«Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ Լեզվի տեսչությանը գործադիրի գործառույթ տրվի, դա կվնասի բիզնեսի զարգացմանը». Սերգո Երիցյան

Սերգո ԵրիցյանԵթե մենք գործադիրի գործառույթ ունենայինք, վարույթ հարուցելու իրավունք ունենայինք, մեր աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ: Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ մեզ գործադիրի գործառույթ տրվի, քանի որ ըստ նախարարության` դա կվնասի բիզնեսի զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով` եթե նման լիազորություններ չտրվեն, տեսչությունից ավելի արդյունավետ աշխատանք ակնկալել հնարավոր չէ, քանի որ այն միայն վերահսկողական, տեսչական գործառույթ է իրականացնում և չունի գործադիրի գործառույթներ:

«Արդեն երկու-երեք տարի է խոսվում է տեսչությունը վերակազմավորելու, գործադիրի գործառույթ տալու մասին, առանց դրա անհնար է: Մենք մի կողմից վերահսկում ենք, բայց դա չի նպաստում լեզվի խնդիրների լուծմանը»,- ասաց Սերգո Երիցյանը:

Լեզվի տեսչության պետի խոսքով` այսօր օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներ կան, որոնց պատճառով անգամ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ: Անհրաժեշտութուն կա, որ օրնեսդրությունը հստակեցվի: Օրենսդրական նախաձեռնությունը կա, բայց ոչինչ չի փոխվել:

Սերգո Երիցյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել տեսչական բարեփոխումների մասով: Հնարավոր բոլոր ոլորտների համար ստուգաթերթեր են կազմել, որոնք ռիսկային ստուգումների կարևոր հիմքերից են: Վերջին մեկ տարվա ընթացքում տուգանքների արդյունքում 6 մլն դրամ է մտել պետական բյուջե: Հիմնական խախտումները վերաբերել են հրապարակային գրվածքներին՝ ցուցանակներ, գովազդային վահանակներ և բժշկական հաստատություններին:

«Լեզվաքաղաքականության պետական ծրագրի ընդունումը ևս հնարավորություն կտա լեզվին առնչվող որոշակի խնդիրներ լուծել: Անհրաժեշտ են լեզվական ձեռնարկների, բառարանների հրատարակումը, տերմինաբանական խորհրդի ստեղծումը: Ցավոք, Տերմինաբանական խորհուրդն արդեն 7 տարի է չի գործում օրենսդրական բացի պատճառով»,- ասաց Լեզվի տեսչության պետը:

 Անկախ

Արթուրին բերման ենթարկեցին

բերման է ենթարկվելՓետրվարի 18-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով փետրվարի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով:

Անկախ

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակի երգը եւ տեսահոլովակը պատրաստ կլինեն մարտի 15-ին

արամ mp3Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ  «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:

Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե երգի  «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով  JoinUs.dk  կայքում: Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:

Հիշեցնենք, որ մեր պատվիրակ Արամ MP3-ը դեռեւս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել  «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված :

Դատական նիստին ներկայանալուց խուսափողին էլ հայտնաբերեցին

դատարանՓետրվարի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար:

Անկախ

Վանաձորում առևտրի տաղավար էին թալանել

ոստիկանություն,գողությունՕրերս ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել 1970 թ. ծնված Գայանե Շ.-ն և հաղորդում տվել, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցում գտնվող իր տաղավարից, պատուհանը հրել-բացելով, գողացել են 120.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի զարդեր, ժամացույցներ, մատանիներ, բրելոկներ, ինչպես նաև 23.000 դրամ կանխիկ գումար:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ին և 1993 թ. ծնված Լենտրուշ Ա.-ին:
Անուշավան Մ.-ի մոտից հայտնաբերվել է ձեռքի 2 ժամացույց, 3 մատանի, 1 կրակայրիչ, իսկ Լենտրուշ Ա.-ի մոտից` 2 մատանի:
Ըստ նրանց հայտարարության` նշված իրերը փետրվարի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Անուշավան Մ.-ն գողացել է Մյասնիկյան փողոցի տաղավարից:
Փաստի կապակցությամբ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 19-ին Անուշավան Մ.-ն ձերբակալվել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ոստիկանների հերթական բացահայտումը. այս անգամ` բնակարանային գողերի վնասազերծում

գողությունՈստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են, որ փետրվարի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հարմարեցված բանալիով Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 44 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելով` գողացել են «Նոութ-բուք» համակարգիչ:
Գողոնն առգրավված է:
Հայկ Ս.-ի մոտից հայտնաբերվել են բանալիներ և մետաղաձողեր, որոնք հարմարեցված են եղել փականներ բացելու համար, իսկ Արթուր Պ.-ի մոտից` գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են նաև, որ իրենք Երևան քաղաքում կատարել են մի շարք գողություններ և գողության փորձեր, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել հասցնել ավարտին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Անկախ

«Դեմ եմ»-ը տապալեց «Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովը» (լուսանկարներ, տեսանյութեր)

IMG_3209“Էլիտ պլազայում” տեղի ունենցող «Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողով. հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով  համաժողովը աշխատանքի կեսից տապալվեց: «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, տեղեկանալով համաժողվոի մասին, վրդովված եկան այնտեղ` կազմակերպիչներին հարցնելով, թե ինչու իրենք հրավիրված չեն և հնարավորություն չունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը:

Մինչ այդ արդեն բացման խոսքով հանդես էին եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ  դեսպան Ջոն Հեֆերնը, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ: Վարչապետն արդեն դահլիճում չէր:

Լրատվամիջոցների մեծ մասն  էլ համաժողովի մասին տեղեկացել էր «Դեմ եմ»  շարժման միջոցով, որը կոչ էր արել իր թիմակիցներին անմիջապես հավաքվել համաժողովի վայրում: Եվ ահա, երբ  ակտիվիստներ «Դեմ եմ  պարտադիր կուտակայինին»  դրոշներով փորձում էին ներս մտնել դահլիճ, որտեղ տեղի էր ունենում համաժողովըտ, կազմակերպիչները նրանց նախ թույլ չտվեցին`  ասելով, որ համապատասխան հրավիրատոմսեր պետք է ունենան:

IMG_3203Այնուհետև վիճաբանությունից հետո «Դեմ եմ»- ի ակտիվիստները ներս մտան դահլիճ,` ասելով, որ կարող են հենց հիմա գրանցվել ու ներս մտնել, և ոչ ոք իրավունք չունի իրենց թույլ չտալ: Այդ պահին զեկույցով հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Ակտիվիստների մուտքը դահլիճ մեծ իրարանցում առաջացրեց, սակայն նրանք խնդրեցին ուշադրությունը սևեռել ոչ թե իրենց վրա, այլ զեկուցողների:

Արամյանի խոսքից հետո  «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը «Դեմ եմ»-ի ակտիվիստներին առաջարկեց մասնակցել համաժողովին և  խոստացավ օրակարգում ներառել նաև նրանց` ելույթի հնարավորություն տալով: Սակայն, քանի որ ակտիվիստների ելույթը պետք է լիներ վերջում, նրանք հրաժարվեցին` ասելով, որ այդքան ժամանակ չունեն, բոլորն աշխատում են և աշխատավայրերում  պետք է լինեն` առաջարկելով այդ պահին ելույթ ունենալ: Սակայն նիստը վարողը հրաժարվեց` ասելով, որ չի կարող խախտել օրակարգը:

Լարվածությունը դահլիճում մեծացավ, երբ համաժողովի  մասնակիցներից մեկը հայտարարեց, թե իրենք գիտեն որն է նրանց կարծիքը և ավելորդ անգամ չեն ուզում լսել, ինչը զայրույթ առաջացրերց «Դեմ եմ»-ի ակտիվիստների մոտ: Նրանցից մեկը, մոտենալով ամբիոնին, հայերեն և անգլերեն լեզուներով հայտարարեց, որ նախագահն է անգամ իր խոսքում հայտնել այն մասին, որ հասարակության 80 տոկոսը դեմ է այս ռեֆորմին: Նա հարց ուղղեց միջազգային կառույցների ներկայացուցիչներին, թե արդյոք նորմալ է դեմոկրատական երկրում, երբ հասարակության 80 տոկոսը դեմ է, սակայն փոփոխությունն իրականացվում է:

IMG_3218Նիստի վարողը հայտարարեց, որ այն կասեցվում է: Մասնակիցներն աստիճանաբար լքեցին  դահլիճը, իսկ «Դեմ եմ»- ի ակտիվիստները հնչեցնելով իրենց կարգախոսը` «Դեմ ենք, դեմ ենք», հեռացան դահլիճից:

Անկախ

 

«Իրացնողը հարգ որոշողի վրա է բարդում մեղքը, հարգ որոշողը մի կողմից իրացնողի, մյուս կողմից` Ֆինանսների նախարարության վրա». Բաբկեն Պիպոյան

Բաբկեն ՊիպոյանԵրեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» և «Սպառողների ասոցացիա» ՀԿ-ները ուսումնասիրություններ են անցկացրել ոսկու 3 շուկաներում և հայտնաբերել թերացումներ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հայտնաբերված թերացումները` նշեց, որ դեռ անցած տարվանից իրենք ահազանգեր էին ստանում, բայց հաշվի առնելով սպառողական ոլորտում առկա բազմաթիվ այլ ռիսկային դաշտերը, ոսկուն հերթը չէր հասնում:

«2006-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն` կամայական ոսկու և այլ զարդերի վրա պետք է լինի Սասունցի Դավթի պատկերը, ոսկու հարգը, հարգը որոշած կազմակերպության համարը: Հարգադրոշմավորումը և դրոշմավորումը միայն լիցենզավորված ընկերությունների կողմից կարող են արվել, և այդ կազմակերպության կոդը դրոշմվում է Սասունց Դավթի պատկերի կողքին: Մինչդեռ իրացնողին հորդորել են տնտեսվարողից պահանջել լավ մակնշել իրենց ապրանքը, որպեսզի սպառողների հետ խնդիրներ չառաջանան, սակայն այժմ Սասունցի Դավթի պատկերն ամբողջովին աղավաղված է, իսկ հարգը երբեմն դժվար տեսանելի է: Եթե այս որոշումը նոր լիներ, թերությունների նման մեծ քանակությունը հասկանալի կլիներ, բայց սա 6-7 տարվա որոշում է արդեն»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով` սա փոխկապակցված շղթա է, իրացնողը հարգ որոշողի վրա է բարդում մեղքը, հարգ որոշողը մի կողմից մեղքը բարդում է իրացնողի վրա` հավատացնելով, որ ինքը լավ է դրոշմում, իսկ իրացնողը մշակելիս փչացնում է, մյուս կողմից պետության վրա` նշելով, որ պետությունը, մասնավորապես Ֆինանսների նախարարություն է լիցենզավորված կազմակերպություններին տրամադրում դրոշմող սարքեր` չթողնելով այլ սարքեր կիրառել:

Անկախ

 

Անկախ

«Ֆոնդերի գումարների 60 %-ը ներդրվելու է հայրենական տնտեսության մեջ». Գագիկ Մինասյան

Գագիկ ՄինասյանՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ կլուծվի ոլորտում առկա խնդիրները: Ակնհայտ է, որ նոր համակարգին այլընտրանք չկա: Եթե փորձեինք ավելի ուշ անցնել պարտադիր կուտակային համակարգին, ապա դժվարություններն ավելի շատ կլինեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` առնվազն երեք աշխատող պետք է ապահովեն մեկ մեծահասակի կենսաթոշակը: Երբ մեկ տարեցի կենսաթոշակն ընկնում է երկու կամ, որ ավելի վատ է, մեկ երիտասարդի վրա, խնդիրներ են առաջանում: Եթե երեքը մեկին հնարավորությունը բացակայում է, սերունդների համերաշխության սկզբունքն սկսում է չաշխատել: Նոր համակարգը կլուծի այդ խնդիրը:
«Ոչ մի երկրում այս բարեփոխումը հեշտ չի ընդունվել: Սա նման է ԱՊՊԱ-ի մասին օրենքին, որից արդեն երեք տարի է ազգաբնակչությունը գոհ է: Պարտադիր կենսաթոշակային համակարգը ևս մի քանի տարի անց գոհունակությամբ կընդունվի ՀՀ քաղաքացիների կողմից: Առանց կուտակումների հնարավոր չէ զարգացում ապահովել: Կլինեն կուտակումներ՝ կլինեն զարգացումներ»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Բանախոսը նաև անհիմն համարեց այն մտահոգությունները, որ Հայաստանում արժույթի փոփոխության դեպքում մարդկանց կուտակած գումարները կկորչեն: «Արժույթի փոփոխության հարց Հայաստանում առայժմ չի քննարկվում: Բայց, եթե ինչ-որ պատճառով արժույթը փոխվի, ֆոնդերի հետ ոչինչ տեղի չի ունենա, ինչպես Էստոնիայի դեպքում, երբ այդ երկրի արժույթը դարձավ եվրոն: Ֆոնդերի միջոցների առնվազն 60 %-ը պահվելու է դրամով, իսկ մնացածը՝ արտարժույթով: Ընդ որում, գումարների 60 %-ը ներդրվելու է հայրենական տնտեսության մեջ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Անկախ

«Այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում». երիտասարդ բարձրորակ մասնագետը հիասթափված հեռանում է Հայաստանից

Բյուրակն-2Վեց տարի բժշկական համալսարան, երկու տարի` կլինիկական օրդինատուրա` հոգեբույժի մասնագիտությամբ:

Երիտասարդ մասնագետ Բյուրակն Իշխանյանի համար այդ ոչ այնքան «արդիական» մասնագիտությունն ընտրելն ամենևին ինքնանպատակ չէր: Նա իսկապես ուզում էր հայկական հոգեբուժության ոլորտում դեր ունենալ` հասկանալով, որ այդտեղ անելիքները շատ են: Բացի այդ, ոլորտն իսկապես հետաքրքրում էր որպես բժշկության մեջ ամենխորհրդավոր և չբացահայտված ճյուղ:
Սակայն օրդինատուրա ընդունվելուց հետո նրան գիտելիքներից ավելի հիասթափությունների շարան էր սպասում: «Բժշկականում վեց տարի գերազանց սովորելուց, կարմիր դիպլոմով ավարտելուց հետո էնտուզիազմով գնում ես հիվանդանոց ու հանկարծ հասկանում ես, որ բոլորն էնտեղ թքած ունեն քեզ վրա: Հանձնարարություն են տալիս, ոգևորությամբ պատրաստվում ես, բայց լսող չկա, գրականության ցանկ ես ուզում, առաջարկում են 90-ականների սկզբին լույս տեսած մի գիրք, որը կարդացել ես 5-րդ կուրսում, և այդպես շարունակ»,- թվարկում է նա:
Հասկանում է, որ ուսումը շարունակելու համար պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից: Դիմում է եվրոպական տարբեր համալսարաններ: Բայց մինչ հաջողությունը կժպտար, երկու տարին անցնում է, ավարտում է օրդինատուրան, որից հետո Եվրամիության «Էրասմուս Մունդուս» կրթաթոշակի ծրագրով մեկնում է Եվրոպա և սովորում երեք համալսարաններում` Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: «Միգուցե տարօրինակ հնչի, բայց Եվրոպայում սովորելն ինձ համար շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանում: Ազատ ժամանակ շատ ունեի և հետաքրքիր բաներով էի զբաղվում: Էնտեղ շեշտը դրված է ոչ թե նրա վրա, որ ինչ-որ գրքեր անգիր անես, գնաս քննությունդ ստանաս, այլ որոշակի հմտություններ ձեռք բերես: Օրինակ` ես սովորեցի գիտական հետազոտություններ անել, գիտական հոդվածներ գրել, ավելի պրակտիկ բաներ, որոնք հատկապես գիտությամբ զբաղվելու համար շատ կարևոր էին»,- ասում է նա:

Երկու տարի անց` 2013-ին, ավարտելով ուսումը, երիտասարդ մասնագետը վերադառնում է հայրենիք` մոռացած նախկին հիասթափությունները, զինված հարուստ գիտելիքներով, մեծ ոգևորությամբ և ամենակարևորը` ռոմանտիկ երազանքներով: Այդ ժամանակ անկեղծորեն հավատում էր, որ իրեն Հայաստանում գրկաբաց կընդունեն, քանի որ ոլորտում երիտասարդ մասնագետներ, այն էլ` դրսում վերապատրաստված, մատների վրա կարելի է հաշվել:
Դիմում է առողջապահության նախարարություն, որ օգնեն աշխատանք գտնել: Ամենահետաքրքիրն այն է, որ ուզում էր մարզում աշխատել` լավ իմանալով մարզերում տիրող անմխիթար վիճակը: Առողջապահության նախարարությունից փորձում են օգնել, բայց պարզվում է` պահանջարկն այնքան էլ մեծ չէ. մե՛կ թափուր աշխատատեղեր չկան, մե՛կ արդեն զբաղեցրել են կամ էլ այնպիսի վատ պայմաններ են, որ ինքն է հրաժարվում:
«Մի դեպքում կարծես թե համաձայնության եկել էինք: Հասա Դիլիջան, և երբ գնացի հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ, զգացի, որ այնտեղ էլ ինձ չեն սպասում կամ միգուցե ինչ որ ակնկալիքներ ունեին»,- ենթադրում է նա:

Մարզերում աշխատելու նրա երազանքն ի վերջո հօդս է ցնդում, ու նա որոշում է աշխատանք գտնել մայրաքաղաքում: Պարզվում է` դա այստեղ էլ հեշտ բան չէ: Մի քանի տեղ դիմում է. ապարդյուն: Ի վերջո, Երևանի մանկավարժական համալսարանում մեկ կիսամյակով դասախոսի աշխատանք է գտնում և սկսում է մագիստրատուրայում «Խոսքի խանգարումների նյարդահոգեբանական և նյարդալեզվաբանական վերլուծություն» դասավանդել: Ասում է, որ արևմտյան դպրոցն այստեղ լրիվ նորություն է, քանի որ հիմնականում ուսուցումը ռուսական դպրոցի հիման վրա է: Խոստովանում է, որ չի կարողանում ուսանողների համար ապահովել այն մակարդակը, ինչ որ ինքն է ստացել Եվրոպայում. «Ուսանողներից տարրական մաթեմատիկա պահանջելը լուրջ խնդիր է, լեզուներ չգիտեն: Մագիստրատուրայի ուսանողներ են, բայց քննության ժամանակ իրարից արտագրում են, պրեզենտացիաներն իրարից «թխած» ներկայացնում են: Եվրոպայում նման բաները բացառված են, ուղղակի ամոթ է»,- ասում է նա:

Սակայն մանկավարժականում ամենազավեշտալին Բյուրակն Իշխանյանի աշխատավարձն էր: Ամսական եկամուտը ողջ դասախոսությունից կազմում է երեք հազար դրամից մի փոքր ավելի, այո, հենց այդքան: Դասախոսում է շաբաթական մեկ օր, և մեկ դասախոսությունը մոտ 800 դրամ են հաշվում: «Ընդհանրապես այստեղ ժամավճարի գաղափարն աբսուրդ է. հաշվում են միայն լսարանում եղած ժամանակահատվածը` այդ 80 րոպեն: Բայց այն, որ ես երկու-երեք օր գրականություն եմ կարդում, «սլայդներ» եմ պատրաստում և այլ աշխատանք եմ կատարում մինչև լսարան մտնելը` հաշվի չի առնվում»:

Երբ նա իր նորզելանդացի ընկերուհուն, որը նույնպես դասախոսում է, պատմել է իր աշխատանքային «արքայական» վարձատրության մասին, ընկերուհին զարմացած է մնացել` ասելով, որ իրենց մոտ, երբ դասախոսը նոր առարկա է դասավանդում, առաջին կիսամյակում նրան երկու-երեք անգամ ավելի են վճարում` հաշվի առնելով այն, որ նա որոշակի ժամանակ է ծախսում նյութը պատրաստելու վրա: Իսկ ընդհանրապես, այնտեղի և այստեղի վարձատրության միջև ընդհանուր եզրեր անգամ հնարավոր չէ գտնել:

Դասախոսությանը զուգահեռ Բյուրակնը նաև աշխատանքի է անցնում Նուբարաշենի հոգեբուժարանում: Սակայն դա էլ նրա երազած աշխատանքը չէր. նախ` աշխատավարձն է շատ ցածր` 67 000 դրամ, որի մեկ երրորդը գնում է ճանապարհածախսի վրա, երկրորդ` իր գիտելիքները լիարժեք կիրառելու «ճակատ» չունի: «Աշխարհում շատ բան է փոխվում, զարգանում, բայց դա չի հասնում Հայաստան: Խնդիրն այն է, որ մեզ մոտ հոգեբուժարանները պետական են, պետպատվերով են աշխատում, մրցակցություն չկա: Մյուս կողմից էլ, եթե պետպատվերով չլինի, այդ հիվանդների մեծ մասը սոցիալապես ծանր վիճակում է, չի կարողանա ծախսերը հոգալ: Մի խոսքով, հոգեբուժարաններն ահավոր թշվառ վիճակում են, պետք է ինչ-որ լուծում գտնել»:

Հասկանալով, որ իր մտածածն ու երազածն ամենևին չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը, այստեղ պարզապես լճանում է, իսկ վաստակած գումարով անգամ ամենատարրական ծախսերը չի կարողանում հոգալ, Բյուրակնը կրկին բռնում է Եվրոպայի ճամփան:

1961543_1539027359654971_2061728929_nԱհա, ամիսներ առաջ Բյուրակնը մրցույթով ընդունվել է Կոպենհագենի համալսարան, որտեղ նրան առաջարկել են ուսումնական ծրագիր` աշխատանքային պայմանագրով: Ավելի լավ առաջարկ հնարավոր էլ չէր սպասել: Նա դեռ այստեղ է, բայց ապագա ղեկավարի հետ արդեն սեպտեմբերի անելիքներն է պլանավորում: «Շատ հետաքրքիր գիտական միջավայր է ինձ սպասում, որը Հայաստանում այնքան պակասում է: Էստեղ ում ասում ես` գիտություն, քմծիծաղ է տալիս»,- ասում է Բյուրակնը,- միջակության մթնոլորտում մնալն անիմաստ է: Հայաստանն ասես միջակների երկիր լինի, այստեղ բարձր գիտելիքներ առանձնապես պետք չեն»:
Ծրագիրը երեք տարով է, բայց երիտասարդ հոգեբույժը Հայաստան վերադառնալու հավանականությունը շատ փոքր է համարում: Ասում է. «Այդ անգամ, երբ ավելի բարձր որակավորմամբ վերադառնամ, հիասթափությունս ավելի մեծ կլինի, ավելի լավ է` չվերադառնամ»:

Կվերադառնա, եթե, ինչպես ինքն է ասում, Հայաստանում այդ երեք տարվա մեջ կտրուկ փոփոխություններ լինեն, ինչին, ցավոք, չի հավատում: «Հայաստանը լուրջ վերանորոգման կարիք ունի. բոլոր ոլորտներում: Ինչպես համակարգիչն են «ֆորմատ» անում, մեր երկիրն էլ պետք է լրիվ անջատել ու «ֆորմատ» անել»:
Ի դեպ, նշում է, որ համակուրսեցիներից շատերն են արտերկիր մեկնել, ոմանք էլ, որոնք դեռ չեն մեկնել, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:

Բյուրակնի համար Հայաստանը լքելը, այն էլ` այլևս չվերադառնալու մտադրությամբ, չափազանց դժվար է, քանի որ սիրում է իր երկիրը, իր լեզուն: Ասում է, որ իր համար օտար երկրում ամենասարսափելին հայերեն չխոսելն է, չնայած լեզվական խնդիր ընդհանրապես չունի և վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, ձեռքի հետ էլ` գերմաներենին, իսպաներենին, հոլանդերենին ու ֆիններենին: «Բայց, մյուս կողմից էլ, հոգեպես գոնե հանգիստ եմ և չեմ տանջվի այն մտքից, որ կարող էի այստեղ մնալ, ինչ-որ բան անել և չարեցի: Ես եկա և համոզվեցի, որ ոչինչ անել չեմ կարող, այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Մեկնարկը տրված է. ո՞ր քաղաքական ուժը առաջ կանցնի մյուսներից

ոչ-իշխանական-ուժերԵթե անցյալ տարի այս օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում հարյուրհազարավոր մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ինչ որոշում կկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ուղիղ մեկ տարի անց նա նույնիսկ, նախօրոք պլանավորված հանրահավաքը փոխարինեց լրագրողների հետ հանդիպմամբ:

Բայց ներքաղաքական զարգացումներն այս օրերին էլ պակաս հետաքրքիր չեն: Վերջին մեկ տարում Հայաստանում քաղաքական ներկապնակն ու գործընթացները հետաքրքիր փոփոխություններ են կրել: Եթե նախկինում հասարակությունն էր համախմբվում այս կամ այն քաղաքական ուժի, գործչի շուրջը, ապա արդեն մեկ տարի է, ինչ ներհայաստանյան կյանքը տեղափոխվել է քաղաքացիական հասարակության տիրույթ: Ու արդեն քաղաքական ուժերն են միանում կամ համախմբվում հասարակական շարժումների շուրջը: Սրա լավագույն ապացույցը, թերևս, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հասարակական ալիքն է ու դրա շուրջ ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունների, նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի համախմբումն է:

Սրանով, իհարկե, վերջին մի քանի ընտրություններից հետո աութսայդերի կարգավիճակում հայտնված ոչ իշխանական ուժերը նաև ինքնաապաքինման հարցեր լուծեցին, իսկ հիմա արդեն որոշ հարցերում հանդես են գալիս միասնաբար: Բայց դա դեռ օրինաչափ համարել չի կարելի:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը թերևս կարողացան միասնաբար հանդես գալ թե՛ հայ-ռուսական «գազային» պայմանագրերի, թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ գործընթացներում: Բայց դա դեռ առաջին փորձն էր: Հիմա արդեն այս ուժերը նոր խնդիր ունեն. օրակարգում ակտիվ քննարկվում է գործող կառավարության հրաժարականը պահանջելու հարցը, որը բավականին բարդ է: Որովհետև վաղուց արդեն հարց էր, թե նրանցից որ մեկը կլինի այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն մյուս քաղաքական ուժերը, որքանով սոցիալական շարժումները կվերաձևվեն քաղաքականի, իսկ այնուհետև այս համախումբը կդառնա քաղաքական դիվիդենտ:

Եվ անկեղծ չէ Էդուարդ Շարմազանովը, երբ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի միավորմանը` ասում է. «Անկախ նրանից` այդ չորս քաղաքական ուժերի սիրավեպն ինչով կավարտվի, ես այնտեղ որևէ լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ այս չորս քաղաքական ուժերը դեմ են կառավարության կամ իշխանության նախաձեռնություններին, այստեղ որևէ նոր բան չկա»:
Իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ն, որքան էլ փորձում են ցույց տալ, թե զգուշանալու խնդիր չունեն, հակառակն են ապացուցում: Մասնավորապես, երբ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշում է, թե իր համար անհասկանալի է` իրականում ինչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը, որովհետև քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց համար ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանն ու կառավարությունը հրաժարական տան, միևնույն է, հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը, այն է` ՀՀԿ-ն գումարած ՕԵԿ-ը, ապա դա նշանակում է, որ նրանք արդեն իսկ հասցրել են այս հարցով մտահոգվել, դրա շուրջ մտածել ու նման եզրակացության հանգել:

Արտախորհրդարանական ուժերի մեջ, ամեն դեպքում, չի երևում այն հստակ առաջնորդող ուժը, որը կարող է այդ «սոսինձը» հանդիսանալ: Իսկ խորհրդարանականների դեպքում կենացները, այսպես ասած, քաղցրանում են:
«Ժառանգությունը», որն ուղիղ մեկ տարի առաջ հարյուրհազարավոր քաղաքացիների աջակցությունն ուներ, և բոլորի համար անսպասելի, ըստ էության, դարձել էր երկրի քաղաքական օրակարգը թելադրող թիվ մեկ ուժը, մեկ տարում «հաջողեց» այդ ահռելի ռեսուրսը վատնել: Ու հատկապես վերջին շրջանում այս կուսակցության ներսում կատարվող գործընթացներն այնքան էլ հասկանալի չեն հասարակությանը:

ՀԱԿ-ում էլ ամեն ինչ դեռ որոշված չէ. մարտի 1-ին ՀԱԿ-ը նախատեսում է անցկացնել հանրահավաք, որի արդյունքներից էլ կախված կլինեն ՀԱԿ-ի հետագա քայլերը:
«Մենք մարտի 1-ի հանրահավաքին կստանանք մեր առաջին թեստը, թե որքանով է ժողովուրդն այսօր պատրաստ պայքարի, ինչքան ուժեղ են կուտակված սոցիալական դժգոհությունները, ինչքանով է պատրաստ ժողովուրդն ընդվզելու այս անօրինականությունների դեմ»,- «Առավոտին» ասել է ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀՅԴ-ն է ոգևորված ոչ իշխանական չորս ուժերի միասնաբար հանդես գալու դրույթով, բայց նրա կողմից դեռ հստակ նախաձեռնություն չի երևում առկա քաղաքական ու հասարակական շարժման առանցք դառնալու ուղղությամբ: Թերևս ՀՅԴ-ի պարագան ավելի հստակ կլինի կուսակցության ընդհանուր ժողովից հետո:

Իսկ ԲՀԿ-ն արդեն առանցք դառնալու ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում: Հենց այն օրը, երբ հայտարարված էր ԵԿՄ 10-րդ համագումարը, ԲՀԿ-ն «կայծակնային» որոշմամբ հայտարարեց, որ նույն օրը, գրեթե նույն ժամերին, ինքն էլ է համագումար հրավիրում: Ու վերջին օրերի ներքաղաքական զարգացումների կարևոր ատրիբուտներից մեկն էլ հենց այդ համագումարն էր:
ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը քննադատեց գործող իշխանություններին` ասելով`«Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները»:

Համագումարի կապակցությամբ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, թե այս համագումարի ժամանակ ԲՀԿ-ն պետք է կոնկրետ բառերով հայտարարի` իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն:
«ԲՀԿ-ի համար տխուր ավանդույթ է դարձել չկողմնորոշվելը. չի կողմնորոշվում նախագահական ընտրություններին, չի կողմնորոշվում համագումարում՝ իշխանություն են, թե ընդդիմություն, չի կողմնորոշվում Մաքսային միության հարցում: Մինչև կողմնորոշվի` ուշ կլինի»,- լրատվամիջոցներին ասել է Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Գագիկ Ծառուկյանի ելույթը համագումարում տպավորիչ չէր, ավելի ճիշտ, նա ոչ մի նոր բան չասաց: Նրա խոսքով, երբ ԲՀԿ-ն կորոշի, թե որտեղ է գտնվում, ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, այն ժամանակ էլ ավելի կոնկրետ պարզաբանումներ կլինեն:

ԲՀԿ-ն նախընտրեց պահպանել իր նախկին ձևակերպումը` այլընտրանքը:

Բայց մի ուշագրավ հայտարարություն արեց Ծառուկյանը, որը հենց վկայում է, որ ԲՀԿ-ն ԱԺ ոչ իշխանական ու արտախորհրդարանական ուժերի և հասարակական շարժումների առանցքը դառնալու լուրջ հավակնություններ ունի. «ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ: Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որը չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական – հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրներն ու հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա: Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է` հասարակությունը»:

Բնական է, որ ԲՀԿ-ն պետք է փորձի օրակարգ թելադրող դառնալ: Նախ` ԱԺ ոչ իշխանական ուժերի մեջ ամենամեծ խմբակցությունը հենց նրանն է: Երկրորդ` ունի քաղաքապետներ, գյուղապետներ, այլ պաշտոնյաներ, Երևանի ավագանիում` համեմատաբար շատ ներկայացուցիչներ, քան ոչ իշխանական մնացած ուժերը: Այսինքն` որոշակի վարչական ռեսուրս, որ մյուս ուժերն այնքան էլ շատ չունեն: Երկրորդ` ի դեմս կուսակցության նախագահի, ունի ֆինանսատնտեսական ռեսուրսներ ու լծակներ, որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար: Երրորդ` ԲՀԿ-ն կապվում է հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որը վերջերս խիստ ակտիվություն դրսևորեց և դեռևս Հայաստանում որոշակի դերակատարություն ունի, չորրորդ` հենց Գագիկ Ծառուկյանի խնամին ՀՀԿ-ում փոքր ֆիգուր չէ, ինչը նաև ՀՀԿ-ի ներսում որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություններ է տալիս: Այսուհանդերձ ԲՀԿ-ն ակնհայտորեն փորձում է կես կամ մեկ գլուխ ավելի բարձր դիրքավորվել, քան մյուս ուժերը, ու այս պայմաններում հարց է` կհամաձայնե՞ն մյուսները:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Գլոբալ տաքացումը երկիրը խորասուզում է խավարի մեջ

o_564466Երկրի վրա արկտիկական սառույցների հալչելու և արևի լույսի ջերմության նվազման մեջ մասամբ մեր մոլորակն է մեղավոր: Ահա այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել գիտնականները: Դիտարկումների ու արբանյակից ստացված լուսանկարահանումների վերլուծության ընթացքում նրանք նկատել են, որ վերջին մի քանի տարում երկիրը կորցնում է իր լույսն անդրադարձնելու հատկությունը` ալբեդոն:

Երբ Արկտիկայում սառույցը հալչում է, ավելի  մուգ մակերեսի` ջրի կամ էլ հողի, հավասարակշռությունը փոփոխվում է ոչ մեր օգտին` անդրադարձնելով ավելի քիչ ու կլանելով ջերմության ավելի մեծ մասը:

Բացի այդ, արկտիկական օդը ջերմությունը չի փոխադրում մակերեսից մթնոլորտի ավելի բարձր շերտեր, ի տարբերություն, օրինակ, արևադարձների, որտեղ օդային զանգվածներն ավելի հավասարաչափ են բաշխվում:

Անկախ

ՓԵՏՐՎԱՐԻ 21. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐԸ

girq 1Հայերենը սոցիալական ցանցերում ուղղակի աղավաղվում է

Երբ 1948-ին պակիստանցիները որոշեցին, որ այսուհետ այդ հողերում պետք է լսվի միայն ուրդու լեզուն, մարդիկ համեստաբար լռեցին չորս տարի: Սակայն, ուսանողների մի խումբ Բանգլադեշի մայրաքաղաքում (Դաքա) հանրահավաք կազմակերպեց, որտեղ խոսում էին միայն իրենց մայրենի լեզվով (բենգալերեն): Պակիստանցիները սպանեցին ցույցի շատ մասնակիցների, բայց ըմբոստ բանգլադեշցիները շարունակեցին խոսել իրենց լեզվով:
Նրանք այդ տարվանից փետրվարի 21-ը նշում են որպես մայրենի լեզվի օր, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն հռչակեց 1992-ից:

Տարիներ շարունակ փետրվարյան սիրո տոներին հաջորդում է մայրենի լեզվին նվիրված օրը, որը սովորաբար կազմակերպվում է ավելի զուսպ. հավանաբար, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մենք, այնուամենայնիվ, սովոր ենք աղճատել մեր թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքը:

Մայրենի լեզվի օրը բանասերների, ավելի ճիշտ` բանասիրական գիտությունների թեկնածուների, դոկտորների օրն է: Լեզվաբանները շտապում են մի մամուլի ակումբից մյուսը՝ հիշեցնելու, որ մենք հայերեն չգիտենք, խոսում ենք ինչպես պատահի՝ մայրենին խառնելով ռուսերենի և անգլերենի հետ:

Կարո՞ղ ենք ասել, որ փետրվարի 21-ը հայոց լեզվի պահպանման օրն է:
Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Արտակ Սարիբեկյանը շփվում է միմիայն գրական հայերենով: Ասում է՝ ուսանող տարիներին ծիծաղում էին վրան, բայց պահպանում է հայերենը:

Երիտասարդ գիտնականին զայրացնում է հիմնականում «Լեզվի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների անկատարությունը:
– «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, որ բովանդակում է հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, լեզվի վիճակը, մեր երկրում գրեթե չի գործում: Այն պետք է կիրառի լեզվի պետական տեսչությունը, որի անունը կա միայն,- ասում է Սարիբեկյանը:- Լեզվի պետական տեսչությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից առանձնացված ստորաբաժանում է, որը որոշումներ չի կարողանում ընդունել, քանի որ չունի հայերենի բարձրագույն խորհուրդ: Այնտեղ կա ընդամենը 10 աշխատող, որոնք հազիվ են հասցնում արձանագրել այս կամ այն վայրում փակցված ցուցանակում գրված օտարալեզու արտահայտությունները և աշխատում, որ դրանք փոխարինվեն հայերենով:
Լեզվաբանը նշում է նաև, որ լիարժեք չեն կիրառվում նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շատ ցուցանակներում հայերեն արտահայտությունները բացակայում են կամ շատ ավելի փոքր են, չնկատվող, քան օտարալեզու արտահայտությունները:

Հիշեցնենք, որ ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով:

Այս դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշների և մակնիշների վրա: Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին:

Արտակ Սարիբեկյանը երիտասարդ գիտնական է: Ամեն օր արթնանում է հույսով, որ իր հետ կխոսեն գրական հայերենով (ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը), բայց ամեն օր զայրանում է՝ նկատելով, թե ինչպես ենք անփութորեն աղճատում մեր լեզուն: Երիտասարդ գիտնականը մեղավորներ չի փնտրում, բայց նախատում է հիմնականում սոցիալական ցանցերով ոչ գրական հայերենով շփվող քաղաքացիներին:

– Հայերենը սոցիալական ցանցերում աղավաղվում է: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասը բջջային հեռախոսներից է մուտք գործում համացանց, որոնց մեծ մասը հայերեն գրելու և կարդալու հնարավորություն ունի, բայց չենք օգտվում: Այս համատեքստում պետք է ասեմ՝ ամենացավալին այն է, որ համակարգիչներով օգտվելիս շատերը նախընտրում են գրել լատինատառ հայերենով: Ես սարսափում եմ մեր Facebook-ի լեզվից, արտահայտչամիջոցներից. մի շարք հայերեն արտահայտություններ պարզապես ծիծաղելի են, երբ լատինատառ ես գրում,- ասում է երիտասարդ գիտնականը:

Անկախ

« «Նաիրիտն» ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով». Վազգեն Սաֆարյան

Վազգեն ՍաֆարյանՀայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Նաիրիտ» գործարանն  ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով: Իրանի հետ կարելի է պայմանավորվել բարտերային մեխանիզմի` «գազ  կաուչուկի դիմաց» սկզբունքով:

Նրա խոսքով՝ «Նաիրիտի» վերագործարկման դեպքում կօգտագործվի տարեկան 100-120 մլն խմ գազ, ինչն այնքան էլ շատ չէ:

«Գազի փոխարեն մենք Իրանին կտանք «Նաիրիտում» արտադրված կաուչուկը: Իսկ մնացած արտադրանքը կարող ենք վաճառել միջազգային շուկաներում: Ներկայումս աշխարհում ընդամենը 6 այդպիսի գործարաններ կան, որոնք սինթետիկ քլորոպրենային կաուչուկ են արտադրում: Իսկ մեր գործարանն այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:

Ըստ նրա` իրանական գազ օգտագործելու դեպքում միջոցները կբավարարեն «Նաիրիտը» վերազինելու և ընկերության ունեցած պարտքերը, այդ թվում աշխատավարձի, մարելու համար:

Անդրադառնալով երկրապահների համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո կարելի է սպասել պղինձի և ծծմբաթթվի արտադրության վերականգնման:

«Ուրախ եմ, որ նախագահը անհրաժեշտ է համարում երկրում ունենալ ռաֆինացված պղնձի արտադրություն, որի մասին մենք երկար տարիներ խոսել ենք: Մենք արդեն տարեկան 80 հազար տոննա կոնցենտրատ ունենք, որոնք անհրաժեշտ են մաքուր պղինձը հալեցնելու համար»,-ասաց Հայրենական արտադրողների միության նախագահը:

Հայաստանի հարավային երկաթուղին ամենակարճ ճանապարհով Ասիան կկապի Կենտրոնական Եվրոպային

երկաթուղիԴեռևս 2013թ.-ի տարեսկզբին մեկնարկած «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը (տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը) և նախնական ծրագիծը, որը կանցնի Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով,  արդեն պատրաստ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012թ.-ի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, որի գործունեության ժամկետն է 30 տարի՝ շինարարության ավարտից հետո, ընկերությունն իրականացնելու է  Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը` բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին:

Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, թունելներից, բարդ կառույցներից և  կունենա 27 կայարան: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի:

«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը սեփական միջոցներով է  իրականացրել  պայմանագրով նախատեսված երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքների հիման վրա  հետագայում նախատեսվում է կոնցեսիոն եղանակով իրականացնել նաև շինարարական աշխատանքները և հետագա շահագործումը:

Նախագծերի  իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում՝ ՀՀ տրանսպորտի և

կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու կողմից:

Իրագործելիության ուսումնասիրության շուրջ կապալառուի կողմից աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2012թ. դեկտեմբերին և տևեցին շուրջ 1.5 տարի: Այն մշակելու նպատակով  «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ներգրավել է  միջազգային  ասպարեզում  երկաթուղիների,  արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ  մասնագիտացած և մեծ փորձ ունեցող «Չինաստանի հաղորդակցային ընկերությանը» (CCC-Co.ltd):

Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրությունը ներկայացվել է նաև ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում կարևորագույն և աննախադեպ այս ծրագրի իրագործմանը, որը Հայաստանի խոշորագույն ռազմավարական հեռանկարներից է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ՝ նախարարությունը լուրջ և հսկայածավալ աշխատանքներ է կատարում, որպեսզի շուրջ երեք միլիարդ դոլար արժողությամբ տարածաշրջանային նշանակության այս ծրագիրը կյանքի կոչվի:

«Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես  «Հյուսիս- հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ,  դառնալու է

Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:

Ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային ծախսերի  և փոխադրության պայմանների էական բարելավում, ինչը կնպաստի առևտրի խթանմանը և տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

 

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում

ճանապարհային ոստիկանությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ:
Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տևողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է լինելու տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և «Երևան մոլ» համալիրի բացմանը

մոլի բացումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:

բժշկական կենտրոնԲժշկական այս կենտրոնում Նախագահին ներկայացրել են, որ «Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում: Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանո¬րոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ, կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդ»-ն այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա:

երևան մոլՍերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման արարողությանը: Երկհարկանի համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին: Համալիրն զբաղեցնում է 59, 900 քմ ընդհանուր տարածք և կառուցված է առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով: «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի շուրջ 120 խանութներում ներկայացված են բազմաթիվ աշխարհահռչակ ապրանքանիշեր: Կենտրոնում շուրջ 10000 քմ տարածք հատկացված է հանրահայտ «Կարֆուր» հիպերմարկետի համար՝ կառուցված հանրահայտ այդ առևտրային ցանցի չափանիշներին և որակական պահանջներին համապատասխան: «Կարֆուր»-ի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: «Երևան Մոլ»-ում, պատասխանատուների հավաստմամբ, ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն:

Անկախ