Նախապատվությունը տալով Դանիայի ֆուտբոլի հավաքականին

հայաս-դանիաFsQBFla9GuEBa3XyUrsy_tnԱյսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում  աշխարհի առաջնության ընտրական  մրցաշարի շրջանակում  պատասխան խաղ է անցկացնելու Դանիայի ընտրանու հետ: Հյուրընկալվելիս մերոնք դանիացիներին հաղթել են  4:0 հաշվով:

Դժավար է ասել թե ինչու, սակայն գրավախաղերի կազմակերպիչները երևանյան խաղում նախապատվությունը ներկայումս տալիս են Դանիայի հավաքականին: Բուքմեյքերական գրասենյակները  հյուրերի հաղթանակը գնահատում են 2,32 գործակցով, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 2,70 գործակցով։ Ոչ-ոքիի համար սահմանվել է 3,45  գործակիցը։

Արազ Օզբիլիսի խաղալու հարցը կպարզվի այսօր

վմVardan-Minasyan-300x293Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կհյուրընկալի Դանիայի թիմին: Եվ ահա, այսօր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Երևանի «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հանդիպեց  լրագրողներին:

Այն հարցին, թե ընթացիկ մրցափուլում ինչու է Հայաստանի հավաքականը տանը պարտվում, մարզիչն այն տեսակետն է հայտնեց, որ իր գլխավորած թիմը սեփական հարկի տակ ամենևին էլ վատ չի խաղում և վատ է անցկացրել միայն ամենաթույլ մրցակցի` Մալթայի հավաքականի հետ հանդիպումը:

Ինչ խոսք, միայն զարմանալ կարելի է, որ մարզիչն այդպես է մտածում, երբ Հայաստանի հավաքականը հյուրընկալելիս ոչ մի հաղթանակ չի տարել:

Նա հայտնեց, որ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասնակցությունը հարցական է և սպասում են թե այսօր  ինչ կասեն բժիշկները: Մարզիչը լավատես է և հույս ունի, որ Օզբիլիսը սննդի թունավորումից հետո ապաքինվել է և խաղադաշտ դուրս կգա: Իսկ ահա, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին միայն 20 օր հետո կապաքինվի: Ի դեպ, Մինասյանը հայտնեց, որ իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստները լիովին իրեն բավարար են և կարիք չի ունեցել այլ խաղացողների հրավիրելու:

Թիմի ավագի թևկապը կրելու է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է Դանիայի հավաքականին, ապա Մինասյանը տեղեկացրեց, որ թիմում մի շարք նոր խաղացողներ են հայտնվել, նրանք շարունակ փոխում են իրենց կազմը, և արդեն այս խաղերին Դանիայի հավաքականում վեց նորեկներ են հանդես եկել:

 

Հովհաննես Աբրահամյան. «Լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա»

Ovannes Abraamyan IMG_0021Լրանում է ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր «Արարատ» ֆուտբոլային ակումբի փառահեղ հաղթանակների 40 տարին: Լեգենդար թիմի հաջողության հոբելյանն արժանապատիվ նշելու հարցում առայժմ անորոշություն է: Այդ և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արարատ» թիմի այն տարիների պետ Հովհաննես Աբրահամյանի հետ:

 – Ի՞նչ պարտականություններ ուներ այն տարիներին թիմի պետը:

– Բացի խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին հանձնարարականներ տալուց,  զբաղվում էր բոլոր հարցերով: Հնարավորն արվում էր, որպեսզի խաղացողները բարվոք պայմաններում մարզվեն, հանգստանան, վերականգնեն ուժերը, կենցաղային որևէ խնդիր չունենան, մարզական ռեժիմը չխախտեն և այլն: 

– Մեր երկրի լավագույն թիմում, կարելի է ասել, աստղեր էին խաղում: Նրանք քմահա՞ճ էին, դժվա՞ր էր այդ ֆուբոլիստների հետ աշխատելը:

– Իհարկե, բոլորն էլ աստղեր էին: Եթե նրանք Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարում հաղթում են (1:0) իր կազմում աշխարհի 5 չեմպիոն ունեցող Մյունխենի «Բավարիային», ապա կասկած չի կարող լինել, որ դա կարող էին միայն բարձրակարգ խաղացողները: Բայց ինքս էլ նախկինում ֆուտբոլիստ էի եղել, մարզիչ, ֆուտբոլը հասկանում էի, և որևէ բարդություն չկար: Եթե ֆուտբոլիստը լավ էր խաղում,  որպես խրախուսանք պարգևավճար էի խոստանում, եթե վատ էր խաղում, հայտնում էի, որ ոչինչ էլ չի ստանալու: Արդարամիտ էի, հեղինակություն ունեի, և դա էլ օգնում էր աշխատանքը կազմակերպելուն:

 – Ո՞վ էր որոշողը, որ այս կամ այն խաղացողը պարգևավճար պետք է ստանա կամ չպետք է ստանա:

– Որոշողը թիմի գլխավոր մարզիչն էր, սակայն նա միշտ խորհրդակցում էր թիմի պետի հետ: Թիմի պետը գիտեր, թե ինչ հնարավորություններ կան: 

– «Արարատի» շատ մարզիչների հետ եք աշխատել: Նրանցից հատկապես ո՞ւմ կառանձնացնեք:

– 10 մարզչի հետ եմ աշխատել: Ամենափառահեղ պատմությունը գրել է Նիկիտա Սիմոնյանը, նրա ղեկավարած տարիներին է «Արարատը» ամենամեծ հաջողություններին հասել: Այդուհանդերձ, որպեսզի լավ թիմ ձևավորվեր, հիմնական աշխատանքը կատարել էր Արտյոմ Ֆալյանը: Նա խստապահանջ էր, կարգապահություն էր սիրում, բայց կարող էր ցանկացած խաղացողի քննադատել: Որոշ մարզիչներ խուսափում էին արդեն ճանաչված ֆուտբոլիստներին կամ   օրինակ` այնպիսի անհատականության, ինչպիսին Արկադի Անդրեասյանն է, դիտողություն անել, բայց Ֆալյանը  ոչ մեկին բացառություն չէր անում, մտածածն ասում էր: Նա սիրում էր ֆուտբոլը, կարգապահությունը, ճշտապահությունը: Թիմի հիմնական կազմ ընկնելու համար, պետք էր խաղալ, արդարացիորեն այդ իրավունքը նվաճել: Խստապահանջություն կար,  և դա լուրջ գրավական էր հաջողության հասնելու համար: 

– Այն ժամանակներում տրանսֆերային պատուհան, ֆուտբոլիստների առուվաճառք չկար: Ինչպե՞ս էր կատարվում թիմի համալրումը, խաղացողներն ի՞նչ ճանապարհով էին հրավիրվում:

– Ֆալյանը նոր թիմ ստեղծեց, մի շարք խաղացողներ դրսից հրավիրվեցին: Նամակագրություն կար, բացի այդ, ուսումնամարզական հավաքների ժամանակ այս կամ այն խաղացողին տեսնում էինք Սոչիում, այլ վայրերում ստուգողական խաղեր անցկացնելիս: Այն ժամանակ ֆինանսական գործարքներ չկային: Պարզապես բանակցում էինք, պայմանավորվում, թե հրավիրված ֆուտբոլիստներն ինչքան աշխատավարձ պետք է ստանան: «Արարատի» հիմնական կազմի խաղացողն ամիսը ստանում էր 2500 ռուբլի, փոխարինողների կազմի խաղացողը`1500 ռուբլի: ֆուտբոլիստներին որպես աշխատող տեղավորում էինք տարբեր գործարաններում, նաև լրացուցիչ ֆինանսներ էին հատկացվում: Ֆուտբոլը համարվում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մարզաձևը, և խաղացողներն իրենց փողերը ստանում էին ժամանակին: Ֆուտբոլիստներ կային, որոնք 4-5 տեղից աշխատավարձ էին ստանում: Լավագույններին արտահերթ ավտոմեքենա էին տրամադրում, բնակարան, կահույք: 

– Նիկիտա Սիմոնյանի հետ հե՞շտ էր աշխատել:

– Նա հանդարտ բնավորություն ունի, խաղաղասեր մարդ է, հեշտ էր: Դեպք է եղել, երբ նրան տեղեկացրել  եմ, որ առաջատար այսինչ խաղացողը ծախել է խաղը, ասում էր` ոչինչ: Բայց եթե նույն բանը Ֆալյանն իմանար, ապա նա խաղացողի կաշին  կքերթեր, մարզակոշիկները հանել կտար և պարտադիր մի քանի շրջան խաղադաշտի շուրջը կվազեցներ:

 – Իրո՞ք, այն տարիների՞ն էլ խաղերի առուծախ կար:

– Այն էլ ինչպիսի, պայմանավորված հանդիպումները քիչ չէին: Ուշագրավն այն է, որ հայկական թիմն անգամ այդպիսի պայմաններում, նաև երբ ԽՍՀՄ առաջնությունում ռուսական, ուկրաինական թիմերը գերակշռում էին և իրար օգնում, կարողանում էր ակնառու հաջողությունների հասնել: 

Արարատ– Այդպիսի մի խառը պատմությունում մեկ անգամ նաև Դուք եք հայտնվել: Խոսքն Ալմա–Աթայում կատարվածի մասին է:

– «Արարատը» դժվարին դրության մեջ էր հայտնվել և բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար երկու խաղից պետք է երկու միավոր վաստակեր: Դրսում մրցելու էինք Ղազախստանի «Կայրաթի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Եվ Ալմա-Աթայում ինձ և թիմի ադմինիստրատոր Աշոտ Մանուկյանին ձերբակալեցին: Նախապատմությունն այսպիսին է: Հույս ունեինք, որ «Կայրաթի» ղեկավարությունը կընդառաջի, սակայն երբ դիմեցինք, որ միավորներ տրամադրեն, մերժեցին: Պատճառաբանությունն այն էր, որ Ղազախստանի Կենտկոմի ղեկավարությունը կարող է պատժել: Ընդ որում, դրանից մեկ տարի առաջ դժվարին դրության մեջ էր «Կայրաթը», և «Արարատը» սեփական հարկի տակ կայացած խաղում միավոր էր նվիրել, որպեսզի այդ թիմը չլքի բարձրագույն խումբը: Ստիպված պայմանավորվեցինք «Կայրաթի» դարպասապահի հետ: Ի նշան երախտիքի 4 հազար ռուբլի պետք է տայինք, որ նա էլ որպես պարգև բաժաներ թիմի խաղացողներին: Փողը պետք է հանձնեինք դարպասապահի աներձագին, բայց վերջինս պայմանավորված ժամին չեկավ: Զանգահարեցինք դարպասապահին: Բայց այդ ժամանակ հեռախոսը վերցնում է  նրա համարում գտնվող թիմի մարզիչը, և Մանուկյանը, առանց կասկածելու, ցանկանում է իմանալ, թե ինչու փողերը տանելու համար ոչ ոք չի եկել: Եվ մարզիչն ամեն ինչի մասին հայտնում է ոստիկանությանը: Շուրջ երեք տասնյակ ոստիկան ու զինվորական հայտնվեցին, մեզ տարան ոստիկանական բաժանմունք, մեկ օր պահեցին: Հետո ներկայացավ մի գեներալ և հետաքրքրվեց, թե ինչ է կատարվել: Հայտնեցինք, որ թիմը վտանգավոր իրավիճակում է, խնդրել ենք, որ օգնեն: Ընդ որում, մեկ տարի առաջ նույն հարցում մենք ենք աջակցել «Կայրաթի» ներկայացուցիչներին: Երբ նա լսեց այդ մասին, ցանկացավ ճշտել, ապա խիստ զայրացավ ու հանդիմանեց  ղազախական ակումբի թիմի պետին, թե ինչու նա չի ընդառաջել, բարեկամաբար վերաբերվել: Նիկիտա Սիմոնյանը մեզ մոտ էր մնացել, խաղից հետո թիմի հետ չէր մեկնել Մոսկվա: Հետո այդ գեներալն օգնեց, որ մեզ ինքնաթիռի տոմսեր տրամադրեն, և ուղևորվեցինք Մոսկվա: Իսկ «Կայրաթին» պարտվել էինք 0:1 հաշվով:

 – Երբ «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ի՞նչ պարգևներ տրամադրվեցին:

– «ԳԱԶ 24» մակնիշի 5 ավտոմեքենա տրամադրվեց, որից  մեկն ինձ բաժին հասավ: Մյուսներն էլ «Ժիգուլի» ավտոմեքենաներ ստացան: Պարզապես դրանք գնվում էին արտահերթ, ինքնարժեքով: Նիկիտա Սիմոնյանն էր որոշում, թե ով ինչ արժանիքներ ունի: Ինքը հրաժարվեց «ԳԱԶ 24» ավտոմեքենա գնելուց: Խաղացողները բնակարաններ ստացան, տարբեր օգնություններ:

 – Ինչպե՞ս է նշվելու փառահեղ հաջողության հոբելյանը:

– Դեռ պարզ չէ, մի քանի օր առաջ «Արարատի» վետերանների ակումբի նախագահ Սերգեյ Պողոսյանի հետ էի զրուցում: Ինքս «Արարատի» վետերանների թիմի մարզիչն եմ: Նա էլ չգիտեր, թե ինչ պետք է արվի: Փաստորեն, ոչ ոք չի ցանկանում, որ  40-ամյակն արժանիորեն նշվի: Ստիպված ենք դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Ժամանակ չի մնացել: Հանդիսությունը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին: Ի դեպ,  դա նաև Սիմոնյանի ծննդյան օրն է: Նրա հետ խոսել եմ, ասել եմ, որ ցանկանում ենք հաղթանակների տարեդարձը հանդիսավորությամբ նշել, բայց դեռևս անորոշ վիճակ է: Ընդ որում, Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների ենթահանձնաժողովում, որի նախագահն է Կառլեն Հարությունյանը, քննարկվել է և հավանության  արժանացել, որ հոբելյանի առթիվ Երևանի  «Հրազդան» մարզադաշտի  հարևանությամբ հուշարձանախումբ տեղադրվի, որում կերտված կլինեն փառաբանված թիմի խաղացողները և մարզիչները: Դա աշխարհում ընդունված է: Այդ քայլը կնպաստի, որ նոր սերնդի մարզիկները ոգևորվեն և ֆուտբոլը զարգանա: Ի դեպ, արձանախումբը պատրաստվում է: Պետք է նաև ցուցահանդես բացվի: Սիմոնյանին  ցավով տեղեկացրի, որ այդ ամենին  «տորմուզ է» տրվել: Կառլեն Հարությունյանը զբաղվում է այդ հարցով, սակայն երևում է` նրա ուժը չի պատում: Հանձնաժողով է ստեղծվել, դիմել են նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Մերժում չի եղել, սակայն ոչինչ չի էլ արվում:

 – Հնարավոր է, որ Վարդանյանը չի ցանկանում խառնվել ֆուտբոլային հարցերին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ինքնիշխան է և որևէ միջամտություն պարզապես անթույլատրելի է համարում:

– Երևի այդպես է: Ֆեդերացիան խոստացել է օգնել: Բայց օգնելը մի բան է, հանդիսավոր նշելը` մեկ այլ: Նշելու համար կարելի է վետերանների մեկ խաղ կազմակերպել և ամեն  ինչ դրանով ավարտել: Մինչդեռ ծրագրով շատ բան է նախատեսվում: Պետք է Սիմոնյանը գա, հրավիրվելու են նաև ԱՄՆ-ում բնակվող արարատցիները, տարբեր հյուրեր և այլն: Բայց եթե չի նշվելու, ինչպե՞ս կարող են նրանք գալ: Փաստորեն, լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա:

 

Անականկալներ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի խմբային խաղերում

62268Խաղեր անցկացրին նաև ֆուտբոլի աշխարհի առջնության ընտրական մրցաշարերի մասնակից եվրոպական մյուս խմբերում ընդգրկված հավաքականները:

Նաև անսպասելի արդյունքներ գրանցվեցին:Մասնավորապես, Վրաստանի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի` Ֆրանսիայի հավաքականի հետ, էստոնացիներն էլ ոչ-ոքի խաղացին հոլանդացիների հետ և այլն:

Ահա թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել մյուս հանդիպումներում:

A խումբ

Մակեդոնիա – Ուելս՝ 2:1

Տրիչկովսկի, 21, Տրայկովսկի, 80 – Ռեմսի 39 (11մ)

Սերբիա – Խորվաթիա՝ 1:1

Միտրովիչ, 66 – Մանջուկիչ, 53

Հեռացումներ՝ Մատիչ, 75 – Շիմունիչ, 80

Շոտլանդիա – Բելգիա՝ 0:2

Դեֆուր, 38, Միրալյաս, 89

C խումբ

Ղազախստան – Ֆարյան կղզիներ՝ 2:1

Նուրդալետով, 50 (11), Ֆինոնչենկո, 63 – Բենյամինսեն, 23

Իռլանդիա – Շվեդիա՝ 1:2

Քին, 21 – Էլմանդեր, 33, Սվենսոն, 57

Գերմանիա – Ավստրիա՝ 3:0

Քլոզե, 33, Կրոոս, 51, Մյուլեր, 88

D խումբ

Ռումինիա – Հունգարիա՝ 3:0

Մարիկա, 2, Պինտիլիյ, 31, Տենասե, 88

Թուրքիա – Անդորրա՝ 5:0

Բուլուտ, 35, 39, 68, Յըլմազ, 61, Թուրան, 90

Էստոնիա – Հոլանդիա՝ 2:2

Վասիլեւ, 18, 57 – Ռոբեն, 2, Վան Պերսի, 90 (11մ)

Հեռացում՝ Պիյրոյա, 90 (Էստոնիա)

E խումբ

Նորվեգիա – Կիպրոս՝ 2:0

Էլյունուսի, 43, Քինգ 66

Շվեյցարիա – Իսլանդիա՝ 4:4

Լիխշտայներ, 15, 30, Շեր, 27, Ջեմաիլի, 54 (11մ) – Գուդմունդսոն, 2, 68, 90, Սիգուրսոն, 56

Սլովենիա – Ալբանիա՝ 1:0

Կամպլ, 19

F խումբ

Ռուսաստան – Լյուքսեմբուրգ՝ 4:1

Կոկորին, 1, 36, Կերժակով, 60, Սամեդով, 90+1 – Յոախիմ, 90

Հյուսիսային Իռլանդիա – Պորտուգալիա՝ 2:4

Մակոլի, 36, Ուորդ, 52 – Ալվեշ, 2, Ռոնալդու, 68, 77, 83

Հեռացումներ՝ Բրանտ, 60, Լաֆերտի, 80 – Պոշտիգա, 43

G խումբ

Լատվիա – Լիտվա՝ 2:1

Բուլվիտիս, 20, Զյուզին, 42 – Մատուլեւիչուս, 44

Բոսնիա – Հերցեգովինա – Սլովակիա՝ 0:1

Պեչովսկի, 77

Լիխտենշտեյն – Հունաստան՝ 0:1

Միտրոգլու 72

Հեռացումներ՝ Հասլեր, 66 – Հոլեբաս, 59

H խումբ

Ուկրաինա – Սան Մարինո՝ 9:0

Դեւիչ, 11, Սելեզնյով, 26, Էդմար, 32, Խաչերիդի, 45, 54, Կոնոպլյանկա, 50, Բեզուս, 63, Ֆեդեցկի, 74, Ռակիցկի, 90

Լեհաստան – Չեռնոգորիա՝ 1:1

Լեւանդովսկի, 16 – Դամյանովիչ, 11

Անգլիա – Մոլդովա՝ 4:0

Ջերարդ, 12, Լամբերտ, 27, Ուելբեք, 45, 50

I խումբ

Վրաստան – Ֆրանսիա՝ 0:0

Ֆինլանդիա – Իսպանիա՝ 0:2

Ալբա, 19, Նեգրեդո, 86

Դժվարին հաղթանակներ` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խմբի խաղերում

29118Խաղեր անցկացրին նաև Հայաստանի ընտրանու հետ միասին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում ընդգրկված մյուս թիմերը:

Դանիացիները, որոնք սեպտեմբերի 10 Երևանում մրցելու են մեր երկրի ներկայացուցիչների հետ, հյուրընկալվելիս դժվարությամբ հաղթեցին աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող Մալթայի ներկայացուցիչներին` 2:1 հաշվով:

Իսկ ահա խմբի առաջատար իտալացիներն նույնպես դժվարությամբ առավելության հասան աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Բուլղարիայի թիմի նկատմամբ: Դա ձեռնտու էր Հայաստանի հավաքականին:

Իտալացիներն ունեն 17, բուլղաևացիները` 10 միավոր: Չեխիայի, Հայաստանի և Դանիայի ներկայացուցիներն 9-ական միավոր են հավաքել:
Հավելենք, որ, որ հոկտեմբերի 15-ին Իտալիայի հավաքականը հյուրընկալելու է Հայաստանի ընտրանուն: Հնարավոր է, այդ վերջին խաղը վճռորոծ լինի 2-րդ ուղեգրի բաշխման հարցում: Կարելի է չկասկածել, որ առաջինը խմբում կլինի Իտալիայի ընտրանին:

 Տեխնիկական արդյունքներ

Իտալիա – Բուլղարիա՝ 1:0

Գոլը՝ Ջիլարդինո 38

Մալթա – Դանիա՝ 1:2

Գոլերը՝ Ֆաիլա 38 – Անդրեասեն 2,  Կամիլերի 52 (ինքնագոլ):

 

Չեխիա-Հայաստան` 1:2

հհindexՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Պրահայում անցկացրած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ: Փաստորեն, մերոնք վերեժը լուծեցին: Մեր երկրի հավաքականն այս տարի Երևանում  զիջել էր Չեխիայի ներկայացուցիչներին 0:3 հաշվով: Գլխավորն այն է, որ Հայաստանի հավաքականը 7 խաղից հետո վաստակեց  9 միավոր և խմբից դուրս գալու հեռանկար է պահպանում: Ի դեպ, նույնքան միավոր ունի նաև Չեխիայի թիմը:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Կառլեն Մկրտչյանը: Նրա կատարած հարվածն անկասելի էր և տանտերերի թիմի դարպասապահ Պետեր Չեխն անկարող էր որսալ գնդակը: Միայն հանգստից հետո, խաղի 70-րդ րոպեին Թոմաշ Ռոսիցկին կարողացավ գրավել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասաը: Դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնվսվածքի պատճառով իր պաշտպանական տիրույթները  վստահել էր խաղընկերոջը: Այնուամենայնիվ, մեր ընտրանին պայքարեց մինչև վերջ: Եվ մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում Գևորգ Ղազարյանը միայնակ հայտնվեց Չեխիայի հավաքականի դարպասապահի դիմաց: Նրա հարվածը Չեխը ետ մղեց, սակայն գնդակը դիպավ Ղազարյանի գլխին և գլորվեց ցանցից ներս:

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Դանիայի ներկայացուցիչների հետ: Ցավոք, վնասվածք է ստացել Ռոման Բերեզովսկին, իսկ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը, դեղին  քարտերի արժանանալով, որակազրկվել են և չեն կարող մասնակցել խաղին:

Տեխնիկական արդյունքներ

Չեխիա – Հայաստան՝ 2։1

Կառլեն Մկրտչյան, 31, Գևորգ Ղազարյան, 90+4 – Թոմաշ Ռոսիցկի, 70

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի (68, Գևորգ Կասպարով), Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հավհաննիսյան (76, Մարկոս Պիզելի), Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Գևորգ Ղազարյան, Արազ Օզբիլիս (29, Լևոն Հայրապետյան), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

ԱՂՅՈւՍԱԿ

Տեղը   Թիմը   ԽՀՈՊ  Գ  Մ

1.

Իտալիա

7

5

2

0

13:4

17

      

2.

Բուլղարիա

7

2

4

1

11:5

10

      

3.

Չեխիա

7

2

3

2

7:6

9

      

4.

Հայաստան

7

3

0

4

8:9

9

      

5.

Դանիա

7

2

3

2

8:10

9

      

6.

Մալթա

7

1

0

6

3:16

3

 

Վերջին հնարավորությունը

չեխarm136432055268Այսօր Երևանի ժամանակով ժամը 20-ին Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Չեխիայի ընտրանու հետ: Այդ խաղը կարևոր է երկու երկրների թիմերի համար:

Եվրոպական B խմբում  չեխերն անցկացրած 6 հանդիպումներում վաստակել են 9 միավոր և 3-րդ հորիզոնականում են: Մեր ընտրանին 6 խաղում վաստակած 6 միավորով 4-րդ տեղում է: 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիայի հավաքականը, իսկ առաջատարն իտալացիներն են, որոնք ունեն 14 միավոր:

Հայաստանի հավաքականի համար այսօրվա հանդիպումը վերջին հնարավորությունն է պայքարելու երկրորդ տեղի համար: Դրա համար մեր ֆուտբոլիստներին հաղթանակ է անհրաժեշտ: Իսկ պարտությունը կարող է ճակատագրական լինել:

Հիշեցնենք, որ այս տարի կայացած երևանյան խաղում չեխերը մերոնց հաղթել են  3:0 հաշվով:

 

 

 

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են Չեխիայի ֆուտբոլի հավաքականին

28840Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Պրահայում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Չեխիայի թիմի հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները վստահ են, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն տանտերերը: Բուքմեյքերները Չեխիայի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 1,36 գործակիցը: Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 9,0 գործակցով: Ոչ- ոքին ունի 4,5 գործակիցը:

 

Հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել

մխիթարյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Սեպտեմբերի 6-ին մեր երկրի ներկայացուցիչները Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում կմրցեն Չեխիայի հավաքականի հետ, որին  մարտին սեփական հարկի տակ զիջել են 0:3 հաշվով: Իսկ սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Դանիայի ներկայացուցիչներին: Սերնդափոխություն ապրող հեղինակավոր այս թիմը Հայաստանի հավաքականին հյուրընկալելիս պարտվել էր 0:4 հաշվով, և կասկած չկա, որ փորձելու է վրեժը լուծել, վերականգնել սասանված հեղինակությունը:

Դժվար է լինելու հատկապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար: Առայժմ նրա գլխավորած հավաքականի ցուցանիշներն անբավարար են, մասնագետն ինքն էլ դժգոհ է և հրաժարական է տվել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այն չի ընդունել: Ակնհայտ է, որ նոր անհաջողություններից հետո ամեն ինչի պատասխանատվությունը կընկնի ՀՖՖ-ի ղեկավարության վրա: Հայկական ֆուտբոլում միակ հետաքրքրությունը մնացել են ազգային հավաքականի խաղերը, և հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել:

Թե Հայաստանի հավաքականն ինչպես հանդես կգա, շատ բանով պայմանավորված կլինի դրսում հանդես եկող մեր ֆուտբոլիստների խաղամակարդակից:

Բարեբախտաբար, թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն իր նոր ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ի վերջո դրսևորեց իրեն: Նրա մասին քննադատական խոսքեր էին սկսել հնչել նաև գերմանական լրատվամիջոցներում: Եվ ահա Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում Մխիթարյանը  երկու գնդակ խփեց  Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը, և նրա թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: Լավ է, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստն արթնացել է նիրհից: Մնում է, որ Մխիթարյանը նվիրումով խաղա և իրեն դրսևորի նաև Հայաստանի հավաքականի կազմում: Յուրա Մովսիսյանը մարտնչող ֆուտբոլիստ է, և կասկած չկա, որ  կներդնի բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի հավաքականին իր խաղով օգտակար լինի: Ի դեպ, ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա Մոսկվայի «Սպարտակի» կազմում 3 գնդակ է խփել: Վերջին` 7-րդ տուրում Մովսիսյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոմի» նկատմամբ, և Յուրան էլ գրավեց մրցակցի դարպասը: Նրա խաղընկերը` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը, նույնպես այդ հանդիպման ժամանակ մարզադաշտում էր և փոխարինվել է: Կարևորն այն է, որ նա խաղային փորձ ունի և կարող է օգտակար լինել մեր երկրի ազգային ընտրանուն:

Հայաստանի հավաքականի մյուս լեգեոնականները, բացառությամբ Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գևորգ Ղազարյանի, իրենց թիմերում բոլոր հանդիպումներին գրեթե չեն մասնակցում: Նրանք փոխարինողներ, փոխարինվողներ են կամ էլ նստում են պահեստային ֆուտբոլիստների կողքին: Այդուհանդերձ, ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, անկանխատեսելի, և Հայաստանի հավաքականը կարող է իրեն լավ դրսևորել:

 

 

Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՀՄ221286851373746587Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Բունդեսլիգայի պաշտոնական կայքում իր օգտին քվեարկած ֆուտբոլասերներին: Բանն այն է, որ նա հարցման արդյունքով ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող: Մխիթարյանի օգտին քվեարկել է մարզասերների 41,33 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Շտուտգարտի» ֆուտբոլիստ  Ալեկսանդրու Մաքսիմը՝ 30,07 տոկոս: Երրորդ տեղում է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն` 16,75 տոկոս:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Մխիթարյանը դարձել էր  երկու գոլի հեղինակ:

 

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

ffa5Այսօր առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Չեխիա: Սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի Պրահայի «Մարիոտ Կորտյարդ Ֆլորա» հյուրանոցում:

Սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրահա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Արթուր Ավագյան, «Գանձասար»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դ., Գերմանիա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան

Մարկոս Պիզզելլի, «Կրասնոդար», Ռուսաստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

Սարգիս Ադամյան, «Հանզա», Գերմանիա

Գերհզոր ակումբները կատաղի փողեր են ծախսում նոր խաղացողներ գնելու համար

օozil_3Ֆուտբոլի գերհզոր ակումբները կատաղի փողեր են ծախսում նոր խաղացողներ գնելու համար: Զգալի եկամուտ է բերում նաև խաղացողների վաճառքը: Ուշագրավ է, թե արքայիական ակումբն ինչպիսի ֆինանսական գործարքներ է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը 172,5 միլիոն եվրո է վճարել, որպեսզի գնի  Գարեթ Բեյլին (91 միլիոն), Իլյարմենդիին (39), Իսկոյին (30), Կարվահալին (6,5),Կազեմրոյին (6): Իսկ վաճառքից ակումբը հարստացել է 118,5 միլիոն եվրոյով: Որպես փոխհատուցում Կալյեխոնի  համար վճարվել է 9,5, Ալբիոլի` 12, Իգուաինի` 37, Օզիլի` 50 մլն եվրո:

Իսկ ամենաշատ վաստակած ակումբներն են` «Անժին»` 136,5 միլիոն եվրո (ամենախոշոր գործարքը` Վիլիան – «Չելսի»` 38 մլն եվրո) և «Տոտենհեմը»` 118,02 (Գարեթ Բեյլ – «Ռեալ» Մադրիդ` 91):

Ո՞րն է Չեխի մտքինը

պչPetr-Cech_R_2480417bՀայաստանի ֆուտբոլի հավաքականի   հետ սեպտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք հանդիպումից առաջ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը շատ է  կարևորել  Հայաստանի հավաքականին հաղթելը: Նա ասել է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի  նտրանու հետ հանդիպումն ավելի կարևոր է, քան Իտալիայի թիմի դեմ խաղը: Ճիշտ է, նախորդ անգամ հաղթեցինք Հայաստանի ներկայացուցիչներին 3:0 հաշվով, բայց հանդիպումը դժվար էր: Պրահայում պետք է ավելի լավ խաղանք: Մենք պետք է հաղթենք, որպեսզի կախված չլինենք մյուս թիմերի արդյունքներից: Եթե բոլոր խաղերում հաղթենք, ապա Իտալիայի հավաքականի հետ կարող ենք նաև ոչ-ոքի խաղալ»:

Անի Ամիրաղյանը կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Մարինա Զանևսկայի հետ

անի2239_anim7Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կմասնակցի Թուրքիայի Տրապիզոն  քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարին: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է:

Մեր երկրի ներկայացուցիչն այսօր առաջին խաղում կմրցի դասակարգման աղյուսակի 113-րդ հորիզոնականը զբաղեցնող Ուկրաինայի ներկայացուցիչ Մարինա Զանևսկայի հետ:

Մեսութ Օզիլն այսուհետ կկրի Լոնդոնի «Արսենալի» մարզազգեստը

28885Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն այսուհետ կկրի Լոնդոնի «Արսենալի» մարզազգեստը: Գերմանիայի հավաքականի ազգությամբ թուրք 24-ամյա ֆուտբոլիստի համար իսպանական ակումբը կստանա 42,4 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այդպիսի փողեր նախկինում անգլիական ակումբը չէր վճարել ոչ մի ֆուտբոլիստի գնելու համար:

Հիշեցնենք, ու Օզիլը «Ռեալ» էր տեղափոխվել երեք տարի առաջ Բրեմենի «Վերդերից»՝ 12,4 միլիոն ֆունտ ստերլինգով։

Նա Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 105 հանդիպում և մրցակիցների դարպասը գրավել 19 անգամ:

Գարեթ Բեյլը «Ռեալում» կկրի 11 համարի մարզաշապիկը

179343655Ի վերջո. Գարեթ Բեյլը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Արքայական ակումբի ղեկավարությունը պաշտոնապես ներկայացրեց Ուելսի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանին թիմի երկրպագուներին։

24-ամյա խաղացողի  աշխատանքային պայմանագիրը 6 տարով է: Որպես փոխհատուցում «Ռեալը» անգլիական «Տոտենհեմին» վճարել է 85 միլիոն ֆունտ ստերլինգ։  Բեյլը շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ կստանա:

Ուելսի հավաքականի կիսապաշտպանը կխաղա 11 համարի մարզաշապիկով։

Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում Բեյլը  146 խաղ է անցկացրել և դարձել է 42 գոլի հեղինակ:

«Միկան» ու «Փյունիկը»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրի վերջին խաղում Երևանի «Միկան» այսօր 2:1 հաշվով առավելության հասավ Մարտունու «Ալաշկերտի» նկատմամբ:

«Միկան» ու «Փյունիկն» ունեն 8-ական միավոր, «Շիրակն» ու «Արարատը» 7-ական: «Բանանցը» վաստակել է 5, «Գանձասարը»՝ 4, «Ալաշկերտը»՝ 2, «Ուլիսը»՝ 1 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Ալաշկերտ» – «Միկա»՝ 1:2

Վարդան Պետրոսյան, 78 – Գևորգ Պողոսյան, 7, Վարդգես Սաթումյան, 79

Յուրա Մովսիսյանը կրկին դարձավ գոլի հեղինակ

Յուրա Մ221316001378040756Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Տոմի» նկատմամբ: Մովսիսյանն ու Օզբիլիսը խաղադաշտ էին դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում: 77-րդ րոպեին Օզբիլիսը փոխարինվեց, իսկ Մովսիսյանը խաղադաշտից հեռացավ հանդիպման վերջին:

«Սպարտակը» սկզբում պարտվում էր: Մովսիսյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` 1:1: Դա նրա խփած երրորդ գնդակն է Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: Ի վերջո, «Սպարտակը» հաղթեց 2:1 հաշվով և վաստակած 14 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Զենիթին»: Առաջատարը` ԲԿՄԱ-ն, ունի 17 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Տոմ»՝ 2:1

Յուրա Մովսիսյան, 45+3, Պավել Յակովլև, 76 – Վլադիմիր Ռիկով, 6

Հենրիխ Մխիթարյանը երկու գնդակ խփեց և հաղթանակ պարգևեց «Բորուսիային»

մխիթ221316111378054477Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Մխիթարյանը երկու գնդակ խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը: «Բորուսիան» առավելության հասավ 2:1 հաշվով:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: Վաստակած 12 միավորով  դորտմունդցիներն աղյուսակի առաջին հորիզոնականում են:

Տեխնիկական արդյունքներ

«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ – «Բորուսիա» Դորտմունդ՝ 1:2

Վացլավ Կադլեց, 36 – Հենրիխ Մխիթարյան, 10, 56