ԱՐՑԱԽԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍ

շահանԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սարգսյանի խոսքի հետեւյալ բաժինը այժմեական խնդիրների հետ ուղղակի առնչություններ է ընդգծում։ Թեեւ առաջին հայացքից այս բաժինը կենտրոնանում է արցախյան կարգավիճակի հստակեցման վրա, այսուհանդերձ այն տարածվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների վրա։

Այսպես, «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի, ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»:
Արցախը եվրոպական տարածք համարելը հետեւյալ տրամաբանությունն ունի։ Արցախը, թեկուզ իբրեվ երկրորդ հայկական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է, պատմականորեն մաս է կազմել Հայաստան աշխարհի։ Հետեւաբար Արցախի Եվրոպա համարումը Հայաստանի Եւրոպա համարումն է, ինչ որ այս վեհաժողովում վերընդգծելը քաղաքական մակարդակով այժմեական խնդիրներ է արծարծում։ Այստեղ նշումը «անկախ իր պետության կարգավիճակից» վերաբերում է իրողական անկախությանը։ Եւ այս դեպքում, անկախ առանձին հանրապետության կարգավիճակ ունենալուց, խորքում հայաստանյան տարածքի ամբողջականության մաս կազմող շրջան պետք է համարել եւ իբրեւ այդպիսին Արցախը ընկալել Եվրոպայի մասնիկ։
Նախագահի կոչը Եվրոպական խորհրդին՝ ուղղակի շփումներ նախաձեռնելու Արցախի հետ, ենթադրում է Արցախի Հանրապետության նախաճանաչման քայլ ակնկալել եվրոպական կառույցներից։ Այստեղ «անկախ կարգավիճակիցը», իրողական անկախության փոխարեն արծարծում է իրավական անկախության կարգավիճակը։ Այլ խոսքով, հակառակ նրան, որ Արցախը դեռեվս իրաւական անկախություն չի նվաճել, եվրոպական կառույցներին կոչով է դիմվում ուղղակի բանակցությունների ձեռնարկման, հիշեցնելով նման հակամարտության գոտիների հետ արձանագրված ուղղակի կապերը, իբրեւ նախադեպ։
«Անկախ կարգավիճակիցը» երկու անգամ օգտագործվել է այս խոսքի բնագրում։ Առաջին անգամ հակառակ իրողական անկախության Արցախը պետք է համարել Հայաստանի մաս, ուրեմն նաեւ Եվրոպայի մաս. իսկ երկրորդ անգամ «անկախ իր կարգավիճակից», այսինքն հակառակ նրան, որ իրավական անկախության չի հասել Արցախը, եվրոպական կառույցները պետք է ձեռնարկեն ուղղակի բանակցություններ պաշտոնական Ստեփանակերտի հետ։
Պարզ է, որ Արցախի եվրոպական տարածք լինելու հիշեցումը այս օրերին կապվում է Եվրամիության հետ ընկերակցության փաստաթղթի նախաստորագրման հաւանականության վտանգված լինելու հետ։
Չպետք է մի կարեւոր դիտարկում բաց թողնել այս դեպքում։ Հայաստանի Ազգային ժողովի լսումներում, արտգործնախարարը մշուշոտ պատասխան էր տվել այն հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դեպքում Արցախը իբրեւ տարածք եւ իբրեւ անկախ միավոր մաս կազմելո՞ւ է առաջադրված այս միությանը։
Ստրասբուրգում շատ հաստատ էր Եվրամիությանը Արցախի նախանդամակցության Երեւանի պատկերացումը։ Արցախը պատմականորեն եղել է Եւրոպայի մասնիկ եւ այժմ էլ պետք է այդպես ընկալվի։ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս, ՀՀ-ն Եւրոպայի մաս, ուրեմն՝ ԼՂՀ-ն Եւրոպայի մաս։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

«Սկզբում մենք կսկսենք թռիչքներ իրագործել, հետո կերևա…»

AdbashyanՍտեփանակերտի օդանավակայանի գործարկման համար նշվում էր, որ դա տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի կեսերին: Ու թեև արդեն վերջանում է սեպտեմբերը, օդանավակայանն այդպես էլ չի գործարկվել: Հիշեցնենք, որ նախկինում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը նախատեսվում էր 2011 թ. մայիսի 9-ին, ու առաջին թռիչքի ուղևորն էլ պետք է լիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Հետագայում ևս մի քանի անգամ տեխնիկական պատճառաբանությամբ հետաձգվեց օդանավակայանի գործարկումը: Այս անգամ էլ, փաստորեն, օդանավակայանի գործարկումը հետաձգվեց` պատճառաբանությամբ, թե ձեռք բերած ինքնաթիռները, որոնք պետք է թռիչքներ իրականացնեն, տեխնիկական վերազինման կարիք ունեն:

Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական վիճակի մասին «Անկախի» հարցերին պատասխանում է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

 – Պարո՛ն Ադբաշյան, Դուք բազմիցս նշել եք, թե Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է գործարկման, բայց չի գործարկվում: Ներկայացրեք խնդրեմ, թե ինչպիսի տեխնիկական վիճակում է այն այսօր:

– Օդանավակայանն այսօր նորմալ տեխնիկական վիճակում է, թռիչք-վայրէջքի ուղին նորմալ վիճակում է, բոլոր աերոնավիգացիոն միջոցները նորմալ սպասարկվում են և աշխատում են, օդանավակայանի կազմը` աշխատողները, բոլորը ավարտել են հատուկ կուրսեր, ստացել են միջազգային սերտիֆիկատներ և իրավունք ունեն աշխատելու օդանավակայանում տեղադրված սարքավորումներով:

 – Օդանավակայանի նախնական` տեխնիկական փորձարկումներ իրականացվե՞լ են արդեն: Օդանավակայանի աշխատանքները գործի մեջ ստուգելու համար տեխնիկական թռիչքներ իրականացվե՞լ են:

– Ունենք ICAO-ի նորմատիվներ, և այդ ցուցանիշներով օդանավակայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նաև երկու անգամ ստուգվել է Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից: Տեխնիկական թռիչքներ դեռ չեն իրականացվել: Փոքր ինքնաթիռներ մենք ունենք, որոնք թռչում են, սակայն դրանք շատ փոքր են, որպեսզի համարենք, թե փորձնական թռիչքներ ենք իրականացրել: Տեխնիկական թռիչքը կատարում է այն օդանավը, որը նախատեսվում է, որ պետք է հետագայում շահագործվի` աշխատի այդ օդանավակայանում: Օրինակ` եթե Airbus A-320-ն ուզի մեզ մոտ վայրէջք կատարել, օդանավը մեզ մոտ պետք է կատարի տեխնիկական թռիչք մի քանի անգամ, որից հետո եզրակացություն  արվի` հնարավո՞ր է արդյոք այդպիսի վայրէջք ու անվտա՞նգ է այդ օդանավակայանում նման ինքնաթիռ շահագործելը: Այդ թռիչքները կատարվում են, որ բացահայտվեն բոլոր այն խնդիրները, որոնք մինչ այդ աննկատ են եղել:

 – Կխնդրեի անդրադառնալ օդանավակայանը սպասարկող անձնակազմի տեխնիկական պատրաստվածությանը, անձնակազմը պատրա՞ստ է իրականացնելու օդանավակայանում վայրէջք կատարող ու օդանավակայանից թռչող ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը:

Stepanakert-airport– Airbus A-320 տեսակի օդանավից փոքր ինքնաթիռները կարող են մեզ մոտ իջնել:  Մենք ունենք կարճ կանգառների ժամանակ սպասարկումն իրականացնելու համար պատրաստված մասնագետներ: Խորը տեխնիկական սպասարկումներ նույնիսկ «Զվարթնոցում» չեն անում, այլ Եվրոպայի ու այլ երկրների  հատուկ տեխնիկական կենտրոններում:

 – Վերջերս  տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ քաղավիացիան հենց Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու համար ինքնաթիռ է գնել, որը, սակայն, տեխնիկական վերազինման  կարիք ունի, ո՞ր փուլին եք հասել:

– Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սպասում ենք մինչև օդանավակայանի գործարկումը: Հետո պետք է օդաչուական կազմը պատրաստվի, որովհետև մենք չենք գնի օդանավ, որը գա ու կանգնի մեզ մոտ միայն այն պատճառով, որ համապատասխան կադրեր չունենք: Մենք պետք է պատրաստենք որակյալ օդաչուական կազմ: Չեմ կարող ասել, թե քանի օդանավ ենք պատրաստվում ձեռք բերել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է:

 – Ստեփանակերտի օդանավակայանն ինչպիսի՞ օդանավակայան է, ռեգիոնա՞լ նշանակություն ունի, թե՞, այնուամենայնիվ, կառուցված է հետագայում միջազգային օդանավակայանի վերածվելու հաշվարկներով:

– Օդանավակայանը միանգամից հիսուն հոգու թռիչքային սպասարկման համար է նախատեսված: Բայց եթե 100 հոգանոց ինքնաթիռ իջնի, բոլորն էլ, իհարկե, հանգիստ կարող են սպասարկվել: Այսինքն` օդանավակայանն իր չափերով ու տեխնիկական հնարավորություններով հանդիսանում է ռեգիոնալ թռիչքների համար նախատեսված օդանավակայան: Այն նախատեսված է Airbus A-320-ների ու դրանցից չափերով փոքր մոդելի ինքնաթիռների համար: Այսինքն` տեղական գծերի, Երևան հասնելու համար:  Պլանավորում ենք սկսել երևանից, որից հետո, իհարկե, կարող ենք զարգացնել այլ ուղղություններ: Դա կարող է լինել կես, մեկ կամ մի քանի տարի հետո. կյանքը ցույց կտա: Երևանը կարող ենք օգտագործել որպես տրանզիտային կետ: Հետո պարզ կդառնա` տնտեսական տեսանկյունից հնարավո՞ր է կամ արժե՞ նոր չվերթներ զարգացնել, թե՞ ոչ:

 – Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանից բացի, այլ ուղղություններով թռիչքներ կունենա՞ք, արտասահմանյան երկրների ընկերություններից դեպի Ստեփանակերտ ու, Ստեփանակերտից թռիչքների պահանջարկի ցանկություն հայտնե՞լ են:

-Այո, այո, շատերն են նման ցանկություն հայտնել` Իտալիայից, Ռուսաստանից, եվրոպական մի քանի այլ երկրներից արդեն որոշ ընկերություններ կապվել են մեզ հետ ու ցանկություն հայտնել մեր օդանավակայան թռիչքներ իրականացնել: Ու բոլոր նման ցանկություններ հայտնողներին ես ասել եմ, որ եթե ուզում են թռիչքներ իրականացնել դեպի Ստեփանակերտ, ապա  թող գնան, իրենց թռիչքնեը ձևակերպեն ու թռչեն, քանի որ մեր օդանավակայանը բաց է: Բայց ընկերություններն էլ իրենց խնդիրներն ունեն, քանի որ ICAO-ում մեր օդային տարածքը դեռ ճանաչված չէ:

 – Իսկ այդ խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն, որպեսզի այդ ընկերությունները կարողանան օրինական գրանցվել ու թռիչքներ իրականացնել:

– Սկզբում մենք կսկսենք թռիչքներ իրագործել, հետո կերևա, որովհետև ինչպես ԼՂՀ անկախությունը ճանաչված չէ, նույնպես էլ մեր օդային տարածքը միջազգային մարմինների կողմից ճանաչված չէ: Իսկ քաղաքացիական օդանավերն իրավունք չունեն մուտք գործել չճանաչված օդային տարածքներ:

 – Այսինքն` օդանավակայանի տնտեսական, քաղաքական, կապի ու հաղորդակցության առումներով  նշանակությունն այնքան մեծ է, որ մեզ պե՞տք է Ստեփանակերտում օդանավակայան ունենալ:

– Իհարկե, շատ է պետք: Եթե օդանավակայանը գործի, թռիչքները կարողանանք լավ կազմակերպել, ամբողջ ԼՂՀ-ի ազգաբնակչությունը կկարողանա օգտվել իր ազատ տեղաշարժվելու միջազգային իրավունքից: Գործարար մարդիկ կկարողանան իրենց բեռները տեղափոխել, մարդիկ կարող են ավելի արագ հասնել Արցախ և այլն, և այլն: Օդանավակայանը բեռնատար ինքնաթիռների համար էլ է նախատեսված: Իհարկե, առաջնային նշանակությունը տրված է ուղևորափոխադրումներին, բայց մենք պլանավորում ենք, ու ոչինչ չի խանգարում օդանավակայանը կիրառել նաև բեռնատար ինքնաթիռներ ընդունել-ճանապարհելու համար:

 – Այսօրվա դրությամբ, եթե լինի համապատասխան քաղաքական որոշումը, կարո՞ղ եք հենց վաղվանից թռիչքներ իրականացնել:

– Ես չեմ պատասխանի քաղաքական հարցերին, քանի որ դրանք իմ իրավասությունների շրջանակներից դուրս են: Ինչ վերաբերում է օդանավակայանին, մի քանի փոքրիկ խնդիրներ դեռ ունենք շտկելու, ու քանի դրանք լիովին հաղթահարված չեն, ես չեմ կարող 100 տոկոս վստահությամբ ասել, որ հենց վաղն օդանավակայանից կարող են թռիչքներ կատարվել: Դրանք մանրուքներ են, օրինակ` ԼՂՀ-ի ձեռք բերվելիք ինքնաթիռի վրա որոշ տեխնիկական սարքերի համալրումներ պետք է իրականացվեն, չեկեր լրացվեն և այլն. այդ գործընթացները ընթացքի մեջ են ու շուտով կհարթվեն: Դրանք, ճիշտ է, օդանավակայանի հետ այնքան էլ կապ չունեն, խանգարում են 100 տոկոսով ասելու, թե հենց վաղն էլ կարող ենք մեր մոտից թռիչքներ իրականացնել: Այսինքն` ինչպես նշեցի, օդանավակայանը պատրաստ է թռիչքներ սպասարկելուն:

 

Հարցազրույցը` Գևորգ ԱՎՉՅԱՆԻ

Եկեղեցուն հակակշիռ չկա Հայաստանում

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆՔրիստոնեությունից ամենից շատ տուժած ազգի ղեկավարությունը դասեր չի քաղել իր և համաշխարհային պատմությունից: Երբ հայը սկսեց եկեղեցիներ ու խաչքարեր կառուցել ամրոցների ու բերդերի փոխարեն, պետությունը սկսեց շարժվել իր անկման ուղղությամբ: Իսկ երբ եկեղեցիների քանակը սկսեց գերազանցել ամրոցների և բերդերի քանակը, պետության կործանումն արդեն ապահովված էր: Իսկ Անին ավելի հետ էր գնացել, այնտեղ եկեղեցիների քանակը նույնիսկ տների քանակն էր գերազանցում: Երևի այդ պատճառով էլ այն ավելի շուտ կործանվեց, քան երկիրը: Հնարավո՞ր է հաշվել, թե որքան կորուստ է կրել հայկական արվեստը նրանից, որ հայ քանդակագործները դարերով միայն խաչքարեր են քանդակել, քանդակագործական արվեստի այլ գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն: Եվ մի՞թե ներկայումս մեր բոլոր հարևան երկրներում, բացի Պարսկաստանից, հայ եկեղեցական կառույցների ոչնչացման փաստով կյանքը մեզ չի սովորեցնում, որ դրանք ավելորդ էին, անհրաժեշտ չէին հայ ազգին:

Իսկ համաշխարհային պատմությունից դասը կարող էր լինել եվրոպական երկրների փորձառությունը, որոնք, զզվելով կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունից և իրենց գործերին մշտապես միջամտելուց, առանձնացրին նրան որպես առանձին պետություն, որպեսզի այնտեղ որքան ուզի գերիշխի, կառավարի ու միջամտի ինքն իր գործերին միայն:

Հայաստանի ներկայիս անկախացումից հետո հին գործընթացը վերսկսվել է, ամենուրեք նորանոր եկեղեցիներ են կառուցվում: Դրա մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե չլիներ ժողովրդի և պետության ողբալի հոգևոր ու նյութական վիճակը:

Սակայն եկեղեցին դրանով էլ չբավարարվեց. քանդել տվեց պետական հաստատությունները՝ ակադեմիայի տնտեսագիտության և լեզվի ինստիտուտները և տեղում մեծ եկեղեցի ու առաջնորդարան կառուցեց: Իսկ պետությունը հլու-հնազանդ ենթարկվեց եկեղեցու կամքին: Սակայն չէ՞ որ իրերի բնական վիճակը հավասարակշռված վիճակն է: Ցանկացած ուժ իր հակակշիռը պիտի ունենա: Իսկ ի՞նչը պիտի լիներ եկեղեցու հակակշիռը: Իհարկե, պետությունը: Այստեղ տեղին է հիշել համաշխարհային պատմության դասերը, երբ պետությունները չցանկացան կախման մեջ մնալ եկեղեցուց: Բայց մեզ մոտ պետությունը վերածվել է եկեղեցու հլու կամակատարի: Մի հսկայական, լավ վիճակում գտնվող շենք է քանդում` տեղը նոր եկեղեցի կառուցելուն տրամադրելու համար: Եվ այն էլ այնպիսի շենք, որի նշանակությունը պետության, ժողովրդի տնտեսական բարեկեցության գիտական ապահովումն էր և լեզվի իրավունքների պաշտպանությունն ու զարգացումը: Միգուցե այդպես վարվեց, որովհետև մեր պետությանը գիտական տնտեսություն պետք չէ, քանի որ իշխանավորներն արդեն բաժանել են իրար մեջ երկրի ազգային, այսինքն` ամբողջ ազգին պատկանող տնտեսությունը և առանց գիտության էլ մենատիրաբար կողոպտում են պետությունն ու ազգին, իսկ գիտությունը միայն կխանգարեր իրենց: Մաքուր, ազնվական գրական հայերենն էլ մշտապես խախտվում է իշխանավորների կողմից փողոցային լեզվով:

Ժողովուրդն էլ իր մեծավորներին ընդօրինակելու բնական սովորություն ունի: Իսկ ո՞վ է գիտական եղանակով հաշվել և ապացուցել, որ եկեղեցու կառուցումն ավելի ձեռնտու և օգտակար է ազգի համար, քան այդ շենքի գոյությունը: Եթե նույնիսկ ենթադրենք, թե տնտեսագիտության և լեզվի ինստիտուտներն ուրիշ շենքերում էլ կարող են շարունակել իրենց գործունեությունը, ապա մնում է պետական, ազգային միջոցներով կառուցված շենքի մեջ ներդրված ազգային հարստության մի մասի կորստի փաստը: Իսկ ո՞վ պիտի պատասխան տա այդ շենքի մեջ սերունդների ներդրած միջոցները փոշու վերածելու համար: Չէ՞ որ ներկա սերունդը պիտի օգտվեր նախորդ սերնդի ստեղծածից, բայց զրկվեց իր այդ իրավունքից: Մի՞թե հնարավոր չէր եկեղեցին կառուցել որևէ ամայի վայրում, որպեսզի հաջորդ սերունդների համար պակասեին ամայի վայրերը և ավելանային կառուցապատված, կազմակերպված, գեղեցկացված, քաղաքակրթված և մշակույթի վերածված վայրերը: Հետո՞ ինչ, որ այդտեղ փոքրիկ հին եկեղեցի կար: Այն կարելի էր տեղափոխել կամ թողնել իր տեղում, ինչպես խորհրդային պետությունն էր թողել կանգուն 70 տարի:

Սակայն, քանի դեռ եկեղեցին առանձին չէ, այլ պետության հետ միասին է, երբեք չի բավարարվում: Նրա հաջորդ քայլը ուրիշ կերպ անվանել չի լինի, բացի եկեղեցու և պետության համատեղ դավադրություն ընդդեմ ժողովրդի: Եկեղեցին պահանջեց, իսկ պետությունը հնազանդորեն օրենք ընդունեց մեռելոցի մասին: Եվ հիմա ամեն եկեղեցական տոնից հետո երկուշաբթին գերեզմանոցի օր է հռչակված: Պետությունն ամեն անգամ խառնաշփոթ է ստեղծում աշխատանքային օրերի տեղափոխությամբ: Խառնվում են մարդկանց նախագրված աշխատանքային և հանգստյան ծրագրերը, որովհետև երկուշաբթիի փոխարեն ստիպում են աշխատել շաբաթ օրը: Բացի այդ, մարդիկ անգիր չգիտեն տոների օրերը և դրանցով փոխարինվող օրերը, ուստի օրերի փոփոխման կառավարական որոշումը մուրճի պես հանկարծակի իջնում է մարդկանց գլխին և հերթական հիասթափությունն առաջացնում օրվա իշխանությունից: Խախտվում է կանոնավորված կյանքի ռիթմը, աշխատանքային օրը դառնում է հանգստյան օր, իսկ հանգստյան օրը՝ աշխատանքային: Իսկ ո՞վ է հաշվել, թե որքան մարդ է գնում գերեզմանոց այդ օրերին, իսկ որքանը չի գնում, այլ նյարդերն է քայքայում օրերի փոփոխման անհարմարություններից: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ գերեզմանոց գնացողների մեծ մասը, ամեն տեսակի քարոզներից հետո էլ, միևնույն է, գերեզմանոց է գնում հենց տոնի օրը՝ կիրակի, ոչ թե երկուշաբթի: Աշխատանքային օրերի փոփոխումը մեծ անհարմարություններ ու անհանգստություն է պատճառում մարդկանց: Մանավանդ այն մարդկանց, որոնք ստիպված աշխատում են մի քանի տեղերում կամ հերթափոխով աշխատողներ են:

Մի երկրում, որտեղ պետությունը եկեղեցու հակակշիռը լինելու փոխարեն համագործակցում է նրա հետ, զարմանալի չէ պետության սլացքը դեպի կործանում: Բայց եթե պետությունն իրեն տանում է դեպի կործանում, դա իր գործն է: Բայց ազգը պիտի ավելի իմաստուն գտնվի և թույլ չտա իր կործանումը պետության հետ միասին: Եթե պետությունը չի կարողանում կամ չի ցանկանում եկեղեցուն հակակշիռ լինել, ապա այդ հակակշռի դերը պիտի ստանձնի ազգը: Ազգին ոչ թե եկեղեցիներ են պետք, այլ ձեռնարկություններ, ոչ թե ծեսեր, այլ աշխատանք, ոչ թե մեռելների համար հատուկ օր, նրանք միշտ էլ հարազատների հիշողության մեջ են, այլ ազգի հերոսների հիշողության օր, ոչ թե խաչի պաշտամունք, այլ կյանքի բոլոր բնագավառներում գեղեցիկի պաշտամունք, արվեստի բոլոր ճյուղերի զարգացում, մշակույթի առաջընթաց, ոչ թե եկեղեցական հզոր կազմակերպություն, այլ հզոր պետություն, հզոր ազգ, ազգի պաշտամունք և հերոսության ու ազնվության սրբացում ու պաշտամունք:

Հանրապետությունում պիտի իշխի հանրությունը, հասարակությունը, ժողովուրդը: Իսկ եթե այդ հանրապետությունը նաև ազգային լինի, մենք կատարյալ երկրում կապրենք, որովհետև ազգայինը նշանակում է ազգի շահերով առաջնորդվող: Նրանում պետությունը և ոստիկանությունը փողոցում կամ հրապարակում հավաքված մարդկանց չեն անվանի ամբոխ և գիշատչի նման չեն հարձակվի նրանց վրա, այլ կհամարեն ժողովուրդ և կլսեն նրա ձայնն ու կենթարկվեն նրա պահանջներին, քանի որ պետությունը, ոստիկանությունն ու բանակը ժողովրդին, ազգին ծառայելու համար են, ոչ թե ծառայեցնելու, ինչպես հիմա է:

Ժամանակին եկեղեցին կտրեց մեր նախնիներին իրենց արմատներից և պատվաստեց օտար արմատներով ճյուղի վրա, ինչից էլ սկսվեցին ազգի դժբախտությունները, որոնք շարունակվում են մինչև այսօր: Եվ շարունակվելու են մինչև իրենց սկսած սև գործի հաղթական ավարտը, եթե ազգը չարթնանա, եթե չկպչի իր արմատներին և չսնվի նրանցից, եթե չփոխարինի հրեական Աստվածաշունչը հայկական Աստվածաշնչով՝ Ուխտագրքով արորդյաց, որը հրեականից հազար անգամ ավելի լավն է, ավելի ոգեղեն, ավելի իմաստուն ու մարդասիրական, եթե չվերադառնա արորդիների, արևորդիների, ազգորդիների սուրբ ու իմաստուն ուսմունքին, եթե չսկսի պաշտել ազգին, ոչ թե օտար անհայտ աստծուն: Մանավանդ որ օտար աստծուն պաշտել սկսելուց հետո ազգը միշտ տուժել է, իսկ ազգին, ազգի աստծուն պաշտելու ժամանակ միայն բարգավաճել է: Մի՞թե սա կյանքի դաս չէ, շատ պատկերավոր ու համոզիչ դաս:

Բացի այդ, եթե մի երկրում ոստիկանության համար պետությունն ավելի սուրբ է, քան ժողովուրդը, իսկ պետության իշխանավորների համար իրենց գրպանն ավելի սուրբ է, քան ազգի գրպանը, ազգի շահը, նշանակում է, որ այդ երկրում խախտված են սրբությունների մասին պատկերացումները: Դա էլ նշանակում է, որ սրբությունների մասին պատկերացումներ ցանող կազմակերպությունը ձախողել է իր առաքելությունը: Հովիվը իր հոտին դեպի մարգագետին տանելու փոխարեն առաջնորդել է դեպի անդունդ: Հոգևոր հովիվն իր հոտին դեպի հոգևոր բարեկեցություն տանելու փոխարեն առաջնորդել է դեպի հոգևոր սնանկացում: Իսկ հոգևոր կատարելագործումից էլ պիտի բխեր նյութական բարեկեցության աճը, որը նույնպես չկա այս մոլորյալ ազգի երկրում: Սրբություններ չկան, հոգևոր աճ չկա, հոգևոր անկման պատճառով տգետ և չար մարդիկ դառնում են իշխանավորներ և ասպատակում երկիրը, կողոպտում, ավերում ու ամայացնում այն: Ժողովուրդը լքում է նման վատ վիճակում հայտնված երկիրը, ազգի ներկայացուցիչները դավաճանում են իրենց հայրենիքին, լքելով այն:

Սակայն եկեղեցուն հակակշիռ չլինելը այնքան էլ զարմանալի չի թվա, եթե հաշվի առնենք, որ պետականության բացակայության երկար դարերի ընթացքում չի ձևավորվել դրա ավանդույթը և չի արմատավորվել ազգի գիտակցության մեջ: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանը պատմականորեն կարճ ժամանակամիջոցի ընթացքում է ունեցել պետականություն, որովհետև եկեղեցին ձգտել է միանձնյա կառավարման, առանց հակակշռի: Եկեղեցու և պետության կամ կրոնի և աշխարհիկության պայքարը Հայաստանում, ցավոք, ավարտվել է կրոնի հաղթանակով, որի արդյունքը երկրի ևʹ անցյալի, ևʹ ներկայի հետամնացությունն է: Որովհետև երկիրը զարգացնողը պիտի լիներ պետությունը, որը բացակայել է: Հետևանքը եղել է ոչ միայն հետամնացությունը բոլոր ոլորտներում, այլև երկրի չափերի անընդհատ նվազեցումը: Դրա հետևանքն էլ, իր հերթին, եղել է կորուսյալ տարածքներում ազգի միակ ձեռքբերման՝ եկեղեցիների ու խաչքարերի կորուստը:

Կարճ ասած, ամեն ինչ շատ վատ է: Սակայն ինչ-որ բանի վատը դեռ չի նշանակում դրա ավարտը, վերջնական կորուստը: Ղարաբաղյան հաղթանակը ցույց տվեց, որ հայ մարդու հոգին այնքան խորն է, որ ամենախորքերին դեռ չի հասել սրբապղծությունը, և մեծ վտանգի պահին կարող է հրաշքներ գործել: Ցավոք, այդ հաղթանակի վնասն էլ այն եղավ, որ ղարաբաղյան շարժման ալիքի վրա վեր բարձրացած ներքևի մարդիկ գրավեցին իշխանությունը և սկսեցին առաջնորդել ազգին դեպի ներքև, քաշել երկիրը դեպի ետ ու ցած, դեպի հատակ, դեպի քանդում ու ավերում: Եվ այդ շարժումը՝ ետընթացն ու ցածընթացը շարունակվում է մինչև հիմա: Հիմա մեծ վտանգի պահ է, հայի աստվածային ոգու արթնացման անհրաժեշտություն կա, որպեսզի իր սրբազան էության իմաստությամբ փրկի ինքն իրեն և իր երկիրը: Հույսեր կան, հայը կարող է դա անել, պետք է միայն հավատալ ուժերին, լսել սրտի ձայնը և ճիշտ ապրել կյանքում, ապրել աստվածային իմաստությամբ, ոչ թե եկեղեցական:

Քանի որ եկեղեցու ուսմունքը կարող է օգտակար լինել միայն շատ ցածր հոգևոր վիճակում գտնվող լայն զանգվածների, մեծամասնության համար, գրածս, իհարկե, ամեն մարդ չի ընդունի, այլ միայն մտավորականները և նրանց չափ մտավոր ու հոգևոր ներուժ ունեցողները: Եթե թեկուզ նրանց մի մասին էլ ճիշտ հետևություններ անելու մտավոր սնունդ տամ իմ մտքերով ու փաստարկներով, ապա ջանքերս իզուր չեն լինի, գոնե մի փոքր քայլ կարվի ընդդեմ ազգի կործանման:


Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հոդվածում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև ընդդիմախոսների կարծիքները:

Հայ ազգի ինքնությունն իր ժողովրդի և հզոր բանակի մեջ է

karine 322 տարի առաջ հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Հոգեբանորեն ի՞նչ փոխեց հայ ազգի մեջ անկախության ձեռքբերումը. մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց  հոգեբան Կարինե Նալչաջյանը:

– Առհասարակ, անկախության ձեռքբերումը մի իրադարձություն էր, որին ամեն գնով ձգտում էր հասնել հայ մարդը, հայ քաղաքացին: Հոգեբանորեն ի՞նչ տվեց հայ քաղաքացուն անկախության նվաճումը:

– Անկախության ձգտումը, առհասարակ, հոգեբանորեն առողջ, ինքնուրույն ապրելու ձգտում է, և եթե մարդու համար որևէ հանգամանքներից կախված լինելը ցանկալի երևույթ է, ուրեմն նա անբարենպաստ հոգեվիճակում է: Անկախությանը ձգտելու մարդկանց համառ մղումները, հուզականությունը և երազանքների իրականացման բախումը դժվար է թերագնահատել, բայց ի՞նչ եղավ հետո: Ցավոք սրտի այն դժվարությունները, ծանր հիասթափությունները, որոնց մենք դիմակայեցինք, եկան և դիպան ոչ թիրախին, քանի որ թիրախն ամենևին էլ անկախությունը չէր: Արդեն ընթանում էին այնպիսի գործընթացներ, որոնք այսպես թե այնպես հանգեցնում էին անկախ լինելու որոշմանը:Եվ անկախությունը, կարծես թե դարձավ ամենատարբեր մեղադրանքների հնչեցման թիրախ, մարդիկ սկսեցին վարկաբեկել այն, սկսվեցին անառողջության սերմեր ծագել մեր մեջ, որովհետև բոլոր դժբախտությունների միակ թիրախը դարձավ հենց  անկախությունը: Դա արդարացի չէր, քանի որ որոշ գործընթացներ կատարվում էին անկախ անկախության գործոնից: Մեր անկախությունը ստեղծվեց  բարձր էմոցիոնալ ֆոնի վրա, որը զուգակցվեց մեր հաղթանակների հետ: Ազգային ինքնագնահատականը շատ բարձր էր և համապատասխանում էր իրականությանը, քանի որ հայ մարդը զգացել էր հաղթանակի ուժը: Բայց մեր երկիրն անցավ շատ դժվարությունների միջով և այժմ էլ նույն ուղու վրա է, անարդարությունը, տնտեսության թույլ լինելը, սոցիալական վիճակը շատ լուրջ դեր խաղացին: Մենք ականատես եղանք, թե ինչպես պատերազմի բազմաթիվ հերոսներ չգնահատվեցին, թե ինչպես կրթված մարդը միանգամից արժեզրկվեց:

– Ինչու՞ ժողովրդի շրջանում կտրուկ ոգևորության անկում եղավ, գուցե  մարդիկ  դեռևս  պատրա՞ստ չէին անկախության:

– Անկախությունը նվաճելու ռոմանտիկ մղումը, որ նաև շատ ռեալիստական էր, եկավ բախվեց շուկայական իրականությանը, և շատ բաներ փշրվեցին, քանդվեցին ու թիրախը հանիրավի դարձավ անկախության գաղափարը, որը պետք է  մեծ կորուստ համարել: Սովորաբար ակնկալիքները շատ մեծ են լինում, իսկ այն, ինչին մարդ ձգտում է, կառուցել է պետք, որը դժվար գործընթաց է և կարող է հանգեցնել հիասթափության: Ուզում էինք, որ ամեն ինչ լինի միանգամից ու հրաշալի, բայց դրան հասնել չստացվեց: Այդ չարաբաստիկ անցումային շրջանը երկարատև բնույթ ունի, ինչը լուրջ խնդիր է: Մարդիկ, հիասթափվելով ինչ-որ խնդիրներից, պատճառը վերագրում էին անկախությանը և համարում էին, որ երկիրը վատն է: Կորչում էր հայրենիք հասկացությունը, և առաջանում էին հոգեբանական միտումներ՝ կանխատրամադրվածություն, որն առաջացնում էր ցանկություն լքելու այն, ինչ իրենք արդեն վարկաբեկել են իրենց մտքում: Այս վատի մղումն է հանգեցնում երկիրը լքելու գործոնին: Այո, ճիշտ նկատեցիք, կար իներտություն, մեր հանրությունը սովոր էր կարծես, որ ինչ-որ երկրից պիտի կախված լինենք: Կար այդ իներցիան, և անկախ երկրում ապրելու համար, մարդ պետք է ադապտացվի այդ ներքին փոփոխություններին:

– Մի տեսակ հոգեկան ընդվզում կա  մարդկանց շրջանում, գուցե դա պայմանավորված է նրանով, որ նրանց ակնկալիքներն ու  սպասումները պարզապես չարդարացան:

– Այդ անցումային ճանապարհին արդարության դեմ մեղանչումներ և ապաշնորհ  բաներ շատ եղան, և եթե մարդիկ այդ  ուղղությամբ շտկումներ նկատեին, որ ընդհանրական նպատակները ավելի գերակա են պետության ղեկին կանգնած մարդկանց համար, ապա մարդիկ ավելի շատ կկապվեին իրենց հայրենիքին, կկրճատվեր արտագաղթը: Հեշտ բան չէ օտարության մեջ ապրելը: Ավելի շատ ակնկալվում էր միանգամից պայծառ ձեռքբերումների հասնել, քան տքնաջան ճանապարհ անցնել: Այո, իսկապես սպասելիքները շատ էին: Բայց մարդ սովորաբար հասնելով իր նպատակներին, միշտ չէ, որ գտնում է  իր երջանկությունը: Երջանկությունը միշտ լիակատար չի լինում և ինչ-որ մի գործոն խոչընդոտում է: Միշտ մեծ ոգևորություններին հաջոդում են հիասթափությունները: Պետք է  ցավով նշեմ, որ մենք կորցրել ենք մեր հոգեբանական նույնացումը մեր հայրենիքի հետ: Այսօր հայրենասիրություն բառը նորաձևությունից դուրս է եկել: Հայրենասիրության մասին մենք ավելի շատ բացասական երանգներ ենք լսում, քան դրական: Հայրենիքը` սիրելը որպես պահանջմունք, երևույթ և հոգեվիճակ, պարզապես անհրաժեշտություն է: Եթե մենք սիրենք մեր հայրենիքը, կփրկենք նաև մեր անկախությունը:

– Ասում են` Հայաստանը սթրեսային երկիր է: Հայ ժողովուրդը բազմաթիվ արհավիրքներ է տեսել, պատերազմ, երկրաշարժ… Ի վերջո, ե՞րբ հայ քաղաքացին կկարողանա իր հայրենիքում իրեն զգալ կայուն, պաշտպանված և հոգեպես խաղաղ:

– Հայաստանը միշտ էլ սթրեսային է եղել, հայ լինելը և Հայաստանում ապրելը հեշտ չէ: Մեր մեջ մինչ այդ արհավիրքները տեսնելն  էլ կոտրված բաներ շատ կային: Ծանր է մեր պատմությունը, խոսք չկա: Սակայն այդ ամեն ինչով անցնելիս, այնուամենայնիվ, կարողացել ենք պահպանվել: Թեպետ, եթե համեմատենք աշխարհի շատ երկրների հետ, մենք այդքան էլ անբարենպաստ իրավիճակում չենք: Այնուամենայնիվ,  մենք քնում և արթնանում ենք խաղաղ, թեպետ երբեք չպետք է  կորցնել մեր զգոնությունը, քանի որ ամեն պահի խաղաղությունը կարող է տապալվել: Մարդկանց համար դժվար է ապրել տնտեսական ծանր պայմաններում: Եթե ժողովուրդը կարողանա փոքր-ինչ բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրել, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքն էլ կփոխվի, սթրեսներն էլ կնվազեն: Մարդիկ հասկանում են, որ իրենց երկրում իրենք պետք է իրենց պաշտպանված զգան: Այդ կենցաղային սթրեսային գործոնները բավական բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեվիճակի վրա: Մարդիկ ավելի շատ դժգոհում են իրենց սոցիալական վատթար պայմաններից, տիրող անարդարությունից: Եթե կա սթրես և լարված իրավիճակ, և եթե մարդը ինչ-որ պատճառներով որոշել է լքել երկիրը, ապա պետք է ետ կանգնել այդ որոշումից, քանի որ նրան կարող է ուղեկցել մշակութային շոկը, որը հոգեբանական տերմին է: Դա այն երևույթն է, երբ օտար երկրում մշակույթը վանում է մարդկանց, մղում օտարություն զգալու գործոնին, ինչն էլ հանգեցնում է կարոտախտի: Դա հոգեբանական լուրջ տկարություն է: Մենք պետք է հիշենք, որ դրսում մենք միշտ զգալու ենք մեզ օտար:

– Լարվածությունը, զգացմունքայնությունը  նույնպես բնորոշ է հայ ազգին, որը կարծես մշտապես ուղեկցվում է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգով: Հրադադար է հայտարարված, այդուհանդերձ մարդիկ ապրում են պատերազմի վերսկսման վախով, քանի որ դեռ լուծում չի տրվել Ադրբեջանի և ԼՂՀ անվերջանալի թվացող հակամարտությանը: 

– Մենք պետք է  հասկանանք, որ պատերազմող երկիր ենք և պարզապես հրադադարի ռեժիմում ենք: Պետք է կարողանանք մեր դիրքորոշումը փոխել և ներարկել մարդկանց մեջ այն գաղափարը, որ մենք հաղթող երկիր ենք, քանի որ իսկապես հաղթել ենք. դա է իրականությունը: Մենք շատ լուրջ ազգային խնդիր ենք լուծել մեր լավագույն սերնդակիցների միջոցով: Մենք սկսել ենք չսիրել նաև մեր բանակը, որը մեզ պաշտպանում է հակառակորդի գնդակից: Չպետք է մոռանալ, որ սահմանում կանգնած մեր զինվորներն ու սպաներն են մեր խաղաղության ապահովման երաշխավորը: Մենք պետք է թանկ գնահատենք մեր բանակը, առանց որի մենք ամեն ինչ կկորցնենք: Այս պահին չլուծված խնդիրների խաչմերուկներում գտնվելիս, կարծում եմ, մենք պետք է հպարտությամբ ապրենք մեր հայրենիքում և նույն բերկրանքով վայելենք նաև մեր անկախությունը՝ չընկնելով ծանր հոգեվիճակների մեջ:

 

ՀԱՊԿ -Ը ԵՒ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Շահան ԳանտահարյանՍոչիում գումարված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախագահ Սարգսյանի ելույթի Սիրիայի հանգույցին, ինչպես նաեւ սիրիահայության նկատմամբ Երեւանի վարած քաղաքականության բաժինը ներկայացված ճգնաժամի եւ այնտեղ հայտնված հայ համայնքի վերաբերյալ, Երեւանի որդեգրած քաղաքականության կարեւոր կետեր է բովանդակում։

 

Այդ կետերը ամփոփվում են հետեւյալ ձեւով.

 

Համաշխարհային նոր մարտահրավերների եւ սպառնալիքների լույսի տակ հատուկ արդիականություն ապահովելու ընթացքի մեջ է միջազգային ճգնաժամային իրավիճակներում ՄԱԿ-ի դերակատարության շեշտումը: Այս հաստատման փաստը ակնառու ձեւով պարզ է մերձավորարեւելյան տարածաշրջանի հետ կապված իրադարձությունների եւ հատկապես Սիրիայի հետ կապված դեպքերի նկատառումով: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ պետություններից աշխարհագրական առումով Սիրիային առավել մոտ գտնվող երկիրն է: Ունենալով այնտեղ բազմահազարանոց համայնք, նա ավելի սուր կերպով  է զգում բոլոր ռիսկերն ու սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության՝ կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

 

Երեւանը Սիրիայի հակամարտության սկզբից դիրքորոշված է ի նպաստ շուտափույթ խաղաղ կարգավորման՝ երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես` Սիրիայի հարեւան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցությունում` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը: Այս համատեքստում Երեւանը ողջունում է  ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

Այս չորս կետերով բանաձեւված պաշտոնական դիրքորոշումը իր ընդհանուր առումով պահում է օրինաչափությունն ու համահնչեղությունը թե՛ միջազգային ընտանիքի եւ թե այս դեպքում ՀԱՊԿ-իի շրջագծերում տեղավորվող քաղաքական բանականության նկատմամբ: Երկու ուղղությունների միջեվ հավասարակշռությունը պահված է հայտնապես:

 

Առաջին հատվածը վերաբերում է ՄԱԿ-ի դերակատարությանը: Սիրիական թնջուկի մասին ՄԱԿ-ի դերակատարության շեշտումով հայտարարության նախաբան կատարելը ինքնին հարցի լուծման համար միջազգային ընտանիքի գերակայության մասին է խոսում: Իսկ սա իր հերթին մեկնաբանվում է պարզորեն, որ ՄԱԿ-ի շրջածիրից դուրս առնվող կամ առնվելիք քայլերը չեն արդարացվում:

 

Մի պահ շրջանցելով երկրորդ հատվածը կենտրոնանաք երրորդի վրա, որտեղ Նախագահը առաջին կետին ագուցում կատարելով շեշտում է, որ հարցի կարգավորումը բացառապես պետք է տեսնել խաղաղ ճանապարհով եւ երկխոսության հիմունքով: Այսքանը շատ դասական եւ կարգախոսային սահմաններում կարող էր ընկալվել, եթե իր ենթատեքստով չհակադրվեր զինվորական գործողությունների հավանականության սաստկացման ամերիկյան եւ որոշակիորեն արեւմտյան սպառնալիքներին: Բայց հիմնականը այս հաստատմանը հաջորդող նախադասությունն է.  «միջազգային հանրության մասնավորապես` Սիրիայի հարեւան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցությանը մեջ` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը»:

Այստեղ արդեն պարզ էր դառնում, թե ո՞վ է այն հարեւան պետությունը, որը փոխանակ խաղաղ կարգավորման եւ երկխոսության կայացման գործընթացին սատարելու, շարունակում էր զինել եւ ֆինանսավորել որոշ ուժեր եւ անվերջ պահանջում էր զինվորական միջամտության իրականացումը: Անկարան առանց անվանանշման մատնացույց էր արվում իբրեւ խաղաղ կարգավորման հակադրվող կողմ եւ իբրեւ այդպիսին` միջազգային ընտանիքի շրջագծից դուրս հարցին լուծում ապահովելու ձգտող պետություն:

 

Խաղաղ կարգավորման առաջադրանքը գերադասելու տրամաբանությունում շատ հանգիստ  է տեղավորվում նաեւ ռուս-ամերիկյան պայմանավորվածության ողջունումը: Զարգացված տրամաբանության եզրահանգումը պարզեցնելով գերադասելի է խաղաղ կարգավորումը, ողջունելի է այդ առաջադրանքի տակ դիտարկվող ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը եւ դատապարտելի է երկխոսության կայացմանը չնպաստող եւ հարցերի հրահրման դիրքերի վրա գտնվող հարեվան Անկարան։

 

Վերադառանանք ամենից ուշագրավ կետին: ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության հասկացողություն է ամեն բանից առաջ: Այստեղ շատ նուրբ ձեւով ընդգծվում է Սիրիայի եւ կովկասյան տարածաշրջանի անվտանգության առնչությունը: Այն բարձրաձայնումը, որ կովկասյան տարծաշրջանի անվտանգության հետ կապված այս առնչությունը ամենից սուր եւ զգայուն ձեւով Երեւանն է որ տեսնում է: Իսկ այս սրատեսության շարժառիթի բացատրությունն է, որը աշխարհագրական մերձավորության առընթեր երկրորդ կարեւոր յուրահատկությունն է ապահովում Երեւանին։ Սիրիահայ համայնքի անվտանգությունը Հայաստանի անվտանգության հետ կապելը եւ այդ ճամբով ՀԱՊԿ հավաքական անվտանգության օրակարգի վերածելը մեկնաբանվում է իբրեւ խնդրի աշխարհաքաղաքական հարթություն տեղափոխելու միտող քաղաքական քայլ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Զարգանալ՝ (չ)զիջելով

Շահան ԳանտահարյանՄաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թվում է, թե պիտի շարունակի խլել քաղաքական, հասարակական եւ լրագրողական շրջանակների լուսարձակները: Ավելի ծանրակշիռ են, գեթ քանակական առումով, քննադատական մոտեցումները, որոնք կենտրոնանում են՝ որոշման պարտադիր բնույթի, մեր երկրի կախյալության, Եւրամիության կողմից Հայաստանի առջեւ դռներ փակելու, եւ երկիրը դեպի անորոշ հեռանկար առաջնորդված լինելու տեսակետների վրա: Քննադատությունները իհարկե ունեն իրենց տրամաբանությունն ու նկատառելի հիմնավորումները: Դրանք մերթ չափազանցված, մերթ համեմատաբար զուսպ ու առարկայական, անպայման հաշվի պետք է առնվեն եւ մտածել տան առնված քայլի հակառակ ուղղությամբ որոշ հակակշիռ միջոցառումներ որդեգրելու հնարավորությունների մասին:

Մաքսային միության անդամակցության որոշումը, իր հերթին, ունի իր արդարացված հիմնավորումը: Ի վերջո միակողմանի, դեպի Եւրամիություն սրընթաց ընթանալու փաստը կարող էր ռիսկային հիմնական բաժին պարփակած լինել: Իսկ փոխլրացումը ենթադրում է ինչպես ռուսական, այնպես նաեւ եւրոպական, կամ ընդհանրապես արեւմտյան ուղղությունների վրա շարունակել համագործակցության ձեւաչափերի ապահովման եւ գործնականացման քաղաքականության կիրառումը: Խնդիրը այս հանգրվանին պետք է դիտարկել ոչ աղետալի, ոչ էլ բացարձակապես դրականի սեւ-սպիտակի բանավեճային մոտեցումով: Դեպի Մաքսային միություն առնված քայլը, գուցե անխուսափելի, այսուհանդերձ լուրջ իրավիճակ է ստեղծել դեպի Եւրամիության ընկերակցություն նախաստորագրության համար մի քանի տարի բանակցություն տարած պաշտոնական Երեւանի համար:

Տարատեսակ եւ տարաբնույթ այս մոտեցումներին եւ տեսակետներին հետեւելու ընթացքում մի քանի անգամ ուշագրավորեն նկատվեց հարեւան Վրաստանից օրինակ վերցնելու գաղափարը: Հետեւյալն է քննադատական մոտեցման բուն էությունը. Վրաստանը անտեսելով ռուսական գործոնը, թափ է տվել իր ինտեգրման քաղաքականությանը դեպի Եւրոպա, ԱՄՆ, ՆԱՏՕ, որի արդյունքը եղել է միանշանակ դեպի Եվրամիության ընկերակցություն նախաստորագրություն, առանց որեւէ պարտադրանքի տեղի տալու, առանց Մոսկվայից կախյալ կարգավիճակում հայտնվելու: Այս ուղղությունը Վրաստանին ապահովել է հակակոռուպցիոն պայքարում թռիչքային առավելություններ ձեռք բերելու, տնտեսական բարգավաճում արձանագրելու, ընտրակարգը բարելավելու եւ ժողովրդավարությունն ամրակայելու առիթներ: Մի խոսքով՝ ռուսական գործոնի շրջանցումով երկրի զարգացումը ապահովելու:

Իհարկե, այս ուղղության շուրջ կան ներվրացական տարակարծություններ. վարչապետ Իվանիշվիլին կարող է չբաժանել իր նախագահի կիրառած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ փորձ կատարել որոշակի հավասարակշռություններ ապահովելու այդ ոլորտում: Բայց այժմ սա չէ խնդիրը. Վրաստանից, այս դեպքում նրա որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծից դաս քաղելու կոչն է, որ հնչում է հայկական շրջանակներից։

Վրացական զարգացման այս ուղղվածությունը իրականությանը համապատասխանող երեւույթ է: Սակայն գինը թանկ է. ռուսական գործոնի շրջանցման հետ կապված գին է այդ մեկը: Այսօր վրացական դիտակետից մեր հարեւանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը: Իրողապես, Աբխազիան եւ Հարավային Օսիան այլեւս մաս չեն կազմում Վրաստանի միջազգային մակարդակով ընդունված սահմանների: Իրողական այս անկախությունը նվիրականացավ, երբ Սահակաշվիլին որոշեց՝ «զարգանալ զիջելով» կարգախոսը վերածել արտաքին քաղաքականության հիմնական ուղղության: Ռուս-վրացական կարճատեւ պատերազմը եւ շրջանների կորուստը դեպի Արեւմուտք կտրուկ շրջադարձի գինն էին, որը վճարեց Սահակաշվիլիի Վրաստանը: Ի գին հողային տարածքների կորստի (միշտ մնալով վրացական դիտակետի մոտեցումների սահմաններում) Թբիլիսին զարգացավ: Թվում է, որ անջատված եւ անկախացած տարածքների վերադարձի պահանջը առաջնային կարգով մաս չի կազմում արդեն պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության:

«Զարգանալ զիջելով» կամ «առանց զիջելու» քաղաքական երկվությունը (դիլեման) անիրատեսական չէ, որ հնչի նաեւ Հայաստանի Հանրապետության համար: Մանավանդ թուրք-ադրբեջանական շրջափակման ենթարկված մեր երկրի համար։ Այս պատճառով էլ առնվազն պետք չէ շտապել վրացական օրինակից դասեր քաղելու եւ ըստ այնմ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները ճշտելու համար:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Ամերիկյան «թայմ աութի» կանոնները

Շահան ԳանտահարյանՍիրիական հիմնախնդրի հանգուցալուծման միտող, կամ ավելի ճիշտ` ռազմական գործողությունների մեկնարկը առկախելու փորձ կատարող ռուսական նախաձեռնությանը, հստակորեն գեթ որոշակի հանգրվանի համար, հաջողվեց փոխել իրավիճակը: Համատարած տպավորություն եւ համոզում էր գոյացել այն մասին, որ ամերիկյան Կոնգրեսի քվեարկությունից անմիջապես հետո, նույնիսկ Սենատի քվեարկության ավարտին ռազմական գործողությունները պիտի մեկնարկեին սիրիական թիրախների ուղղությամբ: Հետաքրքրական զուգադիպությամբ ռազմական գործողությունների մեկնարկի թվականը, թեկուզ ոչ պաշտոնական, նախատեսվել էր սեպտեմբերի 11-ը, որ ամերիկյան տրամաբանությամբ պիտի խորհրդանշեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի օրը…

Իհարկե, ռուսական նախաձեռնությունը թվականի եւ ներկայացման ժամանակի իմաստով եւս պատահականություն չէր։ Շատ շուտով պարզ դարձավ, որ նախաձեռնությունը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ: Նախաձեռնության հրապարակմանը հաջորդեց համաձայնեցված երկրորդ հանգրվանը: Միացյալ Նահանգները հայտարարեցին «թայմ աութը»: Իսկ այստեղ, միջանկյալ ձեւակերպումները հարգելու համար անմիջապես պետք էր Դամասկոսի ողջունումը, որ անուշտ տեղին եւ ժամանակին կատարվեց:

Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է եւ բացառումը նման միջոցների օգտագործման:

Ճիշտ է, որ իբրեւ ռուսական համաձայնեցված նախաձեռնության արդյունք` ռազմական գործողությունները անժամկետ հետաձգվում են։ Մի քանի դիտարկում սակայն, պետք չէ բաց թողել, ամերիկյան «թայմ աութի» հիմնավորումների եւ դադարի այս հանգրվանի նախապատրաստությունում կատարված հայտարարությունների վրա բացվող լուսարձակները ամփոփ ձեւով նշելու համար:

Ռուսական կոչը Դամասկոսին, հանձնելու համար քիմիական զենքի պահեստը միջազգային ընտանիքին, ինքնին փաստում է սիրիական իշխանությունների մոտ զանգվածային ոչնչացման նման միջոցների առկայությունը: Ավելի ճիշտ` այդ առկայության ռուսական հաստատումը: Ռուսական այս հաստատումը կատարվեց ճիշտ ՄԱԿի փորձագետների հետազոտման արդյունքի հայտարարության  նախօրյակին: Դեռեվս միջազգային մակարդակով չհաստատված, թե ո՞վ է քիմիական զենքերի օգտագործման հասցեատերը, Մոսկվան առաջարկում էր Դամասկոսին հանձնել քիմիական պաշարը:

Սա, իհարկե, բավարար էր քիմիական պաշարի առկայությունը փաստելու. բայց սրանով էլ չէր բավարարվում քիմիականի առկայության հաստատումը: Դամասկոսը ողջունեց ռուսական նախաձեռնությունը, ուղղակի-անուղղակի ինքնախոստովանելով  իր մոտ նման զինամթերքի առկայությունը:

Անշուշտ, այստեղ կա տրամաբանություն, որ նման զենքերի առկայությունը չի ենթադրում անպայման դրա օգտագործումը կամ օգտագործված լինելը: Մնանք սակայն գերտերությունների հայտարարությունների ճշտած տրամաբանության սահմաններում: Երբ օգտագործված քիմիականի ուղղությամբ ամբաստանությունները երկկողմանի էին, առնվազն ակնկալվում էր նաեւ հակառակորդ կողմին եւս պահանջ ներկայացնել քիմիական զենքի պահեստները հանձնելու միջազգային ընտանիքին: Կոչը կարելի էր ուղղել կողմերին, հանձնելու զանգվածային ոչնչացման միջոցները: Մանավանդ, երբ նույն այդ միջազգային ընտանիքը դեռեվս չէր եզրակացրել պատասխանատվության խնդիրը:

Ռուսական համաձայնեցված այս նախաձեռնությունը ենթահող պատրաստեց միջազգային փորձագիտական եզրակացության համար: Փորձագետները այլեւս  հանգիստ կարող էին հայտարարել, թեեւ առանց ուղղակի փաստեր ունենալու, որ  կառավարական ուժերն են քիմիականի օգտատերերը: Սա էլ ռուսական առաջարկից, ամերիկյան «թայմ աութից» հետո համաձայնեցված ընդհանուր նախաձեռնության միջազգային երրորդ արարն էր:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

«Կանանց իրավունքների առումով մենք շատ ավելի առաջ ենք եղել, քան Եվրոպան»

Anahit HarutyunyanՎերջին շրջանում գենդերային հավասարությանը վերաբերող հարցերի շուրջ հանրության շրջանում ծավալված բուռն քննարկումների համատեքստում «Անկախը» զրուցել է բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունանի հետ, որի հեղինակությամբ 2005 թ. լույս է տեսել «Երևելի տիկնանց դարը» գիրքը: Այդ աշխատությունում ներկայացված է XIX դարի և XX դարասկզբի հայ կանանց հասարակական գործունեությունը: Գրքի շնորհիվ շատ ու շատ կարծրատիպեր են կոտրվում Հայաստանում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության ավանդական պատկերացումների վերաբերյալ:

– Տիկին Հարությունյան, ե՞րբ եք առաջին անգամ առնչվել գենդերային հավասարության եզրույթին և ինչպե՞ս եք այն ընդունել:

– Գենդերային ուսումնասիրություններին առնչվել եմ 1997 թ., երբ գործող լրագրող էի: Այդ ժամանակ ՄԱԿ-ը լրագրողների համար կազմակերպել էր սեմինար, թե ինչպես պետք է լուսաբանել գենդերային թեմաները: Սեմինարի ընթացքում շատերն էին դեմ արտահայտվում այդ երևույթին, ասում, թե դա արևմուտքից է ներխուժել, որպեսզի քայքայի մեր ավանդական ընտանիքը, և այլն: Ես շատ հանգիստ էի լսում, և երբ դասավանդողներն ինձ հարցրին, թե ինչ եմ մտածում, ասացի, որ ինձ համար դեռևս նոր բան չի ասվել: Ասացի` միգուցե բառն է նոր` գենդեր, բայց գաղափարներն ու մտքերը վաղուց եմ կարդացել մեր  անցյալի մամուլում, քանի որ նախկինում գիտական գործունեությամբ եմ զբաղվել և քաջ գիտեմ մեր մամուլը: Դասավանդողները զարմացան: Հետագա շփումներից հետո ինձ հրավիրեցին միջազգային գիտաժողովի: Ես ներկայացրի  մեր ամենափայլուն թերթերից մեկի` «Մշակի» հիմնադիր և խմբագիր Գրիգոր Արծրունու գործունեությունը: Այդ ժամանակ էլ  առաջարկ ստացա և սկսեցի զբաղվել այդ թեմայով, որի արդյունքը եղավ «Երևելի տիկնանց դարը» աշխատությունը:

– Ի՞նչ կարծրատիպեր են կոտրվում այդ գրքով:

– Այն, որ ասում են, թե իբր մեր ազգային մենթալիտետը ուրիշ է, տղամարդը կնոջը պետք է իշխի, կինը ենթարկվի, և այլն: Պատմական փաստերով  ցույց տվեցի, որ դա ճիշտ չէ. մեզ մոտ միշտ հավասարություն է եղել, կինը երբեք ստորադաս վիճակում չի եղել, ընդհակառակը` շատ պատվավոր տեղում, և հայ ընտանիքում շատ ճիշտ դերաբաշխում է եղել, որի շնորհիվ էլ ընտանիքն ամուր էր:

Ինձ համար շատ կարևոր էր, որ այդ ամենը իմանան հատկապես Արևմուտքում, որովհետև, երբ այնտեղից մեզ մոտ գալիս էին այդ թեմաներով սեմինարներ անցկացնելու, մեզ  նայում էին որպես հետամնաց, նոր զարգացող ցեղախմբի, իսկ ես ուզում էի ցույց տալ, որ կանանց իրավունքների առումով մենք շատ ավելի առաջ ենք եղել, քան Եվրոպան:

– Այսինքն` մեր կանանց իրավունքները շատ ավելի պաշտպանված էին, քան եվրոպացի կանանց իրավունքնե՞րը:

– Փաստը մնում է փաստ, որ ամբողջ Արևմուտքի պատմությունը եղել է նաև կանանց իրավունքների պայքարի պատմություն, և այն իրավունքները, որ Արևմուտքի կանայք այսօր ունեն, բառի բուն իմաստով, արյան գնով են նվաճել: Իսկ Հայաստանում կանայք չեն պայքարել իրենց իրավունքների համար, բայց ոչ այն պատճառով, որ շատ կրավորական կամ ստրկամիտ են եղել, այլ առիթ չեն ունեցել պայքարելու: Ինչո՞ւ պայքարեին, եթե դա իրենց տրված էր: Մի հետաքրքիր փաստ. երբ որոշ զարգացած եվրոպական երկրներում մինչև XX դարի կեսերը նույնիսկ կանայք դեռ ընտրելու իրավունք չունեին, Հայաստանում առաջին հանրապետության ստեղծման ժամանակ` 1918 թ., նույնիսկ հարց չի ծագել` կանայք ունե՞ն ընտրելու իրավունք, թե ոչ: Այդ ժամանակ մեր կանայք և՛ ընտրել են, և՛ ընտրվել, և երեք հոգի մտել է խորհրդարան:  Սա է մեր մտածողությունը: Եթե այդպիսին չլինեինք, ամբողջ XIX դարում մեր մամուլում չէր իշխի կանանց հարցը:

– Ի՞նչ էր նշանակում այդ ժամանակ կանանց հարցը մեր` հայերիս համար:

– Այդ ժամանակ Եվրոպայում «մոլեգնում» էր ֆեմինիզմը` այն էլ արմատական, և այդ ագրեսիան բնական էր, որովհետև ինչքան ճնշված ես, այնքան ագրեսիվ ես: Բայց այդ ալիքը Հայաստան չհասավ, կողքով անցավ-գնաց, թեպետ մեր մամուլի մշակները քաջատեղյակ էին Եվրոպայի զարգացումներին: Հայաստանում «կանանց հարցն» ուրիշ բովանդակություն ուներ: Երբ մեր ազգի մեծերն ազգային-ազատագրական պայքարի ծրագիր մշակեցին, անմիջապես  առաջ եկավ լուսավորության խնդիրը, առանց որի ազգին հնարավոր չէր համախմբել:  Եվ հենց այդ ժամանակ էլ առաջ քաշվեց կանանց հարցը: Որոշեցին, որ կրթության հարցը լավագույնս կարող են լուծել կանայք, ուստի առաջին հերթին մտածեցին կրթել կանանց: Եվ ամբողջ Արևմտյան և Արևելյան Հայաստանում սնկի պես սկսեցին իգական դպրոցներ բացվել: Դա մի հզոր շարժում էր, որն արդարացրեց իրեն: Երբ աղջիկներն ավարտում էին դպրոցը, սկսում էին կազմակերպություններ հիմնել, որոնց 90 տոկոսը զբաղվում էր կրթական հարցերով: Այդ կանայք հայ կրթության պատմության մեջ խոր հետք են թողել: Փաստորեն, ինչպես հայ ընտանիքներում, այնպես էլ համազգային մակարդակով էր ճիշտ դերաբաշխում կատարված: Մեր մեծերը բացահայտ ասում էին` առանց կանանց մենք ոչինչ ենք: Արծրունին ասում էր` իմացեք, եթե որևէ գաղափար կանայք ընդունեն, կկատարվի, եթե ոչ, ապա ձեռք քաշեք, չի կատարվի:

– Կանանց իրավունքների հարցերը հայ մամուլում, բացի Արծրունուց, էլ ովքե՞ր են այդ ժամանակ բարձրացրել:

– Մեսրոպ Թաղիադյանը, Հովհաննես Հիսարյանը, Ստեփանոս Նազարյանցը, Միքայել Նալբանդյանը, Ստեփան Ոսկանը, Սրբուհի Տյուսաբը, Մատթեոս Մամուրյանը… Ո՞ր մեկն ասեմ: Րաֆֆին, օրինակ, մի հոյակապ աշխատություն ունի` «Հայ կինը»: Կամ Ավետիք Արասխանյանը` «Մուրճի» խմբագիրը, որ թեպետ չի զբաղվել կանանց հարցով, ինչպես մյուս մտավորականները, բայց մի ապշեցուցիչ հոդված ունի` «Կինը հասարակության մեջ», որում կան գաղափարներ, որոնց միջազգային հանրությունը հասավ XX դարի երկրորդ կեսին` կանանց հարցերին նվիրված չորս համաշխարհային խորհրդաժողովներից հետո միայն: Արասխանյանն ասում էր. հիշեք` սա նախ և առաջ մարդու իրավունքի հարց է, ոչ թե կնոջ և տղամարդու առաջնության կամ արժանիության: Ասում էր` նայեք, եթե որևէ պետություն կամ ազգ զարգացող ու հարատևող է, ուսումնասիրեք և կտեսնեք, որ այնտեղ կինը լավ վիճակում է, և այն պետությունը, որտեղ կինը լավ դիրքում է, իրավունքները ոտնահարված չեն, այդ պետությունն իր ապագայի մասին է մտածում, նայում է առաջ:

– Ի՞նչ են ասում այսօրվա ուսումնասիրողները:

– Այսօրվա ուսումնասիրողներն ասում են` ամենաթանկ բանը մարդկային կապիտալն է, և պետք է հավասարապես օգտագործել մարդկության կեսի` կանանց ռեսուրսները, ոչ թե կրթել, դաստիարակել, փող ծախսել, հետո էլ ասել` գնա նստիր տանը և միայն ճաշ եփիր ու երեխա պահիր: Այն էլ այս մրցավազքի դարում: Մեր նոր քաղաքակրթության նպատակն այն է, որ ինչ օրենքներ ընդունվում են, հավասարապես հաշվի առնվեն երկու սեռերի շահերը` և՛ տղամարդու, և՛ կնոջ: Հիմա, օրինակ, ուսումնասիրողները զբաղված են տղամարդկանց խնդիրներով: Ուզում են հասկանալ` ինչո՞ւ են կանանցից 10-12 տարով պակաս ապրում: Պարզվում է` նրանք հոգեկան տառապանքների են մատնվում, երբ չեն կարողանում ներկայիս պայմաններում իրացնել ավանդաբար իրենց վերապահված ընտանիքը կերակրողի դերը, չեն արդարացնում հասարակության սպասումները:

– Այսօր հենց միայն գենդեր եզրույթը հանրության որոշ շերտերում սվիններով է ընդունվում: Ի՞նչն է պատճառը, և ի վերջո, ո՞րն է այդ բառի ճիշտ բացատրությունը:

– Գենդեր նշանակում է սեռ: 1969 թ. ամերիկացի գիտնական Ստոլլերն առաջարկեց այդ տերմինը` փոխ առնելով անգլերենի քերականությունից, որպեսզի մենք անընդհատ չկրկնենք, որ խոսքը ոչ թե կենսաբանական էակների մասին է, այլ կնոջ ու տղամարդու մասին`  որպես հասարակական էակների, հասարակության մեջ նրանց դիրքի, փոխհարաբերությունների մասին: Գենդերը մշակութային  հարացույց է: Ավանդաբար ազգերի մեծ մասի մշակույթներում, օրինակ` տղային ասում են` դու տղա ես, ուրեմն ուժեղ ես, իսկ աղջկան ասում են` դու պետք է հեզ լինես, խոնարհ լինես և այլն: Բայց պարզվում է, որ ինչ-որ մի իրավիճակում, ինչ որ մի ժամակաշրջանում դա սկսում է խանգարել կողմերից մեկին: Իհարկե, ավանդույթները պետք է պահպանել, բայց կան բաներ, որոնք ժամանակի ընթացքում  իմաստազրկվում են: Օրինակ` մեր ուսանողության տարիներին համալսարանում տաբատ հագնելն ընդունված չէր, նույնիսկ ներքին կարգադրություն կար, որ աղջիկները տաբատով համալսարան չմտնեն: Տաբատ հագնելը խռովարարության հասնող մի բան էր: Բայց հետո կյանքը ցույց տվեց, որ դա շատ պրակտիկ հագուստ է, հիմա նաև տատիկներն են հագնում:

– Շատերի մտավախությունն էլ հենց այն է, որ գենդերային հավասարությունը կարող է աստիճանաբար նոր ձևակերպումներ ու սահմանումներ ստանալ, ընդհուպ` սեռափոխության իրավունք և այլն:

– Ինչպե՞ս կարելի է գենդերը կապել միասեռականության, սեռափոխության և նման բաների հետ:  Կրկնում եմ` գենդեր նշանակում է սեռ, այսինքն` կին և տղամարդ: Դրանք շեղումներ են, որոնցով առանձին մասնագետներ պետք է զբաղվեն: Իսկ գենդերային հավասարությունը ենթադրում է այնպիսի իրավիճակ, որտեղ կնոջ և տղամարդու բնականոն հարաբերությունները խաթարված ու շեղված չեն, որտեղ հավասարակշռություն կա, ներդաշնակություն կա: Եթե կուզեք` գենդերը, փաստորեն, միասեռականության դեմ է, որովհետև պայքարում է, որ որևէ ոլորտում չլինեն միայն տղամարդիկ, կամ միայն կանայք, որովհետև այդ դեպքում ոչ բնականոն, հիվանդագին վարքագծեր են առաջանում: Վերջապես, գաղտնիք չէ, քաղաքականությունը  մեր երկրում տղամարդկային դեմք ունի, բոլոր առանցքային տեղերում տղամարդիկ են: Է, լա՞վ է, գո՞հ ենք:

Միգուցե օրենքում ոմանց կարծիքով անհաջող կամ երկիմաստ ձևակերպումներ կան, որոնք ճիշտ չեն ընկալվում: Քննարկենք: Բայց դրա պատճառով չի կարելի հարձակվել դրանով զբաղվող կազմակերպությունների վրա, որոնց մի մասը, ի դեպ, գիտական մակարդակով է զբաղվում:  Կարծում եմ` այս ընդվզման հիմքը օրենքը չէ, այն ընդամենը պատրվակ է ծառայում: Որտե՞ղ էին այդ պայքարողները, երբ գենդերային քաղաքականության պետական հայեցակարգ էր ընդունվում: Դրա հիման վրա նույն մեր կառավարությունը կազմել է ռազմավարական ծրագիր, որի մեջ մտնում է նաև օրենքի ընդունումը: Դեռ 1993 թ., երբ դեռ Հայաստանում գենդեր բառն էլ չգիտեին, մեր երկիրը վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն այս ամենի հիմնաքարն է: Էնպես որ` գնացքը վաղուց է գնացել:

Ի դեպ, երբեք չեմ նկատել, որ մեր ժողովուրդն ինչ-որ բանի դեմ պայքարելիս նման ավերիչ, կործանիչ ու ագրեսիվ կոչերով հանդես գա: Ես շատ լավ հասկանում եմ, թե քամին որտեղից է փչում,  հարկ էր, որ այս պահին ժողովրդի ուշադրությունը շեղվեր շատ ավելի լուրջ խնդիրներից, և նկատի ունենալով մեր ազգային մտածելակերպը` ընտանիքի պաշտամունքը, պատվեր տվողները ճիշտ հաշվարկ են արել:  Սակայն մի կարևոր բան հաշվի չեն առել` ճշմարտությունը երկար ժամանակ պարկում չես թաքցնի: Բայց սա արդեն ուրիշ խոսակցության նյութ է: Ամեն ինչ` իր ժամանակին:

Ձեռքբերումները բազմաթիվ են և հավատացած ենք, որ ավելին կլինեն. քաշաթաղցի

ռոբերտ«Անկախը» ԼՂՀ Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման գործընթացի, շրջանի կյանքի, խնդիրների ու ձեռքբերումների մասին է զրուցել  շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ:

Մաթևոսյանը Երևանից Քաշաթաղ է տեղափոխվել 1995-ին և մինչ օրս էլ այնտեղ է ապրում:

-Պարոն Մաթևոսյան, որպես Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ կներկայացնե՞ք, թե ինչպես է ընթանում վերաբնակեցումը: Այս տարի քանի՞ ընտանիք է հաջողությամբ վերաբնակեցվել Քաշաթաղում:

– Փաստացի վերաբնակեցումը սկսվել է հախուռն` դեռևս 1992 թ.  մայիսի 18-ից հետո, երբ  բացվեց կյանքի ճանապարհը` ազատագրվեց Բերձորը և Արցախը ցամաքային կապով միացավ մայր հայրենիքին: Շահումյանի շրջանից, Գետաշենի ենթաշրջանից և Մարտակերտի օկուպացված տարածքներից առաջին ընտանիքները եկան և բնակություն հաստատեցին: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ այս տարածքներում ստեղծելու որոշ կառույցներ` դպրոցներ, ոստիկանություն, ինքնակառավարման մարմիններ և այլն: Հիմնական վերաբնակիչները փախստականներ են, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն կարողացել լուծել իրենց  բնակարանային խնդիրները, ապրում էին կա՛մ ժամանակավոր կացարաններում, կա՛մ ծանոթ-բարեկամների տանը: Իհարկե, մասնագետների բացը լրացնելու համար հրավիրվում են նաև ոչ փախստական ընտանիքներ:

Իսկ այս տարի շրջան է տեղափոխվել 45 նոր ընտանիք:

 –Սիրիահայերը, որոնք հաստատվել էին Քաշաթաղում, արդյոք ինտեգրվել ու հարմարվե՞լ են նոր միջավայրին: Քանի՞ սիրիահայ ընտանիք է այժմ ապրում Քաշաթաղում, ինչպե՞ս են նրանք ապրուստ վաստակում:

-Այո, չեմ ժխտում, Քաշաթաղի շրջանում հաստատվել են մոտ 40 սիրիահայ ընտանիքներ, որոնք այստեղ են տեղափոխվել Սիրիայի հայտնի դեպքերից հետո: Քանի որ քաշաթաղցին տեսել էր պատերազմի և գաղթի արհավիրքները, պատրաստ էր պատերազմից տուժած մեր հայրենակիցներին իր  հարկի տակ ընդունել: Այդ իսկ պատճառով շրջանում հայտնվեցին առաջին սիրիահայ ընտանիքները, հիմնականում` Սիրիայի Ղամիշլի քաղաքից: Նրանք լավ հողագործներ էին և Քաշաթաղում էլ իրենց ապրուստը հոգում են հողագործությամբ: Կան նաև այլ մասնագետներ` բժիշկ, մեխանիզատոր, վարորդ և այլն, բոլորին էլ ապահովել ենք համապատասխան աշխատանքով:

Սիրիահայերն ավանդապահ և աշխատասեր են, և մենք շատ բան ունենք սովորելու  նրանցից, իսկ ինչ վերաբերում է  ինտեգրվելուն, ապա սա իրենց հայրենիքն է, և հարմարվում են նոր միջավայրին:

– Ի՞նչ  դժվարություններ ու խնդիրներ են առաջ գալիս  վերաբնակեցման ծրագիրն իրագործելիս:

– Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մի ծրագիր ընդունի «Արտագաղթի կասեցման հրատապ միջոցառումների և հայրենադարձության մասին», որով պետք է փորձ արվի ամրապնդել ինչպես  հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, այնպես էլ Արցախը: Հայկական վերաբնակեցումը տարբերվում է ռուսական և հրեական վերաբնակեցումից, որտեղ մեծ գումարներ են ծախսվում: Մենք չունենք այդ միջոցները, հետևաբար, այն կարելի է իրականացնել գաղափարական և տնտեսական (առավել բարենպաստ պայմաններ  տնտեսվարող սուբյեկտներին) հարթություններում:

– Պարոն Մաթևոսյան, ի՞նչ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ ունի այսօր Քաշաթաղը:

– Առաջնահերթ եմ համարում ճանապարհների և կապի խնդիրը: Իմ կարծիքով` անհրաժեշտ է վերանորոգել Քարվաճառ-Բերձոր-Կովսական ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ճանապարհը և Քարվաճառ-Բերձոր-Կովսական երթուղիով պետք է իրականացվի կանոնավոր ուղերթ, թեկուզ` շահույթի տեսանկյունից վնասաբեր:

Հրատապ է նաև բնակարանաշինության խնդիրը. մոտ 2000 ընտանիք բնակվում է անմխիթար պայմաններում:

Դպրոցների շենքային և նյութական պայմանների բարելավման խնդիրներ կան. շրջանում կան դպրոցներ, որտեղ աշխատող չկա, չկան թեկուզ հին համակարգիչներ:

քարտեզԽնդիրները բազում են, բայց քաշաթաղցին տեսնում է , որ իր խնդիրներն  ուշադրության կենտրոնում են, և նա հավատով է լցված վաղվա օրվա հանդեպ:

– Բնակչության զբաղվածության հարցը շրջանում որքանո՞վ է լուծված, և ի՞նչ մասնագետների կարիք է այժմ զգացվում:
– Քանի որ շրջանը հիմնականում գյուղատնտեսական է, բնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղատնտեսությամբ զբաղվողներին բավական շահավետ պայմաններով հատկացվում են  վարկեր գյուղտեխնիկա ձեռք բերելու,  հացահատիկային կուլտուրաներ մշակելու, անասնապահության համար և այլն:

Շրջանում դեռևս կա  ուսուցիչների, մեխանիզատորների, գյուղատնտեսների, բուժքույրերի պահանջարկ:

– Ամենուրեք խոսվում է արտագաղթի մասին: Կա՞ արդյոք արտագաղթ Քաշաթաղից:

– Այո, կա: Ամեն դեպքում արտագաղթի ցուցանիշները 1000 բնակչի հաշվով մի քանի անգամ զիջում են միջին հանրապետական ցուցանիշին, սակայն դա մեզ չի բավարարում, և փորձում ենք  հասկանալ ամեն մի հեռացողի մեկնման իսկական պատճառները:

– Մի քանի օրից Սեպտեմբերի 1-ն է` կրթական տարվա մեկնարկը: Քաշաթաղում դպրոցները որքանո՞վ են համալրված կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, պարագաներով և կադրերով: Քանի՞ առաջին դասարանցի այս սեպտեմբերի մեկին դպրոց կհաճախի:

– Շրջանում գործում են ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ, որոնք հիմնականում ապահովված են դասագրքերով, աշակերտական նստարաններով, գրատախտակներով: Դպրոցական գրադարանների հարցը լուծվում է կա՛մ տեղական, կա՛մ բարերարների միջոցներով: Օգտվելով առիթից` հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Զորակն» գիտակրթական, երիտասարդական հիմնադրամին, որի ջանքերով շրջանի մի շարք գրադարաններ համալրվեցին հանրագիտարաններով և ծրագրային գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցներում խնդիր է առարկայական դասարանների և լաբորատորիաների կահավորումը:

Կադրերով հիմնականում ապահովված են, միայն շրջանի մի քանի հեռավոր բնակավայրերում ունենք ուսուցիչների խնդիր:

Այս տարի դպրոց կհաճախեն մոտ 230 առաջին դասարանցիներ: Անցած ուսումնական տարվա համեմատությամբ` այս ցուցանիշն ավելացել է 38-ով:

– Իսկ ի՞նչ ձեռքբերումներ և հաջողություններ են գրանցվել շրջանում: Մի փոքր պատմեք նաև արձանագրված հաջողություններից և իրականացված ծրագրերից:

– Այսօր Քաշաթաղի շրջանում կան 53 համայնքներ  ավելի քան 100 բնակավայրերով, որոնցից 4-ը համարվում են քաղաքային` Բերձոր, Կովսական, Միջնավան և Որոտան: Շրջանում տարեցտարի ավելանում են ամուսնությունների և ծնունդների թվերը:

Շրջանում նոր թափ է  ստացել շինարարությունը: Այսպես, ավարտվում է Արտաշավի գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը, հիմնավորապես վերանորոգվել է  Այգեհովիտ գյուղի դպրոցի շենքը, ավարտական փուլում  է Կումայրիի և Միջնավանի դպրոցների շենքերի շինարարությունը, նախատեսված է  նոր դպրոց կառուցել Հայկազյանում:  Կովսականի մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտական փուլում է: Շարունակվում են  շրջանային հիվանդանոցի կառուցման աշխատանքները Բերձորում, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով:

Նաև բարելավվում են միջշրջանային ճանապարհները, խմելու և ոռոգման ջրագծերը:

Մեր շրջանավարտներից շատերը հաջողությամբ ընդունվում են պետական բուհեր և  ցուցաբերում են բարձր առաջադիմություն: Դպրոցական օլիմպիադաներում (Արցախում անցկացվող) մեր աշակերտներից շատերը նվաճում են մրցանակային տեղեր: Շրջանում գործում են պարի և  ժողգործիքների պետական համույթներ:

Ձեռքբերումները բազմաթիվ են, և հավատացած ենք, որ ավելին կլինեն:

Սահմանափակ գործողություններ կանխատեսելի հետեւանքներով

Շահան ԳանտահարյանՍիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:

Անվճռականության տեսքով հանդես է գալիս Սիրիայի հարցում մինչ այդ ավելի վճռորոշ դերակատարություն ստանձնած, տարածաշրջանում իր կարեւորագույն հենարանը չկորցնելու տեղի չտալու վարքագծով հատկանշված Մոսկվան, որ մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական քայլեր է ցուցադրում աշխարհին: Եթե մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը չի միջամտում Սիրիայի դեմ սանձազերծելի պատերազմին, մյուս կողմից զգուշացնում է նման նախաձեռնության դիմողներին անկանխատեսելի հետեւանքներից:  Առանց առաջին բաժինը հայտարարելու, երկրորդ զգուշացումն է կատարում նաեւ շրջանային կարեւոր ուժ Իրանը, որ այս դեպքում Սիրիայի մերձակա շրջանում, ի դեմս Հեզբոլլահի, ունի տեղակայված զորամիավորում: Հետաքրքիր է նաեւ Հեզբոլլահի հայտարարությունը այն առումով, որ եթե գործողությունները պիտի անցնեն սահմանափակվածության գծերը եւ վերածվեն գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխոթյան, այդ դեպքում Հեզբոլլահը եւս կներգրավի պատերազմին:

Մի պահ կենտրոնանանք հայտարարության այս բաժնի վրա, որ որոշակի մեկնաբանությունների դուռ է բացում: Հայտարարությունը փորձենք տարբաղադրել, սկսելով եզրակացության բաժնից: Հեզբոլլահը կներգրավվի պատերազմին եւ մասնակցություն կունենա, եթե գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխության միտող գործողություններ իրականան: Սա նշանակում է, այս անգամ նկատի ունենալով առաջին բաժինը, որ ըստ բանաձեւված բնութագրի գործողությունները եթե լինեն սահմանափակ, պատժիչ, «դաստիարակիչ» կամ  կանխազգուշացնող, ապա Հեզբոլլահը չի ներգրավվի պատերազմին:

Ուղերձը խառն է եւ միանշանակ իմաստ չունի: Քանի որ, Հեզբոլլահը շրջանային պատերազմի ներգրավվելու մասին հայտարարություն  է կատարում միայն համաձայնաբար շրջանային գերուժ Իրանի հետ: Ուրեմն,  այստեղ խոսքը Իրանի ներգրավվածության պայմանականության մասին է: Իսկ Իրանը միաժամանակ ասում է այն, ինչ որ Ռուսաստանն է հայտարարում, այսինքն չի ներգրավվում պատերազմին, եթե վարչակարգի տապալումը չէ անմիջական նպատակը նրա: Չմոռանանք սակայն Իրանի զգուշացումը՝ անկանխատեսելի հետեւանքներից:

Իսկ հիմա մտածենք նաեւ, որ եթե պատժիչ գործողությունները անկանխատեսելի հետեւանքների ռիսկայնության բարձր հավանականությունը առանց չեզոքացնելու կդիմե՞ն քայլի: Չերեւացող, լուռ համաձայնություններ կան այս բոլորի մեջ: Միջերկրականյան ծովերի խորքերը, Սիրիայի մերձակա ջրերում եթե մինչեւ հիմա Մոսկվային էր պատկանում ռազմանավեր տեղակայած լինելու մենաշնորհը, հիմա նաեւ ամերիկյան ռազմանավեր են ծփում ջրային միեւնույն տարածքների վրա:

Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, ուրեմն, որ Մոսկվայի եւ Իրանի միջին արեւելյան կարեւորագույն հենարանի նկատմամբ սահմանափակ գործողությունների իրականացման կանաչ լույսը կտրվի միայն կանխատեսելի հետեւանքների տեսանելիության ապահովմամբ. գեթ այս հանգրվանին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

1915 թվականը ինձ զրկեց իմ մանկության հայ ընկերոջից

1915Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ որոշակի առաջընթաց է նկատվում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության ձևավորման հարցերում: Ժամանակին արգելված համարվող թեմաներն այժմ լայն քննարկման առարկա են դարձել: Այս փոփոխությունները վերաբերում են նաև Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին գոյություն ունեցող ընկալումներին: Ինչպես թուրք մտավորականության, այնպես էլ մի շարք լրագրողների, որոշ քաղաքական և հասարակական գործիչների և պարզապես հասարակ քաղաքացիների շրջանում ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք սկսում են այլ կերպ մտածել, տեսնել այն, ինչ տասնամյակներ շարունակ ծածկված է եղել պաշտոնական պատմագրության կեղծիքի քողով:

Ճշմարտության բացահայտման այս դժվար գործընթացում մեծ դեր են խաղում նաև թուրք երիտասարդները: Նրանց մի մասը, որդեգրելով եվրոպական արժեհամակարգը, ուզում է ապրել միանգամայն այլ` ժողովրդավար երկրում` այդ ճանապարհին չխուսափելով առերեսվել սեփական պետության պատմական անցյալի հետ: Նման առաջադեմ երիտասարդներից մեկը մեզ հետ կիսվեց իր մտքերով ու գաղափարներով: Նա Բաթուհանն է, Ստամբուլի լավագույն բուհերից մեկի` Բողազիչի համալսարանի 20-ամյա ուսանողը: Ներկայացնում ենք նրա հետ անցկացրած հարցազրույցը, որը շատ բան է պատմում այսօրվա թուրք երիտասարդության մտածելակերպի, հասարակության մեջ տեղի ունեցող տեսանելի փոփոխությունների և սպասումների մասին:

– Ե՞րբ եք առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին: 

– Մինչ ցեղասպանության հարցի մասին խոսելը, կցանկանայի նշել, թե երբ եմ առաջին անգամ ծանոթացել «հայ» հասկացությանը: Թուրքիայում, սկսած տարրական դպրոցի առաջին դասարանից, աշակերտները պատմության դասաժամեր ունեն: Արդեն 4-րդ դասարանում, այսինքն` 9 տարեկանում, մենք սովորում ենք, թե հանրապետության հիմնադրման համար «ո՞ւմ էր պետք հաղթել»: Դասերի ընթացքում գալով հանրապետության հռչակման ժամանակաշրջանին` միշտ ընդգծվում էր, որ մեր երկիրը չորս կողմից օկուպացիայի տակ էր գտնվում: Ըստ մեզ պատմածների` հույներն օկուպացրել էին մեր երկրի արևմուտքը, ֆրանսիացիները` հարավը, իսկ հայերն էլ` արևելքը: Այսպիսով դպրոցական տարիներին ես մի պատանի էի, որը բազմիցս կարդացել և քննություն էր հանձնել պատմությունից, ում մեջ այնպիսի մի տրամաբանություն էր ձևավորվել, որը դժվար էր փոխել:

«Ցեղասպանություն» ձևակերպումը առաջին անգամ 12 տարեկանում եմ լսել, երբ միջնակարգ դպրոցում էի սովորում: Ճիշտ է, ամեն տարի հեռուստացույցով լսում էինք մեր փոսը փորող գազանի` «սփյուռքի» մասին, սակայն ցեղասպանության մասին առաջին անգամ գաղափար կազմեցի, երբ 12-13 տարեկան էի և դպրոցում մեր հերթական դասը «Հայկական հարցը» վերնագիրն ուներ:

 – Ինչպե՞ս արձագանքեցիք այդ փաստին, միանգամի՞ց ընդունեցիք այն:

– Կարող եմ ասել, որ 12 տարեկանում սրան ոչ մի կերպ էլ չարձագանքեցի: Ինչպես նշեցի, մինչև «ցեղասպանություն» բառը լսելը սովորել էինք, որ 1920 թվականին մեր երկիրը իր առաջին պատերազմը մղել էր արևելքում` հայերի դեմ, այսինքն` պատմության դասերին 3-4 տարի սովորել էինք, որ հայերը մեր թշնամիներն են: Մասնավորապես հայերի մասին գիտեինք հետևյալը. նրանք տարիներ շարունակ մեր երկրում արդարության մեջ են ապրել, հավատարմության համար նրանց նույնիսկ millet-i sadıka (հավատարիմ ազգ) էին անվանում: Սակայն նրանք, միավորվելով ռուսների հետ, մեզ թիկունքից հարված հասցրեցին: Իբրև պատիժ այս արարքի համար` նրանց քշեցին այնպիսի վայրեր, որտեղ չէին կարող վտանգ ներկայացնել: Ճանապարհին պատերազմական պայմանների հետևանքով նրանց մի մասը մահացավ: Արդյունքում` 12-13 տարեկան երեխայի համար սա բավական հասկանալի տեղեկություն էր թվում:

 – Ինչո՞ւ սկսեցիք ուսումնասիրել Հայկական հարցը:

-Լիցեյում սովորելու տարիներին սկսեցի Taraf թերթը կարդալ, և իմ մեջ կասկած առաջացավ այն ամենի նկատմամբ, ինչ մեզ սովորեցնում է պաշտոնական պատմագրությունը: Ինչքան շատ էի կարդում, այնքան ավելի էր իմ մեջ բորբոքվում կասկածը, և ես սկսեցի ամբողջովին վերանայել այն, ինչ ինձ դպրոցում էին սովորեցրել: Սա ոչ միայն հայերին է վերաբերում, այլ նաև քրդերին, ալևիներին: Սակայն ինձ համար շատ ցավոտ էր այս բացահայտումների ընթացքը: Քրդերի պարագայում ավելի հեշտ էր, քանի որ դասագրքերում նրանց չեն վարկաբեկել և որպես թշնամու չեն ներկայացրել: Բայց Հայկական հարցի դեպքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Ինձ համար հատկապես դժվար էր գիտակցել, որ մեր հարկերի միջոցով մեզ կրթող դպրոցներում բացահայտ սուտ են ասում: Ես այն ժամանակ «ցեղասպանություն» բառը չէի օգտագործում: Նույնիսկ իմ հիշատակած Taraf թերթից Ահմեդ Ալթանի հոդվածը անընդունելի համարեցի, քանի որ նա «ցեղասպանություն» բառն էր կիրառել: Սակայն իմ կարդացածները բավական էին, որ 16 տարեկանում իմ խղճի վարագույրը բացվեր:

– Գիտեմ, որ ամեն տարի մասնակցում եք Հրանտ Դինքին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ինչպե՞ս եք եկել այդ որոշմանը, արդյոք չե՞ք վախենում ձեր կյանքի ու ապագայի համար:

– Այո՛, մասնակցում եմ: Այս որոշումը մարդուն վախեցնում է, սակայն, ի վերջո, խիղճը թելադրում է այն, ինչ պետք է անել: Մանավանդ Հրանտ Դինքի օրինակը շատ ցավալի է: Չնայած երկու ժողովուրդների միջև եղած խնդիրների` Դինքը բավական զուսպ արտահայտվող անձնավորություն էր: Ցավալի է, որ Դինքի նման մարդը 3-4 տարվա ընթացքում ցուցադրաբար սպանվեց: Շատ եմ կարևորում Դինքի գործունեությունը «Ակօս»-ում, ինչպես նաև այն փաստը, որ նրա մահից հետո Թուրքիայում խիղճ ունեցող մարդիկ սկսեցին համախմբվել նրա անվան ներքո:

Կարող եմ ասել, որ այսօր Թուրքիայում շատ բան է փոխվել, նախկին ճնշումներն այլևս չկան: Օրինակ` այս տարի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունն անցկացվեց ոստիկանության հսկողության ներքո: Հիշում եմ` 2005 թվականին Բողազիչի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով կոնֆերանսից հետո հետաքննություն սկսվեց: 8 տարվա ընթացքում մեր ապրած առաջընթացն, անշուշտ, կարևոր է, սակայն դա չի նշանակում, որ այսօր մենք ցանկացած վայրում կարող ենք արտասանել «ցեղասպանություն» բառը, քանի որ ազգայնական լուրջ ռեֆլեքսներ կան:

– Արդյոք Ձեր շրջապատում ենթարկվո՞ւմ եք քննադատության Ձեր հայացքների պատճառով:

– Չեմ կարող ասել, թե որևէ մեկն ինձ վրա ճնշում է գործադրում: Իհարկե, մտերիմ զրույցների ժամանակ, երբ «ցեղասպանություն» եմ ասում, հանդիպում եմ արդեն անգիր արած դասական ազգայնական արձագանքի, սակայն նման մարդիկ իսկապես կան, և նրանք մեր երկրում մեծամասնություն են կազմում: Մենք պետք է ընդունենք այս ճշմարտությունը:

– Ի՞նչ եք կարծում` թուրքական հասարակության և հատկապես երիտասարդության ժխտողական դիրքորոշման պատճառը իրազեկության պակա՞սն է, թե՞…

-Այո՛, ժխտողականության հիմնական պատճառը չիմացությունն է կամ, այլ կերպ ասած, նրանց չիրազեկելը: Մեզ պատմել են, որ հայերը դավաճան են: Եթե ուզում են վարկաբեկել մեկին, ասում են` նրա մայրը հայ է: Ցավալի է, որ հասարակության մի մասի համար սա ընդունելի է: Մի հասարակ մարդ, որը տարիներ շարունակ իմացել է, թե հայերը թշնամի են, այժմ հեշտությամբ չի կարող ընկալել այն ճշմարտությունը, որ հայերի պատմությունը խեղաթյուրված է ներկայացվում:

 – Ի՞նչ գործունեություն եք ծավալում Ձեր մտերիմների և ընկերների շրջանում հայերի նկատմամբ ընկալումները փոխելու համար:

– Զրույցների ժամանակ աշխատում եմ այնպես խոսել, որ չդիպչեմ ընկերներիս համար ցավոտ հարցերին, նուրբ լարերին: Ավելի շատ աշխատում եմ կասկած առաջացնել նրանց մեջ: Սակայն ես իմ պարտականությունը չեմ համարում բոլոր մարդկանց ճշմարտությունը պատմելը: Հասարակության վերաբերմունքի փոփոխության մասին կասեմ հետևյալը. սա մի գործընթաց է, և ինձ նման երիտասարդներն այս գործընթացի համար խթան են: Անձամբ ես լսում եմ իմ խղճի ձայնը: Ես աշխատում եմ լինել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ընդունում են, որ իրենց պապերը կեղեքել են հայերին:

 – Վերջին տարիներին ցեղասպանության հարցում թուրք հասարակության մեջ որոշակի դրական առաջընթաց է նկատվում: Ըստ Ձեզ` դա անկե՞ղծ է, իսկապե՞ս մարդիկ հասկանում և ընկալում են պատմական ճշմարտությունը:

– Այո՛, Թուրքիայում հասարակության ընկալման մեջ իրոք աստիճանաբար փոփոխություն է տեղի ունենում: Սրա հիմնական պատճառը վերջին տարիներին խոսքի ազատության հարցում կատարված դրական քայլերն են: Ժամանակին հեռուստատեսությամբ կամ որևէ թերթի սյունակում ցեղասպանության մասին գրելը ռիսկային մի բան էր: Բոլորը գիտեն, թե ինչ խնդիրներ ունեցան Էլիֆ Շաֆաքը իր գրքի, իսկ Օրհան Փամուքն էլ իր խոսքերի համար:

Կարծում եմ, որ տեղի ունեցող փոփոխություններն իսկապես անկեղծ են: Պետությունը գիտի, որ չի կարող փախչել 2015 թվականից: Ուստի Թուրքիան աշխատում է մեղմել միջազգային հանրության զայրույթը իր նկատմամբ: Ընդհանրապես ես անհամբերությամբ եմ սպասում 2015 թվականին. այդ տարի Թուրքիան նշելու է Չանաքքալեի պատերազմում իր հաղթանակի 100-ամյակը, իսկ աշխարհի մնացած մասը սգալու է Հայոց ցեղասպանության մեկդարյա վիշտը:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ ճշմարտությունը իմացած մարդիկ անկեղծ են իրենց վերաբերմունքի մեջ, քանի որ չնայած տարվող քարոզչությանը և պաշտոնական պատմագրության թեզերին, նրանք ինքնուրույն ջանք են գործադրել, որ գտնեն այդ ճշմարտությունը: Այսինքն` այս մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ի՛նչ են անում:

 – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ի՞նչ դեր ունեն հայ և թուրք երիտասարդները: 

– Հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ շատ հեշտությամբ կարող ենք տեղեկություն ստանալ: Ինչքան ուզում են, թող գրաքննություն կիրառեն, միևնույն է, հայկական սփյուռքի պատմությունը, որը գիտի, թե Տիգրիսի ափին իրենց պապերին կոտորել են, իսկ տատերին էլ ձուլել, քրդացրել են, մեր համակարգչի էկրանից այն կողմում է: Սփյուռք ասելիս արդեն մի գազանի չենք պատկերացնում: Համացանցում կարդում ենք, որ այդ մարդիկ Անատոլիայի բնիկներն են եղել, որոնք ստիպված էին փախչել իրենց հայրենիքից: Հայ ասելով` մենք վիրավորական բառ չենք հասկանում, այլ հասկանում ենք այս հողերի հնագույն բնիկ մի ժողովուրդ, որը ավելի քան 2000 տարվա քաղաքակրթության կրող է համարվում:

Մենք` որպես երիտասարդներ, պետք է աշխատենք փոխել, լուսավորել մեզնից մեծերի մեջ ձևավորված ընկալումը: Չնայած մեր երիտասարդ տարիքին` անհրաժեշտ է մեր քաղաքական գործիչներին ցույց տալ, որ մենք այլևս չենք ուզում, որ երկու ժողովուրդների միջև պատնեշներ կառուցվեն: Երկու երկրների համալսարանական շրջանակներում հիմնված ուսանողական միությունների միջնորդությամբ պետք է փոխայցելություններ կազմակերպել, երկխոսություն իրականացնել: Օրինակ` սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելով մեր տներում` «Բարով եք եկել ձեր տուն» նախագիծ կարող ենք իրականացնել: Իրականում շատ բան է հնարավոր անել, սակայն ամենակարևորը մի հասարակ երիտասարդի գիտակցության մեջ ինչ-որ բան փոխելն է: Պատմությունը կերտողները մեզ նման մարդիկ են եղել, ուրեմն մենք էլ կարող ենք:

– Եթե մի օր այցելեք Երևան, լինեք Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ի՞նչ կգրեք ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

– Ցեղասպանությունից ավելի վատ բան էլ կա, այն է` դրա ժխտումը: Ես համեմատաբար ավելի փոքր տարիքում եմ առերեսվել այս ճշմարտության հետ: Երանի՜ իմ մանկության ընկերոջ անունը Հակոբ Մկրտչյան լիներ: Այդ ժամանակ Անահիտ անունով մի հարևան մորաքույր էլ կունենայի, նրա տանը տոլմա կուտեինք: Հայ և քուրդ դասարանցիներիս հետ միասին վեճի կբռնվեինք` որոշելու համար, թե ո՛վ է ավելի լավ քաղցրավենիք պատրաստում, միշտ միասին կծիծաղեինք: Սակայն 1915 թվականը ինձ զրկեց միանգամայն այլ մի մթնոլորտից: Ավելին` ոչնչացված մարդկանց դարձրեց իմ երևակայական թշնամիները: Ես էլ, այս հանցանքը ժխտելով, դառնում եմ դրա հանցակիցը: Ցավում եմ այս մեղքի հանցակիցը դարձած թուրք մտերիմներիս համար:

 

Հարցազրույցը վարեց  Տաթևիկ  ՍԱՐԳՍՅԱՆԸ

Արժեքները եւ այլընտրանքայինները

Շահան Գանտահարյան Այլընտրանքային լրատվադաշտը, կամ ավելի մատչելի ընկալման համար՝ սոցցանցերը, հասանելիության նորանոր տարածքներ են նվաճում, մագլցողականության աննախադեպ եւ նույնիսկ անհաշվարկելի օգտատերերի դաշտ մուտք գործելով կայծակնային արագությամբ եւ ինքնատարածման գերարագ մեքենականություններով:

Կացությունը հասել է այնտեղ, որտեղ լրատու գործակալությունը, մամուլի այս կամ այն տարբերակը իր նյութերի տարածման համար ոչ թե մնում է այլընտրանքային լրատվադաշտի հետ, այլ օգտագործում է այն` իր հրապարակած նյութերի տարածման  համար: Այսօր գրեթե չկա թերթ կամ ընդհանրապես զանգվածային լրատվամիջոց, որ ֆեյսբուքի իր էջերով հատուկ ճիգ չի խնայում իր ընթերցող հասարակության թիվը բարձրացնելու համար: Քանակական ոստումներ կատարելու ինքնամղումից մեկնած թերթերի ընկերային էջերը աշխատում են օրն ի բուն, ժամ առ ժամ, րոպե առ րոպե, մի ժամ առաջ իսկ թողարկված լրատվությունը ժամանակավրեպ չդարձնելու համար: Ներկա ժամանակներում թարմացման կշռույթը վայրկյանական է, իսկ հետ մնալը, կամ թարմացման ժամանակակից կշռույթը չհարգելը պարզապես անմրցունակության ցուցանիշ է:

Արագությունն ու զգայացնցումը այսօրվա լրատվության արժեքային համակարգի առաջին չափանիշերն են դարձել: Մնացյալը թվում է, թե երկրորդական նշանակություն ունի: Հավաստիությունը, առարկայականությունը, լրագրական բարոյագիտությունը, ինքնագրաքննությունը եւ նման այսօրվա ընկալմամբ դասականացած արժեքները այլընտրանքային լրատվադաշտի համար ժամանակը կորցրած «ապրանքանիշեր» են, որոնք շուկայի կողմից պահանջարկ չունեն:

Այս մասին տակավին կարելի է երկար գրել, օրինակներ մեջբերել, դասական եւ այլընտրանքային լրատվադաշտերի մասնագիտական համեմատությունը կատարել: Այս նախաբանը ամփոփ բնութագիրն է այսօրվա պատկերի, պարզապես արագ անցում կատարելու համար դեպի հայկական տեղեկատվական այլընտրաշխարհը:

Տաբուներ քանդող լուր տարածելու ներկա կարելիությունները քանդում են նաեւ այն պատնեշները, որոնք սկզբունքով պիտի սահմանազատեին մարդ անհատը եւ տվյալ հաստատության կամ կազմակերպության լուր տարածելու կարելիությունները: Այսպես. եթե մի թերթ հազարավոր բարեկամ ունի ֆեյսբուքի վրա, շուրջ նույնքան բարեկամ – ուրեմն նաեւ ընթերցող կարող է  ունենալ անհատը այսօր, որ հավասար միջոցն ու հավասար քանակը կարող է  ունենալ պաշտոնական թերթի հետ` իր խոսքը տարածելու, իր կարծիքը ընթեռնելի դարձնելու, այլ խոսքով ինքնադրսեւորվելու: Զգայացունց գրառումը բավարար է, որ հանկարծ արագությամբ աշխատեն «լայքերը, շեյրերը, ռիքոմենտները» եւ գրառումը տարածվի ու տարածվի  անընդհատ` հասնելով ծանոթին ու անծանոթին: Այս մեքենական շրջանառությունները հաճախ զուգորդվում են մեկնաբանություններով, տեղի-անտեղի կարծիքներով, երբեմն նյութում չտեղավորվող, երբեմն անտեղի հաստատումներով: Կարեւորը այն է, որ քանակի աստիճանաչափը հարվածվում է, մարդիկ իրազեկվում են այն ինչի մասին, որ օգտատերը  ուզո՛ւմ է, որ համացանցային հասարակությունը եւ մեր դեպքում ֆեյսբուքահայությունը իմանա: Կշռույթն ու տարողությունը հասել են այնտեղ, որտեղ քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարություն կատարելու փոխարեն հետզհետե ավելի հաճախակի նախընտրում է դիմատետրի կամ դայլայլիի (թվիթերի) իր էջի վրա գրառում կատարել, որին հղում կկատարեն զանգվածային լրատվամիջոցները:

Վիճարկելի չէ այն տեսակետը, որ ժամանակակից միջոցները պետք է օգտագործել առավելագույնս հայկական լրատվությունները տարածելու համար: Սակայն, անտառի օրենքով կառավարվող այս տարածքներում հաճախ հարվածվում են մեր ազգային արժեհամակարգի հենասյուները: Ոչ հեռու անցյալում էր, որ հարվածվեց մեր բանակը, երբ յութուբի վրա ցուցադրվեցին հայ սպայի կողմից հայ զինվորի նկատմամբ ստորացման նկարահանումները: Աշխարհին հասանելի դարձան նմանատիպ պատկերներ, որոնք խորքում հայ կրթահամակարգը խնդրո առարկա էին դարձնում: Պատահական չէին այս հրապարակայնացումները: Կրթական ոլորտում տարածաշրջանային մակարդակի վրա մրցանիշեր ապահովելու կամ Երեւանի` Համաեւրոպական բարձրագույն ուսումնական կենտրոնի վերածման միջոցին կատարվեց հայ դպրոցին վերաբերող գայթակղության բացահայտումը: Հայկական բանակի մարտունականության, ընդ որում դարձյալ տարածաշրջանային առումով անգերազանցելիության մասին գնահատականների միջոցին, հրապարակվեցին հայկական բանակի, հայ սպայի ու հայ զինվորի նկատմամբ առնվազն ոչ բարենպաստ պատկեր ստեղծող պատկերներ:

Իսկ հիմա՞: Հայ առաքելական եկեղեցին դարձել է այլընտրանքային լրատվադաշտի առանցքային նյութի առումով վերջին նորաձեւությունը: Այս մարզում, իհարկե խնդիրներ կան, սրբագրելի կետեր կան, բարեփոխության առաջադրանքներ կան, որոնք պետք է քննարկել եւ առաջնորդել լուծման: Բերենք միայն վերջին օրինակը, առանց որեւէ կողմնորոշման: Պարզ այն հարցումը, թե ինչպե՞ս է պատահում, որ Երուսաղեմի պատրիարքի՝ Ամենայն հայոց վեհափառին հղած նամակը նախքան առաքվելը հայտնվում է նույն այդ այլընտրանքային լրատվամիջոցի զանազան տարածքների վրա եւ վերը նշված միջոցներով, արագությամբ եւ մեկնաբանություններով տարածվում է, մեկնաբանվում։

Հրապարակումները, որոնք պատշաճ ոճով եւ նույնիսկ քննադատական մոտեցումով են խոսում եկեղեցու բարեփոխությունների եւ հավելյալ ժողովրդավարացման անհրաժեշտության մասին, կարելի է շատ հանգիստ եւ բնական ընկալել: Սակայն, անկախ նրանից, որ հայ եկեղեցու պառակտման մասին կատարվող նկատողություններն ու կարծիքները կամ վարկաբեկիչ նյութերի երեւալը կարող են նպաստել աղանդավորական շարժումների ենթահողի ձեւավորմանը, հարցը պետք է դիտարկել նաեւ քաղաքական դիտանկյունից:

Կիլիկիո կաթողիկոսության առած  ուղենշային քայլից հետո` միջազգային օրենսգետների մասնակցությամբ Ցեղասպանության ճանաչումից հատուցում անցում կատարելու գիտաժողովի կազմակերպումով, երկու վեհափառ հայրապետների պահանջատիրական համատեղ հայտարարությունն ու միացյալ կեցվածքը վստահաբար  անհանգստացնում էին շատ շատերին: Ուրեմն պետք էր ջլատել այս համատեղումը: Որովհետեւ թե՛ Էջմիածինը, թե՛ Անթիլիասը, թե՛ Երուսաղեմը եւ թե՛ Պոլիսը իրենց նվիրապետական աթոռների ճանապարհով այսօր նախապատրաստվում են իբրեւ իրավատեր ու պահանջատեր ներկայանալ Անկարային` վերականգնելու համար մեր համազգային պահանջատիրության մեկ կարեւոր բաժինը: Ահա թե ինչու առավել համոզիչ է դառնում, որ պատահական չէ պատրիարքական աթոռից Էջմիածին հղվելիք նամակի արխիվից սպրդումը եւ նախքան հասցեատիրոջը հասնելը երեւալ միեւնույն այլընտրանքային լրատվադաշտի տարածքների վրա:

Հրապարակայնությունը, թափանցիկությունը եւ տեղեկացվածությունը ներկա ժամանակների պահանջած կարգախոսներն են: Այս կարգախոսների շահարկման ճանապարհով ազգային արժեհամակարգի դեմ հարված է տեղի ունեցածը այսօր, որ վաղը կարող է կերպարանափոխվիլ եւ հարվածել միեւնույն համակարգի այլ արժեքները, որոնք հայտնաբար թիրախի են վերածվել: Մանավանդ որ ազգովին հատուցման պահանջատիրական թղթածրարի պատրաստության մեջ ենք բոլորս: Հայկական զանգվածային լրատվամիջոցները այս հանգամանքները նկատի առնելու հարկադրանքի առջեւ են կանգնած: Նաեւ այլընտրանքայինները:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Ռաֆայել Իշխանյան. «Պատկերազարդ պատմություն հայոց»

14305«Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Ներողություն եմ խնդրում, թե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ»:

Բոլոր նրանք, ովքեր 1980-ականներին են դպրոց գնացել, ու հատկապես նրանք, ովքեր բաժանորդագրված էին «Պիոներ» ամսագրին, անկասկած, կհիշեն ամսագրի ամեն համարում տպագրվող «Զրույցներ հայ ժողովրդի պատմությունից» շարքը՝ Ռաֆայել Իշխանյանի հեղինակությամբ: Վստահ եմ, որ շատ շատերն ինձ պես անհամբերությամբ են սպասել «Պիոների» նոր համարին՝ Իշխանյանի՝ արտաքուստ պարզ ու մատչելի, բայց իրականում փաստառատ ու հայոց պատմության գրեթե բոլոր կարևոր իրադարձություններն ընդգրկող, վերլուծող, նոր մոտեցումներ առաջադրող զրույցը կարդալու համար:

Այն ժամանակ հատկապես դպրոցականներիս համար այդ զրույցները դասագրքի կաղապարներից դուրս գալու, մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու գրեթե միակ այլընտրանքն էին, մեր ուսուցիչներին ոչ դասագրքային գիտելիքներով զարմացնելու գրեթե միակ հնարավորությունը: Ու Կորյուն, Ագաթանգեղոս, Խորենացի, Բուզանդ, Եղիշե ու Փարպեցի կարդալուց շատ առաջ Իշխանյանի զրույցների շնորհիվ արդեն գիտեինք, թե մեր պատմության որ դրվագներն են հենց նրանք վկայագրել:

Հիշում եմ, թե ինչպես մի օր ես՝ 4-րդ դասարանցի երեխաս, ապշեցրի մեր շրջկենտրոնում Հայոց պատմություն առարկան մասնավոր պարապող մի տասներորդցու: Ու երբ նա իմացավ, թե որտեղից ինձ այդ գիտելիքները, խնդրեց վերցնել «Պիոների» համարների հավաքածուն: Հետո նա ընդունվեց համալսարան, կարծեմ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ու իմ հավաքածուն անհետ տարավ իր հետ: Հիշում եմ՝ ես հուսահատության մեջ էի, որովհետև Իշխանյանի զրույցներից զատ ինձ համար թանկ ու կարևոր էին նաև նկարները, որոնց շնորհիվ ես դեմքով գիտեի Տրդատ Մեծին ու Գրիգոր Լուսավորիչին, Պապ թագավորին ու Փառանձեմ թագուհուն, Արշակ Երկրորդին ու Վռամշապուհին, գիտեի, թե հատկապես ինչ իրադրության մեջ են ձերբակալում Մուշեղ Մամիկոնյան սպարապետին կամ ինչպիսի շարժումով է Դրաստամատը դանակն իր սիրտը մտցնում…

Ու հանկարծ գրախանութում տեսնում եմ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի առաջին հատորը, որը մասամբ կվերականգնի  կորուստս: Ասում եմ՝ մասամբ, որովհետև իմ սիրած նկարներով զրույցներն այդ հատորում չկային… Այդ ընթացքում Իշխանյանը ամսագրում հրատարակում էր նորանոր զրույցներ, և շարունակեց արդեն անկախությունից հետո, երբ «Պիոները» «Աղբյուր» էր դարձել: Բայց մի հերթական համարում էլ հանկարծ հայտարարեց, որ դադարեցնում է զրույցները, հիշում եմ՝ Գրերի գյուտին նվիրված զրույցի վերջում, ու երևի այդ պատճառով է, որ ես ինքս հայոց պատմությունը մինչև 5-րդ դար շատ ավելի լավ գիտեմ, քան 5-րդ դարից հետո…

Արդեն ուսանող էի, երբ լույս տեսավ «Պատկերազարդ պատմություն հայոց»-ի երկրորդը հատորը՝ առաջինից մոտ 7 տարի հետո, իմ սիրած նկարներով: Ինձ համար մեծ անակնկալ էր այն, որ ամսագրում դադարեցնելով զրույցների հրապարակումը, Իշխանյանն այնուամենայնիվ շարունակել է գրել դրանք ու հասցրել Բագրատունյաց թագավորության անկում: Երկրորդից ևս 7 տարի հետո լույս տեսած երրորդ հատորը, սակայն, նախկինների պես լայն տարածում չունեցավ, վստահ եմ, որ մինչև հիմա էլ քչերը գիտեն դրա մասին: Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ հետաքրքրություններով դպրոցականներ, հայոց պատմության՝ գեղեցիկ նկարներով դասագրքեր կան: Միջնադարյան մեր գրիչների ոգով ու ոճով գրված Իշխանյանի հիշատակարանը երրորդ հատորի վերջում նույնպես ցավագին, նույնիսկ՝ ողբերգական զգացողությունների ծնունդ է. «Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Հայ խոսքի ու ձեր ծառա Ռաֆայել Իշխանյանս ներողություն եմ խնդրում, եթե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ: Մի աղոթքով հիշեք անկատարիս»:

Եվ ահա լույս է տեսել 3 հատորները մեկտեղող «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը,  իմ պատանեկան երազանքներից մեկը, մանավանդ որ նկարները շատ ավելի որակյալ ու գունեղ են…

Թող որ հայոց պատմության բազմաթիվ փաստեր պատմաբաններն այսօր ուրիշ կերպ են մեկնաբանում, թող որ պատմական շատուշատ փաստերի մեկնաբանություններ Իշխանյանի սուբյեկտիվ հայացքների ու պատմության ընթացքի նրա ընկալման դրոշմն են կրում, այս գիրքը, այս հրաշալի «Պատկերազարդ պատմություն հայոցը» այսօր էլ մնում է բացառիկ ու օգտակար բոլորիս համար: Ու առաջվա պես հատկապես դպրոցականների համար մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու հրաշալի այլընտրանք է:

Ֆրանսահայ. «Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է»

ԹամարԹամար Անդրեասյանն իր երեք  երեխաների հետ ամառային հանգիստն անցկացնում է Հայաստանում: Շուտով նրանց կմիանա նաև ամուսինը:

Ֆրանսիայում ապրող Անդրեասյանների ընտանիքը հնարավորության դեպքում նախընտրում է ամառային հանգիստը Հայաստանում անցկացնել: Եթե նախկինում Հայաստան այցելելու որոշումը ամուսիններով էին կայացնում, ապա այժմ երեխաներն են անհամբեր սպասում, թե երբ կգա ամառային արձակուրդը, որ Հայաստան գան:

Թամար Անդրեասյանը ծնվել է Լիբանանում: 15 տարի Բեյրութում ապրելուց հետո, Լիբանանում սկսված պատերազմի պատճառով ընտանիքով Ֆրանսիա են տեղափոխվել: Այստեղ էլ Թամարը ծանոթացել է իր ապագա ամուսնու` Վազգենի հետ:  Ամուսնանալուց հետո` 1993-ին, զույգը Հայաստան է գալիս, ուր ամուսինը 1,5 տարի ծառայություն է անցնում ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատանը:

Այժմ ապրում են Ֆրանսիայի Վիրոֆլե բնակավայրում, ունեն երեք երեխա. ավագը 18, կրտսերը 14 տարեկան է: Տիկին Թամարը տեղի հայկական դպրոցում երեխաներին հայերեն է դասավանդում:

«Անկախը» զրուցել է տիկին Թամարի հետ Հայաստանի մասին նրա տպավորությունների և Ֆրանսիայում հայապահպանության խնդրի մասին:

-Տիկին Թամար, գիտեմ, որ Ձեր տանը միայն հայերեն եք խոսում: Երեխաները չե՞ն ընդդիմանում:

– Երբ որ ֆրանսերեն խոսած են, ասել ենք` հայերեն խոսեցեք: Մեր տանը միշտ բացատրել ենք, թե ինչու կուզենք, որ հայերեն խոսին: Ամեն տարիքին իրենց մակարդակին բացատրել ենք, թե ինչու մեզի համար կարևոր է, որ իրենք հայերեն խոսին: Մեր կեցվածքն  ալ  գուցե իր կարևորությունն ունեցել է: Մենք միշտ խոսել ենք հայերեն, նույնիսկ դուրսը` ֆրանսիացիների դիմաց:  Երբ երեխային դպրոց տարել եմ կամ դպրոցեն առել եմ, ես միշտ իմ երեխայիս հետ ուսուցչուհուն ալ դիմաց հայերեն եմ խոսել, երբեք չեմ ամաչել հայերեն խոսելեն: Կրնա ըլալ, որ երեխաները տեսնելով, որ ես այնքան վստահ և հանգիստ եմ թե՛ իմ ինքնությանս, թե՛ լեզվիս մեջ, իրենք էլ խոսել են:

Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է: Եթե մենք հայերեն չխոսինք, ո՞վ պիտի խոսի: Իսկ եթե չես խոսիր, ուրեմն կզիջես, ուրեմն դուն ալ պատասխանատվություն մը ունիս լեզվին նահանջին մեջ:

Հայերեն խոսելն առավելություն և հպարտություն է դիտվել:

Հայ ըլլալը միայն  լեզուն չէ, բայց առանց լեզվին էլ մշակույթը չեմ գիտեր, թե ինչպես կփոխանցենք: Եթե լեզուն հանենք, շատ բան չի մնա:

– Իսկ հայերեն խոսել պարտադրելուց  բացի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երեխաներին հայ մեծացնելու համար:

– Ֆրանսիայի մեջ դժվար է, որովհետև համայնքի դրվածքը տարբեր է հոն, քան Լիբանան: Ասում են` 400-500 հազար հայ կա Ֆրանսիա, բայց կրնանք ըսել, որ թույլ համայնք է: Այնուամենայնիվ, կարևոր էր մեզի համար, որ երեխաները հայկական միջավայր ալ ունենան:

Երեխաներս 10 տարի  շաբաթօրյա դպրոց  եմ տարել,  որ հայերեն խոսին, սորվին և հայկական շրջանակի մեջ ըլլան: Ադկե ետք, երբ այդ դպրոցը ձգեցինք,  երեխաներին խնդրեցինք, որ ըստ նախասիրության անդամակցեն հայկական միության մը: Երկու մեծերն ընտրեցին սկաուտությունը, իսկ փոքրն ուզեց  հայկական պարի երթալ:

Միշտ շեշտը դրել ենք  տարբերվելու վրա, դա հատուկ քաղաքականություն է մեր ընտանիքում: Օրինակ` եթե Ֆրանսիացիները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, մենք` հունվարի 5-ի գիշերը, չնայած որ հատուկ հավատացյալ չենք: Կաղանդ պապան  31-ին կուգար, երբ երեխաներս փոքր էին: Ֆրանսիայում այդպես չեն անում:

Տոնում ենք  Բարեկենդանը,Վարդավառը,  ամեն տոները, որոնք, եթե Հայաստանում լինեի, կարող էի չտոնել: Բայց ֆրանսիայում ըրել եմ, որ մեր տոները իմանան:

– Ձեր երեխաները չե՞ն ընդդիմանում  իրենց հասակակիցներից տարբերվելուն:

– Ոչ, որովհետև այդ տարբերությունն առավելություն է մեզի համար: Պատահած է, որ երեխաներն ըսեն` մենք ֆրանսացի ենք: Բացատրած ենք, որ ճիշտ է, Ֆրանսա ծնած եք, Ֆրանսիայի քաղաքացի եք, բայց եթե մենք հոս ենք այսօր, պատճառ մը կա, բացատրություն մը, որուն պետք է անդրադառնալ: Մեր մեծ հայրերը, մայրերը Արևմտահայաստանեն ջարդված, տեղահանված են, մեր Ֆրանսիա գտնվիլն անխուսափելիորեն կապված է այդ դեպքին:

Պզտիկ տղաս ինձի միշտ կըսե` դուն լիբանանցի ես: Կըսեմ` չէ, հայ եմ:  Ֆրանսիայի մտքերը ինձ ամենեն մոտիկն են, Ֆրանսիա ինձ լավ կզգամ, բայց ես այնուամենայնիվ  հայ եմ, ոչ ֆրանսիացի: Իմ կարծիքով, երեխաները չեն կրնար հանգիստ ըլլալ իրենց ինքնության մեջ, եթե դուրս ձգենք իրենց հայկական բաժինը, իրենց արմատները:

Պիտի ուրախանամ և կարծեմ, որ հաջողած  եմ կյանքիս մեջ, եթե երեխաներս հայու հետ ընտանիք կազմեն: Այդ պարագային  ձուլումը քիչ մը կհետաձգվի: Որովհետև, եթե օտարության մեջ կապրիս, ուզես թե չուզես, կձուլվիս:  Օտարության  մեջ  ձուլումը ժամանակի հարց է:

-Իսկ ինչո՞վ է դժվար Ֆրանսիայում երեխային հայ պահելը և մեծացնելը:

– Ֆրանսիային մեջ շատ դժվար է հայ մնալը, որովհետև ադիկա այլևս բնական վիճակ  չէ, այլ պայքար: Եթե հատուկ ջանք չթափենք հայ մնալու համար, հետզհետե հետընթաց կունենանք: Երեխաները   24 ժամ  ֆրանսիական միջավայրի մեջ են, ֆրանսիական դպրոց կերթան, ունին իրենց ֆրանսիական շրջապատը և այլն: Հարկավոր է անընդհատ հակակշռել, որպեսզի հայերենը մնա:

Ցավոք սրտի,  միջոցառումները քիչ են, ամեն ինչով պակաս է հայերենը: Նույնիսկ ամենօրյա դպրոցը  չի կարող ապահովել հայերենի լավ մակարդակ  Ֆրանսիային մեջ: Խնդիրն անիկա է, որ հայկական դպրոցներում  հայերենն այլևս միայն  նյութ մըն է, օրը մեկ կամ մեկուկես ժամ, ինչպես անգլերենը պիտի դասավանդվեր ուրիշ տեղ: Պետք է նաև ընդունինք,  որ նույնիսկ հայկական դպրոցներում երեխաները  հայերեն չեն խոսում, հայկական որևէ մեկ ամենօրյա դպրոցում ֆրանսերենն է, որ կլսեք:  Եթե բակ իջնեք, ֆրանսերեն կլսեք:

– Ո՞րն է պատճառը, որ անգամ հայկական դպրոցում ֆրանսերեն են խոսում:

– Եթե ատիկա գտնենք, եթե գտնենք ադոր պատասխանը, արդեն հարցին լուծումը  կունենանք: Շատ մտածեր եմ աս հարցին շուրջ, և մեկ պատասխան չկա, պատճառները շատ են:

Պետք է խոստովանիմ, որ անզոր կզգամ, չեմ գիտեր` ինչպես դիմադրել: Ձեզի օրինակ մը կրնամ տալ: Մանկապարտեզի դասարանս ես միայն հայերեն կխոսիմ:  Աշակերտներուն մեջ կան հայախոս երեխաներ, կան նաև ոչ հայախոս երեխաներ: Ստիպված եմ անդրադառնալ, որ երբ երեխաները իրար մեջ կխաղան, հայախոսները կսկսին ֆրանսերեն խոսիլ  և ոչ  հակառակը: Չեմ գիտեր` ինչ պետք է ընենք, որ պզտիկները իրարու  հետ հայերեն խոսին: Եթե որևէ մեկը լուծումը ունի, շատ մեծ ուրախությամբ կհետևեմ:

-Իսկ  ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հայ:

– Իրականության մեջ այս հարցին մասին երբեք  չեմ մտածած Լիբանան, հոն հայ էի, ու վերջ: Հարցն ավելի դրվեցավ Ֆրանսա, ուր հայ մնալու հարցը առաջացավ:  Հետևաբար, եթե կխոսինք  հայ մնալու մասին, ուրեմն պետք է նախ ըլլանք հայ…

Ուրեմն ինձի համար հայ ըլլալը լեզուս` հայերենը խոսիլն է, մշակույթս պահել` ինձի փոխանցված ընտանեկան արժեքները, վարքը,  մեր պատմությունը  գիտնալ և ադ ամենը կարենալ փոխանցել:

Ջարդը  հայ ըլլալը զրկեց բնական վիճակեն, հայ ըլլալը դարձուց պայքար, ամենօրյա գիտակցություն: Մեր քովը, եթե այդ հարցը չդնենք, թե ինչ է հայ ըլլալը և ինչու կխոսինք այդ լեզուն, կդառնանք ֆրանսիացի: Եվ վերջ:

– Երբևէ մտածե՞լ եք Հայաստանում հաստատվելու մասին:

– Մտածել ենք և երթալեն ավելի կմտածենք: Մեզի համար ըսած ենք` եթե Ֆրանսիայեն տեղ մը պիտի տեղափոխվինք, ապա միայն Հայաստան: Միտքը կա: Վերջը պետք է գտնենք, թե ինչ պիտի ընենք հոս: Մանեն (ավագ դուստրը-Հ.Բ.) այս տարի պիտի սկսի բժշկություն ուսանել: Երեխաների մեջ այդ միտքը կա, որ բան մը ընենք, որ եթե երթանք Հայաստան, բանի մը ծառայե մեր ուսումը:

– Առաջին անգամ Հայաստան եք եկել 1993-ին` ծանր ժամանակաշրջանում: Երբևէ զղջացե՞լ եք դրա համար և ի՞նչ հուշեր  ունեք այն տարիներից:

– 93-ին, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը բացվեց, ամուսինս դիմեց դեսպանատանը աշխատելու համար:  Ֆրանսիայում, եթե որոշակի կրթություն ունես, կարող ես բոլորի պես ծառայել բանակում  կամ որոշ կազմակերպություններում աշխատել:

Ու 1993-ին փոխադրվեցանք Հայաստան: Այդ դժվար պայմաններուն  մեջ հոս էինք, և պետք է ասել, որ շատ կարևոր շրջան էր, մանավանդ ինձի համար: Հոն էր, որ ծանոթացա Հայաստանի, երկրի հետ, մինչև այդ Հայաստանը վերացական գաղափար մըն էր: Չմնացի օտարների շրջանակին մեջ միայն, կարողացա խառնվիլ, ծանոթանալ, կրցա հայաստանցիներու հետ շաղվիլ:

Սկիզբը ծանր էր, նոր ամուսնացած էինք, Լիբանանի պատերազմեն փախեր  էինք, այստեղի  պայմանները  Լիբանանեն շատ ավելի ծանր էին, ցուրտ էր, լույս չկար, ջուր չկար, վառելանյութ գտնելու դժվարությունները կային, բայց երբևէ չեմ զղջացել: Եթե պայմանները ծանր էին, մարդկային հարաբերությունները շատ ավելի ջերմ էին, հույսերու պահ էր:

– Իսկ այն ժամանակվա և ներկայիս Հայաստանը ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

– Այն ատեն պայմանները շատ դժվար էին, հիմա էլ պայմանները շատ դժվար են, բայց տարբեր դժվարություններ են: Եթե այն ատեն հոսանք չկար, ջուր չկար, մարդիկ այդ բաներու հետևեն էին, հիմա հոսանքը կա, ջուրը կա, բայց ուրիշ շատ մեծ դժվարություններու մեջ են մարդիկ, դժգոհ մարդիկ շատ կան, աղքատությունը շատ է:

Առանց մեծ քաղաքական վերլուծումների մեջ մտնելու` ինձ կթվի,  որ  եթե  Երևանում  կյանքի  պայմանները հիմա ավելի լավ են, քան 93-ին (գյուղերում վիճակն  ավելի ծանր է),  ապա մարդիկ հիմա կորսնցուցեր են իրենց հույսը  ապագային մեջ:

Մտորումներ ստեղծվելիք կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի շուրջ

sarhat_4Մինչ մեր քաղաքացիներն արդարացի կերպով ընդվզում են Երևան քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ ճարտարապետական հանրույթի շրջանակում սկսել են ընթանալ քննարկումներ առհասարակ գլխավոր ճարտարապետի պաշտոնի նպատակահարմարության ու դրան վերագրվող լիազորությունների շուրջ, հանրապետության նախագահի հուլիսի 22-ի հրամանագրով ստեղծվեց Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե: Մեկամսյա ժամկետում ընդունվելու են դրանից բխող համապատասխան որոշումներ: Սա մտորելու տեղիք է տալիս, մանավանդ որ այդ կոմիտեն գործելու է քաղաքաշինության նախարարությանը զուգահեռ, նույն կառավարության կազմում:

Դեռ մի տարի առաջ` 2012 թ. մայիսի 14-ին, «Անկախ» շաբաթաթերթում «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում մի շարք առաջարկություններ էի արել նոր ստեղծվող կառավարությանը, ի թիվս որոնց առաջարկում էի ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր կայուն զարգացման (կամ քաղաքաշինական գործունեության) պետական կոմիտե` նպատակ ունենալով համակարգել մեր երկրի տարածքում մարդածին միջավայրում տեղի ունեցող գործընթացների կառավարումը։ Ենթադրաբար նախագահի հրամանագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում այս առաջարկության վերաբերյալ տեղի է ունեցել տարընթերցում, կամ էլ հոդվածը չի ընթերցվել ամբողջությամբ, որի հատկապես վերջին պարբերությունում խոսք  կա այս գործընթացում բացառապես նոր կադրերի ներգրավման անհրաժեշտության  մասին (տե՛ս https://archive2.ankakh.com/wp-content/uploads/2012/05/206745)։

Չնայած այն հանգամանքին, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ, հաշվի առնելով մեր օրերում քաղաքաշինական քաղաքականության իրացման առկա ավանդույթները, այն է` հիմնականում փակ ու նեղ թիմային շրջանակների շահերի վերադասում հասարակականից, ստորև ներկայացնում եմ մի շարք նկատառումներ, որոնք ակնառու են դեռևս այս փուլում։

Նախևառաջ անվանման վերաբերյալ, որը չի կարելի է համարել երկրորդական։ «Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե» հասկացությունը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև չի տեղավորվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության տրամաբանության շրջանակներում։ Անկախությանը հաջորդած տարիներին մշակված օրենսդրությունը ճարտարապետությունը չի դիտում որպես առարկա, այն հիմնականում միտված է քաղաքաշինական գործունեությունը կարգավորելուն։ Ի  պատիվ մի շարք ներկա և նախկին պետական ծառայողների (որոնք ներկայացնում են քաղաքաշինության ոլորտը) նշենք, որ քաղաքաշինությանը վերաբերող օրենսդրական դաշտը համեմատաբար բարձր որակով ու արհեստավարժությամբ է մշակված, չնայած կան բազմաթիվ վերապահումներ։ Քաղաքաշինական գործունեությունը ներառում է մարդածին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին առնչվող բոլոր ոլորտները, որոնք միգուցե իրականացվում են ճարտարապետների կողմից, սակայն այն շատ ավելի լայն հասկացություն է։ Քաղաքաշինությունն այդ բոլոր խնդիրների համալիր մոտեցման գիտություն է, իսկ ճարտարապետությունը դրա բաղկացուցիչներից մեկն է միայն։ Սա դասագրքային ճշմարտություն է։

Ճարտարապետության կոմիտեի գաղափարը լավագույնս ներգծվում է վերջին տարիներին տարվող հատվածային, ասել է թե` կետային, նեղ, քաղաքաշինական քաղաքականության ենթատեքստում, որը հատկապես ցայտուն է դառնում քաղաքաշինական զարգացում արձանագրող տարածքներում (Երևանի կենտրոնում, միջպետական ճանապարհների երկայնքով և այլն)։ Այս մոտեցման շրջանակում գրեթե բոլոր նախաձեռնությունները չեն դիմանում որևէ մասնագիտական քննադատության ու որակազրկում են Հայաստանի բնական ու մարդածին լանդշաֆտն ու մշակութային նյութական ու ոչ նյութական դարավոր ժառանգությունը։

Վստահաբար ինչ-որ մեկը, ի պատասխան այս նկատառման, նորից կմեջբերի Ալեքսանդր Թամանյանին, որը 1920-ականներին զբաղեցրել է նման պաշտոններ, սակայն, մեղմ ասած, անընդունելի ու ծիծաղելի են նման համեմատությունները, քանի որ խոսքը մոտ մեկդարյա վաղեմության կառավարման մոտեցման մասին է։ Նման փորձ արվեց, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց Հայաստանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որը սպառվեց շատ կարճ ժամանակահատվածում ու ոչ միայն չնպաստեց ոլորտում առկա խնդիրների լուծմանը, այլև խորացրեց դրանք։

Մեկ այլ խումբ էլ վկայակոչելու է խորհրդային տարիներին նման կառույցի առկայության փաստը, ինչը կարող է ոմանց համար համոզիչ թվալ։ Այդ կառույցի վերջին անվանումը եղել է «Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն», իսկ նախկինում՝ Պետշին։ Եթե հաշվի առնենք առկա քաղաքաշինական համակարգում հնացած՝ խորհրդային կառավարման ոգին ու ճարտապետական հանրույթի մեծամասնության շրջանակում տիրող ոչ բավարար գիտելիքներն արդի քաղաքաշինական գործընթացների վերաբերյալ, ապա հասկանալի կդառնան նման մոտեցման խորքային պատճառները։

Աներկբա է, որ խնդիրը միայն անվանումը չէ, այլ այդ նորաստեղծ կառույցին վերապահվող դերը։ Մեր օրերում քաղաքաշինական գործունեության ոլորտում հատկապես կարևոր է տարբերակել մի շատ կարևոր դրույթ, որը շուկայական տնտեսության պայմաններում էական փոփոխություն է կրել։ Եթե խորհրդային տարիներին պետությունը նման կառույցների միջոցով էր իրականացնում ամբողջ շինարարական գործունեությունը, ապա մեր օրերում դա արդեն պետք է վերապահված լինի մասնավոր սեկտորին, իսկ պետությունը պետք է հանդես գա որպես խոշոր, բայց մասնավորին հավասար կառուցապատողի դերում։ Վերջին տարիներին շինարարության նախարարության վերածված քաղաքաշինության նախարարությունն ինքնին իրականացնում էր այդ գործունեությունը, որն իր մասով կատարում է շինարարական ոլորտում պետական գնումների իրականացման գործառույթը։ Եթե նման մարմնի ստեղծմամբ ոլորտին վերաբերող ավելի լայն լիազորություններ են նախատեսվում, ապա պետք է լինել շատ զգուշավոր, քանի որ վերջին տարիներին բազմաթիվ մասնագետներ, այդ թվում և տողերիս հեղինակը, բարձրաձայնել են ոլորտում ընթացող մենաշնորհայնացման ու պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի մասին։

Հաշվի առնելով նաև արդեն կուլիսներում ընթացող խոսակցություններն այդ կոմիտեի նախագահի հավանական թեկնածուի վերաբերյալ, դժվար չէ ենթադրել, որ ոլորտում առկա մեծագույն մարտահրավերներ համարվող կոռուպցիան ու կլանային համակարգն արդեն տարածվում են ողջ հանրապետության տարածքում։ Ավելին, սրանով իմաստազուրկ է դառնում առհասարակ քաղաքաշինության նախարարության առկայությունը։

Հատկապես հաշվի առնելով վերջին նկատառումը, ինչպես նաև նախորդ «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում բարձրացված հարցերը` պետք է կարևորել ոլորտում նոր, երիտասարդ և ունակ կադրերի մուտքը։ Այս օրերին ոլորտի կառավարման աշխատանքներում ներգրավված հիմնական անձինք, որոնք մասնակից են եղել վերջին երկու տասնամյակներում տարվող քաղաքաշինական վիճահարույց գործընթացներին, կարող են վարկաբեկել և արժեզրկել ոլորտում իրականացվող գոնե արտաքուստ բարեփոխման տպավորություն թողնող գործընթացները, ինչպես եղավ Երևանի փոքր կենտրոնում առկա ծանր իրավիճակի փրկությանը միտված սառեցման գործընթացի պարագայում, որն առաջարկվեց քաղաքացիական հանրության կողմից: Այն ձևախեղվեց և որևէ լուրջ ազդեցություն չունեցավ` վերածվելով նախընտրական սին խոստման։

Չնայած վերոնշյալ մարտահրավերներին` նման քայլը վկայում է, որ պետական կառավարման համակարգի բարձրագույն մակարդակում քաղաքաշինական ծանր իրադրության փաստի ըմբռնում գոյություն ունի։ Մնում է սպասել, որ կլինի նաև իրավիճակի շտկման քաղաքական կամք: Այդ դեպքում միայն կարելի է քաղաքաշինական անարխիայի մոտալուտ վերացման հույսեր փայփայել։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ճարտարպետ, քաղաքաշինարար

«Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ի հիմնադիր

Լսում ենք Հախվերդյան, խմում գարեջուր, հիշում Երևանը…

մանվելՍա Երևանն է,այստեղ դու տանն ես ,ուր կամ սիրում են կամ հայհոյում են…

Երևանը վաղուց հախվերդյանական զգացողություններ արթնացնող քաղաքը չէ: Այն ավելի շատ լարվածություն,պայքարելու մոտիվացիա ու պահպանելու բնազդ է առաջացնում:

Հին Երևանի մասին պատմություններն ու նկարագրություններն ուտոպիական են թվում: Ոչ մի տեղ չես գտնում դա: Ոչ մի տեղ չես կարողանում լսած ու կարդացած զգացողություններն ապրել: Այնքան չկա, որ սկսում ես կասկածել լսածիդ ու կարդացածիդ: Արտաքին տեսքի հետ փոխվել,ավելի շուտ կորել է նաև կոլորիտը: Սկսած բազմաբնակարան դատարկ շենքերից մինչև  ժամանակ առ ժամանակ, քաղաքով մեկ սփռվող, բադակտուց, տձև,Երևանի հետ ոչ մի աղերս չունեցող կենդանիներ:

Մեզ սեղմում են նոր ժամանակները,ինչպես երկաթե պնդօղակներ: Մինչև վերջ սեղմեք ՁԵՐ գոտիները,պետք է դիմանալ,դիմադրել…

Դժգոհության,ընդվզման ու բողոքի առիթ հիմնականում դառնում են քաղաքային իշխանությունների անհեռատես ու հիմնական բաներ անտեսող որոշումներն ու նախագծերը: Դա ապացուցում է ժամանակը:

Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակն է: Այգին ոչնչացումից փրկեց նախագահի գեղագիտական ճաշակը՝ «Տարոն ջան, սիրուն չի» թևավոր դարձած ու արդյունավետ արտահայտությամբ:
Դա ամենացցուն օրինակն է:Կա նաև  փոքր,բայց ոչ պակաս կարևորության խնդիրների շարք: Ձմեռը ձյունը ոչ մի կերպ չի մաքրվում,մյուս եղանակներին էլ հորդառատ անձրևը մինի-ջրհեղեղ է առաջացնում: Ամեն ձմեռ քաղաքապետարանը տարածում է ճոխ հաղորդագրություն,թե «քաղաքում աշխատում է մեծ քանակությամբ տեխնիկա,նայում ես գետնին միայն ասֆալտ է » ոգով:Բայց դե հո մենք էլ հեքիաթի մեջի արջերից չենք,որ ամբողջ ձմեռ քնենք ու հավատանք հայտարարությանը: Դուրս ենք գալիս,տեսնում հակառակ պատկերն ու սայթաքում…

Ջրահեռացման համակարգն էլ,կարծում եմ, անլուծելի խնդիրների շարքից չէ:Պարզապես անտաբերության մատնված հարցերից է:

Բարքերի անկում,անկման բարքեր և  անկման եզրին կանգնած կրքեր…

Կամ մեծերի արձանները:Չգիտեմ իրագործումը որքանով արդարացրեց գաղափարը: Սոցցանցերի շաբլոնային ու տարբեր դիրքերով նկարներ դառնալուց բացի չեմ կարծում որ դրանք որևէ այլ բանի ծառայեցին և օգուտ տվեցին: Դրանով ավելի արժևորվեցին, թե արժեզրկվեցին մեծերը՝ բարդ հարց չէ: Տեղադրման սկզբնական շրջանում էլ արձանները հաճախ էին կոտրվում ու վնասվում:Մարդիկ չեն բարբարոս,արձաններն են անորակ:Ժողովրդի ասած՝ թքով կպցրած:

Ես հիշում եմ քաղաքն իմ,երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման…

Քրջի բազարի վաճառականններին տեղահանեցին,բայց այդպես էլ չտեղավորեցին: Ինչպես հնոտի վաճառողներն էին բնորոշում՝ մնացին օդից կախված: 100 դրամով տաբատ վաճառող, օրական հազար դրամի շահույթ ստացող որոշ վաճառականների էլ տարածք հատկացրեցին վերնիսաժում: Դրանով էլ,սակայն, հարցը չլուծվեց:Վերնիսաժի որոշ քաղքենի հնաբնակներ բողոքում էին, որ նրանք անմակարդակ են,արվեստագետին էլ հարիր չէ նման մարդկանց հետ շփվել: Վաճառականներն էլ գոհ չէին իրավիճակից. առևտուր չի լինում այդտեղ: Հակասության մեջ գտնվող երկու կողմերն էլ մեղադրում էին քաղաքային իշխանություններին՝ իրենց մարդատեղ չդնելու ու չբանակցելու իրենց հետ և արդյունքում ամեն ինչ վատ կազմակերպելու մեջ:

Ու փչում է քամին ունայնության…

Եվ վերջապես ուղեվարձի մասով: Ուղեվարձի թանկացման միտումը, որքան հիշում եմ, վաղուց կար:Ուղղակի համապատասխան առիթ չկար:Գազի գնի բարձրացումն էլ հենց դաձավ այդ ցանկալի ու սպասված առիթը:

Ամեն դեպքում դա չի հիմնավում ուղեվարձի բարձրացումը: Գազի գինը 50 տոկոսվ չի բարձրացել:

Անհեթեթության շարքից:Գազով չաշխատող ավտոբուսների գներն ինչու են բարձրանում: Պատկան մարմինները դա նույնպես բացատրում են գազի գնի բարձացումով,սակայն այս անգամ այլ կտրվածքով:Թե վարորդների ապրելակերպի վրա ազդում է գազի սակագնի փոփոխումը: Այդ նույն տրամաբանությամբ համաչափորեն պետք է բարձրանար նաև բոլոր ոլորտների աշխատավարձերը: Դա,սակայն, ընդամենը փափուկ բարձ է:Պարզ է,որ այդ ավել գումարը վարորդը ոչ թե տուն է տանելու,այլ դնելու է գծատիրոջ գրպանը:
Ընդհանրապես տրանսպորտի գնի թանկացման մասով մի նորմալ հիմնավոր հայտարարություն չեմ լսել:Թերևս միակ խորիմաստը, որ ամեն ինչ արվելու է ի օգուտ ժողովրդի:

Թանկացումից հետո վարորդները չեն սկսի ավելի քիչ ծխել ու չեն դադարի մունաթ գալ: Ուղևորներն էլ չեն դադարի կքանստած,գլուխը դիմացինի,լավագույն դեպքում, թևի տակ մտցնել կամ որ այս համատեքստում առավել բարվոքն է՝ կանգնած երթևեկել: Մի խոսքով,ոչինչ չի փոխվի: Ոչ մի դրական միտում:

Եվ մի նկատառում:Զարմանում եմ`  ինչու ոչ ոք չի առաջարկում հանրային տրանսպորտն ամբողջությամբ պետականացնել: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում այդպես է:Պետք է, ի վերջո, վերացնել գծատիրոջ ինստիտուտը: Ոնց կարելի է մի ամբողջ հանրային ծառայություն թողնել կասկածելի արժեհամակարգով ու աշխարհընկալմամբ մարդկանց հայեցողությանը:

Մի խոսքով,լսում ենք Հախվերդյան,խմում գարեջուր, փնտրում իսկական Երևանն ու փորձում պահպանել ունեցածը…ավելի շուտ՝ մնացածը:

Ես քեզ սիրում եմ,էս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան:Արժե հասնել աշխարհի ծայրը, որ էս բառերը հասկանամ….

 

Մանվել Քեշիշյան

Ընդերքի ջուրը վատնում ենք ավելի արագ, քան այն հասցնում է վերականգնվել

յուրի ջավադյանԱնցյալ շաբաթ, կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացվեց Արարատյան արտեզյան ավազանում տիրող վիճակը, ներկայացվեցին լրջագույն խնդիրներ, և վարչապետն այդ խնդիրները լուծելու համար որոշ հանձնարարականներ հնչեցրեց, մասնավորապես` որոշ արտեզյան հորեր կոնսերվացնելու վերաբերյալ: Ընդերքային ջրերի աղետալի վիճակի ուսումնասիրության և վեր հանված խնդիրների լուծման առաջարկության հեղինակներից մեկն էլ Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն է:  Նա «Անկախին» ներկայացրեց, թե որոնք են այս ոլորտի խնդիրներն ու անելիքները:

– Պարո՛ն Ջավադյան, ընդերքային ջրերի ի՞նչ պաշարներ ունենք Արարատյան արտեզյան ավազանում, և  ի՞նչ խնդիրներ են այնտեղ առաջացել: 

– Այդ պաշարները վերջին անգամ որոշվել են 1984 թ.: Այդ տվյալներով` Արարատյան արտեզյան ավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար, լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից` տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Սա է այն հիմնական գիծը, որից ավելի ջուր օգտագործելու թույլտվություն տալու իրավունք  որևիցե մեկը չունի, և որից ավելի օգտագործումը խափանում է ավազանի վերականգնումը:

Այդ ավազանի գրունտային շերտն այն 80 մետրն է, որը հորատելով ջրերից օգտվում են խորքային հորերը: Դրանք էլ երկու տեսակի են` պոմպերով ու շատրվանող խորքային հորեր: Խնդիրները հիմնականում շատրվանող հորերն են առաջացնում: Եթե դրանց շատ ջուր օգտագործելու թույլտվություն տրվի, ապա խորքային ջրերի ճնշումներն անընդհատ կընկնեն: Այդ խորքային հորերից ջուր օգտագործելու համար պետք է այնքան ջրօգտագործման թույլտվություն տրվի, որ ավազանը վերականգնման հնարավորություն ունենա: Մենք վերականգնման հնարավորությունը վերացրել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55% հանվում է  անօրինական: Այսինքն` ստացվում է, որ մենք 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար տարեկան 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում: Այսինքն` շատ հետաքրքիր ու տխուր տվյալներ ի հայտ եկան, որոնք կործանման կհանգեցնեն Արարատյան դաշտը, եթե այսպես շարունակվի ու արագ միջոցներ չձեռնարկվեն:

– Խնդրում ենք ավելի մանրամասն նշել, թե ինչ սպառնալիքներ կան:

 -Մեծամոր ` նախկին Սևջուր կոչվող գետի հունում, որը սկսվում է Այղր լճից, 303 խորքային շատրվանող հորերից 122-ն իսպառ չորացել են: Նաև Ակնալճի ջրատվությունն է 70-75%-ով անկում ապրել: Այժմ ռիսկեր են առաջացել արդեն Ակնալճից սնվող ոռոգելի տարածքների համար, քանի որ պոմպակայաններ կային, որոնք լճից ջուր էին հանում, ու ահագին հողատարածքներ ոռոգվում էին այդ ջրերով: Քանի որ այդտեղի բոլոր լճերն ու աղբյուրներն արտեզյան ճնշումային զոնայի հետ ընդհանուր կապի մեջ են, խիստ տուժում են նաև նրանք, ինչպես նաև այն 80 մ հաստությամբ շերտը, որը տակից է սնվում: Մեր հետազոտությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանային և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ` դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այժմ մեր արտեզյան զոնան կրճատվել է: Կրճատումն ընդգրկում է արտեզյան ավազանի սահմանի ամբողջ երկարությամբ 5 կմ լայնությամբ տարածք: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80 մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում, քանի որ կոլեկտորում արդեն ջուր չկա, չոր է, արդեն հողի ստրուկտուրան է փոխվում: Հողը սկսում է  անապատային ստրուկտուրա ձեռք բերել:

Դրանից բացի, այդ շրջանում ձկնային տնտեսությունների մոտ 85%-ի հատակները բետոնապատված չեն: Փաստորեն, ձկնային տնտեսությունների զոնայի հողերում ջրի շերտը սկսվում է 1 մետրից` ձկնաբուծարանի ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Արարատյան դաշտավայրում ժամանակին կառուցել ենք կոլեկտոր, դրենաժային համակարգ, անընդհատ մաքրում ու շահագործում էինք հողերը, որպեսզի ջրի մակարդակը պահենք 2-3 մետրի վրա: Այդ 10 հազար հեկտարը, որ մոտիկ են այդ 85% բետոնապատված հատակներով ձկնաբուծարաններին, ջրի շերտի մակարդակը հասել է 0.5 մետրի, իսկ 12 հազար հեկտարի վրա` մինչև 1 մետրի: Այսինքն` մենք մի կողմից անապատ ենք ստանում, մյուս կողմից` ճահճացում ու կրկնակի աղակալման վտանգ:

Արարատյան դաշտը մեր ոսկե ֆոնդն է, քանի որ ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի  մոտ 75%-ը ստացվում է Արարատյան դաշտի 83 հազար հեկտար հողատարածքներից: Այսպիսով, մենք կարող ենք նաև աստիճանաբար զրկվել դրանից: Իսկ դրա  հետևանքով և՛ չքավորությունն է ավելանալու, և՛ տնտեսությունն է տուժելու:

Իսկ եթե խմելու ջրի պաշարներն էլ արդեն սկսեն տատանվել ու նվազել, այդ դեպքում բացի ոռոգումից, արդեն խմելու ջրի հիմնախնդիր էլ է առաջանալու, որովհետև Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղեր այդ նույն շատրվանող հորերից են հիմնականում օգտվում խմելու ջուր ստանալու համար:

– Այս ամենի մեղավորն ո՞վ է:

 – Յուրաքանչյուր պետության լիազոր մարմին, ջրի ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակություն` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարն ու ջրի ռազմավարական պաշարը: Այս երեք պաշարները, եթե ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, այսպիսի վիճակ չէր ստեղծվի, կտեսնեին, որ մեր ռազմավարական պաշարներն այսքան են, բայց մենք սկսում ենք այդ պաշարներից ավելի շատ օգտվել, և այդ պաշարը ոչնչանում է: Այդ մոնիթորինգի արդյունքներն ամեն տարի պետք է լիազոր մարմինն ուղարկեր կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է, բայց չի արվել:

– Այժմ ի՞նչ պետք է արվի իրավիճակից ելք գտնելու համար: 

– Սա Արարատյան հարթավայրի ճնշումային զոնան է: Սև գիծն այսօրվա վիճակն է: Այսինքն` այս ամբողջ` 5 կմ լայնությամբ միջին գիծը պակասել է: Այստեղ են չորացած կոլեկտորները, այստեղ են այն չորացած հորերը, որ խմելու ջուր են տալիս, այստեղ են այն չորացած հողերը, որոնց ոռոգման ջուր են տալիս: Այստեղ է անապատացում դիտարկվում: Սա է խնդիրը, որ շտապ լուծում է պահանջում:

– Ո՞րն է, ըստ Ձեզ,  այս հարցի լուծումը: 

– Ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու  գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի. հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը, որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլատրված քանակությամբ ջուր: Այս համակարգում մարդկային գործոնը նվազագույն է, բայց այն մեծ ծախսերի հետ է կապված: Ուստի այժմ առաջարկել ենք, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես կնվազի: Առաջին հերթին պետք է այնպես արվի, որ ջրի հանույթը զգալիորեն պակասի. 3-4 անգամ պետք է պակասի, որպեսզի մենք հույս ունենանք, որ վերարտադրություն կլինի: Այդ դեպքում, ճնշումները կբարձրանան, սնուցումը կլավանա:

Այդ հորերի կոնսերվացումը և այլ ձեռնարկումները միջոցառումներ են, որոնք որոշ օգնություն կլինեն, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70%-ով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այն դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա  ընթացքում պաշարները կարող են վերականգնվել:

– Ձեր առաջարկած ծրագիրը, հատկապես ձկնաբուծարանների մասով,  որոշակի ֆինանսական պահանջներ ունի: Այդ ֆինանսները ո՞րտեղից պետք է հայթայթվեն:

 – Օրինակ` Հյուսիսային Եվրոպայի երկրներում, որոնք հիմնականում արտադրում են նշված փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծության համար անհրաժեշտ  սարքավորումները, այս ոլորտում քաղաքականությունն այնպիսին է, որ  առանց կառավարության երաշխավորության, միայն ձկնային տնտեսության ֆինանսական հոսքերի, ներկայացրած ծրագրերի վրա հենվելով, տալիս են մինչեւ 5-7% տոկոսադրույքով վարկեր` այդպիսի տեխնոլոգիաներ ներդնելու համար: Դրանք ամենաէժան վարկերն են: Դա ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղություններից մեկն է: Մենք կառավարությանն առաջարկել ենք, հիմա էլ ընթացքի մեջ է այդ առաջարկը, և հնարավոր է, որ կառավարությունն այդ տնտեսվարողներին շրջանառու փոխհատուցող միջոցներ տրամադրի:

– Եթե բազմաթիվ ձկնային տնտեսություններից հրաժարվելու հարց առաջանա, դա կլինի՞ այն արդարացված գինը, որը մենք պետք է վճարենք ստորգետնյա ջրերի ռեսուրսները վերականգնելու համար, արժե՞ զոհաբերել ձկնաբուծությունը, որպեսզի Արարատյան արտեզային ավազանի հարցը լուծվի:

 – Զոհաբերելու մասին առայժմ չենք մտածում, մենք մտածում ենք այնպես անել, որ ո՛չ ձկնային տնտեսությունը տուժի, ո՛չ էլ մեր ռեսուրսները տուժեն: Իհարկե, առաջնայինը ռեսուրսներն են, այլ տեղում էլ կարող ենք ձուկ աճեցնել: Եթե հարկ լինի, ապա արժե այդ գինը վճարել` փակել բոլոր ձկնաբուծարանները և Արարատյան դաշտավայրը չկորցնել: Այս հարցը մեզ համար խոշոր` ռազմավարական նշանակություն ունի:

Կյանքը՝ «Զվարթնոցից» արտերկիր տանող ճանապարհին

Dulyan1Մեր ընթերցողներին ենք ներկայացնոմ Արմեն Դուլյանի  “Առավոտում” տպված հոդվածը:

Դուք, որ արդեն ձեր տունը վաճառել, իրերը կապել ու եկել եք օդակայան, գոնե գիտե՞ք, որ կես ճանապարհին եք մնալու… Չէ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կկատարի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներից մեկում, բայց դուք միշտ կմնաք Հայաստանի ու արտերկրի արանքում՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ: Միայն առաջին ամիսն է լինելու մանկության ու ջահելության երազանքների իրականացում. բոհեմական սուրճ Սենայի ձախ ափին՝ Մոնպարնասում, կամ սառույցով վիսկի Քի Ուեսթի հեմինգուեյյան բարում… Իսկ հետո կզգաք, թե ինչպես է հայրենիքը ճանկերով բռնել ձեզ ու բաց չի թողնում, ինչպես Պրահան էր բռնել այդ քաղաքից հեռանալ փորձող Ֆրանց Կաֆկային: Ավելի շուտ, ոչ թե հայրենիքն է ձեզ աքցանով քաշելու, այլ հայրենիքում մնացած ձեր կյանքը: Իսկ մի կես տարի հետո, երբ արդեն կհարմարվեք ու կհասկանաք, որ Մյունխենում երեկոյան ժամը 7-ից հետո չի կարելի աղբը դատարկել բակում դրված աղբամանի մեջ, կամ որ Պրահայում «պուլ կիլա կլոբասի» նշանակում է պարզապես «կես կիլո երշիկ», հանկարծ կզգաք, որ հիշողություններն արդեն մաղվել են, զտվել, եւ մութ ու ցուրտ տարիներից մնացել են միայն հաճելի հիշողություններն այն մասին, թե ինչպես էիք շենքի հարեւաններով ամեն երեկո հավաքվում տաք վառարանի շուրջ եւ ինչ անմոռանալի երանություն էիք զգում, երբ այդ վառարանի վրա տաքացրած աղյուսը դնում էիք վերմակի տակ ու գրկում հարազատ մարդուց էլ սիրելի այդ աղյուսը… Ու այդպես էլ քնելու եք արեւաշող Կալիֆոռնիայում՝ երեւակայական աղյուսը գրկած… Ու ապրելով այդ երկփեղկված կյանքով՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ, կհասկանաք նաեւ, որ ձեր էության այն կեսը, որը մնաց Հայաստանում, այն կեսը, որին արդեն գրկախառնվել, համբուրել ու հրաժեշտ էիք տվել «Զվարթնոցում»՝ անձնագրային ստուգումն անցնելուց առաջ, չգիտես ինչու, ավելի աշխույժ, հետաքրքիր ու բազմազան կյանքով է ապրում, քան այն կեսը, որը ճամպրուկների հետ միասին բերել եք օտար ափեր:  Ավելին՝ հանկարծ զարմանքով կհասկանաք, որ ձեր կյանքի այս կեսը կարծես հատուկ ապրում է հանուն հայրենիքում մնացած մյուս կեսի: Ու առօրյա գործերով տարված Ատլանտյան օվկիանոսի այս կամ այն ափին, դուք իրականում միայն մի բան եք անում՝ անընդհատ փայտ եք լցնում հիշողությունների բուխարիկը, որպեսզի կրակը վառ մնա, որովհետեւ եթե հանգչի, ձեր այս կեսը առանց մյուս կեսի չի ապրելու… Թեեւ անկեղծ ասեմ՝ բոլորովին էլ համոզված չեմ, որ այս ամենը վերաբերում է միայն արտագաղթածներին… Միգուցե որոշ տարիքից հետո բոլորս էլ՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք գտնվում, պարզապես շարունակում ենք մեխանիկորեն ապրել հանուն հիշողությունների… Կանցնի բարեկեցիկ՝ Հայաստանի համեմատ բարեկեցիկ, կյանքի եւս մի կես տարի ու Լոս Անջելեսի Սանսեթ բուլվարում կամ Մյունխենի Մարիենպլացում կսկսեք ծանոթ դեմքեր որոնել, նմանեցնել անցորդներին՝ ձեր հարեւանին կամ բարեկամին կամ նույնիսկ վաղուց մահացած մարդկանց… Լոնդոնի մետրոյում ձեր աչքի առջեւ հանկարծ կհառնեն Ալավերդուց դեպի Հաղպատ տանող ճանապարհի ոլորանները, Երեւանի նախկին Ֆուրմանովի փողոցի 36 շենքի բակում նարդի խաղացողները կամ Հյուսիսային պողոտան… Չէ, այդ վերջինը պետք չէ, որովհետեւ մղձավանջները գալու են գիշերը…   Չեխ գրող Միլան Կունդերան շատ լավ է նկարագրում իր արտագաղթած հերոսի երազները. «Արտագաղթածի երազը՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ամենատարօրինակ ֆենոմեններից մեկն է… Հազարավոր արտագաղթածներ նույն գիշերով տեսնում էին նույն երազը՝ անթիվ տարբերակներով… Այդ մղձավանջային երազներն Իրենի համար առավել առեղծվածային էին, քանզի նա՝ տառապելով անհաղթահարելի կարոտաբաղձությամբ, միաժամանակ միանգամայն այլ, հակառակ փորձն էր վերապրում՝ ցերեկը նրա առջեւ անընդհատ հառնում էին հարազատ երկրի տեսարանները: Ողջ օրվա ընթացքում այդ անցողիկ կերպարներն այցելում էին նրան՝ գոնե մասամբ լրացնելու կորսված Չեխիայի բացակայությունը: Բայց նույն ենթագիտակցության ռեժիսորը ցերեկը նրան հարազատ բնապատկերների դրվագներ էր պարգեւում՝ որպես երջանկության կերպարներ, գիշերը հրամցնում էր այդ նույն երկիրը վերադառնալու սահմռկեցուցիչ տեսարաններ: Ցերեկը լուսավորված էր լքված հայրենիքի գեղեցկությամբ, գիշերը ծանրաբեռնված էր վերադարձի սարսափով: Ցերեկն ուրվագծում էր իր կորցրած դրախտը, գիշերը՝ այն դժոխքը, որից փախել էր»… Ու այսօր այստեղ՝ «Զվարթնոցի» անտրամաբանական թանկ սրճարաններից մեկում նստած, նայելով գնացողների դեմքերին, իհարկե զգում եմ, որ նրանցից ոմանք լավ էլ հարմարվելու են նոր միջավայրին ու ապրելու են անհոգ ու բարեկեցիկ կյանքով, բայց երեւի թե մեծ մասը այդպես էլ մնալու է ոչ միայն հայրենիքի եւ օտարության, այլեւ հայրենիք դրախտի ու հայրենիք դժոխքի արանքում… Հետո սկսելու եք արդարացնել օտարությունը… 1500 նպաստ եմ ստանում, 450 դոլարով բնակարան եմ վարձում Լոսի համեմատաբար էժան Վեննայսում, 100 դոլար՝ ուտելիքս, 200 դոլար դեղերս, մի 100 դոլար էլ, լավ, մարդ եմ, գնում եմ հարեւան Տեխասում՝ կազինոյում եմ տարվում… Լաս Վեգաս էլ չեն հասցնում անաստվածները՝ հենց երկու նահանգների սահմանին կազինո կա անապատում՝ երկու օր անվճար բրախում են, որ այդ 100 դոլարս լրիվ ծախսեմ… Հետո լույսի, գազի փող… Բայց հո ամսվա վերջում 200 դոլար մնում է, դա էլ ուղարկում եմ Երեւան՝ աղջկաս… Երկու երեխա ունի՝ այդ 200 դոլարի հույսին է…. Հիմա, որ գնացի Երեան՝ ո՞վ է շահելու… Համ աղջիկս այդ 200 դոլարը չի ստանա, համ էլ ես եմ գնալու՝ նստեմ խեղճ գործազուրկ աղջկաս վզին… Աղջիկը վաղուց արդեն այդ 200 դոլարի հույսին չի, բանկի աշխատող՝ ապագա հանրապետական լիդերի հետ է ամուսնացել ու ամռանը Իսպանիա են գնում հանգստանալու… Բայց այդ 200 դոլարը հաճույքով ընդունում է, որովհետեւ գիտի՝ դա իր մոր սփոփանքն է, Ամերիկայում մնալու արդարացումը, կիրակի օրը Բրբենքի սրճարանում հավաքվող ընկերուհիների մոտ հպարտանալու առիթ՝ ես եմ պահում խեղճ երեխայիս… Ու մի օր հասկանալու եք, որ երբեք էլ հետ չեք գնալու ու չեք վերամիավորվելու հայրենիքում մնացած ձեր կյանքի կեսի հետ՝ հենց այդպես էլ ապրելու եք՝ ճամփի կեսին… Չեք վերադառնա, որովհետեւ հայրենիք վերադառնալը չի նշանակում վերադառնալ հին կյանքին… Դա նշանակում է կորցնել այս երկրորդ՝ միջանկյալ   կյանքը ու սկսել նոր՝ երրորդ կյանքը Կունդերայի ասած այն դժոխքում, որից փախել ես… Իսկ կյանքում քանի անգամ կարելի է նոր կյանք սկսել… «Ուշադրություն,  թիվ 2273 չվերթի  ուղեւորները  պատրաստվեն թռիչքի»… Բարով գնաս՝ իմ կես… Եվ կներես, որ մնում եմ ու անընդհատ պիտի քեզ տանջեմ… Հա, ճիշտ ես, ապրելու տեղ չի, բայց մի փոքր էլ կփորձեմ ապրել… Եթե գործերդ լավ լինեն, 200 դոլար կուղարկե՞ս…

 

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Հայաստան-Ռումինիա ուղիղ օդային ճանապարհը կփրկի տնտեսությունը

վարուժան ոսկանյան2013 թ. ամառը (8-9 հուլիս) նշանավորվեց  մի շատ կարևոր իրադարձությամբ` հայ–ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստով: Նիստի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը: Նիստին մասնակցեցին հայ և ռումինական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ–ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ստորագրեցին համատեղ արձանագրություն:

Հանդիպելով Վարուժան Ոսկանյանին` «Անկախը» նպատակ ուներ մեկնաբանություններ ստանալ այդ փաստաթղթի  և առհասարակ երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին:

– Պրն. Ոսկանյան, ինչպիսի՞ն են հայ–ռումինական կապերի, համագործակցության հեռանկարները:

– Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերը, անշուշտ, զարգացման հեռանկար ունեն, քանի որ վերջին տարիներին, չնայած մեր երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական և ներդրումային կապերն այնքան էլ բարձր մակարդակում չեն: Այդ իսկ պատճառով, օգտագործելով երկու երկրների ավանդական կապերը, որոշեցինք քաջալերել Ռումինիային՝ Ռումինիա-Հայաստան առևտրային պալատ ստեղծելու նպատակով: Ուստի հպարտ ենք, որ այսօր համապատասխան առևտրային պալատի հետ կարողացանք հայ-ռումինական համագործակցության պայմանագիր ստորագրել:

– Ո՞րն է երկկողմ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակը:

– Նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության, անասնաբուժության, գյուղատնտեսության (սերմացուի և տնկանյութի փոխադարձ ներկրումներ), սննդամթերքի անվտանգության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության, կրոնի բնագավառներում:

– Մի խոսքով, փորձում եք ակտիվացնել գրեթե բոլոր բնագավառները:

– Այո, երկկողմ համաձայնագրեր ենք ստորագրել տարբեր ոլորտներում` սկսած մշակույթից մինչև  տնտեսություն, ներկայացրել ենք ՀՀ ներդրումային հնարավորությունները։

– Ինչո՞ւ 2013-ը վճռորոշ եղավ երկկողմ համագործակցության համար:

Հայաստանը երկար ժամանակ մեկուսացած էր, գուցե Ռումինիայի հետ ուղիղ օդային կամ ծովային կապ չունենալու պատճառով, գուցե մենք իբրև քաղաքական դասակարգ, չկարողացանք լեզու գտնել մեր գործարար մարդկանց համագործակցության հարցում: Ուստի մեր գործարար մարդկանց ներկայությամբ ցանկացանք հզորացնել քաղաքական երկխոսությունն ու բանակցությունները:

– Ավելի լավ է ուշ, քան երբեք: Ինչի՞ց պետք է սկսել:

– Պետք է նախ և առաջ բարձրացնենք Ռումինիայում հայ ապրանքների որակը, որի համար որոշեցինք մշտական ներկայացուցչություն ունենալ թե՛ Ռումինիայում, թե՛ Հայաստանում: Ռումինիան պետք է կարողանա ներդրում կատարել շինարարության մեջ, էներգետիկայի, հեռահաղորդակցության մեջ, իսկ Հայաստանն ուժեղ է այդ հարցում:

– Այդ զարգացման ծրագրերից ո՞րն եք կարևորում:

– Պետք է վերջապես ուղիղ օդային կապ ստեղծենք երկու երկրների միջև: Անբնական է, որ Ռումինիա-Հայաստան ճանապարհի համար 9-10 ժամ ծախսենք: Եթե տրասնպորտային կապը թույլ է կամ խոչընդոտված, տնտեսական կապերի զարգացումը ևս կդժվարանա: Հուսով եմ, որ այդ շատ կարևոր հարցը ևս կլուծենք:

– Այնուամենայնիվ, համագործակցության ճանապարհին ո՞ր ոլորտը կարող է թերանալ:

– Չեմ կարծում, որ դժվարություններ, խոչընդոտներ կլինեն: Մեր ժողովուրդների միջև ավանդական և անկեղծ բարեկամական կապերը շատ ամուր են:

          Հետաքրքրվողներին ներկայացնում ենք այլ մանրամասներ.

Ռումինիայի և Հայաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, իսկ  Ռումինիայի հետ ամենաշահավետ մասը ներմուծումն է: Ընդ որում, Հայաստանից Ռումինիա արտահանվել է 600 հազար դոլարի ապրանք:

Կառավարության քաղաքական  կարևոր բաղադրիչ է համարվում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը (2013 թ. փետրվարի 28-ին դրանց արժեքը կազմում է 35,6 մլրդ եվրո): Հիմնական ներդրողները Հոլանդիայից (7,0 մլն եվրո), Ավստրիայից (4,6 մլն եվրո) և Գերմանիայից են (4,1 մլն):

Ռումինիայի կառավարության ռազմավարությունն ուղղված է մրցունակության աջակցությանը, աշխատուժի զբաղվածությանը, հանրային ֆինանսների ամրապնդմանը և ֆինանսական կայունությանը: 2012 թ. հայ-ռումինական առևտրի արժեքը կազմել է 7,87 մլն ԱՄՆ դոլար: 2011 թ. համեմատ, երկկողմ առևտրի ընդհանուր արժեքը նվազել է 16%-ով, որից  ներմուծումն աճել 17 %-ով, իսկ արտահանումը նվազել է18 %-ով: 2013 թ. ապրիլի 30-ին հայ-ռումինական առևտրային ապրանքները 2051,4 հազար ԱՄՆ դոլար էին, որից Ռումինիայի արտահանումը Հայաստան կազմել է 2041,6 հազար, իսկ Ռումինիայի ներմուծումը ՀՀ-ից՝ 9,8 հազար ԱՄՆ դոլար, երկկողմ առևտրի հաշվեկշիռը հօգուտ Ռումինիայի` 2031,9 հազար ԱՄՆ:

Ուստի, երկկողմ առևտուրն ունեցել է տատանվող զարգացում և բավականին ցածր արժեք 2002-2003 թթ.: 2004-2010 թթ. երկկողմ առևտուրն աճ է գրանցել  (բացառելով 2009 թ., որը նշանավորվեց տնտեսաֆինանսական ճգնաժամով):

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա..

ՀրանտՄեր զրույցը քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ Հայաստանի քաղաքակական համակարգի և դրա կարգավորման շուտափույթ ելքեր գտնելու թեմայի մասին է:

– Պրն. Շահնազարյան, ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական համակարգն այսօր:

– Այն բարեփոխումների փուլում է: Քաղաքական ազատությունները` որպես մեխանիզմ, վերջին երկու-երեք տարվա ընթացքում բավական ազատականացվել են` նոր հնարավորություններ ընձեռելով ավելի քիչ պոտենցիալ ունեցող քաղաքական ուժերին: Դա պայմանավորված է նաև նրանով, որ նախկինում ընդդիմության գործունեությունը, որն այնքան էլ քաղաքական չէր և հիմնականում հիմնված էր քննադատության վրա, տարիների ընթացքում իրեն սպառեց, ու հասարակությունը սկսեց քաղաքական դաշտում բևռներ փնտրել: Այդ ուժը  կարծես ձևավորվում էր նախագահի ընտրությունների ժամանակ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ հետևողական քայլերը վերջին հաշվով հանգեցրին հասարակության հիասթափության:

– Հատկապես ո՞ր քայլերն էին անհետևողական:

– Նա մտել էր քաղաքականության մեջ առանց հստակ ծրագրի: Ր. Հովհաննիսյանի ծրագիրն ավելի լոզունգային էր և իրականացման համար մեխանիզմներ չուներ: Նրա երկրորդ բացթողումը քաղաքական թիմի բացակայությունն էր, ինչն էլ հանգեցրեց մարդկանց անվստահության:

– Ասացիք, որ բարեփոխումներ են կատարվում: Հատկապես  ո՞ր ոլորտներում:

– Իրավական, արդարադատության, իրավապահ մարմինների, սոցիալական (օրինակ՝ աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում), նաև տնտեսության ոլորտներում: Իհարկե, դեռևս անհաջող, բայց առաջընթացի ձգտումներ երևում են: Այդ բարեփոխումների վառ ապացույցը վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններն են, ինչը կարծես օլիգարխիայի հիմքերը թուլացնելու միտում ունի: Չեմ ժխտում, որ պետությունը չունի բավարար ռեսուրսներ ավելի արագ առաջընթացի համար, կամ գուցե լավ չի կարողանում  դրանք տնօրինել, քանի որ ունենք ստվերային տնտեսություն, օլիգարխիկ իրավիճակ, ամենաթողություն, հարկերից խուսափելու, նույնիսկ` բյուջեի մսխումների դեպքեր, բայց և շարժ տեսնում եմ:

– Այսինքն՝ ներկայիս ՀՀ քաղաքական  համակարգն ավելի շատ ռեֆորմիստական բնույթ ունի: Իսկ լավ քաղաքական գործիչների պոտենցիալի պակաս նկատո՞ւմ եք:

– Իրականում նոր դեմքեր ձևավորվում են: Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում ուշ թե շուտ կտեսնենք կա՛մ նոր քաղաքական ուժերի ձևավորում, կա՛մ եղածների արմատական վերափոխում: Կարծում եմ` այդ գործընթացները կսկսվեն այս աշնանը, քանի որ նախադրյալներ կան, սակայն մարտավարության խնդիր կլինի:

– Ընդդիմության դե՞րն ինչպես կգնահատեք:

– Քաղաքական ընդդիմությունը` որպես այդպիսին, ջախջախված է: Նրանք իրենք իրենց սպառեցին: Այդուհանդերձ, ընդդիմադիր տրամադրությունները հասարակության մեջ բավական մեծ են և լուրջ ազդեցություն ունեն երկրի ներքին զարգացումների վրա: Այսօր քաղաքական դաշտում մնալու բավարար պոտենցիալ ունի օրինակ՝ «Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես նաև ԲՀԿ-ն, որը դեռևս կարողանում է բարեհաջող խուսանավել իշխանության և ընդդիմության միջակայքում: Ընդդիմությունը հայտարարում էր, որ պետք է պայքարի բռնապետության դեմ, բայց դա քաղաքական պայքար չէ, քանի որ բռնապետությանը հնարավոր չէ քաղաքական մեխանիզմներով հաղթել, այլ պետք է հեղափոխության դիմել: Ուստի, եթե ընդդիմությունը շարունակի գործել նախկին մեթոդներով՝ իշխանությանը հայտարարելով չարիք և նրան չընդունելով որպես քաղաքական մրցակցի, կարժանանա նույն ճակատագրին, ինչ ժամանակին Լևոն-Տեր Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց եթե քաղաքական գործընթացներն ուղղված լինեն մեխանիզմներ մշակելուն և խնդիրներ լուծելուն, ապա տարբեր հատվածական ձևավորվող «բջիջներ» կկարողանան միավորվել՝ հանգեցնելով դրական արդյունքի, անկախ այն հանգամանքից, թե ով կգա իշխանության:

– Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ քաղաքական համակարգի ընդդիմությունը: 

– Այն պետք է գործի քաղաքականության շրջանակներում՝ խուսափելով լոզունգային ուժ լինելուց: Անհրաժեշտ պահին նաև համագործակցի իշխանությունների հետ՝ քաղաքական լուծումներ գտնելու և երկրին իսկապես օգուտ տալու ուղղությամբ: Միայն քարկոծելով հարց չի լուծվի, քանի որ այդ կերպ այլընտրանք չես թողնում՝ հանգեցնելով հասարակության հիասթափության:

–Մեր հասարակությունը պատրա՞ստ է հեղափոխության:

– Իհարկե ոչ: Հեղափոխության պատրաստ չէ նաև իշխանությունը: Իրականում հայ հասարակությունը, որքան էլ դժգոհ լինի իշխանությունից, այն բռնապետություն չի համարում: Այսօր մեր հասարակությունը պայքարելու այլ միջոցներ է գտել՝ ազատ խոսք, արտահայտման հնարավորություններ և այլն: Պետք է հասկանալ, որ հայ ժողովրդի պատմության մեջ երբեք չի եղել քաղաքացիական պատերազմ և կարծում եմ՝ երբեք չի լինի:

– Ի՞նչը միանգամից կքանդի օլիգարխիկ «սարդոստայնը»:

– Հեղափոխությունը, որին խիստ դեմ եմ: Խնդիրն այն է, որ օլիգարխիան մեծ կապիտալներ է տնօրինում և շատ աշխատատեղեր ստեղծում: Իսկ դա միանգամից քանդելը կհանգեցնի կապիտալի արտահոսքի, աշխատատեղերի փակման՝ էլ ավելի բարդացնելով առկա սոցիալական խնդիրները: Ուստի թույլ տնտեսություն ունեցող և ռազմական իրավիճակում գտնվող պետություններում ցանկացած փոփոխություն պետք է լինի փուլային, և ամեն ինչ հարթվի ժամանակի ընթացքում՝ օլիգարխներին օրենքի դաշտ բերելու ռազմավարությամբ:

– Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը հինգ տարի անց:

– Դժվար է կանխատեսել, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այնքան արագ է փոփոխվում, որ նույնիսկ դժվար է ասել՝ պատերազմ կլինի՞ Ադրբեջանի հետ, թե՞ ոչ: Սակայն, եթե տրամաբանությամբ զարգանա, ապա նոր տեխնոլոգիաների կիրառմամբ միջին շերտ կձևավորվի: Դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է առաջնային խնդիրների շուտափույթ լուծում, ինչպիսին է, օրինակ՝ արտագաղթը և այլն:

– Հայաստանի ծաղկումը որքանո՞վ ձեռք կտա գերտերություններին:

– Ամուր Հայաստանը ձեռնտու է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին: Ռուսաստանի համար տարածաշրջանում դաշնակից ունենալու, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու, իսկ Արևմուտքի համար՝ Թուրքիայի տարածաշրջանի ակտիվացման նպատակով: Հայտնի է, որ Թուրքիան ակտիվ աշխատում է հարևան երկրների հետ, և Հարավային Կովկասում քաղաքական ակտիվությունը բացառապես Հայաստանի գործոնով է զսպվում: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բացի արցախյան խնդրից, գերտերությունները համաձայնեցնում են իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, և Հայաստանի պատճառով Թուրքիան մուտք չունի: Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ ընկալվում է որպես Հարավային Կովկասում խաղաղության և կանխատեսելիության պահպանման հիմնական երաշխիքներից մեկը, հետևաբար ՀՀ-ում կայունությունը ձեռնտու է բոլոր գերտերություններին, ինչպես նաև Իրանին:

– Իսկ վերջերս գազի բարձրացումն ի՞նչ նշանակություն ուներ:

– Ռուսաստանը վաղուց փոխել է իր էներգետիկ քաղաքականությունը բոլորի, այդ թվում նաև Ուկրաինայի, Բելառուսի նկատմամբ: Հայաստանի համար գազի գինը միջին շուկայականից ավելի ցածր է: Այլ հարց է, որ պատերազմական և սահմանափակման մեջ գտնվող երկրի համար դա ուժեղ հարված է, որը ռազմավարական գործընկերն իրավունք չուներ անելու, հատկապես այն ժամանակ, երբ ինքն էլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում: Այդուհանդերձ, գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա, քանի որ նույն Ռուսաստանը հայկական ռազմական ուժերին բավական լուրջ տեխնիկա է նվիրաբերել: Այդ հանգամանքին դիմակայելու համար պարզապես նոր մեխանիզմներ են անհրաժեշտ, ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնել:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի