Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը. Սաշուր Քալաշյան

DSC09361“Մշակույթի ոլորտը այսօր ամենախոցելին է հանրապետությունում: Հաճախ ենք կորցնում հուշարձաններ կամ տեսնում, թե ինչպես են դրանք աղավաղվում: Խնդիրն այն է, որ իրողությունը կատարվում է և միայն դրանից հետո ենք տեղեկանում դեպքի մասին: Մեր երկրում նման հարցերը մեկ օրում կամ մեկ ժամում են որոշվում՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը”, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկելով Զվարթնոցի տաճարի և Աֆրիկյանների շենքի հետ կապված խնդիրները, հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը

“Բացասական եմ վերաբերում քանդել և ինչ-որ տեղ հավաքելու տարբերակին: Նման պրակտիկա չկա: Օրենքով էլ սահմանված է, որ հուշարձանը կարելի է տեղափոխել բացառիկ դեպքերում՝ երկրաշարժերի կամ բնական պայմանների պատճառով: Հուշարձանի տեղափոխումն, ըստ մեր օրենքի, անօրեն է”, – ասաց պարոն Քալաշյանը:

Այն հարցին, թե ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը Աֆրիկյանների շենքի՝ առանց հատուկ թույլտվության քանդման գործով դիմի իրավապահ մարմիններին, Սաշուր Քալաշյանը պատասխանեց. “Եթե Մշակույթի նախարարությունը դեռևս թույլտվություն չի տվել, դա նշանակում է դեռ նախագիծ չկա, պետք է երաշխավորություն ունենա, որ պիտի ինչ-որ տեղ պահպանվի: Պատվիրատուն պիտի լուծի այդ հարցերը նախ: Ապօրինությունը մնում է ապօրինություն”:

Սաշուր Քալաշյանը ընդգծեց, որ հուշարձանների անմխիթար վիճակը ընդհանուր է Հայաստանի բոլոր քաղաքների համար:

Անդրադառնալով Զվարթնոցի տաճարում տեղի ունեցած միջադեպին` Սաշուր Քալաշյանն ասաց. «՜Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը: Եթե Զվարթնոցի պարագայում նշված լիներ, թե ինչ բնույթի միջոցառումներ են կարելի և ինչը ոչ, այսպիսի միջադեպի ականատես չէինք լինի: Հուշարձանի անձնագրում պետք է գրված լինի, որ  խնջույքներն ու միջոցառումներն արգելվում են, իսկ խախտման դեպքում հսկողը տեղական ինքնակառավարման մարմինն է: Նմանատիպ միջոցառումները զբոսաշրջիկներին չպետք է խանգարեն տեսնելու հուշարձանը:  Օրենքը դա պետք է կարգավորի, միջոցառումը, գուցե, հարող տարածքում արվի, բայց ոչ բուն հուշարձանի տարածքում»:

 

Սաշուր Քալաշյանի հետ համաձայն է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա նույնպես համակարծիք է, որ Երևանը կորցնում է իր դեմքը. “Արդեն կորցրել ենք Սևանի, Դվինի հյուրանոցները Երիտասարդական պալատը, սակայն դրանց փոխարեն նոր կառույցներ չեն շինվում, որպեսզի գոնե կորստի ցավը մի քիչ մեղմվեր: Գոնե մի հատված հին Երևանից պետք է պահպանել”:

Անկախ

«Ոչ թե Աֆրիկյանների շենքն է մտել փողոցի մեջ, այլ դրա դիմաց կառուցված նորակառույցը». Սարհատ Պետրոսյան

5375f59cf0012_mediumԵրևան քաղաքի ամենայուրօրինակ կառույցներից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի շուրջ լարվածությունը գնալով խորանում է: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամներն ամեն կերպ փորձում են խոչընդոտել հունիսի 17-ին սկսված ապամոնտաժման աշխատանքները: Եվ դա նրանց հաջողվում է: Նույն օրը ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, և կառույցի մոտ էին ժամանել Մշակութի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ու կառույցի ապամոնտաժման ու տեղափոխման հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որը նաև «Հին Երևան» նախագծի հեղինակն է:

Վերջինս պնդել է, որ շենքն ապամոնտաժելու բոլոր թույլտվությունները կան, ուստի ապամոնտաժումը պետք է շարունակվի: Ակտիվիստերը, սակայն, ներկայացված փաստաթղթերը հիմնավոր չեն համարել՝ հիշեցնելով, որ Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը, բացառությամբ հատուկ դեպքի, որը, համենայնդեպս, այս դեպքը չէ:

Այսօր կրկին վերսկսվել էին ապամոնտաժման աշխատանքները, սակայն մի քանի ժամ անց՝ դադարեցվել։ Ակտիվիստների ահազանգով դեպքի վայր հասած Կարո Այվազյանը հրահանգել էր դադարեցնել աշխատանքները, քանի դեռ Մշակույթի նախարարությունից չկա ապամոնտաժման աշխատանքները սկսելու ամբողջական թույլտվություն:

Սարհատ ՊետրոսյանԱֆրիկյանների շենքի քանդման դեմ ակտիվ պայքարող երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2012 թվականին մի հետազոտության ժամանակ իրեք պարզել էին, որ 2008 թվականի հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի կողմից վավերացվել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի 5-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:

«Այսինքն, դրանով ուժը կորցրած է համարվում ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի N 1616-Ն հավելված 2-ում նշված տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը։ Սակայն այս հարցը բոլորը բաց են թողել, ու այսօր ցանկացած շենքի տեղափոխում, եթե չի բխում դրա անմիջական պահպանությունից, չպետք է տեղի ունենա»,-ասաց նա,-երկրորդ, եթե նույնիսկ ընդունենք, որ կարելի է անտեսել, ապա հիմնավորումներն այն մասին, որ շենքը տեղափոխում են, չեն դիմանում որևէ քննադատության։ Մեկ ասվում է, որ այն տեղափոխվում է «Հին Երևանի» տարածք, որն արդեն 10 տարի է՝ չի սկսվում, և չկա որևէ երաշխիք, որ դա տեղի կունենա։ Առկա են միայն ինչ որ անհատ ճարտարապետի հաավաստիացումներ։ Քննադատության չի դիմանում նաև փողոցի լայնացման հիմնավորումը, քանի որ իրականում ոչ թե Աֆրիկյանների շենքն է մտել փողոցի մեջ, այլ դրա դիմաց կառուցված նորակառույցը»։

Հաշվի առնելով այն փաստը, որ շենքի ապամոնտաժումը Հայաստանի կողմից ստանձնած եվրոպական պարտավորությունների խախտում է՝ շենքի պահպանության ակտիվիստները նամակով դիմել են Հայաստանում եվրոապական երկրների դեսպաններին ու եվրոպական կառույցների ներկայացուցիչներին՝ նրանց ուշադրությունը  հրավիրելու հարցի վրա:

Նամակում մասնավորապես նշված է, որ ՀՀ կառավարությունը փորձում է խախտել խորհրդարանի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան:

«Աֆրիկյանների ակումբի շենքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցներից է, որը ներառված է պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՀՀ կառավարության 7.10.2004թ N 1616-Ն որոշման հավելված 2-ի համաձայն՝ շենքը ենթակա էր տեղափոխման: Սակայն վերոնշյալ կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ Սահմանադրության հոդված 6-ից ելնելով՝ Կառավարության այս որոշումը ուժը կորցրած է համարվում: Մենք խիստ մտահոգված ենք այն փաստով, որ 2011թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես Մշակույթի նախարարությունը, շարունակաբար արհամարհում է ՀՀ միջազգային պարտավորություններին հետևելու՝ իր վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու և հուշարձանի պահպանությունն ու վերականգնումն իրականացնելու մեր պահանջները: Ավելին, 2014թ. հունիսի 9-ից սկսած կառուցապատող կազմակերպությունը սկսել է շենքի ապամոնտաժումը: Մի քանի տասնյակ քաղաքացիների, մասնագետների և լրատվամիջոցների ջանքերով առայժմ հնարավոր է եղել կանխել հուշարձանի ապամոնտաժումը: Սակայն վտանգ կա, որ ցանկացած պահի ապամոնտաժման աշխատանքները կարող են վերսկսվել»,-իրենց նամակում նշել են ակտիվիստները՝ կոչ անելով եվրոպական կառույցներին հանդես գալ որպես Գրանադայի կոնվենցիայի երաշխավորներ, մանրամասն ծանոթանալ իրավիճակին և արձագանքել:

Մինչդեռ «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը պնդում է, որ ակտիվիստները խոչընդոտում են իրականացնել մի ծրագիր, որի նպատակն է մայրաքաղաքի սրտում վերականգնել Հին Երևանի մի կտոր:

Ակտիվիստները չեն հավատում ծրագրի իրականացմանը՝ նշելով, որ այն երկար տարիներ է՝ քննարկվում է, սակայն դրա իրականացման համար գործուն քայլեր չեն արվում:

 

Անկախ

Հաղորդում հանցագործության մասին

աֆրիկյանների շենք

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

հասարակական կազմակերպությունից Անկախին հայտնեցին, որ

ս.թ. հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին  (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քանդման փաստով:

Աֆրիկյանների տունը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է և ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է:

Անկախ բերվող փաստարկներից (Տերյան փողոցի լայնացում, հուշարձանի տեղափոխում և այլն)` կատարվածը  հակասում է  ՀՀ օրենքներին և Հայաստանի կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածըուղղակիորեն արգելում է հուշարձանի քանդումը: Իսկ ՀՀ Քրեական Օրենսգրքի 264-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատմամշակութային հուշարձանի քանդման համար` ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկմամբ :
Դիմելով իրավապահ մարմիններին՝ ԹԻՀԿ-ն ակնկալում է ՀՀ Քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հաղորդման  ընթացքի  ապահովում և դրանում բարձրացված փասերի օբյեկտիվ քննություն:

Անկախ

Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան

6Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:
«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:

5«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:

– Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
– Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:

1– Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:

– Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:

2– Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե …

– Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:

3– Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:

– Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:

– Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:

– Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:

4– Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
– Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:

– Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:

– Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:

 

 

Հայ արվեստագետը լուսանկարների ցուցահանդես է բացել Դիարբեքիրում

diyarbakir  Հայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտիչյանը Դիրարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում ներկայացրել է իր «Տեղ չունեցող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Միջացառմանը մասնակցել են Գազիանթեփից (Այնթափ) և Քահրամանմարաշից (Մարաշ) ԱՄՆ-ը գաղթաց հայեր և մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ: Ցուցահանդեսի հեղինակը նպատակ է ունեցել ներկաներին տանելու դեպի հիշողությունների գիրկը: Սիլվինա Տեր-Մկրտչյանը, նշելով, որ ցուցահանդեսի համար Դիարբեքիրը ամենաազդեցիկ վայրերից մեկն է, ասել է. «Ես իմ ցուցահանդեսի միջոցով ուզում եմ մարդկանց տանել դեպի հիշողություններ և այսպիսով միավորելով նրանց զգացումները՝ օգնել, որպեսզի նայեն դեպի միասնական ապագա»:

Ցուցահանդեսը, որի ընթացքում լուսանկարներից բացի կներկայացվեն նաև տեսապատկերներ, այցելուների համար բաց կլինի մոտ մեկ ամիս:

 Անկախ

«Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել…»

10477091_722554547805377_838313244_n«Ես անկեղծ նկարում եմ՝ չմտածելով` դա դուր կգա մարդկանց, թե ոչ: Կտավի վրա մի ուրվագիծ եմ անում և նախապես չպլանավորված «սցենարով» սկսում աշխատել: Կտավում արտացոլվում է իմ հոգեվիճակը, իմ տրամադրությունն ու ասելիքը»,-այսպես է նկարագրում իր ստեղծագործական վիճակը գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանը:

Երիտասարդ նկարչուհին գտնում է, որ արվեստի մեջ ամենակարևորը անկեղծությունն ու ազատությունն է. արվեստը չի սիրում պարտադրանք, պատվեր ու սահմանափակում: «Երբ առանց մտածելու ես նկարում, կարծես գույներն իրենք էլ իրենց տեղը գտնում են, ինչպես բնության մեջ, որտեղ ամեն ինչ իր կատարյալ տեղն ու դերն ունի: Ստեղծագործող մարդու համար սահմաններ չպետք է լինեն՝ հատկապես հոգևոր առումով: Իսկ ստեղծագործությունը պետք է լինի ինքնաբուխ ու անկեղծ»:

IMG_4380Հասմիկը ստեղծագործելիս երաժշտություն է լսում՝ հիմնականում դասական և ռոք: Խոստովանում է, որ դա ազդում է նկարի վերջնական արդյունքի վրա, և հետո, երբ նայում է կտավին, այնտեղից կարծես այդ երաժշտությունն է լսում:

Ի՞նչ է պետք արվեստագետին անկաշկանդ ու անկեղծ ստեղծագործելու համար: «Արվեստանոց, մեկուսացում, հոգեվիճակ, նաև դժվարություններ, խնդիրներ, կենսափորձ…»,-թվարկում է նա:

Իսկ թե ինչն է խոչընդոտում արվեստին, ասում է. «Լճացած վիճակը: Արվեստը սիրում է կտրուկ քայլեր, փոփոխություններ: Կարևորը՝ չվախենալն ու առաջ գնալն է: Չպետք է վախենալ մարդկանց կարծիքից»:

IMG_4357Հայաստանում արվեստագետի համար, այն էլ այնպիսի արվեստագետի, որն իր աշխատանքից ֆինանսական օգուտ չի ստանում, լուրջ խնդիր է սոցիալական բարեկեցության ապահովումը:  Խնդիր է նաև հասարակության անտարբերությունը արվեստի նկատմամբ. նկարչուհին այդ ամենը սեփական կաշվի վրա է զգում, բայց այնուամենայնիվ, նշում է, որ իր համար դրանք առաջնային խնդիրներ չեն և չեն կարող խոչընդոտել իր ստեղծագործական աշխատանքին: «Ինձ համար ավելի կարևոր է ստեղծագործության մեջ նորանոր բարձունքներ նվաճելը՝ մնալով, իհարկե, իմ ոճի մեջ: Իսկ կատարելագործվելու տեղ միշտ կա, դա անվերջանալի պրոցես է, ու ես այդ պոտենցիալը զգում եմ իմ մեջ: Ինձ պետք է միայն լիարժեք մեկուսացում ու կենտրոնացում իմ աշխատանքի վրա»:

IMG_4370Հասմիկ Գասպարյանի ինքնատիպ կտավներն այսօր կախված են Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրդարանի դահլիճում: Հունիսի 14-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը:

Նկարչուհու ստեղծագործություններն արվեստանոցի պատերից դուրս հանելու և արվեստասեր հանրությանը ներկայացնելու գործն իր վրա է վերցրել «Այլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը: «Շատերն ասում են՝ արվեստ չկա: Համամիտ չեմ,-ասում է կազմակերպության նախագահ, բանաստեղծ Վահե Արսենը,-կա, պարզապես կապն է կտրված: Մենք փորձում ենք վերականգնել արվեստ-հասարակություն այրված կամուրջը»:

Ինչ վերաբերում է Հասմիկի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմանը, ապա ընտրությունը պատահական չէ. նրանց գլխավոր նպատակը ստվերում գտնվող տաղանդավոր արվեստագետներին ներկայացնելն է:

10371517_248249592041150_2903744938787430287_n«Չնայած որ Հասմիկի նկարները դեռ հանրայնացված չեն, իրեն շատերը չեն ճանաչում, սակայն նա շատ լուրջ է վերաբերում իր արվեստին: Հետաքրքիր է, որ նա տարիներով մի նկարի վրա աշխատում է, փորձում է ամբողջացնել: Հասմիկի կտավներում անձնականն ու անանձնականը խառնվում են իրար: Նա ներքին ապրումը կարողանում է տրանսֆորմի միջոցով փոխանցել կտավին: Զգում ես ապրումը, ներքին եռը, վակումը և իրականության բեկումն ընկալում ես անմիջապես, սակայն նա ներքին ապրումները պատկերում է լիովին  այլ իրավիճակում»:

Վահե Արսենը նույնպես Հասմիկի արվեստի մեջ բարձր է գնահատում ինքնատիպությունն ու անկեղծությունը: Նա նշում է որ այն պահին, երվ արվեստը վերածվում է ապրանքի, ինչ որ մի վատ բան է կատարվում դրա հետ, ու ամեն չափանիշ սկսվում է փոխվել: «Եթե նկարիչը սկսում է «կոպյա» անել ու վաճառել մեկ անգամ լավ վաճառված կտավը, այն այլևս արվեստ չէ: Հասմիկի մոտ որևէ կտավ չի կրկնվում, քանի որ նրանում դրված ապրումն ու հոգեվիճակն էլ չի կրկնվել»,-ասում է նա:

10472181_722571504470348_759913585_nՆկարչուհի Մարիամ Մուղդուսյանը Հասմիկի կտավների մասին ասում է. «Նրա աշխատանքներում ժամանակի կանգն է, տպավորություն է, որ շարժումն ու գործողությունն այդ պահին կանգնել-մնացել են: Հետո ժամանակն իր մեջ սկսում է ներսուզում ունենալ, և կարող ես անվերջ խորանալ աշխատանքի մեջ: Դիտելիս տպավորություն եմ ստանում, որ կարող եմ ուղիղ խորանալ, հենց ուղիղ, ոչ լայնությամբ կամ երկարությամբ: Նրա աշխատանքները տանում են խորացման և կենտրոնացման»:

Հասմիկ Գասպարյանի կտավներն Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում կցուցադրվեն մոտ մեկ ամիս: Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է՝ չնայած որ նա իր նկարները կարող էր հանրությանը ներկայացրած լինել շատ ավելի վաղ:

IMG_4374Ինչևէ, նա արվեստագետի այն տեսակն է, որն առաջին հերթին ստեղծագործում է ինքն իր համար: Իսկ մնացածը, ինչպես ասում է, ժամանակի ու հանգամանքների խնդիր է: «Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել,-նկատում է նա՝ խոստովանելով, որ շատ ուրախ է, որ իրեն  նկատել ու գնահատել է «Այլ Արտը», որի շուրջ համախմբված մարդիկ արվեստի իսկական նվիրյալներ են, և իրենց համագործակցության հիմքում չկա որևէ նյութական, ֆինանսական շահագրգռվածություն, կա միայն մի բան՝ արվեստը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Ա. Խաչատրյանի անվան մրցույթի ավարտը և “ստարոդուբցևապաշտության” սկիզբը Հայաստանում. լուսանկարներ

DSCN5448Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ավարտվեց  հունիսի գլխավոր մշակութային իրադարձությունը. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը:

Փակման արարողությանը ներկա էին ՀՀ առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարարը և այլք:

DSCN5413Հատկանշական է, որ այս տարի մրցույթին մասնակցության աշխարհագրությունն  ավելի էր ընդլայնվել. նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:

Կիսաեզրափակիչ փուլ անցել էին չորս մասնակից, ովքեր  հունիսի 12-ին և 13-ին ներկայցրին DSCN5591Ֆրեդերիքկ Շոպենի, Պյոտր Չայկովսկու և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

 

Շաբաթ երեկոյան տեղի ունեցած գալա համերգի ժամանակ հայտարարվեցին հաղթողների անունները: Այս տարի ժյուրին, որը գլխավորում էր դաշնակահար Արմեն Բաբախանյանը, որոշում է կայացրել առաջին մրցանակ չշնորհել. Երկրորդ տեղը կիսեցին Ռուսաստանը ներկայացնող երկու երիտասարդ կատարողներ ` Անաստասիա Նեստերովան և Եվգենի Ստարոդուբցևը:

DSCN5594Երրորդ տեղը զբաղեցրեց մեր հայրենակից, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Սիմոնյանը, չորրոդը` Ռան Ջիան Չինաստանից:

Մրցույթի հաղթողները  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ կատարեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:

Հարկ է նշել, որ, թեև պաշտոնապես երկու դաշնակահար հաղթեց, սակայն հայ երաժշտասեր հասարակությունը ակնհայտորեն «սիրահարվել է» Եվգենի Ստարոդուբցևին. համերգից հետո նրան երկար ժամանակ շրջապատել էին երկրպագուները` նկարվելու և մակագրություն ստանալու համար: Եվգենին այդ վերաբերմունքից հուզվել էր և նա պատրաստակամությամբ և սիրալիր ժպիտը դեմքին էր դիմավորում  յուրաքանչյուր երկրպագուի: Ընդ որում` դաշնակահարի երկրպագուների շարքում կարելի էր տեսնել տարբեր տարիքի և սեռի երաժշտասերների: Երկրպագուները մի քանի րոպե շարունակ վանկարկում էին նրա անունը և խնդրում վերադառնալ Հայաստան հյուրախաղերով:

Անկախ

Բարոյական չափանիշների քայքայումը և մարդկային ճակատագրերի դրաման` «Ոսկե Ծիրան­2014»­ի էկրաններին

ոսկե ծիրան«Ոսկե Ծիրան» 11­րդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Մասնավորապես` մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար խաղարկային, վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ » (կարաճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

 

Այս տարի շուրջ 95 երկրից ներկայացված ավելի քան 1500 հայտերից մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրվել է ընդհանուր թվով 70 ֆիլմ, այդ թվում` 10 միջազգային խաղարկային, 12­ը` միջազգային վավերագրական, 18­ը Հայկական համայնապատկեր  և մոտ 30­ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Երևանյան կինոափառատոնի ծրագրի մասին այսօր լրագորղների հետ զրուցեցին ` «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի  փոխտնօրեն Արա Խանջյանը և Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը:

 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է 12 ֆիլմ. եղել է նախադեպ, երբ 13 է եղել, սակայն փառատոնի կազմակերպիչները փորձում են այնպես անել, որ ժյուրիի անդամները ժամանակ ունենան քննարկելու 2 ֆիլմ ամեն օր:  Խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորում է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը:

Ֆիլմերի հեղինակների շարքում կան և՛ անվանի, և՛ սկսնակ ռեժիսորներ: Ստամբոլցյանը առանձնացրեց Ռիչարդ  Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը, որը ներկայացվել է «Օսկարի» և Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր է: Ռեժիսորը այդ ֆիլմի վրա աշխատել է 20 տարի: Միաժամանակ կան նաև երիտասարդ ռեժիսորների գործեր. Օրինակ, Միրոոսլավ Սլաբոշպիցկին , որը Կաննի քննադատների մրցույթում ստացավ գլխավոր մրցանակը: Նրա ֆիլմը կոչվում է «Ցեղը»: Ֆիլմը խուլուհամրերի մասին է և նկարահանվել է առանց խոսքի

«Խաղարկային ֆիլմերի անվանակարգը բավականին հետաքրքիր ծրագիր ունի այս տարի: Անցյալ տարի իշխում էին ծնողների և երեխաների հարաբերությունների մասին ֆիլմերը: Բոլորը նշում էին, որ ծրագիրը շատ դեպրեսիվ է: Այս տարի հավանաբար այդպես չի լինի: Կարելի է ասել, որ բոլորի գործերում բարոյական ճգնաժամը ընդհանուր  թեմա է: Կան անհանգստություններ բարոյական չափանիշների մասին: Աշխարհի տարբեր ծայրերից են բերվել ֆիլմերը, սակայն բոլորի մոտ այդ մտահոգությունը կա»,­ նշեց  Միքայել Ստամբոլցյանը:

 

«Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը անդրադարձավ վավերագրական մրցույթում ներկայացված ֆիլմերին: Ժյուրիի նախագահը Երվանդ Ջանիկյանն է: «Հիմնականում լիամետրաժ ֆիլմեր են ներկայացված, դրանց բոլորի բովանդակությունը տարբեր է և յուրօրինակ: Այդ գործերը մարդկային ճակատագրերի մասին են, որոնք իրենց միջավայրում չեն և փորձում են իրենց տեղը գտնել այդ իրավիճակում», ­ ասաց  պարոն Խանջյանը:

Րաֆֆի Մովսիսյանն անդրադարձավ «Հայկական համայնապատկերին»: Այս տարի 120 -ից ավելի ֆիլմերից ընտրվել է 18-ը: Նրա խոսքով` այս տարվա հայկական կինոարտադրանքն ավելի լավն է, քան «դրսինը»: Ֆիլմերի հիմնական մասը պրեմիերաներ:

«Ոսկե Ծիրան» 11­րդ միջազգային կինոփառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 13­ին` Սերգեյ Փարաջանովի վերականգնված «Նռան գույնով»
Անկախ

Անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան. Աշխունջ Պողոսյան

23159«Պատմական Հայաստանը գորգագործության մշակույթի խոշորագույն բնօրաններից է: Սա հռետորական հայտարարություն չէ. կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են այս պնդումը: Մասնագետները ամենահինը համարում են մ.թ.ա 3-րդ դարում ստեղծված գորգը, որը պատրաստվել է Հայաստանում, հավանաբար Վանա լճի ափին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը:

Գորգագործությունը մեր երկրում հատկապես զարգացած է եղել միջնադարում մինչև 13-14 դարերը և նորից սկսել է վերելք ապրել 1820-ականների վերջին.սա ուղիղ կապ ունի պատմական իրադարձությունների հետ:

«Միջնադարյան օտարալեզու, հատկապես արաբալեզու աղբյուրները գրում են, որ ամբողջ Արաբական խալիֆաթի տարածքում հռչակված էին հայկական գորգերը: Այժմ մենք ի՞նչ ունենք. հասկանալի է, ոչինչ չունենք, նման բան գոյություն չունի», -ասաց գորգագետը:

Նա հայտնեց, որ ներկայումս Հայաստանում գորգագործության 3 խոշոր ձեռարկություն կա, որից մեկը` Արցախում: «Որոշ բաներ արվում է այդ երեք ձեռնարկությունների միջոցով: Տեխնիկական, տեխնոլոգիական առումով այդ գործարանները առաջնակարգ են, արտադրանքի մեծ մասը գործվում է բնական ներկանյութերով»,- նշեց մասնագետը` շեշտելով, որ մեզ մոտ գորգի ինքնարժեքը չափազանց բարձր է. այդ պատճառով արտերկրում դրա վաճառքի կազմակերպումը շատ դժվար է, իսկ մեր երկրում առավել ևս չափազանց սահմանափակ է պահանջարկը:

«Ամբողջ աշխարհում ընդունված է տարանջատել գորգերը `կովկասյան, թուրքական, ադրբեջանական, սակայն հայկական գորգի մասին հայ ժողովուրդը՝ որպես գորգագործության մշակույթի  կրող ազգ, շատ հազվադեպ է հիշատակվում: Հայաստանի իշխանությունները  պետք է որ շահագրգռված լինեին, որպեսզի գորգագործությունը զարգանար, սակայն, ինչպես տեսնում ենք, այն մեր իշխանությունների խելքի բանը չէ, սակայն անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան»,- ասաց պարոն Պողոսյանը` փաստելով, որ անգամ Առաջին Հանրապետության օրոք գորգագործության ավանդները պահպանելու համար ավելի լուրջ քայլեր էին անում, քանի հիմա:

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հայտնի դարձան գլխավոր մրցանակի հավակնորդները

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթԱրամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլն ավարտված է: Քիչ առաջ ժյուրին, որի կազմում ընդգրկված են հայտնի դաշնակահարներ ամբողջ աշխարհից, հայտարարեց այն չորս մասնակիցների անունները, ովքեր  հայտնվել են եզրափակիչ փուլում:

Այսպիսով ` գլխավոր մրցանակի հավակնորդներն են Ռան Ջիա (Չինաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան), Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան):

Վաղը մրցույթում հանգստի օր է: Տեղի կունենան փորձեր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Եզրափակիչ փուլ կտևի երկու օր. մասնակիցները Երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենան հունիսի 12-ին և 13-ին: Երիտասարդ դաշնակահարները կներկայացնեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Պրոկոֆևի, Ֆրեդերիկ Շոպենի և Պյոտր Չայկովսկու դաշնամուրի կոնցերտները:

Արամ Խաչատրյանի անվամ միջազգային երաժշտական մրցույթը ունի բարձր պարգևավճարներ: Առաջին մրցանակը` 15 հազար դոլարին համարժեք գումար, երկրորդը` 10 հազար, երրորդ ու չորրորդ տեղերի համար նախատեսված է համապատասխանաբար 4 և 2 հազար դոլարին համարժեք պարգևավճար:

 

Հոբելյանական 10-րդ մրցույթի փակումը տեղի կունենա հունիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում պարևատրման հանդիսավոր  արարողությամբ և գալա համերգով:

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները. լուսանկարներ

Изображение 208Արամ Խաչատրյանի անվան  միջազգային դաշնակահարների 10-րդ մրցույթում այսօր երեկոյան հայտարարվեցին կիսաեզրափակիչ փուլ անցած կատարողների անունները երկու օր տևած լսումների արդյունքում:

Այսպիսով` երկրորդ փուլում են հայտնվել է 8 դաշնակահարներ. Նինո Բակրաձե (Վրաստան), Շուշանիկ Հովակիմյան (ԱՄՆ), Ռան Ջիա (Չինաստան), Դավիթ Հովհաննիսյան, (Հայաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան), Ալեքսեյ Կուդրյաշով (Ռուսաստան). Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան):

 

Կիսաեզրափակչի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կներկայանա 60 րոպեից ոչ ավել տևողությամբ մենահամերգով՝ իր ընտրությամբ: Հայաստանցի երաժշտասերները և օտարերկրյա հյուրերը հունիսի 9-ին և 10-ին հնարավորություն կունենան ունկնդրելու այնպիսի  հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են`Ռոբերտ Շումանը, Մոդեստ Մուսորսկին, Կլոդ Դեբյուսին, Սերգեյ Պրոկոֆևն և այլք:

Հոբելյանական 10-րդ մրցույթի բացումը տեղի ունեցավ ուրբաթ` հունիս 6-ին և կավարտվի հունիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում փակման արարողությամբ, որին կմասնակցեն հաղթող դաշնակահարները և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ` դիրիժոր  Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Անկախ

Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթն ամուսնալուծվում են

o_652694Հոլիվուդյան աստղային զույգը որոշել է ամուսնալուծվել: Նման որոշումը կայացվել է 18 տարվա ամուսնական կյանքից հետո: Նախնական տեղեկության համաձայն, որոշումը երկկողմանի համաձայնության արդյունք է:

РИА Новости-ն էլ հայտնում է, որ ամուսնալուծության նախաձեռնությունը Մելանի Գրիֆիթինն է.56-ամյա դերասանուհին որպես պատճառ նշել է «անհաղթահարելի տարաձայնությունները»: Գրիֆիթը պահանջում է իրեն հանձնել դստեր` Ստելայի դաստիարակությունը, որը սեպտեմբերին կդառնա  չափահաս: Դերսանուհին նաև 53-ամյա Բանդերասից ալիմենտ  ստանալու հույս ունի:

Ի դեպ, Բանդերասի համար սա երկրորդ ամուսնալուծությունն է, իսկ Գրիֆիթի համար` չորրորդը: Զույգը դեռևս բաժանության մասին պաշտոնական մեկնաբանություններ չի արել:

Անկախ

Միանձնուհին “Իտալիայի ձայն” հեռուստաշոուի հաղթող է ճանաչվել

o_963980Իտալիայում երգի մրցույթի հաղթող է ճանաչվել կաթոլիկ միանձնուհին: Իր հաղթանակի մասին իմանալով, քույր Քրիստինա Սկուչիան, որը միանձնուհու հանդերձանքով է եղել. կրծքին խաչելություն, շնորհակալություն է հայտնել Աստծուն ու հատված մեջբերել “Հայր մերից”, մի քանի րոպե շփոթության մեջ գցելով ժյուրիին:

Նա Սիցիլիայում է ծնվել, իսկ հիմա բնակվում է Միլանում` միանձնուհիների օթյակի հետ: Նա որպես  պարգև ստացել է  Universal ստուդիայի հետ պայմանագիր կնքելու հնարավորություն: Նա ակնարկել է, որ չի կամենում երաժշտական կարիերայով զբաղվել: Քրիստինայի քրոջ խոսքով, նա հեռուստաշոուին այլ նպատակով է մասնակցել.նա  Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համապատասխան կոչին հետևելով` “եկեղեցին ժողովրդին մոտեցնելու կարևոր առաքելություն է կատարել”:

Նա այդ առաքելության շրջանակներում երգել է այնպիսի աստղերի հետ, ինչպես օրինակ` Քայլի Մինոուգն է, Ռիկի Մարտինը: Ալիշա Կիզի երգով առաջնելույթը հավաքել է 50 մլն դիտում  YouTube-ում: Ինքն այդ ելույթն անվանել է “մաքուր էներգիա”:

Իր անհավանական հաջողությունը նա բացատրում է նրանով, որ հեռուստադիտողները պարզապես “կարոտ են ուրախության”:

Իսկ համեստ միանձնուհու ճանաչումը ԶԼՄ-ներին ստիպել է նրա անցյալի մանրամասները պարզել: Նրանք զրուցել են աղջկա նախկին ընկերոջ հետ ու այն երաժշտական ակադեմիայի տնօերնի, որտեղ նա սովորել է: Տնօրենն ասել է.”Քրիստինան որպես արտիստ կայացել է ինչ որ հանելուկային ուժի շնորհիվ: Աստծուն նվիրվելով, նա հասել է վարպետության”:

25-ամյա աղջիկը խոստովանել է, որ դեռահասության տարիներին կրոնի հակառակորդ է եղել: Այն ժամանակ երգել է  երաժշտական կոլեկտիվում ու մի անգամ հայտնվել է մի լսման, որտեղ Ուսրուլինուհիների օթյակի մասին մյուզիքլին պետք է մասնակցեր: Այն ժամանակ էլ նա ցանկացավ միանձնուհի դառնալ: 2009-ին նա դարձել է  միանձնուհի, աշխատել Բրազիլիայում.օգնել չքավոր ընտանիքների երեխաներին: Եվ միայն դրանից հետո են նրան օթյալ ընդունել:

Իր ապագայի պլանների մասին խոսելով, նա նշել է, որ մտադիր է վերադառնալ աշխարհիկ կյանք, իսկ եթե երգի էլ, ապա”եկեղեցում` երիտասարդների հետ ու դպրոցներում”: “Ես կշարունակեմ երգել, եթե դա Աստծուն հաճո է”,-ասել է նա:

Անկախ

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

մրցույթՀայաստանի մշակութային կյանքում սկսվում է մեծ իրադարձություն։ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողությունը։

Այս տարի մրցույթը հոբելյանական է՝ այն անց է կացվում արդեն 10-րդ անգամ։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Կհնչի Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։

Հոբելյանական մրցույթն ուղղված է «դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը։

Այս տարի մրցույթին մասնակցության աշխարհագրությունն  ավելի է ընդլայնվել. նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն։

«Այս տասը տարիների ընթացքում մրցույթը զարգացել է թե՛ աշխարհագրության, թե՛ մասնակիցների թվի քանակի առումով։ Բարձրացել է նաև մրցույթի հեղինակությունն  ամբողջ աշխարհում»,- լրագրողների հետ հանդւպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը։

Դաշնակահար Արմեն Բաբախանյանը նշեց, որ իր համար Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը միանշանակ տոն է. «Դա կարևորագույն մշակութային մրցույթ է  դասական երաժշտության ոլորտում Հայաստանում։ 10-րդ հոբելյանական մրցույթը շատ յուրահատուկ է։ Կան մեծ փոփոխություններ. աճել է պրոֆեսիոնալ առումով, փոխվել են ծրագրերը և կանոնները։ Մենք փորձել են 10 տարիների փորձառությունն  ի մի բերել այս տարի»։

Նա նաև ընդգծեց, որ այս տարի ծրագիրը փոխվել է, դարձել է ավելի ազատ, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայանալ լավագույն կողմերից։ «Մենահամերգային ոճով կկատարվեն մի քանի ստեղծագործություններ, որպեսզի մենք երաժիշտներին ծանոթանանք բոլոր կողմերից։ Ամենակարևոր նորությունն այն է, որ եզրափակիչ փուլում կատարվելու են արդեն երկու դաշնամուրային կոնցերտ. ամեն մի ֆինալիստ երկու կոնցերտ է կատարելու, մեկը պարտադիր Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը կամ ռափսոդիան, և երկրորդը՝ մասնակցի ընտրությամբ», – հայտնեց ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը։

Մահացել է կոմպոզիտոր Յուրի Վարումը

varumԿոմպոզիտոր, երգահան, ռուսական էստրադայի աստղ Անժելիկա Վարումի հայրը Յուրի Վարումը մահացել է ԱՄՆ-ում,  հայտնել է նրա փեսա Լեոնիդ Ագուտինն իր ֆեյսբուքյան էջում:

“Մենք վիշտ ունենք: Մահացել է Յուրի Վարումը: Հիվանդությունը, դաժան ու անողոք, ոչ միհույս չթողեց, որ նա մեզ հետ լինի այս աշխարհում, այս հողի վրա: Նա կդառնար 65 տարեկան”,գրում է Ագուտինը:

Կոմպոզիտոր Յուրի Վարումը ծնվել է 1949-ի հոկտեմբերի 8-ին, Բելառուսում:

“Մեզ համար շատ դժվար է: Մեզ բոլորիս, մեր մեծ ընտանիքի ու հատկապես կնոջս համար”,-հավելել է Ագուտինը:

Անկախ

«Գրքարվեստ 2014»-ում Հայաստանը վաստակել է 5 առաջին մրցանակ. նախկինում որևէ երկիր նման ցուցանիշ չի ունեցել

միլիտոնյան1Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը 5 առաջին մրցանակ է շահել: Մրցույթին Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել ընդհանուր 8 մրցանակի, որոնցից 5-ն առաջին մրցանակներ են, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի («Համագործակցություն» անվանակարգ, «Հայոց Երևելիներ», հեղինակ` Ալբերտ Միքայելյան), մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի ( «Գրան պրի» անվանակարգ, «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ», կազմող` Յ. Պետրոսյան ) և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի («Իմ երկիրը» անվանակարգ, «10 հայ ականավոր թագուհիներ», հեղ. ` Արտակ Մովսիսյան):
Առաջին մրցանակի են արժանացել Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ («Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգ), Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը («Մշակույթների երկխոսություն» անվանակարգ), Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը («Գիտություն և կրթություն» անվանակարգ), Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» («Արվեստի գիրք» անվանակարգ), Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը («Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգ) :
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը մրցանակակիր գրքերից հատկապես կարևորում է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»-ը` որպես մեծն հայագետի աշխատանքի գնահատանք, և Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», որը, նրա խոսքով, առաջին ամբողջական աշխատությունն է հայ գորգի մասին:
Մրցույթի արդյունքների և նշանակության մասին «Անկախը» զրուցել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
պատկերազարդ-պատմություն-հայոց– Պարոն Միլիտոնյան, մրցույթին ինը գիրք ենք ներկայացրել և վաստակել ութ մրցանակ: Ինչո՞վ է պայմանավորված նման բարձր ցուցանիշը:
– Իհարկե, մեր գրահրատարակչական ասպարեզի զարգացման, տպագրական տեխնոլոգիաների նորացման միտումներով եմ դա պայմանավորում: Վերջին տարիներին մեզանում իսկապես որակով ու բազմազան գրքեր են հրատարակվում: Գրքի միջազգային ցուցահանդեսներում մեր գրքերն անպայման ապահովում են բարձր մակարդակ: Եվ դա այն հրատարակիչներն են ապահովում, որոնք ամեն տարի նման ցուցահանդեսների են մասնակցում:
Սա նշանակում է մի բան, որ այսօր ունենք գրահրատարակչական շատ լավ հնարավորություններ, ունենք կայացման փուլում գտնվող հրատարակիչներ: Եթե Սովետական Միության տարիներին հիմնականում մեկ-երկու հրատարակչություն կար, որոնք կենտրոնացված էին պետության ձեռքին, ապա այսօր 40-ից ավելի հրատարակչություն կա, որոնք գործում են ասպարեզում, գրքեր են հրատարակում և ջանք են ներդնում նոր, հետաքրքիր գրքերի լույսընծայման համար:
Եթե մեզանում կարողանանք նկատել և գնահատել կատարված աշխատանքները, դրանով իսկ կնպաստենք ոլորտի հետագա զարգացմանը:
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ցուցահանդեսն էլ մի խթան է, որպեսզի ամեն տարի ավելի հետաքրքիր գրքեր տպագրվեն ու ներկայացվեն:
Մրցույթին ներկայացված գրքերը նախ «Հայաստանի գրքարվեստ» մրցույթում են հաղթող ճանաչվել, ապա միայն միջազգային մրցույթին ներկայացվել: Այդ գրքերը միջազգային մրցույթում ներկայացնելով` վստահ էի, որ մրցանակներ կունենանք, բայց որ այդքան շատ` ինձ համար էլ անակնկալ էր:

– Նախորդ տարիներին «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում Հայաստանն ի՞նչ ցուցանիշներ է ունեցել:

– Մենք մասնակցել ենք 11 տարի և տարբեր ցուցանիշներ ենք ունեցել. ամեն կարգի մրցանակներ էլ ունեցել ենք, բայց որ այս տարվա պես 5 առաջին մրցանակ լինի… Ոչ միայն մենք, որևէ այլ երկիր նախկինում նման ցուցանիշ չի ունեցել:

– Ձեր կարծիքով` մասնակցությունը միջազգային մրցույթներին մեզ ի՞նչ է տալիս: Ո՞րն է մասնակցության բուն նպատակը:

– Նպատակն է խթանել գրքի քարոզչությունը: Սեպտեմբերին մրցանակները կհանձնվեն Մոսկվայի Գրքի ցուցահանդեսի շրջանակներում: ԱՊՀ և այլ երկրների լրատվական խողովակներով լուրը կտարածվի: Սա արդեն մեծ հնարավորություն է հայ գիրքը աշխարհին ներկայացնելու, քարոզելու համար: Բացի այդ, մրցանակ ստանալուց հետո հրատարակիչն ինքն էլ է պարտավորված զգում և փորձում ավելի լավ, որակյալ գրքեր հրատարակել:

– Ամփոփելով վերջին տարիների ցուցանիշները` գրահրատարակչության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք, և ո՞րն է առաջխաղացման հիմնական գործոնը:
գրքարվեստ– Մեր գրահրատարակչական դաշտն անկախության 23 տարիների ընթացքում ամենակայացած ոլորտներից է: Նախ` հիմնականում պահպանվեցին ավանդական տպարանները և հրատարակչությունները, որոնք ավանդաբար ուժեղ էին: Նաև նորերն ի հայտ եկան` նոր մտահղացումներով ու գործունեությամբ, և, փաստորեն, դաշտում առողջ մրցակցություն եղավ: Այդ առողջ մրցակցության շնորհիվ Հայաստանում ներկայումս տարեկան 2200 անուն գիրք է հրատարակվում` մանկականից մինչև հանրագիտարանային: Դրան շատ է նպաստում նաև պետական աջակցության հնարավորությունը: Այդ ներդրումը զգալի է: Լավագույն գրքերի մի մասն այդ աջակցությամբ է հրատարակվում:

– Շատ է խոսվում է, որ պետպատվերի շրջանակներում տպագրված գրքերը հաճախ զիջում են որակային առումով: Համամի՞տ եք այս կարծիքին:

– Բնականաբար, չեմ կարող համամիտ լինել, որովհետև, նախ, ասողը պիտի մանրամասնի, թե ինչով է զիջում` թղթի որակո՞վ, բովանդակությա՞մբ: Այն գրքերը, որոնք ընդգրկվում են պետական պատվերի և աջակցության ծրագրերում, բնականաբար, և՛ իրենց որակով, և՛ բովանդակությամբ աչքի ընկնող գրքեր են այդ բնագավառներում:
Անհատ հեղինակը կարող է մեծ գումարներ ներդնել իր գրքի հրատարակության համար, ուստի պարտադիր չէ, որ պետական պատվերով գիրքը տպագրական որակով ավելի բարձր լինի, որովհետև այդ գրքերի վրա այնքան էլ մեծ գումարներ չեն ծախսվում, և հիմնականում ինքնարժեքից ցածր են վաճառվում, հատկապես` մանկական գրքերը:
Նշեմ, որ մրցանակակիր գրքերից 3-ը պետական միջոցներով են հրատարակվել:

– Վերջին տարիներին Երևանում գրախանութների թիվն ավելանում է: Ի՞նչ է սա, գրքի պահանջարկը մեծանո՞ւմ է:

– Սովետմիության ժամանակ երևանում մոտավորապես 80 գրախանութ կար, անկախացման ժամանակ և հետո մեծ մասը փակվեց, դարձան այլ տիպի խանութներ: Հիմա որոշ չափով վերադարձ է նկատվում: Տարբեր տեղերում փոքրիկ գրախանութներ են բացվում, տարբեր սուպերմարկետներում են վաճառում, փոստատներում են գրքերի անկյուններ բացվում: Եթե առաջ կար գիրք վաճառելու մի հնարավորություն` գրախանութը, ապա այսօր ընգրկվել է ցանցի ըմբռնումը. գիրքը կարող է վաճառվել սրճարան-գրախանութներում, տարբեր հաստատություններում: Գրքի նկատմամբ պահանջարկի աճ հիմնականում կա: Բայց նաև նկատելի է, որ դա մեծ որակ չի կազմում:
Խոստովանենք, որ այս ամենը պատճառաբանվում է նաև նրանով, որ մեր զանգվածային լրատվամիջոցները շատ քիչ են տեղ հատկացնում գրքին, հրատարակչին, ստեղծագործողին, գրախանութին:

– Ունենք լավ որակով գրքեր, որոնք դրսում գնահատվում են, իսկ ներսում դրանք գնահատվա՞ծ են պատշաճ կերպով:

– Հիմա ով սիրում է գիրք կարդալ, կարդում է: Պահանջել բոլորից միատեսակ բան` անցած ժամանակներին էր հատուկ, երբ բոլորը ցուցադրության համար գրքեր էին բաժանորդագրվում, տանը մեծ գրադարաններ ունեին: Սովետական Միության տարիներին գիրքը հրատարակվելուց մի քանի օր անց սպառվում էր: Հիմա նույն հեղինակի գիրքը տարիներով չի սպառվում, ուրեմն մենք կայուն ընթերցողական դաշտ չենք ունեցել: Այնպես որ, այսօր գիրք կարդում են նրանք, ովքեր ուզում են կարդալ և պահանջ ունեն կարդալու:
Եվ մյուս կողմից, եթե ընթերցողը ծանոթ չէ ժամանակակից հեղինակներին ու հրատարակիչներին, այդ մարդը ո՞նց պիտի գնահատի գրողին, նրա աշխատանքը:

– Գրադարանների համալրվածության մասին. Հայաստանում տարեկան 2200-ից ավելի գիրք է հրատարակվում, բայց մեր գրադարանները համալրվածության խնդիր ունեն, չեն կարող ընթերցողին մատուցել նրա պահանջած ժամանակակից հրատարակությունները, ինչո՞ւ, և այս հարցի ի՞նչ լուծում եք տեսնում:

– Նայած թե ում են պատկանում գրադարանները: Մշակույթի նախարարությանը պատկանող գրադարանները տարեվերջին համալրվում են վերջին երեք տարում պետպատվերով և աջակցությամբ հրատարակված ու վաճառքում մնացած գրքերով: Դրանք բաշխվում են գրադարաններին: Պետականորեն այս գործն արվում է, բայց Հայաստանում շատ գրադարաններ կան: Ինչո՞ւ համայնքներում որևէ մեկը չի մտածում որոշակի գումար հատկացնել գիրք ձեռք բերելու համար: Եթե ամեն ինչ թողնել, թե վերևից մեկը պետք է գա ու մեզ գիրք նվիրի` չի լինի: Պետությունն իր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է: Բայց մենք էլ մի քիչ պիտի մտածենք, հնարավորություններ գտնենք:

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդիկ

b_676380Կանանց համար նախատեսված հեղինակավոր ամերիկյան  Harper’s Bazaar ամսագիրը հրապարակել է աշխարհի բոլոր ժամանակների  ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը: հիմնականում նրանք շոու բիզնեսի ներկայացուցիչներ են` դերասաններ ու երաժիշտներ: Առաջատար դիրքերը կիսել են Բրեդ Փիթը, Ջոնի Դեպն ու Լեոնարդո դի Կապրիոն:

Harper’s Bazaar-ի ղեկավարությունը խնդրել է  մեծ մասսայականություն վայելող կանանց Porn for Women ռեսուրսի հիմնադիր Սառա Գիդիկին կազմել սեքսուալ տղամարդկանց վարկանշային ցուցակը: Այդ տիրույթի օգտատերերը հաճախ են քննարկում գեղեցիկ ու հաջողակ տղամարդկանց: Չնայած տվյալ վարկանշային ցուցակի համար գլխավոր չափորոշիչ է եղել անձնական համակրանքը, դրա համար էլ տվյա հարցումից օբյեկտիվություն ակնկալել պետք չէ: Այունամենայնիվ, դժվար է չհամաձայնել, որ ընտրված տղամարդիկ իսկապես էլ գրավիչ են:

Հիշյալ 3 դերասաններից բացի, «սեքսուալ» ցուցակում են նաև նրանց ավագ գործընկերներ Ռոբերտ Ռեդֆորդը, Մառլոն Բրանդոն, Փոլ Նյումանը, Ռիչարդ Գիրը: Այս ցուցակում են նաև ավելի երիտասարդ աստղերը. Ռայան Գոսլինգն ու Զակ Էֆրոնը:

Ի դեպ, այս ցուցակում ընդգրկված անունները կամայական են բաշխված ու, բնականաբար, նրանց մեջ ոչ մի մրցակցություն չկա, նշել է  Գիդիկը:

Անկախ

Առանց անցյալի հնարավոր չէ կառուցել ապագան. լուսանկարների ցուցահանդես` նվիրված Երևանին

ասուլիսԵրևանի կամերային թատրոնի «Երկաթ» մշակութային ակումբում մայիսի 6-ին տեղի կունենա լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը կլինի նախորդ տարի անցկացված «Երևանի երեք սահմանները» ցուցահանդեսի գաղափարական շարունակությունն ու ամփոփումը: Այն կներկայացնի, թե  ցուցահանդեսից հետո ինչ փոփոխություններ են կատարվել մեկ տարում, ինչ դրական արդյունքներ կամ բացասական հետևանքներ են եղել այդ ընթացքում։

Կցուցադրվի Մարիաննա Մելիքսեթյանի հեղինակած «Երևանի բակերը» շարքը` մայրաքաղաքի հին տները` նորակառույց շենքերի ֆոնին։

Ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, կներկայացվի 120 լուսանկար:

Ինչպես և մեկ տարի առաջ տեղի ունեցած ցուցահանդեսն, այս մեկը ևս նպատակ ունի ներկայացնելու մայրաքաղաքում առկա խնդիրները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցեցին ցուցահանդեսի կազմակերպիչները` լուսանկարիչ, լրագրող Մարիաննա Մելիքսեթյանն ու լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանը:

«Մեր անցյալից շատ փոքր քանակի շենքեր են մնացել քաղաքում, իսկ առանց անցյալի հնարավոր չէ կառուցել ներկան և ապագան», – նշեց Մարիաննա Մելիքսեթյանը: «Մենք անընդհատ համապատասխան մարմիններից պահանջում ենք պատասխաններ, սակայն հարց չենք տալիս: Այս ցուցահադնեսը կփորձի տալ այդ հարցը»:

Լուսակարչուհուն անհանգստացնում է այն փաստը, որ հինը ոչնչացվում է առանց նորը կառուցելու.  «Անընդհատ խոսում ենք, որ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, սակայն մենք դա այսօր չենք տեսնում: Այն պատշգամբը , որտեղից Արամ Մանուկյանը 1918 թվականին կարդացել է  անկախության դեկլարացիան, համարյա թե գոյություն չունի այլևս: Մի պահ կանգ առեք և տեսեք` ինչ է կատարվում քաղաքում: Ես չեմ խոսում միայն ծայրամասերից: Սա վերաբերում է նաև Կենտրոնին: Լուսանկարելու ժամանակ միայն նկատեցի, որ փլատակներում, կիսաքանդ շենքերում մարդիկ, երեխաներ են ապրում»,-ասաց նա:

Մելիքսեթյանը գտնում է, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններ կնկատվեն միայն այն դեպքում, երբ ամեն ոք վերաբերվի Երևանին այնպես, ինչպես իր տանը:

Փաշինյանը կարևորեց նման ցուցահանդեսների և ակցիաների կազմակերպումը: Նա նշեց, որ նախորդ ցուցահանդեսից հետո նկատել է դրական փոփոխություններ և հույս ունի, որ դա տեղի կունենա նաև այս տարի:

ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՄՈՒԹԸ «ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ»

kazm2«Հրաշալի է, որ իջնում են ձյան ճերմակ փաթիլները: Ու սպիտակով է ծածկվում ամեն-ամենը: Եվ սպիտակում են մեր բոլոր մտքերը»:

Տոնինո Գուերա

Այս բնաբանն է ընտրել արձակագիր Լևոն Ջավախյանը այս տարվա սկզբին լույս ընծայած «Վերնիսաժ» ժողովածուի 55-րդ էջում սկսվող «Անդրադարձ» պատմվածքի համար: «Հիսունհինգ». սա 2005 թ. հրատարակված նրա երրորդ գիրքն էր: Եվ զուգադիպության ուժով էլ առաջինն այդ էջը բացեցի ու սկսեցի կարդալ հենց այդ պատմվածքը:

– …Չինգիզ խանի նման ես էլ դեպի չարն եմ գնում, որ բարին արարեմ: Իհարկե բնավորությանս որոշ գծեր նույնն են մնացել: Դրանք ողնաշարիս այն կարծր ողերն են, որոնց վրա դեռևս երևում է նախամարդը: Միշտ անդավաճան իմ ուղեկիցներն են փնթիությունը, անկեղծությունը, հետաքրքրասիրությունը, կենսախնդությունը, զարմացկոտությունը, բերանբացությունը, ճշմարտախոսությունը: Պարզապես ես չեմ կարող ստել: Օղորմածիկ Հովհաննես Մելքոնյանն ինձ ասում էր.
– Լևոն, գրականության հենքը սուտն է: Ես էլ եմ մեկ-մեկ ստում… Իսկ դու սուտը մեջից հանում ես:
«Եվ ի՞նչ: Սուտը մեծերին թողած` ես ճշմարտությունն եմ գրի առնում ու տարին տարվա վրա մեծանում», – գրում է Լևոն Ջավախյանը, ինքը դառնում իր քննադատը` հավատարիմ մնալով իր առաջին ժողովածուում («Ամենաանկեղծ մարդը») ինքնաներման ու ինքնահաստատման իր իսկ սահմանած չափորոշիչներին:

…Ահա «Վերնիսաժի առավոտ»-ը` անկախությունը եկավ և ինձ դուրս շպրտեց վերնիսաժ` արծաթ ծախելու:
Այստեղ են Աբոն, Նապոն, Վահագնը, Ջեման, Շինպիոն …մենք:

Առավոտը լույսն է: Օրը` կյանքը «Վերնիսաժ» պատմվածքում: Այստեղ երազային մեկնարկ է ու մտքում մանրածախ առևտրի խոսակցական-բացատրական բառարանը, որը, ըստ հեղինակի, ամբողջական չէ, բայց միանգամայն օգտակար է առօրյա առուծախում:
Հանրահայտ մեկնաբանությունների կողքին կարդում եմ «Դիվիդի անել»,- էլեկտրոնային կշեռքի ձեռնտու հարմարեցումը օգտագործողին, որը, ըստ ցանկության թերակշռում է կամ գերակշռում: Վայ միամիտներիս, ինձ նման քանի-քանիսներն են հավատացել այդ էլեկտրոնային սարքի անմեղությանը:
Ամենաանկեղծ, ամենամաքուր ու ճշմարիտ մարդը հենց այդպես պիտի լինի և հենց այդ են մեզ ուսուցանում իմ հայրենակից, ավագ ընկեր Լևոն Ջավախյանի պատմվածքները ու «Ժամանակի շունչը» խորագրված հրապարակախոսական հոդվածները, ակնարկները, նամակները:
Վերնիսաժ` մի կողմում Ավարայրում մարտնչած Վարդան Մամիկոնյանի ջղաձիգ արձանն է, իսկ մյուսում` պատմության թանգարանը: Սրանք Վերնիսաժի արժետիպերն են: Իսկ Վերնիսաժում մեր կյանքի լույսն ու մութն են: Այստեղ գալիս են մուրացկաններ, գնորդներ, դիտորդներ` և՛ հայազգի, և՛ օտարազգի: Շուկայում նրանք անգամ տուփերով օդ են գնում, որ տանեն որպես հուշ: Եվ անգամ դառնում են թալանչիների և գրպանահատների զոհ: Ու ծնվում է Լևոն Ջավախյանի «Ախ, վերնիսա՛ժ, վերնիսաժ»-ը` ոստիկանությանը հասցեագրված «Ի՞նչ է, նրանք, չե՞ն ճանաչում գողին» հարցադրումով ու «Գործեք, եթե գործունյա եք» կոչով:
Գրքի էջերում նաև Լևոն Ջավախյանի «Գրչեղբորս` Էքրեմ Էյլիսլիին» նամակն է` «Քարե երազներ» վիպակի համար ադրբեջանական լայն շրջանների հալածանքին արժանացած ադրբեջանցի գրողին, որի ավարտին կարդում եմ.
«Լևոն Ջավախյան (2010 թ. մայիսի 23-ին Հարավային Կովկասում հանդուրժողականություն և խաղաղություն քարոզելու անվանակարգում «Քիրվա» պատմվածքի համար արժանացել է Բաքվի հանդուրժողականության կենտրոնի մրցանակին) 07.02.2013 թ.»:
Ուզում եմ ավելացնել, որ Ջավախյանի ժողովածուն բացվում է հենց «Քիրվա» պատմվածքով, որը կյանքի մի փոքրիկ դրվագի ճշմարիտ նկարագրից այն կողմ չի անցնում: Չեմ ուզում այս թեմայով նոր քննարկում սկսել, ժամանակին դրանով ողողված էր մամուլն ու հեռուստատեսությունը:
Ոչ այս պատմվածքի հետ կապված, ուզում եմ ասել, որ ճշմարտությունը ներկայացնելու համար հաճախ նաև ծայրահեղ մոտեցումներ են պահանջվում: Լևոն Ջավախյանի տողերում մի կարևորեք դրանք: Նա դրա փոխարեն համարձակ գնահատականներ ու հարցադրումներ ունի, բնապահպանության, խաղաղության թեմաներով լուրջ մտահոգություններ: Ունի մամուլի հրապարակումների արձագանքման իրեն բնորոշ ոճը, ազատագրման իր տարբերակը, երջանկության իր բանաձևը, ճակատագրի նկատմամբ իր հավատը, նույնիսկ նիհարելու իր դեղատոմսը: Այս ամենը կգտնեք ժողովածուի էջերում, որտեղ նաև եզրահանգումներ կան` «Սիրեցե՛ք զմիմեանս», «Հայրենասիրությունը մի մարդու «գործ» չէ»: Նա չի մոռացել անգամ իր փոքրիկ թոռնիկի` Նելսոնի ծննդյան օրը (23.04.2012 թ.) բերել գրքի 63-րդ էջ ու «Համբարձում» պատմվածքով մերը դարձնել իր մանկության օրերը` ճառագելով սեր ու հավատ հայրենի եզերքի հանդեպ, մանկացնելով մեծերիս ու մեծացնելով, պաշտպանելով մանկանց:
Ես գրքի մասնագիտական գնահատականները թողնում եմ գրականագետներին, բայց ընթերցողին կոչ եմ անում, որ չսպասեն դրանց, այլ կարդան նրա գրքերը:
Որքան էլ հզոր լինեն ձյան փաթիլները ու ծածկեն ամեն-ամենը, մի օր ձնհալ է լինելու, և բաց ճակատով բոլորս մնալու ենք մեր դավանած ճշմարտության հետ: Հեռու չէ 2015 թվականը, Լևոն Ջավախյանը դառնալու է 65 տարեկան: Սպասենք նրա մտքի ու գրչի նոր առկայծումներին ու հավատանք, որ մեծ եղեռնի 100-ամյակի տարում արդար լուծում է ստանալու հայ դատի հիմնախնդիրը: Հնարավոր է նույնիսկ, որ մի գրքում տեսնենք «Քիրվա» պատմվածքն ու «Քարե երազներ» վիպակը ոչ միայն հայերենով: Ոչ ոք թող չկասկածի, որ ես կամ Լևոն Ջավախյանը ուրիշ որևէ մեկ հայից պակաս ենք ատում թուրք եղեռնագործներին, քնած սպային կացնահարող ադրբեջանցուն, ադրբեջանական կողմից կրակոցներ արձակողներին ու պատվիրողներին:
Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհերի ու կորուստների հիշատակին, բայց դեռևս չեմ պատրաստվում իմ գրադարակից դեն նետել խորհրդային տարիներին ադրբեջանցու ընծայագրով ստացած ռուսալեզու գիրքը: Հավատում եմ, որ առնվազն գրականության ու մշակույթի համար սահմանները մի օր բացվելու են:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Հունիսի 3-ից հուլիսի 3-ը կանցկացվի «Երևանյան ամառ» լուսանկարների մրցույթը

Yerevan Summer photo«Երևանյան ամառ 2014» միջոցառումների շրջանակում հունիսի 3-ից մեկնարկում է  «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակացել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն (JPEG, 72-300dpi, 1200px-3000px) ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջով: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով:

Նկարները կարող եք ուղարկել մինչև հուլիսի 3-ը: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն