Օվշորային սկանդալից մինչև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ

photo 1Օվշորային սկանդալ. մտածված PR, թե՞ ակնհայտ իրականություն

2013 թ. ամենալուրջ բացահայտումը կամ գուցե ամենաակտիվ քննարկվող ապատեղեկատվությունը թերևս կապված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Հայկական և անգամ միջազգային մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե ՀՀ վարչապետը օվշորային գոտում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:

Վարչապետը «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Նրանք հայտնեցին նաև, որ չգիտեն` ինչպես են իրենց անունները հայտնվել «Wlispera Holdings limited» ընկերության բաժնետերերի մեջ:

Հետաքրքիր է, որ ամիսներ շարունակ մեծ աղմուկը չհանդարտվեց, անգամ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ շարունակ փորձում է պարզել՝ արդյոք Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերում կա՞ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, թե՞ ոչ:

Փորձաքննությունը  չստացվեց, քանի որ նրանք բնօրինակներ պահանջեցին, և ՀՀ գլխավոր դատախազ (այժմ արդեն նախկին) Աղվան Հովսեփյանն այս հարցով դիմեց Կիպրոսի իր գործընկերոջը:

ՀՀ գլխավոր դատախազությունն ամիսներ անց հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես` առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել միջնորդություն իրավական օգնություն ցուցաբերելու մասին»:

Միջնորդությունը Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկվեց դիվանագիտական ուղիներով և Ինտերպոլի (քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) միջոցով, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

«Նաիրիտի» առեղծվածը

photo 2 nairitՄինչ իշխանությունները փորձում էին Հայաստանում մոռացության մատնել հայտնի «օվշորային սկանդալը», 2013-ին Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցան գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ: Այս մասին հայկական մամուլն անընդմեջ գրեց` կրկին ու կրկին վկայակոչելով ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Խոսքն այս անգամ «Նաիրիտ» գործարանի հետ կապված բավական խճճված պատմության մասին է:

Պարզվեց, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» գործով հերթական դատական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով դարձյալ հետաձգվել է: Ասենք, որ հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, և հենց այս ընկերությանն էր ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ հատկացրել:

Դարձյալ օվշորային գոտում գրանցված այս ընկերությունը հրաժարվում է մարել այդ վարկը, և բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր:

Հայկական մամուլը, վկայակոչելով ռուսական կողմին, այդպես էլ պատասխան չստացավ` ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի՞ «Նաիրիտը», թե՞ ոչ:

«168 ժամ»-ի տեղեկություններով` «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» պատրաստ է գնել 100 մլն դոլարով, պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն: Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար:

«Նաիրիտի» առեղծվածը շարունակվում է: Ահռելի գումարները մնում են օդում կախված, իսկ գործարանի աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում են, որ աշխատավարձ չեն ստանում, մինչդեռ գործարանի ղեկավարությունը ամսական միլիոններ է վաստակում:

Երբ սպանվեց քրեական հեղինակություն Ստուկաչ Արմենը

2013-ը հարուստ էր նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով: Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հիմնականում քրեական հեղինակությունների դեմ ուղղված հանցագործություններն էին:

Եվ ամենաուշագրավը այդ «շքերթում» թերևս 2013-ի վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցած աղմկոտ սպանությունն էր: Մամուլը հեղեղվեց հայտարարություններով, որ Սարդարապատ գյուղում սպանվել է քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, օրենքով գող 41-ամյա Արմեն Եփրեմյանը, որ հայտնի է «Թեփ Արմեն» կամ «Ստուկաչ Արմեն» մականուններով:

Այս մասին բավական ծավալուն հրապարակումով հանդես եկավ նաև ռուսական «Կրիմինալնայա Ռոսիա» պարբերականը, ըստ որի աղբյուրների` Արմեն Եփրեմյանը և հանցագործ աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ` Հակոբ Մելիքսեթյանը (նա քրեական աշխարհում ավելի հայտնի է «Կյաժ Հակոբ» մականունով), միմյանց դեմ ցուցմունքներ էին տալիս, ինչպես նաև առերեսվել են Յուրիկ Աբրահամյանի առևանգման գործով:

Արմեն Եփրեմյանը ՌԴ իրավապահներին ասում է, որ առևանգման կազմակերպիչը Կյաժ Հակոբն է: Առերսման ժամանակ Եփրեմյանը սկսում է հայհոյել Կյաժին: «Հիշեցնենք, որ հենց այդ գործով 2011-ի դեկտեմբերի 13-ին ՌԴ Վիդնոյե քաղաքի դատարանը վճիռ է կայացրել և Հակոբ Մելիքսեթյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման»,- գրեց մոսկովյան պարբերականը:

Իրավապահները շտապեցին նյութեր նախապատրաստել: Ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ  Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Ենոքյանը:

Ոստիկանության Արմավիրի քրեական հետախուզության բաժնում աղմկոտ սպանության դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործվելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ):

Նախաքննության ընթացքում սպանության բացահայտման գործին լծվեցին նաև լրագրողներն ու լրատվամիջոցները:

Պարզվեց,  որ «Թեփ Արմենը» 2007-ին առևանգել է «օրենքով գող»  43-ամյա Գոռին և որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչն այդ տարիներին շատ մեծ գումար էր:

Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը, և մինչև օրս Գոռն անհետ կորած է համարվում:  Գոռի  հարազատները վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել, և հնարավոր չի եղել դա իրականացնել: Երբ  նա եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը:

Մոսկովյան մամուլն իր էջերում գրում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում

առավել ապահովված մարդկանց առևանգելու և փրկագին պահանջելու  հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել, և նա էլ անմասն չի մնացել մահափորձերից:

Քրեագետները հիշում են, որ օրենքով գողին փորձել են պայթեցնել, բայց բախտը բերել է, ընդամենը ծնկից ներքև մի ոտքն  է կորցրել ու «պրոթեզ» կրել:  Դրանից հետո  նա ստացել է իր երրորդ մականունը` «Չոլախ»:

Ավելացնենք միայն, որ 41-ամյա Արմեն Եփրեմյանը սպանվելուց առաջ պատրաստվում էր գնալ հայրական տուն և իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել:

Վարդան Պետրոսյան. «Պարտավոր եմ ապրել այլ կերպ»

photo 5Այն, որ կարկուտի ծեծած տեղն ու Շամշյանի գտնվելու վայրը հաճախ են համընկնում, արդեն զարմանալի չէ: Հենց Շամշյանը տարեվերջին տեղեկություն տարածեց, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ողբերգական ավտովթար: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ժամեր անց համացանցը ողողվեց այն տեղեկությամբ, որ վթարի մասնակից է եղել նաև ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանցից երկուսին բժիշկները, ցավոք, չկարողացան փրկել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի կողմից նշանակվեց  ավտոտեխնիկական փորձաքննություն, և մինչ օրս պարզում են` դերասան Վարդան Պետրոսյանը գերազանեցե՞լ է արագությունը, թե՞ ոչ:

Իրավապահներից և լրագրողներից բացի, հասարակության լայն զանգվածների շրջանում այս օրերին էլ դեռ քննարկվում են ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ իրավապահները մինչդատական վարույթում խափանման միջոց են ընտրել կալանքը: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, դատական փուլում է:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը բացառիկ հարցազրույցի ժամանակ Վարդան Պետրոսյանին տված այն հարցին, թե 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս է բնորոշում, ասել է. «Վթարից ճիշտ կլիներ` ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ` ավելի հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքի վրա: Այդ բեկումն արդեն եղել է:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

Պարտադիր կուտակայինի դեմ հանրահավաք էլ անցկացվեց, բայց կառավարությունն անդրդվելի է

ցույցԱրդեն այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, ըստ որի` 1974 թ. ծնվածներից սկսած, ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր բաղադրիչով կենսաթոշակային միջոցներ կուտակելուն: Հունվարի 18-ին Երևանում անցկացվեց նոր համակարգի դեմ ամենաբազմամարդ բողոքի ցույցը, որը, սակայն ամեն կերպ փորձում են չտեսնելու դնել համակարգի «ճարտարապետները»: 

 Առհասարակ մարդակենտրոն հասարակություններում գոյություն ունի «հանրային արձագանքի ցուցիչ» հասկացությունը: Այսինքն` մի որևէ նորմ, օրենք կամ դրույթ սահմանելիս այդ մարդակենտրոն հասարակությունների կառավարությունները նախ սահմանում են փորձաշրջան ու որոշակի ֆոկուս խմբի հետ փորձնական ծրագրով փորձում են պարզել, թե ինչ արձագանք է ստանում իրենց նախաձեռնությունը հանրության շրջանում: Օրինակ` եթե կառավարությունը հայտարարում է  ինչ–որ զբաղվածության ծրագրի մասին, իսկ ծրագրի ավարտին պարզվում է, որ դրան մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիներ չեն եղել կամ եղել են սպասվածից անհամեմատ փոքր թվով, ուրեմն այդ ծրագիրն այն չէ …

 Մտահոգություններ կան, դրանք բանի տեղ դնող չկա

Այժմ նայենք մեր իրականությանը և հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման երևույթին: 2011-ից մեջտեղ է եկել «կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ» հասկացությունը: Այդ համակարգին մինչ օրս անդամակցել է ընդամենը 3-4 հոգի, ինչպես նշում են հենց կառավարության ներկայացուցիչները: Այսինքն`կուտակային համակարգը չընդունվեց հասարակության կողմից: Ոչ միայն: Հասարակությունը դիմավորեց բողոքի ալիքով, ցույցերով, ու ընդամենը մի քանի օր առաջ մի քանի հազար մարդ էր դուրս եկել փողոց, որպեսզի «ոչ» ասի այս համակարգին: Սրանից էլ լավ ցուցի՞չ:

Բայց  սրա սեփական բացատրությունն ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ օրեր առաջ նշեց, թե 2011 թ. հունվարից գործող օրենքները հնարավորություն էին տվել համապատասխան ֆինանսական շուկաներում գործող մարմիններին առաջարկելու  քաղաքացիներին համապատասխան պրոդուկտներ, սակայն այդ առումով տեսականին մեծ չի եղել, որպեսզի նաև քաղաքացիները հնարավորություն ունենային ընտրելու կամ որոշելու իրենց մասնակցությունը կամավոր կենսաթոշակային ապահովագրությանը.

«Եվ հիմնական մասը հիմա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շրջանակներում, երբ արդեն բոլոր խաղորդները կան և բոլորն իրենց առաջարկությունները ներկայացնում են շուկայում, ես կարծում եմ, որ կլինեն բավականին շատ աշխատող անձինք, որոնք որոշում կկայացնեն կամավոր մասնակցելու այդ համակարգին: Այսինքն` հիմա շատ ավելի մեծ նախադրյալներ կան որոշումներ կայացնելու, քան, օրինակ, 3 տարի առաջ: Մենք  ի սկզբանե գնահատել էինք, որ հենց այդպես էլ կլինի»,- նշեց Արտեմ Ասատրյանը:

Հունվարի 18-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացված բողոքի բազմամարդ հանրահավաքին էլ նախարարը նորմալ է վերաբերվում ու նշում է, որ մարդիկ իրենց մտահոգություններն արտահայտելու իրավունք ունեն: Իրավունքն իրավունք, բայց այդ մտահոգություններին բանի տեղ դնող չկա: Այնինչ բողոքի շարժման ներկայացուցիչներն ուշագրավ  դիտարկումներ ունեն այս օրենքի կապակցությամբ:

Օրինակ` «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման  նախաձեռնող խմբի անդամ, ծրագրավորող Գևորգ Գորգիսյանի կարծիքով` երբ կառավարությունը նշում է, թե մենք ունենք ցածր կենսաթոշակներ, ու «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքն ընդունվում է, որպեսզի ստանանք բարձր թոշակ, դա ընդհանրապես կապ չունի այս օրենքի հետ, քանի որ ներկայումս թոշակ ստացողները ոչ մի առնչություն չունեն պարտադիր կուտակայինի հետ: Իսկ հունվարի 1-ից գործողության մեջ մտած օրենքի համաձայն` մարդիկ կենսաթոշակ են ստանալու 23 տարի հետո, այնինչ եկող տարվա բյուջեով սոցվճարների ու սոցիալական պաշտպանության ծերության խմբին հատկացումները ավելացել են մոտ 55 մլրդ դրամով:

Դրանից 20 միլիարդը, պարզաբանեց Գևորգ Գորգիսյանը, վարչապետի հայտարարությամբ, գնալու է թոշակների բարձրացմանը, իսկ մնացածը, ըստ երևույթին, հենց այս համակարգի կայացմանը` թե՛ պետության մասնակցության չափի ապահովման, թե՛ պետության կողմից ստեղծվելիք կառույցների կայացման համար, որոնք պետք է զբաղվեն այս համակարգի կառավարմամբ:  «Այսինքն` մենք մի կողմից հայտարարում ենք, թե ունենք փոքր բյուջե և չենք կարողանում մարդկանց թոշակները ապահովել, մյուս կողմից էլ ավելի շատ գումար, քան հատկացնում ենք թոշակների բարձրացմանը, դուրս ենք հանում շրջանառությունից` մինչև 45 տարի ժամկետով դնելով օտարերկրյա բանկերում` հայտարարելով, թե դրանով լուծում ենք սոցիալական խնդիր: Դա բացարձակ աբսուրդ է և ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»,- ասաց Գորգիսյանը:

Իրավաբանն էլ մտահոգություններ ունի

cujc«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման  նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Մարիաննա Քալեջյանն էլ մտահոգիչ է համարում օրենքի այն կետերը, որոնք քաղաքացուն պարտադրում են իրեն պատկանող սեփականությունը պարտադիր կերպով հանձնել ինչ-որ ֆոնդերի, և երկրորդ` ամբողջությամբ սահամանափակվում է այդ սեփականությունից սեփական հաեցողությամբ օգտվելու իրավունքը: «Որպես հակափաստարկ մեզ միշտ ասում են, որ պետությունը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները, իրավասու է սահամանելու պարտադիր վճարներ: Սակայն այստեղ պետք է տարանջատենք ու հասկանանք, թե ինչ է իրենից ենթադրում սեփականության այն մասը, որը քաղաքացին տալիս է որպես հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար, և տվյալ պարագայում ինչ է նշանակում պարտադիր վճար հասկացությունը»,- նշեց Մարիաննա Քալեջյանը` պարզաբանելով, որ ըստ ՍԴ-ի և օրենսդրության` հարկերը, տուրքերը և  պարտադիր վճարները պետք է պատկանեն հանրային հարաբերություններին, պետք է լինեն համընդհանուր բոլորի համար և անվերադարձ:

Ուրեմն, երբ քաղաքացին վճարում է դրանք, օրենքով զրկվում է այդ վճարներով սահմանված գումարների նկատմամբ սեփականության իրավունքից: «Այս օրենքը սահմանում է, որ այդ փայերը, որոնք ունենում է անձն իր կողմից վճարված կուտակային վճարներով, իր սեփականությունն է, սակայն նույն օրենքը սահամանափակում է քաղաքացու` այդ սեփականությունից օգտվելու իրավունքը: Դրանով կոպտորեն խախտվում են սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները»,- նշեց իրավաբանը:

Մարիաննա Քալեջյանը մատնանշում է նաև նոր  համակարգի մասնակիցների տարիքային և գույքային խտրականության դրսևորումը: Մասնավորապես, մինչև 500 հազար դրամ ստացողը վճարում է իր եկամուտների մինչև 5 տոկոսը, բայց իրականում` ավելին, և 5 տոկոս էլ «լրացնում է» պետությունը` մեր կողմից վճարված հարկերի հաշվին, իսկ 500 հազարից բարձր եկամուտ ստացող անձինք, գումարած նոտարները, վարձու աշխատողները, վճարում են 10 տոկոս, որն իրականում էլի 10 տոկոս չէ, ու 25 հազար դրամ` պետության կողմից:

«Այսինքն` պետությունը, նախ, տարիքային խտրականություն է սահմանում 1974 թվականից հետո և առաջ ծնվածների միջև` մեկի համար սահմանելով պարտադիր վճար, որը վատացնում է մարդու սոցիալական վիճակը, մյուսի համար` ոչ, և երկրորդ` գույքային վիճակից ելնելով` խտրականություն է սահմանում և սահմանափակում է իր մասնակցության ծավալը: Ստացվում է, որ 500 հազարից բարձր աշխատավարձ ստացողները վճարում են շատ ավելի բարձր տոկոսադրույք և պետությունից ստանում են շատ ավելի ցածր ներդրում: Բացի դրանից, 1974 թվականից հետո ծնվածների միջև էլ հավասար պայմաններ չեն գործում. ստացվում է, որ 1974, 1975-1976 թթ. ծնվածները կուտակելու ավելի քիչ ժամանակ են ունենում, քան ավելի ուշ ծնվածները»,- ասում է Մարիաննա Քալեջյանը:

«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման  նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ էլ` ճարտարագետ Արսեն Մանուկյանը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թողարկված գովազդային հոլովակներում նշվում է, թե վճարում ենք ընդամենը 5 տոկոս, սակայն իրականում 6,6 տոկոս է, եթե հաշվարկում ենք մաքուր աշխատավարձերի համար: Իսկ քաղաքացիներին հետաքրքրում է մաքուր աշխատավարձը: Բացի այդ, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների դեպքում այդ տոկոսը հասնում է 13 տոկոսի:

Այդքան երաշխիք չի կարող տրվել, բայց…

Մեկ այլ նկատառում էլ Արսեն Մանուկյանն ունի այն դրույթի կապակցությամբ, թե ֆոնդերում կուտակված գումարները կուտակողի սեփականությունն են: Սակայն քաղաքացին իր կուտակած խնայողությունները կարող է ստանալ միայն երկու տարբերակով` կա՛մ երբ հասնում է կենսաթոշակային տարիքի, կա՛մ երբ ունենում է անբուժելի հիվանդություն: «Ու այդ դեպքում բնական հարց է առաջանում, թե այդ ինչպես է դա իմ սեփականությունը, եթե ինձ համար կենսական նշանակություն ունեցող դեպքերում, օրինակ` վիրահատության, երեխայի վարձի կամ բնակարանի գնման, ես չեմ կարող  օգտագործել»,- նշեց նա:

Մի քանի այլ ուշագրավ դրույթների վրա էլ են կենտրոնացել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաների դուրս ելած երիտասարդները: Օրինակ`անընդհատ նշվում է, թե կուտակվող գումարները 100 տոկոսով երաշխավորված են,այդ թվում նաև բյուջետային երաշխիքով:

Նախ`այդ երաշխիքը, կարծես, ծաղր լինի, քանի որ պետբյուջեն նույն քաղաքացիների մուծած հարկերից է գոյանում, ու ստացվում է, որ մարդը երաշխավորում է ինքն իր գումարները: Մյուս կողմից` ֆինանսական երաշխավորման համակարգով, որ օրենքում ամրագրված է,  20 տոկոսը ֆոնդերի կառավարիչների մուծած գումարներից գոյացած երաշխիքային հիմնադրամի կողմից է երաշխավորվում, իսկ 80 տոկոսը` պետական բյուջեի: Սա, ինչպես նշում է Արծվիկ Մինասյանը, հակասության մեջ է մտնում հայաստանյան օրենսդրության հետ: Մասնավորապես, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն, որևէ տարվա պետբյուջեից տրվող երաշխիքները չեն կարող ավելին լինել, քան նախորդ տարվա հարկային մուտքերի 10 տոկոսը: «Եթե այս հաշվարկն ենք վերցնում, օրինակ, 2014 թվականի համար այդ երաշխիքը չի կարող 90 միլիարդ դրամից ավելին լինել, 2015 թվականի կտրվածքով նայենք և հարկման աճի դինամիկան պրոյեկտենք: Չի կարող 100 միլիարդ դրամից ավելին լինել: Բայց մենք գիտենք. որ 3-րդ տարուց սկսած, ըստ կանխատեսումների, կուտակային համակարգի միջոցներն անցնելու են 100 միլիարդից: Ստացվում է, որ այս երաշխիքը կեղծ է: Այսինքն` անգամ օրենքի խախտումով է այս երաշխիքը տրվում, և որևէ քաղաքացի չի կարող վստահ լինել, որ այդ հնարավորությունը կա»,- նշում է պատգամավորը և հավելում, որ եթե անգամ այդ սահամանափակումն էլ փորձեն օրենքից հանել, 30 տարի հետո կուտակային համակարգի ձևավորած ռեսուրսների ծավալը կարող է մի քանի անգամ ավելին լինել, քան մեր պետբյուջեի մեծությունը: Բյուջեն, այս դեպքում, երբեք չի կարող ամբողջությամբ փակել այն կորուստները, որոնք կարող են առաջ գալ:

Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը նշում է, թե 80 տոկոս բյուջետային երաշխիքի տրամադրումով պետությունն իր քաղաքական պատասխանատվությունն է հայտնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ.

«Կենսաթոշակային համակարգը` իր կառավարման համակարգով և ռիսկերի կառավարման համակարգերով, պետք է կարողանա լիարժեք աշխատել, որոնց պատասխանատուները համապատասխան մարմիններն են: Եվ ընդհանրապես աշխարհում որևէ նախադեպ չի եղել, որ առաջանա այդ խնդիրը, որ համակարգը բացասական աշխատի: Աշխարհի փորձն է ցույց տալիս` կարճ ժամանակահատվածում եղել են այդպիսի նախադեպեր, բայց երկար ժամանակահատվածում այդպիսի նախադեպեր չկան»:

Բարձրաձայնված մտավախություններն ու մտահոգությունները շատ են: Բայց ո՛չ Արտեմ Ասատրյանի, ո՛չ էլ մեկ այլ նախարարի կամ կառավարության անդամի հավաստիացում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկողների անվստահությունը չի ցրում, հարցերի պատասխաններն էլ չի տալիս: Կառավարությունը չի ընկրկում, իսկ համակարգի դեմ հանդես եկողները պատրաստվում են ավելի ակտիվ պայքարի` ՍԴ-ում օրենքի սահմանադրականությունը վիճարկելուն զուգահեռ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Իրանը լուծեց իր առջև դրված խնդիրն անգամ «Ժնև- 2»-ի հրավերը չեղյալ հայտարարվելու պարագայում

ռոհանիԱրդեն հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագրի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունվարի 20-ին: Համաձայնագրի կատարման դիմաց Արևմուտքը խոստանում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների դադարեցում: 

Հենց նույն օրն էլ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին հրավիրեց միանալ Սիրիայի հարցով «Ժնև – 2» միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա:

«Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակներին, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը:  Ես այսօր հրավիրում եմ Իրանին միանալ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում: Դա հրավեր է»,- ընդգծել է Քերին:

Իր հերթին Լավրովն ընդգծել է, որ համաժողովը պետք է ամբողջությամբ նվիրվի 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարմանը: Մոսկվան կարծում է, որ Իրանը պետք է մասնակցի բանակցություններին, և Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավեր կուղարկի նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

Իսկ Բրահիմիի կարծիքով` Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, քանի որ շատ կարևոր երկիր է տարածաշրջանում:

Սա Իրանի խնդրի շուրջ բավականին ուշագրավ ու լուրջ շրջադարձ էր, քանի որ դեռևս անցյալ տարի ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Իրանի շուրջ լարվածությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում այսչափ կթուլանա: Բայց սկզբում «Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը դեմ էին արտահայտվում Իսրայելը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան: Իսկ «Ժնև 2» համաժողովից ընդամենն օրեր առաջ Սիրիայի ապստամբներն էին հայտարարել, որ եթե Իրանը մասնակցի համաժողովին, իրենք չեն մասնակցի:

Այնուհետև եղավ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերն Իրանին` մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող «Ժնև- 2» համաժողովին:

Իրանն էլ վերջին 1-2 ամսվա ընթացքում, երբ միջազգային հանրության կողմից ակտիվորեն քննարկվում էր համաժողովին Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցը, նախագահի մակարդակով հստակ հայտարարել է, որ առանց նախապայմանների կմասնակցի համաժողովին: Ընդ որում Իրանն իր այդ դիրքորոշումը վերահաստատել է մի քանի անգամ թե՛ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ,  թե՛ Ռոհանի- Պուտին հեռախոսազրույցի ընթացքում:

Թեև համաժողովի մեկնարկից 1-2 օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին հրավիրեց մասնակցելու «Ժնև-2» համաժողովին, համաժողովի մեկնարկից անմիջապես առաջ արդեն հրապարակվեց, որ հրավերը հետ է կանչվել:

«Հրավերի հետկանչը ԱՄՆ-ի, ավելի ճիշտ` նրա դաշնակիցներ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իսրայել պետությունների ճնշմամբ է կատարվել. ինձ թվում է: Չեմ կարծում, թե միջազգային հարաբերություններում Իրանի դերը դրանով նվազի, և դատելով մինչ հրավերը պաշտոնական Թեհրանի հայտարարություններից` Թեհրանն այդքան էլ շահագրգռված չէր մասնակցելու այդ համաժողովին. նա իր թիրախն ուներ` Ժնևյան համաձայնագիրը, որը, ինչպես հայտնի է, հունվարի 20-ից արդեն ուժի մեջ մտավ: Իսկ «Ժնև-2»-ը մեկ օր չի տևելու, կարելի է ասել` դա գործընթաց է, որը սկսվելու է վաղվանից, և այդ օրն Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցում, իմ կարծիքով, ԱՄՆ-ն ուղղակի  չգնաց իր դաշնակիցների` Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի կամ Իսրայելի դիրքորոշումների դեմ»,- ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Ըստ նրա` եթե Իրանի միջուկային ծրագրի հարցում միջազգային խոշոր խաղացողները կարողացան որոշակիորեն անտեսել այդ երկրների դիրքորոշումները, ապա Սիրիայի հարցով համաժողովի դեպքում այսպիսի որոշում կայացվեց: «Ամեն դեպքում դիրքորոշումը կամ հստակ պատճառաբանությունը, թե ինչու Իրանին հրավեր ուղարկեցին, իսկ հետո այդ հրավերը չեղյալ հայտարարեցին, իմ կարծիքով, ՄԱԿ-ի պես մեծ, հզոր ու հեղինակավոր կազմակերպության համար  իրավական առումով պատվաբեր չէր, կարելի էր ուղղակի չհրավիրել, և վերջ: Չի էլ նշվում հստակ պատճառը, թե ինչու է չեղյալ համարվել հրավերը»,- նշեց Արմեն Իսրայելյանը:

«Ժնև 2»-ին Իրանի մասնակցության հրավերը չեղյալ հայտարարելու համար որպես պատճառ նշվում է, թե Իրանը «Ժնև-1» համաժողովի վերաբերյալ իր դրական եզրակացությունը չի տվել: Սակայն Թեհրանն էլ պնդում է, թե չի մասնակցել «Ժնև-1»-ին, և ուրեմն ինչո՞ւ պետք է դրական եզրակացություն տար: Ամեն դեպքում «Ժնև 1»-ին դրական եզրակացություն տալ-չտալու հարցը չէ հիմնապատճառը, այլ ուղղակի  ավելի լուրջ քաղաքական խաղեր անցկացնելու կամ ինչ-որ խնդիրներ բավարարելու նպատակ ունեն, իսկ իրանագետի կարծիքով` մեկ տարբերակն էլ այն է, որ ԱՄՆ-ը չի ուզում հակառակվել Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների կամքին, միևնույն ժամանակ չի ցանկանում նաև ուղղակիորեն Թեհրանի հետ առճակատման գնալ` միջուկային հարցում ձեռքբերված պայմանավորվածություններն ու համաձայնագիրը չխախտելու նպատակով: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով Իրանին մերժեց մասնակցել «Ժնև-2»-ին, որպեսզի դա չազդի Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների վրա, կամ ավելի պատկերավոր ասած` կրակի միջից ՄԱԿ-ի ձեռքերով է շագանակներ հանում:

Այստեղ առաջանում է մի կարևոր հարց` արդյոք Իրանի հանդեպ այսպիսի դիրքորոշումը կանդրադառնա՞ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, ու եթե կանդրադառնա, ապա ինչպես:

«Չեմ կարծում, թե այս հրավիրել-մերժել խաղերն ինչ-որ ազդեցություն կունենան Իրանի շուրջ հետագա զարգացումների վրա: Իրանն իր գլխավոր խնդիրը լուծեց` քաղաքական առումով հասավ իր նպատակին միջուկային խնդրի շուրջ, ինչպես նկատեցինք, դրական տեղաշարժ կատարվեց, և  հունվարի 20-ից արդեն որոշ ոլորտների համար պատժամիջոցները վերացվեցին ԵՄ-ի կողմից, իսկ հունվարի 21-ին արդեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի նավթի արտահանման և մի շարք այլ ոլորտների  գծով չեղյալ հայտարարեց պատժամիջոցները: Նախօրեին Իրանը հայտարարեց, որ կասեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման գործունեությունը, սա հրաշալի մի իրողություն է, ընդամենը մեկ տարի առաջ շատ քչերը կհավատային, որ հնարավոր են այսպիսի մեծ հաջողություններ: Այս առումով Իրանն իր կարևորագույն խնդիրը լուծել է և դուրս է եկել միջազգային քաղաքական մեկուսացվածության վիճակից»,- իր դիտարկումները ներկայացրեց Արմեն Իսրայելյանը:

Բացի այդ, Իրանի նախագահը մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու Դավոսյան տնտեսական համաժողովին, որ փայլուն առիթ է, որպեսզի Իրանն իր գործընկերների հետ քննարկի արդեն տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, և չի բացառվում անգամ, որ հենց Դավոսում տնտեսական մեծ համագործակցության հիմքեր դրվեն: Դժվար թե Իրանը, «Ժնև-2»-ին չհրավիրվելու պատճառով ինչ-որ խնդիրներ ունենա կամ հարաբերությունները սրի իր արևմտյան գործընկերների հետ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Համով փքաբլիթներ

փքաբլիթԲաղադրությունը

500 մլ կաթ

2 ձվի դեղնուց

2 ճ/գդալ շաքարավազ

1 թ. գդալ աղ

հալեցրած կարագ` 3 ճ. գդալ

10 գ խմորիչ կամ 1 թ. գդալ սոդա

ձեթ` տապակելու համար:

Պատրաստման եղանակը

Գոլ կաթի մեջ լուծել խմորիչն ու 2 ճ. գդալ շաքարավազը, ծածկել, թողնել 10 րոպե, որ խմորիչն «աշխատի» (պետք է փրփուր առաջանա կաթի երեսին): Մնացած կաթը թեթևակի տաքացնել ու մեջը խառնել աղը, դեղնուցն ու կարագը, ապա ստացվածը զգուշորեն ավելացնել խմորիչով զանգվածին ու խառնել:

Փոքր չափաբաժիններով ավելացնել մաղած ալյուրը: Թասը ծածկել սրբիչով ու դնել 40-60 րոպե տաք տեղ` հասունացման համար:

Երբ խմորի ծավալը մեծանա, պետք է ձեթը դաղել թավայում: Խմորից ձեռքով կտորներ պոկել, գնդեր ձևավորել ու տապակել մինչև ոսկեգունելը: Սառչելուց հետո  վրան շաքարափոշի ցանել:

Տնտեսուհիները գիտեն, թե ինչպես կարելի է լցոնել  կրեմով կամ էլ ջեմով: Այնպես որ` վայելեք:

Անկախ

Երկրի պաշտպանությունը հասարակության ուշադրության կենտրոնում է

նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տեղեկություն տա վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով պայմանավորված հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը, – հավելել է վարչապետը: – Ցավով պետք է նշենք, որ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, ուստի պաշտպանության նախարարի պարզաբանումը, կարծում եմ, բոլորիս համար օգտակար կլինի»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Պարոն վարչապետ, տեղեկացնեմ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդը կրեց կորուստներ, տվեց զոհեր, վիրավորներ և հետ քաշվեց, իհարկե, մեր դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա: Այն արտահայտված է կրակոցներով և նաև որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաև կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին: Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահները իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն և մեր ժողովուրդը որևէ մտավախություն չպետք է ունենա, որովհետև մեր զինծառայողները, ինչպես կատարել են իրենց խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»:


Սոցիալապես խոցելի խավերը փոխհատուցում կստանան սպառված գազի դիմաց 

Հիշեցնելով, որ կառավարությունը սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերում սպառված գազի դիմաց, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է, նրանց համար 1 խորանարդ մետր գազի գինը մնալու է 100 դրամ:«Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք: Հիմա այդ գինը դարձել է 156 դրամ 1 խորանարդ մետրի համար: Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել: Դրա համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարվում է պատրաստել կառավարության համապատասխան որոշում և մեզ ներկայացնել այն, որպեսզի շարունակենք սոցիալապես խոցելի խավերին օժանդակել, որպեսզի նրանց համար գազի գնի բարձրացում այդ 300 խորանարդ մետրի համար տեղի չունենա և շարունակեն վճարել 100 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում այդ որոշումն անհրաժեշտ է ներկայացնել», – շեշտել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով պետական կառավարման համակարգում աշխատանքային ծրագրերի կազմման, համակագչով կատարողականների գնահատման, կատարողականի հիման վրա պարգևատրման համակարգի ներդրման անհրաժեշտությամբ: Արված փոփոխությունները, որոնք, վարչապետի գնահատմամբ, նոր փուլ են նշանավորում այս գործում և շեշտադրում են կատարողականների որակը, ենթադրում են հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավումը աշխատանքային ծրագրերի գնահատման մեխանիզմ:
Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որի շնորհիվ յուրաքանչյուր նախարարություն և գերատեսչություն հստակ պատկերացում կստանա միջոցառումներին իր մասնակցության և դրույթների կատարման ժամկետների մասին, որպեսզի սահմանված կարգով իրագործի դրանք: Վարչապետն ասել է, որ խնդրին անդրադարձ է եղել նաև երեկ, աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է փաստաթղթերի խմբագրական շտկումներին: «Չափազանց կարևոր է, որ այս պահին բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետև ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններն օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք: Դրա համար խնդրում եմ, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը մեծ ուշադրություն դարձնեն տերմիններին, և որպեսզի հետագայում նույնականության խնդիրը մենք ամբողջությամբ կարողանանք լուծել, որպեսզի ռուսերեն տարբերակները և հետագայում հայերեն տարբերակները համադրելի լինեն ամբողջությամբ: Երեկ խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ որոշ վերնագրերի շուրջ կան տարընթերցումներ, թե ճիշտ թարգմանությունն ինչպիսին է և ինչ տերմինաբանություն մենք պետք է օգտագործենք, որովհետև հայերենում այլ տերմիններ են օգտագործվում, քան ռուսերենում: Այս պահին ինչպես պայմանավորվենք, ապագայում այդ տերմիններն այդպես էլ օգտագործելու ենք: Դրա համար մենք պետք է զգույշ լինենք», – եզրափակել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետի և արտակարգ իրավիճակի ժամանակ մարդասիրական օգնության բեռի ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Գործադիրն իր որոշմամբ Ճապոնիայի դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատել է Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել 2013թ. համար Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի համար ստանալու մինչև 2.5 մլն եվրո ֆինանսական օժանդակություն և մինչև 30 մլն եվրո արտոնյալ վարկ:
Կառավարության որոշմամբ բելգիական Քեյ Բի Սի Էն Վի բանկի աջակցությամբ իրականացվող ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման նպատակով ներմուծված սարքավորումների մաքսազերծման ծախսի ֆինանսավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 332 մլն դրամ:
Օտարերկրյա բուհերում սովորողների համար կսահմանվեն հավասար պայմաններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն:
Նիստում հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի շրջանակը` ներառելով նաև լայն սպառման այլ ապրանքատեսակներ: Դրոշմապիտակով համակարգի ներդրման շնորհիվ ստվերայնության նվազման ցուցանիշները, որոնք հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարը, գոհացրել են վարչապետին: Նա անհրաժեշտ է համարել շարունակել աշխատանքը, որպեսզի մնացած ոլորտներում նույնպես էապես կրճատվի ստվերայնությունը: Օրինագծի գործողության ժամկետը պայմանավորված կլինի ԱԺ-ում դրա քննարկման ընթացքով և ընդունմամբ:
Գործադիրը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել ուսանողության օր: Հաշվի առնելով այն իրողությունը, որ արդեն իսկ ընդունվել է մայիսի 16-ը ուսանողության օր սահմանելու առաջարկը, որն ավելի ընդգրկուն է և հիմնարար, կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրինագծի ընդունումը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ պատգամավորների առաջարկը բովանդակային առումով համահունչ է անցած նիստի հավանությանն արժանացած առաջարկին, ուստի շնորհակալություն պետք է հայտնել նրանց: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ պատգամավորները կպաշտպանեն ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Պետական գանձարանի պահուստը անձեռնմխելի կմնա

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման, համալրման ու ծախսման ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգելու միջոցով անհրաժեշտության դեպքում արտադրական, ֆինանսական և այլ կարիքների բավարարման նպատակով ավելացվի պետբյուջեի եկամուտը: 2012-2013թթ. ընթացքում հրապարակային աճուրդի միջոցով նշված արժեքների իրացում չի իրականացվել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով: ՀՀ ֆինանսների նախարարի հավաստմամբ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստից վաճառք առաջիկայում էլ չի նախատեսվում:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվելու են հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովմանը:

 Կավելանան աշխատատեղերը և արտահանման ծավալները

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հուլիս ամիսը: Ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է ավտոմեքենաների բարձր ճնշման գազի բալոնների արտադրությամբ: Ձեռնարկությունում աշխատում է 150 մարդ, արտադրանքի շուրջ 70 տոկոսն արտահանվում է: 2013 թվականին «Գոլդեն ֆիլդը» կնքել է արտահանման երեք խոշոր պայմանագիր, ինչը հնարավորություն կտա արտահանել արտադրված բալոնների ամբողջ քանակությունը:
Հաջորդ որոշմամբ մինչև 2015թ. սեպտեմբեր «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգման թույլտվություն է ստացել «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ն, որը, համագործակցելով մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ, վերջիններիս կարի ծառայություններ է մատուցում և այդ նպատակով արտադրություններ է հիմնել Երևանում, Վանաձորում, Ամասիայում: Անհրաժեշտ մեքենասարքավորումները ժամանակավոր օգտագործման նպատակով ներմուծվել են արտերկրից: Երկարաձգելով դրանց օգտագործման մաքսային ռեժիմի ժամկետը և ապահովելով աշխատանքի նպաստավոր պայմաններ, որոշման կատարմամբ հնարավորություն է ստեղծվում բացել նոր աշխատատեղեր, ավելացնել արտահանվող ապրանքների ֆիզիկական ծավալը:
Հստակեցվում են կենսաթոշակի վճարման մի շարք դրույթներ
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներից: Որոշմամբ հստակեցվում են միաժամանակ մի քանի պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով, ինչպես նաև լիազորագրով վճարելու, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելու կարգերը և այլն:

Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների կատարման փաստացի ժամկետը համապատասխանեցրել է իրավական ակտով նախատեսված ժամկետին և սահմանել մեկ իրավական ակտով համակարգի ներդրման միասնական ժամանակացույցը:
Հիմք ընդունելով Վայոց ձորի մարզի բժշկական հաստատությունների գործունեության հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն Եղեգնաձորի, Վայքի, մասամբ նաև Ջերմուկի բոլոր բաժանմունքները կրկնվում են և աշխատում խիստ ցածր ծանրաբեռնվածությամբ և արդյունավետությամբ, կառավարությունն իր որոշմամբ «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ արտահիվանդանոցային ծառայությունը կենտրոնացրել է հիվանդանոցային մասնաշենքի տարածքում` ազատելով պոլիկլինիկայի մասնաշենքը, ինֆեկցիոն ծառայությունը նույն ՓԲԸ-ից տեղափոխել «Վայքի ԲՄ» ՓԲԸ: Որոշման նպատակն է դյուրացնել երկրի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի իրականացումը, մեծացնել օպտիմալացման միջոցառումների արդյունավետությունը:
Կառավարության որոշմամբ «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի 7 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի նվազագույն գինը մոտ 70 մլն դրամ է, ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Իռ-Վինգ» ՍՊԸ-ին: Գնորդը պարտավորվում է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում: Նախատեսվում է գույքն օգտագործել որպես բժշկական կենտրոն:

Ընդլայնվում է համալսարանական ինքնավարությունը

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը դեռ մեկ տարի առաջ քննարկել է պետական համալսարանները ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպելու հարցը և եզրակացրել, որ այն բխում է Բոլոնյան գործընթացի պահանջներից և մեկ քայլ առաջ է համալսարանների ինքնավարության ապահովման տեսակետից: Խորհուրդը ողջունել է դեռևս 2012թ. այս ուղղությամբ կատարված առաջին քայլը, որով Հայաստանի պետական ագրարային համալսարանը վերակազմակերպվեց որպես հիմնադրամ: Կառավարության որոշմամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի է վերածվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Ակնկալվում է, որ նորաստեղծ հիմնադրամը ավելի մեծ հնարավորություն կունենա բարելավել կրթության որակը, ճկուն և արդյունավետ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների, ավելացնել պետբյուջե մուծվող հարկերը:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանվել է, թե որ դեպքերում կարելի է հուշարձանը փոփոխության ենթարկել, ինչպես և ինչ ժամկետում, ինչ ընթացակարգով: Հուշարձանը կարող է փոփոխվել բացառիկ դեպքում, փոփոխման ընթացքը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ:

Այլ հարցեր

Կառավարությունը «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ Լոնդոնի համալսարանական քոլեջի սան Դավիթ Բունիաթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև ուսումնառության ավարտը` 2016թ. ամառային զորակոչը:
Գործադիրը որոշել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Արթուր Սարգսյանին և Հովհաննես Մարտիրոսյանին:
Կառավարության որոշումներով 31 անձի մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Նիստում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Կամո Ադամյանը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ներկաներին ծանոթացրել է Բանակի օրվան նվիրված միջոցառումների ծրագրին: Մասնավորապես, հունվարի 26-ին ժամը 11-ին Սուրբ պատարագ է մատուցվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հունվարի 28-ի առավոտյան ժամը 10:30-ին այցելություն է նախատեսված Եռաբլուրի զինվորական պանթեոն և հիշատակի արարողություն, իսկ նույն օրը ժամը 17:00-ին` տոնական համերգ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

Անկախ

Որո՞նք են ռազմական դրություն հայտարարելու հիմքերը

տանկ«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում տրվում է ռազմական դրության իրավական ռեժիմի սահմանումը, ըստ որի` «ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում»:

Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:

Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու: Վերոհիշյալ հանգամանքներ են՝

ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթումը,

բ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը,

գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարումը,

դ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից,

ե) այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել Հայստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար,

զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրա անունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինված ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում կարող են համարվել նաև այլ պետության զինված ուժերի կողմից ցանկացած այլ գործողությունները կամ դրանց նախապատրաստությունը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կամ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի խախտմամբ իրականացված այլ գործողությունները, որոնք իրական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հայտարարելը:

 

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

«Զվարթնոցի» պայքարը թևակոխում է նոր փուլ

i (1)«Զվարթնոցի» կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ:

Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը:

Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է: Ամենազավեշտալին այն է, որ հենց քաղավիացիայի գլխավոր վարչությունն է որոշել դիմել այդ կառույցին, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հարցը քննարկվի նաև ոլորտի մասնագետների և հանրության լայն շերտերի հետ և հաշվի առնվի նրանց կարծիքը:

Մասնագետներն ու հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչներն այդ քննարկումների արդյունքում հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը` շենքը պետք է պահպանվի, սակայն քաղավիացիայի գլխավոր վարչությունը շարունակում է պնդել իր տեսակետը:

Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական քավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ է արել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի լխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել դրանց մակետները: Դա կարող է լինել «Զվարթնոցը», Գառնու տաճարը, այդ այգին ժամանցի վայր միգուցե դարձնել…»:

Նման անորոշ ձևակերպումներով արտահայտած միտքը միայն նոր հարցեր կարող էր առաջացնել, և պատահական չէր, որ լրագրողները փորձեցին հստակեցնել` ի վերջո շենքը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ: Արտյոմ Մովսեսյանը պարզաբանեց. «Կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը, այսինքն` քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:

Ինչևէ, Արտյոմ Մովսեսյանը հստակ ուղերձ հղեց հանրությանը, որ վարչապետի վերջին նիստին հնչեցրած միտքն ամենևին կապ չունի շենքի պահպանման հետ, այլ այն ընդամենը ինչ-որ լուծումներ գտնելու մասին է:

Հիշեցնենք, որ այդ նույն նիստի ժամանակ վարչապետը հստակ հանձնարարություն էր տվել Արտյոմ Մովսեսյանին ճարտարապետների հետ քննարկում կազմակերպելու վերաբերյալ, սակայն դրա հետ կապված նորություն կարծես թե չկա:

Ինչ վերաբերում է Մովսեսյանի ասած  «փոխարինող լուծումներին», մասնավորապես` այգի հիմնելուն և այնտեղ տարբեր մշակութային կոթողների մանրակերտերը տեղադրելուն, ապա կարծում ենք` դա առնվազն սփոփանքի ժանրից է:

Բայց արդյոք հանրությանը, առավել ևս մասնագետներին հնարավո՞ր է նման ծրագրով սփոփել:

Հանրային խորհրդի հանձնաժողովներում ներառված բազմաթիվ ճարտարապետներ Արտյոմ Մովսեսյանի վերջին հայտարարությունից հետո առավել մարտական են տրամադրված: ՀԽ քաղաքաշինության հարցերի ենթահանձնաժողովի անդամ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց, որ ճարտարապետներն արդեն ստորագրահավաք են սկսել ընդդեմ կլոր շենքի քանդման և պատրաստվում են այն ներկայացնել երկրի ղեկավարին:

Այսօր` հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում կրկին դրվել է  «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը և ևս մեկ անամ հաստատվել, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

ՀԽ նախագահ Վազեն Մանուկյանի խոսքով` խորհուրդն առաջարկել էր, որ մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն պետք է ներառվի հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել:

«Մենք առաջարկել ենք պարզել նաև, որ ենթադրենք օդանավակայանի շենքն ընդլայնելու համար չեն քանդում հին համալիրը, այլ այն շրջանցում են, դա որքա՞ն հավելյալ ծախս է պահանջում: Պատասխան չկա: Առաջարկել ենք անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա այդ շենքի վերանորոգումն ու պահպանումը: Առաջարկներից մեկն էլ եղել է այն, թե հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի և այլ նպատակներով օտագործել: Մեր այս հարցերին պատասխաններ չեն տրվել, միայն իմանում ենք, որ կառավարությունը հաստատել է մաստեր պլանը»:

Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը հետամուտ է լինելու հարցի լուծմանը:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով` «Զվարթնոցի» կլոր շենքի քանդումը կլինի հերթական մշակութային կորուստը: «Երևանը կորցնում է իր հիշողությունը: Սա շատ ծանր է ընկալվում մտավորականության կողմից, և մենք գտնում ենք, որ այդ որոշումը պետք է վերանայվի և քննարկվի շենքի պահպանման հարցը: Դա նաև օրինակ կլինի, սկիզբը այն փոփոխությունների, որ պետք է տեղի ունենան այս ոլորտում, և ոչ միայն այս: Վերջապես պետք է Հայաստանում հաշվի առնվի հանրության, մասնագետների կարծիքը, ոչ թե միայն բիզնեսը որոշի, թե որն է իրեն այս պահին  շահեկան, ու վերջ»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թթ. մաստեր պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոցի» կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետներն այն համարում են արժեքավոր ժառանություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Ակնհայտ է, որ նիստի ընթացքում վարչապետի հայտարարածը, քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը բոլորովին չեն համապատասխանում իրար: Համենայն դեպս, մի բան ակնհայտ է` ճարտարապետներն առաջարկում են լուծում, որում կանգուն «Զվարթնոցի» գաղափարն է և ոչ թե քանդված:

Անի Գասպարյան

Անկախ

Լավագույնը` միջազգային հարթակում

տուրիզմՆախորդ տարի զբոսաշրջային ոլորտը բեկումնային էր մեր երկրի ճանաչելիության առումով: Վերելք է արձանագրվել ոչ միայն ներքին զբոսաշրջության, այլև նոր ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սոցփաթեթների իրականացման առումով: Ոլորտի պատասխանատուները նշում  են, որ տարեցտարի մեծանում է միջազգային շուկայում մեր երկրի ներկայացվածությունը, ինչը հնարավորություն է տալիս  ավելացնելու նոր զբոսաշրջիկների հոսքը:

Զարմանալիորեն մեր փոքր երկիրը դառնում է նախապատվելի աշխարհի տարբեր վայրերում ապրող զբոսաշրջիկների համար:  Դրա վկայությունն այս տարի միջազգային խոշոր ցուցահանդեսներին մեր երկրի մասնակցությունն էր: Եթե տարիներ առաջ հազվադեպ էր բախտ վիճակվում ընդգրկվել նման հեղինակավոր ցուցահանդեսներում, ապա այժմ մեծանում է ոչ միայն մասնակցության հնարավորությունը, այլև պատվավոր մրցանակներ շահելը:

Միայն այս տարի Հայաստանը մասնակցել է 15 խոշոր միջազգային ցուցահանդեսների, կազմակերպվել են 14 ճանաչողական այցեր զբոսաշրջային օպերատորների, լրագրողների համար։

Նախորդ տարվա ապրիլին ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով ճանաչողական նպատակով Հայաստանում էր National Geographic Traveler-ի խմբագրակազմը՝ գլխավոր խմբագրի մասնակցությամբ։ Ինչպես նշում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը, National Geographic Traveler-ի խմբի ճանաչողական այցը մի շարք նոր հնարավորություններ բացեց մեր երկրի համար՝ խթանելով զբոսաշրջության ոլորտը և նրա ներկայացվածությունը միջազգային շուկայում։ Ինչպես վստահեցրեց հիմնադրամի տնօրենը, իրենք այդ ժամանակահատվածում հնարավորություն ունեցան լավագույնս ներկայացնելու մեր երկիրը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ Նրանք կարողացել են ծանոթանալ մեր երկրի մշակույթին, ավանդույթներին, պատմությանը և իրենց տպավորությունները հրապարակել Natinonal Geographic Traveler-ում։ Այնուհետև մեր երկիրն ընդգրկվել է National Geographic Traveler-ի կազմակերպած «Լավագույն զբոսաշրջային ուղղությունների» մրցույթում և հաղթող ճանաչվել։

Մրցույթի արդյունքները ստացվել են առցանց անցկացված քննարկումներով, որոնց մասնակցել է շուրջ 65 հազար մարդ։  Եվ ինչպես ուրախությամբ արձանագրում է ՀԱՄՀ–ի տնօրենը, Հայաստանը «Տարվա հայտնություն» անվանակարգով ճանաչվել է լավագույնը միջազգային զբոսաշրջային շուկայում։

Հաջորդ մրցանակին մեր երկիրն արժանացել է Լոս Անջելեսում ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության հովանու ներքո անցկացված միջազգային պաստառների մրցույթում, որտեղ «Եվրոպա» անվանակարգում աշխարհի 44 երկրներից դարձյալ Հայաստանը ճանաչվել է լավագույնը: «Հայերի սիմֆոնիա» պաստառը, ինչպես նկատում է Արման Խաչատուրյանը, բազմիցս հրապարակվել և ցուցադրվել է տարբեր տեսահոլովակներով։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի տեղեկացմամբ, «ժողովրդի քվեարկություն» անվանակարգում 2011 թ. Հայաստանը ևս զբաղեցրել է առաջին տեղը։ Նշենք, որ այս մրցույթը կազմակերպվում է երկու տարին մեկ, իսկ այդ ժամանակահատվածում անընդհատ խոսվելու և գովազդվելու է մեր երկրի մասին, մինչ նոր մրցույթի անցկացումը: «Միջազգային մրցույթներում լավագույն տեղերը զբաղեցնելը դեռ առաջիկայում ունենալու է իր դրական անդրադարձը»- համոզված է փոխնախարարը:

Հաջորդ ձեռքբերումը, որն արձանագրվել է զբոսաշրջության ոլորտում նախորդ տարի, աշխարհի  լավագույն 10 առաջարկվող երկրների ցանկում Հայաստանի հայտնվելն է: Նշենք, որ  գործում է Globe spots. com էլեկտրոնային կայքը, որը ստեղծել է ակտիվ ճանապարհորդների մի խումբ, որը զբաղվում է զբոսաշրջիկների շրջանում նոր զբոսաշրջային ուղղությունների լուսաբանմամբ։ Շրջագայելով և նկարագրելով աշխարհի տարբեր երկրներից իրենց ստացած տպավորությունները` նրանք որակավորում են դրանք և ըստ առաջնահերթությունների տեղադրում կայքում: Այդ էլեկտրոնային կայքում ներառվել է նաև  Հայաստանը` հայտնվելով Կուբայի, Պանամայի, Կանադայի, Պորտուգալիայի, Մոզամբիկի և այլ երկրների կողքին։  Ճանապարհորդների այդ խումբն առաջին հերթին գրավիչ է համարել Հայաստանի` առաջին քրիստոնյա երկիր լինելու հանգամանքը, հոգևոր տուրիզմի առկայությունը, գեղեցիկ բնաշխարհը, մարդկային գործոնը և հյուրընկալությունը։ Բացի այդ, նրանք համոզված են, որ հայերը բավական հմուտ են բաժակաճառերի և գեղեցիկ սեղան պատրաստելու տեսանկյունից:

Իսկ Ամերիկյան Forbes ամսագրի հրապարակումներից մեկում նախորդ  տարվա սկզբում արդեն ագրոտուրիզմի ոլորտում ամենագրավիչ երկրների ցանկում դարձյալ ընդգրկվել է  Հայաստանը՝ հայտնվելով Շրի–Լանկայի, Չեխիայի, Խորվաթիայի, ԱՄՆ–ի, Կիպրոսի, Իտալիայի, Լեհաստանի և այլ երկրների կողքին։ Այսինքն՝ ագրոտուրիզմի զարգացման տեսանկյունից զբոսաշրջիկներին սկսել է հետաքրքրել նաև Հայաստանը։

Մասնագետների դիտարկմամբ` միայն այդ ցուցահանդեսների շնորհիվ այս տարի գուցե ոլորտում աճը հասնի մինչև 22 տոկոսի:

Նախորդ տարվա հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 321279 զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ։ Ամփոփվել են նաև վիճակագրական տվյալները մինչև նախորդ տարվա սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, ոլորտում անցյալ տարի արձանագրվել է 12, 4 տոկոս աճ տուրիստական ներգնա այցելությունների առումով, իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 677 906՝ նախորդ տարվա 603 հազար զբոսաշրջիկի դիմաց։ Աճ է արձանագրվել նաև ներքին և արտագնա տուրիզմում՝ կազմելով 11,6 տոկոս։ Նախորդ նույն ժամանակահատվածի 608 հազարի փոխարեն անցյալ տարի շրջագայությունների է մեկնել շուրջ 675 հազար մարդ։

 

Լ.Ն

Անկախ

Վասիլե Էրնու. «Ինձ հետաքրքրում է հայերի կյանքը»

vasile-ernu1Ռումինացի գրող Վասիլե Էրնուն եկել էր Հայաստան՝ իր գրական աշխատանքները ներկայացնելու: Նա ծնվել է 1971 թ. Խորհրդային Միությունում: Ապրել է ծնողների հետ Մոլդովայում, իսկ 1990 թ. տեղափոխվել Ռումինիա, որտեղ էլ մինչ օրս շարունակում է ապրել: Աշխատակցել է բազմաթիվ և բազմազան հրատարակությունների, օրինակ՝ Philosophy&Stuff, Idea arta-societate պարբերականներին և այլն:

– Պրն. Էրնու, ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեզ համար,  լա՞վ եք զգում այստեղ:

– Հիանալի: Հայաստանն ինձ համար նորություն է, որովհետև երբեք չեմ եղել այստեղ: Առիթ ունեցա տեսնելու շատ գեատեսիլ վայրեր, օրինակ՝ եկեղեցիներ, ցուցահանդեսներ, մի քանի գյուղ և այլն: Ընդհանուր պատկերացում կազմեցի այս փոքրիկ, բայց և հետաքրքիր երկրի մասին: Ուզում եմ շատ բան իմանալ Հայաստանի և հայ ժողովրդի, ձեր սոցիալ-տնտեսա-քաղաքական խնդիրների, անցյալի և ներկայի մասին:

– Սկզբում աշխատել եք Philosophy&Stuff-ին: Ինչպիսի՞ ամսագիր էր այն:

– Կլուժ քաղաքում էի, փիլիսոփայության Ֆակուլտետի ուսանող, երբ ցանկացա համագործակցել ուսանողական  Philosophy&Stuff ամսագրին: Մեծ սիրով էի դա անում: Այնուհետև սկսեցի այլ աշխատանքներ անել:

– Ինչպե՞ս որոշեցիք գրել:

– Սկսեցի գրել ավելի ուշ՝ 2006 թ., երբ հրատարակվեց իմ առաջին գիրքը՝ «ՌԴ-ում ծնված»: Այն թարգմանվել է 9 լեզվով՝ ռուսերեն, վրացերեն, հունգարերեն, իսպաներեն, իտալերեն, իսկ անգլերեն տարբերակը շուտով կհրատարակվի: 2009 թ. հրատարակվել է «Կայսրության վերջին աղանդավորները», 2010 թ.՝  Բոգդան Ալեքսանդրու Ստընեսկուի հետ գրած «Այն, ինչ մեզ բաժանում է» գիրքը, իսկ 2012 թ.՝ «Այսօրվա ռուս մտավորականները»:

– Այլ աշխատանքնե՞ր:

– Իհարկե: Այսօր համակարգում եմ «Հակակոմունիզմի պատրանքը» գիրքը (2008 թ., www.ernu.ro):

– Իսկ ո՞րն է Ձեր վերջին գիրքը:

– Կոչվում է «Ձախի մարդ եմ»:

– Ո՞րն է ձեր գրքերի գլխավոր իմաստը, միջուկը:

– Յուրաքանչյուր գիրք ունի առանձին իմաստ: Եթե առաջին գրքում ինձ ավելի շատ հետաքրքրում էր մարդու անցյալը և դրա մասին անվրդով խոսելը կոմունիստական ժամանակաշրջանում, ապա հաջորդ աշխատանքներում խոսվում է այսօրվա խնդիրների,  ամենօրյա կյանքի մասին՝ անցյալի համեմունքներով: Իմ գրքի գլխավոր հերոսները գաղափարներն են: Ես փորձում եմ հասկանալ հասարակությանը, այն վերլուծել և քննարկել՝ ավելի որակով ապագա կառուցելու ակնկալիքով:

– Կարծում եք` կա՞ արդարություն, թե՞ մարդն է այն հորինել:

– Չարն ու բարին մարդն է հորինել: Կարծում եմ, որ պետք է ձգտենք ավելի լավ, որակով  կյանքի, այլապես արհամարհանքն ավելի վատ կլինի: Քանի դեռ չենք հետաքրքրվում մյուսներով և արհամարհված ենք, նահանջում ենք, որակազրկվում:

– Ինչպիսի՞ անհարթությունների եք հանդիպել աշխատանքի ընթացքում:

– Ամենամեծ բարդությունները կապված են եղել այն փաստի հետ, որ միայն գրելով չես կարող ապրել: Ուստի գրողների մեծ մասը կողմնակի աշխատանքներ ունի:

– Սթրեսային վիճակում ի վիճակի՞ եք գրել:

– Անհնար չէ, բայց այդ դեպքում պետք է ավելի մեծ ջանք գործադրես: Սակայն թիվ մեկ խնդիրը ժամանակի հետ է կապված:

– Այդպես է ամենուրե՞ք:

– Այո, հատկապես ոչ զարգացած երկրներում:

– Ի՞նչ փիլիսոփայությամբ եք առաջնորդվում:

– Կարողանամ հնարավորինս կյանքը փոխել:

– Եվ ստացվո՞ւմ է:

– Դժվար է ասել՝ կարողանում եմ այն փոխել, թե ոչ: Հնարավոր է, որ երբեք չտեսնենք մարդկանց որոշ խմբերի որոշ աշխատանքների արդյունքները, ի տարբերություն մեր երեխաների: Պետք է դա քաջ գիտակցենք:

– Ի՞նչ ծրագրեր ունեք:

–  Վերջերս  լույս տեսավ «Ձախի մարդ եմ» գիրքը: Այժմ էլ աշխատում եմ մարգինալ խմբերի մասին գրքի վրա:

–  Այսի՞նքն…

– Այսինքն՝ որոշ կրոնական մարգինալ խմբերի հարյուր տարվա կյանքի մասին, և այն լինելու է վավերագրական վեպի պես մի գրվածք:

 

Հարցազրույցը Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Անկախ

Միջնադարյան հայկական քաղաքային հաղորդակցությունները

մեծամոր-արմավիրԱռևտրա–վաշխառուական այս խավն աստիճանաբար ձևավորում էր հայկական բուրժուական հասարակարգը: Եվրոպայում նման զարգացումներ ի հայտ եկան միայն երեք դար հետո:

Յուրաքանչյուր հասարակարգի զարգացման մեջ առանձնակի կարևորություն ունի քաղաքաշինությունը և քաղաքային մշակույթի ձևավորումը:

Հայկական քաղաքների տեղադրումը, հատակագծումը, կառուցապատումը կանոնակարգված էին որոշակի ամրաշինական չափանիշներով` պայմանավորված քաղաքի գործունեությունն ապահովող բազմաթիվ գործոններով. բնակլիմայական բարենպաստ պայմաններ, միջազգային տարանցիկ առևտրի մայրուղիներ, սրբավայրի առկայություն և այլն: Այդ չափանիշներին ենթարկվել են հայկական բոլոր քաղաքները` չնչին բացառություններով (Արծն, Արշակավան):

Հայկական առաջին քաղաքը Վան-Տուշպան է, որ կառուցել է Վանի Արարատյան թագավորության տիրակալ Սարդուրի Առաջինը (մ.թ.ա. 840-825 թթ.): Վանն ամուր պաշտպանված քաղաք էր, հարուստ պաշտամունքային դիցարան ուներ:

Երկրի գլխավոր դիցարանը մայրաքաղաքում էր գտնվում նաև Երվանդունիների օրոք, երբ Արմավիրում հայոց արքաները կառուցեցին Արևի, Տիրի, Լուսինի, Անահիտի տաճարները, Սոսյաց անտառներ գցեցին:

Հայաստանում տարածված էր եռաքաղաք համակարգը. այսինքն` քաղաքը բաժանված էր երեք մասի. արքունիք, սրբավայր, բնակավայր:

Հայոց արքաներից առաջինը Երվանդ Դ-ն (մ.թ.ա. 220-200) էր, որ մայրաքաղաքից անջատեց հոգևոր իշխանությունն ու ստեղծեց եռաքաղաք: Նա տարանջատեց աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները: Արքունիքը տեղափոխեց Երվանդաշատ, կուռքերը` Բագարան, իսկ Երվանդակերտում գեղատեսիլ դաստակերտ կառուցեց:

Արտաշես Ա-ն (մ.թ.ա.  189-160) Արտաշատ մայրաքաղաքը կառուցեց Երասխ և Մեծամոր գետերի կազմած թերակղզու բլրաշարի վրա: Նա քաղաքի պարիսպը պատեց բլուրների լանջերով և տարանջատեց քաղաքն արքունի-վարչական, պաշտամունքային և բնակելի շրջանների: Առհասարակ Արտաշատն իր քաղաքային ուրույն հաղորդակցություններով դասական քաղաք էր և հին աշխարհի նշանավոր քաղաքներից: Պատմիչների հավաստմամբ` Արտաշատի կառուցման գործում հայոց արքային իր խորհուրդներով օգնել է Կարթագենի զորավար Հաննիբալը, որ Հռոմից հալածված` ապաստանել էր նրա մոտ: Ավանդույթը պատմում է նաև, որ Արտաշատի հատակագիծը հայոց արքան գծել է տվել իր կնոջ` հայոց թագուհի Սաթենիկի աչքի նմանությամբ:

Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55 թթ.) ստեղծելով իր հզոր կայսրությունը` երկրի կենտրոնում կառուցեց իր նոր մայրաքաղաքը` Տիգրանակերտը, որ դարձյալ եռաքաղաք էր` բուն քաղաքը սրբավայրով, պալատը` իր ընդարձակ որսատեղիներով, լճերով, զբոսայգիներով և բերդը, որ իրենից ներկայացնում էր քաղաքի միջնաբերդը: Հետաքրքիր է, որ Արտաշատում բերդ չկար: Դա պայմանավորված էր նրանով, որ բնակչությունը միատարր չէր. այստեղ մեծ կշիռ ունեին օտարազգիները, բացի այդ, Արտաշատը միակենտրոն քաղաք էր:

Հետագայում, 330 թ. Խոսրով Գ Կոտակը (330-338) Հայաստանի մայրաքաղաքն Արտաշատից տեղափոխեց Դվին: Պատմիչների վկայությամբ` Արաքսը փոխել էր հունը, և քաղաքի շրջակայքում առաջացած ճահիճները վատթարացրել էին միջավայրը: Սակայն դա չէր կարող վճռորոշ պատճառ լինել: Պատմությունը ցույց է տալիս, որ դրանից հետո էլ Արտաշատում կյանքը շարունակվում էր նույն հունով, և քաղաքը հետագայում էլ ստանձնեց Հայաստանի մայրաքաղաքը լինելու պատիվը:

Ուստի երևույթը պետք է դիտարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից: Արքան պայքար էր մղում կենտրոնախույս ուժերի դեմ: Նա անգամ կանգ չառավ արյունահեղության առջև և իսպառ ոչնչացրեց Մանազվաղյանների, Որդունիների, Բզնունիների նախարարական հզոր տները: Բնականաբար, երկրի մայրաքաղաք Արտաշատում` ազնվականության շրջանում, արքայի հանդեպ հզոր ընդդիմություն գոյություն ուներ, որի ներկայությամբ հայոց արքան իրեն ապահով չէր զգում: Հատկանշական է, որ արքան Դվին չտեղափոխեց Հայոց կաթողիկոսությունը, քանզի եկեղեցին էլ հզոր նախարարությունների նման հանդես էր գալիս ապակենտրոն քաղաքականությամբ: Այսինքն` հայոց թագավորը ստեղծեց վարչական միավոր, որում հստակ տարանջատված էին քաղաքական, հոգևոր և վարչական իշխանությունները:

Վասպուրականում Գագիկ Արծրունի թագավորն (908 – 943 թթ.) իր մայրաքաղաքը նույնպես կառուցեց եռաքաղաք սկզբունքով` կառուցելով Վան-Ոստան-Աղթամար եռյակը: Երեքն էլ կառուցված էին պարսպապատ, ամրաշինական, գեղագիտական նրբագեղությամբ: Թագավորը նստում էր Ոստանում, բուն քաղաքը Վանում էր, իսկ Աղթամարը կաթողիկոսական նստավայր էր, ուր Գագիկ Արծրունու հրավերով 927 թ. հաստատվեց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը:

I-II դարերում Հայաստանում բուռն զարգացում էին ապրում Նիկոպոլիսը, Նեոկեսարիան, Սեբաստիան, Վաղարշապատը, Մծուրքը: Այս նորերի հետ զարգանում էին նաև հին քաղաքները` Արտաշատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Արշամաշատը, Տիգրանակերտը, Արզնը, Վանը:

Առհասարակ քաղաքների զարգացման համար  որոշ նախապայմաններ էին անհրաժեշտ` մեղմ և բարեբեր կլիմա, առևտրային ճանապարհների մոտիկություն: Չինաստանից և Հնդկաստանից եկող Մետաքսի ճանապարհն Իրանի վրայով մտնում էր Հայաստան և ձգվում արևելքից արևմուտք: Առհասարակ քաղաքների զարգացման և բնականոն գոյության համար կարևոր նախապայման էր առևտրական ճանապարհներին մոտ լինելը:

Դեռևս 166 թ. Հռոմեական կայսրությունը և Պարթևստանը կնքում են համաձայնագիր, որով պայմանավորվում են միջազգային ապրանքափոխանակությունը կատարել երեք քաղաքներում: Դրանցից մեկն Արտաշատն էր:

Արտաշատը գտնվում էր բանուկ առևտրային ճանապարհների վրա, և այնտեղ արհեստների հետ զարգացած էր նաև առևտուրը: Հույն պատմիչ Ստրաբոնը նշում է, որ պոնտական Կոմանա քաղաքի բարգավաճումը կապված է բացառապես Հայաստանից բերված ապրանքների և Հայաստանի հետ կատարվող առևտրի շնորհիվ: Հայաստանի առևտրային շրջանառությունը միայն Փոքր Ասիայով չէր սահմանափակվում: Առևտուրն ընթանում էր Հյուսիսային Աֆրիկայի երկրների, Միջագետքի, անգամ` Հնդկաստանի հետ: Սակայն առևտրային հիմնական ուղիները ցամաքով էին անցնում և Չինաստանից եկող Մետաքսի ճանապարհն անցնում էր Հայաստանով, մասնավորապես` Արտաշատով:

Պետությունների արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն դեր ուներ միջազգային առևտրային ուղիների վրա վերահսկողություն հաստատելը: Տիգրան Մեծի  նվաճումներում կարևոր դեր էր  խաղում հենց հարավային առևտրային ճանապարհների վրա վերահսկողությունը, որն էլ առաջնահերթ իրականացրեց արտաքին նվաճողական քաղաքականություն վարող հայոց արքան:

Տիգրանը հատուկ ուշադրություն դարձրեց հատկապես Եփրատի գետանցներին, որոնց հսկողությունը վստահեց իր հպատակ արաբական ցեղերին:

Հարավային ճանապարհների վրա հսկողություն սահմանելու արդյունքում Հայաստանում բարձրացավ նաև Մծբին քաղաքի դերը:

Այս ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքները շարունակում էին պահել իրենց բնույթն իբրև քաղաքային համայնքներ, որ ունեին ներքին ինքնավարություն, բայց ենթարկվում էին թագավորի կողմից նշանակված շահապին:

Հայաստանի քաղաքների բնակչության կազմը միատարր չէր, ապրում էին հույներ, պարսիկներ, ասորիներ, հրեաներ: Սրանք  բնակվում էին առանձին թաղամասերով` ավաններում: Այս համայնական թաղամասերի գլուխը ռեսն էր:

Ավաններում էին բնակվում նաև օտարազգի վաճառականները, որոնք իրավունք չունեին գիշերելու Շահաստանում (Քաղաքամեջ) և քաղաքի դարպասները փակվելուց առաջ պարտավոր էին լքել Շահաստանի տարածքը: Օտարականների և այլ եկվորների համար արվարձաններում կառուցված էին պանդխտանոցներ:

Սակայն, անգամ խառն ազգաբնակչությամբ քաղաքներում ռազմա-ստրկատիրական ավագանին և քրմական դասը բացառապես բաղկացած էին հայերից:

Ազատ քաղաքացիներն ունեին իրենց «գործոց տները», որտեղ աշխատում էին ստրուկները:

Հայկական քաղաքների հիմնական բաղադրիչներն էին շուկան, թատրոնը և սրբավայրը` մեհյանը: Արտաշատի հովանավորն աստվածամայր Անահիտն էր: Քաղաքի միջնաբերդը` պարսպապատ մասը, համարվում էր բուն քաղաք, նրա շուրջը փռված բնակավայրն ավանն էր: «Գործոց տները» գտնվում էին ավանում: Ամեն քաղաք ուներ իր քաղաքային գավառը, որտեղ մեծահարուստներն ունեին իրենց ագարակները, ամառանոցները, դաստակերտերը` կցված հողագործ ազգաբնակչությամբ (Նախճավանի գավառ, Տոսպ գավառ, Զարեհավան գավառ)

Գործոց տներում արտադրվում էին զանազան ապրանքներ` սկսած զենքից և վերջացրած կենցաղում օգտագործվող մանրուքներով:

Քաղաքների կյանքում կարևորագույն դեր էր խաղում շուկան: Այն գտնվում էր Շահաստանում` պարիսպներից ներս:

Հայկական մեծ քաղաքներում կային նաև ցորենի, գարու, առաջին անհրաժեշտության ապրանքների պետական շտեմարաններ, որտեղ ամբարված ապրանքն օգտագործվում էր բացառապես պատերազմների, պաշարումների կամ սովի ժամանակ: Այս շտեմարանների, առհասարակ քաղաքի կարգուկանոնի հսկողությունը արքայի նշանակած շահապի ձեռքում էր:

Միջնադարյան քաղաքների կարևորագույն բաղկացուցիչ մասն էր կազմում նաև թատրոնը: Այն մեծ մասսայականություն էր վայելում բնակչության բոլոր խավերի մեջ: Եկեղեցին թատրոնը համարում էր հեթանոսական մնացուկ և պայքարում էր դրա դեմ, բայց ապարդյուն. թատրոնը քաղաքային բնակչության ժամանցի ամենակարևոր վայրն էր: Մանավանդ ժողովրդական տոներին մեծ էր թատրոնի այցելուների թիվը: Կային նաև շրջիկ թատրոններ, որոնք շրջում էին Հայաստանի փոքր ու միջին քաղաքներով:

Քաղաքային հաղորդակցությունների մեջ կարևորագույն տեղ ունեին քաղաքի պաշտպանական պարիսպները: Դրանք միշտ իշխանության և ժողովրդի հոգածության ներքո են եղել, քանզի ապահովել են բնակչության բոլոր խավերի անվտանգությունը: Պարիսպները երբեմն եղել են երկշերտ, եռաշերտ, ամրացված բուրգերով ու աշտարակներով: Երբեմն խաղաղ ժամանակներում պարիսպները ծառայեցրել են կենցաղային նպատակներով:

ախթալաՊարիսպներից դուրս եղել է խրամը` մի քանի մետր լայնությամբ խոր ջրանցքը, որ ունեցել է երկու նշանակություն. պատերազմների ժամանակ այն լցված էր, որպեսզի հարձակվող թշնամու բանակների հարձակողական թափը կոտրի, իսկ խաղաղ ժամանակներում ջրմուղի ջուրն օգտագործվում էր ոռոգման նպատակներով:

Խրամի և պարսպի մեջտեղում ևս մեկ կառույց կար` հողապատնեշը, որ նույնպես պաշտպանական նշանակություն ուներ:

Պարիսպների մեջ էր գտնվում քաղաքի դարպասը: Մեծ քաղաքները մի քանի դարպասներ են ունեցել: Երեկոյան` սահմանված ժամին բերդապետը կողպում էր քաղաքի դարպասները և բանալիները հանձնում իշխանին կամ քաղաքի ավագանուն: Առանց իշխանավորի թույլտվության քաղաքի դարպասները ոչ ոք չէր կարող բացել:

Արքայանիստ քաղաքը որ էր հայոց մայրաքաղաքը, կոչվել է «Ոստան հայոց»: Նման կոչում պատմիչները տվել են հատկապես Դվինին, որ մայրաքաղաք դարձավ IV դարում: Դվինը հատկապես հայտնի էր իր դրամահատարանով, խեցեգործությամբ, ապակե արտադրությամբ, գորգագործությամբ: Դվինը` որպես մայրաքաղաք, փոխարինեց Արտաշատին և իր նախորդի պես երկար ժամանակ կենսունակ եղավ:

Դվինը նույնպես գտնվում էր բանուկ առևտրային ճանապարհների վրա: Ուներ հինգ գլխավոր ճանապարհ և դուռ` արևմտյան, որ Կարինի ուղղությամբ էր տանում, հարավարևմտյան, որ դեպի Խլաթ էր տանում, արևելյան, որ տանում էր դեպի Արցախ և Պարտավ, հարավարևելյան` դեպի Նախիջևան և Թավրիզ և հյուսիսային, որ Լոռիով դեպի Թիֆլիս էր տանում:

Միջնադարում Հայաստանում արդեն ձևավորվում է քաղաքային դասը` իր ուրույն բնակչությամբ:

Քաղաքային բնակչությունն օրենքով ամրագրված իրավունքներ ուներ և արտոնություններ` գյուղական բնակչության համեմատ: Դեռ քերթողահայր Խորենացին է գրել, որ հայոց Վաղարշակ  արքան օժտել է արտոնություններով քաղաքաբնակներին և «հրաման է տալիս, որ քաղաքացիների հարգն ու պատիվը ավելի լինի, քան գյուղացիներինը, որ գյուղացիները պատվեն քաղաքացիներին ինչպես իշխանների…»:

Սա ամրագրված էր նաև Մխիթար Գոշի «Դատաստանագրքում»,որ սահմանադրության դեր էր կատարում հայոց մեջ: Քաղաքը, փաստորեն գրավիչ էր բնակչության բոլոր խավերի համար և դա խթան էր, որ Հայաստանում զարգանան քաղաքներն ու արհեստները:

Քաղաքի բնակչությունն ազատ էր, գյուղացիներն անազատ դաս էին: Այսպիսով, քաղաքների զարգացումը Հայաստանում ուներ լուրջ սոցիալական խթան:

Միայն IX-XIV դարերում Հայաստանում առաջացան 30 մեծ ու փոքր քաղաքներ և 20-ից ավելի գյուղաքաղաքներ: Դրանց զարգացմանը նպաստեց նաև այն, որ Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Հայաստանը համարվում էր չեզոք երկիր, և միջազգային առևտուրը բացառապես կատարվում էր Հայաստանի տարածքում:

Հայաստանում սելջուկյան արշավանքներից հետո քաղաքային կյանքն աշխուժացավ, երբ Զաքարյաններն ազատագրեցին երկիրը և քաղաքային կյանքը նոր շունչ ստացավ: Արագ թափով զարգացան արհեստները: Արտադրության ձևերը կատարելագործվեցին: Դեռևս X դարում ստեղծվեցին առաջին համքարությունները: Դրանք կազմակերպություններ էին, որոնք միավորում էին նույն արհեստով զբաղվող մարդկանց: Համքարությունները, փաստորեն, ներկայիս արհմիությունների նախատիպն էին: Նրանցում միավորված արհեստավորները պաշտպանում էին միմյանց շահերը, միասին որոշում շուկայում իրենց արտադրանքի գները:

Կային մշակված որոշակի կանոններ համքարության անդամների համար: Համքարության մեջ վեճերը լուծվում էին «Ծերոց ատյաններում», որոնք կազմված էին առավել տարեց, հմուտ վարպետներից: Համքարությունների անդամները նաև ապրում էին նույն փողոցում, շարքով: Անիում հայտնի էին Դարբինների, Թամբագործների փողոցները, Կոշկակարոցը և այլն: Նրանք իրենց արհեստը փոխանցում էին սերնդեսերունդ: Երբ վարպետը կամ հայրը համարում էր, որ ավարտվել է աշակերտի ուսումը և, նա կարող էր ինքնուրույն աշխատել ու ներկայանալ որպես վարպետ, իր ձեռքերը լվանում էր աշակերտի ձեռքերի վրա, որպեսզի իր ձեռքի շնորհն անցնի աշակերտին: Համքարության մեջ մտած և վարպետ համարվող անդամը կարող էր ունենալ իր կնիքը: Յուրահատուկ ծես գոյություն ուներ համքարության մեջ նոր անդամ ընդունելու համար: Այն կատարվում էր բոլոր անդամների ներկայությամբ: Համքարություններն ունեին իրենց նշան- դրոշները:

Հայաստանում քաղաքները բաժանվում էին երկու մասի. արքունի և ինքնավար: Վերջիններն ունեին որոշ ներքին ինքնավարություն և կառավարվում էին ավագանու կողմից: Այս քաղաքներն անգամ իրենց սեփական զորքն ունեին, որ կազմված էր արհեստավորներից:

Քաղաքները հիմնականում կառուցված էին առևտրային ճանապարհների վրա: Հյուսիսային առևտրային ճանապարհների վրա էին Անին, Կարսը, Դվինը, Երևանը, Երզնկան, Նախիջևանը: Հարավային ուղիների վրա էին Վանը, Արճեշը, Ոստանը, Խլաթը, Մանազկերտը:

Հայկական քաղաքներում կյանքը եռում էր աշխատանքով, հանդեսներով, տոնախմբությամբ, թատրոնով: Այստեղ մշակութային օջախների հետ մեկտեղ առկա էին բոլոր պայմանները ցոփ կյանքի համար:

Այդուհանդերձ, ակտիվ առևտրի գոյությունը ենթադրում էր այդ առևտրի անվտանգությունն ու հարմարվետությունն ապահովող հաստատությունների առկայություն:

Առևտուրն ապահովելու համար Հայաստանի քաղաքներում ամենուր պանդոկներ էին կառուցվում: Սրանք ունեին ամենայն անհրաժեշտը ճամփորդներին ու առևտրական քարավաններին սպասարկելու համար: Անհատ առևտրականները կամ ամբողջ քարավանները պանդոկներում ու քարվանատներում կարող էին օթևանի հետ մեկտեղ գտնել սնունդ, կեր անասունների համար, փոխադրամիջոց, անգամ զինված պահպանություն: Պանդոկներ ունեին ոչ միայն իշխաններն ու արքաները, այլև եկեղեցին ու նոր բարձրացող հայոց առևտրական, վաշխառուական խավը:

Իրենց տարածքով անցնող քարավանների ապահովության համար իշխաններն ու ֆեոդալները ստեղծել էին հատուկ զինվորական ջոկատներ, որոնք ուղեկցում էին քարավանները իշխանության տարածքում:

Հայոց քաղաքներում առանձնահատուկ տեղ ունեին բաղնիքները: Նրանք քաղաքային մշակույթի կարևոր տարրերից էին և ամենևին զեխության վայրեր չէին, ինչպես Ռուսաստանում և Արևելքում:

Արտաշատն ուներ ջեռուցվող բաղնիքներ. կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք: Այս մեխանիզմը տարածում գտավ աշխարհում միայն երկու տասնամյակ առաջ: Հայաստանի տարածքում համեմատաբար լավ են պահպանվել Ախթալայի, Ամբերդի, Լոռի բերդի բաղնիքները:

Կիլիկյան Հայաստանում քաղաքները գլխավորել են թագավորների ներկայացուցիչները` կապիտանները: Վերջիններս, հատկապես նավահանգստային քաղաքներում, ունեցել են քաղաքական, վարչական և ոստիկանական լայն լիազորություններ: Քաղաքային կարևորագույն պաշտոնյաներ էին ձեռներեցները, մուխթասիբները և դուկերը, որ հսկում էին շուկայում չափի ու կշռի կարգավորումները, գները, հավաքում էին հարկերն ու տուրքերը:

Կիլիկիո մայրաքաղաք Սիսում էին գտնվում արքայական պալատը, բանտը, դրամատունը, իշխանաց տունը, գրադարանը, համալսարանը` դպրատունը: Քաղաքում էին կենտրոնացած օտարերկրյա դեսպանատները: XII դարի վերջին Սիս է այցելում ավստրիական դեսպան Վիլլեբրանդ Օլդենբուրգցին և հիանում է քաղաքի գեղեցկությամբ ու ճոխությամբ:

Իր գեղեցկությամբ ու ամրությամբ աչքի էր ընկնում ծովափնյա Տարսոն քաղաքը: Այստեղ ավանդաբար կատարվում էին թագադրման արարողություններ:

Նշանավոր էին Ադանան, Մամեստիան: Տնտեսական նշանակությամբ մեծ էր հատկապես Այաս նավահանգստային քաղաքի դերը: Այն առևտրական կապող օղակ էր Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի միջև: Մի օրինակ միայն Այասի նշանակությունն ընդգծելու համար: Այասում նստող վենետիկյան պայլը, իր հպատակների առևտրական գործունեությունից գանձելով  ընդամենը կես տոկոս մաքս, մեկուկես տարվա ընթացքում ստացել է 7200 ֆրանկ եկամուտ: Այսպիսով, միայն վենետիկցիների առևտրական շրջանառությունը տարեկան կազմում էր մոտ մեկուկես միլիոն ֆրանկ, որից 2-4 տոկոսը` որպես մաքս, մտնում էր Սսի արքունիք:

1323-1337 թթ. Եգիպտոսը որպես հարկ հայոց պետությունից Այասից ստացել է 1200000 դրամ հարկ, որ միայն շրջանառու միջոցների մի փոքր մասն է կազմել:

Քաղաքային բնակչությունը բաժանվում էր մի քանի մասերի: Ստորին խավը` մանր առևտրականներ, սևագործ բանվորներ, համարվում էր ռամիկ: Ապահով զանգվածը կազմում էր ազատանին: Կար նաև հատուկ վարձով աշխատողների դաս` մշակ:

XIII դարում Հայաստանում առաջացավ նոր խավ` մեծատունների խավը: Սրանք առևտրական դասի այն ներկայացուցիչներն էին, որ կուտակելով հսկայական հարստություն` մեծ դերակատարություն ունեցան հասարակական կյանքում: Դրանցից ամենանշանավորն անեցի Տիգրան Հոնենցն էր: Նա հասարակ ծագում ուներ, սակայն, հետագայում, Զաքարյանների մոտ պաշտոն ստանձնեց և նրանց հարկային վերակացուն էր քաղաքում: Տիգրան Հոնենցը մեծ կալվածքներ, ամառանոցներ, ջրաղացներ, ագարակներ ձեռք բերեց: Նա նաև վաշխառությամբ էր զբաղվում: Որպես կանոն` հայ մեծատունները բարեգործությամբ էին զբաղվում: Տիգրան Հոնենցը 1215 թ. Անիում կառուցեց քաղաքի հրաշագեղ եկեղեցիներից մեկը, այն զարդարեց արվեստի գործերով:

Մյուս հայտնի մեծատունը մանազկերտցի Ումեկն էր, որ իր առևտրա-վաշխառուական գործունեությունը ծավալել է Կարինում: Ումեկը հետագայում հաստատվեց Տփղիսում: Նա 40000 դուկատով Զաքարյաններից գնել է Գետիկը և նվիրատվություններ է արել Գոշավանքին:

Ավելի հաջողակ ու մեծահարուստ Ավետենց Սահմադդինը 1263 թ. գնեց մայրաքաղաք Անին: Սահմադդինին էր պատկանում նաև Երևան քաղաքը:

Առևտրա-վաշխառուական այս խավն աստիճանաբար ձևավորում էր հայկական բուրժուական հասարակարգը: Եվրոպայում նման զարգացումներ ի հայտ եկան միայն երեք դար հետո: Սակայն հայ հասարակարգի զարգացումը կանգ առավ մոնղոլական արշավանքների պատճառով:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Լիբանանում կփակվի՞ կառավարելի քաոսի հանգրվանը

բեյրութԼիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների եւ տեղատվությունների միջեւ հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների: Կառավարության կազմության ուղղությամբ դրական նախադրյալներ փոխանցող երեւույթները աւելանում են, առանց իհարկե իրողական տվյալներ ճշտելու: Տրամագծորեն հակադրված բեւեռների միջեւ հայտարարողական մակարդակի վրա փոխասացությունները մտածելու տեղիք են տալիս, որ տեղաշարժի սկիզբը մոտալուտ է:

Բայց լիբանանյան դիպաշարին հետեւելու փորձառություն կուտակած ցանկացած մարդու մտքում մրճահարվում է թերահավատությունը, որ ամեն պահի պատրվակ-պատճառային անմիջական հետեւողականությամբ կարող է կտրուկ փուլ գալ լավատեսություն կոչվող լիբանանյան խավաքարտից կառուցված դղյակը, եթե մանավանդ արտալիբանանյան կենտրոններում աշխատող կանաչ լույսերը վերածվեն կարմիրի: Այս հանգրվանին թվում է, որ նարնջագույն լույսը դեպի կանաչի անցում կատարելու կարգավիճակում է եւ ոչ թե դեպի կարմիրի:

«Ժնեւ-2»-ը հետզհետե տեսանելի է դառնում: Հատուկ լուսարձակ է խլում ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հայտարարությունը, որի համաձայն, տարածաշրջանային կարեւոր ուժ նկատվող Իրանի գործոնը դրական դերակատարություն պետք է ունենա սիրիական տագնապի հանգուցալուծման ընթացակարգում:

Սրան գուցե նախանշային իմաստ պետք է տալ` միջուկային թղթածրարի հարցով նոր բանակցությունների վերաձեռնարկման մոտալուտ լինելը նկատի ունենալով: Այս պարունակում էլ պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի վերահաստատումը, թե ժամանակը չէ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:

«Ժնեւ-2»-ի տեսանելիության զուգահեռ, Լիբանանի նախկին վարչապետի սպանության հարցով միջազգային դատարանի նիստերի մեկնարկի հետ կապվող երեւույթների մեկնաբանությունը կարիքը ունի հետագա ուղղվածությունների ձեւավորման: Ուշագրավն այն է, որ նախապես ամբաստանության սլաքների հասցեատիրոջ հետ կառավարություն կազմելու պատրաստակամությունը հրապարակվում է այժմ` քաղաքական համեմատական լավատեսության նոր երանգ ապահովելով:

Ապահովական գետինը համապատասխան չէ քաղաքական մակարդակի վրա արձանագրվող նոր երեւույթներին: Հերմելի պայթումից մինչեւ Արսալի հրթիռակոծումն ու հյուսիսի  վառոդի տակառների պայթուցիկության չափը մտածել են տալիս երկրի ու քաղաքացիների կյանքերին սպառնացող լուրջ վտանգների մասին:

Մինչ, Մոսկվա-Վաշինգտոն հրադադարի համաձայնությամբ եւ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի քիմիական զինաթափման գործողությունների մեկնարկով սիրիական ճգնաժամը հիմնական ձեւափոխում է ապրել: Կառավարական եւ հակակառավարական ուժերի բախումը վերածվել է ծայրահեղ կրոնականության կողմից իրականացվող լայնածիր գործողությունների բանակի դեմ եւ ապա ներընդդիմադիր ընդհարումների եւ նույնիսկ ներծայրահեղական հակամարտությունների:

Ծայրահեղականության արմատավորումն ու կայացումը հայտնապես մտահոգել են Արեւմուտքը: Իրաքի իշխանությունների սանձազերծած մաքրազտման գործողությունները մտածել են տալիս այս ուղղությամբ համալիր ծրագրի մասին:

Այս տրամաբանության մեջ կարող են  դիտարկվել նաեւ զսպիչ հանգամանքները` Լիբանանը սիրիական տարբերակով չքաոսացնելու: Իրանի գործոնի դրական հանգամանքը տեսնելու կամ իրանամետ ուժերի հետ կառավարություն կազմելու ուղղությամբ պատրաստակամ լինելու: Լիբանանը ծայրահեղականության դիմաց դարպասելու նպատակով մինչեւ այս գործիքների պտուտակների ամրացումը, չի բացառված, որ այս երկիրը ցնցեն այլ պայթումներ: Կառավարելի քաոսի այս հանգրվանը փակելը անհրաժեշտ է, իսկ այդ հանգրվանի համար նույնքան անհրաժեշտ` կառավարության կազմությունը: Բայց սա արդեն արտալիբանանյան կենտրոններում է որոշվում։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

 

2014 թվականը տնտեսության համար դրական տարի կարող է լինել, եթե…

անկումՆախորդ տարվա ընթացքում շատ բուռն զարգացումներ եղան Հայաստանի տնտեսական կյանքում, որոնք մեծ նշանակություն ունեն և դեռ կունենան Հայաստանի ապագայի վրա: Ընդհանուր միտումները պահպանվեցին արտահանման աճի առումով, որը կրկնակի գերազանցում էր ներմուծման աճի տեմպերը: 2013 թվականը, այնուամենայնիվ, աճի տեմպերի առումով ավելի դանդաղ էր, քան  նախորդ տարիները: Ճիշտ է, նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև դրեց առնվազն 7 տոկոս տնտեսական աճի պահանջ, բայց տարեվերջին արդեն պարզ էր, որ կառավարությունը նախագահի այդ հանձնարարականը չի կատարել, քանի որ տնտեսական աճը կազմեց ընդամենը 4 տոկոս:

 Հանուն արդարության` դրական մանր երևույթներ կային

Որոշակի առաջընթաց գրանցվեց գյուղատնտեսության ոլորտում, որը, սակայն, ինչպես այն բնորոշում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ավելի շատ պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով, քան հստակ ագրարային արդյունավետ քաղաքականությամբ: «Հույս  ունենք, որ 2014 թ. փոքր-ինչ ավելի նոր վերաբերմունք կդրսևորվի, և միայն եղանակային պայմաններով պայմանավորված չեն լինի գյուղատնտեսության զարգացումները»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ` մտահոգիչ է, որ վերամշակող արդյունաբերությունը բավարար տեմպերով չի զարգանում, և հատկապես արտահանման մեջ գերակշռում է հանքարդյունահանման մասը` 75 տոկոսից ավելի: Մեզ համար դա բարենպաստ միջավայր չի կարող ստեղծել. երկրի տնտեսությունն այնքանով կարող է մրցունակ լինել, որքանով  վերամշակող արդյունաբերությունը զարգացած լինի:

Բայց 2013 թ. տնտեսական կյանքում Թաթուլ Մանասերանը ձեռքբերումներ էլ է նկատել: Դրանցից նա առաձնացնում է արտահանման աճի առաջանցիկ տեմպերը ներմուծման տեմպերի համեմատ` գրեթե կրկնակի: Երկրորդ` որոշակիորեն սկսվում է  վերանայվել պետության դերը, այսինքն` եթե նախկինում գերիշխում էր նեոլիբերալ գաղափարախոսությունը, և հիմնականում ասում էին, թե կառավարությունն անելիք չունի տնտեսության մեջ, ապա այժմ, ճիշտ է ոչ բավարար, բայց գոնե նկատվում են մոտեցումների որոշ փոփոխություններ:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, սակայն, հակված չէ  2013 թ. տնտեսական գործընթացներում դրական միտումներ նկատել:  «Համենայն դեպս չեմ կարծում, որ եթե ինչ-որ բան էլ դրական է եղել, հիմա արժե դրանց մասին բարձրաձայնել: Եթե անգամ դրական ինչ-որ բաներ էլ եղել են, ապա աննշան են»,- շեշտեց նա:

Այս կարծիքին է նաև ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով` 2013 թ. ընթացքում Հայաստանի տնտեսությունը որակական որևէ առաջընթաց չունեցավ: Ավելին` շարունակվում են տնտեսական կառուցվածքում ոչ համաչափ զարգացումները, մասնավորապես` տնտեսության կառուցվածքի մեջ շարունակում է անկում ապրել շինարարությունը, ինչը, ըստ էության, նաև զբաղվածության ոլորտում մեծ դեր ուներ, և բացի ավելացված արժեք ստեղծելուց, ապահովում էր նաև հսկայական աշխատատեղեր: Իսկ դրա անկումը նշանակում է, որ մենք շարունակում ենք արձանագրել զբաղվածության ցուցանիշների վատթարացում:

Գործազրկության խնդիրը մատնանշում է նաև Թաթուլ Մանասերյանը: «Մեր հաշվարկներով` երիտասարդության շրջանում գործազրկությունը 60 տոկոսից ավելի է: Պետք է նաև անպայման քայլեր ձեռնարկվեն աշխատատեղերի ստեղծման առումով, բայց ընդհանուր վերացական չհնչելու համար պետք է ասել, որ գիտելիքը դեռևս բավարար պահանջարկվածություն չունի, որակյալ աշխատուժը նույնպես, որն էլ իր հետ բերում է նաև զանգվածային արտագաղթ»,- ասաց Մանասերյանը:

Հարկ է նշել, որ շինարարության ճյուղի անկումը չփոխհատուցվեց տնտեսության այլ ճյուղերում էական և որակական այլ զարգացումներով:

«Դրա համար անհրաժեշտ էր, որ պետության, կառավարության դերակատարությունը տնտեսության կառուցվածքային  փոփոխության հարցում լիներ ավելի բարձր մակարդակում: Խոսքն ամենևին պետական տնտեսություն վարելու մասին չէ, այլ տնտեսության կարգավորման  ոլորտում մրցակցային միջավայրը բարելավելուն, տնտեսության ճյուղային կառուցվածքում առկա անհամամասնությունները վերացնելուն ուղղված կոնկրետ ծրագրեր իրականացնելու և  մանավանդ շինարարության ծավալների հնարավորինս աճ ապահովելու մասին է: Այդ ամենը չարվեց. փոխարենն ավելի խստացվեցին պայմանները փոքր ու միջին  բիզնեսի հատվածում, որի արդյունքում մենք անկում ունեցանք: Եվ այս միտումը  շարունակվելու է ցավալիորեն նաև 2014 թվականին»,- նշեց Արծվիկ Մինասյանը` արձանագրելով, որ փոքր ու միջին բիզնեսը խեղդվելով փակվում է և տեղը զիջում է խոշոր բիզնեսի կլաններին:

Տնտեսական աճը նախ պետք է մարդկանց կյանքը բարելավի

Եթե վերլուծենք տնտեսական  զարգացումը նաև կենսամակարդակի տեսանկյունից, պետք է  արձանագրենք, որ թե՛ պաշտոնական վիճակագրությունը, թե՛ փորձագիտական գնահատումները հնարավորություն  են տալիս ասելու, որ բնակչության իրական կենսամակարդակը 2013 թվականին ավելի ցածր էր, քան անգամ 2012-ին: Այլ կերպ ասած` անգամ չնչին տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացումը  չի վերածվել կենսամակարդակի վիճակի թեկուզ տոկոսային հարաբերությամբ  բարելավման: Միայն այն ցուցանիշը, որ 11 ամիսների կտրվածքով գնաճի մակարդակն ավելի բարձր է եղել, քան աշխատավարձերի աճը, արդեն ցույց է տալիս, որ  կենսամակարդակի իրական ցուցանիշն անկում է ապրել, էլ չասենք աղքատության և  սոցիալական իրացվելիության մասին:

Քաղաքացիների կենսամակարդակի առումով Թաթուլ Մանասերյանը նշում է, որ պետք է  հասնել նրան, որ նվազագույն աշխատավարձերի ու կենսաթոշակների հիմքում դրված լինի կենսապահովման նվազագույն զամբյուղը, որը դեռ չի ապահովվել, սակայն հնարավոր է անել: Այսինքն` բավարար ռեսուրսներ կան այս ուղղությամբ, հատկապես` ստվերային  տնտեսության կրճատման և գործարարության աշխուժացման հաշվին:

2013 թվականը հատկապես նշանավորվեց մի քանի իրադարձություններով, որոնք, թերևս, ներքաղաքական կամ արտաքին քաղաքականության խնդիրներ էին, բայց ազդեցություն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա. նախագահական ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ, շրջադարձ Եվրոպայից Մաքսային միություն, կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը, գազի գների աճի և տրանսպորտի գների փոփոխության հետ կապված հարցերը:

Այս ամենը, բնականաբար, տնտեսական տարվա վրա  ունեցան կտրուկ բացասական ազդեցություն, բայց նաև ներդրումների վրա ազդեցություն ունեցան, ինչի մասին են վկայում նաև միջազգայն կազամակեպությունների զեկույցները Հայաստանում ներդրումների, հատկապես օտարերկրյա ներդրումների վերաբերյալ:  Իսկ դա նշանակում է, որ ներդրումային միջավայրը դարձել է Հայաստանի խոցելի տեղերից մեկը:

«Գազային հարթությունում» ունեցանք ոչ թափանցիկություն, ավելորդ քաշքշուկ, որը մինչ օրս շարունակվում է: Մասնավորապես` պարտքային պարտավորություններ են ստեղծված, որոնց մասին հասարակությունը չգիտի, բայց այդուհանդերձ դրա հետևանքները պետք է կրի: Ըստ Թաթուլ Մանասերյանի` վերջին պահին չի կարելի հանրությանն ասել, թե 3 տարիների ընթացքում կուտակվել է 300 միլիոն դոլարի պարտք: Այսպիսի վարվելակերպը նա անընդունելի է համարում և շեշտում հատկապես այն փաստը, որ տարեցտարի  միջազգային կառույցներին ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվել են բոլորովին այլ հաշվետվություններ, և հանկարծ պարզվում է, որ պարտքեր են կուտակվել: «Այսինքն` այստեղ ինչ-որ բան այն չէ, և որքան պարզ ու անկեղծ լինեն հանրության հետ, այնքան ավելի լավ»,- նշում է տնտեսագետը:

Բացասական միտումներից հաջորդն արդեն այս տարվա հունվարի մեկից գործող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին է վերաբերում, ինչի մասին արդեն համակարգի դեմ պայքարողները հայտարարել են, որ ակտիվ գործողությունների են անցնելու:

2014 թվականը, ինչպես համոզված է Վարդան Բոստանջյանը, անկախ ամեն ինչից, լինելու է շատ լավ տարի, որովհետև, այն, ինչ եղավ 2013 թվականին, դրանից վատ այլևս հնարավոր չէ, և  2014 թվականին կլինեն ավելի տրամաբանված, հավասարակշռված մոտեցումներ:

Որպեսզի դրական նոտայով ավարտենք ամփոփումը, նշենք, որ 2014 թվականի սկզբնական հատվածում տնտեսական լավագույն ձեռքբերում կարող է դառնալ տեղական արտադրության մի շարք ապրանքների,  հատկապես  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղական արտադրության համակարգիչների միջազգային շուկա մտնելու հնարավորության լիարժեք ընձեռումը:

Երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է աշխատավարձերի համակարգային քաղաքականության գործադրմանը: Ինչպես գիտենք, պետական ոլորտում աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում  2014 թվականի երկրորդ կիսամյակում:

«Հուսով եմ, որ սա կբերի նաև մասնավոր սեկտորի ակտիվ աշխատավարձային քաղաքականության իրականացում, որի արդյունքում մենք կարող ենք տարվա երկրորդ կեսին ակնկալել նաև աշխատավարձերի իրական բարձրացում, ինչը նշանակում է պահանջարկին միտված քաղաքականություն, և սրա արդյունքում կարող ենք ակնկալել տնտեսության ավելի ակտիվ և դինամիկ զարգացում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Այսպես թե այնպես, 2014 թվականի տնտեսական զարգացումները, ըստ էության, անցյալ տարվա զարգացումների շարունակությունն են լինելու:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Առանց գլխավոր մարզչի մնացած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցակից ունի

ֆուտբոլի հավաքականՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկար ժամանակ է` գլխավոր մարզիչ չունի: Ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել: Փաստորեն, չկա մարզիչ, չի կարող նաև ընտրություն լինել, ուրեմն հավաքական էլ գոյություն չունի, անգամ` թղթի վրա: Մինչդեռ փետրվարի 23-ին վիճակահանությամբ որոշվելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Ինչ խոսք, երբևէ կգա ժամանակը, երբ վերջ կտրվի մեր երկրի հավաքականի` դեռ անցյալ տարվանից սկսված անգործությանը:

Զարմացնում է, որ թեև Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ չունի, բայց որոշվել է, որ պետք է խաղ անցկացնի: Հայտնի է դարձել, որ հունիսի 6-ին մեր երկրի ընտրանին Մայնցի բարեգործական հանդիպումում մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ: Ի դեպ, մարտին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թույլատրել է հավաքականներին ընկերական խաղերի մասնակցել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ քանի դեռ թիմը գլխավոր մարզիչ չունի, հանդիպում անցկացնելու իմաստ չկա: Ու թեև ոչ մի բան չի փոխվե`, Հայաստանի հավաքականը խաղալու է:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Գերմանիայի ընտրանին 2-րդ հորիզոնականում է, իսկ Հայաստանի հավաքականը 35-րդ տեղում է:

Նախկինում մերոնք ընկերական խաղում երբեք չեն մրցել այդպիսի բարձրակարգ հավաքականի հետ: Գերմանիայի ներկայացուցիչներն աշխարհի եռակի չեմպիոն են ու Բրազիլիայում կայանալիք առաջնությունից առաջ որոշել են վերջին ստուգողական խաղը Հայաստանի ներկայացուցիչների հետ  անցկացնել: Մերոնք ֆինանսական ոչ մի խնդիր չեն ունենալու: Հրավիրող կողմը ստանձնել է Հայաստանի հավաքականի ուղևորության և մնալու բոլոր ծախսերը: Ի դեպ, այս խաղի ողջ հասույթը փոխանցվելու է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և լիգայի տարբեր հիմնադրամներին:

Հայաստանի հավաքականը գերմանական թիմի հետ նախկինում երկու խաղ է անցկացրել1998-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում և պարտվել 1:5, 0:4 հաշիվներով:

Առայժմ պարզ չէ, թե ով է Հայաստանի ընտրանին խաղադաշտ դուրս բերելու, քանի որ գլխավոր մարզչի որոնումները շարունակվում են:

Տարբեր թեկնածուների անուններ են տրվում, սակայն արդյունք չի երևում: Ակնհայտ է, որ լավ մասնագետին պետք է համապատասխան չափով վճարել… Ֆինանսական ռիսկ կա. ոչ-ոք չի կարող երաշխավորել, որ ցանկալի արդյունք կստացվի: Դա է հապաղելու պատճառը: Մի բան ակնհայտ է` ներուժ ունեցող թիմ կարելի է հավաքել, և այն պետք է այնպիսի մասնագետ գլխավորի, որն ի վիճակի լինի թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերել:

Ի դեպ, ցավալի մի երևույթ է նկատվում: Արտասահմանյան թիմերում հանդես եկող Հայաստանի հավաքականի թեկնածուներն աստիճանաբար տեղափոխվում են ղազախական ակումբներ: Մի կողմից լավ է, որ այդ ֆուտբոլիստներն ավելի հաճախակի մարզադաշտ դուրս գալու, խաղալու հնարավորություն են ստանալու, մյուս կողմից էլ  տխրեցնում է, որ ոչ այնքան բարձրակարգ առաջնությունում են մերոնք հանդես գալու և իրենց խաղամակարդակը բարձրացնելու սահմանափակ հնարավորություններ են ունենալու:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետագա ճակատագրին, ապա այն անորոշ է: Խոսվում էր, որ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինը», բայց պարզվում է, որ հայ մասնագետն անգամ առաջարկ չի ստացել, իսկ օրերս այդ ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռինատ Բիլյալետդինովը:

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Անքնություն

անքնությունԱնքնությունը խանգարում է, որը բնութագրվում է քնի տևողության  կամ դրա որակի անբավարարությամբ:

Անքնությունն առաջանում է ուղեղի չափազանց ակտիվ գործընթացների  հետևանքով: «Անքնություն» ախտորոշում է տրվում հիվանդին այն դեպքում, եթե նա շաբաթական 3 անգամ նորմալ չի քնել: Սակայն էպիզոդիկ անքնությունը սովորաբար անցնում է ինքնիրեն: Իսկ քրոնիկ անքնությունն առաջանում է, երբ մարդը կենտրոնանում է քնի խանգարման վրա: Առաջանում է «անքնության սպասում» համախտանիշը, որն անգամ ուժեղ ազդեցությամբ քնաբերները չեն վերացնում:

Ստուգեք ձեզ

Մեկին բավարարում է  կարճատև քունը, որ իրեն բավարարված, ուրախ ու ակտիվ զգա: Մյուսին` 9-10 ժամն էլ չի գոհացնում: Սակայն ֆիզիոլոգիապես յուրաքանչյուր օրգանիզմին հարկավոր է 5-6 ժամ հանգիստ քուն, իսկ մնացածը` անհատական պահանջմունք է:

«Անքնությունը» տարբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանշաններին.

– դժվար քնելը,

– մեկ ամսվա ընթացքում շաբաթական 3 անգամ  քնի խանգարումը,

– անքնության հետևանքով թուլությունը կամ մասնագիտական պարտականությունների կատարման անհնարինությունը:

Պետք է բժշկի դիմել, եթե այդ խանգարումները չեն անցնում արդեն 3 ամիս: Դա նշանակում է, որ օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում հաղթահարել առաջացած խնդիրը:

SOS

Անքնությունը հղի է տհաճ հետևանքներով: Եվ դա միայն անբավարար կենտրոնացումը չէ, որը նվազեցնում է աշխատունակությունն ու անգամ հանգեցնում ՃՏՊ-ի:

Տևական անքնության հետևանքով նվազում է օրգանիզմում մելատոնինի ու սերոտոնինի մշակումը, ինչը հանգեցնում է տրամադրության  կտրուկ անկման ու նյարդային բռնկումների:

Անբավարար քնի հետևանքով կրկնակի մեծանում է կաթվածի ու սրտային հիվանդությունների առաջացման վտանգը:

Ի դեպ, երբեմն սրտի հիվանդությունների, այրոցքի, մկաններում ու հոդերում ցավի պատճառով կարող է անքնություն առաջանալ: Եթե ինչ որ բան ցավում է, ապա   քնել չի հաջողվի: Անքնությունը հիպերթիրեոզի  կողմնակի հետևանք է: Վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակի պատճառով, չնայած մարդը շուտ է հոգնում, նյարդային վիճակը թույլ չի տալիս քնել:

Նման խնդիրներ են առաջանում կանանց կյանքում դաշտանադադարի ժամանակ: Տրամադրության անկումը նույնպես երբեմն հանգեցնում է քնի խանգարման:

Կարևոր է

Քրոնիկ անքնության հետևանքով թուլանում է ուշադրությունը, հիշողությունը (սկզբում` կարճատև): Մարդը, որը վատ է քնում ու քիչ, ենթակա է սթրեսների, թույլ իմունիտետ ունի, հաճախ է դեպրեսիայի մեջ ընկնում:

Լավ կլինի քնաբեր ընդունելու դեպքում նախապատվությունը տալ բուսական հիմքով դեղամիջոցներին: Իսկ լուրջ դեղամիջոց կնշանակի բժիշկը, նյարդաբանը, հոգեբանն ու հոգեթերապևտը:

Սակայն մինչ դրան հասնելը  կարելի է փորձել ինքնուրույն  դուրս գալ ստեղծված վիճակից: Դրա համար պետք է`

– կանոնավորել քունն ու արթնացումը խիստ ռեժիմով, ինչը շատ է օգնում է ներքին ժամացույցն ու քունը կարգավորելուն:

– պետք է  երեկոյան մենյուն վերանայել. թեթևացնել ընթրիքը, հնարավորինս չչարաշահել յուղոտ ու տապակած մթերքը: Նախապատվությունը տալ անյուղ ձկնատեսակին, մսին բանջարեղենին ու մրգին:

Սթրեսային ռեժիմը պահանջում է մագնեզիումի ու տրիպտոֆանի լրացուցիչ քանակ: Դա կարելի է ստանալ ընդեղենից, հատիկավորներից, թռչնամսից ու չրերից: Բավարար քանակությամբ կալցիումը նույնպես կարող է թուլացնել վիճակը, ուստի պետք է  կաթնամթերք օգտագործել:  Օրվա երկրորդ կեսին  լավ կլինի հրաժարվել կոֆեին պարունակող մթերքից:

Քնելուց առաջ վիճակը պետք է առավելագույնս հանգիստ լինի: Տաք լոգանքը, կաթը կամ  խոտաբույսերով թեյերը «հանգստացուցիչ» ազդեցություն  են ունենում:

Եվ ամենակարևորը`  չպետք է սևեռվել առաջացած  խնդրի վրա: Եթե քնել չի հաջողվում, չարժե անկողնում տանջալից շուռումուռ գալ: Կարելի է վեր կենալ ու զբաղվել միատոն գործով, ասենք` հյուսքով, ասեղնագործությամբ: Շատ շուտով քնելու ցանկություն կառաջանա:

Հիշեցման թերթիկ

անքնություն2Անքնության խնդրից խուսափելու համար հարկավոր է նպատակաուղղված վերացնել գրգռիչները: Ասենք` պատուհաններին անթափանց վարագույրներ կախել, օդափոխել սենյակը քնից առաջ, ընտրել մաշկին հաճելի սպիտակեղեն:

Քնի խանգարման մի կարևոր փաստ ևս. քնելուց առաջ  հարկավոր է խուսափել հեռուստացույց դիտելուց կամ էլ նոութբուքով զբաղվելուց: Երկուսն էլ հանգեցնում են նյարդային գրգռվածության:

Հետաքրքիր փաստեր

Քնի կարևորությունը բոլորն են գիտակցում: Մարդը չի կարող ապրել առանց քնի: Անքուն անցկացրած երկրորդ գիշերվանից հետո հոգեկան խանգարումներ են սկսվում, իսկ երկար ժամանակով քնից զրկվելն օրգանիզմը հանգեցնում է մահվան: Յուրաքանչյուրի համար քնի ժամանակահատվածը անհատական բնույթ  ունի. որքան օրգանիզմն ուժեղ է, այնքան նրան քիչ ժամանակ է հարկավոր ուժերը վերականգնելու համար: Սակայն քնի տևողությունը չպետք է 7,5 ժամից պակաս լինի, հակառակ դեպքում օրգանիզմը կհյուծվի:

Առողջ քուն նշանակում է  քնել ու արթնանալ միշտ նույն ժամին: Քնել պետք է լավ օդափոխված սենյակում: Ննջարանը պետք է մութ լինի, փողոցի լույսերը չպետք է ներս թափանցեն: Ինչ վերաբերում է ձայներին, ապա դրանք ոչ միայն կարող են արթնացնել, այլև տատանումները կարող են սրտի ռիթմը գցել, ինչը նույնպես բացասական է ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:

Մահճակալը պետք է չոր լինի, այն չի ճնշի կենսականորեն անհրաժեշտ օրգանները  և կբարելավի արյան շրջանառությունը (փափուկ ներքնակները հակառակ ազդեցություն են թողնում): Բարձը պետք է չոր ու փոքր լինի, որ բարելավի ուղեղի արյան շրջանառությունը:

Քնելուց առաջ չպետք է մտավոր աշխատանքով զբաղվել, կարդալ կամ աշխատել: Քնի պահին ուղեղը շատ լարված է, լրացուցիչ լարվածության չափաբաժինը կգրգռի նյարդային համակարգն ու քնել չի հաջողվի:

Եթե ծխող եք, ապա փորձեք վերջին գլանակը ծխել քնելուց 2 ժամ առաջ:

– Գիտե՞ք արդյոք, որ անքնության ռեկորդը պատկանում է անգլիացի Թոնի Ռայթին` 11 օր:

Անգլիացի մասնագետները մշակել են մի միջոց, որը հնարավորություն էր տալիս  բրիտանական բանակի զինվորներին առանց  դժվարության արթուն մնալ 36 ժամ. հատուկ ստեղծված ակնոցի միկրոսկոպիկ օպտիկական մանրաթելերն աչքի ցանցաթաղանթի վրա  են պրոյեկտում լույսի օղակ, որը նույնական է արևածագի լույսին: Նման կերպ ուղեղին «համոզում» են, որ մարդը նոր է արթնացել քնից: Առանց քնի 17 ժամ անցկացնելուց հետո առաջանում է աշխատանքի արտադրողականության վատթարացում, ինչը նման է արյան մեջ  0,5% ալկոհոլի ազդեցության:

Տեխնածին աղետների մեծ մասի, այդ թվում նաև, որոշ փաստերով, Չեռնոբիլյան ԱԷԿ-ի վթարի ու «Էքսոն Վալդիզ» տանկերից նավթի արտահոսքի պատճառը անբավարար քնի հետևանքով կատարված սխալն է:

Ցանկացած լույս, անգամ էլեկտրոնային ժամացույցի թվատախտակից անդրադարձող թույլ լույսը կարող է նվազեցնել հանգիստ քնելու հավանականությունը:

18-25 տարեկան մարդիկ վատ քնի հետևանքով ավելի շատ են տուժում, քան նրանց ավագ գործընկերները:

Անքնության դեմ պայքարի դասական միջոց է երևակայական իրերի համրումը. դա այնքան ձանձրալի է, որ անխուսափելիորեն հանգեցնում է քնի:

1.Քնի վիճակում մենք «անդամալուծվում» ենք: Հավատանք, թե ոչ, քնի վիճակում մեր մարմինը կաթվածահար է ու հիմնականում այն բանի համար, որ «հլու» կատարի այն շարժումները, որ կատարվում են երազում:

2.Արտաքին ազդակներն ազդում են մեր երազների վրա: Մեզանից յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ իր վրա զգացած կլինի. ենթագիտակցությունը ֆիզիկական զգացումը դարձնում է երազի մաս, որը մենք զգում ենք այդ պահին: Ծարավ մարդը երազում ջուր է տեսնում ու փորձում է խմել (երազում), սակայն կրկին ծարավ է, ու կրկին ջուր է ուզում այնքան ժամանակ, մինչև արթնանում է ու հասկանում, որ իրականում է ծարավ: Այսպես ենթագիտակցությունը «հուշում» է, որ պետք է արթնանալ:

3. Նախկին ծխողները վառ երազներ են տեսնում: Հաճախ տեսնում են, որ կրկին սկսել են ծխել, ընդ որում, հետն էլ մեղքի զգացում են ունենում:

4. Երազները  բառացի  չեն լինում: Մեր ենթագիտակցությունն օգտագործում է նշանների ու խորհրդանշանների լեզուն: Ուստի չարժե յուրաքանչյուր երազ, նույնիսկ ամենատրամաբանական ու հարուստ բովանդակություն ունեցողը, ընդունել բառացի: Ենթագիտակցությունը մեզ ազդանշաններ է ուղարկում, ոչ թե հստակ կերպարներ:

5. Բոլորը չէ, որ գունավոր երազներ են տեսնում:

Տեսնող մարդկանց 12%-ն է  միայն սև-սպիտակ երազներ տեսնում, իսկ մնացածը` գունավոր:

Գոյություն ունեն երազների տիպային խմբեր, որոնք առանց բացառության տեսնում են բոլորը. իրավիճակ դպրոցում, աշխատավայրում փախուստի փորձ, անկում բարձրությունից, մահ,  թափված ատամներ, թռիչք, քննությունից կտրվել, վթար ևն:

6. Մենք երազում տեսնում ենք այն, ինչ տեսել ենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց ու պատկերացում անգամ չունենք, որ մեր գիտակցությունը նրանց չի հորինում: Մենք տեսնում ենք երազում  իրական դեմքեր, որոնց հանդիպել ենք իրական կյանքում, սակայն չենք մտապահել:

7. Երազ տեսնում են բոլորը, առանց բացառության (թերևս բացառություն են հոգեկան ուժեղ խանգարում ունեցողները): Ուրեմն բոլորն են երազ տեսնում, սակայն կանայք ու տղամարդիկ` տարբեր կերպ: Տղամարդիկ հիմնականում երազում տեսնում են իրենց սեռի ներկայացուցիչների, կանայք` երկու սեռերին էլ նույն հաճախությամբ:

8. Մենք մոռանում ենք մեր երազների 90%-ը: Արթնացումից 5 րոպե անց արդեն չենք հիշում մեր երազների կեսից ավելին: Իսկ 10 րոպե անց` հազիվ 10%-ը:

Հայտնի են դեպքեր, երբ բանաստեղծները, գրողները, գիտնականները երազում  տեսել են, որ բանաստեղծություն են գրել կամ էլ գիտական նոր տեսություն ստեղծել: Նրա բախտն է բերել, ով ժամանակին գլխի է ընկել  և թուղթ ու գրիչ պատրաստել: Հենց այդ կերպ են ստեղծվել Սեմյուել Քոլրիջի «Կուբլա Խան»-ը, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլն ու միստր Հայդը», Մերի Շելիի «Ֆրանկենշտեյնը», ինչպես և Մենդելեևի պարբերական աղյուսակը:

10.Կույրերը երազ տեսնում են: Ծնվելուց հետո կուրացած մարդիկ նույնպես կարող են պատկերների ձևով երազներ տեսնել: Նրանց երազները ավելի շատ ձայներով, հոտերով ու մատնահպման զգացումներով են ուղեկցվում: Ի դեպ, երբ մարդը խռռացնում է, այդ պահին երազ չի տեսնում:

Մինչև 3 տարեկան փոքրիկներն իրենց երազում չեն տեսնում: 3-8 տարեկանում նրանք ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան մեծահասակներն իրենց ողջ կյանքում:

Անկախ

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

անօթևաններ (2)«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է: Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»:

Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:

Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:

Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:

2001 թվականից գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կարգախոսն է` «Օգնություն ինքնաօգնության համար»: Կենտրոնն ի սկզբանե հիմնվել է 20 տարեկանից բարձր սոցիալապես անապահով անձանց համար անվճար վարսահարդարում, խոհարարություն, համակարգչային հմտություններ, կավագործություն, փայտամշակում, էլեկտրաեռակցում, կոշիկի և կաշվե իրերի պատրաստում և այլ դասընթացներ տրամադրելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն աշխատանք գտնել և ապրել: Սակայն հետագայում հիմնադրամն իր գործունեությունն ընդլայնել է` զբաղվելով նաև անօթևանների խնդիրներով:

2004-ին մեկնարկած անօթևանների ծրագիրն այսպիսին էր. ձմռան ամիսներին կենտրոնի միկրոավտոբուսը տաք թեյնիկներով, սուրճով, քաղցրավենիքով և տաք հագուստով շրջում էր փողոցներում, գտնում անօթևաններին, նրանց հետ փորձում կապ հաստատել, հասկանալ նրանց խնդիրները և փորձել օգնել:

անօթևաններ (3)Հիմնադրամի տնօրենն ասում է, որ երբ պետությունը մի քանի տարի առաջ Չորրորդ գյուղում ծերանոցին կից ստեղծեց անօթևանների կացարան, դա նաև իրենց համառ ջանքերի շնորհիվ էր: 2011-ից, քաղաքապետարանի  համաֆինանսավորմամբ, նաև հիմնադրամն էր անօթևաններին կացարան տրամադրում: Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն: Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ  տեղափոխել այստեղ:

Դեռևս այդ ժամանակ «Անկախը» պարզաբանում ստացավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանից,  թե պետությունը նպատակահարմար է գտել այդ միջոցներն ուղղել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:

անօթևաններ (1)Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:

Մեր շրջայցը կացարան սկսվեց մեկուսարաններից, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն էին՝ կույրեր, կաթվածահարներ, անդամալույծներ և այլն: Հետո անցանք 7-8 հոգանոց սենյակներով, ապա 14 հոգանոց մի ընդարձակ սենյակ մտանք, որտեղ տեղավորված էին տղամարդիկ:

«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»:

Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:

Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան:

Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են,  չնայած դրա իրավունքը չունեն:

Մեր այցի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից կացարան էին բերել մի անօթևանի` մի ոտքը կտրած: Փորձեցինք զրուցել հետը, գլուխը շրջեց, չցանկացավ խոսել: Տնօրենն ասում է, որ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները ժամանակի ընթացքում են կարողանում նրանցից որևէ տեղեկություն ստանալ, այն էլ` դժվարությամբ:

Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես  կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է:

անօթևաններԻ դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի:

Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, իսկ նրանց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»:

Կառավարությունը  հիմնադրամին այս տարվա համար 58 միլիոն դրամ է հատկացրել: Դանիական գործընկերներն էլ են որոշակիորեն աջակցել` 8 միլիոն դրամի չափով: Ընդհանուր գումարը մեծ չէ, մանավանդ որ դրա մեջ մտնում են  նաև 28 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նման բյուջեի պայմաններում նվազագույն են, սակայն հիմնադրամի ղեկավարն այս ծրագրով սահմանափակվելու մտադրություն չունի: Ապագա ծրագրերից է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց աջակցելը, որոնք որոշակի բուժման շնորհիվ հաղթահարել են հիվանդությունը, սակայն հասարակության մեջ կրկին ինտեգրվելու խնդիր ունեն:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Սև PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ

Շահան ԳանտահարյանԱնկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիւանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հաւաքի առիթով թե՜ նախագահ Գյուլի եւ թէ՜ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար եւ համարյ՜ա միեւնույն բովանդակությունն ունեն:

Այսպես. նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, և հավանականություն կա, որ Թուրքիան միջազգային օրակարգ կգա բացասական լույսի ներքո, Գյուլը կարևորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա, մասնավորապես, հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և երևա դրական լույսի ներքո:

Մինչ վարչապետը, իրեն հատուկ ոճով եւ տոնայնությամբ միեւնույն ուղերձն է փոխանցել։ Նա  խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայկական սփյուռքի նախաձեռնությունների մասին: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ` էրդողանը նշել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի: «Այդ սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա` Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայն թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել։

Եթե նախագահն ու վարչապետը ուղղակի հարյուրամյակն ակնարկելով հանձնարարություններ են փոխանցում Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաներին, ապա այդ ոլորտը ղեկավարող արտգործնախարարը տարբեր ոճ եւ մարտավարություն է որդեգրել։ Երեւանի Սեւծովյան համաժողովից ի վեր նա շարունակում է  կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերությունների վերաձեռնարկման  հնարավոր ուղիների վրա, չմոռանալով իհարկե Բաքվի բաժինը։ Դաւութօղլուն իր աճպարարական ասելաձեւերում չի մոռանում նաեւ Սփյուռքը ` թուրքական Սփյուռքի նշանաւոր տեսությունը տարբեր առիթներով կրկնելով։

Թուրքական ներիշխանական դերերի բաշխման պատկերը մոտաւորապես հետեւյալն է պարզում. մինչ Գյուլ-Էրդողանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակը  վերածում են  Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա պայծառացնելու առիթի, թուրք արտգործնախարարը «թուրքական Սփյուռքի» տեսության գործնականացման բեմագրություններ է սեւագրում։ Պարզ է տրամաբանությունը։ Այսօրվա Հայկական սփյուռքը շառաւիղն է Օսմանյան կայսրության նախկին քաղաքացի հայերի. ուրեմն նրանք «անմարդկայնորեն տեղահանվածներ»  ժառանգորդներն են, որոնց իրաւունք է տրվում վերդառանալու իրենց երկիրը։ Աւելին. ոչ միայն վերադառնալու, այլ վերատիրանալու իրենց ունեցվածքներին, կալվածքներին, կամ հատուցում ստանալու այդ բոլորի դիմաց։ Բնականաբար, անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդները առաջին հերթին պետք է վերականգնեն իրենց քաղաքացիությունը եւ վերջին հերթին իրաւականորեն հաստատեն, թե իրենց իրաւունքները լրիւ ստացել են, այս դեպքում իրենց անմարդկայնորեն տեղահանածների ժառանգորդներից։

Էրդողանի համոզմամբ Թուրքիայի դեմ սեւ PR իրականացնողները Դաւութօղլուի բանաձեւումով անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդներն են, որոնք հրաւիրում է իր պաշտոնյան։

Երկու այս մոտեցումների արանքներում, թվում է թե Անկարան պիտի շարունակի իրականցնել սեւ PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ։ Իսկ սա Գյուլ-Էրդողան-Դաւութօղլուի եռյակի համոզմամբ պիտի պայծառացնի Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Մշակութային հաստատության ոչ մշակութային պատկերը

սարդարապատՍարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը վերջին շրջանում հանրության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվեց ամենևին ոչ  մշակութային իրադարձության առիթով: 2013-ի դեկտեմբերի 14-ին թանգարանում տեղի էր ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որն ավարտվել էր երկու աշխատակիցների շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխմամբ:

Իրադարձության առանցքում թանգարանի երկարամյա աշխատակցուհի, հսկիչ-հավաքարար տիկին Անիկն էր և թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն ու իր օգնական Վարդիկը: Միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հայաստանի ոստիկանությունը: Հաղորդագրության վերնագիրը բավականին տպավորիչ էր. «Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ»:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, թե իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Թանգարանի տնօրենը համառորեն հերքում էր ծեծի մասին լուրը` ասելով, որ մատով անգամ չի դիպել աշխատակցուհուն:

Ինչևէ, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն և կատարվել հետաքննություն: Եվ «պարզվել» է, որ աշխատակցուհու վնասվածքներն Արիստակեսյանի ու նրա օգնականի հետ որևէ կապ չունեն:

Թանգարանի տնօրենը դեպքից հետո, «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, սպառնացել է տիկին Անիկին, որ ինքն է նրան դատի տալու: 60-ամյա կինը մեզ հետ զրույցում ասաց, որ ահուդողով է աշխատանքի գնում, և գիտի, որ վաղ թե ուշ իրեն գործից ազատելու են: Ինչ վերաբերում է տնօրենի սպառնալիքին, ապա կինը հավատում է, որ եթե Արիստակեսյանը կարողացել է այս գործը կոծկել, ապա նրանից ամեն ինչ սպասելի է: Կնոջ խոսքով` միջադեպի միակ ապացույցը  տեսախցկիներն են, որոնք, սակայն, տնօրենի կողմից ժամանակին արագ մաքրվել են:

Ի դեպ, հիվանդանոց տեղափոխված աշխատակցուհին հիվանդանոցում, առանց իմանալու, ստորագրել է մի թղթի տակ, որը ինչպես հետագայում է պարզել, դեպքի իրական փաստերը կոծկող և Արիստակեսյանին ու նրա օգնականին արդարացնող փաստաթուղթ է եղել: «Հենց էդ նույն օրն արդեն լրագրողներին հայտնեց, որ իրենք մեղավոր չեն, իրենց վրա ոչինչ չկա: Ուղղակի մեր հնարավորությունները չէին ներում, որ փաստաբան վերցնեինք, հասկանայինք` ինչ ենք անում: Իսկ ինքն ամեն ինչ արեց, որ ջրից չոր դուրս գա»,- ասում է կինը:

սարդարապատ (1)

Հիշեցնենք, որ միջադեպը ծագել է թանգարանի հսկիչ-հավաքարարների հետ ժողովի ժամանակ, երբ Արիստակեսյանը հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարի նոր հրամանով նրանք, ովքեր չունեն դիպլոմ, չեն կարող որպես հսկիչ աշխատել: Տիկին Անիկը, որն արդեն  15 տարի է` աշխատում է թանգարանում, ընդդիմացել է, ինչին ի պատասխան` Արիստակեսյանը նրան գոռգոռալով դուրս էր հրավիրել սենյակից: Կինն էլ հայտարարել է, որ այդ դեպքում բոլորին կպատմի տնօրենի մասին այն, ինչ գիտի, և դուրս է եկել:

Նրա հետևից շտապել է տնօրենի օգնական Վարդենիկը, որը, ըստ լուրերի, Արիստակեսյանի ընկերուհին է: Կնոջ պատմելով` Վարդենիկը սկսել էր ձեռքերով հարվածել իր կրծքավանդակին, վիրավորական խոսքեր ասել: «Ես էլ ինֆարկտ տարած կին եմ,- նշում է նա,- հետո էդ ձայների վրա Արիստակեսյանը դուրս եկավ միջանցք և փոխանակ իր օգնականի դեմն առնելու` ինքն էլ միացավ նրան, ասեց` շատ լավ ա անում: էդ ժամանակ հետևից պարանոցիս վրա հարվածներ զգացի: Մի քանի քայլ գնացի, էլ չեմ հիշում` ինչ եղավ, աչքերիս առաջ մթնեց: Երբ ուշքի եկա, տեսա հիվանդանոցում եմ»:

Մի քանի ժամ անց  շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել նաև թանգարանի մեկ այլ աշխատակցուհու, որի ինքնազգացողությունն էլ վատացել է տնօրենի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով:

Երբ զանգահարեցինք Կարեն Արիստակեսյանին նրանից մեկնաբանություն ստանալու և պարզելու, թե գործն ինչ ընթացքում է և ինչ է սպասվում այդ կանանց աշխատավայրում, ասաց. «Դեռ չեք ձանձրացե՞լ էս հարցից: Ես պատրաստվում եմ  ասուլիս հրավիրել, այնպես որ պաշտոնական հաղորդագրություն կլինի, բավարարվեք դրանով»: Հետո էլ ավելացրեց, որ սա ընդամենը ծիծաղելի միջադեպ էր, որից թերթերը մեծ սենսացիա սարքեցին:

Թանգարանի տնօրենը խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել նրանց, ովքեր իրենց տուժող են ներկայացրել` միաժամանակ նշելով, որ իրական տուժողն իրենք են:

big_198493fe6-640x426Միջադեպի վերաբերյալ զրուցեցինք թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի նախկին վարիչ Սուսաննա Մելիքյանի հետ: Նա 2012 թ.  Կարեն Արիստակեսյանի կողմից աշխատանքից ազատվել է` որպես թանգարանի 30 տարվա գիտաշխատող չկարողանալով հանդուրժել նոր տնօրենի կողմից իրականացվող կամայականություններն ու ոչ պրոֆեսիոնալիզմը: «Թանգարանների պատմության մեջ սա չտեսնված ու  ու չլսված բան էր, որը հարիր չէր ո՛չ գիտական, ո՛չ էլ մշակութային ոլորտին: Սակայն Սարդարապատի թանգարանի վերջին տարիների զարգացումների համատեքստում այն և՛ սպասված էր, և՛ օրինաչափ` իբրև հետևանք տնօրենի վարած պատեհապաշտական քաղաքականության»:

Մելիքյանի խոսքով` Կարեն Արիստակեսյանը փորձում է ազատվել կայացած մասնագետներից և մարզի շրջանակներում անցկացվող ձևական մրցույթների միջոցով սեփական ընտրությամբ թանգարան է բերում ոլորտից հեռու պատահական մարդկանց` իր ծանոթ-բարեկամներին: Ոչ պրոֆեսիոնալ, թանգարանային գործից անտեղյակ մի աշխատակից էլ, ըստ նրա, տնօրենի օգնականն է, որը շարունակում է միաժամանակ զբաղեցնել և՛ տնօրենի օգնականի պաշտոնը, որի համար ստանում է գիտական բաժնի վարիչից բարձր աշխատավարձ, և՛ կոորդինացնում է ռեստորանի գործը, որտեղ աշխատում է իր հորաքույրը, և՛ կատարում է դրամարկղի գործը: «Իսկ ըստ որոշ լուրերի՝ հացատուն-ռեստորանը վարձակալությամբ «աշխատեցնում» է նրա եղբայրը»,- նկատեց Սուսաննա Մելիքյանը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության հրամանին, ապա թանգարանի նախկին գիտաշխատողը կարծում է, որ դա չի կարող տեղայնացվել գոնե Սարդարապատի թանգարանի համար, քանի որ այն լուրջ առանձնահատկություններ ունի: Բանն այն է, որ թանգարանը շատ մեծ ցուցադրական մակերես ունի, որի պահպանության համար անհրաժեշտ է ամենաքիչը 18-21 հսկիչ, որոնք միաժամանակ մաքրում են իրենց ամրագրված ցուցադրական տարածքը: Տարանջատելու դեպքում առնվազն նշված թվի կեսին համապատասխան հավաքարարի հաստիք է անհրաժեշտ, ինչը ձեռնտու չէ պետությանը: «էկոնոմիկայի նախարարի հրամանն ընդամենը շղարշ է թաքցնելու  Արիստակեսյանի` «անհուսալի» աշխատակիցներից ազատվելու իրական մտադրությունը, ինչի համար նա պատրաստ է անգամ ձեռք բարձրացնել աշխատակցի վրա, ապա չքմեղանալ՝ վերացնելով համապատասխան տեսագրությունը և սպառնալով վերջիններիս»,-ասում է նա:

Այս միջադեպում թանգարանի աշխատակիցներից ում մեղքի բաժինն է ավելի շատ, ումը` ավելի քիչ, գուցե այնքան էլ էական չէ, քանի որ խնդիրը ոչ թե միջադեպն է, այլ երևույթը, որի պատասխանատուն պետական համակարգն է, որն այդ հաստատությունների նկատմամբ չափից ավելի անլուրջ մոտեցում է ցուցաբերում`  չսահմանելով խիստ չափորոշիչներ ու պահանջներ: Եվ մշակութային կառույցները կամաց-կամաց վերածվում են խոհանոցային միջավայրի` դառնալով որոշ անձանց կամայականությունների և անձնական նկրտումների զոհը:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Մերձավոր Արևելքում լուրջ գործընթացներ են

Եթե նախորդ տարին մեկնարկեց Արևմուտքի` Մերձավոր Արևելքում շուտափույթ ու վերջնական հաղթանակ տանելու հստակ արտահայտված ցանկություններով ու ձգտումներով,  և ընդամենը մեկ տարի առաջ այդ հարցում Արևմուտքը միջոցների մեջ ընտրություն այնքան էլ չէր կատարում, ապա այս տարին Մերձավոր Արևելքում սկսվեց այլ կերպ: Գոնե Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստական խմբավորումների, Մերձավոր Արևելքում ծայր առած իսլամիստական շարժումների ու խմբավորումների ակտիվացման նկատմամբ, դատելով համաշխարհային մամուլի արձագանքներից, Արևմուտքի վերաբերմունքը  փոփոխվել է:

 Երկինք նետված քարը միշտ էլ վերադառնում է

siriaԲելգիայի հետախուզության տվյալներով`ավելի քան 5000 եվրոպացի է մեկնել Սիրիա և Իրաք: Սա ևս մի վտանգ է ոչ միայն Սիրիայի ու այս տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ զինյալները հետագայում վերադառնալու են իրենց տները` Եվրոպա` դրա բոլոր հետևանքներով հանդերձ:

Օրերս եվրոպական մի շարք լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին, որոնցում մտավախություն է հայտնվում Մերձավոր Արևելքում` Սիրիայում, Իրաքում ու Թուրքիայում իսլամիստ ծայրահեղականների, հատկապես «Ալ Քաիդայի» ակտիվացման կապակցությամբ: Իրաքում վերջերս ակտիվացել են «Ալ Քաիդայի» զինյալները, որոնք պայքարում են կառավարական ուժերի դեմ: Ու հենց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, պաշտոնական այցով Բաղդադում գտնվելով, երկրի ղեկավարներին հորդորում էր գտնել խնդրի շուտափույթ լուծումն ու վերջ դնել անկարգություններին, Իրաքի տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչական մի քանի հարձակումներ են կատարվել:

«Ալ Քաիդան» ակտիվ է նաև Թուրքիայում. տեղական «Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը շուրջկալներ է իրականացրել Թուրքիայի 6 քաղաքներում ու մի քանի մարդու ձերբակալել է «Ալ Քաիդայի» հետ կապեր ունենալու կասկածանքով: «Դողան» գործակալությունը նշում է, որ կալանավորվածների մեջ ահաբեկչական խմբավորման առնվազն երկու առաջնորդ կա:

Խաղաղ չէ նաև Եգիպտոսում. երկուշաբթի այնտեղ անցկացվեց երկրի նոր սահմանադրության ընդունման  հանրաքվեն, ու հանրաքվեի անցկացումից րոպեներ առաջ  Գիզա քաղաքի դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվեր հանրաքվեն, պայթյուն որոտաց: Գիզայի քաղաքապետը պայթյունի համար մեղադրեց այն խմբակցություններին, որոնք փորձում են, վախի մթնոլորտ ստեղծելով, խաթարել հանրաքվեի բնականոն ընթացքը:

Արևմուտքի նետած բումերանգն արդեն վերադառնում է ու հարվածում հենց իր շահերին, նախաձեռնություններին ու ծրագրերին:

Ամեն դեպքում, դիտարկենք տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Ինչպես գիտենք, սիրիական ճգնաժամը սկիզբ առավ, երբ Արևմուտքը որոշեց Իրանի «հախից գալ», իսկ դա անելու համար, ինչպես նշում էին փորձագետները, պետք էր նախ Իրանի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկի` Սիրիայի հարցերը լուծել: Ասել է թե` Սիրիայի խնդիրը ուղղակի կապ ունի Իրանի հարցի հետ: Ինչպես նշում ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունը, Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Իրանի հետ նման համաձայնության են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան: Համաձայնագրի կատարման դիմաց Արևմուտքը խոստանում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների դադարեցում: Ավելին` հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին հրավիրեց միանալ Սիրիայի հարցով «Ժնև 2» միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա: «Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակներին, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը: Ես այսօր հրավիրում եմ Իրանին միանալ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչերին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում: Դա հրավեր է»,- հաստատել է պետքարտուղարը:

Քերիի խոսքով` սիրիական երկու կողմերն էլ բռնության գործողություններ կատարել են, իսկ ընդդիմության շարքերում ծայրահեղականներ կան: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են, որ վերջ տան հանրապետությունում դաժանությանն ու բռնությանը: «Խոստովանում ենք, որ մարդասիրական ճգնաժամը հարվածել է Սիրիայի ավելի քան 1 մլն բնակչի, անդրադարձել այլ երկրների վրա, ինչպիսիք են Թուրքիան և Հորդանանը»,- ասել է Քերին` հավելելով, որ Սիրիայում ճգնաժամի հետևանքով ավելի քան 130 հազար մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ կորցրել են տանիքը: Նրա խոսքով` կողմերը համաձայն են, որ ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությունում անթույլատրելի է: Նա հավելել է, որ երկուշաբթի մտադիր է հանդիպել Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Ջարբայի, ինչպես նաև ընդդիմության այլ առաջնորդների հետ: ԱՄՆ-ն մտադիր է համոզել ընդդիմությանը մասնակցել համաժողովին:

լավրովԻր հերթին Լավրովն ընդգծել է, որ համաժողովը պետք է ամբողջությամբ նվիրվի 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարմանը: Մոսկվան կարծում է, որ Իրանը պետք է մասնակցի բանակցություններին, և հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավեր կուղարկի նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

Իսկ Բրահիմիի կարծիքով` Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, քանի որ շատ կարևոր երկիր է տարածաշրջանում: Բրահիմին ընդգծել է, որ սիրիացի ժողովուրդը պետք է անձամբ վճռի իր ճակատագիրը, սակայն համաշխարհային առաջատար տերությունների օգնության կարիքն ունի:

Խմորումները շարունակվում են թե՛ Սիրիայում, թե՛ հարակից տարածքներում

Կարծես վերջապես լուծվում է նաև Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման տեղի հարցը: Ինչպես ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարությունում, սիրիական քիմիական զենքի մնացորդների ոչնչացումը կարող է իրականացվել Գերմանիայի տարածքում:

Բայց Սիրիայում հասունանում է մեկ այլ պատերազմ, այս անգամ` Բաշար Ասադի դեմ կռվող խմբավորումների միջև: Ընդ որում, թեժությամբ և զոհերի թվով այդ մարտերը հաճախ գերազանցում են ընդդիմության ու կառավարական ուժերի միջև բախումներին: Իրար դեմ են դուրս ելել «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող «Իսլամական պետություն Իրաքում և Լևանտում» խմբավորման անդամներն ու առավել չափավոր շարժումները:

Փորձագետները մարտական գործողությունների ակտիվացումը կապում են մոտեցող «Ժնև 2» համաժողովի հետ: Ռեժիմի հակառակորդները ցանկանում են ցույց տալ Արևմուտքին և Պարսից ծոցի իրենց հովանավորներին, որ ունակ են վարելու օրինակելի-ցուցադրական հակաահաբեկչական գործողություն:

Ինչպես գրում է ռուսական  Kommersant-ը, չափավոր ընդդիմադիր խմբավորումները շտապում են մինչև հունվարի 22-ը շվեյցարական Մոնտրյո քաղաքում կայանալիք համաժողովը երկրի հյուսիսային շրջանները ջիհադականներից մաքրելու գործողությունն ավարտին հասցնել:

«Վերջին ամիսներին իսլամիստ ծայրահեղականների դիրքերի ուժեղացումը տագնապ է առաջացնում ոչ միայն արևմտյան տերությունների մեջ, որոնք սառեցրել են ռազմական օգնությունը սիրիական ընդդիմությանը, այլև Սաուդյան Արաբիայի:  «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորումն ունի 10 հազար ակտիվ մարտիկ: Խմբավորումը 70 տոկոսով կազված է օտարերկրացի ջիհադիստներից: Ի տարբերություն Սիրիայի ազատ բանակի` նրանք կանոնավոր կերպով ֆինանսավորում են ստանում Պարսից ծոցի երկրներից: Փորձագետները կարծում են, որ այժմյան պատերազմի պատճառներից մեկը պայքարն է հովանավորների գումարների համար»,- գրում է պարբերականը:

Սիրիայի ազատ բանակ ջոկատների կազմում (15-20 հազար մարտիկ) չափավոր իսլամիստները հարձակում են սկսել հակառակորդի վրա միանգամից մի քանի ճակատներով: Վերջին մի քանի օրերին միայն մոտ 500 մարդ է զոհվել:

քերիՈր Արևմուտքը փոխել է իր վերաբերմունքը Սիրիայի ու Իրանի հանդեպ, պարզ է դառնում նաև մեկ այլ երևույթից: ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ընդգծելով, որ Թուրքիայում տիրող իրավիճակը մտահոգիչ է: Հիշեցնենք, որ Կ.Պոլսում իրականացված հակակոռուպցիոն մեծ գործողությունից հետո Թուրքիայում ավելի քան 15 ոստիկանապետ և մոտ 350 ոստիկան է հեռացվել աշխատանքից: Ըստ տարածված տեղեկությունների` ԵՄ-ն քննարկելու է  այն հարցը, թե Թուրքիայում «մեծ կաշառակերությունն» ինչպես է ազդելու Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացի վրա: Նշվում է նաև, որ հունվարի 21-ին Բրյուսել կատարելիք այցը կարող է տհաճություն պատճառել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, քանի որ սպասվում է, որ ԵՄ արտգործնախարարները կդատապարտեն նրան: Ինչպես գիտենք, Սիրիայի ու Իրանի հարցերով, ոչ պակաս, քան Արևմուտքն ու Իսրայելը, հետաքրքրված էր նաև Թուրքիան այն պարզ պատճառով, որ ի դեմս Իրանի ու Սիրիայի, թուրքիան Մերձավոր Արևելքում երկու լուրջ մրցակիցներ ունի: իսկ նրանց, հատկապես` Իրանի չեզոքացման պայմաններում Թուրքիան կդառնար տարածաշրջանի ամենաազդեցիկ բևեռը:

Դա, ինչպես երևում է, չի ստացվի: Դրա մասին է հուշում նաև Անկարայում աֆրիկյան երկրների դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի արտահայտությունը, թե Թուրքիայի առևտուրը Աֆրիկայի հետ լավ վիճակում է, և Թուրքիայի բարգավաճումը կնպաստի Աֆրիկայի բարգավաճմանը: «Այսուհետ թուրք-աֆրիկյան հարաբերությունների ընթացքն ավելի զարգանալով է շարունակվելու: Սա մեզ համար երկարաժամկետ ռազմավարական հարաբերություն է: Պատմությունից եկած մեր հատուկ հարաբերությունները բոլոր ոլորտներում ամրապնդելու ենք: XXI դարը Աֆրիկայինը և Թուրքիայինն է լինելու»,- Դավութօղլուի խոսքերն է մեջբերել ihlassondakika-ն:

Այսինքն` Թուրքիան այս անգամ էլ փորձում է ԵՄ-ի հետ հարաբերությունների փչացումը կոմպենսացնել աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները ջերմացնելով ու իր խաղը սկսել սև մայրցամաքում, որտեղ տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական նախկին փորձը բավականին դրական է եղել, մասնավորապես` Մագրեբի երկրների հետ ջերմ հարաբերությունների առումով:

Թե հետագա  ինչպիսի զարգացումներ են սպասվում Մերձավոր Արևելքում ու հարակից տարածաշրջաններում, արդեն շատ ավելի որոշակի ու պարզ կլինի հունվարի 20-ին կայանալիք «Ժնև 2» միջազգային համաժողովից հետո:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Քոչարյանն ինչ-որ բան է ծրագրել

Robert Kocharyan, Tigran SargsyanԱնցյալ տարվա սկզբին սպասվող  գլխավոր ներքաղաքական իրադարձությունները նախագահական և Երևանի ավագանու ընտրություններն էին: Հենց սրանք էլ ձևավորեցին անցյալ տարվա գոնե առաջին կիսամյակի քաղաքական օրակարգը:

Երկու ընտրությունների արդյունքում ընդդիմությունը չեզոքացվեց: Եվ հասարակությունը սկսեց որոնել իր քաղաքական պատվերը հնչեցնելու այլընտրանքային ճանապարհներ` շրջանցելով քաղաքական կուսակցություններն ու գործիչներին: Այսինքն` մեր երկրում սկիզբ առան քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, հասարակական-քաղաքական բողոքի դրսևորումներ` քաղաքացիական ակտիվություն:

Դրա առաջին  լուրջ դրսևորումը եղավ ամռանը հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ հասարակության ընդվզման ժամանակ,  երբ քաղաքացիական ակտիվությունը գրանցեց իր առաջին լուրջ հաջողությունը: Իսկ գործող իշխանությունները, հավանաբար  հանգստանալով ընդդիմության  նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո, սկսեցին քայլեր անել, որոնք էլ ավելի բորբոքեցին քաղաքացիական ակտիվությունը: Նախ` երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրության վերաբերյալ որոշման կայացումը,  ապա «գազային» զարգացումները, իսկ տարեվերջին իշխանությունները ԱԺ-ում «անցկացրեցին» նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքների փաթեթը, որով անմիջականորեն դիպան ավելի քան 250 հազար քաղաքացու դրամապանակին, հետևաբար նաև սոցիալ-կենցաղային պայմաններին:  Եվ հասարակության համբերության բաժակը լցվեց:

Մի խոսքով, Հայաստանում արդեն հասարակության քաղաքական պատվեր կատարողը  ոչ թե քաղաքական ուժերը կամ գործիչներն են, այլ հասարակական նախաձեռնությունները, ակտիվիստները` քաղաքացիական հասարակությունը: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը միացան հենց քաղաքացիական հասարակության սկսած շարժմանը: Հենց սրանով էլ խոստանում էր սկսվել 2014 թվականը: Համենայն դեպս, նախորդ տարվանից մնացած կնճռոտ հարցերի շուրջ բողոքող հանրույթների ներկայացուցիչները խոստացան և ներկայումս էլ վերահաստատում են, որ շարունակելու են անցյալ տարի սկսած բողոքի ակցիաները ավելի գործուն, լուրջ ու ավելի լայնածավալ դրսևորումներով:

Բայց այս տարին էլ սկսվեց մեկ այլ քաղաքական իրադարձությամբ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով` կոշտ քննադատության ենթարկելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, կառավարության գործունեությունը, գազային պայմանագրերն ու կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Ինտրիգը ստացվեց:

Ամենևին էլ պատահական չէր, որ անցյալ տարեվերջին երկրորդ նախագահը հանդես եկավ իր հայտնի հարցազրույցով: Սակայն անսպասելի էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, այլ այն հրապարակելու ժամանակը: Նախ` անցյալ ամբողջ տարվա ընթացքում պտտվեցին Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Դա, բնականաբար, իշխանության որոշ սուբյեկտների սրտով չէր, և տրամաբանական է, որ նրանք պետք է պատրաստվեին հակադարձելու: Դրա մասին չէր կարող չիմանալ Ռոբերտ Քոչարյանը, որ գործող իշխանության մեջ, ինչպես նաև երկրի քաղաքական կյանքում դեռ շատ լծակներ ունի: Ու, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մինչ Քոչարյանի հակառակորդները նրա դեմ ինչ-ինչ քայլեր կձեռնարկեին, Քոչարյանն ինքը նախաձեռնություն ցուցաբերեց ու հարցազրույցով  խառնեց բոլորի խաղաքարտերը:

Հայաստանի երկրորդ նախագահի ու գործող վարչապետի միջև բանավեճը, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ լուրջ քաղաքական գործընթացի: Ըստ նրա` քաղաքական բաղկացուցիչը դուրս է եկել ներքին քաղաքականությունից, և Քոչարյանի հարցազրույցներն ընդամենը փորձ են ցույց տալու, որ  ինքը դեռ կա երկրի ներքաղաքական կյանքում: Իսկ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին, նշեց, որ աշխարհում ընդունված է` նախկին նախագահները ներկա իշխանություններին փնովում են, գործողներն էլ փորձում են իրենց ձախողումները արդարացնել նախորդների սխալներով: «Հայաստանում ներքաղաքական կյանքն այնպիսին է, որ անգամ սուպերմարկետի բացումը կարող է քաղաքական ինտրիգ համարվել»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդամենը միջոց է, ոչ նպատակ

Բայց Ռոբերտ Քոչարյանը պրիմիտիվ քաղաքական գործչի տպավորություն չի թողել երբեք, ու դժվար է նրանից էժանագին ինտրիգներ սպասել, եթե անգամ նրա գործողությունները նման են դրան: Վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես թիրախ ընտրելն էլ պատահական չէր: Վերջինս իր վարչապետության ընթացքում այդպես էլ չկարողացավ իր դիրքն օգտագործել ու քաղաքական կշիռ ձեռք բերել, առավել ևս` գործոն դառնալ, նաև իր թիմում: Զուտ քաղաքական կշռի` տրամաչափի առումով էլ երկրորդ նախագահն ու գործող վարչապետը բոլորովին տարբեր տիրույթներում են, տարբեր քաշային կարգերում:

Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ չնայած հայտարարեց, թե չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել «անհույս» վարչապետի հետ, իրականում հենց  նրա հետ էլ բանավիճում էր: Սակայն Քոչարյանի իրական ասելիքն ուղղված էր իշխանության իրական կրողին` Սերժ Սարգսյանին: Բայց իր ասելիքը Սերժ Սարգսյանին հասցնելու համար Քոչարյանը թիրախավորեց վարչապետին` նրան դարձնելով Սերժ Սարգսյանին դիմելու «կապուղի»: Դրանով երկրորդ նախագահն արհեստականորեն իր և ներկայիս վարչապետի կարգավիճակներն ինչ-որ չափով հավասարեցրեց, որից ավելի շատ հենց ինքը տուժեց:

Հիմա արդեն հեռակա բանավեճը շարունակում է ոչ թե նույնիսկ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀԿ-ական «ջահելությունը»: Սերժ Սարգսյանն այդպես պատասխանեց. նա իր ասելիքը Քոչարյանին հասցրեց ՀՀԿ մամուլի խոսնակի, ԱԺ փոխնախագահի, ինչպես նաև կուսակցության երիտթևի ղեկավարի միջոցով` ցույց տալով, որ եթե նախկին նախագահը որոշել է խոսել միջնորդավորված, ուրեմն ստիպված է համակերպվել այն միջնորդների հետ, որոնց ինքը դեմ կտա:

Մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճն ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև` վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: «Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս` պաշտոնաթող նախագահին»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակը` Քոչարյանի վերլուծություններն ընդամենը «անցյալում  մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ» որակելով:

Շարմազանովի միջոցով պատասխանելով` Սերժ Սարգսյանը թերևս փորձեց հասկացնել, թե ով է երկրի նախագահը: Այսինքն` սա նաև Քոչարյանին լռեցնելու նպատակ էր հետապնդում, որովհետև, եթե Քոչարյանը փորձի շարունակել երկխոսությունը, ապա, կամա թե ակամա արձագանքելու է արդեն Էդուարդ Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին, որ Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` գրելով. «Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի: Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը: Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել` ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից: Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք` մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում: Անկեղծ ասած` Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին: Բայց նման ոչ մի բան, փոխարենը` օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով: Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել: Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում»:

Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չի մտնի այս մակարդակի բանավեճի տիրույթ: Նշանակում է` կա՛մ պետք է ուղղակի ավարտի իր իսկ սկսած խաղը, կա՛մ փոխի այդ խաղի ուղղությունը`անմիջականորեն իր ասելիքն ուղղելով կոնկրետ հասցեատիրոջը: Դատելով Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի նախորդ վարքագծից` կարելի է ենթադրել, որ նա առաջին ճանապարհով չի գնա, չի նահանջի: Ամեն դեպքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, քաղաքական իրողությունները հնարավորություններ դեռ կընձեռեն երկրորդ ուղիով շարունակելու համար, քանի որ Քոչարյանը, վստահաբար, պատկերացնում է, որ եթե քաղաքականություն չվերադառնա հենց այս պահին, երբ քաղաքական օրակարգը ձևավորում են քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դեռևս չեն հասցրել կազմակերպվել, հանդես գալ միասնական օրակարգով, բայց մեծ ռեսուրսներ ունեն, ապա շատ դժվար կլինի հետագայում վերադառնալ որպես լուրջ քաղաքական գործոն: Ամեն դեպքում նրա «բանավեճի» թեմաներն էլ` գազային համաձայնագրեր, կենսաթոշակային համակարգի փոփոխություն, տնտեսական անկում և այլն, որոնք նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության ուշադրության կիզակետերն են, հուշում են, որ դեռևս չկազմակերպված և առաջնորդ չունեցող այդ քաղաքացիական հասարակության ռեսուրսից անպայման կփորձի օգտվել:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Նարնջի կեղևով մուրաբա

մուրաբա

Իսկը ժամանակն է նման մուրաբա եփելու համար:

Սա այն դեպքն է, երբ երկակի վայելք կարելի ստանալ և թարմ նարնջից  և դրա կեղևից պատրաստված մուրաբայից:

Բաղադրությունը`

5-7  նարնջի կեղև

500 գ շաքարավազ

500 մլ ջուր

1 կիտրոն:

Որպեսզի մուրաբան սիրուն տես ունենա, սիրուն էլ պետք է այդ ցիտրուսն ուտել, այսինքն, չկեղևել, ինչպես անում ենք մանդարինի դեպքում, այլ դանակով շերտերի բաժանել կամ էլ քառահատել:

Շերտերից կարելի է պարույրներ փաթաթել, իսկ կտորներից` խորանարդներ կտրատել: Պարույրները կարելի է ասեղ թելով ուլունքի պես շարել, որ չքանդվեն:

Եթե նարինջը հաստ կեղև ունի, ապա պետք է նախապես  կեղևները շոգեխաշել.դրա համար թրջել մեկ օր առաջ, հետո հեռացնել կեղևի սպիտակ մասը: Դրանից հետո կրկին թրջել 3 օրով: Ընդ որում, ամեն օր ջուրը պետք է 5-6 անգամ փոխել: Ջուրը պետք է լինի սովորական, սառը: Եթե այս պրոցեդուրան 3 օրից պակաս արվի, ապա մուրաբան դառնահամ կստացվի:

3 օրից հետո կեղևի վրա ջուր լցնել ու եռալուց 15 րոպե հետո եփել թույլ կրակի վրա: Ապա ջուրը թափել ու կրկին սառը ջուր լցնել վրան ու կրկին եռացնել:

Այդպես կրկնել 3 անգամ, այսինքն` կեղևը եռացնել 3 անգամ` 15 րոպե, յուրաքանչյուր անգամ ` նոր ջրում:

Հիմա պետք է շաքարահյութը պատրաստել.վերցնել 500 մլ ջուր, ավելացնել 500 գ շաքարավազ: Եռացնել այնքան, մինչև շաքարավազը հալչի:

Պատրաստի շաքարահյութի մեջ լցնել խաշած կեղևները ու եփել մարմանդ կրակի վրա 30 րոպե: Դրանից հետո կրակն անջատել ու թողնել, որ հովանա:

Ապա 1 կիտրոնի հյութ ճզմել ու կրկին եփել 30 րոպե: 2-րդ եփից հետո շաքարահյութը հովանալուց հետո կեղևները հանել, հեռացնել թելը:

Եթե մտադիր եք մուրաբան պահել սառնարանում, ապա պետք է կեղևը դասավորել բանկայի մեջ ու վրան շաքարահյութ լցնել:

Անկախ