ՎԱԼԵՐԻ-ԱՇԽԵՆ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ. «ԱՍՍԱԼԱ-ն հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը»

ԱշխենՔիչ են պատահում մարդիկ, որոնք դառնում են լրագրողների սիրելի կերպարը: Այդ քչերի շարքում է երևի  «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին հիմնադիր-սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

Սփյուռքահայ կինն իր բարեհամբույր վերաբերմունքով միշտ էլ պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ հարցադրումները կարող են բազմազան լինել՝ քաղաքականությունից մինչև բիզնես, ընտանեկան հարաբերություններից մինչև Հայաստան-Սփյուռք կապեր:

Ավելի քան 17 տարի Վալերին ապրեց ու աշխատեց Հայաստանում: Իր ասելով` կատարվեց երազանքը: Աբովյան փողոցում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանին էլ հարազատի պես էր նվիրված, բայց կյանքի բերումով ստիպված էր վաճառել ու հեռանալ Հայաստանից՝ իր ապագա ծրագրերը կապելով հայրենի Ֆրանսիայի հետ:

Վալերին արդեն բավական ժամանակ է, ինչ ապրում է Փարիզում՝ իր ընտանիքի հետ: Նա թաքուն հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, հաճախ էլ զարմանքն ու զայրույթը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում:

 – Աշխեն, այնուամենայնիվ, Դուք նախանձելի կյանք եք ապրել. այն եղել է շքեղ, հարուստ, հետաքրքիր:

– Այո՛, համաձայն եմ: Ես լավ եմ ապրել ու ապրում եմ, իմ կյանքը հարուստ է, լեցուն է վառ հիշողություններով, սիրով: Հիշո՞ւմ ես, մի անգամ պատմել եմ Աֆրիկայի սքանչելի հիշողությունների մասին, պատմել եմ, որովհետև շատ սիրուն էր և տպավորիչ: Վաղ երիտասարդության տարիներն էին, Եգիպտոսում էինք և հաճախ Ալեքսանդրիա էինք գնում ու հիանում այնտեղի մշակույթով: Եկավ ամուսնանալու ժամանակը: Ինձ հարս տարավ Առնո Բաբաջանյանը: Արա Բաբաջանյանի հետ ամուսնացա ու չորս տարի սիրով ապրեցինք մի հարկի տակ՝ Առնոյի երաժշտության տակ: Այդ տարիներն իմ երիտասարդության սքանչելի տարիներն էին. պատիվ ունեցա հանդիպելու շատ ու շատ հայ և ռուս արվեստագետների հետ: Անգամ ռուսերենին էի լավ տիրապետում: Հետո ամուսնացա լիբանանահայի հետ, որ ինձ ծանոթացրեց Բեյրութի պատերազմական խնդիրներին, պաղեստինյան պայքարին: Այս անգամ էլ, բնականաբար, ամուսնացա հայի հետ: Տհաճ հիշողություններ ունեմ այս առիթով: Բայց ես ուզում էի գալ Հայաստան ու աշխատատեղեր հիմնել, օգնել: 17 տարի ապրեցի Հայաստանում, ու աչքովս շատ բան տեսա, շատ բան հասցրեցի սովորել:

– Ձեր ամուսինները կարծես մի բանով էին միայն իրար նման. նրանց երակներով հայի արյուն է հոսում…

– Այո՛, երեքն էլ հայ են եղել: 16 տարեկան էի, զբոսաշրջիկի կարգավիճակով եկա Հայաստան,  սիրահարվեցի Հայաստանին: Երբ Արային հանդիպեցի, մտածում էի, որ Հայաստանում պիտի ապրեմ, դա ինձ համար շատ կարևոր էր: Դժբախտաբար, Մոսկվայում ապրեցի: Իսկ երկու տղաներիս հորն էլ պայքարի մեջ հանդիպեցի: Դրանք այն տարիներն էին, երբ հայկական բանակը պայքարում էր: Հիանում էի տղաներով, նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել: Ես էլ իրենց հետ միասին պայքարում էի: Երրորդ ամուսնուս միամտորեն հավատացի, թե սիրում է ինձ: Ես արդեն որոշել էի Հայաստանում գործ դնել: Ինքն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր, հետո եկավ Փարիզ, ու չնայած համաձայն չէր` ես Հայաստանում գործ դրեցի ու սխալվեցի:

– Լսել եմ, որ եղել եք նաև Հայկական գաղտնի բանակի՝ ԱՍՍԱԼԱ–ի անդամ, ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:

– Ես գործում էի Փարիզում և իրականում հայկական պայքարի անդամ էի: Մի օր ինձ նամակ տվեցին, մարդ չկար, որ այն Բեյրութ հասցներ, ես այն տարա, և այդպես մտա ԱՍՍԱԼԱ: Դա արդեն դարձել է պատմություն: Գիտես, այդ շրջանն իմ կյանքում ճիշտ պայքար էր և ինձ հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը: Այդ ժամանակ ես հանդիպեցի Մոնթե Մելքոնյանին, Ալեք Ենիգոմշյանին, Մարտիրոս Ժամկոչյանին և այլ մարդկանց, որոնք պայքարում էին միմիայն հայության համար: Սա ես երբեք չեմ կարող մոռանալ: Նրանք են ինձ ուժ տվել:

– Աշխեն, նորություններ ունեք, բայց չեք ցանկանում բարձրաձայնել: Ֆեյսբուքում գրել էիք, որ Ձեզ հաջողվել է հանդիպել այն տղամարդուն, որը Ձեզ քաջալերում է: Ի վերջո, ո՞վ է նա:

– Այո՛, ճիշտ է: Ես ընկեր ունեմ, որ ինձ համար ճիշտ տղամարդու սիմվոլն է: Երբ նա ինձ հաճոյախոսություններ է անում, գիտեմ, որ հաստատ սուտ չի ասում: Ես ինձ գեղեցիկ կին եմ զգում: Նա ինձ միշտ ուժ է տալիս, միշտ քաջալերում է: Նա միշտ ասում է` դու այն կինը չես, որ տղամարդու միջոցով է կին, այլ դու կին ես՝ հենց քո ուժերով: Նա ինձ կարող է պաշտպանել, երբ դրա կարիքը լինի: Նա իդեալական տղամարդ է ինձ համար:

– Հետաքրքիր է իմանալ՝ ինչով են զբաղվում Ձեր երկու զավակները:

– Մեծ տղաս մենեջմենթի կրթություն է ստացել և աշխատում է մի ընկերությունում, որը 80 երկրների գազ է մատակարարում: Իսկ կրտսեր որդիս` Վահագնը, աշխատում է Փարիզի հյուրանոցներից մեկում, բայց շուտով, եթե Աստված կամենա, իր սեփական սրճարանը կհիմնի:

– Ժամանակն ինչպե՞ս է անցնում սիրո քաղաքում:

– Պետք է անկեղծ խոստովանեմ, որ իրականում բավականին դժվար էր Փարիզում  նորից դասավորվել: 17 տարի ապրել եմ Երևանում, հասկացեք: Բայց արդեն մտել եմ իմ նորմալ կյանքի մեջ, հանդիպում եմ ընկերներիս հետ, փնտրում եմ այն դերը, որով Փարիզում պետք է գործեմ, շարունակում եմ իմ հայկական կյանքը` մասնակցելով տարբեր բարեգործական միջոցառումների:

– Կարծիք կա, որ կինը պետք է լինի խոհանոցում ու չզբաղվի բիզնեսով: Հայկական լրագրերից մեկը վերջերս հրապարակման մեջ տեսակետ էր ներկայացրել, թե կին գործարարները վաղ թե ուշ տապալում են բիզնեսը…

– Քանի տարի է` կինն անդադար պայքարում է իր սահմանադրական իրավունքների համար: Այո՛, ցանկանում է վերականգնել իր խախտված իրավունքները, բայց մեկ է, չի հաջողվում: Եվրոպայում բավականին առաջ են գնացել այս առումով, բայց դեռևս ամեն ինչ արդար չէ: Հայաստանում կինը երկար ճանապարհ պետք է անցնի, որ կարողանա իր գիտելիքներով, արժանիքներով հավասարվել տղամարդուն, չնայած միշտ նկատել եմ, որ այդտեղ կինն ավելի շատ է աշխատում, քան տղամարդը:

Հայ կինը նախևառաջ պետք է իրեն հարգի, որ կարողանա առաջ գնալ: Շատ կարևոր է, որ այն սխալ սովորությունները, որոնք հասարակության մեջ կան, վերանան, որ առողջ հասարակություն լինի, և կինն իրեն մարդ զգա:

 – Աշխեն, հիշում եմ՝ երբ գնում էիք Հայաստանից, ասացիք. «Ես հեռանում եմ, պարոն պետություն, ես չեմ ենթարկվում ձեր ճնշումներին»:

– Հայաստանի մեջ եթե իրենց օրենքներով չլինես, չես կարող գործել: Եթե իրենց պես կաշառակեր չլինես կամ կաշառակերությամբ չզբաղվես, չես կարող աշխատել: Գիտես, Հայաստանում շատ դժվար է այդ օրենքներով աշխատելը: Ես չգիտեմ ու չեմ կարող կաշառել մարդկանց, ոչ էլ ուզում եմ, մտքովս անգամ չի անցել:

– Երբ դեռ Հայաստանում էիք, շատ ակտիվ մասնակցում էիք ֆեյսբուքյան քննարկումներին: Մեկնաբանություններ էիք անում և հիմա էլ շարունակում եք անել՝ թիրախ ընտրելով քաղաքական զարգացումները…

– Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր էլ ցավալի վիճակում է: Եվ դրա մեղավորը քաղաքական մարդիկ են: Այն օլիգարխներն են, որոնք երկրի հարստությունը մոնոպոլ են դարձրել և ուրիշ երկիր սարքել:

Եթե մարդ ինձ նման հայասեր է և պայքարում է հայության համար, նրան օգտագործում են ուրիշ նպատակներով: Ուղղակի զզվելի է, հոգնել եմ արդեն: Եթե հարցազրույց են ուզում, ու զրուցում եմ, հետո հայկական լրատվամիջոցները վատաբանում են ինձ: Կա՛մ երևի ես անչափ կարևոր մարդ եմ նրանց համար, կա՛մ էլ չգիտեմ…

 – Դուք պայքարում էիք նաև այն ժամանակ, երբ Առնո Բաբաջանյանի հա՞րսն էիք:

– Երբ Առնո Բաբաջանյանի հարսն էի, պայքար չկար: Բայց պայքարողներ եղել են, ես էլ եղել եմ նրանց կողքին: Եվ դա բոլորը գիտեն: Չպետք է մտածել, որ ես հայ եմ դարձել այն ժամանակ, երբ եկել եմ Հայաստան: Ես եկա Հայաստան, որովհետև հայասեր էի, թե չէ Փարիզում շատ ավելի լավ էի ապրում: Երանի չգայի: Այդքան փող չէի կորցնի, իմ կյանքս կշարունակեի, ոչ էլ այդքան մարդու կհանդիպեի, որ ինձ «քցեին» ու դավաճանեին:

Արդարադատության նախարարության տվյալները բացահայտում են` Ադրբեջանը միլիոններ է վճարում ամերիկյան ընկերություններին

Հարութ ՍասունյանՄիլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը:

Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի զգացվում, որոնք պատրաստ են իրենց հոգիները ծախել ինչ-որ գումարի համար: Ադրբեջանը, որպես լոբբինգի ասպարեզում նորելուկ, արագորեն սովորեց այդ ոլորտի հնարքներն իր «ավագ եղբայր» Թուրքիայից` քաղաքական խաբեությանը քաջատեղյակ վարպետից:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքը թվարկում է ամերիկյան տասնմեկ ընկերությունների անունները և գումարները, որոնք վճարվել են տարբեր ադրբեջանական մարմինների կողմից.

– Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունն ամսական 35 հազար դոլար է վճարում «Փաթոն բոգս» ընկերությանը` «ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության և աջակցության համար», ամսական 18.3 հազար դոլար «Մելվուդ քոմունիքեյշնս» ընկերությանը` «լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ռազմավարությանը» աջակցելու համար, ամսական 20 հազար դոլար «ԴիՍիԱյ գրուպին»` « հանրային կապերի և լրատվական քարոզչության, ինչպես նաև վերլուծական կենտրոնների հետ հարաբերությունների ստեղծման» համար, և ամսական 45 հազար դոլար «Փոդեստա գրուպին»` հանրային կապերի իրականացման համար:

– «Լիվինգստոն գրուպը», որը կրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Բոբ Լիվինգստոնի անունը, որն իր պաշտոնը լքել է խայտառակ ձևով, մինչ այժմ ստացել է 2 մլն դոլար` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անունից  լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:

– Ադրբեջանի միջազգային բանկը «Ջեֆերսոն Ուոթերման ինթերնեյշենլին» ամսական 25 հազար դոլար է վճարում`«ամերիկյան հաստատությունների հետ հարաբերությունների զարգացման» և «լրատվամիջոցների հետ կապերի ռազմավարության» համար: Նշված ընկերությունն ամսական ստանում է ևս 25 հազար դոլար «Ադրբեջանի նախագահությունից»`լրատվական ռազմավարության խորհրդատվության համար: Ադրբեջանի միջազգային բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:

– Ադրբեջանի ամերիկյան դաշինքը մինչ այժմ «Ֆաբիանի&Co.» ընկերությանը վճարել է 2.4 մլն դոլար` «ռազմավարությունների պլանավորման և իրականացման համար` ադրբեջանական ժողովրդի, երկրի, մշակույթի և միջազգային կապերի մասին հետազոտություններ և շահերի պաշտպանություն խրախուսելու նպատակով»: Վերջերս Վաշինգտոնում Ադրբեջանի ամերիկյան դաշինքի կազմակերպած ճաշկերույթին մասնակցում էին 700 հյուրեր, այդ թվում` Օբամայի վարչակարգի պաշտոնատար անձինք, Կոնգրեսի անդամներ և օտարերկրյա դիվանագետներ: Բանկետին ներկա էին նաև հայկական հարցերի ընդդիմախոս տխրահռչակ կոնգրեսականներ, այդ թվում` սենատորներ Սաքսբի Չեմբլիսը և Ռիչարդ Բեռը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոեհները և նախկին կոնգրեսական Դեն Բարտոնը:

– «Ռոբերտի Ուայթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ) ամսական 20.9 հազար դոլար է վճարվել ԱՄՆ «ՍՈՔԱՐ»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ամերիկյան դուստր ընկերության կողմից`Միացյալ Նահանգներում գործարար հնարավորությունները ուսումնասիրելու համար:

–  Քանի որ փողի պակաս չկա, անգամ Լոս Անջելոսում Ադրբեջանի հյուպատոսությունը կարող է իրեն թույլ տալ վարձել հասարակայնության հետ կապերի իր սեփական ընկերությունը: Տարիների ընթացքում այն օգտվել է «Սիթրիկ&Co» ընկերության (տարեկան 50 հազար դոլար), «Թուլշեդ գրուպ» ՍՊԸ-ի (35 հազար դոլար), որը հիմնադրվել է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացի կողմից, և «Փոթոմակ սքվեր գրուպի» (գումարը չի բացահայտվել) ծառայություններից` «լրատվական քարոզչություն… և խմբագիրների հետ համագործակցություն ապահովելու համար»:

Այժմ ի հայտ է եկել մեկ այլ նախկին կոնգրեսական, որն ընկել է Ադրբեջանի ամենազոր դոլարների հետևից: Նյու Յորքի նախկին կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը զբաղվում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (մի տարածք, որը ճանաչվել է միայն այն բռնազավթած պետության` Թուրքիայի կողմից) հանրային կապերով և պետական հարաբերություններով: Մաքմահոնը, որը մինչև 2010 թվականի իր պարտությունը ծառայել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Նյու Յորքի «Հերիկ, Ֆայնշտեյն» ՍՊԸ-ի անունից գլխավորում է լոբբիստական աշխատանքները, որը շահել է տարեկան 200 հազար դոլարի պայմանագիր` դեպի բռնազավթված Հյուսիսային Կիպրոս կոնգրեսական այցելություններ կազմակերպելու և լրատվամիջոցներում նրա հանրային վարկանիշը բարելավելու նպատակով: Մաքմահոնը նաև զբաղված է Նյու Յորք քաղաքում Թուրքիայի ընդարձակվող հյուպատոսության զարգացմամբ և շինարարությամբ:

Հետևաբար, զարմանալի չէ, որ Մաքմահոնի անունն անցյալ շաբաթ ջրի երես դուրս եկավ՝ փորձելով օրինականացնել նախագահ Իլհամ Ալիևի կեղծված վերընտրությունը, որտեղ նա հավաքել էր քվեների 85 տոկոսը, մինչդեռ նրա ինը մրցակիցները միասին ստացել էին մնացած 15 տոկոսը:

Չնայած միջազգային դիտորդները քննադատում էին Ալիևի վերընտրությունը որպես «անարդար և կեղծիքներով լի», «Նյու Յորք թայմսը» մեջբերելով Մաքմահոնին, նշում է, որ ընտրությունները եղել են «ազնիվ, արդար և իրոք արդյունավետ: Այնտեղ ավելի կարճ հերթեր էին, քան Ամերիկայում և վիճելի քվեաթերթիկներ չկային», ինչ որ պատահեց Ֆլորիդայում 2000 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ:

Վրդովեցուցիչ է, որ «Նյու Յորք թայմսը» դարձել է Մաքմահոնի զոհը` որոշելով կեղծված ընտրությունների մասին իր հոդվածը վերնագրել որպես «Դիտորդները տարակարծիք են Ադրբեջանում ընտրությունների արդարության վերաբերյալ»: Այսպիսով, «Թայմսը» մեկ մարդու ադրբեջանամետ քարոզչությունը հավասարեցրել է համատարած խարդախությունների ճնշող ապացույցների հետ` հաստատված այնպիսի հեղինակավոր միջազգային դիտորդների կողմից, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Բարեբախտաբար, «Թայմսը» մատնանշել է, որ «գնահատականների տարբերությունը, թվում է, որ արտացոլում է Ալիևի կառավարության ագրեսիվ լոբբիստական ջանքերը` ընտրությունները ներկայացնելու իբրև արդար»:

Ամերիկահայերը չեն կարող մրցել ադրբեջանական շռայլ բաշխումների հետ: Նրանց պետք էլ չէ այդպես վարվել: Ամերիկահայերը կարիք չունեն միլիոններ ծախսելով լոբբինգ անել առկա փաստերը ներկայացնելու համար, քանի որ ճշմարտությունն իրենց կողմն է:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Վերջ պատվաստանյութերի կեղծիքին. Մեծ Բրիտանիայում հրապարակված փաստաթղթերը բացահայտել են 30 տարվա գաղտնիքը

պատվաստանյութԱնդրյու Բեյքեր անունով բժիշկը Մեծ Բրիտանիայի տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում հրապարակել է 30 տարի գաղտնի պահված փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ կառավարության փորձագետները

  1. Գիտեին, որ պատվաստանյութերն  անօգուտ են,
  2. Գիտեին, որ նրանք նպաստում են այն հիվանդությունների առաջացմանը, որոնք պետք է կանխարգելեին,
  3. Գիտեին, որ դրանք վտանգավոր են երեխաների համար,
  4. Համագործակցել են հանրությանը ստելու հարցում,
  5. Միջոցներ են ձեռնարկել անվտանգության նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կանխելու համար:

Դրանք այն նույն պատվաստանյութերն են, որոնք ԱՄՆ-ում պարտադիր կիրառվել էին երեխաների վրա:

Այս դեպքում ծնողները կարող են կա´մ պայքարել իրենց երեխաներին այդ վնասից հեռու պահելու համար, կա´մ էլ կարող են շարունակել ապրել պատմության ամենամեծ չարագործ ստի մեջ, որ ծանր մետաղներով, վիրուսային հիվանդություններով, միկրոպլազմայով, աղտոտ նյութերով, այլ օրգանիզմների ԴՆԹ-ի մնացորդներով, ֆորմալդեհիդով, պոլիսորբատ 80-ով (ստերիլիզացնող միջոց) հարուստ պատվաստանյութերը ժամանակակից բժշկության հրաշքներն են:

Փաստաթղթերը պահանջած բժիշկն  ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում ցանկացել էր պարզել, թե Հիվանդությունների կառավարման կենտրոնը(ՀԿԿ) ինչ տեղեկություններ ունի պատվաստանյութերի վտանգների մասին, ինչի պատասխանը պետք է տրվեր օրենքով սահմանված 20 օրվա ընթացքում: Մոտ 7 օր անց բժիշկը դատարան է դիմել, քանի որ ՀԿԿ-ից տեղեկացրել են, որ իրենք վերոնշյալ հարցի շուրջ փաստաթղթեր չեն կարող տրամադրել: Դատավորը պարտավորեցրել էր ՀԿԿ-ին 2011թ-ի սեպտեմբերի 30-ին տրամադրել այդ փաստաթղթերը:

2011թ-ի հոկտեմբերի 26-ին «Դենվեր փոստի»  խմբագրություններից մեկը ցնցված հայտարարեց, որ Օբամայի կառավարությունը՝ թափանցիկ լինելու խոստումներից հետո, տեղեկատվության ազատության օրենքի մեջ փոփոխություններ է մտցնում, որոնք թույլ կտային,  որոշ փաստաթղթեր գաղտնի հայտարարելով, շրջանցել դրանք, ինչպես նաև կառավարության գործակալություններին (ինչպիսին ՀԿԿ-ն է) որոշ փատաթղթեր գոյություն չունեցող հայտարարել:

ՀԿԿ-ն այս պարտակումների հետ մեկտեղ լուրջ խնդիրների մեջ է՝ կապված տասնամյակներ շարունակ ֆտորիդների վնասակար հատկությունները թաքցնելու և ամերիկացիների՝ հատկապես երեխաների, կյանքը վտանգելու հետ: Այս կապակցությամբ դատական գործ է հարուցվել:

ՀԿԿ-ն ակնհայտորեն գործում է Ամերիկայի ժողովրդի առողջության դեմ: Սակայն ՀԿԿ-ի` ժողովրդին հասցված վնասն  այդքանով չի սահմանափակվում: Այն իր մասնակցությունն է ունեցել համաճարակային օրենքների ստեղծման գործում, որոնք ենթադրում են, որ ԱՄՆ կառավարությունը կարող է նույնիսկ ռազմական ուժով, ստիպողաբար մարդկանց վրա կիրառել չփորձարկված, անհայտ պատվաստանյութեր, դեղամիջոցներ, քիմիական նյութեր, եթե երկրում համաճարակային իրավիճակ հայտարարվի:

Տեղեկատվության ազատության օրենքով`  ՀԿԿ-ն չի կարող համաճարակային իրավիճակ հայտարարել: Սակայն 2009 թ-ին ՀԿԿ-ն հայտարարեց H1N1համաճարակային իրավիճակի մասին և հրաժարվեց պատասխանել տեղեկատվության ազատության օրենքի վրա հիմնված CBS News-ի հարցմանը: ՀԿԿ-ն այդ կերպ թաքցնում էր պատմության մեջ ամենամեծ առողջապահական սկանդալի մեջ ունեցած իր դերակատարությունը և ուռճացնելով H1N1 համաճարակի դեպքերի վերաբերյալ տվյալները՝ ԱՄՆ-ում համաճարակի տարածման կեղծ տպավորություն էր ստեղծում:

ՀԿԿ-ն նաև թաքցնում էր ԱՄՆ կառավարության վրա միլիարդավոր դոլարներ արժեցած կեղծ համաճարակի դեմ առաջարկված պատվաստանյութի ֆինանսական սկանդալը: Չփորձարկված պատվաստանյութն առաջինը ներարկում էին հղի կանանց, և ՀԿԿ-ի ջանքերի շնորհիվ 2009թ-ին երկրում պատվաստանյութերի հետևանքով պտղի մահացության դեպքերը մյուս տարիների համեմատությամբ ավելացան 2,44  տոկոսով:

Պարզվում է նաև, որ 1918-19թթ.  գրիպի համաճարակը կեղծ է եղել, իսկ մարդիկ մահացել են ասպիրինից և ոչ թե գրիպից: Դա մեծագույն աղետ էր, որի ընթացքում մահացել է  20-50 միլիոն մարդ, սակայն ամբողջ մեղքը բարդվեց գրիպի վրա: Գրիպի միֆը օգտագործել է նաև Ջորջ Բուշը՝ աշխարհին վախեցնելով մեկ այլ համաճարակով, որը կարող է միլիոնավոր մարդկանց կյանք խլել, ինչը իրականում ահաբեկչական քայլ էր ամբողջ աշխարհում համաճարակային օրենքները ընդունել տալու համար: Այնուհետև ՀԿԿ-ն, օգտագործելով կեղծ համաճարակի պատրվակը, սկսեց ահաբեկել H1N1 վիրուսով և մարդկանց ներարկել մահացու պատվաստանյութեր՝ սպանելով հազարավոր չծնված երեխաների և այլ մարդկանց: (ՀԿԿ-ն այդ տվյալները չի հրապարակում և շարունակում է խթանել նույն պատվաստանյութի կիրառումը):

Այժմ անհայտ պատվաստանյութեր մարդկանց վրա կիրառելու օրենքները շարունակում են գործել՝ ավելին շարունակվում է այնպիսի պատվաստանյութի ստեղծումը, որը երբեք չպետք է կիրառվի մարդկանց վրա: Կանադայում իրականացված հետազոտության արդյուքնում պարզ է դարձել, որ H1N1 դեմ օգտագործվող պատվաստանյութը, որը սպանում է չծնված երեխաներին, իրականում մարդկանց մոտ մեծացնում է համաճարակային գրիպով վարակվելու ռիսկը:

Տեղեկատվության ազատության օրենքի շնորհիվ այժմ պարզ դարձավ, որ պատվաստանյութերը արդի բժկության հրաշքները չեն: Առողջապահական որևէ կազմակերպության կամ կառավարության պնդումները, որ պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդությունները կա´մ ճիշտ հակառակը ապացուցող կառավարության պաստաթղթերի անտեսում է, կա´մ պատվաստանյութերի վերաբերյալ ճշմարտությունը թաքցնելու ՀԿԿ-ի փորձերը:

 

Կյուրիկե Բ

Կյուրիկե Բ-ի դրամը

Կյուրիկե Բ-ի դրամը

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ,  նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության երրորդ գահակալը` Կյուրիկե Բ արքան (1048-1090), XI դարի նշանավոր ռազմա-քաղաքական գործիչներից է: Կյուրիկե II-ը հորից` Լոռվա թագավոր Դավիթ Ա Անհողինից (990-1048) ժառանգեց մեծ ու բարգավաճող պետություն: Դավիթ Անհողինն իր երկարատև թագավորության ընթացքում կարողացել էր երիցս ջախջախել իր թագավորությանը սպառնացող Գանձակի և Դվինի էմիրություններին, նվաճումներ կատարել Աղվանքում, Վիրքում, ընդարձակել իր պետության սահմանները: Դավիթը նաև նվաճել էր Թիֆլիսը և հարկատու դարձրել տեղի էմիրին, գրավել էր Կախեթը և այնտեղ գահ բարձրացրել կրտսեր որդուն` Գագիկին:

Հոր քաղաքականությունը շարունակեց նաև Կյուրիկե II-ը, ով պայքար էր մղում ոչ միայն իր հայրենական ժառանգությանը` Անիին տիրելու համար, այլև Անդրկովկասում առաջնության համար: Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` Կյուրիկե II-ն անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ:

Կյուրիկե II-ի գահակիցն էր նրա եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս գահակալությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Փաստորեն, 1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կովկասում առաջնության համար պայքար էր ծավալվել Տաշիր-Ձորագետի Լոռվա Կյուրիկյան և Վիրա-աբխազական թագավորությունների միջև:

Վիրա-աբխազական թագավորությունը վերելք էր ապրում Բագարատ IV-ի (1027-1072) տիրապետության օրոք: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը բարեկամներ էին: Երկուսն էլ Բագրատունյաց տոհմից էին, ավելին` Կյուրիկե II-ի կինը` Շերիկը, Բագարատ IV-ի քույրն էր, ինչը, սակայն, չէր խանգարում, որ այս երկու պետությունները բախվեին:

Շուտով այս պայքարը նոր փուլ է թևափոխում Անդրկովկասում սելջուկ-թուրքերի ի հայտ գալու պատճառով:

1064 թ. սելջուկների առաջնորդ Ալփ-Ասլանը գրավում է Անին և շարժվում դեպի Անդրկովկաս: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը հպատակություն են հայտնում սելջուկներին` իրենց երկրները ավերածություններից փրկելու համար: Թուրք սուլթանն ընդունում է նրանց հպատակությունը և պահանջում, որ Կյուրիկե II-ն իրեն կնություն տա դստերը: Կյուրիկե II-ը մերժում է: Խնդիրը լուծելու համար Ալփ-Ասլանը դիմում է Բագարատ IV-ին, որի քրոջ աղջիկն էր Կյուրիկե II-ի դուստրը: Բագարատը հարցի շուրջ բանակցելու նպատակով Լոռի է ուղարկում իր ազդեցիկ իշխաններից Վարազ-Բակուր Գամրեկելուն: Կյուրիկեն մերժում է նաև Բագարատի պատգամավորին:

Սելջուկյան սուլթանին հաճոյանալու նպատակով Բագարատ IV-ը դավ է նյութում ազգակցի դեմ: Նա բանակցությունների է հրավիրում Կյուրիկեին և Քվեշի անտառում կալանավորում է նրան ու իր եղբայր Սմբատին:

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ, նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Այդ ժամանակ Բագարատ IV-ի հրամանով խաչափայտեր են կանգնեցնում Սամշուլդեի դեմ և Կյուրիկեին խաչ հանում, որպեսզի Սամշուլդեն պաշտպանող Ատրներսեհ արքաեղբայրն անձնատուր լինի և քաղաքը հանձնի վրացիներին:

Դեպքերը նկարագրող Մատթեոս Ուռհայեցին և վրաց պատմիչները չեն նշում, թե հայոց արքան որքան է խաչափայտին մնացել գամված: Միայն նշվում է, որ դեպքին միջամտում են Կյուրիկեի իշխանները` Լոքի և Կաքավաբերդի տերերը: Արդյունքում Կյուրիկե II-ը որպես փրկագին զիջում է Սամշուլդեն, իսկ Սմբատը` Օփրեթը, Կոշկը և Վարազաքարը:

Սակայն վրաց աղբյուրները հավաստում են, թե Բագարատը հայոց թագավորներին խաչափայտից իջեցրել է խղճահարությունից և մարդասիրությունից դրդված և որպես գլխագին վերցրել է միայն Սամշուլդեն:

Փոքր-ինչ այլ կերպ է նկարագրում դեպքը Ուռհայեցին: Եթե վրաց վարկածի համաձայն` Կյուրիկեն մերժում է սուլթանի` դստեր ձեռքը տալու առաջարկը, ապա ըստ Ուռհայեցու` Կյուրիկեն համաձայնվում է ի սկզբանե: Իսկ Բագարատ IV-ը Կյուրիկեին դավում է սոսկ Սամշուլդեն նրանից առնելու համար:

Բանակցությունների ընթացքից երևում է, որ Սամշուլդեի մոտ խաչափայտին է գամվել սոսկ Կյուրիկեն և ոչ նրա եղբայրը: Սա տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ, եթե եղբայրները հանդես են գալիս միևնույն դիրքերից և գահակից էին, ինչո՞ւ է Բագարատ IV-ը տարբեր մոտեցումներ ցուցաբերում նրանց նկատմամբ:

Հետաքրքիր է նաև վրաց մատյանի հիշեցումը, թե հայերը խաղաղություն խնդրեցին և տվին Սամշուլդեն:

«Ապա եկել էին հայոց թագավորի երկու իշխանները` Լուկիայի (Լոքի) իշխանը և Կաքավաքարինը, Կյուրիկեի եղբայր Սմբատը առաջարկում էր ու համաձայն էր հանձնել երեք բերդ` Օբրեթը, Կոշկը և Վարազաքարը»: Ասվածից կարելի է ենթադրել, որ Լոքի և Կաքավաքարի իշխանների միջամտությունից հետո Կյուրիկեն համաձայնել էր տալ Սամշուլդեն, իսկ Սմբատը սկզբից ևեթ որպես իր փրկագին առաջարկել էր վերոհիշյալ ամրոցները:

Հավանաբար այս երեք ամրոցները Սմբատի սեփականներն էին ու նրա` խաչափայտին չգամվելը ցույց է տալիս, որ Բագարատը եղբայրների հետ բանակցել է առանձին:

Ի վերջո, Բագարատը զիջում է բոլոր ամրոցներն ու իրեն է պահում միայն Սամշուլդեն:

Անդրադառնալով հարցի մյուս կողմին, թե ինչու Բագարատի և Կյուրիկյանների բանակցություններում չի արծարծվում Կյուրիկյան արքայադստեր խնդիրը, պետք է ենթադրել, ճշմարտացի է Ուռհայեցին, ըստ որի` սուլթանն անմիջապես դիմել է Կյուրիկեին և պահանջել նրա դստեր ձեռքը:

Եվ Կյուրիկեն ոչ միայն տվել է դստերը, այլև դաշինք է կնքել նրա հետ: Հավանաբար այդ պատճառով է, որ Բագարատը, օգտվելով սելջուկների` Անիում գտնվելու հանգամանքից, փորձել է հաշվեհարդար տեսնել Կյուրիկեի ու սելջուկների հետ: Վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ Բագարատն իր քույր Մարթային հետագայում ամուսնացրեց բյուզանդական կայսր Տուկիծի հետ, որ սելջուկների ոխերիմ թշնամին էր: Շատ չանցած` Բագարատը արշավեց Կախեթ, ուր իշխում էր Կյուրիկեի եղբորորդի Աղսարթանը: Պատմիչն ուղղակի նշում է, որ Բագարատը արշավել է Կախեթը նվաճելու համար, բայց լսելով սելջուկների գալստյան մասին` վրացիները նահանջում են: Վրաց պատմիչը հավաստում է, որ Աղսարթանը ոչ միայն միացավ սելջուկներին, այլև հավատափոխ եղավ` պահպանելով իր իշխանությունը և ստանալով վրաց թագավորի հպատակների լքած բերդերը: Ապա Ալփ-Ասլանը արշավեց Բագարատի վրա: Նրան միացան Կախեթի արքան, Կյուրիկե II-ը, Տփղիսի էմիրը:

1064-ին Ալփ-Ասլանն անցնում է Արաքսը և Նախճավանի վրայով շարժվում Վրաստան` բանակի մյուս մասը հանձնելով Մելիքշահին:

Նա մտնում է Գուգարք, ապա Թռեղք, որտեղից մեկ օրում հասնում է Ղվելիս-Ղար: (Մեսխեթում է): Այստեղից սուլթանն անցնում է Կղարջք, մի խոշոր շրջան կատարելով Հյուսիսային Հայաստանով, մտնում է Տայք, ապա դարձյալ վերադառնում Թռեղք: Բագարատ IV-ը փախչում է Քարթլի:

1068 թ. Ալփ-Ասլանը հարձակվում է Բագարատ IV-ի տիրույթների վրա: Նրան են միանում Կյուրիկե II-ը, Աղսարթանը և Տփղիսի ամիրան: Պատմիչի շարադրանքից երևում է, որ հայերն այս պատերազմում երկրորդական դեր չեն կատարել: Ըստ վրաց պատմիչի` հայերը «ներխուժեցին Քարթլի Զաճվիթի (Զվարի վանքի) կողմից, լուսաբացին ասպատակողներ արձակեցին, և սգով լցվեց ողջ Քարթլին»:

Նույն թվականին Բագարատ IV-ն Ատրպատականի և Առանի վրայով ներխուժեց Շաքի: Շաքին այդ ժամանակ գտնվում էր Կախեթի թագավոր, Կյուրիկյան Աղսարթանի իշխանության տակ:

Նույն ժամանակ Աղսարթանը Ալփ-Ասլանի ճնշումներին դիմանալու համար իսլամ ընդունեց, միացավ սելջուկներին և դաշնակցած Կյուրիկե II-ի և Տփղիսի ամիրայի հետ, հարձակման անցավ: Դաշնակիցները գրավեցին Տփղիսը: Բագարատը ստիպված էր հաշտություն խնդրել և Ալփ-Ասլանի մոտ ուղարկեց Լիպարիտ իշխանի որդի Իվանե Լիպարիտյանին:

Վրաստանը հարկատու է դառնում Ալփ-Ասլանին, իսկ վերջինս Տփղիսն ու Ռուսթավը հանձնում է Գանձակի Փատլուն ամիրային:

1069 թ. Բագարատը ջախջախում է Փատլուն ամիրային և գրավում է սելջուկների հետ դաշնակցած Կյուրիկեի  մի քանի տիրույթներ: «Էառ ի նմանէ զՏփղիս, եւ զԳագ, եւ զՔօզինն` զոր առեալ էին Պարսք ի Հայոց եւ Վրաց»:

Սրանից հետո, երբ կրկին ապստամբում է Իվանեն, Աղսարթանը չի միանում նրան, ավելին, միանալով Բագարատ IV-ին հաջորդած Գեորգի Բ արքային` Իվանեի որդի Լիպարիտից խլում է Լոծոբանը: Փաստորեն, Աղսարթանի գործուն աջակցությամբ Գեորգին կարողացավ ճնշել ապստամբներին:

Շուտով արևելք է արշավում սելջուկյան սուլթան Մելիքշահը (1072 – 1092): Նա ասպատակում է ողջ Քարթլին: Կյուրիկյան թագավորությունը հպատակվեց Մելիքշահին, իսկ Աղսարթանը դաշնակցեց Գեորգի II-ի հետ: Երբ Մելիքշահը հեռացավ Անդրկովկասից, զորք թողնելով Գանձակի էմիր Սարհանդի մոտ, որպեսզի վերջինս հպատակեցնի շրջակա երկրները, Գեորգին արշավեց նրա վրա և ջախջախեց:

1088 թ. Կյուրիկե II-ը Բարսեղ կաթողիկոսի հետ այցելում է սուլթան Մելիքշահին և հպատակություն է հայտնում նրան: Մինչ այդ սուլթանին հպատակություն էր հայտնել Գեորգի II-ը: Այրիվանեցին այդ մասին գրում է. «Թագաւորն Հայոց Կիւրիկէ եւ վրաց Դեմետրէ եւ կաթողիկոսն Հայոց տէր Բարսեղ գնացին առ Մելիք Շահ սուլտանն եւ դարձան պատուու»: Ասվածից պետք է ենթադրել, որ Կյուրիկեն վերջին ապստամբության ժամանակ միացել էր Գեորգիին: Այլապես հարկ չէր լինի կրկին հպատակություն հայտնել սելջուկներին: Մյուս կողմից` հնարավոր է, որ Կյուրիկեն դարձյալ սելջուկների մոտ գնաց որպեսզի կանխի վրացիների հնարավոր դավադրությունն իր դեմ:

Կյուրիկե Բ հայտնի է նաև իր մշակութային գործունեությամբ: Նրա հովանավորչությամբ է Հաղբատում ընդօրինակվել ու նկարազարդվել Մուղնու ավետարանը: Բազում արձանագրություններ վկայում են, որ Լոռիում եկեղեցիներ է կառուցել և վերանորոգել:

Ձգտելով համահայկական իշխանության` նա նաև միջամտել է հայ եկեղեցու գործերին: 1067 թ. հայոց կաթողիկոս Գևորգ Բ Վկայասերը ուղևորվում է Բյուզանդիա և Եգիպտոս, ուստի իշխանների համաձայնությամբ իրեն փոխարինող է նշանակում Գևորգ Լոռեցուն: Սակայն Գևորգ Լոռեցին գործում է կամայականորեն և առաջացնում է իշխանների դժգոհությունը: Այդ պատճառով 1081 թ. Կյուրիկե II-ը հրավիրում է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսին և Հաղբատում հայոց կաթողիկոս է օծել տալիս Բարսեղ Անեցուն:

Կյուրիկե II-ը մահացավ 1090 թ. ծեր հասակում` իր գահը ժառանգություն թողնելով երկու զավակներին` Դավիթ Բ-ին և Աբաս Ա-ին:

 

 

Ինչպես է գույնն ազդում առողջության ու տրամադրության վրա

գույնԴեռևս մեծ Գյոթեն է ասել, որ դեղինը պայծառ զգացումներ է ծնում, կապույտը` սառնության, մանուշակագույնը` ոչ զվարթ, իսկ կարմիրը մի ամբողջ տպավորությունների գամմա է ստեղծում: Գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության և վերջնարդյունքում` առողջության վրա: Ինչպե՞ս և ինչո՞ւ:

Դեռևս հնագույն քաղաքակրթություններն են գույնն օգտագործել բուժման նպատակով: Այսպես, Հին Եգիպտոսում տաճարներում հատուկ տարածքներ կային, որտեղ արևի ճառագայթները բեկվում ու տարբեր գունային սպեկտրներ էին ստեղծում: Մարդն ասես լող էր տալիս այդ գույների մեջ: Այդ միջոցն անվանել են Ռա-թերապիա: Մեր օրերում դրան փոխարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է  գույնի ազդեցությունը մարդու վրա:

Այսպես. կամիրը խթանում է նյարդակենտրոնների,  ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, լիցքավորում  լյարդն ու մկանները: Սակայն, երկարատև ազդեցության դեպքում հոգնածություն է առաջացնում ու հաճախասրտություն: Այն կիրառվում է սակավարյունությունը, բրոնխիալ ասթման, թոքամզաբորբը, ներզատիչ համակարգը, ռևմատիզմը, ընկճախտը, շլությունն ու աչքի ցանցաթաղանթի  հիվանդությունները բուժելու նպատակով: Կարմիրը հակացուցված է  տենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային պրոցեսների  ժամանակ: Վատ է ազդում նաև կարմրամազների վրա:

Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շարժողական կենտրոնները, կուտակում մկանային էներգիա, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը, օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դա բերկրանքի ու սեքսուալության գույնն է:  Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խնդիրների, լեղապարկի թերֆունկցիայի, լյարդի ու աղիքների բուժման նպատակով: Ակնաբուժության մեջ շլությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի ու աչքի անոթները բուժելու համար է կիրառվում:

Չի կարելի դեղին գույն կիրառել մարմնի բարձր ջերմության, նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալուցինացիաների դեպքում:

Կանաչ գույնը թուլացնում, վերացնում  է անոթների  սպազմը, իջեցնում բարձր ճնշումը, լայնացնում մազանոթները, նպաստում լավ տրամադրությանը: Դրա համար էլ կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, նևրալգիաների, օսթեոխոնդրոզի, իմպոտենցիայի, անքնության դեպքում: Կանաչով են բուժում գլաուկոման, կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդություններն ու տեսողական նյարդի խնդիրները:

Կապույտը, հակառակը, նպաստում է  անոթների կծկմանը, բարձրացնում ճնշումը: Հակամանրէ ազդեցություն ունի, կիրառում են  սենյակների ախտահանման, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքս-աղիքային տրակտի  հիվանդությունների ժամանակ: Աչքերի համար` եղջրաթաղանթի, կատարակտի սկզբնական փուլի ու կարճատեսության դեպքում: Երկարատև ազդեցության դեպքում կապույտը հոգնեցնում է ու ընկճախտի պատճառ դառնում:

Մանուշակագույնը կարգավորում է  հարվահանաձև գեղձի,  փայծաղի աշխատանքը, բարձրացնում մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այս գույնը նույն ազդեցությունն ունի, ինչ կապույտը:

Ակնաբուժության մեջ կիրառվում է  մի սարք, որը աչքի վրա է ներազդում գունային գամմաների որոշակի համադրության միջոցով: Դրանից հետո աչքի որոշ հիվանդություններ լիովին բուժվում են, մյուսներն էլ` էականորեն նահանջում: Ընդհանուր վիճակի բարելավում է լինում. բարձրանում է ախորժակը, անցնում են գլխացավերն, ու կարգավորվում էքունը:

Գույնն ու տրամադրությունը

Հագուստ գնելիս կամ տունը նորոգելիս ինչո՞ւ ենք ընտրում որոշակի գունային գամման, ինչո՞ւ ենք որոշ գույներ նախընտրում, իսկ մյուսները, մեղմ ասած, չենք սիրում: Այդպես է դուր գալիս մեր տրամադրությանը: Իսկ հոգեբանները կարծում են, որ դա հենց այնպես չէ: Տրամադրությունն ու բնավորությունը միշտ չէ, որ համապատասխանում են, նույն կերպ` եղանակն ու կլիման: Հարթավայրային տեղանքում երբեմն անձրևներ են լինում, կարկուտ ու ձյուն: Այդպես էլ գույնի ընտրության մեջ է. ողջ կյանքում նախընտրում ենք գունային որոշակի տոնայնություն, սակայն մի պահ անզուսպ ցանկություն է առաջանում լրիվ մեզ հակառակ, «ոչ բնորոշ» գույնով շրջապատվելու: Ասենք, անընդհատ հագնում ենք մոխրա-կապտավուն հագուստ ու գնում ենք կարմիր բլուզ: Որոշ ժամանակ անց նայում ենք այդ բլուզին, ու ափսոսում ծախսած գումարը: Սակայն չպետք է շտապել այդ «անպետք» գնումից ազատվել, չէ՞ որ նման տրամադրություն էլի կլինի, ու անպայման կարմիր բլուզը  պետք կգա:

Հոգեբանները դա հետևյալ կերպ են բացատրում:

Այս կամ այն գույնի հանդեպ «թուլությունը» բացատրվում է մարդու բնույթով, իսկ կամիր բլուզի տեսքով անսպասելի պոռթկումները ցույց են տալիս տվյալ պահի տրամադրությունը: Ստացվում է, որ մենք գույնով կոտրում ենք տրամադրությունը: Այս կամ այն իրը գնում ենք` առաջնորդվելով սեփական նախասիրություններով ու ճաշակով: Եթե վերջին շրջանում ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ենք ունեցել, ապա բնազդորեն ընտրում ենք մուգ գույներ և հակառակը, եթե, օրգանիզմը «վերելքի մեջ է», իրադարձություն ենք ցանկանում, ապա ըտրում ենք վառ գույներ:

Հոգեբաններն  առանձնացնում են այն գլխավոր գույները, որոնք որոշում են հոգեբանական տրամադրությունը, բավարարությունը, ինքնահաստատումը, ակտիվությունը, կապվածությունը, ինչ-որ բանի սպասումը: Հիմնական գույների նշանակությունը դիտարկելով` կարելի է գնահատել մեր ու մեր մտերիմների բնավորությունը:

Կարմիրը կամքի, ակտիվության, ագրեսիվության, անկախության, շարժման գույն է: Կարմիրով մարդը կենսուրախ է, սեքսուալ, էներգիայով լեցուն: Գույնի մեջ զգացմունքայնություն է: Այն կյանքը կրքով, ցանկություններով է լցնում: Եթե կենցաղը  նեղում է ձեզ կամ ծանր աշխատանք պիտի կատարեք, ուրեմն օգտվեք այդ գույնից: Իսկ եթե հուզված եք, նյարդայնացած, ապա կարմիրը վիճակն էլ ավելի կբարդացնի: Նարնջագույնը լավատեսության, ջերմության, հախուռնության ու համառության  գույն է: Նարնջագույնը նախընտրողները լավ ընկերներ են, պատրաստ միշտ օգնության գալու:

Վարդագույնը քնքշության ու կանացիության գույն է:

Դեղինը`  երջանիկ հույսի գույնն է: Դեղին են ընտրում ուրախ, կենսասեր, նպատակաուղղված, ակտիվ ու նույնիսկ էքսպանսիվ մարդիկ: Դեղինով մարդը բարի կամեցող է, ինքնավստահ, գիտի գումար աշխատել: Այդ գույնն օգնում է կազմվածքը պահպանելուն:

Կանաչը խոսում է մտքի ճկունության, դատողությունների ու իրավիճակը հասկանալու  մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարվոք վիճակն ու ծաղկումը: Պայծառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի հանդեպ անհանդուրժողությունը խոսում է  էմոցիոնալ վիճակից դժգոհության մասին:

Երկնագույնը խաղաղության գույնն է ու ճշմարտության: Երկնագույնը գերադասող մարդը կարող է առանց վիրավորելու ասել ճշմարտությունը, ու նրան միշտ ճիշտ են հասկանում: Երկնագույնի հանդեպ սերը խոսում է զարգացած ինտելեկտի մասին: Գույնի բնավորությունը զուսպ է, փոքր-ինչ սառնոտ:

Կապույտը նախընտրում են պասիվ ու զգացմունքային մարդիկ, որոնք կարգուկանոն ու մաքրություն են սիրում: Հանգստությունը նրանց համար ամեն բանից վեր է, նրանք մելանխոլիկ են:

Մանուշակագույնը  վերամբարձ երազների ու խորհրդավորության գույնն է: Այդ գույնը սիրողները ստեղծագործ մարդիկ են, ձգտում են հմայել: Եթե դա չի կատարվում, ապա դառնում են քմահաճ ու  բռնկվող:

Շագանակագույնը պահպանողական բնույթի մասին  է խոսում: Մարմնավորում է կայունությունը, զսպվածությունն ամեն ինչում, հուսալիությունն ու համեստությունը: Այդ գույնը սիրողները հրաշալի աշխատող են, հուսալի  գործընկեր:

Սպիտակը մաքրության ու անաղարտության, հանգստության ու հոգեկան հավասարակշռության գույնն է: Սպիտակի չարաշահումը, սակայն, կարող է օտարացում առաջացնել:

Մոխրագույնը գործնական գույն է: Այն նախընտրողները ամուր բնավորություն ունեն, համբերատար են ու աննկուն: Գերադասում են  վերահսկել զգացմունքներն ու ձգտում են կայունության: Չափազանց ինքնավստահությունը կարող է ունայնության ու ընկճախտի հանգեցնել:

Սևը «ճակատագրական կանանց» գույնն է: Սևով կինը  եսասեր է ու անխիղճ: Սակայն նորաձևության աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ սևը էլեգանտության, ոճի ու լավ ճաշակի գույն է: Ինչը կրկին հաստատում է այն միտքը, որ  ամեն ինչ կյանքում իր որոշակի  իմաստն ունի, ու ոչինչ պատահական չի լինում: Թվում է, թե այս կամ այն գունային գամմայի նախապատվությունը կամ ցուցադրական բազմագույնությունը ենթագիտակցական մակարդակում է կատարվում, սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք հասկանալ, որ գույնը ոչ միայն զարդարում է մարդուն, այլև լրացուցիչ գույներ բերում նրա բնույթի ու աշխարհընկալման մեջ:

«Շարժում 1988/25». իրականության բազմադեմ արտացոլանքը

ղարաբաղ (3)«Շարժում 1988/25». «Մեդիամաքս» ընկերության այս նախագիծը նվիրված է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին և ներկայացնում է շարժումը հայտնի մասնակիցների աչքերով:

«Այն, ինչ ունենք Հայաստանում այսօր, սկիզբ է առել 1988 թվականին՝ և՛ լավը, և՛ վատը: Բոլոր նրանք, ովքեր երբևէ ուզում են այս երկրում իշխանության գալ, լավ կանեն ուսումնասիրեն նորագույն պատմությունը»,- գրքի առաջաբանում գրել է գրքի նախաձեռնող, «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը, որ նման գիրք ստեղծելու անհրաժեշտությունը զգացել է հատկապես այն ժամանակ, երբ հասկացել է, որ իր երիտասարդ գործընկերներից շատերն անտեղյակ են պատմությանը:

«Իմ ընտրած ուղին իդեալիզմի գերագույն աստիճանն էր»,- ասում է «Ղարաբաղ» շարժման գլխավոր դերակատարներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը:

Նա խոստովանում է, որ կյանքի ամենամեծ հոգեկան վերելքն ապրել է, երբ հանրահավաքում իր առաջին ելույթի ժամանակ հարյուրհազարավոր աչքեր է տեսել. «Չնայած ասում էի բաներ, որոնք իրենց համար այնքան էլ ընդունելի չէին: Բոլորը համոզված էին, որ մենք ունենք մշտական թշնամի` ի դեմս Թուրքիայի, և մշտական բարեկամ` ի դեմս Ռուսաստանի: Իսկ ես ասացի, որ մենք ո՛չ մշտական բարեկամ ունենք, ո՛չ էլ մշտական թշնամի»:

Միաժամանակ որքան էլ ժողովրդի ընդվզումը ոգևորիչ էր, նույնքան էլ անհանգստացնող էր, քանի որ առաջնորդներից պահանջում էր մտածված քայլեր. «Պետք էր կառավարել մարդկային էմոցիաները, դրանք տանել անհրաժեշտ ուղղությամբ, իսկ դա երբեմն դժվար է»,- ասում է նա:

Մանուկյանի խոսքով՝ շարժմանը պետք էին մարդիկ, ովքեր կկարողանային «մաթեմատիկական հաշվարկներ» կատարել և գիտակցել, թե ինչ է կատարվում աշխարհում: «Երբ հուզական շարժման մեջ ներգրավվում են ռոմանտիկները, ապա ծայրահեղ հայրենասիրությունը կարող է նաև կործանարար լինել:  Միաժամանակ, եթե չկա իդեալիզմ, պրագմատիզմը քաղաքականության մեջ շատ արագ վերածվում է ցինիզմի»:

ղարաբաղ (1)Հետ նայելով` նա նաև իր անձնական սխալներն է տեսնում, որոնք ինչ-որ կերպ ազդել են այս կամ այն դեպքերի վրա: Բայց չի կարծում, որ ազգային-պետական տեսանկյունից սխալ որոշումներ են կայացրել: «Իհարկե, սա չի վերաբերում տնտեսական քաղաքականությանը, քանի որ հանցագործության հասնող սխալ որոշումներ են կայացվել այս ոլորտում: Այս հարցում ինձ քիչ եմ մեղադրում, քանի որ կարճ ժամանակ եմ եղել կառավարության ղեկավար: Իմ օրոք իրականացվել է միայն հողի սեփականաշնորհում, որը պետք է շարունակություն ունենար: Շատ սխալ է ընթացել արդյունաբերության սեփականաշնորհումը. ի սկզբանե դեմ էի վաուչերներին: Կարծում եմ, եթե չլինեին այդ սխալները, երկիրն այսօր ավելի լավ վիճակում կլիներ»:

Իսկ մերօրյա կյանքի չարիքը Վազգեն Մանուկյանը համարում է ընտրություններն ու քաղաքական միջավայրը. «Քաղաքականության մեջ հայտնվում են մարդիկ, որոնց հիմնական նպատակը փող աշխատելն է և իշխանության հասնելը: Մենք ունենք չավարտված պատերազմ և չավարտված ժողովրդավարության գործընթաց: Երբ այս հարցերը լուծված լինեն, կարևոր չէ, թե ով կգա իշխանության»,- ասում է նա:

Ի՞նչ է ասում շարժման մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Ժողովուրդն ընդվզեց ոչ թե խորհրդային համակարգի դեմ: Ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նպատակն էր ԼՂԻՄ-ի միավորումը Հայաստանի ԽՍՀ-ի հետ»:

Սակայն հետո համակարգի դեմ պայքար ծավալվեց, երբ կենտրոնը սկսեց ուժային մեթոդներով ճնշել Ղարաբաղյան շարժումը` ակտիվիստների ձերբակալություններ, ամբողջ գյուղերի դեպորտացիաներ և այլն:

ղարաբաղՌոբերտ Քոչարյանն ասում է, որ խորապես գիտակցում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, բայց անսպասելի էին գործընթացի պայթյունային բնույթը և մարդկանց ներգրավվածության ծավալները: «Դա քնած հրաբխի ժայթքում էր հիշեցնում»:

«Սկզբում մարդկանց միավորեց Ղարաբաղը, հետո ավելացան արդարության, ժողովրդավարության գործոնները, սակայն ժողովրդին հրապարակում պահում էին ոչ թե այդ գործոնները,- ասում է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:-Այն, որ ժողովուրդն այդքան ժամանակ շարժմանը հավատարիմ մնաց, պայմանավորված էր նրանով, որ մենք ստացանք նոր որակի մարդ, ժողովուրդ, ազգ: Ղարաբաղյան շարժման մեր բարձրագույն ստեղծագործությունն այդ մարդն էր և այդ ժողովուրդը»:

«Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ, Հայաստանի անկախացումից հետո ՀՀ Ազգային անվտանգության նախարար Դավիթ Շահնազարյանն էլ համոզված է, որ շարժումը մեր ժողովրդի, ողջ հասարակության գիտակցական, ազգային ու քաղաքական զարթոնքն էր և նաև ինչ-որ իմաստով հնարավորությունն էր իրական կյանքում ոչ միայն ազատորեն արտահայտելու, այլև կիրառելու արժեքների այդ համակարգը:

Նա հիշում է, որ հետագայում ԽՍՀՄ այլ հանրապետություններում նույնպես սկսեցին ձևավորվել նման շարժումներ, սակայն Հայաստանն անվիճելի առաջամարտիկն էր, և Բալթյան երկրներից գալիս էին ծանոթանալու մեր փորձին: «Շարժումն ուներ բարձր քաղաքական հասունություն, ինչն ապագայում թույլ տվեց խուսափել արյունալի բախումներից և Մոսկվայի կողմից կազմակերպվող սադրանքներից»,-ասում է նա:

Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ շարժումը լիովին կյանքի կոչեց իր հռչակած բոլոր նպատակները՝ Ղարաբաղի ինքնապաշտպանությունը, Ղարաբաղը դե ֆակտո Հայաստանին միավորելը, Ղարաբաղի անվտանգության ապահովումը, Հայաստանի անկախության, անվտանգության հարցը, պետական ինստիտուտների ստեղծումը, Գերագույն խորհրդի ձևավորումը. «90-ականների սկզբին Հայաստանն ընկալվում էր որպես ժողովրդավարության կղզյակ»,- նկատում է նա:

Ցավոք, այդ  կղզյակը երկար չգոյատևեց: 1996-ին տեղի ունեցած հայտնի դեպքերը սաղմի մեջ սպանեցին Հայաստանում ժողովրդավարության առաջին պտուղները:

Ի դեպ, գրքում զետեղված  են նաև 1996 թ. «Մոսկովսկիե նովոստի» թերթում Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցներից որոշ հատվածներ: Հարցազրույցները մի քանի ժամ տարբերությամբ անցկացրել է թերթի երևանյան թղթակից Արա Թադևոսյանը:

Ո՞րն է ձեր տարաձայնությունների պատճառը հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Այն կախված է մարդկային որակներից: Բացի այդ, հարկավոր է ունենալ իմունիտետ իշխանության նկատմամբ: Երբ հասնում ես իշխանության, փառքի մոլուցքով վարակվելու վտանգ է առաջանում: Իսկ առանց քո հասցեին արված քննադատության կարող ես քեզ առաքյալ զգալ: Նրանք, ովքեր ունակ են ընկալելու քննադատությունը, չեն կարող դավաճանել իրենց երազանքին, և նրանց մոտ առկա է ավելի կայուն վերաբերմունք իշխանության նկատմամբ»:

Նույն հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Վազգենը որպես մարդ շատ ազնիվ է: Նա ունի ամուր բարոյական սկզբունքներ ընտանիքում, կենցաղում, ընկերների հետ հարաբերություններում: Նա շատ մաքուր մարդ է, բացարձակ անշահախնդիր: Դա կարող եմ գլխովս երաշխավորել: Իսկ որպես քաղաքական գործիչ նա շատ վտանգավոր մարդ է: Նրա գերազգայնականությունը մոտ է ֆաշիզմին: Այդ մասին ասում եմ 1991 թ. նրա ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության կողմից հրապարակված փաստաթղթերի հիման վրա: Նրա գաղափարախոսությունը հիմնված է երեք չափանիշների վրա: Առաջին՝ հայ ժողովուրդն ընտրյալ ազգ է: Երկրորդ՝ հայ ժողովուրդն ունի պատմական առաքելություն: Երրորդ՝ հայ ժողովուրդը պետք է վերակազմավորվի ազգ-կազմակերպության»:

1988Գրքում հետաքրքիր հիշողություններ ու մեկնաբանություններ են ներկայացված վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Պատմում է, որ «1988 թվականն» իր համար սկսվել է 1987-ին, երբ ավարտելով ուսումը Լենինգրադում` աշխատանքի է անցել Երևանի Պետպլանի գիտահետազոտական ինստիտուտի հատուկ հետազոտությունների վարչությունում: Աշխատել է Իգոր Մուրադյանի հետ նույն բաժնում և նույն սենյակում, որն այդ ժամանակ արդեն ամբողջությամբ ներքաշված էր Ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ: «Բնականաբար, այդ ամենը չէր կարող իմ կողքով անցնել»,- ասում է Տիգրան Սարգսյանը:

Շար

big_1363239176_9410436

ժման երկրորդ փուլում նա հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ և շատ է տպավորվել այդ հանդիպումից. «Տեսա, որ ի դեմս Վազգենի ունենք առավել պատրաստված քաղաքական գործչի: Նա ուներ ձևավորված աշխարհայացք ու Հայաստանի ապագայի իր տեսլականը: Վազգեն Մանուկյանն արդեն առաջ էր քաշում Հայաստանի անկախության գաղափարը: Վազգենը վստահ էր, որ մեր ճանապարհն անկախ պետության կերտումն է: Եվ փուլ առ փուլ պայքարը տեղափոխվեց Անկախության դաշտ»:

Խոսելով պառակտումների մասին՝ Տիգրան Սարգսյանը հիշում է. «Ինձ համար ակնհայտ էր` 1988 թվականին հենց Վազգեն Մանուկյանը պետք է լիներ առաջնորդը, քանի որ նա ամենապատրաստված քաղաքական գործիչն էր: Հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվել շարժման ընթացքում, տարբեր տեսակի սեմինարներ եմ կազմակերպել, քննարկումներ և կարող եմ ասել, որ այն պահի դրությամբ ամենակայացած քաղաքական գործիչը հենց Վազգեն Մանուկյանն էր, և շատ տրամաբանական էր, որ նրա շուրջ համախմբվեց շարժումը, և բոլորն ընդունում էին նրա լիդերությունը: Հետագայում Վազգենի «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածը հեղափոխական նշանակություն ունեցավ: Հարյուրավոր երիտասարդներ կրթվեցին այդ հոդվածով, նրանց «աչքերը բացվեցին», կարողացան դուրս գալ սովետական քարոզչության սահմաններից, ճանապարհ տեսան այդ հոդվածի շնորհիվ: Շարժման ծավալման ժամանակ Վազգեն Մանուկյանը զգաց, որ կրթված մարդիկ են պետք, որոնք կարող են հրապարակային ելույթներ ունենալ, գրագետ կերպով կարծիքը ներկայացնել հանրությանը: Այդպես «Ղարաբաղ» կոմիտեում հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանը»:

ղարաբաղ-2Ինչ վերաբերում է շարժման ղեկավարների ներքին խոհանոցին, Տիգրան Սարգսյանն ասում է, որ այդ տեսանկյունից Վազգեն Մանուկյանն ավելի վատ էր պատրաստված, քան մնացածը, քանի որ նա առաջնային էր համարում գաղափարախոսությունը, հոգևոր արժեքները. «Նա գաղափարի մարդ է: Աստիճանաբար կոնֆլիկտ առաջացավ խմբային շահերի և գաղափարի միջև: Վազգենին թվաց, որ հանրությունն ինքը կգնահատի, թե ով ով է, կտեսնի` ով է ճիշտ, ով` սխալ: Իսկ հանրությանը ժամանակ էր պետք, քանի որ անպատրաստ էր»:

Տիգրան Սարգսյանի խոսքով, երբ Ղարաբաղյան շարժումը վերածվեց Անկախության շարժման, հանրությունը չհասցրեց վարակվել այդ գաղափարով, որովհետև անկախությունն ավելի շուտ հասավ: «Այնպես որ այս ճանապարհը դեռևս շարունակվում է, մենք շատ անելիքներ ունենք մեր ազգային էությանը վերադառնալու, դրա ներքո ազգային էլիտա ձևավորելու համար»,- կարծում է նա:

 

«Արարատը» զարմանալի դիրքում

armenia-soccer-league-Pyunik-vs-AraratՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում  ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:

Թիմը բոլորից քիչ` 4 գնդակ է բաց թողել և վաստակել է բոլորից շատ` 14 միավոր:

Ուշագրավ է, որ 2008-ից հետո առաջին անգամ է  «Արարատը» վերին հորիզոնականում դիրք գրավել: Իսկ  տարիներ առաջ թիմը չեմպիոն չդարձավ, թեև արժանի էր: Պատճատն այն էր, որ «Փյունիկը» հաղթեց «Ոսկե խաղում»: Դրանից հետո տարաձայնություններն ավելի խորացան վերջինիս փաստացի տեր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Արարատ» ակումբի ներկայացուցիչների միջև: «Արարատի» արտասահմանցի ղեկավարները` Վարդան Սրմաքեշը և Հրաչ Կապրելյանը, արդարություն պահանջելով, հեռանկար չտեսնելով, այլևս չցանկացան, որ մեծ ներդրումներ արվեն: Թիմը քանդվեց: Հեռացողները քիչ չէին: Իսկ «Արարատի» լավագույն խաղացողը` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն այժմ կրում է ռուսական «Կրասնոդարի» մարզազգեստը,  տեղափոխվեց «Փյունիկ»:

Ինչևէ, «Արարատն» այս մրցաշրջանում, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ, զգալիորեն առաջադիմել է, և արդյունքն ակնառու է:

Ի դեպ, թերևս զուգադիպություն է, բայց այս օրերին նշվում է լեգենդար «Արարատի» ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյակը, և «Արարատի» ներկայիս զբաղեցրած դիրքը լավ նվեր է Հայաստանում հավաքված փառաբանված թիմի խաղացողների համար:

«Արարատից» 2 միավորով հետ է մնում «Փյունիկը»: Ապա հաջորդում են Կապանի «Գանձասարը» և «Միկան»` 11-ական միավոր: Վերջինս առաջնության մասնակիցներից միակն է, որ դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: 9 միավորով 5-րդ հորիզոնականում  է հաստատվել նախորդ առաջնության չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Թե ինչն է խանգարում, դժվար է գուշակել: Նույնը կարելի է ասել նաև 8 միավորով հաջորդող «Բանանցի» մասին, որը միայն մեկ հաղթանակ է տարել: Իսկ ահա աղյուսակը 3-ական միավորով եզրափակող «Ալաշկերտը» և «Ուլիսը» հիասթափեցնում են: Այս թիմերը դեռևս հաղթանակ չունեն:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի հոկտեմբերի 19-ին:

 

Ինչն ինչից է ցավում

painՄեր զգացմունքները մեզ կարող են հիվանդացնել: Բժիշկները, հոգեբանները, սոցիոլոգները վաղուց պարզել են, որ սխալ կենսակերպը սրտի հիվանդության կարող է հանգեցնել, աշխատանքի հանդեպ խեղված վերաբերմունքը` ուղեղի հիվանդության, սիրային հաճախակի սթրեսները` թոքերի ու վահանաձև գեղձի, նախանձը` մարսողական համակարգի, չափազանց պատվասիրությունը` մակերիկամների հիվանդության: Խանդը սպառնում է երիկամների աշխատանքին, վախը` լյարդին, խորամանկությունը` ստամոքսին, սեռական անվստահությունը` ենթաստամոքսագեղձին (կարող է շաքարախտ զարգանալ): Անցյալի վրա սևեռվելը ողնաշարային խնդիրների կհանգեցնի, ագահ մարդկանց մոտ էլ հնարավոր է` լեղապարկի խնդիր առաջանա, իսկ կասկածամիտները` ավշային հիվանդություններ կարող են ունենալ: Մելանխոլիայի հակումը զգալիորեն մեծացնում է  սրտի նոպաների ռիսկը:

Բալթիմորի համալսարանի մասնագետների անցկացրած բազմամյա հետազոտությամբ պարզվել է, որ կլինիկական դեպրեսիայից տառապողները 4,5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում սրտի հիվանդություններով: Իսկ ակտիվ մշակութային կյանք վարողների մոտ, հակառակը, խթանվում է իմունային համակարգի աշխատանքը:

Ասվածը չի նշանակում, որ պետք է ծայրահեղությունների դիմել` անմիջապես ազատվելու այս կամ այն  բացասական հուզումից: Պետք է հանգիստ, առանց նյարդայնանալու  վերլուծել ստեղծված իրավիճակը, և պատկերացրեք, որ ինքնազգացողության բարելավում կզգաք: Հաճախ օրգանիզմը հուշում է զարգացող հիվանդության մասին: Ցավոք, այդ ազդանշաններին անդրադառնում ենք հիվանդության ակնհայտ դառնալուց հետո:

Այսպես, օրինակ` եղունգների փխրունությունը խոսում է  վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման կամ օրգանիզմում հանքային աղերի անբավարարության մասին: Եղունգների վրա ակոսիկների առաջացումը ենթաստամոքսագեղձի, բարակ աղիքի կամ հոդաբորբի մասին է հուշում: Շերտերը սթրեսի հետևանքով կարող են առաջանալ: Իսկ հարթ եղունգները սրտի թուլության մասին են հուշում: Եթե ուտելուց հետո գլխացավ է առաջանում,  ու հետազոտություններով  գործնականում առողջ մարդ եք համարվում, ապա պետք է ալերգենը փնտրել: Եթե լեզուն շոգեխաշած տեսք ունի, ապա դիմեք բժշկի: Գուցե դա վարակիչ հիվանդության հետևանք է, որի մասին անգամ գլխի չեք ընկնում: Լեզվի այրոցքը խոսում է  սակավարյունության, վիտամինների պակասի ու վատ արյան մասին: Եթե գիշերը քաշվում է ոտքը, ապա դա օրգանիզմում մագնեզիումի անբավարարության հետևանք է ու երակներում արյան շրջանառության խախտման ազդանշան: Եթե նկատում եք, որ նիհարում եք, չնայած ուտում եք առաջվա պես ու ամեն ինչ, ապա պատճառը փնտրեք վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման մեջ կամ սրտի միոկարդի հեռավոր նախանշանի հետ գործ ունեք:

Բնականաբար, այս ընդհանրական տվյալները բժշկական տեղեկատուի դեր չեն կարող  կատարել: Դրանք պարզապես առիթ կարող են ծառայել, որ ուշադիր լինենք մեր օրգանիզմի ուղարկած ազդանշանների նկատմամբ ու հոգ տանենք լավ ինքնազգացողության համար:

«Ապրում ենք թափթփված գոյությամբ…». Ռոբերտ Ամիրխանյան

r.aՀարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ

– Պարո՛ն Ամիրխանյան, խորհրդային տարիներին ամեն ինչ պարզ էր. կոմպոզիտորները պետական պատվերներ էին ստանում, գրում երաժշտություն, որից բավականություն էին ստանում թե՛ իրենք, թե՛ հանրությունը: Ի՞նչ է փոխվել այսօր, արդյոք կոպմոզիտորների ստեղծագործությունները պահանջարկ ունե՞ն:

– Երգիչն այն մարդը չէ, որ կարող է երգել, այլ այն մարդը, որ չի կարող չերգել: Նույնն էլ կոմպոզիտորը. նա չի կարող չգրել: Սովետմիությունն ունեցել է իր փայլատակումները և բավականին նեգատիվ կողմեր, ինչպես մեր ներկայիս կյանքը: Այն ժամանակ էլ յուրաքանչյուր հեղինակ ազատ ստեղծագործել է: Ուրիշ բան, որ Սովետմիությունը խնդիր ուներ աշխարհին ցույց տալու, որ ամենապրոգրեսիվ հասարակությունն է, և դրա համար մեծ միջոցներ էր դնում մշակույթի, մասնավորապես` երաժշտարվեստի մեջ: Իհարկե, դրանից օգտվում էին նաև միջակությունները, որոնք կարող էին սովետական թեմաներով ստեղծագործություններ գրել, փորձել դուր գալ ու խցկվել: Բայց իրական ստեղծագործողները միշտ եղել են ժամանակի պուլսի վրա, գրել են ստեղծագործություններ, որոնք չէին կարող չգրել, և ոչ մի պահանջարկի խնդիր չկար: Այո, պահանջված էր պրոֆեսիոնալ երաժշտությունը, սիմֆոնիկ երաժշտությունը, օպերային երաժշտությունը: Այսօր Խորհրդային Միության փլուզման փոշու մեջ շատ բաներ չեն երևում: Նախկին կյանքից շատ քիչ բան է մնացել, մասնավորապես` պրոֆեսիոնալ երաժշտության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:

– Այսօր ունե՞նք կոմպոզիտորների երիտասարդ սերունդ, որը կշարունակի անցյալի հարուստ ավանդույթները:

– Խորհրդային տարիների բարձր երաժշտագիտակցությունն այսօր փորձում ենք հաղորդել ուսանողներին, որպեսզի նոր կադրերը կրեն այդ գիտակցությունը և խնդիրը:  Կան փայլուն երիտասարդներ, որոնց, ցավոք, կենցաղը քաշում է ուրիշ տեղ:  Ես դեմ չեմ, որ մեր երիտասարդներն իրենց ունակությունները կարողանան կիրառել մասսայական սպասարկման երաժշտության մեջ: Նրանք կարող են հարսանիքի համար էլ երաժշտություն գրել: Խնդիրը դա չէ, այլ այն` արդյոք նրանք իջնում են շուկայի մակարդակի՞ն, թե՞ կարողանում են պահպանել իրենց:  Շատ հաճախ նրանք գնում են դուր գալու ճանապարհով: Ես կոչ կանեի պահպանել հոգու մաքրությունը և մասնագիտական բարձունքները, իսկ շուկան, ուզի թե չուզի, կգա նրանց հետևից: Ինչպես մշակույթն ունի շուկայի պահանջ, այնպես էլ շուկան կարիք ունի մշակույթի:

– Ի՞նչ է պետք որակյալ երաժշտություն, առհասարակ բարձր մշակույթ ստեղծելու, հասարակական ճաշակը և մեր կյանքը փոխելու համար: 

– Ստեղծագործողի գիտակցություն և իհարկե համոզում, որ աշխատանքը չի մնա դարակի մեջ: Բոլոր օղակները պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

30-ականներին մենք մի վիճակի մեջ էինք, երբ փողոցներում մահանում էին երեխաները, բայց մենք այդ տարիներին մյուս կողմից կառուցում էինք Մատենադարանը, կառուցում էինք մեր երկիրը հայրենասիրաբար: Այսօր մենք չունենք ազգային գաղափարախոսության կռվանը: Ի՞նչն ենք այսօր արժևորում, ի՞նչ է մեր դրոշի վրա գրված, ո՞րն է քո երդումը: Մեզ բոլորիս անհանգստացնում է  այն, որ մեր գաղափարը միայն փող վաստակելն է դարձել: Մենք դուրս ենք եկել գաղափարականացված երկրից և մտել հակագաղափարականացված երկիր: Սակայն վստահ եմ, որ ունենք հսկայական պոտենցիալ, որը օրինակ` արտահայտվեց տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարում: Այդ համախմբումը հարկավոր էր պահել, որը կարող էր դառնալ շատ պոզիտիվ ուժ մեր կյանքում: Ցավոք, մենք ապրում ենք թափթփված գոյությամբ: Կարծես շատ արխային ենք, մտածում ենք` դե մի բան կլինի, իսկ այդպիսի մոտեցումը երբեք չի ներվում:

– Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարության գործունեությունը:  Համապատասխան պետական մշակութային քաղաքականություն այսօր իրականացվո՞ւմ է:

– Մշակութային քաղաքականության ջահը բռնողը պետք է լինի մշակույթի նախարարությունը: Նա ունի բազմաթիվ անելիքներ, բայց մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է մասսայական մշակույթի ագրեսիան, և նախարարությունը ստիպված է կանգնել այդ փաստի առջև:

– Չե՞ք կարծում, որ նախարարության գործառույթներից է նաև այդ մասսայական մշակույթի տարածումը կանխելը:

– Ես նրանց վրա եմ թողնում իրենց գործառույթները որոշելը, պատրաստ եմ միայն օգնել նրանց: Հարգանքով եմ վերաբերվում նրանց գործունեությանը, բայց զգում եմ պակասը ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ, կենտրոնաձիգ կառույցի, որի գաղափարի շուրջ յուրաքանչյուրը կհամախմբվի:

– Պարո՛ն Ամիրխանյան, գարնանը ներկայացրեցիք Ձեր վերջին` «Կանտատ սիրո»  ստեղծագործությունների շարքը, որը պատվիրված էր գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական կենտրոնի կողմից: Այն հայ հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացվե՞ց, գո՞հ եք հասարակության արձագանքից:

– Անշուշտ, հանդիսատեսն ունեցավ իր գնահատականը, բայց ինձ համար կարևոր է այն, որ ես զգացի, թե ինչպես է թրթիռը մեզ միավորում, և մարդիկ ինչ քաջալերանքով ընդունեցին ստեծագործությունը: Մարդկանց միջև երաժշտության միջոցով ներքին դիալոգ է ընթանում: Այն մի մոգական գործիք է, որը ներքին հաղորդակցություն է ստեղծում:

Առայժմ ստեղծագործության առաջին մասն եմ գրել, շուտով պետք է անցնեմ երկրորդ մասին: Այդ ստեղծագործության մեջ խտացված է սիրո խոստովանանքը տարբեր կարգախոսներով, որոնցից մեկն էլ հետևյալն է. «Սիրելիս, ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»:

– Նունե Եսայանի` անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը Հայաստանի պետական բյուջեի վրա 54 մլն 691 հազար  դրամ նստեց, ինչը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը դրա  վերաբերյալ:

– Անշուշտ, ցանկացած երգիչ երգում է այնպես, ինչպես ինքն է ուզում և ունի նաև իր աուդիտորիան: Բայց արդյոք ամե՞ն երգիչ է, որ պետական տոնին պետք է ներկայացնի մեր մշակույթը: Շատ լավ է, որ մեր երկիրը պատրաստ է մի համերգային տոնի վրա նման գումար ծախսել, բայց խնդիրն այնքան փողի մեջ չէ, որքան ճաշակի և սիմվոլների: Արդյոք մեր մշակութային սիմվոլը Նունե Եսայա՞նն է: Ես ոչ թե պախարակում եմ, այլ ընդամենը խորհուրդ եմ տալիս մշակութային սիմվոլներ ստեղծելիս ավելի խոհեմ լինել:

– Պարո՛ն Ամիրխանյան, վերջերս Ձեր դեմ ուղղված շարժում է սկսվել. անցյալ տարի բարձրացվեց  Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ կոչելու հարցը, և այսօր որոշ կոմպոզիտորներ հայտարարում են, որ դա տեղի չի ունենում, քանի որ Դուք չեք ցանկանում:  Այնուհետև իրավիճակն էլ ավելի լարվեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում, և կոմպոզիտորներից ոմանք հայտարարեցին, որ միությունը քանդման եզրին է, և դրանում մեղադրեցին Ձեզ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

– Այդ կռիվը նոր չէ, դա շարունակվում է արդեն 22 տարի: Երբ ես 1991 թ. ընտրվեցի միության ղեկավար, մի քանի հոգի նետեցին իրենց անդամատոմսերը և հեռացան: 22 տարի հետո էլ նույն մարդիկ են: Պարզապես հիմա վարկաբեկելու նոր միջոցներ են փնտրում: Ինձ պարզապես անհանգստացնում է այն կեցվածքը, որ այսօր իմ կոլեգաներն ընդունել են: Նրանք, այնուամենայնիվ, մեր ընկերներն են, և ես հույս ունեմ, որ կվերանայեն իրենց քաղաքականությունը` հասկանալով, որ մարդուն սևացնելով` որևէ բանի չես հասնի: Հարկավոր է գաղափարական կռիվ տանել և ոչ թե մեղադրելով հասարակության աչքում փորձել ցածրացնել: Սովորաբար նման դեպքում հենց ինքդ էլ ցածրանում ես: Ես կոչ կանեի նրանց խոհեմ լինել և մեր տան կռիվը, որը նոր չէ, լուծել ինքներս: Ասեմ նաև, որ ինձ պաշտոնապես որևէ մեկը չի դիմել և որևէ առաջարկ չի արել: Ես միայն կողքից եմ լսում այս կամ այն բանի մասին:

– Դուք դե՞մ եք, որ Դիլիջանի Կոմպոզիտորների տունն անվանակոչվի Էդուարդ Միրզոյանի անվամբ:

– Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Ես դեմ եմ այն մեթոդներին, որ իմ հանդեպ կիրառում են: Եթե դեմ լինեի, Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության կազմակերպման  կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետի և նախարարների ներկայությամբ չէի առաջարկի, որ Դիլիջանի տան դահլիճն անվանակոչվի նրա անվամբ: Եթե դա առաջարկել եմ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նաև Դիլիջանի Կոմպոզիտորների տունը նրա անունով անվանակոչելուն: Բայց այդ որոշումը պետք է կայացնի միությունը համագումարում, որն առաջիկայում տեղի կունենա: Մի՞թե ես այդքան ցածր մարդ եմ, որ մեր ուսուցչի հանդեպ նման վերաբերմունք ունենամ, գլուխս չի մտնում էդ բանը…

 

Զրույցը վարել է Անի Գասպարյանը

Քաղցր խաղողի օգուտը

122331_mediumՈ՞վ չի սիրում խաղող: Խաղողի պտուղները ոչ միայն համային գերազանց որակներ ունեն,  այլև օգտակար նյութեր են պարունակում, որոնք օժտված են բուժական հատկություններով: Խաղողով բուժում են վաղուց, սակայն ճշգրիտ ժամանակաշրջանը հայտնի չէ:

Խաղողի սերմեր հնագետները հայտնաբերել են Իսրայելում, պեղումների ժամանակ: Խաղող աճեցրել են դեռևս 7000 տարի առաջ: Բացի այդ, առասպելներում հիշատակվում է հռոմեացիների երկրպագությունը  գինու աստված Բաքոսին, որը երախտագիտության դիմաց խաղողի լավ բերք էր տալիս:

Խաղողաբուժությունը հնում անվանում էին ամպելաթերապիա: Բուժման նպատակով պիտանի են հասած պտուղները կամ էլ թարմ հյութը, քանի որ միայն այդ տեսքով է  խաղողը մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր պարունակում: Այդ նպատակով գերադասելի են խաղողի քաղցր տեսակները:Ուտել հարկավոր է օրական  մեկ կգ խաղող կամ 0,5 լ խաղողի թարմ հյութ խմել (ավելի պետք չէ): Սակայն, եթե որոշեք խաղողաբուժությամբ զբաղվել, ապա անհրաժեշտ է սննդաբաժնից հանել յուղոտ կերակուրները, կաթն ու կվասը: Խորհուրդ չի տրվում այս միջոցը կիրառել շաքարային դիաբետ ու ստամոքսի քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:

Ուրեմն, ինչ օգտակար հատկություններ ունի խաղողը:

1.Խաղողի հատիկներում շատ գլյուկոզա ու կալիում  է պարունակվում: Խաղողն ու դրանից պատրաստված հյութը  բարելավում են օրգանիզմում ջուր-աղային փոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմը մաքրվում է միզաթթվից:

2.Խաղողն օժտված է միզամուղ հատկությամբ: Բացի այդ, լավ թուլացնող ու քրտնամուղ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Լավ միջոց է երիկամների ու միզաքարային հիվանդությունների ,ինչպես նաև փորկապությունների դեպքում:

3.Օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը:

4.Նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը ու սրտամկանի տոնուսի բարձրացմանը:

5.Խորհուրդ է տրվում սակավարյունության դեպքում, նյարդային ու ֆիզիկական հյուծման, հատկապես ավիտամինոզի կամ էլ ապաքինման ժամանակ, քանի որ մի շարք վիտամիններ ու հանքային նյութեր է պարունակում:

6.Շատ օգտակար է բրոնխիտով, բրոնխիալ ասթմայով ու թոքերի տուբերկուլյոզով հիվանդներին.օգնում է շնչուղիներից լորձի հեռացմանը:

7.Մուգ գույնի պտուղներում  Р-ակտիվ նյութերի` բիոֆլավոնոիդների պարունակությունն ավելի շատ է, քան բաց  գույնի սորտերում: Դրանք նպաստում են սիրտ-անոթային համակարգի ամրապնդմանը:

8. Խաղողը պաշտպանում է մաշկը կնճիռների առաջացումից, շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունից` պահպանելով մաշկի թարմությունն ու երիտասարդությունը:

Խաղողից պատրաստում են հյութ, մուրաբա, գինի, կոմպոտ և այլն: Ցանկացած վիճակում այն բարերար է ազդում օրգանիզմի վրա:

 

Պարտքը կա, մնում է ճիշտ ծախսելը

eurobondsՍեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկեց եվրապարտատոմսեր: Գլխավոր տեղաբաշխողները` Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտեցին պարտատոմսերի առաջին թողարկումը: Թողարկման պայմաններն էին. ծավալը` 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը թողարկման պահին Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը` BB- կայուն:

 Պարտատոմսն արտաքին պարտքի ավելի ձեռնտու տարբերակ է 

Պետության կողմից թողարկվող պարտատոմսերը, կոպիտ ասած, պարտամուրհակներ են: Այսինքն` պետությունն իր կարիքները հոգալու համար պարտք է վերցնում: Ու պարտք է վերցնում ոչ թե այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ու բանկերից, այլ անհատ մարդկանցից: Ասել է թե` թողարկում է պարտատոմսեր` պարտամուրհակներ, ու դրանք վաճառում է անհատ մարդկանց, որոնք իրենց ֆինանսները տոկոսով (կոնկրետ մեր դեպքում` տարեկան 6 տոկոսով) տրամադրում են պարտատոմսերը թողարկող պետությանը:

Սա կարևոր է նաև այն առումով, որ կախում չի առաջացնում մի որևէ երկրից կամ կազմակերպությունից: Այդ պարտատոմսերն անվանում են նաև եվրոբոնդեր, ու դրանք  կարող են լինել միջնաժամկետ, կարճաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաև` ներքին շրջանառության ու արտաքին բորսաներում շրջանառության պայմաններով: Տվյալ պարտատոմսերը երկարաժամկետ, արտաքին բորսաներում շրջանառության համար նախատեսված, արտարժույթով պարտատոմսեր են: Այսինքն` ի տարբերություն Հայաստանի կողմից մինչ այժմ թողարկված պարտատոմսերի, որոնք հայկական դրամով էին արտահայտվում, այժմ եվրապարտատոմսերը դոլարով են արտահայտվում:

Բուն թողարկումը կարելի է հաջողված համարել, քանի որ քիչ պետությունների է հաջողվում առաջին անգամ արտարժութային պարտատոմսեր թողարկել միջազգային շրջանառության համար, որոնք և՛ ավելի երկարաժամկետ լինեն, և՛ այս ծավալներն ունենան, և՛ այսպիսի տոկոսադրույք ունենան: Որովհետև առաջին թողարկման ժամանակ ռիսկը բարձր է լինում` տոկոսադրույքներն են բարձր լինում, ծավալն է քիչ լինում և այլն:

Կառավարությունն էլ անցյալ շաբաթ ներկայացրեց, թե ուր են ուղղվելու ՀՀ-ի կողմից թողարկված եվրապարտատոմսերից ստացված ֆինանսական միջոցները: Ըստ այդմ, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, առաջին կետով ՌԴ-ից ստացված վարկի մայր գումարն ու կուտակված տոկոսները կմարվեն, որը կկազմի շուրջ 440 մլն դոլար գումար: Երկրորդ` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով Կենտրոնական բանկին կհատկացվեն 60 մլրդ դրամ գումարի չափով միջոցներ` 7 տարի մարման ժամկետով և 7 տոկոս տոկոսադրույքով, որի նպատակն է տնտեսության խթանումն ու ՓՄ բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Նույն նպատակներով կառավարությունը նախատեսում է ևս 3,9 մլրդ դրամ գումար հատկացնել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին, որ ստեղծվել է պետության կողմից նպաստավոր պայմաններով տնտեսությանը միջոցներ հատկացնելու նպատակով:

Բացի այդ, 1 մլրդ 950 մլն դրամ պետք է  ուղղել արտահանման ֆինանսական ապահովագրական կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրումներ իրականացնելու համար` հիմք ընդունելով այն ռազմավարությունը, որ կառավարությունն արդեն հաստատել էր, և որի հիմքում դրված էր արտահանման խրախուսումն ու դրա համար համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումը:

«Սրանից բացի, մնացած 25 մլրդ դրամը մնալու է եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքից: Առաջարկվում է  ըստ այդ գումարի փոփոխել մեր` պարտքի կառավարման ռազմավարությունը, մասնավորապես` ներքին պարտք-արտաքին պարտք հարաբերակցությունում որոշակի փոփոխություններ կատարել, որի արդյունքում, ըստ հաշվարկների, առաջիկա մեկ տարվա ընթացքում դա մեզ թույլ կտա պարտատոմսերի շուկայում նվազեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, որը դարձյալ ավելի բարենպաստ միջավայր է ստեղծելու բիզնեսի համար` ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ստանալու առումով»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարը:

Կարևորը պարտքն արդյունավետ տնօրինելն է

Ընդհանրապես եվրոբոնդերը և միջազգային շրջանառություն ունեցող պարտատոմսերը, որպես արտաքին պարտքի գործիք, միջազգային փորձում լավագույններից են համարվում: Բայց նպատակադրումների տեսանկյունից յուրաքանչյուր երկիր որոշում է իր առաջնահերթությունները, թե որտեղ է դա օգտագործում: Գաղտնիք չէ ու տնտեսագիտությամբ հաստատված փաստ է, որ արտաքին պարտքի մեծացումը բերում է երկրի տնտեսական աճի դանդաղում, հատկապես այն դեպքում, երբ արտաքին պարտքն օգտագործվում է ընթացիկ դեֆիցիտի կամ կարճաժամկետ ֆինանսավորումների համար:

«Այդ տեսանկյունից այն մոդելը, որ Հայաստանում առաջարկվել է, բնականաբար, բերելու է միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի նվազեցում, որովհետև հավաքվող միջոցները, ինչպես հայտարարվել է ըստ նպատակի, օգտագործվելու են նաև պետբյուջեի ֆինանսավորման կամ ընթացիկ հաշվի կարճաժամկետ ֆինանսավորումների համար: Սա նշանակում է, որ մեր տնտեսական երկարաժամկետ զարգացման տեսանկյունից այս միջոցները չեն կարող իրենց նպատակին ծառայել ու ըստ էության, հանգեցնել երկարաժամկետ աճի»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Բացի այդ, կառավարության հայտարարած ուղղություններն էլ, որտեղ պետք է ուղղվեն միջոցները, մեծ հաշվով, տնտեսական զարգացման վրա մեծ ազդեցություն ունենալ չեն կարող: Եվ այդ առումով ակնկալել, որ այս պարտքը կարող է հանգեցնել տնտեսության զարգացման,  ճիշտ չէ:

«Բայց մյուս կողմից` մենք, իհարկե, ունենք փորձ, որ ներգրավված արտաքին պարտքն արդյունավետորեն չի իրացվում մեր տնտեսության մեջ, թեկուզ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կամ արտարժութային դիրքը պահելու կամ ընթացիկ հաշվի ֆինանսավորման տեսանկյունից մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ: Եվ ինչպես նախորդ փորձն է ցույց տալիս, արտաքին պարտքը կարող ես նաև էժան ներգրավել, բայց քանի որ չես կարողանում դա արդյունավետորեն մտցնել տնտեսության մեջ, ստացվում է, որ դրա բացասական  ազդեցությունն ավելի մեծ է, քան կարող էր դրական ազդեցություն բերել: Այդ ռիսկն առկա է նաև այս պարագայում»,- մտավախություն հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Մյուս կարևոր խնդիրն արտաքին շուկայում ձևավորված վիճակն է, որով էլ պայմանավորվում է այդ թողարկման նպատակահարմարությունը: Չնայած միջազգային շուկաներում ձևավորված է բարենպաստ միջավայր պետության կողմից թողարկվող արտարժութային արժեթղթերի համար, սակայն Հայաստանի պարագան մի քիչ այլ է: Նախ` Հայաստանն առաջին անգամ է դուրս գալիս այդ շուկա, չկա որևէ մասնավոր թողարկող, որ Հայաստանը ներկայացրած լինի այդ շուկաներում, ու  ներդրողների տեսանկյունից, որպես կշռված ռիսկ, շատ բարձր մակարդակում է, այսինքն` մասնավոր ներդրողների համար ռիսկը բարձր է:

Ընդհանրապես  յուրաքանչյուր նման արժեթղթերի թողարկումը պետք է ուղեկցվի կայուն շուկայում շրջանառելիության կանոնների պահպանմամբ: Այլ կերպ ասած` ֆոնդային բորսաներում կամ առևտրային հարթակներում լիստինգ պետք է անցնի այս արժեթուղթը, որ ներդրողները կարողանան առավել ակտիվ իրենց իրավունքները պաշտպանել: Այդ  առումով կարևոր է, թե մեր արժեթղթերը որտեղ են լիստինգ անցել և ովքեր են մեր հիմնական մարքեթմեյքերները` շուկա ստեղծողները, որոնք միշտ պարտավոր են, թե՛ ըստ միջազգային կանոնների, թե՛ մեր ներպետական օրենսդրության, գնում-վաճառքի առաջարկներ անել, որպեսզի շուկայում այդ արժեթղթերի լիկվիդայնությունը միշտ պահպանվի:

ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ ՀՀ թողարկած եվրապարտատոմսերի լիստինգը կազմակերպել է իռլանդական Irish stock exchange կազմակերպությունը, և որոշ վերապահումներով ընտրվել է տեղաբաշխումն ըստ  շուկայական տեղաբաշխման ծավալների: Ֆինանսների նախարարությունից տեղեկացանք նաև, որ միջազգային շուկաներում ու բորսաներում մեր պարտատոմսերի մարքեթմեյքերները նույնպես հանդիսանում են վերոհիշյալ տեղաբաշխողները:

Իհարկե, ցանկալի տարբերակն այն կլիներ, որ  հայկական արժեթղթերն ունենային երաշխավորված տեղաբաշխման համակարգ, սակայն մեր պարտատոմսերը տեղաբաշխվել են ըստ շուկայում տեղաբաշխման ծավալների:

«Սրանց տարբերությունը հետևյալն է. գլխավոր տեղաբաշխողը կամ տեղաբաշխողների սինդիկատը երաշխավորում է, որ պետությո՛ւն, մենք ձեզ տալիս ենք այդ գումարը, բայց սպասարկումը 6 տոկոս է լինելու: Բայց քանի որ չկան մանրամասնություններ, դժվար է ասել` արդյոք այդ 6 տոկոսը պահպանվելո՞ւ է, թե՞ բարձրանալու է: Որովհետև թե՛ միջնորդավճարի, թե՛ հավելյալ ծախսումների անհրաժեշտություն կարող է առաջանալ: Այդ առումով ռիսկը պահպանվում է, որ տեղաբաշխման ժամանակ այն կարող է ունենալ 6 տոկոս եկամտաբերություն, բայց ընթացքում փոխվել»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանը:

Լիստինգի առումով լավագույն տարբերակներից կլիներ, որ մեր պարտատոմսերը լիստինգ անցնեին, օրինակ, Լոնդոնի բորսայում լիստինգ իրականացնողների մոտ: Սակայն նրանց պահանջները բավականին բարձր են, տևողությունը` երկար, իսկ Հայաստանը, ինչը նաև հաստատեց ֆինանսների նախարարը, այդքան ժամանակ չուներ:  Թե ինչու, դա այլ հարց է, միայն նշենք, որ նայած հանգամանքին, թե որտեղ են արժեթղթերը լիստինգ անցել, կարող են էականորեն նվազել դրանց նկատմամբ սպեկուլյատիվ ռիսկերը, քանի որ բարձր վարկանիշ ունեցող լիստինգ անողները արժեթղթերի հետ կապված ամեն տեսակի տեղեկատվությունը ժամանակին են տրամադրում, ինչը սպեկուլյացիայից պաշտպանվելու լավագույն տարբերակն է: Չնայած իռլանդական ընկերությունն էլ վատը չէ, բայց ավելի ցածր վստահելիություն ունի, քան Լոնդոնի ֆոնդային բորսան: Ամեն դեպքում, կապրենք` կտեսնենք:

 

Անանաս

ананасԲույսի անվանումն  առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակներ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն  աճեցվում են երկու կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Բույսը ճանաչված է  XVII դարի կեսերից:

Բնակարանային պայմաններում հիմնականում աճեցվում է  անանասի մի տեսակը: Դա հողին կպած բույս է, շատ կարճ ցողունով և կոշտ, ուղիղ տերևների վարդակով:   ‘Variegatus’ ձևի տերևները գծավոր,  կանաչա-կրեմագույն են և պայծառ լույսի տակ դառնում են վարդագույն: Ծաղկելուց հետո առաջանում է հյութալի, մսեղ, ոսկեդեղնավուն  պտուղ, որը հիշեցնում է “կոն”: Պտուղի ծայրին շարունակում է աճել հիմնական առանցքը և ձևավորվում է կարճ վերին ճյուղը`”սուլթանը”: Պտուղը հասունանում է 4,5-5 ամսում:

Խորհուրդ է տրվում բույսն աճեցնել հարավային և հարավարևմտյան պատուհաններին, ոչ ստվերոտ և լավ օդափոխվող սենյակներում:

Անանասի  A. comosus (L.) Merr. տեսակը  հասնում  է մինչև  1 մ. բարձ. և  ունենում է մինչև  2 մ տրամագիծ:

Լուսավորությունը.

Պայծառ լույս

Ջրելը.

Աճման շրջանում առատ ջրում են և ցողում, սնուցում` օրգանական և հանքանյութերով  պարարտանյութերով, իսկ աշնանից աստիճանաբար նվազեցնում են ջրելը:

Օդի խոնավությունը.

Չափավոր, իսկ աճի ժամանակ խորհուրդ է տրվում ցողել բույսը:

Խնամքը.

Գարնանն ու ամռանը 2-3 շաբաթը մեկ պարարտացնել:

Բազմացումը.

Գարնան կեսերից մինչև ամառվա կեսերը, ճյուղերով,  24С ջերմաստիճանում:

Բացի դրանից, անանասը կարելի է աճեցնել տանը, խանութից գնած անանասից: Դրա համար անհրաժեշտ է վերցնել հասած անանաս, զգուշորեն պտտեցնելով առանձնացնել տերևներով վերնամասը:  Վերին մասը թողնել չորանա օդափոխվող սենյակում 5 օր, ինչի շնորհիվ փակվում են անոթները և թույլ չեն տալիս զարգանալու տարբեր մանրէների: Հետո հեռացնել ներքևից 15-20 տերևիկներ, ավելի լավ կլինի մեկ-մեկ: Նրանք կառանձնանան պարույրաձև: Եթե տեսնեք տերևների արանքում փոքրիկ  կոճղիկներ, աշխատեք չվնասել: Եթե արդեն տերևիկները հեռացված են և կոճղը `մերկացած, վերին մասը թողեք ևս   2-3օր, բայց դա պարտադիր չէ: Ամենահաճախ պատահող խնդիրն այն է, որ   մինչ արմատներ տալը   կոճղը  փտում  է: Կարելի է վերին մասի վրա ածուխ լցնել (կարելի է նաև դեղատներում վաճառվող ակտիվացված ածուխը):

Հողի բաղադրությունը պետք է լինի այնպիսին, ինչպես բրոմելիաների համար է նախատեսված, նախընտրելի է  պլաստիկ  թաղարը: Անանասը լույսի կարիք ունի, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների: Հողը պետք է լինի խոնավ, բայց ոչ թաց: 6-8 շաբաթից անանասը պիտի արմատակալի, այդ ժամանակ նրան չպետք է պարարտացնել և շտապել, ընթացքը կարող է տևել 3 ամիս: Երբ ի հայտ կգան նոր`  բաց կանաչ տերևներ, անանասը կարելի տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ: Այդ ժամանակ անանասին անհրաժեշտ է ավելի  շատ լույս` 6-8 ժամ արևի ուղիղ ճառագայթներ:Հարկավոր է պարարտացնել ամիսը մեկ: Մեկ տարի հետո անանասը կունենա ուժեղ զարգացած արմատներ և նրան կարելի է նորից տեղափոխել:

Անհրաժեշտ է հիշել, որ անանասը խոնավասեր է, բայց լավ դրենաժի կարիք ունի:

Հնարավոր դժվարությունները

Ալրացող  որդը, տերևների ծայրերի չորանալը չոր օդով սենյակներում:

Լուսանկարներ

ananas-0001

Ananas comosus var

Սիրիայում պատերազմը դեռ չի ավարտվի

Դեռևս անցած ամիս, երբ համաշխարհային հանրությունը ակտիվորեն քննարկում էր` Արևմուտքի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական հարվածներ կհասվեն, թե ոչ, ակտիվ բանակցություններ էին ընթանում ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև: Ռուսաստանի առաջարկով Սիրիան պետք է սեղմ ժամկետներում միջազգային հանրության վերահսկողությանը հանձներ իր տրամադրության տակ եղած ամբողջ քիմիական զենքը և միանար Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը:

Սիրիան հաստատեց, որ մտադիր է համագործակցել այս խմբի հետ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից սիրիական քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները սեպտեմբերի 16-ին հրապարակեցին նախնական զեկույց, որում հաստատեցին, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում զարին գազ է օգտագործվել: Իսկ սեպտեմբերի 21-ին Սիրիան ռուս–ամերիկյան համաձայնության կատարման շրջանակում Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը փոխանցեց իր քիմիական զինանոցի ամբողջական նկարագիրը: 

Գերհզորները պայմանավորվել են Սիրիայի հարցում 

Սիրիա2Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման նպատակով էլ հոկտեմբերի 1-ից արդեն  Դամասկոս էր ժամանել զինաթափման գծով միջազգային փորձագետների խումբը` սկսելու Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքները: Սիրիայի տրամադրության տակ եղած բոլոր քիմիական նյութերը պետք է ոչնչացվեն մինչև  2014 թ. կեսը: Արդեն տեղեկատվություն կա, որ մեկ շաբաթվա աշխատանքների արդյունքում միջազգային փորձագետների խումբը որոշ քանակությամբ քիմիական զենք ոչնչացրել է: Այսինքն` Բաշար Ասադի կառավարությունը պահում է միջազգային հանրությանը տված իր խոստումները: Սա նշանակում է, որ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական ոտնձգությունները գոնե այս պահին բացառված են: Հոկտեմբերի 7-ին ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծման ռազմական սցենարների անընդունելիության մասով:

«Մենք պայմանավորվեցինք, որ կոնֆլիկտի լուծման ռազմական սցենարն անհնար ու անընդունելի է»,- ասել է Ջոն Քերրին:

Քերրիի խոսքով` սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծմանն ուղղված «Ժնև-2» կոնֆերանսը կանցնի նոյեմբերի երկրորդ շաբաթում: Կոնֆերանսի վերջնական ժամկետը կորոշի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, բայց մինչ այդ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ միջազգային կոնֆերանսը կանցկացվի նոյեմբերի երկրորդ շաբաթում:

Լավրովի խոսքով` Դամասկոսը հիանալի համագործակցում է քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվող միջազգային փորձագետների հետ:

Լավրովի և Քերրիի բանակցությունները տեղի են ունենում Ինդոնեզիայի Բալի կղզում` Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Վաշինգտոնն ու Մոսկվան հույս ունեն օգտվել այն միաձայնությունից, որ ձեռք է բերվել քիմիական զենքի հարցում: Նրանք մտադիր են հասնել Ժնևում նոր միջազգային խաղաղ համաժողովի գումարման:

«Ես չափազանց կարևոր եմ համարում այն, որ երեկ` կիրակի` ընդամենը մեկ շաբաթ անց բանաձևի ընդունումից, որոշ քիմիական զենք արդեն ոչնչացվել է: Եվ ես կարծում եմ, որ կան հիմքեր վստահելու Ասադի վարչակարգին, որը պատրաստակամությամբ կատարում է իր պարտավորությունները»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով` Սիրիայի իշխանություններն անթերի համագործակցում են միջազգային փորձագետների հետ. «Եվ ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է տասն օր առաջ, կիրագործվի բոլոր կողմերի, այդ թվում` Սիրիայի հարևան երկրների կողմից»:

Սա անթաքույց ակնարկ էր Թուրքիային ու Իսրայելին, որոնք սիրիական կոնֆլիկտում ոչ երկրորդական դեր ունեն ու աչքի են ընկնում իրենց ակնհայտ դժգոհությամբ Սիրիայի դեմ ռազմական էքսպանսիա սկսելու հարցի շուրջ ու պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնք չեն բխում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման տրամաբանությունից: 

Պատերազմում` ինչպես պատերազմում.

Սիրիա (1)Ու մինչ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դիվանագիտական ձեռքսեղմումներով ցույց են տալիս, որ ի վիճակի են գտնելու սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծման տարբերակը, Սիրիայում ապստամբների ու կառավարական ուժերի միջև զինված ընդհարումը շարունակվում է` ուղեկցվելով զոհերով: Միայն Սիրիայի հյուսիսում ընդդիմության արմատական իսլամիստական կազմակերպությունների զինյալների և քրդական աշխարհազորային ջոկատների միջև Խասեկե նահանգում տեղի ունեցած բախման հետևանքով հոկտեմբերի 5-ին զոհվել է 18 մարդ:  Նույն օրը Հալեպում ռմբակոծումների և բախումների հետևանքով զոհվել է ևս 115 մարդ, ինչպես հաղորդում է սիրիական Aksalser կայքը:

Ամեն ինչով ակնհայտ է, որ Բաշար Ասադի կառավարությունը շարժվում է ոչ թե միջազգային պայմանավորվածությունների տրամաբանությամբ, այլ Ռուսաստանի անմիջական ցուցումով: Նույնիսկ հենց ինքը` Բաշար Ասադը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե իր վարչակարգը քիմիական զենքի ոչնչացման հարցում համաձայնում է համագործակցությանը` հարգելով Ռուսաստանի ջանքերը:

Բայց արդեն հստակ ընդգծվում են նաև նրա հայտարարություններն ու արտահայտությունները դիվանագիտական խաղերի համատեքստում: Օրինակ` Սիրիայի նախագահը սիրիական կոնֆլիկտի գլխավոր «մեղավորներից» մեկն է համարում հենց ԱՄՆ-ին ու նրան ընդունում է որպես կոնֆլիկտի շահագրգիռ կողմ: Սակայն միևնույն ժամանակ գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում հոկտեմբերի 6-ին  հայտարարեց, որ Գերմանիան կարող էր միջնորդ հանդիսանալ իր երկրում 2011-ից շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործում: Ասադը նաև նշել է, որ ինքը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի ապստամբների հետ,  քանի դեռ նրանք վայր չեն դնի իրենց զենքերը:

Միաժամանակ Սիրիայի Ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ արդեն տեղական մակարդակով բանակցություններ են ընթանում մի քանի ընդդիմադիր խմբերի առաջնորդների և կառավարության ներկայացուցիչների միջև: Հայդարն ընդգծել է, որ խոսքն այն խմբերի մասին է, որոնք կապված չեն «Ալ Քաիդայի» հետ: Տրամաբանությունը հասկանալի է` Ասադը փորձում է ազդել ԱՄՆ-ի ժողովրդի տրամադրությունների վրա` նրանց ցույց տալով, որ սեփական երկրում ԱՄՆ-ի վերնախավը հայտարարում է, թե պայքարում է «Ալ Քաիդայի» դեմ, սակայն Սիրիայում համագործակցում է նրանց հետ: Իսկ Եվրոպայի դեմ, ըստ ամենայնի, Ասադը չի համագործակցել ու դրանով իսկ ապահովագրել ռազմական միջամտությունը նրանց կողմից ևս: Չէ՞ որ սիրիական խնդրի վերջին զարգացումների ժամանակ պարզ դարձավ, որ բացի ԱՄՆ-ից, կարևոր է շահել նաև Եվրոպայի աջակցությունը, որն ավելի կողմ էր Սիրիայի նկատմամբ ռազմական ներխուժում կիրառելուն, քան ԱՄՆ-ն, որի ղեկավարությունը կաշկանդված էր սեփական ժողովրդի դիրքորոշմամբ: Այս ամենը, սակայն, դեռ չի նշանակում, թե Սիրիայի հարցում ամեն ինչ լուծված է և մոտ ապագայում պատերազմը կդադարի: Սակայն լարվածության էական թուլացում, ինչ խոսք, նկատվում է:

Աջակցություն կցուցաբերվի ևս երեք հարյուր փոքր և միջին ձեռնարկատիրոջ

10757_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից: Դրա համաձայն ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի և/կամ կառավարվի կանանց կողմից: Պարտավորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխիքային դրամագլուխը համալրել երկու մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Դրամագլուխը ձևավորվել է 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով. այդ ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 428 գործող և 454 սկսնակ ՓՄՁ սուբյեկտի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկը նշանակում է, որ մարդիկ կարող են հայտեր ներկայացնել և դրանց հիման վրա օգտվել վարկային միջոցներից: «Այժմ մենք տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ ենք տրամադրում Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին,- հավելել է վարչապետը: – Դա նշանակում է, որ բիզնեսը պետք է իմանա, որպեսզի բիզնես ծրագրեր մշակի, օգտվի այդ գրանտային տարրից: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առևտրային վարկային ռեսուրներ, որոնցից օգտվող չունենք: Սրան պետք է ուշադրություն դարձնել: Մենք եվրոբոնդերից ստացված գումարի մի մասը տալու ենք Կենտրոնական բանկին՝ վարկային միջոցներով բանկերի ֆինանսական ռեզերվներն ավելացնելու համար: Հիմա փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար Ասիական բանկից ենք վարկ վերցնում: Բայց այնպես պետք է անենք, որ պահանջարկն էլ հետևից հասցնի: Ես խնդրում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը զանգվածային լրատվական միջոցներին մանրամասն բացատրություն տա, կոնկրետ օրինակներով ցույց տա այն գրասենյակները, ուր նրանք կարող են դիմել և օգնություն ստանալ: Հեռուստատեսությամբ պետք է երևա, թե այդ կենտրոններն ինչպես են օգնում մարդկանց մշակել բիզնես ծրագրեր, որպեսզի ամեն ինչ հասանելի լինի մեր բնակչությանը, հակառակ դեպքում այս ծրագրերն արդյունավետ չեն կարող լինել»:

Գործադիրը «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով` մինչև 2013 թ. հոկտեմբերի 30-ը: Ընկերությունը վերազինում է ձուլման արտադրամասը` այն վերապրոֆիլավորելով ամրանների արտադրություն կազմակերպելու համար: Իրականացվելու է ավելի քան 8.5 մլրդ դրամի ներդրում, մինչև տարեվերջ ավարտվելու է վերազինումը, որի արդյունքում կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ:

Կառավարության որոշմամբ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում: Ներդրումային ծրագրով կառուցվող հանքաքարի հարստացման և խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015 թ., տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար: Նաև նախատեսվում է շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Լուծվում են կրթության ոլորտի հրատապ հարցերը

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ: Անդրադառնալով հարցին` վարչապետն ասել է. «Փաստորեն մենք առաջին անգամ ներդնում ենք այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը: Երկու տարի հետո մասնավոր ընկերությունները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել գնահատմանը: Նախարարությունը պետք է վերահսկի, որ գործընթացն օբյեկտիվ լինի. մեծ աժիոտաժ է լինելու: Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին: Այդ բարեփոխմանը ևս մենք պետք է անդրադառնանք»:

Հաջորդ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է ավելի քան 137 մլն դրամ, որից ավելի քան 107 միլիոնը` «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» մասնաճյուղն անհրաժեշտ գույքով ու սարքավորումով ապահովելու, 30 միլիոնը` «Աուտիզմի ազգային հիմնադրամին» ամրացված մասնաշենքի նորոգման նպատակով:

Նախարարությանը հատկացված ևս մոտ 51 մլն դրամի մոտ 31 միլիոնն ուղղվելու է «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի նորոգմանը, 10 մլն դրամը` Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94, 10 մլն դրամը` Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոցների շենքերի տանիքների նորոգմանը:

Հաջորդ որոշմամբ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 70 մլն դրամ` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Նշված գումարից 10 մլն դրամը նախատեսված է սիրիահայ երիտասարդների ուսման վարձը վճարելու համար: Հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարը տեղեկացրել է, որ պետության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերով մեր երկրում կրթություն է ստանում շուրջ 10 հազար երիտասարդ:

Գազիֆիկացվում են Մեղրին և Ագարակը

ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:

Կառավարությունը որոշում է ընդունել «Վարկային համաձայնագրերով ձեռք բերված ակտիվների ամրացման և «ԵրևանՋուր»» ՓԲԸ-ին վարձակալության հանձնված և հանձնվող գույքի մասին». փաստաթուղթը հնարավորություն կտա հաշվապահական միջազգային չափորոշիչների համաձայն հաշվառել վարկային միջոցներով ձեռք բերված պետգույքը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը գրասենյակային գույքով, սարքավորումներով, համակարգչի մասերով, կենցաղային ապրանքներով ապահովելու նպատակով նախարարությանը հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Մոտ 11.5 մլն դրամ է տրամադրվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի նորացումը և արդիականացումը, համակարգչային ցանցի համալրումն ու անխափան շահագործումն ապահովելու, գրասենյակային գույքը համալրելու, ինչպես նաև աշխատակիցների աշխատաժամանակի հաշվառման համակարգ տեղադրելու համար:

Տեսողությունից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց աջակցության նպատակով գործադիրը որոշել է նրանց զբաղվածությունն ապահովել «Արև» համակարգի միջոցով:

 Հստակեցվում է սպասարկման գրասենյակների գործառույթը

ՀՀ կառավարությունը հաստատել է`

– իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացման կարգը,

– իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգի փոփոխությունը, որով հստակեցվում է այդ գործընթացը,

– ՀՀ արտաքին գործերի նախարարության «Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջազգային փառատոն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը. մեծանուն երգիչ-բանաստեղծի անունն ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. օրացույցում, նրան նվիրված միջոցառումները շարունակվում են,

– Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող հողի հարկից և գույքահարկից ազատվող շենքերի և շինությունների ցանկերը հաստատելու որոշման փոփոխությունը, որով Արագածոտնի մարզի ցանկին ավելանում են մյուս մարզերի և Երևան քաղաքի ցանկերը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ոչ մետաղական հանքանյութի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին, որի գործադրմամբ կբարձանա ոլորտի արդյունավետությունը, կխթանվեն ներդրումները:

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կկրճատվեն էլեկտրական էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման արտոնագրի, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող շենք-շինությունների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, հողամասերի օտարումը կիրականացվի ուղղակի վաճառքով:

Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Գործադիրը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը: Նրանք առաջարկում են կոնտակտային ոսպնյակների, օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը դարձնել արտոնագրվող գործունեություն, ինչը չի բխում կառավարության որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված է արտոնագրման ընթացակարգի պարզեցմանը: Կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը լրացուցիչ հիմնավորման ու լրամշակման կարիք ունի և այս տեսքով քննարկման ենթակա չէ:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը: Հիշեցնելով, որ 2014 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև զինվորական կենսաթոշակը, կառավարությունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ եկող տարվանից ներդրվելու է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատավարձի հաշվարկման միասնական համակարգ` վերանայելով նաև զինվորական կենսաթոշակի հաշվարկման կարգը, ինչը հնարավորություն կտա այս բնագավառում վարել էլ ավելի թիրախավորված քաղաքականություն: Ի մի բերելով այս և մի քանի այլ հիմնավորում` կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Գործադիրը դեմ է արտահայտվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Այլ հարցեր

Գործադիրն ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի զեկուցումը ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (18.07.2013 – 30.09.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն 31 կետը կամ 100 տոկոսը հոկտեմբերի 9-ի դրությամբ կատարվել է: 31 կետից մեկն իրականացվել է 9 օր ուշացումով:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ներկայացուցչության իրավական կարգավիճակի համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինսուլինակախյալ հիվանդների` անվճար դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ և անխափան ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2013-2019 թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից:

Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել բեղմնավոր աշխատանք:

Տնական «Թվիքս»

twixՊատրաստվում է հեշտ ու արագ, արդյունքը` գերազանց:

Բաղադրությունը

Խմորի համար`

ալյուր 150 գ

կարագ (լավ սառը) 80 գ

շաքարափոշի` 50 գ

դեղնուց 1,2 հատ

թթվասեր` 1-2 ճ/գդալ

մի պտղունց աղ:

Կարամելի համար`

1-1,5 բանկա խտ. կաթ

15 գ կարագ

կաթնային շոկոլադ` 200-250 գ (կարելի է նաև մի մասը դառը շոկոլադով փոխարինել)

Պատրաստման եղանակը

Ալյուրն ու աղը մաղել թասի մեջ, ավելացնել շաքարափոշին ու կտրատած կարագը: Հարել (կարելի է նույնը դանակով անել) այնքան, որ խոշորահատիկ զանգված ստացվի: Ավելացնել դեղնուցն ու խառնել: Ապա լցնել թթվասերը ու կրկին խառնել. պետք է ստացվի թանձր հատիկավոր զանգված, որը, ի դեպ,  կպչուն է (եթե բավարար կպչունություն չունի, մի փոքր թթվասեր կարելի է  ավելացնել):

Ստացված փխրուն խմորը տարածել տապակի վրա փռված կալկայի վրա,   պատառաքաղով ծակծկել ու դնել սառնարանը 20-30 րոպեով: Ապա փուռը տաքացնել մինչև 1800 C: Տապակը հանել սառնարանից ու դնել տաք փռի մեջ և թխել 20 րոպե, մինչև թեթև վարդագունելը:

Կարամել

Հաստ տակ ունեցող պողպատյա թասի մեջ լցնել խտ.կաթը, ավելացնել մի փոքր կարագ, ու դնել մարմանդ կրակին, եփել անընդհատ փայտե գդալով խառնելով ` 20-35 րոպե (պատրաստման ժամանակը կախված է կաթսայի հաստությունից): Եփի ընթացքում  կաթը թանձրանում ու կարամելի երանգ է ստանում: Կրակից վերցնելուց անմիջապես հետո այն սկսում է սառչելուն զուգընթաց պնդանալ (սառած վիճակում իրիս է հիշեցնում):

Եթե եփը երկարի` չափազանց կպնդանա, իսկ եթե քիչ լինի, ապա կհոսի խմորի կողերից: Պատրաստ կարամելն իսկույն տարածում եք թխվածքաշերտի վրա հավասարաչափ:

Շոկոլադը հալեցնելու համար այն պետք է մանրացնել ու լցնել չոր կաթսայի մեջ (50 գ  դնել մի կողմ): Շոկոլադով թասը դնել եռման ջրով կաթսայի մեջ ու այնքան թողնել, որ ամբողջությամբ հալչի, ապա ավելացնել մի կողմ դրած 50 գ-ն ու խառնել այնքան, որ դա էլ հալչի: Թասը զգուշորեն հանել ջրով կաթսայից, որ մեջը ջուր չլցվի, ապա ամբողջ պարունակությունը լցնել թխվածքաշերտի վրա, հավասարաչափ տարածել և տապակը կրկին դնել սառնարանը 2-4 ժամով, լավ սառեցնել: Պատրաստի թխվածքը շերտերով կտրատել ու մատուցել թեյի, սուրճի, կակաոյի հետ:

 

Ես հպարտ եմ, որ հայ եմ. «Հոշանայի վերջին խոսքը» գրքի հեղինակԱհմեդ Աբաքայ

ahmed   Վերջերս Թուրքիայի Ժամանակակաից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքայը, գրքի վերածելով իր մոր՝ 82-ամյա Հոշանայի կյանքի պատմությունը, ընթերցողներին ներկայացրեց «Հոշանայի վերջին խոսքը» վերնագրով գիրքը: Գրողը փորձել է ներկայացնել Հայոց ցեղասպանության տարիներին իսլամացված մոր պատմությունը, որը ամբողջ կյանքի ընթացքում զավակներից ու թոռներից թաքցրել է իր հայկական ծագումը:

Ահմեդ Աբաքայը գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին պատմել է, թե ինչպիսի արձագանքներ է ստացել ընտանեկան պատմության հրապարակումից հետո: Մտերիմները հետաքրքրվել են, թե ինչու է Ահմեդը այսքան տարի անց որոշել բացահայտել մոր հայկական ինքնությունը: «Մի պահ զգացմունքներիս տուրք տվեցի՝ որոշելով դադար տալ: Մտածում էին, արդյո՞ք անհանգստություն կպատճառեմ շրջապատիս»,-նշել է հեղինակը:

Այնուհանդերձ գրքի լույսընծայումից հետո գրողին չի հաջողվել խուսափել հարազատների սուր քննադատությունից: «Ինձ զանգահարեցին հարազատ քեռուս երեխաները: Ասացին, թե գրքից պետք է հանեմ «հայ» բառը և «հայ» չանվանեմ իրենց հորաքրոջը, այլապես նրանք հավաքել կտան բոլոր գրքերը: Եթե իմ բարեկամները նույնիսկ այսօր նման վերաբերմունք են ցուցաբերում, ապա միանգամայն բնական է, որ Հոշանան այսքան տարի վախով է ապրել»,-պատմում է Ահմեդը:

Ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված ևս մեկ հայ կնոջ պատմությունը թուրք հասարակությանը ներկայացրած գրողը պատմել է նաև, որ գտնել է մոր անվան ստուգաբանությունը: Պարզվել է, որ «Հոշ Անա» հայկական անունը նշանակում է «սրբազան գիշեր, երբ ընդունվում են աղոթքները»: Հետաքրքրական է, որ մոր հայկական ծագման մասին իմանալուց հետո Ահմեդ Աբաքայը չի փոխել իր վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ: «Հայկական ինքնության բացահայտումը ամենևին էլ հեշտ չէ, քանի որ մեզանում դեռևս հաշվեհարդարի մշակույթ կա: Իմ գաղափարներում փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես  հետաքրքրասիրությունից դրդված ուսունասիրություններ անելու կարիք եմ զգացել: Հայ լինելը ինձ համար պատիվ է: Ես այն եմ, ինչ կամ: Այս պատմությունը ինձ վրա միայն զգացական ազդեցություն թողեց, այն, թե վախը ինչ աստիճանի է համակել մարդկանց: Գիրքը գրելիս զգացմունքային առումով շատ դժվարություններ ապրեցի: Որոշ հատվածներ արտասվելով եմ շարադրել»,-անկեղծացել է «նոր հայ» Ահմեդ Աբաքայը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ

defaultՖրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը

Դեռ միջնադարից` առանձին հայկական զորամասեր օտար բանակների կազմում բազում ճակատամարտերի են մասնակցել և փառավորել հայոց բազկի ուժը: Բյուզանդական կայսրության մեջ ամենամարտունակը համարվում էին Արմենիակների բանակաթեմի զորքերը, որոնք բացառապես հայերից էին կազմված: Հետագայում հայոց զինուժը տիրապետող էր Եգիպտոսում, մոնղոլներն իրենց նվաճումների ժամանակ պարբերաբար դիմում էին հայոց բանակի զինակցությանը: Եվրոպայում էլ փառաբանվել է հայոց բանակը: Բուլղարիայում հենց հայոց գնդերը արքայական գահ բարձրացրին Կամսարականների տոհմից քաջ Սամուել Կոմսաձագին: Վալախիայում և Մոլդովայում հայ քաջարի զորավարները հայկական գնդերով էին մասնակցում հակաթուրքական պայքարին: Անգամ Գրյունվալդի ճակատամարտում խաչակիր նվաճողների ջախջախմանը մասնակցեցին հայոց զորաջոկատներ:

nubar pasha21-1Այս շարքում, սակայն, առանձնահատուկ է Հայկական (Արևելյան) լեգեոնի դերակատարությունը ֆրանսիական բանակի կազմում: Առանձնահատուկ է, քանզի Հայկական լեգեոնը կազմավորվեց հենց Հայաստանի ազատագրման նպատակով և լիովին կանոնավոր բանակ էր:

Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դեմ պատերազմող Ֆրանսիան առանձնահատուկ շահեր էր հետապնդում Պաղեստինում և Կիլիկիայում: Հայությունը, ձգտելով ազատագրվել թուրքական լծից, ամեն կերպ աջակցում էր հակաթուրքական ուժերին: Թվում էր` Թուրքիան փլուզման եզրին է և հայության իղձերի իրականացումը մոտ է:

Հայրենիքի ազատագրման պայքարին նպաստելու նպատակով Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան 1916 թ. հոկտեմբերին Լոնդոնում հանդիպում է Ֆրանսիայի և Անգլիայի ղեկավարների` Ժորժ Պիկոյի և Մարկ Սայքսի հետ, որոնց առաջարկում է Անտանտի զորաբանակների մեջ ստեղծել առանձին հայկական զորամիավորումներ. պայմանով, որ նրանք պետք է կռվեն բացառապես պատմական Հայաստանի տարածքում: Առաջարկը հետաքրքրում է Ժորժ Պիկոյին, և նա Պողոս Նուբարի հետ երկարատև քննարկումից հետո գալիս է համաձայնության, այն է` ֆրանսիական բանակի կազմում կազմավորվում է հայկական զորամիավորում, որը պետք է պատերազմի բացառապես Թուրքիայի դեմ: Պատերազմի հաղթական ավարտից հետո Ֆրանսիան պարտավորվում է իր հովանու ներքո ինքնավարություն տալ հայկական Կիլիկիային, իսկ Հայկական լեգեոնը հետագայում պետք է կազմեր Կիլիկիայի հանրապետության բանակի կորիզը:

Հայկական լեգեոնի կազմավորման աշխատանքները պիտի իրականացներ Եգիպտոսի Հայ ազգային միությունը` ֆրանսիացի գնդապետ Ռոմիոյի հսկողությամբ: Լեգեոնում կարող էին զինվորագրվել միայն հայեր և արաբներ, հրամանատարական կազմը պետք է համալրվեր ֆրանսիացիներից և թուրքական բանակում ծառայած հայ սպաներից:

Արդեն 1916 թ. նոյեմբերի  16-ին Ֆրանսիայի կառավարության հրամանագրով ստեղծվում է Հայկական լեգեոնը, որի  պաշտոնական անվանումը «Արևելյան լեգեոն» էր:

Հայկական լեգեոնի ստեղծումը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն եգիպտահայության և Կիլիկիայի հայության շրջանում, այլև հեռավոր սփյուռքում:

Ի դեմս Հայկական լեգեոնի` հայությունը տեսնում էր ապագա Կիլիկյան Հայաստանի բանակը, բացի այդ, սա եզակի գործնական քայլ էր հայության դաշնակիցների կողմից հայության իղձերն ի կատար ածելու ուղղությամբ:

Հազարավոր մարդիկ ցանկություն հայտնեցին զինվորագրվել լեգեոնին: Սակայն ընտրությունը խիստ էր անցկացվում: Հայության բոլոր ուժերը միահամուռ գործի անցան:

Շուտով արդեն համալրվեց առաջին վաշտը 600 մարտիկներով, հիմնականում` մուսալեռցիներով, թուքական բանակում ծառայած և գերված հայ զինվորականներով, եգիպտահայերով: Նրանում զինվորագրվեց նաև Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարներից Եսայի Յաղուբյանը:

1917 թ. ամռանը 1200 ամերիկահայ կամավորներ ձևավորեցին Հայկական լեգեոնի երկրորդ վաշտը:

1918 թ. լեգեոնում արդեն հաշվվում էր ավելի քան 5662 զինվորական, որոնցից արաբ էին 500-ը, մնացածը` հայեր: Լեգեոնի նախնական տեղակայման վայրը Կիպրոս կղզին էր, որտեղ հավաքագրվում էին զինվորները, հանդերձավորվում, պարենավորվում, զինվում, այստեղ էին անցկացվում դաշտային պարապմունքները:

1918 թ. մայիսին լեգեոնը տեղափոխվում է Պաղեստին, ուր Պաղեստինի ընդհանուր ճակատի հրամանատար Ալենբիի ղեկավարությամբ պետք է ստանար մարտական մկրտությունը:

1918 թ. սեպտեմբերին Պաղեստինում անգլո-ֆրանսիական ուժերն ընդհանուր ճակատով հարձակման անցան: Թեժ մարտեր էին ընթանում հատկապես իր անառիկությամբ աչքի ընկնող Արարա լեռան մատույցներում: Մինչ այդ անգլիական բանակի բազմաթիվ գրոհներ թուրքերը հաջողությամբ հետ էին մղել` օգտագործելով տեղանքի հարմարությունները:

Հայկական լեգեոնի առջև դրված էր հենց Արարայի բարձունքները գրավելու խնդիրը: Ի դեպ, չգիտես ինչու, այս դիրքերում պաշտպանվող թշնամին թվային առավելություն ուներ: Գրոհող 600 հայ զինվորների դեմ Արարայի բարձունքները պաշտպանում էր 1600 զինվորից բաղկացած զորաբանակ, որից 600-ը գերմանական բանակի զինվորներ էին: Այս զորաբանակը մինչ այդ հաջողությամբ հետ էր մղել անգլիական 3000-անոց զորաբանակի հարձակումը:

Արարայի բարձունքները շատ կարևոր էին ռազմաճակատի համար: Դրանք դուռ էին բացում դեպի Պաղեստին և գրավելով Արարան` կբեկվեր պատերազմի ընթացքը: Ահա այս դժվարին առաքելությունը պիտի իրագործեր հայկական լեգեոնը:

Սակայն ցասումը, վրեժի ծարավը հայ հերոսներին գրոհի տարավ: Տալով ընդամենը 23 զոհ և 76 վիրավոր` հայկական լեգեոնը գրավեց Արարայի բարձունքները: Գերմանական մարշալ Լիման ֆոն Սանդերսի «Իլդիրիմ» («Կայծակ») բանակը չդիմացավ հայոց ցասման հարվածներին:

Արարայի հաղթանակը մեծ փառք բերեց Հայկական լեգեոնին: Նրան վերապահվեց Բեյրութի ազատագրման պատիվը, ինչը հայ մարտիկները պատվով ու ոգևորությամբ կատարեցին:

1918 թ. աշունը շատ առումներով բեկումնային եղավ պատերազմում: Հայկական լեգեոնը կենտրոնացավ Կիլիկիայի շուրջ` նպատակ ունենալով ներխուժել և ազատագրել Կիլիկիան: Մասնավորապես, հայկական զորաբանակի մի ստվար մասը կենտրոնանում է Ալեքսանդրեթի (Իսոսի) մատույցներում, մյուս մասը` Մերսինում:

1918 թ. դեկտեմբերի 17-ին եկավ բաղձալի պահը, և Հայկական լեգեոնը հարձակման անցնելով` մուտք գործեց Կիլիկիա: Մինչև 1919 թ. մայիսի վերջը Հայկական լեգեոնը համառ մարտերով, ստանալով ազգաբնակչության աջակցությունը, ազատագրեց Կիլիկիան թուրքերից: Թվում էր` հայության իղձերի իրականացումը շատ մոտ է: Կիլիկիա վերադարձան տասնյակհազարավոր հայեր: Կիլիկիո շեներն ու քաղաքները դարձյալ սկսեցին ծխալ, ծաղկել: Հայ քաղաքական ուժերը միասնաբար Կիլիկիո ինքնավարության ուղիներն էին քննարկում:

Փառքով ազատագրելով Կիլիկիան` Հայկական լեգեոնը ոչ միայն ջախջախեց ու քշեց թուրքական զորամիավորումները երկրից, այլև հայոց ջարդերի վրեժնառավ թուրքերից: Հայոց զենքի ցասումից ահաբեկված` շատ թուրքական բնակավայրեր դատարկվեցին: Թշնամին ահաբեկված փախուստի դիմեց:

Սակայն Ֆրանսիան իր առանձին ծրագրերն ուներ: Իր դաշնակիցներից (հիմնականում` Անգլիայից) առանձին ու թաքուն Ֆրանսիան հարաբերություններ սկսեց Թուրքիայի հետ. հաշտություն կնքեց Թուրքիայի հետ և պարտավորվեց ոչ միայն Կիլիկիան ծախել հայի դարավոր ոսոխին, այլև իր նահանջից առաջ զինաթափել Հայկական լեգեոնը` հայության վերջին պահապանն ու հույսը:

1920 թ. օգոստոսի 19-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես լուծարեց Հայկական լեգեոնը, իսկ 1921 թ. դեկտեմբերին ֆրանսիական հրամանատարությունը զինաթափեց այն: Զինաթափվեցին նաև պաշարված Հաճընին ու հայոց այլ բնակավայրներին օգնության փութացող զորամիավորումները: Ֆրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարդիկ ժպտալու ժամանակ չունեն, բայց այդ հրաշալի օրը կգա

imagesԱբել Աբելյանը ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1996-2001 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի, այնուհետև Թատերարվեստի ռուսական ակադեմիայի դերասանական բաժնում: 2001-ից աշխատել է Մոսկվայի TV6 հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, 2003 թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Հայտնի պատմություններ» հաղորդաշարը, 2005 թ. ,Հ2 հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը, 2006 թ. եղել է «Ար» հեռուստաընկերության «Փոքր քաղաքի մեծ մարդիկ», «Ծանոթանանք, Երևան» հաղորդաշարերի վարողն ու ռեժիսորը: Նկարահանվել է «Չգրված օրենք», «Սրիկաները», «Խավարման օրը», «Մոնարխ», «Դիպուկահար» ֆիլմերում, նաև «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» հեռուստասերիալներում: 2007 թ. հիմնադրել է «Քասթինգի դպրոցը»` հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը, իսկ 2011-ից «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»:

–        Ինչո՞ւ Աբել Աբելյան:

–        Պապիկիս անունը եղել է Աբել Չալաբյան: Բայց, քանի որ նա երիտասարդ ժամանակ երգիչ է եղել, որոշել է իր համար բեմական ազգանուն ընտրել՝ Աբելյան: Եվ այդպես այն փոխանցվել է ինձ:

–        Իսկ ինչո՞ւ հենց դերասան և ռեժիսոր:

– Մայրս ռեժիսոր էր, հայրս՝ դերասան, իսկ ես բեմում էի մեծացել. խաղում էի բոլոր ներկայացումներն ու լավ գիտեի բնագավառի մթնոլորտը: Մայրս ինձ բանակից ազատելու համար ընդունեց թատերական ինստիտուտ, սակայն ես ավելի շատ ցանկանում էի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվել, ինչը, ցավոք, չստացվեց միավորները չբավականացնելու պատճառով: Թատերական հեշտությամբ ընդունվեցի, քանի որ մայրս այնտեղ էր դասավանդում և շատերն ինձ դեռ փոքրուց գիտեին: Առաջին երկու տարին չէի հասկանում՝ ինչ եմ ուզում, չէի սովորում և ավելի շատ կռիվների մեջ էի: Բայց  մեկ տարի անց մայրս իմ առջև հարց դրեց` կա՛մ սովորիր, կա՛մ գնա բանակ: Ես էլ սկսեցի լավ սովորել:

–        Չփնովելով հեռուստասերիալները՝ այնուամենայնիվ ի՞նչ եք մտածում, իրականում ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք:

images (3)–           Սերիալը կա՛մ պետք է լինի ցերեկային ժամերին, տնային տնտեսուհիների համար, կամ լինի մոտ 20-30 սերիա, այնուհետև աստիճանաբար նվազի՝ հասնելով մինչև 4-5 սերիայի, հետո՝ 3-2, ոչ թե շատանա: Փորձը ցույց է տալիս, որ սպառվում է թե՛ հեռուստադիտողը, թե՛ սցենարիստը, չէ՞ որ ամեն օր չես կարող ստեղծագործել, այն էլ` որակով: Դա ծննդաբերության պես մի բան է:

–        Կարծիք կա, որ սերիալներ նկարելու համար ավելի շատ գումար է ներդրվում, քան միջազգային մակարդակի ֆիլմերի:

–           Եթե համեմատենք համաշխարհային կամ նույնիսկ Վրաստանի կինոյի հետ, որտեղ թանկության պատճառով սերիալներ քիչ են նկարվում, մեզ մոտ կինոարտադրության այդ ճյուղի վրա կոպեկներ են ծախսվում: Այսօր կրճատվել է նաև դերասանների աշխատավարձը: Գործարարները կարող են նպաստել այդ ոլորտի զարգացմանը:

–        Բայց նրանք ունե՞ն այդ ցանկությունը:

– Ավելի շատ ստեղծագործողների շրջանում է նկատվում: Այսօր մեր հայրենակիցներից շատերը կարողանում են նույնիսկ փոքր բյուջեով ֆիլմեր նկարել: Կարևորն այն է, որ մարդիկ չեն հիասթափվել, և կարծում եմ՝ կգա մի օր, երբ պետական աջակցությունն ավելի շատ կլինի:

–        Երեք բառով նկարագրեք Ձեր անձը:

–           Ոչ վատ մարդ:

–        Ոչ վատ մարդ, որը հիմնել է սեփական կրթական ստուդիան: Ի՞նչ առանձնահատկություն ունի այն մյուս դպրոցների համեմատ:

– Առաջինը «Քասթինգի դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնն է եղել, հետո բացվեց առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, և լուրեր տարածվեցին, թե ո՞վ է ասել, որ դա առաջին ստուդիան է: Բացատրեմ. առաջին, որովհետև երբ մեր ստուդիան հիմնվում էր (2008 թ. հաղորդավարական, 2011 թ.՝ դերասանական), այդ ժամանակ նման բան չկար և՛ ՀՀ-ում,  և՛ Անդրկովկասում (8-9 առարկա՝ սուսերամարտ, կասկադիորական արվեստ, վոկալ, դերասանական վարպետություն, բեմական խոսք և այլն, գումարած` լուրջ տեխնիկա): Եվ պրոֆեսիոնալ, որովհետև այս հաստատությունում դասավանդում են միայն արհեստավարժ և հայտնի մասնագետներ: Շուտով նոր նախագիծ ենք սկսում, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել: Մեկ տարվա ընթացքում, բացի տեսականից, լինելու է հեռուստառեժիսուրայի, օպերատորական արվեստի և մոնտաժի միասնական գործնական դասընթաց:

–        Այսինքն՝ կադրեր են պատրաստվելու: Բայց արդյոք աշխատատեղերի դռները բա՞ց են այդ երիտասարդների համար:

–           Սա հենց բարդ հիմնահարցերից է: Խորհրդային ժամանակներում պետական հաստատությունները պարտավորված էին շրջանավարտներին աշխատանքի տեղավորել: Ընդունում էին այնքան թվով ուսանողներ, որքան անհրաժեշտ էր աշխատաշուկային, որովհետև նաև մարզեր էին ուղարկում: Իսկ այսօր պատկերն այլ է: Մենք մեր սաներին չենք խոստանում, որ աշխատանքի ենք տեղավորելու: Այդուհանդերձ, փառք աստծո, մեր սաների 20-22 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:

–        XXI դարն արագության և կատաղի մրցակցության դար է: Ինչպե՞ս կարող է շրջանավարտը ոլորտ մտնել:

–           Ոլորտում ներգրավվելու համար անհրաժեշտ է շատ ու շատ համառություն: Հիշում եմ, թե ինչպես էի փորձում մտնել հեռուստատեսություն: Լուրջ նախագծեր էի ներկայացնում, բայց դռները փակում էին, ժամադրում էին, բայց խույս էին տալիս:  Իսկ այսօր նույն մարդիկ իրենք են ինձ խնդրում համագործակցել իրենց հետ, սակայն մերժում եմ:

–        Որքա՞ն ժամանակ պահանջվեց հեռուստաոլորտում կայանալու համար:

– Մոտավորապես 10 տարի: Եվ հաջողվեց միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ էի այդ ոլորտի համար: Կարծում եմ՝ եթե հեշտ և արագ ստացվեր, արդյունք չէի տեսնի: Մինչդեռ այդ նահանջի, վայրէջքների ընթացքում վերանայում էի սխալներս:

–        Միայն համառությունը բավարա՞ր է:

–           Համառության հետ պետք է նաև սովորես և գնաս առաջ: Եվ չպետք է սպասես, որ քեզ փնտրեն: Բայց արի ու տես` կան մարդիկ, որոնք առանց պայքարելու շատ արագ հասնում են հաջողության:

–        Նկարահանվել եք բազմաթիվ ֆիլմերում, հեռուստասերիալներում, բայց քանի՞ ֆիլմ եք նկարել:

–           Նկարել եմ Հայաստանի մասին մեկ վավերագրական ֆիլմ, որը գլուխգործոց չէր, բայց շնորհիվ դասական մոտեցման՝ Վրաստանում արժանացավ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակի:

–        Նոր ծրագրե՞ր…

– Նոր ֆիլմ ենք նկարելու, որի սցենարը դեռ ընթացքի մեջ է: Տեսնենք՝ ինչ կստացվի:

–           Համաձա՞յն եք, որ մեզ մոտ լավ սցենարիստների պակաս կա:

–           Այո, լավ մասնագետները քիչ են: Գուցե նրանից է, որ ժամանակին լուրջ սցենարիստական դպրոց չենք ունեցել:

–       Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց…

–         Բացի մարդկային ջերմությունից: Շփումն է պակասում: Սոցկայքերը լուրջ ձեռքբերումներ են, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ սառել են, նրանց մեջ անտարբերություն կա, ինչը մեր մտածելակերպին այնքան էլ հատուկ չէ:

–           Ինչպիսի՞ն ես տեսնում Հայաստանը 10 տարի հետո:

–           Պայծառ, եթե իհարկե օգտագործենք մեր հզոր ներուժը, չնեղանանք և չլքենք երկիրը: Ես էլ եմ երբեմն ցանկացել հեռանալ հայրենիքից, բայց համբերել եմ: Շատ կուզենայի, որ մոտ ապագայում մեր երկիրը բարգավաճի և մարդկանց դեմքին առողջ ժպիտ հայտնվի: Այսօր խնդիրներն այնքան շատ են և խորը, որ ժամանակ չի էլ մնում ժպտալու: Մի դեպք հիշեցի: Մի անգամ մի մուրացիկի մեծ գումար տվեցի, բայց նա, ի զարմանս ինձ, չուրախացավ: Նրա խնդիրներն այնքան շատ էին, որ այդ գումարը դրանք չէր կարող լուծել: Մենք, քաղաքացիներս, պետք է չհիասթափվենք, նաև թույլ չտանք, որ ուրիշներին էլ հիասթափեցնեն: Հավատում եմ, որ շուտով մի լույս կբացվի, կլուծվեն մեր երկրի առջև դրված խնդիրներն ու մարդիկ նորից կժպտան:

Զրույցը վարեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ

Սոսկ տեսական հնարավորություններ

Bulgaria Armenia Soccer WCupՖուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Բուլղարիայի հավաքականի հետ: Վերջինս 13 միավորով (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն) աղյուսակում 2-րդ տեղում է: Բուլղարացիների համար այս հանդիպումը ոսկու գին ունի: Ի տարբերություն մերոնց, նրանք իրատեսական հնարավորություններ ունեն խմբում 2-րդ տեղը գրավելու և աշխարհի առաջնության  եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճելու համար: Բայց մեր երկրում բուլղարացիներին լուրջ փորձություն է սպասում:

Բանն այն է, որ Հայաստանի թիմը 2012-ի սեպտեմբերին Բուլղարիայի հավաքականին նրա դաշտում պարտվել էր 0:1 հաշվով: Ինչ խոսք, դա ցավալի էր, սակայն մի հանգամանք էլ կա, որ մարտականորեն տրամադրվելու առիթ է տալիս: Բուլղարացի ֆուտբոլիստները, հաղթանակի տենչով, անցանկալի կոշտ պայքարի դիմեցին, նաև տուրուդմբոց սարքեցին` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Եվ, ի վերջո, հասան իրենց նպատակին: Այնպես որ, բարեկամական տրամադրվածության նշույլ անգամ չկար: Այն դեպքում, երբ հայ ֆուտբոլասերները խաղադաշտ էին ներկայացել պաստառներով, որոնց վրա Անդրանիկի անունն էր, և հիշվում էր, որ հայ ազգային հերոսը կռվել է նաև  բուլղարացիների համար:

Ինչևէ,  մեր երկրի ֆուտբոլասերները որոշել են համարժեք պատասխան տալ. ոչ միայն Հայաստանի հավաքականին բուռն աջակցել տրիբունաներից, այլև համապատասխան վերաբերմունք դրսևորել մեր երկրի օդանավակայան եկած բուլղարացի ֆուտբոլիստների և նրանց երկրպագուների նկատմամբ:

Հոկտեմբերի 15-ին էլ մեր ընտրանին արտագնա խաղ կանցկացնի խմբի առաջատար Իտալիայի հավաքականի հետ: Իտալացի ֆուտբոլիստներն անցկացրած 8 խաղից 6-ում հաղթել են, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և չեն կրել ոչ մի պարտություն: Վաստակած 20 միավորով նրանք իրենց համար ապահովել են խմբից դուրս գալու առաջադրանքը և արժանացել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող ուղեգրի: Այդ է պատճառը, որ 9 միավորով այժմ նախավերջին` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները, որոնք 3 հաղթանակ են տարել և 5 պարտություն կրել, թերևս հույս ունեն, որ Իտալիայի ներկայացուցիչները ոչ մարտական կազմով կխաղան և այդ հանդիպումում հնարավոր է միավորներ կորզել:

Խաղը կայանալու է Նեապոլի «Սան Պաուլո» մարզադաշտում: Այն Իտալիայի մեծ մարզադաշտերից է և տեղավորում է 60 240 հանդիսական: Վերջին անգամ Իտալիայի ազգային հավաքականն այդ մարզադաշտում խաղ է անցկացրել 2006-ի սեպտեմբերին: Տոմսերի արժեքը տատանվում է 5-50 եվրոյի սահմաններում:

Իտալիայի հավաքականն այս մրցաշարի շրջանակում արդեն խաղացել է Հայաստանի թիմի հետ և Երևանում առավելության է հասել 3:1 հաշվով: Սակայն այդ հաղթանակը հեշտ չտրվեց տիտղոսակիր թիմին:

Այժմ մրցակցի հարկի տակ հանդես գալու հերթը Հայաստանի ներկայացուցիչներինն է: Կկարողանան մերոնք վերկանգնել սասանված հեղինակությունը, թե նոր անախորժության կմատնվեն` կպարզվի Նեապոլում:

Առաջիկա երկու հանդիպումների ժամանակ շատ բան կախված կլինի մեր առաջատարների խաղից: Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա»), Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը (երկուսն էլ` Մոսկվայի «Սպարտակ») վերջին շրջանում կայուն խաղով աչքի չեն ընկնում: Կարող են լավ խաղալ, նաև` վատ: Արտասահմանյան ակումբներում հանդես եկող հավաքականի մյուս ֆուտբոլիստները փոխարինվում են, փոխարինման դուրս գալիս կամ էլ նստած  մնում պահեստայինների նստարանին:

 

 

Ի՞նչ չափանիշներով են դասակարգվում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

1331208900_zvartnotsՀայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում աշխարհին ներկայանալու լավագույն այցեքարտերից մեկը եղել ու մնում են դարերից եկած անխոս վկաները` պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք կարևորության շնորհիվ գտնվում են պետության հատուկ ուշադրության կենտրոնում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի (ընդունված 1998 թ. նոյեմբերի 11-ին) 1-ին հոդվածում տրվում է դրանց սահմանումը. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ` հուշարձաններ) են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից»:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:

Իսկ ահա նույն օրենքի 6-րդ հոդվածում դասակարգվում են այդ հուշարձանները: Այսպես, հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:

Հանրապետական նշանակության կարգն են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:

Տեղական նշանակության կարգն են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:

Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`

ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր,

բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ,

գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ,

դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ