Ախտորոշում լեզվի օգնությամբ

լեզուԲոլորին է ծանոթ այն պրոցեդուրան, երբ բժիշկը խնդրում է լեզուն դուրս հանել ու այբուբենի առաջին տառը հնչեցնել: Այդ պահին նա միայն ուսումնասիրում է կոկորդի վիճակը: Իրականում խոսքի օրգանը ախտորոշման գործում անփոխարինելի դեր ունի: Ախտորոշումը կարող է շատ օգտակար լինել անգամ նորմալ ինքնազգացողության պայմաններում: Oրինակ, եթե չկան ազդանշաններ, դա դեռևս չի նշանակում, որ օրգանիզմն առողջ է ու օգնության կարիք չունի: Իսկ  երբ առաջին նշաններն են ի հայտ գալիս, ասենք` երբեմն բողոքում ենք թիկունքի ցավից, բայց սրտի խնդիրներ ենք ձեռքբերում, բողոքում ենք ձախ կողքի ցավից, իսկ հետո հեռացնում են կույրաղիքը, մի փոքր արդեն ուշ է լինում: Նման աղավաղված , քողարկված հիվանդությունները շատ-շատ են: Գուշակություններ չանելու և ճիշտ ախտորոշումը չիմանալով  իզուր օրգանիզմը դեղորայքով չվնասելու, ինչպես նաև չծանրաբեռնելու նպատակով բժշկությունը կիրառում է բոլոր մեթոդները: Ժամանակակից բժշկության , և ոչ միայն, հիմնական խնդիրներից մեկն օրգանիզմի հիվանդությունների ախտորոշումն է: Դեռևս հին բուժակներն էին նկատել, որ ամեն հիվանդություն իր արտահայտությունն է գտնում մաշկի, եղունգների, բիբերի ու մազերի վրա: Սակայն, ամենահուսալին, հասարակն ու  հիվանդությունների մասին  տեղեկություններ հաղորդող դարերով փորձված միջոցը լեզուն է: Այն  հնում էլ հիշատակվել է, որպես մարդու առողջական վիճակի հայելի:

Ավելի քան 2000 տարի առաջ գրված տրակտատում ասվում է, որ լեզվի տարբեր հատվածները համապատասխանում են  տարբեր օրգաններին: Այսպես, լեզվի վրայի փառի առկայությունը խոսում է ստամոքսում, բարակ կամ հաստ աղիքում  տոքսինների մասին: Ընդ որում, եթե փառակալած է լեզվի հետին հատվածը, ապա թունավոր նյութեր կարելի է հայտնաբերել հաստ աղիքում, իսկ եթե լեզվի ծայրերին ասես ատամների հետքեր են, ապա դա խոսում է «ծույլ» աղիքների մասին, իսկ սպիտակավուն լեզուն խոսում է լորձի կուտակման մասին:

Չինաստանում ախտորոշման համակարգի անքակտելի մաս է կազմում նաև հիվանդի զննումն ու հարցուփորձը, լեզվի զննումը: Ընդ որում, ի տարբերություն հին հնդիկների, չինացիները կարծում են, որ լեզուն ոչ միայն օրգանիզմի հայելին է, այլև պատասխանատու է  էներգիայի հոսքի` էներգետիկ ալիքների  համար: Տեղի հեքիմները հավատացնում են, որ լեզվի ծայրով կարելի է դատել սրտի ու թոքերի միջօրեականների մասին, իսկ կենտրոնական հատվածը կպատմի  փայծաղի ու ստամոքսի մասին: Եզրերը մատնանշում են  լեղապարկի ու լյարդի, իսկ արմատը` երիկամների մասին: Այսպիսով, ստացվում է, որ լեզուն արտացոլում է 7 հիմնական օրգանների վիճակը: Արտաքին տեսքի  զննությամբ մասնագետները կարողանում են տարբերել ախտածին ախտանշանները, հիվանդության ընթացքն ու փուլը:

Հայտնի  ռուս  պրոֆեսոր Նեչաևը 1935-ին տպագրած «Հիվանդությունների ճանաչումը խոսքի օրգանի փոփոխություններով»  աշխատության մեջ գրում է, որ ուռուցիկ լեզուն որովայնային ջրգողության, իսկ սրածայր լեզուն` ջրազրկման հետևանք է:  Մասնագետները, ուսումնասիրելով փառը, հանգել են այն եզրակացության, որ այն դեղնավուն երանգ է ստանում լյարդի ու լեղապարկի հիվանդությունների սրացման ժամանակ: Իսկ թանձր, հաճախ տարբեր գույնի խիտ փառը խոսում է վարակիչ հիվանդությունների ու ստամոքսաղիքային տրակտի խանգարումների մասին:

Գունատ ու անարյուն լեզուն խոսում է սակավարյունության, օրգանիզմի հյուծման մասին: Իսկ եթե լեզուն կապտավուն երանգ ունի, ապա դա խոսում է սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին: Լեզվի մակերեսի չորությունն ու ճաքերը շաքարախտի նշաններ են:

Եվ երբ նույնիսկ ցանկության դեպքում  էլ բժշկի մոտ վազել չի ստացվում, ուրեմն կարելի է ժամանակ առ ժամանակ ուսումնասիրել սեփական լեզուն բավարար լուսավորության պայմաններում, անմիջապես արթնանալուց հետո: Սակայն խուճապի չմատնվելու համար էլ հիշեք, որ կան մթերքներ, որոնք բնական գունանյութով են ներկում : Լեզվի գույնն  ու խոնավության մակարդակը  փոփոխվում են նաև սպորտային մարզումից հետո: Եթե քթաբորբ ունեք, բնականաբար, շնչում եք բերանով, ուրեմն, այդ դեպքում էլ չորությունը կապված է դրա հետ: Լեզվի գույնը կարող է փոփոխվել նաև ընդունած դեղորայքից:

 

Արժե՞ հավատալ գովազդներին

գովազդ«Գովազդ» բառն արտաբերելիս իսկույն հիշում ենք բարձր ձայնով խոսող կնոջ կամ տղամարդու` այս կամ այն ապրանքի գովքը: Դա վատ չէ, եթե գովազդը պատրաստվում է պատշաճ, օրենքի սահմաններում:

Մարդն օրական ստանում է 50-70 հազար գովազդային ազդանշան, այն էլ, մեծ մասամբ` ենթագիտակցության համար բացասական երանգով:

Գույնի, ձևի և բովանդակության ներդաշնակությունը հաջողություն են բերում: Գույնի ազդեցության 20%-ն ընկալում է տեսողությունը, իսկ 80%-ը` նյարդային համակարգը: Գույների ազդեցությամբ մարդու տրամադրությունը բարձրանում է՝ առաջացնելով գովազդվող ապրանքը գնելու ցանկություն: Հաճախ սև-սպիտակ երանգները հանդիպում են օծանելիքի գովազդներում, իսկ սև հիմնագույնի վրա բաց գույնը, գունագեղ տեքստն առավել լավ են ընկալվում:

Ըստ մասնագետների՝ առավել ազդեցիկ են դեղինը, մանուշակագույնն ու փիրուզագույնը, իսկ կարմիրը  վճռականության գույն է համարվում, դրա չարաշահումն էլ առաջացնում է ագրեսիվություն: Նարնջագույնը  լավատեսության, միաժամանակ անհանգստության գույն է, իսկ կապույտն ու կանաչը՝ հանգստության: Ցուցակը կարելի է անվերջ շարունակել՝ բերելով տարբեր օրինակներ, սակայն գովազդ պատրաստելիս պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք` լսարանի ազգային, մշակութային առանձնահատկությունները (օրինակ՝ Ճապոնիայում սևն ուրախության գույն է): Լեզվաբաններն էլ իրենց հերթին են հորդորում չմոռանալ յուրաքանչյուր ազգի ինֆորմացիայի ընկալման առանձնահատկությունները:

Բացահայտենք գովազդի փոքրիկ գաղտնիքները

Յուրաքանչյուր գույն համապատասխանում է երաժշտական հնչյունի և թվի: Օրինակ՝ 1 թիվը համապատսխանում է կարմիրին, 2-ը` նարնջագույնին, 3-ը` դեղինին, 4-ը` կանաչին, 5-ը` մանուշակագույնին, 6-ը` վարդագույնին, 7-ը` երկնագույնին, 8-ը` բրոնզագույնին, 9-ը` արծաթագույնին, իսկ 10-ը` ոսկեգույնին:

Ամեն տարի գովազդների վրա ծախսվում է ավելի քան 500 միլիոն դոլար:  Մինչև 65 տարեկանը մարդը  դիտում է մոտ 2 միլիոն գովազդային հոլովակ: Տարվա ընթացքում երեխան դիտում է մոտ 40.000 գովազդային հոլովակ:

Գովազդային հոլովակներում սեքսուալ կերպարների օգտագործումը գալիս է 1800-ական թվականներից: Երեխաների մեծ մասն ի վիճակի չէ քննադատորեն վերաբերվելու գովազդին: Գովազդից ստացվող միջոցներով 1938 թ. ռադիոն գերազանցեց ամսագրերին:

Ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը, ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ, գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդը ժամը 7:00-21:00-ին, զենքի, թմրադեղերի, ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցների գովազդը, երեխաների մասնակցությամբ մեծահասակներին վերաբերող ապրանքների գովազդները:

Ուսումնասիրվել է հեռուստատեսությամբ հեռարձակվող 652 գովազդ, որից 273-ում կնոջ կերպար կա, 363-ը` գլխավոր դերում: Հեռուստատեսային գովազդների  80%-ի դեպքում լսվում է տղամարդու ձայն, իսկ 12%-ի` կնոջ: Հեռուստատեսային  գովազդներում  ներգրավված  գլխավոր  կին  կերպարների  81%-ն ընդհանրապես չի խոսում, ինչը  նշանակում է, որ կանայք ցուցադրվում են որպես կարծիքից, ձայնից զուրկ պատկերներ, սեռական օբյեկտ՝ այդ կերպ ենթագիտակցորեն ամրապնդելով կնոջ մասին կարծրատիպային պատկերացումները: Քաղցրավենիքի, ծխախոտի, խմիչքների, խաղատների գովազդը բացասաբար է ազդում մարդու ենթագիտակցության վրա:

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կրկնվող գովազդները մարդու հոգեբանության վրա (ըստ Թոմաս Սմիթի «Հուշանվեր ապագա գովազդատուներին» գրքի):

1-ին անգամ մարդը դիտում է գովազդը, բայց այն չի տեսնում,  2-րդ անգամ չի նկատում, 3-րդ անգամ նրան արդեն հայտնի է գովազդվող ապրանքի գոյությունը, 4-րդ անգամ աղոտ հիշում է, որ ինչ-որ տեղ արդեն տեսել է այն, 5-րդ անգամ  կարդում է այն, 6-րդ անգամ արհամարհական շրջվում է, 7-րդ անգամ վերընթերցում է և բացականչում.  «Օ՜, Աստված իմ…»: 8-րդ անգամ ասում է. «Էլի այս հիմարությունը»: 9-րդ անգամ մտքերի գիրկն է ընկնում` արդյոք սա որևէ նշանակություն ունի՞: 10-րդ անգամ հարցնում է հարևանին՝ երբևէ օգտվե՞լ է դրանից: 11-րդ անգամ նրա մեջ հարց է ծագում՝ ինչպե՞ս է գովազդն օգնում դրա վաճառքին; 12-րդ  անգամ մտածում է, որ ապրանքը կարող է այնքան էլ վատը չլինել: 13-րդ  անգամ  մտածում է, որ կարելի է փորձել: 14-րդ  անգամ  հանկարծ հիշում է, որ վաղուց էր ուզում այդ ապրանքը: 15-րդ  անգամ որոշում է երբևէ անպայման ձեռք բերել այն: 16-րդ անգամ գովազդվող ապրանքի մասին նշումներ է կատարում: 17-րդ  անգամ ափսոսանքով մտածում է, թե ինքն ինչքան խեղճ է և զուրկ: 18-րդ  անգամ լրջորեն հաշվարկում է իր փողերը: 19-րդ  անգամ, երբ տեսնում է գովազդը, գնում է ապրանքը և  նույնը խորհուրդ տալիս մտերիմներին:

Հիմա` օգտվե՞լ գովազդից, թե՞ ոչ: Սա է հարցը:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Անկախ

Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

ավագ դպրոցի աշակերտներՓետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։

Հատկանշական է, որ նման հանդիպման առաջարկը եղել էր հենց ավագ դպրոցների աշակերտների կողմից։ Գ. Էմինի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Հայարփի Կարեյանը նշում է, որ այսօր աղանդները փորձում են իրենց շարքերը համալրել երեխաներով, քանի որ վերջիններս խոցելի են, ու նրանց ավելի հեշտ է ներգրավել աղանդավորական խմբերում։ Հայարփին նշում է, որ ունի ընկերուհի, ով որոշ ժամանակ եղել է աղանդավորների կազմում, սակայն իր և ընկերների օգնությամբ դուրս է եկել կործանարար այդ կառույցից և այժմ հաճախում է Հայ Առաքելական Եկեղեցի։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն աշակերտական խորհուրդների կողմից բարձրացված խնդիրն անվանեց խիստ կարևոր։ «Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները փոխել են իրենց մարտավարությունը, մարտավարության մեջ նաև՝ թիրախ խմբերը, և որքան էլ ցավալի է, այդ թիրախ խմբերում կան նաև աշակերտները։ Ես ուզում եմ խնդրել ձեզ այս թեման քննարկման առարկա դարձնել նաև ձեր աշակերտական խորհուրդներում։ Ոչ թե ճնշել կրոնական այլ հայացքներ ունեցող մարդուն, այլ բացատրել, խնդրել, հետ բերել նրան։ Դուք ինքներդ այնքան խորը պետք է հասկանաք մեզ, մեր ընտանիքը, երկիրը քայքայող այս չարիքը, որպեսի դառնաք մարդկանց ճիշտ ուղի ցույց տվող քարոզիչներ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հոգեբան Մարինա Սահակյանը նկատում է, որ աղանդավորները սովորաբար զբաղվում են մարդաորսությամբ՝ օգտագործելով բազմաթիվ մանիպուլյատիվ մեթոդներ։ Բնականաբար երեխաները, չունենալով կայուն դիրքորոշումներ, գիտակցված բարձր մակարդակ, կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու սպասելիքները դեռ կարծրացած չեն, ուստի նրանց խոցելիության մակարդակը բարձրանում է։ «Ցանկացած ինֆորմացիա զենք է լավ իմաստով։ Հաճախ աղանդավորները մարդուն կանգնեցնում, քարոզում են՝ կիրառելով հիպնոտիկ բազմաթիվ տեխնիկաներ, և հնարավոր է՝ երեխաներն ակամա ընկնեն նրանց հորձանքի մեջ։ Եթե երեխան տեղեկացված է, ապա կզգուշանա, կհրաժարվի լսել, մինչև դառնա չափահաս և որոշի իր անելիքը»,- նշում է հոգեբանը՝ շեշտելով, որ եթե մեծահասակն ընկնում է աղանդավորների հորձանուտը, այնտեղից դուրս գալու հավանականություն կա, սակայն եթե դեռահասն է հայտնվում, դուրս գալու հավանականությունը գրեթե զրո է։

Վարդան վարդապետ Նավասարդյանն էլ երեխայի դաստիարակության հարցում կարևորեց ծնողների դերը։ «Պետք է զարգացնել երեխայի ստեղծագործական միտքը, որպեսզի երեխան կարողանա ընտրություն կատարել։ Մարդն իր կենսագործունեության ընթացքում մշտապես բախվում է ընտրության խնդրին։ Շատ կարևոր է հոգևոր ներաշխարհում արժեքների ճանաչողությունը և զատորոշումը։ Մենք պետք է կարողանանք լույսը խավարից, չարը բարուց տարբերակել։ Եթե այս տարբերակումը մեր հոգևոր ներաշխարհում խաթարված ու խանգարված է, ուրեմն մենք վտանգված ենք»,- նշեց Վարդան վարդապետ Նավասարդյանը՝ շեշտելով, որ ծնողը չպետք է երեխային դուրս թողնի դաստիարակության միջավայրից, պետք է տա բազմաթիվ «ինչու»-ների պատասխանը, հակառակ դեպքում երեխայի մոտ կձևավորվի ագրեսիա։

Հոգեբանն ու հոգևորականը պատասխանեցին նաև աշակերտների հարցերին։ Ցուցադրվեցին նաև քայքայիչ պաշտամունքների վերաբերյալ ֆիլմեր, որոնք առավել պատկերավոր դարձրին դրանց վնասակար ազդեցությունը։

 

 Անկախ

Ինչպես օգնեց գործին Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը

նամականիշ2014-ին նամականիշների հավաքորդները հնարավորություն կունենան հարստացնելու իրենց հավաքածուները: Նախատեսվում է թողարկել մի շարք հայկական նոր նամականիշներ,  այդ թվում` մարզական թեմաներով:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ Յուրի Կուպալյանը հաստատեց, որ նախատեսվում է նաև մարզական թեմաներով նամականիշներ տպագրել: Կուպալյանը ֆիզիկական կուտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի բաժնի վարիչն է, պրոֆեսոր, նրա կազմած մարզական թեմաներով նամականիշների հավաքածուները օլիմպիական խաղերի օրերին կազմակերպված ցուցահանդես-մրցույթներում քանիցս պարգևների են արժանացել, այդ թվում` ոսկե:

Նա նշեց, որ թողարկվելու են նամականիշներ` նվիրված Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Չինաստանում անցկացվելիք պատանեկան օլիմպիական խաղերին: Հնարավոր են նաև մարզական այլ թեմաներով նամականիշներ: Դեռևս պլանը հաստատված չէ, միայն նախագիծն է:

Քանի որ նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ մարզական ստուգատեսներին նվիրված նամականիշները հիմնականում ուշացումով են թողարկվել, հաճախ այն ժամանակ, երբ դրանք ավարտված են եղել, հետաքրքրվեցինք, թե Սոչիում փետրվարի  7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական հերթական խաղերից առաջ այդ առումով ամեն ինչ կարգի՞ն է:

«Որպեսզի նմանօրինակ տհաճ անակնկալներից խուսափենք,  որոշվել էր, որ Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշների գեղաթերթիկը արտահերթ թողարկվի` 2013-ի 4-րդ եռամսյակում: Նպատակն այն էր, որ աշխատանքը կատարված լինի խաղերի մեկնարկից առաջ, որպեսզի նամականիշների հավաքածուներ կազմողներն այն ձեռք բերեն ստուգատեսի նախօրեին: Այդուհանդերձ, ամեն ինչ ձգձգվում էր, և վտանգ կար, որ գեղաթերթիկը 2013-ին չի պատրաստվի: Եվ ահա, գործին օգնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Քանի որ Ռուսաստանի նախագահը մեծ ուշադրություն է դարձնում Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստությանը, քաղաքական առումով շատ է կարևորում, որ ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի, խորհուրդ  տվեցի արագորեն այդ թեմայով գեղաթերթիկը պատրաստել և Ռուսաստանի նախագահի այցի ժամանակ այն նրան ցույց տալ: Կներկայացվեր, որ ոչ միայն նախապատրաստվում ենք մասնակցելու այդ ստուգատեսին, այլև քարոզչություն ենք ծավալել, նաև` նամականիշներ թողարկել: Այն դեպքում, երբ մի շարք երկրներ տարբեր խաղեր են սկսել, մտահոգվում են, որ Սոչիում անվտանգության երաշխիքներ չկան,  խաղերը լավ չեն կազմակերպվելու, նույնիսկ հայտնել են, որ պատվիրակներ չեն ուղարկելու մրցավայր: Եվ ահա, մեր մտահղացումն իրականացավ: Իսկ խնդիրը կարգավորվեց Հայաստանի ղեկավարության, արտգործնախարարության ներկայացուցիչների ակտիվ միջամտությամբ. 2-3 օրվա ընթացքում հարցը լուծվեց: Նամականիշների գեղաթերթիկն այնքան հաջող չէ, համենայն դեպս, ինձ դուր չի գալիս: Պատկերված են մեկական դահուկավազորդ և լեռնադահուկորդ, սակայն կարևոր է, որ այն ժամանակին տպագրվեց»,- պարզաբանեց Կուպալյանը:

Գեղաթերթիկը թանկ արժե` 1450 դրամ: Նամականիշներից մեկը` 1100 դրամ, մյուսը` 350 դրամ: Փաստորեն, գեղաթերթիկը նախատեսված է արտասահման ուղարկվող պատվիրված նամակի համար: Առիթն օգտագործվել է և բարձր գին սահմանվել:

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինին գեղաթերթիկը «Հայփոստի» ներկայացուցիչները ցույց են տվել նրա պատվին կազմակերպված ճաշկերույթից առաջ, որպեսզի ստորագրի ծրարների վրա: Պուտինը նայել է, ժպտացել և ստորագրել:

 

 

 

Հավասարեցման վտանգավոր խաղը

շահանԱրցախի եւ Ադրբեջանի շփման գծի վրա եւ վերջերս նաեւ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  նկատմամբ ադրբեջանական հարձակողապաշտության դիմաց պատասխանատվության առումով համահավասարեցման միջազգային խաղը նոր երեւույթ չէ:

Քաղաքականորեն ակնկալել, որ արդար գնահատականներ տրվեն եւ միջնորդական խաղաղարար առաքելություն ստանձնած տարբեր կառույցները ճիշտ եզրակացություններ հայտարարեն, թվում է, որ իրատեսական չէ: Ի վերջո, այս կառույցները քաղաքական էություն ունեն, ոչ իրավական եւ բնականաբար դատաստանական վճիռներ չպիտի արձակեն մատնացույց անելով հրադադար խախտող կողմը:

Բայց այս կառույցները իրականացնում են մշտադիտարկումներ, աշխատանքային եւ բանակցային այցեր: Կառույցները օժտված են անշուշտ ֆինանսական լայն հնարավորություններով, փորձագետներով, վերլուծաբաններով, զինվորական մասնագետներով  եւ առհասարակ բանակցային յուրաքանչյուր հանգրվանի համար թղթածրար պատրաստող արհեստավարժ մարդուժով:

ԵԱՀԿ-ի առաքելությունը ուրեմն միայն բանակցային գործընթացի ապահովումը չէ կամ միջնախագահական ու միջնախարարական ձեւաչափերով հանդիպումների կայացումը: Գործընթացն իր ամբողջական հասկացողության մեջ նաեւ զինվորական է եւ հատկապես` հրադադարի պահպանման բազմակողմանի պարտավորություն:

Հրադադարի պայմանավորվածությունը իհարկե տարբեր է խաղաղության համաձայնագրից: Հրադադարը ինքնին հուշում է պատերազմական իրավիճակի առկախում կամ  լավագույն դեպքում դեպի համաձայնագրի կնքման փուլ: Եւ եթե մի կողմից զինվորական սահմանափակ գործողությունների երեւույթը կարող է օրինաչափությամբ մեկնաբանվել` տրված լինելով, որ խաղաղության համաձայնագիր կնքված չէ, մյուս կողմից սակայն նման քայլերը մեկնաբանվում են իբրեւ որոշակի պայմանավորվածության խախտում:

Այս խախտումների հաճախակիացումը կարող է կապված լինել  սպառման շարժառիթների: Այլ դեպքերի պարագայում` քաղաքական ուղերձներ փոխանցելու: Ներքին սպառման կարգով պարզ է, որ կորցրած կողմը Բաքուն է, եւ հետեւաբար իրեն է վերագրվում հարձակողապաշտությամբ բնութագրվող նման որեւե քայլ: Արտաքին ճակատում դարձյալ Բաքուն է, որ չի թաքցնում իր անհանգստությունը, հաճախ բարձրաձայնում է ուժի կիրառման անհրաժեշտության մասին եւ մանավանդ կրկնում իր ակնկալությունը ԵԱՀԿ-ից հատկապես ՄԱԿ տեղափոխելու միջնորդական պարտականությունը:

Քաղաքական այս հիմնավորումների կարիքը չունեն ԵԱՀԿ-ի փորձագետներն ու մշտադիտարկողները` համոզվելու համար, թե ո՛վ է նախաձեռնողը դիվերսիոն գործողությունների, ո՛վ է հրադադար խախտողը, ո՛վ է դիպուկահարներ գործի լծողը, ո՛վ է կացինահարողը, ո՛վ է մարդասպան հերոսացնողը եւ տակավին նմանատիպ գործողությունների հեղինակը:

Եւ եթե այսքան պարզ է նման քայլերի հետևում կանգնող կողմը, ինչո՞ւ հայկական կողմը ադրբեջանականի հետ հրավիրվում է զգաստության, պայմանավորվածությունը հարգելու եւ խաղաղության պահպանման նախանձախնդիր մնալու: Այնքան որքան Բաքուն:

Անկողմնակալ միջնորդի հռչակը պահպանելու համար կողմնակալ համահավասարեցում կատարելը ինքնին կողմնակալություն է դիտվում: Իրերը իրենց անուններով չկոչելու միջնորդական այս պահվածքն էր, որ Բաքվին արտոնեց հարձակման միջավայրը Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից տեղափոխելու նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ: Այս եւս բավարարար չէր, որ խախտեին հավասարեցման խաղի կանոնները:

Ադրբեջանական այս սադրանքները պատերազմական գործողությունների վերսկսում չեն. քնած ժամանակ գործածված կացինը, թաքուն դիպուկահարը կամ գիշերվա ընթացքում փորձված դիվերսիան ճակատային պատերազմից խուսափելու փորձեր են: Ներքին սպառման եւ արտաքին ուղերձների հղման սատարող միջոցներ պարզապես:

Միջնորդը պիտի գիտակցի, որ սադրանքի հեղինակը մատնացույց չանելն ու նման երեւույթների հեղինակին առանձնապես չդատապարտելը սպառնում է նույնինքն այն առաքելության, որը ստանձնել է ինքը: Կոչերն ու պահանջները պետք է ուղղել Բաքվին: Միայն:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Տրնդեզ. հեթանոսությունն ու քրիստոնեությունը միահյուսված մեկ տոնում

Trndez. Tyarnendaraj. krak. xaruyk. ekexecu bakՏրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է փետրվարի 13-14-ը:

Գլոբալացվող աշխարհը վերջին հարյուրամյակներին այսօրը նշում է Վալենտինի տոնը` որպես սիրահարների օր, բայց հայությունն այս օրվա համար ավելի հին ու բազմաբովանդակ  տոն ունի:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է:

Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ ժամանակն է` տեղը զիջի գարնանը:

Խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողակ լինի, թուխսի տակն էին լցնում, որպեսզի ճտերն անվնաս դուրս գան:

Կրակի ածուխը քսում էին նաև կոպերին, որպեսզի տեսողությունը պայծառ լիներ: Չբեր կանայք կրակով խանձում էին իրենց ներքանզգեստի մի հատվածը` ակնկալելով պտղաբերություն: Բարեհաջող ծննդաբերության համար մոխիրը լցնում էին ջրի մեջ և այն խմեցնում ծննդկանին: Տանտիկինները  մոխիրը լցնում էին հավաբները, որպեսզի  հավերը շատ ձու ածեին, լցնում էին կճուճների մեջ` ի նշան առատության: Մոխիրը նաև գարնանը շաղ էին տալիս արտում, որպեսզի մկները ցանքսը չվնասեին:

Տոնական խարույկի վրա հնում հայերը նաև բազմազան գուշակություններ էին անում: Օրինակ` տարվա բերքառատությունը որոշելու համար հետևում էին ծխի ուղղությանը.  եթե այն թեքվում էր հարավ կամ արևելք, ուրեմն առատ  բերք էր սպասվում, եթե հյուսիս կամ արևմուտք` վատ: Խարույկը վառելու պահին  հաճախ նաև կրակել են կամ աղմուկ բարձրացրել, ինչից վախեցած, շները հեռու են փախել: Շների փախուստի ուղին մատնանշել է, թե որ կողմից սպասեն տվյալ տարվա բերքի առատությունը: Կրակի ծուխն էր նաև ցույց տալիս, թե որ կողմից է գալու ցանկալի հարսնացուն կամ փեսացուն:

 Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

Կադաստրային չարաշահումներ Արմավիրի մարզում

կադաստրԵրբեմն լրագրողական հետաքննության ընթացքում փաստը բոլոր կողմերի տեսանկյունից ճշտելու ճանապարհին, անաչառության նկատառումներից ելնելով, չես ցանկանում մտածել` ով է մեղավոր, ով` անմեղ, սակայն կողմերից մեկը սովորաբար իր վարքագծով մատնում է իրեն:

Նման դեպք  եղավ օրերս, երբ  Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Արտուրիկ Գասպարյանից ստացանք ահազանգ այն մասին, որ տեղի է ունեցել կադաստրային չարաշահում, և ինքը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել որևէ պետական մարմնում: Գործն այս պահին դատարանում է, սակայն բազմաթիվ մերժումներից հետո Արտուրիկ Գասպարյանը հույս չունի, թե իր հայցը կբավարարեն:

Խոսքը Փարաքար գյուղում գտնվող երկու տների` Արտուրիկ Սարգսյանի` Վազգեն Սարգսյան առաջին փողոցի տուն 6-ի և Ասյա Աբասյանի` Վազգեն Սարգսյան առաջին փողոցի տուն 5-ի միջև ընկած 56,4 ք. մ տարածքի մասին է: Արտուրիկ Գասպարյանի հավաստմամբ` երկու հարևանների տարածքների միջև ընկած այդ հատվածը գյուղապետարանինն է: «Այդ տարածքը մտցվել է քարտեզի մեջ, տրամադրվել գյուղապետին: Կադաստրը վերցրել է այն ու տվել իմ հարևանին` Ասյա Աբասյանին: Տանս պատից սկսած` այդ հատվածը տրամադրել են, բայց ես այդ կողմից մուտք ունեմ, ուստի ինձ օրենքով երեք մետր հող է հասնում, բայց հիմա ստացվում է, որ  հարևանս կարող է, մուտքս փակելով, այնտեղ ինչ-որ բան կառուցել», – մեզ հետ զրույցում նշեց Արտուրիկ Գասպարյանը:  Նա ասաց, որ  կադաստրում հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ  գյուղապետարանը ևս բողոքում է, քանի որ գյուղապետարանին պատկանող տարածքը, առանց  նրա համաձայնության ու գծագրի,  կադաստրը տվել է գյուղացիներից մեկին:  Գյուղապետարանի տեսակետը  ճշտելու համար զանգահարեցինք Փարաքար գյուղի գյուղապետ Սամվել Վարդանյանին: Նա հայտնեց, որ վիճահարույց տարածքը, փաստորեն, ինքնակամ զբաղեցրած տարածք է, կադաստրում հաշվի չեն առել որոշ հանգամանքներ ու կատարել են ոչ ճիշտ գրանցում:

Սկզբում թվում էր, թե ինչ-որ խնդիր կա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԿԱԱԳԿՊԿ) աշխատակազմի  «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակում, սակայն  դրա պետ Զորիկ  Կոստանյանը բացատրեց, որ իրենց  գրասենյակն ընդամենը հաստատում է այն որոշումներն ու գծագրերը, որոնք կայացվում են մարզային ստորաբաժանումում: Նա խորհուրդ տվեց հարցի մանրամասների մասին տեղեկանալ ՀՀ ԿԱԱԳԿՊԿ աշխատակազմի  Արմավիրի  մարզային ստորաբաժանման ղեկավար Կարեն  Մանուկյանից:  Հենց այստեղ էլ պարզվեց,  թե որտեղ է թաղված շան գլուխը:

Կարեն Մանուկյանի աշխատակազմի ներկայացուցիչները նախ ասացին, որ նա արձակուրդում է, բայց երբ տեղեկացրեցինք, որ խոսքը վերաբերում է կադաստրային չարաշահումների մեղադրանքին, պարզվեց, որ նա բնավ էլ արձակուրդում չէ: Կարեն Մանուկյանը ասաց. «Ես որևէ պարզաբանելու բան չունեմ: Գործը դատարանում է, և այնտեղ էլ կպարզվի` ով է ճիշտ, ով` սխալ»: Այն պնդմանը, թե, փաստորեն, ինքը հրաժարվում է պարզաբանումներ տալուց, ասաց` «Գրեք ինչ ուզում եք, եղա՞վ: Եվ ընդհանրապես էլ ինձ չանհանգստացնեք»: Այնուհետև Կարեն  Մանուկյանը կախեց խոսափողն ու այլևս չպատասխանեց զանգերին:

Իմանալով նրա նման պահվածքի մասին` Արտուրիկ Գասպարյանը չզարմացավ. «Ի՞նչ պիտի ասեր: Ասելու բան չունի»:

Լարա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Անկախ

Սետկրեասեա-Setcreasea

setcreasea1Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում  է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են մանուշակագույն տրադեսկանցիա: Բույսը կարմրին տվող մուգ մանուշակագույն է, խոշոր երկարուկ տերևներով, որոն երկարությունը հասնում է 15-18սմ, իսկ setcreaseasetcreasea (1)լայնությունը մինչև 3սմ: Բաց մանուշակագույն փոքրիկ ծաղիկները աճում են ճյուղերի ծայրերին: Աճման սկզբնական շրջանում ցողունները ուղիղ կանգնած են, իսկ հետագայում `աճման զուգընթաց դանդաղորեն իջնում կախվում են: Սենյակային պայմաններում օգտագործվում են որպես անպելային բույսեր, տնկելով կախովի սկահակների մեջ: Ծաղկային ձևավորումներում օգտագործում են ծաղկային թմբերի, տարբեր տեսակի ղևանդների և քարաբլուրների մեջ: Բույսը գլխավորապես բազմանում է կտրոններով: Հողի ջրի նկատմամբ պահանջկոտ չէ:

Անկախ

Էներգետիկ լուրջ հզորությունը վաճառվեց ջրի գնով

մովսիսյանՀունվարի 29-ին կառավարությունում «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ–ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի–Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ու ՀՀ կառավարության միջև ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր, որով «Որոտանի կասկադը»` ՀՀ–ի տնօրինության տակ եղած վերջին ամենախոշոր էներգետիկ հզորությունը, 180 մլն դոլարով վաճառվեց ամերիկյան ընկերությանը:

Բացի գույքի արժեքից` 180 մլն դոլարից, «Որոտանի կասկադը» գնող ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը, ըստ գործարքի պայմանագրի, ստանձնեց պարտավորություն, այն է`  առաջիկա 6 տարվա ընթացքում կասկադում  ներդնել շուրջ 70 մլն դոլար  համալիրի արդիականացման և վերանորոգման համար:

 Հայտնի չէ, թե ինչ հիմքով է օտարվել «Որոտանի կասկադը»

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»: Իսկ գործարքի կայացումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս գործարքը Հայաստանի Հանրապետության համար «հաջող գործարք» անվանեց: Մի՞թե:

արծվիկ մինասյանՈրոտանի կասկադի վաճառքի հետ կապված երկու կարևոր հարց, ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բաց է մնում.  ՀՀ օրենսդրությունը պահպանվե՞լ է, և երկրորդ` տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

Առաջին հարցի կապակցությամբ պատգամավորը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում իրենք պահանջել են, որ նման օբյեկտները  միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո մասնավորեցվեն: Այն ժամանակ էներգետիկայի նախարարը նշել էր, որ կասկադի վաճառքի որևէ ցանկություն չկա, և, իհարկե, ծրագրում կընդգրկվի, նոր կորոշվի վաճառել այն: «Դրանից առաջ էլ կրկնվում էր, որ ծրագրում ընդգրկված է: Հետո պարզվեց, որ ծրագրում չէ, իսկ հետո էլ վերահաստատվեց, որ ծրագրում կընդգրկվի ու նոր կվաճառվի: Հետո մեր հանձնաժողովը քննարկեց համաձայնություն տալու հարցը, նույն հարցը ԱԺ-ում հնչեց, և էներգետիկայի նախարարը նորից պատասխանեց, որ նման որևէ գործարք չկա, և իրենք չեն կարող ԱԺ-ն շրջանցել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Բայց այժմ, երբ Որոտանի կասկադն արդեն վաճառվեց, պարզվում է, որ ԱԺ-ն, ամեն դեպքում, շրջանցվեց: Այսինքն` պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ձեռնարկությունն օտարվեց, և դա այն դեպքում, երբ Սահմանադրության համաձայն, կառավարությունն ունի միայն պետական սեփականության կառավարման իրավասություն, ոչ թե տնօրինման: Հետևաբար, այս հարցը պետք է պարզաբանում ստանա, թե իր ո՞ր իրավասությամբ է կառավարությունը նման գործարք իրականացրել:

Երկրորդ կարևոր հարցը. տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

«Ի վերջո, չմոռանանք, որ 500 մեգավատտից ավելի հզորությամբ պետական խոշորագույն սեփականություն հանդիսացող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»  գրեթե կես ատոմակայան է, և էներգետիկ անվտանգության բաղադրիչում պետական երևի թե ամենահզոր ու ամենամեծ սեփականությունն էր: Այս ամենից ելնելով` պետք է հստակ ներկայացվի, թե ինչո՞ւ է որոշվել պետական այս հսկայական սեփականությունն օտարել, ի՞նչ է արվելու գումարը, որ դրա դիմաց վերցվել է, ինչպե՞ս է որոշվել այդ գումարի մեծությունը, և որ ամենակարևորն է` Հայաստանի էներգետիկ համակարգը դրանից ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

վարդան բոստանջյան «Որոտանի կասկադը», ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, շահագործվող, աշխատող համակարգ է, որը մեր կողմից շահագործվելու առումով որևէ դժվարություն չէր ներկայացնում և շահութաբեր էր Հայաստանի Հանրապետության համար: Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի` էլեկտրաէներգիա արտադրող ամբողջ համակարգի մեջ «Որոտանի կասկադը» ամենաէժան էներգիան էր արտադրում` «1 Կվտ/ժ.-ի համար 4-4.5 դրամի սահմաններում», ուստի այդպիսի տնտեսությունը պետք է օգտագործվեր հենց Հայաստանի Հանրապետության կողմից: «Ես ուզում եմ մտածել, որ մասնագիտական առումով էլ դա անելու բավականաչափ մեծ պոտենցիալ կար: Դա չի եղել: Արդեն իսկ դրանով պայմանավորված` ես այս երևույթը համարում եմ ոչ ողջունելի մեզ համար»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Որոտանի կասկադը 180 մլն դոլարով վաճառելուն, ապա Վարդան Բոստանջյանը նշեց.-«180 մլն ամերիկյան դոլարն այդպիսի համակարգի համար բավականաչափ փոքր գումար է: Երկրորդ`  չի կարելի հուզական անդրադառնալ այն 70 մլն դոլար ներդրումներին, որ խոստացել են կատարել գնորդները. նման համակարգերի շահագործումը մշտապես ենթադրում է համակարգերի տեխնիկական արդիականացում: Եվ կարծում եմ`  այստեղ ևս Հայաստանի Հանրապետությունն ինքը մեծ հնարավորություն ուներ այդ 70 մլն դոլարի ներդրումներն ինքնուրույն կատարելու»:

«Տալ 180 մլն դոլարով և ասել, թե 6 տարում ևս 70 միլիոն կներդնի` լուրջ չէ: Որովհետեւ 500 մեգավատտ հզորության դեպքում արտադրում ես տարեկան 1.5-2 մլրդ կիլովատտ էլեկտրաէներգիա, եթե դա վաճառում ես 18 դրամով, վաճառքի ծավալը կազմում է 30-40 մլրդ դրամ, այսինքն` 100 միլիոն դոլար, ուրեմն միայն ամորտիզացիան, որ հաշվում ենք, ստացվում է, որ 6 տարում մենք միայն 40 մլն ինքներս կներդնեինք»,- իր հաշվարկները ներկայացրեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` շեշտելով, որ այդ գործարքը տնտեսական առումով ոչնչով աչքի չի ընկնում:

հրանտ բագրատյան«Որոտանի կասկադը», ըստ Բագրատյանի, երևի աշխարհի ամենաշահութաբեր համակարգերից մեկն էր, քանի որ ինքնուրույն աշխատող, հումք չպահանջող, առանձնապես մեծ մարդկային ռեսուրսներ չպահանջող համալիր է: Տնտեսագետն էներգետիկայի օբյեկտների սեփականաշնորհման իմաստը չի տեսնում, իսկ հիդրոէներգետիկ օբյեկտների սեփականաշնորհումն ընդհանրապես անհասկանալի է համարում: Բիզնես միջավայրում հնարավոր է, ինչ-որ ապրանք վաճառվի իր ինքնարժեքից ավելի էժան միայն այն բանի համար, որ գնորդը համարվի ստրատեգիական ներդրող, հետագայում կարող է լուրջ ներդրումներ իրականացնել ոլորտում կամ երկրում: Բայց Որոտանի համալիրը վաճառվել է մի ընկերության, որը տնօրինում է ընդամենը 3500 մեգավատտ հզորության:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Որոտանի կասկադի» վաճառքի պես գործարքներ նախկինում շատ են եղել: Պարզապես այս պարագայում գործարքի միակ հիշարժան մասը կարելի է համարել այն, որ, օտարերկրյա ներդրումները դիվերսիֆիկացնելով, ամերիկացիներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանում ներդրումներ կատարել: Կասկադն ընդամենը 180 մլն դոլարով վաճառելու առումով Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ամեն ինչ հարաբերական է. հարցին պետք է նայել ենթակառույցների տեսանկյունից:

«Էներգետիկ ենթակառույցի իմաստով, կարևոր է, թե որքանով է դա ծառայում տնտեսությանը, որքանով է ինտեգրված մարզի, համայնքի և երկրի տնտեսություններին: Այս պարագայում նոր կարելի է գնահատականներ տալ, ընդ որում` ոչ միայն այսօրվա դրությամբ, այլև հեռանկարի առումով… Հարցերը բազմաթիվ են»,- նշեց տնտեսագետը` չցանկանալով միանգամից, առանց խոր մասնագիտական վերլուծության գնահատական տալ գործարքին:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Որոտանի կասկադը ձեռք բերող ընկերությունն ընդամենը 5-6 տարվա պատմություն ունեցող և մոտ 3500 ՄՎտ էներգետիկ հզորություններ տնօրինող ընկերություն է, հետևաբար կասկածելի է, որ կարող է Հայաստանի համար հեռանկարային` ռազմավարական ներդրող հանդիսանալ, տնտեսագետը հիշեցրեց, որ մեր տնտեսության մեջ պարադոքսները քիչ չեն:

Անկախ

 

 

Արագ պատրաստվող թխվածքաբլիթ

թխվածքաբլիթԲաղադրությունը

190 գ փափկացրած կարագ

1 պտղունց աղ

75 գ շաքարափոշի

1 ձվի սպիտակուց

225 գ ալյուր

շաքարապատ չորամրգեր:

Պատրաստման եղանակը

Կարագը, շաքարափոշին իրար հետ հարել, որ կրեմանման զանգված ստացվի, ապա ավելացնել սպիտակուցն ու ալյուրը. հարել մինչև համասեռ դառնալը:

Ստացված զանգվածից տոպրակի օգնությամբ յուղոտած կամ կալկա փռած տապակի վրա գեղեցիկ գնդեր ձևավորել ու մեջտեղը չորամիրգ դնել: Թխել 150 աստիճան տաքացված փռում` 20-24 րոպե:

Բարի ախորժակ

Անկախ

Ի՞նչ ձևով է դրսևորվում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը

հրապարակայնությունՏեղական ինքնակառավարման իրականացման նպատակն է հանդիսանում տեղական նշանակության հարցերի լուծումը` մունիցիպալ կազմավորման բնակիչների կենսագործունեության անմիջական ապահովումը: Սույն նպատակը ՏԻՄ-երից պահանջում է մշտապես կապի մեջ լինել բնակիչների հետ, նրանց տեղեկատվություն հաղորդել մունիցիպալ իշխանության գործունեության մասին:

Հրապարակայնությունը հասարակության և պետության կառավարման ժողովրդավարական համակարգի կարևոր տարրն է: Հրապարակայնության շնորհիվ ապահովվում է կառավարչական գործունեության ժողովրդականությունը, դրա վերահսկողությունը հասարակության կողմից, ինչպես նաև քաղաքացիների` իրենց շահերը, իրավունքներն ու ազատությունները շոշափող որոշումների մշակման գործընթացի վրա ներգործելու հնարավորությունը:
ՏԻՄ-երի աշխատանքում հրապարակայնության սկզբունքի իրագործումն ընդգծում է նրանց գործունեության բաց բնույթը, այդ գործունեության մասին բնակչության կանոնավոր իրազեկումը:
Հրապարակայնության ապահովման եղանակներն իրավական տեսակետից ամրագրված են մունիցիպալ իրավունքի նորմերում, տեղական ինքնակառավարման պրակտիկայում:ՏԻՄ-երը պետք է ապահովեն իրենց աշխատանքի մասին ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը քաղաքացիներին: Այդ կարևորագույն պահանջի իրականացումը ենթադրում է`
1.տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների նիստերի, տեղական ինքնակառավարման ընտրովի և այլ մարմինների կողմից լուծվող հարցերի մասին բնակչության իրազեկումը,
2.ՏԻՄ-երի կողմից իրենց ընդունած որոշումների բովանդակության մասին բնակչության իրազեկումը:
Ստանալով օբյեկտիվ տեղեկատվություն տեղական գործերի վիճակի մասին, իրենց մասնակից համարելով այդ գործերի լուծմանը` քաղաքացիներն առաջարկություններով, դիմումներով և բողոքներով կարող են դիմել ՏԻՄ-երին:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 331 հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
գ համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության),
գ ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման և մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի և հարմար վայրերում, ինչպես նաև ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների և սակավաշարժուն խմբերի համար,
գ համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում և (կամ) ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման և վերապատրաստման ծրագրերում:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. հայ զինվորականության պատվո վարքագիծը

մուշեղ մամիկոնյանՀայ զինվորականությունն իր պատվո վարքագծով միշտ օրինակելի է եղել: Թե՛ Բյուզանդական կայսրության մեջ, թե՛ եվրոպական երկրներում ու Ռուսաստանում, թե՛ հեռավոր Եգիպտոսում տարբեր ժամանակաշրջաններում իրենց զենքով փայլած հայորդիները ոչ միայն սխրանքի ու արիության, այլև պատվի ու արժանապատվության բազում օրինակներ են ցույց տվել: Նման դեմքերը հայոց պատմության մեջ բազում են: Եվ նրանց թվում հայոց ռազմուժի խրոխտ ու նվիրյալ մարտիկներից մեկը` Մուշեղ Մամիկոնյանը, իր վարքով միշտ օրինակելի է եղել:

Մուշեղ Մամիկոնյանի ծննդյան թվականը հայտնի չէ: Նա որդին էր հայրենանվեր սպարապետ Վասակ Մամիկոնյանի, որ տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայեց հայրենիքին և բազում ճակատամարտեր շահեց: Միայն խաբեությամբ Վասակին իր ձեռքը գցեց պարսից Շապուհ արքան և մորթազերծ արեց:

368 թ. հայ-պարսկական պատերազմն ավարտվեց Հայաստանի կատարյալ ջախջախմամբ: Հայոց արքան և սպարապետը գերվեցին և սպանվեցին, հայոց Փառանձեմ թագուհին երկար դիմադրությունից հետո նույնպես գերվեց և սպանվեց: Երկիրն անտերության էր մատնված: Սակայն Արտագերս ամրոցում պատսպարված հայոց դշխոն Վասակ Մամիկոնյանի երիտասարդ որդուն` Մուշեղին, որ ստանձնել էր հայոց զորքերի սպարապետությունը և Մամիկոնյան տան տանուտիրությունը, հասցրել էր ուղարկել Բյուզանդիա` այնտեղից օգնական զորքի հետ Հայաստան բերելու թագաժառանգ Պապին և բազմեցնելու հայրական գահին:

Փաստորեն, երիտասարդ սպարապետի ուսերին է դրվում ծանր ու պատասխանատու առաքելություն` հայոց երկրի ու պետականության փրկության խնդիրը:
Մուշեղ սպարապետը պատվով է կատարում իր առաքելությունը: Նա, բյուզանդական օգնական զորքերի հետ ժամանելով Հայաստան, Ձիրավի ճակատամարտում ջախջախում է Շապուհ Երկրորդի բանակը և Պապին բազմեցնում հայոց գահին:
Ապա հայրենատեր սպարապետը հայոց զորագնդերով սկսում է երկրի տարածքը միավորելու ծրագիրը: Նա արագ ռազմերթով միավորում է պատերազմի և անիշխանության տարիներին հայոց երկրից ապստամբած և անջատված աշխարհները` Նորշիրականը, Ատրպատականը, Կորդուքը, Տմորիքը, Գուգարքը, Արցախը` ամբողջացնելով երկրի սահմանները:
Մուշեղ Մամիկոնյանը Պապ թագավորին առաջարկում է Հայաստանն արևելքում դարձնել ամրակուռ ռազմական բազա, որ ի զորու լինի հակահարված տալու ցանկացած հակառակորդի: Սա, բնականաբար, հայոց երիտասարդ ու քաջ արքայի սրտով էր: Սակայն պետք է նկատել, որ Պապ թագավորի ու Մուշեղի հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթացել: Պապը, քաջ ու տաղանդավոր միապետ լինելով, նաև ճկուն քաղաքական գործիչ էր, ինչը չի կարելի ասել Մուշեղի վերաբերյալ, որի համար հայրենիքից զատ մեծ արժեք էր նաև քրիստոնեական կրոնը: Մուշեղը որքան քաջ ու արի էր, նույնքան էլ կրոնամոլ: Եվ Պարսկաստանի հետ հարաբերություններում, բնականաբար, պիտի բախվեին հայոց արքայի և սպարապետի տեսակետները:
Թե որքան սուր է եղել հակադրությունը երկու երևելի քաջերի միջև, դժվար է ասել, պատմությունն այդ մասին լռում է: Սակայն մի բան փաստ է. Պապի սպանությունից հետո հայոց ավագանիում առաջնային դիրք հենց Մուշեղ սպարապետն ուներ, որի կրոնամոլությունը հավանաբար թույլ չտվեց, որ հայոց բանակը վրեժ լուծեր նենգ բյուզանդացիներից, որոնք հյուրասիրության սեղանի վրա հեղեցին Պապ թագավորի արյունը:

Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ անգամ Մուշեղն է մասնակից եղել Պապի դեմ նյութվող դավադրությանը: Դժվար է նման բան հաստատել: Այդ հարցում դեր կարող էր խաղալ Մուշեղի կրոնամոլությունը: Ամեն դեպքում հայոց սպարապետը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր հայրենասիրությունն ու տիրապաշտությունը: Սակայն հայոց արքան չէր վստահում Մուշեղին: Անգամ Ձիրավի ճակատամարտից առաջ նա Ներսես կաթողիկոսի մոտ և ողջ զորքի ներկայությամբ ստիպեց սպարապետին երդվել, և միայն արքային հավատարմության երդում տալուց հետո սպարապետը մարտադաշտ իջնելու հրաման ստացավ:
Անկախ ամեն ինչից, Պապի վրեժը չառնելը խարան էր ոչ միայն Մուշեղի, այլև ողջ հայ ազնվականության ու զինվորականության ճակատին:
Ինչևէ: Պապ թագավորի մտերիմ Բատ Սահառնունի իշխանը Պապի հաջորդ` Վարազդատ արքայի գահակալման օրոք, Մուշեղին մեղադրելով արքայի սպանության մեղսակցության մեջ, նրան մորթել տվեց սեղանին, ինչպես որ ժամանակին Պապն էր սպանվել: Գուցեև այս դատաստանի մեջ արդարություն կա, ինչը խնամքով քողարկել են հայ կղերական պատմիչները:

Մուշեղ սպարապետը կարճ ժամանակում արագ երթով ազատագրում է հայրենիքը: Նա անողոք էր պարսիկ ռազմագերիների նկատմամբ: Ամեն ճակատամարտից հետո գերի ընկած թշնամիներին Մուշեղը հրամայում է մորթազերծ անել և ուղարկել Տիզբոն` պարսից թագավորին նվեր: Դրանով Մուշեղն իր վրեժն էր առնում Շապուհից իր հոր` Վասակ Մամիկոնյան սպարապետի նենգ սպանության համար:
Որքան որ անողոք էր Մուշեղը տղամարդկանց հանդեպ, նույնքան էլ մեծահոգի էր կանանց նկատմամբ: Ատրպատականի Գանձակ քաղաքի մոտ ճակատամարտում ջախջախելով Շապուհի բանակը` նա գերեց պարսից արքայի ողջ կանանոցը: Մինչ այդ` տարիներ առաջ, Շապուհը անարգել սպանել էր հայոց շատ ազնվազարմ կանանց, նրանց մեջ նաև` հայոց թագուհի Փառանձեմին: Թվում էր` Շապուհի այդ անարգանքի վրեժն առնելու հարմար առիթ էր ներկայացել: Սակայն Մուշեղ սպարապետը Շապուհի կանանոցը պատվով ուղարկում է Տիզբոն` հարուցելով բոլորի զարմանքն ու Պապ թագավորի զայրույթը:
Մուշեղի մեծահոգությունը ապշահար է անում Շապուհին: Որպես երախտիք Շապուհ արքան իր ոսկյա գավաթի վրա պատկերել է տալիս Մուշեղ Մամիկոնյանին իր սպիտակ ձիով ու ամեն անգամ գինի ըմպելիս ասում. «Ճերմակաձին թող գինի խմի»:
Դժվար է գնահատական տալ Մուշեղի վարմունքին: Իհարկե, նրա քայլով Շապուհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չփոխվեց, և հայոց սպարապետի մեծահոգությունը միայն բաժակաճառ դարձավ պարսից արքունիքում: Դրանով հայերն իրենց անարգված ազնվազարմ կանանց վրեժը չառան: Մյուս կողմից` Մուշեղի այս քայլն ընդգծում է հայ զինվորականի ասպետականությունն ու մեծահոգությունը: Հայ զինվորականը մարտադաշտում կարող էր անողոք լինել թշնամու հանդեպ և մեծահոգի, երբ դիմացը թույլ ու անպաշտպան կին էր:

Մուշեղի ասպետական ու մեծահոգի վարմունքի մասին է պատմում նաև Ձիրավի ճակատամարտի դիպվածը: Ճակատամարտից առաջ պարսից Շապուհ արքայի մոտ պարծենում է աղվանից Ուռնայր արքան` ասելով, որ ինքը ցիրուցան կանի հայոց բանակը: Նրան է մոտենում Մեհրուժան Արծրունին, որ դավաճանելով հայրենիքը` ծառայում էր Շապուհին, և հանդիմանում է հետևյալ խոսքերով. «Դու փուշ գրկեցիր, շատ զարմանալի կլինի, եթե հավաքել կարողանաս»։
Աղվանից արքայի պարծենկոտությունը խոցում է Մեհրուժանի ինքնասիրությունը, որ այդ մասին զգուշացնում է Մուշեղին. «Իմացի՛ր և պատրաստվի՛ր, Մուշեղ, աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ Շապուհին պարգև է խոստացել։ Արդ, լսի՛ր և անելիքդ իմացի՛ր»։
Մուշեղն անձամբ է իր գնդերն առաջնորդում պարսկական բանակի այն թևը, ուր Ուռնայրն էր գործում: Մի հարվածով հայոց քաջերը ջարդում են աղվաններին, իսկ նրանց արքան փախուստի է դիմում: Սակայն Մուշեղ Մամիկոնյանը, հասնելով նրան, իր նիզակի կոթով ծեծում է` ասելով. «Դու թագակիր ես, այլապես քեզ շանսատակ կանեի»:
Այս փաստը դարձյալ սրում է Մուշեղի և Պապի հարաբերությունները: Երբ հայոց թագավորը հաշիվ է պահանջում սպարապետից, վերջինս պատասխանում է. «Արքա՛, ես կոտորեցի նրանց, ովքեր ինձ հավասար էին, զորավարներ կամ զինվորներ էին։ Իսկ նրանք, ովքեր թագ են կրում, ինձ հավասարակից ու ընկեր չէին, նրանք քո ընկերներն են, որովհետև թագավորներ են։ Գայիր, ինչպես որ ես ինձ հավասարակից մարդկանց սպանեցի, դու էլ քեզ հավասար թագավորներին սպանեիր։ Միևնույն է, ուր էլ լինեմ, ինչ էլ լինի, ես թագավոր մարդու վրա, որը իր գլխին թագ է կրում, ո՛չ ձեռք եմ մեկնել, ո՛չ մեկնում եմ, ո՛չ էլ կմեկնեմ։ Եթե կամենում ես ինձ սպանել, սպանիր, դա քո կամքն է, բայց ասում եմ և իմացիր, եթե առաջիկայում ևս ձեռքս թագավոր մարդ անցնի, ինչպես շատ անգամ է պատահել, ես, միևնույն է, թագավոր մարդու, որ գլխին թագ է կրում, չեմ սպանի, թեկուզ ինձ սպանելու լինեն»։

Ազդվելով Մուշեղի պատասխանից` Պապը գրկում է նրան և արտասվում` ասելով.
«Մահապարտ են բոլոր նրանք, ովքեր հանդգնում են կամ այսուհետև կհանդգնեն չար բերան բանալ Մուշեղի՝ այս քաջ և պատվական մարդու հասցեին։ Նա մի մարդ է, որն իր ծագումով մեզ նման պատվական է։ Նրա նախնիները մեր նախնիների նման ևս այլ աշխարհից են եկել։ Նրանք թողել են Ճենաց աշխարհի թագավորությունը, եկել մեզ մոտ և ապրել ու մեռել մեր նախնիների համար։ Սրա հայրը իմ հոր համար մեռավ, և սա հավատարմությամբ ծառայել է մեզ։ Շատ անգամ աստված մեր հոր՝ սքանչելի Ներսեսի աղոթքներով ու պաղատանքներով Մուշեղի ձեռով մեզ հաղթություն է շնորհել»։
Հետագայում Ուռնայր թագավորը չմոռացավ Մուշեղի մեծահոգությունը և համագործակցեց հայոց հետ ընդդեմ պարսից տերության:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ 

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջամտում է արցախյան հակամարտությանը

Հարութ ՍասունյանՈւշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաժամանակյա լսումներ է անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Արդյոք սա լոկ զուգադիպությո՞ւն է, թե՞ փորձ դատարանի կողմից միջամտելու մի կնճռոտ հարցի, որը քաղաքական գործիչներին չի հաջողվում լուծել ավելի քան 25 տարի:

Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից: Սարգսյանի գործն առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2006 թվականի օգոստոսի 11-ին: Հետաքրքրական է, որ Եվրադատարանը հայկական և ադրբեջանական բողոքների վերաբերյալ  լսումներն անցկացրել է միևնույն օրը. 2010 թվականի սեպտեմբերի 15-ի առավոտյան դատարանը լսել է «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը, իսկ նույն օրվա երկրորդ կեսին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:

2011 թվականի դեկտեմբերի 14-ի նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը Սարգսյանի բողոքը համարեց մասամբ ընդունելի: Դատարանը մերժեց Ադրբեջանի փաստարկը, թե գործը պետք է կարճել, քանի որ դրանում ընդգրկված դեպքերը տեղի են ունեցել մինչ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի վավերացումը 2002 թվականին: Ցավոք, հայցվոր Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, բայց նրա երկու երեխաները շարունակում են դատական գործընթացը: ՄԻԵԴ-ը կզբաղվի Սարգսյանի գործի քննությամբ ըստ էության 2014 թվականի փետրվարի 5-ին:

Երկու շաբաթ առաջ ՄԻԵԴ-ը լսեց «Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հակադիր գործը, որով վեց ադրբեջանցի քրդեր բողոք էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նրանք պնդում էին, որ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներն ու ունեցվածքին Լաչինի շրջանում սկսած 1992 թվականի մայիսի 17-ից, ստիպված լինելով հեռանալ Արցախյան պատերազմի պատճառով:

Ադբեջանական բողոքն ընդդեմ Հայաստանի առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2005 թվականի ապրիլի 6-ին: 2011 թվականի դեկտեմբերի 14-ին նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը համաձայնեց գործը քննության վերցնել, համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն խոչընդոտում Եվրադատարանին զբաղվել այս վիճելի հարցով: ՄԻԵԴ-ը հերթական նիստն անցկացրեց 2014 թվականի հունվարի 22-ին` քննության առնելով հետևյալ հարցերը.

1.    Արդյոք Հայաստանն ո՞ւնի իսկական հակակշիռ Արցախի տարածքների վրա:

2.    Ադրբեջանցի վեց քաղաքացիները ունե՞ն բավարար փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց ինքնությունն ու սեփականության իրավունքը հայցով ներկայացված գույքի նկատմամբ:

3.    Պե՞տք է արդյոք ադրբեջանցի հայցվորները սպառեին բոլոր տեղական դատական ատյանները (ՄԻԵԴ-ի պահանջը) հայց ներկայացնելով Արցախի դատարաններ մինչ ՄԻԵԴ բողոք ներկայացնելը, նկատի ունենալով մանավանդ այն բարդությունը, որ Արցախը չճանաչված պետություն է:

Ահա որոշ մտորումներ ՄԻԵԴ-ի վճռորոշ դերի մասին այս երկու հակասական բնույթ ունեցող գործերում.

1. Երկու բողոքներն էլ ՄԻԵԴ են ներկայացվել գրեթե տասը տարի առաջ և պարունակում են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ, որոնք տեղի են ունեցել երկու տասնամյակ առաջ: Քանի որ հայ հայցվորը և ադրբեջանցի վեց հայցվորներից մեկը մահացել են անցած տարիներին, նրանցից ոչ մեկն այլևս չի տեսնի Եվրոպական դատարանից ակնկալվող արդարությունը: Ինչպես հայտնի ասացվածքում` «Արդարության ուշացումը`արդարության մերժում է»…

2. ՄԻԵԴ-ի ակնհայտ փորձը` միաժամանակյա քայլեր ձեռնարկելու այս երկու առանձին, բայց հակադիր գործերի վերաբերյալ ցույց է տալիս, որ Եվրադատարանը փորձում է լուծել ոչ միայն այս երկու բողոքները, այլ նաև հող նախապատրաստել արցախյան հակամարտության լուծման համար, առնվազն փախստականների` իրենց տները վերադառնալու իրավունքի մասով:

Նկատի ունենալով ՄԻԵԴ-ի մինչ օրս անաչառ վերաբերմունքը հայկական և ադրբեջանական հայցվորների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Եվրադատարանն ի վերջո վճիռ կկայացնի հօգուտ երկու գործերի, դրանով իսկ դուռ բացելով երկու կողմերի փախստականների հազարավոր լրացուցիչ բողոքների առջև, որոնք նույն բախտին են արժանացել Արցախյան պատերազմի ընթացքում: Քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր պետությունները պարտավոր են կատարել ՄԻԵԴ-ի որոշումները, Եվրադատարանը կարող է սահմանել, որ այդ փախստականներին թույլատրեն վերադառնալ իրենց հայրենի տները, այսպիսով մասնակի մարդասիրական լուծում պարտադրելով անզիջում հակամարտությանը, որը երկու երկրների ղեկավարներն ու միջազգային միջնորդներն ի զորու չեն լուծել ավելի քան 25 տարի:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ

Թէ տային ինծի

Թագ եւ ադամանդ, գաւազան,
Քեզ զայն ձօնէի,
Թագուհեաց դժխոյ, Հայաստան…
(«Ըղձանք» Խորեն Նար Պէյ )

լուզինյանԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ (6.09.1831- 4.11.1892) – հայ հոգևոր և հասարակական գործիչ, դավանաբան, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ. Archbishop Khorene Nar Bey de Lusignan of Constantinople
ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ (Գվիդոն, 1826-1906) Ամբրոսիոս Լուզինյան Յուսուֆ բեյ, Իշխան Լուզինյան Խալֆա, Ամբրոսիոս Խալֆա-բանասեր, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան. Guy DE LUSIGNAN

ԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ
Հայագիտության արևմտահայ երախտավորների մեջ Գալֆայան եղբայրներն իրենց ուրույն ներդրումն ունեն։ Նրանք տարբերվում են մեր բազմաթիվ հոգևոր հայրերից իրենց զարմանալի, նաև արկածախնդիր ճակատագրով ու գործունեությամբ։
Ծնվել են Կ. Պոլսում, հայ կաթոլիկների ընտանիքում։ Փոքր հասակից մայրական հորդորով երկու եղբայրները՝ Խորենը և Ամբրոսիոսը, 1843թ. ուղարկվել են Վենետիկ` Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանք, որտեղ հրաշալի կրթություն են ստացել։
1855 թ. Խորենը ձեռնադրվել է վարդապետ, նշանակվել աբբահայր Գևորգ Հուրմիզյանի քարտուղար, մասնակցել «Բազմավեպ» ամսագրի հրատարակությանը, ապա պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ 1856 թ. գժտվել է միաբանության հետ և եղբոր` Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ միասին հրաժարվել կաթոլիկական դավանանքից, վերադարձել առաքելական եկեղեցու գիրկը, Փարիզում հիմնել Հայկազյան վարժարանը, տնօրինել, դասավանդել (1857- 59 թթ.)։
Փարիզյան շրջանն արտասովոր ազդեցություն է ունեցել երկու եղբայրների հետագա ճակատագրի վրա։ Փարիզում գեղեցիկ արտաքին, շուրջ 7 լեզուների տիրապետող ու բազմակողմանի, հրաշալի կրթություն ունեցող ապագա հայագետները ծանոթացել ու մտերմացել են Վիկտոր Հյուգոյի, ֆրանսիացի լուսավորիչ գրողների, մտավորականության սերուցքի հետ, մուտք ունեցել փարիզյան հայտնի սալոնները, եղել ուշադրության կենտրոնում, թրծվել եվրոպական երկրների մշակութային այս ջահակրի մթնոլորտում։ Նրանք մինչև իրենց կյանքի վերջը մնացել են այդ մթնոլորտում, նամակագրական աշխույժ կապ պահպանել Ֆրանսիայի մտավորական ու ազդեցիկ շրջանակների հետ։
Փարիզյան շրջանում, ի թիվս շատ հանրահայտ դեմքերի, Խորեն Գալֆայանը բարեկամացել է Ալֆոնս Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունն ամենախրթին գրաբարով, որը հրատարակել է 1859 թ. «Դաշնակք Լամարթինեան» խորագրով։ Նա 1850-ական թթ. գրական-հրապարակախոսական նշանակալի գործունեություն է ունեցել։ Հեղինակել է մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ դավանաբանության, գրականության, լեզվաբանության, թատերգության բնագավառում։
Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։
Փարիզում Հայկազյան վարժարանի փակումից հետո, Գալֆայանները վերադարձել են Պոլիս, ապա 1859 թ. մեկնել Թեոդոսիա, որպես ուսուցիչ և փոխտնօրեն պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխված «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել են մի շարք երկեր, դասագրքեր, բառարաններ։
1864-ին Խորեն Գալֆայանը կրկին մեկնել է Պոլիս, հայ առաքելական եկեղեցու դիրքերից զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել հասարակական-քաղաքական-կրթական բուռն գործունեություն։ Այս կրթյալ հոգևորականի հրաժարումը պապական վեղարից և վերադարձը ավանդական առաքելական եկեղեցու գիրկը պիտի օրինակ ծառայեր շատ շատերի համար, որպեսզի արևմտահայությունը դիմագրավեր, չխանդավառվեր կաթոլիկությամբ, ծվեն-ծվեն չլիներ, միաձույլ մնար հանուն իր ապագայի։
1867 թ. Խորեն Գալֆայանը սբ. Էջմիածին է ուղեկցում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորրորդին, ուր և եպիսկոպոսի աստիճան է ստանում, դառնում հայտնի դեմք ոչ միայն արևմտահայ ու արևելահայ շրջանակներում, այլև օսմանյան, ռուսական արքունիքներում` միշտ մնալով եվրոպական արժեքներ կրող հայրենասեր գործիչ, դիվանագետ, որի ոչ բոլոր քայլերն են համարժեքորեն բացատրվել շրջապատի ու ժամանակակիցների կողմից։ Բնականաբար, պայքարող դիվանագետի ոչ բոլոր գործողություններն են բացահայտ ու հայտարարագրվելու իրավունք ունեցել։ Իսկ այն, ինչ քողի ներքո է, կասկածելի, միշտ էլ կարող է ծայրահեղորեն հակադարձ իմաստով ընկալվել կամ մեկնաբանվել, ինչպես որ պատահել է այս դեպքում։
Խորեն Գալֆայանը երբեք չի դադարեցնում իր գրական, թարգմանական գործունեությունը, որը ողջ կյանքում ուղեկցում է նրան, երբեմն ավելի բուռն դառնում, երբեմն էլ զիջում նրա քաղաքական գործունեությանը։ Այս շրջանում Նար Բեյը ֆրանսերենից թարգմանում է Դարտելի «Տարեգրությունը», որոշ հատվածներ Հոմերոսի «Իլիականից», հրատարակում մեր պատմական անցյալի դրվագները ներկայացնող «Ստվերք հայկական» պոեմների ժողովածուն և այլ գործեր։
1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, Մինաս Չերազի և Ստեփան Փափազյանի հետ մաս է կազմել ռուսական արքունիքի հետ դիվանագիտական բանակցությունների նպատակով Մոսկվա և Ս.Պետերբուրգ մեկնած պատվիրակության` Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Այս առաքելությունը նախապատրաստություն էր հայերի մասնակցությանը 1878 թ. Բեռլինի կոնգրեսին։
Ս.Պետերբուրգում Խորեն Գալֆայանը կարևոր հանդիպումներ է ունեցել արքունիքի մի շարք ազդեցիկ անդամների՝ իշխան Նիկոլայ Իգնատևի, արտաքին գործոց նախարար Ալեքսանդր Գորչակովի և այլոց հետ։ Նրան ընդունել է Ալեքսանդր Երկրորդ կայսրը: Գալֆայանը նրան է ներկայացրել Ներսես Վարժապետյան պատրիարքի «Հայկական ավտոնոմիայի ծրագիրը», որի հիմնական գաղափարը Հայաստանի վարչական անկախությունն էր ռուսական հովանու ներքո։
«Северный Вестник» թերթին տված հարցազրույցում Գալֆայանն ասել է. «Ռուսաստանը ցույց է տվել, որ Թուրքիայի քրիստոնյաների պաշտպանն է։ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ի տարբերություն Թուրքիայում ապրողների, շատ ավելի ազատ ու պաշտպանված են։ Ավելի քան 20 տարի գոյություն ունեցող օսմանյան սահմանադրությունը չի կարող մեզ բավարարել։ Այն ինքնուրույնություն է տվել միայն մեր դպրոցներին, եկեղեցիներին և բարեսիրական կազմակերպություններին։ Մենք ինքներս ազատ չենք, այլ տիրակալների ստրուկներ ենք։ Մեր ժողովուրդը սեփական հողեր չունի, իսկ մենք կախված ենք թուրք պաշտոնյաների ամենաթողությունից»։
1878 թ. հունիս-հուլիս ամիսներին խորհրդական-թարգմանչի պաշտոնով նա մասնակցում է Բեռլինի կոնգրեսին` ջանալով «Հայկական հարցը» ներկայացնել միջազգային դիվանագիտության դատին։ Ապարդյուն ջանքեր։
Նա Էջմիածնի կաթողիկոսական գահին հավակնող 6 հոգևորականներից մեկն էր։ Ռուսական արքունիքը և սուլթանական կառավարությունը նույնպիսի անհանգստությամբ են վերաբերվել ապագա հայ կաթողիկոսի ընտրությանը, նրա անձին։ Ռուսական արքունիքի համար գաղտնի ոստիկանության, մասնավորապես` Էրզրումում գլխավոր հյուպատոս Ա.Դաննեթի հայկական հարցերի խնդրով 29.03.1883 թ. զեկուցագիրը նվիրված է բոլոր հավակնորդների անհատական վերլուծությանը։ Խնդիրը պարզ էր։ Մինչ որոշելը, թե ով կբազմի հայոց վեհափառի գահին, հարկ էր պարզաբանել նրա վերաբերմունքը ռուսական և օսմանյան արքունիքների նկատմամբ և ապագա հնարավոր քայլերը, դրանց օգուտն ու վնասները, կառավարելիությունը կամ հանդգնությունը։ Արքեպիսկոպոս Խորեն Նար Բեյ Պեշիկթաշցին (Կոստանդնուպոլսեցին) այս տեղեկագրում ներկայացվում է ոչ նախընտրելի թեկնածու. «Նա տարբերվում է իր կրթվածությամբ, մի քանի եվրոպական լեզուների է տիրապետում, հրաշալի հրապարակախոս է, նրա բնավորության բարոյական չափանիշները անբավարար են։ Նա խորամանկ է, դավադիր, հպարտ։ Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ անբարյացկամ վերաբերմունք է տածում» ։
Նա սուլթանական կառավարությանը ևս նախընտրելի հավակնորդ չէր կարող լինել նույն պատճառներով, և այս դեպքում Խորեն Նար Բեյը դիտվել է ոչ միայն եվրոպական բարձր ու մտավորական շրջանակներում հայտնի և որոշակի ազդեցություն ունեցող մեկը, այլև ռուսամետ գործիչ։ Կաթողիկոսական թեկնածուների մասին այս տեղեկագրերը դիվանագիտական խողովակներով փոխանցվել են նաև համիդյան կառավարական շրջանակներին` համատեղ, փոխադարձ համաձայնությամբ երկնպաստ ընտրություն կատարելու համար։
Կյանքի վերջին տարիներին Խորեն Գալֆայան Նար-Բեյն անցկացրել է Պոլսում, աշխույժ նամակագրություն վարել եվրոպական մշակույթի ու հասարակական գործիչների հետ ։ Իր ամենօրյա նամակաբերի կողմից նա մատնվել, ոստիկանատուն է տարվել, մեղադրվել լրտեսության մեջ, որի տրամաբանական ավարտը երկարատև տաժանելի բանտարկությունն էր կամ մահապատիժը։
Սուլթան Աբդուլ Համիդի հետ երկժամյա զրույցից հետո նա, որքան էլ ապշեցուցիչ է, վերադարձել է տուն։ Նրանց զրույցի մասին որևէ տեղեկություն մեզ չի հասել։ Բայց որ Հայաստանի ապագայով, նրա ազատագրման ու անկախացման հույսերով ապրող ու գործող հայտնի այս հոգևորական գործչի դիվանագիտությունն ու վարկը, եվրոպական հայտնի շրջանակների հետ նրա մտերիմ կապերն ու ունեցած մեծագույն հեղինակությունը զսպել են Աբդուլ Համիդին, փաստ է։ Խորեն Նար Բեյի` ֆրանսիական մշակույթն ու կենցաղը վայելած, գեղագետ, ճաշակավոր մտավորականի, հարուստ մարդու ու հազվագյուտ իրերի սիրահարի բնակարանը դավադրաբար «հանկարծ» հրո ճարակ է դարձել։ Նա կորցրել էր իր գրադարանը, հազվագյուտ ձեռագրեր ու բոլոր նվիրական իրերը։ Նա հուսախաբ, լքված ու վիրավոր մենակյացի չափազանց ծանր շրջան է ապրել։
Նույն Սուլթան Համիդի հրամանով նրան նոր բնակարան են հատկացրել, սակայն մերձավոր շրջանակի ու Պոլսո Պատրիարքի հետևողական հալածանքի, խարդավանքների, որոգայթների ու մատնությունների զոհ է դարձել, մահացել Պոլսում 1892 թ. նոյեմբերի 4 (16)-ին հանելուկային հանգամանքներում։ Թաղված է Շիշլիի մտավորականների գերեզմանատանը։
Եղբայրը` Ամբրոսիոս Գալֆայանը, Թեոդոսիայում Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը, միառժամանակ աշխատել տեղի Խալիպյան ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել մի հարուստ ազնվական ֆրանսուհու` Մարի Լուիզի հետ, երկու զավակների հայր դարձել։ 1858 թ. Աբդուլ Մեջիդ սուլթանից որպես բանակի մատակարար ստացել է ՄԵՋԻԴԻՅԵ պատվանշանը։ Նա ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստումը, հրատարակել «Նոր բառգիրք ֆրանսահայ» (Ա հ., Փարիզ, 1900, Բ հ., 1903) բառարանը, որը հայտնի է «Լուսինյան բառարան» անունով։ Այն մինչ օրս չգերազանցված գործ է և այսօր էլ հիմք է ծառայում ֆրանսիացի լեզվաբանների համար ֆրանսերեն բառարաններ կազմելիս։ Լուզինյան թագավորական տան շքանշանները դադարել են Ամբրոսիոս Գալֆայանի կյանքի ավարտին զուգահեռ։
Ամբրոսիոս Գալֆայանը հայերեն է թարգմանել ֆրանսիացի մի շարք գրողների գործերը, մեծ օգնություն է ցուցաբերել ֆրանսիացի վիրավորներին, իր ներդրումն ունեցել Պադուայում Լեգեոնի պալատի վերանորոգման աշխատանքներում։ Նա իրեն նվիրել է գիտությանը, մասնավորապես` լեզվաբանությանը, բառարանագիտությանը, կազմել զրուցարաններ, բառարաններ, գրել է թվաբանության, հայկական գեղագրության, պատմության դասագրքեր։
Այդ տարիներին եվրոպական բարձրաշխարհիկ շրջանակներում մեծ հաջողություն ունեին Լուզինյան արքայական տան շքանշանները։ Դեռևս Ռիչարդ Առյուծասրտի ժամանակներում այս հին տոհմը զբաղեցնում էր Կիպրոսի թագավորների գահը։ XIX դարի վերջում այս թագի աղքատացած ժառանգներից Տետրուա Պելենդերին եպիսկոպոս Խորեն Նար-Բեյին է վաճառում գահակալի իրենց իրավունքները` ներկայացնելով վերջիններիս որպես իրենց «մերձավոր ազգականների»։ Նորընծա ժառանգները 1888 թ., ի փառս Լուզինյան հին տոհմի պահապան փերի Մելուզինի, շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։ Փերի Մելուզինի շքանշանը Լուզինյան արքայական տան այս նոր տիրակալների՝ Գալֆայան եղբայրների կողմից տրվում էր «հանուն հայ ազգի և Լուզինյան թագավորական տան նկատմամբ ունեցած հումանիզմի վաստակի»։ Այն, ըստ աստիճանների, արժեր 400-1200 ֆրանկ, կից՝ այն հաստատող փաստաթղթերը։ Այն համարվել է գոյություն ունեցող 10 ամենաշքեղ շքանշաններից մեկը։ Շատ -շատերն են ցանկացել իրենց կրծքին կրել այդ գեղեցիկ, թանկարժեք ու շքեղ «զարդը»։
Հայկական ձեռներեցության այս դրսևորումն այնպիսի մեծ հաջողություն է ունենում Եվրոպայի ազնվական ու հարուստ շրջանակներում, որ 1891 թ. Գալֆայան եղբայրները մի նոր` «Սինայի սուրբ Եկատերինայի» շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, ասպետական սուրը՝ զարդարված շքեղ թագով, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։
Երկու շքանշաններն էլ մեծ հաջողությամբ վաճառվում են մինչև 1905 թվականը` Գալֆայան եղբայրների վախճանը։
Ահա այսպիսին է ուրվագիծը Խորեն և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրների` Լուզինյան արքայական տան երկու հայ ժառանգների, գիտությամբ, դիվանագիտությամբ և արկածախնդրությամբ հագեցած երկու հայրենասեր դեմքերի ոդիսականը։

Լուզինյան թագավորական տան հիմնադիր Գի դը Լուզինյան խաչակիր ասպետը
Լուզինյան տան հովանավոր Մելուզին փերիի պատկերները տարբեր փորագրանկարներում և գրքերի կազմերին
Լուզինյան թագավորական տան շքանշանները
Սինայի սուրբ Եկատերինայի շքանշանը

Պատրաստեց Հասմիկ Ստեփանյանը

Անկախ

 

«Ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան…»

Թամար-2Թամարին` կանադահայ այդ կենսախինդ աղջկան, հանդիպեցի «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ: Նա նոր էր վերադարձել Հայաստան և ոգևորված ասում էր` եկել է հայրենիքում հաստատվելու:
Եվ քանի որ մեկ ամիս էր` ինչ Թամարն այստեղ էր, սպասեցի, որ մի քանի ամիս էլ անցնի, հետո հարցազրույց անցկացնեմ: Միգուցե միտքը փոխած լիներ…
Օրեր առաջ կրկին հանդիպեցի: Ոգևորությունն ավելի մեծ էր: Հարցին` արդյոք չի՞ զղջացել իր որոշման համար, ասաց. «Երբե՛ք: Շատ ուրախ եմ, որ եկել եմ: Ոչնչով եկա, ընդամենը երկու ճամպրուկով ու ասացի` սա իմ կյանքն է: Հիմա ունեմ աշխատանք, ընկերներ և ինձ շատ լավ եմ զգում: Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ եկել եմ»:
Ավելին, երբ ամանորյա տոները ծնողների խնդրանքով անցկացրել է նրանց հետ` Կանադայում, հազիվ է կարողացել երեք շաբաթ դիմանալ, օրերն է հաշվել, թե երբ է վերադառնալու Հայաստան:
Թամար Նաջարյանը ծնվել է Տորոնտոյի կենտրոնում, 24 տարեկան է: Ծնողները Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ են գաղթել Կանադա, այնտեղ էլ ծանոթացել ու 1988-ին ամուսնացել են:
Թամարի խոսքով` ծնողները շատ հայասեր ու ավանդապաշտ մարդիկ են: Մայրը` Սյուզան Արթինյան-Նաջարյանը, վերջին տարիներին եղել է Տորոնտոյում Հայ օգնության ֆոնդի ատենապետուհին: Ասում է, որ մայրն իրեն ու եղբորը միշտ պահել է հայկական շրջանակի մեջ` հայ համայնքի հետ սերտ կապով:
Թամարը հաճախել է ՀՕՖ-ի ամենօրյա վարժարան, որը Տորոնտոյի երեք հայկական դպրոցներից մեկն է: Տորոնտոյի հայ համայնքը բավականին մեծ է, սակայն Թամարի խոսքով` հայ ծնողները գերադասում են իրենց զավակներին օտար դպրոցներ տանել: Տորոնտոյում երեք հայկական դպրոց է եղել, հիմա, ցավոք, մնացել է մեկը:
Վարժարանն ավարտելուց հետո, Թամարն ընդունվել է RYESON համալսարան, ուսումնասիրել է հոգեբանություն և երեխաների անվտանգության հարցերը: Ասում է, որ մանկուց սիրել է երեխաների հետ աշխատանքը և որոշել է ուսուցիչ դառնալ: Մի քանի տարի կամավորական աշխատանք կատարելով դպրոցում` ընդունվել UOIT համալսարան` ուսումը շարունակելու մանկավարժության բնագավառում:
Այդ տարիներին աշխատելով և՛ հայկական, և՛ կանադական դպրոցներում` հասկացել ու համոզվել է, որ հայկական դպրոցն անհամեմատ բարձր մակարդակում է: Ասում է, որ կանադական դպրոցներում ուսումնական ծրագիրը շատ թույլ է, տնային աշխատանք գրեթե չեն տալիս: Նախկինում այդպես չի եղել. ծնողներն են բողոքել, թե երեխաները ծանրաբեռնվում են, սթրես են տանում, ինչից հետո ուսումնական ծրագրերը բեռնաթափվել են: Փաստորեն, այսօր երեխաները մակերեսային կրթություն են ստանում դպրոցում: Իսկ եթե բախտները չի բերում և ուսուցիչը լավը չի լինում, ապա դա էլ չեն ստանում:
Ինչպե՞ս Թամարը որոշեց Հայաստան գալ: Առաջին անգամ հայրենիքում եղել էր 2001 թ., երբ ընդամենը 11 տարեկան էր: Ծնողներն էին բերել, որպեսզի ինքն ու եղբայրը Հայաստանը տեսնեն: Դրանից առաջ նրանց նաև Լիբանան էին տարել: «Սակայն Հայաստանն ու Լիբանանն ինձ համար լրիվ տարբեր աշխարհներ էին: Ես շատ սիրեցի Հայաստանը: Հայաստանը ձգող էր, քաշում էր»:
Երկրորդ անգամ նա հայրենիք է գալիս երկու տարի առաջ «Դեպի Հայք» ծրագրով: Այդ անգամ մոտ մեկ ամիս ապրում է Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էլ նրա մեջ վերջնականապես ամրապնդում է Հայաստան տեղափոխվելու գաղափարը: «Երևանը լավն է, գեղեցիկ է, սակայն նման է տարբեր երկրների քաղաքների: Բայց երբ գնում ես մարզեր, տեսնում մյուս քաղաքները, լրիվ ուրիշ բան է»,- հիացած պատմում է Թամարն իր տեսած քաղաքների ու գյուղերի մասին:
Tamar-1Դրանից հետո նա այլևս չէր ցանկանում վերադառնալ Կանադա, բայց ստիպված էր, քանի որ վերջին կուրսում էր, պետք է ուսումն ավարտել: «Գնացի, մի կերպ այդ մի տարին էլ դիմացա, չնայած նոյեմբերից արդեն ծնողներիս գլուխը տանում էի: Փետրվարին տոմս գնեցի ամառվա համար: Այդ մի քանի ամիսը սպասելն ամենաանտանելին էր: Հունիսին, երբ վկայականս տվեցին, ասացի` ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան»,- պատմում է նա ծիծաղով:
Գալիս է Երևան, բնակարան վարձում, մեկ ամիս անց նաև աշխատանք գտնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում (USAID)` ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրում: Բացի այդ, ամերիկյան ամսագրի համար մասնագիտական հոդվածներ է գրում:
Ասում է, որ վաստակածը բավականացնում է և՛ բնակարանի վարձավճարի, և՛ մյուս ծախսերի համար, իսկ ծնողներից սկզբունքորեն ֆինանսական օգնություն չի ընդունում. «Արդեն այն տարիքում եմ, որ պետք է ինքնուրույն հոգամ իր կարիքները»,- ասում է նա:
Այժմ արդեն Թամարի ծնողներն են մտածում Հայաստան տեղափոխվելու մասին: Եթե առաջ այդ գաղափարն անորոշ էր, Թամարի գալուց հետո որոշակի է դարձել: Կարծում է` երկու տարվա ընթացքում ծնողներն ու եղբայրը կմիանան իրեն: «Մայրս երբեք չի մտածել, որ իր ողջ կյանքն անց է կացնելու Կանադայում: Նա ատում է էնտեղի ապազգայնությունը, այն, որ հայությունը կորչում է: Միայն Տորոնտոյում 30 000 հայ կա, որից եթե հազարին տարվա ընթացքում տեսնես` լավ է: Իմ Հայաստան գալու որոշման մեջ նաև մեծ դեր խաղաց այն, որ չէի ուզում ամուսնանալ, զավակ ունենալ այնտեղ և պայքարել, որ հայ մեծանա: Այստեղ զավակ կունենամ և կպայքարեմ, որ լավ մարդ մեծանա»:
Անցնում ենք Հայաստանի խնդիրներին: Այո, վարդագույն ակնոցն արդեն հանել է և տեսնում է երկրի գորշ գույները: Այն, ինչ կցանկանար առաջին հերթին փոխել հայրենիքում, մարդկանց մտածելակերպն է: «Մարդիկ կարծում են, որ ուրիշը պետք է իրենց փոխարեն անի, բայց ոչ երբեք իրենք: Սա է պատճառը, որ Հայաստանում այսքան խնդիր կա: Բոլորը խոսում են կառավարության դեմ: Աշխարհում ուր էլ գնաս, բոլորը խոսում են կառավարության դեմ, չկա մի ազգ, որ իր կառավաարությունը կսիրե. Կանադայից սկսած: Բոլորը բողոքում են, որ կառավարությունն իրենցից գողանում է, բայց հենց իմանում են` Կանադայից եմ, առիթը բաց չեն թողնում ինձնից գողանալու: Եղբայր, մի՛ գանգատվիր, ինձանից էլ մի՛ գողնար»:
Բերում է տաքսու օրինակը, երբ վարորդը, տեսնելով սփյուռքահայ է, գումարն ավելի է ասում: Մանրուք է, բայց այդ մտածելակերպի վառ դրսևորում է:
Թամարն ակտիվ քաղաքացի է, երկրի ներքաղաքական զարգացումների հանդեպ խիստ զգայուն, ուստի անտարբեր չի նաև քաղաքացիական շարժումների հանդեպ: Վերջերս, օրինակ, մասնակցել է պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված մեծ բողոքի ակցիային, քանի որ ինքն էլ է դեմ դրա կիրառմանը: Այդուհանդերձ կարծում է, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ ինքն իրեն զգում է ինչպես տանը: «Աշխարհի մեջ ուր էլ որ գնաս, դժվարություն կա: Միշտ դիմացի տունը, դիմացի մայթն ավելի մաքուր ու գեղեցիկ է երևում, բայց էդպես չի: Էստեղ կյանքը շատ ավելի պարզ է, օտար երկրներում հազար անգամ ավելի դժվար է, բազմաթիվ շերտեր կան, որ պիտի տեսնես, պիտի կարողանաս տակի «մանր գրությունները» կարդալ, ահռելի հարկեր պիտի վճարես կառավարությանը և այլն և այլն: Այնտեղ էլ են քեզ խաբում, քեզանից գողանում, պարզապես առանց զգալուդ և տեսնելուդ, այստեղ տեսնելովդ են գողանում: Տարբերությունն այդ է»:
Հայաստանում Թամարի համար ամենաարժեքավորը պարզ, անկեղծ մարդկային հարաբերություններն են, միմյանց նկատմամբ հոգատարությունը, որոնց պակասն օտարության մեջ միշտ կա, և որոնք նա զգում է միմիայն Հայրենիքում:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Անկարայի ձեռագիրն ու Օջալանի ստորագրությունը

Շահան Գանտահարյան

Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:

Նախ, չի կարելի անտեսել այն երեւույթը, որ միեւնույն կուսակցության ղեկավարներից Բեսե Հոզաթը հայկական լոբբիին մեղադրել էր Թուրքիայի ուրվական պետություններից մեկը լինելու հանցանքի մեջ, որի հերքման ձեւով մեկնաբանվեց Օջալանի նամակը: Խառը ուղերձի տրամաբանության մեջ է տեղավորվում նամակի այն բաժինը, ուր քուրդ ղեկավարը հայ ժողովրդին համեստաբար առաջարկում էր, որ առանց ցեղապաշտ-ազգային թակարդների մեջ ներքաշվելու շարունակի իր պայքարը` հեռու մնալով «մեր ժողովուրդները տակավին դարեր շարունակ իրար թշնամացնել նպատակադրող միջազգային դրամատեր ուժերի եւ լոբբիների չարամտությունից»: Եւ եթե նամակի բովանդակության բնութագիրը ընդհանուր առմամբ խառը պատգամներով կարող է բնորոշվել, ապա այստեղ արդեն համարյա՜ միանշանակ է դառնում հայության պայքարը ապալոբբիստականացնելու կոչը:

Սա  ենթադրել է տալիս, որ Օջալանի նամակը ոչ թե անպայման հերքում է իր քաղաքական դիվանի անդամի ամբաստանությունը, այլ պարզապես փոխում է բուն ասելիքի ոճը:

Պարզ է, որ ըստ էության Օջալանը ցեղասպանությունը ճանաչելով հանդերձ, իր արգելարանից պիտի չխոսեր հատուցման կամ հիմնական առաջադրանքի` Արեւմտահայաստանի մասին: Առաջադրանքը, ի վերջո, հակադրամատիրական պայքարի համահունչ բառապաշարի լիարժեք օգտագործումով Անատոլիայի շրջանում տարբեր ազգերի խաղաղ գոյակցությունն է: Մնացյալը, վիշտ, ցավ, նույնիսկ Ցեղասպանություն` դատապարտանքի ոլորտներում մնալու հղացքային տեսություններ են, որոնք բնականաբար չպիտի հատեն Թուրքիայի մասնատմանն առաջնորդող ուղիների սահմանները:

Ակնկալել, որ «Արեւմտահայաստան» բառը որևէ ձևով պետք է տեղ գտներ Օջալանի նամակում, քաղաքականորեն իրատեսական չպիտի լիներ, մանավանդ որ Քուրդիստան բառն անգամ տեղ չի գտել այս գրության մեջ: Մի անգամ եւս ընդգծվում է, որ ընդհանուր առաջադրանքը Անատոլիայում հայերի, քրդերի, թուրքերի եւ այլազգիների խաղաղ համագոյակցությունն է:

Առաջադրանքային այս տեսությունը  հեռու չէ Անկարայի կիրառած քաղաքականությունից: Ցեղասպանություն բառը չպետք է ընթերցողին հեռացնի Անկարայի քաղաքականության տեսադաշտից: Հրանդ Դինքի սպանության դատապարտանքն ու նրա հիշատակի ոգեկոչումը եւս հեռու չեն Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների բովանդակությունից:

Այս նամակը Դինքի սպանության առիթով հրապարակելի էր: Նրա հրապարակման շուրջ երկշաբաթյա ուշացումը արագորեն մտածել է տալիս գրաքննության մասին: Թերեւս, խոսքը պետական կիսաարհեստավարժության մասին է: Իշխանությունները կարող էին ամեն ինչ բանաձեւել, հետո հրապարակել: Ուշացումը ինքնին, կարող է մեկնաբանվել իբրեւ արտոնություն տալու-չտալու խաղին ծառայեցվող երեւույթ, ստեղծելով այն խաբկանքը, որ որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո է միայն, որ նամակը հայտնվել է հանրության ուշադրությանը:

Արգելափակված Օջալանը պատանդի կարգավիճակում է` Անկարայի ցուցմունքներով հեռակառավարելու քրդական շարժումները: Անկարան փորձ է կատարում, նույն հանգամանքն օգտագործելով, ազդեցություն բանեցնել հայկական կողմի վրա: Անկարայի ձեռագրի տակ ստորագրել է Օջալանը: Թեկուզ Ցեղասպանության մասին խոսելով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

Մեկը սրբացնում է շինարարությունը, մյուսը` դարձնում քավության նոխազ

ՇինարարությունԵրբ նայում ենք պատմությանը, թագավորներն ու առաջնորդները պատերազմներից, աղետներից,  ճգնաժամերից հետո ձեռնամուխ են եղել շինարարության` քաղաքներ, ավաններ, ճանապարհներ, առուներ են կառուցել և այլն: Դա, ըստ պատկերացումների, նաև խթանիչ դեր է խաղացել տնտեսական աճ ապահովելու համար: Այսինքն` արհեստականորեն «ուռճացրել» են տնտեսության մի ճյուղը, այս դեպքում` շինարարությունը, այնտեղ լուրջ ներդրումներ ուղղել, և այն խթանիչ հատկություն է ունեցել հարակից և սպասարկող ճյուղերի վրա, դրանք էլ` այլ ճյուղերի վրա, ու դոմինոյի էֆեկտով մի ճյուղի զարգացումը տարածվել է ամբողջ տնտեսության վրա: Նույնը կարծես փորձում էին իրականացնել նաև մերօրյա Հայաստանում, որտեղ սկսեց մեծ թափ հավաքել շինարարության ոլորտը: Այդ ոլորտն այնքան աճեց, որ, ըստ որոշ գնահատումների, կազմեց երկրի տնտեսության 25 տոկոսը: Սակայն այս սկզբունքը  մի լուրջ խնդիր ունի. ընտրված ու աճեցվող ճյուղը մի որոշակի մակարդակի հասնելուց հետո պետք է բարեփոխումներ անել ու այնտեղ ստեղծված արդյունքը այլ ոլորտների վերաբաշխել: Ընդ որում, այնպես, որ ընդհանուր տնտեսությունը սկսի դինամիկ զարգանալ: 

Կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց. «Օրինակ` շինարարության 25 տոկոս մասնաբաժինը Հայաստանում կամ որևէ այլ երկրում ընդհանրապես անհնարին է, որ  երկարատև կամ գոնե միջնաժամկետ հեռանկար ունենա»:

Եվ դրա պահպանումը նույնպես Վահրամ Ավանեսյանը անհնարին համարեց: «Դեռևս 2006-2007 թթ., գնահատվում էր (այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս), որ անկախ ճգնաժամից` պետք է շինարարության ոլորտում բացասական աճ լինի»,- ասաց նա:

Փաստորեն, շինարարությունը Հայաստանում դարձավ «աչքի փուշ» ու արդեն մոտ 5 տարի է, ինչ անկում է ապրում: Հիմնական պատճառը թերևս այն է, որ օտարերկրյա ներդրումների  ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ մինչև 2009 թ. սա բավականին հետաքրքիր ներդրումային ոլորտ էր այն պարզ պատճառով, որ անշարժ գույքի գները մեզանում տարեցտարի աճում էին:  «Այստեղ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, նախևառաջ, այդ բարեփոխումների արդյունք-հետևանքն էր: Կար պետական միասնական գույք, հետո եղան փոփոխություններ, սեփականաշնորհվեց այդ գույքը: Այսինքն` միանգամից շատ մեծ քանակությամբ գույք լցվեց շուկա, այդ թվում նաև բնակֆոնդ: Սա մարսվեց, որից հետո, բնականաբար, պետք է գների աճ տեղի ունենար»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

Սուբյեկտիվ նախադրյալներից ԿԲ նախկին նախագահն առանձնացրեց իշխանությունների` տնտեսական քաղաքականության ամբողջ վեկտորը  շինարարության ոլորտին ուղղելը: Այսինքն`  շինարարության ոլորտում ստեղծվել էին արտոնյալ, ավելի գրավիչ պայմաններ, ինչի դրսևորումները բազմաբնույթ էին:

Որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ և շարունակեր այդպիսին մնալ, օբյեկտիվորեն հիմնավորված փաստ է համարում տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ` շինարարությունն իր տեղը զիջեց առանց տնտեսության այլ ճյուղերի համաչափ զարգացման: Եթե ուսումնասիրենք Հայաստանի շինարարության հնարավոր պոտենցիալը, ապա, Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, նվազագույնը 50 տարի այս ոլորտը կարող է և պետք է համարվի Հայաստանի տնտեսության ոչ միակ, բայց կարևոր ճյուղերից մեկը, ինչը թե՛ որպես համակարգաստեղծ ոլորտ կներգրավի տնտեսության մյուս ճյուղերը, թե՛ նաև կապահովի զբաղվածության էական աճ:

Նախ` Հայաստանի բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցված է նախկին ԽՍՀՄ ժամանակներում և թարմացման կարիք ունի. օբյեկտիվորեն նոր շինարարություն պետք է իրականացվի: Երկրորդ` սփյուռքի առկայությունը Հայաստանում անշարժ գույքի հավելյալ պահանջարկ է ձևավորում: Երրորդ` արտադրական ենթակառուցվածքներն անընդհատ թարմացման, վերանայման կարիք ունեն: Եվ, վերջապես չորրորդը ճանապարհաշինությունն է, որը Հայաստանի պայմաններում կարող է ստեղծել շինարարության լուրջ պահանջարկ:

Իսկ Բագրատ Ասատրյանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչքան էլ բարձր է եղել շինարարության տեմպը, միևնույն է, 2008 թ.` շինարարական պիկի ժամանակ, շատ քիչ թվով բնակարան է հանձնվել շահագործման, եթե միայն բնակշինարարությանը նայենք: «Ամենաշատը, որ ես գիտեմ, տարեկան 10 հազարի չափ  բնակարան է հանձնվել: Իսկ այդ 10 հազար հատ բնակարան հանձնելը շատ քիչ է անգամ բնական պարզ վերարտադրությունն ապահովելու համար»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Փոխարենը, նշեց նա,  շինարարությունը զարգացավ դեպի VIP ոլորտը: Օրինակ` 2007 թ.  Հայաստանում կառուցվող բնակարանների միջին չափը մոտ 300 քմ է եղել: Այնինչ միջին` 4 հոգանոց ընտանիքն ապրում է  60-90 քմ-անոց բնակարանում: Փաստորեն,  զարգացումը գնացել է ոչ թե ընդհանուր կարիքները հոգալու, այլ շքեղության` մի փոքր խավի կարիքները հոգալու ուղղությամբ:

«Այսօր շինարարության ծավալներն այնպիսին են, որ ցավալի վիճակում է հայտնվել այս ոլորտը, էլ չեմ ասում արդյունաբերական շինարարության մասին: Ի՞նչ է, մեր երկիրն այսպես սոված- ծարավ պետք է մնա՞: Մշակույթի քանի՞ օբյեկտ է կառուցվել վերջին տարիների ընթացքում` զրոյից քիչ ավելի: Իհարկե, զրո չէ, ինչ-որ մի բան ավելի է, բայց աննշան է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ պետք է կառուցվեն ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ և այլն:

Բայց անշարժ գույքի շուկայի ու շինարարության ոլորտի վրա էական ազդեցություն ունի նաև երկրում ձևավորված կամ ձևավորվող հիփոթեքային շուկան, որը անհրաժեշտ միջոցներ է մատակարարում անշարժ գույքի պահանջ ունեցող մարդկանց համար: Այսինքն` ձևավորում է գնողունակ պահանջարկ: Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ապա  Արծվիկ Մինասյանը նշում է, որ տնտեսագիտական կանոն կա` եթե երկրում տոկոսադրույքը բարձր է, նշանակում է` բնակարանների և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կա՛մ նվազում է, կա՛մ պահպանվում է նույն մակարդակի վրա:

Հիփոթեքային վարկերի առումով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշում է. «Իհարկե, այնտեղ բացվածք ներկայացնելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանանք ասել, թե դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա. Պատճառները շատ են` ծավալները, բայց տոկոսադրույքները, կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թույլ չեն տալիս, որի հիփոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հունվարի 17-ին հանդես եկավ ասուլիսով, սակայն չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե շուկայում անշարժ գույքի, հատկապես` բնակարանների ինչ գներ են եղել, քանի գործարք է կնքվել և այլն: «Կարող եմ ասել, որ ընդհանրապես գների կտրուկ փոփոխություն չի առաջացել հանրապետությունում` թե՛ մարզերում և թե՛ Երևան քաղաքում: Գործարքների քանակն իհարկե նվազել է. նախկին ակտիվությունը չէ, բայց, որ ասենք` գները կտրուկ նվազել են, այդպիսի բան առայժմ չի երևում»,- ոլորտի ընդհանուր միտումները համեմատելով 2012 թ. միտումների հետ`  ասել է Աշոտ Մուսայանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

Սպիտակ օլիմպիադան և Հայաստանը

օլիմպիադա (1)Փետրվարի 7-ին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օիմպիական խաղերը: Ռուսաստանի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ ստուգատեսը լավագույնը համարվի  սպիտակ օլիմպիադաների տարեգրությունում: Չի խնայվում ոչ մի միջոց: Ընդ որում, կառուցվել են ոչ միայն  ժամանակակից, ճարտարապետական առումով ուշագրավ նոր մարզաբազաներ, այլև տարբեր ենթակառուցվածքներ` օդանավակայան, հյուրանոցներ, հիվանդանոցներ, ժամանցի կենտրոններ և այլն: Ինչպես չինացիներն էին ցանկանում, 2008-ի ամառային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով կազմակերպելով, աշխարհին ցույց տալ, որ հզոր երկիր են, այնպես էլ այժմ ռուսաստանցիներն են նույն բանը փորձում անել: Ակնկալվում է, որ խաղերում ռեկորդային թվով` 100-ից ավելի պետությունների պատվիրակներ կլինեն, այդ թվում նաև Հայաստանի: Մեր երկրից մեկնարկի դուրս կգա ընդամենը չորս մարզիկ, որը գոհացնել չի կարղ, առավել ևս, որ նրանցից սպասելիքներ գրեթե չկան:

Թե քանի մարզիկ է Հայաստանից մասնակցելու, հայտնի դարձավ օրերս, երբ հրապարակվեցին օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների անունները: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն աշոցքցի դահուկավազորդներ 22-ամյա Սերգեյ Միքայելյանը, 24-ամյա Արթուր Եղոյանը, գյումրեցի 21-ամյա դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ  27-ամյա Արման Սերեբրակյանը, որը բնակվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Նովաթո քաղաքում:

Միայն Միքայելյանն է օլիմպիական խաղերի ուղեգրի արժանացել: Մեր մյուս մասնակիցները հանդես են գալու հրավերով: Ի դեպ, Եղոյանն իր միավորներով ևս մոտ էր վարկանիշը լրացնելուն:

Ինչևէ, դժվարությամբ որոշվեց, թե ովքեր են հրավերով` «սպիտակ քարտերով» մեկնելու մրցավայր: Որոշելու իրավունքը վստահվել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային: Եթե Միքայելյանի հարցը պարզ էր, ապա մյուս մասնակիցներին անհրաժեշտ էր ընտրել, քանի որ մի քանի թեկնածու կար:

Թերևս մարզասերներին հետաքրքրի, թե ով է Սերեբրակյանը: Նա ծնվել է ԱՄՆ-ում, 17 անգամ մասնակցել է այդ երկրի առաջնություններին, 2009-ին և 2010-ին մրցանակակիր է դարձել: Նա այժմ ուսանում է Ֆիլադելֆիայի բաձրագույն հաստատություններից մեկում, ապագա բժիշկ է: Միաժամանակ Արմանը մարզչական աշխատանքով  է զբաղվում: Նա 6 տարի է` միջազգային մրցումներում ներկայացնում է Հայաստանը:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնելու հունվարի 30-ին, մերոնք օլիմպիական խաղերի մայրաքաղաքում են անցկացնելու նախապատրաստական վերջին մարզումները, այդ ընթացքում ծանոթանալու են մրցումների երթուղիներին, հարմարվելու են կլիմային:

Մինչև օլիմպիական խաղերը Միքայելյանը կարողությունները կփորձի հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը Իտալիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում, Սերեբրակյանը կմասնակցի միջազգային մրցաշարի, մյուսների համար ուսումնամարզական հավաք կկազմակերպվի:

Հայաստանի ներկայացուցիչներն անկախացումից հետո նորամուտն են նշել 1994-ին Լիլեհամերում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում, ապա մասնակցել են 1998-ին Նագանայում, 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում, 2006-ին Թուրինում, 2012-ին Վանկուվերում կազմակերպված ստուգատեսներին: Ընդ որում,  դեպք է եղել, երբ Հայաստանը  շուրջ մեկ տասնյակ մարզիկ է ներկայացրել:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանին  հարցրինք, թե քիչ չէ ուժերի այդ ստուգատեսում ընդամենը չորս մարզիկով մասնակցելը: Նա հայտնեց` հույսեր են կապել, որ մասնակից կունենանք նաև օլիմպիական խաղերի մենասահորդների մրցաշարում, սակայն չի ստացվել:  Ղազարյանը չթաքցրեց, որ գոհանալ չի կարելի մեր երկրի մասնակիցների այդ թվից, սակայն խանգարիչ հանգամանքները քիչ չեն: Խոսքը ձմեռային մարզաբազաների սակավության կամ բացակայության մասին է: Ներդրում կատարողներ չկան, ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաքների համար ցանկալի ֆինանսներ չեն ունեցել: «Հայտնի էր, որ Հայաստանի դահուկավազորդները կարող են պայքարել օլիմպիական ուղեգրերի համար, և ՀԱՕԿ-ը ամենայն աջակցություն է ցույց տվել, ֆինանսներ հատկացրել ուսումնամարզական հավաքներ անցկացնելու և մրցումների մասնակցելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գեղասահորդներին, ապա վերջիններս միայն իրենց ուժերով են փորձել դժվարությունները հաղթահարել: Երկար ժամանակ է, որ չի գործում Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի դպրոցը, և պարզ էլ չէ, թե մեր երկրի այդ մարզաձևերի ներկայացուցիչները պարապելու համար երբ տարրական պայմաններ կունենան: Իսկ առայժմ Հայաստանը միջազգային մրցումներում ներկայացնում են այն մարզիկները, որոնք բնակվում և մարզվում են դրսում: Մասնավորապես, Ռիգայում է աշխատում մարզիչ Սամվել Հայրապետյանը, իսկ մեր երկիրը ներկայացնում են նրա որդիները` մենասահորդներ Սլավիկ և Սարգիս Հայրապետյանները:

օլիմպիադաԻսկ մյուսնե՞րը… Ի՞նչ արդյունքներ կարող են լինել, երբ ընդհանրապես Հայաստանում մարզումային պայմանները բացակում են: Մինչդեռ այս մարզաձևում հաջողության հասնելու համար պետք է շուրջտարին սահադաշտ ունենալ, պարապել: Նույնը նաև տափօղակով հոկեյին է վերաբերում: Ինչքան էլ տարօրինակ է, այս մարզաձևի օլիմպիական մրցաշարին մասնակցելու ուղեգիր ձեռք բերելն այնքան էլ դժվար չէ:

Ի դեպ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հատուկ վարչություն ունի, որը զբաղվում է սպորտի պետական քաղաքականության հարցերով: Ըստ երևույթին, այդ քաղաքականությունը սահամանափակվում է միայն ընտանիքների միջև Հայաստանի նախագահի մրցանակների և ֆուտբոլի վարչապետի գավաթի խաղարկության մրցաշարերի անցկացումով: Ընդ  որում, գաղտնիք չէ, որ առաջինի մասնակիցների թվի վիճակագրական տվյալները խիստ կասկածելի են, իսկ երկրորդն էլ, թեև անցկացվում է Հայաստանի տարբեր գերատեսչությունների թիմերի միջև, ընդհանրապես չեն մասնակցում սպորտի նախարարության ներկայացուցիչները: Դա՞ է քաղաքականությունը, իմաստը ո՞րն է…

Մինչդեռ, ստացվում է, որ ձմռային մարզաձևերը զարգացնելու համար բավարար ֆինանսներ չկան: Կարելի է չկասկածել, որ հետևողականություն դրսևորելով` ձմեռային  օլիմպիական խաղերում կարող էինք մեկուկես-երկու տասնյակ մասնակից մարզիկ-մարզուհի ունենալ,  գուցեև ավելի շատ, եթե հաշվի առնենք, որ արտասահմանում ձմեռային մարզաձևերով զբաղվող հայ մարզիկները քիչ չեն:

«Արտասահմանում, հիմնականում` Ռուսաստանում կան հայ սկելետոնիստներ, բոբսլեյիստներ, սահնակորդներ, Բելառուսում մեր հայրենակիցներով համալրված հոկեյի թիմ է հանդես գալիս, Ռուսաստանում, նաև ԱՄՆ-ում խաղացողները շատ են: Բացի այդ, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը Լատվիայի ԱՕԿ-ի ներկայացուցիչների հետ Հռոմում 2013-ի վերջին պայմանագիր է կնքել, որպեսզի համագործակցենք, համատեղ ձմեռային մարզաձևերը զարգացնենք: Աշոցքում ձմեռային մարզաձևերի դպրոց է կառուցվում, որը հիանալի մարզաբազա է ուենալու: ՀԱՕԿ-ը ջանքեր է գործադրում, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք: Արդյունքն արդեն տեսանելի կլինի հաջորդ օլիմպիական խաղերի ժամանակ»,- պարզաբանեց Ղազարյանը:

Ծաղկաձորում ձմեռային մարզաձևերի համար բոլոր պայմանները կան, սակայն պատճառաբանում են, թե մարզավայրերը մասնավոր են և ոչինչ անել հնարավոր չէ: Այդ դեպքում`ինչ նպատակի է ծառայում տեղի դահուկային սպորտի մարզադպրոցը, ինչով է զբաղվում, այնքան էլ պարզ չէ:

Առջևում ձմեռային օլիմպիական խաղերն են, սակայն Հայաստանի ներկայացուցիչները բաց թողեցին Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը: Փաստորեն, Հայաստանի դրոշը մասնակից երկրների թվում չէր: Դժվար է որակել, կատարվածը անփութությո՞ւն է, թե՞ քաղաքական անհեռատեսություն:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Եթե անկարող ենք թեկուզ մեկ մարզիկ գործուղել այդ խոշորամասշտաբ ստուգատեսին, ապա հրաշափառ խայտառակություն է:

Ղազարյանը պարզաբանեց, որ այդպիսի հարցերում ՀԱՕԿ-ը չի միջամտում, սակայն պատրաստ է աջակցելու, եթե խնդիրներ են առաջանում:

Ինչ վերաբերում է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին, ապա Հայաստանի կառավարությունը մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսները տրամադրելու է: Հայաստանի կառավարությունը ՀԱՕԿ-ին ֆինանսական աջակցություն է ցույց տալիս միայն  օլիմպիական խաղերի և փառատոների պատվիրակներ գործուղելու ժամանակ:

Ի դեպ, փոքր մխիթարություն պետք է համարել, որ Հայաստանի 4 դոպինգի սպաներ են սպասարկելու ձմեռային օլիմպիական խաղերը: Պայմանավորվածություն կա,  նրանք հրավերի են սպասում, իսկ առայժմ մերոնք ստուգել են Հայաստանի օլիմպիական մարզիկներին: Արդյունքը կհայտնվի առաջիկայում:

Սոչիում Հայաստանի մեկուկես-երկու տասնյակ պատվիրակ կլինի: Նախատեսվում է մեր երկրի նախագահի, ՀԱՕԿ-ի նախագահի այցը:

Խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի Սերգեյ Միքայելյանը:

Հայաստանի հավաքականը հանդերձավորված կլինի ռուսական «Ֆորվարդ» ֆիրմայի մարզահագուստով:

«Մասնակիցները ապահովված են ժամանակակից մարզագույքով և հանդերձանքով: Հույս ունենք, որ նրանք այս անգամ ավելի լավ հանդես կգան, քան նախորդ խաղերում, մրցումների կեսից դուրս չեն գա, չեն որակազրկվի և զերծ կմնանք տհաճ անակնկալներից»,- նշեց Ղազարյանը:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Տյառնընդառաջ

տյառնընդառաջՏյառնընդառաջը (Տրնդեզը) ամենասիրված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Նաև Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման և հարսանիքի արարողություններ:  Տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել են խաղարկային բնույթի բաղադրիչներ, գլխավորապես` խարույկավառությունը:

Ըստ որոշ ուսումնասիրողների` տոնը վաղնջական ժամանակներում նվիրված էր Տիր աստծուն: Տիրը հայերի իմաստության, գիտության, ուսման աստվածն էր` աստվածահայր Արամազդի քարտուղարը: Նրա տաճարը գտնվում էր քաղաքամայր Արտաշատում, որ միաժամանակ ծառայում էր որպես կրթարան: Տիրը երազների և գուշակությունների հովանավորն էր, քրմական դասի պաշտպանը:

Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից  (Հայաստանում ամենուր չէ, որ անտառ կա): Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Երբ կրակը նստում էր, տոնախմբության մասնակիցները թռչում էին կրակի վրայով և պար բռնում կրակի շուրջը:

Բնապաշտական ժամանակաշրջանում Տրնդեզը խորհրդանշել է Վահագն աստծո ծնունդը, որի երկունքը տևել է քառասուն օր: Վահագնը ծնվեց հրից, որից էլ քուրմը կրակ է վերցրել և նվիրել համայնքին: Նորահարսների` խարույկի վրայով թռչելու սովորույթը Վահագնի նման արու զավակ ակնկալելու խորհուրդ ունի: Պահպանվել է նաև մի հավատալիք, ըստ որի` չբեր կինը, այրելով իր քղանցքը Տրնդեզի կրակով, անպայման կհղիանա և արու զավակ կունենա: Տղամարդիկ կրակի վրայով թռել են նրա միջոցով մաքրագործվելու, իսկ երեխաները` չարից ազատվելու համար:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Տրնդեզի մոխիրը համարվել է սրբազան: Հարսների բարեհաջող ծննդաբերության համար Տրնդեզի կրակի մոխիրը կանայք լցրել են ջրի մեջ և խմեցրել հղի հարսին: Տրնդեզի մոխիրը խորհրդանշել է առատությունը, և այն հաճախ պահել են կճուճների մեջ, որ առատություն լինի: Այն շաղ են տվել հավաբներում՝ հավերի ձվատվությունն ավելացնելու համար, ինչպես նաև արտերում՝ ցանքսը մկներից պաշտպանելու համար: Հայերը նաև Տրնդեզի կրակի մոխրով սրբագործել են շրջապատը:

Տրնդեզի ծիսակատարությունը կապված է նաև մեռնող և հառնող աստվածության հետ. վառելով ձմռան շունչը և տաքացնելով գարնանամուտը` աստվածների հաճությունն են աղերսում: Նույն միտումով պատրաստում են նաև աղանձը` նախորդ տարվա արմտիքների պաշարի վերջին մնացուկները բովելով և նվիրելով աստվածներին:

Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

 

Սեռահասունացում

TETRRF-00013265-001Սեռահասունացում  տեղի է ունենում յուրաքանչյուրի կյանքում: Սեռահասունացումը ենթադրում է մարդկային օրգանիզմի զարգացում, որի ժամանակ մի շարք վերակազմություններ են կատարվում: Ավելի հասկանալի լեզվով ասած` սեռահասունացումը մանկության յուրօրինակ ավարտն է ու պատանեկության սկիզբը:

Աղջիկների սեռահասունացումը

Աղջիկների սեռահասունացումը հուզում է բոլոր մայրիկներին. չէ՞ որ նրանք ցանկանում են, որ իրենց դուստրերն իսկական օրիորդներ ու կանայք դառնան: Կարծիք կա, որ աղջիկների սեռահասունացումը դեռահասության տարիքից է սկսվում: Իրականում  դա այնքան էլ ճիշտ չէ: Աղջիկների սեռահասունացումը շատ ավելի վաղ է սկսվում:

Նկատած կլինեն դուստր ունեցող մայրիկները, որ իրենց դեռևս փոքրիկ դստրիկները հաճախ հագնում են մայրիկի շրջազգեստներն ու կոշիկները, անվարժ ձեռքերով  կիրառում դիմահարդարման պարագաները: Այդ ամենը, ինչը մենք սովորաբար զվարճալի մանկական զբաղմունք ենք անվանում, իրականում արդեն կանացիության դրսևորում է: Թերևս, առանց բացառության, բոլոր աղջիկներն են տուն-տունիկ, , մայրիկ-ու երեխա խաղում: Դա պարզապես խաղ չէ և մեկ այլ իմաստ էլ ունի:

Շատ մայրիկներ նկատած կլինեն նաև իրենց դուստրերի սերը կամ սիրահարվածությունը հայրիկներին: Դա նույնպես նորմալ է համարվում, քանի որ այդ կերպ են երեխաները միջսեռային հարաբերությունների առանձնահատկությունները  ճանաչում: Աղջիկները լույս աշխարհ են գալիս սեռական հորմոնների մի ամբողջ փնջով, որոնք մորից են ստանում` ծննդաբերության ժամանակ: Օրինակ` շատ մայրիկներ նկատած կլինեն, որ նորածին փոքրիկի կրծքագեղձերը փքվում են, իսկ երբեմն էլ անհասկանալի արտադրություն է նկատվում: Մի անհանգստացեք: Երբ մայրական հորմոնները դադարեն գործելուց, այդ բոլոր երևույթները կանհետանան:

Աղջնակների սեռահասունացումը սկսվում է 8-10 տարեկանից ու տևում մինչև 17-18 տարեկանը: Սեռահասունացման առաջին նշանը կարող է հասակի աճը լինել: Նկատած կլինեք, որ դասարանում տարեկից աղջիկները տղաներից բարձրահասակ են: Երբ աղջիկները կտրուկ են բոյ քաշում, դա բացասական ազդեցություն է ունենում նրանց կառուցվածքի վրա: Այդ տարիքում է, որ նրանց մոտ ասես աղավաղվում են մարմնաչափերն ու դիմագծերը. ոտքերն ու ձեռքերն անհամաչափ են թվում: Դա հանգեցնում է նրան, որ աղջիկները ասես չոր են դառնում, կոպիտ ու ոչ ճկուն: Սեռահասունացումը նաև մեկ այլ հատկանիշով է առանձնանում.  դեռահասի մաշկը շատ յուղոտ է դառնում, ինչը շատ պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ կտրուկ աճի պատճառով մաշկը ձգվում է ու այն վնասվածքից պաշտպանելու համար է, որ ճարպաշերտը հաստանում է: Դրա հետևանքով աղջիկները ոչ միայն տառապում են յուղոտ մաշկի, այլև յուղոտ մազերի պատճառով: Տառապանքը վերջ ունի ու պետք է պարզապես հիշել, որ այդ վիճակը ժամանակավոր է: Իսկ մինչ այդ փուլը կավարտվի, պետք է  անձնական հիգիենա պահպանել. ճիշտ սնվել, մարզվել:

Մոտ 10-11 տարեկանում աղջիկների մոտ սկսում է զարգանալ կուրծքը, աղվամազով պատվել ոտքերը, անութներն ու այլ հատվածներ, որից իսկույն էլ ցանկանում են ազատվել: Այստեղ կարևորվում է մոր դերը: Նա պետք է բացատրի, որ տվյալ հատվածներում մազերի աճը նորմալ երևույթ է: Հարկ է այդ շրջանում խոսել նաև դաշտանի մասին: Այդ ցիկլը սովորաբար սկսվում է 12-15 տարեկանում: Դա շատ մեծ սթրես է աղջիկների համար, որը պետք է հաղթահարել մայրիկի, ծնողի հետ: Եղեք ձեր դուստրերի կողքին, սովորեցրեք ու բացատրեք, եթե դա չանեք, ապա ձեր դուստրը ինքն իր մեջ կփակվի. այնպես որ` զգոն եղեք: Եվ, վերջապես, սեռահասունացումը լուրջ  զգացմունքային ու հոգեկան փոփոխություններ է ենթադրում: Ուշադիր եղեք նրա նկատմամբ: Պարզեք, թե ում հետ է շփվում, ինչպես է սնվում: Դա շատ կարևոր է: Ու հիշեք և երեխային էլ փորձեք բացատրել, որ նորմալ սեռահասունացումը ապագայում առողջ կյանք տանող ուղիղ ճանապարհն է:

Տղաների սեռահասունացումը

Տղաների սեռահասունացումը շատ բանով չի տարբերվում աղջիկների սեռահասունացումից:

Տղաների սեռահասունացումը սկսվում է 11-12 տարեկանից: Եթե դա հետաձգվում է, ասենք, 3 տարով, սարսափելի բան չկա: Մասնագետների հավաստմամբ, որոշ տղաների մոտ սեռահասունացումը սկսվում է 14-15 տարեկանում: Շատ պարզ կարելի է հասկանալ, թե երբ  է այն սկսվում. նախ փոխվում է երեխայի ձայնը, այն ավելի է կոպտանում, մեծանում են մկանային զանգվածն ու ոսկրերը, փոխվում է կառուցվածքը: Մեծ փոփոխության է ենթարկվում ուսային, թիկունքի հատվածը: Մեծանում են սեռական օրգանները: Մազածածկ է առաջանում: Այս ամենը դեռ ոչինչ, սակայն այս փուլում է, որ դեմքը  պատվում է կորյակներով (սա, իհարկե, պարտադիր պայման չէ): Եթե, այնուամենայնիվ  նման  զգալի երևույթ կա, ապա լավ կլինի, որ մասնագետը խորհուրդներ տա: Իսկ կորյակների առաջացումը կանխելու համար հարկավոր է առողջ ապրելակերպ ունենալ: Լավ կլինի, որ նա անդամակցի ինչ-որ խմբակի, ճիշտ սնվի, ու անպայման հետևի անձնական հիգիենային: Դա շատ կօգնի: 15-16 տարեկանում սեռահասունացումը մեկ այլ դրսևորում է ունենում: Բժշկության մեջ այն կոչվում է ակամա սերմնաժայթքում: Եթե դա տեղի է ունենում, ապա ձեր որդին իսկական տղամարդ է դարձել ու ամեն րոպե կարող է անգամ հայր դառնալ:

Դուք ծնող եք ու կհասկանաք, թե երբ է դա կատարվում, ու  կիմանաք, թե երբ է եկել այն ժամանակը, որ սեղանի շուրջ նստեք ու զրուցեք:

Երեխան պետք է ամեն ինչ հասկանա. բացատրեք նրան: Հակառակ պարագայում նա կարող է  անհասկանալի երևույթների պատճառով վախենալ: Նա պետք է հասկանա, թե ինչով է հղի սեռական հարաբերությունը, իմանա հակաբեղմնավորիչ պաշտպանության մեթոդները, տեղյակ լինի սեռական ճանապարհով փոխանցվող բոլոր ռիսկերի ու հիվանդությունների մասին և այլն, և այլն:

Թե չէ այնպես կստացվի, որ ձեր երեխան, վերջնականապես հասուն չլինելով, կարող է հայրանալ, ինչպես եղավ ռուսաստանցի 12-ամյա կամ բրիտանացի 11-ամյա տղաների հետ: Նրանք հայրացան ակամա, անգիտակից: Սակայն երեխային ոչ մի դեպքում չի կարելի ճնշել, նեղել: Պարզապես նրա հետ  հարկավոր է զրուցել ինչպես հասուն, մեծ մարդու հետ: Սովորեցրեք հետևել մարմնին ու անձնական հիգիենա պահպանել: Եթե նա իրեն չհետևի, ապա ընկերներն ու նրան շրջապատողները պարզապես հեռու կփախչեն ու ոչ ոք չի կամենա  ընկերություն անել: Դա հոգեբանական մեծ տրավմա է, մի մոռացեք, որ մեր բոլոր խնդիրները մանկությունից են գալիս:

Հետաքրքիր  է

Հնդկական Պուդուչերի քաղաքում լույս աշխարհ է եկել մի երեխա, որը 18 ամսական հասակում ոչնչով հասակակիցներից չէր տարբերվում, սակայն, նրա ձայնը կտրվում էր, ինչպես պատանու մոտ, մեծացել էին սեռական օրգանները, իսկ մաշկի վրա կորյակներ էին առաջացել: Երեխան դարձել էր ագրեսիվ ու կոպիտ: Ծնողները որոշեցին նրան տանել երկրի ամենահեղինակավոր մասնագետների մոտ, որոնք էլ հաստատեցին, որ երեխայի մոտ սեռահասունացում է սկսվել: Նրան հորմոնալ ներարկումներ արեցին, որոնք, սակայն, ոչ մի արդյունք չտվեցին: Դոկտոր Կումարն առաջարկեց երեխայի ուղեղի վիրահատություն կատարել, որը կդանդաղեցներ աճը, հակառակ դեպքում արդեն 7 տարեկանում երեխան հասուն տղամարդ կդառնար` տեսքի ու ֆիզիոլոգիական աճի հետ անհարիր խնդիրներով, կհանգեցներ հասակակիցների հետ շփման դժվարության:

Բարդ վիրահատության ընթացքում երեխայի հիպոթալամուսից հեռացրին ախտածին հյուսվածքների մի մասը` չդիպչելով ուղեղի այլ կառույցներին: Դրանից հետո նրա օրգանիզմում հորմոնների մակարդակը կարգավորվեց:

Ժամանակից շուտ սեռահասունացում դիտվում է 5-10 հազար երեխայից մեկի մոտ:

Նման մի դեպք էլ վերջերս էր հայտնվել մամուլում: Ռուսաստանում փոքրիկ` 7 ամսական Միլանայի մայրիկն անհանգստացած էր. դստեր կուրծքն էր աճում, աղվամազ էր առաջացել անութափոսերում, ու դաշտանային ցիկլ էր սկսվել: Երեխան, որին բժիշկները բացարձակ առողջ էին համարում, իրականում շատ հիվանդ է:

Մայրը պատմել է, որ երեխայի հիպոֆիզում ուռուցք կա: Մայրը երեխայի աճման մեջ շեղումներ նկատել էր դեռևս 3 ամսականում, երբ փոքրիկի  մարմնի վրա աղվամազ ծլեց, ապա կուրծքը  մեծացավ: Բժիշկները շարունակում էին հավատացնել, որ ամեն ինճ կարգին է, նորմալ վիճակ է:

Բժշկությունը փոքրիկ Միլանայի դեպքում անզոր է:

Միլանան պետք է հիվանդանոցում երկար տարիներ անցկացնի, պարբերաբար դեղորայք ընդունի, որը ճնշում է հորմոնների աճը: Երեխայի ծնողները տագնապած են. նրանց ոչ թե սարսափեցնում է գումարը, որ ծախսվում է երեխայի բուժման վրա, այլ այն փաստը, որ  իրենց փոքրիկ դստրիկը փաստացի արդեն կին է:

Անկախ