ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

hovik_abrahamyanՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-19-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:

Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության  125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաև  երկկողմ հանդիպումներ:

 

 

Հայկական նուրբ կշռադատումների հանգրվանը

Շահան ԳանտահարյանԹուրքիայի տարածքում, 32 տարբեր քաղաքներում վերաբռնկված մարդաշատ ցույցերը ունեն երևութական շարժառիթ: Հունիսի շարժման օրերին, ոստիկանության հարվածների տակ մահաքնի մեջ ընկած պատանու մահը շատ արագ վերաբռնկեց քաղաքացիական անհնազանդությամբ բնորոշվող թուրքական շարժումը: Այս շարժման բաղադրիչները հիմնական ուղղվածություն ունենալով հանդերձ բազմազան են:

Պետք չէ մոռանալ, որ թուրք պատանու մահվան դիմաց նման ժողովրդային արձագանքումը ընդգծում է երևութական շարժառիթի տակ արմատավորված պայթունավտանգ ենթահողի առկայությունը: Այստեղ է արդեն, որ շարժմանը ներգրավված ուժերի տարբաղադրման փորձը համոզում է, որ բնապահանության, մարդու իրավունքների, ձախակողմյան գաղափարախոսության, մշակութային ժառանգության պահպանման հետամուտները, իշխանափոխության առաջադրանքով հետզհետե կազմում են վարչակարգի փոփոխությունը պահանջող ուժերի համախմբան նախաձևավորումը:

Եվ այս առումով, վարչապետ Էրդողանի դիպաշարի բնութագրումը տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ: Էրդողանը դեպքերի վերաբռնկեցումն ու համատարածումը կապում է մարտի 30-ի ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, դրանք նկատելով առևտրական ընկերությունների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հրահրված գործողություններ:

Ընտրարշավի այս եղանակի կայացման պատասխանատվությունը  բարդելով առևտրական ընկերությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ուսերին, վարչապետ Էրդողանը թափանցիկ ձևով մատնացույց  է անում իսլամականության հոգևոր-աշխարհիկ ուղղությունների համատեղման գաղափարախոսության հիմնադիր և ԱՄՆ-ում հաստատված Գյուլենին և ոչ կառավարական կազմակերպությունների հետևում կանգնող ուժերին: Ոչ կառավարական կազմակերպությունների աշխատելաձևը, ճշտած առաջադրանքներն  ու քաղաքացիական շարժումների վրա ազդելու հնարավորությունները ընդհանրապես մաս են կազմում արևմտյան մշակույթի և կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Ավելի հստակեցնելու համար, Էրդողանը, առանց ուղղակի վերագրումի, իսլամական վարչակարգի փոփոխության շարժման հետևում տեսնում է ԱՄՆ-ից Թուրքիայի հաստատություններն ու կառույցները հեռակառավարող Գյուլենին ու  ընդհանրապես Արևմուտքին: Պատասխանատվության հավասարեցման հայտարարություն է պարզապես Էրդողանի կատարածը:

Առաջադրվածը փոփոխությու՞նն է, թե՞ իշխանության թուլացումը, ավելի պարզ կդառնա մինչև նախագահական ընտրությունները: Հունիսի դեպքերից հետո կանգ չի առել Էրդողանով հատկանշվող Անկարայի իշխանությունների վարկաբեկմանն ուղղված գործողությունների շարքը: Թվում է սակայն, որ խորքային պետության որոշման կենտրոնները սանձերը թուլացնելու և ամրացնելու հավասարկշռման խաղի ղեկը  շարունակում են պահել իրենց ձեռքում:

Համացանցի կարևորագույն ծառայությունները փակելու Էրդողանի սպառնալիքը հիշեցնում է արաբական գարնանային հովերից ազդված երկրների ղեկավարների հակազդեցության քայլերը: Այստեղ ևս դեպքերի հրահրման պատճառները դրսից ներածված լինելու հաստատմանը կապվում են ուղղակիորեն:

Ներթուրքական այս իրադարձությունների պարունակում, հայկական գործոնի նկատմամբ ամփոփ դիտարկում կատարելուց  առաջ պարզապես հարկ է նշել, որ ներքին սրացող ճգնաժամի արտահանման փորձ է կատարում նոր օսմանականության ճարտարապետական համակարգը՝ Ղրիմում համաթուրանական գաղափարախոսության կարգախոսի տակ տեղի թաթարների անվտանգությունը ապահովելու աշխույժ հայտարարություններով:

Թուրքական նորագույն իրադարձություններում «Նոր զարթոնք»-ի հայտնվելը ձախակողմյան ուժերի և քաղաքացիական շարժման օղակներում այս առումով միակ տեսանելի իրողությունը չէ: Ազգայնական թուրքական ուժերի ընտրացանկերի վրա հայ անունների հայտնվելը, որքան էլ զանգվածային հենարան չունենա, այսուհանդերձ հայ տարրին այդ ուղղության վրա ևս արձանագրվելու երևույթն է ընդգծում: Եվ կա երրրորդ հիմնական բաժինը, որը  վերաբերում է ավանդական համայնքին՝ գործող մեծամասնությանն ի նպաստ հավանական դիրքորոշմանը:

Հայկական գործոնի հավելյալ աշխուժացումը գուցե այս հանգրվանին այնքան էլ առաջադրելի չէ: Մանավանդ, որ դեռեվս այս շարժումներում ծայր չեն առել ինքնության խնդիրները: Այդ պահը արդեն ճակատագրորոշ տարողությամբ ուրի՜շ հանգրվան է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը

ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների  առաջնորդների հանդիպում«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ  այսօր տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:

 

Կողմերը որոշեցին շարունակել խորհրդակցությունները:

Անկախ 

«Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ». Գալուստ Սահակյան

Galust_Sahakyan_AJ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն էլ կարող է միանալ ոչ իշխանական քառյակին. «Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ, դուք էլ հիմա ասում եք… ժամ առաջ կցանկանային մեզ միանալ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել:

Հարցին, թե վերոնշյալից կարելի՞ է հասկանալ, որ ոչ իշխանական չորս ուժերը պաշտոններ են ուզում, Սահակյանը պատասխանեց. «Սաղ աշխարհն էլ պաշտոն է ուզում, դուք գիտեք՝ ենթատեքստը դա՞ չէ: Գաղափար ու սկզբունք չկա, մարդիկ ասում են՝ մենք ուզում ենք գանք իշխանության, դուք հեռացեք: Դրանց խելքին մի ընկեք, մտածում են՝ տեղի կտանք: Եթե մեզնից է կախված, իրենք էլ ի՞նչի համար են, ի՞նչի են համախմբվում»:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ինքը դահլիճում ելույթի ժամանակ աչքերով տեսնում է, որ ՀՀԿ-ականներից շատերը կկտրվեն իշխանությունից, նա այսպես արձագանեց. «Աչքերի մեջ նայելով պետություն չեն ստեղծում, հոգիները պիտի մաքրեն և իրենց արյան կանչը լսեն»: 

 

Անկախ

Ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կդադարի պահանջել իշխանության հրաժարականը. եթե «լֆիկները» դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ…

arm139151305227ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար ակնհայտ է, որ իշխանության համար այսօր ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ. «Պրոբլեմներ կան և´ իշխանական բլոկում, և´ հանրապետական կուսակցության ներսում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

Դա հաստատելու համար նա երկու օրինակ բերեց միայն վերջին քառօրյայից` Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և գովազդի մասին օրենքում փոփոխություն անելու հարցերի քվեարկության ժամանակ. «Ելույթ էին ունենում Մարտի 1-ի հանցագործության, հանցագործների պատժելու օգտին, բայց դեմ քվեարկեցին. պարզ հակասություն ասածի և արածի միջև: Մեկ հրահանգով` էսպես հեզիկ-նազիկ երեխայի նման ենթարկվեցին: Բայց իրենք կոմպլեքս են ապրում, դժվարություններ են ապրում, խոսակցություններ են ունենում իրենց ներսում, և այդ ամենն իր ազդեցությունը թողնելու է»:

Արամ Մանուկյանը վստահ է, որ անգամ իր ելույթներն են որոշակի ազդեցություն թողնում հանրապետական պատգամավորների վրա. «Ես իմ ամեն ելույթի ժամանակ կարողանում եմ դահլիճի հետ աչքերով խոսել և զգում եմ մարդկանց արձագանքը: Մեծամասամբ դրական է արձագանքը, ուղղակի իրենք  գտնվում են շատ լուրջ ճնշման տակ և չեն կարող քվեարկել այնպես, ինչպես մտածում են»:

Պատգամավորը հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ հանրապետական շատ պատգամավորներ ուղղակի կհրաժարվեն հրահանգներ կատարելուց:

Խոսելով ՀԱԿ-ի կողմից կառավարության հրաժարականի պահանջի մասին` նա նշեց, որ իրենց ծրագրային դրույթն ու հիմնական քաղաքական նպատակը ամբողջական իշխանափոխությունն է, սակայն այս պահին չորս իշխանական ուժերի համար ընդհանուր է կառավարության հրաժարականի պահանջը: Միաժամանակ ՀԱԿ պատգամավորը գրեթե համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի գնա այդ պահանջի կատարմանը:

Իսկ ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կհրաժարվի իր թիվ մեկ նպատակից: Ըստ Արամ Մանուկյանի. «Եթե կարողանա մեր երկիրը գնալ համակարգային ռեֆորմների և մեկ հատ ընտրություն անցկացնի, որտեղ քաղաքացին կզգա, որ իր քվեով պատգամավոր կամ նախագահ է ընտրվել: Եթե «լֆիկները» դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ, արտագաղթը դառնա ներգաղթ, և եթե երկրի բոլոր խնդիրները լուծվեն, ինչն իհարկե հեքիաթի ժանրից է…»:

Ռուսական ԶԼՄ-ների թույլ չեն տվել մասնակցել Օբամայի և Յացենյուկի ասուլիսին

o_911432Ռուսաստանի ԱԳՆ-ն խիստ քննադատել է մարտի 12-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի և Վերին Ռադայի նշանակած Ուկրաինայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսենի Յացենյուկի համատեղ ասուլիսին ռուսական ԶԼՄ-ների մասնակցության   արգելքը:

“Գտնում ենք անընդունելի և խտրական ռուսական թղթակիցների մասնակցության արգելքը մարտի 12-ին կայացած ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի և Ուկրաինայի ներկայի “կառավարության” ղեկավար Ա. Յացենյուկի համատեղ ասուլիսին”,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ`կապված ռուսական լրագրողների նկատմամբ Սպիտակ տան դրսևորոծ խտրական վերաբերմունքի հետ:

“Կարծես թե, Վաշինգտոնում, որտեղ շատ են սիրում քննարկել ազատ խոսքի և լրագրողների իրավունքների մասին, պատրաստ չեն հետևել այդ սկզբունքներին, գերադասելով գործ ունենալ միայն “հավատարիմ” ԶԼՄ-ների հետ, որոնք տարածում են “պետքական ” տեղեկատվություն: Սուր հարցերը չեն տեղավորվում նախապես գրված սցենարի մեջ, օրինակ “Աջ սեկտորի” նեոնացիստների հանցագործությունները, որոնք կանգնած են Ա.Յացենյուկի “կառավարության” ետևում: Այդ մասին Սպիտակ տանը չեն ցանկանում լսել”:-ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մարտի 12 -ին  ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հանդիպել է  Վերին Ռադայի նշանակած Ուկրաինայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսենի Յացենյուկի հետ: Ամերիկյան  ադմինիստրացիայի ղեկավարը  հավատացրել է իր հյուրին, որ Վաշինգտոնը պատրաստ է  Կիևին տրամադրել համակողմանի օգնություն  Ուկրաինայի անկախությունը և տարածքային ամբողջականությաւնը պահպանելու համար :

Անկախ

«Իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը». Աղվան Վարդանյան

Aghvan-Vardanyan23-e1344442118308Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, և ներքին բոլոր ձախողումներն ու հետընթացները, վստահության, հույսի  բացակայությունը պայմանավորված են այս իշխանություններով և այս կառավարության գործունեությամբ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ավելացրեց, որ ոչ իշխանական չորս ուժերը ոչ միայն պարզապես պահանջելու են կառավարության հրաժարականը, այլև ներկայացնելու են, թե ինչ քայլեր ու բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նախորդի սխալները չկրկնի:

Պատգամավորի խոսքով` իրենք չեն ելնում միայն հեռացնելու, վատը տեսնելու, թշնամանքի տեսանկյունից, այլ ելնում են երկրի վիճակից ու երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից, և հենց դա է պատճառը, որ հիմա աշխատում են մշակել ու համաձայնեցնել հետագա գործողությունների ծրագիր:

“Մենք ելնում ենք նաև խելամտության կանխավարկածից և կարծում ենք, որ գիտակցությունը և դժգոհության հնարավորությունը կարող է նաև քաղաքական շրջանակներից դուրս այնպիսի զարգացումների բերել, որ իշխանությունները պետք է լրջորեն մտածեն”:

Աղվան Վարդանյանը տեսնում է, որ այսօր հասարակության մեջ, իշխանությունն ընդունի թե ոչ, կա մեծ ընդվզում, դժգոհություն և բողոք. «Իրենք էլ թարսի նման ամեն քայլով ավելացնում են այդ դժգոհությունը: Քիչ էր, իբր, կուտակայինը, գազի հարցը, Մարտի մեկ-ի հարցը, մյուս խնդիրները, վերջերս պոլիկլինիկաներում փորձեցին համավճարի ինստիտուտ մտցնել, որը խելամտորեն մի քանի ամսով հետաձգեցին, կամ էլ հիմա հետքայլ են անում, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդն են թույլատրում հեռուստատեսությամբ, այսինքն, իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը»:

Աղվան Վարդանյանը նաև վստահ է, որ առանց հասարակության աջակցության, քաղաքական ուժերի միավորումն արդյունք տալ չի կարող:

Անդրադառնալով իշխանական կուսակցության ներկայացուցչի այն հայտարարություններին, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը կարող են գնալ խոշորացման` միավորվելով ԲՀԿ-ին, նա ասաց, որ պատրաստվել է արձագանքել այդ մենկաբանությանը, սակայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցել է իրեն և ասել, որ թյուրիմացություն է եղել, և որ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել այդ միտքը` ինքը դաշնակցության հասցեին նման բան չի ասել: Երբ Աղվան Վարդանյանը կոնկրետ լրատվամիջոցի օրինակով ներկայացրել է նրա խոսքերը, Շարմազանովը նույն օրը հերքում է տվել, որ Դաշնակցությանը նկատի չի ունեցել:

 

Անկախ

«ԲՀԿ ներկայիս գործունեությունը գնահատում եմ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեություն». Ռ. Հակոբյան

0“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ այս քառօրյայում իշխանության ողջ ուշադրությունը սևեռված էր խորհրդարանական չորս խմբակցությունների համագործակցությանը, և որ իշխանությունն ամեն ինչ անում է դա խոչընդոտելու համար:

«Ես հասկանում եմ իշխանությունների մտահոգությունը, որովհետև անկախ նրանից, թե այս չորս խմբակցություններին ինչ ձևակերպումներ կտան, և թե ինչի շուրջ նրանք կհամագործակցեն` ամբողջական իշխանափոխությա՞ն, թե՞ առայժմ կառավարության հրաժարականի պահանջի, մեկ է` իշխանությունները լավ հասկանում են, որ այս չորս ուժերի համագործակցության արդյունքում տեղի է ունենալու իշխանափոխություն»,-ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը ցավում է, որ հասկանալով դա, իշխանությունն առայժմ որևէ “մեսիջ” չի ուղարկում, որ պատրաստ է համակարգային փոփոխություններ իրականացնել և ամեն կերպ ձգտում է պահել համակարգը:

Միաժամանակ, Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ կառավարության հրաժարականն ինքնանպատակ կլինի, եթե ռեալ, համոզիչ այլընտրանք չներկայացվի այլ ուժերի կողմից, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը, և եթե կառավարության հրաժարականին չհաջորդի այդ այլընտրանքի գոյությունը:

Պատգամավորը, բերելով Ուկրաինայի օրինակը, նշեց, որ կառավարության հրաժարականի ընդունումից երեք օր հետո Յանուկովիչը փախավ երկրից: «Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ դա առաջին կարևոր քայլերից մեկն է, որին պետք է հաջորդի ամբողջական իշխանափոխությունը»:

Նա նաև նշեց, որ իշխանական չորս խմբակցությունների քաղաքական օրակարգում այն հարցերն են, որոնք նախևառաջ բարձրացնում է հասարակությունը` պարտադիր կենսաթոշակային համակարգ, գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում և այլն:

Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ին որպես այլընտրա՞նք պետք է ընկալել, թե որպես ընդդիմություն` Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ինձ համար էական չէ, թե որ ուժն իրեն ինչպես կանվանի: Վերջին 3-4 ամիսների ընթացքում, երբ սկսվեց միասնական օրակարգ ձևավորելու գործընթացը, ԲՀԿ-ն իրեն դրսևորում է որպես ընդդիմադիր կուսակցություն: Իսկ թե հետագայում ինչ կլինի, պատասխանատվություն չեմ վերցնում ասել: Համենայնդեպս, ԲՀԿ ներկայիս գործունեությունը ես գնահատում եմ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեություն»,-ամփոփեց պատգամավորը:

 

Անկախ

Ինչու՞ գնի սահմանումը չվերապահել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. Արծվիկ Մինասյանը` Արմեն Եղիազարյանին

արծվիկ մինասյանԱյսօր ԱԺ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմիցներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց  ուղղեց նախագիծըներկայացնող, Կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանին: Նա իր հարցում նախ շեշտեց, որ ողջունում է և դրական է գնահատում նախագծի հիմնական դրույթները, սակայն կան կետեր, որ մտահոգում են պատգամավորին. «Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է լինելու գինը: Մեր օրենսդրության մեջ գինը համարվում  է էական պայման, դա չի կարող կամայականորենփոփոխվել՝ անկախ նրանից ում իրավասությանն է այն վերապահվում: Չէ՞ որ այս էական պայմանի փոփոխությունը կարող է  փոխել շուկայումստեղծված իրավիճակը: Արդյոք ճիշտ չե՞ք գտնում, որ պետք է ձևակերպվի, որ մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավորված է մինչևժամկետի ավարտը փոխադրավարձը սահմանված գնով իրականցնել: Կամ ինչու՞ գնի սահմանումը չվերապահել Հանրային ծառայություններըկարգավորող հանձնաժողովին: Հակառակ դեպքում, եթե գինը սահմանվի, օրինակ, հինգ հարյուր դրամ, արդյոք քաղաքացիները կկարողանա՞ն սահմանդրական իրենց իրավունքն իրականացնել», – հարցրեց պատգամավորը:

Անկախ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Ո՞ւր է Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքից ստացված 180 մլն դոլարը, եթե այն պետբյուջե չի մտել

Որոտանի ՀԷԿՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` կառավարությունը մինչև հիմա պատասխան չի տվել, թե Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքը որքանո՞վ է օրենքի շրջանակներում կատարվել: Տնտեսագետի տեղեկացմամբ` հնչել է միայն Արդարադատության նախարարի մանկամիտ պատասխանը, որով վերջինս փորձել է անօրինական գործարքի բացատրությունը տալ, ինչը հնարավոր չէ անել:

«Մենք պահանջում էինք ասել, թե ինչպե՞ս է կատարվել Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքի գործարքը, արդյոք եղե՞լ է կառավարության որոշում: Նրանք էլ պատասխանում էին, որ կառավարության որոշում չի եղել և ՀԷԿ-ի սեփականատերը կարող էր իր ցանկությամբ վաճառել այն, ինչը ոչ մի իրավական շրջանակներ մեջ չի տեղավորվում: Մարտ ամսին պարզ է դառնում, որ եղել է կառավարության որոշում: Որոշման մեջ կառավարությունը հստակ թույլ է տալիս Որոտանի ՓԲԸ-ին և Էներգետիկայի նախարարին վաճառել կառույցը»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-ին` որպես մասնավոր սեփականության, տնտեսագետը նշեց, որ իր կարծիքով` ՀԷԿ-ը որպես պետական սեփականություն պետք է ընդգրկված լիներ մասնավորեցման ցանկում, հետո նոր սեփականաշնորհվեր: Մասնավորեցման ընդհանուր կանոնների համաձայն` պետք է տեղի ունենար համապատասխան գնահատում, լիներ կառավարության որոշում, որի մեջ կնշվեր մասնավորեցման ձևը:

Վահագն Խաչատրյանի խոսքով` իրավական առումով ևս պայմանագրում մեծ հարցականներ կան: Պայմանագիրն ուսումնասիրելիս` առաջին հարցը, որ առաջանում է` ո՞ւր է առք ու վաճառքից ստացված 180 մլն դոլարը, չէ՞ որ դա պետական ունեցվածք է: «Պայմանագրի համաձայն այդ գումարն ամբողջությամբ չի փոխանցվում, այլ մասնակի: Պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո փոխանցվում է մի մասը, իսկ մյուս մասը մեկ տարի հետո: Պայմանագրում գրված է, որ գումարը փոխանցվում է վաճառողին, բայց նշված չէ, թե ո՞վ է այդ վաճառողը` կառավարությո՞ւնը, Որոտան ՓԲԸ՞-ն, թե՞ Էներգետիկայի նախարարությունը: Այս հարցին է, որ կառավարությունը պատասխան չի տալիս: Պետական բյուջե այդ գումարը չի մտել, հարց է առաջանում` ո՞ւր է այդ գումարը»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ երկրորդ կարծիք չի կարող լինել, այդ գումարը պետք է մտնի պետական բյուջե:

Վահագն Խաչատրյանը պայմանագրի կարևոր մասերից մեկն էլ համարեց սակագնային փաթեթը: Նրա խոսքով` գնորդի շահագրգռվածությունը հենց այդ սակագնային փաթեթի մեջ է: Մասնագիտական գնահատականներով՝ ՀԷԿ-ի արժեքն իմանալու համար պետք է համեմատություն անցկացնել, թե նման կայանի կառուցումն ի՞նչ կարժենա: Նմանատիպ ՀԷԿ կառուցելու համար 900 մլն դոլար է հարկավոր:

 

 Անկախ

Թե’ Տարոն Մարգարյանը, թե’ ՀՀԿ մեծամասնությունը կարող են հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան

նիկոլ փաշինյանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` ըստ որի Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնողը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունն է լինելու:

Քիչ առաջ նախագծի վերաբերյալ ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս օրինագիծն ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է. «Առաջին այդպիսի փորձը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում: Կառավաությունը և Երևանի քաղաքապետարանը, որն արդեն իսկ հայտարարել է, որ մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղեվարձի փոփոխություն, հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավագանու 65 անդամների միջև: Ինչպես գործող օրենքում, այնպես էլ ԱԺ-ին ներկայացրած նախագծով, նախատեսված է ուղեվարձի վերանայման ինստիտուտ: Ապրանքները կարող են թանկանալ, էժանանալ, ուստի տարին մի քանի անգամ ուղեվարձը փոխելն անընդունելի է: Եթե մարդը հարյուր դրամով է շահել մրցույթը, պետք է ասի, որ հինգ տարի այդ հարյուր դրամը լինելու է անփոփոխ: Եթե կպարզվի, որ հաղթածը չի ուզում սպասարկի, թող հրաժարվի, թող հայտարարվի նոր մրցույթ: Եթե պարզվի, որ ոչ մի ընկերություն չի ուզում հարյուր դրամով սպասարկել, հարցը պետք է իր վրա վերցնի տեղական ինքնակառավարման մարմինը: Մի բան հստակ է` քանի դեռ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու իր խմբակցության հետ հանդիսանում է քաղաքային իշխանություն, Երևանում ուղեվարձը փոխվել չի կարող, քանի որ  Երևանի քաղաքապետ, գիտությունների  թեկնածու Տարոն Մարգարյանը 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էին քաղաքապետի ընտրությունները, հայտարարել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Այսպիսով, թե’ Տարոն Մարգարյանը, թե’ ՀՀԿ մեծամասնությունը կարող են հրաժարական տալ, Երևանում տեղի կունենան արտահերթ ավագանու ընտրություններ, քաղաքացիներն էլ նորընտիր ավագանու հետ քննարկեն ուղևորափոխադրման գնի հարցը», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նախատեսվում է հանրային տրանսպորտի շահարգործումը հանձնել համայնքի ղեկավարությանը

նիկոլ փաշինյանԱԺ-ում այսօր քննարկվում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանրային տրանսպորտի շահարգործումը հանձնել համայնքի ղեկավարությանը։

Քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանին: Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է ներկայացված նախագիծը միայն տրանսպորտի գների բարձրացում նախատեսում. «Դա ի՞նչ ուղերձ է, որ կառավարությունը հղում է հանրությանը, թե բացի թանկացումից էժանացում չի կարող լինել, այն դեպքում, երբ Մաքսային միություն մտնելու դեպքում էժանացման խոստումներ են տրվում: Այսինքն՝ հայկական դրամը կարող է միայն արժեզրկվե՞լ, վառելիքաքսուկային նյութերը կարող են միայն թանկանա՞լ, պահեստամասերը կարող են թանկանա՞լ, բա ի՞նչ եղավ. Մաքսային միության էինք անդամագրվում, ասում էիք` շուտով քսայուղերն էժանանալու են, պահեստամասերի վրա էլ մաքսատուրք չի լինելու, պահեստամասերն էժանանալու են, իսկ էստեղ ասում եք` միայն թանկանալու է, բա ի՞նչ եղավ դրամի լողացող քաղաքականությունը , այսինքն լողացող դրամը ձեզ համար կարող է միայն խորասուզվե՞լ, չի՞ կարող ջրի երեսին մնալ», – հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Եղիազարյանը նախ խոստովանեց, թե հարցը հիմնավոր է բարձրացված, ապա ասաց, որ, բնականաբար, տեսականորեն կարող է նաև գների իջեցում լինել. «Այնտեղ ավելացման փոխարեն կարելի է հանգիստ գրել փոփոխություն։ Միտում չկա գներն ավելացնելու, ցավալիորեն կյանքը ցույց է տվել, որ ֆինանսական քաղաքականությունն այնպես է կառուցված, որ գները որպես կանոն չեն իջնում»:

 Անկախ

«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի անհրաժեշտություն այս պահին չկար». Վահագն Խաչատրյան

Վահագն ԽաչատրյանՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը որևէ սահմանափակում չի տեսնում պետական ունեցվածքի վաճառքի հարցում, ըստ նրա, ցանկացած պետական ունեցվածք կարելի է վաճառել, որովհետև միշտ չէ, որ պետությունը կարողանում է արդյունավետ կառավարել իր ունեցվածքը, և կարող են գտնվել ավելի արդյունավետ կառավարող կազմակերպություններ, որոնց էլ կարելի է վաճառել պետական ունեցվածքը` երկու նպատակ հետապնդելով` գումար մուտք անել պետական բյուջե և պետական սեփականությունն ավելի արդյունավետ օգտագործել:

Սակայն այս տեսանկյունից Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը դիտարկելիս, Վահագն Խաչատրյանի խոսքով, հարց է առաջանում. արդյո՞ք Որոտանի ՀԷԿ-ը ներդրումների կարիք ունեցող կառույց է, գումարներ չունի, և պետք է այն վաճառել ու  արդյունավետ կառավարողի գտնել: Պատասխանը ըստ տնտեսագետի` միանշանակ ոչ է:

«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի անհրաժեշտություն այս պահին չկար: Թեև Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ ՀԷԿ-ը 40 տարվա կառույց է, մաշված է, բայց իրականում այդպես չէ, քանի որ նման հիդրոկառույցներ ծառայում են մինչև 100 տարի: Ինժեներական առումով Որոտանի ՀԷԿ-ը շատ ունիկալ կառույց է: Նման կառույց վաճառել, նշանակում է տնտեսապես մի համեղ պատառ ուրիշին տալ, իսկ դրա համար պետք է թանկ գին վճարվի: Կա’մ դա վաճառելուց պետք է մեկ այլ մեծ տնտեսական ծրագիր իրականացվի, կա’մ էլ պետությունը խիստ ճգնաժամային իրավիճակում է գտնվում, և նրան մեծ գումարներ են անհրաժեշտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով` տնտեսական կառավարման առումով նույնպես իմաստ չուներ ՀԷԿ-ը վաճառել, որովհետև տնտեսական ցուցանիշներին նայելիս` պարզ է դառնում, որ այն միշտ հաջող տնտեսական գործունեություն է ծավալել: Ճիշտ է, անցած, նախանցած տարիներին տնտեսական բալանսում ցույց է տվել բացասական հոսքեր, բայց դա զուտ հիդրոկայանի տնտեսական գործունեության հետ կապված չի եղել: Որոտանի ՀԷԿ-ի միջոցներով վճարվել են նաև Նաիրիտի աշխատողնրի աշխատավարձերը, այսինքն, կառավարությունը դրանով կարողացել է լուծել օպերատիվ խնդիրներ: Հիմա դա էլ չի լինի: Որոտանի ՀԷԿ-ի տնտեսական գործունեությունը երբեք բացասական չի եղել: Վերջին տարիներին գնվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է եղել: Եթե ժամանակին 1.2 դրամ էր, հետո դարձավ 4.3, հիմա դարձել է 7.9-8.2 դրամ: Դրանից էլ կախված է նաև այդ կառույցի շահութաբերությունը: Սա ամենաէժան հոսանք արտադրող կառույցն է:

«Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքի պայմանագիրը նայելիս` տեսնում ենք, որ այն ոչինչ չի տալու: Առաջին 5-7 տարիների ընթացքում կառույցը հասցվելու է հզորությունների մաքսիմալ օգտագործման, որը հավասար է տարեկան 1 մլրդ 200 մլն կիլովատ էներգիայի: Այդ 7 տարիների ընթացքում 70 մլրդ-ի ներդրումներ են կատարելու, ինչը այդքան էլ մեծ գումար չէ նման կառույցի համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

 Անկախ

«Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, Ռուսաստանն իրավունք չունի հանրաքվեի արդյունքները ճանաչել» Ուկրաինայի դեսպան

Իվան ԿուխտաՀայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի խոսքով` մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ չէ, այն հակասահմանադրական է և, հետևաբար, Ռուսաստանն իրավունք չունի հանրաքվեի արդյունքները ճանաչել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ Ղրիմի այսօրվա իշխանությունները իրավունք չունեն դիմելու այս կամ այն պետությանը՝ այս կամ այն տարածքը այլ պետության հետ միավորելու համար: Ուկրաինայի Սահմանադրությամբ հստակ կարգավորված է, որ նման իրավունք ունի միայն Ուկրաինայի Գերագույն Ռադան:

Հարցին` ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում, Իվան Կուխտան պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ի՞նչ դիրքորոշում է, ես գիտեմ, որ Հայաստանի նախագահը Դուբլինում համապատասխան հայտարարություն է արել, համաձայն որի, Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է: Սա է Հայաստանի դիրքորոշումը»:

Անդրադառնալով ուկրաինական դեպքերին տեղի հայ համայնքի դիրքորոշմանը` դեսպանը հիշեցրեց, որ Մայդանի ավելի քանի 100 զոհերից 2-ը ազգությամբ հայ Ուկրաինայի ակտիվ քաղաքացիներ էին:

«Եթե 2001-ի հանրաքվեի արդյունքներով Ուկրաինայում գրանցված էր մոտ 120 հազար հայ, այսօր երկու կամ երեք անգամ ավել է: Սա շատ մեծ սփյուռք է, սա Ուկրաինայի ազգային փոքրամասնություններից մեկն է, ունի մեր երկրում պատմության, ճարտապետության շատ մեծ թվով հուշարձաններ։ Եվ պետությունն ամեն ինչ անում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի զարգացման համար: Հայկական սփյուռքը շատ ակտիվ է, այն ներկայացված է պետության բոլոր գերատեսչություններում, այդ թվում՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում և իշխանության տեղական մարմիններում»,-ասաց Իվան Կուխտան:

Ինչ վերաբերում է Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև անցկացվող զուգահեռներին, դեսպան այդ մասին չխոսեց` հավելելով, որ դա քաղաքական վերլուծաբանների, փորձագետների իրավասության շրջանակն է:

Անդրադառնալով Ուկրաինայի՝ ԱՊՀ կազմից դուրս գալուն` դեսպան նշեց, որ Ուկրիանայում հաստատված ծայրահեղ ծանր վիճակից և Ղրիմի կառավարության ՝ ՌԴ-ին միավորելու դիմումից հետո, Ուկրաինայում իրավիճակի սրացման հետ կապված Ուկրաինան՝ որպես նախագահող կողմ առաջարկեց, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների մարտի 7-ի նիստն անցկացվի Կիևում, բայց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվեցին՝ պատճառաբանելով, թե զբաղված են: ԱՊԱ Ուկրաինան առաջարկեց նիստն անցկացնել մարտի 12-ին, բայց ԱՊՀ երկրների արտգործնախարարները ժամանակ չգտան:

«Եթե Ուկրաինայի համար նման դժվար ժամանակներում չեն կարողանում ժամանակ գտնել Կիև գալու համար, ապա տրամաբանական է կառույցից դուրս գալու որոշումը, իսկ ինչու՞ է նման մարմին անհրաժեշտ»,- ասաց Իվան Կուխտան:

 Անկախ

Հայաստանը կարող էր կանխել Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական պայքարը

Fotor0313104542

 

 

 

 

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թամրազյանն իր էջում գրառում է կատարել` վերլուծելով Ուկրաինայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը.

“Ուկրաինայի գործող վարչապետ Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի հետ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Թեմային անդրադարձել է նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` ասելով, որ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հաջորդ շաբաթ Եվրամիության խորհրդի նիստի ընթացքում:

Սակայն հարկ է նշել, որ ինչպես ասել են վերը նշված պաշտոնյաները, ստորագրվելուց ստորագրվելու է միայն համաձայնագրի քաղաքական մասը: Այնպես որ, Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագիրը (DCFTA), կարելի է ասել, որոշ ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, անցնում է պատմության գիրկը: Իսկ ինչպես հիշում եք, Յանուկովիչը կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը հենց տնտեսական բաղադրիչի պատճառով, որին հետևեց այն, ինչ մինչ այժմ կատարվում է Ուկրաինայում` քաոսը: Մի՞թե այս ամենը հնարավոր չէր կանխել: Իհարկե, հնարավոր էր: Ասեմ, թե ինչպես:

Մինչ Ուկրաինայի հրաժարվելը Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանը ևս կանգնեց այս խնդրի առջև՝ չնայած որ, փառք Աստծո, մեզ մոտ չեղան այնպիսի զարգացումներ, որպիսիք որ մենք տեսնում ենք այժմ Ուկրաինայում: Հայաստանն այն ժամանակ կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը՝ իր ամբողջ գունապնակով, բայց փոխարենը ամենաբարձր մակարդակներով ԵՄ-ին առաջարկեց ստորագրել այդ համաձայնագրի քաղաքական բաղադրիչը` այդպիսով բալանսավորելով մեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Իսկ ԵՄ-ն այդ առաջարկին արձագանքեց շատ կոշտ և հստակ` ասելով, որ համաձայնագիրը բաղկացած է քաղաքական և տնտեսական բաղադրիչներից և միասին մեկ ամբողջություն է և հետևաբար հնարավոր չէ ստորագրել պայմանագրի ընդամենը մեկ մասը: Կարճ ասած, մեզ կանգնեցրեցին երկընտրանքի առջև, և մենք ստիպված արեցին մենք ընտրությունը և արեցինք դա հօգուտ Մաքսայինի:

Պարզ ասած, ԵՄ-ի «ագահության» պատճառով և աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով` տակնուվրա արվեց շուրջ 50.000.000-անոց մի հսկայական պետություն: Դեռ այսքան զոհողություններից հետո, և այն բոլոր տնտեսական զրկանքներից հետո, որոնք դեռ պետք է կրի Ուկրաինայի ժողովուրդը, ԵՄ-ն այժմ խոսում է համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչի ստորագրման մասին: Բա ո՞ւր մնաց այժմ եվրոպացիների սկզբունքայնությունը, որը դրսևորվեց Հայաստանի նկատմամբ:

Ի վերջո, մի՞թե արժեր, որ Ուկրաինան հայտնվեր այս իրավիճակում մի համաձայնագրի պատճառով, որը ԵՄ-ը ստորագրել է, օրինակ, Եգիպտոսի, Հորդանանի, Թունիսի կամ էլ Ալբանիայի հետ: Կարծում եմ՝ ոչ: Նաև կարծում եմ, որ Հայաստանի առաջարկը պետք է ընդունվեր ԵՄ-ի կողմից և վերջ դրվեր այս աշխարհաքաղաքական հակամարտությանը, բայց փոխարենը Արևմուտքը գերագնահատեց իր ուժերը և ձեռնարկեց տնտեսական էքսպանսիա դեպի Արևելք: Իսկ այժմ ունենք այն, ինչ ունենք:

Հ.Գ. Հետաքրքիր է իմանալ՝ այսքանից հետո արդյո՞ք Հայաստանին ևս կառաջարկվի ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, թե՝ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս կարձագանքի դրան Հայաստանը”:

 

Անկախ

«Եթե քաղաքական ուժերը բանակցում են, որ գործունեություն ծավալեն կոնստրուկտիվ դաշտում, ողջունելի է». Մկրտիչ Մինասյան

Մկրտիչ ՄինասյանԵթե քաղաքական ուժերը բանակցում են` հիմքում ունենալով երկրի առջև ծառացած խնդիրները և, եթե պետք է գործունեություն ծավալեն կոնստրուկտիվ դաշտում, ողջունելի է: Իսկ թե ինչ կստացվի այդ բանակցությունների արդյունքում, կյանքը ցույց կտա: ՀՀԿ-ն նման հանդիպումներից չի վախենում, քանի որ վախենալը քաղաքական կատեգորիա չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով չորս ոչ իշխանական ուժերի վերջին օրերի հանդիպումներից` ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Վերցրեք ՀԱԿ-ի գաղափարախոսությունը, պայքարը, ընտրած ուղղությունը և այն, թե ում մոտ է գնում: Գագիկ Ծառուկյանը եղել է մեր գործընկերը, եղել է կոալիցիայի լիարժեք անդամ, ունեցել է բավականին կազմակերպված ինստիտուտ: Նույն Ծառուկյանի գործունեությանը խանդով են վերաբերվել այն մադիկ, ովքեր այսօր գնացել են նրա մոտ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Այն դիտարկմանը, թե նույնն էլ կարելի է ասել ՕԵԿ-ի մասին, չէ որ վերջինս էլ էր քննադատում իշխանությանը, այնուհետև վերջինիս հետ կոալիցիայի մաս կազմեց և, գնաց նրա մոտ, ում քննադատում էր, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եղել մի պահ, երբ ՕԵԿ-ը քաղաքականության շահերը ավելի բարձր դասեց անձնական շահերից, դրա համար էլ եկավ ու միացավ մեզ»:

«Ես թշնամանքով չեմ վերաբերվում ընդդիմությանը: Առանց լիարժեք ընդդիմության  լիարժեք իշխանություն չի լինի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Ըստ նախկին պատգամավորի` ոչ իշխանական քառյակը Կրեմլից գրված սցենարի դերակատարն է

ազատ արշակյանՍեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ներքաղաքական կյանք չկա, կա կատարողական կյանք: Ինչ հանձնարարում են քաղաքական դաշտի տերերը, մենք կատարում ենք: Մենք դերակատարներ ենք, իսկ սցենարիստը Հայաստանում չի գտնվում, նա Կրեմլում է: Այսօր լրագրողնեևի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Կրեմլից սցենարը գրվում է, իսկ մեզ մոտ ընտրում են համապատասխան դերակատարներին: Երբ որոշվում է, որ ինչ-որ մեկը պետք է ընդդիմադիր դեր տանի, պետք է տանի:

«Իհարկե, կան մի քանիսը, ովքեր կանոններից դուրս են, նրանք իսկական քաղաքական գործիչներ են և զբաղվում են քաղաքականությամբ: Իսկ քաղաքական գործիչներ կան, որոնց ճակատին գրված է՝ «ես անկարծիք եմ», բայց կանգնում և կարծիք են հայտնում, այնպիսի կարծիք, որն արդեն իսկ հնչել է Կրեմլում: Սրանց կողքին էլ կա ինքնաբուխ սերունդ, որը հենց քաղաքական ընդդիմություն է»,- ասաց Ազատ Արշակյանը:

Ըստ բանախոսի՝  ոչ իշխանական քառյակը կամ «հրաշալի կվարտետն» այն է, ինչը կոչվում է ներկայացում, դերերն էլ բաշխված են ըստ շնորհալիության, դերակատարները չեն կարող սցենարի մեջ փոփոխություն կատարել:

«Քաղաքական պրոցես մանդատակիր ընդդիմության մոտ չկա, կա սցենար»,- ասաց Արշակյանը:

Անդրադառնալով իշխանության գործունեությանը՝ բանախոսը նկատեց, որ իշխանության մոտ վիճակն ավելի վատ է:

«Ես դրական եմ գնահատել  իշխանության՝ դեպի Եվրամիություն գնալու որոշումը, համակրել եմ իշխանության ընտրած քաղաքական ուղղությունը: Բայց իշխանությունն իրեն ընտրողներին մոլորեցրեց՝ հայտարարելով և առանց բացատրության փոխելով իր դիրքորոշումը»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ առաջընթաց է համարում մեր քաղաքական վերնախավի քայլերը Եվրոպայի հետ հարաբերությունները շարունակելու ուղղությամբ:

 

Եվրախորհրդարանի զեկույցը հաստատվում է. խոստումանալից հեռանկարներ Հայաստանի և այլ ԱլԳ երկրների համար

ԵՄԱյսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանի նիստին ներկա պատգամավորների 87%-ը ընդունեց Պավել Կովալի զեկույցը Եվրամիության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության երկրների առաջնահերթությունների գնահատման և կարգավորման վերաբերյալ: Եվրախորհրդարանը (ԵԽ) կոչ է անում ԵՄ-ին անհապաղ իրականացնել Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականությունները, օրինակ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ոլորտներում:
«Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ ԵՄ ընդլայնման հաջորդական ծրագրերը Հայաստանին ավելի են մոտեցրել ԵՄ-ին: Սա նշանակում է, որ երկրի անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը փոխադարձ ազդեցություն են թողնում Հայաստան-ԵՄ համագործակցության վրա: Ուստի, Հայաստանին և ԱլԳ մնացած երկրներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր է», – մեկնաբանում է Էդուարդո Լորենցո Օչոան՝ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ, www.EuFoA.am ) կազմակերպության տնօրենը:
Ըստ Եվրախորհրդի, Արևելյան գործընկերությունը բավարար խթան չի ցուցաբերել բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու համար: Այս պատճառով երկրները եվրոպական առավել հստակ հեռանկարի կարիք կունենան, ի թիվս ԵՄ-ի հետ սերտ հաղորդակցության ռազմավարության և ԱլԳ անդամ երկրներին ԵՄ Պատվիրակությունների աջակցության:
Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ԵՄ-ն կոչ է անում փոխնախագահին/գերագույն հանձնակատարին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանը (ԱԳԵԾ) մշակել վստահության ձևավորման ծրագրեր: Նիստերի այս շրջանում Եվրախորհրդարանն արդեն երկրորդ անգամ է քվեարկում «նորարարական միջոցների և մոտեցումների մշակման, այդ թվում հանրային կապերի ռազմավարությունների, պրագմատիկ նախաձեռնությունների, ոչ պաշտոնական կապերի և խորհրդատվությունների շուրջ քննարկումներ ծավալելու օգտին՝ տարածաշրջաններում քաղաքացիական մշակույթ ձևավորելու և հասարակության միջև երկխոսություն խրախուսելու նպատակով»:
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում Եվրահանձնաժողովին դիտարկել առևտրային հետագա խոչընդոտները կանխելու հավանականությունը նույնիսկ նախքան ԽՀԱԱՀ-երը ստորագրելն ու իրականացնելը: Անցյալ հինգշաթբի Եվրախորհրդի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինան հնարավորություն ունի առաջին հերթին ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական, այնուհետև առևտրային մասը:
«Հարկավոր է լրջորեն հաշվի առնել այս երկու նոր գործոնները ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքերը և բովանդակությունը դիտարկելիս», – ընդգծում է ՀԵԲ-ի տնօրենը և հայտնում իր գոհունակությունը՝ նկատելով ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ ՀԵԲ հետազոտության անդրադարձը ԵՄ-ի զեկույցում:

ՀԵԲ-ը ուրախ կլինի այս թեմայով մեկնաբանություններ կամ վերլուծություն տրամադրել անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, լեհերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նույնպես պատրաստ են մեկնաբանել այս թեման, հարցերի դեպքում կարող եք դիմել մեր քարտուղարություն:
ՀԵԲ-ի եւ Եվրոպա-Հայաստան խորհրդի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայքը՝ www.EuFoA.am:
Բարձրորակ նկարներ կարող եք գտնել մեր կայքում կամ մեզ դիմելով: Կարող եք դրանք օգտագործել “Copyright: www.EuFoA.org” հղմամբ:

Անկախ

«Եթե չեք հասկանում, կարող եմ դասախոսություն կարդալ Ձեզ համար». Հրայր Թովմասյանը` Լևոն Զուրաբյանին

imagesԽորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքներում փոփոխություններին, ըստ որի հանրայինի եթերից հանվում է գովազդը, իսկ մասնավոր հեռուստաընկերությունները հնարավորություն են ստանում գովազդելու թունդ ալկոհոլային խմիչք, հատարարեց, որ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը մենաշնորհել է մեդիա ոլորտը և գովազդի բաշխման բացառիկ իրավունքները: Նա հարց ուղղեց կառավարությանը, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ մենաշնորհը վերացնելու ուղղությամբ:

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ եթե պատգամավորը ցանկանում էր քաղաքական հայտարարություն անել, ապա դրա համար սահմանված է օր և ժամ, կամ էլ կարող էր ասուլիս հրավիրել:

«Երբ որ փորձում եք ինչ որ  անուններ տալ, ի՞նչ եք ուզում դրանով ասել: Ուզում եք ասել, որ էնքան ուժեղ ենք, որ կարող ենք էդ անուններ տա՞լ, չե՞նք վախենում: Էդ նույն անունները կարող եք փոխել, ձեր անունները դնել տեղը, ոչինչ չի փոխվի դրանից»:

Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ երբ կառավարությունը պատասխան չի ունենում, պատասխան տալու համար Հրայր Թովմասյանին է ուղարկում, որը կարծես բացարձակ չի կարողանում ընկալել բերված փաստարկների էությունը»:

Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց. «Եթե տպավորություններից ենք խոսում, ապա ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է, որ երբ որ ոչինչ չեք ունենում ասելու, մի հատ թուղթ եք վերցնում ու փորձում եք էստեղ նախագահի անունը տալ: Եթե տնտեսական մրցակցությունից եք խոսում, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա, կարող եք դիմել այնտեղ: Հիմա, որ էդ հարցը տալիս եք, կառավարության ո՞ր լիազորության շրջանակներում եք պատասխան ակնկալում: Խորհուրդ եմ տալիս դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, իսկ ընդհանրապես մի թուղթ վերցնել ու էստեղից հենց էնպես խոսել, խոսել խոսելու համար, առանց հետևանքի, նախագահի, նրա ընտանիքի անդամների անունը տալ, դրանով քաղաքական ի՞նչ խնդիր եք ուզում  լուծել և քաղաքականի՞նչ օրակարգ եք ձևավորում: Ձեր ասածները կառավարության շրջանակներից դուրս են: Եթե չեք հասկանում` կարող եմ դասախոսություն կարդալ Ձեզ համար` ինչ է կառավարություն, ինչ է տնտե,ական մրցակցություն»:

 

Անկախ

Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը. Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՈւկրաինայում ընթացող զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, նախատեսվում է, որ մարտի 16-ին Ղրիմում կայանա ինքնորոշման հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս կկայանա և ի՞նչ ելք կարող է ունենալ:

-Մինչև հանրաքվեի մասին խոսելը  պետք է շատ ուրիշ հարցերի պատասխան  տալ: Այն, ինչ այսօր Ուկրաինայում տեղի  է ունենում, ինչ-որ առումով ողբերգություն է ուկրաինական ժողովրդի համար: Այստեղ միաժամանակ մի քանի պայքար է գնում: Ոմանց համար սա պայքար է ժողովրդավարության, ազատության համար, ոմանց համար սա պայքար է միասնական ուկրաինական իդենտիֆիկացիա հաստատելու համար պետության ամբողջ տարածքում, ոմանց համար սա պայքար է կոռումպացված իշխանությունների դեմ, ոմանք էլ լուծում են որոշակի գեոպոլիտիկ խնդիրներ: Իրականում բոլոր այս հանգամանքներն առկա են, կան այս պայքարի մեջ:

Այստեղ ընթանում է  գեոպոլիտիկ պայքար  Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ամեն մեկը կուզենար` այդ հատվածը իրեն պատկաներ: Եվրոպայի համար Ուկրաինան, մի կողմից, բեռ է, որովհետև մեծ գումարներ է ծախսելու Ուկրաինային ոտքի կանգնեցնելու համար, բայց մյուս կողմից էլ երկու ուրիշ խնդիր է լուծում. Ուկրաինան նախ շատ հարուստ է ռեսուրսներով` մարդկային որակյալ ռեսուրսով և ընդերքի ռեսուրսով: Բացի այդ,  այնուամենայնիվ հեռացնում է Եվրոպայի սահմանը Ռուսաստանից, որին  Եվրոպան սառը պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո էլ զգուշությամբ է վերաբերվել:

Ինչ վերաբերում է ուկրաինական ժողովրդին, նրանք ունեին կոռումպացված,  ժողովրդի մասին չմտածող իշխանություն (համենայն դեպս այդպիսին է տպավորությունը մամուլից), որի դեմ տրամադրված էին ոչ միայն արևմտյան մասում ապրող ուկրաինացիները, այլև արևելյան շրջանները: Հետևաբար, երբ սկզբում պայքար էր գնում Յանուկովիչի  դեմ, նրան պաշտպանող ուժ չեղավ: Երկրորդ` ցանկացած ժողովուրդ ուզում է ապրել եվրոպական  հարմարավետ  կյանքով, բնականաբար ամեն ժողովուրդ էլ մտածում է, թե Եվրոպայի մաս կազմելով` որքան կլավանա իր կյանքը, շատ դեպքերում հաշվի չառնելով, թե ինչ գին կվճարի դրա համար, մոռանալով, թե ինչ ջանքերով և զրկանքներով է բուն Եվրոպան հասել այդ արդյունքներին, ու եկողների համար նույնպես ճանապարհը փշոտ է լինելու: Այդ ամենը խառնվեց Ուկրաինայում,  մինչև որ ասպարեզ մտան իսկապես նացիոնալիստները:

Երբ նրանց խորհրդարանը որոշում ընդունեց փոփոխության ենթարկել լեզվի մասին օրենքը, իմ կարծիքով դրանից ավելի կատաստրոֆիկ սխալ անել հնարավոր չէր:  Եթե նոր ընտրված  իշխանությունները շարունակեն այս կուրսը, Ուկրաինային դատապարտելու են բեկորների բաժանվելու, որից կօգտվեն ուրիշները: Ուկրաինան բաղկացած է տարբեր մշակույթ ունեցող հատվածներից: Այդ հատվածները երկար ժամանակ գտնվել են տարբեր պետությունների կազմի մեջ. Ավստրո-Հունգարիայի կայսրություն, Ռուսաստանի կայսրություն, Լեհաստան և այլն: Տարբեր են նրանց մտածողությունը, քաղաքական դիրքորոշումները: Դրա հետ միասին Ուկրաինայում ապրում են միլիոնավոր ռուսներ (17,3%), տարբեր ազգեր: Ուկրաինայի իշխանությունը պարտավոր է միշտ այնքան իմաստուն լինել, որ կարողանա համախմբել ժողովրդի բոլոր հատվածները, արտահայտել ոչ թե մի հատվածի, այլ ամբողջի շահերը:  Դա պահանջում է իմաստնություն և համբերություն:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ընդհանրապես ոչ ոք չի կարող դեմ արտահայտվել հանրաքվեին, քանի որ դա  մարդկանց կարծիքն արտահայտելու ընդունված ձև է:

Ըստ իս,  հանրաքվեն տեղի կունենա: Բայց նաև կարծում եմ, որ ավելի մեղմ ճանապարհով կարելի էր գնալ: Կարծում եմ, որ Ղրիմի ժողովրդի համար նպատակը Ռուսաստանին միավորվելը չպիտի լիներ, այլ  առավելագույն մեծացնել իր ինքնավարությունը (ընդհուպ մինչև իրական անկախություն) և ապահովել անվտանգությունը: Բայց դա որոշում է Ղրիմի ժողովուրդը:

Մի խնդիր կարող է առաջանալ. այնտեղ մեծամասնությունը`  շուրջ 60 տոկոսը ռուսներ են: Եթե նրանք քվեարկեն Ռուսաստանին միանալու օգտին, բայց մյուս հատվածները` թաթարական ու ուկրաինական հատվածները,  բոյկոտ հայտարարեն և չքվեարկեն, ապա դա  ստվեր կարող է գցել հանրաքվեի արդյունքների վրա:

– Իսկ հանրաքվեի պահանջն իրոք արդարացվա՞ծ է, թե՞ արհեստականորեն առաջ բերվեց:

– Երբ իշխանությունը փոխվեց, որոշումները և հայտարարությունները, որ եղան լեզուների վերաբերյալ, և լարվածությունը, որ ստեղծվեց  աջակողմյանների միջոցով, վախեցրեց արևելյան շրջանում ապրող բնակչությանը, հատկապես` ռուսներին: Արդարացված էր այդ վախը, թե  ոչ, չեմ կարող ասել: Բայց դա էր հիմնական պատճառը, որ դեպքերը նման ընթացք ունեցան:

– Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը շատ են համեմատում Արցախի հետ: Արդյոք պե՞տք է համեմատել: Եվ որպես նախադեպ այն ինչպե՞ս կնպաստի Ղարաբաղի հարցին:

-Կարծում եմ, որ համեմատել պետք չէ, քանի որ համեմատությունը ևʹ պլյուս է տալիս, ևʹ մինուս: Մի բան կարող ենք ասել. ազգերի ինքնորոշման սկզբունքով առաջնորդվող աշխարհն  ավելի օգտակար է Ղարաբաղի հարցի համար, քան այդ սկզբունքից հրաժարվողը: Ընդհանուր առմամբ ազգերի ինքնորոշման հիմքի վրա կառուցված քաղաքականությունն ավելի հասկանալի է դարձնում Ղարաբաղի հարցը: Բայց անմիջական հետևանք չպետք  է սպասել. ամեն մեկն ունի իր պատմությունն ու դրդապատճառները և տարբեր ձևով է ընդգրկված գեոպոլիտիկ խնդիրների մեջ: Լավ երոևւմ է, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը XX-XXI դարերում դառնում է միջազգային քաղաքականության մեջ վճռական նշանակություն ունեցող: Դա իր պատճառներն ունի, բայց դա առանձին խոսակցության նյութ է:

– ՀՀ-ն մինչ օրս դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Ուկրաինայում ընթացող դեպքերի առնչությամբ: Դա ճի՞շտ քաղաքականություն է: Եվ մինչև ե՞րբ կարող ենք լռությունը պահպանել:

– Կարծում եմ, որ սա  ճիշտ քաղաքականություն է: Շատ նուրբ հարց է, շատ հիվանդագին, ցանկացած դիրքորոշում վիրավորում կամ էմոցիաներ է առաջացնում մյուս կողմում: Բացի այդ, Ուկրաինայում ապրում են տասնյակհազարավոր հայեր, բնական է, որ տարբեր դիրքորոշումներ ունեցողներ կլինեն,  և այս պարագայում հստակ դիրքորոշում ասելը  Հայաստանի կողմից  ճիշտ չի լինի:

– Ստեղծված իրավիճակը և հետագա հնարավոր զարգացումներն ի՞նչ վտանգ են պարունակում Հայաստանի և հայության համար:

– Կարող եմ ասել, որ ցանկացած կայունության ցանկացած խախտում վտանգավոր է ևʹ Հայաստանի, ևʹ աշխարհասփյուռ հայերի համար: Ռուսաստանի և Արևմուտքի ցանկացած հակադրություն մեզ համար վտանգավոր է և ոչ ցանկալի: Մենք միշտ տուժում ենք, երբ քրիստոնյա-մահմեդական պայքար է լինում,  քանի որ մենք գտնվում ենք առաջին ճակատում,  մենք շատ անհանգստանում ենք, երբ սկսվում է Արևմուտք-Իրան կամ Արևմուտք-Ռուսաստան հակադրություն, քաղաքացիական պատերազմ Սիրիայում, այսինքն` այդ հակադրությունները  հարվածում են մեր շահերին: Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը, իսկ այս դեպքերը ապակայունացնում են աշխարհը,  նաև սրում Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները:

– Ստեղծված իրավիճակում ակտիվացել է նաև Թուրքիան: Իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարեց, որ  հարկ եղած դեպքում կսատարեն իրենց եղբայր թաթարներին: Այս պայմաններում Թուրքիայի ակտիվացումն  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայերի և Հայաստանի համար

– Թուրքիայի ակտիվացումը  միշտ էլ վտանգավոր է հայության համար: Ինչ վերաբերում է Թուրքիայի շահերին, բնական է: Եթե Ղրիմն անցնում է Ռուսաստանին, այնտեղի բնակչության մեծամասնությունը ռուսներ են, կդառնա ռուսական տարածք, իսկ եթե մնա Ուկրաինայում, ապա ներկա պայմաններում շատ հավանական է, որ այնտեղից ռուսները հեռանան, և թաթարները սկսեն կազմել մեծամասնություն, որովհետև դժվար  թե ուկրաինացիներն  արևմուտքից գան բնակություն հաստատելու Ղրիմում: Այսինքն` Թուրքիան արանքում փորձում է լուծել իր ազգային խնդիրը:

-Իսկ Ուկրաինայի հայերին  ով ու ինչպես պետք է պաշտպանի:

– Հայերի չեզոքությունն Ուկրաինայում կարող է հանգեցնել նրան, որ թշնամական վերաբերմունք չլինի երկու կողմից էլ: Իսկ  Ղրիմի հայերին, կարծում եմ,  պետք է ազատ թողնել, որ ով ինչպես ուզենա, քվեարկի:

– Ծայրահեղական իշխանությունների դեպքում այդ չեզոքությունը կներվի՞:

– Ծայրահեղականների դեպքում տուժելու են բոլորը: Ըստ տեղեկությունների` այդ ծայրահեղականները մասնակցել են Ղարաբաղի պատերազմին Ադրբեջանի կողմից: Թող ինձ ներեն, բայց պատահական չեմ համարում, որ ցույցերի ժամանակ, երբ կրակոցներ սկսվեցին Կիևում,  առաջին երկու զոհերից մեկը հայ էր, որի ձեռքին դրոշ կար, և հեշտ  իդենտիֆիկացվում էր որպես հայ:

– Ըստ Ձեզ, Հայաստանը և հայությունը կարո՞ղ  են ավանդ ունենալ կայունության վերականգնման հարցում:

– Չեմ կարծում, որ այնքան ուժ ունենք, որ կարողանանք միջնորդ հանդիսանալ տարբեր հատվածների միջև: Ուկրաինայում ապրող  հայերը կարող են հաշտարարի դեր կատարել տարբեր հատվածների մեջ, բայց այնքան են սրվել հիմա հակադրությունները, ավելի շատ` դրսի պետությունների միջև, որ դժվար կլինի այդ պրոցեսը ներսում տանել: Մեզ մնում է չեզոքությունը պահել և հուսալ, որ  Ռուսաստանը, Արևմուտքը և Ուկրաինան բանակցությունների միջոցով լեզու կգտնեն:

Կցանկանայի, որ Ուկրաինայում լիներ այնքան իմաստուն իշխանություն,  որ կարողանար հավաքել իր շուրջը բոլոր հատվածները և կարողանար արտահայտել ամբողջական շահը, շարժվեր միգուցե դանդաղ, բայց հավասարակշռված, քանի որ այս ցնցումները  վտանգավոր են ոչ միայն ամբողջ աշխարհի, այլև առաջին հերթին հենց Ուկրաինայի համար: