Ամրենի(ոսկեշիվ), Solidago)

ЗолотарникՊատկանում է բարդազգիների ընտանիքին: Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում: Տարբեր տեսակների բարձրությունները տատանվում են 0,4-2,0 մ-ի սահմաններում: ՍոլիդագոSolidago) – ոսկեշիվի բուսաբանական անվանումն է, այն լատինական  solidus բառից է  առաջացել, որ նշանակում է ամուր և ago`առողջացնող: Ոսկեշիվը  իր պատմական հայրենիքում, Հյուսիսային Ամերիկայումհնուց օգտագործվել է որպես դեղաբոյս: Ամերիկյան հնդիկները հավատում էին բույսի հակամանրեային, վերքը բուժող, ցավազրկող հատկություններին(ժամանակակից բժշկությունը այդ հատկությունները մասամբ հաստատում ): Ոսկեշիվը Եվրոպա է մուտք գործել մոտ 200 տարի առաջ: Մշակության մեջ տարածված է կանադական ամրենին(S.canadensis L), որի բարձրությունը հասնում է 1-2 մետրի:Ծաղիկները շատ մանր են, միասին խմբված կազմում են հուրանավոր ծաղկաբույլեր, որոնք կտրված վիճակում ջրի մեջ դիմանում են 10-14օր:ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղիկը մեղրատու է, ունի թեթև բուրմունք: Բույսը լուսասեր է, պետք է տնկել արևոտ հողամասերում, սննդանյութերով առատ հողում, բույսը բույսից 0,6-1.0 մետր հեռավորությոն վրա: Պահանջում է չափավոր ոռոգում:

Մշակության մեջ հաճախ  հանդիպում է Շորտի ամրենին(S.Schortu Hort), որի բարձրությունը հասնում է160սմ-ի: Ծաղկում է դեղնագույն ծաղիկներով`հուլիս ամսից:Ծաղկաբույլերը խոշոր են, հուրանավոր:

Սովորական ամրենու կարճահասակ այլատեսակը(S.virgaurea nana L) տեսակը նույնպես հաճախ է հանդիպում: բարձրությունը հասնում է 40սմ, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, դեղնականաչ ծաղիկներով: Թե երկրորդ և թե երրորդ տեսակի ծաղիկները նույնպես մեղրատու են և արձակում են թեթև բումունք:

SolidagogiganteaԲազմացնում են թփերի բաժանումով վաղ գարնանը,3-4տարին մեկ, հեշտությամբ բազմանում է նաև կտրոններով և սերմերով:

Մոսկվան Բաքվին առաջարկում է խաղալ ռուսական ռուլետկա

Շահան ԳանտահարյանՆախագահ Պուտինի այցելությունը Բաքու հասկանալիորեն ավելի բարձրացրեց արդեն իսկ որոշակի նախադրյալների հիման վրա Երեւանում ստեղծված մտահոգության ալիքը: Տարաբնույթ մեկնաբանությունները շարունակում են հեղեղել մամուլի ասուլիսների, մեկնաբանական հոդվածների եւ վերլուծական փորձերի առանցքային նյութերով հագեցվող տարածքները:

Այս բոլորը սկսվեց, երբ հրապարակվեց Ռուսաստանի կողմից Բաքվին սպառազինելու համար վաճառված զինուժի տարողությունը: Դեպի Բաքու նկատվող ռուսական ջերմացման այս աստիճանաչափի կտրուկ բարձրացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ: Հայկական դիտակետից գործընթացը արժեւորելու ընթացքում, անշուշտ ոչ պետք է ողբերգականացնել երեւութը եւ ոչ էլ թերագնահատել այն, անվերջ հանկերգելով, որ դա որեւէ ձեւով չի կարող ազդեցություն ունենալ Երեւան-Մոսկվա ռազմավարական հատուկ գործընկերության վրա: Քաղաքական տրամաբանության համահունչ նախադրյալներ  են պարփակում այն պնդումները, որոնք ներկա ժամանակահատվածին առնված ռուսական քայլը բացատրում են Եւրամիության ասոցացման փաստաթղթի նախօրյակին դիպուկ ուղերձներ փոխանցելու մղումով: Ի վերջո Եւրասիան եւս առաջարկվող ուղի է Երեւանի համար. Եւ առաջարկողը ուրիշ կողմ չէ, եթե ոչ ռազմավարական գործընկերը կամ Ադրբեջանը սպառազինողը: Պատճառահետեւանքային տրամաբանությունը կարելի է երկարել այլ մղումներ եւս տեսնելու համար Մոսկվայի կողմից առնված եւ առնվող քայլերի հետևում:

Հիմա, կենտրոնանանք մի քանի դիտարժան կետերի վրա, որոնք ընդհանուր առմամբ արձանագրվել են Բաքվում կայացած միջնախագահական համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է  միայն քաղաքական լուծում ունենալ: Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքով, ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա: Վերջինս նաեւ հիշեցրել է «պատմական արդարության» մասին եւ նշել, որ Ռուսաստանը մեծ դեր  խաղում հակամարտության հանգուցալուծման գործում:

Ալիեւի խուսանավումը այստեղ նախնական է: Ալիեւը նախ փորձ  է կատարում չվերարտադրելու իր  ռուս պաշտոնակցի կատարած հայտարարության ընթացքում օգտագործված բառեզրը, որովհետեւ դա  ուղղակի հակադրվում է ներքին սպառման համար տարիներ ի վեր իր կողմից շահարկված եւ տակավին շահարկվող ռազմատենչ հռետորաբանությանը, որը բարձրակետի էր հասել վերջերս: Նույնիսկ պատերազմի նախապատրաստություններ տեսնելու  եւ զորակոչի խաբկանք ստեղծելու ուղղությամբ հայտարարություններ կատարելով: Փոխարենը, նա խոսում է միջազգային օրենքի հիման վրա հարցը լուծելու մասին, ինչը որ, բնականաբար, պետք է հասկանալ տարածքային ամբողջականության սկզբունքը գերադասելով: Ակնկալությունը շարունակության մեջ է. Ռուսաստանը, որը մեծ դերակատարություն ունի հակամարտության հանգուցալուծման մեջ, պետք է վերականգնի պատմական արդարությունը:

Տարածաշրջանում մեծ դերակատարը սակայն, կրկնում է այն, ինչ որ համանախագահները ասել են  ու կշարունակեն ասել. խնդրի լուծումը բացառապես քաղաքական հարթության վրա պետք է տեսնել: Բայց…ռուսական վտանգավոր խաղը շարունակվում է: Վեց միլիարդ դոլարի համապատասխան սպառազինել կողմը, որ հակամարտության մեջ է իր ռազմավարական հատուկ գործընկերոջ հետ եւ հետո հայտարարել, որ խնդիրը պետք է բացառապես քաղաքական ճանապարհով լուծել:

Եւ խաղը շարունակվում է. երեքշաբաթի օր, գրեթե միաժամանակ Պուտինի Բաքու այցելության, նախագահ Սերժ Սարգսյանը  ընդունում էր Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:  ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը հայտնում էր, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ խոսել են երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին եւ անդրադարձել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաարհեստագիտության համագործակցության ամրապնդման եւ խորացման ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պաշտպանության ոլորտի փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ին՞չ է ստացվում. Ստացվում է այն, որ Ռուսասատնը մեծ չափերով զինում է Բաքվին, հետո Բաքվում հայտարարում, որ հարցերը բացառապես պետք է քաղաքական մակարդակով լուծել: Բաքվին զինելու եւ նրա հետ նոր պայմանագրեր ստորագրելու ընթացքում, նույն օրերի ճշտապահությամբ, Մոսկվայի ներկայացուցիչը պաշտպանության ոլորտի համագործակցության ծիրը ընդլայնելու բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: Արդյունքն այն է, որ վտանգավոր խաղի կանոնները թելադրում է Մոսկվան միաժամանակ թե՜ Երեւանին եւ թե՜ Բաքվին:

Առաջին հայացքից թվում է, թե հայկական կողմը կոչ է ուղղում Բաքվին չներքաշվելու այս վտանգավոր խաղի մեջ: Երեկ պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում  Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային պաշարների համատեղ կառավարման շուրջ:

Կարեւորը երկխոսություն ստեղծելու  կամ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկն է, որ համահունչ է նաեւ Պուտինի՝ Բաքվում հայտարարած քաղաքական ճանապարհ ընտրելու կոչին եւ ոչ՝  նույն Մոսկվայի կողմից Բաքվին  հսկայածավալ զինելուն: Դա արդեն Բաքվին ուղղված վտանգավոր խաղին մասնակցելու առաջարկ է: Իսկ ռուսական վտանգավոր խաղը աշխարհին ծանոթ է ռուլետկա անունով: Ռուսական ռուլետկա:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Միշտ պատրա՛ստ եղեք ատելության… Մարգարեթ ֆոն Թրոթան` կին ռեժիսորներին

MԿինոռեժիսոր Մարգարեթ ֆոն Թրոթան Երևանում էր իր յուրահատուկ պատմական դիմանկարով, որը պատմում է մի հրեա փիլիսոփայի` Հաննա Արենդտի մասին: Նա ֆիլմի վրա աշխատել է 2004-ից: Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը Մ. ֆ. Թրոթայի հետ:

– Մարգարե՛թ, ինչո՞ւ որոշեցիք հենց այդ թեմայի` հրեա փիլիսոփայի մասին ֆիլմ նկարահանել:

– Գերմանիայում ապրող հրեուհին` Հաննան, շատ հետաքրքիր կենսագրություն է ունեցել: Նա ինձ շատ էր գրավում իր մտածելակերպով: Այդ փիլիսոփան դարձել է կուսակցության անդամ, ամուսնացել Վոլթեր Բենջամինի հետ և միասին գաղթել Ամերիկա: Փորձեցի նկարահանել նրա կյանքն ու հատկապես միտքը:

– Բայց ինչպե՞ս կարելի է նկատել և նկարահանել միտքը…

– Հետաքրքիր հարց էր: Քանի որ միտքն անտեսանելի է, այն նկատելի կարելի էր դարձնել միայն Ադոլֆ Էյխմանի, այսինքն` Հաննայի դատավարության միջոցով, որը տեղի է ունեցել 1960-1964-ին:

– Ինչպիսի՞ն էր նախագծի վրա աշխատելու ընթացքը:

– Խոստովանում եմ` բարդ էր: Սկզբից իմ պրոդյուսերները չէին հասկանում` ինչո՞ւ եմ ընտրել հենց այս հերոսուհուն և ոչ թե այլ փիլիսոփայի: Նրանք ամեն ինչ կոմերցիոն տեսանկյունից էին դիտում:

– Հետաքրքիր է: Ուրեմն գեղարվեստական ֆիլմի Բարբարա Ջուկովայի հրաշալի և երկարատև ճառն իր մեջ ինչ–որ բան թաքցնում է:

– Այն շատ լավ ներկայացնում է Հաննայի մտքերը:

– Համաձա՞յն եք Հաննայի` «Մտածելը կարող է մարդուն պաշտպանել» մտքին:

– Հաննան այնքան էլ իրավացի չէ այդ տեսանկյունից: Ֆիլմում Հայդեգերի կարևոր դերի նպատակն էլ հենց մեզ ցույց տալն էր, որ մտածող մարդն էլ է սխալվում: Միաժամանակ չեմ մոռացել ներկայացնել հերոսուհու անձնական կյանքը:

– Ինչպիսի՞ն էին արձագանքները Գերմանիայում և Իսրայելում ֆիլմին ու հատկապես կերպարին:

– Իսրայելցի իմ գործընկերները սիրում են Հաննային, դրա համար էլ ֆինանսավորել են ֆիլմը, իսկ Իսրայելի պաշտոնական դիրքորոշման դեմ յուրաքանչյուր գործողություն, կարծիք Գերմանիայում դիտվում է որպես հակասեմականություն, ինչը սխալ է: Այդուհանդերձ, Քլոդ Լանզմանը չի սիրում ո՛չ իմ ֆիլմը, ո՛չ էլ Հաննային, քանի որ նա Բովուարի սիրեկանն էր, մինչդեռ Հաննան չէր սիրում Բովուարին, և այդկերպ շղթան շարունակվում է: Հաննային չհամակրողներ կարելի է գտնել նաև Նյու Յորքում:

– Ասում են` ֆիլմ նկարահանելը, ռեժիսուրան կնոջ գործ չէ:

 

– Այո՛: Կնոջ ճանապարհը կինոաշխարհում բնավ հեշտ չէ: Երբ նոր էի ասպարեզ ներխուժել, ուզում էի հասկանալ` արդյոք ուզո՞ւմ եմ ռեժիսոր դառնալ, թե՞ ոչ: Իհարկե, սկզբից հանդես եկա որպես դերասանուհի, այնուհետև նկարահանվելով, հարցեր տալով, ինքնակրթությամբ կատարելագործվեցի և սկսեցի ֆիլմեր նկարահանել:

– …Եվ դերասանական փորձը Ձեզ օգնեց ընդհանուր լեզու գտնելու Ձեր ֆիլմերի դերասանների հետ…

– Միանշանակ: Մինչ կինո նկարելը պետք է մտնել դերասանի մաշկի տակ:

– Բացի դրանից, ի՞նչ պետք է հաշվի առնեն ռեժիսորներն իրենց ամենօրյա աշխատանքում:

– Եթե նրանք տեսնում են գեղեցիկ մայրամուտ, պետք չէ այն միանգամից նկարահանել, այնուհետև մտածել` ինչպես կարելի է այն ֆիլմում օգտագործել: Կին ռեժիսորներին էլ կասեմ հետևյալը. պատրա՛ստ եղեք ատելության, տարբեր հարվածների, քննատական կարծիքների… Իսկ մյուսներին խորհուրդ կտամ շատ ֆիլմ դիտել և դրանք ինքնուրույն վերլուծել` չհետևելով ուրիշների համոզմունքներին:

– Ի դեպ, դա բոլոր ռեժիսորներն են ասում:

– Դե, ռեժիսորներս պե՞տք է, չէ, մի ընդհանուր հատկանիշ ունենայինք…

Ելենա Չոբանյան

Կունենա՞նք ինուլինի արտադրություն.Կարծես թե հիմքեր կան այդպես մտածելու

գետնատանձԳետնախնձորն այն մշակաբույսն է, որը մեր երկրի գյուղատնտեսության բնագավառում  շատ քիչ է օգտագործվում: Գրեթե բոլորս էլ լսել ենք, որ գետնախնձորը` որպես բանջարեղեն, առողջարար և օգտակար հատկություններ ունի, հենց միայն այն առումով, որ օրգանիզմում կարգավորում է շաքարի պարունակությունը:

 Մեզանում այս մշակաբույսի արտադրությունը բավական փոքր ծավալներ ունի, գուցե այն պատճառով, որ վաղուց մոռացության է մատնված: Մասնագետների գնահատմամբ, գետնախնձորն այն մշակաբույսն է, որը սննդի մեջ կարող է  կիրառվել ամենատարբեր նպատակներով: Բացի այդ, կարելի է  օգտագործել թե՛ գյուղատնտեսական, թե՛ առողջապահական և թե՛ էկոլոգիական նպատակներով: Այս մշակաբույսի արտադրությամբ հետաքրքրված է ողջ աշխարհը:

 Այդ բույսը բավական հին ծագում ունի և  դարեր առաջ Եվրոպա է թափանցել Հյուսիսային Ամերիկայից: Սրա արտադրական ծավալներով բավական հարուստ են Ճապոնիան և Չինաստանը: Պարզվում է, որ մեր երկրում արդեն գտել են  գետնախնձորի վերամշակման և արտադրանքի արդյունավետ բաշխման բոլոր եղանակները: Արդեն երկու տարի է, ինչ պետություն–մասնավոր հատված համագործակցության  շնորհիվ փորձ է արվում Հայաստանում ևս զբաղվել այս բուսատեսակի խորը վերամշակմամբ: Ծրագիրն իրականացնում է «Գյուղկորպորացիա» ՓԲԸ–ն:

 Տեղեկանալու համար, թե ինչ կարելի է ստանալ այս մշակաբույսից և ինչ է  արվում այս ուղղությամբ` զրուցեցինք ընկերության գլխավոր մասնագետ, Անասնաբուծության գիտական կենտրոնի կերարտադրության բաժնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ռազմիկ Սահակյանի հետ:

 – Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում  ծավալվում է այս բույսի վերամշակման արտադրությունը:  Առհասարակ ի՞նչ կարող է  տալ գետնախնձորի աճեցումը թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ սովորական քաղաքացուն:

– Ինուլինը պոլիսախարիդների խմբին պատկանող օրգանական նյութ է, որը բժշկության մեջ կիրառվում է  շաքարախտի դեպքում,  որպես օսլայի և շաքարի փոխարինիչ, ինչպես նաև ելման նյութ` արդյունաբերական ճանապարհով ստացվող ֆրուկտոզայի համար: Այս արժեքավոր մշակաբույսը մյուս բանջարեղեններից տարբերվում է ածխաջրային հազվադեպ բաղադրությամբ, որի հիմքում ֆրուկտոզան է: Եվ այն եզակի մշակաբույսերից է, որոնք տասնյակ տարիներ նույն տեղում բերք են  տալիս, աճեցնելու համար առանձնահատուկ մոտեցում չի պահանջվում, սրան չի սպառնում ո՛չ ցուրտը, ո՛չ երաշտը, աճեցումը չի պահանջում որոշակի կլիմա: Այն հարկավոր է  ցանել Արարատյան հարթավայրի ստորին գոտուց մինչև բարձրլեռնային հատվածներում, մասնավորապես` Ամասիայի շրջանում, Ապարանում, Սևանում, Աշոցքում: Այն միամյա բույս է, սակայն վերամշակման արդյունքում կարող է դառնալ բազմամյա:

– Իսկ ինչպե՞ս է  կազմակերպվելու գետնախնձորի արտադրությունը, ի՞նչ հիմքեր կան դրա համար, եթե հաշվի առնենք ազատ վարելահողերի սղությունը և դրանք շահագործելու հնարավորությունները:

– Գետնախնձորի արտադրությունն այսօր գյուղատնտեսության մեջ ռազմավարական կարևորություն ունեցող ծրագիր է, քանի որ կառավարության համար ևս խնդիր է չմշակվող հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելը:  Տարեկան շուրջ 150 – 170 հազար հա հողատարածք մնում է  անմշակ, իսկ ընդհանուր հողերի մոտ 35%-ը`  անջրդի: Անմշակ հողերի շահագործմամբ, ի դեպ, շահելու է թե՛ սովորական գյուղացին, թե՛ պետությունը, թե՛ քաղաքացին: Արդեն վարձակալական հիմքերով ձեռք  է բերվել մոտ 40 հա հողատարածք: Այդ մշակաբույսը նախատեսվում է աճեցնել Հայաստանի չորս մարզերում՝ Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնում և Կոտայքում: Պայմանավորվածություն կա արտադրություն ծավալել նաև Սևանում, Կամոյի և Գավառի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենիսում: 40 հա հողատարածք կա վարձակալված նաև Լոռիում: Հանրապետության տարածքում անջրդի վարձակալվող հողերը փխրեցվել են, մշակվել, և ցանվել է գետնախնձոր, անթառամին և կանճրակին:

 – Իսկ մշակաբույսն աճեցման ջրարբի՞, թե՞ անջրդի պայմաններ է պահանջում, և արդյոք հե՞շտ է մշակումը:

– Այժմ դրանք ցանված են անջրդի պայմաններում: 1 հա անջրդի տարածքից կարելի է ստանալ 20-25 տոննա պալար, իսկ ջրային պայմաններում աճեցված մշակաբույսի բերքատվությունը կարող է կրկնապատկվել: Նշենք, որ մշակաբույսի սերմը ներմուծվել է Ռուսաստանից: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի գետնախնձորի մշակաբույս աճեցնել արդեն տեղական սերմով: Հատկացված հողատարածքներից մոտ 20%-ում ցանվելու է  անթառամին և կանճրակին, որոնք ոչ պակաս օգտակար բույս են սննդային, անասնակերային տեխնիկական ու բժշկության մեջ ամենատարբեր նպատակներով կիրառելու համար:

 – Որքա՞ն  գետնախնձոր կարելի է  ստանալ  1 հա հողատարածքից, և ե՞րբ է սպասվում առաջին բերքահավաքը:

– 1 հեկտարի վրա ցանված մշակաբույսի կանաչ զանգվածից ստացվում է  5-6 հազար կբ բիոգազ, և որպեսզի հնարավոր լինի գետնախձորից ստանալ նաև այս հումքը, Հայաստանում գետնախնձորի արտադրության ծավալները պետք է հասցնել մինչև 15 հազար հեկտարի: Օրական մոտ 100-150 գ թարմ գետնախնձոր ուտելը կամ  5-15 գ ինուլինի օգտագործումը բավական է, որ մարդ իրեն ապահովագրված զգա շաքարախտով հիվանդանալու վտանգից:  Ինուլինը սպիտակ չոր փոշի է և որպես կենսահավելում կարող է  օգտագործվել սննդամթերքում, հյութերի արտադրության, մանկական կերերի մեջ,  դրա առկայությունը սնդամթերքում բարձրացնում է  նրա որակն ու բուժիչ հատկություննները: Իսկ բիոէթանոլի արտադրությունից կարելի է  ստանալ բիոգազ  ու վերջինից էլ՝ բիոպարարտանյութ:  Ի դեպ, շատ երկրներում  բիոէթանոլն օգտագործվում է որպես բենզինի փոխարինիչ: Իսկ պտղաշաքարն իր քաղցրությամբ գերազանցում է գլյուկոզային և ճակընդեղից ստացվող շաքարին: Այս տարի աշնանը սպասվում է գետնախնձորի առաջին լուրջ բերքահավաքը, ինչը հնարավորություն կտա ցանքատարածությունները հասցնելու մի քանի հարյուր հեկտարի:

 – Իսկ ստացված բերքն ի՞նչ նպատակներով է օգտագործվելու:

– Բերքահավաքից ստացված ամբողջ հումքն ուղղվելու է  միայն վերամշակման:  Քանի որ բերքահավաքի ժամանակ հողի մեջ  եղած  բոլոր պալարները լիովին հավաքելու հնարավորություն չի լինում, դրանք հաջորդ տարի վերաճ են տալիս: Բույսի կանաչ զանգվածը, բացի տեխնոլոգիական կիրառումից, կարող է նաև որպես անասնակեր օգտագործվել: Ուստի, եթե կարողանաք արտադրությունը մեծ ծավալներով կազմակերպել և հասցնել մի քանի հազար հեկտարի, ապա արդյունաբերական վերամշակման և կողմնակի կերերի ավելացման առումով մեծ արդյունքներ կունենանք:

Ինուլինի բարձր պարունակություն ունի աշխարհում գրանցված երեք բույս, որոնցից առաջնայինն ու արդյունավետը գետնախնձորի մշակաբույսն է: Դրա մշակումը շատ ավելի դյուրին է ագրոտեխնիկական տեսանկյունից, բացի այդ, էկոլոգիապես մաքուր է: Գետնախնձորի  1 հա տարածքից  կրկնակի ավելի թթվածին է ստացվում, քան սովորական անտառից: Ի դեպ, տարածաշրջանում Հայաստանը միակն է գետնախնձորի մեծածավալ արտադրությամբ, և վրացիները համատեղ աշխատելու և ծրագրում ներառվելու ցանկություն են հայտնել:

 – Կարծում եք` գետնախնձորի արտադրությունն իսկապե՞ս լուրջ հեռանկաներ ունի մեր երկրում:

– Իմ կարծիքով` այո, Հայաստանը կդառնա տարածաշրջանում առաջատարը այս բույսի վերամշակման առումով: Այն բավական արժեքավոր բույս է, վերամշակումը Հայաստանում կարող է հեռանկարային լինել: Ծրագիրը, որ հավանության է  արժանացել ՀՀ վարչապետի կողմից, ընդգրկվել է տասն առաջնահերթ ծրագրերի մեջ: ՀՀ կառավարությունը նախաձեռնել է պետական մասնավոր համագործակցության շրջանակներում նպաստել Հայաստանում ինուլինի արտադրությանը, որն իրականացվելու է հենց  գետնախնձորի հիմքի վրա:

Հայաստանում գետնախնձորի արտադրությանը զարկ տալու այս ծրագիրը մշակվել է դեռ տարիներ առաջ և մեկնարկել է միայն  է 2011-ից, հանրապետության որոշ տարածքներում ցանվել է գետնախնձոր, և նպատակ կա արտադրական ծավալների ավելացման պարագայում հիմնել գործարան, որը հավանաբար իրատեսական կդառնա  եկող տարվա աշնանը:

  Լ.Ն

Գործարանի հիմնադրման  և արտադրական հեռանկարների շուրջ մեր զրույցը  «Գյուղկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Շիրխանյանի հետ կարդացեք հաջորդ համարում:

ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ «…Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»

The_Ottoman_Bank_TodayՀարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական:

 Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն: Նման գործողություններից է 1896 թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների կողմից: Գործողության կազմակերպիչները ՀՅԴ անվանի գործիչներ, հայ ազատամարտի նվիրյալներ Արմեն Գարոն և Բաբկեն Սյունին էին: Ուսումնասիրողներից շատերը Բանկ Օտոմանի գործողությունը համարում են սխալ` մտածելով, որ այն Արևմտյան Հայաստանում հայերի նոր կոտորածների առիթ դարձավ: Այս տեսակետը հնարավոր չէ  արդարացի համարել, քանզի արդեն 1895 թ. Արևմտյան Հայաստանում սոսկալի ջարդեր էին: Եվ առհասարակ պատմությունը ցույց է տալիս, որ օսմանյան կառավարության համար հայերին կոտորելու  համար առանձնապես առիթներ պետք չէին: Դա նպատակադրված պետական ծրագիր էր, որ թուրք սուլթաններն իրականացնում էին ջանադրաբար: Հետևաբար հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական: Արտաքին ակնկալվող ազդեցությունից զատ, ՀՅԴ-ի որդեգրած այդ քաղաքականությունը նաև ներքին խնդիր ուներ` բարձրացնել հայի ազատատենչ ոգին:

Դեռևս 1895 թ. Ռուսաստանի և եվրոպական տերությունների ճնշման տակ Օսմանյան կառավարությունն ընդունեց մայիսյան բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսված էր ողջ Օսմանյան կայսրության տարածքում, հատկապես` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունքը պետք է լիներ ազգային ճնշումների դադարեցումը, տեղական կառավարման մարմիններում տեղաբնակների ներգրավումը, տնտեսական բարեփոխումները և այլն:

Սակայն թուրքական կառավարությունն ամենևին մտադիր չէր կյանքի կոչել Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, ավելին` 1895 թ. Արևմտյան Հայաստանում հետևեցին նոր կոտորածներ, որոնց զոհ գնաց ավելի քան 300 հազար հայ:

Եվ ահա ՀՅԴ որոշմամբ` 1896 թ. օգոստոսի 14-ին 31 հայ զինյալներ, որոնց թվում`  Վարդան Շահպազը (Մինաս Տոնիկյան), Ավոն (Ավետիս Մաղաքյան), Զարեհ Խաչիկյանը, Մուշեղը (Ենովք Անուշյան), Հաճին (Հակոբ Խոճիկյան), Միհրան Կարապետյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստարմաջյան), Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան), Հրաչը (Հայկ Թիրաքյան), Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի ղեկավարությամբ Կոստանդնուպոլսի կենտրոնում գրավում են օսմանյան կայսրության կենտրոնական դրամատունը և պատանդ վերցնում բանկի 150 աշխատակիցների: Հայ զինյալներն այս քայլով փորձում էին օտարերկրյա տերությունների ուշադրությունը բևեռել Հայկական հարցի վրա և ճնշում գործադրել Օսմանյան պետության վրա` կյանքի կոչելու Մայիսյան բարեփոխումների ծրագիրը:

Հայ վրիժառուները նախապես որոշել էին, որ բանկի գրավման օրը միաժամանակ մի քանի այլ գործողություններ էլ իրականացնեն Կոստանդնուպոլսի տարբեր հաստատություններում, սակայն վերջին պահին այդ պլանը մերժվում է:

Բանկը գրավելով` հայ զինյալները հայտագրեր ուղղեցին Կոստանդնուպոլսում հավատարմագրված եվրոպական դիվանագետներին` կոչ անելով ճնշում գործադրել Պոլսի կառավարության վրա` հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բանկը:

Հայ վրիժառուների հետ օսմանյան կառավարության և եվրոպական դիվանագետների անունից բանակցությունների մեջ է մտնում ռուսական դեսպանատան թարգմանիչ Մաքսիմովը:

Հետագայում Բանկ Օտոմանի գործողության վերաբերյալ իր հուշերն է տպագրել նրա առաջնորդներից Արմեն Գարոն. «Կը բաւեր, որ 8-10 հոգի մտնէին բանկը եւ դռներ ներսէն գոցեին, եւրոպական պատերազմական նաւերը անմիջապես զինուոր պիտի հանէին ցամաք… թուրք զօրքին եւ խուժանին դէմ… եթե մեր յուսացածին պէս ձեռնարկը յաջող դուրս գար, 24 ժամէն Պոլիսը գրաւուած կը լինէր եւրոպական զինուորներով, եւ Հայկական Հարցը կը ստանար իր ցանկալի լուծումը»:

Գրվածը վերլուծելով` կարելի է ենթադրել, որ նախքան գործողությունը  կազմակերպիչները որոշ խոստումներ ու հավաստիացումներ էին ստացել եվրոպական կամ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Նույն նոթերում Արմեն Գարոն գրում է. «Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»: Նենգ Եվրոպան ըստ երևույթին հերթական անգամ օգտագործեց հայ ազատագրական շարժումը, հայի արյունը իր տնտեսական, դիվանագիտական նպատակների համար` միգուցե ինչ-որ զիջումներ խլելով Թուրքիայից:

Շուրջ 13 ժամ տևած բանակցությունների արդյունքում զինյալները և Մաքսիմովը գալիս են համաձայնության, ըստ որի` եվրոպական դիվանագետները պարտավորվում են հետամուտ լինել, որ օսմանյան կառավարությունը իրագործի Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, իսկ վրիժառուներն իրենց տրամադրված ֆրանսիական «Ժիրտ» նավով մեկնում են Մարսել:

Օսմանյան բանկի գրոհի ժամանակ հայ վրիժառուներից զոհվում են Բաբկեն Սյունին և մի քանի այլ զինյալներ:

Այս գործողությունը ծանր հարված էր Օսմանյան Թուրքիայի միջազգային հեղինակությանը և բարոյականից զատ ուներ նաև տնտեսական նշանակություն, քանզի եվրոպական տերությունները մեծ ներդրումներ էին կատարում օսմանյան տերության մեջ և հետայսու նրանք անվստահությամբ կվերաբերվեին օսմանյան դրամատանը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Ում համար էր շողում Գրետա Գարբո միայնակ աստղը

Greta Garbo (13)«Ես երբեք չեմ ասել` ուզում եմ մենակ մնալ: Ես միայն ասել եմ` ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն, իսկ դա նույն բանը չէ»

Գրետա Գարբոն XX դարի առաջին կեսի այն դերասանուհիներից էր, որի անունը 1999-ին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի հրապարակած XX դարի  ամենահայտնի 25  դերասանուհիների ցանկում զբաղեցնում էր 5-րդ տեղը:Հոլիվուդի ամենախորհրդավոր ու հանելուկային կանանցից մեկը` Գրետա Գարբոն, ապրեց միայնակ, սակայն հետաքրքիր կյանքով: Անցած դարաշրջանի 20-30-ականների կանացիության խորհրդանիշը կինոստուդիայում  անցկացրել է ընդամենը 17 տարի, սակայն թողել է անսովոր մի կերպար, որը հետագայում փորձեցին վերստեղծել շատ ու շատ դերասանուհիներ: Գարբոն Գրետա Գուստաֆսոնի իսկական ազգանունը չէր:

Նա ծնվել է 1905 թ. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ընտանիքում 3-րդ երեխան էր: Երբ 1918-ին մահացավ հայրը, 13-ամյա Գրետան ստիպված էր թողնել դպրոցն ու աշխատել: Առաջին գումարը նա աշխատել է վարսավիրանոցում, ապա մինչև 15 տարեկան աշխատել է հանրախանութում ու հետն էլ  թերթում գովազդների համար լուսանկարվել: Այստեղ էլ  նրան նկատեց Մաքս Գամպելը, որ արիստոկրատ ու բավական հարուստ ընտանիքից էր: Նա աղջկան սիրահարվեց առաջին իսկ հայացքից: Ու չնայած թվացյալ անառիկությանը, աղջիկը երկար չդիմադրեց, ու շատ շուտով հետևեցին Գրետայի բուռն խոստովանությունները: Մաքս Գամպելը դարձավ Գրետայի առաջին ու միակ ամուսինը, սակայն նրանց ընտանեկան երջանկությունը երկար չտևեց: Ամուսնուլուծության դիմեց Գրետան` իր անսպասելի քայլը բացատրելով նրանով, որ իրենց համատեղ կեցությունն իրեն ամենևին դուր չի գալիս: Ամուսնու նկատմամբ Գարբոն պահանջ չուներ, ուստի ամուսնալուծությունը հանգիստ ու առանց վեճերի կատարվեց:

Կինոստուդիայում Գրետա Գուստաֆսոնը հայտնվեց 1922-ին` խաղալով «Թափառաշրջիկ Պիտերը» ֆիլմում: Այնտեղ հոլիվուդյան աստղը խաղում էր լողորդուհու դեր, ինչը նրանից հատուկ դասեր ու մարզումներ չէր պահանջում, քանի որ  Գրետան լողով զբաղվում էր մանկուց: Հանդիսատեսն ըստ արժանվույն գնահատեց Գրետայի վարպետությունը, չնայած փոքր-ինչ խորթ էր դերասանուհու ոչ տիպական արտաքինը: Նրան նայելիս այն տպավորությունն էր ստեղծվում, թե նայում ես սառցակտորի` սառն ու անզգա, սակայն ինքնատիպ: Չափազանց բարձրահասակ էր ու նիհար, որպեսզի դարասկզբի համար իդեալ դառնար, իսկ նրա կեցվածքը, ըստ քննադատների, հիշեցնում էր զինվորի, դիմագծերն էլ չափազանց սուր էին:

Չնայած ոչ տիպական արտաքինին`Գրետան մշտապես նկարահանվելու հրավերներ էր ստանում: Իսկ 1926-ին երիտասարդ դերասանուհին հայտնվեց հոլիվուդյան բարձրաշխարհիկ հասարակությունում: Սկզբում հանդիսատեսը նոր դերասանուհու նկատմամբ բարեհաճ չէր. չէ՞ որ նա իր տեսքով ասես «հակասում էր» XX դարի իդեալական արտաքինի չափանիշներին: Հենց այդ ժամանակ է, որ երեկույթներից մեկի ժամանակ Գրետան որսաց հայտնի կինոռեժիսոր Մորիս Սթիլլերի սևեռուն հայացքը: Նրանք որոշ ժամանակ ակնդետ իրար էին նայում, իսկ հետո Գրետան շրջվեց` ասես ցուցադրելով իր անտարբերությունը: Մորիսը խոցված էր այս սառը կնոջից ու նրան հրավիրեց նկարահանվելու իր ֆիլմերից մեկում: Հենց նա էլ հորինեց բեմական Գրետա Գարբո անունը: Գրետան, որ հայտնի էր քմահաճությամբ, առանց երկմտելու ընդունեց այդ անունը:

«Մարմին և սատանա» ֆիլմում Գրետան ծանոթանում է բազում կանանց կուռք դարձած Ջոն Գիլբերտի հետ: Նա Ռ. Վալենտինոյի վաղաժամ վախճանից հետո աշխարհի հանդիսատեսի սրտերում զբաղեցրել էր առաջին տեղը: Նրա հոնորարներն իր ժամանակի Հոլիվուդի  համար համարվում էին ամենաբարձրը:  Բայց մինչ Գարբոյի հետ հանդիպումը: Ֆիլմի պրեմիերայից հետո,  չնայած Գարբոն արտաքուստ ոչ մի կերպ զգացմունք չէր ցուցաբերում,Գարբոն ու Ջոնսը սկսեցին միասին ապրել: Նրանց կրքոտ սերը քիչ ավելի երկար էր Մաքսի հետ Գարբոյի ամուսնական կյանքից: Չնայած սիրահարությանը, Գարբոն հաճախ էր տեղափոխվում  ուրիշ բնակարան` պարզապես մենակ մնալու համար: Տեսնելով, որ  սիրելին սիրում է առանձնանալ իր մտքերի հետ, Ջոնը նրան իրենց համատեղ բնակարանից ոչ հեռու մի քոթեջ նվիրեց, ուր առանց Գրետայի համաձայնության, երբեք ոտք չէր դնում:  Ջոնը սիրահարված էր Գրետային և բազմիցս էր առաջարկել ամուսնանալ, սակայն Գրետան միշտ մերժում էր այդ առաջարկը: Մի անգամ` իրենց ընկերների նշանադրության պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ, Գրետան ցնցեց բոլորին` Գիլբերտի առաջարկին դրական պատասխանով: Ջոնն ասես երջանկությունից իրեն կորցրել էր: Երկու շաբաթ էր մնացել մինչ հարսանիքը, նա անում էր ամեն ինչ ապագա կնոջը հաճո լինելու համար: Գրետան նույնպես, ասես փոխել էր վերաբերմունքը Ջոնի հանդեպ, նրա զգացմունքներում քնքշություն ու ջերմություն էր առաջացել: Սակայն  բուն պսակադրությունից առաջ Գրետան անսպասելի անհետացավ:

Մի քանի ամիս անց, երբ նրա անվան շուրջ բամբասանքները հանդարտվեցին, Գրետան կրկին հայտնվեց Հոլիվուդում: Թե ինչու փախավ սեփական հարսանիքից` այդպես էլ չբացատրեց: Ջոն Գիլբերտը հետագայում ամուսնացավ, նրա կինը դարձավ դերասանուհի Իդե Կլերը, սակայն այդ ընտանիքը մեկ տարվա կյանք ունեցավ:

Հետո Գրետան սիրահարվեց դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկուն, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ: Հարսանիքը պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Գարբոյի բոլոր պայմանագրերը կավարտվեին:

Գրետայի` Լեոպոլդի հանդեպ իսկական զգացմունքը փշուր-փշուր եղավ, ինչպես և նրա սիրտը, երբ Ստոկովսկին հանկարծ ամուսնացավ միլիոնատիրուհի Գլորիա Վինդերբիլդի հետ: Սիրած մարդու դավաճանության դառնությունը վերջին կաթիլն էր: 1939-ին նա նկարահանվեց «Նինոչկա» ֆիլմում և ընդմիշտ հեռացավ Հոլիվուդից. փակվեց  Նյու Յորքում գտնվող բնակարանում և այնտեղից դուրս չեկավ մինչև 1946 թվականը, երբ անսպասելի, ինչպես  միշտ, գնաց մի բոհեմական երեկույթի: Այնտեղ նա իր ծանոթներից բացի, հանդիպեց լուսանկարիչ Սեսիլ Բիտոնին: Նրանք սկսեցին  հաճախ հանդիպել, զբոսնել այգում, զրուցել ու զվարճանալ: Հետո նա սկսեց բողոքել Սեսիլին մենակությունից, իսկ Սեսիլը նրան  իր ձեռքն ու սիրտն առաջարկեց: Սեսիլը գեղեցիկի սուր զգացողություն ուներ ու բազմիցս է նկարել Գարբոյին: Երբ Գրետան գործերով մեկնեց Շվեդիա, Սեսիլն այդ լուսանկարները հանձնեց «Վոգ» ամսագրին:

Իմանալով այդ մասին` Գրետան զայրացած զանգահարեց Սեսիլին ու հայտարարեց, որ եթե լուսանկարները տպագրվեն` իրենց հարսանիքը չի կայանա: Լուսանկարները հայտնվեցին ամսագրի հաջորդ համարում: Գրետան լրիվ դադարեցրեց հարաբերությունները լուսանկարչի հետ:

Սկզբում Սեսիլը հուսահատ փորձում էր կապ հաստատել նրա հետ, որ խոսի, սակայն ամեն անգամ  այդ զրույցն ավարտվում էր Սեսիլի տապալումով: Երբ Բիտոնը Գրետայի սիրտը վերանվաճելու հույսը կտրեց, Գրետան նորից հայտնվեց նրա կյանքում:Նրանց հարաբերությունները նորոգվեցին, սակայն նա այլևս Բիտոնի առաջարկությունը չընդունեց: Երբ 1956-ին Սեսիլը կրկին փորձեց իր բախտը, Գրետան նրան գրեց. «Ես սիրում եմ քեզ, սակայն դու իսկական անհաջողակ ես: Դու կարող էիր իմ ծոծրակից բռնել ու ինձ իսկական հնազանդ կին դարձնել: Դու կարող էիր փորձել վերադարձնել մեր հարաբերությունները: Սակայն դու դա չցանկացար անել: Հետևաբար` բարով մնաս»:

Դրանից 3 տարի անց Բիտոնն ամուսնացավ այրի Ջուն Օսբորնի հետ: Իսկ 30 տարի անց նա աշխարհի առաջ բացեց իր կյանքի ճշմարտությունը` օրագրերը, որոնցում հատուկ տեղ էր զբաղեցնում այն միակ կինը, որին սիրել էր` Գրետան: Այդ տարիներին նա անընդմեջ զանգահարել էր ու գրել նրան, սակայն  բոլոր փորձերն անհաջողությամբ էին պսակվել: Ծայրահեղ ապրումները հանգեցրին նրան, որ 1980-ին Բիտոնը հայտնվեց հիվանդանոցում կաթվածահար: Եվ միայն դա ստիպեց Գարբոյին խղճալ նրան ու այցելության գնալ: Այդ հանդիպումից հետո Բիտոնն ապրեց Գրետայի հետ մեկուսացած, ընդամենը 4 օր:

Գրետա Գարբոն մինչև իր կյանքի վերջն ապրեց  բացարձակ մենության մեջ, իր բնակարանում: Մեծ դերասանուհին մահացավ 1990-ին 85 տարեկան հասակում: Իր մահից հետո նա աշխարհին թողեց հսկայական կարողություն  և XX դարի ամենախորհրդավոր կնոջ կերպարը:

Վերջը խեր է…

tatron(Ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից Գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել էր. «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»: Ձեռակերտ և անձեռակերտ բազմաթիվ հուշարձաններով հարուստ Լոռին իրոք չնաշխարհիկ է նաև իր անտառներով, իսկ անտառի պահպանության թեման բոլոր ժամանակների համար էլ արդիական է ու հրատապ: Հենց այդ խնդիրներն է քննարկում արձակագրի «Խեր, շառ, Աստված» դրամատիկական գործը, որն Ալավերդու քաղաքային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է հեղինակի հոբելյանի առթիվ` դառնալով շնորհալի երիտասարդ ռեժիսոր, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Արթուր Սիմոնյանի դիպլոմային աշխատանքը` ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ղեկավարությամբ:

… Վերջերս այն կրկին բեմ բարձրացավ որոշակիորեն փոփոխված և նոր դերասանական կազմով: Ռեժիսորն այս անգամ նաև Անտառապահի դերակատարն է: Պարզ ճշմարտություն է, որ գրական ամեն մի ստեղծագործություն պարունակում է իրականի, երևակայականի և հուշապատումի տարրեր, հաճախ նաև` ապագայի ծրագրեր, ու քիչ ճիգեր չեն պահանջվում ճիշտ մեկնաբանության համար: Բեմադրության ավարտին հնչած ծափերը և հիացական դեմքերը գալիս էին հավաստելու, որ ճիգերն այս դեպքում իզուր չեն անցել: Տարեգիր ծերունու` Ալավերդու թատրոնի հնաբնակ Ռուսլան Սադաղյանի ուսանելի խոհերին և ահազանգին ականջալուր է Անտառապահը: Անհրաժեշտ պահին գործին միջամտում է Ոստիկանը: Սերժանտը( Տիգրան Զարգարյան) որոշել է ԳԱՅ-ի պոստ դնել: Կյանքի վայելքներից չի ուզում հետ մնալ Պատգամավորը (Գագիկ Բաբլումյան): Նա որոշել է օլիգարխ դառնալ և ակնկալում է օգնություն ոչ ավելի, ոչ պակաս` Ամերիկայից, անձամբ` Բուշից: Ամերիկուհին դա նրան խոստանում է:

…Բեմի ձևավորումն էլ ինքնանպատակ չէ, ամեն ինչ ունի իր որոշակի գործառույթը, խնդիրն ու նպատակը:

Սատանան (Լիլիթ Երեմյան) հսկում է, հաճախ միջամտում և սպասում է. «Լույսը բացվի, կերևա` ով ով է…»

Ով ով է

Իսկ հանդիսատեսի համակրանքին վաղուց արժանացած Անահիտ Բեգջանյանը այս անգամ նախկին կոլխոզի նախագահ է` իր ազդու գործով ու խոսքով: Ներկայացմանը խիստ համահունչ են Զավեն Օհանյանի երաժշտական ձևավորումը, պարուսույց Լեյլի Հովհաննիսյանի բեմադրած պարերը և սկսնակ դերակատարներ, Արթուր Սիմոնյանի ղեկավարությամբ գործող նորաստեղծ ստուդիայի սաներ` Վարդիթեր Ստեփանյանի (Անառակ կին), Նունե Ասլիկյանի (Ամերիկուհի) կերտած կերպարները:

Նպատակ չունենալով մասնագիտական գնահատականներ տալու ներկայացման սցենարին և նկարչական ձևավորմանը (նկարիչ` Վարդան Տիտանյան), ռեժիսորական մեկնաբանությանը, դերասանական խաղին, դա թողնելով մասնագետներին, միայն ընդգծենք, որ ներկայացումը հաջողված էր և առանձնակի կարևորել ավարտը: Վերջը խեր է` բահերով զինված «Վալեքս» խմբի ընկերության գովազդային շապիկներով երիտասարդները գալիս են անտառ տնկելու: Լուսավոր այս ձեռնարկման նոտայով էլ դահլիճը լուսավորվում է:

Ներկայացման ավարտին բեմ բարձրացավ հեղինակը` մեղմ ժպիտով իր գոհունակությունը հայտնելով: Նրան և բեմադրության մասնակիցներին ողջույնի ու գնահատանքի սրտաբուխ խոսքեր ասացին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և գրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Յուտիշակի Ատունագա. «Ընկերս ասաց, որ ոտքդ ընկնի Հայաստան` սիրահարվելու ես ու հայ աղջա հետ ամուսնանաս»

ճապոնացիՅուտիշակի Ատունագան արդեն երկրորդ անգամ էՀայաստանում: Ասում է` առաջին անգամ եկավ մեծ տպավորություններով, հայկական մշակույթն իրեն հետաքրքրեց, ու այն ուսումնասիրելու մեծ ցանկություն ուներ:

Ատունագան մշակութաբան–ազգագրագետ է: Տոկիոյի համալսարանում ուսանելուց հետո գնացել է Եվրոպա ու Լիոնի համալսարանում ուսումնասիրել ազգագրություն և մշակույթի պատմություն: Ճապոնացու ուսումնասիրությունների առանցքը լայն է` մարդկանց կենցաղից մինչև մշակութային կոթողներ:

Յուտիշակիի հետ ծանոթացա Ծաղկաձորում` Կեչառիս վանքային համալիրի մոտ: Նա հիացած էր հայկական ճարտարապետությամբ, անդադար լուսանկարում էր Կեչառիսը: Նրա հետ զրուցեցի հենց «Կեչառիս» կոչվող սրճարանում:

– Յուտիշակի, արդեն պատմեցիք, որ երկրորդ անգամ եք Հայաստանում: Ի՞նչն է Ձեզ երկրորդ անգամ բերել մեր երկիր:

– Այս հիասքանչ, չքնաղ, աստվածային կառույցները (ցույց է տալիս Կեչառիս վանական համալիրը): Առաջին անգամ երբ եկա` հիմնականում ուսումնասիրում էի հայերին ու հայկական կենցաղը: Արթնանում էի առավոտյան 7-ից ոչ ուշ ու զբոսնում. իհարկե, ֆոտոխցիկը ձեռքիս: Առաջին անգամ իմ այցը համընկավ Երևանի տոնի հետ, ու տեսա, թե մարդիկ ինչքան ուրախ են, որ ապրում են Հայաստանում: Ինձ ասացին, որ անգամ տոնին մասնակցելու էին եկել հեռավոր շրջաններից: Առաջինն ինձ գրավեց Սանահինը: Դա ճարտարապետության ու մշակույթի իսկական լիդեր է, պարզապես վատ է, որ մի քիչ անխնամ տեսք ունի: Գուցե պահպանելը միլիոններ արժե, ու դրա համար պետությունը գումարներ չունի:

Հետո ինձ ոգեշնչեց Գառնին: Գառնու տաճարն էր պատճառը, որ ուսումնասիրեցի նաև հեթանոսությունը: Անգամ տաճարի մասին մի վավերագրական հետաքրքիր ֆիլմ գտա ինտերնետում ու նայեցի: Շլացուցիչ բան էր:

Մի հետաքրքիր ընկեր ունեմ, Ֆրանսիայում եմ ծանոթացել: Երբ նրան գրեցի, որ ցանկանում եմ Հայաստան գնալ և ուսումնասիրություններ անել, ասաց, որ մի լավ հայ ընկեր ունի: Ու մենք շուտով ծանոթացանք: Անունը Արմեն էր, արդեն 30 տարի է` Ֆրանսիայում է: «Ամեն ինչ քեզ կգրավի, բայց դու պետք է լինես նաև Գանձասարում»,- ասաց Արմենը: Երբ առաջին անգամ էի Հայաստանում, հյուրանոցի պատասխանատուներին տեղեկացրի, որ ցանկանում եմ գնալ Գանձասար: Ճանապարհը երկար էր. իսկ ժամանակն ինձ համար` շատ թանկ: Երևի երկու օր ծախսեցի, բայց հիացած եմ, պարզապես հրաշք էր: Երբ հասա Գանձասար, մի անցորդի խնդրեցի, որ նկարի ինձ, ու  նկարը դրեցի իմ էջում: Արմենը մեկնաբանություն էր գրել. «Դա ինձ հիշեցնում է երիտասարդ տարիներս, որին երբեք չի կարող փոխարինել անգամ եվրոպական ամենաշքեղ առանձնատունը»:

– Մինչ հարցազրույցը սկսելն ասացիք, որ բացի ճարտարապետական գործերից, ուսումնասիրել եք նաև հայի կենցաղը, նիստուկացը:

– Առաջինն ինձ հետաքրքրում էին հայ կանայք: Ոչ թե մայրաքաղաքի կանայք, որոնք սիրում են «Շանել», այլ գյուղի կանայք: «Շանել» բուրող կանանց ես Եվրոպայում էլ եմ տեսել: Ես հետաքրքրվեցի ու իմացա, որ այն, ինչ ցանկանում եմ իմանալ, ինձ կասեն Կեչուտ գյուղում: Թարգմանչի հետ ճամփա ընկանք: Ինձ հետ զրուցել ցանկացան միայն գյուղի մեծահասակները, երիտասարդները կա՛մ ամաչում էին, կա՛մ էլ նպատակահարմար չէին գտնում պատմելը: Անկեղծ ասած, ինձ հենց դա էլ պետք էր, որ խոսեին պատկառելի տարիքով կանայք:

– Ու Ձեզ ի՞նչ պատմեցին մեր տատիկները:

– Նախ` պետք է ասեմ, որ նրանք չափազանց ուշադիր ու շռայլ էին, հյուրասեր: Տատիկն ասաց. «Մինչև իմ տանը հաց չուտես, ոչինչ չեմ ասի»: Ստիպված էի ենթարկվել: Այդ տատիկի անունը Աշխեն էր, ասաց` հին հայկական անուն է: Իմացա, որ ավանդույթի համաձայն, կին թե տղամարդ դաստիարակվում են իրենց դերին համարժեք: Տան կինը, օրինակ, պարտավոր էր հետևել ավանդական որոշ չափանիշների. հավատարմություն, հնազանդություն, տնային աշխատանքներին նվիրվելու պատրաստակամություն, նոր ընտանիքին հարմարվելու կարողություն և այլն: Ծիծաղս մի պահ եկավ այն ժամանակ, երբ ասաց, որ աղջկան հավանում էր նախ փեսայի մայրը, որն անպայման պետք է աղջկան բաղնիք տաներ: Ես արդեն մտածեցի, որ դա ավելի քան ժամանակակից է: Բայց թարգմանչուհին հասցրեց պարզաբանել. ամեն աղջկա տուն չեն տանում, մեծի խոսքն արժեք է, ու բաղնիքում է միայն պարզվում աղջկա առողջական վիճակն ու սերունդներ ունենալու կարողությունը: Երբ տատիկն անդադար պատմում էր, մեկ էլ խմբվեցին գյուղի մեծահասակներն ու, քանի որ հասկացան, թե ինչի մասին ենք խոսում, սկսեցին իրենք էլ մասնակցել զրույցին:

Օրինակ` մեկն ասաց, որ ամուսնուն հնազանդվելը կնոջ կարևոր, հիմնական պարտականություններից է: Ամուսինը կնոջից պարտավոր է հնազանդություն պահանջել, նա այդ իրավունքն ունի: Կնոջ հնազանդության մասին ես մինչ գյուղ հասնելը հասցրել էի կարդալ կրոնական մի գրքում, որում մանրամասն նկարագրվում էր, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը: Մայրաքաղաքում, օրինակ, կանայք ավելի եվրոպական մոտեցումներ ունեն, գյուղերում հետևում են ավանդույթներին:

– Բայց հատկապես ի՞նչը Ձեզ գրավեց հայ կանանց մեջ:

– Երևի տղամարդկանց նկատմամբ հատուկ ուշադրությունը: Օրինակ` Եվրոպայում ես ապրել եմ մոտ մեկ տասնամյակ, այնտեղ կանայք այդպես չեն մտածում: Նրանք ավելի կյանքի մարդիկ են, ցանկանում են կյանքը հնարավորինս շատ վայելել, իսկ Հայաստանում կանայք ավելի հոգսաշատ են, տղամարդիկ` նույնպես: Գուցե պատճառը կենցաղը կամ էլ ապրուստի միջոցներն են:

– Յուտիշակի, երկրորդ անգամ Հայաստան գալուց հետո Ձեր տպավորությունները փոխվեցի՞ն:

– Գիտեք, ես մնում եմ նույն կարծիքին, Հայաստանը հետաքրքիր ու զարմանալի վայր է: Մինչ հեռակա կարգով ծանոթանալս Հայաստանի հետ կարդացի, որ այն թանգարան է բաց երկնքի առաջ: Դա իրոք այդպես է: Ես մոտ մեկ շաբաթ Դիլիջանում էի,  լավ հանգստացա: Քչերը թերևս կարող են ինձ ճիշտ հասկանալ: Օրինակ` մարդիկ նախընտրում են լինել Դուբայում կամ Հռոմում, բայց ինձ համար Դիլիջանը մի ուրիշ աշխարհ էր. օդը, ջուրը, բնությունը. աստվածային վայր է:

– Հնարավո՞ր է, որ Ձեզ էլի տեսնենք Հայաստանում:  

– Անշուշտ, երբ ընկերս ասաց, որ ոտքդ ընկնի Հայաստան` սիրահարվելու ես ու հայ աղջա հետ ամուսնանաս, չէի հավատում:

– Դուք ցանկանում եք ամուսնանա՞լ հայուհու հետ:

– Ես արդեն 43 տարեկան եմ, ու երևի եկել է ժամանակը, որ մի քիչ էլ մտածեմ անձնականիս մասին: Չգիտեմ` ինչպես կստացվի, բայց, իհարկե, հայ աղջիկներն ինձ շատ են դուր գալիս, նրանք անչափ խելացի են, համեստ, անկեղծ, աշխատասեր ու բարի: Առաջիկայում Վիեննայում գործեր ունեմ: Ազգագրության մասին մեծ գիտագործնական հանդիպումներ են լինելու, ես ևս պետք է մասնակցեմ: Հաջորդ անգամ ցանկանում եմ ձմռանը գալ Հայաստան: Եթե այս տարի ստացվի` անպայման հնարավորությունը բաց չեմ թողնի ու կգամ: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ կծանոթանամ իմ կյանքի երկրորդ կեսի հետ, նրա, ում մասին այսքան ժամանակ երազել եմ:

 

Հարցազրույցը վարեց Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

«Էլ ի~նչ տուրիստ, որին գոնե մեկ անգամ չեն խաբել»

վրաստան1Ամռան ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ամառային արձակուրդներն անմոռանալի կազմակերպելու հարցը: Ու սա, անկախ սոցիալական, հասարակական դիրքից, կարգավիճակից ու կարողություններից: Այսինքն` յուրաքանչյուրն էլ փորձում է իր հանգիստը կազմակերպել` սեփական գրպանի պարունակությանը համապատասխան: Ամառային հանգստի աժիոտաժի մեջ արդեն մի քանի տարի է, ինչ իր ուրույն տեղն ունի հարևան Վրաստանը, մասնավորապես, Աջարիայի ծովափնյա բնակավայրերը` Բաթումին, Քոբուլեթին, Ուրեկին, Սարփին և այլն: Սրա համար մի շարք պատճառներ կան, իսկ առաջինը` հենց այդ ուղղությամբ է ամենակարճ, ամենաէժան ճանապարհը դեպի ծով: Սրանում կարելի է համոզվել ամենահասարակ` հայտարարությունների կայքերում ու սոցցանցերում հանգստի կազմակերպման համար համապատասխան որոնումների ընթացքում. նման կայքերում արդեն պարզ է դառնում, որ ծովափնյա հանգստի բոլոր առաջարկվող ուղղություններից Աջարիայի լողափերի համար, հիմնականում, ամենաքիչ ծախսերն են պահանջվում: Երբեմն, նույնիսկ, ավելի քիչ, քան հենց Հայաստանում հանգստի անցկացման համար: Թողնենք Հայաստանի ու Վրաստանի տուրիստական ոլորտների գների ու ծախսերի համեմատությունը ու անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի:

Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում ամառային արձակուրդն անցկացնել Աջարիայում, մի բնական ու տրամաբանական հարց է ծագում. իսկ արդյոք առաջարկվող ծառայություններն ու գները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ իրականությունն այլ է` արդյոք չե՞ն խաբում իրենց:

Այս առումով տուրիզմի համար մի հին ասացվածք կա. «Էլ ի~նչ տուրիստ, որին չեն խաբել…»: Աջարիայում հանգստի որակի, առաջարկվող ծառայությունների գների ու, առհասարակ, ծախսերի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում միշտ: Բայց նաև բավական հաճախակի են հանդիպում այնպիսիք, ովքեր պնդում են, որ Աջարիայում խաբեությունը շատ է:

Հանուն արդարության նշենք, որ խաբեություն, իհարկե, պատահում է, ինչպես և Հայաստանում: Մասնավորապես, հաճախակի են դեպքերը, որ Հայաստանում Աջարիայի հյուրանոցների ուղեգրեր վաճառողները հաճախորդներին վաճառում են մի փաթեթ, բայց հաճախորդները տեղում հանդիպում են այլ պայմանների: Օրինակ` հենց այն հյուրանոցում, ուր կանգ էինք առել մենք, նույն օրը եկան նաև 3 այլ հայ ընտանիքներ: Միջանցքում հանդիպեցինք ընտանիքների տղամարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանից դժգոհ էին ու «ակտիվ բանակցությունների» մեջ էին հյուրանոցի ադմինիստրացիայի հետ: Պարզվեց, որ նրանք Երևանում տուրիստական ընկերությունում պատվիրել են 3 հատ 4 տեղանոց համարներ, բայց Քոբուլեթիի հյուրանոցում նրանց ասում էին, թե իրենց պատվիրել են 4 հատ 3 տեղանոց համարներ:

Հայերից Կարենը, արդեն հայերենով, ասաց, որ եթե տուրիստական ընկերության աշխատակցուհին հենց իր ներկայությամբ զանգած ու ճշտած չլիներ պատվերի մանրամասները, ապա ինքը կհավատար, թե իրոք տուրիստական ընկերությունն է վրիպել: Մի խոսքով` նրանց փորձում էին պարտադրել 4 համարներն էլ զբաղեցնել, քանի որ պատվերն այդպիսին է եղել: Հետո, իհարկե, համաձայնության եկան, սակայն երևույթը ամենևին էլ հաճելիներից չէր: Նման «պատահական թյուրըմբռնումներ» վրացիների մոտ, կարծես, շատ են պատահում: Օրինակ` մենք էլ, ծանոթ լինելով այդ հյուրանոցին, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ հենց այնտեղ ենք հանգրվանում, պատվիրել էինք երկու տեղանոց մեկ համար` անպայման պատշգամբով: Բայց մեզ առաջարկում էին համար առանց պատշգամբի: Մեր դեպքում, որպես հին հաճախորդների, հարցը շատ արագ լուծվեց, սակայն էլի վրիպակի համար հղում կատարեցին տուրիստական գործակալությանը: Համենայն դեպս, մասնավոր զրույցներից դատելով էլ, բավական շատ են դժգոհությունները, որ վրացի հյուրանոցատերերը շատ են խաբում, այլ բան են ներկայացնում, այսպես ասած` վաճառքի, սակայն վերջում փորձում են այլ բան վաճառել: Ի դեպ, եթե հյուրանոցում համարն էլ նախօրոք չես պատվիրել ու դրա համար վճարել, տեղում կարող է պարզվել, որ բոլորովին այլ գին պետք է վճարել: Սա նույնպես, կարծես, օրինաչափություն է, որը հունից հանում է հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Աջարիայում անցկացնում իրենց հանգիստը: Մի փոքր այլ է պատկերը մասնավոր բնակարաններ կամ տներում սենյակներ վարձելու առումով: Սակայն այստեղ էլ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել բնակարանատիրոջ կողմից նախօրոք` առանց կացարանը տեսնելու առաջարկած պայմանները, քանի որ վրացիները, ինչպես արևելյան բոլոր ժողովուրդները, իրենց ապրանքը գերագնահատելու սովորությունից զերծ չեն: Մի խոսքով, փոքրիկ աչալրջությունը ոչ ոքի էլ, բոլոր դեպքերում, չի խանգարում:

Այլ տեսանկյունից նայենք Աջարիայում հանգստի անցկացմանը. «Էժան գներով բնակարան չե՞ք ուզում, մատչելի գներով տաքսի~, լավ պայմաններով տուն` հենց ծովի ափին, 100 մետր հեռավորությամբ…»,- ու էլի բազմաթիվ նման` կոտրած ռուսերենով բացականչություններ, որ լսում են Աջարիայի ծովափնյա բնակավայրերում ավտոբուսներից, մեքենաներից, գնացքից իջնող հայերը: Արևի այրող ճառագայթների ու ծովի խոնավ օդի հետ միախառնվելով` այս բացականչություններն արևելյան խառնաշփոթ շուկայի կերպարանք են ստանում երկար ճանապարհից հոգնած, մի քանի օր ինքնամոռաց ծովի ալիքներին ու ափի արևին տրվել վրաստան2ցանկացող հովեկների համար, ովքեր դեռ չեն էլ հասցրել թոթափել ճանապարհի փոշին ու հոգնությունը: Ծով, ծովափ ու արև երազող հայացքները ավտոբուսների, գնացքի, մեքենաների դռների հետևում հանդիպում են ոչ թե տուրօպերատորների կեղծավոր, արհեստական, բայցևայնպես քաղաքավարի ու բարեհամբույր ժպիտներին, այլ մարդկային դեմքերի մի ամբողջ հեղեղի` իր գունեղ առաջարկություններով և վրացական առոգանությամբ ռուսերենի տարափով. «զդայուտցա կվարտիրի, խառոշի կոմնատ, ս կոնդիցիոներ, պո սամոյ նիզկոյ ցենե, տաքսի, բիջո, նե խոչիշ տաքսի, դավայտե յա բուդու պամագատ վաս ս վեշամի»: Հովեկները չեն էլ հասցնում ուշքի գալ, թե արևախանձ դեմքով վրացին ինչ է ուզում իրենցից` բերանում կարծես տաք կարտոֆիլ պահած ինչ-որ անհասկանալի բառեր արտաբերելով:

Ու մեկ էլ տեսնում ես, որ ճամպրուկներդ արդեն, անկախ քո կամքից ու ցանկությունից, հենց այդ «բիջոյի» թեթև ձեռքով ուղևորվում են դեպի իր «տեխնիկայի վերջին ճիչ» ավտոմեքենան, իսկ վրացին էլ դեռ գոռգոռում է. «Դավայ, յա պամագու, բիջո…»: Մեզ մի անգամ «բախտ» վիճակվեց նկատել, թե ինչ ջանասիրությամբ է մեր ճամպրուկները իր` նախորդ դարի 80-ականների արտադրության փոքրիկ ԲՄՎ-ի մեջ խցկում մի կարճլիկ վրացի, ընթացքում վրացերեն շաղակրատելով ու աչքերը խորամանկորեն փայլեցնելով: Փորձեցի առարկել, թե մեզ իր տաքսին պետք չէ, քանի որ շատ փոքր է, ես մենակ չեմ, այլ ևս հինգ հոգու ուղեկցությամբ, որ բոլորի իրերը տեղավորելուց հետո մեզ էլ տեղ չի մնա և այլն… Վրացին էլ` իր ջանասիրությամբ ու գործնականությամբ «համոզեց», թե իր մեքենան մենք իրենից լավ չգիտենք, ու դեռ կարող ենք մի երկու հոգու էլ կողքից հրավիրել` միասին տեղ հասնելու համար: Հետո, երբ փորձում էի առարկել, նա վճռականորեն շրջվեց, թե բոլոր տաքսիստներին ինքը կասի, որ մեզ չտանեն, եթե մենք իր մեքենայով չուղևորվենք հյուրանոց, քանի որ ինքը, զբաղված լինելով մեզանով ու մեր իրերով, չի կարողացել իր համար այցելու «ապահովել»:

Լուրջ չընդունեցինք ու սկսեցինք կայարանի մեծ ավտոկանգառում, ուր այդ պահին մոտ 20-30 տաքսի կանգնած կլիներ, այլ մեքենա փնտրել: Բայց, ո~վ զարմանք, ոչ ոք չի համաձայնում մեզ տեղափոխել` բոլորը հայացքով ցույց են տալիս մեր «հին բարեկամի» ուղղությամբ: Ստիպված համաձայնեցինք ու մի կերպ` խցկված, հասանք հյուրանոց: Բայց տեղում էլ պարզվեց, որ պետք է վճարենք ոչ թե նախօրոք պայմանավորված գումարը, այլ կրկնակին, քանի որ վարորդը միանգամից երկու մեքենայի ուղեբեռ և ուղևոր է տեղափոխել…

Նման տարաբնույթ առաջարկություններից առաջին անգամ օգտվողները, ովքեր ծանոթ չեն տեղական գներին, վրացիների կողմից դիտարկվում են ճիշտ այնպես, ինչպես պարսիկ տուրիստները` հայ տաքսիստների աչքին` որպես փողի քսակ: Նման դեպքերում, իհարկե, տաքսին, օրինակ, 1 վրացական լարի վերցնելու փոխարեն հանգստացողից վերցում է 2-3, երբեմն էլ 4 կամ 5 լարի: Եվ համեստ ու ամոթխած հովեկները շատ են ընկնում այս թակարդը:

Հատուկ ուշադրության է արժանի Աջարիայում` Հայաստանից տուրիստական հոսքի մեծանալուն զուգընթաց դիտարկվող «գնային վարիացիաների» երևույթը: Օրինակ` հուլիսի կեսին, երբ տուրիստական հոսքերը դեռ փոքր են, շուկայում 1 կիլոգրամ լոլիկն արժեր 70-80 տետրի (վրացական մանրադրամ, մոտ 175-200 ՀՀ դրամին համարժեք), արդեն հուլիսի երկրորդ տասնօրյակում լոլիկի գինը հասավ 1 լարիի (250-260) դրամ, իսկ հուլիսի վերջին, երբ արդեն սկսվում է Հայաստանից տուրիստների ամենամեծ հոսքը, նույն վաճառողի մոտ լոլիկն արդեն արժեր 1,5 լարի (մոտ 360-370 դրամ): Այսինքն` ընդամենը 10 օրում գինը բարձրացավ 50 տոկոսով ու դեռ ավելի կբարձրանա օգոստոսին: Նշեցինք միայն լոլիկի օրինակը, սակայն նույնը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին:

Բոլոր հայ տուրիստներն էլ, ովքեր մեկնում են Աջարիա, պետք է հաշվի առնեն մեկ հանգամանք. նույն ապրանքը տուրիստների համար մի գին ունի, տեղացիների համար` մեկ ուրիշ: Անձնական օրինակից ելնելով` նշեմ, որ, օրինակ` վաճառողը խաշած եգիպտացորենը մեզ վաճառեց 2 լարիով (50-520 դրամ), իսկ անմիջապես մեր հետևից մոտեցած վրացուն, աչքով-ունքով հասկացրեց, որ թաքուն տա 1 լարի: Սա արդեն խաբեություն էլ չէ, այլ հայերի համար` աջարական առօրյա…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ, Երևան-Քոբուլեթի-Բաթումի-Երևան

Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի հետ սահմանային ընդհարում հրահրելը

Հարութ-Սասունյան1Հուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի մահացու միջադեպ` հավանական լուրջ հետևանքներով:

Հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել այս միջադեպի առնչությամբ: Սակայն մի հարցում նրանք համամիտ են՝ թուրք հովիվը կրակոցից սպանվել է Հայաստանի տարածքն անցնելուց հետո:

Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն պնդում է, որ «հայ զինվորներն» առանց նախազգուշացնելու կրակ են բացել 35-ամյա Մուստաֆա Ուլքերի վրա, երբ վերջինս փորձում էր հետ բերել իր ոչխարները հայկական կողմից: Թուրք նահանգապետը մեղադրել է հայերին «անհամաչափ ուժ» կիրառելու մեջ՝ պնդելով, որ «հովիվն անզեն է եղել»: Մեկ այլ թուրք պաշտոնյա, Օսման Ուղուրլուն, բացահայտել է, որ սահմանախախտը ադրբեջանական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի է, որը զինված է եղել միայն դանակով և սպանվել է թիկունքից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք պատահականությամբ տեղի ունեցած սահմանային փոքր խախտման համար անմեղ քաղաքացու վրա կրակելը: Պատշաճ բացատրություն գոյություն չունի այս սովորական միջադեպի առնչությամբ հայկական կողմից անհամաչափ ուժ կիրառելու համար»:  Մեկ այլ հրապարակային հայտարարության մեջ Անկարան կոչ է արել Հայաստանին «խելամտություն» ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ նախագզուշացնելով Երևանին սխալ քայլերի ծանր հետևանքների մասին, որոնք կարող են վտանգի ենթարկել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Հայաստանը մերժել է իրադարձությունների թուրքական վարկածը՝ պնդելով, որ երկու թուրք երիտասարդներ ոչխար գողանալու նպատակով գիշերը ժամը 3-ին հատել են հայ-թուրքական սահմանը: Երբ Հայաստանի սահմանին կանգնած ռուս  սահմանապահները զգուշացրել են, որ սահմանախախտները հետ դառնան, թուրքերը ծաղրել են նրանց և հրաժարվել նահանջել: Այնուհետև սահմանապահները երկու անգամ նախազգուշական կրակոցներ են արձակել օդում, և այդ պահին թուրքերից մեկը կրակ է բացել նրանց վրա: Ըստ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանամերձ վարչության՝ ռուսական զորքերը պատասխան կրակոցով սպանել են թուրք սահմանախախտներից մեկին:

Թուրքական աղբյուրները բազմիցս ընդգծել են, որ հայերն են սպանել հովիվին, չնայած որ Անկարան շատ լավ իրազեկված է, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները հսկում են ռուսական զորքերը՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև կնքված 1992 թվականի համաձայնագրի: Թուրքական կառավարությունը ռուսներին մեղադրելու փոխարեն պնդում է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում հովվի սպանության համար՝ այն վերածելով հայ-թուրքական միջադեպի, այլ ոչ թե ռուս-թուրքական հակամարտության:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել զուսպ հայտարարությամբ, որտեղ ցավ է արտահայտել դեպքի կապակցությամբ և հույս հայտնել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Ակնհայտ է, որ Երևանը չի ցանկանում բորբոքել կրքերը և հրահրել ավելի լուրջ միջադեպեր՝ անկանխատեսելի հետևանքներով:

Հասկանալի է, որ թուրք ղեկավարները կցանկանային ուռճացնել այս համեմատաբար փոքր սահմանային միջադեպը, որպեսզի շեղեն ուշադրությունը Թուրքիայի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներից, ինչպիսիք են.

·         Շարունակվող զանգվածային ցույցերը Թուրքիայում, որոնք վիճարկում են վարչապետ Էրդողանի բռնապետական իշխանությունը:

·         Երեք հազար ցուցարարների ձերբակալությունը, ութ հազար վիրավորվածն ու հինգ հոգու սպանությունը՝ որպես հետևանք թուրքական ոստիկանության կողմից «անհամաչափ ուժի կիրառման»:

·         Ամերիկյան, բրիտանական և գերմանական խոշոր թերթերում տեղադրված հայտարարությունները, որոնք դատապարտում են Էրդողանի «նացիստական» գործողությունները: Թուրքիայի վարչապետի սպառնալիքները` դատի տալու բրիտանական հայտնի «Թայմս» թերթին մի ամբողջ էջում վճարովի նամակի հրապարակման համար՝ ստորագրված արևմտյան հայտնի մտավորականների և արվեստագետների կողմից, ավելի լայնորեն կբացահայտի նրա կեղեքիչ   գործելակերպը:

·         Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 46 անդամների կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հղված նամակը, որում խնդրում են նրան դատապարտել վերջերս թուրք ղեկավարների, այդ թվում՝ Էրդողանի կողմից արված հակասեմական հայտարարությունները, ով սիոնիզմին անդրադարձել էր որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» և Գեզի այգում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել էր հրեա սադրիչներին:

·         Ներքին լուրջ թշնամանքը քրդական խմբավորումների, ընդդիմադիր կուսակցությունների և բանտարկված բարձրաստիճան զինվորական ղեկավարների հետ:

·         Հաճախակի ռազմական ներխուժումները իրաքյան Քուրդիստան:

·         Լարված հարաբերությունները Եգիպտոսի նոր իշխանությունների հետ՝ Էրդողանի իսլամիստ գործընկերոջ նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո:

·         Տարաձայնությունները Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Իսրայելի հետ, ինչպես նաև պատերազմական գործողություններ Սիրիայի հետ:

·         Անցյալ շաբաթ Թուրքիայի դեսպանատան պայթեցումը Սոմալիում Ալ-Քաիդայի հետ առնչություն ունեցող մի խմբի կողմից:

Թուրքիայում և նրա շուրջ գոյություն ունեցող այս բոլոր խնդիրների հորձանուտում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն արդեն վերածվել է «զրո հարևաններ՝ առանց խնդիրների»:

Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը պատրաստվում է աշխարհով մեկ ոգեկոչման միջոցառումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, Թուրքիայի շահերից չի բխում իր բազմաթիվ խնդիրներին ավելացնել սահմանային ընդհարում Հայաստանի հետ, որը միայն կծառայի Թուրքիայի անցյալի և ներկայի ոճիրների երկար ցուցակի բացահայտմանը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թե՛, թե՛ կա՛մ, կա՛մ-ի փոխարեն

Շահան ԳանտահարյանԻրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության առիթով, ի շարս այլ նախագահների, Թեհրան էր ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահը։ Այդ առիթով էլ կայացել է միջնախագահական ձեւաչափով հանդիպում։ Հետեւելով լրատվություններին՝ երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է, որի մասին վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանի Թեհրան մեկնումը աւելի քան օրինաչափ էր։ Աւելի քան՝ նկատի ունենալով Թեհրան-Երեւան հարաբերությունները, մեր երկրի ցամաքային կիսաշրջափակված լինելը եւ իրանյան ելքի կաեւորությունը սահմանային ընդհանուր համապատկերի պարունակում։ Չմոռանանք վրացական սահմանի դյուրաբեկությունը, մենաշնորհային հանգամանքի օգտագործման միտման բազմակի դրեւորումները եւ անշուշտ ռուս-վրացական հարաբերությունների վայրիվերումների անմիջական ազդեցությունը։

Իրանյան ցամաքային ելքի կարեւորությունը այս բոլորի նկատառումներով պիտի դիտարկել։ Բայց խնդիրը միայն ելքին չի վերաբերվում իհարկե։ Համազգային առաջնային հիմնահարցի՝ արցախյան հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշումը։ Այստեղ իրանյան շահի գերակայումը բնականաբար պարտադիր է տեսնելը՝ գնահատական տալու համար իրանյան դիրքորոշման շարժառիթներին։ Իսլամական երկրների վեհաժողովներին իրատեսական չի լինի ակնկալել, որ Իրանի ներկայացուցիչներըը չմիանան Ադրբեջանի առաջ քաշած բանաձեւերի նախագծերին։ Միաժամանակ Թեհրանը եւս գիտակցում է, թե ինչու Երեւանը լուռ է մնում եւ չի արձագանքում, երբ հերթական անգամ պաշտոնական Թեհրանի արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարը առաջարկում է Իրանի միջնորդությունը արցախյան բանակցություններին։

Նման առաջարկություն բարձրաձայնվում է հակակշռելու համար Անկարայի նկրտումները պաշտոնապես միջամուխ լինելու արցախյան հարցում։ Տարածաշրջանում եւ հատկապես հարաւային Կովկասում Իրանը զսպիչ գործոնի դեր է վերցրել Թուրքիայի ազդեցության գոտու տարածման հարձակողական քաղաքականությունում։

Բայց սա դեռեւս միակ հանգամանքը չէ։ Իրանում ապրում է բազմամիլիոնանոց ծագումով ազերի համայնք։ Այս իրողությունը կարող է ապագայում շահարկվել ինչպես Ադրբեջանի, այնպես նաեւ Թուրքիայի կողմից Իրանում անջատողական շարժման ձեւաւորման աշխատանքներում։ Արցախն իր աշխարհագրական դիրքով իսկ արգելակում է Իրանի եւ Ադրբեջանի  ազգակիցների միաւորումը։ Արցախի գոյությունը իբրեւ հայկական տարածք, իբրեւ ինքնիշխան կամ թեկուզ ՀՀ-ին միացած տարածք բխում է հենց Իրանի շահերից։ Իսկ Իրանը մի քանի անգամ փաստել է արդեն, որ տարածաշրջանում հիմնարար ծրագրերի իրականացման գործընթացում նա անշրջանցելի գործոն է, որի հետ պետք է համաձայնեցնել վճռորորշ որեւէ հանգրվանի իրականացում։

Իրանի հետ մեր երկրի համագործակցության անհրաժեշտությունը վերակարևորվում է, երբ նկատի ունենանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման միտումները թե՛ զինվորական, թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական մակարդակներով։

Ահաւասաիկ նման պայմաններում է, որ Երեւանը փորձ է կատարում իր քաղաքական ժամացույցի սլաքները համադրել թե՛ Եվրամիության հետ ասոցացման, թե՛ ձեւաւորվելիք Եվրասիական կամ մաքսային միության հետ ռազմավարական համագործակցության տարողության ճշտմանը, թե՛ միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկվելուն եւ թե՛ իրանյան ելքը իբրեւ կարեւոր բաց պատուհանի ապահովման գործընթացների հետ։ Իսկ քաղաքական այս միտումներում հայտնաբար աշխատում է թե՛-թե՛-ի բանաձեւը կա՛մ-կա՛մ-ի փոխարեն։ Սրանք կարող են տալ փոխլրացուցիչ, հաւասարակշիռ կամ բազմակողմ դիւանագիտություն բնութագրերը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Լևոն Օրբելի. «Գիտնական կամ դերասան կարելի է դառնալ, բայց բոլորն էլ պարտավոր են մարդ լինել»

օրբելիԼևոն Օրբելին ծնվել է 1882 թ. հուլիսի 7-ին, Ծաղկաձորում: Օրբելիների ընտանիքը Թիֆլիսից էր: Երբ ծնվեց ապագա անվանի կենսաբանը` Լևոն Օրբելին, նրա ծնողները հանգստանում էին Հայաստանում: Ապագա ակադեմիկոսի հայրը Թիֆլիսում հայտնի իրավաբան Աբգար Օրբելին էր, իսկ մայրը` իշխանուհի Վարվառա Արղությանը, ծագում էր Լոռու Սանահին գյուղի Արղության-Երկայնաբազուկների տոհմից, որի արմատները ձգվում են դարերի խորքը և հասնում մինչև Զաքարյան արքաներ:

Աբգար Օրբելին և իշխանուհի Վարվառա Արղությանն ամուսնացել են 1879 թ. փետրվարին: Քանի որ անվանի իրավաբանն աշխատանքի բնույթով անընդհատ գործուղումների մեջ էր` Նախիջևան, Երևան, Գանձակ, Քութայիսի, նրա հետ էր նաև նրա անբաժան ուղեկիցը և սիրելի կինը` Վարվառա Մովսեսովնան: Պատահեց այնպես, որ Աբգար Օրբելու և Վարվառա Արղությանի երեք տաղանդավոր զավակները, որոնք աչքի ընկան տարբեր բնագավառներում և համաշխարհային փառքի արժանացան, ծնվեցին տարբեր վայրերում:

Աբգար Օրբելին վաղաժամ կնքեց մահկանացուն: Նրա զավակները հեռացան հայրական տնից և հաստատվեցին Պետերբուրգում: Վարվառա Մովսեսովնան օր ծերության Թիֆլիսում երաժշտության դասեր էր տալիս և խնամում թաղի անապահով երեխաներին: Նրա համար իսկական երջանկություն էր, երբ տարվա մեջ գեթ մի անգամ` իր ծննդյան օրը, զավակները հավաքվում էին հայրական հարկի տակ և իսկական տոն պարգևում մորը:

Լևոն Օրբելին նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիայում, 1904 թ. ավարտել է Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիան: Նա իր կյանքը կապեց հենց այդ ակադեմիայի հետ: Ակադեմիան ավարտելուց հետո Լ. Օրբելին աշխատանքի է անցնում տեղում` ընթացքում նաև ուսումնառելով և դասավանդելով եվրոպական խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում: Մասնավորապես, 1909-1911 թթ. աշխատել է Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում:

Պանծալի ուղի է անցել Լևոն Օրբելին` ղեկավարելով նաև Պ. Լեսգաֆտի անվան ֆիզիոլոգիայի լաբորատորիան, եղել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը, ապա` Ի. Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրենը, ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, փոխնախագահը: Նա 1956 թ. կազմավորել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Սենչովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

1935-ից նա ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս էր, 1943-ից` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1944-ից` ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս: ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ էր (1934), 1945 թ. արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Լևոն Օրբելին բժշկական ծառայության գեներալ-գնդապետ էր:

Նա եղել է աշխարհի տարբեր երկրների (այդ թվում` ԽՍՀՄ և Հայաստանի) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս: Այժմ էլ նրա անունով է կոչվում ՀՀ ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

Նրան են պատկանում աշխարհում կարևորագույն կիրառություն գտած վեգետատիվ նյարդային համակարգերի ուսումնասիրություններ, գլխուղեղի գործունեության հետ կապված շատ նոր բացահայտումներ:

Լևոն Օրբելին նաև հիմնարար հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիաների ոլորտներում` դրանք կապելով նաև ռազմական ոլորտի հետ: Նա է հիմնավորել ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը:

Լևոն Օրբելին իր գյուտերն ու աշխատություններն ամփոփել է «Դասախոսություններ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայից» աշխատության մեջ:

Իր գործունեության ընթացքում Լևոն Օրբելին ամբողջ սերունդ կրթեց: Նրա աշակերտներն էին անվանի գիտնականներ Է. Հասրաթյանը, Ա. Քարամյանը, Ա. Ալեքսանյանը և այլք:

Նա բազում կառավարական պարգևների և պետական մրցանակների է արժանացել: Բազմիցս պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Աշխատանքային  կարմիր դրոշի շքանշաններով, ունի Գիտությունների վաստակավոր գործչի կոչում:

Սակայն դժվարին էր նրա ուղին` փշերով ու տառապանքով լի: Ինչպես գրում է նա իր հուշերում, իր կյանքում պատահականությունները մեծ դեր են կատարել: Նման մի պատահականություն էր, երբ տակավին պատանի ուսանող` ունկնդրում է Իվան Պետրովիչ Պավլովի դասախոսությունը: Երկու օր անց աջակցության հարցով դիմում է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վարդանովին` խնդրելով միջամտել, որ իրեն վերցնեն Պավլովի լաբորատորիա: Այստեղ նա կարողացավ ոչ միայն հագուրդ տալ իր հետաքրքրասիրությանը, այլև իր մտահղացումները կյանքի կոչելու համար շատ ավելի գործնական հնարավորություններ ունեցավ:

1950-ական թթ. ոմանց հաջողվեց կեղծ մեղադրանքով Լևոն Օրբելուն մեկուսացնել գիտական աշխարհից: Նա հեռացվեց աշխատանքից: Շատերը երես թեքեցին նրանից:  Նախկին ընկերներն անգամ հասարակական վայրերում հանդիպելիս թեքում էին գլուխները, չճանաչելու տալիս: Միակ մխիթարողը եղբայրն էր` Հովսեփ Օրբելին, որին, սակայն, նույն ճակատագիրն էր սպասում: Այդ ժամանակաշրջանին է  վերաբերում նրա  թևավոր դարձած խոսքը. «Գիտնական կամ դերասան կարելի է դառնալ, բայց բոլորն էլ պարտավոր են մարդ լինել»: Միայն 1957 թ. Լևոն Օրբելին կարողացավ կրկին զբաղվել սիրելի գործով` գիտությամբ:

Նրա վերադարձը շուքով էր` իսկական հաղթահանդես: Լենինգրադում` ԽՍՀՄ ԳԱ դահլիճում հարյուրավոր գիտնականներ հավաքվեցին` նշելու Լևոն Օրբելու ծննդյան 75-ամյակը: Շքեղ միջոցառում էր: Արտասահմանյան կրթօջախներից, գիտական հաստատություններից տասնյակ նամակներ ու հեռագրեր կային` շնորհավորական խոսքեր մեծ հայորդու հասցեին և մեծարանք նրա վաստակին: Իսկ շնորհավորում էին շարքային քաղաքացիներից մինչև աշխարհահռչակ գիտնականներ` Էդրիան, Կատե Յա. Թեն, Ֆրից Բուխտալ, Հեյմանս, Պոլ Շոշար, Ա.Վ.Հիլ և այլք: Անգամ հեռագիր էր ստացվել Էդինբուրգ քաղաքի մի դեղատնից, ուր տարիներ առաջ պատահաբար այցելել էր Օրբելին:

Ականավոր գիտնականը մահացավ 1958 թ. դեկտեմբերի 9-ին, Լենինգրադում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Պետական նպաստի ի՞նչ տեսակներ կան

նպաստՆախ պետք է նշել, որ հիշյալ հարաբերությունը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 2-րդ հոդվածում նշված է պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, ըստ որի` պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` հիշյալ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Հարկ է նշել, որ պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաև ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամտի մասնակի հատուցումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը:

Օրենքի համաձայն` պետական նպաստների տեսակներն են՝

ա) ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը,

բ) երեխայի խնամքի նպաստը,

գ) երեխայի ծննդյան միանվագ նպաստը,

դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ:

Պետական նպաստը մերժվում է՝

ա) պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

բ) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,

գ) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերում:

Իսկ ինչ վերաբերում է պետական նպաստների վճարմանը, ապա դա իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը:

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք…

Razmik-Stepanyan1Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացան 10 մեդալի (1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե) և ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին 32-րդ տեղը: Վերադարձից հետո տպավորությունները հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

– 160 երկրների պատվիրակներ էին մասնակցում: Նախորդ` Չինաստանի Շենժեն քաղաքում կազմակերպված խաղերում ուժերն էին չափել 152 պետությունների ներկայացուցիչներ: Կազանում ստուգատեսը բարձր մակարդակով էր  կազմակերպվել: Վստահորեն կարելի է ասել, որ նախկինում ոչ մի երկրում խաղերն այդպիսի շուքով չէին անցկացվել: Ռուսաստանը նախապատրաստման համար 1 մլրդ 200 մլն դոլար էր ծախսել: Համեմատության համար նշենք, որ Շենժենում անցկացված խաղերի կազմակերպիչները ծախսել էին  800 մլն դոլար: Հայաստանի պատվիրակության կազմում 39 մարզիկ կար: Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ ) դարձավ չեմպիոն: Նրա թիմակիցներ Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանն (+100 կգ) արժանացան բրոնզե պարգևների: Արծաթե մեդալների տիրացան բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), շախմատիստ Զավեն Անդրիասյանը: Բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը (56 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կանգնեցին պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: 62 երկրների ներկայացուցիչներ են մեդալներ նվաճել: Նվաճած պարգևների հաշվարկով Հայաստանից հետ են մնացել մարզական համարում ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Սերբիան, Բուլղարիան, Լատվիան, Արգենտինան, Հունաստանը, Ֆինլանդիան, Վրաստանը, Իրանը և այլն:

 – Զուգահեռներ անցկացնենք մեր սահմանակից երկրների հետ: Հետաքրքիր է, թե ինչպես է Ադրբեջանը շրջանցել  Թուրքիային: Այդ երկրների ներկայացուցիչները համապատասխանաբար 19-րդ (4 ոսկի, 5 արծաթ, 7բրոնզ) և 29-րդ (2-0-5) տեղերում են:

– Ադրբեջանի ներկայացուցիչները մեծ փողեր են ծախսում սպորտը զարգացնելու համար: Թուրքիան հանպատրաստից էր մասնակցում: Նախկինում այդ երկրի ներկայացուցիչները շատ ավելի լրջորեն էին նախապատրաստվում և մասնակցում խաղերին: Ի դեպ, եթե կազմակերպիչները մի շարք մարզաձևեր լրացուցիչ չընդգրկեին խաղերի ծրագրում, Հայաստանի ներկայացուցիչներն էլ այդպիսի ավար չէին ունենա: Խաղերի պարտադիր մարզաձևերի շարքում մենապայքարային մի շարք մարզաձևեր չեն նախատեսված, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչների առաջարկով խաղերի ծրագրում էին հայտնվել ըմբշամարտը, գոտիներով ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, սամբոն: Դա ձեռնտու էր Հայաստանի ներկայացուցիչներին:

 – Զարմանալի է, որ մարզական մեծ ներուժ ունեցող Իրանը մեզնից հետ է մնացել, 33-րդ տեղում է (1-5-3): Նույնը կարելի է ասել նաև 48-րդ հորիզոնականում հայտնված Վրաստանի մասին (0+1+2):

– Իրանի ներկայացուցիչները նախկինում կազմակերպված խաղերում էլ առանձնապես չեն փայլել: Վրաստանի ներկայացուցիչները նույնպես նախկինում մեզանից առաջ երբեք տեղեր չեն զբաղեցրել:

 – Օրինաչափ էր, որ առաջին երկու տեղերը գրավել են Ռուսաստանի (155-75-62) և Չինաստանի (26-29-22) ներկայացուցիչները: Բայց զարմանալի է, որ 3-րդ տեղում ճապոնացիներն են (24-28-32):

Կազան– Բանն այն է, որ տարբեր երկրներում յուրովի են նախապատրաստվում խաղերին:  Հայաստանի կառավարությունը, մեր երկրի ԿԳ նախարարությունը, կարևորելով խաղերին Հայաստանի  մարզիկների նախապատրաստվելը և մասնակցությունը, ամեն ինչ արել էին, որ նրանք լավ հանդես գան: Եվ դա տվեց իր արդյունքը: Տրամադրվել էր 23 մլն դրամ: Ֆինանսական մեծ միջոցներ չեն առանձնացվել, սակայն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և մի շարք այլ մարզաձևերի ֆեդերացիաների համագործակցությունը հանգեցրեց նրան, որ մեր մարզիկները կարողացան լավ նախապատրաստվել և մեդալներ նվաճել: Հայաստանի մի շարք մարզաձևերի ֆեդերացիաներ լրացուցիչ ներդրումներ են կատարել: Մեր երկրի ներկայացուցիչները հանդես եկան բռնցքամարտի, գոտիներով ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, լողի, աթլետիկայի, շախմատի, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, սամբոյի մրցումներում:

 – Մեր երկրի` բոլո՞ր մարզաձևերի ներկայացուցիչների մրցելույթներից եք գոհ: Կա՞ն այնպիսի մարզաձևեր, որոնց ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները:

– Լավ հանդես եկան մեր ըմբիշները: Ուրախալի է, որ մեդալներ բերեցին Հայաստանի սամբիստները, բռնցքամարտիկները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լրացուցիչ երկու մարզիկի էր գործուղել Կազան և հոգացել էր բոլոր ծախսերը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան էլ  լրացուցիչ 6 մարզիկի մասնակցելու ծախսերն էր հոգացել: Հայաստանից լրացուցիչ 4 սամբիստ էր մասնակցում: Դա մեծ աջակցություն էր: Ինչ վերաբերում է չարդարացած հույսերին, ապա հարց կարող է առաջանալ, թե ինչպես հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Համաշխարհային ուսանողական խաղերում սոսկ 3-րդն է: Բանն այն է, որ վիճակահանության քմահաճույքով Արսենը մրցեց օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ, որին պարտվել էր 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի եզրափակչում: Երկրորդ գոտեմարտում Ջուլֆալակյանը ռուսաստանցի ըմբիշին կրկին զիջեց լարված մրցակցությունում: Դրանից հետո մեր  մարզիկը կարող էր պայքարել միայն 3-րդ տեղի համար: Սպասելիքներն ավելի մեծ էին նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանից: Բայց նրա գոտեմարտի ժամանակ մրցավարական կողմնակալ վերաբերմունք եղավ: Եվ եթե մեր երկու առաջատար ըմբիշներներին ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել, ապա նրանք ուժեղ մրցակիցների են պարտվել: 

– Իսկ ազատ ոճի մեր ըմբիշների հավաքականի նվաճած մեկ մեդալը քիչ չէ՞: 49 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանից էլ մեծ ակնկալիքներ կային:

– Եթե մեդալ կա, արդեն լավ է: Սպորտում ամեն ինչ հնարավոր է, և Սողոմոնյանի  համար մրցամարտը նույնպես ցանկալի հունով չընթացավ: Մի փոքր տակտիկական սխալը, հնարավորությունները ժամանակին չօգտագործելն իր հետևանքներն ունեցավ: Ընդ որում, առաջին իսկ մրցամարտում նրա հակառակորդը Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի մարզիկ էր: Իսկ ահա  դժգոհ ենք Հայաստանի ծանրորդների մրցելույթներից: Մեր երկրից մրցահարթակ դուրս եկած երեք մարզիկներն էլ չդրսևորեցին իրենց կարողությունները: Աղասի Աղասյանը, որը Շենժենում չեմպիոն էր դարձել, 77 կգ քաշային կարգից տեղափոխվել է 85 կգ քաշային կարգ և դժվարացավ: 95 կգ քաշային Վարդան Դավթյանը, չկարողանալով բարձրացնել իր պատվիրած ծանրությունը, 0 ստացավ: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը բավարարվեց 5-րդ տեղով: Բայց ընդհանուր առմամբ մեր պատվիրակների մասնակցությունը խաղերին կարելի է գնահատել լավ: Գերազանց կլիներ, եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք: Առնվազն երեք ոսկե պարգև պետք է նվաճեինք: Ի դեպ,  չեմպիոն դառնալուն շատ մոտ էր Զավեն Անդրեասյանը: Նա  և ֆիլիպինցի Ուեսլի Սոն հավասար միավորներ հավաքեցին, բայց քանի որ լրացուցիչ ոսկե մեդալ չկար, մրցավարական հանձնաժողովը որոշեց «արագ» շախմատի միկրոմրցամարտ անցկացնել: Եվ հաջողությունը մեր գրոսմայստերին ուղեկից չեղավ: Այդուհանդերձ, այս խաղերում ամենից շատ մեդալներ ենք  նվաճել: 2015-ին Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում կայանալիք խաղերում մեդալների այսպիսի քանակ չենք ունենա: Բանն այն է, որ կորեացիները, պարտադիր ծրագրով մարզաձևերից բացի, ընդգրկել են այնպիսի մարզաձևեր, որոնցում Հայաստանի ներկայացուցիչներն այնքան էլ մեծ հաջողություններ չունեն: Հոռետեսություն չէ, սակայն նախապես կարելի է ասել, որ իրատես լինելով` մեծ ակնկալիքներ չենք ունենա: Նախորդ` Չինաստանում կայացած խաղերում Հայաստանն ընդամենը երկու մեդալ ուներ: Ծանրորդ Աղասի Աղասյանը չեմպիոն էր հռչակվել, արծաթե մեդալակիր էր դարձել նրա թիմակից Հայկ Հակոբյանը:

 – Ի՞նչ պարգևներ են սպասում Կազանում աչքի ընկնողներին:

– Սահմանված կարգով տարեվերջին բոլորն էլ պետության կողմից պարգևների կարժանանան: Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է և  խրախուսանքի կարժանացնի մեդալակիրներին: Դա նախատեսվում է հոկտեմբերին` Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ավարտից հետո, այդ ստուգատեսի լավագույններին պարգևատրելու ժամանակ: Խաղերն ընթացքում են, մնացել են հանդբոլի և մինի ֆուտբոլի մրցաշարերը:

 

Գլիցինիա աննման (Glicinia Wistaria)

glicinaՊատկանում է լոբազգիների(Leguminosae) ընտանիքին: Հայրենիքը Չինաստանն ու Ճապոնիան է: Ամենագեղեցիկ փաթաթվող բույսերից մեկն է, որի  բարձրությունը հասնում և անցնում է 6մ-ից: Երևանի պայմաններում առանց ծածկոցի  բավական հաջող է ձմեռում, բացառությամբ արտակարգ ցուրտ ձմեռների, երբ մասամբ ցրտահարվում է: Ունի ամուր, ճկուն ցողուն, որի խիտ ճյուղերը գարնանից ծածկվում են գեղեցիկ փետրավոր տերևներով: Բույսի սաղարթը իր դեկորատիվության գագաթնակետին է հասնում, երբ զանգվածային կարգով բացվում են երկնակապտավուն ծաղկաողկույզները, որոնք անզուգական կոնտրաստ են առաջացնում տերևների գեղեցիկ մոզաիկայի հետ: Եթե այս բոլորին ավելացնենք գլիցինայի ուժեղ բուրմունքը, ապա պատկերը կատարյալ կլինի:

Մշակության մեջ հանդիպում է չինական գլիցինան, որը բազմանում է արմատածիլերով, անդալիսով և կտրոննորով`ջերմատանը: Օգտագործվում է շենքերի պատերը, տաղավարները, պատշգամբները ծածկելու և գեղեցկացնելու համար:

11Ծաղկումը դադարելուց հետո բույսի տարեկան կողային  շիվերը անհրաժեշտ է կտրել իրենց երկանքի մեկ երրորդի չափով, որպեսզի ծաղկաբողբոջներն հնարավորություն տալ ավելի լավ զարգանալու: ծաղիկները կտրված վիճակում չեն օգտագործվում, քանի որ շատ շուտ են թառամում: Նախընտրում է լուսավոր, տաք հողամասեր, սննդանյութերով հարուստ հողեր, առատ խոնավություն, սակայն աշնանը ոռոգումը շուտ պետք է դադարեցնել, որպեսզի միամյա շիվերը փայտանան և բույսը դիմանա սառնամանիքին:

Տեխնոլոգիաները մեզ կենդանու են վերածել…

gfԷքսպերիմենտալ վավերագրական կինոյի հիմնադիր, ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն 14 տարեկան հասակում հասկանում է, որ միայն վանքում մարդ կարող է կատարյալ դառնալ և որոշում է թողնել աշխարհիկ կյանքն ու 14 տարի անցկացնել եկեղեցում: Սակայն, արի ուտես, տարիներ անց հասկանում է, որ այնուամենայնիվ կինոն է իր ուղին: Հայտնի ռեժիսորի ֆիլմերը բնավ նման չեն այն ֆիլմերին, որոնք սովոր ենք տեսնել: Օրինակ՝  «Քաթսի» (Qatsi) եռապատումը հենց այդօրինակ ֆիլմերից է, որով կինոռեժիսորը փորձում է մտքի նոր հարթություններ ստեղծել:

– Ձեր ֆիլմերը նոր շունչ են հաղորդում՝ երբեմն զարմացնելով, երբեմն էլ զայրացնելով հանդիսատեսին, սակայն ոչ մի դեպքում անտարբեր չեն թողնում:

– Ոմանք նույնիսկ չեն խորասուզվում ֆիլմի մեջ, որովհետև այն չեն ընկալում: Իմ ֆիլմերն իրականում հետևում են հանդիսատեսին և  թերի են, միայն հանդիսատեսը կարող է դրանք լրացնել: Պետք է հասկանալ, որ ֆիլմը խորաթափանց է, երբ անցնում է մակերեսից՝ կինոյից այն կողմ, բայց այն կարող է խոր լինել, եթե հանդիսատեսն այն նկատի: Իմ ֆիլմերը  որոշակի իմաստ չունեն և ստեղծված են դիտողի ազատ մտածելու համար:

–  Ձեր ֆիլմերն աչքի են ընկնում մերթ դանդաղ, մերթ արագ ռիթմով: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Դրանք փորձում են սովորականն անսովոր ձևով ընկալելի դարձնել: XXI դարում բոլորս շարժվում ենք մեծ արագությամբ, իսկ այդ արագության մեջ շատ բաներ չենք էլ նկատում: Դա ինձ համար ողբերգություն է:

– Ձեր «Քաթսի» ֆիլմում նկատելի են այդ ողբերգության որոշ տարրեր:

– Համամիտ եմ: Բոլորի պես, ես էլ ունեմ ներքին ձայն, որին հաճախ ուշադրություն չենք դարձնում շրջապատող աղմուկի պատճառով: Որքան հանգիստ և անաղմուկ է անձը, այնքան զգացմունքային է աշխարհի նկատմամբ: Այդ ամենը ես վանքում եմ սովորել: Այսօրվա պատերազմը արտոնված ագրեսիա է կյանքի նկատմամբ, որում մենք դարձել ենք բանտարկյալ:

–Ձեր ֆիլմերի հիմքում ընկած է տեխնոլոգիայի առեղծվածը, այդպե՞ս է:

– Այո, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին բացասական կարծիք ունեմ:  Մենք տեխնոլոգիաներն օգտագործելու փոխարեն շնչում ենք դրանցով և նմանվում կենդանիների: Այսօր մարդիկ ամբողջ օրը մտածում են, թե ինչպես գումար կուտակեն՝ կարծելով, որ այդ կերպ երջանիկ կդառնան: Բայց չարաչար սխալվում են:

–  Ձեր ֆիլմի դերակատարների դեմքի արտահայտությունից կարելի է դատել, որ մենք վերահսկվո՞ւմ ենք:

– Հաստատ: Բայց, ցավոք, դեռևս լուծման տարբերակներ չեմ կարող առաջարկել:

  – Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

– Ցանկանում եմ ստեղծել մի նախագիծ, որով վերափոխեմ աշխարհը: Այսօրվա կրթությունը մեզ չի նախապատրաստում կյանքին: Զարմանում եմ, թե ինչպես Հայաստանը, մեկուսացված լինելով, չի կարողանում վերստեղծել սեփական աշխարհը՝ չներառվելով համահարթեցման (մեկ գաղափար, մեկ մշակույթ) և տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ: Ցավոք, ձեր հրաշալի երկիրը զարգանալով կորցնում է իր դիմագիծն ու ինքնատիպ մշակույթը, այն ինչ նկատելի չէր մի քանի տարի առաջ:

–  Այնուամենայնիվ, ո՞րն է կյանքի իմաստը:

– Ստեղծելն ու ստեղծագործելը: Դրանք ամենակարևորն են, քանի որ  դրանց միջոցով յուրաքանչյուրս աշխարհի համար կարող ենք լավ գործ անել:

 

 

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

116-670x446Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղիցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության սրահներում դառնում է խիստ պահանջված:

Ժամանակակից պեդիկյուրն իր մեջ ներառում է ոչ միայն պիլինգ (մաշկի մեռած բջիջների հեռացում, հարթեցում), այլև ռեֆլեքսոթերապիա (հատուկ մերսում, որ խթանում է տարբեր օրգանների, նյարդերի և գեղձերի աշխատանքը), անտիսեպտիկա (հականեխիչ միջոցներ) և, ի վերջո, նեյլ-արտ` եղունգների դիզայն: Ուստի, պեդիկյուրի մասնագետը պետք է լինի ոչ միայն լավ ոտնահարդար, այլև գիտակ կոսմետոլոգ, որպեսզի հասկանա ոտքի, հատկապես ոտնաթաթի մաշկի առանձնահատկությունները և հաճախորդին օգնելու փոխարեն խնդիրներ չստեղծի:

Պեդիկյուրի դասական գործընթացը տևում է մեկ-մեկուկես ժամ` ներառելով ոտքերի լոգանքը, կոշտուկների և ավելորդ մսերի հեռացումը, եղունգների հարդարումը, ոտքերի վերջնական մաքրումը սկրաբով, լվացումը, սնուցող քսուքներով մերսումը և վերջում` եղունգների ներկումը:

images (1)Սեզոնին գոնե ամիսը մեկ խորհուրդ է տրվում պեդիկյուր անել: Իսկ եթե հնարավորություն կամ ժամանակ չունեք, ապա առաջարկում ենք ոտքերն ինքնուրույն` տնային պայմաններում խնամելու ամենահին, պարզ ու էժան տարբերակներից մեկը, որը խորհուրդ է տալիս ոտնահարդար Արաքսյա Պետրոսյանը.«Ոտքերի կոշտուկները փափկեցնելու և հոգնածությունը վերացնելու համար պետք է ոտքերը դնել տաք ջրի մեջ` նախապես ջրի մեջ լցնելով մեկ ճաշի գդալ հեղուկ օճառ, մեկ ճաշի գդալ անուշադրի սպիրտ (1 ճաշի գդալը` երկու լիտր ջրին), 15-20 րոպեից հանել և հինգ րոպե դնել սովորական տաք ջրի մեջ, ոտքերը հերթով հանել, թեթևակի չորացնել, քերիչով հեռացնել մեռած բջիջներն ու մաքրել սկրաբով, հետո նորից լվանալ, չորացնել, վերջում փափկեցնող կամ սնուցող քսուքով մերսել»:

Ըստ ոտնահարդարների` ձեռքի, մարմնի կամ դեմքի համար նախատեսված քսուքները ոտքերի համար կիրառելը ճիշտ չէ և օգուտ չի տալիս ոտքերին (կանանց շրջանում դա շատ տարածված է), ուստի խորհուրդ է տալիս օգտագործել ոտքի համար նախատեսված քսուքներ:

pedikyur_spa_v_domashnih_usloviyah_2ՍՊԱ-պեդիկյուր

Այս ծառայությունն այժմ առաջարկում են շատ գեղեցկության սրահներ: ՍՊԱ-պեդիկյուրն, ըստ մասնագետների, շատ չի տարբերվում դասականից: Այս պրոցեդուրայի ընթացքում հաճախորդը լիակատար հանգիստ է վայելում ու թուլանում է: Օգտագործվում են փափկեցնող ու սնուցող բարձրորակ միջոցներ, լոգանքի կամ մերսման համար` ծովային բաղադրամասեր և այլն:

Պեդիկյուր սարքի միջոցով

Սա ևս համարվում է նորարարություն: Այն ունի մի քանի առանձնահատկություններ: Ջրի փոխարեն կիրառվում է հատուկ փափկեցնող միջոց, որը հիանալիորեն առանձնացնում է կենդանի ու մեռած բջիջները: Եթե դասական պեդիկյուրի դեպքում երբեմն վնասվում են նաև կենդանի բջիջները, ապա այս դեպքում դա բացառվում է: Սակայն, մատնահարդարներից ոմանք թերահավատորեն են վերաբերում այս մեթոդի արդյունավետությանը` կարծելով, որ այն լիարժեք չի կատարում գործողությունը:

fish-pedikiurՁկնային պեդիկյուր

Սա պեդիկյուրի ոլորտի ամենավերջին նորույթն է և մեծ մասսայականություն է վայելում հատկապես ասիական երկրներում: Garra rufa կոչվող փոքրիկ ձկները, որոնք հայտնի են որպես «բժիշկ-ձկներ», սիրում են ուտել մեռած մաշկ: Պրոցեդուրայի ընթացքում կանայք իրենց ոտքերը դնում են ձկներով լի ջրի մեջ, և 30 րոպեի ընթացքում ձկները «խժռում են» ոտքերի մեռած բջիջներն ու կոշտուկները: Ասում են` պրոցեդուրայից հետո ոտքերը նորածնի մաշկի պես նուրբ ու հարթ են դառնում:

Այն Ասիայից մուտք է գործել նաև Եվրոպա ու Ամերիկա: Սակայն, ըստ «Wall Street Journal»-ի տվյալների, 14 ամերիկյան նահանգներ արգելել են այդ կոսմետիկ գործընթացի կիրառումը: Պրոբլեմն այն է, որ հիգիենան հսկելը դժվար է, և որոշ մասնագետներ կարծում են, որ ձկները կարող են վարակի աղբյուր դառնալ: Շատերի կարծիքով էլ հատուկ լողավազաններում աճեցնելու դեպքում այդ ձկները կարող են ավելի մաքուր լինել, քան պեդիկյուրի գործիքները: Հայաստանում այս նորույթը դեռևս չի կիրառվում:

Պեդիկյուրի սրահների հիգիենան լուրջ խնդիր է: Ըստ մաշկաբանների` կանայք պետք է սալոնային այս ծառայությունն ընդունելիս հաշվի առնեն` նախ ոտնահարդարի որակավորումը, առաջարկվող կոսմետիկ միջոցների բուժական նշանակությունը, ապա հետևեն սրահի, սարքավորումների, գործիքների մաքրությանը:

Կան մի շարք չափանիշներ, առանց որոնց չի կարելի այս ծառայությունն իրականացնել, օրինակ, սրահը պետք է առանձնացված լինի գեղեցկության սրահի մյուս բաժիններից, այնտեղ պետք է լինեն ձեռքերի և ոտքերի համար նախատեսված առանձին լվացարանակոնքեր` տաք և սառը ջրով, սարքերի ստերելիզատոր, առաջին օգնության դեղատուփ` հատկապես արնահոսությունը կանխող միջոցներով, իսկ մատնահարդարը պրոցեդուրայից առաջ պետք է հագնի բաց գույնի ստերիլ հագուստ` ամբողջությամբ ծածկելով անձնական հագուստը, լվանա և սպիրտով մաքրի ձեռքերը, ունենա կարճ կտրած եղունգներ և այլն:

Սիրելի կանայք, ամռանն օգտվեք պեդիկյուրի ծառայությունից` չխնայելով գումար ու ժամանակ, քանի որ այն էականորեն բարելավում է ձեր արտաքին տեսքն ու պահպանում հիգենան:

Հայաստանին առաջարկվում է գայթակղիչ, բայց վտանգավոր ընտրություն

armenia-europeԵթե անցյալ տարի որևէ մեկն ասեր, որ ընդամենը մեկ տարուց մեր տարածաշրջանում ուժերի ու քաղաքական գործընթացների այնպիսի ընթացք կարձանագրվի, ինչպիսին այսօր է, թերևս, ծիծաղի կարժանանար: Բայց այսօր տեսնում ենք, որ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը բավական կոշտ ու վճռական քայլերի են դիմում Հարավային Կովկասում: Այդ քայլերի ազդեցությունը մենք ամեն օր զգում ենք:

Նախանցյալ շաբաթ Երևանում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ կապված բանակցությունների վերջին` 7-րդ փուլը: Դա նշանակում է, որ կողմերն արդեն իսկ պատրաստ են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: Այս կապակցությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` նշելով. «2010 թ. սկսված այդ բանակցությունների ավարտը մեծ ձեռքբերում է երկկողմ հարաբերություններում: Դա կողմերին հնարավորություն կտա անցկացնելու բարեփոխումներ` հիմնված ընդհանուր արժեքների վրա, խորացնել տնտեսական ինտեգրումը: Այդ համաձայնագրի ստորագրումը դրական կազդի Հայաստանի բնակիչների առօրյա կյանքի վրա` երկիրը մոտեցնելով Եվրամիությանը»:

Այսինքն` Հայաստանի` եվրաինտեգրման համար, բացի տեխնիկական խնդիրներից, որևէ խոչընդոտ այլևս գոյություն չունի, և ամեն ինչ կախված է Հայաստանի կամքից:

Սակայն օրեցօր ավելի է ընդգծվում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատման եզրագիծը, ու այս պայմաններում, բնականաբար, երկու կողմերից յուրաքանչյուրն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ` բռնել իր կողմը:

Ինչպես նշում էր նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ, օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ հայամետ դիրքորոշում է որդեգրում: Բայց նման բան չկա: Հետևաբար` Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը: Մյուս կողմից` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Այսինքն` ԵՄ-ի հետ հարաբերությունները Հայաստանին, առաջին հերթին, պետք են հենց ֆինանսական առումով: Ու ռուսաստանյան կողմն արդեն սկսում է անցնել «ռուսական արջին» բնորոշ վայրի, բռի քաղաքական շանտաժի` փորձելով կշեռքի հակառակ նժարին դնել Հայաստանի ու ԼՂՀ-ի ռազմական անվտանգության հարցերը:

Այս ընթացքում Ռուսաստանը, թերևս վիրավորված Հայաստանի «դավաճանական» քայլերից, միանգամից ու գրեթե ամբողջապես է օգտագործում Երևանի վրա ազդելու իր ամբողջ զինանոցը` թե՛ տնտեսական ու էներգետիկ, թե՛ քաղաքական և թե՛ հոգեբանական ու քարոզչական: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից արդեն որերորդ անգամ հնչում են տեսակետներ, թե «հայաստանյան արևմտյան թևը կարող է անգամ գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլուն». նման տեսակետ օրեր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Առաջին հայացքից սա ռուսաստանյան փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների անհանգստություն է թվում` Հայաստանի եվրաինտեգրման կուրսի կապակցությամբ: Սակայն մեկ այլ «փորձագիտական տեսակետի» հետ համադրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ սա ոչ այնքան անհանգստության դրսևորում է, որքան Հայաստանի նկատմամբ սանձազերծվող քարոզչական էքսպանսիա:

Ռուսական REX ինֆորմացիոն գործակալությունը հուլիսի 21-ին և 22-ին հաջորդաբար հրապարակեց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի երկու հոդված` «շանտաժոտ» վերնագրերով` «Երևանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին» և «Ե՞րբ և որտե՞ղ է Ալիևն ընդունելու Սարգսյանի կապիտուլյացիան»: Այս հոդվածներով Տարասովը փորձում է առաջ մղել այն տրամաբանությունը, թե, իբր, Եվրամիության հետ ասոցացման քաղաքականության` Հայաստանի ընդունած կուրսը տանում է դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային ու տնտեսական տարանջատման, ինչը նշանակում է, որ Հայաստանը, ընկնելով կապանքների մեջ Ադրբեջանում էներգետիկ շահեր ունեցող Արևմուտքից, մենակ է թողնում ԼՂՀ-ին Ադրբեջանի դեմ ու ստիպում Ստեփանակերտին իր անվտանգության ապահովման բանալին փնտրել ադրբեջանական հետաքրքրությունների տիրույթում: Նշվում է, թե ԵՄ ինտեգրման քաղաքականությունը տանում է դեպի ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցություն, ինչը հակասում է ՀԱՊԿ-ի սկզբունքներին: Դրանով Հայաստանը քանդում է իր ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները: Ըստ Տարասովի` ելնելով վերոգրյալից` Հայաստանի իշխանությունը գործում է ոչ թե Ռուսաստանի հարավկովկասյան շահերի, այլ սեփական պետության և ազգային շահերի դեմ, որովհետև այդ քաղաքականությունը նշանակում է ԼՂՀ-ի անկախության զոհաբերում:

russia-armenia-flagsԱյս շեշտադրումների նպատակն առավել քան հասկանալի է. մի կողմից անվստահություն ներշնչել վարվող եվրաինտեգրման քաղաքականության նկատմամբ և առաջացնել հանրային դիմադրություն դրա նկատմամբ` պայմանավորված ազգային անվտանգության ապահովմանն առաջնահերթություն տալու հանգամանքով, երկրորդ` հասարակությանը մեծ հաշվով հանել սեփական իշխանության դեմ` դավադրության մեղադրանքով և այդ ճանապարհով ուժեղացնել ճնշումը ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելուն տրամադրելու առումով: Ռուսաստանը դա անում է` չխորշելով դիմել ակնհայտ զեղծարարությունների և փաստերի աղավաղման, որը մանիպուլյացիաների միջոցով ներհայաստանյան և հանրային կարծիքի ուղղորդման փորձ է: Մասնավորապես` Տարասովն իր հոդվածում գրում է, թե ստեղծված իրավիճակը շատ նման է 20-րդ դարի երկրորդ և երրորդ տասնամյակի սահմանագծին տեղի ունեցող իրադարձություններին… Հիշեցնելով 20-ականների տխուր իրադարձությունները` Ռուսաստանը պարզապես զգուշացնում է` խելո՛ք մնացեք, եթե չեք ուզում մեր միջոցով կրկին կորցնել Լեռնային Ղարաբաղը…

Այստեղ հատկանշական է մեկ այլ` ոչ պակաս կարևոր իրադարձություն, որը, «չգիտես թե ինչու», դուրս մնաց հայկական ուշադրության կիզակետից: Բացի ֆինանսատնտեսական օգնությունից, Արևմուտքը, դատելով իրադարձությունների ընթացքից, նաև Հայաստանի հանդեպ որոշակի ռազմական աջակցության պարտավորություններ էլ է խոստանում ստանձնել: Առաջին օրինակն այն էր, որ Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ գերմանական հակատանկային հրթիռներ տրամադրեց: Երկրորդ` հենց այն ժամանակ, երբ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները Հայաստանի դեմ քարոզչական արշավանք էին նախապատրաստում, Արցախ ժամանեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի պատվիրակությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի` հոկտեմբերի 25-ին, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

Դա, ինչպես այդ ժամանակ բացատրեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախազգուշացում էր Ադրբեջանին, քանի որ այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ էր հղել բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» նավթարդյունաբերական ընկերությանը, որը, ինչպես գիտենք, միջազգային հարաբերություններում այնքան էլ երկրորդական սուբյեկտ չէ. Նոր Ուելսի նահանգապետը նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, այդ նահանգն Ավստրալիայի հնագույն նահանգն է` արդյունաբերական տեսանկյունից առավել զարգացած, որտեղ ապրում է Ավստրալիայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը, որի կազմի մեջ է գտնվում Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքը և այլն, այսինքն` սա պարզապես մի խուլ նահանգ չէ: Առավել ևս եթե նախորդ տարվա հոկտեմբերին այս նահանգի ձայնը բարձր լսվեց` հաշվի առնելով «Բրիթիշ փեթրոլիում»-Ալիև հակադրությունը: Իրադարձությունների ընթացքն այս պրիզմայով դիտարկելով` ԼՂՀ Ազգային ժողովում բավականին հատկանշական մեսիջներ հնչեցին ավստրալացի գործիչների շուրթերով:

«Նոր Հարավային Ուելս նահանգում, ընդունելով Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությանը սատարող բանաձև, ընդամենը սկզբնակետն ենք դրել մի գործընթացի, որը դեռևս շարունակվելու է: Կասկած չկա, որ ձեր երկրի ապագան կախված է նաև այս երկրի տնտեսական հաջողություններից, և մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցելու նաև այս գործում: Գաղտնիք չէ նաև, որ պետության հաջողությունը պայմանավորված է ինչպես նրա տնտեսական աճով, այնպես էլ սահմանների անձեռնմխելիությամբ, ու մենք պատրաստ ենք սատարելու ձեզ այդ գործում ևս»,- ԼՂՀ ԱԺ-ում հայտարարեց Նոր հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ, ԼՂՀ անկախության,   Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինագծերի հեղինակ Մարի Ֆիկարան:

Ու երբ համադրում ենք իրադարձություններն ու փաստերը, ստացվում է հետաքրքիր պատկեր` Հայաստանը դրսից ակնկալում է ֆինանսատնտեսական ու ռազմատեխնիկական աջակցություն: Ընդ որում, Ռուսաստանը Հայաստանի տեսանկյունից դիտարկվում է որպես ռազմական անվտանգության երաշխավոր, իսկ Արևմուտքը` ֆինանսատնտեսական: Սակայն Ռուսաստանը, ռազմական աջակցությանը զուգահեռ, չի առաջարկում ֆինանսատնտեսական աջակցություն, մինչդեռ Արևմուտքը` տարբեր խողովակներով և ձևերով, պատրաստակամություն է հայտնում Հայաստանին ոչ միայն փող, այլև զենք էլ տրամադրել: Սրան գումարենք նաև, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սպառնում է ԼՂՀ-ի կորստով, Արևմուտքը, ԼՂՀ անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պատվիրակների միջոցով հիշեցնում է, թե ովքեր են ճանաչել և դեռ ովքեր են պատրաստ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու ԼՂՀ-ին… Կողմնորոշվելը, բնականաբար, դառնում է գայթակղիչ, բայցև վտանգավոր…

 

Նոր մարզաձևեր` ՀՄԸՄ խաղերի ծրագրում

The 9th Armenian General Athletic Union (Homenetmen) GamesԵրևանում մեկնարկել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 9-րդ մարզական խաղերը: Համալիր ստուգատեսը կավարտվի օգոստոսի 3-ին: Երկրորդ անգամ է այն կազմակերպվում Հայաստանում, և կան մի շարք առանձնահատկություններ:

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) ատենապետ, խաղերի կազմկոմիտեի անդամ Հրաչյա Շմավոնյանը հատկապես առանձնացրեց այն հանգամանքը, որ այս անգամ կազմակերպչական աշխատանքներում մեծ դեր են ունեցել ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Փաստը խոսուն է և վկայում է, որ  ճակատագրի բերումով աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին միավորող, կապերն ավելի սերտացնելու հնարավորություն տվող այս միջոցառման դերն առավել կարևորվում է:

Խաղերը, որոնց կարող են մասնակցել 12-24 տարեկան պատանիները և երիտասարդները, առաջին անգամ ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության հովանավորությամբ կազմակերպվել են 1981-ին Կանադայում: Այնուհետև 4 տարին մեկ դրանք անցկացվել են ԱՄՆ-ում (երկու անգամ), Ֆրանսիայում, կրկին Կանադայում, Լիբանանում, Հունաստանում: 8-րդ խաղերի մասնակիցներին հյուրընկալել էր Հայաստանի մայրաքաղաքը: Եվ ահա աշխարհի 18 երկրների 651 մարզիկներ կրկին հավաքվել են Երևանում: Առաջին անգամ խաղերին մասնակցում են Քուվեյթի, Իրաքի և Եգիպտոսի ներկայացուցիչները:

Հավելենք, որ ՀՄԸՄ-ն մարզական և սկաուտական կազմակերպություն է, որը հիմնվել է 1918-ին Կոստանդնուպոլսում: Այն հարում է ՀՅԴ-ին: Ներկայումս ՀՄԸՄ-ն աշխարհի 25 երկրներում ունի 100 մասնաճյուղ, որոնց անդամագրված է 25 հազարից ավելի մարդ: Հայաստանում կազմակերպության անդամների թիվը հասնում է 2 հազարի:

Խաղերի ծրագրում 8 մարզաձև կա` ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, սեղանի թենիսը, թենիսը, շախմատը, աթլետիկան, լողը: Նախորդ խաղերի համեմատությամբ մարզաձևերի թիվն ավելացել է 3-ով: Իրենց նորամուտն են նշում վոլեյբոլի, թենիսի, աթլետիկայի ներկայացուցիչները: Ընդ որում, տարբեր մարզաձևերի մեկնարկներն անցկացվում են մեր երկրի լավագույն մարզաբազաներում:

Խաղերի մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և  լավ հնարավորություն  են ստացել անմիջականորեն ծանոթանալու երկրին, լինելու տեսարժան վայրերում, կատարելագործելու հայերենը:  Ի դեպ, հուլիսի 31-ը հայտարարված էր ազատ օր, մրցումներ չկայացան:  Մասնակիցներն այցելեցին Հայաստանի իրենց նախընտրած վայրերը:

Մրցասպարեզներում թեժ պայքարը շարունակվում է: Աչքի ընկնողներին սպասում են հուշագավաթներ և պարգևներ: Խաղերը կավարտվեն օգոստոսի 3-ին:

 

 

Թուրքական ուժերի ենթադրյալ հեռացումը եւ հայկական զորախմբի հավանական ժամանումը

Շահան1Հարավային Լիբանանում տեղակայված միջազգային խաղաղապահ զորամիավորումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցը դեռեվս բանակցային թեմա է: Բանակցությունները կտարվեն հայկական կողմի եւ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ խաղաղապահ առաքելության ղեկավար երկրի՝ Իտալիայի համապատասխան կառույցների միջեւ:

Թեեւ վերջնական որոշում չի կայացվել ու հրապարակվել, այսուհանդերձ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բանբերի հայտնածները այս մասին գրեթե հստակ են դարձնում, որ հայկական դասակը առաջիկայում  կժամանի Լիբանան  եւ կներգրավվի խաղաղապահ ուժերի առաքելության իրականացման միջազգային աշխատանքներին:

Հետադարձ ակնարկը հուշում է, որ պաշտոնական Երեւանը, ժամանակին, Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի ավարտին’ 2006-ին, խանադավառություն ցույց չէր տվել ներգավվելու հարավային Լիբանանում տեղակայվելիք ուժերին եւ փաստորեն իր մասնակցությունը չէր բերել: Այսուհանդերձ, հետագայում խորհրդանշական մասնակցության ձեւաչափը ապահովվել էր: 2012-ից ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է Հայաստանի Հանրապետության զինյալ ուժերից մեկ սպա:

Ժամանակներն ու աշխարհաքաղաքական պայմանները բնականաբար որոշիչ դեր ունեն մասնակցության նկատմամբ արձանագրված վերապահությունները վերացնելու եւ ներրգրավվելու ուղղությամբ բանակցությունները աշխուժացնելու առումով: Մի պահ շրջանցելով որոշումների կայացման բուն շարժառիթների մասին վերլուծական մոտեցումները, իբրեւ զուտ տեսություն կարելի է նշել, որ ընդհանրապես միջազգային կառույցներում հավասարակշռված, փոխլրացուցիչ եւ աշխուժ ներկայությունը դրական գործոններ կնկատվեն  տվյալ պետության արտաքին քաղաքականության իրականացման ընթացքում: Մեր դեպքում, անշուշտ, կա հստակորեն պետական շահի եւ առաքելության վայրերի տեղի հայ համայնքների յուրահատկությունների համատեղ նկատառումը: Եւ եթե Աֆղանստանն ու Կոսովոն հայկական զորախմբերի տեղակայման առումով նման խնդիրներ չունեին, ապա նույնը չէր կարելի ասել Իրաքի համար, ուր նման յուրահատկությունների նկատառումը ավելի քան անհրաժեշտ էր։

Ավելորդ չէ հիշել, որ վերջերս լիբանանյան մամուլը հրապարակեց առաջիկա սեպտեմբերին խաղաղապահ առաքելության շրջածիրում տեղակայված թուրքական զորամիավորման հեռացման մասին լուրեր: Նման որոշման հավանական պատճառները թուրք զինվորների նկատմամբ տեսանելի վտանգավոր կացությունն էր ստեղծված՝ Սիրիայում թուրքական կեցվածքի եւ լիբանանցի առեւանգյալների պատասխանատվությունը Անկարայի ուսերին տեսնելու պատճառներով: Թուրքական կողմից հերքում չի եղել։ Հերքումանման հաղորդագրություն  հրապարակեց ԵՈՒՆԻՖԻԼ-ը, ասելով որ մինչ այժմ նման դիմում չի ստացել թուրքական զորամիավորման համապատասխան բաժանմունքից:

Անկախ այն իրողությունից, որ թուրքական զորախումբը կմնա՞, թե՞ կհեռանա, կամ նման հրապարակումները տեղեկատվությու՞ն են, թե՞ ապատեղակատվություն, պարզ է միայն, որ լիբանանյան կարեւոր շրջանակների համար նորօսմանականների համեմատաբար նախկին ընկալման տարողությունը էական փոփոխության է ենթարկվել: Երկու ենթադրյալ պատճառներն էլ, որոնք նշվում են հրապարակումներում, հիմնովին բացասական դերակատարություն են վերագրում Անկարայի կիրառած շրջանային եւ տեղական քաղաքականությանը:

Թուրքական զորամիավորման ենթադրյալ հեռացումը եւ հայկական զորախմբի  հավանական ժամանումը   իրար հետ առնչվող գործողություններ չեն իհարկե։ Երկուսը արձանգրվելու դեպքում սակայն, առաջինը կլինի Անկարայի ազդեցության գոտու կայացման հաշվին, մինչ երկրորդը, իր չափի մեջ, Երեւանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի առավելություններ կապահովի:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր