Ինչպե՞ս վստահել կուտակայինին, երբ աչքի առաջ 14 տարի հասանելիք կենսաթոշակից զրկված գիտնականների օրինակը կա

կուտակայինԳիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի. առանց այդ էլ ցածր վարձատրվող երիտասարդները կարտագաղթեն, իսկ նոր երիտասարդներ էլ պարզապես չեն գա գիտության ոլորտ: Իսկ 40 տարի անց խոստացվող գեղեցիկ ապագային գիտնականները չեն հավատում. ամենից շատ հենց գիտնականներին են Հայաստանում պետական մակարդակով խոստումներ տալիս ու չեն կատարում:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի լիազոր ներկայացուցիչների փետրվարի 19-ին կայացած նիստում որոշվել է նամակով դիմել սահմանադրական դատարան (ՍԴ), որտեղ կներկայացվի պարտադիր կուտակայինի հնարավոր ազդեցությունը գիտության վրա և սեփական լուծումը կառաջարկվի: Նամակն առաջիկայում կուղարկվի ՍԴ:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն ասում է, որ մեր կառավարությունը գիտության նկատմամբ «հատուկ» վերաբերմունք ունի, սա էլ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է. «Եթե նախկինում հատուկենտ երիտասարդներ գիտության ոլորտ էին գալիս, հիմա ուզում են այնպես անել, որ ընդհանրապես երիտասարդներ չգան գիտություն»:

Նամակում գիտնականները նշում են, որ պարտադիր կուտակայինի որոշումը ևս մեկ անգամ նպաստում է, որ գիտության ոլորտ չգան երիտասարդները, ինչով գիտությունը Հայաստանում աստիճանաբար մարելու է: Դա նպաստելու է նաև երիտասարդների արտագաղթին. առանց այդ էլ ուղեղների արտահոսք կար, հիմա առավել ևս կլինի:

Նամակով ՍԴ-ին կոչ են անելու, պահանջելու են կասեցնել պարտադիր կուտակայինի գործընթացը` այն թողնելով ավելի լավ ժամանակների համար:

Ազատ Սարգսյան

Ազատ Սարգսյան,
Լուսանկարը` 168.am-ի

«Դժգոհությունը շատ-շատ է, զանգում են տարբեր ինստիտուտներից, առաջարկում հավաքվել, բողոքել: Բոլոր ինստիտուտներում երիտասարդները ժողովներ են անում, իրենց դժգոհությունն են արտահայտում: Դեռ սպասողական վիճակ է, սպասում են, թե ՍԴ-ն ինչ կորոշի, որից էլ կախված կլինեն հետագա զարգացումները»,- ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների քայլերը վստահություն չեն ներշնչում, քանի որ աչքի առաջ ունեն բազմաթիվ օրինակներ:

Օրինակ` 2000-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճանի համար գիտնականները հավելավճար պետք է ստանան. գիտության թեկնածուները` 10 հազար, դոկտորները` 20 հազար դրամ: Օրենքի դրույթը մինչ օրս չի գործում: Ավելին, 2012-ին, երբ «Անկախն» անդրադարձավ խնդրին, կառավարությունից հայտնեցին, որ օրենքի նոր նախագիծը շուտով կընդունվի, որով էլ արդեն հավելավճարների սահմանման կարգը կհստակեցվի, խնդիրը կլուծվի: Այն ժամանակ օրենքի նախագիծը հանրային քննարկման էր դրված: Այժմ, սակայն, Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) «Անկախին» տեղեկացրին, որ օրենքը դեռևս լրամշակման փուլում է, այն նախատեսվում է կառավարությանը ներկայացնել 2014-ին:

ԳԱԱ արհկոմը 2013-ի սեպտեմբերին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գիտնականների խնդիրներին, մասնավորապես` երկարացված արձակուրդի իրավունքից ու կենսաթոշակներին գումարվող հավելավճարներից զրկված լինելու հանգամանքին: Նամակը հասցեագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչությունից Ա. Պետրոսյանը պատասխանել է. «…Օրենքի դրույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար անընդունելի է և հակասում է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետության վարած քաղաքականության գաղափարաբանությանը, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակային հավելում տալու մասին դրույթ սահմանված չէ»:

Արթուր Մովսիսյան

Արթուր Մովսիսյան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի  երիտասարդ գիտաշխատող Արթուր Մովսիսյանն ասում է, որ պարտադիր կուտակայինին դեմ լինելու պատճառները բազմաթիվ են. «Կարևոր պատճառներից մեկը վստահությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Օրենքը միգուցե շատ լավն է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ սևով սպիտակի վրա գրելը շատ քիչ է, իրական կյանքում ցանկացած «բարեփոխում» դառնում է ի վնաս ժողովրդի: Օրենքը կարող է նախատեսել մի բան, բայց իրականում ստացվի մի այլ բան»: Որպես օրինակ Մովսիսյանը մատնանշում է գոյություն ունեցող տարատեսակ գիտության զարգացման հայեցակարգերը. «Փայլուն փաստաթղթեր են, սակայն իրականությունը հեռու է նախատեսվող արդյունքներից»:

Երիտասարդ գիտաշխատողը «դեմ»-երի թվում նշում է նաև կուտակայինի պարտադիր լինելը և սոցիալական հանգամանքը. «Այն դեպքում, երբ մարդը լուծում է օրվա հացի խնդիրը, առնվազն ծիծաղելի է պարտադրել կուտակել, նույնն է, թե աղքատին ասեն` գնա ծով հանգստացիր, առողջարար է: Աբսուրդ…»:

Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի չգործող դրույթին` Մովսիսյանն ասում է, որ այստեղ արդեն գիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա. «Ի տարբերություն ՀՀ թոշակառուների մոտ 500-հազարանոց բանակի` այստեղ թիրախային խումբը շատ ավելի փոքր է՝ մի քանի հազար, գումարներն էլ են փոքր, այսինքն` սա այն գումարը չէ, որ ասենք` պետությունը փող չունի, աղքատ երկիր է, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է»:

Մովսիսյանն ասում է, որ «Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը երևում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումից, որը մոտ 10 անգամ ցածր է միջին եվրոպական մակարդակից: Գիտնականի միջին աշխատավարձը 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պարտադիր կուտակայինին բացասաբար է վերաբերվում ոչ թե այն պատճառով, որ գիտաշխատողի իր աղքատավարձից՝ 55 հազար դրամից, 5000-6000 դրամ պահում է կատարվում, այլ քանի որ իր գումարները տրամադրվում են օտարերկրյա հիմնադրամների կառավարմանը: «Ստացվում է, որ մեր գումարներով ավստրիացիներն ու ֆրանսիացիները նոր աշխատատեղեր են ստեղծելու իրենց երկրների համար, իսկ մենք բավարարվելու ենք իրենց շահույթների չնչին տոկոսներով: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե մեր պետությունն այնքան չկայացած է, որ չի կարող կառավարել սեփական քաղաքացիների գումարները՝ ներդնելով այն մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է նա:

Զաքարյանն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգին չի վստահում, քանի որ չի հավատում պետության ապագային. «Պետությունը, որի երիտասարդ գիտաշխատողը միջին աշխատավարձից շուրջ երեք անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, հստակ ապագա չի կարող ունենալ, չի կարող նախատեսել և իրականացնել երկարամյա ծրագրեր, չի կարող լուրջ հիմնախնդիրներ լուծել»:

Խոսելով գիտությանը վերաբերող օրենքների չգործելու մասին՝ նա նշում է, որ իր համար վաղուց նորություն չէ, որ կարող են ընդունվել օրենքներ, որոնք թղթի մակարդակից չեն բարձրանում. «Ամենացավալին այն է, որ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Չգործող դրույթների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»:
Նա կարծում է, որ գիտության վիճակը բարեփոխելու համար հարկավոր է, որ գիտաշխատողներն ակտիվանան ու ձգտեն առավելագույնին, մյուս կողմից էլ` փոխվի գիտության նկատմամբ վերաբերմունքը:

«Հավանաբար շատերը, նաև պետական այրերը լիարժեք չեն գիտակցում գիտության ու գիտնականի կարևորությունը մեր պետության զարգացման հարցում: Այդ պատճառով էլ մենք դիտվում ենք կա՛մ որպես ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ, կա՛մ «թանկ հաճույք», որը միայն զարգացած պետություններին է հասու,- ասում է Զաքարյանը:- Պետք է փոխել մարդկանց` գիտության դերի և իմաստի մասին պատկերացումները, և դա պետք է անենք մենք, հատկապես` երիտասարդ գիտաշխատողներս: Միայն դրանից հետո կփոխվի պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ»:

 

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյան,Արմեն ԱշոտյանԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Անկախ

Կրկնակի դիպլոմները հնարավորության կտան ԼՂՀ շրջանավարտներին կրթությունը շարունակել արտերկրում

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան 30 անվճար տեղեր հատկացնելով ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերում ընդգրկված և ԼՂՀ բուհերի շրջանավարտների համար, ինչպես նաև կհատկացվեն տարեկան 5 ասպիրանտական անվճար տեղեր:
Հանրակրթության ոլորտում նախատեսվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի դասագրքերի, մեթոդական և մասնագիտական գրականության ձեռքբերման ուղղությամբ: Բացի այդ, կողմերը միջոցներ կձեռնարկեն ՀՀ-ում կազմակերպվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադայի, ինտելեկտուալ խաղերի և տարբեր մրցույթների հանրապետական եզրափակիչ փուլերին ԼՂՀ թիմերի մասնակությունն ապահովելու և հաղթողներին հապապատասխան միջազգային մրցույթների թիմերի կազմում ընդգրկելու ուղղությամբ:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կողմերը, մասնավորապես, կապահովեն ՀՀ ԳԱԱ և Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնի արդյունավետ գործունեությունը` Արցախի տնտեսության զարգացմանն անհրաժեշտ գիտատեխնիկական հետազոտությունների, հումանիտար և բնագիտական գիտությունների գծով գիտական ուսումնասիրությունների և ըստ ոլորտների գիտական լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ: Կողմերը կապահովվեն նաև ԼՂՀ մասնագիտական կրթության ինտեգրումը ՀՀ մասնագիտական կրթությանը` հետևողակն աշխատանքներ իրականացնելով Բոլոնյան կրթական գործընթացին ընդգրկման ուղղությամբ, ինչպես նաև  ԼՂՀ և ՀՀ բուհերի միջև համաձայնագրերի կնքման արդյունքում ըստ անհրաժեշտության կրկնակի դիպլոմներ շնորհելու միջոցով ԼՂՀ բուհերի շրջանավարտների ուսումն արտերկրի բուհերում շարունակելու հնարավորության ընձեռումը` հաշվի առնելով ԼՂՀ չճանաչված պետություն լինելու հանգամանքը:

Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը

ՀամակարգիչներՊաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականցվում է  ԼՂՀ դպրոցներին  համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ  այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը: Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր:  Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը:

Երևանի քաղաքապետը կայցելի բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ

բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ2014թ. մարտի 4-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այց կկատարի Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում ՙԵրևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում՚ հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ:
Աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետը կշրջի շինարարական հրապարակում, կծանոթանա կառուցվող շենքերի ճարտարապետական լուծումներին, շինարարական աշխատանքների որակին և տեմպերին:
Հաշվի առնելով այն, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին նշված տարածքը բավականաչափ խիտ բնակեցվելու է և դրա հարակից տարածքում տեղակայված ՀՀ ներքին զորքերի զորամասը տեղափոխվում է այլ վայր, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ զինվորական ավանի տեղում հիմնվելու է քաղաքային պուրակ և կառուցվելու է մանկական նախակրթարան:
Քաղաքապետի այցի շրջանակում տրվելու է նաևքաղաքային պուրակի ձևավորման և մանկական նախակրթարանի կառուցման աշխատանքների մեկնարկը:
Պուրակի ձևավորումը կավարտվի ընթացիկ տարվա մայիս ամսին, իսկ նախակրթարանը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո նշված հասցեներում իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:
Ծրագրերի շրջանակում կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են ՀՀ երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին, մարզիկներին, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական և հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետներին:
Բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման համար ձեռք բերված (գնված) հողամասն ունի 35000 քմ. ընդհանուր մակերես:
Բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենքեր, որոնցից հինգը (338 բնակարաններով)ª շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած յոթը (490 բնակարաններով)ª 2015թ. հուլիս ամսին:
Համալիրների կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙԷյ Դի Էյ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրենª Վահրամ Մելքումյան):
Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ և այլն):
Շենքերի հարակից տարածքներն ամբողջությամբ բարեկարգվելու են, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:
Բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ. ՀՀ դրամ:
Ծրագրերի իրականացման ընթացքում ստեղծվել են ավելի քան 1600 աշխատատեղեր:

Անկախ

Ա. Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Արմեն-ԱշոտյանՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով  մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին,  կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Նախարար Ա. Աշոտյանը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ:
Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:

Այսօր Պոլիտեխնիկի ծննդյան օրն է

պոլիտեխնիկ1933թ. փետրվարի 27-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ Ժողկոմխորհի համատեղ նիստի որոշմամբ ՀԽՍՀ շինարարական ինստիտուտի և ՀԽՍՀ քիմիատեխնոլոգիական ինստիտուտի միավորմամբ 1933թ. մարտի 1-ին կազմավորվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Պոլիտեխնիկական ինստիտուտն աճեց ու հզորացավ Հայաստանի արդյունաբերության զարգացմանը համընթաց: 1980-1985 թվականներին ինստիտուտը երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ ավելի քան 65 մասնագիտությունների գծով սովորում էր երկրի ուսանողության 40%-ը:

Տարիներ անց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան դարձած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը կարողացավ ոչ միայն դիմակայել երկրին բաժին ընկած փոթորիկներին, այլև յուօրինակ կերպով իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության նորացման ու զարգացման գործում:

1990-ականներին ՀՊՃՀ-ն ոչ միայն հաջողությամբ դիմակայեց անցումային փուլի դժվարություններին, այլև Հայաստանում առաջին անգամ ներդրեց ու հաջողությամբ իրագործեց կրթության եռաստիճան համակարգը և պատվով ստանձնեց “կրթական բարեփոխումների դրոշակակիր” տիտղոսը:

Ներկայումս Պոլիտեխնիկը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանն է, որի ուսերին է դրված մեր նորանկախ պետության տնտեսության զարգացման հիմքն ու գրավականը լինելու և հայ ճարտարագիտական միտքն առաջ մղելու բարձր պարտականությունը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իր գործունեության 8 տասնամյակների ընթացքում երկրին տվել է ավելի քան 120 000 շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

 

Անկախ

Շրջաբերական նամակ ՀՀ մրազպետներին և Երևանի քաղաքապետին

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով,  Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար”:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Ցնցող բացահայտում գլոբալ տաքացման մասին

ol3001393588934«Greenpeace»  համաշխարհային կազմակերևպության հիմանդիրներց մեկը ցնցող հայտարարություն է արել, ըստ որի հայտարարության, մարդկությունն ու նրա գործունեության հետևանքնեևը ոչ մի կապ չունեն գլոբալ տաքացման հետ, գրում է isra.com-ը:

Կանադացի էկոլոգ Պատրիկ Մուրն այդ միտքն է հնչեցրել վերջերս ԱՄՆ սենատորների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ժամանակակից գիտությունը  ոչ մի  համոզիչ ապացույց չունի այն բանի մասին, որ  վերջին 100 տարում  մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի երկօքսիդն է  երկրակեղևի տաքացման պատճառը:

Եթե նման ապացույց գոյություն ունենար, ապա դրա մասին կիմանար ամբողջ աշխարհը, սակայն հիմա խոսքը բացառապես տեսությունների ու ենթադրությունների մասին է:

Էկոլոգը նաև նշեց, որ 450 մլն տարի առաջ, երբ մոլորակը Սառցի դարաջրշանում էր գտնվում, մթնոլորտում CO2-ի պարունակությունը 10 անգամ գերազանցում էր ներկայիս ցուցանիշը:

 

Անկախ

Շտեմարանային խուճապը սկսված է. ինչպե՞ս են կազմվում շտեմարանները և ո՞ւմ են ձեռնտու

շտեմարան-կոլաժ (800x400)Կենսաբանության միասնական քննությունից գնահատականները կնվազեն. ԳԹԿ

16-ամյա Լիլիթ Շահումյանը բժշկական համալսարանի ապագա դիմորդ է, բուհ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ պարապում է «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները: Պատմում է, որ երբ ծանոթացել է կենսաբանության շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորների առաջադրանքներին, խուճապի է մատնվել, թե ինչպես պետք է կարողանա քննությունը հանձնել: Ասում է, որ շտեմարանի նոր հատորներում շատ են շփոթեցնող հարցերը, վրիպակները, ինչպես նաև` առաջադրանքներում առկա սխալները:

«Օրինակ, խնդիրներ կան, որոնք 1-3-րդ հատորներում լուծելիս մի տվյալ պիտի հիմք ընդունենք, սակայն 4-րդի դեպքում` այլ: Հիմա քննությանն ինչպե՞ս իմանամ` խնդիրը շտեմարանի որ հատորից է, որ ճիշտ լուծեմ»,- ասում է նա` հավելելով, որ պատահում է նաև, երբ մի դեպքում նույն պատասխանը ճիշտ է համարվում, մեկ այլ դեպքում` սխալ:
Լիլիթը պատմում է, որ այժմ անգամ դասագրքերի նկարներն են մանրակրկիտ ուսումնասիրում, քանի որ դրանցից ևս հարցեր կան:

Նշենք, որ շտեմարանը քառահատոր է, ամեն հատորի արժեքն է 2600 դրամ: Նախորդ տարվա շտեմարանների երեք հատորները միավորվել են` կազմելով այս տարվա շտեմարանի 1-ին և 2-րդ հատորները: Իսկ 3-րդ և 4-րդ հատորները նոր` այս տարվա համար կազմված առաջադրանքներն են:

Երևանի թիվ 29 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ալլա Թորոսյանն ասում է, որ 12-րդ դասարանում դեռ շտեմարանի առաջին հատորն են ուսումնասիրում` այստեղ հարցերը հասկանալի են և ծրագրային, վերաբերում են անցած նյութին` սկսած 5-րդ դասարանից:
Թորոսյանը, որ ծանոթ է նաև ռուսաստանյան շտեմարաններին, ասում է` հաճախ է նկատում, որ որոշ հարցեր ուղղակիորեն թարգմանված են ռուսականից: Սակայն, չնայած այդ հանգամանքին, ռուսական շտեմարանները շատ ավելի մատչելի են:

Նա նշում է, որ այժմ բարդ խնդրի առջև է կանգնած, թե ինչ անի, որ մինչև ուսումնական տարվա վերջն աշակերտները հասցնեն քառահատոր շտեմարաններն ուսումնասիրել: «Եթե ուսուցիչն է դժվարանում, բա աշակերտն ի՞նչ ասի: Բայց ամեն ինչ անում ենք, որ հասցնենք»,- ասում է նա:

Անցած տարի կենսաբանության միասնական քննությունից արձանագրվել էին աննախադեպ բարձր գնահատականներ: 182 դիմորդ` 10 տոկոսը, վաստակել էր առավելագույն 20 միավոր, իսկ 17-20 միավոր ստացած դիմորդները կազմում էին ընդհանուրի 42 տոկոսը:

Հարցին, թե այս տարվա շտեմարանների բարդությունը կապվա՞ծ է նախորդ տարվա բարձր գնահատականների հետ, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը պատասխանում է, որ շտեմարանի բարդությունը չափելը ճիշտ չէ. շտեմարանը բազա է, որում տեղ պետք է գտնեն տարբեր բարդության առաջադրանքներ, որպեսզի թեստ կազմողը կարողանա ճկուն լինել և համապատասխան մակարդակի թեստ կազմել:

«Նախորդ տարի կենսաբանությունից արդյունքների բարձր լինելը կանխատեսել էինք, քանի որ մինչ այդ շտեմարաններ չկային, չնայած գնահատականները շատ ավելի բարձր էին, քան մենք էինք կանխատեսել,- ասում է Իսպիրյանը:- Դա ոչ թե շտեմարանի պրոբլեմն էր, այլ թեստը այդ կոնտինգենտի համար մի փոքր ավելի ցածր բարդության էր կազմված»:

Իսպիրյանն ասում է, որ այս տարվա թեստերում առաջադրանքների ուղիղ կեսը կլինեն կարճ պատասխան ենթադրող կամ պնդումների փունջ պարունակող հարցերը: Այդպես կկարողանան տարբերակել լավ իմացողին մի փոքր քիչ իմացողից և չիմացողից: Անդրադառնալով աշակերտների և մասնագետների դժգոհությանը, թե առաջադրանքները բարդ են, ասում է. «Այն դիմորդներն են անհանգստացած, որոնք փորձում են շտեմարաններն անգիր անել: Մենք խորհուրդ չենք տալիս որևէ մեկին պատասխանները կամ շտեմարաններն անգիր անել: Եթե ուսումնառության տարիներին նա սովորել է, օրինակ, բջջի կառուցվածքը, հարցն ինչպես էլ ձևակերպված լինի, նա ճիշտ կպատասխանի, իսկ տարակուսողների համար կդժվարանա, քանի որ այդ առաջադրանքներում ընտրության հնարավորություն չի լինի»:
Անդրադառնալով սխալներին` Իսպիրյանը կոչ է անում դրանց մասին իրազեկել ԳԹԿ-ին, որպեսզի նման առաջադրանքները քննական թեստերում չներառվեն:

Հարցին, թե ինչպիսին կլինեն կենսաբանության միասնական քննության այս տարվա արդյունքներն ըստ ԳԹԿ կանխատեսումների, Իսպիրյանն ասում է, որ նման կանխատեսումներ չեն կարող անել. «Բայց կարծում եմ, քանի որ անցած տարի արդյունքները շատ բարձր էին, մեր ակնկալածից էլ բարձր, այս տարի պետք է որ մի փոքր նվազի, բայց խոսքը բարձր միավորների մասին է, ոչ թե անբավարարների»:

«Օրենքից դուրս» շտեմարանները` աշակերտի շա՞հ, թե՞ եկամտի աղբյուր

Իսպիրյան-բախշյանԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանի կարծիքով` շտեմարանների գոյությունն աշակերտների շահերից չի բխում, այլ ընդամենը որոշ մարդկանց համար եկամտի աղբյուր է:
«Շարունակում եմ պնդել, որ սա ստվերային բիզնես է: Ունեմ վարչապետին ուղղված նամակ` հարցով, թե ինչքան հարկ է մուծվել պետբյուջե շտեմարանների վաճառքից, որի պատասխանն այդպես էլ չեմ ստացել,- ասում է Բախշյանը:- Սա եկամտի լայն խողովակ է, որից օգտվում են շատ-շատ մարդիկ, որոնք անմիջապես կառավարության հետ են կապված: Այստեղ ես չեմ տեսնում մեր աշակերտների շահը: Չեմ տեսնում պնդումը, որ արվում է և՛ նախարարության, և՛ ԳԹԿ-ի կողմից, թե կանխատեսելի հարցերն ենք հավաքում մի տեղ, որ երեխային ուղղորդի»:

Տիկին Բախշյանի կարծիքով` շտեմարանների գոյությունը խախտում է նաև ԳԹԿ կանոնադրությունը, ըստ որի` ԳԹԿ-ն կոչված է սովորողների գիտելիքների, կարողությունների ստուգման նպատակով կազմակերպելու հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բուհ ընդունվողների թեստավորումն ու քննությունների գործընթացը:
«Սա է իր պարտականությունը, պիտի թեստերը կազմի և կազմակերպի քննությունները: Հիմա այս կենտրոնը ոչ միայն թեստերն է կազմում, այլև աշակերտի ձեռքն է տալիս այդ թեստը: Այսինքն` դառնում է մի կարևոր խաղացող այդ դաշտում, այն դեպքում, երբ պիտի լիներ անկախ մարմին: ԳԹԿ-ն 2009-ին հանվեց նախարարության կազմից և գնաց կառավարության աշխատակազմ, որպեսզի անկախ մարմին լինի, գնահատի կրթության նախարարության գործը: Հիմա ստացվում է, որ կրթության նախարարությունը կազմակերպում է կրթության գործընթացը դպրոցներում, իսկ անկախ մարմինը, որը միայն պիտի գնահատեր, մասնակցում է գիտելիքների ձևավորմանը և ինքն էլ իրեն գնահատում»,- ասում է Բախշյանը:

Նա նշում է նաև, որ շտեմարանների հիման վրա հարցաշարեր կազմելը խախտում է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի. «Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան»:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն այս հարցում համամիտ չէ տիկին Բախշյանի հետ: «Ինքը շտեմարանները դիտում է որպես դասագիրք, մինչդեռ շտեմարանները հարցարաններ են,- ասում է Իսպիրյանը:- Շտեմարանը հարցերի խումբ է, իսկ այդ հարցերը կազմվում են դասագրքերից: Եթե նախկինում շտեմարան չկար, թեստ կազմողը կազմում էր 4 թեստ դասագրքից: Հիմա կազմում է օրինակ` 40 թեստ դասագրքերից և քննության համար առաջարկում այդ 40-ից ցանկացած չորսը»:

Տիկին Բախշյանը, անդրադառնալով օրենքի ԳԹԿ մեկնաբանմանը, ասում է, որ ամեն ոք օրենքը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու. «Հիմա, քանի դեռ շտեմարանները ո՛չ փորձաշրջան են անցել, ո՛չ էլ երաշխավորված ուսումնաօժանդակ նյութ պարունակող գրքեր են եղել, չեն կարող ծառայել որպես հարցաշարերի նյութ: Սա ասում է օրենքը»:

«Անկախը» փորձեց ճշտել ԿԳՆ դիրքորոշումն այս հարցում: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ «տվյալ պահին ԿԳՆ և ԳԹԿ տեսակետների միջև հակասություն չկա»:

Հեռավար բարձրագույն կրթության մեթոդը հետաքրքրեց թբիլիսահայ երիտասարդներին

աշոտ գալստյանՍույն թվականի փետրվարի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մայրենիի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանի հետ: Հանդիպման նպատակն էր վիրահայությանը ծանոթացնել համալսարան ընդունելության 2014-2015 ուսումնական տարվա փաթեթին՝ առկա և հեռակա մասնագիտությունների գծով:

վիրահայ ուսանողներԴահլիճում տեղ էին գտել թբիլիսահայ երիտասարդներ, ծնողներ, ուսուցիչներ, ապագա դիմորդներ, դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Պարոն Գալստյանը ներկաներին մանրամասն ներկայացրեց այն նորամուծությունները, որ կատարվելու են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այս տարվա ընդունելության ժամանակ: Տեղեկացրեց, որ մանկավարժական համալսարանը նոր ուսումնական տարվանից առկա և հեռակա ուսուցման հետ միասին մտցնում է նաև հեռավար ուսուցում, որը արտասահմանյան երկրներում փորձված և արդարացված մեթոդ է և հնարավորություն է տալիս երիտասարդին օնլայն ճանապարհով ստանալ բարձրագույն կրթություն: Նորույթը մտցվում է համալսարանի բոլոր ֆակուլտետներում և հետապնդում է Սփյուռքում ազգայինը պահպանելու նպատակ:

Դոցենտ Աշոտ Գալստյանը սիրով պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Սփյուռքում հայեցի դաստիարակությանը նպատակամղված մանկավարժական բարձրագույն կրթության նորույթը ընդունվեց մեծ ոգևորությամբ:

Անկախ

Նախկին տնօրենն ազատվեց նաև ուսուցչի պաշտոնից, իսկ գրադարանավարը վերականգնվեց

ՀրամանԱվագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել էր տրամադրել Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Օհանյանի հրամանը՝ ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանին աշխատանքից ազատելու մասին: Քաղաքապետը նախապես տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին հանձնարարական է իջեցվել Սուսաննա Սարգսյանին մանկավարժի զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը օրենքով սահմանված կարգով լուծելու համար: Մինչդեռ այսօր տրամադրվել է հրամանի պատճենը, որը տրվել է ս.թ. փետրվարի 24-ին: Հիշեցնենք, որ Սուսաննա Սարգսյանը թիվ 27 դպրոցի նախկին տնօրենն էր և դատապարտվել էր պետական միջոցներից խոշոր չափով գումար յուրացնելու համար:

 

Օրեր առաջ մեկ այլ նամակով Անահիտ Բախշյանին էր դիմել Երևանի Մ. Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի գրադարանավարուհին՝ հայտնելով, որ դպրոցների աշխատողների հաստիքների կրճատումների պատճառով իր հաստիքը կրճատվում է՝ 1-ից դառնալով կես: Տիկին Բախշյանը նամակ ուղարկեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հղում կատարելով ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ քաղաքապետին ուղղված հանձնարարականին, ըստ որի՝ 101-300 աշակերտ ունեցող դպրոցներում գրադարանավարն իրավունք ունի աշխատելու 1 հաստիքով:  Իսկ վերոնշյալ դպրոցում սովորում է շուրջ 270 աշակերտ: Դիմումին ի պատասխան քաղաքապետի խորհրդականը հայտնել է, որ գրադարանավարուհու 1 հաստիքը վերականգնվել է:

 

 Անկախ

Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները

Տիգրան սարգսյան, աշոտյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:

ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի և առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2013 թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաև բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ պարոն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաև շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև ԲԳՀԽ քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջև մշտական հաղորդակցությունն ապահովելու և ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ և քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը՝ www.ehea.info: Որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015 թ. մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և չորրորդ քաղաքական ֆորումը: Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն:
Խորհրդակցության ավարտից հետո կառավարության ղեկավարն շրջայց է կատարել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել բուհի թանգարանում և լսարաններում, զրուցել ուսանողների հետ:

 Անկախ

Yboard-րդը և ԱՄՆ-ում հրաշքներ գործող մեր հայրենակիցները

գիտԱյսօր գրեթե դժվար է մեր առօրյան պատկերացնել առանց տեխնիկայի, որն օգնում է ավելի արագ կատարել բոլոր գործողությունները: Իսկ մասնագետներն ու գիտնականները գլուխ են կոտրում՝ նորանոր հրաշագործ սարքեր ստեղծելու համար: Բացառություն չէ նաև Ամերիկայում բնակվող մեր հայրենակից, հայր ու որդի Ռուբիկ և Հայկ Եգորյանների Yboard տեխնոլոգիայի ստեղծումը:
Ռուբիկ Եգորյանն ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, այնուհետև` Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նախադիպլոմային աշխատանքն ու դոկտորականն իրականացրել է Սանկտ Պետերբուրգում, իսկ այժմ ապրում է ԱՄՆ-ում, մաթեմատիկայի, ֆիզիկայի դասախոս է: Աչքի է ընկել քվանտային քրոմոդինամիկայում և տարրական մասնիկների տեսական ֆիզիկայում: Գրել է 50-ից ավելի հոդվածներ, աշխատություններ և շարունակում է աշխատել ԱՄՆ-ի համալսարանների, դպրոցների համար մոտ 5 դասագրքի հրատարակման աշխատանքների վրա (ևս 5-ն արդեն հրատարակվել են): Մեզ հաճելիորեն զարմացրեց այն նորությունը, որ Հայաստանի նոր վարչատարածքային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման համակարգի մշակումները պատկանում են պարոն Եգորյանին:

– Պարոն Եգորյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք հենց YBoard էկրաններ ստեղծել:
– Երբ 2006 թ. տղաս՝ Հայկը, ընդունվեց աշխատանքի բարձրակարգ համալսարաններից մեկը՝ MIT-ն, մի քանի ամիս անց նրա գլխում Yboard ստեղծելու գաղափար ծագեց: Առաջարկեց միասին պատրաստել էլեկտրոնային LCD գրատախտակ, որի վրա հնարավոր լինի գրել և եղած տեղեկատվությունը տեղաշարժել ընդամենը մեկ մատի հպումով: Բացի դրանից, այդ էլեկտրոնային գրատախտակը կլինի հզոր համակարգիչ, հեռուստացույց, տեսախցիկ, ֆոտոալբոմ ապահովող սարք, կունենա խաղեր և այլ գործառույթներ ապահովող ինտեգրված գլուխգործոց: Ուստի, 2006-2008 թթ. ուսումնասիրեցինք գաղափարն ու ստեղծեցինք Yboard-ը:
– Մտավախություն չկա՞ր, որ հանրությունը և մասնագետները կարող են բացասական արձագանքել գյուտին:

– Ոչ: Վստահ էինք, որ YBoard-ն իսկական հեղափոխություն կլինի տեխնոլոգիաների և կյանքի բոլոր ոլորտներում: Այնպես, որ 2009 թ-ի նոյեմբերից Yboard-ի գաղափարը վավերագրային փոստով ուղարկեցինք Apple, Samsung, Toshiba, Sharp, Microsoft, Google, HP և այլ հայտնի էլեկտրոնային սարքեր, հեռուստացույցներ և համակարգիչներ արտադրող ընկերություններին և առաջարկեցինք YBoard-ներ ստեղծել: Իսկ 2011 թ. համապատասխան տեսագրություն տեղադրեցինք You tube-ում, որպեսզի այն հասանելի լինի բոլոր արտադրողներին և հասարակության տարբեր շրջանակներին:
– Ի՞նչ է YBoard-ը:
– Այն իր պատից կախվող բարակ և շատ մեծ չափերի Touch LCD էկրան է, որն իր մեջ ընդգրկում է ժամանակակից բոլոր սարքերի գործառույթներն ու կարող է տարբեր հզորությունների լինել: Կարող է կազմված լինել նույն նյութից, ինչից կազմված են, օրինակ՝ այսօրվա թաբլեթները, Touch Screen հեռախոսներն ու համակարգիչները: Սակայն ծրագրային կարգավորման առումով դրանք տարբերվում են միմյանցից: Yboard-ի կառուցվածքի հիմքում ընկած են ֆիզիկական և ինժեներական ոչ պարզ լուծումներ, իսկ էկրանը զգայուն է մատների հպման դեպքում:
– Ի՞նչ դժվարությունների բախվեցիք սարքը պատրաստելու ընթացքում:
– Առհասարակ, ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով և ոգևորությամբ: Yboard-ի դեպքում քաջ գիտակցում էի, որ այն նոր հարթություն կտեղափոխի տեխնոլոգիաների զարգացումն ու ավելի կթեթևացնի մարդկանց առօրյա կյանքը: Թերևս միակ դժվարությունն այն էր, որ չունեինք անհրաժեշտ նախնական կապիտալը, որը կօգներ YBoard-ի ֆիզիկական նախատիպը պատրաստելու և զանգվածային արտադրության մեջ ներառելու համար: Դա էր պատճառը, որ YBoard-ի գաղափարը միայն 2009-ից ներկայացրեցինք հասարակությանն ու բոլոր հայտնի և միջոցներ ունեցող ընկերություններին, որպեսզի վերջինները հնարավորինս արագ սկսեն YBoard-ի և դրա տարրատեսակների արտադրությունը:
– Եվ ի՞նչ արձագանք եղավ:
– Արձագանքներ ստացել ենք, սակայն մեծ գումարներ էին հարկավոր: 2010-ից շատ ընկերութուններ սկսեցին արտադրել Tablet-ներ և Smart Phone հեռուստացույցներ: Վստահ ենք, որ մոտ ապագայում լայն վաճառքի դուրս կբերվեն նաև Yboard-ի բոլոր գործառույթներով օժտված գրատախտակ-հեռուստացույց-համակարգիչ-tablet-touch screen սարքերը. իհարկե, տարբեր անուններով:
rubik-yegoryan– Ի՞նչ նպատակ ունի այդ բազմագործառութային սարքը:
– Նպատակը էլեկտրոնային գրատախտակ ստեղծելն է, որի վրա հնարավոր լինի գրել մատով և 2-D, 3-D մանիպուլյացիայի ենթարկել գրած բանաձևերը, տեքստերը, գրաֆիկները, նկարներն ու տեսագրությունները՝ միաժամանակ կիրառելով այն որպես հզոր, մեծ էկրան ունեցող համակարգիչ, հեռուստացույց: Yboards-ը կարող է կիրառվել դպրոցներում, բուհերում, բուժհաստատություններում, հիվանդանոցներում, բանկերում, կառավարական, ոստիկանական, ռազմական կառույցներում, ֆինանսական հաստատություններում, կազմակերպություններում և այլն: Մոտ ապագայում YBoard-ները կներխուժեն մարդու կյանքի բոլոր ոլորտները, բժշկությունն այդ սարքը կտանի այլ բարձր հարթություն, իսկ բժիշկները հեռահաղորդակցմամբ և խորհրդատվությամբ կփոխանակվեն բուժման և վիրահատությունների ընթացքում: Մյուսներն էլ մեծ գումարներ, ժամանակ կտնտեսեն և կլինեն առավել տեղեկացված:
– Այնուամենայնիվ, ի՞նչ վտանգ կամ բացասական կողմ կարող է ունենալ սարքը:
– Դանակը կարող է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել, բայց որևէ վտանգ չեմ տեսնում: Գիտատեխնիկական առաջընթացը հնարավոր չէ կասեցնել:
– Yboard-ը թա՞նկ հաճույք է, թե՞ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել:
– Սկզբում սարքը շատ թանկ չի լինի, հետագայում բոլորին հասանելի և մատչելի կլինի:
– Ո՞ր երկրներն են հետաքրքրված Եգորյանների գյուտով:
– Շատ երկրներ: Այսօր աշխարհի բոլոր հայտնի ընկերություններն էլ զբաղվում են YBoard-ի իրենց տարատեսակների ստեղծման ծրագրերով:
– Բացի Yboard-ից, ունե՞ք նաև այլ ծրագրեր:
– Եթե ֆինանսավորող գործընկերներ հայտնվեն, մտադիր եմ ստեղծել Yboard-ի մեծ ընկերություն, որը կզբաղվի YBoard գաղափարի զարգացմամբ, ինչը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կարող է դառնալ Apple-ի կամ Google-ի պես հայտնի ընկերություն: Մեծ է ցանկությունս օգնել Հայաստանի բոլոր դպրոցներին՝ ուսուցման ամբողջ համակարգը թվայնացնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի կառավարությունը ցանկանա և անհրաժեշտ գումարներ տրամադրի Հայաստանի դպրոցներին:

– Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց:
– Այսօր գրեթե ամեն ինչ պակասում է, քանզի կյանքից միշտ ցանկանում եմ վերցնել ավելին, բայց միշտ ժամանակի և ծրագրերի կենսագործման համար ֆինանսական պակաս եմ զգում:
– Իսկ ավելցո՞ւկ…
– Ավելցուկ են մտքերը, գաղափարները, որոնք ամեն վայրկյան հայտնվում են իմ գլխում, բայց ոչ բոլորն են հասցնում իրականություն դառնալ հայտնի պատճառներով:
– Ինչպե՞ս կարող է մարդը երջանկանալ և երջանկացնել:
– Երջանկանալ կարող ես՝ լիարժեք դարձնելով կյանքի երեք ոլորտները՝ միտքը (ինտելեկտը), զգայականն ու հաղորդակցայինը, իսկ երջանկացնել կարող ես միայն սիրով, արիությամբ, պարզությամբ, համեստությամբ և մարդկային դրական էներգիայի փոխանցմամբ: Ես ինձ համարում եմ հաջողակ և երջանիկ մարդ:

 

Ելենա Չոբանյան

Անկախ

«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները

arm-6570-DSC01425ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև: Կազմակերպությունը կօժանդակի ՀՀ “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: Նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնում  ապահովել “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի` որպես համարժեք կրթական որակավորում ճանաչվելը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ուսումնասիրել “Միջազգային բակալավրիատի” ծրագրի հայալեզու դարձնելու հնարավորություները և աջակցել ինչպես “Միջազգային բակալավրիատի” ծրագրի, այնպես էլ Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Ներառական կրթությունը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ

ներառական կրթություն «Հույսի կամուրջ» ՀԿ–ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը: Այս փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեցին ներառական կրթության քաղաքականությունը, օրենքը և ռազմավարությունը:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում ուսուցչուհի Աննա Սարգյանի համոզմամբ ներառական կրթությունը  բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:  Այն պետք է ենթադրի  կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:

Ուսուցչուհու պնդմամբ ներառական կրթության համընդհանուր գաղափարի ստեղծումը սխալ է: Ամեն մի հասարակություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները: Նրա խոսքով ներառական կրթության իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը հենվում են իրավահավասարության գաղափարի վրա եւ եթե մենք դա անում ենք ելնելով խղճահարությունից կամ բարեգործական մղումներից, երբեք չենք կարող անհրաժեշտ արդյունքի հասնել:

Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել միմյանցից: Բոլոր երեխաները պետք է կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատել և պատրաստվել կյանքին հասարակության մեջ: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:

Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որն արդեն ունի ներառական կրթության փորձը և այն դարձրել է պետական քաղաքականության կարևոր մասը: Մեր հանրապետությունում  գործում է 60 ներառական դպրոց Երևանում և մարզերում, որտեղ սովորում է կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 1455  երեխա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` առաջին տեղում

images (1)ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Անկախին» հայտնեցին, որ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ` պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային հավաքին և գրավել է 1-ին մրցանակային տեղը:

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը Հայաստան կվերադառնա ս.թ. փետրվարի 23-ին ժամը 21.00-ին («Զվարթնոց» օդանավակայան):

Անկախ

Տեղի ունեցավ Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացումը

նյութի նկարԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում հիմնված Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների շատ հավակնոտ շրջանում, և իրենց պետք են լավ կառավարիչներ:

«Մենք մեծ ծրագիր ենք սկսում, և մոտ 8 ունկնդիր մյուս տարի հնարավորություն կունենան անվճար ուսումնական պրակտիկա անցնել Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Սիանս Պո Արմենիա ուսումնական կառույցի ստեղծմամբ համագործակցության մի նոր փուլ է սկսվում: Անրի Ռենոն հույս հայտնեց, որ ընտրված ուսանողները հնարավորություն կունենան հետագայում ավելի լավ մասնագետներ դառնալ:

«Հիմա դուք արդեն պետք է սկսեք խաղալ, գնդակը ձեր դաշտում է»,- ասաց դեսպանը:

Սիանս Պո Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին, մասնավոր հատվածի աշխատակիցներին, տարբեր բուհերի շրջանավարտներին (մագիստրոսի որակավորմամբ) լրացուցիչ կրթություն է առաջարկում: Ուսումն արժեքն է տարեկան 900 000 դրամ: Ավարտելով Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատությունը` ուսանողները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել հենց Սիանս Պո-ում:

Անկախ

Լեզվի պետական տեսչության վարչական ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով 6 միլիոն դրամ է մտել պետբյուջե

Սերգո ԵրիցյանՎերջին շրջանում գնալով ավելանում են օտարալեզու անվանումներով բժշկական կենտրոնները: Բացի այդ, այդ բժշկական կենտրոնները բացառապես օտար լեզվով են տալիս հիվանդությունների պատմությունները:

ՀՀ Առողջապահության նախարարի զգուշացման համաձայն` հիվանդությունների պատմություններն ու քննությունները պետք է նախևառաջ ներկայացվեն հայերենով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի տեսչության պետ Սերգո Երցյանը ևս մեկ անգամ բարձրացնելով այս հարցը` բժշկական կենտրոններին զգուշացրեց, որ, եթե այդպես շարունակեն, մի օր էլ այդ հաստատությունները կհայտնվեն վարչական վարույթում:

Լեզվի տեսչության պետն անդրադարձավ նաև մի շարք խանութ-սրահների` ի դեմս «Москвичка»-ի և «LACOSTE»-ի օտարալեզու անվանումներին:

Այն հարցին` արդյո՞ք այս տարիների ընթացքում վերոնշյալ խանութների նկատմամբ տուգանքներ սհամանվել են, Լեզվի տեսչության պետ Սեգո Երիցյանը պատասխանեց, որ այս տարիների ընթացքում մեկ անգամ տուգանվել է «Москвичка»-ն մոտ 200 000 դրամի չափով, 6-7 տարի առաջ էլ «LACOSTE»-ը, վերջինիս տուգանքի չափը, սակայն, չհիշեց:

Սերգո Երիցյանի խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում Լեզվի պետական տեսչության վարչական ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով 6 միլիոն դրամ է մտել պետական բյուջե: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա դրանք տատանվում են 150 000-ից 200 000 դրամի սահմաններում:

Անկախ