Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի
1-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն
Հայաստանի տարբեր մարզերում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Ապրիլի 1-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան մերկասառուցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. վարորդը և երկու ուղևորները չեն կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հոնդա մակնիշի 63 GI 185 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Բ. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 AP 095 պետհամարանիշի ավտոմեքենան` 3 ուղևորով (վարորդ` Ա. Գ.):
***
Մարտի 31-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում ձնակույտում ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2107 մակնիշի 35 UD 293 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ.), ՎԱԶ 2107 35 VT 895 պետհամարանիշի (վարորդ` Ք. Թ.) ավտոմեքենաները և Ռենո մակնիշի 82 RU 222 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա.) քարշակը:
***
Մարտի 31-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տոյոտա պրադո մակնիշի 011 SNND 2 պետհամարանիշի ավտոմեքենան` 5 ուղևորով (վարորդ` Կ. Խ.):
***
Մարտի 31-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Դիլիջան-Վանաձոր հատվածում (16-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 33 TT 437 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ իր Երևանի Դավիթաշեն թաղամասում «Լեքսուս» մակնիշի 22 QQ 272 պետհամարնիշի ավտոմեքենայի առջևի անիվն արգելափակվել է բաց դիտահորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Մարտի 31-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և «Կապավոր» ՃՇՇ ՍՊԸ-ի ուժերով արգելափակումից դուրս են 43 ավտոմեքենա` 132ուղևորներով:
***
Մարտի 31-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 05 TL 555 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ.):
***
Մարտի 31-ին, ժամը 09.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Տեղ հատվածում (13-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TO 430 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 34 SO 430 պետհամարնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., մեկ ուղևոր):
***
Մարտի 31-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան – Ջրաբեր ավտոճանապարհին` 40-ամյակի հուշարձանի մոտակայքում, Միտցուբիշի մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Միտցուբիշի մակնիշի 32 ՕՍ 282 պետհամարնիշի ավտոմեքենան` 4 ուղևորով (վարորդ` Տ. Մ.):
***
Մարտի 31-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ , որ Վարդենիս – Մարտունի միջհամայնքային Հ-11 ավտոճանապահի 12 կմ-ին ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Նիսան Տիդա մակնիշի 14 TL 995 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.):
Անկախ
Ոսկու հանքանյութ տեղափոխող վագոնները կողաշրջվել են
Մարտի 31-ին, ժամը 23.24-ին ՙՙՀարավկովկասյան երկաթուղիներ՚՚ ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ երկաթգծի 180-րդ կմ-ում (Վարդենիս – Շորժա հատված) թիվ 1612 բեռնատար գնացքի (կազմված 30 վագոնից) 7 վագոնները գծերից դուրս են եկել, իսկ 4-ը` կողաշրջվել:
30 վագոններն էլ իրականացրել են ոսկու հանքանյութի տեղափոխում. զոհեր և տուժածներ չկան:
ՌՈՍՏՈՄ
«Եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ.Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտք էր, ե՛ւ կամք ու խիղճ՝ Դաշնակցութիւնն ինքը իր բովանդակ էութեամբ»։ Սիմոն Վրացյան
Հովհաննես Թումանյանն իր հուշերում գրել է, որ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը ստացել է Զորյանից. «Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ: Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկայ պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի: Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց նվիրեցի Ստեփանին: Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմաները խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագրերով»:
Դժվար է պատկերացնել հայոց ազատամարտի պատմությունն առանց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության: Հիրավի, ՀՅԴ անվանումն այսօր բոլորը գիտեն. բայց արդյոք բոլո՞րը գիտեն նրա հիմնադիր եռյակի` Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ռոստոմի` Ստեփան Զորյանի մասին: Այո, քչերը գիտեն, քանզի նրանք գործի մարդիկ էին, այլ ոչ շոու բիզնեսի…
1867 թ. հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում` նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում ծնվեց ՀՅԴ ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, որ պատմությանն ավել շատ հայտնի է իր հեղափոխական կեղծանունով` Ռոստոմ:
Նախնական կրթությունը Ռոստոմը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները ձևավորեցին սերն առ հայրենի պատմություն, գրականություն և հոգևոր երաժշտություն: Հետագայում որտեղ էլ որ գործում էր Ռոստոմը, միշտ բոլորին փորձում էր սովորեցնել հայ հոգևոր երաժշտություն և հեղափոխական երգեր: 1882 թ. Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան: Ժամանակակիցները վկայում են, որ Ստեփանը ուշիմ աշակերտ էր և հասակակիցների հետ ազատ ժամանակ խաղալու փոխարեն միայն կարդում էր: Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթո մականվամբ:
Թիֆլիսյան ուսումը բավարար չէր Ռոստոմի թռիչքի ձգտող մտքի համար, և շուտով պատանին Եվրոպա է անցնում ու ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում, որն ավարտելուց հետո ավարտում է նաև Մոսկվայի գյուղատնտեսական համալսարանը: Առհասարակ Ռոստոմը ողջ կյանքում ինքնակրթությամբ զբաղվելու առիթը բաց չէր թողնում: Նա հատկապես քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու գրականությանը, շատ բան անգիր գիտեր ռուս գրականությունից, սիրում էր հատկապես Գոգոլին և կարող էր անգիր արտասանել «Տարաս Բուլբան»:
Ռոստոմն անձամբ մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ, բավական երկար ժամանակ էր անցկացնում մեծ բանաստեղծի հետ, որը հենց Ռոստոմի ազդեցությամբ անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Ահա թե ինչ է գրել ամենայն հայոց բանաստեղծը Ռոստոմի մասին. «…Տարբեր միջավայրերից եկած, տարբեր դպրոցներում սովորող երկու պատանիներ, հանդիպելով Բաղդի քեռու տանը, զրուցում են միմեանց հետ, կարծիքներ փոխանակում և ավելի շատ վիճում: Զրույցների և վեճերի նյութը գլխավորապես գրականությունն ու պատմությունն էին»: Մրցում էին իրենց իմացածով և իրար դեմ հանում. Թումանյանը` հայկականը, Զորյանը՝ ռուսականը: «Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել,- գրում է Թումանյանը:- Քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հեռուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա»:
Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են միտինգներ կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով: Սակայն Ստեփանն արդեն ընտրել էր իր հայ ազատամարտի ուղին: Հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ նա սովորում էր զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների` ռումբերի պատրաստման և կիրառման գործում:
Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի գյուղ` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` հեղափոխության հորձանուտը: 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում: Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր: Այս ընկերությունը մեծ պտուղ տվեց ընդամենը մեկ տարի անց:
Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն: Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ: Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին: 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը: Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն` դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն: Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի` «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից` կիրառության մեջ մտավ:
Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս:
Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը: 1895 թ. նա հաստատվում է Կարինում: Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում քաղաքում և նահանգում: Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան: Ռոստոմը Կարինում հաստատվեց նաև 1910-1914 թթ.: Եվ նրա ներկայությունը Կարինում առանձնակի փոփոխություն էր առաջացրել ազգային կյանքում:
Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում: Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան: Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին: Եվ դա անել քրդերի շրջանում` լուսավորություն տարածելով: Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1902 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ: Նա Ֆիլիպեում իր կնոջ` Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը: Ռոստոմն ակտիվ էր նաև հետագայում` Բալկանյան պատերազմում, երբ Անդրանիկն ու Նժդեհն իրենց կամավորներով Բալկաններում պատերազմում էին թուրքերի դեմ:
1903 թ. նա կաթողիկոս Խրիմյան հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարության դեմ պայքարը հայկական դպրոցները փակելու դեմ, իսկ 1904-ից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը:
1907 թ. ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը:
Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը:
Սակայն սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր: Երբ Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը` Ռոստոմն իրեն նետեց նրա բոցերի մեջ: Պարսկական հեղափոխության առաջամարտիկները հենց հայերն էին, Ռոստոմը գաղափարական ճակատում, Նիկոլ Դումանն ու Եփրեմ խանը` ռազմի դաշտում:
Ապա նա ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում: Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը: Նա հայոց պատմության սիրահար ու գիտակ էր և կարծում էր, որ ամեն հայ պիտի քաջատեղյակ լինի սեփական ժողովրդի պատմությանը:
Ռոստոմը երբեք կանոնավոր զինվորական կրթություն չի ստացել: Բայց գործի մեջ` հանձնարարություններր կատարելիս և ամենուր երկաթյա կարգապահություն էր պահպանում և պահանջում ուրիշներից: Ըստ նրա` այդ կարգապահությունը պետք է դառնա դաշնակցականի, առհասարակ հային բնորոշող գծերից մեկը: Գործի և պայքարի ժամանակ նա երբեմն անգամ դաժան էր, միաժամանակ զգայուն ու նուրբ հոգի ուներ ու անսահման բարություն:
1918 թ. ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր` խրամատում: Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս:
Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով:
Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը: Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը: Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում: Սակայն վրա հասավ պատուհասը` մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը: 1919 թ. հունվարի 18-ի գիշերը` իր երեսնամյակի օրը, նա մահացավ: Նրա մահվան ու հոգեվարքի ականատեսներն էին կինը` Եղիսաբեթն ու դուստրը` Թագուհին: Անկողնում գամված` նա շարունակ լսում էր Մակար Եկմալյանի մշակումները, հատկապես` նրա «Հայր մերը»: Եվ անգամ մահվան մահճում չմոռացավ Եկմալյանի գործերն ուղարկել սոցինտեռնի բյուրոյի քարտուղար Հյուսմանին, քանզի նա սիրում էր հայկական եկեղեցական երգերը:
Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, – ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար,:
Երկրաշարժ ՀՀ տարածքում
Մարտի 31-ին տեղական ժամանակով 22.01-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.860:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև բակային տարածքներում
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապա և վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները: Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև կանգառասրահների հարակից տարածքներում:
ՙՙՄիշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ՚՚. պարզաբանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը
ՙՙԿուտակային կենսաթոշակների մասին՚՚ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ դատաքննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ի պատասխան այդ օրենքում տարիքային խտրականության մասին դիմող կողմի պնդումներին, պարզաբանեց, թե օրենքը, որպես պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, նախատեսելով միայն 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հիմք է ընդունում պետության կողմից կենսաթոշակային ապահովման փաստացի հնարավորությունը: Այս հանգամանքը նկատի ունենալով` ամրագրվել է տարիքային տարանջատման օբյեկտիվ չափանիշ՝ հիմնվելով իրական հնարավորության վրա: Միշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ:
ՙՙՄիշտ էլ կարելի է վիճարկել, թե, օրինակ, ինչո՞ւ անձը 63 տարեկանում է անցնում թոշակի, թե ինչու՞ է մինչև 18 տարեկանը համարվում երեխա, այլ ոչ 21-ը, ինչու՞ է դպրոցական տարիքը ներկայումս սկսվում վեց տարեկանից: Ինչո՞ւ է օրենքը սահմանում, որ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության պարտականություն ունեն միայն 18 տարին բոլորածները, ոչ թե 17 տարեկան 364 օրականները՚՚,-նկատեց Հակոբ Հակոբյանը:
Հակափաստարկ բերելով դիմող կողմի պնդումներին` ԱԺ պատգամավորը նշեց, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը սահմանափակում է սեփականության տնօրինման իրավունքը:
ՙՙԱյն հանգամանքը, որ պետությունը, Սահմանադրության մակարդակով պարտավորություն է կրում ճանաչել և պաշտպանել անձանց սեփականության իրավունքը, որևէ կերպ չի ենթադրում, որ օրենքի մակարդակով չի կարող որոշակի ժամկետով սահմանափակվել անձանց սեփականություն հանդիսացող կոնկրետ բաղադրիչի օգտագործման և տնօրինման իրավունքը՚՚,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին:
տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն
Ուշադրություն.սպասվում է ջերմաստիճանի անկում
Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասավում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում միչև 6 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին`7 աստիճան ցուրտ
Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում`
Ապրիլի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ:
ՍԴ նախագահի համար պարզ է` կառավարությունն այնպես է արել, որ պարտադիր կուտակայինի վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը
Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` նվազագույն աշխատավարձ ստացողն ինքը պետք է վճարի՞ պարտադիր կուտակայինի վճարները, թե՞ գործատուն, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, այն ուշացած աշխատավարձ է:
Այդ պատասխանից հետո ՍԴ նախագահը նշեց, որ իր համար արդեն պարզ է` կառավարությունն օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։
Իր հերթին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են 40 տարով «պարտադիրը» կիրառում, թող վերջին 10-15 տարվա ընթացքում կիրառեն, կամ, միգուցե, տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին: Ֆելիքս Թոխյանը նաև օրենքի կիրառումը հետաձգելու հնարավորություններից հետաքրքրվեց:
Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ այս օրենքով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: «Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք օրենքի ընդունումը, և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կհանգեցնի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի»,-ասաց Արտեմ Ասատրյանը պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Ֆելքս Թոխյանի այն հարցին, թե ինքը կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակի իր իրավունքից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Կարող եք, այո»:
Ֆելիքս Թոխյանի այն դիտարկմանը` թե ինքը ցանկանում է կենսաթոշակ ստանալու իր իրավունքն իրագործել շատ ավելի ուշ, քան որոշել է պետությունը, բայց պետությունը 40 տարի առաջ իրեն ասում է՝ ոչ, պետք է ստանաս, հիմա պետք է վճարես, իսկ 40 տարի հետո նոր կարող ես հրաժարվել, նախարարը պատասխանեց. «Քաղաքացիները ունեն իրավունքներ և պարտականություններ, պետությունն ունի պարտականություններ քաղաքացիների հանդեպ, որոնք իրագործելու համար գործիքներ է ստեղծում: Տվյալ դեպքում մենք գործ ունենք կենսաթոշակային ապահովագրության հետ, որի մեխանիզմներն այն են, ինչ շարադրված են օրենքում»:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում». Արտեմ Ասատրյան
Այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում:
«Տարբեր ուսումնասիրություններ են կատարվել հասկանալու համար, թե Հայաստանի համար կենսաթոշակային ինչպիսի՞ համակարգը կարող է արդյունավետ լինել, քանի որ ներկայիս համակարգը չէր կարողանում ապահովել այն երկու խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն կենսաթոշակի միջոցով, և ընտրվել է հենց այս մոդելը, որով մենք երկրի սոցիալական պաշտպանության մոդել ենք ստեղծում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքով` կենսաթոշակը հիմնական երկու կարևորագույն խնդիր է լուծում՝ թոշակ ստացողը պետք է աղքատ չլինի և աշխատող քաղաքացին, ով անցել է թոշակի, պետք է ստանա արժանավայել փոխհատուցում: Իսկ ներկայիս կենսաթոշակային համակարգն այս երկու խնդիրը չի լուծում, ուստի անհրաժեշտ է ունենալ մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի կարգավորել դրանք:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական Դատարան են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին և շարունակվում է այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին և պատասխանող կողմին: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին:
Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքն ու հորդորել է նույն եռանդով շարունակել սեփական եկամուտների հավաքագրման իրականացումը․ ՙՎերջին տարիներին գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Սա ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը։ Վառ ապացույցը նաև 2014թ-ի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է։ Ֆինասական հոսքերի ճշգրիտ և արդյունավետ կառավարման արդյունքում այսօր մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն սեփական եկամուտների հավաքագրման կատարողական, այլև տարեցտարի ընդլայնել համայնքային բյուջեով նախատեսված ծրագրերով իրականացվող աշխատանքների ծավալներըե,- ընդգծել է քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դարձել ենք մի ծտի ծերտ քարտեզի վրա. Նիկոլայ Ծատուրյան
Արվեստագետ Նիկոլայ Ծատուրյանը տասնութ տարի շարունակ ամեն տարի երեք-չորս ամսով մեկնել և աշխատել է Սիրիայում: Նա պնդում է, որ Հալեպում ձևավորված է ամենակուռ հայ համայնքը:
«Ես նաև այլ երկրներում եմ հայ համայնքների հետ շփվել, բայց այնպիսի համայնք, ինչպիսին Հալեպում, թերևս չունենք: Նրանց համար դա իրոք երկրորդ հայրենիք է: Ասադը շատ լավ է վերաբերում հայերին: Նրանք հանգիստ են դավանելու իրենց կրոնը, ապրելու և ստեղծագործելու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլայ Ծատուրյանը` շեշտելով, որ այն, ինչ հիմա է տեղի ունենում այդ չքնաղ բնակավայրերի հետ, իրեն հիշեցնում է Սարոյանի խոսքը այն մասին, որ ինքը սիրում է մարդուն, քանի որ նա ունակ չէ գազանության, ամբոխն է, որ գազան է դառնում:
«Այսօր մենք պետք է շտապեինք օգնության Սիրիային և հայկական համայնքին, բայց մեկ-մեկ մտածում ու ափսոսում եմ` ինչքան անուժ ենք մենք դարձել: Օգնություն են ուղարկում Սիրիա` հաց, հագուստ: Բայց դրա կարիքը չէ, որ կա: Ինչու՞ չպիտի այնքան հզոր լինեինք, որ գնայինք ու պաշտպանեինք հայաբնակ տարածքները: Երբ նայում եմ քարտեզին, սարսափում եմ. դարձել ենք մի ծտի ծերտ քարտեզի վրա», – եզրափակեց արվեստագետը:
Որոշ հանգամանքներ հուշում են, որ աուտիզմ հիվանդությունը կապված է գենետիկայի հետ. «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»
Ապրիլի 2-ի` Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի հիմնադիր Աերա Պաուլ Հեյլվեյլը վերհիշեց, որ առաջին անգամ Հայաստան է ժամանել` օգնելու աուտիզմով հիվանդ երկու երեխաների: Հետագայում հասկացել է, որ Հայաստանում ևս անհրաժեշտ է ստեղծել կենտորն, որտեղ կայցելեն երեխաները և համապատասխան մասնագետների աշխատանքի շնորհիվ իրենց մեկուսացած չեն զգա հասարակությունից: Այսօր կենտրոն է այցելում աուտիզմով 80 և ավելի երեխա:
Աերա Պաուլ Հեյլվեյլի խոսքով` ԱՄՆ-ում ամեն 68-րդ երեխան կարող է նման հիվանդություն ունենալ:
«Ցավոք, հնարավոր չէ դեռ չծնված երեխաների մոտ ախտորոշել այդ հիվանդությունը: Շատ մասնագետներ մեծ ջանքեր են գործադրում, որ կարողանան որքան հնարավոր է շուտ ախտորոշել հիվանդությունը, որքանով շուտ միջամտություն կատարվի, այնքան ավելի հեշտ կլինի հիվադությունը բուժելը: Աուտիզմ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար այն կապված է գենետիկայի հետ: Օրինակ` այն ընտանիքներում, որտեղ արդեն կա աուտիզմով հիվանդ երեխա, մեծ է հավանականությունը, որ հաջորդ երեխան ևս աուտիզմ հիվանդությունն ունենա, ինչը հուշում է հիվանդության գենետիկական պատճառի առկայության մասին»,- ասաց մասնագետը:
Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան երեխաների շրջանում:
2008-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով տառապող մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը`օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: Հայաստանում 2012-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը:
«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է բարեգործական նոր ձեռնարկ` «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին»
Անցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 այնպիսի ընտանիքների, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Մեր կողմից հայտարարված բարեգործական ձեռնարկին անմիջական աջակցություն ցուցաբերեցին ինչպես մեր հայրենակիցները Հայաստանից և արտերկրից, այնպես էլ օտարերկրացիներ:
Զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև արտերկրում գործող հայկական բարեգործական մի շարք կազմակերպություններ:
Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու ձեռնարկին:
«Շիրակ կենտրոնը», ավարտելով անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ակցիան, այսօրվանից ազդարարում է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկի մեկնարկի մասին: Գյումրու վագոն-տնակներում մեր ամենօրյա դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանցից շատերը գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը և կենսաթոշակները, որը չի բավարարում անգամ ծախսված էներգիայի վճարման և սննդի համար: Կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքներում թերսնվածությունը սովորական երևույթ է:
Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված մեր այս ձեռնարկը: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.
“Shirak Center” NGO Gyumri, Furmanov 32 Phone: +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37
ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA USA $– 2472601614240020
AMD – 2472601614240000
Ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդներին առանց խոչընդոտների անվճար փոխել շարժական կապի իրենց օպերատորին՝ պահպանելով գործող հեռախոսահամարը։ Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացն իրականացվելու է 3 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն հիմնական դեպքերում տեղափոխումը կկատարվի մեկ օրվա ընթացքում։
«Գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը, այսինքն` դիմում կներկայացվի միայն նախընտրելի օպերատորին։ Տարվա ընթացքում բաժանորդը հնարավորություն կունենա երկու անգամ օգտվել այս ծառայությունից»,-ասաց Սամվել Արաբաջյանը` հավելելով, որ համարի տեղափոխման դեպքում, տվյալ համարին զանգահարող անձը ձայնային ազդանշանի միջոցով կտեղեկանա, որ տվյալ համարը տեղափոխվել է այլ շարժական կապի օպերատորի ցանց։
Անդրադառնալով ծառայության ներդրումից հետո օպերատորների կողմից հնարավոր խարդախություններին՝ Սամվել Արաբաջյանն նշեց, որ այս ուղղությամբ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնելու։
«Փորձը ցույց է տալիս, որ եղել են երկրներ, որտեղ օպերատորները փորձել են գովազդային հոլովակների կամ դեմպինգային գների միջոցով առավելություն ստանալ։ Սակայն մենք ուսումնասիրել ենք այդ իրավիճակները և ուշադիր ենք լինելու»,-ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ կանոնակարգվել է նաև շարժական կապի խեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը։ Որոշակի ժամկետով կամ առանց բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված կոդավորված սարքերի ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բաժանորդը կատարել է պայմանագրային պարտավորությունները։ Սակայն կան դեպքեր, երբ հեռահաղորդակցության սարքերի ապակոդավորումն ավելի շատ ժամանակ է պահանջում։ Այդ դեպքերի համար ժամկետ է սահմանվել 5 աշխատանքային օր։ Նույն որոշմամբ` այն օպերատորները, որոնք վաճառում են կոդավորված սարքեր, պարտավոր են նույն վաճառքի կետերում առաջարկել նույն սարքերի ոչ կոդավորված տարբերակները, որպեսզի դրանք հասանելի լինեն։
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր գյուղերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։ Ընդ որում, ՀՀ բնակավայրերի 8,5 %-ը ապահովված են 1 օպերատորի, 23 %-ը՝ 2 օպերատորի և 68,5 %-ը` 3 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։
Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը
«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առավել ծանր վիճակում են հայտնվել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցները:
Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում: Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:
Ներկայացվող տեսանյութը խարխուլ, կոմունալ բոլոր պայմաններից զուրկ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է:
Ապրիլի 2-ին «օպերայի» շենքը կլուսավորվի կապույտ լույսով՝ ի նշան աուտիզմով հիվանդների աջակցության
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008 թվականի ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է՝ բարելավել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը, օգնել վարել լիարժեք և բովանդակալից կյանք:
Ամեն տարի ապրիլի 2-ին աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն իրենց պետությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության շրջանում:
Հայաստանում 2012-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: 2014-ի ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամը» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկազմակերպի քայլարշավ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վազգեն Սարգսյանի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
Այնուհետև Ազատության հրապարակում կանցկացվի միջոցառումների շարք՝ աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, ԵԶՄԿ-ի սաների նկարների բացօթյա ցուցահանդես և այլն:
Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «Llight It Up Blue» նախաձեռնության շրջանակներում տարբեր շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Կապույտ լույսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում աուտիզմով տառապող տղաները չորս անգամ շատ են աղջիկներից, ինչը պայմանավորված է գենետիկայով:
«Կապույտ լույս վառենք» նախաձեռնության նպատակն է գրավել հասարակության ուշադրությունը աուտիզմի խնդրի վրա: Տարիների ընթացքում լուսավորվել են Նյու Յորքի Էմփայր Սթրեյթ շենքը, Սիդնեյի Օպերայի թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:
Այս տարի Հայաստանը նույնպես միացել է այդ նախաձեռնությանը, և ապրիլի 2-ի գիշերը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Միջոցառմանը կմասնակցեն «Աուտիզմի ազգային հիմնադրամը», Երևանի քաղաքապետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ԵԶՄԿ-ի մասնագետները, աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսոցիչներ, հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ, արտերկրից ժամանած հյուրեր և այլք:
Հեռացվում է կուտակված ձյունը
Տեղացած ձյան մաքրմանը զուգահեռ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացքում են կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Համապատասխան ծառայությունների հետ մեկտեղ ձնամաքրման գործընթացին մասնակցում են նաև համատիրությունների աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ տնտեսության վարչության և բաժինների աշխատակիցները, մաքրման աշխատանքներին զուգահեռ, ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական ծառայության աշխատակիցների հետ համատեղ, վաղ առավոտից ձեռնամուխ են եղել բազմաբնակարանների տանիքներից սառցալեզվակների հեռացման գործին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
