վաղն ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
Ինչ վերաբերում է Ղրիմի դեպքերին, ապա քաղաքագետի խոսքով, դրանք կանխատեսելի էին, քանի որ աշխարհում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում։
«Եթե գնանք գործընթացների խորքը, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կան. առաջին հերթին գործընթացներն առաջ տանող ուժերն են աչքի ընկնում։ 90-ականների միաբևեռ աշխարհն այլևս չկա»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:
Քաղաքագետը նկատեց, որ այն վճռականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է իրադարձություններին, ցույց է տալիս, որ դա արկածախնդրություն չէ։
Իսկ արևմտյան քաղաքակրթությունը Ղրիմի հարցում ճկունություն չցուցաբերեց։
«Եվրոպան էլ, եթե իր քաղաքականության հիմքում առաջին հերթին դնում է տնտեսական շահերը, հասկանալի է, որ չի գնա սրումների։ Մյուս բևեռը՝ Միացյալ Նահանգները, անհաջող բանավեճի լեզու է ընտրել, այն երբեք չի ճանաչի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանն այս հարցում ավելի ճիշտ քաղաքականություն է վարում»,- ասաց քաղաքագետը։
Նախագահը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ:
Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը:
Ակադեմիայի գործունեության նպատակներն են՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների ձևավորումը և մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ Նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության ծրագրից:
