Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Լուսանկարը` mes.am-ի

Լուսանկարը` mes.am-ի

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.12-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մոտակայքում այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ փողոց թիվ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռոսիյա փողոցի թիվ 14/2 տան մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.23-ին, մարվել՝ 17.49-ին:
Այրվել է վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (12քմ),  մեկ մահճակալ և 10քմ խոտածածկ տարածք:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխաններն ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ

Էդվարդ ՆալբանդյանԱլեքսանդր Արզումանյան. Հարցս վարչապետին էր ուղղված, հավանաբար պարոն Գևորգյան, Դուք երևի պատասխանեք։

Հազիվ էր հասարակությունը, ոնց-որ համակերպվել էր մոսկովյան գույժի հետ, մեկ էլ պարզվում է, որ վարչապետը Պեկինում հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալ։ Հիմա դա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է, որ ով ուր գնում է ինչ-որ միության է միանում։

Հիմա հարցս վերաբերում է ձեր ծրագրին։ Չորս ամիս առաջ, դուք  ներկայացրել եք կառավարության ծրագիր, որտեղ ներկայացրել եք ձեր տեսլականը և առաջիկա հինգ տարիների համար ձեր անելիքները։ Անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերվում Ձեր ծրագրին, Ազգային ժողովի մեծամասնությունը տվել է հավանություն այդ ծրագրին, որի մեջ սևով սպիտակի վրա գրված են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի։ Դրանք են Եվրամիության հետ սերտ համագործակցությունը, հատկապես նշելով՝ Եվրամիության հետ և ԱՊՀ երկրների հետ։

Այդ նույն տրամաբանության մեջ, ծիրի մեջ, մենք այստեղ վավերացրեցինք ԱՊՀ ազատ առևտրի պայմանագիրը, որի հետ որևէ խնդիր չէինք տեսնում  և մի շարք դրույթներ կային այնտեղ նշված, թե որ կազմակերպությունների հետ մենք պետք է համագործակցեինք։

Սկսած ՀԱՊԿ-ից, մյուսներից, վերջացրած Ֆրանկոֆոնիայի կազմակերպությամբ։ Որևէ խոսք ոչ ՇՈՍ-ի, ոչ Մաքսային միության մասին այդ ծրագրում գոյություն չուներ։

Այստեղ խնդիր է առաջանում. Դուք չունեք մանդատ, և ձեզ որևէ մեկը չի լիազորել իրականացնել այլ ծրագիր։ Թեև օրենքի տառով չի պահանջվում, որ Դուք նոր ծրագիր բերեք, բայց օրենքի ոգին դա է պահանջում, որ կառավարությունը ներկայացնի նոր ծրագիր՝ հաշվի առնելով այս նոր իրողությունները բազմավեկտոր մեր այս քաղաքականության և ստանա Ազգային ժողովի հավանությունը՝ այդ ծրագիրն իրականացնելու։  Պատրաստվում եք արդյո՞ք ներկայացնելու նոր ծրագիր, և եթե՝ ոչ, երբ ե՞ք ներկայացնելու կառավարության հրաժականի  ձեր խնդրանքը։

 

Էդվարդ Նալբանդյան.  Խոսքը գնում է Հայաստանի ոչ թե անդամակցության մասին, այլ Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակի մասին։ Դա առաջինը։ Երկրորդը. Սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Մաքսային միությանը անդամակցելու մեր որոշման մասին։ Իսկ երբ կազմվում էր կառավարության ծրագիրը, այդ ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված աշխատանքային խումբ ուսումնասիրվում էր Հայաստանի և Մաքսային միության միջև համագործակցություն հաստատելու համար ձևաչափերն ու եղանակները։ Եթե նախկինում ասվում էր, որ կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս Հայստանին անդամակցել Մաքսային միությանը, ապա հետագայում  փորձագետները եկան եզրակացության,  որ անդամակցությունը հնարավոր է։

Այդ զարգացումների արդյունքում և, ի նկատի ունենալով բոլոր հանգամանքները և գործոները, կայացվեց որոշում Մաքսային միությանը անդամակցելու մեր մտադրության մասին։ Այդ ամենի մասին շատ պարզ ձևով հայտարարվել է։

Երբ այս հարցրերի շուրջ համապատասխան փաստաթղթեր մշակվեն և կնքվեն, և եթե դրանք ունենան միջազգային պայմանագրերի բնույթ և պահանջեն վավերացում, ապա կներկայացվեն նաև Ազգային ժողով քննարկման և վավերացման։

Ալեքսանդր Արզումանյան. Մի դիտարկում ՇՀԿի մասին։ ՇՀԿ-ի հիմնադիր դեկլարացիան հռչակում է երեք չարիքների դեմ պայքար՝ տեռորիզմը, էքստրեմիզմը և սեպարատիզմը։ Եվ ՇՈՍ-ի անդամ երկրներից  Ղազախսատանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն Արցախի ազգային ազատագրական պայքարը ընկալում են հենց սեպարատիզմի սահմանումներով։ Դուք ուղղակի վերահաստատեցիք իմ ասածը, որ, այո, տեղի է ունեցել կառավարության ծրագրի վերանայում։ Խնդիրն է այն չէ, որ ես համաձայն եմ, թե չէ։ Խնդիրը այն է, որ օրենքի պահանջին համապատասխան բերեք նորացված, լրամշակված ծրագիրը և ստացեք Ազգային ժողովի հավանությունը այս ծրագիրն իրականացնելու համար։ Հակառակ դեպքում հանձնեք ձեր լիազորությունները, թող նոր կառավարություն նշանակվի, թող այդ նոր կառավարությունը բերի այն ծրագիրը, որ դուք ուզում եք շարունակել։

Էդվարդ Նալբանդյան. Ես կցանկանայի ուղղակի ավելացնել, որ ՇՀԿ-ի շրջանակներում որևէ որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որն ուղղված լիներ մեր շահերի դեմ։ Ձեր հետագա վերլուծությունների համար տեղեկացնեմ նաև, որ Ադրբեջանը ևս խնդրել է դիտորդ դառնալ այդ կազմակերպությունում։

 

Ռուբեն Հակոբյան. Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ համազգային, համապետական հարցը լուծվում է մեկ-երկու-երեք պաշտոնյաների սենյակում, անտեսվում է թե ժողովրդական, թե պառլամենտական դիվանագիտությունը, և նույնիսկ ինֆորմացիա ունենալու ակնկալիքով երբ փորձում ենք ինչ-որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը, որ մեծամասնության հետ քննարկվել է և որոշումը հենց այդտեղ կայացվել է: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի միայն մեծամասնության այդ սենյակներում, շատ հնարավոր է: Բայց նաև կա փոքր ածու, երևի, ընդդիմության, որ նույնպես ասելիք ունի, բայց որովհետև ճանապարհ չկա, տեղ չկա, ստիպված հենց այս ձևաչափով եմ դիմում: Երկու հարց. առաջինը` չեք գտնում, որ եվրոպական արժեքներից, կամ նույնիսկ մաքսային արժեքներից խոսելով` այսօրվա մեր քաղաքական մշակույթը ազգային, համապետական ծրագիր լուծելու համար զրոյական է, և մենք այդ մակարդակով չենք կարող որևէ նորմալ հարց լուծել: Ես վաղը մեկնում եմ Բիշքեկ, ԱՊՀ, ՀԱՊԿ և քաղաքական և միջազգային հանձնաժողովի անդամ եմ,  բացարձակ ինֆորմացիա չունեմ, թե ղազախների, Բելառուսի հետ ինչ պետք է զրուցեմ Մաքսային միության մասին: Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում մեր և ձեզ հետ: Եվ երկրորդ, պարոն Նալբանդյան: Վստահ եմ, որ ընդունված միջազգային պրակտիկա է, որ կողմերը պայմանավորվում են միմյանց հետ, թե երբ պետք է փաստաթուղթը հրապարակվի: Մենք մի փաստաթուղթ մերժեցինք, առանց իմանալու, թե ինչ էր գրված այդ փաստաթղթի մեջ, չնայած կային կրքոտ պաշտպաններ և ոչ պաշտպաններ: Երբ էր որոշված, որ պետք է հրապարակվեր Ասոցացման պայմանագիրը, արդյոք որևէ շանս կա, որ այն կհրապարակվի,թե ոչ, և ինչ ճակատագիր է սպասվում այս Մաքսային միության փաստաթղթի հրապարակմանը, կողմերի մեջ ինչ պայմանավորվածություն կա, թե երբ այդ փաստաթուղթը կհանձնվի հանրության դատին: Շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Ըստ Սահմանադրության 55րդ հոդվածի Հանրապետության նախագահը կնքում է միջազգային պայմանագրեր, և ըստ ընդունված կարգի, եթե դրա անհրաժեշտությունը կա, ներկայացնում է Ազգային ժողով` վավերացման: Եթե խոսքը գնում է միջազգային պայմանագրերի մասին, հուսով եմ Դուք պետք է տեղյակ լինեք, քանի որ դիվանագիտական աշխատանքի էլ եք եղել, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ:

Որպես կանոն, դրանք հրապարակվում են ստորագրումից հետո, բայց պատահում է նաև՝ նախաստորագրումից հետո:

Եվ երբ հայաստանյան լրատվամիջոցից հարցում ուղղվեց Բրյուսել` Եվրամիության համապատասխան պաշտոնյաներին՝ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ, այնտեղից տրվեց նմանատիպ պատասխան։ Ես Ձեզ հիշեցնեմ, որ այդպիսի կարգ կա: Այդ էր պատճառը, որ չի հրապարակվել, բայց որևէ գաղտնիք այդ փաստաթղթում չկա:

Ինչ վերաբերում է, թե ինչու՞ չի հրապարակվել Մաքսային միությանը անդամակցության մասին ինչ-որ փաստաթուղթ, բացի այն հռչակագրից, որը հրապարակվեց ՀՀ և ՌԴ նախագահների կողմից սեպտեմբերի 3-ին, որտեղ արտահայտվում էր Հայաստանի որոշման, մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Այդ փաստաթղթերը կարող են մշակվել բանակցությունների արդյունքում, որոնք հնարավոր է սկսվեն, միայն երբ երեք անդամ երկներ որոշում կայացնեն Մաքսային միություն Հայաստանի անդմակցության վերաբերյալ և դրանից հետո հնարավոր կլինի սկսել բանակցությունները համապատասխան փաստաթղթերի շուրջ: Սպասվում է, որ առաջիկա Մաքսային միության այդպիսի գագաթաժողովը կլինի հոկտեմբերին, ուստի կարելի է ենթադրել, որ այդ գագաթաժողովից հետո` հոկտեմբերի երկրորդ կեսին կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները։ Խոսքը գնում է մի շարք փաստաթղթերի մասին: Այն փաստաթղթերը, որոնք պահանջում են Ազգային ժողովի վավերացում, կներկայացվեն, բնականաբար, Ազգային ժողով։ Եթե խորհրդարանը գտնի, որ այդ փաստաթղթերը արժանի են կամ արժանի չեն վավերացման, համապատասխան եզրակացություններ կանի, սա է հարցը: Այնպես որ դրամատիզացնելու պատճառ չկա:

Ռուբեն Հակոբյան. Անկեղծ ասած` չէի սպասում, որ ինձ կբացատրեք, թե Սահմանադրության 55-րդ կամ 56-րդ հոդվածներն ինչ են ասում, ես էլ Սահմանադրական հանձնաժողովի մեջ էի և գիտեմ այդ հոդվածների և տրամաբանությունը և ֆորմալ ձևակերպումները, ես խոսում եմ ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին:

Մենակ քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ Դուք ինձ Սահմանադրության հոդված եք ասում:

Ես գիտեմ, որ միջազգային նորմ է, որ կողմերը պայմանավորվում են, թե երբ պիտի հրապարակեն, և գիտեմ նաև, որ Ուկրաինայի հետ նույնպես պայմանավորվել էին, բայց Ուկրաինան` հասկանալով հարցի նշանակությունը, խնդրեց մյուս կողմին, որ թույլ տան նախաստորագրելուց առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնեն ժողովրդին և ճիշտ արեց:

Կան միջազգային կարևոր հարցեր, որ իմանալով միջազգային պրոտոկոլը, պետք է հասկանանք, որ ժողովրդին պետք է մատուցել դա: Եթե միայն պետք է թվարկենք Սահամադրության հոդվածները և միջազգային նորմերը, դրանով հարց չենք լուծի:

Եթե պետք է արձագանքեք, և դա հիմնված լինի Սահմանադրության 57-րդ հոդվածի վրա, դա ինձ պետք չի: Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք իրավունք չունենք այս շատ պատմական, պատասխանատու պահին, երբ պետք է ճշգրիտ ընտրություն կատարենք, փակվենք, չորս-հինգ հոգով որոշենք, հետագայում Սահմանադրության հոդվածները մեջբերենք, թե ինչպես պետք է պետություն կառավարել:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Հակոբյան, Ուկրաինայի օրինակը բերելով` Դուք նույնպես տեղյակ չեք: Ուկրաինան նախաստորագրել է առավել քան մեկ տարի առաջ և կարող էին որոշում ընդունել հրապարակել այդ փաստաթուղթը: Հայաստանի պարագայում մենք չենք նախաստորագրել:

Կարող եմ ուրիշ բաներ էլ ուղղել, բայց դրա կարիքը չկա: Պարզապես ասեմ, որ մենք  որևէ գաղտնի բան չենք արել: Հայաստանը վարում է թափանցիկ քաղաքականություն, և Հանրապետության Նախագահը, արտգործնախարարը բազմիցս արտահայտել են մեր վերաբերմունքը թե հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների, թե Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերաբերյալ:

Մենք մշտապես, Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից առաջ և  ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մենք պատրաստ են խորացնել, զարգացնել, ընդլայնել, հնարավորինս մերձենալ Եվրամիությանը` բայց ոչ ի հաշիվ և ի վնաս մեր դաշնակցային հարաբերությունների Ռուսաստանի հետ, կամ ի վնաս մեր այլ ձգտումների՝ մասնակցել ինտեգրացիոն գործընթացներում: Սա է եղել մոտեցումը, որը ըմբռնում է ունեցել մեր գործընկերների կողմից։ Մենք այս ըմբռնումով վարել ենք բանակցությունները և բավական մեծ հաջողություններ ենք արձանագրել բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով, որի մասին խոսում են նաև ԵՄ պաշտոնյաները:

Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հրապարակումից հետո, կարող եմ ասել, որ այդ որոշման պատճառները, ընդհանուր առմամբ, ընկալելի են մեր եվրոպական գործընկեների կողմից։  Մեր ցանկությունն է նաև շարունակել զարգացնել և ամրապնդել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ։

 

Տիգրան Ուրիխանյան. Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարարին: Ուզում եմ միանգամից ընդգծել,  որ որևէ երանգավորում դրանում չկա, հարցը չի պարունակելու: Ակնկալում եմ ստույգ տեղեկատվություն, հատկապես հաշվի առնելով, որ Ձեզ հետ տեղի ունեցած հանդիպումը ոչ ժամանակի, ոչ ձևաչափի առումով, նկատի ունեմ այն փակ լինելու հանգամանքը, չբավարարեց, մասնավորապես, ինձ և վստահ եմ բազմաթիվ այլ  գործընկերներիս որոշակի տեղեկատվություն ստանալու առումով, և բազմաթիվ լրագրողներ այսօր տալիս են հարցեր, որոնց, ես կրկնում եմ, ձևաչափի բերումով առաջին հերթին ու նաև ժամանակային անբավարարության առումով,  չեմ կարողանում պատասխաններ տալ: Կակնկալեմ հիմա ստույգ ինֆորմացիա:

Այդուհանդերձ, ինչ է ակնկալվում, չնայած ձեր բազմաթիվ ակնարկների, ինչ է ակնկալվում Վիլնյուսում, Ասոցացման համաձայանգրի հետ կապված, որևէ փաստաթուղթ նախատեսվում է ստորագրել թե ոչ, որևէ գործակցություն Եվրամիության հետ այսուհետև շարունակվելու է թե ոչ, մասնավորապես ես որպես զեկուցող Հայաստան-Եվրամիություն խմբի պատվիրակության կազմում, մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով, հետաքրքրված եմ, որևէ արդյունքի մենք հասնելու ենք դրանում թե ոչ, և Ձեր պատասխանից առաջ ուզում եմ անպայման հանրության ուշադրությունը և Ձեր ուշադրությունը բերել, այնուամենայնիվ, Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարարի պնդումներին, թե այլևս օրակարգը սպառված է, անհամատեղելի, ես ցիտում եմ ձևակերպումները, անհմատեղելի գործընթացներ են տեղի ունենում, Սլովակիայի  փոխվարչապետի, արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարի ձևակերպումները, Շվեդիայի արտաքին գործերի նախարարի ձևակերպումները, որոնք որ նմանատիպ են, զուգահեռ են: Այսինքն եվրոպական կողմի պնդումները այսուհետև հարաբերություններ զարգացնելու անհնարինության վերաբերյալ: Շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Ձեր կողմից հիշատկաված հայտարարություններից բացի, Դուք  պիտք է որ տեղյակ լինեք այն հայտարարություններին, որոնք արվել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից Բրյուսելում հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, և նաև Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպումից հետո: Իսկ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է հնարավոր բոլոր ձևաչափերով և բոլոր ուղղություններով իր հարաբերությունները զարգացնել, խորացնել և ընդլայնել Եվրամիության հետ, ինչքան հնարավոր կհամարի Եվրամիությունը և ինչքանով դա չի հակասի մեր որոշմանը անդամակցելու Մաքսային միությանը:

Դրա համար, հարցադրումը շարունակելու ենք արդյո՞ք մեր հարաբերությունները Եվրամիության հետ թե ոչ, կարծում եմ՝ անտեղի է:

Ինչ վերաբերում է շարժունակության բնագավառում մեր համագործակցությանը, Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ես հատուկ նշեցի մի շարք այլ ոլորտների թվում նաև շարժունակությունը, որը ընդգրկում է նաև վիզային ռեժիմի դյուրացումը։ Դրա շուրջ բանակցությունները ավարտվել են, ստորագրվել են համաձայնագրեր, որոնց վավերացման գործընթացը արդեն սկսվել է։

Ինչ վերաբերում է երեկվա աշխատանքային հանդիպմանը, արտաքին գործերի նախարարին առաջարկվել էր դրա նախորդ օրվա երեկոյան՝ արդյո՞ք հնարավոր է առավոտյան լինել Ազգային ժողովում։ Ես փոխեցի նախատեսված հանդիպումները,  որպեսզի հնարավոր լինի մեկ ժամ ու կես  ներկա գտնվել այդ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդլայնված աշխատանքային հանդիպմանը: Կան տարբեր ձևաչափեր, օրինակ այսօրվա հարցուպատասխանը, որը հրապարակային է, ներկա է մամուլը, բաց քննարկում է գնում, որտեղ ավելի կարևոր է հարց հնչեցնել, քան թե լսել պատասխանը: Բայց պատահում է, որ այլ ձևաչափերի դեպքում էլ նույնն է պատահում։ Բոլոր այն հարցերին, որ հնչել էին աշխատանքային հանդիպմանը պատասխաններ հնչեցին։ Բայց երբ որ չեն ցանկանում լսել կամ շահագրգիռ չեն պատասխանը լսել, կամ իրենց ճաշակով չէ այդ պատասխանը, դա, իհարկե,  չի նշանակում, որ պատասխան տրված չէ:

Հստակ պատասխանը բոլոր հարցերին տրվել է։ Այո, մենք շարունակելու ենք մեր ամենասերտ համագործակցությունը Եվրամիության հետ, և Լիտվայի արտգործնախարարը հայտարարեց այն ինչ-որ հայտարարել էի ես այդ հանդիպումից հետո: Ի միջի այլոց, նա նաև արձագանքել էր այն թվիթին, որի մասին Դուք խոսում եք, որն արվել էր Կարլ Բիլդտի կողմից: Լիտվայի արտգործնախարարը ընդգծել էր, որ մենք շարունակելու ենք համագործակցությունը, և ես ևս մեկ անգամ վերահաստատեմ՝ այո, մենք շահագրգռված ենք համագործակցությամբ և ակտիվ հարաբերություններով Եվրամիության հետ:

Տիգրան Ուրիխանյան. Պարոն արտգործնախարար, այդ խրատահորդորային զրույցի համար շնորհակալ եմ, բայց ես ամենասկզբից ասացի, որ իմ հարցը երանգավորումներ չունի, հետևաբար ես ինչ պիտի իմանայի, ինչ պիտի չիմանայի, ես հիմա ստեղծում եմ հնարավորություն, որպեսզի հանրությունը իմանա, Ազգային ժողովը իմանա և այլն: Սա է խնդիրը:

Կա՞ն երաշխիքներ, որ մենք կգնանք Վիլնյուս, կգնանք Բրյուսել, որ մենք կշարունակենք գործակցությունը: Դուք ասում եք Ձեր ցանկությունը, մեր ցանկությունը, Հայաստանի ցանկությունը, Հայաստանն ասել է, որ շարունակելու է: Եվրոպացիները արդյո՞ք նույնն են ասում: Լիտվայի արտաքին գործերի նախարարության և մեր արտաքին գործերի նախարարության կայքէջերում իրարամերժ տեղեկատվություն է տարածվել, ընդ որում, նրա հայտարարությունից հետո, ես որևէ փոփոխություն չեմ տեսել: Նորից եմ կրկնում, հարցս ինֆորմացիա ստանալու նպատակ ունի, ինչ է մեզ սպասվում, կան երաշխիքներ, որ մենք կարձանագրեք որոշակի հաջողություններ: Որևէ, ոչ անձնական, ոչ այլ երանգավորում չկա հարցում, հետևաբար խնդրում եմ զուտ ինֆորմացիա տրամադրել:

Էդվարդ Նալբանդյան. Երանգավորման մասին խոսքը չի գնում, այլ նրա մասին որ Դուք մեջբերում եք ինչ-որ հայտարարություններ։ Ես էլ ասում եմ կան նաև ուրիշ հայտարարություններ: Ձեզ հիշեցնեմ նաև, որ Լիտվայի արտգործնախարարն այդ հանդիպումից հետո ասել է նույնը, ինչ ասել է Հայաստանի արտգործնախարարը, որ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը՝ հիմնվելով այն հաջողությունների, այն ձեռքբերումների վրա, որոնք կան վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև: Հստակ է ասված:

Եթե որևէ մեկը ուրիշ ինչ-որ երանգ է դնում դրա մեջ, դա արդեն իր անձնական մոտեցումն է: Ինչ վերաբերում է ապագա համագործակցությանը, նաև Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո մեր հաղորդագրության մեջ նշված էր, որ հայկական կողմը շարունակելու է ինտենսիվ խորհրդատվությունները Եվրամիության միջև: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանում կայանալու է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին զուգահեռ անցնելու է նաև կրթության նախարարների հանդիպումը։ Դրանց ներկա է լինելու հանձնակատար Ֆյուլեն, նաև կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Վասիլիուն, նաև՝ Հելգա Շմիդտը, որը Քեթրին Էշթոնի տեղեկալն է: Այսինքն դա ոչ միայն ինչ-որ ցանկություն է, այլ լուրջ գործընթաց, որը շարունակվում է:

 

Մարգարիտ Եսայան. Պարոն նախարար, շատ բարձր գնահատելով Ձեր դիվանագիտական համբերատարությունը և համբերությունը, նաև զսպվածությունը, ուզում եմ անպայման այս հարցը հղել Ձեզ, թեպետ Դուք երեկ պատասխանեցիք պատգամավորների հարցերին և ընդունեցիք մեր հրավերը, այսօր նույնպես շարունակաբար ամբիոնի մոտ եք և պատասխանում եք պատգամավորների հարցերին: Այնուհանդերձ համաձայնեք, որ սեպտեմբերի 3-ից հետո ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, որ որոշ մարդիկ անկեղծորեն, որոշ մարդիկ թատերականացված, զարմանք խաղացին, թե ինչու՞ հանկարծ հանրապետության նախագահը նման հայտարարություն արեց: Ինձ համար և բոլոր սթափ մտածողների համար շատ հասկանալի է թե ինչու և որևէ արտառոց բան ինքս  անձամբ դրանում չեմ տեսել: Այդուհանդերձ համաձայնեք, որ 4 տարուց ավելի Եվրամիության հետ պայմանավորվածությունները և հանկարծ այդպիսի իրավիճակը, արդարացիորեն ինչ-որ հարցեր առաջացնում են: Ես կուզեի Դուք բավարարեիք մեր այն գործընկերների և հասարակության այն հատվածի անհանգստությունները, որոնք այդպես էլ չհասկացան թե ինչու: Հարցս շատ կոնկրետ է: Հարգելի պարոն նախարար, խնդրում եմ ասեք, արդյո՞ք սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ծրագրում, արտաքին քաղաքականության ուղեծրում, որևէ արտառոց  բան է փոխվել թե մենք  շարունակում ենք այն գիծը, որը ուներ մեր կառավարություն և մենք շարունակում ենք շփվել արտաքին աշխարհի  հետ այնպես ինչպես շփվում էինք մինչ այժմ: Հասկանալի է նաև մեր հասարակության մտահոգությունն ու անհանգստությունը, որովհետև մեզ միշտ ապահով և անվտանգ երկիրը ու Հայաստանը ավելի է մտահոգում, քան սոցիալ-տնտեսական խնդիրները: Խնդրում եմ, ներող եղեք, այսօր Ձեզ շատ չարչարեցինք, սիրով կլսեմ Ձեր պատասխանը:

Էդվարդ Նալբանդյան. Իրականում, ոչ մեր արտաքին քաղաքականության ծրագրի, ոչ էլ կառավարության ծրագրի մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Եթե անդրադառնանք նույն ՇՀԿ-ին, ապա կառավարության ծրագրում գրված է, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցելու է տարբեր միջազգային կազմակերպություններում: Այնպես որ ՇՀԿ-ում դիտորդական կարգավիճակ ստանալու մտադրությունը հենց դրա մասին է խոսում:

ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներում մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք բերելու, դա կա կառավարության ծրագրի մեջ: Արտաքին քաղաքականության ծրագրի մեջ ևս փոփոխություն չկա: Հայաստանը մշտապես հայտարարել է և ամենաբարձր մակարդակով մեր ղեկավարության բազմիցս տրված հարցազրույցներում, ասվել է. Հայաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և դրանով շատ բան է ասված:

Մենք ցանկանում են ամենասերտ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ այսօր մեր հարաբերությունները Եվրամիության հետ շատ ավելի սերտ են քան երբեք:

Մենք շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եվրոպական երկրների հետ, շատ ավելի սերտ են քան երբեք: Մենք ուրախ ենք, որ այսօր Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությունն ունի շատ լուրջ հիմքեր և գիտեք, որ պետաքարտուղարի հետ միասին հայտարարել ենք, որ  մեր հարաբերությունները բարձրացել են որակական նոր մակարդակի:

Մենք շատ ուրախ ենք, որ զարգացնում ենք շատ սերտ հարաբերություններ և համագործակցություն Չինաստանի հետ:

Տարբեր ուղղություններ, հիմա ես չանդրադառնամ բոլոր ուղղություններին:

Մենք կարող ենք հատուկ արձանագրել, որ այսօր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ մենք ունենք ըմբռնում միջազգային հանրության կողմից, որովհետև այն հինգ հայտարարությունները, որ ընդունվել են եռանախագահող երկրների մակարդակով՝ Ռուսաստանի, Միացյալ Նագահների և Ֆրանսիայի նախագահների կողմից՝ համահունչ են մեր մոտեցումներին:

Էնիսկիլենում արված հայտարարությունից  կես ժամ անց Հայաստանի արտգործնախարարը մեկնաբանեց այդ հայտարարության բոլոր կետերրը՝ ընդգծելով, որ կիսում ենք եռանախագահների կարծիքը: Եվ եռանախագահների հետ միասին, մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա մենք պատրաստ ենք գնալ  բացառապես խաղաղ կարգավորմանը։ Դրա մասին ընդգծվեց նաև սեպտեմբերի 3-ի Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատապատասխան հռչակագրում։ Այդ փաստաթղթում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ-ռուսական համագործակցության բազմաթիվ ոլորտների մասին անդրադարձ կա:

Այն ինչ մենք հայտարարել ենք այս տարիների ընթացքում շարունակվում է նույն ձևով:

Մարգարիտ Եսայան. Ես շատ կարճ կարձանգնքեմ, որպեսիզ իմ մյուս  գործընկերը նույնպես ժամանակ ունենա հնչեցնել իր հարցը: Ես շատ հասկանում եմ և դիվանագիտական լռակացության և դիվանագիտական զսպվածության պատճառները և դա բնական է, այդուհանդերձ համաձայնեք, որոշ դրական իմաստով, մի քիչ  բացբերանություն արժե անել, որպեսզի մեր հասարակության  մեջ շատ հարցեր ավելի հասկանալի լինեն:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք ինչ, արտաքին գործերի նախարարները պետք է ոչ թե բերանբացությամբ զբաղվեն, այլ եթե ուղերձ ունեն՝ այդ ուղերձը փոխանցեն։

Արտգործնախարարին լսում են ոչ միայն ներսում այլև դրսում։ Եվ  կարևոր է, որ այսօր փոխըմբռնում կա մեր և միջազգային հանրության միջև:

Այստեղ հարց հնչեց. ինչո՞ւ փոփոխություն չեք մտցրել արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Որովհետև դրա կարիքը չկա, մենք սուտ չենք ասում։ Վերջին տարիներին չի եղել, որ արտգործնախարարը հայտարարություն անի և հետո փոխի իր հայտարարության իմաստը։

Որո՞նք են վերաքննիչ դատարանի լիազորությունները

վերաքննիչՆախ պետք է նշել, որ վերաքննիչ դատարանի կարգավիճակին, կազմին և տեղաբաշխմանն առնչվող հարաբերությունները կարգավորված են ՀՀ դատական օրենսգրքի 39-49 հոդվածներով:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա իր իրավասության սահմաններում վերանայում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների և վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Իսկ միջանկյալ են համարվում գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, օրինակ` գործի վարույթի կասեցման, գործի վարույթի հետաձգման մասին որոշումները և այլն:

Դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Հարկ է նշել, որ այս դրույթն էապես տարբերվում է նախկին օրենսդրությամբ ամրագրված այն դրույթից, որի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված չէր վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող էր գործը քննել լրիվ ծավալով:

Վերաքննիչ դատարանի դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վերաքննիչ դատարանի լիազորություններն ամրագրված են ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածով, համաձայն որի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը,

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ,

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը,

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաև քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից,

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Գյումու «Սամարիթեր» հիվանդանոցում ներդվում է վիրաբուժական-վերականգնողական բաժանմունք

IMG_1044“Այսօր կան գործառույթներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր համաքաղաքացիների համար, սակայն իրազեկության աստիճանը բավական ցածր է”, – այսպիսի տողերով սկսվեց իր խոսքը Գյումրու “Սամարիթեր” հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը: Խոսքը վերաբերում է հիվանդանոցի ներկա կարգավիճակի և նորաբաց բաժանմունքների մասին հանրության իրազեկության պակասին:

IMG_1042Հիվանդանոցը հիմնադրվել է 1989թ.` երկրաշարժից հետո համարվել է քաղաքում գործող մեծ հիվանդանոցային համալիրի իրավահաջորդը և գերմանացիների կողմից, Հայաստանում երկրաշարժի հետևանքները վերացնող կազմակերպություններից մեկի կողմից վերականգնվեց մոսկովյան շրջկումի համար կառուցված շենքը, հագեցվեց բժշկական գործիքներով, գույքով և հիվանդանոցն, ի պատիվ գերմանացիների, կոչվեց “Սամարիթեր”: “Բայց հիվանդանոցը պետական համակարգի մեջ է գտնվում և գերմանական կողմի հետ կապեր չկա. նրանք աշխատում են միայն թեժ կետերում: Տարիների ընթացքում հիվանդանոցում ձևավորվեցին մասնագիտացված բաժանմունքներ: Առողջապահության բնագավառի օպիմիզացիայի արդյունքում “Գյումրի” բժշկական համալիրի կազմ տեղափոխվեցին “Սամարիթեր” հիվանդանոցի թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները, իրենց հետ զուգահեռ նաև վերակենդանացման բաժանմունքը: Եվ “Սամարիթեր” հիվանդանոցում մնացին միայն ընդհանուր և հեմոդիալիզի բաժանմունքները: Դա կառավարության հատուկ որոշման հետևանք էր:

Շատերի կողմից թյուր կարծիք կար, որ “Սամարիթեր” հիվանդանոցը ևս լիկվիդացվել և տեղափոխվում է բժշկական կենտրոն: Դա այդպես չէ, նույն որոշման համաձայն, օպտիմիզացիայի ծրագրի վերջում, մեր հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունքից զատ պետք է կառուցվեր վերականգնողական բաժանմունք: Եվ հիվանդանոցը կունենար “Սամարիթեր վերականգնողական կենտրոն” ՓԲԸ անվանումը: Այն այսօր կա: Մենք փորձեցինք առողջապահության վարչության հետ մտածել այնպիսի ծրագրեր, որոնք այս կամ այն առումով մեր մարզում չկան կամ կան` ոչ լիարժեք ձևով: Դրանցից են` պլաստիկ, վերականգնողական վիրաբուժությունը, որն այսօր իրականացվում է, ուրոլոգիական վիրահատությունը, այն, իհարկե, մարզում կա”, – ասում է Ռ.Խաչատրյանը:

Այսինքն, ընտրվել են այն բուժման տեսակները, որոնց համար տեղի բնակիչները գնում են Երևան: Իսկ այս ամենի համար հրավիրվել են լավագույն մասնագետները, շատերը աշխատում են Աշոցքի հիվանդանոցում, որը ևս մեծ համբավ ունեցող բուժհաստատություն է: Այս բժիշկները վիրահատություններին զուգընթաց նաև տեղում կադրեր են պատրաստելու:

“Քանի որ մեր վերականգնողական և վիրաբուժական բաժանմունքները նոր են` տարվա կեսին սկսեցին ձևավորվել, դա ֆինանսական, բյուջետային այնպիսի խնդիր էր, որ պետական պատվերի իջեցումն առողջապահության նախարարության համար դժվարություններ էր առաջացնում: Մենք գրություններ ունենք ուղղված առողջապահության նախարարին` պետական պատվեր իջեցնելու համար: Խոստացել են դա իրականացնել 2014 թվականի հունվարից: Առայժմ` վճարովի է”, – ավելացրեց հիվանդանոցի տնօրենը:

Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննիես Հովհաննիսյանն էլ հիշյալ բաժանմունքների բացումը կարևորելով` նշեց. “Ցանկացած վիրահատություն իր հետ կարող է ունենալ հետվիրահատական բարդույթններ. մարդը կարող է առողջանալ, բայց հնարավոր է լինեն հետվիրահատական կոպիտ սպիներ, ճողվածքներ, այլ տարատեսակ բարդություններ, որոնք էլի վիրահատության կարիք ունենան: Նման բաժանմունք ունենալը, որի նախադեպն ամբողջ հանրապետությունում չի եղել, կարծում եմ, մեծ համարձակություն է տնօրենի կողմից:

Մարզում բոլոր վիրաբուժական հաստատությունները կենտրոնացնել մեկ տեղ, կարծում եմ, սխալ է և պետք է ալտերնատիվ տարբերակ լինի: Սա ռազմավարություն է. մեր նման փոքր պետությունն իր պաշարում փոխարինման ամեն ինչ պետք է ունենա: Սա ճոխություն չէ, այլ արդարացված ծառայություն է”:

Հիմա “Սամարիթեր” հիվանդանոցը կատարում է վիրահատության անհրաժեշտություն ունեցող հիվանդների հավաքագրում, որպեսզի բժիշկներին հրավիրեն:

 

“Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք”. գյումրեցիներ

IMG_09802012 թվականի հեկտեմբերին Գյումրիում մեծ շուքով շահագործման հանձնվեցին 1756 բնակարաններ “Մուշ” և “Անի” թաղամասերում: Այդ օրվանից մինչ այսօր նորակաույցներ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են բնակիչները: Մասնավորապես ձմռան  նախաշեմին նրանց անհանգստացնում է գազաֆիկացման հարցը. շատ բնակարաններում  ջեռուցման կաթսաները տեղադրված չեն, մյուսներում առկա է ծխատարների խնդիրը:

Նորակառույցների բնակիչները archive2.ankakh.com-ի հետ զրույցում ներկայացրեցին դեռևս լուծում չստացած պրոբլեմները: “Բնակարանը ստացել ենք անցած տարվա հոկտեմբերի 15-ին, պատուհանները ջարդած էին, դիմում տվեցի` էկան փոխեցին, դրսից “կուխնու” քարերը լրիվ թափած են. դիմում տվեցինք, ոչ էկան, ոչ էլ փոխեցին, լամինատները սաղ փչացած է, էլի դիմում տվեցինք, ոչ մի մարդ չարձագանքեց: Ամենացավոտ կողմը` մենք չիդենք ձմեռն ինչղ պիտի անցնենք: Անցած ձմեռ 4 ամիս ձրի լույս տվեցին` մինչև մարտ ամիսը”, – ասում է բնակչուհի Թերեզա Այվազյանը: Բնակիչներն անգամ էլեկտրաէներգիայի սեփական հաշվիչներ չեն ունեցել, անհատական հաշվիչները միացվել են ապրիլի 1-ով: “Հմի դիմացը ձմեռ է, գազ չունինք, հույս էլ չունինք, թե կունենանք: Իսկ 50 շենքը ոչ գազ ունի, ոչ գազի կաթսա ունի, ոչ էլ տեղադրած է”:
“Տունս 3 սենյականոց է, վեց անձով էինք ստացել, բայց տղես թոռներիս հետ գնացել է դոմիկը կմնա, որովհետև ստեղ հնարավոր չէ, մի հատ փոքր պլիտով ճաշ կեփենք` ժամերով չի էփի: Մի “շտեպցել”, մի “վիկլուչատել” չի աշխատի, առածս թոշակը 28 հազար է, կուտամ օր էդ տան վտանգավոր բաները փոխեմ: Ջուրն էլ երբ ուզենան կուտան, երբ ուզենան չեն տա: Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք, կոնցլագեր: Խաբեցին մտցրեցին բիսետկեն, ստորագրել տվեցին, թուղթը տվեցին ձեռներս. ոչ զամոկները կաշխատի, մի սենյակի մեջ 3 հատ “շտեպցել” են դրիել, ոչ մեկը չի աշխատի, զուգարաններն ու բաղնիքները վապշե չկա, որ մե բանըմ միացնենք տաքություն տա”, – հարևանուհուն լրացնում է Գևորգ Սարգսյանը:

Այստեղ մեզ բնակիչները փոխանցեցին, որ շուրջ 200 ընտանիքի ջեռուցման կաթսայի փոխարեն ջրատաքացուցիչ են հատկացրել, հետո շատերինը եկել փոխել են ջեռուցման կաթսայով, բայց համակարգերին միացված չեն: “Կառոպկով քցած են, մեզ էլ զգուշացրեցին` ձեռք չտաք պիտի բերենք փոխենք, տիա մի տարին կլրանա ոչ մեկը չի էկել”:

“Մեր ջրի կաթսան տարել փոխել են, ջեռուցման կաթսան են բերել, ըդպես կառոպկով դրած է, մինչև հիմա ոչ մարդ է եկել, ոչ մոնտաժել են, ոչ գազի հույս ունենք, ոչ էլ նորից ձրի էլեկտրաէներգիայի: Ոնց դիմումները տվել ենք, էդպես էլ մնում են` ջարդած դուռ ունենք, ջարդած պատուհան, միջանցքի և խոհանոցի լամինատները լրիվ պոկված թափած են: Ուշադրություն դարձնող չկա”, – ասում է “Մուշ 2” թաղամասի բնակչուհի Սիլվա Մարգարյանը:

“Ծխատարները սխալ չեն կառուցվել: Այլ բան է, որ խնդիր է դրվել ավելի բարձրացնել եղածի անվտանգությունը: Խնդիրն հետևյալն է, հաշվի առնելով, որ գործ ունենք ոչ վճարունակ խավի հետ, և չեն կարողանա անընդհատ վճարումներ կատարել ծխատարների սպասարկման համար: Կառավարության կողմից խնդիր դրվեց ավելի երկարատև օգագործման ծխատար համակարգեր ներդրվեն, որոնք յուրաքանչյուր տարի սպասարկվելու հատուկ կարիք չունենա: Ծխատարների աշխատանքներն արդեն սկսված են, և մինչև ջեռուցման սեզոն` նոյեմբերի 15-ը բոլոր բնակարաններում ծխատարների փոխարինումը կատարվելու է, որպեսզի բնակչությունը կարողանա ջեռուցմամբ ապահովվել: Որևէ կաթսայի փոփոխություն, որևէ բնակարանի քանդում տեղի չի ունենալու, քանի որ ամբողջ համակարգն իրականացված է, մենք անում ենք միայն լրացուցիչ անվտանգության որոշակի գործողություններ”, – փոխանցեց “Գլենդել Հիլզ” ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանը:

Սամվել Թադևոսյանն այցելել էր “շինհրապարակներ”

IMG_1047 (1)Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Առաջին կանգառը «Մուշ 2» թաղամասն էր, որտեղ կարծես թե սկսվում էին շենքերի հիմնային աշխտանքները կամ, գուցե նախարարի պատվին` շինկազմակերպությունն ինչ-որ աշխատանքներ էր անում: Այն, որ այստեղ բնակարանաշինության հետ առնչվող ոչ մի աշխատանք տևական ժամանակ է չէր կատարվում` բարձրաձայնել էինք օրեր առաջ “Գյումրիում բնակարանները կհանձնվեն սեպտեմբերի 32-ին” կամ սուտ ամենաբարձր չինովնիկի մակարդակով” հովածում: Բայց նախարարն այլ բան էր ասում. “Հիմնային աշխատանքները դեռևս սկսվել էին անցած տարվանից, հիմնականում ձգձգվում էին, որովհետև վերանախագծման խնդիրներ ունեինք: Շահառուների ճանաչման և հաշվառման գործընթացը դեռ պետք է ավարտվեր 2008 թվականի դեկտեմբերին: Կառավարությունն ընդառաջ գնալով դրան, անընդհատ ժամկետներ է ավելացրել և վերջին ժամկետ էր սահմանել 2012 թվականի դեկտեմբերը: Ֆինանսական ոչ մի խնդրի հետ չի կարող կապված լինել, քանի որ պետությունն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացրել է”, – ասում է Սամվել Թադևոսյանը:

“Այս պահին հստակ ասում եմ, շինարարությունը սկսվել է: Ախուրյանում երեք շենքերն այս տարի ակավարտվեն, չորրորդ շենքի հիմնային աշխատանքներն արդեն սկսվել են: Կարծում եմ, չորրորդ շենքը 2014թ. առաջին կիսամյակում կվերջացնենք, իսկ վերջնական ժամկետները երկարում են` կապված շահառուների փաստաղթղթերի ներկայացման ժամկետների երկարացման հետ: Բնակբաշխման հանձնաժողովն իր աշխատանքները չավարտեց, որովհետև կապված անօթևանների խնդրանքի հետ` կառավարությունը լրացուցիչ ժամկետներ ավելացրեց: Ընդառաջ գնալով անօթևաններին` մենք անընդհատ ժամկետներ ենք երկարաձգում: Վերանախագծման աշխատանքներն ամփոփման փուլում են», – ավելացրեց նախարարն ու նստեց մեքենան` ես էլ ժամանակ չունեմ, ուշանում եմ, – ասելով, բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան::

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանն էլ շինաշխատանքների ձգձգումն ու կառույցի սնանկացման մասին լուրերն այսպես մեկնաբանեց. “Քանի որ Գյումրիում առաջացան 420 հավելյալ շահառուներ, և նույն Ախուրյանում ավելացան հավելյալ 40 շահառուներ, արդեն հստակ էր, որ յուրաքանչյուրը պետք է իր հասանելիք բնակարանը ստանար` 4, 3 կամ 2 սենյականոց: Նրանց ցանկը երբ հստակեցվեց նախարարության կողմից, մենք ստիպված եղանք բոլոր շենքերում իրականացնել վերանախագծում, որպեսզի բոլորին բավարարի: Ոչ մի լուծարման գործընթաց չի սկսվել, ոչ մի ֆինանսական խնդիր երբևէ չի եղել: Ասեմ, որ բյուջեից հատկացումները եղել են ժամանակին ու ամբողջ ծավալով: Հետևաբար, տեխնիկական խնդիրները ոչ մի ձևով չպետք է վերագրել ֆինանսական խնդրի”:

Ախուրյանում այս պահին երեք շենք է կառուցվում, ևս մեկն էլ հիմնային աշխատանքների փուլում է, իսկ Գյումրիում` 8 շենք:

Քաղաքաշինության  նախարարը Գյումրիում խոստացավ` ավելի հաճախ է գալու և անձամ հետևելու շինարարության ընթացքին:

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին

 

3747

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:

Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ

484.Ambassador Ghalachian's meeting with the Minister of National Defence of Greece 11.09.2013Սեպտեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստման, խաղաղապահ գործողությունների, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմատեխնիկական և այլ բնագավառներում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ նաև նախատեսվող փոխայցելություններին:

 

«Արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը». Ռուբեն Հակոբյան

arm134027795838ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց, որ համազգային և համապետական հարցերը լուծվում են մի քանի պաշտոնյաների սենյակում, և անտեսվում է ժողովրդական ու պառլամենտական դիվանագիոտւթյունը. «Իսկ երբ փորձում ես ինչ որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը լինում է այն, որ մեծամասնության հետ հարցը քննարկվել է, և որոշումն այնտեղ է կայացվել: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի մեծամասնության այդ սենյակներում, բայց երևի կա նաև ընդիիմության փոքր ածու, որը նույնպես ասելիք ունի»,-ասաց պատգամավորը:

Նրան հետաքրքրում էր երկու հարց` արդյո՞ք գործող իշխանությունը եվրոպական արժեքներից և նույնիսկ մաքսային արժեքներից խոսելուց չի հասկանում, որ այսօրվա մեր քաղաքական մշակույթը համապետական, ազգային ծրագիր լուծելու համար զրոյական է, և այս մակարդակով հնարավոր չէ որևէ հարց լուծել:

Նա նաև ասաց, որ վաղը մեկնում է Բիշքեկ` որպես ԱՊՀ պետությունների ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային հանձնաժողովի անդամ, սակայն բացարձակապես տեղեկատվություն չունի, թե ղազախների և բելոռուսների հետ ինչ պետք է խոսի Մաքսային միության մասին: «Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում»:

Հակոբյանը կառավարությունից նաև հետաքրքրվեց, թե Ասոցացման համաձայնագիրը երբևէ կհրապարակվի՞, թե ոչ և ի՞նչ ճակատագիր է սպասվում Մաքսային միությանը վերաբերող փաստաթղթի հրապարակմանը:

Պատգամավորի հարցին ի պատասխան արտգործնախարար Էդ.Նալբանդյանն ընթերցեց Սահմանադրության 55-րդ հոդվածը, ըստ որի Հանրապետության նախագահը ստորագրում է միջազգային պայմանագրեր, և եթե անհրաժշտությունը կա, ապա ներկայացնում է խորհդրարան վավերացման: Նա նաև նշեց, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ, քանի որ դա ընդունված նորմ է:

Ինչ վերաբերում է Մաքսային միության հետ կապված փաստաթղթին, ապա բացի այն հռչակագրից, որը հրապարակվել է ՀՀ և ՌԴ նախագաների կողմից, որտեղ հայտարարվում էր Հայաստանի մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, ըստ Նալբանդյանի, այլ փաստաթուղթ առայժմ գոյություն չունի: «Այդ փաստաթղերը կարող են լինել որպես արդյունք այն բանակցությունների, որոնք հնարավոր է սկսել միայն այն ժամանակ, երբ երեք անդամ երկրները որոշեն, որ Հայաստանին իսկապես ընդունում են Մաքսային միություն»:

Նալբանդյանի խոսքով` սպասվում է, որ նման ժողով կլինի հոկտեմբերի կեսերին, և հավանաբար հոկտեմբեր վերջին կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները:

«Այն փաստաթղթերը, որոնք ԱԺ-ի կողմից վավերացում կպահանջեն, կներկայացվեն, և եթե ԱԺ-ն գտնի, որ այդ փաստաթղթերն արժանի չեն վավերացման, ապա համապատասխան եզրակացություններ արեք, սա է հարցը»,-ամփոփեց Նալբանդյանը:

Ռուբեն Հակոբյանին բոլորովին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը, ավելին,մի փոքր վրդովեցրեց. «Պարոն Նալբանդյան, չէի սպասում, որ կգաք և ինձ կբացատրեք, թե Սահմանադրության այս կամ այն հոդվածը ինչ է սահմանում: Իմ հարցը մի քիչ ավելի լուրջ է: Ես խոսում եմ ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին և հարցնում` արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ դուք սահմանադրության հոդվածն եք ասում»:

Հակոբյանը նաև ասաց, որ ինքը լավ գիտե միջազգային նորմը, ըստ որի կողմերը պետք է պայմանավորվեն` երբ հրապարակել փաստաթուղթը, բայց գիտի նաև Ուկրաինայի օրինակը, որի դեպքում նույնպես նման պայմանավորվածություն էր եղել, սակայն Ուկրաինան, հասկանալով հարցի կարևորությունն ու նշանակությունը, խնդրել էր թույլ տալ նախաստորագրումից առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնել ժողովրդին. «Եվ շատ ճիշտ էր արել,-ասաց Հակոբյանը,-կան համապետական և համազգային հարցեր, որ միջազգային պրոտոկոլն իմանալով հանդերձ պետք է հասկանալ, որ ժողովրդին էլ պետք է մատուցելՄենք իրավունք չունենք այս շատ պատմական և պատասխանատու պահին, երբ պետք է ճգրիտ ընտրություն կատարենք, երեք-չորս հոգով որոշում կայացնենք»:

Նալբանդյանն արձագանքեց, որ Հայաստանը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարում, և Հայաստանի նախագահն ու արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել են Հայաստանի վերաբերմունքը թե ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, թե Եվրամիության հետ հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ընդլայնել և հնարավորինս մերձենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին  կամ մեր այլ ձգտումներին  ու ցանկություններին»,-ասաց արտգործնախարարը:

Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը

IMG_2807Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով  կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ ու հետևողականորեն “թարմացրել” են այդ թեման՝ գրեթե միշտ խուսափելով անդրադառնալ Կարապետյանների ու “Տաշիր” բարեգործական հիմնադրամի բազմաթիվ բարեգործական ծրագրերին: Ուշադիր ընթերցողը կարող է հանգիստ համադրել այդ մի քանի լրատվամիջոցների անունները, որոնք, բարեբախտաբար, որակ չեն կազմում, ու իրական պատկերացում կազմել դրանց անաչառության մասին: Ընդ որում, ցանկության դեպքում կարող էին նաև անդրադառնալ, թե իրականում ինչ է եղել “Նաիրիտի” աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ (որից հետո, եթե չեք մոռացել, ի պատիվ ՀՀ նախագահի,  լուծվեց նրանց մի քանի ամսվա աշխատավարձերի խնդիրը), ինչպես է վիրավորել քաղաքացին, որ այդպես զայրացրել է հանգիստ ու հավասարակշիռ բնավորություն ունեցող Կարեն Կարապետյանին: Եթե նման կարգի լրատվամիջոցների “տերերի” համար գուցե վիրավորական չի կաշառակեր բառը, ապա Կարեն Կարապետյանի համար դա անձնական շատ մեծ վիրավորանք է, շատ ավելի մեծ վիրավորանք, քան ցանկացած այլ որակում: Ստացվում է, որ ինչ-որ մեկը հանգիստ կարող է անձնական վիրավորանք հասցնել պաշտոնյային, քաղաքական գործչին, բայց վերջինս պետք է “կուլ տա” այդ վիրավորանքը, քանի որ պաշտոնյա է: Չի կարող այդպես լինել, առավել ևս, որ կոնկրետ Կարեն Կարապետյանն իր ողջ կյանքն ապրել է այնպես, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող մեղադրել նրան կաշառակերության մեջ: Գուցե շատ մեծ ցանկության դեպքում այլ մեղադրանքներ կարող են հասցեագրել Կարեն Կարապետյանին, միայն երբեք ոչ կաշառակերություն: Ընդ որում, վստահաբար այդ մասին գիտեն բոլորը, նաև նրանք, ովքեր անիմաստ փորձեր են անում գցել նրա բարձր վարկանիշը: Ավելին, հենց Կարապետյանի համար է կաշառակերությունն ամենաանընդունելի ու պարսավելի երևույթներից մեկը: Հենց այդ նկատառումներից ելնելով էլ այսօր պարոն Կարապետյանը շատ պարզ բացատրել է լրագրողներին (որոնց գերակշիռ մեծամասնության հետ մենք ունենք բնականոն, ընկերական, ջերմ հարաբերություններ),  որ իրեն անձնական վիրավորանք հասցնողները անպատասխան չեն մնալու:  Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ մանրամասն ուսումնասիրում ենք վերոնշյալ մի քանի լրատվամիջոցների ու հատկապես ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները՝ հասկանալու՝ որքանով են դրանք ուղղորդված որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից, կամ որքանով են դրանք ինքնագործունեության արդյունք՝ Կարեն Կարապետյանից ինչ-որ բան <պոկելու> մտադրությամբ: Շատ պիտի ցանկանայինք, որ մի քանի լրագրողներ, որոնք ուղղակի իրենց կենսապահովման խնդիրն են լուծում, չվարկաբեկեն լրագրության հանրույթը, և չփորձեն երկրում առկա իրական խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը: Մենք, իհարկե, այս անգամ էլ կարող էինք անտեսել ցանկացած մանր-մունր երևույթների կողմից ուղղորդվող նմանատիպ “ակցիաները”, սակայն հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ սա ստանում է համակարգված բնույթ, հարկ ենք համարում մեկ անգամ ու ընդմիշտ փակել այս թեման: Ակնհայտ դիտավորության նոր դեպքերի պարագայում մենք մեզ իրավունք կվերապահենք հասարակությանն իրազեկել իրականության մասին՝ ընդ որում, արդեն անվանապես: Ավարտելով՝ ընդամենը խորհուրդ ենք տալիս՝ ձեռքերը չմտցնել մեղվի փեթակի մեջ….

 

ԱԺ  պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

 

Հ.Գ.-Ի դեպ,  հարկ ենք համարում ընդգծել, որ Կարեն Կարապետյանը հարգում է իր իրավունքների կամ օրինականության հաղթանակի համար պայքարող ցանկացած քաղաքացու կամ քաղաքացիների կամքն ու վճռականությունը՝ միևնույն ժամանակ ակնկալելով փոխադարձ հարգանք: Ընդ որում, խոսքը միայն “Նաիրիտի” աշխատակիցների մասին չէ, այլ նաև հասարակության տարբեր շերտերի, որոնք ընդվզում են իրենց իրավունքների ոտնահարման կամ անօրինականության դեմ:

«Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է՞, ով ուր գնում է, ինչ որ մի նոր միության միանում է». Ալ. Արզումանյան

Alik-Arzumanyan2«Հազիվ էր հասարակությունը համակերպվել մոսկովյան գույժի հետ, մեկ էլ վարչապետը Պեկինում հայատարում է, որ Հայաստանը մտադիր է նաև Շանհանյան համագործակցության կազմակերպությանը` ՇՕՍ-ին միանալ: Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է՞, ով ուր գնում է, ինչ որ մի նոր միության միանում է»,-Ազգային ժողովում այսօր հարց բարձրացրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ չորս տարի առաջ, երբ կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի, որևէ խոսք չի եղել ՇՈՍ-ի կամ Մաքսային միության մասին: Ուստի պատգամավորը կարծում է, որ կառավարությունը կա´մ պետք է ներկայացնի նոր ծրագիր` հաշվի առնելով այս նոր իրողությունները և բազմավեկտոր իր քաղաքականությունը և ստանա ԱԺ-ի հավանությունը, կա´մ ներկայացնի իր հրաժարականը:

Բարձրացված հարցին պատասխանեց արտգորխծնախարար Է. Նալբանդյանը`  պարզաբանելով, որ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի անդամակցությանը ՇՕՍ-ին, այլ  ընդամենը դիտորդի կարգավիճակի մասին: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ի որոշմանը` կապված Մաքսային միությանը միանալու հետ, ապա արտգործնախարի խոսքով ժամանակին  Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որ ուսումանսիրի այն եղանակները, թե ինչպես Հայաստանը համագործակցել Մաքսային միության հետ: Ըստ Նախարարի, բոլոր եզրակացությունների հիման վրա պարզ է դարձել, որ այդ համագործակցությունը հնարավոր է:

«Ամեն ինչի մասին շատ պարզ հայտարարվել է, և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի կամ ԱԺ-ի կողմից որևէ փաստաթուղ վավերացնելու, ապա Դուք ևս հնարավորություն կունենաք ձեր տեսակետն արտահայտելու»,-ասաց նախարարը:

Արզումանյանը պատասխանեց. «Դուք վերահքաստատեցիք իմ ասածը, որ  տեղի է ունեցել կառավարության ծրագրի վերանայում, շտկում: Բերեք նորացված ծրագիրը և ստացեք Ազգային ժողովի համաձայնությունը այդ ծրագիրն իրականացնելու համար, հակառակ դեպքում` հանձնեք ձեր լիազորությունները, թող նոր կառավարություն նշանակվի, որն էլ բերի այն ծրագիրը, որը դուք ուզում եք շարունակել»:

Նալբանդյանն էլ արձագանքեց` ասելով, որ հայկական կողմից երբևէ որևէ որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որն ուղղված լինի Հայաստանի շահերին դեմ:

“Երիտասարդներ թույլ մի տվեք, որ խլեն ձեր հույսը”·-Իտալիայի Հանրային խորհրդի նախագահ

фотография (1)Տարբեր երկրների  հանրային խորհուրդները  քննարկում են երիտասարդության գործազրկության կրճատման  հնարավորությունները

 

Այսօր Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում մեկնարկեց Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցացիայի Գլխավոր տասներեքերորդ  ասամբլեան, որին մասնակցում է նաև ասոցիացիայի անդամ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Քննարկման հիմնական թեմաներն են , թե ինչպիսի նոր խնդիրներ են առկա աշխարհում և ինչպիսի դեր կարող են  ունենալ կազմակերպված քաղաքացիական հասարակությունները երիտասարդության գործազրկության նվազեցման և սոցիալ- մասնագիտական ինտեգրման մեջ (աշխատանքի   հավասար հնարավորություններ անկախ տարիքից, երիտասարդների վերամասնագիտացում  և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում սոցիալական խոցելի խմբերի համար):

securedownloadՎաղը Գլխավոր ասամբլեան կշարունակի իր աշխատանքը: Կընտրվի նոր նախագահ և նախագահություն, ինչպես նաև մի քանի երկրների խորհուրդներ կընդգրկվեն  ասոցիացիայի կազմում:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին

10683_am_1Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։
Երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ:
Այնուհետև Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան-Եվրոպական միություն, ինչպես նաև Հայաստան-Մաքսային միություն հարաբերություններով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաև եվրոպական ուղղությամբ և շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։
Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը, մասնավորապես բելգիական կողմի օժանդակությամբ ստեղծվող արագացուցչին, որը նախատեսված է Երևանում կառուցվող օնկոլոգիական ախտորոշիչ կենտրոնի համար:

Տեղի է ունեցել ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը

IMG_9761Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ:

Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց  շուրջ հաղորդումներով են հանդես եկել և պարզաբանումներ  տվել Խմբի անդամները՝ ըստ իրենց ներկայացրած ոլորտների: Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել «ազատամարտիկ» և «երկրապահ կամավորական» հասկացություններին, դրանց նույնականացմանը՝ իրավական և սոցիալական երաշխիքներ նախատեսելու տեսանկյունից: Խնդիրը, ըստ ազատամարտիկների,  ծագել է  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ տարընթերցման և հանրային ընկալումների համատեքստում: Քննարկումներ ծավալվեցին նաև հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորականների վաստակը պետության կողմից հավուր պատշաճի գնահատելու, այդ թվում, մարտական գործողություններին մասնակցելու բնույթով պայմանավորված` տարբերակված մոտեցում ցուցաբերելու ազատամարտիկների պահանջի շուրջ:

Հիշյալ և այլ հարցերի վերաբերյալ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խմբի անդամներին տվել է հստակ հանձնարարականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի համաձայնեցմանը սեղմ ժամկետներում ներկայացնելու առաջարկ-հիմնավորումներ՝  օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը եղել և գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու, դրանց արագ արձագանքելու և լուծում տալու նպատակով գերատեսչական խումբը շարունակելու է պլանավորված աշխատանքները՝ հարկ եղած դեպքում նիստեր գումարելով  նաև ազատամարտիկների առաջարկով՝ օրախնդիր հարցերը համատեղ քննարկելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահին

ՀՀ-ԱՄՆՍ.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

 

 

 

ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը

USAIDԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ս.թ.-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (PRIP) մեկնարկը։ Քառամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը ձևավորելու և հզորացնելու համապատասխան մարդկային և կառուցվածքային կարողությունները կենսաթոշակային նոր համակարգի արդյունավետ ներդմանը նպաստելու համար: Ծրագրի հեռահար նպատակն է նպաստել ծերության ընթացում մարդկանց եկամուտների ապահովմանը` միջազգային ստանդարտներին համահունչ և ֆինանսական տեսանկյունից կայուն և կենսունակ համակարգերի միջոցով: Ծրագիրը նպատակ ունի նաև աջակցել երկրի ռազմավարական քաղաքականությանը՝ ուղղված աղքատության նվազեցմանը, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացմանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և պարտականությունները իրականացնելու հնարավությունների ստեղծմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, ծրագիրն իրականացնող Քեմոնիքս ընկերության փոխնախագահ Թերի Կրիստալսկին: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից՝ Համաշխարհային Բանկից, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ Կենտրոնական Բանկից, ֆինանսական հաստատություններից և սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններից: Միջոցառման ժամանակ գործընկերներին ներկայացվեցին ծրագրի գլխավոր նպատակները, ինչպես նաև Հայաստանում 2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հնարավորություններն ու մարտահրավերները։

Առաջիկա տարիներին ծրագիրը տեխնիկական աջակցություն կտրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և կենսաթոշակային բարեփոխումներում ներգրավված այլ կառույցներին` ապահովելով կենսաթոշակային համակարգում, որպես ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի բաղկացուցիչ մաս, միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համահունչ կառավարման համակարգերի ներդրումը։ Ծրագիրը կխթանի քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը՝ շահառուներին սոցիալական ծառայությունների ժամանակին և որակյալ մատուցման ապահովման նպատակով։

PRIP ծրագիրը կշարունակի ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված Կենսաթոշակային համակարգի և աշխատաշուկայի զարգացման ծրագրի (PALM 2009-2012թթ.) ձեռքբերումները: Վերջինս նշանակալի աջակցություն էր տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հիմքերը ձևավորելու հարցում, ներառյալ օրենսդրական ակտերի նախագծում, տեղեկատվական համակարգերի ստեղծում և հանրային իրազեկման միջոցառումների նախաձեռնում։

Նոր կենսաթոշակային համակարգը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություն կընձեռի բարելավել իր ֆինանսական ապահովությունը ծերության ժամանակ՝ դիվերսիֆիկացնելով անձի սեփական եկամտի աղբյուրները, ներառյալ կենսաթոշակային խնայողություններ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում. մշակույթ, որը նոր է Հայաստանի համար։

«Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ». Փաշինյանը` Բադիրյանին

120916155269

 

Ազգային ժողովում այսօր Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցի քննարկումն է: Առաջադրված թեկնածուներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանը:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նրանց թեկնածությանը, Բադիրյանին հարցեր տալու ժամանակ հայտարարեց, որ չի հավատում նրա անկեղծությանը, որովհետև նա ոստիկանապետի գլխավոր խորհրդականն է. «Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ, որովհետև մենք այսօր պիտի իրավաբան-գիտնականի ընտրենք, բայց Դուք ոչ միայն պետական պաշտոնյա եք, այլև ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյա: Դուք շատ մանրամասն ցուցադրում եք Ձեր գիտելիքները, բայց Ազգային ժողովին տեղյակ չեք պահում, որ ոստիկանական համակարգի աշխատող եք և 2011 թվականից աշխատում եք այդ պաշտոնում: Ձեր առաջ քաշած հարցերի կոնտեքստում Ձեր թեկնածության առաջադրումն ինքնին աբսուրդ է և եթե Դուք հրաժարական տված լինեիք նախորդ պաշտոնից, դեռ ինչ որ տեղ կարելի էր հասկանալ»,-ասաց նա:

Գրիգոր Բադիրյանը Փաշինյանին հակադարձեց `ասելով, որ եթե նա օրենսդրությունից գեթ մեկ արգելք ցույց կտա, որը թույլ չի տալիս առաջադրել իր թեկնածության առաջադրումը, ապա ինքը նրա հետ կհամաձայնի. «Ինչ վերաբերում է այն փաստին, որ չեք կարողանում հավատալ ինձ, ապա ես այդ հարցում դժվար թե կարողանամ Ձեզ օգնել, կարծում եմ մարդկանց հավատալու այդ դժվարությունն ինքնուրույն պիտի կարողանաք հաղթահարել»,-նկատեց Բադիրյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դատավոր Պարգև Օհանյանի գործին` ենթադրելով, որ եթե Բադիրյանը երկու մանդատ արդեն աշխատում է Արդարադատության խորհրդում, ապա մասնակցել է նաև այն որոշմանը, որով Օհանյանը զրկվել է դատավորական մանդատից:

Փաշինյանի խոսքով` Պարգև Օհանյանը երրորդ հանրապետության պատմության մեջ այն բացառիկ դատավճիռներից մեկն է կայացրել, որ չի ենթարկվել քաղաքական  իշխանության ուղղակի ճնշումներին:

Գրիգոր Բադիրյանը պարզաբանեց, որ նախևառաջ Պարգև Օհանյանն իր ընկերն է, երկրորդ, որ ինքն այդ ժամանակ չի մասնակցել այդ որոշման կայացմանը, քանի որ այդ ընթացքում իր լիազորությունները դադարեցված են եղել. «Պարգև Օհանյանը շատ լավ դատավոր էր, և ես ափսոսում եմ, որ դատական համակարգը նման դատավոր կորցրեց` իհարկե առանց որևէ գնահատական տալու Արդարադատության խորհրդի և դատավոր Օհանյանի գործողություններին»,-ասաց Բադիրյանը:

 

Նախարարությունների ծառայողական բջջայինների վարձը 2 ամսվա համար գերազանցում է 2.5 միլիոն ՀՀ դրամը

բջջային2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ծառայողական բջջային հեռախոսահամարների օգտագործման վճարն ամենամեծն է բոլոր նախարարությունների շրջանում` 1.558.868 ՀՀ դրամ:

 Ի հակադրություն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի միայն մեկ ծառայողական բջջային հեռախոսահամար (ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում), որի համար 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսներին ոչ մի դրամ չի վճարել, քանի որ ծառայողական բջջային կապից չի օգտվել: Նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ ծառայողական բջջային միակ հեռախոսահամարի համար մինչեւ 2013թ.-ի մայիսը ներառյալ վճարը կազմել է 66.475 ՀՀ դրամ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ. սեպտեմբերի 21-ին ուղարկած տեղեկություն ստանալու հարցումներով ՀՀ նախարարություներից փորձել էր պարզել, թե քանի ծառայողական բջջային հեռախոսահամար է գործարկվում յուրաքանչյուր նախարարությունում եւ որքան է կազմել հեռախոսամահարների ծառայությունների վարձը (զանգերի վարձ, կարճ հաղորդագրությունների վճար, ռոումինգ, ինտերնետ) 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար:
ԻԱԿ-ի հարցումն անպատասխան են թողել ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ սփյուռքի նախարարությունները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2013թ.-ի հուլիսի 15-ից` 48 ծառայողական բջջային հեռախոսահամար է հատկացվել նախարարության աշխատակազմի աշխատակիցներին:
2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ծառայողական բջջային հեռախոսային ծառայությունից ամենաշատն օգտվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` երկու ամիսների ընթացքում ծաշսելով ավելի քան 1.558.868 (828.993` հունիս եւ 729.875` հուլիս) ՀՀ դրամ: Այսքանը նախարարությունը վճարել է 10 հեռախոսահամար գործարկելով: Ընդհանուր գումարից 698.107 ՀՀ դրամը ռոմինգ ծառայության համար է, եւս 258.284 ՀՀ դրամը ինտերնետ ծառայությունից օգտվելու վճարն է:
ԻԱԿ-ի հարցմանը պատասխանած նախարարություններից ամենաշատ ծառայողական հեռախոսահամարներն ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը` 50 հեռախոսահամար: Այս 50 հեռախոսահամարների`  2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների օգտագործման վճարը կազմել է 458.240 ՀՀ դրամ:
Եթե Գյուղատնտեսության նախարարությունում խիստ կարիք է առաջացել աշխատակիցներին հատկացնել 48 հեռախոսահամար, ապա նախարարություններից վեցն ընդհանրապես ծառայողական բջջային հեռախոսահամարներ չունեն՝ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները:
Միայն մեկ ծառայողական բջջային հեռախոս ունի նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Այդ հեռախոսի օգտագործման համար նախարարությունը 2013թ.-ի հունիս ամսին վճարել է 4.400 ՀՀ դրամ, իսկ հուլիսին` 3.000 ՀՀ դրամ` ընդհանուր` 7.400 ՀՀ դրամ;
Պարզվում է, որ ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկությունները եւս համարվում են պետական գաղտնիք. միակ նախարարությունը որ մերժել է տրամադրելա յս տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նախարարությունը նշել է, որ դրանք ընդգրկված են գաղտնի տեղեկությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել էր մերժումը հիմնավորող իրավական նորմը` “Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին” ՀՀ կառավարության` 1998թ.-ի մարտի 13-ի թիվ 173 որոշման 11-րդ կետը, ըստ որի պետական գաղտնիքի շարքն են դասվում Զինված ուժերը, այլ զորքերը եւ քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնի-կական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները:
ԻԱԿ-ի հարցումներին պատասխանած նախարարությունները միասին ունեն 133 ծառայողական բջջային հեռախոս, որոնց օգտագործման վճարը 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար կազմել է 2.812.340 ՀՀ դրամ:
Նախարարությունների տված պատասխանների կարգավիճակին (լիարժեք պատասխան, թերի պատասխան, անհիմն մերժում եւ այլն) եւ պատասխանների հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքի համապատասխան նախարարության էջում։
Աղբյուրը` Foi.am

Նախագահ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

3743Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

ՎրաերթՍեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում,  Երևան-Դաշտավան ճանապարհին` Դարակերտ գյուղի հատվածում,   «Հայգեր»  մակնիշի  ավտոբուսի վարորդը  վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: