ԱԺ-ում այս պահին արտահերթ ռեժիմով քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Ընդդիմությունը պնդում է, որ ԱԺ-ից դուրս հնարավոր չէ պարզել,թե ինչ է արվել Նաիրիտ ընկերության դեմ, քանի որ դրա փակման տանելու հարցով անգամ քրեկան գործ չի հարուցվել: «ՙՆաիրիտը կանխամտածված տարվում էր սնանկացման: Այն չի կարող գործել, քանի որ դրա ակտիվները 200 միլիոն դրամի կարգի են, իսկ պարտքերը՝ կրկնակի՚»- իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ Նաիրիտը կարևոր է հայկական արդյունաբերության համար, ուստի գործողությունները Նաիրիտի դեմ, ուղղված են նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Իշխող կոալիցիան անհողդող է և չի պատրաստվում ստեղծել Նաիրիտի գործը քննող հանձնաժողով: Պատճառաբանությունը մեկն է՝ զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
Նշենք նաև, որ այս հարցը քննարկվել էր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որը ներկայացրել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն չէր ստացել դրական եզրակացություն, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հարցը կներկայացնի ԱԺ առաջիկա նիստերից որևէ մեկին՝ արտահերթ ռեժիմով:
ԱԺ նիստը` ուղիղ հեռարձակմամբ
Հինգերորդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի քառօրյայի 2-րդ օրն է ընթանում: ԱԺ-ում ընթացող քննարկումնեին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Բուդապեշտի մարդասպանը եւ Բաքվի «հերոսը»
Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների եւ լուռ համաձայնությունների իբրեւ արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ եւ արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչման:
Ադրբեջանական կողմի մեջ արձանագրված վերաբերմունքները, արարքները, ճնշումները, գործարքներն ու ատելության դրսեւորումների գագաթ նվաճած օրինակները պարզ են եւ գուցե նաեւ ակնկալելի Բաքվի իշխանություններից:
Խնդրի դիտարկումը փորձենք հայկական եւ ադրբեջանական դաշտերից տեղափոխել միջազգային հարթություն, նկատելու համար մի քանի կետեր:
Սաֆարովի անասնային հարձակումը գործվել էր ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի դիմաց ՆԱՏՕ-ի պարզ տրամաբանությամբ հստակ պատասխանատվություն է ստանձնում, որ նման զինվորական պաշտոնատար է ուղարկել միջազգային մակարդակում իրականացվող վարժողական ծրագրին: Եթե դեռեվս չենք ուզում խոսել սաֆարովների գազանային դրսեւորումների պատճառ հանդիսացած հայատյաց քաղաքականության մասին եւ մի պահ ուզում ենք կենտրոնանալ ադրբեջանցի սպայի հոգեկան անհավասարակշռվածության վրա, նույնիսկ այս դեպքում Բաքվի համապատասխան բաժանմունքները պատասխանատու են դիտվում նման փորձարկումների ինքնատիրապետումից հեռու սպա ուղարկած լինելով: ՆԱՏՕ-ն այս առումով չունեցավ համարժեք արձագանգ:
Հունգարական դատաիրավական հաստատությունները առաջին փուլին արտառոց որեւէ որոշում չեն կայացրել: Պարզ էր. կատարվածը մարդասպանություն էր, այն էլ ամենաքստմնելի եւ դատապարտելի բնույթով, որի համար էլ դատական ընթացակարգից հետո կար վճիռ: Առավելագույն պատժաչափ: Խնդիրը հետագային էր: Լուռ, լուսարձակներից հեռու, կարելի է բնորոշել նույնիսկ թաքուն բանակցություններ Բաքվի եւ Բուդապեշտի միջեւ հանգեցրին գործարքի: Բուդապեշտը արտահանձնեց մարդասպանին, մարդասպանությունը քաջալերած պետությանը: Բուդապեշտը կարող էր հենվել անշուշտ միջպետական հարաբերություններով սահմանված արտահանձնման օրենքի վրա, նման գործողություն կատարելու համար: Արտահանձնելու վերաբերյալ դիմումը գաղտնի պահելու, բանակցությունները թաքուն ձեւով կատարելու եւ արտահանձնումը հանկարծակի բացահայտելու հունգարական կողմի պահվածքը շեշտում է գործարքային ուղղությունը այս բոլորի մեջ: Հունգարական քաղաքական դաշտը նույնիսկ չէր իմացել այս մութ համաձայնության ծալքերի մասին: Հայկական կողմին մնում էր առկախել դիւանագիտական կապերը Բուդապեշտի հետ:
Շարունակենք Բուդապեշտի լուռ մեղսակցության փաստի համոզման տրամաբանությունը: Հունգարական իշխանություններն անպայման համոզված էին, որ իրենց արձակած դատավճիռը՝ ցմահ բանտարկությունը, վերջ պիտի գտներ արտահանձնման թույլտվության օրը: Որեւէ երաշխիք չկար հակառակը փաստելու: Արտահանձնելու օրենքը բնականբար միջպետական հարաբերություններ հարգող կողմերին է վերաբերում. դրա իմաստը այն է, որ դատավճռի գործադրության աշխարհագրական միջավայրն է, որ կփոխվի եւ ոչ թե դատավճիռը: Ադրբեջանի նման երկրներն են, որոնք ոչ միայն խախտում են եւ ոտնկակոխում օրենքը, այլ միջազգային օրենքի շահագործումով մարդասպանին վերածում են հերոսի: Բուդապեշտը բոլոր պատճառներն ուներ բողոքի նոտաներ ուղարկելու Բաքվին, իր կայացրած որոշմանն կայծակնային բեկանման մասին բացատրություն պահանջելու, անգամ դիվանագիտական կապերը առկախելու Բաքվի հետ…. եթե նախապես կայացրած չլիներ գործարքը:
ՆԱՏՕ-ի իրավական բաժանմունքներից անկախ լուռ մնաց նաեւ միջազգային ընտանիքը. ի վերջո միջազգային հարաբերությունների ընդհանուր շրջագծում կայացած օրենքի կոպիտ խախտում էր կատարվածը:
Այստեղ է, բուն խնդիրը: Արտահանձնման օրենքի շահարկումով մարդասպանը վերածվում է հերոսի: Ադրբեջանին հարազատ է այս վարքագիծը: Բայց երբ Բաքուն գտնում է իր հետ գործարքի գնացող Բուդապեշտի նման կողմեր, երբ ՆԱՏՕ-ն չի առկախում Ադրբեջանի մասնակցությունն իր կազմակերպած զորավարժություններին եւ երբ միջազգային ընտանիքը հաշիվ չի պահանջում արձանագրված կոպիտ խախտման համար, Բաքուն վերստին կփորձի սրել իր կացինը:
Հայկական կողմը այս բոլորի նկատառման հարկադրանքի առջեւ է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը». Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների միջև` նշեց, որ դրանք շատ նման են իրար: Թե’ Ուկրաինայում, և թե’ Հայաստանում իշխանությունները կտրված են հասարակությունից, փակել են բոլոր ուղիները տնտեսության զարգացման համար:
«Հայաստանում նույնիսկ գործող նախագահն է խոստովանում, որ հասարկության 80 %-ի մեջ դժգոհություն կա: Այս ֆոնի վրա իրենք իրենց համարում են բարեփոխողներ, իսկ կենսաթոշակային օրենքի մասին խոսելիս շեշտում են` իբր երկրի համար շատ լավ բան են անում, որը հասարակությունը հետո է գիտակցելու»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետի խոսքով` ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը, որովհետև անխուսափելիորեն ուկրաինական զարթոնքը կգնա նաև Ռուսաստան, Հայաստան և այլ հետխորհրդային երկրներ:
«Մեզ մոտ ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացված են, և իրենց շուրջ համախմբված է հասարակության մեծ մասը: Նրանց պահանջները խելամիտ են և, եթե իշխանությունը գնա կոմպրոմիսի ու ձևավորվի նոր կառավարություն, որտեղ ներկայացված կլինեն 4 ոչ իշխանական ուժերը, Հայաստանը կարող է խուսափել նման իրավիճակից: Իմ կարծիքով` Ուկրաինայից դաս քաղելով` մեր իշխանությունները կգնան զիջումների և կընդառաջեն նոր կառավարություն ձևավորելու ընդդիմադիր ուժերի առաջարկին»,-ասաց Երվանդ Բոզոյանը:
Show must go on. շոու Ազգային ժողովում
Քիչ առաջ ԱԺ-ում «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին: «Ի՞նչ իմաստ ունի ստեղծվելիք հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ: Չե՞ք կարծում, որ այս կարևորագույն հարցի քննարկումը պետք է դռնբաց անել, ինչը կօգնի նաև հեռու մնալ քաղաքական շահարկումներից, ինչպես նաև հանրությունը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները», – իր հարցն այսպես ձևակերպեց պատգամավորը, սակայն Դավիթ Հարությունյանի պատասխանը անակնկալի բերեց նրան. «Յուրաքանչյուր պատգամավոր նաև շոու-մեն է: Երբ պատգամավորները խոսում են դռնբաց նիստում, նրանք խոսում են նաև տեսախցիկների համար: Սակայն բովանդակային քննարկումների ժամանակ դա մեզ կխանգարի», – ասաց Դավիթ Հարությունյանը: Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ դիտարկումները համոզիչ չեն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, փորձելով անցնել հաջորդ հարցերին, կատակեց. «Ինչպես ասում են՝ show must go on» (շոուն պետք է շարունակվի):
Բորիս Նավասարդյանը Հայաստանում մայդանի կրկնություն չի տեսնում
Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները օգտակար են Հայաստանի համար: Այս օրերին ՀՀ ակտիվ քաղաքական ու քաղաքացիական դաշտը սևեռված է մայդանի իրադարձությունների վրա: Թե’ իշխանական, և թե’ ընդդիմադիր քաղաքական դաշտը խելացի կլինի, եթե հասկանա, որ այլևս չի կարելի օգտագործել քաղաքացիներին՝ քաղաքական նպատակների հասնելու համար: Ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հասկանան, որ ժողովուրդը կաշառքով կամ ճնշումների ներքո տուփերի մեջ քվեաթերթիկ գցելու համար չէ: Ժողովուրդը պետք է ընկալվի որպես մտածող, որոշակի շահեր ունեցող սուբյեկտ: Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ, ի վերջո, երկրի տերն ինքն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային համակարգող, «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով` հասարակությունը պետք է բոլոր մասնավոր խնդիրները տեսնի ավելի մեծ քաղաքական համապատկերի մեջ:
«Հասարակությունը ցանկանում է տեսնել կանխատեսելի իշխանություն, որը գիտի` ինչ է անում, ուր է գնում։ Այն իշխանությունը, որը ճանապարհի կեսին փոխում է իր ուղղությունը, կորցնում է աջակցությունը հասարակության մեծ մասի կողմից: Դրա վառ օրինակի հետևանքներն այսօր տեսնում ենք Ուկրաինայում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Բանախոսը նշեց, որ Հայաստանում, այդուհանդերձ, մայդանի կրկնություն չի տեսնում, քանի որ մեր հասարակությունն այդչափ մասնատված չէ, ինչպես Ուկրաինայում, ավելի միատարր է:
«Եվ հետո, ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում այնպիսի հրաման տրվի իրավապահ մարմիններին, ինչպես Ուկրաինայում, քանի որ Մարտի 1-ն էլ դաս էր: Պետք է դասեր քաղել սեփական և համաշխարհային պատմությունից»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Եթե էներգետիկայի նախագահը մի քիչ ջանին ջափա տար, այդպիսի պայմանագիր չէինք ստորագրի. Հրանտ Բագրատյան
Այս պահին ԱԺ-ում շարունակվում է «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը: Քիչ առաջ Հրանտ Բագրատյանը իր խոսքում նկատեց, որ առհասարակ չի հասկանում, թե ինչպես է ստորագրվել գազի տխրահռչակ պայամանգիրը, քանի որ, իր իսկ խոսքերով, «Եթե էներգետիկայի նախագահը մի քիչ ջանին ջափա տար, գործ աներ այդպիսի պայմանագիր չէինք ստորագրի»:
Պատգամավորը նաև մեկ այլ դիտարկում ուներ: Նա մատնանշեց, որ ՕԵԿ, ՀՀԿ կոալիցիան առաջարկում է կազմել 10 հոգանոց հանձնաժողով, որտեղ ընդամենը երեք ընդդիմադիր անդամ կա: Նա ընդգծեց, որ ընդդիմության թիվը պետք է ավել լինի:
Խորհրդարանում քննարկվում է գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
Խորհրդարանում քննարկվում է «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ներկայացրել էին ԱԺ կոալիցիոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ գազամատակարարման ոլորտն իրենց համար էլ է ծայրահեղ կարևոր, հատկապես, որ խնդիրն առավել արդիական դարձավ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրից հետո: Նա հիշեցրեց, որ Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները նախ ներկայացրեցին առաջարկ նման հանձնաժողով ստեղծելու, սակայն առաջարկը մերժվեց, բայց ոչ ամենևին այն պատճառով, որ խնդիրներն չկան, այլ որովհետև շատ հարցեր չափազանց նուրբ քաղաքական ենթատեքստ ունեն. «Որպեսզի քաղաքական շահարկումների առիթ չլինի, մենք առաջարկեցինք ավելի հավասարակշռված մոտեցում, ավելի պատասխանատու մոտեցում: Այն հարցերը, որ ներկայացվել էին ընդդիմության կողմից, շատ նեղ էին, և պետք է ավելի լայն ձևով այդ հարցերը քննարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա ներկայացրեց, թե կոալիցիան այս հանձնաժողովի միջոցով ինչ հարցեր է առաջարկում քննարկել: Առաջինը սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված հարցերն են՝ բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը և այլն:
Երկրորդ հարցը գազի դիմաց կուտակված պարտք է. «Ընդ որում մեր առաջարկած ձևակերպումը շատ ավելի ճիշտ ձևակերպում է՝ պարտքի ձևավորման օրինականությունը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը»,-նշեց նա:
Երրորդը «ՀայՌուսգազարդ»-ի օտարված բաժնեմասի գնահատվածության հարցն է: Չորրորդ հարցը վերաբերում է բնական գազի այլընտրանքային ներկրմանը, թե ինչպիսի՞ հնարավորւթյուններ կան, ի՞նչ սահմանափակումներ և այլն:
Հինգերորդ հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանի Հանրապետության հնարավորությունները որպես տարանցիկ երկիր օգտագործելուն, թե ինչ հնարավորւթյուններ և ինչ արգելքներ կան:
Հաջորդ հարցերը վերաբերում են գազի գնին՝ սահմանին գնվող գնի հետ կապված և քաղաքացուն հասնող սակագնի ձևավորման հետ կապված:
Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերն առաջարկվում է անցկացնել դռնփակ: «Մեր նպատակը քաղաքական դեբատները չեն, սա շատ զգայուն հարց է և ինքնանպատակ չէ: Մեր նպատակը պետք է լինի, թե ինչպիսի քայլեր ԱԺ-ն պետք է կատարի, ինչ հացեր բարձրացնի կառավարության մոտ, որպեսզի բարելավվի իրավիճակը: Երբ մենք ունենք լայն լսարան, միշտ չէ, որ մենք ուշադրությունը դարձնում ենք բովանդակային ծանր հատվածին, այլ առավել շատ ներկայացնում ենք մեր քաղաքական դիրքորոշումները»:
Նա նաև ասաց, որ իշխանական և ընդդիմադիր ուժերը պետք է հավասարապես ներկայացված լինեն այս հանձնաժողովում:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն, իր հերթին առաջարկեց փակ նիստեր անել միայն անհրաժեշտության դեպքում՝ որոշում կայացնելով, իսկ մնացած դեպքում՝ անել բաց, ինչը սակայն Հարությունյանը չընդունեց՝ ասելով. «Նիստերը հրապարակային անցկացնելու առաջարկը չեմ կարող ընդունել: Լրագրողներ են, բոլորս ուզում ենք մեզ ցույց տալ, ինչը շատ բնական է…երբ անհրաժեշտություն լինի, մենք կգանք համաձայնության նիստը բաց անելու»,-ասաց նա:
«Եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը, միանշանակ Հայաստանում էլ ուկրաինական դեպքերի կրկնություն կլինի» Արամ Սարգսյան
Եթե պետություններն անմասն մնան իրենց ժողովրդի կարծիքից, ապա ուկրաինական իրադարձություների կրկնությունը կանխատեսելի է ցանկացած երկրում: Եթե իշխանությունները չփոխեն իրենց վարած քաղաքականությունը, միանշանակ Հայաստանում էլ կարող է նման պոռթկում լինել: Իսկ այն, որ հայկական իշխանությունները չեն կարողանալու իրական փոփոխություններ անել, փաստ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններից և Հայաստանում դրանց հավանական կրկնությունից` ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:
Նրա խոսքով` Ուկրաինայում տիրող իրավիճակը դեռ կշարունակվի: Հարց է առաջանում` կկարողանա՞ արդյոք նոր իշխանությունը երկրում առկա անջատողական տրամադրությունները կանխել:
«Այսօր Եվրամիությունը հայտարարեց, որ պատրաստ է 20 մլրդ դոլար տալ Ուկրաինային, ինչը նշանակում է, որ հիմա կռիվ է գնում, թե ո՞վ է այդ տարածքին տիրանալու»,- ասաց Արամ Սարգսյանը:
Բանախոսի կարծիքով`Ուկրաինայի համար լավագույն օրինակը ընտրություններն են: Եթե ընտրություններն անցկացվեն ճիշտ, ոչ աջ ուժերի տեռորի ազդեցությամբ, ձևավորվի լեգիտիմ իշխանություն, Ուկրաինան կգա համերաշխության: Անդրադառնալով հակառուսական տրամադրություններին`Արամ Սարգսյանը նշեց, որ տասնյակ տարիներ արևմտյան հատվածում հակառուսական տրամադրություններ են եղել, նույնն էլ արևելյան հատվածում: Հիմա հարցն այն է, արդյո՞ք արևմտյան և արևելյան հատվածները կգնան վճռական քայլերի և կհակադրվեն իշխանությանը` առանձին մաս կազմելով: Բայց այն, որ ռուսները Սեվաստոպոլը չեն տա, հստակ է:
Արամ Մանուկյանն առաջարկեց իր «ժուչոկը» տալ իրեն` խոստանալով ասել, թե ուր է գնում և ինչ է անում
Աժ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչի համար են խորհրդարանում, իրենց աշխատասենյակներում ակտիվորեն տեսախցիկներ տեղադրվում. «Լարեր են անցկացվում, այսպես ասած` «տեսախցիկաֆիկսացիա» է իրականացվում, ասես տոտալ վերահսկողության սարքեր են դրվում: Ի՞նչն եք ձայնագրելու` որքան խոսենք, ում հետ խոսենք, խի խոսենք, հա՞…ես կարծում եմ մեր առումով դուք պրոբլեմ չունեք, որովհետև էն, ինչ որ մենք ասում ենք էստեղ, նույնը ասում ենք նաև դահլիճներում, հրապարակներում: Երևի ձեր թիմի վերահսկողության համար է, դա ձեր գործն է, բայց լուրջ ծախսեր եք անում»,-ասաց Մանուկյանը` առաջարկելով իրեն նկարահանող սարքի «ժուչոկը» տալ իրեն, փոխարենն ինքը կասի, թե ուր է գնում և ինչ է անում:
Պատգամավորը, սակայն, չի կարծում, որ Ազգային ժողովն այսօր տոտալ վերահսկողության կարիք ունի, որի ուղղությամբ պետք է այդքան միջոցներ ծախսել:
Շարմազանովնն արձագանքեց, որ հարցն օրակարգի հետ կապ չունի և խնդրեց Հովիկ Աբրահամյանին մեկնաբանություն չտալ, սակայն Աժ նախագահը մեկնաբանեց.
«Պարոն Մանուկյան, ժուչոկները, գիտեք, թե որ թվականներից են գալիս: Դա ձեր ներդրած գործառույթն է, բայց մենք դրանով չենք զբաղվում: Բացի այդ, դրա անհրաժեշտությունն, իրոք, չկա, սա պարզապես անվտանգության խնդիր է, բոլորս տեսել ենք, թե այս դահլիճում ինչեր են կատարվում: Մենք էլ ավելորդ փողեր չունենք նման խնդիրների վրա ծախսելու: Ձեր աշխատասենյակներում էլ ոչ ոք ձեզ չի լսում: Եթե նախկինում` ձեր ժամանակներում, լսել են, ես տեղյակ չեմ եղեկ, ոչ էլ ուզում եմ մեղք վերցնել ինձ վրա: Ամեն դեպքում, ուզում եմ մեկ անգամ ևս ասել` որևե նման ցանկություն ես որպես ԱԺ նախագահ, չունեմ, ու դա շատ վատ զբաղմունք է»:
Հովիկ Աբրահամյանն իր բարի խորհուրդը հղեց բոլորին` նման գործերով չզբաղվել:
Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում բարձրացրեց Հրայր Թոմվասյանի «ամբարտավան պահվածքի» հարցը
Մեկնարկեց Աժ նիստերի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյա աշխատանքը: Գրանցվել է 122:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը: Նրա տեղեկացմամբ` այս քառօրյայում արտահերթ կարգով կքննարկվեն ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, ինչպես նաև Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը:
Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ամբարտավան պահվածքի» վրա: Խոսքը վերաբերում էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ նախարարի պատասխանին, թե «ղալաթ են անուն»:
Արմեն Ռուստամյանի խոսքով` սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ նախարարը ոչ միայն պետք է հարգի սահմանադրությունը, այլև պետք է պահպանի սահմանադրական նորմերը:
Ռուստամյանը գտնում է, որ նախարարը վիրավորել է ոչ միայն 53 պատգամավորի, այլև ողջ Ազգային ժողովը և նաև այն մարդկանց, որոնք կանգնած են այդ պատգամավորների հետևում: «Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում կամ վերջերս սկսել է հասկանալ և փորձել է պարզաբանումներ տալ, որ «ղալաթ» բառն արաբերեն նշանակում է` սխալ են անում: Փոխանակ ասի` սայթաքել եմ, խորացնում է իրավիճակը»,-ասաց պատգամավորը:
Ռուստամյանն ասաց, որ նման բառարանային ձևակերպումներով առաջնորդելով` իրենք էլ իրենց հերթին կարող են նախարարին ասել, ասենք` «ղալաթ ես անում, չաթլախ»:
Հովիկ Աբրահամյանը նախ ընդունեց, որ տեղի ունեցածը վատ երևույթ է` նշելով, որ դատապարտում է ցանկացած նման ձևակերպում, որը հնչեցվել է նախարարի կամ պատգամավորի կողմից, այնուհետև ավելացրեց, որ զարմացած է նաև Ռուստամյանի պատասխանից: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս պահին Ազգային ժողովի աշխատանքներին հետևում է ապագա սերունդը: Այդ պահին դահլիճում բուռն քննարկում սկսվեց նախարարի և Ռուստամյանի արձագանքի վերաբերյալ, որը հավանաբար որոշ պատգամավորների անգամ զվարճացրեց: Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց. «Պարո´ն Բաբլոյան, ի՞նչ կա ըտեղ ուրախանալու, փոխանակ տխրեք, ուրախանում եք»:
Հովիկ Աբրահամյանին հարց, ավելի ճիշտ` առաջարկ ուներ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա առաջարկեց, որ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգի Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման հետևանքով զոհված տասնյակ քաղաքացիների հիշատակը` նշելով, որ մահաբեր զենքի կիրառումն իշխանությունների կողմից անընդունելի և դատապարտելի չարիք է:
Աբրահամյանն էլ ավելացրեց. «Բայց ինչու՞ միայն քաղաքացիների հիշատակը, ոստիկանների՞ն ինչու չհարգենք, որոնք նույնպես մահացու զենքից զոհվել են»:
Խորհրդարանը, Աժ նախագահի հավանությունը ստանալով, մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Ուկրաինայի զոհերի հիշատակը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարտ Եսայանին, սակայն, ամենևին դուր չեկավ իր ընդդիմադիր գործընկերոջ առաջարկը` համարելով դա քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձ: Նա ՀԱԿ պատգամավորին հարցրեց, թե ինչու նա նման առաջարկով հանդես չէր գալիս, երբ Սիրիայում զոհվում էին մեր հայրենակիցները:
Մարգարիտ Եսայանի միտքը շարունակեց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ ՀԱԿ պատգամավորի առաջարկը ճղճիմ շահադիտական նկրտումների հասնելու փորձ էր:
«Արդեն իսկ փորձէ արվում դավադրություն կազմակերել Հայաստանում, և առաջին ծիլերը նախապատրաստվեցին այստեց»,-հայտարարեց Գեղամյանը:
Մեր նախագահը, ինչպես երևում է, հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում. Հրանտ Բագրատյան
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։ Օրինակ, ասում է նա, մի՞թե անուրանալի հաջողություն չէր 2013-ի սեպտ-ին կուպոնի դրույքը 6%-ով հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխումը 700 մլն դոլար ծավալով։ Ի դեպ, շարունակում է նա, մեր երկրի վարկանիշն այնքան բարձր է, որ 2013թ 6%-ից 2014թ փետրվարին դրույքը իջել է 5.8%-։ Մեր նախագահը, ինչպես երևում է, հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում։ 6%-ից 5.8%-ի իջնելու պարագան արդեն բացատրել եմ QE ծրագրի ազդեցությամբ։ Հիմա 6%-ի մասին։ 2013թ սեպտեմբեր 2014թ փետրվար արանքում 7 տարվա ժամկետով բարձր գումարով (հաճախ՝ մլրդ և ավելի գումարով) եվրաարժեթղթեր են տեղաբաշխել Վրաստանը՝ 5.7%, ՌԴ-ն՝ 4.3%, Լեհաստանը՝ 3.27%, Լատվիան՝ 1.15%։ Հիմա մեր հաջողությունն այստեղ ո՞րն է։ Իհարկե, 6%-ը ձախողում չէ։ Բայց Վրաստանը սփյուռք ու տրանսֆերտներ չունենալով 5.7%։ Բացի դա, Մյուդիսով Վրաստանի վարկանիշը մեզանից ցածր է և այդ տրանսֆերտների պատճառով միշտ ցածր կլինի։ Մյուս կողմից, այսօրվա դարում մի՞թե հաջողություն կարելի է համարել ռուսական «լիբոր+3» տոկոսը 6%-ոց եվրոպականով փոխարինելը։ Կարո՞ղ է խնդիր կա ռուսական 500 մլն դոլարի վարկի ծախսման հետքերը մաքրելու։ Մի վերջին դիտողություն ևս. հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով։ Նրա համաձայնությունը եղե՞լ է”։
Քաղաքական ռեսուրսի մսխո՞ւմ, թե կապիտալի կուտակում
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ համախմբման հնարավորությանը.
“ԱԺ ոչ իշխանական ուժերի քննարկումները` կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի շուրջ դեռևս արդյունք չեն տալիս, իսկ օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնելու ժամկետների հարցը մնում է անորոշ:
Ոչ պաշտոնական մակարդակում, կոնսեսուսի չկայացման տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից ամենաքննարկվողը կառավարությանն անվստահություն հայտնելու ճանապարհով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իշխանություն վերադարձի վարկածն է` վարչապետի տեսքով, որին ոչ իշխանական ուժերից առնվազն «Ժառանգությունը» ընդդիմանում է. ըստ մամուլի հրապարակումների:
Ինչևէ, մամուլում շրջանառվող վարկածներից սահուն անցում կատարենք առկա իրավիճակին և հիմնական դիտարկումներին. կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը նախևառաջ ենթադրում է անհրաժեշտ փաստերի հավաքագրում: Փողոցում հանդիպած յուրաքանչյուր 2-րդ կամ 3-րդ քաղաքացին կդժգոհի կառավարությունից` համարելով, որ այն պետք է փոխվի, սակայն երբ դրա մասին բարձրաձայնում են քաղաքական ուժերը և նպատակ ունեն իմպիչմենտի գործընթաց սկսել, պետք է դրա համար լուրջ փաստական բազա ապահովել: Թե ինչ փաստերի կամ վերլուծությունների են տիրապետում ԱԺ ոչ իշխանական ուժերը, պարզ կդառնա, երբ նրանք ի վերջո համաձայնության գան և խորհրդարանում կառավարության նկատամբ անվստահության գործընթաց նախաձեռնեն:
Երկրորդ, որքան էլ ոչ իշխանական ուժերը արտաքուստ փորձեն ցույց տալ, թե երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ կարող են միավորվել, այսպիսի իրավիճակներում նրանք 4-ն էլ առաջին հերթին փորձում են հասկանալ, թե ի՞նչ շահ և ակնկալիքներ ունեն պրոցեսից մյուս 3 մասնակիցները. մի պահ մոռանանք այն, որ առանց բացառությունների, քաղաքական բոլոր ուժերը իրենց միակ ֆունկցիան հռչակում են «ժողովրդին ծառայելը»: Դիցուք, ոչ իշխանական ուժերին հաջողվի այնպիսի ճնշում ապահովել իշխող մեծամասնության նկատմամբ, որի պայմաններում կառավարությունը հրաժարական տա: Արդյո՞ք այս պայմաններում ոչ իշխանական ուժերը համաձայնության կգա՞ն կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում. հաշվի առնելով կոալիցիոն կառավարության հիմնական թեկնածուի` ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը, ապա` ոչ: Ստացվում է, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ համամասնությունը կպահպանվի, լավագույն դեպքում ՀՀԿ-ական 1-2 նախարարի փոխարեն կնշանակվեն ոչ ՀՀԿ-ականներ, սակայն պաշտոնյաներ, ովքեր առաջին իսկ ազդանշանի դեպքում կուսակցական կրծքանշաններ կկրեն:
Եվ այստեղ առաջ կգա հերթական հարցադրումը. ինչի՞ն է ծառայելու կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, միայն անձերի փոփոխությա՞նը, բարոյական հաղթանակի՞ն, թե…
Երրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լավ, թե վատ, քաղաքական, թե ապաքաղաքական պրոցեսների արդյունքում իշխանության դիրքերը բավականին կայուն են թվում, ակնհայտ է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի գերակա նպատակը` «պատգամավորներ պոկել» իշխող մեծամասնությունից ու անհրաժեշտ ձայներ ապահովել իմպիչմենթի գործընթացը հաջողելու համար, մնում է անհնար:
Ենթադրվում է, որ այս իրավիճակում ԱԺ ոչ իշխանական ուժերը դեռևս հաշվարկում են, թե այս կամ այն սցենարի դեպքում, որքան քաղաքական ռեսուրս կծախսվի և ի՞նչ քաղաքական կապիտալ կարելի կլինի ձեռք բերել:
Զուտ քաղաքական պրոցեսի շարունակականության, և, առհասարակ, քաղաքական ակտիվ պայքար ի ցույց դնելու տեսանկյունից, գործընթացը կարելի է արդարացված համարել, ի վերջո, նրանք մինչ 2017-18 թվականների ընտրական ցիկլ պետք է «մարզավիճակ պահպանեն»` ընտրություններին ներկայանալով որպես ակտիվ ու «առողջ օրգանիզմ»:
Մյուս կողմից, ԱԺ ոչ իշխանական ուժերը պետք է հաշվարկեն այն հետևանքները, որին կհանգեցնի անպտուղ պայքարը կառավարության փոփոխության հարցում ու ըստ այդմ` հիասթափությունը համակիրների ու հասարակության շրջանում:
Վերջիվերջո, դժվար է տասնամյակներով պայքարել լոզունգներով, երբեմն կոշտ-կտրուկ հայտարարություններով` գրանցել նվազագույն արդյունք, իսկ ընտրական գործընթացներում լուրջ ակնկալիքներ ունենալ: Մանավանդ, որ 2013 թվականի կայացած նախագահական ընտրություններում ԱԺ ոչ իշխանական ուժերից 3-ը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ն արդեն իսկ անհրաժեշտ չափաքանակի հիասթափություն են ապահովել իրենց ընտրազանգվածների համար”,-գրել է նա:
Օլեքսանդրա Մատվիյչուկը կոչ արեց քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ
«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկը:
Նրա համոզմամբ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է. «Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:
Լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունի պնդմամբ Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չի անվանվի, նրա խսքով ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:
Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը».
«Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Օբամա- Դալայ- լամա հանդիպումից Պեկինը դժգոհ է
Պաշտոնական Պեկինը դժգոհ է Բարաք Օբամայի ու Դալայ-Լամայ բանակցություններից: Դրա առնչությամբ, չինական իշխանությունները ՆԳՆ են կանչել ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Դենիել Կրիտենբրիգին:
Այնտեղ դիվանագետին նկատողություն են արել այն բանի համար, որ Ամերիկայի նախագահի ու ողջ աշխարհի բուդդայականների հոգևոր առաջնորդի հանդիպումն այնուամենայնիվ կայացավ: Գերատեսչությունում բանակցություններն անվանել են երկրի ներքին գործերին միջամտություն: ԱՄՆ-ը խոստացել է, որ չի աջակցի Տիբեթում անջատողական տրամադրություններին,սակայն հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան այդ խոսքի դրժում, նշել են չինացի դիվանագետները: Պաշտոնական Պեկինի ու Դալայ-լամայի դիրքորոշումների հակադրությունը մարդու իրավունքների իրավիճակից չեն, պարզաբանել է իր դիրքորոշումը գեևատեսչությունը:
Տիբեթը Չինաստանի լիիրավ ու անքակտելի մասն է կազմում ու դրա համար էլ Տիբեթը գտնվում է ՉԺՀ-ի կառավարման ներքո, ասվում է Չինաստանի ԱԳ նախարարի հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակ». Արտաշես Գեղամյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել
Հայկական Ժամանակ-ը գրում է.
«Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ԽՎ վերջին նիստերից մեկում բավական անհարմար վիճակում է հայտնվել:
Գեղամյանը, որ վերջին շրջանում սովորաբար անբաժան է իր ipad-ից, ԵԱՀԿ ԽՎ նիստերի ժամանակ դրանով տեսագրում է իր ելույթները, որոնք հետո փոխանցում է պետական լրատվամիջոցներին: Եվ ահա նիստերից մեկում, երբ նա սկսել է իր ելույթը, սարքը խափանվել է։ Գեղամյանի ռուսերեն ելույթի ժամանակ եվրոպացի պատգամավորները ցուցադրաբար նետել են ականջակալներն ու հեռացել, ռուս պատգամավորները կիսահեգնական տոնով սկսել են «բալետ» անել Գեղամյանին՝ «давай, давай, Армения», իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավար` Միլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան կողքից հուշել է « ipad-դդ միացրու, րոպներդ գնում են:
Սույն դառը փորձից հետո Գեղամյանն այժմ ԵԱՀԿ նիստերին գնալիս 2 օպերատոր է տանում՝ Հ1– ից և իր կուսակցությունից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«168 ժամ». Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ
«Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծն Աժ օրակարգ մտցնելու հարցում։
Կա տեսակետ, որ դրան դեմ են ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների գործարարները, ովքեր չեն ցանկանում թշնամանալ կառավարության հետ և վտանգի տակ դնել իրենց բիզնեսը։
Բայց կա նաև տեղեկություն, թե պատճառը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դրսևորած արմատական կեցվածքն է։ Արմատական՝ այն իմաստով, որ նա առաջարկում է քննարկել ոչ թե կառավարությանն անվստահություն հայտնելու, այլ նախագահին իմպիչմենթ հայտնելու հարցը։ Այս պահանջը շատ ծանր վիճակի մեջ է դնում ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, որոնք սարսափում են նախագահի պաշտոնանկության մասին ցանկացած հարցից։
Եթե դա իսկապես այդպես լիներ, Ռուբեն Հակոբյանի մոտեցումը կարելի էր համարել սկզբունքային, բայց Հակոբյանը հրաժարվում է հաստատել այդ մասին տեղեկությունները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն». Գագիկ Հարությունյան
Արտաքին ճակատում Թուրքիան ներկայումս բավական բարդ իրավիճակի մեջ է հայտնվել: Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ի դերև հանեցին Թուրքիայի հույսերը: Այս ամենին գումարվում են ներքին խնդիրները՝ Գեզիի դեպքերը, կոռուպցիոն հայտնի սկանդալը և այլն: Շատերն ասում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շուտով հրաժեշտ կտա քաղաքականությանը, սակայն ճիշտ կլինի սպասել այդ երկրում մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար, փորձագետ Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` փորձագետը նկատեց, որ առնվազն միամտություն է պնդել, որ այդ քայլից հետո Հայաստանին որևէ վտանգ չի սպառնա:
«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Պետք է գիտակցել այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ սահմանի բացումից հետո»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գագիկ Հարությունյանը հնացած է համարեց միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական կողմի ռազմավարությունը: Նրա խոսքով` խնդիրը բարձրաձայնելուց բաից այլ բան գրեթե չի արվում:
«Իսկ ահա Թուրքիան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր վարած մեղմ քաղաքականությամբ փորձում է անգամ կապեր հաստատել սփյուռքահայ կազմակերպությունների հետ»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն խնդրին դրական լուծում տալու համար:
Մեկնարկը տրված է. ո՞ր քաղաքական ուժը առաջ կանցնի մյուսներից
Եթե անցյալ տարի այս օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում հարյուրհազարավոր մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ինչ որոշում կկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ուղիղ մեկ տարի անց նա նույնիսկ, նախօրոք պլանավորված հանրահավաքը փոխարինեց լրագրողների հետ հանդիպմամբ:
Բայց ներքաղաքական զարգացումներն այս օրերին էլ պակաս հետաքրքիր չեն: Վերջին մեկ տարում Հայաստանում քաղաքական ներկապնակն ու գործընթացները հետաքրքիր փոփոխություններ են կրել: Եթե նախկինում հասարակությունն էր համախմբվում այս կամ այն քաղաքական ուժի, գործչի շուրջը, ապա արդեն մեկ տարի է, ինչ ներհայաստանյան կյանքը տեղափոխվել է քաղաքացիական հասարակության տիրույթ: Ու արդեն քաղաքական ուժերն են միանում կամ համախմբվում հասարակական շարժումների շուրջը: Սրա լավագույն ապացույցը, թերևս, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հասարակական ալիքն է ու դրա շուրջ ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունների, նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի համախմբումն է:
Սրանով, իհարկե, վերջին մի քանի ընտրություններից հետո աութսայդերի կարգավիճակում հայտնված ոչ իշխանական ուժերը նաև ինքնաապաքինման հարցեր լուծեցին, իսկ հիմա արդեն որոշ հարցերում հանդես են գալիս միասնաբար: Բայց դա դեռ օրինաչափ համարել չի կարելի:
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը թերևս կարողացան միասնաբար հանդես գալ թե՛ հայ-ռուսական «գազային» պայմանագրերի, թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ գործընթացներում: Բայց դա դեռ առաջին փորձն էր: Հիմա արդեն այս ուժերը նոր խնդիր ունեն. օրակարգում ակտիվ քննարկվում է գործող կառավարության հրաժարականը պահանջելու հարցը, որը բավականին բարդ է: Որովհետև վաղուց արդեն հարց էր, թե նրանցից որ մեկը կլինի այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն մյուս քաղաքական ուժերը, որքանով սոցիալական շարժումները կվերաձևվեն քաղաքականի, իսկ այնուհետև այս համախումբը կդառնա քաղաքական դիվիդենտ:
Եվ անկեղծ չէ Էդուարդ Շարմազանովը, երբ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի միավորմանը` ասում է. «Անկախ նրանից` այդ չորս քաղաքական ուժերի սիրավեպն ինչով կավարտվի, ես այնտեղ որևէ լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ այս չորս քաղաքական ուժերը դեմ են կառավարության կամ իշխանության նախաձեռնություններին, այստեղ որևէ նոր բան չկա»:
Իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ն, որքան էլ փորձում են ցույց տալ, թե զգուշանալու խնդիր չունեն, հակառակն են ապացուցում: Մասնավորապես, երբ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշում է, թե իր համար անհասկանալի է` իրականում ինչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը, որովհետև քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց համար ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանն ու կառավարությունը հրաժարական տան, միևնույն է, հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը, այն է` ՀՀԿ-ն գումարած ՕԵԿ-ը, ապա դա նշանակում է, որ նրանք արդեն իսկ հասցրել են այս հարցով մտահոգվել, դրա շուրջ մտածել ու նման եզրակացության հանգել:
Արտախորհրդարանական ուժերի մեջ, ամեն դեպքում, չի երևում այն հստակ առաջնորդող ուժը, որը կարող է այդ «սոսինձը» հանդիսանալ: Իսկ խորհրդարանականների դեպքում կենացները, այսպես ասած, քաղցրանում են:
«Ժառանգությունը», որն ուղիղ մեկ տարի առաջ հարյուրհազարավոր քաղաքացիների աջակցությունն ուներ, և բոլորի համար անսպասելի, ըստ էության, դարձել էր երկրի քաղաքական օրակարգը թելադրող թիվ մեկ ուժը, մեկ տարում «հաջողեց» այդ ահռելի ռեսուրսը վատնել: Ու հատկապես վերջին շրջանում այս կուսակցության ներսում կատարվող գործընթացներն այնքան էլ հասկանալի չեն հասարակությանը:
ՀԱԿ-ում էլ ամեն ինչ դեռ որոշված չէ. մարտի 1-ին ՀԱԿ-ը նախատեսում է անցկացնել հանրահավաք, որի արդյունքներից էլ կախված կլինեն ՀԱԿ-ի հետագա քայլերը:
«Մենք մարտի 1-ի հանրահավաքին կստանանք մեր առաջին թեստը, թե որքանով է ժողովուրդն այսօր պատրաստ պայքարի, ինչքան ուժեղ են կուտակված սոցիալական դժգոհությունները, ինչքանով է պատրաստ ժողովուրդն ընդվզելու այս անօրինականությունների դեմ»,- «Առավոտին» ասել է ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀՅԴ-ն է ոգևորված ոչ իշխանական չորս ուժերի միասնաբար հանդես գալու դրույթով, բայց նրա կողմից դեռ հստակ նախաձեռնություն չի երևում առկա քաղաքական ու հասարակական շարժման առանցք դառնալու ուղղությամբ: Թերևս ՀՅԴ-ի պարագան ավելի հստակ կլինի կուսակցության ընդհանուր ժողովից հետո:
Իսկ ԲՀԿ-ն արդեն առանցք դառնալու ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում: Հենց այն օրը, երբ հայտարարված էր ԵԿՄ 10-րդ համագումարը, ԲՀԿ-ն «կայծակնային» որոշմամբ հայտարարեց, որ նույն օրը, գրեթե նույն ժամերին, ինքն էլ է համագումար հրավիրում: Ու վերջին օրերի ներքաղաքական զարգացումների կարևոր ատրիբուտներից մեկն էլ հենց այդ համագումարն էր:
ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը քննադատեց գործող իշխանություններին` ասելով`«Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները»:
Համագումարի կապակցությամբ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, թե այս համագումարի ժամանակ ԲՀԿ-ն պետք է կոնկրետ բառերով հայտարարի` իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն:
«ԲՀԿ-ի համար տխուր ավանդույթ է դարձել չկողմնորոշվելը. չի կողմնորոշվում նախագահական ընտրություններին, չի կողմնորոշվում համագումարում՝ իշխանություն են, թե ընդդիմություն, չի կողմնորոշվում Մաքսային միության հարցում: Մինչև կողմնորոշվի` ուշ կլինի»,- լրատվամիջոցներին ասել է Էդուարդ Շարմազանովը:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Գագիկ Ծառուկյանի ելույթը համագումարում տպավորիչ չէր, ավելի ճիշտ, նա ոչ մի նոր բան չասաց: Նրա խոսքով, երբ ԲՀԿ-ն կորոշի, թե որտեղ է գտնվում, ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, այն ժամանակ էլ ավելի կոնկրետ պարզաբանումներ կլինեն:
ԲՀԿ-ն նախընտրեց պահպանել իր նախկին ձևակերպումը` այլընտրանքը:
Բայց մի ուշագրավ հայտարարություն արեց Ծառուկյանը, որը հենց վկայում է, որ ԲՀԿ-ն ԱԺ ոչ իշխանական ու արտախորհրդարանական ուժերի և հասարակական շարժումների առանցքը դառնալու լուրջ հավակնություններ ունի. «ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ: Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որը չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական – հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրներն ու հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա: Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է` հասարակությունը»:
Բնական է, որ ԲՀԿ-ն պետք է փորձի օրակարգ թելադրող դառնալ: Նախ` ԱԺ ոչ իշխանական ուժերի մեջ ամենամեծ խմբակցությունը հենց նրանն է: Երկրորդ` ունի քաղաքապետներ, գյուղապետներ, այլ պաշտոնյաներ, Երևանի ավագանիում` համեմատաբար շատ ներկայացուցիչներ, քան ոչ իշխանական մնացած ուժերը: Այսինքն` որոշակի վարչական ռեսուրս, որ մյուս ուժերն այնքան էլ շատ չունեն: Երկրորդ` ի դեմս կուսակցության նախագահի, ունի ֆինանսատնտեսական ռեսուրսներ ու լծակներ, որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար: Երրորդ` ԲՀԿ-ն կապվում է հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որը վերջերս խիստ ակտիվություն դրսևորեց և դեռևս Հայաստանում որոշակի դերակատարություն ունի, չորրորդ` հենց Գագիկ Ծառուկյանի խնամին ՀՀԿ-ում փոքր ֆիգուր չէ, ինչը նաև ՀՀԿ-ի ներսում որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություններ է տալիս: Այսուհանդերձ ԲՀԿ-ն ակնհայտորեն փորձում է կես կամ մեկ գլուխ ավելի բարձր դիրքավորվել, քան մյուս ուժերը, ու այս պայմաններում հարց է` կհամաձայնե՞ն մյուսները:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց բրիտանացի պատգամավորների հետ
20 փետրվարի 2014թ., Երեւան: Հայաստան այցի շրջանակներում այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլին եւ խմբի անդամներ՝ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերին, լորդ Ռիչարդ Ֆոլքներին, ինչպեսեւ Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդին ու Մայք Գեյփսին:
Արծարծվեցին տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ներքին` ժողովրդավարական-իրավական եւ արտաքին քաղաքականության գերակայություններին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ու Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության միջազգային ճանաչման հրամայականին առնչվող հարցեր:
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը, ըստ ամենայնի, կանդրադառնա նշյալ հիմնախնդիրներին:


