|
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր: |
Վարչապետը ՀԽ անդամների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի:
Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել և այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց և այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ: Միջազգային փորձագետները նույնպես նշում են, որ ունենք պատմական շանս, հակառակ դեպքում` բարեփոխման գինը թանկ է լինելու: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ եթե 10 տոկոսից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող հինգ տոկոսը:
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետև գործատուի և աշխատողի միջև համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կուտակվող եկամուտների փոշիանալու միակ ճանապարհը համաշխարհային տնտեսական կոլապսը կլինի, քանի որ պետությունը ստեղծելու է պահուստային հիմնադրամ, որը երաշխավորելու է բարդ ժամանակահատվածում խնայողությունների վերադարձը՝ հաշվի առնելով նաև գնաճը:
«Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդանավակայանի կոնցեսիոների հետ աշխատանքները շարունակվում են, որպեսզի գտնվի այնպիսի լուծում, որից բավարարված կլինեն և կառավարիչը, և հասարակությունը: Առաջարկվել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաև Հանրային խորհրդին:
Հանդիպմանը ՀԽ անդամների կողմից բարձրացվել է նաև Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների խնդիրներին: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ հետևողական լինելու համար և նշել, որ այժմ ՀՀ բնապահպանության տեսչությունն աշխատանքներ է տանում՝ անօրինական գործող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու և ջրային հնարավոր աղետը կասեցնելու համար:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման հանդիպումները:
Անկախ
Պահնորդական գործունեություն իրականացնողներն իրենց բողոքը հասցրել են Վազգեն Մանուկյանին
Այսօր` փետրվարի 27-ին, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` իրենց մտահոգություններն ու դժգոհությունը հայտնելով «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքում առկա մի շարք դրույթների վերաբերյալ:
Մասնավոր ընկերությունների ղեկավարների կարծիքով` ոլորտը մենաշնորհային դառնալու միտում ունի, ինչի հետևանքով իրենք կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում պետական համապատասխան գործունեություն իրականացնող կառույցի նկատմամբ և դուրս կմղվեն շուկայից: Նրանք նաև նշել են, որ մասնավոր պահնորդական կազմակերպությունները գործունեություն են իրականացնում դեռևս 1996 թվականից և այսօր արդեն կայացած և լուրջ ընկերություններ են:
Ընկերությունների ղեկավարներն անարդար են համարել «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծում առկա պարտադիր բաղադրիչի նախատեսումը, ըստ որի պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպությունները պարտավոր են պայմանագիր կնքել ՀՀ ոստիկանության հետ` նշելով, որ մասնավոր ընկերություններում աշխատող պահնորդները ոչ միայն պետք է տվյալ լիցենզավորված կազմակերպություններում ուսուցման կուրս անցնեն և որակավորման քննություն հանձնեն, այլ նաև առանձին որակավորման ստուգում անցնեն ՀՀ ոստիկանությունում, որից հետո միայն հնարավորություն ստանան իրականացնել պահնորդական գործունեություն:
Նրանց համար ընդունելի չէ, որ մասնավոր ընկերությունները, որոնք նաև հարկ են վճարում պետությանը, պարտավոր են նման բարդ ընթացակարգով գործունեություն իրականացնել, մինչդեռ ոստիկանության ռազմականացված ջոկատների համապատասխան աշխատակիցներն ուղղակի պայմանագրով անցնում են աշխատանքի և իրականացնում պահնորդական և թիկնապահական գործունեություն և´ մասնավոր, և´ պետական հատվածներում:
ՀԽ նախագահն իր հերթին կարևորել է բարձրացված հարցերն ու մտահոգություն հայտնել դրանց վերաբերյալ` նշելով, որ խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդում, քանի որ այն առնչվում է քաղաքացու իրավունքներին, ազատ տնտեսական մրցակցությանն ու բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծմանը:
«Թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում լինի». Գալուստ Սահակյանի մաղթանքը մայդան ցանկացողներին
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հանրապետականն իր կարծիքը կհայտնի քվեարկությունից առաջ: Այնուամենայնիվ, նա իր ելույթում բացահատեց ՀՀԿ դիրքորոշումը. «Կանխավ մտածում էինք գնալ ընդառաջ ձեր առաջարկին, բայց հիմա մտածում ենք` արժե՞ գնալ պրովոկատորների առաջարկին ընդառաջ: Դուք սա հատուկ եք արել, որպեսզի գրգռեք ժողովրդին: Դուք արդեն կայքերով հայտարարել եք, որ մարտի մեկի հավաքից հետո կասենք` էստեղ մայդան կլինի՞, թե չէ: Էն մարդիկ, որ մտածում են, որ էստեղ կարող են մայդան անել, թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում լինի»:
Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին` նա դրանք որակեց պրովոկացիոն, մայդանական ոճի և խորհուրդ տվեց չոգևորվել մադանով. «Մեր մայդանն արդեն եղել է 88-ին և ավելի հզոր` կայսրության դեմ, որից հետո մենք ստեղծել ենք պետություն, և դա ղեկավարում են պետություն ստեղծողները: Հակադրե´ք մեզ և ուկրաինացիներին: Նրանք, փաստորեն, ամբողջապես վերացրին իրենց պետությունը, և էսօր պետություն չի, չենք իմանում, թե ինչ է: Եվ էսօր դրսից փողեր են տալիս, որ ոտքի կանգնեն: Իսկ մեր դառը վիճակում մեր ձեռքը ոչ ոք չէր սեղմում, բայց մենք դարձանք պետություն»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը նաև հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի դուրս գար և ասեր` շնորհակալություն ԲՀԿ, շնորհակալություն, քանի որ. «Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա մտածում եք` ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է, դուք դարձրել եք ընտրանքային, դուք էլ դարձել նրանց ընտրյալները: Ո՞վ ասեց, որ մենք քննարկելու բան չունենք, մենք շատ քննարկելու բան ունենք: Բայց դուք նույնիսկ զոհերին եք մասնավորեցրել: Մեր զոհերն են, դո՞ւք ով եք, որ: Հիմա մենք գալու ենք քննարկենք ձե՞ր զոհերի հարցը, թե՞ մեր զոհերի»:
Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավարն ակնարկեց, որ էսօրվա գործիչների բոլորի ականջներին կարող է ասել, թե ժամանակին ով որտեղ էր, որ դիրքով էր ու ինչ էր արնում: «Շատերը, որ էսօր բղավում են, էդ թվերին բուլավկով մայկա էին հագնում: Աքլորը որ աքլոր է, միայն առավոտյան է կանչում: Սրանք համ առավոտյան են կանչում, համ կեսօրին են կանչում, համ էլ իրիկունը»:
Գալուստ Սահակյանը համոզված է, որ մարտի մեկի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պրովոկատորների միջոցով, այլ լուրջ մարդկանց, որը ՀՀԿ-ն է և շատ քաղաքական ուժեր ընդդիմությունից:
«Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր». Բաբուխանյանը հիշեցրեց անցյալը
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց բողոքի ակցիայի կազմակերպիչներին նույնպես պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա խոսքով՝ ժամանակն է ոչ թե նեղացնել ուսումնասիրության առարկան, այլ ընդհակառակը՝ ընդլայնել: «Լավ է, որ երեկ Ջհանգիրյանը համաձայնեց, որ մենք ուսումնասիրենք նաև կազմակերպիչների հարցը»,-ասաց նա՝ առաջարկելով նախագծի մեջ մտցնել նաև այն կետը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է ստեղծվելիք հանձնաժողովում պարզաբանում տա, և նաև մի կետ, որ պետք է կազմակերպիչների գործունեությանը տրվի քաղաքական գնահատական:
Այնուհետև Հայկ Բաբուխանյանը, վերհիշելով անցյալը, հայտարարեց, որ եթե Լևոն Տեր-Պետորսյանը ժամանակին չփակեր ՀՅԴ-ն և այլ կուսակցությւններ, որոշ լրատվամիջոցներ, չէր լինի նաև 1996 թվականը, երբ կիրառվեց ուժ ընդդիմության, ցուցարարների, ժողովրդի դեմ: «Եղան վիրավորներ, կիրառվեց բանակի ուժը: Եվ եթե մենք ուսումնասիրում ենք, թե արդյոք կարո՞ղ է կամ եղե՞լ է մարտի մեկին բանակային միջամտություն, պետք է դա համալիր ձևով ուսումնասիրենք»:
Բաբուխանյանը, մեջբերելով քառօրյանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե մահաբեր զենքի կիրառումը իշխանությունների կողմից հանցագործություն է, ասաց. «Ուրեմն Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր և մինչ օրս պատիժ չի կրել: Էլ չենք ասում, թե քանի անմեղ մարդ հայտնվեց բանտում՝ ենթարկվելով խոշտանգումների, բայց հետո պարզվեց, որ նրանք մեղավոր չեն: Իհարկե, պարոն Ջհանգիրյան, դուք չեք ցանկանա բացել այդ էջերը, որովհետև փակել եք այն»:
Բաբուխանյանի խոսքով՝ քանի դեռ զանգվածային անկարգություններ կազմակերպող առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իշխանությունների կողմից ուժ կիրառող Ռոբերտ Քոչարյանը չեն քննվել, իր համար հարցը պարզ չէ: «Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը, երբ կազմակերպում էր զանգվածային անկարգություններ: Սա պետք է ուսումնասիրվի»-ավելացրեց Բաբուխանյանը:
Վարչապետը խորհրդարանում ներկայացրեց Մեդվեդևի հետ հանդիպման մանրամասները
Հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վաչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց առավել մանրամասն ներկայացնել Սոչիում իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները` մասնավորապես կապված Մաքսային միության,«Ռուսնևտ»-ի և ատոմակայանի հարցերի հետ:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ Մաքսային միության թեման առանցքային է, և իրենք հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել մանրակրկիտ քննարկել այն: Պայմանավորվածություն է եղել, որ ողջ աշխատանքները լինեն բաց և թափանցիկ, և աշխատանքային խմբերի ղեկավարներն արդեն իսկ հաշվետվություն են տալիս հանրությանը:
Վարչապետի խոսքով` սեմինարներ են անցկացվում բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի պարզ լինի, թե նրանք ինչ նորմատիվային դաշտում են հայտնվելու: «Լինելու է նաև գրանտային օգնություն ՀՀ կառավարության համար, որպեսզի անցումը լինի անցավ, և որ բիզնեսը նույնպես պատրաստ լինի»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:
Քննարկված երկրոր կարևոր խնդիրը, որ նույնպես առնչվել է Մաքսային միությանը, աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքն է եղել: «Մենք պայմանավորվեցինք, որ մինչ Մաքսային միությանը միանալը ստորագրվի երկկողմ պայմանագիր, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն իրավիճակ, և որպեսզի հունվարի մեկին Ռուսաստանում ընդունված օրենքը բացասաբար չանդրադառնա մեր քաղաքացիների վրա»:
Ինչ վերաբերում է «Ռուսնևտ»-ին, ապա վարչապետը տեղեկացրեց, որ ընկերության ղեկավարը ներկայացրել է այդ ծրագրի մանրամասներն ու գործունեությունը. «Խոսքը գնում է շուրջ հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումների մասին,-ասաց վարչապետը,-սակայն այս պահին համապատասխան իրավական դաշտը նախապատրաստելու կարիք կա, նաև ազատ տնտեսական գոտու ռեժիմի անհրաժեշտություն կա, ինչն ընդունելի առաջարկ է, որովհետև առաջին տարիներին հիմնականում մեծածավալ ներդրումներ են լինելու»:
Տիգրան Սարգսյանի խոսքով` հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև «Նաիրիտի» աշխատուժի օգտագործման մասին: Վարչապետը գտնում է, որ մենք այդ հարցում ունենք հարաբերական առավելություն, քանի որ ունենք մասնագետների հզոր բանակ, որը կարող է օգտակար լինել նոր ծրագրի իրականացման մեջ:
Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա ըստ պայմանավորվածության, դեռևս պետք է գտնեն ճիշտ բանաձևը այդ աշխատանքների ֆինասնավորման հետ կապված: «Մեր առաջարկներն ընդունվեցին վարչապետի կողմից, և ռուսական գերատեսչությունենրին տրվեցին հանձնարարականներ, որպեսզի մոտակա ժամանակաշրջանում այդ հարցերը լուծվեն»,-ամփոփեց վարչապետը:
Գազի հանձնաժողովը կստեղծվի. խորհրդարանը հաստատեց նախագիծը
ԱԺ մեծամասնության նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծն ընդունվեց 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ կարծում են, որ հանձնաժողովը լուրջ գործիք կարող է լինել բացահայտելու մութ կետերը:
Նախագծին դեմ քվեարկած պատգամավորները “Ժառանգության” ներկայացուցիչներն են, քանի որ երեկ նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթների ժամանակ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու, իսկ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը դեռ պետք է կքննարկեն խմբակցությունում:
Ձեռնպահ քվեարկածները ՀՅԴ և ԲՀԿ խմբակցության անդամներն են:
Գազի հարցից հետո քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Սակայն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Սենատոր Մակքեյնը վիրավորում է ԱՄՆ այցելած Սիրիայի եկեղեցական առաջնորդներին
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
Արիզոնայի նահանգի սենատորը խստորեն քննադատում է նախագահ Օբամայի` «ապստամբներին զինելու ռազմավարությանը»՝ կոչ անելով ավելի անմիջական ամերիկյան ռազմական միջամտության Սիրիայում: Թվում է, թե Սենատոր Մակքեյնը չի հասկանում, որ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը կհանգեցնի ավելի մեծ մարդկային կորուստների ու ավերածությունների` Սիրիան վերածելով միջազգային ահաբեկչության գլխավոր կենտրոնի: Ավելի քան 30 հազար իսլամական ջիհադիստներ տասնյակ երկրներից կռվում են Սիրիայի կառավարության և միմյանց դեմ, ոչ իհարկե, Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու համար:
Ըստ էության, ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածուն այնքան է տարվել պատերազմի շեփոր հնչեցնելով, որ ինչպես հաղորդվում է, շատ անպարկեշտ և անհարգալից պահվածք է դրսևորել Սիրիայի քրիստոնյա բարձրաստիճան առաջնորդների խմբի հետ հանդիպման ժամանակ, զուտ այն պատճառով, որ նրանք կողմնակից չեն բռնի իշխանափոխությանը: Եկեղեցական պատվիրակությունն անցյալ ամիս ժամանել էր Վաշինգտոն, ձգտելով սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման և մոտ երկու միլիոն քրիստոնյաների պաշտպանության, որոնք կազմում են երկրի բնակչության տասը տոկոսը:
Միացյալ Նահանգներ ժամանած եկեղեցական առաջնորդների թվում էին Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Սիրիայի պրեսբիտերական, ավետարանական, սիրիական ուղղափառ և հունական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների, պետդեպարտամենտի պաշտոնատարների, ամերիկյան հասարակական կազմակերպությունների, դասախոսների, կրոնական առաջնորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ըստ Judicial Watch կազմակերպության ներկայացման՝ Սիրիայի հոգևորականները գոհ էին Վաշինգտոն կատարած իրենց այցից, բացառությամբ Մակքեյնի հետ ունեցած տհաճ հանդիպումից.
«Ամեն գնով ձգտելով զինել Սիրիայի ընդդիմադիր ուժերին, չնայած լուրջ ապացույցներին, որ նրանց ղեկավարում են իսլամական ահաբեկիչները, Ջոն Մակքեյնը դրսևորեց Միացյալ Նահանգների սենատորին անվայել պահվածք` վերջերս Կոնգրես այցելած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների հետ հանդիպման ժամանակ…. Արիզոնայի նահանգի հանրապետական սենատոր Մակքեյնն ակնհայտորորեն չի ուզում լսել բացասական պատմություններ ապստամբների մասին, որոնց նա աշխատում է զինել: Այսպես, նա թափով դուրս եկավ Սիրիայի հոգևորականների առաջնորդների հետ անցյալ շաբաթ կայացած դռնփակ հանդիպումից…. Ըստ հանդիպմանը ներկա բարձրաստիճան աղբյուրի հաղորդման` Մակքեյնը գոռալով ներխուժեց հանձնաժողովի սենյակ և արագորեն դուրս եկավ: «Նա չափազանց կոպիտ էր», հայտնեց աղբյուրը Judicial Watch-ին…. Ամոթալի պոռթկումից հետո, Մակքեյնը վերադարձավ սենյակ և կարճ ժամանակով նստեց, սակայն խուսափեց մասնակիցների հայացքներին հանդիպելուց, դրա փոխարեն, անտեսելով նրանց` նայում էր ներքևում դրված, կարծես թե, պատահականորեն հայտնված փաստաթղթերին»:
Վաշինգտոնում կայացած հանդիպումների ընթացքում Սիրիայի քրիստոնյա առաջնորդները Միացյալ Նահանգների պաշտոնյաներին հայտնել են իրենց երկրում ծավալված զանգվածային մարդկային ողբերգության և քրիստոնեական համայնքների անհուսալի վիճակի մասին. քրիստոնյա եպիսկոպոսների, քահանաների, մայրապետների և անհատ հավատացյալների առևանգումներ, քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներ, եկեղեցիների և սրբավայրերի սրբապղծում և ծայրահեղական զինված իսլամիստների կողմից կրոնական ազատության ոտնահարումներ:
Հաշվի առնելով արյունահեղության հրահրումը Սիրիայում, եկեղեցական առաջնորդները խնդրել են Միացյալ Նահանգներից.
– Դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ֆինանսական օժանդակություն զինված իսլամիստներին.
– Պահանջել ԱՄՆ դաշնակիցներից` Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից, չաջակցել ահաբեկիչներին.
– Խնդրել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները, այդ թվում` ռմբակոծումները և ահաբեկչությունը.
– Հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով, այլ ոչ թե ռազմական ճանապարհով.
– Ապահովել Սիրիայի ժողովրդի անվտանգությունը.
– Պաշտպանել քրիստոնյա փոքրամասնություններին.
– Պահպանել եկեղեցիները և մզկիթները.
– Պահպանել կրոնական, պատմական և մշակութային հուշարձանները.
– Աջակցել մարդասիրական օգնության բաշխմանը Սիրիայում:
Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմնի (ՍՇՕՎՄ) կայքը` www.syriashdab.com, տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, պատերազմը լուրջ վնաս է հասցրել հայկական համայնքին. գործողությունների ընթացքում սպանվել է 64 և վիրավորվել 172 խաղաղ բնակիչ, առևանգվել է 110 մարդ և զոհվել 15 զինծառայող: Բացի այդ, վնասվել են հայկական տարբեր կառույցներ. յոթ առաքելական և երեք կաթոլիկ եկեղեցի, տասներեք դպրոց և տասը համայնքային կենտրոն: Սիրիահայերի 65 հազարանոց համայնքի գրեթե կեսը փախել է Հայաստան, Լիբանան և այլուր:
Սիրիայի ինը գլխավոր հայկական սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպություններից կազմված ՍՇՕՎՄ-ը հաղորդում է, որ մինչև նախորդ տարվա սեպտեմբերի վերջը ստացել է 1.7 միլիոն դոլար արտասահմանյան հայկական կառույցներից: Թեև սա մի փոքր մասն է անհրաժեշտ գումարի, սակայն ՍՇՕՎՄ-ը կարողացել է դրանով սնունդ, ապաստան, անվտանգություն, բժշկական և կրթական աջակցություն ապահովել սիրիահայերին, ներառյալ` 500 հազար դոլար ուսման վարձ` 38 դպրոցներում սովորող 6436 աշակերտների համար:
Լավ կլինի, որ սենատոր Մակքեյնը և Միացյալ Նահանգների այլ արկածախնդիր պաշտոնյաներն անսան ԱՄՆ ժամանած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների իմաստուն խորհրդին: Ավելի մեծ քանակությամբ զենքի առաքումը Սիրիա միայն կսրի պայքարը` հանգեցնելով անվերջ արյունահեղության:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի և կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին: Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել նաև «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-20 15թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը: Այն զեկուցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: |
ԱԺ-ում քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը
ԱԺ-ում այս պահին արտահերթ ռեժիմով քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Ընդդիմությունը պնդում է, որ ԱԺ-ից դուրս հնարավոր չէ պարզել,թե ինչ է արվել Նաիրիտ ընկերության դեմ, քանի որ դրա փակման տանելու հարցով անգամ քրեկան գործ չի հարուցվել: «ՙՆաիրիտը կանխամտածված տարվում էր սնանկացման: Այն չի կարող գործել, քանի որ դրա ակտիվները 200 միլիոն դրամի կարգի են, իսկ պարտքերը՝ կրկնակի՚»- իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ Նաիրիտը կարևոր է հայկական արդյունաբերության համար, ուստի գործողությունները Նաիրիտի դեմ, ուղղված են նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Իշխող կոալիցիան անհողդող է և չի պատրաստվում ստեղծել Նաիրիտի գործը քննող հանձնաժողով: Պատճառաբանությունը մեկն է՝ զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
Նշենք նաև, որ այս հարցը քննարկվել էր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որը ներկայացրել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն չէր ստացել դրական եզրակացություն, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հարցը կներկայացնի ԱԺ առաջիկա նիստերից որևէ մեկին՝ արտահերթ ռեժիմով:
Ի՞նչ հարցեր է բարձրացնելու Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպմանը
Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ:
Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացվեն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, այնպես էլ առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր:
Կբարձրացվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և դրա հետ կապված հանրային դժգոհության հարցը: «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը նույնպես հանդիպման օրակարգում է: Նշենք, որ և՛ կենսաթոշակային համակարգի, և՛ օդանավակայանի հին ուղևորային համալիրի վերաբերյալ Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ՀՀ նախագահին ու վարչապետին:
Գիտակրթական ոլորտին առնչվող հիմնախնդիրները նույնպես վարչապետի հետ հանդիպման օրակարգում են: Մասնավորապես, կբարձրացվեն ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները, գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Հանրային խորհուրդը հանդես կգա առաջարկությամբ՝ կառավարության և խորհրդի միջև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ՝ գիտության և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներն առավել խորությամբ ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված սեյսմիկ ու բնապահպանական իրավիճակի հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Հստակ օրինակներով կներկայացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող կառուցապատման երևույթները, որոնք նաև հանրային դժգոհության ալիք են բարձրացրել, ինչպես նաև կներկայացվեն առաջարկներ երևույթի տարածումը կանխելու համար:
Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման, ձկնային տնտեսությունների փակ և կիսափակ համակարգերի անցնելու, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրման հարցը շարունակում է մնալ ՀԽ օրակարգում և կներկայացվի վարչապետին, քանի դեռ ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, և կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր:
Վարչապետի հետ հանդիպմանը կներկայացվեն նաև տնտեսությանն ու արդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ: Մասնավորապես կբարձրացվի «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների հարցը, որոնք ըստ խորհրդի, կարող են խոչընդոտել արտասահմանյան ներդրումները: Կներկայացվի նաև ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պարտքերի մարման ժամանակացույցի կիրառման հարցը, քանի որ տնտեսվարողների նկատմամբ ֆինանսական միջոցների կալանքի կիրառումը հանգեցնում է դրանց սնանկացմանը: Երևանի ՋԷԿ-ի 400 մգվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հարցերը նույնպես հանդիպման օրակարգում են: Վարչապետի ուշադրությունը կհրավիրվի նաև Վրաստանից ազոտական պարարտանյութերի ներմուծման փոխարեն ազոտական պարարտանյութ արտադրելու նպատակով Վանաձորի քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության վրա:
Որպես առողջապահության ոլորտին առնչվող մասնավոր հարցեր՝ կներկայացվեն սոցիալապես անապահով հիվանդների բուժման համար հիվանդանոցների կողմից կատարած գերածախսը պետության կողմից ֆինասնավորելու կամ փոխհատուցելու անհրաժեշտությունը (մինչդեռ գերածախսը համարվում է որպես շահույթ և հարկվում պետության կողմից), ինչպես նաև քաղցկեղով հիվանդների վիրահատությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու հնարավորությունը:
Կբարձրացվի Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ամբողջական հայեցակարգ ունենալու հարցը, մշակույթի ոլորտում պետական քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը, ազգային անվտանգության հայեցակարգի դրույթների խախտման և մի շարք այլ հարցեր:
Խորհրդարանում քննարկվում է գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
Խորհրդարանում քննարկվում է «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ներկայացրել էին ԱԺ կոալիցիոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ գազամատակարարման ոլորտն իրենց համար էլ է ծայրահեղ կարևոր, հատկապես, որ խնդիրն առավել արդիական դարձավ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրից հետո: Նա հիշեցրեց, որ Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները նախ ներկայացրեցին առաջարկ նման հանձնաժողով ստեղծելու, սակայն առաջարկը մերժվեց, բայց ոչ ամենևին այն պատճառով, որ խնդիրներն չկան, այլ որովհետև շատ հարցեր չափազանց նուրբ քաղաքական ենթատեքստ ունեն. «Որպեսզի քաղաքական շահարկումների առիթ չլինի, մենք առաջարկեցինք ավելի հավասարակշռված մոտեցում, ավելի պատասխանատու մոտեցում: Այն հարցերը, որ ներկայացվել էին ընդդիմության կողմից, շատ նեղ էին, և պետք է ավելի լայն ձևով այդ հարցերը քննարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա ներկայացրեց, թե կոալիցիան այս հանձնաժողովի միջոցով ինչ հարցեր է առաջարկում քննարկել: Առաջինը սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված հարցերն են՝ բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը և այլն:
Երկրորդ հարցը գազի դիմաց կուտակված պարտք է. «Ընդ որում մեր առաջարկած ձևակերպումը շատ ավելի ճիշտ ձևակերպում է՝ պարտքի ձևավորման օրինականությունը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը»,-նշեց նա:
Երրորդը «ՀայՌուսգազարդ»-ի օտարված բաժնեմասի գնահատվածության հարցն է: Չորրորդ հարցը վերաբերում է բնական գազի այլընտրանքային ներկրմանը, թե ինչպիսի՞ հնարավորւթյուններ կան, ի՞նչ սահմանափակումներ և այլն:
Հինգերորդ հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանի Հանրապետության հնարավորությունները որպես տարանցիկ երկիր օգտագործելուն, թե ինչ հնարավորւթյուններ և ինչ արգելքներ կան:
Հաջորդ հարցերը վերաբերում են գազի գնին՝ սահմանին գնվող գնի հետ կապված և քաղաքացուն հասնող սակագնի ձևավորման հետ կապված:
Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերն առաջարկվում է անցկացնել դռնփակ: «Մեր նպատակը քաղաքական դեբատները չեն, սա շատ զգայուն հարց է և ինքնանպատակ չէ: Մեր նպատակը պետք է լինի, թե ինչպիսի քայլեր ԱԺ-ն պետք է կատարի, ինչ հացեր բարձրացնի կառավարության մոտ, որպեսզի բարելավվի իրավիճակը: Երբ մենք ունենք լայն լսարան, միշտ չէ, որ մենք ուշադրությունը դարձնում ենք բովանդակային ծանր հատվածին, այլ առավել շատ ներկայացնում ենք մեր քաղաքական դիրքորոշումները»:
Նա նաև ասաց, որ իշխանական և ընդդիմադիր ուժերը պետք է հավասարապես ներկայացված լինեն այս հանձնաժողովում:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն, իր հերթին առաջարկեց փակ նիստեր անել միայն անհրաժեշտության դեպքում՝ որոշում կայացնելով, իսկ մնացած դեպքում՝ անել բաց, ինչը սակայն Հարությունյանը չընդունեց՝ ասելով. «Նիստերը հրապարակային անցկացնելու առաջարկը չեմ կարող ընդունել: Լրագրողներ են, բոլորս ուզում ենք մեզ ցույց տալ, ինչը շատ բնական է…երբ անհրաժեշտություն լինի, մենք կգանք համաձայնության նիստը բաց անելու»,-ասաց նա:
Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում բարձրացրեց Հրայր Թոմվասյանի «ամբարտավան պահվածքի» հարցը
Մեկնարկեց Աժ նիստերի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյա աշխատանքը: Գրանցվել է 122:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը: Նրա տեղեկացմամբ` այս քառօրյայում արտահերթ կարգով կքննարկվեն ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, ինչպես նաև Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը:
Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ամբարտավան պահվածքի» վրա: Խոսքը վերաբերում էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ նախարարի պատասխանին, թե «ղալաթ են անուն»:
Արմեն Ռուստամյանի խոսքով` սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ նախարարը ոչ միայն պետք է հարգի սահմանադրությունը, այլև պետք է պահպանի սահմանադրական նորմերը:
Ռուստամյանը գտնում է, որ նախարարը վիրավորել է ոչ միայն 53 պատգամավորի, այլև ողջ Ազգային ժողովը և նաև այն մարդկանց, որոնք կանգնած են այդ պատգամավորների հետևում: «Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում կամ վերջերս սկսել է հասկանալ և փորձել է պարզաբանումներ տալ, որ «ղալաթ» բառն արաբերեն նշանակում է` սխալ են անում: Փոխանակ ասի` սայթաքել եմ, խորացնում է իրավիճակը»,-ասաց պատգամավորը:
Ռուստամյանն ասաց, որ նման բառարանային ձևակերպումներով առաջնորդելով` իրենք էլ իրենց հերթին կարող են նախարարին ասել, ասենք` «ղալաթ ես անում, չաթլախ»:
Հովիկ Աբրահամյանը նախ ընդունեց, որ տեղի ունեցածը վատ երևույթ է` նշելով, որ դատապարտում է ցանկացած նման ձևակերպում, որը հնչեցվել է նախարարի կամ պատգամավորի կողմից, այնուհետև ավելացրեց, որ զարմացած է նաև Ռուստամյանի պատասխանից: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս պահին Ազգային ժողովի աշխատանքներին հետևում է ապագա սերունդը: Այդ պահին դահլիճում բուռն քննարկում սկսվեց նախարարի և Ռուստամյանի արձագանքի վերաբերյալ, որը հավանաբար որոշ պատգամավորների անգամ զվարճացրեց: Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց. «Պարո´ն Բաբլոյան, ի՞նչ կա ըտեղ ուրախանալու, փոխանակ տխրեք, ուրախանում եք»:
Հովիկ Աբրահամյանին հարց, ավելի ճիշտ` առաջարկ ուներ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա առաջարկեց, որ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգի Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման հետևանքով զոհված տասնյակ քաղաքացիների հիշատակը` նշելով, որ մահաբեր զենքի կիրառումն իշխանությունների կողմից անընդունելի և դատապարտելի չարիք է:
Աբրահամյանն էլ ավելացրեց. «Բայց ինչու՞ միայն քաղաքացիների հիշատակը, ոստիկանների՞ն ինչու չհարգենք, որոնք նույնպես մահացու զենքից զոհվել են»:
Խորհրդարանը, Աժ նախագահի հավանությունը ստանալով, մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Ուկրաինայի զոհերի հիշատակը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարտ Եսայանին, սակայն, ամենևին դուր չեկավ իր ընդդիմադիր գործընկերոջ առաջարկը` համարելով դա քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձ: Նա ՀԱԿ պատգամավորին հարցրեց, թե ինչու նա նման առաջարկով հանդես չէր գալիս, երբ Սիրիայում զոհվում էին մեր հայրենակիցները:
Մարգարիտ Եսայանի միտքը շարունակեց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ ՀԱԿ պատգամավորի առաջարկը ճղճիմ շահադիտական նկրտումների հասնելու փորձ էր:
«Արդեն իսկ փորձէ արվում դավադրություն կազմակերել Հայաստանում, և առաջին ծիլերը նախապատրաստվեցին այստեց»,-հայտարարեց Գեղամյանը:
Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի 24-ից Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա կատարվելու է երթևեկության շարքերի փոփոխություն: Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն երթևեկությունը դառնում է երկկողմանի` 4 շարքով: Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
Ուրուգվայի փողոցից Արգիշտի փողոց, աջ երթևեկելի մասից, նախկինում թույլատրվող միայն աջը փոխվում է ուղիղ և աջ:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Օլեքսանդրա Մատվիյչուկը կոչ արեց քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ
«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկը:
Նրա համոզմամբ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է. «Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:
Լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունի պնդմամբ Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չի անվանվի, նրա խսքով ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:
Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը».
«Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
«Դեմ եմ»-ը տապալեց «Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովը» (լուսանկարներ, տեսանյութեր)
“Էլիտ պլազայում” տեղի ունենցող «Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողով. հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով համաժողովը աշխատանքի կեսից տապալվեց: «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, տեղեկանալով համաժողվոի մասին, վրդովված եկան այնտեղ` կազմակերպիչներին հարցնելով, թե ինչու իրենք հրավիրված չեն և հնարավորություն չունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը:
Մինչ այդ արդեն բացման խոսքով հանդես էին եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ: Վարչապետն արդեն դահլիճում չէր:
Լրատվամիջոցների մեծ մասն էլ համաժողովի մասին տեղեկացել էր «Դեմ եմ» շարժման միջոցով, որը կոչ էր արել իր թիմակիցներին անմիջապես հավաքվել համաժողովի վայրում: Եվ ահա, երբ ակտիվիստներ «Դեմ եմ պարտադիր կուտակայինին» դրոշներով փորձում էին ներս մտնել դահլիճ, որտեղ տեղի էր ունենում համաժողովըտ, կազմակերպիչները նրանց նախ թույլ չտվեցին` ասելով, որ համապատասխան հրավիրատոմսեր պետք է ունենան:
Այնուհետև վիճաբանությունից հետո «Դեմ եմ»- ի ակտիվիստները ներս մտան դահլիճ,` ասելով, որ կարող են հենց հիմա գրանցվել ու ներս մտնել, և ոչ ոք իրավունք չունի իրենց թույլ չտալ: Այդ պահին զեկույցով հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Ակտիվիստների մուտքը դահլիճ մեծ իրարանցում առաջացրեց, սակայն նրանք խնդրեցին ուշադրությունը սևեռել ոչ թե իրենց վրա, այլ զեկուցողների:
Արամյանի խոսքից հետո «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը «Դեմ եմ»-ի ակտիվիստներին առաջարկեց մասնակցել համաժողովին և խոստացավ օրակարգում ներառել նաև նրանց` ելույթի հնարավորություն տալով: Սակայն, քանի որ ակտիվիստների ելույթը պետք է լիներ վերջում, նրանք հրաժարվեցին` ասելով, որ այդքան ժամանակ չունեն, բոլորն աշխատում են և աշխատավայրերում պետք է լինեն` առաջարկելով այդ պահին ելույթ ունենալ: Սակայն նիստը վարողը հրաժարվեց` ասելով, որ չի կարող խախտել օրակարգը:
Լարվածությունը դահլիճում մեծացավ, երբ համաժողովի մասնակիցներից մեկը հայտարարեց, թե իրենք գիտեն որն է նրանց կարծիքը և ավելորդ անգամ չեն ուզում լսել, ինչը զայրույթ առաջացրերց «Դեմ եմ»-ի ակտիվիստների մոտ: Նրանցից մեկը, մոտենալով ամբիոնին, հայերեն և անգլերեն լեզուներով հայտարարեց, որ նախագահն է անգամ իր խոսքում հայտնել այն մասին, որ հասարակության 80 տոկոսը դեմ է այս ռեֆորմին: Նա հարց ուղղեց միջազգային կառույցների ներկայացուցիչներին, թե արդյոք նորմալ է դեմոկրատական երկրում, երբ հասարակության 80 տոկոսը դեմ է, սակայն փոփոխությունն իրականացվում է:
Նիստի վարողը հայտարարեց, որ այն կասեցվում է: Մասնակիցներն աստիճանաբար լքեցին դահլիճը, իսկ «Դեմ եմ»- ի ակտիվիստները հնչեցնելով իրենց կարգախոսը` «Դեմ ենք, դեմ ենք», հեռացան դահլիճից:
Ծանրորդներ Լևոն Մանուկյանը և Սմբատ Մանուկյանը Հայաստանի չեմպիոններ
Երևանում անցկացվող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում 56 կգ քաշային կարգում հաղթեց երևանցի Լևոն Մանուկյանը 210 (95 կգ+115) կգ:
62 կգ քաշային ծանրորդների պայքարում հավասարը չունեցավ 2010-ի Եվրոպայի փոխչեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, երևանցի Սմբատ Մարգարյանը 252 (107+145) կգ:
Վաղը պայքարի ոլորտ կներգրավվեն 69 կգ և 77 կգ քաշային ծանրորդները:
«Մենք ռուսական կողմին պետք է խնդրենք, որ մեր հանդեպ ավելի մեղմ տնտեսական քաղաքականություն վարի». Վազգեն Սաֆարյան
Հայրենական ապրանքարտադրողների միությունը և անդամ կազմակերպությունները միանշանակ կողմ են Հայաստանի` Մաքսային Միությանն անդամացությանը, քանի որ նրանք ռուսական, բելառուսական կողմերի հետ որոշակիորեն պահպանել են իրենց հին կապերը: Հայ գործարարները հենց այդ կապերի մեջ են տեսնում իրեց բիզնեսների զարգացումը: Հայրենական արտադրողներն սպասում էին այս պահին, երբ կմիավորվեն մեկ ընդհանուր տնտեսական միության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ Կառավարությունը համընթաց քայլերով գնում է դեպի Մաքսային Միություն:
Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ երբ ներմուծումներն ավելանան 100 մլն դոլարով, Մաքսային Միությանն անդամությունը և տեղական ապրանքարտադրությունը խթանելն առաջնային խնդիր են դառնում:
«Այն մտավախությունը, որ Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ապրանքների գները կարող են բարձրանալ, տեղին չէ: Պետք է ասեմ, որ թանկացումները փոխհատուցվելու են մեկ այլ բանով` նոր աշախատատեղերի ստեղծմամբ: Համոզված եմ, որ Մաքսային Միության գործընթացները միանշանակ բերելու են տնտեսական քաղաքականության նոր որակների: Միաժամանակ, մենք ռուսական կողմին պետք է խնդրենք, որ մեր հանդեպ ավելի մեղմ տնտեսական քաղաքականություն վարի»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը վստահ է, որ Հայաստանը հաջողությամբ կարող է ռուսական շուկա արտահանել տրիկոտաժ և կոշիկ:
«Ռուս գործընկերները մեզ անընդհատ հարցնում են` ո՞ւր են ձեր «Մասիս» կոշիկները: Դա նշանակում է, որ մենք մեր արտադրանքը գովազդելու կարիք անգամ չունենք»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
1984-2011 թվականների ընթացքում Երևանի կանաչ տարածքները նվազել են 60%-ով
Անկախության տարիներին ծավալված Երևանի քաղաքաշինությունը խիստ բարձրացրել է մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկերը` էկոլոգիական բազմաթիվ վնասներ պատճառելով: Ամբողջ աշխարհում բարեկարգում են բակային տարածքները, իսկ մենք հակառակն ենք անում՝ բակերում կառուցելով նորանոր բարձրահարկ շինություններ: Մարդկանց բողոքն էլ տեղին է, քանի որ այդ կառուցապատումների հետևանքով ոչ և կանաչապատ տարածքներն են վերանում, և մարդկանց կյանքն է դժոխքի վերածվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Բնապահպանի խոսքով` 1984-2011 թվականների ընթացքում Երևանի կանաչ տարածքները նվազել են շուրջ 60 %-ով:
Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն էլ նշեց, որ ինստիտուտի կողմից կազմվել է Երևանի կլիմայական պայմաններին առավել հարմար բուսատեսակների ցուցակ:
«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ներկայումս առկա են ավելի քան 250 բուսատեսակներ: Օրինակ, ամենատարածված բուսատեսակներից թեղին այլևս պիտանի չէ աճելու: Երևանի համար խիստ արդիական է ուղղահայաց կանաչապատումը, օրինակ, շենքերի տանիքներին ոչ հողային պայմաններում բուսատեսակների աճեցումը:
Քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Երևանն ընդգրկվել է «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցում, որտեղ ներառված են ավելի քան 1000 քաղաքներ:
« «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցն օգնելու է քաղաքին մշակել էկոլոգիական ռազմավարություն, կապեր ստեղծել տարբեր հիմնադրամների հետ»,- ասաց Դիանա Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանում մեկ շնչին ներկայումս բաժին է ընկնում մոտ 8 քմ կանաչ տարածք՝ այն դեպքում, երբ 2005-ին այդ թիվը 5.2 քմ էր: Վերջին երեք տարիներին Երևանի կանաչապատ տարածքները 830 հա-ից հասել են 850 հա-ի:
Թումանյանները հոբելյաններում
Թումանյանով` մենք կանք: Առանց Թումանյանի` մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով` և այս աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է:
Հրանտ Մաթևոսյան
1939 թ. Դսեղում հիմնադրվել է ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը: Այսպիսի երախտագիտություն գրողի մահից 16 տարի անց, այսպիսի նվեր նրա ծննդյան 70-ամյակին ու այդ ամենն այն աղետալի վերաբերմունքից հետո, որ ցուցաբերվել էր նրա երեք որդիների նկատմամբ` ընդամենը մեկ-երկու տարի առաջ:
Համլիկը Թումանյանի հինգերորդ զավակն էր` գրականագետ, լրագրող, թարգմանիչ, կուսակցական աշխատող: Ահաբեկչական գործունեություն ծավալելու և խորհրդային կարգերը տապալելու կոչեր անելու կեղծ մեղադրանքով առաջին անգամ բանտարկվել է 1935 թ. նոյեմբերի 4-ին: Մեղադրանքը չի հաստատվել, ազատվել է 1936 թ. հունիսի 10-ին: 1937 թ. հունիսի 11-ին կրկին բանտարկվել է լրտեսության և հանցագործության նախապատրաստման անհեթեթ մեղադրանքով: Գնդակահարվել է նույն տարվա սեպտեմբերի 13-ին:
Ի դեպ, դեռ այն ժամանակ, ճիշտ գնահատելով Լոռվա ձորի հեռանկարը, Թումանյանը ցանկանում էր, որ իր որդիներից մեկը դառնար երկրաբան, և ավագ որդուն` Մուշեղին, խորհուրդ է տալիս. ՙԼոռին մեծ ապագա ունի, հանքերով հարուստ երկիր է, երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, այ, ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքերի տերն են դարձել…՚: Մուշեղ Թումանյանը երկրաբան չդարձավ: Նա կենսաբան էր, մանկավարժ: Ենթադրվում է, որ 1938 թ. Ռուսաստանի արևելասիբիրյան երկրամասի բանտերից մեկում ինքնասպան է եղել, վերջին նամակը եղել է այդ թվականի փետրվարի 18-ի թվագրումով: Մուշեղ Թումանյանը ոչ ավելի, ոչ պակաս աշակերտների և բնակչության շրջանում խորհրդային կարգերը տապալելու փորձ անելու մտացածին մեղադրանքով ձերբակալվել է 1937 թ. նոյեմբերի 5-ից:
Գրողի ութերորդ զավակը` պետական, կուսակցական գործիչ Արեգ Թումանյանը, 1937 թ. բանտարկվել և 1938 թ. հունիսի 14-ին գնդակահարվել է որպես ժողովրդի թշնամի և արտասահմանյան լրտես:
Գրողի երեք որդիներն էլ 1955 թ. հետմահու արդարացվել են: Արդարացումը իրականում ոչինչ չտվեց, իսկ թե ինչ կորցրեցին հայ մշակույթը և գրականությունը, մեջբերում եմ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի այն տարիների նախագահ Մկրտիչ Ասլանյանի խոսքերը. ՙԵթե 1937 թ. մոլի ստալինականները և բերիականները չգնդակահարեին Համլիկ Թումանյանին, մենք Թիֆլիսում կունենայինք մեր նորօրյա վերնատունը` Համլիկ Թումանյանի նախագահությամբ՚:
Իհարկե, պատմությունը և ժամանակը հետընթաց չունեն: Մեզ մնում է դասեր առնել պատմությունից և արժևորել այդ պատմությունը կերտողների վաստակը: Ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծի, այլև նրա հոր` Տեր-Թադևոսի (1839 -1898 թթ., ծննդյան 175-ամյակը) և գրողի երեք զավակների համար: Տարվա ընթացքում լրանում է Մուշեղ Թումանյանի (1889-1938 թթ.) ծննդյան 125-ամյակը, արվեստաբան, դրամատուրգ, կովկասյան ճակատում զոհված Արտավազդ (Արտիկ) Թումանյանի (1894-1918 թթ.) ծննդյան 120-ամյակը և դուստրերից գրականագետ, մատենագետ Արփիկ Թումանյանի (1899-1981թթ.) ծննդյան 125-ամյակը: ՙՄեծ մարդ էր, զարմանալի մեծ մարդ, անդունդի խորություն ուներ, լայն հոգի, մեծ սիրտ, մեղմ բնավորություն, ժպիտը միշտ դեմքին՚,- Հովհ. Թումանյանի այս գնահատականը հոր մասին գալիս էր համոզելու, որ ուշադրության արժանի են նաև այս հոբելյանները: Կարծում եմ` գրողի տուն-թանգարանի 75-ամյակի տարին սովորական չի լինի ոչ միայն Դսեղում:
Արդեն տասնամյակներ են անցել այն օրից, երբ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1 շենքի պատին կարդացել եմ ամենայն հայոց բանաստեղծի` 1921 թ. այստեղ իջևանելու մասին հուշատախտակը: Այժմ, երբ այն կրկին աչքովս է ընկնում, թվում է, թե կարդում եմ առաջին անգամ: Վերջերս էլ մամուլից տեղեկացա, որ Հովհաննես Թումանյանը Երևանում եղել է ընդամենը հինգ անգամ, այն էլ` կարճատև այցերով: Ու ամենևին պատահական չէ, որ 1953 թ. Երևանում բացված Թումանյանի թանգարանի (մինչև 1979 թ. կոչվում էր տուն-թանգարան) ուղիղ 45 տարի առաջ կառուցված ներկայիս շենքի երկրորդ հարկում ընդօրինակվել է Թումանյանի Թիֆլիսի բնակարանը, որտեղ գրողը ապրել է կյանքի վերջին 14 տարիներին: Ես` որպես լրագրող, ընթերցող և լոռեցի, մտահոգվելով վերջերս հայկական կողմից գնված Թբիլիսիի տան ճակատագրով, կարծում եմ, որ ուշադրության արժանի է թումանյանագիտությանը վերաբերող երկու հիմնարար աշխատությունների (ՙՀովհաննես Թումանյան.հայրենագիտական համանվագներ՚, 2005. և ՙԹումանյանի ընտանեկան աշխարհը՚, 2011) հեղինակ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի առաջարկությունը թանգարանը դարձնելու թանգարան-ինստիտուտ` թումանյանական արժեքների պահպանման, հետազոտման, հայտնաբերման և արժևորման կենտրոն: Նպատակահարմար ենք գտնում նաև 1980 թ. սահմանված Հայաստանի գրողների միության ՙԹումանյան՚ մրցանակի վերականգնումը` այն դարձնելով միջազգային գրական մրցանակ:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը սարերի ետևում չէ: Հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ: Մեծ ու փոքր միջոցառումներ նվիրենք 2014 թ. Թումանյանների հոբելյաններին և այդ ջերմությունը պահենք մինչև 2019 թ., փորձենք ունենալ ու գերազանցել այն ոգևորությունը, որ ապրեց Լոռին և ողջ ազգը գրողի 100-ամյակի օրերին: Չմոռանանք նաև տարիներ առաջ բանաստեղծի ծննդյան օրվա առիթով ծնված միմյանց գիրք նվիրելու մասին նախաձեռնությունը: Կարծում եմ` գրքի նկատմամբ սերը կաճի, եթե կատարենք գրքի նվիրատվություններ, նաև գրքափոխանակություն:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ


