Հայ երգի երեկո Լոնդոնում

151.Concert in London 15.04.2014Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Հնչեցին հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:

Համերգին ելույթ ունեցան լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավիղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին: Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքեց Զապել Բոյաջյանի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից: Երեկոյին հատուկ հմայք տվեց Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը:

Անկախ

ՄԻ ՀԱՎԱՏՈՒՐԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՄԻՐԱՆԵՐ

գիրքՀայերն Օսմանյան կայսրությունում հմուտ առևտրականների, արհեստավորների համբավ են վայելել: Կայսրությունում հայերը հատկապես առևտրի, սեղանավորական ասպարեզում են գերիշխող դիրք գրավել: Հարյուրից ավելի արհեստներում հայերը մրցակիցներ չեն ունեցել շնորհիվ իրենց ստեղծագործ մտքի, աշխատասիրության, տաղանդի ու հայ արհեստավորներին բնորոշող ազնիվ ու բարոյական վարքագծի:

Նրանց ծառայություններից ու տաղանդից սկսեցին օգտվել օսմանյան սուլթանները, սկզբում՝ որպես պալատական արհեստավոր-ծառայողների, իսկ հետո արդեն որպես պալատական բարձրաստիճան պաշտոնյաների, իրենց բնագավառների տնօրինողների, երկրի ներքին ու արտաքին կյանքի կարևորագույն դեմքերի: Այդպիսով ստեղծվեց ամիրայական՝ արևմտահայության համար ազնվականական մի խավ, որի որոշ գերդաստաններ իրապես շարունակությունն են հանդիսացել հայ արքայական, ազնվականական տոհմերի, եղել «բանկային իշխաններ»:
Իր առանձնակի դիրքով, ազդեցությամբ ու հնարավորություններով, որ մինչ այդ փակ ու անհասանելի էր քրիստոնյա հպատակներին, նրանք մի նոր մակարդակ ձևավորեցին Օսմանյան կայսրությունում ու պալատում: Նրանք, ի տարբերություն քրիստոնյա հպատակների, բազմաթիվ առավելություններից էին օգտվում։ Իսկ այն ամիրաները, որոնք ուրանում էին սեփական հավատքն ու մահմեդականություն ընդունում, էլ ավելի էին մերձենում թուրքական պալատին, անձեռնմխելի դառնում, սուլթանից ստանում իրենց ուզած պաշտոնը և չափազանց արագ բազմապատկում իրենց հարստությունը։ Այդպիսի օրինակներն արևմտահայության պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել։ Իսկ դրդապատճառները տարբեր են եղել:
Ամիրայական խավի մի մասը, ցավոք, տուրք տալով եվրոպամոլությանը և գերվելով նրա լուսավորյալ, առաջադիմական գաղափարներով, հուսալով այս առավելությունները վերածել ազատության, անկախության, բարեկեցության, եվրոպական հովանավորության տակ գտնվելու մենաշնորհի, դարձել էր կաթոլիկ եկեղեցու հետևորդ: Ազգի միասնության մեջ սեպ խրելով` այնուամենայնիվ նրանք, որպես կանոն, լավագույն ազգասերներ ու բարերարներ էին, արևմտահայության առաջադիմությամբ ու ապագայով մտահոգ ազգային այրեր։
Այս հանգամանքն ընդհանուր առմամբ մեծապես փոխեց կայսրությունում արևմտահայության դեմքը և հետագա XVIII-XIX դարերն արևմտահայ իրականության մեջ հայտնի դարձան որպես ամիրայական իշխանության շրջան՝ իրենց բացառիկ դրական ու որոշ բացասական կողմերով: Ամիրայական դասը, որի մեծ մասը դեմոկրատական հայացքների կրող էր, որքան էլ ազգային մեծ գործունեություն է ունեցել, բավականին «փակ» խավ էր։
«Գլուխդ շատ մի բարձրացրու, որ չկտրեն, բայց շատ էլ մի ծռիր, որ վրան չկոխեն»: Զգուշության, չափավորության, խելամտության, համեստության այս գիծը հիմնականում պահպանել են բոլորը` ամիրաները, փաշաները, անվանի ու հարուստ հայերը: Կյանքը Օսմանյան կայսրությունում նրանց բազմիցս ապացուցել էր այս սկզբունքին հավատարիմ լինելու իմաստությունը:
Մեր պատմությունն առնչվում է արքունի ոսկերչապետերի, նկարիչների, սերնդեսերունդ որպես ոսկերիչներ ու փողերանոցի տնօրեններ, դրամահատարանն իրենց ձեռքում պահած Տյուզյան հայտնի գերդաստանի բացառիկ դաժան ճակատագրին:
Այս գերդաստանի նահապետներից Հարություն անունով անձը 1600 թ. Տիվրիկից գաղթել է Պոլիս և այնքան մեծ հաջողություններ ունեցել ոսկերչության մեջ, որ Արքունի ոսկերիչ է անվանվել ու իր խանութը բացել կայսերական գանձատան մոտ: Նրա որդին՝ Մահտեսի Սարգիսը, հենց հոր մահվան օրը Սուլթան Սելիմ Գ-ից ստացել է Արքունի ոսկերչի պաշտոնն ու տիտղոսը: Վալիդե (մայր) թագուհու համար ոսկերչական դժվարագույն մի պատվերի համար որպես վարձատրություն չնչին մի գումար է խնդրել, որի համար ստացել է «Տիւզ» (շիտակ) մականունը: Իրավամբ այս գերդաստանն աչքի է ընկել իր բացառիկ տաղանդով, ազնվությամբ ու նվիրվածությամբ։
Նրանց է վստահվել փողերանոցը, դրամահատարանը, որ Տյուզյան ամիրայական ընտանիքը մեծ հավատարմությամբ էր աշխատացնում: Սակայն նրա դիրքը շատ բանսարկությունների, խանդի ու նախանձի առիթ է տվել մրցակիցներին։ Իսկ փողերանոցը՝ խարդախությունների, գողության, զեղծարարության բացառիկ հնարավորություններ էր ներառում։ Սուլթանական Յըլդզ պալատը չէր հանդուրժում գողությունը։
Եվ ահա Եագո Պոնֆիլ անունով մի հրեա ոսկերիչ խաբեության համար հեռացվում է պալատից և կախաղան պիտի հանվեր փողերանոցի առջև։ Դրամահատարանի տնօրեն է կարգվում Միքայել Տյուզյանը: Նա խնդրում է սուլթանին խնայել հրեայի կյանքը և մինչև նրա մահն իր նախորդին սեփական գումարներից ամսական է տալիս: Փոխադարձ վերաբերմունքը խարդավանքն էր Տյուզյանի նկատմամբ։
Նա ստիպված հեռանում է պալատից, վախից հիվանդանում: Սակայն Մուստաֆա Գ-ն իմանալով, որ Միքայելը զոհ է դարձել նրան փոխարինած Պալթի անունով մի այլ հրեայի բանսարկության, հետ է կանչում նրան: Սուլթանն անգամ իր բժիշկներին է ուղարկում նրա մոտ: Լավանալով, ամիրան գնում է սուլթանի մոտ, պատմում ամեն ինչ, խոստանում հրեաների գողացածն իր միջոցներից տեղը դնել: Նա ազատ ելումուտ ուներ պալատում: Սուլթանն ասում էր. «Եթե տերությանս մեջ երկու Միքայել ունենայի, ինձ կբավեր»։
Ոչ ոք չէր կարողանում փոխարինել Տյուզյաններին, որոնք շնորհիվ բազմաթիվ հայտնագործությունների, կատարելության էին հասցրել փողերանոցի աշխատանքը, իրենց գործը, գանձերի մանրամասն հաշվապահություն ապահովել։ Նրանք էին հեղինակը մինչ օրս հարգի «Ֆընտըգ ալթըն» կոչվող ոսկե դրամների, եվրոպական թագավորական տների համար պատվիրվող սուլթանական զարդերի: Տյուզյանները տերության ու սուլթանի բարձրագույն շքանշաններին էին արժանանում։ Իսկ հրեա աշխատողները նախանձից գողանում էին դրամահատարանի ոսկին ու արծաթը:
Սուլթանի և քրիստոնյայի մտերմությունը դուր չէր գալիս հրեաներին ու մոլեռանդ մահմեդականներին: Նրանց դրդումով, հավաստիանալու համար Տյուզյանի «շվայտ վիճակին», Սուլթանն իր քրոջը ծպտյալ ուղարկում է Միքայել Տյուզյանի Գուրու-Չեշմեի նորակառույց տունը: Վերադառնալով քույրը հավաստում է, որ պարզ զարդարված և ոչ թե շքեղ ու շռայլ տուն է տեսել: Ամիրան շատ լավ դիվանագետ էր: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հունական խնդիրների նկատմամբ նրա մտքերը հավանության են արժանանում կառավարող ավագանու կողմից: Շատ հայերի, հույների է ազատել բանտերից, գլխատվելուց:
Հոճա Միքայելի ավագ որդին ու նրան փոխարինողը Սուլթան Սելիմի սիրելի ու վստահելի պալատականներից էր: Մանկությունից մեծացել էր սուլթան Սելիմի հետ, պալատում, միասին մանկական խաղեր էին խաղացել:
Իրենց անձնվեր ծառայությունների շնորհիվ Ենի գյուղի ապարանքը կառուցելու համար սուլթան Մահմուդ Բ-ից նվեր են ստանում 30 հազար ղռուշ: Սուլթանը նրանց սամույրներ է հագցնում, որ արքայական սիրո ամենամեծ նշանն էր։
մզկիթՍակայն թշնամիները չէին հանգստանում։ Մի բանսարկությունը հաջորդում էր մյուսին։ Իսկ ստուգումներն ապացուցում էին ամիրայական այս ընտանիքի անմեղությունը։ Սակայն մի անգամ հրեաների գողացած գումարն այնքան մեծ էր, իսկ հրեա ու թուրք միացյալ դավադրությունն այնքան խորամակ վարպետությամբ կազմակերպված, որ Սուլթանի զայրույթն է շարժում, ու առանց հետաքննելու՝ Տյուզյանները բանտարկվում են` չկարողանալով անմիջապես գտնել անհրաժեշտ գումարը։
Նրանց գերդաստանի ողջ ունեցվածքը պիտի պետականացվեր ու աճուրդի հանվեր: Տյուզյան երեք եղբայրները և հորեղբայրը՝ Մկրտիչ Չելեպին, անմեղ տեղը գլխատվում են: Ունեցվածքը աճուրդի է հանվում: Նրանց գլուխները կախում են Ենիքեոյի իրենց ծովեզրյա տան պատուհաններից: Երբ Տյուզյանների գլխատումից մեկ ժամ չանցած կեղծիքը բացվում է և պարզվում է Տյուզյանների անմեղությունը, սուլթանը խորապես ափսոսում է եղածի համար, սակայն ուշ էր :
Սուլթան Մահմուդ Բ-ի ժամանակաշրջանի մասին մի փորագրանկար պատկերում է զրպարտության զոհ դարձած Տյուզյան ամիրաներից Գրիգոր Չելեպի Տյուզի տանջալից մահը կրակի վրա դրած եռացած յուղի կաթսայում:
Եվ ահա, անմեղ տեղը մահապատժի ենթարկված Տյուզյանների ունեցվածքը աճուրդի է հանվել։ Այն ղեկավարում էր մատնիչ հրեա սեղանավոր Եհեսխել Գաբայն իր թուրք համախոհ Հալեթ էֆենդիի հետ, որը շատ թուրք փաշաների, վեզիրների դավաճանելով` մահվան էր դատապարտել` սեփականացնելով նրանց ունեցվածքը։
Հայ որոշ ամիրաներ ներկա էին ձմեռային այդ տխուր աճուրդին որպես հարգանքի տուրք հայրենակից անմեղ զոհերի հիշատակին։
Տյուզյանները, ինչպես և ամիրայական գերդաստանների մի հիմնական մասը, կաթոլիկություն էին դավանում։ Նրանցից շատերը չէին հաճախում հայկական եկեղեցիներ և գաղտնի մատուռներ ունեին իրենց տանը։ Իսկ առանց հատուկ կառավարական արտոնության եկեղեցի կամ մատուռ կանգնեցնելը մահվամբ էր պատժվում։ Ուստի, աճուրդի ժամանակ սրիկա մատնիչներից հրեա Իսխելն անհամբերությամբ սպասում էր այդ գաղտնի մատուռի դռների բացմանը, որ ըմբոշխներ իր ատելության ու մատնության արդյունքի մահաբեր հաճույքը։ Երբ բոլորը կանգնում են մատուռի սրբապատկերներով, խաչով ու մոմերով խորանի առջև, Տյուզյանների դահիճը, քմծիծաղով խորանից վերցնելով հաղորդության սկիհը, «թքաման» է անվանում այն։ Սրբապիղծ խոսքերը հազիվ արտասանած՝ շառաչուն ապտակ է ստանում Երկանյան Հովհաննես Հաջի Չելեպի Ամիրայից, որը մի կողմ գլորելով սրիկային, ճմլելով ձեռքը, խլում է սկիհը, սուրբ անոթը տանում շրթներին ու երկյուղածորեն դնում խորանին ասելով՝ «Ջհուդ, քո պիղծ ձեռքերը անարժան են սրբության հպվելու»։
Տյուզյանների մոխրացած տան մեջ ամիրայի հարվածից գետին գլորված ու խայտառակված սրիկայի հայացքը մահ էր ավետում, որ առերես հանդարտությամբ տանում է Ամիրան։ Դեպքից քիչ անց, Հալեթ էֆենդին շուտով իր հերթական հայ զոհին՝ Չերազյան Գասպար ամիրային ևս անմեղ տեղը գլխատել է տալիս (1821 թ.)։ Ազնավուրօղլու Կարապետը, որ սեղանավորների գլխավոր էր, աքսորվում է Սաքըզ կղզի, և մի այլ սեղանավոր` Մկրտիչ օղլու Իլյանը՝ Իսթանքոյ կղզին։ Ճարտարապետ Գրիգոր ամիրա Պալյանը աքսորվում է Կեսարիա։ Հերթը Երկանյան ամիրայինն էր, որ իր ընտանիքի կյանքը փրկելու համար ճարահատյալ դիմում է Շեյխ-ուլ-իսլամին ու մահմեդականություն ընդունում։ Այլևս փրկված էր նրա ունեցվածքը, իր և ընտանիքի կյանքը։
Ուրացող ամիրան դուրս է գալիս տնից ու այդ օրվանից չի հանդիպում իր ընտանիքին։ Սուլթանը տալիս է նրան իր ուզած մաքսային տեսչության ղեկավարի պաշտոնը` ամուսնացնելով մահմեդական մանկամարդ մի կնոջ հետ։ Վերջինս շաբաթը մեկ այցելում էր ամիրայի հայ կնոջն ու ծնկաչոք նրա առջև պատմում ամիրայի՝ օտար բնում, ընտանիքից զրկված դժբախտ մարդու անխոս տառապանքների մասին։
Ստոր դավադիրներն արդեն անկարող էին վրեժ լուծել նրանից։
Ազգային գործերից հեռացած ու միայն իր նոր պաշտոնով զբաղվող հայ ուրացողը գաղտնի ու երկար, խորհրդավոր թղթակցություն էր վարում արտասահմանի հետ, ու մի օր էլ բռնել է տալիս Իսխելի անունով եկած սնդուկներն ու թղթակցությունը, դրանք սուլթանական պալատ փոխադրել տալիս, ինքն էլ ունկնդրություն խնդրելով սուլթանից՝ բացահայտում իրողությունը։ Սուլթանական պետության կեղծ դրամները և թղթակցությունը կայսրության դեմ հրեայի ու թուրք պաշտոնյայի դավադրության ահավոր ապացույցներ էին։ Սուլթանը սոսկալի բարկացած էր։ 1823 թ. Հալեթին տանում են Կոնիա, գլխատում ու գլուխը բերում Պոլիս։ Հրեային տանում են Թեքէ, գլխատում ու գլուխը բերում Ստամբուլ։
Հաջի Չելեպի Երկանյան ամիրան, որ սարսափելի ու անճանաչելիորեն ծերացած, փոխված էր, գնում է դիտելու դավաճանների գլուխները, այդ սրբապիղծ շրթունքները։
Նա ճանաչում է հայատյաց ու կործանիչ սրիկաների գլուխները, որոնց անշարժության դատապարտողն ինքն էր եղել ու… ժպտում է։ Տարիներ անց առաջին ժպիտը նրա սեղմված շրթունքների ծայրին։
Իր անարգված հավատքի վրեժը լուծել էր։
Ի՞նչ բուռն հավատք էր, որի դեմ եղած անարգանքը սրբելու համար դիմել էր ամենավերջին անընդունելի քայլին՝ նույն սուրբ հավատքն ուրանալուն։

«ՀԱՅԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» գրքից

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 Անկախ

Երևանի դպրոցներում անցկացվում են ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ

ֆրանկոֆոնիաԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցում ունկնդրել են Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։ Դպրոցի սաները հանդիսատեսին են ներկայացրել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Քամիլ Սեն-Սանսի «Կենդանիների շքահանդես» սյուիտի հիման վրա բեմադրված երաժշտական-խորեոգրաֆիկ ներկայացումը։ Համերգին մասնակցել են նաև ժողգործիքների դասարանների աշակերտները՝ յուրովի ներկայացնելով ֆրանսիացի ժամանակակից երգահանների ստեղծագործություններ։

Համերգին ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցի նախասրահում բացված ցուցահանդեսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հյուրերի հետ միասին ծանոթացել է նաև գեղարվեստի բաժնի սաների աշխատանքներին, որոնք ևս ֆրանսիական մոտիվներով էին։

 

 Անկախ

ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Կակաչների սիմֆոնիա» միջազգային փառատոնին

Կակաչների սիմֆոնիաԱպրիլի 11-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Ռումինիայի Պիտեշտ քաղաքում անցկացվող «Կակաչների սիմֆոնիա» 37-րդ ամենամյա փառատոնին:

Միջոցառմանը ՀՀ դեսպանությունը ներկայացնում էր նաև Հայաստանի Գյումրի քաղաքը, որը 2012թ. հոկտեմբեր ամսին եղբայրացման հուշագիր է ստորագրել Պիտեշտի հետ: Այդ առիթով քաղաքագլուխ Տուդոր Պենդիուկին փոխանցվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես պատրաստակամություն է հայտնվում ակտիվացնելու Պիտեշտի հետ բազմաոլորտ համագործակցությունը և այդ նպատակով իրականացնել փոխայցելություններ: Պիտեշտի քաղաքապետի հետ մտքեր փոխանակվեցին այս ուղղությամբ հետագա քայլերի շուրջ:

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, փոխվարչապետ Լիվիու Դրագնեան, եվրապառլամենտի պատգամավոր Վիորիկա Դանչիլան, պատգամավորներ, սենատորներ, Պիտեշտի հետ եղբայրական կապեր հաստատած եվրոպական երեք քաղաքների պատվիրակություններ:

Միջոցառումը մեկնարկեց Պիտեշտի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, կազմակերպված ծաղիկների շքերթով:

«Կակաչների սիմֆոնիան» Ռումինիայում ծաղիկների ցուցադրության ամենահայտնի միջոցառումն է, որը սկիզբ է առել 1978թ.` տարեցտարի ավելացնելով մասնակիցների և ցուցադրվող արտադրանքի քանակը:

Հոբելյանական միջոցառումներ նվիրված Համո Սահյանի 100-ամյակին

համո սահյանՀայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով:
Ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը  և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստատեսությունը կնկարահանի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը, իսկ «Սյունաց երկիր» թերթը կթողարկի հատուկ համար` նվիրված Համո Սահյանին:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական  ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել է  Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն- թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը:  Տուն- թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոզիայի երեկոներ, Սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին:

Կառավարական հանձնաժողով

 

Բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանի քաղաքապետարանում

unnamed (4)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացմանը։ Ցուցահանդես է այցելել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ցուցադրվող և վաճառվող ապրանքներին, կատարել գնումներ։ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատարյա Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին աջակցության համար։

Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է նման նախաձեռնությունները, ինչը, քաղաքապետի խոսքով, յուրովի մասնակցություն է Երևանի զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ առիթ է բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու։

Ինչպե «Անկախին» տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցել են 30 կազմակերպություններ և 20 դիվանագիտական ներկայացուցչություններ։ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բարեգործական տոնավաճառում ցուցադրվել են կին գործարարների կազմակերպությունների արտադրանքներ ու կին ստեղծագործողների աշխատանքներ։ Տոնավաճառի ողջ հասույթը, ինչպես նաև սրահում հավաքվող հանգանակությամբ հավաքված գումարն ուղղվելու է Երևանի  h. 71 և h. 130 մանկապարտեզների նորոգմանը, ինչպես նաև կհատկացվի սիրիահայ մի քանի ընտանիքների։

 

Հայտնի են «Նռենի» երգի ամենամյա միջբուհական փառատոնի հաղթողները

unnamed (1)Ապրիլի 11-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնը։ Այն նվիրված էր բուհի ուսխորհրդի 20-ամյակին։ Տարբեր բուհերից նախընտրական փուլն անցել ու փառատոնի եզրափակիչ էր հասել 16 ուսանող։

Ինչպես տեղեկացնում է ՀՊՄՀ-ի ուսանողական խորհուրդը, երգի փառատոնի ժյուրիի կազմում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արզաս Ոսկանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր, երգիչ Հենրիկ Սիմոնյանը, «The Beautified Project» խմբի մեներգիչ, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը:

unnamedՈւսանող երգիչները ներկայացրին տարբեր ժանրերի երգեր։ Թեժ պայքարի արդյունքում հեղինակավոր ժյուրին ընտրեց հաղթողներին. 1-ին հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի «Լոգոպեդիա» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Այվազյանը, 2-րդ տեղում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Էլիզաբեթ Ադիկյանը, իսկ 3-րդ հորզոնականը կիսեցին ՀՊՄՀ ուսանող Վարդան Գալստյանը և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Սահակյանը։ Հատուկ մրցանակի արժանացավ Վանուհի Հովհաննիսյանը (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)։

ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցն ուրախալի համարեց այն փաստը, որ տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողներն այսօր զբաղվում են երաժշտությամբ։

ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ նշեց, որ մշակութային նման ծրագրերն ավելի հետաքրքիր ու բազմազան են դարձնում ուսանողների արտալսարանային կյանքն ու ակտիվացնում են միջբուհական շփումները։

Անկախ

 

 

 

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն Փարիզում

ՖրանկոֆոնիաԱպրիլի 8-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն:

Բացման խոսքով հանդես եկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը և Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը:

Դեսպան Տեր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին դեսպանների խմբին ցուցաբերած աջակցության համար և գոհունակությամբ նշեց ֆրանկոֆոն դեսպանների համախմբման մասին` ուղղված ֆրանկոֆոնիան և նրա բազմազանությունը առավել ճանաչելի դարձնելուն:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը ողջունեց Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախաձեռնությունները` ուղղված ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների խրախուսմանը:

Ընդունելությանը մասկակցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, այդ թվում` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ազգային ներկայացուցիչներ, ՖՄԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անկախ

Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Հնդկաստանում

հնատիպ գիրքԱպրիլի 8-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի ունեցավ Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաջենդրա Կումարը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ինչպես նաև հնդիկ պաշտոնյաներ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկան դեսպան Հակոբյանը, ազգային գրադարանների տնօրենները: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Հնդկաստանն այս կարևոր ցուցահանդեսի համար պատահական ընտրություն չէր. հայկական առաջին՝ «Ազդարար» պարբերականը տպագրվել է 1794թ. Մադրասում՝ Հարություն Շմավոնյանի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված մի շարք գրքեր ևս տպագրված են Հնդկաստանում, մասնավորապես՝ Մադրասում և Կալկաթայում»: ՀՀ դեսպանն իր շնորհակալությունը հայտնեց հնդկական կողմին ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանդիսության ընթացքում Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ներկայացրեցին հայկական երաժշտական ստեղծագործություններ:

Ցուցահանդեսում, որը տևելու է մինչև ապրիլի 12-ը, ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանից բերված և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գրադարանի կողմից տրված գրքեր: Ներկայացված գրքերի թվում են 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրած «Ուրբաթագիրքը», 1666-68թթ. Ամստերդամում տպագրված «Աստվածաշունչը», 1794-96թթ. Մադրասում տպագրված «Ազդարարը» և այլ արժեքավոր գրքեր:

Օպերայի և բալետի թատրոնը՝ մշակութային մաֆիայի զոհ

Aram_Khchaturyan_Monument_in_Yerevan-1024x682Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ: Պատճառը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքն էր, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ բողոքի պատճառները շատ ավելին են և ներխոհանոցային բնույթ ունեն: Ակնհայտ էր, որ թատրոնի ներսում անառողջ մթնոլորտ է:

Դրան հաջորդեց թատրոնի տնօրենի հրաժարականը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվեց մրցույթ, որին դիմեց 9, սակայն ներկայացավ 7 մասնակից: Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցավ 3 թեկնածու` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը և հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը: Վերջինիս մասին միայն հայտնի էր, որ նա երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար և մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան` ՙընտանեկան խնդիրների բերումով՚: Իսկ թե ինչով է զբաղվել Հայաստանում այդ մի քանի տարիներին, անորոշ է: Նաև պարզվեց, որ նա միաժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ՝ արաբագետ, իսկ երաժշտության հետ որևէ առնչություն չունի:

manasyanԻնչևէ, հարցազրույցի փուլը հաղթահարեցին Գագիկ Մանասյանն ու Անդրանիկ Արզումանյանը: Հետաքրքիր է, որ հարցազրույցի փուլում արդեն անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Անդրանիկ Արզումանյանը փուլը հաղթահարեց 9 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գագիկ Մանասյանը՝ 7 կողմ, 5 դեմ:

Երկու մրցակիցներից լավագույնին ընտրելու ՙծանր գործը՚ մնաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուսերին: Եվ որքան էլ հանրության համար անակնկալ էր, Պողոսյանը նախապատվությունը տվեց հանրությանն անհայտ Անդրանիկ Արզումանյանին:

Եվ ահա Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ առանց այն էլ իրավիճակը լարված էր, թևակոխեց զարգացման նոր փուլ, և հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասում թատրոնին:

Մեզ հետ զրույցում, սակայն, թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանն ուրախ տոնով հայտնեց, որ այսօր նոր տնօրենի աշխատանքային առաջին օրն է, և նա շատ հաճելի տպավորություն է թողել աշխատակազմի վրա: Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տնօրենը հանդես կգա առաջին մամլո ասուլիսով: Թատրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ պակաս ոգևորված չէր: Նրա խոսքով՝ թատրոնում այս պահին գերազանց վիճակ է: Փոխտնօրենը խոստովանեց, որ օպերայի թատրոնում միշտ էլ շատ խնդիրներ են եղել, բայց հույս հայտնեց, որ դրանք կլուծվեն: Այն դիտարկմանը, որ նոր տնօրենին հանրությունը, այդ թվում և մշակութային, գրեթե չի ճանաչում, և նրա կենսագրությունը հավատ չի ներշնչում, Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե դա կխոչընդոտի թատրոնի աշխատանքները. ՙԱշխատանքը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում՚,- ամփոփեց նա:

Այնուամենայնիվ, թատրոնի արտիստներից ոմանք իրենց մտահոգությունը հայտնեցին, որ իրավիճակը թատրոնում իսկապես անորոշ է, քանի որ իրենք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Նշենք նաև, որ Անդրանիկ Արզումանյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել հանձնաժողովի անդամներ Կարեն Դուրգարյանը՝ թատրոնի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:

Իսկ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չափազանցրել էր ազատ և արդար մրցույթի անցկացման իր սպասումները: ՙԵս հետո հասկացա, որ Հայաստանում ոչինչ չի կարող արդար լինել: Հասկացա, երբ մի պաշտոնյա ինձ ասաց, որ ուզում են դրսից նոր մարդիկ բերել: Հիմա ես ի՞նչ մեղավոր էի, որ մութ ու ցուրտ տարիներին չէի գնացել էս երկրից, փոշմանե՞մ դրա համար՚:

Գագիկ Մանասյանի խոսքով՝ ինքը որոշել էր դիմել այդ մրցույթին՝ անկեղծորեն ցանկանալով հաղթելու դեպքում փոխել թատրոնի մթնոլորտը, իսկ որ դա իրեն կհաջողվեր` գրեթե կասկած չունի. ՙՕպերան այսօր ներսում խմբերի է բաժանված, աշխատողները մարդկային կոնտակտի կարիք ունեն, պետք է սիրեն իրար: Եթե սեր չդնես, ոչինչ չի ստացվի: Ինձ բոլորը գիտեն, ես ամեն տեղ խաղաղության աղավնի եմ, փորձում եմ հաշտեցնել մարդկանց, համերաշխություն մտցնել: Իմ աշխատողները, որոնք մոտ 300-ն են, ինձ սիրում են, ու երեկ, երբ իմացել են` ես չեմ անցել, քեֆ են արել: Անգամ զավեշտալի բան ասեմ՝ մի խումբ աշխատողներ իմ քննության օրը գնացել են եկեղեցի, մոմ են վառել, որ հանկարծ հաջողություն չունենամ: Այնպես որ, կոլեկտիվն ինձ սիրում է, ես էլ իմ կոլեկտիվն եմ սիրում, ու երևի թե բարին սա էր՚:

Այնուամենայնիվ, Մանասյանին մտահոգում է իշխանությունների որդեգրած ՙդրսից մարդ բերելու՚ քաղաքականությունը, որը, ըստ նրա, ուրիշ ոլորտներում նույնպես կիրառվելու միտում ունի, և իհարկե ձևական մրցույթների անցկացումը: Ինչ վերաբերում է իրեն հաղթած մրցակցին, ապա անգամ մրցույթից առաջ է իմացել, որ նրան են նշանակելու, սակայն որոշել է պայքարել՝ հավատալով արդարությանը:

Իսկ կասկածները խորացել են, երբ հանձնաժողովի մի շարք անդամներ, որոնք իր ընկերներն են, լավ գիտեն իր անցած ուղու, իր կենսագրության մասին, դեմ են քվեարկել իր թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Մանասյանը Հայաստանի պետական Ֆիլհարմոնիան ղեկավարում է 2006 թվականից: 2009-ից նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային խորհրդի անդամ և ղեկավարում է ՀԽ մշակույթի հանձնաժողովը: ՀՀ վաստակավոր գործիչ է:

Մանասյանը, որ մշակույթի ոլորտում բավականին մեծ կապեր ունի, մինչ այդ երբևէ չէր լսել իր մրցակցի մասին: Բոլորի պես միայն իմացել է, որ նա Եգիպտոսում ռուսական մշակութային կենտրոն է ղեկավարել: ՙԿլուբի վարիչ է եղել, ոչ ավելին՚,-բնութագրում է նա:

Ինչպես Մանասյանը, այնպես էլ մշակութային հանրության լայն շրջանակներում կարծում են, որ Անդրանիկ Արզումանյանի նշանակումը պայմանավորված է Հասմիկ Պողոսյան-Արմեն Սմբատյան համագործակցությամբ: Արմեն Սմբատյանը ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրենն է, և ըստ շրջանառվող լուրերի՝ հենց նա է մշակույթի նախարարի ստվերային հրահանգիչը շատ ու շատ որոշումներում: Շրջանառվում է նաև այն տեղեկությունը, որ Սմբատյանն էլ փոխարինելու է Պողոսյանին` մշակույթի նախարարի պաշտոնում:

загруженное (1)Ի վերջո, ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը և կկարողանա՞ բարեփոխել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, վերականգնել մարդկային խզված հարաբերություններն ու հաստատել ստեղծագործական, համերաշխ մթնոլորտ. այս հարցերն այսօր պատասխան չունեն թե հանրության շրջանում, թե° Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ թատրոնը փորձաքար դարձնելն ու ինչ-որ մարդկանց անձնական շահերին սպասարկելը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ այս կարևորագույն մշակութային օջախի համար:

Թատրոնի պաշտոնական կայքում, ցավոք, դեռևս նախկին տնօրենի տվյալներն ու կենսագրությունն են, ուստի մեզ չհաջողվեց գոնե այդ միջոցով ծանոթանալ նոր տնօրենի անցած ճանապարհին և հասկանալ, թե վերջապես ինչ ներդրում է ունեցել այդ մարդը հայ մշակույթի զարգացման և ընդհանրապես մշակույթի զարգացման ոլորտում, որ նման անվանի թեկնածուներից, որոնցից մեկն էլ, օրինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էր, հենց նրան վստահվեց երկրի գլխավոր թատրոնի ղեկը:

 

Անկախ

 

 

 

 

Արչիլ Գորկի.Թոթափված է մոռացման փոշին

Կյանքը կարճատև է, արվեստը` հավերժական:
Հիպոկրատ

գորկիՊատմական Հայաստանի Վանի նահանգի Խորգոմ գյուղում 1904 թ.ապրիլի 15-ին ծնվել է Ոստանիկ Ադոյանը: Նա 1915 թ. գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ գաղթել է Երևան, ապա Թիֆլիս, այնուհետև` ԱՄՆ: Ներշնչված ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու ստեղծագործություններով` 1925 թ. վերցրել է նրա ազգանունը:
Այսպիսով դարձել է Արչիլ Գորկի, արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից մեկը:
Սովորել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ նաև հինգ տարի դասավանդել է: Ստեղծագործման առաջին տարիներին կրել է Մոնեի, Մատիսի, Պիկասոյի և այլոց ազդեցությունը, հետո մշակել իր ուրույն ոճը, ստեղծել իր դպրոցը: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթներն են եղել նրա ստեղծագործական ներշնչման աղբյուրը: Սկզբնական շրջանում նկարում էր դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ:1930- ական թվականների կեսերից հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ կտավներ` «Այգիներ Սոչիում» (1938) նկարաշարը (նախնական անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժը» (1943),«Հոգեվարքը» (1947),«Արորը և երգը»(1947), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
Նրա արվեստը ներթափանցված էր հայկական հոգով, մշտապես կապի մեջ էր հայրենիքի հետ: 1938 թ. նա Հայաստան է ուղարկել չորս կտավ, երկու նկար էլ նվիրաբերել է Կարմիր բանակին օգնելու համար Նյու Յորքում կայացած ցուցահանդես վաճառքին: 1946 թ. կրակի բոցերը լափել են նրա երեսունից ավել կտավներ, իսկ ինքը ենթարկվել է քաղցկեղի վիրահատության: 1948-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան եղել: Նրա նշանավոր կտավներն այսօր էլ ցուցադրվում են ԱՄՆ-ի, Լոնդոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, նաև Երևանում, Մոսկվայում:
գորկի-նկար2004 թ. Արչիլ Գորկու 100-ամյակի կապակցությամբ հայ զբոսաշրջիկների մի մեծ խումբ ուխտագնացության է մեկնել Արևմտյան Հայաստան` Էրզրում, Վան, Բայազետ, Անի, Իգդիր, Խորգոմ:
Խորգոմ գյուղում խումբը նկատել է մի մեծ քար` վրան փորագրված խաչով: Խմբի անդամներից երևանաբնակ ալավերդցի Վլադիմիր Աղաբաբյանը, Բադալ Բադալյանը և մյուսները խաչով քարը, որը տեղացի քրդերը օգտագործել են որպես աղբյուրի ծորակից օգտվելու պատվանդան, տեղափոխել են մոտակա ծառի տակ, մաքրել, վրան ժամերգություն կատարել, մոմեր վառել, խունկ ծխել: Այնուհետև քարը տեղափոխել են ավտոբուս և հասցրել Երևան: Այժմ այդ խաչով քարն իր հաստատուն տեղն ունի Արչիլ Գորկու թանգարանում: Իսկ Վլադիմիր Աղաբաբյանի նկարը քարի կողքին տեղ է գտել նրա ընկերոջ` երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Սրբացած մասունքներ» (2006) գրքի 15-րդ էջում (15-ը նաև Գորկու ծննդյան օրն է):
Մարդու կյանքը կարճատև է: Արչիլ Գորկու դեպքում այն մաքառումներով, դեգերումներով և տառապանքով լի 44 տարի է ընդամենը: Գործն է անմահ ու արվեստը: Որ Արչիլ Գորկին անմահ է, հավաստում են նաև Ալավերդու գեղարվեստի դպրոցի մանկավարժներն և սաները և տնօրեն Վարուժան Վարդումյանի ղեկավարությամբ պատրաստվում նկարչի ծննդյան օրը դպրոցում անցկացվող հիշատակի դասերին:
Խոսքիս ավարտին ուզում եմ բարձրաձայնել ամերիկացի նկարիչ Ուիլյամ դե Կունինգի խոսքերը. «Գորկին նման է հսկա սառցալեռան, որը ինը տասներորդ մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը մեկ տասներորդ մասով: Բայց այն ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»: Եվ հավատալ, որ ամենուր արժանավայել կնշվի նաև նկարիչի 110-ամյակը:

Վաղարշակ Ղորխմազյան

Թուրք փաստաբանը հայց է ներկայացրել «Նոյ» ֆիլմի դեմ

Նոյ ֆիլմԹուրք փաստաբան Յուսուֆ Էրիքելը հայց է ներկայացրել Ստամբուլի Խաղաղապահ իրավական դատարան «Նոյ» ֆիլմի դեմ՝ նշելով, որ «այն վիրավորում է Ալլահի մարգարե Նոյի անձը և դեմ է իսլամական հավատքին»: Էրիքելը պահանջել է ֆիլմի ցուցադրումից առաջ հրապարակել հետևյալ տեքստը. «Այն ֆիլմը, որը դուք դիտելու եք, ամբողջությամբ հանդիսանում է սցենարիստի մտահղացումը, այս ֆիլմում Նոյ մարգարեի կերպարը և ներկայացվող դեպքերը ոչ մի կապ չունեն իսլամի հավատքի, Ղուրանում պատմվող Մեծ մարգարե Նոյի հետ: Վերջինս Ղուրանում գովերգված մարգարե լինելով, ըստ իսլամական հավատքի, ազատված էր մեղք գործելուց»:

Նշենք, որ «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը արդեն արգելվել է մի շարք իսլամական երկրներում՝ Քաթարում, Բահրեինում, ԱՄԷ-ում և Մալազիայում:

Անկախ

Եղանակային պայմանների արտացոլումը նկարիչների կտավներում

6ea6cd2c15444d93f38ae39fc5b760aaՈւսումնասիրելով հանրահայտ կտավներում պատկերված մայրամուտի տեսարանները, ֆիզիկոսները հայտնաբերել են կլիմայի փոփոխման հետ կապված հետաքրքիր վկայություններ:

Նկարը`Կասպար Դավիդ Ֆրիդրիխի “Կինը մայր մտնող արևի ֆոնին”, /1818թ/

Հետազոտողները համոզված են`  որոշ նկարներում կարմրավուն մայրամուտները նկարիչների կողմից հնարք կամ երևակայության արդյունք չեն, այլ  փաստացի վկայություն, թե ինչ տեսք է ունեցել երկինքը հրաբխային ժայթքումներից հետո: Մթնոլորտի աղտոտումը, լինի դա մարդածին, թե բնածին, ազդեցություն է ունենում արևի ճառագայթների բեկման և, արդյունքում, նաև երկնքի պատկերի վրա: Պարզվել է, որ վերջին 150 տարվա ընթացքում նկարներում մայրամուտը ավելի ու ավելի կարմիր է դառնում: Եվ օդի աղտոտման մակարդակը ևս բարձրանում է` կապված  արդյունաբերական արտադրանքի ծավալի մշտական աճի հետ:

Արդյո՞ք սա հանընկել է:

Հետազոտության հեղինակ Ք. Զերևտոսը այս հարցին պատասխանում է, նշելով` “…նկարները կարող էին փաստագրական աղբյուր լինել մթնոլորտում աերոզոլի մակարդակի գնահատման համար մինչ այն, երբ առաջացան գործիքային չափման ձևերը”:

Օրինակ, ուսումնասիրելով Կասպար Դավիդ Ֆրիդրիխի “Կինը մայր մտնող արևի ֆոնին” նկարը, /1818թ/,  գիտնականնները գտնում են որ վառ-կարմիր և նարնջագույն մայրամուտները, որ նկատվում էին այն ժամանակ Եվրոպայում, Ինդոնոզիայում Տամբորա հրաբխի ժայթքման հետևանք էին: Հենց այս ժամանակ էլ, ըստ գիտնականների, Ուիլիամ Տերների կտավներում մայրամուտները հատուկ կարմիր երանգ էին ստանում:

“Առաջ նկարինչները պատահականորեն ֆիքսում էին եղանակի այս կամ այն փոփոխությունները, իսկ 20-րդ դարի կեսերից նրանք դա անում էին նպատակային` ցույց տալու այն, թե ինչքան ուժեղ է մարդկության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա”,- գտնում է Ուիլիամ Ֆոքսը` “Art+Enviroment”  կենտրոնի տնօրենը:

 

 

 

 

 

 

«10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը ցույց է տալիս, որ հայ կանաք եղանակ են ստեղծել հայոց պետականության պատմության մեջ

shnorhandes«Զանգակ» գրատանն երեկ կայացավ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը:

Ներկայացնելով գիրքը`Մովսիսյանը նշեց, որ հայ թագուհիները մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի ու պետականության զարգացման գործում, սակայն ամենաքիչը նրանք են լուսաբանված և հանրությանը  հայտնի չեն:

Գրքում հեղինակն ամեն արքայատոհմից մեկ թագուհու է ներկայացնում, սակայն նախաբանում ներկայացնում է արքայատոհմի բոլոր թագուհիներին, նրանց վաստակը, ապա մանրամասնում այն թագուհու կյանքն ու գործունեությունը, ում անունը կրում է ակնարկը:

Մովսիսիյանը նշում է,որ հայ իրականության մեջ կինը երբեք ստրկացված չի եղել: Դրա վկայությունը Բագրատունյաց և Կիլիկյան թագավորությունների ժամանակների մանրանկարներն են, որտեղ կանայք պատկերված են դեմքը և թևերը բաց, ավելին, նրանք ստեղծել են արժեքներ, որոնք բացառիկ են ու կան մինչ օրս:

girqՄովսիսիյանն ասում է, որ պատմագրությունից անվանապես մեզ հայտնի է 65 թագուհու անուն: Եվ հիմնականում բոլորն էլ զբաղվել են բարեգործությամբ, տաճարներ  կառուցել, հիվանդանոցներ ու դպրոցներ բացել, պատվիրել մատյաններ:  Պատմաբանը նշում է, որ օրենսդրորեն երկրի բոլոր  ոսկու հանքերը պատկանել են թագավորին, իսկ արծաթի հանքերը`թագուհուն: Հայ թագուհիներն իրենց եկամուտն օգտագործել են բարեգործության նպատակով:

« Ամեն երկիր պատիվ կհամարեր նման թագուհիներ ունենալը: Նրանց չգնահատելը երախտամոռություն է թե նախնիների, թե ապագա սերունդների նկատմամբ»,- ասում է Մովսիսյանը:

Որպես օրինակ նա նշում է Զաբել թագուհուն, ով դպրոցական դասագրքերում հիշատակվում է այն պատճառով, որ 4 տարեկանում որբանում է ու դառնում գահի ժառանգորդ. ով ամուսնանար նրա հետ, կդառնար հայոց արքան:

«Մեր դասագրքերում Զաբել թագուհին հիշատակվում է իր կյանքի ամենատխուր էջերով : Բայց նա շատ կարևոր հետք է թողել, 13-րդ դարում կառուցել է  հիվանդանոց, որտեղ բուժումն անվճար էր: Մատենագիրները գրում են, որ թագուհին ինքն էր խնամում հիվանդներին,- ասում է Մովսիսյանը:-  Եթե նման թագուհի լիներ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պատմության մեջ, երևի մի 30 հատ գեղարվեստական ֆիլմ նկարած կլինեին:Բայց այդ թագուհու մասին մեզանում չգիտեն»:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանն ասում է, որ մեր պատմությունը գրել են տղամարդիկ և շատ սահուն կերպով դուրս են թողել կանանց պատմությունից, եթե նրանք հանդիպում են պատմության մեջ, ապա միայն տհաճ իրավիճակներում:  Նրա խոսքով`այդպիսի քար անտարբերության  պայմաններում կանանց մասին տեղեկություններ հավաքելը և մի գրքում ամփոփելը բարդ է: Գիրքն , ըստ Պետրոսյանի,  ունի ոչ միայն պատմագիտական, այլ նաև հասարակական նշանակություն:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ ասում է, որ  գրքում կերպարները հստակ են, ու դրա շնորհիվ հասկանում ես որ հայ կանաք եղանակ են ստեղծել հայոց պետականության պատմության մեջ:

 

Հովհաննես Թումանյան – 145

թումանյանԹՈՒՄԱՆՅԱՆԸ «ԱՌԱԾԱՆԻՆ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ»-ՈՒՄ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Միրզոյանի` հայկական ժողովրդական ասացվածքների և առածների արժևորման և օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունների, հրապարակումների մասին վաղուց էի լսել: Դեպքից դեպք հիշում ու փնտրում էի: Եվ ահա այս տարի գիրք նվիրելու օրվա նախօրեին Վ. Միրզոյանի «Առածանին վարքականոն» գրքի 4-րդ, լրացված, բարեփոխված հրատարակությունը, որպես հաճելի անակնկալ, նվեր ստացա ընկերոջիցս` Ալավերդու թիվ 9 դպրոցի պատմության ուսուցիչ Էդվարդ Շահվերդյանից: Միանգամից սկսեցի կարդալ ու դժվարանում էի այն ցած դնել: Գրքի ծանոթագրությունում ասվում է. «Աշխատությունը տակավին եզակի մի փորձ է փիլիսոփայության և կառավարաբանության մոտեցումների համադրմամբ գնահատելու հայ ժողովրդական ասացվածքների և առածների վարքակարգավորիչ ներուժը, բացահայտելու դրանց գործառույթները անհատի և հանրային կյանքի ամենատարբեր բնագավառներում, հանգամանորեն քննարկելու առածանու արդյունավետ գործադրման մեթոդաբանությունը»:

Առածաբանության մեկնաբանության ընթացքում գործածվել են հայ և այլազգի հեղինակների կարծիքները, խորհուրդները, ստեղծագործությունները: Դրանք նույնպես վարքակարգավորիչ լիցք ունեն: Գրքի անվանացանկից իմանում ենք, որ գործածվել է ընդամենը 150 անուն, 287 անգամ ու առաջինը կրկին անմահ Հովհաննես Թումանյանն է, որ հիշատակվում է 11 անգամ: 2-րդ տեղում Հակոբ Պարոնյանն է (10 անգամ), իսկ 3-ից 4-րդ տեղերը, 8-ական անգամ հիշատակումով, կիսում են Ֆրիդրիխ Նիցշեն և Գարեգին Նժդեհը:

Հենց ներածականում Հովհաննես Թումանյանը բնութագրում է առածներն ու ասացվածքները. «Դրանցից ամեն մեկը մի ամբողջ պատմություն է պարունակում, այդ տեսակ խոսքը միայն հանճարներն են ստեղծում, մեկ էլ` ժողովուրդները, որ «…հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը և վերջը հանում են մի կարճ եզրակացություն»:

Հետո հեղինակն օգտվում է Թումանյանի մտքի գանձարանից` ներկայացնելով կնոջը վերաբերող առակները: Թումանյանը եզրակացնում է. «Մարդը կդակը վերա դնում` հետը մասլահաթ անում, խո իսան (մարդ) ա»: …Հովհաննես Թումանյանը նամակներից մեկում հանրային կարծիքի ուժը արժևորելու համար գրում է. «Ավելի լավ է մարդու աչքն ընկնի, քան թե անունը»:

Քիչ տարածում չունեն առանձին ազգերի մասին պատմությունները:
«Հայ ազգը հեղափոխական չէ», – բացահայտում է Վալերի Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի «Հայ ժողովուրդը հեղափոխական» հոդվածը:
Անցյալի, ներկայի և ապագայի միջև բախում չի կարող լինել, ու աշխատության 145-րդ էջում Հովհաննես Թումանյանի հանճարեղորեն պարզ ձևակերպումն է.
Էսօրն ինչ է որ, – մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կդառնա,
Եվ սակայն կըրկին միևնույն է նա:
«Ամեն փորձանք մեկ-մեկ խրատ»-ը` հայոց լավատեսական ասացվածքներից մեկը, ավելի լավ չի բնութագրի, քան անմահ լոռեցու «Միշտ մի աղետ, մի վնաս, գալիս է մեզ անպակաս» միտքը: Բանն էլ, իրոք, այն է, որ փորձանքից չես խուսափի: Իսկ ստի մասին խոսելիս ինչպե՞ս կարող ենք մոռանալ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը»:
«Տեղդ նեղ լինի, լեզուդ մեղր արա», «Խոսքը մեկ, Աստված մեկ» շարքն է ներկայացնում Վ. Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի տարաբախտ Թմկա տիրուհուն:
«Ջուրը գացող, ծարավ դարձող» շարքի ասացվածքները օգնում է հասկանալու Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը»:
«Հանաքը դանակ կդառնա»: Հենց այդպես եղավ, չէ՞, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում «ախպեր տղերքի»` Մոսիի և Սարոյի կատակով բռնած կռվի դեպքում: Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսն էլ այս գրքի 247-րդ էջում օգնում է հասկանալու «Խոզի գլուխը խալիչու վրա չի կենա» խոսքի արժեքը:

Որպես շտեմարան ընդունելով Ա. Ղանալանյանի «Առածանին»` Վալերի Միրզոյանը ներկայացնում է, որ դրանում 1405 անգամ հիշատակվել է 59 կենդանու անուն: Առաջին տեղում շունն է (215 անգամ): Հետաքրքիր է, որ շան մասին հիշատակումները քիչ չեն նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: Ուշագրավ համադրությունները Վալերի Միրզոյանի գրքում շատ են: Եվ այն հավակնում է դառնալու սեղանի գիրք գործարարների, պաշտոնյաների, մանկավարժների և ուսանողների համար:

Ամեն մի հանդիպում Հովհաննես Թումանյանի խոհին ու մտքին տոն է: Ուզում եմ ընթերցողին ներկայացնել նաև Թումանյանի մտքի գանձարանը բնորոշող մի մանրապատում-իրապատում, որ վերջերս եմ կարդացել մամուլում.
– Ո՞վ է այդ հոգնած ճանապարհորդ ձիավորը, – Աբասթումանի անտառներով անցնելիս իր շքախմբին է դիմում փոխարքան:
– Հայ բանաստեղծ Թումանյանն է, – պատասխանում են նրան:
Շքեղ կառքը կանգնեցնելով` Կովկասի փոխարքա Վորոնցովը դիմում է Թումանյանին.
– Ասում են` դու հայ բանաստեղծ Թումանյանն ես:
– Այդպես է, Ձերդ գերազանցություն, – պատասխանում է բանաստեղծը:
– Ուզում եմ քեզ մի հարց տալ: Ի՞նչ կասես, խե՞լքն է ծանր, թե՞ հիմարությունը, – հեգնական ժպտում է փոխարքան:
– Իհարկե հիմարությունն ավելի ծանր է:
– Իսկ ինչպե՞ս կապացուցես, – խորամանկորեն հարցնում է Վորոնցովը:
– Շատ պարզ, – քթի տակ ծիծաղում է Թումանյանը, – տեսե՛ք, ինձ մի ձի է տանում, իսկ ձեզ` չորսը: Հիմա հասկացա՞ք` դրանցից որն է ծանր:
Փոխարքան այլևս ոչ մի բան չի ասում և ձեռքով նշան է անում կառապանին, որ շարունակի ճանապարհը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Անկախ

Կկայանա համերգ` նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին

hover_banner.cdrԱպրիլի 10-ին՝ ժամը 19.00, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:

Համերգի ընթացքում ելույթ կունենա Հովեր պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան): Համերգի ծրագրում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անունները, ում հոբելյանը նշվում է այդ տարվա ընթացքում: Փառատոնի նպատակը սերունդների միջև ամուր կապի ստեղծումն է, հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության պահպանումը և արժևորումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Հրանտ Դինքը «Արարատ» ֆիլմը չէր հավանել. Ատոմ Էգոյան

unnamed (3)Աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում` «Սատանայի հանգույցը» իր նոր ֆիլմով մասնակցելու Ստամբուլի կինոփառատոնին: Թուրքական «Ռադիկալի» լրագրողը հանդիպել և զրուցել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր  Էգոյանի հետ՝ նրա հետ խոսելով ինչպես նոր ֆիլմի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների և Հրանդ Դինքի հետ նրա զրույցների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները:

– Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր հաստատվեցին, երկխոսություն սկսվեց: Դուք ի՞նչ զգացիք:

– Երկխոսություն սկսելը շատ կարևոր զարգացում է, ես շատ հարգում եմ երկու ժողովուրդների՝ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը, հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն: Հաջորդ տարի 100-ամյակն է լրանալու, և բոլորս հետաքրքրությամբ սպասում ենք, թե ինչ կլինի: Կապ հաստատելը լավ է: Իհարկե, սիրելի Հրանտ Դինքի սպանությունը, ցավոք, մեծ կորուստ էր, մարդիկ շատ ազդվեցին: Մյուս կողմից էլ այն մեծ փոփոխություն առաջ բերեց: Հրանտը հիանալի և անսովոր կերպար էր: Երբեմն կինոյից էլ էինք խոսում:

– Ի՞նչ էիք խոսում:

 – Օրինակ՝ «Արարատը» չէր հավանել, բավական բանավիճել ենք: Կարծում էր, որ ֆիլմը չի նպաստում ոʹչ երկու կողմին, ոʹչ էլ հարցին: Սակայն այսքան տարի անց, երբ նայում եմ ֆիլմին, մտածում եմ, որ այն տեղի ունեցածի մասին խոսելու առաջարկ եղավ կողմերին: Իմ կարծիքով՝ այն արժեքավոր առաջարկ էր: Եվ ի վերջո երկխոսություն սկսվեց, ինչը շատ լավ բան է: Սակայն մարդիկ չհավանեցին վերացական մոտեցումը «Արարատին»: Այնուհանդերձ, կարծում եմ, որ այն մնայուն ֆիլմ է:

Երեկո` նվիրված Աբգար Մուրադյանի 70-ամյա հոբելյանին

unnamedԱպրիլի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ երեկո` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյա հոբելյանին:

«Ժպտերես, անսահման և անմնացորդ նվիրված ուսանողներից յուրաքանչյուրին, պատասխանատվությամբ և եռանդով լեցուն»,- այսպես բնութագրեց մանկավարժ Աբգար Մուրադյանին համերգի ընթացքում որպես մենակատար հանդես եկող Դավիթ Գյուլամիրյանը:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ Աբգար Մուրադյանի նկարագիրը նույնպես առավել քան խոսուն էր. «Յուրաքանչյուրն, ով Աբգար Մուրադյանի հետ գեթ մեկ անգամ առնչվելու երջանկություն է ունեցել, այսօր էլ խորը ակնածանքով է հիշում նրան՝ մարդու, որ այնքա՜ն խնամքով սերնդեսերունդ է փոխանցել տարիների կուտակած գիտելիքներն ու փորձը: Ինչքան սեր ու ջերմություն է տվել նա շրջապատին, քանի ու քանի անգամ ենք ղեկավարվել նրա թանկագին խորհուրդներով: Չեմ դադարի հիանալ, թե ինչ ներդաշնակությամբ էին մի անձի մեջ միաձուլվում մեծատառով մարդու և նույնքան մեծատառով երաժշտի հատկանիշները: Որքան էլ ժամանակ անցնի, մեր հիշողություններում վառ կպահենք Մուրադյանի մասին ջերմ հուշերը: Նրա 70-ամյակին նվիրված համերգը այն ամենափոքր միջոցն է, որով կարող ենք հարգանքի տուրք մատուցել այդ իրավամբ մեծ ու իսկական երաժշտին»:

Համերգից առաջ Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահը, որտեղ հնչում էր Աբգար Մուրադյանի կատարմամբ Մոցարտի Կլառնետի կոնցերտի ձայնագրությունը, լեփ-լեցուն էր հյուրերով:

Համերգի առաջին մասում գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ունկնդրին ներկայացրեց Գագիկ Հովունցի Լարգոն կլառնետի և նվագախմբի համար «Խորեոգրաֆիկ պիեսներ» սիմֆոնիկ սյուիտից՝ նվիրված Աբգար Մուրադյանին, և Լուի Շպորի Կլառնետի թիվ 4 կոնցերտի հայաստանյան պրեմիերան::  Երեկոյի առաջին մասի ավարտին անվեջ ծափողջույնների պահանջով մենակատար Դավիթ Գյուլամիրյանը կրկին բեմում էր. հնչեց Լուիջի Բասսի «Վենետիկյան դիմակահանդեսը»:

Երկրորդ բաժնում նվագախումբը հանդիսատեսի դատին հանձնեց Մոդեստ Մուսորգսկու/Մորիս Ռավելի «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը: Հրաշալի կատարումից հետո «բիսն» արդեն անխուսափելի էր: Նվագախումբը ներկայացրեց Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի ֆինալը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտնի են Օպերայի տնօրենի պաշտոնի համար մրցույթի հաղթողները

օպերա«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում:

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը /9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ/, Գագիկ Զալիկի Մանասյանը /7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ/:

Այսպիսով՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

 

Օպերայի տնօրենի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու

օպերաՍ. թ. մարտի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն էր ս. թ. մարտի 15-ը: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան: