Լավ իմունիտետ` ամուր առողջություն

acquired_immune-2_bigԻմունիտետի ամրապնդումը հարկավոր է սկսել  լյարդից

Իմունիտետ հասկացությունը հայտնի է բոլորին: Շատերն են փորձում գտնել այն բարձրացնելու և ամրապնդելու միջոցները, հատկապես հիմա, երբ սկսվել է գրիպի ու մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների սեզոնը: Սակայն քչերն են գիտակցում, թե ինչ ասել է իմունիտետ այն բարդ ու բազմամակարդակ համակարգի իմաստով, որի ակտիվությունը կապված է ներքին օրգանների աշխատանքի հետ:

Պարզվում է, որ իմունիտետի «աջ ձեռքը» լյարդն է: Գիտականորեն հաստատված է, որ լյարդն ավելի քան 500 ֆունկցիա է կատարում ու նյութափոխանակության գործում «գլխավոր խաղացողն» է համարվում: Եթե համեմատելու լինենք բժշկական լաբորատորիաների հետ, ապա լյարդը ողջ օրգանիզմի հետազոտական ու վերամշակող կենտրոնն է, որն օրվա 24 ժամն ու տարվա 365 օրն աշխատում է  անընդմեջ: Բացի այդ, լյարդն «առանց հանգստյան օրուժամի» իմունագլոբուլինի, հակամարմինների ու ինտերֆերոնի և իմունիտետի համար պահանջվող այլ «աղյուսիկների» համար սպիտակուց արտադրող ֆաբրիկա է:

Լյարդի ֆունկցիայի խանգարման հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիաների նկատմամբ նվազում է: Օրինակ` շաքարային դիաբետով տառապող մարդիկ (երբ մարդը կորցնում է գլյուկոզան նորմալ յուրացնելու ունակությունը) հաճախ հիվանդանում են  բորբոքային քրոնիկ հիվանդություններով, երկար ու վատ են ապաքինվում վարակներից, մրսածությունից ու վնասվածքներից:

Ուրեմն իմունիտետի ամրապնդման համար առաջինը հարկավոր է ուշադրություն դարձնել լյարդի առողջությանը:  Սակայն դժվար է հասկանալ լյարդի վիճակը, քանի որ այն «լուռումունջ» է, ու դրա շեղումները նախնական փուլում ընթանում են առանց հատուկ ու ընդգծված ախտանշանների: Իսկ երբ զգալի են ու ակնհայտ, կնշանակի խնդիրը խորացել է ու բուժման իմաստով բարդացել: Նման ախտանշաններ են ուժահատությունը, շուտ հոգնելը, քնատությունը, սրտխառնուքը, ախորժակի կորուստը, աջ կողատակում ծանրության զգացումը, նույն տեղում` մաշկի քորը, հաճախակի մրսածությունը: Սակայն մեծ մասը գլխի չի ընկնում, որ այդ  տհաճ ախտանշանները կապված են  լյարդի խանգարման հետ:

Լյարդի լիարժեք ու արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է նորմալ սնունդ ստանալ. գլյուկոզա և ճարպաթթուներ, որոնք ծառայում են որպես էներգիայի աղբյուր:

Բնական վիճակում ճարպաթթուներ պարունակում են ձեթը, ընկույզը, ցանկացած սերմը, քնջութը, սոյան, ջրիմուռներն ու ձկան յուղը: Այդ մթերքները  հարկավոր է հնարավորինս հաճախ ընդունել, դրանք են առողջության  համալիր վերականգնման հիմքը:

downloadՀիշեցեք` եթե նույնիսկ փորձում ենք առողջ ապրելակերպ վարել,  միևնույն է, ժամանակակից էկոլոգիական  պայմաններում օրգանիզմը  գուցեև չկարողանա հասցնել մաքրվել: Առողջությանը հետևեք, որ բանը լյարդին չհասնի, քանի որ լյարդի առողջությունը հարկավոր է լավ ինքնազգացողության ու հիվանդություններից խուսափելու համար:

Ինչպես է մեր օրգանիզմը պայքարում հիվանդությունների դեմ

Իմունիտետը օրգանիզմի բնական դիմադրողական պաշտպանությունն է , որը կարող է փոփոխվել զանազան գործոնների ազդեցությամբ: Անծանոթ «թշնամու» հանդիպելով` բնական դիմադրողականությունը պայքարի առաջին դիրքերում  սովորում է  հատուկ նյութեր մշակել` հակամարմիններ, կոնկրետ հակառակորդի դեմ պայքարի համար: Լավ է, իհարկե, եթե այդ ուսուցումը կատարվում է պատվաստանյութերի վրա, որոնց օրգանիզմը  կարողանում է դիմադրել առանց հատուկ ջանքի: Ավելի բարդ է, երբ օրգանիզմը ստիպված է մասնակցել «իրական մարտերի»` իսկական վարակի դեմ: Պատվաստանյութի ազդեցությամբ կամ վարակիչ հիվանդության  հետևանքով արյան մեջ հակամարմիններ են հայտնվում, որոնք կարող են պայքարել հարուցիչի դեմ: Հակամարմինները  ոստիկանությունն են, որի գործողությունների համար պատասխանատու է «կենտրոնական իշխանությունը»: Սակայն, քաղաքապետարանը մարտի գոտում չի քնում: Օրգանների հյուսվածքներում ու բջիջներում «չարագործների» գործողություններին ի պատասխան` մշակվում են լուծվող պաշտպանական նյութեր, որոնք բարձրացնում են հատուկ վարակի հանդեպ տեղի դիմացկունությունը:

Կհիվանդանանք, թե ոչ, դա ոչ միայն հարուցիչի ակտիվությունից է կախված, դրա ախտածնությունից, հիվանդություն առաջացնելու ունակությունից, այլև իմունիտետից: Այն կարող է լինել բնական (բնածին), երբ մեր անընկալությունը պայմանավորված է  բնածին կենսաբանական առանձնահատկություններով: Բնածին իմունիտետը տեսակի, ժառանգաբար փոխանցվող հատկություն է: Ձեռքբերովի իմունիտետը`  մեր օրգանիզմի ու հարուցիչի «շփումների» արդյունք է: Երբեմն մարդն անընկալունակ է այս կամ այն հիվանդության նկատմամբ անհայտ պատճառով: Ավելի շուտ, դա անբավարար ակտիվություն ունեցող մանրէների կամ դրանց փոքր քանակի հետ «շփման» արդյունք է: Նորածինների իմունիտետը բացատրվում է հակամարմինների առկայությամբ, որոնք փոքրիկի օրգանիզմ են ընկնում մոր արգանդից կամ կաթի միջոցով: Արհեստական իմունիտետը բժշկության ձեռքբերում է:

Հետաքրքիր փաստեր

Համբույրը` պատվաստում

Միջին վիճակագրական մեկ համբույրի ժամանակ զույգերը թքի միջոցով միմյանց են  փոխանցում հսկայական քանակությամբ միկրոֆլորա: Ավստրիական ակադեմիայի անցկացրած լայնամասշտաբ ուսումնասիրություններն ապացուցեցին, որ համբույրը պատվաստանյութի ազդեցություն ունի,  ուստի խորհուրդ են տալիս հաճախակի «պատվաստվել»: Ի դեպ, փորձին մասնակցել ցանկացողներն անհամար են եղել:

Իմունիտետն ու նրա տերը

Եթե ձեր ամուսինը փափուկ ու հաշտվող բնավորություն ունի, ապա ուշադրություն դարձրեք նրա  առողջությանը. դա նշանակում է, որ նրա իմունիտետը բնությունից թույլ է: Սա պնդում  են Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները: Նրանց ուսումնասիրությունն ապացուցել է, որ  համառ և նույնիսկ ագրեսիվ տղամարդկանց իմունային համակարգը լավ է պայքարում վարակների դեմ, քանի որ նրանց արյան մեջ միշտ շատ լիմֆոցիտներ կան, որոնք սպանում են օրգանիզմում հայտնված ցանկացած  օտար մանրէ: Սակայն չափազանց ագրեսիվությունը ի չիք է դարձնում այդ առավելությունը:

Սպորտ. վտանգավոր է իմունիտետի համար

Բարեկազմություն կամ պինդ առողջություն ընտրել ստիպված են նրանք, ովքեր տանջում են իրենց մարզասրահում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է  օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիաների նկատմամբ, քանի որ դանդաղեցնում է լիմֆոցիտների մշակումը: Ավստրալացի բժիշկները, հետազոտելով 168 մարզիկի, պարզել են, որ մարզումների ժամանակ նրանք ավելի խոցելի են, հաճախ են հիվանդանում մրսածության հետևանքով առաջացող  հիվանդություններով: Օրինակ` մարաթոնյան վազքից հետո առաջին 2 շաբաթը մրսածության հիվանդություններ ունեին աթլետների 72%-ը: Նվազ ինտենսիվ մարզումները հակառակը` բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական ուժերը: Միջին տեմպով ամենօրյա 45-րոպեանոց զբոսանքը 50%-ով  նվազեցնում է մրսածության ու գրիպի վտանգը:

Իմունային «կլիմա-կոնտրոլ»

Բարերար կլիման միջոց է, որը բարելավում է իմունիտետը, եթե անգամ քաղաքից դուրս գալ կարողանում ենք միայն արձակուրդի ժամանակ: Իմունային համակարգի համար հատկապես օգտակար են ծովի (չափավոր շոգ, թեկուզև խոնավ աղի օդը) և բարձրլեռնային կլիման (չափավոր շոգ չոր օդը` թթվածնի ցածր պարունակությամբ):

 

Իմունիտետն առավոտյան չեն մարզում

Մեծ Բրիտանիայի, Բուռնելի համալսարանի մասնագետները զգուշացնում են, որ առավոտյան մարզումներն ավելի շատ վնաս կարող են պատճառել, քան օգուտ տալ: Դա ապացուցվել է փորձով. տարբեր պատրաստվածություն ունեցող 14 մարդ  սպորտով զբաղվել է առավոտվա 6-ին և երեկոյան 6-ին: Անալիզները ցույց են տվել, որ առավոտյան ծանրաբեռնվածությունների ժամանակ հակամարմիններից Ա դասի մակարդակը նկատելիորեն նվազել է, նշանակում է` մեծացել է հիվանդանալու ռիսկը: Ուստի լավ է մարզումները  երեկոյան անել:

Իմունիտետ. միացնել-անջատել

Կոլումբիական համալսարանի գիտնականները գտել են իմունային համակարգը ժամանակավոր անջատելու միջոցը: Ընդ որում, այդ «վարդակը» հենց մարդու օրգանիզմում է. դրանք  տ-սուպրեսոր կոչված լիմֆոցիտներն են: Դրանք խթանում են հատուկ սպիտակուցների մշակումը, որոնք արգելափակում են իմունային համակարգի ակտիվությունը, և այն ավելի «հանդուրժող» է դառնում օտարածին մարմինների նկատմամբ: Այս բացահայտումը հաջողությամբ կարելի է կիրառել 2 դեպքում. փոխպատվաստման (դա կօգնի լուծելու օրգանիզմի կողմից  դոնորական օրգանի մերժման հարցը) և աուտոիմունային հիվանդությունների բուժման:

Իմունիտետի ամրապնդման միջոցներ

Իմունիտետի ամրապնդման (հատկապես երեխաների) խնդիրը հատկապես սրանում է հիվանդությունների ու քրոնիկ հիվանդությունների  սրման շրջանում: Աշնանային վարակիչ հիվանդությունները վտանգավոր չեն, եթե օրգանիզմի պաշտպանական ուժերը կարգին վիճակում լինեն: Առաջին հերթին վարակիչ հիվանդությունները խոցում են թույլ իմունիտետով մարդկանց: Հետևաբար, իմունիտետի բարձրացումն ու ամրապնդումն այն գլխավոր խնդիրն է, որի համար պետք է հնարավորինս արագ ու շուտ հոգ տանել: Իսկ դա այնքան էլ դժվար չէ:

Նախ պետք է ուշադիր լինել, որ վարակի ախտանշանները շուտ  նկատեք: Ժամանակը թանկ է, ուստի անմիջապես հարկավոր է գործի անցնել: Օրական առնվազն մեկ անգամ օդափոխեք սենյակը թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Առաջին հերթին թթվածինը հարկավոր է ուղեղի, սիրտ-անոթային, նյարդային ու իմունային համակարգի  նորմալ աշխատանքի համար: Երկրորդ, այդպիսով վնասակար մանրէներն ու վարակները սենյակում չեն կուտակվի:

Իմունիտետի բարձրացման համար հարկավոր է շատ շարժվել ու հնարավորության դեպքում մարզվել: Թարմ օդին զբոսանքը կլուծի այդ խնդիրը: Ոտքով 20-30 րոպե զբոսանքն արյունը հարստացնում է թթվածնով, թուլացնում էմոցիոնալ լարվածությունն ու ամրացնում նյարդային համակարգը և այդպիսով օգնում դիմադրելու հիվանդություններին:

Լիարժեք քուն ապահովեք, քրոնիկ անքնությունը կամ կիսատ քունը վնասում է իմունիտետը, հատկապես` երեխայինը, և վատ է անդրադառնում նրա ինքնազգացողության վրա: Քնեք  օրական ամենաքիչը 7-8 ժամ: Բոբիկ քայլեք կամ մերսման սարքի վրա մարզվեք, քանի որ ոտնաթաթի վրա բազում կետեր կան, որոնց վրա ներազդելով` օգնում ենք օրգանիզմին աշխատել ինչպես հարկն է: Հաճախ ժպտացեք. վերջերս հոգեբանները հետաքրքիր բացահայտում կատարեցին.  լավատեսներն ավելի պինդ իմունիտետ ունեն, քան հոռետեսները:

Բուսական միջոցներ կիրառեք, որոնք խթանում են իմունային համակարգի աշխատանքը: Տաք-սառը հերթագայությամբ ցնցուղ ընդունելը ամրապնդում է իմունիտետը, լավացնում արյան շրջանառությունն ու օգնում, որ անոթները կարգին վիճակում լինեն, սակայն մի մոռացեք, որ բարձր ճնշման, սրտի ու արյան հիվանդությունների դեպքում դա հակացուցված է: Ամեն օր  տաք ցնցուղի տակ 10-15 վայրկյան կանգնեք, ապա նույնքան էլ` սառը ցնցուղի տակ: Կրկնեք 3-5 անգամ: Ցնցուղից հետո լավ չորացեք:

Խուսափեք սթրեսներից: Նյարդային ցնցումները բացասական հետևանք են ունենում նաև  ներքին օրգանների վրա: Էմոցիոնալ լարվածությունից կրկին տուժում է իմունիտետը: Ծանր օրվանից հետո 30-40 րոպե զբաղվեք սիրած գործով, որը ձեզ բավականություն է պատճառում:

Բանջարեղեն ու միրգ օգտագործեք, որոնք հարուստ են ցինկով, երկաթով ու C վիտամինով. կիտրոն, լոբի, մասուր, կաղամբ, դդում, սև հաղարջ, սոխ, սև սալոր, խնձոր:

 Հասմիկ ԱԶԱՐՅԱՆ

Ամուսնությունը կործանարար ազդեցություն է ունենում տղամարդու վրա

ol3001380880964Ամուսնությունը ծայրահեղ վտանգավոր է տղամարդու առողջության համար: Բաժանությունն ուժեղ սեռի համար  հղի է վաղաժամ մահացության, թմրանյութերով տարվելու, ալկոհոլամոլության, դեպրեսիաների ու նույնիսկ ինքնասպանության վտանգով:

Համապատասխան եզրահանգումներ են կատարել Նեբրասկայի համալսարանի  մասնագետները, հայտարարելով, որ ինքնասպանության ռիսկն ամուսնալուծված տղամարդկանց շրջանում մեծանում է 39%-ով:

Բժշկի խոսքով՝ Անջելինա Ջոլիի քայլով ոգեշնչված կանայք ցանկանում են կրկնակի մաստեկտոմիա անցնել, եթե նույնիսկ դրա կարիքը չկա

Professor Kefah MokelԱռաջատար բժիշկներից մեկը հայտնում է, որ Անջելինա Ջոլիի քայլով ոգեշնչված կանայք ցանկանում են կրծքերի հեռացման վիրահատություն անցնել՝ անկախ նրանից դրա կարիքը ունեն, թե ոչ:

38-ամյա Ջոլին, որի մոտ քաղցկեղի առաջացման մեծ վտանգ է եղել, այս տարի հայտարարել էր կրկնակի մաստեկտոմիա անցնելու վերաբերյալ, և Մեծ Բրիտանիայում բազմաթիվ կանայք սկսել են հետևել նրա քայլին:

Ըստ Լոնդոնի կրծքագեղձի ինստիտուտի տվյալների՝ միայն մեկ կրծքի մեջ քաղցկեղ ունեցող կանանց քառորդ մասը այժմ խնդրում են հեռացնել նաև իրենց երկրորդ կուրծքը:

Angelina Jolie 1Սակայն ինստիտուտի պրոֆեսոր Կեֆա Մոկբելը հայտնում է, որ նմանատիպ վիրահատությունը Ջոլիի կարգավիճակում չգտնվող կանանց համար անիմաստ է:

Պրոֆեսոր Մոկբելը նախազգուշացնում է, որ նման վճռական վիրահատություն անցած կանանց մոտ կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ:

 

Փրկե՛ք մեզ. Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ պահանջում են ազատել իրենց «մարդակեր» բժշկից

g_imageՏավուշի մարզի Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ «Փրկեք մեզ» խնդրանքով նամակ են ուղարկել Tert.am-ին, որով բողոքում ու պահանջում են` փրկել իրենց «մարդասպան», «հանցագործ», Բերդի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի ճիրաններից:
Նամակում նշված է, որ բնակիչները նրա հանցանքների մասին բազմիցս տեղեկացրել են իշխանություններին, պատասխանատու մարմիններին, սկսել են դատական գործընթացներ, սակայն մարդասպանը անպատիժ ու հանգիստ խղճով դեռ զբաղեցնում է իր պաշտոնը` հովանավորվելով իր հանցակից վերնախավի կողմից: Բնակիչները հանդես են գալիս փաստերով ու ապացույցներով, որոնք դատարանները, ըստ նրանց, կոծկում են Արամ Հարությունյանի կաշառքների շնորհիվ:
«Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Արամ Հարությունյանը անպատժելիորեն յուրացրել է սահմանամերձ բնակավայրերին ու հայրենիքի պաշտպաններին ուղարկվող օգնությունները: Պատերազմի տարիներին նա վիրավորների մեծ մասին անդամալույծ դարձրեց` անհարկի կտրելով նրանց վնասված ձեռքերն ու ոտքերը, քանի որ դա ավելի հեշտ ու էժան էր, քան վերջույթը փրկելու համար նախատեսվող բուժումը:
Ունենալով հոգեկան լուրջ շեղումներ` նա Բերդի հիվանդանոցում ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որ բոլոր լավ մասնագետները հեռացան:
Այս` գրեթե 30 տարիների ընթացքում Հարությունյանը չի իրականացրել մի վիրահատություն, որ չանցնի առանց բարդությունների ու հավելյալ վիրահատության անհրաժեշտության: Տավուշի մարզի քաղաքացիները ունեն փաստեր, թե ինչպես է նա հրամայում իր աշխատողներին կեղծել անալիզների արդյունքները և ստեղծել անհրաժեշտ վիրահատության պատրանք` անհարկի հեռացնելով իրեն դիմած հիվանդների 12-մատնյա աղիքի որդանման հավելվածները` «կույր աղիքները», չամուսնացած աղջնակների առողջ ձվարաններից մեկը: Բնակիչները տարիներ շարունակ աղաղակում են, որ նա իր հիվանդների օրգանները գողանում է:
Հիվանդանոցի ներսում ունի դեղատուն, որտեղ դեղերը առնվազն 5 անգամ թանկ են երկրի մնացած բոլոր դեղատներից (ՀԴՄ կտրոններն առկա են` որպես ապացույց): Սակայն հաշվեհարդար է սպառնում այն հիվանդին, ում հարազատները կփորձեն խուսանավել և դեղերը գնել քաղաքի այլ դեղատնից:

Բերդի տարածաշրջանի շտապօգնությունը վեր է ածվել Արամ Հարությունյանի գերշահութաբեր բիզնեսի: Շտապօգնության երեք մեքենաներից յուրաքանչյուրն ունի իր արժեքը` «Ուազը»` 20 հազար դրամ, «Գազելը»`50 հազար, «Ֆորդը»` 100-150 հազար: Իսկ անհետաձգելի համարվող դեպքերում կանչը մնում է անտեսված, քանի որ հիվանդանոցը ստիպված կլինի պետպատվերով բուժել»,- գրված է նամակում:
Բնակիչները նաև տեղեկացնում են, որ Նավուր գյուղից 14-ամյա Սարինե Մադոյանի անալիզները կեղծելով` նրան «կույրաղիքի» վիրահատության ենթարկեցին, երկրորդ անգամ անհարկի հեռացրին ձվարանը, առաջացած բարդությանը հետևեց երրորդ վիրահատությունը: Երեխան մահացավ, իսկ հետո պարզվեց, որ նրա կույրաղիքը հանված չէ, Հարությունյանն ուղղակի կտրել ու կարել էր` գումարները գռփելով:
Tert.am-ի հետ զրույցում աղջկա հայր Կոլյա Մարդանյանը հաստատեց այս ամենը՝ ավելացնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2003թ.-ին և մինչ այսօր իր երեխայի մահվան պատճառը հայտնի չէ, աղջիկը փաստաթղթերով դեռ ողջ է:
Մովսես գյուղի բնակիչ Ալվարդ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր որդին՝ 32-ամյա Սոս Ղուկասյանը մեքենայով ձորն էր ընկել 2004թ-ի հուլիսի 24-ին, ոչ մի կոտրվածք չէր ստացել, իր ուժերով դուրս էր եկել ձորից: 130 հազար դրամ արժեցած շտապօգնությունը Սոսին տեղափոխել էր Բերդի հիվանդանոց: Արամ Հարությունյանը նրան անհարկի վիրահատություն է արել, հանել փայծաղը` հարազատներին հավատացնելով, թե առանց հանելու կմահանար: Մի քանի ժամ հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, Հարությունյանը նորից վիրահատել է, իսկ նրա հանցակից Արմեն Գալստյանը որովայնից արտահոսած արյունը նորից ներարկելով` հիվանդին հասցրել է ծայրահեղ վիճակի:
Սոսի հարազատները որոշել են տանել նրան այլ հիվանդանոց: Զգալով վտանգը` Արամ Հարությունյանը երրորդ վիրահատությունն է արել` կարելով հիվանդի աղիքները ստամոքսին, որ հետո մեղքը գցի այլ բժշկի վրա: Բերդի հիվանդանոցից Սոսին հանելու ժամանակ Արամ Հարությունյանը, եկամտի աղբյուրը կորցնելուց կատաղած` խլել է պատգարակը, տակից վերցրել բարձն ու վայրենաբար քաշելով` բերանից հանել զոնդը: Էրեբունու հիվանդանոց հասցնելուց հետո Սոսը մահացել է, այնտեղ պարզել են, որ նա ոչ մի կոտրվածք չունի, մահը վրա է հասել սխալ վիրահատությունների արդյունքում առաջացած որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ):
Նամակում նշվում է, որ ծննդկան Կարինե Աթոյանին պտուղն արգանդում սպանեցին` նրան սխալ դեղեր ներարկելով, ինչը հաստատված է դատաբժշկությամբ: Կարինեի մայր Սվետա Աթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 30-ին աղջկա մահվան տարելիցն է, ինքն չի խոսի, բայց շուտով անհերքելի փաստեր կներկայացնի բժշկի արարքների մասին:
«Եվ սրանք մի քանիսն են այն բազում դեպքերից, երբ Հարությունյան Արամը մորթում ու սպանում է` մնալով անպատիժ, հովանավորվելով պետական վերնախավի կողմից»,- գրված է նամակում:
Այս ամեն մասին Tert.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղից ասացին, որ մարզային հիվանդանոցները գտնվում են մարզպետարանների ենթակայության ներքո:
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, թե ո՞ւր են այդ նամակները, ինչո՞ւ մարզպետարան չի եկել որևէ բողոք, որևէ նամակ. «Փաստերը բերեք, տեսնենք էդ ինչ մահեր են եղել, որ մենք ոչ մի բանից տեղյակ չենք»:
Բողոքողների անուններն իմանալուց հետո ասաց. «Էդ բոլոր դեպքերը վաղուց փակվել են, դատարանները որոշել են, ի՞նչ անենք, լավ, փակենք էդ հիվանդանոցը, ի՞նչ անենք, էդ բոլոր դեպքերի հետ կապված բոլորն իրենց պատիժները կրել են»:
Իսկ բժշկի գործողությունների մասին մարզպետարանի առողջապահության վարչության պետի պատասխանը հետևյալն էր. «Միանշանակ, նման բան չկա և լինել չի կարող, և մարզպետարանը տեղյակ կլինի, եթե այդպիսի բարձիթողի վիճակ լինի, իսկ հիմա չկա նման բան, մարզպետարանը տեղյակ է, իրավիճակը վերահսկվում է»:

Բժշկի՝ դեղատուն ունենալու և հիվանդներին միայն այնտեղից դեղեր գնել տալու մասին էլ Կարինե Դովլաթբեկյանն ասաց. «Դեղատուն բացելը մարդու իրավունքն է, ո՞ւմ ինչ գործն է, ով կարա հիմա ապացուցի, որ Հարությունյան Արամի անունով դեղատուն կա: Էդ մարդու մոտ էս պահին ոչ մի «չե պե» չկա, իսկ եթե էդ մարդիկ չեն կարում մոռանան իրենց ցավն ու մորմոքը, դա իրենց պրոբլեմն ա, ի՞նչ եք ուզում մեզնից»:

 

 

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

“Արթնացրել” են անպտուղ կնոջ ձվարանները

o_831358Ճապոնիայում  2012-ի դեկտեմբերին անհուսալի ամուլ կինը  տղա է լույս աշխարհ բերել: Դա ամենևին էլ հրաշք չէ, այլ գիտնականների ջանքերի արդյունք, գենետիկայի ու բժշկության նոր ձեռքբերում: Մասնագետներն անպտղությունը վերացնելու նոր մեթոդ են ներկայացրել, որը փաստացի, արթնացնում է քնած ձվարանները: Նոր տեխնոլոգիայի հեղինակների գործընկերները երկյուղ են հայտնել այն առումով, որ կամավորների վրա փորձերը շատ վաղ են սկսել:

Կանայք լույս աշխարհ են գալիս միլիոնավոր չհասունացած ձվաբջիջներով` ձվարանների ֆոլիկուլներով, որոնք պատված են էպիթելային բջիջներով: Ու այդ մի քանի մլն-ից միայն 400-ն են ֆալլոսյան փողեր մտնում, ապա դրանցից մի քանիսը սպերմատոզոիդներով բեղմնավորվում: Սակայն մեծ մասը մնում է կնոջ օրգանիզմում, եթե անգամ դաշտանադադար է սկսվում:

Գիտնականները գտել են այդ ձվաբջիջներն արթնացնելու ու դրանք բեղմնավորման համար պիտանի դարձնելու միջոցը: Նրանց առաջին փորձը հաջողությամբ է պսակվել:

Ուսումնասիրության արդյունքները տպագրվել են PNAS-ում:

Դիսբակտերիոզ կամ մանրէների պատերազմ

1375693116_zgeludokԱմեն օր սննդի, օդի ու ջրի հետ օրգանիզմ մուտք են գործում բազում միկրոօրգանիզմներ: Աղիքների մակերևույթին միկրոաշխարհ է բնակվում` օգտակար մանրէների բազմություն: Սակայն նրանք միակ բնակիչները չեն, այնտեղ ապրում են նաև «օտարներ»` վնասակար (ախտածին) մանրէներ: Թե ՛մեկը և թե՛ մյուսը որոշակի քանակությամբ օգտակար են: Սակայն «լավ» մանրէները պետք է շատ լինեն: Քանի դեռ պահպանվում է լավի ու վատի հավասարակշռությունը, օրգանիզմը կարող է պայքարել վնասակար մանրէների դեմ, որոնք գրոհում են ամեն ժամ: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի կամ օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները նվազեն, ապա ախտածին մանրէները սկսում են բազմանալ: Դա հանգեցնում է տարատեսակ հիվանդությունների առաջացման:

Աղիքների միկրոֆլորայի  քանակական ու որակական բաղադրության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ: Ավելի պարզ լեզվով` նվազում է օգտակար մանրէների քանակը, և ավելանում են վնասակարները: Իսկ երբ նվազում են օգտակար մանրէները, առաջին հերթին նվազում է պաշտպանական ֆունկցիան, և հետևաբար, ինֆեկցիաների նկատմամբ անպաշտպանությունը նույնպես մեծանում է: Դիսբակտերիոզով ուղեկցվող ցանկացած հիվանդություն շատ ավելի ծանր ընթացք է ունենում, քան սովորաբար: Բազում քրոնիկ հիվանդություններ կարող են սրվել ցանկացած պահի: Հետաքրքիր պատկեր է ստացվում. եթե մարդը հիվանդանում է, ապա, հասկանալի բան է, որ նրա օրգանիզմում լավ բակտերիաների անբավարարություն է: Ախտածին մանրէների դեմ պայքարի նպատակով մասնագետը հակաբիոտիկներ է նշանակում, որը, սակայն, չի խնայում ո՛չ լավ և ո՛չ էլ վատ մանրէներին: Չէ՞ որ հակաբիոտիկները սպանում են անխտիր ամեն ինչ: Հակաբիոտիկների ընդունումից հետո ոչ մի կենդանի բան չի մնում: Հակաբիոտիկների կարճատև ազդեցությունը գուցե և սպանի «եկվորներին», սակայն որքա՞ն ժամանակով: Մինչև «եկվոր» անվանվածների հետ  հաջորդ հանդիպումը, եթե աղիքներում կարգուկանոն չհաստատվի, ապա չի վերականգնվի նաև իմունիտետը: Ցավոք, վարակի դեմ անհրաժեշտ դեղորայքը (հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ ևն) ցանկալի արդյունք չեն տալիս, այսինքն` ներքին միջավայրի առողջացման չեն հանգեցնում: Ավելին, դրանց սխալ կիրառումը կարող է  հանգեցնել դեղորայքի նկատմամբ անընկալության, զարգացնել վատ միկրոֆլորա, օրգանիզմը բեռնել թույներով ու որպես հետևանք` տարատեսակ ալերգիաների գերի դառնալ: Ի լրումն` հակաբիոտիկների օգտագործումը կարող է ծանր հետևանքների ու սնկերի բազմացման պատճառ դառնալ, ինչն էականորեն վատթարացնում է  ընդհանուր ինքնազգացողությունը և հանգեցնել մարսողական, ինչպես նաև իմունային, ներզատիչ ու նյարդային համակարգերի խանգարումների:

Դիսբակտերիոզը ալերգիկ ռեակցիաների  ու մաշկային հիվանդությունների մշտական ուղեկիցն է:

Առաջացման  պատճառները

imagesԱնորակ ու սխալ սնունդը, «պատրաստի մթերքներ» ուտելու սովորությունը, էկոլոգիական անբարենպաստ վիճակը մեր մեջ ու մեր շրջապատում, նյարդա-հոգեբանական գերլարվածությունը, սթրեսները, թուլացնող միջոցների  չարաշահումը, հակաբիոտիկներով բուժումն ու ինքնաբուժումը, ստամոքս-աղիքային տրակտի վարակներն ու հիվանդությունները հանգեցնում են օգտակար մանրէների նվազման  գրեթե 10 անգամ :

Ինչպե՞ս կարելի է խուսափել դիսբակտերիոզից: Լրիվ հնարավոր է` հետևելով սննդին: Որովհետև օրգանիզմ մուտք գործող սննդի որակից է կախված միկրոֆլորայի օգտակարությունն ու նյութափոխանակությանը մասնակցող  մանրէների ակտիվությունը: Աղիքների նորմալ գործունեության համար հարկավոր է ամեն օր սննդի մեջ օգտագործել միրգ ու բանջարեղեն, ձավարեղեն ու հատապտուղ. այսինքն` մթերքներ, որոնք բավականաչափ բջջանք են պարունակում: Սակայն հարկավոր է հիշել, որ բջջանքը հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկի հետ օգտագործել:

Հաճախ դիսբակտերիոզի մասին տեղեկությունը սխալմամբ  ընդունվում է որպես ախտորոշում: Ինչո՞ւ սխալմամբ, որովհետև ԱՀԿ միջազգային դասակարգման մեջ նման հիվանդություն գոյություն չունի: «Դիս» նախդիրն էլ լատիներենից թարգմանաբար նշանակում է շեղում, ու դա խոսում է այն մասին, որ օրգանիզմում ֆունկցիոնալ շեղում կա, սակայն  ոչ հիվանդություն: Այսպես թե այնպես, թեման դրանից նվազ արդիական չի դառնում: Օրգանիզմը  տարատեսակ մանրէներով է բնակեցված. միայն աղիքներում հաշվվում է 400 տեսակ: Դրանք էլ  անհատական միկրոֆլորա են ձևավորում. յուրաքանչյուր մարդունը տարբեր է, տարբեր է անգամ յուրաքանչյուր օրգանինը: Ընդ որում, կախված ֆիզիկական ու հոգեբանական վիճակից, անգամ սննդից ու եղանակից, միկրոֆլորայի բաղադրությունը փոփոխվում է: Երբ միկրոֆլորան հավասարակշռության մեջ է, դա խոսում է «էուբիոզի» մասին: Դրա հակառակ երևույթն էլ կոչվում է դիսբակտերիոզ:

Այսպես, ուրեմն, դիսբակտերիոզը աղիքներում միկրոֆլորայի բաղադրության քանակական ու որակական բաղադրության խախտումն է, ինչը կարող է ինչ-որ գործոնների ազդեցության հետևանք լինել (հիվանդություն, սխալ սնունդ): Իր հերթին` դիսբակտերիոզը կարող է լուրջ հիվանդությունների առաջացման  պատճառ դառնալ: Մի կողմից` դիսբակտերիոզը հետևանք է, մյուս կողմից` պատճառ:

Մանրէների քանակական ու որակական բաղադրության խախտման կարող են հանգեցնել նաև քրոնիկ հիվանդությունները (գերազանցապես ստամոքս-աղիքային տրակտի ու ներզատիչ համակարգի), աղիքային սուր վարակները, չհավասարակշռված սնունդը, այսպես կոչված` աղիքների մաքրումը (եթե խոսքը դիսբակտերիոզի մասին է), սուր շնչառական հիվանդությունները, հակաբիոտիկների առանց հիմնավորման ու անվերահսկելի ընդունումը,  ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությունը` չափից ավելի, ինչպես նաև սննդակարգերի որոշ տեսակների կիրառումը: Միկրոֆլորան կարգավորելը հեշտ չէ: Դիսբակտերիոզի դեպքում նշանակվող դեղամիջոցների մեծ մասը չոր նախաբիոտիկներ են, որ նվազ արդյունավետ են, քանի որ բակտերիաներն այդ կազմության մեջ դժվար են ակտիվանում ու սկսում «իրենց աշխատանքը»: Ամենաարդյունավետը նախաբիոտիկների  հեղուկ տեսակներն են, քանի որ դրանցում օգտակար մանրէներն  ակտիվ վիճակում են` սննդարար միջավայրում: Միկրոֆլորայի կարգավորման համար անհրաժեշտ է միկրոօրգանիզմների 2 տեսակ` լակտո- և բիֆիդոբակտերիաներ: Լակտոբակտերիաները տրոհում են լակտոզան, ոչնչացնում վնասակար միկրոօրգանիզմները, բարձրացնում իմունիտետը: Դրանք կան ստամոքսում, աղիքներում, հեշտոցում ու թքի մեջ: Լակտոբակտերիանից բիֆիդոբակտերիաները տարբերվում են նրանով, որ բնակվում են բացառապես հաստ աղիքում:  Դրանք խոչընդոտում են միկրոօրգանիզմների, թարախային պրոցեսների առաջացումը: Օգտակար միկրոօրգանիզմները մասնակցում են  ամինաթթուների ու վիտամինների, ֆերմենտների ու հորմոնների մշակմանը, մասնակցում են կենսաքիմիական փուլերին: Ու եթե դրանց քանակը նվազում է, ապա թուլանում է իմունիտետը, խախտվում է ջուր-աղային հավասարակշռությունը, բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Օրգանիզմը կորցնում է ախտածին մանրէների դեմ պայքարելու ունակությունը, այսինքն` դառնում է խոցելի: Հաճախ կարելի է լսել աղիքների դիսբակտերիոզի մասին, սակայն, միկրոֆլորան կարող է խախտված լինեն ոչ միայն աղիքներում: Քիթը, կոկորդը, հեշտոցը նույնպես ունեն իրենց միկրոֆլորան, որոնց վիճակը շրջակա միջավայրի կամ հակաբիոտիկների ազդեցությամբ կարող է էականորեն փոխվել: Բացասական ազդեցությունների հետևանքով միկրոօրգանիզմներն  այլևս իրենց ֆունկցիան չեն կատարում ու աստիճանաբար դուրս են մղվում  ախտածին մանրէների կողմից, որոնք արտադրում են տոքսիններ` թունավորելով օրգանիզմն ու զանազան հիվանդությունների պատճառ դառնում:

Օրինակ` լակտոբակտերիաների քանակի նվազումը հեշտոցում կարող է դոնդողանման սնկերի` Candida-ների  բազմացման համար նպաստավոր պայման ստեղծել (կաթնասնկախտ կամ, ինչպես ժղովուրդն է ասում` սպիտակաթորանք):

Իրավիճակը վատթարացել է նրանով, որ վատ էկոլոգիան դարձել է սովորական, սխալ սնունդը` հարկադրված, իսկ սթրեսները` պարբերական:

Ու եթե վատ էկոլոգիայի բացահայտ նշաններ չենք տեսնում, իսկ մթերքի բաղադրության մասին հաճախ պարզապես գլխի ենք ընկնում, ապա հակաբիոտիկների ընդունման մասին հաստատ գիտենք, ու պարտավոր ենք պաշտպանվել: Հակաբիոտիկները սպանում են ոչ միայն «լավ», այլև «վատ» բակտերիաները: Ահա թե ինչու է կարևոր դիսբակտերիոզի կանխարգելումը:

Շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց մոտ առկա դիսբակտերիոզի մասին. տառապում են հիվանդություններից, որոնք կապված են ցածր իմունիտետի հետ, պայքարում են դրանց ախտանշանների դեմ: Իսկ պատճառը շատ հաճախ վիտամինների ու ֆերմենտների մշակման համար պատասխանատու բակտերիաների անբավարարությունն է: Խախտվում է մարսողական համակարգի օրգանների աշխատանքը, խոլեցիստիտ է զարգանում ու պանկրեատիտ, ասթմա ու ալերգիա: Ստացվում է, որ հիվանդություն չլինելով` դիսբակտերիոզը ընդհանուր առմամբ մի շարք հիվանդությունների է հանգեցնում ու դա նշանակում է, որ դրանից հարկավոր է ազատվել, ու որքան շուտ, այնքան լավ:

Մահացել է կապույտ մարդը

o_829235Վաշինգտոնի հոսպիտալներից մեկում 63 տարեկանում մահացել է Փոլ Կարասոնը` Սմուրֆ պապը մականունով, որը համացանցում ճանաչում էր ստացել մաշկի կապույտ գույնի շնորհիվ: Հիվանդանոց նրան տեղափոխել էին սրտի նոպայի պատճառով: Բացի այդ, նա կաթվածահար էր եղել:

Կարասոնը համաշխարհային ճանաչման էր արժանացել 2008-ին հեռուստատեսությամբ հանդես գալուց հետո, որտեղ նա պատմում էր իր հիվանդության ` արգիրոզի մասին: Այդ հիվանդությունն ունեցողների մաշկը կապտում է օրգանիզմում  արծաթի երկարատև նստվածքի գոյացման պատճառով: Նա առաջին անգամ սկսեց կապտել 15 տարի առաջ, երբ փորձում էր դեղորայքի օգնությամբ բուժվել մաշկային հիվանդություններից, որոնք էլ   նման անսովոր հետևանք թողեցին նրա օրգանիզմի վրա:

Մեր սիրած ըմպելիքները` մեր առողջության համար

թեյԱշխարհում միլիոնավոր մարդիկ են առավոտը սկսում մի գավաթ սուրճից: Այն առույգացնում է, նպաստում հիշողությանը, լավատեսություն հաղորդում:  Իրավամբ աշխարհի ամենատարածված ըմպելիքի առաջացման պատմությունը բազում առասպելներով ու լեգենդներով է պարուրված: Դրանցից մեկն ասում է, որ Հոմերոսի «Ոդիսականում» հիշատակվող nepenthes-ը, որը Հեղինեն խառնում էր գինու հետ, որ «վանի թախիծն ու հոգու բարկությունը», ոչ այլ ինչ էր, եթե ոչ սուրճ: Կոֆե անվանումն էլ մեկ ուրիշ լեգենդի հետ է կապված: Մի անգամ  հովիվ Կալդին նկատում է, որ իր հոտի այծերի քիմքին հաճո են ոչ բարձր ծառի պտուղները: Ընդ որում, նա նկատում է, որ ամեն անգամ  ճաշակելով այդ պտուղները` այծերն աննկարագրելի զվարթանում են, տրճիկ տալիս ու չեն քնում: Իր վրա փորձելով բույսի ազդեցությունը` Կալդին անսովոր զվարթության ներհոսք է զգում: Իր հայտնագործությամբ նա կիսվեց  մոտակա վանքի վանականների հետ, որոնք ըստ արժանվույն գնահատեցին այն: Սուրճի հատիկներից պատրաստված ըմպելիքն օգնում էր երկարատև աղոթքներին արթուն, ուշադիր ու դատող լինել: Դա Եթովպիայի Կաֆֆա գավառում էր: Ի հիշատակ այդ պատմության` ծառը, պտուղներն ու դրանցից պատրաստվող ըմպելիքը ստացան «կոֆե» անվանումը:

Առաջին անգամ սուրճը Եվրոպա է տարել իտալացի Պյետրո դելլա Վալեն, որը երկար տարիներ էր անցկացրել Թուրքիայում որպես Հռոմի պապի պատվիրակ: Ֆրանսիայում սուրճը հայտնվում է Լյուդովիկոս XIV-ի կառավարման  շրջանում:

Փարիզում առաջին սրճարանը բացել է ազգությամբ հայ Պասկալը 1672-ին: Դարավերջին արդեն Փարիզում հարյուրավոր փոքր սրճարաններ էին բացվել: Անգլիայում առաջին սրճարանը բացվել է 1652-ին: Երբ 1679-ի դեկտեմբերի 29-ին Չարլզ Երկրորդ թագավորի հրամանով փակվեցին բոլոր սրճարանները, իսկական ապստամբություն բռնկվեց.11 օր անց հրամանը չեղյալ հայտարարվեց: Հարյուրամյակի վերջին Մեծ Բրիտանիայում հաշվվում էր ավելի քան 3 հազար սրճարան:

Ավստրիայում սուրճը հայտնվել է 1683-ին Վիեննայում: Սբ Ստեփանոսի տաճարից ոչ հեռու լեհ սպա Գեորգի Կոլչինսկին բացեց առաջին սրճարանը: Ավստրիացիները թուրքական ձևով պատրաստված սուրճ չխմեցին: Նրանք ստեղծեցին իրենցը` վիեննականը. զտած սուրճի մեջ ավելացրեցին 3 գդալ կաթ ու մի փոքր մեղր: Հյուսիսային Ամերիկայում սուրճը հայտնվել է  1607-ին, անգլիացի առաջին վերաբնակների հետ: Նյու Յորքում առաջին սրճարանը բացվել է 1668-ին, 1670-ին` Բոստոնում:

Ռուսատանում սուրճը հայտնվել է Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակ: Պետրոս Առաջինը, փաստորեն, սուրճի մշակույթ բերեց: Նրանից հետո սուրճի «հովանավորն» էր Աննա Իոանովնան, որի հրամանով 1740-ին, որպես  զվարճանքի հաստատություն, բացվում է սուրճի տունը: Սուրճի մասսայականացումը կատարվում է 1812-ին: Սրճարաններ հայտնվեցին այն տեղերում, որտեղ հավաքվում էր աշխարհիկ հասարակությունը:

Սրճեփը  Ֆրանսիայում հայտնվել է 1685-ին: Սկզբում այն սափորի նման էր, որի տակի սկավառակը տաքացվում էր սպիրտայրոցի վրա: 1800-ին այդ սրճեփը դուրս եկավ գործածությունից,  Փարիզի արքեպիսկոպոս Ժան-Բատիստ դե Բելուայի պերկոլատորը զբաղեցրեց դրա տեղը: 1820-ականներին Անգլիայում լայն տարածում գտավ «սրճային կնգուղը»` զտիչի նախատիպը: Աղացած սուրճը լցվում էր ֆլանելե կամ մուսլինե գրպանիկի մեջ, որը կախում էին ջրամանի եզրին: Դրա շնորհիվ սուրճը երկար ժամանակ էր մնում տաք ջրի մեջ ու լուծողականությունն էլ էականորեն ավելանում էր:

Հետաքրքիր պատմությունները սուրճի հետ կապված նույնպես բազմաթիվ են:

Ժամանակին սուրճ խմելն ինչ-որ  չափով համարել են «հիմար սովորություն»: Մուհամեդ IV-ի ժամանակ հայտնաբերված սրճամոլին կապում էին սուրճի տոպրակի մեջ ու ծովը նետում: Սուրճի վնասները ստուգելու համար XVIII  դարում Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի հրամանով  փորձ կատարեցին. մահվան դատապարտված երկվորյակ եղբայրների դատավճիռը փոխարինեցին ցմահ բանտարկությամբ` մի պայմանով, նրանցից մեկին ամեն օր պետք է սուրճ տային, մյուսին` թեյ: Առաջինը մահացավ այն պրոֆսորը, որը հետևում էր փորձի ընթացքին, հետո մահացավ մյուս մասնագետը, հերթը հասավ թագավորին, իսկ երկվորյակներն ապրեցին մինչև 83 տարի:

Սուրճի տարատեսակներից մեկն էլ կապուչինոն է, որն իր անվան, գուցե նաև ծագման  համար «պարտական» է վանական կապուցիններին:

թեյ-սուրճԿանաչ սուրճ

Այսօր կանաչ սուրճը նոր «փուլ» է ապրում: Այն  իսկապես հետաքրքիր ու հատուկ համով ըմպելիք է, որին մի շարք հատկություններ են վերագրվում: Դրանցից է ճարպերն այրելու հատկությունը: Կանաչ սուրճից օգուտը շատ է, սակայն չափավոր օգտագործման դեպքում: Այն հարուստ է ուժեղ հակաօքսիդանտ նյութերով: Դրանց շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ազատ ռադիկալները: Այս ըմպելիքը հակաօքսիդանտների պարունակությամբ գերազանցում է կարմիր գինուն կամ սև սուրճին: Բացի այդ, կանաչ սուրճի մեջ A, B, C և E խմբի վիտամիններ են ու ավելի քան 1200 տեսակի կենսաբանական ակտիվ նյութեր:

Կանաչ սուրճ` նիհարելու համար

Կանաչ սուրճով կարելի է քաշ գցել, սակայն միայն ճիշտ ու չափավոր կիրառման պարագայում: Սա դեղամիջոց չէ,  ուստի չկան հատուկ բանաձևեր, սակայն բժշկական ուսումնասիրություններով հաստատվել է այս սուրճի` ճարպեր այրելու հատկությունը:

Եթե որոշեք օգտագործել կանաչ սուրճից պատրաստված ըմպելիք, ապա հիշեք` օրական ընդամենը մեկ բաժակ, ծայրահեղ դեպքում` 2 ու միայն առավոտյան ժամերին: Ընդ որում, կանաչ սուրճն օգնում է ճնշելու քաղցի զգացումը: Դրա մեջ շատ կոֆեին կա, ինչն օգնում է օրգանիզմին առույգ զգալ: Մասնագետներն ասում են, որ կանաչ սուրճով նիհարելու նպատակով պետք է նաև ֆիզկուլտուրայով կամ էլ սպորտով զբաղվեք:

Կանաչ սուրճ. օգո՞ւտ, թե՞ վնաս

Չափավոր օգտագործման դեպքում վնաս չկա: Այն առույգության զգացում է պարգևում, վերականգնում ուժերն ու  օրգանիզմում ակտիվացնում նյութափոխանակումը: Այն խթանում է գլխուղեղի աշխատանքը: Չարաշահման դեպքում կարող է անքնություն ու գերգրգռվածություն առաջանալ: Չի կարելի  կանաչ սուրճ օգտագործել, եթե ունեք շաքարային դիաբետ, գլաուկոմա, օսթեոպորոզ, միզապարկի հիվանդություններ, արյան մակարդելիության խանգարումներ:

Եթե գնել եք ու չգիտեք, թե ինչպես պետք է եփել, ապա ուշադիր եղեք.

նախ, լավ կլինի, որ կանաչ սուրճը գնեք հատիկներով, քանի որ աղացածն արդեն կորցնում է օգտակար հատկությունների 40%-ը: Կանաչ սուրճը պետք է բովել միմիայն տանը` 5-15 րոպե: Օգտագործելուց առաջ աղալ, ապա եփել սովորական եղանակով:

Սուրճի ու թեյի ազդեցությունն օրգանիզմի վրա

Հազիվ թե գտնվի մեկը, որը օրվա ընթացքում գոնե մեկ բաժակ սուրճ կամ թեյ չխմի, քանի որ դրանք ամենատարածված ըմպելիքներն են մեր օրաբաժնում, ու հասկանալի է, որ ունեն որոշակի օգտակար ու վնասակար հատկություններ:

Սև թեյ

Սուրճից հետո անմիջապես  տարածվածությամբ երկրորդ տեղում է սև թեյը: Այն օգտակար է հատկապես կիտրոնի հետ: Ցիտրուսի համադրությամբ այն պաշտպանում է օրգանիզմը մաշկի քաղցկեղից գրեթե 70%-ով: Մի օգտակար գործոն էլ կա` կոֆեինի պարունակությունը: Այս մթերքի մեջ կոֆեինն այնքան չէ, որքան սուրճի մեջ, սակայն այդ քանակը նույնպես խթանում է երիկամների  ու մարսողական, ինչես նաև սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը: Պակաս կարևոր չէ սև թեյի մանրէասպան հատկությունը. այն հրաշալի պայքարի միջոց է հիվանդածին մանրէների դեմ:

Վերը թվարկվածը վերաբերում է միայն թարմ եփած թեյին: Հին` 2 ժամվա թեյն ավելի շատ վնասում է, քան օգուտ տալիս:

Կանաչ թեյ

Պարունակում է հարյուրավոր քիմիական նյութեր, որոնցից կարևորվում են ֆլավոնոիդները, որոնք օժտված են հակաօքսիդանտ հատկությամբ:  Այդ նյութերը բարերար են ազդում նյութափոխանակության վրա, կարգավորում են քաշը, դուրս բերում խարամները: Կանաչ թեյի մեջ P վիտամին կա, որը պատասխանատու է իմունիտետի համար, բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կանխում քաղցկեղի առաջացումը: Կանաչ թեյի չարաշահումը երևի միակ բացասական ազդեցությունն է. դրանից կարող են վնասվել լյարդն ու երիկամները:

Սպիտակ թեյ

Ցավոք, այն քիչ տարածված է, չնայած թեյերի մեջ սպիտակն է ամենաօգտակարը համարվում. պատճառն այն է, որ այս թեյախոտը թեթևակի մշակման է ենթարկվում: Հարուստ է հակաօքսիդանտներով, հականեխիչ հատկությամբ: Բարերար ազդեցություն է ունենում իմունիտետի վրա, կանխում է կարիեսն ու ատամնաքարի առաջացումը: Օրգանիզմից շատ լավ դուրս է բերում թույները, ուղիղ ազդեցություն է ունենում մաշկի առաձգականության, հետևաբար երիտասարդության վրա: Եթե այն ճիշտ եփվի, ապա օրգանիզմի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:

Աղացած և լուծվող սուրճեր: Լուծվողն անկասկած ավելի է վնասում օրգանիզմը, քան աղացածը: Օրինակ` գիտնականները պարզել են, որ ցելյուլիտի դեմ պայքարի ընթացքում լուծվող սուրճ խմելու դեպքում երբեք արդյունք չի ստացվում լուծվող սուրճի մեջ կոնսերվանտների պարունակության պատճառով, ինչը դանդաղեցնում է նյութափոխանակությունը:

Աղացած սուրճը կամ ինչպես սովոր ենք անվանել` բնականը, օրգանական թթուներ է պարունակում և ունի խթանող հատկություն:

Սուրճը տարբեր ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների դեպքում: Անոթների, արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի դեպքում այն հակացուցված է: Իսկ սուրճ խմելուց հետո առաջացած բարձր թթվայնությունը հուշում է, որ գաստրիտ, խոցային ու տասներկումատնյա աղիքի հիվանդություններ ունեցողները պետք է սահմանափակեն դրա օգտագործումը: Պարզ բան է` սուրճի չարաշահումը լավ բանի չի հանգեցնի: Գուցե չկասկածեք անգամ, սակայն կարող է սրճային թունավորում առաջանալ. նյարդայնություն, գլխացավ, անքնություն, հաճախացած շնչառություն, որոնք ի վերջո կհանգեցնեն առողջական լուրջ խնդիրների: XVIII դարում Եվրոպայում արդեն սուրճի չարաշահման հետևանքով առաջացող  վնասների մասին էին խոսում: Իսկ  սուրճով տարվում են հիմնականում կանայք: Այդ հանգամանքը երգիծական անդրադարձ է գտել լայպցիգցի բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Հենրիցի ստեղծագործության մեջ (ստեղծագործում էր Կինանդեր կեղծանունով): Հետագայում այդ ստեղծագործության հիման վրա Բախը գրեց «Սրճային կանտատը»:

Նոր նվեր “Վիագրան” ստեղծողից

ol3001379930542Դեղամիջոցների եվրոպական գործակալության ներկայացուցիչները հավանության են արժանացրել ժամանակից շուտ սերմնաժայքման խնդիրների ունեցողների համար ստեղծված նոր, հեղափոխական դեղամիջոցը:

Մայք Ուայլին, որը “Վիագրան” ստեղծողներից մեկն է, վստահեցնում է, որ իրեն հաջողվել է ստեղծել հատուկ սփրեյ, որը տղամարդուն սեքսով 5 անգամ ավելի շատ զբաղվելու հնարավորություն կընձեռի:

Նորույթի թեստավորումը ապացուցել է, որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նորույթը սեքսից  բավականություն ստանալու էականորեն շատ հնարավորություն կտա: Փաստորեն, ժամանակից շուտ սերմնաժայթքումը կանխող միջոցը կարող է սեքսուալ անհամատեղելիության խնդիր ունեցող  շատ զույգերի հարաբերությունները փրկել:

Եթե տղամարդը սեքսով զբաղվի ասենք` ամսական 5-6 անգամ, ապա  նոր դեղամիջոցի մեկ սրվակը կբավականացնի գրեթե մեկ տարի:

 

Կեղծ դեղի ներմուծումը մերժվել է

Կեղծ դեղԴեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածքներ մուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ«Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ  ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում  գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած: Այդ մասին տեղեկացվել է  ՀՀ-ում  դեղի գրանցման  հավաստագրի  իրավատիրոջը` Նովարտիս  Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ հաստատել է կեղծիքը:

Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ և  օրիգինալ  դեղերի  համեմատական նկարագրերը։ Ներմուծվող կեղծ Սանդոստատին 0,1մգ/մլ,                                                                                                                                          1մլ  ներարկման  լուծույթ N5-ի արտադրողն անհայտ է (այդ տողը բացակայում է), մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի տուփի վրա նշված է արտադրողի անունը և հասցեն։ Կեղծ դեղի եզրային կողի վրա ընկերության լոգոն հորիզոնական դիրքով է, իսկ ՀՀ-ում գրանցված դեղի մոտ՝ուղղահայաց:Կեղծ դեղի պիտակի ծայրերը սոսնձված չեն և առանձնանում են ամպուլայի ապակուց, մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի պիտակի ծայրերը հարթ սոսնձված են ամպուլայի ապակուն։Կեղծված է նաև դեղի պիտանելիության ժամկետը,ներդիրներում գրառումները ուկրաիներեն են՝տպագրված սև տպատառերով, մինչդեռ դրանք պետք է լինեն կապույտ տպատառերով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

Դեղի կեղծիքը հայտնաբերվել է ներմուծման փորձաքննության ժամանակ,ևներմուծումը մերժվել է:

 

Առողջապահության նախարարությունը հերքում է. Հայաստանում խոլերայի համաճարակ չկա

առողջապահության նախարարությունԱռողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ilur.am կայքէջում հրապարակված տեղեկատվությունը, թե իբր Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ 1998 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում խոլերայի ոչ մի դեպք չի արձանագրվել:

Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում օգոստոսի 28-ին և 29-ին բնակչության շրջանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 54 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Աշտարակի բժշկական կենտրոն»–ի ինֆեկցիոն բաժանմունքում և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց տրամադրվել է բժշկական անհրաժեշտ օգնություն և սպասարկում պետպատվերի շրջանակում: Նշված գյուղերում ՀՀ առողջապահության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության համապատասխան մասնագետների կողմից կազմակեպվել են բակային համայցեր` նոր դեպքերի վաղ հայտնաբերման և բժշկական օգնության կազմակերպման համար: Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվել է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ:

Ըստ համաճարակաբանական հետազոտության տվյալների՝ վարակը տարածվել է խմելու ջրի միամոմենտ աղտոտման պատճառով:

Օգոստոսի 28-ին, ինչպես նաև հետագա օրերին խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով դրանում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել:

ՁԻԱՀ-ով հիվանդը միտումնավոր կերպով վարակ է տարածել

o_469182ՁԻԱՀ-ով վակակված աֆրիկյան ծագումով բրիտանացին, որն  իր սեքսուալ զուգընկերուհիներին  է փոխանցել վարակը, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Տղամարդն իմացել է իր հիվանդության մասին ու սեքսուալ հարաբերություններ ունեցել առանց պահպանակների: Նա ցանկացել է, որ աղջիկները նոր ու ավելի շատ տղամարդկանց վարակեն:

Իր առաջին զոհերից մեկին 32-ամյա տղամարդը վարակել է, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր: Շուտով աղջիկն իմանում է, որ հղի է, ընդ որում, նա նույնիսկ գլխի չէր ընկել, որ իր սիած տղամարդը մահացու հիվանդություն ունի: Աղջիկը պատահաբար է իմանում դրա մասին, երբ անցնում է բժշկական հետազոտություն Այդ ժամանակ արդեն  լրացել էր երեխայի 1 տարին:

Երբ բացահայտվեց դաժան ճշմարտությունը, բրիտանացին աղջկան համոզեց ուրիշ տղամարդկանց հետ էլ քնել.”Էդպես, մենք միայնակ չենք լինի մեր տանջանքներում”:

Կինը պատմել է, որ երեխայի ծնունդից հետո, տղամարդն իր նկատմամբ շատ կոպիտ է դարձել ու ագրեսիվ: Մի քանի անգամ նա օտար կանանց է տուն բերել ու զբաղվել նրանց հետ սեքսով` առանց պահպանակների: Պոտենցիալ զոհերը 3-ն են եղել, նրանցից մեկի մոտ շուտով ՁԻԱՀ է հայտնաբերվել:

Երիտասարդ մայրիկն անելանելի վիճակից դիմել է դատարան: 8-օրյա դատական քննարկումներից հետո, նրա երեխայի հորը դատապարտել են 4,5 տարվա բանտարկության: Իշխանությունները նրան հարկադրել են ազատ արձակվելուց հետո սեքսուալ զուգընկերոջը հայտնել հիվանդության մասին: Եթե այդ պահանջը խախտվի, ապա նա ևս 5 տարվա ազատազրկման կդատապարտվի:

 

 

 

 

 

 

 

Արժե՞ զսպել զայրույթը

բարկությունԹվում է, թե պետք է  անմիջապես այս հարցին բացասական պատասխան տալ: Այլապես ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ, որ մենք դժգոհ ենք ինչ-որ բանից: Ինչպե՞ս կհասկանան, որ պետք է դադարեցնեն  մեզ համար անընդունելի վարքագիծը: Շատ մասնագետներ, լուրջ հոգեբաններ խորհուրդ են տալիս կամքին ազատություն տալ անմիջապես:  Արտահայտվել, չզսպել զայրույթը: Դուրս թողնել ներսում կուտակվածը:

Սակայն այլ բան են մարդկային հարաբերությունները: Երբեմն մենք սխալմամբ ուրիշի ցավն ու լուռ վիրավորանքն արհամարհանքի, անշնորհակալության հետ ենք շփոթում: Ճանապարհին ուրիշի շտապողականությունը կամ դանդաղկոտությունն ընկալում  հատուկ մեր նկատմամբ արված ոտնձգություն:  Բայց մի՞թե բոլորը ցանկանում են  իրար վիրավորել, նվաստացնել:

Ահա մի այսպիսի պատմություն: Մի անգամ մի գործարար գնացքով մեկնում է  ուրիշ երկիր: Գնացք է բարձրանում մի տղամարդ երեխաների հետ ու նստում իրեն հատկացված տեղում, իսկ երեխաները սկսում են վազվզել, խառնաշփոթ ստեղծել:  Հայրը դիտողություն չի անում նրանց ու ասես չի էլ նկատում, թե ինչ է շուրջը կատարվում: Երբ երեխաներից մեկը նստած կանանցից մեկի մազերն է քաշում, գործարարը մոտենում է հայրիկին ու զայրացած նախատում. «Ինչո՞ւ չեք սաստում ձեր երեխաներին, մի՞թե չեք տեսնում, թե նրանք ինչ են անում»:

Տղամարդը նրան պատասխանում է. «Դուք իրավացի եք: Ես ցավում եմ, որ նրանք իրենց այդպես են պահում: Բանն այն է, որ կինս` այդ երեխաների մայրը, մի քանի ժամ առաջ է մահացել, ու ես չգիտեմ, թե ինչպես եմ այսուհետ ապրելու: Երեխաները դեռևս չեն գիտակցում այդ, գուցե նրանք այդ կերպ են արձագանքում: Խնդրում եմ, ներող եղեք»:

Գաղտնիք չէ, որ տարբեր մարդիկ նույն իրավիճակը տարբեր կերպ են տեսնում ու գնահատում, դա հավասարապես վերաբերում է թե՛ հարազատներին, թե՛ օտարներին: Չիմանալով մարդկային արժեհամակարգի մասին` դժվար է  որոշակի մարդու վարքագծի մասին սեփական անձի դիրքերից գնահատել ու դատել: Ուստի ավելի դյուրին է ներելն ու հասկանալը, քան թե անմեղին մեղադրելը: Ընդ որում, հիմնականում բոլոր «զանցանքները» չեն արվում միտումնավոր, այլ սոսկ  ենթագիտակցորեն ազդանշելու, որ ուշադրության արժանանանք կամ էլ մեզ նկատեն:  Ուստի գուցե ներենք այդ փոքրիկ թուլությունները:

Անձնական տարածք

Անձնական տարածքը մարդու շուրջ այն գոտին է, որտեղ մուտք ունեն միայն մտերիմները: Դա  պարզապես մեկնված թևի հեռավորությամբ տարածություն չէ: Անձնական տարածք հասկացության մեջ բնակարանն է, բանկային հաշիվը, ավտոմեքենան, պայուսակի պարունակությունը, գրագրությունը: Յուրաքանչյուր մարդ ունի սեփական նախապատվություններն անձնական տարածքի հարցերում. ինչ-որ մեկը տանել չի կարողանում ուրիշ մարդու հպումը, մեկի համար շատ է կարևորվում անձնական բաժակը, իսկ ոմանք էլ իրենց իրերի հսկողությունը  հեշտությամբ վստահում են անծանոթ մարդկանց: Ձեռքսեղմումը, ուսին կամ թիկունքին թեթևակի թփթփացնելը համարվում են սոցիալապես թույլատրելի  հպումներ, իսկ «գործերդ ոնց են» հարցը հարգանքի հասարակ դրսևորում է: Սակայն, հոգեբանների հավաստմամբ, նման անմեղ թվացող «ներխուժումներն» անգամ կարող են զայրացնել: Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ուսումնասիրում կամ նայում են  ձեր համակարգչի էկրանին, առանց հարցնելու վերցնում իրերը ձեր դարակից կամ հյուր գնում առանց նախապես զգուշացնելու:

Անձնական տարածքի սահմանները յուրաքանչյուրի մոտ տարբեր են ու հաճախ կախված են նաև բնակության վայրից: Օրինակ` մեծ քաղաքներում այդ տարածքները բնակչության խտության պատճառով ավելի փոքր են: Անձնական տարածքի գլխավոր գործոններից են այն պայմանները, որոնցում մեծանում է մարդը: Մեծ ընտանիքում անձնական տարածքի շրջանակներն ավելի լղոզված են, ոչ հստակ, քանի որ մեծ ընտանիքներում հիմնականում իրերի մեծ մասն ընդհանուր է ու առանձնանալու հանարավորություններն էլ` ոչ շատ: Սակայն, հարկ է նշել, որ անձնական տարածքի պաշտպանությունը ոչ մի կապ չունի եսասիրության կամ ժլատության հետ: Բացարձակապես նորմալ է անձնական հարմարավետությանը վերաբերող կանոններ հաստատելն ու պահանջելը, որ շրջապատողները նույնպես հետևեն այդ կանոններին: Իհարկե հետևելով, որ ինքներդ էլ չխախտեք մեկ ուրիշի կանոնները: Անհրաժեշտ է շրջապատի մարդկանց հստակ բացատրել, թե որն է ձեր անձնական տարածքը, ու խնդրել չներխուժել այնտեղ առանց ձեր թույլտվության: Գուցե դրա մասին անընդհատ հիշեցնելու կամ անգամ դռների վրա փականներ շարելու հարկ լինի:

Երբեմն մարդը չի կռահում անգամ, որ իր տեսանկյունից անմեղ գործողությունները կարող են մեկ ուրիշին տհաճություն պատճառել: Կարևոր է նաև «ոչ» ասել սովորել: Դա այն կարևոր խոսքն է, որը սահմաններ է գծում: «Ոչ»-ը պետք է արտաբերել հանգիստ ու վստահ: Ու չպետք է մերժումը դիտարկել որպես բացասական երևույթ: Դա սոսկ տեղեկությունը հասցնելու, շրջապատին հասկացնելու միջոց է, երբ ցանկանում ես բացատրել, որ սեփական հարմարավետությունը որոշակի սահմաններ ունի,  և ձեր ժամանակի չարաշահումը, խաղը ձեր զգացմունքների հետ, առանց հարցնելու ձեր իրերն օգտագործելն ազդում է ձեր տրամադրության ու նույնիսկ առողջության վրա: Իսկական ընկերներն ու բարեկամները պետք է դա հասկանան ու երբեք չվիրավորվեն: Չէ՞ որ նրանք էլ են ուզում, որ մենք մեզ հարմարավետ զգանք: Միմյանց նկատմամբ  հարգալից վերաբերմունքն անձնական տարածքի հարցում  վճռորոշ դեր է խաղում ու հնարավորություն տալիս խուսափելու կոնֆլիկտներից:

Ուրախանալ ամեն աստծո օրով

Յուրաքանչյուրն էլ գեթ մեկ անգամ բողոքել է կյանքից. ինչքան ամեն ինչ դժվար է ու անարդարացի, ինչքան չարություն ու դժբախտություն կա: Ցավոք, հաճախ նկատում ենք ու նշում միայն բացասական երևույթները` համառորեն հրաժարվելով նկատել դրականները: Մինչդեռ դրանք քիչ չեն, հարկավոր է միայն նկատել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է երբեմն սև-սպիտակ կյանքին գույներ ավելացնել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կյանքի որակը միայն փողով, հաջողություններով, հասարակության մեջ գրաված դիրքով ու «բարեկեցության այլ մանրուքներով» չի որոշվում ու չափվում: Չէ՞ որ նույնիսկ ամեն ինչ ունենալով էլ կարելի է դժբախտ զգալ: Ինչո՞ւ: Որովհետև ոչինչ չի երջանկացնում: Բերկրանքը երջանկության զգացումն է տվյալ պահին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ողջ կյանքը բաղկացած է կարճ պահերից ու ակնթարթներից, ապա ինչքան շատ ենք բերկրանքի պահեր ունենում, այնքան երջանիկ ենք:

Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ այդ զգացումն ապրելուն: Հաճախ ուրիշի հաջողություններից շատերն ասես «պայթում» են նախանձից: Մտածում են` լինեի նրա փոխարեն: Կամ` ինձ մոտ պետք է պարտադիր ամեն ինչ ավելի լավ լինի: Հաճախ չենք էլ խորանում, թե հարկավո՞ր է արդյոք մեզ այն, ինչն ուրիշին է պետք: Ցավոք, ամեն լավ բան ասես ակնթարթորեն ջնջվում է հիշողությունից: Երբ նախանձը սկսում է խեղդել, փորձեք հիշել, թե վերջերս ինչ հաճելի բան է եղել ձեր կյանքում: Անպայման կգտնեք, միայն մի մոռացեք մանրուքների մասին: Համեղ թխվածքը, ընկերների հետ սուրճի  սեղանի շուրջ զրույցը: Իսկ եթե դժգոհության ու դատարկության զգացումը չի նահանջում, ապա մտածեք, թե ինքներդ ինչ կցանկանայիք հենց այդ պահին, և ինչպես կարելի է այդ ցանկությունն իրականացնել: Ամեն ինչ փորձեք, սակայն ձեռքերը մի ծալեք ու նստեք: Գործի անցեք երազանքն իրականություն դարձնելու համար, և երջանկությունը կայցելի ձեզ:

Երբեմն մեզ ներսից կրծում է վիրավորանքի զգացումն անարդարացիությունից. թվում է, թե մեզ թերագնահատում են, օգտագործում, չեն սիրում: Ու սկսվում է` ինչու է իմ ճակատագիրն այսպիսին:  Մինչդեռ իրական պատճառը գտնելն ու վերացնելը շատ բարդ է: Սակայն ոնց էլ պտտվես, ամեն ինչ փոխելու համար պետք է սկսես ինքդ քեզնից:

Փորձեք չաղտոտել , եթե  ձեզ նյարդայնացնում են կեղտոտ փողոցները: Ժպտացեք ու հաճոյախոսեք ձեր մռայլ հարևանին, որը ձեզ անգամ չի բարևում: Թուփ կամ էլ ծառ տնկեք ձեր լերկ բակում: Մի խոսքով, ավելի շատ անշահախնդիր բարություն արեք: Այն կվերադառնա եռապատիկ,  բայց ոչ անմիջապես: Սակայն բերկրանքի ու հպարտության զգացումը կլցնի ձեր սիրտը շատ շուտով: Մի մասնակցեք բամբասանքին ու այն ամենին, ինչը կգցի ձեր տրամադրությունը: Հավատացեք, այդ խոսակցություններն ամենևին չեն թեթևացնում հոգին, այլ միայն բացասականով են աղտոտում: Պարզապես ձեզ պատնեշեք այն անպետք  տեղեկությունից, թե  ինչքան վատ է ամենուր: Ավելի լավ է կատակերգություն դիտեք կամ էլ հետաքրքիր գիրք կարդացեք: Ուշադրություն մի դարձրեք չար, կոպիտ ու անտաշ մարդկանց վրա: Ի՞նչ կարելի է նրանցից սովորել: Կարելի է ու պետք է միմիայն ծիծաղել ամեն վատի վրա. օրվա մռայլության, չարի ու նախանձի, կոպտության, սեփական անհաջողությունների: Ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում տրամադրությունը,  դուք ուրախ եք դառնում, ու հոգին էլ թեթևանում է:

Փորձեք ծիծաղել. ինքներս մեզ վրա ծիծաղելը դժվարին խնդիր է, սակայն երբ սովորեք, կզգաք, թե որքան է դա թեթևացնում: Հումորի զգացումը հոյակապ բալասան է ունայնության ու անհուսության պարագայում: Ու մի բան էլ. ոչինչ այնպես չի շեղում տխուր մտքերից, որքան սիրած գործը: Եթե ունեք հոբբի, ապա օգտվեք դրա պատճառած բերկրանքից ու բավականությունից:

Կարելի է, ասենք, մաքրություն ձեռնարկել հաճելի ուրախ երաժշտության ներքո:

Նույնիսկ ամենադրական ու պայծառ մարդիկ ժամանակ առ ժամանակ զայրանում են, վշտանում  և անգամ արտասվում: Սակայն դժվար թե նրանք իրենց կյանքը վերածեն  փնթփնթոցի: Մի ծուլացեք երջանկացնելու ձեր իսկ սիրտը, դա այնքան էլ դժվար բան չէ:

Փորձեք նախանձը վանել. իրական նպատակներ դրեք ձեր առջև ու մշակեք դրանց հասնելու պլաններ: Փորձեք ապրված յուրաքանչյուր օրից, մի հաճելի մանրուքից բավականություն ստանալ: Փորձեք ինքներդ լցնել կյանքը, մի սպասեք երկնային մանանայի: Դատարկ խոսակցությունների, բամբասանքի ու բացասական տեղեկությունների վրա ժամանակ մի վատնեք: Ավելի լավ է  ուրիշ գործ գտնել: Ագրեսիային ագրեսիվությամբ մի պատասխանեք: Փորձեք մի լավ ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Բարի գործ կատարեք առանց պատասխան ակնկալելու: Դա ձեր կյանքն ավելի կհետաքրքրացնի: Արժե միայն ցանկանալ,  և անպայման կգտնեք երջանկանալու առիթ:

Ի՞նչ վտանգներով է հղի սակավաշարժությունը

շարժումՀիպոդինամիա կամ սակավաշարժություն. այս հասկացությունը թերևս ծանոթ է մեզնից յուրաքանչյուրին: Դա զարմանալի չէ, քանի որ սակավաշարժությունն իրավամբ  նվաճել է «դարի հիվանդություն» «պատվանունը»: Այն առաջընթացի հակառակ երեսն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում սակավաշարժության համախտանիշը: Ի՞նչով է վտանգավոր: Ի՞նչու է այն համարվում դարի հիվանդություն:

Ուրեմն սկսենք այն հարցից, թե ինչ է սակավաշարժությունը: Բառը հունարեն «hypo»  և «dynamis» բաղադրիչներից է կազմված, որ թարգմանաբար նշանակում են «ներքևում» և «ուժ»: Հիպոդինամիա ասելով` հասկանում ենք մկանային գործունեության թուլացում, որն առաջանում է նստակյաց կենսակերպի հետևանքով ու շարժողական ակտիվ գործունեության սահմանափակմամբ:

Այսօր սակավաշարժության խնդիրը հաճախ է քննարկվում ամենուր, հիմնականում` քաղաքակիրթ երկրներում: Դրա պատճառն այն է, որ հիվանդությունը երիտասարդանում է: Ժամանակակից բժշկությունն այսօր հաճախ է բախվում դեռահասության գիրության խնդրին: Ինչո՞ւ է այն դարի հիվանդություն կոչվում, որովհետև ժամանակակից մարդն ասես մոռացել է, թե ինչ ասել է ֆիզիկական աշխատանք: Տեխնիկան օրեցօր ավելի ու ավելի է զարգանում: Դրա արդյունքում մարդն այլևս ստիպված չէ իր ձեռքով ինչ-որ բան անել: Բավական է սեղմել այս կամ այն կոճակը, և անհրաժեշտ աշխատանքը մարդու փոխարեն լավագույն ձևով կանեն մեքենաները: Դա իսկապես դարի ձեռքբերումն է, սակայն այդ ձեռքբերման հակառակ երեսն էլ այն է, որ հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, որոնցից մեկն էլ հիպոդինամիան է: Ինչո՞վ է այն վտանգավո՞ր:

Մկանային գործունեության թուլացումն առաջին հերթին վտանգավոր է  նրանով, որ հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման, որոնցից շատերը կարելի է հանգիստ լրջագույն ախտերի դասը կարգել: Սակավաշարժությունը հանգեցնում է բոլոր օրգանների ու համակարգերի  աշխատանքի խանգարման: Օրինակ` հաճախ հիպոդինամիայի հետևանքով տուժում են սրտանոթային, նյարդային համակարգերը: Այն կարող է հանգեցնել նաև գիրացման: Նյութափոխանակության լուրջ խանգարումները հիմնականում առաջանում են հիպոդինամիայի հետևանքով:

Կանխելու համար չպետք է պարզապես հանգիստը պառկած վիճակում անցկացնել: «Վերջ» ասեք նստակյաց կյանքին: Մոռացեք անգործության բոլոր «հմայքների» մասին: Վերջապես, առողջ կենսակերպի անցեք, սնվեք ճիշտ ու ժամանակին, զբաղվեք որևիցե մարզաձևով, հնարավորինս շատ քայլեք, հրաժարվեք բոլոր վատ սովորություններից: Մի խոսքով, զբաղվեք ոչ միայն հոգու խնդիրներով, այլև` մարմնի:

Ամեն տարի ողջ աշխարհում 5 մլն մարդ մահանում է միայն այն պատճառով, որ չափազանց պասիվ կենսակերպ է վարում: Այսօր ռիսկի խմբում մեկուկես մլրդ մարդ կա, որոնք ոչինչ չեն անում սակավաշարժությունը հաղթահարելու համար:

«15 և ավելի տարիքի մարդկանցից 10-ից 3-ը չափազանց պասիվ ու անառողջ կենսակերպ  են վարում»,- հայտնում է հեղինակավոր հրատարակություններից մեկը: Այդ խմբում շատ է կանանց թիվը, այն էլ` զարգացած ու ապահովված երկրներից:

Մինչդեռ ակտիվ կենսակերպ վարել չի նշանակում  պարտադիր սպորտով զբաղվել: Գիտնականները նշում են, որ այդ մեկուկես միլիարդի մեջ չհայտնվելու համար բավարար է շաբաթական 5 անգամ, 30- րոպեանոց  ֆիզկուլտուրայի պարապմունքը:

Չմոռանանք նաև, որ անգործությունը ոչ միայն ֆիզիկականին է վնասում, այլև հոգեկանին:

Այսօր համեմատաբար քիչ են այն  մասնագիտությունները, որոնք ֆիզիկական ակտիվություն են պահանջում: Եթե դուք լրագրող եք, հաշվապահ, ծրագրավորող, մի խոսքով` գրասենյակային աշխատող, այսինքն` ստիպված ալյուրի պարկեր չեք տեղափոխում շալակած, դա լավ է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, պետք է մեդալի հակառակ երեսն էլ նայել: Հոգնածություն, տկարություն, թուլություն, անսովոր ծուլություն, երբ անգամ գիրք չես ուզում կարդալ և անընդհատ ցանկանում ես քնել ու քնել…: Կար ժամանակ, երբ հանգիստ մի քանի կանգառ ոտքով կանցնեիք, իսկ հիմա գերադասում եք տաքսի կանչել: Ծանո՞թ է այդ վիճակը, ուրեմն արդեն պետք է զգաստանանք, դա  նշանակում է, որ սակավաշարժության թիրախում եք:

Սակավաշարժ կենսակերպին սովորելը շատ հեշտ է: Ու որքան քիչ ենք շարժվում, այնքան գայթակղիչ է դառնում ջանքեր գործադրելուց խուսափելը:

Զարմանալի փաստ է, որ շարժունակության նվազման հետ թուլանում են ոչ միայն մկանները, այլև մտավոր ունակությունները: Մկանային ծանրաբեռնվածության թուլացումը հանգեցնում է հյուսվածքներին արյան մատակարարման նվազման, թթվածնի անբավարար մատակարարման, և մարդը սկսում է տառապել թթվածնային քաղցից: Պարբերաբար շարժումների սահմանափակման հետևանքով  խախտվում է  հորմոնալ և այլ համակարգերի վիճակը:

Մինչդեռ կարելի է պայքարել դրա դեմ, եթե նույնիսկ մի փոքր ցանկություն ունեք:

Բազմաթիվ ուսումնասիրություններով ապացուցվել է, որ կարևոր է ոչ թե մարզումների ծանրությունը, այլ դրանց կանոնավորությունը:

Բոլորովին պարտադիր չէ ուժային մարզումներ կատարել, ֆիթնես  սրահ հաճախել կամ լողավազան գնալ, որ բավարարված զգաք: Ամենապարզ միջոցը, որ կարելի է անել, օրական գոնե կես ժամ քայլելն է: Տուն գնալիս կարելի է մեկ կամ երկու կանգառ ոտքով գնալ: Աստիճանաբար այդ զբաղմունքը ձեզ դուր կգա:

Եթե վերելակն ուշանում է` մի սպասեք, փորձեք ոտքով հանգիստ բարձրանալ: Հրաշալի միջոց են շարժուն խաղերը, ֆուտբոլը, վոլեյբոլը կամ, ձեր նախընտրությամբ, մեկ այլ խաղ:

Խորհրդակցության ժամանակ կանգնեք.  ի դեպ, կանգնած դիրքն օգնում է նաև կենտրոնանալուն:

Հիշեք այն ժամանակները, երբ էլեկտրոնային նամակների փոխարեն հաղորդելիքը բերանացի էինք փոխանցում կամ այցելություններ կատարում: Դա մարզվելու տարբերակ է ու մտերիմներին և ծանոթներին հանդիպելու մի նոր  առիթ:

Իսկ այժմ աշխատասենյակում  մեզ շրջապատող գրասենյակային պարագաները կարելի է  օհգտագործել  մարզվելու նպատակով,ասենք` պատճենահանման համար նախատեսված թղթի կապոցը կարելի է «վերածել» ծանրաձողի: Մարզվեք գրասենյակային ծանրաձողով ու   նստակյաց դիրքից ընդարմացած մարմնին հանգստություն պարգևեք:

Հեռախոսով զրուցելու հաճելի ժամանակը կարելի է  օգտակարի հետ համադրել, օրինակ` ամենևին չի խանգարի ոտքերի մարզանքը:

Միշտ են մասնագետները հորդորում. համակարգչի առջև աշխատելիս 2 ժամը մեկ ընդմիջում արեք ու աչքերի վարժանք` լարվածությունը վանելու համար:

Մի խոսքով, հիպոդինամիայի գերին չդառնալը ձեր իսկ ձեռքերում է:

 

 

Բիլլ ու Մելինդա Գեյթսերին բժշկության զարգացման համար պարգևատրել են

pic_786c70756e7aa7b634dd655d14f292eaԲիլլ ու Մելինդա Գեյթսերին Լասկերի անվան պարգև են հանձնել, որը սովորաբար բժշկության ոլորտում ձեռքբերումների համար են  տալիս:

Ինչպես  ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ, զույգը պարգևատրվել է “Առողջության հետ կապված  ամենաանհետաձգելի խնդիրների հանդեպ մեր հայացքների պատմական վերափոխման ու մոլորակի  միլիոնավոր ամենաանպաշտպանների կյանքի բարելավման համար”:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի 20-ին: Դրամական պարգևը կազմում է 250 հազար դոլար բոլոր դափնեկիրների համար:

Սա հեղինակավոր պարգև է, որը ԱՄՆ-ում երկրորդ Նոբելյան մրցանակ է համարվում: Այն 1946-ից հանձնում է նույնանուն հիմնադրամը, որը հիմնել է բարեգործ Ալբերտ Լասեկերն ու նրա կինը: Մրցանակ է հանձնվում 3 անվանակարգերում.”Բժշկության ոլորտում արմատական հետազոտությունների” համար, “Լավագույն պրակտիկ բժիշկ”,”Բժշկության բնագավառում ու առողջության ոլորտում հասարակական գործունեության համար”:

Գեյթս ամուսինները հիմնել են Bill & Melinda Gates Foundation հիմնադրամը, որի խնդիրն է պայքարը պոլիոմելիտի դեմ և կանանց որակյալ հակաբեղմնավորիչների տրաադրումը:

Բացի այդ, Գեյթսը գործարար Բաթեթի հետ  The Giving Pledge ընկերության հիմնադիրներն են, որի շրջանակներում ծրագրին միացած միլիարդատերերը խոստանում են իրենց կարողության առնվազն կեսը տրամադրել բարեգործական նպատակով:

Քնատ մարդիկ տհաճություն ու խղճահարություն են առաջացնում

09092815.887097.1781Շվեդացի գիտնականները հայտնաբերել են, որ անընդհատ քնատությունը մարդուն տկարություն ու անառողջ տեսք է հաղորդում, իսկ դրա հետևանքով, “սոմնաբուլները” վանում են շրջապատողներին: Առողջ ու լիարժեք քունը մարդու կյանքի  անբաժանելի հատվածն է: Գիշերային հանգիստն ուժ է տալիս ու բարելավում ինքնազգացողությունը, լավ տրամադրություն պարգևում և օգնում երկարաձգելու երիտասարդությունը: Հակառակ պարագայում ցերեկային  գործունեությունը հավասարվում է զրոյի, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սթրեսների ու  հետևաբար, հիվանդությունների զարգացման:

Ցավոք, շատ մարդիկ են անբավարար քնում կամ քնին նվազագույն ժամանակ հատկացնում, ինչը, ի վերջո, անդրադառնում է  ոչ միայն մարդու մտավոր ունակությունների, այլև` արտաքինի վրա:

Ուսումնասիրության ընթացքում, Ստոկհոլմի համալսարանի մասնագետները լուսանկարել են գիշերային լիարժեք քնից հետո ու 31 ժամ անընդմեջ չքնած  40 մարդու: Գիշերային քնից զրկված մարդիկ ունեցել են խեղճացած ու ճնշված տեսք, նրանց աչքերը կարմրել են, կոպերը` այտուցվել, դեմքի վրա հայտնվել են կնճիռներ, իսկ մաշկը գունատվել է:

Մասնագետները կարծում են, որ նման տեսքը կարող է վատ ազդել փոխհարաբերությունների վրա :

 

Համակարգչային հիվանդությունը` ուռուցքային հիվանդությունների մրցակից

computer-stressԱյսօր համակարգիչը գրեթե բոլորի կյանքում կարևոր դեր է խաղում: Սակայն վատն այն է, որ դրանից օգտվելիս չենք պահպանում անվտանգության կանոնները և վնասում ենք մեր առողջությունը: Տարիներ առաջ համակարգչից օգտվելու կանոններն ավելի խիստ էին, որովհետև  նախկին սերնդի համակարգիչների էկրանները պաշտպանիչ շերտ չունեին և էլեկտրամագնիսական ճառագայթներն ավելի արագ էին թափանցում մարդու օրգանիզմ: Իսկ այսօր կան բազմաթիվ մեթոդներ պաշտպանվելու համար:

Մասնագետների համոզմամբ՝ համակարգչի դիմացից չհեռացող մարդը հակված է բազմաթիվ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային խնդիրների, աղեստամոքսային տրակտի խանգարումների և այլն:

Ահա, թե ինչ է ասում նյարդավիրաբույժ Հայկ Միրզոյանն այդ մասին.

– Համակարգչից երկար օգտվելը նպաստում է ողնաշարի դիստրոֆիկ դեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը, որը հանգեցնում է հիպոդինամիայի՝ շարժունակության պակասեցմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օրգանիզմի ճարպակալման: Մյուս կողմից` հիպոդինամիան առաջացնում է սրտանոթային համակարգի որոշ խանգարումներ, որոնք երկրորդային ձևով հանգեցնում են միկրոշրջանառության վատացման:

Համակարգչից անընդհատ օգտվելը, սակայն,  առաջին հերթին, հարվածում է տեսողությանը, ակնաբույժները դա անվանում են համակարգչային տեսողական համախտանիշ:

– Առաջին հերթին խորանում է կարճատեսությունը:  Կան մարդիկ, որոնք գանգատվում են վատ տեսողությունից, բայց ստիպված են համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնել: Ժամանակի ընթացքում նրանց տեսողությունը վատանում է: Առաջանում է նաև կեղծ կարճատեսություն, որը, ի տարբերություն  իրականից, աչքի ներսի մկանների աշխատանքի խախտման  հետևանք է և  կարելի է բուժել, – նշում է ակնաբույժ Նազելի Բաղդասարյանը:

Բացի այդ, տեսողության երկարատև լարվածության հետևանքն աչքերի մակերեսի գերչորացումն է, որին նպաստում է նաև Հայաստանի փոշոտ կլիման:

– Չորացումն ավելի շատ սուբյեկտիվ խնդիրներ է ստեղծում. մշտական անհարմարավետություն օրվա տարբեր ժամերին, ավազի զգացողություն, ծանրություն աչքերում, առավոտյան աչքերի դժվար բացվելը և այլն: Այսինքն`փոխվում է կյանքի որակը, – բացատրում է բժիշկը:

Մասնագետների գնահատմամբ` այդ ժամանակակից հիվանդությունն իր աճի տեմպերով գերազանցում է ուռուցքային հիվանդությունների դինամիկան, սակայն եթե երկրորդի դեպքում հնարավոր չէ խուսափել բացասական զարգացումից, առաջինի հետևանքներից խուսափելը շատ ավելի հեշտ է: Դրա համար չպետք է մոռանալ համակարգչից օգտվելու անվտանգության կանոնները:

– Ցանկալի է համակարգչից օգտվել մեկ-երկու ժամ, որից հետո փոխել դիրքն ու քայլել սենյակում: Անընդհատ նստած նույն դիրքում` փաստորեն ամբողջ մարմնի կշիռը գցում ենք գոտկային հատվածին՝ միջողնային աճառներին, և փոքր փոփոխությունները հանգեցնում են ողնաշարի միջողնային աճառների ճողվածքների, որոնք էլ ազդում են աշխատունակության վրա,- խորհուրդ է տալիս Հ. Միրզոյանը:

Ակնաբույժ Ն. Բաղդասարյանն իր հերթին առաջարկում է համակարգչի առջև  նստել ուղիղ, մոնիտորի` էկրանի վերին եզրը պահպանել աչքերի մակարդակին, այսինքն` հայացքը լինի ոչ թե վեր, այլ՝ ներքև, և աշխատասենյակում լինի ընդհանուր լուսավորվություն, քանի որ մութ վայրում լուսավորված էկրանով աշխատելը տեսողության թշնամին է:

Իսկ երեխաներին մասնագետները բոլորովին խորհուրդ չեն տալիս օգտվել համակարգչից, քանի որ նրանց աճող օրգանիզմն էլ ավելի է հակված ողնաշարային խնդիրների (սկոլիոզ և այլն): Այնպես որ, հարգելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր երեխաների առողջության հարցում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Պեդիկուլյոզ.առանց խնդիրների` դեպի դպրոց

պեդիկուլոզՀերթական արձակուրդները մոտենում են ավարտին, ու որքան մոտենում է աշունը, այնքան արդիական է դառնում երեխայի նախապատրաստությունը դպրոցին: Ծնողների մեծամասնությունը, չգիտես ինչու, նախապատրաստություն ասելով` հասկանում է դպրոցական հագուստի ու գրենական պիտույքների գնումը: Սակայն շատ կարևոր է երեխայի զգայական  տրամադրությունը, նրա առողջական վիճակը, օրգանիզմի` ռեժիմի նկատմամբ փոփոխությանը հարմարվելն ու ծանրաբեռնվածությունը: Սովորող երեխաների ծնողների համար մեծ հոգս է  դպրոցական պարագաների գնումը: Ու այս  իրավիճակում կարևոր է ոչ միայն դրանց գինը, այլև որակը. չէ՞ որ դրանք կարող են երեխայի առողջության վրա էական ազդեցություն ունենալ:

Այս դեպքում ևս պետք է առաջնորդվել որակով ու միայն որակով: Գուցեև մի փոքր ավելի թանկ լինեն բնական նյութից պատրաստված ու կարված հագուստն ու պիտույքները, սակայն չմոռանանք, որ դրանք չպետք է անհարմարության զգացում պատճառեն, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել դասապրոցեսից շեղվելուն: Հագուստը չպետք է սահմանափակի երեխայի շարժումները: Նա պետք է կարողանա ազատ թռչկոտել, ազատ շարժել թևերը: Հագուստի հետ պետք է հարմարավետ լինի նաև պայուսակը: Ճիշտ ընտրված ուսապայուսակը պարունակության ծանրությունը  հավասարաչափ կբաշխի ողնաշարի վրա:

Կարևոր է նաև երեխայի հոգեբանական նախապատրաստվածությունը: Բնականաբար, արձակուրդի շրջանը  խիստ տարբերվում է դպրոց հաճախելուց: Ուստի հարկավոր է երեխային աստիճանաբար վարժեցնել ուսումնական ռեժիմին: Հստակ ժամանակ հատկացնել խաղին, զբոսանքին,ընթերցանությանը: Սա դժվար շրջան է տարրական դասարանից անցում կատարողների համար. նոր ծրագիր, նոր ուսուցիչներ, պատասխանատվության նոր մակարդակ: Երեխայի առաջադիմությունը տվյալ դեպքում մեծապես կախված է  այն հանգամանքից, թե ինչպես է ինքը տրամադրված նոր ուսումնական տարվան: Շատ կարևոր է երեխայի հստակ ժամին քնելը: Համակարգչի  կամ հեռուստացույցի առջև երեկոյան անցկացրած երկարատև ժամերը լուրջ խնդրի կվերածվեն առավոտյան, երբ հարկ է արթնանալ ժամանակին ու չուշանալ դասերից:

Հոգ տարեք դպրոցական երեխայի իմունիտետի մասին, որպեսզի օրգանիզմը պատրաստ լինի առաջիկա լուրջ ծանրաբեռնվածությանը:  Հետևեք, որ սնունդը լիարժեք լինի: Մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, ձուկ, կանաչի լինի, որոնք պարունակում են աճող օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ մեծ քանակությամբ հանքանյութեր ու միկրոտարրեր:

Մի խնդիր էլ, որին պետք է ուշադրություն դարձնել: Ամռանը երեխաները տարբեր վայրերում են հանգստանում, ու երբեմն  ծնողներն էլ չեն կասկածում անգամ, որ իրենց երեխան  վարակվել է պեդիկուլյոզով: Այս հիվանդության հետ կապված շատ կարևոր հոգեբանական  պահ կա. երեխաների մոտ հնարավոր է` ձևավորվի բարդույթ ու  ամոթի զգացում:  Իսկ դա բացասական ազդեցություն է ունենում երեխայի սոցիալական ընտելացման գործընթացի վրա:

Ի դեպ, գրեթե յուրաքանչյուր մարդ գեթ մեկ անգամ կանգնել է նման խնդրի առջև:

Ոջիլը  մակաբույծ է: Հասուն  էգ ոջիլները սոսնձելով ձու են դնում մազերին կամ հագուստի մազմզուկներին: Ինկուբացիոն շրջանում, որը տևում է  7-10 օր, ձվերը հասունանում են: Դրանք շատ նման են թեփի, որը շատ ամուր կպած է մազերին, կիսաթափանցիկ են ու սնվում են գլխամաշկի արյունով: Թրթուրները շատ արագ են հասունանում ու վերածվում հասուն ոջիլների, որոնք ունեն մոխրագույն կամ մուգ գույն, եթե  հատկապես լցվում են արյունով: Ոջիլները մանր միջատներ են, որոնք, կծելով մաշկը, սնվում են արյունով, որ ապրեն ու հասունան: Դրանց նկատելը շատ դժվար է, ավելի հաճախ հայտնաբերվում են ձվերը (անիծ): Հիմնական ախտանշանը մաշկի բորբոքումն է կամ քորը: Եթե ձեռքերը ակամա  ձգվում են դեպի գլուխը, որ քորեն, ու մարդուն անհանգստացնում է վազող միջատի տպավորությունը, ապա  պետք է նա մտերիմ մարդուն խնդրի` ստուգել գլուխը:

Երեխային պետք է բացատրել, որ մեզնից և ոչ մեկն ապահովագրված չէ պեդիկուլյոզից: Դրանով հնարավոր է վարակվել հասարակական տրանսպորտում, աշխատավայրում, դպրոցում, խանութում, ամենուր, որտեղ շփվում ենք մարդկանց հետ: Ընդ որում, մեկ առանձնյակը բավարար է, որ արդեն հաջորդ իսկ շաբաթ պեդիկուլյոզը անհանգստություն պատճառի:

Վարակվելու հաջորդ պատճառը հիգիենայի պակասն է: Ուշ-ուշ լողանալը` գլուխը լվանալը, հագուստը, սպիտակեղենը հազվադեպ, ոչ ժամանակին փոխելը հղի է հիվանդության տարածմամբ:

Իսկ ինչո՞ւ են երեխաներն ավելի հաճախ հիվանդանում պեդիկուլյոզով: Որովհետև նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում այլ երեխաների հետ, ընդ որում, ավելի սերտ, քան մեծերը. համատեղ խաղեր, ուսում, ընկերների հետ ժամանակ անցկացնել, մրցույթներ, հասարակական տրասնպորտով երթևեկել: Մի խոսքով, երեխաները շատ շփումներ են ունենում, ժամանակ անցկացնում ամբոխի մեջ, մանկապարտեզում, սովորելու ժամանակ: Բնականաբար, նման սոցիալական ակտիվությունը պեդիկուլյոզով վարակվելու ռիսկի հետ է կապված:

Ինչպես կարելի է վերացնել ոջիլը

Այսօր դեղատներում տարբեր միջոցներ են առաջարկվում` քսուքներ, շամպուններ: Կան միջոցներ էլ, որոնցով կարելի է մշակել ոջլոտ հագուստը: Բոլոր միջոցներն էլ օգտագործելու դեպքում խստիվ հետևեք կիրառման կանոններին, քանի որ չի բացառվում, որ դրանից ալերգիա առաջանա: Հաշվի առնելով, որ հիվանդությունն ուղեկցվում է քորով ու մաշկի բորբոքմամբ, չպետք է ռիսկի դիմել, քանի որ վնասված մաշկի համար դեղորայքը մեծ փորձություն է, իսկ եթե դեղամիջոցի կիրառումից  մաշկը ուռչի, ապա անմիջապես հարկավոր է  լվանալ պարզ  ջրով:

Երբեմն լինում է, որ դեղամիջոցները չեն օգնում: Լինում է, որ կիրառված միջոցները վերացնում են կենդանի ոջիլները, սակայն անզոր են անիծի դեմ: Եվ ստացվում է, որ բուժումը երկարում է:

Պեդիկուլյոզի դեմ կարելի է պայքարել ժողովրդական միջոցներով:

Հիվանդության սկզբնական փուլում օգնում է նույնիսկ գլուխը հաճախ` օրական մեկ անգամ լվանալը, սովորական ձևով: Երբ օճառում եք գլուխը կամ լվանում շամպունով, փորձեք փրփրացնել ու թողնել մի քանի վայրկյան, ապա նոր լվանալ:

Ահա ժողովրդական մի միջոց, որը, չգիտես ինչու, կոչվում է «ամերիկյան եղանակ»:

Ոջիլները վերացնելու համար մազերի երկայնքով առատորեն քսվում է վազելին, մայոնեզ կամ այլ քսուք: Ապա գլուխը պետք է փաթաթել պոլիէթիլենով: Թողնել բավական ժամանակ, հնարավորության դեպքում` մեկ  գիշեր, ու առավոտյան սանրելով հանել:  Այս միջոցով ասես փակում ես ոջիլների թթվածինը: Գործողությունը պետք է կատարել մի քանի անգամ ու անպայման հարկավոր է առավոտյան սանրվել մանրատամ սանրով:

Բուժումը եթերայուղերով: Սա, ի դեպ, շատ դուր կգա կանանց, քանի որ այն մի հարվածով երկու նապաստակ խփելու է նման. մի կողմից` վերացնում ենք ոջիլը, իսկ մյուսից` բարելավում մազերի վիճակը: Օգտակար է այս դեպքում թեյածառի, նուշի ու նարդոսի եթերայուղերի հավասարաչափ բաժիններով խառնուրդը, որը քսվում է մազերին ու լվացվում 2 ժամից: Այս միջոցն արևմուտքում պեդիկուլյոզի դեմ առաջինն  է համարվում: Այս դեպքում կարևորվում է բնական եթերայուղերի հայթայթումը, քանի որ կեղծ նյութեր կան շուկայում:

Սանրելը

Բժշկական ու ժողովրդական միջոցները չեն կարող վերացնել անիծը մազերից, այն պետք է հեռացվի մեխանիկական եղանակով: Եթե հիվանդությունը խորանում է, ապա ստիպված քաչալանում են, իսկ եթե ցանկանում եք պահպանել մազերը, ապա մեկ ժամ չէ, որ կպահանջվի անիծից ազատվելու համար: Մեր տատերը սանրի ատամների արանքներում թել էին փաթաթում, ինչը օգնում է մազերից դուրս բերել անիծը:

Հիվանդության կանխարգելումը

Առաջներում պեդիկուլյոզը համարվում էր աղքատների ու թշվառների հիվանդություն: Իրականում այդպես չէ, քանի որ հիվանդանում են անկախ սոցիալական կարգավիճակից: Մի խոսքով. ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Սակայն հարկ է նշել, որ հիվանդությունը խորանում է միմիայն հիգիենայի բացակայության պարագայում:

Ի դեպ, շատ կարևոր է իմանալ, թե դասարանում  կա՞ն արդյոք պեդիկուլյոզով երեխաներ: Դա չպետք է վիրավորի ո՛չ երեխային, ո՛չ էլ նրա ծնողին: Իմանալով` կարելի է պարզապես գնահատել ռիսկերը: Ժամանակ առ ժամանակ ստուգել ոջիլի առկայությունը:

Հեշտ է կանխելը, դժվար` բուժելը: Հիգիենան լավագույն կանխարգելիչ միջոցն է:

Երեխաներին  սովորեցրեք, որ խուսափեն անձնական իրեր փոխանակելուց. սանր, խոզանակ, սրբիչ, բարձ, գլխարկ:

Խուսափեք «գլուխ գլխի տալուց»: Ժամանակ առ ժամանակ ստուգեք ծոծրակի, ականջների ետևն ու գխամաշկը: Եթե տանը մեկը վարակվել է պեդիկուլյոզով, ապա բուժում պետք է կատարեն բոլորը` կանխելու մեկից մյուսին փոխանցումը:

Ի դեպ, շատ լավ միջոց է քացախի ու ջրի հավասար քանակությամբ խառնուրդը, եթե, իհարկե, մաշկը քորելուց չի վնասվել: Այդ դեպքում պարզապես հնարավոր է, որ լուծույթը մրմռացնի:  Քսել մազերին ու  ծածկել գլուխը կես ժամ, որից հետո լվանալ սովորականի պես: Այն նաև մազերի որակը բարելավող հիանալի միջոց է,  փափկեցնում է ու փայլ հաղորդում: Պարզապես զգույշ եղեք, որ լուծույթը չընկնի աչքերի մեջ, հատկապես, երբ այս մեթոդով եք բուժում երեխաներին: Լուծույթը քսելուց  կես ժամ անց հանեք գլխարկը, նորից առաջարկվում է սանրել մազերը: Որքան լավ ու երկար սանրեք, այնքան շատ ոջիլ ու անիծ կթափվի: Ապա լվացեք սովորականի պես:

Հետաքրքիր փաստեր

Գիտնականները պարզել են, որ ոջիլներ եղել են անգամ դինոզավրերի ժամանակներում, ավելի քան  44 մլն տարի  առաջ:

Ոջիլների մասին առաջին  տեղեկությունները հանդիպում են Արիստոտելի մոտ (մ.թ.ա. IV  դարում): Չորացած ոջիլներ են հայտնաբերվել եգիպտական, պերուական, հնդկացիական մումիաներում:

Հերոդոտոսն է գրել, որ եգիպտացի քրմերը սափրում էին գլուխը, «որ ոչ մի ոջիլ կամ այլ անմաքուր կենդանի չկարողանա կպչել նրանց, երբ նրանք ծառայում են աստծուն…»: Այդ նպատակով էին գլուխներն ու կզակը սափրում Հին Եգիպտոսի, Ասորեստանի ու Բաբելոնի  փարավոններն ու թագավորները:

Հիմնականում պեդիկուլյոզ  հիվանդության բռնկում է նկատվում աշնանը, երբ երեխաները ճամբարներից ու հանգստյան տներից վերադառնում են տուն:

Ծերունիները պատմում են, և գիտությունն էլ հաստատում է, որ ոջիլները բազմանում են ուժեղ սթրեսից հետո: Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում է, ոչ բոլոր վարակվածներն են հիվանդ դառնում: Եթե մենք հանգիստ ենք ու առողջ, ապա ոջիլն իր «նպատակին» չի հասնում: Իսկ մակաբույծներին ասես դուր են գալիս այն մարդիկ, որոնք կարծես «հակում» ունենան սթրեսների նկատմամբ:

Ներկայում գիտնականները տագնապած են, քանի որ ոջիլները թույների նկատմամբ դիմացկունություն են ցուցաբերում: Իռլանդիայում նույնիսկ ոջիլի նոր տարատեսակ են հայտնաբերել, որը  թույների նկատմամբ անզգա է: Այնտեղ նույնիսկ պարգևավճար են խոստանում նրան, ով կկարողանա այդ մուտանտներին բռնել ու լաբորատորիա հանձնել  հետազոտության համար:

Ասում են, որ ոջիլները «հուզիչ կապվածություն են» ցուցաբերում իրենց տերերի նկատմամբ: Մարդու գլխից հանած ոջիլը ընտրության դեպքում էլ «սովոր շան պես» վերադառնում է նրա մոտ:

Շուրջ 100 տարի առաջ շվեդներն այդ միջատի օգնությամբ բուրգոմիստր էին ընտրում: Թեկնածուները նստում էին սեղանի շուրջ ու սեղանի վրա փռում մորուքները, իսկ կենտոնում ոջիլ էին դնում: Ում մորուքի վրա բարձրանում էր այդ ոջիլը, նա էլ ընտրվում էր բուրգոմիստր:

Կանայք ուժեղ սեռ են ճանաչվել

ol3001377765067Ավանդաբար կանայք համարվում են թույլ սեռի ներկայացուցիչներ, սակայն, եթե խոսքն առողջության առանձնահատկությունների մասին է, ապա ուժեղ սեռ են կանայք:

Փաստ է, որ կանանց օրգանիզմը շատ ավելի արդյունավետ է պայքարում մաշկի քաղցկեղի` հատկապես մելանոմայի դեմ, որից տղամարդիկ ավելի հաճախ են մահանում: Պրոֆեսոր Պիտեր Ջոնսոնի կատարած հետազոտությունը այն մտքի հանգեցրեց, որ տղամարդկանց մոտ  հիվանդության ռիսկը գուցե պայմանավորված է արական` տեստոստերոն հորմոնով, որն ասես “արգելակում” է իմունային համակարգի աշխատանքը:

Ուսումնասիրության հեղինակի կարծիքով, տեստոստերոնը կարող է խանգարել տղամարդու իմունային համակարգի աշխատանքին նաև այլ հիվանդությունների դեպքում: Դրա հետ կապված էլ նույն հիվանդությունների նկատմամբ  կանանց օրգանիզմն ավելի արագ ու արդյունավետ է պայքարում, քան տղամարդկանց օրգանիզմը: Բնականաբար, դա կարող է տարածվել նաև սովորական մրսածության վրա, որը տղամարդկանց ավելի շատ  տհաճություն է պատճառում, քան կանանց:

Երբ մազերն օգնության կարիք ունեն

մազերԲնությունն իմաստուն է: Նա մարդուն ստեղծել է այնպիսին ու օժտել այն որակներով, որոնք բնության ոչ մի այլ արարածի հատուկ չեն: Մեզանից  շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց օրգանիզմի թաքնված հնարավորությունների մասին: Մենք ոչ միայն կարող ենք հոգին ու մարմինը կոփել ու «դաստիարակել», այլև որոշ հուշումների դեպքում հասկանալ, թե ինչ խաթարումներ կան այս կամ այն օրգանի աշխատանքում: Իզուր չէ, որ  ժողովրդական բժիշկներն ու կենսաէներգիայի մասնագետներն ասում են, որ մարդու լավագույն բժիկն ինքն է ու իր ենթագիտակցությունը:

Հիշենք թեկուզ այն դեպքերը, երբ կոսմետոլոգն ասում է, որ փխրուն եղունգներն օրգանիզմում կալցիումի անբավարարության մասին են հուշում: Իսկ չոր մաշկը օգանիզմում A վիտամինի  անբավարարության վկայություն է:

Նույնն էլ կարելի ասել մազերի վիճակից դատելով: Մազերն առողջության  ամենաճշգրիտ բարոմետրն են, ու մազերի ամեն խնդիր ուղիղ կամ անուղղակի կապված է օրգանիզմում առկա խնդրի հետ:

  1. Փշրվող մազերը, որ մեզ թվում է, թե  վարսահարդարիչի, մազերի ներկի օգտագործման հետևանք է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եթե մազերի ծայրերը կտրում եք յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ ու չեք չարաշահում հարդարման միջոցները, սակայն միևնույն է, մազերը դեզի են նմանվում, ուրեմն պետք է մտածեք ձեր սննդահամակարգի  մասին: Այդ ժամանակ է, որ պետք է հիշել, թե ինչ են սիրում ու ինչի հանդեպ են զգայուն մեր մազերը: Հարկավոր է սննդացանկ մշակել, որտեղ մի սյունակում պետք է գրել այն մթերքների անունները, որոնք հարկավոր է օգտագործել, իսկ մյուս սյունակում` արգելված մթերքները:

Ի դեպ, փշրվող մազերը  «սիրում» են  գերչակի, նուշի, ձիթապտղի յուղ: Դրանցով պետք է տրորել մազերը, ապա փաթաթել տաք սրբիչով, իսկ մեկ ժամից լավ լվանալ ու մազերին հարած ձվի դեղնուց քսել կամ թթված կաթ: Գործողության վերջում հարկավոր է մազերը ողողել թեյի կամ երիցուկի թուրմով:

Փխրուն մազերը խոսում են աղիների  խանգարումների մասին: Որոշ դեպքերում փխրունությունը մազերի խոնավության կորստի վկայություն է:

Մազերի փխրունությունը վերացնելու համար նախ հարկավոր է մազերն ամրացնել «ժողովրդական» միջոցներով: Իսկ եթե դրանից հետո  էլ մազերի վիճակի բարելավում չի նկատվում, վազքով` թերապևտի մոտ: Բացի սննդակարգի փոփոխությունից, դրանում հարկավոր է ներառել նաև կաթնամթերք ու կիրառել դիմակներ  մազերի համար:

Ահա դրանցից մեկը: Մսաղացով մանրացրած հալվեի տերևի վրա ավելացնել մեղր ու գերչակի յուղ: Ստացվածին ավելացնել մեկ դեղնուց ու մեկ թ/գդալ կոնյակ,  խառնել ու քսել մազարմատներին:  Լվանալ մեկ ժամ հետո: Բուժման համար հարկավոր է նման 6  գործողություն կատարել` շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:

2. Խամրած մազեր. այս փաստը վկայում է մազի հարթության անբավարարության ու պիգմենտի այրման մասին: Սակայն խամրած մազերի հիմնական պատճառը հեմոգլոբինի ցածր մակարդակն է: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունությամբ: Դրան նպաստում են  դաշտանն ու ծննդաբերությունը: Խամրած մազերին հաճախ պակասում է H վիտամինը, որը բարելավում է մազերի եղջրային շերտի վիճակը: Բնության մեջ այդ վիտամինը գտնելը բավականին դժվար է:Ուստի հարկավոր է  տարեկան 2-3 անգամ H վիտամինը պարունակող դեղամիջոց ընդունել: Օրգանիզմը հարկավոր է հարստացնել տիրոզինով. դրա համար նուշ, ավոկադո, կաթնամթերք, քնջութ ու դդմի սերմ օգտագործեք:

3. Մի մոռացեք ցինկի մասին, բարակած մազերը խոսում են ցինկի անբավարարության մասին, իսկ ցինկը միայն մազերին չէ, որ հարկավոր է: Ցինկ  կա ոստրեների, խեցգետինների ու ծովախեցգետինների մեջ: Օգտակար են նաև միսը, ընտանի թռչնամիսը, վարսակափաթիլները, լոբազգիները, ձուն ու կաթը, ինչպես նաև սև հացը, արևածաղկի սերմը: Ստուգեք հեմոգլոբինի մակարդակն ու երկաթ պարունակող մթերք օգտագործեք` նուռ, միս, կարմիր գինի:

4. Երբ դրսում շոգ է, մազերն ասես էլեկտրականությանը միացած լինեն, հնարավոր չէ որևէ կերպ կարգի բերել և հակառակը, եթե դրսում մռայլ ու խոնավ եղանակ է` մազերը կախվում են սառցալուլաների նման: Խորհուրդ. փորձեք մազերը երբեմն ողողել սառը հանքային ջրով, որը նաև բնական միկրոմերսման  ազդեցություն է ունենում, խթանում արյան շրջանառությունը:

5. Չոր մազեր, դրանց նույնիսկ դիպչելն է տհաճ, դժվար է խնամելը, նույնիսկ հյուսել ու անգամ ժապավեն կապելն է  ծայրահեղ դժվար: Նման մազերը պարզապես խնդրում են, որ դիմեք մասնագետի: Մազերի չորությունը լինում է երիկամների խնդիրների դեպքում: Հնարավոր է նաև, որ ձեզ մոտ A, B, C վիտամինների ու նույնիսկ սպիտակուցների պակաս լինի:

Խորհուրդ. ուշադրություն դարձրեք, թե ինչ շամպունով եք լվանում մազերը, բարերար ազդեցություն են ունենում  բամբուկի թուրմ պարունակող միջոցները, քանի որ դրանք ամրացնում, կենդանացնում են բարակ ու խամրած, չոր մազերը և փայլ ու ծավալ են հաղորդում:

6. Եթե  ձեզ թվում է, թե մազաթափությունն աղետալի չափերի է հասնում, ապա մի խորհուրդ. խուճապի մի մատնվեք: Վերլուծեք, թե վերջին կես տարում ինչ ապրումներ եք ունեցել, գուցե ծննդաբերությունը համընկնում է այդ շրջանի հետ: Կամ էլ հակառակը` հանգամանքները ստիպել են դադարեցնել հղիությունը: Կնշանակի` ձեր խնդիրը ներզատիչ գեղձերի  խանգարումների հետ է կապված: Նման իրադարձությունները հանգեցնում են արական ու իգական հորմոնների հավասարակշռության խախտման, ինչն անդրադառնում է նաև մազերի որակի վրա:

Խորհուրդ. սպասեք 3-4 ամիս, այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա արյան անալիզ հանձնեք` իմանալու շաքարի մակարդակը: Գուցե մազաթափությունը շաքարային դիաբետի առաջին նշանն է, որի ժամանակ մազարմատները սնող մազանոթներում արյան շրջանառության խանգարում է տեղի  ունենում, իսկ եթե օրգանիզմում առանձնակի փոփոխություններ չեն նկատվում, ուրեմն մազաթափությունը կապված է ամենօրյա սթրեսների, քրոնիկ փորկապության կամ էլ պարանոցի օսթեոխոնդրիտի հետ: Խորհուրդ. սթրեսը պետք է վերացնել: Դա կարելի է անել հաճելի երաժշտության, բուրավետ յուղերի կամ էլ  բնության ձայների միջոցով:

Փորկապության դեպքում, երբ օրգանիզմն ամեն օր խցանվում է էլ ավելի շատ խարամներով, կարևոր է ճիշտ սնվելը: Շատ օգտակար են կաղամբը, գազարն ու խնձորը, ջուրն ու սպորտը: Իսկ օսթեոխոնդրիտը կարելի է բուժել մերսումով: Ի դեպ, միաժամանակ կազատվեք նաև սթրեսներից:

7. Թեփ. այս դեպքում հատուկ ուշադրություն է պահանջում ստամոքս-աղիքային տրակտը: Մեծ թեփերը խոսում են հաստ աղիքի, լեղուղիների ու նյութափոխանակության խանգարման մասին: Թեփը կարող է նաև ալերգիայի հետևանք լինել:

Խորհուրդ. սնվեք ճիշտ, առանց շաքարի, աղի, սուրճի, ու գազավորված ըմպելիքի ու հատկապես` չիփսի:

8.Եթե մազերը սպիտակում են, ապա դա նշանակում է, որ ենթաստամոքսագեղձի կամ էլ վահանաձև գեղձի խնդիր ունեք, ուստի, պետք է վերացնել հորմոնալ խախտումը: Պետք է քիչ աղ ու թթու սնունդ օգտագործել, մի հոգնեք, աշխատեք խուսափել սթրեսից:

9. Երբ մազերը բնական երանգից ավելի են մգանում, նշանակում է` կարգին վիճակում չեն լյարդն ու լեղապարկը: Լյարդից լեղու հոսքի դժվարացումը աղիքներ նպաստում է արյան մեջ նրանում առկա ներկանյութի արտանետմանը, ինչից էլ մազերը սկսում են մգանալ:

Խորհուրդ. ընդմիշտ մոռացեք տապակածի, գազավորված ըմպելիքի ու պաղպաղակի մասին: Դրանից հրաժարվելով` նաև բարակ գոտկատեղ կունենաք: Գիտնականներն ապացուցել են, որ  փարթամ մազեր ունենում ենք 30-ին մոտ: Իսկ 30-50 տարեկանում մազերի քանակը  կտրուկ նվազում է, որից հետո հնարավոր է, որ այդ քանակը մնա անփոփոխ:

Ի դեպ, բրիտանացի ոճաբան Էնդի Ուֆֆելսը, որի մոտ են հարդարվում շատ ու շատ ճանաչված անձինք, հետաքրքիր եզրակացություն է արել. այն մարդիկ, որոնց մազերը գերազանց վիճակում են, հաջողակ են աշխատանքում ու անձնական կյանքում:

Ուրեմն` խնամենք մեր մազերն ու լինենք հաջողակ: